Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ / ԱՆԱՎԱՐՏ ԵՂԵՐԵՐԳ ԽԱՉՎԱԾԻՆ
(Բաց դաս թատերգությամբ)
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
Երեք թուրք պատանի
լրագրավաճառներ
Մեկը
Մյուսը
Երրորդը
Հայ պատանի լրագրավաճառ`
Սահակ
Երիտթուրքեր
Թալեաթ
Էնվեր
Ջեմալ
Զիա Գեոք Ալփ
Նազըմ
Բեհաեդդին Շաքիր
Հալիմ փաշա
Մի քանի երիտթուրք
Մեվլան Զադե Ռիֆաթ —
թուրք լրագրող
Թուրքիո խորհրդարանի
պատգամավորներ՝
Նախագահ — Թուրքիո խորհրդարանի
Էմմանուելիտե
Ֆուատ
Արթին Պոշկեզենյան
Մաթևոս Նալբանդյան
Տիգրան Պարսամյան
Տիմիսթոքլի Էֆքալիտիս
Մեհմետ Էմին
Իլյաս Սամի
Ռիզա Թևֆիք — Նոր կառավարության նախագահ
Շերիֆ — Պետական խորհրդի նախագահ
Ռազմական արտակարգ
ատյան
Մուստաֆա Արիֆ — Արտաքին գործոց նախարար
Ֆեթիհ Օքեստ — Նոր կառավարության Ներքին գործերի նախարար
Ֆերիք Նազըմ փաշա — Ռազմական Արտակարգ ատյանի նախագահ
Մուստաֆա Նազմի բեյ — Ատյանի գլխավոր դատախազ
Դատապաշտպաններ
Ականատես վկաներ՝
Նայիմ բեյ
Շյուքրի բեյ
Յոհաննես Լեփսիուս
Մարիա Յակոբսոն
Մամետ
Անրի Բարբի
Ֆայեզ Էլ Ղոսեյնի
Հենրի Մորգենթաու
Անդրեյ Մանդելշտամ
Քարե Եփփե
Պոլ Դյու Վեյու
Արմին Վեգներ
Քահանա
Ոչ մի գործող անձ հորինված չէ: Հորինված չեն նաև երիտթուրքերի գաղտնի նիստերի պատերազմից հետո Թուրքիո առաջին խորհրդարանի պատգամավորների երկխոսությունները և ականատեսների վկայությունները:
ՍԿԻԶԲ
Մթության մեջ շշուկով լսվում են Կանացի և Տղամարդկանց ձայներ, որոնք հետզհետե բարձրանում են և որոնց միանում են Մանուկների և Ծերերի ձայներ: Խոսքը նմանվում է բուռն աղոթքի, որը դառնում է բազմաձայն երգ առանց մեղեդու` մարդկանց ամենատարբեր զգացումների ու ապրումների համանվագ: Կրկնվող բառերի շղթայից երբեմն առանձնանում է տղամարդու կամ կնոջ, ծերունական կամ մանկական ձայն:
«Առջին կացին, որ զարկեցին՝
Ծառն օրորաց, ճղեն երաց:
Միջին կացին, որ զարկեցին՝
Ծառն իր օտաց
Արյուն բօխոց:
Հետին կացին, որ զարկեցին՝
Ծառն որոտաց,
Ծառն որոտաց…
Տեր… Տեր Կեցցո և Ապրեցո,
Ծառն Ապրեցրո…»:
— Ծառն իր օտաց արյուն բխօց…
— Ծառն որոտաց, Ծառն որոտաց…
— Տեր… Տեր Կեցցո և Ապրեցո, Ծառն Ապրեցո…
1.
Խավար բեմում հազիվ նկատելի ուրվապատկերային տեսարան է. կլոր մեծ սեղանի շուրջը նստած և այստեղ-այնտեղ կանգնած անշարժ կերպարանքներ:
Դահլիճի տարբեր դռներից հայտնվում են չորս Լրագրավաճառները: Վառվում են դահլիճի լույսերը: Նրանք, լրագրերը թափահարելով, դիմում են դահլիճի հանդիսականներին:
ՉՈՐՍԸ — Օսմանցինե՜ր, ցնծացե՜ք… եկել են փրկարարները…
ՄԵԿԸ — Ալլահ էքբեր… Ալլահի օգնությամբ հաղթեցին նրանք ու տապալեցին սուլթան Համիդին: Կարդացեք «Թաքվիմ-ի Վաքայի» թերթը, որ իմանաք նրանց մասին ամեն ինչ…
ՄՅՈՒՍԸ — Գնեք «Թանին», որ իմանաք, թե ինչպես եկան Երիտասարդ թուրքերը: Եկան ու հաստատեցին «Իթթիհաթ վե թերագգը»՝ «Միություն և Առաջադիմություն» կուսակցության հզոր ուժը…
ԵՐՐՈՐԴԸ — Պարոնայք, գնեք «Ստամբուլ» ձեր սիրելի թերթը և թող Ալլահը ձեզ երջանկություն պարգևի, երբ կարդաք ու իմանաք, որ երբ արյունոտ սուլթան Համիդի բռնակալ վարչակարգը 1877 թվականի ռուս-թուրքական պատերազմի ընթացքին մերժեց ու արգելեց Սահմանադրությունը՝ երիտթուրքերը նորից այն հաստատեցին ի բարօրություն մեր հայրենիքի:
ՄԵԿԸ — Նրանք ատում էին սուլթան Համիդին: Նրանք Ալլահի կամեցողությամբ տապալեցին սուլթանի վարչակարգը և հիմա տեր ու տնօրենն են մեր ճակատագրի:
ՀԱՅԸ — Կարդացեք, պարոնայք հայեր, Հայոց «Ժամանակ» լրագիրը և թող հավատի խորանի դիմաց խնկարկեն ձեր հոգիները, որովհետև նրանք, որ եկան, երգում են ազատության երգ «Մարսելյոզը» և «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը նրանց հեղափոխական ծրագիրն է: Հայեր, ձեր չարչրկված հոգիների դիմաց բացեք եղբայրության լայն դռները, քանզի արդեն վերջ պիտի տրվեն ձեր բոլոր տառապանքներին: Պարոնայք հայեր, գնեք «Ժամանակ» ձեր սիրելի լրագիրն ու նրա էջերում գտեք իմ խոսքի ճշմարտությունը:
ԵՐՐՈՐԴԸ — Օսմանցիներ, գնեք մեր թերթերը: Կարդացեք ճշտված Սահմանադրության մասին…
ՀԱՅԸ — Պարոնայք, ազգային հարցին նվիրված հոդվածները Սահմանադրության մեջ պիտի հպարտությամբ լցնեն ձեր սրտերը: Քանզի այնտեղ շեշտված է. Օսմանյան կայսրության մեջ ապրող բոլոր ազգերը` մահմեդական թե քրիստոնյա, հավասար են: Թուրքը, քուրդը, հույնը, արաբը, հայը հավասար են օրենքի առաջ:
ՄՅՈՒՍԸ — Օսմանցիներ, կարդացեք «Թանին» ու ճանաչեք Թալեաթ, Էնվեր, Ջեմալ մեր եռապետ փաշաներին, որոնք օսմանցիներիս ազատեցին սուլթան Համիդ բռնապետի արյունոտ ճիրաններից:
ՀԱՅԸ — Պարոնայք, կարդացեք «Ժամանակը» և իմացեք, որ հայ քրիստոնյան, որ իրավունք չուներ ծառայել օսմանյան բանակում և զենք կրել, հիմա թուրք և քուրդ երիտասարդների հետ հավասար զենք ստանալով ծառայում է բանակում հանուն մեր օսմանյան հայրենիքի հզորության: Եռապետ իշխանների կամեցողությամբ քրիստոնյան բարձրացվեց և հավասարվեց խսլամի զավակներին: Օրենքի այս կետը ամրագրված է Սահմանադրության մեջ: Հայերն այլևս սպասելիք չպետք է ունենան եվրոպական տերություններից, ինչպես երբ սուլթան Համիդը ջարդի բերան նետեց 300 հազար հայերի ու նրանք անտարբեր մնացին: Հիմա Թուրքիան է հայերի միակ հովանավորն ու պաշտպանը: Աստված պահի, պահպանի Թալեաթ, Էնվեր, Ջեմալ եռապետ փաշաների և նրանց զինակիցների կյանքն ու իշխանությունը:
Լրագրավաճառները հեռանում են: Դահլիճը ընկղմվում է խավարի մեջ: Լուսավորվում է բեմի ուրվապատկերային տեսարանը:
2.
Բեմի կենտրոնում կլոր մեծ սեղանն է` կանաչ ծածկոցով, ետևում կանաչ գույնի դրոշն է՝ արծաթագույն կիսալուսնով ու աստղով: Սեղանի շուրջը նստած են կարմիր թասակավորներ և ճերմակ չալմայավորներ: Սեղանի կանաչ հարթության վրա նրանց ձեռքերն են: Որոշները հանգիստ են թվում, բայց զգացվում է նրանց ներքին լարվածությունը: Որոշները կատաղի գալարումների մեջ են: Որոշները սողում են, և որոշները բռունցք են դարձել ու ջղաձիգ են: Թալեաթի, Էնվերի, Ջեմալի, Նազըմի, Շաքիրի, Շյուքրիի և մյուս երիտթուրքերի պարագլուխների ձեռքերն են:
Անշարժ կանգնածները մոտենում, նստում են սեղանի շուրջ: Քիչ կողմ` փոքրիկ սեղանի մոտ, նստած է սղագրիչ Մեվլան Զադե Ռիֆաթը, նա գրում է` ինքն իրեն թելադրելով:
ՌԻՖԱԹ — «Միություն և առաջադիմություն» հերթական ժողովը, ինչպես միշտ, բացեց Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան:
ԹԱԼԵԱԹ — Հեղափոխությունը հաջողությամբ իրագործելուց հետո, իշխանությունը գրավելուց հետո, սահմանադրությունը վերականգնելուց հետո, այսօր մեր «Իթթիհաթ վե թերագգը» կուսակցության սրբազան խնդիրը պիտի լինի խմբագրել սահմանադրության այն կետերը, որոնք վերաբերում են ազգային հարցին: Այսօր մեր ժողովի նյութը այս է: Սա պարզաբանել վստահենք մեր եղբայր, մեծ մտավորական, մեր ազգի պարծանք Զիա Գեոք Ալփին:
ԶԻԱ ԳԵՈՔ ԱԼՓ — Մեր գլխավոր նպատակն այսօր Կովկասյան լեռնաշղթայից մինչև Պարսից ծոց, Ալթայան լեռներից անդին մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը և դեպի արևմուտք, մինչև Միջերկրական ծովն ընկած տարածությունները միավորել և Թուրքական ամբողջական պետություն ստեղծելն է: Վոլգայի, Թաթարստանի, Սիբիրի, Թուրքստանի գրավումը մեր հաղթանակների պսակը պիտի լինի: Թուրքերի հայրենիքը մի հավերժական երկիր է, որը կոչվում է Թուրան և այնտեղից եկել են մեր նախահայրերը: Սակայն պիտի խոստովանենք. Թուրքիայում իսկական, մաքուր թուրքերիս թիվը, համեմատած կայսրության մեջ բնակվող մյուս ցեղերի հետ, քիչ է: Ընդամենը տասը տոկոս: Մեր կուսակցության առաջնահերթ խնդիրն է միավորել բոլոր թուրքերին հզոր համայնքի մեջ: Մենք հին աշխարհակալների հետնորդներ ենք: Մեր ոգևորության աղբյուրը պիտի լինեն Աթիլլայի, Չինգիզ խանի, Օղուզ խանի սխրանքները: Մենք չպիտի մոռանանք, թե որտեղից եկան նրանք և ուր հասան: Մեր նախնիները թուրքերին հասցրին Ալթայից մինչև Մարմարայի ափերը և դեռ անդին… Չպիտի՞ երազենք արժանի լինել նրանց:
ԹԱԼԵԱԹ — Հայերը սեպի նման խրված են մեր գաղափարների իրագործման ճանապարհի կենտրոնում: Մենք դեռ որքա՞ն պիտի հանդուրժենք «Հայկական հարցը»: Լավ մտածեք սրա մասին, եղբայրներ: Աբդուլ Համիդից առաջ չպե՞տք է անցնենք: Մենք լիակատար հաղթության կհասնենք, եթե մեր կայսրությունը դարձնենք զուտ թուրքական` քրիստոնյա ազգերին վերացնելով: Անատոլիան մեր երկրի կենտրոնն է, իսկ այնտեղ հայերն են: ¥Ջղային:) Ու իրենց Հայկական հարցով ուզում են բարեփոխումներ ունենալ, որովհետև դա իրենց երկիրն է: Ես հարց եմ տալիս. գոյություն ունի՞ ընդհանրապես հայկական երկիր: Գոյություն չունի: Իսկ Թուրքիայում կան միայն հայերով բնակեցված շրջաններ: Դժբախտաբար, կան: Այստեղից էլ` Հայկական հարցը: Մենք պիտի նրանց ասենք. մենք ձեզ չենք ճանաչում, ինչպես չէր ճանաչում սուլթան Համիդը:
ՌԻՖԱԹ — (սղագրում է): Ջեմալ, ծովային նախարար, եռապետ փաշա:
ՋԵՄԱԼ — Ես համաձայն եմ «Մեշվերեթի» թերթի խմբագրի հետ, ով գրեց ու ապացուցեց, թե հայկական մշակույթ առհասարակ գոյություն չունի: Համաձայն եմ նաև «Միրզա» թերթի հարգարժան խմբագիր Մուրադ բեյի կարծիքին, ով իր թերթի անցյալ համարում գրել էր, թե «Բացի թուրքերին ծառայելուց` հայը այլ առավելություն ունենալ չի կարող»:
ԹԱԼԵԱԹ — Հայկական հարցը լուծելու համար պետք է ոչնչացնել հայերին: Ոչ թե հարկավոր է նրանց թուրքացնել, իսլամի հավատին բերել, այլ ընդհանրապես բնաջնջել մինչև վերջին անհատը: Հանուն Թուրանի` հայ անունը պիտի մոռացվի:
ՌԻՖԱԹ — (սղագրում է): Էնվեր, ռազմական նախարար, եռապետ փաշա:
ԷՆՎԵՐ — Այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի երիտթուրքական կենտրոնի մեր կոչը հրապարակենք ողջ մուսուլմանության մեջ: Ահա լսեք. «Մահմեդականներ, բարձրացնենք մեր ձայնը և թուրը աջ ձեռքում, հրացանը՝ ձախ ձեռքում, ռումբերը՝ գրպանում ու ալլահի անունը մեր շուրթերին` հռչակենք «Իթթիհաթ վե թերագգի» պահանջը. մեկ հայրենիք, մեկ ժողովուրդ, մեկ մշակույթ անծայրածիր Թուրանում»:
ՋԵՄԱԼ — Թուրքիան պիտի լինի արևելքում: Սա է մեր նշանաբանը: Պիտի ստեղծվի մեծ Թուրանը, որտեղից եկել են մեր նախահայրերը: Այսօր Անդրկովկասի, ինչպես և Կասպից ծովից արևելք տարածվող ընդարձակ հողերի վրա թուրք ցեղեր են ապրում, ավաղ, դեռ Ռուսիո լծի տակ: Ուրեմն մեր սրբազան պարտքն է իրականացնել թուրք ցեղերի ազատագրումը Ռուսաստանից և աջակցել նրանց միասնությանը որպես Թուրանի ժողովուրդ:
ԶԻԱ ԳԵՈՔ ԱԼՓ — Թուրան ստեղծելու մեր գաղափարը ժամանակավոր և անցողիկ նպատակադրում չէ, այլ ստրատեգիական նշանակություն ունեցող դիրքորոշում: Մեր գաղափարը` հանուն Թուրանի, հանուն թուրքիզմի, մարտնչող գաղափար է:
ԹԱԼԵԱԹ — Այսօր պետք է ընդունենք մեր վճիռները իրագործելու հիմնական բանաձևերը, որոնք կներկայացնի դոկտոր Նազըմը:
ՌԻՖԱԹ — (սղագրում է): Նազըմ, «Միություն և Առաջադիմություն» կուսակցության գաղափարախոս և գլխավոր քարտուղար:
ՆԱԶԸՄ — Համաձայն բնության օրենքների` ստորադաս ցեղերը պետք է գերադաս ցեղերին կեր դառնան: Կոտորելը ազնվականության ցասումն է ստորագույն ցեղերի դեմ, առանց զգացմունքային ազդեցությունների: Սա անգթություն չէ, այլ գերադաս տարրի ոգու արտահայտություն: Թշնամի ցեղի երեխաներին կոտորելը ազգային պաշտպանության կանխարգելիչ միջոց է: Մայրերի արգանդներում իսկ` այդ երեխաները ապրելու անարժան են որպես աստվածամերժ շառավիղներ: Շատ արագ արյան ու սրի միջոցով պիտի որոշվի հայերի ճակատագիրը: Մենք հեղափոխականներ ենք: Հեղափոխությունը չգիտի` ինչ է կարեկցանքը: Մենք պարտավոր ենք արմատախիլ անել անհարազատ ազգերին և մաքրել մեր հայրենիքը: Սա է նշանաբանն ու նպատակը մեր հեղափոխության: Կեցցե՛ մեր նպատակը:
ԲՈԼՈՐԸ — Կեցցե՛:
ԷՆՎԵՐ — Մեր նախնիները 400 ձիավորով կարողացան հիմնել աշխարհածավալ կայսրություն, մի՞թե մենք չենք կարողանալու Մեծ Թուրան ստեղծել մեր հզոր բանակների հրով ու սրով: Պարզապես երկարատև պատերազմ պիտի մղենք հանուն մեր նպատակի: Եվ սրա համար փորձաքար է պետք, որի վրա մեր սրի զարկը ստուգվի ու Թուրան տանող մեր մեծ ճանապարհի արահետը բացվի: Ես կարծում եմ` դա Ադանան պիտի լինի: Ադանան Համիդի կոտորածներից ազատվեց: Այնտեղ մեծ հարստություն կա՝ կուտակված հայերի ձեռքում: Հայ վաճառականների նավերը Միջերկրականի լայնքն ու երկայնքը, իսկ քարավանները` աշխարհի չորս ծայրերը չափելով՝ երկրագնդի հարստությունն են լցրել իրենց պիղծ տները: Ադանա՛ն:
ԲՈԼՈՐԸ — Ադանա՛ն:
ԹԱԼԵԱԹ — Հայերը կարող են պաշտպանվել: Ուրեմն՝ պիտի բացել բանտի դռներն ու դուրս հանել մարդասպաններին: Ադանա պիտի հասնեն կառավարական զորքերը: Կրոնավորների բազմությունները Շարիաթի ու Ղուրանի դոգմաներով պիտի ոգևորեն մահմեդական ժողովրդին, որ նախօրոք զենք կստանան հանձնառու կազմակերպիչներից: Դեպի Ադանա՛:
ԶԻԱ ԳԵՈՔ ԱԼՓ — Ահա իմ երդումը. «Ուր որ դաջվեն իմ քայլերը` արյուն պիտի ժայթքի այնտեղից: Եթե քարը քարի վրա թողնեմ` թող քանդվի ու ավերվի իմ սեփական օջախը: Մահը պիտի լինի գթությունս, զենքս` իմաստությունս, ավերումները` քաղաքակրթությունս: Արդարությունը պիտի կապեմ սրիս ծայրին, քաղաքակրթությունը` ձիուս պայտին: Պիտի կործանեմ ամեն բան Թուրան տանող իմ ճանապարհին: Այնպիսի ավերակներ պիտի կերտեմ, որ տեսնողներն ասեն. այստեղով թուրքեր են անցել»:
Սեղանի շուրջ նստածները ոտքի են կանգնել և Զիա Գեոք Ալփի հետ կրկնում են երդումը: Ռիֆաթը գլուխն առել է ափերի մեջ և անշարժացել:
ՇԱՔԻՐ — (Նկատելով նրա վիճակը` կանչում է:) Ռիֆա՞թ…
ՌԻՖԱԹ — (արագ վերցնում է գրիչը, սղագրում է): Բեհաեդդին Շաքիրը բժշկություն է ուսումնասիրել Փարիզում: Թունդ հեղափոխական է: Կուսակցության երկրորդ քարտուղարն է: Մարդկանց բուժում է սպանելով:
ՇԱՔԻՐ — (մոտենալով): Ի՞նչ բանի ես, Ռիֆաթ…
ՌԻՖԱԹ — Սղագրում եմ ժողովը:
ՇԱՔԻՐ — Ժողովն ավարտվել է:
ՌԻՖԱԹ — Կիսատ տողեր ունեի:
ՇԱՔԻՐ — Ինչո՞ւ մեր երդումի հետ չես երդվի:
ՌԻՖԱԹ — Մտքիս մեջ կերդվիմ… քանի որ կոկորդի ցավ ունիմ: Ձայնս բարձրացնեմ՝ շատ կցավի:
ՇԱՔԻՐ — Ինձ նման բժիշկ ընկեր ունես, ինչո՞ւ չես դիմել, որ բժշկեմ:
ՌԻՖԱԹ — Կուսակցական գործերով շատ ես զբաղված… չուզեցի ժամանակդ խլել:
ՇԱՔԻՐ — (խիստ): Պիտի նայեմ կոկորդդ, տեսնեմ` ի՞նչ է եղել… Թե չէ բարձրաձայն չերդվելը ի՞նչ պատճառ է:
Շաքիրը մոտենում է ընկերներին: Լույսը նվազում է` ստեղծելով կիսախավար միջավայր: Բարձրակետին հասնելով` ընդհատվում է երդվողների ձայները, նրանք ընկղմվում են խավարում: Ռիֆաթը մնում է մենակ:
ՌԻՖԱԹ — Ջիհադը՝ մուսուլմաններիս սրբազան պատերազմը, սկսված է: Ես տեսնում եմ կոտորածը… Սուլթան Համիդի կոտորածի նման սոսկալի, անըմբռնելի… Ամեն կողմից լսվում են կրակոցներ, որոնք խլանում են «Մորթե՜ք… մորթե՜ք գյավուրներին…» ամբոխի բղավոցներից: Քաղաքով մեկ ճերմակ չալմայավորները հետապնդում են սարսափից խելագարված հայերին: Զինվորները հավասարապես գործում են տականքի ու մոլլաների հետ… Նրանց սպանելուց հետո տներն ու խանութները այրում են… թալանելուց հետո: Ողջ քաղաքը` սպանդի, սարսափի, թալանի, հրդեհի, տռփոտ ցանկասիրության եռացող քուրա, որի նկարագրությունը ամենավառ երևակայությունն անգամ անկարող է պատկերել: Եղեռնի արյունաշաղախ ճահճի մեջ ընկղմված քաղաք, որը գտնվում է տիրապետության տակ մարդկանց, որոնք այլևս ոչինչ չունեին մարդկային: Արյան շմոլքից խելագարված գազաններ… Ու չեն բավարարվում միայն սպանելով… Մարդուն ենթարկում են հրեշավոր կտտանքների, որ լսեն դժբախտների աղեկեզ բղավոցները, աննկարագրելի ցավերի ոռնոցը: Ջիհադ… ո՞վ հնարեց քեզ ու դարձրեց իսլամի երկսայրի սուրը մյուս հավատների գլխին: Ես թուրք եմ, իսլամի հավատավոր զավակ: Ես իրավունք ունե՞մ քննել նրա օրենքները: Ջիհադ՝ մուսուլման ժողովրդին ոտքի հանող, երբ հայրենիքը վտանգի մեջ է: Երբ թշնամին դռանդ է չոքել: Հիմա ջիհադ` ինչպես արյունոտ սուլթանի օրերին… Ջիհադ ժողովրդի դեմ, որը, բացի լավից, երկրի համար ոչինչ վատ չի արել: Ի՞նչ ասացին… Ջարդերի ծրագի՞ր, ռազմական անհրաժեշտությո՞ւն… փորձաքար` Ադանա՞ն: Սուլթան Համիդը ո՞ղջ է, ում ատում էի, որովհետև 300 հազար անմեղ հայի ջարդի երախը նետեց, որովհետև անզուսպ բռնապետ էր, խելագարության հասնող կասկածամիտ, ում իր թուրք հպատակը կնքեց կարմիր սուլթան, արյունոտ սուլթան անունով: Ես միացա երիտթուրքերի հեղափոխական խմբին, նրանց հետ երգեցի «Մարսելյոզը» և հղեցի Օսմանյան կայսրության մեջ ապրող բոլոր ազգերին «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կոչը, որ հիմա նրանց հետ կրկնեմ արյունոտ սուլթանի` անմեղ ժողովրդի սպանդի երախը նետելու գո՞րծը… և նրանց հետ իմ ճանապարհին ավերակներ կերտեմ: Ռիֆաթ, փախիր` քանի շուտ է, հեռացիր… քանի դեռ ձեռքերդ ու հոգիդ չեն թաթախվել անմեղների արյունով: Հեռացի՜ր… հեռացի՜ր… (Չարախինդ:) Ոչ, դեռ ոչ, Ռիֆաթ, դու դեռ կմնաս նրանց հետ, որ իմանաս նրանց բոլոր ծրագրերը, գաղտնի, ահարկու ծրագրերը… որ հետո… որ հետո…
Հանգչում է վերջին լույսը: Կատարյալ խավար բեմում և դահլիճում:
3.
Հեռվից լսվում են Չորս լրագրավաճառների ձայները: Դահլիճի դռներից հայտնվում են նրանք:
ՄԵԿԸ — Օսմանցիներ, արդեն գիտեք, որ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում մի սերբ ուսանող ատրճանակը պարպեց ավստրիական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի և նրա դքսուհի տիկնոջ վրա: Կարդացեք «Թաքվիմ-ի Վաքայի» իմ թերթը, որ իմանաք, թե ինչ եղավ գահաժառանգի սպանությունից հետո:
ՄՅՈՒՍԸ — Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարել Սերբիային: Ավստրիայի զինակից Գերմանիան՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և Բելգիային: Ալլահի հավատավոր ժողովուրդ, կարդացեք «Թանին» և իմացեք մանրամասներ, թե ինչո՞ւ Անգլիան, Բելգիայի պատրվակով, պատերազմ հայտարարեց Գերմանիային և Ավստրո-Հունգարիային:
ՀԱՅԸ — Գնդակները, որ սպանեցին պայծառափայլ զույգին, իրենց կայծերը տարածեցին տարիներ շարունակ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Օվկիանիայի, զույգ Ամերիկաների զենք ամբարած զինանոցներում և ազգերին հանեցին ոտքի: Արդեն միլիոնների հասնող բանակներ են բախվում: 1914 թվականի օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Կարդացեք «Ժամանակը»` կիմանաք մանրամասներ:
ԵՐՐՈՐԴԸ — Գերմանիան փնտրում է նոր դաշնակիցներ: «Ստամբուլ» թերթն ասում է, որ դա կարող է Թուրքիան լինել: Այսօր դեռ ենթադրություններ են… Վաղը ամեն բան կպարզվի:
Նրանք հեռանում են: Դահլիճը ընկղմվում է խավարի մեջ:
4.
Բեմում, սեղանի շուրջը նստածներին են միանում անշարժ կերպարանքները: Ռիֆաթը գրում է:
ԷՆՎԵՐ — Պողպատե բանակների տեր հզոր Գերմանիան կանգնած է մեր թիկունքին, ուրեմն ոչ միայն Մակեդոնիան, այլև Կովկասն ու Եգիպտոսը պիտի առնենք «Իթթիհաթ վե Թերագգըի» իշխանության տակ: Աշխարհի ամենահզոր կայսրությունը պիտի դարձնենք Թուրքիան:
ՀԱԼԻՄ ՓԱՇԱ — Պարոնայք, տերության և հայրենիքի կենաց ու մահու խնդիր է, պետք է զգույշ լինել: Մեր դեմ կանգնած թշնամիները հսկաներ են: Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի զորությունները անտեսել չի կարելի: Գտնում եմ, որ մեզ համար ամենից ապահովը զինյալ չեզոքությունն է:
ԷՆՎԵՐ — Փաշա, ի՞նչ եք ասում, խենթացա՞ք… Ինչպե՞ս կարելի է զինյալ չեզոքություն պահել, երբ Պոլիսը մեր դարավոր թշնամուն` Ռուսաստանին է խոստացված:
ՀԱԼԻՄ ՓԱՇԱ — Սա ընդամենը լուր է, որը կարող է չհամապատասխանել իրականությանը:
ԹԱԼԵԱԹ — Մեր արտաքին տեղեկությունները սխալ չեն կարող լինել:
ԷՆՎԵՐ — Վանգենհայմը՝ Գերմանիո դեսպանը Թուրքիայում, շատ լավ գիտե մեր գործերի մասին: Բալկանյան պատերազմի ժամանակ մեր բոլոր միջոցները վատնել ենք: Սպառել ենք ֆինանսները: Բայց անկախ այդ բոլորից` Գերմանիան ուզում է մեզ վերցնել զինակցության մեջ: Սև ծովում գտնվող ռուսական նավատորմիղը մեկ հարձակումով ոչնչացնելու կարողությամբ օժտված գերմանական երկու ռազմանավերը մեզ են հանձնվում գերման ծովային ամենաճարպիկ սպաներով հանդերձ, և ավելին, խոստանում են տալ մեզ հարկավոր դրամը, ռազմամթերքը, նաև տրամադրել զինական ուժ: Եվ դեռ կասկածում ենք ու դժգոհ ենք… Ինչո՞ւ մեզ վրա թափվող այս բարիքները չենք կարողանում գնահատանքով ընդունել: Նրանց խնդիրն ի՞նչ է. ապահովել Բեռլին-Պոլիս գիծը: Նեղուցները զինելով` Ռուսիային արտաքին օժանդակություններից զրկել և նրանց ու մեր միացյալ ուժերով ճզմել: Կովկասը մեզ տալով` ուզում են մեր առջև Թուրանի ճանապարհը բացել: Օգնելու են Թուրքիո ամբողջականությանը սպառնացող ժողովուրդներին ոչնչացնել:
ԹԱԼԵԱԹ — Գերմանիո առաջարկած զինակցության պայմանները նույնությամբ ընդունելու և ստորագրելու համար տվեք ձեր քվեները:
Տեսարանը ընկղմվում է խավարի մեջ: Լուսավորված է սղագրողի սեղանը:
ՌԻՖԱԹ — Գերմանիան Թուրքիային կարողացավ քաշել պատերազմի մեջ: Գերմանական երկու ռազմանավերը` «Կոպենը» և «Բրեսլավը» վերանվանվեցին «Եավուզ» և «Միտիլլի», դուրս եկան Սև ծով և ռմբակոծեցին Օդեսայի նավահանգիստը` խորտակելով ռուսական մի քանի նավ: Օսմանյան տորմիղը անվնաս վերադարձավ Պոլիս: 1914 թվականի հոկտեմբերի 19-ին սկսվեց թուրքերի և ռուսների միջև պատերազմը: Նոյեմբերի 5-ին Թուրքիան պատերազմ հայտարարեց Անգլիային, նոյեմբերի 6-ին` Ֆրանսիային: Իսկ հայերի հանդեպ սկսվեց վայրագ քաղաքական ոճիր: «Իթթիհաթ վե Թերագգըի» պատմական գաղտնի նիստը կկարողանա՞մ նկարագրել: Կկարողանա՞մ նկարագրել Օսմանյան հեղափոխության մութ ծալքերը և Իթթիհաթի հայաջինջ ծրագրերը:
Կիսախավարում Նազըմը նյարդային ետուառաջ է քայլում, ջղային մենախոսում է:
ՆԱԶԸՄ — Խոսքով փլավ չեն եփում: Պետք է գործել արագ և վճռական: Հայերը վտանգավոր են, ինչպես թարախապալարը. սկզբում այդ թունավոր վերքը թվում է անվտանգ, բայց եթե ժամանակին չվիրահատվի փորձված վիրաբույժի կողմից, անպայման կհանգեցնի մահվան: Անհրաժեշտ է գործել, և գործել արագ: Եթե բավարարվենք մասնակի կոտորածներով, ինչպես եղավ 1909 թ. Ադանայում, որտեղ սպանվեցին ընդամենը 30 հազար հայ, ապա դա օգուտի փոխարեն վնաս կբերի: Հայերին պետք է հիմքից արմատախիլ անել այնպես, որ ընդմիշտ մոռացվի բուն հայ անունը: Հիմա պատերազմ է. այսպիսի հարմար առիթ այլևս չի լինի: Մեծ տերությունների միջամտությունն ու համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքները կմնան աննկատ, իսկ եթե իմանան էլ` կկանգնեն կատարված փաստի առաջ, և դրանով իսկ հարցը կսպառվի: Մեր գործողությունները պետք է հայերի համընդհանուր բնաջնջման բնույթ կրեն: Հնարավոր է, որ ձեզանից մեկը դա գազանություն համարի: Խնդրում եմ, մի եղեք այդքան փափկանկատ ու գթասիրտ, դա վտանգավոր հիվանդություն է: Դաժանությունը բնության օրենքն է, այն կարելի է ընդունել կամ մերժել միայն դատողություններում: Մի՞թե կենդանի էակները, նույնիսկ բույսերը չեն ապրում ուտելով ու ոչնչացնելով միմյանց: Գուցե դուք ասեք. «Արգելեք նրանց, չէ՞ որ դա բարբարոսություն է»: Վայ մեզ, եթե այդ մաքրագործումը վերջնական չլինի: Հեղափոխությունը խղճահարություն չի ճանաչում: Նա հետամուտ է իր նպատակին և փշրում է իր ճանապարհին եղած բոլոր խոչընդոտները:
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ — Ձերդ բարձրության բարեհաճ թույլտվությամբ և աստծո օգնությամբ, ես նույնպես, ինչպես իմ դոկտոր եղբայրները, կցանկանայի մի քանի խոսք ասել, բայց ո՛չ արևմտյան գիտության տեսանկյունից, այլ հենվելով արևելյան գիտության և սուրբ օրենքի` շարիաթի վրա, որի համաձայն այն ամենը, ինչ վնասակար է, պիտի կործանվի: Ճշտիվ ապացուցված է, որ հայերը վնասակար են: Առանց տատանվելու պետք է կոտորել բոլորին մինչև վերջին մարդը: Մուհամմեդ Րիշատե սուլթանը, ով սուլթան լինելուց բացի խալիֆ է, Ալլահի տեղապահը երկրի վրա, կրոնական ամենամեծ անձը, Սրբազան պատերազմ՝ Ջիհադ է հայտարարել: Իսկ ես՝ իսլամի, բոլոր մահմեդականների առաջնորդ Շեյխ-Ուլ-Իսլամս իմ կոչն եմ ուղղել Ալլահի ճշմարիտ հավատացյալներին: «Համաշխարհային մեծ պայքար է, որի ժամանակ միավորվում են բոլոր երկրների մահմեդականները և մարզված բանակները: Աշխարհի բոլոր երկրների մեջ ապրող երեք հարյուր միլիոն մահմեդականնե՛ր, սկսված է Իսլամի «Սրբազան պատերազմը»՝ ջիհադը: Մեր հոգիների մեջ ապրող անսահման ատելությունը, որն ունենք անհավատ շների՝ քրիստոնյաների հանդեպ, մեզ առաջնորդում է նրանց ջարդելու և աշխարհի երեսից նրանց սրբելու: Խոսքը բոլոր քրիստոնյաների մասին է, բայց առավելապես` հայերի: Ալլահը մեծ է, Ալլահը միակն է, և Մուհամմեդը նրա մարգարեն է: Կատարեք Ալլահի ու նրա մարգարեի կամքը: Ո՜վ մուսուլմաննե՛ր»:
ԲՈԼՈՐԸ — (կատաղի): Բնաջնջել հայերին, բնաջնջել խոզ անհավատներին, բնաջնջել…
ԹԱԼԵԱԹ — Դոկտոր Բեհաեդդին Շաքիր, դոկտոր Նազըմ և կրթության նախարար Շյուքրի, դուք, որպես «Եռյակ գործադիր կոմիտե», պիտի հոգաք այս մեծ գործը կատարելու համար ծրագիր առաջադրելը:
ՇԱՔԻՐ — Հիմա, ամեն բանից առաջ, անհրաժեշտ է, որ տրամադրության տակ ունենանք զինյալ անկախ մի ուժ, որովհետև հայերի բնաջնջման գործը չենք կարող հանձնել բանակին ու ոստիկանությանը: Գործը չենք կարող կատարել տալ միայն ժողովրդին, որովհետև զինելով ամբոխին` հնարավորություն ենք տալիս նրան այդ զենքը մեր դեմ ուղղել: Մեզ պետք է մի առանձին մասնավոր ուժ, որով կարողանանք պաշտպանել մեր գործունեության անկախությունն ու ազատությունը: Այս ուժը ուզած կողմը ուղարկելը մեր` երեքիս իրավունքը պիտի լինի որպես Եռյակ գործադիր կոմիտե: Բոլորը պիտի գործադրեն երեքիս հրամանները, իսկ մենք պիտի ենթարկվենք Կենտրոնական կառավարությանը Թալեաթ փաշայի գլխավորությամբ: Իսկ որտե՞ղ է մեր պատկերացրած ուժը: Բանտերո՛ւմ: Ոճրագործ, մարդասպան մարդիկ: Եթե սրանց արձակել տալով` մե՛զ ենթարկենք և խմբերի բաժանենք, կարծում եմ` շատ լավ «Մասնավոր կազմակերպություն» ստեղծած կլինենք:
ՆԱԶԸՄ — «Մասնավոր կազմակերպություն», ի՜նչ գեղեցիկ անուն, ի՜նչ արդիական անուն… Կեցցե՛ս:
ՇԱՔԻՐ — Ձեզ վստահեցնում եմ. առանց բանակին ձեռք տալու, մեկ ամսվա ընթացքում 10-12 հազար ընտրյալ ուժի տեր կդառնանք: Նրանց կբաժանենք նվազագույնը՝ տասը, առավելագույնը՝ հիսուն հոգուց բաղկացած ջոկատների, բոլոր ջոկատների վրա չեթեներից վստահելի խմբապետներ կնշանակենք մեր հրամանին ենթակա: Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան կորոշի, թե որ գավառի հայերը պիտի առաջինը բնաջնջվեն, իսկ մենք այնտեղ կուղարկենք «Մասնավոր կազմակերպության» ուժերից` որքան հարկավոր է: Սրանք մեր որոշած տեղերում, հարմար վայրերում կոչնչացնեն հայերի քարավանները: Հայերի գույքը, դրամը, գոհարեղենը իբրև ավար կբաժանվի չեթեներին: Կանանց և աղջիկներին սպանելուց առաջ կարող են լլկել որքան կամենան:
ԹԱԼԵԱԹ — Ահա իմ հրամանը. «Հայերին հանել իրենց բնակավայրերից և ուղարկել ուրիշ վայրեր, որպեսզի նրանք չկարողանան սպառնալ բանակին և երկրի խաղաղությանը: Քաղաքային և զինվորական իշխանությունները պարտավոր են անվերապահորեն և շուտափույթ ի կատար ածել կառավարության այս որոշումը: Արդ, կառավարությունն ու Իթթիհաթի Մեծ Կոմիտեն կոչ են անում բոլոր տրամադրելի ուժերով աջակցել «Միություն և առաջադիմություն» տեղական մարմիններին, որոնք 24 ապրիլի 1915 թվականի արևածագից սկսած, գաղտնի ծրագրի համաձայն, գործադրեն այս հրամանը»:
Բոլորը ծափահարում են, իրենց սիրելի երդումը՝ «Արդարությունը պիտի կապեմ սրիս ծայրին…» երդվելով հեռանում են: Բեմում միայն Ռիֆաթն է:
ՌԻՖԱԹ — Ապրիլի 24-ի՞ն… Կոտորածը վաղուց էր սկսվել: 60 հազար հայ զինվոր վաղուց ոչնչացված էր: Վաղուց չկային նրանք, որ զենք վերցնելով` կարող էին պաշտպանել իրենց տունը: Հիմա արդեն մնացած ժողովրդի հաշիվը հեշտությամբ կարելի էր փակել: 1914 թվականի վերջերին արդեն բոլոր հայ զինվորները զինաթափվել էին և վերածվել ճանապարհաշինարար բանվորների կամ բեռներ կրող անասունների, որոնք թուրքերի սվինների և խարազանների հարվածների տակ, ահռելի ծանրություն ուսերին առած, հոգնած մարմիններն էին քարշ տալիս Կովկասյան լեռների բավիղներում` ճանապարհ բացելով բանակի համար, մինչև գոտկատեղը խրվելով ձյան մեջ, օր ու գիշեր շարունակ, առանց հանգստի, անսնունդ, քաղցից նվաղելով և այդ դաժան ճանապարհներին հարյուրներով մեռնելով: Ովքեր տեղ էին հասցնում բեռները, խմբով տանում էին հեռու մի տեղ և սպանում` նախօրոք ստիպելով փորել իրենց գերեզմանները: Իսկ անպաշտպան մնացած ժողովուրդը տարագրվում էր հատուկ ընտրված վայրեր և հանձնվում «Մասնավոր կազմակերպության» չեթեներին: Սրանք հոշոտում էին դատապարտվածներին առանց խնայելու:
Ռիֆաթի խոսքն ընդհատվում է փոթորկող բնության ձայներով, մտրակների շաչյուններն ու կրակոցները լրացնում են պատկերը: Ձայների քաոսից առանձնանում է դատապարտվածների նույն աղոթքը՝ բազմաձայն երգը առանց մեղեդու: Նաև Ռիֆաթի խոսքը՝ այս բոլորի հետ: Պետք է լսել բոլոր ձայները միասին և առանձին: Ձայնի տեսարանն է:
ԱՂՈԹՔԸ — «Առջին կացին,
որ զարկեցին՝
Ծառն օրորաց, ճղեն երաց:
Միջին կացին, որ զարկեցին՝
Ծառն իր օտաց
Արյուն բօխոց:
Հետին կացին, որ զարկեցին՝
Ծառն որոտաց,
Ծառն որոտաց…
Տեր… Տեր Կեցցո և Ապրեցո,
Ծառն Ապրեցո…»:
Աղոթքը կրկնվում է մինչև տեսարանի ավարտը: Ձայների հետ հնչում է Ռիֆաթի ձայնը:
ՌԻՖԱԹ — Ոճրագործ ոհմակների վայրագություններն ու քստմնելի ոճիրները նկարագրելիս` ինչպե՜ս ձեռքիս սարսափից չդողա գրիչը…
ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ
6.
Խավար բեմում հազիվ նկատելի կանգնած է հայ Լրագրավաճառը: Հայտնվում են Երեք թուրք լրագրավաճառները, նրանց խոսքը զուսպ է, ջղային ու նյարդային:
ՄԵԿԸ — Օսմանցիներ, փառք Ալլահի զորությանը, պատերազմը ավարտվեց…
ՄՅՈՒՍԸ — Չորս տարի, երեք ամիս, տասը օր տևած համաշխարհային պատերազմն ավարտվեց: Մեր թերթերի մեջ ամեն բան գրված է…
ԵՐՐՈՐԴԸ — Թուրքերս չհաղթեցինք: Թուրքերս պարտվեցինք: Անեծք հաղթողներին, Թուրանի ճանապարհը փակ մնաց: Ողբացեք, Ալլահի զավակներ…
ՄԵԿԸ — «Իթթիհաթ վե Թերագգըի» եռապետ փաշաները հաշտություն խնդրեցին հաղթողներից: Զինադադար, որ հաղթողները չտիրեն մեզ ու լափեն հաղթողի իրավունքով…
ԵՐՐՈՐԴԸ — Անիծված 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրուսի մեջ զինադադար կնքվեց…
ՄՅՈՒՍԸ — Անտեր, անտիրական օսմանցիներ, ձեր տերերը, Թուրքիո հզոր եռապետ փաշաները՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, ոստիկանապետեր Պետրին ու Ազիմը, բժիշկներ Նազըմը, Շաքիրն ու մյուսները, որ մեզ խոստացել էին անծայրածիր Թուրան երկիր, մեծ հարստություն առած, գերմանական ռազմանավով նեղուցի ու Սև Ծովի ճանապարհով իրենց պաշտած հայրենիքից գաղտագողի փախուստ տվեցին՝ Թուրքիո ժողովրդին թողնելով Թուրանի մասին երազների մեջ:
ԵՐՐՈՐԴԸ — Սրանց փախուստը հրապարակախոս Թեֆիգ Խալիտ բեյի` մեր հայրենիքի անփառունակ պարտությունից խոցված սիրտը դրդեց գրել. «Պարոններ, դեպի ո՞ւր» հոդվածը…
ՄԵԿԸ — Վերցրեք մեր թերթերը, կարդացեք Խալիտ բեյի հոդվածը, թող ձեր սրտերն էլ լցվեն ջղայնությամբ…
ԵՐՐՈՐԴԸ — Մի քանի տող կարդամ` լսեք, որ հետո ամբողջը ցանկանաք կարդալ: «Պարոններ, դեպի ո՞ւր: Զարկեցիք, կոտրեցիք, քանդեցիք, սպանեցիք, այրեցիք, և երբ թշնամին մեր տունը մտավ, մեր դիակների միջով օձերի պես սողալով` անհետացաք: Աչքներդ արյունով լցված, մինչև ատամներդ զինված օձ փաշաներ, դեպի ո՞ւր: Դուք ոչ թե նախարար, այլ ավազակապետ ու ելուզակ էիք, դուք ոչ թե կուսակալ, այլ ապստամբապետ էիք: Խմբերով հայերին լեռները տանելով` սրի անցկացրիք: Անմեղ հայերի հայրերին ու զավակներին սպանեցիք և Անատոլիայի մեջ այրի կանայք ու որբեր անգամ չթողեցիք: Օջախներ մարեցիք, քաղաքներ քանդեցիք: Ո՛չ օրենք ճանաչեցիք, ո՛չ գութ ունեցաք և ո՛չ՝ խիղճ: Եթե մեր երակներում մի կաթիլ արյուն և մեր բազուկներում մի քիչ ուժ մնացած լիներ, ձեր օձիքը բռնելով` մեր վրեժը պիտի լուծեինք: Մինչ դուք՝ ազատ, համարձակ, թևերդ թափ տալով և մեր երեսին էլ թքելով, հեռացաք: Մի օր ետ կգաք և ձեր փեշերը նորից մեզ համբուրել կտաք: Մենք, միևնույն է, ձեզ չենք հարցնելու, թե էլի քանի տասնյակ ջարդ եք ուզում կազմակերպել: Ուրեմն ձեր իրավունքն է` վաղը մեզ ասելու. «Ձեր մահվան տեսակը ընտրեք»: Մեզ արժանի փաշաներ, դեպի ո՞ւր…»:
ՄՅՈՒՍԸ — Ի՞նչ է լինելու Օսմանյան կայսրության հետ` մեր թերթերը չեն կարող պատասխանել, բայց ենթադրություններն էլ հետաքրքիր են: Կարդացեք՝ կիմանաք:
ՄԵԿԸ — Պիտի սպասենք Խորհրդարանի Երեսփոխանական ժողովին, որ պիտի վստահություն հայտնի նոր կառավարությանը…
ԵՐՐՈՐԴԸ — Ալլահի ողորմածությամբ նոր կառավարությունը իսկական թուրքերիս արժանի կլինի: Գնեք թերթեր, ամեն նոր բան կիմանաք…
Արագ հեռանում են: Դահլիճը ընկղմվում է մթության մեջ:
7.
Բեմը դատարկ է: Պատին կառչած հայ Լրագրավաճառ Սահակը առաջ է գալիս կիսամեռ, հոշոտված… Պարանոցից կախ կեղտոտ շորի մեջ ինչ-որ բան երբեմն տանում է շուրթերին ու համբուրում: Ձեռքը թափահարելով` իբր լրագիր է վաճառում, մյուսը սեղմած կողքին` իբր լրագրերի տրցակ կա թևի տակ: Խոսքը խառնաշփոթ՝ համապատասխան հիվանդագին վիճակին:
ՍԱՀԱԿ — Գնեք… գնեք լրագրերս… Ամեն բան գրված է… Պատերազմ է… Մեր պանծալի հայրենիք Թուրքիան կպատերազմե աշխարհի հետ… (Դահլիճին.) Դուք ինչո՞ւ անտարբեր կանցնիք… Կուզե՞ք` տողեր կարդամ… Կարդամ՝ իմանաք… (Իբր կարդում է` լրագիրը աչքերի դեմ բռնած:) Զավեն Պատրիարքի շրջաբերական կոնդակը. «Հայ ժողովուրդ, միահամուռ կերպով ձեր ջանքերը համախմբեք, նյութական ու բարոյական օգնություն ընծայեք»: Ընծայեք… գրված է` ընծայեք… նյութական ու բարոյական օգնություն թուրք բանակին, նավատորմիղին… ամեն տեսակ ծառայություններով դյուրացրեք… դյուրացրեք օսմանյան հայրենիքի պաշտպանության գործը… գործը… Հայ ժողովուրդ, առատաձեռն նվերներով օժանդակեք թուրք կարմիր մահիկին… (Դահլիճին.) Կարմիր մահիկին… Ստամբուլի, Զմյուռնիայի հիվանդանոցներում հարյուր, էլի հարյուր… շատ հարյուր անկողիններ պատրաստվեց հայերի միջոցներով… Էստեղ գրված է… միջոցներով ու ձեռքերով… Դարդանելից ամեն օր բերված հազարավոր… էլի հազարավոր թուրք վիրավորների համար… Հայ բժիշկը, հայ դեղագործը, հայ հիվանդապահուհին խնամում էին… գրված է` խնամում էին… Հետո չխնամեցին… հանկարծ անհետացան… Կային ու չեղան… Զավեն Պատրիարքը լաց լացեց… Էսպես (խփում է գլխին) խփեց գլխին ու լաց լացեց… Էսպես… (Լացի միջից, բառերը հազիվ մոտ-մոտ բերելով:) Չէ, իմ զինվոր Սարգիս եղբայրը չզոհվեց հանուն հայրենիքի՝ զենք չուներ… Բեռ ուներ մեջքին… մեծ բեռ… էլի մեծ… Ծանր… Իմ եղբայր զինվոր Սարգիսը մինչև մեջքը ձյուների միջով կերթար… բեռն ուսին… ծանր… կերթար… տեղ հասավ… բեռը ցած դրեց… իր գերեզմանը փորեց… փորեց… ձյուների մեջ… փորեց… փորեց… հասավ հողին… փորեց, փորեց… հասավ քարին… Քարը գրկեց իմ զինվոր եղբայր Սարգիսը… (Երևակայական թերթը թափահարելով:) Էստեղ գրված է` շատ հազար Սարգիս զինվոր… եղբայր… փորեցին… փորեցին… հասան քարին…
Հայտնվում է Քահանան պատառոտուն փարաջայով և ոտնամաններով, շուրջը նայելով ու կիսաձայն կանչելով:
ՔԱՀԱՆԱ — Սահակ, ո՞ւր ես, նորից ո՞ւր կորար… (Տեսնելով տղային:) Սահակ, նորից ինչո՞ւ հեռացար, որբերի հավաքատեղի պիտի տանեմ քեզ: Կփախչես, կգտնեմ-կբերեմ, նորից կանհետանաս: Էնտեղ քեզ հաց կուտան, ապուր կուտան, լավ չէ՞… Խոտ կուտան, որ փռես տակդ ու փափուկ-փափուկ քնես, լավ չէ՞… Նորեն ինչո՞ւ ծանր-ծանր կուլաս…
ՍԱՀԱԿ — Մեռելներիս խրտվիլակները գուքան, կքաշկռտեն ինձի… «Ինչո՞ւ դու ապրեցիր»,- կասեն. «ու մենք՝ ոչ»: Ի՞նչ պատասխան տամ… Ինչո՞ւ ապրեցի…
ՔԱՀԱՆԱ — Աստծո կամքն էր:
ՍԱՀԱԿ — Աստված ինչո՞ւ չկամեցավ, որ նրանք էլ ապրեն:
ՔԱՀԱՆԱ — Աստծո խորհուրդը անբացատրելի է:
ՍԱՀԱԿ — Իմ ապրելը բացատրելի՞ է:
ՔԱՀԱՆԱ — Ետ ես դարձել Տեր-Զորի անապատներից… ու փառք Աստծո:
ՍԱՀԱԿ — Ու փառք Աստծո… (Համբուրում է պարանոցից կախված կապոցը:)
ՔԱՀԱՆԱ — Ի՞նչ է կապոցիդ մեջ… Ամեն անգամ կհարցնեմ ու չես պատասխանե…
ՍԱՀԱԿ — Իմն են…
ՔԱՀԱՆԱ — Գիտեմ` քոնն է: Չասե՞ս՝ ինչ է…
ՍԱՀԱԿ — Անապատից հավաքեցի: Արաբ բեդուինը հարցրեց` ի՞նչ է… Ավազների մեջ քնած էի… Չէ, քնած չէի… Ես կնայեի երկնքի աստղերին՝ մոտ… սիրուն… շատ սիրուն, էլի սիրուն… Ավազը փափուկ, աստղերը սիրուն… Աստղերն ու ավազը ինձ ասացին՝ քնիր… Ասացին` մերիկդ երգ կերգե, որ դու քնես, անուշ տղա… Ասացին` անուշ տղա… Մերիկիս նման… Երբ քնեցի ու մեռա, անապատից հավաքեցի ոսկորներս, որ հետս տանեմ…
ՔԱՀԱՆԱ — Ո՞ւր տանես…
ՍԱՀԱԿ — Աստղերի մոտ: Բեդուինը ինձ հանեց ավազի միջից, ջուր տվեց… Խմեցի, խմեցի, էլի խմեցի… Ինձ տարավ… Դրեց ուղտի վրա ու տարավ: Գնացինք… գնացինք… հասանք… Ծառեր էին, ճերմակ վրաններ… Արաբ բեդուինն ասաց` ես շատ տղա երեխեք ունեմ, դու էլ կդառնաս իմ տղան: Ուղտից իջեցրեց: Ասացի. ես պիտի, գնամ վաճառեմ իմ լրագրերը, մարդիկ կսպասեն իմ լրագրերին… Արաբը հարցրեց` ո՞ր մարդիկ… Ասացի՝ հայերը… Հայերն անապատի մեջ մնացին՝ ասաց… Ասաց` ես քեզ անապատից հանեցի, դու իմ տղան կդառնաս… (Ջղային:) Ես իմ լրագրերը պիտի վաճառեմ՝ ասացի…
ՔԱՀԱՆԱ — Խեղճ տղա, ինչպե՞ս տեղ հասար… մենակ, տանջահար: Տեղ հասնելու չէիր՝ ինչպե՞ս հասար…
ՍԱՀԱԿ — (դեպի դահլիճ, բարկացած): Գնեք լրագրերս… գնեք… Ես թողեցի սիրուն աստղերը, բեդուինի կուժիկով ջուրը, եկա-հասա, որ վաճառեմ լրագրերս, որ իմանաք` ինչը ինչոց է… Դուք անապատի՞ մեջ եք, որ չեք ուզե իմանալ` ինչը ինչոց է…
Տղան իջնում է դահլիճ և մթության մեջ խարխափելով առաջ է գնում ու խոսում լացախառն շշուկով:
ՍԱՀԱԿ — Իմ եղբայր Սարգիսը իմ ձեռքից բռնած բերեց, հասցրեց, որ դուք գնեք իմ լրագրերը… որ իմանաք, իմանաք… կարևոր է… ճի՞շտ է… կարևոր է, որ իմանաք…
Քահանան, որ տղայի ետևից իջել էր բեմից, հասնում է և գրկում նրան:
ՔԱՀԱՆԱ — Գնանք, խեղճ տղա, սրանք քո լրագրերը առնողը չեն: Ես քեզ կտանեմ մի տեղ, որտեղ կվաճառես լրագրերդ, էնտեղ քեզ հաց կտան, ապուր կտան, կուժիկով ջուր կտան, կլողացնեն, լաթերդ կփոխեն ու լրագրերդ կառնեն, որ իմանան` ինչը ինչոց է:
ՍԱՀԱԿ — (բղավում է): Օսմանցիներ, մեր մեծ հայրենիքը կպատերազմե աշխարհի հետ… Թերթերիս մեջ գրված է հավասարություն, եղբայրություն, ազատություն, բոլորս մեկտեղ կռվենք, հաղթենք… բոլորս մեկտեղ` թուրք, հույն, արաբ, քուրդ, հայ, մեկտեղ հավասար ենք… Թերթերս վաճառեմ՝ նորից անապատ պիտի երթամ, որ ասեմ ավազների մեջ քնածներին… ասեմ` եղբայրություն է… (Լաց լինելով:) Ինչո՞ւ չեն հավատա…
ՔԱՀԱՆԱ — Խաղաղվիր… ինձ լսիր, պատերազմը ավարտվել է, հին կառավարությունը մերժվել է: Թուրքիո խորհրդարանի Ժողովը նոյեմբերի 4-ին սկսվել է: Ժողովը պիտի հաստատի նոր կառավարություն, որ կարողանա պատերազմի վերքերը բուժել: Երթանք, տղաս, երթանք… պիտի անդադար աղոթեմ Աստծուն, որ խաղաղություն տա հիվանդ, բզկտված բոլոր հոգիներին: Երթանք, տղաս, ես քեզի կտանեմ ապաստարան, որ հաց ու տաք ապուր տան քեզ, լաթերդ փոխեն: Հիմա երթանք, հետո կգաս ու նորից կվաճառես քո լրագրերը:
ՍԱՀԱԿ — Մեռելները թմբուկ կզարկեն, զուռնա կփչեն ու կպարեն… Ուս-ուսի կպարեն… ուժեղ կպարեն… քրտինքը կծորա, կթափի ճակատներից… մարմինների վրայից կծորա, կհավաքվի ոտքերի տակ ու արյուն կդառնա… Կտեսնիս… չփչփացնելով արագ-արագ կպարեն արյուն դարձած քրտինքի մեջ… էսպես… էսպես… (Սկսում է պարել:)
ՔԱՀԱՆԱ — (գրկելով նրան` դադարեցնում է խելահեղ պարը): Հանդարտվիր, խեղճ զավակս, հանդարտվիր…
Քահանան, տղայի ուսերը գրկած, դուրս է բերում դահլիճից: Լուսավորվում է բեմը:
8.
Պատերազմից հետո Թուրքիո խորհրդարանի առաջին Ժողովն է: Տեսարանը վերացարկված է՝ առանց նկարագրական ճշգրտության: Խորքում Թուրքիո դրոշն է, կենտրոնում Նախագահի սեղանն է, աջ ու ձախ կողմերում` պատգամավորների աթոռները: Հայ, հույն, արաբ պատգամավորները մի կողմում են, թուրքերը՝ մյուս: Պատգամավորներ կան նաև դահլիճում: Դահլիճը խավար է, բայց տեսարանի ընթացքում, պատգամավորների ելումուտի շնորհիվ, դառնում է մասնակից բեմում կատարվող գործողությանը:
ՆԱԽԱԳԱՀ — Հարգարժան պարոններ, 1918 թվականի նոյեմբերի 4-ին Թուրքիո խորհրդարանի առաջին հավաքն է պատերազմի ավարտից հետո: Ժողովին են հղվել մի քանի պաշտոնական դիտողագրեր հայ, հույն, արաբ և թուրք երեսփոխանների կողմից: Առաջինը Զմյուռնիա նահանգի հույն երեսփոխան, պատգամավոր Էմմանուելիտեն է:
ԷՄԱՆՈՒԵԼԻՏԵ — Իմ դիտողագրի առաջին կետը. «Հայ ազգին պատկանելուց զատ ուրիշ որևէ հանցանք չունեցող երկու միլիոն այրեր, կին և երեխա, առանց բացառության, սպանվեցին և կոտորվեցին»: Երկրորդ կետն էլ այս է. «Քառասուն դարերից ի վեր երկրի քաղաքակրթության հիմնաքարը հանդիսացող հույներից 55 հազար մարդ Սև ծովի, Չանաքքալեի, Մարմարա ծովի ափերից ու կղզիներից, Օսմանյան կայսրության սահմաններից արտաքսվեցին, կողոպտվեցին, շատերը կոտորվեցին»: Իմ դիտողագրի հիմնական կետերը նախորդ կառավարության վարքագծին են վերաբերում:
ՆԱԽԱԳԱՀ — Ձայնը Դիվանիեի արաբ երեսփոխան Ֆուատինն է:
ՖՈՒԱՏ — Պարոնայք, իմ դիտողագիրը շոշափում է ոչ միայն հայկական ջարդերը, այլ նաև կառավարության շատ ուրիշ ապօրինի արարքները: Ոճրագործությունների դուռը բացողը, մարդկային և իրավական կանոնների դեմ մեղանչողը «Ժամանակավոր օրենք» էր, որով նախկին կառավարությունը երկիրը վերածեց ողբերգական բեմի: Այդ «Ժամանակավոր օրենքը» անմիջական աղերս ունի «Տեղահանությա՛ն օրենքի» հետ, որն ընդունվեց 1915 թվականի մայիսի 14-ին և հորջորջվեց «Ժամանակավոր օրենք»: Եվ զավեշտն այն էր, որ նախքան այս օրենքի ընդունումը` Թալեաթն արդեն ձեռնարկել էր հայերի տեղահանության գործը Զեյթունում, Մարաշում, Պոլսում: Այդ գործողությունները ի կատար ածեցին Ներքին գործերի նախարարությունը և նրան ենթակա մյուս իշխանությունները. նահանգային ոստիկանությունը, գաղտնի ոստիկանությունը, կուսակալների վարչությունների համակարգը, բանտերից դուրս թողնված հանցագործները, որոնք «Հատուկ կազմակերպություն» պիտակի տակ գլխավոր ջարդարարները հանդիսացան:
ԱՐԹԻՆ ՊՈՇԿԵԶԵՆՅԱՆ — Հիմա՞ է օրենքը քննարկման դրվում խորհրդարանում, երբ հայերը բնաջնջված են, թուրքերը՝ պարտվա՞ծ…
ՖԵԹՀԻ ՕՔԵՍՏ — Ես` որպես այժմյան, ետպատերազմյան Կառավարության Ներքին գործոց նախարար, այս բարձր ժողովից խնդրում եմ, որ իբրև ստիպողական խնդիր, այս օրենքը ժամ առաջ ջնջվի:
ՖՈՒԱՏ — Ուրիշ շատ օրենքներ ևս կան, խնդրում եմ, որ դրանք վերացնելու հարցը ևս քննվի:
ՄԱԹԵՎՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — (զսպված զայրույթով¤: Սակայն այդ օրենքների պատճառած ողբերգության, մարած անթիվ հայ օջախների, ոտնակոխ արված պատիվների, բռնագրավված անհամար ինչք ու հարստության, ստվար թվով հայ որբերի ու այրիների, հարեմներ տարված մատաղ աղջիկների մասին ի՞նչ է մտածում կառավարությունը: Հայ յոթ երեսփոխաններս մեր դիտողագիրը օսմանյան ազգի անունով ենք հղել: Ջարդերը մարել են, բայց կրակի ծուխը դեռ բարձրանում է: Այսօր մեծ թվով որբեր և կանայք ճանապարհներին թափառական են դարձել: Խնդրում եմ, նկատի ունենալով այս պարագայի չափից ավելի լրջությունը, Կառավարությունը թող կարևոր ծրագրով սկսի գործը:
ՖԵԹՀԻ — Մեկից և վերջնական ծրագրով եք ուզում, որ հրապարակ իջնենք: Ներկա պայմաններում վճռական ծրագիրը տարագրյալներին իրենց տեղերը վերադարձնելուց բացի` ուրիշ բան չի նշանակում: Սա ձեր կարծածի չափ դյուրին գործ չէ: Տարագրվածները վերադառնալիս պիտի օթևան ունենան, կամ պիտի կարողանան մի աման տաք ապուր խմել: Քանդված գյուղերը նորոգելը և կրկին բնակելի դարձնելը ո՛չ Կառավարության, ո՛չ էլ որևէ մեկի կարողության սահմանների մեջ գտնվող բան է: Այս պատճառով հարցը ժամանակի՛ն պիտի թողնել: Ամեն ինչ քանդելը դյուրին է, բայց վերահաստատելը դյուրին գործ չէ: Աստիճանաբար պիտի բոլորի իրավունքները վերահաստատենք: Չպիտի թողնենք, որ զուլումի և բռնության պաշտոնյաները օրենքի ճիրաններից ազատվեն:
ՆԱԽԱԳԱՀ — Հաջորդ քննվող խնդիրը՝ պատերազմի ժամանակ գործադիր իշխանության գործողությունների դեմ առարկողների հանդեպ զինվորական մարմինների պատժամիջոցներ կիրառելու իրավունքներին առնչվող օրենքն է:
ՖԵԹՀԻ — Բարձր Ժողովից խնդրում եմ, որ այս օրենքը ևս ժամ առաջ ջնջենք առանց ավելորդ խոսակցության:
ԱՐԹԻՆ ՊՈՇԿԵԶԵՆՅԱՆ — Այս օրենքը միայն ժխտելը բավական չէ: Եթե ժխտենք այս ապօրինի օրենքը, պիտի նոր օրենք ընդունենք, որով հնարավոր կլինի պարզել բոլոր նրանց, ովքեր ապավինելով «Ժամանակավոր օրենքի» Ա, Բ, Գ կետերին, կործանեցին երկիրը: Պետք է պատժել մարդկանց, որոնք ոճրային դիտումնավորությամբ հղացան այդ օրենքը և գործադրեցին այն: Արդարությունը չի վերականգնվի միայն ոճրագործության զենքը մեջտեղից վերացնելով:
ՄԵՀՄԵՏ — (դահլիիճից բարձրանալով բեմ): Ձայն եմ խնդրում:
ՆԱԽԱԳԱՀ — Ձայնը տրվում է Տրապիզոնի երեսփոխան Մեհմետ Էմին էֆենդիին:
ՄԵՀՄԵՏ — Այս օրենքի կիրարկումի ընթացքին երկրում մի շարք ոճիրներ գործվեցին: Բոլոր ոճիրների հետաքննությունը, դրանց պատասխանատուներին պատժելը օրինավոր արդարության պահանջմունքն է: Բայց հարցը քննարկելիս, խնդրում եմ, եղած անիրավությունը իր չափից ու աստիճանից ավելի ցույց մի տվեք: Արդարև, երբ որևէ անիրավություն չափազանցված է ցույց տրվում, նոր անիրավություն է կատարվում: Ես այստեղ Էմմանուելիտե էֆենդիին տեսնում եմ չափազանցնողի դերի մեջ: Էֆենդիի հայտարարությունը, թե հայերը պարզապես հայ լինելու համար ջարդվեցին, չեմ կարող ընդունել և կարծում եմ` հայ պաշտոնակիցներս էլ չեն ընդունի:
ԱՐԹԻՆ ՊՈՇԿԵԶԵՆՅԱՆ — Հապա ինչո՞ւ ջարդվեցին:
ՄԵՀՄԵՏ — Կոտորվելու պատճառը նրանց հայ լինելը չէր:
ՆԱԽԱԳԱՀ — Պարոնայք, մեր գերագույն խնդիրն առայժմ երկուսն են. Օրենսդրության վերականգնումը և հաշտություն կնքելու հարկադրված անհրաժեշտության մասին ընդհանուր գաղափարի գալը: Խնդրում եմ ձեր ելույթներում մնաք այդ շրջանակի մեջ: Ձայնը Հալեպի երեսփոխան Արթին Պոշկեզենյանինն է: Հուսով ենք, որ նա նույնպես պիտի մնա քննվող հարցերի շրջանակում:
ՊՈՇԿԵԶԵՆՅԱՆ — (բացում է թղթապանակը, դնում ակնոցը, գաղտնի հայացք է նետում հայ պատգամավորների կողմը¤: Պարոնայք, զինադադարը կնքվեց: Շուտով բոլոր ազգերը` հաղթողները և պարտվողները, պիտի բոլորին նույն սեղանի շուրջը հավաքեն: Թուրքիան ևս այդ սեղանի մոտ պիտի նստի: Եվ որպեսզի Թուրքիո իրավունքները ներկայացնելու համար այնտեղ հայտնված ներկայացուցիչները զինված լինեն ճշմարտությամբ և կուռ դատողությամբ, այսօր պետք է ազատ և բաց խոսենք: Որովհետև թուրք ազգը այսօր քաղաքական ասպարեզում, քաղաքակիրթ աշխարհի առջև գտնվում է ամբաստանյալի վիճակում: (Բողոքի ձայներ դահլիճի:¤ Այսօր մենք դեմ-հանդիման գտնվում ենք մի մեծ Ոճրի դիմաց, որ Օսմանյան պատմության ամենաարյունալի էջերից մեկն է: Այս վիթխարի ոճիրը հայոց կոտորածը, հայոց ողբերգությունն է: Այսօր, ա՛յդ պատճառով է թուրք ազգը մեղադրվում և ամբաստանվում: Բայց բուն ամբաստանյալը թուրք ազգը չէ, այլ թուրք Կառավարությո՛ւնը, նախորդ վարչակազմը: Ինչո՞ւ են մարդիկ պատճառ դառնում նման գրգռումների: Որովհետև բնականոն պայմաններում չեն կարողանում, անընդունակ են ոչինչ շահելու ազնիվ աշխատանքով: Խաղաղ պայմաններում շահելը պատվավոր մարդկանց գործն է: Անպատիվ մարդիկ խառնակություն են փնտրում, ջուր են պղտորում, որպեսզի ձուկ որսան: Գայլը միշտ էլ մառախլապատ օր է սիրում: Խուժանին ու գռեհին ոտքի հանողներն, ահա, այդ գայլերն են: Մինչև որ սադրիչները գռեհը չգրգռեն, խուժանը ի վիճակի չէ բռնարարքներ և հարձակումներ կատարել: Ուրեմն. թուրքի անպարտ արձակվելը` ոճրագործների պատժարկումով պիտի պայմանավորվի: Այս է իմ դիմումագրի գլխավոր կետը: Պարոնայք, չէ՞ որ բոլորդ էլ գիտեք. իսկական հայ բնօրրան և հայրենիք եղած նահանգներում այսօր ոչ հայ կա, ոչ նույնիսկ ուրիշ քրիստոնյա բնակիչներ` հույն, ասորի, քաղդեացի… (Ձայնը կերկերում է:¤ Իմ անուշ հայրենիքիս մեջ… Ես Հալեպի երեսփոխանն եմ և հիմա պիտի խոսեմ Հալեպի մասին: Պիտի խոսեմ Հալեպի ու Բաղդադի միջև գտնվող Տեր-Զոր անապատի մասին: Պիտի հիշեմ Տեր-Զորի սկզբնական կառավարչի մասին, որը հույժ պահպանիչ անձ էր այնտեղ առաքվող հայրենազուրկ, չարչրկված հայերի հանդեպ: Տեր-Զորի բարի կառավարիչին անմիջապես հանեցին իր պաշտոնից և նրա տեղը նշանակեցին չափից ավելի չարաշուք, Հայոց Եղեռնի ամենավայրագ և ամենաքստմնելի դահիճներից մեկին, անունը` Սալիհ Զեքի: Ատելությունը, որ նա տածում էր հայերի հանդեպ, չափ ու սահման չունեցավ: Նա էր, որ խոստովանեց` «70-80 հազար հայ եմ կոտորել` կաթնակեր երեխաներից մինչև 70-80 տարեկան»: Եվ սա հաստա՛տ է: Վկա՝ Տեր-Զորի և Ռաս-Ուլ-Այնի միջև գտնվող, գայլերից ու գիշակեր թռչուններից հոշոտված հայ նահատակների ոսկորների բլուրները: Ուրե՛մն. չգնանք հաշտության սեղանի մոտ անպատրաստ: Իսկ խոսքը որպեսզի վերածվի գործի, պետք է բռնել ոճրագործներին և շուտափույթ դատավարության արդարության վրա հենված` պատժել նրանց: Նրանք տակավին ազատության մեջ են: Ուրեմն, կրկնո՛ւմ եմ. կառավարությունը պարտավոր է Ոճիրը պատվիրողներին գտնել և դատի տալ: Ողջերը շատ քիչ են մնացել, բայց պիտի հատուցում ստանան: Անարատ ու գեղեցիկ կույսերին պիտի ազատել հարեմների ստրկությունից: Այստեղ` Պոլսո մեջ նույնպես, շատերի տներում կարելի է գտնել հայ ստրուկներ…
Աղմուկ և իրարանցում բեմում ու դահլիճում:
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — Օրակարգից դուրս ես խոսում: Պիտի լռե՞ս, թե՞ չէ…
ՊՈՇԿԵԶԵՆՅԱՆ — (Իլյասին նայելով համառ հայացքով¤: Այստեղ Խորհրդարանի ժողովի պատվանդանն է: Այստեղ ոչ Մուշն է և ոչ Բիթլիսը, «հարգելի» հոջա: Պոլսո «Հոմ սքուլ» անգլիական դպրոցի շրջանավարտ, կրթված աղջիկներն այսօր դեռ քրդերի կեղտոտ վրանների տակ և խուժանի գրկերում են պառկում որպես ստորացված զոհեր նրանց հաճույքների: Մի՞թե նրանց համար չարժե արցունք թափել:
ՁԱՅՆԵՐ ԴԱՀԼԻՃԻՑ — Բայց նրանց ո՞վ է պաշտպանում:
— Հերիք է… Օրակարգից դուրս է խոսում…
— Ամբաստանում է մեզ Արթին էֆենդին…
Հայտնվում է Քահանան, առանձնանում բեմի անկյունում:
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — Իրականությունը մի՛ ծածկիր, թե ճշմարտախոս ես: Ովքե՞ր էին, որ սկիզբ դրեցին ազգիս թշվառությանը:
ՊՈՇԿԵԶԵՆՅԱՆ — Դեռ մինչև հիմա չիմացա՞ք:
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — Քո իմացածը չէ… Այսօր իմ հայրենիքն արյան ու թշվառության մեջ խեղդել տվող քո ընկերները չէի՞ն… Վանի երեսփոխան Վահան Փափազյան կոչվածը, որ ոգևորեց Վանի կռիվը:
ՊՈՇԿԵԶԵՆՅԱ — Ինչո՞ւ նրան դատի չտվեցիք, եթե հանցավոր էր…
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — Ես Մուշի երեսփոխանն եմ և շատ լավ գիտեմ, թե Մուշում ինչ կատարվեց: Ինչո՞ւ այդ էլ չես բացահայտում: Թե չէ քրդերի վրանների տակ (ծաղրով¤ ուսյալ, կրթյալ աղջիկները… (Մեծ ջղայնությամբ:¤ Զինյալ վիճակով Ռուսիո զորքերին օգնություն հասնողը նորից քո ընկեր երեսփոխաններից չէ՛ր՝ Էրզրումի երեսփոխան Արսեն Գարո կոչեցյալը…
ՊՈՇԿԵԶԵՆՅԱՆ — (հանգիստ շարունակելով¤: Ահա և հայտնի դարձան 600 տարվա հսկա կայսրությունը քարուքանդ անող ոճրագործները: (Ծաղրը բացահայտ էր, և ժխորը նորից տիրապետող է դառնում:¤
ՆԱԽԱԳԱՀ — Եթե աղմուկը շարունակվի, ստիպված եմ նիստը փակել:
ՊՈՇԿԵԶԵՆՅԱՆ — (չսպասելով ձայների հանդարտվելուն¤: Իմ դիմումագիրը հետապնդում է այս նպատակները.
Ա. Հանցապարտ պաշտոնյաների և անհատների պատժարկումի եղանակների հաստատումը:
Բ. Այստեղ, այնտեղ գտնվող ստրկացած կանանց և որբերի հավաքագրումը:
Գ. Նրանց ապրանքներն ու ունեցվածքը վերադարձնելը:
Դ. Իրենց կրած վնասների հատուցումը: (Դիտողագիրը փոխանցում է նախագահին:¤ Ինչպես որ մեկ մարդու, մեկ անհատի գլխին է գալիս փորձանքը, դժբախտությունը, այնպես էլ ազգերը կարող են դառնալ մեծ աղետների զոհ: Արդարև, մի մեծ ազգի գլխին շատ աղետներ պայթեցին: Մի մեծ ազգ հոշոտվեց աղետի մագիլների մեջ, բայց չպարտվեց, որովհետև հույսին ապավինեց: Չվհատվե՛ց:
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — Այդ ի՞նչ մեծ ազգ է…
ՊՈՇԿԵԶԵՆՅԱՆ — Հայ ազգը, հոջա, որը մեծ է իր սրտով: Իր Սրտով ու իր Տաղանդով: Խորհրդարանը, պարոնայք, պարտավոր է Կառավարության խոստացած ծրագրին համապատասխան` օրինապահության նոր շրջան հաստատել:
Ծափահարում են հայ, հույն, արաբ պատգամավորները:
ՆԱԽԱԳԱՀ — Վերադառնանք մեր բուն օրակարգին, այն է` Թևֆիք փաշայի նորընտիր կառավարությանը և նրա ծրագրերին վստահության քվե տալ և զորակցել Խորհրդարանի կողմից:
ԷՄՄԱՆՈՒԵԼԻՏԵ — Պարոնայք, Իթթիհաթականները որպես Օսմանյան կայսրության Կառավարություն, իրենց կարգադրություններով խոստումնադրուժ եղան և խախտեցին իրենց իսկ ընդունած կառավարական ծրագիրը: Եվ հիմա, հակառակ Թևֆիք փաշայի հանդեպ տածած իմ վստահությանը և հարգանքին, վստահության քվե չպիտի տամ նոր կազմված Կառավարության դահլիճին: Իմ պատճառաբանությունը աղերս ունի Հայկական հարցի՛ հետ և դրանից բխած՝ հայերի անխնա ջարդերի հետ: Նոր Կառավարության ծրագրի մեջ ազգությունների իրավունքների մասին խոսք չկա: Հին բռնատիրական վարչակարգից մնացած պարապ խոսքը ինձ չի գոհացնում: Կառավարությունը վնասը հատուցելու մասին է խոսում, մինչդեռ ոչ միայն հատուցում չկա, այլ կողոպտված գույքերը Կառավարության աչքի առջև տակավին մնում են բռնագրավված: Ես վստահության քվե տալ չեմ կարող, քանի որ դարմանումի այս խնդրի գործունեությունը դեռ սկսված էլ չէ:
ՌԻԶԱ ԹԵՎՖԻՔ — Մենք կմտածենք «Ազգությունների հարցի» օրենքը ավելի լայն ներկայացնելու համար: Ազգությունների հարցի լուծման մասին կցանկանայի լսել Պետական խորհրդի նախագահ Շերիֆ փաշայի կարծիքը:
ՇԵՐԻՖ — Մեր երկրի ամենափոթորկոտ ու ծանր ժամանակ ստիպված եղանք ստանձնել Կառավարության ղեկը: Հիմա զինադադարը խաղաղության դաշինքի հասցնելու գործով ենք զբաղված: Պիտի ջանանք այդ անել` ազգի պատիվը և արժանապատվությունը կարելի եղածի չափ անբասիր պահելով: Հետո պիտի ջանանք երկրին պատկանող տարբեր ազգությունների իրավունքները ապահովել: Երեսփոխաններից մեկը քիչ առաջ խոսեց մի շարք պետական պաշտոնյաների ապօրինի գործերի մասին: Այս գործերը քննելու համար Ներքին Գործոց նախարարությունում արդեն կազմել ենք «Քննիչ հանձնախումբ»: Մեղավորների հանցանքները ստուգելուց հետո կառավարությունը պիտի տնօրինի համապատասխան պատիժ: Մենք Կառավարության ղեկը ստանձնել ենք հանուն արդարության և իրավունքի սկզբունքների և մեր նպատակն է այն պահպանել: Այսքա՛նը:
ՆԱԽԱԳԱՀ — Խոսք ունի Սեբաստիո երեսփոխան Տիգրան Պարսամյան էֆենդին:
ՊԱՐՍԱՄՅԱՆ — Հարգելի պաշտոնակիցներ, սրից փրկված մի քանի հազար հայեր դեռ սպասում են արդարությանը: Մեծ մասը կանայք ու երեխաներ են, և նրանց վիճակը սոսկ թշվառությունն է: Նրանք դեռ շղթայված են այսինչի տանը, այնինչի անկյունին և որպես ստրուկ ու սպասավոր քարշ են տալիս իրենց սոսկալի գոյությունը: Սրա ճարը, պարոնայք, պիտի գտնել: Հարցը հրամաններով չի լուծվի: Կլուծվի միայն այն ժամանակ, երբ մեծ հատկացումներ լինեն և խիստ հրամաններ արձակելով` նրանց վերադարձնեն նախկին տեղերը: Հատկապես այս ձմռան շրջանին ուտեստեղենի և բնակարանի համար անհրաժեշտ հատկացումներ պետք է արվեն: Արդարև, Արթին էֆենդին ճիշտ մատնանշեց, հաշտության սեղանի մոտ թուրքերը պիտի մաքրված երթան:
ՆԱԽԱԳԱՀ — Ձայնը տրվում է Մուշի երեսփոխան ամենահարգելի հոջա Իլյաս Սամի էֆենդիին: Խնդրեմ, հոջա էֆենդի:
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — Ես, իբրև ճշմարտության հարցին հետամուտ մեկը, փափագում եմ անդրադառնալ մի խնդրի, որի վրայից ներկա ճառողները դժբախտաբար լռությամբ անցան: Դարեր ի վեր մեզ հետ գոյակցող հայ ազգի ներկայացուցիչ երեսփոխան մեր ընկերները, ամեն առիթից օգտվելով, տեղահանության հարցն են արծարծում: (Զայրանալով:¤ Ես էլ եմ իմ ամենամեծ պարտականությունը համարում այս հարցի իրականությունը բացատրել նախ` ներկա կառավարությանը, հետո` մեր բարձր Ժողովին և հետո` համայն մարդկությանը, որպեսզի վերջապես խղճի հանգիստ ունենամ: Տեղահանության հետ աղերս ունեցող մանրամասները, բացատրությունները և այդ աղետի պատասխանատուների գլխավոր հարցն են ներկայացնում Արթին էֆենդին և մյուսները ա՛յն ժամանակ, երբ մենք ամեն կողմից շրջապատված ենք թշնամիներով: Սրտիցս ժայթքող ճշմարտության ձայնն աղաղակում է. մեր հայրենիքի գլխին թափված կսկծալի թշվառությունը կրկին Հայկական հարցին առնչվող փաստարկումներով բացատրելը` անիրավություն է: Այո՛: Աչքերովս եմ տեսել զինյալ հայերի, որոնք բարձրացան Մուշի բարձունքները: Նրանք Ռուսաստան չէին հասցրել փախչել, և մենք հազիվ կարողացանք զսպել ու պատժել նրանց տասը վաշտ զինվորով: Հույն երեսփոխան էֆենդին ասաց, որ իր կրծքի մեջ կտտացող վերք կա: Իմ կրծքի մեջ էլ այդ վերքն է, և ես պիտի բացեմ այսօր: Հույն երեսփոխանն ասաց, թե Օսմանյան Կառավարությունը, օգտվելով արտաքին պատերազմից, հռչակեց նաև ներքին պատերազմ: Սո՛ւտ է: Եթե հռչակած լիներ ներքին պատերազմ, հույներին մի՞թե կտար խոսքի այս ազատությունը, որ նրանք հիմա ունեն: Չէ՛ր տա: Ուրեմն այս բոլորը զրպարտություն է, որը գործադրվում է անմեղ օսմանցիներին, անմեղ մահմեդականներին նվաստացնելու համար: Բայց սրանով մարդկությունը չի խաբվի…
ՁԱՅՆԵՐ — Այդպես է… Ապրես, հոջա էֆենդի… Մարդկությունը չի խաբվի… Օսմանցին արդար է… Թուրքը անմեղ է… Մահմեդականը ճիշտ է… անմեղ է… անմե՜ղ է…
Քահանան իր անկյունից՝ ձայների քաոսը հաղթահարելով:
ՔԱՀԱՆԱ — Սա՝ այս Իլյաս Սամի կոչվածը, Մշո դաշտի 70-80 հազար հայերի բնաջնջեց` քուրդ աշիրաթների հետ գործակցելով: Սա իսկական ողջակիզումներով հազարավոր հայ կանանց, երեխաների և ծերերի ախոռների, մարագների, շտեմարանների մեջ ողջ-ողջ հրկիզեց: Սա իբրև երեսփոխան և Իթթիհաթ կուսակցության շրջանային քննիչ` գրգռեց դահիճներին և ջիհադ հայտարարելով` նրանց խոստացավ աստվածային վարձատրություն: Սա նախճիրն ավարտելուց հետո իր հետ Պոլիս բերեց դեռատի հայ աղջիկների` իբրև ընծա իթթիհաթական մեծավորներին: Սա էր, որ Տարոնի քրդերին «քաղաքական» հրահանգներ էր տալիս: Սա էր քուրդ մոլեռանդ «Քոթանենց» տան գլխավորի` արյունռուշտ Հաջի Մուսայի ժառանգներից մեկը: Նենգ, հայատյաց, քսու, գարշելի դևերից մեկը այդ տան, որ հայտարարել էր, թե «Մուշի համայն հայ ժողովուրդը արմատախիլ արեցի»: Տեսա՞ք, այս գարշելի դահիճը հիմա արդարության անունից է հոխորտում: Ո՞ր արդարության: Իր կողմից բռնաբարված ու չարչրկված արդարությա՞ն:
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — Նորից եմ կրկնում` ջարդի հարց չկա: Արյունոտ բախումներ էին, ու վերջ: Սրանց պատճառ դարձած նախահարձակները թե՛ հայ, թե՛ մահմեդական` գլխատվելու, ճզմվելու արժանի մարդիկ են: Այսպես թող արձանագրվի: Արդարությունը այսպես կլինի: Կառավարությունը այսպես թող կշռադատի և քաղաքակիրթ աշխարհը, մարդկությունը թող իմանան, որ աշխարհի համայն ճակատագիրը տնօրինող Անգլիան եթե իր ներքին սահմանների մեջ դեմ հանդիման գար ապստամբ տարրի հետ, որ հակառակ իր վայելած շատ իրավունքների, բարօրության, ապրուստի և կրթական առավելությունների` հանդես գար անշնորհակալ ապերախտությամբ, այդ Անգլիան պիտի քարե ու երկաթե գնդակներով պատժեր ու ոչնչացներ նրանց, ինչպես անում է Իռլանդիայում: Բայց օսմանցիների ազգային դյուցազնությունը իր հողերի վրա իրավատեր դարձած հայ, հույն, արաբ, քուրդ ազգերի հանդեպ այդպիսի վարվելակերպ երբե՛ք թույլ չի տվել և թույլ չի՛ տալու:
ՊԱՐՍԱՄՅԱՆ — Ողորմի, հոջա, և 1895 թվականի ջարդերը ջարդ մի համարի…
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — Ես դա չեմ ասում…
ՊԱՐՍԱՄՅԱՆ — Ադանայի ջարդը նույնպես ջարդ չէր…
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — (կատաղի¤: Ամփոփելով այս հանգամանքը… (Նախագահին.¤ Արձանագրիր, որ հայերը զենք առան ձեռքները Վանում, արձանագրիր… Ջարդ չի՛ եղել… ջիհադ չի՛ եղել:
ՁԱՅՆԵՐ — Արձանագրի՛ր… Հայերը… Ռուսները… Հայերը… Վանը… Սասունը զենքով… Արձանագրիր, խեղճ թուրքը… միամիտ, բարի… Հոջա էֆենդին ճիշտ է, ջարդ չի եղել… Հայերն են սպանել թուրքերին… իր ասածը ճիշտ է… ջարդ չի եղել… ջիհադ չի եղել…
ՊԱՐՍԱՄՅԱՆ — (խլացնելով բոլոր ձայները¤: Ահա՛, տեսեք իր ոգին, ջարդի՛, սպանդի՛ ոգին, արյան ու նախճիրի՛ ոգին… (Ցույց տալով Իլյասին:¤ Եղեռն սանձազերծողը այսպիսի ոգով է տոգորված լինում: Ահա, տեսեք…
ԷՄՄԱՆՈՒԵԼԻՏԻԵ — Իլյաս Սամի հոջային պիտի պատասխանենք, ձայն տվեք…
ՊՈՇԿԵԶԵՆՅԱՆ — Ձայն տվեք, պիտի պատասխանենք… Երկու խոսք միայն…
ՆԱԽԱԳԱՀ — Ոչ, ոչ… Խոսքն իրենն է… Իլյաս Սամի հոջա էֆենդիինն է:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Թույլ տվեք, խոսք եմ ուզում, ասելիք ունեմ…
ՁԱՅՆԵՐ — Իլյաս Սամի էֆենդին շատ ողջամիտ կերպով հանդես եկավ… Նրա խոսքից հետո մենք ուրիշ խոսք լսելու տրամադիր չենք… Իլյաս Սամի էֆենդիի ճշմարիտ ու ազնիվ խոսքերից հետո ասելիք խոսք չմնաց…
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Խնդրում եմ, չորս տարվա մեջ երկրորդ անգամն է, որ ձայն եմ ուզում:
ՆԱԽԱԳԱՀ — Լռեք վերջապես, խոսք տալը իմ իրավունքը չէ, այլ ժողովականների իրավունքն է… Ժողովի՛ իրավունքը:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Ոչ, պարոն, այդպես չէ, Ժողովը խոսք է տալիս արտահայտվել ցանկացողներին ձե՛ր միջոցով: Ժողովը վաղուց է վավերացրել երեսփոխանի խոսքի իրավունքը:
Հիմա հույների, արաբների և հայերի ձայներն են տիրապետող:
ՁԱՅՆԵՐ — (հայեր, հույներ, արաբներ¤: Այդպես է, այո՛: Թույլ տվեք խոսենք… Ինչո՞ւ եք զրկում ինքնապաշտպանության իրավունքից… Մենք բոլորս խոսել ենք ուզում և պիտի ստանանք…
ՆԱԽԱԳԱՀ — (ճարահատյալ¤: Նալբանդյան էֆենդի, հրամմեցեք` խոսեք…
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Պարոններ, Իլյաս Սամի էֆենդին այստեղ լիուլի իր գաղափարները ներկայացրեց: Ըստ Իլյաս Սամի հոջա էֆենդիի` հայկական տեղահանությունը և դրան առնչվող նախճիրը մեկ պատճառաբանություն ունի. Թուրքիան մահու և կենաց պայքարի մեջ եղած ժամանակ թիկունքից հարված ստացավ հայ հեղափոխականներից: Ես Իլյաս Սամի հոջա էֆենդիին հարց եմ տալիս, մի՞թե ազգը տեղահանվում և ոչնչացվում է մի քանի հեղափոխականի պատճառով: Այսօր այստեղ պնդում են, թե չնչին փոքրամասնություն կազմող մարդիկ և ոչ թե օսմանցիներն ու օսմանցիների Կառավարությունը օսմանցիներին բերին-հասցրին անդունդի եզրին: Տեղահանությունը, սպանդը, ինչքերի գրավումը, կողոպուտը օրենսդրության ո՞ր տրամաբանության հետ է հաշտ: Իսկ հոջա Իլյասն աղաղակում է` մենք այս գործի մեջ մեղսակից չենք: Մի ողջ ժողովուրդ չպետք է բնաջնջվեր: Իլյաս հոջա էֆենդիից սպասում էի, որ գոնե, երբ «զգայացունց ու կերկերաձայն» իր պատմությունը հայերի մեղավորության մասին ավարտեր, հետո բողոքի և պարսավանքի խոսք ասեր հայ ազգի բնաջնջումի համար: Մենք` հայերս, մեր նախնիներով, թուրք ազգին ընծայած ծառայությունները կարող ենք ցույց տալ Իլյաս Սամի հոջա էֆենդիին: Այս երկրի հանդեպ տածած մեր ինքնազոհ հավատարմությունը կարող ենք ապացուցել ոչ թե խոսքերով, այլ գործով: Իսկ Կառավարությունը հիմա լվանում է ձեռքերը, թե իբր՝ մենք փորձեցինք ոճրի առաջն առնել` չկարողացանք, որովհետև անկարող էինք: Մի՞թե ընդունելի է, որ աշխարհի երկրների հետ բանակցությունների սեղանի մոտ մի Կառավարություն այսպիսի մտայնությամբ գնա: Ազգի և Խորհրդարանի շահերից ելնելով` խիզախորեն անցյալի սխալներն ու աղետները խոստովանենք և քննենք: Բողոքի ձայն բարձրացնենք հանուն նրանց, ովքեր անիրավորեն բնաջնջվեցին, երբ այս երկրի մեջ ապրելու իրավունքի անվերապահ տերերն էին: Այսօրվա քաղաքական կացությունը ա՛յս է պահանջում և ոչ թե կրոնական զգացումներից ելնելով…
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — Ղուրանի հավատավորները նույնիսկ մեկ հայի քիթ չեն արյունել: Իսլամի զանգվածների տածած կրոնական զգացմունքները թույլ չէին տա…
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Հոջան տեղյակ չէ՞, թե ինչ է ջիհադը… Ամեն ոչխար իր ոտքից է կախվում. սա թուրքական շատ հետաքրքիր առածներից է: Հայերն են այս բոլորի պատճառն ասելով` երբեք հեղինակություն չպետք է շահեք: Մենք ասելու ենք և պահանջելու ենք, որ հանցագործները պատժվեն, հետամուտ պիտի լինենք, որ խոսքը գործի վերածվի հանուն Թուրքիո բարոյականության, Հոջա Սամի, հանուն Թուրքիո՛:
ՆԱԽԱԳԱՀ — Խոսք ունի Տիգրան Պարսամյանը:
ՊԱՐՍԱՄՅԱՆ — Ես միայն մի փոքրիկ հավելում կավելացնեմ պարոն Մաթևոս Նալբանդյանի խոսքին: Պարոններ, մեր մեծարգո ընկերներն իրենց դիտողագրերի մեջ հայերի կոտորածը ցույց են տալիս երկու միլիոն, իսկ հարգարժան մահմեդական ընկերները իրենց գրավոր և բանավոր խոսքերի մեջ պնդում են, որ նահատակների թիվը 100 հազարի է հասնում ընդամենը: Փաստելով կարող եմ ապացուցել, որ միայն Սամսունի, Գարահիսարի, Տրապիզոնի մեջ ջարդված հայերն արդեն 100 հազարից անցնում են: Այս ահավոր բռնարարքներից հետո այստեղ-այնտեղ ցրված, կոտորակված բեկորները բռնի կերպով կրոնափոխ են եղել: Նրանց ինչ աստիճանի թշվառության մեջ գտնվելը` բոլորիս է հայտնի: Արևելքից գաղթածների համար հատկացված միլիոնները ոչ միայն հայ մնացորդներին բաժին չեն հասել, այլ հայ բնակավայրերում թուրք գաղթականների բնակեցնելով՝ հայերին զրկում են իրենց գյուղերը վերադառնալու հնարավորությունից: Դարեր ի վեր հայերին պատկանող, իր նվիրական Հայրենիքը հանդիսացող Արևելյան նահանգներում, կալվածքներում և հողերի վրա Կառավարական պաշտոնյաների կողմից ուրիշ մարդիկ են տեղավորվել: Իրենց հարազատ Հայրենիքում կատարված, ընդհանուր ջարդից ճողոպրած և թշվառության մեջ իրենց գոյությունը քարշ տվող հայ ազգի մնացորդներին պատկանող կալվածքներն ու հողերը տերերից խլելու և կողոպտելու հետամուտ բոլոր ձեռնարկումների դեմ բողոքում եմ և հարցնում Կառավարությանը. ի՞նչ է մտածում այս հարցի կապակցությամբ:
ՄՈՒՍՏԱՖԱ ԱՐԻՖ — Ես, որպես ներկա Կառավարության Արտաքին գործոց նախարար, պատասխանում եմ: Թե՛ Արևելյան նահանգներում և թե՛ խնդրո առարկա մյուս Նահանգներում տեղական Արդարադատության հանձնախմբեր են կազմված, որոնք պիտի քննեն խնդիրը:
ՆԱԽԱԳԱՀ — Ձայնը տրված է Ռոդոսթոյի երեսփոխան Տիմիսթոքլի Էֆքալիտիսին:
ԷՖՔԱԼԻՏԻՍ — Պիտի հետապնդվի և քննվի այն հարցը նաև, թե ինչպես հայ, այնպես էլ հույն բնակչության թվաքանակը և խտությունը նվազագույնի իջեցնելու համար կիրառվեց արտաքսումի քաղաքականությունը: Որևէ երկրի որևէ վարչակարգ երբեք նման բան չի ձեռնարկել: Երկրին այնքան ծառայություններ մատուցելուն հակառակ` հույներին ոչ միայն կողոպտեցին, այլև 500 հազար մարդ վտարեցին: Կառավարության կողմից չեթեները դիմեցին ավարառության, մարդասպանության, բռնաբարության, առհասարակ Քրեական Օրենսգրքի մեջ հիշված ամեն տեսակ ոճրագործությունների: Այսպիսով` Կառավարությունը ժողովրդին անպարկեշտության մղեց և բարոյական զգացումի կործանման պատճառը եղավ: Էնվեր փաշան երեք միլիոն հայրենիքի զավակներ զինվոր դարձնելով, չկարողացավ հաղթել թշնամուն, բայց հինգ-տասը չեթեներով երկու միլիոն հայերի սպանդի ենթարկած, ոչնչացրած լինելու համար իր թաքստոցից պարծենում է: Իրականությունն այն է, որ Մեծ Աղետը արդեն տեղի է ունեցել և Կառավարությունը նոր ծրագիրը մշակելիս պետք է հինը վերջնական սնանկացած հռչակի, ապա և արդարությանը հետևի, ոչ թե սուտ խոսքերով փորձի արդարացում շահել:
ՆԱԽԱԳԱՀ — Խոսք ունի ականավոր բանաստեղծ, պետական կյանքի մեջ իր մեծ դերն ունեցած Մուսուլի երեսփոխան Մեհմետ Էմին բեյը:
ՄԵՀՄԵՏ ԷՄԻՆ — Ինչպես ցույց է տալիս թուրք ժողովրդի հերոսական դրվագներով և առաքինություններով առլեցուն վեցհարյուրամյա պատմությունը, այս ազգը ոչ թե օգնեց բռնակալներին, այլ տեր և պաշտպան կանգնեց հալածվածներին: Կենտրոնական Ասիայի թուրքական Թյանշան լեռնաշղթաներից հեռանալուց ի վեր, Անատոլու և Իստամբուլի նեղուցների ափերին գահեր բարձրացրած ժամանակներից ի վեր, Արևելքի ու Արևմուտքի մեջ իրավունք և ճակատագիր տնօրինելու վեհաշուք օրերից մինչև այս վերջին աղետի և դժբախտության օրերը` թուրք ազգը իր ազգային նկարագիրը չի կորցրել: Ո՛չ: Թուրֆանի, Սամարղանդի, Հնդկաստանի, Չինաստանի, Բուրսայի, Կոնիայի, Իստամբուլի և առհասարակ համայն Արևելքի մեջ թուրքերի ստեղծած արվեստի և քաղաքակրթության կոթողները, մզկիթները, գրադարանները, դպրոցները, աղբյուրները, իջևանները, ճանապարհները, նաև բարեգործական խոհանոցները ցույց են տալիս, որ թուրքերը միշտ խղճացել են տուն ու տեղ չունեցած պանդուխտներին, նույնիսկ հալածված ազգերին, որոնց տեղ են տվել Թուրքիո երկրի մեջ: Ահա, հայերը և հրեաները այս ազգերից են, որ թուրքերը տեղ են տվել: Արդյոք թուրքի այս հնամյա առաքինությունը անգո՞ է: Ո՛չ, պարոններ, թուրքը այսօր էլ նո՛ւյնն է:
ԹՈՒՐՔ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐԻ ՁԱՅՆԵՐ — Ապրե՜ս… Ապրե՜ս…
ՄԵՀՄԵՏ ԷՄԻՆ — Թուրքն այսօր էլ, ցուլի նման հուժկու լինելով հանդերձ, ոչխարի չափ անմեղ և խաղաղ է: Հարազատ եղբայրների հետ սիրով կապված լինելով հանդերձ` օտարների հանդեպ անսահման գթասիրտ է: Նրա` ստորության անընդունակ սիրտը, նրա` չարագործություններ հղանալու անընդունակ գլուխը, ուղղամտությունը անկարող են ճակատի քրտինքով շաղախած հացը արյամբ եղծել: Որով, իբրև եզրակացություն, պնդում եմ, որ բռնություններն ու հարստահարությունները անհարիր են թուրքերի նկարագրին: Չարագործությունները թուրք ազգի ոգուց, թուրք ազգի սրտից, թուրք ազգի խղճից, թուրք ազգի գաղափարներից բխող չարագործություններ չեն:
ԹՈՒՐՔԵՐԻ ՁԱՅՆԵՐ — Ճիշտ է… Ալլահի զավակ… ապրես…
ՄԵՀՄԵՏ ԷՄԻՆ — Գալով թուրք ազգայնականությանը… Ո՞ւմ շնորհիվ դարձան նրանք ազգայնական: Հույն հայրենակիցները իրենց հին վանքերի մեջ գործող քարոզիչներից և դպրոցների ուսուցիչներից ներշնչումներն առան Հոմերոսի «Իլիականից», որ երգել էին տալիս իրենց զավակներին Մարմարա և Էգեյան ծովերի ափերին: Մեր հայ հայրենակիցները իրենց Խրիմյաններով, Ներսեսներով, Գամառ Քաթիպաներով, Աբովյաններով ու Նալբանդյաններով միշտ հրահրել են մանուկների մեջ ազգայնականության կրակը: Երազային հայացքներով Հայկի որդիների մտածումները Արարատ լեռան կողմն են շրջվել: Արաբ եղբայրները տգիտության իրենց շրջանի Մեքքայի տաճարից կախված բանաստեղծություններով զորացրին ազգային ոգին: Բեդվինները այս ոգին անապատից անապատ էին տեղափոխում: Ալբանայի եղբայրները` Շեմշեդին Սամիներով, Թիմուրի լեռնականները իրենց Իսքենդեր-Նամե դյուցազներգությամբ նույնպես ազգայնամոլ ոգին են բարձրացրել: Այս բոլորին ի տես թուրքը անմաս չէր կարող մնալ: Եվ չմնաց… Վերջապես նա էլ իր սրտի մեջ դող զգաց, իր մտքի փայլակը լուսավորեց, նա էլ անցյալի մութ ծալքերի ավերակների մեջ, գիտնականների պեղումներից հանված գանձերի իր պատմությունը որոնեց և իրազեկ եղավ իր կյանքին, իր ցեղի սերը և երազները երգող բանաստեղծների տաղերի մեջ գտավ իր ոգին և տեսավ ապագան: Հո՞ւր և երկա՞թ: Ո՛չ, պարոններ, թուրք ազգը խիղճ ունի, բարոյականություն ունի, արդարամտություն ունի, կարեկցություն ունի, պատմություն ունի, մարդկություն ունի: Աստված ունի: Մենք գիտենք, աշխարհում տիրական հանդիսացող ուժը իրավունքն է: Բայց աշխարհը սրով նվաճելու փոխարեն խղճով պետք է նվաճել, սիրով ներգրավել. սա ավելի մեծ ու հավիտենական հաղթանակ է: Հապա, ես էլ ձեզ նման հարց եմ տալիս. այս չարագործություններ անողներն ովքե՞ր են: Թերևս նրանց մեջ թուրքի անուն կրողներ կան… Սակայն այդ մի քանիսը չեն կարող թուրք ազգը վարկաբեկել:
ԹՈՒՐՔԵՐԻ ՁԱՅՆԵՐ — Ապրես… Ճիշտ է…
ՄԵՀՄԵՏ ԷՄԻՆ — Ահա, հայտարարում եմ. այդ չարագործները ովքեր էլ որ լինեն, թեկուզ իմ հարազատ զավակը, այս Ժողովի մեջ նրանց դատախազի դերը պիտի կատարեմ: Ուրեմն, հալածվածները միայն մեր հույն, արաբ, հայ եղբայրները չեն, նրանց կողքին շատ թուրք կեղեքվածներ կան: Ուրեմն՝ արդարության կշեռքի նժարի վրա դրվելիք թուրքի կրած կեղեքումները, թուրքի տված հարցերը, թուրքի պահանջները և թուրքի իրավունքները ծանր են լինելու:
Թուրք երեսփոխանների փոթորկային ծափահարություններ:
ՄԵՀՄԵՏ ԷՄԻՆ — Ես այս պահին տեսնում եմ հերոսաբար ընկած զինվորներին, նրանց անտերացած ազգականներին: Տեսնում եմ կտրված գլուխների, ջարդված իրանների վերակենդանանալը: Ինձ նման չե՞ք դողում այս մարդկանց դեմ կատարված վայրագությունների հեղինակ հայերի՛ գործերից և ինձ նման չպիտի՞ պահանջեք նրանց պատիժը հալածված թուրքերի դատի առթիվ և մեծապատիվ Կառավարությանը հարց եմ տալիս. ի՞նչ է ձեռնարկում այս ուղղությամբ:
Թուրք երեսփոխանների խելահեղ ծափահարություններ:
ԷՄՄԱՆՈՒԵԼԻՏԻԵ — Արդարև, ինչ դառնակսկիծ ճառ… Որքան գեղեցկորեն նկարագրվեց Օսմանյան ազգի թշվառ վիճակը: Բայց, կարծեմ, բանաստեղծ էֆենդին ստիպված պիտի լինի ուսումնասիրել այն հարցը, թե խեղճ, թշվառ թուրք ազգը ինչպե՞ս հասավ այդ վիճակին:
ՊԱՐՍԱՄՅԱՆ — Քանի որ մեծարգո բանաստեղծ էֆենդին Տրապիզոնի երեսփոխանն էր նաև պատերազմի ընթացքին և պատերազմից առաջ, արդյոք չի՞ պարզաբանի այն հարցը, թե երբ Սև ծովի ջրերի մեջ 10 հազար հայ ջրամույն արվեց սառնասրտորեն, առանց աչք թարթելու, ովքե՞ր այդպես արեցին և ո՞ւմ արեցին… Արդյոք 10 հազար մարդը թուրքե՞ր էին, որ կեր դարձան Սև ծովի շնաձկներին և այդ 10 հազար խեղճ թուրքերին մայր ու մանուկով հայ հեղափոխականնե՞րը ջրահեղձ արին:
Ծանր լռություն:
ՊԱՐՍԱՄՅԱՆ — (հազիվ արցունքները զսպելով¤: Մեծարգո բանաստեղծ էֆենդին ինչո՞ւ չի պատասխանում…
ՊՈՇԿԵԶԵՆՅԱՆ — Որովհետև Տրապիզոնի երեսփոխան մեծարգո բանաստեղծ էֆենդին գիտի, որ Տրապիզոնի նահանգի կուսակալ Ջեմալ Ազմինի հրամանի համաձայն՝ Սև ծովի ափին՝ Սամսուն և Տրապիզոն քաղաքների միջև գտնվող Օրտու Գազայի նավահանգստից հայերը լցվեցին նավակների մեջ և տարվելով ծովի բացերը՝ թափվեցին այնտեղ… մայր ու մանուկ, ջահել ու ահել… Թուրքերը` հայերին, բանաստեղծ էֆենդի… Ոչխարի չափ անմեղ ու խաղաղ թուրքը, ինչպես կերկերաձայն արտահայտվեցիր: Առաքինի թուրքը, ում սրտի մեջ աստվածային ոգին և խիղճն են ապրում, 10 հազար հայ… Սև ծովի խոր ջրերի մեջ… 10 հազար անմեղ… (Որպեսզի չհեկեկա` լռում է:¤
ՄԵՀՄԵՏ ԷՄԻՆ — (զայրացած¤: Ջեմալ Ազմինը մեկն է իր երեք-հինգ ավազակներով… Թուրք ազգը չէ… Ի՞նչ է, հիմա այդ մի քանի հոգու համար ամբողջ աշխարհի առջև Տրապիզոնի համայն թուրքերին մեղավոր համարե՞նք… Պարոն նախագահ, ես կարծում եմ, որ մեր հայ հայրենակիցները չափազանցված հայտարարություններ են անում…
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Հայտարարությունը դեռ չի եղել: Հաջորդ նիստին կլինի դիտողագրի ձևով, որպես վավերացված փաստաթուղթ: Ոչ միայն տրապիզոնյան չարագործության վերաբերյալ, այլ Հայաստանյան բոլոր գավառների մեջ տեղի ունեցած ոճիրների մասին: (Կորցնելով ինքնատիրապետումը:¤ Երեք-հինգ հոգով 10 հազար մարդ ծովի խորքերը թափել կլինի՞, մարդ Աստծո… Իրո՞ք, հավատո՞ւմ եք ձեր ճառի բովանդակությանը, որն այստեղ զգայացունց կերպով ներկայացրիք…
Նորից թուրք երեսփոխանի կեղմից սարսափելի իրարանցում է տիրում բեմում և դահլիճում:
ՔԱՀԱՆԱ — (իր անկյունից): Բարեգութ Աստված, օգնիր հասկանալ մեծ, ահռելի Ստի հոգեբանությունը: Ոճրագործը Զոհին ուզում է դարձնել Դահիճ: Այս բանաստեղծ կոչված մարդը Հայոց Եղեռնի զոհերից փոխհատուցում պահանջեց: Պատժե՛լ պահանջեց զոհերին… Անիրականը, կեղծը որպես իրականություն ներկայացրեց: Հայոց ողբերգությունը պատերազմի ժամանակամիջոցին թուրքերի կրած կորուստների հետ զուգակցեց: Սա արդյոք գիտե՞ իր ազգի պատմությունը, նրա ապականության ազդակները, արյունռուշտ կառավարիչների ու գահակալների սայթաքումները: Որքա՜ն զարհուրելի են թրքության հանդեպ իր պատրանքները: Եվ հանուն այդ զգացումների հայտարարել, թե հայերի դեմ չարագործություն անողները իրենք` հայերն են… Շուտով Թուրքիան եվրոպական երկրների հետ նստելու է բանակցությունների սեղանի մոտ և, անշուշտ, կցանկանա հանդես գալ որպես անմեղ զոհ: Իսկ հայ երեսփոխանները, որ չգիտես ինչ տրամաբանությամբ են ինձ նման ողջ մնացել ջարդից, փորձում են աշխարհի առջև Թուրքիային խոստովանել տալ իր Ոճիրը:
Նախագահին հաջողվում է խաղաղեցնել ժողովականներին: Մաթևոս Նալբանդյանը ոտքի է կանգնում:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Պարոններ, խնդրո առարկա նյութը այսօր համայն մարդկությանը զբաղեցնող նյութերից ամենակարևորն է: Ուստի խնդրում եմ Ժողովից, որ այստեղ ասված խոսքերը զգուշությամբ և շրջահայացորեն ձևակերպվեն: Ազգությունների հարցը այս երկրում երկար ժամանակ է զբաղեցրել: Եվ պատճառ է դարձել շատ սոսկալի դեպքերի: Պարոնայք, բոլոր ժամանակների ներոնների գործած ոճիրներն ու չարագործությունները ոչինչ, անմեղ բաներ են այս վայրագությունների հանդեպ: Այս երկրի մեջ թուրքական իշխանությունն է: Ուրեմն` իրագործված զուլումները թրքության անունով թուրք իշխանության կատարած զուլումներն են: Նա՛ էր երկրի անպարփակ տերը: Էմին էֆենդի, ասում եք, որ չարագործները երեքից հինգն են: Բայց ինչպե՞ս երկու միլիոնանոց ժողովուրդ սպանդի ենթարկողները կարող էին երեք ու հինգ լինել: Եղեռնին մասնակցած բոլոր գավառների կառավարիչները պարծանքով կոկորդ էին պատռում, թե իրենց մեծ իրավունքներ է տրված: Որ իրենք գործում են թուրք հզոր տիրապետության վրա հենված, որ իրենց ուժը բխում է թուրքական սվիններից: Սա չեք կարող ուրանալ: Չեք կարող ուրանալ և այն, որ թուրք ազգին պատկանողները կատարեցին ազգասպանությունը: Ահա, ասում եմ. հանրային կարծիքը և զոհյալ ազգի կենդանի մնացորդները այս բոլորի հաշիվը պիտի թուրքերից պահանջեն և թուրքերը այդ հաշիվը պիտի տան: Բանաստեղծ էֆենդի, ասում եք, որ դուք` թուրքերդ եք զոհերը: Անշուշտ, թուրքերն էլ են զոհվել, սա իրողություն է: Բայց թուրքերն իրենց սանձազերած պատերազմում զոհվեցին: Հայերը անասունների պես քշվեցին և սպանվեցին: Այս երկրի մեջ Օսմանյան թուրք Մահիկի դրոշն է ծածանվում: Այդ դրոշի փառքը ընդունել` չի նշանակում այս կսկծալի արարքների պատասխանատվությունը թոթափել:
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — Հերիք է, վերջապես: Սրանք մեզ սրտնեղություն են պատճառում: Փոխանակ թողնելու, որ սգանք մեր փառապանծ հայրենիքի մեծ թախիծը, մեր սեփական նահատակների կորուստը և մտածենք նրա ապաքինումի մասին, քանդիչ քայլերի են դիմում` իրենց դիակների մասին խոսելով: Հերիք է, այս ազգերի հետ կապված հարցերը պիտի հետաձգել մինչև մեր հայրենիքի աղեխարշ վիճակը բարելավվի, և վերքերը ամոքվեն:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Ոճի՛րն եք ուզում պարտակել:
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — Կխնդրեմ, պարոն, խոսքս մի կտրիր… Նույնիսկ Մահմեդական միությունը, իսլամի սրբազան կրոնը փորձեցիք մեղադրել: Ինչո՞ւ Կառավարությունը ստիպված տեղահանության գործընթացը կատարեց: Պատճառը հայտնի է: Որովհետև հայերը աջակցում էին ռուսներին, որոնց դեմ կռվում էր փառապանծ հայրենիքը: Հայ կամավորները չէի՞ն ռուսաց զորքերի մեջ: Նրանք լափեցին մեր թուրք եղբայրներին, լափեցին: Եվ հիմա փոխհատուցումը թուրքը պիտի պահանջի և ոչ թե հայը կամ հույնը:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Ժամանակները խառնում ես, հոջա էֆենդի, և դեպքերն ես խառնում: Լափողները հայ կամավորները չէին, որ զենք էին առել պաշտպանելու սպանդի տրվող հայրենակիցներին: Նորից թուրքական առածն ասում է. մահվան ուղարկվող մեկը անպայման թևերը պիտի թափահարի:
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ — (հիստերիկ¤: Հերիք է, չեմ ուզում խոսել… Երկու օր է` վիճաբանում ենք, օգուտն ի՞նչ է…
ՆԱԽԱԳԱՀ — Հանգստացեք վերջապես, պարոններ, ժամանակն է, որ վերադառնանք մեր գլխավոր նյութին: Ներկա երկու նախարարները` Պետական Խորհրդից, և Արտաքին Գործերի նախարարը, այսօր չեն եկել Խորհրդարան լսելու երեսփոխանների փոխադարձ մեղադրանքները: Եկել են Խորհրդարանից խնդրելու, որ Կառավարությանը վստահության քվե տրվելու հարցը քննվի և ոչ թե Հայկական հարցը դառնա վիճաբանության առարկա: Խնդրեմ, ով կողմ է նոր կազմված Կառավարությանը և նրա գործունեության օրինագծին վստահության քվե տալուն, թող բարձրացնի ձեռքը:
Թուրք երեսփոխանները ձեռքերը բարձրացնում են, հայ և հույն երեսփոխանները` ոչ: Տեսարանը ընկղմվում է խավարի մեջ: Իր անկյունում լուսավորված է մնում Քահանան:
ՔԱՀԱՆԱ — Ի՞նչ է Ոճիրը, երբ դառնում է Ազգասպանություն… Երեսփոխանական Ժողովի այս նիստերը պիտի՞ պատասխանեին այս հարցին, որ հարց լինելուց առաջ էության մեջ պատեպատ զարնվող ճիչ է: Ո՜չ, երեսփոխանական այս ժողովը Թուրքական Խորհրդարանում միայն մի կարևոր հանգամանք ուներ: Առաջին անգամ թուրք երեսփոխանները և նախարարները ստիպված էին դիմադրել ուղղակի կերպով իրենց դեմ եղած տեղահանության և ջարդի մեղադրանքներին: Ու փորձեցին անմեղություն խաղալ: Ուրիշ ինչպե՞ս. ժողովին նստածներն ովքե՞ր էին. իթթիհաթական կուսակցության նվիրյալ անդամները և նրա արյունալի ջարդարարները: Ո՛չ բոլորը, բայց մեծամասնությունը: Իսկ նրանք, ովքեր անդամ չէին, համակիրներ էին, քանզի թուրք էին: Չլիներ Թուրքիո պարտությունը, չլիներ հաշտության ծանր պայմանների ուրվականը, Ժողովը չէր հանդուրժելու հույն, արաբ և հայ երեսփոխանների նման պահվածքը: Թուրքերը պարտվել էին, հայերը` ջարդվել: Հայոց հանդեպ ոճիրներով լի ժամանակը հատուցում պահանջելու իրավունք չունի՞:
ԱՐԱՐ ԵՐՐՈՐԴ
9.
Դահլիճում հայտնվում են թուրք Լրագրավաճառները: Նրանց խոսքի մեջ զգացվում է զսպված մոլեռանդ զգայնություն, որը դուրս է հորդելու տեսարանի վերջում:
ՄԵԿԸ — Օսմանցիներ, Ալլահը թող մխիթարի մեր հզոր հայրենիքի պարտությունից վշտացյալ ձեր սրտերը: Կարդացեք «Ստամբուլ» օրաթերթը, որ տեղյակ լինեք, թե օր-օրի էլ ի’նչ է կատարվելու մեզ հետ, որովհետև արտաքին պատերազմը ավարտվել է, բայց ներքին պատերազմը շարունակվում է…
ՄՅՈՒՍԸ — Գնեք սուլթանական պալատի բամբեր «Ալեմդարը»: Ամենակարևոր նորությունները «Ալեմդարի» էջերի մեջ են: Տեղի տալով համաշխարհային հանրության ճնշմանը` մեր մեծ հայրենիք Օսմայնան կայսրության սուլթան Ալլահի տեղապահ Մահմեդ 6-րդ Վահիդեդդինի կայսերական 1919 թվականի մարտի 8-ի հրամանով կազմվեց Ռազմական Արտակարգ Ատյան` պատժելու համար Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և աշխարհամարտի տարիներին հայերի տեղահանության և կոտորածների հեղինակներին…
ԵՐՐՈՐԴԸ — Կարդացեք «Թաքվիմ-ի Վաքային» ու կիմանաք, թե արդեն ովքեր են ձերբակալվել Ստամբուլում և տարվել Ռազմական նախարարության Բեքիրաղա Բյոլյուղյու բանտ:
ՄՅՈՒՍԸ — «Ալեմդարում» կկարդաք ականատես վկաների ցուցմունքները հայերի տեղահանության ու կոտորածի մասին:
ՄԵԿԸ — Թալեաթ, Էնվեր, Ջեմալ եռապետ փաշաներն են հայերի զանգվածային սպանությունների առաջին մեղավորները, որոնք թաքնվել են օտար երկրներում: Թերթերը պահանջում են, որ այդ երկրների կառավարությունները Թուրքիո արդարադատությանը հանձնեն ոճրագործներին:
ԵՐՐՈՐԴԸ — Հայերի տեղահանության ու կոտորածների մեղադրանքով բանտ են տարվել 300 նախարարներ, նահանգապետեր, գավառապետեր, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, ոստիկաններ, ժանդարմներ… Կարդացեք մեր թերթերը` կիմանաք նրանց անունները…
ՄՅՈՒՍԸ — Ռազմական Արտակարգ Ատյանի դատավարությունը սկսված է:
ՄԵԿԸ — Դատարանի կազմում են նախագահ` Ֆերիք Նազըմ փաշան, անդամներ` Զեքի, Մուստաֆա և Ալի Նազըմ փաշաները ու Ռեջեփ Ֆերդի բեյը: Դատախազ է նշանակված Մուստաֆա Նազմի բեյը:
ԵՐՐՈՐԴԸ — Ամեն օր մեր թերթերը կպատմեն դատավարության ընթացքի մասին…
ՄՅՈՒՍԸ — Այսօր ձեր սրտերին հաճելի մի նորություն. Ռազմական Արտակարգ Ատյան կազմելու հրամանից առաջ, սուլթանի կամքով, Մուստաֆա Քեմալը կազմավորել է թուրքական նոր հաղթական բանակ, որն արշավելու է Արևելյան Հայաստան, այնտեղ վերջնականապես լուծելու Հայկական հարցը:
ՄԵԿԸ — Ո՞վ է Մուստաֆա Քեմալը: Մենք դեռ շատ ուրախալի լուրեր կհաղորդենք նրա մասին…
ԵՐՐՈՐԴԸ — Իսկ հիմա հետևեք Արտակարգ Ատյանի դատավորներին, որոնք բարձր գահերին նստած՝ դատում են «Միություն և Առաջադիմություն» կուսակցության գործերը…
ԵՐԵՔԸ ՄԻԱՍԻՆ — (մոլեեռանդ): Ալլահ Էքբեր… Ալլահ Էքբեր…
ՄՅՈՒՍԸ — Մենք դեռ աշխարհի առջև մեր հաղթանակների դրոշները կպարզենք…
ՄԵԿԸ — Թուրքը դեռ կստիպի Եվրոպային դողալ իր ուժի առջև:
ԵՐՐՈՐԴԸ — Բիսմիլլահ… Բիսմիլլահ… Կգա այդ օրը…
Նրանք «Ալլահ Էբեր» աղաղակելով հեռանում են: Դահլիճը ընկղմվում է խավարի մեջ:
10.
Թուրքիո Ռազմական Արտակարգ Ատյան: Տեսարանը վերացարկված է, ինչպես Խորհրդարանի տեսարանը: Խորքում Թուրքիո դրոշն է, կենտրոնում` Ատյանի սեղանն է, ուր նստած են նախագահն ու դատարանի անդամները: Աջ կողմում դատախազ Մուստաֆա Նազմի բեյի աթոռն է, ձախ կողմում՝ քաղաքացիական հագուստով դատապաշտպանների: Վկաները խավար դահլիճում են, որոնց ելումուտի շնորհիվ այն դառնում է մասնակից դատական ընթացքին:
ՆԱԽԱԳԱՀ — Ատյանը, ըստ ընդունված կարգի, հաստատել է Թալեաթ, Էնվեր, Ջեմալ նախկին եռապետների, Նազըմի, Բեհաեդդին Շաքիրի, հայրենիքից ճողոպրած «Միություն և Առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի մյուս անդամների ինքնությունը: Փախուստի մեջ գտնվող ամբաստանյալները մեղադրվում են առանց հիմնավոր պատճառի երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, բանտերից հանված մոտ 40 հազար ավազակաբարո մարդասպան ոճրագործներից Հատուկ կազմակերպություն ստեղծելու և նրա միջոցով հայերի տեղահանությունն ու բնաջնջումն իրականացելու, երկրի անվտանգությունը խախտելու մեջ: Անմիջականորեն տեղերում հայերի կոտորածների մեջ մեղադրվող ոճրագործ պաշտոնյաներին հայտնաբերելու և նրանց նկատմամբ դատաքննություն կատարելու համար սուլթան Մեհմեդ 6-րդի հատուկ հրովարտակով երկրի գավառներում հիմնվել են ևս տասը դատաքննչական Ռազմական ատյաններ: Ռազմական Արտակարգ ատյանները, Ալլահի պաշտպանությամբ և օգնությամբ, արդարադատությանն են հետամուտ լինելու: Խոսքը դատախազ Մուստաֆա Նազմի բեյինն է: Նրա մեղադրական ելույթից հետո ձայնի իրավունք կստանան դատապաշտպանները:
ԴԱՏԱԽԱԶ — 4-5 տարի առաջ կատարվեց պատմության մեջ նախադեպը չունեցող ոճիր, որը սարսափ հարուցեց համայն աշխարհում: Եթե ուզում եք պատկերացում տալ այդ ոճրագործության չափի և պայմանների մասին, ապա պետք է խոսենք 100 հազարավոր հանցագործների մասին: Արդեն բացահայտվել է, որ այդ ողբերգությունը ծրագրված է եղել Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի գաղտնի նիստերում ընդունված որոշումների հիման վրա: Սակայն հայերի բնաջնջումի պատասխանատվությունը ընկնում է նաև տվյալ ժամանակաշրջանի Օսմանյան պետության կառավարության վրա, քանի որ «Տեղահանության մասին» որոշումը հաստատվել է Նախարաների և Պետական խորհուրդների կողմից, իսկ հայերի տեղահանությունն ու ոչնչացումն իրականացվել է պետական օղակների և իշխանության միջոցով: Կուսակալները, գավառապետերը, քաղաքացիական ու զինվորական պաշտոնական անձինք կատարել են վերևից ստացած հրամանները: Հայերի տեղահանությունը և կոտորածները «Միություն և Առաջադիմություն» կուսակցության հրահրած՝ աշխարհում երբևէ տեղի ունեցած ամենաահասարսուռ ողբերգությունն է, որին մասնակցել են, արյունարբու չեթեներից բացի, հազարավոր թուրք ու քուրդ հասարակ ժողովուրդ: Անհնար է երկրի անունից չտխրել, մարդկության անունից չատել: Այս կոտորածը, առանց իրական, անհրաժեշտ պատճառի Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելը պատմության արյունոտ տառերով գրված դատավճիռ է երիտթուրքերին:
ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆ — Իմ ձեռքին է Թալեաթ փաշայի անավարտ հուշագրության մեկ էջը միայն: Մեծարգո նախագահ, ամենահարգելի դատախազ Նազմի բեյը չի կարող չխոստովանել այս փաստաթղթի իսկությունը, որը ներկայացնում եմ՝ առանց շեղվելու Ղուրանի փառապանծ օրենքներից: Թալեաթ փաշան գրում է. «Սկզբունքորեն զինվորական նախազգուշական միջոցառումից բացի որևէ այլ նպատակ չունեցող տեղահանությունն անխիղճ ու թուլակամ մարդկանց շնորհիվ վերածվել է ողբերգության: Ուզում եմ նշել, որ միայն այդ դեպքերի պատճառով կառավարությանն ու «Միություն և Առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեին, ինչպես նաև այս գործի հետ առնչություն չունեցած անդամներին մեղադրելն անիրավացի ու կամայական երևույթ է: «Միություն և Առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամներն անչափ վշտացած են հայերի դեմ կատարված գործողությունների պատճառով և դեպքերը կանխելու համար միշտ ձգտել են ազդել կառավարության վրա»: Այս է ճշմարտությունը: Թալեաթ փաշան մեղքի բաժին չունի հայերի կոտորածների մեջ, և մյուս ղեկավար անձնինք` նույնպես:
ԴԱՏԱԽԱԶ — Մեծարգո նախագահից թույտվություն եմ խնդրում դատարանի դահլիճ կանչել վկային:
ՆԱԽԱԳԱՀ — Անձը՞…
ԴԱՏԱԽԱԶ — Թուրք պաշտոնյա, 1915-1917 թվականներին Հալեպի գաղթականների տեսչության գլխավոր քարտուղար Նայիմ բեյ:
Նայիմ բեյը մոտենալով վկաների սեղանին՝ ձեռքը դնում է Ղուրանի վրա և երդվում:
ՆԱՅԻՄ ԲԵՅ — Ամենազոր Ալլահի հանդեպ խորին երկյուղածությամբ, չշեղվելով Ղուրանի փառապանծ օրենքներից, պիտի վկայեմ միայն ճշմարտությունը:
ԴԱՏԱԽԱԶ — Ի՞նչ էր ներկայացնում ձեր պաշտոնը:
ՆԱՅԻՄ ԲԵՅ — Ինձ հանձնարարված էր կազմակերպել կայսրության բոլոր ծայրերից Հալեպ աքսորված հայերին անապատ քշելու գործի փաստաթղթերը, Թուրքիայի Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ծածկագիր հեռագրերը, պաշտոնատար անձանց հասցեագրված հրամանենրն ու հրահանգները: Ես բոլոր նյութերը հանձնեցի Արամ Անտոնյանին, ով դրանք հրապարակեց անգլերեն, ֆրանսերեն, հայերեն:
ԴԱՏԱԽԱԶ — Ինչո՞ւ դուք՝ թուրք պաշտոնյադ, ցանկացաք հրատարակել Թուրքիո խայտառակությունը հանդիսացող փաստաթղթերը:
ՆԱՅԻՄ ԲԵՅ — Որովհետև կարծում եմ, որ հայերի աքսորն ու կոտորածը իրենց հավասարը չունեն անմարդկային արարքների մասին մինչև այժմ գրված պատմությունների մեջ:
ԴԱՏԱԽԱԶ — Կարո՞ղ եք մեզ ցույց տալ այդ փաստաթղթերից օրինակներ:
ՆԱՅԻՄ ԲԵՅ — Այո, որքան կամենաք:
Նայիմ բեյը ծոցագրպանից հանում է մի տրցակ հեռագրեր, մեկնում Դատախազին:
ԴԱՏԱԽԱԶ — Դուք կարդացեք:
ՆԱՅԻՄ ԲԵՅ — (կարդում է մի հեռագիր): «Մեզ անհայտ պատճառով հանրահայտ մարդիկ, փոխանակ աքսորված լինելու ուղիղ աքսորավայր, թողնվել են Հալեպում: Դա դժվարին կացության մեջ է դնում կառավարությանը: Ուշադրության չառնելով նրանց առարկումները` այդտեղից հեռացրեք բոլորին, ինչպես կանանց, այնպես էլ երեխաներին, անգամ նրանց, ովքեր ի վիճակի չեն շարժվել: Մարդկանց թույլ մի տվեք պաշտպանել նրանց, քանի որ իրենց անգիտակցության հետևանքով նրանք նյութական օգուտները հայրենասիրական զգացումներից բարձր են դասում և չեն կարողանում հասկանալ կառավարության մեծ քաղաքականությունը, որը պնդում է այդ միջոցառումների իրականացումը: Բնաջնջման զարտուղի միջոցների փոխարեն, որ կիրառում են ուրիշ վայրերում, ինչպես, օրինակ՝ խստությունը, հապճեպ աքսորը, տեղափոխումների դժվարությունները և զանազան ձախորդություններ, կարելի է առանց վտանգի դիմել անմիջական միջոցառումների: Միայն թե գործեք ջանադրաբար: Այս առաջադրանքի կատարման համար նշանակված պատասխանատու անձանց հաղորդեք, որ իրենք պարտավոր են կենսագործել մեր բուն մտադրությունը` չվախենալով պատասխանատվությունից: Հաճեցեք ամեն շաբաթ թվական հաշվետվություն ներկայացնել ձեր գործունեության մասին: Ներքին գործերի նախարար` Թալեաթ, 9 սեպտեմբերի 1915թ.»:
ԴԱՏԱԽԱԶ — Շարունակեք ձեր վկայությունը:
ՆԱՅԻՄ ԲԵՅ — Ես տեսել եմ Ռաս-Ուլ-Այնում գյուղից անդին, գետի ափին հազարավոր դժբախտ կանանց և երեխաների, որոնք ամեն առավոտ գյուղ էին գալիս` ողորմություն մուրալու: Նրանցից ոմանք ջուր էիր կրում` փորձելով գոյությունը պահպանել այդ կերպ վաստակած հացի փշրանքներով: Այդ ժամանակ դեռ ամառ էր և նրանք կարող էին ապաստան գտնել ժայռերի կամ բլուրների փապարներում: Իսկ երբ վրա հասավ ձմեռը, գիշերվա խավարում լսվում էին ցրտից ու սովից մեռնողների թառանչները: Դրսում մոլեգնում էր փոթորիկը: Տարերքի քմայքին մատնված այդ դժբախտները մի գիշերում մեռնում էին հարյուրներով: Սարսափելի էր տեսնել, թե շներն ինչպես էին խժռում մարդկանց դեռ տաք դիակները: Հինգ-վեց նահանգից քարավաններով աքսորվել էին մեկ միլիոնից ավելի մարդ: Յուրաքանչյուր քարավանից աքսորավայր էին հասել 100-150 կին ու երեխա: Մյուսները կոտորվել էին ճանապարհներին: Երբ ես, պաշտոնի բերումով, հաստատվեցի Հալեպում և ստիպված եղա գրանցել ծածկագրված գաղտնի հրամաններ, երբ ըմբռնեցի այդ հեռագրերի իմաստն ամբողջությամբ, սոսկացի: Հեռագրերը հրամայում էին հայերին ոչնչացնել նաև կարիքի ու դաժան ձմռան միջոցով: Այդպես կարելի էր ապագայի համար կանխապահովել ապացույց, թե նրանք մեռել են բնական մահով: Թալեաթի ամեն մի հեռագիրը սարսռեցնում էր ինձ: (Կարդում է:) «…Հաստատակամորեն խորհուրդ է տրվում չենթարկվել կարեկցանքի զգացումին` ի տես նրանց թշվառ վիճակի, այլ վերջ տալ բոլորին և ամեն կերպ ջնջել, ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում: Հետևեք, որ նրանք, ում կվստահվի այդ խնդրի իրագործումը` հայրենասեր և հուսալի մարդիկ լինեն: Թալեաթ»: Բայց նախքան այս դաժան մարդկանց մասին ասելը, ուզում եմ հիշել Հալեպի նահանգապետ Ջելալ բեյին, որը Թալեաթի հայաջնջման հեռագրերին պատասխանեց` հեռագրելով Կոստանդնուպոլիս. «Ես նահանգի նահանգապետն եմ և չեմ կարող նրա դահիճը լինել»: Նրան անմիջապես ազատեցին իր պաշտոնից: Ջելալ բեյի փոխարեն նշանակեցին Բեքիր Սամի բեյին, որը նույնպես կոտորածի հակառակորդն էր: Սա նույնպես պաշտոնազրկվեց: Հալեպի գեներալ-նահանգապետ նշանակվեց Մուստաֆա Աբդուլ Հալիգ բեյը: Սա և աքսորի գործերի գլխավոր կոմիտեի ներկայացուցիչ Նուրի բեյը, հայերի հանդեպ համակված լինելով ատելությամբ, նրբացված դաժանության մարմնավորում էին: «Կառավարությունը չի ցանկանում, որ այդ ժողովուրդը գոյություն ունենա»,- ասում էին նրանք: Թալեաթը նրանց պաշտոնի նշանակելիս ասել է. «Մենք պետք է Թուրքիան տեսնենք այդ անիծված ժողովրդից ազատված: Դուք, անշուշտ, գիտեք ձեր անելիքը»: Նուրի բեյի գլխավոր գործակիցը Էյուբ Սաբիր բեյն էր, մի արնախում ու կաշառակեր մարդ: Թալեաթը հեռագրեց. (Կարդում է:) «Արագացրեք աքսորը Տեր-Զոր: Ովքեր ի վիճակի չեն շարժվելու, կընկնեն կմեռնեն քաղաքից մի քանի ժամվա հեռավորության վրա, և քաղաքը կազատվի ողջերից էլ, մեռածներից էլ»: Երբ Տեր-Զորի նահանգապետ Սաուդ բեյին մեղադրեցին, որ չի կատարել անապատում հայերին կոտորելու հրամանը, նա պատասխանեց. «Մենք չենք հարցնում, թե հայերն ինչո՞ւ են աքսորվում: Դա մեզ չի վերաբերվում: Մենք չենք կարող վերացնել նրանց վրա կախված դժբախտությունը, բայց կարող ենք մեղմել այն: Ես կարծում եմ, որ նրանց աշխատանքի շնորհիվ այս անապատները կարող են վերածվել ծաղկուն դաշտերի և այս հյուղակների փոխարեն կկառուցվեն գեղեցիկ շենքեր»: Ալի Սաուդ բեյը նույնպես հեռացվեց պաշտոնից:
ԴԱՏԱԽԱԶ — Պատմեք Ռաս-Ուլ- Այնի կոտորածի մասին:
ՆԱՅԻՄ ԲԵՅ — 1916 թ. փետրվարին Ռաս-Ուլ-Այն ժամանեց հայերի կոտորածների ամենադաժան կազմակերպիչներից Վանի նախկին գեներալ-նահանգապետ Ջևդեդը` ռազմական նախարար Էնվեր փաշայի փեսան: Վանում վերջացնելով կոտորածը` նա գնաց Մուշ, ապա անցավ Բիթլիս, ավարտեց այնտեղ կոտորածները և նշանակվեց Ադանայի նահանգապետ: Այնտեղ մեկնելու ճանապարհին ժամանեց Ռաս-Ուլ-Այն, որտեղ կուտակվել էին հայերի մնացորդները: Տեսնելով սարի ստորոտին նրանց ճամբարն` ասաց. «Մի՞թե այդ շները դեռ գոյություն ունեն: Ես ձեզ հրամայում եմ կոտորել բոլորին»: Այսպես սկսվեց Ռաս-Ուլ-Այնի կոտորածը, որին հաջորդեց ողջ մնացածների վերջին խմբերի տեղահանությունը դեպի Տեր-Զոր: Նրանց տանում էին` ամենադաժան եղանակներով սպանելու: Նրանց ոչնչացնելու Թալեաթի վերջին հրամանը մեկնաբանելու կարիք չունի: (Կարդում է:) «Ոչ ոքի չթողնեք կենդանի, մասնավորապես մինչև հինգ տարեկան երեխաներին: Այլապես նրանք կմեծանան և կձգտեն վրեժխնդիր լինել: Եթե ուզում եք ապահովել մեր վաղվա օրը, ապա սպանեք նրանց, նույնիսկ երեխաներին»:
Ալի Սաուդ բեյի փոխարեն Տեր-Զորի նահանգապետ նշանակվեց Զեքի բեյը, նույնքան արնախում, որքան Ջևդեդը: Զեքի բեյը Տեր-Զոր աքսորված հայ մնացորդաց քարավանները ուղարկում էր անապատից-անապատ` Տիգրիսի միայն ձախ ափով: Տիգրիսի ձախ ափից ձգվում էր անծայրածիր անապատը: Վերջին խմբերը պիտի անցնեին անապատը սովի ու ծարավի միջով, որովհետև Հալեպից ցուցումներ էին ստացվել, որ ճանապարհին աքսորյալներին չթողնել ուտել ու խմել, եթե նույնիսկ դա հնարավոր լիներ: Հայերի վերջին խմբերը դեպի գերեզման երկարող ճանապարհներով անապատից անապատ էին գնում… Նրանց քշում էին տեղից տեղ, մինչև ուժասպառ ընկնելն ու թաղվելը ավազների մեջ…
Հեռագրերի տրցակը հանձնում է Դատախազին:
ԴԱՏԱԽԱԶ — Նայիմ բեյ, Ռազմական ատյանի հանդեպ դուք կատարեցիք ձեր պարտքը:
Դատախազը հեռագրերը հանձնում է Նախագահին: Տեղից բարձրանում է 2-րդ Դատապաշտպանը:
2-ՐԴ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆ — Լի Աստծո հանդեպ երկյուղածությամբ, առանց շեղվելու Ղուրանի փառապանծ օրենքներից, առարկություն ունեմ մեծապատիվ մեղադրողի կարևոր դրույթներից մեկի հանդեպ: Այսօր նոր Կառավարությունը Իթթիհաթականների՝ տեղահանությունների և կոտորածների հեղինակների նկատմամբ դատաքնություն է իրականացնում: Սակայն «Միություն և Առաջադիմություն» ասելով՝ չենք հասկանում օսմանյան ազգ: Կոտորածների ու տեղահանության պատճառով պատախանատվություն չի ընկնում թուրք ժողովրդի նույնիսկ մեկ ներկայացուցչի ուսերին:
ԴԱՏԱԽԱԶ — Մեծարգո Նախագահից թույլտվություն եմ խնդրում դատարանի դահլիճ կանչել վկային:
ՆԱԽԱԳԱՀ — Անձը՞…
ԴԱՏԱԽԱԶ — Հայ քահանա, որն անցել է Տեր-Զորի ճանապարհներով:
Դահլիճից բարձրանում է Քահանան՝ պարանոցից կախված անվարժ ձեռքերով սարքված փայտե խաչով:
ՆԱԽԱԳԱՀ — Երդվիր Ղուրանի վրա:
ՔԱՀԱՆԱ — (փայտե խաչն է համբուրում): Ես կերդվեմ խաչի վրա:
ՆԱԽԱԳԱՀ — Որտեղի՞ց ես:
ՔԱՀԱՆԱ — Յոզղաթից:
ՆԱԽԱԳԱՀ — Պատմիր սկզբից:
ՔԱՀԱՆԱ — Մեր քարավանը գնում էր անսահման տարածությամբ ոտքերիս տակ փռված ոսկորները տրորելով…
2-ՐԴ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆ — Ես բողոքում եմ: Հայը ինչպե՞ս կարող է սուտ խաչի վրա երդվելով ճշմարտության անունից խոսել:
ՔԱՀԱՆԱ — Իմ փոխարեն թող վկայություն տա Յոզղաթի ոստիկան, զինվորների հարյուրապետ Շյուքրի բեյը:
Դահլիճից բարձրանում է Շյուքրի բեյը:
ՇՅՈՒՔՐԻ ԲԵՅ — Սրբազան Ղուրանը վկա իմ խոսքերին, որ պիտի ասեմ Ալլահի ճշմարտությունը պաշտելով:
ՆԱԽԱԳԱՀ — Ի՞նչ ոսկորների մասին է խոսում այս հայը:
ՇՅՈՒՔՐԻ ԲԵՅ — Հայերի ոսկորների: Թուրք գյուղացիներից ջարդվածների ոսկորների: Պոլսից եկած բարձր հրամանի համաձայն կոտորվեցին: Ներքին գործոց նախարարի հրամանով, կոտորվածների հետքը կորցնելու համար մեծ փոսեր փորելով հավաքեցինք ու թաղեցինք: Բայց, տես որ, գարնան հեղեղները, փոսերը բանալով, ոսկորներն ու նեխած դիակներն արևի երես հանեցին: Այս ճամփից ոչ մի քարավան ողջ չի մնացել: Ես, որպես Յոզղաթի ոստիկան-զինվորների հարյուրապետ, հաստատ կարող եմ ասել, որ մեր գավառում 86 հազար հայ ջարդեցինք: Մենք էլ զարմացանք, որ մեր գավառում այդքան հոծ հայություն կար: 86 հազա՛ր: Բայց այդ ճանապարհով ուրիշ գավառներից էլ քարավաններ անցան: Նրանք էլ մաքրվեցին: Սկզբում տղամարդկանց կոտորեցինք, հետո՝ կանանց ու երեխաներին: Մենք մարգարեի գլխի վրա երդվել էինք, որ մեր Յոզղաթի գավառի մեջ ոչ մի հայ չպիտի կենդանի մնա: Սկզբից պատմեմ: Այս ձորերի մեջ տղամարդկանց ջարդելուց հետո քաղաքի մեր կառավարիչ Քեմալը մունետիկ կանչել տվեց հայ կանանց համար, թե` ձեր այրերը ժամանել են Հալեպ և տեղի կուսակալին խնդրագիր են տվել, որ իրենց ընտանիքներին էլ Հալեպ բերեն: Քեմալը երեք օր պայմանաժամ տվեց, որ երկար ճանապարհից առաջ կարողանան պատրաստվել: Ով ինչ ուզում էր, կարող էր վերցնել հետը: Իսկ ով կարող էր վճարել կառքի ու սայլի համար` կառավարությունը կհոգա (ծիծաղում է): Կանայք հավատալով սկսեցին ճամփի պատրաստություն տեսնել: Խմորեղեններ եփելով` թիթեղյա տուփերի մեջ շարեցին` Հալեպ գտնվող ամուսիններին նվեր տանելու համար: Քարավանները առաջնորդելու պաշտոնը միշտ ինձ էր հանձնվում, որովհետև վայրերին շատ լավ եմ ծանոթ: Կանանց քարավանն էլ ինձ հանձնեցին: Ձեռքիս տակ ընդամենը 80 զինվոր ոստիկան ունեի: Երբ հասանք ձորերին, ապրանքով լեցուն սայլերն ու կառքերը քաշեցինք մի կողմ ու մեր ետևից հասած թրքուհիների հետ, նրանց կառավարությունն էր ուղարկել մեզ օգնելու. ուրեմն սրանց հետ, սկսեցինք մանրամասն խուզարկություն: Մինչև ներքնազգեստները խուզարկեցինք: Կարճ ժամանակ հետո զատ-զատ ոսկու ու զարդեղենի դեզեր առաջացան: Հավաքվածը հնարավոր չեղավ հաշվել: Հասարակ ոստիկաններից մինչև պետական ամենաբարձր պաշտոնյան շահեց: Բոլորին էլ լիուլի հասավ: Ես էլ մի 10 հազար ոսկի առա, զարդն ու զարդեղենն էլ` իր հերթին: Ես հավատացյալ մարդ եմ: Ալլահը չի ների, որ սուտ խոսեմ: Այս վերջին տեղահանության ու ջարդերի շնորհիվ մեծ հարստություն դիզեցի: Բայց ես ծեր եմ, ի՞նչ պիտի անեմ հարստությունը: Միակ տղաս պիտի վայելի, նա Գերմանիայում զինվորական ուսում է ստանում: Մանրազնին խուզարկելուց հետո` կոտորեցինք: 80 ոստիկանով 86 հազարին ինչպե՞ս կկոտորեինք: Խուզարկելու ընթացքում սարերի վրա եկել, հավաքվել էր 10-12 հազար իսլամ ժողովուրդ: Յոզղաթի տեղական կառավարությունը շրջակայքի թուրք գյուղերի իսլամ ժողովրդին ոտքի էր հանել` կատարելու կրոնական սուրբ պարտականությունը` մասնակցելու ջիհադին: Պատերազմի ժամանակ գնդակը սուղ է, իսլամ ժողովուրդը այս սպանդին վազած ժամանակ բերել էր՝ ինչ ձեռքն ընկել էր. կացին, սակր, մանգաղ, մահակ, բրիչ, բահ: Երբ սպանդն ավարտեցինք, գյուղացի իսլամ հավատացյալ ժողովրդին թողեցինք, որ մերկացնեն մեռելներին ու զգեստները տանեն իրենց հետ՝ որպես պարգև: Արյունոտ էին, բայց ինչ կա որ… շատ արագ մեռելները մերկացրին: Սրանից հետո ձորն իջան ուշացած կանայք… Կոտորածից ուշացածները: Շատերը գալիս էին ծծկեր կամ մի քանի տարու երեխաների հետ: Թուրք ցեղի բնազդները հանուն սրբազան ջիհադի մանուկ օրից պիտի վարժեցնել: Վարժեցնել արյան գույնին ու հոտին: Նոր եկողներին էլ ահագին բան հասավ: Մեռնող կանանցից շատերը հասցրել էին կուլ տալ զարդերը: Բայց թուրք մեր քույրերը օրերով, նեխած հազարավոր դիակների մեջ շրջելով, փորոտիքները պատռեցին, բավական զարդեղեն գտան, բերեցին քաղաք, ծախեցին:
Ես իմ նվիրական ու սրբազան պարտականությունս կատարեցի Ալլահի, մարգարեիս ու խալիֆիս առաջ: Որովհետև սրբազան ջիհադ էր հայտարարված: Սրբազան ջիհադի ժամանակ մարդ սպանելը ոճի՞ր է:
ՔԱՀԱՆԱ — Քո արյունոտ Ալլահին փառք տուր, անիծված, ու վկայիր, որ թուրք ամենաողորմելի գռեհից մինչև կառավարական մեծ ու փոքր պաշտոնյաները, իրենց տները լցրեցին բնաջնջված հայերի տների ավարով, հայ վաճառականների խանութների հարստությամբ: Հայերի դիակների վրայով երեք օր անցնելով, Պոլիս եկող Խարբերդի երեսփոխան հոճա Սայիտը թուրք խորհրդարանի մեջ պաշտոնապես հայտարերեց, թե գավառի թուրք ժողովրդի կողմից անհուն շնորհակալություններ իր հետ կբերե՝ ասելով, թե. «Երկիրը դրախտի է վերածվել, ժողովրդի կողմից երախտապարտ է ազգի այն իմաստուն վարիչներին, որ ազգի բաղձանքները լավապես ըմբռնելով՝ զարգացման պատեհություններ շնորհեցին նրան»: Հիմա դատ ու դատաստանի են նստել, որ դատեն արյունռուշտ բորենիներին… Դահիճ-դահճապետներին: Եթե պատերազմում հաղթեին` պիտի լինե՞ր այս դատարանը: Թե՞ թուրքը պիտի շարունակեր գովերգել ահարկու ոճիրը, նրա գույնը, համը, հոտը: Եթե չլիներ պարտությունը` Հայոց եղեռնը պիտի կուլ տային մեծ ախորժակով: Իսկ հիմա հարկավոր է հայտարարել աշխարհով մեկ, թե թուրքն անմեղ էր, միայն մի քանի պաշտոնավոր արյունարբու փաշաներ… Տեր… Ամենակարող… Ուզում եմ աղոթել քեզ, բայց անզոր եմ…
Քահանան ընկղմվում է խավարի մեջ: Շարունակվում է դատարանի տեսարանը:
ՆԱԽԱԳԱՀ — Ճշմարտությունը մինչև վերջ բացահայտելու համար պիտի շարունակենք համբերությամբ լսել բոլոր ականատես-վկաների խոսքը՝ լինի թուրք, հայ, թե օտարազգի… Ռազմական Արտակարգ Ատյանը շարունակում է քննել առանց հիմնավոր պատճառի Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու գործը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և իրականացնողների գործը: Դատարանը շարունակում է քննել հանցագործությունների իրողությունը:
ԴԱՏԱԽԱԶ — Դատարանի դահլիճ է հրավիրվում Յոհաննես Լեփսիուսը՝ գերմանացի բողոքական քահանա, «Գերմանա-հայկական ընկերության» նախագահ:
1-ԻՆ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆ — Նա չի կարող ճշմարիտ վկա լինել:
ԴԱՏԱԽԱԶ — Ինչո՞ւ:
1-ԻՆ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆ — Նա գրքեր է գրել մեր հայրենիքում ապրող հայերի մասին, գովաբանելով նրանց և վատաբանելով երկրիս տերերին:
ՆԱԽԱԳԱՀ — Դա պատճառ չէ նրա վկայությունը չսելու համար:
ԴԱՏԱԽԱԶ — Հրավիրել ատյան Յոհաննես Լեփսիուսին:
Լեփսիուսը մոտենում է Ղուրանին: Ձեռքը տանելով սրտին՝ երդվում է:
ԼԵՓՍԻՈՒՍ — Հանուն Աստծո արդարության՝ ճշմարտությունը պիտի լինի իմ վկայությունը:
Լեփսիուսի խոսքի ընթացքում դահլիճից բեմ են բարձրանում օտարազգի մյուս վկաները:
ԼԵՓՍԻՈՒՍ — Ես երկար տարիներ ապրեցի Թուրքիայում և ուսումնասիրեցի հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում: 1896 թ. լույս ընծայեցի իմ առաջին գիրքը. «Հայաստանն ու Եվրոպան», որն անմիջապես թարգմանվեց ֆրանսերեն, անգլերեն և ուրիշ լեզուներով: 1915 թ. ստիպված էի նորից այցելել Թուրքիա, որպեսզի սեփական աչքերով տեսնեի Հայոց տանջահարված կյանքի հոգեվարքը: Եվ թուրքական կառավարության զարհուրելի ոճիրները մերկացնող բազում վկայություններ հավաքելով` զետեղեցի «Տեղեկագիր Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին», ապա և` «Հայկական ջարդերը», «Գերմանիան և Հայաստանը» ժողովածուներում: Ես ճանաչում եմ հայ ժողովրդին: Ճանաչում եմ նրա տառապանքը: Հայոց եղեռնի սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը, երբ ձերբակալվեց Կոստանդնուպոլսի հայ մտավորականությունը: Սակայն ներքին բոլոր գավառներում հայ մտավորականության ձերբակալությունը կատարվել էր մի քանի օր առաջ: Ընդհանուր կարգադրություն կար նախ հայ ժողովրդին զրկել իր մտավորական որդիներից, որպեսզի թուրքերի ոճիրների լուրերը ներքին գավառներից չհասնեն Եվրոպա: Անխնա և անխտիր` բանտերում հավաքվեցին և հոշոտվեցին հայ ժողովրդի մտքի ներկայացուցիչները և ցեղի հույսերը… (Հուզմունքը չկարողանալով զսպել՝ լռում է:)
ՔԱՀԱՆԱ — (իր անկյունից): Ցեղի հույսերը… Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Զարդարյան, Ռուբեն Սևակ, Արտաշես Հարությունյան, Թլկատինցի, Երուխան, Տիգրան Չյոկյուրյան, Սմբատ Բյուրատ, Կոմիտաս, Նազարեթ Տաղավարյան, Տիրան Քելեկյան, Գագիկ Օզանյան և մյուսները… Թող ներեն զոհերը, որ չեմ կարող տալ բոլորի անունները: Նրանք Հայոց Ոգեղենի ընդերքից պարտադրեցին իրենց տաղանդը այնքան առատորեն ՇԱ՛Տ: Այդ ՇԱՏԸ հոշոտվեց մարդակերպ բորենիների ճիրանների մեջ, որովհետև թուրքը չպիտի հանդուրժեր նրանց: Որովհետև թուրքի ամայի մտքի անդաստանում իշխում էր ՀԱՅՈՑ ՏԱՂԱ՛ՆԴԸ: Նրանց մեջլիսներում, մեծ մասամբ, հայերի ձեռքերով էին շտկվում ու մշակվում օրենքները, նրանց դպրոցներում ու համալսարաններում հայ ուսուցիչներն էին թուրքերին սովորեցնում իրենց իսկ ազգային լեզուն, հայ ճարտարապետ-ճարտարագետներն էին կառուցում նրանց պալատներն ու ճանապարհները, նրանց բուժում ու փրկում էին մահից հայ բժիշկները, առևտուրն ու արդյունագործությունը կազմակերպում և երկիրն ամեն իմաստով հարստացնում էին հայերը: Վաչկատուն, վրանաբնակ ցեղի հոգեբանությունից չազատագրված թուրքը հավատացած էր. եթե մեռնի հայությունը` տեր պիտի լինի նրա հանճարին, ինչպես մշտապես թալանով տեր էր լինում նրա ստեղծած հարստությանը: Եվ երբ Թուրան տանող ճանապարհը ազատի` մահվան երախը նետելով տաղանդավոր, իմաստուն, աշխատասեր ժողովրդին, նրա Հայրենիքի հետ ժառանգություն պիտի ստանա մեռած ժողովրդի ՀԱՆՃԱ՛ՐԸ:
ԼԵՓՍԻՈՒՍ — Սակայն մտավորականությանը ոչնչացնելուց առաջ, տարագրությունն ու ընդհանուր կոտորածը սկսելուց առաջ, ժողովրդի արական մասը, որ վաղուց զինվորագրված էր և, ըստ պատերազմի նախարար Էնվեր փաշայի վկայության, Դարդանելի և Կովկասի ռազմաճակատներում քաջությամբ էր կռվել հանուն Օսմանյան կայսրության, զինաթափվեց և դաժանորեն սպանվեց: Իսկ 16-60 տարեկան տղամարդկանց, որոնք դեռ մնում էին գավառներում, տարան լեռները և ոչնչացրին, ինչպես ոչնչացրին մտավորականներին և զինվորներին: Զենքերը հանձնելու իշխանության տված հրամանը կատարելու պատրվակով ոստիկանները մտան գյուղերն ու շեները` պահանջելով այնքան զենք, որքան երբեք և ոչ մի ժամանակ չեն ունեցել հայերը: Եթե նրանց պահանջածի չափով զենք չէր հանձնվում, բանտ էին նետում մարդկանց և ենթարկում սոսկալի տանջանքների: Գյուղերից մեկում քահանային հինգ անգամ գանահարելուց հետո, նրան և մի քանի գյուղացիների, մինչև ատամները զինելով ու ավազակների նմանեցնելով, տարան մահմեդական թաղերը: Մահմեդական տականքը դաժանորեն հաշվեհարդար տեսավ նրանց հետ: Իսկ նրանց զվարճությունն այն էր, որ քահանաների բերանները վառոդ լցնելով, լուցկիով կրակ էին տալիս: Ես վկա եմ այն ահարկու տառապանքին, որին ենթարկվեց ամեն բանով գերազանց հայ ժողովուրդը:
ՄԱՐԻԱ ՅԱԿՈԲՍՈՆ — Ես՝ Մարիա Յակոբսոնս, Դանիայի միսիոներների` Հայաստանի Խարբերդ քաղաքի միսիոներական կազմակերպության գթության քույր եմ, որ 1907 թ. եկել եմ Խարբերդ` ծառայելու համիդյան կոտորածներից որբացած հայ մանուկներին: Իմ «Օրագրության» էջերում պատմել եմ այն սարսափների մասին, որ տեսան հայերի մտավորական զավակները, որոնց նետում էին Խարբերդի Կարմիր Ղոնախ զարհուրելի բանտը: Նրանց այնքան էին ծեծում, որ շատերը խելագարվում էին: Հետո, այդպես, մի շապիկով, դուրս էին նետում բանտից` զվարճանալով նրանց զարհուրելի վիճակով: Երբ ձանձրացան այդ զվարճությունից ևս, սպանեցին` սպանությունը նույնպես դարձնելով զվարճություն: Մարդկանց ձերբակալում էին փողոցներում, իրենց վաճառատներում, եկեղեցիներում, դպրոցներում, հիվանդանոցներում և նետում Կարմիր Ղոնախ բանտը: Սոսկալի էին այդ սքանչելի մարդկանց չարչարանքները… Մեր սիրելի բժիշկ Միքայելի, որն իր գիտությամբ բուժել էր ավելի շատ թուրքերի և բազմաթիվ անգամ հրավիրվել Ստամբուլ` բուժելու երիտթուրքերի պարագլուխներին, ձեռքերը փաթաթեցին քարյուղով թաթախված լաթերով և վառեցին: Վառեցին այն ձեռքերը, որոնք այդքան թուրքի կյանք էին խլել մահվան ճիրաններից: Այդ ձեռքերը… երկու վառվող ջահեր՝ պարզված երկինք…
Մենք` դանիացի միսիոներներս, տեսանք, թե ինչպես Կարմիր Ղոնախ բանտից հանեցին նրանց. ուսուցիչներին, բժիշկներին, քահանաներին, վաճառականներին, բոլոր անմեղներին: Նրանց բոլորին տարան լեռները և սպանեցին: Իսկ Մեզրեի բանտը, որը լի էր միայն հայերով, այրեցին…
ԼԵՓՍԻՈՒՍ — Հետո Անատոլիայի ամայացած հովիտների միջով ձգվեցին տարագրվածների քարավանները: Քարավանները, որտեղ տղամարդիկ չկային այլևս, ժանդարմներն առաջ էին քշում գավազանի հարվածներով: Քարավանները շատ արագ վերածվեցին ցնցոտիապատ, փոշու և կեղտի կույտ դարձած տարաբախտների: Երեխաները քարշ էին գալիս բոբիկ ոտքերով, միայն մի պատառոտուն գոգնոց ունենալով վրաները, ցրտից ու քաղցից դողդողալով, մաշկի տակից դուրս պրծած ոսկորներով: Նրանք հազարներով պառկում էին ճանապարհների եզրերին և համակերպված մեռնում: Երեխանե՛րը:
Բեմ է բարձրանում Մամետը:
ՄԱՄԵՏ — Ես ուղտապան եմ, պարսիկ Քերպելու Ալի Մամետը: Ես ռազմամթերք էի փոխադրում Երզնկայից Կարին: 1915 թ. հունիսին, երբ եկա Խոթուրի կամրջի մոտ, սարսափելի տեսարան բացվեց իմ աչքերի առջև: Անթիվ, անհամար մարդկանց դիակներ էին լցված մեծ կամուրջի 12 կամարների անցքերը: Ջուրն, իր ընթացքը փոխած, կամուրջից այն կողմ էր հորդում: Բացի կամրջից, մինչև Ճինիս, ճանապարհը լցված էր դիակներով… Այնպիսի գարշահոտություն էր, որ անցնել այդ ճանապարհով անհնար էր: Իմ երկու ուղտապանները հոտից մեռան: Ուղտերը հրաժարվեցին անցնել դիակների վրայով… Ես ստիպված եղա ճանապարհս փոխել: Ամենուր նույնն էր, ամենուր` հայե՛ր: Թշվառ հայեր… Շներն ու անգղները խժռում էին նրանց դիակները…
ԱՆՐԻ ԲԱՐԲԻ — Ես` Անրի Բարբի ֆրանսիացի լրագրողս, որպես թղթակից եղա պատերազմական գործողությունների ասիական թատերաբեմում, Արևմտյան Հայաստանում և Միջագետքում: Ինձ վիճակվեց դառնալ Հայոց ողբերգական անցուդարձի ականատեսը: Ես գրեցի իմ գիրքը և անվանեցի «Սարսափի երկրում»: Տրապիզոնից և շրջակա գյուղերից 32 700 հայ ծովը թափվեց, գետերը լցվեց, տարագրվեց, բայց տեղ չհասավ: Չնայած այս պարագային` դժվար է ասել, թե որտեղ էր տեղը, ուր պիտի հասնեին աքսորյալները: Տղամարդկանց ոչնչացնելուց հետո` դահիճները հարձակվում են կանանց և երեխաների ողբալի երամի վրա: Սարսափից խելագարված մայրերը, մանուկներին իրենց կրծքին սեղմելով, նայում էին մոտեցող թուրքերին, որոնք ոտից գլուխ իրենց ամուսինների, որդիների, հայրերի արյան մեջ էին թաթախված: Կանանց մարտիրոսությունը, որոնք քիչ առաջ տեսել էին իրենց այրերի մորթվելը, դեռ չէր ավարտվել: Բարբարոսները խլում էին նրանց գրկից մանուկներին, մոտակա ժայռերի վրա նրանց գլուխները ջախջախելով ծովն էին նետում: Շատերն իրենց գրկի մեջ խեղդում էին փոքրիկներին, որ ազատեն նրանց թուրքի չարչարանքներից: Երկինք էին բարձրանում աղիողորմ ճիչերը, սարսափի և ցավի աղաղակները, բուռն աղերսները, խելագարության և հոգեվարքի գոչյունները… Զոհերի զարհուրելի ոռնոցը հասնում է մինչև Տրապիզոն: Սարսափի այս տեսարաններից հույն բժիշկ Մեդաքսան խելագարվեց: Ես տեսա նրան:
ՄՈՐԳԵՆԹԱՈՒ — Ես` Հենրի Մորգենթաուս, ԱՄՆ դեսպանն էի Թուրքիայում: Պատերազմը սկսված էր, այո: Թուրքերը ազատորեն կարող էին իրենց ազգային կյանքն ապրել սեփական հակումների համաձայն: Թուրքերը տեսնում էին իրենց կործանված կայսրության ամբողջական հարության ցնորքները: Էապես թուրքը սնապարծ և երկչոտ է: Նա առյուծի պես քաջ է, երբ գտնվում է նպաստավոր իրավիճակի մեջ: Բայց քծնող, գծուծ և կորովազուրկ է, երբ ձախորդությունները ճնշում են նրան: Վարանոտ ու վախկոտ օսմանցին, որ եվրոպական դիվանագիտության լաբիրինթոսից դուրս գալու իր ճանապարհն էր հետազոտում և եվրոպական տերությունների պառակտված գաղափարների մեջ իր շահը գտնելու պատեհությունն էր փնտրում, հիմա իր ցեղային հոգեբանության մյուս կողմն էր ի ցույց դնում: Երբ ամեն անգամ հայերին պաշտպանելով` դիմում էի Թալեաթին, Էնվերին և նրանց նմաններին, նրանք անփոփոխ հիշում էին Վանի «հեղափոխությունն ու դավադրությունը»: Բայց այդ համբավավոր «հեղափոխությունը» ուրիշ բան չէր, եթե ոչ` միայն հայերի կազմակերպված պաշտպանությունը հանուն իրենց կանանց և երեխաների, հանուն իրենց արժանապատվության: Որովհետև գիտեին. չպաշտպանվելու, չկռվելու դեպքում պիտի ենթարկվեին սպանդի, ինչպես ենթարկվում էին առհասարակ անպաշտպանները:
ՄԱՆԴԵԼՇՏԱՄ — Թուրքիայում ռուսական դեսպանատան աշխատակից եմ եղել: Թուրքական կառավարության ստահոդ հայտարարություններին հակառակ, ոչ մի հայկական խռովություն կամ հեղափոխություն չի եղել: Հայերը զենքի դիմեցին միայն այն ժամանակ, երբ տեսան կոտորածի սպառնալիքը` ենթարկվելով իրենց կյանքը հնարավորին չափ թանկ վաճառելու բնական ցանկությանը: Զինված դիմադրության ժամանակ տեսնում ենք ոչ թե հեղափոխականների, այլ դժբախտների, որոնք գերադասում էին կռվել մինչ ի մահ, քան դանդաղ տառապանքներ կամ աքսորի թշվառություններ կրել: Հայերին չի կարելի նախատել, որ նրանք պաշտպանում էին իրենց կյանքը: Սակայն, դժբախտաբար, զենքի բացակայության պատճառով միայն աննշան փոքրամասնությունը կարողացավ դա անել, ինչպես Շատախը, Մուշը, Սասունը, Շապին-Գարահիսարը, Ուրֆան, Մուսա լեռը: Թուրքերից բացի մոլեգնում էին քուրդ հրոսակները, որոնք ավերեցին, հրի մատնեցին շատ գյուղեր` մինչև վերջին մարդը կոտորելով բնակիչներին:
ՔԱՐԵ ԵՓՓԵ — Ես դանիացի միսիոներուհի Քարե Եփփեն եմ, որ ականջալուր լինելով համիդյան հայկական ջարդերի ողբերգությանը` քսանյոթ տարեկան եկա Հայաստան` ծառայելու Ուրֆա քաղաքում դոկտոր Յոհաննես Լեփսիուսի հիմնած որբանոցում: Եկա` ծառայելու հայ մանուկներին, որոնք որբացել էին արյունոտ սուլթանի ջարդերի ժամանակ: Ես ականատեսն ու վկան եմ ավելի սոսկալի մի ժամանակի, որը կոչվում է 1915 թվական: Ուրֆա քաղաքում նույնպես ամեն բան նույնությամբ սկսվեց: Ձերբակալվեցին քաղաքի մտավորականներն ու երևելիները, ոչնչացվեցին 1500 զորակոչված երիտասարդներ: Ուրֆա ուղարկվեց վեց հազար զինվորով և թնդանոթներով կանոնավոր զորք, որին միացավ 12 հազար հրոսակ: Թուրքական զորքերին առաջնորդում էր Ֆախրի փաշան և Ուրֆա հասած գերմանացի բարձրաստիճան զինվորականները` գնդապետ Վոլֆհսկանի հրամանատարությամբ: Բայց հայերը չընկճվեցին: Զինված խիզախ աղջիկների երեք ջոկատ էր առասպելական հերոսությամբ կռվում տղամարդկանց ջոկատների կողքին: Եվ որքան պատանիներ… գրեթե երեխաներ… Սակայն օրեցօր նոսրանում էին կռվողների շարքերը: Թնդանոթները դիպուկ էին խփում` խաչաձև կրակով, մեծ հմտությամբ: Գերմանացի սպաները քաջատեղյակ էին իրենց գործին: Իսկ հայերի ռազմամթերքն ու պարենը սպառվում էր: Բայց հայերը որոշել էին մեռնել` զենքը ձեռքներին: Արձակված ռումբերից ճեղքվում է Մայր եկեղեցու պատը, որտեղ ապաստանել էին կանայք և երեխաներ: Նրանք գիտեին, որ մեռնելու էին… Նրանք ոչնչացրին, կրակի բերան տվեցին իրենց տները, ունեցվածքը:
Թուրքերն ու գերմանացիները խուժեցին հայկական թաղամաս: Ողջ մնացած երեխաներին և կանանց դուրս քշեցին թաքստոցներից և գազանաբար սպանեցին:
Երբ Օսման բեյի մոտ բերեցին տղամարդու հագուստով մարտիկ հայուհիներին, բեյը հրամայեց մերկացնել նրանց: Սակայն նրանցից մեկը հանեց թաքցրած ատրճանակը, դիմահար կրակոցով սպանեց Օսմանին… հետո իր մարտական քույրերին` ազատելով նրանց անպատվությունից և վերջին փամփուշտով` ինքն իրեն…
Թաղամասերից մեկում մի թաքստոց թուրքերը չէին կարողանում երկար ժամանակ վերցնել: Երբ վերջապես գերմանացիները թնդանոթներով քարուքանդ արին, տեսան ընդամենը մի ջահել աղջկա դի, թևի մեկը պոկված, մյուս թևով հրացանը կրծքին սեղմած…
ՊՈԼ ԴՅՈՒ ՎԵՅՈՒ — Պոլ Դյու Վեյու է անունս: Ես գրեցի «Քրիստոնյաները վտանգի մեջ են Մուսա լեռան վրա» գիրքը: Աշխարհի շատ գրադարաններում կգտնեք այդ գիրքը, որ ես` ֆրանսիացի պատմաբանս, գրեցի ճշմարտության պարտադրանքով: Հալեպի վիլայեթի Անտիոք գավառի Մուսա լեռան փեշերին տարածված գյուղաքաղաքներից է Սվեդիան: Նրա շուրջը ընդամենը հայկական 6 գյուղ կար 6 հազար բնակչությամբ: Խաղաղ, բայց քաջարի երկրագործ ժողովուրդ, որը սիրում էր զբաղվել շերամապահությամբ և մեղվաբուծությամբ, ուներ դպրոցներ և եկեղեցիներ: Երբ սկսվեց բռնագաղթը, երբ մուսալեռցիները լսեցին նույնիսկ քաջ և անպարտելի զեյթունցիների տեղահանության ու կոտորածների մասին, որոշեցին, որ կենդանի չպետք է հանձնվեն թուրքերին: Պիտի բարձրանան Մուսա լեռ և պիտի պայքարեն` կամ մինչև փրկություն, կամ մինչև մահ: Կռվողներն ընդամենը 600 հոգի էին, որոնք բազմաթիվ անգամ կռվեցին ու ծանր կորուստներ տալով թշնամուն` ետ շպրտեցին նրա 9 հազարանոց, թնդանոթներով զինված բանակը: Ահեղ մարտեր տեղի ունեցան: Թուրքերին հաջողվեց նույնիսկ մի քանի կետերում ճեղքել հայերի պաշտպանական գիծը, բայց 1000 հոգուց ավելի զոհ տալով` նահանջեցին: Հայերը կարողացան փախած թուրքերի թողած ռազմավարը վերցնել: Թուրքերը հրաժարվեցին հարձակումներից: Նրանք որոշեցին հայերին կոտորել սովահարությամբ և այս անգամ 15-հազարանոց զորքով պատնեշեցին Մուսա լեռը: Իսկ մուսալեռցիները որոշեցին ազդանշան տալ` լեռան ծովահայաց եզրին բարձրացնելով երկու լայնատարած ճերմակ սավաններ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված. «Քրիստոնյաները վտանգի մեջ են»: Սեպտեմբերի 5-ին երևաց ֆրանսիական նավը, որը, նկատելով ճերմակ պաստառների գիրը, մակույկ ուղարկեց ափ: Ֆրանսիական «Ժաննա դ’ Արկ» նավը իր տախտակամածի վրա վերցրեց 4000 մուսալեռցիներին: Ի դեպ, ֆրանսիական նավատորմում էր ծառայում ծովային սպա, հայորդի Տիրան Թեքեյանը: Մուսալեռցիները իրենց փրկության համար նրա ջանքերին էին պարտական: Փրկված մուսալեռցի քաջ երիտասարդները ձեռքերը ծալած չնստեցին: Նրանք մտան Արևելյան լեգեոնի մեջ և ֆրանսիական զորքերի կազմում կռվեցին թուրքերի դեմ:
ԼԵՓՍԻՈՒՍ — Ես կարող եմ առանձին-առանձին նկարագրել բոլոր գավառներից, քաղաքներից ու գյուղերից հանված հայերի տառապանքները, բայց դրանք կլինեն նույն դաժան ոճրի պատմությունները շատ քիչ տարբերակներով: Նույն ճակատագրին ենթակա Կարինը, Երզնկան, Բաբերդը, Սեբաստիան, Մարզվանը, Խարբերդը, Կեմերեկը, Մալաթիան, Տիգրանակերտը, Ալաշկերտը… Նույն ահեղամռունչ վկաները` Եփրատն ու Տիգրիսը… Տիգրիսը, որը կուլ տվեց Բաղեշի ողջ հայությանը: Ես կարող եմ բոլոր պատմած իրողությունների համար տալ թվականներ և անձանց անուններ, որոնք ականատես վկաներ են: Առաջիններից, ահա, Էրզրումի գերմանական զինվորական միսիայում ծառայած երկու գթության քույրերի վկայության պատառիկները, որոնք «բախտ են ունեցել» անցնել Կամախ Բողազ կիրճով տարաբախտ ժողովրդի հետ: Մայիսի վերջերին, հունիսի սկզբներին այստեղ քշվեցին 20–25 հազար հայեր, առավելապես կանայք ու երեխաներ, որոնք տեղահանվել էին Երզնկայից: Մի քանի օրում բոլորը բարբարոսաբար ոչնչացվեցին: Ի տարբերություն այլ վայրերի, որտեղ տեղահանված հայերի կոտորածը իրականացնում էին նրանց ուղեկցող ժանդարմները և զինված ավազակախմբերը, այստեղ ոճիրն ի կատար ածեցին թուրքական 86-րդ հեծելազորային բրիգադի զինվորները: Երեք օր շարունակվեց ջարդը: Ապառաժների ցցվածքների վրա` ցանցնված ուռած դիակներ, որոնք ժանտախտի անտանելի շնչով էին լցրել օդը… Մնաս բարով, Կամախ Բողազ:
ԱՆՐԻ ԲԱՐԲԻ — Մահվան քարավաններ, տարագրյալների ողբալի հոտեր: Լլկանքի մղձավանջից խելահեղ տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ Հայոց Աշխարհի ողջ տարածքից հավաքված: Ամեն անգամ, երբ մոտենում էին քրդական գյուղերին, նրանց կանայք ու տղամարդիկ շրջապատում էին բզկտված քարավանները, պոկում զգեստները վրաներից: Եվ քիչ անց, դեպի մահ էին գնում մերկ քարավանները… Մեռած մայրերի որբուկները, որոնք արդեն կարող էին քայլել, գնում, կառչում էին մի ուրիշ կնոջ քղանցքից: Ովքեր դեռ քայլել չգիտեին, մնում էին ճանապարհին… Եթե կանանցից մեկը ցանկանար վերցնել ճանապարհին մեռնող որբուկին, դաժանորեն գանահարվում էր: Երկու օրը մեկ մի քիչ հաց էին բաժանում, որը բոլորին չէր բավարարում: Հազարներով մեռնում էին քաղցից ու ծարավից: Ծարավից խելագարվածների թիվը օր-օրի ավելանում էր: Ոմանց հաջողվում էր խուսափել պահապանների վայրագ հսկողությունից և պահվել ցորենի արտերի մեջ այն հույսով, որ հետո կարող են փախչել և ապաստանել լեռներում: Այսպես եղավ Շեխլանի ցորենի արտերում: Չեթեները շրջապատեցին արտերը, որտեղ թաքնվել էին 500-ի չափ կանայք իրենց երեխաներով: Բռնեցին բոլորին, փակեցին գյուղի հարդանոցում և կրակ տվեցին: Քարավանները դանդաղ էին առաջանում: Դա ձեռնտու չէր չեթեներին: Նրանք հաճախակի լուր էին տալիս մոտակա աշիրաթների քրդերին, հրոսակներն իջնում էին լեռներից… Հարյուրավոր հրացաններից միանգամից կրակ էր բացվում քարավանի վրա: Քարավանը փախչում էր քառարշավ, զարհուրանքով… Գողգոթան շարունակվում էր:
ՖԱՅԵԶ ԷԼ ՂՈՍԵՅՆԻ — Ես գրեցի. «Հերոսական հայության անցյալից: Ջարդերն Հայաստանում»: Ես բեդվին եմ, Իլիջուում ապրող սուլութ ցեղի առաջնորդներից մեկի որդին: Ուսանել եմ Կոստանդնուպոլսում` աշարի ցեղի դպրոցում: Ես գրեցի 1915 թվականի հայերի կոտորածի մասին: Աշխարհի շատ գրադարաններում կգտնեք իմ գիրքը ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, հայերեն, արաբերեն լեզուներով: Ես ճշմարտությունն եմ գրել, սակայն սոսկ աննշան մասն այն չարագործությունների, որ կատարվել է տարաբախտ հայ ժողովրդի դեմ: Սերուջից մենք գնում էինք Ուրֆա: Ճանապարհին տեսա հետիոտն ընթացող ամբոխներ: Հեռվից թվացին զորամասեր: Երբ մոտեցանք, տեսանք՝ հայ կանայք էին, որոնք գնում էին ստվար շարքերով, բոկոտն ու հյուծված: Նրանց առջևից ու ետևից գնում էին ժանդարմները: Եթե մեկը ուժասպառ լինելուց ետ էր մնում, ժանդարմները խզակոթով ծեծում էին, երբեմն` սպանելու աստիճան: Իսկ ոմանց թողնում էին ճանապարհի մեջտեղում` հոշոտվելու վայրի գազանների կողմից: Ի՞նչ հանցագործություն էին կատարել այդ կանայք: Մի՞թե նրանք պատերազմել էին թուրքերի դեմ կամ սպանել էին նրանցից մեկին: Ո՞րն էր այդ անպաշտպան էակների հանցանքը: Նրանց միակ մեղքն այն էր, որ նրանք հայուհիներ էին: Երբ հասանք Դիարբեքիր, այնտեղ այլևս ոչ մի հայ չկար: Բոլորին, իբր թե Մուսուլ գաղթեցնելու պատրվակով, լցրել էին Տիգրիս: Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները, որ ճմլում են ականատեսի սիրտը, երբ նա մտածում է այդ դժբախտ ու հերոսական ազգի մասին, որն աշխարհին զարմացրել է իր քաջությամբ ու խիզախությամբ, որ դեռ երեկ ամենակենսունակն ու առաջավորն էր Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդներից, իսկ այժմ դարձել է անցյալի հուշ: Թուրքերը առաջնորդվում էին ցեղապաշտ մոլեռանդությամբ և հայերի հանդեպ տածած նախանձով: Իսկ եվրոպական տերությունները թուրքական կառավարությանը ոգեշնչում էին ոճրագործությունների. իմանալով թուրքերի բազմիցս կատարած հանցագործությունների մասին, չխանգարեցին նրանց կատարելու իրենց ոճիրները:
ՄԱՐԻԱ ՅԱԿՈԲՍՈՆ — Արևելքում տառապող հայ ժողվրդին օգնության փութալը աշխարհի մարդկության պարտքն է: Չի կարելի, առանց խելագարվելու վտանգի, խոսել այն ահռելի ցնցումների մասին, որոնց ենթարկվում են հայերը: Այն մեծ մարտիրոսության մասին, որին դատապարտված է հարուստ կարողություններով և քրիստոնեական խորին հավատով ապրող ժողովուրդը: Այս ժողովուրդը թողնված է իր տխուր ճակատագրին` անմարդկային ջարդերի արյան ճապաղիքներին ենթակա: Այս ժողովուրդը, որը «խաղաղ» օրերին անգամ ենթարկվել է կողոպուտի, չարչարանքի, հալածանքի, սպանության: Ի՜նչ երկիր, ի՜նչ ժողովուրդ և ի՜նչ դժբախտություն: Ո՞վ կարող է փրկել դժբախտ ժողովրդին և ազատել այդ դժոխքից:
ՄՈՐԳԵՆԹԱՈՒ — Հազարավոր հայոց գյուղերից ու քաղաքներից հուսաբեկ քարավանները ծածկեցին հարավ իջնող ճանապարհները: Եթե տնից ելնելու պահին մարդկային գեղեցիկ էակներ էին, մի քանի ժամից հետո փոշով ու ցեխով ծեփվելով, հոգնությունից և ուղեկիցների բիրտությունից ահաբեկված` դառնում էին անճանաչելի: 1915-ի ապրիլից մինչև հոկտեմբեր Փոքր Ասիայի գրեթե բոլոր ճանապարհները լցված էին աքսորականների խմբերով, որոնք հեռանում էին սիրասուն Հայրենիքից, որտեղ հազարավոր տարիներ ապրել էին իրենց նախնիները: Երկու միլիոն իր զավակներից Հայաստանը պարպվեց, քարավանները ձգվեցին դեպի Սիրիական անապատները: Գիշանգղների մեծ երամներ էին թռչում այդ թափորների գլխավերևում և դիակներից հագեցած ու ճարպակալած կատաղի շներ…
ԱՆՐԻ ԲԱՐԲԻ — Ոչ ոք այսօր չի կարող անցնել լքված Հայաստանով առանց սարսռելու նրա` մինչև հորիզոնները պարզված ավերակներին, ամայացումին ու մահվանն ի տես: Գեհենային չարչարանքներ ողջ բուն Հայոց աշխարհում և նաև Թուրքիայի այն գավառներում, որտեղ հայերի հոծ զանգվածներ կային, որը հնարավոր չէ նկարագրել, որովհետև չկա սարսափը արտահայտող բառեր: Ես հանդիպել եմ զարհուրելի դրվագների, որոնք միջնադարի ամենաեղերական առասպելներն էին ոգեկոչում: Հայ մանուկներ, որոնք հրաշքով ազատվել էին մահից և որպես ողորմելի փոքրիկ խլյակներ, դահիճների մեջ մնացին, որոնք նրանց արգելափակեցին իսլամ ընտանիքներում, ուր ամեն բան օտար էր, չներող ու դաժան: Նրանք դարձան նաև քրդերի ձեռքին գերյալներ, վայրի լեռների մեջ, կեղտոտ վրանների տակ ծվարած… Բայց խոսքը հիմա աշխարհի ամենամարդասիրական մասնագիտության տեր մարդկանց` թուրք բժիշկների արարքների մասին է: Հատկապես ամենափոքրերին և նորածիններին գոլորշու մեջ խեղդելով ոչնչացնելը շատ էր հրապուրում բժիշկ Ալի Սայիբ բեյին: Բժիշկ Ալի Սայիբ բեյը շատ էր սիրում նաև երեխաներին թունավորել և նայել, թե նրանք ինչպես էին մեռնում սոսկալի տառապանքներով: Հետո գոլորշուց խեղդված և թունավորված երեխաներին լցնում էր զամբյուղները և թափում էր ծովը, իսկ եթե ծովը հեռու էր, լցնում էր գետերը, որոնք այդ զամբյուղները ապահով հասցնում էին ծով: Միասեռականները, որ թուրքերի մեջ այնքան շատ էին, բռնաբարում էին փոքրիկ տղաներին, որոնց հետո կտտանքների էին ենթարկում, և որոնք մեռնում էին միշտ նույն բառը աղաղակելով. մայրի՜կ… Միասեռական բժիշկներ, ոստիկաններ, հոջաներ, ուսուցիչներ… Երեխաներին ոչնչացնելու թուրք բժիշկների սիրած ձևն էր նաև ողջակիզելը: Բիթլիսում Մուսթավա Աբդուլ Հալիկը 1000 երեխա ողջակիզեց վերնախավի և ամբոխի աչքի առջև աղաղակելով. «Ջնջել հայ անունը մեր նահանգից Թուրքիայի անվտանգության և ապահովության համար: Նույնիսկ երկու տարեկան երեխաները անմեղ չեն: Նրանք կմեծանան` վրեժ կլուծեն»: Տեր-Զորի քարանձավներում, փակելով բոլոր անցքերը, ողջակիզեցին 5000 երեխա: Դիարբեքիրում բժիշկ Ռեշիդը նահանգապետի հետ 800 երեխա փակեց մառանում և խորովեց: Նրանք նաև սիրում էին 7-13 տարեկաններին ողջ-ողջ լցնել փոսերը և ծածկել: Հողը շարժվում էր երեխաների հոգեվարքից, իսկ նահանգապետը և բժիշկ Ռեշիդը նայում էին և հրճվում: Մի երեխայի խաչեցին: Մեխել էին ձեռքերից, ոտքերից, աչքերից` ասելով. «Թող ձեր Քրիստոսը գա փրկի…»: Մյուսին, վեց տարեկան մի մանկիկի, ցից հանեցին… Ամբոխը ոռնում էր. «Սա հայերի դրոշն է»: Բժշկի կոչմամբ այդ արյունարբու ելուզակների անունները շատ են և առաջինները՝ Նազըմի ու Բեհաեդդին Շաքիրի անունները: Սրանք էին, որ անձամբ մորթում էին նաև իրենց գործընկերներին՝ հայ բժիշկներին: Իրենց բնույթով լինելով անշնորհակալ ցեղ` նրանք թերևս վրեժ էին լուծում այն բանի համար, որ 1838 թ. հայ բժիշկ Էմանուել Շահյանը սուլթան Մահմուդին համոզեց Կոստանդնուպոլսում բժշկական ֆակուլտետ հիմնել: Հիմնվեց նույն Էմանուել Շահյանի ջանքերով: Եվ Եվրոպայում բժշկական բարձր կրթություն ստացած հայ մասնագետները եղան դասախոսները այդ բաժնի, և, Աստված գիտի, թե որքան թուրք բժիշկներ պատրաստվեցին, մինչև այս եղերական ժամանակները: Սակայն, մասնագիտությունից բացի, այն վեհ գաղափարները, որ հայ բժիշկ-դասախոսները ներշնչեցին թուրք ուսանողներին մարդասիրության և բարոյականության առաջին շարքերում լինելու բժշկի կարևոր առաքելության մասին` ըստ երևույթին, պարարտ հող չէր գտել ոճրագործ ազգի ոճրագործ ժառանգների սրտերում:
ՄՈՐԳԵՆԹԱՈՒ — Մենք մեր գրքի էջերում պատմել ենք զարհուրելի դեպքերի մասին, որ աշխարհն իմանա, թե ինչ է այն ազգը, որ թուրք է կոչվում: Սակայն մեր գրքի էջերում չենք կարողացել պատմել բոլոր սոսկալի դեպքերի մասին, որովհետև այդ սադիստական խենեշանքների մասին, որոնց զոհը դարձավ հայ ժողովուրդը, չի կարելի երբեք տպել գրքի էջերում: Այս նվիրական ժողովրդի, որի ճառագող մտքի խորքերից բխել է լույսը` փարատելու վաչկատուն ցեղի էության մեջ տիրող թանձր խավարը: Նվիրական այս ժողովուրդը համբերությամբ, դարեր շարունակ աշխատել էր Թուրքիո պետության զարգացման համար: Այս նվիրական ժողովուրդը, որ կարող էր աշխարհի առաջ իր բողոքի, իր զայրույթի խոսքն առաջ տանել և պահանջել արդարություն՝ ելավ Գողգոթա՛…
Բեմ է բարձրանում Արմին Վեգները, ձեռքին՝ լուսանկարների տրցակ:
ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐ — Այս լուսանկարները, որոնք ճիշտ ժամանակին և ճիշտ տեղի կատարել եմ ես՝ գերմանական բանակում ծառայող Արմին Վեգներս, ականատես վկաների ասած խոսքերի ու գրված գրքերի իրական հավելումներն են: (Տրցակը դնում է Նախագահի սեղանին:) Որպես մեկը այն սակավաթիվ եվրոպացիներից, որոնք սկզբից ևեթ ականատես են եղել Անատոլիայի ծաղկուն քաղաքներում, բերքաշատ դաշտերում հայ ժողովրդի զարհուրելի բնաջնջմանը և Եփրատի ափերին, Միջագետքի անապատների քարքարոտ ավազուտներում նրա խղճուկ մնացորդների ոչնչացմանը, ես համարձակվում եմ ձեզ ներկայացնել թշվառության և սարսափների այն պատկերները, որոնք տեսել եմ սեփական աչքերով երկու տարվա ընթացքում և որոնք երբեք չեն ջնջվի իմ հիշողությունից:
Նախագահը նայում է լուսանկարները և փոխանցում Դատախազին, որն իր հերթին նայելուց հետո փոխանցում է դատապաշտպաններին: Խամրում են դատարանի լույսերը: Լուսավորված է միայն Քահանան:
ՔԱՀԱՆԱ — (իր անկյունից): Այս բոլոր վկաները, իհարկե, վկայության համար չեն կանչվել Թուրքիո Ռազմական Արտակարգ Ատյանի նիստերին: Նրանց վկայությունները ամփոփված են իրենց գրքերում, որոնք բազմաթիվ լեզուներով են թարգմանված: Այդ գրքերը կարող են խոսել աշխարհի բոլոր դատարաններում ու ատյաններում: Հավատով եմ ասում: Թուրքիո Ատյան հրավիրվածները եղան թուրքեր ու հայեր, ովքեր վկայեցին ճշմարտության պարտադրանքով: Եղան նրանք էլ, ովքեր սուտը դարձրին իրենց վկայությունը: Ստի ետևում թաքնվելով՝ փորձեցին անմեղության անունից բարբաջել: Ինչպե՞ս պիտի ավարտվի ստի և ճշմարտության պայքարը:
11.
Բեմը մթնում է: Հազիվ նկատելի երևում է դատարանի ուրվապատկերային անշարժ տեսարանը: Իր տեղում երևում է նաև Քահանայի ուրվապատկերը: Հայտնվում են թուրք Լրագրավաճառները:
ՄԵԿԸ — Ավարտին է մոտենում Ռազմական Արտակարգ Ատյանի՝ ամիսներ տևած աշխատանքը, որը քննեց հայերի ոչնչացումն իրականացրած երիտթուրքերի պարագլուխների, կառավարության անդամների, կուսակցական, պետական ու զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների գործը: Գնեք «Ստամբուլ», կարդացեք, իմացեք…
ՄՅՈՒՍԸ — Քննվել են բոլոր առկա փաստաթղթերը, հարցաքննվել են բազմաթիվ թուրք, օտարազգի, հայ ականատես վկաներ: Վկաներից շատերն արդեն գրքեր են գրել: «Թաքվիմ-ի Վաքայի» մանրամասներ կան… Վերցրեք, կարդացեք…
ԵՐՐՈՐԴԸ — Մանրակրկիտ ուսումնասիրվել է գլխավոր խորհրդի հետևյալ անդամներին վերաբերվող արձանագրությունները. Թալեաթ, Էնվեր, Ջեմալ, Իբրահիմ Շյուքրի, Խալիլ, Ահմեդ Նեսիսմի, Միդհատ Շաքրի, Քեմալ, Զիա Գեոք Ալփ, դոկտոր Նուսուհի, Քուչուկ Թալեաթ, դոկտոր Բեհաեդդին Շաքիր, դոկտոր Նազըմ, Աթիֆ Ռիչա, Ազիզ, Ջեվիդ շեյխ-ուլ-իսլամ Հայրի Էֆենդի, Սայիդ Հալիմ փաշա…
ՄԵԿԸ — Էլի շատերինը… Վերցրեք «Ալեմդար» մեր թերթը, բոլորի անունները մեկիկ-մեկիկ գրված է…
ԵՐՐՈՐԴ — Բանտում գտնվող Սայիդ Հալիմ փաշան և նրա գործընկերները Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչության կողմից տարվել էին անհայտ ուղղությամբ: Նկատի ունենալով, որ Հալիմ փաշան և մյուսները, անկախ իրենց կամքից, չեն կարող ներկայանալ դատարան, նրանց հանդեպ հարուցված դատաքննությունը կարճվե՛ց:
ՔԱՀԱՆԱ — Ոչ: Բրիտանացիները նրանց անհայտ ուղղությամբ չէին տարել: Ստամբուլի կալանատներից նրանց տեղափոխել էին Մալթա կղզին: Դաշնակիցները չուզեցին հանցագործներին դատարանով պատժել: Երկերեսանի անգլիացիները 78 նախարար ու բարձր պաշտոնյա դահիճներին առոք-փառոք տեղավորեցին Մալթա կղզում, իբրև «աքսորականներ», բայց որոնք կերան, խմեցին, հղփացան և գործիք դարձան Անգլիայի ձեռքին՝ նրա քաղաքական և տնտեսական շահերը Թուրքիո տարածքում ապահովելու համար…
ՄՅՈՒՍԸ — (քրքջալով): Պատկերացրեք. երբ դատարանը Տեր-Զորի նահանգապետին հարցնում է. «Հաղորդում են, որ դուք ոչնչացրել եք 10000 հայ», նահանգապետը պատասխանում է. «Ես ունեմ իմ հպարտությունը և չեմ բավարարվում 10000-ով, պետք է ավելացնել»: Այսպե՛ս կլինի արժանապատվություն ունեցող թուրք կառավարիչը:
ԵՐՐՈՐԴԸ — Ցավալի է տեսնել, որ անձինք, ովքեր մի քանի ամիս առաջ փառք ու պատվի էին արժանանում՝ բանտ են տարվել իբրև հասարակ ոճրագործներ,- գրում է «Թասֆիրի էվքերա» թերթը «Պալատից դեպի բանտի զնդան» հոդվածում:
ՄԵԿԸ — «Իսթիքլալ» թերթը գրում է, թե «Համաշխարհային պատերազմը թուրքերիս մեջ առաջացրեց անասնության ու անբարոյականության ոգի»: Երիտթուրք կառավարիչները բոլոր թուրքերի հետ հռչակվել են արյան ծարավի հրեշներ: Մի՞թե մենք հրեշներ ենք…
ՄՅՈՒՍԸ — «Ալեմդարը» «Տեղահանության և կոտորածների կապակցությամբ» հոդվածում ասում է, որ Թուրքիան հայերի կոտորածների դատաքննություններն իրականացնում է հարկադրված, որ շարժառիթ է ծառայել ոչ թե արդարության վերականգնումը, այլ Եվրոպայի առջև արդարադատ երևալու ցանկությունը: Ուրիշ ինչպե՞ս, հաղթողը ինչո՞ւ պիտի դատաստան տեսնի իր հաղթող առաջնորդների հետ:
ԵՐՐՈՐԴԸ — Դատարանում պաշտպանները պնդում են, որ հայերի տեղահանության ու կոտորածների համար թուրք ժողովրդը պատասխանատու չէ և անմեղ է, իսկ դատախազ մեղադրողները փաստերով ապացուցում են, որ թուրք և քուրդ հասարակ ժողովուրդը նույնպես մասնակցել է ջարդին: Ո՞ւմ կարծիքն է հաղթելու, հարցնում են թերթերը…
ՄԵԿԸ — Վաղվա թերթերում կլինեն Գլխավոր դատախազի մեղադրական ճառը և ատյանի նախագահի` յուրաքանչյուր մեղադրյալի, ըստ թուրքական օենսգրքի հոդվածների, պատժաչափը…
Նրանք հեռանում են դահիճից: Դահլիճը ընկղմվում է մթության մեջ: Լուսավորվում է բեմը, որտեղ դատարանի անշարժ տեսարանն էր:
12.
Լսվում է Գլխավոր Դատախազի խոսքի շարունակությունը:
ԳԼԽ. ԴԱՏԱԽԱԶ — Ընդգծում եմ. Համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից օգտվելով` երիտթուրքերը իրագործեցին Հայոց սպանդը, յուրացնելով հայերի ունեցվածքը և նրանց անշարժ ու շարժական գույքերի կողոպտման հաշվին ահռելի հարստության տեր դարձան: Դատարանը ուսումնասիրել և քննարկել է մեղադրյալների հետ կապված բոլոր նյութերն ու փաստաթղթերը, լսել բոլոր վկաներին, որով և հաստատում ենք «Միություն և Առաջադիմություն» կուսակցության մեղավորությունը, բազմաթիվ հանցանքները հայերի հանդեպ և հաստատում ենք, որ նրա ղեկավարներն են հանդիսացել այդ հանցանքների հեղինակները: Նրանք պետք է պատժվեն ըստ իրենց կատարած ահռելի մեղքերի: Որպես սկզբունքային հանցագործներ մեղավոր եմ ճանաչում փախուստի մեջ գտնվող Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, դոկտորներ Նազըմին և Բեհաեդդին Շաքիրին, Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազիմ բեյին և պահանջում առավելագույն պատիժ: Առավելագույն պատիժ եմ պահանջում եմ նաև Յոզղաթի նահանգապետ Քեմալ բեյի համար, որին չի հաջողվել փախչել հայրենիքից:
ՆԱԽԱԳԱՀ — Մենք՝ թուրքերս, ամբաստանվում ենք օտարների կողմից որպես ոճրագործ ազգ: Մեր փրկության միակ միջոցը այդ ամբաստանությունից արդարություն կիրառելն է անխտիր բոլոր հանցանքների նկատմամբ: Եվ ուրեմն` Օսմանյան կայսրության քրեական օրենսդրության 45-րդ և 55-րդ հոդվածներով Սահմանադրությունը ոտնահարելու, Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, 170-րդ, 171-րդ, 181-րդ հոդվածներով կանխամտածված սպանությունների և հատկապես հայերի ջարդի մեղադրանքով ճանաչված Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, դոկտորներ Նազըմը և Բեհաեդդին Շաքիրը և Յոզղաթի նահանգապետ Քեմալ բեյը դատապարտվում են մահվան: 15 և 10 տարվա բանտարկության և տաժանակիր աշխատանքի են դատապարտվում Շեյխ-ուլ-իսլամ Մուսա Քյազիմ էֆենդին՝ կրոնը Իթթիհաթի նպատակներին ծառայեցնելու և նրա հետ գործակցելու մեղադրանքով, ոստիկանապետ Աբդուլ Քերիմը, Ջեմալ Օղուզ բեյը…
Նախագահը դեռ կարդում է ձեռքում բռնած թուղթը, բայց նրա խոսքը դանդաղ մարում է՝ լույսի հետ միասին:
Բեմի անկյունում լուսավորվում է Քահանան:
ՔԱՀԱՆԱ — Ողջույն քեզ, հայ ժողովուրդ, մեղա՜, ողջույն ձեզ, հայության մնացորդներ: Ես եկել եմ դժոխային այն վայրից, ուր ամբողջ մի ազգի ուղեղը ջարդուփշուր եղավ Լենկթեմուրի, Չինգիզ խաների արժանավոր արյունարբու հաջորդների ձեռքերով: Ողջույն ձեզ, հայության խլյակներ: Լսեցիք դուք և թող Աշխարհի խլացած ականջը նույնպես լսի. թուրք կառավարությունը և պետական իշխանությունները ընդունեցին, որ կատարել են մի ողջ ազգի սպանություն: Երբևէ չեղած, չլսված ազգասպանություն: Երբևէ կատարված մարդկության գեհենային, ամենասոսկալի, ճիվաղային, մարդակործան պատերազմներից առավել. մի ողջ ժողովրդի ոչնչացում: Լսեցի՞ք, աշխարհի ազգություններ, որ ապրում եք Եվրոպայում ու Ամերիկայում. թուրքերն իրենց սուլթանով, Ռազմական Արտակարգ Ատյան-դատարանով ընդունեցին Հայոց ցեղասպանության անուրանալի փաստը: Աշխարհում կատարված առաջին Գենոցիդը: Ոճրագործներին դատապարտեցին մահվան, բայց չիրականացրեցին նրանց նկատմամբ հետապնդումի ու պատժի քաղաքականություն: Շատ չանցած՝ դատապարտված նույն երիտթուրքերը համալրելու էին Մուստաֆա Քեմալի ազգայնական բանակի շարքերն ու Հայոց մնացորդների հանդեպ այրվելու էին նույն ատելությամբ: Թուրքական իրականության մեջ շատ արագ պիտի անհետանան ճշմարիտ խոսքի ջատագովները և ասպարեզն ամբողջությամբ պիտի գրավեն կեղծարարները՝ խեղաթյուրելով Հայոց իսկությունը, մերժելով հայերից ամայացած Թուրքա-Հայաստանի գոյությունը: Հայոց Հայրենիքը: Բայց մի՞թե պիտի հիշողությունը այնքան բթանա, որ վերապրողների սրտում իսպառ չքանա սրբասուն Մեծ Հայրենիքի կորստի ցավը: Հայրենիքի, որը հայինն էր ճիշտ այն պահից, երբ Աստծո կամեցողությամբ լույս անջատվեց խավարից:
1919-1922 թվականներին Մուստաֆա Քեմալի զորքերը Արևելյան Հայաստանում, ապա Արևմտյան Հայաստանում, Թուրքիայի կենտրոնական գավառներում, Կիլիկիայում, Իզմիրում նորից կոտորածների երախը նետեցին նրանց, ովքեր 15-16 թվականների ջարդերից հետո համարձակվել էին ապրել: Ապրելուց բացի՝ վերադառնալ հայրենի շեները: Վերադառնալուց բացի՝ վերականգնել իրենց տունուտեղը: Թուրքական դատարանը նոր էր ավարտել ամիսներ ձգվող դատավարությունը, որ սկսել էր 1919թ. մարտի 8-ին: Թուրքական դատարանը մահվան էր դատապարտել, երկար տարիների բանտ ու աքսորի էր դատապարտել Հայոց դահիճներին, որ, ահա, գան նոր դահիճներ և ավարտեն դատապարտված դահիճների գործը՝ քրքջալով իրենց իսկ արդարադատության երեսին: Մուստաֆա Քեմալը ավարտեց երիտթուրքերի, իսկ նրանից առաջ` սուլթան Համիդի սկսած գործը. Հայասպանությունը: 300 հազար հայեր, որ հրաշքով փրկվել էին երիտթուրքերի յաթաղանից, ընկան քեմալականների սրերի վրա: Որովհետև հին ու նոր թուրքիզմի գաղափարը նույնն է. հայը իրավունք չունի ապրելու իր սրբազան Հայրենիքում: Ժամանակի անխափան երթի մեջ իր տեղը գրավեց 20-րդ դարը, որ դարձավ նախասկիզբը առաջին մարդակուլ աշխարհամարտի ու ազգասպանության: Զգում է հոգիս, որ դեռ շարունակելու է իր եղերական երթը մինչև իր վախճանը և գալիքի մեջ էլ գուցե, քանզի առել է իր քիմքին արժանի համն ու հոտը արյունոտ սպանդի: (Բռան մեջ սեղմած թերթի կտորը հարթելով՝ դահլիճին:) Կարդամ, լսեք, «Նյու Յորք Թայմս» թերթի հաղորդագրությունն է: «1924 թվականի դեկտեմբերի 22-ին Մարսել քաղաքը ցնցվեց սարսափելի լուրից. նավահանգիստ էր ժամանել անգլիական «Զան» նավը, բեռնված 400 տոննա մարդկային ոսկորներով գործարաններին մշակելու հանձնելու համար: Հայտնի դարձավ, որ հայ զոհերի ոսկորներն էին, որ նավ էին բարձվել Մարմարայի ծովեզրում, Մուդանիայի մոտ»: (Նստում է հատակին, գրկում ծնկները, թվում է` ականջ է դնում ինչ-որ ձայների:) Լսեք… հոգնած պտտվող Երկրագնդի ծանր, եղերական ճռռոցը: Թվում է, հիմա կտոր-կտոր է լինելու խարխլված ու կոտրված մի սայլի հանգվույն, որը բեռնված է չափից ավելի ՍԱՐՍԱՓՈՎ:
Փակվող վարագույրի հետ լսվում է Կանանց և Տղամարդկանց ձայներ, որոնք աստիճանաբար բարձրանում են և որոնց միանում են նաև Մանուկների և Ծերերի ձայներ: Խոսքը նմանվում է բուռն աղոթքի, որը դառնում է բազմաձայն երգ՝ առանց մեղեդու՝ մարդկանց ամենատարբեր զգացումների ու ապրումների համանվագ: Երբեմն կրկնվող բառերի շղթայից կրքոտ ելևէջով առանձնանում է տղամարդու կամ կնոջ, ծերունական կամ մանկական ձայն:
«Առջին կացին, որ զարկեցին՝
Ծառն օրորաց, ճղեն երաց:
Միջին կացին, որ զարկեցին՝
Ծառն իր օտաց
Արյուն բօխոց:
Հետին կացին, որ զարկեցին՝
Ծառն որոտաց,
Ծառն որոտաց…
Տեր… Տեր Կեցցո և Ապրեցո,
Ծառն Ապրեցո…»:
— Ծառն իր օտաց արյուն բխօց…
— Ծառն որոտաց, Ծառն որոտաց…
— Տեր… Տեր Կեցցո և Ապրեցո, Ծառն Ապրեցո…
Կրկնվող տողերը միայն մի պահ են առանձնանում, հետո նորից ամբողջական խոսքը կրկնվում է այնքան, մինչև հասնում է բարձրակետի և միանգամից ընդհատվում վերջին բառերով. «Տեր… Տեր Կեցցո և Ապրեցո»: