Ալեքսանդր ՄՈԼՉԱՆՈՎ / ՄԱՐԴԱ­ՍՊԱՆԸ

Գործող անձինք
ԱՆԴՐԵՅ
ՕՔՍԱՆԱ
ՍԵԿԱ
ՄԱՅՐ

ՍԵՆՅԱԿ
ԱՆԴՐԵՅ — Չեմ հասկանում, ինչու, երբ աղոթում ես, անգամ մտքում, լացկանություն է հայտնվում: Ասենք. «Ամենակարող Աստված, աղաչում եմ, ներիր իմ մեղքերը»: Մի՞թե նրան անպայման պետք է, որ ես ամեն ձևի դեմը պառկեմ, թավալ տամ կեղտի մեջ` կուլ տալով փսլինքս ու ներում խնդրեմ: Ինքը դրանից էներգիա՞ է ստանում: Թե՞ դուրն է գալիս: Մի տեսակ էժան ձև է… Ինչ է, չի՞ կարելի նորմալ խոսել, հասուն մարդու պես: Հա, մեղք եմ գործել, պատահել է, ներիր, էլ չեմ անի: Կամ թե համբերության բաժակդ է լցվել՝ պատժիր, օրենքով` հարյուր անգամ «Հայր մերը» կարդամ, կամ քառասուն օր պաս պահեմ կամ հարյուր տարի` դժոխքում… Բայց որ` դրանով հարցը փակենք: Պարտքս վճարեցի, էլ պահանջ չունենաս: Էլ ոչ մի մեղք: Ոչ մի նվաստացում: Արժանապատվորեն: Թե՞ իսկապես դուրը գալիս է, որ իրեն ծառայեն վախկոտ կակղամորթները, որոնք երեխայի նման սողում են ինչ-որ տեղ` երկրի վրա ու արցունքները դեմքներին քսմսում: Մյուս կողմից, ես էլ չեմ սիրում, երբ ինձ Դյուշա են ասում: Ինձնից ի՞նչ Դյուշես, կարո՞ղ է` կոնֆետ եմ: Նորմալ անուն կա` Անդրեյ Վիտալևիչ, այդպես էլ դիմեք: Դե, նա էլ է ուզում, որ իրեն մարդավարի դիմեն: Այսինքն` աստվածավայել` մռութդ գետնին, ծնկի իջած ու լացակումած… Այսինքն` ես հասկանում եմ, որ ոչ մի Աստված էլ չկա, ու էս բոլորը հոգեբանական էֆեկտ է` աղոթեցիր, ու թեթևացար: Իսկ գուցե և ինչ-որ էներգետիկ խտացում կա տիեզերքում: Ինքդ ես խտացումը: Այ, հենց հիմա հեչ էլ թեթևացած ինձ չեմ զգում: Որովհետև սխալ եմ աղոթում: Ինչ-որ արժանապատվություն… Դու` ինձ, ես` քեզ: Բանավեճ: Բանակցություններ: «Դուրս արեք տաճարից առևտրականներին»: «Ես առևտուր չեմ անում»: Տեր, աղաչում եմ, ներիր ինձ: Մեղավոր եմ, գրողը տանի… թուհ, ներիր ինձ, Աստված: Վերջս եկել է: Մի բան արա, Տեր: Ինչ մտքովդ կանցնի` հազար անգամ «Հայր մերը», կամ մենաստան, կամ նույնիսկ` դժոխք, միայն թե Սեկան այսօր չգա: Միայն թե Սեկան…
ՍԵԿԱ — Մեր դպրոցում էլ մի Դյուշա կար, միայն նա չաղ էր, երբ կռվում էինք, քաշով ճնշում էր: Իսկ էս մեկը որդի պես նիհար է: Սատանան գիտե, կկարողանա՞ Մարոնովից փողը պոկել, թե՞ չէ: Ասում են, Մարոնովը մի շաբաթ է` ինստիտուտում էլ չի հայտնվում: Ասա` ի՞նչ ես ծակը մտնել, եթե արդեն կրվել ես: Պետք չէր նստել, եթե չես կարող: Իսկ Վիտալյան ասում է, որ էլի երեք օր կսպասի ու իր մոտոցիկլը տեղացիներին կվաճառի: Ասում եմ` իսկ նրանք ինչքա՞ն կվճարեն. երեսո՞ւն, քառասո՞ւն… Սա «Մինսկ» չէ ու «Ուրալ» չէ, անգամ «Դնեպր» չէ, սա, ախր, «Հոնդա» է: Աշխարհի ամենալավ տեխնիկան: Ես նույնիսկ պարետի հետ եմ պայմանավորվել երկու հազարով, որ ցախանոցի բանալին տա: Կարո՞ղ է` Վիտալյայի պես սենյակում եմ պահելու, ամեն գիշեր հինգ հարկ վերև եմ քարշ տալու: Իսկ ամառը գյուղ` մերոնք կցնդեն… Եթե դեմուդեմ մնան` Դյուշան ոնց որ Մարոնովից բոյով է, կարող է և հախից գալ: Իսկ գուցե` ոչ: Էն մեր Դյուշան ավելի լավ տարբերակ էր, իր քաշով կճնշեր:
ՕՔՍԱՆԱ — Սեկան, իհարկե, փող ունի ու սիրուն է ու էն գործից էլ լավ է: Իսկ կարևորը` շատ է ինքնավստահ: Չորս տարի կլինի, որ ինստիտուտից քշել են, ու ոչինչ, պարետի հետ լեզու է գտել, ապրում է հանրակացարանում: Ապրել կարողանում է, դրա համար էլ ապրում է: Միայն չար է ու երբեք ոչինչ չի նվիրում: Գոնե կինո տաներ, միայն օրերով նստի հանրակացարանում ու թուղթ խաղա:
ԱՆԴՐԵՅ — Աստված չկա, էդ բոլոր աղոթքները հենց էնպես է: Սեկան եկավ, հետն էլ իր քածին բերեց, ոնց էր… Մարինկա, թե՞ Օքսանկա: Բերել էր, որ ցույց տար, թե ինձ ոնց է նվաստացնում, հա՞: Աստծու պես ինքն էլ է ձև թափում: Կամ էլ գործով տեղ էին գնում ու ճամփին, ձեռի հետ, եկան ինձ ստորացնելու: Օքսանկան գեշն է` աչքերը իրար կպած, ճակատը պզուկոտ, սանրվածքը կառէ, իսկ կուրծք չկա: Ծխում էր, շրջվեց մոխրամանը վերցնելու` քամակը սիրուն էր: Դեղին կիթառի աղեղ…
ՕՔՍԱՆԱ — Մահճակալին պառկած է ինչ-որ մի չմո` շապիկով ու սպորտային շալվարով: Սենյակը` կեղտ, սկզբում ուզում էի մոխիրը հատակին թափ տալ, հետո մտածեցի` բա որ հրդեհ ընկնի, մի տեղ մոխրամանի պես մի բան պիտի լինի:
ՍԵԿԱ — Նայում եմ էդ Դյուշային, ու էնպես եմ չարանում Մարոնի վրա: Փող չունես` մի խաղա, ի՞նչ մի բանիս համար ես նստում խաղալու: Իսկ թե կրվել ես` վճարիր, ի՞նչ ես պախկվել:
ԱՆԴՐԵՅ — Անգամ զարմանում ես, թե ոնց կարող է էսքան սիրուն մռութ ունեցողը էսքան ոջիլ լինել: Միշտ էլ նրա քածերը ամենալավն են: Ու սիրում են իրան, բախտն էլ բերում է խաղի մեջ: Մի բոյ չունի, բռունցքներն էլ փոքր են: Նրա սանրվածքը ուզեցի անել` ետևը կարճ, առաջը` չոլկա: Իրեն սազում է, ինձ` չէ: Որովհետև նրա մազերը ետ են սանըրվում, իսկ իմը աչքերիս է թափվում: Տեսել եմ, թե ոնց է Սեկան կռվում: Մենք ներքևում էինք նստած, հերթափոխի էինք: Գալիս է էդ մորուքավորը, հագին միշտ գորշ ալյասկա է, ոնց որ քսաներկու սենյակի աղջիկների մոտ է բունը: Ուրեմն, վերևից իջնում է իր դեբիլ ալյասկան հագած, մորուքը` սև, ոնց որ քրիստոսիկ, ու լուլ հարբած: Երևում է` աղջիկները խմցրել են ու դուրս քշել: Իջնում է, մարդ է փնտրում, որ բարկությունը վրան թափի: Նույնիսկ չհասկացա, թե ինչ էր էդ քրիստոսիկը ուզում: Ինչ-որ բան ասաց Սեկային: Սեկան տեղից ելավ, հետը դուրս եկավ ու մի հարվածով գետնին փռեց, հետո մի քիչ կոխկրտեց: Վերադարձավ, նույնիսկ շունչը չէր կտրվել: Իսկ բռնցքամարտիկի հե՞տ ոնց կռվեց… Ամբողջ հանրակացարանը դուրս էր թափվել: Բռնցքամարտիկն արդեն անջատվել է, Սեկան նրան` բախ, ու տապալում է: Թվում է` վերջ, բայց նա բռնցքամարտիկ է, նա միշտ էլ ոտքի է ելնում: Ավտոմատ: Պիտի որ պառկած մնար, որպեսզի Սեկան էլ ձեռք չտար, իսկ նա նորից ու նորից է տեղից բարձրանում: Արդեն բոլորն են ուզում, որ նա պառկած մնա, իսկ նա բարձրանում է ու բարձրանում: Իսկ ՍԵկան նրան տապալում է ու տապալում…
ՕՔՍԱՆԱ — Սեկան էդ չմոյին ասում է` փող ունե՞ս: Իսկ նա` գիտես, որ չունեմ: Բայց լրիվ կտամ: Սեկան նրան` ոչինչ էլ չես տա: Դու ինձ տասներկու կտոր ես պարտք, էդպես չէ՞:
ԱՆԴՐԵՅ — Էդպես է:
ՍԵԿԱ — Դու փող չունես:
ԱՆԴՐԵՅ — Ես կտամ:
ՍԵԿԱ — Մի հատ էլ ասա` «ես կտամ»:
ՕՔՍԱՆԱ — Ու Սեկան նրան որ չնայե՜ց…
ԱՆԴՐԵՅ — Սեկան ասաց, որ Մարոնովը իրեն հիսուն կտոր է պարտք: Ու որ ինքը պատրաստ է հեչ անել իմ տասներկուսը, եթե ես գնամ Օսկոլ քաղաք, գտնեմ Մարոնովին, նրանից վերցնեմ հիսուն կտորն ու բերեմ Սեկային:
ՕՔՍԱՆԱ — Սեկան հանեց հարյուրանոց, հիսունանոց ու տասնոց, հարյուր վաթսուն ռուբլի, ու տվեց նրան: Ո՞նց է քեզ համար…
ՍԵԿԱ — Ավտոբուսի տոմս կգնես:
ԱՆԴՐԵՅ — Բա որ չտա՞:
ՍԵԿԱ — Որ չտա` կսպանես:
ԱՆԴՐԵՅ — Ո՞նց:
ՍԵԿԱ — Ոնց ասես… օրինակ` դանակով: Դանակ ունե՞ս:
ԱՆԴՐԵՅ — Հա: Դու… լրջո՞վ… սպանե՞մ:
ՕՔՍԱՆԱ — Սեկան սեղանից վերցրեց ծալովի դանակը, ստուգեց սրությունն ու դեմքը ծռեց:
ՍԵԿԱ — Հարմար է: Օքսանան քեզ հետ կգա: Չեմ ուզում, որ փողերն առնես ու փախչես:
ՕՔՍԱՆԱ — Ե՞ս… նրա հե՞տ… ինչի՞ս է պետք:
ՍԵԿԱ — Կգնաս: Ավտոբուսի տոմսերը հարյուր քառասուն է, իմացել եմ: Կհերիքի երկուսիդ գնալ-գալու համար:
ՕՔՍԱՆԱ — Սեկա, հո չե՞ս ցնդել:
ՍԵԿԱ — Քեզ մոտ ինչ-որ հարցե՞ր առաջացան, քածի մեկը:
ԱՆԴՐԵՅ — Էդ Օքսանային ոնց որ անցած կիսամյակին հեռացրին, էնպես որ հանրակացարանում ապրում է միայն Սեկայի թույլ­տվությամբ, Սեկան դրա համար պարետին վճարում է: Հենց մի բան էն չէ` փասափուսադ քաշի գյուղ ու էնտեղ ձանձրույթից սատկի: Կամ էլ մի տրակտրորիստի հետ ամուսնացի, դա էլ հեռանկար է:
ՍԵԿԱ — Մինչև վաղը փողն ինձ մոտ լինի:
ՕՔՍԱՆԱ — Սեկան ասաց, որ փողը մինչև վաղը լինի: Ու գնաց: Էծի մեկը: Սա էլ ինձ է նայում: Խղճո՞ւմ է, ինչ է… Էծ: Էծ-էծ: Այլանդակներ: Սաղդ սատկեք:
ԱՆԴՐԵՅ — Դե լավ… նորմալ է: Իմ վիճակը ավելի վատ է:
ՕՔՍԱՆԱ — Նորմա՞լ… ի՞նչն է նորմալ: Հիվա՞նդ ես: Միայն փորձիր կպռշկել, Սեկային կասեմ: Որ հասկանաս…
ԱՆԴՐԵՅ — Ու լաց եղավ: Նստել, զռռում է, իսկ ես իրերս եմ հավաքում: Շապիկներ, գուլպաներ… ինչ կա` մերս կլվանա:
ՕՔՍԱՆԱ — Գնում-գալիս է սենյակում, փալաս-փուլուս է թափ տալիս, իսկ ես մտածում եմ` կարևորը սրա առաջ լաց չլինեմ, ցույց չտամ…
ԱՆԴՐԵՅ — Հետո գնում ենք միջանցքով, աղջկերքը դուրս են նայում դռներից, մեզ են նայում, բան չեն հասկանում:
ՕՔՍԱՆԱ — Եթե մտածում է, որ բոզ եմ, հեչ էլ բոզ չեմ:
ԱՎՏՈԲՈՒՍ
ԱՆԴՐԵՅ — Կայարանում մտքովս մի բան անցավ:
ՕՔՍԱՆԱ — Ինձ ասում է՝ դու փողոցում հլը ծխի, մինչև ես տոմսերը գնեմ, որ դրամարկղի առաջ քարշ չգանք: Ի՞նձ ինչ, կանգնել, ծխում եմ, մտածում եմ, թե ինչ անասուն է էդ Սեկան: Ընդհանրապես, բոլորի վրա թքած ունենամ, ինձնից բացի: Ես էլ կարող էի քննությունները հանձնել, թոշակ ստանալ: Էստեղ շատերն են էդպես… Գալիս են, տեղավորվում հանրակացարանում, հետո ինստիտուտից դուրս են թռնում ու տարիներով ապրում են… ու ոչինչ: Ինչ խոսք, տղաներին ավելի հեշտ է, եկար աղջիկների հարկը, ընտրեցիր ցանկացածին ու` ապրի: Իսկ աղջկան ամեն մեկը չի վերցնի: Այ, աղավնիները լավ են ապրում, իրենց քեֆին, թոշակ պետք չէ, սենյակ պետք չէ: Ամբողջ շաբաթը հանգստյան օր է:
ԱՆԴՐԵՅ — Տոմսերը վերցրի, դուրս եկա` կանգնել, աղավնիներին է նայում:
ՕՔՍԱՆԱ — Ավտոբուս նստեցինք, իսկ ես էնպես տխրեցի, ասես տուն եմ գնում: Տանել չեմ կարող գյուղը: Էդ պարերը: Ու տղաներին, գեղական հիմարներին: Խմեն, ծեծվեն` ահա դրանց կուլտուրական հետաքրքրությունը: Թեև էստեղ էլ թատրոնններ չեմ գնում: Սեկան, անասունը, գոնե մի անգամ կինո չի տարել:
ԱՆԴՐԵՅ — Նստել ենք ավտոբուսում, մտածում եմ` պետք է նրան մի բան ասեմ կամ պատմեմ:
ՕՔՍԱՆԱ — Իմը ինձ հերիք չէ, սա էլ շրջվում է իր սրտառուչ… մռութով ու ասում է…
ԱՆԴՐԵՅ — Ներիր, որ էսպես ստացվեց:
ՕՔՍԱՆԱ — Լսիր, թաթերդ հեռու տար:
ԱՆԴՐԵՅ — Չէ, ես պարզապես…
ՕՔՍԱՆԱ — Ուրեմն` սսկվիր: Առանց քեզ էլ սիրտս խառնում է:
ԱՆԴՐԵՅ — Իմ սիրտը չի՞ խառնում… բանս բուրդ է:
ՕՔՍԱՆԱ — Ձենը կտրեց, հանգստացավ: Սատանան քեզ հետ: Այ, էս փողոցով ինստիտուտ էի գնում: Իսկ էստեղ աղջիկներով զբոսնում էինք քաղաքի օրը: Հետո փայտե տներն են, հետո` նախկին հրշեջի աշտարակը, ասում են` ներսում ուզում են գարեջրատուն սարքել… հետո մենաստանն է, հետո` զինվորական մասը, իսկ հետո անտառն է:
ԱՆԴՐԵՅ — Նա չնկատեց, որ ուրիշ ավտոբուս նստեցինք: Դեռ չեմ ասի, որ իջնենք, նոր կասեմ: Սկզբում մտածում էի` վերջ: Իսկ հիմա կարող է և վերջ չլինել: Միշտ էլ մտածել եմ, որ հենց էնպես էս աշխարհ չեմ եկել: Ու ես ապացույցներ ունեմ: Հարյուրտոկոսանոց ապացույցներ: Էն ժամանակվանից, երբ ութերորդ դասարանից հետո ես ու Միշկան պատրաստվում էինք գնալ Արխանգելսկի կապի ուսումնարան: Արդեն փաստաթղթերն ուղարկել էինք, մեզ էլ կանչել էին: Մի շաբաթ էր մնացել մինչև քննությունները, անգամ բաներ էի կարդացել, ինչ-որ երկրաչափություն… Գիշերները Միշկայի հետ ֆռռում էինք մոտոցիկլով, ծխում էինք, արձակուրդի վերջին օրերն էինք մսխում: Երազում էինք` ոնց ենք Արխանգելսկում ման գալու: Էդ ժամանակ էլ հայտնվեցին կոլորադյան բզեզ-ները: Կարմիր, թունավոր թրթուրները խժռում էին կարտոֆիլի տերևները, մնում էին միայն ցողունները: Երբեք չէր եղել, միայն էդ տարի: Պառավներն ասում էին, որ Ամերիկայից հատուկ կենսաբանական զենք են ուղարկել Ռուսաստան, որ գյուղերը սովից մեռնեն: Որովհետև մեզ մոտ միայն կարտոֆիլ է աճում: Մի խոսքով, ամեն օր մոտոցիկլով դաշտ էի գնում: Կեսկիլոյանոց մի բանկա հավաքեցի էդ թրթուրներից, հետո մեջը մի քիչ բենզին լցրի ու վառեցի: Նայում եմ` ոնց են դրանք վառվում, ու հանկարծ վատ զգացի… սիրտս ետ տվեցի, բայց չօգնեց: Երեկոյան Միշկայի հետ ֆռռում ենք մոտոցիկլով, զգում եմ` շատ վատ եմ: Ասում եմ` գնանք լողանանք, գուցե թեթևանա: Լողացանք, էլի վատ եմ: Սրտխառնոց… Գիշերը քիչ մնաց` մեռնեի, մայրս զանգեց հիվանդանոց, հետո ասաց` գնա ընդունարան, էնտեղ մորաքույր Սվետան է, հարևանուհին: Գնացի, նայեց աչքերս, փորս, լյարդս շոշափեց, ասում է` դեղնություն է: Երեք շաբաթ ինֆեկցիոն դիսպանսերում փակեցին: Ծնողներիս ու ընկերներիս պատվաստեցին, նրանք պլստացին: Միշկան գնաց Արխանգելսկ, ընդունվեց: Իսկ ես վերադարձա դպրոց: Միշկան չորս ամիս հետո ուսումնարանից փախավ, ասում էր` դժվար է, նորերին էնպես էին ծեծում, որ սենյակի պատերը արյան մեջ կորած էին: Միշկան էդպես էլ մնաց ութ դասարանի կրթությամբ, ծառայեց բանակում, հիմա զոդող է աշխատում: NO FUTURE! Իսկ ես դպրոցն ավարտեցի ու ինստիտուտ ընդունվեցի: Դրա համար էլ մտածում եմ, որ էդ ամենը պատահականություն չէր: Աստված էր ինձ նայում, ինքն էր ուղարկել էդ մորեխին, այսինքն` կոլորադյան բզեբզին ու դեղնությունը, որ ես ուսումնարան չընկնեմ: Ինչ-որ բան պիտի անեմ կյանքում: Մեծ երաժիշտ դառնամ կամ բանաստեղծ: Իսկ գուցե էդ ամենը նրա համար էր, որ Մարոնովի՞ն սպանեի: Գուցե նա Հիտլեր է դառնալու կամ ջերմամիջուկային ռումբ է սարքելու: Չէ, կարծում եմ, ավելի լավ է ստեղծագործական կողմը լինի… Օրինակ` նկարիչ դառնամ: Ճիշտ է, նկարեշ չեմ կարող, բայց հիմա էս հեչ պարտադիր չէ: Փառք Աստծո, Վերածնունդ չէ: Իհարկե, ոչ մեկին չեմ սպանի, հիմա ամեն ինչ հարթվեց: Ամեն ինչ նորմալ կլինի, հա, նորմալ:
ՕՔՍԱՆԱ — Որ քաղաքային բնակարան լինի: Երեք սենյակ: Լուսամփոփ: Կարելի է արխիվում աշխատել կամ խանութում: Կամ էլ կոմերցիոն ֆիրմայում: Էնտեղ շատ են վճարում, միայն, ասում են, անհասկանալի է, թե ինչ պիտի անես: Ու ասում են, որ էդ ֆիրմաներում բոլոր պետերը բոլոր կնիկներին շինում են: Դե, էդ տեսակ ավանդույթ է, բոլորն էդ մասին գիտեն: Է, թող շինեն, կարևորը, որ մարդդ չիմանա: Հատկապես եթե պետդ Սեկայի պես մռութիկ է: Չէ, ավելի լավ է, որ մարդս Սեկան լինի, իսկ պետը` մեկ ուրիշը, ավելի սիրունիկը: Չէ, ավելի լավ է` Սեկան պետը լինի, իսկ մարդս` սիրուն ու բարի: Ու որ ժլատ չլինի: Բայց միայն չմո չլինի, բայց փողը բռան մեջ պահի: Ամեն շաբաթ կինո կգնայինք: Գուցե հարավ մեկնեինք, թեև էնտեղ ամենուր հիմա պատերազմ է, մեկ էլ տեսար` սպանեցին հեչի պես: Նրա համար կեփեի, շորերը կլվանայի, որդի կծնեի: Ես որ առաջին անգամ Սեկային տեսա, հետո երազս եկավ: Որ նրա կինը կարճլիկ է, գեր ու տգեղ: Բայց փոխարենը նրանց բալիկը շատ սիրուն էր: Ու նրանք երկուսով կինո են գնում, իսկ ես ասում եմ` դե, գոնե ձեր փոքրիկի մոտ մնամ:
