Արամ ԱՐՍԵՆՅԱՆ / ԱՂԵ ԼԵՌ

(Երեք գործողությամբ պիես 6+6+6
տեսարանով և 13 գործող անձով)

Գործող անձինք
ԻՆՔԸ — նորանկախ Հայաստանի կառավարության անդամ
ՓՈԼ ՓՈԼԱԴՅԱՆ — ամերիկահայ մագնատ
ՀԱՅԿ ՆԱՐԳԻԶՅԱՆ — Հայաստանի կառավարության
ղեկավարներից
ՀԱՂԹԱՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ — Հայաստանի
կառավարության անդամ
ԲԱՐԴՈՒՂ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Հայկ Նարգիզյանի օգնականը
ՀՈՒՍԻԿ ՊԵՏՈՅԱՆ — Հաղթանակ Վարդանյանի օգնականը
ՍԼԱՎԱ ՄԱՆՐԻԿՅԱՆ — բազմաթիվ առևտրական
միավորումների սեփականատեր,
Ազգային ժողովի պատգամավոր
ԱԼԵՔՍԱՆ ԴՈՇԿԱԼՅԱՆ — հայաստանցի գործարար,
Ազգային ժողովի պատգամավոր
ՎՈՆԻ ՎԱՆԵՑՅԱՆ — ազգային հասարակական գործիչ,
Փոլ Փոլադյանի բարեգործական գրասենյակի ղեկավար
ԱԲՐԱՀԱՄ ՀԱՐԻՍՈՆ — ամերիկացի գործարար
ՊՈՐՏԱՊԱՐՈՒՀԻ
ԱՌԱՋԻՆ ՄԱՏՈՒՑՈՂ
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Տեսարան առաջին
1990-ականների կեսեր, Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, Վոնի Վանեցյանի առանձնասենյակը: Վանեցյանը Փոլադյանի դիմանկարն է փակցնում իր գլխավերևում, ԱՄՆ դրոշի հարևանությամբ: Մտնում է Հարիսոնը:
ՀԱՐԻՍՈՆ — Մոլիբդենը քառակի թանկացել է: Հենց նոր գործակալս հայտնեց բորսայից:
ՎԱՆԵՑՅԱՆ — Քեզ թվում է, թե ինչ-որ բան հասկացա՞:
ՀԱՐԻՍՈՆ — Ոսկու առևտրից հազար անգամ ավելի ձեռնտու է:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ուրեմն, մարդկային արժեքները փոխվում են:
ՀԱՐԻՍՈՆ — Արժեքները մնայուն չեն, միայն շահն է մնայուն:
ՎԱՆԵՑՅԱՆ — Քաղաքական գործիչների պես ես խոսում:
ՀԱՐԻՍՈՆ — Գործիչն ու գործարարը նույն արմատից չե՞ն:
ՎԱՆԵՑՅԱՆ — Դուրս է գալիս, որ քաղաքականությունն էլ առևտուր է:
ՀԱՐԻՍՈՆ — Կոպիտ ասացիր:
ՎԱՆԵՑՅԱՆ — Լավ, մեր գործին անցնենք: Իմ խնդիրը ո՞րն է:
ՀԱՐԻՍՈՆ — Ամենաէժան մոլիբդենը Հայաստանում է:
ՎԱՆԵՑՅԱՆ — Բա ինչո՞ւ մինչև հիմա չեմ իմացել: Հետո՞:
ՀԱՐԻՍՈՆ — Հայաստանում մեկը կա, փորձում է քիչ ու միչ արտահանել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ո՞վ է, ինչացո՞ւ է:
ՀԱՐԻՍՈՆ — Գործարար տղա է, պատգամավոր: Բայց առայժմ չի հաջողում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Հայերը լավ ասացվածք ունեն` ձուկը գլխից են բռնում:
ՀԱՐԻՍՈՆ — Դրա համար էլ քեզ մոտ եմ եկել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ինչպե՞ս ենք բերելու:
ՀԱՐԻՍՈՆ — Ծովով:
ՎԱՆԵՑՅԱՆ — (երազկոտ): Ծովից-ծո՜վ Հայաստան:
ՀԱՐԻՍՈՆ — Բայց Հայաստանը ծովից շա՜տ է հեռու:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ժամանակին ծովից-ծով էր:
ՀԱՐԻՍՈՆ — Հիմա հայերն օտար ծովերով են իրար հետ շփվում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ի՞նչ քանակությամբ ենք բերելու:
ՀԱՐԻՍՈՆ — Առնվազն իննսուն վագոն:
ՎԱՆԵՑՅԱՆ — Իմ եկամո՞ւտը:
ՀԱՐԻՍՈՆ — Հիսուն տոկոս:
ՎԱՆԵՑՅԱՆ — Չեղավ:
ՀԱՐԻՍՈՆ — Դու բերում ես, ես իրացնում եմ: Հավասար գործ ենք անում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Իրացնելն ավելի դյուրին է, քան բեռը տեղ հասցնելը: Չէ՛, ավելի լավ է` ուրիշին գտնես:
ՀԱՐԻՍՈՆ — Վաթսո՛ւն:
Մտնում է Փոլադյանը: Պատի վրա սեփական դիմանկարը տեսնելով` թթվեցնում է դեմքը: Վանեցյանն ու Հարիսոնը ոտքի են կանգնում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Բարև ձեզ, սիրելի՛ պարոն Փոլադյա՛ն: Թույլ տվեք ձեզ ներկայացնել ընկերոջս` Աբրահամ Հարիսոնին:
ՓՈԼԱԴՅԱՆ — Բարև ձեզ: Ուրախ եմ, ինչպե՞ս եք:
ՀԱՐԻՍՈՆ — Նմանապես: Ձեզ ողջություն եմ ցանկանում:
Վանեցյանը Հարիսոնին հայացքով հասկացնում է՝ շուտափույթ հեռացիր:
ՀԱՐԻՍՈՆ — Անչափ զգացված եմ մեր ծանոթության առիթով, պարոն Փոլադյա՛ն: Սակայն հարկադրված եմ լքել ձեզ, քանզի անհետաձգելի գործեր ունեմ: Կներե՛ք: Մինչ նոր հանդիպում:
ՓՈԼԱԴՅԱՆ — Հաջողություն:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ցտեսությո՛ւն:
Հարիսոնը գնում է: Փոլադյանն ու Վանեցյանը նստում են դեմ-դիմաց` բազկաթոռներին:
ՎԱՆԵՑՅԱՆ — Պատրաստվում էի այսօր ձեզնից ընդունելություն խնդրել: Ուզում էի մի նոր մտահղացման մասին տեղեկացնել: (Փոլադյանը ուշադիր նրան է նայում, սակայն չի արձագանքում: Վանեցյանը չի շփոթվում:) Ցանկանում եմ մեր հայրենակիցներին օգնելու նպատակով մի անչափ կարևոր ծրագիր առաջարկել:
ՓՈԼԱԴՅԱՆ — (տեղից վեր կենալով): Այդ մասին դեռ կխոսենք: Կես ժամվա ընթացքում վերջին ծրագրի իրականացման մանրամասն հաշվետվությունը կներկայացնե՛ս:
Փոլադյանը գնում է: Վանեցյանը զգաստ կանգնած, մտախոհ հայացքով նրան է հետևում:
ՎԱՆԵՑՅԱՆ — (մտքում): Շան որդին գլխի՞ է ընկել:

Տեսարան երկրորդ
Հայաստանյան ճոխ ռեստորան: Սրահում միայն մեկ սեղան է զբաղված, որի շուրջը նստած են Մանրիկյանն ու Դոշկալյանը: Հնչում է արաբական երաժշտություն: Բեմի խորքում պարում է պորտապարուհին: Առաջին մատուցողն անվերջ գնում-գալիս է և ամենայն ուշադրությամբ սպասարկում է միակ հաճախորդներին:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Նստի՛, մատա՛ղ, նստի տենամ հինչ կա-չկա: Թե չէ նիստերին երբ ենք գնում, որ իրար տենանք: (Մատուցողին.) Արա՛, մի հատ ամանով ջուր բե` ձեռներս լվանք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Սլա՛վ ջան, ցավդ տանեմ, ախպե՛րս, Ամերիկայում մի լավ ընկեր կա, լավ էլ գործ ա կպցրե: Մոլիբդեն պտի տարվի: Ասում ա, ոսկու գործից լավ ա:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Պետք ա` կտարվի: Ի՞նչ պրոբլեմ կա:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Քանակություն ա: Իննսուն վագոն:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Թեկուզ` հազար:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Բայց ուզում ա էնտեղից օգնություն ձևակերպի, որ վագոնները ձրի ուղարկի: Հետո էլ էստեղից օգնենք, որ էժանով հետ տանի:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ո՞նց օգնենք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Էդ բանը մենակ դու կարաս անես:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Իմ փայն ինչքա՞ն ա:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Օբշիի մեջ իրանը հիսուն տոկոս ա: Դրա քսանհինգը մեզ ա տալի: Դրա վաթսունը քոնն ա:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Քի՛չ ասիր:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Յոթանասո՛ւն:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Լա՛վ մտածի:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Ութանասո՛ւն:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Տեղը չբերի՛ր:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Իննսո՛ւն:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Էղա՛վ: Հմի դու ասա` ի՞նչ ա ուղարկելու:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Վառելափայտ:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Է, դրա վրա էլ կարելի ա փող աշխատել:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Էդ արդեն լրիվ քոնն ա, թե կուզես, մի բան էլ ինձ կտաս:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Էղա՛վ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — (մատուցողին): Արա՛, ի՞նչ էղավ, կոկորդներս չորացավ: (Մանրիկյանին.) Բայց էդտեղ էլ պրոբլեմ կա:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Արա՛, դու մինչև հմի չհասկացա՞ր, որ մեր հմար պրոբլեմ չկա:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Էդ փետը հիմնարկներին պտի բաժանվի, դրանք էլ լրիվ նավթ ու սալյարկա են վառում:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Կակռազ ա, փեդի վառարանի գործ էլ կանենք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Ըդտեղ կարամ օգտակար ըլնեմ:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Էղա՛վ: Ուրի՞շ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Մնաց, էսօր ոնց որ պետք ա, մի լավ տժժանք: Հեսա զանգեմ, էրկու կարգին նանար ուղարկեն:
Երաժշտությունը թնդում է, բեմը մթնում է, լուսավորված պորտապարուհին նույնպես հետզհետե ձուլվում է խավարին:
Տեսարան երրորդ
Փոլադյանի առանձնասենյակը: Հսկայական գրասեղանի ետևում նստած է Փոլադյանը: Վանեցյանը կանգնել է նրա դիմաց:
ՓՈԼԱԴՅԱՆ — Նստի՛ր:
ՎԱՆԵՑՅԱՆ — (զգուշությամբ նստում է): Շնորհակա՛լ եմ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Հաշվետվությունդ նայեցի, կարծես ամեն բան կարգին է: Բայց Հայաստանից տեղեկացնում են, որ աշխատանքները որակով չեն արվում, և իրական ծավալները տրամադրված գումարին չեն համապատասխանում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Օ՜, ո՛չ, պարոն Փոլադյան, միայն մի հատվածը դեռ չի ավարտված:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ըստ հաշվետվության՝ բոլոր գումարները ծախսված են, ուրեմն ինչպե՞ս եք ավարտելու:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ճիշտ է, բոլոր գումարները փոխանցված են, պարզապես ասֆալտն է ուշանում: Խոստացել են քսան օրից հասցնել, և ծրագրի իրականացումն ամբողջությամբ կավարտվի: Եթե անհրաժեշտություն լինի, պատրաստ եմ անձամբ մեկնել և տեղում հավաստիանալ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Գուցե այդպես վարվենք: Կարող ես գնալ:
