Անահիտ ԱՐՓԵՆ / ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄՈՒԼՏԱՊԱՏՈՒՄ

Երաժշտական չափածո թատերախաղ չորս գործողությամբ

Գործող անձիք
Գիրք (կերպարների հետ կամ մենակ) — Հովհաննես
Թումանյան «Հեքիաթներ»
Հանդիսատես – տարբեր մարդկանց ձայներ դահլիճից
Հրաշագործ – հաշտարար մարդ
Քեռի Քուչի – հայ շուն
Փիսո – հայ կատու
Թոմ – ամերիկացի կատու
Ջերրի – ամերիկացի մուկ
Միշա – ռուսական արջ
Մաշա – ռուս աղջնակ

Առաջին գործողություն
ԾԱՆՈԹԱՑՈՒՄ
Մաշան փոթորկի նման ներխուժում է բեմ, վազում է կուլիսներ, ամեն ինչ տակնուվրա է անում:
ՄԱՇԱ — Այ Միշա, ասա՛,
Դե վեր կաց, ասա՛:
Հայաստանն ի՞նչ է,
Հայաստանն ո՞վ է…
Մաշան ստիպում է Արջին քնաթաթախ դուրս գալ բեմ, փախչել, ինքը հետապնդում է նրան:
Հայաստանն ո՞ւր է, (վախվորած շշուկով)
Հայաստանն ի՞նչ է…
ԱՐՋ — (քնաթաթախ): Երկիր է, ի՞նչ է:
ՄԱՇԱ — Հայաստան երկի՞ր…
ԱՐՋ — (պառկում, շրջվում է թիկունքով դեպի դահլիճը): Հա… Ա՜, ա, ա՜… Խը՜ռռ… Փի՜…
ՄԱՇԱ — Հայաստանն ո՞ւր է…
ԱՐՋ — Փը՜սս… Ֆըը՜սս… ը՜…
ՄԱՇԱ — (ականջներից քաշքշելով, արջին բրթբրթելով):
Չէ, ասա, ասա՛,
Շուտ արա, ասա:
ԱՐՋ — Թող քնեմ, աղջիկ,
Գլուխս տարար:
ՄԱՇԱ — (մեկուսի): Հայաստանն ո՞ւր է…
ԱՐՋ — Ուուո՜ւյ, է՜, է՛…
Մաշան բարձրանում է դեկորացիաների վրա, լսվում են ամանեղենի կոտրվելու, դարակ- պահարանների ջարդվելու ձայներ:
ԱՐՋ — (Մաշային իջեցնելով վերևից): Ցած իջիր, Մաշա, անկարգ ես դու շատ: Այս գիրքը վերցրու, գնա տուն, կարդա,
Կվերադառնաս, գարունը երբ գա:
(Հրելով կուլիսներ:) Հը, ի՞նչ ես կանգնել, դե հայդե, գնա:
Արջը, իրենից գոհ, նորից տեղավորվում է քնելու: Մաշան խոժոռված վերադառնում ու գիրքը շպրտում է:
ՄԱՇԱ — Ես չե՛մ ուզում գիրք,
կոնֆե՛տ տուր կամ մի՛րգ:
ԳԻՐՔ — Վա՜խ, անխիղճ աղջիկ, քար չեմ կամ մաշիկ…
ՇԱՆ ձայն կամ ԿԵՐՊԱՐ — Հաֆ, քար չի, աղջիկ, էդ ո՞ւր ես նետում…
ԿԱՏՎԻ ձայն կամ ԿԵՐՊԱՐ — Մյա՜ու, մաշիկից չի էլ տարբերում:
Մաշան վախվխորած մոտենում է գրքին, էջերը զգույշ թերթում է:
ՇԱՆ ու ԿԱՏՎԻ ձայներ — (գրքի միջից): Հաֆ… մյաու… հաֆ… մյաու… թֆուու… ռըըե՛…
Մաշան լեղապատառ փախչում, պատսպարվում է արջի թիկունքում, սկսում է նրանց պես մեկ հաչալ, մեկ մլավել:
ԳԻՐՔ — Ամոթ քեզ, տգետ…
ՄԱՇԱ — Հաֆ, մյաու, հաֆ, մյաու, հաֆ…
ԱՐՋ — Մաշա, լռիր, սուս:
ՇԱՆ ու ԿԱՏՎԻ ձայներ — Հաֆ… մյաու… հաֆ… մյաու… թֆուու… ռըըե՛…
ԱՐՋ — Թողեք, որ քնեմ, ինձ մի խան-գա-րե՛ք:
ՇԱՆ ու ԿԱՏՎԻ ձայներ — Հաֆ, մյաու, հաֆ, մյաու, թֆուու, ռըըե՛…
ՄԱՇԱ — (գրքի ձայներին): Լավ, լավ, կկարդամ, չեմ նետի, լռե՛ք:
Գրքի ձայները լռում են: Մաշան շուրջը նայելով, սողեսող մոտենում է գրքին, սկսում է կարդալ: Գիրքը և գրքային շունն ու կատուն մնջախաղով ներկայացնում են նրա կարդացածը:
ՄԱՇԱ — (կարդում է):
Ժամանակով կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի
Ճարել էր մի գառան մորթի:
(Երեխաներին արագ բացատրելով:)
Ինքն էլ չգիտի`
որտեղից ճարեց
մորթին էդ գառի:
ԱՐՋ — (զայրացած): Մտքիդ մեջ կարդա,
Պատի՛ժ ու կրա՜կ:
ՄԱՇԱ — Չեմ կարող, Միշա, ես փոքրիկ եմ դեռ:
ԱՐՋ — Իսկ ես քնում եմ, մի՛ խանգարիր, դե…
Երեխաների՛ համար…
ՄԱՇԱ — (ընդհատելով): …չեն սիրում:
Ո՛չ գիրք, ո՛չ էլ միրգ, շո՛ու են ուզում…
Դադար:
ՄԱՇԱ — (գիրքը դնում է արջի վրա, կարդում է):
Ա՛րջ, լսիր, հետո թե ինչ է լինում,
Արջ, լսիր` կարդամ, թե ինչ է լինում…
ԱՐՋ — (զայրացած վեր կենալով):
Ես գիտեմ, աղջիկ, թե ինչ է
լինում,
Կատուն խաբում է, գլխարկ
չի կարում:
ՄԱՇԱ — Ինչո՞ւ է խաբում, ինչո՞ւ չի կարում:
ԱՐՋ — Ծույլիկ փիսո է, գործ նա չի սիրում:
ՄԱՇԱ — Ուրիշի թող տար:
ԱՐՋ — Մորթի էլ չկա՜ր:
