Ջանիբեկ ՂՈՒԿԱՍՅԱՆ / ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ

 

Պատմագեղարվեստական դրամա 2 գործողությամբ,
8 տեսարանով

Գործող անձինք
ՀԱԿՈԲ — հարուստ վաճառական, ով հետո պիտի դառնա Մեղապարտ` Հայոց գրատպության սկզբնավորողը, մոտ 40 տարեկան
ՄԱՐԿՈ ԾԻԱՆԻ — իտալացի գործարար, Վենետիկում բացել է «Հայոց տուն» իջևանատունը
ՋՈՎԱՆՆԻ ԲԵԼԼԻՆԻ — նկարիչ, Բարձր Վերածննդի հիմնադիրը Վենետիկում, 82 տարեկան
ՏԻՑԻԱՆ ՎԵՉԵԼԼԻՈ — Բելլինիի աշակերտը, 36 տարեկան
ԱՐԻԱՆՆԱ — իտալուհի հնագետ-պատմաբան
ՋՈՒԱՆ ԱԼԲԵՐՏՈ — վենետիկցի տպագրիչ-ձուլագործ վարպետ
ՏՈՏՈ, ՎՈԼՈՆՏԵ, ՍՈՐԴԻ — վենետիկցի վաճառականներ
ԵՐԵՄԻԱ — Հակոբի քարավանապետը
ԳԼԱԿ — քարավանի ուղեցույց ուղտապանը
ԳԱՅԼ ԱՐԲԱԿ — քարավանի պահակախմբի ղեկավարը
Սպասավորներ, սպասուհիներ, ուղտապաններ, նվագողներ, երգողներ, պարողներ:

Գործողությունները տեղի են ունենում 1512 թվականին, Իտալիայի Վենետիկ քաղաքում:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Տեսարան առաջին
Բեմը ներկայացնում է իտալական վերածննդի ոճով կառուցված «Հայոց տուն» իջևանատան բակը: Իջևանատան անվանումը հայատառ է: Բակի մի անկյունում գտնվող սյունին ամրացված է լվացարան: Վարագույրը բացվելուց առաջ լսվում են քարավանի զանգերի ղողանջներ, ուղտերի բառաչ, ուղտապանների ձայներ՝ «Ողջո՜ւյն, Վենետիկ», «Ողջո՜ւյն, «Հայոց տուն»: «Դարպասներդ բա՛ց, «Հայոց տուն»»:
Իջևանատնից դուրս է գալիս Մարկո Ծիանին՝ իջևանատան սպասավորների հետ, ովքեր արագ բացում են դարպասները: Ներս է մտնում Հակոբը՝ ջուղայեցի վաճառականի տարազով: Նրան հետևում են երկու սպասավոր:
ՀԱԿՈԲ — Սինյոր Մարկո՜, բարեկամս…
ՄԱՐԿՈ — Սինյոր Հակո՜բ: Բարո՛վ տեսանք: (Գրկախառնվում են, ողջագուրվում:) Մենք ձեզ մեկ շաբաթ առաջ կսպասեինք:
ՀԱԿՈԲ — Ես ևս կջանայի մեկ շաբաթ առաջ իջևանել քո հյուրընկալ հարկի տակ, բայց ջենովացիք խանգարեցին:
ՄԱՐԿՈ — Ջենովացի՞ք: Ազնիվ վաճառականիդ ո՞վ համարձակ- վեց…
ՀԱԿՈԲ — (ընդհատելով): Սիրելի Մարկո Ծիանի, ինձ սխալ հասկացար: Ավելի ճիշտ՝ ե՛ս սխալ արտահայտվեցի: Ջենովացիք, պարզապես, քարավանս բեռնաթափեցին: Կարծես առաջին անգամ էին արևելյան ապրանքներ տեսնում: Հազիվ մի քանի ուղտաբեռ փրկեցի` վենետիկցի իմ հարգարժան վաճառականների համար:
ՄԱՐԿՈ — Բրավո, բարեկամս: Այդ ապիկար ջենովացիներին պետք չէ երես տալ:
ՀԱԿՈԲ — Հաջորդ այցիս այնքա՛ն ապրանք բերեմ, որ ջենովացոց ոսկիները չհերիքեն:
ՄԱՐԿՈ — Այդպե՛ս պիտի հագեցնես նրանց ծարավը: (Սպասավորներին.) Ուղտերը բեռնաթափեք, ապրանքը պահեստավորեք: Իսկ դու, փոքրավոր, վազիր շուկա և վաճառակններին ավետիր Արե-վելքի մեծ խոջայի գալուստը:
Սպասավորները գնում են հանձնարարությունը կատարելու: Գա- լիս է սպասուհին, ձեռքին` ջրի սափոր ու սրբիչ:
ՄԱՐԿՈ — Իսկ հիմա, բարեկամս, ազատվիր ճանապարհի փոշուց, մինչև բաղնիքը կտաքացվի:
Սպասուհին ջուրը լցնում է լվացարանի մեջ: Հակոբը լվացվում է, սրբվում:
ՀԱԿՈԲ — Ուխա՜յ, ի՜նչ երկնային պարգև է ջուրը, սինյորա: Իզուր չեն ասել՝ կենարար, կենսատու: Անգամ ոսկու հետ չեմ փոխի: Ի՜նչ թարմություն է հաղորդում, ի՜նչ ավյուն: (Սրբիչը տալիս է սպասուհուն:)
ՍՊԱՍՈՒՀԻ — Ձեզ հավերժ թար- մություն եմ մաղթում, սինյոր: (Նազանքով ժպտում է:)
ՀԱԿՈԲ — Շնորհակալություն, անուշիկս:
ՄԱՐԿՈ — Ապրանքը գնահատել գիտես, Հակոբ: Ճշմարիտ ես: Ջուրն է կյանքի աղբյուրը: Բայց այժմ հարկ է, որ վայելես վենետիկյան խորտիկները, որոնք գրգռեն պիտի ջրի պահանջդ:
ՀԱԿՈԲ — Սիրո՜վ, բարեկամս:
Հակոբը, Մարկոն, սպասավորները գնում են: Բեմում միայն սպասուհին է:
ՍՊԱՍՈՒՀԻ — (մեկուսի): Իսկ հիմա լուր ուղարկեմ Արիաննային, որ Հակոբը ժամանել է: (Գնում է:)
Հնչում է դարպասի կոչնակը:
ՍՊԱՍԱՎՈՐ — (ներսից): Եկա, եկա՜… (Բացում դարպասի դուռը:)
Բակ են մտնում Տոտոն, Վոլոնտեն, Սորդին, երկու սպասավոր:
ՏՈՏՈ — (սպասավորին): Դռները գոցել՝ ճաշի եք նստել, հա՞:
ՎՈԼՈՆՏԵ — Մարկոն այդպես էլ չսովորեց պատվական վաճառականներիս ճաշի հրավիրել:
ՍՈՐԴԻ — Երբ Հակոբն այստեղ է, նա ամենքիս մոռանում է:
ՍՊԱՍԱՎՈՐ — Ներս համեցեք, սինյորներ, ես հիմա կզեկուցեմ:
ՏՈՏՈ — Սպասի՛ր: Ներս չենք գալու: Սպասուհիներին կանչիր, թող ամառային տաղավարում սեղան բացեն: (Իրենց սպասավորներին.) Եղած-չեղածը նե՛րս բերեք:
Սպասավորները գնում, ներս են բերում արկղերով գինի, մեծ շամփուրին հագցված խորոված խոճկոր, ձկնեղեն և այլ ուտելիքներ: Սպասուհիներն արդեն բակում են, օգնում են տաղավարում սեղան բացել: Գալիս է Մարկո Ծիանին:
ՄԱՐԿՈ ԾԻԱՆԻ — (կեղծ բարկացած): Այս ի՞նչ խառնակություն է, սինյորներ, ի՞նչ գրոհ է «Հայոց տան» վրա: Ճանապարհից եկած մարդ կա, չեք թողնում` փոքր-ինչ հանգստանա:
ՏՈՏՈ — Ծիանի՜, եղբայր, մոռանում ես` վաճառականը վաճառականին կփնտրե, ոչ թե` հանգիստ:
ՎՈԼՈՆՏԵ — Եվ, հանգստից առաջ, Ծիանի, ուտել կուզե:
ՍՈՐԴԻ — Իսկ նրա ճաշակը մե՛նք գիտենք:
ՄԱՐԿՈ — Ուրեմն ես՝ «Հայոց տան» տերս, Հակոբի ճաշակը չգիտե՞մ:
ՏՈՏՈ — Գիտե՜ս, բա ո՜նց… Նայի՛ր այստեղ: (Ցույց է տալիս բացված սեղանը:) Ա՛յ, սա՛ է Հակոբի ճաշակը, ոչ թե քո իտալական սպագետին:
Գալիս է Հակոբը:
ՀԱԿՈԲ — Այդպես էլ գիտեի, բարեկամներս, որ միայն դուք կարող եք այսպիսի աղմուկ բարձրացնել: (Ողջագուրվում է վաճառականների հետ:) Տոտո, սիրելիս… Օ՜, Վոլոնտե, խոճկորը դո՞ւ ես խորովել: Գինին էլ, հաստատ, Սորդիի մառանից է:
ՍՈՐԴԻ — Քեֆ ենք անելու, Հակոբ, հայավարի:
ՏՈՏՈ — Բայց մինչև սեղանը կարգի բերեն, եղբայր Հակոբ, ասա տեսնենք` ջենովացիներից ի՞նչ ես կարողացել փրկել, հասցնել մեզ:
ՀԱԿՈԲ — Որտեղի՞ց իմացաք:
ՏՈՏՈ — Լրաբեր աղավնին հայտնեց:
ՀԱԿՈԲ — Ապահով եղեք, սինյորներ: Ինչ որ ձեզ պետք է՝ բերել եմ. պարսկական մետաքս, դամասկոսյան դիպակներ, գոհարեղեն, համեմունք, մոմ…
ՏՈՏՈ — Հայկական համեմունք:
ՀԱԿՈԲ — Իհարկե, հայկակա՛ն: Քո սիրած ռեհան ու սամիթ, համեմ ու մաղադանոս: Նաև թեյախոտեր՝ քարաուրց և դաղձ…
ՍՈՐԴԻ — Սեղանը պատրաստ է, համեցեք:
Մոտենում են սեղանին, տեղավորվում: Մատռվակը գինի է լցնում գավաթները:
Բաժակների զնգոց, բարեմաղթանքի խոսքեր… Ներս են գալիս երաժիշտներ, պարուհիներ և պարող տղաներ, երգիչ-երգչուհիներ: Աշխույժ երգ ու պար, երբեմն նրանց են միանում գինովցած վաճառականները:
ՄԱՐԿՈ — (երաժիշտներին): Իսկ հիմա՝ հայկակա՛ն պարեղանակ:
Տոտոն, Վոլոնտեն և Սորդին Հակոբին հրավիրում են պարի:
Տեսարան երկրորդ
Ադրիատիկ ծովի ափ: Երեկո է: Արիաննան հայացքը հառել է հեռուն,
սպասում է ինչ- որ մեկին:
ԱՐԻԱՆՆԱ — (մեկուսի): Չէ՛, Հակոբ, դու ինձ չես սիրում: Հակառակ դեպքում վաղուց այստեղ կլինեիր: Չէ՞ որ քեզ լուր եմ ուղարկել, որ այս ժամին այստեղ կսպասեմ:
ՀԱԿՈԲ — (հեռվից): Արիաննա՜, Արիաննա՜…
ԱՐԻԱՆՆԱ — Այստե՜ղ եմ, Հակոբ… այստե՜ղ եմ…
ՀԱԿՈԲ — (ներս է վազում, գրկախառնվում են ): Արիաննա, սիրելիս…
ԱՐԻԱՆՆԱ — Հակո՜բ: Ի՜նչ անհոգի ես, երկու տարի է՝ աչքս ջուր կտրեց: Բոլոր եկվորներին հարց ու փորձ էի անում, ոչ ոք քեզնից լուր չուներ:
ՀԱԿՈԲ — Դժվար է վաճառականի գործը, Արիաննա, միշտ ճանապարհին…
ԱՐԻԱՆՆԱ — Մնա՛ միշտ ինձ մոտ, Հակոբ, հրաժարվի՛ր թափառա- կան կյանքից:
ՀԱԿՈԲ — Չե՜մ կարող, հոգյա՜կս…
ԱՐԻԱՆՆԱ — (խռովկան): Չես կարող, որովհետև ինձ չես սիրում…
ՀԱԿՈԲ — Ի՞նչ ես ասում, խենթս: Սիրո՜ւմ եմ քեզ… Բայց չեմ կարող մշտապես լքել իմ ծննդավայրը: Ջուղան մեծ քաղաք չէ, Արիաննա, բայց սիրելի է ինձ, ի՛մն է, ես հոգով կապված եմ նրա հողին ու ջրին: (Ներշնչանքով:) Հոյակա՜պ է Երասխ գետը, Արիաննա: Հին Կտակարանում կոչվել է Գիհոն, որը եբրայերեն նշանակում է «Հարձակմամբ հոսող»: Հին աշխարհի հեղինակներն այն կոչել են Արաքս, որ հունարեն նշանակում է աղմկոտ: Խելառ, աղմկոտ գետ է, առաջ է վազում՝ ափերին զարկվելով: Իմացիր նաև, իմ Արիաննա, Գիհոնը դրախտի չորս գետերից մեկն է: «Եվ գետն Երասխ՝ կամուրջներ չհանդուրժող». քո հայրենակցի՝ հռոմեացի մեծ բանաստեղծ Վերգիլիոսի խոսքերն են՝ գրված ավելի քան մեկուկես հազարամյակ առաջ: Բայց ջուղայեցիք կարողացել են «թամբել» խելառ «երիվարին»՝ Երասխ գետը. հոյակա՜պ է հնգաթռիչք կամուրջը՝ վեհանի՛ստ, հզո՛ր, գետի երկու ափերը՝ սիրահար սրտերը իրար կապող կամուրջը… (Դադար:) Արիաննա, մանկությանս օրերին, ընկերներիս հետ ինչքա՜ն եմ նստել գետափի ժայռերին՝ հմայված նայել ներքևում սրընթաց հոսող ջրերին ու ցած նետվել՝ արևից շիկացած մարմինիս տապը մարել գետի սառը ջրերում… (Խոհերով տարված` լռում է:)
ԱՐԻԱՆՆԱ — Պատմի՛ր, էլի՛ պատմիր, Հակոբ:
ՀԱԿՈԲ — (սթափվելով): Պատմե՞մ: Ո՞ր մեկը պատմեմ: Ծածկած շուկա՞ն՝ արևելյան վառ գույներով ու բույրերով լեցուն: Այնտեղի ժխորն անգամ ախորժալուր է ունկերիս: Հապա Սուրբ Սարգիս, Սուրբ Աստվածածին, Սուրբ Գևորգ և Սուրբ Հովհաննես եկեղեցիների մանրանկարներն ու ձեռագիր մատյաննե՜րը… Իսկ Ջուղայի խաչքարադա՞շտը: Դա՛ է առաջին հրաշալիքն աշխարհի: Դու պատկերացնո՞ւմ ես, Արիաննա, այդ խաչքարադաշտը գերեզմանատուն է: Ջուղան ընդամենը քսան հազար բնակիչ ունի, իսկ այնտեղ տաս հազար խաչքար ու մի այդքան էլ տապանաքար կա: Իմ նախնիներն են այդտեղ թաղված՝ սկսած 9-րդ դարից: Ինչպե՞ս կարող եմ լքել նրանց:
ԱՐԻԱՆՆԱ — (տխուր): Ես էլ չէի կարող, Հակոբ:
ՀԱԿՈԲ — Այդ խաչքարերը չեն կրկնում միմյանց: Եզակի են: Քարագործ վարպետներից յուրաքանչյուրը ի՛ր ձեռագիրն ունի, ի՛ր ոճը:
ԱՐԻԱՆՆԱ — Տար ինձ Ջուղա, Հա- կոբ: Ես սիրեցի քո քաղաքը: Ես հնագետ-պատմաբան եմ, կուսումնասիրեմ Ջուղայի խաչքարադաշտը և կգրեմ նրա պատ- մությունը:
ՀԱԿՈԲ — Իսկ գիտե՞ս, որ աշխարհում ոչ մի այլ ազգ խաչքար չունի: Խաչքարը հայկական երևույթ է ու հայի մենաշնորհը:
ԱՐԻԱՆՆԱ — Տու՛ր ինձ այդ հնարա- վորությունը, Հակոբ, տա՛ր ինձ Հայաստան, Ջուղա, որ կարողանամ ճանաչել ու պանծացնել այդ եզակի երևույթը:
ՀԱԿՈԲ — Չե՜մ կարող, Արիաննա, հայ քրիստոնյան չի կարող երկու կին ունենալ: Բազմակնությունը մեզ մոտ արգելված է: Իսկ հարսնացուիս` Մարիամին, չեմ կարող լքել:
ԱՐԻԱՆՆԱ — Բայց կարող ես դավաճանել:
ՀԱԿՈԲ — Գեղացկությունը սիրելը մի՞թե դավաճանություն է:
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ, յու՛ր տենում աղւոր, նայ սիրեմ,
Թէ զյաւիտենից պատճառն եմ ուսել, ես երթամ, ասեմ.
