#Հաղթելու ենք. Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ / ԵՐԴՈՒՄԻ ԳԻՆԸ

(Թատերասք)
Գործող անձինք
ԿՈՀԱԿ — թանձրախիտ անտառների տիրուհի
ՏԱՐԵՑ ԶԻՆՎՈՐ
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ
ԵՐՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ
ԶՈՐԱՎԱՐ
ՄՅՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐ
ՏԱՐԵՑ ԿԻՆ
ԱՌԱՋԻՆ ԿԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ
ԵՐՐՈՐԴ ԿԻՆ
ՄՅՈՒՍ ԿԱՆԱՅՔ
ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ
ՀԱՐՍՆՈՒԿ
ՆԱՆԵ
ՆՇԽՈՒՆ
ԱՐՓԵՆ
ԵՍԱՅԻ
ԱՐՏԱԿ
ԳՐԻԳՈՐ
ԱՐԱՄ
ՆՈՒՆԵ
ԵՐՎԱՆԴ
ԲԺԻՇԿ ՌՈՒԲԵՆ
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ԳԱՅԱՆԵ
ԳՈՒՐԳԵՆ
ԱՇԽԵՆ
ԱՐԾԻՎ-ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ
ԱՎԵՏԻՔ
ԴՐՎԱԳ ԱՌԱՋԻՆ

Հեռվից խլացած արձագանքներով լսվում են պատերազմի ձայներ՝ զենքերի կրակոցներ, պայթյուններ, ծանր ռազմատեխնիկայի հռնդյուն:
Դանդաղ բացվում է վարագույրը: Բեմը ողողված է լուսաբացի մշուշոտ լույսով: Ետնամասում հազիվ նշմարվող լեռան ուրվագիծն է,
տարբեր բարձրությունների քարակոշտեր: Բեմի առաջամասի մի անկյունում կիսաքանդ տնակն է: Տնակի երևացող մասի մի կողմում քանդված պատի բացվածքն է՝ ծածկված զինվորական թիկնոցով: Դիմացը՝ առանց ապակիների պատուհանն է: Բեմի ետնամասի բարձունքից հայտնվում է Կոհակը՝ կանաչի տարբեր երանգներով երկարափեշ զգեստով ու գլխանոցով: Պատերազմի խլացած ձայներին միանում է նրա խոսքը:
ԿՈՀԱԿ — Մարտերի ծանր հևոցը, ցավի ճիչերը և հաղթանակի խնդության աղաղակները նորից պայթեցին ճիշտ սրտիս ներսում՝ դուրս բերելով ինձ թանձրախիտ անտառի իմ բացատ-ապաստարանից: Եկա ճանաչեմ կռվող զինվորին, նրան, որ երդվել է ետ բերել Հայրենիքի արժանապատիվ ազատությունը: Եկա, որ հոգիս թափանցի մաշկի տակ վիրավոր, մեռնող զինվորի, զգամ նրա ծանր ափսոսանքը, որ չի կարող ներկա գտնվել ազատագրված երկրի ցնծուն շնորհանդեսին: Ապրել եմ Հայոց բոլոր պատերազմների հիշատակները, որոնք պահվել են արյանս ու ավիշներիս հիշողության մեջ… Պիտի ապրեմ հիմա հնամենի ցեղիս ժառանգների կյանքի ու մահու այս գոտեմարտն էլ, որով պիտի վերականգնեն ճշմարտությունն ու արդարությունը Հայոց Աշխարհի: Նրանք՝ ուխտապահ իրենց արյան երդումի:
ԴՐՎԱԳ ԵՐԿՐՈՐԴ
Հեռվից արձագանքվող կռվի ձայները, մարտատեխնիկայի հռնդյունը քիչ ավելի է լսելի դարձել: Տարբեր կողմերից գալիս են 17-60 տարեկան տղամարդիկ, Կամավորներ՝ որոնց կանվանենք Զինվորներ: Նրանք գալիս, հավաքվում են բեմի կենտրոնում: Նրանց մուտքն ուղեկցվում է Տղամարդկանց հուժկու, անբառ երգաձայնով:
ՏԱՐԵՑ ԶԻՆՎՈՐ — Մենք եկանք, որ ելնենք կռվի և Արցախ մեր աշխարհը ազատենք ստրկության կրկնակի բեռից: Ամոթալի այդ բեռը մենք հանդուրժել ենք չափազանց երկար՝ խորհրդային կարգերի անարգ բռնությամբ… Մենք խաղաղորեն փորձեցինք վերականգնել արդարությունը. անջատել տալ Արցախը Ադրբեջանից՝ նորից Հայաստան Հայրենիքի հետ լինելու համար: Պիտի մոռանա՞նք, թե ինչպես թունոտ ծաղրվեց և արյան հեղեղների մեջ խեղդվեց մեր արդարացի պահանջը…
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ — Ազերիների պատասխանը Սումգայիթի հայերի ահավոր ջարդն էր… Սումգայիթը հիմա մխում է մեր երակներում: 20-րդ դարասկզբի Մեծ եղեռնը ավարտվեց դարավերջի սպանդով: Պիտի մոռանա՞նք…
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Թուրք-ազերիների ցեղը դեռ չի հագեցել Հայոց արյունը լակելուց… Նա դեռ հայության համար պահել է իր խելքից-մտքից դուրս անակնկալը: Պիտի մոռանա՞նք…
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ — 88-ի փետրվարի 29-ը պիտի մոռանա՞նք… Սումգայիթ քաղաքը ոչինչ տեղում կառուցել էին նաև շինարար հայերը, որոնք հայտնվեցին արյան տեսքից գազազած ազերիների ջարդարար ճիրանների մեջ, պիտի մոռանա՞նք…
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Որ երեք օր և երեք գիշեր ազերի գազանը լակում էր անզեն, պաշտպանվելու չնչին իսկ կարողությունից զրկված հայերի արյունը ու չէր հագենում՝ պիտի մոռանա՞նք…
ԵՐՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Իսկ զավեշտն այն էր, որ այդ նույն ժամանակ Երևան մտցվեց խորհրդային բանակի հինգ հազար զինվոր՝ սեփական քաղաքը սեփական բնակիչներից պաշտպանելու համար: Երևանը շփոթե՞լ էին Բաքվի հետ… Ջարդը այնտեղ, զորքերն այստե՞ղ… Այս ծաղրը պիտի մոռանա՞նք…
ՏԱՐԵՑ ԶԻՆՎՈՐ — Նա, ով վստահ է, թե բոլորիս հետ միասին իր քաջությամբ ապահովելու է արդարության մեծ հաղթանակը, թող միանա մեզ…
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ — Դու արդեն ծեր ես, ինչո՞ւ մնացորդ կյանքդ անցկացնես թեժ մարտերի մեջ: Գուցե ետ դառնաս…
ՏԱՐԵՑ ԶԻՆՎՈՐ — Եթե պիտի ետ դառնայի, չէի միանա կամավորներիդ… Որպես խոստովանություն ընդունեք խոսքս… Ծխապատ սրճարաններում բարբաջում էինք անվերջ, պահանջում արդարություն համայն աշխարհից, որ եղեռական սառնասրտությամբ սրբազան նախահայրերի արյունն են քամել սգավոր մեր հողի վրա: Բայց դանդաղորեն հեռանում էինք ինքներս մեզնից, ծխապատ սրճարանների գաղջ մթնոլորտում ծնված մեր երազներից՝ կորցրած Հայրենիքը գտնելու մասին: Իսկ դուք ժամանակ չունեցաք բարբաջելու ձեր մեծ ու հանճարեղ գաղափարները: Դուք պարզապես որսորդական հրացաններ ուսած հավաքվեցիք Արցախ աշխարհին զենք ու զրահով սպառնացող թշնամու հետ Հայոց հին ու նոր հաշիվը մաքրելու համար: Դուք հիմա, այստեղ ձեր ներկայությամբ խրատում եք մեզ նմաններին, թե կա ընդամենը երկու ճանապարհ՝ կամ պետք է թևեր առնել վերև սլանալ, կամ հոգու գահավիժումով դժոխքի խորին ընդերքը չափել: (Դադար:) Ես ձեզ հետ հավասար պիտի մարտի ելնեմ: Իմ որսորդական հին հրացանը դեռ կրակում է:
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Դու էլ, հայրիկ, կլինես մեր առաջնորդը:
ՏԱՐԵՑ ԶԻՆՎՈՐ — Տարեց եմ արդեն, թող առաջնորդ լինի ջահել ձեզնից մեկը: Իսկ ես որպես զինվոր կկռվեմ և չեմ խնայի մնացորդ կյանքս: Երդվո՛ւմ եմ:
ԲՈԼՈՐԸ — Երդվո՛ւմ ենք:
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ — Հրամանատար ընտրելը հետաձգենք: Ուրիշ ջոկատներ դեռ պիտի միանան մեզ: Հետո պիտի գա իսկական Զորավարը մեզ առաջնորդելու:
ՏԱՐԵՑ ԶԻՆՎՈՐ — Վաղ լուսաբացին ճամփա պիտի ընկնենք, միանալու համար արդեն մեր կռվողներին: Քարերին թիկնած քիչ հանգստանանք:
Զինվորները գնում են դեպի խորքի քարակտորները: Մարտի ձայները լռել են: Զինվոր-կամավորները, որը նստած քարերին, որը թիկնած՝ անշարժացել են: Թվում են քնած:
Կոհակը հայտնվելով, դանդաղ քայլում է նստած կամ կիսապառկած Զինվորների մոտով: Երբեմն կանգնելով մեկի կամ մյուսի գլխավերևում, զգույշ թեքվում է դեպի նա, ապա շարունակում է իր քայլը: Նրա առաջանալով միջավայրը դառնում է մեղմ կանաչավուն: Իսկ քնած Զինվորներին թվում է, թե երազ են տեսնում և խոսում են այնպես, կարծես քնի ընդերքից է գալիս նրանց ձայնը:
ՏԱՐԵՑ ԶԻՆՎՈՐ — Ո՞վ ես, կին:
ԿՈՀԱԿ — Ես նա եմ, որ կամ մշտապես:
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ — Մեզանից մեկի մայրն ես, անշուշտ…
ԿՈՀԱԿ — Ո՛չ:
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Մեզանից մեկի մայրը չես, բայց ինչ-որ մեկի մայրն ես, ճի՞շտ է:
ԵՐՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Որդո՞ւդ ես փնտրում:
ԿՈՀԱԿ — Ես պահապան մայրն եմ Արցախ աշխարհի թանձրախիտ անտառների: Ապրում եմ հեռու լեռների խիտ անտառների սոսյաց պուրակի բացատում: Անունս Կոհակ է: Բացատիս անունը նույնպես Կոհակ է: Ժամանակի սկզբից ես կամ մշտապես: Իմ բացատում որքան փորձել են տաճար ու վանք կառուցել՝ փլվել են: Հարցնում ես՝ ինչո՞ւ: Բնությունն ինքը ամբողջական տաճար է:
ՏԱՐԵՑ ԶԻՆՎՈՐ — Դու հեթանոսի նման ես խոսում:
ԿՈՀԱԿ — Ես կայի առաջ՝ քան հեթանոսները: Սրբազան բացատներից միայն Կոհակ բացատն է մնացել անձեռնմխելի: Դեռ շատ դարերից անդին այն Արևի, Ջրի, Հողի Անտառի պահապանն էր. բացօթյա տաճար: Ես՝ նրա միակ տիրուհին…
ԶԻՆՎՈՐՆԵՐ — Հեքիաթ ես պատմում: Գուցե ճիշտ է… Մենք գնում ենք պատերազմ, որ պաշտպանենք մեր անտառը, ջուրը, հողը, քաղաքը, գյուղը: Երկիրը ամբողջ…
ԿՈՀԱԿ — Երբ պատերազմ է, մշտապես դուրս եմ եկել սոսիների իմ բացատից, որ հասնեմ քաջերի երազներին և սրբազան օրհնությամբ նրանց ճանապարհ դնեմ:
ՏԱՐԵՑ ԶԻՆՎՈՐ — Շնորհակալ ենք: Պատմությունը, սակայն, արտառոց է: Անհավանական:
ԿՈՀԱԿ — Հավանական, թե անհավանական՝ քո մտածելու բանն է, Զինվոր… Հավատաս, թե չհավատաս Բնության Ոգու հավերժությանը՝ ես կամ և եկել եմ նորից սրբազան օրհնության ծես կատարելու… (Զգեստի ծալքերից հանում է Թուրը:) Այս թուրը պահվում է Կոհակ բացատի խորին ընդերքում և դուրս է գալիս հողի շերտերից, երբ պատերազմի ահագնացող ձայները հնչում են հայրենի քաջերի հոգիներից ներս: Այս թուրը փայլել է մեծ Հայկի ձեռքին, Մհերի ու Դավթի ձեռքին: Փայլել է բոլոր քաջերի ձեռքին, որոնք հաղթել են: Եկա, որ ձեզ ի մարտ ճանապարհեմ՝ նրա կիզանուտ ոգին նվիրելով ձեզ իմ օրհնության հետ:
Զինվորները դեռ լրիվ չսթափված իրենց երազներից՝ դանդաղ ոտքի են կանգնում: Կոհակը պարզում է թուրը նրանց գլխավերևում: Զինվորները կիսաշրջանի մեջ են առնում Կոհակին:
ԿՈՀԱԿ — Օն անդր, քաջեր, ձեզ արծվի թռիչք և առյուծի սիրտ, որ գալիքը ձեր դառնա ազատ օրերի անընդմեջ շարան: Թույլ տուր նորոգեմ հինավուրց կանչը հին հայրենիքիս. «Ելեք իմ որդիք, ցասման ժամ է, ելեք: Հողս, անտառիս կանաչությունը, պաղ աղբյուրներիս ջրերը բոլոր, որոնք բխում են երկրիս ընդերքից, ձայն են տալիս երակներիս մեջ փակված հինավուրց արյանս ահեղ գոչումով: Ելե՛ք, իմ որդիք, ձեզ արծվի թռիչք և առյուծի սիրտ»:
ԴՐՎԱԳ ԵՐՐՈՐԴ
Կանայք հայտնվում են տարբեր կողմերից, դանդաղ գնում դեպի Զինվորները և մտնում նրանց շարքի մեջ: Սա Զինվորների և Կանանց հրաժեշտի տեսարանն է:
ԶԻՆՎՈՐՆԵՐ — Մնաք բարով, մայրեր, սիրասուն մայրեր…
ԿԱՆԱՅՔ — Որդիս, զավակս, հաղթանակով տուն վերադարձիր…
ԶԻՆՎՈՐՆԵՐ — Մնաք բարով, թանկագին կանայք… Մնաք բարով…
ԿԱՆԱՅՔ — Վերադարձեք… Վերադարձեք… Ձեզ հետ բերեք հաղթանակի լուրը…
ԶԻՆՎՈՐՆԵՐ — Մնաք բարով, հարազատ քույրեր…
ԿԱՆԱՅՔ — Ձեր ողջությունը պարգև բերեք ձեր զավակներին…
ԶԻՆՎՈՐՆԵՐ — Իմ անուշ սերս, սպասիր դու ինձ…
ԿԱՆԱՅՔ — Վերադարձիր, որ Գնդեվանքի սուրբ պատերից ներս մեր պսակի ծեսը կատարվի…
ԶԻՆՎՈՐՆԵՐ — Ձեր դժվար կյանքի օրերը մեզ հոգևոր հաց…
ԿԱՆԱՅՔ — Վերադարձեք… Վերադարձեք… Սև չդարձնեք մեր օր ու արևը…
ԶԻՆՎՈՐՆԵՐ — Կվերադառնանք, որ հարսանիքների ու ծնունդների սեղաններ բացենք…
ԿԱՆԱՅՔ — Սոսականաչ մյուռոն ձեր վերադարձի ճանապարհին…
Զինվորները հեռանում են: Կանայք նրանց ճանապարհում են: Բեմում մնում են Երրորդ Զինվորը, հղիության վերջին ամիսն ապրող մանկամարդ Հարսնուկը և Մայրը: Երրորդ Զինվորը ծունկ է խոնարհում, գլուխը դնում Հարսնուկի սրտին և հմայված լսում զավակի խաղը նրա կրծքի տակ:
ԵՐՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Մանչուկս, դու պահիր, պահպանիր քո մորը: Երբ լույս աշխարհ գաս՝ շատ ցավ մի պատճառիր նրան: Ներիր, որ չեմ սպասում քո ծնունդին: Քեզ ազատ Հայրենիք եմ ուզում նվիրել: Թե ընկնեմ կռվում…
ՀԱՐՍՆՈՒԿ — Մի՛ ասա խոսքեր կռվում ընկնելու մասին: Մի՛ հրապուրիր մահվանը նման խոսքերով: Երդվի՛ր, որ պիտի հաղթես: Երդվի՛ր, որ պիտի վերադառնաս:
ԵՐՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Խոստանում եմ: Բայց եթե հանկարծ զոհվեմ մարտերում, իմացիր. արյունս իմ որդու համար ազատ ապրելու անսուտ երաշխիք…
ՀԱՐՍՆՈՒԿ — Վերադարձի՛ր, ես սիրում եմ քեզ… Որ ապրենք երկար օրերի մեր կյանքն ու սերը:
Մայրը մոտենում է, գրկում որդուն:
ՄԱՅՐ — Գիշեր ու զօր աղոթքս քեզ հետ, զավակս: Վերադարձի՛ր:
ԵՐՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Մնաս բարով, մայր, մնաս բարով, իմ զավակի սուրբ խորան իմ կին:
Կանայք Զինվորներին ճանապարհելուց հետո դանդաղ վերադառնում են:
ԵՐՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Մնաք բարով, մայրեր, քույրեր: Կռիվն ավարտվի՝ պիտի ետ դառնանք ու ձեր անհանգիստ հոգին սփոփենք հաղթանակի ու խաղաղության լուրը բերելով: Թե մարտում ընկնի մեզանից մեկը՝ հոգին ընկածի պիտի մշտապես պահապան լինի իր տուն ու տեղին, իր զավակներին: Աղոթեք մեզ համար հավատի մտածումներով՝ առանց արցունքի: Մնաս բարով, որդիս: Երբ վերադառնամ՝ քեզ կպատմեմ հաղթանակած քաջերի մասին, որոնք քեզ նվիրեցին պայծառ օրերի խաղաղությունը:
Երրորդ Զինվորը արագ հեռանում է: Մայրը ծունկի է իջնում և աղոթում:
ՄԱՅՐ — Տեր, կեցոցո և ապրեցո, Տեր… Որդիներին քո, Տեր…
Կանայք ևս ծունկ են խոնարհում և միանում Մոր աղոթքին:
— Տեր, Կեցոցո և ապրեցո, Տեր… Որդիներին քո, Տեր…
Կանայք ավարտելով աղոթքը՝ ոտքի են կանգնում: Խմբից անջատվում է 16-ամյա աղջիկ Նանեն:
ՆԱՆԵ — Մնաք բարով:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Դու ո՞ւր ես գնում:
ՆԱՆԵ — Մնաք բարով:
Տարեց կինը փակում է նրա ճանապարհը:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Պատասխանիր, դու ո՞ւր ես գնում:
ՆԱՆԵ — Գիտես, ինչո՞ւ ես հարցնում:
ԱՌԱՋԻՆ ԿԻՆ — Տասնվեց տարիդ երեկ լրացավ, Նանե աղջիկ:
ՆԱՆԵ — Ճիշտ ժամանակն է:
ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ — Ժամանակը այրերինն է և ոչ քեզ նման աղջնակների:
ՆԱՆԵ — Թշնամին, այն էլ բարբարոս թուրք ցեղից սերված, երբ մտնում է տունդ, չի հարցնում այր ու կին, ծերունի ու մանուկ:
ԵՐՐՈՐԴ ԿԻՆ — Դու դեռ պիտի հասունանաս զավակներ ծնելու համար:
ՆԱՆԵ — Ես գնում եմ, որ իմ դեռ չծնված զավակներին կարողանամ հպարտությամբ լույս աշխարհ բերել:
ԱՌԱՋԻՆ ԿԻՆ — Դեռ մնա, մեծացիր, քիչ էլ մեծացիր:
ՆԱՆԵ — Կարծում եք՝ տարիներո՞վ է մարդը մեծանում: Մարդը մեծանում է ապրած կյանքի խրատներով: Ես մեծ եմ արդեն իմ սեփական կռիվը կռվելու համար: Մնացեք բարով, ձեր աղոթքներում հիշեք նաև ինձ:
Նանեն դուրս է գալիս Կանանց շրջապատումից և արագ հեռանում է:
ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ — Բարով տուն դառնաս, հարսանեկան առագաստ մտնես, ծնես զավակներ և մոռանաս, որ մարտադաշտերի արյունն է քամվել քո սրտի վրա:
Եվ նորից Կանանց երգ-աղոթքն է նույն «Տեր, կեցցո և ապրեցո, Տեր… Որդիներին քո, Տեր…» բառերի զգայուն կրկնությամբ:
Հեռավոր կռվի արձագանքները ավելի ու ավելի հստակ են դառնում:
ԱՌԱՋԻՆ ԿԻՆ — Ինչո՞ւ մենք էլ զենք չենք վերցնում ու գնում կռվելու մյուսների հետ:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Պատերազմի ժամանակ տան հոգսերը՝ կրկնակի հոգս… Տան տղամարդիկ կռվում են, նրանք պիտի վստահ լինեն, որ իրենց թիկունքը, իրենց տունն ու գերդաստանը ապահով են կանանց շնորհիվ: Անկախ մեր ապրումներից՝ մենք պիտի հոգանք տանը մնացած երեխաների, ծերերի չնչին դարձած ապրուստը: Պիտի հոգանք ավերված տները նորից ապրելու տեղ դարձնել: Պիտի հոգանք, որ մանուկները դաս առնեն, անգետ չմնան: Բժիշկների հետ վիրավորներին խնամող է պետք, արնաքամ զինվորին արյուն տալ է պետք: Մեր տառապանքը պահենք մեր հոգիներում առանց արցունքի և օրհնության խոսքեր շշնջանք կռվող այրերին: (Խիստ:) Մոռանանք կանացի մեր թուլությունները. նախանձը, քենը, բամբասանքը, որոնք սողոսկում են մեր սիրտն ու խեղում կանացի մեր բնույթը: Մենք պարտական ենք մեր այրերին… Մենք արժանի ենք մեր այրերին…
ԴՐՎԱԳ ՉՈՐՐՈՐԴ
Հայտնվում է Նշխուն նանը:
ՆՇԽՈՒՆ ՆԱՆ — Դուք իմ թոռանը տեսա՞ք, Ավետիքին… Թոռանս… տաս տարեկան: Անունն Ավետիք է, անունին մեռնեմ… Տեսա՞ք… Գետաշենցի Նշխուն նանն եմ: Իմացա՞ք մեր գլխի եկածը: Շահումյանի, Գետաշենի ու գյուղերի վրա կարկ թափվեց: Հունվար ամսին… Հա, 92-ի հունվար ամսին: Կմոռացվի՞… Իմ Գետաշենը… Կրակի օրը երկարեց մինչև սև աշուն: Տները ավերակ, տեղ, դադար չկար փախստականին… Կարաչինար, Մանասաշեն, Գաղթութ, Զանգլիկ, Մատաղիս, Մոխրաթաղ… Լեզուս չորանա, 20-ից ավելի գյուղեր: Հասան Ղարա, Թալիշ, Չայլու… Ավետիք, ո՞ւր ես, բալաս, ձայն տուր, ձայնիկիդ մեռնեմ… Մոսկովներից հրաման էր եկել. ջնջել Շահումյանը, Գետաշենը, բոլոր գյուղերը: Ռուսական բանակը տանկերով, գրադներով, ինքնաթիռներով. միանգամից բոլոր տեղերի վրա կրակ թափեցին… Տղերքը, մատաղ նրանց չարչարանքին, վերջին հուսահատ կռիվն էին տալիս ու նահատակվում: Իմ որդին էլ, իմ մինուճարն էլ ընկավ… Մեռնեմ նրա խավարած արևին… (Կանանց.) Խավարած արև, տեսե՞լ եք խավարած արև, խավարած արև…
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Տեսել ենք, քույրս, տեսել ենք: Շատերիս սրտի մեջ մի-մի խավարած արև է… Մխիթարվիր, որ հերոսի մայր ես:
ՆՇԽՈՒՆ ՆԱՆ — Մխիթարվե՞մ… Տանս վրա ռումբ պայթեց, փլատակների տակ՝ ամուսինս, հարսս, երկու թոռներս… Ես դրսում էի՝ ազատվեցի: Ո՛չ ազատվեի… Օրեր, օրեր պրճոկեցի ավերակները, հանեցի իմ մեռելներին, փորեցի գերեզման, ծածկեցի հողով, պառկեցի վրան ու սպասեցի, թե երբ կմեռնեմ… Հանկարծ շանթահար եղա՝ մեծ թոռնիկս, իմ Ավետիքս նրանց հետ չէր, տակնուվրա էի արել տանս քանդ ու քարափը, հանել էի մեկիկ-մեկիկ հոգուս հատորներին, Ավետիքին չէի գտել: Ո՞վ կհասկանա Աստծո բան… Այդքան ժամանակ չէի հիշել իմ անուշ բալին… Հասկացա՝ Ավետիքս ողջ է, իրավունք չունեմ մեռնելու, մինչև չգտնեմ իմ քաղցր թոռանս: Ավետիք, դու ո՞ւր ես, ձայն տուր… Ձայնիկիդ մատաղ…
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Գետաշենից մինչև այստեղ ինչպե՞ս անցար: Ամեն լեռան վրա, ամեն ձայնի մեջ, դաշտերում ու քարափներում կյանքի ու մահու կռիվ է:
ՆՇԽՈՒՆ ՆԱՆ — Հենց էդ գիշեր ելա գերդաստանիս գերեզմանի վրայից ու ճամփա ելա: Լուսաբացին հասա փախեփախի ելած գաղթականներին: Քանի՞ հազար են… Ո՞վ է հաշվողը… Ձեր մեջ կա՞ մեկը, որ անցած լինի գաղթի ճանապարհներով: Ես գետաշենցի Նշխուն նանն եմ, փնտրում եմ թոռանս, նահատակ որդուս վերջին զավակին: Ես շատ եմ ուզում ընկնել ու մեռնել… ինչպե՞ս կմեռնեմ, երբ իմ սուրբ զոհերը ասում են՝ գնա, որ գտնես… ողջ է, ասում են, պիտի թողնե՞ս, որ անտեր, անպաշտպան մնա մեր տան միակ ճրագը: (Աղաղակում է:) Ավետի՜ք, հոգիս, ձայն տուր: Ետ դարձիր, բալաս, արի, բալաս, քանդուքարափ աշխարհի մեջ տունդ շինիր… Ես քար բերեմ, ես ջուր բերեմ… Ու դու հողիս մեջ տանդ հիմքերը փորես, ախ, պատ շարես… Արի, բալաս, ես աղոթեմ իմ Աստծուն… Տեր, Տեր, ասեմ, խռով չեմ քեզանից, օրհնիր, տանս ճրագի ձեռքով շարված տան պատերն ամուր լինեն, որ չփլվի գերդաստանիս գլխին նորից… Արի, բալաս, արի… Դու կաս, գիտեմ… Աստված հո չի՞ փակում տան դուռն ընդմիշտ… Ախ, Տիրամայր, կանչիր՝ տանս ճրագ որդուս որդին վերադառնա: (Քայլ է գցում հեռանալու:)
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Մնա մեզ հետ, քույր, կռիվների արահետով ո՞ւր պիտի երթաս, մենիկ-մենավոր տանջահար ոգի…
ՆՇԽՈՒՆ ՆԱՆ — Իմը երթալն է, Ավետիքս ինձ կսպասե: Երթամ հասնեմ իրեն… (Գնում է կթոտ քայլերով:)
ԿԱՆԱՅՔ — Գնաս բարով… Օրհնված լինես, տառապանքիդ խավարի մեջ թող աստղ ցոլա…
ԴՐՎԱԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Լսվում են փլուզումների ահավոր դղիրդներ:
ԿՈՀԱԿ — Բավ է, բավ է, Չարի զարհուրանք: Քի՞չ էր պատերազմը, քի՞չ էին ջարդերը Բաքվի, Սումգայիթի ու հարազատ հողում, քի՞չ էր փախստականների խելագար վազքը, որ ահեղ երկրաշարժով ցնցում ես Հայոց Աշխարհը: Ուզում ես փորձել համառող հայի համբերությո՞ւնը… Մի քանի վայրկյանում քանդուքարափի վերածե- ցիր ծաղկուն Երկիրս: Չարի զարհուրանք, դու քրքջում ես հայի երեսին, որ ելել է իր ազատության, կյանքի ու մահու կռիվը մղելու: Եթե կարծում ես, որ դու հաղթեցիր՝ խիստ սխալվում ես:
Փլուզումների ձայնը խլանում է Զինվորների հզոր երգաձայնով:
ԿՈՀԱԿ — Լսիր նրանց: Խեղված Երկրիս ցավը սեղմած սրտերում՝ նրանք գալիս են, որ կռիվը կենաց ու մահու նոր ուժով տանեն:
Հայտնվում են Զինվորները: Նրանց հետ նորերը և Զորավարը:
ԶՈՐԱՎԱՐ — Ամեն ինչ մեր դե՞մ է: Բայց մենք մեր դեմ չենք: Մենք մի բռունցք ենք հիմա, որի ամուր սեղմումից մատների ծայրերից եռացող արյուն է կաթում մեր կամքի վրա ու կոփում այն ավելի ուժգին: Երկրաշարժի քանդուքարափից ելած, վիշտը սեղմած ատամների տակ, գալիս են նրանք՝ հաջորդները, հաղթելու, որ վերադառնան կառուցելու քանդված տունն ու օջախը:
ՏԱՐԵՑ ԶԻՆՎՈՐ — Երբ մեր համբերության բաժակն է լցվում, զարթոնքի մոլեգնությունն է պայթում մեր մունջ ու տանջալից սպասումի մեջ: Եվ հիմա նույնպես: Դեռ չլինելով բանակ՝ մարտի էինք նետվել թշնամու հզոր բանակների դեմ: Փառք Աստծո, հիմա բանակ ենք արդեն:
ԶՈՐԱՎԱՐ — Դյուրին չէր պատերազմի թոհուբոհի մեջ հայրենական բանակ-ամրոցի առաջին քարերը դնել:
ԶԻՆՎՈՐՆԵՐ — Օն, հայոց բանակ, առաջ առանց նահանջի…
ԶՈՐԱՎԱՐ — Դեռ պիտի մռայլվենք հնարավոր պարտություններից, դեռ պիտի լսենք մեռնողների հառաչանքները, հաղթողներիս ցնծության աղաղակները: Սակայն ահեղ օրերի կարմիր երդումն է մեր ոգու ներսում. ազատագրել Արցախ աշխարհը: Չպե՞տք է լինենք այդ երդումի տերը…
ԶԻՆՎՈՐՆԵՐ — Առաջնորդիր մեզ, Զորավար, տար մեզ դեպի մարտ և հաղթանակի ցանկալի ուղին գծիր մեր առաջ:
Զորավարը և Զինվորները հեռանում են:
ԿՈՀԱԿ — Ձեզ արծվի թռիչք և առյուծի սիրտ:
ԴՐՎԱԳ ՎԵՑԵՐՈՐԴ
Մտնում է Նանեն՝ քարշ տալով զինվորական թիկնոցին պառկած վիրավոր Զինվորին:
ՆԱՆԵ — Քիչ էլ դիմացիր, քեզ կհասցնեմ բուժկետ, բժիշկների մոտ… Ցամաքող արյանդ փոխարեն կտամ իմը… Ու ետ կդառնամ, որ կիսատ կռիվս շարունակեմ: (Թեքվելով Զինվորի վրա՝ կարծես լսում է նրան:) Չէ… քեզ չեմ թողնի կես ճանապարհին, մի համոզիր… Ծանր ես, ճիշտ է, բայց իմ ուժը կրկնապատկվել է կռիվների մեջ: Գիտե՞ս, դժվարն առաջին վիրավորին օգնություն ցույց տալն էր: Արյան գույնը, հոտը, մահվան ներկայությունը ծանր էր տանել… Ծանր էր նրա վիրավոր մարմինը զգույշ տեղափոխել… Հետո սովորեցի: Ուժ առա: Առաջին վիրավորին վիրակապելուց ու կրակից դուրս բերելուց հետո մեծացա: Իմ տարիքը հիմա օրերով է չափվում, արդեն շատ մեծ եմ… Ես քեզ տեղ կհասցնեմ, եղբայր, հավատա, միայն դիմացիր: Մի քիչ էլ որ առաջ գնանք, գուցե հանդիպենք վիրավորներին հավաքող բուժակների մեքենաներին: Հրամանատարն ինձ ասաց. Նանե, կարո՞ղ ես կրակի գծից հանել մեր վիրավոր եղբորը: Հրամանատարը գիտեր, որ կարող եմ, թե չէ չէր ասի… Մի խոսիր, խնդրում եմ, խնայիր ուժդ… Իսկ ես ուժեղ եմ, խիղճս ինձ հետ է… Խղճի ուժը, գիտե՞ս, սահմաններ չունի… (Նորից ծունկի է իջնում վիրավորի մոտ:) Վիրակապդ նորից արյունոտվեց: Տեր Աստված, կանգնեցրու արյունը… (Սանիտարական պայուսակից հանում է վիրակապը, փորձում է կանգնեցնել արյունը:) Օգնիր, Տեր Աստված, տեղ հասնեմ: (Տեսնելով Զինվորի նվաղումը՝ գրկում է նրա գլուխը և սեղմում սրտին:) Ապրիր, մի քիչ էլ… Ես քեզ տեղ կհասցնեմ: Որ տեղ հասնենք… (Լալիս է:) Կապրես… Գիտեմ, կապրես… Ճիշտ եմ ասում… Որ ապրեցիր՝ կապրես… Հիմա խնդրում եմ, լսիր ինձ, ապրիր… Անծանոթ եղբայր… Ի՞նչ պատասխան տամ իմ խղճին ու քո ընկերներին:
Աղջկա լացը փոխվել է անմխիթար հեկեկոցի: Նա գիտե, որ վիրավոր Զինվորը մահացել է:
Թշնամու դիպուկահարի գնդակը խոցում է աղջկան: Խոր լռության մեջ Նանե աղջկա վերջին, մանկորեն մեղավոր, խոսքերն են հնչում:
ՆԱՆԵ — Ես քեզ թողեցի կես ճանապարհին…
Ետնաբեմից հայտնվում է Կոհակը, ծունկի է գալիս և հանելով թուրը՝ մեկնում է նրանց մարմինների վրա:
ԿՈՀԱԿ — Ծանր փորձությունից բացճակատ ելած իմ զավակներ, դուք չեք պարտվել: Դուք հաղթանակի ձեր բաժինը թողեցիք ապրողներին ու հեռացաք: Ձեր ճանապարհը անդեականով լույսերի մեջ, թանկագին զոհեր:
ԴՐՎԱԳ ՅՈԹԵՐՈՐԴ
Բեմի անկյունում ժամանակավոր բուժկետի վերածված կիսաքանդ տնակի սրահում Եսային, Արտակը, Գրիգորը, Արամն են: Հեռվից լսվում է ծանր հրետանու կրակոցներ: Տասներկուամյա Արամը նայում է երկնքին: Արտակը՝ նստած հատակին, բռնել է աջ ուսը և փորձում է զսպել ցավի տնքոցը: Գրիգորը վիրակապված գլխով նստած է նրա մոտ, ծխում է: Եսային, թիկնոցով ծածկված դռան մոտ, հազիվ է զսպում իրեն, որ չմտնի վիրահատարան: Վիրահատարանից դուրս է գալիս բուրժքույր Նունեն:
ՆՈՒՆԵ — Եսայի, նստիր Արտակի մոտ, մի կանգնիր դռանը, մեզ խանգարում ես:
ԵՍԱՅԻ — Ես ձեզ ինչի՞ եմ խանգարում…
ՆՈՒՆԵ — Վախեցած ես, քո վախը թիկնոցից անցնում ու հասնում է իմ ձեռքերին: Ձեռքերս սկսում են դողալ, չեմ կարողանում օգնել բժշկին, հասկացա՞ր:
ԵՍԱՅԻ — Չէ, չեմ հասկանում:
ՆՈՒՆԵ — Ասում եմ՝ դռնից հեռու գնա: (Օգնում է Եսայուն նստել տղաների մոտ:) Ո՞ւմ տափաշշում է օղի մնացել:
Գրիգորը և Եսային իրենց տափաշշերը տալիս են Նունեին: Արտակը ցնցում է կողքին դրված տափաշիշը:
ԱՐՏԱԿ — Դատարկ է:
ՆՈՒՆԵ — Արա՞մ, պահա՞կ ես կանգնել
ԱՐԱՄ — Չէ, աստղերին եմ նայում, շատ սիրուն են:
ՆՈՒՆԵ — Երանի քո տիրոջը. աստղերին է նայում: Աստղերը վաղուց չքացել են: Ինչի՞ն ես նայում…
ԱՐԱՄ — Ես, մեկ է, տեսնում եմ:
ՆՈՒՆԵ — Հա՞… Տափաշշիդ մեջ օղի մնացե՞լ է:
ԱՐԱՄ — Լիքը: Ինձ չի թույլատրվում օղի խմել: Միայն ծայրահեղ դեպքում:
ՆՈՒՆԵ — Ծայրահեղ դեպքը ո՞րն է:
ԱՐԱՄ — Արտակի պես: Վիրավորվել է, ցավին դիմանալու համար տափաշշում եղածը գլխին քաշեց:
ՆՈՒՆԵ — Արտա՞կ, վիրավո՞ր ես… Ինչո՞ւ ձայն չես հանում:
ԱՐՏԱԿ — Մահացու չէ:
ՆՈՒՆԵ — Տեսնեմ:
ԱՐՏԱԿ — Գնա, Մուշեղով զբաղվեք, իմը՝ հետո:
ՆՈՒՆԵ — Թող տեսնեմ: (Զգույշ շոշափում է Արտակի ուսը:) Գնդակը մնացել է ոսկորի մեջ: Մուշեղի վիրահատությունն ավարտենք, բժիշկ Ռուբենը քեզանով կզբաղվի: Կդիմանա՞ս:
ԱՐՏԱԿ — Կդիմանամ:
ՆՈՒՆԵ — Դո՞ւ, Գրիգոր….
ԳՐԻԳՈՐ — Կդիմանամ:
ՆՈՒՆԵ — (հազիվ զսպելով լացը): Ես ձեր ցավը տանեմ… (Եսայուն.) Դռանը չմոտենաս:
ԵՍԱՅԻ — Նունե, ո՞նց չես հասկանում, սարերով, ձորերով շալակած բերել եմ Մուշեղիս: Իրար կողքի կռվում էինք… էն անտեր գնդակն ինչո՞ւ ինձ չկպավ, իրեն կպավ, ախր, իրար կողքի էինք…
ՆՈՒՆԵ — (մեղմ): Դռանը չմոտենաս, Մուշեղը վիրավոր է, Մուշեղը ողջ է: Մեր բժշկի ձեռքերը մեռելներ կկենդանացնեն: Մուշեղը ծանր վիրավոր է, բայց ողջ է: Բժիշկն ասաց՝ ողջ էլ մնալու է: Դռանը չմոտենաս: (Գնում է վիրահատարան:)
ԱՐԱՄ — Տեսնես աստղերի վրա մարդիկ ապրո՞ւմ են: Տեսնես, աստղերի վրայի մարդիկ որ նայում են երկրին, սա է՞լ է պսպղում իրենց նման: Որ տեսնում են՝ պսպղում է, ի՞նչ են մտածում: Ասում են՝ երանի էնտեղ ապրողին… Պատերազմն ավարտվի, Արցախն ազատագրենք, խաղաղություն լինի, պիտի տիեզերագնաց դառնամ:
ԱՐՏԱԿ — (հազիվ զսպելով ցավի տնքոցը): Գնաս տեսնես՝ ինչ կա-չկա էն կողմերը…
ԱՐԱՄ — Գնամ տեսնեմ… Թե չէ պսպղում են իրենց համար: Ի՞նչ իմանաս, ի՞նչ կա-չկա: Կարող է՝ պսպղոցը կապ չունի իրենց իրական կյանքի հետ: Կարող է՝ դրսից պսպղում են, ներսից խավար են: Պիտի պարզել…
ԱՐՏԱԿ — Պարզողը դու պիտի լինես, չէ՞:
ԱՐԱՄ — Ես ումի՞ց եմ պակաս… (Երեխայի վիրավորվածությամբ:) Կռվողներից վա՞տ եմ կռվում, ես չէի կռվո՞ւմ, իմ կրակոցով էն մեկին շանսատակ չարի՞… Մեզ զենք չեք տալիս, հեռու եք պահում կռվից, իբր՝ երեխա եք: Մենք ի՞նչ երեխա ենք, մենք վաղուց մեծացել պրծել ենք: Ես ոնց հրացան ունեցա, հը՞… Տեսա մեր դիրքերից ահագին հեռու մի ազերի սատկած-ընկած, սողալով գնացի-գնացի… Չորս կողմից ազերիները կրակում էին, ես սողում էի, չվախեցա, հետ չփախա, զենքն առա ու նոր ետ սողացի: Մեր տղաներն ինձ պահում էին պատասխան կրակոցներով, մինչև հասա մեր դիրքերը: Հիմի էլ էստեղ եմ, որ ծխախոտ ու հաց տանեմ տղերքին, ներքևից պիտի բերեն, սպասում եմ: Տղերքը երեք օր է՝ ծխելու բան չունեն, էլ չեմ ասում հացի մասին: Նրանք էլ կարող էին գաղտնի արահետներով իջնել, ոնց որ ես իջա, բայց երդվել են, որ ետ չպետք է գան: Կմնան ու առաջ կգնան, մեզանով կանեն էդ տարածքը… (Հազիվ լացը զսպելով:) Մեր ջոկատի տղերքը ծխելու բան չունեն:
ԱՐՏԱԿ — Քեզ ի՞նչ եղավ, ի՞նչ ասի, որ էդպես նեղացար:
ԱՐԱՄ — Չհավատացիր, որ պատերազմն ավարտվի, տիեզերագնաց կդառնամ:
ԱՐՏԱԿ — Ախր, ո՞նց ես դառնալու, լսել եմ, որ դպրոցում հազիվ միջակ ես սովորել:
ԱՐԱՄ — Հետո ի՞նչ, ի՞նչ կապ ունի տիեզերագնաց դառնալը իմ սովորելու հետ: Ես միջակ եմ սովորում, էն Հակոբանց Կարենը գերազանցիկ է: Ո՞ւր է, ինչի՞ չի գալիս կռվի, հը՞…
ԱՐՏԱԿ — Դե, լավ, Արամ, գիտես, որ բոլորս քեզ սիրում ենք ու հպարտանում ենք, որ քաջ ես, բայց քաջությունը կապ չունի անխոհեմության հետ: Դու որ գնացիր մեռած ազերիի զենքը բերելու՝ անխոհեմություն էր: Կարող էիր զոհվել, չէ՞… Հանգստացիր, ուր որ է՝ հաց ու ծխախոտ կբերեն, կտանես տղաներին: Բայց լավ կլինի՝ շվշվացնելով չգնաս, կուզեկուզ գնաս, գաղտնի արահետներով գնաս, որովհետև չգիտես, թե ազերի դիպուկահարը որտեղ է թաքնված: Քեզ վախեցնելու համար չեմ ասում… Որովհետև անխոհեմ քաջը երբեք չի հասնում իր նպատակին: Չես նեղանում, չէ՞, որ ասում եմ սրանք:
ԱՐԱՄ — (մռայլ): Չէ՛:
ԱՐՏԱԿ — Ապրե՛ս:
ԳՐԻԳՈՐ — Ինձ դուր է գալիս, որ նայում ես աստղերին ու սիրում ես աստղազարդ երկինքը, ուզում ես անպայման էնտեղ հայտնվել: Դու երևի կարդում ես աստղերի մասին պատմություններ…
ԱՐԱՄ — Ժամանակ չեմ ունեցել, պատերազմն ավարտվի՝ կկարդամ:
ԳՐԻԳՈՐ — Իհարկե, կկարդաս: Հիմա կուզե՞ս լսել պատմություն էս տեղի մասին:
ԱՐԱՄ — Էս տեղը ո՞րն է:
ԳՐԻԳՈՐ — Մենք Քթիշի հին ամրոցի շրջանում ենք…
ԱՐԱՄ — Հետո՞:
ԳՐԻԳՈՐ — Հիմա կպատմեմ մի պատմություն, որ Եսայի հայրիկին էլ կհետաքրքրի, որովհետև Քթիշի իշխան Եսայու և նրա որդի Մուսեի մասին է:
ԱՐԱՄ — Մուսե անունն էլ ինչքան նման է Մուշեղ անունին: Նրանք է՞լ են միասին կռվել: Եսայի իշխանն ու իր որդի Մուսեն:
ԳՐԻԳՈՐ — Կռվել են:
ԱՐԱՄ — Էդ ե՞րբ, ե՞րբ են կռվել:
ԳՐԻԳՈՐ — 830-840 թվականներին:
ԱՐԱՄ — Էդքան առա՞ջ:
ԳՐԻԳՈՐ — Արաբները լցվել էին Հայաստան և հարկահանության պատրվակի տակ շարունակում էին ասպատակություններն ու թալանը: Երբ դանակը ոսկորին հասավ, հայերը սրընթաց հարձակումներով կոտորում էին արաբ հրոսակազորքերը… Մարամասն չեմ ասում, խոստացիր, որ պատերազմը վերջանա, վերցնում ես հայոց պատմության մասին գրքեր ու կարդում ես, ինչպես պիտի կարդաս աստղերի մասին:
ԱՐԱՄ — Ես կկարդամ, բայց դու մի քիչ պատմի Եսայի իշխանի ու Մուսեի մասին:
ԳՐԻԳՈՐ — Բուղան՝ արաբների զորապետը, հասավ Արցախի Եսայի իշխանի տիրույթները: Եսայի իշխանն ու իր որդի Մուսեն իրենց զինական ուժն ու ժողովրդին հավաքեցին լեռան բարձունքի Քթիշ ամրոցում: Բուղան իր հսկա բանակի վրանները խփեց լեռան ստորոտին և հոխորտանքով լեցուն հրաման ուղարկեց իշխաններին, որ անմիջապես գան իր մոտ՝ հնազանդություն հայտնելու և Քթիշ ամրոցն արաբական կայազորի տրամադրության տակ դնելու համար: Մուսե իշխանն այսպես պատասխանց. «Թող հայտնի լինի քեզ, որ ինչքան բավականանա իմ զորությունը, քեզ տեսնելու եմ զենքով, աղեղով ու սրով, քաջ տղամարդկանցով ու երիվարներով: Դու կդառնաս թիրախ, իսկ իմ աղեղը խոցոտող, դու՝ ախոյան, իսկ իմ զինվորները՝ հաղթանակող, դու՝ ոսոխ, իսկ իմ զորքը՝ քեզ դատապարտող, քո պատերազմը և մեր հաղթությունը»: Բուղան պաշարեց Քթիշը և մեկ տարի մնաց նրա պատերի տակ: Իշխան Մուսեն քսանութ անգամ դուրս գալով իր ամրոցից, ընդամենը 20 զինվորի հետ կարողացավ պատասխանել Բուղայի հարձակումներին և հաղթելով՝ ետ շպրտել: Արաբները վերջին ճակատամարտը սկսեցին զորագնդերի նոր հավելումներով: Նրանց զորքերը փողհարությամբ, թմբուկների դղրդոցներով բարձրանում էին լեռն ի վեր: Մուսե իշխանի փոքրաթիվ ջոկատը դուրս էր եկել ամրոցից և կանգնել նրա փակ դարպասների դիմաց լուռ, սառնասրտորեն, անշարժ: Երբ արաբները հասան բարձունքին, հայերը մեկ մարդու նման հարձակվեցին թշնամու վրա և սկսվեց ահեղ ճակատամարտը: Բուղայի պարտությունն ահավոր էր: Նա արդեն գիտեր, որ անհնար է նվաճել Քթիշն ու նրա հերոսական պաշտպաններին և դիմեց իր մշտական նենգ խորամանկությանը: Հրավիրեց անպարտ արցախցի իշխանին բանակցության: Մուսեն պատասխանեց, թե կշարունակի կռիվն այնքան, քանի դեռ ինքը՝ խալիֆ Մութավաքիլը չի ուղարկի պատգամավորներ՝ հավաստիացնելու, թե իր ժողովուրդը և երկիրը զերծ կմնան գերեվարությունից ու կործանումից: Խալիֆը Մուսե իշխանին տվեց երդմնագիր խոստումը և խաղաղության պայմանագիրը անձամբ կնքելու համար հրավիրեց Բաղդադ: Մուսեն՝ դիվանագետ ու քաջ, անպարտելի ու հպարտ արցախցի իշխանը, որը հաղթել էր Բուղայի անհամար զորքերին, առանց զենքի, առանց ուղեկիցների իջավ իր անառիկ Քթիշ ամրոցից: Բուղան նրան շղթայեց և ուղարկեց խալիֆին՝ դաժան հոշոտումով կնքելու համար մահկանացուն: Քաջարի հայրենասերը, իր երկրի ազատությունը անսահման գնահատող մարդը չկռահեց, որ պարտված թշնամուն հաղթողի կամովի հանձնվելը պիտի նրա կատաղությունն ավելի սանձազերծի: (Դադար:)
ԱՐԱՄ — Հետո՞…
ԳՐԻԳՈՐ — Եսայի իշխանը, որն արդեն բավական ծեր էր, տարավ Քթիշի զորականներին արաբների դեմ և վերջին մարտում զոհվեց: Թշնամին, որ մինչ այդ շարունակ պարտվել էր, անտեր մնացած երկրից ու ժողովրդից սարսափելի վրեժ լուծեց:
ԱՐՏԱԿ — Քթիշի պատմությունը մեր պատմությունը չէ:
ԳՐԻԳՈՐ — Մերն է: Մանրամասն կարդա Հայոց պատմությունը: Դարեր շարունակ կրկնվել է նույնը. հաղթանակներից հետո խաբվել թշնամու շողոմ խոսքերից և անզեն հանձնվել նրա կամքին:
ԱՐՏԱԿ — Քթիշի իշխանների պատմությունը մեր պատմությունը չէ: Մենք կհաղթենք: Հաղթելուց հետո չենք ենթարկվի թելադրանքի, ժամանակի դիվանագիտական նենգ խաղերին…
ԳՐԻԳՈՐ — Հիշելու համար իմանալ է պետք: Մեր հաղթանակի կշեռքի մի նժարին կյանքն է, մյուսին՝ մահը: Բայց մենք գնում ենք կռվի հանուն կյանքի և չենք մտածում մահվան մասին:
ԱՐՏԱԿ — Վախկոտներ չկա՞ն կռվողների մեջ:
ԳՐԻԳՈՐ — Կան, վախկոտն ավելի վախկոտ է դառնում կռվի գնալիս, բայց վախկոտներով չէ, որ հաղթում ենք: Կարծում ես, Մուշեղը որ ոտքի կանգնի, չի՞ նետվելու մարտի, կամ երբ հանեցին գնդակը ուսիցդ, չե՞ս գնալու նորից կռվելու:
ԱՐՏԱԿ — Գիտես, որ գնալու եմ:
ԳՐԻԳՈՐ — Բժիշկ Ռուբենը կկանգնեցի գլխիս արյունը, կփոխի վիրակապը ու ես կհասնեմ իմ դասակին: Բայց խոսքս ուրիշ բանի մասին է… Մեր վաղվա հաղթանակի իրավունքը աշխարհի օտար տերերը պիտի քննարկեն, դնեն ու վերցնեն, թե մեր Հայրենիքը ազերիներից ազատելու իրավունք ունեի՞նք, թե՞ պիտի շարունակեինք գլխիկոր ապրել սուտ բարեկամության լծի տակ: Եվ այդ իմաստուններից ոմանք իրենց հեղինակավոր խոսքը կասեն հայերի մասին, որոնք սխալ են հաղթել, իսկ մեր ղեկավար, քաղաքական գործիչ տերերը գուցե և ներքուստ համաձայն չլինելով նրանց կարծիքին և մոռանալով, որ հազարավոր զոհերի գնով է հայրենիքը ձեռք բերել իր ազատությունը, տմբտմբացնեն գլուխները որպես համաձայնության նշան կամ, լավագույն դեպքում, լռեն… Լռեն:
ԱՐԱՄ — Էդպես չի՛ լինի:
ԳՐԻԳՈՐ — Ես էլ եմ ուզում, որ էդպես չլինի, բայց պատմությունը գրանցել է բազում օրինակներ: Կասկածն այստեղից է:
ԱՐԱՄ — Էդպես չի լինի, մենք կհաղթենք, էլ ո՞վ պիտի մեր դեմ խոսի:
ԳՐԻԳՈՐ — (գրկելով տղայի ուսերը): Հանգստացիր, ո՞վ է կասկածում, որ պիտի հաղթենք: Ներող կլինես, գուցե ավելորդ բաներ ասացի, գլուխս ցավում էր, երևի պատճառը դա էր:
ԱՐՏԱԿ — Ավելորդ բաներ չասացիր:
ԳՐԻԳՈՐ — Հաղթելուց հետո արժանապատիվ հաղթությամբ մնալու խնդիրն է կարևորը, խաղաղության մեջ ուժեղ լինել այնքան, որքան մարտերում էինք:
ԱՐԱՄ — Ես պիտի գնամ հասնեմ դիրքերը, տղերքը ծխախոտի են սպասում… Ինչո՞ւ չեն գալիս, իջնեմ ներքև, տեսնեմ՝ ինչ եղան բերողները…
ԱՐՏԱԿ — Դու զինվոր ես, պարտավոր ես ենթարկվել հրամանի: Ասել են՝ այստեղ սպասիր, ուրեմն պիտի այստեղ սպասես:
Դուրս է գալիս բժիշկ Ռուբենը, նստում աթոռակին, ծխում է:
ԱՐԱՄ — Աթոռը խախուտ է, բժիշկ, զգույշ…
ՌՈՒԲԵՆ — Ոչինչ, ինձ կդիմանա:
ԵՍԱՅԻ — Բժիշկ ջան, Ռուբեն ջան, Մուշեղս…
ՌՈՒԲԵՆ — Հանգիստ, Եսայի հայրիկ, վիրահատությունը հաջող անցավ, Մուշեղը հիմա քնած է: Սիրտը կանոնավոր է, ճնշումն իր վիճակի համեմատ՝ համապատասխան է: Ներքևի հոսպիտալից կգան, կտանեն: Հավատա, Մուշեղը պիտի ապաքինվի: Գնա, տես… շատ չմոտենաս: Նունեին ասա՝ ես եմ թողել:
Եսային մտնում է վիրահատարան: Գալիս են Երվանդը և Արփենը: Երվանդը ծանր պարկն իջեցնում է հատակին և փլվում նրա մոտ: Արփենը՝ նույնպես:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ ուշացաք, չգիտե՞ք, որ տղերքը դիրքերում երեք օր է՝ ծխելու բան չունեն:
ԱՐՓԵՆ — Դու ո՞վ ես, պիճլիկ:
ԱՐԱՄ — (վիրավորված): Ե՞ս եմ պիճլիկը, էդ ի՞նձ ես ասում պիճլիկ…
ԱՐՓԵՆ — Լավ, մի հերսոտիր: Ճիշտ ես ասում, ուշացանք: Ազերիները շրջապատումն ավելի են նեղացրել, հազիվ եմ մացառների մեջ արահետ գտել: Ներող կլինես, բալաս…
ԱՐԱՄ — Ես հո բան չեմ ասում… ասում եմ՝ տղերքը երեք օր է…
ԱՐՓԵՆ — Գիտեմ… ախր, կարող էի իսկի տեղ չհասնել, բայց, փառք Աստծո, հասա: Մոտերքում էլ էս լավ տղեն պատահեց, օգնեց: Բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող է, կռվող է, գալիս էր էստեղ, որ դեղեր հասցնի դիրքերը: Անունը Երվանդ է:
ԵՐՎԱՆԴ — Բժիշկ, արագ տվեք, ինչ որ պետք է, առավոտյան մեր ջոկատը հարձակում պիտի սկսի: Մեզ դեղորայք, վիրակապեր են պետք, բժիշկ…
ՌՈՒԲԵՆ — Շատ քիչ բան է մնացել: Մտածում եմ՝ Արտակին ու Գրիգորին վիրակապելիս կհերիքի՞: Ներքևում մարդիկ քիչ են, մեզ չեն կարող օգնել, բոլոր կողմերից այնտեղ են տանում վիրավորներին: Եթե իջնես ներքև՝ հոսպիտալ ու ձեզ էլ, մեզ էլ բերես ինչ հարկավոր է, կարո՞ղ ես, Երվանդ…
ԵՐՎԱՆԴ — Կարող եմ, կհասցնեմ:
ՌՈՒԲԵՆ — Ապահով արահետ գիտե՞ս:
ԱՐՓԵՆ — Ես էլ հետը կգնայի, երևանցի տղա է, որտեղի՞ց պիտի մեր գաղտնի արահետներն իմանա, բայց պարկը պիտի տղաներին հասցնեմ:
ԱՐԱՄ — Պարկը ես եմ տանելու, էդ պարկի համար եմ դիրքերից իջել:
ԱՐՓԵՆ — Այ բալա, էս ծանր պարկը դու ո՞նց ես տեղ հասցնելու:
ԱՐԱՄ — Կհասցնեմ: Կկապեմ մեջքիս, որ ձեռքերս ազատ լինեն, ազերիի հանդիպելիս կարողանամ ատրճանակի կրակոցով փորը թափել: (Հպարտ:) Ես ատրճանակ ունեմ:
ՌՈՒԲԵՆ — Արփեն մայրիկ, վիրահատված զինվոր ունենք, կարո՞ղ եք պատգարակով գաղտնի արահետով հոսպիտալ հասցնել:
ԱՐՓԵՆ — Ծա՞նր է վիրավորված:
ՌՈՒԲԵՆ — Վիրահատությունը հաջող է անցել, բայց այստեղ անհնար է պահել, հոսպիտալի խնամք է պետք:
ԱՐՓԵՆ — Կտանենք: (Օգնում է Արամին պարկը կապել մեջքին:) Ծանր է, բալաս, ծանր է, հաց է, ծխախոտ, մի քիչ շաքար: Տեղ կհասցնե՞ս…
ԱՐԱՄ — Կհասցնեմ:
ԱՐՓԵՆ — Զգույշ պիտի գնաս, մեռնեմ արևիդ:
ԱՐԱՄ — Անտառի միջով, անճանապարհ տեղերով… գիտեմ ճամփան:
ԱՐՓԵՆ — Գետաշենցի չես:
ԱՐԱՄ — Չէ:
ԱՐՓԵՆ — Անունդ Ավետիք չէ՞:
ԱՐԱՄ — Անունս Արամ է:
ԱՐՓԵՆ — Հա՞…
ԱՐԱՄ — Չես հավատում, ծննդականս ցույց տամ:
ԱՐՓԵՆ — Չէ, պետք չէ…
ԱՐԱՄ — Ավետիքն ո՞վ է, որ խառնում ես ինձ հետ:
ԱՐՓԵՆ — Գետաշենցի Նշխուն անունով մի պառավ կին կա, թոռանն է փնտրում, տաս տարեկան Ավետիքին: Ասի՝ դու կլինես…
ԱՐԱՄ — (վիրավորված): Ես տասներկու տարեկան եմ:
ԵՐՎԱՆԴ — Մեր վաշտում մի տղա կա, անտեր է, բոլորով խնամում ենք… Ինչքան համոզում ենք, վաշտից չի հեռանում…
ԱՐՓԵՆ — Անունն ի՞նչ է…
ԵՐՎԱՆԴ — Անունը չի ասում: Ասում է՝ կռվից հետո կիմանաք: Տաս տարեկան է:
ԱՐՓԵՆ — Հաստատ Ավետիքն է, որ տեղ հասնես, հարցրու անունը:
ԵՐՎԱՆԴ — Շատ ենք հարցրել, չի ասում:
ԱՐՓԵՆ — Դու ասա՝ ես քեզ ճանաչում եմ, դու Ավետիք Սամսոնի Հայրապետյանն ես, Նշխուն նանի թոռը, գետաշենցի: Ասա՝ նանդ քեզ է փնտրում, մեղք է…
ԱՐԱՄ — Ես գնացի, մնաք բարով: (Գնում է, վերադառնում է:) Մեկ է, տիեզերագնաց պիտի դառնամ: (Հեռանում է:)
ԱՐՏԱԿ — Շվշվացնելով չգնաս:
ԱՐՓԵՆ — Քոռանամ ես, էս էրեխեքը ինչի՞ են խառնվել մեծերի կռվին… Լավ, մենք էլ արդեն շունչ առանք՝ գնանք:
Վիրահատարանից դուրս է գալիս Եսային:
ՌՈՒԲԵՆ — (Եսայուն): Երեքով, առանց շտապելու կիջնեցնեք Մուշեղին: Աշխատեք պատգարակը չցնցել: (Երվանդին.) Ճանապարհին Մուշեղը որ արթնանա, կարո՞ղ ես ցավազրկող սրսկել:
ԵՐՎԱՆԴ — Կարող եմ:
ՌՈՒԲԵՆ — Ներս եկեք: (Արտակին ու Գրիգորին.) Մուշեղին ճանապարհեմ՝ ձեզանով կզբաղվեմ:
ԴՐՎԱԳ ՈՒԹԵՐՈՐԴ
Զինվորները խաչված հրացաններից սարքված պատգարակով բերում են Զոհվածին: Բեմի տարբեր կողմերից հայտնվում են կանայք և ծունկ խոնարհում:
ԿՈՀԱԿ — Գալիս են նրանք: Հոգնած կռիվներից, վշտահար, որ կորցրել են իրենցից մեկին: Նրանց մռայլ հայացքներից ներս, սեղմված շուրթերին վրեժի ծանր երդումի փակ լռությունն է: Գալիս են նրանք՝ ուսերին դրած իրենցից մեկին: Վերջին մարտերի բոցերից խանձված քո որդիները, որ հողիդ հանձնեն քո սուրբ զոհվածին և նորից նետվեն կռիվների մեջ, դաժան մարտերում հաստատեն իրենց ճշմարտությունը:
Զինվորներն դանդաղ հեռանում են: Քիչ հեռվից նրանց է հետևում Կոհակը: Կանայք ոտքի են ելել և լարված լսում են պատերազմի հեռավոր ձայները:
ԱՌԱՋԻՆ ԿԻՆ — Լսո՞ւմ եք, ազերիներին նվիրած ռուսների մի ծանր տանկ էլ պայթեց մեր սակրավորների արկերի վրա:
ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ — Շուշիի ազատագրումից հետո թշնամու կատաղությունը հասել է գագաթնակետի, բայց միևնույն է, հաղթությունը երես է թեքել նրանցից:
ԵՐՐՈՐԴ ԿԻՆ — Մերոնք երբեմն նահանջում են…
ԱՌԱՋԻՆ ԿԻՆ — Նահանջում են, որ նորից հարձակվեն: Նահանջում են, որ վիրավորներին, զոհվածներին հանեն կրակի գծից, իրենց վերքերը վիրակապեն ու նորից առաջ գնան:
ԵՐՐՈՐԴ ԿԻՆ — Մերոնք շատ քիչ են թշնամուց: Ռուսներ, ուրիշ օտարներ, կաշառված վարձկաններ ազերիների հետ գալիս են ոտնատակ տալու, ճզմելու մերոնց դիմադրությունը:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Թշնամին մղվում է դեպի Ստեփանակերտ: Մերոնք նահանջելու տեղ չունեն այլևս:
ԵՐՐՈՐԴ ԿԻՆ — Հայաստանի սահմաններն էլ մեծ վտանգի մեջ են:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Պիտի դիմանա՛նք:
Հայտնվում է ծանր բեռ շալակած Արփենը: Կանայք շրջապատում են նրան: Նստում է մի քարի՝ առանց բեռը շալակից իջեցնելու:
ԱՐՓԵՆ — Շունչ առնեմ, գնամ, հասնեմ մերոնց…
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Ի՞նչ ես տանում, քույր:
ԱՐՓԵՆ — Հաց, դեղորայք, ծխախոտ, վիրակապ, իմ բեռը միշտ դա է: Բայց մյուսները զինամթերք էլ են տանում:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Մյուսները շա՞տ են:
ԱՐՓԵՆ — Շատ:
ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ — Իսկ մենք մեզ համար՝ մեր տուն ու տեղին…
ԱՐՓԵՆ — Դուք էլ ձեր զավակների ու ծերերի դժվար հոգսի տակ:
ԱՌԱՋԻՆ ԿԻՆ — Ինչո՞ւ եք շալակով տանում կռվողի հացն ու զենքը:
ԱՐՓԵՆ — Երբեմն տեղ չեն հասնում սննդամթերքով ու զինամթերքով բեռնված ավտոմեքենաները, թշնամուց գնդակոծվում են: Թե իմանաք՝ ինչքան է եղել, երբ մերոնք տանջվել են քաղցից ու ծարավից: Բայց ոչ ոք չի լքել դիրքերը:
ԵՐՐՈՐԴ ԿԻՆ — Բայց նահանջում էլ են…
ԱՐՓԵՆ — Երբ վերջանում է զինամթերքը, երբ կրակում են վերջին փամփուշտը, ստիպված նահանջում են, որը նրանց համար մահից էլ վատ է: Մենք ճարը գտել ենք…
ԱՌԱՋԻՆ ԿԻՆ — Մենք՝ ովքե՞ր…
ԱՐՓԵՆ — Մենք՝ արցախցի կանայք, տարեց տղամարդիկ, երեխաներն անգամ: Սնունդ ու զինամթերք շալակած արահետներով հասնում ենք նրանց:
ԱՌԱՋԻՆ ԿԻՆ — Եվ մի՞շտ եք հասնում:
ԱՐՓԵՆ — Երբեմն տեղ չի հասնում մերոնցից մեկը, զոհվածի փոխարեն նորերն են գալիս: Երբ տեղ ենք հասնում, օգնում ենք բուժակներին կրակի գծից հանել վիրավորներին ու շալակած ետ դառնալ նույն արահետով:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Ծանր է ձեր վիճակը:
ԱՐՓԵՆ — Կռվողների վիճակը ծանրից էլ ծանր է… Դե, ես գնացի:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Քիչ էլ հանգստացիր:
ԱՐՓԵՆ — Չէ, շտապ է գնալս:
Արփենը հեռանում է: Խմբից անջատվում է Երրորդ Կինը:
ԵՐՐՈՐԴ ԿԻՆ — Մնաք բարով:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Դու ո՞ւր ես գնում:
ԵՐՐՈՐԴ ԿԻՆ — Միանալու շալակով բեռ տանողներին:
ԱՌԱՋԻՆ ԿԻՆ — Ես էլ քեզ հետ, քույր: (Տարեցին.) Երկու երեխաներիս կնայե՞ս, մայրիկ:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Խո՞սք էր, որ ասացիր… Գնացեք, ողջ վերադառնաք:
ԴՐՎԱԳ ԻՆՆԵՐՈՐԴ
Գանձասարի մշուշապատ տեսարանը: Եկեղեցու զանգերի անհանգիստ ղողանջին խառնված ծանր զենքերի դղիրդ: Չորսը՝ քահանա Տեր Հովհաննեսը, նրա կին Գայանեն, կնոջ մայրը՝ Աշխենը և հայրը՝ Գուրգենը զինված հսկում են վանքի մատույցները: Նրանցից հեռու, մի անկյունում Կոհակն է, հնամենի թուրը սեղմած կրծքին:
ԳՈՒՐԳԵՆ — Առաջաձոր ու Վանք գյուղերի կողմից կռվի ձայները շատ են թեժացել:
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Առաջաձորի ու Վանքի ժողովուրդը չի զիջի դիրքերը:
ԱՇԽԵՆ — Զինված ազերիների բանակի դեմ ինչ պիտի անեն խեղճ գյուղացիներն իրենց ինքնաշեն հրացաններով:
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Նրանք պաշտպանում են իրենց գյուղերը, Գանձասար վանքը, Ստեփանակերտ տանող ճանապարհը:
ԳՈՒՐԳԵՆ — Գանձասարը միշտ էլ պաշտպանվել է ավերումներից կենաց ու մահու կռիվ տալով, հիմա էլ Գանձասարի շուրջը փռված գյուղերը նույնն են անում ու մենք էլ…
ԱՇԽԵՆ — Չորսիս մասի՞ն ես ասում՝ մենք:
ԳՈՒՐԳԵՆ — Դու չէի՞ր ասում՝ կմեռնենք ու չենք տեսնի թշնամու մուտքը Գանձասար:
ԱՇԽԵՆ — Մեր դիակները կոխկրտելով չի՞ կարող թշնամին մտնել Գանձասար:
ԳՈՒՐԳԵՆ — Ինչո՞ւ ես հիմա կասկածանքով խոսում, երբ հրացանը երեքիս նման ձեռքդ ես առել՝ վստահ, որ թշնամին չի հասնի Գանձասար:
ԱՇԽԵՆ — Ես ասացի՝ կմեռնեմ ու չեմ տեսնի բարբարոսների ներխուժումը վանք: Խոսքը մեր մահից հետո է…
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Մենք պիտի մտածենք կյանքի մասին և ոչ՝ մահվան…
ԳԱՅԱՆԵ — Սպասեք, գիտե՞ք ում տեսա հիմա… Խենթանալ կարելի է… Տեսա նրան այնքան կենդանի, իր փառահեղ անձով, խաչը կրծքին ու սուրը՝ մեջքին… դուրս եկավ մշուշների միջից, խաչակնքեց մեզ ու անհետացավ, կարծես լուծվեց մշուշների մեջ: Բայց ես զգում եմ նրա ներկայությունը: Կարծես հայտնվեց ասելու, որ Աստված մեզ հետ է, մեզ հետ է Գանձասարի քաջության անմեռ Ոգին…
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Դու խոսում ես Եսայի Հասան-Ջալալյան հայրապետի մասի՞ն:
ԳԱՅԱՆԵ — Հովհաննես, հիշո՞ւմ ես, ասում էիր, թե քահանա դարձար նրա անձի ոգևորությունն ունենալով քո սրտում:
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ես ուզում էի դառնալ հոգևորական, բայց ուզում էի նաև զավակներ ունենալ և ժողովրդիս կենսական հավերժությանն իմ զավակներով ու նրանց զավակներով մասնակից լինել: Ես ընտրեցի հոգևոր դասի քահանայի պաշտոնը: Դու ինձ սիրեցիր՝ քո քահանային, և մենք մեր ազգի հավերժությանը պարգևեցինք երեք որդի և մեկ դուստր, նրանք հիմա Վանք գյուղի կռվողներն են:
ԳԱՅԱՆԵ — Դու ի՞նչ ես ասում, նրանք Երևանում չե՞ն… Նրանք կռվելու համար դեռ շատ փոքր են, մեծը՝ 16, փոքրը՝ 13… միջնեկ տղաս՝ 15 տարեկան… Իսկ դստրիկս… Նա Երևանում է, չէ՞…
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Նա էլ է Վանքում, արդեն կարող է առաջին օգնությունը ցույց տալ վիրավորներին:
ԳԱՅԱՆԵ — Իմ աղջիկը… 14 տարեկան… կրակների մեջ… Ինչպե՞ս թույլ տվեցիր…
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ամբողջ Արցախը և Հայաստանի սահմաններն են կրակների մեջ… Որքա՜ն պատանիներ մեծերի կողքին… Հավատա, մերոնք իրենց կորովով չեն զիջում իրենց եղբայրներին:
ԱՇԽԵՆ — (ծունկի իջնելով): Տեր Աստված, պահիր, պահպանիր զավակներին հայոց աշխարհի… Հիսուս Քրիստոս, հավատավոր քո աջը լինի կռվող զավակների վրա… Տիրամա՜յր, օգնական եղիր…
ԳԱՅԱՆԵ — (ծնկելով մոր մոտ): Բոլորին օգնության փութա ու իմ զավակներին էլ, Տեր… Ո՜վ սուրբ հայրապետ, որ երևացիր հոգուս աչքերին, քո կրծքի խաչը, քո ձեռքի սուրը հովանի լինի Հայոց կռվող զավակներին…
ԿՈՀԱԿ — (մեկուսի): Ես այստեղ եմ, ես՝ թանձրախիտ անտառների ու արևային իմ բացատի Կոհակ տիրուհիս: Հրճվում է սիրտս նրանց լսելիս, մեր պաշտամունքները երբեք տարբեր չեն եղել միմյանցից, ընդհանրական մի պաշտամունք, որով դառնում են մտերիմ հին ու նոր աստվածները: Հայոց հայրենիքի անմեռ պաշտամունքը, որը հեռու ժամանակներից հասել է մինչև 20-րդ դար ու դեռ անդին, հավերժության մեջ պիտի շարունակի իր ճանապարհը:
ԱՇԽԵՆ — (որ հեռադիտակով նայում էր ներքև՝ սաստիկ հուզված): Տեսեք, տեսեք… Հայաստանի համարանիշերով բեռնատարներ հայտնվեցին Վանքի ու Առաջաձորի մատույցների մոտ: Թափքերից ցած են ցատկում հայ զինվորներ ու դատարկում զինամթերք, ինքնաձիգեր, հրանոթներ… Արագ փորում են խրամատներ…
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — (վերցնելով հեռադիտակը): Արծիվ-մահապարտների ջոկատն է, որ Զորավարի կանչով հավաքվել և հասնում է այնտեղ, ուր ամենից դժվար է: Նրանք հիմա այստեղ են, նրանք կփակեն Կճողատի, Դրմբոնի, Չլդրանի ճեղքվածքը, կճզմեն Գանձասարն օղակած վիշապի գլուխը: Մտնենք վանք, վառենք կերոններ ու աղոթենք քաջորդիների հաղթանակի համար: Գանձասարը շրջապատող գյուղերն ազատելուց հետո պիտի բարձրանան վանք:
Չորսը գնում են ետնաբեմ: Դեռ հնչում են եկեղեցու զանգերը և հեռվից արձագանքվող, թոռանը փնտրող Նշխուն նանի ողբերգական կանչը.
— Ավետի՜իք, բալաս, անունիդ մատաղ… ո՞ւր ես, Ավետի՜ք…
ԴՐՎԱԳ ՏԱՍՆԵՐՈՐԴ
Եկեղեցու խորանը: Այստեղ են Տեր Հովհաննեսը, Գայանեն, Աշխենը, Գուրգենը և Արծիվ-մահապարտները, յուրաքանչյուրի ձեռքին՝ վառվող կերոն:
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Արծիվ քաջորդիներ, ձեր այս կռիվը նույնպես պսակվեց մեծ հաղթանակով: Բրաբիոն պսակ ձեր ճակատներին և՛ օրհնություն, և՛ փառք: Լուսադեմից մինչև մայրամուտ առանց հոգնության դուք խիզախեցիք և հաղթեցիք:
Եկեղեցի են մտնում Զինվորի մայրը՝ նորածնի բարուրը գրկին և Հարսնուկը:
ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ — Օրհնեա, Տեր հայր:
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Աստված օրհնե:
ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ — Իմ Զինվոր որդուս որդուն սեղմած կրծքիս, անուշ հարսնուկիս հետ սարեր ու ձորեր եմ անցել, որ գանձս բերեմ հանձնեմ Գանձասար ու նրա սուրբ ավազանի մեջ մանուկիս կնունքը լինի:
ՆԵՐԿԱՆԵՐ — Ամե՛ն…
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Մայր, մանկան ու հարսնուկի հետ կրակների միջով, մահվան անդաստանների միջով հասել ես Գանձասար իր կնունքի սուրբ ավազանում կնքելու մանուկդ. արդար է գալդ և սիրո, հավատի, հույսի մեծագանձ, աստվածային կամեցողության խորհուրդ ունի:
ՄԱՀԱՊԱՐՏ ՄԵԿԸ — Տեր հայր, ես էլ կնքված չեմ պարզ մի պատճառով: Խորհրդային իշխանությունը չէր ընդունում ու արգելում էր նման ծեսերն ու խորհուրդները: Խնդրում եմ, ինձ էլ կնքիր Գանձասարի սուրբ կամարների ներքո, որ եթե նոր մարտերում զոհվեմ՝ մյուռոնված հայտնվեմ Աստծո դատաստանի դեմ:
ՄԱՀԱՊԱՐՏ ՄՅՈՒՍԸ — Տեր հայր, ես էլ կնքված չեմ:
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Մանուկից հետո կկնքվեն նաև չկնքված մեծերդ: Բայց պետք չէ մտածել զոհվելու մասին: Աղոթենք մշտապես վերին մեր դատավորին, որ ողջ վերադառնանք դաժան մարտերից: Միաձայն աղոթքից հետո սկսենք ձեր մկրտությունը:
Տեր Հովհաննեսը և մյուսները ծունկ են խոնարհում:
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ընկա՛լ, մարդասեր Տէր, զընծայեալս քեզ զերեխայս զայս, եւ սրբեա եւ զխորհուրդս սօրա յամենայն ներգործութեանց հակառակորդին: Եւ արժանի արա՛ զսա ի ձեռն սուրբ աւազանին լուանալ զհնութիւն մեղաց մերոց, եւ նորոգիլ լուսով շնորհաց քոց… Լցո՛ զսա երկնային շնորհօքդ եւ զուարճացո՛ ամենաբարի կոչմամբ քրիստոնեայ անուանելով, եւ արժանի արա՛ զսու մկրտութեան վերստին ծննդեան սուրբ Ավազանին…
Տեր Հովհաննեսի ձայնը դանդաղ մարում է և նույն դանդաղությամբ տեսարանն ընկղմվում է խավարի մեջ:
Տեսարանը լուսավորվում է: Հայտնվում են Արծիվ-մահապարտները և Տեր Հովհաննեսը, որ հանել է փարաջան և զինվորական զգեստով է, ինքնաձիգը ուսից կախ: Հեռվում Գայանեն է:
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ես միանում եմ մահապարտներին:
ԳԱՅԱՆԵ — (հեռվից): Բայց դու քահանա ես, հոգևորական…
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ես էլ պարտք ունեմ տալու Արցախին ու Գանձասարին:
ԳԱՅԱՆԵ — (համառ): Բայց դու քահանա ես, հոգևորական…
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Եսայի Հասան-Ջալալյան հայրապետն ինձ սրբազան օրինակ… Քրիստոսի Երուսաղեմի տաճարն աղտոտողներին մտրակով դուրս վանելը ինձ խրատ… Քանզի հայրենիքն այն տաճարն է, որն Աստծո կամեցողությամբ ընծայվել է մեզ արարչագործության ամենասկզբից: Ես էլ մյուսների հետ կոչված եմ մաքրել Հայրենիք-Տաճարիս հողը պղտորողներից: Թե կռիվներում չկնքեմ իմ մահկանացուն՝ նորից կհագնեմ իմ փարաջան և Գանձասարի կնունքի սուրբ ավազանում կմկրտեմ նորից նորածիններին:

ԴՐՎԱԳ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
Լռել են պատերազմի ահարկու ձայները:
Բեմի ետնամասում լեռան ուրվագիծն է: Կոհակը երկու ձեռքով գլխից վեր պարզած թուրը դանդաղ իջեցնում է և համբուրում:
ԿՈՀԱԿ — Էլ քեզ երբեք չեմ թաղի հողի ընդերքում, քեզ կկախեմ իմ բացատի ամենաբարձր սոսի ծառի գագաթին, որ դու մշտապես շողշողաս արևի հանգույն և քո փայլը երբեք չխամրի իմ որդիների ազնիվ սրտերում: Ավարտվեց այս պատերազմը նրանց հաղթությամբ: Բայց օտարի նեխածին հոգին ազատ-անկաշկանդ դեռ թևածում է Հայոց հայրենիքի մեծ մասի վրա: Սակայն վկա մշտնջենապես ապրող իմ հոգու թելադրանքը, թե դեռ պիտի գան իմ մյուս որդիները, որ Հայոց աշխարհը դարձնեն մի ընդհանրական հայրենիք ազատ: Փառք իմ քաջերին և մշտապես հիշատակի ու պաշտումի անլռելի շարականներ նրանց անմահ հոգիներին: Իսկ ողջերը հիմա իմ գաղտնի ներկայության կարիքը չունեն: Գնամ հասնեմ իմ թանձրախիտ անտառի մաքուր բացատին ու 20-րդ դարի վերջին այս կռիվը հանձնեմ հազարամյակների իմ հիշողության մատյանին: Բայց, ո՛չ: Չսպասե՞մ քաջերիս, որ հաղթանակած իջնում են լեռներից…
Երկու ծանր հրացան շալակած մտնում է արդեն 12 տարեկան դարձած Ավետիքը: Անցնելով Կոհակի մոտով, առանց նրան նկատելու, առաջ է մղվում՝ ծանրությամբ քայլերը գցելով:
ԱՎԵՏԻՔ — Լեռն առանք: Տղերքը հիմա զոհվածներին ու վիրավորներին են բերում: Լեռն առանք առանց Վարդանի ու մյուս տղերքի… (Անզոր հեկեկում է:) Չէ, նրանք չեն զոհվել, նրանք քնել են Ամուր լեռան լանջերին… Տատ, լեռն առանք առանց նրանց, բայց նրանք չլինեին, դժվար թե հաղթանակ լիներ: Տատ, ես գիտեմ, դու ինձ փնտրել ես, ես կարող էի էնպես անել, որ դու ինձ գտնեիր, բայց ես պիտի իմ բաժին կռիվը կռվեի, տատ: Իմ բաժին կռիվը, որ դառնայի Վարդանի նման տղամարդ… Բայց ես ի՞նչ տղամարդ եմ, իսկական տղերքը լաց չեն լինում… Հրացանի վրա Վարդանի արյունն է՝ ո՞նց լաց չլինեմ, Վարդանն իմ մեծ ախպերն էր, ինձ ո՜նց էր պահում իր թևի տակ: Վարդանը քնել է Ամուր լեռան գագաթին, Վարդանը չի զոհվել, Վարդանը զոհվողը չէր, Վարդանը քնել է, տատ: Որ ընկավ՝ նրան շալակս առած սողալով հանեցի կրակի գծից… Հետո հաղթեցինք: Տղերքը հիմա բերում են Վարդանին ու մյուսներին… Մեր դրոշը ծածանվում է լեռան կատարին: Արցախն արդեն ազատ է, տատ, մնաց Գետաշենն ու Շահումյանը, մնաց իմ տունը, իմ հոր ու մոր, իմ պապի, իմ ախպերների գերեզմանը: Գնամ ազատեմ ու գամ քեզ գտնեմ, տատ: Ավետիք թոռանդ խոսքին հավատա…
Լեռան բարձունքից իջնում են Զինվորները: Նրանց ընդառաջ են գնում Կանայք: Կանանց խմբի հետ է Նշխուն նանը: Նա տեսնում է հեռացող Ավետիքին:
ՆՇԽՈՒՆ ՆԱՆ — Ավետիք, բալա՜ս…
ԱՎԵՏԻՔ — (շրջվելով դեպի տատը): Համբերիր, տատ, Գետաշենն ազատեմ՝ ես քեզ կգտնեմ: (Գնում է Զինվորների հետ:)

Գրվել է 1999 թվականին

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։