Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ / Դերենիկ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ՎԱՐԴԱՆԱՆՔ

Ազատ բեմականացումը՝

Պերճ ԶԵՅԹՈԻՆՑՅԱՆԻ

2 մաս, 23 պատկեր

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Տաճար:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Հասավ փորձությունը նենգավորի, տեր Մամիկոնեից, Հազկերտն իր հրովար- տակով ոչնչացնում է հայի կրոնը, հայոց վանքերը, ոչնչացնում է ժողովրդի գոյության հիմքերը, որ ընդունել տա կրակապաշտությունը, ձուլի և վերացնի ամեն դիմադրական գաղափար և ապա ոչնչացնի նաև Հայաստանը իբրև հոգևորականություն, նախարարություն և ժողովուրդ: Դո՞ւք ինչ կասեք:
ՎԱՐԴԱՆ — Փորձությունը եկավ փորձելու ամենքիս, տեր հոգևոր: Եթե թուլահոգի գտնվենք` արժանի ենք պատուհասի:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ո՞ւր է մարզպանը, ինչո՞ւ չի եկել: Հատուկ հրավե՞ր պետք է նրան հղեր կաթողիկոսը:
ԳԱԴԻՇՈ — Մարզպանին պատշաճ չէ մասնակցել այսպիսի ժողովի:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ինչո՞ւ: Այդ ո՞ր օրվանից:
ԳԱԴԻՇՈ — Մարզպանը երկրի իշխանությունն է:
ՎԱՀԱՆ — Իսկ նախարարներս ի՞նչ ենք:
ԳԱԴԻՇՈ — Մենք իշխանություն ենք մեր աշխարհների, իսկ մարզպանը` արյաց արքայի երկրի:
ԱՄԱՏՈՒՆԻ — Բարի, տյարք, ինչ էլ որ լինի` մարզպանը պետք է գլխավորի մեր պատասխան նամակը: Արքան նրան է ճանաչում ամենից առաջ: Ուրեմն, որքան էլ լռի` վերջը խոսելն է, իշխան Գադիշո Խորխոռունի:
ՎԱՐԴԱՆ — Մնացինք մենք և մեր խիղճը:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (Եղիշեին): Վերցրու հրովարտակը: (Բոլորը ոտքի են ելնում:) Դարձեք արևմուտք: (Բոլորը շրջվում են դեպի արևմուտք:) Սրբազան հայրեր, նախարարներ Հայոց աշխարհի: Վերջին ժամն է խորհելու և պատասխան գրելու: Մի անգամ ևս կարդանք հրովարտակը: Կարդա, սրբազան հայր:
ԵՂԻՇԵ — «Միհրներսեհ մեծ հրամանատարից պարսից և ոչ պարսից երկրների. Հայոց մեծաց ողջույն շատ: Գիտցեք, ամեն մարդ, որ բնակվում է երկնքի տակ և չունի մազդեզանց հավատ, նա խուլ է և կույր և չար ոգու դևերից խաբված»:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (դառը քմծիծաղով): Ինչո՞ւ ես այդպես արտահայտիչ կարդում, սրբազան հայր: Ափսոս չէ՞:
ԵՂԻՇԵ — Որպեսզի սատանայական խոսքը լավ տեղ հասնի, հոգևոր հայր:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Շարունակիր: Ես հենց այնպես…
ԵՂԻՇԵ — «Եթե Հոռոմաց աշխարհը իր շատ հիմարության պատճառով մոլորվել է և զրկվել մեր կատարյալ հավատից` անձամբ կզգա իր վնասը, իսկ դո՞ւք ինչու եք նրա մոլորության ետևից գնում: Ինչ հավատ որ ունի ձեր տերը, դուք էլ նույնը ընդունեք…
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ո՞ւր է մարզպանը, ինչո՞ւ մեզ հետ չի լսում այս զազրելի խոսքերը:
ԳԱԴԻՇՈ — Մարզպանը ծանոթ է հրովարտակին, հոգևոր տեր:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Այո, բայց մեզ հետ թող լսեր, մտքում կարդալը հեշտ է: Շարունակիր, սրբազան հայր:
ԵՂԻՇԵ — «Արդ երկու բան կա ձեր առաջ. կամ բառ առ բառ պատասխան տվեք նամակիս, կամ եկեք դուռը և կանգնեցեք մեր ատյանի աոաջ»:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Դարձեք աղոթարան: (Բոլորը շրջվում են դեպի արևելք:) Ի՞նչ եք խորհում, տյարք:
ԱՐՏԱԿ — Մի՞թե աշխարհում չունենք բարեկամ: Ո՞վ կփրկի մեզ:
ԳԱԴԻՇՈ — Ոչ ոք:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Օգնության կոչ անենք հանուր մարդկության, Բյուզանդիային, ասորիներին, վրացիներին, աղվաններին…
ՎԱՐԴԱՆ — Կդիմենք օգնության, դա պետք է, ընդդեմ չեմ: Կկոչենք արյաց բոլոր թշնամիներին: Բայց միաբանենք նախ մենք, կոչ անենք նախ մեզ: Պատրա՞ստ եք միաբանել, դիմագրավել բռնավորին…
ԳԱԴԻՇՈ — Նամակն ուղղված է «Հայոց մեծաց», ինչպե՞ս է ընկել հոգևորների ձեռքը և ինչո՞ւ են հոգևորականները մասնակցում պատասխանին:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Հայոց մեծերը բոլոր նրանք են, որոնք այսպիսի մեծ աղետների ժամանակ արյուն են թափել հավատի համար և հիմա էլ պիտի թափեն:
ԳԱԴԻՇՈ — Բայց հրովարտակում ասված է. «Մի հավատացեք ձեր առաջնորդներին, որովհետև շատ են խաբեբա»: Պարզ չէ՞, որ դիմումը նախարարներին է արվում, ընդդեմ հոգևորականների:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ի՞նչ ես ուզում ասել:
ԳԱԴԻՇՈ — Քանի որ հոգեոր տերը ընդունում է, որ հրովարտակը հոգևոր դասին է հղված և ինչպես որ հնուց հոգևոր դասը միտում է գերազանցել նախարարների իշխանությունը` թող ինքն էլ գնա կանգնի Հազկերտի առաջ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Այսինքն` ի՞նչ, մենա՞կ թողնել հոգևորականությանը: Միևնույն է, մենք արյամբ կպաշտպանենք Լուսավորչի ուխտն ու ավանդը:
ԳԱԴԻՇՈ — Կամքը ձերը, հոգևոր տեր: Գնացեք կռվեցեք:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ինձ հետ մի խոսիր այդպես խտրական ոգով, տեր Խորխոռունյաց: Կռվին կստիպվի մասնակցել նաև նախարարությունը:
ԳԱԴԻՇՈ — Ի՞նչ ստիպմունք… Դուք իշխանությո՞ւն եք գործադրում, ուրեմն` դուք իշխանություն եք:
ՎԱՐԴԱՆ — (բարձրացնում է ձեռքը): Երբ ազգովին կանգնած ենք կենաց ու մահու առաջ՝ այլևս չկա ոչ «Հայոց մեծ», ոչ «Հայոց փոքր»: Ազգովին պիտի պատասխանենք: Կամովին պարսկանալը չի փրկի մեզ: Գուցե ծածուկ հուսացողնե՞ր կան… Հազկերտը գիտե, որ որքան էլ պարսկանանք, դարձյալ մեր ավանդություններով կմնանք հայ և դարձյալ վտանգավոր կլինենք իր և Բյուզանդիայի միջև: Ահա թե ինչու նա պիտի ոչնչացնի մեզ: Կտա՞նք մեր իշխանությունը, երկիրը, հայրենիքը:
ԳԱԴԻՇՈ — Թող ոչ ոք մեզ այստեղ չբռնադատի, մենք չենք գնա եկեղեցու հետ` վտանգելու մեր իշխանությունը:
ՎԱՐԴԱՆ — Տեր Խորխոռունյաց, մի՞թե դու համաձայն ես ընդունել ուրացությունը:
ԳԱԴԻՇՈ — Տեր Մամիկոնեից, ես չեմ պնդում, որ ընդունենք ուրացությունը, սակայն եթե մի պահ կարծյոք ընդունենք` մի՞թե չենք մնա նույն նախարարը, տերը չե՞նք լինի մեր տիրագլուխ ազատության, ի՞նչ երկյուղ:
ՎԱՐԴԱՆ — Նախարա՛ր, տիրագլո՛ւխ, ազատությո՛ւն: Վե՛րջ նախարարական տիրապետության: Ահա թե ինչ է կամենում Հազկերտը: Ոչնչացրեց թագավորությունը` ոչնչացնում է և նախարարությունը, կամենում է իրավազրկել, ընչազրկել, դարձնել անաշխարհ, ցրել մեզ պատերազմներում օտարության մեջ. այլևս ի՞նչ նախարար և տիրագլուխ ազատություն: Ես զգուշացնում եմ քեզ, տեր Խորխոռունյաց. ոչ ոքի չի տրված իրավունք խոսել բոլոր նախարարների բերանից:
ԳԱԴԻՇՈ — Ուրեմն դու էլ բարի եղիր չխոսել բոլորի անունից:
ՎԱՐԴԱՆ — Բավ է, ասա, ի՞նչ է քո վերջնական պատասխանը, տեր Խորխոռունի:
ԳԱԴԻՇՈ — Մենք ամենևին արյուն չունենք թափելու հոգևորականության համար և կռիվ չունենք արքայի դեմ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ո՞ւմ դեմ է քո կռիվը, յուրայինների՞:
ԳԱԴԻՇՈ — Մենք անձամբ կտանք մեր պատասխանը Տիզբոն, իրեն` արքային: Հենց ի սեր յուրայինների: Հենց ի սեր նրանց օգտի:
ԵՂԻՇԵ — Իսկ երկրին, տյարք նախարարք, չե՞ք կանգնի պաշտպան:
ԳԱԴԻՇՈ — Ի՞նչ, դատ ու դատաստա՞ն ես կանգնում մեր խղճի դեմ, քահանադ ողորմելի…
ԵՂԻՇԵ — Մահու սարսուռն է կարկամեցրել քեզ, անգգայության մշուշը պատել է քո հոգուն: Շրջում ես իբրև լուսնոտ և չես տեսնում, խոսում ես և չես խորհում… Ի՞նչ է պահանջում մեզնից դժոխքի հոգին, չարության վահանը, սատանայի գործիքը…
ԳԱԴԻՇՈ — Զգո՜ւյշ, տեր հայր…
ԵՂԻՇԵ — Սանդարամետը դժոխաց, մի՞թե երկյուղ կունենամ նրանից, մի՞թե կլռեմ, կհնազանդվեմ, երբ նա պահանջում է հանգցնել լույսը և գրկել խավարը:
ԳԱԴԻՇՈ — Եվ ի՞նչ, երևի դու կհանդգնես արյաց արքային կանգնեցնել դիմադարձ…
ԵՂԻՇԵ — Տեր Խորխոռունյաց, եթե բռնակալների մի ողջ զորագունդ անգամ գա իմ դեմ՝ դարձյալ կկանգնեմ դիմադարձ:
ԳԱԴԻՇՈ — Ինչպե՞ս ես հանդգնում, ապստամբ զքեզ… դո՛ւրս… դո՛ւրս..
Տաճար են ներխուժում մի խումբ շինականներ՝ Առաքելի գլխավորությամբ: Զինվորները փորձում են թույլ չտալ, բայց կաթողիկոսը նշան է անում, որ ներս թողնեն:
ԱՌԱՔԵԼ — Արտավազդը դուրս եկավ վիհից, վե՛րջ Հայոց աշխարհին…
ՎԱՐԴԱՆ — Ինչո՞ւ վերջ, շինական եղբայր: Ի՞նչն է քեզ հիմք տալիս այդպես խոսելու:
ԱՌԱՔԵԼ — Որովհետև չեք կարողանում պատասխան գտնել, սուր բարձրացնել ընդդեմ բռնավորի:
ԳԱԴԻՇՈ — Սուրս հիմա ես կբարձրացնեմ… ինչպե՞ս հանդըգ-նեցիր խուժել տաճար:
ԱՌԱՔԵԼ — Եթե հայրենիքս տալիս եք` էլ ահն ի՞նչ, մահն ի՞նչ…
ՎԱՐԴԱՆ — Ինչո՞ւ եք խռովվել, եղբայրներ: Ո՞վ է ծախում հայրենիքը:
ԱՌԱՔԵԼ — Եկել ենք իմանալու, սպարապետ, ի՞նչ պատասխան եք տալու Հազկերտին: Ինչ պատասխան կտաք` ձեր գործն է, մենք զինվորյալ ենք, կկռվենք ու երկիրը չենք տա. ճշմարիտ աստված:
ՎԱՐԴԱՆ — Մենք ևս զինվորյալ ենք, չենք տա, շինական եղբայր, աստված ճշմարիտ:
ԵՂԻՇԵ — Բազմությունն այսօր լուծեց անլուծելին, ապարապետ, թագավորների, մարզպանների, իշխանների դեմ խոսելու իրավունքի առեղծվածը: Զգաց, որ այս ներխուժումով միայն կարող է այդպիսի հանդգնության գնալ, պահանջել այս աշխարհի մեծերից՝ պաշտպանել երկիրը թշնամուց, նրա հարկահաններից, նրա ստրկությունից: Ուրախացիր, սպարապետ, դա հազար տարին մեկ է լինում:
ԳԱԴԻՇՈ — Խռովություն է սա… չլսված խռովություն…
ՎԱՐԴԱՆ — Դու դավաճանություն ես սերմանում արհավիրքի ժամին: Դու պատասխանատու ես երկրի առաջ, ուշաբերվիր…
Ներս է մտնում զառամյալ կին` եռանդուն դեմքով և կորովի շարժումներով: Ճերմակ, երկար մազերը թափված են ուսերին:
ՎԱՐԴԱՆ — Մայր… դո՞ւ ինչու ես այստեղ…
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Եվ դո՞ւ ես ինձ այդ հարցը տալիս, սպարապետ: Օրհասի պահին ամեն ոք իրավունք ունի իր խոսքն ասելու:
Բոլորը, ի տես Մեծ Տիկնոջ, ակնածանքով լռում են:
ՎԱՐԴԱՆ — Ասա, մայր, ես համակ ուշադրություն եմ:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Շապուհը դարձվորել շիրմից` գալիս է Հայոց աշխարհի արմատը հանի: Խափանեցե՜ք սատանային, պաշտպանեցե՜ք հայրենին: Եթե չուխտես, Վար- դան, իմացիր, որ դու մայր չունես այսուհետ…
ՎԱՐԴԱՆ — Դեռ չի պատահել մի Մամիկոնյան, որ փորձության պահին տեր չկանգնի հայրենիքին:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Եղել են, որդիս, եղել են, բայց` քիչ: Աստված մի արասցե, որ դու մեկը լինես այդ քչերից: Առաջինը ես կանիծեմ քեզ: Նաև քո լուսահոգի հոր Համազասպ Մամիկոնյանի անունից: (Ներկաներին.) Ինչի՞ մասին եք այսքան երկար խորհում… Երկրին տեր կանգնելո՞ւ, թե՞ չկանգնելու: Ի՞նչ եք ժամերով ջուր ծեծում: Դրսում հավաքված ժողովուրդը հրովարտակի պատասխանը գիտե, իսկ դուք` ո՞չ… դուք` ո՞չ…
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Իրավացի է քո զայրույթը, Մեծ Տիկին: Հարցը պարզից էլ պարզ է, իսկ մենք հայավարի ջուր ենք ծեծում:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Այնպես չանեք, հայոց նախարարներ, որ ձեր փոխարեն կանայք գնան կռվի: Եվ կգնան, լավ իմացեք… Առաջինը՝ ես: Իսկ դուք տան հոգսերով կզբաղվեք: Բայց երևի այդ էլ չեք կարող:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Լսո՞ւմ եք, Մեծ Տիկնոջ բերանով ճշմարտությունն է բարբառում: Նա խոսում է բոլոր հայ մայրերի անունից: Ձեզնից ո՞վ մայր չի ունեցել, գուցե կա՞ այդպիսին:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — (Վարդանին): Զավակդ Հունաստան մնաց, կանչիր, թող գա, զինվորյալ լինի, հերիք է ուսումը:
ՎԱՐԴԱՆ — Զոհրակը ինքը կգա, մայր, հանգիստ եղիր:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Մեր նախնիները մեզ կտակեցին հայրենիք և ազգ: Արյամբ պաշտպանեցին մեր ազատությունը, հայրենիքը և մեզ հրաման թողին անբասիր պահել այդ սրբությունները: Պաշտպանեցե՜ք մեզ կտակած գանձերը: Ոչինչ չտաք թշնամուն, եթե չեք ուզում հայ մայրերի անեծքին արժանանալ: Իսկ մոր անեծքը սոսկալի է, իշխաններ, զգո՛ւյշ եղեք:
ԳԱԴԻՇՈ — (քթի տակ): Սկսվե՛ց հայոց մհծախոսությունը…
ՎԱՐԴԱՆ — Շատ խոսեցինք, շատ վիճեցինք, տեր հոգևոր և տյարք իշխաններ: Ջանք արինք գտնել արքայի համար խաղաղության խոսք: Սակայն խաղաղության խոսքը բռնավորի համար հնազանդությունն է և դավաճանությունը: Չենք հնազանդի բռնավորին: Հարկ կլինի կռվել` կկռվենք: Տեր հոգևոր, այլևս ժամ է:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ժամ է: Թող սրբությունն ու խիղճը իմաստություն տան մեզ: Եղբայր Եղիշե, մերժիր մազդեզանց կրոնը: Աստված և ժողովուրդն հայոց զորավիգ ձեզ:
ԳԱԴԻՇՈ — Դուք կործանում եք երկիրը: Պետության անիվը պոկում եք սռնուց և կատաղի թափով գնում դեպի անդունդը: Իսկ նրան, ով ուզում է այդ անիվը պահել, դավաճան եք համարում: Ուշքի՜ եկեք:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Քեզ շատ լսեցինք, իշխան: Կարդա պատասխանը, եղբայր Եղիշե:
ԳԱԴԻՇՈ — Էլի մի պահ լսեք, ու էլ չեմ խոսի… Առանց հզոր Պարսկաստանի մենք չենք կարող ապրել, այդքան բան չե՞ք հասկանում: Մեր պորտը կապված է պարսից հետ: Մենք, որ փոքր ենք թվով և ուժով չնչին, միայն նրա թևի տակ կարող ենք գոյատևել: Ինչների՞դ վրա է ձեր հույսը… Ձեր քաջությա՞ն, ձեր խիզախությա՞ն… Իսկ ո՞վ է կասկածում, որ և՛ քաջ եք, և՛ խիզախ: Ոչ ոք: Բայց ո՞ւմ դեմ եք ելնում, ո՞վ է ձեր առաջ, գոնե հասկանո՞ւմ եք: Բյուզանդիան թույլ է, Պարսկաստանը` ուժեղ… Մնում է ապավինել պարսից հզորությանը: Մի՞թե այդքան դժվար է այդ ըմբռնելը: Չտեսա՞ք, որ չենք կարողանում անկախ ապրել: Չե՛ն թողնի, մտներիցդ հանեք: Ո՞ւր է Արշակունյաց թազավորությունը, այս փլատակները չե՞ն…
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Կարդա, եղբայր Եղիշե:
ԵՂԻՇԵ — Հովսեփ կաթողիկոսը, մեծամեծներից մինչև փոքրերը, միաբանյալներովս հանդերձ, մեծ Հազարապետիդ արյաց և անարյաց, Միհրներսեհիդ, շատ խաղաղասեր մտքով ողջույն է հղում ամենամեծ սպարապետիդ արյաց: Աշխարհս նյութեղեն է, և նյութերը տարբեր-տարբեր և իրարու հետ հակառակ: Մեկ է այս հակառակորդների ստեղծողը, որ սրանց իրար է բերում, սիրելությամբ հաշտեցնում: Մեղմացնում է կրակի ջերմությունը՝ օդի հովությամբ, օդի դժնդակ խստությունը` կրակի արծարծմամբ:
ԱՐՏԱԿ — Ահա թե ինչպես պետք է պատերազմն սկսել: Նախ պետք է հաղթել արյաց ոգուն: Կեցցե՛ս, եղբայր Եղիշե:
ԵՂԻՇԵ — Այս հավատից չեն կարող խախտել մեզ ո՛չ հրեշտակ, ո՛չ մարդիկ, ո՛չ հուր և սուր: Դու, որ ուրիշ անգամ ամեն բանով շատ իմաստուն ես, չհասկացար, որ ոչ թե մարդու հետ է մեր հավատքի ուխտը, այլ անխզելի Աստծո հետ, որ չի կարելի քանդել և հեռուն նետել ոչ այժմ, և ոչ ապա, և ոչ հավիտյանս, և ոչ հավիտենից հավիտյանս:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Հոժա՞ր եք, նախարարներ, համաձա՞յն եք, որ սույն պատասխանն ուղարկվի հազարապետին:
ՁԱՅՆԵՐ — Հոժար ենք…
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Իսկ դո՞ւք, եկեղեցու հայրեր:
ՁԱՅՆԵՐ — Հոժար ենք…
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Եվ դու, ժողովուրդ հայոց, հոժա՞ր ես:
