ԳԱՍՊԱՐԵ ԴՈՐԻ / ՓՂԵՐԻ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Գործող անձինք
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ
ՄԱՐԿՈ
ԵԼԵՆԱ
ԿԱՐԼՈ
ՆԻԿՈԼԵՏՏԱ
ԼՈՐԻՍ

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Առաջին տեսարան
Սենյակ: Փայտե երեք նստարան, որոնց վրա պառկած են «բոժոժներ»` փաթաթված միագույն սավաններով: Առաջին նստարանը բեմի ձախ կողմում է, երկրորդը` աջում, երրորդը` կենտրոնում: Խորքում, աջ կուլիսների մոտ` զրահապատ դուռ է` ճաղապատ պատուհանով, ասես բանտախուց լինի: Այլ կահ-կարասի չկա, պատերին նույնպես ոչինչ չկա:
ՄԱՐԿՈ — (որ պառկած է ձախ նըս- տարանին, արթնանում է, վրայից քաշում է սավանը, ձեռքը տանում, կողքին փնտրում է ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին): Էլիզա… Էլիզա, ո՞ւր ես: (Շրջվում է նրան գրկելու և ընկնում հատակին:) Գրողը տանի… ո՞ւր ես կորել: Ուֆֆ, ցավեց… (Կիսարթուն, չորեքթաթ սողում է նստարանից հեռու: Նկատում է կենտրոնական նստարանի «բոժոժը»: Մոտ է սողում, ձեռքը մտցնում է սավանի տակ, շոյում է պառկածի մարմինը:) Էլիզա… (Կողքի է քաշում սավանը և անասելի զարմացած` հայտնաբերում, որ պառկածը տղամարդ է:) Ա… ախ…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Հապա վերջ տվեք: Ձեզ կարգին պահեք:
ՄԱՐԿՈ — Բայց… ներեցեք, դուք ո՞վ եք:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (քմծիծաղով): Դե, եթե դա չգիտի ինձ առևանգողը… (Տեղից ելնում է:)
ՄԱՐԿՈ — (ապշահար): Ինչպե՞ս թե… առևանգողը:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ասացի` վերջ տվեք, ձեզ հետ խոսելու նվազագույն ցանկություն չունեմ, այստեղ կանչեք ձեր բոսսին:
ՄԱՐԿՈ — Այդ ի՞նչ բոսս է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Երկա՞ր եք այդ ոգով շարունակելու… Միայն չասեք, որ այս գործը միայնակ եք գլուխ բերել, միևնույն է, չեմ հավատա: Ո՞ւր եք ինձ քարշ տվել: Հրաշալի որջ է: Դե լավ, ի՞նչ եմ բողոքում, գոնե ոչխարի հոտ չկա:
ՄԱՐԿՈ — Ոչխարի՞…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Այդպես էլ թու- թակի նման կրկնելո՞ւ եք ասածս: Թե՞ դա գրված է ձեր աշխատանքային պայմանագրում: Ո՞ւմ համար եք աշխատում: Մա- ֆիայի՞, նդրանգետայի՞, քամոռռայի՞… Լսեք, ես սկսում եմ կորցնել համբերությունս: Ասացեք` ինչքա՞ն:
ՄԱՐԿՈ — Ի՞նչը` ինչքան:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Այդպե՜ս… Ինձ անչափ հետաքրքիր է, ձեր կազմակերպությունում, նախքան աշխատանքի ընդունելը, ինչ-որ ընտրություն գոյություն ունի՞: Ձեր բոսսերին կադրերի փորձառու տնօրեն է հարկավոր, այս խորհուրդս փոխանցեք նրանց… Լավ, հասկացա, դուք ինձ ոչինչ չեք ուզում ասել, պարզապես հարազատներիս հետ կկապվեք լրագրի միջոցով… պատահական ընտրված լրագրի… Միայն թե շուտ արեք, երեք օրից Բրունեյի սուլթանի հետ կարևոր պայմանագիր պիտի ստորագրեմ… մատակարարում մի ամբողջ տարի… Գորղը տանի, հենց հիմա պիտի ընկնեի այս բանդայի… դիլետանտների ձեռքը… հենց հիմա…
Մարկոն ապշած նայում է նրան:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Գաղտնիքը կա- ­սե՞ք… երբեք… նկատի ունեմ նախկինում… ոչ մի առևանգող առևանգվածի առաջ չի հայտնվել բաց դեմքով, ինչպես հիմա դուք եք… Ոչ, ես դեմ չեմ, պարզապես… դուք չե՞ք վախենում: Ես ավելի մեծ հնարավորություններ ունեմ, քան ձեզ թվում է: Ուշադիր լսեք ինձ, երիտասարդ, տեսնում եմ, նման գործերում սկսնակ եք, իսկ ես… այսպես ասեմ` վետերան եմ: Հենց այնպես չեմ ասում, նայեք, տեսնո՞ւմ եք սպին: Հինգ տարի առաջ Սարդինիայում եմ վաստակել… ի դեպ, սարդինացի՞ եք:
ՄԱՐԿՈ — Չէ, որտեղի՞ց վերցրեիք…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Սիցիլիացի՞ եք:
ՄԱՐԿՈ — Չէ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Կալաբրիացի՞… թե՞ նեապոլիտանցի եք:
ՄԱՐԿՈ — Չէ, ոչ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Իսկ գուցե Պուլիի՞ց եք:
ՄԱՐԿՈ — Ոչ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Գրողը տանի, բա որտեղի՞ց եք, կարելի՞ է իմանալ:
ՄԱՐԿՈ — Հռոմից:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Հավերժական քաղաքի՞ց… (Զննելով նրան:) Ուրեմն, Մալյանիի բանդայի՞ց եք:
ՄԱՐԿՈ — Այդ ի՞նչ Մալյանիի բանդա է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (սուլելով): Ուրեմն` անհատ ձեռներե՞ց եք: Ուզում եք, հավատամ, որ առանց օգնականի՞ եք աշխատում: Որ կարողացել եք հաղթահարել բարձր լարման տակ գտնվող պարիսպը, վարժեցնել կատաղի դոբերմաններին, իսկ մինչ այդ պահակներին տարածքում, իսկ հետո հարևան սենյակում գտնվող թիկնապահներին քնեցնել քլորոֆորմով… Եվ այդ ամենը` մենա՞կ:
ՄԱՐԿՈ — Բայց…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ուզում եմ ասել` առանց հանցակիցների՞:
ՄԱՐԿՈ — Ի՞նչ հանցակիցներ, ինձ հանգիստ թողեք:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Չեղա՜վ, ես ձեզ հանգիստ չեմ թողնի, մինչև նրանց չկանչեք, նախ և առաջ` ձեր բոսսին… Շարքայինների հետ չեմ բանակցում: Իմ երեսուն տարիների փորձի բարձունքից…
ՄԱՐԿՈ — Ինչ-որ մեկի հետ ինձ շփոթում եք… կարո՞ղ եք դա հասկանալ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ախ, հա, ակնար- կում եք միջնորդավարձը… Հիմա ինչ-որ ցանկություններ կարտահայտեք: Բոլորը, բոլորն են ձգտում աշխատել սև ցուցակով, տնտեսել, այո, այո, աուտսորսինգ… Հա, դուք անգլերեն չեք հասկանում, թեև, իհարկե… ծախսերի նվազում, գործը ենթակապալառուների միջոցով… Եվ սա պիտի ինձ հետ կատարվեր, ի՜նչ ամոթ… Ի՛նչ ամոթ, առևանգվել ենթակապալառուի կողմից, ով նաև բացարձակ դիլետանտ է:
ՄԱՐԿՈ — Հասկացեք վերջապես, ես ձեզ չեմ առևանգել:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (զարմացած, չհավատալով): Ինչ ասացի՞ք:
ՄԱՐԿՈ — Ես ոչ մեկի չեմ առևանգել… ես հենց նոր արթնացա…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ի՞նչ է նշանակում` հենց նոր արթնացաք: Դուք է՞լ այստեղ էիք քնել:
ՄԱՐԿՈ — Հա, էլի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ու հենց նոր արթ- նացա՞ք:
ՄԱՐԿՈ — Հա, էլի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ուրեմն… դո՛ւք չեք այստեղ եկել, ձե՛զ են այստեղ բերել:
ՄԱՐԿՈ — Երևի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ուրեմն… նրանք ձեզ էլ են առևանգել: Ի՛նչ ապուշն եմ, միանգամից պիտի հասկանայի, ախր, դուք դիմակ չունեք, իսկ դա շատ հանդուգն քայլ է… Ինչ որ է: Ուրեմն, հիմա մենք պիտի փորձենք կապվել բանդայի հետ:
ՄԱՐԿՈ — Մի րոպե… սպասեք… Այսինքն` ինչպե՞ս թե` ինձ ա­ռևանգել են: Երեկ երեկոյան Էլիզայի հետ պառկած էի… մի քիչ խմած տուն եկանք, ծննդյանս օրս էինք նշում, առանց հանվելու ընկանք անկողին, որովհետև արդեն լավ էինք… Այսքանը հիշում եմ: Իսկ հետո արթնանում եմ ու… այստեղ եմ…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Իսկ տանը Էլի- զայից բացի ուրիշ մարդ չկա՞ր:
ՄԱՐԿՈ — Իսկ ձեր կարծիքով, էլ ո՞վ պիտի լիներ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Իսկ Էլիզային ձեզ հետ չե՞ն առևանգել:
ՄԱՐԿՈ — Չգիտեմ: Ես չգիտեմ` նա որտեղ է, նույնիսկ չգիտեմ` ես որտեղ եմ: Ես ոչի՛նչ չգիտեմ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Այդ դեպքում ամեն ինչ պարզ է, այդպես չէ՞:
ՄԱՐԿՈ — Ի՞նչն է պարզ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Որ ձեր Էլիզան առևանգողների հանցակիցն է:
ՄԱՐԿՈ — Ի՞նչ հանցակից: Ու հերիք է ավել-պակաս դուրս տաք:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Իմ երիտասարդ բարեկամ, երևում է, դեռ շատ ջահել եք ու կանանցից գլուխ չեք հանում: Գիտե՞ք, որն է հորս սովորեցրած առաջին կանոնը: Երբե՛ք, ասաց նա ինձ, երբե՛ք չվստահես կանանց: Դրանք դիվային արարածներ են, փողի համար ցանկացած ստորության ընդունակ… Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Էլիզան ամուսնացել ձեզ հետ: Ձեր գեղեցկությա՞ն համար… հմայքի՞, ջահելությա՞ն: Հիմարությո՛ւն: Այդ ամենը հիմարություն է, հոլիվուդյան ռեժիսորներն են ստիպում, որ հավատանք դրան: Կանանց թիրախը միայն փողն է, ու մեկ անգամ ստանալով` այլևս փողից չեն բաժանվում:
ՄԱՐԿՈ — Փողն այստեղ ի՞նչ գործ ունի: Ես ոչ եվրո ունեմ…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ներեցե՞ք…
ՄԱՐԿՈ — Ասաց` մի եվրո անգամ չունեմ: Հավաքարար եմ աշխատում նախակրթարանում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Հասկանում եմ, հասկանում… Վախենում եք բացվել առաջին պատահածի առաջ… իրավացի եք: Ձեր փոխարեն նույն կերպ կվարվեի: Մեր օրերում չգիտես` ում հետ կարող ես անկեղծանալ: Հարկահանները ամեն տեղ ականջներ ունեն, ավաղ… ավաղ: Եթե միայն իմանաք, թե եկամուտներիս մասին վերջին հայտագրում ի՞նչ գումար եմ գրել… մինչև հիմա զվարճանում եմ: Բայց մեր մեջ ասած` ինձնից չպիտի զգուշանաք: Թույլ տվեք ներկայանալ` Լուիջի Կարլո Բուրլանի, Հյուսիս-Արևմուտքի անկախ արդյու- նաբերողների ասոցիացիայի նախագահ:
ՄԱՐԿՈ — Շատ հաճելի է, Մարկո Գալուցցի: Ես իսկապես հավաքարար եմ դպրոցում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Այո, այո, իհար- կե… Լավ էլ հումորի զգացում ունեք: Վե՛րջ, ներկայացումն ավարտվեց: Գնանք ծանոթանալու մեր առևանգողների, մեր դահիճների հետ: Եթե նրանք կարծում են, թե կարող են ինձ վախեցնել այսպիսի հնարքներով… (Մոտենում է դռանը:) Ինձ հետ նստեցնում են մեկ այլ առևանգվածի, որպեսզի նրան առևանգողի տեղ դնեմ… (Մի պահ մտածելով` վերադառնում է Մարկոյի մոտ:) Դուք իրո՞ք հավաքարար եք:
ՄԱՐԿՈ — Դե հա… ասացի, չէ՞:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Սա արդեն վերջն է… ինձ հետ նման բան դեռ չէր պատահել: Այդ դեպքում ինչո՞ւ պիտի ձեզ առևանգեին: Կոմունի՞ստ եք:
ՄԱՐԿՈ — Չէ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ֆաշի՞ստ եք:
ՄԱՐԿՈ — Աստված հեռու պահի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Հրեա՞ եք… ահաբեկի՞չ… արա՞բ, մորմո՞ն, մասո՞ն… գաղտնի ծառայությունների գործակա՞լ:
ՄԱՐԿՈ — Դրանցից և ոչ մեկը:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Այդ դեպքում բա-ցատրեք` այդ թայֆայի ինչի՞ն է պետք հարուստ արդյունաբերողի հետ միաժամանակ առևանգել հավաքարարին ու նրանց նըս- տեցնել մի սենյակում… այսինքն` նույն բանտախցում… որոշելու նրանց ճակատագի՞րը:
ՄԱՐԿՈ — Ի՞նչ իմանամ: Ես մտա- ծեցի, գուցե Էլիզան ցանկացել է կատակել… Էլիզա՛: Էլի-ի-ի-իզա-ա-ա… (Վազքով հասնում է դռանը, բռունցքով հարվածում:) Էլի- ի-ի-իզա-ա-ա-ա: Օգնի-ի-ի-ի-ր:
Շարժվում է ձախ նստարանին պառկած երրորդ «բոժոժը», դեմքից քաշում է սավանը, քիչ-քիչ ուշքի է գալիս: Երեսունամյա կին է, շագանակագույն մազերով, նիհար, գունատ, դիմաներկը քսմսված է դեմքին:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ահա և ձեր Էլիզան:
ՄԱՐԿՈ — (հայացք գցելով կնոջ վրա): Հեչ էլ Էլիզան չէ:
ԵԼԵՆԱ — (տեսնելով երկու տղամարդու անծանոթ սենյակում): Ա-ա-ա-ա… Ձեռք չտա՛ք, ի՞նչ եք ուզում ինձնից: (Կտրուկ նստում է, ծնկները սեղմում կրծքին, ձեռքերով փակելով ականջները:) Օգնեցե-ե-եք… Չմոտենա՛ք, չմոտենա՛ք ինձ, սրիկաներ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Սինյորա, չափը չանցնեք, ի վերջո, այստեղ ջենտլմեններ են:
ԵԼԵՆԱ — (չի լսում, ականջները փակել է): Սրիկաներ, վիժվածքներ, ի՞նչ եք ինձնից ուզում: Ձեռք չտա՛ք ինձ, ձեռք չտա՛ք ինձ, ձեռք չտա՛ք ինձ:
Լուիջի Կարլոն մոտենում է նրան: Փորձելով հանգստացնել` ուզում է ձեռքերը հեռու տանել ականջներից, բայց կինը ոտքով հարվածում է նրա արևահյուսակին: Ցավից կծկվելով` Լուիջին քաշում է նրա ձեռքերը:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Մենք ա-ռե-վան-գող-ներ-չենք: Ու-ձեզ-բըռ-նա-բա-րե-լու-միտք- չու-նենք:
ԵԼԵՆԱ — (մի-փոքր հանդարտված): Չունե՞ք… դուք, իսկապե՞ս, չեք բռնաբարի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Սինյորա, ուշադիր նայեք, ես նմա՞ն եմ պատահած կանանց հերթով բռնաբարող մարդու:
ԵԼԵՆԱ — Չէ… ոնց որ չէ…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ես էլ եմ այդ կարծիքին: Առավել ևս այսպես… գիտե՞ք, ինչ արժե այս կոստյումը: Չորս հազար եվրո եմ վճարել: Ու լսել, որ քեզ բանդիտի տեղ են դնում… Չէ, կգնամ ու դերձակիս կստիպեմ կուլ տալ մկրատը, կոճերն ու քառասուն մետր թել:
ԵԼԵՆԱ — Այդ դեպքում ո՞վ եք դուք:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Մադամ, թույլ տվեք ներկայանալ: (Ինքն իրեն կարևորելով:) Լուիջի Կարլո Բուրլանի, գործարար:
ԵԼԵՆԱ — (դեռ չվստահելով): Իսկ որտե՞ղ ենք մենք: Եվ ո՞ւր է իմ քույրը:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ախ, ախ, ինչ ծիծաղելի է… Հիմա էլ ինձ կորածների հետաքննությկամբ զբաղվող գործակալի տե՞ղ եք դնում: Ու ենթադրում եք, որ ես գիտեմ, թե որտեղ է ձեր քույրը:
ԵԼԵՆԱ — (շրջվելով դեպի Մարկոն): Իսկ նա՞ ով է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Նա՞… մեզ պես մի դժբախտ… ու հաստատ բանդիտ չէ: Նայեք, դրա համար շատ նվազ է:
ՄԱՐԿՈ — Ոչինչ չի երևում, այստեղ շատ մութ է… թեև հիմա առավոտ պիտի լինի… թե՞ չէ:
ԵԼԵՆԱ — Իսկ դուք վաղո՞ւց եք այս սենյակում: Սա ի՞նչ տեղ է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Հասկանո՞ւմ եք, սինյորա, հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե երբվանից եմ քնում այս որջում, հաշվի առնելով իմ ապրած հոգեբանական լուրջ ցնցումը: Գիտեմ միայն, որ քսան րոպե առաջ այս ջահելը սավանի տակից սկսեց ինձ փաղաքշել ու արթնացրեց ինձ:
ՄԱՐԿՈ — (գնալով դեպի Ելենան): Կարծում էի, սավանի տակ կարող է լինել…
ԵԼԵՆԱ — Ա-ա-ա-ա… չմոտենա՛ք, ինձ ձեռք չտա՛ք:
ՄԱՐԿՈ — Բայց ո՞վ է ձեզ ձեռք տալիս: (Լուիջի Կարլոյին.) Եվ, ընդհանրապես, սա՞ ով է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ո՞վ գիտե…
ԵԼԵՆԱ — (վազում է դեպի դուռը): Բա՛ց թողեք ինձ… բա՛ց թողեք ինձ: Բացե-ե-եք, բացե-ե-եք…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Թանկագին սին- ­յորա, այդ դուռը բացելու համար կախարդական բառը բավական չէ, մենք Ալի Բաբայի հեքիաթում չենք: Պարզից էլ պարզ է, եթե դուռը փակ է, իսկ մենք` ներսում, ուրեմն ոչ մեկը դուռը բացելու միտք չունի:
ՄԱՐԿՈ — Ի՞նչ եք ասում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Մի՞թե պարզ չէ, տղաս: Մենք եռակի առևանգման ենք մասնակցում: Մեզ միայն մի բան է մնում` կապ հաստատել մեր բարեկամների հետ ու հասկանալ, թե ինչպիսին են նրանց պայմանները, ոչ թե հիստերիայի մեջ ընկնել, այնպես չէ՞, սինյորա: Քանի որ բոլորս էլ նույն նավակում ենք… (նայում է Մարկոյին), կամ համարյա բոլորս… մի խոսքով, մենք կարող ենք համաձայնության գալ նրանց հետ միացյալ փրկագնի մասին ինձ համար, սինյորայի և… ձեզ համար… հավաքարար: Առևանգել հավաքարարի՛ն: Ի՜նչ օրի ենք հասել: Այս ի՜նչ ժամանակներ են:
ԵԼԵՆԱ — (դռան մոտ կանգնած): Ի՞նչ է նշանակում` մեզ առևանգել են: Ինչո՞ւ: Եվ ինչո՞ւ` մեզ: Ինչո՞ւ` ինձ: Ես չեմ ուզում: Ես ուզում եմ դուրս գալ այստեղից: Ես ուզում եմ դուրս գա-ա-ալ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Սինյորա, խնդրում եմ, նորից չսկսեք: Ասացի` ոչ մի հիստերիկա… անօգուտ է, իզուր թթվածին կծախսեք, իսկ այն դեռ պետք կգա:
ԵԼԵՆԱ — Թթվածինը ի՞նչ կապ ունի…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Սինյորա, հան­­- գըստացեք, մոտեցեք, ամեն ինչ նորից կբացատրեմ: Մոտ եկեք:
ԵԼԵՆԱ — Ինձ ձեռք չտա՛ք:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Հանգստացեք, ձեռք տվող չկա: Դուք պարզապես մոլագարություն ունեք: Մոտ եկեք, նստեք:
ԵԼԵՆԱ — Ինձ…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — …ձեռք չտա՛ք: Հասկացա: Հանգստացեք: Նըս- տեք, այ, այնտեղ… (Մոտենում է Մարկոյին, կիսաձայն:) Այստեղ երկար չի դիմանա, նման լարված իրավիճակի սովոր չէ…
ՄԱՐԿՈ — Կարծում եք, ես սովո՞ր եմ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Դո՞ւք… (Թեթևակի արհամարհանքով զննում է նրան:) Իրոք որ… (Ելենային.) Եվ այսպես, սինյորա, սկսենք սկզբից: Ի դեպ, դուք ո՞վ եք: Միայն, խնդրում եմ, չասեք, որ աման լվացող եք:
ԵԼԵՆԱ — Ոչ, ես հոգեբան եմ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Դե, ահա, ինչ-որ բան պարզվեց… (Մարկոյին.) Պարզ է, այստեղ ավելորդը դուք եք: (Ելենային.) Շատ ուրախ եմ, Լուիջի Կարլո Բուրլանի, գործարար:
ԵԼԵՆԱ — Շատ հաճելի է: Արդեն ասել եք: Ելենա Մալֆատտի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Դոկտոր Մալ- ֆա­տտի, դուք երևի հայտնի հոգեվերլուծո՞ղ եք: Կոնգրեսներ, մասնավոր պրակտիկա, հաճախորդների ցուցակ, կազմված կարևոր անձերից…
ԵԼԵՆԱ — Մասնավոր պրակտիկայով չեմ զբաղվում, աշխատում եմ կոնսուլտացիայում, օգնում եմ թմրադեղերից կախվածություն ունեցողներին:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ո՛չ, միայն ո՛չ դա… Ասացիք` կոնսուլտացիայո՞ւմ:
ԵԼԵՆԱ — Այո:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Օգնում եք թմրա- մոլների՞ն:
ԵԼԵՆԱ — Այո:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ու ոչ մի մասնավոր պրակտիկա՞…
ԵԼԵՆԱ — Ոչ մի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ոչ էլ կոնգրեսնե՞ր…
ԵԼԵՆԱ — Ոչ էլ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Կարևոր հա- ճախորդներ է՞լ չկան:
ԵԼԵՆԱ — Չկան: Քանի՞ անգամ կրկնեմ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Գրողը տանի, էլի խաբվեցի: Դուք ուզում եք, որ հավատամ, թե ինձնից բացի առևանգել են… հավաքարարի… ու թմրամոլների կոնսուլտացիայի բուժքրո՞ջ:
ԵԼԵՆԱ — Հոգեբանի, եթե չեք առարկում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Նույն սատանան է, եթե հոգեպահուստ մի եվրո էլ չունեք: (Նայում է մեկ Ելենային, մեկ` Մարկոյին:) Դուք խոսքներդ մեկ եք արել: Դերասան եք, հա՞: Ձեզ ուղարկել են, որ ինձ ստիպեք ավելի զիջող լինել, այդպես չէ՞: Ովքե՞ր են ձեր հանցակիցները:
ՄԱՐԿՈ — Էլի իր էշն է քշում…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Իսկ դուք… թան- կագին հավաքարար, կխոսեք, երբ ձեզ կխնդրեն: Ո՞ւր են ձեր հանցակիցները:
ՄԱՐԿՈ — Հարյուր անգամ ասել եմ արդեն, որ ոչ մի հանցակից չունեմ, ես էլ ձեզ պես մեկն եմ այստեղ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Չհամեմատվես, հասկացա՞ր: (Ելենային.) Իսկ դու պիտի ինձ գայթակղես, հա՞: Քեզ վարձել են, որ գործի դնես քո ամենալավ զենքը: Որ այդպես է, ցույց տուր, թե ինչի ես ընդունակ:
ԵԼԵՆԱ — Ինձ ձեռք չտա՛ք: Ինձ ձեռք չտա՛ք:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Էլ ոչինչ չեմ հասկանում: Հիմա գլուխս կպայթի: Ես պիտի նստեմ, պիտի նստեմ, պիտի… (Ուշաթափվում է: Մարկոն ու Ելենան նետվում են նրա կողմը:)
Խավար:
Երկրորդ տեսարան
Մարկոն նստած է ձախ նստարանին, Ելենան` կենտրոնի, տապակած կարտոֆիլ են ուտում հավով: Լուիջի Մարկոն կանգնած է ափսեն ձեռքին, ուտելիքին ձեռք չի տալիս:
ՄԱՐԿՈ — Հըմ… այնքան էլ վատ չէ… կարտոֆիլը լավն է, դրսից` տապակած, ներսում` փխրուն: Հիշում եմ, տատս այդպես էր տապակում…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ի սեր Աստծո, հերիք է հիմար-հիմար դուրս տաք: (Ելենային.) Ասացեք, դա հենց այդտե՞ղ էր դրված:
ԵԼԵՆԱ — (ուտելով): Մմմ… հա, այդ անկյունում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Այսինքն` ինչ-որ պահի շրջվեցիք ու դա տեսաք այդտե՞ղ:
ԵԼԵՆԱ — Մմմ… հա:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ու ոչ մեկը ներս չմտա՞վ:
ԵԼԵՆԱ — Մմմ… ոչ մեկը:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (ափսեն մեկնելով Մարկոյին): Վերցրեք:
ՄԱՐԿՈ — Ի՞նչ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ասացի` վերցրեք: Թե՞ կարծում եք, որ ափսեն ձեռքիս պիտի սենյակը ուսումնասիրեմ:
ՄԱՐԿՈ — Իհարկե, ոչ:
Լուիջի Կարլոն, զզվանքով նայելով Մարկոյին, գնում է բեմի խորքը, այն անկյունը, որ ցույց էր տվել Ելենան:
ՄԱՐԿՈ — Այդքան արագ մի ուտի, խոց կստանաս:
ԵԼԵՆԱ — Գիտեմ… ինձ հետ միշտ այդպես է, երբ նյարդայնանում եմ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Դուք ուզում եք ինձ համոզել, որ քանի ուշագնաց էի, իրենք իրենց այստեղ հայտ­նըվեցին երեք ափսեները հավով ու գոլորշի արձակող կարտոֆիլով, ասես հենց նոր են ջեռոցից հանե՞լ: Իսկ ես ասում եմ, որ դա անհնար է: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք դուրս տալիս: (Ցույց տալով անկյունը:) Այստեղ ոչ ճեղք կա, ոչ դռնակ, ոչինչ չկա. բացարձակապես ոչինչ: Այդ դեպքում ինչպե՞ս սենյակում հայտնվեց այս ուտելիքը, եթե ոչ մեկը չի բերել: Սինյորա, դուք իսկապե՞ս համոզված եք, որ այստեղ մարդ չի մտել, թեկուզ մի ակնթարթ:
ԵԼԵՆԱ — Կրկնում եմ` ոչ ոք:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ուրեմն, սա միայն մի բան կարող է նշանակել. քանի որ մեր առևանգողները ոչ կախարդ են, ոչ էլ սուրբ հոգի, ուրեմն պատի մեջ, ինչ-որ տեղ գաղտնի դուռ կա: (Սկսում է պատերը թակել, լսել արձագանքը:) Լսեք, հերիք ուտեք, մի բան արեք, որ թակոցս չլսվի… խոսեք… մի բան ասեք:
ՄԱՐԿՈ — Խոսե՞նք: (Ամաչկոտ:) Իսկ… ինչի՞ մասին խոսենք:
ԵԼԵՆԱ — Դե, թեկուզ… (Պոռթկում է:) Մենք բանտում ենք, փակված ենք անպատուհան սենյակում, չգիտենք` մեկ էլ կտեսնե՞նք մեր հարազատներին… և ինչի մասի՞ն խոսենք: Եղանակի՞… սպորտի՞, թե՞ խոհանոցի…
ՄԱՐԿՈ — Իսկ դու հավ պատրաստել կարո՞ղ ես: Ի՞նչ համեմունքներ ես օգտագործում:
ԵԼԵՆԱ — (շշմած): Հա՞վ: Ի՞նչ հավ: Լսիր… պետք չէ… (Լռում է:)
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ի՞նչ եք անում, ինչի՞ լռեցիք: Խոսեք, դադար մի տվեք:
ԵԼԵՆԱ — (Մարկոյին): Գուցե դո՞ւ հուշես, թե ինչ մասին կարող ենք խոսել այս պայմաններում: Թեև… արի խոսենք քո մասին:
Զանգում է բջջային հեռախոսը: Ձայնը գալիս է սավանով ծած­կըված պայուսակի միջից: Ելենան ետ է տանում սավանը, պայուսակից հանում է հեռախոսը: Լուիջի Կարլոն հասնում, անջատում է հեռախոսը:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Չէ, դուք տարօրինակ կին եք: Դուք նորմա՞լ եք: Հեռախոս ունեք ու մեզ ոչինչ չե՞ք ասում: Դուք ընդհանրապե՞ս ոչինչ չեք հասկանում:
ԵԼԵՆԱ — Ես նույնիսկ չգիտեի, որ պայուսակս այստեղ է:
ՄԱՐԿՈ — Խնդրում եմ, թույլ տվեք Էլիզային զանգեմ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ի՞նչ գրողի տարած Էլիզա, պետք է ոստիկանություն զանգել: Բայց նախ պատկերացում կազմենք, թե որտեղ ենք գտնվում:
ՄԱՐԿՈ — Որտեղի՞ց իմանամ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ուղեղդ լարեք: Թե՞ կարծում եք, որ կարող եմ զանգել ոստիկանություն ու ասել` մենք այստեղ ենք, տասներկու քառակուսի մետրանոց սենյակում, եկեք ու դուրս բերեք մեզ այս- տեղից: Մենք նույնիսկ չգիտենք` Իտալիայո՞ւմ ենք, իսկ գուցե արդեն ուրիշ երկրո՞ւմ ենք…
ԵԼԵՆԱ — (մտախոհ): Օրինակ` Պերուում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ինչպե՞ս թե` Պե- րուում: Որտեղի՞ց իմացաք:
ԵԼԵՆԱ — Քրոջս հետ պատրաստվում էինք Պերու մեկնել: Նա նոր է ավարտել համալսարանը, ու ես որպես նվեր առաջարկեցի մեկնել Պերու:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ինչպես տեսնում եմ, այստեղ բոլորն զբաղված են իրենց անձով: (Համար է հավաքում:) Ալո… Ալո… Կապ չկա: Գրողի տարած հեռախոս… անիծվե՛ս դու: Աշխարհի բոլոր հեռախոսները` նույնպես: (Նորից է փորձում:) Կնոջս հեռախոսը միշտ պատասխանում է, որ երկրում էլ նա լինի: Ալո… (Արդյունքը նույնն է:) Սա աղետ է: Աղե՛տ: (Նյարդային քայլում է սենյակում, անընդմեջ համարներ է հավաքում:)
ՄԱՐԿՈ — (մոտենալով Ելենային, շատ կամաց): Ուզո՞ւմ ես իմանալ` ինչ եմ մտածում:
ԵԼԵՆԱ — Ի՞նչ…
ՄԱՐԿՈ — Ես էլ եմ կարծում, որ այստեղ ոչ ոք չի մտել ու ոչ մի գաղտնի դուռ էլ չկա: Մենք կտեսնեինք, եթե մեկը նույնիսկ մի վայրկյանով հայտնվեր, ես համոզված եմ, որ կտեսնեինք:
ԵԼԵՆԱ — Գուցե ինչ-որ մեկը ներս մտավ, երբ սինյորը ուշագնաց էր, իսկ մենք նետվեցինք օգնությա՞ն: Երկուսս էլ այդ անկյունին մեջքով էինք կանգնած, այդպես չէ՞:
ՄԱՐԿՈ — Դու` գուցե, բայց ես մի քիչ կողքանց էի կանգնած ու լավ եմ հիշում: Ու հետո…
ԵԼԵՆԱ — Ի՞նչ` հետո:
ՄԱՐԿՈ — Ոչինչ: (Դադար:) Դու իսկապե՞ս ուզում ես լսել իմ պատմությունը:
ԵԼԵՆԱ — Ի՞նչ ես ասում:
ՄԱՐԿՈ — Ասում եմ` իսկապե՞ս ուզում ես, որ պատմեմ իմ մասին:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Տեղ ու ժամանա՜կ են գտել…
ՄԱՐԿՈ — Այսի՞նքն…
ԵԼԵՆԱ — Ուշադրություն մի դարձրու: Նման մարդիկ դրան արժանի չեն:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Լսեք, դո՛ւք… անգործ նստելու փոխարեն կարող էիք մասնակցել: Եթե այստեղից ելք եմ փնտրում, նաև ձեզ համար եմ դա անում: (Թշնամանքով նայում է երկուսին:) Եթե հանկարծ ոստիկանությունը մեզ ազատի, նրանց կարո՞ղ եք ասել, որ ուրիշ խցում էիք նստած: Որ ուրիշ առևանգության զոհեր էիք: Օ քե՞յ:
ՄԱՐԿՈ — Ի՞նչ…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Այսինքն… որ ձեզ ուրիշ խցում են պահել: Որ դուք հաջորդ առևանգվածներն եք: Որ ձեզ ինձնից հետո են փախցրել:
ՄԱՐԿՈ — Դե, իհարկե, ո՜նց էի մոռացել, որ մենք այստեղ սանատորիայում ենք: Ու որ նրանց մոտ առևանգելը հերթով է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ներեցեք, ձեզ վրդովվեցնում է, որ ես փորձում եմ պահպանել իմ հեղինակությո՞ւնը: Ձեզնից ի՞նչ կպակասի: Ազատվելուց հետո, միևնույն է, շատ արագ կմոռանաք այս խայտառակ արկածը, այդպես չէ՞:
ՄԱՐԿՈ — Այդպես է: Դուք խոսում եք այստեղից ազատվելու մասին, իսկ ինձ թվում է, որ դրան դեռ շատ ժամանակ կա: Տեղը շատ տարօրինակ է: Նկատե՞լ եք, այստեղ հոտեր չկան:
ԵԼԵՆԱ — Ի՞նչ եք ուզում ասել:
ՄԱՐԿՈ — Միայն մի բան. ինչքան փորձում եմ, գոնե մի հոտ չեմ առնում: Հավն անգամ հոտ չունի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Գուցե սինթետի՞կ է:
ՄԱՐԿՈ — Ցանկացած իր, հագուստ, կաշի, անգամ պատերը հոտ ունեն: Իսկ ես ոչինչ չեմ զգում:
ԵԼԵՆԱ — Իրավացի ես:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Խնդրում եմ էմոցիաներին չտրվել: Ամեն ինչին ռացիոնալ վերաբերվենք, լա՞վ: Այստեղ երեքով ենք: Երբեք իրար չենք ճանաչել: Ընդհանուր ոչինչ, կամ համարյա ոչինչ չունենք ու հնարավոր է, որ այստեղ ենք հայտնվել նույն անձանց կամքով: Ճի՞շտ է:
ԵԼԵՆԱ և ՄԱՐԿՈ — Ճիշտ է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Եվ այսպես. ես ուշաթափվում եմ: Քանի դեռ պառկած եմ գիտակցությունս կորցրած, անսպասելի ուտելիք է հայտնվում, իսկ սենյակում փոքրիկ անցքի կամ գաղտնի մուտքի նշմար անգամ չկա: Մենք չորս պատի մեջ փակված ենք: Հոտեր չենք զգում: Անսպասելի զանգում է հեռախոսը, բայց սինյորան նույնիսկ չի հիշում, որ պայուսակ ուներ: Հեռախոսը զանգում է, բայց սենյակն ասես բլոկի տակ է, ազդանշանը չի հասնում: Այդ դեպքում ինչո՞ւ էր զանգում: (Դադար:) Կարծես ամեն ինչ հասկացա:
ՄԱՐԿՈ — Ի՞նչ հասկացաք:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Հիմա մեզ հետ մի երևույթ է կատարվում, որը լավ հայտնի է հոգեբանական գիտությանը: Սա հալյուցինացիա է: Մեզ միայն թվում է, թե հավ ենք ուտում, հեռախոսի զանգն ենք լսում և հրաշալի ընկերախումբ է այստեղ հավաքվել: Իսկ ինչպե՞ս կարող են մեզ հալյուցինացիայի ենթարկել:
ՄԱՐԿՈ — Ինչպե՞ս:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Թմրադեղերի օգնությամբ, բարեկամս, հալյուցագենների օգնությամբ, սինթետիկ թմրադեղերի… Մի բան էլ պարզ է ինձ:
ՄԱՐԿՈ — Ի՞նչ եք ակնարկում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Այն, որ դա անում է մեկը, ով, առաջինը` լավ գիտի մարդկային հոգեբանությունը, իսկ երկրորդ` կապ ունի այն միջավայրի հետ, որտեղ գիտեն թմրադեղերի մասին:
ԵԼԵՆԱ — (պայուսակից ճանկում է ատրճանակը, ուղղում Լուիջի Կարլոյի վրա): Չմոտենա՛ք ինձ:
ՄԱՐԿՈ — Ելենա…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Խնդրե՛մ: Նա մեր առևանգողների հանցակիցն է: Դեմքին նայեք: Ճկույթիս չափ չհավատացի նրա պայուսակի պատմությանը: Ուշադրություն դարձրեք, ես ուշաթափվեցի, երբ նա մոտեցավ ինձ: Բայց ինձ մոտ այդպիսի խաղերը չեն անցնում, թանկագինս:
ԵԼԵՆԱ — Ոչ մի բան էլ չեք հասկացել:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ախ, այդպե՜ս… Այդ դեպքում գուցե տիկին հոգեբա՞նն ինձ բացատրի, թե ինչու նրա պայուսակում ատրճանակ հայտնվեց:
ԵԼԵՆԱ — Իսկ դուք փորձեք առավոտից իրիկուն աշխատել թմրամոլների հետ ու հետո հարցրեք` ինչու մոտս ատրճանակ կա: Դուք շատ եք սխալվում, կասկածելով ինձ: Ես նույն հիմունքներով եմ այստեղ, ինչպես և դուք:
ՄԱՐԿՈ — Իսկ եթե մենք մեռե՞լ ենք:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ի սեր Աստծո, վերջ տվեք հիմարությանը: (Ելենային.) Իսկ դուք հեռու տարեք ատրճանակը:
ՄԱՐԿՈ — Չէ, ես լուրջ… Ենթադրենք, երեքս էլ քնի մեջ մեռել ենք:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ու, ձեր կարծիքով, մեռածները ուտում են, խմում ու հոտե՞ր են տարբերում: Թե՞ գժվում են ու ջղայնանում: Տեսնո՞ւմ եք այս երակը: (Ցույց է տալիս ճակատը:) Արյուն է լցվել: Չեմ կարծում, որ կպայթի առողջությունից, եթե հիմա անդրաշխարհում ենք:
Ելենան կրակում է առաստաղին: Բետոնի կտորտանք է թափվում: Լուիջի Կարլոն նետվում, նրա ձեռքից քաշում է ատրճանակը:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ինձ մոտ թող մնա:
ԵԼԵՆԱ — Հա, այդպես անվտանգ է: Ես պահում եմ միայն չարամիտներին վախեցնելու համար: Վերջապես, մեծ ճանապարհի բանդիտ չեմ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Սարսափելի կին եք, քիչ մնաց` սիրտս պայթեր: Թող մնա գրպանումս, ի՞նչ իմանամ, մտքովդ ինչ կանցնի: Ու համոզված եղեք, ձեզնից աչքս չեմ կտրի, պա՞րզ է: Երկուսիդ էլ կհետևեմ: (Պառկում է աջ նստարանին, քնում է:)
Խավար:
Երրորդ տեսարան
Կենտրոնական նստարանին նստած են Մարկոն ու Ելենան: Ելենան լուսանկարներ է ցույց տալիս: Լուիջի Կարլոն քնած է աջ նստարանին:
ԵԼԵՆԱ — Իսկ սա քույրիկս է:
ՄԱՐԿՈ — Հմայիչն է:
ԵԼԵՆԱ — Նա իմ սերն է ու միակ ուրախությունս: Միասին ենք ապրում, երբ երեկոյան տուն եմ վերադառնում, միայն նա է օգնում, որ մոռանամ կյանքի ստորությունները: Գիտես, ես փակ մարդ եմ ու նախընտրում եմ գիրքը ձեռքիս փակվել սենյակում: Իսկ նա մարդամոտ է, կենսասեր ու ոչնչից չի վախենում…
ՄԱՐԿՈ — Պետք է որ նրան շատ սիրես:
ԵԼԵՆԱ — Երբ ծնվեց, ես տասնմեկ տարեկան էի, մի տարիք, երբ դեռ չես հասկանում` բաժանվե՞ս քո խաղալիքներից, թե՞ անցնես մեծերի աշխարհ` երջանիկ կյանքի նրա խոստումով… Նա ապրիլին ծնվեց, ցերեկը, արևը փայլում էր, ես տուն եկա տորտելլինի ուտելու հաճույքը կանխավայելելով, մայրս խոստացել էր սերուցքով տորտելլինի պատրաստել, շատ եմ սիրում: Բայց երբ տուն մտա, միայն մորա­քրոջս տեսա, նա ինձ էր սպասում: «Իսկ ո՞ւր է մայրս»,- հարցրի: «Մի անհանգստանա, ամեն ինչ լավ է, նա շուտով կգա, գնանք ինձ մոտ, քեզ համար համեղ բան եմ եփել»: Համեղը, պարզվեց, բանջարեղենով ապուրն էր, այն էլ` առանց պաստայի: Դա ներքին բողոք առաջացրեց իմ մեջ` տանե՛լ չեմ կարող բանջարեղենային ապուրները: Ահա այդպես քրոջս ծնվելը զուգակցվեց դժգոհությանս հետ… Հետաքրքիր է, ինչո՞ւ եմ այս ամենը քեզ պատմում:
ՄԱՐԿՈ — Դե… գուցե այն պատճառով, որ ես էլ…
ԵԼԵՆԱ — Համենայնդեպս, հիմա ամեն ինչ ուրիշ է, նա լույս է իմ պատուհանում, իմ հենարանն է, իմ պաշտպանությունը:
ՄԱՐԿՈ — Հասկանում եմ քեզ… (Դադար:) Անտառ սիրո՞ւմ ես:
ԵԼԵՆԱ — Այն էլ ինչպե՜ս… պաշտո՛ւմ եմ անտառը: Քանի քույրս չէր ծնվել, ծնողներիս հետ հաճախ էինք անտառում զբոսնում: Ես սովորեցի ճանաչել ծառերը: Կաղնիները ինձ շատ են դուր գալիս… մեկ էլ հողի հոտը անձրևից հետո: Երազում էի թավալվել թաց տերևների վրա, որպեսզի նրանց հոտն ինձ անցներ, բայց համարձակությունս չէր հերիքում: Հողի հետ շփվելու ուրախությունը զիջում էր հորս պատժի վախին:
ՄԱՐԿՈ — Իսկ ես թավալվում էի:
ԵԼԵՆԱ — Ի՞նչ…
ՄԱՐԿՈ — Խոտերի մեջ, թավալվում էի անձրևից թաց խոտերի մեջ: Հանում էի հագուստս ու դանդաղ թեքվում հողին, մինչև նրա հոտը, բարձրանալով, լցվում էր ռունգերս: Հենց այդ պահին էլ անզուսպ ընկնում էի գետնին` պատրաստ ձեռքերով գրկել նրան: Մեր տունը բլրի վրա էր, սոճիների բացատում, փոքր եղբորս այնտեղ էի տանում` նրան աշխարհը բացահայտելու համար: Մերոնք չէին անհանգստանում, գիտեին, որ նա ինձ հետ է: Նա գրում էր տերևների վրա ու դա նրան շատ էր ուրախացնում: Նրան դուր էր գալիս իր արձակած ձայնը: Նա գրում էր ու ծիծաղում… ծիծաղում էր, ծիծաղում էր, դա նրա ուրախությունն էր:
ԵԼԵՆԱ — Ինչքան լավ բան է եղել մեր կյանքում, իսկ հիմա՞… Ի՞նչ է մեզ սպասում: Այն մտքից, որ այլևս չեմ տեսնելու ինձ մարդկանց… ես սարսափում եմ: վախենում եմ, Մարկո: (Նրա հայացքն անսպասելի ապակիանում է, ուր որ է` կարտասվի:) Ի՞նչ եմ ես անելու… Ի՞նչ եմ անելու այս վայրերում…
ՄԱՐԿՈ — (նրան համահունչ ասմունքում է).
Ի՞նչ եմ անելու ես այս վայրերում,
Մոտերքում բույն ու ճյուղեր
հավաքելով,
Այնտեղ, ուր այգը չունի
սահմաններ,
Սրտովս, ուր գիշեր է, վախ է
հիվանդոտ…
ԵԼԵՆԱ — (ապշահար): Գարսիա Լորկա՞ ես կարդացել:
ՄԱՐԿՈ — (շարունակելով ասմունքել` համարյա գրկած Ելենային).
