Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ / ՄԵՐՍԵԴԵՍ

Դրամա մեկ գործողությամբ` երեք արարով
Հայրենասիրական տրագիֆարս`
անտիկ հունական դրամայի մոտիվներով

Մաս առաջին` Օրիորդ Զարուհի
Մաս երկրորդ` Մադամ Զարուհի
Մաս երրորդ` Խեղճ Մերսեդես

Գործող անձինք`
ԶԱՐՈՒՀԻ — երիտասարդ, համակրելի կին, ներկայացման ընթացքում տարիքը փոխվում է, սկզբում 25-3Օ տարեկան է
ՄԵՐՍԵԴԵՍ — նրա ձայնը 50-60 տարեկան կնոջ ձայն է հիշեցնում
ԴՈՒՍՏՐ — նորաձև, էքսցենտրիկ, ճչացող արտաքինով աղջիկ, 20-25 տարեկան
ՈՐԴԻ — Զարուհու հիվանդ որդին, նախընտրելի է, որ խաղա 30-50 տարեկան տղամարդ, սակայն մանկական պահվածքով, միշտ լուռ է: Դժվար է կռահել, որ նա հիվանդ է
Օֆիկ, Սերոժ` Զարուհու դստեր երեխաները, Զարուհու հաճախորդները, սրճարանի երիտասարդներ, հյուրեր, սատիրներ, անտիկ հունական խոր, Նեմեսիս: Այս բոլոր դրվագային կերպարները կերպարանափոխվելով խաղում են նույն 10-15 հոգի դերասանները:

Մաս առաջին
ՕՐԻՈՐԴ ԶԱՐՈՒՀԻ
Բեմը մութ է: Լսվում է հեռացող նավի շչակի սուլոց, միմյանց բարեմաղթանքներով ճանապարհող մարդկանց ձայներ, դրանց մեջ հատկապես հստակ ու ավելի բարձր՝ Մերսեդեսի ձայնը. «Տղայ, կամ աղջիկ քույրիկս, չմոռնա՜-աս… կաղաչե՜-եմ, չոճուխին մասին անպայման մեզի լուր կ’ուտաս, չմոռնա՜-աս, կաղաչե՜-եմ, հասնես նե լուր տուր, Զարուհի՜-ի, աղջի՜-իկ»:
Աղմուկին զուգահեռ աստիճանաբար լուսավորվում է բեմը. շփոթահար կանգնած է Զարուհին: Մի ձեռքին մեծ ճամպրուկն է, մյուսին` փոքրիկ ծաղկամանով կիտրոնի ծառի շիվեր: Նա աջ ու ձախ է նայում, ասես գտնում է քրոջն ու թափահարում է թաշկինակը, երջանիկ դեմք ունի ու քրոջը ժեստով հասկացնում է,
որ ամեն ինչ լավ է լինելու:
Լույսը մարում է: Երբ նորից միանում է` Զարուհին բեմի այլ անկյունում է:
ԶԱՐՈՒՀԻ — Միշտ ինչ-որ տարօրինակ սարսուռ էր զգում Հայաստան բառը լսելիս, ասում էր. «Հեռուեն հայրենիքը սիրելը ավելի լավ է, չեմ կրնար պատկերացրել հսկայական, ձյունապատ լեռը այդքան մոտիկեն, կարծես կջզմե ինձի իր մեծությամբ: Սոսկալով կմսիմ: Նկարներուն մեջ գեղեցիկ է, չեմ վիճեր: Ոչ աման, դուն ալ մի երթար, քույրիկս»: «Է՜, է, Մերսեդես, ինչեն կվախնասկոր, ատիկա մեր երկիրն է, քուկդ և իմ: Օր մը անպայման պիտի գամ իմ հայրենիքս, պիտի չի դիմանամ, թռելով պիտի հասնիմ Հայաստանս»: (Ծիծաղում է, խանդավառվում է:) Հավանաբար նրանից էր, որ Մերսեդեսը մեծ էր ինձնից տասը տարով ու ինձնից ավելի երկար ապրելով հունական հողում, ավելի ուժեղ էր զգում կապը իր ծննդավայրի հետ: Չէ՜, պարզապես նստակյաց, ծանր բնավորությունն էր պատճառը. չէր սիրում փորձարարության ենթարկել իր կյանքը:
Քայլում է, գնում է, գալիս է այս ու այն կողմ:
Օրեցօր ծաղկող Սովետական Հայաստանի մասին լուրերը ամեն օր սողոսկում էին Սալոնիկի մեր բնակարան, թերահավատություն էին առաջացնում Մերսեդեսի հոգում, բորբոքում իմ կարոտն ու տենչը առ հայրենիք: Կոմունիստ ագիտատորները պատմել էին, որ հացն ու մեղրն անվճար է, իսկ առուներով կաթ է հոսում այնտեղ: Պիտի երթամ…
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը. «Դուն քեզի հեչ չե՞ս հարցներկոր` ադի ինչպե՞ս եղավ որ պատերազմեն հետո հայրենիքը այդպես ծաղկած վիճակի մեջ էր, երբ Սալոնիկայի մեջ պատերազմի մթնոլորտն էր դեռ: Միտքեդ հանե, միամիտ աղջիկ»:
ԶԱՐՈՒՀԻ — Մի օր էլ չդիմացա: Գիշերը վեր թռա տենդով բռնված, հայկական արյունը երակներումս ուռչել, պայթել էր, ու դրա մանրագույն մասնիկները թափանցել էին ուղեղիս, հոգուս, խղճիս, երևակայությանս, գիտակցությանս ամենահեռավոր անկյունները: Վազեցի, քնած քրոջս անկողնում թափահարեցի, արթնացրի` Մերսեդես, Մերսեդես, պիտի օգնես, պիտի երթամ, Մերսեդես:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը` «Կաղաչեմ, հաճիս միտքեդ հանէ, մեր մեծ հայրերը անապատներուն մեջ առանց գերեզմաններու մնացած են, մեր ծնողները այստեղ` Հունաստանի մեջ թաղված են, հոս է մեր ծննդավայրը, մենք հոս ծնած ենք, մենք անոնց չենք կրնար լքել: Քնացիր, հանգստացիր, Զարուհի, գլուխեդ հանէ ասանկ հեքիաթներ»:
ԶԱՐՈՒՀԻ — Հավաքվեցի ու քառասունութ թվին մի խումբ ներգաղթյալների հետ ճանապարհ ընկա Հայաստան:
Մթություն, դարձյալ նավի շչակի սուլոց, դարձյալ Մերսեդեսի լացակումած ձայնը:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը- «Չոջուխին մասին չմոռնա՜-աս, համառ աղջի՜-իկ»:
Զարուհին թաշկինակը բարձրացնում է ու լայն ժպիտով թափահարում` քրոջը հրաժեշտ տալով:
ԶԱՐՈՒՀԻ — Քանի որ լուրեր էին հասել, որ նամակների բովանդակությունը ստուգվում էին, զգուշավոր Մերսեդեսը պայմանական նշան որոշեց մեզ համար. մի որոշ ժամանակ ապրելուց հետո նամակ էի գրելու քրոջս, որտեղ պիտի նրան տեղեկացնեի` արդյոք արժե՞ գալ Հայաստան, թե՞ ոչ: Լավ լինելու պարագայում նամակում գրելու էի, իբրև մեր ազգականուհին տղա զավակ ունեցավ, վատի դեպքում` աղջիկ: Ահա սա էր հիշեցնում մի վերջին անգամ իմ խեղճ Մերսեդեսը: Մերսեդեսը, որ այդպես էլ չամուսնացավ ու պիտի իմ երկու զավակների պահապան հրեշտակը դառնար:
Տեսարանը փոխվում է: Նավի շչակի փոխարեն այժմ գնացքի ձայներ են: Զարուհին նստած է գնացքում` իր ճամպրուկի վրա: Խառնամբոխի ձայն, մեկ վրացերեն, մեկ էլ գյումրվա բարբառով մեկումեջ հնչող արտահայտություններ: Զարուհին լուսամուտից նայում է` աչքերում հավատ, հույս, սպասվող երջանկություն:
ԶԱՐՈՒՀԻ — Կզգամ, անպայման կզգամ, երբ Վրաստանեն թրենը դուրս գա և մտնենք Հայաստան, կզգամ, վստահեմ կզգամ: Հայրենիքիս հոտը ուրիշ է, երկինքը` ուրիշ կապույտ է, արդեն կսկսիմ երազել…
Այս մտքերով տարված Զարուհին քուն է մտնում, ենթադրվում է, որ ժամանակ է անցնում, մեկ էլ վեր է թռչում շչակի աղմուկից, մարդկանց խոսակցություններից:
ԶԱՐՈՒՀԻ — Գնացքը կանգ առավ հերթական կանգառում, որն ինձ համար վերջինն էր:
Ձեռքն է առնում կաշվե ճամպրուկն ու մեծ պաստառը, որի վրա մեծ տառերով գրված է` «Օրիորդ Զարուհի», ու կանգնում է կայարանում:
ԶԱՐՈՒՀԻ — Լենինական: Կայարան: Թշվառության հոտ, թափառող սոված շներ, աղքատիկ հագնված, բայց զվարթ մարդիկ: Հետաքրքիր է, իսկապես զվարթ են նրանք:
Աղմուկ-աղաղակ, առևտուր անող մարդկանց ձայներ գյումրվա բարբառով, դրանց միջից հատկապես պարզ լսվում է մի տղամարդու ձայն, որ բղավում է` քյալլա՜… քյալլա՜: Մարդկանց բղավոցներ` տո կեցիր, իմ հերթն է, ապուշի մեկը, դեսն անցնիր, իշուն գլուխ և այլն: Ձայները մի պահ խլանում են:
ԶԱՐՈՒՀԻ — (ապշած ու քարացած, աչքերը հանդիսասրահ հառած, կտրուկ ասում է): Սոսկալի էր, այդպես չէի պատկերացրել հայրենիքի հետ առաջին հանդիպումը:
Աղմուկը վերսկսվում է: Կուլիսներից, ասես ամբոխի միջից պոկվելով, հայտնվում է կնոջ ու տղամարդու զվարթ զույգ` մեկի ձեռքում սովետական ցանցկեն տոպրակ է, որի միջից երևում է կովի գլուխ: Նրանք լայն ժպիտով ու սրտաբաց նետվում են վախից քարացած Զարուհու վրա:
ՍԵՐՈԺ — Օրիորդ Զարուհի՞, Սալոնիկի՞ց, մենք ենք` Սերոժն ու Օֆիկը, չե՞ք ճանչի: Ներող կեղնիք, քյալլա կառնեինք, էդոր հմար կդորմ ուշացանք: Վերջ, ան պրձանք, տուն պդի էրթանք: Էսոր դուն մեր ղոնաղն ես, ներ ու գլխներուս վրա տեղ ունիս:
Սերոժը ձեռքից վերցնում է ճամպրուկը, իսկ Օֆիկը ուզում է ծաղկամանը վերցնել, որը Զարուհին ուղղակի խլում է կնոջ ձեռքերից, այն միշտ իր գրկում սեղմած է: Երեքով սկսում են քայլել, Զարուհին հայացքը չի կարողանում կտրել ցանցկեն տոպրակից, հանկարծ թուլացած ընկնում է նրանց ձեռքերի վրա: Քայլքը շարունակվում է: Բեմում լույսերի ու երաժշտության միջոցով պետք է ցույց տալ Զարուհու խելակորույս հոգեվիճակը, քաոս, աղմուկ, ճիչեր, մի խոսքով` սահմռկեցուցիչ զգացողություն, կիսախավար:
ԶԱՐՈՒՀԻ — Աչքերիս առաջ աշխարհը պտտվեց, պտտվեց, փուլ եկավ: Լսեցի դաշտում մորթվող անասունների բառաչը, ոտքերիս տակով արյան գետեր հոսեցին: Ճիչեր, մղձավանջ… ծիծաղող տղամարդու ձեռքի ահռելի պսպղուն կացինը իջնում է անասունի վզին, այնտեղից արյուն է ցայտում, լցվում դահճի թևքերին: Նա թևով սրբում է արևից խանձված ճակատը, ու արյան շիթերը, քսվելով ճակատին, հոսում են քթով վար:
Մի պահ լուսավորվում է Սերոժի ժպտացող դեմքը` քյալա՜… քյալլա՜… Զուգահեռաբար, կու-լիսներից մի գծով դանդաղ, միօրինակ, ռիթմիկ պար հիշեցնող շարժումներով դեպի մյուս կուլիսներն են անցնում հունական տրագեդիայի դիմակներով, երկար սպիտակ տունիկաներով մարդիկ` ինչպես անտիկ հունական դրամայի Խորը, հնչեցնելով` Զարուհի՜-ի, ավաղ, ավաղ, իզուր եկար, Զարուհի՜-ի: Զարուհի՜-ի, ետ գնա քանի դեռ ուշ չէ, Զարուհի՜-ի:
Տեսարանն ավարտվում է ձիերին ուղղված Սերոժի բղավոցով, որ տեղից շարժվեն: Բեմը լուսավորվում է, լսվում են ձիու քայլքի ձայներ, ասես ֆայտոնով գնում են երեքով:
ՕՖԻԿ — Զարուհի, Զարուհի, զարթնի, ազիզ, էս ի՞նչ փորձանք էգավ գլխներուս: Սփրտնել է, չմեռնի՞ խայտառակ ըլլինք: Էլի, աչքերդ բաց, այ ախչիկ, խո հիվանդ չէ՞ իսիգ, հայմի գլխներուս ջարմա դի դառնա:
ՍԵՐՈԺ — Օրիորդ Զարուհի, հիմի տուն կերթանք, սաղ կանցնի, կդորմ հաց կուդես, երեխանց հետ կխաղաս, խորաթա կենենք, կանցնի կերթա, մդյան կենես:
Նրանք թափահարում են աղջըկան, Օֆիկը պայուսակից շշով ջուր է հանում, ցանում Զարուհու վրա:
ՕՖԻԿ — Զարթնավ, զարթնավ, աբրիս, օրիորդ Զարուհի, աբրիս: Ի՞նչխ եք, լա՞վ եք: Խեղջ ախչիկը վայթե էդ ճամփից էր դիվոդե:
ՍԵՐՈԺ — Յավաշ, հասինք տուն, աշե թե քեզի ինչ պդի հյուրասիրենք: Դուն հաստատ քու Հունաստանում էդորից կերած չես էղնի:
Տուն: Շների հաչոց, երեխաների աղմուկ: Երեքով պայմանականորեն հայտնվում են Սերոժենց տանը: Բակում երեխաներ են վազվզում, հարևաններ կան տանը, որ ջերմ ողջագուրվում են:
ԶԱՐՈՒՀԻ — Մտածեցի` հաստատ երեք գամփռներին կերակրելու համար էին գնել այդ քյալլա կոչվածը ու մի քիչ սիրտս տեղն ընկավ: Բայց մտքումս նամակ էի շարադրում քրոջս հետևյալ բովանդակությամբ. «Դեռ չէ ծնած, բայց հավանաբար` աղջիկ կըլլայ»: Այսպես հասա ամենամոտ մահճակալին ու խորը քուն մտա, արթնացա ուշ երեկոյան` ազգականուհուս ձայնից:
Հայտնվում է Օֆիկը, բարձր տրամադրությամբ:
ՕՖԻԿ — Օրիորդ Զարուհի, զարթնա՞ր: Լավ դինջցա՞ր, մադաղ քեզի: Հմի պիդի ճաշենք, ձեր պատվին ավանդական ամենահամով ճաշն ենք էփե, սաղս իշտայներս պահած քեզի կսպասենք: Դե քելե, քելե երթանք:
Այս ասելով Օֆիկն անցնում է ետնաբեմ, որտեղ Սերոժը մի կլոր սեղան է դրել, շուրջը երեք աթոռ, սեղանին՝ բուտաֆորական կովի գլուխը: Օֆիկը նստում է սեղանի մոտ, ու երկուսով սկսում են իրենց ճաշկերույթը` բարձր տրամադրությամբ:
ԶԱՐՈՒՀԻ — Ճաշասենյակում բարիքներով բեռնված սեղանը տեսնելուն պես անհաղթահարելի սով զգացի: Երեխաները սենյակում վազվզում էին, աղմկում անհոգ: Ավագները, այդ թվում նաև մի քանի հարևան, վաղեմի բարեկամների պես ինձ ողջունելով` մոտեցան սեղանին: Հետո հայտնվեց Սերոժը` ձեռքին ահռելի մատուցարան, որի վրա տեսա կայարանից գնված կովի գլուխը` դուրս ընկած աչքերով ու լեզվով, գոլորշին վրայից քուլա-քուլա բարձրացող: Երբ Սերոժը մատուցարանը հանդիսավորությամբ դրեց սեղանին, կինն արդեն նրան էր սպասում` մի ձեռքում դանակ, իսկ մյուսում կացին: Նույն այն արյունոտ ու շողշողացող կացինը, որ երազում էի տեսել: Կարծեցի, թե նորից երազում եմ, բայց ականջ ծակող ճիչերով դեպի սեղանը վազող երեխաների խելահեղ խումբն ինձ ստիպեց հասկանալ, որ այդ ամենը տեղի է ունենում արթմնի: Երեխաները վրա տվեցին կերակուրին սովից փախածների պես: Հետո սկսեցին իրար այնպես հրմշտել, ինչպես առավոտյան` կայարանում հերթի մեջ կանգնած մարդիկ: Նրանք հարձակվեցին խեղճ անասունի վրա` մեկը պոկելով լեզուն, մյուսը մատները մխրճելով աչքերը հանեց, իսկ հարևանուհին նրանց մի կողմ հրելով կառչեց այտերից ու տասը մատն այնտեղ խրելով` մերկացրեց կենդանու այտոսկրը: Հաշված րոպեների ընթացքում մաքրազարդված գանգը սկսեց շողշողալ:
Այս ընթացքում, Զարուհու մենախոսությանը զուգահեռ, Սերոժն ու Օֆիկը բեմի ետևում հոշոտում են կովի գլուխը: Այս բառերից հետո Սերոժը կնոջից վերցնում է կացինն ու տուր թե կտաս` մեջտեղից ճեղքում է կենդանու գանգոսկրը: Նրանք վերցնում են կտորները, լպստում մատները, ծիծաղում են, այս ամենն անձայն, թույլ լույսով լուսավորված, հատուկ երաժշտական մոտիվով:
ԶԱՐՈՒՀԻ — Մասերի բաժանված, ջախջախված ոսկորների արանքից փայլատակեց կենդանու ուղեղը: Հիմա էլ ոհմակը վրա տվեց լպրծուն ու զազրելի այդ զանգվածին` ո՛վ գդալով, ո՛վ մատներով պոկոտելով դրանից: Ուղեղի դեղին յուղը ծորաց արմունկները, թափվեց շորերին ու հատակին: Գրգռված ախորժակներից խելակորույս տանտերերը, ուղեղը ծամելով ու լպստելով մատները, ժամանակ առ ժամանակ հասցնում էին բղավել…
ՍԵՐՈԺ — (ծորուն ձայնով): Օրիորդ Զարուհի՜, քա կդորմ փորցե՜, էնբես համով է օր մադներդ էլ հեդը կուդե՜ս:
Բեմում հայտնվում են սատիրներ, հարձակվում են Զարուհու վրա, քարշ են տալիս ետնաբեմ, բարձրացնում են ճաշկերույթի սեղանին ու սկսում քաշքշել: Մղձավանջ: Պետք է իսկական բաքոսյան խրախճանքի տեսարան ստեղծել, որտեղ Զարուհին կարծես զոհաբերվում է` որպես քավության նոխազ: Սա ներկայացման ելակետային տեսարանն է: Ապա սատիրները, ինչպես նաև Սերոժն ու Օֆիկը, շուրջպար են բռնում «զոհասեղանի» շուրջ ու միստիկ ծիսակարգային պար են պարում, մինչև որ Զարուհին փախչի զոհասեղանից (մեռնող-հարություն առնող աստվածության պես) ու վազի բեմառաջք` շարունակելով:
ԶԱՐՈՒՀԻ — (շնչակտուր, գզգզված): Թվաց` ներկա եմ ինչ-որ հեթանոսական ծեսի, բաքոսյան խրախճանքի, որի ժամանակ հոշոտվում էր Քավության Նոխազը: Արհավիրք էր, թե աշխարհի վերջը՝ չհասկացա, բայց ամբողջ օրը փակվեցի սենյակում ու լաց եղա մինչև լուսաբաց:
Դադար, ամեն ինչ երազի պես հօդս է ցնդում: Զարուհին միայնակ նստած է հուսահատ:
ԶԱՐՈՒՀԻ — Նախամարդու բնազդով, գայլի ախորժակով մարդկանց այս բարբարոս արարողակարգը մինչև կյանքի վերջը չի լքի ինձ: Դեռ հաճախ կհիշեմ այս տեսարանը, երբ հայրենիքում դժվարությունների կհանդիպեմ ու հենց այս հիշողության շնորհիվ կհաղթահարեմ ամեն ինչ: Վստահ էի, որ եթե այս օրը մարսեցի, ապա այլևս ոչ մի բան չի կարող ինձ հիասթափեցնել կամ կոտրել հայրենիքում:
Դարձյալ գանցքի ձայն: Զարուհին դարձյալ նստում է իր ճամպրուկին` կրծքին սեղմած կիտրոնի շյուղով ծաղկամանը:
ԶԱՐՈՒՀԻ — Հաջորդ օրը, Երևան մեկնող գնացքում, ջանում էի մոռանալ նախորդ օրվա սահմռկեցուցիչ իրադարձությունների շարքը, սակայն մտքում անվերջ կրկնում էի. «Աղջիկ է, քույրիկս, Մերսեդես, աղջիկ է, աղջիկ է, աղջի՜-ի՜-իկ»:
Մաս երկրորդ
ՄԱԴԱՄ ԶԱՐՈՒՀԻ
ԶԱՐՈՒՀԻ — Երևանում ինձ դիմավոող հեռավոր ազգականների ճաշի առաջարկները միանգամից մերժեցի: Որոշ ժամանակ ապաստանվեցի նրանցից մեկի մոտ` կիսաքաղց, հաց և թեյ համտեսելով, մինչև կլուծվեր ժամանակավոր կեցության հարցը: Արդեն կոփված լինելով հայրենիքում` փորձեցի խուսանավել Արթիկ ճանապարհվող հայրենադարձների ցուցակում հայտնվելուց, ապա նաև, Փառք Տիրոջը (ուզում է խաչակնքել, հետո վախեցած ձեռքերը պահում է), կարողացա մի փոքրիկ կարի արհեստանոց բացել ուղիղ քաղաքի կենտրոնում, Մոսկովյան կոչվող փողոցի վրա, որտեղ գործերս սկսեցին լավանալ:
Ճամպրուկից ուրախ-ուրախ հանում է կարի մեքենան, տարբեր թղթի և շորերի կտորներ, կանացի մանեկեն, նստում է դիմացն ու հետագա մենախոսությունն ամբողջապես կառուցում կարի մեքենայի շուրջ:
Բեմում 40-ականների երաժշտություն է, էկրանին երևում են այդ ժամանակաշրջանի ոճով, նորաձև հագնված կանայք, սև ու սպիտակ կադրեր, լավ կյանք: Զարուհին անվերջ կարում է ու կարում: Սեղանի մի անկյունում Հունաստանից բերված ծաղկամանն է, որը նա ջրում է խոսելու ընթացքում, տարբեր տեսարաններում` մաքրում է տերևների փոշին, փխրեցնում է հողը:
ԶԱՐՈՒՀԻ — (երաժշտության միջից` բարձրաձայն): Հունաստանից հետս վերցրած կանացի հագուստի նոր ֆասոնները շատ շուտով գտան իրենց հասցեատերերին: Քաղաքի բոլոր պչրուհիները, այդ թվում` պաշտոնյա կուսակցականների պճնամոլ կանայք ու սիրուհիները, մեկը մյուսին տեղյակ պահելով, սկսեցին հագնվել օրիորդ Զարուհու մոտ: Հունաստանից եկած աղբար Զարուհու համբավը անհանգստացրել էր նրանց:
Հագցնում է մանեկենին: Քիչ անց, խոսելու ընթացքում նաև վեր է կենում ու բեմում կախված երկար պարանից ամեն խոսքի հետ մեծ, գրոտեսկային լվացքի սեղմիչներով կպցնում է թղթե հագուստներ:
ԶԱՐՈՒՀԻ — Մերսեդես, լսո՞ւմ ես: Օր ու գիշեր կարում, ձևում, նրանց եմ մատուցում ծնկները ծածկող կիսաշրջազգեստներ, մեծ-մեծ գրպաններով ու կոճակներով զարդարված, վերևից ներքև լայնացող թիկնոցներ, արևապաշտպան մոդայիկ գլխարկներ:
Բեմում հայտնվում են կոկետուհիներ, պարաններից վերցնում են թղթե զգեստներն ու փոխարենը սեղմիչով կպցնում գրոտեսկային մեծ թղթադրամներ:
ԶԱՐՈՒՀԻ — Հարուստ հաճախորդուհիներիս միջոցով ձեռք բերված կլորիկ գումարով ու նրանց ամուսինների կապերի շնորհիվ` նաև խուսափեցի մյուս հայրենադարձների պես Զեյթուն թաղամասում բնակարան ստանալուց: Մի կարգին հողակտոր ձեռք բերեցի նույն տեղում, որտեղ իմ կարի արհեստանոցն էր: (Կարը շարունակելով:)
Բեմում հայտնվում է գլխարկով, փողկապով ու ակնոցով տղամարդ, պարանից հավաքում է թղթադրամները, փոխարենը պարանից կախում է մեծ պաստառ, որի վրա գեղեցիկ տուն է պատկերված: Կարող է հիշեցնել մանկական նկարներում պատկերված տնակները, տան մի կողքը կպցնում է թղթից կտրված մամա, մյուս կողմում` պապա:

ԶԱՐՈՒՀԻ — Այս ընթացքում քրոջս լավատեսական նամակներ էի գրում պարբերաբար, պատմում հայրենիքից, հարևաններից, տեղի սովորություններից, բարքերից, կարգերից, գործերից, բայց ոչ մի անգամ չէի ակնարկում նրա գալու մասին, ասենք` նստակյաց Մերսեդեսն իսկի չէր էլ տենչում նման բան:
Այս ասելով վեր է կենում, մի քանի տան պարագաներ բերում բեմ ու դասավորում իր շուրջ` տնային հարմարավետություն ստեղծելով: Ապա վերցնում է ծաղկամանը` կիտրոնի շիվը չորացել է, անհանգստանում է, մի ուրիշ ծաղկամանում ինչ-որ սերմեր է ցանում` ընթացքում պատմելով.
ԶԱՐՈՒՀԻ — Սալոնիկից բերած սերմերը շյուղեր տվեցին, բայց այդպես էլ ծառ չդարձան, չգիտե՞ս` ինչու, քույրիկս, երդվում եմ, ամեն ինչ արեցի, ինչպես որ հարկն է, քո սովորեցրածի պես, իսկ ձիթենու շիվերն առհասարակ չորացան:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Աման, հավանաբար ցուրտ եղած է, տես դուն ալ չմսիս…
ԶԱՐՈՒՀԻ — Է, լավ, ցավալի է, բայց մոռնանք: Մերսեդես, Մերսեդես, գուշակիր` ինչ պիտի ասեմ, Մերսեդե՜ս, ամուսնանում եմ ու ինչպես խոստացել եմ` շուտով զարմիկներ էլ կունենաս:
Խոսելու ընթացքում Զարուհին մոտենում է պարանին, սեղմիչը հանում է ու կնոջը բերում-կպցնում է տղամարդու կողքին:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Աչքերնիս լույս, աչքերնիս լույս, ձագուկս: Հարևաններին պիտի կանչեմ, Սիրտակի պիտի պարենքկոր:
ԶԱՐՈՒՀԻ — Քոչարի, Մերսեդես, քո-չա-րի: (Երկուսով ծիծաղում են:) Ամուսնացա հյուսն Արամի հետ: Բարի, աշխատասեր, հոգս տեսած մարդ էր, իրար հասկացանք: Սկզբում տեղափոխվեցի նրա հայրական տուն, ինչպես ընդունված էր այստեղ: Տարիների ընթացքում միասին կառուցեցինք մեր տունը: Երկու զավակ ունեցանք` աչքաբաց ու ճարպիկ աղջիկ ու թույլ, հիվանդոտ տղա, ով, հետագայում պարզվեց, հոգեկան լուրջ հիվանդություն ուներ:
Տրամադրության կտրուկ անկում: Զարուհին կարի մեքենայի առաջ նյարդային ու տենդագին կարում է:
ԶԱՐՈՒՀԻ — Կյանքը քրոջս գրված նամակներում հիասքանչ, իսկ իրականում` չարքաշ մի ընթացք էր` լի սարսափներով, արգելքներով, շարունակ վախերով, ինչ է թե` մեկը մի անզգույշ արտահայտություն չանի հարևանի մոտ, իբրև մի բան այն չէ այս կառավարության սիստեմում, ինչ է թե` այս, ինչ է թե` այն: Երկիր չէ, բանտ է…
Հուզմունքից շեղվելով, մատը ծակում է ու կանգ է առնում մի պահ, մատը տանում է բերանը` ասես ցավը մեղմելու համար:
ԶԱՐՈՒՀԻ — Մինչև կյանքիս վերջ ինձ պիտի մեղադրեմ երեխայիս հիվանդ լինելու համար` պատիժ էր, Տիրոջ պատիժն էր, որ զավակներիս չմկրտեցինք, հա, հաստատ դա էր պատճառը մեր բոլոր դժբախտությունների: Կմկրտես, բա չէ՞, անհավատներ…
Ետևում վառվող լույսով երևում է կարճ կիսաշրջազգեստով, աչքի զարնող արտաքինով, սիգարետը ձեռքին դուստրն ու նրա ոտքերի մոտ կուչ եկած տղան: Լույսը մարում է` անհետացնելով նրանց: Զարուհին շարունակում է կարել:
Էկրանին երևում են 50-ականները բնութագրող կադրեր: Կարելի է ցույց տալ, թե ինչպես են մոնումենտի այգու Ստալինի արձանը ցած բերում` բարձրացնելով Մայր Հայաստանի արձանը:
ԶԱՐՈՒՀԻ — Հիսուներեք թիվ: Մեռավ Ստալինը, ընկավ երկաթե վարագույրը: Կյանքը մի տեսակ նոր ընթացք ձեռք բերեց, թթվածինը` նոր որակ, մարդիկ քիչ թե շատ շունչ քաշեցին, բացվեցին ճանապարհները:
Դռան զանգ, մի կուլիսից վազում է Զարուհու դուստրը դեպի դուռը (դիմացի կուլիս), նրա ետևից` տղան: Նրանք ներս են քարշ տալիս մեծ ծանրոց:
ԴՈՒՍՏՐ — (մազերը ժապավեններով երկու պոչիկ կապած, դպրոցականի հագուստով): Մորաքույր Մերսեդեսից է, թող, թող, հիմար…
ԶԱՐՈՒՀԻ — (վազելով, շնչակտուր): Սպասեք, սպասեք, նամակ չկա՞:
Զարուհին երջանկացած վերցնում է նամակը, մի կողմ քաշված անձայն կարդում է: Երեխաները քրքրում են ծանրոցը, հանում խաղալիքներ, հագուստներ, տղան առնում ու փախչում է մի շրջազգեստ, քույրը քաշում է կատաղած, խփում ձեռքերին, տղան թողնում է, վերցնում խաղալիքներն ու հրճվում է:
Նորից զանգ, նորից ծանրոց, այս տեսարանը կրկնվում է մի քանի անգամ: Կարելի է երեխաների արտաքինի մեջ դետալային փոփոխությամբ ցույց տալ ժամանակի հերթագայումը:
Այս անգամ աղջիկը բեմում սկսում է հագնել ծանրոցի հագուստները: Զարուհին հավաքում է մի մասը, նույն սեղմիչներով կպցնում պարաններից ու վրան պիտակներ փակցնում` հիսուն ռուբլի, տասը ռուբլի, տաբատ-քսան ռուբլի և այլն:
ԶԱՐՈՒՀԻ — Հոգսս թեթևացրիր, քույրիկս: Սկսեցի գաղտնի վաճառել ուղարկածդ, այսպես կոչված, արտասահմանյան ապրանքը: Այժմ արդեն ախպար Զարուհուց կարելի էր գնել նորաձև հագուստ, օծանելիք, ճապոնական անձրևանոցներ, մինչև այդ չտեսնված` կանացի ներքնաշորեր: Վերջապես հանգստացրի աչքերս տարիների լարված աշխատանքից: Առևտուրը լավ էր ընթանում, դրա շնորհիվ կարողացանք երկրորդ հարկ կանգնեցնել տան գլխին: 60-ականներին ծանրոցներից մեկում առաջին անգամ տղամարդու ջինսե տաբատ տեսա, այն, որ Արամիս համար էիր ուղարկել: Չէի էլ կռահում, թե շուտով ինչ պահանջարկ պիտի վայելեր այդ կոպիտ, բայց բամբակյա ու հարմարավետ կտորից կարված հագուստը: Քո շնորհիվ քաղաքի կեսը ջինսե հագուստ սկսեց կրել, քույրիկս: Ի՞նչ, սո՞ւրճ, վերջապե՜ս, Մերսեդես, շնորհակալ եմ, շնորհակալ եմ: (Երանությամբ, ոգևորված սուրճի փաթեթը համբուրում է, պահում գլխից վեր ու պտույտներ գործելով սրճեփ բերում:) Սուրճ, սո՜ւրճ, հրաշահամ ու մոգական խմիչքը, առանց որի մի ժամանակ կդժվարանայի կյանքը պատկերացնել: Սակայն այստեղ` հայրենիքում, բուրժուական խմիչք էր հորջորջվել այն: (Քրքջում է:) Միայն, այսպես կոչված, «հալոցքի տարիներին» հնարավորություն ունեցա նորից ըմբոշխնելու անմահական, հարազատ ըմպելիքը:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Անուշ ըրե, բան մը չէ:
Հնչում է Բիթլզ, մի քանի երիտասարդ սրճարանային թեթև աթոռներ ու սեղաններ են բեմ բերում: Զարուհին նրանց օգնում է ու սկսում է ձեռքի սրճեփից սուրճ լցնել սեղանի բաժակների մեջ: Շուրջը երկարամազ տղաներ ու կարճազգեստ աղջիկներ են արագ նստում, հայտնվում է նաև Զարուհու` արդեն ժապավենները հանած դուստրը կարճ կիսաշրջազգեստով: Երիտա­սարդ- ները անձայն, բայց շատ ակտիվ շարժումներով զրուցում են, նրանց ձայնը խլացել է Բիթլզից: Կարևոր ու ժամանակին հատուկ դետալ է, որ երիտասարդները սուրճը լցնեն սուրճի գավաթի տակի ափսեների մեջ ու այնտեղից խմեն: Զարուհին ծաղկամաններ է բերում մեխակներով, դնում է սեղաններին ու շարունակում է պատմել:
ԶԱՐՈՒՀԻ — Բացվեց քաղաքում առաջին բացօդյա սրճարանը` Կազիրյոկը, որտեղ հավաքվող երկարամազ Բիթլզ լսող տղաները, կարճ կիսաշրջազգեստներով աղջիկները, տարբեր նկուղներից դուրս եկած արվեստագետներն ու մտավորականները պնակներից էին ըմպում նորահայտ հեղուկը, պնակների շուրջ էին վայելում արգելքից ազատագրված արտասահմանյան գրողների ու փիլիսոփաների ստեղծագործությունները:
Երիտասարդներից մեկը գիրք է հանում ու ասում` Կաֆկա, մեկ ուրիշն է հանում` Նիցշե, մյուսը` Քամյու:
ԶԱՐՈՒՀԻ — Կյանքի որակն իսկապես փոխվեց: Բայց… բայց ես կողքից նայում ու դժվարություններ տեսած մարդու կասկածա­մտությամբ այնքան էլ չէի հավատում, թե ամեն ինչ կարգավորվեց:
Մթնում է: Սրճարանը դատարկվում է: Էկրանին Ծիծեռնակաբերդն է, մարդկանց հոսքը: Զարուհին մի ծաղկամանից վերցնում է զույգ մեխակներ` հայացքը հեռվին գամում:
ԶԱՐՈՒՀԻ — 65 թվին բոլոր հայրենադարձներս հայրենիքում անցկացրած երկար տարիների մեջ վերջապես մեկ անգամ ի սրտե գոհանալու առիթ ունեցանք: Կառուցվեց Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Սա իրադարձություն էր համայն հայության համար, բայց սպեղանի` հատկապես նրանց համար, ովքեր իրենց ծնողներից էին լսել ջարդի պատմությունները, և հատկապես նրանց համար, ովքեր իրենց ծննդավայրերից հայրենիք վերադառնալուց հետո այլևս առիթ չէին ունեցել հարազատներին տեսնելու: Այնպես որ, սա հուշակոթող էր նաև օտար ափերում թաղված մեր ծնողների հիշատակին` ոչ միայն կորուսյալ երկրի, այլև ապագայի հայրենիքի կարոտն ու ցավը սրտերում: Մերսեդես, մի ամբողջ օր մնացի հուշահամալիրում, վերհիշեցի անմոռանալին, մեկիկ-մեկիկ համբուրեցի բերածս ծաղիկներն ու խնամքով շարեցի դրանք անմար կրակի շուրջ` իմ անունից, քո անունից: Հոգուս թաքստոցներից մեկ անգամ ազատորեն հանեցի խնամքով թաքցրած բոլոր ցավերը, մտքում ինձ թույլ տվեցի մեկ անգամ թաքուն աղոթել հեռավոր օտար ափերում թաղված մեր ծնողների, նրանց նախնիների հոգիների հանգստության համար ու արտասվեցի մինչև լուսաբաց իմ փոխարեն, քո փոխարեն, անհայրենիք հայերի, բոլորիս փոխարեն, Մերսեդես: Այդ օրերին ամուսիններով որոշեցինք նաև վարձով տալ տան առաջին հարկը: Միշտ պետք է ետ գցած կոպեկ ունենալ: Տնվորները կուսակցական աշխատանքի ուղեգրով մարզից Երևան տեղափոխված կոմսոմոլի ինստրուկտորն ու նրա երիտասարդ կինն էին: Վերջինիս աչքերը մայրաքաղային կյանքի մանրուքներին հենց ես բացեցի: Իսկ մենք քաշվեցին անօրինական կառուցված, կիսասարք երկրորդ հարկ: Ու այն է, այն է, թվաց` ոտքի ենք կանգնում, երբ մի օր տանը հայտնվեցին դատական կատարածուներ` հայտարարելով, որ տունը բռնագրավվում է: Բավական հիմնավոր փաստարկներ բերեցին` պահանջելով ու չստանալով մի շարք փաստաթղթեր:
Բեմում հայտնված տղան անխոս պոկում է տունը պատկերող պաստառն ու մեջտեղից ցուցադրաբար պատռում այն:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Զարուհի, շատոնց է չես գրեր, ո՞ւր կորած ես, աղջիկ:
ԶԱՐՈՒՀԻ — Ամեն ինչ լավ է, հոյակապ է, դուն մի անհանգստանար, քույրիկ: (Դահլիճին.) Քեզ պատմելու բան չէ, չպիտի պատմեմ, որ հայրենադարձի միամտության, վստահող բնավո­- րու­թյանս շնորհիվ ընտանիքս հայտնվեց փողոցում: Լավ է, որ ամուսնուս կիսախարխուլ պապենական տունը դեռ կար Սարի թաղում, որտեղ այլևս ոչ ոք չէր ապրում: Չէի կարողանում հասկանալ` ո՞վ կարող էր նրանց այդքան մանրամասն տեղեկություններ տալ տան չեղած փաստաթղթերի մասին: Հարյուր անգամ գլխիս էի տալիս Հայաստան գալու համար, մտքում անդադար կրկնում էի` աղջիկ, աղջիկ, աղջի՜-ի՜-իկ: Պատահածից ամիսներ հետո անցնում էր մեր երբեմնի տան մոտով, սրտի կսկիծով տեսա, որ տան գլխին երրորդ հարկ էր կանգնեցված, իսկ պատշգամբում ճանաչեցի մեր տնվոր կնոջը: Կինն ընկերուհու հետ սուրճ էր խմում, ցուցադրաբար ծիծաղում, կատակում էր: Ամեն ինչից երևում էր, որ ամուսնու գործերը լավ են ընթանում: Նա նույնիսկ հասցրել էր քաղքենուն հատուկ պահվածքի նրբություններ յուրացնել: Նկատեցի` կնոջ հագին իմ կարած ու նվիրած մոդայիկ զգեստն էր: Ջախջախված ու գունատ տուն հասա, ճանապարհին հիշելով հայրենադարձ ընկերներիցս մեկի խոսքերը, թե. «Զարուհի, Զարուհի, ինչ մեղք որ եկեր ես, վալիզդ հավաքե ու յալլա, ուր կրնաս հոն գնա քանի ուշ չէ, քանի որ սա այն երկիրն է, ուր եթե օր մը գլուխդ ալ կտրեն ու փեշիդ մեջ դնեն, պիտի ըսես` էֆֆերիմ, շնորհակալ եմ»:
Զարուհին ծոցից հանում է քրոջ լուսանկարը, համբուրում է ու դնում է դիմացը: Հուսահատ վերցնում է թուղթն ու գրիչը և վերջապես քրոջը նամակ գրում. նա բարձրաձայն է գրում: Ետևում աննկատ հայտնված Խորը թելադրում է նամակի բովանդակությունը:
ԽՈՐ — «Անգին, իմաստուն քույրիկս,
ԶԱՐՈՒՀԻ — Քույրիկս, լսո՞ւմ ես…
ՄԵՐՍԵԴԵՍԻ ՁԱՅՆԸ — Այստեղ եմ, միշտ կողքիդ եմ, ասա, Զարուհիս:
ԽՈՐ — (արձագանքի պես): …Ամեն անգամ կը հետաձգեի Հասմիկի մասին լուրը, բայց այլևս չեմ կրնար զսպել, քու կանխազգացմունքերդ արդարացան. սիրելի Հասմիկը, Հասմիկը, կհիշե՞ս, այո, նա, դուստր ունեցավ, անալ` ջուխտ:
ԶԱՐՈՒՀԻ — Անալ` ջուխտ, Մերսեդես»: (Զարուհին հոնգուր-հոնգուր լալիս է վերջապես:)
Երգչախումբն անհետանում է:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — (մի լավ ծիծաղում է, հետո կտրուկ լրջանում): Աչքերնիդ լույս, շնորհավոր, Աստված պահէ, բայց պզտիկ խրատմը ինձմե` ավելի լավ կ’լլայ նոր զավակներ չունենա, քանի որ նորեն կրնան աղջիկներ ըլլալ ու նորեն` զույգ, իսկ անոնց դեռ պետք է ամուսին գտնել:
Դարձյալ Զարուհին նամակ է գրում` քրոջ լուսանկարի դիմաց նստած:
ԶԱՐՈՒՀԻ — Շնորհակալ եմ, քույրիկս, հերթական ծանրոցիդ համար, զավակներս անչափ ուրախանում են ամեն անգամ: Նրանց երախտագիտությունը, բարեմաղթանքները, ջերմագին ողջույններն ու համբույրները պարտավոր եմ քեզ հաղորդել, նրանք շատ են երազում քեզ տեսնել:
Աջ կողմից երևում է Զարուհու դուստրը:
ԴՈՒՍՏՐ — (նայում է լուսանկարին ու ծիծաղում): Այ քեզ բան, մայրիկ, որքան գեր է: Կեցցե առատաձեռն մորաքույրը, ոչ միայն մեզ է կերակրում, այլ ինքն էլ լավ սնվում է: Մահից հետո քանի՜ հազար որդ կկշտանա նրա պարարտ մարմնի շնորհիվ:
ԶԱՐՈՒՀԻ — (թաքցնելով լուսանկարը): Անամոթ, աներես, ապերախտ, մեկ ուրիշը հուշարձան կկանգնեցներ այդ սուրբ կնոջ պատվին: Իսկ դո՞ւ…
ԴՈՒՍՏՐ — (ոխերիմ): Կփախչեմ, չեմ ապրի ձեզ հետ:
ԶԱՐՈՒՀԻ — Ընկերներդ արդեն տարբեր տեղերում սովորում են, դու էլ ուսում առնեիր:
Աղջիկը ձանձրացած ձեռքն է թափ տալիս, փախչում է:
ԶԱՐՈՒՀԻ — Հիմա նկատեցի, որ փոքրիկ աղջիկս իսկական օրիորդ է դարձել: Գրավիչ է, ճարպիկ, աչքաբաց, նաև շատ նորաձև է հագնվում: Ուսման հանդեպ առանձնապես սեր չունի, ուստի չզարմացա, որ մի օր հայտնվեց տանը Սարի թաղի տղերքից մեկի հետ` հայտարարելով, որ ուզում են ամուսնանալ:
Զարուհին ճամպրուկից մեծ սպիտակ կտոր է հանում ու սկսում հարսանեկան շոր կարել: Շորը հագցնում է մանեկենի վրա, այն երկար շլեյֆ ունի, որի վրա անդադար աշխատում է:
ԶԱՐՈՒՀԻ — Աղջկան պատվով ամուսնացնել էր պետք: Արհեստավոր ամուսինս առաջին անգամ որոշեց նախաձեռնությունը վերցնել իր վրա. մի ճամպրուկ հավաքեցինք արտասահմանյան իրերով, որ Ռուսաստան մեկնի ու այնտեղ փորձի ավելի թանկ վաճառել: Վստահ էր, որ կօգնեն Ռոստովի իր սարիթաղցի ընկերները: Վաճառքը, որ այսքան տարիներ ամուսիններով իրականացրել էինք շատ զգուշավոր, պատուհաս դարձավ ամուսնուս գլխին այս անգամ:
ԶԱՐՈՒՀԻ — Մերսեդե՜ս, Մերսեդես, Ռոստովում Արամս բռնվել էր սպեկուլյացիայի մեղադրանքով: Անամուսին մնացի:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Վայ, վայ, Զարուհիս, ձագուկս:
Խորի ձայնը կուլիսներից կրկնում է Մերսեդեսի ասածը:
ԶԱՐՈՒՀԻ — Այնքան վիշտ տարած սիրտս ալիքվեց, ալիք-ալիք բաբախեց ու վկայեց` էլ չի գա: Աղջիկս չարացավ, որ չի արժանանա երազած հարսանիքին ու փախավ սիրածի հետ:
Զարուհին շորի շլեյֆն ամեն խոսքի հետ սկսում է քանդել ու պարանների պես օղակել իրեն:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Ինչու կուլասկոր, մաղթե որ երջանիկ ըլլան, քույրս:
ԶԱՐՈՒՀԻ — Ասում են` աղջիկս բնակվում է մի շքեղ տանը:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը- Ինչպես է՞: Այն ծանրոցում հարսանեկան նվեր էի ուղարկել, փոխանցեցի՞ր:
ԶԱՐՈՒՀԻ — Դեռ չէ, Մերսեդես, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, քույրս: (Բառերն է որոնում:) Գրեթե չի այցելում:
ԽՈՐ — Երբեք չի այցելում մեզ:
Երևում է հիվանդ տղան, կծկված ինչ-որ խաղալիքով է խաղում:
ԶԱՐՈՒՀԻ — Լսել եմ` աղջկաս ամուսինը ցեխավիկ է, մի հարցրու, չգիտեմ` դա ինչ է, բայց գիտեմ, որ ապահով են ապրում:
Տղայի կողքին հայտնվում է աղջիկը:
ԴՈՒՍՏՐ — Չեմ ներել ու չեմ ներելու քեզ այն բանի համար, որ հասարակ դերձակ ես, որ հայրենադարձ լինելուդ պատճառով ինձ ամենուրեք «ախպարի ճուտ» են կանչել, հորս սպեկուլյանտի համբավի համար, ինչի պատճառով, վերջիվերջո, բանտում հայտնվեց, իմ չկայացած, ճոխ հարսանիքի համար, որ պիտի ամենահիշվողը լիներ սարիթաղցիների կյանքում, հիվանդ որդուդ համար (եղբայրը ձգտում է դեպի քույրը, քույրը կոպիտ վանում է նրան), նրա պատճառով շատ եմ ամաչել ընկերներիս մոտ ու վերջապես այն բանի համար, որ մատը մատիդ չխփեցիր ժամանակին հեռանալու համար այդ անիծյալ երկրից: Հիմա, վերջապես, ցեխավիկ ամուսնուս շնորհիվ փախա քո ամոթալի ընտանիքից, էլ եկողը չեմ: (Անհետանում է:)
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Է՜հ, Զարուհիս, քու մոլի հայրենասիրությունդ անհասկանալի էր նույնիսկ ինձի համար, քեզի կսեիկոր չէ՞… Է՜հ, ինչո՞ւ կայպանես աղջկան, մի նեղվիր, չոճուխ է, հետո ճիշտ կսեկոր, կարծես թե գեշ կլլա՞ր, եթե Միջերկրականի ափերուն վրա մեծնային զարմիկներս:
Զարուհին կանգնում է տղայի կողքին, շոյում է գլուխը:
ԶԱՐՈՒՀԻ — Կյանքս վերջնականապես նվիրեցի որդուս: «Գժանոց ուղարկիր դրան»` ասում էին հարևաններս: Խենթացա՞ք (Զարուհին գազազում է), խենթացա՞ք, անբաններ, դո՛ւրս, դո՛ւրս բոլորդ տնիցս: (Տեղը չի գտնում զայրույթից, հետո նստում է տղայի կողքին ու հետը խաղում նույն խաղալիքով:) Քսան տարիներն անցան գրեթե առանց իրադարձությունների: (Վերևից անդադար նամակներ են թափվում, որոնք Զարուհին խոսելով հավաքում է ու կապոց սարքում:) Մեկ անգամ միայն ամուսնուս մասին չհաստատված մի լուր հասավ Ռոստովից եկած մի հայից:
ԽՈՐ — Ամուսինդ բանտից դուրս եկել ու նոր ընտանիք է կազմել ռուս կնոջ հետ:
ԶԱՐՈՒՀԻ — Լսո՞ւմ ես: Ոչ հավատացի, ոչ էլ չհավատացի, ընդունեցի իբրև կյանքի հերթական հարված, իբրև իրողություն:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Հասկցա, հասկցա, բայց ի՞նչ կրնաս ընել:
ԶԱՐՈՒՀԻ — Ուրախալի լուր էլ ունեմ, Մերսեդես, վերջապե՜-ե՜ս: (Պարում է:)
ԽՈՐ — Տատիկ է դարձել: Դուստրը զավակ է ունեցել, արու զավակ:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Որո՞ւն կնմանի, հելե պատմե տեսնեմ:
ԶԱՐՈՒՀԻ — Չգիտեմ:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Է՜, յալլա, աղջիկ, պատմե վերջանանք:
ԽՈՐ — Չի տեսել, ավա՜ղ, չի տեսել:
ԶԱՐՈՒՀԻ — (դարձյալ ոգևորված): Արդեն երկուսն են, լսո՞ւմ ես, Մերսեդես, քույրիկս, երկուսն են:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը- Աչքերը ի՞նչ գույն են, ինձի պես կապո՞ւյտ, երանի քեզի, որ քովն ես:
ԶԱՐՈՒՀԻ — Դժվար է ասել:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Է՜, նորե՞ն սկսար, չքնանաս, հիմա պատմե:
ԽՈՐ — Չի տեսել, չեն կանչել, պատժել են, ավա՜ղ, ավաղ, Զարուհի:
ԶԱՐՈՒՀԻ — (գլխիկոր): Նրա ծնունդն էլ չվայելեցի:
Մաս երրորդ
ԽԵՂՃ ՄԵՐՍԵԴԵՍ
Էկրանին փաստագրական կադրեր 90-ականների ցույցերից: Զարուհին հայտնվում է տաք, բայց խղճուկ հագնված, բռունցք արած կանգնում էկրանի ֆոնին ու ասես ձուլվում կանգնած մարդկանց, նրանց հետ վանկարկելով` մի-ա-ցո՜ւմ, մի-ա-ցո՜ւմ…
ԶԱՐՈՒՀԻ — 80-ականների վերջ: Գորբաչով, պերեստրոյկա: Նաիրիտի ու ատոմակայանի հարց, չդադարող միտինգներ, պարետային ժամ, գործադուլ, Ղարաբաղյան շարժում, երկրաշարժ, պատերազմ` իր բոլոր հետևանքներով: (Նորից բռունցք արած բղավում է:) Ա-զա-տու-թյո՛ւն, ան-կա-խու-թյո՛ւն: Շուտով հին աշխարհը փուլ կգա, շուտով, բան չմնաց, ու հայրենիքս անպայման ազատ ու անկախ կտեսնեմ:
Հազում է, ձեռքերն է շփում: Պոկվում է մարդկանցից, գալիս-հենվում է ճոճաթոռին, հագնում է ակնոցը, ծածկվում շալով: Տարիքն է երևում արդեն:
ԶԱՐՈՒՀԻ — Օրերը ձգվում են անցումային ժամանակներում, սովի, քաղցի, օրեցօր աճող տագնապների մթնոլորտում: Մերսեդես, ինչպես ե՞ս: Մենք լավ ենք, քիչ մնաց, ամեն ինչ շուտով կվերջանա կանցնի: Հիմա ուղղակի աչքերս գրեթե չեն տեսնում, մատներիս հոդերը տձևացել են, սիրտս է ծանրացել: Վաղուց ոչինչ չեմ կարում, միայն երբեմն հարևանների խնդրանքով կարկատում, ձևափոխում եմ ինչ-որ բան` օգնելու համար: Մարդկանց ձեռքին փող չկա, հազիվ են գոյատևում:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը- Կանցնի, ասալ կանցնի, հաջողություն, հաջողություն կմաղթեմ ձեզի:
ԶԱՐՈՒՀԻ — Հիշում եմ` մեծ պապս միշտ ասում էր` այլևս հաջողություն չի մնաց ջանըմ, հաջողության ժամանակը շատոնց անցեր է: (Մերսեդեսին.) Չէ, մենք վատ չենք, է՜, ուղարկած բարիքներովդ լավ էլ ապրում ենք:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Մտածեցի, որ հունական կերակուրները կարոտցած կլլաս: Ադոր համար քիչմը ուտելիք կղրկեմկոր քեզի: Գիտեմ, գիտեմ, որ ծայրը ծայրին կհասցնես: Միայն անոր համար, որ կարոտցած կլլաս: Ի՞նչ սիրտդ կուզե, ըսէ հաճիս ատիկա կպատրաստեմ ու գալ անգամ կղրկեմ, Զարուհիս:
ԶԱՐՈՒՀԻ — Չեղավ, էլի սկսեցի՞ր, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է, Մերսեդես:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Չոճուխներն ինչպե՞ս են:
Զարուհու ճոճաթոռի կողքին հայտնվում է աղջիկը երկու երեխաների հետ: Աղջիկը հուսահատված է, երեխաները նետվում են պահածոյի տուփեր վրա:
ԶԱՐՈՒՀԻ — Ոչինչ մի ասա: Ուրախ եմ, որ եկաք, երջանիկ եմ, որ եկաք, աղջիկս:
Զարուհին մոտենում է թոռնիկներին, գգվում է: Պահածոները ձեռքներն է տալիս, նրանք հեռանում են:
Դարձյալ գալիս են: Զարուհին ճոճաթոռին գամված է, մոտ է կանչում բալիկներին, սիրում է, կոնֆետ ու միրգ է տալիս: Նրանք հեռանում են:
ԶԱՐՈՒՀԻ — Մի անգամ աղջիկս իմիջիայլոց ասաց, որ ամուսնու գործերը վատացել են, ապրել չի լինում: Նա սկսեց ավելի ու ավելի հաճախ գալ, երեխաների հետ: Հրեշտակներ են, աննման հրեշտակներ: Առաջարկեցի ինձ մոտ տեղափոխվել ընտանիքով` ինձ հոգ տանելու պատրվակով, չէ, չէ, հիվանդ չեմ, Մերսեդես, այդպես ասացի, որ գան:
Էկրանին դարձյալ ժողովուրդն է, աղաղակում են` ան-կա-խու-թյո՛ւն: Հայրենասիրական որևէ երգ կամ Հայաստանի օրհներգն է հնչում էկրանից: Աղջիկն ու թոռները վազում են Զարուհու մոտ: Զարուհին ճոճաթոռին անշարժ գամված` բռնում է նրանց ձեռքերը:
ԶԱՐՈՒՀԻ — Հրճվանքով լսեցի հայրենիքիս անկախության լուրը, Փառք Աստծո, գոնե թոռներս իրենց ազատ-անկախ երկրի մեջ կմեծանան: Վստահ էի, որ այդ հեքիաթային օրը գալու է, վերջ տառապանքին, շուտով նրանք կապրեն արդար երկրում:
Ճոճաթոռին թեթև ճոճվելով համրանում է, դեմքին ժպիտ կա ու խաղաղ է: Դուստրը փակում է մոր աչքերը:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Զարուհի՞… (Ձայնի մեջ տագնապ կա: Լռություն:)
ԽՈՐ — Զարուհիիիիի… (Ինչպես Մերսեդեսի արձագանքը:)
ԴՈՒՍՏՐ — Գնացիր, լավ պրծար, խոսք չկա: Ի՞նչ իմանայիր, որ հեռանալով մեզ կտակեցիր մի խարխուլ, անտեր հայրենիք: Փրկվեցիր այն սև-մութ տարիներից, որոնք հետևելու էին անկախությանը ու որոնց համեմատ դրախտ կթվար ապրածդ տառապագին կյանքը, մամ:
Հայտնվում է եղբայրը, քույրը ոտքով փշտացնում է, նա վախեցած փախչում է: Քույրը նայում է աջ, ձախ, վերցնում է հեռախոսը, ինչ-որ համար հավաքում: Որոշ ժամանակ անց լսվում է շտապ- օգնության մեքենայի ձայն: Աղջիկը քարացած դեմքով կանգնած է:
ԵՂԲԱՅՐ — (խոսում է առաջին ու միակ անգամ): Ինձ մի ուղարկի գժանոց, խելոք կմնամ, քույրիկ, թե կուզես` հաց էլ չեմ ուտի, նրանք ինձ այնտեղ կսպանեն: Մի մութ անկյուն տուր ինձ նկուղում ու վերջ, չեմ երևա, չեմ խանգարի, մի ուղարկի, կսպանեն, քույրիկս:
Սպիտակ շորերով մարդիկ տանում են տղային: Տղան գլխիկոր հետևում է նրանց:
ԴՈՒՍՏՐ — Պետք է էն պառավին գրել քրոջ մահվան մասին, չէ, մի րոպե, բա որ դադարի ծանրոցներ ուղարկել, այդ ժամանակ ինչպե՞ս ենք ապրելու:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Երազիս մեջ մամային ու պապային տեսա, տխուր էին: Վերջերս տեսակմը ռոմանտիկ դարձեր եմ, Զարուհիս: Սկսեր եմ հիշել ծովի ափերուն անցուցած քու և իմ արևոտ մանկությունը, մեր գաղթական ծնողներին, որ կհիշե՞ս, միշտ տխուր էին, քանի որ երբեք չի կրցան մոռնալ եղերնի չարչարանքները, հազար ինը հարյուր տասնհինգը և գաղթի ճամփաները: Զարուհիս, արդեն տունեն չեմ կրնար դուրս գալ, երևի այդ է պատճառը, որ այս ամենը կհիշեմկոր: Էհ, տարիքս առեր եմ, ամեն կողմս կցավի կոր, հոդացավեր ունեմ անտանելի, չեմ կրնար քալել: Աս ի՞նչ կլլա հետս: Զարուհի՞… (Դարձյալ տագնապ կա ձայնում:)
ԽՈՐ — Զարուհիիիիի… (Ինչպես Մերսեդեսի արձագանքը:)
ԴՈՒՍՏՐ — (հերթական նամակը ձեռքին): Չեմ հասկանում, ինչո՞ւ է պառավը այդքան անկարևոր բաներ գրելու վրա ժամանակ ծախսում այնտեղից այստեղ: Որքան ձանձրալի է:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — Կը հիշես` անգամ մը մեղուներու փեթակը խառնեցինք և խենթացուցինք իրենց: Դուն ճարպիկ ըլլալով կրցար փախիլ, իսկ ես դանդաղաշարժ և գիրուկ կանգնած մնացեր էի շփոթված… մարմնիս վրա գրեթե տեղ չէր մնացած, որ մեղուները չխայթեին: Օրեր շարունակ հիվանդանոցին մեջ պառկած մնացի, կյանքի մահի պայքար էր, Աստված փրկեց: Իսկ մայրիկը ու հայրիկը միշտ հիշելով կխնդային ըսելով. «Մեր խեղճ թոմպուլիկ չոճուխը քիչ մնաց անդէ աշխարհ երթար, զգույշ եղիր, որ հետո ուրիշ օր մը գլխուդ փորձանք չբերես, աղջիկ»: (Ծիծաղում է:) (Նորից տագնապած): Զարուհի՞, ի՞նչ եղար, ձայն հանե, հաճիս Զարուհիս: Գրեթե մեկ տարի անցավ, բայց մեկ տող մըն ալ չես գրած: Այս ի՞նչ եղավ: Վերջերս շատ գեշ կզգամկոր ու հավանաբար երկար չապրիմ:
ԴՈՒՍՏՐ — Այս մեկը չեղավ: (Լուրջ անհանգստացած:) Հապա ծանրոցնե՞րը:
Նույն պահին դռան զանգ, փոստատարը բերում է անհավանական մեծ չափի ծանրոցը: Դուստրը և՛ շփոթված է, և՛ երջանիկ: Քարշ է տալիս ծանրոցը, շատ ծանր է, երբեմն սայթաքում, ընկնում է վրան: Վերջապես բերում է դանակ, բացում է: Բազմաթիվ գունավոր պահածոների տուփեր են թափվում: Նա հապ­շտապ կարդում է:
ԴՈՒՍՏՐ — Մսի պահածո, խոզի մսի պահածո, տավարի մսով պահածո, գառան մսով պահածո, խավիրաներ, պոմիդորով պահածո, սպիտակ լոբի, ծեծած սիսեռ…
Տուփերը ոգևորված նետում է այս ու այն կողմ, վերցնում է հերթական տուփը, փնտրում է վրայի գրվածքը, չի գտնում, ուսերը թոթվում է, մի կողմ է դնում, շարունակում է խրախճանքը: Դրամի հաստ կապոց է գտնում, աչքերը փայլատակում են, այն համբուրում է: Երեխաները սկսում են խաղալ տուփերով:
ԴՈՒՍՏՐ — Վաղը մայրիկի մահվան տարին է, ժամանակին հասավ ծանրոցդ, մորաքույր, շքեղ կնշենք, բոլորը կտեսնեն` ինչ հրաշալի դուստր եմ ես: (Քմծիծաղում է: Վերցնում է հեռախոսը, տխուր դեմք ընդունում ու hամարներ հավաքելով, բոլորին ասում:) Վաղը մայրիկի մահվան տարին է, կսպասենք:
Բեմը լցվում է մարդկանցով, բոլոր այն հերոսներն են, ովքեր արդեն հայտնվել են բեմում տարբեր տեսարաններում: Բոլորն էլ սեղաններով ու աթոռներով են, արագ դնում են իրար կողքի, երկար սեղան է ստացվում, շուրջը շարում են աթոռներն ու նստում: Հյուրերից մեկը Դստերը օգնում է բոլոր պահածոները սեղանին շարել, նրա ձեռքն է ընկնում առանց պիտակի տուփը, պտտեցնում է, ոչ մի գրված տող չի գտնում, բացում է, գդալով բարձրացնում է միջի գորշավուն փոշին.