Մաշան սկսում է արագ կարդալ, Արջը նորից է փախչում:
ՄԱՇԱ — (կարդում է): Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Իր մտքումը դեռ պահում է,
Որտեղ կատվին պատահում է,
Վեր է թռչում, վրա վազում,
Ու իր մորթին հետ է ուզում,
Իսկ սևերես կատուն հանկարծ
Ետ է դառնում ու բարկացած
Փշտացնում է. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ…
Մաշան գիրքն առած, կամ բոլորը միասին հետապնդում են Արջին:
ՄԱՇԱ — Ցրցամը ի՞նչ է:
ԱՐՋ — Խըռըըմփ… Խը՜ռռը-փը՛սս, հե՜…
ՄԱՇԱ — Միշ, այ Միշ, ի՞նչ է` ժամանակով, ճոն ու մեկ էլ` ցըրցամ:
Միշա, Միշենկա: Գդակ, ճոն, ցրցամ…
Գրքային ՇՈՒՆ — Գդակ, դե` գլխարկ…
Գրքային ԿԱՏՈՒ — (ներկայացնելով ինքն իրեն): …ճոնն էլ դերձակն է:
ՄԱՇԱ — (գիրքը նրա քիթը մտցնելով): Այստեղ ասում է` ցըրցամ եմ տվե…
ԱՐՋ — Ի՞նչ… ինչ ես կարդում: «Տվե» չի: Տվե՛լ:
Արջը գիրքը վերցնում է, կարդում, դնում է մի կողմ:
ՄԱՇԱ — Հա, դե լավ` տվել: Ցըրցամ տալն ի՞նչ է:
ԱՐՋ — Դե, արդեն սկսել, բայց դեռ բան չանել: Դերձակ` շոր կարող…
ՄԱՇԱ — Ձևող ու չափող:
ԱՐՋ — Ըմմ…
ՄԱՇԱ — Ժամանակովն էլ՝
Մի ժամանակ, չէ՞:
Ես ցըրցամ կտամ,
Որ դաս սովորեմ…
ԱՐՋ — Լավ: Դու սովորիր,
Ես գնամ, քնեմ:
Արջը փորձում է փախչել, գլուխն ազատել Մաշայից:
ՄԱՇԱ — (ճչալով): Գդակ եմ ուզում,
Գդակ եմ ուզում,
Մի փոքրիկ գլխարկ:
Չէ, գդա՜կ, գդա՛կ:
Գդակ, գլխարկ չէ:
(երեխաներին.) Գը-դակ`
գըլ-խարկ, չէ՞:
ԱՐՋ — (խտասկավառակ տալով): Թող քնեմ, աղջիկ:
Առ, նայիր մուլտիկ:
ՄԱՇԱ — Ի՜…
Էկրանին հայտնվում են Թոմն ու Ջերրին:
ՄԱՇԱ — Է՜, սա տեսել եմ,
Չէ՜, սա տեսե՜լ եմ…
Մաշան իջնում է դահլիճ, դիմում նստածներին:
ՄԱՇԱ — (ցույց տալով էկրանը): Դու սա չե՞ս տեսել,
Թոմն ու Ջերրին են:
Իսկ դու՞… չե՞ս տեսել:
Մի՛շա, տեսել են:
(Դեպի էկրանը, իբր ինքը հանդիսատես է:) Ուրիշ ենք ուզում: Չէ՞: Հա՛, հա՛: Ասե՛ք:
ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Տեսել ենք, տեսե՛լ, ուրի՛շ մուլտ տվեք:
ԹՈՄԻ ձայնը — (էկրանի պատկերի հետ` ուրիշ ձայն):
Չես տեսել, չէ՜, սա,
Քո հախից կգամ,
Դու դեռ գլխի չես,
թե ինչ կանեմ քեզ,
Շան հեքիաթ կարդա՞ս,
ես ցո՛ւյց կտամ քեզ:
ՋԵՐՐԻԻ ձայնը — (փորձելով հասկացնել, որ միայն շունը չէ գրքի հերոսը):
Շուն ու կատո՛ւ են, ինչո՞ւ` շան հեքիաթ,Կատուն է ճարպիկ,
համ էլ այստեղ` շատ:
Կատուն ընտի՜ր է, շունը` շան օրի:
Առ, վերցրու,
կարդա՛ ու դարձիր բարի:
Թոմն էկրանի վրա ընկնում է Ջերրիի ետևից, Ջերրին փախչում է: Մինչև Մաշան խոսում է, նրանք էկրանի տակից ընկնում են բեմ: Գիրքը հիմա Ջերրիի ձեռքում է:
ՄԱՇԱ — Հը՞, դա տեսե՞լ ենք,
Մի րոպե, լսենք…
ՋԵՐՐԻ — (արդեն բեմում` պաշտպանվելով):
Տես, միայն շուն չի,
կատու կա մեջը
Ու կռնատ աղջիկ մի հատ էլ`
հետը,
Մի պոչատ աղվես,
հետո` խոսող ձուկ:
Ես ճիշտ եմ ասում, նաև` լի՜քը մուկ:
ՄԱՇԱ — (երեխաներին): Ի՞նչ, ի՞նչ էր` ասաց,
Շուն կար ու կատո՞ւ:
Ո՞ր շունն ու կատուն…
(Ականջը` դեպի երեխաները:) Հա՜, «Շունն ու կատուն»,
Հա, ճիշտ եք ասում,
Հայերի՜դ կատուն…
ՋԵՐՐԻ — (գիրքը տալով Թոմին): Կատուներին, ա՛ռ,
ոչ ոք չի սիրում,
Գող եք, ասում են,
ու շատ եք խաբում:
ԹՈՄ — Ի՞նձ ես գող ասում,
էդ մե՞նք ենք խաբում:
ՋԵՐՐԻ — Մորթին վերցնում եք, գլխարկ չեք կարում:
ԹՈՄ — Ինչ է, շան համար գլխա՞րկ կարեմ ես:
ՋԵՐՐԻ — Վերցրո՛ւ, կարդա՛, տե՛ս:
ԹՈՄ — (նայելով Ջերրիին): Շունը կատվի հե՞տ:
ՋԵՐՐԻ — Կարդա, իմացի՛:
ԹՈՄ — (կարդում է, հպարտ շեշտով): «Ժամանակով կատուն ճոն էր…
Շունն էլ… Հա, ի՞նչ:
Գլխարկ չունե՞ր…
(Արդեն` ամբարտավան:)
Տո տնաշեն, չես թող անում
մի շունչ քաշեմ,
Հըլա նոր եմ ցըրցամ տվել,
թե որ կարեմ»:
(Ապա` մռայլվելով): Ի՛, ի՞նչ, ի՞նչ… Էս ի՞նչ է գրում.
