Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ՕՁԸ

Մեկ գործողությամբ բեմախաղ

Գործող անձինք
ԱԴԱՄԸ
ԵՎԱՆ
ՕՁԸ
ԱՍՏԾՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Գործող անձինք միջին տարիքի ժամանակակից մարդիկ են: Վարագույրը դանդաղ և ընդհատումներով բացվում է Իմա Սումակի տիեզերական խորհրդավոր երգեցողությամբ: Բեմի գրեթե կենտրոնում՝ հասուն պտուղներով ծանրաբեռնված խնձորի ծառ: Ադամը դահլիճից բարձրանում է բեմ, պտտվում ծառի շուրջ, կանգնում՝ զմայլված ունկնդրելով երգը, որն աստիճանաբար մարում է:
Գործողության վայրը՝ երևակայական դրախտ:
Ժամանակը՝ այսօր և վաղը:

ԱԴԱՄ — (ծոծրակին` երկար մազերի պոչ: Սև բաճկոնով է, սպիտակ անդրավարտիքով: Աչքերին՝ պրոֆեսորական ակնոց: Կանչում է): Եվա՜… Եվա՜… Որտե՞ղ ես: Քեզ կարոտել եմ:
ԵՎԱ — (գալիս է աջ թե ձախ կուլիսից: Բացլանջ կապույտ շրջազգեստով է, պարանոցին՝ մարգարտաշար: Բարձրակրունկ կոշիկներն ընդգծում են կանացի հմայքը): Ադամ, սիրելիս, ինչո՞ւ ես ինձ համար գժվում:
ԱԴԱՄ — Որտե՞ղ էիր, երեք հազար տարի որոնում եմ քեզ:
ԵՎԱ — Թատրոնի փորձասենյակում ռեժիսորի հետ սուրճ էինք խմում:
ԱԴԱՄ — Կարծեմ նա թեյիստ է:
ԵՎԱ — Կապուչինո: Նա ինձ սովորեցրեց` ինչպես դադարի ժամանակ և քայլելիս իմաստալից լինեմ առանց բառ ասելու:
ԱԴԱՄ — Ապա քայլիր: (Հետևում է խնձորենու շուրջը Եվայի կաքավաքայլվածքին:) Օ՜, կին, դու ինձ անբուժելի կխելագարեցնես: Մի բան խոսիր: Ասա` ինձ սիրում ես: Ոչ մի բառ, խնդրում եմ: Շարժումներդ շատ ավելին են ասում, քան խոսքը: Կանգ առ: (Եվան կանգնում է:) Ո՞ւմ ես ժպտում:
ԵՎԱ — Դու ասա:
ԱԴԱՄ — Ռեժիսորին:
ԵՎԱ — Խանդեցի՞ր:
ԱԴԱՄ — Ժպիտդ խոսում է Լեոնարդո դա Վինչիի հետ:
ԵՎԱ — Ո՞վ է:
ԱԴԱՄ — Մոնա Լիզա Ջոկոնդան:
ԵՎԱ — Քո՞ւյրս…
ԱԴԱՄ — Դու նրանից գեղեցիկ ես:
ԵՎԱ — Գեղեցկությունը սահման չունի:
ԱԴԱՄ — Ունի, Լիզ. տիեզերքը, որ բաղկացած է սիրո անհաշիվ աստղերից: Քո դեմքին տիեզերքն է ժպտում:
ԵՎԱ — Ես Եվա եմ:
ԱԴԱՄ — Աստված ինձ ստեղծեց կավահողից և ասաց՝ մարդիկ թող լինեն քո պատկերով:
ԵՎԱ — Մազերիդ պոչը ինձ դուր է գալիս, նման ես հիպպիի, ո՞վ է սարքել:
ԱԴԱՄ — Ավետարանիչ Մարկոսը: Նա Աստծո անձնական վարսավիրն է: Տարին մեկ-երկու անգամ սիրունացնում է նաև Բարաք Օբամային:
ԵՎԱ — Ես էլ եմ կա՞վ:
ԱԴԱՄ — Դու իմ կողոսկրն ես:
ԵՎԱ — Լեոնարդո ջան, կյա՜նք…
ԱԴԱՄ — Եթե ես չլինեի Ադամ, լինեի Տիգրան, Արթուր կամ Արշակ, չէր լինի նաև Լեոնարդոն:
ԵՎԱ — Կյա՜նք…
ԱԴԱՄ — Սիրում եմ քեզ:
ԵՎԱ — Ամենից շատ ի՞նչս ես սիրում:
ԱԴԱՄ — Անունդ:
ԵՎԱ — Ընդամենը երեք տա՞ռ:
ԱԴԱՄ — Քո եռանկյունին:
ԵՎԱ — Դու կուբի՞ստ ես:
ԱԴԱՄ — Սիրտդ, հոգիդ, մարմինդ:
ԵՎԱ — Ինչո՞ւ չես համբուրում շուրթերս:
ԱԴԱՄ — Մեղրից էլ քաղցր կին:
ԵՎԱ — Դու գիժ ես, Ադամ:
ԱԴԱՄ — Տխուր է ու ցավալի, որ գժերը քիչ են, շատ քիչ, մարդկությունը մահացու հիվանդ է լրջությամբ, բայց դա չի գիտակցում և գլխապտույտ գնում է դեպի սատանան:
ԵՎԱ — Ես էլ եմ ցանկանում գիժ լինել:
ԱԴԱՄ — Դու գիժ ես, սիրելիս: Փողի ու առարկաների աշխարհում ով սիրում է, նա գիժ է:
ԵՎԱ — (խանդաղատանքով): Ե՞ս եմ ավելի գիժ, թե՞ դու:
ԱԴԱՄ — Ես:
ԵՎԱ — Չէ, ես:
ԱԴԱՄ — Ոչ:
ԵՎԱ — Խնդրում եմ, գոնե մի կաթիլ…
ԱԴԱՄ — Միայն այս ժամին, բեմի վրա:
ԵՎԱ — Դու իսկական ասպետ ես:
ԱԴԱՄ — Աշխարհում պատերազմ է սատանաների ու հրեշտակների միջև, երկրաշարժ, ջրհեղեղ, ազնիվները մեռնում են, գողերը` շատանում, արևն աստիճանաբար մոխրանում է, շուտով միայն գիշեր կլինի, խոտ ու ծաղիկ կչորանան, աշխարհը կդառնա անապատ, ես վախենում եմ քեզ կորցնել:
ԵՎԱ — Ինչ էլ պատահի՝ ես ամբողջովին քոնն եմ, ոչ ոք չի կարող ինձ քեզնից գողանալ:
ԱԴԱՄ — Ինչ երջանկություն է, որ դու աշխարհում կաս, սիրում եմ եռանկյունիդ, աստղազարդ երկնքին նայելիս՝ քեզ եմ տեսնում: (Հիացած նայում է վերև:)
ԵՎԱ — Ես այստեղ եմ, Ադամ, բեմի վրա:
ԱԴԱՄ — Այնտեղից ես եկել ու այնտեղ ես գնալու:
ԵՎԱ — Միայն քեզ հետ:
ԱԴԱՄ — Աստվածային էգ` ծնված իմ հոգուց:
ԵՎԱ — Հոգին ի՞նչ է, Լեոնարդո:
ԱԴԱՄ — Դու ես:
ԵՎԱ — Եվ դու:
Հեռվից լսվում է սրինգի մեղմ ու կախարդիչ մեղեդի: Ադամն ու Եվան դանդաղ մոտենում են իրար և, գրկախառնվելով, անշարժանում, կարծես սիրո մարմարե խմբաքանդակ լինեն: Սրինգ նվագելով, թեթևասահ բեմ է ելնում նրբակերտ Օձը, ոտաբոբիկ է, բարձրահասակ, հագին՝ մարմինը սեղմած օձակաշվե արծաթափայլ շրջազգեստ: Բեմն ու հանդիսասրահը կախարդված են սրինգի ձայնից և օձի հմայչությունից: Տեսարանի ազդեցությամբ խնձորի ծառի ճյուղերը շարժվում են: Մի խնձոր է ընկնում գետնին: Օձը վերցնում է խնձորը և տեղավորում ծոցում՝ այդ պահին նմանվելով երեք կրծքանի կնոջ: Ադամն ու Եվան հաջորդ մի քանի րոպեներին նույն սիրային դադարի մեջ են:
ԱԴԱՄ — Ծաղիկ ծովային…
ԵՎԱ — Ինձ սիրելով սպանիր:
ԱԴԱՄ — Ծծեմ շուրթերիդ նեկտարը:
ԵՎԱ — Օ՜հ…
ԱԴԱՄ — Խեղդվում եմ ալեկոծ ծովիդ հատակում:
ԵՎԱ — Վա՜յ, մամմա միա…
ԱԴԱՄ — Հեքիաթ կին…
ԵՎԱ — Աստված ու աստղեր…
ԱԴԱՄ — Քեզ ի՞նչ պատահեց…
ԵՎԱ — Հղիացա…
ԱԴԱՄ — Ռեժիսորի՞ց…
ԵՎԱ — Դու ես իմ ռեժիսորը, սիրելիս: Իմ մեջ քո որդին է ժպտում: Դու ուրախ չե՞ս:
ԱԴԱՄ — Նրան աշխարհի հետ չեմ փոխի: Անունը ի՞նչ դնենք: Մի տիեզերական անուն տուր:
ԵՎԱ — Ոչ Արև ու Լուսին և ոչ էլ Լեոնարդո կամ Շեքսպիր:
ԱԴԱՄ — Էլ ի՞նչ մնաց:
ԵՎԱ — Կիկոս:
ԱԴԱՄ — Կիկոսը չարաճճի ու անդաստիարակ է լինում:
ԵՎԱ — Կդաստիարակենք:
ԱԴԱՄ — Նա դաստիարակվողը չէ: Մի օր կբարձրանա խնձորի ծառը, ցած կընկնի քարին ու կմեռնի:
ԵՎԱ — Վա՜յ, Կիկոս ջան…
ԱԴԱՄ — Մինչև աշխարհի վերջը սգավոր կլինենք:
ԵՎԱ — Սիրիր ինձ, մխիթարիր, սիրիր ինձ, մեղք եմ, նորից հղիացրու, էլ ի՞նչ ընտանիք առանց երեխայի: Նրան քո անունը կտանք, ոչ մի դեպքում Դոն Կիխոտ:
ԱԴԱՄ — Կասեն Ադամ Ադամովիչ: Կավարտի Օքսֆորդի համալսարանը և կդառնա տիեզերական ակադեմիայի անդամ: Հղիացա՞ր…
ԵՎԱ — Ոնց որ:
ՕՁ — Բարոյական հանդիսատեսին մի անբարոյականացրեք: (Սևեռուն և կախարդիչ հայացքով քանդում է կնոջ ու տղամարդու գրկախառնվածությունը: Ծոցից հանում է խնձորը և մեկնում Ադամին:) Կեր:
ԱԴԱՄ — (կծում է պտուղն ու ծամում): Քաղցր է և հյութալի: (Խըն-ձորը պարզում է Եվային:) Դու էլ կեր:
ԵՎԱ — (ծամելով): Թթու է և քաղցր:
ՕՁ — Անո՜ւշ… (Վերցնում է խնձորը և դարձյալ տեղավորում կրծքերի միջև:)
ԱԴԱՄ — Առաջին անգամ եմ հանդիպում երեք կրծքով կնոջ: Եվան ընդամենը երկու կուրծք ունի:
ՕՁ — Երեքն առավել գայթակղիչ է, քան երկուսը:
ԵՎԱ — (չոր): Չորսն` ավելի:
ԱԴԱՄ — (ակնհայտորեն հետաքըր-քրված է Օձով): Անունդ ի՞նչ է:
ՕՁ — Օձ:
ԱԴԱՄ — Բայց ինչո՞ւ:
ՕՁ — Աստված առաջինը ինձ ստեղծեց, ես եմ սկիզբը: Ես իմաստուն եմ և դիվանագետ: Ես եմ ուղղություն տալիս մարդկանց շարժումներին և նրանց ազատում ճիշտ քայլեր անելուց, որոնք միշտ սխալ են:
ԱԴԱՄ — Ինչքան տգեղ ես:
ՕՁ — Ուրեմն գեղեցիկ եմ:
ԱԴԱՄ — (հմայված): Ես լսում եմ սրինգի անուշ մեղեդին:
ՕՁ — Կոնքերս են գայթակղում:
ԵՎԱ — (նյարդային): Ադա՞մ…
ԱԴԱՄ — Հանգստացիր, հո չսիրահարվեցի:
ԵՎԱ — Նա պոռնիկ է:
ՕՁ — Ամենակատարյալ պոռնիկները բարոյականներն են:
ԱԴԱՄ — Դրսից՝ հրեշտակ, ներսում՝ սատանա:
ՕՁ — Դու ինձ հասկանում ես:
ԱԴԱՄ — Մարդիկ գազանացել են, որովհետև իրար չեն հասկանում:
ՕՁ — Քեզ սիրում եմ:
ԱԴԱՄ — Ես չգիտեմ` սիրո՞ւմ եմ քեզ, թե՞ ոչ:
ԵՎԱ — Դու ինձ ես սիրում, Ադամ:
ԱԴԱՄ — (շոյում է Օձի կոնքերը, կարծելով` Եվային է շոյում): Հղի՞ ես:
ՕՁ — Այո:
ԱԴԱՄ — Ո՞վ է հայրը:
ՕՁ — Այս ներկայացման ռեժիսորը:
ԵՎԱ — (ցասումով գցվում է Ադամի և Օձի միջև): Նա իմ երեխայի հայրն է, բոզ:
ԱԴԱՄ — Հանգստացեք, սիրելի կանայք, գենետիկան անսխալ կպարզի` ումից է ձեր երեխան, արդյո՞ք Դոն Կիխոտից և ոչ Բեռլուսկոնիից, որն աշխարհը լցրել է հազարավոր բճերով: (Եվային.) Ռեժիսո՞րն է քեզ հղիացրել:
ԵՎԱ — Նաև՝ դու:
ԱԴԱՄ — Քեզ սիրում եմ:
ԵՎԱ — Երբ խնձորը կծեցի, ներսումս շարժվեց նախկին Կիկոսը:
ԱԴԱՄ — Ո՞նց… (Շոշափում է Եվայի փորը:) Հա, էլի, Կիկոս… Մի մտահոգվիր, կտանք ուղղիչ ճամբար, թող խելք սովորեցնեն ու կարգին դաստիարակեն, խնձորի ծառ չբարձրանա:
ԵՎԱ — Խնձորենին կտրենք:
ԱԴԱՄ — Ուրիշ ծառի վրա կելնի:
ԵՎԱ — Ծառ չի մնացել, բոլորը կուլ գնացին բազմահարկ շենքերին:
ՕՁ — Խնձորենուն ձեռք չտաք, Աստված է տնկել իմ ծննդյան օրը:
ԱԴԱՄ — Քանի՞ տարեկան ես:
ՕՁ — Կնոջ տարիքը չեն հարցնում, սիրում են նրան:
ԱԴԱՄ — Դու հետաքրքիր ես, երեք կրծքով, անունդ՝ Օձ, այնքան կանացի, որ քիչ է մնում քեզ սիրեմ:
ԵՎԱ — (հուզված): Աստված իմ…
ԱԴԱՄ — Խոսում եմ, էլի, հո քեզ չեմ դավաճանում:
ԵՎԱ — Սպանում ես:
ԱԴԱՄ — Դու հղի ես, մի հուզվիր, Կիկոսին վնաս է, հանկարծ կվիժես, այդ աստիճանի կենցաղային պատկերը բեմում հակացուցված է, ռեժիսորն էլ թույլ չի տա:
ԵՎԱ — Դու ռեժիսոր չես:
ԱԴԱՄ — Եթե կապուչինո եմ խմում թեյով, ուրեմն ռեժիսոր եմ:
ԵՎԱ — Քեզնից հիասթափվեցի:
ԱԴԱՄ — Իսկ ումո՞վ ես ոգևորվելու:
ԵՎԱ — Նա մի օր կգա:
ԱԴԱՄ — Ես եմ միակ տղամարդը:
ԵՎԱ — Այդքան մեծամիտ ու ինքնավստահ մի եղիր:
ԱԴԱՄ — Քեզ երկու անգամ հղիացրի:
ԵՎԱ — Պա՜հ… երկուսն էլ՝ Կիկոս:
ԱԴԱՄ — Երկու Կիկոսը մեկ Ադամ է:
ԵՎԱ — Որտե՞ղ է նկարված:
ԱԴԱՄ — Քեոփսի բուրգին:
ԵՎԱ — Խնձորը կծելուց հետո դու շատ ես փոխվել, կարծես սատանա է մտել մեջդ:
ԱԴԱՄ — Դու էլ նույնը չես, մտածում ես ուրիշ տղամարդու մասին:
ՕՁ — Կյանքը նման է գետի, ջրերը գալիս են, մի պահ հրապուրում քեզ և անցնում առանց ետ նայելու:
ԵՎԱ — Դու՝ սուս, ինձ էլ խնձորով փորձեցիր մոլորեցնել, բայց ես մնում եմ Եվա:
ՕՁ — Առայժմ:
ԵՎԱ — Ձայնդ կտրիր, օձի ծնունդ:
ՕՁ — Եթե չխոսեմ, բանը կմեռնի: Ի սկզբանե է բանը և բանն է առ Աստված:
ԵՎԱ — Օձից էլ օձ ես:
ԱԴԱՄ — Նա աննման կին է: Կծեմ խնձորներդ: Սրինգ նվագիր, խնդրում եմ:
ՕՁ — Մոցարտ ուզո՞ւմ ես:
ԱԴԱՄ — Սիրային պար:
ՕՁ — (գայթակղիչ շարժումներով պարում է ու խոսում): Ադամ, առաջին տղամարդ ու միակը: Հոգիս՝ քեզ, մարմինս՝ քեզ: Սիրտս՝ քեզ: Ես քեզ կտանեմ աշխարհի ամենածաղկուն ու բուրավետ այգիները, որտեղ դեռ ոչ մի մարդ չի եղել: Ես կխմեմ քեզ, դու՝ ինձ, և կհարբենք իրարով: Կխոսենք երկնագույն լճի ոսկեփայլ ձկների հետ: Սպիտակ աղավնիների թևերով կթռչենք աստվածաշունչ Նոյան լեռան գագաթը, դու կմերկացնես ինձ, ես՝ քեզ, և կլողանք հավերժական ձյուների մեջ:
ԱԴԱՄ — Գժվեցի: Գնացինք:
ԵՎԱ — Գնա ու երբեք մի վերադարձիր: Ես իմ գլխի ճարը կտեսնեմ:
ԱԴԱՄ — Լավ, էլի, Եվա… շուտ ետ կգամ:
ԵՎԱ — Կանգնեք խնձորի ծառի մոտ, ձեզ լուսանկարեմ:
Ադամն ու Օձը կանգնում են ծառի տակ:
ԵՎԱ — Ավելի մոտեցեք իրար: Ձեռքդ գցիր Օձի մեջքին: Նայեք ինձ: Ժպտացեք: (Լուսանկարելու շարժում է անում:) Օ՚քեյ:
ԱԴԱՄ — Մտքիդ ի՞նչ կա…
ԵՎԱ — (պարզում է ձեռքի ափը Ադամին): Տես… Այս լուսանկարով դատարանում կապացուցեմ քո դավաճանությունը:
ՕՁ — Դու ավելի օձ ես, քան ես:
Վերևից պարանով իջնում է Աստծո քարտուղարը: Սափրագլուխ: Պարանոցից ոսկե շղթայով կախված է բջջային հեռախոս: Գոտկատեղում՝ նագան տեսակի ատրճանակ:
ԱԴԱՄ — Դու ո՞վ ես, ընկեր…
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Աստծո քարտուղարը, համատեղությամբ՝ Աստծո թիկնապահ:
ԱԴԱՄ — (շփոթված): Ես Ադամն եմ:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Երևում է:
ԵՎԱ — (սիրալիր ժպտալով): Ինչո՞ւ ուշացար:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Գործեր, շատ ու տարբեր գործեր, Աստծո տիրույթներն անսահման են, գլուխ քորելու ժամանակ չկա, հազարավոր տարիներ ոչ մի անգամ արձակուրդ չեմ գնացել, սա էլ հերթական գործուղում է: Աստծո ընդդիմադիրները շատանում են, կողմնակիցները՝ քչանում, այսպես որ շարունակվի՝ մարդկությունը կդառնա անաստված, սատանային` կին, քավոր ու ամուսին: Եկեղեցիներում մոմ են վառում և Աստծուց պահանջելու պես խնդրում փող, էլի փող, կահույք, հարստություն, պաշտոն, «Մերսեդես բենց», ամառանոցներ, ո՞ր մեկն ասեմ, մութ ժամանակներում ենք ապրում: Դու Օձն ես:
ՕՁ — Նույնիսկ Անգլիայի թագուհի չեմ ուզում լինել:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Դու իմ մատյանում գրանցված ես իբրև գայթակղիչ ու խորհրդավոր Աֆրոդիտե:
ՕՁ — Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե, ինձ սիրե. Սայաթ Նովա:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Աստված Սայաթին սրբացրել է: Մեր մեջ ասած, դա իմ սրտով չէ, բայց իրավունք չունեմ ձայն ու ծպտուն հանելու, Սայաթը կնամոլ է:
ԱԴԱՄ — Ով չի սիրում՝ նա մարդ չէ: Նույնիսկ կենդանիներն են սիրում իրար՝ ձին, շունը, կատուն:
ՕՁ — Աստված ինձ բարև չի՞ ուղարկել:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Բոլորիդ էլ ջերմորեն բարևում է: Բոլորդ էլ նրա ստեղծագործությունն եք:
ՕՁ — (ծոցից հանում է կծոտված խնձորն ու մեկնում քարտուղարին): Կեր:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Սա ի՞նչ է:
ՕՁ — Կուրծքս:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (խնձորը կծում է և ծամում): Քաղցրությունից միտքս պղտորվեց:
ՕՁ — Գրկիր ինձ:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Աստված, բացառության կարգով, ինձ թույլ տվեց ամուսնանալ: Ես կին ունեմ, գեղեցկուհի, վախենում եմ նրան դավաճանել:
ՕՁ — Վախը սիրո սատանան է:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (խնձորն ուտելով` ատրճանակը պարզած, զգուշորեն գնում է այս ու այն կողմ): Սպանեմ… Սպանեմ…
ՕՁ — Սատանան քո մեջ է:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Կուրծքդ մինչև վերջ կերա:
ՕՁ — Անո՜ւշ:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Կորիզներից մեկը կանգնել է կոկորդիս:
ՕՁ — Ժպտա ինձ և կուլ տուր:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (ժպտում է): Գնաց:
Բջջային հեռախոսի երաժշտական զանգահարություն:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Աստված է: (Հեռախոսը մոտեցնում է մեկ այս, մեկ այն ականջին:) Ներողություն, ամենազոր Տեր, զբաղված էի, ոչ մի վայրկյան ազատ ժամանակ չկար քեզ զանգելու, հիմա համեմատական դադարի մեջ եմ: Հարբուխդ անցա՞վ… Ասպիրին խմիր, որ քրտնես… Ես խմեմ, դու քրտնիր, տաքությունդ կիջնի, Տեր Աստված ամենակալ… Որտե՞ղ եմ… Դրախտում: Շատ երկար ու վտանգավոր ճամփորդություն էր, ինքնաթիռներ կործանվեցին, գնացքներ շուռ ու մուռ եկան, հազարավոր ավտոմեքենաներ բախվեցին իրար, երկրաշարժ, ջրհեղեղ, հրաբուխ, արևը երկու շաբաթ խավարեց, քո օրհնանքը չլիներ՝ հազիվ թե ողջ-առողջ հասնեի դրախտ: Մի քանի օր հանգրվանեցի դժոխքում, որ փոքր-ինչ դինջանամ և թարմ տպավորությամբ գրառումներ անեմ: Ծովը իր ներսի մեռելները հանեց, և մահն ու դժոխքը իրենց ներսի մեռելները հանեցին… Այո, շեֆ, հայտնություն Հովհաննու: Ես արդեն խմել եմ ասպիրինը, ուր որ է տաքությունդ բնական աստիճանի կգա և ճնշումդ կկարգավորվի: Քեզ համար աղոթեցի և մոմ վառեցի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Դանտեն դժոխքը շատ վերացական գույներով է պատկերել: Ինչ զգացի, տեսա ու ապրեցի այդ օրերին՝ աներևակայելի է: Հիմա որ հիշում եմ՝ տաքությունս ու ճնշումս բարձրանում են մահվան աստիճանին: Դու առողջ լինես, Հայր մեր: Դեռ փռշտո՞ւմ ես: Դու մի փռշտա, ես հազամ ու փռշտամ, մեռնեմ քեզ: Կինս ո՞նց է… Ես էլ վատ չեմ: Հղի՞ է… Եթե աղջիկ ծնվի, անունը կդնեմ Կիկոս: Մեռելներն արթնանում են և ուտում ողջերի սիրտը, լյարդն ու երիկամունքը: Բոլորը խաբում են բոլորին և խաբված մնում: Հզորները թույլերին ողջ-ողջ խորովում են կրակի վրա և գցում գայլերի ու կոկորդիլոսների երախը: Դժոխքում ասեղ գցելու տեղ չկա: Ես կազմեցի նրա բնակիչների որպիսության ցանկ, որն, իհարկե, հեռու է ամբողջական լինելուց, տեսականին շատ ավելի բազմազան է, հաջորդ գործուղումիս կփորձեմ լրացնել: Ահա, պաշտելի Աստված. գողեր, մարդասպաններ, ավազակներ, կաշառակերներ՝ դժոխքում ամենաստվար հասարակությունը, ականջդ կանչի, Դանտե Ալիգիերի, մարմնավաճառներ, կեղծ հավատացյալներ, քծնողներ, բռնաբարողներ, հազիվ հետույքս փախցրի ամբոխի ոտնձգությունից… Դժոխքում ալեկոծվում է ՁԻԱՎ-ը, նրանք ասում են սպիդ, այստեղ սեր չկա, չեն բարևում, չեն ժպտում, ատում են իրար, բորոտներն անհաշիվ, ամեն մարդ մտածում է միայն իր մասին և սպիդանում, մարդկանց մեծ մասը խոսում է գազանների լեզվով, հոգի չկա, մարմինն էլ լցված է ածխածնային գազով, իմ այնտեղ եղած օրերին անդադար կրակ, կարկուտ էր թափվում երկնքից, հողը եռում էր, բայց նույնիսկ այդ ժամանակ, Տեր, դժոխայինները փողը պաշտում էին ավելի, քան քեզ, ներիր ճշմարտախոսությունս, Տեր, ես քեզ հետ միշտ անկեղծ եմ եղել թե՛ իբրև քրիստոնյա և թե՛ պաշտոնիս բերումով, նրանք մոռացել են խիղճ ու սեր, չգիտեն` ինչ են անում, ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, և Երկիրն անկանոն թափառում է տիեզերքում՝ դատապարտված անխուսափելի կործանման: Շատ մտահոգված եմ, Հայր մեր, որ երկնքում ես, եթե մի օր Երկիրը չլինի, Դու և ես ի՞նչ ենք անելու, կդառնանք գործազուրկ, բոմժ, հույսս դրախտն է, նա միշտ եղել է, կա ու կլինի, այդպե՞ս է, Տեր թագավոր… Ո՞չ… Այո՞… Չգիտե՞ս… Օ՜, Տեր, մի՞թե դրախտն էլ կմեռնի, ափսոս է, շեֆ ջան, այնտեղ ամեն բան այնքան գեղեցիկ է, ճշմարիտ ու բարոյական, նվագում են, պար գալիս ու երգում, Սայաթ Նովան ապրում է այնտեղ, մարդիկ՝ Ադամը, Եվան, Օձն ու ռեժիսորը բռնաբարության մասին հեռավոր պատկերացում իսկ չունեն, նրանցը սերն է ու անկեղծ ժպիտը: Դրախտի կենտրոնում խնձորի փարթամորեն ճյուղավորված ծառ՝ խոշոր, ոսկեգույն խնձորներով: Դու մարդկանց արգելել ես խնձոր ուտել, որպեսզի նրանք ժամանակի ու տարածության մեջ չմոլորվեն, բայց, ախր, այնքան քաղցր է, գեղեցկուհի կնոջ կուրծքը քեզ օրինակ, ես էլ համտեսեցի, տեսա՞ր, մինչ այժմ գլուխս երջանկությունից պտտվում է, ոնց որ հարբած լինեմ, խնդրում եմ ներես: Այո, Եվան ու Ադամն էլ կերան, դա էլ տեսա՞ր… Քո աչքից ոչինչ չի վրիպում, Տեր, մարդկանց մտքերն ու ցանկություններն էլ ես կարդում, ներողամիտ Աստված: Լսո՞ւմ ես թռչունների ծլվլոցը… Առնո՞ւմ ես պես-պես ծաղիկների բույրը… Զգո՞ւմ ես զեփյուռի շոյանքը… Մեր դրախտն ավելի կատարյալ է, քան աշխարհի յոթ հրաշալիքները միասին վերցրած: Առայժմ, իմ Տեր, զբաղվեմ անհետաձգելի գործերով, հետո դարձյալ կխոսենք: Առողջ եղիր: (Ներկաներին.) Լսեցի՞ք: Աստված ամեն բանից տեղյակ է:
ԱԴԱՄ — Ի՞նչ ենք արել, որ…
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Կերել ես արգելված պտուղը:
ԱԴԱՄ — Դու էլ կերար:
ԵՎԱ — Բոլորս էլ կերել ենք:
ՕՁ — Կերել ենք և չենք կերել:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Աստծուն չի կարելի խաբել:
ԱԴԱՄ — Մի քիչ խաբել կարելի է:
ԵՎԱ — Ես ծիրան կերա:
ԱԴԱՄ — Քա՞ղցր էր:
ԵՎԱ — Խնձորի պես թթվաշ:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Դե ասա` խնձոր ես կերել:
ԵՎԱ — Ոչ:
ՕՁ — Աստված մեզ ստեղծեց իր պատկերով: Նա և մենք մարդ ենք: Կարող ենք իրար հաջողությամբ խաբել ու խաբվել:
ԱԴԱՄ — Իհարկե:
ԵՎԱ — Ես քեզանից վրեժ կլուծեմ:
ՕՁ — Աստծուն կասեմ` կուրծքս եք կերել:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Շատ համով է, միայն հղի կինս չիմանա: Հանկարծ որ իմացավ, կասեմ` խնձոր եմ կերել:
Բոլորը ծիծաղում են:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ձայն լսեցի:
ԱԴԱՄ — Ո՞վ է:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ավետարանիչ Ղուկասը Աստծո բերանով ասաց…
ԵՎԱ — Ի՞նչ…
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Վա՜յ ձեզ, որ հիմա ծիծաղում եք, որովհետև քիչ հետո պիտի սգաք ու լաց լինեք:
Բոլորը լաց են լինում:
ՕՁ — Ժամանակից շուտ լաց մի եղեք: Վայելենք Աստծո` մեզ շնորհած այս կյանքը:
Բոլորը ծիծաղում են:
ՕՁ — Աստծո քարտուղար և համատեղությամբ թիկնապահ, Եվան նայում է քեզ: Դու ինչո՞ւ ես չտեսի պես նայում իմ Ադամին, մա՛րդ, Եվային նայիր, տե՛ս, որքան գեղեցիկ է ու կանացի: Հիշիր Մաթևոսին, նա ասում էր՝ մարմնի ճրագը աչքն է, ուրեմն եթե քո աչքը պարզ է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի: (Սկսում է կախարդիչ պար գալ:)
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ինձ այդպես մի նայիր, Եվա, սիրտս տակնուվրա ես անում:
ԵՎԱ — Ես ուզում եմ` դու ինձ այնքան սիրես, որքան ես եմ սիրում քեզ:
ԱԴԱՄ — Աստված իմ…
ԵՎԱ — Ժպտա, քարտուղար…
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (ժպտում է): Աստված թող տեսնի: Կինս թող տեսնի: Կիկոսը թող տեսնի:
ԵՎԱ — (հիացած): Ամենատղամարդ…
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ծոցիդ խնձորները կծեմ…
ԱԴԱՄ — Չփորձես կծել, ապուշ:
ԵՎԱ — Օ՜հ… Մի ցավեցրու…
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ուտեմ քեզ:
ԵՎԱ — Ես քեզ համար Կիկոս կծնեմ, կբարձրանա խնձորի ծառը, կընկնի քարին ու չի մեռնի:
ԱԴԱՄ — Շատ լավ էլ կմեռնի:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Աշխարհի բուրյան ծաղիկները քեզ եմ նվիրում, աստղազարդ երկինքը՝ քեզ, կապույտ ծովերը… հեքիաթ Եվա:
ԵՎԱ — Նվագիր ինձ:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ամբողջ աստվածային կյանքս ապրելով Հոռոմսիմի հետ, ես մշտապես քեզ եմ երազել: Երբ անկողնում գրկում էի նրան, քեզ էի գրկում, սիրտս քո անունն էր տալիս:
ԵՎԱ — Մարմինս հալվում է քո սիրուց:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ես էլ եմ հալվում:
ՕՁ — (շարունակելով պարել): Հալվեք իրար մեջ:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ինձ համար Կիկոս աշխարհ բեր:
ԱԴԱՄ — Արդեն ծնել է: Կիկոսն արդեն մեռած է, մեռած, ո՞ւր է, չկա:
ԵՎԱ — (ձեռքը` փորին): Նա այստեղ է:
ԱԴԱՄ — Ո՞վ է հայրը:
ԵՎԱ — Դու Օձից Կիկոս ուզիր:
ՕՁ — (դադարում է պար գալ): Ես չբեր եմ:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ես եմ հայրը, ես, ուրիշ ոչ ոք:
ԱԴԱՄ — Եվա՞…
ԵՎԱ — Այո:
ԱԴԱՄ — Ե՞րբ հղիացար:
ԵՎԱ — Օձի պարելու ժամանակ:
ԱԴԱՄ — Անբարոյական:
ԵՎԱ — Քեզնից սովորեցի: (Օձին.) Մեզ լուսանկարիր: (Աստծո քարտուղարին տանում է խնձորի ծառի տակ:)
ՕՁ — (պատրաստվում է լուսանկարել): Ժպտացեք: Համբուրվեք: Գրկախառնվեք: Կիկոս, ժպտա:
ԵՎԱ — Ժպտում է:
ՕՁ — Ուշադրություն, նկարում եմ… (Լուսանկարելու շարժում է անում: Ափը պարզում է նրանց:)
ԵՎԱ — Հիանալի է:
ԱԴԱՄ — Ի՞նչ սատանայություն է մտքովդ անցել:
ԵՎԱ — Մի վախեցիր, նկարը դատարան չեմ տանի: Աստծուն էլ ցույց չեմ տա:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Հոռոմսիմն էլ թող չտեսնի:
ԵՎԱ — Ես դատարանի ազնվությանը չեմ հավատում, դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, գողերին գողակից, կհանձնեմ պատմության թանգարանին, թող ապագա մարդկությունն իմանա, թե իրենցից հազարավոր տարիներ առաջ աշխարհում ինչեր են եղել:
ԱԴԱՄ — Էդ հո ավելի վատ է:
ՕՁ — Վատից լավը չկա:
Բջջային հեռախոսի սպառնալից զանգահարություն:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (ձեռքն արագ տանում է ատրճանակին, հետո միայն վերցնում հեռախոսը): Վա՜յ, Աստված ջան, կարծեցի կինս է միացել ինձ, կամ սատանան:
ԱԴԱՄ — Ի՞նչ տարբերություն` կի՞ն, թե՞ սատանա:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Աստված զմայլելի… հարբուխդ անցա՞վ… Յա՜… Սատանայի գործն է, հրաման տուր դրան սպանեմ: (Մեկուսի` ներկաներին:) Ասում է՝ սատանան էլ մարդ է: (Հեռախոսով:) Բայց ինչո՞ւ… Այո, մի քիչ շնացել ենք, մենք էլ ենք մարդ, դու ես մեզ ու շներին ստեղծել, հո կաշառք չենք կերել, խնձորը կերանք, շուն չստեղծեիր՝ չէինք շնանա: (Մեկուսի:) Կատաղեց: (Հեռախոսով:) Ի՞նչ ես որոշել, Տեր Աստված… (Մեկուսի:) Ասում է՝ բոլորիդ աքսորում եմ դժոխք, Կիկոսին էլ: (Հեռախոսով:) Չծնված երեխան ի՞նչ մեղք ունի: (Մեկուսի:) Ասաց՝ շնությունից ծնվածն էլ շուն կլինի, ճիշտ է ասում, հո հրեշտակ չի ծնվելու: (Հեռախոսով:) Խղճա և ներիր ինձ, Տեր, մի տար մեզ փորձության, ես այսքան հազար տարի քեզ ծառայել եմ ազնվորեն ու անմնացորդ, դու ինձ լավ գիտես: (Մեկուսի:) Չի ներում: (Հեռախոսով:) Դժոխքում, ախր, տեղ չկա, բոլորը բոլորի մեջ… (Մեկուսի:) Ասում է՝ դա ձեր խնդիրն է: (Հեռախոսով:) Ախր, դրախտում մարդ չի մնա, աշխարհը կլինի դժոխք: (Մեկուսի:) Ձայն չի հանում, մտածում է: (Հեռախոսով:) Հը՞, Տեր… (Մեկուսի:) Ասաց՝ որոշումս անբեկանելի է ու հավերժական: (Հեռախոսով:) Ես դրախտը քիչ առաջ սեփականաշնորհեցի, Տեր Աստված, անմարդաբնակ դրախտին ինչպե՞ս թագավորեմ… Վա՜յ… (Ներկաներին, որոնք ակնապիշ ու վախեցած հետևում էին այս տեսարանին:) Վա՜յ… Գիտե՞ք, ինչ վճիռ կայացրեց Աստված… Ես պետք է մեռնեմ նաև պաշտոնեական դիրքս չարաշահելու համար: (Հեռախոսով:) Ոնց կասես, քո կամքը թող լինի, Տեր: (Գրեթե բղավում է:) Մնաս բարով, Եվա: Ցտեսություն, Հոռոմսիմ: Մնաս բարով, Կիկոս, խնձորի ծառը չբարձրանաս, դա շատ վտանգավոր է, խնձորը քեզ կուտի:
ՕՁ — Ո՞վ եմ ես… Ո՞վ է ձեզանից յուրաքանչյուրը… Մենք գոյություն ունե՞նք, թե՞ այս ամենը անհիշելի ժամանակներից եկող թատրոն է, որ չի վերջանում, չի վերջանալու երբեք: Ես այս հարցերի պատասխանը չունեմ, թեև օձ եմ: Աստված էլ չգիտի` ինչ է սպասվում իրեն և մեզ: Մի քանի վայրկյանից ես կփակեմ ներկայացման վարագույրը՝ շուտով դարձյալ բացելու համար: Մենք կտեսնենք նույն դրաման, բայց բոլորին կթվա՝ տեսնում ենք առաջին անգամ…
Օձը խորհրդավոր ժպտում է: Աստծո քարտուղարն ու թիկնապահը ատրճանակը մոտեցնում է քունքին և երկար ժամանակ չի համարձակվում կրակել:
ՕՁ — Դե, մեռիր և մնա բեմի վրա:
Խլացուցիչ կրակոց: Քարտուղարը վայր է ընկնում: Ծառից բոլոր խնձորները թափվում են հատակին: Հանդիսատեսները խուժում են բեմ և, իրար հրմշտելով, խլխլում խնձորները: Ասես դժոխքից լսվում է Իմա Սումակի ողբերգական ձայնը: Վարագույրը դանդաղ փակվում է:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։