#Հաղթելու_ենք. Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ / ԱՐԾՎԱԲՈՒՅՆ- 1991

Դրամա

Գործող անձինք
ԱՄԱՅԻ (ՀԵՐԻՔՆԱԶ ԱԿՈՒՆՑ) — 80 տարեկան սևազգեստ ղարաբաղցի կին, Քարակապի միակ բնակիչը
ՍՈՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ — ռադիոյի թղթակցուհի, մոտ 40 տարեկան
ԿԱՄՈ — ոտքերից վիրավոր ու ցնցակաթված ստացած, մոտ 40 տարեկան զինվոր, որին խնամում է Ամային
ԴԱՎԻԹ — մականունը՝ «Լոպազե, 40-42 տարեկան, պարծենկոտ զինվոր
ԱՐՍԵՆ — 18-20 տարեկան զինվոր
ՍԻՄՈՆ — 50-55 տ. ջոկատի հրամանատար
ԿՈՐՅՈՒՆ — 30-32 տարեկան ջոկատային, մականունը՝ «Տրուբաե
ՄԱՐԳԱՐ- 40-ին մոտ ջոկատային, գնդացրորդ
ՈՒՐԲԱԹԱԽՈՍ ՎԱՀՐԱՄ — 60-ին մոտ, թավ, ծխելուց դեղնած բեղերով զինվոր
ՍԱՄՎԵԼ — 18 տարեկան Սոնայի որդին, նոր զորակոչված
1-ին զինվոր — 20-22 տարեկան
2-րդ զինվոր- 30 տարեկանին մոտ
3-րդ զինվոր- անորոշ տարիքի

Տեսարան 1
Գործողությունը կատարվում է Քարակապ գյուղում: Բեմում՝ ռմբակոծված գյուղական տան բակ: Աջ կողմում երևում է պատշգամբի մի մասը: Բանջարանոցի ցանկապատ, արևածաղիկ՝ գլխին թանզիֆ հագցրած: Փայտե նստարան: Գնդակներից քերծված ու կիսաքանդ դաշնամուր:
Աշնանային մթնշաղի մեջ լսվում է բուի կռինչը: Խորքում` մշուշի մեջ, աղոտ գծագրվում են ջոկատի տղաների ուրվագծերը:
ՍԻՄՈՆԻ ձայնը — Հրաման կա Քարակապը պահել, իսկ հետո գրավել բարձունքը… Դժվար խնդիր են դրել մեր առաջ, բայց պատերազմ է, հայրենիքի ու հողի համար մղվող պատերազմ…. Մեր ջոկատի համար մեր հայրենիքի ամենակարևոր մասը աշխարհի ոչ մի քարտեզի վրա չնշված էս փոքրիկ գյուղն է՝ Քարակապը, էս տունը, էս բակը, էս սարերը, ձորերն ու դիմացի բարձունքը, որի վրա նստել է թուրքը… (Բեմ է գալիս:) Ժամանակը ոչ մի անգամ էսքան թանկ չի էղել, ինչքան հիմի: Մենք պիտի էս քարերի հետ մեջք-մեջքի տանք ու պահենք դիրքերը…
Սիմոնի խոսքի ընթացքում անշարժ թվացող ջոկատը կենդանություն է առնում. ոմանք զինամթերքի արկղերն են ստուգում, վերադասավորում: Կորյունը վիրակապում է 2-րդ զինվորի թևը, 3-րդ զինվորը հաշվում է փամփուշտները, 1-ին զինվորը զենքն է մաքրում, Արսենը հեռադիտակով զննում է չորս կողմը: Տղաների մեջքներին սպիտակ խաչեր են նկարած:
Լույսի փունջը պտտվում է դահլիճում, կենտրոնանում է Սոնայի վրա: Նա բարձրանում է բեմ: Ձեռքի ձայնագրիչը միացնում ու հարց է տալիս Սիմոնին:
ՍՈՆԱ — Հայրենիքը քաղցր է, իսկ մահը սարսափելի չէ՞: Չէ՞ որ պատերազմը էսքան երիտասարդ կյանքեր է խլում:
ՍԻՄՈՆ — Կյա՞նքը… կյանքն ամենաքաղցր բաներից մեկն ա, որ կյանք Ստեղծողը տվել ա մարդուն, բայց աշխարհում սեփական կյանքից ավելի քաղցր բաներ էլ կան, որոնց համար մարդ չի ափսոսում իր կյանքը: Հիմի կհարցնես, էդ ի՞նչ բաներ են: Ասեմ. մտերիմ, հարազատ, սրտակից մեկի կյանքը, օրինակ` քո որդու, թոռան… ընկերոջդ կյանքը: Հետո հողը… հետո էն հիշողությունը, որ կապված է էդ հողի ու քո կյանքի հետ: Էդ բոլորը մի բառով հայրենիք է կոչվում: Ու էդ հայրենիքի համար կյանքը տալը ափսոս չէ: (Ժպտում է:) Մենք ուշանում ենք: Հետո, մի լավ ժամանակ կխոսենք:
Սոնան անջատում է ձայնագրիչը, արագ մտնում է տուն: Ամային ուտելիքով լի խոշոր կապոցը տալիս է Սիմոնին:
ՍԻՄՈՆ — (տղաներին): Շարժվեցի՛նք: (Կապոցը վերցնելով:) Լավ էլի՜, Ամայի…
Զինվորները տուփերով փամփուշտներ են բաժանում իրար, ոմանք մոտենում են Կամոյին հրաժեշտ տալու:
ԴԱՎԻԹ- Կամո ջան, լավ մնա, ի՛նչ ես քիթդ կախել, արա: Թուրքի հետ էնքան կռիվ ունենք, ինչքան էլ կռվենք, քեզ էլի բաժին կմնա, մի մտածի:
ԿԱՄՈ — Է՜հ…
ՄԱՐԳԱՐ — Կամո ախպեր, պինդ կաց, դու ըստեղ Վիետնամ արա, մենք` ընդեղ: Հըլը կհանդիպենք:
ՎԱՀՐԱՄ — (սեղմում Կամոյի ձեռքը): Արխայի՛ն:
Սոնան կարճփեշ ծաղկավոր շորը հագած դուրս է գալիս տնից՝ գրավելով տղաների ուշադրությունը:
ՍՈՆԱ – (Սիմոնին): Մի հարց կարելի՞ է:
ՍԻՄՈՆ — (կտրուկ ու խիստ): Հարցերը հետո, հիմա ժամանակ չկա:
Սոնան կանգնում է Ամայու կողքին ու անզորությունից սկսում է մատները կոտրատել: Տղաները գնում են: Արսենը համբուրում է Ամայու այտը, Սոնայի ձեռքը, մի մատով ծնգացնում է դաշնամուրի վրա, ապա հրաժեշտ է տալիս Կամոյին ու վազում է տղաների հետևից: Հեռացող բեռնատարի ձայնը: Ամային նրանց հետևից ջուր է ցանում, խաչակնքում ու մտնում է ներս: Սոնան նայում է Արսենի համբուրած ձեռքին, տարուբերում է գլուխը, մոտենում, նստում է Կամոյի կողքին: Քիչ անց Կամոն սկսում է պատմել, Սոնան միացնում է ձայնագրիչը:
ԿԱՄՈ — Չնայած Դավթի մականունը Լոպազ են դրել, բայց տղեն պարծենալու տեղ ունի: Քաջ ա, հնարամիտ, խոսք չկա: Մի կռվի ժամանակ թուրքը ներքևում էր, մենք` վերևում: Մոտներս կարգին զենք էլ չկար, մենակ մի ավտոմատ էր, էրկու մագազինով: Նրանք շատ էին, մենք` քիչ: Ու գիտե՞ս ինչ արեց Լոպազս:
ՍՈՆԱ — Ի՞նչ:
ԿԱՄՈ — Սկսեց ռուսերեն գոռալ ՛՛Дайте гранаты!՛՛ Էդպես էր ասում, որ թուրքը հասկանար: Գետնից մի քար վերցրեց ու շպրտեց` իբր նռնակ ա շպրտում: Թուրքերը պառկեցին գետնին, իսկ ինքը կանգնեց ամբողջ բոյով ու ավտոմատով գռռացրեց… (Հենակները թևի տակ հարմարեցնելով ոտքի է կանգնում ու ցույց է տալիս:) Բա՞: Նրան Դավո կասեն, էդպես չնայես:
ՍՈՆԱ — (Կամոյին անխոս հասկացնում, որ լռի): Հարգելի ռադիոլսողներ, ձեր թղթակիցը գտնվում է Արցախի Քարակապ գյուղում, որը ռազմաճակատից հեռու է ընդամենը մի քանի հարյուր մետր: Մեր տղաներն այսօր նորից բարձրացան դիրքեր: Նրանք ծանր, արյունոտ մարտեր են մղել երեկ ու առաջին օրը և թշնամուն կանգնեցրել են գյուղի մոտ: Հիմա թշնամին լուռ է, բայց այդ լռությունը դավադիր է: (Կարծես նրա ասածը հաստատելու համար լսվում են հրաձգության ձայներ: Նա երկու ձեռքով բռնում է գլուխը, բայց արագ վերագտնում է ինքնատիրապետումն ու մեղավոր ժպտում:) Այդպես էլ չսովորեցի կրակոցներին: Միշտ կարծես առաջին անգամը լինի: Տեսնես էսօ՞ր քանի կյանք պիտի խլի:
ԿԱՄՈ — АКС ա, մի չորս հարյուր մետրից են կրակում: (Լսում է:) Գրիգորի կալի կողմից են կրակում: Ո՛ւր է, մեր տղերքն էսօր դրանց թիկունքը կտրեն: Ախր, ես…
ՍՈՆԱ — Դու էլ քիչ չես կռվել:
ԿԱՄՈ — Էհ, շատ, թե քիչ` էս ա: (Ներքին խռովքով:) Չլինի՞ մտածում ես, թե իմ կռիվն արդեն տվել, պրծել եմ: Չորս գնդակ են խփել: Երեքը մի ոտիս, մեկը` մյուս: Չհաշված` կանտուզիան: Հենց ոտքի կանգնեմ՝ միանալու եմ տղերքին:
ՍՈՆԱ — Ասա` մինչև այդ պատերազմը վերջանա:
ԿԱՄՈ — Ես էլ պատերազմը չեմ սիրում, բայց թշնամուն չեմ ներելու: Թե կռվի մեջ խփեին` ոչինչ: Գնում էինք, որ իրանց առաջարկով հրադադարի մասին բանակցեինք: Մոտներս զենք չկար: Մտանք չեզոք գոտի ու դեռ իրանց չհասած` կրակեցին: Գագոն ու Վահանը տեղում մնացին, իմ ոտքերը վիրավորվեցին: Հինգ ժամ արնաքամ լինելով մնացի մերոնց ու նրանց կրակի արանքում: Էդ ժամանակ կողքիս սնարյադ տրաքեց ու Աստծուց էր, որ թմբի տակ էի: Էրեխեքիս բախտից էր, որ մարմինս բզիկ-բզիկ չեղավ: Մենակ կանտուզիա ստացա:
ՍՈՆԱ — Բա ո՞նց ողջ մնացիր:
ԿԱՄՈ — Իրիկվա դեմ տղերքը մի կերպ դուրս հանեցին կրակի տակից…
ԱՄԱՅԻ — (բակի խորքից): Կա՜մո:
ԿԱՄՈ — Հա՜, ցավդ տանեմ:
ԱՄԱՅԻ — Մեկը լինի` քո ցավը տանի: Արի դեղերդ խմի…
ԿԱՄՈ — Գալիս եմ, Ամայի ջան: (Հենակների վրա ցատկելով մտնում է ներս:)
Սոնան մնում է մենակ, ականջը` կրակոցի մեկ ուժեղացող, մեկ թուլացող ձայներին: Ցանկապատի վրայով բակ է ցատկում Արսենը, նկատելով կնոջը՝ անակնկալից քարանում է, հետո կարգի է բերում շորերն ու քայլում է նրա կողմը: Ամային քանդում է Կամոյի վիրակապը: Կամոն տնքում է:
ԱՄԱՅԻ — Ցավե՞ց: Դիմացի, բալա ջան, դիմացի:
ԿԱՄՈ — Չէ, Ամայի ջան, հեչ էլ թե չի ցավում: Դու ինձ մի նայի, քո գործն արա: (Կամաց:) Ջահելը էս կնոջը տեսել, խփնվել է:
ԱՄԱՅԻ — Ի՞նչ իմացար:
ԿԱՄՈ — Աչք ունեմ, Ամայի ջան:
ԱՐՍԵՆ — Բարև ձեզ: (Բարևում է ընդհանուր և մոտենում է Սոնային:)
ՍՈՆԱ — Բարի լույս: (Ակնարկելով կրակոցները:) Այնտեղի՞ց ես գալիս:
ԱՐՍԵՆ — Ճիշտ այդպես: Մի րոպեով եկա:
ՍՈՆԱ — Ի՞նչ կա:
ԱՐՍԵՆ — Մերոնք թխում են:
ՍՈՆԱ — Երևանի՞ց ես:
ԱՐՍԵՆ — Ի՞նչ իմացաք:
ՍՈՆԱ — Իմացա, էլի:
ԱՐՍԵՆ — Դուք է՞լ եք քաղաքից: Էն ժամանակ չկարողացա կարգին ծանոթանալ:
ՍՈՆԱ — Այո: (Գրպանից հանում է ձայնագրիչը:) Պատմեք ձեր մասին:
ԱՐՍԵՆ — (անակնկալի եկած): Ի՞նչ պատմեմ… Ծնվել եմ Երևանում, 1976 թվականին, անունս Արսեն է, ավարտել եմ դպրոցը, ընդունվել եմ համալսարան, առաջին կուրսեցի եմ: Երկու ամիս սովորել եմ ու եկել եմ Ղարաբաղ: Հիմա կռվում եմ: Բայց ինչի՞ եք ձայնագրում:
ՍՈՆԱ — Ռադիոյի համար:
ԱՐՍԵՆ — Հա՜… Բայց դուք շատ գեղեցիկ եք:
ՍՈՆԱ — Դա ասելու համա՞ր եք դիրքը թողել:
ԱՐՍԵՆ — Դիրքը չեմ թողել, հրամանատարն է ուղարկել, որ Ամայուն զեկուցեմ իրավիճակի մասին: (Մոտենում է Ամայիին:) Ամայի ջան, Սիմոնն ասաց, որ ամեն ինչ կարգին է, չանհանգստանաս:
ԱՄԱՅԻ — (ոտից-գլուխ նախ Արսենին է չափում, հետո Սոնային, դեղն ու վիրակապերն տանում է ներս, հետո դուրս է գալիս, հավաքում պարանին փռած չորացած վիրակապերը: Սոնային:) Բալա, տեսնում եմ՝ պարապ ես, օգնիր:
ՍՈՆԱ — (Ամայիի հայացքից զգաստացած): Ասա, Ամայի ջան:
ԱՄԱՅԻ.- Մի էս արյունոտ բինտերը լվա: Նորը չկա… (Արյունոտ վիրակապերով ամանը տալիս է Սոնային:)
ՍՈՆԱ — (փորձում է ցույց չտալ, որ զզվում է: Ինքն իրեն հանդիմանելով): Ի՞նչ ես շշմել, արյուն է, էլի: (Սկսում է լվանալ:) Էսպիսի բան մեկ էլ Հայրենական պատերազմի ժամանակ են արել՝ օգտագործած վիրակապերը լվացել ու նորից են օգտագործել:
ԱՐՍԵՆ — (մոտենալով Սոնային): Իսկ ձեր անունն ի՞նչ է:
ՍՈՆԱ — Ինչի՞դ է պետք անունս: Դասից փախել ես, որ կռվես: Հիմա էլ կռվից փախել ես, որ անո՞ւնս իմանաս:
ԱՐՍԵՆ — Ո՞վ է կռվից փախել: Թշնամուն լցրինք ձորը, փախավ: Սիմոնն էլ ինձ ուղարկեց, որ գամ, Ամայուն ասեմ` չանհանգստանա, ամեն ինչ լավ է: Իսկ դո՞ւք…
ՍՈՆԱ — (ձեռքը սրբում է ու պարզում է նրան): Լա՜վ, մի նեղացիր: Անունս Սոնա է:
ԱՐՍԵՆ — Սոնա՜, ինչ լավ անուն է: Նո՞ր եք ավարտել համալսարանը:
ՍՈՆԱ — (ծիծաղում է): Քսան տարի առաջ:
ԱՐՍԵՆ — Ի՞նչ: Չի՜ կարող պատահել: Դուք… դուք…
ՍՈՆԱ — Կյանքում ինչ ասես պատահում է, դա ի՞նչ է, որ չի կարող պատահել:
Սոնան վիրակապերն փռում է պարանին ու մտնում է տուն: Արսենը կարճ երկընտրանքից հետո մի ցատկով անցնում է ցանկապատը: Կամոն զարմացած նայում է Արսենի հետևից, զենքը դնում է նստարանի վրա, հենակների վրա ցատկոտելով գնում է տան կողմը: Հայտնվում է Արսենը՝ այս անգամ հանդիսավոր բանջարանոցի դռնակով, ձեռքին նոր քաղած սոխի կապուկ է:
ԱՐՍԵՆ — Տիկին Սոնա՜… Սոնա՜:
ՍՈՆԱ — (ներսից): Լսո՜ւմ եմ:
ԱՐՍԵՆ — Ձեզ մի րոպեով կարելի՞ է:
ՍՈՆԱ — (դուրս է գալիս): Ասեք:
ԱՐՍԵՆ — Ա՜յ… (Նրան է պարզում սոխի կապուկը:)
ՍՈՆԱ — Էդ ի՞նչ է:
ԱՐՍԵՆ — Սողան: Ղարաբաղի բարբառով:
ՍՈՆԱ — Սոխն ի՞նչ անեմ առավոտ կանուխ:
ԱՐՍԵՆ — Տե՛ս, ինչ գեղեցիկ, մաքուր ու անարատ է առավոտվա սոխը: Ցողը վրան, ուղիղ, մատղաշ: (Սոնան նրա ձեռքից վերցնում է կապուկն ու ուշի- ուշով նայում:) Մեղքս գալիս էր, որ քաղեի: Նրա համար ոչ պատերազմ կա, ոչ արյուն, ոչ թշնամի:
ՍՈՆԱ — (հոտ է քաշում սոխից): Արսեն, դու խենթ ես: Այնպես ես ներկայացնում, կարծես քաղածդ ոչ թե սոխ է, այլ ծաղկեփունջ:
ԱՐՍԵՆ — Ի՞նչ տարբերություն: Սոխն էլ է գիշերը մաքրագործվում, կակաչն էլ, մեխակն ու ձնծաղիկն էլ: Գիշերվա ցողը դնում է բույսի վրա, նրա միջից քաշում, հանում է հողի, արևի, ջրի ու օդի հետ մտած չարությունն ու միայն բարին է մնում բույսի մեջ: Առավոտվա սողանը ծաղկի արժեք ունի, մի բան էլ` ավելի:
ՍՈՆԱ — Դու բանաստեղծություններ չե՞ս գրում:
ԱՐՍԵՆ — Ի՞նչ իմացաք…
ՍՈՆԱ — Հիմա էս սոխը պահեմ որպես ծաղկեփո՞ւնջ, թե՞ կարելի է նաև ուտել:
ԱՐՍԵՆ — (գտնում է ելքը): Կարևորը նվիրելու առաջին պահն է, հետո… հետո ինչ էլ լինի` ոչինչ: Սինձը ճանաչո՞ւմ ես: Վայրի բույս է, բայց լրիվ ուրիշ համ ունի: Ծաղկած ժամանակ սինձը համ ծաղիկ է, համ էլ ուտելիք: (Նայում է սոխ ուտող աղջկան, մոտենում է դաշնամուրին, սկսում է ծնգծնգացնել, մեկուսի:) Խեղճ մորդ հոգին դուրս եկավ քեզ համոզելով, որ դաշնամուրի գնաս: Գնացիր մի տարի ու Բախը քեզ հոգնեցրեց:
Կրկակոցների ձայն: Տնից դուրս է գալիս Կամոն, նստում է, հենակները դնում է կողքին, ինքանձիգը՝ ծնկներին:
ՍՈՆԱ — (մոտենալով Կամոյին): Ասա` պատերազմը շուտ ավարտվի:
ԿԱՄՈ — (սրտնեղած): Շուտ ավարտվի, շուտ ավարտվի… Էնպես ես ասում, ոնց որ հիմի էլ ենք մենք պարտվում: Թող ջարդեն, էլի՛: Թող մի լավ խփենք, որ ցավի հիշողությունը թշնամու միջով անցնի մի քանի սերունդ ու շարունակվի: Թե չէ` ավարտվի, հա ավարտվի: Կասես՝ մենք ենք սկսել: (Զգացնել է տալիս կոնտուզիան: Ծոցագրպանից հանում է կիսաջարդված տղա տիկնիկ:) Գիտե՞ս ինչ ա:
Արսեն դաշնամուրի մոտ կանգնած նայում է:
ՍՈՆԱ — Ի՞նչ է:
ԿԱՄՈ — Չե՞ս տենում:
ՍՈՆԱ — Տեսնում եմ, տիկնիկ է:
ԿԱՄՈ — Գիտե՞ս՝ ընչի եմ պահել… Մտածում էի, խելք ունես, դու էլ ես մյուսների նման: Չե՛ք հասկանում: Ամերիկայի զորքերը Վիետնամի պատերազմի ժամանակ կուկլա էին քցում վիետնամցիների գյուղերի մեջ: Բայց հո կուկլա չէ՞ր, մեջը ռումբ էր դրված: Վա՜յ վեկալողին:
ՍՈՆԱ — Այդպես եղել է Վիետնամում, բայց Ղարաբաղի հետ ի՞նչ կապ ունի:
ԿԱՄՈ — (չլսելով): Էս կուկլեն Քարակապից գտա: Էդ ժամանակ հըլը վիրավոր չէի ու ամեն օր ման էի գալի տնետուն, որ դատարկված տները մարդու բացակայություն չզգային ու հուսահատությունից չքանդվեին: Հենց էդ ժամանակ էր, որ մանկապարտեզի հայաթից էս դաշնամուրը բերեցինք: Կրակի տակ էր, ասինք` ափսոս է: Կուկլեն էլ գտա մի տան հայաթից: Մտածեցի` կարո՞ղ ա էս էլ Վիետնամի կուկլեքից ա: Կռացա, վերցրեցի, տեսա` չէ, ու հմի պահում եմ:
ՍՈՆԱ — (աննկատ անջատելով ձայնագրիչը): Հետո՞:
ԿԱՄՈ — Գիտե՞ս ընչի եմ պահում… (Արագախոս:) Տանելու եմ աղջկաս, արդեն տասնչորս տարեկան ա, մի քանի տարի հետո մարդու պտի էթա ու մարդու էթալուց առաջ լավ կլինի` սրանով խաղա:
ՍՈՆԱ — Ինչի՞:
ԿԱՄՈ — Ինչի՞, ինչի՞… Չե՞ս հասկանում, որ էսի պատերազմ տեսած կուկլայա, վառոդի հոտ առած: Աղջիկը որ սրա հետ խաղա, ամուսնանալուց հետո տղա կունենա: Ու էդ տղեն գեներով էկած քաջություն կունենա: Էդ քաջությունը ո՞ւմ ա հարկավոր: Զինվորի՛ն: Զարմացած մի նայի: Հայի ու թուրքի կռիվը ոչ նոր ա սկսվել, ոչ էլ էդքան շուտ պրծնելույա: (Հենակներին հենված կռվում է երևակայական թշնամու դեմ:) Արա՛, ինձ Կամո կասեն, արա՜: Ընենց Վիետնամ անեմ ձեր մորը, որ մինչև մահ ու գերեզման չմոռանաք…
Սոնան կարկամել է, Արսենը վազում է Ամայուն կանչելու, բայց նա արդեն մոտենում է Կամոյին:
ԱՄԱՅԻ — Վա՜յ, կուրանա մերդ, Կամո տղա, վա՜յ, կուրանամ ես… (Արձակում է մահապարտի գլխաշորը, շոշափում իրեն հայտնի երակները:) Բալա, գնանք տուն, մի քիչ պառկի, արի, քո մոր լուսը քոռանա, քոռանա քեզ էսպես դարձնողի լուսը… Արի:
Ամային ինքնաձիգը տալիս է Արսենին, նա ակամա փոխանցում է Սոնային:
ՍՈՆԱ – Ինչո՞ւ ինձ տվեցիր, ի՞նչ անեմ…
ԱՄԱՅԻ — (Արսենին կանխելով): Տանը պահի, որ ձեռքը չընկնի, մինչև խելքը գլուխը գա: Տղերքն ուզեցին դիրք տանեն, չտվեց, թե իմ զենքից բաժանվողը չեմ: Ու տես հիմի…
Սոնան ինքնաձիգը տանում, վերադառնում է:
ԿԱՄՈ — (ասես արթնանալով քնից): Ամայի՞… հա, մեր ջան… ախր, մեր քրոջ հետ կարևոր բաներից ենք խոսում: Մեր քուրը էս ձայնագրիչի մեջ մեր արածներն ա գրում… թող մի էրկու բան էլ պատմեմ` հետո կեթամ, կպառկեմ:
ԱՄԱՅԻ — Ախր, բեզարել ես, բալա:
ԿԱՄՈ — (լիովին ուշքի եկած ): Այ Ամայի, էնպես ես ասում, կասես տղերքի տեղ ես եմ կռիվ տալի: Ես ձրի հացակեր եմ, թող գոնե մեր Սոնային օգուտ տամ: (Սոնային.) Ի՞նչ կասես, քուր: (Սոնան անորոշ ժպտում է: Ամային քաշվում է մի կողմ:) Երբ ընկերոջս խփեցին, աչքերիս դեմը սևացավ, ոտքի թռա՝ ուղիղ թշնամու վրա: Չեմ իմացել, ոնց եմ դուրս թռել դիրքից: Տղերքը թռան հետևիցս, զարկեցինք: Թուրքը հոր հարսանիքը հիշեց: (Տեսնելով, որ Սոնան միացրել է ձայնագրիչը:) Էդ ի՞նչ ես անում, էլի ձայնագրո՞ւմ ես: Մեկ ասում ես` հետո, մեկ էլ գաղտնի…
ՍՈՆԱ — (չնկատելու տալով նրա նեղվածությունը): Լավ ես պատմում:
ԿԱՄՈ — Ո՜նց էի մոռացել, որ թղթակից ես:
ՍՈՆԱ — Լավ, անջատում եմ: (Նկատելով, որ Կամոն անսպասելի քնել է, անջատում ձայնագրիչը:)
ԱՐՍԵՆ — Ես գնացի, տղերքը սպասում են: (Հեռվից:) Սոնա՜, միևնույն է, գեղեցիկ ես:
ԿԱՄՈ — (բացում է աչքերը, ժպտալով): Խեղճ էրեխեն սիրահարվել է:
ՍՈՆԱ — (նրան դուր է եկել Արսենի վերաբերմունքը, ժպտում է, բայց կեղծ զայրույթ է ցույց տալիս): Գնա՜, խենթ տղա: (Մեկուսի:) Եթե իմանայիր, ո՜նց եմ սիրում Սամվելին, հաճոյախոսություն չէիր անի: Եթե Սամվելն իմանար, թե իրեն ո՜նց եմ կարոտել, չէր հեռանա ինձնից, չէր գա էստեղ: Գիտեմ, որ սիրում է հայրենիքը, բայց գիտեմ նաև, որ պատերազմ է եկել ինքն իրենից հեռանալու, ինձնից հեռանալու, ծնողների` իմ մասին անընդհատ չարչրկող բամբասանքներից հեռանալու համար…
ԱՐՍԵՆ — (ավելի հեռվից): Սոնա՜, ես քեզ սիրեցի:
Սոնան ժպտում է անորոշ: Տնից դուրս է գալիս Ամային, ձեռքին բրինձով լիքը սկուտեղ է, որը դնում է Սոնայի կողքին:
ՍՈՆԱ — Էդքան բրինձն ինչի՞ ես մաքրում:
ԱՄԱՅԻ — Ասում եմ` քիչ կլինի:
ՍՈՆԱ — (աննկատ միացնում է ձայնագրիչը): Ո՞ւմ համար քիչ կլինի: Մենակ դու էդքանն ուտելո՞ւ ես:
ԱՄԱՅԻ — Վա՜յ, աղջի, բա տղե՞րքը:
ՍՈՆԱ — Տղերքին ճաշ չե՞ն տալիս:
ԱՄԱՅԻ — Իրանք են էփում, բայց տղամարդու էփած ճաշն ի՞նչ ա: Զինվորին մոր ձեռի հաց ա պետք: (Այլ տոնով:) Աղջի, քեզ ինչի՞ ես բացել: Էսքան տղամարդու մեջ ծնկներդ ինչի՞ ես բացել:
ՍՈՆԱ — (փեշը ներքև քաշելով): Ի՞նչ անենք, ծունկ է, էլի…
ԱՄԱՅԻ — Ախր, էդ տղամարդիկ են մեղք, թշնամո՞ւն դիմադրեն, թե՞ քեզ:
ՍՈՆԱ — (ծիծաղելով): Համ ինձ, համ թշնամուն:
Ամային գնում, իր հին շորերը բերում, տալիս է Սոնային:
ԱՄԱՅԻ — Առ, հագդ գցի… ամոթ է:
ՍՈՆԱ — (շորերը դնում է մի կողմ): Ամայի ջան, հետո կհագնեմ: (Սկուտեղը դնում է ծնկներին, բայց ձեռքերը դողում են ու բրինձը մի քիչ թափում է:) Վա՜յ…
ԱՄԱՅԻ — (չնկատելու տալով նրա վրիպումը): Մենք մեր ժամանակին շատ նեղություն տեսանք, ասինք՝ գոնե ջահելներն ապրեն, բայց Սստված հայի ամեն սերունդի պատերազմ է տեսցնում, որ հայը զենք բռնելը չմոռանա: Մոռացավ` տուն ու տեղից կզրկվի, մոռացավ` ո՛չ կյանքի տերը կլինի, ո՛չ հայրենիքի:
Դադար:
ՍՈՆԱ — (ցույց է տալիս Սամվելի լուսանկարը): Ամայի, ճանաչո՞ւմ ես:
ԱՄԱՅԻ — (նայում է ուշադիր): Հո՞վ ա…
ՍՈՆԱ — Ամուսինս է, Ամայի ջան, տեսած կա՞ս: Ասում են` էստեղ է եղել:
ԱՄԱՅԻ — Սամոն է, աղջի, Մահապարտ Սամո են ասում: Էն Լոպազ Դավիթն էլ անունը Լևիտան է դրել: Էստեղ էր, բայց գնացել է: Չիմացա` ինչի՞ գնաց, կամ ուր: Չիմացա` Սիմո՞նը տեղ ուղարկեց, թե՞ ինքն իրանով գնաց: Չիմացա: (Զգացվում է, որ ավելին գիտի, քան ասում է:) Ո՞վ գիտե, գուցե Սիմո՞նը մի բան իմանա:
ՍՈՆԱ — (լուսանկարը դնում է գրպանը, վեր է կենում տեղից): Ես գնացի:
ԱՄԱՅԻ — Ո՞ւր:
ՍՈՆԱ — Դիրքերը: Տղերքի մոտ:
ԱՄԱՅԻ — Վա՜յ, կնկա տեղը դիրքերում չի: Կինը պիտի սպասի, պիտի համբերություն դառնա ու սպասի:
ՍՈՆԱ — Երևանից էստեղ եմ հասել, որ ձեր տանը նստեմ-մնա՞մ: (Գնում, հետո վերադառնում է:) Նոր պիտի ամուսնանայինք, բայց բաժանվեցինք… Էդ ժամանակ մի անգամ ամուսնացած էի ու բաժանված: Առաջին ամուսնության ժամանակ երեխա չունեցանք: Մեղքն ինձ վրա գցեցին… Բաժանվեցինք:
ԱՄԱՅԻ — Վո՜ւյ հող գա գլխիս, էս ի՞նչ ես ասում, ախչի:
ՍՈՆԱ — Սամվելի հետ ռադիոյում էինք աշխատում: Ինձանից հինգ տարով փոքր էր, բայց… իրար սիրում էինք: Ծնողները համաձայն չէին, որ իրենց տղան բաժանված կնոջ հետ ամուսնանա: Ամեն առիթով խառնվում էին… Չգիտեմ որտեղից էին իմացել, որ չբեր եմ, ամեն առիթով աչքս էին խոթում: Սամվելի կյանքն էնքան կերան, որ թողեց հեռացավ: Ասենք, թույլ էր, իր ներսում ամուր չէր: Ինքը չէր որոշողը, այլ մերը…
ԱՄԱՅԻ — Ամա՛ն…
ՍՈՆԱ — Քանի քաղաքում էր, դիմանում էի, երբ իմացա, որ կռիվ է եկել… Գործուղում վերցրեցի ու առաջին ուղղաթիռով հասա Ղարաբաղ: Հիմա դիրքից-դիրք, ջոկատից-ջոկատ Սամվելին եմ ման գալիս: Դու իմ մերն ես ու քեզ ասում եմ` առանց Սամվելի ապրել չե՛մ ուզում ու չեմ կարողանա: Էս շորը նրա սիրածն էր: Շա՜տ էր սիրում, որ հագնում էի… Թե տեղը գիտես կամ լուր ունես` ասա…
ԱՄԱՅԻ — (շփոթված): Չէ, բալա, չէ… (Սոնան հեռանում է: Խաչակնքում է նրա հետևից:) Աստված պահպանի: Իրեն մոռացած` մարդու հետևից է էկել: Ո՞վ կհասկանա սիրող կնկա սիրտը: Թե հասկանա` մենակ էդ սիրտն Ստեղծողը:
Տեսարան 2
Բեմի կենտրոնում խրամատն է: Տղաներից ամեն մեկն իր դիրքում է: Կրակոց չկա, բայց տղաներն աչալուրջ են: Մարգարը նստել է գնդացրի մոտ: Դավիթը սրինգ է նվագում: Ավարտվում է նվագը:
ՄԱՐԳԱՐ — Տրուբա՛, ա՜յ Տրուբա: (Կորյունը ձայն չի հանում:) Արա, Կորյո՜ւն:
ԿՈՐՅՈՒՆ — Հը՛:
ՄԱՐԳԱՐ — Ինչի՞ ձեն չես հանում: Գիտեմ, որ ականջներիդ մեջ բամբակ կա, բայց հո չե՞ս խլացել:
ԿՈՐՅՈՒՆ — Ի՞նչ ասեմ: Քո ամեն ասածին որ պատասխանեմ…
ՄԱՐԳԱՐ — Ուրեմն ախպորս ասեմ… (Որևէ մեկին չդիմելով:) Էն ժամանակն էր, որ թուրքերը գնում էին Հայաստանից: Բարձում էին ունեցած-չունեցածներն ու գնում: Մի մասը հայ էր ձևանում: Ի՞նչ անեինք, որ իմանայինք՝ անցնողը Հայաստանում ապրող թու՞րք է, թե հայ: Ու ձևը գտանք: Կանգնեցնում էինք ու հարցնում` ասա տրուբա: Ոչ մի թուրք տրուբա ասել չի կարողանում: Ասում են թուրուբա: (Քրքջում է:) Թուրուբա, ա՜յ Թուրուբա…
ԴԱՎԻԹ — Արա, զզվեցրիր, կռիվդ արա, էլի, տրուբա, հա տրուբա…
ՄԱՐԳԱՐ — Լոպազ, սուս: Կորյուն… ա՛յ Կորյուն:
ԿՈՐՅՈՒՆ — Ա դե հը՛…
ՄԱՐԳԱՐ — Տանը մեծ հայելի ունե՞ք:
ԿՈՐՅՈՒՆ — Հա ինչի՞:
ՄԱՐԳԱՐ — Որ գնաս տուն, կկանգնես դեմն ու ուշադիր կնայես: Էնքան ես կրակելիս բերանդ բացել, որ հիմի բերանդ բաց ես ման գալիս:
Ծիծաղ է պայթում: Սիմոնն էլ է թույլ ժպտում:
ԿՈՐՅՈՒՆ — (գլուխը հանում է խրամատից, ձայն տալիս թուրքի կողմը): Ահմա՜դ, այ Ահմադ, Մահմադ բուդա դը՞ր… (Ահմադ, այ Ահմադ, Մահմադն ո՞ւր է):
ԹՈՒՐՔԻ ՁԱՅՆ — Վազգե՜ն, ա՜յ Վազգեն… Իցի սյութա՜, սուկա…
ԿՈՐՅՈՒՆ — Վա՜յ, ես քո հավատն անիծեմ, Ահմադ, դու Ղարաբաղում ո՞ւմ ես կորցրել, որ էկել ես: Թե բռնեցի, մեծ կտորդ ականջդ եմ թողնելու, իմացիր:
ՍԻՄՈՆ — Վերջ տուր… զենքդ ստուգիր:
ԿՈՐՅՈՒՆ — (կատակի տալով): Միշտ պատրաստ, կամանդիր ջան:
Թուրքերից մեկի նյարդերը տեղի են տալիս, կրակում է: Տղաները պատասխանում են: Մարտ է սկսվում: Տղաներն սկզբում չեն նկատում, որ խրամատ է մտել Սոնան: Նա վախեցած է, բայց աշխատում է ցույց չտալ:
ՄԱՐԳԱՐ — (մարտը չդադարեցնելով): Վա՜յ, էս ի՞նչ եղնիկ է: Անուշ ջան, դու ո՞ւմն ես:
ՎԱՀՐԱՄ — Վո՜ւ-յի…
Սոնան կուչ է եկել` երկու ձեռքով գլուխը բռնած: Սիմոնը հայացքով սաստում Մարգարին, վտանգավոր դիրքից կնոջը քաշում է մի կողմ` խրամատի խորքը:
ՍԻՄՈՆ — Մի վախեցեք, մի վախեցեք, կռացեք:
ՍՈՆԱ — Արդեն չեմ վախենում:
ՍԻՄՈՆ — (աչքը մարտադաշտից չկտրելով): Էլի դո՞ւք եք, ի՞նչ գործ ունեք էս Սոդոմ-Գոմորի մեջ:
ՍՈՆԱ — Այն ժամանակ չհասցրեցինք, հիմա ծանոթանանք, Հանրային ռադիոյի թղթակցուհի Սոնա Բարսեղյան:
ՍԻՄՈՆ — Քո պետն ինչո՞ւ ինքը չի եկել, որ քեզ է ուղարկել էս կրակի բերանը: Գոնե մարտի ժամանակ չգայիք…
ՍՈՆԱ — Երբ եկա, կրակոց չկար:
ԱՐՍԵՆ — (մոտենում է): Ամայու տանն է ապրում, կամանդիր, գիտես:
ՍԻՄՈՆ — (արդեն ներողամիտ): Ասացիր՝ անունդ ի՞նչ է:
ՍՈՆԱ — Սոնա:
ՍԻՄՈՆ — Թոռնիկիս անունից է… Ասում ես` ինչի ես եկել դիրքե՞ր:
ՍՈՆԱ — Լուր տանելու: Աշխարհը ձեզնից լուր է ուզում իմանալ: Ձեր մայրերը, կանայք, երեխաներն ու թոռները լուր են ուզում իմանալ: Դրա համար էլ եկել եմ: (Միացնում է ձայնագրիչը:) Պատմեք վերջին մարտի մասին:
ՍԻՄՈՆ — Ի՞նչ պատմեմ, այ բալա: Կռիվ է, էլի… Դավի՜թ:
ԴԱՎԻԹ — (վազելով մոտենում է): Հա, կամանդիր:
ՍԻՄՈՆ — Էս աղջկա հետ խոսիր: Պատմիր, թե ոնց ենք կռվում… ինչ ուզում ես, պատմիր: Գիտես, որ կարգին խոսել չգիտեմ:
ԴԱՎԻԹ — Ոնց ասես: (Սոնային.) Արի քեզ պատմեմ գնդակների տակ պարելու իմ պատմությունը:
ՄԱՐԳԱՐ — (աչքով է անում): Գնա՜ց կաշը…
ՍՈՆԱ — (միացրել է ձայնագրիչը): Պատմի՛ր, Դավիթ:
ԴԱՎԻԹ — Գրական խոսե՞մ:
ՍՈՆԱ — Ոնց հարմար է:
ԴԱՎԻԹ — Ուրեմն, քվորս ասեմ, Ղարաբաղում գարունը շուտ է բացվում, ծառերը ծաղկում են այնպես, ասես սիրահարված աղջկա անուշ ժպիտ լինեն, նրանց բույրը տարածվում է և օդը լցվում է ծաղկափոշու հոտով:
ՄԱՐԳԱՐ — Ինչ էլ բառապաշա՜ր ունի մեռածը…
ԴԱՎԻԹ — (անտեսելով նրան): Թշնամին կրակում էր խելագարի պես: Իսկ մենք գնդակ չէինք փչացնում, զինամթերքը խնայում էինք: Ախր, ամեն գնդակը մեր ժողովրդի լղար մարմնից էր պոկվում: Մնացինք այդպես երկու ժամ: Ուզում էի գոռալ, ուզում էի մի ցատկով դուրս գալ խրամատից, հասնել թուրքին, բռնել կոկորդն ու էս ձեռքերովս խեղդել: (Ձեռքերը առաջ է մեկնում, ասես ուզում է բռնել Սոնայի կոկորդը: Սոնան ետ է քաշվում ժպտալով:) Սպասեցի էլի մի քիչ ու դարձա Սիմոնին. «Արի անսպասելի հարձակվենք: Թուրքը կարծում է, թե խեղճացել ենք, չի սպասում մեր հարվածին»: Սիմոնը թե` չէ, զոհ կտանք: Ասի` թե զոհ ենք տալու, էդ միակ զոհը թող ես լինեմ, էլ չեմ համբերում, չեմ կարող թուրքի առաջ էսքան խեղճանալ: Ասի ու ինձնից անկախ դուրս թռա խրամատից: Գնդակների տակ սկսեցի պարել…
ՍՈՆԱ — Չվախեցա՞ր:
ԴԱՎԻԹ — (aվելի է ոգևորվում): Չէ, էնքան կատաղած էի աշխարհի, թշնամու, Սիմոնի ու իմ վրա, որ վախ չկար: Համ էլ գնդակը վախենում է քաջից:
ՄԱՐԳԱՐ — Քաջից չէ, շաշի՛ց: Մորդ աղոթքը պահեց քեզ, ոչ թե քաջությունդ:
ՍՈՆԱ — Հետո՞:
ԴԱՎԻԹ — Հետո Արսենը դուրս թռավ խրամատից, ինձ պառկեցրեց գետնին: էրեսս կպավ հողին, քթիցս արուն էկավ: Էնպես որ, Արսենին մի կյանք եմ պարտք, ինքն էլ՝ արնոտ քիթ:
ԿՈՐՅՈՒՆ — Էդպիսի խելառությամբ թուրքին չես հաղթի:
ԴԱՎԻԹ — Ախպեր ջան, որ մարդը խելառ չլինի, ո՞նց կդիմանա էստեղ: Ուրիշներն առուտուր են անում, Հայաստանի ունեցած-չունեցած պղինձը հավաքում, տանում, ծախում են թուրքերին, որ թուրքը գնդակ սարքած կրակի մեզ վրա, իսկ մենք թուրքի դեմ կանգնում ու հայրենիք ենք պահում:
ՍՈՆԱ — Բայց…
ԴԱՎԻԹ — Քուրս, թող ասելիքս ավարտեմ: Բայց, որ ասեն` քեզ մի բեռ ոսկի ենք տալիս, Արցախը թող, արի Էրևան, չեմ գնա:
ՍՈՆԱ- Ինչո՞ւ:
ԴԱՎԻԹ — Էս Քարակապ գյուղը, գյուղի սուրբը դարձած Ամայուն ո՞նց թողնեմ թուրքի բերան, գնամ առոք-փառոք կյանք անեմ:
ՄԱՐԳԱՐ — Լոպազ, էն ջրհորի պատմությունը պատմի:
ԴԱՎԻԹ — Ի՞նչ ես կպել` պատմի, հա պատմի, կարո՞ղ ա, պատմածներիս մեջ սուտ բան կա: Թե սուտ կա, ասա, թե չէ` լոպազ: Լոպազը մորքուրդ ա:
ՎԱՀՐԱՄ — Վերջացրեք, արա՛:
ԿՈՐՅՈՒՆ — Այ Դավո ջան, բանի տեղ մի դիր: Կարկուտն ա, առանց մտածելու
խոսում ա:
ՍՈՆԱ — Էդ ի՞նչ ջրհորի պատմություն է:
ԴԱՎԻԹ — (տրամադրությունն ընկել է): Լավ, այ քուր, թող մնա հետո:
ԱՐՍԵՆ — Սոնա ջան, Դավիթը հո մի պատմություն չունի՞, որ պատմի: Շատ կա ու բոլորն էլ՝ ճիշտ:
ԴԱՎԻԹ — Մենակ էս ջահելի բերանը դուզ խոսք կա, թե չէ բոլորդ…
Տեսարան 3
Ամայիի տան բակը: Ամային ափսեները շարում է սեղանին, լվացած զինվորական շորերն ու վիրակապեր փռում է պարանին ու գործն ավարտելով՝ կանգնում է սեղանի մոտ: Տնից դուրս է գալիս Կամոն, հենակների վրա ցատկոտելով մի կերպ հասնում ու նստում է:
ԿԱՄՈ — Սոնան ո՞ւր գնաց, Ամայի:
ԱՄԱՅԻ — Դիրքեր: (Մեկուսի:) Էդ աղջիկն ի՞նչ էղավ:
ԿԱՄՈ — Ամայի ջան, քո իսկական անունն ի՞նչ է:
ԱՄԱՅԻ — Հերիքնազ:
ԿԱՄՈ — (փորձում է Ղարաբաղի բարբառով խոսել): Բա Ամային հի՞նչ ա:
ԱՄԱՅԻ — Իմ կորած մինուճարը` Գևորգն էր պուճուր ժամանակ ինձ էդպես ասում: Կրճատել էր «Այ մայրիկըե, դարձրել Ամայի: (Մեկուսի:) Տեսնես էրեխես ո՞ր հանդում է, ո՞ր քարի կամ թփի տակ:
ԿԱՄՈ — (ուզում է շեղել տխուր մտքերից): Ճիշտն ասա, ոչ մեկին չեմ ասի, ջահել ժամանակ ըսկի մարդուդ խաբած կա՞ս:
ԱՄԱՅԻ — Սարսա՛ղ, գնդակը ոտքիդ փոխարեն լեզուդ պտի ծակեր:
ԿԱՄՈ — Մարդու չեմ ասի…
ԱՄԱՅԻ — Կամո տղա, իմացիր, որ կյանքում ո՛չ իմ հողին եմ դավաճանել, ո՛չ հավատիս, ո՛չ մարդուս: Ու մեկ էլ թե էդպիսի բան ասես, շատ կնեղանամ քեզնից:
ԿԱՄՈ — Լա՜վ, մի նեղանա, կատակ էր:
ԱՄԱՅԻ — Նեղանալը չնեղացա, բայց մի բան պատմեմ: Մինչև էսօր էդ պատմության տերը սրանք են եղել (ցույց է տալիս շուրթերը), բայց հիմի էդ պատմությունը ոչ ոքի վնասել չի կարող: Թևանի անունը լսած կա՞ս: Թևան Ստեփանյանի… (Կամոն գլխով է անում:) Թուրքն ի՜նչ խաղ ասես խաղացել էր, որ ղարաբաղցուն խաբեր, համոզեր ու Ղարաբաղը գրավեր: Տեսավ, որ համոզելով բան չի դուրս գալիս, ուժով էկավ: Բայց մեր տղամարդիկ ոտքի ելան, Թևանի հետևից գնացին: Մեր ձորի գյուղերից քշեցին թուրքերին: Ջահել հարս էի` 17 տարեկան: Բժշկելը փոքրուց էի սովորել տատիցս: Էս ամբողջ ձորն ինձ գիտեր: Գևորգիս հերը Թևանի հետ էր ու ես մենակ էի տանը: Վախ չունեի, դուռս միշտ բաց էր: Թե Տերը մեկին բժշկելու շնորհք է տալիս, նա պիտի գոհություն հայտնի ու էդ շնորհքը ծառայեցնի մարդկանց…
ԿԱՄՈ — Հետո՞:
ԱՄԱՅԻ — Գիշերվա կեսին դուռը թակեցին: «Դուռը բաց էե,- ասացի: Երեք տղամարդ ներս եկան: Մեկը վիրավոր էր: «Քույրիկ,- թուրքերեն խոսեց տարեցը,- յարալու է ախպերս: Թե նրան փրկող լինի` դու ես: Կռիվը առողջ տղամարդու համար է, վիրավորի համար կռիվը վերջանում է: Օգնիր, ու Ալլահը թող քո նեղյալին հասնի»:
ԿԱՄՈ — Չասի՞ր` Ալլահը ձեր դատաստանն անի, գնացեք:
ԱՄԱՅԻ — Իմ արհեստն է, բժիշկը հայ ու թուրք չի հարցնում… Չերկարացնեմ. վիրավորին թողեցին-գնացին: Թուրքը մնաց: Մահլամ դրեցի, մի շաբաթից ոտքի կանգնեց: Որ թուրքի ասկյար կար տանը, սաղ գյուղը գիտեր, բայց ոչ ոք ոչինչ չէր ասում, քանի որ վիրավորը հաշվից դուրս է… ԿԱՄՈ — Հետո՞:
ԱՄԱՅԻ — Երբ ոտքի կանգնեց, վիրավորից փոխվեց թուրքի ու շնանալու փորձ անեց… մի գիշեր երբ փորձեց… հանեցի, ա՛յ, էս… (Հագուստի տակից հանում է դաշույնը:) Քրքջաց ու շարունակեց իրենը: Տեսա, որ ճարս կտրվեց, էս խանչալը դրեցի կողին ու սեղմեցի սրտի մեջ…
ԿԱՄՈ — Է՞:
ԱՄԱՅԻ — Գիշերով տարա, ձորում հորեցի: Անցավ չորս-հինգ ամիս, ախպերը գիշերով եկավ: Ես սուտ խոսեցի, Կամո տղա: Ասեցի` քո ախպորը բժշկել եմ մի շաբաթում: Ելել է իմ տնից ու էլ երեսը չեմ տեսել: (Սեղանին հաց, պանիր է դնում, կենտրոնում՝ գրաֆինով տնական օղի ու բաժակներ:)
ԿԱՄՈ — Ամայի, հավատա, որ մորս չափ սիրում եմ քեզ: Պատերազմը բարով-խերով վերջանա` քեզ տանելու եմ Էրևան:
ԱՄԱՅԻ — Առանց էս հողի ես չկամ:
ԿԱՄՈ — Մի ամսով եմ տանելու: Տանեմ, մի լավ բիձու հետ պսակեմ ու էրկուսիդ բերեմ, թողնեմ Քարակապում:
ԱՄԱՅԻ — Վերվարած տղա, թե հիմի պսակվեմ, փեսացուն մահը պիտի լինի: Իմ հալիվորի քառասունքը դեռ չի լրացել… Ասենք, ի՞նչ եմ խոսում, քո գլխին խելք չկա:
Ծիծաղում են: Գալիս են Դավիթը, Սոնան, Կորյունն ու Մարգարը՝ զենքերն ուսերին գցած: Տեղավորվում են՝ ով որտեղ: Սոնան ձայնագրում է Դավիթին: Մարգարը գնում է բեմից, հետո բեմ է թռչում կոտրված գլոբուս, հետևից՝ Մարգարը, որ գնդակի պես խաղում է հետը:
ԿՈՐՅՈՒՆ – (միանում է Մարգարին): Էս որտեղի՞ց…
ՄԱՐԳԱՐ — Թփերի միջից գտա… երևի դպրոցի տեղափոխության ժամանակ ձեռքներից պոկվել, ընկել է թփերի մեջ, կամ էլ փչացած է եղել, շպրտել են: Բռնիր: (Հարվածում է:)
ԿՈՐՅՈՒՆ — (որսալով): Բայց արժե՞, որ տշենք…
ՄԱՐԳԱՐ — Դու չգիտե՞ս, որ էս գունդը ուժին է ենթարկվում: Ով ուժ ունի, տիրում է նրան, ով ուժեղ է, տշում է` ոնց ուզի… Դու չտշես, ուրիշն է տշելու, տշի՜…
Կորյունը գլոբուսը շպրտում է ձեռքով, այն հարվածելով Դավթին, գլորվում է նրա ոտքերի տակ:
ԴԱՎԻԹ — Արա, հո էրեխա չե՞ք, թողեք, գործ ենք անում… Լրիվ խելառել եք, արա…
ՄԱՐԳԱՐ — Լավ, լա՜վ… Սոնա ջան, խաղաղ ժամանակ լիներ ու իսկական գնդակ, կտեսնեիր, թե Մարգարն ի՛նչ պրիյոմներ է անում գնդակով: Թե չէ Դավոն… Գո՜րծ եմ անում: Լոպազանում ես, էլի:
ԴԱՎԻԹ – (անտեսելով Մարգարին): Էդ օրը իմ կյանքի ամենասև օրերից մեկն է, բայց հենց էդ օրվա մասին եմ ուզում պատմել: Թե ինչի էր սև՝ կասեմ: (Ամային այս ընթացքում եկել-կանգնել է նրանց կողքին:) Բարով, Ամայի ջան:
ԱՄԱՅԻ — Ինչի՞ ուշացաք: Ի՞նչ կա, տղերքը ո՞նց են:
ԴԱՎԻԹ — Այ քո ցավը տանեմ, միլիցա հո չե՞ս, որ հարցաքննում ես: Հերթով ասեմ. ուշացանք, որովհետև Սիմոնը վախենում էր` թշնամին թիկունքից խփի: Երկրորդն էլ՝ ամեն ինչ լավ է: Երրորդ հարցիդ պատասխանը` տղերքը բողկի պես են: Ես էլ, ըհը՛, էկել եմ, ավելի ճիշտ` մեր քրոջն եմ բերել:
ԱՄԱՅԻ — (Սոնային): Դո՞ւ ինչի սոված-ծարավ քեզ դիրքերը գցեցիր: Մի նշխարք դնեիր բերանդ, նոր:
ՍՈՆԱ — Սոված չեմ, Ամայի ջան: Սիրտս խառնում է, երևի թունավորվել եմ:
ԱՄԱՅԻ — Սոված չե՞ս… Հա՜, քո մոր լուսը կուրանա: Մի բան իմացա՞ր, Սիմոնին հարցրի՞ր:
ՍՈՆԱ — Չէ, ժամանակ չեղավ: Տե՛ս: (Ցույց է տալիս գնդակներից սարքած խաչը:)
ԱՄԱՅԻ — Մեղա՜ Աստծու, էդ չարից ո՞նց են բարի սարքել: (Դավիթին:) Բա տղերքը չե՞ն գալու, փլավը սառեց:
ԴԱՎԻԹ — Էլի նեղությո՞ւն ես քաշել: Տղերքը հաց կերել են, ինչի՞ ես տանջվել:
ԱՄԱՅԻ — Մեղա Աստծու, տղա, ճաշ էփելը տանջա՞նք է:
Սոնան ձայնագրելով, ժպիտը դեմքին հետևում է նրանց խոսակցությանը:
ԴԱՎԻԹ — Մի նեղանա, Ամայի ջան, տղերքը չեն ուզում քեզ չարչարել:
ԱՄԱՅԻ — Մերը տղի համար ճաշ էփի` տանջա՞նք է: Եկեք, նստեք: (Դավիթին նստեցնում է սեղանի մոտ, կանչում է Մարգարին ու Կորյունին: Կորյունը գլոբուսն զգուշությամբ տանում, դնում է դաշնամուրի կողքին ու Մարգարի հետ նստում է սեղանի մոտ:)
Սոնան անջատում է ձայնագրիչը, փորձում է ուտել, չի կարողանում:
ԱՄԱՅԻ — (աչքի տակով հետևում է Սոնային, կես-կատակ): Հերիք ա էլած-չելածդ բաց արած էս տղամարդկանց մեջ դես-դեն ընկնես: Քեզ ասեցի` գնա, մի կարգին շոր գցի հագդ:
Տղամարդիկ ծիծաղում են: Սոնան էլ ծիծաղում ու ներս է վազում:
ԴԱՎԻԹ — Այ մեր, բա դո՞ւ ինչի չես ուտում:
ԱՄԱՅԻ — (գոգնոցի ծայրով թաքուն սրբում է աչքերը): Ա՜յ բալա, Ամայու օրը հասել է: Երկնավոր Տերն ամեն օր ականջիս շշնջում է. «Հերիքնազ, մեղավոր հոգի, օրդ մոտ էե,- ու ես Նրան ամեն օր խնդրում եմ, որ մի քիչ էլ թողնի՝ մնամ էս հողի վրա, գործերս ավարտեմ, ձագերիս նորից բնիս մեջ հավաքեմ, նոր…
Տղաները լուռ ուտում են: Սոնան գալիս է՝ Ամայիի զգեստը հագին: Բոլորը մի պահ դադարում են ուտել ու նրան են նայում: Հետո նայում են Ամայիին ու փռթկում:
ԴԱՎԻԹ — (Սոնային զննելով): Այ, էս ուրիշ հաշի՜վ… չնայած ըսենց էլ վատը չես:
ՄԱՐԳԱՐ — Մի քիչ Ամայի դարձար:
ԿՈՐՅՈՒՆ — Արա, էս խեղճ աղջկանից ի՞նչ եք ուզում: Ամայու շորերը չի հագնում, աչքերով ուտում եք, հագնում ա, ծիծաղում եք: (Սոնային.) Մի վախենա, քուր, քեզ մի ձեռք քո հագով զինվորական շոր կտամ:
ԿԱՄՈ — (բացում է աչքերը, նայում Սոնային ու երգում է): Чучела-мючела…
ԿՈՐՅՈՒՆ — (օղի է լցնում բաժակները): Ամայու քաշած թթի օղին թունդ կլինի: (Կամոյին.) Ախպեր, արի, արի մի բաժակ բան խմենք:
ԿԱՄՈ — Անուշ արեք, տղերք, խմելու սիրտ չկա:
ՄԱՐԳԱՐ — Դո՜ւ գիտես, ախպեր: (Սեղանակիցներին.) Էն անգամ խմեցինք, հարիֆ Էդոն իրեն կորցրել էր: Դաժե իրա անունն էր մոռացել: Էրկու սուտկա քնեց, մինչև խելքը գլուխն էկավ: (Կամոյին.) Քեզ էլ լցնե՞մ մի քիչ:
ԿԱՄՈ — (նայում է Ամայուն): Հը՞…
Ամային գլխի շարժումով հավանություն է տալիս:
ԴԱՎԻԹ — Է՛, ժողովուրդ, ողջ ըլնենք: Մեր գործի հաջողության համար:
ԿԱՄՈ — Քո ասածով:
ՄԱՐԳԱՐ — (Սոնային դուր գալու միտումով): Այ ախպեր, սաղս էլ գիտենք, թե ինչի համար ենք էկել ու գիտենք, թե մեր գործը որն ա: Բայց ես ուզում եմ խմենք էս աղջկա կենացը, որ իր տաք տեղը թողել, էկել, հասել ա էստեղ: Կենացդ, Սոնա ջան:
ՍՈՆԱ — (ամաչկոտ): Լա՜վ, էլի…
ԴԱՎԻԹ — (Սոնային): Ասում ես՝ սիրտդ խառնո՞ւմ է: (Սոնան գլխի շարժումով հաստատում է:) Բա որ թունավորվել ես, ինչի՞ թթի օղի չես խմում: Գիտե՞ս, ոնց է օգնում: Չէ՞, տղերք… (Աչքով է անում սեղանակիցներին:)
ՍՈՆԱ — Հա՞ որ…
ՄԱՐԳԱՐ — Հա, թթի օղին դեղ է:
ՍՈՆԱ — Ախր, կյանքիս մեջ էդպիսի թունդ խմիչք չեմ խմել:
ԿՈՐՅՈՒՆ — Մի օր պիտի փորձեիր` էդ մի օրը թող էսօր լինի:
ՍՈՆԱ — (միանգամից խմում է, շունչը կտրվում է): Էս ի՞նչ էր… սա ո՞նց եք խմում:
ՄԱՐԳԱՐ — Բա՞, պիտի խմեք, որ խմողների ղադրն իմանաք: Հաց կեր:
ԿԱՄՈ — (Դավիթին): Լոպազ ախպեր, մի բան նվագի, լսենք:
ԴԱՎԻԹ — Շվի՞:
ԿԱՄՈ — Չէ, դաշնամուր:
ԴԱՎԻԹ — Ես դաշնամուր նվագո՞ղ եմ: Հազար տարի մատս էդ գործիքին չի կպել:
ԿԱՄՈ — Ինչքան էլ վատ նվագես, գոհ կմնանք: Հո Շոպենը չե՞ս, որ լավ չնվագես, ամոթ համարվի:
Դավիթը վատ է նվագում, բայց տղաներն ուրախ ծափ են տալիս: Կորյունը Ամայուն հրավիրում է պարի: Բոլորն են պարում: Նաև Սոնան:
ՍՈՆԱ — Պարեք, պարելով պիտի հաղթենք, պարեք… (Հանկարծ կանգ է առնում ու որքան հնարավոր է հաստատուն քայլերով մոտենալով Կորյունին՝ գրկում է նրան:)
ԿՈՐՅՈՒՆ — (կանգ է առնում): Յա՛…
ՍՈՆԱ — (հիմա նա խոսում է ուրիշ մեկի հետ): Զարմացա՞ր, որ քեզ գտել եմ: Ախր, դիրքից-դիրք անցնելով, ջոկատից-ջոկատ փնտրելով եկել, հասել եմ էստեղ ու…
ԿՈՐՅՈՒՆ — Այ քուր, քեզ ի՞նչ եղավ:
ՍՈՆԱ — (չի լսում նրան): Թողեցիր, քաղաքից փախար, ինձանից փախար, բա ինքդ քեզանի՞ց… Մոռացե՞լ ես ինձ: (Բռնում է Կորյունի օձիքից ու թափահարում:) Ասա, մոռացե՞լ ես: Մի համոզիր քեզ ու աշխարհին, դու ինձ մոռանալ չես կարող: Ես էլ քեզ չեմ մոռացել: Տե՛ս, քո սիրած շորն եմ հագել, տե՛ս, քո սիրած կոնֆետներն են բերել, քո ժամացույցը: Էստեղ եմ հասել քեզ համար…
ԿՈՐՅՈՒՆ — Ես… ըըը… ախր…
ՍՈՆԱ — (շշուկով): Արի ամեն ինչ թողնենք ու գնանք: Մի հարցնի՝ ուր: Աշխարհը մեծ է: Ինչի՞ պիտի մենք հենց էս պատերազմի մեջ մնանք… մի խաղաղ անկյուն կգտնենք ու մեր բույնը հյուսենք: Արի գնանք, խնդրում եմ:
ԴԱՎԻԹ — (Սոնային զգուշորեն տանում, նստեցնում է սեղանի մոտ, Ամայուն): Տեսնո՞ւմ ես, ինչ ուրախ ենք ապրում, ասեցինք` պատերազմից գողացած օր է, ասեցինք` մի քիչ ուրախանանք… Էն էլ մեր Սոնան…
ՍՈՆԱ — (արդեն սթափվել է, զայրացած): Սոնան՝ ի՞նչ: Սոնան… Եկած-չեկած՝ բոլորդ աչքերդ չռել եք վրաս: Նայում եք, հայացքներով խժռում, թե հնար ու ճար ունենաք, հում-հում կուտեք: Նայում եք, խոսում եք, սեր եք բացատրում, սոխ եք նվիրում որպես ծաղկեփունջ: Ի՞նչ է, կին չե՞ք տեսել, ոտք ու ձեռք չե՞ք տեսել: Կին եմ, էլի, աշխարհի ստեղծման օրից աշխարհի մեղքը ուսերիս տանող կին: Հիմա էլ Ամայու շորերն եմ հագել, ու էլի նայում եք… Չե՞ք հասկանում, որ մարդը մենակ մարմինը չէ, մարդուն ճանաչելու համար պիտի իմանաք՝ ի՞նչ կա սրտում…
ԱՄԱՅԻ — (մոտենում, գրկում է): Հանդարտվիր, բալես, տղամարդը նրա համար է, որ նայի, կինը նրա համար է, որ նայեն ու խոսք ասեն… Կարգ է, մի նեղացիր: Հանգստացիր:
Սոնան փաթաթվում է Ամայուն ու լաց է լինում:
ԴԱՎԻԹ — (Ամայուն): Իսկ դու ասում ես` մեռնեմ:
ԱՄԱՅԻ — (հասկանալով, որ Դավիթն ուշադրությունը շեղելու համար է ասում, Սոնային նստեցնում է սեղանի մոտ, քմծիծաղում): Ա՜յ խելառ, բա որ մեռա, ի՞նչ պիտի անես:
ԴԱՎԻԹ — (լուրջ): Դժվար կապրեմ, Ամայի: Մորս ու հորս շուտ եմ կորցրել, որբ եմ մեծացել: Ընդունվեցի կոնսերվատորիա, չորրորդ կուրսից թողեցի: Աշխարհում հանկարծ ամեն ինչ սուտ թվաց աչքիս: Իմ մանկությունից, երիտասարդությունից ինձ էրկու զավակ մնաց, նրանց մերն ու ա՛յ, էս: (Ծոցից հանում է սրինգը:) Սրան էրեխեքիս չափ սիրում եմ, ասես կենդանի մարդ լինի` շատ լավ հասկանում ա ինձ… Հիմա գտել եմ մի նոր մեր, նա էլ թե. «Տերը ինձ կանչում ա, ասում ա` մեղավոր աղախին…»: (Ծիծաղելով:) Սոնա ջան, Աստծուն դիմողն ու՞ր պիտի նայի:
ՍՈՆԱ — Երկինք:
ԴԱՎԻԹ — Իսկ մեր Ամային փակում ա աչքերը, որ Աստծուն չտեսնի:
ԱՄԱՅԻ — (ներողամիտ ժպիտով): Կինդ ու էրեխեքդ քո հույսին մնան, սովորել, խելոք գրքեր ես կարդացել ու չես հասկացել, որ ամեն մարդու Աստվածն իր ներսում է ապրում: Ապրում է քեզ հետ ու ամեն վայրկյան քեզ ճանապարհ է ցույց տալիս, մեկ` որպես խղճի ձայն, մեկ` ընկերասիրություն, մեկ էլ որպես սեր` մարդ-արարածի նկատմամբ:
ԴԱՎԻԹ — (լրջանում է): Ասա՝ թուրքին էլ պիտի սիրեմ, էլի:
ԱՄԱՅԻ — Սովորական, խաղաղ թուրքին` հա: Խաղաղ, քեզ չվնասող թուրքին թե չսիրես էլ` մի ատիր, իսկ քո դեմ զենք վերցնողը, քո տունն ավերել ցանկացողը, քո երեխայի հացը կտրել կամեցողն արդեն խախտել է Աստծո պատվիրանը: Նա արդեն ոչ թե սիրո, այլ պատժի է արժանի: Նա արդեն մարդ չէ, գազան է:
ԴԱՎԻԹ — Կասկածս փարատեցիր: Ոչ ոք ավելի լավ չէր բացատրի: (Վեր է կենում:) Ուշացանք, գնանք տղերքի մոտ:
ՍՈՆԱ — Դավիթ…
ԴԱՎԻԹ — Հա:
ՍՈՆԱ — (գրպանից հանում է Սամվելի նկարը): Կարո՞ղ է՝ տեսել ես, ճանաչում ես:
ԴԱՎԻԹ — (նայում է ուշադիր): Հա, ո՞նց չեմ ճանաչում: Լևիտան Սամոն ա: Քո ի՞նչն ա:
ՍՈՆԱ — Ամուսինս:
ԴԱՎԻԹ — Հաստա՞տ… Էստեղ էր… ո՞ւր գնաց, չգիտեմ: Հանձնարարություն տվեցին, թե ինքը գնաց, չգիտեմ, բայց մի ամիս առաջ ա գնացել: Սիմոնն ավելի լավ գիտի:
ՍՈՆԱ — Ի՞նչ գիտի, հո վատ բան չի՞ պատահել:
ԴԱՎԻԹ — (փորձում է կատակի տալ): Չէ հա՜, պատերազմում ի՞նչ վատ բան պիտի պատահի: Մարդիկ պատերազմում կամ զոհվում են, կամ վիրավորվում: (Զգալով, որ կատակը չստացվեց:) Լսել եմ` իբր վիրավորվել ա մի տաս օր առաջ:
Ամային անխոս հասկացնում է Դավիթին, որ ավելին չասի:
ՍՈՆԱ — (ձեռքը դնում է սրտին, երևում է թևին կապած տղամարդու խոշոր ժամացույցը): Է՞լ… Ուրիշ ի՞նչ գիտես, ասա, Դավիթ, մի պահիր:
ԴԱՎԻԹ — Իմ ասածը հաստատ չէ, ականջի ծերով եմ լսել: Հո նրա անունն իզուր չե՞մ Լևիտան դրել: Նրա ձայնը, խոսքը… (Տեսնելով, որ փաստարկը համոզիչ չէ, փոխում է խոսքը:) Մի վախենա, քուր, վիրավորված մարդը լավանում ու շարք ա վերադառնում:
Հրաձգություն է սկսվում: Կորյունն ու Մարգարը վերցնում են զենքերն ու պատրաստվում են գնալ:
ՄԱՐԳԱՐ — Տղե՛րքն են…
ԴԱՎԻԹ — Բոյ ա սկսվում: (Հեռանում է փախչելու պես:)
ԱՄԱՅԻ — Դավի՜թ:
ԴԱՎԻԹ — (հեռվից): Հա՜…
ԱՄԱՅԻ — Ախր, մոռացաք, փլավը չտարաք…
ԴԱՎԻԹ — Լավ էլի, Ամայի ջան, ես փլավ տանո՞ղ եմ:
ԱՄԱՅԻ — Թե չտանեք, երեսիս չնայեք: Բա էն էրեխե՞քը…
Դավիթն ու Կորյունը գլխաքաշ ետ են գալիս, մրոտված պղինձը վերցնում ու լուռ հեռանում են:
ԱՄԱՅԻ — (մրմնջում է): Աստված հետներդ: (Սոնային.) Այ, բալա, մտնենք տուն, հանգստացիր: Կինը պիտի չսիրի: Որ տղամարդուն սիրեց, ուրեմն մի բուռ հող գցեց բերանը:
ՍՈՆԱ — Ինչի՞:
ԱՄԱՅԻ — Սիրած տղամարդու համար կինն ամեն ինչ կանի: Սիրեց, ուրեմն նրա գերին կդառնա ու վա՜յ էն գերուն, որ կամավոր է գերի դարձել: (Մրմնջում է քթի տակ:) Վա՜յ, հալիվոր, վա՜յ… Դու գնացիր ու ապրում ես զով սարերի հովի մեջ, իսկ ինձ թողիր էս խելագար ծովի մեջ:
Սոնան ճնշված է Դավիթի հետ Սամվելի մասին խոսելուց հետո: Կամոն մռայլ է: Ամային հավաքում է սեղանը: Սոնան սկսում է օգնել Ամայիին, ափսեն ձեռքից գցում-կոտրում է:
ՍՈՆԱ — Վա՛յ, էս ի՞նչ է կատարվում ինձ հետ:
ԱՄԱՅԻ — (ներողամիտ): Դու գնա, նստիր Կամոյի մոտ:
Սոնան նստում է Կամոյի կողքին:
ԿԱՄՈ — (չի լսել Դավթի ու Սոնայի խոսակցությունը): Ախր, ասում եմ, կնիկն ի՞նչ գործ ունի էստեղ: Դու լվացք չունե՞ս, հարթուկ չունե՞ս, տուն մաքրելու գործ չկա՞: Մնայիր տանը, էլի՛:
ՍՈՆԱ — Իմ մասնագիտությունն էլ էս է: Լվացք անելու համար ջուր պիտի տաքացնես՝ կրակ չկա, հարթուկ անելու համար` հոսանք չկա: Ձեռքերս դողում են, պիտի ափսեները ջարդեմ… Տանը նստեմ` ի՞նչ անեմ: Ամուսին էլ չկա, որ վրաս խոսի:
ԿԱՄՈ — Իմ մասնագիտությու՜նն ա… Էդ կնկան վայել մասնագիտություն չի: Գաս, հասնես կրակի բերան, սրան-նրան ձայնագրես, թե` մասնագիտությունս էս ա:
ՍՈՆԱ — (դավադիր ժպտում է): Չէի՞ր ուզենա տնեցիներից լուր առնել, էրեխեքիդ ձայնը լսել:
ԿԱՄՈ — (երազկոտ): Կուզենայի պուճուրիս ձենը լսել: Մի տարեկան ա: Անունն Արցախ եմ դրել:
ՍՈՆԱ — Ուզո՞ւմ ես խոսք ասես ձերոնց, ձայնագրեմ, տանեմ, քո ձայնը, քո պատմածը ձերոնք լսեն: Գիտե՞ս, ինչքան կուրախանան:
ԿԱՄՈ — (մտածելուց հետո): Լավ:
ՍՈՆԱ — (ձայնագրիչը միացնելով): Սկսիր:
ԿԱՄՈ — (մաքրում է կոկորդը, իրեն կարգի է բերում, գլխից հանում է մահապարտի սև գլխաշորը, ձայնին արհեստական առույգություն տալով): Բարի օր կամ բարի իրկուն, Լիլո ջան: Հիմի կասես` մեր Կամոն գնաց ու ոչ մի խաբար չկա իրանից: Լավ եմ, շատ լավ: Ճիշտ ա, պատերազմ ա, բայց վախենալու բան չկա: Ես առողջ եմ, լավ… (Տնքում է, այլ տոնով:) Մի նեղվի, դու միշտ համբերող ու հասկացող ես էղել: Մարիամս արդեն տասնչորս տարեկան ա ու քեզ ամեն ինչով կօգնի: Մարիամ ջան, չնեղվես, պապադ շուտով կգա, բայց պիտի հաղթի՝ նոր գա… Էս մի խոսքն էլ պուճուրիս համար: (Ձայնը դողում է:) Արցախ, պապան ուտի պուպուլդ, Արցախ… Երբ դու ծնվար, ես էլի տանը չէի, էլի ըստեղ էի: Հմի չես հասկանա, բայց մեծանաս, կիմանաս, որ քեզ համար եմ էկել Ղարաբաղ: Ուզում եմ, որ դու մեծանաս ազատ, անկախ ու թշնամուց չվախեցող երկրում: Առաջին բառդ ասել ես, չեմ լսել, առաջին քայլդ արել ես, չեմ տեսել… Որ ծնվելուդ խաբարն առա, տղերքով աչքալուսանք խմեցինք, կենացդ խմեցինք… Էդ ժամանակ ի՞նչ էի զգում… Եսիմ, ցավ… ափսոսանք, հպարտություն… Եսի՞մ… (Սոնային.) Անջատի, էլ չեմ կարա: (Շրջվում է, արցունքը պահում:) Գլխիս էս ի՞նչ Վիետնամ սարքեցիր, Կամոն ըսենց լաց էղած չկար: (Դադարից հետո:) Ախր, քեզ նման սիրուն կնիկը հեռու պիտի ըլնի պատերազմից: Ախր, պատերազմը կնկա գործ չէ, ախր…
ՍՈՆԱ — Բա Ամային կին չէ՞:
ԿԱՄՈ — Վա՜յ, ես նրա ցավը տանեմ: Նա աշխարհի ամենասիրուն կինն ա: Բայց նրա բանն ուրիշ ա: Նա էս հող ու ջրի ծնունդ ա: Նրա համար էս հող ու ջրից քաղցր բան չկա: Թե ճիշտն ասեմ` Ամային հենց էս հողն ու ջուրն ա: Դու նրա հետ ո՞ւր ես համեմատվում:
ՍՈՆԱ — Բայց թե խեղճի սիրտը կոտրված է: Ամուսինը պատահական գնդակի զոհ է դարձել, հարսն ու թոռները Ստեփանակերտում են, տղան` անհայտ կորած…
ԿԱՄՈ — Էդ Ամային, իսկ դու… իզուր ես քեզ պատերազմի բերանը քցել: Պատերազմն անխիղճ է:
ՍՈՆԱ — Ես որ մի հարյուր կիլոմետր այն կողմ` Լեռնավանում եմ ծնվել, ուրեմն էս հողն ու ջուրն իմը չե՞ն, էստեղ գալու, քո կողքին կանգնելու իրավունք չունե՞մ:
ԿԱՄՈ — Է՜, եսիմ, դու լրագրող ես, հետն էլ` կնիկ: Քո լեզվի դեմ ավտոմատն էլ ա անզոր, էլ ո՞ւր մնաց` ես: (Ծիծաղում է:)
ՍՈՆԱ — (գրպանից հանում է Սամվելի լուսանկարը, ցույց է տալիս Կամոյին): Կամո, ճանաչո՞ւմ ես: Կարո՞ղ է՝ տեսած լինես:
ԿԱՄՈ — (նայում է կենտրոնացած): Ո՞վ ա: Լավ էլ սիրուն տղա է:
ՍՈՆԱ — Տեսե՞լ ես: Ասում են` էս կողմերում է եղել վերջերս:
ԿԱՄՈ — (ճանաչել է, բայց ցույց չի տալիս): Ոնց որ դեմքը ծանոթ ա, բայց տեղը չեմ բերում: Քո ի՞նչն ա:
ՍՈՆԱ — Ամուսինս է: Արդեն երեք ամիս է՝ Ղարաբաղում է, բայց լուր չունեմ: Ասացին` Քարակապում են տեսել…
ԿԱՄՈ — Մի նեղվիր, այ քուր: Պատերազմ ա: Մարդը ասեղ չի՞, որ կորի ու չգտնվի: Մի մտածի, եթե էս կողմերում ա էղել, ոնց էլ ըլնի, նրանից մի լուր կիմանաս: Կամ ավելի ճիշտ` կգտնես իրան, մի մտածի:
Սոնան հուսալքված նստում է: Լռում են: Լսվում է կովի բառաչ: Կամոն զարմացած բարձրացնում է գլուխը: Բառաչը կրկնվում է:
ԿԱՄՈ — Էս կովը որտեղի՞ց: (Ձեռքը ճակատին՝ նայում է:) Հա՜, էլի, կո՜վ ա: Ոնց որ մեր տեղերքն են բերում: Ամայի՜, ա՜յ Ամայի:
ԱՄԱՅԻ — (դուրս գալով): Ի՞նչ է, Կամո ջան:
ԿԱՄՈ — Նայիր, կո՞վ ա, թե՞ աչքերս ինձ խաբում են:
ԱՄԱՅԻ — (նայում է Կամոյի ցույց տված ուղղությամբ): Կով է, որտեղի՞ց են գտել:
Բակ է մտնում 1-ին զինվորը:
1-ին ԶԻՆՎՈՐ — Բարև ձեզ, կովը որտե՞ղ կապենք:
ԱՄԱՅԻ — Ի՞նչ կով է, բալաս:
1-ին ԶԻՆՎՈՐ — Ձորի վերևում դիրք էինք պահում: Մեկ էլ թփերի մեջ խշխշոց լսվեց: Ուզեցինք կրակել… (Ծիծաղելով:) Մեզ թվաց՝ թշնամին նոր զենք է հնարել, հետո հասկացանք, որ կով է: Տղերքն ուզեցին մորթել, Սիմոնը չթողեց: Ասաց` տարեք Ամայուն նվեր: (Lսվում է կովի բառաչը:) Անտերը գժի պես բառաչում, հա բառաչում ա:
2-րդ ԶԻՆՎՈՐ — (ինքը չի երևում, լսվում է ձայնը): Հանգիստ, հանգի՜ստ… (Բարկացած:) Այ անտեր, հանգի՛ստ, էլի:
Ամային ու 1-ին զինվորը դուրս են գալիս բեմից, Կամոն հենակներին հենված նայում է ձայների ուղղությամբ:
ԱՄԱՅԻԻ ՁԱՅՆԸ — Ո՞ւմ կովն ես, տերդ ո՞ւր է: Հայի՞ ես, թե՞ թուրքի… Վախեցե՞լ ես, բա ի՞նչ կանես, կվախենաս: Չորս կողմը դիվոտած կրակում են…
2-րդ ԶԻՆՎՈՐԻ ՁԱՅՆԸ — Մինչև բերեցինք, հոգիներս դուրս էկավ, բառաչում ու փախչում էր:
ԱՄԱՅԻԻ ՁԱՅՆԸ — Որ անլեզու է, չի՞ հասկանում՝ պատերազմն ինչ է: Չի՞ հասկանում, որ արյունը գետի պես է հոսում: Հանգիստ, հանգի՜ստ, բալա ջան: Տե՛ս, մի քիչ շոյեցի, ու խեղճ անասունը հանգստացավ: Արի, արի գոմ մտի, հով տեղում կանգնի, մինչև գամ, կթեմ: (Մտնում է տուն, դուրս է գալիս դույլը ձեռքին: Սոնային.) Արի, արի օգնի:
ՍՈՆԱ — Կով կթել կսովորեցնե՞ս:
ԱՄԱՅԻ — Կովից չե՞ս վախենա:
ՍՈՆԱ — Չէ:
ԱՄԱՅԻ — Դե, գնանք:
Սոնան ու Ամային գնում են: 1-ին և 2-րդ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ գալիս, նստում են Կամոյի կողքին:
2-րդ ԶԻՆՎՈՐ — (սիգարետ Կամոյին հյուրասիրելով): Օ՜ֆ, կռվելն ավելի հեշտ ա, քան կով քաշելը:
Գալիս է Ամային՝ կաթով դույլը ձեռքին, նրան հետևում է Սոնան, որ մոտենում է ծառից կախված լվացարանին ու լվացվում է:
ԱՄԱՅԻ — Խեղճ անասունը հանգստացավ: Ո՞վ իմանա` քանի օր կթող չէր եղել: Սոնան էլ հո չկթե՜ց…
ՍՈՆԱ — (կես-կատակ): Բա որ թշնամին կովին թունավորած ու մեր կողմը քշած լինի՞:
ԱՄԱՅԻ — Հը՞… Չէ՜, ո՞վ գիտե, ո՛ր բնավեր եղածի անասունն է: Կաթից ծաղկի անուշ հոտ է գալիս: (Դույլը ձեռքին մտնում է ներս:)
1-ին ԶԻՆՎՈՐ — (ընկերոջը): Գնանք, Սիմոնն ասեց, որ շուտ վերադառնանք:
Տնից դուրս է գալիս Ամային:
2-րդ ԶԻՆՎՈՐ — (Սոնային): Արսենը խնդրեց ասեմ, որ կարոտել ա ձեզ:
ՍՈՆԱ — (ժպտալով ու ձեռքերը սրբելով): Խե՜նթ է:
2-րդ ԶԻՆՎՈՐ — Խնդրեց որ… որ…
ՍՈՆԱ — Որ ի՞նչ:
2-րդ ԶԻՆՎՈՐ — (անվճռական): Որ իր փոխարեն համբուրեմ ձեր ձեռքը: (Համբուրում է նրա ձեռքն ու արագ հեռանում է:)
ՍՈՆԱ — Բոլորը խենթ են…
ԿԱՄՈ — Պատերազմը մարդուն շատ ա փոխում: Մեկին դարձնում ա փափուկ, մեկելին, քո ասած` խենթ, երրորդին` վախկոտ ա սարքում, չորրորդին` սիրահարված:
ԱՄԱՅԻ — (մեկուսի): Ամեն ինչի սկիզբը Աստված է ու հող: Աստված ստեղծում է, հողը` ծածկում, պարտակում:
ԿԱՄՈ — Էդ ի՞նչ ես խոսում, Ամայի:
ԱՄԱՅԻ — Հե՜չ, իմ, քո, աշխարհի սկիզբն ու վերջն եմ չափում:
ԿԱՄՈ — Ինչքան չափես, մեկ ա, հաստ ու բարակ մի գին են: Արի, կողքիս նստի:
ԱՄԱՅԻ — Սպասի, կաթը կրակին եմ դրել, բերեմ` խմեք: (Սոնային.) Ես խմեցի, բան էլ չեղավ: (Երկու բաժակ կաթ է բերում:) Խմե՛ք: Էս պատերազմը մարդուց ավելի շատ հավքին, բույսին ու կենդանուն վնաս տվեց: Պատկերացնո՞ւմ ես ծտի վիճակը, որի ականջի տակ թնդանոթ են կրակում:
ՍՈՆԱ — Ինչի՞, ծտին ի՞նչ է լինում:
ԱՄԱՅԻ — Նոր էր սկսվել պատերազմը, կրակոցները նոր էին մեր կողմերը հասել, մի առավոտ դուրս եկա ու ի՞նչ տեսնեմ. ղշերը սատկել, թափվել են ծառերից: Նայեցի` վերք չկա, գնդակ չի կպել: Մտքովս անցավ, թե հիվանդություն է կպել: Բայց հետո, շատ ուշ գլխի ընկա, որ պատերազմի ձենն է նրանց սպանել, թոփ ու թնդանոթի ձենը:
ԿԱՄՈ — Ամայի, դու էլ մարդկանց թողած, ծտերի մասին ես մտածում:
ԱՄԱՅԻ — Այ բալա, մարդն էդքան մեղք չէ: Մարդն ինքն է էդ ձեները հանում, գիտե` պատերազմն ինչ է: Իսկ ծառը, թուփը, թռչունը, մրջյունը, ծաղիկը չգիտեն ու սարսափից կոտորվում են:
ՍՈՆԱ — Ծառն է՞լ…
ԱՄԱՅԻ — Ծառն էլ է դողում վախից:
ԿԱՄՈ — Էդքան բանը չգիտեմ, բայց գիտեմ, որ էս պատերազմն արդար է:
Սոնան տաք կաթի բաժակը ամուր բռնել է, ասես ձեռքերը մրսում են և ուզում է տաքացնել:
ԱՄԱՅԻ — Արդար է, բայց քեզ համար:
ԿԱՄՈ — Էս հողի համար արդար չէ՞:
ԱՄԱՅԻ — Թե՛ էս հողի, թե՛ նրա տիրոջ համար արդար է:
ԿԱՄՈ — Դե, ուրեմն թող մի քիչ էլ էս հողի անլեզու զավակները դիմանան:
Սոնան միացնում է ձայնագրիչը:
ԱՄԱՅԻ — (ուշադրություն չի դարձնում): Հանդ ու սարի, հավք ու ծառի համար դժվար է, բայց նրանցից ամեն մեկն իր գործին է: Թռչունը ո՛չ ձու ածելն է մոռանում, ո՛չ ճուտ հանելը: Մի սև հավ ունեմ: Քսան հատից էդ մեկն է մնացել: Մի ամիս առաջ կորավ: Մտածեցի` պատերազմը դրան էլ կուլ տվեց: Երկու օր առաջ տեսնեմ` դուրս է գալիս թփերի միջից, հետևից` տասը ճուտ:
ՍՈՆԱ — Վա՜յ:
ԱՄԱՅԻ — Բա՜, տեսել է, որ իր ցեղը վերանում է, տեսել է, որ մարդու վրա հույս դնել չի լինի, գնացել, մտել է թփերի մեջ, մեկից տաս է դարձել ու եկել, կանգնել է մեր առաջ: Իսկ դու ասում ես` կենդանին խելք չունի:
Ամային տուն է մտնում: Կրակոցների ձայներն ուժգնանում են:
ԿԱՄՈ — (հենակներն առնում է թևի տակ, ոտքի կանգնում): Ա՜խ, ո՜նց կուզեի տղերքի կողքին լինել: Դուք էլ տարել, ավտոմատս պահել եք: Վախենո՞ւմ եք: Ինչի, ես գի՞ժ եմ, որ վախենում եք…
ՍՈՆԱ — (վախվորած, որ նոպան կկրկնվի): Չէ, Կամո ջան, երբ ուզես՝ զենքդ կտամ, մի նեղվի:
ԿԱՄՈ — Պահո՜, արևն էս ո՞ւր հասավ: Գնամ դեղերս խմեմ, թե չէ Ամային վայս կտա:
Տեսարան 4
Գիշեր: Կրակոցներ են լսվում: Ամային լամպը ձեռքին դուրս է գալիս տնից, մթան մեջ խարխափելով փնտրում է իր մինուճարին՝ Գևորգին:
ԱՄԱՅԻ — Գևորգ, Գևորգ ջան… Քոռանա մերդ, Գևորգ ջան: Քոռանա թշնամու աչքը, որ մարդու չի թողնում էս աշխարհի ու էս հողի հետ հաշտ կենա: Իմ լիքն ու շեն տնից ի՞նչ մնաց: Հալիվորը թուրքի գնդակին զոհ գնաց մեր արտում, Գևորգս… Գևորգիս մոր աչքը քոռանա, որ չի քոռանում: Պապի որսորդականն առավ, ո՞ւր գնաց: Իրեք ամիս եղավ՝ լուր չունեմ ու սևս ներս, կարմիրս դուրս` սպասում եմ: Ծիծաղում եմ, խոսում, բայց սիրտս քրքրված է, բալա…
Տեսարան 5
Խրամատում: Սիմոնը հեռադիտակով նայում է թշնամու կողմը: Դավիթի շուրջը հավաքվել են տղաները: Սոնան էլ է դիրքում՝ զինվորական երկարաճտքերով ու բուշլատով: Հարմար պահ է փնտրում Սիմոնին մոտենալու համար: Արսենն էլ առիթը բաց չի թողնում նրա կողքին հայտնվելու համար:
ԴԱՎԻԹ — Հավերից վախեցող մեկը գնում ա բժշկի մոտ: «Բժիշկ, ինձ թվում ա՝ ես կուտ եմ ու հավերը կուտեն ինձ»: Սրան մի էրկու շաբաթի չափ բուժում են: Դուրս գրելուց առաջ բժիշկը նրան հարց ա տալի. «Հիմի հասկացա՞ր, որ դու կուտ չես, ու հավերը քեզ չեն ուտի»: «Իհարկե, բժիշկ,- պատասխանում ա ու մտածկոտ շարունակում:- Որ ես կուտ չեմ, դա ե՛ս գիտեմ, իսկ հավերը գիտե՞ն, որ ես կուտ չեմ ու ինձ չեն կարա ուտեն»:
Ծիծաղ: Թշնամու կողմից երգի ձայն է գալիս:
ԴԱՎԻԹ — (գոռում է): Սասն քյաս, այա՜… (Ձայնդ կտրիր, արա):
Մի պահ լռում է թուրքի ձայնը, հետո նորից է շարունակվում բայաթին:
ՄԱՐԳԱՐ — Թյո՛ւ… ոռնում ա: Սիմո՛ն, Տրուբին ասա, թող դրա ձենը կտրի: (Սիմոնը չի արձագանքում, բացում է քարտեզը, ինչ-որ բան ուսումնասիրում:) Սիմո՞ն:
ՍԻՄՈՆ — Ձեր անեկդոտը պատմեք: Երգում է, թող երգի, քեզ ի՞նչ:
ՄԱՐԳԱՐ — Ըտենց չեն երգում, է՜:
ԿՈՐՅՈՒՆ — Բա՞…
ՄԱՐԳԱՐ — Երգե՞մ: (Ֆիդայական երգ է երգում, թուրքի երգի ձայնը կտրվում է:)
ՎԱՀՐԱՄ — Մալադե՛ց:
ՍՈՆԱ — (մոտենալով՝ վարանոտ): Սիմոն…
ՍԻՄՈՆ — Սոնա ջան, մենակ չասես` ինտերվյու տուր:
ՍՈՆԱ — Չէ, էս անգամ ուրիշ բան պիտի հարցնեմ: Երկու օր է՝ ուզում եմ հարցնել, հարմար չի լինում: (Ցույց է տալիս Սամվելի լուսանկարը:) Կարո՞ղ է՝ ճանաչում ես… գիտե՞ս՝ որտեղ է:
Արսենը նայում է լուսանկարին ու զարմացած սևեռվում Սիմոնին:
ՍԻՄՈՆ — (շեղ հայացք է նետում լուսանկարին): Քո ի՞նչն է:
ՍՈՆԱ — (զգալով, որ նա տեղեկություն ունի Սամվելից): Ամուսինս է… որտե՞ղ է:
ՍԻՄՈՆ — (իբր՝ անտարբեր): Չգիտեմ:
ՍՈՆԱ — Սիմոն, լսել եմ` վիրավորվել է: Ասա` ի՞նչ գիտես, մի թաքցրու:
ՍԻՄՈՆ — (մտորելուց հետո): Դու էլ ես զինվոր, չէ՞… (Սոնան գլխով է անում:) Դե որ զինվոր ես, զինվորի պես էլ դիմացիր: (Խորը շունչ է քաշում, ասում է՝ ասես ծանր բեռից է ազատվում): Զոհվել է:
ՍՈՆԱ — (փլվում գետնին, քարանում է): Ե՞րբ…
ՍԻՄՈՆ — Մի տաս օր առաջ: Տարել են Հայաստան, թաղել Եռաբլուրում: Զոհվել է հերոսի պես: Դու… հպարտանալու տեղ ունես:
Սոնան անշարժ է, հետո կանգնում է, մի կողմ է հրում զինվորին, վերցնում է նրա ինքնաձիգն ու սկսում է կրակել թշնամու ուղղությամբ: Կրակում է առանց դադարի: Դավիթը չի լսել, որ Սիմոնը Սոնային հայտնել է ամուսնու մահվան բոթը և զարմացած մոտենում է Սոնային:
ԴԱՎԻԹ — Քեզ ի՞նչ էղավ: Ինչի՞ ես իզուր տեղը շների մեջ քար շպրտում:
Սիմոնը ձեռքի շարժումով կանգնեցնում է Դավիթին: Սոնան կրակում է ողջ պահունակը, շարունակում է սեղմած պահել ինքնաձիգի ձգանը: Վահրամը նրա ձեռքից առնում է ինքնաձիգը: Սոնան նստում է խրամատի հատակին: Լաց չի լինում, լուռ ճոճվում է նստած տեղում: Հետո վեր է կենում տեղից, ծոցագրպանում պահած տոպրակը հանում ու միջի կոնֆետները, սափրվելու սայրերը, անձեռոցիկները բաժանում է տղաներին:
ՍՈՆԱ — Նրա սիրածներն են, Երևանից էի բերել: Նրա սիրած ժամացույցն էի բերել, որ իրեն տայի: (Ցույց է տալիս թևին կապած ժամացույցը:) Նրա սիրած կոնֆետներն էի բերել ու նրա սիրած շորն էի հագել…
Տղաները Սոնայի տվածները վերցրել, շփոթահար կանգնել են: Արսենը հայացքը չի կտրում Սոնայից:
ՄԱՐԳԱՐ — Բոլորս էլ էստեղ ենք մնալու… էս քարերի մեջ ի՞նչ կա: Ավելի լավ է նահանջենք:
ՍԻՄՈՆ — Մարգա՞ր… (Նայում է փորձող հայացքով:) Կամոն Վիետնամի ցավով է տառապում, դու էլ նահանջացա՞վ կպար:
ՄԱՐԳԱՐ — Չէ, կամանդիր, նահանջացավ չէ, բայց կարելի է, չէ՞, ավելի հարմար դիրք գրավել ու էս քարերն ու Քարակապը ժամանակավոր թողնել:
ՍԻՄՈՆ — Չէ՛, Մարգար, չի կարելի նախ էն պատճառով, որ էս տեղը ամբողջ ռազմաճակատի համար կարևոր դիրք ունի, հետո էլ՝ հրաման չկա, երրորդ` էս քարերը գուցե անուն չունեն, բայց պատմություն ունեն:
ՄԱՐԳԱՐ — Մեր երկրի բոլոր քարերն էլ պատմություն ունեն, հետո՞ ինչ:
ՍԻՄՈՆ — Սրանք հատկապե՛ս ունեն: Ու էդ պատմությունը կարևոր է: Թե քարի մեջ մտնել կարողանաս, թե քարի լեզուն հասկանաս, դարերի ընթացքում իր համար թափած արյան պատմությունը կպատմի քեզ:
ՄԱՐԳԱՐ — Այ կամանդիր, էդքան գրագետ չեմ, մենակ իմ պուլիմյոտի լեզուն լավ գիտեմ:
ՍԻՄՈՆ — Մարգա՛ր, անփոխարինելի գնդացրորդ ես, բայց քո չհասկացած բաների մասին սիրում ես վիճել: Ասում ես՝ Քարակապի մեջ ի՞նչ կա: Ասում ես` էս հողը տանք: Չէ՛, էս ամեն մի քարը ինձ ու քեզ պես մի տղա է: Հա, ժամանակի մեջ հայրենիքի համար, հայրենիքի սիրո համար քարացած տղա: Համ էլ էս պատարազմը սրտի ու հոգու պատերազմ է, իսկ մենք` կամավորներ: Ոչ մեկն ինձ ու քեզ չի ստիպել, որ գանք էստեղ…
ԿՈՐՅՈՒՆ — Ա՛յ կամանդիր, Կարկուտն էդ բաներից ի՞նչ ա հասկանում: Ինքն ա ու իր պուլիմյոտը: Թե պուլիմյոտը ձեռից առնես, ագռավներն աչքերը կհանեն:
ՄԱՐԳԱՐ — Ա՜, դու սուս, հա՜:
ՍԻՄՈՆ — Տղերք, իզուր տեղը գնդակ մի փչացրեք, թուրքը կրակում ա իր վախը հաղթահարելու համար: Մեկ ու մեջ կրակեք:
Կրակոցի ձայները պակասում են: Սոնան, դադարից օգտվելով, նորից մոտենում է Սիմոնին: Հանկարծ Կորյունը բռնում է թևն ու կռանում:
ՄԱՐԳԱՐ — Կպա՞վ, ախպեր:
ԿՈՐՅՈՒՆ — (ցավը զսպելով): Հա:
Սոնան փորձում է վիրակապել, բայց ձեռքերը դողում են:
ՎԱՀՐԱՄ — (զգուշորեն մի կողմ է հրում նրան): Սպասի… (Վարժ վիրակապում է: Կորյունը շարժում է վիրակապած թևը:) Մի՛…
ԿՈՐՅՈՒՆ — Ոնց որ չի ցավում: Ուզում եմ տեսնեմ` կրակելուն չի՞ խանգարի: (Էլի է փորձում:) Չէ… ցավում ա, բայց ոնց որ շարժել կարողանում եմ…
ՍՈՆԱ — Սիմոն, որտե՞ղ է զոհվել Սամվելը:
ՍԻՄՈՆ — Մարտակերտում էր: Եկավ էստեղ, հետո թե ինչը դուրը չեկավ, չիմացանք, թողեց գնաց: Գնաց Մարտակերտ ու… Ասեմ, որ անվախ տղա էր, ընկերոջն օգնության հասնող, հայրենասեր տղա: Դու հպարտանալու տեղ ունես ու նրա հիշատակը վառ պահելու պարտականություն:
Տեսարան 6
Իրիկնամուտ: Նստարանի վրա նստած Կամոն ասես արձան է: Քիչ անց վեր է կենում, առանց հենակների կանգնում է: Մեկ մի ոտքին է հենվում, մեկ` մյուս: Փորձում է պպզել, բայց ցավը շամփրում է նրան: Այդ պահին բակ է մտնում Ամային, վազում, բռնում է նրա թևատակերից:
ԱՄԱՅԻ — Կամո ջա՜ն…
ԿԱՄՈ — (Ամայու օգնությամբ ոտքի է կանգնում ու ցավը զսպելով փորձում է կատակել): Հա ջա՜ն:
ԱՄԱՅԻ — Շա՞տ ցավեց:
ԿԱՄՈ — Չէ հա՜: Մի քիչ Վիետնամ արեց:
ԱՄԱՅԻ — Բա որ ասում եմ` հիվանդանոց գնա:
ԿԱՄՈ — Եսիմ, է՜… (Նստում է:) Էրկու օր առաջ առանց կաստիլի ոչ մի բան անել չէի կարում, էսօր արդեն կանգնում եմ, համարյա պպզում, իսկ դու…
ԱՄԱՅԻ — Այ բալա, ախր գնդակը կմնա մսի մեջ: Տարիներ հետո` ամեն անգամ անձրևին ու ցրտին սպիներդ կմրմռան, վերքերդ կցավեն:
ԿԱՄՈ — Պատերազմը պրծնի՝ կգնամ, թող կտրատեն, թող Վիետնամ անեն` ինչքան ուզեն:
ԱՄԱՅԻ — (ժպտալով): Արևիդ մատաղ, Կամո ջան, հիմի նոր գլուխս հանգիստ վեր կդնեմ:
ԿԱՄՈ — Ընչի՞:
ԱՄԱՅԻ — Էս հողին, էս երկրին տեր հայտնվեց: Դու ու ընկերներդ վերջապես հասկացաք, որ եթե քեզ քո երկրի տերը չհամարես, նրան ուրիշը կտիրանա: Վերջապես հասկացաք, որ եթե զենք չվերցնես, արցունքի դիմաց քեզ հող չեն տա: Էս ո՞նց հասկացաք…
ԿԱՄՈ — Ամեն ինչ լացից էկավ, այ մեր:
ԱՄԱՅԻ — Լացի՞ց…
ԿԱՄՈ — Հա, լացից: Ամեն տարի ապրիլի 24-ին մեր դասասենյակի վարագույրները փակում-մթնեցնում էինք, մոմեր էինք վառում, Սևակ ու Սիամանթո արտասանում, Կոմիտաս էինք երգում ու լաց էինք լինում: Հիշողությամբ սնված և արտասուքով ջրված սերունդ ենք: Հմի աճել, պնդացել ու ծառ ենք դառել:
ԱՄԱՅԻ — Մենք էդ բաները չէինք հասկանում, բալա: Մեր աչքը վախեցած էր թուրքից, հրացանի ամեն տրաքոցի հետ սրտներս թպրտում էր:
ԿԱՄՈ — Հիմի ահ չկա: Էրեխեն, ինչքան էլ որբ ու ծեծված` մի օր հասակ ա առնում ու բռնում, ոլորում ա իրան խփող ձեռքը, դնում ա թիկունքին… Բա, աշխարհի օրենքն էդ ա…
Տնից դուրս է գալիս Սոնան: Զինվորական հագուստով է, ուսերին բաճկոն է գցած:
ԿԱՄՈ — Հը՞, ո՞նց ես, քուրս:
ՍՈՆԱ — Լավ եմ: Ձայնագրիչը միացրել, փորձում էի հավաքել տեսած-լսածս: Աշխատեցի մի քիչ, աշխատեցի ու չիմացա՝ ոնց քնեցի: Ո՞ր մեկդ եք բաճկոնն ուսերիս գցել:
ԱՄԱՅԻ — Ձեր մերը քոռանա, որ ես եմ: Տուն-տեղ թողած, ջահելություն ու սեր մոռացած` էկել, էս սար ու քարի համար արյուն եք տալիս: Տեսա քնել ես, ասի` կմրսես: Քոռանամ ես, բալա…
ԿԱՄՈ — էլի սկսեցի՞ր:
ԱՄԱՅԻ — (գոգնոցի ծայրով սրբում է աչքերը): Չի՞ լինի, որ մարդ-արարածն էս հողի վրա սիրով, կառուցելով ապրի:
ԿԱՄՈ — Մեր ջան, դե գնա թուրքին մարդավարի ասա, որ էս հողը իմ ապուպապի շիրիմներից ա գոյացել, ասա` էս հողն ինձ ա ճանաչում, ես էլ` իրան ու առանց իրար ապրել չենք կարող: Թուրքին ասա` դու քոնն ունեցիր, աչքդ ու ձեռքդ ուրիշի ունեցածին մի՛ մեկնիր: Դու դրանց լեզուն լա՛վ գիտես, գնա, ասա:
ՍՈՆԱ — Լավ էլ հասկացավ ու լսեց քեզ:
ԿԱՄՈ — Հը՞, Ամայի: (Ամային լուռ է:) Ինչի՞ չես խոսում, ասելիք չունե՞ս:
ԱՄԱՅԻ — Ասելու շատ բան կա, բայց Աստված մարդուն կարգին հարևան էլ պիտի տա:
ԿԱՄՈ — Բոլոր հարևաններն էլ մեկ են: Դո՛ւ ես էրես տվել նրան: Էկել, մտել ա տունդ՝ ձեն չես հանել, ասել ես` բարի եկար, իմացել ես` հյուր ա: Առանց հարցնելու ունեցածդ վեկալել ա, ձեն չես հանել: Տեսել ա չես խոսում` համեստությունդ խեղճության տեղ ա ընդունել ու խփել ա գլխիդ:
ՍՈՆԱ — Խեղճ չես եղել: Բարությունդ խեղճություն են համարել:
ԿԱՄՈ — Մի հաշիվ ա: Էնպես որ, մենք ավելի մեղավոր ենք, քան մեր թշնամին: Թուրքի թրքության համար էլ ենք մենք մեղավոր: Թե առաջին անգամ ձեռք մեկնելիս մատները դաղեինք…
ԱՄԱՅԻ — Բալա, դու էլ չգիտես, թե ինչ ես խոսում: Իմ աշխարհը բարու վրա է սարքած: Իմ կյանքում քանի՜ թուրք եմ բժշկել, թուրքի քանի՜ հանգող ճրագ վառել…
ԿԱՄՈ — Դու բուժել ես, ինքն առողջացել ու վրեդ սուր ա քաշել ու կեղտոտ ձեռքերը մեկնել քո սրբությանը…
ԱՄԱՅԻ — Բայց ես կամ, ինքը` չէ: Աստված է դատավորը, Կամո տղա… Շատ խոսեցինք, գնամ, խեղճ անասունին խոտ ու ջուր տամ, մեղք է: (Գնում է գոմ:)
ՍՈՆԱ — Ամային ուրիշ է, նրա մեջ վաղուց չարը հալվել, վերացել է: Հիմա նրա մեջ միայն բարին է ապրում:
ԿԱՄՈ — Իսկ իմ մեջ հիմի չարի ու բարու կռիվ ա: Ես հիմի ավելի շատ չարի կողմն եմ, քան բարու:
ՍՈՆԱ — Մի մթնիր ու մի չարանա, Կամո, նույնիսկ պատերազմի ժամանակ աշխարհը գեղեցիկ է, մարդը, որքան էլ չարացած, էլի իր մեծ մասով բարի է:
ԿԱՄՈ — Հը՞… (Դադար:) Սոնա, ախր շատ գեղեցիկ ես: Էս պատերազմի մեջ, էս ավերակված աշխարհի մեջ լինելու համար խելռելու չափ գեղեցիկ ես: Իսկ երբ զինվորը կին ա տեսնում, էն էլ` գեղեցիկ կին, փափկում, դառնում ա սովորական տղամարդ ու հեշտ ա պարտվում: Լավ կանես, էստեղից շուտ էթաս:
ՍՈՆԱ — Իսկ ի՞նչ անես, որ էսպես չի մնա: Ցավն ու վիշտը կխլեն մեր գեղեցկությունը: (Ներս է գնում:)
Կամոն խոր հոգոց է հանում ու հենակներին հենվելով՝ հետևում է նրան:
Տեսարան 7
Բակ են մտնում Արսենն ու 3-րդ զինվորը` Ամայիի պղնձի կանթերից բռնած:
ԱՐՍԵՆ — Էս ո՞ւր են:
3-րդ ԶԻՆՎՈՐ — Տանը կլինեն:
ԱՐՍԵՆ — Ամայի՜…
3-րդ ԶԻՆՎՈՐ — Ամայի՜:
ԱՄԱՅԻԻ ՁԱՅՆԸ — Հա՜, մատաղ:
ԱՐՍԵՆ — Որտե՞ղ ես:
ԱՄԱՅԻ — Հո՞վ ա:
ԱՐՍԵՆ — Ես եմ, Արսենը:
ԱՄԱՅԻ — (գալիս է գոմի կողմից): Վա՜յ, բալա, դո՞ւ ես: Ի՞նչ կա:
ԱՐՍԵՆ — Հե՛չ, կաթսան բերեցինք:
ԱՄԱՅԻ — Կերա՞ք փլավը: Համո՞վ էր:
3-րդ ԶԻՆՎՈՐ – Բա Համոյի էփած ճաշից չէ՞ր: Երկու օր առաջ փլավ էր էփել, ծամել չէր լինում, էնքան հում էր:
ԱՐՍԵՆ — Բա էն անգամվա մի՞սը: Քաշում էինք, քաշում` չէր պոկվում, ոնց որ կաուչուկ լիներ: Բայց թե Համոյի դեմ խաղ չկա․խփածը խփած է:
ԱՄԱՅԻ — Հա՜…
ԱՐՍԵՆ — Հա՛, նրա գնդակը գետնին չի ընկնում: Համոն ի՞նչ խոհարար, Համոն զինվոր է, դիպուկահար: Ուղղակի տղերքի խաթրի համար է ճաշ էփում:
ԱՄԱՅԻ — Թող Աստված նրա արևը պահի:
ԱՐՍԵՆ — Ամայի…
ԱՄԱՅԻ — Ասա, մատաղ:
ԱՐՍԵՆ — Ախր, որ ասեմ, վախենում եմ՝ բարկանաս:
ԱՄԱՅԻ — Թե բարկանալու բան լինի` կբարկանամ, ասես, թե չասես: Ասա:
ԱՐՍԵՆ — Պատերազմը քո պղնձին էլ հասավ:
ԱՄԱՅԻ — Ի՞նչ ես խոսում, տղա՛, բան ասա, բան հասկանանք:
3-րդ ԶԻՆՎՈՐ — Մի խոսքով…
ԱՐՍԵՆ — Դե, փլավը կերանք, պղինձը դրեցինք խրամատի եզրին: Թուրքն էլ տվեց, ծռեց:
ԱՄԱՅԻ — Վա՜յ, քոռանամ ես, ախր, ափսոս էր:
ԱՐՍԵՆ — Պղինձն ի՞նչ է, որ դրա համար քոռանաս: Հենց գնացի Երևան, հետս մի էնպիսի կաթսա կբերեմ որ…
ԱՄԱՅԻ — Չէ, նորը դրանից չի լինի, Արսեն տղա: Էդ պղինձը հարյուր ու հիսուն տարեկան է:
ԱՐՍԵՆ — Հինը նորից լա՞վն է:
ԱՄԱՅԻ — Հա, մատաղ: Գիտե՞ս, քանի մարդ է կերակրել: Որքան երկար են օգտագործել ամանը, էնքան համով է նրա էփած ճաշը: Դրա համար էլ միշտ էդ պղնձով էի ճաշ եփում ձեզ համար:
ԱՐՍԵՆ — (կռանում, համբուրում է այտը): Չե՞ս նեղացել:
ԱՄԱՅԻ — (ծիծաղելով): Գնա՜, շաշ… տղերքը ո՜նց են:
ԱՐՍԵՆ — (բութ մատը վերև է պարզում): Ըհը՛: Բա Սոնան ո՞ւր է, Ամայի ջան… Սիրտը կոտրվեց, չգիտեմ՝ ի՞նչ անեմ, որ մի քիչ մխիթարվի:
3-րդ Զինվորը նստարանին նստած ծխում է:
ԱՄԱՅԻ — Սոնա՜:
ՍՈՆԱՅԻ ՁԱՅՆԸ — Հա՜:
ԱՄԱՅԻ — Արի:
ՍՈՆԱ — (գալիս, տեսնում է Արսենին, ուժ գործադրելով ժպտում է): Վա՜յ, էս ինչի՞ ես եկել:
ԱՐՍԵՆ — Ամայու վիրավոր կաթսան եմ բերել:
Ամային վերցնում է կաթսան, զննում է, երևում է, որ խոսում է կաթսայի հետ:
Դադար:
ԱՐՍԵՆ — Եկա, որ մի անգամ էլ տեսնեմ քեզ:
ՍՈՆԱ — (ափով փակում է տղայի բերանը): Սու՜ս: (Արսենը համբուրում է ձեռքը:) Վաղը զենք բերող ուղղաթիռով Երևան եմ գնում:
ԱՐՍԵՆ — Այդպես էլ գիտեի: Մի խնդրանք ունեմ. զանգես մեր տուն, մորս ասես, որ ես լավ եմ: Տեսնում ես, չէ՞, որ շատ լավ եմ:
ՍՈՆԱ — Զանգեմ: Տուր համարը:
ԱՐՍԵՆ — (գրպանից հանում է թղթի կտորը): Գիտեմ, մաման հեռախոսը վախով կվերցնի: Դու նրան հանգստացրու, լա՞վ:
ՍՈՆԱ — Շա՞տ ես սիրում մորդ:
ԱՐՍԵՆ — Ո՞վ չի սիրում իր մորը: Մամայիս հետ շատ եմ կապված:
ՍՈՆԱ — Եթե ուզում ես` հանդիպեմ, ավելի մանրամասն պատմեմ քո մասին:
ԱՐՍԵՆ — Կանե՞ս:
ՍՈՆԱ — Ինչո՞ւ չէ:
ԱՐՍԵՆ — (հրճվանքով): Որ ասում եմ՝ քեզ շատ եմ սիրում, չես հավատում: Ասես հազար տարի ճանաչել եմ:
ՍՈՆԱ — Մի խենթանա, Արսեն: Իմ սիրտը վիրավոր է: Մի խենթանա, պատերազմ է:
ԱՐՍԵՆ — Կվերջանա:
ՍՈՆԱ — Երանի շուտ վերջանար:
3-րդ ԶԻՆՎՈՐ — (անհամարձակ): Արսեն, չգնա՞նք:
ԱՐՍԵՆ — (սթափվում է): Գնանք: (Սոնային նայում է կարոտով, սիրով, կես-կատակ բացականչում է:) Գնամ, պատերազմի հերն անիծեմ:
3-րդ ԶԻՆՎՈՐ — (ձգվում է Ամայիի առաջ, ապա դիմում է Սոնային): Ցտեսություն:
ԱՄԱՅԻ — Բարին արևդ, բալա:
Սոնան հայացքով ուղեկցում է տղաներին: Քիչ անց գլխապտույտ է ունենում, մի կերպ նստում է նստարանին:
ՍՈՆԱ — Վա՜յ, էս ի՞նչ է…
ԱՄԱՅԻ — (կաթսան թողնում, մոտենում է Սոնային): Ի՞նչ եղավ, բալա:
ՍՈՆԱ — Հեչ, գլուխս էլի պտտվեց: Էս ի՞նչ բան է, չեմ հասկանում:
ԱՄԱՅԻ — Չհասկանալու ի՞նչ կա: Սոնա աղջիկ, դու էրկու հոգով ես:
ՍՈՆԱ — Ի՞նչ ես ասում, Ամայի, ես քսան տարվա չբեր եմ:
ԱՄԱՅԻ — (ծիծաղում է): Սոնա աղջիկ, ես էլ վաթսունհինգ տարվա հեքիմ եմ: Հերիքնազի աչքը ոչ մի անգամ չի խաբել: Արի, տեսնեմ… (Շոշափում է Սոնայի փորը:) Մի ամսից խոխան կխաղա:
ՍՈՆԱ — (ոչ այն է՝ ուրախ է, ոչ այն է` զարմացած, շոշափում է փորը): Սամվե՜լ….
ԱՄԱՅԻ — Քեզ զգույշ պահի, բալա: Էլ չգնաս դիրքեր, ծանր աշխատանք չանես, էլ բինտերը չլվանաս: Տեսնում եմ` զզվում ես:
ՍՈՆԱ — (ավելի շատ իրեն, քան Ամայիին): Պատերազմ է… ու մարդ պարտավոր է դիմանալ թե տխրությանը, թե ուրախությանը… պատերազմ է…
Տեսարան 8
Գիշեր է: Ամային դուրս է գալիս տնից, նստում է ծառի տակ:
ԱՄԱՅԻ — Այ հալիվոր, դիմանայիր, էլի: Հիմի էսքան ցավին մենակ ո՞նց դիմանամ: Գևորգիս ցավի՞ն դիմանամ, նրա էրէխեքի կարոտի՞ն, քո բացակայությա՞նը, թե՞ հող ու ջրի համար գլուխները դրած էս էրեխեքի տանջանքին… Վիրավորվում են` ոնց որ գյուլլեն իմ սիրտը մտնի, սոված են մնում` հաց ուտելս չի գալիս, մրսում են` իրենցից ավելի շատ եմ դողում: Թե հետս լինեիր, կյանքս մի քիչ հեշտ կլիներ: (Քայլում է մոլոր, դուրս է գալիս բակից:) Հավք ու հող, քար ու սար, դար ու դաշտ քնած են, իսկ ես քնել չեմ կարողանում: Էդպես տեղաշորից փախչում են նրանք, ում հետևից որ գալիս է Գաբրիելը… Հը՞, Հերիքնազ աղջիկ, կարո՞ղ ա գնալուդ ժամանակն է…. (Խաչ է հանում երեսին:) Ա՜խ, մարդ պիտի մեր չլինի: Գևորգիս ցավը, նրա կորստի ցավն ինձ առնում, տանում է սար ու քար: Կամոյի ցավը, Դավիթի ցավը, Սիմոնի, Մարգարի… Գևորգի ցավն իմ սրտի միջով է անցնում ու սիրտս մզզում է, ասես բաց վերք լինի: Հիմա էլ գումարվեց Սոնայի դարդը: Ջահել կին է, գլխին սև շոր գցեց: Ինչքա՞ն ապրի էդպես, տուն ու տեղ թողած ինչքա՞ն մնա դիրքերում… Հիմի էլ հղի է: Էրեխեն մխիթարություն կլինի, չնայած անմարդ կնկա համար… Ախր, կինը օջախ պիտի պահի, կինը պիտի չթողնի, որ օջախը հանգչի: Օ՜ֆ… Հալիվոր, տեսնես էդտեղ է լա՞վ, թե՞ էստեղ: Չե՜ս խոսում: Ի՞նչ խոսես, ով գիտե` տեղդ լավ է, որ ինձ մոռացել ես: Թե՞… Ա՜խ, քեզ համար էլ քոռանամ… (Լալիս է:) Մեղք էիր, առանց դագաղի, առանց կարգին պատիվ տալու թաղեցինք: Մարդուն իր ունեցածից ու ստեղծածից մի դագաղ է մնում: Քեզ էդ էլ չհասավ: Ի՞նչ անեինք, թուրքը կրակում ու կրակում էր կատաղած… (Կրակոցի ձայներ են լսվում:) Էլի սկսեցին կրակել: Ահն առել է թուրքի սիրտն ու կրակում է, գիշեր-ցերեկ կրակում է: Չի ափսոսում Աստծո ստեղծած էս սիրուն աշխարհը, կրակում, փչացնում է… (Գալիս է դեպի բակ: Կրակոցներ են լսվում: Մի պահ ձգվում է, հետո կուչ է գալիս, ձեռքը տանում է սրտին:) Հա՞, էկա՞ր… քեզ վաղուց էի սպասում, ախր…
Փլվում է քարին: Մեռնում է լուռ: Կարծես նստած է: Գալիս է Դավիթը:
ԴԱՎԻԹ — Էս ինչ երազ էր… Ասի` էրկու գիշեր չեմ քնել, մի ժամ հանգստանամ, էն էլ էս երազը.. Լավ երազ չէր, վատ երազ էր: Ամային ասում ա. «Երազին հավատաս` նշանակում է վազես ստվերի հետևից, երազին հավատաս` նշանակում ա քամու հետևից վազես»: Լավ ա ասում, բայց իմ տեսած երազը չար էր, հաստատ: (Նկատում է քարին նստած Ամայիին:) Այ մեր, քո քունն է՞լ չի տանում: Վատ երազ եմ տեսել, Հերիքնազ Ակունց, ու սիրտս կծկվում է: Քնել չկարողացա, վեր կացա, եկա քո կողմը: Էն էլ, Փառք Աստծո, տեսնում եմ` վատ չես: (Նստում է Ամայիի կողքին:) Ուրեմն, Ամայուս ասեմ, իբր էլի պատերազմ է, ես ու դու մի մութ տեղում ենք: Զարզանդելու մութ էր, ո՜չ արև, ո՜չ լուսին, ու հաստատ երկրի վրա չէր… Դու գնում էիր ու հետս չէիր խոսում: Ես գալիս էի քո հետևից, դու դառնում, խեթում էիր ինձ ու քայլում էիր: Հետս չէիր խոսում, բայց հասկացնում էիր, որ չգամ հետևիցդ… Հետո… ագռավի նման բան հայտնվեց երկնքից… ու ոնց ասեմ, չգիտեմ, քեզ վերցրեց ու տարավ: Վեր թռա, էլ քնել չկարողացա, եկա քո կողմը: Սիրտս վատ բան էր գուշակում, բայց ոնց որ… Հը՞, այ մեր, ինչի՞ չես խոսում: (Նրա լռությունից զարմացած:) Ամայի, ինչի՞ չես խոսում: (Շոշափում է Ամայուն, զարմացած ետ է քաշում ձեռքը:) Արյո՞ւն է… Ամայի՞… վիրավո՞ր ես… (Ամային թեքվում է կողքի:) Մեռա՞ծ է, թե՞ վիրավոր… (Համոզվելով, որ մեռած է:) Վա՜յ ձեր… տղամարդ եք` ինձ վրա կրակեք, խեղճ պառավի վրա՞ պատեց ձեր ուժը: Ամայի, բա առանց մոր ի՞նչ արծվաբույն… բա սա անելու բա՞ն էր: Տղերք, էկե՜ք, Ամային զարկվե՛ց…
ԿԱՄՈ — Ո՞նց… Ամայի՛, Ամայի՛…(Հայտնվում է հենակների վրա ցատկոտելով:)
Սոնան, Կամոն, էլի քանի զինվորներ վազում, հավաքվում են Ամայիի մոտ:
ԴԱՎԻԹ — (գլխի փաթաթանը հանելով): Ամային զոհվեց: Իսկական զինվոր էր ու իսկական հերոս զինվորի պես պիտի հողին հանձենք նրան:
Տեսարան 9
Բակում Սոնան ու Կամոն են:
ՍՈՆԱ — (միացրել է ձայնագրիչը): Թե Հայաստանի երկինքը երեկոյան էներգետիկ ճգնաժամի պատճառով է մութ լինում, Արցախյան ճակատամերձ այս գյուղում էլեկտրագծերն ավերվել են հրետակոծման ժամանակ: Ավերվել են նաև տները: Այս գյուղը երկու անգամ ձեռքից-ձեռք է անցել: Գյուղում խաղաղ բնակչություն չկա, բացի 80-ամյա Հերիքնազ Ակունցից, որին զինվորները փաղաքշաբար Ամայի` մայրիկ էին կոչում: Ամային էլ զինվոր էր, իր տնից չէր հեռանում, քանի որ լավ գիտեր, որ կռվող զինվորին թիկունքում սպասող մայր պիտի լինի: Բայց այս գիշեր զոհվեց նաև Ամային: Զոհվեց սեփական տան բակում, թշնամու արձակած գնդակից: (Դադար՝ հուզմունքը զսպելու համար:) Երբ նայում ես դիրքերից, չես մտածում, թե գյուղն ավերված է, թվում է` հիմա տնից դուրս է վազելու պորտը բաց մի տղա և, առանց շրջապատին ուշք դարձնելու, իրեն գցելու է այգի, որ տատից թաքուն արևածաղկի մի գլուխ թռցնի, կամ էլ խակ խնձորը ծոցը լցրած վազի, խառնվի ընկերներին ու իջնի գետը լողալու: Նայում ես դիրքերից ու մտածում, թե գյուղը դատարկ չէ: (Կրակոցի ձայներ: Կռվողների աղմուկ: Սոնան ուշադրություն չի դարձնում:) Դրա համար էլ հայ տղաներն այդքան հաստատուն են կանգնում թշնամու դիմաց: Այսօր մեր զինվորներն արդեն ետ են մղել թշնամու երրորդ գրոհը: Գրոհների արանքում զինվորական պատիվներով հողին են հանձնել Հերիքնազ Ակունցին, բայց Քարակապը հիմա ավելի կարևոր է ամեն մի զինվորի համար, քանի որ հիմա ընկած հերոսների գերեզմաններն են այնտեղ: Ու չնայած իջնում է մութը, սակայն թշնամին անընդհատ գրոհում է, քանի որ Քարակապն Արցախի դարպասն է:
Պայթյուն: Սոնան ու Կամոն թաքնվում են տան պատի մոտ: Կրակոցների ձայնը ուժգնանում է: Լսվում է նաև հեռակապի խռխռոց, հայերեն և ադրբեջաներեն բացականչություններ:
ՁԱՅՆԵՐ — Վայ քո, արա՜… ա՜խ… Աջ կողմը ուշադիր… Անա՜… Վա՜յ քո անան… Կորյունին ասա, թող մինամյոտով խփի… Էրմանի՜… Կորյուն, խփի՛, արա Տրուբա՛, ճիշտ նշան բռնի… Մարգա՜ր… տղերք, Մարգարը զարկվավ…
ԿԱՄՈ — (լարված): Էրևում է` թունդ բոյ ա:
ՍՈՆԱ — Սիրտս չի համբերում, գնամ, տեսնեմ՝ ինչ կա ու գամ: (Ուզում է վազել:)
ԿԱՄՈ — (հասցնում է թևից բռնել): Ո՞ւր, խելառ հո չե՞ս:
ՍՈՆԱ — Կամո, գնամ ու գամ, էլի:
ԿԱՄՈ — Ասում եմ՝ հանգիստ տեղդ մնա: Գնալու ես` խանգարես, զենք չունես, կրակել չգիտես…
ՍՈՆԱ — Չեմ խանգարի, Կամո ջան:
ԿԱՄՈ — Էրևում է՝ տղերքի վիճակը լավ չէ: Պահածդ տեղից ավտոմատս բեր:
ՍՈՆԱ — Դո՞ւ…
ԿԱՄՈ — (չոր ու հրամայական): Բե՛ր:
Սոնան վազում, տնից բերում է ինքնաձիգը:
ՍՈՆԱ — Ի՞նչ ես ուզում անել:
ԿԱՄՈ — Ոտք չունեմ, որ տղերքին հասնեմ, կնստեմ էստեղ: Թե տղերքի ուժը չպատի ու թշնամին հասնի մեզ, ես էլ իմ դատաստանը կանեմ: Վստահ էղի, եթե պետք ըլնի` ինձ ու քեզ պաշտպանել կկարենամ: (Լսելով մարտի աղմուկը՝ կրակահերթ է տալիս:)
ՍՈՆԱ — Ի՞նչ ես անում:
ԿԱՄՈ — Ազդանշան եմ տալիս:
ՍՈՆԱ — Ի՞նչ ազդանշան…
ԿԱՄՈ — Իբր` օգնություն ա գալիս:
ՍՈՆԱ — Ո՞ւր է օգնություն:
ԿԱՄՈ — Մերոնք գիտեն, որ օգնություն չկա, բայց թշնամին չգիտի: Կմտածի` հայերն օգնություն են ստանում, կվախենա, իսկ կռվի ժամանակ որ վախն ընկավ զինվորի սիրտը…
ՍՈՆԱ — Բայց թշնամին ճանաչո՞ւմ է քո ազդանշանը:
ԿԱՄՈ — (ժպտալով): Էսքան ժամանակ իրար կողքի կռվում ենք: Ինձնից ու քեզնից լավ գիտի: (Երկու կարճ կրակահերթ է արձակում:)
ՍՈՆԱ — Ոնց որ կրակոցների ձայները պակասեցին:
ԿԱՄՈ — Ոնց որ…
Լսվում են հեռակապի խառը ձայներ, բացականչություններ:
ՁԱՅՆԵՐ — Խփի, Սիմոն, մի թողեք, որ ուշքի գան…
— Հո՞վ ա ասալ` մի կրակեք…
— Արա, Խչոյի թիկունքը պահի, Խչոյի թիկունքը…
— Թորքը մտել ա ձորը, մտել ա ձորը, զգույշ…
— Մի՛ իջի, մի՛ իջի…
— Արսե՛ն, Արսե՞ն…
— Թխի, թխի՛, զգո՜ւյշ…
Սոնան ու Կամոն կլանված լսում են գիշերային մարտի ձայները: Սոնան տնից բերում է նավթի լամպը:
Բեմի խորքում` կիսախավարի մեջ պատկերվում է ջոկատի խփվելը: Ռազմի ձայները մարում են: Լարված լռություն: Հետո լսվում է մոտեցող զրահամեքենայի աղմուկը: Մեքենայի գցած լույսի մեջ երևում է Դավիթը:
ՍՈՆԱ — (ընդառաջ գնալով): Հը՞, Դավիթ…
ԴԱՎԻԹ — (գլուխը վիրակապած է): Բարձունքը մերն է…
ԿԱՄՈ — Դավո, տղերքը… տղերքը ո՞նց են:
ԴԱՎԻԹ — Տղերքը չկան…
ԿԱՄՈ — Ի՞նչ…
ԴԱՎԻԹ — Թուրքին լցրինք ձորը… խփվեցին: Արսենը վերջին պահին տաքացավ, իջավ ձորը: Ինքն էլ…
Դավիթը նստում, գլխահակ ծխում է: Սոնան ծոցագրպանից հանում է Արսենի տված թուղթը, պատռում է: Դավիթը լացով փլվում է Կամոյի ուսին:
ՍՈՆԱ — Հիմա արդեն մորդ զանգելու կարիք չկա: Դու ինձնից շուտ կհասնես տուն:
ԴԱՎԻԹ — Նոր ջոկատ են ուղարկել Քարակապ… գնամ դիմավորեմ…
Դավիթն արագ հեռանում է: Կամոն կանգնած նայում է նրա հետևից:
Տեսարան 10

Բակ: Սոնան, սև շորերը հագին, բակում գործ է անում: Դավիթն ու Կամոն նստարանին նստած նայում են ճանապարհին:
Լսվում է «Ուրալի» ձայնը: Բակ են մտնում ջոկատի զոհված տղաները: Արսենը նստում է դաշնամուրի մոտ ու փորձում է ինչ-որ բան նվագել: Մարգարը վազում-թռնում է Կորյունի շալակը: 1—ին Զինվորը կռացել, փորձում է գլխարկով բզեզ բռնել, 2-րդ Զինվորը 3-րդ Զինվորի հետ տուն է մտնում, երկար ճերմակ սփռոց են բերում, գցում սեղանին: Սոնան սեղանի կենտրոնում դնում է Ամայիի ծռմռված կաթսան ու շարում է ափսեներն ու պատառաքաղները: 3-րդ Զինվորը մերկանում է մեջքից վերև ու երկաթի տակառի միջի ջրով շփում է մարմինը: Սիմոնն ու Վահրամն ինչ-որ բանի մասին են խոսում:
Աստիճանաբար բարձրանալով հնչում է Քոչարին: Ջոկատի տղաները Քոչարի են պարում: Դաշնամուրի մոտից քաշում, պարի մեջ են մտցնում Արսենին:
Պարի ընթացքում նրանք հերթով անհետանում են «Ուրալի» լույսերի մեջ:
Բեմը մի պահ մթնում, հետո աստիճանաբար լուսավորվում է: Ամայու տան բակն է, բայց պատերազմի ավերածության հետքերը վերացած են: Մեր օերերն են: Սակայն նույնն է դաշնամուրը:
Դաշնամուրի մոտ նորակոչիկ զինվոր է նստած: Փորձում է նվագել:
ՁԱՅՆ — Սա՞մ… Սամվե՛լ:
ՍԱՄՎԵԼ — Հա՜, գալիս եմ:
ՁԱՅՆ — Շուտ արա, հերթափոխը դիրքեր է բարձրանում: Ուշանում ենք:
ՍԱՄՎԵԼ — (տան կողմը ձայն տալով): Մա՛մ…
Սոնան, արդեն տարեց կին` դուրս է գալիս տնից ու մոտենում է որդուն: Ուղղում է նրա հագուստը: Մի քանի վայրկյան նստում են դեմ-դիմաց ու վեր կենում: Սամվելը գրկում է մորը: Սոնան Սամվելի ձեռքին է կապում ժամացույցը:
ՍՈՆԱ — Հորդ ժամացույցն է:
ՁԱՅՆ — (անհամբեր) Սամո՜…
ՍԱՄՎԵԼ — Դե գալի՛ս եմ, էլի՜:
Սամվելը համբուրում է մորն ու վազքով հեռանում:
Սոնան նրա հետևից ջուր է ցանում ու ձեռքերը ծալած քարանում է տեղում:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։