ԱՆԴՐԵՅ — Երբ որ հռչակավոր դառնամ, հետո գյուղ կգնամ, տուն կգնեմ կամ կկառուցեմ: Բայց որ անպայման` երկհարկանի: Աշխատասենյակս երկրորդ հարկում կլինի: Պատուհանները անտառին կնայեն: Զարթնում ես առավոտյան, սոխակներն են ձենները գլուխները գցել: Անելու բան չկա, արդեն բոլոր հանրագիտարաններում ու դպրոցական ծրագրերում կաս: Աթոռին կիթառն է` միացրած, ամեն տեսակի երաժշտություն` ինչքան ուզես: Բարձրախոսները` թույն: Պատին` սամուրայի սուր: Կողքին` աբստրակտ նկար ու ձեռագիր վեպ «Իմ կյանքը» վերնագրով: Չէ, «Իմ հաղթանակները»: Չէ, «Իմ պարտությունները»: Էդպես ավելի զիլ է: Որ բոլորը տեսնեն, թե ինչ համեստ եմ: Ամեն ինչի հասել է, իսկ արդյունքներն ամփոփելով` հիշում է միայն իր պարտությունները: Էդպես էլ քայլել եմ կյանքում մի պարտությունից մյուս պարտությունը: Եվ էդպես ապրել մինչև ծերություն: Երբ արդեն գիտես, որ մահից հետո քեզ կհիշեն, մեռնելն էնքան սարսափելի չէ: Ու արդեն նորմալ է:
ՕՔՍԱՆԱ — Եթե բոլոր մարդիկ մեռնեին` վատ չէր լինի: Երբ մենակ դու ես մեռնում, դա, իհարկե, տհաճ է: Եթե անգամ գիտես, որ դրախտ ես ընկնելու: Ու եթե ամբողջ ընտանիքը քեզ շրջապատած` լիքը երեխեք, թոռներ, բոլորը նայում, սպասում են` երբ վերջապես շունչդ կփչես, սենյակը կազատես: Իսկ էսպես` կոճակը սեղմեցիր, ու ոչ ոք չկա: Ոչ ռումբ, ոչ թույն, ու որ առանց տանջանքի, պարզապես անհետացան: Մաքուր մոլորակ: Անտառներ, ծովեր ու ոչ մի մարդ: Այ թե զիլ կլիներ: Էդ ժամանակ ոչ մեկի համար վիրավորական չէր լինի: Անգամ խնդալու կլիներ: Մի ինչ-որ միլիոնատեր ամբողջ կյանքում աշխատել է, ամեն մի գրոշը հավաքել է, իսկ էստեղ` բա՛խ, ու նույն պայմաններով, ինչ աղքատը: Իսկ հետաքրքիր է, եթե էդպես լինի, ո՞ւր կկորչեն էդ բոլոր հոգիները: Ծառերի մե՞ջ կվերաբնակվեն: Մարդիկ սրիկա են, ծառերի մեջ էլ իրար կուտեն: Բարդին` նոճուն. ի՞նչ ես էստեղ ճյուղերդ ցցել, դու էստեղ ընդհանրապես չես եղել: Ու սկսում են ճյուղերը թափ տալ: Հետո ինչ-որ զենք կհնարեն, մի ինչ-որ նեյտրոնային սղոց «Բարեկամություն», ու ամեն ինչ` սկզբից…
ԱՆԴՐԵՅ — Ավտոբուսը կանգնեց կամուրջի մոտ: Վարորդը շրջվեց ու գոռաց. «Ով մինչև կամուրջն է տոմս առել` դուրս եկեք»: Բռնեցի նրա ձեռքն ու քարշ տվեցի դեպի դուռը:
ՕՔՍԱՆԱ — Էնպես էի մտքերի մեջ ընկել, չնկատեցի՝ ոնց տեղ հասանք: Ոչ մի անգամ էդ Օսկոլում չէի եղել: Կանգնեցինք կամուրջի մոտ, նա բռնեց ձեռքս ու քարշ տվեց դեպի դուռը: Դե, իջանք, կանգնել ենք կանգառում: Աջից կամուրջն է, ձախից` ճանապարհը, շուրջը մաքուր դաշտն է: Է, հետո՞: Հետո՞ ինչ, հարցնում եմ: Ո՞ւր է էդ քո Օսկոլը:
ԱՆԴՐԵՅ — Մի խոսքով, լսի, մի գաղափար ունեմ:
ՕՔՍԱՆԱ — Սկզբում նույնիսկ չհասկացա, թե ինչ է ասում: Տոմսը ոչ թե Օսկոլ է գնել, այլ լրիվ ուրիշ կողմ: Նույնիսկ ուրիշ ուղղությամբ: Այ թե էծ եմ, ավտոբուսի վրան գրվածին անգամ չնայեցի նստելուց առաջ: Ու հիմա քաշվեցի: Ի՞նչ եմ ասելու Սեկային:
ԱՆԴՐԵՅ — Իհարկե, չուրախացավ: Երևի մտածեց, որ կտանեմ անտառ ու լճում կխեղդեմ:
ՕՔՍԱՆԱ — Ինչ-որ մեկի մոր մասին էր պատմում:
ԱՆԴՐԵՅ — Դու ինձ լսո՞ւմ ես, թե՞ չէ: Մերս փող կտա: Կտա, ինչ որ պիտի տամ Սեկային, ու վերջ, էլ նրան պարտք չեմ: Ու ոչ մեկին էլ սպանել պետք չէ: Իսկ Սեկան թող ուրիշ մարդասպան գտնի:
ՕՔՍԱՆԱ — Պարզ է:
ԱՆԴՐԵՅ — Անսպասելիորեն հանդարտվեց: Ոնց որ թե նրա սրտով էլ չէր էդ սպանության թեման: Նույնիսկ տրամադրությունը բարձ- րացավ:
ՕՔՍԱՆԱ — Իսկ նա քեզ իսկապե՞ս փող կտա:
ԱՆԴՐԵՅ — Մի բան էլ ավելի:
ՕՔՍԱՆԱ — Ուրեմն գնացինք: Որտե՞ղ է քո միլիոնատեր մայրիկը:
ԱՆԴՐԵՅ — Իրականում հեչ էլ համոզված չէի, որ մայրս փողը կտա: Կես տարի առաջ վագոն էր գնել, դարձրել էր խանութ ու աշխատած բոլոր փողերով ապրանք էր առնում: Նույնիսկ հորս միայն խմելիքի ու ծխելիքի փող էր տալիս: Բայց նրան համոզելու երկաթե փաստարկ ունեի: Պետք էր միայն…
ՕՔՍԱՆԱ — Մարդ էլ էդքան ապուշ կլինի՞: Պարզվեց՝ կամուրջից մինչև էդ իրենց Շիչենգին դեռ հիսուն կիլոմետր էլ կա:
ԱՆԴՐԵՅ — Մեղավոր չեմ, որ փողը միայն էսքանին հերիքեց:
ՕՔՍԱՆԱ — Ու ո՞նց ենք էդտեղ հասնելու, ոտքերիս հաշվի՞ն:
ԱՆԴՐԵՅ — Գուցե մեքենա պատահի…
ՕՔՍԱՆԱ — Էդ ինչ խելքի տեր ես, հիմա ո՞վ է մայրուղու վրա կանգ առնում:
ԱՆԴՐԵՅ — Չգիտեմ, գուցե հեռավոր երթուղիների վարորդները… ձանձրանում են, ինչի՞ ուղևոր չվերցնեն:
ՃԱՆԱՊԱՐՀ
ՕՔՍԱՆԱ — Նրանց մեքենաների ապակիների վրա գրված է «Հրաման` ուղևորներ չվերցնել»: Կանգառի կապույտ թիթեղի վրա գրված էր. «Դավիդովը ոջիլ է»: Սա տեղական պատի թերթն է: Որո՞նք են էսօրվա վերջին նորությունները: «Դավիդովը ոջիլ է»: Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի էդ Դավիդովը: Գեր, ճաղատ ու պորտֆելով: Չէ, էդպեսների մասին կանգառներում չեն գրում: Երևի դեղնակտուցի մեկն է: Երևի նեղացրել է աղջնակին կամ էլ մի ուրիշ դեղնակտուցի, ու հիմա փառքը տարածվել է «Մոսկվա-Արխանգելսկ» մայրուղով մեկ՝ ոջիլի մեկը:
ԱՆԴՐԵՅ — Փոքր ժամանակ տան ետևում էդպես դանակ էինք խաղում Բորկա ու Նատաշկա Սիգալևների հետ: Մի մատից, երկուսից, երեքից: Նրանք վերևում էին ապրում, Նատաշկան ամբողջ օրը դաշնամուր էր նվագում, իսկ տատիկս պոլի փետով առաստաղին էր խփում: Չորս ու հինգ մատներից ընդհանրապես հեշտ է: Կոնտուզիայից հետո տատի գլուխը ցավում էր, նա երկար մահացավ: Հետո ուսից, ծնոտից, շրթունքից, քթից, ճակատից: Իսկ Նատաշկան զինվորների հետ էր ման գալիս, հետո ամուսնացավ ոնց որ թե էլի զինվորի հետ: Հետո չեմ հիշում, էլի ինչ-որ ձևի պետք էր շպրտել, իսկ վերջինը արևն էր` պետք էր ծխել ու ծխուկը վեր նետել: Իսկ լուսինը` ետ շպրտել: Նատաշկան գնաց նրա մոտ, հետո վերադարձավ, նրանք ինչ-որ մեկին փող էին պարտք, էնտեղ ուզել էին սպանել նրանց:
ՕՔՍԱՆԱ — Ոջիլի մեկը, ինչի՞ մեքենա չես կանգնեցնում:
ԱՆԴՐԵՅ — Չե՞ս տեսնում, ոչ մեկը չի կանգնում:
ՕՔՍԱՆԱ — Ապուշ, նրանք տեսնում են, որ մի ավազակ նստած դանակն է թափահարում: Դու լինեիր` կկանգնեի՞ր:
ԱՆԴՐԵՅ — Դե որ էդպես է` ինքդ կանգնեցրու:
ՕՔՍԱՆԱ — Ու կկանգնեցնեմ, հեչի պես:
ԱՆԴՐԵՅ — Էդ պահին մեքենա է հայտնվում: Կանաչ «Զապորոժեց»: Միայն թե Վոլոկովցիի կողմն է գնում, ոչ թե Շիչենգի: Էս մի հոգավորը մոտենում է ճամփեզրին, պարզում է ձեռքը, մեքենան կանգնում է: Մեջը երկու քյավթառ են, ամեն մեկը հարյուր հիսուն տարեկան: Լպստվում են` նստիր, աղջիկ, ման տանք:
ՕՔՍԱՆԱ — Քաղաք վերադառնանք, Սեկային կասեմ, թող ինքը սրա հետ հաշիվ մաքրի:
ԱՆԴՐԵՅ — Ալ քեզ էծ, որոշել է փախչել:
ՕՔՍԱՆԱ — Այ, էդտեղ իրար անցավ: Շպրտեց դանակը, վազեց մեքենայի մոտ, ինձ բռնեց, դրանց էլ ասաց` գնացեք, հարգելիներս: Նրանք ծիծաղեցին` ջահելություն… քխե, քխե, ու գնացին իրենց դրանդուլետով:
ԱՆԴՐԵՅ — Հո խփնված չե՞ս:
ՕՔՍԱՆԱ — Կարո՞ղ է` մինչև երեկո էստեղ պիտի մնամ: Ու ձեռքերդ էլ քեզ քաշի:
ԱՆԴՐԵՅ — Զգացի, որ կարմրեցի ու դրանից ավելի չարացա: Ի՞նչ է իրեն ձևացնում… որ ի՞նչ:
ՕՔՍԱՆԱ — Ու սկսեց գոռալ, որ ես եմ մեղավոր, որ իր հետ նստած եմ էստեղ: Չուզենայի` չէի գա: Ուզում էի, որ ձենը կտրեր: Պարզապես սսկվեր: Լռի՛ր: Լռի՛ր: Լռի՛ր:
ԱՆԴՐԵՅ — Ուզում էի նրան բացատրել, որ ինքը ճիշտ չէ: Որ ինքն է մեղավոր էստեղ հայտնվելու համար: Որ ինքը ազատ մարդ է ու ինձ հետ եկավ, որովհետև ուզում էր գալ: Գուցե չգիտակցված: Բայց ինձ չուզեց լսել:
ՕՔՍԱՆԱ — Անցա ճանապարհի մյուս կողմը, ձեռքս մեկնեցի ու միանգամից սև «ԲՄՎ»-ն կանգնեց:
ԱՆԴՐԵՅ — Էնպես նստեց մեքենան, ասես ինձ սպասելու միտք չուներ: Վազեցի ու նստեցի ետևում, հակառակ կողմից: Ղեկին նստածը ճերմակ վերնաշապիկով էր: Ինձ ասաց, որ չքսվեմ կոստյումին: Ես միանգամից չնկատեցի, որ նրա պիջակը կախված է իմ կողքին, գլխիս մոտիկ:
ՕՔՍԱՆԱ — Մեքենայի մեջ լավ էր բուրում ու ես միանգամից հիշեցի, որ երկու օր է` ցնցուղի տակ չեմ եղել: Հանրակացարանում մի ցնցուղը երկու հարյուր քսան սենյակի համար է, միշտ հերթ է, կարող ես լողանալ միայն գիշերը, էն էլ գիշերով ընտանեկան զույգերն են ուզում ջրի տակ շինվել, թեև ես ու Սեկան ոչ մի անգամ…
ԱՆԴՐԵՅ — Հաստատ բիզնեսմեն է: Ասում է` Արխանգելսկ եմ գնում, մինչև Շիչենգի ձեզ կհասցնեմ, իսկ դուք փոխարենը մտեք ոստիկանատուն ու հայտնեք, որ ճանապարհին վթար է եղել: Ես գործեր ունեմ, ոստիկանատուն մտնել չեմ կարող` արձանագրություններ, ցուցմունքներ…
ՕՔՍԱՆԱ — Նա ասաց, որ «Զապորոժեցը» խփվել է ճամփի վրայի ծառին: Երկու բիձուկ են եղել, մեկը ողջ է, մյուսը` մեռած:
ԱՆԴՐԵՅ — Երևում է` էսօր ծերուկը պիտի մեռներ, իսկ Օքսանան` չէ: Հետաքրքիր է, որն է նրա կոչումն էս կյանքում: Առաջ թքած ունեի, թե ինչ կլինի կյանքի օրոք: Կարևորը` մահից հետո հիշեն: Հիմա, երևի թե, խելացվորվել եմ, հիմի ուզում եմ, որ կյանքիս ընթացքում էլ հարգեն: Ու որ փող լինի: Թեև փողը ընդհանրապես թուղթ է: Իսկ ես ժլատ չեմ, դրա համար էլ բիզնես չեմ կարող անել, դրա համար ժլատ պիտի լինես: Այ, էս մեկն էլ կանգնեց ոչ թե նրա համար, որ մեզ վերցնի, այլ որ մենք իր փոխարեն ոստիկանատուն գնանք՝ «Դու ինձ, ես քեզ», չես խաբի ու չես վաճառի: Էլի ռեկլամ հայտնվեց: Առաջ ընդհանրապես չկար: Հենց էդ առաջ էլ ուզում էիր, որ մարդկանց համար լավ լինի, որպեսզի աշխատանք լինի ու էլի նման բաներ: Իսկ հիմա ուզում ես, որ տուն լինի, մեքենա, փող: Ճամփորդություններ էլ: Առաջ մտածում էի` ուսապարկով կպտտվեմ աշխարհում, կապրեմ վրանի տակ: Իսկ հիմա հոթելներում են մնում, Մալդիվներ, ծով: Էս մեկը երևի հարյուր անգամ ծովում եղել է: Իսկ ես միայն մի անգամ ձմռանը, Ռիգայում:
ՕՔՍԱՆԱ — Անցած անգամ էլ երկար չէր սկսվում: Միայն թե չմնամ… Ասում են, եթե աբորտ անես, հետո էլ երեխա չես ունենա: Իսկ նա չի ամուսնանա, եթե անգամ մնամ: Հինգերորդ դասարանում, գրականության դասին: Երկրորդ հարկում, տասնչորսերորդ կաբինետում: Զգացի, ինչ-որ կպչուն բան է ոտքերիս: Ու տեսա, որ ոտքերս արնոտ են, շորս ու աթոռն էլ է արնոտ: Ուսուցչուհին տարավ զուգարան, միջադիր տվեց ու տուն ուղարկեց: Իսկ դասարանում չծաղրեցին, կարծես վախեցան, և՛ տղաները, և՛ աղջիկները, որովհետև ոչ մեկի հետ դեռ չէր եղել, ես առաջինն էի: Ոչ ոք չհասկացավ, թե դա ինչ է:
ԱՆԴՐԵՅ — Իջանք մեքենայից, ու նա շարունակեց ճանփան: Էդպես էլ ուրիշ ոչինչ չասաց, անգամ հրաժեշտ չտվեց: Մեքենան շարժվում էր կամաց, ասես սողում էր:
ՕՔՍԱՆԱ — Ոչինչ չպատմեց իր բիզնեսմենի կյանքից, երևի թե իրեն անհետաքրքիր էր մեզ պես քնձռոտների հետ խոսելը: Էնպես ամաչեցի տեսքիս համար: Ասես աղբանոցից էինք դուրս ելել:
ԱՆԴՐԵՅ — Մեզ մոտ էնպիսի գեղեցկություն է, ոնց որ բացիկի վրա` գետը, կամուրջը, ձախից` անտառը, աջից` սարը, վրան` եկեղեցին, որտեղ նախկինում տեխնիկում էր: Իսկ հիմի նորից եկեղեցի է: Էն կողմում խանութն է, հետո` ակումբը: Մի անգամ ակումբում նույնիսկ «Ստալկերը» համերգ տվեց, Անդրեյ Դերժավինը:
ՕՔՍԱՆԱ — Իհարկե, գյուղը վերջն էր… միայն ակումբի շենքն էր նորմալ, սյուներով, իսկ խանութների փոխարեն վագոններ էին:
ԱՆԴՐԵՅ — Հետո ոստիկանատունը ցույց տվեցի` հինը` փայտե շենք, ու նորը` աղյուսից: Փայտե շենքը մեր գյուղի առաջին շինությունն է, որ կառուցվել է 37 թվին, երբ միացրել են գյուղերը: Էդտեղ մի անգամ հարբեցողներ են նստած եղել, գետինը փորել ու փախել են: Իհարկե, միանգամից բռնվել են, էստեղ ո՞ւր կթաքնվես: Մտանք ոստիկանատուն, ճաղապատ պատուհանի ետևում ակնոցավոր, չաղլիկ տղա էր նստած, պարզվեց` Անդրեյի համադասարանցին է: Միանգամից մոռացան «Զապորոժեցի» ծերուկ- ներին ու սկսեցին քննարկել ինչ-որ Սաշկա Տուգարինովի, որը հարբած կախվել էր ցախանոցում:
ՕՔՍԱՆԱ — Տուգարինովը բանակից եկավ ու ամուսնացավ: Ծնողները մի սենյականոց բնակարան գնեցին էն ափին: Մի ամիս ապրեցին, հետո նա հարբած որ գալիս է, կինը կռվում ու ասում է, որ գնում է մոր տուն: Նա էլ գնում է ցախանոց ու կախվում է: Հետո կինը լալիս էր, ասում` լավ է՝ խմեր… բայց դե, էլ ի՞նչ…
ՕՔՍԱՆԱ — Չեմ հասկանում, ինչո՞ւ տրամադրությունը ընկավ: Երևի էդ Տուգարինովը մոտիկ ընկե՞րն էր:
ԱՆԴՐԵՅ — Ախր, մանկապարտեզից իմ թշնամին էր: Էն ժամանակվանից էինք կռվում: Ուժերս հավասար էին: Հետո նա ուժեղացավ ու ծեծում էր ինձ: Մի ժամանակ ոնց որ լավ էինք, մի անգամ նույնիսկ մեր տուն եկավ, ձայներիզ վերցրեց լսելու: Իսկ հետո նորից սկսվեց… Երբ որ դիսկոտեկում կպավ, թե վաղը խմելիք կգնե՞մ: Ես նրան` որտեղի՞ց քեզ համար խմելու բան գտնեմ: Իսկ նա` խմելիք կգնե՞ս: Իսկ ես նորից` որտեղի՞ց քեզ համար խմելու բան գտնեմ: Իսկ նա արդեն զգում է, որ ծիծաղելի է դառնում, բայց` խմելիք կգնե՞ս: Իսկ ես նորից` որտեղի՞ց: Ու էդտեղ նա խփեց: Դեմքիս, երկու անգամ: Ես ընկա: Կեպի ունեի, հորիցս էի վերցրել: Տուգարինովը մոտեցավ, լուռ կանգնեց, ծխեց, հետո ասում է` տուր կեպիդ: Վերցրեց ու գնաց: Չեմ հասկանում, ինչո՞ւ էի նրանից էդքան վախենում: Ախր, միշտ էլ լավ կռվող եմ եղել, անգամ ինձնից երկու, երեք տարով մեծերի հետ եմ կռվել: Էնպես էի կպչում` պոկել չէր լինում: Իսկ Տուգարինովից վախենում էի: Ինչ-որ վախ կաթվածահար էր անում ինձ: Երևի երբ միանգամից ես կռվում, ուժերդ հավաքում ես, իսկ երբ երկար ես վախենում ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից, սկսում ես քեզ ներշնչել ու էլ ոչինչ անել չես կարող: Մի անգամ խանութից դուրս եմ գալիս, դեմս է դուրս գալիս ընկերոջ հետ: Ասում է` բարև, չմո: Ես իրեն` ողջույն: Լակոտ, ատում եմ ինձ, որ էդպես ասացի: Հիմա վերջ, մեռել է, ու էլ չես ասի, որ ինքն է չմոն: Իսկ ես ապրում եմ: Պիտի որ ուրախանամ, բայց ուրախություն չեմ զգում: Ասես ինձնից մի մաս են կտրել:
ՕՔՍԱՆԱ — Ոստիկանությունից երևի տաս կիլոմետր էլ գնացինք սարի կողմը, հետո էլի ճամփով, տների կողքով ու վերջապես տեղ հասանք: Տունը երկու բնակարանից է, բակում ջերմոց կա, մի խոսքով, սովորական գյուղ: Հանկարծ շրջվում է ու ասում` արի մորս ասենք, որ դու իմ հարսնացուն ես:
ՏԱՆԸ
ԱՆԴՐԵՅ — Մայրս Օքսանային որ տեսավ` վախեցավ:
ՄԱՅՐ — Չգիտես ինչու սկզբում մտածեցի, որ նա ոստիկանությունից է ու Դյուշան հանցանք է գործել:
ՕՔՍԱՆԱ — Իսկ նա առաջ է հրում ու ասում է` մամ, ծանոթացիր, Օքսանան է, իմ հարսնացուն:
ԱՆԴՐԵՅ — Հետո մայրս կատաղեց:
ՄԱՅՐ — Բայց նա դեռ շատ ջահել է, նրան չի կարելի ամուսնանալ:
ԱՆԴՐԵՅ — Ի՞նչ եղավ, մամ, տասնվեց տարեկան հո չեմ, ժամանակն է, որ վարժվես:
ՕՔՍԱՆԱ — Տանտիրոջ պես պտտվեց բնակարանում, մտավ ննջարան, հարցրեց` հայրը քնա՞ծ է: Ու կանչեց ինձ, իբր` արի, սենյակը ցույց տամ:
ՄԱՅՐ — Երկա՞ր ես մնալու:
ԱՆԴՐԵՅ — Առավոտ գնալու եմ:
ՄԱՅՐ — Հորդ արթնացնեմ, թող բաղնիքը վառի:
ԱՆԴՐԵՅ — Հպարտությամբ ցույց տվի սենյակս: Տասներկու դարակ գիրք, որի կեսը անձամբ բաճկոնիս տակ դուրս եմ բերել գրադարանից: Կիթառս, ձայներիզներս, «Վոլնա» նվագարկիչը, ու կարևորը` պատուհանից երևացող տեսարանը: Էդպիսի տեսարան ոչ մի փողով չես գնի` լճակ, անտառ, ամպեր:
ՕՔՍԱՆԱ — Խղճուկ սենյակ, կահույքը` երկաթե մահճակալ, բազմոց ու գրադարակներ:
ՄԱՅՐ — Չհասցրի անգամ ոնց որ պետք է` վրան նայեմ: Հետաքըրքիր է, լավ ընտանիքի՞ց է: Հարբեցող չէ՞: Լվալ, եփել գիտե՞: Պետք է ստուգել: Դեռ կտեսնենք, թե ինչ հարսանցու է: Ամեն ինչ շըփ-թըփ… կարծես երեկ էր, որ հատակին սողում էր, իսկ հիմա հարսնացու է բերել:
ԱՆԴՐԵՅ — Հայրս փայտ էր բաղնիք տանում, հետո ծխնելույզից ծուխ բարձրացավ: Ես լռում էի:
ՕՔՍԱՆԱ — Թե քո ինչի՞ն է էս ամենը պետք…
ԱՆԴՐԵՅ — Քեզնից բան չի պա-հանջվում, պարզապես մի երեկո ոնց որ իմ հարսանցուն ես: Ոչ ոք քեզ չի ստիպում ամուսնանալ:
ՕՔՍԱՆԱ — Այ թե քաշվեցի…
ԱՆԴՐԵՅ — Սեկային շնորհակալութ-յուն կհայտնես:
ՕՔՍԱՆԱ — Գնա, ես քու… Հիմա դուրս կգամ էստեղից ու մորդ կասեմ, որ խաբել ես:
ԱՆԴՐԵՅ — Չէ, պետք չէ… էդ դեպքում հաստատ փող չի տա:
ՕՔՍԱՆԱ — Ի՞նչ խոսես սրա հետ, խփնված է:
ԱՆԴՐԵՅ — Մայրս էնպես զգույշ է դուռը թակում, որ պարզ զգացվում է` առաջին անգամ է էդպես թակում: Գնա, ասում է, հորդ օգնիր: Օգնելու ի՞նչ կա: Դե լավ, գնացի:
ՕՔՍԱՆԱ — Ըհը, սկեսուրս եկավ ծանոթանալու: Նստեց դիմացս: Գեր, ներկած մազերի տակից սպիտակներն են երևում: Վրայից ծխախոտի հոտը…
ՄԱՅՐ — Նստել, նայում եմ` ոչ միս կա, ոչ ոսկոր: Հետաքրքիր է, ո՞նց է ծննդաբերելու: Նստեցի վառարանի մոտ, ծխեցի: Ինքն էլ նստեց, մեկ էլ տեսնեմ` սիգարետի տուփն է հանում: Կանաչ գույնի, մենթոլ: Առը քեզ հա…
ԱՆԴՐԵՅ — Բաղնիք մտա, հայրս նստել, կրակին է նայում: Դե, ասում եմ, գործերը ո՞նց են:
ՕՔՍԱՆԱ — Սկեսրոջս հետ նստել ենք վառարանի մոտ, ծխում ենք: Ու ես նրան դուր չեմ գալիս:
ՄԱՅՐ — Որտեղի՞ց ես:
ՕՔՍԱՆԱ — Ռամենսկոյից:
ՄԱՅՐ — Էդ որտե՞ղ է:
ՕՔՍԱՆԱ — Վաշկինսկի շրջանում:
ՄԱՅՐ — Ծնողներդ ո՞վ են:
ՕՔՍԱՆԱ — Մայրս փոստատար է: Հայրս մեռել է:
ՄԱՅՐ — Դյուշայի հե՞տ ես սովորում:
ՕՔՍԱՆԱ — Բնա-աշխում:
ՄԱՅՐ — Էդ ի՞նչ է որ…
ՕՔՍԱՆԱ — Բնագիտական-աշխարհագրական:
ՄԱՅՐ — Էքսպեդիցիա ես գնալո՞ւ:
ՕՔՍԱՆԱ — Դժվար: Պիտի պատմեմ, թե ոնց են ուրիշները գնում: Սենկևիչի պես:
ՄԱՅՐ — Էդ ուրիշ: Որտե՞ղ ես Դյու-շայի հետ ծանոթացել:
ՕՔՍԱՆԱ — Հանրակացարանում:
ՄԱՅՐ — Որ ամուսնանաք, ընտա-նեկան սենյակ կտա՞ն:
ՕՔՍԱՆԱ — Ըհը, կտան: Էն էլ ոնց կտան: Ընտանեկանը փայտե բարաք է գետի ափին: Էն էլ սենյակի համար մարդիկ երկու տարի են սպասում: Կամ էլ պարետին կաշառք են տալիս:
ՄԱՅՐ — Ոնց որ ոչինչ, թեև ծխում է: Հղիանա` կթարկի: Ես էլ եմ թարկել:
ՕՔՍԱՆԱ — Մեզ փող է պետք:
ՄԱՅՐ — Էդ ինչի՞ համար:
ՕՔՍԱՆԱ — Պարետին կաշառք տալու համար: Տասներկու հազար:
ՄԱՅՐ — Ինչի՞ էդքան շատ:
ՕՔՍԱՆԱ — Պարետը ժլատ է:
ՄԱՅՐ — Էդքան չունեմ: Ես խանութ ունեմ, փողերս ապրանքի մեջ է: Երկու հազար կտամ, մնացածը ինքներդ վաստակեք:
ՕՔՍԱՆԱ — Նորմալ կնիկ է, գործնական: Ոչ թե էդ Դյուշան… Ափսոս, որ փող չի տա, տղայի հույսը դա էր:
ՄԱՅՐ — Կարկանդակ եփեմ: Սիրո՞ւմ ես:
ՕՔՍԱՆԱ — Մորու մուրաբայով:
ՄԱՅՐ — Մուրաբա չկա: Ձկան լցոնով կլինի:
ԲԱՂՆԻՔՈՒՄ
ԱՆԴՐԵՅ — Ինչո՞ւ էսպես լուռ է: Նստել եմ հաշտում, մեջքս հենած դռանը: Մեջքս տաք է, իսկ հաշտում ցուրտ է: Սկսեցի մրսել: Դիմացի նստարանին սրբիչներ են` իմն ու նրանը: Հաշտի պատերին մեծ ճեղքեր են, որպեսզի ձմռանը դուրս գաս հովանալու, որպեսզի ջերմությունը ոնց որ փողոցում լինի: Հիմա ձմեռ չէ, ինչո՞ւ էսպես ցուրտ է: Որովհետև հիմա պիտի ներսում լինեի, իսկ ես էստեղ եմ: Օրգանիզմս շոգին է վարժվել ու սովորական ջերմությունը շատ ցո՞ւրտ է թվում: Ի՞նչ է անում ներսում: Ինչի՞ էսպես լուռ է: Հեյ, քնե՞լ ես էդտեղ, ինչ է:
ՕՔՍԱՆԱ — Ի՞նչ ես ասում:
ԱՆԴՐԵՅ — Չքնես հանկարծ, կսառչես:
ՕՔՍԱՆԱ — Ավելի լավ է ներս գաս ու լողացնես, փեսացու:
ԱՆԴՐԵՅ — Լո՞ւրջ ես ասում:
ՕՔՍԱՆԱ — Ներս արի:
ԱՆԴՐԵՅ — Տեղիցս թռա, կիսավար-տիքս հանեցի: Հետո նորից հագա: Իսկ նա մե՞րկ է, թե՞ չէ: Բացում եմ դուռը, նայում եմ` մերկ է: Պառկել է թարեքին, բերանքսի- վայր:
ՕՔՍԱՆԱ — Ներս արի, ի՞նչ ես կանգնել, ասես խորթ լինես:
ԱՆԴՐԵՅ — Ներս մտա, աշխատում եմ նրան չնայել: Իսկ նա պառկած է, էն տեսակ… գեղեցիկ: Մեջը բարակ, տուտուզը կլոր, ոտքերը… այ թե ասել եմ…
ՕՔՍԱՆԱ — Նայեցի` խեղճը նույնիսկ տեղում ճոճվեց: Ինչ է, կյանքումդ մերկ աղջիկ չե՞ս տեսել: Վերցրու ավելն ու գործի անցիր: Վերցրեց ավելը, խոթեց եռման ջրով թասի մեջ:
ԱՆԴՐԵՅ — Պետք է, որ տերևները փափկեն: Ինչի՞ գլխարկ չես դրել:
ՕՔՍԱՆԱ — Ի՞նչ գլխարկ:
ԱՆԴՐԵՅ — Բաղնիքում գլուխդ պիտի պաշտպանես, թե չէ կվառվես:
ՕՔՍԱՆԱ — Ինչ-որ սպորտային, փոփոլիկով գլխարկներ է վերցնում ու մեկը իմ գլխին քաշում, մյուսը` իրեն: Մեր տանը երբեք գլխարկ չի եղել, առանց դրանց ենք շոգեհարվել:
ԱՆԴՐԵՅ — Հանկարծ պատկերացրի նրան այդ գլխարկով ու դահուկներով… ու մերկ:
ՕՔՍԱՆԱ — Հետո վերցրեց շերեփն ու շոգին ավելացրեց: Շատ շոգեց:
ԱՆԴՐԵՅ — Սկզբում ավելով շփել, քրտնեցնել, հետո ավելով մաքրել քրտինքը: Ու դրանից հետո կարելի է շրմփացնել:
ՕՔՍԱՆԱ — Էյ, զգույշ:
ԱՆԴՐԵՅ — Համբերիր, էծ, թե չէ մայրիկ կդառնաս:
ՕՔՍԱՆԱ — Զգո՛ւյշ, քեզ ասի:
ԱՆԴՐԵՅ — Ավելի հարվածներից նրա թաց մաշկի վրա մնում էին կարմիր զոլեր:
ՕՔՍԱՆԱ — Տես, է՛, քոնը կանգնեց…
ԱՆԴՐԵՅ — Ի՞նչ առաջարկություն կա:
ՕՔՍԱՆԱ — Վրադ պաղ ջուր լցրու:
ԸՆԹՐԻՔ:
ՄԱՅՐ — Տասնչորս տարեկանում տնից փախա: Ինձ էլ էն ժամանակ թվում էր, թե մայրս չի հասկանում ու ուզում է գլուխն ազատել ինձնից: Գնացի Ժիխովո ու աշխատանքի անցա ակումբում: Եվ ֆիլմ էի ցուցադրում, և համերգներ էի կազմակերպում ու ագիտբրիգադի հետ մեկնում գյուղերը: Մի անգամ շրջանային թերթից սիրունիկ տղա եկավ ինձնից հարցազրույց վերցելու: Նրան ամեն ինչ պատմեցի. և մեր գյուղի հաջողությունների, և կաթնատվության մասին: Հետո, հանգստյան օրերին, տուն գնացի, երեկոյան դուրս եկա զբոսնելու ու տեսնեմ` իմ ջահելն է գալիս: Պարզվում է՝ հարևան փողոցում էր ապրում, իսկ ես նրան չէի հանդիպել, որովհետև Պիտերում, ինստիտուտում էր սովորում: Իսկ դրանից առաջ սուվորովյան ուսումնարանում, հազվադեպ էր գյուղ գալիս: Սկսեցինք հանդիպել: Մեկ նա է ինձ մոտ գալիս, մեկ` ես եմ իրեն այցելում: Համբուրվեցինք հարսանիքի նախօրեին, հին ճաշարանի դռան մոտ:
ՕՔՍԱՆԱ — Գուցե իսկապե՞ս ամուս-նանամ նրա հետ: Մենք էլ համբուրվենք ճաշարանի դռան մոտ, հարսանիք անենք: Հարսանիքին անպայման կռիվ կլինի ամանեղեն ջարդելով: Խոզ կպահենք: Նա կսկսի աշխատել ինչ-որ գյուղտեխնիկայում, ես` գյուղքիմիայում: Յա՛խք, սիրտս խառնեց: Հետո կմեռնենք: Չէ, ավելի լավ է միանգամից ցախանոց ու` կախվել:
ԱՆԴՐԵՅ — Օքսանան շրջվեց ու ասաց` գնանք ծխենք: Տնից դուրս եկանք, նստեցինք պատշգամբում, նա տուփը հանեց: Խնդրեցի մի քիչ ցածր նստել, որ փողոցից չերևա, էստեղ ընդունված չէ, որ աղջիկները ծխեն: Եթե աղջիկը ծխեց, ուրեմն` բոզ է:
ՕՔՍԱՆԱ — Համենայնդեպս, դու հարսնացուս ես, ասում է: Ապուշ:
ԱՆԴՐԵՅ — Ինչ-որ բանից ջղայնացավ:
ՕՔՍԱՆԱ — Խոսեցի մորդ հետ: Նա փող չի տա:
ԱՆԴՐԵՅ — Ո՞նց թե` չի տա:
ՕՔՍԱՆԱ — Ասաց` երկուս կտամ, մնացածը ինքներդ վաստակեք:
ԱՆԴՐԵՅ — Ի՞նչ ես արել, հիմարի մեկը: Ես պիտի խոսեի նրա հետ:
ՕՔՍԱՆԱ — Է, խոսիր: Օգո՞ւտն ինչ…
ԱՆԴՐԵՅ — Նա ամեն ինչ փչացրեց: Մորս դուրը չեկավ: Ու նա արդեն տրամադրվել է, որ փող չունի ու մեզ ոչինչ չի տա: Հակառակը համոզել չի լինի: Ներս գնացինք, մորս խնդրեցի ինձ հետ դուրս գալ պատշգամբ խոսելու: Երկու ժամ համոզեցի, ոնց ասես չխնդրեցի: Փող չկա, ու վերջ: Բնականաբար:
ՄԱՅՐ — Փող չկա, ու վերջ: Տասնչորս տարեկանից ծնողներիցս փող չեմ խնդրել: Ու սրանք էլ թող իմանան, թե չէ հա՛ կքաշեն: Եվ, ընդհանրապես, դեռ ջահել է ամուսնանալու համար: Ման եկեք, ապրեք, հիմի դրան թարս չեն նայում: Թե չէ ամուսնանալն ու բաժանվելը մեկ է լինում: Կամ ավելի վատ` չեն բաժանվի ու ամբողջ կյանքում կտանջվեն: Փող չկա, և վերջ:
ԳԻՇԵՐ
ՕՔՍԱՆԱ — Մտածում էի Սեկայի մասին: Ընդհանրապես նա հանգիստ բնավորություն ունի: Խաղալու ժամանակ էլ… Երբ խաղում է, հավեսդ գալիս է` քաղաքավարի է, ժպտում է: Ի դեպ, խաղն էլ նույն անունն ունի` սեկա: Բայց նրան խաղի պատվին չեն Սեկա անվանել, այլ որ ազգանունը Սեկուշին է: Բոլորը երկուական կարտ են վերցնում, հետո նայում ու էլի են վերցնում, կամ չեն վերցնում: Հետո սկսվում է` ես էլի տասն եմ դնում, ես փակում եմ ու հետո` տասը: Գինն են բարձրացնում: Հետո նայում են կարտերին, ում մոտ որ 21 է, նա էլ կրում է: 21-ը օչկո է կամ սեկա: Եթե դրանից ավելի է` կրվեցիր: Քիչ է` էլի կրվեցիր: Եթե ամեն մեկի մոտ էլ 21 է, նորից են բաժանում կարտերը: Էդպես օրերով կարող են խաղալ: Սեկան ինձ ասաց, թե ինչու է միշտ կրում: Ամեն անգամ, կրելուց առաջ, նա երաժշտություն է լսում: Ու եթե կա էդ երաժշտությունը` գինը բարձրացնում է: Չէ` կարտերը նետում է: Դրա համար էլ միշտ կրում է: Ժուլիկ չէ, պարզապես երաժըշտություն է լսում: Ինչ լավ կլիներ, եթե սրա փոխարեն նա լիներ կողքիս…
ԱՆԴՐԵՅ — Պառկած է իմ անկող-նում, իմ սպիտակ ֆուտբոլկան հագին ու նայում է ինձ: Հետո ձգվեց ու ասաց` էստեղ արի:
ՕՔՍԱՆԱ — Շատ իզուր: Համբուրվել չգիտե, կուրծք շոյել չի կարող: Քսմսվում է կույրի պես, մամայի պտուկն է փնտրում:
ԱՆԴՐԵՅ — Ինչ կրքոտն էր: Ես նրան շոյում եմ, համբուրում եմ, համբուրում եմ… բայց ոչինչ չստացվեց: Ամենավճռական պահին չկարողացա: Ինքս էլ չհասկացա՝ ոնց էդպես ստացվեց: Երևի հուզմունքից էր… հարբած էլ չէի, արդարանալու տեղ էլ չկա: Մեղավորը ես եմ:
ՕՔՍԱՆԱ — Շատ էլ ուշքս չէր գնում…
ԱՆԴՐԵՅ — Շրջվեց դեպի պատն ու լռեց, իսկ ես նստեցի բազկաթոռին ու երկար նստեցի` նայելով պատուհանին: Էսօր իմ կյանքի ամենադժբախտ օրն է: Հանդիպեցի աղջկա ու սիրեցի, նա կարող էր իմը լինել, իսկ ես ինքս նրան կորցրի: Բայց երևի դեռ կարելի է ամեն ինչ ուղղել: Եթե հիմա կարողանայի պառկել կողքին, գրկել ու համբուրել Դոն Ժուա­նի կամ Կազանովայի պես ու խռպոտ ձայնով ասել. «Պստիկս, արի մեկ էլ փորձենք»: Ու հետո էնպիսի սեքս ցույց տայի, որի նմանը երբեք չէր տեսել: Բայց ես չեմ կարող: Չեմ համարձակվի: Նա կարող է ինձ քշել, ասել` գնա էստեղից, իմպոտենտ:
ՕՔՍԱՆԱ — Ի՞նչ է անում էդտեղ իմպոտենտը: Էսօր քնելու միտք ունի՞, թե՞ չէ: Ախր, մրսում եմ:
ԱՆԴՐԵՅ — Գրողը տանի, ախր, սա կարող էր ֆանտաստիկ վերջին գիշեր լինել: Ոնց որ Կլեոպատրայի հետ: Իսկ վաղը` ինչ լինելու է, թող լինի: Այ, էդ ժամանակ նա կիմանա, կզղջա, որ ափսոսաց տասներկու հազարը: Ախր, խանութում ամեն օր է էդքան վաստակում: Զոհեց որդուն օրվա եկամուտը տնտեսելու համար: Բոլոր թերթերում սրանց նման վերնագրեր կլինեն: Հետմահու կփառաբանվեմ: Իմ մասին ֆիլմ կնկարեն` ի՜նչ տղա էր… Կամ, ընդհակառակը, երեխեքին կվախեցնեն: Չքնես` կգա չար Դյուշան ու կմորթի քեզ: Հետաքրքիր է, ի՞նչ է հիմա մտածում Մարոնովը: Երևի հանգիստ քնած է ու չգիտե, որ վաղը իրեն կսպանեն: Որտե՞ղ պիտի խփես, որ մեկ հարվածով սպանես: Սրտին չես հասնի, էնտեղ կողերն են: Ուրեմն` փորին: Ասում են` ցավոտ է: Ես չեմ ուզում, որ ցավ զգա: Ես պարզապես չեմ ուզում նրան սպանել: Չէ, չեմ ուզում, ես պետք է նրան սպանեմ: Իսկ եթե ընդհանրապես չգնա՞մ: Թաքնվե՞մ: Բայց Սեկան մեկ ուրիշին կուղարկի ինձ սպանելու: Իսկ եթե ոստիկանություն գնա՞մ: Հա, տեսանք էդ ոստիկանությունը, էնտեղ նստած Կոլկա Կուստովը թքած ունի ամեն ինչի վրա: Ինչ է, հսկողությո՞ւն պիտի սահմանի մեր տան վրա, թե՞ կգնա ու կձերբակալի Սեկային: Իմ ճերմակ ֆուտբոլկան ընկած էր հատակին: Կամաց մոտեցա մահճակալին ու պառկեցի նրա կողքին: Օքսանան արդեն քնել էր: Մերկ: Գեղեցիկ: Նայում էի Օքսանայի ծոծրակին, վզին ու ուսերին: Ուզեցի ոռնալ, որ նա էսքան մոտիկ է ինձ ու էսքան հեռու: Ես ուզում էի մեռնել նրա համար: Կամ սպանել:
ԱՌԱՎՈՏ
ՕՔՍԱՆԱ — Առավոտյան իրար հետ չէինք խոսում: Մաման մեզ նախաճաշ տվեց` հնդկաձավարի շիլա ու կոֆե, ավելի ճիշտ, իր ասածով` կոֆէ: Հետո ինձ կանչեց պատշգամբ ու տվեց տասներկու հազարը: Ասաց` ոչ մի դեպքում Դյուշային չտամ, ինքս հանձնեմ պարետին: Ու որ արևկող սենյակ ընտրեմ:
ԱՆԴՐԵՅ — Նախաճաշից հետո մայրս Օքսանային տարավ պատշգամբ ու ինչ-ու բան սկսկեց քչփչալ: Ամենաշատը վախենում էի, որ Օքսանան բերանբացություն կանի: Երեկվանից հետո ձևացնելու ի՞նչ պատճառ ուներ: Բայց ոնց որ ոչինչ չասաց, որովհետև երկուսն էլ շատ գոհ դեմքով ներս եկան:
ՄԱՅՐ — Դե, աղավնյակներս, երկար հրաժեշտից օգուտ չկա: Մարշ ավտոկայան:
ԱՆԴՐԵՅ — Ու մայրս սրբեց արցունքը: Հետո` էլի մեկը: Գրկեց Օքսանային, իսկ ինձ բռունցք ցույց տվեց: Բարի մայրիկս: Դե, մնաս բարով, ներիր, եթե մի բան էն չէր: Սպասիր նորությունների ու ուշագնաց չլինես:
ՕՔՍԱՆԱ — Ուզում էի միանգամից ասել փողի մասին, իսկ նա առաջ ընկավ, ոնց որ ինձ հետ չլիներ: Էդպես էլ ամբողջ ճամփան գնացինք. ինքն` իր համար, ես` ինձ:
ԱՆԴՐԵՅ — Վախենում էի նրան նայել, վախենում էի ինչ-որ բան ասել: Ինձ թվում էր` նույն պահին ձեռ կառնի կամ վիրավորական մի բան կասի: Առաջ էի ընկել, որ հայացքս վրան չընկներ, համ էլ ճամփան էի ցույց տալիս:
ՕՔՍԱՆԱ — Էդպես էլ հասանք ավտոկայան: Լավ, թող մի քիչ տանջվի, հետո կասեմ, քաղաք հասնելուց հետո: Ու փողն էլ կտամ: Կարո՞ղ է, ինչի՞ս պետք է… Նա խնդրեց սպասել ավտոկայանում, իսկ ինքը մտավ վագոն, ինչ-որ բան պիտի գներ:
ԱՆԴՐԵՅ — Լավ է, որ հիշեցի, ախր, դանակս մոռացել էի ճամփեզրին, երբ Օքսանան մեքենան կանգնեցրեց: Մտա վագոն ու ծալովի դանակ գնեցի մետաղե բռնակով: Հետո գնացի ավտոկայան: Օքսանան պառկել էր պատուհանի մոտի նստարանին ու բոլոր պառավները նրան էին նայում: Իսկ նա նայում էի բիձուկին, որը փորձում էր զանգել ավտոմատ հեռախոսից:
ՕՔՍԱՆԱ — Ոնց որ կրկես լինի` պատից կախված է ավտոմատ հեռախոսն առանց լսափողի: Մոտենում է էդ բիձուկը, կոպեկը խցկում ներս ու փորձում է համարը հավաքել: Հասկանում է, որ ինչ-որ բան էն չէ: Ոնց որ թե ձայն պիտի լսի, կամ էլ դրա նման պես մի բան… Իսկ լսափողը չկա: Հինգ րոպե ցցվել էր էդ հեռախոսի դիմաց: Հետո գնաց, նստեց իր պառավի կողքը:
ԱՆԴՐԵՅ — Գնացի ու դրամարկղից երկու տոմս գնեցի մինչև Օսկոլ:
ԱՎՏՈԲՈՒՍ
ԱՆԴՐԵՅ — Ինչքա՞ն են տալիս սպանության համար: Մի ութ տարի: Ամենաքիչը: Էդ ժամանակ կլինեմ քսանյոթ տարեկան: Ջահել տարիներս… Դրանից հետո մի տեղ հանգիստ կապրես, մեղքդ կքավես: Տեր Աստված, ներիր մեղավորիս: Չէ, էսպես չի կարելի: Եթե հիմա արդեն զղջում եմ, բայց, միևնույն է, գնում եմ մեղք գործելու, ուրեմն ասածս հաշիվ չէ: Եթե իսկապես եմ զղջում, չպիտի սպանեմ: Պետք է գնամ ու ասեմ Սեկային` գնա, քու… Ու թող ինձ սպանեն: Բայց գոնե հաստատ դրախտ կընկնեմ: Իսկ եթե դրախտ չկա՞: Ընդհանրապես ոչինչ չկա: Չի կարող պատահել, որ էդպիսի գիտություն ունենանք ու մինչև հիմա պարզ չլինի` կա՞ դրախտ, թե՞ չկա: Աստված է՞լ կա, թե՞ չկա: Դե, գոնե քվանտային մակարդակում: Իսկ գուցե հեչ էլ մի լավ գիտություն չունենք, եղածն էլ աչքակապություն է: Հիմա որ կարդում ես միջնադարյան մի բան` էխ, դուք, խավարամիտներ, մի՞թե պարզ չէ, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը: Տարրական բան է, արեգակնային համակարգ… Իսկ նրանք բոլորին այրեցին խարույկների վրա: Հետաքրքիր է, Ջորդանո Բրունոն հիմա դրախտո՞ւմ է, թե՞ դժոխքում: Իսկ եթե մեռնելուց հետո ընկնում ես էնտեղ, որտեղ էիր կյանքիդ վերջին ակնթարթի՞ն: Այսինքն` կրակի մեջ: Պատմում էին, ոնց է մի մորքուր Շիչենգից ինքն իրեն վառել: Սովորական մորքուր, տղայի հետ հանգիստ ապրում էր, տղան դպրոցն ավարտեց, գնաց տեխնիկում: Մենակ էր ապրում ու մանրից գժվեց: Գիշերը վերցրել է բենզինի կանիստրը, գնացել է դաշտ, բենզինը լցրել վրան ու… Երևի սարսափելի է` վառվում ես, շուրջդ կրակ է, ցավ, ու ոչ մի կերպ չես մեռնում, ուզում ես մեռնել, որպեսզի ամեն ինչ վերջանա, բայց վառվում ես ու վառվում: Իսկ հետո մեռնում ես, ու դրանից հետո նորից կրակ, միայն թե դա արդեն հավերժ է ու էլ ոչ մի բանի հույս չկա: Ուրիշ բան է` դանակը փորը… թեև էդպես էլ ցավոտ է, աղիքներ են, կարող է երկար մեռնես: Ավելի լավ է` սիրտը, բայց կարող ես կողին կպնել, վարժվածություն է պետք: Մի՞թե իսկապես սպանելու եմ նրան:
ՕՔՍԱՆԱ — Ավտոբուսից սոխի հոտ էր գալիս: Ձախից մի տղամարդ էր նստած` պիջակով, սպիտակ պուտավոր վերնաշապիկով, սպորտային անդրավարտիքով ու երկարաճիտք կոշիկներով` վերջն էր: Բա սանրվածքը` առջևում կարճ, ետևում մազերը մինչև ուսերը: Ու բեղերը: Նստել է ու ինքն էլ է հասկանում, որ սիրուն է ու ավտոբուսի բոլոր կնիկներն ուզում են իրեն: Այ, էդպես մեկի հետ ամուսնանաս: Հանգստյան օրերին երևի անտառ է գնում: Տուն է գալիս, սեղանին է շրմփացնում նապաստակը, իսկ ես ջուր եմ տաքացնում ոտքերը լվանալու համար:
ԱՆԴՐԵՅ — Թաքնվելն անօգուտ է: Բոլորը գիտեն, որ Մարոնովը պարտք է Սեկային, ու ես էլ պարտք եմ Սեկային: Օքսանան էլ տեղնուտեղը ամեն ինչ կպատմի, հենց որ մենթերը հայտնվեն: Էստեղ հարցաքննում են շատ մանրամասն, նրան կստիպեն, որ ամեն ինչ պատմի, նաև էն մասին, որ փորձեցինք սեքս անել ու իմը չկանգնեց… Քննիչը կծիծաղի, երևի ջահել մեկը կլինի, ինձնից մի չորս տարի մեծ: Հասարակ գործ է, ինչո՞ւ փորձառու աշխատակիցներին հանձնարարեն, թող ջահելությունը վարժվի փիսիկների վրա:
ՕՔՍԱՆԱ — Պատուհանից երևում էին ծառերը: Ճանապարհին մոտ թփերն են, հետո` սոճիներ: Ես բոլոր ծառերը գիտեմ, դպրոցից, բնագիտությունից: Բայց անտառից վախենում եմ: Երբ հայրս մեզ լքեց, ես մտածում էի, որ նա ինձ անտառ է տարել ու թողել: Իսկ երբ նա մեռավ, ամառ էր ու մորս հետ որոշեցինք յոգայով զբաղվել նիհարելու համար: Հետո գիշերը նստած արևածաղիկ ենք չռթում հեռուստացույցի առաջ ու մայրս հանկարծ ասում է` ինչ լավ ենք զբաղվում յոգայով: Ու հո չե՜նք ծիծաղում…
ԱՆԴՐԵՅ — Նա ինձ ընդհանրապես չի խղճում: Եթե կատու ունենար ու եթե ընտրեր` ինձ սպանեին, թե կատվին, իհարկե, նա կընտրեր, որ ինձ սպանեին: Էնպես նայեցի իրեն, որ չնկատի: Պառկել էր աչքերը փակ ու ժպտում էր: Տեսնենք, ոնց կժպտա, երբ աչքերի առաջ կսպանեմ Մարոնովին: Մի հարվածով: Առ քեզ, կողիդ տակ, ստացիր… Մարոնովը նայում է, բայց արդեն վե՛րջ, կյանքը գնում է: Հա, ուզում եմ, ապրել: Կապրեմ: Բանտում էլ են ապրում, կվարժվեմ: Կսպանեմ: Կդառնամ մարդասպան: Ես արդեն սպանել եմ նրան: Ես մարդասպան եմ:
ՕՔՍԱՆԱ — Արթնացա, երբ ավ-տոբուսը կանգնեց:
ԱՆԴՐԵՅ — Հասանք:
ՕՔՍԱՆԱ — Հենց որ ավտոբուսից դուրս եկանք, տեսա ոչ թե քաղաքային ավտոկայանը, այլ ծռմռված վահանակ, վրան գրված՝ Օսկոլ…
ԱՆԴՐԵՅ — Ձենը գլուխը գցեց` ինձ ո՞ւր ես բերել, ապուշ:
ՕՔՍԱՆԱ — Ասաց, որ եթե ուզում եմ, կարող եմ սպասել էստեղ: Ու գնաց դեպի ավտոմատ հեռախոսը: Էս մեկը լսափող ուներ: Գնացի նրա ետևից, բայց ոչինչ չեմ հասկանում:
ԱՆԴՐԵՅ — Զանգեցի Միշկա Կոպ-ցովին ու հարցրի, թե որտեղ է ապրում Մարոնովը: Հասցեն տվեց:
ՕՔՍԱՆԱ — Ոչ մեկին էլ պետք չէ սպանել:
ԱՆԴՐԵՅ — Էդ ինչի՞:
ՕՔՍԱՆԱ — Ասացի` պետք չէ: Մայրդ ինձ փողը տվել է: Ուզում էի միանգամից քեզ տալ, բայց դու ձևեր թափեցիր ապուշի նման:
ԱՆԴՐԵՅ — Գրպանից հանեց թղթադրամները:
ՕՔՍԱՆԱ — Տասներկու հազար: Կտաս Սեկային, ու վերջ:
ԱՆԴՐԵՅ — Կատաղեցի: Ո՞նց էս հիմարը չի հասկանում, որ փողն արդեն ոչինչ չի նշանակում, քանի որ ես ապրելու եմ, իսկ Մարոնովը հիմա կմեռնի: Իսկ ես կապրեմ:
ՕՔՍԱՆԱ — Ու գնաց փողոցով:
ԱՆԴՐԵՅ — Մտածում էի` կմնա ավտոկայանում, տոմս կգնի ու կմեկնի, բայց նա հետևեց ինձ: Սկզբում ինձ համար կարևոր էր, որպեսզի տեսներ, իսկ հիմա` թքած: Հիմա ինքն էլ ոչինչ չի նշանակում:
ՕՔՍԱՆԱ — Արևը վառում է ծոծրակս, շուտով գլխումս ծակ կբացի ու միջից թիթեռ դուրս կթռչի, ու ես կմեռնեմ: Ու ամբողջ կյանքս նրա ետևից գնալու կարիք չի լինի:
ԲԱԿՈՒՄ
ԱՆԴՐԵՅ — Բակ մտանք, ու միան-գամից տեսա Մարոնովին: Նստել էր մանկական կարուսելին, կողքին իրենից մեծ երկուս, ջահել` ամեն մեկը քսանհինգ տարեկան: Նրա ետևում, երկրորդ հարկի պատշգամբում, մի տղամարդ կանգնած ծխում էր: Լավ պատրաստվել էին: Կարո՞ղ է, Միշկան էր մատնել: Ոչինչ, կհասցնեմ նրան խփել, գուցե մեկին էլ հետը:
ՕՔՍԱՆԱ — Անդրեյն ասաց, որ մոտիկ չգնամ: Ու չփախչեմ, երբ ինքն ընկնի ու դրանք սկսեն իրեն ծեծել, որպեսզի որսորդի բնազդը դրանց մոտ չարթնանա:
ԱՆԴՐԵՅ — Ձեռքս մտցրի գրպանս ու շոշափեցի դանակի կոթը: Ես պիտի դուրս հանեմ, հետո ձախ ձեռքով բռնեմ ու բացեմ շեղբը: Երկար կտևի, շատ երկար… Եթե բոլորը միանգամից վրա տան… պետք է ուշադրությունները շեղել, ինչ-որ բանի մասին խոսել: Ո՞վ է սրանց զգուշացրել: Ուրիշ տարբերակ չկա, Միշկա Կոպցովն է:
ՕՔՍԱՆԱ — Նա մոտեցավ ու բարևեց դրանց:
ԱՆԴՐԵՅ — Ասի, որ Սեկայի կողմից եմ եկել, Մարոնովը նյարդայնացած ցնցեց ոտքը: Էն երկուսը իրենց հանգիստ պահեցին:
ՕՔՍԱՆԱ — Մարոնովը ցածրահա-սակ տղա է երկար շագանակագույն մազերով: Մի անգամ ինստիտուտում եմ տեսել, զիլ վերնաշապիկ էր հագել, վրան` կոմիքս առնանդամի արկածների մասին:
ԱՆԴՐԵՅ — Մարոնովը գրպանից ցելոֆանե փաթեթ հանեց ու պարզեց ինձ:
ՕՔՍԱՆԱ — Անդրեյը ընկրկեց, իսկ էն երկուսից մեկը ծիծաղեց ու ասաց` տակդ չշռես, ատրճանակ չէ:
ԱՆԴՐԵՅ — Մարոնովն ասաց` էստեղ հիսուն հազար է: Ինքը հատուկ վկաներ է կանչել, որ բոլորը տեսնեն` ինքը փողը տվել է:
ՕՔՍԱՆԱ — Անդրեյը շարունակում էր աջ ձեռքը պահել գրպանում, ձախով վերցրեց փողն ու երկար ժամանակ չէր կարողանում գրպանը խոթել, հա՛ ձեռքը փուստ էր գնում:
ԱՆԴՐԵՅ — Մարոնովն ասաց` տես, չկորցնես, հերս ստիպված մոտոցիկլը ծախեց:
ՕՔՍԱՆԱ — Անդրեյն ասաց` չեմ կորցնի:
ԱՆԴՐԵՅ — Լարումն անցավ: Էն երկուսը ոնց որ թե ուզում էին էլի զրուցել, ծխել կամ գուցե խմել: Բայց ես ասի` վերջ, տղերք, հաճելի էր ձեզ հետ գործ ունենալը, ցտեսություն:
ՕՔՍԱՆԱ — Մենք վերադարձանք: Ու ես լսեցի, թե էդ երկուսից մեկն ասաց մյուսին` արի գնանք ու ավտոկայանի մոտ փողերը խլենք:
ԱՎՏՈԿԱՅԱՆՈՒՄ
ԱՆԴՐԵՅ — Ավտոկայանում վիճե-ցինք: Նա ասաց, որ զզվում է ինձնից ու չի ուզում ինձ հետ ավտոբուս նստել:
ՕՔՍԱՆԱ — Էշություն էր դուրս տալիս, որ մենակ գնալը վտանգավոր է: Ես էլ ասի` փողերն ինձ տուր: Եթե նույնիսկ նրանք մեզ հետևեն, չեն մտածի, որ փողն ինձ մոտ է: Նրանք քեզ մոտ կփնտրեն: Իսկ դու կգաս հաջորդ ավտոբուսով:
ԱՆԴՐԵՅ — Հասկացա, որ պարզա-պես ուզում է ինձնից գլուխն ազատել: Որ ինձ հետ տհաճ է, ու համաձայնվեցի:
ՕՔՍԱՆԱ — Փողի փաթեթը ինձ տվեց: Իսկ ես տասներկու հազարը տվեցի: Վերջ, քվիթ ենք: Ընդմիշտ:
ԱՆԴՐԵՅ — Նրան ավտոբուս նստեցրի ու երբ դուրս եկա ավտոկայանի շենքից, տեսա էն երկուսին, ուղիղ իմ վրա էին գալիս: Շրջվեցի ու վազեցի, նրանք էլ վազեցին: Վազեցի փողոցով, հետո մտա երկհարկանի տան բակը, ուզում էի փայտանոցից մի փայտ վերցնել, բայց հասկացա, որ չեմ հասցնի: Վազելով մտա շենքը, քաշեցի բնակարանի դուռը` փակ էր: Սկսեցի թակել ու գոռալ. «Օգնեք, սպանում են»: Էդ պահին դրանք վրա հասան ու քարշ տվին փողոց: Շունչները էնպես էր կտրվել, որ անգամ չծեծեցին: Միանգամից խուզարկեցին: «Ո՞ւր է փողը»,- հարցրեց մեկը: «Գնացին»,- ասի: «Ո՞ւր»,- զարմացան: «Աղջիկը տարավ»: Մյուսն ասաց. «Քեզ չասի՞, որ մեր բանին էլ պետք չէր», բռունցքով խփեց ատամներիս. «Փչում ես, ո՞ւր է փողը»: Առաջինը նրան ետ քաշեց. «Գնացինք, չե՞ս տեսնում, որ մոտը բան չկա»: Մյուսը. «Էդ դեպքում մաքրիր կոշիկներս»: Առաջինը բռնեց նրա ուսերից ու ինձ է ասում. «Գնա էստեղից»: Ես էլ գնացի: Հետո գլխի ընկա, որ մոտս փող կար, տասներկու հազար, պարզապես մոռացել էի, ու նրանք էլ չգտան: Գնում եմ ու ծիծաղում եմ: Նույնիսկ ինչ-որ բան եմ կիսաձայն երգում: Վերադարձա ավտոկայան, տոմս գնեցի ու հասա քաղաք: Ճանապարհին մտածում էի, որ եթե նույնիսկ իրականում չեմ սպանել, դա արել եմ մտքում, նշանակում է, որ էլ երբեք ինձ ներում չի լինի: Որովհետև երբ որոշեցի սպանել, գիտեի, որ դա մեղք է ու հետո պիտի զղջամ: Աստված ամեն ինչ տեսնում է: Բայց եթե էդպես մտածեմ, ապա ընդհանրապես որ ոք երբեք չի փրկվի: Դրախտը դատարկ կլինի: Որովհետև մտքում բոլորն են մեղանչում: Նույնիսկ ինչ-որ վանական հիմա նստել է իր խցում ու մտածում է` ամբողջ կյանքս աղոթում եմ, հրաժարվել եմ ամեն ինչից, իսկ մահից հետո Հիսուս Քրիստոսը կնստեցնի իր կողքին ու բոլորը կասեն. «Տես, ինչ կռուտօյ վանական է, Քրիստոսի կողքին է նստել»: Գոռոզամտություն: Կասեք` մեղք չէ՞: Եվ, կարևորը, հանուն ինչի՞: Իսկ ընդհանրապես էս ամենը ավելորդ էր: Միայն Օքսանայի հետ ծանոթացա: Այ, եթե ամեն ինչ արվեր հանուն սիրո: Իսկ գուցե սիրո՞ւմ եմ նրան: Իհարկե, սիրում եմ: Էս ամենը նրա պատճառով էր: Թե՞ իմ… Սեկայի՞ց էի վախենում: Հիմա էլ եմ վախենում: Ոնց որ Տուգարինովից: Իզուր: Տուգարինովը գերեզմանում է, իսկ ես ապրում եմ ու նույնիսկ ոչ ոքի չեմ սպանել: Այ, եթե Սեկային մի բան պատահեր: Նա էլ կախվեր: Կամ էլ թունավորվեր անորակ արաղով:
Հենց հիմա կգնամ Սեկայի մոտ, Օքսանային կվերցնեմ ու… կապրի իմ սենյակում: Ես պարզապես ուզում եմ նայել, թե ոնց է ժպտում: Ամեն օր: Գրողը տանի, ե՞րբ պիտի հասնենք: Էս երկու օրվա մեջ երևի երկու հարյուր կիլոմետր անցա: Գնում ու գնում եմ հեռավոր վայրեր:
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ
ԱՎՏՈԿԱՅԱՆ
ԱՆԴՐԵՅ — Մտա հանրակացարան ու տեսա Նիկիպելովին, նստել էր դռան դիմացի նստարանին: Նա ասաց, որ գիշերը Սեկային շպրտել են ութերորդ հարկի պատուհանից: Խաղալու են եկել տեղացիներն ու Սեկան բոլորին կրել է: Պետք չէր դրանց կրել, բայց նա միանգամից ասել է` ուզում եմ մոտոցիկլ գնել ու դրա համար էլ բոլորիդ կրելու եմ: Ու կրել է: Բնականաբար, նրանք որոշել են, որ Սեկան խաբել է: Վերջին բառերը, որ ասել է` ինչ-որ երաժշտություն, որ ինքը լսում է: Մենթերը եկել են, ոչ մեկին չեն գտել, ոչ մեկը ոչինչ չի ասել, ո՞վ կուզենա տեղացիների հետ գլուխ դնել: Հարցրի` որտե՞ղ է Օքսանան: Նիկիպելովը մի տեսակ տարօրինակ նայեց ու ասաց, որ տուն է գնացել: Որ էլ ապրելու տեղ չունի: Հարցրի` վաղո՞ւց է գնացել: Նա ուսերը թոթվեց: Քսան րոպե առաջ: Ոտքով բացեցի երկաթե դուռն ու վազեցի դաշտով, երկաթգծի կողքով, հետո ցախանոցներ, գարաժներ, հետո դպրոցի բակը, հետո հրապարակը հեղափոխական Բաբուշկինի արձանով, հետո ճամփան: Հենց էդ պահին կանգառին մոտեցավ տրոլեյբուսը: Ետևի դռնով ներս ցատկեցի: Միայն թե հասնեմ, միայն թե հասնեմ: Մինչև հասնի կայարան, մինչև տոմս գնի… Գուցե նրանց մոտ ավտոբուսները հաճախ չեն գնում: Նույնիսկ չգիտեմ` որտեղից է: Որտե՞ղ փնտրեմ նրան, ո՞ր մի ավտոբուսում: Եթե գնացել է, ուրեմն` վերջ:
Տրոլեյբուսը դանդաղ անցնում էր կամրջով, ես նայում էր Սոֆիայի տաճարի գմբեթներին, որոնց վրա նստում էր արևն, ու աղոթում էի, որ նա չհասցնի գնալ: Տեր Աստված, քանի՜ անգամ ես ինձ օգնել, դու սպանել ես Տուգարինովին, դու սպանեցիր Սեկային, դու ինձ փրկեցիր սպանությունից, մի անգամ էլ օգնիր, էնպես արա, որ հասցնեմ: Դա քեզ համար էնքան հեշտ բան է… Թե՞ սա կլինի ամեն ինչի հատուցումը: Սկզբում ինձ օգնում էիր, իսկ հետո վերցրիր ու խլեցիր նրան: Իսկ գուցե ի՞նքը չի ուզում… Տրոլեյբուսը դանդաղ մոտեցավ կայարանամերձ հրապարակին: Բայց դռները չբացվեցին, միայն վարորդի մոտինը: Ներս մտավ չաղլիկ մորքուրն ու ասաց. «Ցույց տվեք տոմսերը»: Կողքիս նստած աղջիկը արագ դակեց տոմսը: «Էլի ունե՞ք»,- հարցրի: «Կանգառից հետո տոմսերը չենք դակում»,- գոռաց ուղեկցողը: Մոտեցա ու ինչ-որ բան սկսեցի բացատրել նրան, որ շտապում եմ, որ մոռացել եմ տոմս գնել: Նա ծաղրեց ու ասաց, որ պիտի հետևեմ իրեն ու տուգանք վճարեմ: Լրիվ մոռացել էի, որ գրպանումս լիքը փող կար: Նայում էի նրա կլորիկ դեմքին: Երևի երկու երեխա ունի, քնելուց առաջ նրանց հեքիաթ է կարդում: Ու ամբողջ թափով շրմփացրի էդ դեմքին: Նա ընկավ նստարանին ու ոռնաց: Դուրս թռա տրոլեյբուսից ու վազեցի հրապարակով: Հարկավոր էր խառնվել ամբոխին: Իսկ ես մենակ էի, ոնց որ թշնամական ռմբակոծիչը մաքուր երկնքում զենիթայինի թիրախի դիմաց: Ամբոխ էի փնտրում, որ կորսվեի: Թեքվեցի անկյունն ու խառնվեցի ամբոխին: Մարդիկ դուրս էին գալիս շենքից, սպասում էին ավտոբուսի, ծխում էին, պարապ դուրս տալիս, թերթ էին կարդում, գարեջուր խմում, անկապ թափառում: Նրանց մեջ խցկված` փնտրում էի Օքսանային: Նա չկար: Ես փնտրում էի, բայց նա չկար: Էդ ժամանակ ես կանգ առա, փակեցի աչքերս ու ասացի` թող ես տեսնեմ իրեն: Ու բացեցի աչքերս ու տեսա, որ կարմիր պայուսակը ձեռքին բարձրանում է ավտոբուս: Նետվեցի նրա կողմը: Շրջվեց, տեսավ ինձ ու կարծես մի քիչ վախեցավ: Ես վազում էի՝ հրելով բոլորին: Թռա աստիճանի վրա, գրկեցի ու սկսեցի համբուրել: Կողքից ինչ-որ մեկն ասաց. «Ջահելներ, լրի՞վ եք հաբռգել»: Ես համբուրում էի նրա ծխահամ շուրթերը, ու դա էնպես քաղցր ու դառն էր, կարծես արծաթե մոխրաման ես լպստում: Նա պատասխանում էր համբույրներիս: Էդ ժամանակ ինչ-որ մեկն ասաց. «Դուք ուշացնում եք, կամ նստեք, կամ իջեք ավտոբուսից»: Ու մենք դուրս եկանք Ավտոբուսից:

Ռուսերենից թարգմանեց
Կ. Բագրատյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։