Արթուր ՇՆԻՑԼԵՐ / ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կատակերգություն մեկ գործողությամբ
Գործող անձինք
ՄԱՐԳԱՐԵՏԵ
ԿԼԵՄԵՆՍ
ԺԻԼԲԵՐՏ

Վայելուչ, բայց ոչ շքեղ կահավորված սենյակ, որտեղ ապրում է Մարգարիտեն: Բուխարի: Սեղան, գրասեղան, թիկնաթոռ, խորքում` երկու պատուհան, աջ և ձախ կողմերում` դռներ: Բուխարու մոտ` բազկաթոռի մեջ, ընկողմանել է Կլեմենսը` մուգ մոխրագույն նրբագեղ պիջակով: Ծխում է, թերթ է կարդում: Մարգարետեն կանգնած է պատուհանի մոտ, հետո անցուդարձ է անում սենյակում, մոտենում է Կլեմենսին, խաղում է նրա մազերի հետ: Անհանգիստ է թվում:
ԿԼԵՄԵՆՍ — (շարունակելով կարդալ, նրա ձեռքերն ափերի մեջ է առնում, համբուրում է): Հորների գործերը լավ են, ավելի, քան իմը. Վաթեռլոո` հինգ, Բարոմետր` քսան, Բուսսերլ` յոթ, Աթիլլա` տասնվեց:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Տասնվեց…
ԿԼԵՄԵՆՍ — Լորդ Բայրոն` մեկուկես, սա մենք ենք, սիրելիս:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Գիտեմ;
ԿԼԵՄԵՆՍ — Ընդ որում, մինչև մեկնարկը դեռ վեց շաբաթ ունենք:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Մեռած բան է, որ չհաղթես:
ԿԼԵՄԵՆՍ — Մի տես, է՛, արդեն այս արտահայտություններն էլ գիտի: Բրա՛վո:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այս արտահայտությունները գիտեի քեզ ճանաչելուց դեռ շատ առաջ: Հաստատ որոշե՞լ ես, որ Լորդին անձամբ ես վարելու:
ԿԼԵՄԵՆՍ — Դա էլ հա՞րց է… այդպիսի մրցանակ… Ո՞ւմ թողնեմ իմ երիվարին: Եթե Հորները համոզված չլիներ, որ հեծյալը ես եմ լինելու, մեկուկես չէր դնի, լավ իմացիր:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Վստահ եմ: Դու այնպես գեղեցիկ ես ձիու վրա… Գնդակի պես սուրում ես: Երբեք չեմ մոռանա` ինչպիսին էիր Մյունխենում, ճիշտ նույն օրը, երբ քեզ հետ ծանոթացա…
ԿԼԵՄԵՆՍ — Մի հիշեցրու: Այդ օրը ձախողվեցի: Վինդիշը մրցարշավը չէր շահի, եթե մեկնարկի ժամանակ տասը երկարության առավելություն չունենար: Այս անգամ կտեսնենք… ու նույն օրն էլ կմեկնենք այստեղից:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Երեկոյան:
ԿԼԵՄԵՆՍ — Այո: Իսկ ինչո՞ւ երեկոյան:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Որովհետև կեսօրից առաջ մենք ամուսնանում ենք, նկատի ունեցիր:
ԿԼԵՄԵՆՍ — Այո, այո, գա՛նձս:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես շատ երջանիկ եմ: (Գրկում է նրան:) Եվ ո՞ւր ենք մեկնելու:
ԿԼԵՄԵՆՍ — Մեզ համար միևնույն չէ՞… Ուր պատահի:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այո, իհարկե: Բայց նախ Ռիվիերա կգնանք, ճի՞շտ է:
ԿԼԵՄԵՆՍ — Դա կախված է մրցանակից: Եթե շահեմ…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Մեռած բան է…
ԿԼԵՄԵՆՍ — Բացի այդ, ապրիլին Ռիվիերան արդեն անշուք է լինում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ախ, ա՞յդ պատճա-ռով:
ԿԼԵՄԵՆՍ — Այո, փոքրիկս, իհարկե, այդ պատճառով: Դու ի սկզբանե ուրույն պատկերացում ես ունեցել վայելչության մասին, ահա… դու, անշուշտ, ինձ կներես…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Կլե, խնդրում եմ…
ԿԼԵՄԵՆՍ — Լավ, կտեսնենք: (Շարունակելով կարդալ:) Բադեգաստ` տասնմեկ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բա՞դեգաստ: Նա մեզ հետ չի լինելու:
ԿԼԵՄԵՆՍ — Որտեղի՞ց գիտես:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ցիգրատին ասաց:
ԿԼԵՄԵՆՍ — Ինչպե՞ս թե… Որտե՞ղ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այս առավոտ, Ֆրոյդենաուում` Պրատերի ձիարշավարանում, երբ դու խոսում էիր Միլների հետ:
ԿԼԵՄԵՆՍ — Ցիգրատին քեզ համար զրուցակից չէ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Խանդո՞ւմ ես:
ԿԼԵՄԵՆՍ — Օ, ոչ… Իսկ ընդհանրապես, քեզ արդեն ներկայացնելու եմ որպես իմ կինը:
Մարգարետեն համբուրում է նրան:
ԿԼԵՄԵՆՍ — Ասում ես` Ցիգրատին քեզ ի՞նչ է ասել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Որ նա Բադեգաստին այս մրցարշավին չի ներկայացնելու:
ԿԼԵՄԵՆՍ — Միշտ չէ, որ պետք է Ցիգրատիին հավատալ. նա հիմա շշուկներ է տարածում, թե Բադեգաստը մրցույթին չի մասնակցելու, որպեսզի հանդիկապները երկար լինեն:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ի՞նչ ես ասում, չէ՞ որ դա դրամաշորթություն է:
ԿԼԵՄԵՆՍ — Իսկ, ի՞նչ է, կարծում ես` մեր մեջ դրամաշորթներ չկա՞ն: Շատերի համար այս ամենը միայն առևտուր է: Հավատում ես, թե Ցիգրատիի նման մեկը կարող է հետաքրքրվել սպորտո՞վ: Նա նույն հաջողությամբ կարող է և բորսա գնալ: Ինչ վերաբերում է Բադեգաստին, ապա հանգիստ կարելի է նրա համար հարյուրը մեկին խաղադրույք դնել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Իսկապե՞ս: Այս առավոտ նկատեցի, որ հրաշալի տեսք ուներ:
ԿԼԵՄԵՆՍ — Ախ, նա Բադեգաստին էլ է տեսել…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Իհարկե, տեսել եմ: Առավոտյան Բուտտերսը Բուսսեռլի ետևից նրա շուրջը չէ՞ր պտտվում:
ԿԼԵՄԵՆՍԵ — Բայց Բուտտերսը Ցիգրատիի համար չի արշավում: Դա ախոռապանն է եղել: Իսկ Բադեգաստը ուզածի չափ կարող է լավ տեսք ունենալ. միևնույն է, դա խաբուսիկ է: Այդպես… Մարգարետե, դու քո տաղանդով կարող ես սովորել նաև իրական մեծությունները կեղծից տարբերել: Իրոք զարմանում եմ` ինչ արագությամբ ես կողմնորոշվում: Դա գերազանցում է իմ բոլոր սպասե- լիքները:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — (զայրացած): Ինչո՞ւ է գերազանցում քո բոլոր սպասելիքները: Շատ լավ գիտես, որ սրանք ինձ համար նորություններ չեն: Ծնողներիս տանը բարձր հասարակություն էր հավաքվում: Կոմս Վիբովսկի և էլի շատերը… ամուսնուս մոտ էլ…
ԿԼԵՄԵՆՍ — Դե, իհարկե… բնականաբար: Պետք է ասել, որ ես ոչինչ չունեմ բամբակագործական արդյունաբերության դեմ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ի՞նչ կապ ունեն իմ անհատական պատկերացումները ամուսնուս մանածագործական ֆաբրիկայի հետ: Ես քայլել եմ իմ ճանապարհով: Դե լավ, չխոսենք այդ մասին. փառք Աստծո, արդեն անցյալ է:
ԿԼԵՄԵՆՍ — Բայց կա նաև մեկ ուրիշը, որ անցյալ չէ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Անշուշտ: Բայց ինչո՞ւ ես…
ԿԼԵՄԵՆՍ — Դե, կարծում եմ, որ մյուն-խենյան քո միջավայրում հազիվ կարողանայիր սպորտի մասին իմանալ այնքան, որքան իմ քննար- կումներից:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ե՞րբ ես դադարելու նախատել ինձ մի միջավայրի համար, որտեղ ինձ ճանաչել ես:
ԿԼԵՄԵՆՍ — Նախատե՞լ: Մտքովս էլ չի անցնում: Պարզապես չեմ կարողանում հասկանալ` ինչպե՞ս էիր հանդուրժում այդ մարդկանց ներկայությունը:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այնպես ես խոսում, կարծես դա հանցագործների խումբ լիներ:
ԿԼԵՄԵՆՍ — Փոքրիկս, ազնիվ խոսք, նրանցից ոմանք այնպիսի տեսք ունեին, ասես գրպանահատ լինեին և, միևնույն է, չեմ հասկանում, թե դու` քո բյուրեղյա ընկա- լումներով, ինչպես էիր… Ես ըն-դամենը ուզում էի ասել, որ դու այդ մարդկանց միջավայրում հավանաբար շարունակ ստիպված ես եղել հոգալ մաքրության և լավ օծանելիքի մասին, որ կարողանայիր նրանց հետ սեղան նստել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — (ժպտալով): Դու հենց այդպես էլ անում էիր, ճի՞շտ է:
ԿԼԵՄԵՆՍ — Այո, բայց նրանց կողքին, ոչ նրանց հետ: Ու միայն քո պատճառով, միայն ու միայն քո պատճառով, դու շատ լավ գիտես: Ընդ որում, չեմ թաքցնում, ոմանց հետ բավականաչափ սերտ ծանոթություններ հաստատվեցին: Պետք է ասել, որ նրանց մեջ շատ հետաքրքիր մարդիկ կային: Ու չկարծես, սիրելիս, թե ինձ բարձր եմ դասում վատ հագնված մարդկանցից: Ոչ, բանն այդ չէ: Պարզապես նրանց պահվածքի, նրանց էության մեջ ինչ-որ բան կա, որն ինձ նյարդայնացնում է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դա բացարձակապես անհիմն է:
ԿԼԵՄԵՆՍ — Մի վիրավորվիր, սիրելիս: Արդեն ասացի` նրանց մեջ կային և հետաքրքիր մարդիկ: Միայն թե չեմ հասկանում` ինչպես է կին արարածը կարողանում հանդուրժել նրանց ներ- կայությունը, և այն էլ` երկար ժամանակ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բայց դու մոռանում ես, որ ես նրանց հասարակությանն եմ պատկանում, դե, գոնե պատկանել եմ:
ԿԼԵՄԵՆՍ — Վերջ տուր, խնդրում եմ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Նրանք արվեստագետներ էին:
ԿԼԵՄԵՆՍ — Ահա, խնդրեմ, հիմա էլ այդ թեմային հասանք. ի՜նչ երջանկություն…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այո, և ինձ համար ցավալի է, որ դու դա չես հասկանում:
ԿԼԵՄԵՆՍ — «Չես հասկանում»… Շատ սիրով եմ հասկանում: Սիրով եմ ընդունում: Դու լավ գիտես, թե ինչու է քո գրելն ինձ վրդովում, և գիտես, որ դա խիստ անձնական բան է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Շատ կանայք, հայտնվելով մի վիճակում, որում ես էի այն ժամանակ գտնվում, վատթարագույնը կարող էին անել, և ոչ թե բանաստեղծություններ կգրեին:
ԿԼԵՄԵՆՍ — Բայց այսպիսի՞ բանաստեղծություններ… (Բուխարու վրայից վերցնում է գիրքը:) Ինչի՞ մասին է խոսքը… Ամեն անգամ այս գիրքը տեսնելիս, սրա մասին մտածելիս ամաչում եմ, որ դու ես գրել, հասկացիր ինձ, խնդրում եմ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Որովհետև դու գրականության ընկալում չունես… Հա, մի բարկացիր, եթե ունենայիր, պարզապես կատարյալ կլինեիր, իսկ այդպես երևի թե չի լինում: Եվ ի՞նչն է քեզ վրդովում այս բանաստեղծություններում: Գիտես, որ երբեք չեմ ապրել այն, ինչ գրված է այդտեղ:
ԿԼԵՄԵՆՍ — Հուսով եմ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Սրանք երևակայու- թյան պտուղներ են:
ԿԼԵՄԵՆՍ — Իսկ ես հարցնում եմ. ինչպե՞ս կարող է կինը այսպիսի բաներ երևակայել: (Կարդում է:) «Արբած փարվել եմ քո պարանոցին` շուրթերս շուրթերիդ ձուլած»: (Գլուխն օրորելով:) Ինչպե՞ս կարող է կինն այսպիսի տող գրել, այսպիսի միտք արտահայտել: Կարդացողը պատկերացնելու է հեղինակին, և այն պարանոցը, և այն արբեցումը….
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Իսկ ես հավատացնում եմ, որ այդ պարանոցը գոյություն չի ունեցել:
ԿԼԵՄԵՆՍ — Ես անգամ չեմ կարողանում պատկերացնել: Եվ դա իմ երջանկությունն է, ու նաև քո, Մարգարետե: Բայց ինչպե՞ս ես հասել այսպիսի հուզավառման: Այս կրակոտ սիրային բանաստեղծությունները չէին կարող առաջին ամուսնուդ վերաբերել: Միշտ ասել ես, որ նա քեզ չէր հասկանում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այո, չէր հասկանում: Դրա համար էլ բաժանվեցի նրանից: Դու այդ պատմությունը լավ գիտես: Ես չէի կարող ապրել մի մարդու հետ, ով ուտելուց ու խմելուց բացի ու նաև բամբակից, ուրիշ ոչնչի մասին գաղափար չուներ:
ԿԼԵՄԵՆՍ — Այո, այո, թեև դա երեք տարի առաջ էր, իսկ բանաստեղծությունը հետո ես գրել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դե այո… բայց պատկերացնու՞մ ես` ինչ վիճակում էի գտնվում:
ԿԼԵՄԵՆՍ — Ինչպե՞ս: Դու պետք է որ նեղություններ կրած չլինես: Այդ հարցում ամուսինդ իրեն շատ կարգին է պահել, ի պատիվ իրեն: Ստիպված չես եղել մտածել դրամ վաստակելու մասին: Ու եթե նրանք քեզ մի բանաստեղծության դիմաց հարյուր գուլդեն են տվել, հազիվ թե ավելին տված լինեին, դարձյալ այդպիսի գիրք չպիտի գրեիր:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Սիրելի Կլե, նկատի չունեմ միայն նյութական վիճակը, խոսքը հոգեկան վիճակիս մասին է: Կարո՞ղ ես պատկերացնել… Երբ մենք հանդիպեցինք, ես արդեն բավականաչափ լավ վիճակում էի, ինչ-որ կերպ կարծես գտել էի ինձ, բայց սկզբում… Ես անօգնական էի, մոլոր… Հնարավոր ամեն ինչ փորձել էի. սկսել էի նկարել, անգամ անգլերեն դասախոսություններ էի կարդում մի պանսիոնատում, որտեղ ապրում էի: Չես կարող պատկերացնել` ինչ է նշանակում քսաներկու տարեկանում արդեն լինել բաժանված կին և աշխարհում ոչ ոք չունենալ:
ԿԼԵՄԵՆՍ — Ինչո՞ւ չմնացիր Վիեննայում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Որովհետև ես նման չէի մեր ընտանիքի անդամներից և ոչ մեկին: Ինձ ոչ ոք չէր հասկանում: Այդ մարդիկ… Հավատո՞ւմ ես, իմ ընտանիքից մեկը կարծում է, թե կյանքից այլ բան չպետք է ուզել, եթե ոչ ամուսին, լավ հագուստ և սոցիալական դիրք: Տե՛ր Աստված: Եթե երեխա ունենայի, գուցե ամեն ինչ այլ կերպ լիներ, գուցե և՝ ոչ: Ես դժվար մարդ եմ: Իսկ դու, ինչ է, դժգո՞հ ես: Մի՞թե կարող էի Մյունխեն գնալուց ավելի լավ բան մտածել: Այլապես քեզ չէի ճանաչի:
ԿԼԵՄԵՆՍ — Ճիշտ է, թեև այդ մտադրությամբ չէիր եկել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես ուզում էի ազատ լինել, նկատի ունեմ ներքին ազատությունը: Ուզում էի տեսնել` կարո՞ղ եմ սեփական ուժերով առաջ գնալ: Խոստովանիր, որ ստացվել է. դա ակնհայտ էր: Ես ընտրել էի հանրահայտ դառնալու լավագույն ուղին:
ԿԼԵՄԵՆՍ — …՞:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բայց դու ինձ համար փառքից ավելի թանկ դարձար:
ԿԼԵՄԵՆՍ — Եվ ավելի հուսալի:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այդ մասին չէի մտա-ծել: Ուղղակի առաջին հայացքից քեզ սիրեցի: Դու նա ես, ում երազել եմ: Ես գիտեի, որ ինձ կարող է երջանկացնել միայն քեզ նման մեկը: Ազնիվ արյուն` դա ամենևին էլ ցնորք չէ: Մնացածը ոչինչ է դրա դիմաց: Ես միշտ հավատացել եմ դրան:
ԿԼԵՄԵՆՍ — Ինչի՞ն:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Որ իմ երակներով նույնպես ազնվականի արյուն է հոսում:
ԿԼԵՄԵՆՍ — Ինչպե՞ս…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այո, շատ հնարա-վոր է:
ԿԼԵՄԵՆՍ — Չեմ հասկանում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Չասացի՞, որ իմ ծնողների տուն ազնվականներ էին ելումուտ անում:
ԿԼԵՄԵՆՍ — Հա, և եթե արդեն…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ո՞վ գիտե:
ԿԼԵՄԵՆՍ — Վերջ տուր, Մարգարետ, ինչպե՞ս կարելի է նման բաներ ասել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Քեզ երբեք չի կարելի ասել այն, ինչ մտածում ես: Դա է պակասում քեզ, այլապես կատարյալ կլինեիր: (Փարվում է նրան:) Ես անսահման սիրում եմ քեզ: Հենց այն երեկո, երբ սրճարան մտար` Վանգենհայմի հետ, ես նույն վայրկյանին իմացա` նա է: Նրանց միջավայրում դու կարծես ուրիշ աշխարհից եկած լինեիր:
ԿԼԵՄԵՆՍ — Հուսով եմ: Փառք Աստծո, դու էլ նրանց նման չէիր: Երբ հիշում եմ ինձ այդ մարդկանց հետ… ռուս աղջկան` կարճ կտրած մազերով… կարծես ուսանող լիներ, միայն բերետն էր պակասում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Նա օժտված նկարչուհի է` Բարանցևիչը:
ԿԼԵՄԵՆՍ — Գիտեմ, պատկերասրահում նրան ցույց ես տվել. ծալովի սանդուղքին կանգնած` կտավների ընդօրինակումներ էր անում: Հապա այն տիպը` լեհական անունով…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — (սկսում է): Ցրկդ…
ԿԼԵՄԵՆՍ — Մի չարչարվիր, մեր ինչի՞ն է պետք նրա անունը: Մի անգամ, սրճարանում, ինչ-որ բան էր արտասանում և իրեն շատ ազատ էր զգում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Նա մեծագույն տաղանդ է, հավատա ինձ:
ԿԼԵՄԵՆՍ — Դե, իհարկե… Նրանք բոլորը այդ սրճարանում տաղանդավոր էին: Մեկ էլ այն կռվազան տղան, այն անտանելի…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ո՞վ:
ԿԼԵՄԵՆՍԵ — Լավ գիտես` ում մասին է խոսքը: Նա շարունակ անքաղաքավարի դատողություններ էր անում ազնվականության մասին:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ժիլբերտը… Հաստատ Ժիլբերտին նկատի ունես:
ԿԼԵՄԵՆՍԵ — Այո: Իհարկե, չեմ ուզում իմ խավի բոլոր մարդկանց պաշտպանել. լյումպեն տարրն ամենուր է, անգամ բանաստեղծների մեջ` ասացի ինքս ինձ, բայց սա անքաղաքավարություն է մի մարդու կողմից, ով մեզանից է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դա հատուկ է նրան:
ԿԼԵՄԵՆՍԵ — Ինձ հազիվ էի զսպում, որ կոպիտ չլինեմ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այնուամենայնիվ, նա շատ հետաքրքիր անձնավորություն է: Բայց մեծ խանդով էր վերաբերվում քեզ:
ԿԼԵՄԵՆՍ — Նկատում էի:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Աստված իմ, բոլորն էին քեզ նախանձում: Բնականաբար… Դու այնպես տարբեր էիր: Բոլորն ինձ սիրահետում էին, որովհետև ուղղակի անտարբեր էի բոլորի նկատմամբ: Պետք է որ նկատեիր: Ինչո՞ւ ես ծիծաղում:
ԿԼԵՄԵՆՍ — Ծիծաղելի է: Եթե մեկնումեկն ինձ ասեր, թե ամուսնանալու եմ «Կաֆե-Մաքսիմի- լեանի» մշտական հաճախոր-դուհու հետ… Ամենաշատը դուր էին գալիս երկու երիտասարդ նկարիչները, ասես ինչ-որ ներկայացումից լինեին: Գիտե՞ս, նրանք այնպես նման էին իրար, ինչ-որ ընդհանուր բան ունեին, ինձ թվում է` նաև ծալովի սանդուղքի ռուս աղջիկը:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Երբեք այդ մասին չեմ մտածել:
ԿԼԵՄԵՆՍ — Իսկ այն երկուսը հրեա էին, չէ՞:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ինչի՞ց ենթադրեցիր:
ԿԼԵՄԵՆՍ — Միշտ այդպիսի կատակներ էին անում… ու հետո, նրանց խոսվածքը…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Տրվում ես հակասեմիտական դիտարկումների:
ԿԼԵՄԵՆՍ — Մի վիրավորվիր, սիրելիս: Գիտեմ, որ կիսով չափ հրեա ես: Հավատացնում եմ, հրեաների դեմ ոչինչ չունեմ: Նույնիսկ մի ուսուցիչ ունեի, հունարեն էր պարապում, ավարտական քննություններից առաջ… Հրեա էր, հոգիս վկա: Եվ հրաշալի մարդ էր: Կյանքում ինչ տեսակ մարդ ասես չի հանդիպում: Չեմ ափսոսում, որ ծանոթացա քո մյունխենյան միջավայրի հետ. այդպես են կենսափորձ ձեռք բերում… Ես ուղղակի փրկիչ էի, որ եկել էր քեզ դժվարությունից դուրս բերելու:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այո, ճիշտ է, Կլե… Կլե… (Գրկախառնվում են:)
ԿԼԵՄԵՆՍ — Ինչո՞ւ ես ծիծաղում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — «Արբեցած` փարվում եմ քո պարանոցին…»:
ԿԼԵՄԵՆՍ — (դժգոհ): Խնդրում եմ, վերջ տուր ցնորամտություններիդ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Մի՞թե հպարտ չէիր լինի, եթե քո սիրուհին, քո կինը մեծ ու ականավոր բանաստեղծուհի լիներ:
ԿԼԵՄԵՆՍ — Արդեն ասել եմ, կարող ես ինձ սահմանափակ համարել, բայց, համոզված եղիր, եթե սկսես նորից բանաստեղծություններ գրել կամ փորձես հրատարակել այնպիսի գործեր, որոնցում ինձ սիրո խոստովանություններ անես և մեր երջանկությունը աշխարհին պատմես…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Եվ դա ասում է մի մարդ, ով մի դյուժին հանրահայտ կապեր է ունեցել:
ԿԼԵՄԵՆՍԵ — Հոգյակս, հանրահայտ կապեր` այստեղ, այնտեղ, բայց այդ մասին որևէ մեկին չեմ պատմել: Չեմ տպագրել ու աշխարհով մեկ տարածել, երբ մեկը արբեցած փարվել է պարանոցիս, որ ամեն մեկը կարողանա մեկ գուլդեն հիսունով գնել: Խոսքն այդ մասին է: Գիտեմ` կան մարդիկ, որ դրանով են ապրում, բայց ես դա ծայրաստիճան տգեղ եմ համարում: Եվ ասում եմ քեզ` տանել չեմ կարող, երբ Ռոնախերի հաստատությունում սեղմատաբատով մեկը իրեն հունական արձանի տեղ է դնում: Բայց հունական արձանը դեռ ոչինչ… Իսկ երբ բանաստեղծն է զեղումներ կատա- րում` արդեն անճաշակություն է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — (անհանգիստ): Սիրելիս, դու մոռանում ես` բանաստեղծը միշտ չէ, որ ճշմարտութ- յունն է ասում:
ԿԼԵՄԵՆՍ — Դե, այո, երևի ավելի գեղեցիկ է, երբ փչում է, հա՞:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դա փչել չէ, դրան ասում են ոճավորել:
ԿԼԵՄԵՆՍ — Դա՞ ինչ բառ է…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Հաճախ մենք պատմում ենք բաներ, որոնք երբեք չենք ապրել, որոնք միայն երազել ենք, որոնք մենք պարզապես գտել ենք:
ԿԼԵՄԵՆՍ — Խնդրում եմ, սիրելիս, ամեն անգամ մի ասա «մենք»: Փառք Աստծո, դու այլևս նրանց թվին չես պատկանում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ո՞վ գիտե:
ԿԼԵՄԵՆՍ — Ի՞նչ է նշանակում` ո՞վ գիտե:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — (քնքշորեն): Կլեմենս, ես պարտավոր եմ քեզ ասել:
ԿԼԵՄԵՆՍ — Դե ասա, նորից ի՞նչ կա:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես պատկանում եմ նրանց թվին: Ես ստեղծագործելը չեմ թողել:
ԿԼԵՄԵՆՍ — Ի՞նչ իմաստով:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Շատ պարզ. ես հիմա էլ եմ գրում, միշտ գրել եմ, դե… ինչ-որ բան եմ գրել: Սա անբացատրելի մղում է: Հասկացիր ինձ, խնդրում եմ, ես կկործանվեմ, եթե չգրեմ:
ԿԼԵՄԵՆՍ — Եվ ի՞նչ ես դու նորից գրել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Վեպ: Շատ բան ունեի սրտիս ծանրացած: Ես կքել էի այդ բեռան տակ: Մինչ օրս լռել եմ, վերջապես այն պետք է դուրս գար: Կյունիգելը հիացած է:
ԿԼԵՄԵՆՍ — Կյունիգելն ո՞վ է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Իմ հրատարակիչը:
ԿԼԵՄԵՆՍ — Ուրեմն` արդեն ինչ-որ մեկը կարդացե՞լ է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այո: Եվ դեռ շատերը պիտի կարդան: Կլեմենս, դու հպարտանալու ես, հավատա ինձ:
ԿԼԵՄԵՆՍ — Իսկ ի՞նչ է կատարվում քո վեպում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այնքան էլ հեշտ չէ ասելը… Վեպը այն ամենն է, ինչ վերաբերում է գրեթե բոլոր մարդկանց:
ԿԼԵՄԵՆՍ — Ուշադրությո՛ւն, բոլորդ իմացեք…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես ուզում եմ քեզ խոստանալ, որ այսօրվանից այլևս գրիչ չեմ վերցնելու ձեռքս: Դրա կարիքն այլևս չկա:
ԿԼԵՄԵՆՍ — Դու սիրո՞ւմ ես ինձ, թե՞ ոչ, Մարգարետե:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Եվ դեռ հարցնո՞ւմ ես: Քե՛զ, միայն քե՛զ: Ես դիտել եմ կյանքը, շատ բան եմ տեսել, բայց չեմ ապրել: Ես սպասել եմ քեզ:
ԿԼԵՄԵՆՍ — Ուրեմն` բեր վեպդ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այո… բայց… ինչո՞ւ: Ի՞նչ պետք է անես:
ԿԼԵՄԵՆՍԵ — Դու պետք է գրեիր… Հասկանում եմ… շատ լավ, բայց ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը կարդա այն: Բեր գիրքդ, մենք այն պիտի այրենք:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Կլե…
ԿԼԵՄԵՆՍ — Պահանջում եմ… Ես իրավունք ունե՞մ պահանջելու, Մարգարետե:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բայց… հնարավոր չէ: Այն արդեն…
ԿԼԵՄԵՆՍ — Ինչպե՞ս: Եթե ես այդպես եմ ուզում… եթե քեզ բացատրեմ, որ ամեն ինչ դրանից է կախված… դու կհասկանաս, և երևի հնարավոր կլինի…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բայց գիրքն արդեն տպագրված է:
ԿԼԵՄԵՆՍ — Ինչպե՞ս թե տպագրված է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այո, մի քանի օրից այն ամեն տեղ կլինի:
ԿԼԵՄԵՆՍ — Մարգարետե… Եվ այդ ամենը՝ առանց նախապես ինձ մի բառ ասելո՞ւ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այլ կերպ չէի կարող… Երբ գիրքն այստեղ լինի, դու ինձ կներես: Ավելին` դու հպարտ կլինես:
ԿԼԵՄԵՆՍ — Սիրելիս, սա անցնում է կատակի սահմանը:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Կլեմենս:
ԿԼԵՄԵՆՍ — Մնաս բարով, Մարգարետե:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Կլեմենս… Աստված իմ…. Դու գնո՞ւմ ես:
ԿԼԵՄԵՆՍ — Ինչպես տեսնում ես:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ե՞րբ ես վերադառնալու:
ԿԼԵՄԵՆՍ — Չգիտեմ: Ցտեսություն:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Կլեմենս… (Փորձում է նրան պահել:)
ԿԼԵՄԵՆՍ — Խնդրում եմ: Վերջ: (Գնում է:)
ՄԱՐԳԱՐԵՏԵ — (միայնակ): Կլեմենս… Ի՞նչ է սա նշանակում: Նա լքո՞ւմ է ինձ: Ի՞նչ պետք է անեմ: Կլեմենս… Վե՞րջ ամեն ինչին: Ոչ, հնարավոր չէ: Կլեմենս… Ես պետք է գնամ նրա ետևից: (Փնտրում է գլխարկը: Դռան զանգ:) Ախ, նա վերադառնում է: Նա միայն ուզում էր ինձ վախեցնել: Օ՜, սիրելի Կլեմենս… (Գնում է դեպի դուռը:)
ԺԻԼԲԵՐՏ — (ներս է մտնում, սպասուհուն): Ես ձեզ ասում էի, որ տիկինը տանն է: Բարև, Մարգարետե:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — (նրան տեսնելով): Այդ դո՞ւք եք:
ԺԻԼԲԵՐՏ — Ես եմ` Ամանդուս Ժիլբերտը:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես այնպես զարմացած եմ…
ԺԻԼԲԵՐՏ — Տեսնում եմ: Պետք չէ զարմանալ: Մեկնում եմ Իտալիա, որոշեցի ճանապարհին այցելել քեզ և ի հիշատակ մեր հին բարեկամության` նվիրել իմ նոր գիրքը: (Գիրքը մեկնում է, Մարգարետեն հապաղում է, նա գիրքը դնում է սեղանին:)
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դուք շատ սիրալիր եք, շնորհակալ եմ:
ԺԻԼԲԵՐՏ — Խնդրեմ: Դու քո անուրանալի մասն ունես գրքի… Ուրեմն` այստե՞ղ ես ապրում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Իհարկե: Բայց…
ԺԻԼԲԵՐՏ — Ժամանակավոր… Հասկանում եմ: Որպես վարձու բնակարան` բավականաչափ տանելի է: Թեև պատերին կախված ընտանեկան դիմանկարներն ինձ համբերությունից կհանեին:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Տանտիրուհիս գեներալի այրի է:
ԺԻԼԲԵՐՏ — Արդարանալու կարիք չկա:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Արդարանալո՞ւ: Մըտ-քովս չի անցնում:
ԺԻԼԲԵՐՏ — Տարօրինակ է հիմա մտաբերել…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ինչի՞ մասին եք մտա- ծում:
ԺԻԼԲԵՐՏ — Եվ ինչո՞ւ չասել: Փոքրիկ սենյակը Շտայնսդորֆ փողոցում` Իզարի վրա բացվող պատշգամբով: Հիշո՞ւմ ես, Մարգարետե:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ավելի լավ չէ՞ մնանք «դուք»-ի սահմանում:
ԺԻԼԲԵՐՏ — Ինչպես կուզես… Ինչպես կուզեք, Մարգարետե: (Դադար: Անսպասելի:) Դուք ձեզ ողորմելի ձևով պահեցիք, Մարգարետե:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ի՞նչ…
ԺԻԼԲԵՐՏ — Թե՞ ուզում եք` շրջա-սույթներով խոսեմ: Ցավոք, ուրիշ բառ չեմ գտնում: Այդքան ցածր, նվաստ, ընդ որում, միանգամայն իզուր: Նույն բանը կարելի էր արժանապատիվ ձևով անել: Կարիք չկար այդպես Մյունխենից հեռանալ` մութ գիշերով, թաքուն:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բոլորովին էլ մութ գիշեր չէր: Ես առավոտ վաղ` ութն անց երեսուն, լույս ցերեկով ճեպընթացով մեկնել եմ:
ԺԻԼԲԵՐՏ — Ամեն դեպքում, մարդիկ նախապես իրար հրաժեշտ են տալիս, չէ՞, Մարգարետե: (Նստում է:)
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բարոնն ամեն վայր-կյան կարող է գալ:
ԺԻԼԲԵՐՏ — Հետո՞ ինչ: Անշուշտ, նրան չեք ասել, որ իմն եք եղել, որ պաշտել եք ինձ: Ես ընդամենը ձեր լավ ծանոթն եմ` Մյունխենից: Իսկ լավ ծանոթը կարող է և այցելության գալ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Մեկ ուրիշը` այո, բայց ոչ դուք:
ԺԻԼԲԵՐՏ — Ինչո՞ւ: Դուք շարունակում եք ինձ սխալ հասկանալ: Ես, իրոք, ընդամենը լավ ծանոթ եմ: Ամեն ինչ անցել է, վաղուց անցել է: Ահա, կտեսնեք… (Գիրքը մեկնում է նրան:)
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Սա ի՞նչ է:
ԺԻԼԲԵՐՏ — Իմ նոր վեպը:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դուք վե՞պ եք գրում:
ԺԻԼԲԵՐՏ — Իհարկե:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Երբվանի՞ց եք սկսել:
ԺԻԼԲԵՐՏ — Իսկ ի՞նչ էիք կարծում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ախ, Աստված իմ, հիշում եմ, որ քո ոլորտը փոքր արձակն էր, պատկերներ առօրյա կյանքից:
ԺԻԼԲԵՐՏ — (վրդովված): Իմ ոլո՞րտը: Իմ ոլորտը աշխարհն է: Գրում եմ, ինչ ուզում եմ: Ինձ չեմ սահմանափակում: Իսկ ի՞նչը պիտի խանգարեր վեպ գրելուս:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դե, հեղինակավոր քննադատության տեսակետը…
ԺԻԼԲԵՐՏ — Ո՞վ է հեղինակավորը:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Օրինակ, հիշում եմ, որ լրագրում Նոյմանի հոդվածը համընդհանուր…
ԺԻԼԲԵՐՏ — Նոյմանը ապուշի մեկն է: Ես նրան գրողի ծոցն ուղարկեցի:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դուք նրան….
ԺԻԼԲԵՐՏ — Սրտիս խորքում ես նրան գրողի ծոցն ուղարկեցի: Այն ժամանակ դու էլ էիր նրա դեմ չարացած: Երկուսս էլ Նոյմանին տկարամիտ էինք համարում: «Ինչպե՞ս է այդ ոչնչությունը համարձակվում,- սրանք քո խոսքերն են,- քեզ համար սահման- ներ գծել: Ինչպե՞ս է համարձակվում գիրքդ դեռ սաղմնային վիճակում խեղդել»: Դու ես ասել: Իսկ այսօր քեզ համար հեղինակություն ես հռչակում այդ գրական փերեզակին:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես ձեզ խնդրում եմ` մի բղավեք: Իմ տանտիրուհին…
ԺԻԼԲԵՐՏ — Ես չեմ կարող մտածել ինչ-որ գեներալի այրու մասին, երբ նյարդերս ցնցվում են:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բայց ի՞նչ ասացի որ… Չեմ հասկանում` ինչո՞ւ ես այդքան դյուրաբորբոք:
ԺԻԼԲԵՐՏ — Դյուրաբորբո՞ք: Ինձ դյուրաբորբո՞ք ես համարում: Դո՞ւ, մի կին, ով ամենաչնչին գրչակի` բուլվարային թերթում տպած չարամիտ խոսքի համար ուշաթափության մե՞ջ էր ընկնում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Չեմ հիշում, թե որևէ մեկը երբևէ վատ խոսք գրած լինի իմ մասին:
ԺԻԼԲԵՐՏ — Այդպե՞ս… թեև իրավացի ես: Գեղեցիկ կանանց նկատմամբ հարկավոր է բարեկիրթ լինել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բարեկի՞րթ: Իմ բանաստեղծությունները գովում են բարեկրթությունի՞ց: Եվ քո յուրօրինակ գնահատականը…
ԺԻԼԲԵՐՏ — Չեմ պատրաստվում խոսքերս հետ վերցնել, միայն ինձ թույլ եմ տալիս նկատել, որ քո բոլոր լավ բանաստեղծությունները մեր ժամանակ են գրվել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այսինքն` դրանց հա- մար քե՞զ եմ պարտական:
ԺԻԼԲԵՐՏ — Դու դրանք կգրեի՞ր, եթե ես եղած չլինեի: Մի՞թե ինձ չեն ուղղված:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ոչ:
ԺԻԼԲԵՐՏ — Ո՞չ: Ի՞նձ չեն ուղղված: Դա ուղղակի հրեշավոր է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ոչ, դրանք քեզ չեն ուղղված:
ԺԻԼԲԵՐՏ — Պարզապես ապշած եմ: Հիշեցնե՞մ այն իրավիճակները, երբ այդ գեղեցիկ գործերը ստեղծ- վեցին:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դրանք ուղղված են իդեալին… (Ժիլբերտն ակնարկում է իրեն:) Որի պատահական ներկայացուցիչը երկրի վրա դու էիր:
ԺԻԼԲԵՐՏ — Ահա թե ինչ… Հոյակապ է: Ումի՞ց ես մեջբերում: Գիտե՞ս` ֆրանսիացիները նման դեպքերում ինչ են ասում. «C’est de la litte’rature…»:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — (նրան ընդօրինակելով): Ce n’est pas de la literature… Ճիշտ է, միանգամայն ճիշտ է: Թե՞ իսկապես կարծում ես, որ քեզ վտիտ պատանու տեղ եմ դրել: Կամ երգել եմ քո գանգուրները: Դու այդ ժամանակ արդեն գեր էիր և… (ձեռքը նրա մազերին տանելով) սրանք այլևս գան-գուրներ չէին: (Ժիլբերտը հափշտակում է ձեռքն ու համբուրում: Մարգարետեն` մեղմացած:) Ի՞նչ ես անում…
ԺԻԼԲԵՐՏ — Քեզ համար այն ժամանակ գանգուրներ էին: Համենայնդեպս, այդպես էիր ասում: Այո, ինչեր ասես չի արվում հանուն բանաստեղծական հանգի, հանուն ռիթմի: Իմ սոնետներից մեկում քեզ իմ խոհեմ աղջիկ չե՞մ անվանել… Բայց դու ոչ խելոք էիր, ոչ էլ… Ոչ, չեմ ուզում անարդարացի լինել… դու խելացի էիր, նվաստացուցիչ խելացի, անտանելի խելացի: Դա քեզ հաջողվում էր: Եվ ինչո՞ւ եմ զարմանում… Դու միշտ էլ սնափառ ես եղել: Աստված իմ: Ուզածիդ հասար: Դու որսացիր նրան` քո արքայազնին` խնամված ձեռքերով և անխնամ ուղեղով, գերազանց նժույգավար, սուսերամարտիկ, պաշտպան, պինգ- պոնգ խաղացող և սրտակեր… Մարլիտը նրան ավելի նողկալի չէր համարի: Այո… էլ ի՞նչ ես ուզում: Այլ հարց է, թե որքան ժամանակ նա քեզ կհետաքրքրի, քեզ, որ արդեն բարձրի համը տեսել ես: Ես քեզ միայն մի բան կասեմ` ինձ համար դու անկումն ես սիրո:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դու սա գնացքում ես մտածել:
ԺԻԼԲԵՐՏ — Հենց նոր մտածեցի, հենց այս պահին:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դե, ուրեմն, գրիր, լավ խոսք է:
ԺԻԼԲԵՐՏ — Ես դեռ մեկն էլ ունեմ քեզ համար. այն ժամանակ կին էիր, հիմա դարձել ես կնամարդ: Ահա թե ով ես դու: Եվ ի՞նչն է այդ մարդու մեջ ձգել քեզ` բնազդը, շատ սովորական բնազդը:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես քեզ խնդրում եմ… Դու պատճառներ ունես…
ԺԻԼԲԵՐՏ — Սիրելիս, ես ցանկացած ժամանակ ձեռքիս տակ մեկնումեկն ունեմ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ժամանակ առ ժամանակ` միակը:
ԺԻԼԲԵՐՏ — Մի փորձիր մեր հարաբերությունները նսեմացնել, դա քեզ չի հաջողվի: Դա ամենահիասքանչն է, ինչ դու երբևէ ապրել ես:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Աստված իմ, երբ հի- շում եմ, որ մեկ տարի շարունակ հանդուրժել եմ այս դատարկաբանությունը…
ԺԻԼԲԵՐՏ — Հանդուրժե՞լ ես: Դու արբում էիր դրանով. երախտամոռ մի եղիր, ես էլ այդպիսին չեմ: Որքան էլ քեզ վերջում արգահատելի պահեցիր, իմ հիշողություն- ները թունավորել չկարողացար: Ավելին ասեմ… Ես դեռ ասելու բան ունեմ…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Մի՞թե չասված բան մնաց:
ԺԻԼԲԵՐՏ — Անշուշտ, ես քեզ պարտք եմ այս խոստովանությունը, ուրեմն` լսիր: Ճիշտ այն ժամանակ, երբ դու սկսեցիր ինձանից երես դարձնել, երբ ախոռը հայրենաբաղձությամբ համակեց հոգիդ, ես ևս ներքուստ դադարել էի քեզ հետ լինելուց:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Հնարավոր չէ:
ԺԻԼԲԵՐՏ — Պարզ է, որ այդ մասին գլխի չէիր ընկնում: Քեզ հետ ամեն ինչ ավարտված էր, այո: Ես արդեն քո կարիքը չունեի: Ինչ դու կարող էիր տալ ինձ, արդեն տվել էիր: Քո դերն ավարտված էր: Սրտիդ խորքում դա գիտեիր, գիտեիր` չգիտակցելով…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես քեզ խնդրում եմ…
ԺԻԼԲԵՐՏ — (անտեսելով): …որ քո ժամանակն արդեն ավարտվել էր: Մեր հարաբերությունը սպառել էր իր նպատակը: Ես չեմ ափսոսում, որ սիրել եմ քեզ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բայց ես…
ԺԻԼԲԵՐՏ — Հիանալի է: Այս փոքրիկ դիտարկումը քիչ բան չի ասում ճանաչողին` ի ցույց դնելով տարբերությունը, որ կա արվեստագետի և դիլետանտի միջև: Քեզ համար, Մարգարետ, մեր հարաբերությունն այսօր ավելին չէ, քան հիշողություն մի քանի խենթ գիշերների, անգլիական պուրակի ծառուղիներում անցկացրած հոգեզմայլ զրույցների մասին… ես դրանք վերածել եմ արվեստի գործի:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես նույնպես:
ԺԻԼԲԵՐՏ — Ինչպես թե… Ի՞նչ ես ուզում ասել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ինչ որ ասում ես, վկա է Աստված, նույնն էլ ես եմ զգացել: Ես նույնպես վեպ եմ գրել, որտեղ մեծ դեր են կատարել մեր երբեմնի հարաբերությունները, ես էլ մեր երբեմնի սերը, կամ էլ այն, ինչը մենք այդպես էինք անվանում, պահ եմ տվել հավերժությանը:
ԺԻԼԲԵՐՏ — Քո փոխարեն հավերժության մասին չէի խոսի, մինչև երկրորդ հրատարակությունը չլիներ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բայց մի բան է, երբ ես եմ վեպ գրում, և բոլորովին այլ բան, երբ դու ես դա անում:
ԺԻԼԲԵՐՏ — Դա դեռ հարց է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Հասկանո՞ւմ ես, դու ազատ մարդ ես, դու կարիք չունես գողանալու այն ժամերը, որոնցում կարող ես արվեստագետ լինել, քո ապագան չես դնում խաղաքարտի վրա:
ԺԻԼԲԵՐՏ — Իսկ դո՞ւ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես դա արել եմ: Կես ժամ առաջ Կլեմենսը լքեց ինձ, որովհետև խոստովանեցի, որ վեպ եմ գրել:
ԺԻԼԲԵՐՏ — Լքե՞ց: Ընդմի՞շտ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Չգիտեմ: Հնարավոր է: Նա զայրույթից կորցրել էր իրեն և ինչ ասես կարող է անել: Չգիտեմ, թե ինչ կորոշի:
ԺԻԼԲԵՐՏ — Ուրեմն` նա արգելում է քեզ գրե՞լ: Չի հանդուրժում, որ իր սիրած կինը ուղեղը շարժի՞: Ահա թե ինչ… հիանալի է: Ազգը ծաղկում է ապրում… Այդպես… Իսկ դո՞ւ: Ինչպե՞ս չես ամաչում այդ ապուշի գրկում ապրելու այն, ինչ մի ժամանակ…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Քեզ արգելում եմ այդպես խոսել նրա մասին: Դու նրան չես կարող հասկանալ:
ԺԻԼԲԵՐՏ — Ահա թե ինչ…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դու չգիտես` ինչու է նա դեմ, որ ստեղծագործեմ: Միայն սիրուց: Նա հասկանում է, որ այդպես հայտնվում եմ մի աշխարհում, որի դռները փակ են իր դեմ: Նա ամաչում է, որ հոգիս բացում եմ անկոչների առջև, նա ուզում է, որ միայն իր համար լինեմ, միայն իր համար. դա է պատճառը, որ փախավ ինձնից: Չէ, չփախավ, Կլեմենսն այն մարդը չէ, ով փախչում է:
ԺԻԼԲԵՐՏ — Աստված է տեսնում, չէ՞, որ գնացել է. կարևոր չէ, թե ինչ արագությամբ: Եվ գնացել է, որովհետև չի հանդուրժում քո ստեղծագործական նախասիրությունները:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Եթե դա էլ հասկանար… Բայց սովորաբար այդպես չի լինում: Ես կարող էի լինել աշխարհի ամենալավ, ամենահավատարիմ, ամենաազնիվ կինը, եթե աշխարհի երեսին իսկական ամուսին լիներ:
ԺԻԼԲԵՐՏ — Փաստորեն, նա նույնպես կարգին ամուսին չէ՞:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես այդպես չասացի:
ԺԻԼԲԵՐՏ — Որքան հասկացա, նա քեզ ուղղակի ստրկացնում է, կործանում, եսասիրաբար ոչնչացնում է քո բուն եսը: Հիշիր այն Մարգարետեին, որն էիր: Հիշիր ազատությունը, որում կարող էիր զարգանալ, երբ սիրում էիր ինձ: Հիշիր այն ընտիր հասարակությունը, որում հայտնվել էիր, այն երիտասարդներին, որ հավաքվել էին իմ շուրջը… ու նաև քո: Մի՞թե չես կարոտում այդ ամենը: Քո գողտրիկ սենյակը… Հիշո՞ւմ ես, արևոտ պատշգամբով, որի ներքևում նվաղած` իր ջրերն էր տանում Իզարը: (Գրկում է նրան:)
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Օ՜, Աստված իմ:
ԺԻԼԲԵՐՏ — Ամեն ինչ կարող է նորից նույնը լինել. պարտադիր չէ, որ Իզարը լինի: Ուզում եմ քեզ մի առաջարկություն անել. եթե վերադառնա, ասա նրան, որ Մյուն- խենում գործեր ունես, և այդ ժամանակն անցկացրու ինձ հետ: Դու այնպես գեղեցիկ ես, Մարգարետե: Մենք առաջվա պես երջանիկ կլինենք: Հիշո՞ւմ ես: (Կիպ մոտենալով:) «Արբեցած` փարվում եմ քո պարանոցին…»:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — (կտրուկ ընկրկում է): Հեռո՛ւ, հեռո՛ւ ինձանից: Ո՛չ, ո՛չ: Ասացի` հեռու գնա: Քեզ այլևս չեմ սիրում:
ԺԻԼԲԵՐՏ — Այդպե՛ս… Լավ, ուրեմն, ներիր ինձ: (Դադար:) Մնաս բարով, Մարգարետե: Հաջողություն:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Հաջողություն:
ԺԻԼԲԵՐՏ — Մնաս բարով: (Կրկին մոտենում է:) Իսկ չե՞ս ուզում հրաժեշտին նվիրել քո վեպը, ինչպես իմը քեզ տվեցի:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դեռ լույս չի տեսել: Միայն հաջորդ շաբաթ կլինի:
ԺԻԼԲԵՐՏ — Կարելի՞ է հարցնել, գոնե ինչ բնույթի վեպ է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Իմ կյանքի վեպը: Բնականաբար, քողարկված, որ չճանաչվեմ:
ԺԻԼԲԵՐՏ — Իսկապե՞ս: Իսկ ինչպե՞ս ես կարողացել դա անել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Շատ պարզ. հերոսուհին ոչ թե բանաստեղծ է, այլ նկարիչ:
ԺԻԼԲԵՐՏ — Հնարամիտ է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Եվ նրա առաջին ամուսինը մանածագործական ձեռնարկության տնօրեն չէ, այլ հայտնի դրամաշորթ, նա իր ամուսնուն չի դավաճանում տենորի հետ:
ԺԻԼԲԵՐՏ — Հա-հա-հա…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ինչո՞ւ ես ծիծաղում:
ԺԻԼԲԵՐՏ — Ուրեմն դու նրան դավաճանել ես տենորի հե՞տ, դա չգիտեի:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Իսկ ո՞վ այդպիսի բան ասաց:
ԺԻԼԲԵՐՏ — Հենց նոր ասացիր:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես ասացի` իմ վեպի հերոսուհին դավաճանում է բարիտոնի հետ:
ԺԻԼԲԵՐՏ — Բասը ավելի հրաշալի կլիներ, մեցցոսոպրանոն` ուղղակի ցնցող:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բացի դրանից, նա մեկնում է ոչ թե Մյունխեն, այլ Դրեզդեն և այնտեղ կապվում է մի քանդակագործի հետ:
ԺԻԼԲԵՐՏ — Ահա… դա էլ ե՞ս եմ` քողարկված:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Լավ քողարկված: Քանդակագործը երիտասարդ է, գեղեցիկ, հանճարեղ: Չնայած դրան` իմ հերոսուհին լքում է նրան:
ԺԻԼԲԵՐՏ — Ո՞ւմ պատճառով…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Գուշակիր:
ԺԻԼԲԵՐՏ — Հավանաբար ձիավարողի:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Հիմար:
ԺԻԼԲԵՐՏ — Մի կոմսի պատճառո՞վ: Դուքսի՞…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ոչ, նա թագավո­-րազն է:
ԺԻԼԲԵՐՏ — (խոնարհում անելով): Իրոք, ոչնչի առաջ կանգ չես առնում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այո, արքայական տոհմից մի երիտասարդ, ով հանուն նրա թողնում է պալատը, ամուսնանում է, և միասին մեկնում են Կանարյան կղզիներ:
ԺԻԼԲԵՐՏ — Կանարյան կղզինե՞ր… Շատ լավ է: Իսկ հետո՞:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Հաստատվելով…
ԺԻԼԲԵՐՏ — Կանարյան կղզիներում…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ավարտվում է վեպը:
ԺԻԼԲԵՐՏ — Ես շատ աննշան տեղ եմ զբաղեցնում, մանավանդ, այդպես քողարկված:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Դու էլ ինձ չէիր ճանաչի, եթե…
ԺԻԼԲԵՐՏ — Եթե` ի՞նչ…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Եթե վերջին` երրորդ գլխում մեր նամակագրությունը ընդգրկած չլինեի:
ԺԻԼԲԵՐՏ — Ի՞նչ…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այո, բոլոր նամակ-ները, որոնք գրել ես ինձ և որոնք գրել եմ քեզ, վեպում կան:
ԺԻԼԲԵՐՏ — Ներիր, բայց քեզ որտեղի՞ց քո ուղարկած նամակները: Դրանք ինձ մոտ են:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես միշտ նախապես սևագրում էի:
ԺԻԼԲԵՐՏ — Սևագրո՞ւմ էիր…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Այո:
ԺԻԼԲԵՐՏ — Նամակները, որոնք կարծես վերջին պահի թրթռուն հույզեր լինեն, դու նախապես սևագրո՞ւմ էիր… «Միայն մեկ բառ, սիրելիս, մինչև քնելը. աչքերս փակվում են»: Աչքերդ փակվում էին, բայց արտագրո՞ւմ էիր:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ի՞նչ է, կշտամբո՞ւմ ես…
ԺԻԼԲԵՐՏ — Եթե իմանայի… Պետք է շնորհակալ լինեմ, որ դրանք գոնե ինչ-որ մեկին նախապես չես պատվիրել: Ինչպես է ամեն ինչ փուլ գալիս: Անցյալը վերածվում է փլատակների կույտի… Նա իր նամակները նախապես պատրաստել էր…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Գիտե՞ս ինչ, դու պետք է գոհ լինես: Ո՞վ գիտե` միայն սրանք չե՞ն, որ հետագայում մնալու են քեզնից` իմ նամակները:
ԺԻԼԲԵՐՏ — Սա ճակատագրական պատմություն է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Բայց ինչո՞ւ:
ԺԻԼԲԵՐՏ — (վերցնելով գիրքը): Քանի որ դրանք այստեղ էլ կան:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ի՞նչը: Որտե՞ղ:
ԺԻԼԲԵՐՏ — Իմ վեպում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ի՞նչ կա դրա մեջ:
ԺԻԼԲԵՐՏ — Մեր նամակները` քոնը և իմը:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Իսկ քո՞նը որտեղից քեզ: Դրանք ինձ մոտ են… Ահ, տեսնո՞ւմ ես, որ դու էլ ես սևագրություններ արել:
ԺԻԼԲԵՐՏ — Ես սևագրություններ չեմ արել, ուղարկելուց առաջ եմ արտագրել: Դրանք չպետք է կորչեին: Նամակներ կան, որոնք դու չես էլ ստացել, որոնք շատ ավելի լավն էին, քան դու կարող էիր հասկանալ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ի սեր Աստծո, եթե այդպես է… (Գիրքը հուզված թերթելով:) Այո, այդպես է: Սա նույնն է, թե աշխարհին պատմենք, որ մենք երկու… Օ՜հ, երկինք… Ահա և այն նամակը, որը մեր առաջին գիշերից հետո` առավոտյան դու…
ԺԻԼԲԵՐՏ — Բնականաբար: Չէ՞ որ հոյակապ նամակ է:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Սարսափելի է: Համաեվրոպական աղմուկ կբարձրանա: Իսկ Կլեմենսը… Ի սեր Աստծո: Սկսում եմ ցանկանալ, որ նա առհասարակ չվերադառնա: Այլապես կորած եմ: Ի դեպ, դու նույնպես: Որտեղ էլ լինես, նա կգտնի քեզ և կգնդակահարի, ինչպես կատաղած շանը:
ԺԻԼԲԵՐՏ — (թաքցնելով գիրքը): Տխմար համեմատություն…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ինչպե՞ս ես կարողացել այդպիսի հիմար բան մտածել: Նամակներն այն կնոջ, ում դու իբր սիրել ես… Ինչպես է երևում, որ ջենտլմեն չես:
ԺԻԼԲԵՐՏ — Բայց ուղղակի հրաշալի է: Մի՞թե նույնը չես արել նաև դու:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես կին եմ:
ԺԻԼԲԵՐՏ — Հիմա էլ այդպե՞ս ես արդարանում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Հավատա, ես քեզ չեմ մեղադրում: Մենք իրար արժենք: Այո, Կլեմենսը ճիշտ է: Մենք մեր վիշտը զուգագուլպաներով ի ցույց ենք դնում աշխարհին, ինչպես կանայք Ռոնաշերի հաստատությունում: Մեր ամենաթաքուն ապրումները, ցավերը, ամեն ինչ ցուցադրում ենք: Թուհ, ինքս ինձանից նողկանք եմ զգում: Երկուսս էլ նույնն ենք: Կլեմենսն իրավացի էր, երբ ինձ փորձում էր ետ պահել դրանից: (Անսպասելի:) Եկ, Ամանդուս:
ԺԻԼԲԵՐՏ — Ի՞նչ ես ուզում անել:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ես ընդունում եմ քո առաջարկությունը:
ԺԻԼԲԵՐՏ — Ի՞նչ առաջարկություն:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Քեզ հետ գալիս եմ: (Փնտրում է գլխարկն ու վերարկուն:)
ԺԻԼԲԵՐՏ — Ի՞նչ եղավ քեզ: Ի՞նչ ես անում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — (տենդագին շարժումով գլխարկը դնում է գլխին): Ամեն ինչ նորից կլինի այնպես, ինչպես առաջ էր, ինքդ ասացիր, պարտադիր չէ, որ Իզարը լինի: Դե, ի՞նչ, գնացի՞նք, ես պատրաստ եմ:
ԺԻԼԲԵՐՏ — Սա խելագարություն է: Փախչե՞լ… Ի՞նչ իմաստ ունի: Դու չէի՞ր ասում` նա միշտ էլ կիմանա, թե ինչպես ինձ գտնի: Եթե դու ինձ հետ լինես, քեզ էլ կգտնի: Ավելի խելամիտ կլինի, եթե ամեն մեկս մեզ համար…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Թշվառական, ինձ թողնում ես բախտի քմահաճույքի՞ն: Իսկ մի քանի րոպե առաջ ծունկի՞ էիր իջել իմ առաջ: Չե՞ս ամաչում:
ԺԻԼԲԵՐՏ — Ինչի՞ համար: Ես հիվանդ, նյարդային մարդ եմ, տրամադրություններիս գերի:
Մարգարետեն նայում է պատուհանից դուրս, ճչում է:
ԺԻԼԲԵՐՏ — Ի՞նչ ես անում: Ի՞նչ կմըտածի գեներալի այրին իմ մասին:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Նա է… Նա գալիս է:
ԺԻԼԲԵՐՏ — Դեհ… ես…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ի՞նչ, ուզում ես գնա՞լ:
ԺԻԼԲԵՐՏ — Հերր բարոնին այցելելու միտք չունեի:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Աստիճանների վրա կհանդիպեք: Դա ավելի ցավալի կլինի: Մնա: Չեմ ուզում միայնակ զոհ լինել:
ԺԻԼԲԵՐՏ — Խենթացա՞ր, ինչ է: Ինչո՞ւ ես այդպես դողում: Նա չի կարող երկու վեպերն էլ կարդացած լինել: Հանգստացիր, գլխարկդ հանիր, վերարկուդ մի կողմ դիր: Հանգստացիր: (Օգնում է նրան:) Եթե քեզ այս տեսքով տեսնի, գլխի կընկնի…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ինձ համար միև-նույն է, ավելի լավ է հիմա, քան հետո: Չեմ կարող ապրել` սարսափը սրտումս, ավելի լավ է` միանգամից ամեն ինչ ասեմ:
ԺԻԼԲԵՐՏ — Ամեն ի՞նչ…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Քանի դեռ այստեղ եմ: Եթե հիմա ազնվորեն ամեն ինչ պատմեմ, գուցե ների ինձ:
ԺԻԼԲԵՐՏ — Իսկ ե՞ս… Ես այս աշ-խարհում դեռ ավելի կարևոր անելիքներ ունեմ, որպեսզի թույլ տամ, որ մի խանդոտ բարոն սպանի ինձ, ինչպես կատաղած շանը:
Դռան զանգ:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Նա է… նա է:
ԺԻԼԲԵՐՏ — Դու չխոսես:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Խոսելու եմ:
ԺԻԼԲԵՐՏ — Ախ, այդպե՞ս: Ուրեմն, նկատի ունեցիր, իմ կաշին գոնե թանկ եմ վաճառելու:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ի՞նչ ես ուզում անել:
ԺԻԼԲԵՐՏ — Ես նրա դեմքին կշրըխ-կացնեմ ճշմարտություններ, ինչպիսին դեռ ոչ մի բարոն չի լսել:
ԿԼԵՄԵՆՍ — (ներս է մտնում, փոքր-ինչ օտարոտի): Պարոն Ժիլբերտ, եթե չեմ սխալվում:
ԺԻԼԲԵՐՏ — Անշուշտ, հերր բարոն: Հարավ ուղևորվելուս ճանապարհին չկարողացա ինձ արգելել այցելելու պատվարժան տիկնոջը:
ԿԼԵՄԵՆՍ — Ախ, այդպես… (Դադար:) Ցավում եմ, որ իմ ներկայությամբ ընդհատեցի ձեր զրույցը: Չէի ուզենա խանգարած լինել:
ԺԻԼԲԵՐՏ — Ինչի՞ մասին էինք խոսում, տիկին…
ԿԼԵՄԵՆՍ — Գուցե կարողանամ ձեր հիշողությունը թարմացնե՞լ: Մյունխենում գրեթե միշտ խոսում էիք ձեր գրքերի մասին:
ԺԻԼԲԵՐՏ — Ախ, շատ լավ: Ես, ճիշտն ասած, իմ նոր վեպի մասին էի…
ԿԼԵՄԵՆՍ — Շարունակեք, խնդրեմ: Հիմա կարելի է նաև ինձ հետ խոսել գրականության մասին: Ճիշտ չէ՞, Մարգարետե: Սա նատուրալիստակա՞ն վեպ է, սիմվոլիստա-կա՞ն, ապրվա՞ծ է, թե՞ ոճավորված:
ԺԻԼԲԵՐՏ — Տեր Աստված, իրականում մենք բոլորս էլ գրում ենք այն, ինչ ապրել ենք:
ԿԼԵՄԵՆՍ — Դա արդեն հետա­քրքիր է:
ԺԻԼԲԵՐՏ — Երբ գրում ես Ներոնի մասին, անհրաժեշտ է, որ ներքուստ Հռոմը հրդեհած լինես:
ԿԼԵՄԵՆՍ — Անշուշտ:
ԺԻԼԲԵՐՏ — Որտեղի՞ց ներշնչանք ստանաս, եթե ոչ` ինքդ քեզնից: Որտեղի՞ց կերպարների նախա-տիպեր վերցնես, եթե ոչ` կյան-քից:
Մարգարետեն ավելի ու ավելի է անհանգստանում:
ԿԼԵՄԵՆՍ — Միայն ափսոս, որ նախատիպերն հազվադեպ են հարցման ենթարկվում: Պետք է ասեմ, որ եթե կին լինեի, կարգելեի, որ մարդկանց պատմեին… Վայելուչ հասարակության մեջ սա կոչվում է կնոջը անվանարկել:
ԺԻԼԲԵՐՏ — Չգիտեմ` կարո՞ղ եմ ինձ կարգին հասարակության անդամ համարել, թե ոչ, բայց ես դա անվանում եմ կնոջը մեծարել:
ԿԼԵՄԵՆՍ — Օ՜…
ԺԻԼԲԵՐՏ — Կարևորն այն է, թե ով ինչպես է տեսնում: Իրականում, ավելի բարձր իմաստով ասած, ոչ մի վատ բան չկա, երբ որևէ կնոջ մասին իմանում ես` արդյոք ա՞յս, թե՞ մյուս անկողնում է երջանիկ եղել:
ԿԼԵՄԵՆՍ — Պարոն Ժիլբերտ, թույլ տվեք հիշեցնել, որ խոսում եք կնոջ ներկայությամբ:
ԺԻԼԲԵՐՏ — Ես խոսում եմ վաղեմի ընկերուհու ներկայությամբ, հերր բարոն, ով կարող է այդ թեմայի վերաբերյալ իմ տեսակետները կիսել:
ԿԼԵՄԵՆՍ — Օ՜…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Կլեմենս: (Ծնկի գալով նրա առաջ:) Կլեմենս…
ԿԼԵՄԵՆՍ — (խոնարհվելով): Բայց… բայց, Մարգարետե…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ներիր ինձ, Կլեմենս:
ԿԼԵՄԵՆՍ — Մարգարետե… (Ժիլբերտին.) Ինձ համար ծայրաստիճան անախորժ է, պարոն Ժիլբերտ… Վեր կաց, Մարգարետե: Վեր կաց, ես ամեն ինչ կարգավորել եմ: (Մարգարետեն նայում է նրան:) Վեր կաց: (Նա ոտքի է կանգնում:) Ամեն ինչ լավ է, արդեն ամեն ինչ կարգին է: Եթե ասում եմ, ուրեմն այդպես է: Դու պետք է միայն Կյունիգելին մի բառ հեռագրես, ու վերջ: Ես նրա հետ ամեն ինչ արդեն կարգավորել եմ: Մենք որոշեցինք ամբողջ տպաքանակը ուղարկել թղթի վերամշակման արտադրամաս: Այդ- պես ճիշտ է, չէ՞, Մարգարետե:
ԺԻԼԲԵՐՏ — Ի՞նչ… Թույլ տվեք հարց-նել… Ի՞նչն են պարոնայք ուղարկել թղթի վերամշակման… Մի՞թե պատվելի տիկնոջ վեպը:
ԿԼԵՄԵՆՍ — Ահա թե ինչ, արդեն գիտե՞ք վեպի մասին… Պարոն Ժիլ-բերտ, փաստորեն ձեր ընկերու- թյունն այնքան էլ անցյալ չէ:
ԺԻԼԲԵՐՏ — Այո… Ինձ մնում է միայն ներողություն խնդրել: Ես, իրոք, ինձ անհարմար եմ զգում: Ներեցեք, ի սեր Աստծո:
ԿԼԵՄԵՆՍ — Ցավոք, դուք ստիպված եղաք ներկա լինելու մի տեսարանի, որը կարող եմ արդեն ընտանեկան անվանել:
ԺԻԼԲԵՐՏ — Չեմ ուզում այլևս իմ ներկայությամբ ծանրաբեռնել ձեր ժամանակը: Պատվարժան տիկին, հերր բարոն… Ի նշան այն բանի, որ մեր միջև բոլոր թյուրիմացությունները հարթվեցին, որպես համեստ ապացույց իմ համակրանքի` թույլ տվեք ձեզ նվիրել իմ նոր վեպը:
ԿԼԵՄԵՆՍ — Դուք շատ սիրալիր եք, պարոն Ժիլբերտ: Բայց միանգամից ասեմ` գերմանական վեպերը իմ նախասիրությունը չեն: Սա կլինի վերջինը, որը ես կկարդամ: Կամ էլ նախավերջինը:
ՄԱՐԳԱՐԵՏԵ, ԺԻԼԲԵՐՏ — Նախավերջի՞նը:
ԿԼԵՄԵՆՍ — Այո:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Իսկ ո՞րն է լինելու վերջինը:
ԿԼԵՄԵՆՍ — Քո վեպը, սիրելիս: (Պայուսակից մի օրինակ հանելով:) Մի օրինակ, ամեն դեպքում, խնդրեցի Կյունիգելից քեզ համար, ավելի ճիշտ` մեզ համար:
Մարգարետեն ու Ժիլբերտը անօգնական հայացքներ են փոխանակում:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ինչ լավն ես դու… (Վերցնելով վեպը:) Այո… սա է…
ԿԼԵՄԵՆՍ — Մենք միասին կկարդանք:
ՄԱՐԳԱՐԵՏԵ — Ոչ… Կլեմենս, ես արժանի չեմ այսպիսի վեհանձնության… ահա… (Գիրքը նետում է բուխարու մեջ:) Չեմ ուզում այլևս լսել այս մասին:
ԺԻԼԲԵՐՏ — (բուռն ցնծության մեջ): Բայց, մեծարգո տիկին…
ԿԼԵՄԵՆՍ — (գնում է դեպի վառարանը): Ի՞նչ ես անում, Մարգարետե…
ՄԱՐԳԱՐԵՏԵ — (բուխարու մոտ, Կլե- մենսին գրկելով): Հիմա հավատո՞ւմ ես, որ սիրում եմ քեզ:
ԺԻԼԲԵՐՏ — (գոհ): Երևում է` այստեղ ես ավելորդ եմ… Հարգարժան տիկին, հերր բարոն… (Մեկուսի:) Լավ պրծա… Վեեերջ…

Գերմաներենից թարգմանեց
Ամալյա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։