Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ

 

Գործող անձինք

ՄԱՐԻԱՄ — մոտ 45 տարեկան
ԳՈՌ — Մարիամի որդին, 20 տարեկան,
բանակից նոր զորացրված
ՆԱՐԻՆԵ — Մարիամի դուստրը, 22 տարեկան, ուսանողուհի
ԺԻՐԱՅՐ — Մարիամի եղբայրը
ՀԱՍՄԻԿ — Ժիրայրի կինը
ԳՈՀԱՐ — Մարիամի հարևանուհին
ՍՈՆԱ — 18 տարեկան
ԿԱՐԵՆ — Նարինեի փեսացուն

Գործողությունը կատարվում է 2009 թվականի ամռանը, սահմանամեձ գյուղերից մեկում:

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Տեսարան 1
Սենյակ՝ աղքատիկ կահավորումով, բայց զգացվում է խնամքոտ տիրոջ ձեռքը: Կենտրոնում, բեմի խորքում՝ պատի ժամացույցն է, նախաբեմին մոտ՝ պատի օրացույցը: (Ժամանակը ևս գործող անձ է): Օրացույցի վրա՝ «Կիրակի»: Կեսօր:

Հասմիկ, Գոհար:
ԳՈՀԱՐ — (ուշադիր զննում է Հասմիկի սուրճի բաժակը): Ճամփա կա… հեռու տեղից… Դե, ձեր ճամփան է, որով եկել եք ու էլի գնալու եք:
ՀԱՍՄԻԿ — Մենակ մե՞ր ճամփան է:
ԳՈՀԱՐ — Նոր տարուց էս կողմ գյուղ եկողը դուք եք: Գիծը տեսնո՞ւմ ես, բաժակի մեջ է գնում:
ՀԱՍՄԻԿ — Համոզեցիր: Ուրիշ ի՞նչ կա:
ՄԱՐԳՈ — (խոսուն հայացք նետելով Հասմիկի կլորիկ փորին, խորամանկ ժպտում է): Դրանից ավել ի՞նչ ես ուզում, որ լինի…
ՀԱՍՄԻԿ — (չարաճճի): Որ լավ նայես՝ կտեսնես:
ԳՈՀԱՐ — (աչքերը կկոցելով՝ իբր սևեռվում է բաժակին): Դե, որ ասում ես… Ըհը՜, սենյակ է… չէ, ոնց որ մառան է:
ՀԱՍՄԻԿ — (որ այլ բան էր սպասում): Ինչ է՞…
ԳՈՀԱՐ — Մառան… չրերը առաստաղից կախ, թթուները` կարասներում… ինքն էլ, ըհը՜, կանգնած է, ձախ ձեռ… չէ, աջ ձեռքում` տոնածառի լույսեր…
ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ մառան, ի՞նչ լույսեր…
ԳՈՀԱՐ — Չրերը մոռացար:
ՀԱՍՄԻԿ — Ո՞ւմ չրերը:
ԳՈՀԱՐ — Դունեչկայի:
ՀԱՍՄԻԿ — Գոհա՞ր…
ԳՈՀԱՐ — Ջա՛ն:
ՀԱՍՄԻԿ — Դունեչկան ի՞նչ գործ ունի իմ բաժակում:
ԳՈՀԱՐ — Ուրեմն՝ ունի, նա երբ է անգործ մնո՞ւմ որ…
ՀԱՍՄԻԿ — (ինքն էլ մտնելով խաղի մեջ): Հասկացա: Բայց իմ բաժակում ի՞նչ է անում Դունեչկան:
ԳՈՀԱՐ — Տոնածառի լույսերն է ուզում միացնի:
ՀԱՍՄԻԿ — Ինչպես գրում են դետեկտիվներում՝ էստեղից` ավելի մանրամասն:
ԳՈՀԱՐ — (բաժակը մի կողմ հրելով): Հաճույքով: Դունեչկան ամեն տարի տոնածառ է դնում:
ՀԱՍՄԻԿ — (ընդհատում է): Ինչքա՞ն եղավ:
ԳՈՀԱՐ — Ապրիլին ութսունամյակը նշեցինք:
ՀԱՍՄԻԿ — (համակերպված հումորով): Ու տոնածառ է զարդարում:
ԳՈՀԱՐ — Էրեխո՛ւ հավեսով: Էս տարի որոշել էր տոնածառի լույսերը փոխել: Խանութից բերել, տուփը բացել է ո՜ւ… (Դադար:)
ԱՆՈՒՇ — Ո՞ւ…
ԳՈՀԱՐ — Լարերից խելքը բան չի կտրել, բայց իրեն չի կորցրել, տուփը հենց էդպես բացած դրել է տոնածառի տակ ու ինքն էլ՝ երջանի՜կ, կողքը նստել:
Մի պահ լուռ նայում են իրար ու փռթկացնում:
ՀԱՍՄԻԿ — Պատմածդ ի՞նչ ցուցանե:
ԳՈՀԱՐ — Տոնը սրտիդ մեջ պիտի լինի:
ՀԱՍՄԻԿ — (դադարից հետո): Անկապ էր, բայց ակնարկդ հասկացա: Ուրի՞շ…
ԳՈՀԱՐ — Ինձնից ի՞նչ ես պահանջում: (Բազմանշանակ:) Դուք ձեր ուզածն արել եք, մենք էլ արդյունքը շուտով կտեսնենք:
ՀԱՍՄԻԿ — (նեղ զգալով): Դե… աղջի՞կ է, թե՞ տղա:
ԳՈՀԱՐ — (դիմելով անտեսանելի վկաներին): Գործը իրենք են արել, պատասխանատու հայտարարությունը Գոհարը պիտի անի: (Հասմիկին.) Բա որ սխալվե՞մ, հեղինակության հարց է, չէ՞: Էխոյով չե՞ք նայել:
ՀԱՍՄԻԿ — Նայել ենք, տղա է: Բայց Ժիրայրն էնպես է սպասում տղայի, որ վախենում եմ՝ հանկարծ ու սխալված լինեն…
ԳՈՀԱՐ — (նորից դիմելով անտեսանելի վկաներին): Այ, էս խելքին ենք, չեղած տեղից մեզ ենք մեղավոր սարքում: (Հասմիկին.) Դո՛ւ իրենից տղա պահանջիր, էնպե՛ս պահանջիր, որ եթե աղջիկ ծնվի՝ ինքը քեզնից ներողություն խնդրի:
ՀԱՍՄԻԿ — Երբվանի՞ց ես էդքան համարձակ դարձել:
ԳՈՀԱՐ — Երեկվանից: (Ծիծաղում է:) Լավ, էլ հոգուդ հետ չեմ խաղա: (Նորից շրջում, նայում է բաժակը՝ աստիճանաբար ոգևորվելով:)
Տեսարան 2
Նրանք և Գոռ:
ԳՈՀԱՐ — Ուրեմն, սրտիդ մեջ… կամ էլ սրտիդ տակ մի բուռ լույս է…
ԳՈՌ — (առաջ գալով): Էդ լույսի մեջ տղան լա՞վ է երևում:
ԳՈՀԱՐ — (անսպասելիությունից ցնցվում է): Ըհը, ներշնչանքիս ամենաթունդ պահին խանգարեցիր:
ԳՈՌ — Ինչի՞, բաժակի էկրանը փակվե՞ց:
ԳՈՀԱՐ — Ի՜հ, սիրտդ չունեմ… (Հասմիկին՝ բազմանշանակ:) Էդ խոսքիս վրա որ տղամարդ եկավ՝ լավ նշան է:
ԳՈՌ — Տեսա՞ր, ոնց գտավ:
ԳՈՀԱՐ — (բաժակը մի կողմ դնելով): Վերջ, էսօրվա սեանսը պրծավ:
ՀԱՍՄԻԿ — (տեղից բարձրանալով՝ Գոռին): Սոված կլինես:
ԳՈՌ — (մոտենում, զգույշ, բայց վճռական նստեցնում է): Ինչ-որ պետք է՝ կգտնեմ: (Պահարանից հաց-պանիր է հանում, բրդուճ անում, գալիս, նստում է սեղանի մոտ:) Քեռիս ո՞ւր է:
ՀԱՍՄԻԿ — Բաբկենը եկավ, մեքենան է փչացել…
ԳՈՀԱՐ — Իսկ Ժիրայրը փչացած մեքենայի մասին որ լսում է, աշխարհը մոռանում է:
ԳՈՌ — Էդպես որ չաներ, Մոսկվայի պես քաղաքում բիզնես կունենա՞ր:
Տեսարան 3
Նրանք և Մարիամ:
ՄԱՐԻԱՄ — (Գոռին): Ի՞նչ ես ցամաք հաց ուտում: (Մոտենում, գգվում է որդուն:) Հիմա ճաշը կտաքացնեմ: (Գնում է խոհանոց, շեմին շրջվում է:) Էդ ո՞վ բիզնես ունի: (Գնում է խոհանոց:)
ԳՈՌ — (բարձր, որ մայրը խոհանոցում լսի): Քեռիս: (Գոհարին՝ հպարտությամբ:) Գիտե՞ս, ինչ գործ է անում…
ՀԱՍՄԻԿ — (կարծես տխրելով): Լույսը չբացված գնում է… (Շեմին հայտնվում է Մարիամը, ուշադիր լսում է:) Կեսգիշերին տուն է գալիս: (Նկատելով Մարիամին՝ փորձում է ժպտալ:) Բայց օրվա մեջ մի քանի անգամ զանգում է… ասում է՝ որ չձանձրանաս, խանութներ գնա, շոպինգ արա:
ԳՈՀԱՐ — (Հասմիկի վերջին բառերից ոգևորվելով): Էդ մեկը սրտովս է՝ փողն առ ու մտիր խանութ… էս խանութից՝ էն խանութը… էս ապրանքից՝ էն ապրանքը… Հրա՛շք:
ՀԱՍՄԻԿ — (Գոհարի տոնով): Հա, ապրանքը առնում եմ, հետո փորձում եմ Ժիրայրին ցույց տալ, բայց նա ժամանա՞կ ունի:
ԳՈՀԱՐ — (չլսելու տալով՝ իրենն է շարունակում): Ոնց որ կինոյում՝ տուփերը, տոպրակները ձեռքիդ դուրս ես գալիս շքեղ խանութից…
ԳՈՌ — (ինքն էլ է խաղի մեջ մտնում): Ու հակառակի պես՝ տաքսի չկա:
ԳՈՀԱՐ — Ուրեմն՝ խանութում սրտիս ուզածը կարող եմ գնել, բայց մի քոսոտ մեքենա չունեմ… Է՞ս է քո տրամաբանությունը:
ԳՈՌ — Ինչի՞ քոսոտ, քեզ «Մերսեդեսը» կսազի, բայց… ասենք, հենց էդ օրը «Մերսդ» վերանորոգելու ես տվել…
ՀԱՍՄԻԿ — (ծիծաղելով): Ժիրայրի մոտ:
ԳՈՌ — Էդ դեպքում՝ ոչ թե վերանորոգելու, այլ տյունինգի…
ԳՈՀԱՐ — Ինչի՞…
ԳՈՌ — Հետո կբացատրեմ, հիմա մտքիս թելը չկտրես: (Ավելի ու ավելի ոգևորվելով:) Ուրեմն` մեքենադ Ժիրայրի գարաժում է, դու՝ տուփերով ու տոպրակներով՝ փողոցի մեջտեղում… Ու երբ վերջապես հայտնվում է երկար սպասված տաքսին, մի հաբրգած տիպ քեզ հրում ու ինքն է նստում՝ դուռը շրխկացնելով քթիդ առաջ:
ԳՈՀԱՐ — Գոռ ջան, ինչի՞ ես անվնաս երազանքս պրոբլեմ դարձնում, իբր կյանքի պրոբլեմները քիչ են…
ՄԱՐԻԱՄ — (մոտենում, գրկում է Հասմիկին, հասկացող շեշտով): Ձեր խոսակցությունից մի բան հասկացա:
ԳՈՌ — Մեր խոսակցությունից հնարավո՞ր է բան հասկանալ:
ՄԱՐԻԱՄ — (կատակին տեղի չտալով): Հասկացա, որ հարսիկս էնտեղ շատ մենակ է: (Հասմիկին՝ մտերիմ շեշտով:) Մենք էդպես ենք՝ մեզ միայն աշխատանք տուր: Հաց ուտելն էլ կմոռանանք: Իսկ դու շուտով մենակ չես լինի, հոգսդ կշատանա ու մենակությանդ հերը կանիծի:
ՀԱՍՄԻԿ — (շփոթված): Չկարծես՝ բողոքում եմ, խոսք էր` ասացի… էստեղ էլ նույն պատմությունն է, առավոտ գնում, գիշերը գալիս է: (Ինքն իրեն ուղղում է:) Չէ, էստեղ նույնը չէ, դուք ինձ հետ եք:
ԳՈՌ — Դրա համար էլ քեզ գյուղ բերեց: Որ մենակ չլինես:
ՀԱՍՄԻԿ — Չէ… որ երեխան էստեղ ծնվի: Ասում է՝ տղաս առաջինը մեր սարերի օդը պիտի շնչի, առաջինը մեր երկինքը պիտի տեսնի: Լսած առաջին բառն էլ հայերեն պիտի լինի:
ԳՈՀԱՐ — (հուզված): Ապրի՛ Ժիրայրս, հեռուն է տեսնում:
ՄԱՐԻԱՄ — Հա, հայրենիքի առաջին կում օդը, առաջին պատառ երկինքը, հայերեն խոսքը էն զորությունն ունեն, որ ամբողջ կյանքի համար կհերիքեն…. օտարության մեջ: (Դադար:) Ճաշը չվառվի: (Արագ մտնում է խոհանոց:)
ԳՈՀԱՐ — (կամաց՝ Հասմիկին): Մինչև հիմա չի համակերպվում ձեր գնալուն: Քանի՞ տարի եղավ:
ՀԱՍՄԻԿ — Շուտով՝ չորս:
ԳՈՀԱՐ — Իսկ էնպես է խոսում, կարծես երեկ եք գնացել:
ՀԱՍՄԻԿ — (Գոռին): Ասե՞լ ես…
ԳՈՌ — Դեռ չէ:
ՀԱՍՄԻԿ — Բա ե՞րբ ես ասելու…
ԳՈՀԱՐ — (հետաքրքրված): Ի՞նչ պիտի ասի, որ դեռ չի ասել: (Հերթով նայում է երկուսին, կարծես փորձում է գուշակել:) Գո՞ռ… Հասմի՛կ…
Գոռը սրտնեղած դուրս է գնում:
Տեսարան 4
Հասմիկ, Գոհար:
ՀԱՍՄԻԿ — (դժկամ): Ժիրայրի հետ են որոշել… Գոռն ասում է՝ էստեղ մնամ՝ ի՞նչ անեմ: Գոնե մի քիչ փող կվաստակի, մինչև… չգիտեմ:
ԳՈՀԱՐ — Խելքներդ ե՞տ եք տվել… Գոռը մորը թողնի՞… (Վհատված:) Ասենք… ի՞նչ իմանամ, դուք՝ աշխարհ տեսած, ես՝ էսօր-վաղը թոշակի անցնող հաշվապահ…
Ներս է մտնում Մարիամը՝ մատուցարանի վրա ափսեով ճաշն է բերում:
ՄԱՐԻԱՄ — (տեսնելով տղայի կիսատ թողած պատառը:) Գոռն ո՞ւր է… (Չի նկատում երկուսի շփոթությունը:) Գոհար, չէի՞ր կարող պահել… (Նրանց խուսափուկ հայացքներից՝ զգուշավոր:) Ինչի՞ եք լռում:
ԳՈՀԱՐ — (փորձելով չմատնել շփոթությունը): Դե… դու խոսում ես, ես ի՞նչ ասեմ… Ավելի լավ է՝ գնամ:
ՄԱՐԻԱՄ — Ո՞ւր… հիմա կճաշենք:
ԳՈՀԱՐ — (երկիմաստ): Էսօրվան սուրճը ինձ հերիք է… (Գնում է:)
Տեսարան 5
Մարիամ, Հասմիկ:
ՄԱՐԻԱՄ — (նստում է սեղանի դիմաց): Մի ամիս է՝ բանակից եկել է ու տեղը չի գտնում… գործ է փնտրում: Սիրտս անհանգիստ է, չեմ հասկանում՝ մտքինն ինչ է…
ՀԱՍՄԻԿ — (խուսափուկ): Մի բան կմտածի, էլի…
ՄԱՐԻԱՄ — Դավիթն ուզում էր մեր ձորի այգին մեծացնել, մեծ տնտեսություն ստեղծել…
ՀԱՍՄԻԿ — Ուզում ես՝ հոր գո՞րծը շարունակիւ:
ՄԱՐԻԱՄ — Ինչո՞ւ չէ… հատկապես հիմա, երբ Նարինես… (Ժպտում է:) Նամակ է գրել:
ՀԱՍՄԻԿ — Հիմա նամակ գրո՞ղ կա: Համարը հավաքիր ու խոսիր:
ՄԱՐԻԱՄ — Ես էլ զարմացա, բայց որ կարդացի, հասկացա, որ հեռախոսով ասվելու չէր…
ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ է գրել:
Մարիամը գրպանից խնամքով հանում է նամակը, բացում, խնամքով ուղղում է եզրերը: Այդ ընթացքում նախաբեմը լուսավորվում է: Այնտեղ կանգնած է Նարինեն:
Տեսարան 6
Նամակի ընթերցում:
Մարիամը կարդում է առաջին տողը, որից հետո նրան է միանում Նարինեն, իսկ հետո ինքն է մենախոսում նամակի բովանդակությունը:
ՄԱՐԻԱՄ — «Բարև, մամ ջան, բարև, հարազատներս…»:
ՆԱՐԻՆԵ — (միանալով նրան): «Նախ՝ բարև բոլորիդ…
Մարիամն ու Հասմիկը մնում են խավարում, բեմում միայն Նարինեն է: Աստիճանաբար խոսքն արագացնում է, անգամ՝ վերածում շուտասելուկի մինչև կարևոր լուրի հայտնելը:
ՆԱՐԻՆԵ — …ծանոթ-բարեկամներին, մեր հարևաններին, հարցնող-չհարցնողներին, խենթուկ ախպերիկիս, քեռի Ժիրայրին ու Հասմիկին, ինֆորմացիայի կենտրոն Գոհարին, անդադար Դունեչկային, բոլորին, բոլորին… (Կարճ դադար:) Ոչ մեկին չմոռացա՞… (Էլի շուտասելուկով:) Մամ ջան, ես լավ եմ, դասերս լավ են, առողջությունս լավ է, քննություններս լավ կլինեն: Սոված չեմ, ծարավ չեմ, թեթև հագնված չեմ ու… (Միանգամից այլ տոնով:) Նա աշխարհի ամենալավ տղան է ու… սիրում է ինձ: Մամ, այնքան երջանիկ եմ, որ գիշերն արթնանում ու լաց եմ լինում: Ցերեկը լաց չեմ լինում՝ ժամանակ չկա… Մամ ջան, ես ու Կարենը… անունը Կարեն է… մենք որոշել ենք ամուսնանալ, ու ես կդառնամ երևանցի: Երբ մտածում եմ, որ դեռ ինչքան երկար եմ ապրելու և այդքանը պիտի ապրեմ նրա հետ… Էլի լացս եկավ, բայց լսարանում եմ, դասախոսն էլ գիտի՝ իր ասածն եմ լուրջ-լուրջ գրում: Որ լաց լինեմ՝ հաստա՛տ ինձ չի հասկանա… Մամ ջան, վաղը վերջին քննությունս կհանձնեմ, բայց կսպասեմ, շաբաթ օրը Կարենի հետ կգանք, ու դու կծանոթանաս… Ծիծաղս գալիս է, որ ասեմ՝ ապագա փեսայիդ հետ:
Նախաբեմը մթնում է: Լուսավորվում է բեմը:
Տեսարան 7
Մարիամ, Հասմիկ:
Մարիամը մտախոհ նայում է նամակին:
ՀԱՍՄԻԿ — (նրա լռությունից զարմացած): Մարիամ, ուրախանալ է պետք:
ՄԱՐԻԱՄ — Ուրախանում եմ:
ՀԱՍՄԻԿ — Հա՞ որ…
ՄԱՐԻԱՄ — Նարինես կմնա Երևանում:
ՀԱՍՄԻԿ — Ավելի՛ լավ: (Շփոթվելով:) Աղջկա բախտը որտեղ բացվեց՝ էնտեղ էլ կմնա: Ես մինչև Մոսկվա չհասա՞:
ՄԱՐԻԱՄ — Հասար… (Դադար:)
ՀԱՍՄԻԿ — Մարիամ…
ՄԱՐԻԱՄ — (իր մտքի հետ): Մտածում էի՝ կավարտի, կգա, դպրոցում կաշխատի: Քանի տարի է՝ երեխաները ջահել ուսուցչուհի չունեն: (Սթափվելով:) Ի՞նչ եմ խոսում, ե՞ս եմ որոշողը… (Տեղից ելնում, մատուցարանի վրա դնում է նաև սուրճի բաժակները, տանում է խոհանոց, վերադառնում, կախիչից վերցնում է գլխաշորը:)
ՀԱՍՄԻԿ- Ո՞ւր:
ՄԱՐԻԱՄ — Գնամ, հորը պատմեմ…
Տեսարան 8
Մարիամ, Հասմիկ, Գոռ:
Նույն սենյակն է: Երեկո: Օրացույցի վրա՝ «Երկուշաբթի»: Հասմիկը, բազմոցին նստած, նորածնի «օժիտն» է դասավորում: Մարիամը պահարան-դարակներն է հավաքում՝ մաքրում, Գոհարը օգնում է նրան:
ԳՈՀԱՐ — Ասում ես՝ ե՞րբ են գալու:
ՄԱՐԻԱՄ — Շաբաթ:
ԳՈՀԱՐ — Բա ի՞նչ ես էդպես խառնվել:
ՄԱՐԻԱՄ — Գործ շատ կա… Տղան առաջին անգամ է մեր տուն մտնում: Էլ չեմ ասում մեր պստիկի մասին: Սենյակները գոնե թեթև վերանորոգենք: (Ցույց տալով ծալված կտորը:) Վարագույրները փոխենք…
ԳՈՀԱՐ — (ընդհատելով): Էնպես կարեմ՝ ձևավոր, ծալքերով, որ սովետի պատուհանդ դառնա եվրառեմոնտ:
Տեսարան 9
Նրանք և Դոնեչկա:
Ներս է մտնում Դունեչկան, ձեռքին` տոպրակ: Դժվարությամբ է քայլում:
ԴՈՒՆԵՉԿԱ — Բարով տեսանք:
ՀԱՍՄԻԿ — Վա՜յ, Դունեչկա տատի… (Ուզում է տեղից բարձրանալ:)
ԴՈՒՆԵՉԿԱ — Նախ՝ ոչ մի տատի, ութսուն տարի է՝ Դունեչկա եմ: Ու տեղդ նստիր… (Մոտենում, չլմփոցով համբուրում է, տոպրակից հանում է ապակյա տարան, մեկնում նրան:) Բոխիի թթու եմ բերել:
ԳՈՀԱՐ — (Հասմիկին): Չորս երեխա է բերել, գիտի՝ ինչ է նվեր բերում:
ՄԱՐԻԱՄ — (հոգածությամբ նստեցնում է բազմոցին): Լավ ժամանակին եկար, հիմա սուրճ կխմենք: (Գնում է խոհանոց:)
ԴՈՒՆԵՉԿԱ — (խորիմաստ): Թե որ բաժակս Գոհարը նայի՜…
ԳՈՀԱՐ — Էրեխեքիցդ լուր չունե՞ս:
ԴՈՒՆԵՉԿԱ — Ասածիդ հավատացի՞ր… (Գրպանից հանում է բջջային հեռախոսը:) Օրհնվի սրա ստեղծողը, երբ մտքովս անցնի՝ զանգում եմ: Էստեղ էի գալիս՝ փոքր հարսս զանգեց: Հարցնում է՝ բալի մուրաբան ոնց եփի: Ասեցի՝ գրեց, բայց Սամարայի բալը ի՞նչ պիտի լինի, որ դրա մուրաբան էլ ի՛նչ լինի…
ԳՈՀԱՐ — Որ բոլորին հեռվից կառավարում ես, բաժակ նայելս ո՞րն է:
ԴՈՒՆԵՉԿԱ — (խորամանկ ժպտալով): Երազ եմ տեսել…
ՄԱՐԻԱՄ — (սուրճ է բերում, ինքն էլ՝ ժպտալով): Էլի՞…
ԴՈՒՆԵՉԿԱ — Հա, էլի սնդուկում հարսնաքողս էի փնտրում:
ՀԱՍՄԻԿ — (Գոհարին): Երազահանում ի՞նչ է գրված, ի՞նչ նշան է:
ՄԱՐԻԱՄ — (Հասմիկին): Նշան չէ, հրաշք է: Հարսնաքողի մասին եմ ասում: Ճակատնոցը՝ արծաթ դրամներով, քողը՝ ֆրանսիական ժանյակ… իսկակա՛ն:
ԴՈՒՆԵՉԿԱ — (հուզվելով): Հերս Հայրենական պատերազմից էր բերել՝ տրաֆեյ: 45 թիվն էր, ես տասնվեց տարեկան էի… Զինվորական ուսապարկից հանեց, ինձ տվեց, թե՝ «Եվրոպայից բերել եմ, որ գյուղի ամենասիրուն հարսը դու լինես»: Տատս էլ իր Նիկոլի արծաթներով ճակատնոց կարեց… Ճիշտը որ ասեմ՝ էդ հարսնաքողի խաթեր տասնյոթս չլրացած պսակվեցի:
ԳՈՀԱՐ — Մտքինդ ասա…
ԴՈՒՆԵՉԿԱ — (բազմանշանակ): Զարթնեցի ու սնդուկից հանեցի:
ՀԱՍՄԻԿ — Մինչև հիմա կա՞:
ՄԱՐԻԱՄ — Ասում եմ, չէ՞, ֆրանսիական ժանյակ է, դրան մաշվել չկա, էլ չեմ ասում արծաթների մասին:
ԴՈՒՆԵՉԿԱ — (Գոհարին): Որ ասես՝ ո՛ւմ համար եմ սնդուկից հանել…
ԳՈՀԱՐ — (Հասմիկին՝ կամաց): Հենց էդ երազը տեսնում է՝ գյուղում հարսանիք է լինում:
ՀԱՍՄԻԿ — Չէ հա…
ԴՈՒՆԵՉԿԱ — Ի՞նչ եք էդտեղ քչփչում:
ԳՈՀԱՐ — (բարձր): Ասում եմ՝ քո երազը որ կա, իմ բաժակ նայելն ավելորդ է:
ԴՈՒՆԵՉԿԱ — (նեղացկոտ): Որ էդպես է, սուրճ չեմ խմի: (Տոպրակից հանում է շիշը, տալիս Մարիամին:) Ժիրայրիս սիրած խնձորի օղին է:
Մարիամը շիշը դնում է սեղանին:
ԳՈՀԱՐ — Քո քաշա՞ծն է:
ԴՈՒՆԵՉԿԱ — Ուրիշի ապրանքի հետ գործ չունեմ:
ԳՈՀԱՐ — Տարիքդ, հիվանդ ոտքերդ… քեզ խնայիր, էլի՛:
ԴՈՒՆԵՉԿԱ — Ո՞նց խնայեմ, թոռներս որ Երևանից գան, խանութի հույսի՞ն են մնալու: Սեղան եմ գցում՝ ամեն ինչ իմ եփած-պատրաստածը: Մենակ տեսնեք՝ ո՜նց են շարվում սեղանի շուրջն ու ի՜նչ ախորժակով են ուտում…
Տեսարան 10
Նրանք և Ժիրայր:
ԺԻՐԱՅՐ — Դունեչկա ջան, բարով տեսանք: (Գրկում, համբուրում է:) Մինչև հիմա կալվադոսիդ համը հիշում եմ:
ԴՈՒՆԵՉԿԱ — Էլի կհիշես: (Հայացքով ցույց է տալիս շիշը:)
ԺԻՐԱՅՐ — (շիշը բացում, հոտ է քաշում): Անմահական է: (Շուրջը նայելով, ակնարկելով իրարանցումը:) Էս ո՞վ է քոչում:
ՄԱՐԻԱՄ — (ծանր շեշտով): Մի՞շտ քո մտքին քոչելն է:
ԺԻՐԱՅՐ — (փորձում է կատակի տալ): Ի՞նչ անեմ, իրարանցում որ տեսնում եմ, թվում է՝ էլի մեկը ճամփա է ընկել: Ինձ համար սովորական բան է:
ԴՈՒՆԵՉԿԱ — Չորս անգամ տեսել եմ՝ ոնց են էրեխեքս հավաքվել ու գնացել: Ժիրայր ջան, գլխովդ պտիտ գամ, էդ ամեն ինչ կարող է լինել` սովորականից բացի: (Փորձում է ցույց չտալ հուզմունքը:) Գնամ, մեր Սիրուշին դոշաբ եմ տանում, հազին լավ է… (Մոտենալով դռանը:) Էրեխեքս ասում են` մեզ հետ չես ուզում ապրել` քո կամքն է, բա չե՞ս վախենում, որ հանկարծ… ու կողքիդ մեկը չի լինի: Ասում եմ` մահից չեմ վախենում՝ չեն հավատում: Ո՞նց ասեմ, որ էն օրվանից, ինչ մենակ մնացի, էլ ոչնչից չեմ վախենում:
Գնում է: Ծանր լռություն:
Տեսարան 11
Մարիամ, Ժիրայր, Հասմիկ, Գոհար:
ՄԱՐԻԱՄ — (փորձում է լարվածությունը մեղմել, Ժիրայրին): Ե՞րբ պատերը ներկենք:
ԺԻՐԱՅՐ — (թեթևացած ժպտալով): Նարինես ե՞րբ է փեսատես կազմակերպում:
ՄԱՐԻԱՄ — (կեղծ կշտամբանքով): Բա որ փեսայից առաջ տղադ ծնվի՞:
ԺԻՐԱՅՐ — (դեմքը պայծառանում է, թևքերը վեր ծալելով): Հենց հիմա սկսում եմ: (Ոգևորված՝ իրերը տեղից-տեղ է քարշ տալիս:) Մի գիշերում տունը էնպես սարքեմ՝ Գոհարի սերիալներից էլ լավ:
ԳՈՀԱՐ — Էլի՞ կպաք սերիալներիս…
ԺԻՐԱՅՐ — Ոչ չկպնեմ՝ գոգնոցդ կապիր ու դարձիր օգնականս:
ԳՈՀԱՐ — Դու որտե՜ղ էիր, որ Արսենիս հետ էս ձեռքերով տուն շինեցի:
ԺԻՐԱՅՐ — (մոտենում, նստում է Հասմիկի կողքին): Էդ դեպքում ես՝ օգնական, դու` ղեկավար, միայն կողքիս լինես:
ԳՈՀԱՐ — (Մարիամին): Տեսնում ես, չէ՞, ինձ ի՛նչ է ասում, իսկ ինքը ո՜նց է կպել կնոջը:
Տեսարան 12
Նրանք և Գոռ:
ԳՈՌ — (որ լսել է Գոհարի խոսքը): Ոնց որ բրազիլական սերիալում:
ԳՈՀԱՐ — Էլի՛ մեջ ընկար… բրազիլական սերիալում մարդ ու կնիկ էդ ձև իրար կողք չեն նստում:
ԳՈՌ — Բա ո՞վ է նստում:
ԳՈՀԱՐ — Սիրեկանները… (Ուշացած զղջումով:) Մեղա՛, մեղա՛…
Թեթև, անկաշկանդ մթնոլորտ է: Բայց… Գոռը հայացքով ինչ-որ բան է հարցնում Ժիրայրին: Ժիրայրի պահվածքից զգացվում է՝ ինքն էլ ասելիք ունի և սպասում է հարմար պահի:
ԳՈՌ — (մոտենում է մորը, նա այդ ընթացքում ինչ-որ բան է դասավորում պահարանում): Երեկ գերեզմանատո՞ւն էիր գնացել:
ՄԱՐԻԱՄ — Հա, Նարինեի նամակը կարդացի հորդ համար… Ու որոշեցի տունը նորացնել, երկար լռությունից հետո այստեղ ծնունդ և ամուսնություն պիտի լինի: (Ծանր լռում են:) Նարինես հեռու կլինի, բայց… դու ինձ հետ ես:
Գոռը մոտենում է Ժիրայրին, սպասողական նայում: Հասմիկն ու Գոհարը հետևում են նրանց: Մարիամը թիկունքով է կանգնած, ոչինչ չի տեսնում:
Լռությունը հանկարծ ընդհատվում է Մարիամի երգով, որն աստիճանաբար բարձրանում, լսելի է դառնում: Ներկաները լուռ, զարմացած լսում են: Այդ լռությունից սթափված՝ Մարիամը շրջվում, քիչ մեղավոր ժպտում է:
ՄԱՐԻԱՄ — Վաղուց չէի երգել…
ԳՈՌ — (Ժիրայրին): Ես պիտի ասեմ…
ԳՈՀԱՐ — (վատ կանխազգացումով, հապշտապ ուզում է գնալ): Գնամ… Արսենը մենակ է:
ԳՈՌ — (Ժիրայրին): Հիմա պիտի ասեմ:
ԳՈՀԱՐ — Ախր, ինչի՞ չեք թողնում՝ մարդ հանգիստ ապրի… Ոնց որ սերիալում՝ հենց վիճակը մի քիչ լավանում է՝ գլխին նոր փորձանք է գալիս…
Մարիամը զարմացած նայում է Գոհարին:
ԺԻՐԱՅՐ — (Գոռին): Ժամանա՞կ գտար…
ՀԱՍՄԻԿ — (փորձում է թեման փոխել՝ Ժիրայրին): Խնձոր եմ ուզում, կբերե՞ս… Չէ, ավելի լավ է՝ Գոռը բերի…
ՄԱՐԻԱՄ — (համբերությունը սպառված, նաև՝ տագնապով): Ի՞նչ է պատահել:
ԳՈՀԱՐ — (իրեն կորցրած): Հա, սկզբում խփում են գլխին, հետո քիչ-քիչ ուշքի է գալիս, մինչև…
ՄԱՐԻԱՄ — (խիստ): Գոռ, ի՞նչ է պատահել:
ԳՈՌ — (օգնության հույսով նայում է՝ Ժիրայրը լուռ է): Մամ, որոշել եմ… էստեղ մնալուց ի՞նչ… (Վճռական:) Քեռու հետ Մոսկվա եմ գնում:
ՄԱՐԻԱՄ — (կարողանում է իրեն զսպել, համարյա անտարբեր տեսք է ընդունում): Ինչո՞ւ:
ԳՈՌ — (մոր տոնից շփոթահար): Ինչո՞ւ են Մոսկվա գնում:
ՄԱՐԻԱՄ — Չգիտեմ, գնացողը դու ես:
ԳՈՌ — (խուսափելով մոր հայացքից): Գնացողը ես եմ, բայց… ոնց ասեմ… գիտեմ՝ ինչու եմ ուզում գնալ, բայց հիմա նայում ես ինձ, ու ես… չգիտեմ, ամեն ինչ խառնվեց… (Դուրս է նետվում:)
Դադար:
Տեսարան 13
Մարիամ, Ժիրայր, Հասմիկ, Գոհար:
ԳՈՀԱՐ — Մարիամ, էդպես մի քարանա: Լաց եղիր, սիրտդ կթեթևանա:
ՄԱՐԻԱՄ — Ինչո՞ւ լաց լինեմ, հո սերիալ չէ՞: (Դառը ժպտում է:) Տղաս ուզում է իր կյանքով ապրել: Ուզում է լա՛վ ապրել: (Նայում է եղբորը:)
ԺԻՐԱՅՐ — Ինչ էլ ասեմ, մեղադրելու ես: Իմ գնալը չներեցիր, հիմա՞ ինչ կասես… Միայն իմացիր, որ ես չեմ առաջարկել: Բայց չեմ էլ մերժել:
ՄԱՐԻԱՄ — (տեսնելով Հասմիկի տագնապը՝ ստիպում է իրեն ժպտալ): Հարսիկ ջան, մի հուզվիր, քեզ չի կարելի: Տեսարան չեմ սարքի, ինչ լինելու է՝ կլինի: (Ժիրայրին.) Կարո՞ղ ենք հետաձգել այս խոսակցությունը:
ԺԻՐԱՅՐ — (խուսափուկ): Ոնց ասես…
ՄԱՐԻԱՄ — Ուրեմն, հիմա Հասմիկին տար դուրս, մի քիչ քայլեք, նրան պետք է… Նա մեր տունը ուրախություն է բերել:
Անուշն ու Ժիրայրը դուրս են գնում:
Տեսարան 14
Մարիամ, Գոհար:
ԳՈՀԱՐ — (վախվորած): Մարիա՞մ…
ՄԱՐԻԱՄ — Ասա…
ԳՈՀԱՐ — Արսենս մի օր, վեց անգամ նարդի կրվելուց հետո, սովորականի պես ոչ գոռաց, ոչ էլ կռիվ սարքեց… (Լռում է:)
ՄԱՐԻԱՄ — Հետո՞…
ԳՈՀԱՐ — Ճնշումը բարձրացավ:
ՄԱՐԻԱՄ — Հույս չունենա՛ս:
ԳՈՀԱՐ — Էդ լավ է… ուրեմն՝ կդիմանաս: Ես գնամ, մեկ էլ տեսար՝ ավել-պակաս խոսեցի: Միշտ էլ սխալ բան ես ասում, երբ փորձում ես մխիթարել… ասում եմ, չէ՞… Ես գնամ: (Հասնելով շեմին՝ մի պահ երկմտում է:) Բա ի՞նչ ես անելու:
ՄԱՐԻԱՄ — (իր մտքերի հետ): Հիմա՞, թե՞ ընդհանրապես:
ԳՈՀԱՐ — Երկուսն էլ:
ՄԱՐԻԱՄ — Ընդհանրապես՝ դեռ չգիտեմ, բայց հիմա… Դավիթի ժամն է: Գոհար, բարի գիշեր:
ԳՈՀԱՐ — Որ ասում ես… բարի գիշեր: (Մտամոլոր գնում է:)
Մարիամը գնում, կողքի սենյակից բերում է կարաբինը, գցում է ուսին ու դուրս է գնում:
Տեսարան 15
Կեսօր. Օրացույցի վրա՝ «Երեքշաբթի»: Պատուհաններից անհետացել են հին վարագույրները: Կարի մեքենայի առաջ նստած Գոհարը կարում է: Խոհանոցից գալիս է Մարիամը:
ԳՈՀԱՐ — (աչքի տակով հետևելով Մարիամին): Բայց դու ուրիշ ես, էլի՛…
ՄԱՐԻԱՄ — Այսի՞նքն…
ԳՈՀԱՐ — Վախենում էի քեզ համար…
ՄԱՐԻԱՄ — Ինչո՞ւ:
ԳՈՀԱՐ — Ժիրայրը հերիք չէր, հիմա՝ Գոռը… Նարինեն էլ, փաստորեն, Երևանում է մնում:
ՄԱՐԻԱՄ — (իբր՝ անտարբեր): Հետո՞ ինչ… կյանք է:
ԳՈՀԱՐ — Չէ, մի ասա… (Սևեռուն նայելով նրան:) Թե՞ չգիտեմ, որ սիրտդ լցված է, բայց ցույց չես տալիս:
ՄԱՐԻԱՄ — (դառը քմծիծաղով): Իսկ դու տեսար:
ԳՈՀԱՐ — Դրա համար աչք պետք չէ… (Հուզվում է:) Իմոնքն էլ, մեկը մյուսի ետևից… Տնաշեննե՛ր, գնացած տեղն էլ մի բան լիներ` Եկատերինբուրգ: Նամակ նամակի ետևից են գրում` ա՛յ հեր, ա՛յ մեր, ելեք-եկեք… Մի երկու անգամ քաղաքավարի չեմուչում արի, տեսա` չեն հասկանում, ուղիղ գրեցի. «Էդ ձեր Եկատերինբուրգը Սիբիրում չէ՞: Ժամանակին ձեր պապին աքսորեցին Սիբիր, ինչ է, ասել էր, թե Առաջին հանրապետության օրոք՝ սովին ու պատերազմին, համալսարան հիմնվեց: Բայց ձեր վարժապետ պապին բռնի էին աքսորել: Իսկ դուք ձեզ եք աքսորել Սիբիր՝ հերիք չէ, մեզ էլ եք ուզում աքսորե՞լ: Չէ՛, ես իմ տունն ու բոստանը, մեր տաք արևը թողնող, էդ սիբիրյան ցրտաշունչ սառնամանիքում ապրողը չե՛մ: Ձեր հերն ուզում է` իր կամքն է, բայց ինձ տնիցս դուրս չեք հանի»:
ՄԱՐԻԱՄ — (թույլ ժպիտով): Էդպես էլ գրե՞լ էիր՝ սիբիրյան ցրտաշունչ…
ԳՈՀԱՐ — …սառնամանիքում: Ու հատկապես է՛դ տողերի տակ Արսենս իր ստորագրությունը դրեց: Մի տնից չենք, մի հալից ենք… Չէ, քոնն ուրիշ է, գոնե Արսենը կողքիս է, իսկ դու… Դավիթը քեզ մի մատ էրեխեքով թողեց, գնաց կռիվ:
ՄԱՐԻԱՄ — Չգնա՞ր:
ԳՈՀԱՐ — Ո՞վ է բան ասում… Գնաց, ընկերներին էլ հետը տարավ: Բոլորին տիրություն արեց, թեկուզ վիրավոր` տուն դարձրեց… Իսկ իրեն պահել չկարողացավ:
ՄԱՐԻԱՄ — Հրամանատարը իր մասին չի մտածում:
ԳՈՀԱՐ — Ո՞վ է բան ասում… Բայց որ կողքիդ լիներ…
ՄԱՐԻԱՄ — Դավիթիս բաժին արևը երեխաներիս լուսավորի, իսկ ինքը ինձ հետ է:
ԳՈՀԱՐ — Հատկապես գիշերային ստուգումներիդ ժամանակ:
ՄԱՐԻԱՄ — Հատկապե՛ս: Թե՞ մոռացել ես, որ սահմանի բերանին ենք ապրում ու պատերազմն էլ չի ավարտվել:
ԳՈՀԱՐ — Մոռանալ կլինի՞… Ասեմ` չծիծաղես, հենց վերցնում ես Դավիթի կարաբինն ու պտտվում ես թաղում՝ գիշերը հանգիստ եմ քնում:
ՄԱՐԻԱՄ — Էս գիշեր էլ հանգիստ կքնես, բայց հիմա գործդ պրծի:
Ամեն մեկն զբաղված է իր գործով: Դադար:
ԳՈՀԱՐ — Հասմիկն ուշացավ:
ՄԱՐԻԱՄ — Ժիրայրի ու Գոռի հետ է, ձորի այգում ժամանակը աննկատ է անցնում:
ԳՈՀԱՐ — Վտանգավոր չէ՞, վերջին օրերն են:
ՄԱՐԻԱՄ — Ասի` չլսեցին: (Նմանակելով:) «Երկուսով մի Հասմիկ պահել չե՞նք կարող»:
ԳՈՀԱՐ — Լոպազ Գոռի բառապաշարն է:
ՄԱՐԻԱՄ — Հա… (Ինչ-որ բան որոշելով:) Գյուղի նորությունը առաջինը դու գիտես:
ԳՈՀԱՐ — (ծանրախոհ): Նորություն էլ չլինի` ե՛ս կստեղծեմ:
ՄԱՐԻԱՄ — Ապրի՛ արևդ: Գոռս սիրած աղջիկ ունի՞:
ԳՈՀԱՐ — Ե՞րբ հասցներ, մի ամիս չկա` բանակից եկել է:
ՄԱՐԻԱՄ — Իսկ բանակից առա՞ջ:
ԳՈՀԱՐ — Վարդոյի աղջկա հետ մի քանի անգամ պաչպչվել է, բայց… Էդ աղջիկը կես տարի է` ուրիշի հարս է:
ՄԱՐԻԱՄ — Ինֆորմացիադ փողով որ ծախեիր` տեղական նշանակության օլիգարխ կլինեիր:
ԳՈՀԱՐ — Փողի տեղը ուրիշ ինֆորմացիա եմ պահանջում: Մտքինդ ի՞նչ է:
ՄԱՐԻԱՄ — Սոնային գիտե՞ս:
ԳՈՀԱՐ — Վասոյի կնո՞ջը:
ՄԱՐԻԱՄ — Չէ:
ԳՈՀԱՐ — (կարճ դադարից հետո): Մեր Սեդայի աղջկա՞ն:
ՄԱՐԻԱՄ — Հա՛:
ԳՈՀԱՐ — (արագ թվարկում է): Անցած տարի դպրոցն ավարտեց, տնտեսագիտականի հեռակա բաժնում է սովորում, հալալ տան աղջիկ է:
ՄԱՐԻԱՄ — Է՞լ…
ԳՈՀԱՐ — Մինչև ինստիտուտն ավարտի, ես էլ թոշակի կգնամ, ու դուք ջահել հաշվապահ կունենաք:
ՄԱՐԻԱՄ — Է՞լ…
ԳՈՀԱՐ — Էլ ի՞նչ` էլ:
ՄԱՐԻԱՄ — Ամենակարևորը: Ծնողների միակ երեխան է:
ԳՈՀԱՐ — Հետո՞ ինչ:
ՄԱՐԻԱՄ — Ոչինչ:
ԳՈՀԱՐ — (կարծես հասկանալով Մարիամի մտադրությունը): Լա՞վ ես մտածել:
ՄԱՐԻԱՄ — Ժամանակը ցույց կտա: Կարեցի՞ր:
ԳՈՀԱՐ — (հիանալով արված աշխատանքով): Համարյա: Հրա՛շք:
ՄԱՐԻԱՄ — Քանդիր:
ԳՈՀԱՐ — Ի՞նչ…
ՄԱՐԻԱՄ — Հարցեր չտաս, ժամանակ չկա:
ԳՈՀԱՐ — (վիրավորված): Չհավանեցի՞ր:
ՄԱՐԻԱՄ — Էն էլ` ո՜նց… բայց հիմա քանդիր: (Տեսնելով, որ նա չի հասկանում, վերցնում է վարագույրներից մեկն ու արագ քանդում եզրակարերը:) Գործի անցիր… (Նրան մեկնելով մյուսը:) Քեզ տեսնեմ:
ԳՈՀԱՐ — (կատաղած): Հիմա կտեսնես… էնպես քանդեմ, որ մնաս զարմացած: (Անասելի ճարպկությամբ քանդում է, հաղթական-թունոտ:) Խնդրե՛մ:
ՄԱՐԻԱՄ — (անվրդով իրար վրա է դասավորում կտորները): Ապրես: Վարպետը ոչ միայն լավ պիտի կարի, այլև լավ քանդի:
ԳՈՀԱՐ — (կծու): Ես էլ մտածում էի` էս ամենը հեշտ ես տանում… Պարզվում է…
ՄԱՐԻԱՄ — Դեռ չի պարզվել: (Դարակից վիրակապ է հանում, մոտենում է Գոհարին:) Ձե՛ռքդ:
ԳՈՀԱՐ — Ի՞նչս…
ՄԱՐԻԱՄ — Աջ ձեռքդ:
ԳՈՀԱՐ — (այլևս ոչինչ չհասկանալով` պարզում է ձեռքը, թունոտ): Ես էլ մտածում էի՝ է՛լ ձեռքս խնդրող չի լինի:
ՄԱՐԻԱՄ — Երազանքդ մի կողմ դիր ու ուշադիր լսիր: Քիչ առաջ պատուհանի գոգից ընկար…
ԳՈՀԱՐ — Ե՞ս…
ՄԱՐԻԱՄ — Դո՛ւ:
ԳՈՀԱՐ — Ինչի՞ հատկապես պատուհանից:
ՄԱՐԻԱՄ — Որովհետև վարագույրի երկարությունն էիր չափում:
ԳՈՀԱՐ — Առավոտն եմ չափել:
ՄԱՐԻԱՄ — Առավոտվանը մոռացիր: Քիչ առաջ բարձրացար, գլուխդ պտտվեց…
ԳՈՀԱՐ — Մի կռռա… Ասածը կատարվում է` կարմա: Ո՛չ մի դեպքում:
ՄԱՐԻԱՄ — Լավ, ոտքդ սոթ տվեց, ու ընկար:
ԳՈՀԱՐ — Կյանքում ընկած չկամ… Ի՞նչ ես անում ձեռքս:
ՄԱՐԻԱՄ — Կապում եմ: Ընկել ես, չէ՞, ցավ է առել, եզան լեզուն դրել եմ վրան ու կապում եմ:
ԳՈՀԱՐ — Բա ո՞ւր է:
ՄԱՐԻԱՄ — (վիրակապելով): Ի՞նչը:
ԳՈՀԱՐ — Եզան լեզուն:
ՄԱՐԻԱՄ — Առանց դրան յոլա կգնաս: Կարևորը` քո՛ լեզուն փակ պահես:
ԳՈՀԱՐ — Ասածիդ հավատացի՞ր:
ՄԱՐԻԱՄ — Դժվար հավատալու է, բայց որ իմանաս ինչի համար է` լեզուդ ինքն իրեն կփակվի:
ԳՈՀԱՐ — Ինչի՞ համար է:
ՄԱՐԻԱՄ — Ավելի ճիշտ` ո՛ւմ համար է: (Քարկապելով, արած գործից գոհ:) Հրա՛շք:
ԳՈՀԱՐ — (ինքն էլ է զննում): Վատ չէ… Ասում ես` ում համար է՞:
ՄԱՐԻԱՄ — Գոռի:
ԳՈՀԱՐ — Չհասկացա:
ՄԱՐԻԱՄ — Կհասկանաս: (Նայելով պատի ժամացույցին, շուտասելուկով:) Ուրեմն, գլուխդ պտտվեց, ընկար ու ձեռքդ վնասեցիր: Տե՛ս, չխառնես:
ԳՈՀԱՐ — (նրա տոնով): Ուրեմն` ոտքս սոթ տվեց, ընկա ու ձեռքս վնասեցի: Տե՛ս, չխառնես: (Արդեն՝ խիստ:) Իսկ հիմա բացատրիր:
Դուռը թակում են:
ՄԱՐԻԱՄ — Քեզ Գոհար կասեն, ինքդ կհասկանաս: (Գնում է դուռը բացելու:)
ԳՈՀԱՐ — (քթի տակ): Գոռը դեռ մոտն է՝ ալիքները խառնել է, բա որ մենակ մնա, ո՞նց է դիմանալու: (Ուղղում է վիրակապը:) Բա մե՞նք ոնց ենք դիմանում:
Տեսարան 16
Մարիամը գալիս է Սոնայի հետ:
ՍՈՆԱ — Բարև, տիկին Գոհար:
ԳՈՀԱՐ — (փորձելով ցույց չտալ զարմանքը): Բարև, Սոնա ջան:
ՄԱՐԻԱՄ — (Սոնային): Գոհարն ասաց՝ մեր Սոնային կանչիր` օգնի:
ԳՈՀԱՐ — Ե՞ս ասի… (Մարիամի հայացքից սթափվելով:) Հա, ասի` ոչ միայն կօգնի, համ էլ կփրկի:
ՍՈՆԱ — Ե՞ս…
ՄԱՐԻԱՄ — Դու: Գոհարն ասաց, որ լավ կար ու ձև գիտես:
ԳՈՀԱՐ — Ե՞ս ասի… (Ու նորից՝ Մարիամի հայացքը:) Հա, ասի` ոչ միայն կար ու ձև, արդուկ անել էլ գիտի:
ՍՈՆԱ — (զարմացած): Դե… եթե ասում եք:
ՄԱՐԻԱՄ — Գոհարը գիտի` ինչ է ասում: Ինքն էլ ասաց, որ զանգեմ քեզ:
ԳՈՀԱՐ — (թունոտ): Էդ ե՞րբ զանգեցիր:
ՄԱՐԻԱՄ — (երկիմաստ): Ձեռքդ կապելուց առաջ:
ԳՈՀԱՐ — (ձեռքն այնպես է զննում, ասես նոր տեսավ): Ո՜նց էի մոռացել…
ՍՈՆԱ — Ցավո՞ւմ է:
ԳՈՀԱՐ — (թունոտ): Հատկապես, երբ կարում եմ:
ՍՈՆԱ — (հասկանալով ակնարկը՝ մոտենում է կարի մեքենային): Բա որ կարերը ծո՞ւռ լինեն:
ՄԱՐԻԱՄ — Կարևորը` կարերը լինեն:
ԳՈՀԱՐ — (հազիվ զսպելով իրեն): Ուղիղ, քանոնով գծած, շարմաղ կարե՜րս…
ՍՈՆԱ — Ի՞նչ…
ՄԱՐԻԱՄ — Ընկնելուց հետո ինքն իրեն խոսում է: Ուշադրություն մի դարձրու, դու կարիր, աղջիկս:
ԳՈՀԱՐ — (տեսնելով, թե ինչ անվարժ է աղջիկը կտորը դնում ասեղի տակ` փակում է աչքերը, հետո, չդիմանալով, մի աչքը բացում՝ հետևում է:) Ի՜նչ կարեր էին…
ՍՈՆԱ — Բան ասի՞ք, տիկին Գոհար:
ԳՈՀԱՐ — (համակերպված դառնությամբ): Ասում եմ` սուրճ խմեմ: Ներվերը բթացնում է:
ՄԱՐԻԱՄ — Գնանք խոհանոց, էն սուրճը եփեմ` ձեռքիդ ցավը մոռանաս:
ԳՈՀԱՐ — (աչքը՝ կտորեղենին): Անհնար է:
ՄԱՐԻԱՄ — (Սոնային): Քեզ չենք խանգարի:
Մարիամն ու Գոհարը մտնում են խոհանոց:
ՍՈՆԱ — (նյարդայնանում է): Թե ո՞ր օրվա կար անողն եմ… Մաման ասաց` Մարիամ մորաքույրը շտապ կանչում է… ո՜ւֆ, մատս ծակեցի… Մտածեցի` օգնելու բան կա, բայց կարե՞լ…
Տեսարան 17
Դուռը բացվում է, ներս է ընկնում Գոռը:
ԳՈՌ — Մա՛մ… (Տեսնելով Սոնային:) Սոնա՞:
ՍՈՆԱ — Ես եմ:
ԳՈՌ — Փոխվել ես, չճանաչեցի… Մաման ո՞ւր է:
ՍՈՆԱ — Խոհանոցում Գոհարի համար սուրճ է եփում:
ԳՈՌ — (փլվելով աթոռին): Մտքովս ինչ ասես` անցավ:
ՍՈՆԱ — Մտքովդ ճիշտ է անցել…
ՎԱՀԱՆ — (տեղից վեր թռնելով): Ի՞նչ…
ՍՈՆԱ — Գոհարն ընկել, ձեռքը վնասել է:
ԳՈՌ — Գոհա՞րը… նա կյանքո՞ւմ է ընկել…
Տեսարան 18
Նրանք և Մարիամ, Գոհար:
ԳՈՀԱՐ — (լսել է Գոռի ասածը): Ապրի՛ արևդ, ես ընկնե՞մ… (Մարիամն աննկատ խփում է ձեռքին:) Ոտքս որ սոթ չտար` ես ընկնո՞ղն էի:
ԳՈՌ — (Մարիամին): Հեռախոսով էնպես խոսեցիր, մտածեցի՝ բան է պատահել:
ԳՈՀԱՐ — (կեղծ բարկությամբ): Ուրեմն ձեռքս՝ հե՞չ…
ԳՈՌ — (Գոհարին): Ասածիդ հավատացի՞ր:
ԳՈՀԱՐ — Կեղծավո՛ր… որպես տուգանք` կբարձրանաս ու պատուհանի բարձրությունը կչափես: Ամեն պատուհանը` առանձին:
ԳՈՌ — Չհասկացա, մեր պատուհանների բարձրությունը նույնը չէ՞:
ԳՈՀԱՐ — Որ ասում եմ, ուրեմն տարբեր է: Սոնային էլ կօգնես:
ԳՈՌ — Բա դո՞ւք:
ՄԱՐԻԱՄ — Մենք, համենայնդեպս, գնանք բուժակի մոտ: (Գոհարին.) Գնացինք:
ԳՈՀԱՐ — (զննելով ձեռքը): Քեզ համար հանգիստ կարում ես, ու մեկ էլ` պատուհանից ընկար:
ՄԱՐԻԱՄ — (նրան դեպի դուռը հրելով): Գնանք, որ շուտ գանք:
ԳՈՀԱՐ — (շեմից շրջվելով՝ բազմանշանակ): Ինչքան հնարավոր է` ուշ… ուզում էի ասել` շուտ կգանք:
Գնում են:
Տեսարան 19
Գոռ, Սոնա:
Սենյակում լարված լռություն է: Սոնան գլուխը չի բարձրացնում մեքենայից: Գոռ մե՛կ նրան է նայում, մե՛կ պատուհաններին, հետո անսպասելի թռչում է մեկի գոգին: Կանգնում, հայացքով ինչ-որ բան է փնտրում, հետո նայում է Սոնային: Նա կարծես չի նկատում շուրջը կատարվողը: Լռությունը երկարում է: Ի վերջո, չհամբերելով, աղջիկը փորձում է աննկատ նայել Գոռին ու հանդիպելով նրա հայացքին` շփոթվում է: Բայց դա կարճ է տևում. հաղթահարելով կաշկանդումը` այս անգամ ուղիղ նայում է Գոռին:
ՍՈՆԱ — Պրոբլե՞մ կա:
ԳՈՌ — Կա:
ՍՈՆԱ — (մեքենայի դարակից հանում է մետրաչափը, բարձրանում է տեղից, մոտենում է նրան): Սա՞ է պրոբլեմը:
ԳՈՌ — Լավ էլ շուտ հասկացար… (Ասես նոր է տեսնում աղջկան:) Ուրեմն` էն Սոնան դու ես:
ՍՈՆԱ — Ո՞ր Սոնան:
ԳՈՌ — Նիհարիկ, քթիդ` պեպեններ…
ՍՈՆԱ — Ինչ էլ հիշում ես… (Տալով մետրաչափը:) Գործի անցիր:
ԳՈՌ — (սկսում է իբր չափումներ անել, որոնք հեռավոր նմանություն չունեն տրված հանձնարարության հետ): Բանտիկն էլ միշտ գլխիդ…
ՍՈՆԱ — (հետևելով նրա անկապ շարժումներին՝ անմիջական պարզությամբ): Գոնե հասկանո՞ւմ ես` ինչ ես անելու:
ԳՈՌ — Չեմ էլ պատկերացնում: Իսկ դո՞ւ:
ՍՈՆԱ — Ես պատկերացնում եմ, բայց չգիտեմ` ինչպես անեմ:
ԳՈՌ — (ինչ-որ բան որոշելով): Գնա՞նք այգի:
ՍՈՆԱ — Ո՞ւր:
ԳՈՌ — Ժիրայրն ու Հասմիկը էնտեղ են… Մենակ տեսնես՝ ինչ գեղեցկություն է:
ՍՈՆԱ — Ոնց որ մենք այգի չունենք:
ԳՈՌ — Բայց մերը ձերում է: Գնանք:
ՍՈՆԱ — (գլխի շարժումով ցույց տալով կարի մեքենան): Բա սա՞…
ԳՈՌ — Չի փախչի: (Ցած է թռչում, արդեն չթաքցնելով հիացմունքը:) Իսկ դու սիրունացել ես:
ՍՈՆԱ — Վարդոյի աղջկան չեմ հասնի:
ԳՈՌ — Նրա մասի՞ն որտեղից գիտես:
ՍՈՆԱ — Ուրեմն՝ գիտեմ:
ԳՈՌ — Ուրեմն, պիտի գիտենաս, որ նա ամուսնացել է:
ՍՈՆԱ — Ուրեմն՝ չսպասեց:
ԳՈՌ — Ուրեմն… (Ծիծաղում է, Սոնան միանում է նրան:) Գնացի՞նք…
ՍՈՆԱ — (նայում է կարի մեքենային, Գոռին): Գնացինք:
Արագ դուրս են գնում:
Տեսարան 20
Ներս են մտնում Հասմիկն ու Ժիրայրը:
ՀԱՍՄԻԿ — Էս ո՞ւր են:
ԺԻՐԱՅՐ — Մարիամը Գոռին կանչեց, երևի գործ կար… Գոհարն էլ, հաստա՛տ, իր Արսենին է կերակրում:
ՀԱՍՄԻԿ — (մոտենալով կարի մեքենային): Ոնց որ կարած ու քանդած է…
ԺԻՐԱՅՐ — Չէ հա…
ՀԱՍՄԻԿ — Հա, էլի… կարի տեղերը երևում են… ըհը, էստեղ էլ թել է մնացել…
ԺԻՐԱՅՐ — (ստուգելով պատերը:) Ներկը չորացել է: Առավոտ շուտ հատակը որ ներկենք, մինչև գիշեր կչորանա:
ՀԱՍՄԻԿ — Հա՞ որ…
ԺԻՐԱՅՐ — Ֆիննական ներկ է, չկասկածես…
Տեսարան 21
Դուռն աղմուկով բացվում է, ներս է խուժում Նարինեն:
ՀԱՍՄԻԿ — Նարինե՞…
ՆԱՐԻՆԵ — Մամաս ո՞ւր է:
ԺԻՐԱՅՐ — Շաբաթ չպիտի՞ գայիր…
ՆԱՐԻՆԵ — Հա, մաման որ չզանգեր…
ԺԻՐԱՅՐ, ՀԱՍՄԻԿ — (միասին): Ե՞րբ է զանգել:
ՆԱՐԻՆԵ — Դուք… չգիտե՞ք:
ԺԻՐԱՅՐ — (Հասմիկին): Գիտեի՞ր:
ՀԱՍՄԻԿ — (Ժիրայրին): Դու էլ չգիտե՞ս…
ԺԻՐԱՅՐ — Բայց ի՞նչ է ասել, որ գլխապատառ եկել ես:
ՆԱՐԻՆԵ — (նմանակելով Մարիամին): Քննությունդ կտաս թե չէ՝ էստեղ լինես:
ՀԱՍՄԻԿ — Ե՞րբ զանգեց:
ՆԱՐԻՆԵ — Գիշերը:
ԺԻՐԱՅՐ — Բա չհարցրի՞ր…
ՀԱՍՄԻԿ — Հարցրի: Նույնը կրկնեց:
ՀԱՍՄԻԿ — Մինչև Մարիամը չգա՝ բան չենք իմանա: Մոտ արի՝ համբուրեմ…
ՆԱՐԻՆԵ — Վա՜յ, ճիշտ որ, բարով տեսանք… (Պայուսակը գցում է հատակին, գրկում Հասմիկին, խանդաղատանքով ու քիչ քաշվելով ձեռքը դնում է կլոր փորին:) Ո՞նց է…
ՀԱՍՄԻԿ — Ամբողջ օրը տոտիկներով խփում է, ֆուտբոլ է խաղում:
ԺԻՐԱՅՐ — Տղան բա ի՞նչ պիտի անի… (Ձեռքերը լայն տարածելով:) Ինձ չե՞ս ուզում համբուրել:
ՆԱՐԻՆԵ — Քեռի ջան… (Ընկնում է Ժիրայրի գիրկը:) Ո՜նց էի քեզ կարոտել…
ԺԻՐԱՅՐ — Էնքան, որ նոր հիշեցիր…
Ուրախ քաշքշոց, գրկախառնություն:
Տեսարան 22
Նրանք և Մարիամ, Գոհար:
ԳՈՀԱՐ — Էս Նարինե՞ն է…
ՆԱՐԻՆԵ — (նետվում է մոր կողմը): Ի՞նչ է պատահել:
ՄԱՐԻԱՄ — (գրկում, համբուրում է աղջկան, հանդարտ): Որ համբերես` կիմանաս, հիմա թող, նայեմ քեզ… (Աղջկան զննում է` անկարող թաքցնել մայրական հպարտությունը:) Չես նիհարել… ի՞նչ ստացար:
ՆԱՐԻՆԵ — 8:
ԳՈՀԱՐ — Ի՞նչ…
ՆԱՐԻՆԵ — Ձեր ժամանակ դա 4-ն էր:
ԳՈՀԱՐ — Ինչ ասես` չեն հորինի… Արի, էդ սիրուն աչքերդ մի հատ պաչեմ… (Համբուրում է:) Գեղեցկուհի՛ս:
ՆԱՐԻՆԵ — 1 մետր 65 սանտիմետրանոց գեղեցկուհի չի լինում:
ԺԻՐԱՅՐ — Գեղեցկությունը որ բոյով չափվեր, էլ ի՛նչ կուզեինք… Մեր փեսան ո՞ւր է:
ՆԱՐԻՆԵ — Շաբաթ կգա, ոնց պայմանավորվել էինք: (Անհանգիստ հայացքը մորից չի կտրում:) Մա, Գոռն ո՞ւր է:
ԳՈՀԱՐ — (նոր հիշելով` շուրջն է նայում): Էս… Սոնա՞ն ուր է…
Բոլորը, Մարիամից բացի, զարմացած նայում են Գոհարին:
ՀԱՍՄԻԿ — (նոր նկատելով Գոհարի վիրակապը): Էս… ձեռքի՞դ ինչ է պատահել:
ԳՈՀԱՐ — (Մարիամին): Ի՞նչ է պատահել:
ՄԱՐԻԱՄ — (նույն հանդարտությամբ): Հոդացավ է, կանցնի:
ԳՈՀԱՐ — Որ ասում ես՝ հոդացավ է, ուրեմն կանցնի, թե չէ՝ ցավ է առել… Քանդե՞մ:
ՄԱՐԻԱՄ — Բայց ինչո՞ւ ես կապել, որ ինձ ես հարցնում…
ԳՈՀԱՐ — (լրիվ շփոթահար, ինքն իրեն): Էսօր ի՞նչ երազ եմ տեսել:
ԺԻՐԱՅՐ — Կանանց բատալյոնը որ հավաքվեց` իմ գնալու ժամանակն է:
ՀԱՍՄԻԿ — Ո՞ւր…
ԳՈՀԱՐ — Մեկնումեկի մեքենան վերանորոգելու:
ԺԻՐԱՅՐ — Գոհարը երբեք չի սխալվում: (Համբուրում է Հասմիկին, կամաց:) Իմացիր` ինչու է կանչել Նարինեին:
ՀԱՍՄԻԿ — (կամաց, իբր` վրեժխնդիր): Կիմանամ ու չեմ ասի:
ԺԻՐԱՅՐ — (բարձր): Էրեխեն ճամփա է եկել, հաց տվեք, Հասմիկի վիտամիններն էլ չմոռանաք… (Դռան մոտ շրջվելով, Գոհարին:) Էդ կարում-քանդում եք, որ նորի՞ց կարեք-քանդեք…
ՄԱՐԻԱՄ — (կանխելով Գոհարին): Պրոֆեսիոնալ գաղտնիք է:
ԳՈՀԱՐ — (քանդելով վիրակապը): Դե, որ ասում ես…
ԺԻՐԱՅՐ — (Մարիամին, ծանր շեշտով): Թե իմանաս, ո՜նց է դուրըս գալիս էդ քո անբնական հանգստությունը: (Դուրս է գնում:)
Լռություն է տիրում, բոլորն ասես խուսափում են իրար նայել:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Տեսարան 23
Նույն օրը: Խոհանոցում ճաշի պատրաստություն են տեսնում Մարիան ու Նարինեն:
ՆԱՐԻՆԵ — Մա՞մ…
ՄԱՐԻԱՄ — Գոռը Մոսկվա է գնում:
ՆԱՐԻՆԵ — Ո՞նց թե…
ՄԱՐԻԱՄ — Գնում է:
ՆԱՐԻՆԵ — Գուցե ժամանակավոր է… կաշխատի, մի քիչ փող կհավաքի ու կգա:
ՄԱՐԻԱՄ — Դու քո ասածին հավատացի՞ր: Գյուղից ով գնացել` չի եկել: Ընտանիքն էլ հետն է տարել:
ՆԱՐԻՆԵ — Մի կողմից էլ… էստեղ որ մնա` ի՛նչ… ոչ կարգին գործ կա, ոչ… (Տեսնելով մոր հայացքը:) Դե, խոսում ենք…
ՄԱՐԻԱՄ — Քեզ չեմ կանչել, որ նրա գնալը արդարացնես: Էստեղ դրա պակասը չկա, քեռիդ հերիք է:
ՆԱՐԻՆԵ — Ե՞ս ինչ կարող եմ անել:
ՄԱՐԻԱՄ — Չգիտեմ… Մտածեցի` կանչեմ, խելք-խելքի տանք… Հորդ տունը քանդվում է:
ՆԱՐԻՆԵ — (գրկում է մորը): Ի՞նչ ես ասում…
ՄԱՐԻԱՄ — Մտածում էի` տղաս բանակից կգա, տանը տեր կկանգնի…
ՆԱՐԻՆԵ — Կարո՞ղ է՝ ինձ էլ ես մեղադրում, որ ես…
ՄԱՐԻԱՄ — Շատ կուզեի, որ դու էլ մոտս լինեիր, բայց աղջկա բախտը ուրիշ է… (Խորամանկ նայելով աղջկան:) Քեզ շա՞տ է սիրում:
ՆԱՐԻՆԵ — Մա՜մ…
ՄԱՐԻԱՄ — Ջա՛ն: Խենթի պե՞ս:
ՆԱՐԻՆԵ — Մամ, հիմա ո՞վ է էդ բառերն ասում:
ՄԱՐԻԱՄ — Էդ բառերը բոլոր ժամանակների համար են: Ու էդ էր պակաս, որ իմ գեղեցկուհուն խելագարի պես չսիրի:
ՆԱՐԻՆԵ — Հանգստացիր, սիրում է:
ՄԱՐԻԱՄ — (դավադիր տոնով): Առանց քեզ չի կարող… թեկուզ մի օ՞ր…
ՆԱՐԻՆԵ — Իհարկե, չի կարող:
ՄԱՐԻԱՄ — Ուր որ գնաս, կհետևի՞ քեզ:
ՆԱՐԻՆԵ — (գուշակելով մոր միտքը): Հո տնփեսա չե՞ս ուզում բերել:
ՄԱՐԻԱՄ — Ինչո՞ւ տնփեսա… Գյուղում քանի՜ ազատ տուն կա՝ մեկը մեկից լավը:
ՆԱՐԻՆԵ — Չեղավ… Նոր չասի՞ր, որ աղջկա բախտն ուրիշ է: Էնպես որ, զբաղվենք Գոռի պրոբլեմով:
ՄԱՐԻԱՄ — (կասկածելի խոնարհությամբ): Ոնց կասես:
ՆԱՐԻՆԵ — Մամ, ինձ շանտաժի ենթարկեցիր, որ միասին խանգարենք Գոռի գնալը, հա՞…
ՄԱՐԻԱՄ — Էսօրվա քննությունդ ի՞նչ էր:
ՆԱՐԻՆԵ — Տրամաբանություն:
ՄԱՐԻԱՄ — Հո՛ղս դասախոսիդ գլխին: 10-ից պակաս չպիտի նշանակեր:
Ծիծաղելով ուտեստեղեն են տանում սենյակ:
Տեսարան 24
Մարիամն ու Նարինեն սեղան են բացում: Գոհարն ավարտում է կարը: Հասմիկը նստած հետևում է նրանց:
Ներս են մտնում Սոնան ու Գոռը: Այդքան մարդ տեսնելով` հանկարծակիի են գալիս: Սոնան շփոթված նետվում է դեպի կարի մեքենան:
ՍՈՆԱ — Ես հիմա… հիմա կկարեմ…
ԳՈՌ — (Հասմիկին): Մենք էլ այգում ենք ձեզ փնտրում:
ՄԱՐԻԱՄ — Գոռ, տե՛ս, ով է եկել:
ԳՈՌ — (տեսնելով խոհանոցից դուրս եկող Նարինեին): Նարինչո՜ս… (Գրկախառնվում են:)
Գոհարը գրպանից հանելով վիրակապը` հայացքով հարցնում է Մարիամին` կապե՞մ: Սոնան տեսնելով, որ կարն արված է` զարմացած նայում է մե՛կ Գոհարին, մե՛կ Մարիամին, որը հետևում է զավակների հանդիպմանը:
ՄԱՐԻԱՄ — (Գոհարին): Վերջապես կողմնորոշվիր` հոդացա՞վ է, թե՞ բան չկա: (Սոնային.) Ապրես, աղջիկս, շատ լավ ես կարել: Իսկ հիմա նստեք ճաշելու:
Բոլորը, ասես հրամանով, մոտենում են սեղանին ու… բարձր ծիծաղում: Սենյակում աթոռ չկա:
Տեսարան 25
Օրացույցի վրա՝ «Հիգշաբթի»: Կեսօրն անց: Նարինեն ու Սոնան վարագույրներն են կախում:
ՆԱՐԻՆԵ — Ինչո՞ւ ես հեռակա սովորում:
ՍՈՆԱ — Երկրորդ ինֆարկտից հետո մամայիս ո՞ւմ թողնեի… Պապան` ի՞նչ… ասենք, կարտոֆիլ տապակեց կամ ձու խաշեց… բա արդուկ, լվացք, այգի… Ո՞ր մեկն անի, առանց էդ էլ մորս հիվանդությունից հետո շատ է խեղճացել…
ՆԱՐԻՆԵ — (իր «գիծն» է առաջ տանում): Բայց ամբողջ կյանքդ նրանց հետ չե՞ս ապրելու:
ՍՈՆԱ — Միակ երեխան լինել էլ սա է:
ՆԱՐԻՆԵ — Միակ երեխան էլ մի օր պիտի սիրի, ամուսնանա ու… (Բջջայինը զանգում է: Նայում է էկրանին, ուզում է պատասխանել, բայց մտածելով, որ խոսակցությունը չարժի ընդհատել, անջատում է ձայնը, բայց ապարատը պահում է ձեռքում: Սոնայի հետ խոսելու ընթացքում հեռախոսն անընդմեջ զանգում է, Նարինեն նույն կերպ նայում է էկրանին ու անջատում է:) Ու` թըռռ… հայրական տնից:
ՍՈՆԱ — Չգիտեմ, հիմա կարևորը մամայիս առողջությունն է:
ՆԱՐԻՆԵ — Քեզ պես աղջիկ որ ունի, ամեն ինչ լավ կլինի:
ՍՈՆԱ — Դու իմ տեղը լինեիր` նույնը չէի՞ր անի:
ՆԱՐԻՆԵ — (հանկարծակիի գալով): Չգիտեմ…
ՍՈՆԱ — Ոչ մեկն էլ չգիտի, բայց երբ դա պատահում է, հասկանում ես, որ այլ կերպ վարվել չես կարող: Ես էլ կուզենայի ուսանողական կյանքը վայելել… Բայց չեմ ափսոսում:
ՆԱՐԻՆԵ — (ակամա հարգանքով): Ինչ լավն ես, Սոնա:
ՍՈՆԱ — (շփոթվելով): Իսկ դու գեղեցկուհի ես, հագուստդ էլ ուրիշ է… մեզ համար անսովոր: (Նայում է պատի ժամացույցին:)
ՆԱՐԻՆԵ — Շտապո՞ւմ ես:
ՍՈՆԱ — Մի քիչ… ճաշը պիտի եփեմ:
ՆԱՐԻՆԵ — Իսկ… եթե սիրահարվե՞ս:
ՍՈՆԱ — (հանկարծակիի եկած): Ե՞րբ…
ՆԱՐԻՆԵ — Ասենք` վաղը… Ու նա քեզ վերցնի ու տանի:
ՍՈՆԱ — Ո՞ւր…
ՆԱՐԻՆԵ — Ինչո՞ւ չես հարցնում` ո՛վ, միանգամից ճշտում ես` ո՛ւր:
ՍՈՆԱ — (շփոթված): Ես գնամ, հա՞…
ՆԱՐԻՆԵ — (անտեսելով նրա շփոթությունը): Բա որ քեզ վերցնի ու տանի՞:
ՍՈՆԱ — (պայթում է): Ճամպրուկ չեմ, որ վերցնի ու տանի, ու, հետո, ես ոչ մի տեղ գնալ չեմ կարող, չե՞ս հասկանում… (Դուրս է նետվում:)
ՆԱՐԻՆԵ — (ինքն իրեն): Դու նույնիսկ չես պատկերացնում, թե ո՛նց եմ հասկանում: (Գոհ ժպտում է, հեռախոսի համար է հավաքում:) Կարե՞ն, ներիր, չէի կարող պատասխանել… Պատկերացրու, շատ կարևոր խոսակցություն էր… Հա, ընդհատել չէի կարող… Ում հե՞տ… Միայն չփորձես խանդի տեսարան սարքել, թեև ուշքս գնում է, երբ խանդից աչքերդ ճակատդ են թռչում… Լավ, լավ, լրջացա… Սոնայի հետ էի խոսում: Ով է Սոնա՞ն… Ինձ թվում է՝ եղբորս ապագա կինը: Ասացի՝ ապագա, լավ չես լսո՞ւմ: Բայց ո՞վ ասաց, որ Գոռն ամուսնացած է… (Համակերպված լսում է, բայց հանկարծ զայրանում է:) Ի՞նչ, ում եմ հանդիպե՞լ… ի՞նչ առաջին սեր… Կարեն, վերջ տուր, ես մեր տանն եմ ու մենակ: Հա, ոչ ոք չկա: Ասում եմ՝ մենակ եմ… Բա նոր ում հետ էի խոսո՞ւմ, եթե մենակ եմ… Կարեն, լսիր… Կարե՛ն… (Այն կողմում հեռախոսն անջատում են: Նարինեն մի քանի անգամ համար է հավաքում՝ պատասխանող չկա: Տագնապած հեռախոսն անջատում, գնում է դեպի դուռը: Շեմին բախվում է Մարիամի հետ:)
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ ասաց Սոնան:
ՆԱՐԻՆԵ — Չես սխալվել, Սոնան էստեղից գնացողը չէ:
ՄԱՐԻԱՄ — Բա ինչո՞ւ ես գույնդ գցել:
ՆԱՐԻՆԵ — Եթե չեմ սխալվում, Կարենն էլ էստեղ եկողը չէ: (Արագ դուրս է գնում:)
Մարիամն ուզում է հետևել, դրսից լսվում է Նարինեի ձայնը:
ՆԱՐԻՆԵ — Մամ, ամեն ինչ նորմալ է, քիչ հետո կգամ:
Հասկանալով, որ աղջիկն ուզում է մենակ մնալ, մտազբաղ նստում է:
Տեսարան 26
ՄԱՐԻԱՄ — (ներս մտնող Գոռին): Ո՞ւր էիր:
ԳՈՌ — Գոհարի անտենան դզեցի, իսկ ինքը Հասմիկի սուրճի բաժակն է նայում: (Դադարից հետո:) Էս… ո՞ւր է:
ՄԱՐԻԱՄ — Ո՞վ:
ԳՈՌ — Նարինեն:
ՄԱՐԻԱՄ — Դրսում է: Իսկ Սոնան լավ աղջիկ է:
ԳՈՌ — (իբր՝ անտարբեր): Հետո՞ ինչ:
ՄԱՐԻԱՄ — Ոչի՛նչ:
ԳՈՌ — Այսի՞նքն…
ՄԱՐԻԱՄ — Կարծեմ՝ պատրաստվում ես գնալու…
ԳՈՌ — Լավ հիշեցրիր: (Գնում է դեպի դուռը:)
ՄԱՐԻԱՄ — Ո՞ւր:
ԳՈՌ — Պատրաստվելու:
Գոռը գնում է: Մարիամը թևաթափ գլուխն առնում է ձեռքերի մեջ:
Տեսարան 27
Նույն օրը, երեկոյան: Գոհարն ու Հասմիկը նորածնի օժիտով են զբաղված: Մարիամը աշակերտական տետրերն է ստուգում: Նարինեն եղունգներն է հարդարում, աչքը` սեղանիկին դրված հեռախոսին, որն համառորեն լռում է:
ԳՈՀԱՐ — Չորս թոռ ունեմ, չորսն էլ` հեռակա: Մարդ է՞լ գյուղի բոլոր էրեխեքի լողացնողը լինի ու գոնե սեփական մի թոռին չլողացնի:
ՀԱՍՄԻԿ — Դուք էլ մի անգամ գնացեք, էլի…
ԳՈՀԱՐ — Չէ, մեկ որ գնացինք, կմտածեն` հա՜ գնալու ենք: Իսկ էսպես՝ գիտեն, որ իրենք պիտի գան:
ՄԱՐԻԱՄ — Աչքիս՝ չեն շտապում գալ:
ԳՈՀԱՐ — Ոչի՜նչ, մեր համբերությունը ծով է, որ չմեռնենք՝ հաստա՛տ կսպասենք:
ՆԱՐԻՆԵ — Ախր, և՛ ձեզ եք տանջում, և՛ իրենց:
ԳՈՀԱՐ — Գիտեմ, հերն էլ էնտեղ է անխոս մղկտում, բայց դիմանում ենք: Իրենց չկարողացանք գյուղում պահել, մեզ էլ որ չպահենք, քանի՞ գրոշ արժենք:
ՆԱՐԻՆԵ — (զարմացած հարգանքով): Մտքովս չէր անցնի, որ դուք… (Բառն է փնտրում:)
ԳՈՀԱՐ — Էծի պես համա՞ռ եմ:
ՆԱՐԻՆԵ — Չէ, ուրիշ եք:
ՀԱՍՄԻԿ — Թե ո՞վ է հնարել էս օտարությունը:
ՄԱՐԻԱՄ — Մարդու մեջ նստած օտարը:
ՆԱՐԻՆԵ — Լավ է հնչում, ոնց որ՝ դպրոցում, բայց ոչինչ չի ասում:
ՄԱՐԻԱՄ — Քեզ չի ասում, իսկ Գոհարին ասում է:
ՀԱՍՄԻԿ — (կամաց): Ինձ էլ է ասում…
Ծանր լռություն:
ՄԱՐԻԱՄ — Էս ի՞նչ լրջացաք: (Տետրերը հավաքելով:) Հիմա լոտո կխաղանք` դեմքներդ բացվի: (Դարակից հանում է լոտոյի տոպրակը:) Փողով ենք խաղում:
ՆԱՐԻՆԵ — Ո՜ւխ, սաղիդ կրեմ…
Աշխույժ իրարանցում: Սեղանը մաքրում են, շարվում շուրջը: Մարիամը տոպրակը տալիս է Գոհարին: Նա վարպետորեն խառնում է տոպրակի միջի քարերը: Մյուսները դասավորում են քարտերը:
Տեսարան 28
Ներս են մտնում Սոնան ու Գոռը: Մի պահ բոլորը նայում են նրանց, հետո շարունակում իրենց գործը, ասես նրանց՝ երկուսով հայտնվելը սովորական բան է:
ԳՈՌ — Էս ի՞նչ գործի եք:
ՀԱՍՄԻԿ — Լոտո ենք խաղում:
ԳՈՀԱՐ — Ճիշտ ժամանակին եկաք:
ՆԱՐԻՆԵ — (ձեռքերը շփելով): Ձեզ էլ եմ կրելու:
ԳՈՌ — Էդ հետո կերևա…
Աթոռներ են բերում, իրար կողք նստեցնում նորեկներին: Սկսվում է խաղը: Կանայք աշխատում են չնայել Գոռին ու Սոնային, բայց իրար ուղղված նրանց հայացքներում համր խոսակցություն է ընթանում:
Տեսարան 29
Նրանք և Ժիրայր:
Ժիրայրը, դեռ չնկատված՝ հետևում է խաղացողներին: Նրա դեմքին խորամանկ ժպիտ է հայտնվում:
ԺԻՐԱՅՐ — (առաջ գալով): Շատ չե՞մ ուշացել:
ՀԱՍՄԻԿ — Ճիշտ ժամանակին եկար:
ԺԻՐԱՅՐ — Քեֆի հոտը կիլոմետրի վրա եմ առնում: (Երկիմաստ:) Վաղուց խնամախոս չեմ գնացել:
ՄԱՐԻԱՄ — (հայացքով փորձում է լռեցնել եղբորը): Տրամադրությունդ լա՞վ է:
ԺԻՐԱՅՐ — Տրամադրությունը կապ չունի, կարևորը՝ Գոռը ժամանակին կողմնորոշվեց:
ՄԱՐԻԱՄ — (իզուր փորձելով փոխել թեման): Ավելի լավ է՝ խաղա: Նարինեն խոստացել է բոլորիս հաղթել:
ԺԻՐԱՅՐ — (անտեսելով ասվածը): Խաղը հետաձգվում է: Լավ պատվեր ենք ստացել, պիտի գնամ: Առանց ինձ չի լինի: Գոռը ինձ հետ կգա, իսկ աշնանը կգանք ու…
ՀԱՍՄԻԿ — (անսպասելիությունից բացում է ափը, լուբու հատիկները շրխկոցով թափվում են հատակին): Ո՞նց թե՝ գնում ես… Բա ե՞ս…
ԺԻՐԱՅՐ — Դու` ի՞նչ…
ՀԱՍՄԻԿ — Մոտս չե՞ս լինելու, երբ…
Սոնան հայացքը չի բարձրացնում:
ԺԻՐԱՅՐ — Կաշխատեմ գոնե երկու օրով գալ… (Կամաց:) Հասկացիր, էդ տեսակ պատվեր ամեն օր չեմ ստանում:
ՀԱՍՄԻԿ — Բայց դու խոստացել էիր…
ՄԱՐԻԱՄ — Եթե խոստացել է՝ կկատարի, դու միայն չհուզվես: (Ժիրայրին.) Գոռին է՞լ ես խոստացել:
ԺԻՐԱՅՐ — Ի՞նչ:
ՄԱՐԻԱՄ — Դու լավ գիտես` ի՛նչ:
ԺԻՐԱՅՐ — Նորից քո էշն ես քշում… Ինքն է խնդրել, հասկանո՞ւմ ես, ի՛նքը:
ՄԱՐԻԱՄ — Ու դու համաձայնվեցի՛ր:
ԺԻՐԱՅՐ — Իսկ ի՞նչ պիտի անեի:
ՄԱՐԻԱՄ — Պիտի ասեիր, որ գնալու իրավունք չունի՛:
ԺԻՐԱՅՐ — Դո՞ւ ես որոշել էդ իրավունքը:
ՆԱՐԻՆԵ — (տեսնելով, որ Սոնան փորձում է աննկատ գնալ): Սպասեք… մի րոպե լռեք… Քեռի, ամեն ինչ փչացրիր:
Սոնան գնում է, Գոռը, մի պահ երկմտելուց հետո, հետևում է նրան: Լռություն:
Տեսարան 30
ՄԱՐԻԱՄ — (փլվում է աթոռին): Տեր Աստված, ինչո՞ւ է ավերվում տունս:
ՆԱՐԻՆԵ — Մամ, ժամանակից շուտ մի ողբա:
ԳՈՀԱՐ — Վախենամ` ողբը ուշացած է:
ՀԱՍՄԻԿ — (Ժիրայրին): Քո՛ գարաժը, քո՛ բիզնեսը, քո՛ փողերը… Գոնե հասկացա՞ր, թե հենց նոր ինչ արեցիր:
ԺԻՐԱՅՐ — (անկեղծ զարմանքով): Բայց ի՞նչ արեցի…
ՀԱՍՄԻԿ — Իսկապե՞ս չես հասկանում:
ՄԱՐԻԱՄ — (Հասմիկին): Նրան ձեռնտու չէ հասկանալը: (Ժիրայրին.) Հորդ տունը որ փակեցիր ու գնացիր, չմտածեցի՞ր, ինչ կլինի հետո, ծնողներիդ գերեզմանին մետրաչափ խոտ կաճի, ես եմ, ու՝ չկամ: Մի քանի շաբաթով կնոջդ բերել ես գյուղ, քե՛զ… չէ, մե՛զ համոզելու, որ դեռ հիշում ես, լրիվ չես օտարացել: Դու լո՞ւրջ հավատում ես, որ էստեղ ծնված տղայիդ մի քանի ամսվա օդն ու ջուրն են հայ պահելու: Բայց հետո նա օտարի մանկապարտեզ է գնալու, օտարի դպրոց, ընկերներն էլ օտար են լինելու… Լավ, դա քո ընտրությունն է, բայց ի՞մ տունն ինչու ես քանդում…
ՀԱՍՄԻԿ — Մարիամ, պետք չէ… քիչ հետո կզղջաս ասածիդ համար, լռիր, խնդրում եմ…
ՄԱՐԻԱՄ — Չէ, հարսիկս, այսքան լռել եմ, էլ չեմ կարող:
ԺԻՐԱՅՐ — Դե, ասա՛ վերջապես, տեսնենք, ի՛նչ է ասածդ:
Տեսարան 31
Նրանք և Գոռ:
ԳՈՌ — (ներս է մտնում, ոչ մեկին չնայելով, բայց խոսքն ուղղված է Ժիրայրին): Ե՞րբ ենք գնում:
ԺԻՐԱՅՐ — (դադարից հետո): Լուսաբացին:
ԳՈՌ — Մամ, քիչ առաջ իրավունքից էիր խոսում, ես իմ իրավունքից եմ օգտվում: Թե՞ դեմ ես:
ԳՈՀԱՐ — (տեղից ելնելով): Ես գնամ:
ԳՈՌ — Ո՞ւր, բա չտեսնե՞ք, թե էս ամենը ինչով է վերջանալու:
ԳՈՀԱՐ — Երկու անգամ տեսել եմ: Ինձ հերիք է: (Դուրս է գնում:)
Տեսարան 32
ՆԱՐԻՆԵ — (կամաց՝ Գոռին): Սոնան ի՞նչ ասաց:
ԳՈՌ — (բարձրաձայն): Բարի ճանապարհ: Դա էլ նրա իրավունքն է:
ՄԱՐԻԱՄ — Իրավունքը լավ գիտես, բայց մի բառ էլ կա` պարտավորություն:
ԳՈՌ — Ո՜նց էի մոռացել… Պարտավորություն: Հայրենիքի հանդեպ… ո՞ր հայրենիքի:
ՆԱՐԻՆԵ — Գոռ, լռիր…
ՄԱՐԻԱՄ — Թող խոսի: (Գոռին.) Ո՞ր օրվանից ես հայրենիք բառը կասկածի տակ դրել:
ԳՈՌ — Վերջացնենք, միևնույն է՝ իրար չենք հասկանա:
ՄԱՐԻԱՄ — Ոչինչ է ապրելս, եթե հարազատ որդուս հասկանալ չեմ կարող: Ինչո՞ւ ես քմծիծաղում:
ԳՈՌ — Դպրոցում շարունակո՞ւմ ես գրական հերոսներիդ օրինակով դաստիարակել աշակերտներիդ, ու նրանք հայրենիքը գրում են մեծատառո՞վ, ոնց որ ես էի գրում ժամանակին:
ՄԱՐԻԱՄ — Լռի՛ր, լակոտ…
ԳՈՌ — (ծանր դադարից հետո): Լռեմ… ոնց որ լռել եմ: Որ չիմանաս… (Նստում է, գլուխն առնում ձեռքերի մեջ:)
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ չիմանամ…
ՆԱՐԻՆԵ — Լռեք, հա՞, զգում եմ, հիմա վատ բան է լինելու…
ՄԱՐԻԱՄ — (մոտենում է Գոռին, վախով): Ի՞նչ ես արել, որ հիմա ամաչում ես ասել:
ԺԻՐԱՅՐ — Գո՞ռը… աչքովս տեսնեմ՝ չեմ հավատա: Ու փակենք էս խոսակցությունը, բոլորս էլ ներվայնացած ենք: Մինչև առավոտ ժամանակ կա…
ԳՈՌ — Ես էլ էի կարծում, որ ժամանակ միշտ կա, ու կարելի է մոռանալ…
ԺԻՐԱՅՐ — (դաժանանալով): Որ էդպես է՝ ասա՛:
ՄԱՐԻԱՄ — Ինչո՞ւ ես լռել մի ամբողջ տարի:
ԳՈՌ — (նայում է մորը): Վստա՞հ ես, որ ուզում ես իմանալ:
ՄԱՐԻԱՄ — (նստելով Գոռի դիմաց): Եթե չասես՝ կդադարեմ քեզ հարգել:
ԳՈՌ — Դա քո ամենամեծ պատիժն է, չէ՞, կշարունակես սիրել, բայց չես հարգի:
ԺԻՐԱՅՐ — Արդեն չափներդ անցաք…
ԳՈՌ — Չէ, քեռի, ճիշտ չափի մեջ է: Քույր ու եղբայր չորս տարի չէիք կարողանում անկեղծ խոսել… Վերջը խոսեցի՞ք: Հերթը իմն է: (Մարիամին.) Էլ երբեք հայրենիք բառը մեծատառով չեմ գրի: Ու չնայե՛ս էդպես: Հայրենիքի համար զինվոր դարձա, որ պաշտպանեմ քեզ, հորս գերեզմանը… Քո՛ խոսքերն են: Էդ միամիտ մտքերով էլ բանակ գնացի, սնայպեր դարձա, որ սահմանի վրա թշնամուն վերացնեմ: Սահմանի փոխարեն մեզ Երևան տարան: Մարտի մեկին Երևանի փողոցներում կանգնած զինվորներից մեկն էլ ես էի…
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ…
ԳՈՌ — Ինչո՞ւ ես զարմանում: Ասենք, պիտի զարմանաս, ինձ ուղարկել էիր քո ասած հայրենիքի մարդկանց պաշտպանելու, ի՞նչ մտքովդ անցներ, որ տարել-կանգնեցրել էին այդ նույն մարդկանց դեմ:
ՆԱՐԻՆԵ — (նետվում, գրկում է Գոռին): Խեղճ ախպերիկս… (Իր մտքից զարհուրած՝ ետ է քաշվում:) Ես էլ էի էնտեղ… արձանից քիչ վերև… Մենք չէինք հավատում, որ զինվորներին մեր դեմ կհանեն… Մինչև վերջ չէինք հավատում: (Կոտրված:) Ու ոչինչ չէինք հասկանում:
ԳՈՌ — Ես էլ չէի հասկանում, տղերքից ոչ մեկը ոչինչ չէր հասկանում: Մեզ գիշերով նստեցրին մեքենաներն ու բերեցին Երևան: Հետո… նայում էինք իրար, նայում էինք մեր դեմ կանգնած մարդկանց ու… ոչինչ չէինք հասկանում: Ինչո՞ւ էին մեզ բերել էդտեղ, մենք ի՞նչ էինք անելու… Տղերքը, չգիտեմ՝ ոնց, ես Աստծուց մի բան էի խնդրում` կրակելու հրաման չտան: Աստծուց էի խնդրում, մամ, որովհետև մարդուց սպասելիք չունեի:
ՆԱՐԻՆԵ — Մենք երկուսս էլ էնտեղ ենք եղել, գուցե իրար շատ մոտիկ… (Զարհուրած:) Միայն չասես, որ…
ԳՈՌ — Եթե չեմ կրակել, ոչինչ չի փոխվում, ես անպաշտպան մարդկանց դեմ էի կանգնած:
ՄԱՐԻԱՄ — (գրկում է որդուն): Խեղճ տղաս…
ԳՈՌ — Հայրս մահացավ զենքը ձեռքին, որովհետև հայրենիքն էր պաշտպանում: Իմ ձեռքին էլ զենք կար, բայց ես ո՞ւմ էի պաշտպանում, ո՞ւմ դեմ էի ելել…
ԺԻՐԱՅՐ — Բայց դու չես կրակել, չէ՞…
ԳՈՌ — Մեր դիմաց մի կին էր կանգնած, նայում էր մեզ ու լալիս էր: Գեղեցիկ, լավ հագնված, քո տարիքին, մամ… Ձեռքով մաքրում էր արցունքները, սանրվածքը գզգզված… Նայում էր մեզ ու լալիս էր: Մեկ էլ Աշոտն ասաց. «Տղե՛րք, ինքը մեզ վրա է լաց լինում, տղե՛րք, ինքը մեզ համար է լաց լինում…»:
ԺԻՐԱՅՐ — (Մարիամին): Հիմի է՞լ ես եմ մեղավոր:
ՄԱՐԻԱՄ — (դաժանացած): Հիմա՝ ավելի շատ: Եթե դու չգնայիր, քեզ նմանները չգնային՝ տղաս էդ դժոխքը չէր տեսնի:
ԺԻՐԱՅՐ — Չհասկացա՜…
ՄԱՐԻԱՄ — Ամեն մեկդ որ թողնի-գնա՝ մեր վիճակը էս կլինի:
ԺԻՐԱՅՐ — Կարո՞ղ է՝ Քենեդու մահվան մեղավորն էլ ես եմ:
ՄԱՐԻԱՄ — Կատակո՜ւմ ես… Բայց դու գիտես, որ մեղավոր ես:
ԺԻՐԱՅՐ — Դե, հերի՛ք է, կուշտ եմ քո քարոզներից, քո ճիշտ ապրելուց… զոհված մարդուդ կարաբինով սահման ես պահում, հա՞, իսկ իրական սահման պահողները գնում են, ու պիտի՛ գնան, փախչում են անհեռանկար տարածքից: Մեկը ես՝ կռվեցի, հաշմանդամ դարձա, և ի՞նչ… Ինքս ինձ պահել չէի կարող, հայրենիքիդ տված թոշակով ընտանիք ո՞նց պահեի: Ու էլ բառ չասես, էստեղ քո դպրոցը չէ: (Տարիներով կուտակվածը դուրս է ժայթքում:) Դու կարող ես միայն մեղադրել, իսկ ես ապրել եմ ուզում, մարդավարի ապրել… թեկուզ օտարության մեջ: Ու ոչինչ չասես, ոչինչ չեմ ուզում լսել, էս տանն էլ մի րոպե չեմ մնա… (Հասմիկին.) Շորերդ հավաքիր:
ՀԱՍՄԻԿ — Քեզ ի՞նչ եղավ:
ԺԻՐԱՅՐ — Չկրկնեմ: Հինգ րոպեից մեքենայի մեջ լինես: (Մարիամին.) Ո՞նց չես հասկանում, որ էս հողը կորցրել է մարդուն պահելու ուժը: Որովհետև ինձ չի պատկանում, ինձ նմաններին չի պատկանում, մենք ավելորդ ենք: Գոռ, թե գալիս ես, քեզ էլ հինգ րոպե ժամանակ: (Արագ դուրս է գնում:)
ՆԱՐԻՆԵ — Մամ, մի բան արա… ի՞նչ ես լռում… մամ…
ՄԱՐԻԱՄ — (անգույն ձայնով): Ճանապարհի ուտելիք դիր: (Կանխելով աղջկան:) Արագ, դու էլ հինգ րոպե ժամանակ ունես: (Համբուրում է Հասմիկին, հետո գրկում է Գոռին… Գնում է իր սենյակը, անաղմուկ փակում դուռը:)
Գոռն ու Հասմիկը՝ ամեն մեկը գնում է իր սենյակը: Նարինեն մտնում է խոհանոց: Քիչ անց դուրս է գալիս Հասմիկը` փոքրիկ ուղեպայուսակով, նույն պահին գալիս է Գոռը՝ ուսապարկով: Գոռը մտնում է Հասմիկի սենյակը, այնտեղից դուրս է բերում ճամպրուկ, տանում է դուրս, վերադառնում է: Խոհանոցից գալիս է Նարինեն, թղթե տոպրակը տալիս է Հասմիկին: Գրկում են իրար: Հասմիկը դուրս է գնում:
Տեսարան 33
Նարինեն և Գոռը նայում են մոր սենյակի փակ դռանը, իրար… Լռությունը երկարում է:
ՆԱՐԻՆԵ — Եթե այդ օրը չլիներ, չէի՞ր գնա:
ԳՈՌ — Ի՞նչ ես ուզում ասել:
ՆԱՐԻՆԵ — Քո գնալու պատճառը միայն դա՞ է:
ԳՈՌ — Ուզում ես ասել, որ պատճառ եմ գտել գնալս արդարացնելու համա՞ր:
ՆԱՐԻՆԵ — Էդքան ցինիկ չեմ, բայց ուզում եմ լսել քո պատասխանը:
ԳՈՌ — Գուցե էլի գնայի, բայց… էսքան համոզված չէի գնա:
ՆԱՐԻՆԵ — Երկուսս էլ այնտեղ ենք եղել, թեկուզ՝ տարբեր կողմերում: Հիմա դու գնում ես, իսկ այդ օրվա ամբողջ ծանրությունը թողնում ես ինձ:
ԳՈՌ — Էդ ծանրությունը միշտ ինձ հետ կլինի:
ՆԱՐԻՆԵ — Չե՛մ հավատում, որովհետև հեռվում մոռանալը ավելի հեշտ է: Ես չէ, որ պիտի քեզ խրատ կարդամ, բայց մի բան գիտեմ՝ ամենահեշտը գնալն է: Դժվարը կարաբինը մորս ուսից վերցնելն է: Թեկուզ ժամանակավոր գնաս՝ ամեն գիշեր ո՞նց ես քնելու, իմանալով, որ մայրդ քո փոխարեն քո տունն է հսկում:
ԳՈՌ — Իսկ դու գիտե՞ս, որ բանակից եկել եմ ու չգիտեմ՝ ինչ անեմ, ոնց ապրեմ… Գործ չկա, հույս չկա… Գոնե ես չեմ տեսնում:
ՆԱՐԻՆԵ — Ժիրայրը որ չլիներ, գուցե տեսնեի՞ր:
ԳՈՌ — Չգիտեմ… արդեն ուշ է: Մամային մենակ չթողնես, գոնե սկզբում…
ՆԱՐԻՆԵ — Չեմ թողնի, բայց որ մտածում եմ՝ ամեն գիշեր ոնց պիտի քնի, չիմանալով, թե դու որտեղ ես, ոնց ես…
Նարինեն գրկում է եղբորը՝ ուսերը ցնցվում են լացից: Այդպես գրկված դուրս են գնում: Գոռը մինչև վերջին պահը աչքը չի կտրում մոր սենյակի դռնից:
Դրսում լսվում է հեռացող մեքենայի ձայնը: Գալիս է արտասվող Նարինեն, մոտենում է մոր դռանը, ականջը հպում, լսում է, հետո մտնում է իր սենյակը:
Տեսարան 34
Քիչ անց դուրս է գալիս Մարիամը:
ՄԱՐԻԱՄ — Գնացեք… Աստված անփորձանք տեղ հասցնի… Գնացեք: Ո՛չ առաջինն եք, ո՛չ վերջինը: Գնալու եք, վիրավորված, փնովելով կամ լալով, ետ նայելով կամ վերջին անգամ չշրջվելով` գնալու եք: Օտարի մեջ ձեր տեղն եք փնտրելու՝ ամեն վայրկյան վախենալով, որ հիշողությունը հանկարծ կխեղդի ձեր կոկորդը ու որ չխեղդվեք` պիտի լաց լինեք: Բայց քանի որ արցունք ցույց տալու իրավունքը կորցրել եք` արցունքը պիտի ներս գնա, հասնի սրտին ու մրմռացնի: Տղաս, ներիր ինձ, որ զինվորիդ պատիվն են ապականել, բայց դեռ ջահել ես ու չես տարբերում հայրենիքը իշխանությունից: Ներիր, որ չկարողացա քեզ կողքիս պահել այնքան, մինչև կհասկանայիր, որ հայրդ դրանց աթոռի համար չզոհվեց: Ի՞նչ արեցիր, տղաս, ինձ երբեք չեմ ների, որ երկրիցդ նեղացած գնացիր…
Տեսարան 35
ՍՈՆԱ — (ներս մտնելով): Գնա՞ց…
ՄԱՐԻԱՄ — Գնաց: Իսկ դու ճիշտ ժամանակին եկար: (Մտնում է սենյակը, դուրս գալիս կարաբինով:) Գնացինք:
ՍՈՆԱ — Ո՞ւր…
ՄԱՐԻԱՄ — Ամեն գիշեր ստուգում եմ…
ՍՈՆԱ — Գիտեմ:
ՄԱՐԻԱՄ — Հա, սահմանը մոտիկ է, պատերազմն էլ չի ավարտվել:
ՍՈՆԱ — (դառն հեգնանքով): Իսկ սահմանը մեր հույսին է:
ՄԱՐԻԱՄ — Մինչև կռիվ գնալը Դավիթն էր, հետո՝ ես: Կարծում էի՝ տղաս կշարունակի…
ՍՈՆԱ — Հասկացա: Համաձայն եմ, բայց մի պայմանով: Ինձնից հեռու չգնաք:
Մարիամը հայացքով հարցնում է` ինչու:
ՍՈՆԱ — Մթից վախենում եմ:
Դուրս են գնում:
Տեսարան 36
Հեռախոսը զանգում է: Սենյակից դուրս է գալիս Նարինեն, վերցնում է հեռախոսը:
ՆԱՐԻՆԵ — Գո՞ռ, ի՞նչ է պատահել… Հասմի՞կը… (Հեռախոսը շպրտում ու դուրս է նետվում:) Մա, մամա՛… Հասմի՜կը…
Տեսարան 37
Կեսօր: Օրացույցի վրա՝ «Ուրբաթ»: Տանն իրարանցում է: Գոհարն ու Մարիամը օրորոցն են հարդարում, Նարինեն ու Սոնան փուչիկներ են փչում, ամրացնում պատերին:
ԳՈՀԱՐ — Այ, էսպես… բարձն էլ տուր… էս էլ թագավորի շան տեղը… մնաց՝ գա ու իր տեղը պառկի:
ՆԱՐԻՆԵ — Տեսա՞ք՝ ինչ արեց զարմիկս… Ո՞նց թե՝ ինձ տանեք, որ հյուսիսներում ծնվեմ, բա իմ կամքը հարցնող չկա՞… Ու ճանապարհին ծնվեց:
ՄԱՐԻԱՄ — Լավ է, հիվանդանոցը մոտ է եղել, թե չէ որ մտածում եմ…
ԳՈՀԱՐ — Իսկ դու մի մտածիր, ծնվողը ծնվում է` ինքնաթիռում լինի թե եղբորդ մաջերոյում…
ՆԱՐԻՆԵ — Պաջերո, տիկին Գոհար:
ԳՈՀԱՐ — Նույնն է` չորս անիվ ու մի ղեկ: Մնացածը` թիթիզություն է: Զանգիր, իմանանք` ոնց են:
ՆԱՐԻՆԵ — Նոր չխոսեցի՞: Նորածինն ու մայրը մուշ-մուշ քնած են, երջանիկ հայրը նրանց կողքին է, ինչի մասին այդպես երազում էր Հասմիկը: Իսկ Գոռը ուր որ է` կգա: (Համար է հավաքում, պատասխանող չկա: Մռայլվում է, դա չի վրիպում Մարիամի աչքից:)
ԳՈՀԱՐ — Ճամփի կեսից ետ գալը լավ նշան է՝ էլ չի գնա:
ՆԱՐԻՆԵ — Հասմիկի ցավերը որ ճամփին չբռնեին, էդպես էլ գնալո՞ւ էին:
Սոնան գնում է դեպի դուռը:
ՄԱՐԻԱՄ — Ո՞ւր:
ՍՈՆԱ — Գնամ:
ՄԱՐԻԱՄ — Բայց վաղը նույն ժամին՝ ստուգելու…
ՍՈՆԱ — (իբր՝ զինվորի հանգի): Ճիշտ այդպես, վաղը՝ ստուգելու: (Գնում է:)
Տեսարան 38
ՄԱՐԻԱՄ — Ո՜նց կծեծեի իմ անխելք տղային:
ԳՈՀԱՐ — Կարո՞ղ է` անկյուն էլ կանգնեցնես:
ՆԱՐԻՆԵ — Չէր խանգարի: Եվ, ընդհանրապես, դրանց ցեղին միշտ անկյունում պիտի պահես:
ՄԱՐԻԱՄ — Նարիենե՞…
ՆԱՐԻՆԵ — (այլևս չկարողանալով թաքցնել վիրավորանքը): Բան էլ չի՛ պատահել: Բայց որ պատահի, առաջինը դու կիմանաս:
ԳՈՀԱՐ — (Մարիամին): Քո կտորն է:
ՆԱՐԻՆԵ — Ես պապայի կտորն եմ:
ՄԱՐԻԱՄ — Այ, հիմա ավելի նմանվեցիր… (Մոտենում, գրկում է:) Ամեն ինչ լավ կլինի, չմտածես:
ՆԱՐԻՆԵ — (երկիմաստ, թունոտ): Դու չես էլ պատկերացնում, թե ինչքան լավ է լինելու: (Գրպանից հանում է հեռախոսը, նայում մութ էկրանին ու նորից դնում գրպանը:) Այդ մեկը քեզ խոստանում եմ:
Մոտեցող մեքենայի ձայն: Մայր ու աղջիկ սպասումով քարանում են:
ԳՈՀԱՐ — (պատուհանից նայելով): Փառքդ շատ, Աստված, երանի ամեն գնացողի էսպես արագ վերադարձնես:
Տեսարան 39
Ներս է մտնում Գոռը, մոտենում իրար կողք կանգնած մորն ու քրոջը: Գրկում է երկուսին:
ԳՈՌ — Մամ, շա՞տ անխելք եմ:
ՄԱՐԻԱՄ — Եթե հարցնում ես, ուրեմն խելքի ես գալիս:
ԳՈՌ — Մամ, սխալ է… միայն գնալս չէ, շատ բան է սխալ: Երբ անցանք գերեզմանատան կողքով, հասկացա, թե ինչ էիր ասում քեռուն: Նա որ մնար, տեր կանգներ իր հաղթած պատերազմին, երևանցի կինը ինձ համար լաց չէր լինի:
ՆԱՐԻՆԵ — Որ հիշում եմ, քիչ է մնում՝ սիրտս պայթի:
ԳՈՌ — Կարծում էի, էդ օրվանից դաժան բան լինել չէր կարող, բայց… (Նարինեին.) Քո բախտը բերել է, դու գիտեիր՝ ինչի համար էիր էնտեղ: Ե՛ս չգիտեի: Կարծում էի՝ գնալն է դժվար, բայց մնալը ավելի դժվար է: Եթե կռիվ ունեմ, պիտի կռվեմ, որ ես ու դու նույն փողոցի տարբեր կողմերում չհայտնվենք: Բայց դու դեմք ես, քույրիկս, ոնց ասի՞ր…
ՆԱՐԻՆԵ — (արցունքի միջից ժպտալով): Ո՞ր մեկը…
ԳՈՌ — Դու լավ գիտես: (Մարիամին.) Հորս կարաբինը ինձ տուր:
ՄԱՐԻԱՄ — (առաջին անգամ ցույց տալով հուզմունքը:) Ո՜նց էի կարոտել քեզ:
ՆԱՐԻՆԵ — Իսկ ես քեզ անկյուն կկանգնեցնեի:
ԳՈՌ — Ուրիշ թեկնածու չկա՞:
ՆԱՐԻՆԵ — Կլինի: Ոչ միայն անկյուն կանգնեցնելու համար:
Տեսարան 40
Ներս է մտնում Կարենը:
ՆԱՐԻՆԵ — (նրան դեռ չի տեսել): Այդ խանդոտ ապուշին ոչ մի բառ չեմ ասի, ո՛չ մի բացատրություն, միայն կնայեմ աչքերին, բայց այնպես կնայեմ, որ…
ԿԱՐԵՆ — (դիմելով իրեն զննող Գոհարին): Չէի՞ք ասի, ո՛ւմ մասին է խոսքը:
ԳՈՀԱՐ — Ինչ-որ խանդոտ ապուշի…
ԿԱՐԵՆ — Պարզ է: (Ուղեպայուսակը դնում է հատակին, մոտենում է Նարինեին:) Նայեցիր, հետո՞…
ՆԱՐԻՆԵ — (դեռ չհավատալով տեսածին): Մի օր քեզ կխեղդեմ: (Փարվում է Կարենին:)
ԳՈՀԱՐ — (ինքն իրեն): Փաստորեն, հիմա Դեզդեմոնան է խեղդում Օթելլոյին:
ԳՈՌ — (Կարենին): Բարով եկար: (Բարևում են, հետո ողջագուրվում:)
ՆԱՐԻՆԵ — Մամ, Կարենն է:
ՄԱՐԻԱՄ — Ուրախ եմ, տղաս:
ԳՈՀԱՐ — Ես էլ Գոհարն եմ, բայց կարող ես ասել տիկին Գոհար:
ԿԱՐԵՆ — Պարզվում է՝ զոքանչանոց ասվածը շատ էլ հաճելի տեղ է:
ԳՈՀԱՐ — Սկզբնական շրջանում: Շատ մի ոգևորվիր:
ՄԱՐԻԱՄ — (Գոռին): Գնա, Սոնային ասա, որ պոստը հանձնում եմ քեզ:
ԳՈՌ — Մա՞մ…
ՄԱՐԻԱՄ — (կեղծ դժգոհությամբ): Թե չէ մենք ենք ստիպված սահման պահում:
ԳՈՌ — Գնամ, բայց խոսելու շատ բան ունենք:
ՄԱՐԻԱՄ — (երկիմաստ): Արդեն ժամանակ ունենք:
ՆԱՐԻՆԵ — Ճուտիկը որ չծնվեր, էդպես էլ գնալո՞ւ էիք:
Գոռն ուզում է պատասխանել, բայց կարճ երկմտանքից հետո գնում է: Ծանր լռություն:
Տեսարան 41
ՆԱՐԻՆԵ — Հիմա մնաց, բայց…
ԳՈՀԱՐ — Ի՞նչ՝ բայց:
ՆԱՐԻՆԵ — Հիմա որ Ժիրայրի տարբերակը դուրս եկավ, գուցե ժամանակավոր… գուցե գործ գտնի, ինչ-որ բան մտածի… Հետո ամուսնանա, երեխա ունենա, բայց մի օր էլի կգնա՝ ընտանիք պահելու խնդիրը կա ու կա…
ԳՈՀԱՐ — Մի՛ կռռա:
ՆԱՐԻՆԵ — Շատ կուզեի սխալվել:
ԿԱՐԵՆ — Ո՞ւր է կորել համառ լավատեսությունդ:
ՄԱՐԻԱՄ — (Կարենին): Երկու օրում էնքան բան կատարվեց… (Նարինեին.) Հետո գուցե քո ասածը լինի, բայց հիմա արեցի՝ ինչ կարող էի: Ու թեման փակենք, մինչև…
ՆԱՐԻՆԵ — Մինչև՞…
ՄԱՐԻԱՄ — (կատակի անցնելով): Մինչև նորից չզանգեմ ու դու գլխապատառ չգաս: (Կարենին.) Ճիշտ ժամանակի եկար, թեև քեզ շաբաթ էինք սպասում:
ԳՈՀԱՐ — Իսկ ուրբաթը, ինչպես միշտ, էս անգամ էլ շաբաթից շուտ եկավ: Դրա համար էլ էսօր տոլմայի ախորժակ չունենաս:
ԿԱՐԵՆ — Մինչև վաղը կդիմանամ:
Տեսարան 42
Ներս է մտնում Դունեչկան՝ հարսնաքողը թևին գցած:
ԳՈՀԱՐ — Մարիամ, տես, ինչ է բերել Դունեչկան:
ՄԱՐԻԱՄ — Որտեղի՞ց իմացար:
ԴՈՒՆԵՉԿԱ — Ուշ-ուշ եմ տնից դուրս գալիս, բայց ամեն ինչին տեղյակ եմ: (Խորամանկ ժպիտով:) Գոռին ու Սոնային միասին տեսնող է եղել… Ես էլ պարապ երազ տեսնողը չեմ:
ԳՈՀԱՐ — (իբր ինքն իրեն): Էդքան ինքնավստահ լինելն էլ մի բան չէ:
ԴՈՒՆԵՉԿԱ — (ակնարկը հասկանալով): Ասածդ ո՞նց հասկանամ:
ԳՈՀԱՐ — Ոնց կուզես, բայց դու ասա, թե մի հարսնաքողը երկու հարսի ո՞նց ես բաժանելու:
Կարենը ցուցադրաբար ձեռքը դնում է Նարինեի ուսին, ասես ռետրո լուսանկար լինի:
ԴՈՒՆԵՉԿԱ — (շփոթված, բայց վերջին խոսքը իրեն վերապահելու վճռականությամբ): Ձեր երազը դեռ չեմ հասցրել տեսնել, էնպես որ, ջահելներ ջան, պիտի սպասեք: Հերթո՛վ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։