ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, մանկավարժ, ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ԱՐԱՄԻ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում` Արևմտյան Հայաստանի հին Բայազետ քաղաքից գաղթած արհեստավորի ընտանիքում:
Երկրորդ աշխարհամարտի առաջին իսկ տարում` 1941թ., Մարուխյանների ընտանիքը տեղափոխվում է Ծաղկաձոր, որտեղփոքրիկ Ռուբենը հաճախում է առաջին դասարան:
1946թ. Ռ. Մարուխյանը վերադառնում է Երևան, ուսումը շարունակում Վորոշիլովի անվան թիվ 40 արական միջնակարգ դպրոցում, որի 8-րդ դասարանը ավարտելուց հետո` 1951թ., ընդունվում և 1953թ. ավարտում է Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանը, միաժամանակ նաև թիվ 1 գիշերային, բաներիտ դպրոցի 10-րդ դասարանն ու իբրև փականագործ էլեկտրամեխանիկ աշխատանքի անցնում Երևանհէկի շինարարությունում:
1955-1956թթ. Մարուխյանը աշխատում է Համո Բեկնազարյանի անվան կինոստուդիայում որպես լուսավորող:
1956-1960թթ. սովորում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դերասանական բաժինը. այնավարտում է դրամատիկական թատրոնի դերասանի որակավորմամբ: Ինստիտուտում ուսանելու տարիներին ընտրվում է ՀԼԿԵՄ բյուրոյի քարտուղար, ուսանողական գիտական ընկերության նախագահ, հանդես է գալիս գիտական զեկուցումներով ու հոդվածներով: Նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական երիտասարդական և մանկապատանեկան մամուլում, հաղորդվումհանրային ռադիոյով:
1960-1961թթ. աշխատում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող. հրատարակում է հայ պրոֆեսիոնալ ռեժիսուրայի հիմնադիր Գևորգ Հովսեփի Պետրոսյանին նվիրված գիտական հոդվածներ:
1961թ. «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայում Ռ. Մարուխյանի «Ինչպես են ծաղկել ծառերը» վիպակը, որը նույն թվականին:
1961-67թթ. աշխատում է Հայաստանի ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի հեռուստատեսության ստուդիայում որպես ռեժիսորի ասիստենտ, ապա ռեժիսոր՝ իրականացնելով մի շարք հեռուստահաղորդաշարեր ու հեռուստաբեմադրություններ, այդ թվում` «Թորոս Ռոսլին», «Ոսկան Երևանցի», «Անհավասար մարտ», «Ավետիք Իսահակյան», «Մարկ Տվեն», «Արքայական լարափակոցների միջով», «Այս զարմանալի, այս հրաշալի տիկնիկները», որոնք արժանացել են ժամանակի մամուլի ուշադրությանը և դրվատանքին: 1961 թ. Հայաստանի հեռուստաթատրոնում և ռադիոթատրոնումբեմադրվում է նաև հեղինակի նույն թվականինտպագրված «Ինչպես են ծաղկել ծառերը» վիպակը:
1967թ. Ռ. Մարուխյանը ընդունվում է ՀԹԸ թատրոն-ստուդիա (այժմ Հ. Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոն) որպես ռեժիսոր, մասնակցում է «Աննա Ֆրանկի օրագիրը», «Օպտիմիստական ողբերգություն», «Մի բուռ մանրուք» բեմադրությունների իրականացմանը:
1969թ. աշխատում է «Երևան» կինոմիավորումում որպես բեմադրող ռեժիսոր, նկարահանում «Կոմիտասի ձայնը», «Սովետական Հայաստան» կինոնկարները:
1972թ. ընդունվում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն որպես բեմադրող ռեժիսոր, բեմադրում Կ. Գոցցիի «Սեր առ երեք նարինջ» հեքիաթ-պիեսը, Ա. Պուշկինի «Տերտերն ու նրա Բալդի ծառան» բալլադը, որը արժանացել է Համառուսաստանյան թատերական ընկերության առաջին մրցանակին:
1974-76թթ. սովորում է Մոսկվայում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ս. Վ. Օբրազցովի ղեկավարությամբ գործող կենտրոնական պետական տիկնիկային թատրոնի ռեժիսորական բարձրագույն դասընթացներում:
1976թ. վերադառնում է Երևան` Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն,որտեղ իրականացնում է երեք տասնյակիցավելի բեմադրություններ, որոնցից «Շունն ու կատուն», «Պոչատ աղվեսը», «Անահիտը» մինչև օրս թատրոնի խաղացանկում են:
1988թ. Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի կոլեկտիվը Ռ. Մարուխյանին ընտրում է թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն:
1998թ. Ռ. Մարուխյանը աշխատում է «Հայոց աշխարհ» օրաթերթում որպես արվեստի բաժնի վարիչ, հրատարակումժամանակակից հայ արվեստին և անվանի արվեստագետներին նվիրված մի շարք հոդվածներ և հարցազրույցներ:
1958թ. ՀԹԳ-ի, 1960թ. ԽՍՀՄ ժուռնալիստների, 1977թ. Հայաստանի գրողների միությունների անդամ է:
1977թ. «Սովետական գրող» հրատարակչությունը լույս է ընծայում Ռ. Մարուխյանի «Կանաչ զանգ» պատմվածքների ժողովածուն, 1981թ.` «Այս զարմանալի, այս հրաշալի տիկնիկները», 1983թ.` «Բացվող վարագույրները», 1986թ.՝ «Մի՛ տխրիր, հայրի՛կ» վիպակների և պատմվածքների ժողովածուն, 1988թ. «Արևիկ» հրատարակչությունը հրատարակում է «Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակը, որն արժանանում է Հայաստանի գրողների միության, ՀԱՄԼԿԵՄ կենտկոմի մանկապատանեկան լավագույն գրքի առաջին մրցանակին:
Ռ. Մարուխյանի «Անդարձություն» վիպակը տպագրվում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լեհերեն, գերմաներեն, չեխերեն և այլ լեզուներով, «Հյուսիսային պողոտա» պիեսը՝ պարսկերեն:
2000թ. Ռ. Մարուխյանի «Մուկիկը» պատմվածքը, որ թարգմանվում է նաև ռուսերեն, անգլերեն, արժանանում է ՊԷՆ միջազգային գրական ընկերության առաջին մրցանակի:
2001թ. Ռ. Մարուխյանը հրատարակում է «Դար, ցտեսություն, բարև» պատմվածքների ժողովածուն, 2003թ.` «Հեքիաթների տոնավաճառ» մանկական պիեսների և «Տողեր» բանաստեղծությունների ժողովածուները, 2006թ.՝ «Իմ հին, իմ բարի տուն» պիեսների և «Զրույցներ թատրոնի մասին» գրքերը:
2008թ. ընթերցողի սեղանին են դրվում «Չիկարելիի նոր արկածները» հեքիաթ-վիպակը հայերեն և ռուսերեն, 2009թ.՝ «Ձայն» բանաստեղծությունների ժողովածուն, 2011թ.՝ «Հյուսիսային պողոտա» պիեսների ժողովածուն: 2013թ. «Հեքիաթների զարմանահրաշ տոնավաճառ» գիրքը արժանանում է Հայաստանի գրողների միության Վախթանգ Անանյանի անվան մրցանակի: 2015թ. պետական աջակցությամբ լույս է տեսնում Ռ. Մարուխյանի «Ընտրանի» ժողովածուն՝ նվիրված հեղինակի ծծնդյան ութսունամյակին:
Ռ. Մարուխյանը՝որպես բեմադրող ռեժիսոր, տարբեր տարիներին իրականացրել է չորս տասնյակից ավելի բեմադրություններ: Տարիներ շարունակ Հայաստանի և արտերկրի թատրոնների խաղացանկում իրենց հաստատուն տեղն են գրավել Ռ. Մարուխյանի «Ամենից լավ տունը», «Իսկական ընկերը», «Սուտասանը», «Չիկարելիի արկածները», «Եղեգնի կանչը», «Խոսող ձուկը», «Հյուսիսային պողոտա» պիեսների բեմադրությունները:
1960-ական թվականներից Ռ. Մարուխյանը զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ. նա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչն է: 2004թ. արժանացել է դոցենտի, 2006թ.` պրոֆեսորի գիտական կոչման:
Պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետի, ՀԹԳՄ ոսկե մեդալներով: Թատերական արվեստին արժանապատիվ ծառայելու համար արժանացել է Արտավազդ մրցանակին, ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի, բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի:
Ամուսնացած է: Ունի երկու դուստր, երեք թոռ:

ԲԵՄԱԴՐՎԱԾ ՊԻԵՍՆԵՐԻ ՑԱՆԿ
1 Ռ. Մարուխյան «Գարունը լեռներում» 1961 Ժող. ստեղծագործության տուն. ռեժ. Յու. Էլոյան
2 Ռ. Մարուխյան «Հրաշալի սրինգը» 1965 Լենինականի տիկնիկ. թատրոն. ռեժ.Ս.Ղուկասյան
3 Ռ. Մարուխյան «Իմ մոր մասին» 1969 Լենինականի Ա. Մռավյանի անվ. դրամ.թատրոն. ռեժ. Ե. Ղազանչյան
4 Ռ. Մարուխյան «Եղեգնի կանչը» 1994 Երևանի ՊՀԹ ռեժ. Գ. Հարությունյան
5 Ռ. Մարուխյան «Գաղտնիքդ ուրիշին մի ասա» 1998 Երևանի ՊՀԹ ռեժ. Հ. Ղազանչյան
6 Ռ. Մարուխյան «Ինչպես են ծաղկել ծառերը» 1968 Ռադիոթատրոն ռեժ. Ե. Ղազանչյան
7 Ռ. Մարուխյան «Ստի սուտը» 1994 Սոս Սարգսյանի անվան համազգ. թատրոն ռեժ. Հ. Գասպարյան
8 Ռ. Մարուխյան «Ամենից լավ տունը» 1999 Սոս Սարգսյանի անվան համազգ. թատրոն ռեժ. Ռ. Մարուխյան
9 Ռ. Մարուխյան «Չիկարելիի արկածները» 1988 Ռադիոթատրոն ռեժ. Ռ. Մարուխյան
10 Ռ. Մարուխյան «Հեղափոխության ասպետը(Գայ)» 1986 Ռադիոթատրոն ռեժ. Ն. Սարգսյան
11 Ռ. Մարուխյան «Գայ» 1987 Ռիգա ռադիոթատրոն (Լիտվերեն) ռեժ. Մ. Ջանիկյան
12 Ռ. Մարուխյան «Ոսկան երևանցի»(ըստ Հովհ. Ղուկասյանի համանուն վեպի) 1985 Ռադիոթատրոն ռեժ. Ռ. Մարուխյան
13 Ռ. Մարուխյան «Անահիտ» (ըստ Ղ. Աղայանի համանուն հեքիաթի) 1994 Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն ռեժ. Լ. Մանգասարյան
14 Ռ. Մարուխյան «Եղեգնուհի» 1970 Հ. Հեռուստատեսություն ռեժ. Օլգա Մելիք-Վրթանեսյան
15 Ռ. Մարուխյան «Իսկական ընկերը» 1971

16 Ռ. Մարուխյան «Սուտասանը» ըստ Հովհ. Թումանյանի համանուն հեքիաթի 1999 Վանաձորի գրագիտական կենտրոնի թատրոն ռեժ. Վ. Հարությունյան
17 Ռ. Մարուխյան «Խոսող ձուկը» ըստ Հովհ. Թումանյանի համանուն հեքիաթի 2000 Խամաճիկների թատրոն ռեժ. Ռ. Մարուխյան
18 Ռ. Մարուխյան «Ոսկե քաղաքը» ըստ Հովհ. Թումանյանի համանուն հեքիաթի 1975 Տաջիկիստանի Դուշամբեի պետ. տիկնիկային թատրոն, Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն ռեժ. Ա. Ղազարյան
19 Ռ. Մարուխյան «Զինվորի շինելը» 1979 Ազգային հեռուստաթատրոն
20 Ռ. Մարուխյան «Շունն ու կատուն» ըստ Հովհ. Թումանյանի համանուն հեքիաթի 1993 Կիրովականի տիկնիկային թատրոն
21 Ռ. Մարուխյան «Չիկարելիի արկածները» 2006 Երևանի ՊՀԹ ռեժ. Ռ. Մարուխյան
22 Ռ. Մարուխյան «Եղեգնի կանչը» 2006 Գ. Սունդուկյանի անվան ազգային պետական թատրոն ռեժ. Գ. Հարությունյան
23 Ռ. Մարուխյան «Մեղավոր լռություն» 1971 Չի բեմադրվել
24 Ռ. Մարուխյան «Սատիրիկոն» 2003 «Նորք» ամսագիր
25 Ռ. Մարուխյան «Ծաղրածուն» 2004 «Գարուն» ամսագիր
26 Ռ. Մարուխյան «Իմ հին, իմ բարի տուն» 2005 «Նորք» ամսագիր
27 Ռ. Մարուխյան «Կոմիռասի ձայնը» ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր 1969 «Երևան» կինոմիավորում
28 Ռ. Մարուխյան «Նորից եկավ ամառը» գեղ. կինոնկար, սցենարի հեղինակ 1975 «Երևան» կինոմիավորում
29 Ռ. Մարուխյան «Ամենից լավ տունը» 2000 Հալեպի համազգային թատրոն Հ. Ջնգոյան
30 Ռ. Մարուխյան «Հյուսիսային պողոտա» 2009 Գյումրիի Հ. Աճեմյանի անվան պետ. թատրոն ռեժ. Լ. Հարությունյան
31 Ռ. Մարուխյան «Իսկական ընկերը» 2000 Հալեպի համազգային թատրոն Հ. Ջնգոյան
32 Ռ. Մարուխյան «Իմ հին, իմ բարի տուն» 2006 Վան Արյան հրատ.

ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐ
1 Ինչպես են ծաղկել ծառերը (վիպակ) հրատ. «Հայպետհրատ» 1967 թ.
2 Կանաչ զանգ հրատ. «Սովետական գրող» 1977 թ. 130
3 Այս զարմանալի, այս հրաշալի տիկնիկները հրատ. «Սովետական գրող» 1981 թ. 80
4 Բացվող վարագույրներ (գիտահանրամատչելի) հրատ. «Սովետական գրող» 1983 թ. 200
5 Մի տխրիր հայրիկ (պատմվածքներ և վիպակներ) հրատ. «Սովետական գրող» 1986 թ. 301
6 Չիկարելիի արկածները (հեքիաթ-վիպակ) հրատ. «Արևիկ» 1988 թ. 260
7 Приключения Чикарели (сказка-повесть) հրատ. «Արևիկ» 1989 թ. 230
8 Դար ցտեսություն, բարև (պատմվածքներ, բանաստեղծություններ) հրատ. «Ճարտարագետ» 2001 թ. 127
9 Տողեր (բանաստեղծություններ) հրատ. «Հ.Գ.Մ.» հրատ. 2003 թ. 100
10 Հեքիաթների տոնավաճառ (պիեսների ժողովածու) հրատ. «Առերեսում, Անի» 80
11 Մինչև առավոտ (պատմվածք) հրատ. «Գարուն» № 4-72 թ. 10
12 Խանձարուր (վիպակ) հրատ. «Գարուն» № 8-79 թ. 25
13 Без возврата (повесть) հրատ. «Лит. Армения» №2-1987 30
14 Esostiempos novolveron հրատ. «Literatura Sovietica» №5-1988 42
15 Un Weiderbring Liches հրատ. «Sowjeiteratur» №5-1988 41
16 When Father didn’t come bck հրատ. «SL» №5-1988 44
17 Sans Retour հրատ. «SL» №5-1988 45
18 Bezpoworotnose հրատ. «Literatura Radriecka» №5-1988 41
19 Մուկիկը հրատ. «Գարուն» № 4-2001 թ. 15
20 Мышь հրատ. «Лит. Армения» №1-2002 14
21 The mouse հրատ. «Armenian P.E.H. centre» 2001 12
22 Осторожно открывайте занавес հրատ. Москва «Детская литература» 1981 4
23 Геворк Петросян и русский театр հրատ. «Лит. Армения» №4-1965 8
24 Գևորգ Պետրոսյանը:
Բարենորոգիչ և ռեժիսոր հրատ. «Հանդես» №1-2003 13
25 Тем не менее (рассказ) հրատ. «Сов. Грох» 1981 10
26 Предрассветный псалом հրատ. «Лит. Армения» ЛГ. ЛГИ-1990 14
27 Զրույցներ թատրոնի մասին հրատ. «Ծիծեռնակ» 2006 թ. 210
28 Չիկարելիի նոր արկածները հրատ. «Էդիտ պրինտ» Երևան 2001 թ. 250
29 Новые приключения Чикарели հրատ. «Էդիտ պրինտ» Երևան 2008 թ.
30 Հյուսիսային պողոտա -պարսկերեն հրատ. 2016 թ.
31 Ձայն (բանաստողծություններ) հրատ. «Էդիտ պրինտ» Երևան 2005 թ. 205
32 Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ հրատ. «Էդիտ պրինտ» Երևան 2007 թ. 300
33 Ինչ ասաց խնձորենին հրատ. «Հ.Գ.Մ.» հրատ. 2000 թ. 28
34 Ընտրանի հրատ. «Էդիտ պրինտ» Երևան 2015 թ. 670
35 Արևին հյուր գնացին հրատ. «Էդիտ պրինտ» Երևան 2015 թ. 110

100-ից ավելի հոդվածներ, էսեներ, հարցազրույցներ, պատմվածքներ գրախոսականներ ամսագրերում, պարբերականներում և ժողովածուներում:

ՏԵՂԵԿԱՆՔ
Տրվում ե Ռուբեն Արամի Մարուխյանին առ այն, որ նա Երևանի Հովհ, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես ռեժիսոր իրականացրել է հետևյալ պիեսների բեմադրությունը.
1. Կ. Գոցցի «Երեք նարինջ», 1972 թ.
2. Գ. Սարգսյան «Զարմանալի երազ» 1973 թ.
3. Ա. Պուշկին / պիեսի հեղինակ Ռ. Մարուխյան/ «Տերտերն ու իր Բալդի ծառան» , 1974 թ.
4. Ա. Սահրադյան, Ռ. Մարուխյան «Սպիտակաբաշ առյուծիկը», 1976 թ.
5. Ա. Պրավդիվա «Երկու անգամ երկու», 1977 թ.
6. Հ. Թումանյան/ պիեսի հեղ. Ռ. Մարուխյան/ «Ոսկի քաղաքը» 1978 թ.
7. Ա. Բաբայան «Արջուկի և խոզուկի արկածները» , 1979 թ.
8. Ա. Տոլստոյ/պիեսի հեղ. Ռ. Մարուխյան/ «Արքայադուստր գորտը» , 1980 թ.
9. Ն. Գերներ «Ալադինի կախարդական լամպը», 1981 թ.
10. Ռ. Մարուխյան/ըստ Ղ. Աղայանի/ «Եղեգնուհի» 1983 թ.
11. Լ. Դվորսկի «Ցատկոտող արքայադուստրը», 1985թ
12. Լ. Տոլստոյ/ պիեսի հեղ. Ռ. Մարուխյան/ «Երեք արջի հեքիաթը», 1987 թ.
13. Ս. Մուրադյան «Պոչատ աղվեսը» 1988 թ.
14. Ջ. Ռոդարի «Կապույտ նետի ճանապարհորդությունը», 1990 թ.
15. Ռ. Մարուխյան «Ամենից լավ տունը», 1991 թ.
16. Ռ. Մարուխյան «Հեքիաթ Ձմեռ պապի, եղևնու և կախարդ բլբլանի մասին», 1992 թ.
17. Հ. Թումանյան/պիեսի հեղ. Ռ. Մարուխյան/ «Ճշմարիտ սուտը», 1994 թ.
18. Հ. Թումանյան/պիեսի հեղ. Ռ. Մարուխյան/ «Բարություն արա, ջուրը գցիր», 1995 թ.
19. Հ. Թումանյան/պիեսի հեղ. Ա. Շահինյան/ «Շունն ու կատուն», 1995 թ.
20. Ս. Մուրադյան/ըստ Հովհ. Թումանյանի/ «Պոչատ աղվեսը», 2010 թ.

ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Ռուբեն Մարուխյանը մի շարք գրքերի, պիեսների հեղինակ է: Երկար տարիներ աշխատելով տիկնիկային թատրոնում, բնականաբար, գրել է երեխաների համար ու մասին՝ մոտիկից ծանոթանալով մանկական աշխարհի առանձնահատություններին:
Վերջերս լույս տեսավ Մարուխյանի մի գիրքը տիկնիկների մասին: Աշխարհի բոլոր ճանաչված տիկնիկների պատմությունը հիանալի դպրոց է ճանաչելու երեխաների ներաշխարհը, առնչվելու նրանց հետաքրքրությունների մարմնավորմանը: Եվ ահա մի նոր գիրք՝ «Չիկարելիի արկածները», որն էապես տարբերվում է հեղինակի նախորդ գրքերից և փաստորեն նրա առաջին մեծածավալ գործն է երեխաների համար:
-Ոչ միայն երեխաների,- պարզաբանում է հեղինակը,- մեզանից ո՞վ կարող է ասել՝ «Թոմ Սոյերի արկածները», «Մատիուշ առաջին թագավորը» կամ ասենք, «Երկնագույն նետի ճանապարհորդությունը» զուտ մանկակա՞ն գրվածքներ են, թե՞ ոչ: Չէ՞ որ դրանք սիրով կարդում են նաև մեծահասակները: Հարցը նյութը մատուցելու, պատմելու, ընթերցողին, ինչ տարիքի էլ լինի, պատկերների երևակայական աշխարհը տանելու հմտության մեջ է: Արվեստագետի հիմնական խնդիրը մարդկային հոգու դաստիարակությունն է:
-Կարծում եմ, գրքում «հոգու դաստիարակության» խնդիրը չէր լուծվի, եթե բացառվեր այնպիսի մի կարևորագույն թեմա, որն է հայրենասիրությունը: Գրքում այն շատ էջեր է զբաղեցնում:
-Այլ կերպ ես չեմ էլ պատկերացնում մարդու ձևավորումը: Աշխարհը, ուր հայտնվում է հերոսը, մեզ շրջապատող բնությունն է, մեր հինավուրց, չքնաղ հայրենիքը՝ իր պատմական անցյալով ու ներկայով, իր անկրկնելի մշակութային կոթողներով, որի ամեն մի քարը հիշողություն է ու կենսագրությունը այն մարդկանց, որոնք շենացրել են հայրենին՝ հայրենասիրության դասեր տալով ոչ միայն իրենց ժամանակակիցներին, այլև գալիք բոլոր սերունդներին: Պատահական չէ, որ իմ գրքում շատ են պատմության դրվագները, հին լեգենդներն ու զրույցները, որոնք ոչ միայն երևակայությունն են բորբոքում, այլև նպաստում են հայրենին ճանաչելուն և նրան գիտակցորեն, նախնիների պես անմնացորդ ծառայելուն:
-Գրքում համարյա ողջ բնությունը շնչավորված է: Եվ ի վերջո, Չիկարելին իր նախնական չափերին հասնելու համար առնչվում է երգող ծաղիկներին, խոսող ծառերին ու լուսատտիկներին, հառաչող աղբյուրներին, մի խոսքով, բնությանը:
-Կան բաներ, որ սովորեցնել չի կարելի: Սովորեցնես էլ, միևնույնն է, բան չի դուրս գա, որովհետև այն պետք է ի սկզբանե սաղմնավորված լինի մարդու մեջ: Նկատի ունեմ բնությանհանդեպ սերը, նրան մերձենալու կարողությունը: Ես ասում եմ՝ չի կարելի սովորեցնել, բայց համոզված եմ, որ այդ մասին հիշեցնելը պարտադիր է: Մենք շատ ենք հեռացել բնությունից, ուրբանիզացիան ավերել է մարդու հոգևոր աշխարհը, օտարացրել այն միջավայրից, որի ծնունդն է նա: Դրանից էլ, ըստ իս, աշխարհում շատացել են դժբախտությունները: Այն մարդը, որը հավատում է, թե ծաղիկը կարող է երգել, ծառը՝ խոսել, աղբյուրը՝ հառաչել, երբեք ձեռք չի բարձրացնի ոչ միայն ծառ ու ծաղկի, այլև մերձավորի վրա: Իմ խնդիրն է եղել ընթերցողի մեջ սերմանել հենց այս գաղափարը, մոտեցնել նրան բնությանը:
-Ես չեմ կարծում, թե այս հարցազրույցը կարող է ամբողջովին ներկայացնել գիրքը: Այն պետք է կարդալ հաղորդակցվելու համար թե՛ հեղինակի, թե՛ հերոսի ներքին ապրումներին, ներքին պայքարին, մանավանդ որ ողջ գրքում հեղինակն ու Չիկարելին միասին են հաղթահարում դեպի հոգևոր մաքրություն տանող դժվարին ու արկածներով լի ճանապարհը: Հետաքրքիր է՝ այս պատմությունը շարունակություն կունենա՞, թե՞ փոքրացած հերոսը, որպեսզի նորից մեծանա, ամեն ինչի հետ սպառել է գրողի ողջ ասելիքը:
-Գրականությունը քուրա է, ուր շիկանում են գաղափարներն ու զգացմունքները, և դժվար է այդ բոլորն ամփոփել մի գրքում: Պետք են նոր գրքեր, նոր հնարավորություններ, որպեսզի կարողանաս մինչև վերջ երկխոսության մեջ լինել ընթերցողի հետ, շիկացնել նրան, վարակել այն իդեաներով, որոնք հետապնդում են քեզ, ստիպում գիշերներ անցկացնել գրամեքենայի առաջ, քանի որ գրականությունը կոչված է օգնելու, վեհացնելու մարդուն, շրջապատելու նրան բարությամբ և ամենակարևորը՝ գթասրտությամբ:

Սամվել Կոսյան
«Ավանգարդ», 1989թ., 21հունիսի

ԳՐՉԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ ՄԱՍԻՆ
(հատվածներ)

Ռուբեն Մարուխյանը երիտասարդ գրողներից է: 1955 թվականից տպագրվում է հանրապետական մամուլում: 1961թ.-ին լույս է տեսնում նրա անդրանիկ գիրքը` «Ինչպես են ծաղկել ծառերը» վիպակը, որը քննադատությունը նկատեց և դրականորեն գնահատեց:
Մարուխյանը արձակից բացի գրում է նաև դրամատիկական երկեր, ռադիոպիեսներ ու կինոսցենարներ: Նրա «Հրաշալի սրինգ», «Իմ հոր մասին» պիեսները բեմադրվել են Լենինականի տիկնիկային և պետական դրամատիկական թատրոններում, ջերմորեն ընդունվել հանդիսատեսի կողմից:
Մամուլում շարունակում են տպագրվել Մարուխյանի պատմվածքները, ակնարկները, թատերագիտական գրվածքները: «Սովետական գրող» հրատարակչությունը շուտով ընթերցողին կհանձնի հեղինակի «Կանաչ զանգ» ժողովածուն, որն ամփոփում է նրա վերջին տարիների պատմվածքներն ու վիպակները:
Ռուբեն Մարուխյանը ժամանակակից կյանքի նկատմամբ զգայուն հեղինակ է, փորձում է գտնել իրականության գեղարվեստական մարմնավորման նոր ձևեր ու հնարքներ:
Նորայր Ադալյան
26.06.1976թ.

Ռուբեն Մարուխյանը` իմ գրչակից ընկերը, ժամանակակից հայ արձակի ինքնատիպ, տաղանդավոր ներկայացուցիչներից է, բազմաթիվ պատմվածքների, վիպակների, դրամատիկական երկերի հեղինակ, որոնք բեմադրվել են պետական և տիկնիկային թատրոններում: Այնպես որ և՛ քանակական, և՛ որակական առումներով Ռուբեն Մարուխյանը շատ վաղուց է իրավունք նվաճել ԽՍՀՄ Գրողների միության շարքերում լինելու:
Հովհաննես Մելքոնյան
23.06.1976թ.

Ռուբեն Մարուխյանը ակտիվ ստեղծագործող է, մի գրքի հեղինակ: Երկրորդ գիրքը արտադրության մեջ է: Նա հաջողությամբ հանդես է գալիս նաև դրամատուրգիայի և կինոդրամատուրգիայի ասպարեզում: Մարուխյանը նաև «Պիոներ» և «Ծիծեռնակ» ամսագրերի ճանաչված ու սիրելի հեղինակներից է, որը հաճախ է հանդես գալիս հիշյալ ամսագրերի էջերում, իր գողտրիկ, բովանդակալից, արվեստով գրված պատմվածքներով:
Ռուբեն Մարուխյանը աչքի է ընկնում նաև իր բարձր մարդկային հատկություններով, որը ևս կարծում եմ ոչ պակաս կարևոր է գրողների միության մեջ ընդգրկվելու համար:
Անահիտ Սահինյան
23.09.1976թ.