Զաղէկն այլ ի գիրկս առնեմ,
զաստուծոյ երթամ, ցըցընեմ.
— Զաղէկըն դու ՛ ստեղծեցիր, ինձ
յէ՞ր մեղք դընես, թէ սիրեմ:
ԱՐԻԱՆՆԱ — Ի՜նչ գեղեցիկ ու ճշմարիտ է ասված՝
Գեղեցիկը դո՛ւ ստեղծեցիր,
Աստված,
Ինչո՞ւ ես ինձ մեղադրում,
որ սիրում եմ:
Ո՞վ է գրել:
ՀԱԿՈԲ — Իմ հայրենակիցը՝ Նահա- պետ Քուչակը՝ երիտասարդ, բայց արդեն հայտնի աշուղ-երգիչ, նա ապրում է Խառակոնիս գյուղում, Վանի նահանգում:
ԱՐԻԱՆՆԱ — Նա էլ, երևի, քեզ նման երկու քարի արանքում է:
ՀԱԿՈԲ — Երկու սիրո՛, խենթուկս, երկու սիրո՛:
ԱՐԻԱՆՆԱ — Գնա՜նք սիրո ետևից: Գնա՜նք, ծովի ալիքներում վայելենք մեր սերը:
Վազում են դեպի ծով:
Տեսարան երրորդ
Բելլինիի արվեստանոցը: Ամեն կողմ՝ նկարներ, նկարակալի մոտ նստած է Բելլինին, կողքին` Տիցիանը:
ԲԵԼԼԻՆԻ — Աստված բարեհաճ չգտնվեց իմ նկատմամբ, Տիցիանո, ինձ՝ ծերուկիս, որ շուտով ութսուներկուսս կբոլորեմ, թողեց, Ջորջոնեին տարավ, իմ հանճարեղ աշակերտին:
ՏԻՑԻԱՆ — Եվ իմ լավագույն ընկե- րոջը, Բելլինի:
ԲԵԼԼԻՆԻ — Երկու տարի է անցել նրա մահից, բայց չեմ կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Ինձ շա՜տ էր օգնում: Եվ այսօր, երբ ձեռքս տկար է արդեն, նրա կարիքն առավե՛լ եմ զգում:
ՏԻՑԻԱՆ — Քեզ, վարպետ, էլի՛ օգնա- կաններ կլինեն: Իսկ ես կորցրի մի ընկերոջ, որին ոչ ոք չի կարող փոխարինել:
Ներս է մտնում Հակոբը:
ՀԱԿՈԲ — Ողջույն, սինյորներ: (Հա- նում է գլխարկը, խոնարհվում:) Եկա, որ հարգանքիս հավաստիքը հաղորդեմ իմ լավ բարեկամներին:
ԲԵԼԼԻՆԻ, ՏԻՑԻԱՆ — Ողջո՜ւյն, Հա- կոբ:
Տիցիանը կանգնում է, ողջագուրվում: Հակոբը մոտենում է նստած Բելլինիին՝ ողջագուրվում:
ԲԵԼԼԻՆԻ — Ե՞րբ ես եկել, Հակոբ:
ՀԱԿՈԲ — Երեկ, սինյոր Բելլինի: Ու անմիջապես աճապարեցի իմ ողջույնը բերել Իտալիո մեծ նկարչիդ, մեծագույն ուսուցչապետիդ: Ուրախ եմ, որ ձեզ ողջ-առողջ եմ տեսնում:
ԲԵԼԼԻՆԻ — Շնորհակալ եմ, Հակոբ, իսկ մենք այստեղ…
ՀԱԿՈԲ — …փորձում եք վերլուծել- մեկնաբանել աշխարհի առեղծ- վածը:
ԲԵԼԼԻՆԻ — Եթե կարողանայի՜նք: Անհնարին բան ես ասում, Հակոբ:
ՀԱԿՈԲ — Վարպետ, դու Վերածննդի հիմնադիրը եղար Վենետիկում ու քո արվեստանոցում բազում նկարիչների կյանքի ուղեգիր տվեցիր, մի՞թե աշխարհի առեղծվածը չբացահայտեցիր քո գեղանկարներում: Այստեղ, այս արվեստանոցում քո գոյի անմահության սկիզբը դրեցիր:
ԲԵԼԼԻՆԻ — Չափազանցնում ես արածս, եղբայր: Ես միայն շարունակել եմ իմ նախորդների գործը: Ես ռահվիրա չեմ, որ անմահանամ:
ՀԱԿՈԲ — (մեկուսի, երազկոտ): Ռահվիրա՜: Իսկ ի՞նչ եմ անում ես: Կանցնեմ-կգնամ անհետք, անհիշատակ:
ԲԵԼԼԻՆԻ — Մտահո՞գ ես, Հակոբ:
ՀԱԿՈԲ — (սթափվելով): Մտահոգ եմ, Բելլինի… (Խուսանավում է, զրույցը տանում այլ ուղղությամբ:) Այս անգամ էլ չկարողացա կատարել ձեր պատվերը:
ՏԻՑԻԱՆ — Խոսքը կտուրն ես գցում, Հակոբ: Պարզ երևում է՝ այլ հարց է քեզ մտահոգում:
ՀԱԿՈԲ — Իրոք, բարեկամներս, շատ տեղերում եղա՝ Էրզրումի նահանգում, Ուրմիո լճափին, անգամ Էջմիածին գնացի, որտեղ որդան կարմիրի միջատներ կան, բայց ոչ մի տեղ այլևս կարմին չեն պատրաստում: 8-րդ դարից ի վեր կորսվել է, մոռացության է մատնվել դրա պատրաստման եղանակը: Էջմիածնի Մայր տաճարի վարդապետներն ու ծաղկող-գրիչները շատ հմուտ վարպետներ են, բազմիցս փորձել են կարմին պատրաստել, բայց ապարդյուն. ներկը չի ունեցել այն պայծառությունը, լույսի, ժամանակի և բնական այլ գործոնների նկատմամբ այն կայունությունը, որով օժտված է եղել սկզբնապես:
ԲԵԼԼԻՆԻ — Հին հռոմեական և հու- նական աղբյուրներն էլ են դա վկայում. որդան կարմիրը համարվել է ամենագեղեցիկ ու դիմացկուն ներկը աշխարհում: Շատ տիրակալների՝ արքաների և իշխանների զգեստներն են ներկվել դրանով: Այն ծառայել է նաև որպես արքայական և կաթողիկոսական կնիքների ներկ: Դրա համար էլ ստացել է «Արքայական ծիրանի» անունը:
ՏԻՑԻԱՆ — Կարմիր որդանը առա- տորեն օգտագործվել է նաև մանրանկարչության և որմնանկարչության մեջ և դրա համար էլ, ինչպես վկայում է I դարի հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը, Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվող գլխավոր ապրանքներից մեկն է եղել:
ՀԱԿՈԲ — Եթե տեսնե՜ք Անիի ավե- րակները… 500 տարի առաջ ստեղծված որմնանկարները՝ կատարված որդան կարմիրով, մինչև այժմ պահպանում են իրենց փայլն ու ամրությունը, թեև անընդմեջ ենթարկվել են բնության ավերիչ ազդեցությանը՝ արև, անձրև, շոգ ու սառնամանիք…
ՏԻՑԻԱՆ — Հրաշք է, իրոք:
ԲԵԼԼԻՆԻ — Հուսանք, որ հայ վարպետները օրից մի օր կվերագտնեն կարմինի պատրաստման կորսված գաղտնիքն ու մեզ անակնկալ կմատուցեն:
ՀԱԿՈԲ — Բայց մինչ այդ ուրի՛շ անակնկալ է ձեզ սպասում, սինյորներ. ձեզ ընծա եմ բերել՝ դամասկոսյան դիպակ, որից պատրաստված զգեստները ձեզ կառանձնացնեն հասարակության մեջ:
ԲԵԼԼԻՆԻ, ՏԻՑԻԱՆ — Շնորհակալ ենք, Հակոբ:
ԲԵԼԼԻՆԻ — Մենք էլ քեզ համար անակնկալ ունենք. յուրաքանչյուրիցս մեկ նկար, որ միշտ ունենաս քո տանը՝ Ջուղայում:
ՀԱԿՈԲ — Մեծ պատիվ է, սինյորներ:
ԲԵԼԼԻՆԻ — Հակոբ, դու ոչ միայն վաճառական, այլև մտավորական ես, որ գիր-գրականություն, արվեստ կսիրես, ինչո՞ւ քո հայրենիքում չես հովանավորում, չես նպաստում դրանց զարգացմանը:
ՀԱԿՈԲ — Է՜, սինյորներ, իմ հայրե- նիքը այսօր կոխան է դարձել հարավից ու արևելքից ներխուժող այլազան երուզակների ոտքերի տակ, մանավանդ վերջին հինգ դարում օսմանյան սուլթանների ու պարսկական շահերի՝ միմյանց դեմ ծառացող ուժերը իրար են բախվում Հայաստանի համար և Հայաստանի հողի վրա՝ երկիրս մատնելով տնտեսական և մշակութային քայքայման: Այսօր մեծ է նաև ազգիս ֆիզիկական բնաջնջման վտանգը, և Հայոց եկեղեցին ջանքեր է գործադրում կանխելու այն. համախմբում է ժողովրդին, դիմում քրիստոնեական բարեկամ երկների օգնությանը: Սին հույսեր. առ այսօր ոչ մի օգնություն: Եվ չկա մի նոր Տիգրան Մեծ, որ այդ ելուզակներին, զավթիչներին ցույց տա փախուստի ճամփան, կամ մի բուռ հող լցնի դիակների աչքերին, որ նրանց ծակաչք ագահությունը հագուրդ ստանա:
ԲԵԼԼԻՆԻ — Ամեն ազգի Տիգրան Մեծ է պետք, որ ազգը ոչ միայն գոյատևի, այլև բարգավաճի:
ՏԻՑԻԱՆ — Տիգրան Մեծը շատ է օգնել նաև մեր նախնիներին՝ Հռոմի կառավարիչներին՝ պաշտ- պանելու Հռոմը թշնամիներից:
ԲԵԼԼԻՆԻ — Այո, դարեր շարունակ հայերը եղել են մեր ամենահավատարիմ բարեկամները: Հիշո՞ւմ եք, սկսած 6-8-րդ դարերից Իտալիո փոխարքայի պաշտոնը բազմիցս վստահվել է հայազգի զորահրամանատարներին: Նրանց նստավայր Ռավեննա քաղաքի կայազորի զբաղեցրած շրջանն անգամ կոչվել է «Արմենիա»: Մեր պատմության էջերում պահպանվել են հայազգի փոխարքաներ Նարսես Պատրիկի և Իսահակ Հայկազնի անունները, ովքեր շատ բան են արել Իտալիո արքայական տների զորացման համար: Իսկ Սիցիլիայի կառավարիչների թվում հիշատակվում են Հովհաննես Արշակունու որդի Արտաբանը, Մժեժ իշխանը և կեսար տիտղոսի արժանացած Ալեքս-Մուշեղ Մամիկոնյանը:
ՏԻՑԻԱՆ — Իսկ մե՞նք, իտալացիներս, այսօր ի՞նչ ենք անում, որ օգնենք տկարության, վտանգի մեջ հայտնված մեր հայ բարեկամներին:
ԲԵԼԼԻՆԻ — Ճշմարիտ է: Մենք պետք է աջակցնեք, որ Հակոբը գոնե այստեղ՝ Վենետիկում, մի գործ ձեռնարկի՝ ի նպաստ ազգի:
ՀԱԿՈԲ — Շնորհակալ եմ, սինյորներ, մտահոգության համար: Ես ևս ինչքան ժամանակ է` մտածում եմ այդ մասին: Խորհելու բան է:
ԲԵԼԼԻՆԻ — Մտածիր, որոշիր: Հարկ լինի՝ կօգնենք:
ՀԱԿՈԲ — Կխորհեմ: (Նայելով գրպանի ժամացույցին:) Իսկ այժմ թույլ տվեք հեռանալ: Կարևոր հանդիպում ունեմ վաճառակնների հետ:
ԲԵԼԼԻՆԻ, ՏԻՑԻԱՆ — Իհարկե, ճըշ-տապահությունը հարգի է:
ՀԱԿՈԲ — Ցտեսություն:
ԲԵԼԼԻՆԻ, ՏԻՑԻԱՆ — Ի տեսություն:
Հակոբը գնում է:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան առաջին
Գիշեր է: «Հայոց տուն» իջևանատուն: Մոմերով լուսավորված սենյակում անհանգիստ քայլում է Հակոբը:

ՀԱԿՈԲ — Երիցս ճշմարիտ են Բելլինին և Տիցիանը: Երկիր կառավարելը, պահպանելը իշխանավորների, բանակի, աշխարհազորայինների գործն է: Իսկ մենք՝ ունևոր վաճառականներս, ինչպե՞ս պիտի օգտակար լինենք մեր ժողովրդին: Եթե այսօր մեր հարստությունը չծառայեցնենք հայրենիքի վերաշինությանը, հզորացմանը, վաղը ազգը մեզ կմոռանա, չի հիշի: Միայն մանր-մունր բարեգործությամբ չէ, որ պիտի ազգը ճանաչելի դարձնենք աշխարհին: Մտավորականության հետ մենք՝ մեծահարուստ վաճառականներս էլ պետք է հոգանք ազգային մշակույթի զարգացման մասին, քանզի մշակույթն է, որ պիտի պանծացնի ազգը ժամանակի հոլովույթում:
Մի պահ մտորելուց հետո, կարևոր որոշում կայացրած մարդու վճռականությամբ, հնչեցնում է զանգը: Ներս է մտնում սպասավորը:
ՍՊԱՍԱՎՈՐ — (խոնարհվելով): Լը- սում եմ, սինյոր:
ՀԱԿՈԲ — Ծանր է գիշերը ու երկար, մտքերս էլ՝ խառնափնթոր: Չգիտեմ՝ ինչպե՞ս կարճեմ գիշերը:
ՍՊԱՍԱՎՈՐ — (խորամանկ ժպիտով): Գուցե կի՞ն է ուզում ձեր սիրտը, սինյոր: Բայց եթե Արիաննան իմանա՜…
ՀԱԿՈԲ — Վենետիկի մեջ միայն կանա՞յք կարող են կարճել գիշերը:
ՍՊԱՍԱՎՈՐ — Նաև գինին, սինյոր, հրամայեք, և ես…
ՀԱԿՈԲ — Գինին էլ չի կարող օգնել:
ՍՊԱՍԱՎՈՐ — Այդ դեպքում ձեզ կառաջարկեմ մի թուրմ, որի մի քանի կաթիլը ձեզ քուն կպարգևի: Թուրմը անձամբ ես եմ պատրաստել:
ՀԱԿՈԲ — Առանց այն էլ մարդն այս կարճ կյանքի մեկ երրորդը քնած է անցկացնում: Ես ցանկանում եմ այս գիշերը ցերեկ անել…
ՍՊԱՍԱՎՈՐ — Դա անկարելի է, սինյոր: Դա Աստծո կամքն է: Նա է սահմանել գիշերն ու ցերեկը:
ՀԱԿՈԲ — (ծիծաղելով): Իմ լա՜վ բարեկամ: Ես մտադիր չեմ խախտել գիշերվա ու ցերեկվա հերթագայությունը, պարզապես ցանկանում եմ գիշերային անդորրի մեջ լուծել շատ կարևոր մի խնդիր:
ՍՊԱՍԱՎՈՐ — Աստված հաջողի:
ՀԱԿՈԲ — Աստվա՛ծ հաջողի, բայց ինձ նաև մարդու օգնությունն է պետք:
ՍՊԱՍԱՎՈՐ — Եվ ո՞վ է այդ մարդը:
ՀԱԿՈԲ — Դու:
ՍՊԱՍԱՎՈՐ — Ե՞ս…
ՀԱԿՈԲ — Ճանաչո՞ւմ ես Վենետիկի ամենալավ տպագրիչին:
ՍՊԱՍԱՎՈՐ — Իհարկե, սինյոր:
ՀԱԿՈԲ — Ուրեմն, կանչիր նրան այստեղ:
ՍՊԱՍԱՎՈՐ — Գիշերակեսի՞ն:
ՀԱԿՈԲ — Հենց հիմա: Նրան լավ կվարձատրեմ գիշերվա չվայելած քնի համար: Այդպես էլ ասա նրան:
ՍՊԱՍԱՎՈՐ — Շատ բարի, սինյոր: (Գնում է:)
ՀԱԿՈԲ — (կանգնած է վառվող մոմերի առաջ): Տե՛ր իմ: Քո բարի, ամենակարող ձեռքը ինձ միշտ հովանի է եղել, ու իմ բոլոր ձեռնարկումները հաջողել են: Եվրոպայում ու Արևելքում մեծ վաճառականի համբավ եմ վայելում ու նաև մեծ հարստություն ունեմ` արծաթ ու ոսկի: Բայց ինչի՞ս է պետք այդ ամենը. ժառանգ չունեմ, ու իմ մահից հետո ինձ ոչ ոք չի հիշի: Տե՛ր իմ, ուզում եմ նոր գործ ձեռնարկել, այնպիսի՛ գործ… (Մի պահ լռում է:) Չկարծես, Աստված, թե հոգիս վարակվել է փառասիրության ախտով: Ո՜չ: Ցանկությունս է ազգիս համար անել մի գործ, մի սրբազան, աստվածահաճո գործ, որը նրան կպանծացնի և իր արժանի տեղը կապահովի եվրոպական ազգերի մեջ, քաղաքակրթության պատմության մեջ: Զորավի՛գ եղիր, տե՛ր իմ, իմ նոր ձեռնարկին: (Խաչակնքում է:)
Ներս է մտնում տպագրիչ Ջուան Ալբերտոն՝ սպասավորի ուղեկցությամբ:
ՀԱԿՈԲ — Շնորհակալ եմ, որ չմերժեցիք:
ԱԼԲԵՐՏՈ — Գիշերը թող բարի լինի, սինյոր: Ինձ կոչում են Ջուան Ալբերտո, տպագրիչ: Ինչո՞վ եմ արժանացել ձեր ուշադրությանը:
ՀԱԿՈԲ — (սպասավորին դրամ տալով): Դու կարող ես գնալ: (Սպասավորը գնում է:) Իսկ դուք, սինյոր, նստեք, խնդրեմ, մեր զրույցը կարող է գիշերվա պես երկարել:
Տպագրիչը նստում է սեղանի մոտ: Հակոբը խոսում է՝ քայլելով:
ՀԱԿՈԲ — Ձեր մասին լսել եմ: Դուք անվանի տպագիչ եք, Անտոնիո, համբավավոր: Կուզեմ իմանալ՝ ծանո՞թ եք, արդյոք, հայոց այբուբենին:
ԱԼԲԵՐՏՈ — (փոքր-ինչ նեղացկոտ տոնով): Ես բազմաթիվ ազգերի գրերը գիտեմ, ինչպե՞ս կարող եմ հայոց այբուբենը չիմանալ:
ՀԱԿՈԲ — Անձդ վիրավորել չուզեցի, այլ ճշտել՝ ի՞նչ և ինչպե՞ս գիտեք:
ԱԼԲԵՐՏՈ — Հայոց գրերը սուրբ են՝ ստեղծված սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից դեռևս 5-րդ դարում: Նա ստեղծել է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող նշանագրերը: «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»,- վկայում է նրա աշակերտ Կորյունը «Վարք Մաշտոցի» գրքում:
ՀԱԿՈԲ — Ես հիացած եմ ձեր գիտելիքներով, Ալբերտո: Իրո՛ք հիացած եմ:
ԱԼԲԵՐՏՈ — Ես պարտավոր եմ իմանալ այդ ամենը: Չէ՞ որ տպագրիչ եմ: Իսկ, այ, վաճառականությունից բոլորովին բան չեմ հասկանում:
ՀԱԿՈԲ — (ձեռքը թափ տալով): Է՛հ, վաճառականություն…
ԱԼԲԵՐՏՈ — Սինյոր, այդպես արհա- մարհանքով մի խոսեք վաճառականության մասին: Դա էլ մեծ արվեստ է. պետք է խորությամբ ուսումնասիրել շուկան, ճանապարհները, մարդկանց… Այլապես ո՛չ ապրանքդ տեղ կհասցնես՝ ճանապարհի ավազակների բաժին կանես, ո՛չ էլ տեղ հասցրած ապրանքդ կարող ես շահավետ գնով վաճառել ու կսնանկանաս: Իսկ դուք…
ՀԱԿՈԲ — Թողեք, խնդրեմ, այդ ձանձրալի զրույցը: Ավելի լավ է՝ պատմե՛ք ինձ հեքիաթը:
ԱԼԲԵՐՏՈ — Ի՞նչ հեքիաթ, ո՞ր հե- քիաթը…
ՀԱԿՈԲ — Հայոց գրերի հեքիաթը:
ԱԼԲԵՐՏՈ — (բազմիմաստ): Այո՜…
ՀԱԿՈԲ — Իսկ տեղյա՞կ եք, հայոց տպագիր գրեր կա՞ն:
ԱԼԲԵՐՏՈ — Եղել են, սինյոր: Դեռևս 1486-ին Մայնցում հրատարակված իր գրքում Բրայնդենբախը զետեղել է նաև հայոց այբուբենը:
ՀԱԿՈԲ — Իսկ պաշտպանվե՞լ են այդ գրերը, որտե՞ղ են դրանք:
ԱԼԲԵՐՏՈ — Չկան: Չեմ տեսել:
ՀԱԿՈԲ — Ափսո՜ս… Իսկ դուք կարո՞ղ եք ստեղծել հայերեն տպագիր նոր գրեր:
ԱԼԲԵՐՏՈ — (ծիծաղելով): Մի՞թե դեռ չեք վաճառել Վենետիկ բերած ձեր ապրանքը:
ՀԱԿՈԲ — Դա ի՞նչ համեմատելու բան է:
ԱԼԲԵՐՏՈ — Տառեր ձուլելն էլ իմ գործն է, սինյոր, լատին, թե հայոց:
ՀԱԿՈԲ — Ուրեմն՝ գրեք պայմանա- գիրը: Դուք ստեղծում եք հայոց տպագիր գրերը, և միասին Վենետիկում բացում ենք հայոց առաջին տպարանը:
ԱԼԲԵՐՏՈ — Իսկ ձեր վաճառակա­- նական գործե՞րը:
ՀԱԿՈԲ — Դրանով զբաղվողներ կլինեն:
Տեսարան երկրորդ
Ադրիատիկի ափին: Հովանոցի տակ նստած են Հակոբն ու Արիաննան: Երկուսն էլ լողազգեստով են:
ՀԱԿՈԲ — Եթե իմանաս, թե անցած գիշեր ինչ է տեղի ունեցել՝ ուրախությունից կուշաթափվես: Չէ, պար կգաս:
ԱՐԻԱՆՆԱ — Գուշակում եմ, սիրելիս, դու անցած գիշեր առևտրական մի մեծ գործարքի պայմանագիր ես կնքել:
ՀԱԿՈԲ — Ի՜նչ պրոզայիկ է, տաղտ- կալի: Ո՞ւր է քո վառ երևակայությունը…
ԱՐԻԱՆՆԱ — Ուրեմն… Ուրեմն… Ընկերներիդ հետ մի լա՜վ գինարբուք ես սարքել:
ՀԱԿՈԲ — Դարձյա՛լ նյութական: Իսկ ո՞ւր չքացավ հոգևորը:
ԱՐԻԱՆՆԱ — (վախեցած): Նոր աղ­ջըկա՞ ես հանդիպել:
Հակոբ — Խենթու՜կս: Քանի դու կաս՝ Վենետիկում կարո՞ղ եմ ուրիշ գեղեցկուհի գտնել:
ԱՐԻԱՆՆԱ — (նեղացկոտ): Վախենամ՝ կարենաս:
ՀԱԿՈԲ — Վախենամ՝ չկարենամ: Իսկ դու չգուշակեցիր:
ԱՐԻԱՆՆԱ — Դե ասա, թե չէ հիմա կուշաթափվեմ:
ՀԱԿՈԲ — Ես մնում եմ, Աիրաննա, ես մնում եմ Վենետիկում, քեզ մոտ…
ԱՐԻԱՆՆԱ — Ի՜նչ: Անհավատալի է… կատակու՞մ ես: Ուրեմն, վերջապես, իմ սերը հաղթե՞ց…
ՀԱԿՈԲ — Դու կարող ես հրճվել, ուրախանալ, ես, իրոք, մնում եմ: Բայց պիտի հիասթափացնեմ, խենթուկս. ոչ թե քո սերը հաղթեց. այլ…
ԱՐԻԱՆՆԱ — Ես այդպես էլ գիտեի: Կանացի բնազդս չի խաբում. դու ուրիշին ես գտել:
ՀԱԿՈԲ — Այո՜, ես ուրիշի՛ն եմ գտել…
ԱՐԻԱՆՆԱ — Ես քեզ կխեղդեմ, անիրավ, ես քեզ թույլ չեմ տա…
ՀԱԿՈԲ — Մի՛ խանդիր, խենթուկս, իմ նոր սերը կին չէ, այլ գիրք:
ԱՐԻԱՆՆԱ — Գի՞րք: Դու սիրահար- ված ես ինչ-որ գրքի՞: Աստվա՜ծ իմ, այս մարդը խելագարվել է:
ՀԱԿՈԲ — Վենետիկում տպարան եմ հիմնադրում, հայկական գրքեր պիտի տպագրեմ:
ԱՐԻԱՆՆԱ — Չեմ հասկանում… դա է՞լ առևտրական շահ է հետապնդում:
ՀԱԿՈԲ — (զայրացած): Շա՛հ, շա՛հ: Կանայք, բացի շահից, ուրիշ բան չե՞ն ընդունում:
ԱՐԻԱՆՆԱ — (ծիծաղելով): Եվ սերը:
ՀԱԿՈԲ — Ուրեմն՝ վերջինը: Սերը և պարտքը ազգիս նկատմամբ ստիպեցին ձեռնարկել այս հանդուգն գործը:
ԱՐԻԱՆՆԱ — Փառքդ շատ, Աստված, այժմ Հակոբը ամբողջովին իմը կլինի, հավիտյանս հավիտենից: Ամեն:
ՀԱԿՈԲ — (ծիծաղելով): Ջուրը չտեսած՝ մի բոբիկանա: Գործս գլուխ կբերեմ, մի քանի տարի կաշխատեմ ու հայդե՝ Ջուղա:
ԱՐԻԱՆՆԱ — Իսկ ես կարծո՜ւմ էի…
ՀԱԿՈԲ — Եվ դու ճիշտ ես կարծում, սիրելիս: Քանի այստեղ եմ՝ սեր կանենք: Մարդը մի անգամ է ծնվում, չէ՞: Գեղեցկացնենք, ուրեմն, հաճելի դարձնենք մեր կարճ կյանքը սիրով:
ԱՐԻԱՆՆԱ — Ի՜նչ լավն ես, սիրելիս: Գնանք, ծովը մեզ է սպասում: Ծովի ալիքների մեջ…
Խոսքը կիսատ թողնելով՝ բռնում է Հակոբի ձեռքը և տանում դեպի ծովը:
Տեսարան երրորդ
«Հայոց տուն» իջևանատան բակը: Դրսից լսվում է. «Աճապարեք, շարժվելու ժամն է», «Դե, բարձրացրու, Արշամ, ի՞նչ ես մոլորվել», «Ծանր է, օգնեք»… Իջևանատնից դուրս է գալիս Հակոբը: Նկատելիորեն հուզված է:
ՀԱԿՈԲ — Ծանր է բաժանվել քա-րավանից, հարազատ դարձած մարդկանցից: Ինչքա՜ն փոր- ձություններ ենք կրել միասին, ինչքա՜ն դժվարություններ հաղթահարել: Ու հիմա պիտի բաժանվենք:
Դարպասներից ներս է գալիս Երեմիան:
ԵՐԵՄԻԱ — Բարի լույս, աղա:
ՀԱԿՈԲ — Բարի լույս, Երեմիա, իմ հավատարիմ քարավանապետ: Բեռները բարձվա՞ծ են, քարավանը պատրա՞ստ է:
ԵՐԵՄԻԱ — Բեռները բարձված են, քարավանը պատրաստ է, հիմա կուղևորվենք: Բայց վերջին պահին ևս մեկ անգամ ուզում եմ հարցնել՝ մտափոխ չե՞ք եղել, չե՞ք ցանկանում վերդառնալ հայ- րենիք:
ՀԱԿՈԲ — Ո՛չ, Երեմիա, ո՛չ: Գործը, որ ձեռնարկել եմ, այդպե՛ս է պահանջում:
ԵՐԵՄԻԱ — Իսկ ի՞նչ ասեմ օրիորդ Մարիամին, ի՞նչ պատասխան տամ Ջուղա քաղաքին: Պիտի հարցնի՝ ո՞ւր է իմ մեծահամբավ զավակը:
ՀԱԿՈԲ — Իմ ողջույնները հաղորդիր նրանց: Ասա, որ ես կկարոտեմ իրենց, շա՜տ կկարոտեմ: Բայց այլ կերպ չեմ կարող. մեծ գործը մեծ զոհողություններ է պահանջում:
ԵՐԵՄԻԱ — Ճշմարիտ ես, աղա:
ՀԱԿՈԲ — Առաջին անգամ առանց ինձ պիտի առաջնորդես քարավանը: Վստահ եմ՝ ամեն ինչ բարեհաջող կլինի:
ԵՐԵՄԻԱ — Կջանամ, աղա:
ՀԱԿՈԲ — Դու միշտ ջանացել ես, Երեմիա, շնորհակալ եմ քեզ:
Դարպասից հերթով իջևանատան բակ են մտնում քարավանի ուղեցույց-առաջնորդ ուղտապանը, քարավանի պահախմբի ղեկավարը, ուղտապաններ և հրաժեշտ տալիս Հակոբին:
ԳԼԱԿ — Օրհնի՛ր, աղա, մեր ճանա- պարհը:
ՀԱԿՈԲ — Աստված օրհնի: (Կատա- կով:) Գլակ, կարծում եմ, ճանապարհը չես մոռացել ու քարավանը կառաջնորդես անսխալ:
ԳԼԱԿ — Տասը տարուց ավել է, աղա, այդ ճանապարհի փոշին եմ կուլ տալիս…
ՀԱԿՈԲ — Դե, ուրեմն, ճանապարհդ ի բարին:
Ողջագուրվում են, Գլակը գնում է: Ներս է մտնում Գայլ Արբակը:
ԱՐԲԱԿ — Անփորձանք ճանապարհ մաղթիր, աղա:
ՀԱԿՈԲ — Աստված ձեզ պահապան: Բայց գիտես, չէ՞, Արբակ, Աստված թույլերին չի սիրում: Պահախումբդ պատրա՞ստ է մեծ ճանապարհի ելուզակներին հակահարված տալու, քարավանը պաշտպանելու:
ԱՐԲԱԿ — (խորամանակ ժպտալով): Աղա, ավազակները կհամարձակվե՞ն հարձակվել Գայլ Արբակի պահպանությանը հանձնված քարավանի վրա:
ՀԱԿՈԲ — Այո, միայն քո անունը սարսափով է լցնում ելուզակների սրտերը և նրանք փոխում են ճանապարհը, որ քեզ չհանդիպեն:
ԱՐԲԱԿ — Շնորհակալ եմ գովեստի խոսքերիդ համար, աղա: Մինչ նոր տեսություն:
ՀԱԿՈԲ — Անփորձանք ճանապարհ, Արբակ:
Ողջագուրվում են, Արբակը դուրս է գնում: Ներս են գալիս մի խումբ ջորեպաններ:
ՋՈՐԵՊԱՆՆԵՐ — Օրհնի՛ր մեր ճանա- պարհը, աղա:
ՀԱԿՈԲ — Աստված օրհնի: Բայց դուք պինդ եղեք և աչալուրջ: Ջորիների վրա ընթացքի ժամանակ չքնեք: (Ակնարկում է ջորեպաններից մեկին, ով հասկանում է ակնարկն ու առաջ գալիս:)
ՋՈՐԵՊԱՆ — Աղա, երբ մեզ հետ չեք, ես աչալուրջ կլինեմ, չեմ քնի:
ՀԱԿՈԲ — Ապրես, Արշակ:
Ջորեպանները ողջագուրվում են Հակոբի հետ ու դուրս գնում:
ԵՐԵՄԻԱ — Հերթը հասավ ինձ, աղա:
ՀԱԿՈԲ — Այո, Երեմիա:
ԵՐԵՄԻԱ — Ի՞նչ կպատվիրեք:
ՀԱԿՈԲ — Երբ կհասնեք Ջուղայի դարպասներին, Երեմիա, ծունր կիջնես, իմ փոխարեն կհամբուրես հողը և որդիական խոնարհ ողջույններս կհաղորդես իմ մանկության դաշտերին:
ԵՐԵՄԻԱ — Եվ կարճ ժամանակ անց քո հարազատ քաղաքի ողջույնները կբերեմ քեզ, աղա:
ՀԱԿՈԲ — Հա, չմոռանամ: Բելլինիի և Տիցիանոյի ընծա նկարները կհանձնես սուրբ Աստվածածին եկեղեցու թանգարան, որ բոլորը կարողանան դիտել այդ գլուխգործոցները: Հայերը պետք է ճանաչեն նաև Իտալիո մշակույթը:
ԵՐԵՄԻԱ — Հրամանքդ, աղա:
ՀԱԿՈԲ — Դե, բարի ճանապարհ:
ԵՐԵՄԻԱ — Մինչ նոր հանդիպում:
Ողջագուրվում են, Երեմիան գնում է: Լսվում են հեռացող քարավանի զանգերի ղողանջները: Հակոբը կանգնած է լուռ և հուզմունքով լսում է զանգերի ղողանջները այնքան ժամանակ, մինչև որ դրանք մարում են հեռվում:
ՀԱԿՈԲ — Գնացին: Տեսնես, մեկ էլ ե՞րբ կհանդիպենք: Ե՞րբ լուր կստանամ իմ Հայաստան աշխարհից, նրա մի փոքրիկ մասնիկը կազմող Ջուղա քաղաքից և օրիորդ Մարիամից:
Տեսարան չորրորդ
Տպարան, դազգահներ, արկղներ՝ ձուլածո տառերով: Մի քանի բանվոր աշխատում են: Ներս են մտնում Հակոբը և Ալբերտոն:
ՀԱԿՈԲ — Ասում ես՝ տառերն արդեն պատրա՞ստ են:
ԱԼԲԵՐՏՈ — Ոչ միայն տառերը, սինյոր Հակոբ, այլև բոլոր սարքավորումներն ու հարմարանքները, որոնք անհրաժեշտ են գրատպության համար: Ինչպես տեսնում եք, տպարանն արդեն լրիվ կահավորված է:
ՀԱԿՈԲ — Բրավո, Ալբերտո, հոգացել ես ամեն ինչի մասին:
ԱԼԲԵՐՏՈ — Հմուտ վարպետը գիտի իր անելիքը և չի սպասում պատվիրատուի հուշումներին:
ՀԱԿՈԲ — Քեզ կարգում եմ տպա- րանի կառավարիչ, իսկ հիմա ցույց տուր հայոց ձուլածո գրերը:
Ալբերտոն ցույց է տալիս արկղները` լցված ձուլածո տառերով:
ԱԼԲԵՐՏՈ — Ահա «ա» տառը, սինյոր, սա էլ «բ»-ն է: Իսկ երրորդ արկղում «գ»-ն: Եվ այսպես՝ մինչև «ք»-ն:
Հակոբը մեկ-մեկ վերցնում է տառերը և հիացմունքով դիտում:
ԱԼԲԵՐՏՈ — (ցույց է տալիս ուրիշ արկղները): Սրանք էլ ծաղկատառ գլխագրերն են ու զարդագրերը: Իսկ սրանք պատկեր­- ների, զարդերի ու վերնախորագրային շրջանակների տպատախտակներն են:
ՀԱԿՈԲ — Նորի՛ց բրավո, Ալբերտո:
ԱԼԲԵՐՏՈ — Սա դեռ բոլորը չէ, սինյոր: Արդեն հավաքել եմ մի էջ՝ որպես փորձանմուշ: (Ցույց է տալիս հավաքած էջը:)
Բեմի առաստաղից՝ ի տես հանդիսատեսի, իջնում է գրքի էջի լուսապատճենը:
ԱԼԲԵՐՏՈ — Ինչպես տեսնում եք՝ տառերը բոլորագիր են և ուղղահայաց: Դա մեծ խորհուրդ ունի, սինյոր: Հպարտ կեցվածքով հայոց գրերն են, որոնք, ինչպես հայոց հպարտ զինվորները, պիտի հաղթեն ժամանակի ու մոռացության դեմ գալիք ճակատամարտերում:
ՀԱԿՈԲ — Այո, գիրքը ապագայի երջանկության և հզորության կռվաններից, երաշխիքներից մեկն է: Գիրքն է գիտելիքների շտեմարանը: Իսկ գիտելիքը մտքի շարժիչ ուժն է, մարդկության քաղաքակրթության զարգացման ամենահզոր զենքը:
ԱԼԲԵՐՏՈ — Գիրքը հեքիաթային լապտեր է, սինյոր, որ մարդուն լույս է պարգևում կյանքի մթին ճանապարհներին: Այսուհետ այդ լապտերը կծառայի նաև հա՛յ մարդուն:
ՀԱԿՈԲ — Քո ձուլած գրերը կարծես գիտակցում են իրենց առաքելությունը, դրա համար են զինվորի հպարտ կեցվածք ընդունել:
ԱԼԲԵՐՏՈ — Սինյոր Հակոբ, ես պատրաստել եմ նաև տպարանանիշը, որն այսուհետ կտպվի ձեր հրատարակված բոլոր գրքերի վրա: Ահա, տեսե՛ք:
Առաստաղից իջնում է տպարանանիշի լուսապատճենը, որը տեղ է գրավում նմուշ-էջի կողքին: Հակոբը ուշադիր նայում է:
ԱԼԲԵՐՏՈ — Լատինական D տառը «Դել սերվիս» բառի, որ կնշանակի «Աստծո ծառա», սկզբնատառն է: L-ը` Յակոբուս՝ Հակոբ բառն է, որը ձեր անունն է, Z-ը՝ Ծաննի՝ ձեր Հովհաննեսն է, ձեր հոր անունը, իսկ A-ն՝ Արմենիուս — հայ կնշանակի: Հավանո՞ւմ եք:
ՀԱԿՈԲ — Հիանա՜լի է, Ալբերտո: Իսկ հիմա ես քեզ կտամ այս ձեռագիր մատյանը (հանում է պայուսակից և մեկնում նրան), որտեղ ամփոփված են բժշկական բաղադրատոմսեր: Ուղևորության ըն­- թացքում դրանք ինձ շատ են պետք եկել: Այստեղ զետեղված է նաև մի հատված հայ հոգևորական, մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքից, որը նույնպես բալասան է՝ ամենայն ախտի դեմ: Լսիր, կարդամ.
Ո՜վ ամենօրհնյալ որդիդ Աստծո,
Կենդանարար Հոր անքնին ծնունդ,
Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ,
Բավական է, որ ծագի անստվեր
Ճաճանչը փառքի քո
ողորմության,
Որպեսզի իսկույն հալվի
անեն մեղք,
Դևը հալածվի, հանցանքը ջնջվի,
Կապանքը խզվի,
խորտակվի շղթան,
Մահացածները կենդանածնվեն,
Խոցը բժշկվի, վերքն առողջանա,
Վերանա ամեն ապականություն,
Թախիծն ընկրկի,
ողբը նահանջի,
Խավարը փախչի, մութը
վերանա, գիշերը գնա,
Չարիքը չքվի, տագնապն
հեռանա,
Հուսահատությունն
հալածվի անհետ,
Եվ թագավորի ձեռքդ
ամենակար, քավիչ բոլորի:
ԱԼԲԵՐՏՈ — Հանճարե՛ղ խոսք է, հանճարի գրչին վայել:
ՀԱԿՈԲ — Հայի համար ամենալավ բժշկարանն այդ գիրքն է, որ դնում են հիվանդի բարձի տակ: Եվ հիվանդներն ապաքինվում են: Այո, ոչ միայն ճարն է բուժում հիվանդին, այլև հավատը: Իսկ Նարեկացուն ու նրա մարգարեությանը՝ ի խորոց սրտի խոսքն Աստծո հետ, բոլորն են հավատում: Եվ գիրքն այդ ժողովուրդը կոչել է Նարեկ:
ԱԼԲԵՐՏՈ — Այո՛, հավատն ու սերը պիտի դնել մեր կեցության հիմքում: Հավատն ու սերը կփրկեն աշխարհը չարից:
ՀԱԿՈԲ — Ուրեմն, ի գործ, Ալբերտո, վերցրու այս ձեռագիր մատյանն ու դարձրու տպագիր, բազմօրինակ, որպեսզի այն հասանելի լինի ոչ միայն ինձ, այլև այլոց: Եվ անունն էլ դիր «Ուրբաթագիրք»: Թող իմ առաջնեկը լինի «Ուրբաթագիրք», քանզի ուրբաթը մեծ խորհուրդ ունի. այն խաչելության օրն է և հենց այդ ժամանակ է, որ սատանան, մեղքերը, հիվանդությունները պարտվում են խաչի զորությամբ և լքում մարդու մարմինը՝ ազատելով նրան ամենայն տանջանքներից:
ԱԼԲԵՐՏՈ — Իսկ արտոնագրի հա՞ր- ցը, սինյոր:
ՀԱԿՈԲ — Լուծված է: Ես պատիվ ունեմ Վենետիկի մեծ դոժի ծանոթը լինելու և վայելում եմ նրա հարգանքը, բայց այս հարցում ինձ մեծ աջակցություն ցույց տվեց Բելլինին: Նա մեծ դոժին անձամբ միջնորդեց արտոնագրի համար, իմ երաշխավորը եղավ:
ԱԼԲԵՐՏՈ — Բելլինին ոչ միայն մեծ նկարիչ է, այլև մեծ հումանիստ, բարի գործոց աջակից:
ՀԱԿՈԲ — Ալբերտո, պետք է խոս- տովանեմ, որ Վենետիկում, Իտալիո մեջ, ընդհանրապես, ինձ զգում եմ ինչպես իմ տանը` հայոց մեջ: Եվ գիտե՞ս՝ ինչու: Որովհետև մենք շատ ընդհան- րություններ ունենք. խոհեմ ու հանդարտաբարո ենք, միաժամանակ՝ տաքարյուն ու աղմկարար: Դա էլ ազնիվ բռնկումների արդյունք է: Եվ սիրում ենք կյանքը վայելել շռայլորեն. շռայլորեն ծախսել, շռայլորեն սիրել, շռայլորեն ուտել-խմել…
ԱԼԲԵՐՏՈ — Է, սինյոր, ուրիշ ի՞նչ ենք տանելու այն աշխարհ:
ՀԱԿՈԲ — Ասա՝ ուրիշ ի՞նչ ենք թողնելու այս աշխարհում: Առաջին հերթին դրա՛ մասին պիտի մտածենք: Մենք աշխատասեր ժողովուրդներ ենք: Հայերիս մասին ասում են՝ քարից հաց քամող: Դուք էլ ջրից եք հաց քամում:
ԱԼԲԵՐՏՈ — Ճշմարիտ է, սինյոր, աշխատանքը կհզորացնի ազգը: Ուրեմն՝ անցնենք գործի:
Տեսարան հինգերորդ
Իջևանատան սենյակ: Գիշեր է: Վառվող մոմերի մոտ կանգնել է Հակոբը:
ՀԱԿՈԲ — Տե՛ր: Ահա և քո աջակցությամբ ի կատար ածեցի իմ ձեռնարկը. պատրաստ է առաջին գիրքս՝ Հայոց գրատպության առաջնեկ «Ուրբաթագիրքը»-ը: Տե՛ր, ամբողջ շարվածքը՝ տեքստը, ցանկացա, որ սև լինեն, իսկ գլխազարդերը, գլխատառերն ու գլուխների վերնագրերը՝ կարմիր: Սևն աշխարհի ախտերն են, որ քո արյան գույնով շրջափակելով՝ ցանկացել եմ ի չիք դարձնել. չէ՞ որ գիրքս բժշկարան է: Եվ եթե իբրև մարդ սխալական եմ՝ մեղապարտ, թողություն տուր մեղքերիս, Տեր: Դո՛ւ, որ բարի ես ու մարդասեր, գթառատ և ներող… Եվս մեկ խնդրանք-աղերս, տե՛ր իմ: Արդ, իմ մեղապարտ ձեռքից ընդունի՛ր գիրքն այս, որ տաճարիդ կըն-ծայեմ և օրհնի՛ր այն, որ կա-տարյալ բժշկական լինի և բուժի ազգիս վերքերը խոր՝ մարմնի և հոգու, որպեսզի թե՛ կարդացողների, թե՛ լսողների մտքերը բացվեն և կատարեն քո հրամանները, որ իրենց սրտերի մեջ են գրված, և ձերբազատվեն բոլոր ախտերից: Գիտեմ, տե՛ր իմ, որ դու լսում ես աղերսս և կկատարե՛ս այն, քանզի դու ես ամենաարդարն ու ամենակարողը քո իսկ արարած աշխարհում: Եվ խոնարհվում եմ քո մեծության և փառքի առաջ… (Խոնարհվում է ու խաչակնքում: Վերևից լույս է ճառագում, որ հոսում է դեպի Հակոբը:) Լույսդ ճառագեց, տե՛ր իմ, ուրեմն՝ աղոթքս տե՛ղ հասավ և ընդունվեցա՛վ: Շնորհակա՜լ եմ, տեր իմ: Այսուհետ կշարունակեմ գործս, մինչև որ կհայտնվի արժանավոր փոխանորդն իմ այս աստվածահաճո, սրբազան և ազգօգուտ ձեռնարկի…
Այս ընթացքում հնչում է երգեհոնի երաժշտությունը և աստիճանաբար մարում վարագույրը փակվելուն հընթացս:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։