Հովհաննես ԹԵՔԳՅՈԶՅԱՆ / ԾԱՌԸ` ՕԴԻ ՄԵՋ

 

Ինտերակտիվ տրագիֆարս`
կես գործողությամբ

Գործող անձինք
ՋՈԿԵՐ
ՄԱՐԴ
ԿԱՏՈՒ
ՀԵՂԻՆԱԿԻ ԳԼՈՒԽ
ՆԱՏՈԻՐԱԼ ԵԶ
Ձայն` ռադիոյով

Վառվող մշուշով պատած անհասկանալի տեղ: Ու լռություն… Լռության մեջ ժանգից փայլփլող մի աթոռ, դիմացն էլ` քաչալ-սպիտակ գլուխ:
Հաստա՛տ Հեղինակի գանգն է: Ներս է մտնում Մարդը: Ծառի ճյուղերի մեջ կարմիր կեղծամով Կատվի կերպարանքն է երևում:
Նրա հայտնվելն անսպասելի է Մարդու համար:
ՋՈԿԵՐ — Ստո՛պ: Պատկերացրեք` դուք ոչինչ չեք տեսնում: Չէ, տեսնում եք, բայց… չեք տեսնում: Ավելի պարզ խոսեմ… Եվ այսպես, կար ծառ, նրան տեսնում էինք: Հիմա չկա ծառը: Ի՞նչ ենք անում… Զգում ենք նրա բացակայությունը: Աստծո նման… Չէ՞ որ նրան էլ եք հավատում, երբ դանակը ոսկորին է հասնում: Չէ, մի վախեցեք, սա թատրոն է… Պարզ է, որ դուք հիմա ներկայացումը կդիտեք, կգնաք տուն և ամեն ինչ կմոռանաք, այսինքն` այն, ինչ տեսաք, կհամարեք չտեսած: Լավ… Մի խոսքով, ինքներդ վերջում որոշեք. այս ներկայացումը տեսե՞լ եք, թե՞ չեք տեսել:
ԿԱՏՈՒ — Բա՜րև… (Մարդը ցնցվում է, Կատուն` ծիծաղում:) Վախեցա՞ր:
ՄԱՐԴ — Քոքված շուն:
ԿԱՏՈՒ — Ես շուն չեմ, կատու եմ:
ՄԱՐԴ — Էնքան չես մլավել` մոռացել եմ:
ԿԱՏՈՒ — Փոխարենը` սկսել եմ մարդկային լեզվով խոսել: (Գանգին նայելով:) Ի՞նչ ես անում:
ՄԱՐԴ — Նամակ էի ստացել, պատասխանն եմ գրում:
ԿԱՏՈՒ — Ըհը… Գանգային պապիրուս: Եվ ո՞վ է էդ երջանիկ հասցեատերը, չլինի՞` ես:
ՄԱՐԴ — Չէ հա` դու… Լավ, քանի որ եկել ես` ասեմ: Հնում դաջվածքները ռազմական մեծ նշանակություն են ունեցել: Մեր թվարկությունից շատ առաջ, կռվի ժամանակ, ստրուկի գլուխը խուզում, գաղտնի հաղորդագրությունը գանգին դաջում, սպասում էին էնքան` մինչև մազերը կաճեին, և ուղարկում էին:
ԿԱՏՈՒ — Հա, բայց դու, կարծեմ, դաջվածքների պատճառով չես դեմքդ կորցրել:
ՄԱՐԴ — Ես դեմքս կորցրե՞լ եմ… Ձենդ կտրիր: Եթե չես ուզում պոչիցդ բանկաներ կապեմ ու քեզ ծեծելով բաց թողնեմ` ավելի լավ է` լռիր:
ՋՈԿԵՐ — Ստո՛պ: Ծանոթագրություն: Մարդ… Ստեղծվել է երկու հարյուր հազար… լավ, կոնկերտ ժամանակահատվածը չնշենք: Առաջացել է, ոմանք ասում են` Աստծո շնորհիվ, ոմանք` կապկից: Մի խոսքով… Բաղկացած է` ջուր, արյուն, միս… Էլ ինչ կա՞… Հա, նաև մի քիչ հոգի: Շնորհակալություն:
ԿԱՏՈՒ — Չէ, հաստատ դեմքդ կորցրել ես: Պատմությո՞ւն ես ուզում, դե լսիր… Նույն քո ասած հնում մարդիկ երկրպագում էին ծառերին և կենդանիներին: Մեզանից շատերը սուրբ էին համարվում: Իսկ գիտե՞ս` ինչ էին անում հին Գերմանիայում: Չգիտե՞ս… Երբ մարդը ծառի կեղևը պոկում էր` նրան հանցագործ էին համարում: Բռնում, նույն այդ մարդու… ասենք, պորտը կտրում էին ու կպցնում ծառի կեղևազուրկ մասին:
ՄԱՐԴ — (առաջին անգամ ապտակում է Կատվին): Չափդ ճանաչիր, դու սովորական կատու ես, ընտանի կենդանի, հայվա՛ն…
ՋՈԿԵՐ — Ստո՛պ: Ծանոթագրություն: Կատու: Ստեղծման օրից ապրում է Երկիր մոլորակի վրա: Համարվում է սուրբ կենդանի, բնության զավակ: Ընդհանրացնում է բոլոր կենդանիների դրական կողմերը և ներկայացնում երկրագնդի շահերը: Հա, շատ մարդամոտ է:
ԿԱՏՈՒ — Գիտեմ: Ի՞նչ էիր ասում ստրուկ­­ների մասին… Էս գլուխը, փաստորեն, ստրուկի գլո՞ւխ է:
ՄԱՐԴ — Չէ… Հեղինակինն է:
ԿԱՏՈՒ — Ի՞նչ Հեղինակ:
ՄԱՐԴ — Պիեսի:
ԿԱՏՈՒ — Ըհը… Չէի պատկերացնի, որ ուղեղիդ մեջ միայն պատերազմներն ու հեղափոխությունները չեն: (Պաթետիկ:) Նաև պիես կա, թատրոն, օդում պտտվող ծառեր, տներ, արև…
ՄԱՐԴ — Մեկ էլ` քեզ նման ապուշ կենդանիներ… Չէ, երևում է, քեզ իրոք ծեծելու եմ:
ԿԱՏՈՒ — Չեմ կասկածում: (Ցինիկ:) Ի դեպ, ի՞նչ է գրում քո այդ չոր գանգը:
ՄԱՐԴ — Ասում է, որ ժամանակին Երկիր մոլորակի վրա լիքը դաշտեր, անտառներ են եղել…
ԿԱՏՈՒ — Որոնք վառվել, կտրվել են:
ՄԱՐԴ — Ինչի՞ համար…
ԿԱՏՈՒ — Պատերազմելու, իրար կոկորդ կրծելու…
ՄԱՐԴ — Աչքիս ալաբուլա ես երևում:
ԿԱՏՈՒ — Էս տարածքում երկու շնչավոր ենք մնացել. ես ու դու:
ՄԱՐԴ — Բա Նատուրալ Ե՞զը…
ՋՈԿԵՐ — Ստո՛պ: Նատուրալ Եզ: Ունի շատ փող, կրկնում եմ` շա՜տ փող: Առաջացել է Երկիր մոլորակի վրա շուրջ երկու հարյուր հազար տարի առաջ: Բաղկացած է ջրից, մսից և արյունից: Հա, ի միջի այլոց, հոգի չունի: Նախնական տեսքը` մարդ…
ԿԱՏՈՒ — Նա մարդ չէ, անասուն է:
ՄԱՐԴ — Դու էլ ես հայվան…
ԿԱՏՈՒ — Գիտեմ, բայց ինձ, ըստ «Աստվածաշնչի», Աստված է ստեղծել: Ի դեպ, այսօր ռադիոյով նրա նոր ուղերձը դեռ չե՞ն հաղորդել:
ՄԱՐԴ — Ո՞ւմ` Աստծո՞…
ԿԱՏՈՒ — Չէ, Նատուրալ Եզի: Տեսնես, մարդկության փրկության մասին ի՞նչ նոր մետաֆիզիկական վար-կած է առաջ քաշելու:
ՄԱՐԴ — Հերիք է փիլիսոփայես… Չգիտեմ էլ` ինչի համար ես, միայն ավելորդ օդ ես շնչում:
ԿԱՏՈՒ — Ճիշտ ես, ոչ մուկ կա, ոչ` առնետ… Պը՛րծ:
ՄԱՐԴ — Առնետները, կարծեմ, առաջինն են, չէ՞, նավը լքում:
ԿԱՏՈՒ — Լքում են: Տվյալ դեպքում` Երկիր մոլորակը: Գիտես, չէ՞, տեսա` ոնց են երամ դարձած դեպի Լուսին չվում… Թռչող առնետների երամ…
ՄԱՐԴ — Չէ, դու լրիվ ես ցնդել:
ԿԱՏՈՒ — Հիշո՞ւմ ես, ինչ կար այստեղ:
ՄԱՐԴ — Որտե՞ղ…
ԿԱՏՈՒ — Այ, այստեղ, այս հողի վրա:
ՄԱՐԴ — Ո՞նց չեմ հիշում… Այստեղ իմ կառուցած ամենամեծ գործարանն էր… իր հսկա շարժիչներով, մեծ ծխնելույզով…
ԿԱՏՈՒ — Որից դեղին ծո՞ւխ էր դուրս գալիս:
ՄԱՐԴ — (հիացած): Հա, բայց ի՜նչ հոտ ուներ…
ԿԱՏՈՒ — Թունավոր: Չե՞ս հիշում, մինչև գործարան կառուցելն այստեղ անտառ էր: Հետո գտնվեց մի Նատուրալ Եզ, ով, իբր, կարևոր ռադիոակտիվ տարրի հանքաշերտեր հայտնաբերեց: Անտառը կտրեցին: Մի տարի էլ չանցավ, երբ ամեն ինչ, երկինքն էլ հետը` ժանգագույն դարձավ… Հիշում եմ` սկյուռիկները ոնց էին փախչում…
ՄԱՐԴ — Նրանք է՞լ էին Լուսին չվում:
ԿԱՏՈՒ — Չգիտեմ, չգիտեմ… (Սկսում է հազալ: Դադար:)
ՄԱՐԴ — Երևի… սոված ես…
ԿԱՏՈՒ — Էդ հարցում ինքնաֆինանսավորման եմ անցել:
ՄԱՐԴ — Այսի՞նքն…
ԿԱՏՈՒ — Սկզբում գիշատիչ էի` մկներ, թռչուններ էի ուտում: Հետո` բոլորը… Մի խոսքով, հասկացար, դեպի Լուսին չվեցին: Ես էլ ստիպված սկսեցի ինքս ինձ ուտել: Գիտե՞ս, հասկացա, էս գանգը ինչի համար է… (Գանգին.) Սա մեր հիշողությունն է (պաթետիկ), գենետիկ պահոցը… Իսկ դու վրան նամակ ես գրում:
ՄԱՐԴ — Ամբողջ օրը ի՞նչ ես արել:
ԿԱՏՈՒ — Ոչ մի բան: Ծառ էլ չկա` թռչեմ-մագլցեմ… Պառկեցի: Չիմացա էլ` Լուսնի՞ լույսի տակ էր, Արեգակի՞, թե՞ ռադիոակտիվ ճառագայթման: Կյանքում առաջին անգամ ծառ ուզեցի… Ի՜նչ զգացողություն էր… Աստված իմ… Ուզում էի մագլցել, խաղալ տերևների հետ: Չկար: Մի հատ ծառ չկար: Ուղեղումս օդից կախված ծառ հորինեցի…
ՄԱՐԴ — Նա է՞լ դեպի Լուսին չվեց:
ԿԱՏՈՒ — Չգիտեմ, համենայնդեպս, այնքան տարվեցի, որ անձրևի տակ ընկա: Հեղեղի նման էր ու կարմիր գույն ուներ:
ՄԱՐԴ — Երկու օր առաջ էլ ասացիր, որ դեղին ձյան տակ ես մնացել:
ԿԱՏՈՒ — Կարծում ես` խաբեցի՞…
ՄԱՐԴ — Չէ, քեզ նման տարօրինակ կենդանին ամեն ինչ կարող է տեսնել: (Կատուն հազում է, Մարդը ծիծաղում է:) Չլինի՞ թոքախտ ես…
ԿԱՏՈՒ — Չէ… Գործարանախտ եմ:
ՄԱՐԴ — Էդ ի՞նչ նոր հիվանդություն է:
ԿԱՏՈՒ — Դու կիմանաս… Ծխո՞ւմ ես:
ՄԱՐԴ — Չէ, ես առողջ ապրելակերպի կողմնակից եմ:
ԿԱՏՈՒ — Գիտե՞ս, այն տպավորությունն ունեմ, ասես մեր այս կապո՜ւյտ մոլորակի բերանին մի հսկա ծխախոտ են դրել ու ստիպում են անընդհատ ծխել:
ՄԱՐԴ — Համա թե երևակայություն ունես, հա՜…
ԿԱՏՈՒ — Ու էդ սիգարետը քո գործարանի աշտարակի ձևն ունի: Կոկորդս չորացել է: Չէ, չի չորացել… ոնց որ բկիս մեջ քաղցր մաղձ լինի, որ չեմ կարողանում կուլ տալ: Ու չգիտես ինչու` էդ մաղձը դեղին գույն ունի:
ՄԱՐԴ — Հիվանդոտ…
ԿԱՏՈՒ — Գոնե երեխաներիդ մասին մտածիր:
ՄԱՐԴ — Երեխաներ չունեմ: Դու գիտես, չէ՞, որ երեխաներ չունեմ: Քեզ եմ հարցնում` գիտե՞ս, որ ես երեխաներ չունեմ:
ԿԱՏՈՒ — Այ, հենց էդ դեղին մաղձի պատճառով էլ չես կարողանում ունենալ:
Մարդը երկրորդ անգամ է ապտակում կատվին:
Ձայն` ռադիոյով — Այսօր ժամ չկա, քանի որ ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել… Հա-հա-հա… (Հազում է, փռշտում, խնչում:) Եղանակի տեսություն: Այսօր և ընդհանրապես մնացած բոլոր ցերեկները սպասվում է մոխրագույն կարկուտ, տաք ձյուն և սև արև: Բա՜յ… Հա, մոռացա ասել… Օդը քանի գնում` քչանում է: Երկուսիդ էլ չի հերիքի:
ԿԱՏՈՒ — Տեսա՞ր, բա որ ասում էի՞… Լսիր, տանդ հարցերն ի՞նչ եղան:
ՄԱՐԴ — Տեսնում ես, էլի…
ԿԱՏՈՒ — Բա էն քաղաքները, հսկա շենքերն ու գործարանները, որ կառուցեցիր, ո՞ւր կորան:
ՄԱՐԴ — Քե՞զ ինչ… Շո՞ւն ես, կատո՞ւ ես, թե՞ դինոզավր, դո՜ւ էիր մնացել` ինձ հարց տայիր:
ԿԱՏՈՒ — Խե՜ղճ մարդ… Հեղինակիդ գանգի հետ քո սարքած աղբանոցում մենակ ես մնացել:
ՄԱՐԴ — (կարծես չլսելով` շարունակում է գրել Հեղինակի գանգի վրա): Գիտե՞ս, չեմ էլ հիշում, երբ էր` ռադիոյով լսեցի, որ տրամվայի գծերը հանում են: Ասում են` քաղաքը էկոլոգիապես մաքուր տրանսպորտի կարիք չունի:
ԿԱՏՈՒ — Չէ, դու դռդռացրու: Մեկ էլ տեսար` էդ նամակից աշխարհի փրկության, մարդասիրության և գլոբալ տաքացման դեմ պայքարի մի հիասքանչ մանիֆեստ դուրս եկավ: (Մարդն ապտակում է Կատվին: Դադար:) Գիտե՞ս, մահվան դատապարտված շնչավորի համար ինչ է նշանակում տրամվային սպասել, որը քեզ կարող է Ա կետից Բ կետը տանել, փախցնել, փրկել: Ամայության ու անապատի մեջ մի քոսոտ տրամվայ, որը չի գալիս: Իսկ դու սպասում ես, չգիտեմ` ինչքան ժամանակ: Երևի ժամանակ էլ չկա: Սպասում ու ամեն վայրկյան վախենում ես` բռնեն, այրեն, ոչըն-չացնեն քո տեսակը: Իսկ տրամվայը չկա ու չկա, քանի որ անապատը էկոլոգիապես մաքուր տրանսպորտի կարիք հաստա՛տ չունի:
ՄԱՐԴ — Ես միշտ փորձել եմ պաշտպանել քեզ:
ԿԱՏՈՒ — Ասում են` կատուն ազատ-անկախ կենդանի է: Պաշտպանե՞լ… Երևի… Ի՞նչ` երևի… Մինչև աշխարհի վերջին օրը հաստատ չէի ապրի, եթե գառան միս ու կզաքիսի մորթի ունենայի: (Դադար: Մոտենում, վերցնում է Հեղինակի գանգը:) Տարիներ առաջ մի ֆիլմ տեսա, թե ո՞նց էին առյուծները քրիստոնյաներին հոշոտում: Տեսա ու հավատից ձեռ քաշեցի, քանի որ իմ մեջ էդքան ուժ չկար, որ հանուն հավատի ինձ էլ քրքրեն: Բայց հիմա հասկանում եմ, որ ամենասարսափելի առյուծները մեր մեջ են: Ու դրանք են մեզ ամենից շատ հոշոտում:
Մշուշը խտանում է: Լռության մեջ Հեղինակի գլուխն սկսում է անտանելիորեն վառվել: Ան­սպասելի միանում է ռադիոն:
ՆԱՏՈՒՐԱԼ ԵԶ — Ուրեմն` ըսենց… Այսօր… Մի խոսքով, էլ ոչ ժամ կա, ոչ` պատարագ: Ասածս էլ ականջներիդ օղ արեք: Էստեղ` մոլորակ եք ասում, ինչ եք ասում, միայն մի հոգու համար է շնչելու օդ մնացել: Հիմա դուք պիտի որոշեք` ով է մնալու. մա՞րդը, թե՞ անասունը: Էդ հայվանի անունը ի՞նչ էր… Հա, Կատուն… Որոշեք: Էս խեղկատակության ավարտին մի հինգ րոպե ժամանակ է մնացել: Արագ… Արագ… Ա-րագ…
ԿԱՏՈՒ — (դադարից հետո): Ի՞նչ ես լռում…
ՄԱՐԴ — (Հեղինակի գանգը դռդռացնելով): Նամակ եմ գրում:
ԿԱՏՈՒ — Ըհը… Գանգային պապիրուս… Մի էդպիսի նամակ էլ իմ գլխին դաջիր, վրան գրիր` «կատու», որ բոլորն իմանան, թե ես ով եմ: Որ ծառերի նման սպանեն, վառեն, շան ու գելի բերանը գցեն…
ՋՈԿԵՐ — Ստո՛պ: Պատկերացրեք. դուք ոչինչ չեք տեսնում… Ավելի ճիշտ` չտեսաք: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ մի հետաքրքիր խաղ խաղալ: Անմեղ, անմեղսունակ, նույնիսկ խենթ, նորածնի զգացողություններով մի խաղ: Չեք պատկերացնի, թե ինչ հեշտ է… Պարզապես պետք է իմ տված հարցին պատասխանեք… Օ՜, տիկնայք և պարոնայք, մի՞թե ես` նվաստս, թույլ կտամ, որ դուք նեղություն քաշեք, խոսեք, արտահայտվեք: Ուղղակի խնդրում եմ քվեարկել` բարձրացնելով ձեր մարդկային ձեռքը:
Եվ այսպես… Սկսում ենք մեր ռեալիթի շուոն: Ինչպես տեսաք, ոչնչացման երկու թեկնածու կա, որոնցից մեկը պետք է լքի այս տարածքը: Ովքեր են նրա՞նք… Գիտեք, լավ գիտեք: Բանական էակ Մարդը և շնչավոր, սակայն ոչ բանական էակ Կատուն: Եվ այսպես, ի՞նչ եք կարծում, փրկե՞նք Կատվին, թե՞ ևս մի հնարա-վորություն տանք Մարդուն` ուղղելու իր սխալները: Խնդրեմ` քվեարկենք, ո՞վ է կողմ, որ խաղահրապարակը լքի Կատուն… Իսկ ո՞վ է կողմ, որ հրապարակը լքի Մարդը…
Եթե նույնիսկ դահլիճում նստած մարդիկ քվեարկում են Կատվի օգտին, Ջոկերը պարտավոր է կեղծել քվեարկության արդյունքները` հօգուտ Մարդու:
Վառվող մշուշ, Կատուն անհետանում է: Մարդը մնում է բեմում մենակ` Հեղինակի գանգը ձեռքին: Միանում է ռադիոն: Հնչում է Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի ֆինալը:
ՆԱՏՈՒՐԱԼ ԵԶ — Ապրես, ապրես… Էսպես է, պիտի սպանես, որ ապրես: Կարևոր չէ` ում կամ ինչ ես սպանում, հո՞ղ, ծա՞ռ, քամի՞, մա՞րդ, շո՞ւն, կատո՞ւ, հայվա՞ն, անասո՞ւն, թե՞ արև: Էդ է, մի աննկարագրելի դաժան պարադոքս. կյանքի շարունակականությունը սպանելու շնորհիվ է: Գիտե՞ս, Կատվի պատմածը` օդի մեջ կախ-ված ծառերի մասին, շատ է տպավորիչ: Հիմա թեև օդը քիչ է, բայց ամեն ինչ օդի մեջ է, նույնիսկ` ծառը…
Բայց դու երևի իմ խոսքերը լավ չհասկացար… Ես ասել էի, որ ընդամենը մեկ հոգու համար թթվածին կա: Եվ էդ մեկը ե՛ս եմ:
Տարօրինակ կերպով անջատվում է դահլիճի թթվածինը: Մարդիկ, տեսնելով իրենց նախատիպի` Մարդու մարելը, սարսափահար դուրս են վազում: Բեմում միայն Հեղինակի գանգն է` վառվող ու սպիտակ, նման` մեր անիմաստ հիշողությանը:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։