ՁԱՅՆԵՐ — Հոժար ենք, հոժար…
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ձայն բազմաց, ձայն Աստուծո…
ԱՄԱՏՈՒՆԻ — Բայց ո՞ւր է Գագիշո իշխանը:
ԱՌԱՔԵԼ — Գնաց արեգակին երկըրպագելու:
Ծիծաղ:
ՎԱՐԴԱՆ — Այսօր հայ ժողովուրդը հաղթեց և տիրեց մի շատ թանկագին գանձի` գիտակցեց ինքն իրեն:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Համազա՛սպ, որդիդ անբիծ պահեց քո անունը: Ել ու տես` ինչ երջանիկ օր է Արտաշատում…
Տաճարի կամարների տակ տարածվում է հոգևոր երգը, կսւրծես սրբագործելով պատասխան թուղթը:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Վասակ, Բաբիկ, Ներսիկ և Փառանձեմ:
ՆԵՐՍԻԿ — Հայրիկ, Բաբիկն ասում է` գնում ենք արյաց երկիրն: Ճշմարի՞տ է:
ՎԱՍԱԿ — Ճշմարիտ է, չենք գնում:
ՆԵՐՍԻԿ — (գրկում է հորը): Դե թող կատակը, հայրիկ:
ՎԱՍԱԿ — (Բաբիկին` աչքերը կատակ խոժոռելով): Հը, գնո՞ւմ ենք արյաց երկիրը:
ԲԱԲԻԿ — Գնացողն էլ դու, չգնացողն էլ, ու ի՞նձ ես հարցնում:
ՎԱՍԱԿ — (մեղմ): Իսկ գնալ չե՞ք ուզում:
ԲԱԲԻԿ — Ի՞նչ գործ ունենք արյաց երկրում:
ՎԱՍԱԿ — Զորական կրթություն, Բաբիկ, չէ՞ որ խոստացար ինձ:
ԲԱԲԻԿ — Այստեղ էլ կարող ենք զորական կրթություն ստանալ… սպարապետի մոտ:
ՎԱՍԱԿ — Ո՞ւմ մոտ… Լավ, լավ, դեռ վաղ է, դեռ չգնացինք, մի վախենաք:
ԲԱԲԻԿ — Ես չեմ վախենում, բայց չեմ գնա: Թող Ներսիկը գնա, եթե այդքան շատ է ուզում:
ՎԱՍԱԿ — Որ ժամանակը գա՝ կգնաս: (Ժպտադեմ:) Ներսիկ, այսօր տեսե՞լ ես մայրիկին: Ի՞նչ է անում:
ԲԱԲԻԿ — Գնա, ինքդ իմացիր: Գիշեր-ցերեկ այնքան ես զբաղված մարդիկ ընդունելով, ու չես էլ մտնում մայրիկի սենյակը:
ՎԱՍԱԿ — Ասա, ասա, սիրելի Բաբիկ, ասա, իրավունք ունես:
ՆԵՐՍԻԿ — Ինչո՞ւ ես հայրիկին կըշ-տամբում, հազար ու մի գործ ունի:
ՎԱՍԱԿ — Տեսա՞ր:
ՆԵՐՍԻԿ — Հայրիկ, իսկ մայրիկը նույնպե՞ս կգա մեզ հետ արյաց երկիրը:
ՎԱՍԱԿ — Իսկ գորականը տանո՞ւմ է իր մորը ամեն տեղ: Դու ասա, Բաբիկ, սա խելք չունի:
ՆԵՐՍԻԿ — Մի՞թե մենք զորական ենք դառնալու:
ՎԱՍԱԿ — Այո, զորական: Դա է ձեր ուղին: Դուք պիտի լրիվ զորական կրթություն ստանաք:
ՆԵՐՍԻԿ — Ես մենաստան եմ ուզում, հայրիկ:
ՎԱՍԱԿ — Մենաստա՞ն: Ո՞վ է ձեր մեջ մտցրել այդ հիմար միտքը:
ԲԱԲԻԿ — (չարախինդ): Մայրիկը… Նա է մեզ շարունակ Խորենացու «Հայոց պատմությունը» կարդում և խոսում փիլիսոփաների մասին:
ՎԱՍԱԿ — Շատ վատ է անում: Ես կասեմ նրան, որ այլևս ձեզ մենաստան չուղարկի:
Զայրույթը հազիվ զսպելով` ահա դուրս կգա սենյակից, երբ դռան մեջ հանդիպում է կնոջը` Փառանձեմին, բռնում է նրա թևից ու դուրս է հանում:
ՎԱՍԱԿ — Ինչո՞ւ ես տղաներին խելքից հանում, ինչո՞ւ ես մենաստանների ճանապարհը սովորեցնում: Ես նրանց Պարսկաստան եմ տանելու զինվորական կրթության: Նրանք կրոնավոր չեն դառնա: Եվ ի՞նչ ես քնքշացրել նրանց: Մա՞յրը որն է օտարության մեջ, ո՞վ է իմացել` մորը հետները տանել Պարսկաստան: Պատրաստել տուր երկուսի շորերը, շուտով ճանապարհ ենք ելնելու: Չհամարձակվես ծպտուն հանել: Չես էլ հանի, քեզ լավ գիտեմ: Դու իմ կյանքը կերել ես քո լռությամբ: Դե, ձայն հանիր, մի բան ասա: Չհամարձակվես հնչյուն անգամ արձակել…
Գնում է: Փառանձեմը մտնում է սենյակ:
ՓԱՌԱՆՁԵՄ — (գորովանքով): Մոտ եկեք, զավակներս…
ԲԱԲԻԿ — (լացակումած): Մեկը նրան հարց տա, ի՞նչ ես տանում զավակներդ մի երկիր, որի դեմ վեր են կացել մեր իշխանները և մեր ամբողջ ազգը: (Հանկարծ:) Չքվիր աչքիցս, ճիճու, գլուխդ կջարդեմ…
Փառանձեմը զարմացած շրջվում ու տեսնում է պարսկական զգեստով երիտասարդի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒՍՈՒՑԻՉ — Տիկին, տեր մարզպանն է հրամայել պարսկերենը երկու ամսում վերջացնել: Բայց ձեր որդին չի գալիս դասի:
ՓԱՌԱՆՁԵՄ — Իսկ ինչո՞ւ երկու ամսում:
ՈՒՍՈՒՑԻՉ — Պետք է Պարսկաստան գնան:
ԲԱԲԻԿ — Իսկ հայոց լեզուն ե՞րբ սովորենք:
ՈՒՍՈՒՑԻՉ — Դուք պարսիկներին պիտի ծառայեք, ձեր ինչի՞ն է պետք հայոց լեզուն:
ԲԱԲԻԿ — Պարսիկի գարշապարը լիզող սողուն հայ… Դու պարսիկ դառնալու արժանի չես: Եվ սրան է գլխիս ուսուցիչ դարձնում իմ հայրը…
ՓԱՌԱՆՁԵՄ — (ուսուցչին): Դո՛ւրս կորիր այստեղից և այսուհետև չհամարձակվես սրանց դաս տալ: (Ուսուցիչը գնում է:) Ետ արի: Դու քո մրթմռթոցը կտրիր, երբ իմ առաջ ես կանգնած: Իմացա՞ր:
ՈՒՍՈՒՑԻՉ — Իմացա:
ՓԱՌԱՆՁԵՄ — Հայերեն ասա, անասուն:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ես հայ չեմ, ես պարսիկ եմ:
ՓԱՌԱՆՁԵՄ — Դու պարսիկ էլ չես կարոդ դառնալ: Ստրուկները ոչինչ չեն դառնում, բացի ստոր սողունից: Դո՛ւրս կորիր:
Ուսուցիչը գնում է:
ՆԵՐՍԻԿ — (հիացած): Դու հայրիկից էլ քաջ ես: Հայրիկն այդպիսի բան չէր անի:
ՓԱՌԱՆՁԵՄ — Հայրիկը միշտ ամենալավն է լինում, Ներսիկ… Ամեն հայրիկ լավագույնն է բոլորից:
Այլայլված ներս է մտնում Վասակը:
ՎԱՍԱԿ — Իսկույնևեթ գնացեք պարսկերենի դասին: Եվ սրանից հետո չհամարձակվեք հայերեն խոսել: Կխոսեք պարսկերեն: Իմացա՞ք: Ձեզ հետ չե՞մ: Ի՞նչ եք բերաններդ ջուր առել:
ԲԱԲԻԿ — Ես հայերենը չեմ թողնի:
ՎԱՍԱԿ — Եկ այստեղ:
ԲԱԲԻԿ — Խփիր, ես պարսիկներին չեմ ծառայի… (Վասակը ապտակում է նրան:) Սպանիր թեկուզ… չեմ ծառայի… (Վասակը կրկին է ապտակում:)
ՆԵՐՍԻԿ — Ինձ էլ… Ինչո՞ւ ինձ չես ապտակում… Ես ինչո՞վ եմ պակաս Բաբիկից…
Վասակը Բաբիկին զցում է գետնին, սկսում է մոլեգին ծեծել: Փառանձեմը հպարտ է, լուռ ատելությամբ նայում է ամուսնուն:
ՎԱՍԱԿ — Գոռա, ներողություն խնդրիր, շան լակոտ… Մորդ ես քաշել… Ձեր լռությունը խենթացնելու է ինձ: (Փառանձեմին.) Մեջ ընկիր, պաշտպանիր որդուդ… Հայհոյիր, սպառնա ինձ… Տունս եկեղեցի ես դարձրել, իմ զավակներին իմ դեմ ես հանում… Կախաղանների վրա ճոճել կտամ քեզ ու քո զավակներին… (Մտնում է ուսուցիչը` հաղթական ժպիտը դեմքին:) Տար սրանց և սկսիր դասը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ինչպես հրամայեցիր:
Վասակն արագ հեռանում է: Բաբիկը հարձակվում է ուսուցչի վրա և անխնա ծեծում:
ԲԱԲԻԿ — Այդ ե՞րբ պարսիկ դարձար, հայ շուն… Այդ ո՞նց հասցրիր… Ձորը կնետեմ դիակդ, մորս արևը վկա…
ՓԱՌԱՆՁԵՄ — (մեղմ, կիսաձայն): Մի արա, որդիս… դու արդեն ապացուցել ես, որ այսօր տղամարդ դարձար: Մի արա…

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Սրահ, ուր իշխանները նստած սպասում են Վասակին: Մտնում է Վասակը, բոլորը ոտքի են կանգնում, ողջունում են: Մարզպանը ողջունում է գլխի ծանր շարժումով: Ապա նստում է իրեն հատկացված գահույքին:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Պատասխան թուղթը պատրաստ է, տեր մարզպան:
Մեկնում է մագաղաթը: Վասակը մտքում ընթերցում է:
ՎԱՍԱԿ — Սկիզբը վատ չէ: Կրոնափիլիսոփայական այս զբոսանքները նույնիսկ հետաքրքրական են: (Շարունակում է ընթեցումը, մռայվում, բարձր կարդում է:) «Այս հավատից չի կարող խախտել մեզ ոչ հրեշտակը, ոչ մարդիկ, ոչ սուր, ոչ հուր»: Ի՞նչ է դուրս գալիս, տյարք, ձեզնից` ըմբոստություն, ինձնից` պատասխանատվությո՞ւն… (Հեգնոտ:) Պա- տասխան թուղթը պատրաստ է, այո: Պատասխան թղթի պատասխանը պատրաստ է, պատասխանների պատասխանները պատրաստ են: Բայց մի զարմանաք, եթե առաջինը ես կանչվեմ Դուռը:
ՎԱՐԴԱՆ — (սառը): Մենք չենք զարմանա: (Նկատելով` ինչպես է Վասակը խոժոռվում:) Այո, տեր մարզպան, երկրի բոլոր գործերի գլուխ կանգնած է մարզպանը, և նա էլ պատասխանատու է: Մարզպանությունը այդպիսի պաշտոն է: Երբ պաշտոնդ ստանձնեցիր, մի՞թե չգիտեիր:
ՎԱՍԱԿ — Մարզպանությունը արյաց տերության պաշտոն է, որ ծառայում է նախ իր մեծ տերությանը: Պարսիկ կարող է նստած լինել այս իմ գահույքին և կարդալ ձեր պատասխան նամակը: Պատահաբար ես եմ նստած:
ՎԱՐԴԱՆ — Հոժա՞ր ես պատասխանին:
ՎԱՍԱԿ — Ես քրիստոնյա եմ և հայ: Գործի բուն ոգուն, իհարկե, հոժար եմ: Բայց միաժամ ես մարզպան եմ, արյաց արքայի պաշտոնյա: Ուրեմն` չեմ մասնակցում պատասխանին, ինչպես որ և չեկա տաճար պատասխանը կազմելու պահին: Ես ձեր պատասխանը կուղարկեմ արքային և կասեմ` ահա մեր նախարարները, ահա քո կամքը:
ՎԱՐԴԱՆ — Ինչո՞ւ ես միշտ արքայի անունը հիշեցնում, թող արքան զբաղվի իր աշխարհի գործերով: Մենք գործ ունենք մեր խղճի, մեր աշխարհի, մեր ազատության հետ: Եթե ուզում ես մեզ վախեցնել՝ վախեցրու ահա ինչից:
ԱՄԱՏՈՒՆԻ — Ես հասարակ մարտիկ եմ, տյարք, իմը մարտն է, ես գլուխ չունեմ դիվանագիտության հետ: Բայց ասեմ, տեր մարզպան, որ մենք մահը կոխել, անցել ենք վաղուց, իսկ մահից այն կողմ ոչ մի սարսափ չկա: Մենք զինվորյալ ենք:
ՎԱՍԱԿ — Ես ոչինչ չեմ խոսում հակառակ: Ես պահանջում եմ մեր ցանուցիր իշխանական ուժերի միացում, Հայոց աշխարհի ամբողջացում: Ես իրավունք չունեմ ամեն ինչ բարձրաձայն ասելու, հասկացեք:
ՎԱՐԴԱՆ — (անկեղծ): Ես ուզում եմ, որ մարտի դաշտում դու իմ կողքին լինես:
ՎԱՍԱԿ — Գիտե՞ս, ինչու քո կողքին չեմ լինի: Որովհետև ամեն ինչ կանեմ, որ մարտը տեղի չունենա:
ՎԱՐԴԱՆ — Ստորանալո՞վ, քծնելո՞վ… Բայց մի՞թե դա ճանապարհ է, տեր մարզպան:
ՎԱՍԱԿ — Հենց ճանապարհ է, սպարապետ: Ճանապարհ և ոչ թե փակուղի, որ դու ես ընտրել:
ՎԱՐԴԱՆ — Գիտե՞ս, միասին ինչեր կարող էինք անել:
ՎԱՍԱԿ — Երկրի դեմ գալիս է մի վիթխարի հեղեղ, որի ամբարտակի ճեղքերը դու ձեռքերով ես ուզում փակել: Հասկացիր, քո քաջությունը գեղեցիկ է ու անմիտ: Իմ զգուշավորությունը գեղեցիկ չէ թեև, բայց գոնե իմաստ ունի: Ես թույլ չեմ տա, որ կործանես այս երկիրը:
ՎԱՐԴԱՆ — Հասկացա: Դու ենթարկվում ես արյաց հրամանին և ի վերջո պատրաստ ես պարսիկ դառնալ:
ՎԱՍԱԿ — Քեզ համար ամեն ինչ կարճ և ուղիղ մի գիծ է, սպարապետ, առանց զիգզագների, առանց խոտորումների: Բայց իմացիր, փոքր ազգերին չի վիճակված այդպես ապրելու:
ՎԱՐԴԱՆ — Իսկ ի՞նչ է վիճակված, սողա՞լ, ստրկանա՞լ…
ՎԱՍԱԿ — Քեզ թվում է, թե անկախ և ուժեղ պետությունը միայն քե՞զ է պետք: Ինչո՞ւ ես այդքան բան վերցնում քեզ վրա, ծանր չի՞ ուսերիդ համար: Ես էլ եմ ուզում ազատել Հայաստանը պարսիկներից և հույներից: Բայց դա հնարավոր չէ բացեիբաց պատերազմով: Դա հնարավոր է այլ կերպ… Դանդաղ, բայց անշեղորեն սողոսկելով, սպասելով, գույնը անդադար փոխելով ձգտել նպատակին: Ջուրը ծակում է քարը ոչ թե ուժով, այլ հաճախակի կաթումով: Պարսկանալով` մենք կազատվենք պարսիկներից: Եվ կվերականգնենք մեր կործանված թագավորությունը: Սա ավելի դժվար ճանապարհ է, քան քո նախընտրած պատերազմը, որ դեռ չսկսած` տանուլ ես տվել արդեն:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Թող Աստված հատուցանի ամեն մարդու իր խղճի և մտքի համաձայն: Ահա, տեր մարզպան, քեզ ենք ներկայացնում պատասխան թուղթը, հանձնիր հրովարտակաբեր պաշտոնյային:
ՎԱՍԱԿ — Աստված բարի միտք տա քեզ, ձեզ և ամենքին: Մնաք խաղաղությամբ:
Գնում է: Երկար լռություն:
ԱՐՏԱԿ — Բայց տեսաք, չէ՞, վստահեց մեզ… ինչո՞ւ վստահեց…
ՎԱՐԴԱՆ — Որովհետև գիտե, որ այստեղ դավաճաններ չկան, փառք Աստծո: Դրա համար էլ չի զգուշանում մեզանից:
ԱՐՏԱԿ — Խելացի մարդ է… Ափսոս:

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Գադիշո Խորխոռունու ամրոցը: Արտակ և Գադիշո:
ԱՐՏԱԿ — Մնաս բարով, իշխան: Շնորհակալ եմ հյուրընկալության համար:
ԳԱԴԻՇՈ — Բարով գնաս:
ԱՐՏԱԿ — (իբր անտարբեր տոնով): Լսել եմ, որ հիվանդ կա ամրոցում, հո քո ընտանիքից չէ՞:
ԳԱԴԻՇՈ — Ոչ ոք հիվանդ չէ:
ԱՐՏԱԿ — Ես կարծում էի` հիվանդ կա:
ԳԱԴԻՇՈ — Չէ, չկա: Ինչո՞ւ պիտի հիվանդանան: Սնո՞ւնդն է պակաս, օթևա՞ն չունեն, մեջքնե՞րն է ցավում գործից…
ԱՐՏԱԿ — Բայց մարդ է ու հիվանդացավ հանկարծ, ի՞նչ կանես:
ԳԱԴԻՇՈ — Ինչ կանե՞մ… Դուրս կվռնդեմ ամրոցից: Ամրոցը անկելանոց չէ:
ԱՐՏԱԿ — Մնաս բարով, իշխան:
ԳԱԴԻՇՈ — Արդեն ասացիր: (Արտակը գնում է: Նրա ետևից:) Իշխան, այդպես էլ չիմացա, թե ինչու էիր եկել:
ԱՐՏԱԿ — (շփոթված): Հյուրը Աստծունն է, իշխան:
Անահիտի սենյակը: Նա հիվանդ պառկած է մահճում, գլուխը պինդ փաթաթած: Հանկարծ լարվում է` ինչ-որ ձայն լսելով պատուհանից: Վախեցած ճիչ է արձակում` տեսնելով ինչ-որ մեկին: Արտակ իշխանն է, որ մագլցել է ծառի վրայով ու հասել Անահիտի պատուհանին:
ԱՆԱՀԻՏ — Արտակ… երազ չէ՞ միթե…
ԱՐՏԱԿ — Ես եմ, Անահիտ, ես… ոչ մի երազ:
Անահիտը արագ հանում է փաթաթանը, թռչում է մահճից, ընկնում Արտակի գիրկը:
ԱՆԱՀԻՏ — Չէ, չեմ հավատում… Երջանկությունը հեքիաթներում է լինում միայն:
ԱՐՏԱԿ — (ոգեշնչված): Ես ու դու պետք է սովորեցնենք միմյանց հավատալու երջանկությանը: Գիտեմ, դժվար է սովորելը, շատ է դժվար, բայց մենք ընդունակ մարդիկ ենք, չէ՞, մի կերպ կսովորենք:
ԱՆԱՀԻՏ — Ես հույսս կորցրել էի վաղուց: Վստահ էի, որ չես գա, էլ չեմ տեսնի քեզ: Հայրս լսել անգամ չի ուզում քո մասին: Խեղճ Արտակ, ես չգիտեի, որ քեզ կարելի է ատել…
ԱՐՏԱԿ — Դրա համա՞ր ես հիվանդացել:
ԱՆԱՀԻՏ — Ի՞նչ իմանամ… Դժվար էր, ներիր ինձ:
ԱՐՏԱԿ — Հիմար աղջիկ, խոչընդոտն ինչի՞ համար է: Որպեսզի հաղթահարես: Ես ու կյանքը այսպես ենք ծանոթացել իրար:
ԱՆԱՀԻՏ — Չէ, չէ, ստում եմ… գիտեի, որ կգաս, գիտեի: (Հանկարծ:) Պատերա՞զմ ես գնում: ԱՐՏԱԿ — Այո: Պատերազմի հոտ է զալիս:
ԱՆԱՀԻՏ — Խոստացիր, որ կվերադառնաս: Երդվիր, որ կվերադառնաս…
ԱՐՏԱԿ — Խոստանում եմ: Աստված գիտե, որ ես պետք է վերադառնամ: Երդվում եմ:
ԱՆԱՀԻՏ — Ինչ լավ ես խաբում, Արտակ… էլի խաբիր: Էլի…
ԱՐՏԱԿ — Կգամ ու կամուսնանանք: Մի տուն լիքը երեխաներ կունենանք: Եվ սա սուտ չէ, Անահիտ: Արևս վկա, սուտ չէ:
Անահիտի վրա մռայլ ստվեր է իջնում, նա մի կողմ է քաշվում:
ԱՆԱՀԻՏ — Իսկ հա՞յրս…
ԱՐՏԱԿ — Հայրդ…
Երկուսն էլ լռում են` թևաթափ, կարծես երազներից հետո հողին իջած: Հանկարծ լարվում են` ոտնաձայներ լսելով միջանցքից:
ԳԱԴԻՇՈՅԻ ձայնը — Այդ լակոտի խելքն ի՞նչ է, որ հեռվից չկարդամ: Երկու զինվոր կկանգնեք դռանը մինչև առավոտ: Գլխով պատասխան կտաք ինձ:
ԱՐՏԱԿ — (շշնջում է): Ինչ լավ է, Անահիտ, մենք հիմա ապահով ենք, էլ ոչ ոք չի մտնի քո օթևանը: Քո հայրը մեզ պաշտպանում է իրենից:

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Վասակի նստավայրը: Վասակ և Գադիշո: Ճատրակ են խաղում: Մտնում է պարսիկ Դենշապուհը:
ՎԱՍԱԿ — Հուսամ, որ բարի է այցելությունդ:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Բարին արեգակինն է: Հիմա ժամը գիշերային է:
ՎԱՍԱԿ — Ես ինքս պիտի հրավեր ուղարկեի քեզ: Իմաստուն ժամին ժամանեցիր: Ծանր օր է:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Պատրաստե՞լ եք պատասխանը:
ՎԱՍԱԿ — Պատրաստել են նախարարները:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Ինչո՞ւ չկա քո ստորագրությունը:
ՎԱՍԱԿ — Դա ի՞նչ կարևոր է: Եթե չեն նշված հականե անվանե բոլոր նախարարների անունները, ուրեմն պետք է հասկանալ, որ բոլորր չեն մասնակցել:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Դո՞ւ ինչու չես մասնակցել:
ՎԱՍԱԿ — Ես արքայի պաշտոնյա եմ:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Իսկ դու հայ չե՞ս:
ՎԱՍԱԿ — Հայ եմ արյամբ և հոգով:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Ձեր պատասխանը արդեն գիտեմ: Թե ինչպես` թույլ տուր ես իմանամ: Տես, ուր են հասել չարամիտ մարդիկ, որ արքայից արքային դիմադարձ են կանգնում այնպես, կարծես իրենց դիմացինը մի հասարակ հարկահավաք պաշտոնյա է:
ՎԱՍԱԿ — Նրանք այդպես չէին, նրանք հեզ էին ու հնազանդ: Ես հավատացած եմ, որ նրանք ավելի դյուրին կընդունեին մազդեզանց կրոնը, եթե չլինեին վերջին տարվա ճնշումները շեներում և վանքերում: Քո պաշտոնյաները հարկահավաք չեն, այլ արքայի թշնամիները: Ծեծում են, խլում, գռփում և դրանով իսկ պարսից դեմ գրգռում:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — (զսպված զայրույթը զսպանակի պես դուրս է թռչում): Զարմանալի հանդգնություն. ծաղրական պատասխան գրել արքային: Դուք ի՞նչ ազգ եք… Ըմբոստներ, խռովարարներ, անհնազանդներ ու ապստամբներ: Հունաստանն է դողում արքայից, քուշաններն են փոշիա- նում նրա հարվածներից, ուրիշ ո՞վ կա նրա դեմ: Համայն աշխարհը ծնկի է եկած արքայի առաջ, իսկ դուք, սրանց տեսեք, ծառանում եք արյաց ահռելի տերության դեմ: Դուք խելագարներ եք և ոչ թե բանական մարդիկ: Հետո, դուք ի՞նչ եք կարծում ձեզ: Հսկանե՞ր, անպարտելի զորությո՞ւն, ազատ ժողովո՞ւրդ… Պատասխան- ներին նայիր… (Արդեն հանգիստ, բայց չոր ու դաժան:) Այս պատասխանն անձամբ կտանեք արքային: Կգնաք Դուռը, կկանգնեք ատյանի առաջ:
ՎԱՍԱԿ — Առաջին անգա՞մ ես հայերիս այսպես տեսնում: Շապուհի օրերը հիշիր, հիշիր Արշակ արքայի օրերը, նաև Վասակ Մամիկոնյանի օրերը… Ինչո՞ւ ես մոռանում:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — (հատու): Վասակ Սյունի, Վարդան Մամիկոնյան, Վահան Ամատունի, Արտակ Մոկաց, Գադիշո Խորխոռունի, Ներշապուհ Արծրունի… Սա է ցուցակը, որ պետք է ներկայանա ատյան: Պատրաստվեցեք ճանապարհ ելնել: (Առանց հրաժեշտ տալու գնում է: Մուտքի մոտ:) Սրանց տեսեք, իրենց տանն առյուծ են կտրել…
Գնում է: Տիրում է ծանր լռություն:
ՎԱՍԱԿ — Պետք է հենարան գտնենք արյաց արքունիքում: Մեր գործը պիտի առաջ տանենք` պարսիկներին ծառայեցնելով մեզ: Պարսիկներին` պարսիկների դեմ: Բանի տեղ մի դիր սրա սպառնալիքները:
ԳԱԴԻՇՈ — Եվ հայերին` հայերի դեմ: Իսկ եթե ատյանը ստիպի մեզ ուրանա՞լ, տեր մարզպան:
ՎԱՍԱԿ — Տերության գործում ի՞նչ նշանակություն ունի ուրանալ-չուրանալը:
ԳԱԴԻՇՈ — Տերությո՞ւն ենք ստեղծում:
ՎԱՍԱԿ — Ով է իմանում… Եթե կարողանանք, ինչո՞ւ չէ: Ինչ որ մնաց ձեռներս` այն էլ մեզ: Է, Գադիշո, Գադիշո, մեր թագավորությունն եմ հիշում, մեր կորցրած հարստությունը: Թանկագին բան կորցրինք… Տեսա՞ր, ոնց էր խոսում ինձ հետ:
ԳԱԴԻՇՈ — Բանն էլ թանկագին է դառնում, երբ կորչում է:
ՎԱՍԱԿ — Ինչպես առողջությունը, երիտասարդությունը, սիրուհին…
ԳԱԴԻՇՈ — Ասում ես` թագավորությո՞ւն… Կորավ, կուզես` լաց, կուզես` ծիծաղիր:
ՎԱՍԱԿ — Կրկին կգա, և դա ճշմարիտ է, ինչպես այս հողը, երկինքը, դաշտը. Մասիսը…
ԳԱԴԻՇՈ — Ես չեմ ճանաչում այնպիսի մարդու, որ կարողանա մի ուրիշ բան ստեղծել այս քանդված երկրում:
ՎԱՍԱԿ — Որովհետև դուք բոլորդ համեստ մարդիկ եք:
ԳԱԴԻՇՈ — (հարցական նայում է Վասակին և խոսում շշուկով): Դրա մարդը չկա, մա՛րդը……
ՎԱՍԱԿ — Չկա մարդը… (Մռայլված: Հանկարծ կարծես ինքն իրեն:) Կա՛ այդ մարդը:
ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Վասակ, Փառանձեմ, Բաբիկ, Ներսիկ:
ՎԱՍԱԿ — Ինչո՞ւ չեն գալիս, ժամն է մեկնելու: Ինչո՞ւ դեռ հագնված չեն: Ինչո՞ւ են սրանք հակառակում ինձ:
ՓԱՌԱՆՁԵՄ — Չեն ուզում գնալ Պարսկաստան:
ՎԱՍԱԿ — Դու ես սովորեցրել նրանց, որ դիմադարձ կանգնեն ինձ:
ՓԱՌԱՆՁԵՄ — Ես ի՞նչ սովորեցնեմ նրանց: Նրանք հիմա ամեն բան հասկանում են:
ՎԱՍԱԿ — Իսկ ինչո՞ւ են նրանք ինձ դեմ:
ՓԱՌԱՆՁԵՄ — Դու ավելի լավ կիմանաս: Քո զավակներն են, ինչ որ մտցրել ես նրանց հոգիները, այն էլ տեսնում ես նրանց մեջ:
ՎԱՍԱԿ — Ի՞նչ եմ մտցրել նրանց հոգու մեջ, որ իմ առաջ նրանք հիշեն այդ սրիկայի անո՞ւնը:
ՓԱՌԱՆՁԵՄ — Ո՞վ է այդ սրիկան:
ՎԱՍԱԿ — Սպարապետը: Իբր չգիտես…
ՓԱՌԱՆՁԵՄ — Սպարապետը ազգի պաշտպանն է, ինչպե՞ս է լեզուդ պտտվում…
Վասակը, զայրացած, կոպտորեն նրան հրում-գցում է գետնին: Փառանձեմը զարմանալիորեն հանգիստ վեր է կենում և հպարտ լռում:
ՓԱՌԱՆՁԵՄ — (դադարից հետո): Դու մեռցրիր իմ երազները: Նրանք պիտի դառնային ուսյալ, իմաստասեր մարդիկ, պիտի ընթերցեին լավագույն մատենագիրներին, պիտի ճանապարհորդեին Ալեքսանդրիա, Հռոմ, Բյուզանդիա, պիտի բանային դպրոցներ, մատենագիրներին գրել տային հայոց պատմություն, իրենք էլ գործեին, նվիրվեին որևէ գիտության…
ՎԱՍԱԿ — Խոսեց… վերջապե՛ս խոսեց: Քեզ լռությունը ավելի է սազում, կին…
Հագնված-պատրաստ մտնում են Բաբիկն ու Ներսիկը:
ԲԱԲԻԿ — Մեզ ո՞ւր ես տանում, հայրիկ, շուտով պատերազմ կսկսվի:
ՎԱՍԱԿ — Քեզ ո՞վ ասաց, որ պատերազմ է լինելու:
ԲԱԲԻԿ — Եթե չի լինում, հապա ինչո՞ւ ես սպարապետի հետ դիմադարձ կանգնել Հազկերտին: Եթե սպարապետը հրաման տա ու ողջ երկիրը ոտքի կանգնի, ես կմնա՞մ անգործ… Դու կմնա՞ս…
ՎԱՍԱԿ — Շանսատակ կանեմ քեզ, լակո՛տ: Դու մարզպանի առաջ սպարապետի անո՞ւնն ես տալիս:
ԲԱԲԻԿ — (համառ): Նա իր որդուն բերել է տալիս պատերազմ:
ՆԵՐՍԻԿ — Երանի նրա որդուն…
Վասակը հազիվ է զսպում իրեն:
ՎԱՍԱԿ — Հրաժեշտ տվեք ձեր մորը:
ՓԱՌԱՆՁԵՄ — (որդիներին սեղմում է կրծքին ու ջերմ համբուրում): Գնացեք, որդիներս: Դուք այսօրվանից զինվորյալ եք ազգին:
ՎԱՍԱԿ — (մոտենում, բռնում է նրա ձեոքը): Հանգիստ եղիր, նրանք կվերադառնան:
Համբուրում է կնոջը և ձեռքերը տղաների ուսին դրած` դուրս տանում նրանց:
ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ
Պարսկաստան: Հայ իշխանների վրանները: Խումբ-խումբ ցրված իշխանները զբոսնում են տարբեր անկյուններում:
Վասակ և Գադիշո իշխաններ:
ԳԱԴԻՇՈ — Հիմա մենք այլևս նախարարներ չենք, քանի որ ժողովուրդ և երկիր չունենք: Տասը օր է` Հարզկերտը չի ընդունում մեզ, պահում է այս չոլերում իբրև ծառաներ:
ՎԱՍԱԿ — Ոչ, մենք արժեք ենք դեռ, սիրելի Գադիշո: Մենք մեր ուրացությամբ պետք է օրինակ տանք երկրին, և հայերը մեր խոսքով ավելի հեշտ կզիջեն, քան պարսիկների: Մենք արժեք ենք և կարող ենք շատ ավելի բարձր արժեք դառնալ, եթե խելացի լինենք:
ԳԱԴԻՇՈ — (գրգռում է նրան): Ի՞նչ արժեք, տեր մարզպան, գերի ենք մենք:
ՎԱՍԱԿ — Մեր կշիռը կբարձրանա Դենշապուհի և մյուս աղբերի կողքին, կբարձրանա նաև այս հիմար հերոսների մոտ: Հազկերտը կտա մեզ ավելի բարձր իշխանություն: Կարծում ես, մեզ կանչելով, մեր վիճակը վատթարացա՞վ: Ո՛չ: Մենք հիմա կարող ենք ամենահանդուգն բաների ձգտել:
ԳԱԴԻՇՈ — Շատ ես լավատես, երանի քեզ…
ՎԱՍԱԿ — Սպարապետը պետք է դիմադրի Հազկերտին: Զուր հրահանգ չտվեց երկրում մնացող նախարարներին՝ կազմել տերունական զորք: Զուր չուղարկեց յուրայիններին Աղվանք, Վիրք, Բյուզանդիոն և հոների մոտ: Երկրի ապստամբությունը պատրաստ է, լավ իմացիր, իշխան: Բայց Միհրներսեհը չի կամենա պատերազմ: Նրա համար ձեռնտու է հայերի ուրացումը մեր ձեռքով: Չէ, մենք դեռ արժեք ենք, արժե՛ք:
Վարդան սպարապետ, Վահան Ամատունի, Արտակ Մոկաց: Բաբիկը և Ներսիկը հեռվից պտտվում են նրանց շուրջը: Վասակը խոժոռ հայացք է գցում զավակների կողմը:
ՎԱՐԴԱՆ — Չանսայինք կոչի հրամանին, չգայինք ատյան` կնշանակի թույլ տալ, որ պարսից զորքն իսկույն շարժվեր դեպի մեր աշխարհք: Իսկ սա կնշանակեր անկազմ ժողովուրդը վաղաժամ հանել պարսից կանոնավոր զորքի դեմ և գլխովին ջախջախել տալ: Ձգձգել, ժամանակ շահել` ահա մեր ուժը: Պարսիկների գործը ձգձգել, մերը` արագացնել: Եվ այնպես պիտի աշխատենք` իբրև թե մյուս օրն է ճակատամարտը:
ԱՐՏԱԿ — Պատերազմ այս տարի չի լինի:
ՎԱՐԴԱՆ — Պատերազմն արդեն սկսված է, իշխան:
Վասակն ու Գադիշոն մոտենում են վարդանանց:
ՎԱՍԱԿ — Մինչև ե՞րբ պիտի նստենք այստեղ ձիերի մեջ, սպարապետ:
ՎԱՐԴԱՆ — Մինչև որ իսկական ձիերը հասկանան, որ մենք ձիերի մեջ նստելու չենք եկել:
ՎԱՍԱԿ — Դուռը չի գա մեզ, մենք պիտի գնանք Դուռը:
ՎԱՐԴԱՆ — Տեր մարզպան, թողություն արա անպատշաճությանս. ես չեմ գնա Դուռը:
ՎԱՍԱԿ — Դու գրգռում ես պարսիկներին:
ՎԱՐԴԱՆ — Ոչինչ, նրանք էլ մեզ են գրգռում:
ՎԱՍԱԿ — Ապա ինչո՞վ պիտի վերջանա այս անարգանքը:
ՎԱՐԴԱՆ — Պարսիկները անարգում են մեզ, բայց մենք չենք անարգվի: Թող լռեն մի քանի տարի: Կնստենք այստեղ թեկուզ հավիտյանս հավիտենից:
ՎԱՍԱԿ — Դու մտադիր ես, ուրեմն, ցասման հասցնել գործը:
ՎԱՐԴԱՆ — Ոչ, ես ուզում եմ խելա­մտության հասցնել այս կատաղած ցուլերին:
ՎԱՍԱԿ — Այն ժամանակ ես կգործեմ` ինչպես իմ խիղճը կթելադրի:
ՎԱՐԴԱՆ — Ինչպես կամենաս, տեր մարզպան:
Բաբիկը և Ներսիկը ճնշվում են՝ լսելով այս խոսակցությունը:
ՆԵՐՍԻԿ — (Բաբիկին): Ինչի՞ ես ինձ կմճտում: Բան ունես` հորդ ասա…
ԲԱԲԻԿ — Ո՞նց ասեմ… Թող կմճտեմ, դիմացիր մի քիչ…
Վասակը կարծես ինչ-որ բան կռահելով` մոտենում է որդիներին:
ՎԱՍԱԿ — Մինչև հիմա չհասկացա՞ք իմ միտքը: Չհասկացա՞ք, որ իմ միտքը ոչ միայն ձեզ ազատելն է, այլև Հայոց աշխարհը: Միամիտ, հանգիստ և զգույշ եղեք այնտեղ: Համբերեք, իմացեք սրանց գաղտնիքները, ռազմագիտու­թյունը: Ոչ ոքի հետ խորթ չվարվեք, բայց ոչ ոքի հետ էլ չմտերմանաք: Իմ խոսքերը ավանդ պահեցեք, որ իբրև հայր կտակում եմ ձեզ:
ԲԱԲԻԿ — Ես հասկանում եմ. դու մարզպան ես, ուզում ես ավելի մեծ պատիվներ ստանալ:
ՎԱՍԱԿ — Մեղք եմ, Բաբիկ, մեղք է հայրդ, մեջքը մի կոտրիր:
Մտնում է սուրհանդակը:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Արքայից արքան հրամայեց ձեզ ներկայանալ իրեն և իսկույնևեթ:
Հարցական նայում են իրար: Կարճատև լռություն:
ԱՐՏԱԿ — (հեգնանքով): Իսկույնևեթ, այսինքն` անմիջապես, այսինքն` անհապաղ: Գնանք պատասխան թղթի պատասխանը տանք:
ԱՄԱՏՈՒՆԻ — Կտանք մեր պատվին արժանի մի պատասխան:
ԱՐՏԱԿ — Քուշանների կռվում արյուն ենք թափում պարսիկ բռնավորի համար, մի՞թե արյուն չունենք մեր հայրենիքի համար:

ՊԱՏԿԵՐ ՈՒԹԵՐՈՐԴ
Պարսից պալատ: Բարձրադիր հարթակին, գահի վրա բազմել է Հազկերտը: Կողքին նստած է Միհրներսեհ հազարապետը: Կիսաբոլոր նստարաններին, պատշաճ հեոավորության վրա, պալատականներ են նստած:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Մեղապարտների ցանկը, արքայից արքա:
ՀԱԶԿԵՐՏ — Ոչ աստիճան իշխանական, ոչ պատվանուն, այլ տոհմը և անունը միայն:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Սյունյաց տոհմ` Վասակ անուն, Խորխոռունյաց տոհմ` Գադիշո անուն, Մամիկոնյան տոհմ` Վարդան անուն, Մոկաց տոհմ՝ Արտակ անուն, Ամատունյաց տոհմ՝ Վահան անուն, Արծրունյաց տոհմ՝ Ներշապուհ անուն: Ովքե՞ր են, այստե՞ղ են: Առաջ գան:
Նախարարները առաջ են գալիս:
ՄՈԳՊԵՏ — Դատապարտե՛լ… Արմինյան… Հրամանը ինձնից, տեր արքա, գնա երկիրն ապստամբ, որ չի ճանաչում ինձ, հաղթիր նրան: Այսպես է ասում Ահուրա Մազդան…
ՁԱՅՆԵՐ — Դատապարտե՛լ Արմինյան… Նա է մոլորեցնում մյուս ցեղերին…
ՀԱԶԿԵՐՏ — Դիմադարձությո՞ւն, ա-պըստամբությո՞ւն… Դուք հանդգնեք ծաղրական թուղթ ուղարկել ինձ… Ինձ ուղարկել ծաղրական թո՞ւղթ: Խոսե՞լ համարձակվել, սպառնալիքնե՞ր կարդալ: Ինչի՞ վրա դրիք ձեր հույսը, թե՞ ես այնպես չեմ ջնջի ձեզ, որ ձեր ատելի հոտն անգամ չմնա աշխարհում: Հոների՞, քուշանների՞, ձեր Աստծո՞, ձեր քաջությա՞ն վրա: Չէ, չէ, դուք ասեք, թե ինչպե՞ս հանդգնեցիք…
ՎԱՐԴԱՆ — Ինչպես հրամայեցիր, տեր, մենք կխոսենք:
ՀԱԶԿԵՐՏ — Խոսիր, խոսիր, թե ինչպես հանդգնեցիք գրել այս թուղթը: Դուք ապստամբնե՛ր եք, հանդուգն դավաճաննե՛ր…
ՄՈԳՊԵՏ — Փղերը բեր, տեր արքա, ոտնակոխ արա սրանց…
ՁԱՅՆԵՐ — Փղե՛րը, փղե՛րը, ոտնակո՛խ…
ՀԱԶԿԵՐՏ — (մոլուցքի մեջ): Փղե՛րը բերեք… փղե՛րը…
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — (թեքվում է Հազկերտի ականջին): Փղերը կարող են ոտնակոխ անել նաև պալատը, արքայից արքա: Այն, ինչ կարելի է ռազմադաշտում, քաղաքում չի կարելի թույլ տալ:
ՀԱԶԿԵՐՏ — Բայց ի՞նչ է սա, ինչո՞ւ են սրանք այսպես ապերասան, ինչո՞ւ չեն ընկճվում, ինչո՞ւ են խստապարանոց, ինքնիշխան այսքան… Այս հասկացրեք ինձ, այս… Գոռոզ ազգ է, գոռոզ ոգի: Ոչինչ, ես ձեզ կստիպեմ սողալ իմ առաջ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ չի լսվում ոչ մի խոսք աղեր- սանքի: (Վասակին.) Մարզպան էիր, խոսիր, ասա, այսպե՞ս կպատասխանեն արքայի հազարապետին:
ՎԱՍԱԿ — Ես ունեմ պատասխան, բայց այսօր, այս փղերի թոհուբոհի մեջ, անկարող եմ խոսել:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — (Վարդանին): Դու խոսիր այնժամ, ասա, պատասխան թուղթը այսպե՞ս կտան արքայից արքային:
ՎԱՐԴԱՆ — Թող հայտնի լինի քեզ, տեր հազարապետ, ես գիտեմ, որ գտնվում եմ արյաց զորությունը ստեղծողի առջև, բայց և գիտեմ, թե ինչ ենք գրել: Թող հայտնի լինի արքայից արքային, որ մենք կկռվենք արյաց տերության արտաքին թշնամիների դեմ, կտանք տերունական հարկը, բայց այսքանը միայն: Իսկ այն, որ ավանդ ենք ստացել մեր նախնիներից` մեր հայրենիքը, մեր հավատը, մեր ազատությունը — դա չե՛նք տա ոչ ոքի: Ահա այդ ենք գրել մենք: Հաճո՞ է` թողեք գնանք, ազատ ապրենք մեր նախնիների երկրում: Հաճո՞ չէ` ահա մենք, ահա դուք, արեք` ինչ կամենում եք: Թուղթը գրված է: Եվ ինչ որ գրված է, չի ջնջվի:
ՀԱԶԿԵՐՏ — Կջնջվի, ապերախտ հայ: Ես այն վաղուց եմ ջնջել:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Տեր իմ, թո՛ղ այսօր փղերը, դի՛ր սրանց զնդան, թող երկար զգան սարսափը:
ՀԱԶԿԵՐՏ — Ի՞նչ հայրենիքից եք խոսում, երբ իմ նահանգներից մեկն եք սոսկ, ի՞նչ հավատ, ի՞նչ ազատություն… Չգիտե՞ք, որ կա՛մ իմն եք, կա՛մ հույներինը: Ստրուկի համար ի՞նչ տարբերություն: Շնորհակալ եղեք, որ գոնե տեր ունեք: Թե չէ կուտեիք իրար: Զնդա՛ն… Զնդա՛ն դրեք սրանց, որ տիրոջ կարոտ զգան: (Միհրներսեհը նշան է տալիս: Սպիտակազգեստ դահիճները շղթայում են նախարարներին:) Իմ հրամանն է. ընդունեցե՛ք զրադաշտը: Ոչինչ բան չի խախտի իմ վճիռը: Դուք հանցանք եք գործել և միայն ձեր պիղծ հավատի ուրացությամբ կարող եք քավել: Ուրացե՛ք: Իսկ եթե չեք կատարի հրամանս` բոլորիդ խոշտանգելով սատկեցնել կտամ, զորք կուղարկեմ, կավերեմ ձեր երկիրը: Աքսոր կուղարկեմ ձեր զավակներին ու կանանց: Տարե՛ք սրանց: (Շղթայակապ նախարարներին դուրս են տանում:) Անուշաբույր բուրմունքներով մաքրեցեք օդը: Հայի հոտ է փչում քթիս…
ՊԱՏԿԵՐ ԻՆՆԵՐՈՐԴ
Զնդան: Կիսախավար: Նախարարները նոր են ներս մտել, խմբվել մարզպանի ու սպարապետի շուրջը և շփոթված նայում են իրար:
ՎԱՐԴԱՆ — Շատ եմ տեսել ճակատամարտից առաջ ձին չափ գցող կտրիճներ, որ կռվի եռ միջոցին ահից դեղնել են: Բայց միշտ ինձ ասել եմ. «Չպարծենաս, մի օր դու էլ կընկնես սրա օրը»: Տեսա՞ք, ինչպես գիտուն աղվեսի նման չորս ոտքով ընկանք թակարդը: Դե թող ոչ ոք չպարծենա:
ՎԱՍԱԿ — Տեր Մամիկոնեից, մինչև այստեղ լռեցինք և հանդուրժեցինք անարգանքին ու պատժին: Բայց մինչև ե՞րբ…
ՎԱՐԴԱՆ — Մինչև ե՞րբ… Դա ինքներդ գիտեք:
ՎԱՍԱԿ — Պետք է հաշտության խոսք գտնել արքայի հետ:
ՎԱՐԴԱՆ — Գտիր հաշտության խոսքը: Ես ոչ մի խոսք չունեմ այլևս:
Մտնում է բանտապետը՝ ջահը ձեռքին և մի քանի ծառա, որ իրենց հետ ներքնակներ են բերել:
ԲԱՆՏԱՊԵՏ — Ինչո՞ւ բերիք ներք-նակները, կարպետներ պիտի բերեիք միայն:
ԾԱՌԱ — Տանե՞նք ներքնակները:
ԲԱՆՏԱՊԵՏ — Էլ ի՞նչ տանեք, կար-պետներ բերեք և բարձեր:
Մինչ ծառաները կբերեն պահանջվածը, նա ուշադիր զննում է նախարարներին: Ծառան բերում է մեծ կարաս և դնում անկյունը: Բանտապետը մոտենում է կարասին, հոտ քաշում:
ԲԱՆՏԱՊԵՏ — Սա ջո՞ւր է, թե՞ գինի, անասունի կտոր… (Մի այլ ծառայի:) Տար սա, ջուր բեր:
Ծառան տանում է կարասը և բերում ուրիշը: Բանտապետն ու ծաոաները գնում են: Նախարարները հոգնած ընկնում են կարպետների վրա: Վարդանը մոտենում է կարասին:
ՎԱՐԴԱՆ — Բայց սա գինի է: (Տարակուսանքով նայում է զնդանի երկաթե դռանը:) Տարօրինակ մարդ է…
Նախարարները մոտենում են, հերթով նույն թասից գինի են խմում:
ԱՄԱՏՈՒՆԻ — Այ քեզ հանելուկ… Դու բան հասկացա՞ր, սպարապետ:
Սպարապետը ուսերն է թոթվում: Նորից պառկում են:
ԱՐՏԱԿ — (մթության միջից): Վահան Մամիկոնյանը դառավ դավաճան, ազգադավ գործերի գերի, ծախված հոգի: Ի՞նչ ստացավ՝ ծախելով իր ազգը: Հայեր եմ տեսել պարսկական ծառայության մեջ, որ կաշվից դուրս են գալիս պաշտպանելու պարսից պետությունը: Երեխաներին արգելում են հայերեն խոսել, մոգ են պահում տանը, կրակ են պաշտում: Ատում են իրենց ազգը, լեզուն, պարսիկ են ուզում դառնալ, բայց չեն կարողանում: Իրենց արատները իրենց վրա են: Հայի արատները…
ԱՄԱՏՈՒՆԻ — Հոգնած չե՞ս, իշխան, ինչո՞ւ լեզուդ բացվեց հանկարծ:
ՎԱՍԱԿ — Թոդ խոսի: Ճիշտ բաներ է ասում: Մի խանգարի:
ԱՐՏԱԿ — Հաճախ մենք արհամարհում ենք մեզ, օտարն էլ մեզ է հետևում, նա էլ է մեզ արհամարհում: Մենք քծնում ենք օտարին, որ մեզ սիրի, բայց նա ավելի է ատում մեզ, որովհետև քծնողներին ատում են:
ՎԱՍԱԿ — Դու հաճախ խմիր, իշխան: Ճարտար ես խոսում:
Գալիս է բանտապետը: Երևում է, ինչ-որ բան է ուզում հայտնել, բայց զգուշանում է:
ՎԱՐԴԱՆ — Մոտ եկ, բարեկամ: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես անընդհատ ելումուտ անում:
ԲԱՆՏԱՊԵՏ — Ոչինչ, իշխան…
ՎԱՐԴԱՆ — Մեզ պիտի սպանե՞ն:
ԲԱՆՏԱՊԵՏ — Այո, իշխան, վաղը պետք է փղերին կոխկրտել տան: Արքան զայրացել է, որ ուշացրել եք ուրացումը:
ՎԱՐԴԱՆ — Լավ, գնա:
Բանտապետը գնում է և իսկույն անվստահ վերադառնում է:
ԲԱՆՏԱՊԵՏ — Ներող եղիր, իշխան, մի խոսք ասեմ ձեզ: Դուք և՛ իշխան եք, և՛ բանտարկյալ: Այսօր կաք, իսկ վաղը ջախջախված կլինեք փղերի ոտքերի տակ: Ի՞նչ բան է ուրացությունը: Ո՞վ է մտնում ձեր սիրտն իմանալու՝ ճշմարի՞տ եք ուրացել, թե՞ կեղծ: Հայտնեցեք հնազանդություն և գնացեք ձեր երկիրը, պաշտեցեք ձեր Աստծուն: Ոչ առաջինն եք, ոչ վերջինը…
ՎԱՐԴԱՆ — Դու ի՞նչ ես, ո՞վ ես…
ԲԱՆՏԱՊԵՏ — Ի տեր Քրիստոսի, ազատեցեք ձեր հոգիները:
ՎԱՐԴԱՆ — Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես:
ԲԱՆՏԱՊԵՏ — Ես քրիստոնյա եմ… հավատամ և խոստովանիմ:
Եվ իր խոսքից վախեցած` անհետանում է: Լռություն:
ՎԱՍԱԿ — Տեսնո՞ւմ ես, Արտակ իշխան, կարծում ես, խելք մենակ մե՞նք ունենք:
Մոտենում է սպարապետը:
ՎԱՐԴԱՆ — Եկար ուրացությո՞ւն առաջարկելու:
ՎԱՍԱԿ — Հասկացար միտքս, սպարապետ: Կեղծ ուրացություն: Առերես:
ՎԱՐԴԱՆ — Դու վճռե՞լ ես:
ՎԱՍԱԿ — Ես սպասում եմ ամենքիդ:
ՎԱՐԴԱՆ — Ուրացությունը կպառակտի երկիրը: Կեղծ ուրացությամբ ինչպե՞ս երևանք աշխարհի առաջ, ո՞ւմ ինչ բացատրենք, ո՞ւմ ինչպես վստահեցնենք, որ չենք զիջել հայրենիքը: Մինչ մենք երդվել ենք ժողովրդի առաջ չզիջել ոչինչ:
ՎԱՍԱԿ — Մի տաքանա, սպարապետ և մի խորանա այդ անդունդները, թե չէ էլ դուրս չենք գա: Հավատն իր տեղը, պետոււթյունը` իր:
ՎԱՐԴԱՆ — Եթե հոգիս պիտի ծախեմ՝ ի՞նչ եմ անում երկիրն ու իշխանությունը: Ամեն բան կթողնեմ, կերթամ Հունաստան, աղքատ կապրեմ, քրիստոնյա կապրեմ: Բայց քանի ուժ կա բազկիս մեջ` իմ աշխարհում պիտի քրիստոնյա մեռնեմ:
ՎԱՍԱԿ — Ոչ, սպարապետ, մի լսիր բարկությանդ: Եկ մի քիչ հեռու նայենք: Արի համբերությամբ կաթիլ-կաթիլ լցվենք, զորանանք, միանգամից թափ տանք ատելի Տիզբոնի և Բյուզանդիոնի լուծը: Մոգերը մեզ ի՞նչ են անելու, թող մի քիչ էլ հեթանոս դարձնեն: Ժամանակին կտեսնեն, որ մի ամբողջ ազգ անկարելի է կրոնափոխ անել, կձանձրանան, կթողնեն մեզ:
ՎԱՐԴԱՆ — Թո՛ղ զուր հույսերդ, տեր մարզպան: Արշակունյաց թուրը կորավ անդարձ: Մնացել է մեր ազատ հոգին, մեր խիղճը: Ազգ պիտի պահենք: Ու եթե պահենք` այսօր է, կորցրինք՝ այսօր է: Ո՛չ, իսկը ժամանակն է, պետք է սկսենք:
ՎԱՍԱԿ — Ի՞նչը:
ՎԱՐԴԱՆ — Ապստամբությունը:
ՎԱՍԱԿ — Կրակի հետ մի խաղա, սպարապետ: Մազի վրա ենք: Անիմաստ չէ՞ դիմադրելը հզոր մի պետության, երբ նա մեզ հնար է ընձեռում ապրելու: Ո՞րն է մեզ համար ընտրելին. քրիստոնյա հույների գեղեցիկ ու խաբուսիկ խոստումնե՞րը, թե՞ պարսիկների իրական տալիքը: Դու հաշտվել ես մեր թագավորության կործանմանը, ես չեմ հաշտվել ու չեմ հաշտվի:
ՎԱՐԴԱՆ — Ստրկության ուղիներո՞վ ես ազգը պահում ոգեկան ազատության և պետության: Ազատության ոչնչացմամբ ազատությո՞ւն… Եվ սրանցի՞ց ես ակնկալում այդ շնորհը: Ունայն է հույսդ և իզուր` ջանքդ:
ԱՄԱՏՈՒՆԻ — Ճշմարիտ ես, սպարապետ: Բայց կենդանի մնալն էլ մի հաղթություն է, կենդանի մնալ` նշանակում է ապագայի տերը լինել:
ՎԱՐԴԱՆ — Միհրներսեհը մեր սուտ ուրացման դիմաց ճշմարիտ մոգեր և ճշմարիտ զորք կդնի հետներս ու կճամփի տուն: Եվ տեսեք, թե ի՛նչ ճգնաժամ կլինի, երբ մոգերն ու զորքը մտնեն ժողովրդի մեջ: Ահա սա է ահավորը:
ՎԱՍԱԿ — Տեր Մամիկոնեից, դու ևս հաստատ գիտես, որ երկիրը ոտնատակ կերթա: Ուրիշ հնար չկա: Ընդունենք ուրացությունը: Առերես…
ԱՐՏԱԿ — Տեր Մամիկոնեից, ընդունենք կեղծ ուրացությունը: Իսկ եթե կարծում ես, թե հայրենիքին և քեզ դավաճանողներ կան, մենք բոլորս պատրաստ ենք քեզ հետ ջուրն էլ ընկնել, կրակն էլ: Վճռիր:
ԱՄԱՏՈՒՆԻ — Սպարապետ, անձի համար չեն արվի, բայց հայրենիքի համար կան շատ բաներ, որ պետք է անել: Ապրենք, որ ապրեցնենք:
ՎԱՍԱԿ — Վերջապես ի՞նչ ես անում այդ հայրենիքի փրկության համար: Ընդամենը նահատակվե՞լ:
ՎԱՐԴԱՆ — Թող այդ մեղքը ոչ թե ձեր, թող իմ վզին ընկնի: Սակայն մի պայմանով: Երբ հասնենք հայրենիք, անմիջապես դուք ևս կբացվեք ինձ հետ ժողովրդի առաջ:
ԻՇԽԱՆՆԵՐ — Երդվո՛ւմ ենք:
ՎԱՍԱԿ — Այո, երդվո՛ւմ ենք, երբ հասնենք հայրենիք, բացեիբաց պաշտենք մեր Աստծուն:
ԱՄԱՏՈՒՆԻ — Երդվում ենք Աստծով և մեր հայրենի սուրբ երկրով:
ԻՇԽԱՆՆԵՐ — Երդվո՛ւմ ենք:
ՎԱՐԴԱՆ — (ժպտում է): Դժվար բան է հայրենիքր… Ամեն մարդ չի կարող ունենալ…
ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆԵՐՈՐԴ
Հրապարակ Տիզբոնում: Դեռ մութ է: Հնչում են փողեր ու թմբուկներ: Գալիս են Հազկերտը, Միհրներսեհը և մոգպետը` իրենց շքախմբերով: Բոլորը նայում են դեպի արևելք: Արևի ծագումը մոտ է: Հանկարծ պատրույգի պես կայծեց և ժայթքեց ոսկեհուր արևը: Բոլորը, նաև Հազկերտը, բերանքսիվայր ընկնում են գետնին: Նույնն են անում նաև հայ նախարարները, բացի Վարդանից:
ՎԱՍԱԿ — (տագնապով): Պառկիր, սպարապետ… Ի սեր Աստծո… Մի րոպեի ստորացումը մի ամբողջ կյանք չարժե՞, խնդրում եմ… առաջին անգամ…
Սպարապետը դժկամ պառկում է երեսնիվայր:
ՎԱՐԴԱՆ — Ես ինձ չեմ ների երբեք: Ես ինձ չեմ ների երբեք… Ես ինձ չեմ ների երբեք…
ՄՈԳՊԵՏ — Ես եմ Մազդան. տերն արդարության, պահպանիչը բարու: Արեգակը քո աչքն է, դու ես ստեղծել հողը, կրակը, ջուրը և մարդուն, դու արարիչն ես լույսի, ջերմության, առատության ու երջանկության… Փա՛ռք քեզ…
Նշան է անում, բոլոը ոտքի են ելնում: Հազկերտն անցնում է նախարարների մոտով:
ՀԱԶԿԵՐՏ — Հայ նախարարների գլուխը խոնարհվեց արևի առաջ: Խոնա՞րհ են հայ գլուխների մեջ թաքնված մտքերը:
ՎԱՍԱԿ — Անշուշտ, տեր իմ:
ՀԱԶԿԵՐՏ — Գործի թիակը Վարդանին, ղեկը` քեզ: Միշտ խորհուրդ կանես մեր սրբազան մոգպետի հետ: Դու ունես մեծ խելք, բայց ասում են` և մեծ կրքեր: Սանձիր հակառակ երիվարներդ և զուգահեռ վարիր նրանց: Զգուշացնում եմ, դու պետության կառքն ես վարում և ոչ թե քոնը:
ՎԱՍԱԿ — Իմ պարտքն է զգուշանալը, իսկ իմ արքայինը՝ հրամայելը, տեր իմ:
ՀԱԶԿԵՐՏ — Սպարապետ… (Վարդանը լուռ գլուխ է տալիս:) Ի՞նչ ես խորհում, տեր Մամիկոնեից: Քաջերը լռակյաց են: Ի՞նչ է ասում սիրտդ:
ՎԱՐԴԱՆ — Արքայի ողջությունը, որ ողջ պահի Հայոց աշխարհը:
ՀԱԶԿԵՐՏ — Հիշում ենք հերոսություններդ Մահավիռոտ գետի վրա, ուր վայրի քուշանների կռվում փրկեցիր Իրանը: Իսկ այսօր փրկեցիր քո երկիրը: Ապրե՛ս:
ՄՈԳՊԵՏ — Սուրբ արևը խոսեց մեջդ, արևի շառավիղ, երկու-երեք ամսում ամբողջ Հայաստանը կդարձնեմ ճշմարիտ կրոնի:
ՀԱԶԿԵՐՏ — Ուրախ ենք, որ բանն այսպես խաղաղ վերջացավ, թողեք սուտ հավատը և բռնեցեք արևի սուրբ ուղին: Մեր արքայական սիրտը ուրախ է ձեզ տեսնելու ողջ և առողջ և ոչ թե գազաններին բաժին դարձած:
ՎԱՐԴԱՆ — Տեր արքա, մենք մեր կամքով երկրպագեցինք արևին: Իսկ եթե բանը հասներ գազաններին կերակուր դառնալուն, դրանից առաջ այնքան ուժ կլիներ, որ մեզ մոտեցող մի տասը կտրիճի ձևեինք ահա այսպես… (Ձեռքով ցույց է տալիս:)
ՄՈԳՊԵՏ — Սպարապե՛տ…
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Այ, իսկական կտրիճ տղամարդու խոսք, իշխաններ: Ինչ որ աններելի հանդգնություն է ուրիշի համար, պատշաճություն է Վարդանի համար: Իմ արքային դուր է զալիս Մամիկոնյանների խոսելու այդ ձևը:
ՀԱԶԿԵՐՏ — Մամիկոնյանների արյունը խոսեց մեջդ, սպարապետ: Քո տեղը ավելի լավ տեղ է` կռվի դաշտը և ոչ թե արքայական ատյանը: (Վասակին.) Տեր մարզպան, ձեզ եմ հանձնում յոթ հարյուր մոգեր ու մի գունդ զորք և հրամայում եմ նրանց օգնությամբ շուտափույթ վերջացնել դարձը մազդեզանց օրենքի և իսկույն ևեթ վերադառնալ զորագնդերով` պատերազմելու քուշանների դեմ:
ՎԱՍԱԿ — Հրամանդ ի կատար:
Հազկերտը գնում է իր շքախմբով:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Արքայից արքան հրամայում է ձեզ շնորհ բերել պալատ` խնջույքի:
ՎԱՍԱԿ — (փայլելով ուրախությունից): Շնորհապարտ ենք, տեր:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Տեր մարզպան, դու էլ հիմա շնորհ արա իմ պալատը: Սպասում եմ քեզ:
Գնում է արքայի ետևից:
ՎԱՍԱԿ — (նախարարներին): Երեկոյան կմիանամ ձեզ: Բարին ընդ ձեզ: (Գնում է՝ գլուխը հպարտ վեր պահած:)
ԱՄԱՏՈՒՆԻ — (նայելով նրա ետևից): Սա ի՞նչ շրջում էր բախտի անիվի:
ԱՐՏԱԿ — Ձուկը գտավ իր ջուրը: Փղերի ոտներից բարձրացավ մինչև մարզպանական նոր պարգևների ու խոստումների:
ԱՄԱՏՈՒՆԻ — Արքայական շուք է ընդունում:
ԳԱԴԻՇՈ — Նա հենց արքայաբար էլ ծնվել է:
ԱՄԱՏՈՒՆԻ — Դու իմ ասածն ես հաստատում, տեր Խորխոռունյաց:
ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
Միհրներսեհի մոտ: Միհրներսեհ և Վասակ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Հոգնեցի խնջույքներից: Խնջույքները տերության հազարապետի համար չեն: Պալատականները տերության փորն են: Նրանք պիտի ուտեն: Իսկ հազարապետը տերության գլուխն է: Նա պիտի մտածի: Բայց արի ու տես, որ մտածելուց ի՞նչ օգուտ: Չեմ կարողանում երկու կրակի միջից դուրս գալ:
ՎԱՍԱԿ — Ի՞նչ կրակ, տեր իմ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Այս հայ նախարարների երեսանց ուրացումից:
ՎԱՍԱԿ — Երեսա՞նց:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Հանգիստ, տեր մարզպան: Մեր տանն ենք, մեր մեջ ենք խոսում: Գործը սկզբից ծուռ բռնեցինք: Եթե Արտաշատի ժողովի անպատկառ պատասխանի պատճառով նախարարներ էինք կանչում Դուռը` պետք է բոլորին կանչեինք, ոչ թե մի քանիսին: Բայց հիմա ուշ է: Սրանց գլուխը կտրելով՝ մեր գլխի ցավը չի կտրի: Գլխացավանքի մեծ մասը Հայաստան մնաց: Հիմա այնտեղ մնացած հայ իշխանները անգղների պես մագիլները սրած՝ սրանց են սպասում: Հա, իմիջիայլոց, խոսքով ընկա, մոռացա ասել… Քեզ կանչել էի մի թեթև բան հաղորդելու: Արքան պատանդ է ուզում:
ՎԱՍԱԿ — Պատա՞նդ…
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Չգիտե՞ս, հասարակ սովորություն է: Պատանի հասակում դու էլ պատանդ ես եղել պարսից արքունիքում: Եվ ինչ, դժգո՞հ ես միթե:
ՎԱՍԱԿ — Իհարկե, ոչ…. այնտեղ եմ ես մարդ դարձել:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Արքան ինձ հարցրեց, թե ում վերցնենք նախարարներից, ես ասացի, քանի որ դա լուրջ բան չէ՝ թող մարզպանի որդիները համարվեն պատանդ: Նրանք եկել են զորական ուսման, առանց այն էլ մնում են, էլ ի՞նչ հարկ կա նախարարներից մեկին պահել:
ՎԱՍԱԿ — (հազիվ զսպելով հուզմունքը): Եթե սովորություն էր, կարելի էր նախարարներից վերցնել պատանդ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Է, ի՞նչ հարկ նա-խարարներին պահել այստեղ, երբ նրանք գործ ունեն Հայաստանում: Հետո, Վարդանը կյանքը կտա՝ պատանդ չի տա իրեն: Չէ, չէ, գլխացավանք պետք չէ: Պատանդ կվերցնենք հավատարիմ մարդուց, ի՞նչ գործ ունենք կասկածելիների հետ: Ինձ համար էլ հարմար է, ես Բաբիկին ու Ներսիկին սիրում եմ իմ որդիների չափ: Կմնան, զորական արվեստ կսովորեն, դու էլ Հա- յաստանում կնվիրվես մեր գործին: Դու` ուրիշ, նախարարներն` ուրիշ:
ՎԱՍԱԿ — (մեծ դժվարությամբ): Ես երջանիկ եմ, որ այդքան վստահում ես ինձ: Ես Բաբիկին ու Ներսիկին բերել էի ոչ միայն զորական կրթության, այլև որ քեզ նվիրեի:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Նրանք կապրեն իմ ապարանքում: Ես նրանց ոչ մի տեղ չեմ թողնի, որ գնան, նեղություններ կրեն: Նրանք լավ ուսում կառնեն ինձ մոտ: Շատ ուրախ եմ, որ դու էլ իմ չափ ուրախ ես: Մինչև մեկնելդ զավակներդ քեզ մոտ են, մեկնելուցդ հետո իմ զավակներն են: Գնա, տես, գուրգուրիր, կարոտդ առ…
նա, ւրգուրիր, կարոտդ առ:…
Վասակը մռայլ դուրս է գալիս Միհրներսեհի ապարանքից, քայլերն անհաստատ են, կարծես հարբած լինի: Գադիշոն սպասում է նրան:
ԳԱԴԻՇՈ — Ի՞նչ պատահեց, տեր մարզպան, անառո՞ղջ ես:
ՎԱՍԱԿ — Զավակներիս կորցրի, իշխան… զավակներիս:
ԳԱԴԻՇՈ — (կարեկցանքով): Դժվար է իշխանության ճամփան, տեր մարզպան: Դեռ ինչ փորձանքներ կան առջևում… մտքովդ չի անցնի…

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ
Արտաշատի հրապարակում մեծ բազմություն է հավաքված: Հնչում են եկեղեցու տագնապալի զանգերը:
ԵՂԻՇԵ — Լսեցեք ինձ, ողբացյալներ, ուխտյալները դրժեցին իրենց ուխտը: Ուրացան հայրենիքն ու իրենց: Գալիս են արյաց զորքով, մոգերով: Գալիս են մեր արմատը կտրելու, մեր կրոնը, մեր լեզուն… Ուզում են մեր Աստծուն խլել մեզնից: Զենք վերցրեք, մենք պիտի պահենք մեր իրավունքն ու պատիվը: Ի զե՛ն…
ԱՌԱՔԵԼ — Կգնանք, հայր սուրբ, ով ճամփին կմիանա մեզ` թող մեզ հետ դուրս գա բռնավորի դեմ:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — Ոչ, ոչ, սպասեք… Ինչպե՞ս եք համարձակվում սպարապետին զրպարտել: Իմ տերը հավատարիմ է ուխտին, նա ուրացող չէ:
ԶՈՀՐԱԿ — Իմ հայրը մահ կընդունի՝ չի ուրանա իր հայրենիքն ու հավատը:
ԵՂԻՇԵ — Սպասենք, մինչև ինքը կգա, և տա Աստված, կսրբի չարախոս հռչակը:
ՁԱՅՆԵՐ — Մեծ Տիկինը եկավ… Մեծ Տիկինը…
Ծանր քայլերով, աղախինների թևերին հենված, մտնում է Մեծ Տիկինը և մոտենում Մամիկոնեից տիկնոջը:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Դստրիկ, ի՞նչ բոթ է… Ո՞ւր է Վարդան Մամիկոնյանը:
ԵՂԻՇԵ — Տեր սպարապետը ճանապարհին է, Մեծ Տիկին:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Պաշտպա՞ն է հայրենիքին:
ԵՂԻՇԵ — Այդ գիտեն ինքն ու իր խիղճը: Դեռ ոչինչ հայտնի չէ:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Լո՛ւռ, հայր սուրբ, լո՛ւռ… Բոլո՛րդ լուռ: Ի՞նչը հայտնի չէ, այն, որ չի՞ ուրացել հայրենիքին: Այդպես չխոսեք, ձայներդ անցյալի հանգստարանը չհասնի, այդպես չխոսե՛ք: (Մոտենում է թոռանը և ասես մեքենաբար շոյում է նրա գլուխը:) Համազասպը չիմանա, Մուշեղը չիմանա, Սուրբ Սահակը չիմանա… Չլինեմ-չիմանամ այդպիսի խոսք: Հեռո՛ւ գերեզմանոցից…
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — (չոքում է Մեծ Տիկնոջ առաջ): Առերես է ուրացել, Մեծ Մայր:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Առերե՞ս… Հայրենի՞ն… Չի՞ նահատակվել: Նահատակվել է, նահատակվել… (Հանկարծ մի մարդկային, ավելի ճիշտ, պառաված արծվի կռնչոցով խռովվում է թանձրացած լռությունը:) Համազա՛սպ, վե՛ր կաց… Համազա՛սպ, վե՛ր կաց, որդիդ քեզ ուրացավ: Սասանեց տունը Մամիկոնեից…
ԱՌԱՔԵԼ — Ավա՛ղ տանն Մամի-կոնյան…
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Վաչե՛, Վասա՛կ, Մուշե՛ղ… վեր կացեք, տեսեք օրը դատաստանի…
ԶՈՀՐԱԿ — Մեծ Մայրիկ, սուտ է, մի հավատա: Սո՛ւտ է…
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Համազասպ, քեզ հետ եմ, չե՞ս վեր կենում` ձայն տուր` գամ: Աշխարհ տուն չունեմ, դադար չունեմ, որբ եմ զավակից: (Ման է գալիս ամբոխի մեջ:) Ի՞նչ են ասում… ուրացել ես… Ինչպե՞ս է եղել, որ եղել է: Դո՞ւ, Վարդա՞նը… Չէ, այդ դու չես, Վարդանը չի եղել… Վարդանը երազ էր: Հասակով, տեսքով, զենքով, խոսքով երազ էր… (Աչքին ինչ-որ բան է երևում, պոկվում է ամբոխից, խոսում դատարկ տարածության մեջ:) Ո՞վ եք, մեռելնե՞ր, ուրունե՞ր, կանգնել եք նախնյաց հետ… ո՞ւր է Վարդանը: Ինչպե՞ս թողիք նրան մենակ: Գնացեք, բերեք իր մոր դատաստանին…
ԵՂԻՇԵ — Կգնանք, Մեծ Տիկին…
Մեծ տիկինը սթափվում է տեսիլքից, քաշվում մի անկյուն և մոռացած իր ծագումը` գլխիկոր նստում է գետնին, ծնկները հավաքում ու մտքերի մեջ սուզվում:
ԵՂԻՇԵ — Տիկին Մամիկոնեից, քեզ է նայում աշխարհն Հայոց: Ուրանո՞ւմ ես ուրացյալին:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — Իմ տերը չի՛ ուրանա իր հայրենիքը: Նա Մամիկոնյան է:
ԵՂԻՇԵ — Բայց մինչև կգա և կվկայի ճշմարտությունը՝ պարտավոր ես, տիկին, առաջի Աստծո և ազգի: Ասա, մինչ այդ ուրանո՞ւմ ես ուրացյալին:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — Ուրանում եմ… ուրացյալին…
ԵՂԻՇԵ — (Զոհրակին): Եվ դու, իշխանիկ, ուրանո՞ւմ ես ուրացյալին:
ԶՈՀՐԱԿ — Մինչև կգա հայրս և իր բերանով կխոսի ճշմարտությունը՝ ուրանում եմ ուրացյալին:
ԵՂԻՇԵ — (ժողովրդին): Եվ դու, աշխարհ Հայոց, ուրանո՞ւմ ես:
ՁԱՅՆԵՐ — Ուրանո՛ւմ ենք:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — (արթնացած իր մտքերից՝ վեր է կենում): Դստրիկ…
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — Ի՞նչ կհրամայես, Մեծ Տիկին:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Գնա, հանել տուր Մուշեղ Մամիկոնյան սպարապետի սուրը, նժույգ թամբել տուր:
ԶՈՀՐԱԿ — Մեծ մայրի, մեծ մայրի… ինչե՞ր ես խոսում…
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Եթե նա պաշտպան չի կանգնել հայրենիքին՝ ես եմ պարտական կանգնել: (Ներկաներին.) Եթե դեռ չեք գնացել ուրացյալների դեմ` ես կգնամ, թող ինձ շանթի թշնամու սուրը:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — Մեծ Տիկին, չես դիմանա… Թող` մենք գնանք…
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Ոչ, ես պիտի գնամ նրան դատաստան: Կտամ նախնիների սուրը, կա՛մ թող զարկի իր մորը, կա՛մ տեսնեմ` ինչ կրակ-ների մեջ է զավակս:
ԶՈՀՐԱԿ — Մեծ մայր, ո՞ւր ես գնում, հապա մենք ինչի՞ համար ենք:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Չէ, գառնուկս, ես գործ ունեմ, իզուր մի համոզեք: (Ծնկներն է ծեծում:) Մամիկոնեից զարմը, զինվորյալ ժողո­վրդի սպարապետը ինչպե՞ս կարող էր հայրենին ուրանալ: Դեմը կտանեմ աշխարհը, թող աշխարհին տա պատասխան: (Մամիկոնեից տիկնոջը` խիստ:) Դե, ինչ որ ասացի…
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — (աղախիններին): Մեծ Տիկնոջ համար բերեք Մուշեղի սուրը և մի թեթև սաղավարտ: (Մեծ Տիկնոջը.) Ես էլ կգամ քեզ հետ սրբելու Մամիկոնեից տան նախատինքը: (Լաց է լինում:)
ԶՈՀՐԱԿ — Զինվորյալները չե՛ն լալիս: Ճակատամարտում լաց չեն լինում, կռվում են: Սա էլ ոգու ճակատամարտ է:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — Էհ, գառնուկս, լաց ենք լինում, որ թույլ մարդը գնա մեջներիցս: Զինվորյալի համար չկա ծնող, ամուսին, զավակ, մենք հիմա ազգինն ենք և հայրենիքինը:
ԱՌԱՔԵԼ — Եթե այդպես են խոսում Մամիկոնեից տան կանայք, մենք այլևս վախենալու բան չունենք:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — (Անահիտին): Մի տխրիր, աղջիկս, եթե Արտակ Մոկացը ուրացել է, ասել է` մեռել է: Մեռելի չեն սպասում, հանիր սրտիցդ նրան:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Հանի՛ր, այլևս Արտակը չկա, սև հագիր, սուգ մտիր, ողբա, սառը ջուր ածիր գերեզմանին, սիրտդ պաղեցրու…
ԱՆԱՀԻՏ — Գիտեմ, Մեծ Տիկին, բայց չեմ կարողանում… Սիրտս ուրիշ բան է ասում:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Ի՞նչ, կրակապաշտի՞ն պիտի ընդունես գիրկդ, մոգերի մո՞տ ուսում առնես, ի՞նքդ ուրանաս հայրենիքդ:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — Ծունր դիր, աղջիկս, աղոթիր և սրտիցդ հանիր նրան հավիտյան: Ափսոս…
Աղախինները բերում են Մուշեղ սպարապետի սուրը և սաղավարտ:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — (սաղավարտը դնելով գլխին): Աշխարհ Հայոց, հող հայրենի, անպարտ արա սպարապետի մեղավոր մորը, ընդունիր արյունս:
ԱՌԱՔԵԼ — Ընդունական է… Արդար է…
ՄԵԾ ՏԻԿԻՆ — (Մամիկոնյան տիկնոջը և մյուս կանանց): Հանեցե՛ք մաշիկներդ, դուք զինվորյալ եք: (Կանայք մի պահ տատանվում են:) Ի՞նչ, ռամիկ զինվորյալը որ բոբիկ է, ինչո՞վ է պակաս ձեզանից: Կռվի մեջ բոլորս հավասար ենք:
Կանայք հանում են կոշիկները:
ԵՂԻՇԵ — Կեցցե՛ն փափկասուն տիկ-նայք Հայոց աշխարհի:
ԱՌԱՔԵԼ — Ավա՛ղ տանն Մամիկոն- յան… Ավա՛ղ…

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ
Եկեղեցի: Սկսվել է մաղթանքը՝ կաթողիկոսի գլխավորությամբ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Օրհնեսցի և պահպանեսցի և նախախնամյալ պահեսցի արևելյան կողմն աշխարհիս և հայրապետության հայոց: Օրհնեսցի և պահպանեսցի և նախախնամյալ պահեսցի արևմտյան կողմն աշխարհիս և թագավորություն քրիստոնեից: Օրհնեսցի և պահպանեսցի և նախախնամյալ պահեսցի հարավային կողմն աշխարհիս, երկիրս, անդաստանս և պտղաբերություն տարվույս: Օրհնեսցի և պահպանեսցի հյուսիսային կողմն աշխարհիս…
Դրսից աղմուկ է լսվում: Երևում են սպիտակազգեստ մոգերը, որ գալիս են ջահերի լույսով ողողված:
ՄՈԳՊԵՏ — (կաթողիկոսին): Դեն քաշվիր, անիծապարտ, չե՞ս տեսնում` հասավ ամենասուրբ կրակը:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — (սպառնալի): Ո՞ւր… ո՞ւր… (Առաջ է վազում և բռնում մոգպետի թևը:) Չքվի՛ր, սատանա…
Մոգպետը կոպիտ հրում է Մեծ Տիկնոջն ու գետնին գցում նրան:
ՄՈԳՊԵՏ — Հանձնիր եկեղեցին, անհավա՛տ…
Մաղթանքը չի ընդհատվում, է՛լ ավելի բարձր է հնչում հոգևոր երգը որպես ներխուժման ուրույն պատասխան: Մոգպետը փորձում է հարձակվել կաթողիկոսի վրա, բայց վերջինս գավազանով հարվածում է նրան, գոչելով` «Մեղա քեզ, Տեր, մեղա»: Մոգերը բռնում են իրենց առաջնորդին, որ չընկնի:
ՄՈԳՊԵՏ — Սրբազան ջա՛րդ… սրբազան ջա՛րդ…
Եվ նոր միայն ուշաթափ փռվում է գետնին: Սկսվում է ընդհարումը:
ԱՌԱՔԵԼ — Ջարդե՛ք անիծյալ շներին… Մի թողեք` պղծեն եկեղեցին:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Թո՛ղ Աստված ձեզ զորավիգ լինի… Շարունակեցեք հոգևոր երգը, թող նա էլ մասնակցի այս կռվին:
ԱՌԱՔԵԼ — (տագնապով): Զզո՛ւյշ, զորք են կանչում: Պատրաստ եղեք կռվի…
ՄԵԾ ՏԻԿԻՆ — (մերկացնելով սուրը): Ելե՛ք, հայրենին ձեզ օգնական…
Թշնամու նետը խոցում է Անահիտին, նա ընկնում է: Մամիկոնեից տիկինը բարձրացնում է նրա մարմինը, սեղմում կրծքին:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — Չմեռնես… ի սեր Աստծո, չմեռնես, դեռ այնքան բան կա անելու…
Կռվի թեժ պահին մոգերն ան­սպասելի ետ են քաշվում: Բազմության մեջ լսվում են` «Ճա- նապարհ, ճանապարհ» և մթան քողը պատռելով` երևում են նախարարները: Նրանց հետ են պարսիկները` Դենշապուհի գլխավորությամբ: Կանգնած են դեմ դիմաց` ամբոխն ու նախարարները: Վարդանը ցնցվում է` նկատելով մոր և մյուս կանանց զինավորումը:
ՎԱՐԴԱՆ — (ճնշված, խեղճ ձայնով): Մայր, ո՞ւր ես եկել…
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Ա՛ռ հորդ սուրը, զարկիր մորդ…
ՎԱՐԴԱՆ — Ախ, մայրի, մայրի…
Համբուրում է սուրը և տալիս թիկնապահին: Մեծ Տիկինը զայրույթով խլում է սուրը թիկնապահից և դնում պատյանը: Արտակը, տեսնելով վիրավոր պառկած Անահիտին, նետվում է դեպի նա:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — Մի՛ մոտենա, նա ուխտյալ է:
Արտակը էլի մի քայլ է անում դեպի Անահիտը:
ԱՆԱՀԻՏ — (նվաղած ձայնով): Հեռու կաց, իշխան…
ԳԱԴԻՇՈ — Անահի՞տ, ինչո՞ւ ես գետնին պառկած, ինչո՞ւ ես այստեղ: Ի՞նչ գործ ունես սրանց մեջ… Աստված իմ, վիրավո՞ր ես… Եկ, տանեմ քեզ տուն… Ե՛կ, սիրունս, եկ…
ԱՆԱՀԻՏ — Ես տուն չեմ գա, իշխան:
ԳԱԴԻՇՈ — Ի՞նչ իշխան, գժվե՞լ ես, ինչ է, ես քո հայրն եմ: Նա զառանցում է, ժողովուրդ…
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԻԿԻՆ — Չմոտենա՛ս… Ուրացյալն ի՞նչ կապ ունի ուխտյալի հետ:
Արտակը և Գադիշոն կանգնած են դեմ-դիմաց: Ատելությամբ նայում են իրար:
ԳԱԴԻՇՈ — Ես այն օրը պիտի վերջ տայի կյանքիդ… Ոչինչ, դեռ ուշ չի…
Մինչ այդ նորանոր վիրավորներ են բերում-պառկեցնում գետնին: «Խոշտանգվածը…»,- լսվում է ամբոխի միջից: Առաջ է գալիս դեմքը փաթաթած, վիրավոր մեկը:
ՎԱՍԱԿ — Ո՞ւր, ո՞ւր… բռնեցեք դրան, մի թողեք մոտ գա…
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Զինվորյալին ձեռք չտաք: (Չոքում է, բարձրաձայն աղոթում:) Զինվորյալի բերանով լսիր մեզ, Տեր Աստված:
ԽՈՇՏԱՆԳՎԱԾԸ — (խարխափելով): Դենշապուհ պարսիկ, ո՞ւր ես… Ո՞ւր ես, Դենշապուհ պարսիկ… (Բռնում է Դենշապուհի թևը: Թիկնապահները փորձում են հեռացնել, բայց նա մոլուցքով բռնել է նրա թևն ու բաց չի թողնում:) Վրե՛ժ… Աշխարհի վրե՛ժը… վրե՛ժ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Տյարք Հայոց Աշխարհի, եթե ձեր կամքով են գործվում այս չարիքները` մխեցեք ձեր սրերը մեր կուրծքը, իսկ եթե ձեր կամքով չեն՝ հանեցեք վրեժը:
ԱՌԱՔԵԼ — Մեկ է, վրեժը մենք կհանենք:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Հիշեցեք ձեր նախ­նյաց մեծագործությունները: Ձեզ են նայում Սուրբ Գրիգոր, Սուրբ Սահակ և ձեր փառավոր նախնիք: Ահա մեր պարանոցը, վերջացավ մեր երկյուղը մահի: Տեր սպարապետ, հանցանք է լռել, երբ հայրենիքը վտանգի մեջ է: Ժողովուրդը քեզ է սպասում: Բարձրացրո՛ւ ձայնդ:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Վարդան Մամիկոնյան, սպարապետ հայոց… ո՞ւր ես, հիշիր հայրենիդ:
Վարդանը խոժոռվում է, ընդոստ շարժումով թափ է տալիս գլուխն ու առաջ է գալիս:
ՎԱՐԴԱՆ — Մինչև ե՞րբ պիտի հան-դուրժենք բռնություն ու կեղծիքը: Մինչև ե՞րբ շրջենք գողերի, խեղկատակների նման, տանջենք ժողովրդի խիղճը, ծախենք մեր պատիվն ու ազնվությունը: Հացկատակներ եկանք հայրենի տուն, կեղծարարնե՞ր… Դուք, տյարք, չգիտեմ` ինչ եք մտադիր, չգիտեմ` ինչ կձեռնարկեք, բայց ես ծառան եմ իմ աշխարհի և նրա զինվորը:
Խաչակնքում է: Բազմությունը, հանգիստ շունչ առած, նույնպես խաչակնքում է:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Հիմա հոժար եմ հողիս…
Պարսիկները, Վասակը և Գադիշոն զայրացած հեռանում են:
ՎԱՐԴԱՆ — (վերջին փորձն անելով, անկեղծ): Տեր մարզպան, մի գնա… մնա՛ մեզ հետ:
Վասակի և Վարդանի հայացքները մի պահ մեխվում են իրար, ապա Վասակը հեռանում է թափով:
ԱՄԱՏՈՒՆԻ — Սա ապստամբություն է, Վարդան:
ՎԱՐԴԱՆ — Պատերազմ է, Վահան, պատերազմ: (Չոքում է մոր առաջ:) Կռվից առաջ օրհնիր, մայր:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Աստված օրհնի, զավակս: Ներիր, որ կասկածել եմ քեզ:
ԱՆԱՀԻՏ — (հազիվ լսելի): Ներիր, Արտակ…
Բոլորը դուրս են գնում:
ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ
Հրապարակ: Դենշապուհը և մյուս պարսիկները կապկպված են:
ՎԱՐԴԱՆ — Ո՞վ է լինելու այս արյունների հատուցողը, տեր մարզպան:
ՎԱՍԱԿ — Ամենքս:
ՎԱՐԴԱՆ — Ամե՞նքս: Ինչո՞ւ բերիր սյունյաց զորագունդը մեր դեմ: Ինչո՞ւ հային կռվեցրիր հայի դեմ:
ՎԱՍԱԿ — Պաշտպանելու կարգն ու պատշաճը:
ՎԱՐԴԱՆ — Սա՞ է կարգն ու պատշաճը: Թող ժողովուրդը դատի ինձ ու քեզ: Վերցրեք քարերը…
ԳԱԴԻՇՈ — Տեր Մամիկոնեից…
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ` տեր Մամիկոնեից… Բավ չե՞ն խարդավանքները:
ՎԱՍԱԿ — (անմիջապես տիրապետելով իրեն): Ես փորձ արի ճնշելու ապստամբությունը: Բայց կասեմ առաջի Աստծո և աշխարհի: Ուժ տվեք ինձ, և ես ձեզ հետ եմ պարսից դեմ: Տվեք ինձ Բյուզանդիոն, տվեք հոները, տվեք զորաբանակ…
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Տեր մարզպան, այդքան հե՞շտ ես դավաճանում տիրոջդ: (Վարդանին.) Զգույշ եղիր այսպիսի մարդկանցից: Դրանք ոչ հայ են, ոչ պարսիկ:
ԱՄԱՏՈՒՆԻ — Տեր մարզպանը պահանջ է դնում Բյազանդիոն, հոները, հզոր բանակ: Մենք նրան կտանք այդ և նա կանցնի ապստամբների կողմը:
ԳԱԴԻՇՈ — Տեր սպարապետ, արյաց զորաբանակ է գալիս, խորհենք վիճակներս. մի տար ոտնատակ ամեն բան, բարձրացրու պատիվներս:
ՎԱՍԱԿ — Եթե ամեն բան գցվեց ոտնատակ` բարձրացնելու ոչինչ չունենք այլևս:
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչը ոտնատակ… Դավաճանությո՞ւնը, թե՞ մարզպանական պատիվը, որին զոհեցիր այսքան նահատակներ: Զավակներիդ ծախեցիր և ի՞նչ ստացար: Ի՞նչ ես ընկել պարսիկների ոտքերի տակ, նրանք ատում են քեզ, անարգում իրենց սրտում: Քծնողին ոչ ոք չի սիրում: (Ամբոխին.) Դո՛ւք դատեցեք արդարն ու մեղավորը…
Բազմությունը սպառնալի շարժում է անում: Մի ակնթարթ ևս…
ԳԱԴԻՇՈ — Տեր մարզպան, հաշտության խոսք ամբոխին…
ՎԱՍԱԿ — (առաջ գալով): Ինչպես քաջակազմ տեսնում եմ ձեզ, նույնպես քաջակազմ եղեք արյաց պատերազմում: Մոռացեք կատարվածը: Կործանեցեք ատրուշանները:
Եվ նույն բազմությունը, որ քիչ առաջ պատրաստ էր քարկոծել նրան, միահամուռ արձագանքում է` «Հրամա՛նդ»:
ԱՌԱՔԵԼ — Տվե՛ք այստեղ պարսիկներին…
ՎԱՍԱԿ — Ձեռք չտա՛լ պարսիկներին: Նրանք կդատվեն Արտաշատում: Դա իմ պայմանն է հաշտության ձեզ հետ: (Վարդանին.) Ահա հայտնում եմ և հաստատում ողջ պայմանս. դաշինք Բյուզանդիայի, հոների, վրացիների, աղվանների հետ, միաբանություն ողջ նախարարության, հոնաց բաժնի իշխանների, հզոր արքունական զորք, և ես ձեզ հետ եմ պարսից դեմ: Այլապես արեք ինձ հետ` ինչ կամենաք:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Սա էժան չի նստի քեզ վրա:
ԱՄԱՏՈՒՆԻ — Ես համաձայն եմ մարզպանի պայմաններին:
ՆԱԽԱՐԱՐՆԵՐ — Ես… ես… ես ևս…
ՎԱՐԴԱՆ — (խոցված` լռում է մի պահ): Բարի, իշխաններ, համերաշխեցեք նրանց հետ: Ես նրանց հետ չեմ: Ահա ես` մի հասարակ մահկանացու, ձեզ ասում եմ. ես ողջ Աշխարհն Հայոց կկանգնեցնեմ արհավիրքի դեմ: Կգա աշխարհը և կսրբի այս կարկատաններն էլ, այս նախարարական զորքերն էլ, մեզ էլ, և կպաշտպանի իր հայրենին: Արեք` ինչ կամենում եք, տյարք, ես գործ չունեմ ձեզ հետ:
Գնում է:
ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ
Վասակ և Գադիշո:
ԳԱԴԻՇՈ — Վարդանը Խաղխաղ քաղաքի մոտ ծանր պարտության է մատնել պարսից Սեբուխտ զորավարին:
ՎԱՍԱԿ — Գիտեմ:
ԳԱԴԻՇՈ — Հասել է Ճորա Պահակ՝ Դերբենտի կիրճը, քանդել պարսից ամրությունները և ոչնչացրել կայազորը:
ՎԱՍԱԿ — Գիտեմ: Ինչո՞ւ ես իմ իմացածը կրկին հրամցնում ինձ:
ԳԱԴԻՇՈ — Դաշինք է կնքել հոների, վրացիների և աղվանների հետ:
ՎԱՍԱԿ — (մռնչում է): Մենք ի՞նչ մարդ ենք, մի տակառ գինի խմեցինք ու չենք հարբում:
ԳԱԴԻՇՈ — Հոգսդ շատ է, տեր մարզպան, չի թողնում հարբել:
ՎԱՍԱԿ — Հոգսը ի՞մն է միայն: Իսկ քո՞նը:
ԳԱԴԻՇՈ — Այս ապստամբները մի օր կկործանեն մեզ:
ՎԱՍԱԿ — Կջնջե՛մ այս ապստամբ անունը, հոտը չեմ թողնի աշխարհում: Սա վերջն է հայոց նախարարության:
ԳԱԴԻՇՈ — Արյուն չես թափում, արյուն… մի լավ արյուն, որ… Ահա քո հանցանքը:
ՎԱՍԱԿ — Արյուն թափեցի եկեղեցու բակում:
ԳԱԴԻՇՈ — Ուշացար: Սակավ էր: Ակամա էր:
ՎԱՍԱԿ — Ավերակների՞ն թագավոր դառնամ: Ողջ Հայոց Աշխա՞րհը կոտորեմ…
ԳԱԴԻՇՈ — Ողջ Հայոց Աշխարհը: Մտել ես աշխարհակալության խաղ՝ խաղա նաև արյան հետ:
ՎԱՍԱԿ — Ասա կրակին, որ Վասակը սնանկացավ զոհեր տալով նրան: Ասա` բավական է, ինչ որ լցրի նրա այրող բերանը: Ասա կրակին, որ երբ Բաբիկի ըմբոստ աչքերը նայում են Վասակին, երբ աղետալի Ներսիկի, այդ անմեղ աղավնու դեմքը սգով նայում է սենյակիս անկյունից` արյունը չորանում է սրտիս մեջ: Օր չի լինում` չկախեմ, չխոշտանգեմ: Ամբողջ ա՞զգը պիտի կախեմ: Սա ի՞նչ ուսմունք է, ո՞ր մարդկային սրտի համար է սա: Էհ, հետամնաց աշակերտ դուրս եկանք այս խրթին և արյունալի ուսմունքի մեջ:
ԳԱԴԻՇՈ — Բացի արյան ապացույցից` ուրիշ ոչ մի փրկություն չունես: Արյունը պիտի վկայի անմեղությունդ Հազկերտի առաջ: Եթե ոչ՝ տանուլ կտաս:
ՎԱՍԱԿ — Լցրու, էլի՛ լցրու: Չեմ հարբում:
ԳԱԴԻՇՈ — Թագավորություն ես ուզում` առանց թագավոր լինելու մեջդ: Թագավորը մորթում է, ջարդում, ոչնչացնում: Թագավորը ոտնատակ է տալիս ամեն մարդու ամեն ինչը՝ խիղճը, պատիվը, հպարտությունը, գութը: Իսկ դո՞ւ… Թագավորը ծախում է երկիրը, ժողովուրդը: Այո՛, տեր մարզպան, այո՛, տեր իմ արքա: Ես այսպես եմ խոսում հետդ, որովհետե գիտեմ, որ դու կարող ես մտադրվել, բայց չես կամենում: Արյուն չես ուզում թափել առատորեն, մինչդեռ պետք է թափել հեղեղներով:
ՎԱՍԱԿ — (մթագնած աչքերով ձեռքը խփում է սեղանին): Հազկերտը… Այդ արյունռուշտ գազանը: Այդ արնախում բորենին… Չլիներ ներհակությունը մեր ու Վարդանանց, ինձ հետ լիներ նա արյաց դեմ՝ այդ կատաղի ցուլը կտեսներ, թե որքան Վարդանի գոռոզությունը նաև իմ գոռոզությունն է: Վարդանը կործանում է տանում երկիրը, Վարդանը ինձ հետ չէ թագավորության ձգտման մեջ: Այլապես Վարդանն իմ ցեղն է: Ափսո՛ս…
ԳԱԴԻՇՈ — Միհրներսեհը հիմա շուն կտրեց այնտեղ, կսպանի խեղճ պատանդներին: Չի խնայի: Կսպանի, անշուշտ, կսպանի…
ՎԱՍԱԿ — (գույնը գցած): Լցրու, էլի՛ լցրու… Դու էլ խմիր, գլուխ մի պահիր…
ԳԱԴԻՇՈ — Հիմա լուրը հասած կլինի Հազկերտին: Ինչեր պատմած կլինեն… Այ, հիմա պոզերը կցցի կատաղի ցուլը: Քեզ կմեղադրի ամենից առաջ և ամեն բանում: Որ Միհր մոգպետը անմտածված գործ բռնեց, կռվի պատճառ դարձավ, որ Դենշապուհը արյունահեղություն էր որոնում, որ մեր մոլեգնած սպարապետը ապ­ստամբության կրակ վառեց — սրա մասին ոչ ոք չի խոսի: Բոլորի հանցանքը կգցեն քո վիզը: Փորձիր հասկացնել, ցույց տալ իսկական հանցավորներին` լսողն ո՞վ է: Հիմա էլ պատերազմը վառվում է, դեպքերը մեծանում են, ո՞վ ժամանակ ունի և սիրտ` քեզ լսելու: Տերության գործերն այդպես են: Կյանքը հենց այդպես է:
ՎԱՍԱԿ — (ոռնում է): Թույլ է գինին… թո՛ւյլ…
ԳԱԴԻՇՈ — Ափսոս Բաբիկն ու Ներսիկը, լավ պատանիներ էին…
ՎԱՍԱԿ — Ինչո՞ւ` էին… Ե՛ն:
ԳԱԴԻՇՈ — Խոսեցի հետները վերջին օրը: Գնալիս՝ ճանապարհին էլ շատ եմ խոսել նրանց հետ, սքանչելի տղաներ էին:
ՎԱՍԱԿ — (կատաղի, բայց, միաժամանակ, անզոր): Ինչո՞ւ` էին… Ե՛ն:
ԳԱԴԻՇՈ — Սրանց կգզգզեն, կտան ամբոխի բերանը, ողջ տեղերը ականջները կթողնեն: Դու, Հազկերտ, եկ ու մարսիր: Գիտե՞ս` ինչ անարգանք է սա արքայի անձին: Սրանից հետո ի՞նչ Բաբիկ, ի՞նչ Ներսիկ… Դու ինքդ արդեն դատի տակ ես այս պահին: Եթե Հազկերտը Վարդանին գցի իր ճանկը` այնպես չի պահանջի, ինչպես քեզանից: Սաստկագինս կպահանջի: Կասի` նա իր ազգի սպարապետն է, նա կարող էր դավաճանել ինձ: Բայց դո՞ւ, դու մարզպան ես, իմ պաշտոնյան:
Վասակը, գինուց մթնած աչքերով, վախեցած վեր է կենում և խոսռւմ, բայց ոչ Գադիշոյի, այլ ինքն իր հետ:
ՎԱՍԱԿ — Ամեն անկյունից համառորեն ինձ է նայում: Անշարժ է, մտախոհ, ինքնամփոփ: Հպարտ վիշտ կա աչքերում, զավակներին նվիրված մոր վիշտը: Ոչինչ չի պահանջում ինձանից: Դե, խոսի՛ր, ձա՛յն հանիր, սպառնա՛, անիծի՛ր… Չէ, պիտի տանջի ինձ իր լռությամբ: Նա հիմա կշրջվի և հպարտ վշտով, չորացած շրթունքներով ինձ կնայի: Ահա, ահա… Շրջվեց: Գադիշո, ես ի՞նչ պատասխան տամ նրան:
ԳԱԴԻՇՈ — Քեզ արդեն դավաճան են համարում: Ազգի դավաճան: Բայց էլ ո՞ւր է ազգդ, ագգը վերջանում է: Չունենք ուժ, չունենք իշխանություն, չենք էլ ունենա: Այլևս ի՞նչ դավաճան, կամ` ոչ դավաճան… Բայց որ հիմա դու պարսկանում ես, տանդ ատրուշաններ են վառվում, միջանցքներում մոգեր են ման գալիս, հիմա որ դու հրաժարվում ես մի ազգից, որ վերջանում է՝ քեզ մահով են սպառնում: Եվ ցավ է, որ քո այս բաները չեն հասկանում սրանք, թշնամանում են հետդ, իսկ մյուս կողմից չեն հասկանում նաև արյաց մեծամեծները: Երկու կողմի համար դուրս ես գալիս դավաճան: Ծանր է վիճակդ…
ՎԱՍԱԿ — (դարձյալ ինքն իր հետ): Ես ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չկա շուրջս, միայն անասնական դեմքեր, արբշիռ աչքեր, մշուշ, արյունային խմոր, ամբոխներ, որ կատաղի վազում են կորստյան անդունդը… Գիտեմ, թե ինչ են ուզում ինձանից: Հեռացրե՛ք դրանց աչքիցս…
ԳԱԴԻՇՈ — Ո՞ւմ, տեր մարզպան:
ՎԱՍԱԿ — Հեռացրե՛ք, չտեսնեմ… Այդ խոտե աչքերը… Ասացեք` չգա՛ն, մթան մեջ նայեն, չգա՛ն երազիս՝ քարանալու դիմացս…
ԳԱԴԻՇՈ — Գնանք, տեր մարզպան, հանգստյան օթևան:
ՎԱՍԱԿ — Եթե այս տագնապը պիտի լինի մեր կերակուրը, մեր քունը, ապա մենք շուտով կդառնանք կենդանի մեռելներ: Սարսափելի է զրադաշտի վարակը, լափում է և՛ հորը, և՛ զավակին, և՛ ամեն ինչ: Ո՞վ ունի այդքան զոհ, ո՞ր սիրտը պիտի տանի հոր կսկիծը, մոր տառապանքը, խղճի թունոտ խայթը: Եվ ի՞նչ է այս բոլորի վարձը` մի սարսափելի անուն…
ԳԱԴԻՇՈ — Դավաճան: Ահա այդ անունը, տեր մարզպան: Մի մոռացիր…
ՎԱՍԱԿ — (ագահ խմում է կուժից, գինին վրան թափելով, նույն գինով լվանում է երեսը և խոսում` ազատված մղձավանջից): Ներիր, իշխան, կրքիս հիվանությունը շարժվեց ակամա: Այո, հանգստանանք և սովորենք այդպես ապրել: Մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում: Վրդովվելու բան չկա այստեղ: Գնանք մտնենք անկողին, և թող բարկության բժիշկը ետ բերի մեր սառնասրտությունը: Առավոտյան ինձ կտեսնես կազդուրված և նորոգ: Բարի գիշեր:
ԳԱԴԻՇՈ — (ինքն էլ է հարբել): Այ, հիմա ինձ դուր ես գալիս… Իմ իմացած Վասակն ես էլի: Հիշիր, տեր մարզպան, մենք պարսիկների հետ ենք ծնվել, սնվել, նստել-վերկացել: Մեր տանը, օրինակ, խաչ էլ կա, կրակ էլ, իսկ իմ գլխում ոչինչ չկա: Իմս, եղբայր, որսն է և ձիարշավը: Տվեք մի խումբ լավ քեֆ անող որսորդ ընկերներ, քառասուն բարակ շուն, տասը տիկ ընտիր գինի, չորս-հինգ պար եկող աղջիկներ` ձեզ լինի ապստամբություն, Վարդան սպարապետ, Տիզբոն, Բյուզանդիա: Բայց եթե մեկն իմ նախարարությանս քեֆին դիպչի` նրա համար պատրաստ է տասը հազարանոց բանակս և բազուկս…
ՎԱՍԱԿ — (Գադիշոյի խոսքից սրտնեղած): Հուսով եմ, գործդ ավելի քաջ է, քան խոսքդ, տեր Խորխոռունյաց: Հա, իմիջիայլոց, մոռացա հարցնել, ինչպե՞ս է դուստրդ` Անահիտը: Էլի սիրո՞ւմ է մեր թշնամի Արտակ Մոկացին: Էլի հրաժարվո՞ւմ է տուն գալ: Եվ դու բախտի ծաղրը տես, ապաստան է գտել Մամիկոնյանների մոտ: Ոչ ավելի, ոչ պակաս: Խեղճ Գադիշո, պատկերացնում եմ, թե ի՛նչ դաժան բան է, երբ դուստրը երես է թեքում իր հորից: Այն էլ` քեզ նման հորից: Հիշում եմ, ինչ գուրգուրանքով ես մեծացրել նրան: Եվ սա՞ պիտի լիներ քո զոհողությունների պատասխանը: Լավ, լավ, քիթդ մի կախիր… Լույսը կբացվի, բարին էլ հետը: Բարի գիշեր:
ԳԱԴԻՇՈ — (հազիվ թշնամանքը զսպելով): Լույս բարի, տեր մարզպան:

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Հավաք՝ Կաթողիկոսի, Եղիշեի և Վարդանանց նախարարների մասնակցությամբ:
ԱՄԱՏՈՒՆԻ — Ի՞նչ լուր, սպարապետ:
ՎԱՐԴԱՆ — Մեր հետախույզները հայտնեցին, որ պարսից զորաբանակն արդեն ճամփա է ընկել դեպի Հայաստան: Հեծյալ խոշոր զորաբաժիններ ունի և բերում է մատյան գունդ` հիսուն փղերով:
ԱՄԱՏՈՒՆԻ — Որքա՞ն կլինի թիվը:
ՎԱՐԴԱՆ — Երկու-երեք հարյուր բյուր:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Օր ահեղ, եկավ վերջին դատաստանը, վախճանն աշխարհի:
ՎԱՐԴԱՆ — Շուտ ես ողբում աշխարհի վախճանը, հոգևոր հայր: Մենք միասին դեռ այնքան բան ունենք անելու:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Եվ կանենք, որդիս, մի կասկածիր: Հոգևոր հայրերը այս անգամ քարանձավները չեն մտնի: Կլինեն այնտեղ, որտեղ ժողովուրդն է: Սա բոլորիս պատերազմն է, սպարապետ, սրբազա՛ն պատերազմ:
ԵՂԻՇԵ — Կորցրինք թագավորությունը, որովհետև գաղափարը կորցրինք: Դարավոր ջանքերի արդյունքը: Գաղափարը պետության, պետական զորության: Գուցե հիմա՞ գտնենք:
ԱՄԱՏՈՒՆԻ — (Վարդանին): Բայց ինչպե՞ս կարող ես ճակատ տալ միայն քո ժողովրդով, առանց դաշնակիցների:
ՎԱՐԴԱՆ — Ինչպե՞ս` առանց դաշնակիցների: Իսկ մեր բարեկամնե՞րը, մեզ պես վտանգված վրացիներն ու աղվաննե՞րը: Իսկ հոնե՞րը:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Հոնե՞ր: Հեթանոսնե՞րը փրկեն քրիստոնեությունը: Դու դիմում ես հեթանոսների՞ն:
ՎԱՐԴԱՆ — Թեկուզ սանդարամետին անդնդոց, թեկուզ դժոխոց դևերին ու սատանաներին: Թեկուզ գայլերին ու բորենիներին: Հայրենիքի կյանքն ենք փրկում: Ամենաթանկը: Սատանան անգամ եթե Հազկերտի թշնամին է` իմ բարեկամն է…
ԱՐՏԱԿ — Իսկ Բյուզանդիա՞ն:
ՎԱՐԴԱՆ — (դժգոհ): Իշխան Ամատունին դեսպան գնաց նրանց մոտ, նրան հարցրու:
ԱՄԱՏՈՒՆԻ — Կգնամ, ռամիկ հայ զինվորի ոտները կլվամ, ջուրը կխմեմ, կգնամ, նրա հետ քար կքաշեմ, փուշ կքաղեմ, այլևս չեմ դիմի այդ նենգավորներին: Սրանցից հեռու` Աստծուն մոտիկ: Ավա՛ղ, երբ օձն է բարեկամդ…
ՎԱՐԴԱՆ — Ուրեմն ի՞նչ, տյարք, հռչակո՞ւմ ենք հայրենի պատերազմ:
ԱՄԱՏՈՒՆԻ — Սպասեցեք… սպասեցեք մի փոքր: Ի՞նչ է ստացվում… Համայն ազգը պիտի գնա մահվա՞ն: Կռիվ ի բնաջնջո՞ւմն: Ես հասու չեմ, չեմ հասկանում: Ո՞վ է դրան համաձայն:
ՎԱՐԴԱՆ — Ես, ե՛ս եմ համաձայն: Ես դա որոշեցի Հազկերտի զնդանում: Հենց նա դրեց երկընտրանքը` կա՛մ պարսկացում, կա՛մ բնաջնջում: Ես ընտրեցի դիմադրությունը:
ԱՄԱՏՈՒՆԻ — Պատերազմ ի բնաջնջումն: Արյաց պետությունը կամ Հայոց աշխարհը: Պարզ չէ՞, որ Հայոց աշխարհը ոտի տակ կգնա և ոչ թե հզոր Պարսկաստանը: Ինքնասպանության վճիռ է դա: Հասու չեմ, չեմ հասկանում…
ՎԱՐԴԱՆ — Կհաղթենք թշնամուն, և հասկանալի կլինի:
ԱՄԱՏՈՒՆԻ — Չենք կարող: Ինչե՞ր ես խոսում, մոռանո՞ւմ ես` ով է մեր առաջ:
ՎԱՐԴԱՆ — Թշնամին չի հարցնում: Թշնամին կարողանալ կտա: Պետք է կարողանանք: Բացի հաղթությունից ուրիշ ոչ մի հնար չունենք:
ԱՄԱՏՈՒՆԻ — Անհնարի՞նն ես պահանջում:
ՎԱՐԴԱՆ — Անհնարինը, այո… Իսկ ե՞րբ է հայի համար հնարավոր բան եղել: Միշտ էլ անհնարինն է վիճակ ընկել մեզ:
ԱՄԱՏՈՒՆԻ — Գոնե մարզպանի հետ հաշտության մի փորձ էլ անեիր:
ԱՐՏԱԿ — Մարզպանը դավաճան է, դու ինչպե՞ս ես սպարապետին նման բան առաջարկում:
ԱՄԱՏՈՒՆԻ — Ի՞նչ մխիթարություն ինձ, իշխան, եթե մարզպանը դավաճան է, իսկ սպարապետը՝ ոչ, կամ եթե սպարապետը լիներ դավաճանը, իսկ մարզպանը` հավատարիմ: Նույն ազգինն է նույն դավաճանը: Ցավ է ինձ և ափսոսանք: Մարզպանը խոհական անձ է և կորովամիտ: Նա հետամուտ է թագավորության վերականգնման: Եվ եթե եղավ ձախողակ նրա գործը՝ ոչ ողբալ է պետք և ոչ` անիծել նրան:
ԱՐՏԱԿ — Մենք չենք ողբում, մենք ոչնչացնում ենք:
ԱՄԱՏՈՒՆԻ — Առավել ողբալի, որ հարկադիր ենք ոչնչացնելու, իշխան:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Սպարապետը հանդուրժեց Սյունի դավաճանին ավելի քան ներողամտությամբ: Սյունին արյուն թափեց:
ԱՄԱՏՈՒՆԻ — Դաժան խոսեցիր, տեր Մոկաց:
ՎԱՐԴԱՆ — Երբ չկա հաշտության եզր՝ դաժանությունը պիտի փրկի մեզ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Վեճը լավ բան է խաղաղ ժամանակ, տյարք, բայց արհավիրքի պահին մի կամք պետք է լինի, սպարապետի կամքը:
ՎԱՐԴԱՆ — Իսկապես, տյարք, ի վերջո, ո՞վ եմ ես, դո՞ւք չեք ընտրել ինձ սպարապետ:
ԱՐՏԱԿ — Մենք, իհարկե, մենք:
ՎԱՐԴԱՆ — Թե որ ես սպարապետ եմ, ինչպե՞ս կարող եմ պատե-րազմ գնալ առանց դաշնակցի, չկշռել ուժերը: Բայց կարո՞ղ եմ չգնալ, երբ նա գալիս է: Եվ եթե դաշնակիցները չեն գալիս, կարո՞ղ եմ զիջել երկիրը: Եթե իսկույն չմեկնեմ ճակատ, չկանգնեցնեմ թշնամուն սահմանի վրա, եթե թշնամին մտավ երկիր՝ պատերազմը վերջացած է: Գուցե դուք կվճռեք, որ ես սպասե՞մ դաշ-նակիցներին և ճակատամարտ տամ երկրի սրտո՞ւմ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Հայոց Աշխարհի պատերազմը հռչակված է: Հռչակել է ինքը` ժողովուրդը: Ես սպարապետի միտքը այսպես եմ հասկանում: Ինչ օգնություն էլ հասնի՝ մեզ ժողովրդական պատերազմը անհրաժեշտ է:
ԱՄԱՏՈՒՆԻ — Վերջին անգամ եմ հարցնում, սպարապետ, ինչի՞ վրա է հույսդ, պառակտված նախարարների՞:
ՎԱՐԴԱՆ — Ես մի հասարակ մարդ եմ, իշխան, չեմ կարող լեռներ շարժել: Ինձ տերունական մեծ զորք չեն տվել, որ կռվեց հունական, ես ի՞նչ գիտեմ, պարս-կական, անգամ` հայկական ռազմակարգերով: Իհարկե, ատամներով կքաշեմ, կբերեմ օտարների օգնությունը: Եթե մժեղն անգամ կգա մեզ օգնության` ես կընդունեմ նրան իմ զորքի մեջ: Բայց լավ ի միտ արեք, մեր վերջին հույսը, մեր ամենավերջին բարեկամը սեփական արյունն է:
ԱՄԱՏՈՒՆԻ — Բարի… բարի… Ես իմ խղճի պարտքը տվի: Ես համաձայն չեմ սպարապետին: Նրա բռնած ուղին կործանումն է: Բայց ես ևս զորական մարդ եմ, տյարք: Եկավ պատերազմը՝ պետք է կռվենք: Ես կռվից փախչողը չեմ: Ձեր կամքը: Ի՞նչ ունեմ աշխարհում: Մի կյա՞նք: Ձեզ, հայրենիքին: Ողջ լեր, սպարապե՛տ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Եղիշե եղբայր, գրի առ այս պատմությունը: Թող սերունդներն իմանան, թե ինչպես ենք մաքառել Քրիստոսի հավատի համար:
ԵՂԻՇԵ — Արդեն գրվում է, տեր հոգևոր, չի կարող չգրվել:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ճշմարիտ եմ ասում, տեր սպարապետ, որ եթե ժողովուրդը հայոց չի վկայի բարձրագույն ոգուն՝ ազատությունը նրան չի վկայվի: Սրանով կհաղթենք: (Ցույց է տալիս Եղիշեի մատյանը:) Սրա հրեղեն լեզվով և հրաշակերտ արվեստով: Կունենա՞ ժողովուրդը հպարտությունը սրա… Եթե չի ունենա, ապա ուրեմն մենք լոկ բույս ենք հասարակ, արարած սոսկական: Ի՞նչ շահ է հոգու խոտը անիմաստ:
Վարդանը չոքում է նրա առջև: Բոլորը հետևում են նրա օրինակին:
ՎԱՐԴԱՆ — (հուզված): Հոգևոր տեր, քո օրհնությամբ հռչակում ենք հայրենի պատերազմ:
ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Միհրներսեհի մոտ: Միհրներսեհ, Դենշապուհ, Վասակ և Գադիշո:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Անհաջողություններ շատ եղան, որոնցից, իմիջիայլոց, կարելի էր խուսափել, եթե դու, տեր մարզպան, ավելի վճռական լինեիր: Երկու ամիս է` եկել ենք Հայաստան, գյուղերը մտնել չի լինում, ամեն տեղ մոգերին ծեծում, հալածում են: Հասկանալի է, ցեղդ է, պետք է խնայեիր: Իսկ այժմ, երբ կյանքի-մահվան կռիվ է, հարկ է, որ արքային ցույց տաս, թե վերջապես ում կողմն ես:
ՎԱՍԱԿ — Ցավ է ինձ, տեր հազարապետ, եթե մինչև հիմա պարզ չէ, թե ում կողմն եմ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Լավ, անցնենք գործի: Գործի մեջ ամեն բան կերևա: Ի՞նչ ունես պատրաստ մեզ օգնելու համար:
ՎԱՍԱԿ — (խայթելով): Պատրաստ է այնքան, որքան իմ խոստովանության կարիքն ունի արյաց կողմը:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Շուտ ես նեղանում, տեր մարզպան: Զինվորականին վայել չէ դյուրազգացությունը:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Ինչպե՞ս եղավ, որ Մամիկոնյան նախարարը իր ձեռք առավ իշխանությունը և այժմ պատրաստվում է մեր դեմ դուրս գալ: Խելք ունի՞ այդ մոլեգնած սպարապետը, ունի՞ խելք այդ աղետալի ժողովուրդը, որ գնում է ինքնաոչնչացման:
ՎԱՍԱԿ — Այնպես եղավ, ինչպես կլիներ, եթե ձեր դեմ Բյուզանդիան հարձակվեր և դու, իշխան, նրա դեմ դուրս գայիր:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Թերևս այդպես… Բայց, տեր մարզպան, դու կարող էիր ավելի դյուրին գործը վերջացնել, պարզապես կաշառեիր Մամիկոնյան նախարարին: Մեր արքունիքը կվճարեր:
ՎԱՍԱԿ — Մամիկոնյան նախարարը ապստամբ է և ոչ սրիկա…
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Ապա ինչո՞ւ դու նրա հետ չես:
ՎԱՍԱԿ — Որովհետև նա՛ ինձ հետ չէ:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Իսկ ինչի՞ ես ձգտում դու:
ՎԱՍԱԿ — Ես դա կբացատրեմ այնտեղ և այն օրը, երբ շատերի դատը կլինի և ես՝ վկա: Հիմա անցնենք գործի: Սյունիքում հավաքված նախարարների զորագնդերը պատրաստ են միանալ Նյուսալավուրտի զորաբանակին: Բայց մեր անվիճելի պայմանն է, որ մենք հանդես կգանք մեր նախարարական դրոշներով:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Դուք այնքան քիչ եք, որ պարսից բանակում ձեր դրոշները չեն երևա:
ՎԱՍԱԿ — Թեկուզ: Բայց պայմանը պայման է:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Դու մի անհան­գստա- նա այդքան, տեր մարզպան: Լարված ես երևում: Արքան անհիշաչար է: Որքան էլ լինեն լավագույն թեկնածուներ մարզպանության` արքան իր մի անգամ տվածը ետ չի առնի:
ՎԱՍԱԿ — Ես հանգիստ եմ բախտի ամեն տեսակ փոփոխությունների հանդեպ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Մենք պետական պարտականությունների մասին ենք խոսում և ոչ թե անձնական:
ՎԱՍԱԿ — Պետությանը բոլորս ենք հավասար ծառա: Եվ հարգելի իշխանները` ոչ ինձանից սակավ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Եթե տեր մարզպանը փորձի կանխել պատերազմը՝ անգնահատելի ծառայություն կմատուցի արքային: Իսկ դա հնարավոր է:
ԳԱԴԻՇՈ — Այդ ինչպե՞ս է հնարավոր, տեր հազարապետ, երբ ողջ Հայոց Աշխարհը վեր է կացել արքայի դեմ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Ինչո՞ւ է վեր կացել, ո՞վ է նա, ի՞նչ է նա, պետությո՞ւն, Բյուզանդիա՞, հոնե՞րը: Այդ մենք ենք, որ խոսում ենք նրա հետ, ապա թե ոչ` ստրուկի հե՛տ…
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Ես չեմ պահանջում, որ նրանք մեծ զորքեր ունենան, լինեն ուժեղ, չեմ պահանջում, որ օգնեն մեզ, չեմ պահանջում, որ սիրեն մեզ: Բայց այդ գոռոզությունը, այդ խոսելու ձևը, հավակնությունը… Ի՞նչ ունեն, ինչո՞վ են մեծ. ի՞նչ է այդ գոռոզության հիմքը:
ԳԱԴԻՇՈ — Իշխան, Հայոց Աշխարհը, այո, խենթ է, անմիտ, անհաշիվ, բայց երբեք` ստրուկ: Եվ մեր խորին հարգանքը, որ տածում ենք դեպի արքան և նրա իմաստուն հազարապետը՝ ստրկությունից չէ, այլ մի բանից, որ արժե նրան ընծայել` անձնական արժանապատվությունից:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — (անսպասելի): Ծնողը մի նվիրական բան ունի` զավակը: Քեզ, տեր մարզպան, ուրիշ ոչնչով չենք կարող ուրախացնել, քան այն լուրով, որ քո մեծ որդին փախել է:
ՎԱՍԱԿ — (գունատված): Փախե՞լ… իսկ մյո՞ւսը…
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Մյուսը ինձ մոտ է: Ինձ մոտ…
ԳԱԴԻՇՈ — Կգա, ո՞ւր պիտի գնա, ետ կգա… Ջահելությունից է, տեր հազարապետ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Չի գա, բայց մյուսն ինձ մոտ է: (Վասակը չի դիմանում և փլվում է գահավորակին:) Պետության մարդը զավակ չունի: Վճռել ես, որքան հասկանում եմ, արքայական գահ բարձրանալ: Գահը սանդուղքի աստիճաններ չունի: Բարձրանում են զավակների, ծնողների, ժողովրդի դիակների վրայով: Այնքան էլ քաղցր չէ գահը…
ԳԱԴԻՇՈ — Հուսադրո՞ւմ, կշտամբա՞նք, ծա՞ղր… Թերևս, բոլորը միասի՞ն…
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — (բացասաբար շարժում է գլուխը): Պետության մարդը ամեն բանի ձգտում է: Դա նրա պատիվն է, պատիժը: Կարո՞ղ ես` իրավունք ունես: (Ժպտադեմ:) Այն մյուսը փախել է: Փախել է իմ ապարանքից, բայց, ըստ էության, ումի՞ց է փախել՝ արքայից: Դա այդպես չի կարող անցնել: Հուսով եմ, կհասկանա… (Վասակը մեքենաբար գլխով է անում:) Հիմա ժամն է հոգալու Վարդանի հավանական դաշնակիցներին քայքայելու գործը: Որպես լուր հասավ մեզ՝ վրացիներն ու աղվանները պատրաստ են օգնել նրան: Գործի անցիր: Ամեն գնով խափանիր դաշինքը: Բյուզանդիան խոստացել է Վարդանին օգնել, բայց կայսրը մեզ գաղտնի լուր է ուղարկել, որ բնավ միտք չունի օգնելու: Սա էլ` ձեր քրիստոնյա եղբայրները:
ՎԱՍԱԿ — Կանեմ… կխափանեմ դաշինքը… ամեն ինչ կանեմ…
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Մենք քեզ լիովին վստահում ենք, տեր մարզպան: (Երկար դադար:) Իսկ մյուսը ինձ մոտ է:
ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ
Բաբիկ և Փառանձեմ:
ՓԱՌԱՆՁԵՄ — Գիշերը բալիս տեսա, Բաբիկիս՝ ճերմակ աղավնի էր դարձել: Գիրկս եմ առել, համբուրում եմ, համբուրում… Ասում եմ՝ Ներսիկն ո՞ւր է: Ասում է` Ներսիկը թռել է:
Փառանձեմը ցնցվում է, շրջվում և ապշած նայում է որդուն: Ապա պոկվում է տեղից, ամուր գրկում նրան և դեմքը ծածկում համբույրներով: Հետո, կարծես գլխի ընկնելով, մի կողմ է քաշվում:
ՓԱՌԱՆՁԵՄ — Այս ի՞նչ օրն ես ընկել… Իմ որդին մուրացկանի տեսքո՞վ: Ինչո՞ւ են շորերդ պատառոտված: Աստված իմ… Շուտ ասա, Բաբիկ, մի տանջիր ինձ: Այս ինչքա՞ն ես մեծացել… ինձանից թաքուն: Հիմա կասեմ` ջուր դնեն, լողացիր: Շորերդ փոխիր: Հիմա, հիմա… Հեյ, ո՞վ կա այդտեղ, շուտ արեք, շուտ, իմ որդին եկել է… (Հանկարծ լռում է: Մայր ու որդի նայում են իրար:) Իսկ նա՞… Ներսի՞կը…
ԲԱԲԻԿ — Ներսիկը մնաց, մայրիկ:
ՓԱՌԱՆՁԵՄ — Ինչպե՞ս մնաց…
ԲԱԲԻԿ — Չկարողացավ փախչել:
ՓԱՌԱՆՁԵՄ — Ոչ, ոչ… չի կարող: Ոչ, Ներսիկն էլ է փախել: Փախել է, փախել… (Ուշաթափ ընկնում է հատակին:)
Բաբիկը տրորում է մոր քունքերը, ջուր ցանում դեմքին: Փառանձեմը ուշքի է գալիս, վեր կենում, չոր ու խիստ:
ՓԱՌԱՆՁԵՄ — Ասա` ինչ որ եղել է:
ԲԱԲԻԿ — Մայր…
ՓԱՌԱՆՁԵՄ — Ասա` ինչ որ եղել է:
ԲԱԲԻԿ — Ի՞նչ իմանամ… Չգիտեմ, մայր, որտեղի՞ց իմանամ… (Սկսում է անզուսպ հեկեկալ:)
ՓԱՌԱՆՁԵՄ — Մորթազերծ են արել… մորթազերծ են արել… Ներսիկիս մորթազերծ են արել: (Աչքերը սառում են անորոշ կետի:) Մի լար, որդիս, իմ զավակներս կորած էին այն օրից, որ գնացին գազանների մեջ:
ԲԱԲԻԿ — (արցունքների միջից): Հիմա ես ի՞նչ անեմ, թաքնվե՞մ… Իմ տա՞նը թաքնվեմ:
ՓԱՌԱՆՁԵՄ — Ոչ, երբե՛ք: Թող քո հա՛յրը թաքնվի:
ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գադիշո և Վասակ:
ՎԱՍԱԿ — Գադրշո, ես ի՞նչ եմ Միհրներսեհի համար, կարևոր պետական ա՞նձ այս մեծ գործի մեջ, թե՞ ժամանակավոր հագնելու մի լաթ, որ մաշվելուց հետո պիտի մի կողմ նետվի:
ԳԱԴԻՇՈ — Ասե՞մ ճշմարիտը:
ՎԱՍԱԿ — Ասա, ասա… Դու ինձ մի խնայիր:
ԳԱԴԻՇՈ — Դու պարտավոր ես Բաբիկին հանձնել Հազկերտի ձեռքը, եթե չես ուզում լաթ լինել:
ՎԱՍԱԿ — Եթե գտնվի… Ո՞ւր է, չկա շան լակոտը:
ԳԱԴԻՇՈ — Կամ հիմա է բախտդ, կամ երբեք:
ՎԱՍԱԿ — (մոլեգնած): Ոչնչացնել է պետք Հայոց Աշխարհը: Ոչնչացնենք, որ նորից ստեղծենք: Պետության մարդը ժողովուրդ չունի…
ԳԱԴԻՇՈ — Ասա, տեր մարզպան, դատարկիր հոգիդ: Գաղտնի բան մի պահիր քեզանից:
ՎԱՍԱԿ — (էլ ավելի մոլեգնած): Թեկուզ մեծ արյան գնով` ես կհասնեմ իմ նպատակին: Հայոց Աշխարհի պետության ստեղծման` թեկուզ այդ աշխարհի կեսը ոչնչացնելու: Գիտե՞ս, ոնց կփոշիացնեի, հողմացրիվ կանեի իմ ամրոցը լցված պարսիկ մեծամեծներին: Առաջին հերթին` Միհրնեսեհին, ապա` Դենշապուհին, Միհր մոգպետին, ամրոցի դռնից կկախեի ամենքին, որ այսպես օձերի կծիկ են դարձել իմ շուրջը: Խոտ լցնել կտայի սրանց բոլորի մորթիները, կշարեի սրահում, կնստեի գինարբուքի և մեկ-մեկ կխմեի դրանց բոլորի խոտե կենացը: Կհարկադրեի նրանց, որ խմեն, երգեն, պարեն իմ դիմաց, կոկորդային քրքիջով լցնեն սրահը, ամրոցը, ողջ Հայոց Աշխարհը, այդ անիծյալ Պարսկաստանը… Դժոխոց բաժին…
Մտնում են Միհրներսեհը, Դենշապուհը և մոգպետը:
ՎԱՍԱԿ — Հուսով եմ, որ իմ բարեկամները իրենց լավ են զգում իմ ամրոցում: Համարեք, որ իմ տունը ձեր տունն է:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Այդպես էլ համարում ենք, տեր մարզպան: Ամբողջ Հայաստանն է մեր տունը:
ՎԱՍԱԿ — (կուլ տալով վիրավորանքը): Եթե մի բանի կարիք ունենաք, ես ձեր տրամադրության տակ եմ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — (անսպասելի): Թաք- ցրել ես որդուդ… թաքցրել ես, թաքցրել… Հասկանալի է, հայր ես: Թերևս ես էլ անեի…
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Ես չէի անի:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Որովհետև անզավակ ես դու: Ուրեմն մեծ-մեծ մի խոսիր, դու ի՞նչ գիտես` հայրական սիրտն ինչի է ընդունակ:
ՎԱՍԱԿ — (շփոթված ու կարկամած): Ես ոչինչ տեղյակ չեմ, տյարք…
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Նա այստեղ է: Չարաճճին փախել է, բայց իզուր… Արքան նրան շնորհ կաներ, իսկ հիմա…
ՄՈԳՊԵՏ — Ես կարծում էի, թե տեր մարզպանը գիտե:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Ոչ, ինչպե՞ս կարող է իմանալ և մեջտեղ չհանել արքայի փախստականին: Չարաճճի է, չարաճճի է… (Գործնական:) Վարդանին զգուշացման դիմում կուղարկես, որ ետ կենա պատերազմից: Մենք պատերազմից երկյուղ չունենք: Երկյուղը արյունն է: Ո՞վ է դրա պատասխանատուն: Ես ամենևին չեմ կամենում, որ դու լինես:
ԳԱԴԻՇՈ — Պետությամբ, ազգով-տակով պատերազմ են սկսել, իսկ պատասխանատուն մարզպա՞նը պետք է լինի:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Այդպես է կարգը աշխարհի:
ԳԱԴԻՇՈ — Բայց քո խոսքերը, հազարապետ, հնչում են իբրև մահվան զանգ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Լսեցի՞ր զանգի ձայնը: Սուր լսողություն ունես, իշխան…
Զինվորները ներս են բերում կապկպված Բաբիկին ու Միհրներսեհի նշանով քանդում նրա կապանքները: Վասակի աչքերը մթնում են: Անզուսպ կարոտը նրան մղում է ընդառաջ վազել որդուն, բայց Գադիշոն ամուր բռնում է նրա թևից:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — (փափուկ ժպիտով): Չմնացիր տանը, զավակս, չարություն արիր:
ԲԱԲԻԿ — Իմ տունն այստեղ է:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Դու պիտի սպասեիր արքայի հրամանին, զավակս: Բոլորս նրա հրամանով ենք շարժվում:
ԲԱԲԻԿ — Ինձ համար արքա չկա:
ՎԱՍԱԿ — Բաբիկ…
ԲԱԲԻԿ — Ի՞նչ է, հայր… Ի՞նչ ես ուզում ինձանից: Ես եկել եմ տուն, մե՛ր տունը:
ՎԱՍԱԿ — Դու պատանդ ես:
ԲԱԲԻԿ — Չեմ ուզում պատանդ լինել: Այ, Ներսիկը մնաց պատանդ, ի՞նչ արին… Խոտ լցրին մեջը:
Վասակը հազիվ է պահում իրեն, որ չտապալվի գետնին:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Մենք բոլորս արքայի ծառաներն ենք, մարզպանի զավակ, նրա կամքը սուրբ է մեզ համար:
ԲԱԲԻԿ — Մի տուր շան անունը, ես արքա չեմ ճանաչում:
ՄՈԳՊԵՏ — Ահրիմանը… Ահրիմանն է խոսում…
ԲԱԲԻԿ — Ես սպարապետի զինվորյալն եմ, վախ չունեմ ձեզանից: Թքե՛լ եմ Հազկերտի վրա:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Մեղա, մեղա… (Վասակին` չոր:) Պատասխանի՛ր:
Վասակը, մշուշների մեջ, հազիվ ոտքերի վրա կանգնած` նշան է անում զինվորներին, որ տանեն Բաբիկին:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — (յուրայիններին): Կամենում էիք հավատարմությո՞ւն տեսնել՝ ահա, տեսեք: Հայրը որդուն մահապատժի ուղարկեց: Մենք էլ հայր ենք, կհասկանանք հորը…
Վասակը ոռնոց է արձակում և տապալվում է գետնին:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — (անցնելով ընկած Վասակի կողքով): Որդին է, հապա ինչպե՞ս…
ՊԱՏԿԵՐ ՔՍԱՆԵՐՈՐԴ
Անահիտ և Արտակ: Մամիկոնյանների նստավայրը:
ԱՆԱՀԻՏ — Երբեմն ինձ թվում է, որ այս խառնակ ժամանակներում մեղք է երկու հոգու երջանկությունը:
ԱՐՏԱԿ — Բայց այս պատերազմի իմաստը, գիտե՞ս, որն է ի վերջո, որ երկու հոգի երջանիկ լինեն: Մեզ պես բյուր երկու հոգիներ:
ԱՆԱՀԻՏ — Բայց և վախենում եմ, Արտակ, հենց երջանկությունից եմ վախենում: Այնքան ծուղակներ կան մեր շուրջը, այնքան դժբախտություն, այնքան խարդավանք:
ԱՐՏԱԿ — Աշխարհը միշտ երկու հոգու դեմ է: Միշտ էլ երկու հոգու կռիվն է հազարների դեմ: Չեն թողնում, որ երկուսը մեկ դառնան: Հազկերտը հո չի՞ ճանաչում ինձ ու քեզ: Բայց նա էլ է իմ ու քո դեմ: Ատում է՝ առանց մեզ ճանաչելու:
ԱՆԱՀԻՏ — Եթե մի բան խոստովանեմ, չե՞ս նեղանա:
ԱՐՏԱԿ — Ես քեզանից նեղանա՞մ… Ասա:
ԱՆԱՀԻՏ — Ես… ես կարոտում եմ իմ հորը:
ԱՐՏԱԿ — Քեզ չէի հարգի, եթե չկարոտեիր:
ԱՆԱՀԻՏ — Գիտե՞ս, որքան կուզենայի, որ նա էլ սպարապետի կողքին լիներ: Որքան կուզենայի հպարտանալ նրանով:
ԱՐՏԱԿ — Ես էլ մի բան խոստովանեմ, Անահիտ: Ես ատում եմ Վասակին, դու հո լավ գիտես: Բայց քո հորը չեմ կարողանում… Ուզում եմ, բայց չի ստացվում: Ինձ թվում է, թե դրանով դավաճանում եմ սպարապետին:
ԱՆԱՀԻՏ — Նա քեզ կհասկանա ու կների… միայն թե դու վերադառնաս: Միայն թե վերադառնաս:
ԱՐՏԱԿ — Ես հավատում եմ, գիտե՞ս, ինչին… Հավատում եմ, որ կապրեն այս լեռները, ջրերը, մարդիկ, կապրի այս բոլորը, ասել է՝ ես էլ կապրեմ: Եվ հիմա ես պատրաստ եմ կյանքս զոհելու:
ԱՆԱՀԻՏ — Ոչ, չհամարձակվես… Իմ կամքը հարցրե՞լ ես:
ԱՐՏԱԿ — Մի հուզվիր, ես ուրիշ բան եմ ասում: Քեզ մի դեպք պատմեմ: Զարմանալի դեպք է: Մեր մեղվանոցում էր դա: Մեղրը թափվել էր մրջնանոցի վրա և փակել բնի անցքը: Ոչ բնից էին կարողանում դուրս գալ, ոչ էլ հեռացածները` օգնության հասնել բնին: Եվ գիտե՞ս` ինչ եղավ: Դրսի մրջյուններն սկսեցին մեկ առ մեկ ընկնել-խեդվել մեղրի մեջ: Այնքան ընկան, որ իրենցով ծածկեցին մեղրի երեսը, դրսի մրջյունները նրանց վրայով անցան ու հասան բնի մրջյուններին օգնության: Մեղվանոցը փրկվեց: Կա մարդու մեջ մի ներքին զգացողություն անմահանալու: Ավանդելով կյանքը սերունդներին ու մարդկությանը՝ ապրել նրա մեջ: Ապրե՛լ, Անահիտ, ես ապրելու մասին եմ խոսում, այսպես ապրելու…
ԱՆԱՀԻՏ — Եթե ուրիշը պատմեր, կհասկանայի և գուցե կգնահատեի այս պատմության խորհուրդը: Բայց ոչ քո պատմածով: Ներիր, բայց ինձ դուր չեկավ: Դուր չեկավ…
ԱՐՏԱԿ — Ես ուշացա, Անահիտ: Սպարապետը սպասում է ինձ:
ԱՆԱՀԻՏ — Բայց մենք կարևորը չխոսեցինք…
ԱՐՏԱԿ — (ժպտում է): Իսկ ո՞րն է կարևորը:
ԱՆԱՀԻՏ — Այն, ինչ չենք ասել:
ԱՐՏԱԿ — Բայց կիմանա՞նք երբևիցե… Երբեմն մի ամբողջ կյանք է պետք դրա համար:
ԱՆԱՀԻՏ — Ուրեմն, դու պարտավոր ես ապրել: Հիմա հասկացա՞ր: Էլ մեղրի ու մրջյունների մասին չպատմես ինձ: Ոչ ոքի չպատմես… Ես… ես մեղր չե՛մ սիրում: Տանե՛լ չեմ կարող:
ՊԱՏԿԵՐ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ
Վասակի օթևանը: Բաբիկին պառկեցրել են գորգի վրա, յոթնաստեղյան ջահը կախել վերևից, դեմքը ծածկել նուրբ ասեղնագործով, շուրջը ցանել վայրի ծաղիկներ: Հուղարկավորները հերթով համբուրում են Բաբիկի ծածկոցը, խաչակնքում, ապա շարվում պատերի տակ: Այստեղ են նաև պարսիկները: Մտնում է Վասակը, աթոռակը դնում է Բաբիկի կողքին ու անշարժ նստում: Ապա կռանում է, բացում Բաբիկի դեմքը:
ՎԱՍԱԿ — (բացատրում է շրջապատին, կարծես խելքը կորցրած): Խաղաղ քնած է… Ժպտում է քնի մեջ:
Ուզում է համբուրել, բայց չի կարողանում` ներս է մտնում հերարձակ ու բոբիկ Փառանձեմը, դանդաղ մոտենում, նստում է, անշարժ նայում Բաբիկին: Հանկարծ խելագար հայացքը գամում է Վասակի աչքերի մեջ:
ՓԱՌԱՆՁԵՄ — Զավակնե՛րս…
ՎԱՍԱԿ — Առաջնորդեցեք տիկնոջը իշխանական օթևան:
ՓԱՌԱՆՁԵՄ — Զավակնե՛րս…
ՎԱՍԱԿ — Գնա օթևան, իշխանուհի:
ՓԱՌԱՆՁԵՄ — Զավակնե՛րս…
ՎԱՍԱԿ — Խելագարվե՞լ ես… ուշքի արի:
ՓԱՌԱՆՁԵՄ — Զավակնե՛րս…
ՎԱՍԱԿ — Գոնե սգո այս պահը մի փչացրու:
ՓԱՌԱՆՁԵՄ — Զավակնե՛րս…
ՎԱՍԱԿ — Քեզ հրամայում եմ` գնա օթեանդ:
ՓԱՌԱՆՁԵՄ — Զավակնե՛րս… Բաբիկը, Ներսիկը, սրանք… (Ցույց է տալիս զինվորներին:) Ո՞ւր ես տանում սրանց: Սուրբ սպարապետի դե՞մ… Ներսիկիս, Բաբիկիս արյունը հոգի տա ձեզ…
ՎԱՍԱԿ — Վերջին անգամ եմ ասում` գնա՛ օթևանդ: Որդիներիս մահն էլ չես թողնում սգալ:
ՓԱՌԱՆՁԵՄ — Որդինե՞րդ… Դու որդի չունես: Չես ունեցել երբեք, որդեսպա՛ն…
Վասակը մռնչոցով հարձակվում է և սուրն իջեցնում նրա ուսին: Լսվում են հառաչանքներ:
ԳԱԴԻՇՈ — Ի՞նչ արեցիր, տեր մարզպան…
ՎԱՍԱԿ — Թողե՛ք, սա իմ խիղճը այրել է… Վառել է ու դաղել…
Պարսիկները դուրս են գալիս:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Ես երկյուղ եմ կրում, իշխան, որ մեր ուժը մեր թուլությունն է դառնում, իսկ հայերի թուլությունը՝ նրանց ուժը:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Դա կերևա ճակատամարտում:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Ես երկյուղ եմ կրում, իշխան, որ ճակատամարտն արդեն տանուլ ենք տվել: Ճակատամարտը եղավ արդեն:
ԴԵՆՇԱՊՈՒՀ — Որտե՞ղ, մարզպետի ամրոցո՞ւմ:
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ — Ներսում… Հոգիների մեջ…

ՊԱՏԿԵՐ
ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ
Վրաններ: Ճակատամարտի նախօրյակ: Ուշ գիշեր է: Վարդան և Զոհրակ:
ՎԱՐԴԱՆ — Ժամանակ չեղավ, զավակս, որ հայր ու որդի կուշտ խոսեինք:
ԶՈՀՐԱԿ — (անսպասելի): Ինչպե՞ս ես, հայր:
ՎԱՐԴԱՆ — Ես չգիտեի` ինչպես սկսել մեր զրույցը: Իսկ դու գտար ամենապարզ խոսքը: Ամենակարևոր: Ինչպե՞ս ես, հայր… Լավ եմ, տղաս, լավ եմ…
ԶՈՀՐԱԿ — Շնորհակալ եմ, որ ինձ կարևոր ճակատ վստահեցիր, առիթ չես ունենա ամաչելու իմ պատճառով: Խոսք եմ տալիս:
ՎԱՐԴԱՆ — Չեմ կասկածում: Եթե ես չվերադառնամ…
ԶՈՀՐԱԿ — Հայր… մի շարունակիր: Չեմ ուզում լսել:
ՎԱՐԴԱՆ — Դու արդեն հասուն տղամարդ ես, Զոհրակ: Ես ուզում եմ, որ հիմա երկու տղամարդ խոսեն իրար հետ: Եթե չվերադառնամ, խոստացիր, որ բարձր կպահես Մամիկոնյան տան պատիվը: Չեմ կասկածում, որ հրաշալի զորական կդառնաս, բայց զինվորի ամուր խառնվածքը թող երբեք մոռացնել չտա հուզվելու, ուրիշի ցավով տառապելու, երբեմն աչքերի արցունքը թաքուն սրբելու կարողությունը: Մի ամաչիր քո թուլություններից: Միայն թե դա ոչ ոք չպետք է իմանա, բացի քեզանից:
ԶՈՀՐԱԿ – Ուրի՞շ, հայր, ուրի՛շ…
ՎԱՐԴԱՆ — Մնացածը լավ գիտես… Հայրենիքի ու Քրիստոսի համար:
ԶՈՀՐԱԿ — Ուրի՛շ, ուրի՛շ…
ՎԱՐԴԱՆ — Չհասցրի՞ր մեկին սիրել, տղաս… Արդեն քանի ամիս է` տանն ես:
ԶՈՀՐԱԿ — Դա կասեմ, երբ վերադառնաս մարտից: Պարզ չէ՞, որ արդեն ուզած-չուզած պիտի վերադառնաս: Թեկուզ հետաքրքրասիրությունից: Ուրիշ ելք չունես…
ՎԱՐԴԱՆ — (ժպտում է): Ափսոս, որ այսքան կարճ էր մեր հանդիպումը: Չէ՞ որ ես էլ քեզանից բան ունեմ սովորելու, որ չհասցրի: Իմ առավելությունը տարիքն է, իսկ քո առավելությունը՝ ջահելությունը: (Անսպասելի:) Ասա ինձ, ի՞նչ անեմ…
ԶՈՀՐԱԿ — (շփոթված): Չեմ հասկանում, հայր…
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ անեմ, ի՞նչ… Մի՞թե չես հասկանում: Հարցերի հարցը. ի՞նչ անեմ: (Տխուր ժպտում է:) Տեսնո՞ւմ ես, ես էլ արդեն չեմ ամաչում իմ թուլությունից:
ԶՈՀՐԱԿ — Բայց դա ոչ ոք չպետք է իմանա, բացի քեզանից:
Ծիծաղում են ու բաժանվում: Զորհակը ճամփի կեսին կանգ է առնում ու երկար նայում հոր ետևից:
ԶՈՀՐԱԿ — Հայր, ինչո՞ւ մտքովդ չանցավ հարցնել` հապա եթե ե՞ս չվերադառնամ…
ՊԱՏԿԵՐ ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ
Ավարայրի ճակատամարտը:
ԵՂԻՇԵ — Տղմուտ գետի հովտում, Ավարայր կոչվող դաշտավայրում իրար զարկվեցին հայոց ու պարսից բանակները: Երկու կողմերի աղմուկն ու աղաղակը ճայթում էր` ինչպես իրար խառնված ամպերի միջից, և ձայների դղըրդ­յունը շարժում էր լեռների քարանձավները: Բազմաթիվ սաղավարտներ ու զրահավորված զինվորականների զենքերը փայլում էին` ինչպես արևի ճառագայթների շողեր: Նաև բազմաթիվ սուսերների շողալուց և բազմախուռն նիզակների ճոճվելուց կարծես ահագին կրակ էր թափվում երկնքից: Որովհետև ո՞վ կարող էր պատմել ահավոր ձւււյների մեծ իրարանցումը և թե ինչպես վահանավորների թնդյունն ու աղեղների ճայթյունը խլացնում էին բոլորի ականջները:
Մթության միջից առաջ է գալիս իշխան Արտակ Մոկացը:
ԱՐՏԱԿ — Ներիր, Անահիտ, ես չկատարեցի իմ խոստումը: Ես ետ չեմ գա, չեմ վերադառնա քեզ մոտ: Թշնամու սուրը մեջքիս կողմից մխրճվեց սիրտս: Ներիր… Գոնե տեսնեի` ով էր ինձ սպանողը, գոնե իմանայի, թե ում պետք է ատես դու: Հանկարծ հիմարություն չանես, չգնաս մենաստան: Ամուսնացիր, խնդրում եմ, անպայման ամուսնացիր… Շատ երեխաներ ունեցիր և եթե ցանկանում ես` նրանցից մեկին կոչիր իմ անունով: Արտակ… Ես ամեն օր նրա աչքերով կնայեմ քեզ և մի քիչ, գոնե մի քիչ կենդանի կմնամ…
Ինչպես հայտնվել էր մթությունից, այդպես էլ մթության մեջ անհետանում է:
ԵՂԻՇԵ — Եռանդուն շարժվում էին զորքն ու ժողովրդական գնդերը, մանավանդ կանանց գունդը, փափկասուն տիկնայք Հայոց Աշխարհի, և սրանց մեջ` Մեծ Տիկինը: Վարդանն զգաց` լուծվեց երկինքը, ծնվեց այն վեհագույն ոգին, որի վրա դրեց նա իր և հայ ժողովրդի կյանքը: Եվ նա ոգիացած գոչեց: Դա բառ չէր, այլ հույժ գերագույն մի բան: Սլացիկ մի՛տք: Ոգի՛: Զինվորներն ու շինականները խլեցին այդ ոգին: Ժպտացին ոչ հասարակ առօրյա ժպիտով: Մարտը դարձավ մի վերապրող առաքինություն և քաջություն: Վարդանը տեսավ իր գործը — հայ ժողովրդի գործը — սոսկալի ավեր թշնամու զորաբանակում:
Մթության միջից առաջ է գալիս իշխան Վահան Ամատունին:
ԱՄԱՏՈՒՆԻ — Ես Վահան Ամատունին եմ, Հայոց Աշխարհի նախկին հազարապետը, որին պարսիկները պաշտոնանկ արին: Բայց սովորության ուժով ինձ շարունակում են հազարապետ կոչել: Հիմա դա կարևոր չէ: Հիմա ես ոչ ոք եմ: Բայց լավ կռվեցինք, արևս վկա: Թշնամին՝ բազմամարդ, իսկ մենք, ինչպես միշտ, սակավ: Ուրեմն` ամեն մեկս կռվեց մի քանի հոգու փոխարեն: Գիտե՞ք ինչ, ես զինվորական մարդ եմ և առանց ձևականությունների կասեմ ձեր երեսին. մենք` նահատակներս, արժանի ենք, որ դուք երբեք չմխիթարվեք:
Անհետանում է մթության մեջ:
ԵՂԻՇԵ — Պետք է տեսնել, թե ինչ մեծ տագնապ և անչափ իրարանցում կար երկու կողմերում էլ, երբ հանդուգն հարձակումով իրար էին բախվում, որովհետև թանձրամիտները հիմարանում էին և վախկոտները` վհատվում, քաջերը խիզախում էին և անվեհեր կտրիճներն` աղաղակում: Եվ ամբողջ բազմությունն իրար գլխի խմբվելով` գետն ամեն կողմից փակեցին, և գետի դժվարությունից վախեցած պարսից զորքն սկսեց իր տեղում վխտալ: Իսկ հայոց զորքը անցավ գետը և ձի նստած, մեծ զորությամբ հարձակվեց: Ուժգին թափով իրար զարկվելով՝ երկու կողմից էլ վիրավորներ գետնին ընկած թպրտում էին:
Մթության միջից հայտնվում է Զոհրակը:
ԶՈՀՐԱԿ — Ես ոչ մի աղջկա չհասցրի սիրել, հայր: Ստեցի, որ նրա անունը կասեմ, երբ դու վերադառնաս: Տեսնո՞ւմ ես, ես ինքս չվերադարձա: Բայց իմ զինվորները կվկայեն, որ բարձր պահեցի քո և մեր տան պատիվը: Երդվում եմ, որ կարող ես հպարտանալ ինձանով: Հիմա, երբ ես նահատակ եմ, այլևս անհարմար չեմ զգում այս համեստ ինքնագովությունից: Ես… ես քեզ սիրում եմ, հայր: Հո չե՞ս նեղանում զինվորին ոչ վայել զգայացունց խոսքիս համար: Բայց չէ՞ որ այլևս զինվոր չեմ:
Անհետանում է մթության մեջ:
ԵՂԻՇԵ — Եվ որովհետե ժամանակը գարնանային էր, ծաղկալից դաշտերը լցվեցին հորդահոս արյունով: Մանավանդ, երբ մեկը տեսնում էր ընկած բազմաթիվ դիակների կույտերը` սիրտը կտրտվում էր և աղիքները գալարվում էին` լսելով խոցվածների մրմռոցը և ջարդվածների մռնչյունը, վիրավորների թավալգլոր սողալն ու շարժվելը, վախկոտների փախուստը, վհատվածների թաք կենալը, անարի մարդկանց սրտաբեկությունը, թուլասիրտների ճիչերը, սիրելիների ողբը, մերձավորների սուգը, բարեկամների վայնասունը: Որովհետև ոչ թե մի կողմը հաղթեց և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին: Կամ` պարտված հաղթություն:
ԱՌԱՔԵԼ — (առաջ է գալիս մթությունից): Իմ մահն` ի՞նչ… Ես ոչ իշխան եմ, ոչ սեպուհ: Իմ կյանքն, իբր, արժեք ուներ, մնաց, որ մահն ունենա… Հո չե՞ք մոռացել, անունս Առաքել է: Եթե ռամիկ մարդու անունը արժան եք համարել հիշելու` երկնքից գետին շնորհակալ եմ ձեզ: Բայց իմ մահը էժան չնստեց թշնամու վրա, լա՛վ իմացեք… Քանի-քանի հոգու ուղարկեցի հանդերձյալ աշխարհ ու հետո միայն ինքս գնացի: Մի տխրեք, ես ո՞վ եմ, որ տխրեք ինձ համար: Այ, նահատակ նախարարներն էին մեղք, նահատակ իշխանները: Նրանց համար տխրեցեք, թե չէ ռամիկի համար ի՞նչ տխրեք:
Անհետանում է մթության մեջ: Նույն կերպ երևում է Գադիշոն:
ԳԱԴԻՇՈ — Եթե Վարդանանց հետ չեմ, ուրեմն չպիտի՞ ողբաք իմ մահը: Մարդու մահը հավասարեցնում է ամեն ինչ: Նույն փոսը չէ՞, նույն տապանաքարը չէ՞, էլ ի՞նչ տարբերություն: Ես լավ էի կռվում, արևս վկա, բայց Վարդանանք ևս արժանի հակառակորդներ էին, լեզուս չի պտտվի հակառակն ասել: Ինձ չեք խղճում, գիտեմ, բայց ես քեֆ անող մարդ եմ, լավ իմացեք, այնտեղ էլ կգտնեմ ինձ նման մարդկանց ու կշարունակեմ նույն կերպ ապրել: Դուք ձեր մասին մտածեք:
Անհետանում է մթության մեջ:
ԵՂԻՇԵ — «Մի մոռացեք այն յուղը, պսակը, ուռերն ու առատաձեռն պարգևներն, որ շնորհվում է ձեզ արքունիքից»,- ասում էր պարսից զորապետ Մուշկան Նյուսալավուրտը իր զինվորներին: Յուղն այնքան ազնիվ բան էր համարվում, որ արդարների հոգիները հանդերձյալ կյանքում յուղով պիտի սնվեին: Բայց ոչինչ չօգնեց պարսիկներին: Պարսիկ զորավարը տեսավ, որ իր զորքի ստացած սաստիկ հարվածները երեք անգամ ավելի մեծ էին, քան հայերինը:
Մթության միջից հայտնվում է Մեծ Տիկինը:
ՄԵԾ ՏԻԿԻՆ — Ես այնքան ծեր եմ, որ անիմաստ է ողբալ իմ մահը: Ջահելներին ողբացեք: Նրանք բոլորն իմ զավակներն են: Միայն մի բան է ծանրացել սրտիս` չտեսա մեր հաղթանակը և զավակիս ու որդուս վերադարձը: Ո՞ւր են, ի՞նչ սխրանքներ են գործում հիմա, երանի տեսնեի ու գոնե մի քիչ ուշ մեռնեի: Չլինեմ-չիմանամ` արցունք թափեք վրաս, գովեստի խոսքեր շռայլեք: Կթաղեք լուռ, առանց ճառերի, առանց երաժշտության: Եվ մի համեստ քար կդնեք, որ ծանր չլինի իմ ոսկրոտ մարմնի վրա: (Ահավոր ճիչ է արձակում, որ կարող է միայն մայրական բերանից հնչել:) Վարդան, ի՞նչ եղավ, ի՞նչ պա-տահեց, Վարդան… Դու է՞լ, դո՞ւ էլ… Վարդանն էր, մոր սիրտը չի խաբում… Վարդանն էր…
Խուճապով անհետանում է մթության մեջ: Նույն մթությունից հայտնվում է Վարդան Մամիկոնյանը, դանդաղ գալիս է բեմառաջք, երկար նայում է դահլիճին, ապա, կարծես մի փոքր անհարմար զգալով, շփոթված տարածում է ձեռքերը, այսինքն` պատահեց, ի՞նչ կարող ես անել… Ու հեռանում է նույն մթության մեջ:
ԵՂԻՇԵ — Հազկերտը իր ձախողության ամբողջ մեղքը գցեց մարզպան Վասակի վրա: Կապկպեցին նրան և ամեն օր բերում էին մեծ հրապարակը, նախատում ու ծաղրում և ամբողջ բանակի առաջ խաղք ու խայտառակ անում նրան: Եվ նա, որ հանցագործությամբ ուզում էր Հայոց Աշխարհի վրա թագավոր լինել Քրիստոսին ուրանալու գնով` նրա գերեզմանի տեղն էլ չգտնվեց, որովհետե մեռավ ինչպես շուն և անհուն դառնությամբ դժոխք իջավ:
Բեմ են մտնում Վարդանանց բոլոր նահատակները: Լուռ նայում են մեզ:
ԵՂԻՇԵ — Շատ ձմեռների սառույցներ հալվեցին, գարուն հասավ և նոր ծիծառներ եկան, մարդիկ տեսան, ուրախացան, բայց երբեք չկարողացան տեսնել իրենց անձկալիներին: Գարնանային ծաղիկները նրանց միտն էին բերում իրենց հավատարիմ ամուսիններին: Փոշոտվեցին ու ծխոտվեցին նորահարսների սրահակներն ու առագաստները և սարդի ոստայններ ձգվեցին նրանց հարսնարաններում: Մենավոր մի դամբարան է ծածկում իր տակին ամփոփված մի հոգու հավերժական հանգիստը: Ասում են` Վարդանն է այդտեղ: Դաշտավայրի վճիտ լռության մեջ երբեմն լսվում է մի կոկորդային մեդեդու մեղմաձայն գեղգեղանք: Դա մի վանական է թերևս, կամ մի այլ անցորդ: Այդ մեղեդին երգվում է այն պահին, երբ ոտը դնում են Ավարայրի դաշտավայրը: Դարերի երգն է դա` Վարդանանց նվիրված: Իսկ մենք, ժամանակակիցներս ու հետնորդներս միաժամանակ, ժառանգենք քաջությունը և հասնենք այն բանին, ինչ որ խոստացված է Աստծո սիրելիներին հանուն մեր տեր Հիսուս Քրիստոսի:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։