«…Որտեղ կատվին պատահում է,
Վեր է թռչում, վրա վազում,
Ու իր մորթին հետ է ուզո՞ւմ…»:
ՋԵՐՐԻ — (սարսափազդու ակորդներ երգելով): Բա-բա-բա-բո՜ւմ…
Ջերրին, իբր վախեցած, փախչում է դահլիճ:
ԹՈՄ — Ջերրի՜, ո՞ւր թռար, էս ի՞նչ էր… Արի՜…
ՋԵՐՐԻ — (երեխաներին): Սըսս… Տեղս չասեք, կբռնի, կուտի…
Շնից նեղացած` ինձ կհոշոտի:
ԹՈՄ — Ախ, երախտամոռ: Ամո՛թ քեզ, Ջերրի:
ՄԱՇԱ — Ջե՜րրի, Ջե՜րրի, ճի՞կ:
ՋԵՐՐԻ — Սո՛ւս, փախի, պստլի՛կ,
Հեռու գնա դու…
ՄԱՇԱ — Չէ՜, խաղա՛: Կո՜ւ-կո՛ւ:
Էկրանին «Գտնված երազ» մուլտֆիլմի երգի դրվագն է:
ԹՈՄ — (Մաշային): Դու ո՞վ ես:
ՄԱՇԱ — Աղջիկ:
ԹՈՄ — Տեսնում եմ` աղջիկ:
Անունդ ասա:
ՄԱՇԱ — Անունս` Մաշա:
ԹՈՄ — Մուկ ես պաշտպանո՞ւմ,
Որտե՞ղ ես թաքցնում:
ՄԱՇԱ — Չեմ ասի, կատո՛ւ,
Դու` գող ճոն մորթու:
Մաշան ու Ջերրին միասին ավելի համարձակ են, խաղում են Թոմի հոգու հետ, չափ են տալիս, դիրիժորություն անում, մտնում են դահլիճ, երեխաներին երգել են սովորեցնում, այնտեղից դատավճիռ կարդալու նման խոսում, ծաղրում են Թոմին:
ՄԱՇԱ ու ՋԵՐՐԻ — (երգելով):
Փիսիկը նստել մի մութ
անկյունում,
Հոնքերը կիտել ու լաց է լինում,
Մոտիկ է գալիս մի ուրիշ կատու,
Ինչո՞ւ ես լալիս, այ,
փիսիկ ջան, դու:
Ի՞նչ անեմ հապա, որ լաց չլինեմ,
էն Համոն թաքուն
մածունը կերավ,
Գնաց տատի մոտ
ինձ վրա դրավ…
Ջերրին ոգևորված թաթիկներն է շփում` երեխաներին վազք ցույց տալով, այսինքն` Թոմը պիտի փախչի:
ՋԵՐՐԻ — Հիմա տատին էլ, մի մեծ փայտ առած,
Թոմին է փնտրում` գցի մսաղաց:
ՄԱՇԱ — (Թոմին): Կասես, որ սա՞ էլ դու չես եղել… Կաց:
Մաշան վազում, Թոմի ճամփան փակում է: Ջերրին դուրս է գալիս թաքստոցից` մի պարան քարշ տալով բեմ և անսպասելի նորից Թոմի կողմն անցնելով:
ԹՈՄ — Չէ, ես չգիտեմ`
մածունն ինչ բան է:
Ամերիկացի կատու եմ, Թոմն եմ,
Ի՞նչ ճոն, ի՞նչ մորթի:
Ի՞նչ մութ անկյուններ…
ՋԵՐՐԻ — (Մաշային` քամահրանքով):
…Ամե՛րիկայում:
Ա՜յ քեզ խելոքներ:
Մեր տունը մեծ է և
շատ լուսավոր…
Մենք հայ չենք, բալիկ,
ինչ-որ հեռավո՛ր:
ԹՈՄ — Մենք միշտ բարի ենք ու մարդկանց օգնող,
Բոլոր ազգերին միշտ
միջնորդ կանգնող:
ՋԵՐՐԻ — (երեխաներին): Հայերն ասում են` «Լավություն արա,
գցիր ջուրն», հա՛, հա՛:
ԹՈՄ — Գնում ենք` օգնենք Շանն ու Կատվին հայ:
Որ այսուհետև ապրեն հաշտ: Խաղա՜ն:
ՋԵՐՐԻ — (երեխաներին` արագ-արագ):
Կատուն շո՞ւն խղճա:
Խելքս չի կտրում,
բայց բեր հավատանք:
ՄԱՇԱ — (երեխաներին):
Ուստա Փիսոն ու
Քեռի Քուչին, հա՞:
Մենք էլ ենք օգնում,
որ խելոքանան:
Բոլորը մի պահ միմյանց են նայում, ասես ստուգում են մեկմեկու ասածը: Մաշան վազում է դեպի Արջը:
ՄԱՇԱ — Արջ, վեր կաց, կանգնիր, հերիք չի՞ քնես,
Գնանք Հայաստան,
լիքը թութ կուտես:
ԱՐՋ — (վեր թռչելով): Ի՞նչ, թո՞ւթ… ե՞րբ, որտե՞ղ… Էլի՞ Հայաստան…
Գարունը եկա՞վ,
արդեն մրգեր կա՞ն:
ՋԵՐՐԻ — (երեխաներին` առանձին): Ակա՜ս-մակա՜ս, ա՛րջն էր պակաս:
ՄԱՇԱ — Ես թութ եմ ուզում,
ծիրան եմ ուզում…
Շատ միրգ եմ ուզում,
լուրջ բան եմ ասում:
(Մկրատ բերելով:) Գնանք Հայաստան: Արի՛, վեր կաց, ե՛կ:
Գնանք Հայաստան,
ինձ շորիկ կարենք:
Միշա, շոր կարենք:
Լավ մորթուց գդակ:
ԱՐՋ — (մկրատի տեսքից սթափվելով): Գդա՜կ: Չէ մի` քուրք: Մի դեսը տուր դա:
ԹՈՄ — «Դեսը տուր» ասա՞ց:
ՋԵՐՐԻ — (բացատրելով): Էս կողմ տուր, էլի՜:
ՄԱՇԱ — (Միշային): Սա Թոմն է, էն էլ` Մկնիկը` Ջերրի:
ՋԵՐՐԻ — (գոռոզ): Աստղեր ենք հայտնի` Ամե՛րիկայից:
ԱՐՋ — (ներկայացնելով նրանց): Մաշա և Միշա` Ռուսաստա՛ն: Դրկի՛ց:
Մաշան, պտտվելով բոլորի շուրջը` պարանը նետում է նրանց վրա, անկարգություն անում:
ՄԱՇԱ — Գնանք Հայաստան: Գնանք Հայաստան: Գնանք Հայաստան:
ԱՐՋ ու ԹՈՄ — Գնանք, դե գնանք…
ՋԵՐՐԻ — Հայաստան ամբար չեմ մտել, գնա՜նք:
Բոլորը — Գնանք Հայաստան: Գնանք Հայաստան:
Պարանի ծայրերից բռնած` ամեն մեկը մի կողմի վրա է դուրս գնում` ինչպես խեցգետինը, կարապն ու գայլաձուկը: Երաժշտություն է սկսվում, որը էկրանին հայտնված «Պինգվին Վինը» մուլտֆիլմի երգի դրվագն է:
Բոլորը — (երգելով մուլտֆիլմի երգը):
Ոտքերով խաչեր ենք անում, գնում ենք, գնում
Եվ ցերեկը և գիշերը
այս օտար երկրում…
Եղանակը խանգարում է,
գնում ենք, գնում…
Բոլորը պարելով, ուրախ ցատկոտելով դուրս են գնում: Էկրանին հայկական բնությունն է, հոսող ջրեր, արագիլներ, տաճարներ, մեծ հուշարձաններ… Ամեն ինչ՝ հայկական:
Երկրորդ գործողություն
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Բոլորը տարբեր կողմերից գալիս են: Մոլորվել են:
ՋԵՐՐԻ — (խունջիկ-մունջիկ): Բույնիկ սարքելու համար ի՜նչ լավ տեղ,
Այստեղ ընտիր է, իմ սրտով,
տան պես:
Ինքն արդեն խառն է,
ես էլ թափթփեմ,
Լիքը ծակուծուկ`
հեշտ կթաքնվեմ:
ՄԱՇԱ — (քնելով): Օֆ, հոգնեցի շատ: Արդեն տե՞ղ հասանք:
ՋԵՐՐԻ — Իսկ իմ կարծիքով` նույն տեղն ետ եկանք:
ԹՈՄ — (Արջին): Դու ես մեղավոր, որ մոլորվեցինք:
ԱՐՋ — Ե՞ս ինչ մեղք ունեմ, դո՛ւք ճիշտ գնայիք:
ԹՈՄ — Մի տիկ գինին ե՞ս փորս քաշեցի:
ԱՐՋ — Տաք մեղրահյութ էր, կատո՛ւ, ի՞նչ գինի:
ԹՈՄ — Տաք մեղրահյութ, ֆո՜ւհ, քաղցր չեմ սիրում:
ՋԵՐՐԻ — Ես ամեն ինչ էլ սիրում եմ, ուտում:
ԹՈՄ — Հա, դե դու մուկ ես, իսկ ես` լուրջ կատու:
ՋԵՐՐԻ — Մե՞ջդ ինչ կա որ, փքված հավհնդու:
ԹՈՄ — (վրա տալով): Այ մուկ, դու սսկվիր…
ՋԵՐՐԻ — (փախչելով): Դո՛ւ ձայնդ կտրիր:
ԱՐՋ — Ես իմ կարճ խելքով…
ԹՈՄ — (ընդհատելով):
Դու քո կարճ խելքով
Ի՞նչ պիտի ասես:
ԱՐՋ — Թաթալոշ կուտես:
Իրար հրմշտում են, սկսում են կռվել, մյուսներն իբր ուզում են բաժանել նրանց, բայց ավելի խառնաշփոթ իրավիճակ են ստեղծում:
ԹՈՄ — (Արջին): Դանդալոշ… ծուռ թաթ…
ԱՐՋ — (Թոմին): Կորի դե… փշտա…
ՄԱՇԱ — (արթնանալով): Եկ խաղանք, Միշա:
ԱՐՋ — Դեն գնա, Մաշա:
ՄԱՇԱ — Ջերրի, դեն գնա:
ՋԵՐՐԻ — Փշուր տուր` գնամ:
Բոլորը քաշքշում են իրար: Մաշան ու Ջերրին. պարանը ամեն մեկն իր կողմն է քաշում:
ՄԱՇԱ — Թող, ի՛մն է…
ՋԵՐՐԻ — Իմն է…
ՄԱՇԱ — Իմն է…
ՋԵՐՐԻ — Ոչ, իմն է…
ԹՈՄ — (Արջին): Դանդալոշ:
ԱՐՋ — (Թոմին): Փշտա:
Խառը ձայներ — Մյաու… պի-պի-պի…
Ռըը… այ… վախ… օյ…
Մամա ջան… արի…
Առը քեզ… կորի…
Լուսաշիթ է ընկնում դահլիճից կուլիսներ ու ոստիկանական բարձր ազդանշանի ուղեկցությամբ գնում դեպի էկրան: Հրաշագործը կուլիսներից տեղափոխվում է բեմի խորք` կենտրոնական էկրանի մեջ: Տպավորություն է ստեղծվում, թե սկայպի տեսախցիկն են ուղղում: Հարմարեցնում են պատկերը, պարզեցնում և այլն:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Ամոթ ձեզ, ամո՛թ: Չարն հաղթել է ձեզ,
Մոռացել հարգանք,
բարություն արդար,
Ինչե՞ր եք խոսում,
ի՞նչ եք քաշքշում
ու կոպտում իրար:
Բոլորը վախից ծնկի են գալիս, խուճապահար ու չորեքթաթ գնում-գալիս են բեմի երկայնքով: Հրաշագործը նախատինքով լի հայացքն ուղղում է բոլորին, ապա նայում է դահլիճ: Հետո նոթբուքն հարմարեցնում է ու նստում սկայպի առաջ:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Թոմաս, դո՛ւ ասա:
Բոլորը հերթով սկսում են արդարանալ:
ԹՈՄ — (մեջքն ուռցնելով): Արջ, մուկ հերիք չի, մի հատ էլ` աղջիկ:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Հատ չէ, այլ` հոգի, մի հոգի աղջիկ: Հաշտվեք, խաղացեք մի դռան շան պես:
ԹՈՄ — Առանց Ջերրիի տեղ չեմ գնա ես:
Թոմը գտնում է իր զույգին, ձեռք-ձեռքի տված շարքի սկիզբ են կանգնում:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Ապրես, այ ապրես:
Հարգեցի ես քեզ:
ԱՐՋ — (ծանրումեծ):
Ճամփան իմանամ…
Ես էլ Մաշայի՛ հետ պիտի գնամ:
Մաշան արագ տանում է Արջին, ձեռք-ձեռքի բռնած կանգնում են Թոմի ու Ջերրիից հետո:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Դու նույնպես ապրես,
Խելացի արջ ես,
Ընկերոջը քո մենակ չթողնես:
Փոքր է, աղջիկ է,
պիտի պաշտպանես:
ԱՐՋ — Ես պաշտպանում եմ…
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Իսկ դո՞ւք` Թոմ, Ջերրի:
ԹՈՄ — (բզելով Ջերրիին, որ նա էլ խոստանա): Կլինենք բարի:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Թե բարի գործի ելնեք` ձեզ կօգնեմ:
ՋԵՐՐԻ — Լա՜վ, ես էլ կանեմ:
Թոմը Ջերրիին իր թիկունքում թաքցնում է, որ Հրաշագործը նրա անկարգությունը չտեսնի:
ԹՈՄ — Բարի է, բարի,
հաստատ բարի ենք,
Կատվին ու Շանն ենք
հաշտեցնել ուզում:
ԱՐՋ — Մի մորթու համար,
հազար տարի է,
Կռվում են, կռվում,
լեզու չեն գտնում:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Շատ դարեր առաջ, հին Հայաստանում…
ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Տորք Անգեղ անվամբ մի մարդ էր կենում…
ԹՈՄ — (Արջին): Լսի, լավ… հիմա մենք չենք կռվելու…