Ռուբեն Մարուխյանի «Կանաչ զանգ» ժողովածուն, որ վերջերս լույս ընծայեց «Սովետական գրող» հրատարակչությունը, պատանեկան անխարդախ հափշտակությամբ, կյանքի նկատմամբ անսակարկ նվիրումով գրի առնված, արդեն հասուն երիտասարդության սեմին գտնվող գրողի հատկացումն է մեր գրականությանը: Ռ. Մարուխյանը նորեկ չէ, իհարկե, գնալով չափազանց հետաքրքիր ու բազմաբեղուն դարձող մեր գրականության ու արվեստի անդաստանում, որտեղ միջին սերնդի կողքին բացահայտ է դառնում նաև առավել նորերի՝ դեռևս իսկական երիտասարդական տարիքում գտնվողներիհեռանկարային աշխուժությունը: Ռուբեն Մարուխյանի տարիքային տեղը այդ երկուսի արանքում է, վաստակը՝ քանակական և որակական իմաստով՝ նույնպես: Բայց հետաքրքիրը ներկա դեպքում գրողի ապրած ինքնուրույն ճանապարհն է: Ճանապարհ, որ գալիս է հեքիաթային ուղուց, որ կոչվում է «Տիկնիկային թատրոն»-ի աշխարհ… Առավել ուշագրավը, սակայն, նրա հոգու մեջ առկա, մշտապես արթուն աշխատանքային այն լուսավոր ու երանելի աշխարհն է, որ հասուն մարդուն «ստիպում է» մեծ երեխայի լավատեսությամբ ու զուլալությամբ նայել աշխարհին… Այստեղից էլ՝ վերջին գրքում առկա պատանեկան հոգու անխարդախ հափշտակությունն ու կյանքի նկատմամբ մեծ սերը… Ռուբեն Մարուխյանը այն գրողն է, որ նաև հեռանկարային ուղի ունի իր առջև և նրա վրա կարելի է հույսեր դնել: Սա դեռևս առաջին հերթին, և նրա համար, որովհետև նրա հերոսների, գրեթե անխտիր, բոլորի ձգտումը մեկն է… կյանքում գեղեցիկի ու արդարի հաղթանակը…
Գեղամ Սևան
«Երեկոյան Երևան», 1977թ., 19 սեպտեմբերի

«Մի տխրիր, հայրիկ» ժողովածուն Ռուբեն Մարուխյանի վերջին տարիների ստեղծագործական աշխատանքի հանրագումարն է:
Ժողովածուում զգալի տեղ է գրավում պատերազմի թեման: Նոր վերնագրով («Անդարձություն») ու վերամշակված տարբերակով է ներկայացված «Ինչպես են ծաղկել ծառերը» վիպակը: Պատերազմական և հետպատերազմյան տարիների կյանքն են արտացոլում «Կղմինդրե տանիքով տունը», «Կարմրաթուշ դեղձեր», «Հորի՞ կլռեք» պատմվածքները…
Հայ գրականության մեջ խոր արմատներ է ձգել կարոտի թեման: Բակունցի, Մահարու, Քոչարի ավանդներն այսօր էլ շարունակվում են…
Մարուխյանի հերոսները միայն կորցրած ծննդավայրի երազներով ապրող մարդիկ չեն: Նրանք աշխատող, արարող մարդիկ են, որ տներ են կառուցում, ծառեր են տնկում ու երեխաներ մեծացնում՝ ձգտելով վերականգնել կորցրածը…
«Մի տխրիր, հայրիկ» վիպակում հեղինակը կերտել է ինքնուրույնաբար կյանքի ճանապարհ ընտրող երիտասարդի կերպարը: Հովիկը միայնակ է հաղթահարում կյանքի առաջադրած դժվարությունները: Խուսափում է սպառողական հոգեբանությամբ ապրող մարդկանց շրջապատից: Նա այն մարդկանցից է, որոնք իրենց ուսերին են տանում կյանքի ծանրությունը:
Արամ Ներսիսյան
«Գրքերի աշխարհ», 26 հունվարի, 1987թ.

Մանկական գրականության «օրենքների ու յուրահատկությունների» մասին շատ է գրվել, բայց դրանցից հիմնականը թերևս այն է, երբ գրողը կարողանում է աշխարհին նայել երեխայի աչքերով՝ մնալով միաժամանակ կյանքի փորձով իմաստնացած մեծահասակ: «Չիկարելիի արկածները» վիպակում Ռուբեն Մարուխյանին հաջողվել է գտնել ու պահպանել այս գեղեցիկ ներդաշնակությունը: Վիպակը գրված է երեխաների համար, բայց ինձ թվում է, որ նրանց ծնողները նույնպես անտարբեր չեն մնա այս գրքի նկատմամբ, որովհետև մի անգամ արդեն անցել են վիպակում նկարագրված անտառի կածաններով, այլ խոսքով ասած՝ ապրել իրենց մանկությունը, երբ հեքիաթներն ու կյանքը քայլում էին ձեռք ձեռքի…
«Չիկարելիի արկածները» հեշտ է կարդացվում, և սա մանկական գրքի հաջողության նախապայմաններից մեկն է: Փոքրիկ ընթերցողը այս վիպակում կարող է զգալ իրեն նույնքան ազատ ու երջանիկ, որքան սեփական երևակայության տիրույթներում: Մարուխյանի գեղարվեստական ելակետը… խաղն է: Թերևս հենց դրանով է գիրքը մոտենում երեխայի հոգեբանությանը, դրա շնորհիվ է ստեղծվում երեխայի համար ճանաչելի ու հարազատ մթնոլորտ: Հեղինակն իր մանկությունը չի մոռացել և գիտե, որ մարդու և աշխարհի հարաբերությունները սկսվում են խաղից: Վերջին հաշվով, այսպես են սկսվում նաև մեր և գրքի, մեր ու գրականության հարաբերությունները, երբ մենք դեռևս մանուկ ենք:
Բայց ամեն խաղ կյանքի արտացոլանքն է, ուստի Մարուխյանի հերոսները ապրում են հեքիաթային մի աշխարհում, որտեղ շատ իրական հասցեներ կան: Գույնը փոխող մարդը, բարի ծերունին և անկուշտ թագավորը, ծույլերի զվարճարանը, խռոված աղբյուրը կարող են հանդիպել մեզ ո՛չ միայն այս գրքի էջերում: Դրանք մեր շուրջն են և հաճախ են հիշեցնում իրենց մասին, այդ իսկ պատճառով էլ գրողի ու նրա հերոսների ճանապարհորդությունը որքան երևակայական, նույնքան էլ իրական է:
Այս ճանապարհորդության մեջ նրանք առաջնորդվում են բարոյական պարզ ու հիմնաքարային գաղափարներով, որոնք ընթերցողներին են փոխանցվում առանց խրատաբանության…
Արդեն ակնհայտ է, որ գրախոսը հավանում է այս գիրքը: Կարևորն այն է, որ հեքիաթ-վիպակի դժվարին ժանրը մեր այսօրվա գրականության մեջ գտել է և՛ս մի հաստատում: Մանկական գրականության հին ու կայուն ավանդներ ունեցող հայ գրականությունը, ցավոք, քիչ է փորձում ժանրային այս «տեղամասը» յուրացնել: Մինչդեռ դրա կարիքը զգում են ոչ միայն երեխաները, այլև ինքը՝ գրականությունը: Հեքիաթ-վիպակն ընդարձակում է մանկական գրականության գեղարվեստական մտածողության սահմանները, տանում դեպի ձևերի բազմազանություն, միաժամանակ, հնարավորություն տալիս խոսելու հավերժական արժեքների մասին…
Դավիթ Մուրադյան
«Գրքերի աշխարհ», 1989, հմ. 3, էջ 7:

Գրքի շապիկին Սիսն ու Մասիսն են, որ մեկ սրբազան բառով կոչվում են Արարատ: Վերնագիրը՝ «Դար, ցտեսություն, բարև»: Ռուբեն Մարուխյանի՝ մեր ճանաչված գրողներից մեկի նոր գիրքն է, վերջերս ու ավելի վաղ գրված պատմվածքների ու բանաստեղծությունների մի փունջ: Մարուխյանն արձակագիր է նախևառաջ. այդ արձակագրությունը, սակայն, միագույն չէ, այլ իր խորքերում ամփոփում է և՛ դրամայի, և՛ բանաստեղծության գունագծեր՝ դրամատուրգիական-քնարական արձակ, որտեղ պատումը նաև գործողություն է արտահայտում, ինչպես նաև՝ բանաստեղծության ենթակայությունը: Եվ պատահական չէ, որ գրողը իր ստեղծագործական երկար ճանապարհին ուղղակիորեն դիմել է նաև այս գրական սեռերին՝ հրապարակ բերելով պոետական խոսք ու հայացք և բազմաթիվ պիեսներ, որոնք արժանացել են թատրոնների ուշադրությանն ու բեմադրվել: Իր բանաստեղծությանը հեղինակը ասես նայում է մատների արանքից. քիչ է գրում, գրեթե չի տպագրում, և՝ իզուր, այստեղ նույնպես նրա բաց, ազնիվ հուզաշխարհն է, ինչպես արձակում ու դրամայում, ինքն է՝ մեր աղարտված իրականության մեջ իր թափանցիկ անաղարտությամբ:
Գրականությունը մի զգալի չափով հիշողություն է, զգացմունքների նստվածք. սա վերաբերում է նույնիսկ երեկվա օրվան, առավել ևս՝ պատմական անցյալին: Մարուխյանի հայացքն ընդգրկում է ցեղասպանության տառապանքը վերապրողների հոգիները, մեր՝ նրանց զավակների արյան դրամատիկ շնչառությունը, որ անցնում է տասնամյակների միջով և իբրև ազգային ճակատագիր չի մարում, միշտ հնչեցնում է իր տրտում երգի մեղեդին ու բառերը, որոնք որքան ավանդույթ են, նույնքան էլ ժամանակակից հուզաշխարհ՝ անբաժան ամեն զտարյուն հայ հոգուց… Ռուբեն Մարուխյանի արձակն իր մարդկային նկարագրի պես խաղաղ է՝ առանց առերես պայթյունների, սակայն բավական է մի ուշադիր ու ներթափանցող հայացք՝ այնտեղ տեսնելու հերոսների բախումները և մանավանդ ինքնաբախումները…
Ռուբեն Մարուխյանըմարդասեր, մարդամոտ, մարդամեծար գրողի օրինակ է, հատկանիշներ, որոնք լավագույնս բնութագրում են նրա արձակը՝ պատմվածքներն ու վիպակները, որոնցից «Անդարձությունը» լույս է տեսել անգլերեն, գերմաներեն, լեհերեն՝ հարազատ դառնալով նաև օտար ընթերցողին…
Ռուբեն Մարուխյանի բանաստեղծությունները, իհարկե, չեն հավասարակշռում նրա արձակն ու դրամատուրգիան, սակայն դրանք նրա զգացմունքների ու հոգեղենության ծիրում են, նրամենախոսության մի ձայնը. «Ես տողեր հորինեցի, որ ոտքեր չունեն: Դա իմ հառաչանքն է, որը չի ուզում ինձանից բաժանվել»: Այդ հառաչանքները շատերինն են, որով գրող դառնում է մեզ մոտիկ ու հարազատ, մեր ժամանակակիցը, բոլորիս հետ ճամփորդ՝ կյանքի ոլորուն ճանապարհներին:
Նորայր Ադալյան
«Օրրան հոգևոր», 2002թ., 18 հուլիսի

Ռուբեն Մարուխյանի նոր գիրքը՝ «Դար, ցտեսություն, բարև», հենց վերնագրից իսկ խորհելու առիթ է տալիս: Հեղինակը անցած դարին ցտեսություն է ասում, իսկ եկողին՝ բարև: Անցածին նա հրաժեշտ չի տալիս, այլ ցտեսություն է ասում, քանզի անցյալը մոռանալ չի կարող: Դարը անցավ, գնաց, բայց նրա հետ կապված հուշերը, ապրումները, կորուստները մնացին:
Ռուբեն Մարուխյանը իր «Գրամաֆոնի պատմությունը» պատմվածքով ասես արձագանքում է Հրաչյա Քոչարի «Կարոտ» հայտնի պատմվածքին: Անցյալ-կորուսյալը, միախառնված անկոտրում կարոտին, նոր լիցք են տվել այս տխուր պատմությանը…
Ռուբեն Մարուխյանը ռոմանտիկ խառնվածքի տեր հեղինակ է, այդտեղից էլ՝ նրա սերը դեպի մանկական, տիկնիկների միջոցով ապրող հրաշք աշխարհը…
Բոլորովին այլ մոտեցմամբ է գրված «Մուկիկը» պատմվածքը: Մերօրյա կյանքն է, բարոյական ու հոգևոր արժեքների փլուզման խնդիրը, ուր պայմանականի ու իրականի բախումը ի հայտ է բերում հերոսի հոգեկան անկումը: Հեղինակի ձգտումը մեկն է. մարդու հոգին փրկել կործանման վտանգից: Երգիծանքով ներկայացվող իրականությունը բացահայտում է մարդուկի անկման ողջ պատմությունը: Այս գեղագիտական ընդհանրացմամբ էլ հեղինակը քննադատում է այն ներհակ հարաբերությունները, որոնք այսօր սպառնալից առավելություն են ստացել:
Ռուբեն Մարուխյանը գրական իր առաջին փորձերը կատարել է տարիներ առաջ՝ չափածոյով: Նրա բանաստեղծությունները ժամանակին արժանացել են Ստեփան Զորյանի դրվատանքին: Եվ ահա գրողն այս գրքում զետեղել է բանաստեղծական մի շարք՝ շատ պարզ մի խորագրով՝ «Տողեր»…
Պատանեկան ավյուն, երազանք ու մաքրություն կան «Տողերում», որոնք, իհարկե, քանակով շատ չեն, բայց ապրումների տեսակետից՝ խորն ու այժմեական:
Էդուարդ Ավագյան
«Հայաստանի Հանրապետություն», հմ. 197, 2002թ., 2 նոյեմբերի

Մեր նորօրեայ ընկերային կամ, ինչպէս ընդունուած է ասել, հասարակական յարաբերութիւններում առտնին ընթացքներում, չարամէտը, արձակագիր եւ բեմադրիչ Ռուբէն Մարուխեանի խօսքով՝ «պարսատիկաւորները», շատացել են: Ահա թէ ինչու արդարը վերահաստատելու ճանապարհին ի յայտ է գալիս գեղագիտական նոր չափանիշ՝ «չիկարելին»: Ի՞նչ չի կարելի անել: Ռ. Մարուխեանը իւրացրել է մանուկների լեզուն, որոնք, ի դեպ, աւելի սուր են զգում առօրեայ կեանքի հակասութիւնները, ստուերոտ կողմերը: Հեղինակի «չիկարելին», ըստ էութեան, երեխաներին չի ուղղուած, այլ՝ մեծերին…
Երեխաների ազնիւ աչքերով են բացւում մեր կեանքի բացասական կողմերը, որոնք հեւքի մէջ երբեմն իմաստաւորել չենք հասցնում: Ռ. Մարուխեանի գլխաւոր նպատակը կեանքը բարեփոխելու, «անգին քարերի» իշխանութիւնը վերականգնելու մանկական պայծառատեսութիւնն է…
Եւ ի~նչ լաւ է, որ երեխաներն են մարտնչում սպառողական ամենակուլ հոգեբանութեան դեմ: «Չիկարելիի արկածները» վիպակը հաճելիօրէն յիշեցնում է Անտուան դը Սենտ Էքզիւպէրիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործութիւնը, որտեղ նոյնպես տեսանելի պայքար է գնում մարդկային հաւաք բնաւորութեան ազնուացման, մարդուն լճացումից ազատագրելու համար:
Չիկարելին եւ նրա հեղինակ-բարեկամը, որոնք ապրում են չքնաղ երկրում, բնութեան մէջ, մերժում են ընկերութեանը պատած փառասիրութեան տօնավաճառը, նորօրեայ ինքնակոչ արքաներին ու թագուհիներին, արդարադատութեան նախարարին, վաճառականներին, բոլոր նրանց, ովքեր մարդկութեան պատմութիւնը դարձնում են նիւթի եւ պատերազմների թատերաբեմ: Ինչի՞ համար են պատերազմները, անհանդուրժողութիւնը, ատելութիւնը՝ անպայմանօրէն տիրանալու հարստութեան, գահի, փառքի: Երեխաները մերժում են դրանք արմատից…
Ռ. Մարուխյանը գտնում է, որ ինքը պատրաստ է բոլոր երեխաների ձեռքը բռնած անցնել Չիկարելիի արկածների ճանապարհով, իրագործել մանկական բոլոր երազանքները, որոնք նրանից խլել են մեծերը, այսինքն՝ այս կեանքի հզօրները: Իսկ մենք պատրա՞ստ ենք իր կողքին լինելու…
Իսկ շտկուել անհրաժեշտ է: Զգանք մեր ուժը, հասարակութեան մէջ փոքրումոքր լինելու իրաւունք չունենք, մենք՝ մի ամբողջ ժողովուրդ, պէտք է վերածնուենք: Այսպէս ապրել չի կարելի: Չիկարելիից պէտք է հասնել անկարելիի բաղձանքին՝ կարելիին, այսինքն՝ երազանքների իրագործմանը:
Օգտուելով առիթից՝ սրտանց շնորհաւորենք Ռուբէն Մարուխեանի 75-ամեակը, հպարտ լինենք, որ 75 խրձից կազմած իր աւելը այսօր տեղապտոյտ փոշի չի բարձրացնում, այլ մանրացած Մուշեղի ամենատես աչքերով օգնում է տեսնել ճշմարիտը գրականութեան մէջ ու կեանքում:
Սուրէն Դանիէլեան
«Գրական թերթ», 2009, հմ. 40, էջ 6:

Քսան տարի առաջ Ռուբեն Մարուխյանը ընթերցողին հրամցրեց «Չիկարելիի արկածները» վիպակը, որը ջերմ հետաքրքրությամբ ընդունվեց հանրության կողմից: Վերջերս լույս տեսավ հեղինակի «Չիկարելիի նոր արկածները» գիրքը: Ո՞րն է հերոսի վերադարձի պատճառը… Նորանուն հերոսը մեր գեղարվեստական գրականության մեջ իր արկածները մեկնարկեց բացախոսության և խորհրդային դնչկալներից ազատության տարիներին, բայց ժամանակը ծնեց նոր մարտահրավերներ՝ ի հայտ բերելով հրեշավոր սողանցքներ, որոնք սպառնում են իրական բարձր արժեքներին…
Ռուբեն Մարուխյանի Չիկարելին ժամանակակից կյանքի ճշմարտություններ վերհանող կերպար է, մեր գրականության ներկայիս շարժընթացքում հերոսի նոր տեսակ, որով իր ընդհանրական նկարագրով չգիտես ավելի շատ ում է հասցեագրված՝ մեծահասա՞կ, թե՞ փոքրիկ ընթերցողներին, իսկ միգուցե բոլորին հավասարապես:
Դավիթ Սարգսյան
«Գրական թերթ», հմ. 22, 2009թ., 26 հունիսի

Известный прозаик, драматург Рубен Марухян преподнес очередной сюрприз читателю. Его произведения «Эти удивительные куклы», «Ярмарка сказок», «Зеленый звонок», «Не грусти, папа», «Век, до свидания, здравствуй» у другие заняли достойное место в фонде отечественной детской литературы. И вот недавно вышла в свет на русском языке повесть-сказка «Новые приключения Чикарели»…
Герой встречается с добрыми и злыми, веселыми и грустными персонажами. С ним на человеческом языке говорят Родник, Цветок, Дерево… Сама природа говорит сЧикарели, дает ему советы, становясь таким же главным, как непослушный мальчуган, героем повествования…
«Новые приключения Чикарели» продолжают лучшие традиции жанра. Разнообразие художественных приемов, интересные сюжетные линии, яркий образ главного героя- все это переводит повесть в разряд явления в нашей детской прозе. Недаром она удостоилась первой премии Союза писателей Армении в номинации «Лучшее детское произведение»…
Людвиг Карапетян

Հրաչյա Քոչարի, Խաչիկ Դաշտենցի, Մուշեղ Գալշոյանի անմոռաց «Երկիրն» ու նրա հուշ դարձած հերոսները Մարուխյանի արձակում ստացել են նոր, անակնկալ մարմնավորումներ: Անցյալի դրամատիկ, հերոսական ասքը Մարուխյանը դարձնում է խորհրդանշական լիցք պարունակող պատում՝ մի անգամ ևս հաստատելով գեղարվեստական այդ արտահայտչաձի կենսականությունը: Արձակագիրը բացում է ազգային ինքնաճանաչողության նոր հորիզոններ՝ սովորական թվացող, կենցաղային իրերին տալով նոր իմաստ ու գործառույթ: Գավառական քաղաքում գրամաֆոնի հրաշքի նախնական հրճվանքը փոխակերպվում է կյանքում գեղեցկի իղձ-երազանքի իրական պատկերին, որպեսզի այնուհետև դառնա ավերված, խոշտանգված, կորցրած հայրենիքի խորհրդանիշ-մասունքը: Իր մեջ կրելով ողբերգության լիցքեր՝ տառապանքի ու սխրանքի ճանապարհով իր տերերին վերադարձած գրամաֆոնի ձայնը մարմնացնում է կյանքի, գեղեցկի վերադարձը: Այն միաժամանակ Բեսեթի և նրա գաղթական դարձած ընտանիքի հանդեպ Հին Բայազետի խորհրդավոր հեքիաթն է պատմում, նրա անմեռ կարոտի ասքը հասցնում Էջմիածնում պատսպարված հայրենակիցներին: Տարիներ էին անցնելու, հին բայազետցիները տնավորվելու էին Երևանում, ապա թուրքի յաթաղանին դիմակայած Մարխենց Բեսեթն անհայտ կորչելու էր ահեղ պատերազմում, սակայն չէր լռելու նրա գրամաֆոնի՝ ոսկու փայլ ունեցող ձագարաձև փողը, այն պիտի շարունակեր հնչել ահագնացող արձագանքով այնքան, մինչև գար Հին Բայազետ վերադարձի օրը ու լցներ «հազարամյա քաղաքի փողոցները սիրո, կարոտի, հավատի երաժշտությամբ…»: Գրողը տիրապետում է կենցաղային, սովորական երևույթին խորքային ենթիմաստներ հաղորդելու արվեստին: Խորհրդանշականի համադրումը իրական պատումին սոսկ գեղարվեստական հնարանք չի մնում. հետադարձ հայացքը ժամանակների հեռավորությունից փորձում է վերաիմաստավորել ազգային դրաման հարատևման կենսահաստատ ձգտմամբ՝ գեղեցկի վեհացնող զորությամբ:
Լաուրա Մուրադյան
Հանդես հմ. 18, 2016, էջ 181:

Ռուբեն Մարուխյանը շատ սիրելի մարդ է ինձ համար: Ինչո՞ւ: Որովհետև ընտրված հատիկներից է: Դա ինձ համար շատ կարևոր է. որովհետև էդ մարդիկ շատ հարուստ են լինում: Գրող է, թատերագիր է, մանկավարժ է, դասախոս է, ռեժիսոր է: Ինչ-որ մեկի համար դա մի քիչ շատ կթվար, մի քիչ ձևական, մի քիչ սարքովի, բայց Ռուբենի համար չէ: Նա, իրոք, էդպիսին է, ինքը էդ բոլորը կարող է անել և անում է ամեն գործում շատ լավ, որովհետև տաղանդավոր է, բնությունից օժտված մարդ է: Արվեստագետ է, և ամեն մի արվեստագետ, երբ մի գործ է անում, իր էությունից բխված է ներկայացնում աշխարհին, իր էությունն է վերջին հաշվով արտահայտում: Ռուբենի դեպքում ամենից շատ բնորոշ է բարությունը, ազգայինը, որը դուրս է հորդում նրա էությունից:
Ես հատկապես շատ բարձր եմ գնահատում նրա կապվածությունը իր հարազատ երկրին, հողին, ջրին, իր հորը, իր ընտանիքին, իր ազգին, իր ժողովրդին: Դա ինձ համար մարդուն գնահատելու ամենաբարձր չափանիշներից է:
Սոս Սարգսյան

