Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ԱԴԱՄ

 

Տարօրինակ խաղ մեկ գործողությամբ

Խաղի մասնակիցները
ՀԵՂԻՆԵ
ԳՈՀԱՐ
ՄԱՏՈՒՑՈՂ
ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ
ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ

Սրճարան: Երեկո: Հազիվ լսելի երաժշտություն: Խորքում ծեր տղամարդը և կինը համբուրվում են և գրկախառնված դանդաղ անցնում հանդիպակաց վարագույրի ետևը: Սրճարանում ոչ ոք չկա, կարծես աշխարհն անմարդաբնակ լինի: Առաստաղից կախված է պայծառ լուսավորված բյուրեղապակյա ջահ:
ՀԵՂԻՆԵ — (շփոթված դիտում է շուրջը, գալիս նստում է բեմեզրի սեղանի մոտ: Սիգարետ է վառում): Մատուցո՜ղ…
ՄԱՏՈՒՑՈՂ — (սև կոստյումով է, կապույտ թիթեռնիկ փողկապով): Տիկի՞ն…
ՀԵՂԻՆԵ — Ես կույս եմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Երեկ դուք կին էիք:
ՀԵՂԻՆԵ — Ես ամեն օր կորցնում և գտնում եմ ինձ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ո՞նց եք կարողանում:
ՀԵՂԻՆԵ — Ականջդ բեր` ասեմ: (Շշնջում է Մատուցողի ականջին:) Ինձ հետ կամուսնանա՞ս:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ի՞նչ եք շահելու:
ՀԵՂԻՆԵ — Ամոթ չէ՞ այս տարիքում կույս մնամ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Քանի՞ տարեկան եք:
ՀԵՂԻՆԵ — Տասներեք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես մանկապիղծ չեմ:
ՀԵՂԻՆԵ — Բարի երեկո:
ՄԱՏՈՒՑՈՂ — Կապուչինո…
ՀԵՂԻՆԵ — Ես կապուչինո՞ ասացի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Երեկ դուք նարինջի հյութ խմեցիք, սառույցով:
ՀԵՂԻՆԵ — Զանգիր քաղաքապետարան, թող ինձ մի սեղանակից ուղարկեն, կին կամ տղամարդ, գժվեցի մենակությունից, գոնե մեկը, թեկուզ կատու…
ՄԱՏՈՒՑՈՂ — (զանգում է բջջային հեռախոսով): Չեն պատասխա-նում:
ՀԵՂԻՆԵ — Զանգիր կառավարություն, անձամբ վարչապետին:
ՄԱՏՈՒՑՈՂ — (զանգում է): Վարչա­-պետը և ամբողջ կառավարությունն արձակուրդում են:
ՀԵՂԻՆԵ — Զանգիր պրեզիդենտի աշխատակազմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — (զանգում է): Մեռելոց է, բոլորը մեռելոցի մեջ են:
ՀԵՂԻՆԵ — Անտե՞ր են թողել իմ երկիրը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:
ՀԵՂԻՆԵ — Խնդրում եմ, զանգիր կաթողիկոսին, գոնե մի կատու…
ՄԱՏՈՒՑՈՂ — (զանգում է): Նորին սուրբ օծությունը տեղում չէ, այս րոպեին նորակառույց եկեղեցի է օծում:
ՀԵՂԻՆԵ — Էլ ո՞վ մնաց… Հա, զանգիր Պուտինին, նա մի բան կանի:
ՄԱՏՈՒՑՈՂ — (զանգում է): Ռուսաց թագավորը խոստացավ մի կաչաղակ ուղարկել:
ՀԵՂԻՆԵ — Կեցցե՜ ռուսների թագավորը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հիմա կապուչինո կբերեմ:
ՀԵՂԻՆԵ — Կաչաղակի համար էլ:
Մատուցողը պարային շարժումներով հեռանում է: Վարագույրի ետևից մի քանի վայրկյան երևում են Ծեր տղամարդու և Զառամյալ կնոջ գրկախառնված ստվերագծերը: Հեղինեն շպարվում է:
ՀԵՂԻՆԵ — (իրեն դիտելով ձեռքի հայելու մեջ): Լավիկն եմ: Կաչաղակը ինձ կսիրի: Մենք կամուսնանանք և կունենանք շատ երեխաներ:
ԳՈՀԱՐ — (արագ ներս է գալիս և նստում Հեղինեի սեղանի մոտ): Ներիր, ուշացա:
ՀԵՂԻՆԵ — Կաչաղա՞կ:
ԳՈՀԱՐ — Թագավորս վերջին րո-պեին միտքը փոխեց, կաչաղակին թռցրեց Աֆրիկա, ես ագռավ եմ:
ՀԵՂԻՆԵ — Ագռավը մարդուց լավ է, մարդիկ այնքան անտարբեր են իմ նկատմամբ:
ԳՈՀԱՐ — Ես Գոհարն եմ: Իսկ դու Հեղինեն ես:
ՀԵՂԻՆԵ — Քեզ ո՞վ ասաց իմ անունը:
ԳՈՀԱՐ — Ամբողջ գիշեր համացանցում եմ լինում:
ՀԵՂԻՆԵ — Համացանցը խայտառակություն է, մտնում է ամեն տեղ, չես կարող նույնիսկ քո ննջարանում գաղտնիք մնալ:
ԳՈՀԱՐ — Դու սիրում ես սև, նախշակար եզրերով վարտիքներ: Երբ շոգը վրա է տալիս, կրծկալ չես կրում:
ՀԵՂԻՆԵ — Շոգ ժամանակ հրաժարվում եմ և վարտիքից:
ԳՈՀԱՐ — Դու կանգնում ես ցնցուղի տակ, փակում ես աչքերդ և երկար վայելում սառը ջրաշիթի շոյանքները: Դու մերկ ես քնում, այդ ժամանակ դու ավելի գեղեցիկ ես ու հրապուրիչ, քան մերկ Մախան:
ՀԵՂԻՆԵ — Իմ մասին ավելի շատ բան գիտես, քան ես:
ԳՈՀԱՐ — Աշխարհը գիտի:
ՀԵՂԻՆԵ — Վախենում եմ աշխարհից:
ԳՈՀԱՐ — 21-րդ դարի դեմ խաղ չկա:
ՀԵՂԻՆԵ — Կա, սիրելիս:
ԳՈՀԱՐ — Ո՞րն է:
ՀԵՂԻՆԵ — Ֆուտբոլը: Համալսարանի առաջին կուրսում սիրահարվեցի մի ֆուտբոլիստի: Նա ինձ պառկեցրեց տասնմեկ մետրանոց տուգանային հարվածի նշակետի վրա և կուսությունս առավ:
ԳՈՀԱՐ — Պատկերացրու, ինձ հետ էլ է նման բան պատահել:
ՀԵՂԻՆԵ — Բերլուսկոնին…
ԳՈՀԱՐ — Ո՞վ ասաց:
ՀԵՂԻՆԵ — Անցած շաբաթ համացանցից իմացա:
ԳՈՀԱՐ — Նա ինձ տիրացավ տասնմեկ ֆուտբոլիստների աչքի առաջ:
ՀԵՂԻՆԵ — Քո դեպքն ավելի հետաքրքիր է, քան իմը: Փաստորեն քեզ բռնաբարել է ամբողջ Իտալիան: Չհասկացա, դու կույս չե՞ս:
ԳՈՀԱՐ — Խնդրում եմ, արի այդ մասին չխոսենք:
ՀԵՂԻՆԵ — Բայց սա փիլիսոփայական հարց է՝ լինե՞լ, թե՞ չլինել:
ԳՈՀԱՐ — Կույս եմ:
ՀԵՂԻՆԵ — Ամոթ քեզ:
ԳՈՀԱՐ — Դու էլ ես կույս:
ՀԵՂԻՆԵ — Մի քիչ:
ԳՈՀԱՐ — Կույսի մի քիչը ո՞րն է:
ՀԵՂԻՆԵ — Ծաղկած ծիրանի ծառ:
ԳՈՀԱՐ — Բալենի:
ՀԵՂԻՆԵ — Ես չգիտեմ` կո՞ւյս եմ, թե՞ կին:
ԳՈՀԱՐ — Ես չեմ ամաչում իմ կուսությունից:
ՀԵՂԻՆԵ — Ագռավ:
ԳՈՀԱՐ — Կատու:
ՀԵՂԻՆԵ — Այդ ժամանակ ես ապրում էի Դավայաթաղում: Տատս…
ԳՈՀԱՐ — Աստված հոգին լուսավորի:
ՀԵՂԻՆԵ — Աստված կա՞:
ԳՈՀԱՐ — Ես ասացի՞` Աստված կա: Ես ասացի՞` Աստված չկա:
ՀԵՂԻՆԵ — Եթե կույս ես, ուրեմն Աստված ապրում է այնտեղ:
ԳՈՀԱՐ — Ես կույս չեմ:
ՀԵՂԻՆԵ — Այդքան հեշտ ու հանգիստ մի հրաժարվիր:
ԳՈՀԱՐ — Քո կուսությունից մի քիչ ինձ տուր:
ՀԵՂԻՆԵ — Բայց անունը ի՞նչ դնեմ, որ Աստված ինձնից չխռովի:
ԳՈՀԱՐ — Գույք պարտքի դիմաց:
ՀԵՂԻՆԵ — Վերցրու, ագռավ, տար-կշտացիր, ամեն ինչ քեզ, թող անկույս մնամ, միայն տատիս ձեռք չտաս, նա իմ հիշողությունն է:
ԳՈՀԱՐ — Նա էլ էր կո՞ւյս:
ՀԵՂԻՆԵ — Ի տարբերություն քեզ` մենք աշխարհի սկզբից մինչև այսօր կույս ենք:
ԳՈՀԱՐ — Բայց ինչպե՞ս եք շարունակում ապրել ու շատանալ:
ՀԵՂԻՆԵ — Շատանում ենք քչանալով: Հակառակ քեզ, ագռավ, որ հա շատանում ես ու հարստանում՝ մենք անմահ ենք:
ԳՈՀԱՐ — Խոստանում եմ տատիդ մատով չկպչել, ազնիվ խոսք:
ՀԵՂԻՆԵ — Երդվիր:
ԳՈՀԱՐ — Քո արև:
ՀԵՂԻՆԵ — Դու թքած ունես լուսնի ու արևի վրա: Ասա ու երդվիր` եթե խաբեմ, դժոխքի բաժին դառնամ:
ԳՈՀԱՐ — Ինչ դաժանն ես:
ՀԵՂԻՆԵ — Կույրերը չեն տեսնում երկինքը:
Մատուցողը երկու գավաթ կապուչինո է դնում սեղանին: Նա սպորտային համազգեստով է: Ծեր տղամարդն ու Զառամյալ կինը դուրս են գալիս վարագույրի ետևից և շարունակում համբուրվել: Խաղի հերոսուհիները նկատում են նրանց առաջին անգամ:
ԳՈՀԱՐ — Ովքե՞ր են:
ՄԱՏՈՒՑՈՂ — Երկու մարդ:
ՀԵՂԻՆԵ — Շոո՞ւ է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նրանք ամբողջ կյանքում ապրել են սիրո մեջ, բայց էլի ծարավ են, գերեզմանում էլ սեր կանեն ու չեն հագենա:
ԳՈՀԱՐ — Ռոմեո և Ջուլիետ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ռոմիկն ու Ջուլիկը շոու են:
ՀԵՂԻՆԵ — Աշխարհը շոու է, բոլորը ծիծաղում են և լաց լինում: (Հեկեկալով:) Վերադարձրեք իմ կուսությունը:
ԳՈՀԱՐ — (հուզված): Իմն էլ, իմն էլ… Ես էլ դու ես, դու էլ` ես:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հանգստացեք, տիկնայք և պարոնայք, եթե ճշմարտությունը մոռանանք` կմնա սուտը:
ՀԵՂԻՆԵ — Տատս մի տղա կատու ուներ, մեծ, նախշուն, տեղով կրակ-բոց էր, կատու չէր, վագր էր, ծառից ծառ էր ցատկում և բմբլահանանում ագռավներին ու կաչաղակներին: Դավայաթաղի էգ կատուները նրանից հղիացան և ծնեցին հարյուրավոր վագրիկներ: Մեր թաղից մկներն ու առնետները սարսափած փախան Հյուսիսային պողոտա և քաղաքամերձ շքեղ առանձնատները: Այսպես պատահեց: Հետո նրան տարան Մոսկվա` որպես գույք պարտքի դիմաց, իմ կուսության օրինակով: Անցյալ տարի Ադամից հրավեր ստացա` այցելել Փարիզ, բայց գնացի Մոսկվա, որտեղ ոչ մի ծանոթ չունեի: Ես սիրում եմ թանգարաններ ու թատրոն: Ամբողջ կյանքում երազել եմ դերասանուհի լինել և խաղալ Լիր արքայի դերը, բայց, ինչպես տեսնում եք, մնացի կույս կին:
ԳՈՀԱՐ — Դու հիանալի կին ես:
ՀԵՂԻՆԵ — Մի օր էլ աղմկոտ-հսկայական քաղաքում զբոսնելիս լսեցի մլավոց…
ՄԱՏՈՒՑՈՂ — Մյաու…
ՀԵՂԻՆԵ — Ոչ քո գռեհիկ ձայնը: (Նուրբ ու սրտալից մլավում է:) Մյաո՜ւ, մյաո՜ւ… Այդ անուշ ձայնը գրկած, կարծես երիտասարդությունս էի գրկել, այս ու այն կողմ քայլեցի և մեկ էլ ինձ տեսա կենդանաբանական թանգարանի ընդարձակ ցուցասրահում: Աչքերս չհավատացին ու զարմացան, հոգիս հավատաց, քիչ մնաց` երջանկությունից խելագարվեի:
ԳՈՀԱՐ — Եթե դու գժվես, ես էլ կգժվեմ:
ՀԵՂԻՆԵ — Բաց երախով կոկորդիլոսի ու գորշ արջի հարևանությամբ, բոլոր կողմերից խուլ փակված ապակե վանդակում տատիս կատուն էր…
ՄԱՏՈՒՑՈՂ — (մոտենալով): Մյաու:
ԳՈՀԱՐ — Ձայնդ կտրիր, ագռավ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Մեր քաղաքում ագռավները շատացել են, որովհետև աղբն է շատացել:
ԳՈՀԱՐ — Ձայնդ: Գնա, նարինջի հյութ բեր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Սառույցո՞վ, թե՞ առանց սառույց:
ԳՈՀԱՐ — Բնական, թարմ, ջրալի նարինջ և խնձոր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Խնձորը կարմի՞ր…
ՀԵՂԻՆԵ — Կեսուրս իմ կարմիրը վաղուց խժռել է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հասկացա, պարոն: (Հեռանում է:)
ՀԵՂԻՆԵ — Կատվիս հերձամահ էին արել ու որովայնը թեփ լցրել: Հպարտ գլուխը դրել էր առաջ պարզած հզոր թաթերին: Աչքերն առաջվա պես կայծեր էին ցոլացնում: Նա ինձ ճանաչեց: Ես շոյեցի սառն ապակին և զգացի նրա մեջքի ջերմությունը: Ցանկացա մտնել վանդակի մեջ ու մեկնվել նրա կողքին, սիրել, գրկել, սիրել մինչև արևը հանգեր և աշխարհը վերջանար:
ԳՈՀԱՐ — Ինձ գրկիր, ես եմ քո վագրը:
ՀԵՂԻՆԵ — Ես լուսանկարեցի նրան` հավերժացնելով մեր ապրած և Աստծո կամոք դեռ ապրելիք կյանքը: (Պայուսակից ծալծլված թուղթ է հանում և դանդաղ, զգուշորեն բաց անում: Ազդագրի մեծության սպիտակ թուղթ, որին գիր ու նկար չկա:) Նայիր:
ԳՈՀԱՐ — (հանդիսատեսին ի տես շուռումուռ տալով թուղթը): Ո՞ւր է կատուն:
ՀԵՂԻՆԵ — Ադամն է:
ԳՈՀԱՐ — Ադամն ո՞վ է:
ՀԵՂԻՆԵ — Ամուսինս:
ԳՈՀԱՐ — (շարունակելով ուշադիր զննել թուղթը:) Կատո՞ւն…
ՀԵՂԻՆԵ — Ադամը:
ԳՈՀԱՐ — Ոնց որ Ալեն Դելոնը լինի:
ՀԵՂԻՆԵ — Նա ամեն գիշեր գալիս է անկողինս և առավոտյան վերադառնում Փարիզ: Նա այնտեղ կանացի ներքնազգեստների բիզնես ունի:
ԳՈՀԱՐ — Դելո՞նը:
ՀԵՂԻՆԵ — Կատուն: (Զրուցակցից վերցնում է թուղթը, պատառոտում և կտորները շպրտում է օդ:)
ԳՈՀԱՐ — Ինչո՞ւ ճղճղեցիր կատվին:
ՀԵՂԻՆԵ — Ես կենդանի Ադամին եմ սիրում:
ԳՈՀԱՐ — Իսկ նա սիրո՞ւմ է քեզ:
ՀԵՂԻՆԵ — Դավաճանում է գիշեր ու ցերեկ:
ԳՈՀԱՐ — Ո՞վ է այդ պոռնիկը:
ՀԵՂԻՆԵ — Չկարծես` կատու է կամ կաչաղակ: Նա Ալեն Դելոնն է: Գիշերներն ինձ տիրանալիս` նա Ալենին է տիրանում: Երբ առաջին անգամ դա զգացի ու հասկացա, Ադամին ասացի` Ադամ, անամոթ, վերադարձիր ինձ մոտ: Նա արդարացավ` սիրելիս, ասաց, Ալենի հետ պառկելիս էլ` քեզ եմ սիրում, Աստված վկա:
ԳՈՀԱՐ — Երկուսին էլ կսպանեմ: Ես չեմ կարող հանգիստ ապրել, երբ ինձ դավաճանում են:
ՀԵՂԻՆԵ — Երբ սիրում ես, պետք է կարողանաս դավաճանության ցավն ու վիրավորանքը կուլ տալ: Ինձ սպանիր:
ԳՈՀԱՐ — Քեզ սպանելով` ինձ կսպանեմ, քո մեջ ներկա եմ ես, դու` իմ մեջ:
Ծեր տղամարդն ու Զառամյալ կինը անցնում են վարագույրի ետև՝ շարունակելով նույնկերպ համբուրվել: Մատուցողը վառվող մոմերով հսկայական տորթ է բերում: Այժմ նա կարմիր լողավարտիքով է և մեզ արդեն ծանոթ թիթեռնիկ փողկապով:
ՀԵՂԻՆԵ — (նայում է վարագույրի կողմը): Տորթը տուր նրանց:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ժամանակ չունեն ուտելու:
ՀԵՂԻՆԵ — Տար Փարիզ, տուր Ադամին, նա տորթ շատ է սիրում: Մի անգամ ինձ ասաց` ոնց որ տորթ լինես:
ԳՈՀԱՐ — Բայց ես տորթ չեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Տանեմ Պուտինին:
ԳՈՀԱՐ — Արագացրու: Գույք պարտքի դիմաց:
Մատուցողը, տորթը գլխավերևում խաղացնելով, հեռանում է:
ԳՈՀԱՐ — (նրա ետևից): Կարմիր խնձորը մոռացար:
ՀԵՂԻՆԵ — Քիչ էր մնում` նրան շփոթեի Ադամի հետ:
ԳՈՀԱՐ — (բղավում է): Է՛յ, մատուցող, դու Ալեն Դելոնն ես:
ՀԵՂԻՆԵ — Եթե Դելոնը չէ, ուրեմն Ադամն է:
ԳՈՀԱՐ — Կասկածում եմ:
ՀԵՂԻՆԵ — Նշանակում է` հավատում ես:
ԳՈՀԱՐ — Օ՜… կարծես արև լինի:
ՀԵՂԻՆԵ — Ո՞ւր ես նայում:
ԳՈՀԱՐ — Արևից էլ պայծառ ջահ է:
ՀԵՂԻՆԵ — Ես եմ նկարել: Ես Ադամին այդպես եմ պատկերացնում: Երկար մի նայիր, նրա լույսից աչքերդ կկուրանան:
ԳՈՀԱՐ — Ձայն լսեցի…
ՀԵՂԻՆԵ — Տատիս կատուն մլավեց:
ԳՈՀԱՐ — Գուցե Ադամը…
ՀԵՂԻՆԵ — Նա այդպես չի խոսում:
ԳՈՀԱՐ — Ինչ գեղեցիկ կուրծք ունես, ոնց որ թափանցիկ ամպի տակից նայող կաթնագույն լուսին լինեն:
ՀԵՂԻՆԵ — Ադամն ինձ ամուսնանալու առաջարկություն արեց, երբ շոյում էր կուրծքս: Այդ շոյանքից հղիացա և ճիշտ ինն ամիս հետո ծնեցի մեր աղջկան: Դա շատ դժվար ծննդաբերություն էր, մի քանի անգամ երջանկությունից մեռա:
ԳՈՀԱՐ — Դու երեխա՞ ունես:
ՀԵՂԻՆԵ — (կարոտալից նայում է աներևույթ հորիզոնին): Այնտեղ է:
ԳՈՀԱՐ — (նայելով նույն ուղղությամբ): Ինչ գեղեցիկ աղջիկ է, քեզ է նման:
ՀԵՂԻՆԵ — Նա իմ սիրտն ու հոգին է, իմ կյանքի երազանքը:
ԳՈՀԱՐ — Անունն ի՞նչ է:
ՀԵՂԻՆԵ — Ադամ:
ԳՈՀԱՐ — Քո չափ սիրում եմ Ադամին:
ՀԵՂԻՆԵ — Մեկ էլ ասա:
ԳՈՀԱՐ — Քեզնից առավել:
ՀԵՂԻՆԵ — Կուրծքս ցանկանում է, որ դու իրեն շփվես քո գայթակղիչ շուրթերով:
ԳՈՀԱՐ — Տուր… Դողում ես…
ՀԵՂԻՆԵ — Դու էլ ես դողում:
ԳՈՀԱՐ — Բավականությունից:
ՀԵՂԻՆԵ — Ինչ քաղցր ես համբուրում, կարծես բանաստեղծություն լինի:
ԳՈՀԱՐ — Կուրծքդ է բանաստեղծություն:
ՀԵՂԻՆԵ — Ադամն է բանաստեղծությունը, կա և չկա:
ԳՈՀԱՐ — Այս գիշեր մենք միասին կքնենք` ես, Ադամը և դու:
ՀԵՂԻՆԵ — Նաև տատիս կատուն:
ԳՈՀԱՐ — Բոլորս` մերկ:
ՀԵՂԻՆԵ — Նմանապես և ռեժիսորը:
ԳՈՀԱՐ — Դրամատուրգին չմոռանանք:
ՀԵՂԻՆԵ — Տատս երբ լավաշ էր թխում, ախորժալի բույրը տարածվում էր ամբողջ քաղաքում: Հիմա քաղաքը լցված է թունավոր աղբահոտով: (Կանչում է:) Է՜յ, Մատուցող, տատիս լավաշը բեր:
Մոտենում է Մատուցողը` հագին կանացի մինի շրջազգեստ: Պարանոցին նույն թիթեռնիկ փողկապն է:
ԳՈՀԱՐ — Սա սրճարա՞ն է, թե՞ մոդաների ցուցադրման սալոն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Լավաշ չունենք:
ԳՈՀԱՐ — Ի՞նչ ունեք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Եվայի ատամների խոզանակը:
ՀԵՂԻՆԵ — Ադամին բեր առաջս, ուզում եմ նրա հետ ամուսնանալ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Աստված Ադամին ստեղծեց կավից, իսկ Եվան նրա կողոսկրն է: Բարև, տիկին Եվա:
ՀԵՂԻՆԵ —
(միաձայն): Բարև:
ԳՈՀԱՐ —
ՄԱՏՈՒՑՈՂ — Աստված Ադամին ու Եվային տարավ դրախտ և ասաց` մի բարձի ծերանաք: Մի սեք­սուալ գիշեր նրանք այնքան ուշաթափվեցին, որ իրար ձեռքից խլելով` կծեցին արգելված խնձորը: Աստված շատ բարկացավ և նրանց արտաքսեց դժոխք, որտեղ գործում էին Երևանի բարոյական օրենքները: Ահա նրանց խնձորի մնացորդը, ճաշակեք: (Խնձորը դնում է սեղանին:)
ՀԵՂԻՆԵ — (խնձորը կծելով): Քաղցր է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Անո՜ւշ…
ԳՈՀԱՐ — Տուր, մի բերան ես էլ կծեմ: (Կծում է:)
ՄԱՏՈՒՑՈՂ — Քեզ էլ անո՜ւշ…
ՀԵՂԻՆԵ — Զանգիր Աստծուն, թող մեզ կրկին դրախտ ուղարկի:
ՄԱՏՈՒՑՈՂ — (զանգում է): Տեր Աստված… Յա՜… (Վախեցած խաչակնքում է:) Սատանայի ականջն ընկա… Սիրելի տեր Աստված, երկու հիանալի հաճախորդ ունեմ` Եվան ու Եվան, նրանց արանքում` Ադամը, խնդրում եմ, երեքին էլ դրախտ տար, թե չէ ինքնասպան կլինեն: Ի՞նչ… Պարոններ, ասում է` ժամանակակից մարդկության առաջ դրախտի դուռը փակ է:
ԳՈՀԱՐ — Կաշառիր, թող բացի:
ՀԵՂԻՆԵ — Ի՞նչ ես ցցվել, կաշառք տուր, մի բան մտածիր:
ԳՈՀԱՐ — Թիթեռնիկ փողկապդ նվիրիր Աստծուն:
ՀԵՂԻՆԵ — Քեզ մատաղ արա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դրախտի պատուհանն էլ փակեց: Հաշտվեք դժոխքի հետ:
Երկար լռություն: Գայլի ոռնոց: Ծեր տղամարդը և Զառամյալ կինը դուրս են գալիս վարագույրի ետևից: Տղամարդու ձեռքին տորթն է, Զառամյալի ձեռքին՝ շեփորը: Դանդաղ մոտենում են, տորթն ու շեփորը դնում սեղանի վրա:
ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ — Մենք եկանք, որպեսզի դուք գնաք:
ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ — Մենք գնում ենք, դուք մնացեք:
Ծերերն անցնում են վարագույրի ետև: Մատուցողը փչում է շեփորը, ձայնը կարծես գոյության վերջակետի նշան լինի:
ՀԵՂԻՆԵ — Այսօր ուրբաթ է:
ԳՈՀԱՐ — Վաղը կլինի հինգշաբթի:
ՀԵՂԻՆԵ — Մի նայիր ջահին, Ադամը չի սիրում, երբ իրեն նայում են չտեսի պես:
ՄԱՏՈՒՑՈՂ — (Հեղինեին): Ադամ, եղբայր պատվական, ստորագրիր հայերեն և ֆրանսերեն: (Անձեռոցիկ ու գրիչ է մեկնում:) Ես սրբությամբ պահպանում եմ իմ բոլոր աննման հաճախորդների ստորագրությունները:
ՀԵՂԻՆԵ — (ստորագրում է, Գոհարին): Դու էլ ստորագրիր, Ադամը քեզ սիրում է:
ԳՈՀԱՐ — Հին հայերեն ստորագրե՞մ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Թեկուզ` անգլերեն, բայց ոչ մի դեպքում` թուրքերեն:
ԳՈՀԱՐ — (ստորագրում է): Չինարեն ստորագրեցի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դուք շատ բարի եք, ազնիվ ու ճշմարտախոս: Բայց ճշմարտությանը գին տվող չկա: Ստի գինն է վեր թռել: Ամեն ինչ` սուտ ու թանկ:
ՀԵՂԻՆԵ — Երբ աշխարհն այլասերվում է, դու երազում ես քո սիրո անմարդաբնակ կղզին:
ԳՈՀԱՐ — Որտե՞ղ է… ես էլ եմ գալիս:
ՄԱՏՈՒՑՈՂ — Գնամ Փարիզ, Ադամն էլ ստորագրի:
ՀԵՂԻՆԵ — Հիմա նա Լոնդոնում է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ներող կլինեք, մի քանի րոպեով բացակայելու եմ, վազեմ Լոնդոն և արագ ետ վերադառնամ: (Շրջվում է:)
ՀԵՂԻՆԵ — Սպասիր: Հենց նոր նա հասավ Մադրիդ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բռնեմ Մադրիդի ճամփան:
ՀԵՂԻՆԵ — Մինչև հասնես, նա կլինի Հռոմում:
ՄԱՏՈՒՑՈՂ — (նյարդային): Հետո՞…
ՀԵՂԻՆԵ — Նյու-Յորք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հանուն նրա ստորագրության` պատրաստ եմ գնալ Ամերիկա:
ՀԵՂԻՆԵ — Նեղություն մի կրիր, նա դրախտում է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Է, կգնամ դրախտ:
ՀԵՂԻՆԵ — Դրախտի դուռը և բոլոր պատուհանները փակ են:
ՄԱՏՈՒՑՈՂ — Գնամ ջարդեմ դուռը, ես չեմ սիրում պարտվել:
ՀԵՂԻՆԵ — Միամիտ մարդ, եթե կարծում ես` տատիս կատուն պարտված է, խորապես սխալվում ես:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ջարդեմ, փշրեմ…
ՀԵՂԻՆԵ — Ես անեմ Ադամի ստորագրությունը, չէ՞ որ նրա սիրելի կինն եմ, նա` իմ օրինական ու հավատարիմ ամուսինը, Աստված է մեզ իրար բերել, մենք մի հոգի ու մարմին ենք: (Ստորագրում է:)
ՄԱՏՈՒՑՈՂ — Ադամից լավ ստորագրեցիր:
ԳՈՀԱՐ — Տորթը մատուցիր Ալեն Դելոնին, թող Ադամից ձեռք քաշի, թե չէ կսպանեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Որտե՞ղ է Ադամը:
ՀԵՂԻՆԵ — Լոնդոնում փնտրիր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ո՞վ եմ ես:
ԳՈՀԱՐ — Անձնական դերանուն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Կապուչի՞նո, թե՞ կարմիր խնձոր…
ՀԵՂԻՆԵ — Սառույցով նարինջի հյութ և ատրճանակ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հրամանքդ ի կատար, պարոն: (Հեռանում է:)
ԳՈՀԱՐ — Ադամը քեզ ինչպե՞ս է սիրում:
ՀԵՂԻՆԵ — Ինչպես ուրիշ ոչ մի տղամարդ: Նա ինձ պատռում է, ծվեն-ծվեն անում, խելագարեցնում, հասցնում մահացու ուշաթափության: Մեռնում եմ և չեմ ցանկանում արթնանալ: Նա համ- բուրում է կուրծքս, ցավալի կծոտում, անվերջ համբուրում, ինձ մեռածությունից ետ բերում, որ նորից ու դարձյալ քաղցրորեն սպանի:
ԳՈՀԱՐ — Ամբողջ կյանքում այդպիսի տղամարդ եմ երազել: Ո՞ւր է, չկա: Գուցե տիեզերքո՞ւմ են նրանք: Ամեն գիշեր երազում տեսնում եմ նրան, գալիս գրկում է ինձ, մեկ էլ արթնանում եմ և գիտակցում` գիրկս դատարկ է, ես միայնակ եմ: Քո կինը երջանիկ է:
ՀԵՂԻՆԵ — Բոլոր մարդիկ ձգտում են երջանկության և չեն հասնում:
ԳՈՀԱՐ — Քո երջանկությունից մի կտոր տուր ինձ, շատ չեմ ասում, ընդամենը մի կտոր, այդքանն էլ բավական է, որ երջանիկ լինեմ:
ՀԵՂԻՆԵ — Ինչպե՞ս…
ԳՈՀԱՐ — Թող այս գիշեր Ադամը գա իմ անկողինը, համբուրի շուրթերս, մի գիշերն ի՞նչ է որ, ընդամենը մի գիշեր:
ՀԵՂԻՆԵ — Սիրո մեկ գիշերն էլ է հավերժություն: Այդ գիշերը չի լուսանում երբեք:
ԳՈՀԱՐ — Խնդրում եմ:
ՀԵՂԻՆԵ — Ուզում եմ քեզ երջանկացնել, հավատա, բայց չեմ կարող:
ԳՈՀԱՐ — Գոնե գիշերվա մեկ ժամը:
ՀԵՂԻՆԵ — Հնարավոր չէ:
ԳՈՀԱՐ — Խնդրում եմ, զանգիր Լոնդոն, Ադամին ասա` այս գիշեր մեկ րոպե ինձ է սիրելու, մեկ րոպե, ոչ ավելի:
ՀԵՂԻՆԵ — Կա րոպե, որը չունի սկիզբ և վերջ:
ԳՈՀԱՐ — Ես քեզ կսպանեմ, Եվա:
ՀԵՂԻՆԵ — Սպանելով ինձ` դու կսպանես Ադամին:
ԳՈՀԱՐ — Խնդրում եմ, Ադամին մի սպանիր, ես սիրում եմ նրան, այլապես ինչո՞ւ ծնվեցի, որ ապրեմ այս անսեր ու ավազակ կյա՞նքը:
ՀԵՂԻՆԵ — Թվաբանությունը պայմանականություն է: Սրբիր արցունքներդ:
ԳՈՀԱՐ — Ինչո՞ւ ես արտասվում: Առավոտյան Ադամին կվերադարձնեմ քեզ:
ՀԵՂԻՆԵ — Աստված չի ստեղծել Ադամին:
ԳՈՀԱՐ — Հապա ո՞վ:
ՀԵՂԻՆԵ — Ես:
ԳՈՀԱՐ — Դու գրո՞ղ ես:
ՀԵՂԻՆԵ — Աստված չանի:
ԳՈՀԱՐ — Ո՞վ ես:
ՀԵՂԻՆԵ — Երազող կին: Երբ բոլորը խուլ են քո հոգու ձայներին, դու միայնակ ես, դու ես և դու, երբ գիշերը չի լուսանում, դու երազում ես երանելի գոյությունը, որը ոչ մի տեղ չի եղել, չկա ու չի լինելու: Ես հորինեցի այս հեքիաթը` որպես սիրող սրտերի մխիթարանք: Ես վառեցի ջահը:
ԳՈՀԱՐ — Համբուրիր շուրթերս:
Մոտենում է Մատուցողը: Այժմ նա ծաղրածուի հագուստ-կապուստով է: Նույն թիթեռնիկ փողկապը: Փողկապը հանում է և հագցնում Հեղինեի պարանոցին, իսկ նրա մարգարտյա ուլունքաշարը՝ իր:
ԳՈՀԱՐ — Ո՞ւր է տորթը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ադամն ու Դելոնը մինչև վերջ կերան:
ՀԵՂԻՆԵ — Դու մնացել ես հին աշխարհում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Համբուրեմ կուրծքդ:
ՀԵՂԻՆԵ — Անբարոյական:
ԳՈՀԱՐ — Խնձորն ի՞նչ արեցիր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Կեսուրդ կերավ և համոզվեց, որ Ադամի հետ ամուսնանալուց առաջ ես կորցրել կուսությունդ:
ՀԵՂԻՆԵ — Տուր ատրճանակը:
ՄԱՏՈՒՑՈՂ — (ատրճանակը դնում է սեղանին): Խնդրեմ, պարոն: Թանկ արժի:
ՀԵՂԻՆԵ — Ինչքա՞ն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Մի ամբողջ կյանք:
ՀԵՂԻՆԵ — Շատ էժան է:
Հեղինեն ատրճանակի փողն ուղղում է Գոհարի վրա:
ԳՈՀԱՐ — (սարսափահար): Չկրակես…
Հեղինեն ատրճանակի փողն ուղղում է իր քունքին:
ԳՈՀԱՐ — (սարսափած): Քեզ մի սպանիր, խնդրում եմ, Ադամին չեմ ուզում, լրիվ քեզ մնա:
ՀԵՂԻՆԵ — (ատրճանակի փողն ուղղելով ավելի պայծառ շողացող ջահին): Մեռիր, Ադամ, սիրելիս…
Խլացուցիչ կրակոց: Բյուրեղյա ջահը փշրվելով թափվում է ներքև: Խավար մթնեցում: Շեփորի կաղկանձյուն ելևէջումները: Երբ աստիճանաբար լուսավորվում է, սրճարանում ոչ ոք չկա: Բոլոր սեղաններն ու աթոռները անկանոն շրջված են: Ձայն. թվում է` կատուն մլավեց:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։