ԱՐՋ — (Թոմին): Պայմանը` պայմա՞ն…
ԹՈՄ — Հա, խոսք ենք տալու:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Ընկերներ եղեք,
որ ճամփան գտնեք,
Միասին եղեք, որ չմոլորվեք: (Նոթբուքը շրջելով դեպի դահլիճ:) Հայաստանն ահա,
ճամփան ձեր առաջ,
Մնաց` ինքներդ լինեք
ընկեր քաջ:
Էկրանի պատկերն անմիջապես փոխվում է. Արարատն է ու Արամ Խաչատրյանը, Աստղադիտարանն է ու Վիկտոր Համբարձումյանը, Արագած սարն ու Ավետիք Իսահակյանը, մեր մյուս լեռներն ու Անդրանիկ Օզանյանը, Գարեգին Նժդեհը, Մարտիրոս Սարյանն ու Սևանը, Վանը: Մինաս Ավետիսյանի տաք կտավները…
ՄԱՇԱ — (Արջի ձեռքը բռնելով): Մենք հավատարիմ,
լավ ընկերներ ենք:
ԹՈՄ — (ցույց տալով էկրանը): Գնանք, որ մենք էլ
ընկերներ դառնանք,
Շունն ու Կատուն էլ թող
հաշտվեն արդեն
Ու էլ չկռվեն, մեզ ընկերանան:
Բոլորը — Գնացի՛նք, առա՜ջ,
Եկա՜նք, Հայաստա՜ն:
Շրջան են կազմում, խմբով երգում են:
Բոլորը — Հայաստանում է
ծիրանը աճում,
Թութ, թուզ ու սալոր, նուշ,
նուռ ու խնձոր:
Խաղող ենք սիրում մենք
խաղալուց շատ,
Գնանք Հայաստան,
որ ուտենք փշատ:
Քայլում են դեպի էկրանը, անցնում կուլիսներ: Էկրան-սկայպն անջատվում է:
Երրորդ գործողություն
ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Բեմում` շուկա, էկրանին` «Մի կաթիլ մեղրի» պատմությունն է: Ապա` Պույ-Պույ մուկիկի: Ջերրին կերել-տռզել, Պույ-Պույ մուկիկի օրն է ընկել, երգում է նրա երգը: Դրվագ մուլտֆիլմից:
ՋԵՐՐԻ (երգում է):
Ես մկնիկն եմ Պույ-Պույ,
Լա-լա-լա-լա-լա-լա,
Միշտ պարում եմ տույ-տույ,
Լա-լա-լա-լա-լա-լա:
Մի հսկա մուկ եմ ես,
Լա-լա-լա-լա-լա-լա:
(սպառնալից) Բոյ ունեմ թիզ ու կես,
Լա-լա-լա-լա-լա-լա:
Չեմ սիրում ես վայ-վայ, վույ-վույ,
Լամ-պարամ-պամ-պամ-պամ-պամ,
Մի աշխարհ ու մի Պույ-Պույ,
Հայ-հույ, լա-լա-լա-լա-լա-լա:
Երգում է ու ընկնում հատակին: Տխուր ու տրտում գալիս են Արջն ու Թոմը` Ջերրին ու Մաշան կորել են: Ամեն մեկը ձայնում է իր ընկերոջը: Մաշան դահլիճում քնած է, իսկ Ջերրիին դեռ տռզած, ընկած է մի կողքի:
ԹՈՄ — Ջերրի՜… Որտե՞ղ ես, անպիտան մկնիկ:
ԱՐՋ — Մաշա, ո՞ւր կորար, այ անկարգ աղջիկ:
ԹՈՄ — (ընկրկելով, կեղծ ժպտալով): Ջերրի՜, ո՞ւր կորար, ո՞ւր ես, այ աղջի…
ՋԵՐՐԻ — (մեկուսի): Պի, պի, պի…
ԹՈՄ — Արի:
ՋԵՐՐԻ — (մեկուսի): Կրծելու գործ կա՞… (Փորը ցույց տալով:) Բայց էլ տեղ չկա…
ԹՈՄ — Ջերրի, էյ, օքեյ…
ԱՐՋ — Աո՜ւ, Մաշենկա՜…
Ջերրին չի արձագանքում: Մաշան քնած է դահլիճում: Թոմն ու Արջը դուրս են գնում նրանց փնտրելու: Գալիս է զայրացած Շունը:
ՇՈՒՆ — Ուստեն ո՞ւր ա… Փափախս ո՞ւր ա…
ՋԵՐՐԻ — (տնքալով): Մի քիչ կացի, հրես կերևա:
ՇՈՒՆ — Դեսն արի, ասա:
ՋԵՐՐԻ — Կարեցա, չեկա՞:
ՇՈՒՆ — Իսկ ի՞նչ է եղել,
ՋԵՐՐԻ — Ես շատ եմ կերել:
ՇՈՒՆ — Ողբամ վիճակդ,
Ո՞վ ես, այ ջահել:
ՋԵՐՐԻ — Լսեք, շուն, ընկեր…
ՇՈՒՆ — (նրան վանդակը գցելով):
Ես քեզ ի՞նչ ընկեր:
Ուստիդ ասա` գա:
ՋԵՐՐԻ — Այ շուն, ի՞նչ ուստա:
Կատուն ինձ ուստա՞…
ՇՈՒՆ — Մո՞ւկ ես, այ տղա:
ՋԵՐՐԻ — Աղջիկ եմ փոքրիկ:
ՇՈՒՆ — Աղջի՞կ ու փոքրի՞կ…
Այ դու… անկուշտ փո՜ր:
ՋԵՐՐԻ — Կերա, ընկա փոս:
Բաց, դուրս գամ, քեռի,
Փորս չպայթի:
ԿԱՏՎԻ զայրացած ձայնը — (կուլիսներից): Ներս մտնողն ո՞վ է,
Ի՞նչ մկան հոտ է:
ՇՈՒՆ — Էլ ի՞նչ դուրս գաս, սուս:
ՋԵՐՐԻ — Վախ, փորս… Է՜յ, SO՜S…
ՇՈՒՆ — Ուզում ես ապրել՝
Տազ արա, նստի,
Ծպտուն չհանես`
Ձեռքն ընկնես կատվի:
Կատուն հարձակվում է Շան վրա:
ՇՈՒՆ — Ետ տուր, գող Փիսո…
ԿԱՏՈՒ — Ի՞նչը, քաչալ շուն…
ՇՈՒՆ — Իմ մորթին ետ տուր,
Կար անող չես դու:
Կատուն նկատում է Ջերրիին ու միանգամից պայթում, անընդհատ փորձելով նրան ճանկել, իսկ շունը պաշտպանում է:
ԿԱՏՈՒ — Ցուրտը տարա՞վ…
վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
ՇՈՒՆ — Մորթիս տուր… (ցույց տալով Ջերրիին) …սա տամ:
Ջերրին կարկամում է, ձեռքերով փրկություն հայցում:
ԿԱՏՈՒ — Ի՞նչ մորթի, չկա:
ՇՈՒՆ — Ի՞նչ արիր, կերա՞ր, մեկի՞ն ծախեցիր:
ԿԱՏՈՒ — Տարել ես, կորցրել, եղա՞վ, լա՛վ հիշիր:
ՇՈՒՆ — Այ քեզ խաբեբա, ո՞նց չես
ամաչում:
է՜յ, ստի ոտը միշտ կարճ է լինում:
ԿԱՏՈՒ — Քո խելքի նման:
ՇՈՒՆ — (Ջերրիին փախցնելով):
Հա, անբան կատու,
Մի մուկ էլ բռնել
չես կարողանում:
ԿԱՏՈՒ — Կարողանում եմ, բայց դե… չեմ բռնում:
ՋԵՐՐԻ — Օ, ճիշտ է, օ yes!
մեր մարդն է դառնում:
ՇՈՒՆ — Կատու ես, ո՞նց թե`
դու մուկ չես բռնի:
ԿԱՏՈՒ — Բայց ես դերձակ եմ…
ՋԵՐՐԻ — Երկար չես քաշի:
ՇՈՒՆ — (Ջերրիին): Տես քեզ ինչ կասեմ իմ կյանքի փորձից… (Շուրջը նայելով` իբր մեծ գաղտնիք է հայտնում:)
Կատուն կատու է, զգույշ կաց նրանից: (Կատվին.)
Թեև ինձանից ծլկում է արագ,
Տեսնում է թե չէ`
մտնում մկան ծակ:
ՋԵՐՐԻ — (սարսափած): Թևավոր ասած…
ԿԱՏՈՒ — Վրա են տալիս ոնց որ
կատաղած,
Բա հիմար հո չե՞մ,
որ մնամ կանգնած:
ՇՈՒՆ — Դե ծլկի, Փիսիկ:
ԿԱՏՈՒ — Դե բռնի, Քուչիկ:
Շունը, մոռանալով Ջերրիի վանդակը, հարձակվում է կատվի վրա:
ՇՈՒՆ — Ձեր լաչառ ցեղը, անշնորհք կատվիկ…
ԿԱՏՈՒ — Հա, հա, հա, մյաո՜ւ, կատաղած շնիկ:
ՇՈՒՆ — Հաֆ, հաֆ, հաֆ…
ԿԱՏՈՒ — Մյա՜ու:
ՋԵՐՐԻ — Այ քեզ ցեղ… Wow!
Երկուսն էլ իրար հետևից թռչում են դահլիճ:
Խմած, օրորվելով գալիս են Թոմն ու Արջը: Կատուն ձգտում է շանը խաբս տալ, ետ գալ մկան մոտ: Մաշան, որ դահլիճում քնած էր, ընկնում է նրանց ոտքի տակ, արթնանում, ճչում, ուրախ ծափ է զարկում: Արջը լսում է, վազում, գտնում, ուրախացած բեմ է թռցնում նրան: Թոմը նկատում է Ջերրիին, վազում է, վանդակը վերցնում, բայց նրան չի ազատում:
ՄԱՇԱ — Օ՜յ…
ՇՈՒՆ — (Մաշային): Հաֆ, հաֆ …
ՄԱՇԱ — Ա՜յ, վու…
ԿԱՏՈՒ — Մյաու՜… Փըշշ, ֆըշ, թֆու…
ՋԵՐՐԻ — Չորս կողմը կատու:
ԹՈՄ — Մյաու, ի՞նչ կատու:
ՋԵՐՐԻ — Էն ճոնը, էլի:
Ինձ բռնեց` կուտի:
ԹՈՄ — (տեսնելով հայ կատվին): Ա՜յ սիրուն կատու, գործ անող կատու…
ԿԱՏՈՒ — (նվաղելով): Վա՜խ, Ամերիկա… Հա, հա… Yes! Կատո՜ւ…
ՇՈՒՆ — Ես քեզ ցույց կտամ: Գող փիսո: (Ծաղրով:) Կատո՜ւ:
ԹՈՄ — Yes! Ամե՛րիկա:
ԿԱՏՈՒ — (բացատրում է): Ինքը` շուն քաչալ:
ՄԱՇԱ — (կախվում է Արջի թևերից): Ամ… Ամերիկա, Միշ… Ամերիկա…
ԱՐՋ — Нет, нет, Машенька.
Ջերրին, որ մինչ այդ լեղապատառ մուկ էր, առյուծավարի առաջ է մղվում:
ՋԵՐՐԻ — (դեռ վանդակի մեջ): Ok! Ես էլ եմ: Yes` Ամերիկա:
ԱՐՋ — (անդրդվելի): Нет!
Մաշան, օգտվելով իրարանցումից, աննկատ մոտենում, բացում է Ջերրիի վանդակը:
ՄԱՇԱ և ՋԵՐՐԻ — (բարեկամաբար ափերն իրար են զարկում, միասին):
Օ yes! Օ yes! Yes` Ամերիկա
ԿԱՏՈՒ — (Թոմին): Ես լավ գործ կանեմ, ես շուտ կշտկվեմ,
Միայն ինձ օգնեք`
էդ շնից պրծնեմ:
ԹՈՄ — (կատվին): Սպասեք, մի կռվեք: Փիսո, մոտ արի:
ԱՐՋ — (կատվին իր կողմը քաշելով): Էլ մի վախենա, քեզ բան չի ասի:
ԿԱՏՈՒ — Շունը բան չասի՞: Հիմարի մեկն է:
ԱՐՋ — Լավ, մի բարկացիր,
նա բակապահն է:
ԹՈՄ — Դու մորթին նրա ձեռքից
առել ես,
Գլխարկ չես կարել…
հոգին հանել ես:
ԿԱՏՈՒ — Դրսում թափառում,
ի՛նքը չի գալիս`
Չափս վերցնեմ, կարեմ,
փողս էլ չի տալիս:
Շունը հաչոցով վրա է տալիս: Թոմն ու Արջը նրա թևերից բռնած մի կողմ են տանում:
ՇՈՒՆ — Հաֆ, հաֆ, հաֆ, հայ, հա՜յ…
ԿԱՏՈՒ — Մյաու՜… մյա՜ու, վա՜յ:
ԹՈՄ — (շանը): Դու ուշադիր չես, շուն, հիմա լռիր:
Զգեստ չուներ փիսոն`
դու մորթին տայիր:
ԱՐՋ — Հա, դու չես տվել,
ու ի՛նքն է վերցրել:
ՇՈՒՆ — (կատվին): Դու շոր չունեի՞ր…
ԿԱՏՈՒ — Վատ բան չեմ արել:
ՇՈՒՆ — Ո՞նց թե` վատ բան չի,
ո՞նց թե… այ լաչառ:
ԱՐՋ — (հանդիսատեսին): Շանը դու ասես` Կատուն է արդա՞ր…
Շունն ու կատուն գզում են իրար: Թոմը Արջին մի կողմ է տանում:
ԹՈՄ — (հանդիսատեսին): Էդ էր պակաս, որ… շո՛ւնը ճիշտ լիներ:
(Արջին.) Լիքը գործի մեջ, կարծում ես, հե՞շտ էր:
ԱՐՋ — Կատաղեցնում ես ու խառնում իրար:
ԹՈՄ — Լավ, մի նեղացի, բեր անենք կիսրար: (Ամերիկայի դրոշը ցույց տալով:) Նրանց բեր ասենք` Ճիշտն այս է, հայեր…
ԱՐՋ — Լսի, այ կատու,
ճիշտը մենք ենք, մեր…
ԹՈՄ — (կտրուկ ընդհատելով):
Ոչ: Ամերիկա՛ն:
ԱՐՋ — Թաթալոշ կտամ:
Թոմն ու Արջը կռվում են:
ԹՈՄ — Թաթերդ քաշի…
ԱՐՋ — Դու թաթդ քաշի…
Ծեծվում են: Շունն ու կատուն նկատում են, դադարեցնում են կռիվը:
ՇՈՒՆ ու ԿԱՏՈՒ — (հանդիսատեսին): Մի սրանց նայեք… (Երկուսին.) Դուք մեզ հաշտեցնե՞ք:
Մեկը ձեզ ասի`
Ինքներդ հաշտվեք:
ԹՈՄ ու ՄԻՇԱ — (տուրուդմփոցի միջից): Լեզու կգտնենք:
Դուք բան չգիտեք:
ՇՈՒՆ ու ԿԱՏՈՒ — (իրար նայելով): Իսկ մենք չե՞նք կարող ինքներս մեր մեջ, (Դահլիճին.) Առանց միջնորդի մեր հարցը լուծե՞լ:
ՀԱՆԴԻՍԱՏԵՍ դահլիճից —
Կարող ենք, հաստատ,
Էդ մեկը` վստահ:
ՇՈՒՆ ու ԿԱՏՈՒ — Վերջացավ, գնաց:
ԹՈՄ — Ո՞նց թե…
ԱՐՋ — Ինչ ասա՞ց…
ՋԵՐՐԻ — Լինելու բան չի…
ԹՈՄ — Սպասիր, չեն փախչի…
Շունն ու կատուն թև-թևի մտած հեռանում են: Թոմն ու Արջը կռիվը թողնում, շտապում են նրանց ետևից: Ջերրին ու Մաշան պարան թռնելով գնում են երեխաների մոտ:
Չորրորդ գործողություն
ՀԱՇՏԵՑՈՒՄ
Բոլորը վերադառնում են: Թոմն ու Կատուն` գրկախառնված, Շունն Արջի ետևից վազելով: Նոր զույգերն իրար վրա ֆշշացնում են ու արհամարհական հեռանում միմյանցից: Կատուն շտապում է Թոմի ետևից, Շունը նայում է Կատվին, Արջը քաշում է իր կողմ, Շունը վազում, հասնում է Արջին: Ջերրին ու Մաշան երեխաների հետ են: Սկայպի զանգ: Հրաշագործը հայտնվում է էկրանին:
ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օ՜, մեծ Հրաշագործ, կախարդիր սրանց,
Թող հիմա հաշտվեն:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Ամեն ոք ինքը
պիտի հասկանա`
Ինչն օգուտ, ինչը վնաս է իրեն:
ՋԵՐՐԻ — Որպեսզի ծլկեմ,
պանիր գողանամ`
Թող իրենք կռվեն,
իսկ ես լիանամ:
ԱՐՋ — Լավ բան եմ ուզում,
համով ու քաղցր,
Որ հետս տանեմ,
հագեցնի քաղցը:
Թոմն ու Արջը ուզում են հեռանալ, բայց Հրաշագործի ձայնը կանգնեցնում է նրանց ու բոլորին հավաքում բեմի վրա:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Սպասեք, մոտ եկեք:
Մենք պիտի օգնենք:
ԹՈՄ — (Արջին կանխելով): Մենք ուզում էինք նրանց հաշտեցնել, որ ընկերանան,
Բայց նրանք, ցավոք, ընդհակառակը, թունդ թշնամացան:
ԱՐՋ — Մէ՛մ, էն ժամանակ կռվում էին ու վերջում էլ հաշտվում:
ԹՈՄ — Հիմա մի գլուխ կռվում են, կռվում, բայց էլ չեն հաշտվում:
ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օ՜, Մեծ Հրաշագործ, խելք սովորեցրու:
Ու մեզ բոլորիս արի, հաշտեցրու:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Դուք չեք պահպանում կարևոր պայման:
Լավության համար պիտի մի քիչ ձեզ նեղեք անպայման:
Արջը գլուխն է քորում, Կատուն մլավում, քաշվում է ինքն իր մեջ: Մաշան ու Ջերրին չեն լսում, բեմում խաղում են:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Ասե՞լ եք նրանց, որ կարևոր են մարդկանց տներում,
Եվ ամեն մեկը իր գործն է անում:
ԱՐՋ — (դժգոհ փնթփնթալով): Ասողին լսող պետք է լինի, չէ՞:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Կլինի, ասեք… Չեք ասել, պարզ է:
ԱՐՋ — Մաշան ինձ լսի՞…
ԹՈՄ — Կամ թե չէ` Ջերրին… (Ցույց է տալիս իրեն:)
ԹՈՄ ու ԱՐՋ — Ուր մնաց` շունը ու կատուն՝ դրանց…
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Իսկ լսո՞ւմ եք դուք, դո՛ւք, արդյոք նրանց:
Դուք նրանց մուլտերն ու
կինոները նայե՞լ եք, տեսե՞լ:
ՄԱՇԱ — Գիրքն ենք կարդացել…
Մաշան վազում, գտնում է գիրքը: Ջերրին հետևում է նրան:
ՋԵՐՐԻ — Ես Թոմին պատմել, ասել եմ արդեն…
Արջը մոտենում է, միասին բացում են գիրքը: Թոմը գիրքը խլում է նրանց ձեռքից:
ԱՐՋ — Ես կարդացել եմ, Մաշային տվել…
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Ապրեք, շատ ապրեք, մուլտերն էլ նայեք.
Որ հային արդեն
դուք էլ ճանաչեք:
Էկրանին` դրվագ «Շունն ու կատուն» հայկական մուլտֆիլմից: Շունն ու Կատուն ձեռքերով անջատելու, ջնջելու նշաններ են անում: Բայց էկրանին արագ փոխվում են վերնագրերը: Մյուսները կարդում են:
ՇՈՒՆ — «Բարիկենդանը»: «Բարիկենդանը»…
ԿԱՏՈՒ — Ըհը, շատ ճիշտ է: «Մուկիկի մահը»…
ԹՈՄ — «Մուկիկի մահը»: «Անծանոթ դեմքեր»…
ԿԱՏՈՒ — «Շերտավոր վագրեր»: «Վիշապագորգեր»…
ԱՐՋ — «Նաղաշ ու լավաշ»: Կամ` «Ոսկու կարաս»…
ՋԵՐՐԻ — Ես` «Խոսող ձուկը», «Գտնված երազ»…
ՄԱՇԱ — Ես «Աղվեսագիրքն» ու «Դասն» եմ տեսել…
ԱՐՋ — Էն գիրքն ի՞նչ եղավ, բերեք, ինձ տվեք:
Թոմը գիրքը չի տալիս: Արդեն հետաքրքիր է, նա էլ է ուզում կարդալ:
ՇՈՒՆ — «Սասունցի Դավիթ»: Երեխեք, հուշեք:
Երեխաները ասում են այլ վերնագրեր:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — (երեխաներին): Ապրեք, այ ապրեք…
Եղավ, շատ ապրեք… (Կենդանիներին.)
Պետք չէ չարանալ,
պետք չէ էլ վիճել,
Կատու, շուն, եկեք
պարզենք հարցը ձեր:
Բոլորը մոտենում են, գիրքը դնում են բեմեզրին, նստում են շուրջը: Եվ Հրաշագործի ամեն խոսքը պատկերում են դիմախաղով ու ժեստերով:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Նախ անկեղծ եղեք, որ ձեզ հավատան,
Անպայման բարի ու
անդավաճան,
Որ վստահեն ձեզ, որ չմոռանան,
Ու իրենք նույնպես
շուտ մտերմանան:
Ընկերության մեջ բարի ու անեղծ
Չկա խարդավանք,
բոլորն են անկեղծ:
Դուք հին ընկերներ,
բարի տղաներ,
Ընկերությունը գործ է երկուստեք:
ՇՈՒՆ — (Կատվին): Դե, խոստովանիր, չկա խարդավանք,
Ընկերության մեջ սեր
կա ու հարգանք:
ԿԱՏՈՒ — Ճիշտը որ ասեմ,
փող չճարեցի,
Մորթիդ դիմացը տվեցի
ստիպված:
ՇՈՒՆ — Որ ինձ ասեիր,
մի բան կանեի,
Ու չէիր մնա դու չհասկացված:
ԿԱՏՈՒ — Լավ, Քուչի,
նորից էլ չնեղանաս…
ՇՈՒՆ — Արել պրծել ես,
էլ ի՞նչ նեղանամ:
ԿԱՏՈՒ — Չէ, էլ չեմ անի: Խոսք կտամ կատվի: (Ձեռքը մեկնելով շանը:) Ընկերությունը թանկ է ավելի:
Բոլորը հերթով Կատվի թաթին իրենց թաթն են դնում` ասես «ցելա» են գցելու: Մաշայի ձեռքը չի հասնում, Արջը նրան բարձրացնում է ու իր թաթն էլ է դնում Կատվի թաթին:
ԹՈՄ — Ընկերությունը թանկ է ավելի:
ՄԱՇԱ — Ընկերությունը թանկ է ավելի:
ԱՐՋ — Ընկերությունը թանկ է ավելի:
Ջերրին ինչ-որ բան է կրծում, Շունը նրան քաշում-տանում է մյուսների մոտ:
ՇՈՒՆ — Ընկերությունը թանկ է ավելի:
ՋԵՐՐԻ — Ընկերությունը թանկ է ավելի:
ԲՈԼՈՐԸ — Ցելա, ցելա, ես դուրս ելա՜…
Ցելա գցում, փախչում են տարբեր կողմեր, թաքնվում կուլիսներում կամ դահլիճում: Մաշան մենակ, խռոված նստում է:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — (նախատինքով): Մա-շա՜…
ՄԱՇԱ — (պոռթկում է): Տանն ինձ հետ ոչ ոք չի ուզում խաղա,
Բա ես ի՞նչ անեմ…
ԵՐԵԽԱ դահլիճում — Արի, մենք խաղանք:
ՄԱՇԱ — (իբր քրտինքն է մաքրում): Քույրիկս` դասի, հայրիկս` գործի,
Եվ շա՜տ հոգնած է մայրիկս բարի…
ՀՐԱՇԱԳՈՐԾ — (Մաշային): Այսքան երեխա, տես` ինչքան մարդ կա,
Եկել են այստեղ, որ ձեզ հետ խաղան:
Ջերրի, քեզ էլ է սա վերաբերում
Եվ անկարգներին, ճիշտ հենց քեզ նման:
ՋԵՐՐԻ — (գլուխը վարագույրից դուրս հանելով): Ու կատուներին…
ՀՐԱՇԱԳՈՐԾ — …քնկոտ արջերին, շներին կծան…
Ում անունը հնչում է, նա խելոք բեմ է գալիս: Հավաքվում են վճռի:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Երեխաները կսիրեն ձեզ շատ,
Եթե չարություն չանեք դուք բնավ:
ՄԱՇԱ — Ես որ չեմ անի, էդ մեկը` հաստատ,
(մեկուսի) Չարություն չանեմ, թող ինձ սիրեն շատ:
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Ուշադիր եղեք, որ վնաս չտաք,
Խելամիտ եղեք, շուտ տուն կգնաք:
ՋԵՐՐԻ — Չարություն չանե՞մ, թե՞ վնա՛ս չտամ:
ՄԱՇԱ — (Ջերրիին): Չարություն անենք, բայց վնաս չտանք:
ՇՈՒՆ — Կխաղանք լիքը, նոր տուն կգնանք…
ԹՈՄ — (գիրքը հանձնելով Հրաշագործին): Հետո տուն կգանք ու գիրք կկարդանք,
ԱՐՋ — Ու թող բոլորը սովորող դառնան…
ՀՐԱՇԱԳՈՐԾ — Այո՞, երեխեք… (Կենդանիներին.) Այո, կդառնան:
ԿԱՏՈՒ — Դե, եկեք խաղանք մենք դերձակ-դերձակ…
ՄԱՇԱ — Ու գդակ կարենք բոլորի համար…
ՋԵՐՐԻ — Ո՞ր մեկին կարենք, տես, ինչքան շատ են…
ՇՈՒՆ — Շատից ի՞նչ վնաս, շա՞տ են` շա՛տ կօգնեն…
Երգում են:
Գլխարկ կարել մենք սովորենք,
Միմյանց համար գլխարկ կարենք:
Բոլոր հարցերում շատերին օգնենք,
Ու երբ մեծանանք` լավ ընկեր լինենք:
Ընկերներ լինենք ու միմյանց հարգենք,
Լավ կսովորենք, բարի կլինենք:
Գիշերը քնենք, արև մենք սիրենք,
Եկ շրջան բռնենք, երգենք ու պարենք:
Գիրքն աննկատ տանում են կուլիսներ: Բոլորը իջնում են դահլիճ, հանդիսատես երեխաներին միաշար տանում են բեմ: Մի կողմից բարձրանում են բեմ, մյուս կողմով բեմից իջնում դահլիճ: Այդ ընթացքում Գիրքը հայտնվում է էկրանին: Մի պահ բեմը դատարկ է, ապա սկսվում է հայկական պար: Դահլիճում նույնպես բոլորը պարում են:
Թատերախաղի, երկխոսությունների, խոսքերի հանգավորման, վերնագրի, ինչպես նաև հրաշագործի, գրքի ու հանդիսատեսի կերպարների և բեմականացման հեղինակ` Անահիտ Արփեն, մյուս կերպարների մտահղացումը` Վարդան Գրիգորյանի և Վրույր Թադևոսյանի

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։