ՀՅՈՒՐ — Հաստատ կենսաբանական հավելում է, հիմա արտասահմանում դրանք շատ մոդայիկ են, ամեն ինչի մեջ գցում են:
Դուստրը վերցնում է տուփը, հոտոտում է, հետո սկսում է փոշին լցնել բոլոր կերակուրների մեջ:
ԴՈՒՍՏՐ — Ասում են` մարսողության ու իմունիտետի համար շատ լավ է, համ էլ կերակուրը դառնում է ավելի համեղ: Էհ, ո՞ւր ենք` մինչև նրանց հասնենք:
ՀՅՈՒՐԵՐԻՑ ՄԵԿԸ — 90-ականներին հյուծված ու վատառողջ հայ ժողովուրդ ենք, չի վնասի:
Ոմանք քահ-քահ ծիծաղում են: Աղջիկը տուփը դատարկելուց հետո այն դնում է հատակին, բեմի կենտրոնում, երևացող տեղում: Հյուրերը մի լավ ուտում-խմում են, սրբում են բոլոր ափսեները:
Առաջին հյուր — (բաժակ բարձրացնելով): Խեղճ մադամ Զարուհի, Աստված հոգիդ լուսավորի:
Երկրորդ հյուր — Ափսո՜ս, բարի ու տոկուն կին էր, դաժան կյանք ապրեց:
Երրորդ հյուր — Ինչ ոսկի ձեռքեր ուներ, ոնց էր կարում, ոնց էր կարո՜ւմ:
ՕՖԻԿ — (հիմարավուն ժպիտով): Էսօրվա պես հիշեմ գը, կայարան պզդիգ ախչիգմ էր կայնաձ, վախեցաձ, իրեն կորցուցաձ, ինչխ բայղուշ ըլլիր: Ձեռքն է թուղթմէ` «Օրիորդ Զարուհի»: Ըշտը տուն տարանք, տաքացուցինք, քնցուցինք, հըմը ուդել չուզեց: Էդման է չհասկցանք ինչի՞:
ՍԵՐՈԺ — (երանության ժպիտը դեմքին): Ինչ քյալլա էր, ի՜նչ քյալլա էր, հմի էլ էդպես քյալլա չկա՜:
Դռան երկար զանգ, Դուստրը վազում է դեպի դուռը: Ներս է լցվում Խորը և նրան մեկնում նամակ:
ԴՈՒՍՏՐ — (ծրարի վրա կարդում է): Մադամ Նեմեսիս, Հունաստանից: (Սեղանի ետևում լուսավորվում Նեմեսիսի արձանը: Կարդում է նամակը:) «Անունս մադամ Նեմեսիս է, ձեր մորաքրոջ` Մերսեդեսի, միակ հայ հարևանուհին եմ:
Այդ ընթացքում Խորի անդամներից մեկը վերցնում է պահածոյի տուփը և որպես ծիսական սափոր` դանդաղ զգուշավորությամբ ձեռքից-ձեռք է փոխանցում: Նեմեսիսի արձանը կենդանանում է ու շարունակում է Դստեր խոսքը:
ՆԵՄԵՍԻՍ — «Ցավով տեղեկացնում եմ, որ Մերսեդես մորաքույրը մահացավ ու նրա աճյունի մոխիրը ուղարկում եմ ծանրոցով` անանուն պահածոյի տուփով: Քանի որ մոխիրը հատուկ սափորով օրենքով ուղարկելը չափից մեծ գլխացավանք կարող էր դառնալ, ուստի նախընտրել եմ ավելի հեշտ ու բավական հնարամիտ այս ճանապարհը: Տուփը մոխրագույն է, առանց պիտակի: Ի սեր բոլոր աստվածների, խաղաղությամբ հանգչեցրեք հայրենի հողում սիրելի մորաքրոջը:
Բոլորը քարանում են տեղերում: Նեմեսիսը իջնում է պատվանդանից ու դանդաղ քայլելով շարունակում է նամակը` միանալով Խորին ու կատարելով նրանց պարի շարժումները:
ՆԵՄԵՍԻՍ — «Վերջին ժամանակները իրոք Մերսեդեսը շատ վատ էր զգում իրեն: Հաճախ կանչում էր ինձ ու պատմում, որ սիրտը վատ բան է կանխազգում, վատ երազներ է տեսնում, շատ անհանգիստ է քրոջ համար, որ նրանից լուր չունի: Ասում էր, որ կյանքն անցավ քրոջ մասին լուրերի սպասելով, նրա ընտանիքի, նրա երեխաների մասին պատմություններով: Թեև նրանց չի տեսել, բայց սիրում է իր երեխաների պես ու վերջիններիս համար է ապրել, որ քաղցած ու մերկ չմնան: Ասում էր, որ օրեցօր զգում է մահվան մոտալուտ գալուստը, ամեն օր ձեռքն ընկած ամենալավն ու համեղը կուտակում է, որ վերջին ծանրոցն ամենածանրը լինի երբևէ ուղարկածներից: Մի երեկո էլ կանչեց ինձ ու ասաց. «Նեմեսիս, գիտեմ, այս գիշեր մեռնելու եմ, չհասցրի վերջին ծանրոցն ուղարկել»: Ապա երկուսիս համար էլ անսպասելիորեն խնդրեց:
ՄԵՐՍԵԴԵՍԻ ձայնը — «Աճյունս Հայաստան ղրկե. գոնե կյանքիս վերջը կմիանամ քույրիկիս` Զարուհիիս, զարմիկներիս կտեսնեմ, իրենց երեխաներուն: Գոնե անոնք կուգան իրենց սիրելի մորաքրոջ գերեզմանին այցելության: Եվ անպայման չմոռնաս, հաճիս վերջին ծանրոցին հետ կոկիկ գումարը հարազատներուս հասցնել, որ իմ մահվան հիշատակին սեղան պատրաստելու համար նեղություն չունենան, քաղցր հիշեն իրենց մորաքրոջը»:
Երգչախմբի անդամները տուփը փոխանցելով հասցնում են Նեմեսիսին, ով պատվանդանին է դնում այն հատուկ զգուշավորությամբ: Տուփը լուսավորվում է վառ լույսով: Նրանք շարունակում են իրենց ծիսական պարը` պտտվելով պահածոյի տուփի շուրջ:
ԽՈՐ — Խեեեեղճ Մերսեեեեեդես…
ԽՈՐ — Խեեեեղճ Մերսեեեեդես…
ԽՈՐ -Նամակը ուշ հասավ:
ԽՈՐ — Ճակատագիր էր, նախախնամություն, գործը մոյրաների ձեռքի:
ԽՈՐ — …Դժբախտ Մերսեդես, ի՞նչ իմանար, որ մի օր կերակուր էր դառնալու իր ամբողջ գերդաստանի համար:
ԽՈՐ — Կերակուր էր դառնալու…
ԽՈՐ — Կերակուուուուր…
ԽՈՐ — Գերդաստանի համար:
ԽՈՐ — Դժբախտ Մերսեդես:
Լույսերը մարում են: Վերջ:
Epilogue
Պիեսի հիմքում իրական ճակատագրեր ու իրադարձություններ են:

Նեմեսիս — Անօրեններին ու գոռոզներին ըստ արժանվույն պատժող աստվածուհի, հատուցման մարմնավորումը
Մոյրաներ — ճակատագրի աստվածուհիներ, նրանք երեքն էին` Կլոթո, Լաքեսիս, Ատրոպոս

***
Պիեսն, ըստ էության, մոնոդրամա է, որը հյուսվում է Զարուհու և նրա քրոջ` Մերսեդեսի նամակագրական կապի հիման վրա: Այս կերպ ցանկացել եմ ընդգծել հերոսների խորը միայնակությունը: Զարուհին գրեթե միշտ բեմում մենակ է ու զրուցում է քրոջ ձայնի հետ: Թվում է` Մերսեդեսն ամենուր է, կենդանի գործող կերպար, բայց նա այդպես էլ չի երևալու բեմում:
***
Ներկայացումը պետք է հագեցած լինի բավական ֆունկցիոնալ լուսային էֆեկտներով: Բեմական ձևավորումը զուսպ է, մի քանի իրեր տեսարանից-տեսարան օգտագործվում են շատ պայմանական ու տարբեր ժամանակաշրջաններին տիպական բեմական միջավայր են ստեղծում` ճամպրուկ, կարի մեքենա, մանեկեն, սեղաններ, աթոռներ և մի քանի այլ մանրուքներ:
Երաժշտական ձևավորումը պետք է լինի հարուստ, բազմազան և խոսուն` որպեսզի կարողանա տեսանելի դարձնել գրեթե կես դար իրար հաջորդող տարբեր ժամանակաշրջաններն ու փուլերը, որոնցով անցնում է Հայաստանը` ի դեմս Զարուհու: Այն պետք է լինի ջազից մինչև ռոքնռոլ, 50, 60, 80, 90-ականներին բնորոշ ռիթմեր ու ոճեր:
Յուրաքանչյուր պատմական շրջանը ներկայացնելու համար, բեմական գործողությանը զուգընթաց, օգտագործվում է պրոյեկտոր բեմի երկայնքով մեկ, որով ցուցադրվում է ֆոտոկոլաժ կամ խրոնիկալ ֆիլմ` ժամանակային կոնտեքստն ավելի ցայտուն դարձնելու համար:
Զարուհին խոսում է արևելահայերեն, ինչով ընդգծել եմ Զարուհու` հայրենիքին ձուլվելը, հայաստանցի դառնալը: Միայն քրոջը նամակներ գրելիս երբեմն օգտագործում է արևմտահայերեն արտահայտություններ: Կարելի է նաև Զարուհու ամբողջ տեքստը փոխադրել արևմտահայերենի` ըստ բեմադրիչի ցանկության, կամ դերասանուհու սփյուռքահայ լինելու պարագայում: Մերսեդեսը միշտ խոսում է արևմտահայերենով, պիեսում հնչում է նաև գյումրվա բարբառը:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։