Սամվել ԿՈՍՅԱՆ / ՄԿՆԻԿՆԵՐԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ

Տիկնիկային ներկայացում

Գործող անձինք
ՄԻԿԻ — մկնիկ
ՄՈՒԿԻ — մկնիկ
ԿԱՏՈՒ
ԱԳՌԱՎ
ՔԱՄԻ
ԹԻԹԵՌ
ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՒԿ

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

Այգի կամ տնամերձ բակ: Կատուն ծառից կախված լուսինը պարանից ձգելով իջեցնում-բարձրացնում է: Հետո լուսինը թողնելով վերևի ճյուղից կախված` շփում է ձեռքերը, ապա փորը և բարձրաձայն «Մյաու» անելով, դանդաղ հեռանում է: Ձայներ են լսվում: Կանչում են Միկի, ապա` Մուկի: Ինչ-որ մեկը երգում է` տրա-լյա-լյա-լյա… Հայտնվում է Միկին և ճյուղից կախված լուսինը տեսնելով` զարմացած կանգնում է ետևի ոտքերի վրա:
ՄԻԿԻ — (երգն ընդհատելով կանչում է): Մուկի, Մուկի…
ՄՈՒԿԻ — (վազելով մոտենում է): Ի՞նչ է:
ՄԻԿԻ — Լուսինը…
ՄՈՒԿԻ — Ո՞ւր է…
ՄԻԿԻ — Կախված է ծառից:
ՄՈՒԿԻ — Ինչ էլ մոտիկ է:
ՄԻԿԻ — Օրը ցերեկով լուսին կլինի՞:
ՄՈՒԿԻ — Պարզվում է, որ կա:
ՄԻԿԻ — Ավելի պանրի գլխի է նման:
ՄՈՒԿԻ — Պանիր կուտեի:
ՄԻԿԻ — Կամաց, չլսի…
ՄՈՒԿԻ — Ո՞վ, ո՞վ չլսի:
ՄԻԿԻ — Լուսինը, էլ ո՞վ:
ՄՈՒԿԻ — Կատո՞ւն է չար, թե՞ լուսինը:
ՄԻԿԻ — Կատուն չար է:
ՄՈՒԿԻ — Որ կատու չէ, մի վախեցիր:
ՄԻԿԻ — Խնդրում եմ էլ, կատվի անունը չտաս:
ՄՈՒԿԻ — Այս լուսինը շատ է սպիտակ, Լոռի պանրից էլ ավելի:
ՄԻԿԻ — Պանիր, պանիր… Պանիր չկա:
ՄՈՒԿԻ — Բա էս լուսնից ի՞նչ ենք ուզում:
ՄԻԿԻ — Ուզում եմ, որ… Նրա վրա եմ ուզում բարձրանալ:
ՄՈՒԿԻ — Բարձրացար, հետո՞…
ՄԻԿԻ — Վերևից գուցե մկների համար աշխարհն ավելի ջերմ է ու բարի:
ՄՈՒԿԻ — Այնտեղ պանիր կա՞: Պանիր չլինի, հաստատ ես չեմ գա:
ՄԻԿԻ — Կարևորը` կատու չկա: Այնտեղ ոչ մեկը կատու չի տեսել:
ՄՈՒԿի — Ո՞վ պիտի տեսներ:
ՄԻԿԻ — Մարդիկ, ուրիշ ո՞վ…
ՄՈՒԿԻ — Բա ի՞նչ են տեսել:
ՄԻԿԻ — Փոշի, շատ փոշի…
ՄՈՒԿԻ — Ուրեմն չեմ գա… Քաղցին չեմ կարող երկար դիմանալ:
ՄԻԿԻ — Գնացողները ուտելիք են տարել իրենց հետ:
ՄՈՒԿԻ — Իրենց կերածը մեզ չի կշտացնի:
ՄԻԿԻ — Նախ արի ճշտենք. լուսինն ինչո՞ւ է այս ծառից կախվել:
ՄՈՒԿԻ — Ցած է իջել, որ տաքանա:
ՄԻԿԻ — Որտե՞ղ է մրսել ու հիվանդացել:
ՄՈՒԿԻ — Վարակվել է ինչ-որ մեկից:
ՄԻԿԻ — Որ կատու չկա, էլ ումի՞ց պիտի վարակված լինի:
ՄՈՒԿԻ — Փոշուց երևի:
ՄԻԿԻ — Փոշուց ես էլ եմ հաճախ փռշտում:
ՄՈՒԿԻ — Փոշի չեմ սիրում:
ՄԻԿԻ — Լուսնի փոշին մեր փոշու նման չէ, սպիտակ է, մաքուր…
ՄՈՒԿԻ — Եթե այդպես է, հնարավոր է` գամ:
ՄԻԿԻ — Պիտի խոստանաս ոչ մեկին չասել, որ լուսին ենք ուզում գնալ: Թե չէ բոլորն էլ կցանկանան գալ:
ՄՈՒԿԻ — Է՛, թող գան, մեզ ինչ… Չե՞նք տեղավորվի:
ՄԻԿԻ — Փոքր է, ախր:
ՄՈՒԿԻ — (անսպասելի երգում է):
Լուսինը մրսել է, հիվանդացել է,
Ծառին է իջել, որ տաքանա,
Երևի լացել, փռշտացել է,
Պիտի օգնենք, որ շուտ լավանա:
ՄԻԿԻ — Լուսնի վրա կերգես` ինչքան սիրտդ ուզի:
ՄՈՒԿԻ — Ինչի՞ մասին:
ՄԻԿԻ — Որ երկու մկնիկ պատրաստվում են լուսին թռչել:
ՄՈՒԿԻ — (Երգում է:) Երկու մկնիկ, երկու ընկեր
Թռչունի պես թռչում են վեր…
Բայց մինչև մի բան չուտեմ, չեմ կարող թռչել:
ՄԻԿԻ — Գնանք ուտելու, միայն թե արագ:
Երգելով հեռանում են: Կատուն, որ թաքուն հետևում էր մկնիկներին, նրանց գնալուց հետո, կրկին փորը շփելով, առաջ է գալիս:
ԿԱՏՈՒ — Խայծը կուլ տվին: Լուսնի վրայից (ցույց է տալիս փորը) ուղիղ փորիս մեջ… Ախ, իմ փոքրիկներ, ախ, հիմարիկներ… (Ծիծաղում է): Մյաու-մյաու, մըռռ-մըռռ…
ԱԳՌԱՎ — (կռռալով իջնում է ծառին): Կռա՜, կռա՜… Այս ո՞վ է պանիրը ճյուղից կախել: (Թևի տակից հանում է բջջային հեռախոսը, զանգում է): Ալո, զարմուհի… Կռկռն է, էլ ո՞վ… Զարմուհի, ես եմ… Պանիր եմ գտել… Շատ մեծ կտոր է… Ճերմակ է, սակայն ոնց որ հոտ չունի…
ԿԱՏՈՒ — (նրան լսելով բղավում է): Չքվիր այդտեղից, այ կռկռան:
ԱԳՌԱՎ — Ես եմ գտել, ուրեմն իմն է:
ԿԱՏՈՒ — Ի՞նչ պանիր, ի՞նչ բան, լուսինը ես եմ այդ ճյուղից կախել:
ԱԳՌԱՎ — Հիմա՞ր եմ, ինչ է… ինձ պանիրն է պետք:
ԿԱՏՈՒ — Հիմար չես, ի՞նչ ես…
ԱԳՌԱՎ — Այսքան պանիրը փչացրել ես, որ մի լուսին սարքե՞ս:
ԿԱՏՈՒ — Ստվարաթուղթ է: Տեսքից է լուսին, թե չէ թակարդ է մկների համար: Հիմարիկներն ուզում են լուսնի վրա հայտնվել: Ավելի շուտ իմ բերանը կընկնեն: Ահա այսպես… (Բռնում է ճյուղից կախված պարանից և լուսինը իջեցնում- բարձրացնում է:)
ԱԳՌԱՎ — Լավ չէ, լավ չէ… Կռռա-կռռա… (Նորից է հանում հեռախոսը:) Ալո, ալո, էլի ես եմ… Այստեղ մի կատու ուզում է երկու մկնիկի ուտել… Այդպես էլ կասեմ: Լսիր, այ Մռռան, ուժեղները փոքրիկներին չպիտի ուտեն, պիտի պաշտպանեն: Կըռռռ-կըռռռ… (Շարունակում է խոսել հեռախոսով:) Ալո, ալո… Պանի՞րը… Պանիր չէր, թուղթ էր… (Հեռախոսը տեղավորում է թևի տակ և անսպասելի աղմկում է:) Կըռռռ-կըռռռ… Օձը, օձը…
ԿԱՏՈՒ — Հերիք կռկռաս… Օձն ի՞նչ է, որ վախենում ես: Ոչ ոտքեր ունի ու ոչ էլ ձեռքեր…
ԱԳՌԱՎ — Կողքովդ անցավ… Ո՞նց քեզ չտեսավ, որ պոչդ կծեր:
ԿԱՏՈՒ — Մի քիչ էլ կռռաս` ոտքդ կջարդեմ: (Գետնից քար է վերցնում ու նետում է ագռավի վրա:) Քըշշ, հիմար ագռավ:
ԱԳՌԱՎ — Չհամարձակվես վրաս քար նետել… Քեզ համար մուկ չեմ ու ոչ էլ ձկնիկ:
Անսպասելի ծառը սկսում է ճոճվել, սկզբում դանդաղ, հետո ավելի ու ավելի ուժեղ: Ագռավն իրեն պահելու համար ամուր փաթաթվում է ճյուղին: Կատուն մի կերպ է կանգնած մնում: Հայտնվում է քամու դեմքը, որ աղմուկով փչում է:
ԱԳՌԱՎ — Քամի՞… Որտեղի՞ց…
ԿԱՏՈՒ — Քո կռռոցներից:
ԱԳՌԱՎ — Եղանակի տեսությունը ինքս եմ լսել: Քամի չկար:
ՔԱՄԻ — Զգուշացրել եմ, բայց ո՞վ է լսում… Առաջվա նման շարունակում են շրջապատը կեղտոտել: Էլ թղթի կտոր, էլ ցելոֆանե անպետք տոպրակներ, էլ կրծած խնձոր, չկերած վաֆլի…
ԱԳՌԱՎ — Մեր մեղքը ո՞րն է:
ՔԱՄԻ — Պանիրն ուտում ես ու փշրանքները թափում ես ներքև: Արևածաղկի սերմ էիր չրթում: Շարունակե՞մ թվել…
ԱԳՌԱՎ — Պետք չէ, հասկացա:
ԿԱՏՈՒ — Թռցրու դրան, քշիր այստեղից…
ՔԱՄԻ — Ո՞վ է բողոքում… Միշտ հալածում ես քեզնից փոքրերին: Հետո՞ ինչ, որ փոքր են, բոլորն ապրելու իրավունք ունեն:
ԿԱՏՈՒ — Մըռռռռ… Կատուն մկանը ընկեր չի դառնա:
ՔԱՄԻ — Ընկեր մի եղիր, բայց մի վնասիր:
ԱԳՌԱՎ — Անհավատալի է, կռռոցս վկա, որ քամին նման բաներ է ասում: Լավ է` հեռանամ, քանի փորձանքը չի փաթաթվել ինձ: Կռռա-կռռա… (Թռչում, հեռանում է:)
ԿԱՏՈՒ — Միայն լուսինը չպոկի ծառից…
ՔԱՄԻ — Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ… Քամին չի կարող նույն տեղում մնալ: Պիտի պտտվի աշխարհից աշխարհ… Բայց ուր էլ գնա, վերադառնում է: (Փչելով հեռանում է:)

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Միկին արդեն լուսնի վրա է, օգնում է Մուկիին բարձրանալ: Մուկին մի պահ սահում է և քիչ է մնում ընկնի:
ՄԻԿԻ — Մուկի, զգույշ:
ՄՈՒԿԻ — Միկի, պինդ բռնիր:
ՄԻԿԻ — (Մուկիին քաշում է վերև): Ի՜նչ էլ ծանր ես:
ՄՈՒԿԻ — (բարձրանալով ցատկոտում է): Օպա, օպա… (Նրա ցատկերից լուսինը ճոճվում է:) Այս լուսինը շատ է ճոճվում:
ՄԻԿԻ — Էլ մի թռիր:
ՄՈՒԿԻ — Բա ի՞նչ անեմ:
ՄԻԿԻ — Շուտով կիմանանք:
ՄՈՒԿԻ — Շուտովը ե՞րբ է: Ձանձրալի է… Վազել չես կարող, հացի ու պանրի փշուրներ չկան…
ՄԻԿԻ — Ուզո՞ւմ ես երգիր, որ չձանձրանաս:
ՄՈՒԿԻ — Սրա համն եմ ուզում փորձել: (Պառկում է, սկսում է լուսինը կրծել:) Հին գրքերի համն առա:
ՄԻԿԻ — Չեմ հավատում: (Ինքն էլ է կրծում:)
ՄՈՒԿԻ — Հը, ինչպե՞ս էր:
ՄԻԿԻ — Ոնց որ թուղթ լինի:
ՄՈՒԿԻ — Ոնց որ չէ, թուղթ է: Եթե պատռվեց, ընկնելու ենք ու ոտքներս ջարդենք:
Գունավոր ու գեղեցիկ թիթեռը նրանց տեսնելով մոտենում ու պտտվում է նրանց շուրջը:
ԹԻԹԵՌ — Ի՞նչ եք անում ծառի վրա:
ՄՈՒԿԻ — (հիացած նայում է թիթեռին): Ա՜յ գեղեցկություն…
ՄԻԿԻ — Ներքևում էլ ե՞ս այսքան գունավոր:
ԹԻԹԵՌ — Ի՞նչ տարբերություն:
ՄՈՒԿԻ — Իջիր, որ նայենք:
ԹԻԹԵՌ — Իջնում եմ, նայիր:
ՄՈՒԿԻ — (նայում ու սարսափած ետ է քաշվում): Վա՜յ…
ՄԻԿԻ — Ի՞նչ, ի՞նչ տեսար:
ՄՈՒԿԻ — (մատով ցույց է տալիս ներքև): Միկի, կորած ենք… Կա-կա-տուն…
ՄԻԿԻ — (ինքն էլ է նայում ու սկսում է դողացնել): Մուկի, դու… դու…
ԹԻԹԵՌ — (ներքևից): Ինչպիսի՞ն եմ…
ՄՈՒԿԻ — (դողացնելով): Շա՜տ գե-ղե-ցիկ ես…
ԹԻԹԵՌ — Գեղեցիկ եմ, գեղեցիկ եմ… (Թռչում, հեռանում է:)
ԿԱՏՈՒ — (որ ծառի տակից հետևում էր մկներին): Էս ամռան օրով ի՞նչ է պատահել, որ դողացնում եք… Հո չե՞ք վախենում:
ՄՈՒԿԻ — Որ մեզ ձեռք չտաս, անաղմուկ կիջնենք ու կանհետանանք… Քեզ չենք խանգարի…
ԿԱՏՈՒ — Բա չե՞նք խաղալու… Մի քիչ կխաղանք, ու բաց կթողնեմ:
ԱԳՌԱՎ — (հայտնվում ու նստում է ծառի ճյուղին, հանում է հեռախոսը, զանգում է): Ալո, ալո… Ես եմ, բա ո՞վ է… Կռա, կռա… Կատուն բռնել է մկնիկներին: Նույն մկնիկներն են, հիմարիկները կատվի պատրաստած թակարդն են ընկել… Ի՞նչ զգուշացնեմ… Այդպես էլ կասեմ… Հեյ, մկնիկներ, կատվին լավ գիտեմ, ձեզ բաց չի թողնի…
ԿԱՏՈՒ — Թևերդ պիտի ջարդած լինեի:
ԱԳՌԱՎ — Կռռռա՜… կռռռա՜… Թե որ քաջ ես, թույլ տուր, որ մկներն անվնաս գնան:
ԿԱՏՈՒ — Կթողնեմ, բա ո՞նց… Միայն սկզբում մի քիչ կխաղանք:
ԱԳՌԱՎ — (թռչում է` կրկնելով): Կատվի խաղը-մկան մահը… Կատվի խաղը-մկան մահը…
ՄՈՒԿԻ — Կատուն որտեղի՞ց այստեղ հայտնվեց:
ՄԻԿԻ — Չենք էլ աղմկել:
ՄՈՒԿԻ — Գոնե մի շուն գար…
ՄԻԿԻ — Կամ մի չար տղա…
ԿԱՏՈՒ — Ի՞նչ եք փսփսում, իջեք, որ խաղանք:
ՄՈՒԿԻ — Կիջնենք, միայն թե…
ԿԱՏՈՒ — Զուր եք վախենում, մի քիչ կխաղանք ու տուն կգնաք:
ՄԻԿԻ — Չենք ուզում խաղալ, ուզում ենք լուսնից աշխարհին նայել:
ԿԱՏՈՒ — Ինչպես էլ նայեք, ինձ եք տեսնելու, այնպես որ, իջեք: Եթե չեք ուզում` ինքս կիջեցնեմ: Ուշադրություն, հիմարիկներ… Ձեր լուսինը վայրէջքի է պատրաստվում ու գիտե՞ք` որտեղ. ձեռքերիս մեջ: (Մոտենում է ծառին, վերցնում է կախված պարանը, ձգում է, որից լուսինը ուժեղ ճոճվում է: Մկներն անհանգիստ ծվծվում են, փորձում են լուսնի վրա մնալ, իրար են գրկում, որ չընկնեն:)
ՄԻԿԻ — Վայ-վայ, վույ-վույ…
ՄՈՒԿԻ — Մի արա, խնդրում ենք:
ԿԱՏՈՒ — Ուշ է, վայրէջքն սկսվել է արդեն:
ՄՈՒԿԻ — (հուսահատ շուրջն է նայում ու հանկարծ…): Ես այդ պարանը ուզում եմ կրծել:
ՄԻԿԻ — Այդպես լուսնի հետ մենք էլ ցած կընկնենք:
ՄՈՒԿԻ — Լավ է ընկնեմ, քան թե կատուն մեզ չարչարի: Մնաս բարով Միկի… Միկի… (Արագ մոտենում է պարանին:)
ՄԻԿԻ — Մնաս բարով, Մուկի… Մնաք բարով, արև, աստղեր, ամպեր, ծառեր, ծաղիկներ…
Այն պահին, երբ Մուկին կրծում է պարանը և թվում է` թղթե լուսինը պիտի ընկնի, հայտնվում է քամու դեմքը և այնպես է փչում, որ լուսնին մկների հետ բարձրացնում ու քշում է հեռու:
ԿԱՏՈՒ — (որ զարմացած նայում էր, թե ինչ է կատարվում, վազում է հեռացող լուսնի ետևից` բղավելով): Լուսինն իմն է, լուսինն իմն է…

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Ամայի տարածություն: Հեռվում լեռներ են: Երկու մկնիկները զարմացած շուրջն են նայում: Միկին ձեռքերով շոշափում է իրեն:
ՄԻԿԻ — Ցավում է-չի ցավում, ցավում է-չի ցավում… Ձեռքերս տեղն են, ոտքերս` նույնպես:
ՄՈՒԿԻ — Իմ ոսկորներն էլ ոնց որ տեղում են:
ՄԻԿԻ — Մուկի, գիտե՞ս ինչ…
ՄՈՒԿԻ — Ի՞նչ, Միկի…
ՄԻԿԻ — Ոչ մեկը չի հավատա:
ՄՈՒԿԻ — Որ չենք ջարդվե՞լ:
ՄԻԿԻ — Չէ, որ թռել ենք:
ՄՈՒԿԻ — Եվ ինչքան հեռու:
ՄԻԿԻ — Չհասցրի ներքև էլ նայել…
ՄՈՒԿԻ — Չիմացանք էլ` ո՞ւր ենք հասել:
ՄԻԿԻ — Երևի քամին ինքն էլ չգիտի:
ՄՈՒԿԻ — Խեղճը փչում էր, որ մեզ ազատի:
Ամպերը գոռգոռում են ու որոտում, կայծակները խաչաձևվում են երկնքում, սև ամպերը կախվում են ու շուրջը մթնում է միանգամից:
ՄԻԿԻ — Անձրև է գալու:
ՄՈՒԿԻ — Հեղեղ չլինի՞:
ՄԻԿԻ — Չեմ սիրում թրջվել, թրջվելիս իսկույն հիվանդանում եմ:
ՄՈՒԿԻ — Կատվից փրկվեցինք, ջրում կխեղդվենք:
ՄԻԿԻ — (ուշադիր շուրջն է նայում): Տերևը տեսա՞ր, տակը կմտնենք…
Ամպերն ավելի ուժգին են գոռում, կայծակն ավելի սարսափազդու է փայլատակում:
ՄՈՒԿԻ — Ձեռքդ տուր, վազենք…
ՄԻԿԻ — (ձեռքը տալիս է): Գուցե փրկվենք, հը՞…
Այդ պահին կրկին երևում է քամու դեմքը: Քամին ուժգին փչում է ամպերի ուղղությամբ, որոնք դանդաղ հեռանում են, ու երևում է երկինքը` կապույտ ու լուսավոր:
ՄԻԿԻ — (մի քանի քայլից հետո, տեսնելով բացվող երկինքը, ետ է գալիս Մուկիի հետ): Շնորհակալություն, քամի:
ՄՈՒԿԻ — Երկրորդ անգամ ես արդեն մեզ օգնում:
ՔԱՄԻ — Ձեր ետևից եմ հևասպառ եկել: Ներեք, խնդրում եմ… Ձեզ այսքան հեռու չէի ուզում քշել, մի ուրիշ անգամ զգույշ կլինեմ: Դե, ես գնացի, դուք էլ տուն շտապեք…
ՄԻԿԻ — Գնա՞ց, ո՞ւր գնաց…
ՄՈՒԿԻ — Երևի նորից մեկին օգնելու:
ՄԻԿԻ — Գոնե ասեր, թե որտե՞ղ ենք, ո՞ւր ենք:
ՄՈՒԿԻ — Մեկից կհարցնենք:
ՄԻԿԻ — Ոչ մեկը չկա:
ԱԳՌԱՎ — (անսպասելի իջնում է նրանց կողքին): Այդպես մի ասա: Կռռա-կռռա… Բա ես ի՞նչ եմ:
ՄՈՒԿԻ — Որ գիտես` ասա:
ՄԻԿԻ — Ինչպե՞ս տուն հասնենք:
ԱԳՌԱՎ — Կռռռ-կռռռ… Ագռավները շատ բան գիտեն:
ՄՈՒԿԻ — Ասա, որտե՞ղ ենք:
ԱԳՌԱՎ — Այ քեզ շշմածներ… Աշտարակի ձորում, ուրիշ էլ որտե՞ղ…
ՄԻԿԻ — Բա Երևա՞նը:
ԱԳՌԱՎ — Վրա մի տվեք… (Թևի տակից հանում է բջջային հեռախոսը, զանգում է:) Ալո, ալո, ես եմ` Կըռկըռը, ալո, լսո՞ւմ ես… Երկու մկնիկներ այստեղ մոլորվել, չեն գտնում իրենց բունը թե տունը: Երևանից են… Այդպես էլ կասեմ` դեպի Հարավ… Հասկացա՞ք` ինչպես պիտի գնաք տուն:
ՄԻԿԻ — Հարավն ի՞նչ է…
ԱԳՌԱՎ — Սա Հարավն է: (Ցույց է տալիս:) Սա Հյուսիսը, սա Արևելքը, սա Արևմուտքը…
ՄԻԿԻ — Իմացա, գիտեմ… (Ցույց է տալիս Հարավը:)
ԱԳՌԱՎ — Բայց զգուշացեք… Վտանգավոր է, օձերը շատ են:
ՄՈՒԿԻ — Շնորհակալություն, դուք բարի եք շատ:
ԱԳՌԱՎ — Կռռա-կռռա… Մեկ-մեկ բարի եմ, մեկ-մեկ էլ շատ չար… Բարի լինելիս սիրում եմ օգնել: (Թռչում-հեռանում է:)
ՄՈՒԿԻ — Ասում էի, չէ՞, աշխարհում բարին ավելի շատ է:
ՄԻԿԻ — Այդ ե՞րբ ասացիր:
ՄՈՒԿԻ — Միշտ էլ ասել եմ:
ՄԻԿԻ — Ո՞նց է, չեմ լսել:
ՄՈՒԿԻ — Լսել եմ-չեմ լսել… Կարևորը` ճանապարհին մեզ ուղեկցի միայն բարին: (Սկսում է քայլել Արևելքի ուղղությամբ:)
ՄԻԿԻ — Ո՞ւր առանց ինձ…
ՄՈՒԿԻ — Դեպի Հարավ… (Քայլում ու երգում է):
Քամին մեզ օգնեց, օգնեց ագռավը,
Քամին բարի է, ագռավն է բարի,
Գիտենք` ինչն է վատ ու ինչն է լավը,
Գիտենք կողմերը այս աշխարհի:
ՄԻԿԻ — Կարող եմ կրկնել. սա Արևելքն է, սա Արևմուտքը, սա Հյուսիսը, իսկ մենք գնում ենք դեպի Հարավ:
ՄՈՒԿԻ — (սարսափած): Միկի, լռիր…
ՄԻԿԻ — Ի՞նչ է, ի՞նչ տեսար:
ՄՈՒԿԻ — Սո՜ւս, լռիր:
Նրանց դիմաց օձը բարձրացնում է գլուխը և ֆշշացնելով առաջանում է դեպի մկնիկները, որոնք վախից սեղմվում են իրար ու սարսափահար նայում են օձին` չիմանալով ինչ անել: Օձը շարունակում է ֆշշացնել, գալարել մարմինը և գլուխը առաջ բերել: Երբ թվում է` ուր որ է կհասնի մկնիկներին, հայտնվում է դաշտային մուկը, բռնում է նրանց թևերից ու քաշում է:
ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՒԿ — Արագ, իմ ետևից:
Մկնիկները մի պահ հապաղում են, օձը ֆշշացնելով մի քիչ էլ է մոտենում: Մկնիկները լեղապատառ, ծվծվալով հետևում են դաշտային մկանը և հայտնվում են կիսախավար մի վայրում:
ՄԻԿԻ — Ինչո՞ւ է մութ… Չլինի՞ օձը մեզ կուլ տվեց:
ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՒԿ — Կուլ կտար, եթե ուշանայի:
ՄԻԿԻ — Որ կուլ չի տվել, բա ինչո՞ւ է մութ…
ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՒԿ — Գետնի տակ մտանք: Այս թունելը ինքս եմ փորել: Այսպես անվտանգ ու ապահով է:
ՄԻԿԻ — Իսկ տունդ ո՞ւր է:
ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՒԿ — Այս թունելը իմ տունն է: Դաշտային մկներն այսպես են ապրում: Որտեղի՞ց եք, ծանոթանանք:
ՄԻԿԻ — (ձեռքը մեկնում է): Ուրախ եմ` Միկի:
ՄՈՒԿԻ — (ինքն էլ է ձեռքը մեկնում): Ես էլ Մուկին եմ:
ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՒԿ — Միկի-Մուկի, Միկի-Մուկի… Զվարճալի է: Միկի-Մուկի, Միկի-Մուկի… Իմիջիայլոց, այս թունելը ճյուղավոր է: Նրա ձախ կողմը Արագած սարի լանջերն է տանում:
ՄԻԿԻ — Բայց Երևան ենք ուզում հասնել:
ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՒԿ — Երևանը ավելի մոտ է, միայն թե պիտի աջ կողմով գնաք: Այս թունելը հենց դրա համար է:
ՄԻԿԻ — Ինչքան բարի ու ազնիվ մկնիկ ես:
ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՒԿ — Շատ ուրախ եմ, Միկի-Մուկի, որ օգնեցի:
ՄՈՒԿԻ — Մենք էլ ենք ուրախ:
ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՒԿ — Նեղը որ ընկնեք` կանչեք նորից: Այստեղ մենք շատ ենք:
ՄՈՒԿԻ — Քեզ միշտ կհիշենք, քեզ չենք մոռանա:
ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՒԿ — Բարի ճանապարհ, Միկի ու Մուկի: Զվարճալի է, Միկի ու Մուկի, Միկի ու Մուկի…
Տարբեր ուղղություններով բաժանվում են:

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Գետնի տակից հանկարծակի հայտնվում են մկնիկները:
ՄԻԿԻ — Թունելը պրծա՞վ…
ՄՈՒԿԻ — Ոնց որ պրծել է:
ՄԻԿԻ — Կարծես հոգնեցի:
ՄՈՒԿԻ — Երկար թունել էր:
ՄԻԿԻ — Նայիր, մեր տունը գուցե երևա…
ՄՈՒԿԻ — Նայում եմ, չկա:
ՄԻԿԻ — Որ առաջ գնանք, գուցե երևա… Սա Հյուսիսն է, սա Հարավը, սա Արևմուտքը, սա էլ Արևելքը… (Վազում է Հարավի ուղղությամբ և հանկարծ տագնապով կանչում է:) Մուկի, Մուկի…
ՄՈՒԿԻ — Միկի, գալիս եմ, Միկի, որտե՞ղ ես… (Վազում է ձայնի ուղղությամբ:)
ՄԻԿԻ — Փոսն եմ ընկել… Մուկի, շուտ արա, օգնիր, որ դուրս գամ:
ՄՈՒԿԻ — Ինչ էլ խոր փոս է, ձեռքս չի հասնի:
ՄԻԿԻ — Մի բան մտածիր:
ՄՈՒԿԻ — Այս հսկա փոսը ո՞նց չտեսար:
ՄԻԿԻ — Ընկա, նոր տեսա:
ՄՈՒԿԻ — (ետուառաջ է անում): Օգնել, օգնել… Միկի, համբերիր…
ՄԻԿԻ — Այստեղ սարդեր կան: Շատ մեծ սարդեր են…
ՄՈՒԿԻ — Փոսն էլ է շատ մեծ:
ՄԻԿԻ — Սարդերն արդեն մոտենում են ինձ:
ՄՈՒԿԻ — (շարունակում է ետուառաջ անել): Գուցե դաշտային մկներին կանչեմ: Բայց հարյուր մուկ էլ թե որ հավաքվի ու իրար ուսի բոլորը կանգնեն, միևնույն է, գետնին չեն հասնի… Միկի, ինչպե՞ս ես:
ՄԻԿԻ — Մուկի, սարդերն ուզում են ոտքերս կապել:
ՄՈՒԿԻ — Կռիվ տուր, Միկի, թույլ մի տուր նրանց, որ քեզ կապկպեն:
ՄԻԿԻ — Շատ զզվելի ու վախենալու են:
ՄՈՒԿԻ — Նրանց մի ցույց տուր, որ վախենում ես:
ՄԻԿԻ — Մուկի, դու շատ լավ, շատ լավ ընկեր ես:
ՄՈՒԿԻ — Միկի, դու քաջ ես, Միկի, դիմացիր…
Որտեղից-որտեղ ագռավն իջնում է Մուկիի կողքին:
ԱԳՌԱՎ — Էլի՞ փորձանքը հանդիպել է ձեզ:
ՄՈՒԿԻ — Խնդրում եմ, օգնիր:
ԱԳՌԱՎ — Եթե չար եղա, չեմ կարող օգնել:
ՄՈՒԿԻ — Բարի ես, դու միշտ բարի ես եղել:
ՄԻԿԻ — Մուկի, սարդերն ավելանում են…
ՄՈՒԿԻ — Շտապիր, խնդրում եմ… Ինչ որ բան արա…
ԱԳՌԱՎ — Չեմ սիրում, երբ կողքից հուշում կամ շտապեցնում են: (Հանում է հեռախոսը:) Ալո, ալո… Զարմուհի, ես եմ, ես եմ` Կռկռը: Կըռռը, կըռռը… Մուկը հիմա էլ փոսն է ընկել… Նույն մկնիկներն են… Հա, խորը փոս է… Ալո, հասկացա, այդպես էլ կասեմ: (Հեռախոսը տեղավորում է և ոչինչ չի ասում, թռչում-գնում է:)
ՄՈՒԿԻ — Գնա՞ց, ո՞ւր գնաց… Բա Միկին, բա ես…
ԱԳՌԱՎ — (կրկին հայտնվում է, ոտքերով մի երկար ճյուղ բռնած: Մոտենում է փոսին և ճյուղը իջեցնում է փոսի մեջ): Մկնիկ, բռնվիր, պինդ բռնիր ճյուղից: (Քիչ անց ճյուղի դուրս եկած ծայրից բռնելով թռչում է վեր: Ճյուղի հետ դուրս է գալիս նաև Միկին` ամուր փաթաթված ճյուղին: Ագռավը ճյուղն այնպես է իջեցնում, որ Միկին կարողանա անվնաս գետնի վրա կանգնել:) Բախտներդ բերեց… Պարզվեց, այսօր էլ բարի եմ զարթնել:
ՄԻԿԻ — Շնորհակալություն, բարի ագռավ…
ԱԳՌԱՎ — Մյուս անգամ փորձեք ինքներդ փրկվել: Թե չէ ամոթ է, մեծ մկնիկներ եք: Լավ չէ, շատ վատ է: Յուրաքանչյուրը պիտի կարողանա իրեն պաշտպանել:
ՄՈՒԿԻ — (մոտենալով Միկիին): Հո չե՞ս վնասվել:
ՄԻԿԻ — Քիչ էլ մնայի…
ԱԳՌԱՎ — Հույսներդ պիտի ձեզ վրա դնեք: Թե չէ սպասում եք, թե ձեզ ով կօգնի: Լավ չէ, շատ վատ է… Այսօր օգնում են, վաղը չեն օգնի: Ուշ է, ես գնամ զարմուհուս համար պանիր գտնելու… կըռռռ-կըռռռռ… (Թռչում-հեռանում է:)
ՄՈՒԿԻ — Ասում էի, չէ՞, բարին աշխարհում ավելի շատ է:
ՄԻԿԻ — Սակայն փոսի մեջ բարի բան չկար:
ՄՈՒԿԻ — Կարևորը, որ անվնաս պրծար:
ՄԻԿԻ — Ագռավը կարծես ճիշտ բան էր ասում:
ՄՈՒԿԻ — Շատ ամաչեցի…
ՄԻԿԻ — Ես էլ մտքումս որոշեցի, որ…
ՄՈՒԿԻ — Միկի, գնացինք, դեռ տուն չենք հասել: Ու զգույշ, էլի փոսի մեջ չընկնես:
ՄԻԿԻ — Զգույշ եմ, զգույշ…
Գնում են:
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Առաջին պատկերի տեսարանը: Նույն ծառը, միայն առանց լուսնի: Պարանը դեռ կախված է ճյուղից: Հևիհև ու արագընթաց հայտնվում են մկները:
ՄԻԿԻ — Հասանք, հասանք… (Սկսում է թռչկոտել ու պարել:)
ՄՈՒԿԻ — Կամաց, կատուն չլսի: (Ինքն էլ է պարում:)
ՄԻԿԻ — Ի՜նչ ճամփորդություն էր…
ՄՈՒԿԻ — Քամին չլիներ, չէի համարձակվի այդքան հեռանալ:
ՄԻԿԻ — Հա, շատ հեռու էր… հազիվ տեղ հասանք:
ՄՈՒԿԻ — Ու ավարտվեցին մեր արկածները լուսնի վրա:
ՄԻԿԻ — Հետաքրքիր արկածները:
ՄՈՒԿԻ — Բայց կարևորը…
ՄԻԿԻ — Մուկի, շարունակիր:
ՄՈՒԿԻ — Ընկերությունն էր:
ՄԻԿԻ — Մուկի, վստահ եմ, իմ ամենալավ ընկերը դու ես:
ՄՈՒԿԻ — Ինձ համար էլ քո ընկերությունն է ամենալավը…
ՄԻԿԻ — Կեցցե ընկերությունը:
ՄՈՒԿԻ — Շատ անզգույշ ես: Ասացի` կամաց: Կատուն որ լսեց, ընկերությունից ոչինչ չի մնա:
ՄԻԿԻ — Իսկ չի կարելի՞ գոնե մի անգամ կատվին չհիշել:
ՄՈՒԿԻ — Մի հիշիր, սակայն մի էլ մոռացիր: Նա կա ու միշտ էլ վտանգավոր է:
ՄԻԿԻ — Մուկի, տխուր է… Եթե ստիպված ենք անվերջ վախենալ:
ՄՈՒԿԻ — Զգուշանալը դեռ վախենալ չէ:
ՄԻԿԻ — Ոնց որ թե նույնն է…
ՄՈՒԿԻ — Պիտի սովորենք վտանգին հաղթել:
ՄԻԿԻ — Մենք գիտենք` ինչպես վտանգից փախչել…
ՄՈՒԿԻ — Փախչել չէ, հաղթել: Ագռավին հիշիր…
ՄԻԿԻ — Բայց, Մուկի…
ՄՈՒԿԻ — Ի՞նչ է…
ՄԻԿԻ — Նոր գլխի ընկա… Ոնց որ թե դա էլ պակաս վտանգ չէ:
ՄՈՒԿԻ — Միկի, ի՞նչ վտանգ…
ՄԻԿԻ — Մկնիկները որ իմացան… Որ իմացան` շփոթել ենք լուսինն ինչ-որ այլ բանի հետ… Կծաղրեն ու կծիծաղեն:
ՄՈՒԿԻ — Կկարծեն, թե լուրջ գժվել ենք:
ՄԻԿԻ — Պիտի լռենք:
ՄՈՒԿԻ — Մենք լռեցինք, կատվի ձա՞յնը ինչպես կտրենք:
ՄԻԿԻ — Կատվի մասին մի մտածիր: Հո չի՞ պատմի, ոնց երկու մկնիկ փախան իրենից:
ՄՈՒԿԻ — (շրջվում է դեպի դահլիճը): Այս կողմը նայիր: Կատուն էլ լռի… Երեխաները…
ՄԻԿԻ — Շատ էլ խելոք երեխաներ են:
ՄՈՒԿԻ — Խելոքը` խելոք են: Բայց կպատմեն` ինչ տեսել են…
ՄԻԿԻ — Հայրիկներին, մայրիկներին, տատիկներին, պապիկներին, քույրիկներին, եղբայրներին…
ՄՈՒԿԻ — Տանը, դպրոցում, մանկապարտեզում:
ՄԻԿԻ — Ի՞նչ ենք անելու:
ՄՈՒԿԻ — Ագռավն ասում էր` հույսներդ միայն ձեզ վրա դրեք:
ՄԻԿԻ — Գուցե դաշտային մկա՞նը կանչենք:
ՄՈՒԿԻ — Արի մի անգամ փորձենք ինքներս խնդիրը լուծել:
ՄԻԿԻ — Չգիտեմ` ինչպես…
ՄՈՒԿԻ — Երևի խնդրենք երեխաներին ոչ մեկին չասել:
ՄԻԿԻ — Տես, ինչ էլ շատ են:
ՄՈՒԿԻ — Մենք էլ նրանց շատ կխնդրենք: (Մոտենում է բեմեզրին:) Բարև ձեզ, երեխաներ:
ԵՐԵԽԱՆԵՐ — (դահլիճից): Բարև:
ՄՈՒԿԻ — Ուզո՞ւմ եք օգնել:
ՄԻԿԻ — (մոտենում է Մուկիին): Ով որ ուզում է, թող ասի` այո:
ԵՐԵԽԱՆԵՐ — Այո:
ՄՈՒԿԻ — Հրաշալի է: Ինչքան բարի եք: Ու չեք պատմի չէ՞, ոնց լուսինը շփոթեցինք թակարդի հետ: Կպատմե՞ք, թե՞ չէ…
ՄԻԿԻ — Ով համաձայն է, թող բղավի` չէ:
ԵՐԵԽԱՆԵՐ — Չէ:
ՄՈՒԿԻ — Շնորհակալություն:
ՄԻԿԻ — (թռչկոտում է): Մենք կարողացանք, մենք կարողացանք… Մենք մեզ օգնեցինք:
ՄՈՒԿԻ — (նույնպես թռչկոտում է): Մենք մեզ օգնեցինք, մենք մեզ օգնեցինք…
ՄԻԿԻ — Շնորհակալություն, երեխաներ:
ՄՈՒԿԻ — Միկի, տուն վազենք, որ մայրիկը շատ չանհանգստանա:
ՄԻԿԻ — Մինչ նոր հանդիպում:
ՄՈՒԿԻ — Մինչ նոր հանդիպում:
Ռիթմիկ երաժշտություն:
Երկու մկնիկները հրաժեշտ են տալիս երեխաներին:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։