ԵՐԵՔ ԿՏՈՐ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ

Սիրելի՛ Ռուբեն,
կարդացի քո գիրքը: Ես ապրեցի գեղարվեստական հաճույքի պահեր: Քո «Ադամամութի աղոթերգ» պատմվածքը ուղղակի անթերի գործ է: Հոգեբանորեն ճշմարտացի, խոր, պարզ, հուզաթաթավ: Ճիշտ այնպես, ինչպես ծաղիկը տեսնելուց բացի, պետք է զգալ նաև նրա բույրը, միրգը տեսնելուց բացի, զգալ նրա համը, այդպես էլ թափանցելու համար քո պատմվածքի խորքը պետք է հայ լինել, ավելին՝ գաղթական հայ: Կա բանաստեղծություն, որ երգ է նաև: Նրա արժեքը միայն բառային իմաստի, բովանդակության, մտքի մեջ չէ: Կա նաև երաժշտությունը: Կա նաև այդ երգի կատարման արվեստը: Եվ բոլորը միասին է, որ տալիս է հաճույքի բարձրագույն արտահայտությունը: Եթե երբևէ հրատարակվի հայ գրականության անթոլոգիա, կուզեի, որ դա տեղ գտներ մեր գրականության լավագույն պատմվածքների շարքում: Եվ զարմանալին այն է, որ, ըստ իս, այդ պատմվածքի ներգործման ուժի գաղտնիքը ոչ թե ողբերգության ներկայացման մեջ է, այլ ողբերգությունըմի տեսակ կատակի շղարշով սքողելու մեջ: Առաջին հայացքից պետք է կարծես ծիծաղել, թեթև նայել որպես խաղի, որպես ինչ-որ թյուրիմացության: Եվ սա է հենց, որ առավել ներգործուն է դարձնում խոսքի ուժը, վերքի ցավը, կարոտի բոցը: Անկեղծությունը մնում է բոլոր ժամանակների մեծագույն շնորհը գրողներին: Քո անկեղծությունը անխառն է այստեղ:
Ցավի խոր պահեր ապրեցի մեկ ուրիշ քո լավ պատմվածքից՝ «Հորի կլռեք»: Անդրեասը ինձ ծանոթ էր «Ռանչպարների կանչից»: Քոնը քոնն է: Ինձ թվում է՝ դա պետք է արձակ պոեմ լիներ՝ քնարական, մեղմ, սեղմ: Դա եղերերգություն է, և թվում է՝ ինչ-որ բան պակաս է բարձր արվեստով ասված լինելու համար:
Գեղեցիկ ու տպավիչ է նաև «Էլի գժվեցիր» պատմվածքը: Քո պատմվածքներում կա պայմանականություն: Ամենից հաջող է այստեղ: Դա առանձնակի բանաստեղծականություն է տալիս պատմվածքին: «Անդարձություն» վիպակի լավագույն կերպարը Սիսակն է՝ կատարման առումով: Մյուս վիպակը կարող էր չլինել: Ես հասկանում եմ, որ դա տուրք է ժամանակակից թեմային: Երիտասարդության կյանքից է և այլն: Բայց չի թրծվել՝ աղյուս դառնալու համար, չի հասունացել միրգ լինելու համար: Անկեղծ ասած՝ կուզեի կարդացած չլինել:
Դու գրում ես առաջին դեմքով: Քո մանուկ և պատանի հերոսները հանդես են գալիս տարբեր անուններով: Թվում է՝ հարկ չկա միշտ ուրիշ անուն տալու: Պատմվածքներն ունեն հոգեբանական ներքին մի միասնություն, ուր կարող էր հանդես գալ նույն անունով անձը: Դա մի տեսակ հարգանք ու հավատ է ներշնչում՝ ամբողջացնելով հերոսի բնավորությունը: Ինչևէ, սա զուտ տեխնիկական բան է: Մտածելու բան չկա այստեղ:
Ես անկեղծորեն ափսոսացի, որ գրքում չկար քո լավագույն պատմվածքներից մեկը, որի մասին առիթ եմ ունեցել քեզ հետ զրուցելու: Երևի մի նոր գրքում կլինի: Այդ բնույթի պատմվածքներ կարող ես գրել: Այսպես ասած՝ արվեստագետների կյանքից: Շատ լավ էր գրքի ընդհանուր գաղափարական նպատակաուղղվածությունը. մարդը ոչ միայն իր ստեղծածն է ժառանգություն թողնում սերունդներին, այլև իր կարոտներն ու չբուժված վերքերը, երկրի, ժողովրդի ճակատագրի մասին իր մտքերը: Եղբայրորեն սեղմում եմ ձեռքդ՝ ստեղծագործական նոր հաջողությունների մաղթանքներով:
Արշալույս Ղազինյան
16.12.1986թ.

Բաց նամակ Ռուբեն Մարուխյանին
Հարգելի՛ Ռուբեն Մարուխյան, ի~նչ լավ է, որ ունենք Ձեզ պես գրողներ: «Չիկարելիի արկածները» գիրքը ինձշատ դուր եկավ: Ես այն կարդացի մեկ օրում: Եթե գիրքը հետաքրքիր է, ժամերով սուզվում ես գրքի մեջ: Իսկ այս գիրքն ինձ այնքան հետաքրքրեց, որ ես հերոսից ավելի շատ էի սպասում, թե վերջում ի՛նչ կլինի: Շատ բան սովորեցի: Այս խոսքերը անընդհատ կրկնում եմ. «Ով արթնանում է արևից առաջ, նա իր գործով միշտ կգնա առաջ»:
Եսհասկացա և խոստանում եմ, որ չեմ ծուլանա, չեմ անի անթույլատրելի արարքներ, չեմ կրկնի Չիկարելիի սխալները:
Սիրով՝ 143-րդ դպրոցի 6բ դասարանի աշակերտուհի Գրիգորյան Սիլվա
11 մայիսի, 2016թ.

ПОДАРОК ДЛЯ ДЕТЕЙ И ВЗРОСЛЫХ
Недавно в одном из книжных магазинов Еревана приобрел книгу Рубена Марухяна «Приключения Чикарели».Признаюсь, вначале она привлекла своим художественным оформлением, но затем, ознакомившись с ее содержанием, мы всей семьей пришли к выводу, что это – не дежурная детская книжица, а произведение, достойное всяческих похвал. На протяжении чтения мы, взрослые, вместе с детьми не уставали восхищаться умением автора видеть мир глазами ребенка, его непосредственностью, художественным вкусом.
Я бы поставилР. Марухяна в один ряд с известными детскими писателями –сказочниками. Пусть не покажется это преувеличением.
Ваш стиль, чудесный сказочник – это стиль сказок современности, сказок нашего времени, ничем не уступающих старым. Большое вам спасибо за добрую, светлую увлекательную книгу. Мы ее прочли на одном дыхании…
Книга пронизана оптимизмом, настраивает детей на добрые, славные дела, воспитывает в них любовь к прекрасному, окружающему их миру…
Г. Тер-Хачатурян
«Коммунист», 17 января, 1991г.,
/Из редакционной почты/