ՎԱՆԵՑՅԱՆ — Եթե հիշում եք, ուզում էի մի նոր ծրագրի մասին տեղեկացնել:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ասա՛, լսում եմ:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ինչպես գիտեք, այս տարի Հայաստանում չափազանց սառնաշունչ ձմեռ է սպասվում: Նույնիսկ կարծիք կա, որ կրկնվելու է յոթանասուներեք տարի առաջվա ծայրահեղ սառնամանիքը:
ՓՈԼԱԴՅԱՆ — Եթե չեմ սխալվում, կառավարությունը հայտարարել է, որ ջեռուցման խնդիրը լուծված է:
ՎԱՆԵՑՅԱՆ — Այո, իհարկե՛, զգալի աշխատանք են կատարել: Բայց խոսքը մանկական հիմնարկների` դպրոցների, մանկապարտեզների և մշակութային հաստատությունների մասին է:
ՓՈԼԱԴՅԱՆ — Պետության հովանու ներքո են, չէ՞:
ՎԱՆԵՑՅԱՆ — Անշո՛ւշտ: Սակայն վերջերս տեղեկացել եմ, որ այդ հաստատություններին անվճար վառելանյութ մատակարարող միջազգային կազմակերպությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնած և հրաժարվել է այս ձմեռ վառելիքով ապահովել:
ՓՈԼԱԴՅԱՆ — Եվ ի՞նչ ես առաջարկում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Հաշվարկներ ենք կատարել, ավելի էժան ու նպատակահարմար է վառելափայտով ջեռուցել: Նաև երեխաների համար ավելի առողջարար է, օդն էլ չի աղտոտվի: Եթե նման ծրագիր իրականացնենք, մեծ օգնություն կլինի հանուն երեխաների բարեկեցության:
ՓՈԼԱԴՅԱՆ — Կարծում ես, հրատա՞պ խնդիր է:
ՎԱՆԵՑՅԱՆ — Այսօրվա դրությամբ ավելի հրատապ խնդիր գոյություն չունի: Մեր հայրենիքի ապագան հենց այդ երեխաներն են, հայրենիքին առողջ և կրթված սերունդ է հարկավոր: Եվ մեր բոլոր ջանքերը…
ՓՈԼԱԴՅԱՆ — Եվ որքա՞ն վառելափայտ է հարկավոր:
ՎԱՆԵՑՅԱՆ — Նախնական հաշվարկներով` առնվազն ութսուն-իննսուն վագոն:
ՓՈԼԱԴՅԱՆ — Արդեն ճշտե՞լ եք, թե որտեղից ենք ձեռք բերելու:
ՎԱՆԵՑՅԱՆ — Եթե ձեր նախնական համաձայնությունը լինի, հենց այսօր կսկսենք բոլոր հնարավոր տարբերակներն ուսումնասիրել:
ՓՈԼԱԴՅԱՆ — Իսկ ինչպե՞ս եք տեղ հասցնելու:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ամենահարմարն ու շահավետը ծովային ուղին է: Եվ շտապելուս պատճառն էլ հենց դա է, որովհետև բեռը հնարավորինս շուտ պետք է տեղ հասնի:
ՓՈԼԱԴՅԱՆ — Նախատեսե՞լ եք, թե բաշխումն ով է իրականացնելու:
ՎԱՆԵՑՅԱՆ — Հայաստանում վաղուց կարգ է սահմանված, բոլոր տիպի օգնությունները ստանում են համապատասխան նախարարությունները և բաշխումն իրականացնում են ինքնուրույն, իրենց հաստատած ցուցակներով:
ՓՈԼԱԴՅԱՆ — (փոքր-ինչ մտահոգ): Կարո՞ղ ենք համոզված լինել, որ բաշխումը գոնե հիմնականում արդար կլինի:
ՎԱՆԵՑՅԱՆ — Եթե հարմար գտնեք, անձամբ այնտեղ կլինեմ և անմիջական մասնակցություն կունենամ այդ աշխատանքներին:
ՓՈԼԱԴՅԱՆ — Բարի՛: Մանրամասն ծրագիր կազմիր և ներկայացրու քննարկման: Երեք օրից խորհրդի նիստ կհրավիրես:
Փոլադյանը դուրս է գնում: Վանեցյանը, քթի տակ խնդմնդալով, շփում է ձեռքերը:
Տեսարան չորրորդ
Նարգիզյանի առանձնասենյակը: Նարգիզյանը նստած է գրասեղանի ետևում: Մտնում է Բարեղամյանը: Այդ պահին հեռախոսազանգ է հնչում: Նարգիզյանը վերցնում է ընկալուչը և ձեռքով է անում Բարեղամյանին, որպեսզի վերջինս դուրս գնա:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Լսո՛ւմ եմ, հարգելի եղբա՛յր:
ԻՆՔԸ — (հեռախոսի մեջ): Շա՞տ ես զբաղված:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Քեզ համար միշտ ազատ եմ և միշտ պատրաստ եմ ծառայել:
ԻՆՔԸ — Քանի դեռ ապրում ենք, պարտավոր ենք իրար ծառայել:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Աստված տա, երկար ապրենք:
ԻՆՔԸ — Քանի դեռ իրար չենք դավաճանել, երկար կապրենք ու հաստատ կբարգավաճենք:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Աստված ձայնդ լսի:
ԻՆՔԸ — Կլսի՜, կլսի՜: Եթե հանկարծ չլսեց, կլսացնենք:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Համոզված եմ, որ էդպես էլ կլինի:
ԻՆՔԸ — Ուզում էի իմանալ, թե ձմեռը հե՞շտ ենք անցկացնելու:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Ձեր համակարգում խնդի՞ր կա:
ԻՆՔԸ — Չէ՛, խոսքը դպրոցների, մանկապարտեզների ու մշակույթի օջախների մասին է:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Նրանց հարցը նույնպես լուծված է: Միջազգային կազմակերպություն կա, որ ամեն տարի ապահովում է վառելանյութով:
ԻՆՔԸ — «Հոգսէդի» մասի՞ն ես ասում:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Ճիշտ այդպես, «Օյլսէյդի»:
ԻՆՔԸ — Բայց երեխաների առողջության համար ավելի նպաստավոր չի՞ լինի, եթե սենյակները փայտով ջեռուցվեն:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Անհամեմատ: Բայց այդ կազմակերպությունը վառելանյութն անվճար է տրամադրում, իսկ փայտը մենք պետք է ձեռք բերենք: Իսկ ինչպես գիտես, բյուջեում եղած գումարը նման ճոխություն թույլ չի տալիս:
ԻՆՔԸ — Ուրիշ ճոխություններ թույլ տալիս է, չէ՞:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Եղբա՜յր թանկագին, ինքդ էլ գիտես, որ դրանք անհրաժեշտ ճոխություններ են, բոլորիս համար են:
ԻՆՔԸ — Գիտե՜մ, լա՜վ գիտեմ: Իսկ ի՞նչ կասես, եթե Փոլադյանին խնդրեմ, մարդասիրական օգնություն փայտ ուղարկի, իսկ այդ կազմակերպության վառելանյութից հրաժարվենք:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Բայց արժի՞ նման քայլի դիմել: Գիտե՞ս այդ կազմակերպությունը քանի տարի է օգնում մեզ: Եվ հետո, եթե այս տարի հրաժարվենք, հնարավոր է, մյուս տարի այլևս նման ծրագիր չիրականացնեն:
ԻՆՔԸ — Մի խոսքով, ինձ հարկավոր է, որ այս տարի Փոլադյանից փայտ ստանանք: Մնացածը քո խնդիրն է:
Նարգիզյանը շփոթված վայր է դնում ընկալուչը, մի պահ անորոշ հայացքով դահլիճին է նայում, ապա սեղմում է զանգի կոճակը: Ներս է մտնում Բարեղամյանը:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Արի՛, արի տեսնենք, թե ինչ ենք անելու:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Խնդի՞ր կա:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Էն էլ ի՜նչ խնդիր:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Երկրում բա՞ն է փոխվում:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Չէ՜, էդքան լուրջ չի: Ձմեռվա նախապատրաստական աշխատանքների ծրագրի մեջ պետք է փոփոխություն կատարվի:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Փա՜ռք Աստծո:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Բայց շա՜տ վախ- կոտն ես: Եթե ամեն թույլ քամուց էդպես դողաս, արագ ոտնատակ կլինես:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — (մտքում): Չէ՜ մի չէ: Տե՛ս, ես քեզ ոտնատակ չանեմ: Դեռ սպասի՜ր: (Նարգիզյանին.) Քանի դուք թիկունքիս եք, ոչ մեկից ու ոչնչից չեմ վախենում:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Ապրե՛ս: Դե հիմա լսի՛ր, թե ինչ ես անելու: Նամակ ես գրում «Օյլսէյդին»` խնդրելով, որ այս տարի «Տաք ձմեռ» ծրագիրը չիրականացնեն:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Բայց, պարո՛ն Նարգիզյան…
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Գիտե՛մ: Անպատճառ կնշես, որ հաջորդ տարի դարձյալ իրենց օգնությանն ենք դիմելու:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Պարո՛ն Նարգիզյան, ախր նրանք միջազգային դոնորների հետ են աշխատում, ի՞նչ են պատասխանելու:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Թող ասեն, որ մենք ենք հրաժարվել:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Այդ դեպքում, հաջորդ տարի դոնորները նրանց այլևս չեն ֆինանսավորի:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Դա իրենց խնդիրն է:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Իսկ այս տարի դպրոցներն ու մանկապարտեզները, մշակութային հիմնարկները ինչո՞վ ենք ջեռուցելու:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Փոլադյանն Ամերիկայից փայտ է ուղարկելու:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Հաջորդ տարի է՞լ:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Չգիտեմ:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Բայց ինչպե՞ս կարող ենք փորձված թանն անփորձ մածնով փոխել:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Եթե ասում եմ, ուրեմն պետք է:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Ախր…
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Ինքն անձամբ էր զանգել: Կարգադրությո՛ւն է:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Ի՞նքը…

Տեսարան հինգերորդ
Վանեցյանի առանձնասենյակը: Վանեցյանն ու Հարիսոնը սուրճ են խմում:
ՀԱՐԻՍՈՆ — Դե՛, ինչո՞վ կուրախացնես:
ՎԱՆԵՑՅԱՆ — Այս կարմիր խնձորը համտես արա: Հրաշալի՜ է:
ՀԱՐԻՍՈՆ — Շնորհակալ եմ: Լուրջ բանի մասին եմ հարցնում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Լուրջը հենց դա է: Հայաստանից են ուղարկել:
ՀԱՐԻՍՈՆ — Իրո՛ք, շատ լուրջ է: Բայց մենք կարևոր հարց ունենք:
ՎԱՆԵՑՅԱՆ — Կարևորը լրջից անպակաս է:
ՀԱՐԻՍՈՆ — Լուրջն էլ` կարևորից:
ՎԱՆԵՑՅԱՆ — Փա՜ռք Աստծո, վերջապես գլխի ընկար:
ՀԱՐԻՍՈՆ — Ուրեմն, գործի՞ ենք անցնում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Մի նրբություն կա:
ՀԱՐԻՍՈՆ — Որևէ խոչընդո՞տ:
ՎԱՆԵՑՅԱՆ — Չէ, պարզապես եկամտի տասը տոկոսը պետք է մեր գրասենյակի ղեկավարներին տանք, որպեսզի ծրագիրը հաստատվի ու վագոններով բեռն անվճար ուղարկվի` որպես մարդասիրական օգնություն:
ՀԱՐԻՍՈՆ — Մի քիչ շատ չե՞ն պահանջում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Որքան էլ տաս, մարդը նույն անկուշտը կմնա:
ՀԱՐԻՍՈՆ — Իսկ եթե շատ տաս:
ՎԱՆԵՑՅԱՆ — Դարձյալ:
ՀԱՐԻՍՈՆ — Իսկ եթե շա՜տ-շա՜տ տա՞ս:
ՎԱՆԵՑՅԱՆ — Միևնույն է: Գիտե՞ս մարդու աչքը երբ կկշտանա: Միայն այն ժամանակ, երբ օվկիանոսի մեջ այնքան աղ լցնես, որ օվկիանոսի ուղիղ կենտրոնում աղե լեռ բարձրանա:
ՀԱՐԻՍՈՆ — Անհավանական բան ես ասում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Իսկ այդ ընթացքում և՛ անձրև կլինի, և՛ ձյուն ու քամի:
ՀԱՐԻՍՈՆ — Վերջ տուր, հերիք է ինձ տանջես:
ՎԱՆԵՑՅԱՆ — Աչքն է, որ տանջում է մարդու մարմինն ու հոգին: Եվ սպանում է սկզբում հոգին, իսկ հետո՝ մարմինը:
ՀԱՐԻՍՈՆ — Բա՛վ է, տասը տոկոսի համար չենք կոտորվելու:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ուրեմն, սկսում ենք փայտ փնտրել:
ՀԱՐԻՍՈՆ — Նաև վագոններ:
ՎԱՆԵՑՅԱՆ — Վագոնների հարցն արդեն լուծել եմ: Ամեն վագոնի համար տասը հազար դոլար ենք վճարելու:
ՀԱՐԻՍՈՆ — Համարյա մեկ միլիո՞ն:
ՎԱՆԵՑՅԱՆ — Զարմացա՞ր: Միլիարդների հետ ենք խաղում:
ՀԱՐԻՍՈՆ — Ճիշտ ես ասում, մոռացել էի, թե ինչ գործի մեջ ենք:
ՎԱՆԵՑՅԱՆ — Դե, ուրեմն, առա՛ջ դեպի փայտը: (Հարիսոնը դուրս է գնում:) Այսպե՜ս, հարյուր ութսուն հազարն արդեն կա: Տասը տոկոսն էլ էնդեղ թռցրեցի: Մնաց մնացածը:

Տեսարան վեցերորդ
Նարգիզյանի առանձնասենյակը: Գրասեղանի առաջ նստած` Նարգիզյանն թղթեր է ստորագրում: Մտնում է Վարդանյանը: Նարգիզյանը տեղից վեր է կենում, սակայն նրան ընդառաջ չի գնում: Վարդանյանն արագ քայլերով մոտենում է Նարգիզյանին, բարևում ու նստում է:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Աչքդ լույս, պարոն Վարդանյա՛ն, այս տարի երեխաները փայտով են տաքանալու:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Ինչպե՞ս, «Օյլսէյդը» հրաժարվե՞լ է վառելանյութ տրամադրել: Իսկ մենք արդեն կարգադրել ենք վառարաններն ու պահեստները կարգի բերել, որպեսզի կազմ ու պատրաստ դիմավորենք ձմեռը:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Խնդիր չկա, նավթի փոխարեն փայտ կպահեստավորեն ու կվառեն:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Փայտը կարող են պահեստավորել, բայց վառելու հարցում բարդություններ կառաջանան:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Ի՞նչ բարդություն, նույն լուցկով էլ կվառեն:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Հարցը լուցկին չէ: Վառարանն է:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Այսի՞նքն:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Նավթի և փայտի վառարանները տարբեր են:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Ինչպե՞ս թե տարբեր են: Նույն մետաղյա վառարանները չե՞ն:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Նավթի վառարանները կլոր են և հաստ մետաղից, իսկ փայտի վառարաններն ուղղանկյուն են և ավելի բարակ մետաղից: Եթե նավթի վառարանի մեջ փայտ վառենք, օգտակար գործողության գործակիցը ցածր կլինի, և վառելափայտի գերածախս կունենանք:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Բարդացնում ես, պարո՛ն Վարդանյան:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Գուցե «Օյլսէյդին» խնդրենք այս տարի էլ վառելանյութով ապահովել, իսկ հաջորդ տարվա համար նախօրոք միջոցներ կձեռնարկենք:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Ո՛չ: Այս տարի անպատճառ պետք է փայտ վառեք:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Կփորձեմ ուրիշ կազմակերպությունների դիմել, այժմ վառելանյութի հարցը լուծելն ավելի դյուրին է:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Պարտավոր եք, հասկանո՞ւմ ես, հարկադրված եք փայտ վառել: Այդ հարցը քննարկման ենթակա չէ:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում: «Օյլսէյդի» ներկայացուցիչները երկու օր առաջ մեզ մոտ էին, բաշխման ցուցակներն էին ճշտում: Մի օրում ի՞նչ փոխվեց: Եվ ինձ նույնիսկ տեղյակ չեն պահել: Թույլ կտա՞ք սկզբում նրանց հետ խոսեմ, հետո կորոշենք՝ ինչպես վարվել:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Արդեն նամակ եմ ուղարկել:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Ավելի լավ, ուրեմն պատասխանին սպասենք:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Խնդրել եմ, այս տարի մեզ չօգնեն:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Ինչպե՞ս թե չօգնեն:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Որովհետև Փոլադյանն Ամերիկայից վառելափայտ է ուղարկելու:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Գուցե Փոլադյանին խնդրենք, այս տարի դպրոցների համար համակարգիչներ ուղարկի, ախր ուսուցման ժամանակակից եղանակներից շատ ենք հետ մնացել: Իսկ հաջորդ տարի, եթե կցանկանա, թող վառելափայտ ուղարկի:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Իրար չենք հասկանում, Վարդանյա՛ն: Ասում եմ, չէ՞, ստիպված ենք:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Բայց ո՞վ է մեզ ստիպում: Որոշողը դուք եք, չէ՞:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — (բորբոքված): Չէ՛:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Ոչինչ չեմ հասկանում:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Ես էլ չեմ հասկանում, թե ինչպե՞ս ես էս պաշտոնին հասել:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Արդեն վիրավորում եք:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Բա ի՞նչ անեմ, որ գլխի չես ընկնում: Չես կարողանում տեսնել, որ իմ կամքին հակառակ եմ անում:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Եթե հարցն այդքան լուրջ է, գուցե նախագահի՞ն դիմենք: Ես պատրաստ եմ, եթե դեմ չեք, նույնիսկ մենակ կգնամ նրա մոտ:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — (կատաղած): Չհամարձակվե՛ս: Ստիպում ես, հա՞, ստիպում ես, որ ասե՞մ: Եվ կասե՛մ: Ինձ կարգադրել են:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Ո՞վ:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Քեզ համար ի՞նչ տարբերություն:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Գուցե կարողանանք համոզե՞լ:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Մտքովս անգամ չի անցնի:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Ախր ո՞վ է կարգադրել, որ այդպես վախենում եք:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Չե՛մ վախենում: Հարգո՛ւմ եմ:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Բայց ո՞վ է:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — (ճարահատյալ): Ի՛նքը:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Ի՞նքը…

Բեմը մթնում է:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան առաջին
Վանեցյանի առանձնասենյակը:
ՎԱՆԵՑՅԱՆ — (խոսում է հեռախոսով): Ասում ես՝ թեփ է, հա՞: Փայտի մանր կտորնե՞ր էլ կան: Բայց որ խոնավ է, կվառվի, չէ՞: Դե, իհարկե, լավ կչորացնենք: Եթե ձեզ փրկեմ դրանից, տոննայի համար որքա՞ն կվճարեք: Չէ՛, չէ՛, շատ քիչ է, նույնիսկ տրասպորտային ծախսերը չի փակի: Տոննան հարյուր դոլարից պակաս չեմ վերցնի: Չէ՛, չէ՛, էլ չենք սակարկում: Հասկանում եմ: Իննսուն վագոն: Ամեն վագոնը` յոթ տոննա: Ընդամենը` վեց հարյուր երեսուն տոննա: Լավ, յուրաքանչյուր տոննայի մեջ կարող եմ հինգ դոլար զիջել: Երդվում եմ, դրանից ավելին անել անկարող եմ: Այո՛, այո՛: (Բազմապատկում է համակարգչով:) Այսպե՜ս, վեց հարյուր երեսուն անգամ իննսունհինգ: Ստացվում է հիսունինը հազար ութ հարյուր հիսուն: Մի խոսքով, վաթսուն հազար դոլար տալիս եք և այդ աղբի մասին մոռանում եք: Իմ կարծիքով, հրաշալի գործարք է ձեզ համար: Եթե դրանից լավ տարբերակ կգտնեք, կարող եք իմ ծառայությունից հրաժարվել: Ինչպես կուզեք: Ուրեմն, վաղն առավոտյան սկսում ենք: Ցտեսությո՛ւն:
Մտնում է Հարիսոնը:
ՀԱՐԻՍՈՆ — Ձեր հանձնարարությունը կատարված է, պարո՛ն:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ուրա՜խ եմ, անչա՜փ ուրախ:
ՀԱՐԻՍՈՆ — Ընտիր վառելափայտ եմ ճարել, և ամենակարևորը` շատ էժան գնով:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ընտիրը ո՞նց կարող է էժան լինել:
ՀԱՐԻՍՈՆ — Ուրեմն, հեռուստատեսային գովազդներին չես հավատում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Գովազդին հավատացողը երկու տարում կսնանկանա:
ՀԱՐԻՍՈՆ — Եթե առաջարկվող ապրանքի գինը ձեռնտու է, արժե վստահել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Գովազդի խայծն էլ հենց թվացյալ ցածր գինն է:
ՀԱՐԻՍՈՆ — Բոլոր տեղերում վառելափայտի մեկ խորանարդ մետրը տասնհինգ դոլար է, մեծ քանակությամբ գնելու դեպքում` տասներկու:
ՎԱՆԵՑՅԱՆ — Եվ համարում ես, որ մեծ հաջողությա՞ն ես հասել:
ՀԱՐԻՍՈՆ — Մինչև վերջ լսի՛ր: Հետները չորս ժամ բանակցեցի, ի վերջո համաձայնվեցին ինը դոլարով տալ: Հասկանո՞ւմ ես, ամեն խորանարդի մեջ միանգամից երեք դոլար զիջեցին:
ՎԱՆԵՑՅԱՆ — Աչքովդ տեսե՞լ ես: Գուցե վառելու համար իսկի պիտանի էլ չէ:
ՀԱՐԻՍՈՆ — Սեփական աչքով չեմ տեսել, բայց իրենք երաշխավորում են:
ՎԱՆԵՑՅԱՆ — Բա չես լսե՞լ, որ ժողովուրդն ասում է` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասը անգամ լսել:
ՀԱՐԻՍՈՆ — Քանի տարի է, այս գործի մեջ եմ, բայց դեռ ոչ ոք ինձ չի խաբել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Բոլորին էլ մի օր խաբում են:
ՀԱՐԻՍՈՆ — Դուրս է գալիս, որ ոչ մեկին չի կարելի վստահել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Պետք է իմանաս, թե ում ես վստահում:
ՀԱՐԻՍՈՆ — Բայց ի՞նչ իմանաս, մինչև հետը գործ չանես:
ՎԱՆԵՑՅԱՆ — Պարտադիր չէ, որ բոլորի հետ գործ անես: Հոտառություն է պետք:
ՀԱՐԻՍՈՆ — Իսկ քո հոտառությունն ի՞նչ է հուշում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Որ իմ գտածն ավելի ձեռնտու է:
ՀԱՐԻՍՈՆ — Դու է՞լ ես վառելափայտ գտել:
ՎԱՆԵՑՅԱՆ — (գրասեղանի կողքից մի կտոր փայտ է վերցնում): Ահա՛:
ՀԱՐԻՍՈՆ — Հրաշալի վառելափայտ է: Ի՜նչ էլ չոր է: Եվ ի՞նչ արժե:
ՎԱՆԵՑՅԱՆ — Խորանարդը` յոթ դոլար: Բայց միայն ինձ համար:
ՀԱՐԻՍՈՆ — Հոյակա՜պ է: Ինչպե՞ս ես հաջողացրել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Դա էլ իմ գաղտնիքն է:
Տեսարան երկրորդ
Հաղթանակ Վարդանյանի առանձնասենյակը: Նստած են Վարդանյանն ու Հուսիկ Պետոյանը:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — «Օյլսէյդի» հետ վառելանյութի բաշխման ցուցակները ճշտեցի՞ք:
ՊԵՏՈՅԱՆ — Այո՛: Ամեն բան կարգին է:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Ի՞նչ ասացին, ծրագիրը կկարողանա՞ն մինչև վերջ իրականացնել:
ՊԵՏՈՅԱՆ — Գումարն արդեն գտել են և նախնական պայմանավորվածություն ունեն ներկրող կազմակերպության հետ:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Այսօր հետները խոսե՞լ ես:
ՊԵՏՈՅԱՆ — Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Երջանիկ ես, Պետոյա՛ն: Երջանիկ ես, որ շատ բանից անտեղյակ ես:
ՊԵՏՈՅԱՆ — Ի՞նչ է պատահել, պարո՛ն Վարդանյան:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Պատահել է այն, ինչ մտքովդ չէր անցնի:
ՊԵՏՈՅԱՆ — (լրջանում է, դեմքի մկանը սկսում է խաղալ): Պա… պարոն Վարդանյան…
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Հանգստացի՛ր, մեր աթոռները մեր ձեռքից չեն խլում:
ՊԵՏՈՅԱՆ — Բա ի՞նչ է եղել:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Լսի՛ր, տարիներ շարունակ աթոռիդ վրա դողալուց չե՞ս հոգնել:
ՊԵՏՈՅԱՆ — Դե, ամբողջ կյանքում միայն այս գործն եմ արել: Ուրիշ բանով գուցե նույնիսկ չկարողանամ զբաղվել, ամեն բանից հետ եմ սովորել:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Երևի ճիշտ ես ասում, ձեզ համար ավելի դժվար է: Մեզ ի՞նչ կա, ինչպես անսպասելի գալիս ենք, այնպես էլ աննկատ գնում ենք: Դուք եք հավերժ:
ՊԵՏՈՅԱՆ — Շատ կուզեմ, որ դուք էլ հավերժ լինեք: Ու եթե գնաք, ապա միայն դեպի վեր:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Չէ՜, Հուսի՛կ, վերևից ընկնելու ցավն ավելի ուժգին է:
ՊԵՏՈՅԱՆ — Բայց որքան բարձրանում ես, կյանքն ավելի հաճելի է դառնում:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Բայց ամեն ինչ չէ, որ աթոռով է որոշվում: Շատ բան մարդուց է կախված: Մեկը նույնիսկ ամենաբարձր աթոռը չի կարողանում օգտագործել, իսկ մյուսը ներքևում է, բայց վերևներին բռի մեջ է պահում:
ՊԵՏՈՅԱՆ — Իմ վիճակից լրիվ գոհ եմ:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Ճիշտը դա է, Հուսի՛կ, մարդ պետք է ունեցածով բավարարվի:
ՊԵՏՈՅԱՆ — Բայց նաև առավելին ձգտի:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Կարելի է, Հուսի՛կ, բայց չափի մեջ: Աչքածակությունը դեռ ոչ մեկին երջանկություն չի բերել: Մի խոսքով, այս տարվա «Տաք Ձմեռ» ծրագիրը փոխվում է:
ՊԵՏՈՅԱՆ — Ի՞նչն է փոխվում, պարո՛ն Վարդանյան:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Փայտ ենք վառելու:
ՊԵՏՈՅԱՆ — Բայց փայտ չունենք:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Կունենանք:
ՊԵՏՈՅԱՆ — Փայտի վառարաններ էլ չունենք:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Դա էլ կունենանք: Բյուջեից կֆինանսավորեն:
ՊԵՏՈՅԱՆ — Իսկ նա՞վթը:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Հրաժարվում ենք:
ՊԵՏՈՅԱՆ — Բայց դրա հետ կապված պլաններ ունեինք:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Հիմա նույն պլանները փայտի հետ կկապենք:
ՊԵՏՈՅԱՆ — Նավթից ավելի մեծ օգուտ կունենայինք: Տներում փայտ վառող չկա:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Միայն քաղաքը նկատի ունես:
ՊԵՏՈՅԱՆ — Գյուղացիների հետ գործ բռնելը վտանգավոր է:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Գործ բռնողը հո դո՞ւ չես:
ՊԵՏՈՅԱՆ — Ամեն դեպքում:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Մի՛ մտածիր: Քիչ լինի, միշտ լինի:
Տեսարան երրորդ
Բեմը բաժանված է երկու մասի: Ձախ մասում ռեստորանի սրահն է, սեղանի մոտ նստած է Դոշկալյանը, առաջին մատուցողը սպասարկում է նրան: Բեմի աջ մասում շոգեբաղնիքի հանգստի սենյակն է, խալաթով նստած է Մանրիկյանը, նրա դիմաց պարում է պորտապարուհին: Հաջորդաբար հնչում է արաբական, ապա հայկական ռաբիզ երաժշտություն: Պորտապարուհին նստում է Մանրիկյանի ծնկներին: Դոշկալյանն ու Մանրիկյանն խոսում են բջջային հեռախոսներով:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Արա՛, էս նանարն էլ չի թողում կարգին խոսանք: (Պորտապարուհուն.) Չէ՛, կյա՜նքս, արխեին նստի:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Մի հա՞տ ա, թե՞ էրկու:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Թե պետք ա, մի հատ էլ կբերենք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Չէ՜, ախպե՛ր, էսօր հազիվ եմ դրանցից գլուխս պրծացրե:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Դու գիտես, թե չէ մենք պրոբլեմ չունենք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Դու էն ասա, ընչի՞ էիր զանգե:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Հարցերը լրիվ լուծված են: Փեդը ե՞րբ ա գալի:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Դե՜, նավով են բերում, մի էրկու ամսից տեղ կհասնի:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Էդ ժամանակ մոլիբդենն էլ պատրաստ կլնի: Բայց խաբար արա, որ փողի կեսը հմի փոխանցեն, կեսն էլ բարձելու վրա:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Հարց չկա, հենց էսօր կզանգեմ:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Համ էլ կասես, որ պտի մեր փայը հինգ տոկոսով ավելացվի: Մարդիկ եքա ծրագիրը հեչ արին, մի բան էլ դրանց պտի քցվի:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Ոնց կասես:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Համ էլ իմացի, դուս տանելուց պտի խառնվե՞նք, թե՞ իրանք են անելու: Էդ էլ ահագին թիվ ա:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Էդ էլ կճշտեմ:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — (քմծիծաղով): Բա հմի ի՞նչ ես անում, նիստի չե՞ս:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — (մատուցողին նշան անելով, որպեսզի բաժակը լցնի): Բա ո՜նց, հենա երկրորդ ընթերցումն եմ սկսե:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ես էլ ուզում եմ կրկնակի քվյարկություն անեմ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Ճիշտ էլ անում ես, մի քվյարկությունը ոնց-որ կիսատ խմած շիշ, ուզում ես տակը տենաս, բայց ոչ մի բան չի էրևում:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Դե պրծի, ընթերցումդ պրծի, որ էգուց իրար հետ ճոխ-ճոխ քվյարկություն անենք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Էղավ, ցավդ տանեմ, մինչև էգուց:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Հինգ տոկոսը չմոռանաս:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — (ծիծաղում է): Միանշանա՜կ:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — (հռհռում է): Անառարկելիորե՜ն:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Բայց դուք սխալ արտահայտվեցիք:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Չէ՞ որ դուք աննախադեպ բաներ եք ասում:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Մենք հրաժարվում ենք քվեարկությանը մասնակցել:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ջանդա՜մ մասնակ-ցեք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Ձեր հերն էլ անիծա՜ծ:
Շարունակելով հռհռալ` անջատում են հեռախոսները:
Տեսարան չորրորդ
Սրճարան զբոսայգում, ծառերի մեջ: Մեկուսի սեղանի շուրջը նստած են Բարդուղ Բարեղամյանն ու Հուսիկ Պետոյանը: Մոտենում է մատուցողը:
ԱՌԱՋԻՆ ՄԱՏՈՒՑՈՂ — Արդեն որոշեցի՞ք:
ՊԵՏՈՅԱՆ — Ի՞նչ կխմես, հարգելիս:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Սուրճ և հանքային ջուր:
ՊԵՏՈՅԱՆ — Գուցե գինի՞ կամ օղի՞: Ուտելու բան էլ վերցնենք:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Ո՛չ, ո՛չ, շտապում եմ: Դեռ մի հանդիպում էլ ունեմ:
ՊԵՏՈՅԱՆ — (մատուցողին): Երկու գավաթ սուրճ և հանքային ջուր:
ԱՌԱՋԻՆ ՄԱՏՈՒՑՈՂ — Բարի՛:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Գործերն ինչպե՞ս են: Ի՞նչ նորություն կա:
ՊԵՏՈՅԱՆ — Բոլոր գործերն ու նորությունները ձեզ մոտ են:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Մեզ մոտ ամեն ինչ նույնն է, եթե չհաշվենք, որ շեֆս մի տեսակ դժգոհ է շեֆիցդ:
ՊԵՏՈՅԱՆ — Լուրջ բա՞ն կա:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Չէ, երևի էն վառելափայտի պատճառով է:
ՊԵՏՈՅԱՆ — Դրա հետ կապված խնդի՞ր է եղել: Շեֆս ոչինչ չասաց, պարզապես կարգադրեց նավթի ցուցակները փոխել: Հա, հետո էլ ասաց, որ փայտի վառարանների համար բյուջեից գումար եք տալու:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Չենք տալու, է՜, ինքը պոկեց:
ՊԵՏՈՅԱՆ — Բայց ուրիշ ի՞նչ աներ:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Թող ածուխի վառարաններն օգտագործեին:
ՊԵՏՈՅԱՆ — Իզուր փայտ էին վառելու, ու ջերմություն էլ չէին ապահովի:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Թե չէ ձեր ուշք ու միտքը դպրոցները տաքացնե՞լն է:
ՊԵՏՈՅԱՆ — Համ էլ:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Ախորժակներիդ` քացախ:
ՊԵՏՈՅԱՆ — Այսինքն:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Վառարանները Մանրիկյանն ու Անտաշյանն են մատակարարելու:
ՊԵՏՈՅԱՆ — Ի՜նչ անկուշտն են: Առանց այդ էլ այս փոքրիկ երկրում ինչքան գործ կա, իրենց մաղով են անցկացնում: Հիմա էլ՝ սա:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Վախենամ, փայտի գործի մեջ էլ խառնվեն:
ՊԵՏՈՅԱՆ — Ուրեմն, վառարաններից զրկվեցինք, հերիք չէր, սրանից էլ ենք զրկվելո՞ւ:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Դրա համար էլ շեֆս կատաղել էր:
Մատուցողը սուրճ և հանքային ջուր է բերում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ուրիշ բանի կարիք չունե՞ք:
ՊԵՏՈՅԱՆ — Ո՛չ, շնորհակալ ենք: (Բարեղամյանին.) Ուրեմն, այդպիսի բանե՜ր:
Մատուցողը հեռանում է:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Շեֆիդ գնալուց հետո որ շեֆիս դեմքը տեսնեիր, կսարսափեիր:
ՊԵՏՈՅԱՆ — Բայց ինքն է, չէ՞, վառելիքի ծրագիրը փոխել:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Չէ, ամեն բան հենց դրանից էլ սկսվեց:
ՊԵՏՈՅԱՆ — Բայց շեֆիս ասածից հասկացա, որ շեֆդ է որոշել:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Արի չխորանանք, թե չէ կխեղդվենք:

Տեսարան հինգերորդ
Երևանյան ճոխ ռեստորան: Սեղանի շուրջը նստած են Դոշկալյանն ու Վանեցյանը: Մատուցողն աճապարանքով սպասարկում է նրանց, պորտապարուհին պարում է բեմի խորքում: Հնչում է արաբական երաժշտություն:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Լավ օբյեկտ եմ սարքել, չէ՞:
ՎԱՆԵՑՅԱՆ — (ծամելով): Ինչ ես սարքե՞լ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — (ձեռքերը կողմ տարածելով): Էս օբյեկտը, էլի:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ռեստորա՞նը նկատի ունես:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Մենակ ռեստորան չի, է՜: Համալիր ա: Մեջը երեք տեսակի բաղնիք կա` ռուսական, ֆիննական ու թուրքական: Առանձին հանդիսությունների սրահ, երկու բար, դիսկոտեկ, սրճարան, խանութ, բենզալցակայան, ավտոլվացման կետ, էլի ինչ-որ բաներ: Ու ամենակարևորը` հյուրանոց: Դե հասկանում ես, էլի, էստեղ էկողը մի-երկու ժամ պետք ա նանարների հետ հանգստանա:
ՎԱՆԵՑՅԱՆ — Պետք է ասեմ, որ չափազանց ճոխ է կառուցված, կահավորանքն էլ առաջնակարգ է: Հավանաբար, բավական թանկ արժե:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Էս հլը ի՜նչ ա: Քաղաքից դուրս չորս հատ էլ ունեմ: Մեկն էլ նոր եմ սկսել, ավելի ճոխ ա ըլնելու, Դուբայի ամենալավ օբյեկտին ծալած պտի ունենա:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ուրախ եմ, անչափ ուրախ եմ ձեզ համար: Իսկ հիմա մեր գործերից խոսենք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Գործերը շատ լավ են: Նավթի ծրագիրը հեչ ենք արել, որ ձեր բերած փեդը վառեն:
ՎԱՆԵՑՅԱՆ — (իրար անցած): Նավթի ծրագի՞ր կար:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Բա ո՜նց: Մի հատ միջազգային կազմակերպություն կա, էս քանի տարի ա դպրոցների ու մանկապարտեզների համար նավթ էր բերում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Բայց ինչպե՞ս հա-ջողվեց ծրագիրը փոխել:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Մեր դեմ խաղ չկա: Ու դրա համար հինգ տոկոս ավելացնելու ես, որ էդ մարդիկ էլ իրանց մի քիչ լավ զգան:
ՎԱՆԵՑՅԱՆ — Դարձյա՞լ ավելացնեմ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Բա գիտես քո սիրուն աչքերի համա՞ր ենք էսքան չարչարվում:
ՎԱՆԵՑՅԱՆ — (մտահոգ): Չէ՜, եղբա՛յր, բան չասացի, միայն թե բարեհաջող անցնի:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Քանի քո կողքին ենք, քեզ քամի չի կպնի:
ՎԱՆԵՑՅԱՆ — Իսկ չե՞ք ցանկանում մեզ մոտ նույնպես գործ ունենալ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Վատ միտք չի, բայց Էմիրաթներում ավելի ազատ ա, ձերի պես ստից-մտից օրենքներ չկան: Իսկական մեզ համար ա: Բայց կմտածենք, կարող ա մի բան անենք:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ես էլ ձեզ օգտակար կլինեմ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Անպայման: Հա, ի՞նչ էի ասելու, մոլիբդենը դուրս տանելու հարցը լուծե՞լ ես:
ՎԱՆԵՑՅԱՆ — Դե՜, ինչպես օրենքն է, կձևակերպենք, կվճարենք և կարտահանենք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Էս ձեր երկիրը չի, է՜, էստեղ հատուկ ձև կա, մարդկային հարաբերություն կա, խոսք հասկանալ կա:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ինչո՞ւ, մեր օրենքները մարդասիրական չե՞ն, կամ մեր պաշտոնյաները խոսք չե՞ն հասկանում:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Մեր ու ձեր օրենքները նույնն են, բայց դրանք իրականացնողներն են ուրիշ: Մի ընկեր ունենք, անընդհատ կրկնում ա` մերն ուրիշ ա: Ճիշտ ա ասում: Մեր միրգն ուրիշ ա, մեր ջուրն ուրիշ ա:
ՎԱՆԵՑՅԱՆ — Հապա կոնյա՞կը:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Մենակ հո էդ չի: Մեր հարկայինն էլ ա ուրիշ, մաքսայինն էլ, դատախազությունն էլ, դատարանն էլ հո ուրիշ ու ուրիշ ա, փոլիսն էլ ա ուրիշ: Որն էլ ասեմ` ուրիշ ա:
ՎԱՆԵՑՅԱՆ — Իսկ մարդի՞կ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Մարդիկ որ նույնը ըլնեին, բա էսքանը ո՞նց ուրիշ կըլներ:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ուրեմն, մաքսայինն է՞լ է ուրիշ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Ա՛յ, արդեն գլխի ես ընկնում, թե ինչ էի ասում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Հարկավ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Հարկայինն ասել եմ:
ՎԱՆԵՑՅԱՆ — (մի փոքր շփոթված): Այո՛, այո՛, իհարկե:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Ուրեմն, նայի՛: Էն, ինչ որ մաքսայինին ես մուծելու, կարանք կես գցենք:
ՎԱՆԵՑՅԱՆ — Այսինքն, զեղչե՞ք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Ոնց ուզում ես` հասկացի: Կեսն ես մուծելու: Մնացած կեսից քսան տոկոս քեզ կմնա, ութսունը մեզ կտաս:
ՎԱՆԵՑՅԱՆ — Բայց այդպես չեմ կարող, գումարը բանկի միջոցով պետք է փոխանցեմ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Թուղթ կտանք, լրիվ կփոխանցես, հետո կկանխիկացնենք ու կհանենք:
ՎԱՆԵՑՅԱՆ — (մի պահ մտածում է): Համաձայն եմ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Դե որ համաձայն ես, գնացի՜նք: (Ձեռքով կանչում է:)
Տեսարան վեցերորդ
Նարգիզյանի առանձնասենյակը:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — (խոսում է հեռախոսով): Բարև, սիրելի եղբա՛յր:
ԻՆՔԸ — Բարև: Ո՞նց ես:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Լավ եմ: Շնորհակալ եմ:
ԻՆՔԸ — Ի՞նչ կա-չկա:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Հանձնարարությունդ կատարել եմ:
ԻՆՔԸ — Գիտեմ: «Օյլսէյդը» բողոքել էր, բայց սասները կտրել տվեցի:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Ինչի՞ց էին բողոքում:
ԻՆՔԸ — Քեզնից:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Իրենց ի՞նչ եմ արել:
ԻՆՔԸ — Հիմնական ծրագիրը փակել ես:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Բայց…
ԻՆՔԸ — Հասկացանք: Դրա համար էլ խնդիր չունես:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Շնորհակալ եմ: Սակայն մի ուրիշ գլխացավանք կա:
ԻՆՔԸ — Ասա՛:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Ասֆալտի գործով:
ԻՆՔԸ — Ի՞նչ ասֆալտ:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Փոլադյանի:
ԻՆՔԸ — Ի՞նչ է եղել:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Էստեղից ինչ-որ բան են կաթացրել: Կատաղել է:
ԻՆՔԸ — Ասա, թող շնորհակալական նամակ գրեն, հետն էլ մանրամասն հաշվետվություն ուղարկեն:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Արդեն ուղարկել եմ, բայց էլի կասկածում է: Դրա համար էլ Վանեցյանին էստեղ է ուղարկել, որ սեփական աչքով տեսնի ու գնա` զեկուցի:
ԻՆՔԸ — Լավ է, որ Վանեցյանին է ուղարկել: Անցյալ անգամ որ եկել էր, պայուսակն ինձ մոտ է մոռացել, կուղարկեմ քեզ: Մոտդ կկանչես ու կտաս:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Շատ լավ:
ԻՆՔԸ — Հա, վաղը երեկոյան ութին ինձ մոտ կլինես: Առաջինի ու երկրորդի հետ երկու օրով տեղ ենք գնալու: Տանեմ, մի քիչ մեջքդ պնդացնեմ:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — (ուրախացած): Լսում եմ:
ԻՆՔԸ — Վերջ տուր, այ տղա, հո զինվորական չե՞ս: (Վայր է դնում ընկալուչը:)
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Դե՜, Հայկ ջա՛ն, քեզ տեսնեմ: Բախտդ Էլի՛ բերում է:
«Թագավոր լինելուց լավ բան»-ի հնչյունների ներքո Նարգիզյանը կիսապարելով դուրս է գնում: Բեմն աստիճանաբար մթնում է:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ
Տեսարան առաջին
Երևանյան ռեստորան: Սեղանի շուրջը նստած են Մանրիկյանը, Բարեղամյանն ու Պետոյանը:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Դե, ախպերնե՛ր, խորովածը քաշեք, քանի չի սառել: Սառած խորովածը ոնց որ ընդդիմության ելույթ ըլնի, չի՛ ուտվում:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Թե ինչի՞ համար են իրենց կոտորում, չես հասկանում:
ՊԵՏՈՅԱՆ — Պարզ չի՞` աթոռի:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Էդպես մի՛ ասա: Մեջները կան, որ իսկապես երկրի ու ժողովրդի մասին են մտածում:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ա՛յ, լավ ասիր: Էկեք առաջին բաժակով մեր երկրի ու մեր ժողովրդի կենացը խմենք:
ՊԵՏՈՅԱՆ — Թող երկրում խաղաղություն լինի, ժողովուրդն էլ ավելի բարիանա:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Խեղճ ժողովուրդն ի՞նչ անի, սրանի՞ց էլ բարիանա: Գլխներին ինչ ասես, որ չենք անում, բայց ծպտուն չի հանում:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Բայց ի՞նչ ենք արել: Ինչ անում ենք, իրանց համար ենք անում:
ՊԵՏՈՅԱՆ — Հատկապես, որ երկու-երեք ամիսը մեկ ամեն ինչի գները բարձրացնում ենք:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Մեղավորը համաշխարհային շուկան ա:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Դրսում նավթի գինն իջնում է, մեզ մոտ բենզինն ու հետն էլ մնացած ամեն բան թանկանում է:
ՊԵՏՈՅԱՆ — Տոներից առաջ ամբողջ աշխարհում գների իջեցում է, մեզ մոտ համ գներն են բարձրանում, համ էլ դոլարի կուրսն է ընկնում:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Կարգի՜ն էլ ընդդիմություն եք:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Ընդդիմություն չենք, բայց մեզ էլ փողը չի հերիքում:
ՊԵՏՈՅԱՆ — Ձեզ ասեմ, որ ընդդիմության մի մասը մեզնից մի քանի անգամ լավ է ապրում:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Չնայած դրանց բերանը փակողն առաջինը միշտ մենք ենք լինում:
ՊԵՏՈՅԱՆ — Ու դրանց շպրտած քարերն էլ առաջինը մեր գլխին են դիպչում:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Մեկ-մեկ էլ գլուխներդ են ջարդում, չէ՞: Լավ, հմի էս կենացը չենք խմո՞ւմ: (Մատուցողին.) Արա՛, ասա էս կենացի վրա մի հատ իմ սիրածը երգեն:
Հնչում է «Պատրոնդաշս կապել եմ»-ը:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ և ՊԵՏՈՅԱՆ — (միասին): Խմում ենք, ո՞նց չենք խմում: (Դատարկում են բաժակները:)
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Անո՜ւշ: Խմե՛ք, խմե՛ք, որ դարդերդ մոռանաք:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Դժվար թե կարողանանք էդքան խմել:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Պետք էլ չի: Ձեզ ուրիշ դեղ եմ տալու:
ՊԵՏՈՅԱՆ — Էլի դուք մեզ բուժեք:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Հո չեմ թողնելու, որ իմ հավատարիմ մարդիկ կործանվեն:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Ձեզ պես մարդիկ որ չլինեին, մեր ապրելն իզուր էր:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Մեզ համար էլ առանց ձեզ դժվար կլիներ:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Կարելի՞ է, մի կենաց էլ ես առաջարկեմ:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ասա՛, ցավդ տանեմ:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Ուզում եմ խմել ձեր և մեր բարեկամության կենացը, թող այն հավերժ լինի:
ՊԵՏՈՅԱՆ — Ճի՛շտ է: Էդ բարեկամությունն ամբողջ աշխարհում կա, իսկ մեզ մոտ ուղղակի կենսական անհրաժեշտություն է:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — (մատուցողին): Արա՛, հմի էլ էն մյուս սիրածս երգը:
Հնչում է «Ջա՜ն, ախպե՛րս»-ը: Բոլորը խմում են:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Անո՜ւշ: Էդ առիթով ձեր դեղի մասին էլ ասեմ: Բարով-խերով էս փեդ ու մեդի գործը վերջացնում ենք, արձակուրդ եք վերցնում ու իմ հաշվին մի ամսով թռնում ենք Ամերիկա:
Տեսարան երկրորդ
Փոլադյանի առանձնասենյակը: Ներս է մտնում Վանեցյանը:
ՓՈԼԱԴՅԱՆ — Բարի գալուստ, Վանեցյա՛ն: Հաջո՞ղ ճանապարհոր-դեցիր:
ՎԱՆԵՑՅԱՆ — Շնորհակալ եմ, պարո՛ն Փոլադյան: Ամեն բան շատ լավ էր:
ՓՈԼԱԴՅԱՆ — Դե՛, զեկուցիր` տեսնենք:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ինչպես ասել էիք, բոլոր գործերին մանրամասն ծանոթացա:
ՓՈԼԱԴՅԱՆ — Փաստաթղթերո՞վ, թե՞ շինհրապարակներում:
ՎԱՆԵՑՅԱՆ — (անակնկալի եկած): Նախ պահանջեցի բոլոր փաստաթղթերը, ապա դրանց հիման վրա մեկիկ-մեկիկ ստուգեցի իրականացված բոլոր աշխատանքները:
ՓՈԼԱԴՅԱՆ — (թերահավատ): Եվ ոչ մի թերություն չհայտնաբերեցիր:
ՎԱՆԵՑՅԱՆ — Չէ, ինչո՞ւ: Մի շարք բացթողումներ հայտնաբերեցի:
ՓՈԼԱԴՅԱՆ — Հապա:
ՎԱՆԵՑՅԱՆ — (բացելով թղթապանակն ու գրառումները հանելով): Նախ և առաջ, նախագծային փաստաթղթերի մեջ երկու տեղում հաստատման ամսաթիվը չկար:
ՓՈԼԱԴՅԱՆ — (քմծիծաղով): Լա՜վ:
ՎԱՆԵՑՅԱՆ — Կարգագրերից վեցում բացակայում էր աշխղեկի ստորագրությունը:
ՓՈԼԱԴՅԱՆ — (մռայլվելով): Ուրի՞շ:
ՎԱՆԵՑՅԱՆ — Փաստաթղթերից մեկի վրա մակագրությունն անընթեռնելի էր:
ՓՈԼԱԴՅԱՆ — Իսկ ասֆալտապատման ծավալները նախագծին համապատասխանո՞ւմ էին:
ՎԱՆԵՑՅԱՆ — Երեք տեղամասում ընտրողաբար չափումներ կատարեցի: Տարբերությունն աննշան էր, մի քանի սանտիմետր:
ՓՈԼԱԴՅԱՆ — (սկսում է զայրանալ): Իսկ մնացա՞ծը:
ՎԱՆԵՑՅԱՆ — Մնացածը… մնացածում տեսողական դիտարկում իրականացրեցի: Դարձյալ տարբերությունն աննկատ էր:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ըստ երևույթին, հրաշալի տեսողություն ունես:
ՎԱՆԵՑՅԱՆ — Այո, չեմ բողոքում: (Որսալով թղթապանակի մեջ երևացող ակնոցի տուփին ուղղված Փոլադյանի հայացքը:) Արևային ակնոց է:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ասֆալտի շերտի հաստությունը ստուգեցի՞ր:
ՎԱՆԵՑՅԱՆ — (շփոթված): Այո՜, իհարկե՛: Որոշ տեղերում նախատեսվածից նույնիսկ ավելի հաստ էր:
ՓՈԼԱԴՅԱՆ — Բարի: Մանրամասն հաշվետվություն կներկայացնես, նիստում կքննարկենք:
ՎԱՆԵՑՅԱՆ — Անպատճառ: Երեք օրից պատրաստ կլինի:
ՓՈԼԱԴՅԱՆ — Օգնության վառելափայտի լո՞ւրն ինչպես ընդունվեց:
ՎԱՆԵՑՅԱՆ — (իրեն վերագտնելով): Չափազանց ոգևորված էին և ձեզնից անչափ շնորհակալ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Պատրա՞ստ են այդքան բեռն ընդունել և բաշխել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Այո, իհարկե՛, կառավարությունն իր սուղ միջոցներից արդեն գումար է հատկացրել փայտի վառարանների համար:
ՓՈԼԱԴՅԱՆ — Վառարաններ չունեի՞ն, ինչ է:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ունեին, բայց նավթի համար էին նախատեսված:
ՓՈԼԱԴՅԱՆ — Այդ դեպքում ինչո՞ւ ավելորդ ծախսի տակ գցեցինք: Այդ խնդրից տեղյակ չէի՞ք: Գուցե այս գումարն ուրի՞շ նպատակի ծառայեցնեինք:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ճիշտն ասած, վառարանների մասին տեղյակ չէի: Բայց որ ավելի կարևոր է, երեխաների առողջության մասին էի մտահոգված:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ուրիշ խնդիրներ չկա՞ն:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ոչ մի խնդիր:
ՓՈԼԱԴՅԱՆ — Վառելափայտի հարցը լուծե՞լ եք:
ՎԱՆԵՑՅԱՆ — Արդեն բեռնում են:
ՓՈԼԱԴՅԱՆ — Որակյա՞լ վառելա-փայտ է:
ՎԱՆԵՑՅԱՆ — Անձանբ եմ ստուգել: (Գրպանից փայտի փոքրիկ կտոր է հանում:) Նույնիսկ բերել եմ, որպեսզի դուք էլ տեսնեք:
ՓՈԼԱԴՅԱՆ — (փայտի կտորին չնայելով): Լավ, կարող եք գնալ:
ՎԱՆԵՑՅԱՆ — Շնորհակալ եմ, պարո՛ն Փոլադյան: Ցտեսություն:
Վանեցյանը կռացած դուրս է գնում: Փոլադյանը մտախոհ նայում է նրա ետևից:
Տեսարան երրորդ
Բեմը բաժանված է երկու մասի: Ձախ կողմում Բարեղամյանի առանձնասենյակն է, աջում` Պետոյանի: Խոսում են քաղաքային հեռախոսով:
ՊԵՏՈՅԱՆ — Չէ՛, կայարանապետի հետ անձամբ եմ խոսել:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Գոնե մինչև Վանաձոր ու Գյումրի չե՞ն կարող հասցնել:
ՊԵՏՈՅԱՆ — Մեր խնդրանքը չի անցնում:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Լավ, տրանսպորտի նախարարի միջոցով հարցը կլուծեմ:
ՊԵՏՈՅԱՆ — Ասենք, թե քառասուն վագոնը տարան: Մնացած հիսո՞ւնն ինչ ենք անելու:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Մարզպետարան-ները թող տեղափոխեն:
ՊԵՏՈՅԱՆ — Եթե մարզպետները հանձնարարեն, մերոնք իրենց ուժերով կբեռնաթափեն ու կտեղափոխեն:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Մարզպետը որ հանձնարարեց, էլ իրենց ուժը ո՞րն է:
ՊԵՏՈՅԱՆ — Բայց ի՞նչ անեն, ֆինանսների տերն ու տնօրենը մարզպետն է:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Բոլոր հարցերը որ ես լուծեմ, դո՞ւ ինչ ես անելու:
ՊԵՏՈՅԱՆ — Բա տեղում բաշխելն ու մինչև դպրոցները, մանկապարտեզներն ու մշակույթի օջախները հասցնե՞լը: Կարծում ես, հե՞շտ է:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Ուրեմն, նախարարի ու մարզպետի հետ հեշտ է, դպրոցի տնօրենի հետ դժվա՞ր:
ՊԵՏՈՅԱՆ — Փող չունեցող տնօրենի ու մանկավարժի հետ ուղղակի սարսափելի է, չես պատկերացնի:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ — Չկարծես, թե փող ունեցողների հետ ավելի հեշտ է: Մանկավարժը գոնե ամեն բանի մեջ փող ման չի գալիս:
ՊԵՏՈՅԱՆ — Դու քեզ տես, էսօր բոլորն էլ ամեն բանի մեջ փող են տեսնում:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Նրանց էլ մեղադրելու չի, կյանքն է ստիպում:
ՊԵՏՈՅԱՆ — Հա, փողից խոսեցինք՝ հիշեցի: Քեզ բան էի խնդրելու:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Հենց փողից են խոսում, կառավարությունն եք հիշում: Կարծես չգիտեք, որ մեծ փողերը մի քանի մարդու մոտ են:
ՊԵՏՈՅԱՆ — Վառելափայտը տեղափոխելու համար մեր հիմնարկներին գոնե տրանսպորտային ծախսերի համար գումար է անհրաժեշտ:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Չե՞ն կարող բարեգործների միջոցով գործը գլուխ բերել:
ՊԵՏՈՅԱՆ — Էդ խեղճերը էնքան են սրանից-նրանից փող մուրացել, որ էլ տեղ չկա:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Թող մի քիչ էլ իրենց ետ գցածից ծախսեն:
ՊԵՏՈՅԱՆ — Ավելի լավ չի՞, որ մենք տանք: Էդ դեպքում մեզ համար էլ լավ կլինի:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Ճիշտ ես ասում, էս գործից գոնե մի բան էլ մեզ կմնա:
ՊԵՏՈՅԱՆ — Չմոռանամ հիշեցնել, որ կարգադրեք՝ վառարանների փողն էլ արագ փոխանցեն:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Մեզ ինչ, միևնույն է՝ Մանրիկյանը լրիվ վերցնելու է:
ՊԵՏՈՅԱՆ — Ո՞նց թե` մեզ ինչ: Բա Ամերիկա՞ն:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Դու էլ հավատացի՞ր:
ՊԵՏՈՅԱՆ — Չէ՜, մեզ չի խաբի:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Բոլորին քցողը մեզ էլ կքցի:
ՊԵՏՈՅԱՆ — Չէ՜, իրեն դեռ պետք ենք:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Իսկ եթե մի օր ինքը մեզ պետք լինի՞:
ՊԵՏՈՅԱՆ — Չեմ վիճում, էդ ժամանակ մեզ չի էլ ճանաչի:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Հետաքրքիր է, էդպիսի դեպքերում մե՞նք ինչ կանենք:
ՊԵՏՈՅԱՆ — Չգիտեմ:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Էդպիսի իրավիճակում երբեք չե՞ս եղել:
ՊԵՏՈՅԱՆ — Պատահել է:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Ու ի՞նչ ես արել:
ՊԵՏՈՅԱՆ — Մեծ մասամբ` նույնը:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Տեսա՞ր, որ բոլորս էլ նույն սանրի կտավն ենք:
ՊԵՏՈՅԱՆ — Բայց չափ կա:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Չափը հնարավորություններով է որոշվում: Որքան հնարավորություններդ մեծ են, էնքան էլ չափդ է մեծանում:
ՊԵՏՈՅԱՆ — Լավ, բայց եղե՞լ է, որ մտածես, թե էս ձևով ո՞նց ենք ապրում:
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Ի՞նչ մտածել, ապրում ենք, էլի:
Տեսարան չորրորդ
Նարգիզյանի առանձնասենյակը:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Ախր, չե՛ք պատկե-րացնում: Տեսնե՛լ է պետք:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Հիմա ի՞նչ, բան ու գործս թողնեմ, հանրապետությունով մեկ ընկնեմ ու վառելափայտի որա՞կը ստուգեմ:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Ստուգելու բան չկա: Անպետք թեփ է:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Թեփ է, թող թեփ վառեն:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Թաց է, անհնար է վառել:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Թող չորացնեն:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Բորբոսնել, արդեն փտել է:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Չգիտեմ, վագոնները պետք է արագ բեռնաթափել:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Մարդիկ արդարացիորեն հրաժարվում են այդ աղբը պահեստավորել:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Չե՞ս հասկանում, թե ում հետ գործ ունենք:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Հասկանում եմ, բայց ի՞նչ անեմ: Ինչպե՞ս ստիպեմ:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Աշխատողներիդ ուղարկիր, թող իրենց ձևերով համոզեն: Կարևորը վագոններն են:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Լավ, ասենք թե համոզեցինք: Ջեռուցման խնդի՞րն ինչպես ենք լուծելու:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Ա՛յ, դա արդեն լուրջ հարց է:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Փայտի վառարաններ էլ, հավանաբար, հարկավոր չեն լինի:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Իզուր գումար ենք ծախսում: Է՛լ տրանսպորտային ծախսեր, է՛լ բեռնաթափում, է՛լ վառարաններ, հիմա էլ՝ գործուղումներ:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Հետո էլ ասում ենք, թե բյուջեում գումար չկա:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Չէ՛, հետը պիտի խոսեմ: Մի րոպե սպասիր: (Զանգում է:) Բարի օր, եղբա՛յր:
ԻՆՔԸ — (ընկալուչի մեջ): Բարև: Ի՞նչ կա:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Մի քանի հարց ունեմ: Հո չե՞մ խանգարում:
ԻՆՔԸ — Չէ, ասա՛:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Վագոնները բացել են, և պարզվել է, որ ոչ թե վառելափայտ է, այլ բորբոսնած ու փտած թեփ:
ԻՆՔԸ — Հետո՞:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Գիտեմ, որ վագոնները պետք է արագ ազատվեն, դրա համար էլ Վարդանյանի հետ ամեն բան կանենք, որ խնդիր չառաջանա:
ԻՆՔԸ — Լա՛վ:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Բայց դրա հետ կապված` վառարաններն արդեն հարկավոր չեն: Գուցե գումարը ե՞տ պահանջենք:
ԻՆՔԸ — Ոչ մի դեպքում: Գումարն արդեն ծախսված է:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Հասկացա: Մնում է ջեռուցման հարցը:
ԻՆՔԸ — «Օյլսէյդի» հետ կապվիր, ասա, թող ծրագիրը վերականգնեն:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Դժվար համաձայնվեն:
ԻՆՔԸ — Դու նամակ գրիր, ում որ պետք է, կասեմ:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Բայց մինչև նավթը բերեն, մի քսան օր կպահանջվի: Մշակույթի օջախները դեռ ոչինչ, բայց դպրոցներում ու մանկապարտեզներում խնդիր կառաջանա:
ԻՆՔԸ — Վարդանյանը թող տասը օրով արձակուրդ տա, մնացած տասը օրվա համար էլ ես պարտքով նավթ կտամ: Հենց որ ստացան, կվերադարձնեն: Ուրի՞շ:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Մեկ էլ մի խնդրանք ունեմ: Բարեկամս ձեզ մոտ է աշխատում, վարչության պետի տեղակալի պաշտոն է ազատվել…
ԻՆՔԸ — Ասա, թող վաղը երեկոյան ութին մոտս գա: Հաջողություն:
ՆԱՐԳԻԶՅԱՆ — Անչափ շնորհակալ եմ: Ցտեսություն: (Վայր է դնում ընկալուչը:) Դու բեռնաթափումը կարագացնես: «Օյլսէյդը» նորից ծրագիրը կիրականացնի: Մինչ այդ տասը օրով դպրոցներին ու մանկապարտեզներին արձակուրդ կտաս: Մշակույթին էլ, սովորականի պես, երկարատև հանգստի կուղարկենք:
ՎԱՐԴԱՆՅԱՆ — Բարի: (Դուրս է գնում:)
ՆԱՐԳԻԶՅԱՆ — (զանգում է): Բարդո՛ւղ, էն տղան քեզ հանդիպե՞ց: Լա՛վ: Կասես վաղը երեկոյան ութին շեֆի մոտ գնա: (Վայր է դնում ընկալուչը:) Էս էլ էսպե՜ս:

Տեսարան հինգերորդ
Փոլադյանի առանձնասենյակը: Մտնում է Վանեցյանը:
ՎԱՆԵՑՅԱՆ — Կանչե՞լ էիք, պարոն Փոլադյա՛ն:
ՓՈԼԱԴՅԱՆ — Այո՜, քեզպեսներին չեն հրավիրում, կանչում են:
ՎԱՆԵՑՅԱՆ — Բարկացած եք երևում:
ՓՈԼԱԴՅԱՆ — Եթե բարկացած եմ, միայն ինձ վրա:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ինչո՞ւ եք այդպես ասում:
ՓՈԼԱԴՅԱՆ — Որովհետև այսքան բանի միջով եմ անցել և դարձյալ շարունակում եմ հավատալ մարդկանց:
ՎԱՆԵՑՅԱՆ — Եթե դադարեք մարդկանց հավատալ, ապրելն անիմաստ կլինի:
ՓՈԼԱԴՅԱՆ — Իսկ ստորներին հավատալով` անտանելի է դառնում:
ՎԱՆԵՑՅԱՆ — Այո՜, ստոր մարդիկ շատացել են:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ի՜նչ էլ լավ գիտես:
ՎԱՆԵՑՅԱՆ — Սեփական փորձից եմ ասում: Շատերին եմ հանդիպել:
ՓՈԼԱԴՅԱՆ — Իսկ հայելու մեջ նայելիս չե՞ս տեսել:
ՎԱՆԵՑՅԱՆ — (շանթահարված): Չէ՛, հայելու մեջ չեմ տեսել:
ՓՈԼԱԴՅԱՆ — Պարզապես զարմանում եմ, թե ինչպե՞ս հիմարաց-րեցիր:
ՎԱՆԵՑՅԱՆ — Մտքովս նման բան չի անցել:
ՓՈԼԱԴՅԱՆ — Հայրենիքի մասին մտածողի՜ս նայիր:
ՎԱՆԵՑՅԱՆ — Մեղավոր չեմ, որ այդ ճղճիմներն ինձ խաբել են:
ՓՈԼԱԴՅԱՆ — Երեխաները մեր ազգի ապագա՜ն են:
ՎԱՆԵՑՅԱՆ — Մեկ գիշերվա ընթացքում ամբողջ բեռը փոխել են խաբեբաները:
ՓՈԼԱԴՅԱՆ — Անձա՜մբ եմ ստուգել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ինձ այն տեղերն են ցույց տվել, որտեղ ոչ մի խախտում չկար:
ՓՈԼԱԴՅԱՆ — Աչքո՜վս եմ տեսել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ճիշտ եմ ասում, նմուշն ինքներդ տեսաք:
ՓՈԼԱԴՅԱՆ — Լսի՛ր, ինձ Հարիսոնի տե՞ղն ես դրել: Քո կարծիքով, հարստությունս ժառանգե՞լ եմ, թե՞ նվեր եմ ստացել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ո՜չ: Հաստատ գիտեմ, որ սեփական քրտինքով եք վաստակել:
ՓՈԼԱԴՅԱՆ — Դե հաշվիր, թե այդ ընթացքում քանի քեզպեսի եմ հանդիպել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Բայց ինձ մոլորության մեջ են գցել:
ՓՈԼԱԴՅԱՆ — Քանի՜-քանի՜ Հարիսոնի հետ եմ գործ բռնել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Ես էլ ձեզ պես վստահել եմ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Եվ արի ու տես, որ հայրենակիցդ է քեզ դավաճանում: Նա, ում ցեխից ես հանել և, քո կարծիքով, մարդ ես դարձրել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Երդվում եմ…
ՓՈԼԱԴՅԱՆ — Չհամարձակվե՛ս սուտ երդվել: Ամեն բան ճշտել եմ: Տեղյակ եմ նաև նախկին ստորություններիդ:
ՎԱՆԵՑՅԱՆ — Բայց ես…
ՓՈԼԱԴՅԱՆ — Լռի՛ր, սրիկա: Գիտե՞ս, ինչու ոստիկանության ձեռքը չեմ հանձնում: Որովհետև չեմ ուզում, որ ավելորդ անգամ ազգս վարկաբեկվի:
ՎԱՆԵՑՅԱՆ — Անչափ բարի եք:
ՓՈԼԱԴՅԱՆ — Որ մի տականքի պատճառով հազարավոր ազնիվ հայերի վրա ցեխ չշպրտեն:
ՎԱՆԵՑՅԱՆ — Երախտապարտ եմ ձեզ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Եվ չասեն, որ հայը հային դավաճանեց ու ցանկացածին էլ կդավաճանի:
ՎԱՆԵՑՅԱՆ — Դուք մե՜ծ մարդ եք, մե՜ծ հայ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Չքվի՛ր աչքիցս և այլևս չփորձես ազգս վարկաբեկել:
ՎԱՆԵՑՅԱՆ — Դեռ կհամոզվեք, որ ես անմեղ եմ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Եվ թող Աստված լինի քեզ դատավոր:
ՎԱՆԵՑՅԱՆ — (ծնկի է գալիս և սկսում է լաց լինել): Պարո՜ն Փոլադյան…
ՓՈԼԱԴՅԱՆ — Դո՜ւրս: Դո՛ւրս, անհավա՛տ:
Վանեցյանը ոտքի է կանգնում և հապշտապ դուրս է գնում:
ՎԱՆԵՑՅԱՆ — (դրսում): Քո հերն էլ անիծած: Քիչ փող չաշխատեցի: Կգնամ Նյու Յորք ու հիմա էլ քաղաքականությամբ կզբաղվեմ: Էնդեղ էլ լավ փող կա:
Տեսարան վեցերորդ
Լաս Վեգասի խաղատներից մեկի սրահը, որին կից, բեմի ձախ կողմում, փոքրիկ առանձնասենյակ է` գրասեղանով ու հեռախոսով: Բեմի աջ կողմում, խաղային ավտոմատների առաջ, նստած են Մանրիկյանն ու Դոշկալյանը: Բեմի խորքում արդեն հարբած Բարեղամյանն ու Պետոյանը պարում են պորտապարուհու հետ: Հնչում է արաբական երաժշտություն:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Բայց ո՞նց հաջողաց-րիր էդքան ապրանքն առանց մաքսայինին մուծվելու դուրս բերել:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ի՞նչ ասեմ, ախպեր, մենք էլ էդքանն ենք կարում:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Չէ՛, բայց ըտենց բան հըլը չէր էղե:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Դու կտենաս, թե էլի ինչե՜ր ենք անելու:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Վա՜յ, ես քու ցավը տանեմ:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Բա չէ՜, տեսանք, թե էն տասը տարվա ընկերներիդ ցավը ո՜նց տարար:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Այ ախպեր, դրանք ինձ ի՞նչ ընկեր: Էնքան որ էն վախտ պաշտոն ունեին, դե գիտես, մեր գործն էլ իրանցից էր կախված: Բայց դու ուրիշ ես, ախպե՛ր:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Տո, ես քեզ ի՞նչ ախպեր:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Ուզո՞ւմ ես, մատներս կտրենք ու արուններս խառնենք, որ դառնանք ախպեր:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Չէ՛, իմ արունը ուրիշի հետ չի խառնվել ու չի խառնվելու:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Բա ի՞նչ անեմ, որ հավատաս:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Դասավորի` էս կազինոն առնեմ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Ո՞նց թե առնես:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Փողը տամ` առնեմ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Բայց գիտե՞ս, թե ինչ թիվ կլնի:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Մոտավորապես:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Որ ըտենց ա, հարց չկա:
Դոշկալյանը դուրս է գնում և մատուցողի հետ մտնում է կից սենյակը:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Էս ինչ լավ էղավ, որ դու հայ ես, ախպե՛ր:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Ես նույնպես անչափ ուրախ եմ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Հա՜, ցավդ տանեմ, ըսենց մի հարց կա, էլի՛:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Հրամեցե՛ք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Կարող ա՞ իմանաս, էս կազինոն ծախո՞ւ ա, թե՞ չէ:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Կներե՛ք, բայց դա իմ պարտականությունների մեջ չի մտնում:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Չէ՛, ախպեր, երևի սխալ հասկացար: Կարող ա ականջի ծերով լսած ըլնես, էլի՛:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Նման բան չեմ լսել:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — (գրպանից հարյուր դոլարանոց հանելով և փորձելով մատուցողի գրպանը խցկել): Բայց մի հատ փորձի…
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — (հրելով նրա ձեռքը): Խնդրում եմ, այլևս նման բան չանեք:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — (գրպանից երկրորդ հարյուրանոցը հանելով): Ընկերական եմ ասում:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Կներեք, բայց շատ գործ ունեմ: Ձեզ ուղեկցե՞մ:
ԴՈՇԿԱԼՅԱՆ — Արա՛, ոնց որ հեչ հայ չըլնես:
Մատուցողը դուրս է գնում: Դոշկալյանը գլուխը կախ վերադառնում է սրահ, նստում է Մանրիկյանի կողքը:
ՄԱՆՐԻԿՅԱՆ — Հը՞, տղա ե՞ս, թե՞ աղջիկ:
Մինչ նրանք զրուցում են, մատուցողը կից սենյակն է վերադառնում և զանգում է: Լսվում է Փոլադյանի ձայնը:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ասա՛:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Պարո՛ն Փոլադյան, մեզ մոտ Հայաստանից չորս հյուր են եկել, բավական հարուստ են երևում: Հետաքրքրվում են, կազինոն վաճառվո՞ւմ է:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ի՞նչ ասացիր:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Ոչի՛նչ, պարոն Փոլադյան:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ապրե՛ս: Կարո՞ղ ես ճշտել, ովքե՞ր են կամ ո՞վ է ուղարկել:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Երկուսը խիստ հարբած են: Հուսամ, որ կհաջողեմ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Կսպասեմ զանգիդ:
Մատուցողը դուրս է գնում: Սրահում պորտապարուհու հետ արդեն Մանրիկյանն ու Դոշկալյանն են պարում: Խաղային ավտոմատների առաջ նստած են Բարեղամյանն ու Պետոյանը: Բարեղամյանը չի խաղում, նստել է և գլուխը հենել ավտոմատին: Սկուտեղի վրա երկու գավաթ վիսկի դնելով` մատուցողը մոտենում է նրանց:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Վիսկի չե՞ք կամենա:
ՊԵՏՈՅԱՆ — Տո՛ւր, տո՛ւր:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — (նրան է մեկնում գավաթը): Համեցե՛ք:
ՊԵՏՈՅԱՆ — Մի բան էլ խնդրեմ: Կարո՞ղ ես մեր ընկերոջը մի քանի րոպեով մաքուր օդի հանել, թող մի քիչ թարմանա:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Անպատճառ: Խնդրե՛մ:
ՊԵՏՈՅԱՆ — Շնորհակալ եմ:
Մատուցողը գրկում է Բարեղամյանին և դուրս է տանում: Քիչ անց Բարեղամյանը վերադառնում է սրահ: Մատուցողը կից սենյակն է մտնում և վերցնում է ընկալուչը:
ՓՈԼԱԴՅԱՆ — Լսո՛ւմ եմ:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Գործա-րարներ են և Ազգային ժողովի պատգամավորներ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Իրե՞նք են ուզում գնել:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Միջնորդ-ներ են:
ՓՈԼԱԴՅԱՆ — Կարողացա՞ր իմանալ, թե ով է ուղարկել:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Ասացին` ինքը:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ինքն ո՞վ է:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Ասացին` երկրի ամենազորեղ մարդը:
ՓՈԼԱԴՅԱՆ — Նախագա՞հը:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Ո՛չ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Վարչապե՞տը:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Ո՛չ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ազգային ժողովի նախագա՞հը:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Ո՛չ:
ՓՈԼԱԴՅԱՆ — Ապա ո՞վ:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՏՈՒՑՈՂ — Ինքը:
ՓՈԼԱԴՅԱՆ — (տարակուսած): Ի՜ն-քը…
Բեմը մթնում է: Դահլիճով մեկ արձագանքվում է`
«Ի՜ն-քը՜: Ի՜ն-քը՜: Ի՜ն- քը՜»:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։