Եվ ի՞նչ կանեմ ես, եթե մահանան
Լույսը պարփակած, ինձ թանկ աչքերը,
Մարմինն իմ կբանտի պաղած խավարը,
Ու տաք հեղուկը կլքի, կգնա…
Իմ սիրած բանաստեղծությունն է: Դպրոցում տղաները թուղթ էին խաղում կամ թերթում էին ամսագրերը, իսկ ինձ ձգում էին բանաստեղծությունները: Փոքրուց էի այդպես, հիվանդության պես մի բան էր…
ԵԼԵՆԱ — Իրավացի ես, դա հիվան- դություն է ու դրանից ազատվելն անհնար է:
Ելենան մոտենում է, թվում է` կհամբուրի նրան, բայց վերջին պահին ուղղվում է, դեմքն ստանում է սովորական արտահայտությունը:
ԵԼԵՆԱ — Բանաստեղծությունը նաև վերքերի դարման է, հատկապես իմ աշխատանքում: Ընդհանրապես, կյանքը տարօրինակ բան է: Կարո՞ղ ես պատկերացնել, ես ատում եմ անձրևը, թեև առաջ սիրում էի: Ես գիտեի, եթե թրջված տուն գայի, մայրս կնստեցներ տաք լոգարանում, հետո տալկ կցաներ… Իսկ հիմա, երբ անձրև է գալիս, կոնսուլտացիա եմ մտնում թաց ոտքերով, մինչև ոսկորներս թրջված, մրսում եմ ու միայնակ եմ… Գումարած` հիվանդներս, որոնց ներսում միայն դատարկություն է: Այդ ժամանակ էլ այնպես եմ ուզում նրանց ամենօրյա դոզան… Մրսում եմ, ես շատ եմ մրսում: (Մարկոն գրկում է նրան:) Գիտես, երբեմն ինչ է կատարվում ինձ հետ: Վախ եմ զգում: Սարսափելի վախ, որ մի գեղեցիկ օր չեմ կարողանա հսկել զգացմունքներս: Գիտեմ, տարօրինակ է սա լսել հոգեբանից: Թվում է, պիտի իմանամ, թե ինչ պիտի անեմ այդ դեպքում, պիտի կարողանամ զսպել զգացմունքներս, բայց գիտելիքը չի օգնում: Ես շատ եմ վախենում իմ վախերից…
ՄԱՐԿՈ — Ի՞նչ կենդանի է քեզ ամե- նաշատն է դուր գալիս:
ԵԼԵՆԱ — Ինչ կենդանի է ամենա- շա­տը ինձ դուր գալի՞ս: Թող մտածեմ… Շուն: Մեր տանը միշտ շուն է եղել:
ՄԱՐԿՈ — Իսկ ինձ դուր են գալիս փղերը:
ԵԼԵՆԱ — Փղե՞րը…
ՄԱՐԿՈ — Փոքրուց: Այնքան խորհըր- դավոր կենդանի է: Մտքովդ չի՞ անցել, թե ինչ տպավորություն են թողնում երեխաների վրա: Երեխան ոչ մի կերպ չի հասկանում, թե նա քանի տարեկան է: Առյուծի, վագրի, ռնգեղջյուրի ձագը շատ փոքր է: Իսկ փի՞ղը… նա հենց սկզբից խոշոր է: Փղերը տարբերվում են բարությամբ ու իմաստությամբ: Իրենց լավ են զգում և կոլեկտիվում, և միայնակ: Դրանք աշխարհի ամենասոցիալական կենդանիներն են: Փղերի խումբը հոտ չէ, ավելին է: Ասես մի փոքր հանրություն է: Իսկ մի օր նրանք լքում են իրենց տարածքն ու հեռանում, ու ոչ ոք չգիտի` ուր են գնում: Ոչ մեկին հայտնի չէ, թե ինչու են այդպիսի որոշում ընդունում: Ոչ մեկը չգիտի նրանց նպատակները:
Արթնանում է Լուիջի Կարլոն, որոշ ժամանակ լսում է նրանց:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Այսպե՜ս… տես­- նում եմ, ժամանակ չեք կորցնում: Շնորհավորում եմ:
Շփոթահար Ելենան ու Մարկոն իրարից հեռու են քաշվում:
ԵԼԵՆԱ — Ոչ, ոչ, սա ձեր մտածածը չէ: Պարզապես այստեղ շատ խոնավ ու ցուրտ է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Դե, իհարկե, խո- նավ ու ցուրտ է: Միք ան- հանգստանա, հիմա կհրամայեմ, որ տաքացուցիչ բերեն: Իսկ դուք` Էլիզային կարոտող… ինչ-որ շատ շուտ մոռացաք նրան: Լավ, կատակում եմ, ես աշխարհիկ մարդ եմ, տեղյակ եմ, թե ինչպես են որոշ բաներ կատարվում:
ՄԱՐԿՈ — Ի՞նչ բաներ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (նայելով Մարկոյին): Ինչ էլ լինի, ինձ արդեն պարզ է, որ երկուսդ էլ դժբախտ քրջոտներ եք ու պատահական եք հայտնվել իմ առևանգման պատմության մեջ: Դե, լավ, գոնե մենակ չեմ:
ՄԱՐԿՈ — Դուք շատ սիրալիր եք, շնորհակալություն:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Չարժե: Համա- ձայնվեք, որ ամեն մարդ պիտի իմանա իր տեղը հասարակության մեջ ու հարգի մյուսների տեղադրությունը: Ե՛ս չեմ հորինել, դա հասարակական օրենք է, դեմը խաղ չկա: Օրինակ` ես: Ի՞նչ եք կարծում, ես կարո՞ղ էի հավաքարար աշխատել: (Պատասխան չի ստանում:) Ոչ, ես երբեք չէի կարողանա հավաքարար աշխատել: Իսկ ինչո՞ւ: Որովհետև ես ուրիշ արժանապատվության, ուրիշ կոչումի մարդ եմ: Իմ կոչումը վիթխարի գործեր կատարելն է, մեծ նպատակներ ունենալը: Կրկնում եմ, պատահական ոչինչ չի կատարվում:
ՄԱՐԿՈ — (սարկազմով): Ի՜նչ եք ասում… Եթե այդպես է, ուրեմն բացատրեք ինձ, թե ինչու երեքս էլ այստեղ ենք: Պատճառն ի՞նչ է: Միայն չկրկնեք, որ մենք ենք ձեր առևանգմանը մասնակիցը, չեք համոզի: Տարբեր քաղաքներից ենք, ես` Հռոմից, սինյորան` Ֆերրարայից, դուք…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Պադուայից եմ:
ՄԱՐԿՈ — Տեսնո՞ւմ եք, ոչ մի կապ չկա, անգամ` աշխարհագրական: Դժվար թե միաժամանակ են մեզ առևանգել ու հիմա միասին ենք ինչ-որ մեկի տափակ սխալի հետևանքով: Միասին ենք` ուզենք, թե չուզենք:
ԵԼԵՆԱ — Հիմա ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում:
ՄԱՐԿՈ — Երևի թե մեկին պետք է եղել, որպեսզի մենք հավաքվեինք այստեղ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ահա և մեր հավա- քարարն սկսեց շատ նրբամիտ ու խորաթափանց եզրահանգումներ անել: Ըստ իս, դա բացահայտ չափազանցություն է:
ՄԱՐԿՈ — Ընդամենը` վարկած է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Բայց իրոք, սկսեց ցրտել: (Գնում է դեպի դուռը:) Է՜յ, դո՛ւք, լսո՞ւմ եք ինձ, ես մրսում եմ: Ծածկոցներ բերեք, կամ ինչ մտքներովդ անցնի, եթե չեք ուզում, որ ցրտից մեռնենք:
ԵԼԵՆԱ — Բավական է, երկուսդ էլ լռեք: Ես վախենում եմ, հասկանո՞ւմ եք, ես վախենում եմ…
Մարկոն նետվում է նրա կողմը:
ՄԱՐԿՈ — Հանգիստ, մի վախենա… ես քեզ հետ եմ: Ես գիտեմ, որ այս ամենը լավ ավարտ կունենա:
ԵԼԵՆԱ — (կասկածով): Որտեղի՞ց գի- տես:
ՄԱՐԿՈ — Հենց այնպես ասացի: Սկզբում կատակում էի, ուզում էի մեր բանտախցի հարևանին մի քիչ չարացնել: Բայց նա իրավացի է, միայն նրան են ուզել առևանգել: Իսկ հիմա… պատկերացրու, եթե նա շտապ փող չգտնի… ուզում եմ ասել, պատկերացրու, եթե նրա ընտանիքը…
ԵԼԵՆԱ — Քեզ ի՞նչ եղավ, քրտնքի մեջ կորել ես:
ՄԱՐԿՈ — Ես ինձ լավ եմ զգում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (Ելենային): Կարծում եմ, հոգեբանի աշխատանքը ձեզ համար չէ:
ԵԼԵՆԱ — Ներեցեք, ի՞նչ նկատի ու- նեք:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Կարծում եմ, դուք շատ զգայուն եք ու թույլ նյարդեր ունեք:
ԵԼԵՆԱ — Իսկ դուք գնացեք ու աշ- խատեք, որտեղ ես եմ աշխատում… գոնե մի երկու օր, առավոտները… Վստահ եմ, որ էլեկտրաշոկի կարիք կունենաք: «Զգայո՜ւն»… Դուք ի՞նչ գիտեք իմ մասին:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Օ՜, ինչ կրքեր… Այդքան սրտին մոտ չընդունեք, ընդամենը ուզում եմ ասել, որ եթե նոր տնօրեն վարձելու խնդիր ունենամ, երբեք չեմ ընդունի մեկին, ով վախենում է պոտենցիալ գնորդներից:
ԵԼԵՆԱ — Ձեր բերած օրինակը ա- պու­շություն էր:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Եղածը դա է: Այդ օրինակը բերեցի ինչ-որ բան ասած լինելու համար: (Մարկոյին.) Մոտ եկեք, օգնեք…
ՄԱՐԿՈ — (մոտենալով): Ի՞նչ կա:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ես օգնություն խնդրեցի: Ուզում եմ հասկանալ, թե ինչու այստեղ ցուրտ է, նույնիսկ պատերն են սառցակալել: Կարծում եմ, սա նկուղ է ու ինչ-որ տեղից փչել չի կարող: Ուզում եմ զննել առաստաղը, գուցե այնտեղ ճեղքեր կան ու ցուրտը ներս է թափանցում…
Մարկոն ծնկի է գալիս, Լուիջի Կարլոն բարձրանում է նրա ուսերին: Մարկոն ոտքի է կանգնում, Լուիջի Կարլոն զննում է առաստաղը:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Մութ է, ոչինչ չի երևում: Մի քիչ այն կողմ շարժվեք, ուզում եմ այնտեղ նայել…
Մարկոն քայլ է անում, կորցնում է հավասարակշռությունն ու ընկնում է` հետը գցելով Լուիջի Կարլոյին:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (հատակին պառկած): Լավ գմփացի… գրողը տանի, ոնց է ցավում… (Ձեռքը սեղմում է սրտին ու ցավից կնճռոտվելով` փորձում է բարձրանալ, բայց տնքալով ընկնում է մեջքի վրա: Մարկոն սկսում է մերսել նրա սիրտը: Լուիջի Կարլոն ուշքի է գալիս:) Շատ էր ցավում… հիմա արդեն թեթևացավ: Շնորհակալ եմ:
ՄԱՐԿՈ — Չարժե:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Այդ ի՞նչ արեցիք:
ՄԱՐԿՈ — Սրտի սովորական մեր- սում: Ֆիբրիլյացիա էր… լուրջ բան չէ, հիմա կանցնի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Հա, սիրտս հի-վանդ է, բայց դուք… որտեղի՞ց գիտեք:
ՄԱՐԿՈ — Հայրս բժիշկ է, մեր տունը բժշկության մասին լիքը գիրք կա:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (ապշած, դեռ պառկած է հատակին): Ձեր հայրը բժի՞շկ է: Բայց դուք ինչպե՞ս… դուք ինչո՞ւ…
ՄԱՐԿՈ — Ուզում եք հարցնել, թե ինչու ապահովված ընտանիքի պատանին, հնարավորություն ունենալով հասնել բարձր վճարվող ու հեղինակավոր աշխատանքի, զբաղվում է սոցիալապես արհամարհելի գործունեությամբ: Այլ բառերով ասած` այդ ինչո՞ւ բժշկի տղան ժամանակը սպանում է զուգարանակոնքերը լվանալով:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Դե, մի խոսքով… այո:
ՄԱՐԿՈ — Որովհետև թքա՛ծ ունեմ սոցիալական կարգավիճակի վրա: Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Դուր է գալիս այդ աշխատա՞նքը:
ՄԱՐԿՈ — Հա, ես լավ ընկերություն եմ անում երեխաների հետ ու դա ինձ դուր է գալիս: Ավելի լավ է, դուք ասեք, միայն անկեղծ, ձեզ երբևէ մենակ չե՞ք զգացել:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Հըմ…
ՄԱՐԿՈ — Պատասխան չլսեցի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Պատահել է… երբեմն…
ՄԱՐԿՈ — Տեսնո՞ւմ եք, իսկ ինձ հետ նման բան չի եղել: Իմ երեխաների շնորհիվ…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ձեր հիմարութ-յունները լսելու ցանկություն չունեմ: Շատ եմ մրսում, ինձ տաքանալ է պետք: (Բարձրանում, սկսում է վազել սենյակում:)
ԵԼԵՆԱ — Ի՞նչ եք անում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (վազելով): Չե՞ք տեսնում… դուք չեք տեսնում, թե ի՞նչ եմ անում: Կտավի վրա յուղաներկով վերջին վրձնահարվածն եմ անում, միաժամանակ խոր­հըրդակցություն եմ անցկացնում ու խնձոր եմ կրծում:
ԵԼԵՆԱ — (վախեցած): Մարկո…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (վազելով): Միք անհանգստանա, թանկագինս, ես չեմ գժվել, ընդամենը փորձում եմ տաքանալ ցրտից չմեռնելու համար:
ՄԱՐԿՈ — Վերջ տվեք, դա ձեզ վնաս է… այն, ինչ կատարվեց ձեզ հետ քիչ առաջ…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — «Դա ձեզ վնաս է», «Դա ձեզ վնաս է»… բլաբլաբլա, բլաբլաբլա… ծիծաղելի լինելու փոխարեն միացեք ինձ: Ցույց տվեք` ինչի եք ընդունակ, ցույց տվեք` ինչ տղամարդ եք:
Մարկոյին քաշում է իր կողմն ու եռանդով կռանում-ուղղվում է: Հայացք ձգելով Ելենային` Մարկոն կրկնում է նրա շարժումները:
ԵԼԵՆԱ — Մարկո, Մարկո… Մարկո-ո-ո…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (շարունակելով վարժությունները, Մարկոյին): Երիտասարդ, դուք գերել եք տիկնոջ սիրտը: Չէ, իսկապես նվաճել եք նրան: Կեցցե՛ք: Ինձ թվում է` հրաշալի տվյալներ ունեք: Ասենք, տիկինն էլ շատ հմայիչ է:
ԵԼԵՆԱ — Մարկո, ի՞նչ ես անում: Դու նրա հե՞տ ես, նրա կողմո՞ւմ… (Մարկոն չի պատասխանում:) Մարկո, այդ մարդուն չի կարելի վստահել: Դու ենթարկվում ես խելագարի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ուշադրություն չդարձնեք: (Ուղղվելով:) Գերազանց է, կարծում եմ, բավական է: (Մարկոն նույնպես ուղղվում է:) Ապրեք, գովեստի եք արժանի: Իսկ որտե՞ղ եք զինվորական ծառայություն անցել:
ԵԼԵՆԱ — Մարկո, բավական է, դու դեռ չե՞ս տեսնում, որ այդ մարդը խելագար է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Անուշիկս, զգույշ արտահայտվեք, եթե այստեղ մեկը խելագարի տպավորություն է թողնում, այդ մեկը դուք եք ձեր հիստերիկ վայնասունով:
ԵԼԵՆԱ — Ոչ, այդպես չէ, այդպես չէ… (Բռունցքներով հարձակվում է Լուիջի Կարլոյի վրա, նա փորձում է բռնել կնոջ ձեռքերը:)
ՄԱՐԿՈ — (բաժանելով նրանց, Ելենային): Դե, հերիք է… բավակա՛ն է, այստեղ ոչինչ չի կատարվում, ինչից արժեր վախենալ: Ու ոչ մեկը չի պատրաստվում քեզ ցավ պատճառել, ոչ մեկը:
ԵԼԵՆԱ — (ակնարկելով Լուիջի Կարլոյին): Բայց նա կորցնում է բանականությունը, ինչ է, չե՞ս հասկանում, ու մեզ էլ կստիպի խելագարվել: Մենք պետք է ինչ-որ բան անենք, որպեսզի չեզոքացնենք նրան: Դու պիտի անես դա, Մարկո, դու պետք է ինձ օգնես:
ՄԱՐԿՈ — Ինչ որ պետք է` մենք կանենք: Կտեսնես, շուտով դուրս կպրծնենք այստեղից:
ԵԼԵՆԱ — Ե՞րբ:
ՄԱՐԿՈ — Չգիտեմ: Իսկ հիմա, եթե երկուսդ էլ դեմ չեք, ես մի քիչ քնեմ: Հոգնել եմ: Իսկապես, շատ եմ հոգնել: (Ցույց տալով կենտրոնական նստարանը` Լուիջի Կարլոյին:) Ոչի՞նչ, եթե այդտեղ պառ- կեմ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Խնդիր չկա, հաճույքով կզիջեմ իմ տեղը: Եթե ցանկանում եք, երբ արթնանաք, կարող ենք պայմանագիր կնքել, համաձա՞յն եք:
ԵԼԵՆԱ — (ձախ նստարանին նստած, ծնկները ձեռքերով գրկած` ինքնամոռաց քրթմնջում է): Ի՜նչ լավ կլիներ, եթե հնարավոր լիներ մոռանալ: Գլուխը դնել փափուկ բարձին ու զգալ, թե ինչպես աստիճանաբար մարմինդ թուլանում է, զգալ ծածկոցի ջերմությունը, սավանների թարմությունը: Ի՜նչ հրաշալի կլիներ… Արթնանայի, իսկ այս մղձավաջը չկա: Տեսնեմ քույրիկիս ժպտուն դեմքը, շոյեմ նրան: Միասին նախաճաշենք: Ելակ կուզենայի ուտել: Հա, ելակ եմ ուզում, կարմիր-կարմիր: Հետո կգնանք հնոտիքի շուկա, վաղը մեր փողոցում հնոտիքի շուկա է բացվում: Այնտեղից սափորներ կգնեմ: Մարթա մորաքրոջ տանը միշտ շատ ծաղիկներ կային, իսկ ես սափորներ էր, որ ջարդում էի: Պատահաբար: Որպես պատիժ հայրս փակում էր ինձ նրա սենյակում, իսկ այնտեղից հոտ էր գալիս: Կահույքը շատ հին էր, ու սենյակը խորդանոցի էր նման: Փոխարենը այնտեղ ծաղիկներ չկային… (Ասես սթափվելով` դիմում է Լուիջի Կարլոյին:) Գիտեմ` ինչ եք մտածում: Մտքում ձեզ հարց եք տալիս` հնարավո՞ր է, որ ամբողջ օրը անհավասարակշիռ մարդկանց, հոգեգարների, տոքսիկամանների հետ աշխատող պրոֆեսիոնալը այդքան հեշտությամբ կորցնում է ինքնատիրապետումը:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Դե չէ… ամենևին…
ԵԼԵՆԱ — Գիտեմ, գիտեմ, որ հենց այդպես եք մտածում, ես դա կարդում եմ ձեր հայացքում: Ու չնայե՛ք ինձ այդպես… վե՛րջ տվեք…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Լսեք, սինյորա, տանե՛լ չեմ կարող, երբ այդպիսի տոնով են խոսում: Առանց այդ էլ գլուխս պայթում է հանելուկներից, որոնք առաջարկում է ինձ իրավիճակը ու որոնցից կարելի է խելքը թռցնել: Ես սովոր եմ ուղեղս օգտագործել իմ ու իմ ընտանիքի ապագայի համար որ- պես կառուցողական աշխատանքի, որոշումներ փնտրելու միջոց: Ինձ միայն դա է հետաքրքրում, մնացածը խղճուկ ռեֆլեքսիա է, համալսարանական պրոֆեսորիկների մտահանգումներ: Դա թողնում եմ ինտելեկտուալներիդ: Դուք լսո՞ւմ եք ինձ:
ԵԼԵՆԱ — Ձեր ասածի մեջ անսահման անճոռնի մի բան կա:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Եվ ո՞վ է դա ա- սում…
Դադար:
ԵԼԵՆԱ — Երբ փոքր էիք, ձեր տանը ինչ-որ կենդանի եղե՞լ է: Չգիտեմ, ասենք` շուն, կատու… սոխակ…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ոչ, հայրս կեն- դանիներին ատում էր, ասում էր, որ նրանց վրա չարժե ժամանակ կորցնել:
ԵԼԵՆԱ — Այո, նրանք ժամանակ են պահանջում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Իսկ մայրս հո- տերի չէր դիմանում: Ներեցեք, բայց ձեր ի՞նչ գործն է…
ԵԼԵՆԱ — Հոտեր… իհարկե, հաս- կանում եմ: Իսկ գիտե՞ք, թե ինչ կարևոր է, երբ երեխան պատասխանատվություն է զգում որևէ կենդանի արարածի համար: Կերակրել, հետը խաղալ, պետքերը հոգալ… ամբողջ օրն անցկացնել այդ էակի հետ, որը քեզ է նայում լայն բացված աչքերով, աստծո փոքրիկ արարած` տաքուկ մարմնով, բաբախող սրտիկով, որը կախում ունի քեզնից ու չի կարող ապրել առանց քեզ: Գիտե՞ք, այդ ամենը ինչ կարևոր է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Չէ, ազնվորեն ասած, այդ ամենը իմ կողքով է անցել:
ԵԼԵՆԱ — Իսկ արդեն ժամանակն է, որ միայն ձեր մասին չմտածեք: Դուք չե՞ք նկատել, ինչպես են փոխվել ժամանակները: Ձեր արժեքների կողքին ուրիշներն են հայտնվել, ասենք` հարգանք, սեր, սոցիալական պատասխանատվության զգացում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ինչե՞ր եք դուրս տալիս, որոշել եք հոգեբանության դասախոսությո՞ւն կարդալ, ուրիշ զբաղմունք չունե՞ք:
ԵԼԵՆԱ — Լավ, կասեմ ոչ որպես դասախոս, այլ մարդ: Դուք ձեզ երեխայի պես եք պահում, ում ժամանակին շուն չեն նվիրել:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ես` երեխա՞… ի՞նչ եք ձեզ թույլ տալիս…
ԵԼԵՆԱ — Դուք, երևի, դեռ ձեզ հաշիվ չեք տալիս, որ… Մի պահ մտածեք. դուք այստեղ եք երկու մարդու հետ, որոնց նախկինում չեք տեսել, փակված եք անհայտ շինության մեջ, չիմանալով, թե ինչ ապագա է սպասում, ողջ կմնա՞ք, թե՞ ոչ, ոչնչում համոզված չեք, այս տեղը լքելու ոչ մի հնարավորություն չունեք: Դուք մենակ չեք, կրկնում եմ, ձեր կողքին երկու մարդ կա նույն իրավիճակում, ձեզ պես վախեցած ու ձեզ պես հույսով, որ այս մղձավանջը շուտով կավարտվի: Այդ երկու մարդը ձեր միակ հարստությունն են: Դուք կարող էիք հրաշալի համախոհ դառնալ, եթե փորձեիք հասկանալ նրանց, կարողանայիք լսել նրանց: Իսկ դո՞ւք… Ի՞նչ եք անում դուք` գոռում եք, աղմկում, արհամարհում եք նրանց, իսկ հետո երեխայի նման ուրախանում եք, երբ նրանցից մեկը ձեզ հետ միասին ինչ-որ ապուշ վարժություններ է անում: Այո, այո: Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև արտաքին դիրքը ձեր կյանքի փոքրաթիվ արժեքներից է, որ ձեզ համար գին ունի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Հա-հա-հա… ամեն ի՞նչ ասացիք: Գոնե հասկանո՞ւմ եք, թե որքան եք ծիծաղելի: Ես ընդհանրապես թքած ունեմ ձեր մտահանգումների վրա:
ԵԼԵՆԱ — Այդ է, որ կա, դա էլ ինձ կատաղեցնում է: Որ դուք բացարձակապես չեք հետաքրքրվում ուրիշ մարդկանցով ու նրանց կարծիքներով: Հենց այդ է` թքած ունեք ձեր համեստ բախտակիցների վրա: Եվ պատճառը ձեր գերձևախեղված ինքնասիրահարվածությունն է: Դուք չե՞ք նկատել, թե մի նախադասության մեջ քանի անգամ եք կրկնում «ես» բառը: «Ես» գիտեմ, «ես» ուզում եմ, «ես» ասացի, ես, ես, ես:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (բարձր ծիծաղում է):
ԵԼԵՆԱ — Ի՞նչն է ծիծաղելի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (ավելի բարձր է ծիծաղում):
ԵԼԵՆԱ — Չե՞ք կարող լռել:
ՄԱՐԿՈ — (արթնանում է): Ի՞նչ է… բա՞ն է պատահել:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ոչինչ չի պատա- հել, պարզապես… հա-հա-հա… Գիտե՞ք, ձեր ընկերուհին իրոք տարօրինակ մարդ է, նրա ուղեղն անընդհատ աշխատում է, ոչ մի րոպե հանգիստ, անընդհատ վերլուծում է ուրիշներին, ասես շարժական ռադիոգրաֆիկ սարք լինի: Նա ձեր ռենտգենյան նկարն էլ է արել: Այո, այո, երկուսիս էլ ռենտգեն է արել: «Ուրիշները», «ուրիշները», մի՛շտ «ուրիշները», երբեք` «մենք ինքներս», միշտ ու միայն` «ուրիշները»… Նա բա- ցարձակապես ինձ չհամոզեց իր հոգեվերլուծական տեսություններով, ֆրեյդիստական են ասում, թե էլի ինչ-որ բան… Բայց և այնպես, պիտի խոստովանեմ, որ նա մասնագետ է:
ԵԼԵՆԱ — Նորի՞ց եք ծաղրում:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Միանգամայն լուրջ եմ: Ինձ դուր է գալիս ձեր ոճը, սինյորա «ուրիշներ»: Եթե հաջողվի դուրս գալ այստեղից, կհամաձայնվե՞ք աշխատել իմ ընկերությունում:
ԵԼԵՆԱ — Ձեր ընկերությունո՞ւմ…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Հա, էլի… Ինձ ձեզ պես մեկն է պետք, ով կարող է համապատասխան կերպով տը-րամադրել իմ աշխատողներին ու հասկանում է նրանց: Ես կարող եմ ստիպել հարգել ինձ, բայց, հնարավոր է, դուք իրավացի եք` ես պետք է սովորեմ այլ կերպ վերաբերվել իմ ծառայողներին:
ՄԱՐԿՈ — Ինձ թվում է, դուք ընդ-հանուր լեզու գտաք:
ԵԼԵՆԱ — Բայց ես…
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (նրան ընդհատելով): Դա ձեր հոգսը չէ, թույլ տվեք մնացած հարցերը ես լուծեմ: Ավելի ուշ կճշտենք դետալները, իսկ հիմա ամենակարևորն այն է, որ իրար հասկացանք:
ԵԼԵՆԱ — (թշնամանքով նայելով նրան): Բայց ինչ լպիրշն եք: Ինձ հանգի՛ստ թողեք, ավելի լավ է` գնամ բանակցելու առևանգողների հետ: (Մոտենում է դռանը:) Սա ի՞նչ է… դուռը բաց է: Լսո՞ւմ եք, դուռը բաց է:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Չի կարող պա- տահել: (Վազում է դեպի դուռը, Մարկոն տեղում ասես քարացել է:) Իրոք որ, դուռը բաց է: Ինչպե՞ս արեցիք:
ԵԼԵՆԱ — Ես ոչինչ չեմ արել: Ինչ-որ մեկը այն կողմից է բացել:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ի՜նչ սիրալիր առևանգողներ ունենք, մեզ թույլ են տալիս դուրս գալ: Գուցե ներողության հայցումներով հեռագիր է՞լ ուղարկեն: Լավ, կատակը մի կողմ, դուրս գալ է պետք:
ԵԼԵՆԱ — Հավատացեք, այդ ես չեմ… դուք հիշում եք, դուռը բանալիով էր փակված, ես մոտեցա, բռնակը պտտեցի, ու դուռը բացվեց: Մարկո, գոնե դու հավատո՞ւմ ես ինձ:
ՄԱՐԿՈ — Իհարկե, ես քեզ հավա-տում եմ, Ելենա:
ԵԼԵՆԱ — Գրկիր ինձ, Մարկո, ես վախենում եմ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Քանի զբաղված եք ձեր զգացմունքների զեղումով, գնամ, նայեմ` դրսում ինչ կա:
ԵԼԵՆԱ — Պետք չէ, դա կարող է վտանգավոր լինել:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Այստեղ գտնվելուց ավելի վտանգավոր չէ, երբ ամեն րոպե կարող են ներս մտնել ու մեր կաշիները քերթել: Գոնե փորձ պիտի անենք: (Փաթաթվում է երեք սավանների մեջ:) Եթե քառորդ ժամից չվերադառնամ` եկեք ինձ փնտրելու: Բայց շատ զգույշ եղեք… գրո՛ղը տանի, ոչինչ չի երևում: (Ելենային.) Հա, գնալուց առաջ մի բան եմ ուզում ասել: Շանս անունը Ֆլիպպեր էր, մեզ անհնար էր իրարից բաժանել: Կատու էլ ունեի, օրերով հետը խաղում էի: Փռչոտ կատու էր… (Դուրս է գնում:)
ԵԼԵՆԱ — Չէ, դու մի սրան տես… անընդհատ ձևացնում էր, հիմարի տեղ էր դնում: Ես զգում էի` ինչ-որ բան այն չէ, որ նա այդքան էլ ցինիկ ու անհոգի չէ, ինչպես ուզում էր երևալ: Լավ, հերիք է նրա մասին… Մարկո, քեզ մի բան եմ ուզում ասել: Չգիտեմ` ինչ կլինի մեզ հետ ու կհաջողվի՞ ողջ-առողջ դուրս պրծնել այստեղից, բայց գիտեմ, որ քեզ չեմ մոռանա: Մարկո, ես քեզ չեմ մոռանա: (Լռություն:) Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ այս ամենը մեզ հետ պատահեց, չեմ հասկանում:
ՄԱՐԿՈ — Երևի ինչ-որ մեկին պետք էր ինչ-որ ժամանակ մեզ միասին պահել:
ԵԼԵՆԱ — Ինչո՞ւ, ի՞նչ են ուզում նրանք մեզնից:
ՄԱՐԿՈ — Ելենա, բոլոր հարցերը չէ, որ ունեն պատասխան:
ԵԼԵՆԱ — Այսի՞նքն…
ՄԱՐԿՈ — Այսինքն… արի, պառկիր այստեղ: Հանգստացիր:
ԵԼԵՆԱ — Վե՛րջ տուր, ես դժբախտ խելագար չեմ, դու ինչ-որ բան գիտես, բայց չես ուզում ասել: Դու գիտես, չէ՞, գիտես, թե ինչու են մեզ այստեղ պահում: Որ ի վերջո մեկս մյուսի կոկորդը կտրե՞նք: Ասա, այդպե՞ս է:
ՄԱՐԿՈ — Երբ դու և Լուիջի Կարլոն հայտնվեցիք այստեղ, այնպիսի հակակրանք էիք զգում իրար նկատմամբ, որ ուժով անհնար էր ձեզ ստիպել նույն սեղանի շուրջ սուրճ խմել: Ընդհանուր ոչինչ չունեիք: Ամեն ինչ բաժանում էր ձեզ, առաջին հայացքից դա պարզ էր: Անհրաժեշտ էր ձեզ մոտիկից ծանոթացնել, որպեսզի միմյանց աշխարհը ներթափանցեիք: Իմ արածը ձեզ օգնելն էր:
ԵԼԵՆԱ — Դո՞ւ… դու օգնե՞լ ես:
ՄԱՐԿՈ — Ձեզ երկար ճանապարհ է սպասում, որն անցնելու եք միասին: Դուք երբեք առաջին քայլը չէիք անի, եթե չլիներ իմ անտեսանելի օգնությունը: Հիմա իրար ճանաչեցիք, հասկանում եք մեկդ մյուսին, խոսում եք իրար հետ:
ԵԼԵՆԱ — Ի՞նչ է սա նշանակում… ի՞նչ ես զառանցում:
ՄԱՐԿՈ — Զառանցանք չէ, դուք իսկապես երկար ճանապարհ պիտի անցնեք կողք-կողքի:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (ներս է գալիս ծանր շնչելով, գունատված): Չի՛ կարող պատահել… պարզապես չի՛ կարող պատահել:
ՄԱՐԿՈ — Ի՞նչը չի կարող պատահել:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Համարյա ժամուկես քայլել եմ…
ԵԼԵՆԱ — Ի՞նչ ժամուկես, հինգ րոպե չկա, ինչ դուրս գնացիք:
ՄԱՐԿՈ — Թող խոսի, Ելենա:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — Ես ոչինչ չգտա, ոչ ճանապարհ, ոչ լույսի շող, որ ձայն, ոչ ծառ, խոտ, արահետ, ոչ մի կենդանի, անգամ քամի չկա: Ես ոչինչ չտեսա այս դռնից բացի, այս անիծյալ դռնից այն կողմ…
ՄԱՐԿՈ — …ո-չին-չէ:
ԼՈՒԻՋԻ ԿԱՐԼՈ — (դողում է): Այո, ոչինչ է:
Ելենան ճչում է: Դադար:
ՄԱՐԿՈ — Ելենա, հանգիստ, այդքան ողբերգական մի ընդունիր, չարժե, ասենք, պահն էլ այն չէ: Հանգստացիր: Մենք առայժմ երեքով ենք, դա ամենակարևորն է: Մենք պիտի գնանք:
ԵԼԵՆԱ — Ո՞ւր… բայց այդ ժամանակ մենք… դու… այսինքն, ուզում ես ասել…
ՄԱՐԿՈ — Սո՜ւս:
Մարկոն բռնում է նրանց ձեռքերն ու տանում դեպի դուռը: Խավար:
Առաջին գործողության ավարտը
Ծանոթագրություն. Գործողությունների միջև ընդմիջումը հինգ րոպեից ավելի չպիտի լինի: Այդքան ժամանակը բավական է դեկորները փոխելու համար: Հանդիսատեսը պիտի մնա տեղում: Դա անհրաժեշտ է կենտրոնացումը չկորցնելու և մտովի առաջին ու երկրորդ գործողությունների իրադարձություններն իրար կապելու համար:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Չորրորդ տեսարան
Պանդոկի սրահ: Մի քանի սեղանների վրայից դեռ չեն հավաքել կեղտոտ ափսեները: Կուլիսների աջ կողմում բարն է, կողքին` վերևի հարկ տանող սանդուղք: Ներս է վազում տղամարդ, գլխին` պլաստիկե պարկ ու ձեռքերը, ասես թևեր, տարածելով` պտտվում է սրահում` ինքնաթիռ է պատկերում: Նրա անունը Կարլո է:
ԿԱՐԼՈ — Ռ-ռ-ռ-ռ… (Կանգ է առնում, իբր` վայրէջք կատարեց, հետո նորից թափ է հավաքում, օդ բարձրանում:) Ռ-ռ-ռ-ռ…
Հայտնվում է երեսունհինգ տարեկան կին, գոգնոցով է: Նեղ­սրտած հետևում է տղամարդուն: Նրա անունը Նիկոլետտա է: (Կնոջ դերը պիտի խաղա նույն դերասանուհին, ով առաջին գործողության մեջ Ելենա էր խաղում): Տղամարդ-ինքնաթիռը արագություն հավաքելով` ուղղվում է նրա կողմը:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլետտո, Կարլետ- տո, հանդարտվիր… դե, հերի՛ք է, ասացի:
Կարլոն ձևացնում է, թե չի լսում ու շրջանցում է նրան: Նիկոլետտան հասնում ու բռնում է Կարլոյին:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլո, քանի՞ անգամ պիտի քեզ ասեմ, որ պլաստիկե պարկը գլխիդ չքաշես:
Քանդում է հանգույցն ու պարկը հանում գլխից:
(Կարլոյի դերակատարը Լուիջի Կարլոյի դերը խաղացող դերասանն է, բայց երկրորդ գործողությունում ավելի երիտասարդ պիտի երևա: Հիմա նա երեսուն տարեկան է ու ակնհայտորեն հոգեկան խնդիրներ ունի:)
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Մի օր կխեղդվես այդ պարկի մեջ:
ԿԱՐԼՈ — Լետտա, իսկ գիտե՞ս, ոնց են սարքում ինքնաթիռները:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Չգիտեմ: Դու ցույց տուր:
ԿԱՐԼՈ — Ես գիտեմ, ոնց են սարքում ինքնաթիռները: Նրանք անում են ռ-ռ-ռ-ռ… (Ազատվում է Նիկոլետտայի ձեռքերից ու շարունակում թռիչքը:)
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Շնորհակալություն, Կարլետո, ես տեսա, թե ոնց են սարքում ինքնաթիռները: Իսկ հիմա բավական է: Կարլետտո, կանգ առ, խնդրում եմ:
ԿԱՐԼՈ — Չեմ կարող, թռիչքը դեռ չեմ ավարտել, պիտի վայրէջք կատարեմ: Դու, իհարկե, դա չգիտես: Որովհետև դու կին ես:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Դու ճիշտ ես, Կար- լետտո, հիմա ասա, թե ե՞րբ է վայրէջքը:
ԿԱՐԼՈ — Չգիտեմ, պիտի հրամանատարին հարցնեմ: Քո կարծիքով, ե՞ս եմ հրամանատարը: Ես ինքնաթիռն եմ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Եթե պետք է, ուրեմն հարցրու:
ԿԱՐԼՈ — Ուրեմն հարցնե՞մ հրամա- նատարին:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հա, Կարլետտո, հարցրու հրամանատարին, խնդրում եմ:
ԿԱՐԼՈ — Հրամանատար, ե՞րբ է վայրէջքը… Ըհը, հասկացա:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Դե՞… ե՞րբ է:
ԿԱՐԼՈ — Հրամանատարն ասաց` երկուս ու կես օր հետո:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ե՞րբ… Դե, Կարլետտո, վերջ տուր, հերիք է:
ԿԱՐԼՈ — Բայց մենք արդեն թռչում ենք երկրագնդի շուրջը, քո կարծիքով, նրա շուրջը կարելի է թռչել տասը րոպեո՞ւմ… Ռ-ռ-ռ-ռ… Բայց այդ մասին ի՞նչ իմանաս, դու կին ես:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Բավական է, Կար- լետտո, մինչև կոկորդս կուշտ եմ: (Կանգնեցնում է նրան:)
ԿԱՐԼՈ — Ի՞նչ ես ուզում ինձնից, հրամանատարի հետ խոսիր: Ես որոշում չեմ ընդունում, ես ընդամենը ինքնաթիռ եմ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հա, քո ասածն է, իսկ հիմա արի այստեղ ու նստիր, խոսելու բան կա:
ԿԱՐԼՈ — Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, մի՞թե կարող եմ կանգնել, երբ ներսում այդքան ուղևոր կա, նրանք հետո ինձ կհայհոյեն:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Քո ուղևորների հետ ես կխոսեմ, իսկ հիմա նստիր ու հանդարտվիր:
ԿԱՐԼՈ — Իսկ հետո կարո՞ղ եմ շա-րունակել թռիչքս:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Իհարկե, կարող ես: Հետո կարող ես շարունակել թռիչքդ ու ուղևորներիդ պտտեցնել երկրագնդի շուրջը:
ԿԱՐԼՈ — Այո, շուրջերկրյա թռիչք… Գիտե՞ս, վերևում ինչ գեղեցիկ է: Եվ ցուրտ է, և ուժեղ քամի է, իսկ դեմքիդ ամպերն են քսվում, երբեմն թռչուններ են հանդիպում, բայց մենք` ինքնաթիռներս, նրանցից ավելի արագ ենք թռչում… Իզուր եմ քեզ պատմում, միևնույն է, ոչինչ չես հասկանա: Դու կին ես:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլետտո, այսօր ինչ-որ մեկը գալու է այստեղ:
ԿԱՐԼՈ — Գիտեմ, հաց բերողը: Ինձ շատ է դուր գալիս, երբ նա գալիս է: Ամեն անգամ թաքնվում եմ նրա ալյուրի մեծ զամբյուղում ու ձևացնում, թե բուլկի եմ` փոքրիկ, փոքրիկ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Չէ, Կարլետտո, նա հաց բերողը չէ: Նա ուրիշ է, մենք նրան երբեք չենք տեսել:
ԿԱՐԼՈ — Իսկ մենք ո՞ւմ երբեք չենք տեսել, կայսրի՞ն:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Չէ… Կարլետտո, թող ավարտեմ ասելիքս:
ԿԱՐԼՈ — Հա, հասկացա, նա երևի գաղտնի գործակալ է, լրտես: Բայց դու մի անհանգստանա, ես կհրամայեմ, որ նա ինքնաթիռ նստի ու ինձ հետ ուղևորվի շուրջերկրյա ճանապարհորդության: Իսկ նրանից հոտ չի՞ գալիս:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Այսի՞նքն…
ԿԱՐԼՈ — Եթե վրայից հոտ է գալիս, ես չեմ կարող նրան նստեցնել ուրիշ ուղևորների հետ, ինչպե՞ս կարող եմ… Հրամանատարը ինձ կհայհոյի:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլետտո, արդեն հերիք է, խնդրում եմ:
ԿԱՐԼՈ — Մի հուզվիր, Լետտա, ինչ էլ լինի, ես նրան ինքնաթիռ կնստեցնեմ: Բոլորս կթռչենք, դու էլ` մեզ հետ, ու մենք կպտտվենք երկրի շուրջը: Ռ-ռ-ռ-ռ… (Սլանում է սրահում:) Հրաշալի տոն կկազմակերպենք օդում: Բոլորս կխմենք ու կհարբենք… կխ-կխկ-կխկ… ու կ-կ-կսլանանք ավելի արագ, արագ, արագ…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Վերջ տուր, Կարլետտո:
ԿԱՐԼՈ — (անսպասելի տխուր, համարյա լաց լինելով): Դու ինձ չես սիրում, ես գիտեմ: Անընդհատ դա ցույց ես տալիս: Վհո՛ւկ: Դու վհո՛ւկ ես:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Պետք չէ, այդպես մի ասա… արի ինձ մոտ:
ԿԱՐԼՈ — Չէ, դու վհո՛ւկ ես: Դու վհո՛ւկ ես: Գնա քո դժոխքը քո սատանաների հետ, որոնք քեզ կծած­կեն իրեն եռաժանիներով:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Բայց ես քեզ իրոք սիրում եմ: Գու գիտես… միշտ էլ սիրել եմ:
ԿԱՐԼՈ — Սո՛ւտ է, դու ինձ երբեք չես սիրել, միշտ գողացել ես իմ չիպսերը…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հետո՞ ինչ, այն ժա- մանակ մենք շատ փոքր էինք:
ԿԱՐԼՈ — Հա, մենք փոքր էինք ու դու գողանում էիր իմ չիպսերը… Դու փոքր էիր ու արդեն վհուկ էիր: Դու փոքրիկ վհուկ էիր: Միայն մայրիկն էր ինձ սիրում: Նա ինձ շատ էր սիրում ու ինձ համար գնում էր չիպսեր ու խաղալիքներ, ինքնաթիռ, մեքենա, պաղպաղակ ու պոպկորն…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հա, մայրիկը քեզ շատ էր սիրում: Ես էլ:
ԿԱՐԼՈ — Ստո՛ւմ ես, ինչ մայրիկը գնացել է, ինձ միշտ մենակ ես թողել այստեղ: Երբ ինչ-որ մեկը գալիս էր, նրա համար պաստա էիր պատրաստում, իսկ հետո նրանք գնում էին… ու ոչ մեկը չէր մնում, որ ինձ հետ խաղա:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլետտո, նստիր կողքս, թույլ տուր քեզ գրկեմ:
ԿԱՐԼՈ — Համ էլ տեսել եմ, թե երբեմն ոնց էիր գրկում այդ սինյորներին: Ինձ հեչ դուր չէր գալիս, որ նրանք քեզ գրկում էին: Նրանք կեղտոտ էին ու վրաներից վատ հոտ էր փչում: Ինձ էլ լեզու էին ցույց տալիս: Իսկ հետո քեզ հետ բարձրանում էին վերև, ու ես նորից մնում էի մենակ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլետտո, այսօր մի սինյոր է գալու, որը երբեք այստեղ չի եղել: Արի, մի րոպե հանգիստ նստիր: Խոստանում եմ, որ դրանից հետո կխաղամ քեզ հետ:
ԿԱՐԼՈ — Ես չեմ ուզում քեզ հետ խաղալ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Լավ, այդ դեպքում կգնանք պարտեզ ու դու կխաղաս` ում հետ և ինչպես կամենաս:
ԿԱՐԼՈ — Պարտեզ չեմ գա, այնտեղ լիքը զզվելի տղաներ են, նրանք քար են նետում վրաս:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլետտո, ինձ լսիր… քեզ դո՞ւր է գալիս այստեղ:
ԿԱՐԼՈ — Որտե՞ղ, մեր տո՞ւնը:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հա, ներքևի պան- դոկն ու վերևի սենյակները:
ԿԱՐԼՈ — Դե, ես արդեն ասացի` տունը: Ինձ դուր է գալիս հոտը, դրանից ես միշտ ուտել եմ ուզում: Ու հետո… (Սկսում է բարձրանալ ու իջնել սանդուղքով:) Ու հետո ես կարող եմ բարձրանալ ու իջնել աստիճաններով…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլո, վերադարձիր, հենց հիմա՛… Լսիր, ինչ եմ ուզում քեզ ասել… Կարլետտո, վերջապես լսելո՞ւ ես ինձ… Այստեղից լավ տեղեր էլ կան, որոնք դեռ չես տեսել, այնտեղ կարող ենք իրար հետ խաղալ… բայց ոչ այստեղ, այստեղ վատ է, կեղտոտ է…
ԿԱՐԼՈ — Ու ես կարող եմ կտրել քո մազե՞րը:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կտրես իմ մազե՞րը:
ԿԱՐԼՈ — Հա, կտրել քո մազերը, ինչպես այն սինյորան կտրեց մայրիկի մազերը: Ես կկտրեմ քո գեղեցիկ հյուսքը… երկար-երկար մկրատով կկտրեմ քո հյուսքը: (Երգեցիկ:) Կտրել հյուսքը… կտրել հյուսքը…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Լավ, Կարլետտո, դու կկտրես իմ հյուսքը:
ԿԱՐԼՈ — Կտրել հյուսքը… կտրել հյուսքը… (Նիկոլետտայի թիկունքում կանգնած, երգելով ցույց է տալիս` իբր կտրում է նրա մազերը:) Կտրել հյուսքը… կտրել հյուսքը… կտրել հյուսքը…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Չես հասկանո՞ւմ, քեզ ինչ ասացի: Մենք պետք է այստեղից գնանք, մենք չենք կարող այլևս այստեղ մնալ: Տեղափոխվելու ենք ուրիշ տեղ, այստեղից ավելի լավը: Այնտեղ ավելի շատ լույս կա, օդ, բուսականություն…
ԿԱՐԼՈ — Ես չեմ ուզում ուրիշ տեղ գնալ, ուզում եմ մնալ այս տանը:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ուր որ գնում ենք, այնտեղ էլ տուն կա, կտեսնես, քեզ ավելի դուր կգա: Ու չես ուզենա վերադառնալ այստեղ:
ԿԱՐԼՈ — Չէ, չեմ ուզում, ես ուզում եմ կտրել հյուսքը… կտրել հյուսքը…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — (տեղից վեր է թռչում` վախեցնելով Կարլոյին): Կարլո, լսիր ինձ, այս տունը այլևս մեզ չի պատկանում, և՛ պանդոկը, և՛ վերևի սենյակներն այլևս մերը չեն:
ԿԱՐԼՈ — Ստո՛ւմ ես, դու միշտ էլ ստել ես: Դու ստախո՛ս ես ու վհո՛ւկ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլո, խնդրում եմ, նորից չսկսես:
ԿԱՐԼՈ — Ստախո՛ս ու վհո՛ւկ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլետտո, ախպերիկս, հանգստացիր, արի ինձ մոտ… Այ, այսպես, արի քեզ գրկեմ… ապրես: Հիմա լսիր ինձ: Որտեղի՞ց հորինեցիր, որ քեզ չեմ սիրում, հը՞… Թանկագինս, այսօր մի մարդ է գալու ու դու քեզ լավ ես պահելու, մեծի պես, պայմանանվորվեցի՞նք:
ԿԱՐԼՈ — Տղամա՞րդ է:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ի՞նչ տարբերություն, ով էլ լինի` դու քեզ պահելու ես մեծի պես, ու վե՛րջ:
ԿԱՐԼՈ — Տղամարդ է, այդպես էլ գիտեի: Նո՞ր է, իսկ ի՞նչ ես անելու նրա հետ: Խաղալո՞ւ ես:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Չէ: (Հեռախոսա-զանգ:) Քեզ հետո կբացատրեմ, նստիր ու ոչ մի տեղ չգնաս, ինձ սպասիր:
Վազում է հեռախոսի մոտ: Հենց գնում է, Կարլոն վեր է թռչում, պլաստիկե պարկը քաշում է գլխին ու սկսում է պտտվել սրահում:
ԿԱՐԼՈ — Ուղղվում ենք դեպի թռիչքաուղի: Վռ-ռ-ռ-ռ… Վռ-ռ-ռ-ռ… Կապեք ամրագոտիները, թռչում ենք: Վռ-ռ-ռ-ռ… Սինյոր ուղևորներ, ուշադրություն, խոսում է հրամանատարը: Մենք պրոբլեմ ունենք, ինքնաթիռը վայր է ընկնում: Չանհանգստանաք, ես ձեզ հետո կբացատրեմ… մնացեք ձեր տեղերում ու ոչ մի տեղ չգնաք…
Կանգ է առնում, դանդաղ հետ-հետ է գնում: Այդ պահին հայտ­նըվում է տղամարդը և մոտենում Կարլոյին: Լորիսն է` քառասունն անց, խնամված, լավ հագնված տղամարդ: (Նրան խաղում է Մարկոյի դերակատարը:) Կարլոն շրջվում է:
ԼՈՐԻՍ — Դու, երևի, Կարլոն ես:
ԿԱՐԼՈ — (զննում է նրան, ուզում է պատասխանել, բայց մտափոխվելով երկու քայլ ետ է գնում` հայացքը նրանից չկտրելով): Սինյոր ուղևորներ, ձեզ հրավիրում ենք դուրս գալ, հերթով, սկզբում կանայք ու երեխաները: Իրար չհրեք, չնյարդայնանաք, ձեզ հետո կբացատրեմ:
ԼՈՐԻՍ — Գործերդ ո՞նց են, Կարլո:
ԿԱՐԼՈ — Դու ո՞վ ես, Լետտայի ընկե՞րը:
ԼՈՐԻՍ — Այն էլ` վաղեմի: Նա քեզ չի՞ պատմել իմ մասին:
ԿԱՐԼՈ — Լետտան միշտ էլ ինչ-որ բան է ասում: Ասում է, ասում է, բերանը չի փակում: Իսկ ինձ հետ խաղալ չի ուզում, նախատում է, երբ ես եմ խաղում: Տնից դուրս գալ չի թողնում: Իսկ երբ միասին պարտեզ ենք գնում, այնտեղի տղաները քար են շպրտում վրաս: Մի անգամ ես վերցրի քարն ու ուժեղ շպրտեցի նրանցից մեկի վրա… հետո վազելով եկավ Լետտան, հետո եկան տղայի ծնողներն ու սկսեցին գոռալ Լետտայի վրա, իսկ Լետտան պատասխանում էր նրանց, ու բոլորը գոռում էին, իսկ մնացած երեխաները լաց էին լինում, ես շատ հոգնեցի ու տուն էի ուզում վերադառնալ, բայց ոչ մեկն ինձ չէր լսում ու ես էլ սկսեցի գոռալ: Ու լացեցի: Չեմ սիրում պարտեզ գնալ:
ԼՈՐԻՍ — Հետաքրքիր տղա ես, Կարլո: Ասա, ուտել ուզո՞ւմ ես:
ԿԱՐԼՈ — Ես միշտ էլ ուզում եմ ուտել:
ԼՈՐԻՍ — Շատ լավ է, Կարլո, շատ լավ է… տես, քեզ ինչ եմ բերել: (Գրպանից շոկոլադի սալիկ է հանում, մեկնում է Կարլոյին:)
ԿԱՐԼՈ — Շոկոլա՜դ… համե՞ղ է:
ԼՈՐԻՍ — Իսկ դու փորձիր, Կարլո, կեր: Այս պահից ես ուզում եմ, որ դու անես` ինչ ուզում ես:
Գալիս է Նիկոլետտան: Տեսնելով Կարլոյի հետ խոսող Լորիսին` տրամադրությունը ակնհայտորեն ընկնում է:
ԼՈՐԻՍ — Բարի օր, ես Լորիս Կա- պիտանին եմ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Նիկոլետտա դե Սան- տիս, բայց բարեկամներս ինձ Ժասմին են ասում:
ԼՈՐԻՍ — Ժասմի՞ն… հրաշալի անուն է: Արևելյան ծաղիկների բուրմունք, մուսկուս և ամբրոսիա… անցյալի և ոչ մի բուրմունք անկարող է համեմատվել նրա նրբագույն հոտի հետ…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — (նրան ընդհատելով): Նստիր ու ձայնդ կտրիր:
ԼՈՐԻՍ — Ինչպես կասես:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլո, բարձրացիր, խնդրում եմ, վերև ու մի քիչ այնտեղ խաղա:
ԿԱՐԼՈ — Չեմ ուզում, ես ուզում եմ մնալ սինյորի հետ: Ես կարո՞ղ եմ մնալ, հա՞:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Չես կարող: Գնա ու վերևում կեր շոկոլադը, ես քեզ կկանչեմ:
ԿԱՐԼՈ — Բայց ինչո՞ւ, ի՞նչ եմ արել որ…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլո, մի ստիպիր, որ բարկանամ, խնդրում եմ, գնա վերև:
ԼՈՐԻՍ — Հետո միասին կխաղանք, խոստանում եմ:
ԿԱՐԼՈ — Ինքնաթիռ կխաղանք, որն ընկնում է ցած, հա՞:
ԼՈՐԻՍ — Իհարկե, ցած ընկնող ինքնաթիռ էլ կխաղանք:
ԿԱՐԼՈ — Խոստանո՞ւմ ես:
ԼՈՐԻՍ — Խոստանում եմ:
Կարլոն կրկին գլխին է քաշում պլաստիկե պարկն ու որպես ինքնաթիռ հեռանում է բեմից:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Քեզ ո՞վ թույլ տվեց ներս մտնել, ո՞վ թույլ տվեց խոսել եղբորս հետ:
ԼՈՐԻՍ — Դուռը բաց էր, թակեցի, պատասխան չստացա ու ներս մտա: Վերջապես, մենք պայմանավորվել ենք: Թե՞ ոչ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Դու պիտի բարձր թակեիր, ես էլ կլսեի: Հեռախոսով էի խոսում:
ԼՈՐԻՍ — Մեղավոր եմ, սխալվեցի: Պիտի դուռն ամուր թակեի, իսկ մինչ այդ դրոշմակնիքով նամակ պիտի ուղարկեի եղբորդ հետ խոսելու թույլտվությունն ստանալու համար: Ինչ որ է, ես արդեն այստեղ եմ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Տեսնում եմ:
ԼՈՐԻՍ — Ո՞ւր են անալիզները:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Դեռ չեմ խոսել եղբորս հետ:
ԼՈՐԻՍ — Դա քո պրոբլեմն է, ես ուզում եմ տեսնել անալիզների արդյունքը:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Վատ ես լսո՞ւմ, նախ կխոսեմ եղբորս հետ, որից հետո դու կտեսնես բոլոր անալիզները, որն ուզենաս:
ԼՈՐԻՍ — Կարծում ես, այստեղից կգնամ առանց անալիզների՞: Հասկանո՞ւմ ես, ես լուրջ պրոֆեսիոնալ եմ: Անալիզներն անհրաժեշտ մինիմումն են, առանց դրանց գործը չի գլուխ գա: Դու գոնե պատկերացնո՞ւմ ես, թե ովքեր են իմ հաճախորդները: Ափսոս, որ նրանց չես տեսել: Որովհետև եթե տեսնեիր, կհասկանայիր, որ ես չեմ կարող նրանց ասել. «Ներեցեք, բայց անալիզները չունեմ, ինչ է, թե նրա քույրիկը միտք ուներ խոսել, իսկ նրա եղբայրիկը չուզեց խոսել և այդ ժամանակ նրա քույրիկը»… Մի պահ պատկերացրու նրանց պատասխանը:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Իսկ փո՞ղը…
ԼՈՐԻՍ — Ի՞նչ փող:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Փող, մանի, դրամ…
ԼՈՐԻՍ — Համա թե անպատկառն ես, ինչպես է երևում, որ նման գործերում սկսնակ ես: Եթե մի քիչ փորձ ունենայիր, կիմանայիր, որ երբեք չի կարելի փող պահանջել` փոխարենը ոչինչ չտալով: Սովորել է պետք, թանկագին Ժասմին:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Լսիր, խո՛զ, ինձ թանկագին չասես, որովհետև քեզ համար ես թանկագին չեմ ու եթե չես ուզում, որ դեմքդ չանգռեմ, միայն հարցերիս պատասխանիր: Ու ինձ Ժասմեն չասես:
ԼՈՐԻՍ — Դու ասացիր, որ քեզ Ժասմեն են ասում…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — …բարեկամներս: Իսկ դու ինձ կասես սինյորա դե Սանտիս, ու վե՛րջ:
ԼՈՐԻՍ — Օ քեյ, սինյորա դե Սանտիս ու վե՛րջ: Իսկ հիմա անցնենք լուրջ խոսակցության, եթե չես առարկում: Պարապությունից չէ, որ այստեղ եմ ու երկու ամիս չեմ սպասել այս հանդիպմանը, որ դատարկաձեռն հեռանամ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Իսկ ի՞նչ է պատահել, բողոքում ես, որ պատրաստի շիլան միանգամից քեզ չե՞ն մատուցել: Եթե մի քիչ ժամանակ եմ խնդրում, միայն նրա համար, որ անալիզներն անեմ:
ԼՈՐԻՍ — Անշուշտ, սինյորա դե Սանտիս, դուք իրավացի եք, ո՞վ է վիճում, բայց ես ուզում եմ հենց հիմա տեսնել այդ անալիզները: Առանց դրանք տեսնելու գինը ասել չեմ կարող:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Նրան տեսար, բավական չէ՞:
ԼՈՐԻՍ — Տեսա, ու կարծում եմ, նա բացարձակ առողջ է: Բայց արտաքին տեսքը դեռ ոչինչ չի ասում, ես սովոր եմ իրերի բուն էությանը հասնել: Իմ պարտականությունն է վերլուծել, գնահատել, ես չեմ կարող եզրակա- ցություն տալ միայն մարդու արտաքինով: Նա կարող է, ասենք, ունենալ ժառանգական բարձր տրիգլիցերիդներ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Չէ, նման բան չկա:
ԼՈՐԻՍ — Գուցե ծխում է:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ի՞նչ ես ասում, նա երբեք չի ծխել, տեսքից չի՞ երևում: Դու իսկապե՞ս մտածում ես, որ նրա նմանը կարող է ծխել:
ԼՈՐԻՍ — Իսկ ինչո՞ւ ոչ… գուցե թաքուն է ծխում:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հիմարությո՛ւն:
ԼՈՐԻՍ — Իսկ շաքարախտի կասկա՞ծը… իսկ գուցե երիկամները լավ չեն, կամ էլ, ասենք…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Որ այդպես է… (Գոգ- նոցի տակից թղթերի տրցակ է հանում, տալիս Լորիսին:) Ահա անալիզները, նայիր ու ասա գինը:
ԼՈՐԻՍ — Բրավո, ինչպիսի՜ սառնասրտություն, ի՜նչ տաղանդ… Այսպես, նայենք, թե ինչպես է իրեն զգում մեր փոքրիկը: Լավ է… լավ է… գերազա՛նց է:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Միայն իմանաս, թե ինչքան զզվելի ես:
ԼՈՐԻՍ — Աղջիկս, ինձնից լավը չես: Իսկ սա՞ ինչ է… հըմ, պատանին իրոք երկաթե առողջություն ունի: Իսկ հիմա տուր էխոգրաֆիան:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Էլ ի՞նչ էխոգրաֆիա…
ԼՈՐԻՍ — Էխոգրաֆիա չե՞ք արել:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Բայց ես…
ԼՈՐԻՍ — Բայց ես ինչպե՞ս կարող եմ նրա առողջական վիճակի լիակատար գնահատականը տալ, եթե չգիտեմ, թե ինչպես է աշխատում սիրտը: Սիրտը, երիկամները, լյարդը, թոքերը… Տեր Աստված, ինչպե՞ս դա անեմ, գուցե դո՞ւ ինձ հուշես:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հանգիստ թող Աստ- ծուն, նա այս գործի հետ կապ չունի: Չէ, էխոգրաֆիա չեմ արել:
ԼՈՐԻՍ — Լավ, ես մեկ անգամ էլ կգամ, բայց դու ստիպված կլինես սպասել: Մեկ ամսից շուտ գալ չեմ կարող, ուրիշ պայմանավորվածություններ էլ ունեմ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Մեկ ամսի՞ց… կա- տակո՞ւմ ես, փողն ինձ հիմա է պետք: Շատ է պետք:
ԼՈՐԻՍ — Բոլորն էլ այդպես են ասում:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Եթե հիմա չստանամ, կորած եմ: Հասկանո՞ւմ ես, ես կորած եմ:
ԼՈՐԻՍ — Ցտեսություն:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Լորիս, չգնաս, Լորիս, դե, սպասիր մի քիչ… Եթե ուզում ես, կարող ենք բարձրանալ եղբորս մոտ… դե, չգիտեմ, ճնշումը կչափես կամ էլ զարկերակը կստուգես, կանես այն ամենը, ինչ անում են նման դեպքերում բժիշկները:
ԼՈՐԻՍ — Ինչի՞ համար:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ինչպես՞ թե… Դու կարող ես որոշել, թե որքանով է նա առողջ ու կասես գինը: Գոնե մոտավորապես, որպեսզի պատկերացում ունենամ, թե ինչ գումարի մասին է խոսքը: Վաղը ևեթ եղբորս կտանեմ կլինիկա ու էխոգրաֆիա կանենք… սրտի, երիկամների, գլխի, լեզվի, ամեն ինչի… Լորիս, մնա, հետո, երբ եղբայրս կքնի, կմնանք ես ու դու:
ԼՈՐԻՍ — Հասկացա: Ու դրանից հետո ես պիտի ասեմ գումարի չափը:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Այո, դրանից հետո ինձ կասես, թե դա ինչ արժե:
ԼՈՐԻՍ — Չէ, սինյորա, ինձ մոտ այդ խաղերը չեն անցնում, արդեն ասացի, որ պրոֆեսիոնալ եմ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Լավ մտածիր: (Հըպ- վում է նրան, գայթակղիչ ձգվելով:) Այս կյանքում էլի բաներ կան, որոնք դեռ չգիտես, հավատա ինձ: Պահեր կան, որոնք դեռ չես ապրել ու որոնք արժե ապրել: Տրվիր էմոցիաներիդ, Լորիս:
Սանդուղքի վերին աստիճանին հայտնվում է Կարլոն ու լուռ հետևում է, մինչև նրան նկատում է Նիկոլետտան:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլո, արի, մենք քեզ սպասում էինք:
ԿԱՐԼՈ — Ստում ես, դուք ինձ չէիք սպասում: Դու նրա հետ նույն կեղտոտ գործով ես զբաղված, ինչպես մյուսների հետ, որոնք գալիս են այստեղ ու երբեք ինձ հետ չեն խաղում: Իսկ ես վերևում մենակ եմ, միշտ մենակ եմ ու ձանձրանում եմ, ու շոկոլադս պրծավ ու ես լրիվ լղոզվել եմ…
ԼՈՐԻՍ — Կարլո, արի, ուրիշ շոկոլադ կտամ:
ԿԱՐԼՈ — (տեղից չշարժվելով): Իսկ կոկորդիլոսները շոկոլադ ուտո՞ւմ են:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլո, ներքև իջիր ու էլի չսկսկես քո կատակները:
ԿԱՐԼՈ — Կոկորդիլոսները բացում են իրենց վիթխաարի երախներն ու (ձեռքերով ցույց է տալիս), ուտում են, ինչ պատահի` թռչուններ, ձկներ, շներ, կատուներ, մեքենաներ, տներ, քաղաքներ, ամեն ինչ են ուտում: (Գլորվում է ներքև, մոտենում Լորիսին:) Շլյապայով սինյորներ էլ են ուտում… Հըմ… (Շուրթերն է լպստում:) Լավ սինյոր է, համեղ-համով:
ԼՈՐԻՍ — (ծիծաղում է): Իսկ սինյորներին ուտելուց հետո նրանք դեսերտ են պահանջում, այդ ժամանակ դուրս են գալիս ափ ու… ի՞նչ են գտնում…
ԿԱՐԼՈ — Ի՞նչ են նրանք գտնում:
ԼՈՐԻՍ — Հենց նոր կերված սինյորի պիջակը: Եվ ի՞նչ են գտնում սինյորի պիջակի գրպանում:
ԿԱՐԼՈ — (նույնպես ծիծաղելով): Շոկոլա՛դ:
ԼՈՐԻՍ — Ճիշտ է, շոկոլադ:
Լորիսը գրպանից շոկոլադի սալիկը հանում, պարզում է Կարլոյին: Նա փորձում է բռնել, բայց Լորիսը այս ու այն կողմ է տանում, հետո, իբր` գրպանն է դնում, բայց տեսնելով Կարլոյի վերաբերմունքը` տալիս է նրան:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — (գրկում է Կարլոյին, ձևացնելով, թե ուզում է վերցնել շոկոլադը): Մի քիչ ինձ տուր, հո լրիվ չե՞ս ուտելու:
ԿԱՐԼՈ — Չեմ տա:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Քեզ համար եմ ա- սում, հետո վատ կզգաս:
ԿԱՐԼՈ — (դուրս է պրծնում նրա գրկից, թափահարելով շոկոլադը): Դու ինձ երբեք չես բռնի, երբեք չես բռնի, երբեք չես բռնի:
Նիկոլետտան կեղծ մռայլվելով նստում է: Լորիսը ժպիտով հետևում է տեսարանին:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ի՞նչ ես ժպտում… ծիծաղո՞ւմ ես մեզ վրա: (Լորիսը ժպտում ու լռում է:) Չէ, դուք սրան նայեք, ինչ լպիրշ մռութ ունի: (Լորիսը մռայլվում ու կախում է գլուխը: Նիկոլետտան` կամաց:) Կարող ես գոնե աչքերիս նայել, երբ քեզ հետ են խոսում: (Լորիսը նայում է նրա աչքերին:) Ի՜նչ տարօրինակ է… Ինձ թվում է, նախկինում քեզ ինչ-որ տեղ տեսել եմ… Չէ, մեր թաղամասում չէ… ուրիշ մի տեղ… ես չե՞մ սխալվում:
ԿԱՐԼՈ — Եկեք խաղանք. ես ան- տեսանելի եմ ու դուք ինձ չեք տեսնում:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Տարօրինակ է… Երբ ներս մտար, այդ զգացողությունը չունեի… Իսկ հիմա, երբ շոկոլադը տվեցիր եղբորս… Ասա, մենք հանդիպած չկա՞նք… ինչ-որ տեղ, պատահական… մեկ այլ կյանքում…
Կարլոն անցնում է նրանց կողքով, նրանք չեն նկատում:
ԼՈՐԻՍ — Վաղո՞ւց եք այստեղ ապ- րում:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ինչ հայրս ու մայրս… Հա, այն օրից, երբ նրանք մահացան: Մենք շատ փոքր էինք: Այս պանդոկը հորեղբորս է, նա մեզ վերցրեց: Դրանից հետո Կարլոն այդպես էլ կարգի չեկավ, մնաց երեխա… Կարլե՛տտո:
ԿԱՐԼՈ — Ես չկամ, ես անտեսանելի եմ, դու ինձ չես տեսնում ու չգիտես, որ ես այստեղ եմ:
ԼՈՐԻՍ — Իսկ հետո ի՞նչ եղավ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հորեղբայրս մեզ հետ քնքույշ չէր: Ծեծում էր: Թեև շատ գոհ էր, որ տանը կին կա, նա այդպես էլ չամուսնացավ: Մեր հորեղբայրը շատ սրիկա էր:
ԼՈՐԻՍ — Ի՞նչ է արել քեզ հետ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — (ասես տենդի մեջ): Ինչ է արել ինձ հե՞տ… նա ինձ… Ներիր, բայց քո ի՞նչ գործն է:
ԼՈՐԻՍ — Ես պարզապես…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Դու եղբորս համար ես եկել: Տեսա՞ր նրան, ուրեմն ցրվիր էստեղից:
ԼՈՐԻՍ — Մի բարկանա, չէի ուզում քեզ վիրավորել:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ո՞վ է քեզ ասել մեր մասին… կարծում ես, մե՞ծ բավականություն է նստել այս- տեղ ու քեզ հետ խոսել, ես ուրիշ գործեր էլ ունեմ, այնպես որ, արագացրու, անելիքդ արա ու գնա:
ԼՈՐԻՍ — Ինձ զգուշացրել էին, որ դու ինչն ես… Իրականում ե՛ս չպիտի գայի, սա իմ շրջանը չէ, բայց կոլեգաս ստիպված էր մեկնել…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Արձակուրդի ժամա- նա՞կն է:
ԼՈՐԻՍ — Այդպես ասենք… արձա- կուրդ է գնացել: Իսկ ինձ ասացին, որ այստեղ հմայիչ հաճախորդ կա:
ԿԱՐԼՈ — Հնդկացիներ խաղա՞նք:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հանգիստ թող բժըշ- կին, չե՞ս տեսնում, խոսում ենք:
ԿԱՐԼՈ — Վհո՛ւկ, վհո՛ւկ: (Լորիսին.) Հնդկացիներ խաղա՞նք, ես կլինեմ Ցլի Գլուխը, դու` Արծաթե Լուսինը:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Կարլո, վերջ տուր, այստեղ արի, նստիր ու խաղա մենակ:
ԿԱՐԼՈ — Ուֆ, զզվել եմ մենակ խաղալուց:
ԼՈՐԻՍ — (ոտքի կանգնելով): Արի խաղանք «անձրևի պարը»:
Ուրախացած Կարլոն սկսում է պարել, պտտվել Լորիսի շուրջը:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Այո… անձրև: Անցած շաբաթ անձրևը թափվում էր ասես դույլերով: Շուկայից եկա ոտից-գլուխ ջուր, թրջվել էի, դողում էի… Մինչև տուն հասա` մրսեցի, ներսից ասես սառցակալեցի…
Լորիսը ժպտում է, Կարլոն դեռ պարում է:
ԼՈՐԻՍ — Իսկ կոշիկների մեջ` լիքը ջուր…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ի՞նչ…
ԼՈՐԻՍ — Ոչինչ, ինքս ինձ ասացի: (Լռություն:) Գարսիա Լորկային գիտե՞ս:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ո՞վ է, երգի՞չ:
ԼՈՐԻՍ — (զարմանքից բերանը բացվում է): Չէ, ոչինչ, հենց այնպես հարցրի… (Լռություն:)
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ի՞նչ ես կարծում, ես գեղեցի՞կ եմ: Հասկանում եմ, հիմա տեսքս այնքան էլ… ուժից վեր գործ եմ անում… Ուզում եմ ասել… ես կարո՞ղ եմ դուր գալ:
ԼՈՐԻՍ — Ավելի լավ է խոսենք եղբորդ մասին:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Եղբո՞րս… Լսիր, ես հասկացա:
ԼՈՐԻՍ — Ի՞նչ հասկացար:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հասկացա, թե որտեղ եմ քեզ տեսել: Ի՜նչ տարօրինակ է… մի մարդու ես նման: Մի անծանոթի: Նա երբեմն երազիս մեջ է գալիս: Մենք դուրս եկանք ինչ-որ թունելից… մեր առջև ընդարձակ դաշտ է: Նա ժպտում ու ինձ է պարզում ձեռքը, ցույց է տալիս հորիզոնին տանող ճանապարհն ու ցանկանում է, որ միասին գնանք: Բայց ես չեմ համարձակվում… միշտ էլ համարձակությունս պակաս է եղել: (Դադար:) Ներիր, ինչ-որ բա՞ն էիր հարցնում…
ԼՈՐԻՍ — Եղբորդ մասին… ուզում եմ շատ բան իմանալ նրա մասին: Քո մասին` նույնպես:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ի՞նչ ես ուզում իմանալ: Քո կարծիքով, ինչպե՞ս կարող են ապրել երկու որբերը, թե՞ մտածում ես, որ մեր օրերը անզուսպ ուրախությամբ լի էին: Ես ու Կարլետտոն պիտի հոգայինք մեր մասին, խաղի ժամանակ չունեինք: Հորեղբայրս գաղափար չուներ, թե ինչ է խաղալիքը: Նա ուրիշ բանի մասին էր մտածում… Ես ստիպված էի պաշտպանել ի՛նձ: Ես ստիպված էի պաշտպանել Կարլետտո՛յին, պա՞րզ է: Պաշտպանել հորեղբորիցս, մյուս երեխաներից, մեծից ու փոքրից, բոլորի՛ց: Դա շատ դժվար է` մեծանալ մշտական վախի մեջ, երբ դեռ փոքր ես: Եվ այս աշխարհը… Գիտե՞ս, թե ինչ է լքված լինել այս աշխարհում: Դու ուժերդ լարած թփրտում ես, փորձում ես ողջ մնալ, որովհետև հասկանում ես, որ պիտի ջանաս, իսկ կյանքը հարված-հարվածի հետևից է հասցնում ու դու չես հասցնում ուշքի գալ: Ես շատ կուզենայի ապրել նորմալ մարդկանց նման, սկզբում դպրոց գնալ, հետո` համալսարան, հաճելի փեսացու ունենալ, լավ աշխատանք գտնել, ամուսնանալ, երեխաներ ունենալ… Իսկ ես ոչինչ չունեմ: Ոչի՛նչ: Նիկոլետտա, դա քեզ տրված չէ՛: Ես ունեմ միայն եղբայր, միայն իմ դժբախտություններն ու իմ պարտքերը: Ես հասկանում եմ, որ ձանձրացնում եմ իմ խոսակցությամբ… ես էլ եմ մահու չափ ձանձրանում… Հիմա ինձ վրա կհավաքեմ ու նորից կկատակեմ, կծիծաղեմ, ասես ամեն ինչ կարգին է: Հա-հա-հա… Դու էլ փորձիր, ծիծաղը մաքրում է ուղեղը: Թուլացիր ու ծիծաղիր… ծիծաղիր: Հա-հա-հա…
ԼՈՐԻՍ — Զննում:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ի՞նչ:
ԼՈՐԻՍ — Զննում: (Չսպասելով Նիկոլետտայի արձագանքին:) Կարլետտո, արի ինձ մոտ, նոր խաղ ենք խաղալու:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ինչ, նորի՞ց նոր խաղ:
ԿԱՐԼՈ — (անկարող է թաքցնել ուրախությունը): Հա, խաղանք: Ես կլինեմ վարսավիր ու մազերդ կկտրեմ, մեկ էլ կսափրեմ: Մազերդ շատ կարճ կկտրեմ, կարծես թե հիմա ամառ է ու շատ շոգ: Բայց եթե քեզ դուր չի գալիս, գիտե՞ս, մենք ինչ կանենք: Մենք կհագնենք քրոջս շորերն ու կնոջ նման կքսվենք, իսկ հետո կձևացնենք, թե իջնում ենք աստիճաններով…
ԼՈՐԻՍ — Չէ, մենք կխաղանք բժիշկ ու հիվանդ: Մոտ արի:
ԿԱՐԼՈ — Դու իսկապե՞ս բժիշկ ես:
ԼՈՐԻՍ — Դե, իհարկե, մոտ արի, մի վախենա:
ԿԱՐԼՈ — Է՜, չէ, եթե դու իսկական բժիշկ ես, ուրեմն սա խաղ չէ: Իսկ ես հիվանդ չեմ, ես ինձ լավ եմ զգում:
ԼՈՐԻՍ — Դե, Կարլետտո, ես քեզ եմ սպասում:
ԿԱՐԼՈ — Լավ, գալիս եմ, Բայց հետո վարսավիր կխաղանք, լա՞վ:
Մոտենում է Լորիսին, Նիկոլետտայի կողքով անցնելիս լեզու է ցույց տալիս: Լորիսը նստեցնում է աթոռին, սկսում է զննումը:
ԼՈՐԻՍ — Ես գիտեմ, որ ոչ մի տեղդ չի ցավում, սա խաղ է: Դու քեզ լավ ես զգում, քույրդ իրավացի էր: Հրաշալի վիճակում ես, սիրտդ երեխայի սրտի պես է աշխատում: Կարելի է ասել, որ ժամանակը քո դեպքում կանգ է առել: Շնչիր… խորը շնչիր… Հրաշալի թո­քեր են: Վազելիս չե՞ս հոգ­նում… Շատ լավ ախորժակ ունես, դու երևի անընդհատ սոված ես:
ԿԱՐԼՈ — Հոգնեցի էս խաղից:
ԼՈՐԻՍ — Համարյա ավարտեցինք, իսկ հետո, եթե կուզես, քեզ պարտեզ կտանեմ, որտեղ շատ ուրախ խաղեր կխաղանք: Այնտեղ ռուսական բլուրներ կան, ամեն տեսակի կարուսելներ, թռչող վիշապ: Հը, առաջարկս դուրդ եկա՞վ:
ԿԱՐԼՈ — Դուրս եկավ:
ԼՈՐԻՍ — Ինձ` առավել ևս: (Նիկո­- լետտային.) Դու ճիշտ ես, երկաթե առողջություն ունի: Ֆանտաստիկ տղա է: Ասես ձեր ծնողների մահից հետո մի օր է անցել: Մարմինը զարգացել է, իսկ օրգանները չեն ծերացել և տարեկիցներից ավելի լավ են գործում: Ճիշտ արեցի, որ եկա, երբեմն բնազդս լավ է աշխատում: Ուրեմն այսպես, այսօր երեկոյան կզանգեմ ու կասեմ նախնական հաշվարկը: Իհարկե, մոտավոր: Չսպասես, որ մեկ եվրոյի ճըշ­-գըրտության լինի, բայց այն կարելի է մեկնակետային համարել: Հավատացնում եմ, դու չես զղջա, որ հանդիպեցիր ինձ: Սա իմ կյանքի լավագույն գործարքը կլինի: Ի՛նչ թոքեր են, փոքրիկ: Հա, չանհանգստանաս, էխոգրաֆիան մենք կանենք, մասնագիտական կենտրոն ունենք, ամենաժամանակակից սարքավորումներով…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — (մտածելով ուրիշ բանի մասին): Ամենաժամանակակից սարքավորումներով…
ԿԱՐԼՈ — Դե, գնանք սողացող վի- շապի մոտ:
ԼՈՐԻՍ — Ոչ թե սողացող, այլ թռչող:
ԿԱՐԼՈ — Ի՞նչ տարբերություն, գնանք թռչողի մոտ: Դե, գնացինք…
ԼՈՐԻՍ — Գնացինք, բայց նախապես քրոջդ թույլտվությունը պիտի ստանամ:
ԿԱՐԼՈ — Նա արդեն ասաց «այո»: Դե, շուտ, գնացինք:
ԼՈՐԻՍ — Սխալվում ես, նա դեռ չի ասել «այո»: Թույլտվություն խնդրիր քրոջիցդ, Կարլո, լավ չէ առանց թույլտվության գնալ:
ԿԱՐԼՈ — Լետտա, կարո՞ղ եմ սինյորի հետ գնալ թռչող վիշապի մոտ, հա՞, կարո՞ղ եմ:
Դադար:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ոչ:
ԿԱՐԼՈ — Ինչո՞ւ:
ԼՈՐԻՍ — Ի՞նչ… դու ասացիր «ո՞չ»:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — (ասես սթափվելով): Ի՞նչ… ես ասացի «ո՞չ»:
ԼՈՐԻՍ — Նիկոլետտա, լավ մտածիր, դու ի՞նչ ասացիր:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ես ասացի… «այո»:
ԿԱՐԼՈ — Յու-յու-յու-յուպ-պի-ի-ի…
ԼՈՐԻՍ — Երևի լավ չլսեցի:
ԿԱՐԼՈ — Բարձրանամ, գնդակս վերցնեմ, իսկ հետո կգնանք վիշապի մոտ ու այնտեղ գնդակ կխաղանք:
ԼՈՐԻՍ — Լավ, քեզ այստեղ կսպա-սեմ: (Նիկոլետտային.) Բայց և այնպես տարօրինակ է…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Տարօրինակ ի՞նչ կա:
ԼՈՐԻՍ — Դու քեզ ուժեղ կին ես հա-մարում, այդպես չէ՞:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Այո, համարում եմ, որ ուժեղ կին եմ, հետո՞ ինչ:
ԼՈՐԻՍ — Այն, որ դողում էիր աշնան տերևի պես:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հիմար-հիմար դուրս մի տա, բերանդ բացելուց առաջ մտածիր:
ԼՈՐԻՍ — Դողում էիր, տեսա, ես չեմ սխալվում: Կարո՞ղ է` միտքդ փոխել ես:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Այսի՞նքն…
ԼՈՐԻՍ — Եղբորդ հետ կապված…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ինչի՞ց եզրակացրիր, իհարկե, ոչ:
ԼՈՐԻՍ — Ո՞չ… համոզվա՞ծ ես: Տես, եթե հանկարծ…
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Դու քո գործն արա, քիթդ ուրիշի գործերի մեջ չխոթես ու հոգիս էլ տակնուվրա չանես: Մենք պայմանավորվել էինք, այդպես չէ՞, իսկ ես հարգում եմ պայմանավորվածությունները: Վաղվանից իմ կյանքը կփոխվի, ես ազատ կլինեմ: Ազատ, հասկանո՞ւմ ես: Ես կգնամ այստեղից ու վերջապես ինձ թույլ կտամ անել խելքիս փչածը: Մոնտե Կարլո… Ես կգնամ Մոնտե Կարլո, այնտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում: Ես ուզում եմ գնալ մի տեղ, որտեղ ինձ ոչ ոք չգիտի…
ԼՈՐԻՍ — Այրում ենք կամուրջնե՞րը:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հա, այրում ենք կա- մուրջները, ու դա քեզ չի վերաբերում, ներիր… Քո գործն արեցիր, դա քեզ քի՞չ է:
ԼՈՐԻՍ — Այո, իհարկե, իհարկե…
ԿԱՐԼՈ — (հայտնվում է գնդակով): Ես պատրաստ եմ, գնացինք վիշապի մոտ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — (իրեն կորցրած): Արդեն պատրա՞ստ ես… ապրես… ապրես, Կարլետտո:
ԿԱՐԼՈ — (պիջակը մեկնելով Լորիսին): Գնացի՞նք:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Հանգիստ թող սին- յորին, չե՞ս տեսնում, որ անհան- գըստացնում ես նրան:
ԿԱՐԼՈ — Լետտա վհո՛ւկ: Մենք գնում ենք, գնում ենք: Մենք գնում ենք վիշապի մոտ:
ԼՈՐԻՍ — Մի րոպե, մենք դեռ չենք ավարտել:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ի՞նչ ես ձգում, թե՞ դու ես միտքդ փոխել:
ԼՈՐԻՍ — Մի շատ կարևոր բան չենք արել, Նիկոլետտա, չենք մտածել այդ մասին: Գիտե՞ս, երբեմն անտեսում ենք ինչ-որ բաներ, իսկ իրականում դրանք են ամենակարևորը:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Դու ինչ-որ բան ես անելու… Կարլոյի՞ն…
ԼՈՐԻՍ — Այո: Իսկ ավելի ճիշտ… ես պետք է ինչ-որ բան անեմ Կարլոյի հետ: Մենք պետք է միասին խաղանք փղերի խաղը:
ԿԱՐԼՈ — Այյյոոո…
Լորիսը կարծես զվարճանում է: Երկուսով չորեքթաթ շարժվում են բեմում` նմանակելով փղերի քայլքը:
ԿԱՐԼՈ — Գնանք լճի մոտ, կնճիթներս մտցնենք ջուրն ու խմենք: (Նրա դեմքը ուրախությունից ճառագում է:) Լետտա, կարելի՞ է, այս սինյորը միշտ մեզ մոտ գա: Վաղը: Նա կարո՞ղ է վաղը գալ: Կարո՞ղ է միշտ-միշտ գալ:
ԼՈՐԻՍ — Ի՞նչ կասես, Լետտա, ես կարո՞ղ եմ միշտ-միշտ գալ:
ԿԱՐԼՈ — (սրտանց գրկում է Լորիսին): Մենք փղեր ենք… Լետտա, միացիր մեզ, մենք փիղ ենք, իսկ դու… դու ընձուղտ կլինես:
ԼՈՐԻՍ — Արի, դա դժվար չէ, ինքդ կհամոզվես: Բավական է միայն, որ քեզ ընձուղտ պատկերացնես: Նրանք աշխարհին նայում են վերևից, լավ գիտես, որ նրանք փղերից ավելի բարձր են: Եվ հաստակաշիներից ավելի արագավազ են ու նուրբ:
ԿԱՐԼՈ — Ընձուղտ դարձիր, ընձուղտ դարձիր, Լետտա: Իսկ եթե սինյորը միշտ մեզ հետ ապրի՞… կամ էլ նրան այսօր ընթրիքի՞ հրավիրենք:
ԼՈՐԻՍ — Այս երեկո մենք ընձուղտների պես խոտ կուտենք, իսկ հետո միասին կգնանք լճից ջուր խմելու:
ԿԱՐԼՈ — Հա, գնանք ջուր խմելու… լճից: Լետտա, կգա՞ս մեզ հետ:
ԼՈՐԻՍ — Դու գեղեցիկ ընձուղտ կլինես… մեր կողքին… փղերիս կողքին… Դու կգա՞ս մեզ հետ լիճ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Դե, բավակա՛ն է, ես այլևս չեմ կարող… գլուխս պայթում է…
ԿԱՐԼՈ — Չէ, դու պիտի ընձուղտ լինես: Ընձուղտ դարձիր ու արի մեզ հետ:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — (ապտակում է Կարլոյին): Վե՛րջ տուր: (Իր արածից թևաթափ:)
ԿԱՐԼՈ — (հազիվ պահելով արցունքները): Դու ուզում ես, որ ես լա՞ց լինեմ, Լետտա վհուկ, բայց ես լաց չեմ լինի, հասկացա՞ր: Ես գնում եմ սինյորի հետ: (Լորիսին.) Գնանք, գնանք, գնանք վիշապի մոտ, գնանք:
ԼՈՐԻՍ — Մենք կգնանք: Լետտա, մենք գնա՞նք:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Ինչպե՞ս թե… գնում եք… Ոչ, մի քիչ սպասիր… մի շտապիր: Թող, մի քիչ էլ նրա հետ մնամ: Ուզում եմ ասել, որ շտապելու կարիք չկա, այդպես չէ՞:
ԼՈՐԻՍ — Ընդհակառակը, պետք է շտապել, մեր գնալու ժամանակն է:
ՆԻԿՈԼԵՏՏԱ — Դե, գոնե մի րոպե… մի քիչ էլ խաղանք: Արի ինձ մոտ, Կարլետտո… դու փիղ ես, իսկ ես` ընձուղտ… (Կարլոն սկզբում անհաղորդ է, բայց աստիճանաբար «հալվում» է ու փղային քայլվածքով մոտենում է քրոջը:) Այսօր երեկոյան… կտեսնես, քեզ դուր կգա… համոզված եմ, որ քեզ դուր կգա… քեզ համար ջեռոցում սպագետտի կպատրաստեմ… Սպագետտի ուզո՞ւմ ես ուտել: Բեշամելով ու ապուխտով:
ԿԱՐԼՈ — (նմանակելով փղի քայլվածքը): Ուֆ-ուֆ-ուֆ…

Քանի դեռ Նիկոլետտան ու Կարլոն խաղում են, Լորիսը նստում է անկյունում, ծխում ու մտախոհ նայում է նրանց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։