Սարգիս ՀՈՎՍԵՓՅԱՆ / ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐ

Պիես մեկ գործողությամբ, չորս պատկերով

Գործող անձինք
ՊՍՏԻԿ ՄՀԵՐ — դռնապան, նույն ինքը` Պստիկ Հնազանդ
ՏՆՕՐԵՆ — նույն ինքը` Հայր
ԱՍԼԱՆ — հովիվ
ԿԻՆ
ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐ

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Քարանձավ: Մհերը նստած անհանգիստ ծխում է: Նա երիտասարդ է, հաղթանդամ, սասունցու տարազով է, երկար մորուք ունի:
ՄՀԵՐ — Ի՞նչ եղավ Ասլանը… Հիմա ժայռը կփակվի… Ողորմի նրա հորը, երբեք չէր ուշանում: (Տեղից ելնում, անհանգիստ քայլում է:) Ճա՞րս ինչ, պիտի սպասեմ: Մնացել եմ կիսաքուրդ Ասլան բեյի սերունդների հույսին: Էս վերջինի ուշքն ու միտքը հոտն անտեր թողնելն ու քաղաք փախչելն է: (Նստում է:) Եթե չեկավ, Աստծուց կխնդրեմ, որ Համբարձման տոնին էլ էս անիծյալ ժայռը չբացվի:
Վախվորած ներս է մտնում Ասլանը: Ցանկալի է ինչ-որ կերպ ընդգծել հովվի համեմատ Մհերի հսկա լինելը:
ԱՍԼԱՆ — Բարև, Մհեր:
ՄՀԵՐ- Բարև, Ասլան: Քո հերը չէր ուշանում…
ԱՍԼԱՆ- (ուսապարկը հանելով): Իմ հոր ժամանակներն անցան, քեզ մատաղ: Հիմա դժվար ժամանակներ են քրդերի համար, թուրքերն ամեն քայլիդ հետևում են:
ՄՀԵՐ — Հայ էիք, դարձաք քուրդ, որ ապահով զգաք, բայց էլի ապահովություն չկա: Բա հիմի՞ ինչ պիտի դառնաք:
ԱՍԼԱՆ — Մենք քուրդ չդարձանք, քեզ մատաղ: Մենք հիմի էլ մեր խաչն ենք պաշտում, մեր սրբերին մատաղ ենք անում ու ուխտի գնում… Ուղղակի հիմի ծածուկ ենք անում: Քրդի անունի տակ ենք ապրում, որ թուրքերը չիմանան: Հենց էսօր էլ մեր ցեղի բոլոր ջահել աղջիկներն առավոտից գնացել էին սարերը` ծաղիկ հավաքելու: (Պարկից ծաղիկներից հյուսված պսակ է հանում, դնում Մհերի առջև:) Էս էլ աղջիկներն ուղարկեցին… Քեզ մատաղ…
ՄՀԵՐ — Է՜, Ասլան… Կարծես դեռ լսում եմ դաշտերում ծաղիկներ հավաքող աղջիկների երգերը: (Հուզված հոտոտելով պսակը:) Վաղուց ծաղիկների հոտը չեմ առնում… Սարերում վառված խարույկների ծուխն ու մուխը չեմ զգում…
ԱՍԼԱՆ — Քեզ մատաղ, Մհեր ջան, էլ ո՞վ է Համբարձման տոնին բարձրանում սարերը: Մենակ մեր ցեղի աղջիկներն են բարձրանում, էն էլ` թաքուն: Էլ ո՞վ է գյուղի մեջ զուռնա-դհոլով փնջած անասուն ման տալիս: Ոչ ոք: Մենակ մենք ենք անասուն փնջում, էն էլ վախից գոմի մեջն ենք սուսուփուս ման տալիս, որ հանկարծ թուրքերը չիմանան ու չլսեն:
ՄՀԵՐ — (կարծես հիշելով): Ասլան, վերջին անգամ, որ եկար… Էլի ուշացած… Քեզ ասեցի, որ հոգնել եմ էս ժայռի մեջ մնալուց: Ասեցի, որ ուզում եմ դուրս գալ, բայց վախենում եմ` հողն էլի չպահի, դու էլ ասեցիր` ժամանակները փոխվել են, ու մյուս անգամ ինձ մանրամասն տեղեկություն կբերես աշխարհի կարգ ու կանոնից: Ասեցիր` աշխարհը զարգացել է, ու մարդիկ հիմա տիեզերք են թռչում, հողն ի՞նչ է, որ չպահի: Ասեցիր` ճանապարհները հիմա ասֆալտ են անում, շենքերն էլ երկաթ-բետոնից են սարքում. մարդ կարող է մի ամբողջ կյանք ապրել ու ոտքն ըսկի հողին էլ չդնել: Հիշո՞ւմ ես, Ասլան…
ԱՍԼԱՆ — Հիշում եմ, քեզ մատաղ:
ՄՀԵՐ — Բա հիշո՞ւմ ես, ասեցիր` մի ճար կգտնես, որ էս ժայռից ինձ դուրս հանես:
ԱՍԼԱՆ — Հա, հիշում եմ, Մհեր ջան:
ՄՀԵՐ — Դե, հիմա ասա` տեսնեմ` ի՞նչ ճար ես գտել: Ի՞նչ լուր ես բերել, Ասլան: (Դադար:) Թե՞ չես բերել…
ԱՍԼԱՆ — Հա, բա ո՞նց չեմ բերել, քեզ մատաղ, բերել եմ… (Նստելով Մհերի դիմաց:) Ուրեմն, գնացի, ամբողջ տարին դես ֆռացի, դեն ֆռացի, հարց ու փորձ արեցի, իմացա, որ չնայած աշխարհքս զարգացել է, ու ցորենն էլ մարդիկ կարողանում են սարքել հանց մասուր, գարին էլ` հանց ընկույզ, բայց անարդար ձևով են սարքում: Աշխարհքիս երեսին արդարություն ոնց չկար, հիմի էլ չկա: Հարցուփորձ արեցի ու իմացա, որ աշխարհքն էս ընթացքում մի քանի անգամ ավերվել ու նորից է շինվել, բայց արդարություն ոնց չկար, հիմի էլ չկա…
ՄՀԵՐ — Ասել կուզես, որ անհո՞ւյս է… Հը՞, Ասլան… Արդարության սպասելն անհո՞ւյս է: Որ էս ժայռից դուրս գալն անիմա՞ստ է:
ԱՍԼԱՆ — Չէ, քեզ մատաղ, էդպես բան չասեցի:
ՄՀԵՐ — Ապա ի՞նչ ես ասում, Ասլան… Քո ցեղի տղամարդիկ ազնիվ մարդիկ էին, քեզ նման ծուռումուռ չէին խոսում: Կարծես նրանց սերունդը չլինես, ինձ հետ ուղիղ չես խոսում: Երևի իմ համբերությունն ես փորձում: Տես, հա, Ասլան…
ԱՍԼԱՆ — Չէ, քեզ մատաղ, ես ուղիղ եմ խոսում… Աշխարհքն անարդար է մնացել ու բոլորն ասում են, որ էդպես էլ կմնա, բայց քո կամքն է, Մհեր… Կուզես` դուրս կգաս, կուզես` չէ: Դու ես որոշողը:
ՄՀԵՐ — Այդ ո՞նց պիտի դուրս գամ:
ԱՍԼԱՆ — Հիմա ամեն մարդ ինքն է իր գլխի ճարը տեսնում, քեզ մատաղ, հիմա ոչ ոք հույսը չի դնում աշխարհքիս արդարության վրա: Միամիտ մի եղիր… Դու էլ քո գխի ճարը պիտի տեսնես, որ էս ժայռից դուրս գաս:
ՄՀԵՐ — Բայց ո՞նց… Բա հորս անե՞ծքը… Ասլան, բա հորս անեծքից ո՞նց ազատվեմ: Բա որ հողն ինձ չի պահում, ի՞նչ անեմ…
ԱՍԼԱՆ — Հորդ անեծքից ազատվելու ձևը դու պիտի գտնես, էդ հարցում քեզ չեմ կարող օգնել: Բայց, այ հողը քեզ չի պահում, որովհետև աշխարհիս դարդուցավն էլ հետդ ես ուզում դուրս հանել էս ժայռից: Գիտե՞ս` մարդիկ հիմա ոնց են ապրում. ամեն Աստծո օր երեկվանը ջնջում են, նորից են սկսում: Ամեն հին բան ամոթ է: Ամեն հիշողություն ամոթ է: Հիմա ծնողն իր համար է, զավակն` իր…
ՄՀԵՐ — Բա դու ի՞նչ ես առաջարկում, հիմա ես ի՞նչ անեմ… Ջոջանց տան հիշողությո՞ւնն է ինձ խանգարում, որ ամուր կանգնեմ հողի վրա: Ես ո՞նց չհիշեմ իմ տան մեծերին` ողորմածիկ հորս ու մորս, Մեծ Մհերին, Սանասարին ու Բաղդասարին, Քեռի Թորոսին ու Ձենով Հովանին: Հը՞, Ասլան… Ո՞նց չհիշեմ Ցռան Վերգոյին ու նրա մինուճար տղին, որ մեր թշնամիներին թողած` ելավ-եկավ իմ հոր վրա կռիվ: Ինձ պատասխան տուր, ո՞նց չհիշեմ: Իմ հիշողությունը ո՞նց ջնջեմ…
ԱՍԼԱՆ — Ես չեմ ասում` մոռացիր Ջոջանց տան պատմությունը, բայց արդեն հազար տարի է` Ջոջանց տան պատմության վրա պատմություն չի ավելանում, քեզ մատաղ: Ջոջանց տան պատմությունը կիսատ է մնացել, ու շարունակող չկա: Մինչ Ջոջանց տան զավակներն իրենց ու աշխարհի դարդերն են լացում ամեն աղբյուրի ու փլատակի մոտ` հազար ու մի շուն-շանգյալ իրենց տները ջոջցրել, աշխարհն են տիրել: Մինչ Ջոջանց տան զավակներն արդարություն են փնտրում, էսօրվա ջոջերն աշխարհքիս ողջ արդարությունը հավաքել-դրել են տակներն ու փողով են ծախում:
Մհերը Ասլանի վախվորած հայացքի ներքո մտախոհ դեսուդեն է քայլում: Դադար:
ՄՀԵՐ — (կտրուկ կանգնելով): Ես գիտեմ` հողն ինչու չի պահում ինձ: Դարդն ու ցավը չեն պատճառը… Ու ոչ էլ նախնիներիս հիշողությունը…
ԱՍԼԱՆ — Ապա ի՞նչն է պատճառը, Մհեր ջան:
ՄՀԵՐ — Հորս անեծքն է պատճառը, Ասլան, հորս անեծքը… Հողն ամլություն չի սիրում: Հողն ինչի՞ պիտի պահի արարելու շնորհքից զուրկ մեկին: Ինչի՞ պիտի պահի մեկին, ով այդ հողը շենացնելու կարողություն չունի: Չէ, դարդն ու ցավը չեն պատճառը, հորս անեծքն է պատճառը:
ԱՍԼԱՆ — Ես իմ գիտեցածն եմ ասում, քեզ մատաղ: Ես հովիվ մարդ եմ, ի՞նչ գիտեմ… Դու ազնավուր մարդ ես, ինձնից լավ կիմանաս աշխարհքիս կարգուկանոնը:
ՄՀԵՐ — (անձավի մուտքից նայելով հեռուն, կարծես հիշողությունների գիրկն ընկնելով): Հազար տարի կլինի` էս ժայռից դուրս չեմ եկել: Թե մի ժամանակ տարին մեկ-երկու անգամ դուրս էի գալիս, քառսուն ավուր ճամփեն մեկ ժամում անցնում, աշխարհիս բանուգործից տեղյակ վերադառնում էի էս ժայռը, հիմա դա էլ չեմ անում: Աշխարհից լրիվ անտեղյակ եմ մնացել: (Դադար, կրկին նստելով:) Բայց ուզում եմ իմ աչքով տեսնել էսօրվա աշխարհն ու էսօրվա մարդուն: Ուզում եմ իմ մաշկի վրա զգալ, թե ոնց են ապրում Ջոջանց տան սերունդները: Ուզում եմ էնքան թափառել, մինչև գտնեմ հորս անեծքից ազատվելու ձևը…
ԱՍԼԱՆ — Ինձ լսիր, Մհեր… Անկախ էն բանից, թե որն է պատճառը, որ հողը քեզ չի պահում` էս ժայռից մի ելք կա…
ՄՀԵՐ — Ո՞րն է…
ԱՍԼԱՆ — Պիտի հողին խաբես, քեզ մատաղ:
ՄՀԵՐ — Հողին խաբե՞մ… Ո՞նց պիտի խաբեմ, Ասլան:
ԱՍԼԱՆ — (ուսապարկից հանում է ջինսե տաբատ և այլն, սափրվելու պարագաներ): Հագիր սրանք… Մի կողմ դիր զրահդ ու Թուր Կեծակիդ, Քուռկիկ Ջալալուն թող այրի մեջն ու հասարակ մարդու նման հագնված դուրս արի ժայռից: Ձեռքերդ գրպաններդ դրած, շվշվացնելով դուրս արի, ու եթե ոչ-ոք գլխի չընկնի` ով ես, հողը քեզ կպահի: Գնա, աշխարհը պտտիր, մարդկանց ապրածով ապրիր, մարդկանց տառապանքով տառապիր, մարդկանց մտքերով մտածիր, էնքան, մինչև գտնես` ինչն է պակաս: Մինչև իմանաս` էսօրվա արդարությունն ինչ բան է, որտեղ է ու ինչի չկա:
ՄՀԵՐ — (այս ընթացքում զարմացած տնտղում է Ասլանի բերածներն ու մի կողմ դնում): Չէ, Ասլան, ինձ հիմա աշխարհիս արդարությունը չի պետք, հորս անեծքից ազատվել է պետք: Հոր կողմից հավերժ ամլության ու անմահության դատապարտվածի ինչի՞ն է պետք աշխարհի արդարությունը: Մինչև չիմանամ, թե իմ հերն ինչո՞ւ ինձ այդքան ծանր անեծք տվեց, մինչև չիմանամ` իմ ծնողն ինչո՞ւ ուղարկեց էս ժայռի մեջ փակվելու` իմ ինչի՞ն է պետք աշխարհի արդարությունը: Էս օտար ու թշնամի աշխարհից ի՞նչ արդարություն պահանջեմ: Էս Համբարձման գիշերը վկա, ինձ օտարի արդարությունը պետք չի, իմ ծնողի արդարությունն է պետք:
ԱՍԼԱՆ — (տեղից ելնելով): Դու գիտես, քեզ մատաղ… Դու ես քո գլխի տերն էլ, քո որոշման տերն էլ: Ինձնից հասնում էր հագուստ բերեմ, մեկ էլ լուր բերեմ աշխարհքից… Բայց հիշիր, եթե ուզում ես դուրս գալ ու հողն էլ քեզ պահի, ոչ մի դեպքում չպիտի խոստովանես քո ով լինելը: Ոչ մի դեպքում, լսո՞ւմ ես, Մհեր… (Դադար:) Հիմի թույլ տուր` ես գնամ, տղերքն էս մոտիկ սարերում քեֆ են անում: Գնամ, հասնեմ նրանց…
ՄՀԵՐ — (մտախոհ): Սպասիր, մի բան էլ պիտի հարցնեմ…
ԱՍԼԱՆ — Հարցրու, քեզ մատաղ:
ՄՀԵՐ — Ասում ես` էսօրվա ջոջերն, արդարությունը տակները դրած, փողով են ծախո՞ւմ:
ԱՍԼԱՆ — Հա, քեզ մատաղ… Փողով են ծախում:
ՄՀԵՐ — Հողին հեշտ չես խաբի… Քանի անգամ փորձել եմ, չի ստացվել: Երբ էս ժայռից դուրս եմ գալիս, քարերն ու սարերը, գետերն ու անտառներն արագ լուր են տարածում, իրար ականջի փսփսում են, որ Ջոջանց Մհերն ելավ ժայռից, հողն էլ իմանում ու չի դիմանում: Համբարձման գիշերն Աստծո ստեղծած ամեն բան լեզու է առնում, դրա համար էլ չեմ կարողանում աննկատ դուրս գալ: Մի անգամ դուրս եկա, ամբողջ աշխարհն իմացավ, ստիպված էլի փակվեցի ու որոշեցի, որ էլ երբեք դուրս չեմ գալու: Բայց քո ողորմածիկ հերն էն ժամանակ նույն խոսքերն ինձ ասեց ու առաջարկեց, որ եթե ուզում եմ, ինքն իմ փոխարեն մի տարի կմնա էստեղ, ես իր շորերով դուրս գամ աշխարհը պտտելու: Էն ժամանակ հրաժարվեցի…
ԱՍԼԱՆ — Հա, իմ հերն աղա մարդ էր, ողորմի նրան… Ինքը կառաջարկեր:
ՄՀԵՐ — Հազար ողորմի: Հիմա ես եմ քեզ առաջարկում, իմ տեղը մի տարի մնա էս այրում, ես գնամ, իմ հանդեպ եղած անարդարությունը փորձեմ լուծել: Մի տարի քո էստեղ մնալու դիմաց քեզ մի իշաբեռ ոսկի ու արծաթ կտամ, եթե համաձայնես:
ԱՍԼԱՆ — (ցնցված առաջարկից): Մի իշաբեռ արծաթ ու ոսկի…

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Երևում է հին հյուրանոցի ֆասադը և շքամուտքը: Ցուցանակին` «HOTEL»: Հայտնվում է Մհերը` ձեռքերը գրպանների մեջ, ուշադիր զննում է շենքը, բարձրաձայն կարդում է ցուցանակը, մոտենում է շքամուտքին, դեմքը հպելով դռան ապակուն և ափերով ապակու վրա ստվեր անելով, որպեսզի դրսի լույսը չխանգարի, փորձում է տեսնել ներսը: Բացվում է դուռը, դուրս են գալիս ուրվականները` տղամարդ, կին ու երեխա: Նրանք մոխրագույն, աչքի չընկնող հագուստով են, դեմքերը ոչինչ չեն ասում, իրենց ճամպրուկներով, պարկերով, պայուսակներով ու ներքնակներով դուրս գալով հյուրանոցից` լուռ հեռանում են` ուշադրություն չդարձնելով որևէ մեկի կամ բանի վրա: Մհերը զարմացած, ապա կարծես անտարբեր հետևում է, մինչև նրանք անհետանում են կուլիսներում, ապա կրկին դեմքը մոտեցնում է ապակուն, կրկին բացվում է դուռը, դուրս է գալիս Տնօրենը` ձեռքին մի մեծ բրդուճ: Նա անընդմեջ ծամում է:
ՏՆՕՐԵՆ — (ծամելով, Մհերին չնայելով): Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում…
ՄՀԵՐ — (խեղճացած): Անունս Պստիկ է, պարոն…
ՏՆՕՐԵՆ — (ընդհատելով ծամելը` ոտքից գլուխ չափում է Մհերին): Պստի՞կ… Հորս թայն ես, ի՞նչ Պստիկ: Սրանից հետո կլինես Մանր: Չէ Մանրուք… կամ Պուճուր: ՉԷ Պուճուրիկ… Պստիկ… Հա, Պստիկ: Պա՞րզ է, Պստիկ:
ՄՀԵՐ — Բայց, պարոն…
ՏՆՕՐԵՆ — Ոչ մի պարոն, որոշված է, այս պահից Պստիկն ես: Ու հիշիր` մեծերին չեն հակաճառում: Եղա՞վ…
ՄՀԵՐ — Լավ, պարոն, եթե այդպես եք ուզում…
ՏՆՕՐԵՆ — Հա, այդպես եմ ուզում: Վերջ, թեման փակված է: Բայց սպասիր, չլինի՞ դու հենց այն Պստիկն ես, ում ես փնտրում եմ, հը՞:
ՄՀԵՐ — Ո՞ր Պստիկը, պարոն, ո՞ւմ եք փնտրում:
ՏՆՕՐԵՆ — (զննելով Մհերին): Բայց, չէ, հնարավոր չէ… Ուղղակի համընկել է…
ՄՀԵՐ — Ի՞նչն է համընկել, պարոն…
ՏՆՕՐԵՆ — Ոչինչը: Անցած լինի… Հիմա ասա` ի՞նչ ես ուզում:
ՄՀԵՐ — Աշխատանք: Մի փոր հաց: Քնելու տեղ, պարոն…
ՏՆՕՐԵՆ — Յա՜, էս ո՞ւր էիր` չկայիր…
ՄՀԵՐ — Առանձնացել, ինքս ինձ դատապարտել էի միայնության, պարոն: Փորձում էի ինքնաճանաչման միջոցով հասնել կատարելության:
ՏՆՕՐԵՆ — (անտարբեր, ծամելով): Հետո՞, հասա՞ր…
ՄՀԵՐ — Կատարելության չէ, բայց ինքնաճանաչման որոշակի մակարդակ կարծես թե ձեռք եմ բերել, պարոն:
ՏՆՕՐԵՆ — Բա, ինչի՞ հանկարծ որոշեցիր կիսատ թողնել, քո էդ… էդ… կատարելության տանող ճանապարհն ու դուրս գալ մարդամեջ, հը՞, Պստիկ:
ՄՀԵՐ — Ուզում եմ գործնականում տեսնել, թե արդյոք ճի՞շտ ճանապարհով եմ գնում:
ՏՆՕՐԵՆ — Գործնակա՞նը որն է…
ՄՀԵՐ — Կյանքում, էլի, պարոն…
ՏՆՕՐԵՆ — Հա՜… Քեզ տանը հայելու դիմաց ճանաչել ես, հիմա էլ ուզում ես քեզ ճանաչել փողոցում, հա՞, տարբեր էքստրեմալ սիտուացիաներում: Պարզ ասա, էլի, Պստիկ:
ՄՀԵՐ — Այո, պարոն, մոտավորապես այդպես: Չնայած կարծում եմ` դժվար թե այնպիսի անակնկալներ լինեն, որ իմ պատկերացումներն իրականության մասին սխալ դուրս գան:
ՏՆՕՐԵՆ — Դա դեռ կտեսնենք: Աչքիս մենակ շատ ես մնացել, չես էլ պատկերացնում` իրականությունն ով է: Կամ որ ավելի կարևոր է, Պստիկ, ինչից է:
ՄՀԵՐ — Գուցե և սխալվեմ, պարոն, բայց դա ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում ինքնամեկուսացման այս երկար ու ձիգ տարիներն ինձ շատ բան սովորեցրին, ես շատ բան հասկացա:
ՏՆՕՐԵՆ — Ու ի՞նչ հասկացար… հը՞, Պստիկ:
ՄՀԵՐ — Դե, հասկացա, որ չարժե ավագներից առաջ ընկնել, քանի որ վստահաբար նրանք մեր լավն են ցանկանում: Չարժե ինչ-որ պապենական փտած կալվածքների համար գլուխ ջարդել, քանի որ մեր այս գլոբալիզացիայի դարում իմն ու քոնը ո՞րն է: Կարևորը, ինչպես ասում են, մարդս մարդ լինի:
ՏՆՕՐԵՆ — Ու փորդ կուշտ լինի…
ՄՀԵՐ — Կամ նաղդ…
ՏՆՕՐԵՆ — Նիսյա կալբասի հետ մի փոխիր: Պարզ է, հասկացա:
ՄՀԵՐ — Այո, պարոն:
ՏՆՕՐԵՆ — Կամ` որտեղ հաց, այնտեղ կաց:
Այդ պահին բացվում է հյուրանոցի դուռն ու դուրս են գալիս մոխրագույն ուրվականները` նույն հագուստով, նույն բեռներով ու նույն դեմքերով: Նրանք անհետանում են կուլիսներում: Ոչ Մհերը, և ոչ էլ Տնօրենը նրանց վրա ուշադրություն չեն դարձնում:
ՏՆՕՐԵՆ — Կամ` լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք:
ՄՀԵՐ — Այո, պարոն, դուք շատ դիպուկ եք…
ՏՆՕՐԵՆ — Ապրես, Պստիկ, դու ինձ զարմացրիր: Ես շատ ավելի վատ կարծիք ունեի այսօրվա երիտասարդների մասին:
ՄՀԵՐ — Շնորհակալություն, պարոն… (Դադար:) Ինձ աշխատանքի կվերցնե՞ք, պարոն:
ՏՆՕՐԵՆ — Մեզ մոտ աշխատանք չկա, Պստիկ, որովհետև մեզ մոտ աշխատավարձ չեն վճարում:
ՄՀԵՐ — Գոնե դռնապանի աշխատանք էլ չկա՞, պարոն, տեսնում եմ` դռնապան չունեք: Հյուրանոցից դուրս եկողները բավականին շատ են, իսկ նրանց առջև մի դուռ բացող էլ չկա: (Դադար:) Դուք մի անհանգստացեք, պարոն, ինձ աշխատավարձ հարկավոր չէ, միայն քնելու տեղ ու մի փոր հաց…
ՏՆՕՐԵՆ — Եթե ուզում ես, կարող ես որպես դռնապան կանգնել այստեղ: Ինքդ ես տեսնում, որ դռնապան չունենք: Դուրս եկողները բավականին շատ են, և լավ կլիներ, որ գոնե մեկը նրանց առջև դուռը բացեր, օգներ բեռները դուրս հանել հյուրանոցից: Բայց զգուշացնում եմ` աշխատավարձ չպահանջես: Միայն քնելու տեղ ու երբեմն` մի փոր հաց: Կամ էլ կորիր այստեղից ու աչքիս էլ չերևաս:
ՄՀԵՐ — Վստահեցնում եմ ձեզ, պարոն, ես կարող եմ ապրել առանց որևէ պահանջ ներկայացնելու: Ավելին, հիմա դա ինձ համար կյանքի սկզբունք է. երբեք ոչ ոքից, ոչինչ չպահանջել: Բավարարվել եղածով ու հարմարվել: Կամ, ավելի ճիշտ, հնազանդվել…
ՏՆՕՐԵՆ — Ու ականջիդ օղ արա, եղածով բավարարվելն ու հնազանդվելը պիտի քեզ համար կյանքի սկզբունք լինեն, պա՞րզ է:
ՄՀԵՐ — Պարզ է, պարոն, ես նույնիսկ առաջարկում եմ այս պատմական համաձայնության առիթով, ձեր թույլտվությամբ, ինձ մի անուն էլ ավելացնել: Ասենք, օրինակ` Հնազանդ… Պստիկ Հնազանդ: Հը՞, պարոն, ի՞նչ կասեք:
ՏՆՕՐԵՆ — Հնազա՞նդ… Վատ չի, գիտե՞ս: Քո անունը դնում եմ Հնազանդ: Այսուհետև դու կլինես Հնազանդ Պստիկը, վերջ, որոշված է: Հիմա անցիր գործի: Երբ սովածանաս` կբարձրանաս իմ աշխատասենյակ: (Շրջվում է, որ գնա, բայց հիշելով:) Հա, Պստիկ, քիչ մնաց մոռանայի… Ինձ մոտ մի կին է գալու, կուղեկցես վերև:
ՄՀԵՐ — Այո, պարոն, կին… ուղեկցեմ վերև: (Դադար:) Իսկ այդ կինը հյո՞ւր է… Նկատի ունեմ` օտարերկրացի՞ է:
ՏՆՕՐԵՆ — Ուրեմն հիշիր, Պստիկ, այս հյուրանոցում ով ասես հյուր է, բացի այդ կնոջից: Եվ այս հյուրանոցում ով ասես օտարերկրացի է, նույնիսկ ես, բացի նրանից: Հասկացա՞ր…
ՄՀԵՐ — Այո, պարոն, այս հյուրանոցում դուք հյուր եք և օտար…
ՏՆՕՐԵՆ — (ընդհատելով): Պետք չէ իմ բառերն ուղիղ հասկանալ ու առավել ևս` կրկնել: Այդ կինը չափազանց կարևոր անձնավորություն է, նա պիտի օգնի ինձ պահել այս հյուրանոցը: Իսկ ամենակարևորը` գտնել իմ ոխերիմ թշնամուն, ոմն Պստիկ Մհերի, ով, ասում են, աչք ունի այս հյուրանոցի վրա: Նույնիսկ պատմում են, թե նա այստեղ-այնտեղ հայտարարում է` իբր սա իր պապենական կալվածքն է, ու ես, պատկերացնո՞ւմ ես, Պստիկ, ես խաբեությամբ եմ խլել նրա ձեռքից: Էլ չի ասում, որ այս հյուրանոցն իրենից առաջ իմն է: Ճիշտ է, միշտ չէ, որ սա հյուրանոց է եղել, մի ժամանակ սա մի զզվելի, հետամնաց, հարուստ, գեղեցիկ, անպետք դղյակ էր: Բայց դա նշանակություն չունի, ես եմ այստեղ տեր-տիրական ու կկոտրեմ բոլոր մհերների ոտքերը, ովքեր կփորձեն այն խլել ինձանից:
ՄՀԵՐ — Բայց, պարոն, ես…
ՏՆՕՐԵՆ — Իսկ դու պատահաբար այդ Պստիկ Մհերին չե՞ս ճանաչում կամ թափառելիս նրան չե՞ս հանդիպել… Հը՞, Պստիկ…
ՄՀԵՐ — Հանդիպել եմ, պարոն:
ՏՆՕՐԵՆ — Իսկապե՞ս…
ՄՀԵՐ — Այո, պարոն, բայց նա իր պապենական կալվածքներին տիրանալու ցանկություն չուներ, նա միայն կուշտ փորով ուտելու մասին էր խոսում ու մի գլուխ մտածում էր ինչ-որ կերպ ինքնասպան լինելու մասին:
ՏՆՕՐԵՆ — Կուշտ փորով ուտելու մասի՞ն… Մի այդ խորամանկին տեսեք, գիտի, թե այդքան հեշտ ինձ կխաբի: Ախ, ձեռքս ընկնի, այնպե՞ս պատժեմ… Ամորձատեմ, իսկ հետո սովամահ անեմ: Նա դեռ իր գլխի գալիքը չգիտի, չի պատկերացնում` ում հետ գործ ունի:
ՄՀԵՐ — Դուք այդպես վախեցնո՞ւմ եք, պարոն:
ՏՆՕՐԵՆ — Իհարկե, վախեցնում եմ, Պստիկ, ես կասեի` նույնիսկ սպառնում եմ:
ՄՀԵՐ — Բայց ինչպե՞ս կարելի է սովամահությամբ վախեցնել մեկին, ով առանց այդ էլ ամեն կերպ փորձում է ինքնասպան լինել ու միայն հոր ասած մի քանի բառն են նրան այս աշխարհում պահում: Ինչպե՞ս կարելի է սպառնալ մեկին, ով իր կյանքը համարում է աշխարհիս երեսին երբևէ եղած ամենաանհեթեթ իրողությունը:
ՏՆՕՐԵՆ — Ուզում ես ասել, որ նա հոգեպես տառապո՞ւմ է, որ նա այլևս կորցնելու բան չունի՞:
ՄՀԵՐ — Այո, նա կորցնելու բան չունի:
ՏՆՕՐԵՆ — Է, Պստիկ, միամիտ տղա դուրս եկար: Եթե նույնիսկ հավատանք, թե նա կորցնելու բան չունի, բայց ես հո ունե՞մ: Մի պահ պատկերացրու` այդ Պստիկ Մհերին հաջողվում է այս հյուրանոցում տեր-տիրական դառնալ: Պատկերացրի՞ր, Պստիկ…
ՄՀԵՐ — Անկեղծ ասած` այնքան էլ չէ:
ՏՆՕՐԵՆ — Այ, դա լավ է, նշանակում է, ինձ հաջողվել է այնպես անել, որ որևէ մեկը չպատկերացնի, թե որքան բնական կլիներ, եթե Պստիկ Մհերն այստեղ տեր-տիրական լիներ: Նշանակում է` ինձ հաջողվել է փոխել երևույթների բնականոն ընթացքը: Դա ինձ հեշտ չի տրվել, Պստիկ: Քանի որ անձամբ չէի ճանաչում Պստիկ Մհերին ու չգիտեի` կոնկրետ ումից, երբ ու ինչ տեսակի վտանգ է սպառնում ինձ, և շատ Պստիկներ էլ, իրենց պստիկ լինելու հանգամանքով պայմանավորված, դեռ անուն էլ չունեին, ուստի ես ստիպված էի բոլոր պստիկների մեջ ոչնչացնել անկախ մտածողությունն ու դրա փոխարեն զարգացնել ծառայամտությունը: Հասկանո՞ւմ ես, Պստիկ… Ես միայն մեկ հոգու վտանգից ինձ վերջնականապես ապահովագրելու համար նույնիսկ գնացի ծայրահեղ քայլի ու ամորձատեցի բոլոր պստիկներին Իսկ դա հեշտ չի եղել, հավատացնում եմ…
ՄՀԵՐ — Բայց ինչո՞ւ եք այդքան համոզված, որ Պստիկ Մհերից ձեզ վտանգ է սպառնում: Գուցե ձեր բարեհամբույր վերաբերմունքի դեպքում նա այլ կերպ տրամադրվեր: Գուցե նրան ընդամենը կին էր պետք` որպես տղամարդ ինքնահաստատվելու համար:
ՏՆՕՐԵՆ — Չէ, դու իրոք միամիտ տղա դուրս եկար: Եթե Պստիկ Մհերին հաջողվեր ժամանակին տիրանալ որևէ կնոջ ու ինքնահաստատվել որպես տղամարդ, հաջորդ քայլն արդեն լինելու էր այն, որ նա ցանկանալու էր տիրանալ հյուրանոցին ու կայանալ որպես տնօրեն: Հասկանո՞ւմ ես, Պստիկ, մեկ հյուրանոցում երկու տնօրեն չի կարող լինել, դա բնության օրենքն է: Տնօրենը մեռած է, կեցցե տնօրենը: Իսկ դա ինձ համար անընդունելի է, Այնքանից հետո, որ արել եմ, թույլ տալ, որ ինչ-որ Պստիկ Մհեր վայելի հյուրանո՞ցը… Ոչ մի դեպքում:
ՄՀԵՐ — Դուք ճիշտ եք, պարոն, քանի նա շնչում է, միշտ էլ վտանգ կա, որ մի օր կփոշմանի ու կփորձի տեր կանգնել հյուրանոցին: Դրա համար նրան պետք է հիմնովին ոչնչացնել, պետք է ջնջել այնպես, որ հետքն էլ չերևա: Թշնամուն պետք չէ ռևանշի հնարավորություն տալ, ինչպես վարձու մարդասպաններն են անում: Վերջում ստուգողական կրակոց գլխին, ու վերջ…
ՏՆՕՐԵՆ — Լավ, արդեն լեզվիդ ես տալիս, ես ժամանակ չունեմ, պիտի ուտեմ: Կնոջը կուղեկցես վերև:
Տնօրենը մտնում է հյուրանոց, Մհերը երջանիկ ու հպարտ կանգնում է դռան մոտ, ապա սկսում է գետնին ինչ-որ բան փնտրել, սիգարետի քնթուկ է գտնում և ավելի երջանկացած` ծխում: Մի քանի անգամ ծուխ քաշելուց հետո մնացուկը փորձում է հեռվից նետել աղբարկղը, բայց վրիպում է: Անկյունից հանում է ծալովի աթոռ, դնում դռան դիմաց ու նստում` հենելով դռանը:
ՄՀԵՐ — (աչքերը փակ): Քիչ էր մնում` չդիմանայի, մի քիչ էլ, ու հաստատ կխոստովանեի: (Դադար:) Չէ, ոչ մի դեպքում չպետք է բացահայտվել, թե չէ հողն իսկույն գլխի կընկնի: Միայն թե դերի մեջ չմտնեմ այնքան, որ հետո չկարողանամ դուրս գալ:
Դուռը բացվում է (դեպի ներս), Մհերը ընկնում է ներս: Ոտքի է կանգնում, իսկ հյուրանոցից դուրս են գալիս մոխրագույն ուրվականները, ինչպես քիչ առաջ, գնում են դեպի կուլիսները, որտեղից հայտնվում է Կինը: Նա զարմացած հայացքով ուղեկցում է հեռացողներին:
ԿԻՆ — (Մհերին): Բարև, սա… (Հայացքը փնտրում է հյուրանոցի անունը, չգտնելով, մեկուսի:) Անո՞ւնն ինչու հանեցին: Սա… մի խոսքով, հյուրանո՞ցն է:
ՄՀԵՐ — Ավելի շուտ քարվանսարա է: Բարև ձեզ: Եթե ուղտերով եք, կարող եք հանգիստ լինել, դրանց ջուր կտանք ու կկերակրենք:
ԿԻՆ — Ոչ, շնորհակալություն, ես մեքենայով եմ: Մեքենաս կայանեցի քիչ հեռու, որպեսզի մի քիչ քայլեմ:
ՄՀԵՐ — Իսկ ես ձիուս բաց եմ թողել ու ոտքով եմ ման գալիս: Բժիշկներն ասում են` քայլելն օգտակար է առողջությանը, մանավանդ այս դարում, երբ հեռակառավարման վահանակներ, վերելակներ ու քաղաքակրթության բազմաթիվ այլ ձեռքբերումներ բոլորիս հաշմանդամ են դարձրել:
ԿԻՆ — Այո, ինչ-որ իմաստով համաձայն եմ, բայց դու մի փոքր չափազանցնում ես: Քաղաքակրթության բարիքներից էլ պետք է խելամտորեն օգտվել:
ՄՀԵՐ — Լիովին համաձայն եմ ձեզ հետ, քաղաքակրթության բարիքներից պետք է խելամտորեն օգտվել: Չի կարելի չափն անցնել: Ուղղակի ամեն ինչ մի քիչ չափազանցնելու սովորություն ունեմ, դրա համար էլ ձիուս բաց թողեցի ու ոտքով ճամփա ընկա այստեղ: Ի դեպ, ձիուս ճանաչո՞ւմ եք… Մի ժամանակ նրան բոլորն էին ճանաչում:
ԿԻՆ — Ոչ, իհարկե, ի՞նչ անհեթեթ հարց ես տալիս, ինչո՞ւ պիտի ճանաչեմ ինչ-որ ձիու:
ՄՀԵՐ — Ներեցեք, տիկին, իրավացի եք, անհեթեթ հարց եմ տալիս: Ինչո՞ւ պիտի ճանաչեիք ինչ-որ ձիու, թեկուզ այդ ձին լիներ Քուռկիկ Ջալալին:
ԿԻՆ — Եթե հարցը Քուռկիկ Ջալալին է, ճանաչում եմ: Իհարկե, նկատի չունեմ` անձամբ, բայց… Մի խոսքով, լսել եմ այդ ձիու մասին: Որքան գիտեմ, հետամնաց ու անինքնասեր մի ցեղի առասպելական ձի է: Ու հիմա չեմ հասկանում` ի՞նչ կապ ունի այդ ձին մեր խոսակցության հետ: Եվ, ընդհանրապես, դու ո՞վ ես, որ քեզ թույլ ես տալիս հարցուփորձ անել ու խլել իմ ժամանակը: Դու գիտե՞ս` ես ով եմ:
ՄՀԵՐ — Ոչ, տիկին… Ներեցեք:
ԿԻՆ — Ես անվտանգության հարցերով զբաղվող չափազանց հզոր կազմակերպության առանձնահատուկ կարևորագույն հարցերով գաղտնի գերատեսչության պետի` նվաստացնելու գծով տեղակալի` ձիաբուծության գծով ավագ… Խնդրում եմ ուշադրություն դարձրեք. ավագ խորհրդատուն եմ: Քո Տնօրենը ինձ չորս, օյ, ինչ եմ ասում… խառնեցի ձիերի հետ, երկու ձեռքով է բարևում: Հույս ունեմ` հիմա հասկացար` ես ով եմ:
ՄՀԵՐ — Այո, տիկին, հասկացա: Ներեցեք: Простите. Excuse me. Pardonez.
ԿԻՆ_ Իսկ հիմա մի կողմ քաշվիր, ես պիտի տեսնեմ ձեր Տնօրենին: (Մհերին հրելով ներս է մտնում, քթի տակ:) Плебей несчастный!
ՄՀԵՐ — Ներեցեք, տիկին, ձեզ պիտի ուղեկցեի… (Փորձում է ներս մտնել, բայց դուրս են գալիս ուրվականները, ստիպված ճանապարհ է տալիս:) Սրանք էլ ժամանակ գտան… Ասա` ինչո՞ւ ձիուց խոսեցիր: (Կնոջը.) Սպասեք մի րոպե…

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

Տնօրենի աշխատասենյակը: Ճոխ սեղան է բացված: Տնօրենը ուտում է` ճպճպացնելով, ագահաբար: Դռան թակոց.
ՄՀԵՐ — (վախվորած ներս մտնելով): Ներեցեք, պարոն տնօրեն… Թույլ կտա՞ք:
ՏՆՕՐԵՆ — (ծամելով): Ոչ: Քանի՞ անգամ եմ ասել` չեմ սիրում, երբ ուտելիս անհանգստացնում են: Ես սիրում եմ մենակ ուտել:
ՄՀԵՐ — Բայց, պարոն տնօրեն… այն կինն է եկել…
ՏՆՕՐԵՆ_ Ի՞նչ կին…
ՄՀԵՐ — Այն կինը, պարոն… Օտար, ավելի ճիշտ` ում համեմատ նույնիսկ դուք եք օտար… Ավելի ճիշտ` ում համար դուք հյուր եք ձեր հյուրանոցում… Ավելի կոնկրետ… Մի խոսքով, լավ չըմբռնեցի` ով է այդ կինը և ինչ գործ ունի այստեղ, բայց նա եկել է: Դուք ասել էիք, որ ուղեկցեմ ձեզ մոտ:
ՏՆՕՐԵՆ — Կլինի՞ մի օր թողեք` հանգիստ ուտեմ, թե՞ ճակատիս գրած է, որ ամեն անգամ կերածս պիտի հարամեք: Լավ, ներս թող:
ՄՀԵՐ — Հիմա, պարոն… (Դուրս է գալիս:)
Ներս է մտնում Կինը` դուրս նայելով, երևի դռնապանն զարմացրել է նրան:
ՏՆՕՐԵՆ — (ընդառաջ գնալով, քծնանքով): Տիկին, ինչ երջանկություն… ուրախ եմ կրկին ձեզ տեսնել: Եթե չեմ սխալվում, մեր առաջին հանդիպումից հետո չեք էլ մեկնել: Չեք պատկերացնում, թե մեր հյուրանոցում որքան են սպասում ձեզ: Այսինքն, ի՞նչ եմ ասում… ձե՛ր հյուրանոցում:
ԿԻՆ — (արհամարհանքով): Ձեր անտաշ դռնապանի վերաբերմունքը այլ բան է ասում: Ես պահանջում եմ անմիջապես պատժել նրան:
ՏՆՕՐԵՆ — Դռնապանի՞ն… Ախ, հա, դռնապանին… Գիտե՞ք, տիկին, այդ անտաշը, ինչպես դուք շատ դիպուկ նկատեցիք, հավի հիշողություն ունի: Բազմիցս զգուշացրել եմ, որ այստեղ դուք պետք է զգաք, ինչպես ձեր տանը: Որ մենք միայն ու միայն ձեզ ենք պարտական, որ այսօր ունենք այն` ինչ ունենք: Որ միայն ու միայն ձեր շնորհիվ է ընդհանրապես մեր հյուրանոցը գոյատևում, որովհետև դուք ամեն ինչ անում եք, որ մենք գոյատևենք: Բայց դուք էլ ասացիք, որ նա անտաշ է… Ուստի, կարծում եմ, անիմաստ է նրանից շատ բան սպասել, չնայած խոստանում եմ, որ անպայման կպատժեմ նրան: Հենց ձեր աչքի առջև:
ԿԻՆ — (նստելով Տնօրենի տեղը): Լավ, դեռ կտեսնենք` ինչպես եք պահում ձեր խոստումը: Հիմա մի տեղ նստեք, լուրջ խոսակցություն կա:
Տնօրենը հարմար տեղ չգտնելով` նստում է հատակին` Կնոջ դիմաց:
ՏՆՕՐԵՆ — Լսում եմ ձեզ, տիկին:
ԿԻՆ — Նախորդ անգամ ասացիք, որ շատերն աչք ունեն այս հյուրանոցի վրա, որ մրցակիցներն անընդհատ սպառնում են և խնդրեցիք, որ զբաղվենք նրանցով: Հիշո՞ւմ եք… Մենք էլ խոստացանք, որ կզբաղվենք…
ՏՆՕՐԵՆ — Իհարկե, հիշում եմ, դա ինձ համար ամենակարևոր հարցն է: Նրանք սպառնում են հաշվեհարդար տեսնել ինձ հետ, նույնիսկ պայթեցնել իմ հյուրանոցը: Եթե օգնեք ինձ լուծել թշնամիներիս հարցը, մինչև կյանքիս վերջը ձեզ պարտական կլինեմ:
ԿԻՆ — Դուք հիմա էլ մեզ պարտական եք մինչև ձեր կյանքի վերջը, որովհետև մենք երբեք չենք մոռանում մեր խոստումները և մեր պարտավորությունները միշտ ժամանակին ենք կատարում: Բայց մի պահ դա մոռանանք: Միայն մի պահ, ոչ ավելի, հասկացա՞ք: Պահն անցավ… Ժամանակն է հիշել, որ դուք պարտական եք մեզ մինչև ձեր կյանքի վերջը…
ՏՆՕՐԵՆ — Ես դա երբեք չեմ մոռանա, բայց կարծես թե բան էիք ուզում ասել:
ԿԻՆ — Ի՞նչ էի ուզում ասել:
ՏՆՕՐԵՆ — Ինձ սպառնացող մրցակիցների մասին:
ԿԻՆ — Իսկ ո՞վ է ձեզ սպառնում: Ինչո՞ւ չէիք ասում, որ ձեզ սպառնում են:
ՏՆՕՐԵՆ — Բայց, տիկին, ես մի քանի անգամ…
ԿԻՆ — Լավ, ուրեմն ես անորոշ ժամանակով կմնամ այստեղ: Ինչպես ասում են` на всякий случай. Ձեր իսկ ապահովության համար: Ի դեպ, իմացա՞ք մեր վերջին գործարքի մասին:
ՏՆՕՐԵՆ — Տեղյակ չեմ, ի՞նչ գործարք…
ԿԻՆ — Ձեր մրցակիցներից մեկին շատ լուրջ զինատեսակներ ենք վաճառել: Հեռակառավարմամբ ռումբեր և այլն… Այնպես որ, կարող եք հանգիստ լինել, քանի մենք այստեղ ենք, նրանք ձեզ ոչինչ չեն անի:
ՏՆՕՐԵՆ — Շատ լավ միտք է, տիկին, ինքս էի ուզում խնդրել, որ մնաք մեզ մոտ, մինչև… Մինչև այդ ռումբերը ժանգոտելուց փչանան: Իսկ այդ ռումբերը որքա՞ն ժամանակ են շահագործման ենթակա… Նկատի ունեմ` հանկարծ շատ արագ չկորցնեն իրենց իրական վտանգավորությունը:
ԿԻՆ — Դուք մի անհանգստացեք, ձեր մյուս մրցակցի հետ էլ ենք գործարքի մեջ մտել, նրա հետ ավելի հիմնավոր ու երկարաժամկետ շահեր ունենք: Մի խոսքով, դեռ երկար կմնանք այստեղ, իսկ հարկ եղած դեպքում, առանց մի վայրկյան մտածելու, կզոհաբերենք ձեզ: Ինչպես բազմիցս արել ենք: Ի դեպ, դուք սիրում եք, չէ՞, զոհաբերվել…
ՏՆՕՐԵՆ — Իհարկե, տիկին, մենք պատրաստ ենք ամեն տեսակ զոհաբերության, միայն թե դուք այստեղ ձեզ լավ զգաք: Եվ դրա արդյունքում հնարավորինս երկար այս հյուրանոցը շահագործենք… անշուշտ, ձեզ հետ միասին:
ԿԻՆ — Այ, դա լավ է, թե չէ մի պահ ձեզ լրիվ կորցրել էիք: Իսկ ձեր նոր դռնապանի մասին էլ չեմ խոսում, բացարձակ անպատասխանատու դուրս եկավ…
ՏՆՕՐԵՆ — Դեռ երիտասարդ է, տիկին:
ԿԻՆ — Դա նրան ոչ մի կերպ չի արդարացնում: Էլ չասեմ, թե հենց այդ հանգամանքը մեզ որքան է անհանգստացնում: Հա, ի դեպ, մենք հետաքրքրվել ենք ձեզ այդքան անհանգստացնող Պստիկ Մհեր կոչվածով և ուշագրավ բաներ ենք հայտնաբերել:
ՏՆՕՐԵՆ — Իսկապե՞ս… Չեք պատկերացնի` այդ սրիկան որքան նեղություն է պատճառում, միայն այն միտքը, որ նա գոյություն ունի ինչ-որ տեղ և ամեն պահի կարող է հայտնվել, ինձ հուսահատության գիրկն է հասցնում:
ԿԻՆ — Դուք եք մեղավոր, չգիտե՞ք հայտնի ասույթը…
ՏՆՕՐԵՆ — Ո՞րը…
ԿԻՆ — Թեյնիկը երբ մեծանում է, շոգեքարշ է դառնում:
ՏՆՕՐԵՆ — Գիտեմ, տիկին:
ԿԻՆ — Կամ արջի քոթոթը, երբ մեծանում է, հոր ամորձիների հետ է սկսում խաղալ:
ՏՆՕՐԵՆ — Դա էլ գիտեմ… Բայց դրանք ի՞նչ կապ ունեն Պստիկ Մհերի հետ:
ԿԻՆ — Ոչ մի կապ չունեն, ուղղակի հետաքրքիր ասույթներ են, ինձ շատ են դուր գալիս: Հատկապես վերջինի` ամորձիների հետ խաղալու պահը: Չափազանց սեքսուալ է, համաձայն չե՞ք:
ՏՆՕՐԵՆ — (կարծես ամոթից գլուխը կախելով և իր ամորձիներին նայելով): Դուք ինձ անհարմար դրության մեջ եք դնում… ես ավանդական դաստիարակություն ստացած մարդ եմ և կկտրեմ յուրաքանչյուրի այդ… այդ…
ԿԻՆ — Ամորձինե՞րը:
ՏՆՕՐԵՆ — Այո, ամորձիները, ով կփորձի խաղալ իմ… այդ…
ԿԻՆ — Ամորձինե՞րի հետ:
ՏՆՕՐԵՆ — Այո, տիկին: Մենք այդպիսի թեմաներ բարձրաձայն շոշափելու սովորություն չունենք:
ԿԻՆ — (մոտենալով ու փորձելով Տնօրենին գայթակղել): Դե լավ, համեստություն մի արեք, հյուրանոցի դռնից ոտքներդ դուրս եք դնում թե չէ` ինչ ունեք-չունեք, դրոշակի պես թափահարելով ընկնում եք անմեղ աղջիկների հետևից: Մոռանում եք ավանդական դաստիարակություն ու սովորույթ: Միայն չասեք, թե դա էլ է հին սովորություն:
ՏՆՕՐԵՆ — Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ, բայց դա իրոք հին սովորություն է: Նույնիսկ մեր Ջոջանց տանը այդպիսի սովորություն կար:
ԿԻՆ — Ջոջանց տո՞ւնը որն է…
ՏՆՕՐԵՆ — Դա մեր… Մի խոսքով, կարևոր չէ: Հին պատմություն է:
ԿԻՆ — (ավելի ակտիվ փորձելով գայթակղել) Առավել ևս, որ հին պատմություն է, ես էլ օտարերկրացի եմ… Էլ ինչի՞ն եք սպասում…
ՏՆՕՐԵՆ — (մի կերպ ազատվելով նրա գրկից): Ներեցեք, բայց հյուրանոցի տարածքում չեմ կարող… Ինչպես հասկանում եք` հին սովորություն է: Մեկ անգամ ևս հայցում եմ ձեր ներողամտությունը:
ԿԻՆ — (հիասթափված, զայրացած նստելով Տնօրենի տեղը): Մենք չենք սիրում, երբ մեզ մերժում են: Դա ձեզ վրա էժան չի նստի: Հիմա կանչեք դռնապանին:
ՏՆՕՐԵՆ — Դռնապանի՞ն… Ախ, հա, դռնապանին… (Շրջվում է, որ գնա, կարծես բան հիշելով, խեղճացած:) Բայց դուք ասացիք, որ Պստիկ Մհերի մասին որոշ տեղեկություն ունեք… գուցե հայտնեք, նո՞ր կանչեմ դռնապանին: Ախր, գիտեք, թե դա ինչ կարևոր է ինձ համար: Վստահ եմ, ձեզ համար նույնպես կարևոր է, թե հյուրանոցում ով տեր-տիրական կլինի:
ԿԻՆ — (քամարհանքով): Այո, չափազանց կարևոր է… Ես լսել եմ, որ այդ Պստիկ Մհերը հաջողության հասնելու դեպքում փորձելու է ազատվել մեր կազմակերպության տրամադրած ծառայություններից, իսկ դա ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ: Բայց դրա մասին հետո, հիմա ես ուզում եմ տեսնել, թե ինչպես եք պահում ձեր խոստումը: Կանչեք ու պատժեք դռնապանին:
ՏՆՕՐԵՆ — Հիմա կանչեմ… (Դուռը բացելով` կանչում է Մհերին, իսկ Կինը ուտում է` քմծիծաղով հետևելով նրան:) Հնազա՜նդ… Հնազա՜նդ… Պստի՞կ…
ՄՀԵՐ — (դրսից): Այո, պարոն…
ՏՆՕՐԵՆ — Չես լսո՞ւմ… Շտապ արի ինձ մոտ: (Կնոջը.) Հիմա կգա, տիկին:
ԿԻՆ — Ասում եք, ի՞նչ է ձեր դռնապանի անունը:
ՏՆՕՐԵՆ — Հնազանդ, տիկին… Պստիկ Հնազանդ:
ԿԻՆ — Ի՞նքն է այդպես ներկայացել:
ՏՆՕՐԵՆ — (հպարտությամբ): Ես եմ նրա անունն այդպես դրել:
ԿԻՆ — Վստա՞հ եք, որ դուք եք այդպես դրել, գուցե ի՞նքն է ձեզ առաջարկել այդ անունը:
ՏՆՕՐԵՆ — Ոչ, տիկին, հստակ հիշում եմ, որ նա ներկայացավ Պստիկ, հետո ես նրա անունը դրեցի Պստիկ Հնազանդ: Բայց ես չեմ հասկանում` ինչո՞ւ է այդ աննշան փաստն այդպես հետաքրքրում ձեզ, ի՞նչ կարևոր է` ե՞ս եմ դրել, թե՞ ինքն է առաջարկել: Կարևորն այն է, որ իմ դռնապանի անունը հիմա Պստիկ Հնազանդ է:
ԿԻՆ — Պարզվում է` ես ավելի մեծ կարծիք ունեի ձեր մասին: Փաստորեն, դարերից եկող խորաթափանցությունից հետք էլ չի մնացել:
ՏՆՕՐԵՆ — Չեմ հասկանում, ի՞նչ եք ուզում ասել:
ԿԻՆ — Կարևոր չի… Մի անհանգստացեք, այդպես նույնիսկ ավելի լավ է: Կարևորը, վստահ եղեք, որ մենք միշտ ձեր կողքին ենք: Մենք ձեզ կպաշտպանենք բոլոր տեսակի պստիկ ու մեծ հնազանդներից:
ՏՆՕՐԵՆ — Ներեցեք, բայց ծիծաղելի բաներ եք ասում… կարծում եք` պիտի զգուշանա՞մ իմ դռնապան Հնազանդից: Կարծում եք` նրանից վտա՞նգ է սպառնում ինձ… չափազանցնում եք, տիկին:
ՄՀԵՐ — (ներս է մտնում, դռան մոտ խեղճ կանգնում): Կանչե՞լ էիք, պարոն:
ՏՆՕՐԵՆ — (Կնոջը): Մի սրան նայեք, էս քոսոտի՞ց է ինձ վտանգ սպառնում: Չէ, իսկապես չափազանցնում եք:
Մհերը շփոթված ու անհանգիստ նայում է նրանց:
ԿԻՆ — Եթե այդպես վստահ եք, ձեր գործն է: Առայժմ: Հիմա պատժեք նրան:
Մհերն ավելի է անհանգստանում ու շփոթվում, բայց շարունակում է լուռ մնալ:
ՏՆՕՐԵՆ — Ի՞նչ պատիժ տամ նրան… դուք առաջարկեք:
ԿԻՆ — Ոչ, ինքներդ մտածեք: Աշխատեցրեք ձեր հնադարյան երևակայությունն ու մի հետաքրքիր պատիժ հորինեք: Այնպիսի պատիժ, որի հետևանքները հնարավորինս երկար իրենց հիշեցնել տան:
ՏՆՕՐԵՆ — (զննելով Մհերին, մտախոհ): Հետաքրքիր պատիժ… հետաքրքիր պատիժ… Ի՞նչ պատիժ հորինեմ, որ հետաքրքիր լինի: (Դեսուդեն քայլելով:) Ոչինչ չեմ կարողանում հորինել, ոչինչ մտքիս չի գալիս… (Ատելությամբ նայելով Մհերի աչքերին:) Կարծես թե մտածեցի… (Կոպտորեն հավաքելով վախից դողացող Մհերի օձիքը:) Ես սրան հիմա ոտքերիս տակ կգցեմ ու այնքան կծեծեմ, մինչև հաշմանդամ դառնա: Իսկ վերջում կամորձատեմ…
ԿԻՆ — Ստոպ… մի րոպե: Ուրեմն, ծեծուջարդից բացի այլ պատիժ չկարողացա՞ք մտածել: Ի՞նչ անհետաքրքիր մարդ դուրս եկաք: Հասկացեք, ծեծուջարդը ինքնին չի կարող պատիժ լինել, այն կարող է ուղեկցող տարր լինել պատիժ կոչվող ընդհանուր համակարգում: Առանձին վերցրած` ծեծի հետևանքները մարդը սովորաբար շատ արագ է հաղթահարում: Եվ հետո, պետք չէ փչացնել նրա գեղեցիկ մռութը: Ամորձատել, գուցե, բայց ոչ հիմա… Նա մեզ դեռ պետք է: Կարծում եք, հենց այնպե՞ս ենք հյուրանոցի առաջին հարկում գրասենյակ բացել, որտեղ մարդիկ ենք ընտրում: Մի խոսքով, ուրիշ բան մտածեք… Մի՞թե մեր ընդհանուր անցյալից ոչինչ չեք կարողանում հիշել:
ՏՆՕՐԵՆ — (բաց թողնելով Մհերի օձիքը): Ասում եք` ընդհանուր անցյալի՞ց…
ԿԻՆ — Այո, իհարկե… դուք էլ հո հիշո՞ւմ եք: Պատիժը չպիտի լինի ինքնանպատակ: Պատժի միջոցով պետք է ոչնչացնել մարդուն` որպես անհատ: Միայն այդ դեպքում է պատիժը հասնում իր նպատակին: Իսկ մեր ընդհանուր անցյալում բազմաթիվ են օրինակները: Մի՞թե մոռացել եք մեր հրաշալի անցյալը…
ՏՕՐԵՆ — Ոչ, իհարկե, չեմ մոռացել, այդ անցյալն իմ արյան մեջ է, ինչպե՞ս կարող եմ մոռանալ:
ԿԻՆ — Այդ դեպքում ինչո՞ւ չեք գործում:
ՏՆՕՐԵՆ — (ասես ծանր վերհուշով): Անկեղծ ասած` անցյալի պատիժները նույնիսկ պատժողների համար էին սարսափելի, ինքս ժամանակին պայքարել եմ դրա դեմ…
ԿԻՆ — Լսեք, դա արդեն ծիծաղելի է… Ժամանակին նույնիսկ մեզ մոտ են պայքարողներ եղել, բայց այդ նույն ժամանակը ցույց տվեց, որ նախկին համակարգն ամենակենսունակն է հյուրանոց շահագործելու համար: Եվ, հետո, միայն այն փաստը, որ այդքան պայքարից հետո շարունակում եք օգտվել մեր ծառայություններից, արդեն խոսում է մեր… (Հարմար բառեր է փնտրում:) Ինչպե՞ս կարելի է գեղեցիկ ձևակերպել այս միտքը… Մեր եղբայրական զգացումների… չէ, մի տեսակ այն չէ: Մեր հոգևոր հարազատության մասին… այնպես, չէ՞:
ՏՆՕՐԵՆ — Այո, տիկին… Ձեր օգնությունը միշտ էլ անգնահատելի է եղել:
ԿԻՆ — Եվ, վերջապես, դուք ուզո՞ւմ եք պահել այս հյուրանոցը, թե՞ ոչ:
ՏՆՕՐԵՆ — Իհարկե, ուզում եմ, տիկին, ամեն գնով ուզում եմ:
ԿԻՆ — Դե, ուրեմն, մի կողմ թողեք ձեր այդ դատարկ գաղափարապաշտությունն ու գործով ցույց տվեք, թե ինչպես պետք է սեփականությանը տեր կանգնել: Եթե կուզեք, մի քանի հուշում կանեմ, որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվեք:
ՏՆՕՐԵՆ — Այո, տիկին… անչափ շնորհակալ կլինեմ…
ԿԻՆ — (մոտենալով Տնօրենին): Ուրեմն, այսպես. նախ, պարտադիր չէ, որ պատժի արդյունքն անմիջապես երևա: Հակառակը, մարդ որքան ուշ է գլխի ընկնում, իսկ լավագույն դեպքում, ընդհանրապես գլխի չի ընկնում, որ պատժված է, այնքան պատիժը դաժան է: Այնքան մարդուն ավելի կործանարար հարված է հասցված: Դա չափազանց կարևոր է… Մարդն ինքնին մեզ չի հետաքրքրում, մենք հո մարդատյաց գազան չե՞նք, որ հաճույք ստանանք մարդ պատժելուց: Մեզ հետաքրքրում է կոնկրետ մարդն` իր կոնկրետ հոգեկերտվածքով, իր ձգտումներով ու նպատակներով: Այսինքն` մեզ պետք է ձևախեղել, տվյալ դեպքում, այս մարդու (ցույց տալով Մհերին) ներաշխարհը, ոչ թե ընդհանրապես մեկի: Իսկ եթե բռնության անհրաժեշտություն էլ ծագի, այն պիտի միտված լինի միայն այս կոնկրետ մարդու հեգեկերտվածքի ձևախեղմանը: Պա՞րզ է…
ՏՆՕՐԵՆ — Պարզ է, բայց տվյալ դեպքում որքանո՞վ է արդարացված դռնապանին նման դաժան պատիժ տալը: Ի՞նչ իմաստ ունի ձևախեղել նրա հոգեկերտվածքը:
ԿԻՆ — Դա արդեն ձեզ չի վերաբերում: Եթե ուզում եք պահել հյուրանոցը, արեք այն, ինչ ասում են, հակառակ դեպքում…
ՏՆՕՐԵՆ — Ներեցեք, տիկին… իզուր տվեցի այդ հարցը: Ինձ չպետք է հետաքրքրեն ձեր նպատակներն ու ցանկություններն ավելի, քան դուք կբացահայտեք: Սխալվեցի, ևս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը:
ԿԻՆ — Լավ, տեսնում եմ, ինքնուրույն ոչինչ չեք կարողանում անել: Հիմա ավելի մանրամասն կբացատրեմ, բայց հիշեք, որ այս օգնության դիմաց վճարելու եք: Ճիշտ է, դեռ չգիտեմ` ինչով, բայց հաստատ վճարելու եք:
ՏՆՕՐԵՆ — Այո, իհարկե, միայն թե լուծեք սրա հարցը: Վճարի համար կարող եք չանհանգստանալ:
ԿԻՆ — Ուրեմն` նախ պետք է գնահատել իրավիճակը, հասկանալ` ինչ նախադրյալներ կան, և ըստ այդմ` ընտրել, թե ինչ պատիժներ կիրառել: Մենք գիտենք, որ Պստիկը սոված է: (Մհերին.) Սոված ես, չէ՞, Պստիկ…
ՄՀԵՐ — (խռպոտ): Այո, տիկին… սոված եմ:
ԿԻՆ — Սա արդեն հրաշալի նախադրյալ է: (Սեղանից վերցնելով մաքուր կրծած ոսկորը` ցույց է տալիս Մհերին:) Ուզո՞ւմ ես այս ոսկորը:
ՄՀԵՐ — (թուքը դժվարությամբ կուլ տալով): Այո, տիկին… ուզում եմ:
ԿԻՆ — Լավ է, շատ լավ է… Իսկ ինչի՞ ես պատրաստ հանուն այս ոսկորի, հը՞, Պստիկ:
ՄՀԵՐ — Իսկ դուք ի՞նչ կառաջարկեք:
ՏՆՕՐԵՆ — (ոգևորված): Թույլ տվեք, ես առաջարկեմ:
ԿԻՆ — Առաջարկեք:
ՏՆՕՐԵՆ — (Մհերին): Ասա, որ միայն Տնօրենն է արժանի այս հյուրանոցին, և չունի հյուրանոցն այլ տեր` Տնօրենից բացի:
ՄՀԵՐ — Խնդիր չկա: Տնօրենն է միայն…
ԿԻՆ — Ստոպ… մի րոպե: (Տնօրենին.) Դա ի՞նչ պրիմիտիվ առաջարկ է: Պարզից էլ պարզ է, որ կասի` ինչ դուք ուզում եք լսել:
ՏՆՕՐԵՆ — (խեղճացած): Իսկ ի՞նչ է պետք առաջարկել, որ պրիմիտիվ չլինի:
ԿԻՆ — Նախ, եթե որևէ մեկին պատժելու կարիք կա, ենթադրվում է, որ տվյալ մարդն իր մեջ վտանգավորության որոշակի պոտենցիալ ունի, իսկ դա նշանակում է, որ պատիժը պիտի միտված լինի չեզոքացնելու հենց նրա պոտենցիալը: Իսկ դո՞ւք ինչ եք անում: Ձեզ թվում է` այդպես կչեզոքացնե՞ք վտանգը:
ՏՆՕՐԵՆ — Ոչ, տիկին… Ես, միևնույն է, էլի չեմ վստահի նրան:
ԿԻՆ — Տեսնո՞ւմ եք… Ավելի լավ արդյունքի հասնելու համար պետք է պատժի բազմաքայլ կոմբինացիա կիրառենք:
ՄՀԵՐ — Ներեցեք, որ միջամտում եմ, բայց թույլ տվեք, ես էլ իմ առաջարկությունն անեմ:
ԿԻՆ — Խնդրեմ, Պստիկ, առաջարկիր:
ՄՀԵՐ — Առաջարկում եմ` նույնիսկ Տնօրենի ասած բառերը կրկնելուց հետո ինձ ոսկոր չտալ, հետո լավ ծեծել, հետո էլի պահանջել, որ կրկնեմ Տնօրենի բառերը, բայց այս անգամ նույնիսկ չթողնել, որ բերանս բացեմ, հետո կրկին մի լավ ծեծել, հետո պահանջել, որ պատմեմ իմ երազանքների մասին, ապա ծեծել նման երազանքներ ունենալու համար, հետո ստիպել, որ հայտարարեմ, թե Տնօրենն է ամենահզոր ու ամենամեծ հերոսը Ջոջանց տան բոլոր հերոսներից և նրա փառքն անհասանելի է, նրա անունն` անմահ, իսկ վերջում առաջարկում եմ այդ առիթով ինձ ամորձատել…
ԿԻՆ — Ստոպ… էլի՞ այդ Ջոջանց տունը: Կասե՞ք վերջապես, դա ի՞նչ տուն է, ի՞նչ կապ ունի մեր միջոցառման հետ:
ՏՆՕՐԵՆ — Բայց ինձ նրա առաջարկը դուր եկավ:
ԿԻՆ — (ոսկորը նետելով հատակին): Կարծեմ ես հարց տվեցի… Թե՞ դուք գաղտնիքներ ունեք մեզանից:
ՏՆՕՐԵՆ, ՄՀԵՐ — (միաժամանակ): Ոչ, ի՞նչ գաղտնիքներ, ի՞նչ եք ասում… Ինչպե՞ս կարող ենք ձեզանից գաղտնիք ունենալ: Ջոջանց տունը, դա… դա մեր հիշողությունն է: Ընդամենը… Մի խոսքով, կարևոր բան չի…
ԿԻՆ — Այ, դա լավ չի: (Մտախոհ:) Հիշողությունը լավ չէ, ես կասեի` նույնիսկ ծայրահեղ վատ է: Մանավանդ, եթե այդ հիշողությունը որևէ առընչություն չունի մեր կազմակերպության կամ մեր կողմից մատուցված ծառայությունների հետ: Շատ վատ է… Պետք է մի բան մտածել դրա դեմ… (Մտահոգ դեսուդեն քայլելով:) Ու, որքան հնարավոր է, շտապ…
ՏՆՕՐԵՆ — Ես գիտեմ` ինչ կարելի է անել… Եկեք այսուհետև խոսենք միայն այն լեզուներով, որոնցով Ջոջանց տունը չի թարգմանվում: Կամ գոնե մարդավարի չի թարգմանվում:
ՄՀԵՐ — Ես էլ առաջարկություն ունեմ. եկեք գնանք այնտեղ, որտեղ ոչինչ չի հիշեցնում Ջոջանց տունը:
ԿԻՆ — Վատ չի, գիտե՞ք… Ես կասեի` նույնիսկ շատ լավ առաջարկներ են: Ձեր առաջարկած քայլերով պատիժն ամբողջական կդառնա: Նախ` մենք հյուրանոցի առաջին հարկում գտնվող մեր գրասենյակի միջոցով Պստիկին կտեղավորենք մի լավ տեղ, որտեղ ոսկորն առատ է ու ոչինչ չի հիշեցնում ձեր այդ… ձեր այդ…
ՏՆՕՐԵՆ, ՄՀԵՐ — (միաժամանակ): Ջոջանց տո՞ւնը…
ԿԻՆ — Այո… Մի խոսքով, այդպես հյուրանոցից կհեռացնենք պոտենցիալ վտանգը, Տնօրենին հնարավորություն կտանք հանգիստ շահագործել իր հյուրանոցը, իսկ երկուսիդ միասին կզրկենք միայն ձեզ հատուկ հոգեկերտվածքից` այդպիսով ձեզ պատժելով ամենադաժան ձևով: Հոյակապ է: Միևնույն ժամանակ երկուսդ էլ երջանիկ կլինեք, քանի որ գլխի չեք ընկնի, որ պատժված եք: (Նստելով Տնօրենի տեղը:) Վերջ, պատիժն իրականացված է: Բոլոր կողմերը բավարարված են: Հիմա կարելի է մի փոքր հանգստանալ:
ՏՆՕՐԵՆ — Բայց դուք այդպես էլ չասացիք Պստիկ Մհերին վերաբերող տեղեկությունը: Ամեն դեպքում կուզեի ինձ ապահովագրել այդ սրիկայից, իսկ դրա համար պետք է գոնե որոշ չափով ճանաչել նրան: Վաղուց նրան չեմ տեսել այս կողմերում ու չգիտեմ` ինչ սպասել նրանից:
ԿԻՆ — Կարող եք հանգիստ լինել, նա այլևս վտանգ չի ներկայացնում: Նա ստացավ իր արժանի պատիժը:
ՏՆՕՐԵՆ — Ե՞րբ, տիկին…
ԿԻՆ — Քիչ առաջ… Իմ, ձեր և նույնիսկ իր ջանքերով: Այնպես որ…
ՏՆՕՐԵՆ — (շփոթված նայելով մեկ Մհերին, մեկ Կնոջը): Ինչպե՞ս… ուրեմն, սա՞ է Պստիկ Մհերը: Ուրեմն, այսքան ժամանակ իմ քթի տա՞կ էր գործում, իսկ ես միամիտի պես նրան փնտրում էի ինչ-որ հեռավոր վայրերո՞ւմ:
ԿԻՆ — Հեռու ման գաս, մոտիկ կգտնես… ինչպես ասում են:
ՏՆՕՐԵՆ — Ուղղակի չեմ հավատում, որ սա… Այս քոսոտ թափառաշրջիկը, երախտամոռ շունը, որին իմ տանիքի տակ տեղ տվեցի… Այսքան ժամանակ… Տիկին, թույլ տվեք պատիժն իր տրամաբանական ավարտին հասցնել և ամորձատել այս սրիկային: Այդպես ինձ ավելի ապահով կզգամ:
ԿԻՆ — (մոտենալով Մհերին) Ես դեմ չեմ, դա արդեն ձեր ներքին խնդիրներն են: (Հպվելով Մհերին ու շոյելով նրան:) Ի՜նչ մարմին, ի՜նչ հայացք… Ափսոս Պստիկը, բայց ի՞նչ արած… Եթե այդպես ապահով է, ուրեմն… (Թփթփացնելով Մհերի ուսին, կրքոտ:) Քուռկիկ Ջալալի: Ձեզ մենակ եմ թողնում, լուծեք ձեր հարցերը, միայն թե արագ…
Կինը դուրս է գալիս սենյակից, Մհերն ու Տնօրենը մնում են կանգնած դեմ առ դեմ` ատելությամբ նայելով միմյանց աչքերի մեջ:
ՏՆՕՐԵՆ — Ուրեմն` դու…
ՄՀԵՐ — Այո, հայր… իմաստ չունի թաքնվելը: Եվ փառք Աստծո, որ ամեն ինչ վերջացավ, թե չէ սա արդեն շատ հեռուն էր գնում: Այո, ես եմ Պստիկ Մհերը և քեզնից պատասխան եմ պահանջում:
Լույսերն սկսում են թարթել, հատակը շարժվում է, աստիճանաբար ուժգնացող աղմուկ… երկրաշարժի տպավորություն է ստեղծվում.
ՏՆՕՐԵՆ — (ատամների արանքից): Ասում ես` պատասխան ես պահանջում, հա՞… Ասում ես` հեռուն էր գնում, հա՞… (Դադար:) Լավ, քեզ կտամ պատասխան, ենց միայն այն բանի համար, որ մեկընդմիշտ հիշես քո տեղը: Ասա` ե՞րբ և որտե՞ղ…
ՄՀԵՐ — Համբարձման գիշերը, Ագռավու քարում…
Լույսերն ավելի արագ են թարթում, աղմուկն ուժգնանում է, հատակի շարժը նույնպես, ի վերջո միանգամից մթնում է, ու լռություն է տիրում:

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Քարանձավ: Նստած է հովիվ Ասլանն ու ծխում է, կարծես ծերացած լինի: Մորուքը հասնում է գոտկատեղին:
ԱՍԼԱՆ — Ախ, Մհեր, Մհեր, էս ի՞նչ բերեցիր դու իմ գլխին, էս ի՞նչ փորձանքի մեջ գցեցիր: Ջահել տարիներս անցան էս քարանձավում, ու ես իմ կյանքից բան չհասկացա: Ախ, Մհեր, Մհեր, ախր ո՞նց էի մոռացել, որ Ջոջոնց տանն այդ սովորությունը կա, որ ձեր ցեղի հիշողությունը կարճ է: Ախր, քո հերն էլ էն Չմշկիկ Սուլթանին յոթ տարի հետո հիշեց: Քո պապ Մեծ Մհերն էլ գնաց, մտավ Իսմիլ խաթունի ծոցն ու յոթը տարի հետո հիշեց, որ պիտի հետ գա Սասուն: Քո նախապապ Սանասարն էլ գնաց Գագիկ թագավորի տուն, իր մորն ու ախպորը` Բաղդասարին մոռացավ Բաղդադում: Ախ, Աստված, գոնե Մհերն էս Համբարձման տոնին գա… Ախ, Աստված, ո՞ր մեղքիս համար դու ինձ պատժեցիր էսպես դաժան…
Հայտնվում է Մհերը` ժամանակակից հագուստով, սափրված:
ՄՀԵՐ — Բարև, Ասլան…
ԱՍԼԱՆ — (ուրախությունից նրա ոտքերն ընկնելով): Փառքդ շատ, Աստված ջան, Մհերն հետ եկավ, աղոթքս տեղ հասավ, Մհերն հետ եկավ… Փառքդ շատ, Աստված ջան…
ՄՀԵՐ — (ոտքի կանգնեցնելով Ասլանին): Վեր, Ասլան, վեր…
ԱՍԼԱՆ — Մհեր ջան, քեզ մատաղ… վերջը հետ եկար: Ախր, Մհեր ջան, աչքս ջուր կտրեց` քո ճամփին սպասելով, ախր, ջահելությունս մաշեց, գնաց էս ժայռի մեջ: Ինչի՞ էսքան ուշացար… քեզ մատաղ:
ՄՀԵՐ — Է՜, Ասլան, երկար պատմություն է: Դու էն ասա, ինչի՞ ես էսքան ծերացել:
ԱՍԼԱՆ — Ախր, ո՞նց չծերանայի, տասը տարի եղավ, ինչ թողել ես էս այրի մեջն ու գնացել ես: Ախր, քեզ մատաղ, տասը Համբարձման գիշեր եմ էս ժայռի մեջն անցկացրել, դու չկաս ու չկաս:
ՄՀԵՐ — Մտքիցս լրիվ թռել էր, ես էլ ասեմ` էս Ասլանի էշն ի՞նչի ա սատկել այրի մուտքի առաջ կապած: Նայեցի` տեսնեմ ոսկորներն են մնացել, մտածեցի` գելերն են կերել երևի: Ասլան ջան, ներող եղիր, մոռացել էի, որ իմ ու մարդկանց ժամանակի հաշվարկը տարբեր ա, որ իմ մի տարին ձեր տասը տարին ա:
ԱՍԼԱՆ — Է, Մհեր… ինչ եղել` եղել է, անցած լինի: Կարևորը` եկել ես, ինձ բաց կթողնես, գնամ, մի քիչ կյանք վայելեմ, քանի ուժ կա երակներումս:
ՄՀԵՐ — Կգնաս, բայց գնալուց առաջ քո տասը տարվա տառապանքի դիմաց տասը իշաբեռ ոսկի ու արծաթ կհանես այրից դուրս, մի տեղ կպահես, որ հետո գաս տանես:
ԱՍԼԱՆ — Շնորհակալ եմ, Մհեր ջան… քեզ մատաղ…
ՄՀԵՐ — Ես էլ քեզ եմ շնորհակալ: (Նստելով:) Դու արագ գործդ տես ու գնա, ես անելիք շատ ունեմ: Ուր որ է` իմ հերը կգա, ու լավ կլինի, որ մարդու աչք չտեսնի, թե մենք ոնց ենք մեր հաշիվները մաքրում:
ԱՍԼԱՆ — (շտապ պարկերը հավաքելով): Փառքդ շատ, Աստված ջան, գոնե մեր տառապանքներին ապաշխարանք լինի, Ջոջանց տունն էլի ծաղկի, հզորանա: Թշնամոնց աչքն էլ դուրս գա: Աստված քեզ օգնական, Մհեր…
ՄՀԵՐ — (մնալով մենակ): Ես դեռ շատ անելիք ունեմ… Ես Ջոջանց Մհերն եմ ու դեռ շատ անելիք ունեմ: Իմ հերն ինձ պիտի պատասխան տա: Պիտի պատասխան տա…
Երբ Մհերը գլուխն առնում է ափերի մեջ, հայտնվում է Հայրը: Նա կոստյումով է, փողկապով` պետական պաշտոնյա: Մհերը չի զգում Հոր ներկայությունը:
ՀԱՅՐ — Ես այստեղ եմ, Մհեր:
ՄՀԵՐ — (ոտքի կանգնելով): Եկա՞ր, հայր… (Դադար:) Դե, ուրեմն, բարով ես եկել իմ տուն-զնդան:
ՀԱՅՐ — (շուրջը զննելով, քմծիծաղով): Լավ էլ տեղավորվել ես, Մհեր… Իսկ կարևորը` հարմարվել ես:
ՄՀԵՐ — Ավելի ճիշտ կլիներ, եթե ասեիր` լավ էլ տեղավորել եմ: Չէ՞ որ քո թեթև ձեռքով ստիպված եղա կյանքիս լավագույն տարիներն անցկացնել այս ժայռի մեջ: Ներս համեցիր ու տես, թե քո դժբախտ որդին որտեղ է քարշ տվել իր անվերջ, անհաշիվ օրերն` առանց հույսի, հերոսական տան արժանի ժառանգը լինելու փոխարեն…
ՀԱՅՐ — (ծաղրով): Հիմա կսկսես ինձ մեղադրել քո բոլոր դժբախտությունների համար: Կարծես ես եմ մեղավոր, որ քո տան արժանի Ժառանգը չդարձար: (Դադար:) Բայց իզուր մի տառապիր այդ մտքից, իբր` այդպես էլ չհասցրիր դրսևորվել որպես հերոս: Վաղուց անցել են հերոսական ժամանակները…
ՄՀԵՐ — Ի՞նչ ես ուզում ասել…
ՀԱՅՐ — Ինձ նայիր, Մհեր, դու հերո՞ս ես տեսնում: Դու տեսնո՞ւմ ես մեկին, ով պատրաստ է կռիվ տալ գաղափարի համար:
ՄՀԵՐ — Ոչ, չեմ տեսնում… Նշույլ անգամ չի հիշեցնում այն ազնիվ ռազմիկին, ում հետ կռվի բռնվեցի դաշտում:
ՀԱՅՐ — Եվ շատ էլ ճիշտ է, որ չի հիշեցնում, որովհետև հիմա ոչ ոք դաշտում կռվի չի բռնվում պատահական անցորդների հետ, առավել ևս` ինչ-որ կնոջ համար: Հիմա հարցերը դաշտերում չեն լուծվում, Մհեր, հիմա հարցերը հարմարավետ գրասենյակներում են լուծվում: Անաղմուկ, աչքից հեռու, մի խոսքով, քաղաքակիրթ եղանակներով: Եվ մեծ գործեր անողներն էլ ոչ թե ամեն քայլափոխի կոկորդով մեկ գոռում են` ո՞ւր ես, սրիկա, պինդ բռնվիր, գալիս եմ, այլ հանգիստ, ձայնի, հնարավորինս մեղմ երանգով, ասում են` ամեն դեպքում ես միշտ պատրաստ եմ փոխզիջման: Պար՞զ է, Մհեր… (Նստելով նրա տեղը:) Թե չէ հանկարծ վիրավորվել ես ինձանից, որոշել ես կանչել` հաշիվներ պարզելու… Դեռ լավ է` Թուր Կեծակին էլ կողքիցդ չես կախել:
ՄՀԵՐ — (Հոր ծաղրից շփոթված ու զայրանալով): Ծաղրո՞ւմ ես, հայր, այսքանից հետո իմ վիճակը քեզ ծիծաղելի՞ է թվում:
ՀԱՅՐ — Այո, Մհեր, ծիծաղելի է թվում: Ծիծաղելի է թվում հատկապես քո հիվանդագին հերոսականությունը… այսքան տարիներ անց: (Լրջանալով:) Իսկ եթե ավելի լուրջ` ծիծաղելի է թվում, երբ մեկը հավակնում է հերոս կոչվելուն, սակայն լուռումունջ ընդունում է ճակատագրի նախախնամությունը:
ՄՀԵՐ — (էլ ավելի շփոթվելով): Հայր…
ՀԱՅՐ — Ի՞նչ, Մհեր, ի՞նչ, հիմա՞ ինչն է քեզ վրդովեցնում: Գուցե այն փա՞ստը, որ հիմա երկուսս էլ, ըստ էության, նույնն ենք: (Դադար:) Չե՞ս հավատում… Այդ դեպքում մեկ անգամ էլ նեղություն քաշիր և ինքդ քեզ նայիր. դո՞ւ ես հերոսը, հա՞, դո՞ւ, որ պատրաստակամ ու հեզությամբ ընդունում ես քո փոխարեն վճռված որոշումն ու գալիս-փակվում ես այս քարանձավո՞ւմ: Եվ այդքանից հետո համարձակվում ես քեզ հերո՞ս երևակայել: Ինքդ դատիր, մի՞թե ծիծաղելի չես, Մհեր, մի՞թե քեզ նման մեկին դու հերոս կկոչեիր:
ՄՀԵՐ — Բայց չէ՞ որ դու ինձ այս ճակատագրին արժանացրիր, դու անիծեցիր ինձ` մատնելով հավերժ ամլության, դու ուղարկեցիր ինձ` փակվելու այստեղ: Ինչպե՞ս պիտի արհամարհեի քո խոսքը: Հորս խոսքը: Ինչպե՞ս պիտի խաղայի պատվիդ հետ, հայր…
ՀԱՅՐ — Դու արդեն խաղացել էիր պատվիս հետ, երբ ինձ գետնով էիր տվել դաշտում: Ի՞նչ է, մոռացե՞լ ես… (Մհերը կախում է գլուխը.) Ուստի, որպես հերոս, դու գործդ չպիտի կիսատ թողնեիր, չպիտի թողնեիր, որ հայրդ ողջ մնար` որպես պատվազուրկ ու այլևս ինքն իրեն պաշտպանելու անընդունակ հերոս: Դու չպիտի թողնեիր, որ քո հայրը գերի դառնար իր հերոսական անցյալին և վերջիվերջո վերածվեր անկամ ու մորթապաշտ մեկի, ով վախենում է իր սեփական ստվերից: Լսո՞ւմ ես, Մհեր… Եթե դու այն հերոսն էիր, ով ճակատագրի բերումով գետնել էր իր հորը, ապա դու պարտավոր էիր հենց տեղում իմ հարցերը լուծել, որքան էլ որ դա դժվար լիներ քեզ համար: Այդպես բնության օրենքն է պահանջում: Դու քո անկամությամբ ու հերոսին ոչ վայել անվճռականությամբ երկուսիս էլ դատապարտեցիր հավերժ տառապանքի:
ՄՀԵՐ — Բայց եթե նույնիսկ սխալվեցի, մի՞թե հերոսին վայել է անիծելը:
ՀԱՅՐ — Մի՞թե հասկանալի չեմ խոսում, Մհեր… Այն պահից, երբ հերոսի մեջքը դիպել է գետնին, նա այլևս հերոս չէ: Նա, ում հաջողվել է գետնել հերոսին, պարտավոր է նրանից խլել ձին ու զենքը, եթե, իհարկե, գետնողը հերոս է: Ես ավելի երջանիկ կլինեի, եթե իմ որդին վճռականություն ցուցաբերեր, ոչ թե որպես չկայացած հերոս թաքնվեր քարանձավում` իր արարքն արդարացնելով հոր նկատմամբ մեղքի զգացումով: Ես ավելի վստահ կլինեի իմ որդու ապագային, եթե նրա մեջ անարդարության դեմ ընդվզում տեսնեի, ոչ թե ճգնավորի, ով, ի վերուստ ասվածն ի գիտություն ընդունելով, փակվում է ժայռում: Ես կհարգեի իմ որդուն, եթե նա չտատանվեր իր ճակատագրին վերաբերող հարցերում նույնիսկ իր սեփական հորից պատասխան պահանջելու… (Քմծիծաղով:) Թե չէ` դու ի՞նչ հերոս, Մհեր… Դու խեղճուկրակ մեկն ես, ում հայրը խաբել է` հենց նրա շահի համար:
ՄՀԵՐ — Իմ շահի՞, հայր… Դու, իմ շահի համար, ինձ դատապարտեցիր հավերժ տառապանքի՞… Եվ ո՞րն էր այդտեղ իմ շահը, կասե՞ս վերջապես: (Դադար:) Ախ, հա… Երևի հորս կողմից նվաստացումն ինձ պատիվ պիտի համարեի, երևի պիտի փառք տայի Աստծուն, որ իմ իսկ շահի համար հայրս ինձ դարձրեց թափառաշրջիկ և ստիպեց ծառայել` ում ասես, շենացնել բոլորի տները իմ տնից բացի: Ես պիտի երջանկությունից մեռնեի, որ հայրս ինձ ուղարկեց այս ժայռում փակվելու, որովհետև այդպես փիլիսոփայելու համար անսահման ժամանակ ձեռք բերեցի:
ՀԱՅՐ — Երբեք չեմ տեսել ավելի ապաշնորհ մեկին, քան դու ես, Մհեր: Դու այնքան խակ ես, որ մինչև հիմա կարծում ես, թե հերոսությունը փոխանցվում է ժառանգաբար: Դու այնքան հիմար գտնվեցիր, որ հավատալով իմ բառերին` այսքան տարի նստեցիր այստեղ` սպասելով արդարության: Այնինչ հերոսն ինքն է պարտավոր սեփական ձեռքերով արդարություն կերտել ու, առաջին հերթին, հենց ինքն իր համար: Դու նույնիսկ հիմա գլխի չես ընկնում, թե ինչ է պետք անել:
ՄՀԵՐ — Դու սխալվում ես, ես հիմա գիտեմ` ինչ է պետք անել: Գիտեմ…
ՀԱՅՐ — (քմծիծաղով): Եվ ի՞նչ է պետք անել` ըստ քեզ…
ՄՀԵՐ — Մեզանից միայն մեկը դուրս կգա Ագռավաքարից, հայր: Եվ այս անգամ դու չկասկածես իմ վճռականությանը:
ՀԱՅՐ — (արհամարհանքով): Ուրեմն լսիր` քեզ ինչ եմ ասում, Մհեր… Ես դուրս կգամ այս ժայռից այնքան հանգիստ, որքան որ մտել եմ, իսկ դու կնստես այստեղ ու չես խառնվի մեծերի գործերին, ինչպես արել ես մինչև հիմա: Ու հիշիր, հանկարծ չփորձես քեզ հերոս ձևացնել: Դրանով դու ոչնչի չես հասնի:
Հայրը շրջվում է, որ հեռանա, վերջին պահին Մհերն ամուր բռնում է նրա թևը:
ՄՀԵՐ — Կանգնիր, դու ինձ չհամոզեցիր և նախահարձակ բառերդ միայն ավելի զայրացրին, այնինչ դու հույս ունեիր կոտրել իմ կամքը: Դու քեզ փորձեցիր արդարացնել, ասելով, թե այլևս հերոս չես, բայց մոռացար, որ ես էլ դեռ հերոս չեմ, հետևաբար, ազատ եմ գործելու այնպես, ինչպես խելքիս կփչի: Դու, որ ինձ դրդում ես առաջնորդվել բնության դաժան օրենքներով, հուսով եմ, հիշում ես, որ բնությունը փոխզիջում չի սիրում: Ուրեմն, կանգ առ… Կանգ առ ու փորձիր դիմակայել այդ նույն բնության օրենքով հինը նորով կործանող անկառավարելի ուժին:
ՀԱՅՐ — (ասես կատաղության նոպայի մեջ բռնելով Մհերի կոկորդը): Այ ողորմելի, համարձակվում ես սպառնա՞լ ինձ: Համարձակվում ես կանգնել իմ ճանապարհի՞ն: Կխեղդեմ հենց քո խղճուկ կացարանի մեջ…
ՄՀԵՐ — (նույնպես բռնելով հոր կոկորդից): Դու ստիպեցիր, հայր… Կամ ես, կամ դու..
Մհերն ու հայրը կռվում են: Լույսերի խաղի միջոցով մի քանի վայրկյան անհասկանալի պայքարի տեսարան է ստեղծվում, որի ընթացքում մեկ Հայրն է հաղթողի դերում, մեկ` Մհերը, ինչ-որ պահի, մենամարտի գագաթնակետին հասնելով, լռություն է տիրում, լույսերը հանգչում են, խավարի մեջ լսվում է Քուռկիկ Ջալալու հզոր խրխնջոցը, ապա Մհերի հզոր գոչյունը` «Հացն ու գինին, տեր կենդանին… Հե՜յ, անարդար աշխարհ, ո՞ւր ես, գալիս եմ…»: Լսվում է Քուռկիկ Ջալալու սմբակների ձայնը, որն աստիճանաբար մարում է: Մհերը դուրս եկավ քարանձավից:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։