Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / Ծնունդդ շնորհավոր կամ happy million
(Կատակերգություն՝ երկու գործողությամբ)
Գործող անձինք
ԳՈԳԻ
ԶԱՐԱ — Գոգիի կինը
ՎԻԿԱ — Գոգիի սիրուհին
ԱՐՄՈ — Գոգիի ընկերը
ԻՌԱ — Արմոյի մորաքրոջ աղջիկը
ՍԱՀԱԿ — հարևան
ՅՈՒՂԱԲԵՐ — հարևանուհի
ԺԻՐԻԿ — հաղթանդամ տղամարդ
ԶԱՐԶԱՆԴ — փոքրամարմին տղամարդ
ԺՈՐԺԻԿ — Ժիրիկի երիտասարդ ուղեկիցը
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Միայնակ ապրող տղամարդու սենյակ: Բազմոցի ու բազկաթոռների վրա անփույթ շպրտված են տանտիրոջ` Գոգիի շալվարը, վերնաշապիկը, նաև՝ կանացի շրջազգեստ ու ներքնաշորեր: Սեղանիկի վրա՝ կիսով չափ լցրած կոնյակի երկու բաժակ: Պայմանականորեն՝ աջակողմում են գտնվում բնակարանի նախամուտքի, լոգարանի և խոհանոցի, ձախակողմում՝ պատշգամբի և ննջարանի դռները:
Լոգարանից՝ խալաթով, սրբիչով մազերը չորացնելով, մյուս ձեռքով բջջայինի վրա համար հավաքելով, բարձր տրամադրությամբ մտնում է Գոգին:
ԳՈԳԻ — (երգելով): Подари эту ночь
подари-, повтори эту ночь, повтори…
ՎԻԿԱ — (ննջարանից): Կյա՜նք, սպասում ե՜մ…
ԳՈԳԻ — Գալիս ե՜մ… (Հեռախոսով՝ գաղտնախոս:) Արմո՞… ես եմ` Գոգին: Լսիր, խնդրում եմ մորաքրոջդ աղջկան՝ Իռային հաղորդիր, որ այսօրվա մեր հանդիպումը տեղի չի ունենա… Ոչ թե իմ ու քո հանդիպումը, այլ ի՛մ ու նրա՛ հանդիպումը: Մոռացե՞լ ես, երեկ միասին էինք, որ պայմանավորվեցինք… Ես չեմ կարող նրան զանգել, որովհետև տանը մենակ չեմ… Մի բան մոգոնիր, ասա, որ հանկարծակի գյուղ եմ մեկնել: Լավ, լավ, երկար չեմ կարող բացատրել, իմ նոր գայլուհին ննջարանում իրեն կտրատում է… (Դռան զանգ:) Կապի վերջը, դուռը զանգում են: (Շտապում է նախամուտք:)
ՎԻԿԱ — (ննջարանից): Ցլի՜կս, սպասո՜ւմ եմ…
Գոգիից առաջ ընկած մտնում է Յուղաբերը, նախկին գավառաբնակ, ով մշտապես ծամոն է ծամում ու սովորություն ունի ափերով, պարբերաբար, վեր հրել պարարտ կուրծքը:
ԳՈԳԻ — (առաջն ընկնելով՝ փորձում է ճանապարհը փակել): Մի րոպե, մի րոպե… Հեչ հարմար ժամի չես եկել, հասկանո՞ւմ ես…
ՅՈՒՂԱԲԵՐ — (չլսելու է տալիս): Վա՞յ, էլի մենակ ե՞ս, քոռանա՜մ, բա քեզ պես տղամարդը մի տաք ճաշի էլ չի արժանի՜…
ԳՈԳԻ — Յուղաբեր, կներես, բայց տեսնում ես՝ բաղնիքից նոր եմ դուրս եկել ու…
ՅՈՒՂԱԲԵՐ — Բա չեմ տեսնո՜ւմ, բաղնիքդ անո՜ւշ:
ԳՈԳԻ — Հիմա պետք է հագնվեմ ու շտապեմ…
ՅՈՒՂԱԲԵՐ — (հիասթափված): Հագնվե՜ս…
ԳՈԳԻ — Հա: Էս տեսքով հո փողոց դուրս չե՞մ գա:
ՅՈՒՂԱԲԵՐ — Բայց քեզ ո՞վ ա ասում, որ դուրս գա՜ս:
ԳՈԳԻ — (համբերության ճիգով): Յուղաբեր, ես քեզ խնդրում եմ…
ՅՈՒՂԱԲԵՐ — Լա՜վ, լավ: Ուղղակի քեզ բան ունեի ասելո՜ւ:
ԳՈԳԻ — Ասա, միայն թե՝ կարճ:
ՅՈՒՂԱԲԵՐ — Դու ինձ բան չունե՞ս ասելո՜ւ…
ԳՈԳԻ — (դեպի ննջարան հայացք գցելով): Չէ: Ի՞նչ պիտի ասեմ: Դու քո ասելիքն ասա:
ՅՈՒՂԱԲԵՐ — Վա՜յ… Դե ասի, էլի՜…
ԳՈԳԻ — Ե՞րբ ասիր, որ չլսեցի:
ՅՈՒՂԱԲԵՐ — Բա չասի՞, դու ինձ բան չունե՞ս ասելո՜ւ…
ԳՈԳԻ — (բարկացկոտ): Ես քեզ ոչինչ չունեմ ասելու:
ՅՈՒՂԱԲԵՐ — Բա երեկ էն ինչե՞ր էիր ասո՜ւմ, թե՝ մենակ ես մնացե՜լ, ամուսնանալ ես ուզո՜ւմ, քեզ վատ ես զգո՜ւմ, ինձ հավանում ե՜ս, թե՝ ըսե՜նց-ընե՜նց…
ԳՈԳԻ — (դեպի ննջարան հայացք գցելով): Յուղաբեր… Յուղաբեր ջան, երեկ… կներես… մի խոսքով, երեկ քեֆս լավ էր: Հիմա գնա, խնդրում եմ:
ՅՈՒՂԱԲԵՐ — (ուղղվելով դեպի ելքը): Ես դրության մեջ մտնող եմ: Թե քեզ վատ զգաս, ասա՜:
ԳՈԳԻ — (կիպ՝ ուղեկցելով): Կասեմ, կասեմ:
ՅՈՒՂԱԲԵՐ — Բան պետք լինի, ասա՜:
ԳՈԳԻ — Կասեմ, կասեմ:
ՅՈՒՂԱԲԵՐ — Որ քեֆդ լավ ըլնի, ասա՜:
ԳՈԳԻ — Կասեմ, կասեմ: (Շտապ ետ գալով՝ հեռախոսահամար է հավաքում:) Ալո, Արմո, զանգեցի՞ր Իռային…
ՎԻԿԱ — (ննջարանից): Փղի՜կս, սպասո՜ւմ եմ…
ԳՈԳԻ — (Վիկային): Գալիս ե՜մ… (Հեռախոսով:) Եկողը Յուղաբերն էր… Ինձ յուղ պետք չի, Յուղաբերն իմ հարևանուհին է, իսկ դու Իռային զանգիր:
ՎԻԿԱ — Վագրի՜կս, ի՞նչ եղա՜ր…
ԳՈԳԻ — Եղնի՜կս, սպասիր քո վագրիկի՜ն… (Հեռախոսով:) Քեզ չեմ ասում… Արմո ջան, ախպոր պես, անպայման շտապ հաղորդիր, որ հանկարծ չհայտնվի այստեղ…
ՎԻԿԱ — Արջո՜ւկս, կարոտում ե՜մ…
ԳՈԳԻ — Ընձո՜ւղտս… (Հեռախոսով:) Ի՞նչ գազանանոց, փաղաքույշ անուններ եմ ասում: Ընձուղտը ննջարանում է… այո, նույն գայլուհին է… եղնիկն էլ է ինքը… (Երկար, առանց ընդմիջումների հնչում է դռան զանգը:) Այ քեզ անասո՜ւն… (Հեռախոսով:) Քեզ չեմ ասում, ինչ-որ մեկը դռան զանգին է կպել ու չի պոկվում: (Նախամուտք գնալով:) Ի՞նչ կա չհասկանալու, ընձուղտը ննջարանում է, իսկ անասունը միջանցքում զանգի կոճակն է սեղմում… ես սենյակում եմ: (Գնում և անմիջապես, այլայլված վերադառնում է: Արագախոս:) Այ քեզ հրե ՜շ… հրե՜շ… (Հեռախոսով:) Սպանեցիր, էլի՜… քեզ հետ չեմ, հրեշը կինս է, որ զանգի կոճակից չի պոկվում: (Սրբիչը մի կողմ շպրտելով ետ ու առաջ է քայլում, չնկատելով ներս մտած, սավանով փաթաթված, հովհարը դեմքի մոտ տարուբերող Վիկային, շարունակում է հեռախոսազրույցը:) Ի՞նչ Յուղաբեր… Տեր Աստված, չգիտեի, որ այդքան անհասկացող ես… Ոչ թե տեր Աստվածն է անհասկացող, այլ դու՝ Արմո Վեքիլյանդ: (Նյարդային:) Բացատրում եմ՝ անասունը կինս էր, քանի դեռ չգիտեի, որ կինս է, հրեշը կինս է, քանի որ արդեն գիտեմ, որ կինս է, ընձուղտը ննջարանում է, Յուղաբերն իր տանն է, ես հյուրասենյակում եմ… Հասկացա՞ր:
ՎԻԿԱ — (վախեցած): Ննջարանում ընձո՞ւղտ կա:
ԳՈԳԻ — (նկատելով Վիկային): Արդեն չէ… (Հեռախոսով:) ի՞նչ բազմակնություն, վեց օր է, ինչ ամուրի եմ: Մենք վերջնականորեն բաժանված ենք, բայց նա սարսափելի խանդոտ է ու ան-ընդհատ հետևում է ինձ:
ՎԻԿԱ — (վախեցած ընկրկում է՝ ձեռքից գցելով հովհարը): Տե՜ր Աստված… նա ինձ կսպանի…
ԳՈԳԻ — (Վիկային): Նա քեզ երկրորդ հերթին կսպանի, իսկ ինձ կգլխատի քո աչքի առաջ:
ՎԻԿԱ — Ես զզվում եմ անգլուխ տղամարդկանցից…
ԳՈԳԻ — Նա ոչ թե քեզ կսպանի, այլ… (Վիկային.) անունդ ի՞նչ էր…
ՎԻԿԱ — Չեմ ասի:
ԳՈԳԻ — (հեռախոսով): Մի խոսքով, նա կսպանի ընձուղտին… չէ, նա մոլագար չէ, ուղղակի խանդոտ է: Նրան թաքցնել է պետք… խոսքը ընձուղտի մասին է՝ գայլուհու… թաքցնել է պետք… ի՞նչ խմբակային սեքս, ես նրա փաղաքույշ անուններ եմ տալիս, որ քեզ համար հասկանալի լինի… իսկական անուն ունի, բայց չի ասում…
ՎԻԿԱ — (լացակումած): Տուն եմ ուզում գնալ:
ԳՈԳԻ — Լռի՛ր խնդրում եմ, լռի՛ր… (Հեռախոսով:) Արմո… ալո… ալո, Արմո, ի՞նչ եղար, ձայն հանի… Ես գայլուհուն ասի՝ լռիր, ոչ թե քեզ: Չի ոռնում, զռռում է, այսինքն՝ լաց է լինում: Արմո, օգնիր, ես վառվում եմ… ի՞նչ… ի՞նչ հրդեհ… ոչ մի հրդեհ էլ չկա, ոչ թե ֆիզիկապես, բարոյապես եմ վառվում: Ինձ օգնել է պետք… նրանցից մեկն ու մեկին պետք է այստեղից տանել, քանի դեռ չեն հանդիպել… Ոչ թե ընձուղտին կամ գայլուհուն տանել, այլ՝ կնոջս կամ գայլուհուն, այլապես նա կհոշոտի ինձ… Ոչ թե գայլուհին ինձ կհոշոտի, այլ կի՜նս, կինս կհոշոտի երկուսիս էլ… Եղբայր, քեզ ինչո՞ւ պիտի հոշոտի, նա քեզ չի էլ ճանաչում: Երկուսիս, այսինքն՝ ինձ ու գայլուհուն կհոշոտի, ոչ թե ինձ ու քեզ… Գրողը տանի, գայլին ու ընձուղտին հանգիստ թող ու շտապ արի… Տաքսի եմ պատվիրել, ծանրոցներս շատ են ու վարորդը բարձրանում է տուն՝ ինձ օգնելու համար, հասկացա՞ր… (Զանգի հետ լսվում են ոտքի հարվածներ:) Տե՜ր Աստված, նա արդեն ոտքերով է խփում դռանը… (Հեռախոսով:) Ոչ թե տաքսիստն է խփում, այլ կինս: Տաքսու վարորդը դու ես ու գալիս ես մեր տուն: Գիտեմ, որ ինժեներ ես, բայց որպես տաքսու վարորդ արի: Արմո, ուշադիր լսիր ինձ, ես ոչ մի տեղ չեմ մեկնում, դու նրանցից մեկնումեկին պետք է այստեղից տանես՝ ինձ փրկելու համար… Գրողը տանի, կարևոր չէ, թե ում կտանես, մտիր ներս ու առաջին հանդիպած կնոջը առևանգիր այստեղից… Հասկացա՞ր, արագացրո՛ւ: (Բբջջայինը դնում սեղանիկին, փորձում է խաղաղվել: Հեծկլտացող Վիկային:) Վերջ տուր լացիդ: (Վախեցած դռան կողմը նայելով:) Մի վախեցիր, չեմ թողնի, որ քեզ նեղացնի: (Մոտենում, շոյում է աղջկա մազերը:) Անունդ ի՞նչ է:
ՎԻԿԱ — Վիկա:
ԳՈԳԻ — Վիկա, ուշադիր լսիր, ինչ եմ ասում: Ննջարանը ընդհանուր դուռ ունի պատշգամբի հետ, պատշգամբն էլ՝ խոհանոցի հետ, խոհանոցն էլ՝ միջանցքով, այս սենյակի հետ, հասկացա՞ր: (Աղջիկը գլխով է անում:) Եթե կինս մտնի ննջարան, դու անմիջապես անցիր պատշգամբ, եթե գա պատշգամբ՝ թաքնվիր խոհանոցում, իսկ եթե խոհանոց գա՝ այս սենյակը մտիր, հասկացա՞ր… (Աղջիկը գլխով է անում:) Սենյակներով աննկատ կֆռռաս:
ՎԻԿԱ — Իսկ ինչքա՞ն եմ ֆռռալու:
ԳՈԳԻ — Եթե չնկատի` կարծում եմ, մեկ անգամ:
ՎԻԿԱ — Իսկ եթե նկատի՞:
ԳՈԳԻ — Իսկ եթե նկատի, կֆռռաս այնքան, մինչև որ կբռնի քեզ:
ՎԻԿԱ — Կսպանի՞:
ԳՈԳԻ — Քեզ` չգիտեմ: Ինձ՝ հաստատ կսպանի:
ՎԻԿԱ — Վախենում եմ:
ԳՈԳԻ — Էլ ոչ մի խոսք: Արագ, մտիր ննջարան: (Նրան հրում է ննջարան:)
Դռան զանգի ու հարվածների հետ լսվում է Զարայի ձայնը. «Դուռը բա՛ց, վախկո՜տ, դավաճա՜ն, սրիկա՜… դուռը բա՜ց»:
ԳՈԳԻ — Գալիս եմ, գալի՜ս… (Ընթացքից ճանկում է սրբիչը, նկատելով Վիկայի շրջազգեստը, վերցնում, բարձրացնում է բազմոցի նստատեղն ու սրբիչն է խցկում ներս, իսկ շրջազգեստով փաթաթելով գլուխը՝ դարձյալ մղվում է դուռը բացելու, սակայն, կեսճամփից նկատում է Վիկայի զուգագուլպաները, կրծկալն ու դրանք էլ է տանում բազմոցում թաքցնելու և հայտնաբերում է սրբիչը:) Գրողը տանի… (Դեպի դուռը:) Գալի՜ս եմ… (Վիկայի զգեստները թաքցնելով բազմոցում, սրբի-չով գլուխը փաթաթելով շտապում է նախամուտք, նկատելով հատակին ընկած հովհարը՝ ծալում, խցկում է վարտիքի գոտկատեղում:) Գալի՜ս եմ…
ԶԱՐԱ — (մտնելով` ստուգողական չորս կողմն է նայում): Ինչո՞ւ չես դուռը բացում, ո՞վ կա տանը… Խոստովանիր, քանի դեռ ինքս չեմ պատռել դիմակդ:
ԳՈԳԻ — (կռվարար): Նախ՝ մի գոռա, ամուսինդ չեմ, որ քեզ հաշվետու լինեմ: Երկրորդ` լոգարանում էի, երրորդ` տաքսի եմ պատվիրել ու կարծեցի՝ վարորդն է զանգում: Իմանայի՝ դու ես, դուռը չէի էլ բացի ու չէիր էլ իմանա՝ տա՞նն եմ, թե՞ չէ: (Շինծու ինքնավստահությամբ նստում է բազմոցին, ոտքը ոտքի վրա է գցում:)
ԶԱՐԱ — Չէի՞ իմանա… (Պայուսակից սարք է հանում:) Ա՛յ, սա ասում է տեղդ:
ԳՈԳԻ — Էդ ի՞նչ է…
ԶԱՐԱ — Ոսկեխույզ սարք: Ճապոնակա՛ն:
ԳՈԳԻ — Ոսկի՞ թողիր, որ… բոլորը հավաքեցիր տարար:
ԶԱՐԱ — Բացի մեկ կտորից:
ԳՈԳԻ — Ոչ մի կտոր էլ չի մնացել:
ԶԱՐԱ — Մնացել է, Գոգի տղա, բերանդ որ լավ բացես ու կանգնես հայելու առաջ, կտեսնես, որ ատամներիցդ երկուսը ոսկի է: Մոռացե՞լ ես, որ իմ չերվոնի մատանին տարար՝ ծամիչներդ սարքեցիր: Այնպես որ, յոթը շերտ գետնի տակն էլ անցնես` կբացահայտեմ քե՛զ էլ, սիրուհո՛ւդ էլ:
ԳՈԳԻ — Տո, քեզ ի՞նչ… Մենք ամուսնալուծվել ենք, քեզ հաշվետու չեմ, թե ում հետ եմ հանդիպում:
ԶԱՐԱ — Հաշվետու չե՞ս: Փաստաթղթով դեռ ամուսնալուծված չենք:
ԳՈԳԻ — Թքա՛ծ փաստաթղթի վրա: Էդ թղթի կտորը ոչ մի կապ չունի:
ԶԱՐԱ — Ունի, թե չունի, բայց քանի դեռ էդ թղթի կտորը կա, ես թույլ չեմ տա, որ քո պիղծ վարքով սև բիծ գցես իմ անաղարտ, ազնիվ, կրիստա՜լնի հեղինակության վրա: Այ, հիմա կբռնացնեմ սիրուհուդ, քեզ աշխարհքով մեկ խայտառակ կանեմ ու կտեսնենք` էդ թղթի կտորը կապ ունի՞, թե՞ ոչ:
ԳՈԳԻ — (ծաղրով): Հա՜, քեզ թվում է, իմ սիրուհիների ատամներն ու եղունգները ոսկուց են ու դու քո էդ տժվժիկով կհայտնաբերես նրանց:
ԶԱՐԱ — Ես սիրուհիներ հայտնաբերող սարք էլ ունեմ: (Փնտրում է պայուսակում:)
ԳՈԳԻ — (հեգնական): Ճապոնակա՛ն:
ԶԱՐԱ — Ամերիկյա՛ն: (Պայուսակից ատրճանակ է հանում:) «Կո՛լտ», յոթ կրականի, 45 միլիմետր տրամաչափի փամփուշտով, գնդակի արագությունը 260 մետր` մեկ վայրկյանում: (Զենքը լիցքավորելով:) Այնպես որ, սիրուհուդ ասա, եթե չի ուզում հանուն քո սիրո նահատակվել, թող փախչի գոնե 261 մետր/ վայրկյան արագությամբ, թե չէ գնդակի փայ կդառնա:
ԳՈԳԻ — Դու խելագարվել ես…
ԶԱՐԱ — Ընդհակառակը, խելքի եմ եկել: (Մի ձեռքում` ատրճանակ, մյուսում` բջջային հեռախոս պարզած:) Առաջ անցիր:
ԳՈԳԻ — Չհասկացա…
ԶԱՐԱ — Կհասկանաս, երբ քո և սիրուհուդ կիսամերկ նկարները ֆեյսբուքում ու յութուբում կհայտնաբերես: Առա՛ջ:
ԳՈԳԻ — (ակամա ձեռքերը վեր է բարձրացնում): Դու իրավունք չունե՛ս…
ԶԱՐԱ — Մտի՛ր ննջարան:
ԳՈԳԻ — (առաջ ընկնելով՝ բարձր, որպեսզի Վիկան լսի): Մենք գնում ենք ննջարա՜ն… Դու իրավունք չունե՜ս… Մենք ննջարան ենք մտնո՜ւմ… նա ինձ ստիպում է ննջարան մտնե՜լ…
ԶԱՐԱ — (կասկածով): Էդ ինչո՞ւ ես գոռում:
ԳՈԳԻ — Ոպեսզի քո յութուբներում ու ֆեյսբուքներում արձանագրվի, որ ինձ ստիպել ես քեզ հետ ննջարան մտնել:
ԶԱՐԱ — Շա՜տ կերազեիր, որ ինձ հետ նորից ննջարան մտնեիր: Մտիր ննջարան, ննջարանից՝ պատշգամբ, պատշգամբից՝ խոհանոց, խոհանոցից՝ այստեղ ու էլի՝ ննջարան… արա՛գ:
Գոգին ենթարկվում է: Առժամանակ հյուրասենյակում ոչ ոք չկա, լսվում է միայն Գոգիի գոռգոռոցը` «Իսկ հիմա մտնում ենք պատշգա՜մբ… թեքվում ենք խոհանո՜ց…»: Հայտնվում է սավանով փաթաթված, սարսափահար Վիկան ու վազքով անցնում է ննջարան:
ԳՈԳԻ — (ձեռքերը վեր պարզած ներս մտնելով): Հյուրասենյակ մտա՜նք… Մտանք հյուրասենյա՜կ…
ԶԱՐԱ — (ատրճանակը պարզած՝ նրան հետևելով): Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել, չեմ հասկանում:
ԳՈԳԻ — Լավ եմ անում, թող հարևանները լսեն, որ տանջում ես ինձ: Թող լսեն, և իմացած լինես, որ կգան դատարան ու վկայություն կտան:
ԶԱՐԱ — Այ-վա՛յ քո հալին, տանը մնացած Յուղաբերն է՞ վկայություն տալու: (Նստում, զենքն ու հեռախոսը պայուսակի մեջ է դնում:) Ձեռքերդ իջեցրու:
ԳՈԳԻ — Ի՞նչ…
ԶԱՐԱ — Ձեռքերդ իջեցրու:
ԳՈԳԻ — (հայացքը բարձրացնում է ձեռքերին): Սադի՛ստ, այսքան ժամանակ ձեռքերս բարձրացրա՞ծ են եղել… Չեմ իջեցնելու մինչև տաքսու վարորդը չգա ու չտեսնի արածդ: Իմացած լինես, որ դատարանում նա էլ կվկայի տեսածի մասին: Սրա՜ն տես, ամուսնուն ռազմագերի է վերցնում:
ԶԱՐԱ — Նախկի՛ն ամուսնուն:
ԳՈԳԻ — Առավել ևս: Դու ոչ մի բարոյական, ֆիզիկական, իրավական, հասարակական ու քաղաքական իրավունք չունես…
ԶԱՐԱ — Վերջ տուր: Ավելի լավ է ասա, թե որտեղ է քո գանձը: Հիշիր, որ անկեղծ խոստովանությունը մեղմացնում է պատիժը:
ԳՈԳԻ — Տո, քեզ ի՞նչ, թե որտեղ եմ թաքցրել: (Կեղծ անհոգությամբ նստում է բազմոցին:) Դրանք իմ վաստակած փողերն են:
ԶԱՐԱ — Թքել եմ քո վաստակած կոպեկների վրա: Խոսքը կտուրը մի գցիր, որտե՞ղ ես թաքցրել սիրուհուդ:
ԳՈԳԻ — Սիրուհի՞… քեզ հետ ապրելուց հետո խելքով տղամարդը էլ կնոջ անուն կտա՞… Աստված հեռու պահի: (Իրադրության տեր զգալով` ոտքը ոտքին է գցում, վերցնում կոնյակի բաժակը:)
ԶԱՐԱ — Գոգի տղա, դերասանություն մի անի…
ԳՈԳԻ — Ես քեզ համար Գոգի չեմ, այլ՝ պարոն Հակոբյան, կամ ամենաքիչը` Գրիգոր Միսակիչ:
ԶԱՐԱ — Ամենաքիչը Գրիգոր Միսակիչ, դերասանություն մի անի, եթե տանը մենակ ես, ո՞ւմ համար է կոնյակի երկրորդ բաժակը:
ԳՈԳԻ — Բ… բաժակը՞… ի-ի՞նչ բաժակ…
ԶԱՐԱ — Ա՛յ, սա, երկրորդը:
ԳՈԳԻ — Ախ երկրո՜րդը… ի՞նչ երկրորդ:
ԶԱՐԱ — Բաժակը:
ԳՈԳԻ — Ախ բաժա՜կը… (Ոտքի է ելնում, պտտվում սենյակում՝ ժամանակ շահելու, հավաստի բացատրություն գտնելու համար:) Կոնյակի՜ բաժակը… Կոնյակի երկրո՜րդ բաժակը… բաժակի երկրո՜րդ կոնյակը…
ԶԱՐԱ — Երկրորդ բաժակը, երկրո՛րդ:
ԳՈԳԻ — Ես էլ հենց դա եմ ասում՝ բաժակը… երկրորդ բաժակը… կոնյակի… Հա՜, իմ ծննդյան օրն է… ընկերս էր հյուր եկել… շնորհավորեց, գնաց:
ԶԱՐԱ — Գոգի տղա, մոռացել ես, որ նույն օրն ենք ծնվել և իմ ու քո ծնունդը վաղն է:
ԳՈԳԻ — Է, ծնվի՜ր, քեզ ո՞վ է խանգարում: Դու էլ ինձ մի խանգարիր: (Ցասկոտ:) Ես իրավունք ունե՛մ ծնվեմ՝ երբ ուզեմ, հյուր ընդունեմ՝ երբ ուզե՛մ, ում ուզե՛մ, որ ժամին ուզե՛մ: Քո ջգրու ամեն օր եմ ծնունդս նշելու, ամեն օր եմ հյուր ընդունելու: Զույգ-զույգ եմ ընդունելու, հինգ-հինգ եմ ընդունելու: Տաս-տաս եմ ընդունելու, քե՞զ ինչ…
ԶԱՐԱ — Ընդունի՜ր, ընդունի՜ր: Բայց մեկ-մեկ էլ տունդ հավաքի… Հալա սրա պահած տանը տես` շորերը թափթփա՜ծ, մի մատ փոշի նստա՜ծ: Ու դու կարծում ես, թե կարող ես ապրել առանց կնո՞ջ:
ԳՈԳԻ — Վեց օր ապրել եմ, վեց ամիս էլ կապրեմ, վաթսուն տարի էլ կապրեմ… Վեց հարյուր տարի էլ կապրեմ, վեց հազար տարի էլ կապրեմ… Վեց միլիոն տարի էլ կապրե՜մ, միայն թե դու կողքիս չլինես, դո՜ւ…
ԶԱՐԱ — Ախ, այդպե՜ս… (Ձեռքը մտցնում է պայուսակի մեջ:)
ԳՈԳԻ — (կարծելով՝ զենքն է հանում, ձեռքերը վեր պարզած վազում է դեպի միջանցք): Օգնեցե՜ք…
ԶԱՐԱ — (թաշկինակը հանում, աղիողորմ արտասվում է): Ի՜-իիիի՜…
ԳՈԳԻ — (ապշած): Ի՛:
ԶԱՐԱ — Ի՛-իիիի՜…
ԳՈԳԻ — Ի՞…
ԶԱՐԱ — Իիիիի՜…
ԳՈԳԻ — Էդ դու… դու լաց լինել էլ գիտե՞ս…
ԶԱՐԱ — (ողբաձայն): Ա՜խ, մամա ջան… Իմ խե՜ղճ մեր…
ԳՈԳԻ — (հեգնանքով): Խե՜ղճ…
ԶԱՐԱ — Իմ սո՜ւրբ մեր…
ԳՈԳԻ — Սո՜ւրբ…
ԶԱՐԱ — Իմ հրեշտա՜կ մեր…
ԳՈԳԻ — Հրեշտա՜կ…
ԶԱՐԱ — Գոնե մի վերջին անգամ գրկեի, սեղմեի կրծքի՜ս…
ԳՈԳԻ — (հրճվանքով): Չլինի՞ մեռել է:
ԶԱՐԱ — Ախ, իմ մամա ջա՜ն… Միշտ ասում էիր, որ էդ այլանդակը քեզ ապագա չի՜… դրան մի ուզի՜…
ԳՈԳԻ — Իմաստուն բան է ասել:
ԶԱՐԱ — Ա՜խ, ինչո՞ւ, ինչո՞ւ քեզ չլսեցի՜…
ԳՈԳԻ — Տո դու ո՞ւմ ես լսում, որ հարազատ մորդ լսեիր:
ԶԱՐԱ — Բայց վերջին պահի՜ն, վերջին պահին, մամա ջան, հեռավոր Լոս Անջելեսում հիշել ես ու խղճացել ես էս այլանդակի՜ն, անունը գրել ես կտակիդ մե՜ջ…
ԳՈԳԻ — (չընկալելով): Անունս է գրե՞լ… չլինի՞ թուղթուգիր է արել:
ԶԱՐԱ — Հիշել ես ու կարգին մարդու տեղ ես դրե՜լ…
ԳՈԳԻ — Մի փորձանք սարքած կլինի:
ԶԱՐԱ — (կտրուկ թողնում է լացը, կռվազան): Իհարկե, քեզ պես այլանդակի համար կտակած մեկ միլիոն դոլարը փորձանք է:
ԳՈԳԻ — Մըմըմըմը… մի… մի-մի-մի… մի-մի՞… (Նստում է կնոջ դիմաց:)
ԶԱՐԱ — Հենց` մի-մի՛: (Պայուսակից թուղթ է հանում, մեկնում է նրան, բայց միտքը փոխելով, որպես հովհար սկսում է տարուբերել:)
ԳՈԳԻ — (հայացքը թղթին, գլուխը մեկ աջ, մեկ ձախ թեքելով): Բբայց… ո-որտեղի՞ց նը-նրան մ-մեկ մի՛-մի՛… նա հարուստ, միլիոնատիրոջ տան մեջ հիվանդապահ չէ՞ր:
ԶԱՐԱ — (կռվազան): Հետո ի՞նչ… Կյանքն առաջ է ընթանում, հիմա էլ ինքն է միլիոնատեր:
ԳՈԳԻ — Չլինի՞ իր հիվանդին թունավորել ու թալանել է:
ԶԱՐԱ — Չհամարձակվե՛ս: Իմ մայրը բարոյականության տիպար է… (Լացակումած:) Նա իր կյանքի գնով է վաստակել էդ միլիոնը…
ԳՈԳԻ — Բա որ էդքան թանկ կյանք ուներ, ընչի՞ ընկավ Ամերիկաների դռներն ու անդամալույծ միլիոնատեր էր խնամում: Էդ թանկ կյանքը էստեղ նաղդեր, էլի՜… թե՞ սահմանի վրա ռաստամոժկա անելուց է մորդ տիպարը թանկացել:
ԶԱՐԱ — Նա իր կյանքն էր ապահովագրել ու ենթարկվել է վթարի:
ԳՈԳԻ — Այսի՞նքն…
ԶԱՐԱ — Ի՞նչ կա չհասկանալու, խնամարկյալ պարոն Ջորջի միջնորդությամբ ու երաշխավորությամբ կյանքն ապահովագրել էր մեկ միլիոն դոլարով:
ԳՈԳԻ — ԱՊՊԱ է արե՞լ:
ԶԱՐԱ — Չգիտեմ՝ դա ինչպես է կոչվում, բայց մեկ շաբաթ առաջ… (Թաշկինակը հպում է աչքերին:) Մեկ շաբաթ առաջ խեղճ մերս ընկել է ավտոյի տա՜կ…
ԳՈԳԻ — (հրճվանքով ծափ է տալիս): Ա՛յ, հաջողություն եմ ասե՜լ…
ԶԱՐԱ — Դե-դե… Քեզ հավաքի: Ի վերջո քո զոքանչն է… նախկի՛ն:
ԳՈԳԻ — Չհամարձակվե՛ս: Մենք փաստաթղթով դեռ ամուսնալուծված չենք:
ԶԱՐԱ — Թքա՛ծ փաստաթղթի վրա: Էդ թղթի կտորը ոչ մի կապ չունի:
ԳՈԳԻ — Ո՞նց թե կապ չունի… Ուրեմն էնքան կապդ կտրած ես, որ հարազատ ամուսնո՜ւդ, ով աշխարհի չափ քեզ սիրում է…
ԶԱՐԱ — Սիրում է՞…
ԳՈԳԻ — Սիրում ու երազում է՜…
ԶԱՐԱ — Երազում է՞…
ԳՈԳԻ — Երազում ու կարոտում է՜… (Կանգնում է նստած Զարայի դիմաց:) Հե՛նց՝ կարոտում է:
ԶԱՐԱ — (հայացքն ընկնում է Գոգիի գոտկատեղին, խալաթի տակից ցցվել է հովհարը): Ա՛… ա՛-ա՜հ… Գոգի… դու… դու իսկապես… ինչքա՜ն ես կարոտել ինձ…
ԳՈԳԻ — (խռովկան ամաչկոտությամբ): Բա որ ասում ե՞մ…
ԶԱՐԱ — (հայացքը նրա գոտկատեղից չկտրելով, հիացած): Իսկ ես, հիմարս, չէի հավատում խոսքերիդ:
ԳՈԳԻ — (հաշտվողական մեղմությամբ տեղում օրորվում է): Խոսքերն անզոր են արտահայտելու` թե ինչքա՜ն եմ քեզ կարոտել:
ԶԱՐԱ — Պետք չէ, պետք չէ բացատրել, տեսածս էլ հերիք է:
ԳՈԳԻ — (թևատարած): Ընձո՜ւղտս…
ԶԱՐԱ — (ոտքի ելնելով): Վագրի՜կս…
Գրկախառնվում են: Հնչում է ֆոքստրոտը, երջանիկ պտտվելով գնում են դեպի ննջարան:
ԳՈԳԻ — (կնոջից ծածուկ հովհարը գոտկատեղից հանում, շպրտում ու գոռում է): Մենք ննջարա՜ն ենք մտնո՜ւմ… Մտնում ենք ննջարա՜ն…
ԶԱՐԱ — (կանգ առնելով): Հիմա՞ ինչու ես գոռում:
ԳՈԳԻ — Որովհետև կատարվեց երազանքս, թող հարևաններն իմանան, թե որքա՜ն երջանիկ եմ: (Գոռում է:) Մենք մտնում ենք ննջարա՜ն…
ԶԱՐԱ — Մենք ննջարան ենք մտնո՜ւմ…
Պարելով գնում են: Կարճ դադար: Դռան զանգ, որը դադարներով կրկնվում է, ապա մտնում է Արմոն:
ԱՐՄՈ — (շուրջը նայելով): Դուռը բաց են թողել ու ոչ ոք չկա՞… Է՜յ, տաքսի պատվիրե՞լ եք… Կարո՞ղ է, արդեն հոշոտել են իրար… (Գնում է ննջարան:)
Արմոյի գնալուն պես խոհանոցից հայտնվում է սավանով փաթաթված Վիկան:
ՎԻԿԱ — Սրիկայի մեկը… Ինձ տնով մեկ ֆռռացնում է, իսկ ինքը կնոջ հետ անկողին է մտնում: (Փնտրում է շրջազգեստը:) Շորերս ի՞նչ եղան… (Գնում է խոհանոց:)
Լանջաբաց գիշերախալաթով մտնում է Յուղաբերը:
ՅՈՒՂԱԲԵՐ — Էս ո՞ւր գնաց… Երևի հագնվում է: (Զննում է բազկաթոռը:) Բա լավ, սրա գլխից մի մազ չի ընկնո՞ւմ, տանեմ թուղթուգիր անեմ:
Ետ-ետ քայլելով, ապշած, մտնում է Արմոն:
ԱՐՄՈ — Ա՛յ քեզ հոշոտո՜ւմ… Փշրանքներն էլ հետն են ուտում: (Գայթելով նստում է բազմոցին ու նկատելով Յուղաբերին՝ ոտքի է ելնում:) Բարև ձեզ:
ՅՈՒՂԱԲԵՐ — (զարմացած): Բարև:
ԱՐՄՈ — (կարծելով՝ Վիկան է): Ձեր հետևից եմ եկել, արագացրեք, գնանք այստեղից:
ՅՈՒՂԱԲԵՐ — Իմ հետևի՜ց…
ԱՐՄՈ — Հա, քանի Գոգիի կինը ձեզ չի բռնացրել:
ՅՈՒՂԱԲԵՐ — Զարան ետ ա գալի՞:
ԱՐՄՈ — Նա արդեն եկել է, Գոգին զանգահարեց ու ասաց, որ գամ՝ ձեզ առևանգեմ:
ՅՈՒՂԱԲԵՐ — Բռնաբարե՜ե՞ս…
ԱՐՄՈ — Ոչ թե բռնաբարեմ, այլ՝ առևանգեմ:
ՅՈՒՂԱԲԵՐ — Հա՜, ի՞նչ տարբերությո՜ւն…
ԱՐՄՈ — Դե, ոնց բացատրեմ… մի խոսքով, մեզ շտապ հեռանալ է պետք այստեղից:
ՅՈՒՂԱԲԵՐ — Միասի՞ն…
ԱՐՄՈ — Միասին, միասին: Շտապեք: Մեքենան դրսում է:
ՅՈՒՂԱԲԵՐ — (խանդավառված): Մեքենա պետք չի, ջա՜ն, տունս երկու քայլի վրա է: Գնացի՛նք: (Արագաքայլ դուրս է գնում:)
Արմոն ստուգողական չորս կողմը նայելով, ոտնաթաթերի վրա, անձայն, փորձում է դուրս գալ, բայց Վիկայի մուտքը ստիպում է գամվել տեղում:
ՎԻԿԱ — (Արմոյին չնկատելով): Վախկոտի մեկը, կնգա ահից շորերս գյոռել է… սրան տես, ինձ է ֆռռացնում…
ԱՐՄՈ — Բարև ձեզ:
ՎԻԿԱ — (ինքնաբերաբար): Բարև: Էնպես ֆռռացնեմ, որ անունդ մոռանաս… (Սթափվելով՝ շրջվում է Արմոյին:) Դուք… դուք ո՞վ եք…
ԱՐՄՈ — Արմոն:
ՎԻԿԱ — Տաքսու վարո՞րդ:
ԱՐՄՈ — Հա, վարորդ, վարորդ:
ՎԻԿԱ — Ինժեներ:
ԱՐՄՈ — Ինժեներ:
ՎԻԿԱ — Գոգիի ընկերը:
ԱՐՄՈ — Հա, ընկերը:
ՎԻԿԱ — Եկել ես նրան օգնության:
ԱՐՄՈ — Եկել եմ: Բայց որտեղի՞ց գիտեք, որ…
ՎԻԿԱ — Ես ամեն ինչ գիտեմ, բացի այն բանից, թե որտե՞ղ են իմ շորերը:
ԱՐՄՈ — Կարծում եմ՝ ննջարանում:
ՎԻԿԱ — Ի՞նչ ննջարան… ես այստեղ եմ հանվել:
ԱՐՄՈ — Դե… երբ ուղեղն անջատվում է ու միայն զգայարաններն են գործում…
ՎԻԿԱ — Ոչ մի զգայարան էլ չի գործել, մանավանդ ձեր ընկերոջ զգայարանը:
ԱՐՄՈ — Որովհետև նա չի հասցրել իրեն դրսևորել:
ՎԻԿԱ — (հեգնական): Դրսևորեց, տեսանք: (Հավաքում է Գոգիի շպրտված շորերը:)
ԱՐՄՈ — Կներեք… իսկ դուք հրե՞շն եք, ընձո՞ւղտը, գա՞յլը, թե՞ անասունը:
ՎԻԿԱ — Հրեշն ու անասունը ննջարանում են, իսկ ես Վիկան եմ:
ԱՐՄՈ — Ուրեմն՝ ընձուղտն եք:
ՎԻԿԱ — Անալի խոսելու փոխարեն, նախկին ինժեներ, սպասիր ինձ այստեղ, մինչև գամ ու կատարես ընկերական պարտականություններդ: (Դուրս է գնում:)
Արմոն կանգնում, զննում է սենյակը: Մտնում է Իռան և նկատելով թիկունքով կանգնած տղամարդուն, ոտքերի թաթերի վրա, չարաճճի մոտենում, ափերով փակում է նրա աչքերը:
ԻՌԱ — (կոշտ ձայնով): Գուշակիր՝ ի՞նչ է սպառնում մեզ:
ԱՐՄՈ — Եթե քո կինը մեզ չբռնացնի՝ ոչինչ էլ չի սպառնում:
ԻՌԱ — Իմ կի՞նը… (Ետ է քաշվում ու շրջված Արմոյին տեսնելով՝ ապշում:) Արմո՞…
ԱՐՄՈ — Իռա՞…
ԻՌԱ — Ինձ թվաց, թե Գոգին է…
ԱՐՄՈ — Ինձ էլ թվաց, թե Գոգին է…
ԻՌԱ — Բայց նրա կինն ի՞նչ գործ ունի այստեղ: Գոգին ինձ ասել է, որ վաղուց ամուսնալուծված է:
ԱՐՄՈ — (ծամծմում է): Ճիշտն ասած, այդպես գիտեմ, բայց… ինչե՜ր չեն պատահում: Կարող է հանկարծ խանդից կուրացած մտնի ներս ու…
ԻՌԱ — Բռնացնի՞:
ԱՐՄՈ — Ըմմ… հա, բռնացնի:
ԻՌԱ — Բայց ի՞նչ վատ բան կա, որ դու եկել ես ընկերոջդ մոտ:
ԱՐՄՈ — Գիտես… ըմմ… դա մի պատմություն է, որ… Մի խոսքով, ցանկալի չէ, որ նա իմանար, թե ինչ նպատակով եմ եկել այստեղ:
ԻՌԱ — Նպատակո՞վ… Դու վատ նպատակով ե՞ս այստեղ:
ԱՐՄՈ — Դե… նայած որ տեսակետից… իմ և Գոգիի տեսակետից դա բոլորովին էլ վատ չի, բայց… քո, կամ նրա կնոջ համար… ինչպես ասեմ… մի խոսքով, դա քեզ ասելու բան չի:
ԻՌԱ — Ինձ ասելու բան չի՞…
ԱՐՄՈ — Իռա, ուզում եմ քեզ անկեղծորեն խոստովանել… Այսօր պետք է քեզ զանգեի, նախազգուշացնեի, որ հանկարծ այստեղ չգաս:
ԻՌԱ — Ինչու՞…
ԱՐՄՈ — Ինչպե՞ս ասեմ, որ քեզ համար վիրավորական չլինի… Գոգին այսօր զբաղված է: Ինձ կանչեց…
ԻՌԱ — Կնոջից գաղտնի՞…
ԱՐՄՈ — Հա, իհարկե, կնոջից գաղտնի:
ԻՌԱ — (արհամարհական): Գոնե դուռը ներսից կողպեիք, բա որ կի՛նը ներս մտներ:
ԱՐՄՈ — Փառք Աստծո, որ չի մտնում:
ԻՌԱ — (զզվանքով): Եվ վաղո՞ւց է, որ դուք… մտերիմներ եք:
ԱՐՄՈ — Վաղուց:
ԻՌԱ — Այդքանից հետո, դու ինձ՝ քո հարազատ մորաքրոջ աղջկան, ծանոթացրիր, բարեխոսեցիր, որ նրա հետ ամուսնանա՞մ:
ԱՐՄՈ — Դե, ես մտածում էի, որ… ամեն ինչ իր տեղը կընկնի, կամուսնանաք, կբախտավորվես:
ԻՌԱ — Դա բախտավորությո՞ւն ես համարում:
ԱՐՄՈ — Իռա, Աստծու սիրուն, խնդրում եմ ինձ ճիշտ հասկանաս…
ԻՌԱ — Աստծուն հանգիստ թող, պի՛ղծ…
ԱՐՄՈ — Բայց նա ինձ զանգահարեց ու ասաց… ասաց, որ վառվում է… Ես չէի կարող նրան մերժել:
ԻՌԱ — (ծաղրանքով): Դու նրա հրշե՞ջն ես:
ԱՐՄՈ — Չէ… տաքսիստն եմ:
ԻՌԱ — Դա արդեն տաքսի՞ստ է կոչվում:
ԱՐՄՈ — Իռա, մտիր իմ դրության մեջ…
ԻՌԱ — Քո դրության մե՞ջ… (Սպանիչ ծաղրով:) Դու արդեն իմ դրության մեջ ես, էլ ինչպե՞ս մտնեմ:
ԱՐՄՈ — Լրիվ հակառակը… հիմա կնկարագրեմ ու դու կպատկերացնես: Ուրեմն…
ԻՌԱ — (ճչում է): Վե՛րջ տուր: Ձեր այլանդակությունների մանրամասներն ինձ չեն հետաքրքրում: (Կտրուկ դուրս է գնում, շեմին շրջվելով:) Հայտնիր քո… մտերիմին, որ վաղն իսկ իր նվերը կվերադարձնեմ:
ԱՐՄՈ — Իռա, սպասիր բացատրեմ…
ԻՌԱ — Մարեք ձեր հրդեհներն առանց բացատրությունների: Տաքսի՛ստ: (Գնում է:)
Արմոն փլվում է բազկաթոռին, գլուխն առնում ափերի մեջ: Ննջարանից մտնում է սավանով փաթաթված Զարան, չնկատելով Արմոյին, սեղանիկից վերցնում է սիգարետի տուփը, ծխախոտ է վառում, հաճույքով ծխում է:
ԶԱՐԱ — Ա՛խ, ինչպիսի՜ հանդիպում…
ԱՐՄՈ — (կարծելով՝ դարձյալ Վիկան է, հեգնում է): Իսկապե՞ս….
ԶԱՐԱ — Ա՛հ, լռիր… մի խոսիր… մոտեցիր ինձ… մոտեցի՜ր… մոտեցի՛ր, ասում եմ: (Արմոն վարանոտ մոտենում է:) Գրկիր ինձ… առ ինձ քո առնական թևերի մե՜ջ… (Արմոն թիկունքից գրկում է նրան:) Համբուրիր ինձ… փշրի՜ր ինձ… (Արմոն, աճող կրքոտությամբ, սկսում է համբուրել:) Վագրի՜կս…
ԱՐՄՈ — Ընձո՜ւղտս…
ԶԱՐԱ — Ա՛հ… ինձ կոպիդ բառեր ասա… դե ասա՛, ասա՜…
ԱՐՄՈ — (ճարահատ): Ժայռ…
ԶԱՐԱ — Ա՜հ… էլի՜… էլի՜ ասա…
ԱՐՄՈ — Անտաշ քար…
ԶԱՐԱ — Հայհոյի՜ր ինձ… հայհոյի՜ր…
ԱՐՄՈ — Թաղեմ բոյդ…
ԶԱՐԱ — Ա՜հ… էլի՜… էլի՜… (Շրջվում է Արմոյին, անակնկալի եկած՝ հրում:) Ա՛հ… դուք… դուք ո՞վ եք…
ԱՐՄՈ — (շփոթված): Արմոն:
ԶԱՐԱ — Արմոն ո՞վ է…
ԱՐՄՈ — Հրշեջ… ըմմ… տաքսիստ…
ԶԱՐԱ — Հետո ի՞նչ, որ՝ տաքսիստ… Սա քեզ համար տաքսոպարկի սերվիսը չի, դո՛ւրս այստեղից:
ԱՐՄՈ — Բայց… բայց դուք եք պատվիրել…
ԶԱՐԱ — Ես ոչ մի բան էլ չեմ պատվիրել:
ԱՐՄՈ — Ձեր ամուսինն է պատվիրել… անձամբ ինձ հետ խոսեց:
ԶԱՐԱ — Նա պատվիրել է, որ գաք ինձ գրկեք, համբուրե՞ք…
ԱՐՄՈ — Ոչ, ոչ… նա ասաց, որ ձեզ պետք է մի տեղ տանեմ:
ԶԱՐԱ — Ո՞ւր:
ԱՐՄՈ — Ուր որ կուզեք:
ԶԱՐԱ — Ես ոչ մի տեղ էլ չեմ ուզում գնալ: Մեզ մեքենա պետք չի, դո՜ւրս… (Գնում է ննջարան:)
ԱՐՄՈ — Ա՛յ քեզ փորձանք… Հիմա ինչ անեմ, գնա՞մ, թե՞ մնամ: Երևի իրեն հարցնեմ: (Զանգում է, սեղանիկին դրված Գոգիի հեռախոսը զանգահարում է: Հեռախոսը վերցնում, մոտենում է ննջարանի դռանը, հատակին դնելով հրում է ներս:)
Հագով մեծ շալվարը երկու ձեռքով բռնած, Գոգիի վերնաշապիկը հագած, մտնում է Վիկան:
ՎԻԿԱ — (չնկատելով Արմոյին): Հե՜յ, տաքսի՜ստ…
ԱՐՄՈ — (կարծելով, թե Զարան է): Գնում եմ, գնում… (Ուղղվում է դեպի ելքը:)
ՎԻԿԱ — Ո՞ւր ես գնում, մոտ արի, շալվարդ արձակիր:
ԱՐՄՈ — Տե՜ր Աստված, հիմա էլ սա… Ի՞նչ դրա ժամանակն է, շտապեք, գնանք այստեղից:
ՎԻԿԱ — Մո՛տ արի, ասում եմ:
ԱՐՄՈ — Կամա՛ց, մի՛ գոռա: (Մոտենում է:)
ՎԻԿԱ — Արձակի՛ր շալվարդ:
ԱՐՄՈ — Ես… ես դեմ չեմ, բայց մի ուրիշ տեղ գնանք…
ՎԻԿԱ — Ի՞նչ ուրիշ տեղ, գոտիդ հանիր, ինձ տուր, չե՞ս տեսնում՝ վրայիցս ընկնում է:
ԱՐՄՈ — Ախ, հա՜… (Գոտին արձակում, մեկնում է նրան:) Շուտ արեք, խնդրում եմ:
ՎԻԿԱ — (արհամարհական): Ձեր շուտ անելը չտեսանք: (Գոտին վերցնում, դուրս է գնում:)
Մտնում է Յուղաբերը:
ՅՈՒՂԱԲԵՐ — Վա՜յ, պառավեցի սպասելով… էս ինչի՞ չես գալի՜…
ԱՐՄՈ — (անցուդարձից գլուխ չհանելով, մոլորված): Ախր, ո՞ւր գամ:
ՅՈՒՂԱԲԵՐ — Բա չասի՞, դիմացի դուռն ա՜… (Բռնելով Արմոյի ձեռքից՝ դուրս է տանում:)
Նրանց դուրս գալուն պես մտնում է Գոգիի շորերը հագած Վիկան:
ՎԻԿԱ — Տաքսի՜ստ, ո՞ւր կորար…
Բջջային հեռախոսը ձեռքին մտնում է Գոգին:
ԳՈԳԻ — (թիկունքով կանգնած Վիկային Արմոյի տեղ ընդունելով): Արմո ջա՞ն, եկե՞լ ես: (Դեպի ննջարան:) Կյա՜նք, այստեղ ոչ մի տաքսիստ էլ չկա:
ՎԻԿԱ — (կտրուկ շրջվելով՝ հեգնում է): Կյա՜նք, այստեղ մի ուղևոր կա:
ԳՈԳԻ — (անակնկալի եկած): Վիկա՞…
ՎԻԿԱ — Ոչ թե Վիկա, այլ՝ ընձուղտ, եղնիկ, գայլուհի, ավանակ…
ԳՈԳԻ — Ավանա՞կ… այդպիսի բան չեմ ասել:
ՎԻԿԱ — Դա ե՛ս եմ քեզ ասում:
ԳՈԳԻ — Դե, գիտե՞ս ինչ… չափդ ճանաչի, թե չէ…
ՎԻԿԱ — Թե չէ՝ ի՞նչ, կնկանդ կմատնես, թե որ սենյակներով եմ ֆռֆռո՞ւմ: Շորերս ո՞ւր են:
ԳՈԳԻ — Շորե՞րդ… բազմոցի մեջ են: (Մոտենում, բազմոցից հանում է Վիկայի շորերն ու նույն պահին աչքն ընկնում է ննջարանի կողմը: Վախեցած:) Վա՞յ…
ՎԻԿԱ — Ի՞նչ պատահեց:
ԳՈԳԻ — Վա՛յ-վա՛յ-վա՞յ, այստեղ է գալիս: (Վիկային.) Շուտ արա, գնա այստեղից, խնդրո՜ւմ եմ…
ՎԻԿԱ — Վախկո՛տ: (Շրջվում ու դռների մեջ շփոթվելով՝ մտնում է խոհանոց:)
ԳՈԳԻ — (շորերը գցում է բազմոցի ետևը: Չնկատելով, որ Վիկայի շրջազգեստը մնաց բազմոցի թիկնակին, շրջվում, գրկաբաց ընդառաջ է գնում): Էն ո՞ւմ երկինքն ա գալի՜… Էն ո՞ւմ երկիրն ա գալի՜… Էն ո՞ւմ արևն ա գալի՜… Էն ո՞ւմ լուսինն ա գալի՜… էն ո՞ւմ…
ԶԱՐԱ — Գոգի՞, էդ ինչ կնոջ ձայն է, ո՞վ էր եկել:
ԳՈԳԻ — Ո… ոչ ոք էլ չի եկել… ի՞նչ ձայն, ի՞նչ բան…
ԶԱՐԱ — Ես պարզ լսեցի, խիստ վրդովված անկապ բառեր էր ասում՝ ընձուղտ, եղնիկ, գայլ, ավանակ…
ԳՈԳԻ — Հա՛… ես էի հայհոյում:
ԶԱՐԱ — Հայհոյու՞մ… կնոջ ձայնո՞վ…
ԳՈԳԻ — Հուզմունքից… բարկությունից ձայնս խզվեց: (Իբր կրկին հուզվում է, կանացի ձայնով:) Էդ անամոթ ընձուղտը… դաժան գայլը… խոտակեր եղնիկը… էդ-էդ ավանա՛կը… մտնելով մեր տուն, գողացել է շորերս…
ԶԱՐԱ — (վախվորած): Չորս հոգո՞վ…
ԳՈԳԻ — Մենակ… սրիկան տաքսիստի անվան տակ տունը թալանել էր ուզում: Լավ է, ներս մտա… ինձ տեսնելով՝ շորերս ճանկեց ու փախավ:
ԶԱՐԱ — (տղամարդու ձայնով): Վա՛յ ես դրա տիրոջ մերը՜… (Նկատելով շրջազգեստը՝ դավադիր:) Ասում ես՝ հուզմունքի՜ց…
ԳՈԳԻ — Հ-հուզմունքից, ս-սիրելիս, հուզմունքից…
ԶԱՐԱ — (սպառնալից առաջանում է: Տղամարդու ձայնով): Բա սա ո՞ւմ շրջազգեստն է:
ԳՈԳԻ — (կանացի ձայնով): Շրջա… շրջազգեստը… ահա, այս շրջազգեստը…
ԶԱՐԱ — Որտե՞ղ ես թաքցրել լրբիդ:
ԳՈԳԻ — Ոչ մի լիրբ էլ չկա… դու… դու մի հուզվիր… ես… ես հիմա կբացատրեմ:
ԶԱՐԱ — Հիմա նրան կգտնեմ, Գոգի տղա, ու դու հուզվելը կտեսնես: (Գնում է խոհանոց:)
ԳՈԳԻ — Սպասիր՝ բացատրեմ… (Հետևում է նրան՝ գոռալով:) Խոհանո՜ց… խոհանո՜ց է մտնո՜ւմ… (Ձայնը՝ ներսից:) Հիմա էլ՝ պատշգա՜մբ… պատշգամբ է մտնո՜ւմ… (Ննջարանից սարսափահար դուրս է վազում Վիկան ու մտնում է խոհանոց:) Մտնում է միջա՜նցք… հիմա էլ ննջարա՜ն… ննջարան է մտնո՜ւմ…
ԶԱՐԱ — (ձայնը՝ ներսից): Միևնույն է, կգտնե՜մ… (Սենյակ մտնելով՝ շարունակում է հետապնդումը:) Կգտնե՜մ, Գոգի տղա՜… (Մտնում է խոհանոց:)
ԳՈԳԻ — (շրջազգեստն ու բջջայինը ձեռքին, ննջարանից դուրս գալով): Էս ինչ կրակ էր… (Հետևում է կնոջը՝ գոռալով:) Գալիս է դեպի պատշգա՜մբ…
Միմյանց հետապնդելով ու հալածվելով նրանք, հերթով, հայտնվում ու դուրս են վազում:
ԶԱՐԱ — (նրա ձեռքին արդեն ատրճանակ կա, որը վեր պարզած կրակում է): Կանգնե՜ք, կկրակե՜մ…
ԳՈԳԻ — (ներս մտնելով, շունչը մի կերպ ետ բերելով, հեռախոսով): Ալո՞… Արմո, խնդրում եմ, շտապ մեր տուն գաս… որպես բժիշկ, իբր՝ շտապօգնություն… Ի՜նչ տաքսիստ, ի՜նչ ինժեներ, դու հիմա բժիշկ ես… արագացրու… (Շարունակում է վազքը:)
ՎԻԿԱ — (մտնում ու դուրս է վազում): Օգնեցե՜ք…
ԶԱՐԱ — (օդ կրակելով): Մա՛հ դավաճանների՜ն…
ԳՈԳԻ — (հևալով մտնում, կանգ է առնում, հեռախոսով): …Մտիր դիմացի մայթի ռեստորանն ու շեֆ խոհարարից սպիտակ խալաթ վերցրու, որ բժշկի տեսք ունենաս… ո՛տքն է կոտրել, ո՜տքը… ձա՞խը, թե ա՞ջը… նշանակություն չունի, մինչև գալդ կկոտրվի՝ կիմանանք, արագացրո՜ւ… (Շարունակում է վազքը:)
ՎԻԿԱ — (մտնում ու դուրս է վազում): Փրկեցե՜ք…
ԶԱՐԱ — (մտնում ու դուրս է վազում): Մա՛հ անբարոյականների՜ն…
Գոգին, հերթական անգամ մտնելով, կանգնում ու հետևից վազքով եկող Զարային ոտք է գցում: Զարան փռվում է հատակին:
ԳՈԳԻ — (վրա հասնելով՝ գրկում է): Վախ, Զար ջան, ո՞ր ոտքդ կոտրեցիր…
ԶԱՐԱ — (փորձում է ազատվել): Բա՛ց թող… բա՛ց թող, դավաճա՜ն…
ԳՈԳԻ — Վա՞յ, հաստատ կոտրել ես… Չշարժվես, ցավդ տանեմ, կարող է՝ ողնաշարդ էլ վնասված լինի: Հաստատ՝ ողնաշարդ էլ ես վնասել: (Գրկում, տեղափոխում է բազմոցին:)
ԶԱՐԱ — (դերի մեջ մտնելով): Վա՜խ… վախ, ո՜տքս… վախ, ողնաշա՜րս…
ԳՈԳԻ — Պառկիր, ցավդ տանեմ, կտրուկ շարժումներ չանես: (Բազմոցի ետևից հանում է Վիկայի հագուստն ու դրանցով «վիրակապում է» կնոջ ոտքը՝ վրայից փաթաթելով բազկաթոռի ծածկոցը:) Հիմա բժիշկ կկանչեմ, չանհանգստանաս, ամեն ինչ լավ կլինի…
ԶԱՐԱ — Ա՜խ… վա՜խ… վա՜խ…
ԳՈԳԻ — (զանգում է): Ալո, շտապօգնությո՞ւն, ի՞նչ եղաք, շտապե՛ք, Մետալուրգների փողոց, 15 շենք, բնակարան 17… կնոջս ոտքն է կոտրվել…
ԶԱՐԱ — Նաև ողնաշարը:
ԳՈԳԻ — Նաև ողնաշարը:
ԶԱՐԱ — Անտանելի ցավում է:
ԳՈԳԻ — Անտանելի ցավում է:
ԶԱՐԱ — Արագացրեք:
ԳՈԳԻ — Արագացրե՜ք… (Զարայի ոտքը գրկում, համբուրում է:) Ցավդ տանեմ, շատ է՞ ցավում:
ԶԱՐԱ — Ա՜խ, անտանելի ցավ է, բայց մյուս ոտքս գրկիր, մյուսն է կոտրվել… ա՜խ…
ԳՈԳԻ — («չվիրակապված» ոտքն է գրկում, համբուրում): Ուր որ է բժիշկը տեղ կհասնի, ասաց՝ արդեն փողոցում է: (Չնկատելով, որ խոհարարի թասակ դրած ու գոգնոց կապած Արմոն սենյակ է մտել՝ բջջայինով:) Ալո, բժիշկ, ո՞ւր հասաք, եկեք, է՞…
ԱՐՄՈ — (հեռախոսն ականջին հպելով): Ես արդեն ձեր տանն եմ:
ԳՈԳԻ — (նկատելով նրան՝ հանդիմանանքով): Նախ պետք է դռան զանգը տալ:
ԱՐՄՈ — Ախ, հա… ներեցեք: (Ետ է գնում, հնչեցնում է դռան զանգը, միջանցքից:) Ալո՞, կարելի՞ է ներս մտնել:
ԳՈԳԻ — Ո՞վ է:
ԱՐՄՈ — Արմոն է… այսինքն՝ բժիշկը: (Մտնում, կանգնում է այնպես, որ պառկած Զարան չտեսնի իրեն: Ձայնը փոխած:) Բժիշկ կանչե՞լ եք, ի՞նչ է պատահել:
ԳՈԳԻ — Իհարկե, կանչել ենք, համեցե՛ք, համեցե՛ք:
ԶԱՐԱ — Հա, բժիշկ ջան, ա՜խ… կանչել ենք… ոտքս…
ԱՐՄՈ — (շոշափում, զննում է Զարայի ոտքը): Բայց ինձ ասացին, որ նաև ողնաշարն է վնասվել:
ԶԱՐԱ — Հաստատ վնասվել է, բժիշկ ջան, ախր, շատ անհարմար դիրքով ընկա:
ԱՐՄՈ — (շարունակելով զննումը): Խոր, շատ խոր կոտրվածք է…
ԶԱՐԱ — Բժիշկ, դուք ազդրս եք շոշափում… ներքև իջեք, սրունքս է կոտրվել… ա՜խ…
ԱՐՄՈ — (ձեռքերն իջեցնում է ներքև): Խոր, շատ խոր կոտրվածք է… (Գործնական:) Լավ, ամեն ինչ պարզ է: Չշարժվեք, քանի դեռ ոտքի և ողնաշարի համապատասխան մասնագետը չի զննել և իր եզրակացությունը չի տվել: Ամենակարևորը՝ շտապ պետք է փակեք ձեր աչքերը:
ԶԱՐԱ — Փակեմ աչքե՞րս… ինչո՞ւ փակեմ:
ԱՐՄՈ — Ըմմմ… Նման դեպքերում լույսը վնաս է հասցնում կլինիկական պաթոլոգիային և առաջացնում ողնաշարի չբուժվող հիվանդություններ՝ արտոս, պորտոս, արամիս…
ԶԱՐԱ — Ա՜խ, անտանելի ցավ է… Գոգի, շուտ արա, աչքերս կապիր: (Ափերով փակում է աչքերը:) Իսկ ոտքի ու ողնաշարի մասնագետը շո՞ւտ կգա… ա՜խ…
ԱՐՄՈ — Ես հայտ կներկայացնեմ և վաղն իսկ նա կայցելի ձեզ: (Գոգիին.) Ասացի՝ կապեք հիվանդի աչքերը: (Հատակից բարձրացնում, մեկնում է Վիկայի կրծկալը, որը վրիպել էր Գոգիի ուշադրությունից:) Ահա աչքերի կապը:
ԳՈԳԻ — (ճանկելով կրծկալը՝ կապում է կնոջ աչքերը): Բժիշկ, իսկ բուժումը քանի՞ օր կտևի: Բանն այն է, որ մեր սիրելի մայրիկը վթարի է ենթարկվել և մենք պատրաստվում ենք մեկնել Լոս Անջելես՝ նրա կտակած մեկ միլիոն դոլարն ստանալու:
ԱՐՄՈ — Մը…մը… մմեկ մի-ի-լիո՞ն…
ԳՈԳԻ — Հա, ինչ մի զարմանալու բան կա որ… Միլիոն է, էլի: Նա իր միակ դստերը՝ Զարային ու նրա ամուսնուն է կտակել իր կյանքի ապահովագրական գումարը:
ԱՐՄՈ — Զար-զար-զար..մմուսնո՞ւն…
ԳՈԳԻ — (ինքն իրեն ցույց տալով): Ամուսնուն, իհարկե, ամուսնուն:
ԱՐՄՈ — Իսկ ս-ս-սիրելի մ-մ-ա-յ-րիկը… մը… մը… մը…
ԳՈԳԻ — (հուշում է): Միլիոն:
ԱՐՄՈ — Չէ: Մը… մը… մը…
ԳՈԳԻ — Մե՛կ, մեկ միլիոն:
ԱՐՄՈ — Չ-չէ… մը… մը…մահացե՞լ է, թե՞ ծանր վիրավոր է:
ԳՈԳԻ — Դե… ինչպես ասեմ… մայրիկը հանուն մեր նկատմամբ ունեցած անկեղծ սիրո… պատրաստ է ամեն վայրկյանի, երբ էլ մենք ցանկանանք…
ԱՐՄՈ — Դա հրա՜շք է:
ԳՈԳԻ — Ասիր ու թողի՞ր, կտակի կրկնօրինակն էլ մեզ է ուղարկել:
ԱՐՄՈ — Քո անունը գրա՞ծ է:
ԳՈԳԻ — Կոնկրետ իմ անունը չկա, բայց սևով սպիտակի վրա գրված է՝ ա-մուս-նուն:
ԶԱՐԱ — Ա՜խ, ա՜խ…
ԳՈԳԻ — Ի՞նչ եղավ:
ԶԱՐԱ — Ոտքս…
ԳՈԳԻ — Ոտքդ՝ ի՞նչ… (Հիշելով:) Ա՛խ, հա՜, ոտքդ, շա՞տ է ցավում, կյա՜նք:
ԶԱՐԱ — Ողնաշարս էլ…
ԳՈԳԻ — (բարկացած): Բժիշկ, վերջապես դուք օգնելո՞ւ եք իմ սիրելի կնոջը, թե՞ ոչ:
ԱՐՄՈ — Անշուշտ, անշուշտ: Ես միայն առաջին բուժօգնությունն եմ ցույց տալիս: Վաղն իսկ… բայց… բայց ինչո՞ւ վաղը, հենց այսօր… այսօր իսկ ես ոտքի և ողնաշարի մասնագետ կհրավիրեմ:
ԳՈԳԻ — (բազմանշանակ շարժումներ անելով): Այդ դեպքում բուժքրոջ հետ գնացեք և անմիջապես այստեղ ուղարկեք ողնաշարի մասնագետին:
ԱՐՄՈ — (գլխի չընկնելով): Բուժքրո՞ջ… Բուժքրոջ հե՞տ…
ԳՈԳԻ — (ավելի եռանդագին շարժումներով): Հա, բուժքրոջ… նա, որ ձեզ հետ ներս մտավ:
ԱՐՄՈ — Ինձ հետ ներս մտա՞վ…
ԳՈԳԻ — Իհարկե, քեզ հետ, գրողը տանի… ներս մտաք, իսկ նա վատ էր զգում ու փորը բռնած մտավ տուալետ… (Դեպի ննջարան ձգվելով:) Բուժքո՜ւյր, բուժքույր Վիկտորիա, ձեր գնալու ժամանակն է, դուք արդեն գնո՜ւմ եք:
ԱՐՄՈ — (վերջապես գլխի է ընկնում): Հա՜… (Ոտքի է կանգնում:) Բուժքո՜ւյր… Բուժքույր Վիկտորիա՜…
ԳՈԳԻ — Բուժքույր Վիկտորիա…
Մտնում է Յուղաբերը:
ՅՈՒՂԱԲԵՐ — (մյուսներին անտեսելով՝ Արմոյին): Վա՜յ, էս ի՞նչ եղա՜ր, էս ո՞ւր վազ տվի՜ր:
ԶԱՐԱ — (հիվանդի հևոցով): Ո՞վ է, բուժքո՞ւյրն է:
ԳՈԳԻ — (ձեռքի շարժումով Յուղաբերին հասկացնում է, որ նա լռի ու հեռանա: Զարային): Բուժքույրն է, էլ ո՞վ պիտի լինի, քեզ ասում է՝ իզո՜ւր վազ տվիր… (Ժեստերով Արմոյին հասկացնում է, որ Վիկային պետք է կանչել, ու հեռանան այդտեղից: Դեպի ննջարան՝ բարձր կանչում է:) Բուժքույր Վիկտորիա՜…
ԱՐՄՈ — Բուժքույր Վիկտորիա՜…
ԶԱՐԱ — (հիվանդի հևոցով): Բուժքույրը խո՞ւլ է:
ԳՈԳԻ — Չէ, խուլ չէ:
ԶԱՐԱ — Բա ինչո՞ւ եք գոռում:
ԳՈԳԻ — Հուզմունքից… իհարկե, հուզմունքից:
ԶԱՐԱ — Իսկ բժի՞շկը: Նա էլ է՞ հուզվում:
ԳՈԳԻ — Բժիշկը… (Արմոյին.) Բժիշկ, դուք ինչո՞ւ եք գոռում:
ԱՐՄՈ — Ըմմմ… Միթե՞ գոռացել եմ:
ԳՈԳԻ — Այո, ես էլ լսեցի, որ գոռացիք: (Իբր կրկնում է նրան և դեպի ննջարան կանչում է:) Բուժքույր Վիկտորիա՜…
ԱՐՄՈ — (ըմբռնելով ընկերոջ հնարքը): Անկեղծ ասած, չեմ հիշում, որ այդպես ասած լինեմ: (Դեպի ննջարան՝ բարձր:) Բուժքույր Վիկտորիա՜… ընդամենը նրա հոգատարության համար ցանկացա ասել: (Յուղաբերին՝ ցածրաձայն ու սիրալիր:) Բուժքույր Վիկտորիա, շնորհակալություն ձեր հոգատարության համար:
ՅՈՒՂԱԲԵՐ — Վա՜յ… մերսի ակամպամինենտի համա՜ր…
Ննջարանի կողմից վախվորած ծիկրակում է Վիկան:
ԱՐՄՈ — (նկատելով նրան՝ Արմոյին): Ահա նա…
ԳՈԳԻ — (խրախուսում է): Մոտեցեք, բուժքույր: (Վիկան վախվորած առաջանում է:)
ԱՐՄՈ — Գնանք, բուժքույր, մեր գործն ավարտեցինք, մնացածը՝ համապատասխան մասնագետը կգա և ինչպես հարկն է կզննի:
ԶԱՐԱ — Ա՜խ… սիրտս, բժիշկ ջան, խնդրում եմ մի… մի վայրկյանով մոտեցեք: (Մինչ Արմոն ճարահատ մոտենում է, Զարան քանդում է աչքերի կապն ու ընդոստ նստելով՝ ատրճանակն ուղղում է նրանց վրա: Անակնկալի եկած՝ չորսն էլ ձեռքները վեր են տնկում:) Բուժքույրեր եք կանչում, հա՞, համապատասխան մասնագետ եք կանչում, հա՞, պաթոլոգիա՜, երեք հրացանակիրնե՜ր… անբարոյական շանորդիք: (Զենքը լիցքավորելով:) Հիմա ձեզ էնպես զննեմ, որ ձեր մոր հարսանիքը հիշեք:
ՎԻԿԱ — Օգնեցեե՜ք… (Փախչում է ննջարան:)
ՅՈՒՂԱԲԵՐ — Վայ, մամա ջա՜ն… (Հետևում է Վիկային:)
ԱՐՄՈ — (ընկրկելով): Չկրակես… հան… հանձնվում ե՜մ… (Խուճապահար հետևում է Յուղաբերին:)
ԳՈԳԻ — Զար ջան, խնայի՜… (Հետևում է Արմոյին:)
ԶԱՐԱ — (օդ կրակելով): Մա՛հ դավաճանների՜ն… (Նետվում է նրանց հետևից:)
ՎԻԿԱ — (մտնում ու դուրս է վազում): Փրկեցե՜ք…
ԱՐՄՈ — (մտնում ու դուրս է վազում): Օգնեցե՜ք…
ՅՈՒՂԱԲԵՐ — Հասե՜ք…
ԳՈԳԻ — (մտնում ու դուրս է վազում՝ բջջայինը ականջին սեղմած): Ալո՜… ոստիկանությո՜ւն… օգնեցե՜ք…
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Նույն սենյակը: Բազմոցը կենտրոն է բերված, որի կեսից դեպի բեմառաջ ձգվող փշալարը խորհրդանշում է ամուսինների միջսենյակային սահմանը: Փշալարերից կախ են թիթեղյա դատարկ տուփեր: Բազմոցի հետևում ցուցանակ` «ՉԵԶՈՔ ԳՈՏԻ», դրա ներքո տարբեր ուղղությունների սլաքներով մակագրություններ` «Խոհանոց», «WC», «Ննջարան», «Պատշգամբ»: Դրանց կողքին գունավոր քառակուսիներ կան, որոնք խորհրդանշում են տվյալ տարածքի՝ այդ պահին ազատ կամ զբաղված լինելը (երբ վարագույրը բացվում է՝ «Խոհանոց» և «WC» մակագրությունների մոտ կարմիր քառակուսի է, իսկ «Ննջարանինն» ու «Պատշգամբինը»՝ կանաչ): Յուրաքանչյուրի հարկաբաժնում` սեղանիկ, բազկաթոռ և այլ կահույք` ըստ հայեցողության: Գոգիի հարկաբաժնում աչքի է զարնում «Շնորհավոր իմ 36-ամյակը» պաստառը:
Առավոտ է: Թափանցիկ խալաթով, բարձր տրամադրությամբ, երգ մռմռալով, ձախից մտնում է Զարան՝ սուրճի բաժակը ձեռքին: Նա «Խոհանոցի» մագնիսով ամրացրած կարմիր քառակուսին պոկում, փոխարենը կպցնում է կանաչը, ապա կողմ դրած «Շնորհավոր իմ 18-ամյակը» պաստառը վերցնելով՝ տեղադրում է աչքի ընկնող տեղում: Նույն պահին «WC» հարկաբաժնից լսվում է բաց թողնված ջրի ձայնն ու աջից մտնում է պիժամայով Գոգին, ով «WC»-ի կարմիր քառակուսին նույնպես փոխում է կանաչով, ապա սեղանիկից վերցնելով ձողիկով հյութը՝ նստում է բազմոցի աջ ծայրին, ձեռքն առնում նվագարկչի վահանակը: Զարան անմիջապես, բազմոցի ձախ ծայրին նստելով՝ նույն կերպ է վարվում: Նրանք միաժամանակ սեղմում են կոճակները: Աջակողմից հնչում է «Յարխուշտան», ձախակողմից` ռոք երաժշտություն: Ի հեճուկս ամուսնու՝ Զարան բարձրացնում է երաժշտության ձայնը, Գոգին նույնն է անում: Միմյանց թշնամական հայացքներ նետելով՝ ավելի ու ավելի են բարձրացնում երաժշտությունը, ապա սկսում են խելահեղ պարել` ամեն մեկն իր երաժշտության հանգույն:
Ակնոցն ու լրագիրը գլխից վեր թափահարելով, գիշերազգեստով ներս է խուժում ահաբեկված Սահակը: Նա գոռգոռում, բողոքում է, բայց ձայնը խլանում է ժխորում: «Յարխուշտայի» հանգույն Գոգին խոյահարում է նրան, Սահակը նույն կերպ պաշտպանվելով նահանջում է ձախ հարկաբաժին, որտեղ Զարան պարի մեջ է քաշում նրան: Պարային անկանոն շարժումներ անող Սահակին վերջապես հաջողվում է նրանց ձեռքերից խլել վահանակներն ու անջատել երաժշտություն: Նախկին ամուսինները հևալով փլվում են բազմոցին:
ՍԱՀԱԿ — Աս ի՞նչ կընեք, բաբա՜մ, աս ի՞նչ թեռոր է հարևաններու նկատմամբ: (Լրագիրը թափահարելով:) Ձեր վարմունքը մեծահարուստներուն չի վայելե՜ր: Առտու կանուխ լրագիրը կկարդամ, կհրճվի՜մ, կցնծա՜մ, որ հարևաններս միլիոնատեր դարձած են և հանկարծ` երկրաշա՜րժ, ցունամի՜, յարխուշտա՜…
ԳՈԳԻ — Էդ մասին թերթում է գրա՞ծ:
ՍԱՀԱԿ — Մեկ միլիոն դոլար ժառանգելու մասին` այո, լրագիրը կհայտնե, սակայն ցունամին ես կսեպեմ և խստորեն կդատապարտեմ ձեր ահաբեկչական վարմունքը հարևաններու նկատմամբ:
ԳՈԳԻ — (ձողիկով հյութ խմելով): Դատապարտումն ու ցունամին քեզ պահի, էդ թերթը բեր, տեսնեմ՝ ի՞նչ է գրած:
ԶԱՐԱ — (ձեռքերը կանթելով` փակում է ճանապարհը): Պարոն Սահակ, չգնա՛ս: Էդ թերթը ինձ է հասնում:
ԳՈԳԻ — Սահակ, խելքդ կնգա մի տուր, արի: Ես քեզ վիզա եմ տալի, սահմանն անցի, բեր, տեսնեմ՝ ի՞նչ է գրած:
ԶԱՐԱ — Ոչ մի դեպքում: Միլիոնն էլ է իմը, թերթն էլ, Սահակն էլ:
ԳՈԳԻ — Իյա՜… Ո՞նց թե` Սահակն էլ…
ԶԱՐԱ — (սեթևեթ ընկնում է Սահակի թևը): Ի՛մ հարևանն է:
ԳՈԳԻ — Մե՛ր հարևանն է:
ԶԱՐԱ — Մենք ընդհանուր ոչինչ չունենք ու չենք կարող ունենալ:
ԳՈԳԻ — Մենք ընդհանուր ԶԱԳՍ-ի վկայական ունենք: Աստված հաջողի՝ մերդ մեռնի, ուզես-չուզես, որպես օրինական ամուսին՝ միլիոնի կեսն իմն է:
ԶԱՐԱ — Իմ օրինական ամուսինը կլինի նա, ում հետ նորից կզագսավորվեմ:
ԳՈԳԻ — Անամոթ, կես կվարտիրայում երկու մա՞րդ ես ուզում պահել:
ՍԱՀԱԿ — Պարոն Գրիգոր Միսակի, սկզբունքորեն և վճռականորեն պիտի խնդրեմ, որ իմ ներկայությամբ վսեմաշուք, պարկեշտ, գեղեցկատես և նազելի տիկնոջը վիրավորանք չհասցնեք: Ատիկա իմ սկզբունքներուն դեմ է:
ԳՈԳԻ — Պահո՜… Իմ դեմ խունտա եք ստեղծո՞ւմ:
ՍԱՀԱԿ — (Զարային): «Խունթա» ի՞նչ ըսել է:
ԶԱՐԱ — Նրա ասածներին բանի տեղ մի դիր, պարոն Սահակ ջան, էն ի՞նչ էիր ասում… Դու խոսքդ շարունակի:
ՍԱՀԱԿ — (աքլորացած): Եվ պիտի ըսե՛մ: Անարգանքի սյունին պիտի գամեմ սա մարդը…
ԶԱՐԱ — (հիացած): Մեռնեմ անարգանքի՜դ:
ՍԱՀԱԿ — Առավոտ կանուխ, խախտելով բոլոր տեսակի…
ԶԱՐԱ — Էդ չէ, էդ արդեն ասեցիր, պրծար: Ուրիշ բան էիր ասում, խոսքդ շարունակի:
ՍԱՀԱԿ — Անարգա՞նքը…
ԶԱՐԱ — Չէ:
ՍԱՀԱԿ — Սյո՞ւնը…
ԶԱՐԱ — (կոտրատվելով): Դե չէ՜… հիշիր՝ ինչե՜ր էիր ասում իմ մասին:
ԳՈԳԻ — Սահակ, «գեղեցիկի» ու «նազելիի» հետ է:
ՍԱՀԱԿ — Պիտի խնդրեմ, որ դուք մեր խոսակցությանը չխառնվի՛ք:
ԳՈԳԻ — Դե արի` լավություն արա:
ՍԱՀԱԿ — (Զարայի ձեռքը համբուրելով): Ո՞ր մէ խոսքս կփափագեք կրկին լսել, տիկին:
ԶԱՐԱ — (տեղում ամոթխած օրորվում, գլխով Գոգիին է ցույց տալիս): Էն որ ասա՜վ:
ԳՈԳԻ — (Սահակին): Ասի, չէ՞… Ես սրա կաշին դաբաղխանից գիտեմ:
ՍԱՀԱԿ — (Գոգիին): Կրկին պիտի խնդրեմ, որ մեր խոսակցությանը չխառնվիք:
ԶԱՐԱ — (Սահակին քնքշորեն իրեն դարձնելով): Սիրտդ շուռ մի բեր, պարոն Սահակ ջան, նրա խառնվելուն ո՞վ է բանի տեղ դնում:
ՍԱՀԱԿ — (նկատում է ցուցանակը): Ամմա՜ն… Այսօր ձեր ծննդյան օ՞րն է:
ԳՈԳԻ — Ոչ ըլներ…
ՍԱՀԱԿ — (Գոգիին): Անկիրթ: (Զարային` խոնարհումով:) Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը:
ԶԱՐԱ — Ընդունելի է՜:
ՍԱՀԱԿ — Սակայն… 18 տարեկա՞ն:
ԳՈԳԻ — Շչոտչիկը ետ է տվել:
ԶԱՐԱ — Լա՛վ եմ արել:
ԳՈԳԻ — Բան չասի, մի երկու տարով էլ ետ տայիր՝ ինձ կդատեին անչափահասի հետ ամուսնանալու մեղադրանքով:
ՍԱՀԱԿ — (ասպետաբար): Տիկին Զարուհի, այլևս չկարողանալով դիմադրել ձեր զմայլելի և գեղանի կախարդանքին, կխնդրեմ ընդունեք հրավերս, երեկոյան երթանք ռեսթորան:
ԶԱՐԱ — Վա՛յ, մերսի՜, մերսի՜…
ՍԱՀԱԿ — Այժմ թույլ տվեք աճապարեմ՝ տրամադրվելու այսօրվա տոնակատարությանը:
ԶԱՐԱ — Աճապարի, բա ո՜նց…
ԳՈԳԻ — (մոտեցող Սահակին կանխելով): Սահմանը չխախտե՛ս: (Ձեռքով ցույց է տալիս, որ չեզոք գոտով դուրս գա:) Մաքսանենգ շանորդի:
ՍԱՀԱԿ — Փիսին մեկը:
ԳՈԳԻ — Գնա, գնա՜, դեռ գլխիդ գալիքը չգիտես: (Հյութը վերցնում, «Պատշգամբի» կանաչ քառակուսու փոխարեն կարմիր գույնի մագնիս կպցնելով` դուրս է գնում:)
ԶԱՐԱ — (համար է հավաքում): Ալո՜… Թանկ ջան, բարի լույս, հո քնած չէի՞ր: Թանկ ջան, այսօր անպայման ուզում եմ քեզ հանդիպել, արդեն քանի օր է չեմ եկել: (Ուրախացած:) Գալիս եմ, ջան, հենց հիմա գալիս եմ: (Շտապում է ննջարան` ցուցանակի կանաչը կարմիրի փոխելով:)
Համար հավաքելով մտնում է Գոգին:
ԳՈԳԻ — (հայացքը ննջարանին՝ կիսաձայն): Արմո՞, բարի լույս, ես եմ, Գոգին… Լսիր՝ ինչ եմ ասում: Ուրեմն, առավոտ շուտ մեր հարևան բեյրութցի Սահակը ներս մտավ` թերթը ձեռքին… Արդեն գիտե՞ս: Էդ որտեղի՞ց գիտես, որ Սահակը մեր տուն մտավ… Հա՜, թերթի մասին գիտես: Բա որ գիտեիր, ինչո՞ւ չէիր ասում… Ի՞նչ է գրված: Տունը կռիվ է ընկել ու ոստիկանությունն է միջամտե՞լ… ռադիոյով էլ են հաղորդե՞լ… ինչ-ի՞նչ՝ տելեվիզրով է՞լ… Ա՛յ խայտառակությունը… Հերքո՛ւմ եմ: Ոչ թե կախարդվել եմ ու միլիոնի պատճառով եմ բաժանվում, այլ միլիոնից եմ բաժանվում` կախարդ կնոջս պատճառով: Այսօր իսկ թերթին էլ, ռադիոյին էլ, տելեվիզրին էլ հերքում պիտի տալ: Արմո, հերքումը ես կտամ, դու շտապ արի մեր բակը: (Ավելի գաղտնախոս:) Լսիր, ուրեմն Զարան հեռախոսը վերցրեց ու «թանկ ջան, թանկ ջան» էր ասում… Հեռախոսին չէր ասում: Հեռախոսը էժանագին «Նոկիա» է: Սահակին էլ չէր ասում, Սահակն արդեն գնացել էր: Ինձ էլ չէր ասում… Այ տղա, ես չգիտեի, որ էդքան անհասկացողն ես, հեռախոսով ասում էր նրան` ում հետ հեռախոսով խոսում էր… Ես ի՞նչ գիտեմ, ում հետ էր խոսում, դրա համար էլ քեզ եմ զանգում: Գիտեմ, որ դու գրբաց չես, դրա համար էլ զանգել եմ, որ շտապ գաս մեր բակը, թաքնվես աղբանոցի հետևում ու երբ Զարան տնից դուրս գա, հետևես, պարզես՝ ո՞ւմ մոտ գնաց: Արմո ջան, դա իմ պատվի գործն է, ախր, որպես իմ հավատարիմ ընկեր, քո պատվին էլ է կպչում: Երկու տղամարդու քթից բռնած՝ ֆռռացնում է էդ անամոթը: Քո քիթն ի՞նչ կապ ունի… Իմ ու Սահակի քթի մասին է խոսքը… (Նայելով ննջարանի կողմը, կիսաձայն:) Օբյեկտը զգեստափոխվում է: Արագացրու: Կապի վերջը:
Հեռախոսն անջատում ու տեղը չգտնելով, ետուառաջ քայլելով մենախոսում է՝ ջղաձիգ շարժումներով արտահայտելով. «Հեռախոսո՜վ է ժամադրվում… «թանկ ջա՜ն»… ես քեզ «թանկ ջան» ցույց կտամ… Ինձ հիմարի տեղ է դրել… Բա էն Սահա՜կը, Սահա՜կը… «Իմ նազելի՜, իմ գեղեցկատե՜ս…» Ես ձեր հախից կգա՜մ»: Նկատելով «Չեզոք գոտի» մտնող Զարային` քարանում է: Զարան նրան հայացքի չարժանացնելով, բարձր տրամադրությամբ դուրս է գնում՝ դուռն ամուր շրխկացնելով, որից ցած է ընկնում Գոգիի ինքնաշնորհավորանքի պաստառը:
ԳՈԳԻ — Տո, դու տեսա՞ր դրան: (Շտապում է պաստառն ուղղել:) Տո, բա ճիշտ չե՞ն ասել, որ կնիկը լավ բան լիներ` Աստված էլ կունենար: (Մատնացույց է անում կարմիր քառակուսին:) Մուտքն արգելվո՜ւմ է… Դուրս գալուց չի էլ բարեհաճում համակեցության կանոնները պահպանել ու վերացնել արգելքը: (Պոկում է քառակուսին, կանաչն է փակցնում:) Սահակի հետ ժամադրվում է, մեկ ուրիշին` «թանկ ջա՜ն»: Սպասիր Սահակին խաբար տա՞մ… (Դռան զանգ: Դեպի դուռը:) Դուռը չեմ բացելու: Ես քո դռնապանը չե՜մ: Բարի եղիր, բանալին հետդ ման տուր: (Զանգը կրկնվում է, ստիպված գնում է բացելու:) Զարա աղջիկ, քթիցդ եմ հանելու…
Կարճ դադար: Ծանրաքայլ մտնում է Ժիրիկը, առաջանում, զննում է տունը:
ԺԻՐԻԿ — (իր հետևից եկող, զարմացած Գոգիին): Մետալուրգների փողոցի 15 շենքի 17 բնակարանը սա՞ է:
ԳՈԳԻ — Սա է, բայց… բայց չի վաճառվում:
ԺԻՐԻԿ — Հընգեր, ըստե ի՞նչ կա, որ ի՛նչ վաճառես:
ԳՈԳԻ — Խոսքը կահույքի մասին չի: Տո՛ւնը չի վաճառվում:
ԺԻՐԻԿ — Վա՛յ, հորս արև, արա՜… այ ախպեր, ո՞ւր ա ըստե տուն… էսի բուն ա՜:
ԳՈԳԻ — Դե, գիտեք ի՞նչ…
ԺԻՐԻԿ — Գիտեմ, ախպե՜ր, էդ էլ գիտեմ: Քու անունը Գոգի ա, էդ էլ գիտե՜մ: Դու էն ասա, Զարա Սարգսյանը դեռ ըստեյա՞ ապրըմ:
ԳՈԳԻ — Այստեղ… ըմմ… (Ցույց տալով:) Սահմանից այն կողմ: Նա իր տանը չէ:
ԺԻՐԻԿ — Էնի արտասահմանն ա՞… մալադեց, հումորդ սպանում ա, ախպեր: (Նստում է բազմոցին:) Նստի, հընգեր, նստի` էրկու բերան բան խոսանք: (Գոգին նստում է բազկաթոռի եզրին:) Համ էլ` ցավակցում եմ, նախկին զոնքաչդ ա մեռե:
ԳՈԳԻ — Սուտ լուրեր են:
ԺԻՐԻԿ- Ռադիոյով լսանք, ախպեր:
ԳՈԳԻ — Ի՞նչ ռադիո:
ԺԻՐԻԿ — Ավտոյի՜, ախպեր:
ԳՈԳԻ — Ի՞նչ ավտո…
ԺԻՐԻԿ — Վայ, մորս արև, արա՜, կռոմե «Մերսեդեսը» ուրիշ ավտո ըլնում ա՞, ախպե՜ր…
ԳՈԳԻ — (ոտքի ելնելով): Լսեք, դուք ի՞նչ եք ուզում:
ԺԻՐԻԿ — Դու նստի, նստի, ոչ մի բան պետք չի: (Գոգին ակամա նստում է:) Ռադիոյով լսանք, որ ամերիկահայ տիկին Սաթենիկ Սարգսյանը կյանքն ապահովագրել ա ու մաշինի տակ ա ընգե՝ միլիոնը թողնելով Հայաստանում բնակվող աղջկան: Դու էլ, ախպեր, չիմանալով էդ մասին, քու էշ խելքով՝ կնգադ հետ կռվել ու բաժանվել ես:
ԳՈԳԻ — (սպառնալից ոտքի է ելնում): Իմ էշ խելքո՞վ…
ԺԻՐԻԿ — Քու էշխո՜վ, ախպեր, էշխո՜վ…
ԳՈԳԻ — Իսկ ձեր էդ ռադիոն չի՞ ասել, որ ամերիկահայ տիկին Սաթենիկ Սարգսյանը չի մահացել, ընդամենը ոտքն է կոտրվել:
ԺԻՐԻԿ — Չի մեռել, ախպեր, մի օր կմեռնի, ո՞ր մեկս ենք անմահ:
ԳՈԳԻ — (ցասկոտ ոտքի է ելնում): Դուք ինչո՞ւ եք եկել:
ԺԻՐԻԿ — Այ, դա արդեն քո գործը չի՜: (Համար է հավաքում:) Բաժանվել ե՞ք, ախպեր, յա՛ն տուր: (Հեռախոսով:) Ներս բեր: (Հսկա ծաղկազամբյուղով ներս է մտնում Ժորժիկը:) Տար, դիր էն յանի վրա: (Ցույց է տալիս Զարայի հարկաբաժինը: Ժորժիկը կանացի շարժումներով անխոս ենթարկվում է ու սահմանն անցնելիս քսվում է փշալարերին, որից թիթեղյա տուփերն իրար բախվելով աղմկում են:) Արա՜, ա՛յ չուչել, սահման ես անցնում, հոծ գիծ հո չի՞, որ տուգանքով պրծնես: (Ոտքի է ելնում:) Լավ ա` մեր ախպերը տրիվոգա չտվեց, հեչի պես սռոկի տակ էիր մտնում: (Զամբյուղը տեղադրելուց հետո հապաղող, չորս բոլորն ուսումնասիրող Ժորժիկին:) Ի՞նչ կախվար, արա՜, քըստըվի ըստուց: (Ժորժիկը սեթևեթելով դուրս է գնում: Գոգիին:) Միլիոնը, ախպեր, թան չի, ամեն մարդու բան չի: (Նրա ուսին թփթփացնելով:) Իրար հասկցանք, հայրենիքը քեզ չի մոռանա: (Ծանրաքայլ դուրս է գնում:)
ԳՈԳԻ — Շը… Սը… Բը… Քը… Դը… Փիսի՛ն մեկը՜… սրան տե՜ս… «Միլիոնը թան չի՜… Տուն չի` բուն է՜… Թերթում էր գրա՜ծ… (Կատաղած նետվում է դեպի զամբյուղը, բայց փշալարի մոտ մեխվում, ճար է մտմտում, փռվում է գետնին, սողալով անցնում է սահմանը: Հասնելով զամբյուղին՝ պառկած դիրքից ձեռքը մեկնում, վերցնում է ծաղիկների արանքում դրված ծրարն ու բացելով կարդում է:) «Զարա ջան, ազիզ»… իյա՜… «…ես վաղուց սիրում եմ քեզ… Միշտ երազել եմ, որ իմ կինը դառնաս…»: Ախմա՛խ: «Ուրախ եմ, որ բաժանվել ես էդ հարիֆից»: Վա՛յ, ես քու… «Գրում եմ իմ հեռախոսի համարը… միշտ քեզ կարոտող՝ Ժիրիկ»: (Պատառոտում է թուղթը, շպրտում օդ: Բջջայինը զանգում է: Ցատկելով մղվում է դեպի հեռախոսը, բայց փշալարի մոտ դարձյալ մեխվում է, աջ ու ձախ ելք է փնտրում ու գլխի ընկնելով՝ «Չեզոք գոտով» անցնում, վերցնում է հեռախոսը:) Արմո՞… լսում եմ: Վարսավիրանո՞ց… ի՞նչ վարսավիրանոց: Թանկիկի վարսավիրանոցը՞… հա՜, ես էլ զարմացա` «թանկ ջա՜ն, թանկ ջա՜ն», նա իսկի ինձ պես տղամարդուն չի «թանկ» ասել, ուր մնաց… Բա հիմա ի՞նչ է անում: Խանութներն է չափչփո՞ւմ: Թող չափչփի՜, հետո շատ է փոշմանելու, որ պատահած մեկի ռեստորանի հրավերն է ընդունում, մյուսը ծաղիկներ է բերում, ամուսնության առաջարկ են անում… ո՞վ… ինչ-որ մի Ժիրիկ: Միլիոնի հոտ է առել շանորդին: Արմո ջան, ես քեզնից շա՜տ շնորհակալ եմ: Դու ազատ ես, իհարկե, ազատ ես: Ինչո՞ւ պիտի նեղանամ, այ տղա, զբաղվիր քո գործով… Հասկանալի է, որ դու էլ հոգսեր ունես: Հաջող, ախպեր ջան, հաջողություն եմ մաղթում: (Հեռախոսն անջատում, մի կողմ է դնում:) Ինչ հավատարիմ ընկեր է, է՜… (Դռան զանգ:) Թե Ժիրիկ կոչեցյալն է` մորթելու եմ: (Մարտական գնում է դուռը բացելու:)
Մտնում է կարճահասակ Զարզանդը` հսկա ծաղկազամբյուղը գրկած:
ԶԱՐԶԱՆԴ — (զամբյուղը մի կերպ ցած է դնում, ուղղում թիթեռնիկ փողկապը): Թույլ տվեք ներկայանալ` կոնտրաբասահար Զարզանդ Քոլոյան:
ԳՈԳԻ — (բազկաթոռին նստելով, հեգնոտ): Հետո՞:
ԶԱՐԶԱՆԴ — Ըմմ… Միջազգային մրցույթների դափնեկիր:
ԳՈԳԻ — Հետո՞:
ԶԱՐԶԱՆԴ — Էլ ի՞նչ հետո: Կարգը պահանջում է, որ հիմա էլ դուք ներկայանաք:
ԳՈԳԻ — Էդ ո՞ր կարգն է պահանջում, որ ես իմ տան մեջ ներկայանամ:
ԶԱՐԶԱՆԴ — Իսկ տիկին Զարան տանը չէ՞:
ԳՈԳԻ — Տիկին Զարան ի՛ր տանը չէ: (Ցույց է տալիս սահմանից այն կողմ:) Իսկ դուք, բաս կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր սերժանտ Քոլոյան…
ԶԱՐԶԱՆԴ — Զարզա՛նդ: Զարզանդ Քոլոյան, կոն-տրա-բա-սա-հա՛ր:
ԳՈԳԻ — Իսկ դուք, կոն-տրա-բա-սա-հա՛ր, միջազգային մրցույթների դափնեկիր Զարզանդ Քոլոյան, ի՛մ բնակարանն եք ներխուժել:
ԶԱՐԶԱՆԴ — (զարմացած մոտենում, շարժում է փշալարը, տուփերի չրխկոցից կնճռոտում է դեմքը, ծոցագրպանից հանելով կամերտոնը՝ խփում է ձեռքին, մոտեցնում ականջին, կրկին շարժում է փշալարն ու ցուցամատը վեր է տնկում): Ֆա՛լշ, ռուվիդամենտե ֆալշ: Իսկ դուք երևի նրա նախկին ամուսի՞նն եք:
ԳՈԳԻ — Իսկ դուք այդ մասին ռադիոյո՞վ լսեցիք, հեռուստացույցո՞վ եք դիտել, թե՞ թերթերում եք կարդացել:
ԶԱՐԶԱՆԴ — Ձեր նշած բոլոր երեք աղբյուրներն էլ այդպես են հաղորդում:
ԳՈԳԻ — Դե, եթե այդպես են հաղորդում, ուրեմն, այո՛, մենք երևի նրա նախկին ամուսինն ենք:
ԶԱՐԶԱՆԴ — Ահա թե ինչի՜ է հասցնում կնոջը չգնահատելը:
ԳՈԳԻ — Ահա թե ինչի՛ է հասցնում կնոջը չգնահատելը:
ԶԱՐԶԱՆԴ — Փշալարերի, ընկեր ջան, փը՛-շա՛-լա՛-րե՛-րի՛: (Պաթետիկ:) Մինչդեռ, ինչպես ասել է գերմանացի փիլիսոփա, գրող, լուսավորիչ Յոհան Գորֆրիդ Հերդերը` յուրաքանչյուր կնոջ փոքր սխալի մեջ կա տղամարդու մե՜ծ մեղքը: (Դռան զանգը ընդհատում է նրա խոսքը:)
ԳՈԳԻ — Տեղիցդ չշարժվես, հիմա գալիս եմ: (Գնում է դուռը բացելու:)
Նյարդային ու փութկոտ մտնում է Վիկան:
ՎԻԿԱ — Որտե՞ղ են շորերս: Արագացրու, քանի դեռ հրեշդ չի հայտնվել, շորերս բեր:
ԳՈԳԻ — Ի՞նչ շորեր… Ինչե՞ր ես խոսում:
ՎԻԿԱ — (պայուսակից թուղթ է հանում, կարդում է): Կրծկալ, սպիտակ գույնի, 3-րդ չափսի՝ մեկ հատ: Զուգագուլպա, սև գույնի, 46 չափսի՝ մեկ հատ: Կոշիկներ, բարձրակրունկ, սև, լաքապատ, 36 չափսի՝ մեկ զույգ: Շապկընկեր, կարմիր գույնի…
ԳՈԳԻ — Ի՞նչ… շափ… շապ…
ՎԻԿԱ — Շապկընկե՛ր:
ԳՈԳԻ — Դա՞ ինչ մեղքս էր, քո հագին էդպիսի բան չի եղել:
ՎԻԿԱ — Ո՞նց թե՝ չի եղել, էդ քո կոտրած ձեռքով վրայիցս չհանեցի՞ր: Հանող ուրացողի մեկը:
ԳՈԳԻ — Տռուսի՞կը…
ՎԻԿԱ — Անգրագետ, հենց՝ տռուսիկը:
ԳՈԳԻ — (բազկաթոռին բազմելով): Հա՜… Ուրեմն տեղեկացնեմ, որ էդ քո ցուցակում գրածը, գումարած՝ քո շապկընկերը, ռազմավար է վերցված (բութ մատով ցույց է տալիս Զարայի հարկաբաժինը) որպես իրեղեն ապացույց:
ԶԱՐԶԱՆԴ — (կարծելով, թե Զարան է, Վիկայի առջև ծնկի է գալիս): Տիկին, ընդունեք իմ ամուսնական առաջարկը և ես ձեզ համար հարյուր շապկընկեր կգնեմ:
ԳՈԳԻ — Խելքիդ աղ անեմ… Էդքանը լցնել կլինի՞:
ՎԻԿԱ — Դուք… դուք ո՞վ եք, ի՞նչ եք ուզում:
ԳՈԳԻ — Զարզանդն է, ուզում է քեզ հետ ամուսնանալ:
ՎԻԿԱ — Ինձ հե՞տ… Էլի քո սարքած խաղե՞րն են:
ԳՈԳԻ — Ի՞նչ խաղ, ի՜նչ բան, չե՞ս տեսնում, մարդը սիրուց տոչորվում է:
ԶԱՐԶԱՆԴ — Այո՜, ես սիրում եմ ձեզ:
ՎԻԿԱ — Բայց ես… բայց մենք ծանոթ չենք:
ԶԱՐԶԱՆԴ — Արդեն քանի տարի ես հետևում եմ ձեզ, սակայն չէի համարձակվում մոտենալ: Ես երջանիկ եմ, որ առիթն այսպես ներկայացավ:
ԳՈԳԻ — (Վիկային): Չես փոշմանի, լավ տղա է:
ՎԻԿԱ — (կոտրատվելով): Ես նույնիսկ ձեր անունը չգիտեմ:
ԶԱՐԶԱՆԴ — Թույլ տվեք ներկայանալ՝ միջազգային մրցույթների դափնեկիր, կոնտրաբասահար Զարզանդ Քոլոյան: (Գրպանից փոքրիկ տուփ հանելով:) Ահա, սա էլ՝ նշանի մատանին:
ԳՈԳԻ — Մի բարձի ծերանաք:
ՎԻԿԱ — (վարանոտ մատանին վերցնում, մատին փորձում է: Երջանկացած): Այնպես անսպասելի է…
ԶԱՐԶԱՆԴ — Վաղն իսկ կարող ենք մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հարսանեկան ճանապարհորդության:
ԳՈԳԻ — (ծափ զարկելով): Գո՜ր-կա, գո՜ր-կա, գո՜ր-կա…
Զարզանդը ոտքի ծայրերին բարձրանալով ձգվում, Վիկային համբուրում է:
ՎԻԿԱ — (Գոգիին, երջանկացած): Ես անչափ շնորհակալ եմ քեզնից:
ԶԱՐԶԱՆԴ — Ես՝ նույնպես: Ինչպիսի՜ ասպետականություն, ազնիվ վեհանձնություն: Ընդունեք իմ խորին երախտագիտությունը:
ԳՈԳԻ — Չարժի՜, Զարզանդ ջան, չարժի՜:
ՎԻԿԱ — Զարզանդ, սիրելիս, կարելի՞ է, ես քեզ փաղաքույշ կերպով Զըռզո ասեմ:
ԶԱՐԶԱՆԴ — Իհարկե, հոգյակս, իհարկե:
ՎԻԿԱ — Զըռզո, սիրելիս, այս ամենն այնքան անսպասելի էր: Թույլ տուր հիմա վազեմ ու մայրիկիս հաղորդեմ այս ուրախ լուրը:
ԶԱՐԶԱՆԴ — Ա՛ն-պա՛յ-մա՛ն, ա՛ն-պա՛յ-մա՛ն: Ես կարող եմ տալ իմ անձնագրի պատճեն, կարծում եմ… ըմմ… փաստաթղթերը ձևակերպելու համար իմ տվյալներն անհրաժեշտ կլինեն:
ՎԻԿԱ — Բայց ինչո՞ւ պատճեն, մենք քեզ կհրավիրենք և, ինչպես հարկն է, օրիգինալ փաստաթղթերով կձևակերպենք մեր միությունը:
ԶԱՐԶԱՆԴ — Օ՜, իհարկե, իհարկե… (Գրպանից հանելով:) Ահա իմ այցետոմսը:
ՎԻԿԱ — Սպասիր իմ զանգին, վագրիկս: (Վերցնելով քարտը՝ օդային համբույր է ուղարկում ու երջանկացած շտապում դուրս:)
ԶԱՐԶԱՆԴ — Անհամբերությամբ կսպասեմ, իմ տո՜նիկա… (Հիացմունքով՝ Գոգիին:) Ինչպիսի՜ դաստիարակություն:
ԳՈԳԻ — Իմ շկոլան է, է՜:
Դռան զանգ և, անմիջապես, ծաղկեփունջը ձեռքին, գործնական, արագաքայլ մտնում է Սահակը:
ՍԱՀԱԿ — (Զարզանդին): Պատիվ ունեմ: (Գոգիին.) Բարի եղեք, տիկին Զարուհուն լուր տվեք, որ… (Հանդիպելով Գոգիի ցասումնալից հայացքին:) Օ՛, պարդոն… (Դեպի Զարայի հարկաբաժինը:) Տիկին Զարուհի՜… Տիկին Զարուհի, Սահակն է, կարելի է հրամմե՞լ: (Պատասխան չստանալով փորձում է առաջ գնալ:)
ԶԱՐԶԱՆԴ — (մարտական տեսքով փակում է նրա ճանապարհը): Տիկին Զարուհին արդեն նշանված է:
ՍԱՀԱԿ — Պատիվ ունեմ, Սահակ Թերճիբոյուկբաշինճանյան: Այս արտու տիկին Զարուհին ընդունել է ռեսթորան երթալու իմ հրավերը:
ԶԱՐԶԱՆԴ — (պաթոսով): Նա չգիտեր, որ այսօր երեկոյան ես նրան հրավիրելու եմ Վոլֆգանգ Ամադեուս Լեոպոլդովիչ Մոցարտի 40-րդ սոլ մինոր սիմֆոնիան ունկնդրելու:
ՍԱՀԱԿ — Սակայն… ներեցեք, դուք ո՞վ եք:
ԳՈԳԻ — Զարզանդն է, քո չանգյալ բաջանաղը:
ՍԱՀԱԿ — Ներեցեք, կաղաչեմ, ի՞նչ ըսել է «չանքյալփաչանաղ»:
ԳՈԳԻ — Այսինքն` միլիոնիդ 333 հազարն իրենն է:
ՍԱՀԱԿ — Ինչու՞ 333…
ԳՈԳԻ — Որովհետև մյուս 333-ն էլ Ժիրիկինն է:
ՍԱՀԱԿ — Ժիրիկն ո՞վ է, բե՞… (Ծաղկեփունջը սեղանիկին դնելով՝ գրպանից լրագիրը հանում, մատնացույց է անում հոդվածը:) Կտակին մեջ Ժիրիկ-միրիկ, Ամադեուս-մամադեուս չիկա: Ահավասիկ` Սաթենիկ մայրիկի կտակով մեկ միլիոն դոլարի ժառանգորդը դուստրն է և անոր ամուսինը… (Դռան զանգը ընդհատում է նրան:)
ԳՈԳԻ — (ուղղվելով դեպի դուռը): Ոնց երևում է՝ բաժինդ ավելի է փոքրանում:
Մեկ ծաղիկ ձեռքին, վալսի սահուն պտույտներ կատարելով մտնում է Ժորժիկը: Նա մի պահ կանգ է առնում, գնահատում է իրավիճակը:
ԺՈՐԺԻԿ — (ռևերանսով ներկայանում է): Ժորժ Քնարունի, բանաստեղծ, համատեղությամբ՝ առաքիչ, «Կապույտ մանուշակ» ծաղկի սրահում: Պարոնայք, նկատի ունենալով մեր ջերմ բարեկամությունը, կարող եք ինձ Ժորժիկ ասել: (Դարձյալ պտույտներ գործելով, ձեռքի թղթին նայելով ու երգեցիկ արտասանելով, շարունակում է ճանապարհը՝ «Չեզոք գոտով» մտնելով Զարայի հարկաբաժին:) Ես ծարավ եմ, դու իմ ցայտաղբյո՜ւրը,
Թող, որ խմեմ ես քո ջո՜ւրը,
Հանգցնեմ իմ սրտի հո՜ւրը…
ԳՈԳԻ — Արա, ա՛յ չուչել, շուտ արա, դրսից փակիր դուռը, քանի դեռ չեմ հանել մուռը…
ԺՈՐԺԻԿ — (նկատելով ցրիվ տված նամակի կտորները): Օ՛-հո՜, Ժիրիկն իմանա, որ իր նամակը պատռել ես՝ կջարդի քո երկու կուռը:
ԳՈԳԻ — Իսկ որ իմանա՝ դու էլ ես նամակ բերել, քեզ կկոխի վառման փուռը:
ԶԱՐԶԱՆԴ — Ա՛յ կտրվի ձեր աբուռը՜… (Անմիջապես լրջանում, զգաստանում է:)
Դռան զանգ:
ՍԱՀԱԿ — Ահա և ինքը՝ զմայլելի տիկին Զարուհին: Անիկա վերջ կուտա բոլոր տեսակի ինթերվենցիաներուն: (Զարզանդին.) Նամանավանդ՝ անհարկի հնչող սիմֆոնիաներուն: Ես ինքս կդիմավորեմ նրան: (Գլուխը բարձր պահած՝ գնում է ընդառաջ:)
ԶԱՐԶԱՆԴ — (Սահակի հասցեին): Պրովինցիա՜լե… Չի կարող պատահել, որ տիկին Զարան դատարկ դհոլը գերագնահատի կոնտրաբասից: (Շտապում է՝ ինքը դիմավորի:)
ԺՈՐԺԻԿ — Մի՞թե բանաստեղծի սիրո նուրբ լարերը կկտրվեն, և նրա սիրտը ավերակների կվերածվի դատարկ դհոլի և կոնտրաբասի գռեհիկ գոռում-գոչյուններից: (Մղվում է նախամուտք:)
ԳՈԳԻ- (նրանց հետևից): Ախմախ, շանորդիք… (Բազմոցին նստելով՝ բացում է Սահակի բերած թերթը:)
Կարճ դադար: Միջանցքից տղամարդիկ նահանջում են ձեռքերը կոնքերին կանթած, ահարկու տեսքով ներս մտնող Յուղաբերից:
ՅՈՒՂԱԲԵՐ — (Սահակին վրա քշելով): Այլանդակ, ուրեմն երեկ ինձ էիր ծաղիկ նվիրում, էսօր Զարային խնամախոս ես գալի՜:
ՍԱՀԱԿ — (նրա հետապնդումից խույս տալով): Թող տուր, բե՜… ուր երթամ՝ ետքես կուգա: Քեզի չեմ ուզեր, տիկի՜ն, չեմ ուզե՜ր…
ՅՈՒՂԱԲԵՐ — Բա որ չէիր ուզելու, ինչի՞ գիշերն իմ տանն անցկացրիր:
ՍԱՀԱԿ — (խույս տալով): Ես ամուրի եմ և ընտրության իրավունք ունիմ:
ՅՈՒՂԱԲԵՐ — Հողեմ գլուխդ, իմ տունը քեզ համար ընտրական տեղամաս է՞, որ գաս ու փակ-գաղտնի քվեարկությամբ անունս ջնջես:
ՍԱՀԱԿ — (պաշտպանություն փնտրելով՝ դիմում է ներկաներին): Ահավասիկ, պարոնայք, ահավասիկ, դուք վկա եք, որ սա կինը ինձի՝ հայրենադարձիս, կստիպե իմ երկրեն փռնագաղթված ըլլամ:
ՅՈՒՂԱԲԵՐ — Բռնագաղթվա՜ծ… Ես քեզ արտագաղթած եմ դարձնելու, հալա դու ուր ե՜ս: (Հարձակվում է:)
Դռան զանգ, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, տարված են նրանց վեճով:
ՍԱՀԱԿ — (հարձակումից խույս տալով՝ սենյակում պտտվում է): Օգնեցեք, բե՜, աս տեղացի կիները առյուծի կնմանի՜ն…
Մտնում է Արմոն՝ վարդերի փունջը ձեռքին: Ներկաները քարանում, սևեռվում են նրան:
ԳՈԳԻ — (ապշած քայլ է անում դեպի ընկերը): Ա… Ա… Ա-Ա՜ր-մո՞…
ԱՐՄՈ — Հա, Գոգի ջան, բա դու չասի՞ր, որ չես նեղանա, որ ես ազատ եմ, որ իմ անձնական հոգսերով զբաղվեմ… Բա թողնենք, որ միլիոնը էս շուն ու գելերի բաժինը դառնա՞:
ԺՈՐԺԻԿ — (Արմոյին չանչ անելով): Անհրապո՛ւյր:
ՍԱՀԱԿ — (Արմոյին): Պարոն, անչափ զգուշորեն և կիրթ ընտրեք ձեր բառերը:
ԶԱՐԶԱՆԴ — (աքլորացած, Սահակին): Էդ մեզ էր ասո՞ւմ:
ՍԱՀԱԿ — Հապա էլ ո՞ւմ:
ԶԱՐԶԱՆԴ — Վայ ես քու, ֆալշ հերն եմ անիծե՜լ… (Խոյահարում է Արմոյին, վերջինս վարդերի փնջով հարվածներ է տեղում Զարզանդի գլխին: Գլորվում են հատակին:)
ԺՈՐԺԻԿ — О, какой темперамент! (Նետվում է կռվողների մեջ:)
ՍԱՀԱԿ — Օ՛ն, առա՜ջ… (Նետվում է դեպի կռվողները, բայց Գոգին ոտք է գցում նրան ու ինքն էլ նետվում է տապալված Սահակի վրա:)
ՅՈՒՂԱԲԵՐ- Էդ ում հարազատ մարդուն եք ծեծո՜ւմ… (Խառնվում է կռվողներին:)
Թավալվող ու միմյանց քաշքշողները տապալում են փշալարերը, ցուցանակները, շաղ են տալիս ծաղիկները: Ներս մտած Իռան քարանում է՝ այդ ամենը տեսնելով:
ԻՌԱ — Վե՛րջ տվե՜ք, գարշելինե՛ր:
Կռիվը դադարում է: Պառկածները զարմացած նայում են նրան:
ԳՈԳԻ — Իռա՞…
ԻՌԱ — Գոնե դուռը ներսից կողպեք: (Պայուսակից հանում է գեղեցիկ փաթեթավորված տուփը, դնում է սեղանիկին: Գոգիին:) Վերցրեք ձեր նվերը, ձեր հեռախոսից ջնջեք իմ համարը, ձեր հիշողությունից` իմ անունը: (Արմոյին.) Իսկ քո մասին ստիպված եմ մորաքրոջս ասել, որ դու ոչ թե իմ զարմիկն ես, այլ զարմուհի՛ն: (Գետնին փռվածներին.) Ալյասերվածնե՛ր: (Դուրս է գնում:)
Մթնեցում: Դանդաղ լուսավորվում է: Սենյակում միայն ծննդյան օրվա պաստռներն են կանգուն մնացել: Ծաղկազամբյուղների արանքում, շաղ տված վարդերի մեջ, հատակին ծալապատիկ նստած է Գոգին` գլուխն ափերի մեջ առած: Պայուսակն ու գեղեցիկ փաթեթավորված տուփը ձեռքին մտնում է Զարան: Տեսնելով տան տեսքը` քարանում է, ապա զգուշորեն, որպեսզի վարդերը չտրորի, առաջանում, կանգնում է Գոգիի դիմաց:
ԳՈԳԻ — (խեղճացած): Զարա…
ԶԱՐԱ — Գոգի…
ԳՈԳԻ — Ես քեզ էի սպասում, ասելու, որ…
ԶԱՐԱ — (օգնում է, որ բարձրանա): Գոգի, սիրելիս, այդպես էլ գիտեի, որ այսօր սպասելու ես ինձ, վարդեր ես շաղ տալու իմ ոտքերի տակ, ծաղիկներով ես ինձ դիմավորելու: Ես համոզված եմ, որ դու շա՜տ, շատ ես սիրում ինձ:
ԳՈԳԻ — (խռովկան ամաչկոտությամբ): Բա որ ասում ե՞մ…
ԶԱՐԱ — Իսկ ես, հիմարս, չէի հավատում:
ԳՈԳԻ — (գլխահակ, հաշտվողական մեղմությամբ): Խոսքերն անզոր են արտահայտելու, թե ինչքա՜ն եմ քեզ կարոտել:
ԶԱՐԱ — Պետք չէ, պետք չէ բացատրել, տեսածս էլ հերիք է… (Ձեռքի տուփը մեկնելով:) Ահա, քո ծննդյան օրվա առթիվ իմ նվերը, վագրի՜կս…
ԳՈԳԻ — Ընձո՜ւղտս… (Գրկախառնվում, Զարայի թիկունքում գտնվող սեղանիկից գողտուկ վերցնում է Իռայի բերած տուփը:) Ես էլ քեզ համար եմ նվեր պատրաստել, իմ սե՜ր…
Հնչում է ֆոքստրոտը: Սկսում են պարել: Առաջանում են ու այտերով միմյանց հպված, հանդիսատեսին հառված կանգ են առնում:
ԳՈԳԻ և ԶԱՐԱ — (միասին, հնչեղ շշուկով): Մենք գնում ենք ննջարա՜ն…
Եվս մեկ պտույտ գործելով, ննջարանի ճանապարհին քարանում են` ինչպես ստոպ-կադրում, իսկ ֆոքստրոտն ուժգնանում է: