Հովհաննես ԹԵՔԳՅՈԶՅԱՆ / ԱՐԽԻՎ՝ ՄԱՐԴԻԿ

Գործող անձիք
ՊԱՀԱԿ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ՓՈՍՏԱՏԱՐ

Իրադարձությունները իրապես կարևոր են:
Գործող անձանց սեռը և տարիքը կարևոր չեն:
Կարծում եմ, պարտադիր է, որ պիեսի երկու գործողություններում դերակատարները չփոխվեն:
Պատկեր չկա, դեկոր չկա, բեմ չկա, տեղանքը փակ դաշտ է կամ սենյակ, որը դաշտի 3D շերտերն ունի: Ոչ մի վարագույր: Սիմվոլներ չկան, եթե նույնիսկ կան, ապա աղճատված, աղավաղված ձևով են արտահայտվում: Պիեսում առկա հնչյուններն ու աղմուկը (հեռուստացույցի, ռադիոյի ձայն, գովազդային ընդհատումներ, կենցաղային աժոտաժ) խիստ կարևոր գործողություններ են:
Երկու դարակից զուրկ կոմոդ: Կոմոդի աջ անկյունում ոլորող, մետաղյա բռնակ կա: Բեմից մի քանի տարրալուծվող, համարյա չերևացող աթոռներ են աճել: Աթոռներից մեկի կողքին երեք լիտրանոց ապակյա տարա կա: Արխիվարիուսը և Պահակը տեղանքում են, բայց՝ անշարժ: Միայն երկուսի՝ ցուցամատերը տնկած աջ ձեռքերն են շարժվում, ասես ինչ-որ մեկին ճանապարհ են ցույց տալիս: Ներս է մտնում Փոստատարը՝ ուսին պարկը: Նկատում է Արխիվարիուսին և Պահակին, հետևում է վերջիններիս շարժումներին, նույնիսկ փորձում է նրանց մատնացույց արված հակադիր ուղղություններով շարժվել: Դադար: Տարածքը հայտնվում է լուսային 3D կոնտրաժուրի մեջ: Միայն Փոստատարն է լուսավորված:
ՓՈՍՏԱՏԱՐ — Գործ համարյա չկա… (Պայուսակն է քրքրում:) Էսօր ընդամենը երկու նամակ ունենք… Ըհը… Մոր նամակը՝ որդուն… (Պայուսակից հին լրագիր է հանում:) Մոր նամակը որդո՞ւն… Մո՜ր… Խնդալու է… Երկու տարի է՝ անընդհատ նամակներ է ուղարկում… Բա պատասխանն ո՞ւր է… Կորցրեցի՞… Չէ… Ի՞նչ եղավ: Լավ, կգտնեմ: Էսօր ամսի քանի՞սն է… Քսանաչորսը ապրիլի… Էս տարեթվերը ինչի՞ լավ չեն տպում…
էլեկտրական սղոցի սուլոց: Հեռուստահաղորդումներին հատուկ ձայներ: Ալիքները փոփոխվելով՝ կանգ են առնում մեկի վրա:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Մարդը ամենաթանկ կապիտալն է…
Ալիքը փոխվում է:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Լվացքի փոշի, որն ընդունակ է մաքրել նույնիսկ ամենա…
Ալիքը փոխվում է:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Թագավորական ընտանիքի անդամները որոշում են կայացրել…
Ալիքը փոխվում է:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Վատիկանը բացում է արխիվները… Ինկվիզիցիայի և Հայոց մեծ Եղեռնի…
Ալիքը փոխվում է:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Լվացքի փոշի, որն ընդունակ է մաքրել նույնիսկ ամենա…
Ձայնն անջատվում է:
ՓՈՍՏԱՏԱՐ — Չկա… Էս տարեթվերը ինչի լավ չեն տպում… էս ո՞ր դարն ա… Ուֆ… Ինչքան գիժ կա՝ իմ գլխին է հավաքվում… Ասա՝ տուն-տեղ չունե՞ք, որ զավակիդ ուղղված նամակը արխիվ ես ուղարկում… Լավ, պատասխան նամակն ի՞նչ արեցի… Մոր նամակը կա, տղայինը՝ չկա… Չի էլ եղե՞լ… Է, ո՞նց չի եղել… Ի՞նչ տղա, ի՞նչ մայր… Հորինեցի… Ապուշ եմ, էլի…
Փոստատարը պայուսակից պարան է հանում, ծայրը կապում է կոմոդից, որի աջ անկյունում ոլորող մետաղյա բռնակ կա: Պարանը գետնին է փռում: Անմիջապես ազդանշանի ձայն է հնչում:
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը համակարգչային-ռոբոտային է): Հաղորդագրությունը ուղարկված է, հաղորդագրությունը ուղարկված է…
ՓՈՍՏԱՏԱՐ — Մոր նամակը տեղ հասավ… Մո՞ր… (Ծիծաղում է:) Վերջ… Կառնավալը սկսվեց՝ ես գնացի… (Ինքն իրեն.) Տղայի նամակն ի՞նչ եղավ: (Դուրս է գնում:) Տղա-տղա… Դու աղջի՞կ ես, թե՞ տղա…
Արխիվարիուսը իր իսկ ցուցամատի մատնանշած ուղղությունը տեսնելով՝ ակտիվանում, սկսում է տեղաշարժվել:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չեմ գտնում, ազգանունը չեմ գտնում… Թե ինչի՞ արխիվ մտա… Ինձնից ի՞նչ արխիվարիուս… Լավ, էդ անտեր ծննդականն ո՞ւր դրեցի… Ի՞նչ արեցի… Վրան ոչ թիվ կար, ոչ բան…
Արխիվարիուսը դեպի կոմոդն է գնում: Կենցաղային սովորական աղմուկ է սկսվում, ասես ինչ-որ մեկը հեռուստացույցի ալիքներն է փոխում: Երաժշտության պատառիկ, սարսափ-ֆիլմի ձայն, լուրերի հաղորդումներ, էլեկտրական սղոցի սուլոց: Հեռուստացույցի ալիքները փոփոխվելով՝ կանգ են առնում մեկի վրա:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Մարդը ամենաթանկ կապիտալն է… Լուրեր: Այսօր, մարտի մեկին, մեր բազմաչարչար երկրի պոպոք Կառավարությունը որոշում ընդունեց ցրել Մաշտոցի պողոտայում (դա քաղաքի կենտրոնում է) հավաքված ցուցարարներին: Պաշտոնական տվյալներով տասը մարդ է զոհվել: Կան վիրավորներ:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Էս ամեն ինչը ե՞րբ է ավարտվելու… Տասը զոհ… Լավ, ծննդականն ի՞նչ եղավ…
Միանում է ապահովագրական ազդանշանը:
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը ռոբոտային է): Արխիվը բացված է, արխիվը բացված է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Էլի փչացել է…
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը ռոբոտային է, էլ ավելի բարձր: Ձայնը ուղեկցվում է էլեկտրական սղոցի բարձր սուլոցով): Արխիվը բացված է, արխիվը բացված է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (նյարդայնանալով): Լավ, հասկացանք…
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը ռոբոտային է, էլ ավելի բարձր: Ձայնը ուղեկցվում է էլեկտրական սղոցի բարձր սուլոցով:) Արխիվը բացված է, արխիվը բացված է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (բարկացած): Ո՞նց անջատեմ… (Կոմոդի վրայի ճանճասպանը վերցնում, սկսում է աջ ու ձախ հարվածել, ասես ճանճ սպանի: Մի քանի հարվածներն ապարդյուն են անցնում: Հանկարծակի շեշտակի հարվածից ձայնը ձևախեղվում է, ասես ժապավենը ծամվում է:)
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը ռոբոտային է, խեղված): Արխիիիիի իիիվըըըըը բացվա՜՜՜՜՜՜՜ծ է…
Արխիվարիուսը ևս մեկ անգամ հարվածում է նույն տեղը, ձայնը կտրվում է: Ճանճասպանը մի կողմ է դնում:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Իսկական սկլերոտիկ եմ, սկլերոտիկ ապուշ… Թե ինչի՞ արխիվ մտա… Լավ, էդ մարդը ի՞նչ եղավ… Չեմ գտում, ծննդական ուներ, գրանցում: Թուղթը չկա, մարդն էլ՝ հետը: Օդ դարձա՞վ, կորա՞վ…
Փակվող դարպասի գմփոց, միացող սքայպի ձայն:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չեմ գտնում…
Սքայպի ձայնն ահագնանում է: Արխիվարիուսը աջ ու ձախ է անում, ապա նստում է աթոռին: Անշարժ կանգնած Պահակն ակտիվանում է:
ՊԱՀԱԿ — Չգտա՞ք…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ցնցվում է): Վախեցա…
ՊԱՀԱԿ — Ինչի՞ց…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չգիտեմ, հանկարծակի էր…
ՊԱՀԱԿ — Ծննդականս գտա՞ք…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ոչ…
ՊԱՀԱԿ — (բարկանում է): Տիկին Արխիվարիուս…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Տիկի՞ն…
ՊԱՀԱԿ — Բա ի՞նչ ասեմ, պարո՞ն…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ծաղրական): Չէ մի չէ՝ պահակ…
ՊԱՀԱԿ — Հա, ի՞նչ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հեչ… Ձեր դեմքը ծանոթ է…
ՊԱՀԱԿ — Ես էս արխիվի պահակն եմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հա՜… (Շփոթվում է:) Հիշեցի… Փաստորեն… Ձեր ծննդականն եմ փնտրում… Հասկանո՞ւմ եք, մի քանի օր էլ պետք… (Փոխում է թեման:) Գիտե՞ք, պահակ լինելու համար շատ եք ջահել…
ՊԱՀԱԿ — Իրո՞ք… Լավ է չասացիք՝ պահակ լինելու համար շա՜տ եք տղամարդ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Համենայնդեպս, կին…
ՊԱՀԱԿ — (ընդհատում է): Մի խոսքով… Էդ ձևականություններին վերջ տանք… Մի շաբաթ կլինի, ամեն օր գործից հետո մնում եմ, որ ձեզ բռնացնեմ… Մի թուղթն ի՞նչ է, որ չեք գտնում…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Լավ, եթե ուզում եք՝ ասեմ ճշմարտությունը… Ձեր ծննդականը ոչ մի տեղ չկա…
ՊԱՀԱԿ — Էդ երբվանի՞ց…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մարտի մեկից…
ՊԱՀԱԿ — Բայց այսօր ապրիլի քսանչորսն է, մի ամիս քսանչորս օրում ծննդականիս պատճենը չգտա՞ք:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այսօր ապրիլի քսանչո՞րսն է…
ՊԱՀԱԿ — Հա…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Բա հեռուստացույցով ասացին՝ մարտի մե՞կն է…
ՊԱՀԱԿ — Երբ մարդկանց սպանում են, միշտ էլ ապրիլի քսանչորսն է…
Կրկին սարսափ-ֆիլմի ձայն, լուրերի հաղորդումներ, էլեկտրական սղոցի սուլոց: Հեռուստացույցի ալիքները փոփոխվելով՝ կանգ են առնում մեկի վրա:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Այսօր մեր բազմաչարչար երկրի պոպոք Կառավարությունը որոշում ընդունեց Ապրիլի քսանչորսին մեծ հանդիսավորությամբ նշել Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցը: Այդ ոճրագործության…
Դադար: Տարածքը հայտնվում է լուսային 3D կոնտրաժուրի մեջ: Ամեն ինչ միանգամից փոխվում, ասես հնանում է: Սփրթնած լույս: Արխիվարիուսը անշարժանում է, միայն ուղեցույց մատն է շարժվում: Պահակը մոտենում է կոմոդից կապված պարանին: Անմիջապես ազդանշանի ձայն է լսվում: Տարածքը շատ լուսավոր է դառնում:
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը համակարգչային-ռոբոտային է): Դուք հաղորդագրություն ունեք, դուք հաղորդագրություն ունեք…
ՊԱՀԱԿ — Զզվում եմ… Ուզում եմ համ քեզ մոռանալ, համ էլ՝ ազգանունս… Մոռանա՜մ… Իմ իսկական ազգանունը գիտե՞մ, որ մոռանամ… Հազար ասել եմ՝ ինձ նամակ մի ուղարկիր… Մեկ է՝ չեմ պատասխանելու:
Կրկին միանում է հեռուստացույցը: Սակայն հաղորդավարի ձայնը փոխված է, ասես սարսափ ֆիլմից լինի:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Այսօր մեր բազմաչարչար երկրի պոպոք Կառավարությունը որոշում ընդունեց Ապրիլի քսանչորսին մեծ հանդիսավորությամբ նշել Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցը: Այդ ոճրագործության…
Հաղորդավարի խոսքին համընթաց ասես զարթնած Արխիվարիուսը փուչիկ է փչում: Փուչիկն ուժգնորեն տրաքացնում է: Հաղորդավարի ձայնը կտրվում է: Էլեկտրական սղոցի սուլոց: Արխիվարուսը ցնցվում, մի քանի վայրկյան պայթած փուչիկին նայելուց հետո խոսում է դանդաղ, ասես խմած լինի: Լուսային կոնտրաժուրը թռթռում է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (գլուխը բռնելով): Ի՞նչ է կատարվում… Որտե՞ղ եմ ես… Ո՞վ եմ ես… Ասես անկշռելիության մեջ հայտնված լինեմ… Ծննդականը… Ես այս փաստաթղթի դեմ ի՞նչ կարող եմ անել… Ճշմարտությունն ասել… Հիմար խոսքեր… Թունավոր խոսքեր… Բուտուլիզմ են ասում, ի՞նչ են ասում… Թունավորվել մեռնել… Չէ, թաքնվելու տեղ էլ չկա… Դե ի՞նչ, սկսե՞նք… Ճշմարտութունը բացահայտելու ժամ…
Միանում է ապահովագրական ազդանշանը:
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը ռոբոտային է): Ձեր արխիվը բացված է, ձեր արխիվը բացված է, ձեր արխիվը բացված է, ձեր արխիվվ վվվվվըըըըըը բացվա՜՜՜՜՜՜ծ է…
Խավարում: Կոնտրաժուրն անէանում է: Դադար: Սքայպի ձայնը ուժգին միանում է: Արխիվարիուսը ակտիվ է, կենսուրախ: Նրա ձայնի մեջ պաթետիկ-թատերային շեշտեր են հայտնվում:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (այնպիսի զգացողություն է, ասես սքայպով է շփվում): Սարսափելի է… Ապրիլի քսանչորս… Ապրիլի քսանչորսից հետո քեզ չեմ տեսել… Տղաս… Ինձ լրիվ մոռացել ես, նամակներիս չես պատասխանում: Թվում է՝ դեմքդ ջնջվել է, տեսնեմ՝ չեմ հիշի: Տղաս… Երկրորդ գարունն էլ անցավ, ու ոչ մի պատասխան: Ինչո՞ւ ես ինձ հետ այդպես վարվում: Ասենք, իրավունք ունես: Մտածում ես՝ եթե ծնող էի, ինչո՞ւ լքեցի քեզ: Լքեցի՞… Չգիտեմ… Դու չգիտես, թե ինչ ժամանակներ էին… (Աթոռի հարևանությամբ դրված ապակե տարան վերցնում, գրպանից մի բանալի է հանում, սկսում է բացել:) Դու իրոք չգիտես, թե ինչ ժամանակներ էին… Տղաս… Տեսնես հիմա ի՞նչ ես անում, որտե՞ղ ես, ո՞նց ես, հո սոված չե՞ս… Հաց կերե՞լ ես…
ՊԱՀԱԿ — Դու պահածո չե՞ս ուտում…
Լուսային 3D կոնտրաժուրն անէանում է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ցնցվում է, տարան շուռ է գալիս): Վախեցա…
ՊԱՀԱԿ — Ինչի՞ց…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չգիտեմ, հանկարծակի էր… (Դեմքը լուսավորվում է, ուրախ:) Տեր աստված, եկա՞ր… Հազիվ ճանաչեցի… (Մոտենում, գրկում է:) Տղաս…
ՊԱՀԱԿ — Տղա՞ս…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (մի քիչ պաթետիկ): Էս ո՜նց ես մեծացել… Տղաս…
ՊԱՀԱԿ — Տղա՞ս…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (քիչ պաթետիկ): Երկու գարուն է՝ քեզ չեմ տեսել, երկու գարուն…
ՊԱՀԱԿ — Ի՞նչ գարուն…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Թող նայեմ քեզ, տղաս…
ՊԱՀԱԿ — Տղա՞ս… Ի՞նչ տղա… Լրի՞վ ցնդեցիր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չգիտեմ… Եթե դու ես ասում, ուրեմն ցնդել եմ… Ուրախությունից… Ի՜նչ նման ես հորդ…
Էլեկտրական սղոցի բարձր սուլոց:
ՊԱՀԱԿ — Ի՞նչ հայր…
Սղոցի ձայնը կրկվում է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Դաժան ես…
ՊԱՀԱԿ — Ե՞ս…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Իրավունք ունես… Ապրիլի քսանչորսին, հորդ սպանությունից հետո…
ՊԱՀԱԿ — Տիկին…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Տիկի՞ն…
ՊԱՀԱԿ — Բա ի՞նչ ասեմ, պարո՞ն…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մայրիկ ասա…
ՊԱՀԱԿ — Դու երևի… Շփոթում ես… Ծննդականս տուր՝ գնամ…
ԱՐԽԻՎԱՐԻՈԻՍ — Տղաս…
ՊԱՀԱԿ — (կտրուկ) Ես մանկատանն եմ մեծացել:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Գիտեմ…
ՊԱՀԱԿ — Իմ ընտանիքից միայն ազգանունն է մնացել, որը ոչ մի կերպ չեմ գտնում… Ամբողջ կյանքս կեղծ ազգանունով եմ ապրել… (Դադար:) Հոգնել եմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ճանապարհի՞ց…
ՊԱՀԱԿ — Չէ, վաղուց է, ինչ էս, էս անիծյալ տեղից դուրս չեմ եկել… Զզվում եմ… Բոլորից, նույնիսկ՝ քեզնից… Քեզնից, որ կյանքումս ընդամենը մի երկու անգամ եմ տեսել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ես երեք տարի պահել եմ քեզ…
ՊԱՀԱԿ — Լսիր, դու գի՞ժ ես… Զզվում եմ ամեն ինչից…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հանգստացիր…
ՊԱՀԱԿ — Հանգստանա՞մ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հանգստացիր…
Արձագանք է հնչում:
ԱՐՁԱԳԱՆՔ — Հանգստացիր, հանգստացիր, հանգստացիր…
Դադար:
ՊԱՀԱԿ — Ասում ես՝ հանգստանա՞մ… Բայց… Վատ չէր լինի, գիտե՞ս… (Հետզհետե աշխուժանալով:) Ուզում եմ ուրախանալ, վազել, պարել, գոռալ, թռնել, լիցքաթափվել… Փտեցինք էս արխիվում…
Սղոցի ձայնը կրկվում է: Ապա՝ կրկին սարսափ-ֆիլմի ձայն, լուրերի հաղորդումներ:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Ինչպես երեկ հայտարարեցինք, այսօր մեր բազմաչարչար երկրի պոպոք Կառավարության որոշումով հայտարարվել է կառնավալի օր… Լիացքաթափվեք, փոխեք ձեր իմիջը, նույնիսկ դեմքը, դեն նետեք ձեր տարիքը, մոռացեք սեռը, այլ կերպարով մոտեցեք դիմացինին: Խաղացեք, պարեք, ուրախացեք… Ձեր սրտի դռները բացեք… Ոչ մի լրջություն: Ոչ մի պատասխանատվություն: Մի վախեցեք… Չէ՞ որ մարդը ամենաթանկ կապիտալն է… Զվարճացեք… Կառնավալ է, կառնավալ…
Պահակը լուրը լսելով՝ ժպիտով նայում է Արխիվարիուսին: Կառնավալին հատուկ երաժշտություն և լույս:
ՊԱՀԱԿ — Կառնավա՞լ… (Արխիվարիուսին.) Կառնավա՜լ… Հա՜… Ես էլ ասում եմ՝ էս ի՞նչ է խոսում… (Հանկարծակի փոխվում, կենասասեր է դառնում:) Գիտե՞ս, ես ամեն ինչ հասկացա… Ավելին՝ ես ճանաչեցի քեզ: Ինձ երբեք ոչ ոք «տղաս» չի ասել, դրա համար շփոթվեցի… Փաստորեն, դու գիտե՛ս իմ իսկական ազգանունը…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ավելի ակտիվորեն): Իհարկե, գիտեմ… (Գրկում է:) Տղաս… Երկու գարուն… Ուղիղ երկու գարուն քեզ չեմ տեսել: Այսօր ամսի քանի՞սն է:
ՊԱՀԱԿ — Ապրիլի քսանչորսը…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ապրիլի քսանչո՜րսը… Հազար ինն հարյուր տասնհինգ թվականի ապրիլի քսանչորսը…
ՊԱՀԱԿ — (ծիծաղելով): Չէ… Երկու հազար տասնհինգ թվականի ապրիլի քսանչորսը…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Շա՜տ կատակասերն ես…
ՊԱՀԱԿ — Դու էլ, հայրիկ…
Ծիծաղում են:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հայրի՞կ…
ՊԱՀԱԿ — Իհարկե, հայրիկ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ես քո մայրն եմ…
Սղոցի սուլոցի ձայն:
ՊԱՀԱԿ — Լավ կառնավալ է, բան չունեմ ասելու… Ասում ես՝ այօրվա տոնախմբությանը ի՞նչ դիմակով ես ներկայանալու…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Դիմա՞կ… Ի՞նչ դիմակ…
ՊԱՀԱԿ — Դու իմ մա՞յրն ես…
Արխիվարիուսը գրպանից սուլիչ է հանում, սկսում է սուլել: Պահակը ծիծաղում է:
ՊԱՀԱԿ — Այսօր իմ մա՞յրն ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Վաղուց…
ՊԱՀԱԿ — Ուրեմն, մի քիչ պատմիր իմ մասին…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ես քո մասին համարյա ոչինչ չգիտեմ… Մինչև երեք տարեկան դառնալդ չէիր խոսում, նույնիսկ մայրիկ չէիր ասում: (Դադար:) Կինը, ով քեզ որդեգրեց, դանիացի բարոնուհի էր, միսիոներուհի… Որբեր էր հավաքում: Ամեն որբի համար մի ոսկի էր վճարում:
ՊԱՀԱԿ — Ես ինչքա՞ն արժեի…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Քեզ համար հո փող չէի՞ վերցնելու…
ՊԱՀԱԿ — Ճիշտ ես, սեփական երեխան ձրի է… (Ծիծաղում են:) Երեք տարեկան էի, չէ՞, երբ ինձ որբանոց տարան:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հա, երեք… Ճիշտ հազար ինն հարյուր տասնհինգի ապրիլի քսանչորսին:
ՊԱՀԱԿ — Էդ օրն էլ էր կառնավա՞լ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չէ… (Շփոթվում է:) Ոչինչ չե՞ս հիշում…
ՊԱՀԱԿ — Հիշում եմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ի՞նչ…
ՊԱՀԱԿ — (մռայլվելով): Հիշում եմ, որ… Կրակում էին… Երևի սպանում… (Դադար:) Չէ, հաստատ սպանում էին… (Դադար:) Բայց… Արի այսօրվա կառնավալը վատ հիշողություններով չփչացնենք… Հիշենք միայն լավը…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Արի… էլ ոչինչ չե՞ս հիշում…
ՊԱՀԱԿ — Չէ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Նույնիսկ երեխայի հիշողության մեջ ինչ-որ բան մնում է, հագուստի գույն, մոր ժպիտ…
ՊԱՀԱԿ — Հիշում եմ՝ տանելուց առաջ ինձ տղայի շորեր հագցրին: Երևի դա է պատճառը, որ մինչև հիմա ինձ տղա են ասում:
Ծիծաղում են:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Իսկ ընտանի՞քդ… Հիշո՞ւմ ես ինձ, քույրերիդ…
ՊԱՀԱԿ — Չէ… Մամ, արի խաղ խաղանք…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Արի…
ՊԱՀԱԿ — Թվաբանական խաղ… Համաձա՞յն ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Կյանքում չեմ խաղացել… (Ծիծաղում է:)
ՊԱՀԱԿ — Ավելի լավ… Ասա… Եթե երկու տարի առաջ ես երեք տարեկան էի, ապա հիմա…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ճիշտ քսան ես…
ՊԱՀԱԿ — Ճիշտ է… Իսկ դո՞ւ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ես չգիտեմ, ապրիլի քսանչորսից հետո տարիքս կորցրել եմ…
ՊԱՀԱԿ — Երեսունից ավելի չես երևում…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այդքան ծե՞ր եմ…
Ծիծաղում են:
ՊԱՀԱԿ — Եթե քսան չլինեի, կասեի, որ դու տասնութ տարեկան ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Դու անտանելի ես…
ՊԱՀԱԿ — Դու էլ…
Ծիծաղում են:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (սեթևեթելով): Երեսունհինգ տարեկան կին…
ՊԱՀԱԿ — Ես ասացի՝ կի՞ն… Լավ, գուցե պատմե՞ս մեր ընտանիքի մասին…
Ստոպ: Տարածքը հայտնվում է լուսային 3D կոնտրաժուրի մեջ: Հին երաժշտություն է հնչում, խռպոտած ձայն: Ռադիոյի խունացած հնչյուններ:
ՌԱԴԻՈՅԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Անտանտի եռյակը լուրջ և ջախջախիչ հարձակումների ռազմավարություն է մշակել, քանի որ…
Գնացքի անիվների չխկչխկոց:
ՌԱԴԻՈՅԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Սեռական առաջընթացի խթանման առումով…
Գնացքի անիվների չխկչխկոցն ահագնանում է:
ՌԱԴԻՈՅԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Օսմանյան Թուրքիան… (Ռադիոյի ալիքները խառնվում, վայրկյան անց վերականգնվում են:) Երիտթուրքական կառավարությունը… (Ռադիոյի ալիքները կրկին խառնվում են:)
Անիվների չխկչխկոց:
ՌԱԴԻՈՅԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Ռուսաստանը թեև թոթափել է ճորտատիրական լուծը, բայց…
Գնացքի անիվների չխկխկոցն ահագնանում է:
ՌԱԴԻՈՅԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Շտապեք… Կարճ շրջազգեստների բումը փաստում է, որ…
Գնացքի անիվների չխկչխկոցն ահագնանում է:
ՌԱԴԻՈՅԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Մարդը ամենաթանկ կապիտալն է…
Գնացքի անիվների չխկչխկոցն ահագնանում է:
ՌԱԴԻՈՅԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Պաշտոնական հայտարարություն… Երիտթուրքական կառավարության հրամանով ապրիլի քսանչորսը հայտարարվել է չեղյալ օր: Այդ օրվա հետ առնչություն ունեցող բոլոր անձանց նամակները և փաստաթղթերը համարվում են մեռած: Արխիվի դռները…
Ստոպ: Լուսային վիճակը փոխվում է: Ականջակալներն ականջներին՝ Պահակը և Արխիվարիուսը կանգնում են դեմ-դիմաց, տեքստերը ձեռքերին: Ասես ռադիոյի հաղորդավարներ լինեն:
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը ռոբոտային է): Լռություն… Լռություն… Հինգ, չորս, երեք, երկու, մեկ… Ձայնագրություն… Ձայնագրություն: Ստարտ… Ձեր արխիվը բացված է, ձեր արխիվը բացված է, ձեր արխիվը բացված է, ձեր արխիիիիիվըըըը բացվաաաած է…
Դադար, խոր դադար:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (դանդաղ, հազիվ է խոսում): Մենք հինգ հոգի էինք…
ՊԱՀԱԿ — Հի՞նգ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այո… Դու, ես, երկու քույրերդ… (Դադար:) Երբ փոքր էիր…
ՊԱՀԱԿ — Հինգերո՞րդն ով էր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Դու էիր, ես, քույրերդ… Երկու…
ՊԱՀԱԿ — Հորս անունը չես տալիս… Ամուսնացա՞ծ ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այո…
ՊԱՀԱԿ — Ազգանունդ ի՞նչ է… Ուզում եմ լսել իմ իսկական ազգանունը:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ի՞նչ ես կպել իմ ազգանունից… Փոխել եմ… Նրա ազգանունը ուրիշ էր…
ՊԱՀԱԿ — Նա՞… Փաստորեն, նա իմ հայրը չէ՞ր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ոչ…
ՊԱՀԱԿ — Իսկ ո՞վ էր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մարդ, ով աղջիկներիս տվեց իր ազգանունը…
ՊԱՀԱԿ — Իսկ հայրս ի՞նչ եղավ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Քո ծննդականը…
ՊԱՀԱԿ — Հայրս ի՞նչ եղավ…
Դադար:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Պաշտոնական հայտարարությամբ…
ՊԱՀԱԿ — (ընդհատում է): Հորս ի՞նչ արեցին…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ափերից դուրս է գալիս): Սպանեցին… Հորդ սպանեցին… Ճիշտ ապրիլի քսանչորսին, իր տան առաջ… (Դադար: Փորձում է իրեն հավաքել:) Սարսափելի է… Երբ ապրում ես, տեսնում ու տարիներ հետո ես հասկանում, որ ապրիլի քսանչորսին ապրել ես…
ՊԱՀԱԿ — Հորս սպանեցին…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հա… Ընկած էր մեր տան դռանը: Մարդասպանը կոշիկներից բռնել, քաշում էր: Ուզում էր հանել… Քեզ թվաց՝ քնած է, էդ անասունն էլ փորձում է ոտքերից բարձրացնել, հորդ տուն բերել: Հազիվ քայլել էիր սովորել, բայց մոտեցար, որ օգնես…
ՊԱՀԱԿ — Ոչինչ չեմ հիշում… Ամուսնուդ ազգանունը ի՞նչ էր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Նույնը… Նույն ազգանունը, ինչը որ աղջիկներս ունեն…
ՊԱՀԱԿ — Դու հորս սպանողի հե՞տ ես ամուսնացել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ես ուզում էի քեզ փրկել…
ՊԱՀԱԿ — Դու հորս սպանողի հե՞տ ես ամուսնացել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Աղջիկներիս թաքցնելու տեղ չունեի, նրանց կսպանեին…
ՊԱՀԱԿ — Ինչի՞ չես ասում, ո՞վ սպանեց հորս… Ի՞նչ ազգից էր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մենք ապրելու շանս չունեինք…
ՊԱՀԱԿ — Ի՞նչ ազգից էր հորս սպանողը…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Նրանք քեզ էլ կսպանեին…
ՊԱՀԱԿ — Վերջ, էս կառնավալին ուզում եմ վերջ տալ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ինձ էլ կը…
ՊԱՀԱԿ — Էլ չեմ ուզում խաղալ… Ստոպ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հենց էդ ժամանակ իմացա, որ դանիացի միսիոներուհին որբեր է հավաքում: Մեկ որբին՝ մեկ ոսկի…
ՊԱՀԱԿ — Վերջ տուր… Ստոպ տվեք… Ձայնագրությունը վերջացրեք…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մանկատուն էր տանելու…
ՊԱՀԱԿ — (գոռում է): Ստոպ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ու ես համաձայնվեցի…
ՊԱՀԱԿ — Էս ի՜նչ կառնավալ ես սարքել… Խեղկատակություն… Ազգանունդ ես փոխել, ազգդ էլ, մնում էր՝ մենակ սեռդ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ընդհատում է): Քեզ մանկատուն նամակներ էի գրում…
ՊԱՀԱԿ — Հիշում եմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (վերցնում է ապակե դատարկ տարան, շուռ է տալիս): Չէիր պատասխանում…
ՊԱՀԱԿ — Էս ի՜նչ գժանոց է…
Պահակը ձեռքի թղթերը շպրտում, մոտենում է կոմոդից կապված պարանին: Անմիջապես ազդանշանի ձայն է լսվում:
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը համակարգչային-ռոբոտային է): Դուք հաղորդագրություն ունեք, դուք հաղորդագրություն ունեք…
ՊԱՀԱԿ — Զզվում եմ… Ուզում եմ համ քեզ մոռանալ, համ էլ՝ ազգանունս… Մոռանա՜լ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (շոյում է տարան): Նամակների վրա օրիորդական ազգանունով էի ստորագրում…
ՊԱՀԱԿ — Մոռանալ… Իմ իսկական ազգանունը գիտե՞մ, որ մոռանամ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մի անգամ պատասխան ստացա…
Պահակը շտապով շրջվում է:
ՊԱՀԱԿ — Ես պատասխան չեմ ուղարկել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ- Երկու չոր ու ցամաք տող. «Մայրիկ, լավ եմ, ձիթապտուղ եմ ուտում, գրաբար սովորում»:
ՊԱՀԱԿ — Ես քեզ չեմ պատասխանել…
Պահակը բարկացած՝ պարանը վերցնում, Արխիվարիուսին է մոտենում:
ՊԱՀԱԿ — Լսիր, ինչքան էլ կառնավալ սարքես, տարիները շփոթես, գլխի վրա կանգնես, մեկ է, իմացի՝ ես քեզ նամակ չեմ գրել: Ինձ նայիր, վերջ տուր… Չեմ ուզում քեզ տեսնել, հասկանո՞ւմ ես…
Պարանը կապում է Արխիվարիուսի ոտքից:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հայերեն էիր գրել…
ՊԱՀԱԿ — Քեզ հազար ասել եմ՝ ինձ նամակ մի ուղարկիր… Մեկ է՝ չեմ պատասխանելու:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Գիտեմ… Բայց քեզնից մի նամակ ստացել եմ…
Պահակը մոտենում է կոմոդին, մետաղյա բռնակը սկսում է պտտել: Պարանը ձգվում, Արխիվարիուսին դեպի կոմոդն է քաշում:
ՊԱՀԱԿ — Ստում ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (պարանը ոտքին ետ-ետ՝ դեպի կոմոդն է սողում): Չեմ ստում…
ՊԱՀԱԿ — Դու իմ մայրը չես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ուրիշ հնարավորություն չունեի, միայն այդպես կարող էի փրկել քեզ, քո տեսակը…
ՊԱՀԱԿ — (բռնակը պտտելով): Էդպես՝ ո՞նց… մանկատուն ուղարկելո՞վ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ սահելով): Մայրիկ, ձիթապտուղ եմ ուտում, գրաբար սովորում…
ՊԱՀԱԿ — (բռնակը պտտելով): Սուտ… Ես ձիթապտուղ չեմ սիրում, զզվում եմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ես քեզ սիրում էի, բայց ինչ կարող էի անել…
ՊԱՀԱԿ — (բռնակը պտտելով): Պահեիր մոտդ, մայ-րիկ… Դու չգիտես՝ ի՞նչ է նշանակում որբ մեծանալը:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ-ետ սողալով): Դու չգիտես՝ ի՞նչ է նշանակում որբ երեխա ունենալը…
ՊԱՀԱԿ — Ես նույնիսկ չգիտեմ՝ քանի տարեկան եմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ես էլ չգիտեմ… Իմ կյանքն էլ էր կանգ առել…
ՊԱՀԱԿ — (բռնակը պտտելով): Ծննդականն ի՛նչ է, էդ էլ չունեմ… Ո՞վ եմ ես, որտեղի՞ց, ոչ ծնողներս կան, ոչ ազգությունս, ոչ էլ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ սահելով): Իսկ ազգանուն փոխելը կարծում ես հե՞շտ է…
ՊԱՀԱԿ — Չեմ ուզում, էլ ոչինչ չեմ ուզում լսել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Սպասիր… Նամակդ…
ՊԱՀԱԿ — Վերջ, ձայնագրությունը ավարտված համարենք…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (պոռթկալով): Նամակդ… Դանիացի բարոնուհին էր գրել…
Դադար: Արխիվարիուսը գրեթե կոմոդին է հասել:
Դադար:
ՊԱՀԱԿ — Դու… Մարդ չես…
Արխիվարիուսը սուլիչով սուլում է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ես կասեմ քո իսկական ազգանունը…
ՊԱՀԱԿ — (Արխիվարիուսին տեղավորում է դարակի մեջ): Դու թուղթ ես… Ընդամենը փաստաթուղթ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (հևալով խցկվում է դարակի մեջ): Դու ինձ չես կարող ջնջել…
ՊԱՀԱԿ — Դու արխիվի պատճեն են… Մեռած, կորած ծննդական…
Ստոպ: Տարածքը հայտնվում է լուսային 3D կոնտրաժուրի մեջ:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Մարդը ամենաթանկ կապիտալն է… Մարդը ամենաթանկ կապիտալն է… Մարդը ամենաթանկ կապիտալն է…
ՔԱՐԱՑՈՒՄ
ՔԱՐԱՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

ԱՐԽԻՎ ՝ ՄԱՐԴԻԿ-1
Գործող անձիք
ՊԱՀԱԿ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ՓՈՍՏԱՏԱՐ
Իրադարձությունները իրապես կարևոր են:
Գործող անձանց սեռը և տարիքը կարևոր չեն:
Կարծում եմ, պարտադիր է, որ պիեսի երկու գործողություններում դերակատարները չփոխվեն:
Պատկեր չկա, դեկոր չկա, բեմ չկա, տեղանքը փակ դաշտ է կամ սենյակ, որը դաշտի 3D շերտերն ունի: Ոչ մի վարագույր: Սիմվոլներ չկան, եթե նույնիսկ կան, ապա աղճատված, աղավաղված ձևով են արտահայտվում: Պիեսում առկա հնչյուններն ու աղմուկը (հեռուստացույցի, ռադիոյի ձայն, գովազդային ընդհատումներ, կենցաղային աժոտաժ) խիստ կարևոր գործողություններ են:
Երկու դարակից զուրկ կոմոդ: Կոմոդի աջ անկյունում ոլորող մետաղյա բռնակ կա: Բեմից մի քանի տարրալուծվող, համարյա չերևացող աթոռներ են աճել: Աթոռներից մեկի կողքին երեք լիտրանոց ապակյա տարա կա: Արխիվարիուսը կուչ է եկել կոմոդի մեջ: Պահակը տեղանքում է, բայց՝ անշարժ: Միայն ցուցամատը տնկած աջ ձեռքն է շարժվում, ասես, ինչ-որ մեկին ճանապարհ է ցույց տալիս: Ներս է մտնում Փոստատարը՝ ուսին պարկը: Չի նկատում Արխիվարիուսին և Պահակին: Ստոպ: Տարածքը հայտնվում է լուսային 3D կոնտրաժուրի մեջ: Միայն Փոստատարն է լուսավորված:
ՓՈՍՏԱՏԱՐ — Էսօր մի նամակ կարդացի: Փոքրիկ երկտող էր՝ արխիվ էին ուղարկել… (Պայուսակն է քրքրում:) Ձեռագրից երևում էր, որ գրողը կին է, ավելի ճիշտ՝ աղջիկ: Ձեռագրի՞ց… Կի՞ն էր… Չէ, աղջիկ… (Ծիծաղում, շարունակում է պայուսակը քրքրել:) Նամակը ինձ չէր ուղղված… Բա ինչի՞ կարդացի… Վրան ոչ հասցե կար, ոչ բան… (Նյարդային պայուսակն է քրքրում:) Ի՞նչ արեցի… Ո՞ւր դրեցի… Պատասխա՞ն էլ կար… Չէ… Բայց սիրուն մեսիջ էր… (Մի քիչ պաթետիկ:) Սիրելի՜ս, վաղը գարուն է: Էդ գարունը դու ես բերել ինձ համար… (Պայուսակի գրպաններն է քրքրում:) Սիրելի՜ս, վաղը… Էդ անտերն ի՞նչ արեցի… Կորա՞վ…
Փոստատարը պայուսակի պարունակությունը շուռ է տալիս հատակին: Պայուսակից սպիտակ բմբուլներ են թափվում: Բմբուլների առատությունից տեղանքը ճերմակում է:
ՓՈՍՏԱՏԱՐ — …Վաղը գարուն է… էդ գարունը դու էս բերել ինձ համար… (Դադար:) Բայց… Մի րոպե… Երկտողի տակ տարեթիվ կար… Հազար ինն հարյուր տասնհինգ թվական… Բա… Ո՞նց էր ինտերնետով ուղարկել, էլ. փոստով… էդ թվերին ինտերնետ կա՞ր…
Լվացքի աշխատող մեքենայի անտանելի բարձր ձայն, որն ուղեկցվում է հեռուստահաղորդումներին հատուկ հնչյուններով: Ագրեսիվ գովազդի աղմուկ: Ալիքները փոփոխվելով՝ կանգ են առնում մեկի վրա:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Գովազդ… Պավլիկ Մորոզով… Անտեսանելի գովազդ… Պավլիկ Մորոզով…
Հեռուստաալիքները փոփոխվելով՝ կանգ են առնում մեկի վրա:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Լուրեր: Այսօր, մարտի մեկին, մեր բազմաչարչար երկրի պոպոք Կառավարությունը Հայոց Մեծ Եղեռնի անվան հրապարակ կառուցելու որոշում ընդունեց… Հրապարակը կառուցվելու է Մաշտոցի անվան պողոտայի և Լուսավորչի փողոցի հատման կետում…
Լվացքի մեքենայի ձայն: Հեռուստաալիքները փոփոխվում են: Ռադոհաճախականություններին հատուկ աղմուկ է լսվում:
ՌԱԴՈՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Մեր ռադիոկայանի վրա ահաբեկչական գործողությունները շարունակվում են: Ահաբեկիչներին հատկապես շփոթեցնում է մեր ռադիոկայանի որդեգրած ազատ խոսքի…
Ռադիոալիքը խեղդվում է լվացքի մեքենայի և գովազդի ձայների մեջ: Միանում է հեռուստացույցը:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Գնեք չծամվող մաստակ, որը կօգնի ձեզ չակտիվացնել ձեր ստամոքսի…
Լվացքի մեքենայի ձայն: Հեռուստաալիքը փոխվում է: Ռադիոալիքը վերականգնվում է:
ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Փրկենք ցեղասպանվող եզդի երեխաներին…
Ռադիոալիքը խեղդվում է լվացքի մեքենայի և գովազդի ձայների մեջ: Միանում է հեռուստացույցը:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Այսօր մեր բազմաչարչար երկրի անբիծ, լվացված Նախագահը մասնակցել է Սիրահարների այգում կազմակերված Սուրբ Անգլուխ Ձիավորի տոնին: Նստարանին նստած համբուրվող սիրահար զույգին նայելիս Նախագահը մեղմ ժպտում էր:
Լվացքի մեքենայի ձայն: Հեռուստաալիքը փոխվում է:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Հայրերի և որդիների բազմադարյա խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար առաջարկում եմ Ազգային Ժողովում օրինագիծ ընդունել, ըստ որի յուրաքանչյուր մարդ, ծնվելուց հետո, ձկան նման պարտավոր է մոռանալ իր ծնողներին…
Լվացքի մեքենայի ձայն: Ռադիոալիքը վերականգնվում է:
ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Ղրիմում շարունակվող դաժան պատերազմի արդյունքում…
Ռադիոալիքը խեղդվում է լվացքի մեքենայի և գովազդի ձայների մեջ: Միանում է հեռուստացույցը:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Նա ուսումնասիրում է մեռած նամակների պրոբլեմը…
Ձայնն անջատվում է: Փոստատարը խոր շունչ է քաշում:
ՓՈՍՏԱՏԱՐ — Էս ի՜նչ դաժան էր… Ի՞նչ էր ասում… Մեռա՞ծ նամակ… Մեռած… Չէ մի չէ… Էդ ապուշությունը ո՞վ հորինեց… Ինչքան գիժ կա՝ հեռուստացույցով ցույց են տալիս… (Դադար:) Բայց երկտողը լավն էր: Ասա՝ պատասխանի, էլի… (Լվացքի մեքենայի ձայն:) Ի՞նչ ես անսրտություն անում… (Լվացքի մեքենայի ձայնը կրկնվում է:) Հարյուր տարվա նամակ… Էդ գրողն ու հասցեատերը հիմա երևի… (Լվացքի մեքենայի ձայնը կրկնվում է:) Սրանց լվացքը սկսվե՜ց… Ամբողջ օրը դռդռացնելու են… Արխիվը բացված-չբացված՝ լվացք են անում… (Ձայնն անտանելի է դառնում:) Չեմ էլ հասկանում՝ ո՛վ է, Պահա՞կը, թե՞ Արխիվարիուսը…
Լվացքի մեքենայի ձայն:
ՓՈՍՏԱՏԱՐ — Վերջացրեք, էլի…
Ձայնն անջատվում է:
ՓՈՍՏԱՏԱՐ — Էժան պրծանք… (Փոքր-ինչ պաթետիկ:) Սիրելի՜ս, վաղը գարուն է… Էդ գարունը դու ես բերել ինձ համար:
Փոստատարը պայուսակը նետում է ուսին, որ գնա: Հեռախոսի հաղորդագրության ձայն է հնչում:
ՓՈՍՏԱՏԱՐ — (կանգ առնելով): Էս ի՜նչ էր… Մեսի՞ջ… (Թեթևակի ժպիտով:) Չի կարող պատահել… Տեսնես ո՞վ է ինձ հիշել… Լավ… Երևի ինչ-որ հիմար հաղորդագրություն է. կոշիկի խանութում գներն են իջեցրել, կամ Օպերայում համերգ է…
Պատրաստվում է դուրս գնալ, երբ հաղորդագրությունը առավել ուժգին ձայնով է կրկնվում:
ՓՈՍՏԱՏԱՐ — (գրպաններն է քրքրում): Էդ անտերը ո՞ւր եմ դրել: էնքան չեմ զանգում, որ… (Հաղորդագրությունը կրկնվում է:) էս ինչ տեղատարափ է: (Հաղորդագրությունը կրկնվում է: Բարկանում է:) Լավ, հասկացանք… (Ձեռքը ծոցագրպանն է տանում:) Գտա… (Ծրար է հանում, բացում, երկտող է հանում, կարդում է:) Կորսված տեքստ… Կորսված տեքստ… (Ուշադիր կարդում է:) Որ տուն գաս, հետդ հաց բեր, տղաս… (Զարմացած:) Որ տուն գաս, հետդ… Հա՞ց… (Ծրարի հասցեի հատվածն է զննում:) Մորս հեռախոսի համարն է… Բայց, չի կարող պատահել… Մայրս երկու տարի առաջ է մահացել… Էս ի՞նչ կատակ էր… (Նորից է կարդում:) Որ տուն գաս, հետդ հաց բեր… Չէ, էսպիսի բան չի կարող լինել… (Ծրարի ներսն է տնտղում:) Երեք տարի առաջ է ուղարկել… Բա ինչի՞ եմ հիմա ստանում… Ձե՞ռ են առնում… Էս պիտի պարզել… Անասո՞ւն են դրանք, մարդկանց զգացմունքների հե՞տ են խաղում… (Շտապ դուրս է գնում:)
Լուսային 3D կոնտրաժուրն անհետանում է: Պահակը դեռ անշարժ է: Միայն ցուցամատը տնկած աջ ձեռքն է շարժում, ասես ինչ-որ մեկին ճանապարհ է ցույց տալիս: Արխիվարիուսը կոմոդից դուրս է գալիս, մեջքն է ուղղում:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Էս զիբիլ ավտոբուսով մինչև արխիվ հասա՝ մեջքս կտրվեց… Ուշ էլ է… Կհասցնե՞մ ետ գնամ… Հա, չմոռանամ ծննդականիս պատճենը վերցնել… (Գրպաններն է տնտղում:) Դուռը բացեմ…
Գրպանից Ռուբիկ-կուբիկ է հանում, սկսում է պտտել:
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը ռոբոտային է): Արխիվը փակ է, արխիվը փակ է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չհասկացա… Երեկ էի յուղել…
Զարմացած Ռուբիկ-կուբիկին է նայում: Կրկին պտտում է: Լվացքի մեքենայի ձայնն ահագնանում է: Ազդանշան:
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը ռոբոտային է, էլ ավելի բարձր): Արխիվը փակ է, արխիվը փակ է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ո՞նց թե՝ փակ է… (Նյարդայնանալով:) Մա՞րդ չկա… Էս պահակն ո՞ւր է…
Ռուբիկ-կուբիկը կրկին պտտում է: Լվացքի մեքենայի ձայն:
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը ռոբոտային է, էլ ավելի բարձր): Արխիվը փակ է, արխիվը փակ է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չի՞ լսում… Լվա՞ցք է անում, ի՞նչ է անում…
Ռուբիկ-կուբիկը նյարդայնացած շուռումուռ է տալիս: Պահակը հանկարծակի ակտիվանում, կոմոդի վրայից ճանճասպանը վերցնում, հրացանի նման պահում է Արխիվարիուսի վրա:
ՊԱՀԱԿ — Կանգնիր, թե չէ կկրակեմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (հանկարծակիի գալով): Հայրիկ ջա՞ն… (Ուրախ:) Հայրիկ ջան, ես եմ, դուռը բաց…
ՊԱՀԱԿ — Ոչ մի դեպքում… Շարքայի՛ն…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ընդհատում է): Արդեն սերժանտ եմ… Հայրի՞կ ջան… Դուռը բաց, ծննդականս պիտի վերցնեմ:
ՊԱՀԱԿ — Մոռացիր, դու ծննդական չունես…
Դադար:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ականջ է դնում): Հայրիկ ջա՞ն…
ՊԱՀԱԿ — Համարիր՝ խուլ եմ, չեմ լսում… Համ էլ՝ ես տղա չունեմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Լսիր, հայրիկ ջան, դուռը բաց, գործս անեմ՝ գնամ…
ՊԱՀԱԿ — Էստեղ մարդ չկա…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հայրիկ ջան… (Իրեն հազիվ տիրապետելով:) Հայ-րիկ ջան…
ՊԱՀԱԿ — Ի՞նչ ես կպել, հայրիկ, հա, հայրիկ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Բա ի՞նչ ասեմ, մայրի՞կ, տատի՞կ, նահապե՞տ, թե՞ սպարապետ…
ՊԱՀԱԿ — Չէ մի չէ՝ Անգլիայի թագուհի… (Մի պահ մտածում է:) Բայց սպարապետը վատ չէր, գիտե՞ս…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ինչ ուզում ես, կասեմ՝ պարոն սպարապետ, զորքերի գերագույն հրամանատար, ընկեր կաթողիկոս, պարոն ծովակա՜լ…
ՊԱՀԱԿ — Ձե՞ռ ես առնում, քսան տարեկան ադմիրալ որտե՞ղ ես տեսել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ափերից դուրս է գալիս): Լսիր, դու գի՞ժ ես…
ՊԱՀԱԿ — Հա, բա ի՞նչ եմ… (Ծաղրով:) Երեք տարի առաջ խելագարության նոպա եմ ունեցել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ինչ ուզում ես եղիր, մենակ դուռը բաց… Աշխատանքի եմ, հասկանո՞ւմ ես…
ՊԱՀԱԿ — Հա, ես էլ էստեղ մուկ եմ տշում…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Բաց…
ՊԱՀԱԿ — (ճանճասպանը նրա վրա պահելով): Մի քայլ էլ անես՝ կսատկացնեմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ճա՞նճ եմ, ի՞նչ եմ, որ սատկացնես…
ՊԱՀԱԿ — Հա, չե՞ս տեսնում՝ քանիսին եմ բմբլահան արել…
Արխիվարիուսը զարմացած շուրջն է նայում: Սպիտակ բմբուլները թեթևակի շարժվում են: Ռադիալիքների ձայներ:
ՌԱԴՈՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …մինչև հիմա Թուրքիայից արտաքսված ու ցեղասպանված հայերի ոսկորները հանգչում են Սիրիայի Դեր էլ Զորի անապատում…
Ռադոալիքը խեղդվում է լվացքի մեքենայի և գովազդի ձայների մեջ: Ի վերջո միանում է հեռուստացույցը:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …թոթափեք ընտանեկան այդ զարհուրելի սովորությունը: Չկա ծնող և չկա երեխա: Կա միայն հայրենիք և գործող Նախագահ… Նախագահն է մեր հայրենիքն ու մայրաքաղաքը: Ուրիշ ծնող մենք չունենք…
Լվացքի մեքենայի ձայն: Հեռուստաալիքը փոխվում է: Ռադիոալիքը վերականգնվում է:
ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Կառավարությունը Մաշտոցի անվան պողոտայում խմբված ցուցարարներին ցրելու նպատակով…
Ռադիոալիքը խեղդվում է լվացքի մեքենայի և գովազդի ձայների մեջ: Միանում է հեռուստացույցը:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Գովազդ… Պավլիկ Մորոզով… Անտեսանելի գովազդ… Պավլիկ Մորոզով…
Գովազդի ձայների ագրեսիվ հարձակում՝ ուղեկցված լվացքի մեքենայի չդադարող բարձր դռռոցով: Արիխիվարիուսը, նյարդայնացած, Ռուբիկ-կուբիկը ետ ու առաջ է պտտում: Անսպասելի լռություն:
Լռություն…
Լռություն…
Լռություն…
Լուսային 3D կոնտրաժուր: Խոր դադար:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Էս ի՞նչ լռություն է…
Դադար:
ՊԱՀԱԿ — Ի՞նչ լռություն… (Ականջ է դնում:) Կրակում են…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Միշտ էլ կրակում են…
ՊԱՀԱԿ — Չէ, էսօր սպանում էլ են…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այսօր ամսի քանի՞ս է…
ՊԱՀԱԿ — Ապրիլի քսանչորսը…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ո՞նց, մարտի մեկը չի՞…
ՊԱՀԱԿ — Երբ սպանում են, միշտ էլ ապրիլի քսանչորսն է…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հազար ինն հարյուր տասնհինգ թվականի՞…
ՊԱՀԱԿ — Չէ, երկու հազար ութի…
Լվացքի մեքենայի ձայն: Լուսային կոնտրաժուրն անհետանում է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ապրիլի քսանչո՞րսը… Բայց չէ… Չի կարող պատահել… Հրամանս էսօր են տվել… (Գրպանից ուսադիր է հանում, ուշադիր զննում է, ասես կարդում է:) Երկու հազար ութ թվական, մարտի մեկ: Զինվորական կարգապահության և առաջընթացի համար սերժանտի կոչում շնորհել Մաշտոցի անվան պողոտայում տեղակայված արխիվի արխիվարիուս…
ՊԱՀԱԿ — (ընդհատում է): Էսօր Մաշտոցի պողոտայում մարդ չկար…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ի՞նչ գիտես…
ՊԱՀԱԿ — Ախմախ… Մեր արխիվը էդ փողոցի դիմաց չի՞…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Բա ցույցի մասնակիցնե՞րը…
ՊԱՀԱԿ — Լուսավորչի փողոց գնացին:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Լո՞ւրջ… (Կրկին կարդում է ուսադիրի վրա գրվածը:) Իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու դեպքում, Երկրի Գերագույն հրամանատարի անունից հրամայում եմ՝ ամեն գնով ցրել Մաշտոցի պողոտայում հավաքված…
Լվացքի մեքենայի ձայնն ահագնանում է:
ՊԱՀԱԿ — Էդ ի՞նչ ես կարդում…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Կարևոր չէ…
ՊԱՀԱԿ — Ճիշտ ես, երբ սպանում են՝ տեղը կարևոր չէ…
Լվացքի մեքենայի ձայնն ահագնանում է:
ՊԱՀԱԿ — Էդ մեքենադ անջատիր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մեքենայով չեմ…
ՊԱՀԱԿ — Լվացքդ նկատի ունեմ… Ծննդականնե՞րն ես լվանում…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չէ, հորս գլուխը…
ՊԱՀԱԿ — Քեզնից հեռու չի, հա, իմիջիայլոց, կոչմանդ հրամանը կարող ես չեղյալ համարել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ծաղրով): Շատ կատակասերն ես…
ՊԱՀԱԿ — Հա՞… Դու, փաստորեն, հեռուստացույց չե՞ս նայում…
Լվացքի մեքենայի և ագրեսիվ գովազդի ձայներ: Ինչ-որ մեկը հեռուստացույցի ալիքներն է փոխում: Ի վերջո ալիքը կանգնում է մեկի վրա:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Պաշտոնական հայտարարություն… Մեր պոպոք Կառավարության հրամանով մարտի մեկը հայտարարվել է չեղյալ օր: Այդ օրվա հետ առնչություն ունեցող բոլոր անձանց նամակները, փաստաթղթերը և հրամանները համարվում են մեռած: Արխիվի դռները…
Ձայնն ընդհատվում է: Լռություն: Լռության մեջ անընդմեջ փակվող դռների ձայներ են լսվում:
Փակվող դռան ձայն:
Փակվող դռան ձայն:
Փակվող դռան ձայն:
Ազդանշան:
ԱԶԴԱՆՇԱՆԻ ՁԱՅՆ — (Ձայնը ռոբոտային է, էլ ավելի բարձր): Արխիվը փակ է, արխիվը փակ է, արխիվը փակ է…
Պայծառ լույս: Պահակը տեղանքում է, բայց անշարժ: Միայն ցուցամատը տնկած աջ ձեռքն է շարժվում, ասես ինչ-որ մեկին ճանապարհ է ցույց տալիս: Արխիվարիուսը նստել է աթոռին: Ապակե տարան ծնկներին է: Արխիվարիուսը լազերով աջ ու ձախ լույսեր է գցում:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Սիրունս, երկրորդ նամակն եմ գրում, ու ոչ մի պատասխան… Էսօր դժվար թե քեզ տեսնեմ: Գործը շատ-շատ է: Էդ ամեն ինչը քիչ էր՝ ստիպված եղա արխիվ մտնել: Գիտես՝ ծննդականիս հարցով: Կոչումիս համար պետք եղավ: (Շարունակում է լազերով աջ ու ձախ լույսեր գցել:) Ասացին՝ առանց ծննդականի սերժանտ չես կարող լինել: Խնդալու է, չէ՞… Ասացի՝ չունեմ, հայրս երեք տարի առաջ խելագարության նոպայի մեջ պատռեց: Զարմացած երեսիս նայեցին: Իրենց թվաց՝ ես էլ եմ գիժ… Սիրունս… Գիժ եմ, բա ի՞նչ եմ… Գիժ եմ, որ առանց քեզ չեմ կարողանում… Ինչի՞ մեսիջներիս չես պատասխանում: Էսօր չենք կարող հանդիպել… Համբուրում եմ քեզ… Հա, ճիշտ երեկվա նման… Երեկ Սիրահարների այգում լավ էր, չէ՞… Սուրբ Անգլուխ ձիավորի տոնին: Տեսա՞ր… Նախագահը մեզ նայում ու ժպտում էր… Լավ, անուշս, ես թռա… Սպասում եմ մեսիջիդ…
Արխիվարիուսը լազերը դնում է ապակե տարայի մեջ: Ներս է գալիս Փոստատարը:
ՓՈՍՏԱՏԱՐ — Էսօր ընդունելություն չի լինելո՞ւ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (հանկարծակիի է գալիս): Ի՞նչ…
ՓՈՍՏԱՏԱՐ — Ասում եմ՝ ընդունելություն լինելո՞ւ է…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չէ… Ես… Հիմա գնում եմ… Մա՞րդ էր հարցնում…
Արխիվարիուսը տեղից վեր է կենում: Ապակե տարան դնում է աթոռի վրա: Աթոռի ոտքերի մոտ ընկած կափարիչը փակելու, այլ կերպ ասած՝ պահածոյացնելու համար նախատեսված սարքը վերցնում, դնում է տարայի բերանին ու սկսում է պտտել, պահածոյացնել:
ՓՈՍՏԱՏԱՐ — Հա…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ներկայացա՞վ…
ՓՈՍՏԱՏԱՐ — Չէ, բայց ոնց որ Պավլիկ Մորոզովն էր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (փռթկալով): Ո՞վ էր…
ՓՈՍՏԱՏԱՐ — Էն, էլի… Պավլիկ Մորոզովը…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Դու դրան որտեղի՞ց գիտես…
ՓՈՍՏԱՏԱՐ — Մոռանո՞ւմ ես՝ ով եմ, ինչ մասնագիտություն ունեմ: Մեռա դրանց նամակներն ու մատնագրերը տանել-բերելով…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չէ, գժերի հավեսը չունեմ… Ասա՝ գնացել եմ, էստեղ չեմ…
ՓՈՍՏԱՏԱՐ — Իմացա, որ սերժանտի կոչում ես ստացել, շնորհավորում եմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Շնորհակալ եմ… (Շարունակում է լազերը պահածոյացնել:)
Լվացքի մեքենայի ձայն:
ՓՈՍՏԱՏԱՐ — (ցնցվում է): Փաստորեն, դու չես… (Սևեռուն նայում է Արխիվարիուսի դեմքին:) Նկատի ունեի լվացքը…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (քմծիծաղ է տալիս): Ինձ էլ թվաց՝ դու ես…
ՓՈՍՏԱՏԱՐ — Լսիր, լվացք ասացի՝ հիշեցի… Ծննդականդ վերցրի՞ր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չէ, չհասցրի… (Պահածոյացված տարան մեկնում է Փոստատարին:) Ըհը, պատրաստ է, վերցրու…
ՓՈՍՏԱՏԱՐ — Էս մե՞կն է…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հա…
ՓՈՍՏԱՏԱՐ — Ուրիշ նամակ, փաստաթուղթ, մատնագիր, ուղերձ չկա՞…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չէ, էսօր մեռած օր է…
ՓՈՍՏԱՏԱՐ — (ժպիտով տարային նայելով): Անձնակա՞ն է, թե՞ պետական…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Անձնական…
ՓՈՍՏԱՏԱՐ — (ժպիտով): Լսիր, էսօր մի նամակ եմ գտել, կարո՞ղ է՝ քոնը լինի…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Դժվար, ես իմ նամակները ապահով պահում եմ…
ՓՈՍՏԱՏԱՐ — Համենայնդեպս, կարդամ՝ լսի…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չէ, ժամանակ չունեմ, առանց էդ էլ շատ ուշացա… Վաղուց պետք է Մաշտոցի պողոտայում լինեի…
ՓՈՍՏԱՏԱՐ — Փակ է…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Գիտեմ…
ՓՈՍՏԱՏԱՐ — Էդ ուղղությամբ էսօր երկու նամակ ունեի, չկարողացա տեղ հասցնել:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ի՞նչ նամակներ էին:
ՓՈՍՏԱՏԱՐ — Մեկը հոր նամակն էր՝ ուղղված Պավլիկ Մորոզովին, մյուսը Պավլիկ Մորոզովի նամակն էր՝ ուղղված իր հորը… Հասկացար, էլի, նախագահին…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Կարդացե՞լ ես…
ՓՈՍՏԱՏԱՐ — Չէ… (Լվացքի մեքենայի ձայն:) Սկսվե՜ց… Լավ, փոստը վերցնեմ, գնամ… (Ապակե տարան թևի տակ դնելով՝ դեպի դուռն է գնում: Կանգ է առնում, շրջվում է Արխիվարիուսի կողմը:) Երբևէ Մեռած նամակ ստացե՞լ ես…
Լվացքի մեքենայի ձայն:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ի՞նչ…
ՓՈՍՏԱՏԱՐ — Մեռած նամակ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մեռածների փաստաթղթերի հետ շատ եմ գործ ունեցել, բայց մեռած նամա՞կ… Չգիտեմ էլ՝ էդ ինչ է…
ՓՈՍՏԱՏԱՐ — Երբ քեզ ուղղված նամակը…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ընդհատում է): Ուշացա… Ես պետք է գնամ…
ՓՈՍՏԱՏԱՐ — Լսիր, շատ հետաքրքիր է…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հետո կպատմես…
ՓՈՍՏԱՏԱՐ — Հետո՝ ե՞րբ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Վաղը… (Պատրաստվում է դուրս գնալ:)
ՓՈՍՏԱՏԱՐ — Բա որ վաղը չլինի՞…
Լվացքի մեքենայի ձայն:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում…
ՓՈՍՏԱՏԱՐ — Հա, մեկ էլ տեսար՝ կառավարությունը որոշում ընդունեց, որ վաղը չկա… Էսօրվա նման…
Արխիվարիուսը թեթևակի ժպտում է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մեծ մարդ ես՝ ապուշությունների ես հավատում…
ՓՈՍՏԱՏԱՐ — Ապուշություն չի… (Փոքր-ինչ հուզվելով:) Էսօր… էսօր մորիցս նամակ եմ ստացել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Բայց մայրդ…
ՓՈՍՏԱՏԱՐ — Հա, երկու տարի առաջ է մահացել… Հասկանո՞ւմ ես… Երբ նամակը կարդացի…
Արխիվարիուսը ներողամտաբար թփթփացնում է Փոստատարի ուսը:
ՓՈՍՏԱՏԱՐ — Ճիշտ եմ ասում…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հաջողություն…
Արխիվարիուսը դուրս է գնում: Փոստատարը շտապում է նրա ետևից:
ՓՈՍՏԱՏԱՐ — Չե՞ս հավատում… Չե՛ս հավատում… Որ տուն գաս, հետդ հաց բեր, տղաս… (Կանգ է առնում: Արխիվարիուսը անհետացել է:) Չլսեց… Ախր, էս նամակը հաստատ իրան էր հասցեագրված… (Փոքր-ինչ պաթետիկ:) Սիրելի՜ս, վաղը գարուն է: Էդ գարունը դու ես բերել ինձ համար:
Փոստատարը պայուսակի պարունակությունը շուռ է տալիս հատակին: Պայուսակից սպիտակ բմբուլներ են թափվում: Բմբուլների առատությունից տեղանքը ևս մեկ անգամ սպիտակում է: Փոստատարը դուրս է գնում: Տարածքը հայտնվում է լուսային 3D կոնտրաժուրի մեջ: Պահակը տեղանքում է, բայց անշարժ: Միայն ցուցամատը տնկած աջ ձեռքն է շարժվում, ասես ինչ-որ մեկին ճանապարհ է ցույց տալիս: Լվացքի աշխատող մեքենայի անտանելի բարձր ձայն, որն ուղեկցվում է հեռուստահաղորդումներին հատուկ հնչյուններով: Ագրեսիվ գովազդի աղմուկ: Ալիքները փոփոխվելով՝ կանգ են առնում մեկի վրա:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Գովազդ… Պավլիկ Մորոզով… Անտեսանելի գովազդ… Պավլիկ Մորոզով… Չդադարող գովազդ… Ընդմիշտ՝ Պավլիկ Մորոզով… Եղանակի տեսություն՝ Պավլիկ Մորոզով…
Հեռուստացույցի ալիքները փոփոխվելով՝ կանգ են առնում մեկի վրա:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Լուրեր: Այսօր, մարտի մեկին, մեր բազմաչարչար երկրի պոպոք Կառավարությունը Հայոց Մեծ Եղեռնի անվան հրապարակ կառուցելու որոշում ընդունեց… Հրապարակը կառուցվելու է Մաշտոցի անվան պողոտայի և Լուսավորչի փողոցի հատման կետում…
Լվացքի մեքենայի ձայն: Հեռուստաալիքները փոխփոխվում են: Ռադոհաճախականություներին հատուկ աղմուկ է լսվում:
ՌԱԴՈՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Մաշտոց-Լուսավորիչ պողոտաների հատման կետում խմբված ցուցարարների վրա կրակ…
Ռադիոալիքը խեղդվում է լվացքի մեքենայի և գովազդի ձայների մեջ: Միանում է հեռուստացույցը:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Հայրերի և որդիների բազմադարյա խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար առաջարկում եմ Ազգային Ժողովում օրինագիծ ընդունել, ըստ որի յուրաքանչյուր մարդ, ծնվելուց հետո, ձկան նման, պարտավոր է մոռանալ իր ծնողներին…
Լվացքի մեքենայի ձայն: Հեռուստաալիքը փոխվում է: Ռադիոալիքը վերականգնվում է:
ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Ցուցարարները ետ են քաշվել, դեպի քաղաքապետարանի շենքի մոտ տեղակայված օտարերկյա դեսպանատներին հարող տարածք: Կան զոհեր և…
Ռադիոալիքը խեղդվում է լվացքի մեքենայի և գովազդի ձայների մեջ: Միանում է հեռուստացույցը:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Պաշտոնական հայտարարություն… Մեր պոպոք Կառավարության հրամանով մարտի մեկը հայտարարվել է չեղյալ օր: Այդ օրվա հետ առնչություն ունեցող բոլոր անձանց նամակները, փաստաթղթերը և հրամանները համարվում են մեռած…
Լվացքի մեքենայի ձայն: Ռադիոալիքը վերականգնվում է:
ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — …Եթե ժամանակին հազար ինն հարյուր տասնհինգ թվականի Հայոց Մեծ Եղեռնը դատապարտվեր, կարծում եմ, Հրեական Ողջակիզումը չէր լինի… (Լվացքի մեքենայի ձայն:) Շտապ լուրեր Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկից…
Ռադիոալիքը խեղդվում է լվացքի մեքենայի և գովազդի ձայների մեջ: Լվացքի մեքենայի ձայնն անտանելի է դառնում և նմանվում է կրակահերթի: Լուսային կոնտրաժուրը թռթռում է: Անհույս խուճապն ուղեկցվում է հեռուստահաղորդավարի ագրեսիվ գոռգռոցով:
Ուժգին պայթյուն: Խավարում: Վառ լույս: Արխիվարիուսը կուչ է եկել կոմոդի չեղած դարակների հատվածում:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (գլուխը բռնելով): Հետս ի՞նչ է կատարվում… Որտե՞ղ եմ ես… Ո՞վ եմ ես… (Լվացքի մեքենայի ձայն:) Ծննդականս… Երեք տարի առաջ հայրս խելագարության նոպայի մեջ պատռեց… Նոպա՞… Հետո նամակ էր գրել… Հոր նամակը՝ որդուն… Հոր նամակը՝ որդո՞ւն… Որդի բառը, լավ երևում էր, հայրը ջնջել էր… Նամակում ասում էր, որ ինքը ինձ չի ծնել… Քո ծնողը… Ասում էր՝ քեզ ծննդական պետք չէ, դու չկաս, գոյություն չունես… Չես էլ ունեցել… Ինչի՞… Ի՞նչ էի արել… Ընդամենը՝ իմ գործը… Բա ո՞նց չանեի… Հատուկ Նախագահականից էր հրամանն իջեցվել… (Լվացքի մեքենայի ձայն:) Ասենք, ինձ ո՞վ էր բանի տեղ դնում… Արածս էլ մի կարևոր բան լինե՜ր… Դրանց հրամանով մի քանիսի ծննդականները գցեցի լվացքի մեքենայի մեջ, էնքան ֆռռացրի՝ մինչև պատառոտվեցին, վերացան… Ո՞ւմն էին էդ ծննդականները… Չգիտեմ…
Անսպասելի միանում է հեռուստացույցը:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Գովազդ… Պավլիկ Մորոզով… Անտեսանելի գովազդ… Պավլիկ Մորոզով…
Արխիվարիուսը նյարդայնացած Ռուբիկ-կուբիկն է պտտում:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Էս ո՞նց են անջատում…
Ագրեսիվ գովազդը շարունակվում, հալածում է Արխիվարիուսին:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Չդադարող գովազդ՝ ընդմիշտ Պավլիկ Մորոզով… Եղանակի տեսություն՝ Պավլիկ Մորոզով…
Բարկացած Արխիվարիուսը շարունակում է Ռուբիկ-կուբիկը անխնա շուռումուռ տալ:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հերիք է, վերջ տվեք… Վերջ տվեք…
Ագրեսիվ գովազդը շարունակվում, հալածում է Արխիվարիուսին:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Գովազդ… Սուրբ Պավլիկ Մորոզովի տոն… Համընդհանուր գովազդ… Պավլիկ Մորոզով…
Արխիվարիուսը շարունակում է Ռուբիկ-կուբիկը անխնա շուռումուռ տալ: Լվացքի մեքենայի անտանելի դռդռոց…
Լվացքի մեքենայի դռդռոց…
Լվացքի մեքենայի դռդռոց…
Լվացքի մեքենայի դռդռոց…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Վերջ տվեք… (Հուսահատ ճչում է:) Մի կրակեք… Դուռը բացեք… Մի կրակեք… Մի կրակե՜ք…
Գովազդն անսպասելի անջատվում է: Արխիվարիուսը հևասպառ է ու ընկճված: Հանկարծակի լռություն:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մի կրակեք… (Թևաթափ, անուժ:) Դուռը… Բացեք…
Անշարժ կանգնած Պահակը հանկարծակի ակտիվանում, կոմոդի վրայից ճանճասպանը վերցնում, հրացանի նման պահում է Արխիվարիուսի վրա:
ՊԱՀԱԿ — Կանգնիր, թե չէ կկրակեմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ցնցվում, հանկարծակիի է գալիս): Հայրիկ ջա՞ն… (Ուրախ:) Հայրիկ ջան, ես եմ, դուռը բաց…
ՊԱՀԱԿ — Ոչ մի դեպքում… Շարքային…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ընդհատում է): Արդեն սերժանտ եմ…
ՊԱՀԱԿ — Ի՞նչ ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Տղադ եմ… Հայրի՞կ ջան… Դուռը բաց…
ՊԱՀԱԿ — Ի՞նչ ես ուզում…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (կակազում է): Ծ… Ծծծծննդականս պիտի վերցնեմ:
ՊԱՀԱԿ — Մոռացիր, դու ծննդական չունես…
Դադար:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ականջ է դնում): Հայրիկ ջա՞ն…
ՊԱՀԱԿ — Համարիր՝ խուլ եմ, չեմ լսում… Համ էլ, ես տղա չունեմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Լսիր, հայրիկ ջան, խնդրում եմ, դուռը բաց…
ՊԱՀԱԿ — Էստեղ մարդ չկա…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հայրիկ ջան… (Լացը հազիվ զսպելով:) Հայ-րիկ ջան…
ՊԱՀԱԿ — Ի՞նչ ես կպել, հայրիկ, հա, հայրիկ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Բա ի՞նչ ասեմ, մայրի՞կ…
ՊԱՀԱԿ — Չէ մի չէ՝ Անգլիայի թագուհի…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մայրիկ ջան, դուռը բաց…
ՊԱՀԱԿ — Գնա էնտեղ, որտեղից եկել ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Կրակում են…
ՊԱՀԱԿ — Նախագահ հորդ, պապիկիդ կամ տատիկիդ դիմիր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ինձ կսպանեն… (Դողալով, համարյա արտասվելով:) Պարոն սպարապետ, զորքերի գերագույն հրամանատար, ընկեր կաթողիկոս, պարոն ծովակա՜լ…
ՊԱՀԱԿ — Ձե՞ռ ես առնում, քսան տարեկան ադմիրալ որտե՞ղ ես տեսել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ափերից դուրս է գալիս): Պապ, դու գի՞ժ ես…
ՊԱՀԱԿ — Հա, բա ի՞նչ եմ… (Ծաղրական:) Երեք տարի առաջ խելագարության նոպա եմ ունեցել, ծննդականդ եմ պատռել… Քանի՞ տարեկան ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չգիտեմ… Երևի տասնինը…
ՊԱՀԱԿ — Փաստորեն, քեզ մի տարեկանում եմ ունեցել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Պապ…
Պահակը դեպի կոմոդն է գնում: Ճանճասպան-հրացանը դնում է կոմոդի վրա: Կոմոդի վերևի դարակը բացում, երկու բարձ է հանում, վերադառնում, մեկը պահում է իր մոտ, մյուսը նետում է Արխիվարիուսին:
ՊԱՀԱԿ — Առ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ի՞նչ ես անում…
ՊԱՀԱԿ — Ուրիշի գլխի տակ փափուկ բարձ կդնես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Պապ…
ՊԱՀԱԿ — (ծաղրական): Ես քո սիրող մայրն եմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մամ, դուռը բաց…
ՊԱՀԱԿ — …Սիրելի մայրդ, ում երկու տարի առաջ մատնեցիր… (Բարձով հարվածում է Արխիվարիուսին:)
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ո՞ւմ մատնեցի…
ՊԱՀԱԿ — Ձևեր մի թափի… Նախագահին բաց նամակ ե՞ս էր գրել առ այն, որ ես՝ քո սիրող հայրը, այնքան եմ լկտիացել, որ արդեն միտինգների եմ մասնակցում ու համարձակվել եմ Նրան…. Նրա՜ն չընտրել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Պապ, դու չգիտես, թե ինչ ժամանակներում ենք ապրում… (Բարձը շպրտում է Պահակի վրա:)
ՊԱՀԱԿ — Իմ նամակը ստացե՞լ ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (գլուխը կախում է): Չէ…
ՊԱՀԱԿ — Ստում ես… (Բարձով խփում է:) Հոր նամակը՝ որդուն…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չեմ ստում… (Բարձով պատասխան հարված է հասցնում:)
ՊԱՀԱԿ — Դու գիտե՞ս՝ ինչ է Մեռած նամակը…
Ներս է մտնում Փոստատարը: Նրա ներկայությունը Պահակն ու Արխիվարիուսը չեն նկատում, եթե նույնիսկ նա խոսում է:
ՓՈՍՏԱՏԱՐ — Էսօր մի նամակ կարդացի: Փոքրիկ երկտող էր՝ արխիվ էին ուղարկել… Սիրուն մեսիջ էր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մեռա՜ծ նամակ… Լսել եմ, բայց…
ՊԱՀԱԿ — (բարձով խփում է): Բայց մեռած նամակից բացի ուրիշ մի ահավոր բան կա…
Պահակն ու Արխիվարիուսը սկսում են բարձերով կռվել:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Երբ մեռած նամակը ստանում ես ու…
ՊԱՀԱԿ — (հարվածով ընդհատում է): Ոչ… Երբ պատասխանն է մեռած…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մեռածների փաստաթղթերի հետ շատ եմ գործ ունեցել, բայց…
ՊԱՀԱԿ — (ընդհատում է): Մարդը մեռած չէ էնքան ժամանակ, մինչև նրա փաստաթղթերը, նամակները կան… (Բարձով հարվածում է:) Չեն լվացվել…
Լվացքի մեքենայի անտանելի բարձր ձայն:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Էլի սկսեցին…
ՊԱՀԱԿ — Լսիր, դու մեր տան տեղը որտեղի՞ց իմացար…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Կրակում էին… Մի կողմում ժողովուրդն էր, մյուսում՝ մենք…
ՊԱՀԱԿ — Ո՞նց իմացար…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Փախա… (Դադար:) Շենք էր… Մուտքը մութ-մութ էր… Աստիճաններով վերև վազեցի… Դռներն էի ծեծում… Փակ էին… Ոչ մի ձայն չկար… Ոնց որ գերեզմանոց լիներ… Ինձ թվաց, թե էդ շենքում եղել եմ… Բայց ո՞ւմ հետ…
Բարձերով կռիվը շարունակվում է:
ՓՈՍՏԱՏԱՐ — Սիրելիս, վաղը գարուն է…
Լվացքի մեքենայի ձայն:
Լվացքի մեքենայի ձայն:
Լվացքի մեքենայի ձայն:
Պահակի ու Արխիվարիուսի կռիվը շարունակվում է: Բարձերը պատռվում են: Պարունակությունը թափվում, խառնվում է հատակի բմբուլներին: Թեթե քամի է բարձրանում: Փոստատարը դեպի կոմոդն է գնում, սկսում է կոմոդի անկյունում ամրացված մետաղյա բռնակը պտտել: Պտտելուն զուգընթաց, կինոմատոգրաֆիական ռապիդի մեջ, Արխիվարիուսը և Պահակը իրար հետ կռվելով, գզվռտվելով, բմբուլների մեջ թավալ տալով, դանդաղորեն ետ-ետ՝ դեպի կոմոդն են գնում: Ֆանտասմագորիկ մթնոլորտ:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ո՞ւմ էի հանդիպել…
ՓՈՍՏԱՏԱՐ — Սիրելիս, վաղը գարուն է, էդ գարունը դու ես բերել ինձ համար…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ-ետ գնալով, կռվելով): Դուռը չէր բացում…
ՊԱՀԱԿ — (ետ-ետ գնալով, կռվելով): Ո՞վ, սիրած աղջի՞կդ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ-ետ գնալով, կռվելով): Չէ… Մայրս…
ՊԱՀԱԿ — (ետ-ետ գնալով, կռվելով): Մայրդ վաղուց չկա… Արխիվում պառկած է… Մատնագրերի բաժնում…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ-ետ գնալով, կռվելով): Դրսում մսաղաց էր…
ՊԱՀԱԿ — (ետ-ետ գնալով, կռվելով): Մսաղա՞ց… Էն աղջիկն է՞լ մսաղացին զոհ գնաց…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ-ետ գնալով, կռվելով): Չգիտեմ… Լուր չունեմ… (Դադար:) Հա… Մոտեցա էս դռանը, զանգը տվեցի…
ՊԱՀԱԿ — Ես զանգ չունեմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Խոսեցի՛ր…
ՊԱՀԱԿ — (ետ-ետ գնալով): Շան լակոտ…
Փոստատարը շարունակում է բռնակը պտտել:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ-ետ գնալով): Ձայնդ նման էր հորս ձայնին…
ՊԱՀԱԿ — (ետ-ետ գնալով): Մո՞րդ…
ՓՈՍՏԱՏԱՐ — (բռնակը պտտելով): Որ տուն գաս, հետդ հաց բեր, տղաս…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ-ետ գնալով): Որ տուն գաս, հետդ հաց բեր, տղա՞ս…
ՊԱՀԱԿ — (ետ-ետ գնալով):/ Ես քո սիրող մայրն եմ, տղաս… (Անխնա հարվածելով:) Զգույշ կլինես… Քեզ լավ կնայես… Հանկարծ քեզ չկպնի… Դրսում կրակում են, տղաս…
Լվացքի մեքենայի ձայն:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ-ետ գնալով) Չէ, մամ, էսօր սպանում էլ են…
ՊԱՀԱԿ — (ետ-ետ գնալով): Այսօր ամսի քանի՞ս է…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ-ետ գնալով): Ապրիլի քսանչորսը…
ՊԱՀԱԿ — (ետ-ետ գնալով): Ո՞նց, մարտի մեկը չէ՞…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ետ-ետ գնալով): Պապ, դու չէի՞ր ասում, երբ սպանում են, միշտ էլ ապրիլի քսանչորսն է…
ՊԱՀԱԿ — (ետ-ետ սահելով): Ծննդականդ ո՞ւր է…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ-Չգիտեմ…
ՊԱՀԱԿ — Լվացել ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չեմ հիշում…
ՊԱՀԱԿ — Այսօր Մարտի մեկի Ապրիլի քսանչորսն է… (Գրկում է:) Պավլիկ Մորոզով, տղաս…
Պահակն ու Արխիվարիուսը կոմոդի մոտ հասնելով՝ դանդաղ կոմոդի վրա են բարձրանում, ասես կառափնարան են բարձրանում:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Երեք տարի առաջ հայրս խելագարության նոպա ունեցավ…
Լվացքի մեքենայի ձայն:
ՊԱՀԱԿ — Դու… Մարդ չես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (ուժասպառ, ծեծված, մեռնողի նման): Պապ, դուռը բաց…
ՊԱՀԱԿ — (տեղավորում է կոմոդի վրա): …Մեռած նամակ ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (հևալով): Դու ինձ չես կարող ջնջել…
ՊԱՀԱԿ — Դու արխիվի պատճեն են… Կարդացվող ուսադիր… Լվացքի ծննդական…
Ստոպ: Տարածքը հայտնվում է լուսային 3D կոնտրաժուրի մեջ: Արխիվարիուսն ու Պահակը կոմոդի վրա են: Փոստատարը դադարեցնում է բռնակը պտտել: Քամին վերանում է, բայց բմբուլները շարունակում են օդում խաղալ:
ՓՈՍՏԱՏԱՐԻ ՁԱՅՆ — Սիրելիս, վաղը գարուն է, էդ գարունը դու ես բերել ինձ համար…
Արձագանք:
Արձագանք:
Արձագանք:
ՔԱՐԱՑՈՒՄ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։