Գևորգ ՍԱՐԳՍՅԱՆ / ՀՐԵՇՏԱԿԸ
(Դրամա երկու մասից)
Գործող անձինք
ՀՐԱՉՅԱ — 37 տարեկան
ՇՈՂԻԿ — 25 տարեկան
ԳԱՅԱՆԵ — Հրաչյայի հարևանուհին, 65 տարեկան
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԹԻԹԵՌՆԻԿ
ԵՐԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ
ԵՐԵՔ ԱՆՑՈՐԴ
Ժամանակը՝ այսօր, վաղը, մյուս օրերին և հաջորդ օրերին ու տարիներին: Վայրը՝ Երևանում կամ մեր փոքր երկրի
որևէ քաղաքում:
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Առաջին պատկեր
Նկարիչ Հրաչյայի բնակարանը Երևանի բարձրահարկերից մեկում: Հյուրասենյակի լայն դռնից երևում է արվեստանոցի մի մասը: Հրաչյան արվեստանոցում նկարում է: Ընդհատելով աշխատանքը՝ ծածկոցը գցում է նկարի վրա և շտապում հյուրասենյակ, հեռախոսի մոտ: Հագին ներկոտ խալաթ է, գլխին`
բերետ: Մինչ մոտենալը հեռախոսը զանգում է:
ՀՐԱՉՅԱ — Ալո… Բարև, Անուշավան, բարև, սիրելի ընկեր և սիրելի խաբեբա: Ձեր գյուղը գնալու համար պայմանավորվե՞լ էինք… Չեկար, չէ՞, ոչ էլ զանգեցիր: Ոչ, խաբեցիր: (Ծիծաղում է:) Մի փչիր, զանգեցի գյուղ, տատդ էլ, պապդ էլ հիվանդ չէին: Նրանց էլ ասել ես, որ ես եմ հիվանդ… Չէ, ներում եմ, հետո կխոսենք… հա, կարևոր մեկին եմ զանգելու… Թագուհուն: Այս երկու օրը կորոշենք: Թագուհին հիանալի աղջիկ է, իհարկե, սիրում եմ… Չէ, այս անգամ գտել եմ, ազնվագույն աղջիկ, գեղեցիկ, խելոք, արվեստասեր, լավ ընտանիքից: Հա, հարսանիք կանենք… թող լինի ձեր գյուղի տանը: Հարսի ուսերին գցած լավաշով, ափսե կոտրելով, հարբած երգելով ու գիշերով խորը ձորերում թափառելով, բայց եթե էլի չխաբես` մենք հասնենք գյուղ, իսկ դու գյուղից փախչես: Դե, ես զանգեմ, սպասում է: Ասա… ի՞նչ է ուզում այդ «շատ լավ մարդը», ինչո՞ւ չի գնում լուսանկարչի մոտ, իրեն շատ նման կլինի… (Հուսահատ:) Թագուհին իմ զանգին է սպասում… Պետք է այդ «հիանալի մարդուն» ճանաչեմ, որ կարողանամ նկարել, նրա քիթուբերանը չեմ նկարելու, այլ` հոգին… Հա, լավ է, որ բարեգործ է… չէ, ես մեծահարուստներին ու բարեգործներին հարգում եմ… Լավ, մի երկու անգամ քո բարեկամի հետ գազանանոց կգնամ, երթուղային կնստեմ, փողոցներում կքայլեմ, հետո կնկարեմ… Նրա մեքենան չեմ ուզում նստել, գազանանոցում կտեսնեմ, թե ինչպես է վերաբերվում կենդանիներին, երթուղայինում էլ` ինչպես է վերաբերվում մարդկանց: Ո՞վ է այդ հիանալի մարդը… սրիկա, ինչո՞ւ սկզբից չասացիր, որ փեսադ է: Բայց գազանանոցը, երթուղայինն ու փողոցով քայլելը մնում են ուժի մեջ: Վերջ, անջատում եմ… հա, երեխաներիդ մասին էլ կհարցնեմ, նրանց շատ եմ սիրում, բայց հետո… (Դնում է լսափողը:) Այդքան խոսե՞լ կլինի… (Զանգ:) Թագուհի՞… Անուշավա՞ն, էլի դո՞ւ… ի՞նչ հեռախոսահամար… փեսայի՞դ… ասա… (Գրում է:) Երբ գա՞… Երկու շաբաթից… Ցտեսություն: (Անջատում, համար է հավաքում: Սպասում է, դնում է լսափողը: Զանգ:) Մա՞մ… չէ, դեռ չեմ զանգել: Շատախոս Անուշավանն էր հոգիս հանում: Թագուհուն հիմա կզանգեմ, կպարզենք նշանդրեքի օրն էլ, հարսանիքի օրն էլ, տեղն էլ, նաև` քանի մարդ ենք հրավիրելու: Հա, նաև` քանիսն են պարելու, քանիսն են ծափ տալու, քանիսն են բամբասելու, հարսին ինչ պոզ ու պոչ են կպցնելու… Թագուհուն կբարևեմ: (Անջատում, համար է հավաքում, սպասում է:) Պատասխանիր, Թագուհի… Ինչ խորն է քնել… (Դնում է լսափողը, զանգում բջջայինով:) Այ, հիմա չես կարող չվերցնել… Վերջապես… ես եմ… Դե լավ, քնիր, կես ժամից կզանգեմ… լավ, մի ժամից: (Անջատում է հեռախոսը, ժպտալով ուղղվում արվեստանոց, բայց… վերադառնում ու զանգում է քաղաքային հեռախոսով: Սպասում է, դնում լսափողն ու զանգում է բջջայինով:) Ուզում եմ գալ քեզ մոտ… Չէ, մեքենայով կգամ, որ շուտ հասնեմ… Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ ձայնդ խլացավ… ի՞նչ տղամարդ է կողքիդ… գռմռալով համբուրում է քեզ: Ո՞վ… հեռուստացույցի մեջ են համբուրվո՞ւմ, իսկ մեքենան, որի դուռը փակվեց` ձեր տան մե՞ջ է կանգնած… Լսիր, ուրեմն` դու ոչ թե կեսօրից, այլ առավոտից տանը չես: Լռիր, դու հարբած ես… երկու օրից գրանցվելու էինք, նշանդրեքի ու հարսանիքի էինք նախապատրաստվելու, իսկ դու… Լռիր, ասում եմ, անառակ… ինչո՞ւ մայթերին կանգնած թիթեռնիկ չես դառնում… Դեռ փորձում ես արդարանա՞լ: (Անջատում է, զանգ, լսելուց հետո:) Բացատրություն չեմ ուզում լսել, չզանգես, եթե չես ուզում, որ… (Անջատում է հեռախոսը:) Սա իմ ճանաչած աղջի՞կն էր… (Զանգում է քաղաքային հեռախոսը, վերցնում է լսափողը, գոռում:) Ասացի` չզանգես: (Անջատում է քաղաքային հեռախոսը: Զանգում է բջջայինը: Նայում է էկրանին, անջատում: Նոր զանգ: Նայում է էկրանին:) Մա՞մ… տանը չէր, դուրս է եկել… Հենց որ խոսեմ հետը` կզանգեմ: Քաղաքային հեռախոսը փչացել է, ձեռքիս զանգիր մինչև սարքեմ… Ջղայնացած չեմ, դուրս կգամ, կքայլեմ, երկար աշխատեցի… Հա, գլխացավի դեղ էլ կառնեմ: Վաղը կերևամ, անպայման… (Անջատում է հեռախոսը, դնում խալաթի գրպանը, խալաթով ու բերետը գլխին դուրս է գնում:)
Երկրորդ պատկեր
Քաղաքային զբոսայգու ցանկապատի մոտ կանգնած գիշերային թիթեռնիկը սպասում է «հաճախորդի»: Նկատելով մոտեցող տղամարդուն, պայուսակից սիգարետ է հանում, ընդառաջ գնում ու պարզում է սիգարետը՝ վառիր: Անցորդն անտարբեր շրջանցում է, գնում: Թիթեռնիկը սիգարետը պայուսակի մեջ է դնում: Հայտնվում է Հրաչյան: Թիթեռնիկը նույն կերպ մոտենում է նրան: Հրաչյան գրպանից վառիչը հանում, տալիս է նրան, ով արագ հասկանալով, որ նա «հաճախորդ» չէ, վառիչը վերադարձնում, վերադառնում է տեղը: Գալիս է Շողիկը՝ առաջին անգամ է «թիթեռնիկի» դերում: «Հնաբնակ» թիթեռնիկը հայացքով խեթում է՝ «Ավելորդ ես»: Շողիկը անտեսում ու տեղից չի շարժվում: Թիթեռնիկն արդեն նոր «հաճախորդ» է տեսել ու ընդառաջ է գնում նրան՝ ավելի խիստ խեթելով Շողիկին, որն այս անգամ վախեցած հեռանում է: «Հաճախորդն» ու թիթեռնիկը բանակցում են: Հայտնվում է Շողիկը, հեռվում կանգնում: Չհամաձայնվելով թիթեռնիկի «գնին», «հաճախորդն» ուզում է հեռանալ, բայց նկատում է Շողիկին ու գնում նրա կողմը: Տեսնելով մոտեցողին՝ Շողիկը փախչում է: «Հաճախորդը» ծիծաղելով թևանցուկ է անում թիթեռնիկին ու տանում է: Հայտնվում է Շողիկը: Կանգնում է՝ փորձելով կրկնօրնակել թիթեռնիկի կեցվածքը, հանում է սիգարետը, կանգնում պատի տակ: Հրաչյան, որ անտարբեր դիտում էր տեսարանը, լսելով զանգը, նայում է էկրանին ու միացնում բջջայինը:
ՀՐԱՉՅԱ — Փողոցում եմ… Դեղ չեմ առել… մոռացել էի, հիմա կառնեմ: Հետո կգնամ տուն: Ես լավ եմ… Ասում եմ` մոռացիր այդ Թագուհի կոչվածին: Մամ, դու հավատում ես նրա՞ն… ես քեզ պատմեցի՝ ինչ եղել է: Մի հավատա… հետո կխոսենք, հիմա չեմ կարող… հա, ասա, լսում եմ…
Գալիս է հարբած տղամարդ, գրկում է Շողիկին, նա ճչալով հետ է քաշվում: Տղամարդը բարձր ծիծաղում է: Հրաչյան հեռանում է: Տղամարդը մատով մոտ է կանչում, Շողիկը ընկրկում է, նա օրորվելով հեռանում է: Շողիկը նորից կանգնում է սովորած «կեցվածքով»: Հայտնվում է Հրաչյան:
ՀՐԱՉՅԱ — (լսափողի մեջ): Մի պատասխանիր, իսկույն անջատիր: Նա ինձ համար գոյություն չունի: Չեմ հուզվում, մի անհանգստանա…
Գալիս են երեք երիտասարդ: Շողիկը ժպտում է:
1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ — Պահո, տղերք, էս գեղեցկուհուն չտանե՞նք:
2-րդ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ, բանի նման չի:
3-րդ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ինչի՞… մի լավ լվացվի՝ լավ էլ բանի նման կլինի: Հը, ի՞նչ եք ասում…
1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Շողիկին): Գնացինք:
ՇՈՂԻԿ — Ես… դե… հա, գնանք, բայց… հենց հիմա՞…
1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հա, բա ո՞նց: Մի րոպե: (Մոտենում է ընկերներին:)
ՀՐԱՉՅԱ — Լսում եմ, մամ… Ոչինչ մի ասա նրան, ամեն ինչ արդեն ասել եմ: Արդեն ասացի` նայիր հեռախոսի համարին և անջատիր…
1-ին Երիտասարդը վերադառնում, Շողիկին թևանցուկ է անում: Երկուսը մոտենում են նրանց:
1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ — Գնացինք, սիրուն ջան:
ՇՈՂԻԿ — (վախեցած): Չէ:
2-րդ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Սիրուն ջան, մի վախենա, մենք խելոք տղերք ենք:
ՇՈՂԻԿ — Չէ… մեկդ…
3-րդ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Մի վախենա, կգնանք, սուրճ կխմենք, գինի, կոնյակ, մի քիչ կպարենք, կուրախանանք…
1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ — էս կողմերում ենք ապրում, արի:
ՇՈՂԻԿ — Չէ… (Հետ-հետ է գնում:)
Տղաները սկսում են քաշքշել նրան:
1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ուզո՞ւմ ես փողդ հիմա տանք:
ՇՈՂԻԿ — (բռնում է նրա թևից): Չէ, միայն քեզ հետ…
2-րդ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չեղա՜վ, երեքով ենք գնում, առ, ըհը քու փողը… բռնի, փողդ հիմա եմ տալիս, ի՞նչ ես ուզում…
Նրանց քաշքշուկը թեժանում է: Լսվում է Շողիկի ձայնը` «Չեմ գա… թողեք, ես գնում եմ տուն… թողեք…»: Տղաները ծիծաղում են: Հրաչյան անջատում է հեռախոսն ու մոտենում նրանց:
ՀՐԱՉՅԱ — Տղերք, մի չարչարեք աղջկան, չի ուզում:
1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ — Քաշվի էստեղից:
ՀՐԱՉՅԱ — Եթե չի ուզում, մի ստիպեք:
3-րդ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Էյ, մալյառ, գնա, քու պատերը ներկի:
2-րդ երիտասարդը հրում է Հրաչյային:
ՀՐԱՉՅԱ — Տղերք, թողեք, տեսնո՞ւմ եք, վախենում է, մի ուրիշի գտեք:
1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ — (բաց թողնելով Շողիկի ձեռքը): Քեզ չասի՞ն՝ փախի, թե՞ ուզում ես մռութիդ հասցնեմ:
Հրաչյան հարվածում է, տղան ընկնում է: Շողիկը կանգնում է Հրաչյայի թիկունքում: Երկուսը դանակ են հանում ու հարձակվում: Կարճ մարտից հետո եռյակը թողնում է մարտադաշտը: Հրաչյան նրանցից զավթած դանակները շպրտում է ցանկապատից այն կողմ, շրջվում, տեսնում է իր խալաթի փեշն ամուր բռնած Շողիկին:
ՀՐԱՉՅԱ — Ի՞նչ ես կանգնել, գնա տուն: (Շողիկը թողնում է խալաթի փեշը, մի քանի քայլ հետ է գնում ու կանգնում:) էլի մնալու ես այստե՞ղ:
ՇՈՂԻԿ — Ե՞ս… չէ:
ՀՐԱՉՅԱ — Եթե էլի կանգնելու ես, ուրիշ փողոցում կանգնիր, կարող են հետ գալ:
ՇՈՂԻԿ — Ընկերուհուս եմ սպասում, բայց էլ չեմ սպասի: Երթուղայինը գա՝ կգնամ:
ՀՐԱՉՅԱ — Էդ տեսքո՞վ… տաքսի նստիր:
ՇՈՂԻԿ — Չէ, ոտքով կգնամ:
ՀՐԱՉՅԱ — Տաքսու փողը կտամ:
ՇՈՂԻԿ — Ես փող ունեմ:
ՀՐԱՉՅԱ — (գրպանից դրամ է հանում): Չունես: Առ, տաքսիով գնա: (Զանգ:) Հա, մամ… ընկերոջս հանդիպեցի: Դեղն էլի մոռացա, հիմա կառնեմ: (Անջատում է հեռախոսը:) Էստեղ մի մնա, ասում եմ` էլի կգան, չե՞ս լսում:
Շողիկը «Հա, գնում եմ… գնում եմ» ասելով գնում է: Հակառակ կողմ է գնում Հրաչյան: Քիչ անց վերադառնում է Շողիկը, հանում է հայելին, կարգի բերում իրեն և նորից «կեցվածք» է ընդունում: Գալիս է Հրաչյան:
ՀՐԱՉՅԱ — Արի… ես տանում եմ քեզ:
ՇՈՂԻԿ — Ես ընկերուհուս եմ սպասում:
ՀՐԱՉՅԱ — Պատուհանից կնայենք` ընկերուհիդ երևա, կգնաս:
ՇՈՂԻԿ — Չէ:
ՀՐԱՉՅԱ — Եկել ես, որ մեկը քեզ տանի, չէ՞… Ես եմ տանում:
ՇՈՂԻԿ — Դուք տանող չեք:
ՀՐԱՉՅԱ — Տանող եմ, արի, փողդ կտամ:
ՇՈՂԻԿ — Ձեզ հետ չեմ գա:
ՀՐԱՉՅԱ — (գրպանից փող է հանում): Մի քանի օր կբավականացնի, մինչև գործ գտնես: Ու էս կողմերում էլ չերևաս: Քեզ հայելու մեջ նայե՞լ ես, կապիկ, նրանք այդպե՞ս են ներկվում` ցեխ ես սարքել երեսդ: Վերցրու փողը, մի գործ գտիր ու թող էս բանը:
ՇՈՂԻԿ — Կսովորեմ:
ՀՐԱՉՅԱ — Ձե՛նդ, էս սովորելու բա՞ն է: Դպրոցդ ավարտելու մասին մտածիր: Եթե դպրոց չես գնալու՝ աշխատիր: Աշխատանք չգտնես՝ կգաս ինձ մոտ… Եթե ձայն չես հանում, ուրեմն` էլի մայթերին ես կանգնելու: Գնանք:
ՇՈՂԻԿ — Տանում եք էդ բանի համա՞ր… ուրիշների նմա՞ն:
ՀՐԱՉՅԱ — Չէ, առանց էդ բաների… հենց էնպես: Եկել ես փող աշխատելու, չէ՞:
ՇՈՂԻԿ — Ձեր գործը չի:
ՀՐԱՉՅԱ — Լավ, էդ բաների համար էլ կտամ: Արի:
ՇՈՂԻԿ — Չէ:
ՀՐԱՉՅԱ — Լսիր, բալիկս, աղջիկս, քույրիկս, մամայի բալիկ, դու ուզում էիր նրանցից մեկի հե՞տ գնալ:
ՇՈՂԻԿ — Ձեր գործը չի:
ՀՐԱՉՅԱ — Թուղթ-գրիչ ունե՞ս, որ գրես հասցես ու հեռախոսի համարս… Չունես: Գնանք տուն, այցեքարտս տամ: Տունս, այ, էն շենքում է, առաջին մուտք, իններորդ հարկ, դիմացի դուռն է:
ՇՈՂԻԿ — Ձեզ հետ չեմ գա:
ՀՐԱՉՅԱ — Ուրեմն` տուն կգնաս: Վերցրու փողը, ասում եմ:
ՇՈՂԻԿ — (վերցնում է): Լավ, մեկ է, թող ձեզ հետ լինի, գալիս եմ: Բայց…
ՀՐԱՉՅԱ — Ի՞նչ բայց:
ՇՈՂԻԿ — Էդ բանի ժամանակ… լույսը կհանգցնեք:
ՀՐԱՉՅԱ — Լսիր… մտքիցդ հանիր «էդ բանը»:
ՇՈՂԻԿ — Բա փողն ինչի՞ եք տալիս:
ՀՐԱՉՅԱ — Որ տուն գնաս, որ տաքսիով գնաս, վաղն էլ մի քիչ փող լինի ձեռքդ, մինչև… երեսդ կմաքրես: (Գրպանից ծալված կտոր հանելով:) Վերցրու, մաքուր է… Ու ներքև չգնաս, որ նրանց չհանդիպես: Դե, գնա:
Շողիկը գնում է: Հակառակ ուղղությամբ հեռանում է Հրաչյան:
Երրորդ պատկեր
Հրաչյայի բնակարանը: Հրաչյան գալիս, միացնում է քաղաքային հեռախոսագիծը: Զանգում է բջջայինը:
ՀՐԱՉՅԱ — (էկրանին նայելուց հետո): Չզանգես: (Անջատում է: Զանգում է քաղաքային հեռախոսը: Համարին նայելուց հետո վերցնում է լսափողը:) Հա, մամ, նոր ներս մտա: Դեղ առա: Հիմա լավ եմ… Դու մեղավոր չես, նա կարողացել էր քեզ էլ խաբել: Երևի ես եմ մեղավոր, չեմ կարողանում ճանաչել: Բայց սա երրորդն է, չէ՞… Բայց պետք է փորձեմ հասկանալ, թե ինչո՞ւ են ինձ հետ այդպես վարվում: Գուցե ի՞մ մեջ է գաղտնիքը: Լա՞ց ես լինում… Հա, վիրավորական է, բայց եղել է, ի՞նչ անենք, ես չեմ ուզում մտածել եղածի մասին, դու էլ մոռացիր: Խաղաղվիր, դեղերդ ժամանակին խմիր, որ լավանաս, իսկ հիմա հանգիստ պառկիր, վաղը կզանգեմ… ոչ, կգամ: (Դռան զանգ:) Հա, դռան զանգն է, բարի գիշեր: (Բացում է դուռը, զարմացած:) Ներս արի:
Ներս է գալիս Շողիկը:
ՇՈՂԻԿ — (շնչակտուր): Մի մարդու հարցրի, ասացի` իններորդ հարկում է ապրում, ինքն է կանչել… բերետով, ներկոտ խալաթով, մորուքով մարդ է: Ասաց` երեսունութ համարն է… Ես եկա…
ՀՐԱՉՅԱ — Տեսնում եմ: Դե որ եկել ես, առաջ արի: Ծեծե՞լ են… Շենքի մո՞տ են:
ՇՈՂԻԿ — Չեն ծեծել, դեմքս մաքրել եմ ձեր տված շորով, բայց երևի քսմսել եմ… Ինձ որ տեսան, վազեցի շենքի կողմը… Էդ մարդուն տեսա, ասացի` մորուքով, բերետով մարդը, ներկոտ խալաթով, որ իններորդ հարկում է, ինքն է կանչել…
ՀՐԱՉՅԱ — Դա ասել ես:
ՇՈՂԻԿ — Որ հեռանան՝ կգնամ:
ՀՐԱՉՅԱ — Հիմա մուտքի մո՞տ են:
ՇՈՂԻԿ — Չտեսան, որ ներս մտա… մուտքում էլ այդ մարդուն որ հարցրի` մորուքով, ներկոտ խալաթով մարդը…
ՀՐԱՉՅԱ — Դա էլ ես ասել… Նստիր, հիմա կգամ:
ՇՈՂԻԿ — Չէ, չգնաք, ես մի րոպեից կգնամ: Հա, հետո այդ մարդն ասաց` դու ի՞նչ նկարելու բան ես, որ կանչել է…
Հրաչյան գնում է արվեստանոց: Շողիկը հետևում է նրան: Պատուհանից նայում են:
ՀՐԱՉՅԱ — Նրա՞նք են:
ՇՈՂԻԿ — Զգույշ, չտեսնեն…
Հրաչյան գալիս է հյուրասենյակ, Շողիկը հետևում է նրան:
ՀՐԱՉՅԱ — Դուրս չգաս: (Գնում է դեպի դուռը:)
ՇՈՂԻԿ — Նրանց ձեռքին էլի դանակ կար…
ՀՐԱՉՅԱ — (Շողիկին նստեցնում է բազմոցին): Չշարժվես մինչև վերադառնամ:
ՇՈՂԻԿ — (ճչում է): Չգնաք, աղաչում եմ, իմ պատճառով ձեզ կխփեն…
ՀՐԱՉՅԱ — Լավ, չեմ գնա… մենակ լաց չլինես: (Շողիկը լալիս է: Հրաչյան փորձում է աննկատ դուրս գնալ, նա ընդդիմանում է:) Չեմ գնում, դուռը փակեմ: (Շողիկը նրա խալաթից բռնած՝ հետևում է նրան, միասին գնում ու վերադառնում են:) Նստիր: Թող խալաթս… Ջուր ուզո՞ւմ ես… (Շողիկը լուռ է:) Հիմա կբերեմ: (Գնում, ջուր է բերում:)
ՇՈՂԻԿ — (խմում է): Հիմա կգնամ: Բայց դուք մի երկու օր տնից դուրս չգաք:
ՀՐԱՉՅԱ — Դուրս չեմ գա: (Բաժակը դնում է սեղանին: Զանգ: Ասես չեն լսում:) Գնա լվացվիր:
ՇՈՂԻԿ — Հիմա… (Գնում է… կանգնում:) Ձեր փողը մնաց ինձ մոտ, հիմա… հանեմ պայուսակից:
ՀՐԱՉՅԱ — Չհանես:
ՇՈՂԻԿ — Չէ, հիմա… (Պայուսակից հանում է դրամը, դնում սեղանին:)
ՀՐԱՉՅԱ — Պահիր… ու գնա լվացվիր: Մազերդ էլ պետք է մաքրել, ներկոտ են: Սրբիչ կա, օծանելիք, սանր… (Շողիկը գնում է:) Չէ, հետ արի: Փողը դիր պայուսակդ:
ՇՈՂԻԿ — Որովհետև, եթե…
ՀՐԱՉՅԱ — Արդեն ասացի` առանց «եթե»-ի եմ տալիս: Լվացվիր, որ տաքսի կանչեմ:
ՇՈՂԻԿ — Թող մնա, վաղը կգամ:
ՀՐԱՉՅԱ — Ինչո՞ւ վաղը գաս:
ՇՈՂԻԿ — Որ փողն էլ վաղը տաք:
ՀՐԱՉՅԱ — Ինչո՞ւ վաղը, այսօր եմ տալիս:
ՇՈՂԻԿ — Որովհետև փողը վերջում պետք է տան:
ՀՐԱՉՅԱ — Վերջ չի լինելու, սկիզբ էլ չի լինելու, էլ դրա մասին չխոսես: (Շողիկը փողը դնում է պայուսակը:) Հիմա գնա լողասենյակ և գլուխդ լվա: Ինչո՞ւ ես կանգնել: Հա… գնա աջ, դռան վրա ցնցուղ կա նկարած, տաք ջրի սարքը միացնել կարո՞ղ ես:
ՇՈՂԻԿ — Եթե ինձ ծանոթ սարքերից լինի` գլխի կընկնեմ:
ՀՐԱՉՅԱ — Հասկացա, ուզում ես շենքը պայթեցնել: Ես կօգնեմ, որ արագ լինի:
ՇՈՂԻԿ — Չէ, դուք մի եկեք:
ՀՐԱՉՅԱ — Էդ խելքով էլ դուրս ես եկել փող աշխատելո՞ւ: Քանի՞ տարեկան ես, տասնչորս կա՞ս… Ի՞նչ ես կանգնել, արի:
ՇՈՂԻԿ — (գնալով նրա հետևից): Ես մենակ կանեմ…
Գնում են: Զանգում է քաղաքային հեռախոսը, հետո` բջջայինը: Զանգերը կրկնվում են: Գալիս է Գայանեն:
ԳԱՅԱՆԵ — Պարոն նկարիչ… պարոն Հրաչյա… Հրաչյա… դուռն էլ բաց է թողել: Տանը մարդ չկա… Ցնցուղի ձայնն է: Լողանում է: Լավ, հետո կգամ:
Գայանեն գնում է: Գալիս են Հրաչյան և Շողիկը, որի գլուխը սրբիչով այնպես է փաթաթված, որ ոչինչ չի տեսնում, բռնել է Հրաչյայի ձեռքը:
ՇՈՂԻԿ — Ասում եմ` «վառում եք», չէիք լսում… չէիք թողնում՝ շնչեմ…
ՀՐԱՉՅԱ — Էլ չեմ անի: Այստեղ նստիր, բազմոցն է… Հիմա զանգիր ու ձերոնց ասա, որ կես ժամից… չէ` մի ժամից տանը կլինես: Ո՞ւմ ես սպասում, զանգիր:
ՇՈՂԻԿ — Ո՞ւր է հեռախոսը;
ՀՐԱՉՅԱ — Սրբիչը բարձրացրու, որ տեսնես: (Նստում է, աչքերը փակում: Զանգ:) Եթե 88-55-64 է, վերցրու լսափողը, արագ ասա` սխալվել եք ու անջատիր:
ՇՈՂԻԿ — (առանց համարին նայելու վերցնում է լսափողը): Ալո… (Լսափողը հեռացնում է ականջից:) Գոռում է: (Լսափողի մեջ:) Ալո… (Լսելուց հետո:) Ոնց որ հայհոյում է, ասում է…
ՀՐԱՉՅԱ — (աչքերը փակ): Չկրկնես:
ՇՈՂԻԿ — Տիկին, սխալվել եք: (Դնում է լսափողը, Հրաչյային:) Ձեր գլուխը ցավո՞ւմ է: (Հրաչյան չի պատասխանում:) Ներեցեք:
ՀՐԱՉՅԱ — Գնա, չորացրու մազերդ:
ՇՈՂԱԿԱԹ — Չէ, լավ է, այսպես էլ կարող եմ գնալ… հիմա կգնամ…
ՀՐԱՉՅԱ — Սպասիր, թող չորանան: (Զանգ:) Վերցրու, ասածդ կրկնիր:
ՇՈՂԻԿ — Ալո… Նույն կին է… (Լսափողի մեջ:) Սխալվել եք: Ո՞ւմ… ես նրա անունը չգիտեմ: Գիշերային թիթեռնի՞կ… այո, փողը տվել է: Նախօրոք է տվել: Ոչ, դեռ ոչինչ չի եղել… Ինձ դրա համար չի բերել: Իմ հետևից տղաներ էին ընկել, ես վազեցի շենքի կողմը, հարցրի մի մարդու, նա էլ ասաց` իններորդ հարկի դիմացի դուռն է… Ես պատասխանում եմ ձեր հարցին: Շենքի մոտ մի մարդու հարցրի, ասաց` իններորդ հարկում է, դիմացի դուռն է… Ես ձեր գլուխը չեմ ուզում տանել, ասում եմ, ինչ եղել է: Ես տհաս չեմ… Նա չի ուզում ձեզ հետ խոսել: (Դնում է լսափողը:) Ինչո՞ւ եք այս տեսակ կանանց հեռախոսի համար տալիս: (Դադարից հետո, կամաց:) Կարող եմ ճնշում իջեցնելու դեղ տալ:
Հրաչյան գնում, պահարանից կոնյակի շիշ է հանում, բաժակը խմիչք լցնում:
ՇՈՂԻԿ — Չի կարելի, ավելի կբարձրանա, ձեր ճնշումը շատ բարձր է:
ՀՐԱՉՅԱ — Ի՞նչ իմացար:
ՇՈՂԻԿ — 180-ից ավելի կլինի:
ՀՐԱՉՅԱ — Ասում եմ` ինչի՞ց իմացար;
ՇՈՂԻԿ — Ձեր քունքերակը շատ արագ է խփում: (Հրաչյան չի խմում, նստում է: Զանգ: Հրաչյայի նշանով վերցնում է լսափողը:) Ալո… (Հրաչյային.) Էլի այդ… կինն է:
ՀՐԱՉՅԱ — Անջատիր, գնա մազերդ չորացրու:
Շողիկը դնում է լսափողը, գնում է լողասենյակ: Հրաչյան զանգում է:
ՀՐԱՉՅԱ — Մա՞, ես եմ, հեռախոսը զբաղված էր… Հա, էլի նա: Չէ… գլուխս է ցավում, բայց կանցնի: Տիկին Գայանե՞ն: Չեմ տեսել, տանն էի, բայց` լողասենյակում: Լյարդդ էլի նեղո՞ւմ է, ասում եմ` մի ուշացրու, դեղերդ ժամանակին խմիր, չես լսում… Հասկացա, սրանից հետո ծանոթանալիս ուշադիր կլինեմ` հոր, մոր, հարևանների ու ապուպապերի մասին էլ կհարցնեմ: Հա, ծիծաղում եմ, բա ի՞նչ անեմ: Մի նեղվիր, հիմա մի բան կուտեմ: Իհարկե, խանութ կգնամ, կառնեմ… բարի գիշեր:
Հրաչյան գնում է արվեստանոց: Բջջայինի զանգ: Շտապով գալիս է Շողիկը, նայում համարին, գնում արվեստանոց, վերադառնում, միացնում է, լսում և իսկույն էլ անջատում է: Զանգում է քաղաքային հեռախոսը:
ՇՈՂԻԿ — (լսափողի մեջ): Ձեզ խնդրեցի չզանգել: Ձեր գործը չէ, թե ով եմ… Արդեն ասացիք, որ գիշերային թիթեռնիկ եմ, այդպես էլ իմացեք… (Շփոթված:) Դուք նա չե՞ք, որ քիչ առաջ… Այո, նկարիչի բնակարանն է: Ես նրա անունը չգիտեմ… Հիմա: (Գնում է արվեստանոցի դռան մոտ:) Ձեր անունը Հրաչյա՞ է: (Լսելով պատասխանը՝ վերադառնում է:) Ալո… այո, անունը Հրաչյա է: Ներեցեք, որ գոռացի, քիչ առաջ մի կին էր զանգում, գոռում էր, ինձ էլ ասաց, որ… Նկարիչը հիմա արվեստանոցում է: Չգիտեմ, աչքերը փակ նստած է: Հիմա կնայեմ, եթե արթուն լինի… (Գնում է արվեստանոց, վերադառնում է: Շշուկով:) Ալո, աչքերը փակ նստած է, գուցե քնել է: Եթե աչքերը փակել է, ուրեմն` վատ է զգում: Ճնշումն էլ շատ բարձր է… 180-ից ավելի կլինի, ես զգում եմ… Հիմա կկանչեմ:
ՀՐԱՉՅԱ — (գալով): Անջատիր:
ՇՈՂԻԿ — (շշուկով): Նա չէ… հարազատի նման է խոսում, երևի ձեր մայրն է:
ՀՐԱՉՅԱ — (լսափողի մեջ): Մամ, ինչո՞ւ քնած չես… արդեն լավ եմ… (Շողիկը դժգոհ շարժում է անում:) Հաց կերա: (Շողիկը դժգոհ շարժում է անում:) Երևի ճնշումս է մի քիչ… դեղերն արդեն խմել եմ…
ՇՈՂԻԿ — Ձեր ճնշումը բարձր է… տվեք լսափողը՝ բացատրեմ…
ՀՐԱՉՅԱ — (Շողիկին՝ լռելու նշան է անում): Հարևանի երեխան է, ճնշումից բան չի հասկանում… (Շողիկը զարմացած նայում է:) Կերել եմ: Ինչո՞ւ հարցնես, նա ուտելս չի տեսել, ի՞նչ կարող է ասել… Հա, էլի նա է եղել, երեխային էլ կոպտել է: Ինքը քեզ ասաց, որ գիշերային թիթեռնի՞կ է ասել… (Շողիկը գլխով է անում:) Հիմա տեսնո՞ւմ ես՝ ով է, որքան շուտ մոռանանք նրան, այնքան լավ: Ի՞նչ ես հարցնելու այս երեխային… Լավ, հիմա… (Շշուկով:) Կարճ կխոսես, իմ մասին` ոչ մի խոսք, ես լավ եմ, ճնշում չունեմ, հաց կերել եմ, դեղ խմել եմ, շատ հանգիստ և ուրախ եմ:
ՇՈՂԻԿ — (լսափողի մեջ): Ալո, ոչ, հարևանի երեխան չեմ… (Անտեսելով Հրաչյայի արձագանքը:) Այնքան էլ երեխա չեմ, քսանհինգ տարեկան եմ… Որոշ բան հասկանում եմ, երեք տարի բուժքրոջ եմ փոխարինել: Ինքը չի կանչել, ես եմ եկել… (Հրաչյան փորձում է վերցնել լսափողը՝ ապարդյուն:) Չէ, տանն էինք, գլուխս էինք լվանում… Ճնշումի մասին չասաց, որ ձեզ չվախեցնի: Հա, իմ գլուխն էր լվանում… ես ներկոտվել էի: (Հրաչյան վրդովված հեռանում է:) Այո, շատ տխուր է, կարծում եմ՝ նյարդային սթրես է ապրում, անհանգիստ է… Չի ցույց տալիս, բայց զգում եմ… Այո: Տխուր մտքերը ցրելու կամ գլխացավը թեթևացնելու համար ուրիշ միջոցներ կան… նաև մանկական երգերը: Իսկ ձեր լյարդի համար կարող եք ճարճատուկ օգտագործել: Ես կարող եմ բերել, հենց վաղը… Ոչ, այստեղ չեմ կարող մնալ, գնալու եմ… Հիմա, մեկ-երկու րոպեից: Հրաչյայի՞ն… խնդրեմ:
ՀՐԱՉՅԱ — (լսափողի մեջ): Գնալու է: Ոչ, քո գալու կարիքը չկա, ինձ խնամել պետք չէ… Նյարդային վիճակում չեմ: Ընկերս շտապօգնություն կանչեց, որ ճնշումս ու գլխացավս… բժշկի հետ, որպես բուժքույր է եկել: Բժիշկը քիչ առաջ գնաց… (Շողիկը դժգոհ շարժումներ է անում:) Բուժքրոջը թողեցին, որ եթե վատանամ… չէ, լավ եմ, չեմ վատանա, թող գնա: Կխանգարի ինձ, աշխատելու եմ… Չասացի՝ բուժքույր է, որ չանհանգստանաս: Անունը չգիտեմ, կհարցնեմ, դու քնիր… Լավ, թող մի քիչ էլ մնա, բայց դու քնիր… Բարի գիշեր: (Դնում է լսափողը, խիստ:) Բուժքույր, խնդրում եմ, հարդարվեք, որ տաքսի կանչեմ, գնաք տուն, ուշ է:
ՇՈՂԻԿ — (պայուսակից հաբեր է հանում, սեղանի վրայից թուղթ վերցնելով՝ գրում է): Սա` ճնշման…
ՀՐԱՉՅԱ — Այդ թղթին չէ… (Ուրիշ թուղթ է տալիս:) Սրա վրա գրեք:
ՇՈՂԻԿ — (գրում է): Սրանք՝ ճնշումն իջեցնելու համար: Սրանք՝ գլխացավի, իսկ սրանք` խոր և հանգիստ քնելու համար: Այս ջրամանի ջրով էլ կխմեք, թող գոլ լինի: Տաք ջուր էլ կբերեմ:
ՀՐԱՉՅԱ — (խուճապով): Տաք ջուր պետք չէ, ջրամանի ջուրը բավական է, շտապեք, որ գնաք:
ՇՈՂԻԿ — Տաք ջուրը խմելու համար չէ:
ՀՐԱՉՅԱ — Բա ինչի՞ համար է:
ՇՈՂԻԿ — (ասես նոր տեսնելով իրեն): Տեսե՞լ եք, ինչ եք արել… շորերով եք լողացրել ինձ: Լրիվ թաց եմ… կոշիկներս էլ… ինչպե՞ս եմ փողոց դուրս գալու, այն էլ` կարճ շրջազգեստով և այս վերնաշապիկով…
ՀՐԱՉՅԱ — Կարծեմ այդ շորերն ու կոշիկները ես չեմ նվիրել:
ՇՈՂԻԿ — Բայց տեսեք՝ ինչ եք արել:
ՀՐԱՉՅԱ — Անընդհատ թռչկոտում էիք, ոտքերս տրորում ու ճչում էիք:
ՇՈՂԻԿ — Որովհետև վառում էիք:
ՀՐԱՉՅԱ — Բայց հետո լռեցիք ու չէիք ասում, որ ջուրը տաք է: Ինչո՞ւ էիք լռում:
ՇՈՂԻԿ — Որովհետև բերանս փրփուր էիք լցրել:
ՀՐԱՉՅԱ — Կարող էիք հրել ինձ, փրփուրն էլ` դուրս փչել:
ՇՈՂԻԿ — Վզիցս այնպես պինդ էիք բռնել, քիչ էր մնում՝ աչքերս դուրս թռչեին… Դո՞ւք ինչու չէիք հարցնում, թե ինչու եմ լռել, գուցե մեռե՞լ էի:
ՀՐԱՉՅԱ — Կարծում էի՝ տաք ջրի հաճույքից թմրել եք…
ՇՈՂԻԿ — Մեռնելու հաճույքից թմրո՞ւմ են… Հիմա որ գնամ տուն ու ընկերուհիս տեսնի ինձ… այսինքն` տնեցիք տեսնեն, չե՞ն հարցնի` ո՛ր գետն եմ ընկել: Ի՞նչ պատասխանեմ նրանց, դե, ասեք:
ՀՐԱՉՅԱ — (շփոթվում է): Բայց դուք…
ՇՈՂԻԿ — Ոչ թե ես, այլ դուք ասեք, թե հիմա ինչ անեմ, սա ձեր տունն է:
ՀՐԱՉՅԱ — Փռեք ձեր շորերը, թող չորանան, առավոտյան հագեք ու գնացեք:
ՇՈՂԻԿ — Որտե՞ղ փռեմ:
ՀՐԱՉՅԱ — Պատշգամբում:
ՇՈՂԻԿ — Ու կփռեմ… Իսկ հետո՞, տան մեջ առանց հագուստի՞ ման գամ, ոտաբոբի՞կ… շորերս հանեմ, ուրեմն` պատշգամբում մե՞րկ կանգնեմ… ու շո՞ր փռեմ…
ՀՐԱՉՅԱ — Իմ տանը կնոջ շոր չկա:
ՇՈՂԻԿ — Ձեր մայրն ասում էր, որ հարևանուհի ունեք:
ՀՐԱՉՅԱ — Ուզում եք, որ ձեզ համար շո՞ր ուզեմ տարեց հարևանուհուց:
ՇՈՂԻԿ — Թող պառավի շոր լինի, ո՞վ է ինձ նայելու: Դուք ասեք` ո՛ր հարևանուհուց՝ ես կգնամ-կուզեմ:
ՀՐԱՉՅԱ — Դե… գիտեք ինչ…
ՇՈՂԻԿ — Լավ, այս տանը ծածկո՞ց էլ չունեք:
ՀՐԱՉՅԱ — Սեղանի՞ ծածկոց;
ՇՈՂԻԿ — Սեղանի ծածկոցին էլ համաձայն եմ, բայց… լավ, ձեր ներկոտ խալաթը տվեք:
ՀՐԱՉՅԱ — Ուրիշ խալաթ էլ ունեմ, չնայած դա էլ ներկոտ է, բայց… գուցե փորձե՞ք:
ՇՈՂԻԿ — Ինչու՞ «գուցե», տվեք:
ՀՐԱՉՅԱ — Միջանցքի պահարանում է:
Շողիկը գնում է, Հրաչյան մոտենում, զննում է սեղանին դրված հաբերը, կարդում գրվածը, ամեն մեկից մեկական հաբ է խմում ու նստելով բազմոցին՝ փակում է աչքերը: Զանգ: Հրաչյան նայում է համարին, վերցնում լսափողը:
ՀՐԱՉՅԱ — Մի զանգիր: Այո, գիշերային թիթեռնիկն ավելի մաքուր ու ազնիվ է… Վերջին անգամ եմ զգուշացնում… (Դնում է լսափողը: Դադար:) Ի՞նչ է անում այսքան ժամանակ, մի խալաթ չի՞ կարողանում հագնել… (Գնում է արվեստանոց, նայում է միջանցքի կողմը, շփոթված հետ է գալիս): Տեր Աստված… (Նստում է բազմոցին, փակում աչքերը: Զանգում են երկու հեռախոսները: Չի վերցնում: Հետո ինքն է զանգում:) Մամ, դո՞ւ էիր զանգում… Գուցե շտապօգնությո՞ւն զանգեմ… չէ՞… Ես էլ լավ եմ… Հասկացա, որ դու էիր զանգում, բայց մինչև մոտեցա… Ասա, լսում եմ…
Գալիս է Շողիկը՝ տաք ջրի թասով: Հագել է Հրաչյայի խալաթը, գոտի կապել, որ խալաթի փեշերը ոտքերի տակ չընկնեն: Թևքերը ծալած են, ուսին սրբիչ կա, հագել է Հրաչյայի կոշիկները, որոնք մեծ են, դժվար է քայլելը, նաև` թխկթխկում են: Տեսնելով, որ Հրաչյան խոսում է, զգուշությամբ է քայլում: Հրաչյան չի նկատում նրան:
ՀՐԱՉՅԱ — Այստեղ է… երևի բուժքույր է աշխատել, տեսքից չի երևում, որ բժշկությունից մի բան հասկանում է… Շատ է խեղճուկրակ: Ճնշում իջեցնելու դեղ տվեց… գլխացավի էլ, քնաբեր էլ… Չէ, նրա մնալու կարիքը չկա… (Կամաց է խոսում:) Շատ ձանձրալի երեխա է… Հա, քսանհինգ է, բայց իննսունհինգ տարեկան պառավի տեսք ունի: Արտաքինն էլ շատ տհաճ է… մի քիչ էլ անդաստիարակ է… Քեզ հետ ստիպված քաղաքավարի խոսեց, բայց եթե նրան տեսնես` դու էլ կասես, որ վրան նայել հնարավոր չէ… Բժշկությունից էլ բում-բում է: Ես լավ եմ, հուսահատված չեմ… գլուխս մի քիչ ցավում է, բայց կանցնի… Ինչո՞ւ ոտքերս տաք ջրի մեջ դնի, նա ջուր տաքացնել չի կարող, ասում եմ, չէ՞, բում-բում է… Դու մի հուզվիր, լավ, թող մի քիչ էլ մնա… Մինչև առավո՞տ, բայց ինչո՞ւ… Լավ, լավ, միայն թե հանգիստ եղիր, որ քո ճնշումն էլ չբարձրանա: Եթե ուզում ես, թող մնա: Առավոտյան կգամ, էլ չզանգես, աշխատիր քնել, բարի գիշեր: (Շրջվում է, որ լսափողը դնի, տեսնելով Շողիկին` լսափողը մնում է ձեռքում:) Հարևանի աղջկա մասին ասածներս լսեցի՞ք:
ՇՈՂԻԿ — Լսեցի:
ՀՐԱՉՅԱ — Դպրոցական է, բայց պառավի նման է: Որ տեսնեմ, կբերեմ, դուք էլ կտեսնեք: Եթե ուզում եք, կարող ենք գնալ նրանց տուն, որ տեսնեք իրեն, շատ հյուրասեր մարդիկ են… մոտ են ապրում, կողքի շենքում: Մի տեսակ տարօրինակ պառավ է այդ երեխան…
ՇՈՂԻԿ — (լսափողը վերցնում, դնում է հեռախոսի վրա, նստում է: Մատով ցույց է տալիս թասը): Բում-բում:
Շփոթված Հրաչյան բարձրացնում է ոտքերը, Շողիկը ձեռքի կտրուկ շարժումով օդում քարացած նրա ոտքերից հանում է կոշիկներն ու կիսագուլպաները, նստում ու ցույց է տալիս թասը:
ՇՈՂԻԿ — Բում-բում:
ՀՐԱՉՅԱ — (ժպտալով ոտքերն իջեցնում է ջրի մեջ, անմիջապես դուրս հանում ու գոռում է): Վառեց:
ՇՈՂԻԿ — Քիչ առաջ էլ ինչ-որ մեկը վառում էր ինչ-որ մեկի գլուխը: (Ցույց տալով թասը:) Բում-բում, և` տասնհինգ րոպե:
Հրաչյան ոտքերը դնում է ջրի մեջ և զսպելով տաք ջրի ցավը՝ փակում է աչքերը: Հենվելով բազկաթոռի թիկնակին, աչքերը փակում է նաև Շողիկը: Լռություն:
ՀՐԱՉՅԱ — Ես տասը րոպե չեմ դիմանա, վառում է:
ՇՈՂԻԿ — Ուղիղ տասը րոպե առաջ էլ ոմանք հեռախոսով էին վառում ինձ… շիկացած բառերով… բայց ես դիմացա:
Լռություն: Գալիս է Գայանեն:
ԳԱՅԱՆԵ — (դռան մոտից) Կարելի՞ է: (Լռություն: Ներս է մտնում, զարմացած:) Քնա՞ծ եք… ուրեմն` հետո կգամ:
ՀՐԱՉՅԱ — (բացում է աչքերը): Բարև ձեզ, տիկին Գայանե:
ԳԱՅԱՆԵ — Խանգարեցի՞… քնեք, ես հետո կգամ:
ՀՐԱՉՅԱ — Քնած չենք, տիկին Գայանե, նստեք: Ես տասը րոպեից վեր կկենամ:
ՇՈՂԻԿ — (արթնանում է): Քնել էի… ներեցեք: Բարև ձեզ:
ՀՐԱՉՅԱ — Տիկին Գայանե, բուժքույրն է:
ՇՈՂԻԿ — Ներեցեք…
ԳԱՅԱՆԵ — Ոչ, ոչ, քնեք, բարի երեկո… չէ, ի՞նչ եմ ասում` բարի գիշեր… ոչ, իհարկե, ցտեսություն… Ամեն ինչ խառնեցի… ես գնամ:
ՇՈՂԻԿ — (ոտքի է կանգնում): Տիկին Գայանե, նստեք, չեք խանգարում: Ես հիմա գնալու եմ:
ՀՐԱՉՅԱ — Նստեք, տիկին Գայանե, ձեզ համար թեյ կպատրաստեմ:
ՇՈՂԻԿ — Ես կարող եմ թեյ պատրաստել, հետո գնալ: (Ուսի սրբիչը գցում է աթոռի թիկնակին, նայելով ժամացույցին:) Մնաց յոթ րոպե, հետո կարող եք ոտքերը հանել ջրից: Հիմա կլվացվեմ ու թեյ կպատրաստեմ:
ԳԱՅԱՆԵ — Ոչ, հիմա թեյ չեմ ուզում:
ՇՈՂԻԿ — Ուրեմն` ես կարող եմ լվացվել ու գնալ: (Գնում է դեպի լողասենյակ:)
ԳԱՅԱՆԵ — (զարմացած նայում է Շողիկի խալաթին ու կոշիկներին): Սպասիր, աղջիկս: (Շողիկը կանգնում է:) Ես Սաթենիկի հարևանուհին եմ: Միասին ենք ստացել մեր բնակարանները, որովհետև այս շենքի տեղում մեր տներն էին: Սաթենիկը հիմա հեռու է ապրում, բայց մենք մնացել ենք բարեկամներ: Մոտ արի, աղջիկս: (Շողիկը մոտենում է:) Հեչ էլ տգեղ չեք, ոչ էլ պառավի տեսք ունեք, նույնիսկ այս խալաթով եք գեղեցիկ: Ուրեմն` դուք եք այդ բուժքույրը… Սաթենիկն ինձ ամեն ինչ պատմել է: Պարոն Հրաչյան է նրան ասել…
ՇՈՂԻԿ — Ես գիտեմ՝ ինչ են ասել տիկին Սաթենիկին և ժամանակն է, որ գնամ:
ԳԱՅԱՆԵ — Ո՞ւր եք ուզում գնալ այդ ներկոտ խալաթով:
ՇՈՂԻԿ — (իբր՝ զարմացած): Սրանք ե՞րբ եմ հագել… Պարոն Հրաչյա, ի՞նչ շոր եք տվել ինձ: Տիկին Գայանե, իմ շորերը թաց են, հանել եմ, որ չորանան և… բաղնիքում գլուխս լվանալու ժամանակ ինձ թրջել են: (Նայում է Հրաչյայի կողմը:) Այստեղ ուրիշ շոր չունեմ:
ՀՐԱՉՅԱ — Ուրիշ շո՞ր… այստեղ ինչո՞ւ պետք է ուրիշ շոր ունենայիք:
ՇՈՂԻԿ — Ես էլ դա եմ ասում` չունեմ:
ԳԱՅԱՆԵ — Ո՞վ է թրջել ձեզ… բաղնիքում մենակ չէի՞ք:
ՀՐԱՉՅԱ — Ըը… մենակ էր, բայց… այսինքն՝ ցնցուղը պատահաբար իմ ձեռքում հայտնվեց… պատահաբար փախավ ձեռքիցս ու թրջեց իրեն էլ, ինձ էլ: Չէ, միայն իրեն է թրջել, ես այնտեղ չեմ եղել…
ՇՈՂԻԿ — (կշտամբանքով Հրաչյային նայելով): Տիկին Գայանե, ներեցեք, պետք է թաց շորերս վերցնեմ… թաց կոշիկներս էլ…
ԳԱՅԱՆԵ — Սպասիր, աղջիկս, Սաթենիկը որոշ բաներ ինձ ասել է, արդեն գիտեմ…
ՀՐԱՉՅԱ — Տիկին Գայանե, մորս ասածները բուժքրոջը չեն վերաբերվում, այլ մեր կողքի շենքում ապրող մի երեխայի: Բուժքույրն ինձ շատ է օգնում, ահա, սեղանին դրված դեղերը… շատ էին, մեծ մասն արդեն կերել եմ…
ՇՈՂԻԿ — Խմե՛լ եք:
ՀՐԱՉՅԱ — Ներեցեք, այո, խմել եմ: Տաք ջրով թասն էլ ինքն է բերել… հիմա վեր կկենամ… ոչ, յոթ րոպեից, իհարկե, ես կարող եմ գուլպաներս էլ հագնել, կոշիկներս էլ, միշտ էլ հագել եմ… ինչո՞ւ հիմա չեմ կարող հագնել:
ՇՈՂԻԿ — (խիստ): Առանց ինձ վեր չկենաք, ձեզ կռանալ չի կարելի: Սպասեք, մինչև վերադառնամ: (Նայում է ժամացույցին:) Ժամանակն է: Ձեր ոտքերը… երկուսը միասին բարձրացրեք: (Սրբիչով չորացնում է Հրաչյայի ոտքերը և չնայած նրա բողոքին՝ հագցնում է կիսագուլպաներն ու կոշիկները:)
ԳԱՅԱՆԵ — Մի խանգարեք բուժքրոջը, Հրաչյա, դուք չպետք է կռանաք: (Հիացած նայում է Շողիկի վարժ շարժումներին:) Հրաշալի է: Մայրդ ասաց, որ նա համաձայնվել է այսօր մնալ ձեր տանը:
ՀՐԱՉՅԱ — Այո, բայց կարիք չկա, ինչո՞ւ տանջենք խեղճ բուժքրոջը, ես արդեն լավ եմ:
ՇՈՂԻԿ — Ճիշտ է ասում, իմ մնալու կարիքը չկա: (Գնում է լողասենյակ:)
ԳԱՅԱՆԵ — Հիմա կզանգեմ Սաթենիկին, ինձ խնդրեց, որ թույլ չտամ բուժքույրը գնա…
ՀՐԱՉՅԱ — Մի զանգեք, համաձայն եմ, թող մնա: Մայրս հիվանդ է, նա չպետք է հուզվի:
Հայտնվում է Շողիկը՝ ձեռքին ցելոֆանե տոպրակ: Տոպրակը դնում է դռան մոտ, գալիս պայուսակը վերցնելու:
ՇՈՂԻԿ — Ցտեսություն, տիկին Գայանե: Ցտեսություն, պարոն Հրաչյա: Առավոտյան կվերադարձնեմ ձեր խալաթն ու կոշիկները: Շնորհակալ եմ, որ ձեր կյանքը վտանգեցիք ու փրկեցիք ինձ…
ՀՐԱՉՅԱ — (ընդհատում է): Տիկին Գայանե, սա քաղաքավարական խոսք է` «Շնորհակալ եմ, որ ձեր կյանքը վտանգեցիք»… (Թույլ չտալով, որ Շողիկը խոսի:) Սպասեք, մայրս… ես էլ… մնացեք, խնդրում եմ:
ԳԱՅԱՆԵ — Ուրեմն` ես գնամ: Բարի գիշեր:
ՇՈՂԻԿ — Բարի գիշեր, տիկին Գայանե:
Հրաչյան Գայանեին ուղեկցում է, հետո տոպրակն ուզում է տանել լողասենյակ, Շողիկը վերցնում, տոպրակն ավելի մոտ է դնում դռանը: Նստում են: Զանգ: Հրաչյան չկամ գնում է դեպի հեռախոսը:
ՀՐԱՉՅԱ — (նայում է գրանցված համարին, վերցնում լսափողը): Մա՞մ… դեղ տվել է, ոտքերս դրել է տաք ջուրը… Այո, վրդովված եմ, որովհետև ինձ ամաչեցրեց տիկին Գայանեի մոտ… Որովհետև չթողեց՝ ես հանեմ կոշիկնես ու գուլպաներս, հետո էլ` հագնեմ… Այո, ես օգնեցի, որ գլուխը լվանա, բայց… Ոչ, տիկին Գայանեն ճիշտ է ասել, բուժքույրն առաջ էլ գեղեցիկ էր… ըը… ոչ, առաջին անգամ եմ տեսնում նրան, բայց ուզում եմ ասել, որ… նա առաջ էլ գեղեցիկ եղած կլինի… Հիշում եմ ասածներս, բայց չգիտեմ ինչու ասացի այդ հիմար բառերը` պառավ կին, տգեղ…
ՇՈՂԻԿ — Տհաճ:
ՀՐԱՉՅԱ — (ակամա կրկնում է): Տհաճ:
ՇՈՂԻԿ — Անդաստիարակ:
ՀՐԱՉՅԱ — Անդաստիարակ:
ՇՈՂԻԿ — Բում-բում:
ՀՐԱՉՅԱ — Բում… (Սթափվում է, նայում Շողիկին:) Հիշեցի, կողքի շենքում դպրոցական աղջիկ կա… նրա մասին էի պատմում, որ իննսունհինգ տարեկան պառավի նման է, տգեղ, անդաստիարակ և…
ՇՈՂԻԿ — Եվ` բում-բում:
ՀՐԱՉՅԱ — Այստեղ է, բայց ուզում է գնալ… չեմ նեղացրել… տրամադրությունը շատ բարձր է, ժպտում է, ծիծաղելի բաներ պատմում: Տիկին Գայանեն այստեղ էր, միասին զրուցում էինք ու ծիծաղում…
ՇՈՂԻԿ — Ծիծաղելի բաներ եմ պատմո՞ւմ… տվեք լսափողը:
ՀՐԱՉՅԱ — Չէ, բարկացած չի խոսում…
ՇՈՂԻԿ — Ես այնպիսի վիճակում եմ, որ կարող եմ ծիծաղելի բանե՞ր պատմել… Տվեք լսափողը:
ՀՐԱՉՅԱ — Ինքն էլ շատ է ուզում խոսել քեզ հետ, բայց… հիմա կտամ: (Տալիս է լսափողը և ցույց տալիս ժամացույցը, հասկացնելով, որ գնալու ժամանակն է:) Խնդրեմ, բուժքույր, խոսեք;
ՇՈՂԻԿ — Տիկին Սաթենիկ, ուզում եմ ասել, որ ձեր որդին իմ խնամքի կարիքը չունի և… Այո, լսում եմ… Կատակ է արե՞լ… Այս շենքում ապրող հարևանի աղջկա մասի՞ն: Բայց ասաց, որ աղջիկն ապրում է կողքի շենքում: Ինձ հարգո՞ւմ է… ինչի՞ց է երևում, որ հարգում է, եթե իմ մասին էր ասում` տհաճ, պառավ, անդաստիարակ, բում-բում…
Զանգում է բջջայինը: Հրաչյան ինչ-որ բան է ասում, անջատում է հեռախոսը: Հաբեր է խմում:
ՇՈՂԻԿ — Ընկերուհուց բաժանվելը ծանր չի տանում, արդեն մոռացել է… Իհարկե, ես տեսնում եմ… (Հրաչյան հուսահատ նստում է:) Ոչ, չի կեղծում, չի տխրել… Ինչո՞ւ իմ շնորհիվ… ոչ, իր շնորհիվ, նա կարողացավ վերլուծել պատահածը, հասկացավ, որ… Այո, ցույց չի տալիս, բայց զգում եմ, որ դեռ նեղված է, հուսահատ… Իհարկե, դա էլ կանցնի, նյարդային վիճակից է, եթե մեկ-երկու օր խաղաղվի… Այո, լավ կլինի, որ մենակ չմնա… այո… (Հրաչյան ոտքի է կանգնում:) Բայց հիմա գուցե հանդիպեն, բացատրվեն և այդ կինն այլևս չզանգի: Լուրջ հարցեր կա՞ն… ոչ, կարիք չկա, որ իմանամ, դա նրանց հարցերն են: (Հրաչյան նորից նստում է:) Ես կարող եմ մնալ, բայց… ոչ թե մի օր, մի ամիս էլ, մի տարի էլ կմնամ ու կխնամեմ նրան, որքան ինքը կամենա, որովհետև նա ինձ համար… իմ պատճառով… (Հուզվում է: Հրաչյան հասկացնում է, որ չշարունակի:) Նա ինձ այնպիսի վտանգից է փրկել… այո, շատ եմ հուզվում, ներեցեք, հետո կասեմ… Այո, ուզում եմ գնալ… Հիմա շորերս կհագնեմ ու կգնամ… Որովհետև ինձ լողացնելու ժամանակ… (Հրաչյան հուսահատ նստում է:) Գլուխս լվանալու ժամանակ շորերս թրջել էր… Ոչ, հիմա նրա խալաթն եմ հագել ու կոշիկները… Բայց նա ձեզ ասում էր, որ… Ոչ, տիկին Սաթենիկ, իմ վարքը նրան իրավունք է տալիս այդպես խոսելու, որովհետև… (Հրաչյան վախեցած ոտքի է կանգնում:) Որովհետև այգու ցանկապատի մոտ էի կանգնել… որ երբեմն ստիպված են լինում կանգնել ու սպասել…
ՀՐԱՉՅԱ — (խլում է լսափողը): Սպասում էր այգու ցանկապատի մոտ, որ շուտ տեսնեմ իրեն: Բժիշկը զանգեց, ասաց, որ բուժքույրն արդեն ցանկապատի մոտ սպասում է… Որովհետև բնակարանիս համարը չէր հիշում, հարկն էլ… Ես շտապ պետք է նրան տունը բերեի, որ ինձ խնամեր… Այո, ցանկապատի մոտ… Մեր շենքի դիմացի այգու ցանկապատի մոտ էր կանգնել…
ՇՈՂԻԿ — Տվեք լսափողը, որ ձեր մորը բացատրեմ, թե ինչու էի կանգնել և ում էի սպասում…
ՀՐԱՉՅԱ — (լսափողը հետ է քաշում: Շողիկը նստում է): Երեք տղա էին կանգնած մայթին, փողոցի տղաներ… Միայնակ կանգնած գեղեցիկ բուժքույր, սպիտակ խալաթով… կարող էին նեղացնել… Չէ, երբ մոտեցա, տղաներն արդեն… Այդ ժամանակ էլ վատ զգացի, մի կերպ հասա բուժքրոջ մոտ… Իսկ երբ տուն էի վերադառնում` հենվել էի նրա ուսին, որ չընկնեմ… (Շողիկը զարմացած լսում է:) Եթե նա չլիներ… Ինչո՞ւ ես լաց լինում… ճիշտ է, նա ինձ փրկեց, երախտապարտ եմ նրան…
ՇՈՂԻԿ — (խլում է լսափողը): Նա ճիշտ չի ասում, նա է ինձ փրկել… նա ծեծեց այդ… երեք հոգի էին, դանակ ունեին… Նա ինձ ոչ միայն այդ խուլիգաններից է փրկել, այլ… (Լաց է լինում:) Եթե ինձ չհանդիպեր ու չբերեր այստեղ, ես… ես… կարող էի…
ՀՐԱՉՅԱ — (խլում է լսափողը): Մամ, հիմա էլ կարող եմ վատանալ, եթե նա գնա, զգում եմ, որ արդեն վատանում եմ… Ճնշումս էլ կարծես սկսում է բարձրանալ, իսկ նա ուզում է թողնել ինձ այս վիճակում, երբ գլխապտույտից, վատ տրամադրությունից, նաև հուսահատությունից ու հոգեկան ծանր խռովքներից դեռ չեմ սթափվել, չեմ կարողանում ոտքի վրա կանգնել… (Շողիկը սպասում է հարմար պահի, որ խլի լսափողը:) Բայց կանցնի, բուժքույրը ճիշտ էր ասում, կարծես արդեն կարողացել եմ մոռանալ կատարվածը…
ՇՈՂԻԿ — (խլում է լսափողը): Տիկին Սաթենիկ, նա լավ է զգում իրեն… Հիմա գնում եմ, թաց շորերս վերցնեմ ու կգնամ… Մի հուզվեք, ես… Լավ, կմնամ, կյանքը վտանգելով փրկել է ինձ, մի՞թե կարող եմ չմնալ… Բայց ինձ տեսնել չի ուզում, ի՞նչ անեմ… (Հրաչյան հուսահատ շարժումներ է անում:) Ոչ, ես դա զգում եմ ու հասկանում նրա հայացքներից… Չեմ ուզում մնալ, որ տհաճություն չպատճառեմ նրան… Մի՞թե այն ամենից հետո, ինչ արեց ինձ համար` կարող եմ հակառակվել ու նեղություն տալ… Ասեք, լսում եմ… (Հրաչյան հուսահատ ետուառաջ է անում սենյակում:) Ինձ չի թվում, ես տեսնում եմ, նա արհամարհում է ինձ… (Լաց է լինում:) Լաց չեմ լինում… այո, ձեզ հավատում եմ… այո, հասկանում եմ, հիմա նրան մենակ չի կարելի թողնել… Հիմա… (Արտասվող Շողիկը լսափողը տալիս է Հրաչյային:)
ՀՐԱՉՅԱ — Նրան է թվում, որ իրեն տեսնել չեմ ուզում… Մամ, եթե այսքան բան է արել ինձ համար… Չէ, մի գա, առավոտյան ես կգամ… Չէ, շշմած չեմ… Առավոտյան իրեն էլ կբերեմ, որ տեսնես… Կմնա, չեմ թողնի, որ գնա, դու մի հուզվիր… Հյուրերի սենյակում կարող է քնել, ինչո՞ւ ամբողջ գիշեր նստի իմ կողքին… տխուր չէ, ուրախ է, արդեն ժպտում է… Դեռ անունը չգիտեմ… Չեմ մոռանա, կհարցնեմ՝ քեզ կասեմ… Բարի գիշեր: (Զայրացած:) Մայրս հիվանդ է, իմ միակ հարազատն է: Երբեք սուտ չեմ ասել նրան, բայց ստիպում եք, որ անընդհատ ստեմ… Մի քանի րոպեում քանի սուտ ասացի… (Օրորվելով է քայլում:)
ՇՈՂԻԿ — Վա՞տ եք զգում:
ՀՐԱՉՅԱ — Ոչ… Ի՞նչ է ձեր անունը:
ՇՈՂԻԿ — (զսպելով լացը): Ինչո՞ւ եք ուզում իմանալ անունս, եթե գնալու եմ, եթե ինձ ատում եք, արհամարհում եք և ուզում եք վայրկյան առաջ դուրս անել, իսկ երբ ես եմ ուզում գնալ` խանգարում եք…
ՀՐԱՉՅԱ — Ներեցեք, չեմ կարողանում ինձ կառավարել, ես դա զգում եմ… չեմ կարողանում խաղաղվել, բայց խնդրում եմ, ասեք… (Լռում է:)
ՇՈՂԻԿ — Մի նեղվեք, անունս իմանալու կարիքը չկա:
ՀՐԱՉՅԱ — Մայրս է ուզում իմանալ ձեր անունը, տասներորդ անգամ է հարցնում… Դե՞, ինչո՞ւ եք լռում:
ՇՈՂԻԿ — Գլխապտույտ ունեք, ինչո՞ւ չեք ասում…
ՀՐԱՉՅԱ — Երբ նորից հարցնի ձեր անունը, նրան ի՞նչ ասեմ:
ՇՈՂԻԿ — Ոչինչ էլ մի ասեք, ես գնում եմ: (Գնում է դեպի դուռը:)
ՀՐԱՉՅԱ — Սպասեք… (Օրորվում է, նստում:)
ՇՈՂԻԿ — Ի՞նչ պատահեց;
ՀՐԱՉՅԱ — Ոչինչ, գլուխս պտտվեց:
ՇՈՂԻԿ — (ստուգում է զարկերակը, վախեցած): Ինչո՞ւ է ճնշումն այսքան իջել: (Նայում է դեղերի տուփերին:) Ինչո՞ւ միանգամից այսքան դեղ եք խմել… ե՞րբ եք խմել:
ՀՐԱՉՅԱ — Քիչ առաջ…
ՇՈՂԻԿ — (կոնյակ է բերում): Խմեք:
ՀՐԱՉՅԱ — (խմում է): Բուժքույր, եթե շատ եք ուզում գնալ՝ գնացեք:
ՇՈՂԻԿ — Կգնամ, երբ ձեր ճնշումը վերականգնվի:
ՀՐԱՉՅԱ — Չեմ ուզում, որ գնաք…
ՇՈՂԻԿ — Լռեք… տասնհինգ րոպե, խնդրում եմ:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Չորրորդ պատկեր
Նույն տեսարանը:
ՇՈՂԻԿ — (ստուգում է Հրաչյայի զարկերակը): Կարգավորվում է: Քիչ հետո կչափեք, ցածր լինի` ոչ թե կոնյակ, այլ մուգ թեյ կխմեք: Բարի գիշեր և առողջություն:
ՀՐԱՉՅԱ — Մորս խոստացաք…
ՇՈՂԻԿ — Չեմ կարող, իրավունք չունեմ…
ՀՐԱՉՅԱ — Ուզում եք փախչել, որովհետև… ուզում եք փախչե՞լ…
ՇՈՂԻԿ — Ե՞ս եմ փախչում:
ՀՐԱՉՅԱ — Դուք:
ՇՈՂԻԿ — Ինչո՞ւ…
ՀՐԱՉՅԱ — Որովհետև արդեն հասկանում եք, որ ուզում եք գնալ, բայց անկեղծ չեք, չեք խոստովանում, որ ուզում եք գնալ…
ՇՈՂԻԿ — Ե՞ս անկեղծ չեմ, այսինքն` ստո՞ւմ եմ:
ՀՐԱՉՅԱ — Մորս ասում եք` «չեմ գնում», ինձ ասում եք` «գնում եմ»… Դա սուտ չէ՞… ոչ, դա սուտ չէ: Դուք լավ եք հասկանում, որ դա վատ բան է` շատ վատ բան:
ՇՈՂԻԿ — Ի՞նչ «շատ վատ բան»:
ՀՐԱՉՅԱ — Մարդկանց խաբել:
ՇՈՂԻԿ — Դա խաբել չէ, ընդամենը… ձեր մորը չնեղացնելու համար եմ այդպես ասում, դա բարի մտադրությամբ ասվող հնար է, դա կարելի է:
ՀՐԱՉՅԱ — Ուրեմն` աշխարհում կա բարի սուտ ու չար սո՞ւտ:
ՇՈՂԻԿ — Չգիտեի՞ք:
ՀՐԱՉՅԱ — Կարո՞ղ եք գոնե մի օրինակ բերել:
ՇՈՂԻԿ — Խնդրեմ. ձեր ստերը չար են, որովհետև խաբում եք ինձ, ձեր մորը, տիկին Գայանեին… եթե այդպես շարունակեք, էլի քանիսի՞ն կարող եք խաբել:
ՀՐԱՉՅԱ — Ես խաբե՞լ եմ…
ՇՈՂԻԿ — Հենց նոր նրան չասացիք, թե ինչու էի մայթին կանգնել, որ կռվեցիք նրանց հետ…
ՀՐԱՉՅԱ — Մորս ասեի, թե կանգնել էիք, որ… ո՞ր…
ՇՈՂԻԿ — Հենց այդ «որ»-ը պետք է ասեիք:
ՀՐԱՉՅԱ — Մայրս չէ՞ր ասի` ուրեմն տուն ես բերում…
ՇՈՂԻԿ — Բայց բերեցիք, չէ՞, ձեր հասցեն ասացիք, ես էլ եկա: Այստեղ չե՞մ…
ՀՐԱՉՅԱ — Դուք… նրանցից չեք:
ՇՈՂԻԿ — «Որոնցի՞ց» չեմ:
ՀՐԱՉՅԱ — Եթե նրանցից չեք, ինչո՞ւ ասեի… մայրս էլ մտածեր` ամեն օր տուն եմ բերում… (Վերջնականապես շփոթված:) Մայրս չգիտե` երբ ու որտեղ եմ գտել ձեզ… այսինքն, դուք որտեղ եք դրանց գտել ու բերել իմ տուն:
ՇՈՂԻԿ — Ես եմ դրանց գտել ու բերել ձեր տո՞ւն:
ՀՐԱՉՅԱ — Դա չէի ուզում ասել, այլ… Ինչ-որ մեկն ինձ ասաց` «Նա ի՞նչ նկարելու բան է, որ կանչել ես»:
ՇՈՂԻԿ — Ոչ, այդ մարդն ինձ է ասել` «Դու ի՞նչ նկարելու բան ես, որ կանչել է»:
ՀՐԱՉՅԱ — Մի խանգարեք… երբ մտա տուն… ոչ, երբ հեռախոսը ձեռքիս դեղատնից դուրս եկա, արդեն դեռ չկայիք:
ՇՈՂԻԿ — Ինչպե՞ս թե` «արդեն դեռ չկայիք»… Ինչպե՞ս կարող էի «արդեն դեռ չլինել», երբ այնտեղ կանգնած էի, ծխախոտն էլ մատներիս մեջ:
ՀՐԱՉՅԱ — Ոչ թե դուք, նրանք դեռ չկային, իսկ դուք կայիք, իսկ ես… Այո, նրանց ես եմ տուն բերել, իսկ դուք նրանց տարել եք… (Լռում է, սևեռուն նայում Շողիկին:)
ՇՈՂԻԿ — Ո՞ւր եմ տարել նրանց:
ՀՐԱՉՅԱ — (հուսահատ): Ինչե՞ր եմ դուրս տալիս… վերջ տվեք, ուզում եք, որ խելքս թռցնե՞մ: Նստեք ու լռեք: (Շողիկը նստում է, ինքը ետուառաջ է քայլում: Հետո, տեսնելով վախից կծկված աղջկան՝ զղջումով:) Ներեցեք, չեմ հասկանում, ինչ է կատարվում ինձ հետ: (Դադարից հետո:) Հիշեցի… ի՞նչ է ձեր անունը, որ մորս ասեմ:
ՇՈՂԻԿ — Մի քանի անգամ ասել եմ, բայց նորից կասեմ իմ գրողի տարած անունը միայն ձեր մոր նկատմամբ ունեցած իմ հարգանքից: (Հուզվում է:) Որ առանց ինձ ճանաչելու այդպես սիրալիր է վերաբերվում:
ՀՐԱՉՅԱ — Մի քանի անգամ չեք ասել ձեր անունը:
ՇՈՂԻԿ — Շողիկ է անունս:
ՀՐԱՉՅԱ — Դա ի՞նչ գրողի տարած անուն է: (Ի պատասխան աղջկա զարմացած հայացքին:) Ուզում էի ասել` դա գրողի տարած անուն չէ, ինչո՞ւ եք ասում «գրողի տարած»:
ՇՈՂԻԿ — Լավ, թող գրողի տարած չլինի: Հիմա թույլ տվեք գնամ:
ՀՐԱՉՅԱ — Թույլ չեմ տա… էլի նեղացրի: Շողիկ, վայրենու նման եմ խոսում ձեզ հետ, ներեք:
ՇՈՂԻԿ — Սովորական բան է:
ՀՐԱՉՅԱ — Սովորակա՞ն…
ՇՈՂԻԿ — Ձեր վերաբերմունքից չեմ վրդովվում, իմ ճակատագրից եմ նեղացած: Ինձ ոչինչ չի հաջողվում, դուք էլ տեսաք, նույնիսկ նրանց պես չկարողացա դառնալ: Շնորհակալ եմ, փրկեցիք, բայց հիմա էլ ձեզ հետ եմ կռվում ու… (Անսպասելի:) Դուք եք մեղավոր, որ ամեն ինչ այսպես եղավ;
ՀՐԱՉՅԱ — Ե՞ս…
ՇՈՂԻԿ — Ինչո՞ւ չթողեցիք, որ մնայի այնտեղ… (Անձայն լալիս է:)
ՀՐԱՉՅԱ — Ամեն ինչ կարող է փոխվել… դեպի լավը:
ՇՈՂԻԿ — Ոչինչ չի փոխվի, իմ մեջ է պատճառը…
Գալիս է Գայանեն, մատուցարանի վրա բերում է երկու բաժակ մածուն, ափսեով կարկանդակ:
ԳԱՅԱՆԵ — (շփոթված): Հարմար պահի չեմ եկել… (Մատուցարանը դնում է սեղանին, ուզում է գնալ:)
ՀՐԱՉՅԱ — (ուրախացած): Շատ հարմար պահի եք եկել: Հենց նոր ձեր մասին էինք խոսում:
ԳԱՅԱՆԵ — Բայց նա լաց է լինում:
ՀՐԱՉՅԱ — Հիմա է լաց լինում, քիչ առաջ այնքան ծիծաղելի բաներ պատմեց դպրոցական կյանքից, ընկերներից, որ լացը եկավ: Ճիշտ չե՞մ ասում, Շողիկ: (Շողիկը անսպասելի բարձր ծիծաղում է:) Տեսնո՞ւմ եք:
ԳԱՅԱՆԵ — Շողի՞կ… հիանալի անուն է, Սաթենիկին ասեմ… Հրաչյա, մայրդ ասաց, որ սոված եք, թեև խոստացել եք գնալ խանութ, բայց անպայման մոռացած կլինեք: Խանութ չեք գնացել, չէ՞:
ՀՐԱՉՅԱ — Քիչ առաջ կերանք, միասին էլ խանութ էինք գնացել:
ՇՈՂԻԿ — Տիկին Գայանե, ճիշտ չի ասում` ոչինչ չի կերել ու խանութ էլ չենք գնացել: Իսկ նա սոված չպետք է մնա` գլխացավը կարող է կրկնվել:
ՀՐԱՉՅԱ — Ներեցեք, Շողիկը ճիշտ է ասում` չենք կերել:
ՇՈՂԻԿ — Տիկին Գայանե, գլխացավից աշխատունակությունը թուլանում է, դա ազդում է տեսողության վրա, ձեռքերն սկսում են դողալ… Դրանք աննկատ են տեղի ունենում, իսկ նկարիչի համար, գիտեք, որ տեսողությունն ամենակարևորն է, որովհետև գույնի զգացողությունը… Ես գրքերում կարդացել եմ, բայց դուք էլ ասեք իրեն:
ԳԱՅԱՆԵ — Ես էլ եմ այդպես կարծում: Ուրեմն` կերեք: Հետո էլ սուրճ կբերեմ: Պարոն Հրաչյա, ինչո՞ւ էր Շողիկը լաց լինում, գուցե ես կարողանամ օգնե՞լ…
ՀՐԱՉՅԱ — Շողիկը լաց եղավ, որովհետև…
ԳԱՅԱՆԵ — Հիշել է իր մանկությունը, ընկերների՞ն…
ՀՐԱՉՅԱ — Այո, նա շուտ-շուտ է հիշում իր մանկությունը և շուտ-շուտ էլ լաց է լինում:
ԳԱՅԱՆԵ — (Շողիկին): Ես էլ որ հիշում եմ մանկությունս, լացս գալիս է, բայց դուք երիտասարդ եք, երջանիկ, եռանդուն, հաջողակ…
ՇՈՂԻԿ — Հաջողա՞կ… եթե ձեզ պատմեմ, թե այսօր որտեղ էի կանգնած, դուք կհասկանաք, թե որքան էի երջանիկ և… որովհետև, եթե այսօր պարոն Հրաչյան…
ՀՐԱՉՅԱ — (ընդհատում է): Պետք չէ… Տիկին Գայանե, Շողիկը շուտ է հուզվում:
ԳԱՅԱՆԵ — (Շողիկին): Չպետք է հուզվեք, որ խնամեք հիվանդին: Տեսնում եմ, որ նա գունատվել է:
ՀՐԱՉՅԱ — Այո, շատ եմ գունատվել:
ՇՈՂԻԿ — Հիվանդն արդեն լավ է և… ուզում է, որ գնամ:
ԳԱՅԱՆԵ — (Հրաչյային): Ուզում եք, որ գնա՞:
ՀՐԱՉՅԱ — Ոչ մի դեպքում: Սկսում եմ վատ զգալ, ճնշումս էլ բարձրացել է… ոչ, իջել է, բայց շուտով կսկսի բարձրանալ:
ԳԱՅԱՆԵ — Ուրեմն՝ բուժքույրը կմնա: Իսկ ես գնամ: Բարի գիշեր:
ՇՈՂԻԿ — Բարի գիշեր:
Հրաչյան ուղեկցում է Գայանեին, վերադառնում:
ՀՐԱՉՅԱ — (կեղծ վրդովմունքով): Եթե վաղն ամբողջ քաղաքն իմանա, որ ընկերուհիս լքել է ինձ, բնական է, որ ես էլ, անպայման, հուսահատությունից ինքնասպան պետք է լինեմ` ինչպես ընդունված է նման դեպքերում: Դուք ջանք պետք է գործադրեք, որ քաջություն ձեռք բերեմ ու ինքնասպան լինեմ: Հակառակ դեպքում վաղը կլինի իմ համաշխարհային խայտառակության օրը, որովհետև մեր փողոցի կանայք, տեսնելով, որ դեռ ինքնասպան չեմ եղել, ընկերուհուս կհամարեն զարգացած, ինձ` հետամնաց, անկիրթ, ստոր, վայրենի, արնախում ու փոքրոգի, այնքան փոքրոգի, այնքան վայրենի ու անկիրթ, որ նույնիսկ ինքնասպանության ընդունակ չէ:
ՇՈՂԻԿ — Ծիծաղելի չէ:
ՀՐԱՉՅԱ — Ասեք տան հեռախոսի համարը, կխոսեմ ձեր մոր կամ հոր հետ:
ՇՈՂԻԿ — Ոչ: Հայրս քնած կլինի, մայրս էլ… քնած էլ չլինեն, չեն համաձայնվի, որ գիշերը տուն չգնամ;
ՀՐԱՉՅԱ — Իսկ եթե ճնշումս նորից բարձրանա՞… կամ էլի շատ դեղ խմեմ ու նորից իջնի, ի՞նչ անեմ:
ՇՈՂԻԿ — Գիտեմ, որ հանգիստ կքնեք: (Տոպրակն ու պայուսակը գրկած գնում է դեպի դուռը:)
ՀՐԱՉՅԱ — (իբր՝ հուսահատ): Ուզում եք, որ վաղն ամբողջ քաղաքն իմանա իմ ինքնասպան լինելու մասի՞ն…
ՇՈՂԻԿ — Դուք ինքնասպան լինել չեք կարող, պարոն Հրաչյա, իմ փրկարար, իզուր եք ինձ ծաղրում: Հանգիստ եղեք, որովհետև… որովհետև… ուշ է, ես գնամ…
ՀՐԱՉՅԱ — Ասացիք «որովհետև»… շարունակեք:
ՇՈՂԻԿ — Որովհետև… եթե ասեմ պատճառը, լավ չի լինի…
ՀՐԱՉՅԱ — Ասեք, թող լավ չլինի:
ՇՈՂԻԿ — Որովհետև այդ կնոջը չեք սիրել… էլ ոչինչ չեմ ասի:
ՀՐԱՉՅԱ — Ինչո՞ւ եք այդպես կարծում:
ՇՈՂԻԿ — Որովհետև… Առաջին. նրա խաբեության լուրն առնելուց հետո շատ հեշտ անցաք առօրյա հոգսերին: Երկրորդ. հենց առիթ եղավ, փողոցային տղաների հետ կռիվ սարքեցիք ու այդ կռվում… ոչ, դրանից հետո ձեր «վիշտը» կարողացաք մոռանալ ու նույնիսկ ուրախ էիք… ինչո՞ւ եք լռում, արդարացեք:
ՀՐԱՉՅԱ — Զգում եմ, երրորդ պատճառ էլ կա:
ՇՈՂԻԿ — Երրորդն էլ այն է, որ… դուք ընդհանրապես սիրել չեք կարող: Բացատրե՞մ: Խնդրեմ, բայց դա չորրորդը կլինի, և` նախորդներից ամենակարևորը. ձեր կյանքը վտանգելով փրկեցիք ինչ-որ մեկին, հետո կարողացաք նրան արհամարհել ու չարախոսել… պառավ, անդաստիարակ, բում-բում… Դուք չեք կարող սիրել, որովհետև սիրում եք, որ միայն ձեզ սիրեն, միայն ձեզնով հիանան… Ներեցեք, ավելորդ բաներ ասացի: Հիմա տեսնո՞ւմ եք, ինչ հեշտ եմ թշնամիներ ձեռք բերում: (Գնալով դեպի դուռը:) Ասացի, չէ՞, հիմար եմ: Էլ հարց չտաք, գնում եմ:
ՀՐԱՉՅԱ — Հինգերորդ պատճառ չկա՞:
ՇՈՂԻԿ — Չկա: Հիմա ձեր հերթն է, ուզում եք կոպտել, զգում եմ… Ասեք, մի վախեցեք, այս երեկո շատ լսեցի: Արդեն ընտելացել եմ: Ո՞վ է ուզում ճշմարտություն լսել իր մասին՝ ոչ ոք, բայց ես ասում եմ, որովհետև հիմար եմ, որովհետև ինձ թվում է, թե դրանով կարող եմ օգնել, բայց միշտ սխալվում եմ: Սկսեք, ես արժանի եմ դրան, արդեն ասացի, որ մարդկանց ինձ հետ թշնամացնելու մեծ տաղանդ ունեմ: Համբերությամբ կլսեմ և առանց պատասխանելու կգնամ:
ՀՐԱՉՅԱ — Իսկ եթե այդ բոլորն անում եմ կորուստս մոռացության տալու համա՞ր: Գուցե ուզում եմ մնաք, որ զբաղեցնեք ինձ, եթե մենակ մնամ, գուցե դավաճանության ցավին չդիմանա՞մ: Դա հնարավոր չէ՞:
ՇՈՂԻԿ — Հնարավոր չէ: Ես տեսել եմ սեր կորցրած մարդկանց` տղամարդ, թե կին: Ամեն օր տեսնում էի՝ նրանք ինչպես են տանջվում, որ ստիպեն իրենց մոռանալ եղածը, որ կարողանան խաղաղվել, բայց չէին կարողանում: Գիշերները չէին կարողանում քնել, որովհետև միայն մտածում էին` ինչպես սիրելիին հետ բերեն: Ես երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ նրանց… Հասկացա, երբ գիշերները ինձ պատմում էին իրենց հիվանդության իսկական պատճառի մասին, ինչը ոչ մի պայմանով չէին ուզում խոստովանել ոչ բժիշկներին, ոչ հարազատներին: Ես զգում ու հասկանում էի նրանց ցավը, նրանք էլ վստահում էին ինձ: Նրանց հետ անքուն լսում էի պատմածները, տեսնում նրանց արցունքները, նրանք էլ` իմը: Նրանք ծիծաղում էին ինձ վրա, մի քիչ հանգստանում, քիչ անց նորից սկսում էին լաց լինել: Առավոտյան, երբ հարազատները գալիս էին, իմ հիվանդների հետ ծիծաղով էի դիմավորում նրանց: Իսկ երբ հարազատ դարձած հիվանդներից մեկը դուրս էր գրվում, նրանից չէի կարողանում բաժանվել, նա էլ` ինձնից: Հարազատները, ոչինչ չհասկանալով, նայում էին, գրկախառնվում մեզ հետ ու լաց լինելով տանում իրենց՝ արդեն առողջ հիվանդին: (Դադար:)
ՀՐԱՉՅԱ — Այդպիսի սե՞ր եք կորցրել:
ՇՈՂԻԿ — Չեմ ուզում այդ հարցին պատասխանել:
ՀՐԱՉՅԱ — Մի պատասխանեք: Առաջին անգամ եմ այդքան անկեղծ խոսքեր լսում իմ մասին: Գուցե իրո՞ք նրան էլ, այն երկուսին էլ չեմ սիրել, գուցե նրանք էլ ինձ չեն սիրել… Չե՞ք բարկանա, եթե մի տխուր ու ոչ բարեկիրթ խոստովանություն անեմ:
ՇՈՂԻԿ — Չեմ բարկանա:
ՀՐԱՉՅԱ — (իբր՝ տխուր և հուսահատ): Ինձ մի համեմատեք խելոք, շնորհալի, կիրթ ու զգայուն մարդկանց հետ, ես հիմա… շատ սոված եմ:
ՇՈՂԻԿ — (անսպասելի շրջադարձից շփոթված ծիծաղում է): Ահա, տեսնո՞ւմ եք, ինչ եք անում, սա եղա՞վ, հիմա ինչպե՞ս հասկանամ ձեզ: Այս վիճակում սով եք զգում… Քիչ առաջ արվեստանոցում նայում էի ձեր նկարած երեխաների դեմքերին… Հիմա նայում եմ ձեզ, լսում ձեր բառերն ու չեմ կարողանում հասկանալ` արդյո՞ք երեխաներին նկարող այս մարդն էլ մի երեխա չէ: Ու չեմ կարողանում հավատալ, որ այդ երեխան մի քանի ժամ առաջ իր կյանքը վտանգելով փրկեց ինձ: Նայում եմ ձեզ ու մտածում` դուք է՞լ մի… (Լռում է:)
ՀՐԱՉՅԱ — Ավարտեք ձեր խոսքը:
ՇՈՂԻԿ — Կնեղանաք:
ՀՐԱՉՅԱ — Եթե սիրել չկարողանալու մեղադրանքից չնեղացա, ուրիշ ոչ մի բան ինձ չի կարող նեղացնել: «Ես է՞լ մի…»…
ՇՈՂԻԿ — Մի խենթ չեք:
ՀՐԱՉՅԱ — Չեմ կարող չհամաձայնվել ձեզ հետ, բայց կարող եմ ասել, որ հիմա ես էլ ինձ չեմ հասկանում: Չեմ հասկանում, որովհետև հիմա միայն մի բան եմ զգում, որ… շատ եմ սոված, որ հիմա պետք է գնանք խանութ և ուտելիք գնենք… Շատ ուտելիք, որ դրանից հետո կարողանանք իրար հասկանալ:
ՇՈՂԻԿ — Ձեզ հետ լուրջ խոսել հնարավոր չէ… ու մի փորձեք նայել ինձ խեղճացած դեմքով… (Ծիծաղում է:) Այս ի՞նչ եք անում ինձ հետ… ես տուն եմ գնալու, այդպես լավ կլինի և ձեզ համար, և ինձ համար:
ՀՐԱՉՅԱ — (խիստ): Ո՞ւր եք ուզում գնալ… Գնում եք, որ վաղը նորի՞ց մայթերին կանգնեք, գուցե այսօ՞ր եք կանգնելու:
ՇՈՂԻԿ — (ճչում է): Ոչ:
ՀՐԱՉՅԱ — Իսկ եթե` «այո՞», ինչպե՞ս ստուգեմ, ձեզ որտե՞ղ փնտրեմ, այս մեծ քաղաքի ո՞ր մայթի վրա:
ՇՈՂԻԿ — Ոչ, մայթի վրա չէ… երբեք… (Հուսահատ:) Ինչո՞ւ ասացիք…
ՀՐԱՉՅԱ — Մի խաբեք ձեզ, ինձ, որովհետև… Էլի հարցեր ունեմ, բայց դրանք տալու իրավունքը չունեմ:
ՇՈՂԻԿ — Էլ ոչ մի հարց մի տվեք:
ՀՐԱՉՅԱ — Հասկացեք, այսօրվա արածս հետագա ամբողջ կյանքում լուսավորելու է հոգիս, բայց մեծ ցավ կլինի ինձ համար, եթե ձեզ էլ, ինձ էլ հուսախաբ անեք: Գուցե էլ չտեսնեմ ձեզ, բայց այն միտքը, որ կարող եք նորից կանգնել մայթերին, կտանջի, ինձ չեմ ների, որ չկարողացա այնպես անել, որ դուք չվերադառնաք այդ…
ՇՈՂԻԿ — Ոչ, հավատացեք:
ՀՐԱՉՅԱ — Չեմ կարող հավատալ… Եթե մի օր նորից ձեզ տեսնեմ մայթին կամ հյուրանոցի պատի տակ կանգնած, հերթական «հաճախորդի» սպասելի՞ս… հերթական, հասկանո՞ւմ եք: Ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ, բայց ձեզ մայթին թողնելու և փախչելու իրավունքն էլ չունեմ:
ՇՈՂԻԿ — Թվում էր, մոռացել եմ ժամեր առաջ ինձ հետ պատահածը, բայց հիշեցրիք եղածն ու մոռացության երջանիկ ժամերից ոչինչ չմնաց, ոչինչ… Հիմա ինձ թվում է, որ նորից մայթին եմ կանգնած… Իսկ եթե չգայի՞ք…
ՀՐԱՉՅԱ — Վերջին հարցը: Մի բան էլ ճշտեմ… թեև քիչ առաջ իմ կասկածը հաստատեցիք:
ՇՈՂԻԿ — Ի՞նչ կասկած:
ՀՐԱՉՅԱ — Երբ ասացի ձեր ծնողների մասին… չուզեցիք, որ գնանք ձեր տուն, չուզեցիք, որ խոսեմ նրանց հետ… Չե՞ք ուզում պատասխանել:
ՇՈՂԻԿ — Չեմ ուզում պատասխանել: Էլ հարց չտաք, չեմ դիմանում, ուզում եմ հեռու փախչել այստեղից, ձեզնից, ձեր մորից, բոլորից, ինձնից… հեռու, ինչքան հնարավոր է հեռու…
Շողիկը վազում է դեպի դուռը, Հրաչյան նրան հետ է բերում: Աղջիկը նստում է բազմոցին, Հրաչյան նրա ձեռքը բաց չի թողնում, նստում է կողքը… զգույշ համբուրում է ձեռքը: Շողիկը ձեռքը վախեցած հետ է քաշում և ոտքի է կանգնում:
ՇՈՂԻԿ — Ի՞նչ եք անում…
Քաղաքային հեռախոսազանգ: Ուշադրություն չեն դարձնում: Զանգը լռում է:
ՀՐԱՉՅԱ — Էլ հարց չեմ տա: Դուք որոշեք ձեր անելիքը: Ես ուզում եմ, որ մնաք, եթե չեք ուզում… (Զանգ: Նայում է գրանցված համարին:) Պատասխանեք, խնդրում եմ:
ՇՈՂԻԿ — (վախեցած): Ոչ:
ՀՐԱՉՅԱ — Մայրս է:
ՇՈՂԻԿ — Ոչ:
ՀՐԱՉՅԱ — Ձեզ հետ է ուզում խոսել… խնդրում եմ:
ՇՈՂԻԿ — Ոչ: Ասեք` գնացել է: Ի՞նչ երեսով խոսեմ, ես խաբեցի նրան…
ՀՐԱՉՅԱ — Չեք խաբել:
ՇՈՂԻԿ — Ուզում էի խաբել… Ոչ, խաբեցի, եթե որոշել էի խաբել, ուրեմն` արդեն խաբել եմ:
ՀՐԱՉՅԱ — Ձեզ ավելի է հավատում, քան` ինձ: Պատասխանեք: Կմտածի, որ ասել եմ` գնացեք, դուք էլ… Եթե ուզենա՝ ինչպե՞ս ստուգի, որտե՞ղ գտնի ձեզ:
ՇՈՂԻԿ — (վերցնում է լսափողը): Լսում եմ, տիկին Սաթենիկ… (Հրաչյան աննկատ վերցնում է տոպրակը, տանում լողասենյակ և վերադառնում:) Այո, տիկին Գայանեն այստեղ էր, կարկանդակ բերեց, զրուցեցինք… նա անսահման բարի է, հոգատար… Ուզում է խանութ գնալ… դեռ չի գնացել: Ոչինչ չի կերել, կարկանդակներն էլ մնացել են… ես էլ չեմ կերել, ժամանակ չեղավ: Հիմա կասեմ, որ գնա… Այո, դա էլ կասեմ… Ես էլ եմ ուզում խոսել ձեզ հետ: Դա էլ կասեմ նրան, բարի գիշեր: (Դնում է լսափողը, նայում Հրաչյային:)
ՀՐԱՉՅԱ — Ի՞նչ եք ուզում խոսել մորս հետ:
ՇՈՂԻԿ — Ինձ թվաց` նա գիտե, որ իրեն բան ունեմ ասելու:
ՀՐԱՉՅԱ — Մի հնարեք, ոչինչ չգիտե ու չի ուզում իմանալ: Ու ոչինչ չի եղել, որ ուզենա իմանալ: Չի եղել, չէ՞, էլ ի՞նչ եք ուզում ասել:
ՇՈՂԻԿ — Դեռ ոչինչ չեմ ասել:
ՀՐԱՉՅԱ — Դե՞ռ… ուրեմն որոշել եք ասե՞լ: (Աշխատում խաղաղվել:) Ի՞նչ էր ուզում, որ ինձ ասեք:
ՇՈՂԻԿ — Ասում էր, որ շատ գոհ է ձեզնից:
ՀՐԱՉՅԱ — Որ ձեզ դուրս չե՞մ արել:
ՇՈՂԻԿ — Այդպիսի բան չասաց:
ՀՐԱՉՅԱ — Բայց կես ժամից էլի կզանգի, նա արդեն կասկածում է` մի բան եղել է, և այդ մի բանի մեղավորը ես եմ: Նա անընդհատ կստուգի` այստե՞ղ եք: Մորս վստահությունն էլ կորցրի: Հիմա մի բան ասելու համար պետք է խնդրեմ, որ դուք միջնորդեք…
ՇՈՂԻԿ — Խնդրում եմ, լռեք:
ՀՐԱՉՅԱ — Գնում եմ խանութ, իսկ դուք զանգեք տուն, ասեք, որ հիվանդի մոտ եք ու չեք կարող գալ: Զանգեք:
ՇՈՂԻԿ — (շփոթված): Չեմ կարող զանգել, նրանք ճիշտ չեն հասկանա տուն չգնալս: Անպայման պետք է գնամ, ինձ կսպասեն… արդեն սպասում են, ուշացել եմ:
ՀՐԱՉՅԱ — Իմ մեքենայով կգնանք, ձեր տնեցիներին կբացատրեմ, որ գիշերը հիվանդի մոտ եք լինելու և միասին կվերադառնանք:
ՇՈՂԻԿ — Միասի՞ն… ոչ: Ընկերուհիներս… մեր տնեցիք… ուզում եք մերոնք տեսնեն, որ ձեզ հետ եկա ու ձեզ հետ էլ գնո՞ւմ եմ: Ավելի լավ է ձեր մորն ասեք, որ փախել եմ… կամ էլ ասեք… ինչ ուզում եք` ասեք, ես չեմ դժգոհի: (Ժպտում է:) Ուզենամ էլ՝ չեմ կարող դժգոհել, որովհետև էլ ձեզ չեմ տեսնի:
ՀՐԱՉՅԱ — Լրիվ մոռացել էի… չե՞ք ուզում, որ ձեզ համար աշխատանք գտնեմ:
ՇՈՂԻԿ — Իհարկե, ուզում եմ, բայց այս ուշ ժամի՞ն…
ՀՐԱՉՅԱ — (ծոցատետրում համար է փնտրում, զանգում է): Ալո, բարև ձեզ, բժիշկ Տարոնյանին եմ խնդրում: (Դադար:) Բարև, ես եմ, ներիր, որ ուշ ժամի եմ զանգում… Իհարկե, բժշկի համար ի՞նչ ուշ ժամ: Լավ եմ, դո՞ւ… Ինչո՞ւ չես գալիս` նկարդ կիսատ է: Բայց դու էլ ծերանում ես, նորի՞ց սկսեմ նկարել… Հիմա ասա, երբ ես գալու` օր, ժամ ասա… մի շաբաթ անց այս օ՞րը: Լավ, կսպասեմ, բայց նախօրոք կզանգես: Հիմա էլ իմ խնդիրքն ասեմ. բուժքրոջ տեղ ունե՞ս: (Շողիկը վախեցած ոտքի է կանգնում:) Փորձ ունի` երեք տարվա… (Շողիկը գլխի շարժումով «այո» է ասում:) Քեզ կնկարեմ զենք ու զրահով, բեղերով, խռիվ, երկար մազերով, քարանձավի առաջ, մահակն էլ ձեռքիդ… (Ծիծաղում է: Շողիկը լարված է:) Բուժքո՞ւյրը… կրակի կտոր է, խելքի տոպրակ, սիրուն, եռանդուն… այնքան սիրուն, որ սրսկելիս հիվանդներդ կժպտան: Բայց մի մեծ թերություն ունի` անկեղծ և ճշմարիտ է խոսում, եթե նրա ներկայությամբ աննշան սուտ ասեք` կխայտառակի ձեզ: Եվ առաջին հերթին` քեզ: Համաձա՞յն ես… շնորհակալ եմ, ե՞րբ կարող է գալ: Վա՞ղը… ժամը տասի՞ն: (Շողիկը նորից «այո» է ասում:) Միանգամից աշխատանքի կգա: Ինչո՞ւ ես ցտեսություն ասում, ես դեռ… կանչո՞ւմ են… լավ են անում, որովհետև արդեն հոգնեցի քեզնից, գնա ու շարունակիր քո խեղճ հիվանդներին խաբել, իբր՝ լավ բժիշկ ես… Ոչ մի ցտեսություն, արդեն ինձ պետք չես: (Դնում է լսափողը: Շողիկը գրկում է նրան: Հրաչյան ձեռքերը կողմ տարածած հանգիստ սպասում է: Շողիկը, շփոթված իր արածից՝ նստում է:)
ՇՈՂԻԿ — Ներեցեք, հանկարծ եղավ:
ՀՐԱՉՅԱ — Ես վազեցի խանութ, զանգեք ձեր ամենամտերիմ ու շատ սիրելի, բայց և` շատ բամբասկոտ ընկերուհուն, մի լավ բամբասեք, քամուն տվեք ինձ, որ ժամանակ անցնի` մինչև վերադառնամ: (Գնում է, կեսճամփա՝ կանգնում:) Մի բան էլ. մայրս զանգելու է: Կպատասխանեք, բայց շատ անկեղծ չխոսեք: Իսկ մայրս կզանգի` հենց ոտքս դռնից դուրս դնեմ: Չե՞ք հավատում: Ստուգե՞նք: (Շողիկ գլխով «այո» է ասում: Հրաչյան դուրս է գնում: Զանգ: Դուռը բացվում է, երևում է Հրաչյան, նայում ծիծաղող Շողիկին և մատնացույց անում հեռախոսը:) Վերցրեք լսափողը… և հիշեք, որ շատ անկեղծանալ պետք չէ: (Հրաչյան գնում է:)
ՇՈՂԻԿ — Ալո… (Ծիծաղում է:) Ձեր որդին ասաց, որ մինչև ինքը դուրս գա դռնից` կզանգեք: Այդպես էլ եղավ: Գնաց խանութ… տրամադրությունը լավ է… Ինչո՞ւ չեք քնում, տիկին Սաթենիկ, լյա՞րդը չի թողնում… լավ է, որ չի ցավում… Իհարկե, կարելի է, հարցրեք: Ամուսնացած չեմ, բայց… չգիտեմ ինչպես ասել… ԶԱԳՍ-ով ամուսնացել եմ, բայց ամուսնացած չեմ եղել, որովհետև… (Դադար:) Կարող եմ ասել, գաղտնիք չէ, հարսանիքի նախորդ օրը փեսացուս մահացավ, երեք տարի առաջ: Վթարից: Ես ընդունվել էի բժշկական… (Դադար:) Հիմա կհանգստանամ… մի ուրիշ անգա՞մ խոսենք, լավ: Տիկին Սաթենիկ, նա աշխատանք գտավ ինձ համար, պատկերացնու՞մ եք, թե դա… (Շփոթվում է:) Չէ, ես աշխատանք ունեի, բայց սա ավելի լավ է: Իհարկե, այսօր կմնամ… Այո, այդ աղջկա պատճառով չի վշտանում: Չեմ կարծում, որ թաքցնում է: Եթե չկարողանա` քնաբեր կտամ. քնելը շատ է անհրաժեշտ: Չեմ նկատել, որ ծխում է, սենյակում հոտ չկա… Մի հուզվեք, արդեն հասկացա, որ Հրաչյան ձեր միակ զավակն է… Դուք շատ սիրալիր եք վերաբերվում, իսկ ես ուզում եմ հանդիպել ձեզ… (Հուզվում է:) Չնայած խոստացել էի, որ կմնամ, բայց ուզում էի առանց ձեզ ասելու գնալ… ինձ մեղավոր եմ զգում ու ներողություն եմ խնդրում: Բայց խնդրում եմ, իմ ասածը նրան չհայտնեք… Շնորհակալ եմ: Բարի գիշեր: (Դնում է լսափողը, գնում է լողասենյակ, բերում է տոպրակը, ժամացույցին ու դռանը նայելով զանգում է:) Մարիա՞մ, ներիր, որ ուշ եմ զանգում… Չգիտեմ՝ որտեղ եմ… Չգիտեմ՝ ինչպես եմ, միայն գիտեմ, որ հաջողություն ունեցա, աշխատանք գտա: Կես ժամից քո տանը կլինեմ: Ինչո՞ւ չգամ… բարեկամներ են եկե՞լ, բայց ո՞ւր գնամ: Լավ, կզանգեմ Անուշին… ամուսնացե՞լ է… մի շաբաթ կլինի, որ չեմ խոսել, ինձ չի զանգել, բան չի ասել: Տաթևին կզանգեմ ու կխնդրեմ, որ… Այստեղ չեմ կարող մնալ: Հետո կպատմեմ, հիմա ժամանակ չունեմ, շտապում եմ… հա, ասա…
Գալիս է Հրաչյան ուտելիքով տոպրակը ձեռքին: Կաղում է, ձեռքը սեղմել է աչքին: Աննկատ մնալով՝ լսում է:
ՇՈՂԻԿ — Նկարիչ է… պատահաբար, փողոցում… ինձ փրկեց երեք խուլիգաններից ու տունը բերեց: Հա, կռիվ եղավ… դանակներով էին, բայց նա ծեծելով քշեց… Մայթին էի կանգնել, որ… երթուղայինի էի սպասում: Քեզ ասել էի, որ Տաթևի տուն կգնամ, բայց ուրիշ բան եղավ: Գիտես, որ ամեն օր ձեզնից մեկի տանն եմ գիշերում: Իսկ վարձո՞վ ինչպես ապրեմ… Եղբորս վիրահատությունը, նրա մահը, մորս մահը, վաճառված տան փողից բան մնա՞ց… Աշխատանքից էլ, գիտես, ինչու էին հեռացրել: Նոր եկած գլխավորը սկսեց… դե, մի օր համբերեցի, երկու օր, հետո սկսեցի կոպտել, իսկ ապտակից հետո սպառնաց, որ եթե իր ուզածով չլինի` բոլորին կասի, որ գիշերները մտնում եմ հիվանդների վերմակի տակ ու փող եմ աշխատում: Ասածն արեց… Ո՞վ կպաշտպաներ, վախենում էին, նախարարությունից էր եկել: Ճիշտ է, մի անգամ մտել եմ… ապտակից երեք ամիս առաջ: Յոթանասունն անց ուսուցիչ էր, դողացնում էր, երեք վերմակով ծածկեցի, չօգնեց, նոր էին վիրահատել, ստիպված մեջքը գրկեցի, տաքացավ, քնեց: Ես էլ որ տաքացա՝ քնեցի: Շատ էի հոգնած: Առավոտյան գլխավորը տեսավ, ծիծաղեց, բայց հետո սկսեց ձեռքերին ազատություն տալ… Ո՞նց չապտակեի, եթե քաշքշում էր: Վերջը` ինձ հեռացրեց, նույն մեղադրանքով ինստիտուտից էլ հեռացնել տվեց` երրորդ կուրսից… Երկու տարի է, շաբաթը մեկ, հագուստներիս ճամպրուկը մեկիդ տունն եմ բերում: Հա, օգնում եք, իսկ եթե մի օր չկարողանաք՝ ի՞նչ եմ անելու: Այսօ՞ր… այսօր չդիմացա ու որոշեցի… մայթին էի կանգնել… (Հրաչյան հետ-հետ է գնում, թաքնվում է:) Տունը ո՞նց չծախեինք, եղբորս վիրահատել էր պետք… Մարիամ, եթե այս աշխատանքը չգտնվեր, էլի մայթին էի կանգնելու… չէ, չկարողացա, մայթին էլ չկարողացա հարմարվել… Ի՞նչ՝ «առիթից օգտվել»… Մարիամ, նա զզվում է ինձնից… փող տվեց, որ գնամ տուն… Ես նրա ոտքերը պետք է համբուրեի… հիմա էլ կհամբուրեմ, բայց վախենում եմ՝ բարկանա… Գուցե հենց վաղը համբուրեմ, երբ ինձ տանի աշխատանքի… Լավ, շտապում եմ, զանգեմ Տաթևին, գուցե այս գիշեր տեղ տա: Վաղը ճամպրուկիցս մի երկու շոր բեր, հագնեմ… Ձեր տնից մի կանգառ ներքև լողավազան կա, ժամը իննին, դարպասի մոտ, որ տասին աշխատանքի հասնեմ: Շտապում եմ, խանութ է գնացել… պետք է փախչեմ մինչև նրա վերադառնալը, բարի գիշեր… (Դնում է լսափողը, զանգում:) Տաթև, ես եմ, Շողիկը… Այսօր Մարիամի մոտ չեմ կարող գիշերել… Խնդրում եմ, Տաթև ջան, երկու օրով տեղ տուր, մինչև մի բան անեմ… ապրես. քույրիկս, շնորհակալ եմ, քիչ հետո կգամ, մայրիկիդ բարևիր: (Դնում է լսափողը, վերցնում տոպրակն ու պայուսակը, գնում է դեպի դուռը:) Միայն չհանդիպեմ նրան: (Զանգ:) Ինչո՞ւ զանգեց, հիմա ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ այս կնոջը… չեմ վերցնի… չեմ վերցնի… (Իրերը դնում է հատակին, մոտենում հեռախոսին:) Դեռ չի եկել, երևի խանութում հերթ է… Իմ մասին պատմե՞մ… հիմա՞… բայց… չէ, չեմ հուզվում, կպատմեմ… ես էլ էի ուզում, որովհետև լավ կլինի, որ հիմա պատմեմ…
Հրաչյան բացում ու փակում է դուռը, հազում է:
ՀՐԱՉՅԱ — Ես եկա…
ՇՈՂԻԿ — Այո, եկավ, տիկին Սաթենիկ:
Հրաչյան առաջ է գալիս, անընդհատ փոխում է դիրքը, որ Շողիկը չտեսնի վնասված աչքը և չնկատի կաղալը:
ՀՐԱՉՅԱ — Շա՞տ ուշացա, մեծ հերթ էր:
ՇՈՂԻԿ — (լսափողի մեջ): Հիմա կմոտենա…
ՀՐԱՉՅԱ — (վերցնում է լսափողը: Շողիկը ուտելիքի տոպրակները խոհանոց է տանում, վերադառնում ու հարմար պահի է սպասում, որ վերցնի իրերն ու գնա: Բայց Հրաչյան նրան տեսադաշտում է պահում:) Որոշել ես այս գիշեր չքնե՞լ… ուրախ եմ, որ տրամադրությունդ բարձր է… լավ է, որ լյարդդ չի ցավում: Շողիկի տրամադրությունն էլ բարձր է: Ինչո՞ւ հաց չենք կերել… Ժամանակ չեղավ, բայց հիմա շատ ուտելիք եմ առել և շատ էլ սոված ենք: Հիմա կգնանք խոհանոց, բայց դու նորից չզանգես, քնիր… Ինչո՞ւ զանգես… լավ, զանգիր: (Դնում է լսափողը, հեռախոսահամարների գրքույկն է թերթում:) Մայրս լյարդի ցավը մոռացել է: Ինչո՞ւ է այդքան ուրախ, չգիտե՞ք… Եթե երկուսդ էլ լռում եք, ուրեմն` կանանց գաղտնիք է, իմանալը` անհնար, նաև` շատ վտանգավոր: Ինչո՞ւ եք կանգնել, նստեք, ընկերոջս հետ կխոսեմ ու կվազենք խոհանոց: Շողիկ, ի՞նչ է պատահել:
ՇՈՂԻԿ — Ոչինչ չի պատահել: Տոպրակը տանեմ լողասենյակ: (Նայում է ժանացույցին և մնում կանգնած:)
ՀՐԱՉՅԱ — Ինչպե՞ս անցկացրեցիք ժամանակը: (Զանգում է:)
ՇՈՂԻԿ — Ինչպես որ ասացիք` բամբասանքով: Նաև զանգեցի ընկերուհուս, որ վաղը ընկերուհուս տնից շորերս վերցնի… (Շփոթվում է:) Մյուս ընկերուհիս մեր տան մոտ է ապրում, շորերս կվերցնի մեր տնից, կբերի մոտիկ ապրող ընկերուհուս տունը, ես էլ նրանից կվերցնեմ, կհագնվեմ ու աշխատանքից չեմ ուշանա:
ՀՐԱՉՅԱ — (դնում է լսափողը, շարունակելով նայել գրքույկի մեջ): Ինչո՞ւ այդքան երկար ճանապարհ կտրի ձեր ընկերուհին, կարող ենք իմ մեքենայով գնալ ու ձեր շորերը վերցնել:
ՇՈՂԻԿ — Ես… արդեն պայմանավորվել եմ…
ՀՐԱՉՅԱ — Այդ խալաթո՞վ եք գնալու, այդ կոշիկներո՞վ:
ՇՈՂԻԿ — Չէ… առավոտյան կարդուկեմ չորացած շորերս:
ՀՐԱՉՅԱ — Կարճ շրջազգեստո՞վ, այն վերնաշապիկո՞վ:
ՇՈՂԻԿ — Մեքենայով գնալը ճիշտ է, ուրեմն` շորերս լողասենյակ տանեմ, այստեղ բերեցի, որ առավոտյան չմոռանամ: (Տոպրակը տանում է:)
ՀՐԱՉՅԱ — (բարձր, որ Շողիկը լսի, մոռանալով աչքի վնասվածքն ու ոտքի կաղալը` ոգևորված խոսում է ու կաղալով քայլում): Ձեզ կտանեմ աշխատանքի: Չմոռանամ, բջջային հեռախոս տալ, երկուսն ունեմ: Աշխատանքի տեղից միշտ էլ կարիք կլինի զանգել այստեղ, կամ ձեր տուն: Իմ ու մորս հեռախոսահամարները կան:
Գալիս է Շողիկը, տեսնում Հրաչյայի կաղալն ու վնասված աչքը՝ զարմացած կանգնում է նրա դիմաց:
ՀՐԱՉՅԱ — Ինչո՞ւ եք այդպես նայում:
ՇՈՂԻԿ — Նրա՞նք են արել:
ՀՐԱՉՅԱ — Ո՞ւմ նկատի ունեք:
ՇՈՂԻԿ — Ինչպե՞ս նրանք կարողացան… ինչո՞ւ չեք կռվել… Շա՞տ էին, քանի՞ հոգի էին… (Աշխատում է հուզմունքը զսպել:) Դե, մի բան ասեք…
ՀՐԱՉՅԱ — Նկատի ունեք կաղա՞լը… դատարկ բան է, ոտքս խփեցի վերելակի դռանը, բան չկա:
ՇՈՂԻԿ — Իսկ ա՞չքը:
ՀՐԱՉՅԱ — Աչքիս բա՞ն է պատահել… երևի ընկել եմ, չեմ հիշում: Հա, ընկել եմ` սանդուղքների վրա:
ՇՈՂԻԿ — Բայց նրանք… լավ, հասկացա, սանդուղքների վրա եք ընկել: Նստեք, զանգեք մեկին, զրուցեք, ես գնամ խոհանոց, ափսեներ բերեմ, նաև` բաժակ, գդալ… ու մյուս բաները… հացը, ուրիշ բաներ էլ կվերցնեմ ու կվերադառնամ… շուտ կվերադառնամ: (Գնում է խոհանոցի կողմը:)
ՀՐԱՉՅԱ — (բարձրաձայն): Իսկ ես զանգեմ Անուշավանին, ասեմ, որ փեսան ավելի ուշ գա, ժամանակ չունեմ: (Զանգում է, սպասում:) էլի մեկին մի բան է խոստացել, չի կատարել, այդ մեկն էլ բարկացել է, իմ շատախոսն էլ փչելով ուզում է արդարանալ: (Լսափողը դնում է, շրջվում ու տեսնում է Շողիկին, որը զգույշ գնում է դռան կողմը, աշխատելով ձեռքի փայտե ձողը թաքցնել թիկունքում: Հասնում, բռնում է նրան): Ո՞ւր եք գնում:
ՇՈՂԻԿ — Գործ ունեմ: Զանգեք, զրուցեք, մինչև գամ: Շուտ կգամ:
ՀՐԱՉՅԱ — Տվեք ձողը:
ՇՈՂԻԿ — Ես ուրիշ տեղ եմ գնում:
ՀՐԱՉՅԱ — Տվեք ձողը:
ՇՈՂԻԿ — Ուզում եմ տեսնել նրանց:
ՀՐԱՉՅԱ — Ուր եք ուզում գնալ և ինչի համար:
Շողիկը նստում է բազմոցին, Հրաչյան վերցնում է ձողը, բայց Շողիկը ձողի մյուս ծայրը բաց չի թողնում:
ՇՈՂԻԿ — Տվեք ձողն ու ինձ մի խանգարեք:
ՀՐԱՉՅԱ — Եկեք խոսենք, հետո ձողը կտամ:
ՇՈՂԻԿ — (թողնում է ձողն ու վազում դեպի դուռը): Առանց ձողի էլ կգնամ:
ՀՐԱՉՅԱ — (մի կերպ հասնում, բերում է բազմոցի մոտ): Նստեք, ձեզ բան ունեմ ասելու: Նստեք ու լսեք:
ՇՈՂԻԿ — Էլի իմ իմ պատճառով վտանգել եք ձեզ, իսկ ես նստեմ ու լսե՞մ ձեզ: Իսկ եթե վաղն էլի հանդիպե՞ն, եթե վաղն էլ դանակով հարձակվե՞ն… Թող ինձ էլ ծեծեն, ձե՞զ ինչ… Ինչո՞ւ դուք կարող եք կռվել ինձ համար, իսկ ես ձեզ համար` չեմ կարող:
ՀՐԱՉՅԱ — Կարող եք, շնորհակալ եմ, բայց նախ լսեք ինձ, երկու ժամ առաջ կռիվը ձեր պատճառով չեղավ, այլ իմ պատճառով, իմ սխալի…
ՇՈՂԻԿ — Սխալ արեցիք, որ պաշտպանեցի՞ք ինձ…
ՀՐԱՉՅԱ — Հիշեք, թե ինչ վիճակի մեջ էի, երբ նրանց ու ձեզ տեսա… Ընկերուհուս դավաճանությունը հունից հանել էր, շատ վրդովված էի: Հիշեք, ինչ կատաղությամբ էի նրանց խփում: Նրանք տասնհինգ-տասնվեց տարեկան տղաներ էին, փողոցում լկտիացած, բայց` տղաներ: Ես կարող էի նրանց միայն վախեցնել, բայց չարեցի, որովհետև վրեժ էի ուզում լուծել: Ինձ մերժող կնոջ վրեժն էի ուզում լուծել փողոցային տղաներից, որոնք միշտ եղել են ու կլինեն, նրանց հետ զվարճանալու գնացող աղջիկներ էլ միշտ եղել են ու կլինեն: Դաժան վարվեցի նրանց հետ ու քիչ առաջ, մեղքս քավելու համար, թույլ տվեցի, որ նրանք էլ ինձնից վրեժ լուծեն` մի երկու հատ խփեն: (Ի պատասխան Շողիկի հայացքի:) Ինչո՞ւ եք այդպես նայում:
ՇՈՂԻԿ — Շարունակեք:
ՀՐԱՉՅԱ — Ասելիքս վերջացրի, հույս ունեմ, որ իմ արածը հասկացաք: Իսկ հիմա մոռացեք ասածներս ու հիշեք, թե ինչ էի ասում ձեզ, երբ տոպրակը տարաք լողասենյակ: Չե՞ք հիշում…
ՇՈՂԻԿ — Չեմ հիշում:
ՀՐԱՉՅԱ — Ասում էի, որ ձեր հեռախոսի մեջ գրանցված են համարներ ինձ կամ մորս զանգելու համար:
ՇՈՂԻԿ — Ես հեռախոս չունեմ:
ՀՐԱՉՅԱ — Ուրեմն` նորից եմ սկսում, ուշադիր լսեք, երբ առավոտյան ձեր ընկերուհի Մարիամի մոտից վերադառնանք, հագնեք նրա բերած շորերը, ձեզ պետք է տանեմ աշխատանքի: Իսկ աշխատանքի տանելուց առաջ բջջային հեռախոս կտամ: Կարող եք զանգել մորս, ձեր տուն, այստեղ: Բայց… (Լռում է, խորը շնչում:) Շողիկ, հիմա չեմ կարող հեռախոսը ձեզ տալ ու բացատրել, որովհետև այստեղ չեք, ճի՞շտ է: (Պահարանից հեռախոս է հանում, դնում սեղանին:) Ահա, դնում եմ այստեղ, որ չմոռանամ բացատրել, երբ կկարողանաք վերևից իջնել ցած` այստեղ:
ՇՈՂԻԿ — Ոչինչ չհասկացա, խնդրում եմ, մի անգամ էլ…
ՀՐԱՉՅԱ — Գրողը տանի, որտե՞ղ եք թափառում, ինչո՞ւ ինձ չեք լսում:
ՇՈՂԻԿ — Ես ձեզ լսում եմ:
ՀՐԱՉՅԱ — Ի՞նչ ասացի:
ՇՈՂԻԿ — «Գրողը տանի, որտե՞ղ եք թափառում, ինչո՞ւ ինձ չեք լսում»…
ՀՐԱՉՅԱ — Բայց չեք հասկանում ձեր ասածի իմաստը: Սարսափելի բանե՞ր ասացի… վախեցե՞լ եք:
ՇՈՂԻԿ — Շարունակեք… չէ, ոչինչ մի ասեք, մի քիչ լռենք… (Դադար:) Ուրեմն` դուք գնացիք, որ ձեզ ծեծեն, որ կարողանաք հանգիստ ապրե՞լ:
ՀՐԱՉՅԱ — Դուք էլ նույնը կանեիք:
ՇՈՂԻԿ — Չէի կարողանա:
ՀՐԱՉՅԱ — Դուք էլ ինչ-որ մեկին օգնելու պատճառով պատժվել եք ու հետևանքները մինչև այսօր կրում եք, չէ՞… (Հասկանում է, որ դա չպետք է ասեր:) Այսինքն, կարծում եմ, որ նման բան արած կլինեք:
ՇՈՂԻԿ — Չգիտեմ, սպասեք մտածեմ:
ՀՐԱՉՅԱ — Չմտածեք, համոզված եմ, որ արած կլինեք: Իսկ հիմա ուզում եք, որ ուշաթափվե՞մ:
ՇՈՂԻԿ — Ինչո՞ւ:
ՀՐԱՉՅԱ — Սոված չե՞ք, չե՞ք զգում, որ մեր ապրելակերպը նորմալ մարդու ապրելակերպ չէ: Որովհետև մենք արդեն սով էլ չենք զգում: Տասներկու ժամ սոված էի ու չէի զգում, միայն հիմա զգացի… գիտե՞ք՝ ժամը քանիսն է: Տասներկուսին տաս է պակաս, շուտով կեսգիշեր է, իսկ ես առավոտից ոչինչ չեմ կերել ու հիմա էլ չեմ ուզում ուտել: Հասկանո՞ւմ եք, որ նորմալ չէ: Դուք է՞լ սով չեք զգում:
ՇՈՂԻԿ — Չեմ զգում:
ՀՐԱՉՅԱ — Ուրեմն` հիվանդ ենք:
ՇՈՂԻԿ — Ժամը քանի՞սն է:
ՀՐԱՉՅԱ — Ժա՞մը… Ժամացույց եթե չլինի, սով չե՞ք զգա: Ինչո՞ւ եք ժպտում, ծիծաղելի բա՞ն ասացի: Սով զգո՞ւմ եք:
ՇՈՂԻԿ — Չեմ զգում:
ՀՐԱՉՅԱ — Բայց արդեն կեսգիշեր է:
ՇՈՂԻԿ — Հիմա սով զգացի: (Ոտքի է կանգնում:)
ՀՐԱՉՅԱ — Փառք Աստծո: Գնանք: (Շողիկը նստում է:) Ինչո՞ւ նստեցիք:
ՇՈՂԻԿ — Դուք էլ նստեք:
ՀՐԱՉՅԱ — (նստում է): Առավոտյան… չէ, աշխատանքից հետո կգնանք բժշկի, թող անպայման ձեզ քննեն, իսկ հետո… Շողիկ, ուշքի գալո՞ւ եք:
ՇՈՂԻԿ — Չեմ կարողանում:
ՀՐԱՉՅԱ — Ինչի՞ մասին եք մտածում:
ՇՈՂԻԿ — Ընկերուհիս` Մարիամը, ճիշտ էր ասում:
ՀՐԱՉՅԱ — Մարիա՞մը… հա, Մարիամը… ի՞նչ էր ասում:
ՇՈՂԻԿ — Մարիամին խոստացել եմ, վաղը անպայման պետք է համբուրեմ… Շուտով վաղը կլինի, բայց հիմա կարելի՞ է համբուրել:
ՀՐԱՉՅԱ — (շփոթված նայում է շուրջը): Ի՞նձ… համբուրեք, իհարկե, կարելի է, միայն արագ, էլ չեմ դիմանում:
ՇՈՂԻԿ — Ձեր ոտքը…
ՀՐԱՉՅԱ — Ոչ:
ՇՈՂԻԿ — Նրան խոստացել եմ…
ՀՐԱՉՅԱ — Ոչ:
ՇՈՂԻԿ — Դա ինձ է պետք:
ՀՐԱՉՅԱ — (խիստ): Ոտքի ելեք:
ՇՈՂԻԿ — Մարիամն ասաց` «Շողիկ, նա անիրական մարդ է, բայց քանի որ անիրական մարդիկ չեն լինում, ուրեմն սուրբ է: Իսկ սուրբ մարդկանց ոտքը կարելի է համբուրել»:
ՀՐԱՉՅԱ — Ձեր ընկերուհին է անիրական ու ընկնավորի մեկը, դուք էլ նրա հետ… (Բարձրացնում է նրան, նստեցնում բազմոցին: Զանգ:) Հանգիստ նստեք, մայրս է: Մա՞մ, էլի՞ քնած չես, մենք լավ ենք: Չի գնացել, այստեղ է… Չի կարող հիմա խոսել, մտքերի մեջ է… Հիվանդ չենք, զրուցում ենք: Առավոտյան կգանք, չէ, առավոտյան չենք կարող, նրան աշխատանքի եմ տանելու, իսկ հիմա ուշ է, նա պետք է քնի, արդեն կեսգիշեր է: (Ժպտում է:) Իհարկե, նա էլ սովորական մարդկանց նման պետք է քնի… Արդեն կերել ենք: (Շողիկը զարմացած նայում է: Խիստ նայելով նրան:) Իհարկե, կերել ենք, բարի գիշեր: (Դնում է լսափողը, նայում ժամացույցին:) Քսան րոպեից էլի կզանգի: (Ժպտացող Շողիկին:) Հա, ասացի, որ կերել ենք, բայց սա օգտակար սուտ է: Գնանք խոհանոց: Էլի՞ սովը մոռացաք… (Տեսնելով, որ Շողիկը դարձյալ «մի ուրիշ» տեղ է, նստում է, սպասում:) Բա՞ն եք ուզում ասել: (Շողիկը գլխով «այո» է ասում:) Ասեք:
ՇՈՂԻԿ — Երբ ասացիք` «Իհարկե, նա էլ սովորական մարդկանց նման պետք է քնի», ինչո՞ւ ծիծաղեցիք:
ՀՐԱՉՅԱ — Նա ասաց` «Այդ հրեշտակն էլ է ուզում քնե՞լ»:
ՇՈՂԻԿ — Էլի՞ հրեշտակ ասաց:
ՀՐԱՉՅԱ — Ինչո՞ւ եք լաց լինում, վատ բան է ասե՞լ:
ՇՈՂԻԿ — Այո, որովհետև ես հրեշտակ չեմ, այլ…
ՀՐԱՉՅԱ — Լռեք: Ուրեմն եթե ասեր` «Այդ զզվելին էլ է ուզում քնել», լա՞վ կլիներ:
ՇՈՂԻԿ — Ուզում եմ ասել, որ երբ…
ՀՐԱՉՅԱ — Ոչինչ չասեք:
ՇՈՂԻԿ — Ինչո՞ւ չասեմ:
ՀՐԱՉՅԱ — Որովհետև էլի կխճճվենք, որովհետև զգում եմ, որ այստեղ ուղարկված եք ինձ խելագարեցնելու համար, որովհետև խոսում եք ինչ-որ մի անհայտ երկրի բնիկների տրամաբանությամբ, որից ես ոչինչ չեմ հասկանում: (Զանգ:) Դեռ քսան րոպե չի անցել… դե, լավ էլի…
ՇՈՂԻԿ — Ես կխոսեմ:
ՀՐԱՉՅԱ — Ինչո՞ւ:
ՇՈՂԻԿ — Դուք հուզված եք:
ՀՐԱՉՅԱ — Հենց ես եմ խոսելու: Ինչո՞ւ չի ուզում քնել, չի՞ խղճում իրեն, ուզում է մի հիվանդություն է՞լ ձեռք բերել: (Լսափողի մեջ:) Ալո… դուք քնելու կարիք չունե՞ք, ուզում եք էլի՞ հիվանդանալ, դուք խիղճ չունե՞ք, այս մեկն ինձ քի՞չ է, որ բնիկների լեզուներով է խոսում հետս, հիմա էլ դո՞ւք, ձեզ չեք խղճում, որ կեսգիշեր է ու դեռ քնած չեք, ուրիշների՞ն էլ չեք խղճում: Ո՞նց թե` «դուք ով եք»… Լավ, վաղը կգամ, կխոսենք… ոչ մի բան էլ չեմ խոսի, այս ի՞նչ կրակների մեջ եմ ընկել: Մի կողմից նա, մյուս կողմից` դու, իսկ ե՞ս… Ի՞նչ, ո՞նց թե` ով է… (Սթափվում է:) Մա՞մ… ես եմ: (Դնում է լսափողը, շփոթված է:)
ՇՈՂԻԿ — Ի՞նչ ասաց:
ՀՐԱՉՅԱ — «Ո՞վ է այս խեղճ գիժը»:
ՇՈՂԻԿ — Որ ասում եմ՝ կամաց-կամաց ամեն ինչ պետք է անկեղծորեն խոստովանել` չեք հավատում ինձ:
ՀՐԱՉՅԱ — Ինչ ասացի՞ք, խոստովանե՞լ: Ի՞նչ պետք է խոստովանենք, այն էլ` «կամաց- կամաց»… Էլի ի՞նչ եք ասել մորս:
ՇՈՂԻԿ — Ասացի, որ ուզում էի փախչել:
ՀՐԱՉՅԱ — Ո՞նց թե…
ՇՈՂԻԿ — Նաև ասացի, որ չէիք ուզում իմ փախչելու մասին ասեմ իրեն:
ՀՐԱՉՅԱ — Բայց ձեզ զգուշացրի, չէ՞… (Հուսահատ:) Հիմա՞ ինչու եք վախեցած նայում, էլի՞ բան եք ասել… մի քանի անգամ զգուշացրի չասել, դա՞ եք ասել:
ՇՈՂԻԿ — Դա էի ուզում ասել, բայց խանութից եկաք ու խանգարեցիք:
ՀՐԱՉՅԱ — Դա խանգարե՞լ է, դա մեծ փորձանքից ազատվել է նշանակում: Փառք Աստծո, որ զգացի ու ճիշտ ժամանակին դուրս եկա… (Դադար:) Այսինքն` ներս եկա դրսից: Ինչո՞ւ եք այդպես նայում, էլի բա՞ն ունեք ասելու:
ՇՈՂԻԿ — Ունեմ:
ՀՐԱՉՅԱ — Սպասեք նստեմ: (Նստում է:) Ասեք ու գնանք խոհանոց, բայց ոչ թե սով եմ զգում, այլ սովորության ուժով եմ ուզում գնալ խոհանոց, որովհետև գիտեմ, որ ստամոքս ունեմ և այնտեղ շտապ ինչ-որ բան պետք է լցնեմ: Կարող եք համարձակ ասել ձեր ամենավերջին քաջագործության մասին: Դե, ասեք, չեմ ընկնի:
ՇՈՂԻԿ — Իսկ ձեռքը կարելի՞ է…
ՀՐԱՉՅԱ — Վերջ տվեք, ես քահանա չեմ: Վաղն անպայման կգնանք պոլիկլինիկա, ինձ էլ թող քննեն: Շատ վատ եմ, արդեն սով էլ չեմ զգում, ի՞նչ օրը գցեցիք ինձ: Ինչո՞ւ եք ուզում լաց լինել, հենց այնպե՞ս, սովորության համաձա՞յն: (Դադար:) Էլի՞ բան ունեք ասելու:
ՇՈՂԻԿ — Ունեմ:
ՀՐԱՉՅԱ — (նստում է): Արդեն հասկացա. եթե ուզում եք լաց լինել, ուրեմն էլի մի վատ բան ասելու եք: Ասելու եք, ճի՞շտ է:
ՇՈՂԻԿ — (լացը զսպելով): Իսկ պոլիկլինիկայից հետո ձեռքը կարելի՞ է… Ո՞չ: Ուրեմն` փողոցո՞ւմ, մարդկանց ներկայությա՞մբ… Կանեմ, և ոչ թե ձեռքը, այլ` ոտքը: (Հեկեկոցով լաց է լինում:) Դա ինձ է հարկավոր, ինչո՞ւ չեք ուզում հասկանալ…
ՀՐԱՉՅԱ — (մոտենում, նստում է կողքին, գլուխը սեղմում է կրծքին): Հանգստացիր, վաղը կխոսենք, հիմա հոգնել ես, պետք է քնես: Ոչինչ մի ասա, խաղաղվիր, վաղը աշխատանքից հետո կխոսենք և կանենք` ինչպես դու կուզես, խաղաղվիր… (Լռություն: Շողիկը խաղաղվում է: Զանգ: Հրաչյան ձեռքը երկարում, դժվարությամբ վերցնում է լսափողը և գլուխը մի կողմ թեքած, խոսում է շշուկով:) Ես եմ, ասա… Մեզ զանգող չի եղել: Ո՞վ էր այդ խեղճ գիժը… Չեմ լսել ձեր խոսակցությունը, բայց կարծում եմ, մի խեղճ գիժ եղած կլինի: Նստած քնել է, չեմ կարող բարձր խոսել` գլուխն ուսիս է: Հոգնել է, թող քնի: Մենք առավոտ շուտ աշխատանքի ենք գնալու… Չէ, չեմ շարժվի… Հա, վաղը նրան կբերեմ, կտեսնես… մամ, դո՞ւ ինչու ես լաց լինում… Չասես, խնդրում եմ, էլ իրեն հրեշտակ չասես… Հուզվում է, սկսում է լաց լինել: Մի ժամ առաջ էլ հրեշտակ էիր ասել` լաց եղավ… Չէ, խնդրում եմ… Նրան չհարցնես, թե ինչու է լաց լինում, երբ հրեշտակ են ասում: Չգիտեմ, երևի բոլոր հրեշտակները շուտ հուզվող են: Էլ չզանգես, վաղը, աշխատանքից հետո կգանք, բարի գիշեր… (Դնում է լսափողը և անշարժ նստում:)