Թամարա ԲԱՐԹԱԻԱ / ԽԱՂԱԼԻՔ ԱՏՐՃԱՆԱԿԸ
Պիես մեկ գործողությամբ
Գործող անձինք
ՄԵԱ (նույն ինքը` ՄԵԴԵԱ) — տարբեր տարիքի երեք դերասանուհի
ԻՈ (նույն ինքը` ԻՈՐԱՄ) — տարբեր տարիքի երեք դերասան
Բեմեզր է գալիս Մեան` տարեց, համակրելի կին, ձեռքում` կնքված մեծ ծրար: Որոշ ժամանակ թեթև ժպիտով դիտում է շուրջը և խորհրդավոր ձայնով, կամաց արտաբերում:
— Այսօր ծրար եմ ստացել իմ մահացած ընկերոջից, դեռ չեմ բացել… Մի քիչ նյարդայնանում եմ:
Երկար ու լուռ զննում է դահլիճը:
— Ամեն ինչ սկսվեց այսպես…
Դահլիճի խավարում կարծես փնտրում է ինչ-որ մեկին, ապա արագ դուրս է գնում: Վառ լույսը բեմի երկու կողմերում ցուցադրում է իրարից անկախ երկու տարածք: Մի կողմում փոքրիկ աղջիկ է` դպրոցական Մեան: Մյուս կողմում երիտասարդ Իոն է: Նրանցից յուրաքանչյուրը գոյություն ունի իր տարածքում, նրանք իրար չեն տեսնում, ուշադրություն չեն դարձնում և անմիջական զրույցի չեն բռնվում:
ՄԵԱ — Դե… ամեն ինչ սկսվեց այսպես: Ես տասնչորս տարեկան եմ: Ավելի ճիշտ` տասնչորսս կլրանա չորս օրից, բայց կես տարի է` հաճախ են հարցնում` քանի՞ տարեկան ես: Պատասխանում եմ` տասնչորս: Հետո՞ ինչ… Ինչ կա՞ որ…
ԻՈ — Թույլ տվեք ներկայանալ` ես Իոն եմ: Թեև ծննդյան վկայականում գրված է Իորամ:
ՄԵԱ — Իսկական անունս… Մեդեա է: Բայց բոլորն ասում են Մեա: Ճիշտն ասած, Մեան ինձ ավելի է դուր գալիս:
ԻՈ — Ես քսանհինգ տարեկան եմ ու շատ հանրահայտ…
ՄԵԱ — Ինձ ոչ ոք չի ճանաչում, ոչ մեկը…
ԻՈ — Հայտնի դերասան եմ: Կարող եմ անգամ ասել` իմ սերնդի ամենահայտնի դերասանը:
ՄԵԱ — … իհարկե, համադասարանցիներիցս ու հարևաններիցս բացի: Դե, գուցե էլի մի քանիսը իմանան, երբ ամռանը գալիս են գյուղ` հանգստանալու: Մի խոսքով` շատ քչերն ինձ գիտեն:
ԻՈ — Ես այնքան հայտնի եմ, այնքա՛ն եմ հայտնի… (Ձեռքը տանում է կոկորդին:) Այ, էստեղս է այդ ճանաչված լինելը, շնչել չի լինում:
ՄԵԱ — Ի դեպ, ես շատ եմ դուր գալիս իմ երկու համադասարանցի տղաներին: Ճիշտ է, նրանք դեռ չեն խոստովանել, բայց ինձնից բա՞ն թաքցնել կլինի: Երեկ նրանցից մեկը առաջինը հասցրեց բաճկոնը կախել վերարկուիս վրայից, կարծես ուրիշ տեղ չգտավ: Իսկ երկրո՞րդը… Նա ավելի լավ բան էր մտածել` խլեց պայուսակս ու երրորդ հարկից ցած շպրտեց` հանգիստ նայելով ուղիղ աչքերիս մեջ:
ԻՈ — Դիմանալ այդքան սիրահարված դեգեներատների սիրո հորձանքին, բա դրանց բառե՜րը, արցունքնե՛րը… անտանելի է: Է՜յ, հանգիստ թողեք ինձ: Ատո՛ւմ եմ ձեզ…
ՄԵԱ — Բայց, մի րոպե… Այն, ինչ կատարվեց անցյալ ամառ` արդեն իսկական սեր էր: Մի տղա ընտրեց ինձ, նկատեց մեկ, երկու, երեք… հինգ աղջիկների միջից: Պատկերացնո՞ւմ եք, մենք հինգն էինք, իսկ նա ցույց տվեց ինձ ու ասաց. «Եթե նա չկանգնի դարպասի մոտ` ֆուտբոլ չեմ խաղա»: Ի՞նչ, չե՞ք հավատում: Մամայի՛ս արև:
ԻՈ — Երդվում եմ մորս արևով, մամայիս արև… տանե՛լ չեմ կարող այս բառերը: Բոլորը հոգիս հանում են սիրո երդումներով: Նամակներ է, որ գրում են:
ՄԵԱ և ԻՈ — (միասին): Չմոռանաք, որ այս ամենը կատարվել է կես դար առաջ: Ոչ ինտերնետ կար, ոչ էլ` բջջային հեռախոս:
ԻՈ — Այդ նամակներից սար էր գոյացել: Անհնար էր կարդալը:
ՄԵԱ — Չեք հավատո՞ւմ, որ այդ տղան սիրահարվել էր ինձ: Ահա նամակը. «Մեա, ես սիրում եմ քեզ»: Ճիշտ է, գրված է անհավասար տառերով, սկզբում` մեծ, հետո` փոքրացող տառերով ու ծուռումուռ: Երևում է, սովոր չէ գծավոր թղթի վրա գրել: Բայց փաստը մնում է փաստ: Ով չի հավատում, կարող է նայել ու անձամբ համոզվել:
ԻՈ — (ծիծաղում է): Նամակների այդ կույտի մեջ վառվող մի ածուխ որ գցեմ, նրանց հիմար զգացմունքները մի ակնթարթում կվերածվեն ծխի ու մոխրի: Ախ, ո՜նց եմ ես տառապում…
ՄԵԱ — Այս նամակը կպահեմ ամբողջ կյանքում: Ցույց կտամ երեխաներիս, թոռներիս: Այո, նման փաստաթղթերը պիտի լավ պահես: Ես եմ սիրում: Սիրում եմ նրանց, ովքեր սիրում են ինձ: Իսկ ինչո՞ւ` ոչ: Ճիշտ է, դեռ նամակի պատասխանը չեմ գրել, բայց անպայման կգրեմ: Նույն չափի, կարճ նամակով պատասխանելը դժվար չէ: Պարզապես դրա համար դեռ ժամանակ չեմ գտել:
ԻՈ — Ոչ մի նամակի չեմ պատասխանել: Մեծ մասն անգամ չեմ կարդացել: Իսկ ինչ վերաբերում է իսկական սիրո՜ւն…
ՄԵԱ — Ինչ վերաբերում է իսկական սիրո՜ւն…
ՄԵԱ և ԻՈ — (միասին): Համոզված եմ, որ իսկական սեր գոյություն ունի:
ԻՈ — Է՛յ, ո՞վ է համարձակվում խոսել ինձ հետ միասին:
ՄԵԱ — Ես Մեան եմ… Տեր Աստված, միայն թե ոչ մեկը չլսի…
ԻՈ — Հանրաճանաչ լինելու պատճառով ստիպված եմ մասնակցել հազար տեսակի հիմարությունների: Հենց թեկուզ այդ ապուշ մրցույթը… Մի խոսքով, աստղերն ամենուր պետք են: Մեզ խնդրում են, թավալվում են ոտքներիս տակ: Զզվելի է, բայց ես վարժվել եմ:
ՄԵԱ — Հիմա փորձում են բեմադրել «Ռոմեո և Ջուլիետը»: Մրցույթին մասնակցելու համար աղջիկներ են հրավիրել: Տասնչորս տարեկան: Իհարկե, եթե կա ցանկություն ու դերասանական տվյալներ:
ԻՈ — Այս անգամ ես ռեժիսորի դերում եմ:
ՄԵԱ — Իսկ գիտե՞ք, թե ով է բեմադրելու: Իորամը: Այո, այո, ճիշտ լսեցիք, ԻՈՐԱՄԸ: Գժվել կարելի է: Ու մեկը` ես… Տեր Աստված, եթե ինձ չընտրեն… չէ, չէ: Բացառված է: Այդ դերը ես պիտի խաղամ:
ԻՈ — Ժյուրիի նախագահն էլ ես եմ: Չգիտեմ, ոնց եմ դիմանալու, բայց ելք չունեմ…
ՄԵԱ — Բա որ հանկարծ դասարանցի աղջիկներն իմանան, որ պատրաստվում եմ մասնակցել Ջուլիետ խաղալու մրցույթի՜ն… սարսափելի է անգամ մտածելը: Էլ նրանց ուրիշ բան պետք չէ…
ԻՈ — Մտքովս չէր անցնում, որ մեր քաղաքում այսքան տասնչորս տարեկան աղջիկ է ապրում: Միայն տեսնեիք, թե ինչի էին նման:
ՄԵԱ — Այնպես են զարմանում, երբ ասում եմ, որ տասնչորս տարեկան եմ, ասես մի տասը տարի էլ ավելացրել եմ: Ոչինչ, ես գիտեմ, ինչպես ձեզ համոզեմ…
ԻՈ — Մրցույթն սկսվեց…
ՄԵԱ — Կյանքում նա ավելի հետաքրքիր էր:
ԻՈ — Չեմ հասկանում, սա երեխա՞ է, թե՞ կին: Թե՞ լիլիպուտ է:
ՄԵԱ — Համադասարանցի աղջիկներից կարճ եմ, բայց տատս հավատացնում է, որ հայրս էլ իմ տարիքում բոյով չի եղել: Վերջը. մորս կրծկալի մեջ բամբակ խոթեցի, շուրթերս թեթևակի ներկեցի, մի քիչ ուղղեցի հոնքերս…
ԻՈ — Սա ինչի՞ է նման: Աչքերն էլ տարօրինակ փայլում են:
ՄԵԱ — Համարձակության համար էլ մի քիչ կոնյակ էի կուլ տվել: Վերջերս էի կարդացել, որ մի գավաթ կոնյակը հանում է ամեն տեսակի ներքին լարումները: Պարզվեց` այդպես է:
ԻՈ — Այդպես էլ չհասկացա` գեղեցկուհի՞ է, թե՞ այլանդակի մեկը:
ՄԵԱ — Կոնյակից գլխումս ամեն ինչ տակնուվրա էր… Միայն թե բեմի վրա չընկնեմ:
ԻՈ — (մեկուսի): Ինչպես եմ հոգնել էս ամեն ինչից… Ձեր անո՞ւնը:
ՄԵԱ — (կամաց): Ի՞նձ եք հարցնում:
ԻՈ — Այո, ձեզ:
ՄԵԱ — Մեա… Իմ անունը Մեա է:
ԻՈ — Քանի՞ տարեկան ես:
ՄԵԱ — Ե՞ս… Օյ, ոնց որ թե գլխի ընկավ… Տասնհինգս լրացել է:
ԻՈ — Պարեք:
ՄԵԱ — Ի՞նչ պարեմ… Այդ պահին զգացի, որ կոնյակն սկսել է ազդել, իսկ մայրիկիս ֆրանսիական բարձրակրունկները ճզմում են ոտքերս… Բամբակի երրորդ փաթեթը դրանց մեջ էի ճխտել:
ԻՈ — Ի՞նչ է, դժվարանո՞ւմ եք քայլել…
— Ի՞նչ է կատարվում այս աղջնակի հետ:
— Գուցե հիվա՞նդ է:
ՄԵԱ — Մրցույթի անդամներն այնպես էին խոսում, որ ես լսեի: Նկատել էին վիճակս և ուզում էին քաջալերել: Դե, դուք գիտեք, ինչպես է դա արվում…
Թե մի բան գիտեմ` պարելն է: Տատիկս բալետի ստուդիա էր տանում, ժողովրդական, պարահանդեսային պարերի խմբակներ… Ինչ պար ասես` կպարեմ: Տանը, դպրոցում, հյուրերի մոտ միշտ պարում եմ… Բայց հիմա, զգում եմ, ոտքերիս մեջ ասես արճիճ են լցրել, ի՞նչ պարել, տեղից շարժել չեմ կարող…
— Ի՞նչ է կատարվում…- ինձ են հասնում դժգոհ շշուկները: Իսկ ես կանգնած եմ, ինչպես խարույկի բոցերով պարուրված Ժաննա դ’Արկը, և այրվում եմ այդ կրակի մեջ ոչ միայն ամոթից…
ԻՈ — Ես դանդաղ մոտենում եմ նրան:
ՄԵԱ — Նա դանդաղ մոտենում է ինձ: Ահա, համարյա կողքիս է, կանգնած է իմ դիմաց… Առաջին անգամ եմ նրան տեսնում այսքան մոտիկից: Իմ տասնմեկ սանտիմետրանոց կրունկների վրա կանգնած` ձգում եմ վիզս, որ նայեմ ու հալվեմ նրա աչքերի կապույտ լույսի մեջ:
ԻՈ — Նայում է ինձ անամոթ, անիմաստ հայացքով:
ՄԵԱ — Ահա նա, այստեղ, իմ կողքին…
ԻՈ — Երաժշտությո՛ւն:
ՄԵԱ — Լեռնականի պա՛ր: Մենապար է, անգամ մրցանակ եմ ստացել: Մի քանի ֆրազից հետո դաշնակահարը, կարճ դադարից հետո, անցավ դասականի… «Կարապի լի՛ճը»: Կարծում էին, չէի պարելո՞ւ… Հետո` վալս: Ախ, ինչպե՜ս կպարեի քեզ հետ, Իո: Փորձիր, գրկիր ինձ, ու կզգաս, թե արճճով լցված ոտքերս ինչպես կթռչեն թեթևասահ թիթեռի նման:
ԻՈ — Պետք է ուշադիր լինել… դատելով աչքերից` գժի մեկն է:
ՄԵԱ — Նա արդեն շատ մոտիկ է, իսկ ես շարժվել չեմ կարողանում, ոտքերիս մեջ բետոն են լցրել:
ԻՈ — Անթարթ հայացքով ուղիղ նայում է ինձ:
ՄԵԱ — Ինչ որ պատմել էի մինչ այս պահը` ամեն ինչ սուտ է, փչո՛ց: Ե՛վ իմ երկու համադասարանցիները, և՛ գյուղի այն տղան, և՛ սերը, և՛ նամակը…
ԻՈ — Գուցե իրեն վա՞տ է զգում:
ՄԵԱ — Վա՞տ: Ինձ երբեք այսքան լավ չեմ զգացել:
ԻՈ — Ի՞նչ է կատարվում նրա հետ:
ՄԵԱ — Ի՞նձ հետ… Ես սիրում եմ քեզ, Իո… Եվ այրվում եմ, այրվում եմ, այրվում եմ այդ սիրո մեջ:
ԻՈ — Լավ, դուք ազատ եք:
ՄԵԱ — Ինչի՞ց եմ ազատ…
ԻՈ — Մեզանից… Կամ մենք` քեզանից:
ՄԵԱ — Ինչ… ի՞նչ…
ԻՈ — Եթե կարելի է, թող հաջորդը ներս գա:
ՄԵԱ — Կարծես մի դույլ պաղ ջուր լցրին գլխիս: Կրակը հանգավ, ածուխները մխացին: Ես դեռ փորձում էի ինչ-որ բան հասկանալ, իսկ հանձնաժողովն արդեն զննում էր հաջորդ թեկնածուին…
Ոսկեմազ, ոտքերն աճել են ուսերից, կուրծքը` երկու պինդ կոկոն ու մեծ, կանաչ աչքեր: Իոն նայում էր իմ կողմն ու երազում, որ հնարավորինս արագ չքվեմ, իսկ ես չէի կարողանում գնալ:
— Ինչո՞ւ,- հարցրի` դժվարությամբ ճանաչելով սեփական ձայնս:
ԻՈ — Որովհետև:
ՄԵԱ — Որովհետև՞… Բայց ինչո՞ւ` որովհետև:
ԻՈ — Որովհետև:
ՄԵԱ — Չեմ հասկանում:
ԻՈ — Բացատրում եմ` որովհետև, որ անշնորհք ես: Այսպիսի լպիրշների հետ այլ կերպ խոսել չի լինի:
ՄԵԱ — Ու դա ասում է նա, ում աշխարհից ավելի եմ սիրում:
ԻՈ — Ամենայն բարիք:
ՄԵԱ — Էլ ի՞նչ բարիք: Եթե աշխարհում ամենաթանկ մարդը չի ուզում տեսնել ինձ… Ոսկեմազ, կանաչ աչքերով օրիորդը հմայիչ ժպտաց ինձ: Դավաճա՛ն: Այս փերին իմ գլխավոր թշնամին է սիրային եռանկյան մեջ… Ու սկսվեցին մեծագույն տառապանքներս: Երկու ձեռքով հրելով դուռը` դուրս եմ թռչում իմ արճճե ոտքերով: Վազում եմ ծնողների ու երկրպագուների բանակի կողքով ներքև` մարմարե աստիճաններով… Լավ է, որ այդ ամոթալի պարտությունս չտեսան մերոնք… Չեմ հիշում, ինչպես տուն հասա: Դռան մոտ դիմավորող տատիս ասացի. «Պիտի պարապեմ»,- ու շրխկացրի դուռը: Այս կախարդական նախադասությունը ինձ մշտապես մենակ մնալու հնարավորություն է ընձեռում… Արթնացա բազկաթոռին, հեծկլտոցներից կծիկ դարձած: Նայեցի ժամացույցին` շուտով վեցը կլինի: Նա դեռ այնտեղ է, մտածեցի ես ու զգացի ամոթի տաք ալիքը իմ ներսում: Հիմա ամբողջ կյանքում տառապելու եմ: Ի՞նչ կարող եմ անել, եթե չեմ ծնվել ոսկեմազ ու կանաչ աչքերով: Ես շագանակ եմ` շագանակագույն մազեր, աչքեր… Չէ, ես չեմ դիմանա: Ինչ էլ լինի, նախ և առաջ պետք է ապացուցել, որ ես անշնորհք չեմ: Այ, հիմա կվերցնեմ հորս որսորդական հրացանը, ու նա իրենը կստանա:
Զենքն առնում եմ ձեռքս:
— Մեա, ի՞նչ ես անում,- թիկունքիս սարսափած գոռում է տատս:
— Հանգիստ, տատ, դպրոցում ներկայացում ենք բեմադրում, կարող է` զենք պետք գա:
Ա՜խ, տատ, տատի՜կս, եթե բոլորին հնարավոր լիներ այսպես հեշտ խաբել, ինչպես դու ես խաբվում: Երկուսով խառնշտորում ենք եղբորս խաղալիքները:
— Այ, էս ատրճանակը… ոնց որ իսկական լինի: Հեռվից ոչ ոք գլխի չի ընկնի, որ խաղալիք է…
Որոշված է: Դռնից մինչև բեմ տասը քայլից ավելի չէ: Այդ հեռավորությունից նա չի կասկածի, որ եկել եմ իսկական զենքով: Ներս կմտնեմ, միանգամից ատրճանակը կուղղեմ նրա վրա ու կգոռամ.
— Դավաճա՛ն: Դու արժանի ես մահվան:
Թե ինչու` դավաճան, նա միանգամից չի հասկանա: Հետո այսպես կվերալիցքավորեմ ատրճանակը, նշան կբռնեմ ու կճչամ.
— Չե՞ս ճանաչում:
Զենքից բոլորն են վախենում:
— Անմիջապես բեմ բարձրացեք ու ներողություն խնդրեք ձեր խոսքերի համար:
— Ներեցեք, թանկագինս, չգիտեմ ձեր անունը… Երաժշտություն, խնդրեմ:
Դաշնակահարը դողացող մատներով կսկսի նվագել ու ես, զենքը ձեռքիս, կպարեմ լեռնականի պարը, տանգո, վալս, հերթով կպարեմ բոլորը… Կպարեմ ազատ, անկաշկանդ, ինչպես ոչ ոք երբեք չի պարել: Չգիտեմ, ինչքան կտևի այդ ամենը, հանձնաժողովի անդամները, ծնկի իջած, ներողություն կհայցեն: Ու միայն Իոն չի վախենա: Ես, պարս ավարտած, կանգ եմ առել, իսկ նա, ոտքի վրա մնացած, երկար ծափահարում է ինձ:
— Բռավո, բռավո,- գոռում է նա: Ձեռքիցս վերցնելով ատրճանակը` շպրտում է կուլիսները: Հետո, երկու ձեռքով գրկելով ինձ` սեղմում է իրեն ու համբուրում է, այ, այստեղ (ցույց է տալիս շուրթերը): Հանձնաժողովի շփոթահար անդամները, դեռ ծնկի իջած, ծափահարում են, գրկում են մեր ոտքերը: Հա-հա-հա… (Ծիծաղում է:) Զիլ է, չէ՞… Հիմա ավելի լավ տրամադրությամբ կշպարվեմ: Դուք դեռ կտեսնե՜ք…
ԻՈ — Արթնացա զզվելի տրամադրությամբ, ամբողջ մարմինս ջարդվում է: Երևի մրսել եմ:
ՄԵԱ — Դա դեռ ի՜նչ է… Այնպե՛ս եմ պարելու, ուշքի՛ չգաք:
ԻՈ — Չգիտես ինչու, այն աղջիկը մտքիցս չի դուրս գալիս: Շատ չարացած գնաց…
ՄԵԱ — Քանի մայրս չի վերադարձել, հարկավոր է տնից մաքրվել ու ամեն ինչ ավարտին հասցնել: Թե չէ ուշ կլինի: Մայրս տատս չէ, հեշտ հավատացողներից չէ:
ԻՈ — Մրցույթն ավարտվեց: Հանձնաժողովի անդամները ցրվեցին, բայց ես չուզեցի նրանց միանալ: Լռության մեջ, մեխանիկորեն նայում եմ թղթերը:
ՄԵԱ — Մոտենալով թատրոնին, բացում եմ դուռը: Ի՜նչ լռություն է…
ԻՈ — Շատ անսովոր լռություն է…
ՄԵԱ — Փառք Աստծո, «հանճարեղ» երեխաների ծնողները չկան:
ԻՈ — Ինչ-որ մեկը բարձրանում է աստիճաններով:
ՄԵԱ — Կրունկներիս ձայնը տարածվում է թույլ արձագանքով…
ԻՈ — Ինչ-որ մեկը հիմա ներս կմտնի: Դատելով կրունկների ձայնից` կին է:
ՄԵԱ — Քարացել եմ դռան հետևում:
ԻՈ — Դռան մոտ ինչ-որ մեկը կանգնած է…
ՄԵԱ — Մի՞թե գնացել է: Նայում եմ բանալու անցքից:
ԻՈ — Ոնց որ թե մեկը նայում է…
ՄԵԱ — Նա այնտեղ է:
ԻՈ — Հաստատ, դռան հետևում մարդ կա:
ՄԵԱ — Զգում եմ, սուպերաստղը կարծես թե նյարդայնանում է:
ԻՈ — Երևի իմ խելագար ֆանատներից մեկը ինքնագիր է ուզում, կամ էլ, սատանան գիտե, թե ուզածն ինչ է: Սիրտս վատ բան է վկայում. շատ վատ բան:
ՄԵԱ — Չեմ կարող ներս մտնել:
ԻՈ — Կանգնել է, ներս չի մտնում:
ՄԵԱ — Քանի ուշ չէ, հետ գնամ: Մոտիկ տարածությունից նա միանգանից կհասկանա, որ ատրճանակը իսկական չէ ու կծիծաղի վրաս:
ԻՈ — Չգիտեմ ինչու, բայց ուզում եմ հիշել գործած բոլոր մեղքերս: Անգամ չգործածները…
ՄԵԱ — Ի՞նչ… Ի՞նչ չգործածները… մեղքե՞րը:
ԻՈ — Կարծես գնաց:
ՄԵԱ — Նահանջելու համար ուշ է: Գնալ, իսկ հետո ամբողջ կյանքում ապրել այսպիսի վերքո՞վ: Ոչ, ոչ մի տեղ էլ չեմ գնա, մինչև չապացուցեմ, որ ես դերասանուհի եմ: Հա, ես մե՛ծ դերասանուհի եմ:
ԻՈ — Լավ, ի՞նչ է կատարվում ինձ հետ: Զգում եմ, ինչ-որ բան է կատարվում: Հաստատ կատարվում է:
ՄԵԱ — Գալիս է… այստեղ է գալիս: Ոնց որ թե կանգնեց: Եթե հիմա ներս մտնեմ, մոտիկից միանգամից կհասկանա, որ ձեռքիս ատրճանակը խաղալիք է:
ԻՈ — Գլուխս պտտվում է: Գուցե ճնշո՞ւմս է բարձրացել:
ՄԵԱ — Որոշված է: Ատրճանակը ընդհանրապես ցույց չեմ տա: Ձեոքս այնպես կպահեմ գրպանիս մեջ, որ նա մտածի, թե այնտեղ իսկական զենք կա: Վերջերս կարդացի, որ եթե դերասանը բեմում ինչ-որ բանի իսկապես է հավատում, ապա դահլիճում հանդիսատեսն էլ է հավատում դրան: Դա, երևի, շատ դժվար է, բայց ես ուզում եմ դերասանուհի դառնալ: Հիմա, այս րոպեին ամեն ինչ պիտի որոշվի` կարո՞ղ եմ, թե՞… Կարո՞ղ եմ, թե՞ խաբում եմ ինքս ինձ: Նորից նայեցի բանալու անցքից… Նա կանգնած է ուղիղ իմ դիմաց: Դավաճա՛ն: Դու ոտքերիդ տակ տրորեցիր իմ զգացմունքները: Ո՛չ, այսպիսի վիրավորանք ես չե՛մ կարող տանել:
— Մեա, Մեդեա: Կամ հիմա վրեժխնդիր կլինես, կամ վիրավորված ու նվաստացած կապրես կյանքդ: Լսո՞ւմ ես ինձ:
— Լսում եմ,- պատասխանում եմ ինքս ինձ: Կամ նա անմիջապես ներողություն կխնդրի ամեն ինչ համար, կամ հենց այստեղ նրա վերջը կտամ: Ամբողջ ուժով հրում եմ դուռն ու դեն հանդիման կանգնում եմ ես` ձեռքս գրպանիս մեջ խորը թաքցրած մարդասպանը:
ԻՈ — Դուռն անսպասելի բացվեց ու դիմացս հայտնվեց այն սարսափելի աղջիկը: Բնազդս երբեք ինձ չի խաբել: Կյանքիս վայրկյանները հաշված են:
ՄԵԱ — Ճանաչեցի՞ք ինձ:
ԻՈ — Ճանաչեցի:
ՄԵԱ — Հիշո՞ւմ եք, ինչ համարձակվեցիք ասել ինձ:
ԻՈ — Հանգիստ, չի կարելի սխալվել: Այս հոգեվիճակում նա կարող է սպանել ինձ: Աջ գրպանում ատրճանակ է, մատն էլ` ձգանի վրա: Մի փոքրիկ սխալ` և ամեն ինչ վերջացած է:
ՄԵԱ — Հարցս չլսեցի՞ք, թե՞ դա ձեզ համար ոչինչ չի նշանակում:
ԻՈ — Մի վայրկյանում հիշեցի ամեն ինչ ու ամենքին, ում երբևէ կոպտել էի: Սարսափելի բաներ հիշեցի, որ ասում էի դերասաններին բեմի վրա, բայց հաջորդ օրը նրանք այնպիսի նվաստացումով էին ժպտում ինձ, որ ուզում էի է՛լ ավելի նվաստացնել, ու նվաստացնում էի: Դա սարսափելի էր, բայց նրանք լռում էին:
ՄԵԱ — Բեմ բարձրացեք:
ԻՈ — Դողացող ոտքերով բեմ եմ բարձրանում:
ՄԵԱ — Ներողություն խնդրեք ինձանից:
ԻՈ — Ներեցեք:
ՄԵԱ — Բա՛րձր:
ԻՈ — Ներեցեք ինձ:
ՄԵԱ — Ավելի՛ բարձր:
ԻՈ — Ոտքերս ծալվում են, ես ծնկի եմ իջնում ու գոռում եմ` ներիր:
ՄԵԱ — Նա ծնկի է իջել: Լալիս է:
ԻՈ — Ներիր, ներիր… Միայն չսպանես: Խղճա: Խղճա ինձ, ամբողջ կյանքում կաղոթեմ քեզ համար:
ՄԵԱ — Ի՞նչ եմ լսում… խնդրում ես, որ խղճամ քեզ ու խոստանում ես ամբողջ կյանքում աղոթե՞լ ինձ համար:
ԻՈ — Խոստովանում եմ, որ սխալ էի և արժանի եմ պատժի: Դու ամենաարժանավորն ես, դու պարզապես տաղանդավոր չես, դու ամենատաղանդավորն ես:
ՄԵԱ — Ու դա ասում է ինձ, ի՛նձ…
ԻՈ — Ներիր, սխալվել եմ: Դու ամենագեղեցիկն ես, ամենախելացին, ամենա-տաղանդավորը:
ՄԵԱ — Ասում է, իսկ ինքը դողում է, ցնցվում, սիրտը թփրտում է… Աստված իմ, ի՜նչ խղճուկ է:
ԻՈ — Չսպանես: Ներիր: Միայն չսպանես:
ՄԵԱ — Այդ պահին հասկացա, որ նա հավատաց: Հավատաց, որ գրպանումս իսկական ատրճանակ է, ու ես իսկական մարդասպան եմ: Հա-հա-հա… պատկերացնել չէի կարող, որ այդքան հեշտ կհավատա: Ես ու ինքը, ես ու ինքը: Ահավոր է, չեմ կարող տեսնել այդ ամենը… Մոտենում եմ, նայում աչքերի մեջ: Մի՞թե սա այն նույն տղամարդն է: Մի՞թե այն մարդը, որի միայն հայտնվելը բեմում օվացիայի փոթորիկ է բարձրացնում դահլիճում: Սա այն մա՞րդն է, որն ուշադրություն չդարձնելով երկրպագուների ու ինքնագրերի սիրահարների ամբոխի վրա` հպարտ անցնում է, ասես չլսելով նրանց խնդրանքը: Մի՞թե սա է այն մարդը, ով մի քանի ժամ առաջ… հը՞: Ի՜նչ սարսափ… Ինձ թվաց` աչքերիս առաջ նա կծկվեց, փոքրացավ, փոքրիկացավ… Ոչ, ոչ, անտանելի տեսարան է: Ատո՛ւմ եմ բոլոր դերասաններին: Այս րոպեին, այստեղ ավարտվեց դերասանի իմ կարիերան: Շրջվում, գնում եմ դեպի դուռը: Դռան մոտ կանգնեցի, շրջվեցի, նայեցի արհամարհանքով լի հայացքով, գրպանիցս հանեցի ատրճանակն ու շպրտեցի ոտքերի մոտ:
ԻՈ — Ամայի շենքում լավ լսվում էր, թե ինչ հանգիստ ու վստահ իջնում էր աստիճաններով: Դեռ ծնկի իջած, երկար նայում եմ կողքս ընկած ատրճանակին: Վերցնում եմ ձեռքս ու հասկանում եմ… խաղալիք է: Ես ոչնչացված եմ:
ՄԵԱ — Տուն վերադառնալով` առաջինը, ինչ արեցի, Իոյի լուսանկարները պատերի վրայից պոկել, ճմռթել ու աղբամանը գցելն էր: Երեկոյան տնեցիներին հայտարարեցի, որ ընդմիշտ հրաժարվում եմ դերասանուհի դառնալու մտքից: Բոլորը թեթևացած շունչ քաշեցին:
ԻՈ — Չգիտեմ, ինչքան կմնայի այնտեղ, առանց տեղիցս շարժվելու, եթե դահլիճում լույսերը չանջատեին: Հրահանի թույլ կրակի տակ դժվարությամբ գտա բաճկոնս ու դուրս եկա մութ շենքից: Ոչ մեկին տեսնել չէի ուզում: Չճանաչվելու համար գլուխս փաթաթեցի շարֆովս: Իզուր: Առանց դրան էլ չէին ճանաչի: Մի երեկոյի ընթացքում ես փոխվեցի, դեմքս ծերացավ: Անգամ քայլվածքս փոխվեց: Ոչ ոքի տեսնել չէի ուզում: Հիվանդ ձևացա, անջատեցի հեռախոսն ու համարյա մի շաբաթ պառկեցի, տնից դուրս չեկա: Որպես կատարվածի մղձավանջային հիշեցում` գլխավերևումս խաղալիք ատրճանակն էր:
ՄԵԱ — Կատարվածի մասին պատմեցի երկու ընկերուհիներիս: Իհարկե, այդ ամենը նրանք ընդունեցին որպես երևակայությանս հերթական նոպան: Եվ որքան փորձում էի հավատացնել, որ պատմածս սուտ չէ, այնքան բարձր էին նրանք քրքրջում: Թքա՛ծ: Չե՞ք հավատում` միք հավատա: Ես որ գիտեմ` ինչը ինչպես է եղել:
ԻՈ — Ինչքա՞ն կարելի է մնալ տանը: Ես կենդանի մարդ եմ, ուզում եմ ծխել, ուտել, իսկ տանը ոչինչ չկա… Պետք է տնից դուրս գալ…
ՄԵԱ — Այսօր զանգեց դասընկերուհիս ու ասաց, որ անակնկալ է պատրաստել ինձ համար, ու թող գուշակեմ` ինչ: Ու դու պիտի գուշակես, որ անակնկալը ներկայացման երկու տոմս է, որտեղ գլխավոր դերում Իոն է: Համա՛ թե անակնկալ է: Բայց գնալը` կգնամ:
ԻՈ — Այսօր ներկայացում ունեմ: Նախորդ երկուսը հանել էի, իսկ այսօր առաջին անգամ տնից դուրս եկա: Մուտքի մոտ հանդիպեցի երկու հարևանուհիներիս: Ինձ տեսնելով` շփոթված լռեցին: Զգում եմ, որ շշնջում են թիկունքիս: Անհնար է, որ լսած լինեն այն պատմության մասին, թեև… ո՞վ գիտե… Մի շաբաթ հեռուստացույցը չէի միացրել, թերթ չէի կարդացել: Բացառված չէ, որ նա հասցրել է իմ պատմությունը պատմել արար աշխարհին: Հաստա՛տ: Պատահական անցորդը, տեսնելով ինձ, ինչ-որ բան շշնջաց որդու ականջին: Ավելի լավ է, գլուխս շարֆով փաթաթեմ, մինչև հասնեմ թատրոն ու ամեն ինչ պարզեմ: Իսկ եղանակը, հակառակի պես, տաք, արևային… Թատրոնի ավագ պահակը ոտքի կանգնեց, ողջունեց, իսկ ես նկատեցի նրա զարմացած հայացքը: Իմ հետևից կամաց գալիս է ռեկվիզիտորը… Ի՞նչ, դա է՞լ է աչքիս երևում: Դժվարությամբ բացում եմ հարդասենյակիս դուռը: Ներս եմ մտնում, վառում եմ լույսը, նստում եմ հայելու դիմաց… Դեմքս պաղ քրտինքի մեջ կորած է:
— Պարոն Իո…- վախեցած հարցնում է դռան շեմին կանգնած ռեկվիզիտորը: Ըհը, սա էլ` բնազդը… ոչ մի անգամ ինձ չի խաբել… Բոլորը, բոլո՛րը գիտեն:
— Լսում եմ,- ասում եմ նրան:
Նա շփոթված ժպտում է:
— Ինչ-որ բա՞ն է պատահել:
— Չէ, պարզապես ուզում էի հարցնել… ձեզ վա՞տ եք զգում:
— Վա՞տ: Ինչո՞ւ պիտի ինձ վատ զգամ:
— Չէ, ոչինչ: Ես հենց այնպես…- ուզում է գնալ:
— Սպասեք, քանի եկել եք, ասացեք, ինչ ուզում էիք ասել:
— Դե չէ… հատուկ բան չկա: Միայն թե ինձ ու Շալվային թվաց…
— Ի՞նչ թվաց:
— Մի տեսակ կծկված եկաք… Գուցե ռադիկուլի՞տն է անհանգստացնում:
— Ոչ մի բան էլ չի անհանգստացնում: Էլ ասելու բան չունե՞ք:
— Հա, ու նաև բարևեցիք մեզ…
Լսվեց ավագ պահակի ձայնը.
— Լիլի, ես գնացի…
Քայլերի ձայնը մարեց:
— Բարևեցի՞: Պարզ է: Ահա թե ինչն է զարմացրել հարևաններիս, պահակին ու ռեկվիզիտորին: Նախկինում նրանց երբեք չեմ բարևել: Զննեցի հայելու միջից ինձ նայող դեմքին: Գուցե իրո՞ք հիվանդ եմ: Աստված իմ, ինչի՞ եմ նման: Կյանքում այսպիսի այլանդակի չեմ հանդիպել: Մարեցի լույսն ու աչքերս փակեցի: Մի շաբաթ է` չեմ կարող ազատվել այն ահավոր տեսարանից` ծնկի իջած խնդրում եմ ինձ չսպանել:
ՄԵԱ — Պատրաստվում եմ գնալ թատրոն: Գիտեմ, որ դերասանները բեմից չեն տեսնում դահլիճում նստածներին: Իսկ եթե տեսնում են, միևնույն է, չեն ճանաչում: Այսօր իմ զոհը նորից հերոսի տեսք կունենա: Հպարտ դուրս կգա ծափահարություններ ընդունելու և ամբարտավան տեսքով ինքնագրեր կբաժանի կուլիսներում խռնված, անհույս սիրահարված կանանց:
ԻՈ — Ինչքան նստեցի մթան մեջ` չգիտեմ: Ձայներից ճանաչեցի երկու սկսնակ դերասաններին: Երբեք չեմ հետաքրքրվել նրանց անուններով:
— Չլինի՞ մենք առաջինն ենք,- ասաց նրանցից մեկը:
— Ինչպե՞ս է պատահել, որ մեծ դերասանի հարդասենյակում լույսը չի վառվում:
Կարծում են` այստեղ մարդ չկա: Այ, հիմա կիմանամ ամեն, ամե՛ն ինչ:
— Ի դեպ, վերջին օրերին, չգիտես ինչու, չէր երևում: Երևի սիրահարված կանայք հալից գցել են:
Ուրախ ծիծաղում են:
— Եթե միայն այդ հիմարներն իմանային, թե իրականում ինչ կեղտն է:
— Կամաց,- ընդհատեց նրան մյուսը:- Հանկարծ չլսեն:
— Թող լսեն: Վաղ թե ուշ ինչ-որ մեկը նրա հախից կգա:
— Ո՞րն է իմ մեղքը:
— «Երբ ես բեմում եմ, դեմս չկանգնես»: Երկու տարի է` աշխատում ենք, մի անգամ անունս չտվեց: Դա քի՞չ է:
— Մինչև այս թատրոնը չեկա, չէի հավատում բամբասանքներին:
Հարդասենյակիս դուռը կիսաբացվեց, լույսը վառվեց, ու ներս մտավ Կակոն:
— Էէէ… դու այստեղ… Բան է պատահե՞լ:
— Քնել էի:
Ստում եմ` տրորելով աչքերս: Այս մեկը այնպես կխաղամ, որ ոչ ոք ոչինչ չի կասկածի:
ՄԵԱ — Ներկայացումն սկսվեց: Նստել եմ յոթերորդ շարքի հինգերորդ բազկաթոռին: Ամեն ինչ հրաշալի տեսնում եմ: Ես, իրոք, ճիշտ ընտրություն եմ արել… դահլիճում հանդիսատես լինելը բեմում դերասան լինելուց ավելի հետաքրքիր է…
ԻՈ — Զգում եմ, որ նա նստած է դահլիճում: Մեխանիկորեն արտասանում եմ տեքստը, մեխանիկորեն շարժվում եմ բեմում: Այո, նա հաստատ դահլիճում է:
ՄԵԱ — Հիմա նա այդքան անկեղծ չէ, ինչպես այն ժամանակ:
ԻՈ — Այն զգացողությունն է, որ իմ փոխարեն ուրիշն է կանգնած բեմում: Ինչպես միշտ, բուռն ծափահարություններ: Անհասկանալի է, ի՞նչն է նրանց դուր եկել:
ՄԵԱ — Ներկայացումն ավարտվեց: Դերասանները դուրս են գալիս խոնարհման: Գուցե ինձ է թվում, բայց նա շատ հիվանդ տեսք ունի: Տանջահար ժպտում է` զննելով դահլիճը:
ԻՈ — Ձգելով ժամանակը` հանում եմ գրիմը, դանդաղ փոխում եմ հագուստս, ժամանակ եմ շահում: Լսում եմ, ինչպես են փակվում բոլոր հարդասենյակների դռները: Հագնում եմ բաճկոնս, գտնում եմ մեքենայի բանալիները: Դուրս եմ գալիս մութ փողոցն ու տեսնում ֆանատներիս ամբոխը, սովորականի նման մեքենայիս մոտ խմբված: Գուցե նա է՞լ է այստեղ:
ՄԵԱ — Գնանք, գնանք,- խնդրում եմ Ցիցիին:
— Սպասիր, տես, գալիս է: Նրա լուսանկարը չունե՞ս:
— Ոչ:
ԻՈ — Մթան մեջ ինքնագրեր եմ դնում լուսանկարների վրա, ինչը նախկինում երբեք չեմ արել: Արագ նստում եմ մեքենան ու շարժիչը միացնում:
ՄԵԱ — Ես ու Ցիցին տաքսի ենք բռնում: Իոն սլանում է մեր կողքով:
ՄԵԱ և ԻՈ — (միասին): Պետք է մոռանա՛լ այդ ամենը:
ԻՈ — Փորձում եմ ինձ պահել նախկինի պես: Ներկայացումից հետո սիրում եմ լավ ուտել, կոնյակ խմել, աչքի անցկացնել թերթերը, կարդալ` որտեղ և ինչ են գրում իմ մասին: Հետո` բարեկամներիս մոտ: Երբ էլ նրանց այցելեմ` դռները միշտ բաց են իմ առջև, չէ՞ որ ես աստղ եմ:
ՄԵԱ — Այնպես եմ սովորելու, որ դառնամ շատ խելացի, շատ հաջողակ, շատ ուժեղ: Դեռ չգիտեմ` ինչ կդառնամ, բայց մի բան պարզ է` դերասանուհի՞… երբե՛ք:
ԻՈ — Կոնյակն արեց իր գործը, միանգամից թեթևություն զգացի: Ուզեցի ինչ-որ տեղ գնալ: Ննջարանում, պահարանից հանում եմ պուլովերն ու… այդ պահին ինչ-որ բան սարսափելի աղմուկով գմփում է հատակին… ոտքերիս տակ ընկած է խաղալիք ատրճանակը: Վերցնում եմ ատրճանակը, բացում եմ պատուհանն ու ամբողջ ուժով շպրտում եմ գիշերվա խավարի մեջ: Ամեն ինչ լավ է… Ամեն ինչ լավ է…
ՄԵԱ — Թատրոնից վերադարձա ու ծնողներիս խնդրեցի օգնել` կյանքում իմ արժանի տեղը գտնելու համար: Տրամադրությանս անսպասելի շրջադարձը նրանց և՛ զարմացրեց, և՛ ուրախացրեց: Ինչպես միշտ, ամենաիմաստունը տատիկս էր: Քո տեղն այնտեղ է, որտեղ առավելագույն չափով կկարողանաս իրացնել քո կարողությունները,- ասաց նա: Բայց ի՞նչ անել, եթե ոչ մի առանձնահատուկ տվյալ չունեմ` դերասանականից բացի: Իմ այդ կարիերան ավարտված է, մնում է սպասել, մինչև ի հայտ կգա մի նոր տաղանդ:
ԻՈ — Ամբողջ գիշեր փնտրեցի ատրճանակը: Լապտերը ձեռքիս թափառեցի բակում մինչև լուսաբաց, վերջապես գտա մի փոսի մեջ: Հարվածից ներկը պլոկվել էր ու էլ նման չէր իսկականին: Տուն բերեցի ատրճանակն ու այնպես թաքցրի, որ նույնիսկ պատահաբար աչքիս չընկնի: Ասում են` ժամանակը ամենալավ բժիշկն է:
ՄԵԱ և ԻՈ — (միասին): Եթե այդքան մտածես այդ պատմության մասին, կարելի է խելագարվել: Ինչ եղել` եղել է: Վե՛րջ: Այդ ամենը պետք է մոռանալ, մոռանալ ընդմի՛շտ:
Տասը տարի անց
ՄԵԱ — Այդ դեպքերից անցավ տասը տարի: Այդ ընթացքում ոչ մի «հատուկ տաղանդ» մոտս չբացահայտվեց: Ես ու Ցիցին, հիշում եք իմ դպրոցական ընկերուհուն, միասին կոնսերվատորիա ընդունվեցինք, երաժշտագիտության բաժինը: Ինչպես տեսնում եք, բավական փոխվել եմ: Բարձրահասակ եմ, սլացիկ կազմվածքով, նույնիսկ ասում են, որ գեղեցիկ եմ: Ատրճանակի պատմությունը, իհարկե, մոռացել եմ: Անգամ երբ աչքս ընկնում է Իոյի ազգանվանը ազդագրերի վրա, աշխատում եմ չհիշել այն պատմությունը: Գժուկի մեկն էի, հիմար: Հա, ամուսնացել եմ, երկու երեխա ունեմ: Երեք տարեկան տղաս ու մեկուկես տարեկան աչոնս: Ամուսինս տաղանդավոր ֆիզիկոս է, շատ է սիրում իր մասնագիտությունը: Մի խոսքով, բոլորն էլ ասում են, որ շատ երջանիկ ընտանիք ունեմ: Միայն Աստծուն է հայտնի, թե ինչպես կդասավորվեր ճակատագիրս, եթե դերասանուհի դառնայի: Ապրում եմ խաղաղ, հանգիստ ու երջանիկ: Երկու կողմի տատիկները պահում-մեծացնում են թոռներին: Նրանք վաղեմի ընկերուհիներ են: Ասենք, ամուսնուս էլ մանկությունից գիտեմ: Երկու տարով մեծ է ինձանից ու ինչ-որ բանով հիշեցնում է Իոյին:
Կյանքիս ընթացքը համարյա չի փոխվել: Ամեն ամառ Բիչվինտա` ծով եմ գնում, ձմեռը` Բակուրիանի: Մի երկու անգամ արտասահմանում եղա: Ամուսինս երբեք ժամանակ չունի, չափազանց է զբաղված իր գործով: Ընկերուհիներս չամուսնացան, ու մեր կյանքը նույնն է, ինչ նախկինում: Ատրճանակի պատմությունը ոչ մեկը չի հիշում:
ԻՈ — Վեց տարի է` ամուսնացել եմ: Երեխաներ չունենք: Երբեմն թվում է` նրա հետ ընդհանուր ոչինչ չունեմ, երբեմն էլ` լրիվ հակառակը: Ատրճանակի պատմությունը համարյա մոռացել եմ:
Իմ կյանքում ոչ մի նոր բան չի կատարվում: Թատրոնս ատեցի ու շատ չանցած հեռացա այնտեղից: Հիմա զբաղված եմ միայն կինոյում ու հեռուստատեսության մեջ: Մի քանի անգամ այն գիժ աղջիկը աչքովս ընկավ: Մի անգամ թվաց` գալիս է իմ հետևից: Անգամ մտածեցի` հո չի՞ հետևում… Տարօրինակ է, ինչո՞ւ հիմա հիշեցի վաղուց մոռացված այդ հիմար պատ-մությունը:
ՄԵԱ և ԻՈ — (միասին): Ժամանակն անցնում է ու աննշան ամեն ինչ տանում է իր հետ: Իսկ ինչ չկա` ուրեմն և` չի եղել…
ԻՈ — Չեմ հասկանում, կյա՞նքս է անհետաքրքիր ու տխուր դարձել, թե՞ աշխարհն է շուռ եկել ու մարդիկ են փոխվել:
ՄԵԱ — Ինչի մասին որ հիմա պատմելու եմ, ես էլ եմ դժվարությամբ հավատում: Մի շաբաթ առաջ, մեր խմբի աղջիկների հետ, լսարանում նստած երգում ենք: Դա հաճախ է պատահում: Անսպասելի բացվեց դուռը, լսարան մտավ մեր ռեկտորը` պարոն Դմիտրին: Մենք լռեցինք ու մեղավոր ժպտացինք…
— Շարունակեք,- խնդրեց նա: Ծիծաղեցինք: Մեզ թվաց` կատակում է, իսկ ռեկտորն անառարկելի տոնով խնդրեց շարունակել երգը: Ի՞նչ կարող էինք անել. երգեցինք: Ռեկտորը մատնացույց արեց ինձ ու ասաց.
— Եկեք ինձ հետ:
Դա մի շաբաթ առաջ էր, իսկ այսօր, կյանքումս երկրորդ անգամ, կանգնած եմ կոնսերվատորիայի Փոքր դահլիճի բեմում ու երգում եմ Կարմենի արիան: Դահլիճում, ռեկտորի կողքին, երեք անծանոթ են նստած: Տանը այդ մասին ոչ մեկին չպատմեցի: Կարճ ասած, ինձ ստժավորման հրավիրեցին Լա Սկալա: Դուք դրան հավատո՞ւմ եք: Ես էլ չեմ հավատում… Բայց երբ բեմ ելա, չգիտեմ` ինչու, մի ակնթարթ Իոյին հիշեցի:
ԻՈ — Այսօր լրատվական ծրագրում մի շատ հմայիչ երիտասարդ կնոջ ցույց տվեցին, վաղուց այդպիսի լույս ճառագող դեմք չէի տեսել: Մեցցո-սոպրանոյի այդ երջանիկ տիրուհին ստաժավորման է մեկնում Լա Սկալա… Այս երկրում անհնար է ապրել, գնալով ամեն ինչ դառնում է անտանելի:
ՄԵԱ — Օդանավակայանում հրաժեշտ տալու էին եկել ամուսինս ու բարեկամներս: Հեռուստախցիկը նկարահանում է լուրերի համար:
ԻՈ — Այսօր հեռուստատեսությամբ նորից տեսա նրան: Հարցազրույց վերցրին նրանից ու ամուսնուց… Տե՜ր Աստված, այնպես արա, որ կնոջս էլ հրավիրեն: Թող գնա: Գոնե ինչ-որ տեղ գնա:
Լսվում է Կարմենի արիան, ապա` բուռն ծափահարություններ:
ՄԵԱ — Այսօր «Կարմենի» պրեմիերան էր: Չգիտեմ, ինչպես նկարագրեմ հոգեվիճակս: Ամբողջ քաղաքը ողողված է իմ ազդագրերով, թերթերի առաջին էջերին իմ լուսանկարներն են, ամեն կողմից գովասանք է, որ հնչում է ձայնիս մասին… իսկ սիրտս տխուր է: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ նայում եմ նորությունների թողարկումը: Իմ երկրում պատերազմ է… Քաղաքացիական պատերազմ:
ԻՈ — Այստեղի ամեն ինչն եմ ատում: Այս քաղաքը, երկիրը: Կնոջս հետ հայտնվեցինք քաղաքական բարիկադների տարբեր կողմերում: Չեմ հասկանում, ինչո՞ւ ենք տանջում իրար:
ՄԵԱ — Մայրս հաճախ է զանգում ու համոզում է, որ չվերադառնամ: Իսկ երեխանե՞րս, ամուսի՞նս: Հատկապես երեխաներս, նրանց շատ եմ կարոտել:
ԻՈ — Կինս բաժանվեց: Անսպասելի ամուսնացավ նախկին քաղբանտարկյալի հետ: Առավոտյան միասին թեյ ենք խմում խոհանոցում, հենց այնպես զրուցում, իսկ երեկոյան զանգում է ու հայտարարում. «Ես ուրիշի մոտ եմ»: Չգիտեմ` տխրե՞մ, թե՞ ուրախանամ:
ՄԵԱ — Չեմ կարող պատկերացնել ավերված Ռուսթավելու պողոտան: Դժվար է հավատալ այն ամենին, ինչ գրում կամ պատմում են կատարվածի մասին:
ԻՈ — Չգիտեմ` ինչ անեմ: Ում հանդիպում եմ, նույն հարցն են տալիս` դու ո՞ր կողմում ես: Հասկացեք, ա՛յ ողորմելիներ, ես չեմ կարող լինել ոչ այս կողմում, ոչ` այն:
ՄԵԱ — Ուզում եմ վերադառնալ ու դեռևս չեմ կարող: Չափից ավելի շատ մարդ-կանց բարեկեցությունն է կախված ինձանից… Բնակարանի պատերից հավաքեցի հարազատներիս լուսանկարները, որ ամեն վայրկյան նրանց տեսնելիս լաց չլինեմ:
ԻՈ և ՄԵԱ — (միասին): Պատերազմ սկսվեց:
Հնչում են օպերային արիաներ, ծափահարություններ, իսկ նրանց ֆոնին` ավտոմատների կրակահերթերի ու պայթող ռումբերի ձայներ:
ԻՈ — Ես Գագրայի ռազմաճակատում եմ: Երեկ աչքիս առաջ ութ մարդ սպանվեց: Ոչ մեկին չկարողացանք կրակի տակից դուրս բերել: Նահանջում ենք: Պատկերացնել չէի կարող, որ երբևէ զինվորական համազգեստ կհագնեմ ու ձեռքս կառնեմ ավտոմատը:
ՄԵԱ — Այսօր արտասահմանում ապրող վրացիները բողոքի ակցիա են անցկացնելու:
ԻՈ — Սուխումին կրակների մեջ է: Բոլոր կամուրջները պայթեցրել են: Մենք շրջափակման մեջ ենք:
ՄԵԱ — Երեկ նորություններով ցույց տվեցին, թե ինչ է կատարվում Աբխազիայում: Աչքերիս չհավատացի, երբ տեսա, թե ինչի են վերածվել Սուխումին ու Բիչվինտան, որտեղ ես ամեն քարն ու ծառը անգիր գիտեմ:
ԻՈ — Գումարտակից ողջ մնացինք երկուսս: Ոտքից վիրավորվեցի… Այնպիսի բան էր կատարվում, որ անգամ ծովից արյան հոտ էր տարածվում: Չեմ կարող պատկերացնել, որ երբևէ կուզենամ լող տալ այդ ջրերում:
ՄԵԱ — Անիմաստ է մտածել անձնական ինչ-որ հաջողությունների մասին, երբ երկրումդ պատերազմ է, արյուն է թափվում: Միակ ցանկությունս հարազատներիս հետ լինելն էր: Սրտին չես խաբի, ինչ-որ վատ բան է լինելու: Շատ վատ… Ահավոր կանխազգացում է:
ԻՈ — Սուխումին հանձնվեց: Ինքնաթիռներով էվակուացնում են միայն վիրավորներին ու կանանց` երեխաների հետ: Տեղս զիջեցի անծանոթ մի տղեկի: Ինձ համար արդեն ամեն ինչ միևնույն էր…
ՄԵԱ — Այդ ինքնաթիռը ռմբակոծեցին թռիչքի պահին:
ԻՈ և ՄԵԱ — (միասին): Ահավոր է այդ ամենը տեսնելը:
ԻՈ — Հիմա մահն ինձ համար ազատագրում է: Փնտրում ու չեմ գտնում իրեն:
ՄԵԱ — Մերոնք ինձնից թաքցրել էին, որ եղբայրս գնացել է կռվելու: Միայն հետո իմացա, որ գերի է ընկել և աբխազները նրան գնդակահարել են Սուխումիի հրապարակում:
ԻՈ — Ճգնավորի կյանքով եմ ապրում: Որ մեկին չեմ ուզում տեսնել, հեռուստացույցն անջատել եմ, թերթեր չեմ կարդում: Ոտքս քիչ-քիչ կարգավորվում է: Նորից մենակ եմ ապրում: Աստված, բարեգութ եղիր, վերցրու ինձ քեզ մոտ:
ՄԵԱ — Եղբորս թաղեցինք գյուղի գերեզմանոցում, տատիկիս կողքը: Մի՞թե այս ամենը կատարվում է ինձ հետ:
ԻՈ — Ոչ մեկին ոչ թատրոն է պետք, ոչ կինո, իսկ դերասանների մասին ընդհանրապես մոռացել են:
ՄԵԱ — Այնտեղ, Արևմուտքում, ստեղծագործող մարդուն շատ են գնահատում:
ԻՈ — Այստեղ ստեղծագործող մարդիկ ամենադժբախտ արարածներն են:
ՄԵԱ — Նրանք ինձ հսկայական գումարներ են վճարում ու ես պարտավոր եմ երգել, երգել, երգել… իսկ թե ինչ է կատարվում իմ հոգում…
ԻՈ — Սարսափելի նևրոզ է, գիշերներով չեմ քնում: Միայնությունը ինձ կկործանի:
ՄԵԱ — Զզվել եմ, ամեն ինչից զզվել եմ: Ահավոր է: Ստիպված եմ երգել, երբ երգելս չի գալիս:
***
ԻՈ — Ամուսնացա: Աննման, հմայիչ կին է, նրբագեղ նիստուկացով, հագնվում է ճաշակով:
ՄԵԱ — Կյանքս տարիներ առաջ գրանցված է համարյա րոպեների ճշգրտությամբ, և ինչ-որ բան փոխելն իմ ուժերից վեր է:
ԻՈ — Ինչո՞ւ փողոցում շքեղ տեսք ունեցող կանայք տանը հագնում են տղա-մարդու գուլպաներ, չեն սանրվում ու խոսելիս նրանց ձայնի մեջ մշտապես դժգոհ նոտաներ են:
ՄԵԱ — Մարդն ամեն ինչի վարժվում է:
ԻՈ — Ես դրան վարժվել չեմ կարող:
ՄԵԱ — Ամեն մարդ ինքն է իր երջանկության դարբինը:
ԻՈ — Չգիտես ինչու, բայց ընտրելիս միշտ սխալվում եմ: Դա ի՞նչ է, ճակատագրական ձախորդությո՞ւն, թե՞ ես ընդհանրապես ստեղծված չեմ ընտանեկան կյանքի համար: Նորից մենակ եմ:
ՄԵԱ — Երեք տարվա պայմանագիր կնքեցի «Գրանդ օպերայի» հետ: Ամուսինս պատրաստվում է մեկնել Ամերիկա ու պահանջում է ամուսնալուծվել: Մայրս բերանից թռցրեց, որ նա վաղեմի սիրավեպ ունի իր կին-ղեկավարի հետ: Նա հրեուհի է, ու միասին են ուզում գնալ Ամերիկա: Դա ինձ շատ չզարմացրեց: Ավելի լավ է մեղքերը խոստովանել: Իմ կյանքում էլ է հայտնվել մեկը: Ինձ միշտ անհանգստացնում էր, որ ես ազատ չեմ, հատկապես, երբ Սթիվի հետ միասին հայտնվում էինք ինչ-որ փոքրիկ քաղաքի հյուրանոցում: Երբեք ինձ հանգիստ չէի զգում, անընդհատ թվում էր` ահա կբացվի դուռն ու ներս կխուժի ամուսինս` ատրճանակը ձեռքին: Ի՜նչ վաղուց չէի հիշել Իոյին: Կարծում եմ, ոչ ոքի այնպես չեմ սիրել, ինչպես նրան: Գուցե որ նա առաջի՞նն էր…
ԻՈ — Օպերայում բարեգործական համերգ է պատերազմից տուժած ընտա-նիքներին օգնելու համար: Ինձ հրավիրեցին համերգը վարելու: Ամբողջ աշխարհից օպերային աստղեր էին եկել:
ՄԵԱ — Թռչում եմ Թբիլիսի: Շատ եմ հուզվում, ամբողջ ճանապարհին դեղ եմ կուլ տալիս, այնքան վաղուց չեմ եղել հայրենի քաղաքում: Վաղը օպերայում երգելու եմ բարեգործական համերգին, իսկ մյուս օրը աղջկաս ծննդյան օրն է: Մեկնելուց առաջ զանգեցի ու հարցրի` ի՞նչ նվեր բերեմ:
— Ոչինչ չբերես,- ասաց աղջիկս,- միայն ամբողջ օրն ինձ հետ անցկացրու: Երևի չկարողանամ, վաղուց ինքս ինձ չեմ պատկանում… Շա՛տ վաղուց:
ԻՈ — Ուզում էի հրաժարվել, հետ եմ վարժվել բեմից, բայց ասացին, որ գալու է Մեդեան… Ուզում եմ մոտիկից տեսնել իսկական աստղին:
***
Լսվում են ծափահարություններ: Իոն Մեային բեմ է տանում «բիս»-ի:
ԻՈ — Դուք հիասքանչ էիք:
ՄԵԱ — Շատ շնորհակալ եմ:
ԻՈ — Գիտե՞ք, ես ձեզ հիշում եմ:
ՄԵԱ — Լո՞ւրջ:
ԻՈ — Միանգամայն: Հեռուստահաղորդման մեջ, երբ ձեզ ճանապարհում էին ստաժավորման Լա Սկալա: Կարող եք չհավատալ, բայց ես միանգամից զգացի, որ ձեզ մեծ ապագա է սպասում:
ՄԵԱ — Շատ շնորհակալ եմ:
ԻՈ — Չարժե շնորհակալ լինել, դա փաստ է: Իմ բնազդն ինձ երբեք չի խաբել:
ՄԵԱ — Ես էլ ձեզ եմ հիշում:
ԻՈ — Լո՞ւրջ:
ՄԵԱ — Այո: Ես գալիս էի ձեր ներկայացումները դիտելու:
ԻՈ — Ինչպե՞ս… այն ժամանակ դուք փոքրիկ աղջնակ էիք:
ՄԵԱ — Դե, ոչ այնքան…
ԻՈ — Երջանիկ եմ անձամբ ծանոթանալու համար:
ՄԵԱ — Փոխադարձ:
ԻՈ — Հուսով եմ, կհանդիպենք:
ՄԵԱ — Հուսով եմ… Վաղը ես մեկնում եմ:
ԻՈ — Երևի երազում եք հնարավորինս շուտ այնտեղ հայտնվել:
ՄԵԱ — Ընդհակառակը:
ԻՈ — Ուրեմն` մնացեք:
ՄԵԱ — Արդեն վաղուց ես չեմ որոշում` երբ և ուր գնամ կամ մնամ:
ԻՈ — Ի՞նչ արած… աստղերի կյանքն է: Չեմ համարձակվում այլևս ձեզ անհանգստացնել: Ամենայն բարիք:
ՄԵԱ — Մնաք բարով:
ԻՈ — Շշմելու կին է:
ՄԵԱ — (մեկուսի): Հո ատրճանակի պատմությունը չէի՞ պատմելու նրան: Կգժվի: Բայց և այնպես, նա շատ համակրելի է, ալեխառն մազերն էլ սազում են, բա աչքե՞րը: Այդպիսի կապույտ աչքեր ոչ մի տեղ չեմ տեսել: Ճիշտն ասած, դեռ մի քիչ ժամանակ ունեմ: Առավոտյան եմ մեկնում…
ԻՈ — Ինչո՞ւ եք կարծում, որ կապույտ աչքերը գեղեցիկ են: Կամ կանաչը: Կամ որ գեղեցկությունը ստեղծում են հակադրությունները` սև մազեր ու խաժ աչքեր, կամ ընդհակառակը: Շատ սխալ միտք է: Ինձ որ հարցնեք, ամենահրապուրիչը մեղրագույն աչքերն են: Կայծկլտող ջերմության այդպիսի էֆեկտ ոչ մի ուրիշ գույն չունի:
ՄԵԱ — Իրերս եմ հավաքում: Ինչպե՜ս չեմ ուզում գնալ:
ԻՈ — Համերգը մի քիչ կենդանացրեց այս մեռնող քաղաքը: Ի՜նչ կին էր: Բնական, ոչ մի կեղծ շարժում: Իսկ աչքե՜րը: Ինչո՞ւ այդպիսի կին ինձ չհանդիպեց:
ՄԵԱ — Երկու օր է` Լոնդոնում եմ: Տղայիս հետ գնացինք Կրանախի ցուցահանդեսը դիտելու: Նա հիմա վերադառնում է Քեմբրիջ, իմ մեքենայով նրան տանում եմ կայարան: Պատմում եմ թբիլիսյան տպավորությունները, իսկ նա նորություն է հայտնում` Ամերիկայում նրա եղբայրն է ծնվել: Ուզում էի պատմել Իոյի ու ատրճանակի մասին, բայց նկատեցի, որ դա նրան հետաքրքիր չէ, ու ձայնս կտրեցի: Այդ օրն ասաց, որ հոր պես ուզում է ապրել Ամերիկայում: Գեներն են: Գեներն անում են իրենց գործը: Ճանապարհեցի ու վերադարձա: Մեքենան կայանեցի Թաուերի մոտ, հագա բաճկոնս ու աստիճաններով բարձրացա կամրջի վրա: Մթնշաղին քայլում եմ կամրջով: Սթիվը մեկ շաբաթով թռել է Փարիզ ու ես հանկարծ անտանելի մենակություն զգացի: Ուզեցի հայտնվել այնտեղ, հայրենիքում, իմ թբիլիսյան տանը, Սև ծովի ափին` Բիչվինտայում… Կանգնեցի, նայում եմ Թեմզային: Ամեն անգամ այս տեղում ինձ համակում են մանկական հիշողություններս անգլիական գրականության մասին: Ցանկացած հիշողություն տան մասին արցունք է բերում: Հիմա եմ հասկանում, թե ինչն է ստիպում աստղերին ցած նետվել երկնաքերերից: Մտքերիցս վախ զգալով` հետ գնացի, աչքի ծայրով նկատելով թատրոնի ճակատին փակցրած իմ ազդագիրը: Աչքերիս իջեցրի գլխարկս, կարծես այս վիճակում ինչ-որ մեկն ինձ կճանաչեր:
***
ՄԵԱ և ԻՈ — (միասին): Անցավ ավելի քան քսան տարի:
ՄԵԱ — Ոչինչ չեմ ուզում պատմել աստղային կյանքիս մասին: Տափակ ու միապաղաղ է, ցանկացած այլ կյանքի պես: Ծափահարություններ, պրեմիերա, ծափահարություններ, հյուրախաղեր, ծափահարություններ, նոր օպերային շենք, ծափահարություններ, նոր երկրպագուներ, ծափահարություններ, ծափահարություններ, ծափահարություններ… Հիմա Կիպրոսում եմ: Երեք օր կապրեմ Միջերկրական ծովին նայող հյուրանոցում: Եղել եմ բոլոր երկրներում, լողացել եմ բոլոր ծովերի ու օվկիանոսների ջրերում, բայց աշխարհում ոչ մի տեղ չգտա սոճուտից ավելի լավ տեղ Սև ծովի ափին, Բիչվինտայում:
ԻՈ — Համարյա ամբողջ կյանքս անցավ միայնության մեջ, չհաշված ամ-ուսնական մի քանի տարիները: Ասենք, երեխա ժամանակ էլ իսկական ընտանիք չեմ ունեցել: Հայրս վաղուց էր լքել մեզ, մայրս շատ ջահել մահացավ: Ես անընդհատ փնտրեցի ինչ-որ առանձնահատուկ բան: Ինձ էլ էի համարում առանձնահատուկ և ուզում էի լինել միայն հայտնի, առանձնահատուկ մարդկանց շրջանակում: Անկեղծ ասած, այդ իմաստով հիմա էլ չեմ փոխվել:
ՄԵԱ — Ի՞նչ ասեմ իմ մասին, կարևորը` հարազատներիս կյանքը լավ է դասավորվել: Տղաս տեղափոխվեց Ամերիկա: Հոր պես հաջողակ ֆիզիկոս է: Թեև… շատ հազվադեպ են հանդիպում: Հիմա ես ունեմ մեկ ամերիկացի թոռնիկ, իսկ չորսը Վրաստանում են: Աղջիկս չորս որդի ծնեց` Սաբա, Անդրո, Դաչի ու Նիկոլոզ: Ամերիկացի թոռնուհուս, իմ պատվին, անվանել են Մեդեա: Դժվար է պատկերացնել, բայց նրանցից ոչ մեկին դեռ չեմ տեսել:
ԻՈ — Թատրոնից այդպես էլ ձեռք չքաշեցի, թեև հիմա ամպլուաս այլ է` պիեսներ եմ գրում: Գրեցի երեքը, միանգամից բեմադրվեցին: Վաղն Անգլիայից պրոդյուսեր է գալու պիեսս դիտելու համար: Ինչ-որ բան տեղաշարժվում է այս երկրում: Ոչ ոքի չեմ ասում, բայց այսօրվանից սկսեցի անգլերեն սովորել: Բոլորից գաղտնի եմ սովորում: Ուսուցչին էլ զգուշացրի, որ լռի, թե չէ խոսակցություններ կսկսվեն…
ՄԵԱ — Իմ երկրում նորից պատերազմ է: Այսօր հերթական պայմանագիրը պիտի կնքեի… հետաձգեցի մի շաբաթով:
ԻՈ — Պատերազմ, պատերազմ… Անձամբ ես արդեն վարժվել եմ պատերազմ-ներին ու անկարգություններին: Ոչնչի չեմ խառնվում, ոչ մի վայրկյան չեմ դադարում պիես գրելս ու շարունակում եմ անգլերենի պարապմունքները: Երեկ դասատուս` շատ հաճելի, ջահել աղջիկ, զանգեց ու ներողություն խնդրելով ասաց, որ երեխաներին չի կարող տանը մենակ թողնել ու գալ պարապմունքի: Ես չէի ուզում նրանից հրաժարվել, իմացա հասցեն ու հիմա ինքս եմ գնում նրա տուն: Համառորեն անգիր եմ անում անգլերեն բառերը: Իմ տարիքում լեզվի պարապմունքը մեկ օր անգամ չի կարելի բաց թողնել:
ՄԵԱ և ԻՈ — (միասին): Անցավ մեկ շաբաթ:
ՄԵԱ — Այսօր նորից հանդիպելու եմ պրոդյուսերի հետ:
— Դե, ի՞նչ, ավարտվե՞ց ձեր եռօրյա պատերազմը: Ես լռում եմ… Երեք օր, ավելի քան երեք հարյուր զոհվածներ, երեք հազարից ավելի դժբախտ ընտանիքներ… Երեք օ՛ր:
— Կարծում եմ, պայմանագրի պայմանները հրաշալի են,- իմ դեմ է դնում թուղթն ու գրիչը:
ԻՈ — Լավ է, որ այս պատերազմը ժամանակին ավարտվեց: Մի շաբաթ է` նրա տանն եմ պարապում: Չեք կարող պատկերացնել, թե ինչ հաճույք եմ ստանում նրա երկվորյակ աղջիկներից: Ամուսինը լքել է ու չքվել` սատանան գիտե` ուր: Երկվորյակները հրաշք են, նոր-նոր սովորում են քայլել:
ՄԵԱ — Ուզում եմ, որ իմանաս,- ասացի պրոդյուսերին:- Ես պետք է վերադառնամ:
— Ո՞ւր,- հեգնոտ ժպիտով հարցնում է` կարծես չգիտի, թե` ո՛ւր:
ԻՈ — Որոշված է: Անգլերեն կսովորեմ ու կգնամ: Կնստեմ Թեմզայի ափին, փաբերից մեկում ու կգրեմ, կգրեմ…
ՄԵԱ — Իմ երկիրը:
— Այնտեղից բոլորը փախչում են, իսկ դու ուզում ես վերադառնա՞լ,- ծիծաղում է նա:
ԻՈ — Դասատուիս անունը Լիկա է: Շատ լավ աղջիկ է, նրա տարիքի աղջիկ կարող էի ունենալ: Շատ նրբանկատն է: Նկատողություն է անում ու կարմրում է: Երեք ժամ մնացի այնտեղ: Մի աչոնին ես էի գրկել, մյուսին` ինքը: Այդպես էլ պարապում էինք: Հավատացնում է, որ լեզուների նկատմամբ շատ ընդունակ եմ: Քիչ-քիչ սկսեցի խոսել անգլերեն:
ՄԵԱ — Ո՞ւր վերադառնաս, Թբիլիսիի տո՞ւնդ:- Հազարերորդ անգամ հարցնում է պրոդյուսերը:
— Կամ սոճո՞ւտ, Սև ծովի ափի՞ն, Բիչվինտայո՞ւմ: Դու չէի՞ր ասում, որ այնտեղ պատերազմ է:
— Հա, այդպես է, բայց ուրիշ տուն ես չունեմ:
— Դու, ինչպես միշտ, անկանխատեսելի մարդ ես,- վշտացած տարածում է ձեռքերը:
ԻՈ — Երեկ հրավեր ստացա Լոնդոնից: Թատրոններից մեկում պատրաստվում են բեմադրել իմ պիեսը: Մի խուրձ նվեր գնեցի երկվորյակների ու Լիկայի համար, տորթով ու շամպայնի շշով հայտնվեցի նրանց տանը: Լիկան ուրախությունից թռչկոտեց, սիրեցյալ դստեր պես կախվեց վզիցս: Շամպայնից մի քիչ հարբեցի: Հիմա տուն եմ վերադառնում: Մեկ ամսից մեկնելու եմ:
ՄԵԱ — Կատակը` կատակ, բայց պայմանագիրը ստորագրելու ժամանակ չունենք,- հաջորդ փորձն է անում պրոդյուսերը: Բացասաբար օրորում եմ գլուխս: Նա հասկանում է, որ ոչինչ չի ստացվի, ես էլ հասկացա, որ այլևս ոչինչ չեմ փոխի:
— Ուրեմն, վերջնականապես որոշե՞լ ես:
— Այո,- ասում եմ ես:
Նա երկար, լարված մտածում է:
— Երևի մի կարգին տո՞ւն գնես Թբիլիսիում:
— Չէ, Թբիլիսիում չեմ գնի:
— Իսկ որտե՞ղ:
— Այնտեղ, որտեղ թաղված են հարազատներս: Գյուղում:
— Գյուղում… Սկզբունքորեն, դու կարող ես գնել ամբողջ գյուղը:
ԻՈ — Ձյունառատ ձմեռ է: Ես ու Լիկան միայն անգլերեն ենք խոսում: Ավելի շուտ պիտի սովորած լինեի…
ՄԵԱ — Օրերն ու ժամերն եմ հաշվում: Այնքան երջանիկ եմ:
ԻՈ — Մոտենում է մեկնումիս օրը: Որոշեցի Լիկային ու աղջիկներին տեղափոխել իմ տունը: Հիմա ինչի՞ս է պետք այդքան մեծ տունը: Իրենք էլ ավելորդ տեղը տան վարձ չեն տա:
ՄԵԱ և ԻՈ — (միասին): Մեկնումին մնացել է երկու օր:
ԻՈ — Հաճույքով եմ տունս մտնում: Երկվորյակներն ամեն ինչ տակնուվրա են արել: Լիկան նեղվում է, իսկ ես ոչնչի չեմ խառնվում: Միակ խնդրանքս է` չպատռել ձեռագրերս, իսկ ճստոներն, իհարկե, ուզում են հենց այն թուղթը ձեռք գցել, որի վրա գրում եմ: Այս երկու հրաշք բալիկներին սիրում եմ գժի պես: Իսկ Լիկան շատ համեղ ճաշեր է եփում:
ՄԵԱ — Բագաժի մի մասն արդեն ուղարկել եմ: Նախնիներիս տանը տեր դարձա: Աղջիկս ասում է` չես պատկերացնում, թե ինչ երջանիկ է ամբողջ գյուղը: Ամեն օր հարևաններից մեկը զանգում ու առաջարկում է իր տունն էլ գնել:
ՄԵԱ և ԻՈ — (միասին): Այսօր մեկնում եմ: Ի՜նչ երջանկություն…
ԻՈ — Հիմա Հիթրոուի օդանավակայանում եմ:
ՄԵԱ — Հիմա Հիթրոուի օդանավակայանում եմ:
ՄԵԱ և ԻՈ — (միասին): Ինչ լավ է, որ ճանապարհող չկա: Տանե՛լ չեմ կարող հրաժեշտ տալը:
ԻՈ — Այն ինքնաթիռով, որով ես եկա…
ՄԵԱ — Ես մեկնում եմ եկած ինքնաթիռով:
ԻՈ — Այսօր պիեսիս պրեմիերան էր: Շատ վրացի կար: Ներկայացմանը ներկա էր դեսպանը, Անգլիայի մշակույթի նախարարն ու երկու հեռուստաընկերություն: Նյարդայնացած էի… մի քիչ: Զանգեցի տուն: Լիկան հրճվանքի մեջ է: Ինձ տեսել է հեռուստացույցով: Ասում է, որ ցնցող տեսք ունեի ու լավ էլ անգլերեն էի խոսում: Հենց հիմա էլ, հեռախոսով, մենք անգլերեն ենք խոսում:
ՄԵԱ — Ես իմ տանն եմ: Նստել եմ ծեր ընկուզենու տակ, և արցունքներս իրենք իրենց թափվում են աչքերիցս:
— Մամա, չե՞ս զղջում,- կատակո՞վ է հարցնում աղջիկս: Գիտի լացիս պատճառը: Բակում վազվզում են թոռներս: Խոստանում են ամեն շաբաթ-կիրակի գալ: Հիմա ես ուզում եմ ապրել երկար, երկար:
ԻՈ — Թափառում եմ հին Լոնդոնի փողոցներով: Զարմանալի է, ինչքան սրտամոտ է այս ամենը ինձ: Բոլորն աշխատում են սիրաշահել:
— You are great playwrighter.
— You are wonderful.
— You are brilliant.
— Ահա, այսպես, բարեկամներս, մեր երկրում գնահատել չգիտեն: Ինձ անընդհատ հարցնում են.
— Ոչինչ չե՞ք ուզում: Ո՞ւմ եք ուզում այցելել:
— Շեքսպիրի գերեզմանին:
ՄԵԱ — Երեկ կով գնեցի:
ԻՈ — Հրավերս երկարաձգեցին: Առաջարկեցին նոր պիես գրել: Շուտով, երևի, կսկսեմ միանգամից անգլերեն գրել: Շատ եմ կարոտում մերոնց: Նրանք արդեն սկսել են խոսել:
ՄԵԱ — Հիշեցի, ինչպես էր պապս պատվաստում ծառերը: Նա շատ թեթև ձեռք ուներ: Ամեն ծառ չէ, որ պատվաստումից հետո բերք է տալիս: Հարևանները հերթով կանչում էին պապիս, ես էլ, նրան պոչ կպած` գնում-նայում էի: Հիմա հիշեցի, ինչպես էր անում: Հինգ ծառ պատվաստեցի այսօր:
ԻՈ — Պիեսի հինգ պատկեր արդեն գրել եմ:
ՄԵԱ — Ի՜նչ երջանկություն, որ ոչ ինտերնետ կա, ոչ հեռուստացույց: Շաբաթվա վերջում գալիս են մերոնք, ու ես նրանց կերակրում եմ իմ պատրաստած պանրով:
ԻՈ — Գրածս ուղարկում եմ Լիկային: Նա անմիջապես թարգմանում է, իսկ հաջորդ օրը նոր տեքստը տանում եմ թատրոն: Նրանց ամեն ինչ դուր է գալիս: Բա չէ… Այն ամենից հետո, ինչ տեսել եմ նրանց թատրոններում, իհարկե, դուր կգա:
ՄԵԱ — Հաճախ եմ այցելում հարազատներիս գերեզմաններին: Գերեզմանատանը փոքրիկ եկեղեցի են կառուցել: Կիրակի օրերին համարյա ամբողջ գյուղը հավաքվում է աղոթքի: Հոգևորականը շատ ջահել է, երեսուն տարեկան չկա:
ԻՈ — Երեկ տուն զանգեցի (լալիս է): Հարցրի երկվորյակների մասին:
— Խոսիր նրանց հետ,- ասաց Լիկան
— How are yoy, grandfather?
— Grandfather… լսափողը ձեռքից ձեռք են խլում: Չդիմացա, լաց եղա:
ՄԵԱ — Կիրակի օրերին սկսեցի եկեղեցում երգել:
ԻՈ — Երկրորդ պիեսն եմ ավարտում:
ՄԵԱ — Հարևանի երեխաներին անգլերեն եմ սովորեցնում: Բնականաբար, անվճար:
ԻՈ — Հոնորարի մասին նախապես էինք պայմանավորվել: Ասացի, որ ուզում եմ թոռնիկներիս ուղարկել: Նրանց լուսանկարը միշտ ծոցագրպանումս է:
ՄԵԱ — Հանգիստ մնալ չեն կարող… Պարապմունքից հետո կամ զամբյուղով խնձոր են թողնում, մեկ` դդում, մեկ` չուրչխելա: Ինձնից բարեգործ չի ստացվի:
ԻՈ — Բարեգործության համար ժամանակ չունեմ, երեխաներին այնքան բան է անհրաժեշտ:
ՄԵԱ — Պատվաստված տնկիները պտուղ են տվել: Հինգն էլ:
ԻՈ — Երեկ երկրորդ պիեսիս պրեմիերան էր: Իմ տարիքում և՛ դրական, և՛ բացասական էմոցիաները նույնքան վտանգավոր են: Ամբողջ օրը ճնշում ունեի: Ջահել չեմ, չի կարելի այսքան աշխատել: Ի վերջո, ես արդեն պապիկ եմ: Թե՞ այդպես չէ…
ՄԵԱ — Կովս շուտով կծնի, կաթ չի տալիս: Փոխարենը շուտով երկու հորթուկ կունենանք:
ԻՈ — Շատ եմ հոգնել: Էլ չեմ կարող այստեղ մնալ: Վերադառնամ Թբիլիսի: Տանը կգրեմ ու կուղարկեմ այստեղ: Թոռներիս կարոտել եմ, շատ եմ կարոտել: Տեսնենք, ինչ կստացվի: Կգնամ, հետո, գուցե և վերադառնամ: Կամ էլ նրանց այստեղ կբերեմ: Լեզուն գիտեն, էլ ի՞նչ պրոբլեմ կա: Հետդարձի տոմսն արդեն գնել եմ: Իմ նոր պիեսն ուզում եմ անվանել «Խաղալիք ատրճանակը»: Արդեն ամեն ինչ մտածված է: Երևի ինքնաթիռում էլ գրեմ: Դա կլինի իմ լավագույն պիեսը:
ՄԵԱ — Այսօր երեկոյան, երբ աղոթքի էինք գնում, դպրոցի ուսուցչուհին խոսքի մեջ ասաց, որ Լոնդոն-Թբիլիսի ինքնաթիռի մեջ Իոն ինֆարկտ է ստացել ու ծանր վիճակում նրան օդանավակայանից անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Նույն օրը եկա Թբիլիսի: Այցելությունս չհետաձգեցի մինչև վաղը: Գիշեր էր, բայց հերթապահ բժիշկը ճանաչեց ինձ ու թողեց մտնել վերականգնողական բաժին: Նստեցի կողքը: Իոն անգիտակից վիճակում է, ամեն կողմից միացված է տարբեր ապարատների: Ճերմակ մորուքով, արձանի գունատությամբ, բայց և այնպես` շատ հետաքրքիր: Նստեցի կողքը մինչև լուսաբաց: Ամեն ինչ պատմեցի` ատրճանակից մինչև այսօրվա օրը… Չգիտեմ, լսե՞ց… Ինձ համար դա նշանակություն չուներ:
Հիվանդանոցից վերադարձա գյուղ, ճանապարհին հեռուստացույց գնեցի ու լսում էի լուրերի բոլոր թողարկումները: Մի շաբաթ հետո հայտնեցին, որ Իոն մահացել է: Բայց մահից առաջ հասցրել էին ձայնագրել նրա վերջին հարցազրույցը: Պարզվում է, ինքնաթիռում նոր պիես էր գրել: Հուղարկավորմանը չգնացի: Գյուղական եկեղեցում պատարագ մատուցեցի: Իսկ այսօր նրանից ստացա այս ծրարը: Դեռ չեմ բացել: Սկզբում մի քիչ զարմացա, բայց երբ նայեցի ամսաթվին` հասկացա, որ ծրարն ուղարկված է մահվանից մեկ օր առաջ: Զարմանալի է, որ սա ընդհանրապես հասել է ինձ: Ձեռքերս դողում են: Բացում եմ ծրարը, դնում եմ ակնոցը, թերթում եմ նամակը: Ահա թե ինչպիսին է նրա ձեռագիրը: Ընդամենը մի քանի բառ է գրված: «Թանկագինս, շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար»: Ծրարի մեջ էլի ինչ-որ բան կա: Հանում եմ` չհավատալով աչքերիս: Այն նույն խաղալիք ատրճանակը:
Վրացերենից ռուսերեն թարգմանել են`
Ինգա Գարուչավան և Պետրա Խոտյանովսկին:
Ռուսերենից հայերեն թարգմանեց
Կարինե Խոդիկյանը