Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ

 

Գործող անձինք
I տղամարդ — դեղին փողկապ է կրում
II տղամարդ — կապույտ փողկապ է կրում
III տղամարդ — կարմիր փողկապ է կրում
ԱՂՋԻԿ

Գործողությունը կատարվում է անորոշ վայրում:
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Առաջին պատկեր
Բեմի կենտրոնում սեղան և երեք աթոռ` դեղին, կապույտ ու կարմիր ներված: Հեռվում լույս է երևում: Ներս է մտնում I տղամարդը` նայում է չորս կողմը, պտտվում է բեմում ու տեսնում է աթոռները: Նստում է դեղին աթոռին, հետո` կապույտին, հետո` կարմիրին, որոշում է նստել դեղին աթոռին:
Նստում է, ինքնագոհ ժպտում:
Ներս է մտնում II տղամարդը: Նայում է չորս կողմը, գաղտագողի մոտենում է աթոռներին, տեսնում է I տղամարդուն: Ձևացնում է, իբր` չի նկատում: II տղամարդը փորձում է երկու աթոռն ու նստում է կապույտին: II տղամարդը նայում է I տղամարդուն, հազում է ուշադրություն գրավելու համար: I տղամարդը խստահայաց նայում է նրան: II տղամարդը նայում է առաստաղին:
Ներս է մտնում III տղամարդը, մոտենում ու նստում է ազատ աթոռին: Նրանք նայում են իրար:
III տղամարդ — Դե ինչ, սկսեցի՞նք:
II տղամարդ — Այո, ժամանակն է:
I տղամարդ — Ես ձեզ զգուշացնում եմ, իմ վրա հույս չդնեք:
III և II տղամարդիկ ուսերն են վեր քաշում, նայում են վերև:
III տղամարդ — Բավակա՞ն չէ` նայենք երկինք:
II տղամարդ — Դու նկատի ունես առաստա՞ղը:
III տղամարդ — Ես նկատի ունեմ երկինքը, իմ վերևում աստղեր են երևում:
II տղամարդ — Իսկ ինձ մոտ… առաստաղի վրա սարդ է շարժվում:
III տղամարդ — Դու ի՞նչ ես տեսնում:
I տղամարդ — Ձեզ զգուշացրի, ինձ վրա հույս չդնեք: Ես ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չգիտեմ: Առաստաղ է, թե երկինք` ինձ համար միևնույն է: Երկու դեպքում էլ գոհ եմ այս կյանքից ու երջանիկ: (II և III տղամարդիկ ծիծաղում են:) Այո, այո, երջանիկ: Եվ բավական է ինձ հարցեր տաք: Իմ համբերությունը ան­սպառ չէ:
III տղամարդ — Գուցե ներկայանա՞ս:
I տղամարդ — Էլ ի՞նչ կուզեք: Ես անունդ հարցրի՞:
II տղամարդ — Իմ կարծիքով, դա պարտադիր չէ:
III տղամարդ — Այո՜:
Երաժշտություն: Նրանք ոտքի են կանգնում, պտտվում են աթոռների շուրջը: Երաժշտությունը լը-ռում է: Նրանք կանգնում են հաջորդ աթոռի մոտ: Դժկամ նստում են:
I տղամարդ — Ես մի կերպ հարմարվել էի այդ աթոռին:
III տղամարդ — Դու նկատի ունես իմ տակի՞նը:
I տղամարդ — Այո՛:
I տղամարդ — Ես էլ էի սովորել իմ աթոռին, որին հիմա դու ես նստած:
III տղամարդ — Բայց ո՞վ ասաց, որ մեզնից յուրաքանչյուրին նախատեսված է մեկ աթոռ:
I տղամարդ — Ձեր կարծիքով, ինչո՞ւ էի այդ աթոռի վրա ինձ լավ զգում: Որովհետև, հարգելիս, այդ աթոռի գույնը իմ փողկապի գույնին է: Իսկ դեղինը կարմիրին հակադրում է, ես չեմ կարողանում մտածել:
II տղամարդ — Ես պարոնի հետ համաձայն եմ, եկեք փոխենք աթոռները:
III տղամարդ — Պարոնա՛յք, ողջամիտ եղեք: Աթոռը նստելու համար է:
I տղամարդ — Ես հասկացա, որ քեզ համար միևնույն է` ի՞նչ աթոռի վրա ես նստելու, որտե՞ղ ես, ի՞նչ մարդկանց հետ գործ ունես, ի՞նչ ես ուտելու, ի՞նչ ես խմելու:
III տղամարդ — Բնականաբար, այդպիսի մանրուքներն ինձ չեն անհանգստացնում:
I տղամարդ — Զարմանալի է, իսկ կյանքդ ինչո՞վ էիր լցնում:
III տղամարդ — Օ՛, ես բազմաշնորհ մարդ էի: Տարբեր գործեր էի անում, իսկ ամենից շատ հաճույք էի ստանում, երբ նոր մարդու հետ էի ծանոթանում:
I տղամարդ — Ինչպես հիմա՞:
III տղամարդ — Բնականաբար:
II տղամարդ — Պարոնա՛յք, եկեք չվիճենք, փոխենք աթոռներն, ու դրանով հարցը կլուծվի:
III տղամարդ — Խնդրեմ, ես պատրաստ եմ զիջելու իմ աթոռը…
I տղամարդ — Քո աթոռը… ժառանգությո՞ւն ես ստացել:
III տղամարդ — Բայց…
Երաժշտություն: Նրանք ոտքի են կանգնում ու քայլում են բանտարկյալների պես: Երաժշտությունը լռում է: Նրանք կանգնած են հաջորդ աթոռի մոտ:
III տղամարդ — Խորհուրդ կտայի համակերպվել իրավիճակին:
II տղամարդ — Իսկ մենք ի՞նչ իրավիճակում ենք, որ պիտի համակերպվենք:
III տղամարդ — Դե, աթոռները… որը պատահի` պիտի նստենք վրան և գույների մասին չմտածենք:
I տղամարդ — Ինձ զայրացնում են բոլոր գույները, բացի դեղինից:
II տղամարդ — Ես գերադասում եմ կապույտ գույնը:
III տղամարդ — Ես կարմիր գույնը ընտրեցի պատահաբար:
I տղամարդ — Ինչից բխում է, որ տարբեր մարդիկ ենք, ի՞նչ գործ ունենք իրար հետ:
II տղամարդ — Պարոնա՛յք, եկեք տրամաբանություն չփնտրենք:
III տղամարդ — Իսկ ի՞նչ ենք փնտրելու, կարծում ես, մեր այստեղ գտնվելը անտրամաբանակա՞ն է… Իհարկե, ոչ, ինքներս գիտենք` ինչու: (Դադար:)
I տղամարդ — Պարոնա՛յք, այստեղ այնքան էլ վատ չէ: Քայլում ենք ու նստում: Երաժշտությունն էլ հայրենասիրական զգացմունքներ է առաջացնում:
III տղամարդ — Այս երաժշտությունը նույնիսկ երաժշտության նման չէ, չգիտեմ` ով է կոմպոզիտորը, բայց կարող եմ ասել, որ կարողանում է մարդկանց նյարդերի հետ խաղալ:
Երաժշտություն: Նրանք քայլում են: Երաժշտությունը լռում է: Նստում են պատահած աթոռին:
II տղամարդ — Շան որդի, մեր նյարդերի հետ է խաղում: Դեռ կտեսնենք` ով է ում խաղալիքը:
I տղամարդ — Զգուշացի՜ր, մեր ամեն մի բառը ձայնագրվում է, մեզ կարող են ձերբակալել:
III տղամարդ — Եթե մեզ ձերբակալելու են, միանգամից ասա:
II տղամարդ — Կասկածելի անձնավորություն ես երևում, ապա, հոգիդ բաց:
I տղամարդ — Ես ուզում եմ ասել, որ զգույշ լինեք, մեր գլխին փորձանք չբերեք: Մենք չգիտենք` ինչքան պիտի մնանք:
III տղամարդ — Մենք ձերբակալվա՞ծ ենք:
I տղամարդ — Իսկ ինչո՞ւ ենք այստեղ քամակ մաշում:
III տղամարդ — Ես կարող եմ հեռանալ:
I տղամարդ — Էլ ո՞ւմ ես սպասում: (Դադար:) Ես գտնում եմ, որ վատ վիճակում չենք, այստեղ տաք է, գազի վարձ էլ չենք մուծում:
II տղամարդ — Գիտե՞ս, ինչ եմ մտածում քո մասին:
I տղամարդ — Թքած… Կարևորը, որ ես գիտեմ իմ ով լինելը, ի հեճուկս քեզ…
II տղամարդ — Ի՞նչ, ուզում ես ասել, որ ես չգիտե՞մ…
I տղամարդ — Դա ինձ չի հետա­քրքրում: Իմ պապը սերվել է մեծ մարդուց: Նա ապրել է 620 տարի և երկրագունդը լցրել մարդկանցով: Նրանք կապուտաչյա էին, գանգուր մազերով:
III տղամարդ — Ինչպես դու: Խոպոպիկներդ որտե՞ղ ես պահել, ա՜յ քաչալ:
I տղամարդ — Զայրույթից ձեռքերս քոր են գալիս:
III տղամարդ — Իսկ գլուխդ քոր չի՞ գալիս:
I տղամարդ — Սա արդեն չափից դուրս է: Իմ պապը կարգին տղամարդ է եղել:
III տղամարդ — Նայելով քեզ` չէի ասի…
Դադար:
II տղամարդ — Երբ իմ պապն իջավ երկրի վրա…
III տղամարդ — Պարզ է: Մի հոգեցունց պատմություն էլ դու ունես:
II տղամարդ — Եթե չեք ուզում լսել` չեմ պատմի:
I տղամարդ — Պատմիր: Գուցե մեր պապերը եղբայրներ են եղել:
II տղամարդ — Չեմ կարծում: Նա իջավ երկիր և չցանկացավ վերադառնալ:
III տղամարդ — Դու էլ այլմոլորակայինի նման ես:
I տղամարդ — Հետաքրքիր է, քո պապն ո՞վ է եղել:
III տղամարդ — Ես պապ չեմ ունեցել: Հասկացեք, անցյալով ապրողները ժամանակ են կորցնում: Այսօր ինձ համար կարևոր է, թե մե՛նք ուր ենք գնում, մե՛զ ուր են տանում: Ուշքի եկեք, պարոննե՛ր, հետո ուշ կլինի:
I տղամարդ — Հիմարություն: Անցյալ չունեցող մարդը ապագա էլ չունի: Միանգամից ասա, որ ընկեցիկ ես:
III տղամարդ — Այնպես արա, որ քեզ հարգեմ:
I տղամարդ — Իսկ դու մի՛ հարգիր:
III տղամարդ — Քեզ վերջին անգամ եմ ներում:
II տղամարդ — Պարոններ, իրար վիրավորելու իրավունք չունենք: Դեռ ճանապարհ ունենք գնալու:
Երաժշտություն: Նրանք քայլում են: Երաժշտությունը լռում է, նստում են:
III տղամարդ — Ահա ուր հասանք: Լռում ենք: Երկա՞ր ենք լռելու:
I տղամարդ — Ես ներողություն եմ խնդրում:
III տղամարդ — Ես առաջարկում եմ հաշտության չիբուխը ծխել: (Գրպանից հանում է ծխամորճը:) Մի օր որոշեցի գրող դառնալ, գնեցի այս չիբուխը, ցիլինդր, ոսկեծայր գրիչ… Արդեն նման էի գրողի, բայց, չգիտես ինչու, գրելու ցանկություն չունեի: Չիբուխը մնաց որպես հուշ: Ո՞վ լուցկի ունի… այնքան էի շտապում, որ կրակայրիչս մնաց տանը:
II տղամարդ — Ես մշտական ծխող չեմ:
I տղամարդ — Իսկ ես առողջական պրոբլեմներ ունեմ, բայց լուցկի միշտ մոտս պահում եմ, վերցրու:
III տղամարդը վառում է ծխամորճը, ծուխ քաշում, տալիս է II տղամարդուն: Նա էլ ծուխ քաշում, առաջարկում է I տղամարդուն:
I տղամարդ — Չէ, նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, թոքերիս մեկը թողեցի այնտեղ:
II տղամարդ — Ուզում ես երկա՞ր ապրել:
I տղամարդ — Ո՞վ չի ուզում:
III տղամարդ — Թունդ թութուն չէ, նիկոտինը 1 միլիգրամ է:
I տղամարդ — Ես մեծ հաճույքով կծխեի, բայց գրող դառնալու ցանկություն չունեմ:
Ծիծաղում են:
II տղամարդ — Երբ դուրս էի գալիս տնից, անձրևում էր, ճանապարհին հովանոցս կորցրի, իրերիս նկատմամբ անփույթ եմ: Դա մեծ ողբերգություն չէր: Բայց թրջվեցի մինչև գուլպաներս և երբ այստեղ հասա, մուտքի մոտ այնքան պահեցին, մինչև չորացա:
I տղամարդ — Իսկ ես որ դուրս եկա, անտանելի փոթորիկ էր, քամին ծառերն էր արմատախիլ անում: Սեղմվեցի պատին, բայց մի ճյուղ խփեց գլխիս: Այնքան պառկած մնացի, մինչև ուշքի եկա: Աչքս բացի` մուտքի մոտ էի:
III տղամարդ — Այսօր առավոտյան արև էր, ես պիջակով եմ դուրս եկել:
I տղամարդ — Ուզում ես ասել, որ մենք ստո՞ւմ ենք: (Դադար:)
II տղամարդ — Եղանակը շուտ է փոխվում, համատարած տաքացում է: Եթե այսպես շարունակվի, մի օր քաղաքը կծածկվի աղի ջրով ու շնաձկները լող կտան փողոցներով:
I տղամարդ — Երեխաներին պետք է զգուշացնել, որ փողոց դուրս չգան` դառնան շնաձկան կեր:
III տղամարդ — Ես դուրս եկա` արև էր, երեք ժամ նստեցի սրճարանում, ոչ մի փոթորիկ չկար, ոչ էլ փողոցներում թափառող շնա­ձկներ կային: Մատուցողուհին սուրճ բերեց, ես հասցրի խմել:
I տղամարդ — Քո կասկածներն անհիմն են…
II տղամարդ — Եթե մի բաժակ սուրճ լիներ, ես կասեի` երջանիկ եմ:
I տղամարդ — Մի բաժակ սուրճով երջանկանո՞ւմ ես: Իմ պահանջներն ավելի մեծ են, անսահման… Ես այնտեղ եմ թափառում:
II տղամարդ — Սուրճից լավ ոչինչ չկա:
III տղամարդ — Մատուցողուհին սուրճի մրուրով ապագաս գուշակեց:
I տղամարդ — Կանայք ամեն ինչի էլ ընդունակ են:
II տղամարդ — Աստված նրանց ավելին է տվել, թեև նրանց մեր կողոսկրից է ստեղծել:
I տղամարդ — Ես էլ ասում եմ` ինչու է կողս ցավում:
III տղամարդ — Ամենակարևորը` նրանք կարողանում են իրենց ուզածով դաստիարակել տղամարդկանց: Մի ազգական ունեի, լայն թիկունքով, հաստաբազուկ տղամարդ էր: Ամուսնացավ, մի բուռ դարձավ: Կարողացավ կնոջ բռան մեջ տեղավորվել: Մի օր էլ կինը նրան պայուսակի մեջ դրեց: Խանդում էր, ուզում էր, որ միշտ իր հետ լինի: Տղամարդը վատ չէր զգում, պայուսակում ամեն հարմարություն կար` փոքրիկ բարձիկ, որ կինը թաթախում էր դիմափոշու մեջ: Հայելի, որով տղամարդը իրենով հիանում էր: Ուտում էր օրը վեց անգամ, կինը նրան շատ էր սիրում ու մրմնջում` «Օ՛, իմ գեղեցիկ տղամարդ»: Մի օր էլ կինը պայուսակը թափ տալիս կորցրեց տղամարդուն: Յոթ օր ու գիշեր ողբում էր:
I տղամարդ — Քո կի՞նն էր:
III տղամարդ — Նմա՞ն եմ այդ տղամարդուն:
I տղամարդ — Դո՛ւ ասացիր:
III տղամարդ — Ես ասացի տղամարդկանց մասին: (Դադար):
II տղամարդ — Միևնույն է` կանանց եմ սիրում:
I տղամարդ — Ես էլ եմ գերադասում կանանց:
II տղամարդ — Նրանք ավելի զգույշ են:
I տղամարդ — Եվ համբերատար:
II տղամարդ — Ա՛խ, Աստված իմ, այնքան էինք սիրում զբոսնել ծովափին: Լուսնյակ գիշեր էր, ալիքները ոստոտում էին քարերի վրայով: Ջրահարսերը երգում էին սրտաճմլիկ մի երգ: Մենք գրկախառնված քայլում էինք, նա ինձ պաշտում էր, իսկ ես ասում էի. «Դու ես իմ միակ, անկրկնելին, ես քեզ սիրում եմ»: Նա էլ կրկնում էր. «Ես քեզ սիրում եմ»: Մենք մի տասն անգամ կրկնեցինք: Հետո…
I տղամարդ — Ի՞նչ` հետո:
III տղամարդ — Ի՞նչ ես վրա տալիս, թող պատմի:
II տղամարդ — Մենք տեսանք` ինչպես են ճայերը ձուկ որսում: Սոված էինք, որոշեցինք ձուկ որսալ: Նա հանեց վարտիքը, դրանից երկար պարան սարքեցի, իսկ որպես կեռիկ օգտագործեցինք կրծկալի ամրակը: Խայծ փնտրեցինք… իսկ քաղցը տանջում էր, ամբողջ օրը ոչինչ չէինք կերել, միայն ասում էինք. «Ես քեզ սիրում եմ»: Հետո հասկացանք, որ դատարկ փորով սեր չի լինում: Երբ սոված ես, պատրաստ ես հոշոտել ընկերոջդ:
I տղամարդ — Հոշոտեցի՞ր:
II տղամարդ — Չէ: Որպես խայծ նա կծեց ոտքիս միջնամատն ու ամրացրեց կեռիկին:
I տղամարդ — Դատարկ-դատարկ դուրս ես տալիս, առանց մատի ո՞նց ես քայլում:
II տղամարդ — Շատ լավ, չորս մատս եմ լվանում, հինգերորդի վրա ժամանակ չեմ ծախսում: Ժամանակը ոսկի է:
I տղամարդ — Դե, գիտե՞ս ինչ, մենք հիմար չենք:
II տղամարդ — Ցանկանում եք շարունակե՞մ, թե՞ ոչ:
III տղամարդ — Խնդրեմ, վերջացրու պատմությունը, երբ կիսատ է մնում, նյարդայնանում եմ:
II տղամարդ — Նա պարանը կապեց ձեռքին ու խայծը գցեց ծովը: Երկար չսպասեցինք: Ջրահարս էր խայծը կուլ տվել: Նա սկսեց մեզ կանչել իր մոտ, ջրի հատակը, մյուս ջրահարսերն էլ միացան ու սկսեցին երգել: Նա ասաց` արի միասին գնանք, ես ասացի, որ սովոր եմ մարդկանց հետ ապրել, մայրս ինձ է սպասում: Նա ինձ լքեց… ջրահարս դարձավ: Ես նստեցի ափին և աղիողորմ ողբացի:
I տղամարդ — Խեղդե՞լ ես նրան, խոստովանիր:
II տղամարդ — Իմ պատմությունը կարող է անհավատալի թվալ, որպես ապացույց կարող եմ հանել կոշիկս, ձախ թաթիս մի մատը չկա:
I տղամարդ — Վերջ տուր, մենք երեխա չենք, ամեն ինչ հասկանում ենք:
II տղամարդ — Նա անտանելի էր դարձել, հալածում էր ինձ:
I տղամարդ — Կացնո՞վ:
II տղամարդ — Ուզում էր սպանել, մատս կորցրի: Դե, ես էլ… (Դադար:)
III տղամարդ — Իսկ դո՞ւ:
I տղամարդ — Ե՞ս…
III տղամարդ — Այո, դու:
I տղամարդ — Ուզում եք իմանալ` ընտանիք ունե՞մ, թե՞ ոչ: Իսկ ձեր ի՞նչ գործն է:
III տղամարդ — Ձանձրույթը փարատելու համար:
I տղամարդ — Աշխարհում ամեն ինչ եղել է, ամեն ինչ գրվել: Ես ձեզ չեմ կարող զարմացնել:
II տղամարդ — Որպեսզի իրար վստահենք:
III տղամարդ — Այո, հավաքվել ենք մի տեղ, պիտի իրար ճանաչենք: (Դադար:)
I տղամարդ — Իմ կյանքն էլ այդպես դասավորվեց: Պատերազմ էր: Մի վայրկյանում կորցրի 7 կանանց ու 30 երեխաներիս: Երազանքներս չիրականացան:
III տղամարդ — Ես էլ եմ եղել պատերազմում, մարդիկ մեռնում էին: Խոտի նման հնձում էի նրանց: Զզվելի էր:
II տղամարդ — Ինչո՞ւ չփախար, թաքնվեիր մի տաքուկ տեղ ու սպասեիր:
I տղամարդ — Պատերազմը մտավ մեր տուն: Մեծ եղբայրս գնաց, հետո` մանկության ընկերս: Զոհվեցին հենց առաջին օրը: Նրանք հավատում էին, որ չեն զոհվելու: Բայց պատերազմը տանում է լավագույններին: (Դադար:) Ես չէի կարող տանը մնալ: Գնացի, վիրավորվեցի ու կորցրի 7 կանանց ու 30 երեխաներիս: Էլ ի՞նչ եք ուզում իմանալ:
Երաժշտություն: Նրանք քայլում են: Երաժշտությունը լռում է: Նստում են աթոռներին:
III տղամարդ — Մենք պարում ենք ուրիշի դուդուկի տակ:
II տղամարդ — Հետո՞ ինչ, մեկ է, փոխել չենք կարող:
I տղամարդ — Կարևորը` այստեղ տաք է, գազի փող էլ չենք մուծում:
III տղամարդ — Չենք մուծում, որովհետև չեն պահանջում:
I տղամարդ — Մենք պարտավոր չենք:
III տղամարդ — Փոքր տարիքում այդ բեռը դրել էինք ծնողների ուսերին, իսկ հիմա ո՞ւմ վրա ենք գցել:
I տղամարդ — Կարևորը` տաք է:
II տղամարդ — Հիշեցի ծնողներիս… Ինչ պայմաններում էլ որ լինենք…
III տղամարդ — … Չմոռանանք ծնողներին: Այդ բաժակաճառը վերջին անգամ ասել եմ մեկ շաբաթ առաջ, ընկերներով քեֆ էինք անում:
I տղամարդ — Միայն նրանք են մեզ սպասում:
II տղամարդ — Նրանք սպասում են… մե՞զ:
I տղամարդ — Ես կպատմեմ իմ մոր մասին:
III տղամարդ — Տափաշշիս մեջ տնական օղի կա, 70 աստիճան, մի կում արա, որ չընկճվես:
III տղամարդը նրան է տալիս տափաշիշը: I տղամարդը մի կում խմում է:
I տղամարդ — Ծանր է: Վերջին երեկոն մտա տուն, մայրս ապուր լցրեց, գիտեր, որ քաղցած եմ: Նա գիտեր որ ծարավ եմ: Մի կուժ գինի դրեց: Ես ուզեցի ապուրն ուտել… բայց եփած չէր, ուզում էի գինի խմել, գինին քացախ էր: Հիշեցի, որ գազի վարձը չեմ վճարել և մայրս ամբողջ օրը սառել է: Պարոնայք, նա հազում էր, նա լուռ էր, բայց աչքերից երևում էր, որ հանդիմանում է ինձ: «Ասա, մայրիկ, սիրո՞ւմ ես ինձ: Ինչո՞ւ վերնաշապիկս հարդուկված չէ, ինչո՞ւ տաբատս կեղտոտ է: Ո՞ւր է հայրս, որտե՞ղ ես նրան մոռացել, ինչո՞ւ էր նա փախչում, ո՞վ էր մեղավորը: Դու նրան ի՞նչ ես արել: Ինչո՞ւ ես այդպես նայում, բավական է, էլ նյարդեր ունեմ, էլ չեմ դիմանում: (Լալիս է, հետո շփում է ճակատը:) Ո՞ւր հասա:
III տղամարդ — Ներիր, չգիտեինք, որ մորդ այդքան սիրում ես:
I տղամարդ — Նա չներեց, որ գազի վարձը չեմ մուծել:
III տղամարդ — Իսկ իմ մայրը տարիքով էր: Նրան տարեկից էլ ոչ ոք չկար: Չէր զգում, չէր ճանաչում, չէր տեսնում: Միայն շնչում էր: Երբ գնում էինք տեսության, կարծում էր` իր փոքրիկ շնիկն եմ: «Քրիս, մոտ արի: Այ դու բկլիկ, ինչո՞ւ ես սառնարանի դուռը բացում: Մի կեղտոտիր տան մեջ, ժամանակն է, որ սովորես էթիկայի կանոնները»: Նրան գցեցի ծերանոց: Չէի կարող տեսնել, թե ինչպես է քայքայվում: (Լալիս է:) Ներիր, որ չեմ այցելում, ներիր, որ չկարողացա լավ որդի լինել… Ե՞ս ուր հասա:
I տղամարդ — Երևում է, շատ ես սիրում մորդ:
II տղամարդ — Թույլ տվեք ես էլ պատմեմ:
III տղամարդ — Գիտե՞ք, մենք պարտավոր ենք սիրել մեր մորը:
I տղամարդ — Նրանք մեր սիրո կարիքն ունեն:
II տղամարդ — Պարոնայք, խնդրում եմ… Նա գեղեցիկ կին էր, իսկ հայրս տաքսու վարորդ էր, բերանից միշտ օղու հոտ էր գալիս, ամեն օր իրար ծեծում էին: Յոթ տարեկան էի, երբ մայրս հեռացավ տնից: Ես նրան ասում էի. «Մայրիկ, մի գնա, ես քեզ սիրում եմ, ես հայրիկին չեմ սիրում, ես առանց քեզ կմեռնեմ»: Գնաց առանց հետ նայելու: Հետագայում շատ մայրիկներ ունեցա, բայց սիրեցի միմիայն նրան: Հիմա էլ եմ նրան սիրում, եթե իմանայի` որտեղ է, կգնայի մոտը: (Դադար:) Ես կգնայի մոտը, ատրճանակս կհանեի, տեղն ու տեղը կգնդակահարեի: (Դադար:)
Երաժշտություն: Նրանք քայլում են:
III տղամարդ — Այնպես ենք քայլում, կարծես բանտարկյալներ լինենք:
II տղամարդ — Ճիշտ է` մեկ, երկու, երեք, չորս:
I տղամարդ — Դա ընդունված տարբերակ է:
III տղամարդ — Գրողը տանի, ես ազատության կողմնակից եմ, առաջարկում եմ քայլել` ով ինչպես կարող է:
I տղամարդ — Կարծում ես, այդպես ավելի լա՞վ կլինի:
III տղամարդ — Առանց փորձելու ի՞նչ իմանանք:
II տղամարդ — Մենք կարող ենք այնպես քայլել, որ երաժշտությունը կորցնի ռիթմը:
III տղամարդ — Հենց ասեմ երեք` սկսում ենք: Երե՛ք:
Քայլում են, ինչպես ուզում են, երաժշտությունը կորցնում է ռիթմը: Լսվում են ոստիկանական սուլոցներ և տագնապի ազդանշան: Շան հաչոց: Վախեցած սկսում են վազել:
I տղամարդ — Օգնեցեք, շունչս կտրվում է, մեռնում եմ:
III տղամարդ — Մի կանգնիր, մի ստիպիր, որ քեզ տրորեմ:
II տղամարդ — Վազե՛ք, վազե՛ք, նրանք մեզ կբռնեն: Նրանք մեզ կտանեն բանտախուց, կտտանքի կենթարկեն:
I տղամարդ — Օգնեցեք, գազի հոտ եմ առնում:
III տղամարդ — Վազեք, մենք չպիտի հանձնվենք:
II տղամարդ — Ես չեմ ուզում բանտախուց ընկնել:
Երաժշտությունը լռում է: Հոգնած ընկնում են աթոռներին:
I տղամարդ — Քո բութ համառության պատճառով մեր վրա գազ բաց թողեցին, իսկ շները, քիչ մնաց, կծեին ոտքս:
III տղամարդ — Մի փոքր սեղմեցին` քեզ կորցրիր: Հետագայում ի՞նչ պիտի անես:
I տղամարդ — Ես հրաժարվում եմ ձեզ ճանաչել: Ձեր ներկայությունն անտանելի է:
II տղամարդ — Մենք ընդամենը ուզեցինք այլ կերպ քայլել:
III տղամարդ — Ամեն մարդ իրավունք ունի քայլել իր ուզածով: Հակառակ դեպքում կնմանվենք բանտարկյալի: Մի՞թե բանտում ենք:
I տղամարդ — Ինձ ոչինչ չի հետաքրքրում: Հենց սկզբից ասացի, որ հարգում եմ օրենքը:
III տղամարդ — Նրանք ուզում են մեզ հոգեպես ջարդել:
I տղամարդ — Նրանց պահանջը մեկն է. լսվում է երաժշտությունը` կանգնում ես ու համաչափ քայլում: Լռում է` վեր ես ընկնում աթոռիդ: Ամենապարզ ու տարրական առաջադրանքն է, որից, չգիտեմ ինչու, խորշում եք: Եկեք միասին գոռանք. «Մենք զղջում ենք»: Մեկ, երկու, երեք` «Մենք զղջում ենք, մեր արարքն անթույլատրելի էր»: Ինչո՞ւ ինձ չձայնակցեցիք, ախր, նրանք կսպանեն:
III տղամարդ — Եթե քեզ սպանեն, ես մորուք կպահեմ:
I տղամարդ — Բայց ինչո՞ւ ես, ինչո՞ւ ես…
II տղամարդ — 40 օր չենք սափրվի:
I տղամարդ — Ես հրաժարվում եմ նրանց հետ նույն օդը շնչել:
III տղամարդ — Ոչ մի տեղ չես կարող փախչել: Կաթսան եռում է:
Դադար:
I տղամարդ — Ոչ մի կաթսա էլ չկա:
III տղամարդ — Ավելի լավ է` լռես: Թող ի մի բերեմ մտքերս:
I տղամարդ — Այս ի՞նչ անիծյալ օր էր: Առավոտյան դուրս եկա և այդպես էլ չհասա… Ասա` քեզ ո՞վ էր ասում` գլխիցդ մեծ գործեր բռնես: Կնստեիր տանը, հեռուստացույց կդիտեիր, բա՜: Շտապելու տեղ էլ չունեի: Ով ինչ ուզում է, թող անի: Իմ հե՛չ պետքը չէ: Ես սրա…
Դադար:
III տղամարդ — Տես, է՜, ոնց է քնել: Պարոն, վեր կաց, մի մոռացիր` որտեղ ես գտնվում:
II տղամարդ — Ի՜նչ երազ էր: Տեսա մեր քաղաքը: Հիշո՞ւմ եք, գարնանը…
III տղամարդ — Փտախտով հիվանդ քաղաքը վերջին շնչում էր:
II տղամարդ — Յասամանի հոտը լցվել էր քաղաքը: Մարդիկ իրար նվերներ էին տալիս, ծաղիկներ:
III տղամարդ — Նման էր կոկորդը կտրած հավի: Թփրտում էր արյան մեջ:
II տղամարդ — Իսկ ի՜նչ գեղեցիկ աղջիկներ էին փողոցում քայլում:
III տղամարդ — Ագռավները կռռում էին, անգղները` պտտվում:
II տղամարդ — Բավական է, քո երազը զզվելի է:
III տղամարդ — Ես քնած չէի:
II տղամարդ — Ուրեմն, թող ապրեմ իմ երազով:
III տղամարդ — Երազդ դիր գրպանդ: Կխաղաս պարապ ժամանակ, իսկ մեր գլուխը մի՛ տար:
II տղամարդ — Դու գիտե՞ս` ով ես:
III տղամարդ — Իսկ դու…
Դադար:
I տղամարդ — Քաղցած եմ: Ի՞նչ կարծիքի եք, մեզ կերակրելո՞ւ են:
II տղամարդ — Նրանք չեն ասել, որ կերակրելու են:
I տղամարդ — Այսքան տանջվելուց հետո պետք է վերականգնենք մեր ուժերը:
II տղամարդ — Ավելի լավ է` երազենք:
I տղամարդ — Երազելով փոր չես կշտացնի:
Սկուտեղը ձեռքին ներս է մտնում ԱՂՋԻԿԸ, ափսեները շարում է սեղանին:
II տղամարդ — Ներեցեք, դուք այստե՞ղ եք ապրում: Նրանք ի՞նչ են մտածում մեր մասին: Արդյոք ժամանակը չէ՞ ավելի մոտիկից ծանոթանալու համար: Դուք գեղեցիկ եք: Ես կանանց նկատմամբ անտարբեր չէի: (Աղջիկը դուրս է գնում:) Նա չուզեց ինձ հետ երկու բառ փոխանակել:
I տղամարդ — Որովհետև կանանց հետ վարվել չգիտես: (Նայում է ապուրին:) Ինչ անտանելի հոտ ունի:
II տղամարդ — (հոտ է քաշում): Ուտել կլինի, բանտում սրանից վատն էին տալիս:
III տղամարդ — Բա՞նտ ես նստել:
II տղամարդ — Ջահել ժամանակ ուղեղումս քամիներ էին պտտվում:
I տղամարդ — Չգիտեմ` դուք ինչպես, բայց ես հրաժարվում եմ ուտել:
III տղամարդ — Ապուրը մեզ համար են եփել: Մենք պարտավոր ենք մարսել այն:
I տղամարդ — Ես սոված կմնամ այնքան ժամանակ, մինչև հասկանան, որ մարդկանց հետ գործ ունեն, ոչ թե խոզերի:
III տղամարդ — Քո պատճառով կարող են մեզ էլ պատժել:
I տղամարդ — Դա ինձ չի հետաքըր­քըրում: Հասկանո՞ւմ եք, ես չեմ կարող, ստամոքսի խոց ունեմ:
III տղամարդ — Ասում եմ` կեր:
I տղամարդ — Ո՜չ:
III տղամարդ — Կստիպենք:
I տղամարդ — Դուք իրավունք չունեք: Ես ստամոքսի խոց ունեմ:
III տղամարդ — Օգնիր, բերանը բացեմ:
II տղամարդ — Ասա` ա՛, թե չէ ատամներդ կջարդեմ:
II տղամարդը բռնում է I տղա­մարդու գլուխը, III տղամարդը գդալով ապուրը լցնում է բերանը:
I տղամարդ — Չեմ ասի: (II տղամարդը բացում է I տղամարդու բերանը:)
II տղամարդ — Լցրու: (III տղամարդը լցնում է:) Իսկ հիմա կուլ տուր:
I տղամարդը կուլ է տալիս ապուրը: Նույնը կրկնվում է 3 անգամ:
I տղամարդ — Ձեր արածը բռնություն է:
III տղամարդ — Մենք բախտակից ենք, ամեն մի քայլդ պիտի ստանա հարևաններիդ համաձայնությունը:
I տղամարդ — Կորեք գրողի ծոցը: Ես ձեզ ատում եմ: Ֆո՛ւ, ինչ զզվելի էր: (Ներս է մտնում Աղջիկը, հավաքում է ափսեները:) Ներեցեք, ուզում եմ իմանալ` հաջորդ անգամ ե՞րբ եք կերակրելու: (Աղջիկը նայում է նրան:) Հիմա առավո՞տ է, թե՞ երեկո: Մեզ ընթրի՞ք տվեցիք, թե՞ նախաճաշ: Օրիորդ, խնդրում եմ, իմ բողոքը ներկայացրեք ձեր ղեկավարությանը: (Աղջիկը գնում է:) Սոված մնացի:
III տղամարդ — Հաջորդ անգամ ինչ տալիս են` կեր, հասկացա՞ր:
Երաժշտություն: Ոտքի են կանգնում, քայլում են ռիթմով:
Երկրորդ պատկեր
Նրանք նստած են:
III տղամարդ — Բավական է հուսա­հատ լռեք:
II տղամարդ — Մեզ խանգարում ես խրվել մեր հուշերի մեջ:
III տղամարդ — Անցյալը գոյություն չունի, ավելի լավ է մտածենք մեր հետագա անելիքների մասին: Այսպես սուսուփուս մեռնել չեմ ուզում:
I տղամարդ — Մենք պիտի մեռնե՞նք:
II տղամարդ — Նա է ասում: (Դադար:)
III տղամարդ — Ժամեր շարունակ ամեն ինչից խոսեցինք, ծխեցինք, կերանք հոտած վռիկը, պարեցինք ու լռեցինք: Այդ լռությունը նստած է իմ ուսերին: Ես դժվարությամբ եմ շնչում, նույնիսկ ծխելը թողեցի: Տեղը գալիս աքլորանում ենք, բայց վախենում ենք խոսել հիմնական նյութից: Մենք գիտե՞նք` ինչի համար ենք այստեղ… (Դադար:)
I տղամարդ — Այդ հարցը քննարկման առարկա չէ, ես դեմ եմ: Նաև չեմ ուզում լսել ձեզ… իմ ի՞նչ գործն է, թե դուք ինչու եք այստեղ: Ամեն անգամ պատմելիս մի սուտ եք հնարում, չեմ կասկածում, որովհետև ինքս էլ քանի տարի սուտ եմ մոգոնել, որ ամեն հարցնողի ողբալով պատմեմ: Բայց գտնում եմ, որ դա անազնվություն է: Ես չեմ ուզում ստորանալ ձեր առջև, ի վերջո, պարտավոր չեմ արդարանալ: Ապրում ենք, էլի…
III տղամարդ — Այդպես ոչ մի տեղ չենք հասնի:
I տղամարդ — Ես գոհ եմ իմ վիճակից:
III տղամարդ — Բռնությունը մեզ համար սովորական է դարձել:
I տղամարդ — Իսկ կա՞ մի տեղ, ուր բռնություն չլինի: Ես համակերպվել եմ ճակատագրին: Ուրեմն` այսպես պիտի լինի:
II տղամարդ — Համակերպվեմ այս կյանքի՞ն: Ավելի լավ է ինքնասպան լինեմ: Ատրճանակը կդնեմ քունքիս ու կկրակեմ:
III տղամարդ — Ես առաջարկում եմ դուրս գալ ընդդեմ բոլորի:
I տղամարդ — Ես չեմ ուզում քավության նոխազ դառնալ:
II տղամարդ — Նոխազ ի՞նչ է նշանակում:
I տղամարդ — Մատաղացու ոչխար: Մորթում են, տերտերն աղոթում է, հետո ուտում են:
II տղամարդ — Մենք մատաղացու ոչխար ենք:
III տղամարդ — Այն խաղը, որը տանում են այնտեղ, անբարոյական է, իսկ արդարացնելու համար արյուն է հարկավոր:
I տղամարդ — Իմ արյունն առաջին կարգի է:
II տղամարդ — Իմը` երկրորդ:
III տղամարդ — Միայն չասեք` ազ­նըվականի արյուն ունեք:
I տղամարդ — Ի՞նչ իմանանք:
Դադար:
II տղամարդ — Ես կարոտել եմ անաղարտ լույսի:
III տղամարդ — Վախով ու նվաստացումով լույսի չես հասնի:
Դադար:
I տղամարդ — Զգուշացեք, մարդ է գալիս: (Լարված սպասում են:) Ոտնաձայն լսեցի:
Լսվում է ոստիկանական շչակի ձայնը: Վախեցած ոտքի են կանգնում, հետ նայելով` վազում: Ներս է մտնում Աղջիկը, ակնդետ նայում են նրան: Աղջիկն ատըր­ճանակներ է դնում սեղանին ու դուրս է գնում: Շչակի ձայնը աստիճանաբար խլանում է: Չգիտեն` նստե՞ն, թե՞ վազեն: Կանգնում են:
I տղամարդ — Տեր Աստված, ահա թե ուր հասանք: (Նստում են:)
III տղամարդ — Ահա թե մեզնից ինչ են սպասում:
II տղամարդ — Սա չլսված բան է: (Դադար:)
I տղամարդ — Ինչքան էլ ստիպեն, ձեր վրա չեմ կրակի:
II տղամարդ — Բայց քո մտքով անցավ, չէ՞:
I տղամարդ — Բնական է, չէ՞ որ ատրճանակ է: (Բացում է թմբուկը:) Ընդամենը մեկ գնդակ է, գուցե նրանք առաջարկում են, որ ինքնասպան լինենք: (Դադար:) Մենք ուզո՞ւմ ենք ինքնասպան լինել: Իմ կարծիքով, նրանք չարաչար սխալվում են: Անձամբ ես հույս ունեմ մինչև խոր ծերություն ապրել:
II տղամարդ — Ես մտածում եմ, որ այս պարագայում սխալմունք կա: Կյանքում մարդ չեմ սպանել… ճիշտ է, գառ եմ մորթել, բայց շատ զզվանքով: Այնպես ստացվեց, որ այդ պահին ուրիշ մորթող չկար, կանայք էին ու մի երիտասարդ աղջիկ, մոտավորապես այս Աղջկա տարիքին: Նրանք ինձ ստիպեցին ձեռքերս թաթախել գառան արյան մեջ: Չեմ կարծում, որ գառ մորթելու համար ինձ սադիստ կհամարեք: Աշխարհում շատ գառներ կան, որ մորթվում են և ուտվում: Եթե այդպես մտածենք, ապա ամբողջ մարդկությունն է…
III տղամարդ — Ի՞նչ:
II տղամարդ — Չգիտեմ` ինչպես բացատրել:
III տղամարդ — Նրանք մեզ լավ են ճանաչում: Դրա համար էլ ա-տըրճանակներ են ուղարկել: Կարող էին շոկոլադի սալիկներ ուղարկել, բայց ատրճանակ են ուղարկել:
I տղամարդ — Անձամբ ես պատիվ չեմ ունեցել ծանոթ լինել նրան, և հետո, ինչո՞ւ են ուղարկել: Մենք այնքան գիտակից մարդ ենք, որ…
III տղամարդ — Նրանք գիտեն, որ ձանձրույթից մեռնում ենք: Ոչ մի առաջընթաց, դոփում ենք տեղում ու իրար հայհոյում, իսկ ինչո՞ւ չկրակենք, մի քիչ չզվարճանանք:
II տղամարդ — Մենք ենք զվարճանալո՞ւ, թե՞ մեզ հետևողներին ենք զվարճացնելու: (Դադար:)
III տղամարդ — Մենք կարող ենք ռուսական ռուլետկա խաղալ: Թմբուկը պտտում ես ու դնում քունքիդ: Ողջ մնացողը կտիրանա մյուս աթոռներին:
I տղամարդ — Ես կգնամ ու իմ աթոռը մեծ հաճույքով կզիջեմ քեզ:
III տղամարդ — Եթե կարող ես` գնա: Ո՞ւմ ես սպասում: Գիտես, որ չես կարող… Եվ այսպես, վերցնում ենք ատրճանակները: (Վերցնում են:) Պտտեք թմբուկները: (Պտտում են:) Ավելի արագ, առանց կանգնելու: Միմյանց աչքերի մեջ չնայեք:
I տղամարդ — Ես չեմ ուզում մեռնել:
III տղամարդ — Ավելի արագ: Այս խաղը վախկոտների չի սիրում: Տղամարդ եղեք:
II տղամարդ — Մենք կարող ենք չկրակել:
I տղամարդ — Ես կրակել չգիտեմ:
III տղամարդ — Բավական է ստեք, փողը մոտեցնում ենք քունքներիս: (Մոտեցնում են:) Կհաշվեմ մինչև երեքը, ու կկրակենք:
I տղամարդ — Մենք ուրիշ ճանապարհ չունե՞նք:
III տղամարդ — Մեկ…
II տղամարդ — Իսկ եթե բախտներս չբերի՞:
III տղամարդ — Երկու…
I տղամարդ — Անիծյալ լինեք:
III տղամարդ — Երեք: Կրա՛կ: (Նրանք կրակում են ու տապալվում:)
I տղամարդ — Ես ողջ եմ: Եթե խոսում եմ, ուրեմն ողջ եմ: Օ՛, բարեկամներ, դուք էլ ողջ եք: (Կանգնում է, վերցնում է ատրճանակը:)
II տղամարդ — Այ թե փորձություն էր: Մարմինս փշաքաղվեց: (Վերցնում է ատրճանակը:)
III տղամարդ — Հակառակ մեր կամքի` պետք է խաղանք մինչև վերջ:
I տղամարդ — Ես չեմ ուզում խաղալ:
III տղամարդ — Բա ինչո՞ւ ես վեր- ­­ցրել ատրճանակը: Շպրտիր…
I տղամարդ — Որ ինձ պաշտպանեմ: Ես կարող եմ ինձ պաշտպանել: (Ատրճանակը պահում է նրանց վրա:)
III տղամարդ — Ուրեմն, դու մեզնից ես վախենում` ամենամոտիկ ընկերներից: Այսքան ճանապարհ անցանք, դիմացանք ամեն փորձության… Կամ կմիանաս մեզ…
II տղամարդ — Կամ էլ քեզ չենք ների:
I տղամարդ — Ընկերներ, պարոններ, տանը մեզ սպասող կա: Հայրենիքին անիմաստ զոհեր հարկավոր չեն: Նույնիսկ մարդկությունն է դեմ սպանությանը: Աստվածաշնչում գրված է «Մի՛ սպանիր»:
III տղամարդ — Ձեռքներդ բարձրացրեք: (Բարձրացնում են:) Թմբուկները պտտեք: Արագ, ավելի արագ… իսկ հիմա նշան բռնեք մեկդ մյուսի քունքին: (Կատարում են:) Հաշվում եմ մինչև երեքը: Մեկ, երկու, երեք… կրա՛կ: (Կրակում են ու տապալվում:)
I տղամարդ — Հի-հի-հի՛, ես խելագարվում եմ, եթե այսպես շարունակվի, ինձ գժանոց կտանեք: (Գոռում է:) Էլ չեմ դիմանում, շան քած, անբարոյականի ծնունդ:
II տղամարդ — Թրջե՞լ ես տակդ:
III տղամարդ — Երեքս էլ նույն վիճակում ենք:
I տղամարդ — (գոռում է): Ի՞նչ են ուզում, ինչո՞ւ են մեզ տանջամահ անում:
III տղամարդ — Զվարճալի է, չէ՞: (Սկսում են ծիծաղել:)
Ներս է մտնում Աղջիկը:
ԱՂՋԻԿ — Ես բավական ուշ հասա: Հասա այն պահին, երբ նրանք ընկած էին գետնին, իրենց իսկ արձակած գնդակից: Նրանցից արյուն էր հոսում, ես փակում եմ նրանց աչքերը, լուրթ աչքերը, որոնք ոչինչ չեն տեսնում: (Փակում է նրանց աչքերը:) Իսկ հիմա քնեք, քնեք խաղաղ ու հավերժ:
III տղամարդ — Մենք ողջ ենք, մենք ապրում ենք:
ԱՂՋԻԿ — Դուք ընկած եք ձեր իսկ ստեղծած ճահճի մեջ ու խոզի նման խռնչում եք:
II տղամարդ — Ձա՛յնդ… դու էիր պակաս, որ մեզ ապրել սովորեցնես:
I տղամարդ — Զգուշացեք, այդ աղջիկը նրանցից է…
III տղամարդ — Թեև իմ ուզած կանանցից չես, բայց կստիպեմ ինձ հարգել:
ԱՂՋԻԿ — Շարան-շարան, ոչխարները գնում են սար` որոճալու: Գայլերը նրանց են սպասում: Գայլերը նրանց կոկորդն են կրծում:
II տղամարդ — Ձայնդ կտրելո՞ւ ես…
ԱՂՋԻԿ — Ահա հոշոտված ոչխարը, նրանից արյուն է հոսում: (Երևում է հոշոտված ոչխարը:) Գորշ գայլերը լիզում են նրա արյունը:
I տղամարդ — Տեր Աստված, սա ի՞նչ է: (Երեքը սարսափած նայում են ոչխարին:)
ԱՂՋԻԿ — Ոչխարից արյուն է հոսում, մինչև արյան լճակ առաջանա:
I տղամարդ — Կյանքումս այսպիսի գարշելի տեսարան չէի տեսել:
ԱՂՋԻԿ — Լիզեք արյունը, գայլե՛ր:
III տղամարդ — Մենք գայլ չենք, մարդ ենք:
ԱՂՋԻԿ — Լիզեք արյունը, գայլե՛ր: Սա է ձեր ընթրիքը: Հրամայում եմ:
I տղամարդ — Աղջիկը հոգեկան հիվանդ է, մի՞թե ես նման եմ գայլի: Իմ բերանում ժանիք տեսնո՞ւմ եք:
II տղամարդ — Քո ատամները մեծ են:
I տղամարդ — Եթե գայլի ժանիքներ տեսած լինեիք` չէիք շփոթի:
III տղամարդ — Նրանք ուզում են, որ մենք գայլ դառնանք:
I տղամարդ — Այդքան ցածրանա՞լ… բացառվում է:
II տղամարդ — Մենք արյուն չենք լիզի:
I տղամարդ — Արյան տեսքն իսկ զզվելի է:
ԱՂՋԻԿ — Լիզեք արյունը, գայլե՜ր:
Երեքն սկսում են լիզել արյունը:
ԱՂՋԻԿ — Նրանք լիզեցին արյունը, նրանք կորցրին իրենց դեմքը, նրանք գայլ դարձան:
III տղամարդ — Բավական է:
Աղջիկը դուրս է գնում:
I տղամարդ — Այս ի՞նչ արեցինք, կորցրինք մեր մարդկային դեմքը:
II տղամարդ — Մեր դեմքն արյունոտ է:
III տղամարդ — Նրանք մեզ ստիպեցին գազան դառնալ: Դա աններելի է:
Երաժշտություն: I տղամարդը և II տղամարդը սկսում են պտտվել աթոռների շուրջը, III տղամարդը նստում է աթոռին:
I տղամարդ — Դու չես քայլում:
III տղամարդ — Ոչ ոք մեզ չի ասել, որ երաժշտության ժամանակ պիտի քայլենք:
II տղամարդ — Նկատի ունես, որ կարող ենք նստե՞լ:
I տղամարդ — Իսկ եթե…
III տղամարդ — Ի՞նչ… եթե վախենում եք` քայլեք, ես հրաժարվում եմ:
I տղամարդ — Դեռ ժամանակը չէ:
II տղամարդ — Ես էլ եմ նստում: (Նստում է:) Դու մեզ հետ չես:
I տղամարդ — Լավ, որտեղ դուք, այնտեղ էլ` ես:
Նստում են, երաժշտությունը մի քանի վայրկյան անց լռում է:
III տղամարդ — Տեսնո՞ւմ եք, այնքան էլ դժվար չէ մեր պայմանները թելադրել: Այս պահից ես կռվելու եմ իմ արժանապատվության համար:
II տղամարդ — Մենք չգիտենք` ինչ դժվարություններ ենք ունենալու:
I տղամարդ — Այստեղ տաք է, գազին փող չենք տալիս, ուտելիքի վրա փող չենք ծախսում, տանիք ունենք և, վերջապես, մեր աթոռները ո՞ւմ ենք թողնելու:
Մթություն:
II ՄԱՍ
I պատկեր

Ձյուն է գալիս, հեռվից լսվում է երաժշտությունը:
Նրանք իրար գրկած քայլում են:
I տղամարդ — Անտանելի ցուրտ է, շուտ եմ հարբուխ ընկնում, իսկ եթե հիվանդացա, էլ տեղիցս չեմ շարժվի:
II տղամարդ — Գոնե կրկնակոշիկ ունենայինք, ոտքերս սառեց:
III տղամարդ — Քիչ մնաց, լույսը երևում է, կհասնենք լույսին, իսկ այդտեղից ուր ուզենանք` կգնանք: (Դադար:)
I տղամարդ — Այդ լույսը նման չէ արևի, սառն է:
II տղամարդ — Նման է լուսնին:
I տղամարդ — Լուսինը այդքան գորշ չէ:
III տղամարդ — Այդ լույսը հենց այնպես չէր երևա, նախատեսված է միայն մեզ համար:
I տղամարդ — Իսկ ինչո՞ւ այսքան խավար ու հեռու…
III տղամարդ — Մառախուղ է, զգույշ, իրար չկորցնենք:
Քայլում են:
I տղամարդ — Տափաշշում օղի կա՞:
III տղամարդ — Պահում եմ նեղ օրվա համար:
I տղամարդ — Սրանից նեղ օր չկա, տուր, մի կում անեմ:
III տղամարդ — Մի կումից ավելի չխմես:
I տղամարդը խմում է:
II տղամարդ — Մենք կարող ենք սառչել ու մեռնել, այդ հեռանկարը ինձ սարսափեցնում է:
I տղամարդ — Կգան օրեր, որ մենք երանի կտանք մեր աթոռներին: Լսո՞ւմ եք, մեր երաժշտությունն է:
II տղամարդ — Մենք քայլում էինք ու նստում, քայլում էինք ու նստում:
I տղամարդ — Երջանիկ էինք:
III տղամարդ — Գնացինք: Առանց հետ նայելու: Մեր ապագան լույսն է, մեր նպատակը նրան հասնելն է: Հենց հասանք…
I տղամարդ — Դրախտի դռները բացվելու են ու մանանա է թափվելու: Մենք ուտելու ենք փորներս պայթելու չափ: Ես մեռնում եմ, ես մեռնում եմ սովից: 7 կինս ու 30 երեխաներս կորբանան:
II տղամարդ — Առաջարկում եմ վերադառնալ: Նրանք մեզ կներեն:
I տղամարդ — Ես սիրում եմ իմ երեխաներին, ամեն օր նրանց համար քաղցրավենիք էի գնում, սիրում եմ նաև իմ ձեռքով խմորեղեն թխել, այնքան մեծ տորթ էի թխում, որ մեկ ամիս ուտում էինք` չէր վերջանում:
III տղամարդ — Դրա համար ես փոր գցել:
I տղամարդ — Իմ փորը ազնվական յուղով է ճարպակալել:
II տղամարդ — Առաջարկում եմ քվեարկել:
III տղամարդ — Բավակա՜ն է, դուք ոչ տուն ունեք, ոչ ընտանիք: Ես տեսել եմ լույսը, առանց մտածելու հետևեք ինձ:
I տղամարդ — Մթնեց, չեմ տեսնում ձեզ: (Դադար:)
Ձեռքերը պարզած առաջ են քայլում:
I տղամարդ — Իմ կանայք ինձ սիրում էին: Ես ի՞նչ գործ ունեմ ձեզ հետ: Քաղաքական հայացքներ էլ չունեմ: Քեզ մոտ շեղվածություն կա:
II տղամարդ — Ես ապրում էի մեկուսի վայրում, գառներն էի տանում սար արածելու, իսկ երեկոյան վերադառնում էի տուն:
I տղամարդ — Գայլեր կայի՞ն:
II տղամարդ — Մի անգամ գայլը մտավ հոտ, 12 գառ խեղդեց, հրացանիս փողն ուղղեցի վրան, իսկ նա մարդու նման սկսեց ծիծաղել: Հասկացա, որ նրան հնարավոր չէ սպանել:
III տղամարդ — Դուք ինձ զայրացնում եք, բավական է դոփեք տեղում, մտածեք` ինչպես հասնենք լույսին:
I տղամարդ — Ցուրտ է, մատներս սառել են, ոտքերս առաջ չեն գնում:
II տղամարդ — Քունս տանում է, ուզում եմ երազ տեսնել:
II տղամարդ — Ամեն մեկդ մտել եք ձեր պատյանը, չեք ուզում դուրս գալ: Լույսն էլ կարծես չի երևում:
I տղամարդ — Ասում էիր, որ տեսնում ես լույսը, մենք էլ հիմարի պես հավատացինք քեզ:
III տղամարդ — Ես կբարձրանամ բլրի գագաթը և կտեսնեմ լույսը, իսկ դուք…
II տղամարդ — Իսկ դու մեր մասին մի մտածիր:
I տղամարդ — Ես քաղցած եմ, ես ծարավ եմ, ոտքերս առաջ չեն գնում:
III տղամարդ — Մենք պետք է մագլցենք բլուրը:
II տղամարդ — Մառախուղը խտանում է, իրար կկորցնենք:
Ձեռքերը առաջ պարզած քայլում են:
I տղամարդ — Աո՛ւ, որտե՞ղ եք: Կոշիկիս կապիչներն արձակվել են: Պարոնայք, ինձ չկորցնեք: (Կռանում է, որ կապիչները կապի: II տղամարդը դիպչում է նրան, նրանք ընկնում են:) Օգնեցե՛ք:
II տղամարդ — Մի գոռա, ես եմ:
I տղամարդ — Մտածեցի` վրաս հրեշ ընկավ: Ձեռքերս սառել են: Օգնիր կապեմ:
II տղամարդ — (կապում է): Մեր ընկերոջը տեսնո՞ւմ ես:
I տղամարդ — Անունն էլ չգիտենք, հիմա ինչպե՞ս գոռամ: Հե՛յ, եղբայր, մենք այստեղ ենք:
III տղամարդ — Հանգստացեք, ձեր կողքին եմ:
I տղամարդ — Լույսը տեսնո՞ւմ ես: Ի՞նչ գույն է, դեղի՞ն, կարմի՞ր, կապո՞ւյտ… ինչպես մեր փողկապնե՞րը:
III տղամարդ — Բլուրը խանգարում է, որ տեսնեմ:
I տղամարդ — Դու պատասխանատվություն վերցրիր, մենք քեզ հավատացինք, իսկ հիմա ինչ-որ մի բլուր խանգարում է:
III տղամարդ — Մենք պիտի բարձրանանք բլրի գագաթը:
II տղամարդ — Իսկ եթե չերևա՞…
III տղամարդ — Կիջնենք ու նորից կբարձրանանք:
I տղամարդ — Իսկ եթե լույս չկա՞… դու մեզ խաբեցիր:
III տղամարդ — Լույս կա: Մենք պիտի փնտրենք ու գտնենք:
II տղամարդ — Գտնելուց հետո ի՞նչ ենք անելու:
III տղամարդ — Լույսով ճանապարհը կերևա:
II տղամարդ — Ճանապարհը ո՞ւր է տանելու:
III տղամարդ — Մենք կգնանք, ուր որ ուզում ենք:
I տղամարդ — Բայց չէ՞ որ եկանք հենց այդտեղից:
Դադար:
I տղամարդ — Փոքր ժամանակ ուր ուզում` գնում էի, երբ մեծացա, սկսեցի գնալ այն ճանապարհով, որով կարող էի: Հետո ճանապարհը կորցրի: Մտածում եմ, որ անիմաստ է ճանապարհ փնտրելը: Այս բլուրը քարքարոտ է ու անանցանելի, կարող ենք ոտքերներս ջարդել:
III տղամարդ — Լույսի տակ կերևա իսկական ճանապարհը: Ոտքի կանգնեք, գնում ենք:
Դադար:
I տղամարդ — Քեզ չեմ հավատում, ավելի լավ է` ճանապարհի կեսից վերադառնամ:
III տղամարդ — Վերադարձիր, իսկ մենք կշարունակենք:
I տղամարդը փորձում է ոտքի կանգնել, չի կարողանում:
I տղամարդ — Ոտքերս չեմ զգում, ոտքերս սառել են, չեմ կարող քայլել: Օգնեցե՛ք, մեռնում եմ:
II տղամարդ — Փորձիր վեր կենալ, քեզ կօգնենք:
I տղամարդ — Չեմ կարող, ցավն անտանելի է:
II տղամարդ — (III տղամարդուն): Վերցնե՞նք մեր ուսերին:
III տղամարդ — Ճանապարհը երկար է, չենք դիմանա: Մենք էլ կզոհվենք:
I տղամարդ — Ինձ թողնում եք բախտի քմահաճույքի՞ն:
III տղամարդ — Խոստանում եմ, հենց լույսը գտնենք` կգանք: Դու սողա մեր հետևից, որ չսառչես:
II տղամարդ — Մի վախեցիր, կգամ, չեմ մոռանա բախտակից ընկերոջս:
I տղամարդ — Լույսը շա՞տ է հեռու:
III տղամարդ — Բլրի հետևն է: Չպառկես, սողա, անընդհատ սողա:
III և II տղամարդիկ գնում են, մնում է I տղամարդը:
I տղամարդ — Կարոտել եմ իմ աթոռին, պտտվում էի, հետո` նստում, պտտվում էի, նստում… Շատ հետաքրքիր կյանքով էի ապրում, ամենակարևորը` ապահով էի: Անիծյալ լինես, ինձ կործանեցիր:
Սկսում է սողալ:
Երկրորդ պատկեր
III և II տղամարդիկ ձեռքերը պարզած, խարխափելով քայլում են, I-ը հետին պլանում սողում է:
II տղամարդ — Տեսնո՞ւմ ես լույսը:
III տղամարդ — Չէ:
II տղամարդ — Կարծում ես` կտեսնե՞նք լույսը:
III տղամարդ — Պարտավոր ենք տեսնել:
II տղամարդ — Դեռ շա՞տ պիտի բարձրանանք:
III տղամարդ — Բուք ու խավար է, չեմ տեսնում:
II տղամարդ — Սա վերջ ունի՞:
III տղամարդ — Տեսողությունս վատացել է:
II տղամարդ — Տեսողությունդ ցրտից է վատացել:
III տղամարդ — Երբ տեսողությունս լավ էր, հոգս չունեի, կյանքին նայում էի գունա­վոր ապակիներով: Ամենագեղեցիկ գույնը կարմիրն էր: Սիրում էի կարմիր դրոշ բռնել:
II տղամարդ — Հանգստանանք:
III տղամարդ — Մեր ընկերն սպասում է:
I տղամարդ — (հեռվից): Օգնեցե՛ք:
II տղամարդ — Երևում է, նեղն է ընկել:
I տղամարդ — Օգնեցե՛ք:
III տղամարդ — Ապուշ… գայլերը նրան կհոշոտեն:
II տղամարդ — Մենակությունից վախենում է:
III տղամարդ — (գոռում է): Համակերպվիր վիճակիդ: (II տղամարդուն.) Դեռ մտածում է, որ կարող է քայլել:
II տղամարդ — Գլուխս պտտվում է, հոգնել եմ:
III տղամարդ — Հանգստացիր, բայց չնստես, կցրտահարվես:
II տղամարդ — Չեմ կարող կանգնել: (Նստում է:)
III տղամարդ — Կմեռնես:
II տղամարդ — Ինձ կթողնես մենա՞կ այս ամայի վայրում:
III տղամարդ — Ես պիտի գտնեմ այդ լույսը, հակառակ դեպքում կորած ենք:
Դադար:
II տղամարդ — Կնոջդ մասին պատմությունը ինձ շատ հուզեց:
III տղամարդ — Քո պատմությունն էլ էր ողբերգական:
II տղամարդ — Իսկ քո տարօրինակ ծնունդը ցնցեց հոգուս խորքը:
III տղամարդ — Ես էլ քո ծնունդով էի զարմացել:
II տղամարդ — Ես գիտեմ իմ ով լինելը, նույնիսկ տատիս անունը գիտեմ:
III տղամարդ — Քո կարծիքով, ես պապիս մասին չգիտե՞մ:
II տղամարդ — Իմ պապը հայտնի մարդ էր, անուն ազգանուն ուներ:
III տղամարդ — Իմ պապը կարմիր ձիով քաղաք է գնացել ու ոտքով վերադարձել է: Ձին խաղատանն է տարվել:
II տղամարդ — Ցավալի է, որ չկարողացանք լիարժեք կյանքով ապրել:
III տղամարդ — Հերիք է հանգստանանք, գնացինք:
II տղամարդ — Չէ, հոգնել եմ, ուզում եմ քնել, մտքերս սառել են, չեմ կարող քեզ օգնել:
III տղամարդ — Ինձ մենակ մի թող:
II տղամարդ — Ես կպառկեմ, իսկ դու գնա, օգնության կանչիր:
III տղամարդ — Մենք լավ ընկերներ ենք, հենց լույսը գտնեմ` կգամ քո հետևից:
II տղամարդ — Ոչ մի լույս էլ չկա: Դու չես գա: Գնա, չեմ ուզում քեզ տեսնել:
III տղամարդ — Չքնես, սողա իմ հետևից:
II տղամարդ — Լավ: Իմ մասին մի մտածիր, ես կսողամ:
III տղամարդ — Արի համբուրվենք եղբայրաբար: (Համբուրվում են:)
II տղամարդ — Խնդրում եմ, շուտ գտիր լույսը:
III տղամարդը վազքով հեռանում է:
I տղամարդ — (սողալով): Ինձ մոռացան: (Գոռում է:) Օգնեցե՛ք, ես ողջ եմ, ես վախենում եմ:
II տղամարդ — Նա չի վերադառնա, խոսքի տերը չի լինի: Խավարից սիրտս կծկվում է: Օգնեցե՛ք, ես չեմ ուզում մեռնել:
Վազելով մտնում է III տղա­մար­դը, նայում է երկինք, փնտրում է լույսն ու նորից անհետանում:
I տղամարդ — Ես կդիմեմ միջազգային կազմակերպություններին, նրանք պարտավոր են ինձ օգնել: Ես կողմ եմ միջազգային համերաշխությանը: (Սողում է:)
II տղամարդ — Նախանձում էի նրան, այնքան սուր միտք ուներ, զգում էր, որ ատում եմ իրեն: (Դադար: Սողում է:) Նա գիտեր, դրա համար էլ ինձ թողեց այստեղ: Ցրտից մատներս կապտել են, պիտի սողամ, հակառակ դեպքում գլուխս էլ կկորցնեմ:
Վազելով ներս է մտնում III տղամարդը:
III տղամարդ — Վերջապես: (Ընկնում է ցած:) Վերջապես հասա գագաթին: (Նայում է շուրջը:) Մութ է, ոչինչ չի երևում: (Լսվում են I և II տղամարդկանց կանչերը:) Նրանք ինձ են սպասում: Տեր Աստված, օգնիր ինձ, նրանց միակ հույսն եմ: (Դադար: Նայում է երկինք, հետո` ներքև:) Անիծյալ անդունդ, ոնց է քաշում իրեն: (Մի քայլ ետ է սողում:) Մի՞թե իմ տեսած լույսը խաբկանք էր:
Հեռվից ճիչ է լսվում: Երևում է հին լուսարձակ, ետևում փշալարեր են` գառան մորթին վրան:
III տղամարդ — Ահա և լույսը: (Մոտենում է, հետո վախեցած ըն­կըրկում է:) Եղբայրներ, սա լույս չէ, ընդամենը լուսարձակ է, մենք սխալ ճանապարհ ենք ընտրել: Մենք կմեռնենք դանդաղ սողալով, անիծելով ամեն օրը: Ես չեմ կարող ձեզ օգնել:
Հեծեծալով ընկնում է ցած: Երևում է Աղջիկը: Նա մոտենում, պարանի օղակն անցկացնում է նրանց պարանոցը: Պարանի մյուս ծայրը փաթաթում է ձեռքին ու քաշում է: Զանգում է բջջային հեռախոսով:
ԱՂՋԻԿ — Ալո, բռնեցի փախստականներին… թավալ են գալիս իրենց ստեղծած կյանքի մեջ:
I տղամարդ — Ես չեմ ուզում սողալ, ես ուզում եմ երկու ոտքով քայլել: (Սողում է:) Ես սողուն չեմ, ես մարդ եմ, ուզում եմ մարդավարի ապրել: Այն ապուրը, որ ինձ հրամցրին` խոզն էլ կհրաժարվեր:
ԱՂՋԻԿ — (քաշում է I տղամարդու պարանը): Դու դատապարտված ես: Քո կատարած հանցանքը մեծ է, քավիր մեղքդ, խոզ:
I տղամարդ — Խնդրում եմ, խղճացեք մեղավորիս, ես չէի ուզում փախչել: Նրանք ստիպեցին: Ես կարոտել եմ իմ աթոռին, պատրաստ եմ անվեհապահորեն ենթարկվել ձեր բոլոր հրամաններին: Պատրաստ եմ հրաժարվել լույսից: Ազատությունը հիմարություն է, աշխարհն այնքան է փոքրացել` դարձել է մի բռան չափ: Ես պատրաստ եմ ցանկացած ստորության, ուզո՞ւմ եք` զրպարտչական նամակներ գրեմ: Կարմիր փողկապավորը բռնության կողմնակից է, իսկ կապույտ փողկապավորը շատ համարձակ քաղաքական հայացքներ ունի, նա ասում է, որ նախագահի աչքերի վերևում հոնքեր կան, իսկ ատամները… ես վախենում եմ արտահայտվել:
Աղջիկը կապում է նրա ոտքերն ու ձեռքերը, միացնում պարանոցին:
I տղամարդ — Խնդրում եմ, այդպես մի կապեք, ես ոչխար չեմ, ես պատրաստ եմ ուրանալ կրոնս, հայրենիքս, կնոջս ու երեխաներիս: 7 կին և 30 երեխա` դատարկ բառեր են: Կյանքում կին չեմ տեսել: Դուք շարունակում եք պարանը ձգել… վիզս շատ բարակ է և ցավի նկատմամբ զգայուն: Ես գիտեմ` ով է ինձ դատապարտել: Ես պատրաստ եմ կրել պատիժը:
Դադար: Աղջիկը մոտենում է II տղամարդուն ու սկսում նրան կապել:
II տղամարդ — Տիկին, ես չգիտեմ` ով է ինձ դատապարտել: Նա մարդու որդի՞ է, թե՞ անասնական ցեղի է պատկանում: Համենայնդեպս, նրան չեմ ներում: Եթե սպանելու ես` միանգամից սպանիր: Ես հոգնել եմ սպասելուց…
Աղջիկը մոտենում է III տղա­մարդուն:
III տղամարդ — Ձեր մեղադրանքները կեղծ են ու շինծու: Ես չեմ ընդունում: Ես ազատ մարդ եմ, մարդ, ով արժանապատվություն ունի: Ես խոզ չեմ: Ես ձեզ ներում եմ… Ես ունեմ վերջին ցանկության իրավունք: Թույլ տուր տափաշիշս դատարկեմ: (Աղջիկը տալիս է տափաշիշը: Նա խմում է մինչև վերջ:) Լավ է, սիրտս հովացավ: Դուք ասում եք` դատապարտված եմ: Հա, ես դատապարտված եմ…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։