Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՓԱԿՈՒՂՈՒՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Պիես 1 գործողությամբ

Գործող անձինք
ԱՂԱՍԻ — 40-45 տարեկան
ԱՐՈՒՍ — 60-65 տարեկան
ՀԱՅԿ — 40 տարեկան
ՌԱԶՄԻԿ — 40 տարեկան
ՀՈՎՀԱՆՆԵՍ — 75-80 տարեկան
ԳՈՒՐԳԵՆ — 50 տարեկան
ԿԱՐԵՆ — 25 տարեկան:
ԱՇԽԵՆ — 60 տարեկան
ԱԼԻ — 50-55 տարեկան
ՆՎԱՐԴ — Աղասու զոհված կինը
ՍԱՀԱԿՅԱՆ — պաշտոնավոր
ՈՍՏԻԿԱՆ
Նվագողներ

Դեպքը տեղի է ունենում մեր օրերում, սահմանամերձ գյուղում:
Գյուղապետի անշուք աշխատասենյակ. հնամաշ գրասեղան, պահարան, պատի տակ շարված աթոռներ, անկյունում` հանրապետության դրոշը:
Աղասին, գրասեղանին հակված, ակնոցը դրած, թղթերի մեջ խորասուզված գրառումներ է անում: Երևակվում է հղի Նվարդը: Զգալով նրա ներկայությունը` Աղասին գրիչը ցած է դնում, հոգոցով շփում է ճակատը:
ԱՂԱՍԻ — (հայացքը չբարձրացնելով): Էլի՞… (Նվարդն անշշուկ գրասեղանից վերցնում է կոթուկներով լցված, մոխրաման ծառայող պահածոյի տուփը, տանում, դատարկում է սենյակի անկյունում դրված զամբյուղի մեջ, ետ է բերում:) Նվարդ… Նվարդ ջան… Ինձնից ի՞նչ ես ուզում…
ՆՎԱՐԴ — (նստում է աթոռին, անձկությամբ նայում է ամուսնուն): Ամուսնացիր:
ԱՂԱՍԻ — Դա ըլնող բան չի… Քեզ ասել եմ… Ես չեմ կարող…
ՆՎԱՐԴ — Դու քեզ ներել չես կարողանում: Խիղճդ տանջում է: Բայց, ախր, դու մեղք չունես, Աղասի ջան, ես քեզնից նեղացած չեմ, ամուսնացիր:
ԱՂԱՍԻ — Բա որ նեղացած չես, ամեն անգամ ինչի՞ ես գալիս ու հոգիս տակնուվրա անում:
ՆՎԱՐԴ — Որ ամուսնանաս` էլ չեմ գա:
ԱՂԱՍԻ — (գլխահակ, մեղավոր): Թշնամին գյուղ մտնող կամրջի վրա էր…
ՆՎԱՐԴ — Թշնամին գյուղ մտնող կամրջի վրա էր, Արամը չհասցրեց կամուրջը պայթեցնել, զոհվեց: Կաղնու բնի մոտ պատսպարված, գնդացրով կրակ բացեցիր կամուրջն անցնող թշնամու վրա ու նույն պահին արկը մեր տան վրա ընկավ…
ԱՂԱՍԻ — Արկի սուլոցից շրջվեցի ու աչքիս առաջ տունը պայթեց… Դու էլ` հղի, տան մեջ…
ՆՎԱՐԴ — Ես թաքնվել էի նկուղում: Տունը պայթեց, նկուղի առաստաղը չդիմացավ ավերակների ծանրությանը, փլվեց: Ո՞ւմ մտքով կանցներ, որ չի դիմանա:
ԱՂԱՍԻ — Էդ ո՞նց չխելագարվեցի… Վեր թռա ու բառաչելով վազեցի տան կողմը…
ՆՎԱՐԴ — Քեզ նկատեցին, կրակի տակ առան:
ԱՂԱՍԻ — Սկսեցի սողալով գալ…
ՆՎԱՐԴ — Ու մեկ էլ` աչքդ ընկավ կամրջին… Թուրքն էլի հարձակման էր անցել:
ԱՂԱՍԻ — Ավերակների տակ դու էիր, Նվարդ ջան, ու դեռ չծնված մեր երեխան…
ՆՎԱՐԴ — Բայց թշնամին անցնում էր կամրջով ու դու ճիշտ որոշում կայացրիր` ետ դարձար ու էլի վերցրիր գնդացիրը…
ԱՂԱՍԻ — Զոհեր թողնելով` նահանջեցին, ու էլի փորձեցի ձեզ հասնել…
ՆՎԱՐԴ — Բայց հենց գնդացիրդ լռեց, նրանք հարձակման անցան: Մեկ ժամ պաշտպանեցիր կամուրջը, մինչև Սամվելի ջոկատը տեղ հասավ ու դու գլխապատառ վազեցիր մեր կողմը:
ԱՂԱՍԻ — Արդեն ուշ էր… Հետո պարզվեց, որ դեռ կես ժամ կենդանի եք եղել… Եթե անմիջապես օգնության հասնեի` կփրկեի ձեզ…
ՆՎԱՐԴ — Բայց դու կամուրջն էիր պաշտպանում: Եթե դիրքը թողնեիր` թուրքը գյուղ կմտներ:
ԱՂԱՍԻ — (փորձելով վանել տանջալից մտքերը): Ո՜ւֆ… (Ծխախոտ է վառում:) Մի արի, Նվարդ ջան, մի տանջիր ինձ:
ՆՎԱՐԴ — Ես գործով եմ եկել:
ԱՂԱՍԻ — (զգաստանում է): Գործո՞վ…
ՆՎԱՐԴ — Որոշել ես թողնե՞լ պաշտոնդ:
ԱՂԱՍԻ — Հա:
ՆՎԱՐԴ — Բա գյուղն ո՞վ է ղեկավարելու:
ԱՂԱՍԻ — (դառնացած): Գյուղ… Գյո՞ւղ է մնացել: Դատարկվել է:
ՆՎԱՐԴ — Մյուսներն էլ են ուզում գնալ: Էլի դու ես զսպում: Գործից հրաժարվեցիր` մարդ չի մնա: Շարունակիր ղեկավարել:
ԱՂԱՍԻ — Բայց սա գյուղ ղեկավարե՞լ է, թե՞ պատիժ…
ՆՎԱՐԴ — Պայքարիր:
ԱՂԱՍԻ — Կռվում գիտեի, որ դեմս թշնամի է, գիտեի` հանուն ինչի եմ պայքարում: Հիմա ո՞ւմ դեմ պայքարեմ:
ՆՎԱՐԴ — Մոլախոտի: Դու հո գիտես` անտեր մնացած արտում մոլախոտը շատանում է:
ԱՂԱՍԻ — Բա էդ արտի տերն ի՞նչ բանի էր:
ՆՎԱՐԴ — Արտի տերն իր արտն էր պաշտպանում թշնամուց: Մինչև հաղթեց, ետ եկավ` արտը մոլախոտով լցվեց: Արմատախիլ արա:
ԱՂԱՍԻ — Հանուն ինչի՞…
ՆՎԱՐԴ — Հանուն կյանքի: Ապրողներդ չգիտեք կյանքի գինը: Մի նահանջիր, արտդ մի ամայացրու: Ամայությունը գերեզման է: Գերեզմանը կյանք չի, կյանքի հուշ է, անդառնալի հուշ…
Դուռը թակում են: Աղասին չի ուզում արձագանքել: Թակոցը կրկնվում է:
ԱՂԱՍԻ — (ճարահատ): Մտեք:
Մտնում է Արուսը: Նվարդն անէանում է:
ԱՐՈՒՍ — Բարի երեկո, Աղասի ջան, կանչե՞լ ես:
ԱՂԱՍԻ — (թղթերը դասավորելով): Բարև, ընկեր Արուս: Հա, կանչել եմ, ավագանու նիստ ենք անելու, առաջ արի, նստի, ուր որ է` մյուսներն էլ կգան: (Մոխրամանը տանում, զամբյուղում դատարկում, ետ է գալիս:) Մեր ջահելի ուսման առաջադիմությունն ի՞նչ վիճակում է:
ԱՐՈՒՍ — (նստում է Նվարդի աթոռին): Թե որ դասի է գալիս` սովորում է, ուշիմ է:
ԱՂԱՍԻ — Էլի բացակայե՞լ է:
ԱՐՈՒՍ — Հա, էսօր չէր եկել:
ԱՂԱՍԻ — Բա ինչի՞ չէիր ինձ իմաց անում` ականջները պոկեի:
ԱՐՈՒՍ — Երեխան մեղք չունի: Հայրն է գործ հանձնարարում, նա էլ ստիպված… (Ներս մտնող Հայկին տեսնելով` չի շարունակում:)
ՀԱՅԿ — Բարրիգուն ձեզ: (Որսորդական հրացանն ուսից իջեցնելով` նստում է:)
ԱՐՈՒՍ — Բարև, Հայկ ջան:
ՀԱՅԿ — (ծխախոտ հանելով): Չըլնի՞ էլի էն կապը կտրածի հարցով եք կանչել:
ԱՐՈՒՍ — (հայացքը փախցնելով): Չէ՛, օրակարգում այլ հարց է:
ՀԱՅԿ — Էս երկրում դեռ օրակարգ էլ կա՞:
ԱՂԱՍԻ — (մոխրամանը Հայկի կողմը հրելով): Կա՛, պարոն Հայկ: Օրակարգ էլ կա, կարգ ու կանոն էլ: Իսկ ինչ վերաբերում է քո կապը կտրածին, վերջին անգամ եմ զգուշացնում. եթե մեկ էլ դասից բացակայեց` խիստ միջոցների կդիմեմ:
ՀԱՅԿ — Կայարան էր գնացել պարարտանյութը բերելու, դասից բացակայելը ո՞րն է:
ԱՐՈՒՍ — Բա դա բացակայել չի՞:
ՀԱՅԿ — Ա՛յ ընկեր Արուս, դու էլ հո ուրիշը չե՞ս, որ չհասկանաս: (Ակնարկելով Աղասուն:) Էս մարդը կարգադրել էր, որ պարարտանյութը ժամանակին բերենք: Ըտենց չի՞, պարոն Աղասի: Ժամկետի վերջին օրն էր: «Դասից բացակայել է»… Էլ ո՜նց կլիներ: Երկիրը չտուժեց…
ԱՂԱՍԻ — Հենց` տուժեց: Մեզ գրագետ մասնագետ է պետք, ա՛յ ընկեր: Որոշել ենք, չէ՞, ավագանու անդամներով ենք որոշել, որ Արմեն Հայկի Բաղրամյանը պարտադիր կերպով ավարտելու է դպրոցը, պարտադիր կերպով սովորելու է գյուղատնտեսական ինստիտուտում, պարտադիր կերպով ավարտելու է, պարտադիր կերպով վերադառնալու է ծննդավայր: Որոշե՞լ ենք, թե՞ չէ:
ՀԱՅԿ — (դժգոհ): Որոշել ենք:
ԱՂԱՍԻ — Բա որ դպրոց չի հաճախում, ո՞նց է ավարտելու:
ՀԱՅԿ — Էդ մի օրը չի խանգարի:
ԱՂԱՍԻ — Էդ մի օրը` պարարտանյութ, անցած օրը` սերմացու, նախորդ անգամը` բոստանը ջրելու… Հետո՞:
ՀԱՅԿ — (բորբոքված): Դե տվեք-սպանեք, էլի՜… Ես համ պոստի եմ ըլնում, համ տավարն եմ արածացնում, ո՞նց անեմ, գլուխս ո՞ր քարին տամ…
ԱՐՈՒՍ — Ախր, Հայկ ջան, դու լավ գիտես, որ եթե Արմենը դասի չի գալիս, դպրոցը փակվում է:
ՀԱՅԿ — Հենց դրա համար էլ որոշեցինք, չէ՞, Աղասու ասած` բոլորս որոշեցինք, որ նման հանգամանքներում, ընկեր Արուս, դու ճիշտ ժամանակին քու զանգերը տուր:
ԱՐՈՒՍ — (նեղսրտած): Տալիս եմ, բա չե՞մ տալիս:
ՀԱՅԿ — Լարը ճարեցի` բերեցի, պահեստի սիգնալիզացիայի զանգը, որ աշխարհն ա թնդացնում՝ ամրացրի դպրոցի պատին…
ԱՂԱՍԻ — Լա՜վ, լավ, կորկոտ մի ծեծիր: Անկախ բոլոր հանգամանքներից, ընկեր Արուսը պարտաճանաչ կերպով, գրաֆիկով զանգը տալիս է ու ես պաշտոնական լուրեր ունեմ, որ դա մեծ ազդեցություն է թողնում հարևանների վրա: Բա ո՞նց, թողնենք, որ թուրքը մտածի, թե գյուղում շունչ չկա՞, մի աշակերտ ունենք, էն էլ` դասի չի՞ գալիս… Մենք էդ պատվի տերը չենք: Ընկեր Արուս, շարունակեք նույն ձևով, 45 րոպեն մեկ` զանգ, 10 րոպե դասամիջոց ու` զանգ:
ԱՐՈՒՍ — Էդպես էլ անում եմ:
ԱՂԱՍԻ — Քանի՞ տարի մնաց, որ ավարտի:
ԱՐՈՒՍ — Երեք:
ԱՂԱՍԻ — (մտախոհ): Երեք… Հինգ տարի էլ` ինստիտուտը…
Դուռը թակում և չսպասելով պատասխանի` մտնում է Սահակյանը:
ՍԱՀԱԿՅԱՆ — Բարի օր ձեզ: (Գործնական առաջանում է:) Վաղո՞ւց եք հավաքվել, հո շատ չսպասեցի՞ք…
ԱՂԱՍԻ — (ոտքի կանգնելով` բարևում է): Բարով եկաք, պարոն Սահակյան, համեցեք, ձեզ ենք սպասում:
ՍԱՀԱԿՅԱՆ — (կաշվե թղթապանակը սեղանին դնելով` նստում է): Անտանելի ճանապարհներ են, երեք տեղ մեքենա ենք հրել: (Թղթապանակից թուղթ հանելով` մեկնում է Աղասուն:) Քանի չեմ մոռացել, նեղություն քաշի, գործուղումս կնքիր:
ԱՂԱՍԻ — (դարակից կնիքը հանելով` կնքում է): Ճանապարհի նորոգումը խոստացել են ընդգրկել ծրագրի մեջ:
ՀԱՅԿ — (դժգոհ): Հինգ տարի է` խոստանում են:
Ձեռնափայտին հենվելով մտնում է Հովհաննեսը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Բարի իրիգուն ձեզ: Կանչե՞լ ես, Աղասի ջան:
ԱՂԱՍԻ — Հա, Հովհաննես պապի, առաջ արի, նստիր: Ուր որ է` Ռազմիկն ու Սերոբն էլ կգան, կարևոր հարց ենք քննարկելու:
ՀԱՅԿ — (ոչ ոքի չդիմելով): Սերոբը չի գա:
ԱՐՈՒՍ — Հո մրսե՞լ չի:
ՀԱՅԿ — Չէ… Քոչը կապում ա:
ԱՂԱՍԻ — (անակնկալի եկած): Ո՞նց թե՝ կապում ա:
ՀԱՅԿ — Կապելը ո՞նց ա լինում: Կնիկը մեռավ, ինքն էլ չորս պատի մեջ մենակ` պուպու: Տղեն Կրասնոդար ա կանչել:
ԱՂԱՍԻ — (պոռթկում է): Տո՛, դրա տղի… հիմի ասել էի: Բայց որոշել էինք չէ՞… Ե՞րբ ա ուզում գնա:
ՀԱՅԿ — Վաղը ևեթ:
ԱՂԱՍԻ — Հովհաննես պապ, նիստից հետո ոտդ կախ գցի, Սերոբին դիպչենք: (Հովհաննեսը գլխով է անում: Սահակյանին:) Սուրճ կխմե՞ք:
ՍԱՀԱԿՅԱՆ — (նայում է ձեռքի ժամացույցին): Չէ, շտապում եմ, հազիվ տեղ հասնեմ: (Ներկաներին նայելով:) Բոլո՞րն են ներկա:
ԱՂԱՍԻ — Ուր որ է` Ռազմիկն էլ կգա:
ՍԱՀԱԿՅԱՆ — Բայց զգուշացրել էի, չէ՞… Դեռ Ծաղկահովիտ էլ եմ մտնելու, կհասցնե՞մ:
ԱՂԱՍԻ — Քսան րոպեի ճանապարհ է:
ՍԱՀԱԿՅԱՆ — էդ ի՞նչ մի կարևոր գործի են… Դժվա՞ր էր` շուտ գային, մի կես ժամ էլ սպասեին:
ԱՂԱՍԻ — (արդարանալով): Դե, մինչև հանդից գալիս են… հավուճիվ, անասուն… (Համագյուղացիներին.) Պարոն Սահակյանը մարզպետարանի պատասխանատու աշխատող է, կարևոր գործով է եկել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Բարով է եկել:
ՀԱՅԿ — (դժգոհ): Պատի մեջ չոփ խրեք:
ՍԱՀԱԿՅԱՆ — (կծու հեգնանքով): Եթե հաճախ գանք, ձեզ գործից կգցենք: Դուք զբաղված մարդիկ եք` հանդ, հավուճիվ, անասուն եք խնամում:
ՀԱՅԿ — Մենք գյուղացի մարդ ենք ու մեր գործից դժգոհ չենք, մեր մեծ հոգսը աշխատանքը չի:
ՍԱՀԱԿՅԱՆ — Բա ո՞րն է ձեր մեծ հոգսը, ինչի՞ց եք դժգոհ:
ՀԱՅԿ — Դու հարցրու` ինչի՞ց ենք գոհ: Նեղություն ես քաշել, ավտոն հրելով եկել, հասել ես աշխարհի ծերը: Հարցրու` կպատասխանենք:
ԱՂԱՍԻ — (փորձում է մեղմել): Մեր Հայկն էսօր ձախ ոտքի վրա է ելել, քիչ առաջ էլ ինձ հետ էր վիճում:
ՀԱՅԿ — (դեմքը շրջելով): Հիմի Ռազմիկը կգա, նա ամեն օր աջ ոտքի վրա է ելնում, թող նա խոսի:
Հենակներով մտնում է միոտանի Ռազմիկը:
ՌԱԶՄԻԿ — (աչքալուսանք տալու պես): Տանուտեր ջան, լույսերը վառեցի: (Ներկաներին.) Բարի օր ձեզ: (Նստում է Հայկի կողքին:)
ԱՂԱՍԻ — Ռազմիկ, որ վառեցիր, լավ է, ապրես, բայց ասա` իմանանք, երեկվա պե՞ս ես վառել:
ՌԱԶՄԻԿ — (հենակները հարմարացնելով կողքին): Խի՞, վա՞տ էի վառել:
ԱՂԱՍԻ — Շատ վատ: Ռուբիլնիկով օղորմածիկ հերս էլ կմիացնի: Քեզ ասված է` լույսերը հատ-հատ վառի: Էդ որ միանգամից միացնում ես, թուրքը հո քո՞ռ չի, միամիտ չի, որ չմտածի, թե` էս հայերի տներում ինչո՞ւ են լույսերը միանգամից վառվում, միանգամից` հանգչում: Կմտածի՞, թե՞ չէ:
ՌԱԶՄԻԿ — Կմտածի, գյուղապետ ջան, բայց դե… թոքիս ասկոլկեն էլի շարժվել էր, ցավը թողա՞ց, որ հատ-հատ տներն ընկնեմ:
ԱՂԱՍԻ — Սայլով գնայիր: Դրա համար գեղի սայլը քեզ ենք տվել:
ՌԱԶՄԻԿ — Զամբիկը ծանրած է, մեղք ա անասունը:
ԱՂԱՍԻ — (հաշտ): Էդ՝ ուրիշ բան: Էսօր-էգուց հեռախոսը կմիացնեն, զանգ կտամ ուսանողական ընկերոջս: Հատուկ սարք կա, տեղադրում ես` հերթով լույսերը միացնում է: Գործդ կթեթևանա:
ՍԱՀԱԿՅԱՆ — Դրա անունը ռելե Է:
ԱՂԱՍԻ — Հա, արևդ ապրի, մտահան էի արել: Բայց, բոլոր դեպքերում, մենք չպիտի մոռանանք, որ մեր խնդիրը անշունչ տների լույսերը միացնելը չի, այլ թշնամուն հասկացնելը, որ դեմը մարդիկ են ապրում, հողը պաշտպանող կա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Էդ գիտենք, Աղասի ջան, դու գործից խոսա, ինչի՞ ես կանչել:
ԱՂԱՍԻ — Նիստի եմ կանչել: (Պաշտոնական:) Մարզպետարանի պատասխանատու աշխատող պարոն Սահակյանը հատուկ դրա համար է եկել, որ քննարկմանը մասնակցի, մեզ ուղղություն ցույց տա: Ավագանու անդամներից բացակայում է միայն Սերոբը… անհարգելի՛: Քվորումը կա: Օրակարգային հարցը մեկն է. շուտով մեր երկրում ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Մենք էլ էս երկրից ենք: Համայնքապետ, ավագանու անդամներ ենք ընտրելու: (Դադար:) Հարցեր կա՞ն:
ՀԱՅԿ — Կա՛ն, գյուղապետ ջան, առանց հարց ո՞նց կլինի:
ԱՂԱՍԻ — Խնդրեմ, ասա հարցդ:
ՀԱՅԿ — Էդ որ ասում ես` մեր երկրո՜ւմ, մենք էլ էս երկրի՜ց ենք… (Ձեռքը մեկնելով Սահակյանին:) Էդ երկիրը գիտի՞, որ սահմանին կպած Ագարակ գյուղ կա: Գիտի՞, որ 470 տնտեսությունից 42-ն են մնացել, մեծ մասն էլ, կներես, Հովհաննես պապ, մի ոտը գերեզմանում է: Գիտի՞:
ԱՂԱՍԻ — Է՛-է՜… Բա դրա ժամանա՞կն է:
ՍԱՀԱԿՅԱՆ — (Աղասուն): Թող մարդը խոսի, իր կարծիքն արտահայտի:
ՀԱՅԿ — Շա՜տ շնորհակալ եմ, որ մեզ մարդատեղ դրիք…
ՍԱՀԱԿՅԱՆ — (հեգնանքը չլսելու տալով): Անցել են այն ժամանակները, երբ մարդիկ պրոտոկոլով էին խոսում, ամեն տեղ` նույն բանը, անգիր արած: Մեր երկրում ժողովրդավարություն է: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքը բարձրաձայնել: Համեցեք, ազատ արտահայտվեք:
ՌԱԶՄԻԿ — Հենց քո ասածն էլ` պրոտոկոլ է, պարոն Սահակյան: Հազարից մեկ գալիս եք, ժողովրդավարությունից եք խոսում ու գնում: Որ ասեցինք` ի՞նչ… Հա` անշունչ քարին ասած, հա` ձեզ…
ԱՂԱՍԻ — Պարոն Սահակյանն առաջին անգամ է մեր գյուղում:
ՌԱԶՄԻԿ — Քանի՞ տարի է, որ մարզպետարանում ես, պարոն Սահակյան:
ՍԱՀԱԿՅԱՆ — Հինգ: Ինչո՞ւ եք հարցնում:
ՌԱԶՄԻԿ — Հաշվելու համար… Մեր գյուղից մինչև մարզկենտրոն 60 կիլոմետր է: Երկրագնդից 300 կիլոմետր բարձրության վրա գտնվող արբանյակը մի պտույտը կատարում է 90 րոպեում: Դու, քո գործընկերները, քո ղեկավարները էդ ո՞ր երկինքներում եք պտտվում, որ չորս տարին մեկ եք գալիս մեր գյուղ:
ԱՂԱՍԻ — (փորձում է ընդհատել): Ռազմիկ…
ՌԱԶՄԻԿ — Մի րոպե, համայնքապետ ջան, մեր վերադասը թույլ ա տվել ազատ արտահայտվել, ես էլ արտահայտվում եմ: Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ բան է էդ ժողովրդավարությունը, որ էդքան ասում են ու ոչինչ չի փոխվում, գնալով վատանում է: Կարո՞ղ է` «կոմունիզմ» բառը թարգմանել են հայերեն ու «ժողովրդավարություն» են ստացել:
ՍԱՀԱԿՅԱՆ — (Աղասուն): Եթե համայնքը պրոբլեմներ ունի, խնդրեմ, գրի առեք, տվեք ինձ, վերադառնալուն պես կզեկուցեմ` ում հարկն է:
ՀԱՅԿ — Տո, գնա գործիդ, ո՞ւմ ես երեխու տեղ դնում: Հենց քեզպեսնե՞րն են եկել, գրի առել, գնացել ու մոռացել են: «Գրի առե՜ք»… Ընտրությունից-ընտրություն գալիս եք, ճառ ասում` նախապես իմանալով, որ խաբում եք: Բա դա ղեկավարի վարմո՞ւնք է:
ԱՂԱՍԻ — Հայկ, քեզ չափավորի… Պարոն Սահակյանն ի՞նչ մեղք ունի, որ մի քանի անպատասխանատու մարդիկ չարաշահել են մեր վստահությունը:
ՌԱԶՄԻԿ — Բա դրանց մեջ մի պատասխանատու չճարվե՞ց: Հենց գալիս են` պատասխանատու աշխատող են, գնում են` մոռանում են, որ պատասխանատու են:
ԱՂԱՍԻ — Հասկացանք: Բայց մենք այսօր պետական կարևորության հարց ենք քննարկում, դրա ժամանակը չի:
ՀԱՅԿ — Հենց դրա ժամանակն է, մի բան էլ` ուշացած:
ԱՂԱՍԻ — Անցած անգամ չասի՞, որ մարզկենտրոն եմ գնացել, մեր հարցերը քննարկել ենք, խոստացել են ճամփեն սարքեն, դպրոցը` վերանորոգեն, մշտական գազի հարցը լուծեն…
ՀԱՅԿ — Էդ ճամփեն ո՞ւմ համար սարքեն, որ գնացող-եկող չկա, էդ դպրոցն ո՞ւմ համար վերանորոգեն, որ ընդամենը մի աշակերտ ունի:
ՍԱՀԱԿՅԱՆ — (ոտքի է կանգնում): Մի րոպե, ընկերներ, մի րոպե: Եթե ես լռում եմ, դա դեռ չի նշանակում, որ ձեր ամեն ասածի հետ համաձայն եմ: Երկիրը ծանր պայմանների մեջ է: Բազմաթիվ հարցեր կան ծառացած, դրանք պետք է լուծվեն համբերատար կերպով: Մեղվի ընտանիքն ինչպե՞ս է միասնական տքնում: Մենք էլ պետք է միասնական լինենք: Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի…
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ձեռնափայտին կռթնած, ոչ ոքի չդիմելով): Չի անում:
ՍԱՀԱԿՅԱՆ — Ներեցեք… ինչպե՞ս…
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Չի անում, տղա ջան, չի անում… Մեր կառավարության փեթակի մեջ բոռեր են լցվել, մեր փարախի մեջ գայլեր կան, մեր հավաբունը աղվես է մտել, դրանց քշել ա պետք:
ՍԱՀԱԿՅԱՆ — (կոպիտ): Դե, եթե դու` տարիքդ առած մարդ, կառավարության հասցեին զազրախոսես, սրանք էլ կապները կկտրեն, էլի՜…
ՌԱԶՄԻԿ — (ծառս լինելով` հենակը վրա է բերում): Չափդ ճանաչի, ես քու…
ՍԱՀԱԿՅԱՆ — (հենակն օդում բռնելով` հրում է Ռազմիկին): Տեղդ ընկի, լակոտ… (Ռազմիկը սայթաքում է:)
ԱՐՈՒՍ — Քոռանա՜մ… (Օգնում է Ռազմիկին ոտքի կանգնել:)
ՀԱՅԿ — (խզակոթի հարվածով տապալում է Սահակյանին): Տո, քեզ դեսն ուղարկողի…
Իրարանցում, մթնեցում: Դադար:
Դանդաղ լուսավորվում է: Սենյակում միայն գլխահակ նստած համագյուղացիներն են:
ԱՂԱՍԻ — (ոչ ոքի չնայելով): Հիմա ի՞նչ եք առաջարկում, Սերոբի պես քոչներս կապենք, գնա՞նք… (Բոլորը լուռ են: Ինքն իրեն:) Առանց էն էլ` նախկին քիրվաները Մոշի տափն արդեն իրանցով են արել, անտառով խորանում են… Գյուղն էլ տերը տա՞նք…
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (դառնորեն): Էդ ըլող բան չի:
ԱՂԱՍԻ — Ըհը, էդ էլ` մեր պատասխանը: Մարդը մուրազ ունի իր ծննդավայրում թաղվելու, կնգա կողքին, գյուղը թուրքից պաշտպանած, զոհված որդու կողքին թաղվելու: Ո՞նց անենք, ասեք…
ՀԱՅԿ — Էդ մարդը թող գնա քաղաք, աղջկա տանն ապրի, հետո էլ, կներես, Հովհաննես պապ, ժամանակը որ գա, առոք-փառոք կբերենք, գյուղի գերեզմանոցում` կնգա ու տղի կողքին կթաղենք:
ԱՂԱՍԻ — Ա՛յ խելքիդ աղ անեմ, հա՜… Էն գյուղը, որի դպրոցի զանգը լալկվի, Ռազմիկի լույսերը հանգչեն, շան հաչոցը կտրվի՝ հաջորդ օրն իսկ թուրքի տարածք կդառնա, գերեզմանն էլ` հետը:
ՀԱՅԿ — Դե ասա` գերեզմանի պահակ ենք, էլի՜…
ՌԱԶՄԻԿ — (մտախոհ): Բա ի՞նչ ենք:
Երևակվում է Նվարդը, նրան միայն Աղասին է տեսնում:
ԱՂԱՍԻ — (կնոջ ներկայությունից քաջալերված ու կարծես` նրա համար): Նահանջեցինք` արտը կամայանա: Ամայությունը գերեզման է: Գերեզմանը կյանք չի, կյանքի հուշ է, անդառնալի հուշ… Մենք կյանքի համար ենք կոչված:
Նվարդը անէանում է:
ՀԱՅԿ — Էդ շատ սիրուն ասիր, համայնքապետ ջան, բայց որ ես չասեմ, դու չգիտե՞ս, որ տեր չունենք, տե՜ր, անտեր ենք: Մեր գյուղ բերող ճամփի վրա երկրի տերերը փակուղի են դրել:
ԱՂԱՍԻ — Էս գյուղի տերերը մենք ենք:
ՀԱՅԿ — Շա՜տ շնորհակալ եմ: Չեմ ուզում, ախպե՛ր, չեմ ուզում տեր ըլնեմ: Ուզում եմ ծառան ըլնեմ, իմ գյուղի մաճկալն ու հնձվորը ըլնեմ, հողիս ճորտն ըլնեմ… Ես ի՞նչ տեր, երկու տառ գիտեի, էդ էլ եմ մտահան արել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ասելդ ի՞նչ ա, հավաքվենք, գյուղը թողնենք` գնա՞նք:
ՀԱՅԿ — Հենց՝ հա՛: Որ մնում ենք` ի՞նչ… Երկու բուռ ցորեն ենք աճացնում, երկու դույլ կարտոլ, մի դույլ կաթ ենք կթում, հազիվ մեզ է հերիքում: Գյո՜ւղ… Որ գյուղ ես` գյուղմթերքիդ արտադրությունն ո՞ւր ա, քաղաքին բերքիցդ տալի՞ս ես, որ բանվորը, ինժեները, շինարարը, ուսանողն ուտի, գնա իրա գործն անի:
ՌԱԶՄԻԿ — (ինքն իրեն): Բանվոր ու ինժեներ էլ չթողին…
ՀԱՅԿ — Գյո՜ւղ, գյուղապե՜տ, ավագանի՜: Ավագանի ենք` էսքանս ենք, գյուղապետ ես` դու ես, ուրիշ մեկն ունե՞ս, որ ընտրություն կատարես: Էլ ո՞ւր են էդքան թուղթ մրոտում, բենզին ծախսում՝ հասնում էստեղ: Էդ ծախսը թող տան մեզ` Նիկոլանց պառավի ու անմարդ մնացած հարսի տանիքը նորոգեմ, գլխներին ա փլվում:
ԱՐՈՒՍ — Կարող է` լավն էլ դա է:
ՀԱՅԿ — Դրա ի՞նչն է լավ, ընկեր Արուս, ողջ-ողջ թաղվե՞ն…
ԱՐՈՒՍ — Էդ մասին չէր խոսքս, Հայկ ջան… Գոնե ընտրությունների պատճառով կգան, տեղներս կիմանան:
ՌԱԶՄԻԿ — Հրեն` եկավ, իմացավ, էլի՜, մեղվապահություն էր սովորեցնում: Մեր տեղն էն ժամանակ են իմանում, երբ հարկ ու տուրք են հավաքում ու դեռ մի բան էլ հերսոտում են` ուշացնում եք, պա՜րտք եք… Տո, ե՞ս եմ ձեզ պարտք, թե՞ դուք` ինձ: Էդ դուք պիտի ինձ հարկ ու տուրք տաք, որ թուրքի կրակի տակ ցանքս եմ անում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Էդ ինչ որ ասում եք` ճիշտ եք ասում, որդի: Բայց եթե մեր հանդիցը մի քայլ ետ գնանք, թուրքը երկու քայլ առաջ ա գալու:
ՌԱԶՄԻԿ — Տո, հանդն էլ, հանդատերն էլ… Անձամբ ես համաձայն եմ, որ գեղովի վեր կենանք ու քոչենք:
ԱՂԱՍԻ — Էդ դու ես ասո՞ւմ, Ռազմիկ:
ՌԱԶՄԻԿ — Հենց` ես եմ ասում: Էդ հանդը պաշտպանելուց, էդ հանդի միջին չէ՞ր, որ կես մարդ դառա: Ինչի՞ հասա: Հաշմանդամությանս կարգը որոշելու համար բժիշկը փող ա ուզում: Կաշառք… Մարդ քիչ ա մնում` զենքը հանի ու բոլորի հախիցը գա:
ԱՂԱՍԻ — Մեկի վատ արարքով մյուսներին է՞լ ես դատում:
ՌԱԶՄԻԿ — Լա՜վ, էլի, գյուղապետ: Դու էլ գիտես, որ էդպես է, բայց պաշտոնդ թույլ չի տալիս ճշմարիտը խոսես:
ԱՂԱՍԻ — (անզուսպ): Պաշտոնի հերն էլ անիծած: Հենց դրա համար էլ որոշել եմ` ես համայնքապետ լինել չեմ ուզում, նոր մարդ ընտրեք:
Երևակված Նվարդը սևեռվում է Աղասուն, բայց նա չի ուզում նկատել կնոջը:
ՀԱՅԿ — Էդ փախչո՞ւմ ես:
ԱՂԱՍԻ — Չեմ փախչում: (Նվարդի հայացքից ճնշվելով:) Էս գյուղում ծնվել եմ, էս գյուղում մեռնելու եմ, բայց գյուղապետ չեմ ուզում լինել:
ԱՐՈՒՍ — Աղասի ջան, բա դպրո՞ցը…
Դադար: Նվարդն անէանում է ու միանգամից երևակվում ` Աղասուն ավելի մոտ: Այսուհետ անէանալով ու տարբեր տեղերում հայտնվելով` սևեռուն հայացքով ասես ջանում է ներգործել ամուսնու վրա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Լավ մտածի, Աղասի ջան, յոթն անգամ չափի, մեկ անգամ կտրի:
ԱՂԱՍԻ — Չափել ու կտրել եմ:
ԱՐՈՒՍ — Մեր գյուղում ուրիշ մեկը չի կարող քո գործն անել:
ԱՂԱՍԻ — Կսովորի: Բարդ բան չի:
ՌԱԶՄԻԿ — Բայց ո՞վ… Քչից-շատից` ոտքի վրա մնացած տղամարդը Հայկն ա, նա էլ նախիրն ա արածացնում, հետն էլ հանդերն ա հսկում:
ԱՂԱՍԻ — Հինգ-վեց կով արածացնելը մեծ բան չի: Լքված տնամերձերում էլ արածեն` հերիք է:
ՀԱՅԿ — Բայց դու էիր ասում` անասունը հանդի սահմանովը տար ու ետ բեր, որ թշնամին տեսնի` լիարժեք կյանքով ենք ապրում:
ԱՐՈՒՍ — (հաշտարար): Երևի հոգնած ես, հերսոտած ես, Աղասի ջան, կանցնի: Ո՞ր մեկիս հետ չի պատահում: Էսքան տարվա վաստակդ ջուրը մի գցի:
ԱՂԱՍԻ — (դառնացած): Է՜, այ մերս, այ ընկեր Արուս ջան, վաստակս էն է, որ Սերոբն է՞լ է քոչը կապում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (պոռթկում է): Գլուխը քարովն ա տալի, երեսն էլ` պատովը… Չեմ ասի, թե մորքուրիս թոռն ա, էս ձեռնափետովս գլուխը կջարդեմ: Էրեկ` մին, էսօր` էրկու, տղամարդ ա դառել, ինքնագլուխ որոշում ա կայացնո՞ւմ: Դրա հարցը, Աղասի ջան, ինձ թող, սիրտդ շուռ մի բեր: Մեզ կանչել ես, լավ ես արել: Ասա ինչ ենք անելու` կանենք: (Մյուսներին.) Մի ընտրություն ա, էլի՜, էդ ինչ մի ծանր բան ա…
ՀԱՅԿ — Ախր, լավ էլ առիթն ա: Եկեք որոշենք, որ ընտրություն չենք անում: Մի քանի տնտեսություն ենք, տեղափոխվենք, գնանք, մի կարգին տեղ տնավորվենք: Ճիշտ չե՞մ ասում, Ռազմիկ:
ՌԱԶՄԻԿ — Համաձայն եմ: Հերիք եղավ շան պնչից ջուր խմելով ապրենք…
Նվարդը կտրուկ շրջվում, անէանում է: Դադար:
ԱՂԱՍԻ — (ցավով): Էս ինչքա՜ն հեշտ եք որոշում, տղերք, էս ինչքա՜ն հեշտ եք հանձնվում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Դե որ դու կանգնես, ասես՝ էլ գյուղապետ չեմ, իրանք էլ դա կասեն, էլի՜… (Ոտքի է կանգնում, ձեռնափայտին կռթնելով պտտվում է սենյակում, կանգնում է Աղասուն դեմ-հանդիման:) Առաջին հանձնվողը հենց դու ես, Աղասի տղա: Հրամանատարը որ նահանջեց, զորքը ցաք ու ցրիվ կլինի:
ԱՂԱՍԻ — Հա, բայց դու սրանց մտածմունքին չե՞ս նայում…
ՀԱՅԿ — Ուրեմն մենք ցույց անելու իրավունք չունե՞նք:
ԱՂԱՍԻ — Գյուղը լքելով ցո՞ւյց են անում:
ՀԱՅԿ — Մեր ցույցն էլ էդ ձևի ա:
ԱՐՈՒՍ — Ասին, հո չարի՞ն, Աղասի ջան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (Աղասուն): Ցույցի ասածին ո՞վ ա բանի տեղ դնում, որ դո՛ւ դնես, այ որդի:
ԱՂԱՍԻ — Չէ, ժողովուրդ ջան, ներող եղեք, բայց էլ չեմ դիմանում: Խնդրում եմ հարգեք դիմումս:
Երևակված Նվարդը սևեռվում է ամուսնուն:
ԱՂԱՍԻ — (ասես արդարանալով): Ինձնից ի՞նչ եք ուզում: Ես մեղավո՞ր եմ, որ չզոհվեցի:
ՆՎԱՐԴ — Դու մեղավոր ես, որ չես ուզում ապրել:
ԱՂԱՍԻ — Ես ուզում եմ ապրել, բայց մարդավարի… Սա ի՞նչ կյանք է, անընդհատ կռվի մեջ: Կարիքի դեմ` կռիվ, ղեկավարի հետ` կռիվ, ընկերոջդ, հարազատիդ հետ` կռիվ, ինքդ քեզ հետ` կռիվ…
ՆՎԱՐԴ — Քո սխալն էլ դա է, որ կռիվ ես անում… կռիվը քո պարտությունն է:
ԱՂԱՍԻ — Բա ո՞նց անեմ…
ՆՎԱՐԴ — Պայքարիր: Կռիվն ու պայքարը տարբեր բաներ են, տեր կանգնիր հողիդ: (Անէանում է:)
ԱՂԱՍԻ — Երանի ես էլ զոհված լինեի…
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ցասումով): Դու չզոհվեցիր, որ պապենական գյուղն ապրեցնես, բայց դասալիք ես դառնում:
Դռան թակոց, որին չեն ուզում արձագանքել: Թակոցը կրկնվում է:
ՀԱՅԿ — (սրտնեղած): Էդ ո՞ր քա-ղաքավարին ա, է՜, մտեք, էլի՜…
ԳՈՒՐԳԵՆ — (դուռը կիսաբացելով): Կարելի՞ է, պարոն Վարդանյան:
ԱՂԱՍԻ — Համեցեք:
Ներս են մտնում Գուրգենը, Աշխենը, Կարենը:
ԳՈՒՐԳԵՆ — Բարի երեկո ձեզ:
ԱՇԽԵՆ — Բարով ձեզ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Բարին արևներիդ:
ԱՂԱՍԻ — (իրեն վերգտնելով): Ի՞նչ է պատահել: Աշխեն նանի, ի՞նչ հարց ունես:
ԱՇԽԵՆ — Աղասի ջան (Գուրգենին ցույց տալով), էս մեր նոր խնամին ա` Գուրգենը, էս էլ Շողիկիս նշանածն ա` Կարենը:
ԱՂԱՍԻ — Բարով եք եկել, համեցե՛ք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Բախտավոր զույգ ըլնեն:
ԱՐՈՒՍ — Աստված օրհնի պսակը, Աշխեն ջան:
ԱՇԽԵՆ — Շնորհակալ եմ:
ԱՂԱՍԻ — (Գուրգենին): Անսպասելի մտաք, միանգամից տեղը չբերի, կներեք: (Այցելուները նստում են:) Հարսանիքը ե՞րբ եք որոշել: Մենք մեր խոսքի տերն ենք, ամեն ինչով կապահովենք, չենք թողնի` մի մազի պակասություն զգաք:
ԱՇԽԵՆ — Շնորհակալ ենք, Աղասի ջան: Դու դեռ նշանդրեքին էիր դա ասում, բայց… Բայց ոնց որ թե մեր սրտի ուզածովը չի լինում:
ԱՂԱՍԻ — (մռայլվում է): Էդ ի՞նչ սև կատու ա անցել… նշանը հետ եք տալի՞ս:
ԳՈՒՐԳԵՆ — Չէ՜, այ ախպեր, երեխեքը իրար հավանում են, սիրում են… Էս ո՞ր թիվն ա…
ԱՂԱՍԻ — Բա ուրիշ ի՞նչ խանգարող հանգամանք կա:
ԱՇԽԵՆ — Աղասի ջան, մեր խնամին մեր փեսի հետ էսօր եկավ, որ հարսանիքի օրը որոշենք…
ԱՂԱՍԻ — Հետո՞…
ԱՇԽԵՆ — (գլխահակ): Հետո… ես ի՞նչ ասեմ… (Գուրգենին.) Խնամի ջան, դու ասա:
ԳՈՒՐԳԵՆ — Ուղղակի ասած, պարոն Վարդանյան, էն, ինչը որ մենք ձեզ հետ պայմանավորվել էինք, կարծես թե ըլնող բան չի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Էդ ի՞նչ ա, որ ըլնող բան չի:
ԳՈՒՐԳԵՆ — Էն, որ մեր տղեն ձեր գյուղ տնփեսա չի գալու:
ԱՂԱՍԻ — Էդ մեկը` չեղա՜վ:
ԳՈՒՐԳԵՆ — Մեր հարսին մենք տանելու ենք, ախպեր:
ՌԱԶՄԻԿ — (հենակներին հենվելով՝ փորձում է ոտքի կանգնել): Ո՞նց թե… Առանց մեր համաձայնության մեր գյուղի աղջկան ո՞նց եք տանելու, հո թալա՞ն չի…
ԳՈՒՐԳԵՆ — Ի՞նչ թալան, այ ախպեր: Մի նեղացեք, բայց ուղիղը խոսենք, ո՞ր հայ տղամարդը իր տունն ու տեղը, լավ ապրուստը կթողնի, կգա էս ծակուռում տնփեսա կդառնա:
ՌԱԶՄԻԿ — Դե որ էդպես է, մենք ձեզ աղջիկ չունենք տալու: (Աղասուն.) Ես դեռ նշանդրեքի ժամանակ էի զգում, որ մի բան էն չի: Սրանց նպատակը մեր համաձայնությունը ստանալն էր: Ստացան, աղջկան իրանցով արին, հիմի էլ` խնդրեմ: Մենք էլ մտածում էինք, թե ախպեր ենք ունենալու, զինակից ենք ունենալու, կենա՜ց խմեցինք, ուրախացա՜նք… (Կարենին.) Դու ի՞նչ տղամարդ ես, որ քո խոսքից ետ ես կանգնում:
ԿԱՐԵՆ — (վիրավորված): Ձեր գյուղի տղամարդկությունը տնփեսա դառնա՞լն է: Չեմ ուզում, հո զոռով չի՞: Իմ նշանածին ես տանելու եմ:
ՌԱԶՄԻԿ — Ծուռ ես խոսում՝ քիչ ա, դեռ չամուսնացած` իրավունքներ ես բանացնում: Մեր տան մեջ մենք ենք որոշում մեր անելիքը:
ԿԱՐԵՆ — Ձեր անելիքը դուք որոշեցեք: Ես իմ անելիքի տերն եմ:
ՌԱԶՄԻԿ — Սրա խոսքին նայի… Դու քանի՞ գլուխ ունես, որ մեր աղջկան հափ անես` տանես:
ԿԱՐԵՆ — Տո, քե՞զ ինչ, դո՞ւ ով ես, որ մեջ ես ընկնում:
ՌԱԶՄԻԿ — (ճանկում է Հայկի հրացանը): Ինչ ասի՞ր…
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (կանգնում է նրանց միջև): Ռազմիկ, տաքանալ մի…
ԱՂԱՍԻ — (խլում է հրացանը): Հեռո՛ւ, հեռո՛ւ կացեք իրարից…
ԳՈՒՐԳԵՆ — Էս ի՞նչ եք անում, այ մարդ…
ԱՂԱՍԻ — Տեղներդ նստե՛ք: (Կարենին.) Տղա ջան, նախ դու քեզնից մեծին, մեր գյուղի ազատամարտիկ, պատերազմի վետերանին անպատիվ խոսքեր մի ասա: (Ռազմիկին.) Դու էլ քեզ չափավոր պահի, ֆրոնտում չես: (Հրացանը վերադարձնելով Հայկին:) Դու էլ զենքը ձեռքիդ պահի, տեսա՞ր՝ ինչ էր լինում:
ՀԱՅԿ — Միջին պատրոն չկա:
ԱՂԱՍԻ — Նստեք, տեղներդ նստեք, որոշենք մեր անելիքը: (Գուրգենին.) Քո անունն ի՞նչ էր:
ԳՈՒՐԳԵՆ — Գուրգեն:
ԱՂԱՍԻ — Գուրգեն ջան, դուք որ եկաք խնամախոս, նշանը տալուց առաջ պայմանավորվեցինք, չէ՞…
ԿԱՐԵՆ — Բայց դուք ինձ հարցրի՞ք, որ պայմանավորվեցիք:
ԳՈՒՐԳԵՆ — Մի խառնվի: Մեծերով ենք խոսում, քեզ խոսք չի հասնում: (Կարենը դժգոհ, փնչացնելով, ընտրում է հեռավոր աթոռը, տեղափոխվում է:)
ԱՂԱՍԻ — (Գուրգենին): Մեր վիճակը քեզ բացատրեցի, Գուրգեն ջան: Գյուղը ձեռքից գնում է: Էդ մի աղջիկն է մնացել մարդի տալու, նրան էլ տանք ու գյուղը կողպե՞նք: Բա էս հող ու ջրի մեջ մեր արյունն ու քրտինքը չկա՞…
ԳՈՒՐԳԵՆ — Պարոն Վարդանյան…
ԱՂԱՍԻ — Թող խոսքս ավարտեմ, դու էլ` քոնը կասես: Քիչ առաջ վիճում էինք` պապենական մեր ծննդավայրը թողնենք ու գնա՞նք, թե՞ մնանք, մինչև մի դուռ կբացվի: Էդ դուռը քո տղան է բացելու, Գուրգեն ջան: Մեր գյուղը ավերակ մի դարձրեք: Ի՞նչ տնփեսա, ախպեր, անտեր մնացած չորս հարյուր տուն կա, տնամերձ հող ու այգի կա: Ուզած տունը, այգին թող վերցնի, ապրի: Ավելին ասեմ, տղադ, կարծեմ, գյուղտեխնիկումն է ավարտել: (Կարենին.) Մեխանիզատոր չե՞ս…
ԿԱՐԵՆ — Մեխանիզատոր եմ:
ԱՂԱՍԻ — Տեսա՞ր, գրագետ տղա է, հենց էս պահից էլ կնիքը հանձնեմ, թող համայնքի ղեկավարը դառնա: Պորտը ասֆալտի վրա չի կտրվել, թե ասեմ` քաղաքի տղա է, գյուղին սովոր չի: Ախր, գյուղ ենք կորցնում, է՜, գյո՜ւղ, տարա՜ծք…
ԳՈՒՐԳԵՆ — Պարոն Վարդանյան, ինքս էլ էս կողմերում կռված մարդ եմ: Երկու տեղից վիրավորվել եմ ձեր հարևան Ծաղկահովիտի պաշտպանության դիրքերում: Հասկանում եմ, լավ եմ հասկանում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Բայց ձեր հասկացածն ու արարմունքը իրար չեն բռնում, որդի:
ԳՈՒՐԳԵՆ — (վճռական ոտքի է կանգնում): Ավել-պակասը` կներեք: Դուք ձեր գործը շարունակեք, մենք գնանք, մի անգամ էլ խելք-խելքի տանք, որոշենք մեր անելիքն ու ձեզ լուր կուղարկենք:
ԱՂԱՍԻ — (ոտքի է կանգնում): Գնացեք, ախպեր, գնացեք, որոշեք: Սիրտս վկայում է, որ ճիշտ որոշում եք կայացնելու:
ԳՈՒՐԳԵՆ- (մինչև դուրս գնալը` իրեն չնայող Ռազմիկին): Արտիլերիստ Ռազմիկ Բաղդասարյան, դու հրանոթ խոսացնող զինվոր ես, ձեռքդ հրացանի մի գցի, էն էլ` յուրայինի դեմ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Էդ դուք իրար ճանաչո՞ւմ եք:
ԳՈՒՐԳԵՆ — Խիզախ ֆիդայի Ռազմիկին ո՞վ չի ճանաչում, բայց էսօրվա Ռազմիկն ինձ անծանոթ էր: Ներող եղեք: (Գնում է: Աշխենն ու Կարենը հետևում են նրան:)
Կարճ դադար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (Ռազմիկին): Իրեն ճանաչո՞ւմ ես:
ՌԱԶՄԻԿ — (գլխահակ): Ծաղկահովիտի վաշտի հրամանատարն էր: (Դադար: Կտրված ոտքին խփելով:) Էս ոտքն ուտողի հերը շուն դառնա, մի քիչ վերև խփեր, զոհվեի, պրծնեի էս ամեն ինչից… (Հայկին.) Մի պապիրոս տուր:
ՀԱՅԿ — Քեզ ծխել չի կարելի: Առանց էն էլ մի թոք ունես, երկաթն էլ` միջին:
ՌԱԶՄԻԿ — Պապիրոս տո՛ւր: Կարելի ա՜, չի կարելի՜… (Բոլորին.) Էս աշխարհում մեկը չկա՞, որ վերջապես, վերջնականապես մեզ հասկացնի, թե ի՞նչն ա կարելի, ինչը` չէ: (Հայկի տված ծխախոտը վերցնում, հոտոտում է, մատների մեջ ճմրթում, գցում է հատակին ու հենակով սկսում է ճզմել, ապա հենակը խփում է հատակին:) Դզվի՛… Դզվի, այ աշխարհ, դզվի, դզվի՜, դզվի՜… (Հենվելով հենակներին` դժվարությամբ ոտքի է կանգնում, դուրս է գնում:)
Դադար:
ՀԱՅԿ — Հիմի ի՞նչ որոշեցինք:
ԱՂԱՍԻ — Ավագանու նիստը հետաձգվում է:
ՀԱՅԿ — Խի՞ որ…
ԱՂԱՍԻ — Կարծում եմ` Գուրգենը ճիշտ որոշում կկայացնի: Կարենը կգա, տնտեսության անդամ կդառնա, նիստը կշարունակենք, համայնքապետ կընտրենք:
ՀԱՅԿ — Էլի՜…
ԱՂԱՍԻ — Հա` էլի՛:
ՀԱՅԿ.- (քմծիծաղով): Այ ժողովուրդ, հույսներդ ինչի՞ վրա եք դրել: Սա գյուղ դարձողը չի, մոռացեք: Դուք որոշեցիք, ես էլ չուզեցի մերժեմ, մինուճար տղիս քաղաք չուղարկեցի: Համաձայն եմ` թող էս ավերակների պատերին մողեսի պես կպած մնա: Կարենն էլ կգա` Աղասուն կփոխարինի: Բայց սա փրկություն չի: Շատ-շատ, Շողիկի ու Կարենի տղեն կավարտի ընկեր Արուսի դպրոցն ու կգնա քաղաք` գյուղինստիտուտում սովորելու ու ետ չի գա:
ԱՐՈՒՍ — Չէ, Հայկ ջան, մի’ ասա, մի քիչ համբերել ա պետք: Մի քիչ էլ որ համբերենք` լույս կբացվի: Գնացածները ետ կգան: Ամիս չկա, որ նախկին աշակերտներիցս նամակ չստանամ. «Ընկեր Արուս, կարոտել եմ…», «Ընկեր Արուս, հայերեն եմ ուզում սովորել…», «Ընկեր Արուս, նամակ գրի, հորս համոզի` ետ գանք»…
ՀԱՅԿ — Ընկեր Արուս, էդ երկու տարուն դեմ չեմ, հավատս չի գալիս, բայց դեմ չեմ: Բայց ինչի՞ ա մեր Աղասին հրաժարական տալի: Տասնհինգ տարի է` գյուղապետ է: Եթե էդ երկու տարուն հավատում է, ինչի՞ ա հրաժարական տալի:
ԱՐՈՒՍ — Սիրտն էլած էր, մի բան ասավ, ո՞վ չգիտե, որ Աղասին գյուղը անտեր թողնողը չի: Էդպես չի՞, Աղասի:
Աղմուկով բացված դռնից լսվում է Ռազմիկի ձայնը` «Առաջ գնա»: Մտնում է Ալին, հետո` Ռազմիկը:
ԱԼԻ — (զգուշավոր, գլխարկը ձեռքում ճմրթելով): Սալամ ալեյքում:
Արուսը խաչակնքում է, Հայկը ճանկում է հրացանը:
ՌԱԶՄԻԿ — Կանգնած էի, տեսնեմ` ստվեր է շարժվում: Ձեն տվի` դեմս ծլեց:
ԱՂԱՍԻ — (եկվորին ուշադիր զննելով մոտենում է): Ալի՞… դո՞ւ ես…
ԱԼԻ — Ես եմ, Աղասի ջան:
ԱՂԱՍԻ — (վերադառնում է տեղը): Մեր գյուղում ի՞նչ գործ ունես, ինչի՞ ես եկել: Բա որ պոստի կանգնած տղերքը կրակեին:
ԱԼԻ — Քո մոտ եմ եկել, Աղասի ջան, կարևոր խնդրիք ունեմ:
ԱՂԱՍԻ — Դու ինձ` խնդի՞րք…
ԱԼԻ — Հա, Աղասի ջան… եթե կարելի ա… առանձին խոսանք:
ԱՂԱՍԻ — (տատանվելով): Լավ: Որ եկել ես… նստիր: (Մյուսներին.) Ժողովուրդ ջան, ինչ որ պետք էր` որոշեցինք: Հա՛յկ, վաղը քո բեռնատարով կգնաս երկաթուղային կայարանից պետության տված աշնանացանի անվճար սերմացուն կբերես: Չմոռանաս` ճամփին կաթի գործարան մտի ու ասա, որ Ագարակ գյուղը մի տոննայով ավելացնում է մթերվող կաթը: Ռազմիկ, մեր ջահելների խնդրանքն էլ արագացրու, մի մուզիկալնի ցենտրն ի՞նչ ա, որ միացնելը երեք օր ա տևում:
ՌԱԶՄԻԿ — Եղավ, վաղն արդեն կաշխատի:
ԱՂԱՍԻ — Ընկեր Արուս, դասղեկներին մի անգամ էլ զգուշացրու, որ երեխեքի հետ հանդեսը լավ պատրաստեն, հարևան զորամասի սպաներին ու զինվորներին արժանապատիվ կերպով պիտի հյուրընկալենք: Հարցեր կա՞ն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Չկան:
ԱՂԱՍԻ — Ազատ եք:
ՌԱԶՄԻԿ — Պարոն Վարդանյան, բա զորամաս չզանգե՞մ, որ հետախույզին գերի ենք բռնել:
ԱԼԻ — Հարկավոր չի… ես ի՞նչ հետախույզ, ի՞նչ գերի… ինձ լավ եք ճանաչում: Ես իմ կամքով եմ եկել, խնդիրքով եմ եկել…
ԱՂԱՍԻ — Զանգ տալ… դեռ պետք չի: Ազատ եք:
ՀԱՅԿ — Դռան մոտ կանգնած եմ: (Դուրս է գնում:)
Աղասին ծխախոտ է վառում, սպասողական հայացքը հառում է Ալուն:
ԱԼԻ — Աղասի ջան, վնաս տալու, հետախուզելու համար չեմ եկել: Հետախուզելու բան էլ չկա, նույն օրին ենք… Հեյդարիս կհիշես, գլուխն առավ` գնաց Ստավրոպոլ, աղջկերքս Իրկուտսկում են, թոռս` Իսպանիայում: Մեր գյուղում տուն չկա, որ ղարիբ չունենա: Մնացել են ծերերը…
ԱՂԱՍԻ — (անհաղորդ): Ալի, ինչո՞ւ ես եկել:
ԱԼԻ — Գիտենք, որ մեր գերեզմաններին ձեռք չեք տալի, չեք ավերում: Շնորհակալ ենք:
ԱՂԱՍԻ — Է՞դ որտեղից գիտեք:
ԱԼԻ — (տատանվում է): Գերիների փոխանակման ժամանակ Կարմիր Խաչից եկածին ուղեկցողը մեր հարևան Քյարիմի տղան էր: Նա էր թաքուն նկարել, բերել էր: Էն ինչ շիվան էր մեր գեղում… Կնանիք ողբում, ծնկներին էին տալի…
ԱՂԱՍԻ — Ալի, ինչո՞ւ ես եկել:
ԱԼԻ — Իմ մերը մեռավ… թաղեցինք: Վերջին շնչում խնդրում էր` հնար գտնենք, իրան բերենք էստեղ` հորս կողքին թաղենք: Կռվից հետո գետը սահման դառավ, մեր գերեզմանները մնացին ձեր ափին: Մորս ո՞նց բերեի, ո՞վ թույլ կտար… Աղասի ջան, թույլ տուր հորս շիրիմից մի բուռ հող տանեմ: Մերս ամեն օր երազ ա գալի, հողը տանեմ, շաղ տամ գերեզմանին, հոգին հանգստանա…
Աղասին պահարանից օղու շիշ, երկու բաժակ է հանում, լցնում է բաժակները:
ԱՂԱՍԻ — Օղորմի անցավորներին: (Խմում, վերադառնում է իր տեղը:)
ԱԼԻ — (ոտքի կանգնելով): Օղորմի: (Խմում, նստում է:)
ԱՂԱՍԻ — Բա անտառի մեջ ինչի՞ էիք խորացել: Էդ անտառը ձերը չի, չէ՞…
ԱԼԻ — Կնանիք են եղել, Աղասի ջան, պոպոք են հավաքել: Մի փեշ բերել էին, հատ-հատ բաժանեցին, թե` կերեք, կարոտներդ առեք… (Օղի է լցնում:) Հիշողություն կա, մանկություն կա, ապրած կյանքի կարոտ կա… (Վերցնում է իր բաժակը, ոտքի ելնելով` մի պահ մտորում է:)
ԱՂԱՍԻ — Կենաց չասես, Ալի, ընդունելի չի:
ԱԼԻ — Կենացը, Աղասի ջան, օրհնանք է սիրում, բայց էս բաժակով ես անիծելու եմ… Նալլաթ էն մարդուն, նրա ծնողներին, ով առաջինը մեր մեջ կռիվ գցեց: (Թափով խմում է, փլվում աթոռին ու գլխարկն աչքերին սեղմելով` խուլ հեկեկում է:)
ԱՂԱՍԻ — Ուշացած է անեծքդ, Ալի, հազար տարով ուշացած է: Քո ապուպապերը մտան մեր հողը, կռիվ գցեցին: Մենք` ի՞նչ: Ոնց եղել ենք, էդպես էլ դեռ կանք ու լինելու ենք: Հանգստացիր: (Դարակում ինչ-որ բան է փնտրում:)
Նվարդը հայտնվում է Աղասու և Ալու միջև, այդուհետ, տագնապով, մեկ անէանում, մեկ հայտնվում է սենյակի տարբեր անկյուններում:
ԱՂԱՍԻ — (դարակում գտնում է լապտերը): Հիմի կգնանք գերեզմանոց, հողը կտանես:
Ներս են խուժում Հայկը, Ռազմիկը, Հովհաննեսը:
ՌԱԶՄԻԿ — Ոչ մի տեղ էլ չեք գնա: Էդ ո՞ւմ հողն ես թուրքին տալիս:
ԱՂԱՍԻ — (նախատինքով): Ռազմի՞կ…
ՌԱԶՄԻԿ — Ի՞նչ` Ռազմիկ… Հովհաննեսի տղեն` Արամը, քո ախպեր Սամվելը, Մհերը, Քաջոն, Հրաչը էս հողը պաշտպանելիս զոհվեցին, ես կես մարդ դառա, որ դու հող տաս թուրքի՞ն…
ՀԱՅԿ — Ճիշտ ա ասում:
ԱՂԱՍԻ — Տղերք, հանգստացեք, հո գյուղն ու երկիրը չենք տալիս: Մարդը հոր գերեզմանից մի բուռ հող ա խնդրում:
ՌԱԶՄԻԿ — Որ ամեն մի թուրք մի բուռ հող տանի` գյուղն էլ կտանք, երկիրն էլ:
ԱՂԱՍԻ — Ռազմիկ, մարդկային բան չես խոսում: Սահման չենք ետ քաշում, տարածք չենք տալիս… Է՜, Նադրի թվից, սարի փեշի ձախ կողմը հայերի, աջը` մուսուլմանների գերեզմանատեղին է եղել:
Նվարդը դժգոհ, կտրուկ շրջվում, անէանում է:
ՌԱԶՄԻԿ — Լավ ասիր` Նադրի թվի՜ց… Հենց Նադրի թվից մեր ու սրանց մեջ մենակ գերեզման է ավելացել, էն էլ` սրանց մեղքով: Տո, Նադրից էլ, Նոյից առաջ էլ էդ արտը, սարը, լանջն ու փեշերը մերը չե՞ն…
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Աղասի ջան, մի նեղացի, բայց… ախր, ճիշտն էն կըլնի, որ ավագանու նիստը շարունակենք ու էս հարցն էլ քննարկենք:
ՌԱԶՄԻԿ — Էսօրվա նիստի օրակարգում էդ հարցը չկա ու չի ըլնելու, Հովհաննես պապ: Ի՞նչը քննարկենք: Իրար համոզենք ու միաձայն որոշենք, թե հողը տալիս ենք թշնամո՞ւն:
ԱՂԱՍԻ — Վերջացրու, հա՞, հորդ օղորմի: Վերջապես, գյուղապետը ես եմ, որոշում եմ մի բուռ հող տալ էս մարդուն:
ՌԱԶՄԻԿ — Մոռացիր: Էս պահից դու էլ գյուղապետ չե՛ս:
ԱՂԱՍԻ — (բռնկվում է): Տո՛, շատ ճիշտ ես ասում: Համաձայն եմ: (Դարակից հանում է կնիքը, շրխկոցով դնում սեղանին:) Էս քեզ` համայնքի կնիքը, էս քեզ` աթոռը, էս էլ քեզ` երկրի դրոշը: Արի, նստիր ու պաշտպանիր գյուղիդ տարածքը: Էլ գյուղապետ չե՛մ: (Գնում է դեպի դուռը, բայց Հայկը հրացանով փակում է ճանապարհը:)
ՀԱՅԿ — Ետ դարձիր տեղդ:
ԱՂԱՍԻ — (ապշած): Դու… դու իմ վրա զենք ես հանո՞ւմ:
ՀԱՅԿ — Ես դասալիքի վրա եմ զենք հանում:
ԱՂԱՍԻ — Ես` դասալի՞ք… Գյուղը պաշտպանելիս ու մինչև էսօր խրամատն է իմ տունը եղել:
ՀԱՅԿ — Ետ դարձիր տեղդ: Քո խրամատը` ա՜յ, էն աթոռն է:
ԱՂԱՍԻ — (պոռթկում է): Բա դո՞ւք… ձեր տեղը որտե՞ղ է, պարոն հայրենասերներ…
ՌԱԶՄԻԿ — (հենակը մեկնելով` հրացանի փողը մի կողմ է հրում): Մենք էլ քեզ հետ ենք, նույն խրամատում:
Աղասին վերադառնում, փլվում է աթոռին, գլուխն առնում է ափերի մեջ: Կողքին երևակված Նվարդը շոյում է նրա գլուխը:
ԱՂԱՍԻ — (ցավով): Պապենական երկիրը լքում են, մի բուռ հողի համար կռիվ են տալիս: (Նվարդին.) Դե խոսիր, ասա` ինչպե՞ս վարվեմ:
ՆՎԱՐԴ — (դատավճիռ ասելու պես): Պահպանի’ր:
ԱՂԱՍԻ — Չեմ կարող, ուժ չմնաց: Չեմ կարող…
ՆՎԱՐԴ — Ուրեմն` մեռած ես:
ԱՂԱՍԻ — Ուր էր, թե… Կգամ, իրար հետ կլինենք: Մհերի, Քաջոյի, Արամի հետ…
ՆՎԱՐԴ — Բացառված է: Նրանք հողը պաշտպանելիս զոհվեցինք դու` լքելու պատճառով անհիշատակ մեռնում ես: (Անէանում է:)
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Հողը… Ամեն մի բուռ հողի մեջ մեր նախնիների աճյունն ա ու մեր զավակների սերմը: Ամեն մարդ իրա պապենական հողի մի բուռն ա, թե իր բնահողից գնաց` հողից ա պակասում: Աշխարհով մեկ ցրվում, ցրիվ ենք տալի մեր հողը, շաղ ենք տալի օտարի ոտքերի տակ, հետո էդ օտարին խնդրում ենք, թե` արի, մեզ մեր հողի տերը դարձրու: Չենք մտածում, որ հողը խռովել գիտի, անիծել գիտի: Կհամբերի, կհամբերի, բայց մի օր էլ կանիծի ուրացող զավակին: (Ձեռնափայտին հենվելով բարձրանում է տեղից, կանգնում է սենյակի կենտրոնում, շրջվում է արևելք, խաչակնքում է:) Ներող եղեք, իմ սուրբ պապեր, ներող եղիր ծերացած հորդ, իմ նահատակ որդի: Թե արարքս մեղք կհամարեք, չթողնեք` հոգիս գա, հասնի ձեզ: (Վերցնում է լապտերը, առանց Ալու կողմը նայելու` մեկնում է նրան:) Սա վերցրու, գնա, էդ մի բուռ հողը տար…
ԱԼԻ — Հովհաննես դայի, շնորհակալ եմ: (Լապտերը վերցնում, ետ-ետ գնում, դռան մոտ կտրուկ շրջվում, դուրս է գնում:)
Կարճ դադար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ոչ մեկին չնայելով): Ինձ թաղելուց` մի բուռ հող պակաս կլցնեք գերեզմանիս: (Ազդու:) Լսեցի՞ք, ինձ թաղելուց` մի բուռ հող պակաս կլցնեք գերեզմանիս: Կանիծեմ, թե կամքս չկատարեք: (Օրորվում, տապալվում է հատակին:)
ԱՂԱՍԻ — Հովհաննես…
Մթնեցում: Դադար:
Լուսավորվում է: Պատին, սև շրջանակի մեջ, Հովհաննեսի նկարն է: Աղասին գրասեղանի մոտ նստած, հայացքը հառած անորոշ կետի, մտախոհ ծխում է: Իրենց տեղերում նստած են Ռազմիկը, Հայկը, Արուսը:
ԱՂԱՍԻ — (ծխախոտը հանգցնում, խոսում է դժվարությամբ): Ձեզ կանչել եմ մի հարցով… Խնդրանքով: (Նոր ծխախոտ է հանում, բայց չի շտապում վառել:) Խնդրում եմ… խնդրում եմ ինձ հետ գաք Ծաղկահովիտ, Սահակյան Անդրանիկենց տուն:
ՌԱԶՄԻԿ — Դե, եթե գնալը պետք է, խնդրելը ո՞րն է, գնանք:
ԱՐՈՒՍ — Ես էլ եմ գալո՞ւ, Աղասի ջան:
ԱՂԱՍԻ — Հա, ընկեր Արուս, դու` անպայման: Կարևոր գործ կա:
ՀԱՅԿ — (անքեն ծաղրով): Էդ ի՞նչ կարևոր գործ է, հարևան գյուղից ոսկե ցլի՞կ ենք բերելու:
ԱՂԱՍԻ — (մեղմ ծիծաղով): Ընդհակառակը: Աղջիկ ենք ուզելու:
ԱՐՈՒՍ — Ո՞ւմ համար, Աղասի ջան:
Աղասին հապաղում է պատասխանել: Նվարդը հայտնվում է Աղասու դիմաց:
ՆՎԱՐԴ — (պաղատանքով): Ասա, դե ասա՜…
ՀԱՅԿ — Իսկապես, ո՞ւմ համար ենք աղջիկ ուզելու:
ԱՂԱՍԻ — (վերջապես համարձակվում է): Իմ: (Նվարդը, գոհունակ, ետ է քաշվում):
ՌԱԶՄԻԿ — (անակնկալի եկած, ձեռքերը տարածելով` մի ոտքի վրա վեր է ցատկում): Հայկ, լսեցի՞ր… Հայկ, ձեն հանի, է՞…
ՀԱՅԿ — Հանեմ… (Հրացանից զույգ կրակոց է արձակում:) Էս էլ` ձենը…
ԱՂԱՍԻ — (բարեհոգի նախատինքով): Բա ասում էիր` միջին պատրոն չկա՞:
ՀԱՅԿ — Նայած` երբ:
Դրսից պարեղանակ է հնչում:
ՀԱՅԿ — (Աղասուն): Էս արդեն քո ետևից են եկե՞լ…
Նվագողների ետևից մտնում են Գուրգենը, Կարենը, Աշխենը:
ԳՈՒՐԳԵՆ — (նվագը դադարացնելու շարժում է անում, ձեռքի եղջյուրները վեր բարձրացրած` մոտենում է Աղասուն): Աղասի ջան, ժողովուրդ ջան, մենք որոշեցինք. իմ տղան` Կարենը, Ագարակում է ապրելու: Վաղը տրակտորը, գութանը, շարքացանը կբերենք: Նրան համայնքապետ պետք չի ընտրել, նա իր գործը կանի, կվարի, կցանեք, կհնձեք, կշենանաք: Հիմա եկել ենք խնդրենք, որ Աղասին մեր երեխաների պսակի քավորը դառնա: Մեր պապերի ավանդույթով` նվագով, գինով, սինիով եկել ենք, որ մեր քավորին ուղեկցենք հարսանքատուն: Բոլորիդ հրավիրում եմ, ժողովուրդ ջա՜ն…
ԱՐՈՒՍ — Մի բարձի ծերանան, բախտավոր լինեն…
ՀԱՅԿ — Այ, գործ եմ ասել…
ՌԱԶՄԻԿ — Հալալ է քեզ, կամանդիր:
ԱՂԱՍԻ — (մոտենում, գրկում է Գուրգենին): Վայ, քո հոգուն մեռնեմ, Գուրգեն ջան, էնպիսի հարսանիք անենք, որ աշխարհը թնդա:
Դուռը թակում են, ի պատասխան ներկաները ձայնում են` «Մտե՜ք, համեցե՜ք»: Մտնում է ոստիկանը:
ՈՍՏԻԿԱՆ — Բարև ձեզ:
ԱՂԱՍԻ — (զարմացած): Բարև…
ՈՍՏԻԿԱՆ — Հայկ Բաղրամյանին եմ փնտրում: Ասացին, որ այստեղ է:
ՀԱՅԿ — Ես եմ Հայկ Բաղրամյանը:
ԱՂԱՍԻ — Ես գյուղապետն եմ, ի՞նչ է պատահել:
ՈՍՏԻԿԱՆ — (համազգեստի գրպանից թուղթ հանելով` մեկնում է Աղասուն): Ամբաստանյալ Հայկ Բաղրամյանը մեղադրվում է պաշտոնական անձին իր պարտականությունները կատարելիս խոչընդոտելու և ահաբեկելու մեջ:
Բոլորն ապշած, չիմանալով անելիքը` միմյանց են նայում:
ՌԱԶՄԻԿ — (Հայկին` անչար, ծաղրալից): Ամբաստանյալ Բաղրամյան, բա ասում էիր` մեր գյուղի ճամփին փակուղի կա դրա՞ծ: Տեսա՞ր, երբ պետք է լինում` բացում են:
Հոմերական ծիծաղ է պայթում: Բոլորը, բացի Նվարդից ու ոստիկանից, ծիծաղում են:
ԱՂԱՍԻ — (Գուրգենից վերցնում է եղջյուրներից մեկը, մոտենում է ոստիկանին): Խմիր:
ՈՍՏԻԿԱՆ — Բայց ես… ախր…
ԱՂԱՍԻ — Խմիր, խմիր, ուրախ պահի ես եկել:
ՈՍՏԻԿԱՆ — (եղջյուրը վերցնելով` թեթևակի բարձրացնում է): Ողջ լինեք… Բայց… ներեցեք, ծառայության մեջ եմ, ինձ խմել չի կարելի: (Եղջյուրը վերադարձնում է):
ԱՂԱՍԻ — (կանգնում է սենյակի կենտրոնում ու դանդաղ, ցմրուր խմում է, ապա ձեռքերը պարզում է վեր, դհոլչուն): Նվագիր:
Դհոլը թնդում, գտնում է իր առնական ռիթմը: Աղասին սկսում է պարել ցեղախմբի հեթանոս քրմի պես` ծիսական ու խորհրդավոր, համագյուղացիների, Նվարդի, ոստիկանի առջև, Հովհաննեսի նկարի, յուրաքանչյուրի առջև` առանձնակի տարբեր ու խոսուն էությամբ, չար ուժերին դոփյունով գետնի տակ մղելով, ծնկելով ու հառնելով, ընդվզելով ու հաղթելով, հողին, երկնքին, արևին, աստվածներին փառաբանելով…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։