Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ՄԵԿ ԺԱՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Դրամա երկու գործողությամբ

Մի բուռ բարություն…
Վ. ՍԱՐՈՅԱՆ

Գործող անձինք
գիտաժողովի
մասնակիցներ ԱՆԴՐԵ ԱՐՍԵՆ, ՄԱՐԻ ԴԵՇԱՆԵԼ, ՖԻԼԻՊ ԱՐՄՍԹԵՅՆ, ԺԱՆ ՊԵՐԻԵ

ԱՆԴՐԵ ԱՐՍԵՆԻ ընտանիքը՝
ԱՂՋՆԱԿ` ԶԱՊԵԼ
ՄԵԾ ՄԱՅՐ — Զապելի տատը
ՀԱՅՐ — Զապելի հայրը
ՄԱՅՐ — Զապելի մայրը
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Զապելի ավագ եղբայրը
ԱՎԱԳ ՔՈՒՅՐ — Զապելի ավագ քույրը
ՍՊԱՍՈՒՀԻ

Գործողությունը կարող է կատարվել Թուրքիայի ցանկացած քաղաքում,
մեր օրերում:

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Բեմը դահլիճի նախասրահն է: Դիմացը` բեմի խորքում` դահլիճ տանող դուռն է: Աջ կողմում` սեղան զովացուցիչ ջրերով, քիչ այն կողմ` ելքի դուռն է: Ձախ կողմում այգի նայող լայն պատուհան է:
Վարագույրի բացվելուն հընթացս, աստիճանաբար լսելի են դառնում ելույթ ունեցողների խոսքի հատվածներ, որոնք ընդմիջվում են դահլիճում գտնվողների արձագանքներով, երբեմն` զուսպ ծափահարությամբ:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ձայն — «Մարդկային հիշողությունը եզակի երևույթ է: Հիշողության որոշ տարրեր ունեն անգամ միաբջիջ պարզագույն օրգանիզմները: Բայց միայն մարդիկ են հիշողության թուլանալուց բողոքում: Ինչպե՞ս պահպանել ու բարելավել հիշողությունը»:
ԿԱՆԱՑԻ ձայն — «Հիշողության բազմաթիվ տեսությունների առկայությունն անգամ մինչև վերջ դեռ չի հստակեցրել, թե ինչպես է կատարվում ինֆորմացիայի յուրացումն ու մտապահումը: Գուցե մի օր գիտնականները բացահայտեն հիշողության առեղծվածը, և այդ ժամանակ հիշողության հետ կապված բոլոր պրոբլեմները կլուծվեն մեկ անգամ և ընդմիշտ: Ամեն մարդ ունի մտապահելու` միայն իրե՜ն հատուկ միջոցները: Ի՞նչն է ազդում հիշողության վրա: Հիշողությունը թուլացնում կամ ուժեղացնում են տարբեր գործոններ, որոնցից առաջինը ինֆորմացիայի կարևորությունն է: Ինչքան մեզ համար կարևոր է ինֆորմացիան, այնքան լավ ենք այն մտապահում: Բայց միշտ չէ, որ այդպես է»:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ծերունական ձայն — «Հիշողության դասակարգման տարբեր միջոցներ կան, առանձնացնում են ժառանգական և անհատական հիշողությունը: Հիշողության հետ երբեմն կատարվում են ավելի քան անսովոր երևույթներ: Բժշկական պրակտիկայում հայտնի են դեպքեր, երբ մահվան եզրին հայտնված մարդիկ պատմել են, որ տեսել են իրենց ապրած կյանքն` ամբողջովին: Դասական օրինակ, որ համարյա բոլոր ուսումնական ձեռնարկներում է տեղ գտել. տարեց իսպանացին շատ բարձր ջերմության մեջ անսպասելի խոսել է հազվագյուտ մի բարբառով, որն իմանալ չէր կարող: Ավելի ուշ պարզվեց, որ շատ փոքր հասակում նա ապրել է երկրի այն վայրում, որտեղ խոսել են հենց այդ լեզվով»:
ԿԱՆԱՑԻ ձայն — «Պատմություն ունենալու համար պարտական ենք հիշողությանը: Ու թեև ամեն մի մարդու հիշողության կենսաբանական մեխանիզմները նույնն են, ինչ մնացած ողնաշարավորներինը` արհեստական հիշողությունը ազատագրում է մեր ուղեղն ու նշանակալի չափով որոշում, թե ինչ է մեզ անհրաժեշտ և ինչ կարող ենք մենք մտապահել»:
Վարագույրի բացվելուց հետո դեռ որոշ ժամանակ լսվում է վերջին զեկուցողի խոսքը, հետո հնչեղ մի ձայն արտաբերում է` «Ընդմիջում», իսկ վայրկյաններ անց բացվում է դուռն ու մեկը մյուսի ետևից դուրս են գալիս գիտաժողովի մասնակիցները: Մի մասն ուղղվում է դեպի սեղանը, մյուսները` փոքր խմբերով, շարունակում են դահլիճում սկսված խոսակցությունը: Բջջայինով խոսելով` աջ նախաբեմ է գալիս Ֆիլիպ Արմսթեյնը, կամաց, բայց վճռական ինչ-որ բան է փորձում համոզել խոսակցին:
Մարի Դեշանելն անջատվելով խմբից` գալիս-կանգնում է պատուհանի մոտ, դուրս է նայում: Նա այնպիսի անկախ դիրքով է կանգնել, որը պետք է հուշի` նախընտրում եմ մենակ մնալ:
Ջրով լի երկու բաժակ ձեռքին` նրան է մոտենում Ժան Պերիեն:
ԺԱՆ — Անգամ այստեղ կարողանում եք առանձնանալ:
ՄԱՐԻ — (շրջվելով նրա կողմը): Ան­հնար է անտարբեր մնալ այսպիսի տեսարանի առջև:
ԺԱՆ — (հպանցիկ հայացք նետելով դուրս): Զարմանում եմ, ուղեղի ամենախոր ծալքերը մաթեմատիկական բանաձևի վերածողը ինչպե՞ս կարող է հիանալ թեկուզ և լավ խնամված, բայց գազոնով:
ՄԱՐԻ — Ուզում եք ավելի պրագ- մատիկ երևալ, քան իրականո՞ւմ եք… (Խորամանկ ժպիտով:) Բայց ես գիտեմ, ոմանք էլ անտարբեր չեն ստորջրյա որսի նկատմամբ:
ԺԱՆ — Եթե կարծում եք, որ հա-մեմատությունը տեղին էր, չեմ առարկի, թեև… երբևէ ջրի տակ սուզվե՞լ եք… Կարող եք չպատասխանել, գիտեմ, որ ասելու եք «ոչ»: Իսկ դա աննկարագրելի զգացում է… (Անսպասելի և աստիճանաբար ոգևորվելով:) Մի՞թե մարդու ձեռքով ստեղծվածը կարող է համեմատվել բնության արարչության հետ: Այս ծաղիկներն ու գազոնը մարդու երևակայության արդյունք են, որոնց դեմ, անկեղծ ասած, ոչինչ չունեմ, բայց միայն պատկերացրեք ջրի տակ, ուր չի հասնում այդ նույն մարդու ձեռքը, ամեն ինչ որքա՜ն նախա-ստեղծ է ու անկրկնելի…
ՄԱՐԻ — Ժան, բայց դուք պոետ եք… Չգիտեի:
ԺԱՆ — (նեղվելով անկեղծ պոռթկումից` փորձում է արագ թեման փոխել): Իսկ ես գիտեմ, որ գեղեցիկ տեսարանով հիանալու ձեր ցանկությունը ընդամենը մեղավորիս անտեսելու պատրվակ է: (Մեկնելով բաժակը:) Բայց ես էլ կարող եմ պատրվակ գտնել` իմ գոյության մասին հիշեցնելու համար: Խնդրեմ:
ՄԱՐԻ — Հաճույքով: Հրաշալի պա-տրվակ է… (Հաճույքով խմելով ջուրը:) Ավելի ու ավելի եմ համոզվում, որ ջուրը մաքրում է ոչ միայն ուղեղը, այլև` աչքը:
ԺԱՆ — Այսի՞նքն…
ՄԱՐԻ — Դե… (Հայացքով ցույց տա-լով բեմի խորքում այս տեսարանին ֆոն ծառայող համր դե- րակատարներին:) Ձեզ չի՞ թվում, որ այս հավաքները շատ նման են, ասես պատճենահանված լինեն:
Հեռախոսը գրպանը դնելով` նրանց է մոտենում Ֆիլիպ Արմ­սթեյնը:
ՖԻԼԻՊ — Չե՞մ խանգարում:
ՄԱՐԻ — Ամենամեծ ցանկության դեպքում էլ չեք կարող խանգարել, դուք մի՜շտ հայտնվում եք ժամանակին:
ՖԻԼԻՊ — Մեծ հաջողություն է, երբ շրջապատված ես նրբանկատ կոլեգաներով:
Սիրալիր-դիվանագիտորեն ժըպ-տում են: Նրանց է մոտենում գիտաժողովի կազմակերպիչներից մեկը (դա երևում է նրա` ավելի քան պաշտոնական հագուկապից ու սեփական անձի լրջությունը գիտակցելու ներքին հոգե- վիճակից:) Ամեն մեկին ծրար է հանձնում: Մարին առանց բացելու ծրարը դնում է ուսից գցած փոքրիկ պայուսակը, Ֆիլիպը դեռ պահում է ձեռքում, իսկ Ժանն արդեն հասցրել է բացել ու հպանցիկ հայացք գցել թափանցիկ թղթին:
ՄԱՐԻ — (վատ սքողված հեգնանքով): Նույնիսկ ճաշկերույթի հրավերները ամենուր տպում են միա- նման թղթի վրա:
ԺԱՆ — (շեղ հայացք գցելով նրան): Համարեմ, որ միայն ձեզ հատուկ հումորի զգացումը ձեզ լքել է… ժամանակավորապես:
ՖԻԼԻՊ — (հոնքերը վեր բարձրացնելով): Ինչի՞ մասին է խոսքը… ես ինչ-որ բա՞ն եմ բաց թողել…
ՄԱՐԻ — Ընդամենը իմ կարծիքը, համաձայն որի գիտաժողովները շատ միօրինակ են դարձել իրենց կանխատեսելիությամբ: Համաձայն չե՞ք:
ՖԻԼԻՊ — (դիվանագիտական ժպիտով): Դե, ինչո՞ւ… բացառու- թյուններ լինում են: Նախավերջին զեկուցողի թեման շատ… (Փնտրում է անհրաժեշտ բառը:) …անսպասելի էր:
ԺԱՆ — (քամահրանքով): Իրո՞ք… երևի ուշադիր չեմ եղել:
ՄԱՐԻ — (ժպիտով փորձելով հարթել Ժանի անտակտությունը): Ժանը տանե՜լ չի կարող, երբ հիշողու-թյան ուսումնասիրումը դիտարկում են որպես քաղաքականու- թյան բաղադրիչ:
ԺԱՆ — Ես չեմ էլ թաքցնում: Ի վերջո, մասնագիտություն ընտրելիս կանգ առա գիտության վրա, որ հեռու մնամ քաղաքականությունից:
ՖԻԼԻՊ — (հայացքով փնտրելով ինչ-որ մեկին): Գիտությունը քաղաքականություն է, բայց` առանց քաղաքական գործիչների:
ՄԱՐԻ — Միայն թե իմանայի` դա լա՞վ է, թե՞ սարսափելի աղետ… (Նկատելով Ֆիլիպի որոնումը:) Ո՞ւմ եք փնտրում:
ՖԻԼԻՊ — Կոլեգայիս: Այսօր է ժա-մանել, թեև միտք չուներ գալու: Դուք բողոքում էիք միօրինակությունի՞ց… համոզված եմ, նա ձեզ կհետաքրքրի: Առնվազն, անկանխատեսելի արարքների վարպետ է: (Տեսնելով նրան` ում փնտրում էր:) Ես հիմա… ներեցեք:
ԺԱՆ — (հայացքով հետևելով հեռացող Ֆիլիպին): Հիմա որ վերջնականապես հետաձգվեց գեղեցիկ տեսարանով հիանալը: (Ակնարկելով անծանոթի հետ մոտեցող Ֆիլիպին:) Իրոք որ` նոր դեմք է…
ՖԻԼԻՊ — (մոտենալով): Ծանոթացեք, միասին ենք աշխատում, նույն թեմայի վրա:
ԱՆԴՐԵ — (հերթով ներկայանալով): Անդրե Արսեն:
ՄԱՐԻ — Ուրախ եմ: Մարի Դեշանել:
ԺԱՆ — Ժան Պերիե: Նախկինում չե՞նք հանդիպել… գիտաժողովներից մեկում:
ԱՆԴՐԵ — Դեռ վերջերս պրակտիկ նեյրովիրաբույժ էի, Բոստոնից բացակայել եմ միայն արձակուրդիս օրերին, բայց ոչ գիտաժողովի մասնակցելու համար:
ՖԻԼԻՊ — Ես լավ տեսաբան եմ, բայց… այսպես ասեմ` ոչ փայլուն վիրաբույժ: Իսկ Անդրեն ոսկե ձեռքեր ունի, ունիկալ վիրահատություններ է անում: Երկար ժամանակ պահանջվեց, մինչև կա- րողացա համոզել, որ իմ տե-սական վարկածները ճշգրտի իր նշտարի օգնությամբ: (Լայն ժպիտով:) Կարելի է ասել, որ նրան գայթակղեցի ու կլինիկական հիվանդանոցից բերեցի գիտության դաշտ:
ՄԱՐԻ — (զննող հայացքով, երկիմաստ` Անդրեին): Նեյրովիրաբույժներն այդքան հե՞շտ են գայթակղվում:
ԱՆԴՐԵ — (դիմադարձելով նրա հայացքին): Միայն` երբ ուզո՛ւմ են գաղթակղվել:
ՄԱՐԻ — Եվ ի՞նչն է դառնում որոշիչը նման դեպքերում…
ԱՆԴՐԵ — Նպատակը: Մի բան է մարդու առողջությունը վերականգնելը և լրիվ այլ է, երբ փորձում ես նրան վերադարձնել հիշողությունը:
ՄԱՐԻ — Ինչպե՞ս կարող էի մոռանալ այդ հանգամանքը, չէ՞ որ այստեղ բոլորը կենտրոնացած են հիշողության վրա: Ամե՜ն ինչ հանուն հիշողության… (Ակնարկելով Ժանին ու Ֆիլիպին:) Նրանք ձեզ լավ կհասկանան:
ԱՆԴՐԵ — Այս պահին ինձ չի հուզում նրանց հասկանալը: (Լռություն: Բոլորն սպասում են` ինչ է ասվածին հետևելու, որ համապատասխան հետևություն անեն:) Ես ուզում եմ իմանալ` դուք ինչո՞ւ չեք ժպտում, մի՞թե այդքան ձանձրալի ենք: Դե՞… (Ժպտում է բաց և անմիջական:)
ՄԱՐԻ — (կարճ մտորումից հետո): Հաշտության առաջա՞րկ է:
ԱՆԴՐԵ — Իսկ ուրիշ ի՞նչ կարող է լինել:
ՄԱՐԻ — Իրոք որ… ուշադրությո՜ւն, ժպտում եմ: (Ժպիտը թեև մի փոքր լարված, բայց երևակվում է դեմքին:)
ԺԱՆ — (զուսպ ժպիտով): Ինձ թվաց` պաղ քամիներ փչեցին… (Իր և Մարիի բաժակներըը տալով անցնող մատուցողին: Անդրեին.) Մարիից երբեմն սառցե ալիքներ են տարածվում, մնում էր` դուք ավելի նվազեցնեիք ջերմաստիճանը: (Ի պատասխան Մարիի խիստ հայացքին` հապշտապ:) Պաշտոնական ճաշկերույթի փոխարեն չգնա՞նք մի տեղ… տա- քանալու: Քաղաքը լավ գիտեմ, բավական գողտրիկ անկյուններ կան… (Անդրեին.) Ի՞նչ կասեք…
ԱՆԴՐԵ — Քաղաքի մասի՞ն… օդանա- վակայանից ուղիղ այստեղ եկա, ինչ հասցրել եմ տեսել` պատուհանից եմ տեսել:
ՄԱՐԻ — Եվ ի՞նչ…
ԱՆԴՐԵ — (կարճ դադարից հետո): Առանձնապես ոչինչ… անդեմ, սովորական…
ԺԱՆ — Թույլ տվեք չհամաձայնել, ինքնատիպ քաղաք է, մի անորսալի հմայք ունի… («Նրբանկատ խայթոցով:) Բայց դա մեքենայի պատուհանից նայելով չես զգա:
ՄԱՐԻ — (շտապելով միջամտել): Տարիներ առաջ այստեղ եղել եմ… մոտ երկու շաբաթ, ու կարող եմ ասել, որ հետաքրքիր քաղաք է:
ՖԻԼԻՊ — Ի՞նչ է նշանակում` հետա- քըրքիր քաղաք: Ի՞նչն է այդ հետաքրքիրը` շենքե՞րը, մարդի՞կ, բնությո՞ւնը…
ՄԱՐԻ — Կասեմ, բայց շատ լուրջ չընդունեք ասածս: Այս քաղաքը հիշողություն ունի:
Մի պահ լռություն, հետո պայթում է ծիծաղը: Բոլորը ծիծաղում են` Մարիից բացի:
ԺԱՆ — Մարի, օրիգինալ չեք:
ՄԱՐԻ — (անակնկալի եկած նրանց արձագանքից` փորձում է ցույց չտալ, որ նեղսրտել է: Ուսերն աննկատ թոթվելով): Ի՞նչ կարող եմ անել, սա է անկեղծության գինը:
ԺԱՆ — Հարցը սենտիմենտալ լինելը չէ, այս անգամ դո՜ւք չկարողացաք խուսափել «հիշողություն» բառից:
ՄԱՐԻ — Իրոք որ… (Ուշացած ծիծաղում է:)
ՖԻԼԻՊ — (Մարիին): Իսկ ինձ թվում է, որ այս քաղաքը շատ նման է ձեր հայրենի քաղաքին, այստեղից էլ` նման տպավորությունը:
ՄԱՐԻ — Իմ քաղաքը մայրաքաղաք- ներից հեռու, փոքրիկ բնակա- վայր է: Իսկ սա… ասում են` ժամանակին խաչմերուկ է եղել պետությունների ու ժողովուրդների համար:
ԺԱՆ — Լրիվ անտարբեր եմ` ով ու երբ է այս խաչմերուկով անցել, բայց կվկայեմ, որ սպասարկման առումով տուրիստի համար հոյակապ քաղաք է: (Հեռվից զննելով սեղանը, որի վրա սպասավորը քաղցրավենիքով ափսեներ է դնում:) Արևելյան քաղցրավենի՛ք… այ, սա մի ուրիշ բան է: (Բոլորին.) Ինձ միացողներ կա՞ն:
ՄԱՐԻ — (գլուխը բացասաբար օրորելով): Դուք անուղղելի քաղցրակեր եք:
ՖԻԼԻՊ — Իսկ ես` հաճույքով… (Նա-յում է Անդրեին:)
ԱՆԴՐԵ — (անսպասելի չոր): Շնորհակալ եմ, քաղցր չեմ սիրում:
ԺԱՆ — (նուրբ հեգնանքով): Ցավոք, աղի քաղցրավենիք գոյություն չունի:
Ժանն ու Ֆիլիպը մոտենում են սեղանին:
ԱՆԴՐԵ — (դադարից հետո): Ինձ զարմացրեց ձեր ասածը:
ՄԱՐԻ — (անտարբեր, միայն խոսակցությունը ստիպված շարունակելու միտումով): Հատկապես ո՞ր մեկը…
ԱՆԴՐԵ — Քաղաքի հիշողության մա-սին:
ՄԱՐԻ — (զուսպ քմծիծաղով): Քաղաքը ոչ մի կապ չունի ասածիս հետ, պատճառը ավելի քան պրոզայիկ է` այդ երկու շաբաթը ես մենակ չէի:
ԱՆԴՐԵ — Միայն դա՞…
ՄԱՐԻ — Իսկ ավելին ո՞ւմ է հարկա-վոր: Մնացածը կլինի հերթական մասնագիտական խոսակցություն, որտեղ կգերիշխի «հիշողություն» բառը:
ԱՆԴՐԵ — Ու դա նույնն է, ինչ երկու շեֆ-խոհարարների` ռեստորանում ընթրելը: Նրանք ոչ այնքան ուտում են, որքան քննարկում են` ինչը ինչպես է պատրաստվել:
Ժպտում են: Դադար:
ՄԱՐԻ — (շրջվելով դեպի պատուհանը): Այս տեսարանը այնքան ծանոթ թվաց… Մեր տան պատշ- գամբից որ նայում էի` այս նույն սիզամարգի խոնավ կանաչն էր ու դեղնակարմրագույն ծաղիկները… (Մտքերի մեջ:) Վերջին անգամ այնտեղ էի չորս տարի առաջ. մորաքույրս էր մահացել: Կարծես առաջին անգամ էի գերեզմանատանը, առաջին անգամ էի տեսնում մեր ընտանեկան դամբարանը: Առաջին մահվան տարեթիվը, որ փորագրվել է մարմարյա սև պատին`1678 թվականն է: Ու հերթով` մինչև 21-րդ դար: Վերջինը մորաքույրս էր… առայժմ: Մի ընտանիքի երեքհարյուր ու քանի տարվա պատմությունը` մի դամբարանում: Առաջին անգամ զգացի իմ ով լինելը: Թիկունքի՜ս զգացի, ասես շարվել էին բոլորը` առաջինից վերջինը, ու եթե շրջվեի` կտեսնեի նրանց: (Սթափվելով:) Իսկապես որ սենտիմենտալ եմ դառնում…
ԱՆԴՐԵ — (պատուհանից դուրս նայելով): Երեքհարյուր տարի… Իմ ընտանիքի պատմությունը սկսվում է Ամերիկայում թաղված մեծ պապիցս` հորս պապից: Մահացել է 1965 թվականին, ու եթե հաշվարկն անենք ձեր պատմածով` կստացվի, որ իմ ընտանիքը հազիվ 50 տարեկան է:
ՄԱՐԻ — Իսկ դրանից առա՞ջ…
ԱՆԴՐԵ — (կարճ դադարից հետո, չոր): Նախընտրում եմ չխոսել այդ մասին:
ՄԱՐԻ — Ներեցեք…
ԱՆԴՐԵ — Ի՞նչի համար… դա նորմալ է` Ամերիկայում շատերն են սկսում սկզբից:
Մոտենում են Ժանն ու Ֆիլիպը:
ԺԱՆ — Իզուր հրաժարվեցիք, շատ համեղ էր:
ՖԻԼԻՊ — Մի փոքր ծանր է` մեղր, յուղ, ընկույզ, բայց երբեմն կարող ես քեզ թույլ տալ…
ՄԱՐԻ — Նախընտրում եմ կրուասանը` թեթև, պարզ:
ԱՆԴՐԵ — Իսկ գաթա կա՞ր:
ՖԻԼԻՊ — Ի՞նչ…
ԺԱՆ — Ի՞նչ համ ունի…
ԱՆԴՐԵ — (մտնելով «պատյանի» մեջ): Չգիտեմ… ինչ-որ տեղ լսել եմ… կարևոր չէ, մոռացեք:
ԺԱՆ — Կեսգիշերին գնացքով մեկնում ենք մայրաքաղաք` գիտաժողովը կշարունակվի այնտեղ, այսպես ասած` լաբորատոր պայմաններում: Բայց մինչ այդ կհասցնենք մի լավ հանգստանալ: Չեք զղջա, հավատացեք ինձ, ով անձամբ գիտե աշխարհի լավագույն ռեստորանների առնվազն կեսի ճաշացուցակները:
ՄԱՐԻ — Ուրեմն` հազիվ հասցնենք իրերը վերցնել հյուրանոցից: (Անդրեին.) Ահա թե ինչ է նշանակում գիտաժողովին ուշացած ներկայանալը: Այդպես էլ քաղաքը չեք տեսնի:
ԱՆԴՐԵ — (թեթև դադարից հետո): Մեծ կորուստ չէ:
ԺԱՆ — Դե ոչ, թույլ տվեք չհամա-ձայնվել` արևելյան էկզոտիկան ուրիշ բան է… մի անգամ Մարոկկոյում…
Չորսով գնում են դահլիճի խորքը, նրանց խոսակցությունը կորչում է ընդհանուր աղմուկի մեջ: Դահլիճից ինչ-որ մեկը բարձրախոսով մասնակիցներին հրավիրում է` «Գիտաժողովի երկրորդ նիստն սկսվում է»: Այդ պահին աջ կողմից դահլիճ է մտնում Աղ­ջնակը: Երկար մազերը կապված են ժապավենով, կապույտ, մինչև ծնկները հասնող թավշյա զգեստով է: Անկաշկանդ է, նայում է շուրջը, հայացքով ինչ-որ մեկին է փնտրում: Այստեղ փոքր երեխայի մուտքն իրոք անսովոր է, բայց առավել անսովոր է, որ ոչ ոք չի նկատում նրան: Անցնում են կողքով, ոմանք` այնքան մոտիկ, որ թվում է` հիմա կդիպչեն կամ ան­զգույշ մի կողմ կհրեն: Աղջնակն ուշադրություն չի դարձնում նման վերաբերմունքին և ի տարբերություն նրանց` զննում է, ուշադիր նայում դեմքերին, նույնիսկ ոմանց ձեռքով դիպչում է, բայց շարունակում է աննկատ մնալ: Մարդիկ դանդաղ շարժվում են դեպի դահլիճ` աշխույժ զրուցելով: Աղջնակը մոտենում է Ֆիլիպին, նայում է նրան, հայացքը շրջում է Ժանի, հետո` Մարիի կողմը և, վերջապես, տեսնում է Անդրեին: Մոտենում է, կանգնում Անդրեի դիմաց ու սևեռուն նայում է նրան: Առաջին պահ Անդրեն մյուսների նման անհաղորդ է, չի նկատում, բայց հանկարծ… նրա հայացքը հանդիպում է փոքրիկ անծանոթուհու հայացքին: Զարմացած է` որտեղի՞ց հայտնվեց: Ի պատասխան նրա զարմանքի` Աղջնակը ժպտում է: Անդրեն նայում է խոսակիցներին ու նրանց արձագանքից համոզվում, որ ոչինչ չեն տեսում:
(Այս տեսարանում լուսային լուծումով Անդրեն ու Աղջնակը մի փոքր պիտի առանձնանան բոլորից:)
Ընդհանուր աղմուկի միջից նորից առանձնանում է ծանոթ քառյակի խոսակցությունը:
ԺԱՆ — (Անդրեին): Ֆիլիպը որոշ բաներ ասել է ձեր փորձերի մասին… Կուզենայի առանձին խոսել այդ մասին:
ԱՆԴՐԵ — (նրան չլսելով` գլուխը բացասաբար օրորում է` հայացքը չկտրելով Աղջնակից): Այո, այո, դուք իրավացի եք…
Ժանը այդպիսի հակասական պատասխանից զարմացած` նայում է Անդրեի հայացքի ուղղությամբ ու ոչինչ չտեսնելով, կրկին նայում է Անդրեին:
ՖԻԼԻՊ — (կանխելով Ժանի հարցը` Անդրեին, կամաց ասում է Ժանին): Հիմա չէ… գուցե ավելի ուշ, երբ… (Մտնում է դահլիճ` իր հետ տանելով Ժանին:)
ՄԱՐԻ — (Անդրեին): Ծանոթի՞ եք տեսել…
ԱՆԴՐԵ — (հայացքով ցույց տալով Աղջնակին): Գիտե՞ք` ով է…
ՄԱՐԻ — (հետևելով նրա հայացքին ու տեսնելով այդ պահին դահլիճ շտապող տարեց տղամարդուն): Ինչպե՞ս չէ… պրոֆեսոր Շնեյդերն է:
ԱՆԴՐԵ — (համոզվելով, որ իրենից բացի ոչ ոք չի տեսնում Աղջնակին` մտացրիվ): Այո, այո, պրոֆեսորն է… Դուք գնացեք, ես քիչ հետո…
Մարին ինչ-որ բան է ուզում ասել, բայց… մտնում է դահլիճ: Նիստն սկսվում է, սրահում միայն Անդրեն և Աղջնակն են: Դուռը փակվում է:
ԱՆԴՐԵ — (նկատելով սեղանի վրայից սպասքը հավաքող սպասավորին): Ներեցեք…
ՍՊԱՍԱՎՈՐ — (գործն ընդհատելով): Այո՞, պարոն:
ԱՆԴՐԵ — Ես պիտի դահլիճ մտնեմ, բայց… (Հայացքով ցույց է տալիս Աղջնակին:)
ՍՊԱՍԱՎՈՐ — (նայելով նրա հայացքի ուղղությամբ ու ոչինչ չտեսնելով` մոտենում է): Մեկ վայրկյան… (Ուզում է բացել դահլիճի դուռը:)
ԱՆԴՐԵ — Ոչ, ոչ, դա չէ… Ես ինքս…
ՍՊԱՍԱՎՈՐ — (զուսպ ժպիտի տակ կարողանալով թաքցնել զարմանքը): Ներեցեք, բայց…
ԱՆԴՐԵ — (կրկին հայացքով ցույց տալով Աղջնակին, ով կանգնած է` անտարբեր շուրջը կատարվողին): Այստեղ…
ՍՊԱՍԱՎՈՐ — (կրկին նայելով Աղջը- կան ու ոչինչ չտեսնելով): Ի՞նչ կա այդտեղ:
ԱՆԴՐԵ — (վերջնականապես շփոթահար): Չէ, ոչինչ… Ամեն ինչ նորմալ է:
ՍՊԱՍԱՎՈՐ — (թերահավատ): Նորմա՞լ է…
ԱՆԴՐԵ — (ինքնավստահությունը վերագտած): Շնորհակալություն:
Սպասավորը գլուխ է տալիս ու վերադառնում ընդհատված գործին` լավ թաքցնելով զարմանքը:
Անդրեն շրջվում, ձեռքը տանում է բռնակին` Աղջիկը հանդիմանական օրորում է գլուխը: Ասես զգալով նրա շարժումը` Անդրեն շրջվում, նայում է նրան ու վճռական շարժումով ձեռքը դնում է բռնակի վրա` այս անգամ ասես ստուգելով Աղջնակի արձագանքը, որը չի ուշանում. Նա այնպես է օրորում գլուխը, որ ժապավենն ընկնում է հատակին: Անդրեն նայում է ժապավենին, Աղջնակին… կռանում, բարձրացնում ու մեկնում է նրան: Աղջնակը վերցնում ու ճարպիկ շարժումով ամրացնում է մազերին:
ԱՂՋՆԱԿ — Շնորհակալություն:
ԱՆԴՐԵ — (հանկարծակիի եկած): Ի՞նչ…
ԱՂՋՆԱԿ — Ժապավենս հատակից բարձրացրիր, ուրեմն` պետք է ասել «շնորհակալություն»: (Անդրեի լռությունից` նեղացկոտ:) Ես էլ ասացի: (Չարաճճի:) Շը-նոր-հա-կա-լու-թյո՜ւն:
Վերջին վանկն այնքան բարձր է ասում, որ Անդրեն սթափվում է:
ԱՆԴՐԵ — Խնդրեմ:
Դադար: Անդրեն նայում ու համոզվում է, որ Սպասավորը ուշադրություն չի դարձնում իրենց:
ԱՂՋՆԱԿ — Ինձ կօգնե՞ս:
ԱՆԴՐԵ — Ե՞ս… (Ի պատասխան Աղջնակի հայացքին:) Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել:
ԱՂՋՆԱԿ — Մեր տուն կուղեկցե՞ս:
ԱՆԴՐԵ — Ձեր տո՞ւն…
ԱՂՋՆԱԿ — Ինչո՞ւ զարմացար, բոլոր մարդիկ տուն ունեն: Ես էլ մեր տունն ունեմ:
ԱՆԴՐԵ — Որտե՞ղ է ձեր տունը:
ԱՂՋՆԱԿ — (անորոշ շարժումով, ավելի շատ վերև է ցույց տալիս): Այնտեղ:
ԱՆԴՐԵ — (նայելով նրա ցույց տված ուղղությամբ` ժպտալով): Այստե՞ղ ինչպես հայտնվեցիր:
ԱՂՋՆԱԿ — (ավելի քան ինքնա­վստահ): Ի՞նչ մի դժվար բան է… տնից դուրս եկա, այգու միջով անցա ու հայտնվեցի այստեղ:
ԱՆԴՐԵ — («մարսելով» նրա ասածը): Այսինքն… քո տունը հեռու չէ՞:
ԱՂՋՆԱԿ — Իհարկե, մոտիկ է, թե չէ մայրիկս թույլ չէր տա, որ տնից հեռու գնամ:
ԱՆԴՐԵ — (բազմանշանակ): Պարզ է:
ԱՂՋՆԱԿ — (կասկածանքով): Ի՞նչն է պարզ:
ԱՆԴՐԵ — Որ մայրիկիդ լա՛վ ես լսում:
ԱՂՋՆԱԿ — Ինչպե՞ս հասկացար, որ այնքան էլ լավ չեմ լսում:
ԱՆԴՐԵ — Դժվար չէ… (Դադար: Անվճռական:) Հասկանո՞ւմ ես, ես պիտի դահլիճ մտնեմ… չե՞ս կարող նույն ճանապարհով տուն վերադառանալ:
ԱՂՋՆԱԿ — Այդքան մեծ ես ու չես հասկանում, որ երեխային մենակ փողոց թողնել չի՜ կարելի:
ԱՆԴՐԵ — Իհարկե, չի կարելի, այդ դեպքում գուցե բացատրե՞ս, թե ինչպես է այդ երեխան մենակ այստեղ հայտնվել:
ԱՂՋՆԱԿ — (ասես հիասթափված): Պա՛րզ է… դու էլ ես սիրում խրատ կարդալ:
ԱՆԴՐԵ — Շա՜տ եմ սիրում:
ԱՂՋՆԱԿ — Այսքան խոսելու փոխա- րեն որ ինձ տուն տանեիր, հիմա արդեն դահլիճում նստած կլինեիր: Բայց ես վաղուց եմ հասկացել, որ մեծերը երբեք փոքրերին չեն լսում:
ԱՆԴՐԵ — Իսկ ես լսում եմ: Գնացինք: (Արագ քայլում է դեպի ելքը:)
ԱՂՋՆԱԿ — (նրանից ետ մնալով): Ո՞ւր ես այդպես շտապում:
ԱՆԴՐԵ — (առանց ետ նայելու): Դահլիճ:
ԱՂՋՆԱԿ — (ինքն իրեն, հոգոցով): Ի՛նչ դժվար է այս մեծերին հասկանալը:
ԱՆԴՐԵ — (կտրուկ շրջվում է, ուզում է պատասխանել, բայց ընդամենը պարզում է ձեռքը): Գնացինք:
ԱՂՋՆԱԿ — (բռնելով նրա ձեռքը): Այ, սա հասկանում եմ: Գնացինք:
ԱՆԴՐԵ — Ինչպես ասացի՞ր` այգու միջո՞վ…
ԱՂՋՆԱԿ — Իսկ հետո` փողոցը կանցնենք…
Դուրս են գնում: Սպասավորը զարմացած նայում է մենակ գնացող տարօրինակ մարդուն, ով այնպես է քայլում, ասես բռնել է ինչ-որ մեկի ձեռքը:
Տեսարան. Հյուրասենյակ: Մեծ օվալաձև սեղան` զուգահեռ դրված բեմին: Աջ կողմի գլխավերևում նստած է Հայրը, նրա դիմացի` ձախակողմյան գլխավերևի աթոռն ազատ է: Դեմքով դեպի դահլիճը նստած են, Հոր կողմից` Մայրը, նրա կողքի աթոռն ազատ է, Մեծ մայրը, Ավագ Քույրն ու Ավագ Եղբայրը: Սեղանին` թեյի հախճապակե սպասք, արծաթե մոմակալներ: Բոլորը նստած են շատ ուղիղ, ոչ մեկը չի ուտում կամ խմում: Սպասում են:
ՄԵԾ ՄԱՅՐ — Ուշանում են:
ՄԱՅՐ — Ասացի` քույրը հեռվից հետևեր…
ՀԱՅՐ — (սևեռուն նայելով Մորը, հատուկ շեշտով): Ինչի՞ համար…
ՄԱՅՐ — Ինչպե՞ս թե` ինչի… փողոց է, մթնում է… անծանոթ մարդիկ… հանկարծ ու վնաս տան…
ՀԱՅՐ — (նույն կերպ, ասես ինչ-որ բան է ուզում հուշել): Ինչպե՞ս կարող են մութը, անծանոթ մարդը վնաս տալ…
ՄԱՅՐ — (սթափվելով): Իրոք որ… (Մեղավոր նայելով Հորը:) Այդպես էլ չվարժվեցի…
ՄԵԾ ՄԱՅՐ — Չես էլ վարժվի: Ձագուկդ` դրսում, դու` ներսում քեզ պատեպատ պիտի տաս… ինչ էլ որ եղած լինի արդեն:
Ծանր դադար:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Բա որ չգա՞:
ՔՈՒՅՐ — Բա որ գա՞:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Էլի սկսեցի՞ր…
ՔՈՒՅՐ — Դեռ չեմ սկսել:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Չես էլ սկսի, թե չէ…
ՔՈՒՅՐ — Մամ, ասա՜…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Ի՞նչ ասի:
ՔՈՒՅՐ — Մամ, դու չես տեսնում, բայց հենց հիմա ինձ այնպես նայեց…
ՄԱՅՐ — Վերջ տվեք: Գոնե հիմա:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Նրա գալուն դեմ չեմ, պարզապես գիտեմ, որ ոչինչ չի ստացվի: Եթե անգամ գա:
ՔՈՒՅՐ — Իսկ ես գիտեմ, որ ամեն ինչ կստացվի:
ՀԱՅՐ — Բան չմնաց, մի քիչ էլ համբերեք…
ՄԵԾ ՄԱՅՐ — (Հորը` ակնարկելով քույր-եղբորը): Չեն ուզում ցույց տալ, որ հուզվում են… դրա համար էլ կռվշտում են:
ՔՈՒՅՐ — Մեծ Մայրիկը մեր տան թարգմանիչն է:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Ո՞ր լեզվից:
ՔՈՒՅՐ — Իրար հասկանալու լեզվից:
Դռան զանգ: Բոլորը քարանում են: Ներս է մտնում Սպասուհին, հարցական նայում է Հորը:
ՀԱՅՐ — (հուզմունքից խռպոտած ձայնով): Ներս հրավիրիր:
Սպասուհին դուրս է գնում ու վերադառնում` ճամփա ցույց տալով Անդրեին ու նրան հետևող Աղջնակին:
ԱՆԴՐԵ — (շեմն անցնելով ու մի քայլ անելով` կանգ է առնում): Բարև ձեզ:
Սեղանի շուրջը նստածները ասես իրենց ստիպում են` դանդաղ շրջվել, ցույց չտալ իրենց հուզմունքը: Ու միաժամանակ են նայում Անդրեին` լուռ, անժպիտ: Անդրեի հայացքը շրջում է նրանց վրայով ու վերադառնում Աղջնակին, ով ներս մտնելուն պես հասցրել է նորից ամուր բռնել Անդրեի ձեռքը:
ԱՆԴՐԵ — (Աղջնակին` կամաց): Ասածս լսեցի՞ն:
ԱՂՋՆԱԿ — (կամաց): Իսկ դու ի՞նչ ես կարծում…
ԱՆԴՐԵ — Հարցին հարցով չեն պատասխանում: (Ավելի բարձր:) Բարի երեկո:
Հայրը դժվարությամբ բարձրանում է տեղից, մոտենում է, մեկնում ձեռքը Անդրեին:
ՀԱՅՐ — Բարով տեսանք… տղաս: (Սեղմում է նրա ձեռքն ու… բաց չի թողնում:)
ԱՆԴՐԵ — (նրա վերջին բառից զարմացած): Բարև ձեզ: Ներեցեք անկոչ հայտնվելուս համար, բայց…
ՀԱՅՐ — Նորից մեր փոքրիկ չա­-րաճճին փախել է տնից ու հերթական բարի անծանոթը նրան տուն է բերել, այդպես չէ՞…
ԱՆԴՐԵ — (կշտամբանքով նայելով Աղջնակին): Ուրեմն` սա առաջին դեպքը չէ:
ԱՂՋՆԱԿ — (ամենևին էլ իրեն մեղավոր չզգալով): Դե, ի՞նչ անեմ, որ տանը նստել չեմ սիրում:
ԱՆԴՐԵ — (նոր զգալով, որ Հայրը դեռ ամուր սեղմել է իր ձեռքը` ետ է քաշվում): Ու մնում է անպատի՞ժ…
ՀԱՅՐ — Ներեցեք, ի սեր Աստծո… (Հապշտապ բաց է թողնում Անդրեի ձեռքը, շփոթված:) Անպատիժ չի մնում, բայց… շուտ է մոռանում: Մեզ հետ թեյ խմեք, խնդրում եմ:
ԱՆԴՐԵ — Շնորհակալ եմ, ինձ սպասում են…
ՄԱՅՐ — (տեղից բարձրանում, մոտենում է նրանց, կանգնում Հոր կողքին): Մի մերժեք, շատ եմ խնդրում:
ԱՆԴՐԵ — (նեղ զգալով, բայց հաստատակամ): Անչափ շոյված եմ, բայց, հավատացեք, չեմ կարող…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (գալիս, կանգնում է Մոր կողքին): Մի բաժակ թեյ խմելը տասը րոպեի պատմություն է, ոչ ավելի:
ԱՆԴՐԵ — Համաձայն եմ, որ այդպես է, բայց հիմա պիտի դահլիճում նստած լինեի:
ՔՈՒՅՐ — (գալիս-կանգնում է Եղբոր կողքին): Եթե մերժեք, երբեք չեք իմանա, թե ինչ գաթա է թխում մայրս:
ԱՆԴՐԵ — («գաթա» բառը լսելով` լարվում է): Գաթա… ինչ հետաքրքիր է… (Կարողանում է մերժումը ժպիտով փոխհատուցել): Ափսոսում եմ, բայց քաղցրի սիրահար չեմ:
ՔՈՒՅՐ — (երկիմաստ): Այդպե՜ս էլ գիտեի… (Ի պատասխան Անդրեի զարմացած հայացքին:) Չէ, ես հենց այնպես… Ուշադրություն միք դարձնի:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (կռվարար): Եղածը ընդամենը մի բաժակ թեյ է…
ԱՂՋՆԱԿ — Ի՞նչ եք վրա տվել, ո՞ւր կարող է գնալ, ես ամուր բռնել եմ նրա ձեռքը: (Ցուցադրում է` ինչպես է կառչել Անդրեի ձեռքից:)
ԱՆԴՐԵ — Զորե՛ղ փաստարկ է:
Մի պահ լռություն, ու բոլորն սկսում են ծիծաղել: Անդրեն հանկարծ ՏԵՍՆՈՒՄ է նրանց:
(Լուսային հնարանք). Իրար կողք կանգնած են բոլորը` Աղջնակից բացի, և այդ պահին ասես լուսանկար լինեն` երջանիկ, համերաշխ ընտանիք պատկերող մի լուսանկար` անցյալից: Մի կարճ ակնթարթ ամեն ինչ լռում ու քարանում է:
Վարագույր
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Առաջին գործողության վերջին պատկերը`
(Լուսային հնարանք). Իրար կողք կանգնած են բոլորը` Աղջնակից բացի, և այդ պահին ասես լուսանկար լինեն` երջանիկ, համերաշխ ընտանիք պատկերող մի լուսանկար` անցյալից: Մի կարճ ակնթարթ ամեն ինչ լռում ու քարանում է: Հետո… Տեսիլքը ցնդում է:
Պատկերը կենդանանում է, Մայրը գորովանքով բռնելով Անդրեի թևը` նրան տանում, նստեցնում է սեղանի ձախակողմյան ազատ աթոռին: Հենց Անդրեն նստում է, մնացածներն էլ նստում են իրենց տեղերում, իսկ Աղջնակը` Մոր կողքի ազատ աթոռին:
ՄԵԾ ՄԱՅՐ — (որ այս ընթացքում անշարժ նստած էր ու հայացքը չէր կտրում Անդրեից): Այս տնից դեռ ոչ ոք առանց հյուրասիրության դուրս չի եկել: Սա ամենազորե՜ղ փաստարկն է:
Դռան մոտ կանգնած Սպասուհին ափով փակում է բերանը և արցունքները ցույց չտալու համար դուրս է նետվում սենյակից: Տնեցիները հետևում են` ինչպես է Անդրեն զարմացած հայացքով ուղեկցում նրան:
ՀԱՅՐ — (դադարից հետո, կատակի տալով): Ահա թե ինչ է լինում, երբ սպասուհին քնելու փոխարեն գիշերները ֆրանսիական ռոման է կարդում:
ԱՂՋՆԱԿ — (Անդրեին, բայց այնպես, որ մյուսներն էլ լսեն): Հայրիկը տանե՜լ չի կարող ֆրանսիական ռոմանները, բայց մի քիչ որ մեծանամ` ես էլ եմ կարդալու:
Կրկին ծիծաղ, որը ջերմացնում է լարված մթնոլորտը: Քույրը Անդրեի բաժակը թեյ է լցնում, Մայրը մի կտոր գաթա է դնում նրա ափսեի մեջ: Անդրեն խմում է թեյը, բայց գաթային ձեռք չի տալիս:
ՄԵԾ ՄԱՅՐ — Որտե՞ղ հանդիպեցիք մեր չարաճճի այծիկին:
ԱՆԴՐԵ — Ճիշտն ասած, չհասկացա, թե ինչպես էր հասել համալսարան ու բարձրացել դահլիճ… Ինքն ասաց, որ այգու միջով է եկել, բայց մեր ճանապարհին այգի չկար:
ՄԵԾ ՄԱՅՐ — (միալար ողբի նման, կիսաձայն): Ինչպե՞ս պիտի այգի լիներ, այդ ճամփան վաղուց խոտով է ծածկվել, անցնող-դարձող չկա… (Տեսնելով, որ տնեցիներն իրեն են նայում զգուշացնող, իսկ Անդրեն` զարմացած հայացքներով, մեղավոր ժպտում է:) Մեր գյուղի այգու հետ շփոթեցի… Ուշադրություն միք դարձնի:
ԱՂՋՆԱԿ — (նրա փոխարեն վիրավորված): Ինքը ոչինչ էլ չի՜ խառնում, այդ դո՜ւք նրան չեք հասկանում:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (կամաց): Էլի մեջ ընկավ… ծեծող չկա, դրա համար էլ երես է առել:
ՔՈՒՅՐ — (կամաց): Քեզ որ ծեծել են, օգո՞ւտն ինչ…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Գոնե ավել-պակաս դուրս չեմ տվել, ոչ էլ փողոցից են բռնել, տուն բերել:
ՔՈՒՅՐ — Հա, ինքդ ես տուն եկել ծեծված-ջարդված, կապտուկներով:
ԱՂՋՆԱԿ — (Անդրեին, բայց այնպես, որ մյուսներն էլ լսեն): Մայրիկն ասում է` քույրիկիցդ ու եղբորիցդ օրինակ վերցրու: Պատկերացնո՞ւմ ես, ինչ կլինի իմ վիճակը, եթե լսեմ մայրիկիս: Չբռնվելո՜ւ բան կլինեմ, թեև տատիկս ասում է, որ լա՛վ էլ կբռնվեմ, միայն թե հայրիկը երես չտա…
ՀԱՅՐ — (իբր` վիրավորված, նայում է Մեծ Մորը): Ուրեմն, ես նրան երես եմ տալիս, իսկ դուք` ո՞չ…
ՄԱՅՐ — (մեղմ ժպիտով): Մենք` ավելի շատ, հանգստացիր… (Աղջնակին` խիստ:) Իսկ դու գուցե լռե՞ս…
ԱՂՋՆԱԿ — (ափով բերանը փակելով): Չխոսող ձուկ եմ…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Բայց` երեսուն վայրկյանով:
ՔՈՒՅՐ — Այդքան շա՞տ…
Աղջնակը լեզու է ցույց տալիս նրանց, բայց այնպես, որ մեծերը չտեսնեն:
ՀԱՅՐ — (զավակներին` խիստ շեշտով): Իսկ հիմա թեյ եք խմում: Լո՜ւռ: (Աղջնակին.) Հատկապես` չխոսող ձուկը: (Անդրեին.) Օտարերկրացի՞ եք:
ԱՆԴՐԵ — Առաջին անգամ եմ ձեր քաղաքում:
ՀԱՅՐ — (մտախոհ): Առաջին անգամ… Որտեղի՞ց եք:
ԱՆԴՐԵ — Հեռվից: Շատ հեռվից:
ՄԱՅՐ — Ծնողներդ կա՞ն:
ԱՆԴՐԵ — Այո: Բաժանված են, բայց լավ բարեկամներ են:
ՄԱՅՐ — (չկարողանալով թաքցնել զարմանքը): Ինչպե՞ս թե… բաժանված:
ԱՆԴՐԵ — Սովորական… սկզբում ապրում են միասին, հետո` մի հարկի տակ, հետո` իրարից հեռու: Այս դեպքում` շատ հեռու` մայրս վերադարձավ Անգլիա:
ՄԱՅՐ — Ձեր կեսը անգլիացի՞ է:
ԱՆԴՐԵ — Այդպես է ստացվում:
ՄԵԾ ՄԱՅՐ — Իսկ մյուս կե՞սը…
ԱՆԴՐԵ — (դադարից հետո): Քիչ առաջ նման մի հարցի պատասխանեցի` չգիտեմ:
ՀԱՅՐ — (մտախոհ): Չգիտեք… դե ինչ, այդպես էլ է պատահում:
ԱՆԴՐԵ — (չթաքցնելով, որ խոսակցությունն իրեն տհաճ է): Այո, պատահում է, ու ավելի հաճախ, քան կարելի է պատկերացնել: (Դադարից հետո:) Համեղ թեյ է… անսովոր բույր ունի:
ՄԱՅՐ — Չորացած ուրց է:
ԱՆԴՐԵ — Ո՞ւրց… չեմ լսել:
ՔՈՒՅՐ — Ամառները գնում ենք գյուղ… փոքրիկ ամառանոց ունենք այնտեղ: Գյուղի կողքին սար կա, աղջիկներով բարձրանում ենք սարն ու հավաքում ենք` ուրց, ծոթրին…
ԱՆԴՐԵ — Ձեր նուրբ մատները չե՞ք խնայում:
ՔՈՒՅՐ — Փոխարենը մի շաբաթ նրանց հոտը մնում է մատներիս վրա:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Իսկ ինչո՞ւ չես ասում, որ այդ խոտերը հավաքելուց հետո մի շաբաթ ծռված ես ման գալիս:
ՔՈՒՅՐ — (Եղբորը): Էլի՞… Մամ, ասա…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (իբր` ինքն իրեն): Սկսվե՛ց… (Քրոջը` հաշտ:) Ներիր: (Անդրեին.) Ո՞վ եք… այսինքն` մասնագիտությա՜մբ ով եք:
ԱՆԴՐԵ — Բժիշկ:
ՄԱՅՐ — (չկարողանալով զսպել ուրախությունը): Իսկապե՞ս…
ԱՆԴՐԵ — (չհասկանալով այդպիսի արձագանքի պատճառը` զուսպ ժպտում է): Չէի ասի, որ հազվագյուտ մասնագիտություն է… (Եղբորը, նրա տոնով:) Իսկ դո՞ւք… ես էլ նկատի ունեմ մասնագիտությունը:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Ապագա բժիշկ եմ:
ԱՂՋՆԱԿ — (իբր` ինքն իրեն): Ի՛նչ հետաքրքիր է…
ԱՆԴՐԵ — Ի՞նչն է հետաքրքիր:
ԱՂՋՆԱԿ — Երկուսդ էլ բժիշկ եք… Իհարկե, հազվագյուտ մասնագիտություն չէ, բայց որ երկուսդ էլ… դա ինձ դուր է գալիս…
Սպասուհին մատուցարանի վրա միրգ է բերում:
ՄԱՅՐ — (արդարանալով` Անդրեին): Ուշադրություն միք դարձնի, նրան հասկանալը դեռ դժվար է:
ԱՂՋՆԱԿ — Ինձ հասկանալը արդե՜ն դժվար է:
ՄԱՅՐ — Դե, ի՞նչ ասես այս չարաճճի այծիկին:
ՄԵԾ ՄԱՅՐ — (միալար ողբի նման, կիսաձայն): Ինչ էլ ասես` քիչ է: Նա մեր տան լույսն է, միակ լույսը: Նա մեր հույսն է, նա մեր բոլորի միակ հույսն է…
Սպասուհին, ինչպես նախորդ անգամ, նույն կերպ դուրս է նետվում սենյակից: Ծանր լռություն:
ԱՂՋՆԱԿ — (Անդրեին, բայց այնպես, որ մյուսներն էլ լսեն): Քույրիկս էլ է ֆրանսիական ռոմաններ կարդում:
ՔՈՒՅՐ — Բայց ի՛նչ խաբարբզիկն ես…
ՀԱՅՐ — (կեղծ բարկությամբ` դստերը): Դու է՞լ…
ՔՈՒՅՐ — (կեղծ շփոթմունքով): Հայրիկ, երեկոները աշակերտներիս գրավորներն եմ ստուգում, իսկ գիշերը միայն բառարան եմ կարդում:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (երկիմաստ): Միա՜յն բառարան:
ԱՂՋՆԱԿ — (Անդրեին, բայց այնպես, որ մյուսներն էլ լսեն): Դրա մեջ միշտ նամակ է լինում: Ասե՞մ, ով է նրան գրում…
Քույրը, կարմրատակած, դուրս է վազում սենյակից;
ԱՆԴՐԵ — (զարմացած): Ի՞նչ պատա-հեց:
ԱՂՋՆԱԿ — Ամաչեց:
Անդրեն Աղջնակի ասածն անտեսելով` նայում է Մորը:
ՄԱՅՐ — Այո, ամաչեց:
ԱՆԴՐԵ — Ինչպե՞ս թե…
ՄԱՅՐ — (նույն տոնով, ինչպես քիչ առաջ Անդրեն էր նրան բացատրում ծնողների բաժանված լինելը): Սովորական: Բոլորս գիտենք, տղան էլ մեր հարևանն է, բայց քանի դեռ նշանը չեն դրել` ամաչում է:
ԱՆԴՐԵ — (չհասկանալով): Սիրուց ամաչո՞ւմ է:
ՄԵԾ ՄԱՅՐ — Սիրուց չէ, զգացմունքը ցույց տալուց է ամաչում:
ԱՆԴՐԵ — (մտազբաղ): Մտքովս չէր անցնի… Մարդիկ որքա՜ն տար-բեր են:
ՄԵԾ ՄԱՅՐ — Տարբե՞ր… Տարբերութ-յունը իմանալու համար նախ ինքդ քեզ պիտի իմանաս:
ԱՆԴՐԵ — Ես ինձ լավ գիտեմ:
ՄԵԾ ՄԱՅՐ — Համոզվա՞ծ ես:
ԱՆԴՐԵ — Ես 36 տարեկան եմ:
ՄԵԾ ՄԱՅՐ — Դե… եթե ապրած տա-րիների թվով պիտի արդարանաս…
ԱՆԴՐԵ — Իսկ ես գիտեմ, թե ինչն է ձեր նուրբ հեգնանքի պատճառը:
ՄԵԾ ՄԱՅՐ — Իսկապե՞ս:
ԱՆԴՐԵ — Երբ ձեր հարցին` որտե-ղից եմ, պատասխանեցի` չգիտեմ: Այդպե՞ս է:
ՄԵԾ ՄԱՅՐ — (սևեռուն նայելով նրան): Այդպես է:
ԱՆԴՐԵ — Իհարկե, այդպես է: Իսկ այդպես է, որովհետև երբ մեծ պապիս ամերիկյան որբախնամ կազմակերպությունը տարավ Ամերիկա, նա ոչ ոք չուներ ու ոչինչ չուներ: Այն օրերին տեղացիներից ոմանք անտեր շներին, սևամորթներին ու մեզ արգելում էին մտնել իրենց խանութները: Հետո… իրենց երջանիկ էին զգում, երբ մեծ պապս մտնում էր այդ նույն խանութները: Ճիշտ է, դրա համար նրան քառորդ դարի կյանք պահանջվեց, բայց, ինչպես ասում են, տառապանքը արդարացված էր: Ի դեպ, քիչ առաջ, երբ խոսում էի կոլեգայիս հետ, ասացի, որ ընտանիքս ընդամենը 50 տարվա պատմություն ունի:
ՀԱՅՐ — (անսպասելիությունից թեյը խեղդ է գնում): Ինչպե՞ս թե… Հո արտում չե՞ք բուսել մի օրվա մեջ… դա անհնար է, դուք… ինչո՞ւ…
ԱՆԴՐԵ — Որովհետև չեմ ուզում ետ նայել, հիշել, պատմել ու կաշվիցս դուրս գալ` ապացուցելու համար, որ այդ ամենը իրականում եղել է և իմ հիվանդագին երևակայության արդյունքը չէ…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (անսպասելի կռվարար տոնով): Իսկ ո՞վ է քեզ ստիպում, մի՜ նայիր, մի՜ հիշիր, ոչ էլ պատմիր: Բայց դու հենց այդպես էլ անում ես, ինչքան հասկացա…
ԱՆԴՐԵ — (ասես չզարմանալով, բայց ընդունելով մարտահրավերը): Անցանք դու-ի՞:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (թունավոր հեզությամբ): Ներեցեք:
ԱՆԴՐԵ — Չեմ ներում ու ես էլ անցնում եմ դու-ի: (Շինծու քաղաքավարի:) Թույլ կտա՞ս` շարունակեմ…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (նույն տոնով): Անհամբեր սպասում եմ:
ԱՆԴՐԵ — Շնորհակալություն: (Ցուցադրական շրջվում է Հոր կողմն ու խոսքն ուղղում նրան:) Մեծ պապս անգլերեն չգիտեր, փոխարենը տան մեջ միայն երկրի լեզվով էին խոսում: Նրա որդին` իմ պապը, ազատ խոսում էր անգլերենով ու մի քիչ` իր լեզվով: Մեծ պապիս թոռը` հայրս, մի քանի բառ ու նախադասություն գիտեր ու դրանք էլ ինձ չսովորեցրեց, հիմա մտածում եմ, գուցե պատճառը անգլուհի մա՞յրս էր… Ու ես ոչինչ չգիտեմ: Այնպես որ, ես ինձ լավ գիտեմ:
ՄԱՅՐ — Ի՞նչ բժիշկ ես, տղաս:
ԱՆԴՐԵ — Երկու տարի առաջ կասեի` մարդկային միտքն եմ վիրահատում: Հիմա փորձում եմ վիրահատել մարդկային հիշողու- թյունը:
ՔՈՒՅՐ — Իսկ դա հնարավո՞ր է…
ԱՆԴՐԵ — Խոսքը սովորական հիշո-ղության մասին չէ… Գիտե՞ք, որն է եղել իմ ընտանիքի փորձությունը. երբ մեզնից մեկն ու մեկը փորձել է պատմել կատարվածի մասին: Մեծ պապս, պապս, հայրս, հետո` ես… Մեկս մյուսիս ենք փոխանցել այդ անիմաստ ցանկությունը` կողքիդ ապրողներին` հարազատ լինի թե պատահական մեկը, պատմել ու դեմ առնել անհասկացող հայացքի կամ, լավագույն դեպքում` րոպեական կարեկցանքի: Իսկ ավելի հաճախ տեսնել, թե ինչպես են նրանք թոթվում ուսերն ու մտքում իրենց հարց տալիս` ինչքա՞ն կարելի է ետ նայել` այսօրն ու վաղը թողած…
ՔՈՒՅՐ — Դժվար է…
ԱՆԴՐԵ — Ավելի դժվարը կա:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (իբր` ինքն իրեն): Պարզվում է` անցյալիդ մասին պատմելը դժվար է:
ԱՆԴՐԵ — (առանց նրան նայելու): Չգիտեմ, ինչու մեր մեջ այս լարվածությունը առաջացավ, բայց հիմա պիտի խնդրեմ, որ լռես:
ԱՂՋՆԱԿ — Չխոսող ձկան պես:
Նրա խոսքը մնում է անարձագանք:
ԱՆԴՐԵ — Երկու տարի առաջ էր, գնացքով մեկնում էի Նյու Յորք: Ուղեկիցս բարեհաճ, ինձ տարեկից մեկն էր, իր ասելով` ապահովագրական գործակալ: Ինչպես սկսվեց մեր զրույցը` հիմա չեմ հիշում, բայց անսպասելի խոսակցություն բացվեց ընտանեկան ավանդույթների մասին… էլի ինչ-որ բաներ, ու մեկ էլ ինձ բռնեցրի այն պահին, որ ինքս էլ չիմանալով` ինչու, նրան պատմում եմ մեծ պապիս պատմությունը: Սկզբում լսում էր հետաքըրք- րությամբ, հետո… հայացքը սրվեց, լարվեց ամբողջ մարմնով… Ու հանկարծ ասես թքեց երեսիս. «Սո՜ւտ է, այդպիսի բան չի՜ եղել»: «Ինչպե՞ս թե,- կար-կամեցի,- ընտանիքիս պատմությունն ու ես կենդանի վկա- յություն ենք…»: «Իսկ ես ասում եմ, որ սո՜ւտ է, հերյուրա՜նք, դուք եք հորինել` ձեր ազգի պարտությունը մեզ վրա բարդելու համար»… (Դադար:) Հետաքրքիր է, չէ՞, հսկայական գնացքում երկուսս պիտի հայտնվեինք նույն կուպեում… Ի՞նչ իմանամ, գուցե նրա մեծ պա՞պն էր խուժել մեր տունն ու… միայն պապս էր փրկվել, ինչպես ընդունված է ասել` հրաշքով, որպեսզի տասնամյակներ անց նրա ծոռը նստեր այդ մեկի դիմաց ու լսեր, թե ինչպես է նա հրաժարվում կատարվածից… Ինձ հազիվ դուրս նետեցի կուպեից… այդ օրն էլ երդվեցի` այլևս երբե՜ք չպատմել, ոչ մեկին ոչինչ չասել, իմ անցյալը միայն ի՜մն է ու ոչ մեկն այլևս չի լսի, գոնե` ինձնից:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (իբր` ինքն իրեն): Միանգամից և՜ գլխից պրծար, և՜ գլխացավից:
ԱՆԴՐԵ — (առանց նրան նայելու): Ինձ հունից հանել չես կարող: Ու գիտես` ինչու: Որովհետև ասելիքս դեռ կիսատ է:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Փորձիր ավար-տին հասցնել:
ԱՆԴՐԵ — Այդ դեպքից մի քանի օր անց ընդունեցի ընկերոջս առաջարկը, թողեցի պրակտիկ վիրաբուժությունն ու աշխատանքի ան- ցա նրա լաբորատորիայում: Նա կարծում է, թե գտել է հրաշալի ենթակա, ով անձայն կատարում է իր հրահանգները: Իսկ ես… ես գիտեմ, որ մի օր կկարողանամ ոչ միայն այդ ապահովագրական գործակալի, այլ նրա ամբողջ ազգուտակի քնած հիշողությունն արթնացնել: Գիտությունն ամենազոր է, ուրեմն` ես դա կանեմ: Հեշտ գործ չէ, գիտեմ, որովհետև նրանք կարողացել են իրենց մոռացնել տալ, չեն հիշում, որովհետև իրենց հիշողությունից ջնջել են իմ ընտանիքի հետ կատարվածը…
ՄԱՅՐ — Դու ուզում ես նրանց վերադարձնել այն, ինչից նրանք հրաժարվել են գիտակցվա՞ծ… ազգովի՞…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Իրոք որ դժվար խնդիր է, հատկապես, երբ ինքդ պրոբլեմ ունես քո հիշողության հետ:
ԱՆԴՐԵ — (հայացքը մեխելով Եղբոր վրա): Ինչ ասացի՞ր…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (նույն կերպ նրան նայելով): Ճիշտ լսեցիր:
ԱՆԴՐԵ — (տեղից բարձրանալով): Չեմ կարող վիրավորել այս հյուրասեր սեղանը: (Եղբորը.) Մեկ այլ տեղում քեզ հետ առանձին կխոսեի:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (ոտքի կանգնելով): Ու 36 տարեկան հասուն այրը արյունլվիկ կաներ 22 տարեկան ջահելի մռութը:
Կանգնած են իրար դիմաց` այնքան իրար նման…
ՀԱՅՐ — (Եղբորը): Չափդ կորցրիր… (Անդրեին.) Նրա փոխարեն ես եմ ներողություն խնդրում ձեզնից:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (Հորը): Չհամարձակվես, լսո՞ւմ ես… Թեև եթե կա մեկը, ումից կարող ես ներողություն խնդրել` ինքն է… (Գնում է բեմի խորքը:)
ԱՆԴՐԵ — Ոչինչ չեմ հասկանում… Ինչպե՞ս հայտնվեցի այստեղ, ինչո՞ւ եկա… Նստել եմ ձեզ հետ: Ի՞նչ եմ խոսում, ինչո՜ւ եմ խոսում… (Նստում, գլուխն առնում է ձեռքերի մեջ:) Ես ուզում եմ ապրել: Ուրիշների պես: Առանց անցյալի բեռի, առանց ցավագար հուշերի… (Մորը.) Քիչ առաջ ինչ ասացի` սուտ էր: Այդ սուտը ես եմ հորինել, իբր` մեծ պապիցս հետո մեր ընտանիքի հիշողությունը բարակել ու ինձ չհասած` կտրվել է: Իրականում… Մեծ պապս ուշ է ամուսնացել, ամուսնացել է մի աղջկա հետ, ով իր երկրից է եղել: Չգիտեմ, գուցե այդքան ուշ է ամուսնացել, որովհետև իր երկրի աղջկա՞ն է փնտրել… Նա էլ է հրաշքով փրկվել, էլի հրաշքով հասել է Ամերիկա… իր երկրի լեզվով է խոսել, իր երկրի ծեսերն է իմացել, անգամ ճաշերը` մորից ու տատից սովորած` հեռավոր Ամերիկայում եփել է մեծ պապիս ու զավակների համար… Նա էլ մեն-մենակ էր, կորցրել էր բոլոր հարազատներին ու գտել էր մեծ պապիս: Այդ երկուսը` իրենց գերդաստաններից մնացած միակները… որ կարողացան շարունա- կություն դառնալ, կարողացան զավակներին փոխանցել ոչ միայն իրենց հիշողությունը: Նաև` ատելությունը: Որովհետև ինչպե՞ս հիշես ու կարողանաս չատել քո դահճին: Եթե իմանաք` ինչ դժվար է ոչնչացված գերդաստանիդ հիշողությունն ու ատելությունը ամեն վայրկյան զգալ քո մեջ, ապրել, քնել-արթնանալ, շնչել դրանցով… Ես փորձում եմ ուրիշներին վերադարձնել կորցրած հիշողությունը, բայց երբեմն այնպես եմ ուզում ոչնչացնել իմ հիշողությունը…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Դու հիշողու- թյունից չես վախենում, դու սարսափում ես ատելությունից: Դրան ի՞նչ են ասում… փոքրոգությո՞ւն…
ԱՆԴՐԵ — Ով սա ասեր` ձեռքիցս հեշտ չէր պրծնի, բայց… բախտդ բերեց:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Սխալվում ես, իմ բախտը երբեք չի բերել: Փոքրուց էլ այդպես էր, նույնիսկ երբ պահմտոցի էինք խաղում, առաջինը միշտ ինձ էին գտնում:
ԱՂՋՆԱԿ — Որովհետև թաքնվել չգիտես: Իսկ ինձ երբեք չեն գտնում: Գիտե՞ս, ինչու… Որովհետև տան բոլոր ծակուծուկերը գիտեմ: Այ, սեղանի տակ նկուղի դռնակն է` գորգով ծածկված: Մտնում եմ այնտեղ, ու թող մեկը գտնի…
ԱՆԴՐԵ — (ասես չլսելով, իր մտքերի հետ): Հորս պատմածն է. երբ մեր տուն են ներխուժել, մայրս հասցրել է մեծ տատիս, որ այն ժամանակ տաս տարեկան է եղել, թաքցնել նկուղում, այդ նկուղի դռնակը մեծ սենյակում է եղել, սեղանի տակ, գորգով ծածկված: Տունն այնքան հարուստ է եղել, այնքան թալանելու բան է եղել, որ հատակի գորգին աչք չեն դրել, թե չէ գորգը որ քաշեին, դռնակը կտեսնեին, նրան էլ կգտնեին ու… ինչպես ծնողներին, տատին, ավագ եղբորն ու քրոջը… (Վերջին բառերը հազիվ են լսվում:)
ԱՂՋՆԱԿ — (որ այդ ընթացքում մոտեցել է նրան` նրա թևքից քաշելով): Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում:
ԱՆԴՐԵ — (փորձում է ժպտալ Աղջընակին): Պետք էլ չէ, որ հասկանաս, այս պատմությունը քո փոքրիկ ականջների համար չէ: (Եղբորը.) Ես սիրում եմ մարդկանց: Իմ մեջ չկա ատելություն մարդու նկատմամբ: Ես չեմ ուզում ունենալ թշնամի, ում դեմքով չգիտեմ, դեմ առ դեմ չեմ հանդիպել, նրանից հարված չեմ ստացել… Եթե ընտանիքիս անցյալը ուրիշ լիներ, ես կապրեի… չգիտեմ` ինչպես կապրեի, բայց որ հաշտ կլինեի ինքս ինձ հետ` համոզված եմ: Բայց իմ արյունը վարակված է անցյալի մղձավանջով, որից փրկություն չկա, իսկ այդ հանդիպումը գնացքում բացեց աչքերս…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Կամ փակեց…
ԱՆԴՐԵ — (անսպասելի մեղմությամբ): Կարելի է նաև այդպես ասել… Ես առաջին անգամ կարողացա տեսնել ինձ` տեսա ու հասկացա, որ իմ բնույթով, գենով սիրում եմ մարդուն, իսկ հիշողությամբ` ատում եմ մարդուն… Իհարկե, կարող եմ արդարանալ, որ ընդհանրապես մարդուն չեմ ատում, այլ կոնկրետ տեսակ, ցեղի, քանի որ դրանք մարդ չեն, այլ երկոտանի գազան… Որովհետև գայլից ու արջից չեն վախենում, մթից ու խավարից չեն վախենում, անծանոթ կածանից ու խոր անդունդից չեն վախենում` երկոտանի գազանից են վախենում, որ ճիրանները քեզ չհասցնի… Ես վագոնից վագոն էի անցնում` այդ անծանոթից որքան հնարավոր է հեռու գտնվելու համար, բայց ինչքան հեռանում էի, այնքան թիկունքս այրվում էր նրա հայացքից, կկոցած աչքերի միջից դուրս ժայթքող ատելությունից, ու ես գիտեի, որ իմ հայացքն էլ նույնն էր, ու իմ աչքերից ժայթքող ատելությունը պակաս չէր ու նույնիսկ ավելին էր… Այդ ատելությունը խեղդում էր ինձ ու ստիպում հեռու փախչել նրանից` անուղղելին չանելու համար: Բայց չէ՞ որ մենք իրար ոչինչ չէինք արել, մենք կարող էինք ընդհանրապես չհանդիպել…
ՄԱՅՐ — Խեղճ տղաս…
ԱՆԴՐԵ — Ոչ ոք չգիտե այս մասին, անգամ կնոջս չեմ պատմել…
ՄԱՅՐ — Կինդ է՞լ… անգլուհի է:
ԱՆԴՐԵ — (դեռ իր մտքերի հետ): Ի՞նչ… չէ, ամերիկուհի է:
ՀԱՅՐ — Երեխաներ ունե՞ք:
ԱՆԴՐԵ — Տղա, շուտով հինգ տարեկան կլինի… երկրորդին ենք սպասում:
ՄԵԾ ՄԱՅՐ — Տղայիդ անունը ի՞նչ է:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (կռվարար տոնով): Ամերիկյան մի անուն կլինի, էլի…
ԱՆԴՐԵ — Չես պատկերացնում, թե ինչ հաճույքով պիտի քեզ հուսախաբ անեմ: Մեծ պապիս անունն է:
ԱՂՋՆԱԿ — (ինքն իրեն): Ուրեմն` տղայիդ անունը Արամ է:
ԱՆԴՐԵ — (ապշահար): Ինչ ասացի՞ր… որտեղի՞ց գիտես:
ԱՂՋՆԱԿ — Ոչ մի տեղից: Հենց այնպես ասացի… ուշադրություն մի դարձրու:
ԱՆԴՐԵ — Եթե չեմ սխալվում` ձեր ընտանիքում շատ են սիրում ասել` ուշադրություն մի դարձրու:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Չենք սիրում, այս երեկո ստիպված ենք այդպես ասել… Չես հասկանա:
ՄԱՅՐ — (կանխելով երկուսի հերթական «մենամարտը»): Իսկ երկրորդը… տղա՞ եք ուզում, թե՞ աղջիկ:
ԱՆԴՐԵ — Ոչ միայն ուզում ենք, գիտենք, որ աղջիկ է:
ՄԱՅՐ — Ինչպե՞ս թե` գիտեք…
ՄԵԾ ՄԱՅՐ — (Մորը` սկեսրոջ տոնով): Ուրեմն` գիտեն: (Անդրեին.) Իսկ նրա անո՞ւնը…
ԱՆԴՐԵ — Դեռ չենք որոշել:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Դե, ամերիկյան մի անուն կդնեք…
ԱՆԴՐԵ — (Եղբորը): Ուզում եմ հասկանալ` ինչո՞ւ ես ամեն մի խոսքս սրով ընդունում, ի՞նչն է պատճառը:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Պատճառը… իս-կապե՞ս ուզում ես իմանալ:
ԱՆԴՐԵ — Այլապես չէի հարցնի…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Դու մոլորվել ես հիշողության և ատելության միջև:
ԱՆԴՐԵ — Թեկուզ այդպես… ինչո՞ւ է դա քեզ ջղայնացնում:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Չի ջղայնաց-նում… ցավ է պատճառում: Հա, զարմացա՞ր, սիրտս ցավում է… Մարդը որքան կարող է սիրել, նույնքան էլ պիտի կարողանա ատել: Ոչ սիրուց պիտի վախենա, ոչ էլ ատելությունից: Որովհետև ատելությունը սթափ է պահում ոչ միայն միտքը, այլև աչքը: Բայց պիտի իմանաս` ո՜վ ինչի՜ է արժանի: Գնացքում հանդիպած այդ մեկը քո կարեկցանքին էր արժանի, ոչ թե ատելությանը: Դու պիտի ատես նրա մեծ պապին, ով գուցե եղել է քո գերդաստանի դահիճը, բայց նրա ծոռին պիտի խղճաս… Ու նա պիտի զգա, որ խղճում ես իրեն, որովհետև քո արյան մեջ զոհի հիշողությունն է, իսկ նրա արյան մեջ` դահճի ամոթը: Այսօրվա կարեկցանքդ քեզ ուժ պիտի տա, որ չմոռանաս անցյալի ատելությունդ: Միայն այդպես կստիպես, որ քո պատմությունը լսեն ու հասկանան:
ԱՆԴՐԵ — (դադարից հետո): Ասելը հեշտ է…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Ասելուց հետո անելը դժվար չէ:
ՄԵԾ ՄԱՅՐ — (միալար ողբի նման, կիսաձայն): Խեղճ որբուկս, անբախտ ձագս, թևը կորցրած, մենակ հավքս…
ԱՆԴՐԵ — (Եղբորը): Ի՞նչ է ասում:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Չի ասում, երգում է: Մեր գերդաստանի երգն է:
ԱՆԴՐԵ — Առանց մեղեդո՞ւ…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Այդ բառերին հարմար մեղեդի կարո՞ղ ես գտնել:
Ներս է գալիս Քույրը:
ՔՈՒՅՐ — (լարվածություն զգալով): Ի՞նչ է պատահել…
ՀԱՅՐ — Պատահեց` անցավ:
ՔՈՒՅՐ — (հայացքով ակնարկելով Անդրեին ու Եղբորը): Հաշտվեցի՞ն…
ԱՆԴՐԵ — Պարզապես իրար հասկա- ցանք:
ՀԱՅՐ — Ուրեմն` մի-մի բաժակ խմե-լու ժամանակն է:
Մայրը հնչեցնում է արծաթե զանգակը: Գալիս է Սպասուհին` մատուցարանի վրա բերելով շիշն ու բաժակները:
ԱՆԴՐԵ — (հայացքով ցույց տալով մատուցարանը): Ինչպե՞ս իմացավ` ինչ է բերելու…
ՄԱՅՐ — Չիմացավ: Զգաց:
Աղջնակը վազում, գրկում է Սպասուհուն:
ՄԵԾ ՄԱՅՐ — (Սպասուհուն): Լավ նայիր մեր չարաճճի այծիկին, աչքդ վրան պահիր, իմ անուշիկ թոռնիկին մենակ չթողնես, մեծ ու անգութ աշխարհում անտեր չթողնես… (Միալար ողբի նման, կիսաձայն:) Խեղճ որբուկս, անբախտ ձագս, թևը կորցրած, մենակ հավքս…
ՍՊԱՍՈՒՀԻ — (գրկելով ու օրորելով Աղջնակին): Երբ գիշերն իջնի, գողտուց կգամ, գորգը ետ կքաշեմ, քեզ դուրս կհանեմ նկուղից ու կփախցնեմ սարերը… Գայլից ու արջից չեմ վախենա, մթից ու խավարից չեմ վախենա, անծանոթ կածանից ու խոր անդունդից չեմ վախենա` երկոտանի գազանից կվախենամ, որ թաթը քեզ չհասցնի:
ԱՂՋՆԱԿ — (կիսանինջի մեջ): Նոր հեքիա՞թ ես պատմում:
ՄԵԾ ՄԱՅՐ — Հա, նոր, շա՛տ նոր հեքիաթ է, միայն քեզ համար պիտի հորինվի ու միայն դու պիտի այն պատմես զավակներիդ:
Սպասուհին Աղջկան դնում է Մոր գիրկն ու բերանը ափով փակելով` դուրս է նետվում սենյակից:
ԱՆԴՐԵ — (ինքն իրեն): Եթե երեք օրից հետո սպասուհին գիշերով նկուղից չհաներ մեծ տատիս` նա մնալու էր այնտեղ` սովից նվաղած, ուժահատ, ականջների մեջ` իր գերդաստանի հոգեվարքի ճիչերը, որոնք նրա մեջ մնացին մինչև կյանքի վերջը:
ԱՂՋՆԱԿ — (դեռ Մոր գրկում` Անդրեին): Դու է՞լ ես նոր հեքիաթ պատմում:
ԱՆԴՐԵ — Իսկ դու ի՞նչ ես կարծում:
ԱՂՋՆԱԿ — Հարցին հարցով չեն պատասխանում:
ՀԱՅՐ — (լցնելով բաժակները): Վերցրեք բաժակները: Խմենք մեր տունն իր ներկայությամբ պատված հյուրի կենացն ու շնորհակալ լինենք, որ տեսանք այս օրը:
ԱՆԴՐԵ — (սևեռուն նայելով նրան): Ճիշտ չի լինի, եթե ասեմ, որ հասկացա ձեր ասածը, բայց միանում եմ կենացին:
ՄԵԾ ՄԱՅՐ — Ապրիր, տղաս: Որ ասում եմ` ապրիր, մեծ բեռ եմ դնում ուսերիդ: Որովհետև միայն քո կյանքը չպիտի ապրես:
ԱՆԴՐԵ — (դառը քմծիծաղով): Դուք է՞լ գիտեք:
ՄԱՅՐ — Գիտեմ նաև, որ ցեղիդ արժանի զավակն ես, տղաս:
ՔՈՒՅՐ — (Անդրեին.) Գաթան չկերաք:
ԱՆԴՐԵ — Ասացի, որ քաղցր չեմ սիրում:
ՔՈՒՅՐ — Իսկ ո՞վ ասաց, որ գաթան քաղցր է:
ԱՆԴՐԵ — Ինչքան գիտեմ, թխվածքը քաղցր է լինում:
ՄԱՅՐ — Բայց ոչ մեր գաթան:
ՄԵԾ ՄԱՅՐ — (խուլ, միալար): Ալյուրը բովում եմ մարմանդ կրակի վրա` մինչև սպիտակ ալյուրը դառնա ոսկեգույն: Ավելացնում եմ հալած յուղը` սրսուռ դեղին, ու լավ խառնում եմ` հանկարծ գնդեր չլինեն…
ԱՂՋՆԱԿ — (թռնում է մոր գրկից, մոտենում Անդրեին): Իսկ ես ավելացնում եմ ծեծած դարչինը, մեխակն ու աղը:
ԱՆԴՐԵ — Դո՞ւ որտեղից գիտես:
ԱՂՋՆԱԿ — Չնայես, որ փոքր եմ, տատս ու մայրիկս որ խոհանոցում եփում են` իրենց կողքին կանգնած նայում ու սովորում եմ: Քեզ գաղտնիք ասեմ` երբ մեծանամ, դա ինձ շա՛տ պետք կգա… Չէ՞, տատի:
ՄԵԾ ՄԱՅՐ — Հա, ձագուկս, դու արդեն գաթա թխել գիտես, ավելուկով բանջար եփել գիտես, իսկ ասեղով նախշեր ես հյուսում մեծի պես… (Անդրեին` անթաքույց հպարտությամբ:) Մեր ցեղի բոլոր աղջիկներն այդպես են մեծանում: (Աղջնակին` գործնական:) Ինչի վրա կանգ առա՞նք…
ԱՂՋՆԱԿ — Աղի:
ՄԵԾ ՄԱՅՐ — (Անդրեին): Հա, տղաս, մենք շաքարի փոխարեն աղ ենք լցնում, ու չափը լավ պիտի իմանաս` ոչ շատ աղի լինի, ոչ անալի: Սա է մեր գաթայի գաղտնիքը: Հետո խմորը բարակ շերտով բացում եմ ու վրան հավասար շաղ եմ տալիս խորիզը…
ԱՆԴՐԵ — (հմայվածի պես): Խորիզը…
ՄԵԾ ՄԱՅՐ — Հա, խորիզը, հետո խորիզով շերտը ոլորում, փաթաթում եմ ձեռքիս վրա ու տափակեցնելով` դնում եմ փուռը:
ԱՆԴՐԵ — (վերցնում է գաթան, զննում, հոտ է քաշում ու մի փշուր դնում է բերանը): Աղի է ու աղի չէ: (Ձեռքը տանում է թեյի բաժակին:)
ՄԱՅՐ — (զանգը հնչեցնելով): Սպասիր, գաթայի հետ ուրիշ թեյ պիտի խմես:
Գալիս է Սպասուհին, մատուցարանի վրա` մի բաժակ թեյը տալիս է Քրոջը, կանգնում է սեղանից ոչ հեռու:
ՔՈՒՅՐ — Թեյը պիտի մուգ լինի, մեխակի հատիկներով թրմած ու քաղցր, շատ քաղցր… (Երեք գդալ շաքար է լցնում բաժակի մեջ ու մեկնում Անդրեին:) Փորձեք:
ԱՆԴՐԵ — (թեյն ու գաթան հերթագայելով` ուտում է, մինչև ափսեում ոչինչ չի մնում): Անմահական է, այս համը անկարելի է մոռանալ:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Սա էլ մեր հայտնի աղի գաթան է:
ՔՈՒՅՐ — Իսկ ես մտածում էի, որ այդպես էլ չեք ուտի ու չեք իմանա…
ԱՆԴՐԵ — Ես գիտեմ, որ մեր ընտանիքում աղի գաթան շատ ընդունված է եղել: Մեծ տատս դա սովորեցրել էր տատիս, իսկ նա… ի՞նքը չսովորեցրեց, թե՞ մայրս չուզեց սովորել, բայց ինձ հասավ միայն նրա անունը… (Դադարից հետո:) Այս հանդիպումը վաղուց էր ինձ սպասում, համոզված եմ: Երբ Ֆիլիպն ասաց գիտաժողովի մասին` հրաժարվեցի: Բայց նրա մեկնելու հաջորդ օրը աչքս ընկավ գրասեղանին դրված հրավերին… Վերցրի, նորից կարդացի քաղաքի անունը… Ու որոշեցի, թեկուզ կեսից, գալ-մասնակցել: (Քմծիծաղով:) Այդպես էլ չկարողացա Ֆիլիպին բացատրել, թե ինչն ստիպեց անակնկալ հայտնվել… (Հերթով նայելով բոլորին, անկարող թաքցնել հուզմունքը:) Ինչ լավ է, որ հանդիպեցինք: (Խմում է բաժակը ցմրուր:) Հիմա իրոք գնալուս ժամանակն է, թեև… վաղուց ուշացել եմ:
ՄԵԾ ՄԱՅՐ — Չես ուշացել: Մարդիկ չեն ուշանում, նրանք պարզապես ուշ են հանդիպում:
ԱՆԴՐԵ — Օդանավակայանի ճանա-պարհին… մեքենայից դուրս էի նայում` քաղաք էր անծանոթ, օտար… Ու հանկարծ, ինքս էլ չիմացա` ինչու, հիշեցի մեծ տատիս ու նրա անունը` Զապել:
«Զապել» անվան պահին ընտանիքի անդամները վերջապես ի ցույց պիտի դնեն իրենց հուզմունքը: Անդրեն լռում է և արդեն ոչ թե զարմացած, այլ խորիմաստ զննում է հերթով բոլորին ու հատկապես Աղջնակին:
ԱՆԴՐԵ — Այո, Զապել, լավ անուն է, չէ՞… Հենց ասացի նրա անունը` նույն պահին քաղաքը իմը դարձավ: Ու գիտեմ, որ այս մասին ձեզ պիտի ասեմ: (Գնում է դեպի դուռը:)
ԱՂՋՆԱԿ — (մոր գրկից ցատկելով` վազում է նրա մոտ): Սպասիր… ես էլ ուզում եմ քեզ ասել…
Անդրեն սպասողական ժպտում է:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (կամաց): Տեսա՞ր… ասում էի, չէ՞, վերջին պահին չի դիմանա:
ՔՈՒՅՐ — (կամաց): Մեր չարաճճի այծիկը կդիմանա ու չի ասի: Որովհետև ի՜նքը կհասկանա… եթե արդեն չի հասկացել:
ԱՂՋՆԱԿ — Իմ անունը…
ՄԱՅՐ — (զգուշավոր, հազիվ լսելի): Չեղա՛վ…
ԱՂՋՆԱԿ — (հայացք գցելով Մոր վրա` սթափվում է, կարճ շփոթմունքից հետո): Քո աղջկա անունը… դե, որ ծնվելու է… շուտով:
ՄԱՅՐ — (հուսահատ): Լրի՜վ ձեռիքց գնացել է:
ՀԱՅՐ — (սիրով լի հայացքը չկտրելով Աղջնակից): Մի խանգարի… թող խոսի:
ԱՂՋՆԱԿ — Մեր քաղաքի իսկական անունը ուրիշ է… Ես ուզում եմ, որ նա մեր քաղաքի անունով կոչվի: Խոստացիր…
ԱՆԴՐԵ — (դեռ լուրջ չընդունելով): Խոստանալուց առաջ ձեր քաղաքի իսկական անունը պիտի իմանամ, չէ՞…
ԱՂՋՆԱԿ — (հայացքով տնեցիների համաձայնությունը ստանալով): Կարին:
ԱՆԴՐԵ — (լրջանալով): Կարին… Խոստանում եմ: (Դադարից հետո:) Դու գիտե՞ս, որ փոքրիկ արքայադուստր ես:
ԱՂՋՆԱԿ — (շրջվելով ու ծամածռու­թյուն անելով Քրոջն ու Եղբորը): Լսեցի՞ք…
Անդրեն ձեռքը մեկնում է, ասես ուզում է շոյել աղջկան, բայց կես-ճամփա մտափոխվում ու դուրս է գնում:
Աղջնակը մոտենում է սեղանի շուրջը նստածներին, նրանցից ամեն մեկը գգվում, սիրում է նրան` ինչպես հրաժեշտի պահին: Վերջինը Քրոջ գրկից ազատվելով` նա գալիս է նախա- բեմ: Այս պահից նա առանձնացված է սենյակում գտնվողներից: Իսկ նրանք նստած են ուղիղ, անշարժ, նայում են իրենց դիմացը չտեսնող հայացքներով: Նրանք արդեն Հիշողություն են:
ՀԱՅՐ — Դուրս եկավ փողոց:
ՄԱՅՐ — Հիմա անցնում է հրապարա- կով:
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — Հասավ կամրջին: (Քրոջը` կամաց:) Այդտե՞ղ եք առաջին անգամ համբուրվել:
ՔՈՒՅՐ — (կամաց): Հա, ու այնպես կուզեի, որ այդ մասին բոլորն իմանային: Ափսոս, որ չեն իմանա, ինչպես ես չիմացա, թե լսելով, որ հարձակվել են մեր տան վրա` նա վազել է մեր տուն` ինձ փրկելու և… աստիճանների վրա ընկել է երկոտանի գազանի ձեռքից, ինձնից մի քանի քայլ հեռու: Իմ դիակից մի քանի քայլ հեռու…
ՄԵԾ ՄԱՅՐ — (միալար ողբի նման): Անմուրազ, անթագ, անպսակ թոռնիկս… Խեղճ որբուկս, անբախտ ձագս, թևը կորցրած, մենակ հավքս…
ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐ — (գրկում է քրոջը, այս ընթացքում առաջին անգամ չի թաքցնում անափ սերն ու գորովանքը նրա նկատմամբ): Իսկ ես Գերմանիա էի մեկնելու, ուսումս այնտեղ պիտի շարունակեի… ես գիտեմ, որ լավ բժիշկ կդառնայի: Ես սիրում էի մարդկանց, ուզում էի երկարացնել նրանց կյանքը… Բայց ընդամենը կարողացա ինձնով ծածկել մորս ու մի քանի վայրկյանով երկարացրի նրա կյանքը: (Մորը.) Ներիր, չմտածեցի, որ այդպես ավելի քեզ մոտեցրի մահվանը:
ՄԱՅՐ — Ես արդե՜ն մեռած էի, երբ երկոտանի գազաններից առաջինը ներխուժեց տունս… Հոգիս մեռավ այդ պահին…
ՀԱՅՐ — (խեղդուկ): Լռե՜ք… չե՜մ կարող լսել, տեսածս հերի՜ք է…
ՄԵԾ ՄԱՅՐ — Հա, լռենք… Թող ապրողները մեր փոխարեն խոսեն: Այսօր համոզվեցի, որ նրանք խոսում են մեր փոխարեն:
ՔՈՒՅՐ — (մտախոհ): Ի՞նչ է հիմա նա մտածում:
ՀԱՅՐ — Մեռածները չեն կարող գու-շակել ապրողների մտքերը:
ՄԱՅՐ — Բայց կարող են զգալ նրանց մտքերը:
ՀԱՅՐ — (Մորը): Ի՞նչ ես հիմա զգում:
ՄԱՅՐ — Զգում եմ, որ նա գիտե` այս քաղաքում է բնաջնջվել նրա գերդաստանը, գիտե, որ անծանոթ փողոցներից մեկում դեռ կա իր տունը` օտար բնակիչներով, գիտե, որ հիմա անցնում է այն տեղերով, որոնք իրեն են պատ- կանում, որովհետև այդտեղ են իր գերդաստանի աճյունները… թեկուզ` անգերեզման: Իսկ ես գիտեմ, որ նրա հիշողության ատելությունը ոչ մեկի գլխին պարզված սուր չի դառնա:
ՄԵԾ ՄԱՅՐ — Հարյուր տարի սպա-սում էինք այս օրվան: Հարյուր տարի ու մեկ ժամ:
Ամեն մեկը նստած է իր մտքերի հետ: Հանկարծ Մայրը սթափվում է:
ՄԱՅՐ — (տեսնելով, որ Աղջնակը չկա): Էլի տնից դուրս թռավ… Չէ, մի օր լավ ծեծ եմ տալու: (Դեպի դուռը գնալով, ամենօրյա դժգոհությամբ:) Ո՞ւր ես, քեզ հետ եմ, ո՞ւր ես, Զապել… Զապե՛լ, աղջի՜կս…
Այս պահից իրավիճակը փոխվում է: Բեմը հստակ բաժանվում է երկու մասի` Ընտանիքը և Զապելը Սպասուհու հետ: Որքան մթնում է Ընտանիքի տարածքը` այնքան լուսավորվում է Զապելինը:
Մայրը մոտենում է նախաբեմին ու կանգնում, ասես հանդիպելով անտեսանելի պատնեշի: Նայում է Աղջնակին, որ բարձրացել է տեղից ու այդ պահին նրա կողքին հայտնված Սպասուհու հետ նայում է պատնեշի այն կողմում իրեն կանչող մորը:
ՄԱՅՐ — (անափ ուրախությամբ): Ինչ լավ է, որ մեզ հետ չես, ի՜նչ երջանկություն, որ ապրելու ես… ապրելո՛ւ ես, մեն-մենակ մնացած որբուկս, Զապե՜լս, աղջի՛կս…
Նույն ուրախությամբ ու կարոտով Զապելին է նայում ընտանիքը` մինչև թաղվում է խավարի մեջ: Իսկ ակնթարթ անց` նաև Զապելն ու Սպասուհին:
Երբ բեմը կրկին լուսավորվում է` գիտաժողովի սրահն է: Լսվում են ծափահարություններ, բացվում են դռները, դուրս են գալիս մասնակիցները, նրանց թվում` մեզ ծանոթ քառյակը:
ԺԱՆ — (բարեկամաբար խփելով Անդրեի ուսին): …ուրեմն` հնարավոր է ազդել կոլեկտիվ հիշողության վրա…
ՄԱՐԻ — Կոլեկտիվ հիշողություն… ինչ-որ բան խանգարում է, որ ընկալեմ ասվածը:
ՖԻԼԻՊ — Գուցե «կոլեկտի՞վը»… (Ծի-ծաղում է:)
ԱՆԴՐԵ — Դեռ ընդամենը վարկած է… տասնյակների կողքին:
ԺԱՆ — Է՛, չէ, խորամանկում եք, բա-րեկամս, հատկապես ենթատեքստով:
ԱՆԴՐԵ — Գուցե բացե՞ք փակագծե-րը:
ԺԱՆ — Սիրով: Ու մեկ նախադա-սությամբ` «Կորչի՜ քաղաքա-կանությունը»:
ՄԱՐԻ — (Ժանին): Ձեր հայացքից ոչինչ չի վրիպում:
ՖԻԼԻՊ — Եթե այսպես շարունակեք` հերթը կհասնի քաղաքական մեղադրանքին: (Ճնշումով:) Առաջարկում եմ փոխել թեման:
ԱՆԴՐԵ — Ոչ մի դեպքում: (Ժանին.) Ի՞նչն է ձեզ զգուշավորում…
ԺԱՆ — Թեկուզ այն, որ ձեր վար-կածի հաջողության դեպքում հնարավոր կլինի վերականգնել նույնիսկ դարեր առաջ կատարվածը:
ՄԱՐԻ — Չեմ հասկանում, ի՞նչ վատ բան կա. ես, օրինակ, կուզենայի իմանալ, թե ինչ է կատարվել Բաստիլի գրավման ժամանակ: Մեր ընտանեկան լեգենդի համաձայն` նախնիներիցս մեկը մասնակցել է նրա գրավմանը:
ԺԱՆ — Մի բան է վերականգնել մեկ մարդու հիշողությունը, այլ բան` մի ամբողջ հանրությանը: Մեկի գտածը մեկին է պատկանում, իսկ ո՞ւմ է պատկանում հանրության գտածը:
ԱՆԴՐԵ — (հանգիստ): Այդ նույն հանրությանը: Իսկ ինչո՞ւ եք վախենում ասել «ժողովուրդ»:
ԺԱՆ — Որովհետև ձեր ասած ժո-ղովուրդը, իսկ իմ ասած հանրությունը չպիտի պատասխանատ- վության բարդույթ ունենա անցյալում կատարված ինչ-որ արարքի համար: Լավ, ասելիքս մինչև վերջ ասեմ. ինչո՞ւ ե՜ս պիտի պատասխան տամ իմ նախնիների արածի համար: Կյանքն այնպիսի արագությամբ է անցնում, որ իմ այսօրն ապրել չեմ հասցնում, ուր մնաց` տասնամյակներ առաջ կատարվածի պատասխանատվությունը վերցնեմ:
ՖԻԼԻՊ — (Ժանին): Ինչո՞ւ չեք մտածում, որ եթե դա հնարավոր լինի, մի ժողովուրդը կվախենա մահվան դատապարտել մեկ այլ ժողովրդի, որովհետև չի կարողանա կատարվածի հիշողությունը մոռացության տալ:
ԺԱՆ — Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դժոխային տառապանք կլինի դա:
ՖԻԼԻՊ — Տառապանքը գուցե կարողանա ներել տալ հանցանքը:
ՄԱՐԻ — (Անդրեին): Տեսնո՞ւմ եք, ձեր կարճ ռեպլիկը ինչ կրքեր բորբոքեց:
ԱՆԴՐԵ — Ուրեմն` այն իզուր չասվեց: (Ժանին.) Ես իմ նպատակն եմ տեսնում, դուք` նրա հետևանքները: Ես պիտի փորձեմ հասնել իմ նպատակին, դուք էլ պիտի փորձեք խոչընդոտել…
ԺԱՆ — Ինչո՞ւ այդքան վստահ եք ինձ մեղադրանք ներկայացնում:
ԱՆԴՐԵ — Որովհետև դուք քաղաքա-կանություն եք տեսնում այնտեղ, որտեղ ես փնտրում եմ արդարություն:
ԺԱՆ — (երկմտանքով): Չգիտեմ… դա երկար ու դժվար խոսակցություն է: Ի դեպ, մինչև նիստն սկսվելը առաջարկեցի առանձին խոսել այդ մասին…
ԱՆԴՐԵ — (զարմացած): Այո՞… (Մտաբերելով:) Այստեղ մի փոքրիկ աղջիկ չտեսա՞ք:
ՖԻԼԻՊ — Ի՞նչ…
ԱՆԴՐԵ — Երկար մազերին` ժապա-վեն: Այստեղ էր, դռան մոտ…
ՖԻԼԻՊ — Անդրե, ինչի՞ մասին է խոսքը:
ԱՆԴՐԵ — Այստեղ կանգնած էր, ես խոսեցի նրա հետ:
ՄԱՐԻ — Մի քանի րոպե ուշացումով մտաք դահլիճ, բայց որ երեխայի հետ էիք խոսո՞ւմ… Համենայն-դեպս, երեխա չեմ տեսել, այն էլ` ժապավենով:
ՖԻԼԻՊ — (Անդրեին` կամաց): Ի՞նչ գործ ունի այստեղ երեխան: Ի՞նչ է կատարվում քեզ հետ… անսպասելի հայտնվելդ, մեկ ժամ ուշացումով դահլիճ մտնելդ…
ԱՆԴՐԵ — Ասում ես` մեկ ժա՞մ… (Մա- րիին): Ե՞րբ մտա դահլիճ:
ՄԱՐԻ — Մեզանից հետո… մի երկու րոպե անց:
ՖԻԼԻՊ — Առնվազն մեկ ժամ հետո…
Մարին ու Ֆիլիպը զարմացած նայում են իրար:
ԺԱՆ — (երկուսին): Չգիտեմ` դուք ինչպես, իսկ ես Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հիշեցի:
ԱՆԴՐԵ — Իսկ ես հիշեցի… Ոչ, վերապրեցի իմ պատմությունը: Ներեցեք, ես պիտի գնամ:
ՖԻԼԻՊ — (փորձելով ետ պահել): Ո՞ւր… Հիմա՞` ուր…
ԱՆԴՐԵ — Քաղաք…
ԺԱՆ — Այդ ի՞նչ գործ ունեք անծանոթ քաղաքում:
ԱՆԴՐԵ — Անծանո՞թ… (Վստահ շեշտով:) Սա ի՜մ քաղաքն է: (Մարիին, շեշտով:) Իմ նախնիները երեքհարյուր ու մի քանի տարուց շատ ավելի երկար են այստեղ ապրել: Ես այստեղ տուն եմ ունեցել, ընտանիք… եթե միայն իմանաք` ինչպիսի՜ տուն ու ընտանիք, որտեղից ոչ մեկը առանց հյուրասիրության դուրս չի եկել…
Այս խոսքերից հետո լուսավորվում է բեմի մութ անկյունը` այնտեղ ընտանեկան լուսանկարի տեսքով կանգնած է Անդրեի ընտանիքը` առանց Զապելի, ու հետևում է նրան` հպարտության և ուրախության ժպիտով:
ՖԻԼԻՊ — Ոչինչ չեմ հասկանում… Այս մեկ ժամում ի՞նչ է կատարվել քեզ հետ…
ԱՆԴՐԵ — Իմ Զապել տատը այս քաղաքում է ծնվել, իսկ եթե իմանաք` ինչ ծնողներ է ունեցել` աշխատասեր, սիրագորով… Այստե- ղից ոչ հեռու գյուղ կա, որի կողքի սարի վրա ուրց ու ծոթրին է հավաքել նրա ավագ քույրը… Իսկ ի՜նչ եղբայր է ունեցել իմ Զապել Մեծ տատը` ազնիվ, հպարտ, իսկական բժիշկ… Մեր գերդաստանում բժշկի մասնագիտությունը ժառանգաբար է փոխանցվել: Հապա Մեծ մայրս` բարի, իմաստուն… ափսոս, չգիտեք նրա թխած գաթայի համը, աղի գաթայի… Իսկ ես գիտեմ, որ կգա այն օրը, երբ այդ մասին ոչ միայն բոլորը կիմանան, այլև կհիշեն… Կհիշի նաև ապահովագրական գործակալը… (Դուրս է գնում:)
Մարին, Ֆիլիպն ու Ժանը զարմացած նայում են նրա ետևից, իսկ մի պահ անց անհետանում են խավարում:
Բեմում Անդրեի ընտանիքն է` դահլիճին նայող:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։