Սամվել ԿՈՍՅԱՆ / ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ
Զավեշտ վեց պատկերով
Գործող անձինք
ԱԴԱՄ
ԵՎԱ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ — ՄԻՊ, ով կարող է նաև դատավորը լինել
ՏՂԱՄԱՐԴ
ԿԻՆ
ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱ
ԴԱՏԱՎՈՐ
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Ժամանակները փոխվում են, պատմությունն ու առասպելները՝ նույնպես: Հանդիսատեսը պիտի համոզվի, որ իր տեսածը դրախտն է: Խնձորի ծառը խնձորներով՝ պարտադիր է: Անկախ ձևավորման պայմանականություններից՝ ռեժիսորը, դերակատարները իրենց դրախտում են զգալու: Զգացողությունը կարող են ապահովել թռչունների երգն ու համապատասխան երաժշտությունը: Դրախտում Ադամն ու Եվան են` թզի տերևներից պատրաստված հագուստներով: Ադամը երևակայական նիզակով փորձում է խոցել որսին:
Եվան լուռ հետևում է Ադամին:
ԱԴԱՄ — Որսից ուշացա:
ԵՎԱ — Խնձոր կուտենք:
ԱԴԱՄ — Խնձորով փոր չես կշտացնի:
ԵՎԱ — Չեղած տեղը, խնձորն էլ ուտելիք է…
ԱԴԱՄ — Մի անգամ արդեն կերել ես: Խնձորը դու ես կերել՝ ես չեմ կարողանում մարսել:
ԵՎԱ — Երևի մրսել ես…
ԱԴԱՄ — Խնձորն ուտելուցդ հետո սկսել եմ հաճախակի մրսել:
ԵՎԱ — Ո՞վ է սառել, ե՞ս, թե՞ եղանակը…
ԱԴԱՄ — Խնձորը չպիտի ուտեիր:
ԵՎԱ — Տղամարդիկդ ինչքան եք սիրում նույնը հազար անգամ կրկնել:
ԱԴԱՄ — Նախկինում գազանը հարձակվեր-չհարձակվեր, կատաղեր-չկատաղեր՝ պետքս չէր: Գիտեի, որ հաղթելու եմ: Գազանն էլ գիտեր, որ չի հաղթելու: Ի՜նչ օրեր էին:
ԵՎԱ — Օրեր էին, էլի…
ԱԴԱՄ — Հիմա ուրիշ է, անընդհատ շուրջդ պիտի նայես, թաքնվելու տեղ փնտրես, ամեն խշշոցից զգուշանաս… Զգուշանալուց էլ եմ մրսում: Զգույշ չեղար` վերջ: Կար Ադամը ու էլ չկա:
ԵՎԱ — Հեշտ ես ասում` վերջ… Քեզ ի՞նչ կա, հո դու չե՞ս այրիանալու: Չլինի՞ ինձանից ես հոգնել…
ԱԴԱՄ — Քեզանից հոգնելը դժվար է: Քեզ համար էլ առանց ինձ դժվար կլինի: Քեզ հեշտ է գայթակղելը… Օձը գայթակղեց, վաղը չես իմանա՝ ուրիշ ինչ գազան կհայտնվի ու հնարավոր է, որ մյուս օրն էլ խոտը գայթակղի…
ԵՎԱ — Այնքան էլ խոտի նման չես:
ԱԴԱՄ — Բայց երբեմն ինձ խոտ եմ զգում:
Ոտնաձայներ: Մի պահ թռչունների ծլվլոցն ու երաժշտությունը դադարում են: Ադամն ու Եվան լարվում են, փորձում գուշակել` ով ու ինչ կարող է լինել:
ԵՎԱ — Ոնց որ որսն ինքն է քո մոտ գալիս…
ԱԴԱՄ — Գազանի ոտնաձայներ չեն:
Հևասպառ հայտնվում է ՄԻՊ-ը, ուշադիր շուրջն է նայում:
ՊԱՇՏՊԱՆ — Օ՜ֆ, փնտրելուց մարդ ավելի է հոգնում…
ԵՎԱ — Գազանի նման չէ:
ՊԱՇՏՊԱՆ — (խոր շունչ է քաշում): Ի՞նչ գազան, ի՜նչ բան… Ինձ նման գազաններ շա՞տ եք տեսել: Մարդու իրավունքների պաշտպանի մասին չե՞ք լսել:
ԱԴԱՄ — Չենք էլ տեսել:
ՊԱՇՏՊԱՆ — Ուրեմն՝ լիազորված եմ հայտարարել, որ մարդու իրավունքների պաշտպանն էլ մարդ է և, ամենակարևորը… Մարդու իրավունքները միայն մարդը կարող է պաշտպանել:
ԵՎԱ — Հո չե՞ք կասկածում, որ մենք էլ ենք մարդ:
ՊԱՇՏՊԱՆ — Մարդ չլինեիք, ինչո՞ւ պիտի փնտրեի: Միայն թե չեք իմացել, որ իրավունքներ ունեք ու այդ իրավունքները պիտի պաշտպանել:
ԱԴԱՄ — Ինչի՞ մասին է ասում:
ԵՎԱ — Չեմ հասկանում:
ԱԴԱՄ — Կարո՞ղ է՝ ունեցել ենք:
ԵՎԱ — Իմ ձեռքը չի ընկել:
ՊԱՇՏՊԱՆ — Լիազորված եմ հայտարարելու, որ ունեցել եք… Լիազորված եմ զգուշացնելու… Չերկարացնեմ: Զգուշացնելու, որ Ադամի իրավունքները խախտվել են: Ու լիազորված եմ նրա իրավունքները պաշտպանելու:
ԵՎԱ — Փղի՞ց, թե՞ առյուծից:
ՊԱՇՏՊԱՆ — Մարդուց:
ԵՎԱ — Ադամին Ադամի՞ց ես պաշտպանելու:
ՊԱՇՏՊԱՆ — Դեմագոգիա պետք չէ:
ԵՎԱ — Էլ ումի՞ց ես պաշտպանելու:
ՊԱՇՏՊԱՆ — Քեզանից:
ԵՎԱ — (կոտրատվելով): Ինձանի՞ց:
ՊԱՇՏՊԱՆ — Կինն էլ մարդ է:
ԵՎԱ — Կինն ո՞վ է:
ՊԱՇՏՊԱՆ — Կին չե՞ս:
ԵՎԱ — Ինձանի՞ց ես պաշտպանելու:
ՊԱՇՏՊԱՆ — Լիազորված եմ… Կարճ ասած, առանց Ադամին հարցնելու խնձորը չպիտի ուտեիր:
ԵՎԱ — Ի՞նչ իմացար` կերել եմ:
ՊԱՇՏՊԱՆ — Դրա մասին ամբողջ աշխարհը գիտի, միլիոն տարի է` գիտի:
ԵՎԱ — Միլիոն տարի առաջ գայիր:
ՊԱՇՏՊԱՆ — Ադամի բողոքը չէի լսել:
ԵՎԱ — Ե՞րբ է բողոքել:
ՊԱՇՏՊԱՆ — Լիազորված եմ զգուշացնելու, որ դրախտում ստելը պատժելի է:
ԵՎԱ — Օտարի մուտքը` ևս:
ՊԱՇՏՊԱՆ — Մի բարդացրու: Ժամանակակից տեխնիկան շատ է զարգացել: Ով ինչ ուզի, երբ ուզի, որտեղից ուզի` կլսի: Քիչ առաջ Ադամը չէ՞ր ասում, որ մրսում է: Լիազորված եմ հայտարարելու, որ նրա մրսելը պայմանավորված է… Մի խոսքով, մրսում է, որովհետև նրա իրավունքը խախտվել է:
ԵՎԱ — Ադամ, քո ի՞նչն է խախտվել:
ԱԴԱՄ — (ինքն իրեն ուշադիր զննելով): Ամեն ինչս տեղն է:
ԵՎԱ — Էլ ինչո՞ւ է ասում` խախտվել է:
ՊԱՇՏՊԱՆ — Էլի եմ ասում… Նրա ամենակարևոր իրավունքն է խախտվել:
ԵՎԱ — Թռչուններն էլ լռեցին:
ՊԱՇՏՊԱՆ — Դեռ կերգեն: Արդարությունը վերականգնվի` կերգեն: Ադամի իրավունքը խախտվել է և իմ գործը նրա իրավունքը պաշտպանելն է:
ԵՎԱ — Չլսեցի՞ր, որ նրա ամեն ինչը տեղն է:
ՊԱՇՏՊԱՆ — Առաջին հայացքից, միայն առաջին հայացքից… Քո արարքի ծանրությունը չես գիտակցում: Մարդուն անմահությունից զրկելը ծանր մեղք է:
ԵՎԱ — (քիչ ագրեսիվ): Քեզ Տիրոջ տիրոջ հետ ես շփոթել:
ՊԱՇՏՊԱՆ — Տիրոջ հետ գործ չունեմ:
ԵՎԱ — (դադար): Տիրոջ հետ գործ չունեցողը դրախտում էլ գործ չունի: Ավելի լավ է ասես՝ այստեղ ոնց հայտնվեցիր… Գոնե դուռը թակեիր:
ՊԱՇՏՊԱՆ — Դուռ կա՞ր, որ թակեի:
ԵՎԱ — Կիրթ մարդը միշտ էլ դուռ կգտնի:
ՊԱՇՏՊԱՆ — Պիտի լինի, որ գտնես:
ԵՎԱ — Հագնված էլ չենք…
ՊԱՇՏՊԱՆ — Մերկությամբ ո՞ւմ եք զարմացնելու: Նուդիստների մասին լսե՞լ եք: Մերկ վազվզում են ծովափերում:
ԵՎԱ — Շոգ չի՞…
ՊԱՇՏՊԱՆ — Միշտ էլ արագ քայլելիս քրտնում եմ:
ԵՎԱ — Իրավունքի ետևի՞ց էիր գնում… Թե՞ իրավունքն էր ետևիցդ ընկել: Մեր իրավունքն է՝ դու ես խառնվել: Էլ ո՜նց կլինի, Ադամին չեմ հարցրել… Ի՞նչ իմանայի՝ ինչ եմ հարցնելու, որ հարցնեի… Դու էլ չկայիր` զգուշացնեիր: Ուշացած եկել ես: Արդեն անիմաստ է քո հայտնվելը: Կարո՞ղ ես նրան նորից անմահ դարձնել: Որ չես կարող, իզուր ես եկել: Այն էլ՝ վազելով… Ուշացած հայտնվելը չլինելու պես է: Եղածը եղել է: Քո գալով Ադամի խախտված ի՞նչն ես ուղղելու: Պետք չէ… Չլինեի՝ Ադամը ծառերի հե՞տ էր քնելու, ծա՞ռն էր նրան երեխաներ նվիրելու:
ՊԱՇՏՊԱՆ — Էդ հարցն էլ է լուծված: Պարզվում է՝ դրախտը գավառից այնքան էլ չի տարբերվում: Խավար է, անտեղյակություն… Ոչնչից տեղյակ չեք, թե չէ կիմանայիք, որ վաղուց կանայք կանանց հետ են ամուսնանում, տղամարդիկ՝ տղամարդկանց հետ: Միասեռ ամուսնությունները շատ տեղերում արդեն օրինականացված են:
ԵՎԱ — (հիստերիկ ծիծաղում է): Տղամարդիկ սկսել են ծննդաբերե՞լ:
ՊԱՇՏՊԱՆ — Դեռ չէ:
ԵՎԱ — Բա երեխաներ ո՞վ է ծնում:
ՊԱՇՏՊԱՆ — Որդեգրում են:
ԵՎԱ — Չծնվածների՞ն…
Անսպասելի խառը` կանանց և տղամարդկանց երգչախումբը, երգում է: Երգն ավելի բարձր է հնչում: Ադամն ու Եվան անտարբեր են, զգացվում է, որ երգչախմբի գոյությունը նրանց համար սովորական է: Պաշտպանը անհանգիստ շուրջն է նայում, փորձելով երգչախմբի տեղը գուշակել:
ՊԱՇՏՊԱՆ- Երգչախո՞ւմբ է:
ԱԴԱՄ — Հիանալի երգչախումբ է:
ՊԱՇՏՊԱՆ — Հիանալին` հիանալի, երգողները չեն երևում:
ԱԴԱՄ — Չես էլ տեսնի: Հոգիները չեն երևում: Մանավանդ, անմեղ հոգիները…
ԵՎԱ — Միայն անմեղները… Դրախտում չար բան չկա: Այնպես որ, ոչ մեկը պաշտպանության կարիք չունի:
ՊԱՇՏՊԱՆ — Մի՞շտ են երգում:
ԱԴԱՄ — Երբ ուզում են:
ՊԱՇՏՊԱՆ — Գիշերն է՞լ:
ԵՎԱ — Առավոտյան էլ, կեսօրին էլ, գիշերն էլ:
ՊԱՇՏՊԱՆ — Լիազորված եմ հայտարարելու, որ գիշերվա երգելը խախտում է մարդու հանգստի իրավունքը:
ԱԴԱՄ — Երգը չհավանեցի՞ր:
ՊԱՇՏՊԱՆ — Նշանակություն չունի… Օրենքն օրենք է:
ԱԴԱՄ — Բայց պիտի իմանայիր, որ դրախտում արգելված է արգելելը: Դրա համար էլ դրախտ է…
ՊԱՇՏՊԱՆ — Լիազորված եմ…
ԵՎԱ — Իզուր: Եթե դրախտը քո տարածքը չէ…
ՊԱՇՏՊԱՆ — Երբ Ադամը բողոքը գրավոր ներկայացնի՝ իմը կդառնա:
ԵՎԱ — Ադամն իր բողոքն արդեն գրել է, ամպերի վրա է գրել:
ՊԱՇՏՊԱՆ — Ամպերը հաշիվ չեն: Անձրևները նրա բողոքը վաղուց ջնջած կլինեն:
ԵՎԱ — Որ ջնջել են, ի՞նչ ես ուզում:
ՊԱՇՏՊԱՆ — Դռան պես մի բան լինի… Չեմ ուզում անքաղաքավարի լինել, ուզում եմ հաջորդ անգամ դուռը թակել:
ԵՎԱ — Պատը ո՞նց է… ավելի ամուր կլինի:
ՊԱՇՏՊԱՆ — Լեզվակռիվն իմ բանը չի: Հաջորդ անգամ ավելի կոնկրետ կլինեմ: Էս երգչախումբը չի՞ լռում, ինչ երկար երգ է… Միայն ճնշումս չբարձրանա: Հաջորդ այցիս…
ԵՎԱ — Էլի վազելո՞ւ ես:
ՊԱՇՏՊԱՆ — Ասացի՝ լեզվակռիվն իմ բանը չի:
Արագ շրջվում ու հեռանում է: Նրա գնալուց հետո երգչախումբը լռում է: Ադամն ու Եվան հոգնած նստում են խոտերին:
ԵՎԱ — Հոգնեցի: Անմահության իրավունք, հանգստի իրավունք, չգիտեմ` էլ ինչի իրավունք… Էլի ի՞նչ իրավունքներ ունենք:
ԱԴԱՄ — Եթե չարը չկա, ո՞ւմ են պետք իրավունքները:
ԵՎԱ — Բա ինչո՞ւ էր վազելով դրախտ հասել:
ԱԴԱՄ — Հնարավոր է՝ մենք գազաններից ենք վախենում, իրենք՝ իրենցից… Ուզում են իրավունքներով պաշտպանվել:
ԵՎԱ — Բայց ի՞նչ իրավունքով էր այստեղ հասել… Ո՞նց…
ԱԴԱՄ — Հեշտ հարցեր տուր:
ԵՎԱ — Երբեք այսքան չէի հոգնել:
ԱԴԱՄ — Նրա հայտնվելուց աղիքներս էլ են սկսել իրենց իրավունքների համար պայքարել:
ԵՎԱ — Սիրո բացատում հիանալի հատապտուղներ եմ տեսել…
ԱԴԱՄ — Լավ բան ասա:
ԵՎԱ — Ադամ, մտածում եմ՝ չլինի՞ երազ էր:
ԱԴԱՄ — Նույն երազը երկուսս չէինք տեսնի:
ԵՎԱ — Քո կողը չե՞մ… Հնարավոր է՝ տեսել ենք: Երազահան էլ չկա: Իսկ հատապտուղներն իսկապես լավն էին: Մոռանո՞ւմ ես, որ քեզ վիտամիններ են պետք:
Բռնում է Ադամի ձեռքը, բարձրանալով՝ Ադամին էլ է բարձրացնում, գրկախառնված հեռանում են: Հեռացող Եվայի երգի ձայնը:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Նույն տեսարանը: Եվան խոտերի վրայից զգուշորեն ինչ-որ բան է հավաքում: Ադամը հետևում է նրան:
ԵՎԱ — Ցողն էլ է պակասել: Առավոտից հավաքածս մի քանի կաթիլ է:
ԱԴԱՄ — Գետի ջրով լվացվիր:
ԵՎԱ — Գետի ջուրը մաշկս չորացնում է:
ԱԴԱՄ — Աշնան տերևի պե՞ս…
ԵՎԱ — Ադամ, ընդամենը ուզում եմ գեղեցիկ լինել:
ԱԴԱՄ — Ներիր, ծառից ընկնող տերևը հիշեցի: Վախից կլինի, մեջս անծանոթ վախ է մտել: Մեջս է, բայց ոնց որ աչքիս առաջ լինի… Տեսնում եմ` ծառերի մեջ, երկնքի, գազանների… Ներսս անընդհատ ոտնաձայներ են: Լսո՞ւմ ես… Լսիր… Խոտերի շշուկների մեջ էլ ոտնաձայները շարունակվում են…
ԵՎԱ — Չլինի՞ պաշտպանն էլի վազում է:
ԱԴԱՄ — Վազողները շատ են, մեկը չէ:
ԵՎԱ — Պաշտպանը ո՞նց շատացավ… Ճագարներն էլ այդքան արագ չեն շատանում:
ԱԴԱՄ — Ոտնաձայները ավելանում են:
ԵՎԱ — Ադամ…
ԱԴԱՄ — Չե՞ս լսում:
ԵՎԱ — Մահը ոտքեր ունի՞:
ԱԴԱՄ — Օձի ընկերն է, չի ունենա:
ԵՎԱ — Պաշտպանի ոտքերը երկուսն էին… Ոտնաձայները ո՞նց են ավելանում: Ո՞ւմ ոտնաձայներն ես լսում, Ադամ… Ի՞նչ ոտնաձայներ են…
Տղամարդու և կնոջ ձայներ: Հնչում են սկզբում աղոտ, ապա պարզ ու լսելի:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Երկինքն էլ փլվի՝ գտնելու եմ:
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ — Երեխային խղճա, հոգնել է:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Առանց տեսնելու հաշվիր, դրախտում չես եղել…
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ — Այդքան չէին ապրի:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Գետնի տակ էլ կգտնեմ…
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ — Համառությունդ մարդ կսպանի:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Համառությունս չլիներ՝ դրախտ չէիր հասնի:
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ — Որ հասել եմ, ի՞նչս է փոխվել:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Փոխված կլինի… Եսի՞մ, քանի գազան է ուշաթափվել:
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ — Էստեղ էլ հոգուս կպիր, էստեղ էլ հոգիս կեր:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Էդ ուտելիքից դրախտում շատ կլինի: (Ծիծաղում է, քիչ անց:) Իրենք չե՞ն… Իրենք են, էլի՛…
Մինչ Ադամն ու Եվան փորձում են գուշակել՝ ովքեր են, տղամարդը արագաքայլ գալիս-կանգնում է նրանց դիմաց:
ՏՂԱՄԱՐԴ — (ուշադիր նայելուց հետո): Բարև ձեզ, պատմական արժեքներ:
ԿԻՆ — (վազելով մոտենում է): Իրե՞նք են:
ՏՂԱՄԱՐԴ — Եղե՞լ է՝ փնտրեմ ու չգտնեմ: Չմեռանք, Ադամին ու Եվային էլ տեսանք:
ԿԻՆ — Հարցրու՝ իրե՞նք են:
ՏՂԱՄԱՐԴ — Սրանց նկարները հազար անգամ եմ տեսել:
ԱԴԱՄ- Ո՞վ եք:
ԵՎԱ — Չլինի՞ պաշտպանն է ուղարկել:
ՏՂԱՄԱՐԴ — Պաշտպանն ո՞վ է:
ԿԻՆ — Զբոսաշրջիկ ենք:
ՏՂԱՄԱՐԴ — Առայժմ: Վաղը, հնարավոր է, հարևաններ լինենք, կամ… Վաղը կերևա:
ԿԻՆ — (ուշադիր զննում է Ադամին ու Եվային): Կթողնե՞ս՝ Ադամին ձեռք տամ:
ՏՂԱՄԱՐԴ — Ձեռքե՛րդ կկտրեմ:
ԿԻՆ — (վիրավորված ետ է կանգնում): Չիմանա՞մ` իրե՞նք են, թե՞ չէ…
ՏՂԱՄԱՐԴ — Աչքերդ ո՞ւր են… Հետդ չե՞ն:
ԿԻՆ — Որ հետս են` ի՞նչ… Կարող է՝ միրաժ են:
ՏՂԱՄԱՐԴ — Միրաժը մերդ է, աչքերիս առաջից չի հեռանում:
ԿԻՆ — Մորս հանգիստ թող…
ՏՂԱՄԱՐԴ — Ինքը ինձ չի թողնում: Եվային շոշափիր, Եվային թույլ եմ տալիս…
ԿԻՆ — Ձա՞խ, թե՞ աջ կողմից:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ իմանամ՝ ի՛նչն ես շոշափելու:
Տղամարդն ու կինը ավելի են մոտենում Ադամին և Եվային, նրանք վախեցած ընկրկում են, ձեռքերը առաջ պարզած պատրաստվում են պաշտպանվել: Երգչախումբը նորից երգում է, տղամարդն ու կինը զարմացած կանգ են առում:
ԱԴԱՄ — (անհանգիստ): Հոգիները էլի երգեցին:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՞ւմ հոգիները:
ԱԴԱՄ — Անմեղների:
ՏՂԱՄԱՐԴ — Լսեցի՞ր, ասաց՝ անմեղների: Այնպես որ, մորդ հոգին այստեղ չես գտնի:
ԿԻՆ — Էլի՞…
ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն՝ անմեղ հոգիները… Տեսնես դրանց տերերը երկրի վրա ինչքա՞ն են իրենց ամեն ինչից զրկել: Մերդ իրեն զրկած չի լինի: Սրա համա՞ր են զրկել: Գլուխներս արդուկում են` մի՛ շնանար, մի՛ գողանար, մի՛ վայելիր, աղոթիր-մի աղոթիր… Սրա համա՞ր: Որ ի՞նչ… Որ հոգիդ դրախտում երգի: (Ծիծաղում է:) Դժոխքում էլ թող տխուր բաներ երգեն:
ԿԻՆ — Ասում են` դժոխքը փակել են:
ՏՂԱՄԱՐԴ — Բա ի՞նչ կանեն: Ոչ մեկը չի ուզում: Որ պահանջարկ չկա, պահեն՝ ի՞նչ անեն:
ԿԻՆ — Հիմա ձեռք չտա՞մ Եվային:
ՏՂԱՄԱՐԴ — Ձեռքերդ լվացե՞լ ես:
ԵՎԱ — Անլվա ձեռքերով ինձ չդիպչես:
ԿԻՆ — Չէ, հա… Ծնվածդ օրից երևի բաղնիքն էլ, չգիտես, ինչ է: Ոչ բաղնիք, ոչ սաունա… Կոտրատվելդ չհասկացա:
ՏՂԱՄԱՐԴ — Բացիլ-մացիլից է վախենում:
ԿԻՆ — Իմ փոխարեն ի՞նքն է վախենում:
ՏՂԱՄԱՐԴ — Դու էլ քեզ տեսնեիր՝ կվախենայիր… Չէ, դու չէիր վախենա: Մորդ տեսնելուց հետո… Եվան մայր էլ չի տեսել:
ԿԻՆ — Այս անգամ ներում եմ, ու մի պայմանով:
ՏՂԱՄԱՐԴ — Էլի ի՞նչ պայման:
ԿԻՆ — Եվայի շորից եմ ուզում:
ՏՂԱՄԱՐԴ — Էդ թզի տերևնե՞րը:
ԿԻՆ — Ուզում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Ուզելու բան գտար… Ավելի լավ է թուզ առնեմ՝ ուտես: (Հռհռում է:)
Շուրջը մթնում է, ամպրոպի որոտը խլացնում է երգչախմբի ձայնը: Որոտը ուժգնանում է: Զգացվում է` տեղատարափ է լինելու:
ԿԻՆ — Երկի՞նքը ինչի կատաղեց…
ՏՂԱՄԱՐԴ — Մորդ հիշեց: (Նորից է հռհռում:)
ԿԻՆ — Աղջիկս, աղջիկս կթրջվի: Լիլի՛թ, Լիլի՛թ…
ԼԻԼԻԹ — (վազելով մոտենում է՝ դաշտային ծաղիկների փունջը ձեռքին): Ի՞նչ է, մամ:
ԿԻՆ — Ո՞ւր էիր:
ԼԻԼԻԹ — Այնքան շատ ծաղիկ կա: (Ուշադիր նայում է Ադամին ու Եվային:) Եվա՞ն է…
ԿԻՆ — Ոնց որ…
ԼԻԼԻԹ — Մորաքույր Եվա:
ԿԻՆ — Մորաքույր Եվայի համար արտասանիր, թող տեսնի՝ ինչ խելոք աղջիկ ունեմ:
ԼԻԼԻԹ — (ձգվում է, հանդիսավոր տեսք ընդունում).
Ծիտիկ, ծիտիկ, այ ծիտիկ,
Այ սիրունիկ, պստպստիկ,
Ինձ համար թե երգ ասես,
Լիքը հատիկ կտամ քեզ…
Քեզ շատ շորեր կկարեմ,
Ու… ու… ու…
(Չի կարողանում շարունակությունը հիշել, հուսահատ ձեռքը թափ է տալիս:) Ու… էլ չգիտեմ:
ԵՎԱ — Ադա՞մ… Ես քույր ունե՞մ:
ԱԴԱՄ — Չեմ տեսել ու չեմ լսել:
ԵՎԱ — Փոքրիկն ինձ մորաքույր անվանեց:
ԱԴԱՄ — Երևի ինքը տեսել է:
Ամպրոպը մոլեգնում է, կայծակները խաչվում են երկնքում:
ՏՂԱՄԱՐԴ — Սրանց երկինքը կատաղած շնից կատաղած է:
ԿԻՆ — (շոյում է աղջկա գլուխը): Մի հուզվիր: Ուրիշ անգամ կարտասանես:
ՏՂԱՄԱՐԴ — Հետո, հետո… Շտապենք, անձրևի բերանը չընկնենք:
ԿԻՆ — Իբր, ի՞նչ տեսանք, որ…
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ ես ուզում տեսնել… Սրանց կարկո՞ւտը: Բա որ ձմերուկի չափ եղա՞վ: (Ադամին ու Եվային.) Դուք էլ փախեք:
Երեքով վազելով հեռանում են: Ադամն ու Եվան զարմացած հետևում են նրանց: Օրն ինչպես հանկարծակի մթնել էր, նույնքան հանկարծակի լուսավորվում է: Եվան ուշադիր նայում է Ադամին:
ԱԴԱՄ — Վրաս ի՞նչ ես փնտրում:
ԵՎԱ — Կարոտեցի… Օտարներից հետո սիրելիին ավելի ես կարոտում: Գրկիր ինձ:
ԱԴԱՄ — Նրանք այնքան էլ չեն հեռացել:
ԵՎԱ — Միևնույն է, գրկիր… Միայն քո գրկում եմ ինձ ապահով զգում:
ԱԴԱՄ — Այս ժամին առաջին անգամ ես խնդրում գրկել: (Գրկում է:)
Եվան փաթաթվում է Ադամին, սկսում է նրա կողերը շոշափել:
ԱԴԱՄ — Երբեք այսպես չէիր փաթաթվել…
ԵՎԱ — (շարունակելով Ադամի կողերը շոշափել): Շունչս տեղը եկավ:
ԱԴԱՄ — Այսքան տարօրինակ չէիր եղել:
ԵՎԱ — Տեղում են: Սիրտս էլ տեղն ընկավ, որ բոլորը տեղում են:
ԱԴԱՄ — Ի՞նչն է տեղում:
ԵՎԱ — Կողերդ: Կողերդ էի հաշվում: Մի պակաս կողը ես եմ, մյուսները տեղում էին… (Ադամի գրկից ազատվելով՝ խոր շունչ է քաշում:) Մարմինս թուլացավ, երբ լսեցի, որ ինձանից բացի կարող է ուրիշն էլ լինել…
ԱԴԱՄ — (Եվայի մազերը շոյելով): Չկա և չի կարող լինել:
ԵՎԱ — Խոստացիր, որ միշտ ես եմ լինելու, միայն ես: Միշտ, Ադամ, միշտ ես եմ լինելու…
ԱԴԱՄ — Իմ միակը, անկրկնելին, հավերժականը…
ԵՎԱ — Ասա, էլի ասա, ուրիշ քնքշալից բառեր էլ գտիր:
ԱԴԱՄ — Ասում եմ, շատ եմ ասում` իմ մեջ, սրտիս խորքում: Առանց քեզ ի՞նչ էի անելու…
ԵՎԱ — Իմ ներսում էլ բառերը ծաղիկների պես գունավոր են, Ադամ, թիթեռների պես վետվետուն…
ԱԴԱՄ — Վախը, Եվա, վախի մասին մի մոռացիր: Վախը բառերին էլ է հետապնդում, Եվա, բառերին էլ հարկավոր պաշտպանել: Մեզ նոր թաքստոց է պետք, ավելի անտեսանելի, ավելի ապահով… Որ կարողանանք մեզ ու բառերին պաշտպանել:
ԵՎԱ — Գտել եմ, պաշտպանից պաշտպանվելու համար եմ գտել: Եթե միայն հավանես:
ԱԴԱՄ — Քո ամեն ինչն է սիրելի, նույնիսկ քո թաքստոցը: (Նորից գրկում է Եվային:) Գնանք, ցույց տուր:
Գրկախառնված հեռանում են:
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Տեսարանը նույնն է: Ռիթմիկ երաժշտություն: Ադամն ու Եվան պարում են հնդկացիների ծանոթ պարային շարժումներով, միայն թե նրանց շարժումներն առավել ռիթմիկ են: Երբեմն գրկախառնվում են, ապա իրարից հեռանալով` շարունակում են պարը: Եվան մի պահ սկսում է օձի պես գալարվել: Ադամն սկսում է ռեպ երգել:
ԱԴԱՄ — Սա դրախտն է,
ես Ադամն եմ ու դու` Եվան,
Գալարվում ես խելագարված
օձի նման,
Մեր թևերը ասես լույսի
եկվորյակներ՝
Տանում են մեր մարմինները
դեպի եթեր:
Սա դրախտն է, ես Ադամն եմ,
Եվան ես դու,
Ճնշում է մեզ դատապարտյալ
մեղքը մարդու,
Վախն ու հոգսը հետևում են
ամենուրեք,
Ասես նրանց հալածական
որսը լինենք:
Սա դրախտն է, ես Ադամն եմ,
դու էլ՝ Եվան,
Ովքե՞ր, ինչո՞ւ, ո՞ր ճամփեքով
ու ե՞րբ եկան…
Ստվերները բանտել են մեզ
ճաղերի պես,
Մոռացել ես կարծես
դու ինձ ու ես էլ` քեզ…
ԵՎԱ — (պարը չընդատելով, շարունակում է):
Ինչ էլ լինի, ինչ պատահի,
Մոռանալը ո՞րն է, Ադամ,
Ինչ էլ լինի, ինչ պատահի՝
Կանչիր, կգամ,
Կանչիր, կգամ,
Կանչիր, կգամ…
Ծափահարություններ են հնչում, բացականչություններ` բռավո, բռավո… Ծափահարելը չընդհատելով հայտնվում են զբոսաշրջիկ տղամարդն ու կինը:
ՏՂԱՄԱՐԴ — Բռավո, բռավո…
ԿԻՆ — Հրաշալի է, բռավո…
Ադամն ու Եվան պարն ընդհատում են, զարմացած, շփոթված նրանց են նայում:
ԱԴԱՄ — Էլի՛ նրանք…
ՏՂԱՄԱՐԴ — Չճանաչեցի՞ք: Էդ ո՞նց… Մեզանից բացի էլի հարազատ ունե՞ք: Կար Ադամ ու Եվա, ավելացան Սենեքերիմն ու Զառնիշանը, կարելի է ասել՝ առաջին այլմոլորակայինները: Իմիջիայլոց, առաջիններին չեն մոռանում: (Ծիծաղում է:)
ԿԻՆ — Ի՜նչ կիրք, ի՜նչ հուզումներ… Բռավո…
ԱԴԱՄ — Մեկն էլ կար, անունը չիմացանք…
ՏՂԱՄԱՐԴ — Անունը որ չի ասել, ուրեմն՝ չի եղել: (Ծիծաղում է:)
ԱԴԱՄ — Բայց հոտը նույնն էր:
ՏՂԱՄԱՐԴ — Ծաղի՞կ ենք, որ հոտ ես քաշում: Շուրջդ նայիր Ադամ, շուրջդ նայիր… Դրախտը ջրի ճամփա է դարձել, շուտով ասեղ գցելու տեղ չի լինի: Հոտը ո՞րն է… Գրպանների հոտը, կարևորը գրպանների հոտն է: Առնում են, ծախում են… Ես էլ եմ առել, մեծ հողամաս է` մի քանի հեկտար: ԿԻՆ — Տասը հեկտար:
ՏՂԱՄԱՐԴ — Հորս երազանքն էր` դրախտում հող ունենալ: Հոգու հետ հաշտ չէր, վախենում էր՝ դժոխք էլ չընկնի: Նրա մահից առաջ խոստացա գերեզմանը դրախտ տանել: Բայց նրա ժամանակ դրախտն էլ գրին քարտ շահելու պես էր…
ԱԴԱՄ — Ի՞նչ քարտ, ի՞նչ առնել, ի՞նչ ծախել…
ՏՂԱՄԱՐԴ — Խելքներդ ծառ ու ծաղկին եք տվել: Դրախտը սեփականաշնորհել են, Ադամ, դրախտը էլ ձերը չի: Մեծ բիզնես է… Կոպեկներով առած հողերը միլիոններով են վաճառում: Ուժս տասը հեկտարի հերիքեց:
ԱԴԱՄ — Հարյուրը ի՞նչ էիր անելու:
ՏՂԱՄԱՐԴ — Էդ ի՞նչ ասելու բան էր: Աշխարհի կռիվները հողի համար են, Ադամ, հողը շատ չի լինում: Իհարկե, գնահատելի ցուցանմուշ ես, ներիր, ուզում էի պատմական արժեք ասել, բայց զարմանալուց բացի բան չգիտես:
ԿԻՆ — Զարմանալը Ադամին սազում է:
ՏՂԱՄԱՐԴ — Չփորձե՛ս կոտրատվել:
ԿԻՆ — Ադամի մո՞տ:
ՏՂԱՄԱՐԴ — Ադամը տղամարդ չի՞:
ԿԻՆ — Ասում էիր՝ ցուցանմուշ է:
ՏՂԱՄԱՐԴ — Պատմական արժեքը չլսեցիր:
ԵՎԱ — Սեփականաշնորհել են, վաճառել են, բաժանել են… Մեզ հարցրել ե՞ն:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ էր հարցնելու:
ԵՎԱ — Վաճառողը, բաժանողը:
ՏՂԱՄԱՐԴ — Աշխարհի հզորնե՞րը… Առանց հարցնելու են անում: Առասպելներին ու հեքիաթներին էլ չեն հավատում: Ոչնչի չեն հավատում: Ուզեն դրախտը վերացնել` կվերացնեն: Որոշեն դրախտը Մարսի վրա տեղափոխել` կտեղափոխեն: Ոնց ուզում, ինչ ուզում` անում են: Շուտով արևն էլ կբաժանեն: Մեկին էնքան արև կհասնի, որ խաշվի, մյուսի վրա ընդհանրապես արև չի ընկնի:
ԿԻՆ — Խոնավությունից զզվում եմ, այստեղ չորս կողմից արևկող է…
ՏՂԱՄԱՐԴ — Չհաշված սրանց ամպրոպն ու կատաղած որոտը:
ԱԴԱՄ — (քիչ զայրացած): Գալիս եք-գնում եք, առնում եք-ծախում եք, քանդում եք-շինում եք…
ՏՂԱՄԱՐԴ — Ադա՜մ, ստիպեցիր՝ հիմա էլ ես զարմանամ: Ուժը չի հարցնում, ուժն ինքն է որոշում՝ ինչը ոնց անել:
ԱԴԱՄ — Ուժը մարդ չի՞…
ՏՂԱՄԱՐԴ — Մարդու մեջ է, բայց մարդուց ավելի հզոր է: Շուտով էդ ուժը քո վրա էլ կզգաս ու միամիտ հարցեր չես տա:
ԵՎԱ — Երկի՜ր, Լուսի՜ն, Մա՜րս… Ի՞նչ եք անելու:
ԿԻՆ — Խնձոր ենք աճեցնելու: Ասում են՝ դրախտի խնձորները համով են: Օգնում են երկար ապրել: Ոնց դուք…
ՏՂԱՄԱՐԴ — Էլի մեջ ընկա՞ր…
ԿԻՆ — Բերանս չփակե՛ս: Փակ ամանը որ եռաց ու միջինը թափվեց…
ՏՂԱՄԱՐԴ — Դրախտի հերը կանիծվի:
ԿԻՆ — Ուրեմն, բերանիս կափարիչ չդնե՛ս:
ՏՂԱՄԱՐԴ — Ասելիքս էլ մոռացա:
ԿԻՆ — Հիշեցնե՞մ, թե՞ կհիշես:
ՏՂԱՄԱՐԴ — Հա, գիշերային ակումբ եմ ուզում բացել: Անունն էլ` Ադամ ու Եվա: Հնչում է, չէ՞, Ադա՜մ ու Եվա՜… Ավելի լավ անուն չէի գտնի:
ԵՎԱ — Հարցրե՞լ ես, ուզո՞ւմ ենք, որ քո գիշերային, թե ցերեկային ակումբը մեր անունով լինի:
ՏՂԱՄԱՐԴ — Կհասցնեմ, այստեղ օրերը սովորականից երկար են:
Հայտնվում է ՄԻՊ-ը:
ՊԱՇՏՊԱՆ — Մի րոպե, մի վայրկյան… Լիազորված եմ հայտարարելու, որ Եվայի հարցադրումը օրինական է: Հեղինակային իրավունքի խնդիր կա, օրենք կա…
ՏՂԱՄԱՐԴ — (հեգնանքով): Իբր, ի՞նչ ասացիր: Դրախտում չե՞նք, այ ընկեր, դրախտում ի՞նչ օրենք, ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ իրավունք… Լուսնի՞ց ես իջել: Ո՞վ ես, ի՞նչ ես… Անպոչ գդալի պես մեջ ընկնար:
ՊԱՇՏՊԱՆ — Իրավունքների պաշտպանը ամենուր պարտավոր է իրավունքները պաշտպանել: Դրախտում էլ, Լուսնի, Մարսի վրա էլ…
ՏՂԱՄԱՐԴ — Քեֆդ ոնց ուզի՝ ֆռռում ես, էլի… Իրավունքներ ես հնարում ու քո հնարածն էլ` աչքերդ արնակոխ, պաշտպանում ես:
ՊԱՇՏՊԱՆ — Իրավունքը իրավունք է: Լիազորված եմ հայտարարելու, որ նրանք հրաժարվելու իրավունք ունեն: Նրանց անունը շահարկելուց առաջ պարտավոր էիր հարցնել: Կանայք կան, թե չէ հեգնանքիդ համար կստիպեի շալվարդ իջեցնես:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ ես ուզում տեսնել: (Ծիծաղում է:)
ՊԱՇՏՊԱՆ — Պոչդ:
ՏՂԱՄԱՐԴ — Լսիր, պաշտպան ես, թե կիսապաշտպան… Թքել եմ էն պաշտպանի վրա, որ ինքը պաշտպանված չի: Ուրիշինը իջեցնելու փոխարեն քոնը վերև քաշիր: Հիմա ոտքերդ քարկապ կգցեմ:
ԿԻՆ — Իզուր էլ հետը վիճում ես: Արհամարhիր, պրծիր: Հագ ու կապից չի՞ երևում` նախնադարից է:
ՏՂԱՄԱՐԴ — Թեկուզ քարե դարից լինի… Առաջը երկու կոպեկ գցեմ, չի էլ հիշի՝ կնիկ կա, շալվարը կիջեցնի, մի բան էլ ավելի: (Գրպանից փող է հանում, մեկնում է պաշտպանին:) Վերցրու, որ չնավսես:
ՊԱՇՏՊԱՆ — (վանելով): Չհամարձակվե՛ս…
ՏՂԱՄԱՐԴ — (փողը գրպանը դնելով): Քեզ համար եմ ասում: Երեխեքդ մակարոն ուտելով ուռել են: Ուզողները շատ են: Եվային ու Ադամին գործ եմ ուզում առաջարկել:
ԱԴԱՄ — Մե՞զ…
ՏՂԱՄԱՐԴ — Քեզ էլ, Եվային էլ:
ԿԻՆ — Լավ առաջարկ է, համաձայնվեք:
ԵՎԱ — Ինչի՞ն:
ՏՂԱՄԱՐԴ — (ցույց է տալիս պաշտպանին): Էս պաշտպանի, թե կիսապաշտպանի հեռանալուց հետո կբացատրեմ: (Զարմացած:) Կարո՞ղ է՝ հարձակվող ես: (Ծիծաղում է:) Չէ, հարձակվողի համար մեջդ շունչ չկա:
ՊԱՇՏՊԱՆ — Լիազորված եմ հայտարարելու…
ՏՂԱՄԱՐԴ — Որ հեռանում ես:
ՊԱՇՏՊԱՆ — Որ անհարգալից վերաբերմունքը չեմ ներելու:
ՏՂԱՄԱՐԴ — Կարո՞ղ ես հեռվից չներել: (Ծիծաղում է:) Ասենք, չես խանգարում: Հաշվենք, էս ծառերից մեկն էլ դու ես: Էն էլ՝ չորացած: Հիմա՝ առաջարկս: Ուզում եմ` Ադամն ու Եվան իմ գիշերային ակումբում աշխատեն: Եթե համաձայն են, իհարկե…
ԵՎԱ — Ի՞նչ աշխատել:
ՏՂԱՄԱՐԴ — Պարել, ինչպես քիչ առաջ ի՞նչ էիր պարում… Շշմելու էֆեկտ կլինի: Ուրեմն՝ դրսում Ադամը դիմավորում է հյուրերին: Հաճախորդներ շատ կլինեն, այնքան շատ, որ հնարավոր է՝ ես էլ դիմավորեմ: Ո՞վ չի ուզի տեսնել առասպելական Եվային, չի տենչա, չի երազի…
ԿԻՆ — Կիսախավար, գինի, շոմպայն, իրենց կանացից ձանձրացած, գինովցած տղամարդիկ: Հարթակին Եվան է` ամենաառաջինը, ամենաիսկականը: Տղամարդիկ չեն դիմանա, կուզենան կողքին լինել, Ադամ լինել…
ՊԱՇՏՊԱՆ — Հանցագործություն է:
ԵՎԱ — Ինձ իմ Ադամն էլ հերիք է… Մյուսներին քեզ վերցրու:
ՏՂԱՄԱՐԴ — Ադամին ձեռքիցդ չառան: Կնոջս էլ ուրիշը պետք չէ: Անունս Սենեքերիմ է, բայց հարյուր Ադամ եմ մարսել:
ՊԱՇՏՊԱՆ — Հանցագործություն է…
ՏՂԱՄԱՐԴ — Այ անպաշտպան պաշտպան, այ փլավի մնացորդ, դեռ չես չքվե՞լ:
ՊԱՇՏՊԱՆ — Դրախտը անառականոց սարքելը հանցագործություն է: Դրախտը տարածք չէ, դրախտը… դրախտ է, զսպող ուժ է: Առանց դրախտի հնարավոր չէ անօրինությունները զսպել: Եթե դրախտը չլինի… Եթե մտածեն, որ դրախտը չկա, դրախտում չեն լինելու՝ գազանների կվերածվեն: Հանցագործություն է…
Երգչախումբը երգում է: Բայց երգի մեջ հնչում են կեղծ նոտաներ, բաղաձայն հնչյուններ, որոնք ավելի տիրապետող են դառնում: Մի պահ երգչախումբը լռում է, սակայն կեղծ և բաղաձայն նոտաները շարունակում են հնչել:
ՏՂԱՄԱՐԴ — Սրանց ի՞նչ եղավ:
ԿԻՆ — Ականջներս խցանվեցին:
ՏՂԱՄԱՐԴ — Պաշտպանի ղալմաղալից են գժվել:
ԵՎԱ — Անմեղը մեղավորի հետ չի կարող նույն երգը երգել:
ՊԱՇՏՊԱՆ — Այս գործն այսպես չի կարելի թողնել:
Կրակոցներ են հնչում: Պաշտպանը մի պահ ցնցվում է, դեմքը ծամածռելով, օրորվելով ընկնում է: Լռություն է տիրում: Մնացածները զարմացած նայում են ընկած պաշտպանին, չհասկանալով՝ ինչ կատարվեց: Առաջինը տղամարդն է սթափվում, մոտենում է ընկած պաշտպանին, ուշադիր զննում է:
ՏՂԱՄԱՐԴ — Մեռել է… Հոգու բախտը բերեց, միանգամից դրախտ ընկավ:
ԿԻՆ — Մեռե՞լ է:
ՏՂԱՄԱՐԴ — Ամեն ինչ հարամեց:
ԵՎԱ — (զգուշորեն մոտենում, կռանում է նրա վրա): Մեռե՞լ է… Չի շնչում… Ադամ, սա՞ է մահը:
ԱԴԱՄ — Երևի:
ԵՎԱ — (ցնցում է պաշտպանին, հետո դիմում տղամարդուն): Օգնիր, թող բարձրանա:
ՏՂԱՄԱՐԴ — Մեռածին ինչքան ուզում ես օգնիր…
Կրկին երկինքը մթնում է, կայծակն ու ամպրոպը շանթահարում են երկինքը:
ԿԻՆ — Էլի երկինքը գժվեց:
ՏՂԱՄԱՐԴ — Գնացինք, շառ ու փորձանքից հեռու: Պարզվում է` դրախտում էլ են կրակում: (Ադամին ու Եվային.) Առաջարկիս մասին մտածեք: Կնիկ, շարժվիր: Դրախտը երկրից էր քաղցր, իրականում մի երկիր էլ սա է:
Շտապ հեռանում են:
ԱԴԱՄ — Մենք էլ հեռանանք:
ԵՎԱ — (ցույց տալով պաշտպանին): Բա ի՞նքը…
ԱԴԱՄ — Չգիտեմ՝ մեռածին ինչ են անում:
ԵՎԱ — Ադամ…
ԱԴԱՄ — Գուցե գոլորշիանա…
ԵՎԱ — Ադամ…
ԱԴԱՄ — Չգիտեմ, Եվա, չգիտեմ՝ ինչ անել…
ԵՎԱ — Մահը նրա մեջ չէ, Ադամ: Մարմինն ընկած է, բայց մահը մարմնից դուրս է եկել: Իմ առջև է, չի թողնում քեզ մոտենալ:
ԱԴԱՄ — Հեռանալ է պետք, Եվա, քանի դեռ մեր մեջ չի հայտնվել:
Որոտն ու ամպրոպն ուժգնանում են, մթնում է: Խավարի մեջ լսվում է Եվայի ձայնը՝ «Չե՛մ ուզում, չե՛մ ուզում…»:
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Նույն տեսարանը, սակայն շուրջբոլորը ցանկապատ է: Ադամը զարմացած նայում է, մոտենում է, շոշափում:
ԱԴԱՄ — Ցանկապա՞տ… Ինչո՞ւ… Ո՞ւմ վրա ենք հարձակվել կամ հարձակվելու: (Ետ ու առաջ է քայլում, ցանկապատը ցնցում:) Ամուր են, պինդ… Երեկ չկային…
ԵՎԱ — (վազելով հայտնվում է): Ադամ, Ադամ…
ԱԴԱՄ — (գրկելով փորձում է հանգստացնել): Եվա, Եվա… Մազերդ գզգզվել են, աչքերդ` մշուշվել…
ԵՎԱ — Վախը, Ադամ, վախը… Չանչերով է: Լսո՞ւմ ես, ներսս ոնց է չանգռում:
ԱԴԱՄ — Ի՞նչ է եղել:
ԵՎԱ — (տեսնելով ցանկապատը՝ ավելի տագնապած): Այստեղ էլ են ցանկապատել: Ի՞նչ է լինելու: Դրախտը լրիվ ցանկապատել են… Սարսափելի է, Ադամ: Ցանկապատը երախ չունի, բայց գազանի պես մռնչում է: Աչքեր չունի, բայց հայացքով այրում է: Ոտքեր չունի, բայց ուր գնաս՝ ետևիցդ գալիս է: (Դադար:) Ծառերը, Ադամ, ծառերը… Ծառերը կտրում ու ցանկապատում են: Ծառերը չեն էլ հասցնում մահանալ: Գետնին ձկների պես թպրտում են: Կտրողները… Ադամ, մորեխից շատ են, ամեն գույնի` սև, կարմիր, դեղին…
ԱԴԱՄ — Հանգստացիր, Եվա, խնդրում եմ… Վախն ամեն ինչ խոշորացնում է, ամեն ինչ բազմապատկում է: Դեռ վերջը չէ, Եվա: Դեռ պետք չէ հուսահատվել…
ԵՎԱ — Գուցե վերջը չէ, բայց վերջի պես է: Քեզ էլ նախկինի պես չեմ կարողանում մոտենալ: Վերջը չի թողնում, վախը չի թողնում, ծառերի ընկճված հայացքները…
ԱԴԱՄ — Քեզ մոտենալու ուժը կգտնեմ, իմ ուժը դեռ չեն ցանկապատել:
ԵՎԱ — Մեր ամեն ինչն են խլել ու շարունակում են խլել:
ԱԴԱՄ — Մեր կյանքը դեռ մերն է:
ԵՎԱ — Ադամ, ուզում եմ կրկնես, որ մեր կյանքը դեռ մերն է: Էլի ասա, անընդհատ ասա, որ մեր կյանքը մերն է: (Դադար:) Բայց որտեղի՞ց գիտես, որ մերն է ու արդեն նրանցը չէ: Ուզում էի ծառերին պաշտպանել, չէին լսում, միայն ծիծաղում էին: Սեփականության իրավունքի վկայական էին ուզում ու ծիծաղում էին: Վկայականն ի՞նչ է, Ադամ, որ այդքան ծիծաղելի է:
ԱԴԱՄ — Հարցնեիր…
ԵՎԱ — Հարցրի, ավելի բարձր ծիծաղեցին: Ասում էին՝ հեքիաթների դարը վերջացել է:
ԱԴԱՄ — Նրանց համար է վերջացել, բայց մեր հեքիաթը շարունակվում է, մեր հեքիաթը մեր մեջ է: Նրանք իրենց հեքիաթների համար դեռ կզղջան, շատ կզղջան, որ կորցրել են:
ԵՎԱ — Երգչախումբն էլ չի երգում: Ոնց որ ուրիշ դրախտ են գտել:
ԱԴԱՄ — Անմեղ հոգիները միշտ էլ իրենց դրախտը կգտնեն:
ԵՎԱ — Կուզենայի՝ մեզ էլ կանչեն, Ադամ:
ԱԴԱՄ — Կկանչեն, կկարոտեն ու կկանչեն:
ԵՎԱ — Երբեք ինձ այսքան թույլ չէի զգացել: Պաշտպանվելու ձևն էլ չգիտեմ:
ԱԴԱՄ — Ուրիշի չարությունը թուլացնում է: Չարությունը գազաններին էլ է խեղճացնում:
ԵՎԱ — Գազանը որս է, որս չեմ ուզում լինել:
ԱԴԱՄ — Հացադուլ կհայտարարենք:
ԵՎԱ — Այդ մեկը մի արա, գիտես, որ նյարդայնանալիս ավելի եմ ուզում ուտել:
ԱԴԱՄ — Կարևորը չհաշտվելն է, կարևորը բողոքելն է: (Նստում է:) Նստիր, կողքիս նստիր:
ԵՎԱ — Նստելուց ի՞նչ օգուտ:
ԱԴԱՄ — Նստացույցն էլ բողոք է:
ԵՎԱ — (նստում է Ադամի կողքը): Ինչքա՞ն ենք նստելու: Կհասկանա՞ն՝ ինչու ենք նստել:
ԱԴԱՄ — Ինքներս կհուշենք:
Հայտնվում է տղամարդը:
ՏՂԱՄԱՐԴ — (տեսնելով նրանց նստած, զարմացած): Չեղա՜վ, սառը գետնին նստել եք, հագներդ էլ բան չկա:
ԵՎԱ — Նստացույց է:
ՏՂԱՄԱՐԴ — Նստածներին ո՞վ է լսել, որ ձեզ լսեն: Հիվանդացաք, ձեր տերն ո՞վ է:
ԱԴԱՄ — Բողոքում ենք:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՞ւմ դեմ:
ԱԴԱՄ — Ձեր և ցանկապատի…
ՏՂԱՄԱՐԴ — Զգուշացեք, հողին երկար նստելուց արմատ չտաք: (Ծիծաղում է:)
ԵՎԱ — Մեր արմատներն արդեն կտրել եք:
ՏՂԱՄԱՐԴ — Բարձրացեք, բարձրացեք… Ափսոս եք` գետնին մնաք: Հուսով եմ, առաջարկս չեք մոռացել: Առաջարկս ուժի մեջ է: Հիվանդացաք` ինչի՞ս եք պետք:
ԱԴԱՄ — Մենք ձերը չենք:
ՏՂԱՄԱՐԴ — Կլինեք, ո՞ւր եք գնալու:
Հայտնվում է կինը:
ԿԻՆ — Համաձայնվեցի՞ն:
ՏՂԱՄԱՐԴ — Չպիտի երևայիր… Քեզ տեսնողը դժվար համաձայնվի:
ԿԻՆ — Սրանց սառը գետնին ինչո՞ւ ես նստացրել:
ՏՂԱՄԱՐԴ — Մուննաթ չգաս, գիրկս չեմ նստացրել: Հարցրու՝ ինչո՞ւ են նստել:
ԵՎԱ — Բողոքում ենք:
ԿԻՆ — Գիտե՞ն, որ իրենց նստած տեղն էլ է մերը:
ՏՂԱՄԱՐԴ — Կարևոր չի:
ԿԻՆ — Ո՞նց՝ չի: Էդ էլ մեր լավությունը. գործ առաջարկենք, տեղ տանք, կերակրենք… Ինչի՞ց եք բողոքում: Որ ի՞նչ… Ոտքներդ չենք ընկել: Ուրիշները խնդրում են:
ԵՎԱ — Բա մեզանից ի՞նչ եք ուզում:
ՏՂԱՄԱՐԴ — Ինձ ճանաչողն էդ հարցը չէր տա: Խիղճը, խղճի ձեռը կրակն եմ ընկել:
ԱԴԱՄ — Միևնույն է, բողոքում ենք:
ՏՂԱՄԱՐԴ — Լավ էլ անում եք, հիմա բողոքելը նորաձև է: Ով ասես՝ բողոքում է: Ես էլ եմ բողոքում: Բողոքողներից եմ բողոքում: Բայց ի՞նչ… Բողոքը, ոնց որ աղը՝ ջրի մեջ: Լուծվեց, ու վերջ: (Ծիծաղում է:) Լավ էլ հանգավորեցի…
ԵՎԱ — Տիրոջից վախեցեք:
ՏՂԱՄԱՐԴ — Մենք էլ Տիրոջ ստեղծածն ենք:
ԱԴԱՄ — Կասկածելի է:
ՏՂԱՄԱՐԴ — Կասկածը, Ադամ, որդի պես է… Ազատվիր, ներսդ չլափի:
ԵՎԱ — Հաջորդը հացադուլն է:
ՏՂԱՄԱՐԴ — Հացադուլը ոչինչ, մի քանի օր չեք ուտի, հետո խելագարված ուտելիք կմուրաք:
ԵՎԱ — Մեռնենք էլ՝ ձեզ չենք դիմի:
ԱԴԱՄ — Գազաններն ավելի բարի են:
ՏՂԱՄԱՐԴ — Բարի են, որ վերացել են, չկան:
ԱԴԱՄ — Ագահությունն ու չարությունը ձեզ էլ չեն խնայի: Հատուցման ժամը գալու է: (Կտրուկ ոտքի է կանգնում:) Մենք դեռ կարող ենք պաշտպանվել: Մեր կյանքը դեռ մերն է: (Մոտենում է ցանկապատին:) Հատուցման ժամը գալու է: (Սկսում է ցնցել ցանկապատը ոտքերով: Կատաղած:) Գալո՛ւ է, գալո՛ւ է, գալո՛ւ է… (Ցանկապատից մեկը տապալվում է: Ադամը մեկը մյուսի ետևից շրջում է դրանք:) Կորչի՛ ցանկապատը… Մա՛հ ցանկապատին…
ՏՂԱՄԱՐԴ — Ափսոս… Չհաջողվեց բարի լինել: Կարող էի ոտքերդ կոտրել, բայց…
ԿԻՆ — Ասում էի՝ հետները գործ չունես:
ՏՂԱՄԱՐԴ — Էլի չունեմ, պատիժը դատարանը կորոշի:
ԱԴԱՄ — (փորձելով շունչը տեղը բերել): Ձեր ուժը ցանկապատն է, նրա ներսում էիք ապահով… Է՛ր ու չկա՛, տապալվել է: Տապալելու եմ, բոլոր ցանկապատերը ջարդելու եմ: Դուք էլ եք տապալվելու, ձեր ագահության, ձեր չարության մեջ եք տապալվելու…
ՏՂԱՄԱՐԴ — Դատարանը, դատարանը կորոշի: Լսեցի՞ր, այ պատմության խելագար մնացուկ, գոռոցներդ դատարանում կշարունակես: Ասում էին, որ լավություն անողի գլուխը ծակ է…
ԱԴԱՄ — Գլուխն էլ, աչքն էլ, ստամոքսն էլ… (Շարունակում է ընկած ցանկապատին հարվածել: Կինն ու տղամարդը հեռանում են: Եվան գրկում է Ադամին:)
ԵՎԱ — Ադամ, Ադամ, ոտքերդ չվնասես:
ԱԴԱՄ — Ոտքերն ի՞նչ եմ անում, եթե տեղ չկա վազելու:
ԵՎԱ — Սարերը, սարերը դեռ չեն ցանկապատել:
ԱԴԱՄ — (արդեն հանգստացած): Սարերին պիտի կարողանաս հասնել, Եվա, ցանկապատը նրա համար է, որ չհասնես: (Գլխիկոր հեռանում է, Եվան հետևում է նրան:)
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Նույն տեսարանը: Բեմի ետնամասում սեղան ու աթոռ, ինչպես դատարանում է: Սեղանին փայտե մուրճ է: Ձախ կողմում Եվան և Ադամն են, աջում՝ տղամարդն ու կինը: Երկուստեք չարացած միմյանց են նայում: Հնչում է ձայնը` «Ոտքի՛, դատարանն է գալիս»:
ԱԴԱՄ — Կարծեմ նստած չէինք:
ՏՂԱՄԱՐԴ — Դեռ կհասցնես նստել:
ՆՈՒՅՆ ՁԱՅՆԸ — Լռությո՛ւն:
Հայտնվում է դատավորը՝ ինչ-որ թղթեր ձեռքին: Նստում է, ուշադիր նայում է ներկաներին:
ԴԱՏԱՎՈՐ — Փաստաբաններն ո՞ւր են:
ՏՂԱՄԱՐԴ — Առանց նրանց էլ յոլա կգնանք:
ԴԱՏԱՎՈՐ — (Ադամին): Համաձա՞յն եք:
ԱԴԱՄ — Ոնց ասեք:
ԴԱՏԱՎՈՐ — Կարող եք չհամաձայնել ու դատը հետաձգել:
ԱԴԱՄ — Մեր համաձայնել-չհանաձայնելը կապ չունի: Այլևս չունի: Մեզ չեն հարցրել, երբ դրախտը վաճառել են: Մինչև ձեր գալն այստեղ չեն դատել ու չեն դատվել:
ԴԱՏԱՎՈՐ — (մուրճը խփում է սեղանին): Խնդրում եմ չշեղվել: Զգուշացնում եմ, դրախտում սա իմ առաջին դատավարությունն է և չեմ ուզում՝ շեղումներով լինի: Խնդրում եմ, ամեն ինչ ըստ էության: (Նայում է իր առջև դրված թղթերին:) Ինձ մոտ ձեր տվյալները կիսատ են: Ադամ, ձեր հայրանուն-ազգանունը:
ԱԴԱՄ — Չհասկացա:
ԴԱՏԱՎՈՐ — Հասկանալու ի՞նչ կա… Փաստաթղթերը ճիշտ պիտի լրացվեն:
ԱԴԱՄ — Տիրոջ անունը գրեք:
ԴԱՏԱՎՈՐ — Անունը…
ԱԴԱՄ — Տեր:
ԴԱՏԱՎՈՐ — Ազգանունը:
ԱԴԱՄ — Տեր:
ԴԱՏԱՎՈՐ — Տերտե՞ր է եղել…
ԱԴԱՄ — Անհարգալից է:
ԴԱՏԱՎՈՐ — Ձեր մայրն ո՞վ է:
ԱԴԱՄ — Չեմ տեսել:
ԴԱՏԱՎՈՐ — Լրացնում ենք՝ միակողմանի ծնողազուրկ:
ԱԴԱՄ — Ոնց կասեք:
ԴԱՏԱՎՈՐ — (Եվային): Ձեր հայրանունը:
ԵՎԱ — Տեր:
ԴԱՏԱՎՈՐ — Ազգանունը:
ԵՎԱ — Տեր:
ԴԱՏԱՎՈՐ — Ձեր մայրն ո՞վ է:
ԵՎԱ — Ադամի կողոսկրը:
ԴԱՏԱՎՈՐ — Լրացնենք՝ երկկողմանի ծնողազուրկ:
ԿԻՆ — Բոմժ են, էլի:
ԴԱՏԱՎՈՐ — (մուրճով խփում է): Լռե՛լ: Դատը լեզվակռվի չվերածել:
ԿԻՆ — Էլ չեմ խոսի:
ԴԱՏԱՎՈՐ — Ադամ և Եվա, հայցվորները բողոքել են, որ ձեր կողմից իրենց սեփականության նկատմամբ ոտնձգություն է կատարվել: Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:
ԱԴԱՄ — Ընդամենը ցանկապատն եմ կոտրել:
ԴԱՏԱՎՈՐ — Ուրեմն՝ ընդունում եք ձեր մեղքը:
ԿԻՆ — Կատաղել, գազան էր դարձել:
ԴԱՏԱՎՈՐ — (մուրճով խփում է): Տիկին, խոստացաք լռել: Առանց իմ թուլտվության արգելում եմ արտահայտվել: Ստիպված կլինեմ դահլիճից դուրս հրավիրել:
ԿԻՆ — Նրանց է պետք քշել` անշնորհքներ…
ԴԱՏԱՎՈՐ — (երկու անգամ է խփում մուրճով): Լռե՛լ: Ես եմ որոշում՝ ինչ անել: Եվա, հաստատո՞ւմ եք, որ Ադամը վնասել է ցանկապատը:
ԵՎԱ — Չգիտեմ՝ ինչ է արել: Մնում է՝ մեր ներսն էլ ցանկապատեն:
ԴԱՏԱՎՈՐ — Հարցիս պատասխանեք, վնասե՞լ է, թե՞ չի վնասել:
ԵՎԱ — Փորձել է տարածքը ազատել:
ԴԱՏԱՎՈՐ — Հիմա թող Ադամն ասի` ինչու: Ադամ, ինչո՞ւ ես ցանկապատը վնասել, եթե դա քոնը չէր:
ԱԴԱՄ — Եթե թույլ կտաք…
ԴԱՏԱՎՈՐ — Արտահայտվեք:
ԱԴԱՄ — Այստեղ ցանկապատ ու սահման չեն եղել: Այստեղ ոչ մեկը չի ասել՝ սա իմն է, սա քոնն է, սա՝ նրանը: Այստեղ ապրել ենք՝ չիմանալով, որ կա իմը, քոնը, նրանը: Երկրից էլ միայն անմեղ հոգիներն են եկել: Խնդրում եմ հաշվի առնեք` տերերը չէ, միայն հոգիները: Հիմա նրանց երգչախումբն էլ չի երգում, որովհետև նրանց էլ են ցանկապատել: Ինչո՞ւ, եթե իրենցը չէ, իրենց նախնիներինը չէ:
ՏՂԱՄԱՐԴ — Պարոն դատավոր, ձեզ մոտ է սեփականության վկայագիրը, ուր նշված է, որ ցանկապատված տարածքն իմ սեփականությունն է: Իմ տարածքը կարող եմ ցանկապատել, կարող եմ խոզ ու հավ պահել: Կազինո սարքել կամ գիշերային ակումբ:
ԴԱՏԱՎՈՐ — Առանց իմ թույլտվության չմիջամտե՛լ: Ադամ, կարող ես շարունակել:
ԵՎԱ — Առաջարկում են ինչ-որ ակումբում պարել: Ինչո՞ւ, եթե միայն Ադամի համար եմ պարել և այսուհետ էլ միայն նրա համար եմ ուզում պարել:
ԿԻՆ — Ո՞վ դիմանա…
ԱԴԱՄ — Իսկապես էլ՝ դժվար է դիմանալը:
ՏՂԱՄԱՐԴ — Արդարություն չկա, արդարություն: Սրանց տանիք ու գործ ես առաջարկում, փոխարենը ունեցվածքդ են ավիրում:
ԱԴԱՄ — Փակ տարածքը խեղդում է, ճնշում է: Մեր կյանքը շարժումն է…
ՏՂԱՄԱՐԴ — Բա իմ ասածն ի՞նչ է: Պարը շարժում չէ՞: Ամբողջ օրը շարժվեք:
ԱԴԱՄ — Փակ տարածքում շարժվելը… Մեզ մեր ազատությունն է պետք:
ԿԻՆ — Ազատ եք, էլի… Հո ձեզ չե՞նք կապել:
ԱԴԱՄ — Ամենուր ցանկապատ է, ցանկապատը ցանկապատի ետևից, մեկին հաջորդում է մյուսը, հետո մի ուրիշը, էլի մի ուրիշը… Ուրիշը, էլի ուրիշը, մի ուրիշը, էլի ուրիշը…
ԵՎԱ — Ադամ, Ադամ, ի՞նչ եղավ:
ԿԻՆ — Ցանկապատ է փնտրում, որ ջարդի:
ԴԱՏԱՎՈՐ — (խփում է մուրճով): Լռությո՛ւն: Երևույթն աննախադեպ է: Բայց որտեղ էլ լինի, դրախտում էլ որոշողը օրենքն է: Կարծես ամեն ինչ պարզ է, ուստի դատարանը հեռանում է որոշում կայացնելու:
ՁԱՅՆԸ — Ոտքի՛…
Դատավորը հեռանում է:
ՏՂԱՄԱՐԴ — Է՜, Ադամ, Ադամ, չուզեցիր գործը մարդավարի լուծենք: Մարդանման ես, բայց մարդ չես դարձել: Կատաղելով ինչի՞ հասար:
ԵՎԱ — Կատաղածը դո՛ւ ես:
ԿԻՆ — Չհամարձակվե՛ս վիրավորել…
ԵՎԱ — Գիրք էլ չեք կարդացել: Կիմանայիք՝ ձեր նախահայրը ով է:
ԿԻՆ — Կարդացել ես, որ մինչև հիմա տկլոր ես:
ՏՂԱՄԱՐԴ — Դատավորը կասի՝ ով ով է, ով ումից է: Օրենքն էդ հեքիաթ-մեքիաթները չի սիրում:
ԱԴԱՄ — Պիտի իմանայիք, որ բոլորդ էդ հեքիաթներից եք ծնվել:
ՏՂԱՄԱՐԴ — Երևաց՝ ով ումից ու ինչից է ծնվել:
ՁԱՅՆ — Ոտքի՛, դատարանն է գալիս:
Գալիս է դատավորը:
ԴԱՏԱՎՈՐ — (կարդում է): Նյութական վնասի հատուցման խնդրով դատարան է դիմել Սենեքերիմ Հայդաբուդուրյանն առ այն, որ այսինչ օրը, ամսաթիվը նշված չէ, Ադամը, ազգանունը` Տերտեր, Հայդաբուդուրյանին պատկանող տարածքում, առկա են սեփականության իրավունքի փաստաթղթերը, ոտքով հարվածելով տարածքը շրջապատող ցանկապատին, նյութական վնաս է պատճառել սեփականատիրոջը: Դատավարության ընթացքում մեղադրյալն ընդունել է մեղքը: Հաշվի առնելով, որ հողի նկատմամբ սեփականություն ունեցող անձը կարող է իր տարածքը կառուցապատել, ցանկապատել, շինություն բարձրացնել և այլն, Ադամի արարքը անօրինականություն է սեփականության իրավունքի նկատմամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով գույքի նկատմամբ իրավունքների մասին օրենսգրքի համապատասխան հոդվածներով, դատարանը որոշում է հայցվորի բողոքը բավարարել, վնասի հատուցման չափը հաստատելով մեկ միլիոն դրամ, որը Ադամը, ազգանունը Տերտեր, պարտավոր է հատուցել: Նկատի ունենալով, որ մեղադրյալը չի աշխատում և վճարունակ չէ, հաշվի առնելով, որ նրանց տեսնելու պահանջարկը դեռևս մեծ է, դատարանն Ադամին, ներառյալ նաև Եվային, առաջարկում է դրախտի բացօդյա թանգարանում, մինչև տուգանքի մարելը, ցուցանմուշ աշխատել: Այսքանով դատարանն ավարտում է աշխատանքը: Դատավճիռը բողոքարկման ենթակա չէ: Դատն ավարտված է: (Մուրճը խփում է սեղանին ու հեռանում է:)
ՏՂԱՄԱՐԴ — (ծափահարելով): Մեռնե՛մ օրենքին:
ԵՎԱ — Ադամ, հասկացա՞ր՝ ինչ ասաց:
ԿԻՆ — Բանան ու կիվի ուտելով ի՞նչ էր հասկանալու:
Երկինքը մթնում է, կայծակն ու որոտը խլացնում են բոլոր ձայները: Տղամարդը կնոջ ձեռքը բռնելով՝ արագ հեռանում է, թողնելով շփոթված Ադամին ու Եվային:
ԵՎԱ — Ցուցանմուշն ի՞նչ է:
ԱԴԱՄ — Դեռ չգիտեմ:
ԵՎԱ — Լավ բան չի լինի:
ԱԴԱՄ — Լավ բանը մոռացիր:
ԵՎԱ — Չեմ ուզում մոռանալ: Ադամ…
ԱԴԱՄ — Ամեն ինչ իզուր է:
ԵՎԱ — Եթե վերջն է… Ադամ, չգիտեմ՝ ինչի վերջն է, բայց ինչի վերջն էլ լինի, վերջը լավ չի: Եթե վերջ է, գոնե հիմա ասա, որ ինձ սիրում ես: Երբեք չես ասել, որ սիրում ես:
ԱԴԱՄ — Ասած կլինեմ:
ԵՎԱ — Քնքուշ բառեր ասել ես, բայց չես ասել, որ սիրում ես: Խնդրում եմ, ասա, հիմա ասա… Սիրո մեջ ապահով է, սիրո մեջ վերջը չի կարող վնասել:
ԱԴԱՄ — Չի վնասի, եթե ցանկապատված չէ:
Երկինքն ավելի է մթնում, կայծակն ու ամպրոպն ավելի ուժգին են որոտում, ամեն ինչ թաղվում է խավարի մեջ:
ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Նույն տեսարանը: Կողք-կողքի երկու քառակուսի պատվանդան, որոնց վրա կանգնած են Ադամն ու Եվան: Պատվանդանների արանքում մեծ ցուցատախտակ է` աջ և ձախ սլաքներով, համապատասխանաբար գրված` ԱԴԱՄ, ԵՎԱ: Ցուցատախտակի կենտրոնում գրված է. ՁԵՌՔ ՉՏԱ՛Լ, դրա տակ` ՉԿԵՐԱԿՐԵ՛Լ: Մարդկանց խոսակցություն, ծիծաղ, երեխաների լացի ձայն, որոնք աստիճանաբար մարում են:
ԵՎԱ — Այցելուները գնացին: (Իջնում է պատվանդանից, ինչ-որ շարժումներ է անում:) Մարմինս թմրել է:
ԱԴԱՄ — (ինքն էլ է իջնում՝ նույն շարժումներն անելով): Այսօր ի՞նչ օր էր:
ԵՎԱ — Բոլոր օրերի պես:
ՏՂԱՄԱՐԴ — Այցելուները շատ էին:
ԵՎԱ — Քանի ամիս է՝ կանգնած ենք:
ԱԴԱՄ — Քիչ մնաց:
ԵՎԱ — Ադամ…
ԱԴԱՄ — Ի՞նչ է…
ԵՎԱ — Որ խնձորն առանց քեզ հարցնելու եմ կերել…
ՏՂԱՄԱՐԴ — Հիշելու բան գտար:
ԵՎԱ — Մտածում ես՝ եթե չուտեի…
ԱԴԱՄ — Հիմա քեզ ավելի եմ սիրում:
ԵՎԱ — Առաջին անգամ ասացիր, որ սիրում ես:
ԱԴԱՄ — Երբ մտածում եմ…
ԵՎԱ — Ի՞նչ ես մտածում, Ադամ:
ԱԴԱՄ — Մտածում եմ…
ԵՎԱ — Ասա, ասա…
ԱԴԱՄ — Խնձորը կերած չլինեիր: Հիմա ամենաշատը ուզում եմ մեռնել: Կանգնելուց հոգնել եմ: Չեմ ուզում՝ մի օր էլ ծառերի պես կտրեն…
ԵՎԱ — Խոստացիր, որ մեռնելուց հետո էլ ինձ սիրելու ես: Սիրելու ես, չէ՞, Ադամ, ասա, ասա, որ սիրելու ես… Մեր փոխարեն թող մեր սերը մնա…
ԱԴԱՄ — Սիրելու եմ ու քո սիրո մեջ եմ ուզում մեռնել: (Մոտենում է, փորձում է Եվային գրկել, սակայն անսպասելի մարդկային խոսակցություն, աղմուկ, ծիծաղ լսելով` ընկրկում է:)
ԵՎԱ — Նոր այցելուները…
ԱԴԱՄ — Կյանքն ո՞ւմ է պետք, եթե սիրելիիդ չես կարողանալու գրկել:
Վազում-կանգնում են պատվանդաններին: Մարդկանց խոսքն ու աղմուկը բարձր են հնչում: Երգչախմբի երգի հետ բեմն աստիճանաբար մթնում է: