Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ / ՄԻ՛ ԼՌԻՐ, ՌԵՄԻ

 

Դրամա երեք գործողությամբ

Գործող անձինք
ՌԵՄԻ — 25-30 տարեկան, գեղեցիկ, տաղանդավոր երիտասարդ կին
Նրա ԱՄՈՒՍԻՆԸ — մոտ 30 տարեկան սիրիահայ երիտասարդ1
Ռեմիի ՀԱՅՐԸ, Ռեմիի ՄԱՅՐԸ — ամենասովորական ամուսնական զույգ. նրանք վիրտուալ կերպարներ են
ՏՂԱ — 5-6 տարեկան, լռակյաց երեխա
ՖԼԵՅՏԱՀԱՐՈՒՀԻ — պրոֆեսիոնալ ֆլեյտահարուհի է, ցանկալի է, որ նման լինի Ռեմիի դերակատարին, նույն տարիքի, որպեսզի զուգահեռ տարվի նրանց միջև

Նախընտրելի է, որ բեմում առկա լինի նաև ջազային կազմ՝ Ֆլեյտահարուհին, նաև կոնտրաբաս և դաշնամուր նվագողներ: Բեմից վեր՝ օդում ճոճվող այլ մի հարթության վրա, տրիոն ժամանակ առ ժամանակ կհնչեցնի ներկայացման լեյտմոտիվ դարձած հանդարտ, հոգեթով ջազը: Այն կհնչի իբրև հակաթեզ անելանելի, կենցաղային ու ճնշող իրականությանը, որում ակամա հայտնվել են հերոսները և կխորհրդանշի ոչ նյութական ոլորտի մշտական ներկայությունը բեմում, որից այնքան կտրվել են մարդիկ՝ առօրյա հոգսերի ու մշտապես զբաղվածության պատճառով: Ետնաբեմում կա նաև էկրան, որը ժամանակ առ ժամանակ ֆոտո և վիդեո վավերագրական նյութի միջոցով պատկերում է Հայաստանի այս կամ այն պատմական ժամանակահատվածը: Ինչպես նաև Ռեմիի ծնողների իրականությունը՝ ինչպես վավերագրական ֆիլմ Ռեմիի անցյալից:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Տեսարան առաջին
Մինչև հանդիսատեսի բեմում տեղավորվելը հնչում է ջազային երաժշտություն: Վարագույրը բաց բեմ է: Մութ է: Հանդիսատեսի տեղավորվելուց քիչ անց ջազը ընդհատվում է, լսվում են դաշնամուրի անկանոն, տագնապեցնող հնչյուններ, ֆլեյտայով հնչում է գամմա, աղմուկ, աղջիկ երեխայի լաց, ընդհատ-ընդհատ արտահայտություններ. «չեմ ուզում, հայրիկ» (երեխայի ձայնով), «դու կարող ես», «դու պարտավոր ես», «անտեր երկիր», «նետիր գնդակը» (տղամարդու ձայնով), «հայրիկ, ես քնել եմ ուզում»… Բեմը լուսավորվորվում է, ամենուրեք մեծ ու փոքր կապույտ գնդակներ կան: Ձայները լռում են, բազմոցին պառկած երիտասարդ կինն ասես մղձավանջի մեջ թավալվում է, նա երազում խոսում է. «Հայրիկ, ես քնել եմ ուզում, մամ, մա՛մ, ասա նրան, ես քնել եմ ուզում»: Զարթուցիչի ուժգին ձայն: Կինը վեր է թռչում: Ճոճաթոռում նստած երիտասարդ տղամարդը, ձեռքին տետր ու գրիչ, լուռ հետևում է կնոջը: Աղջիկը սկզբում ցնորված նայում է շուրջբոլորը: Տղամարդը մոտենում է, ջուր է տալիս:
ԱՄՈՒՍԻՆ — Խմիր, խմիր ու հանգստացիր, հոգիս, զարթուցիչը ես էի լարել:
ՌԵՄԻ — Բայց դու գիտես, որ մանկուց ատում եմ զարթուցիչի ձայնը:
ԱՄՈՒՍԻՆ — (հոգատար փարվելով): Այո, բայց վերջերս դա քեզ մոտ հաճախ է կրկնվում, մղձավանջներ ես ունենում, ես էլ որոշեցի կոնկրետ մի ժամի արթնացնել քեզ, որ չտանջվես:
ՌԵՄԻ — Դու էլի գրառումներ ես անում, ես դարձել եմ քո պացիենտը, դա այնքան էլ լավ չէ… Գուցե կարծում ես՝ ես խե՞նթ եմ:
ԱՄՈՒՍԻՆ — Չէ, ի՞նչ ես ասում, սիրելիս, ես խաչբառ էի լրացնում, այ տես… (տետրի միջից հանում է խաչբառով թերթիկը) տես ու ասա՝ ո՞րն է աշխարհի ամենաբարձր ջրվեժը:
ՌԵՄԻ — (իրեն փորձելով կարգի բերել): Չեմ մտաբերում:
ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ե՞րբ է առաջին անգամ հայերենով Շեքսպիր բեմադրվել, և ո՞ր ստեղծագործությունը:
ՌԵՄԻ — Չգիտեմ: Կարծես թե չգիտեմ:
ԱՄՈՒՍԻՆ — Իսկապե՞ս չգիտես, հոգիս, չեղավ, անհարմար է, դու իմ կինն ես, դու չես կարող նման պարզունակ բաներ չիմանալ: Մի՞թե չես կարդացել «Վենետիկի վաճառականը»:
ՌԵՄԻ — Պարզունա՞կ: Վստա՞հ ես, որ պարզունակ հարց է, դա խիստ մասնագիտական չէ՞, սիրելիս: (Տղամարդու լռությունից տագնապելով:) Ներիր, կարծում եմ, չգիտեմ:
ԱՄՈՒՍԻՆ — Կրկնիր, հոգիս, շեքսպիրյան երկերի հայկական բեմադրությունների պատմությունը սկսվում է 1866 թվականին՝ «Վենետիկի վաճառականը» պիեսի հատվածական բեմադրությամբ:
ՌԵՄԻ — Հեգնում ես:
ԱՄՈՒՍԻՆ — Կրկնիր՝ ասացի: (Ռեմին վարսակալն է փնտրում:) Ռեմի, երբեմն ինձ թվում է, որ դու դպրոց չես գնացել, նման բաները տարրական դասարաններում են անցնում:
ՌԵՄԻ — Չեմ կարծում:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչ ասացի՞ր:
ՌԵՄԻ — Ասում եմ՝ դու այնքան էլ չես սխալվում, ութ տարեկան էի, երբ սկսվեց Արցախյան շարժումը, դու չգիտես՝ դա ինչ բան է, դու այստեղ չես ապրել: (Տղամարդը գրառում է անում, նույնիսկ հայացքը չի բարձրացնում` ասես չկարևորելով Ռեմիի պատմությունը: Ռեմին վարսակալը գտնելով, մազերին ամրացնելով, ասես իմիջիայլոց հիշելով, հարդարում է անկողինը:) Դպրոցները սկսեցին չջեռուցվել, մենք նստում էիք սառը նստարանին՝ առանց վերարկուները և ձեռնոցները հանելու: Չէինք հասցնում գրքերը պայուսակից հանել, երբ արդեն զանգը հնչում էր: Կարո՞ղ ես պատկերացնել:
ԱՄՈՒՍԻՆ — (շարունակելով գրել): Այո, լսել եմ այդ մասին:
ՌԵՄԻ — Չէ, լսելն ուրիշ է, պետք էր ապրել այդ ամենը՝ հասկանալու համար: Ո՞վ էր մտածում դասի մասին: Ուսուցչուհին գալիս էր անտրամադիր, սառած մատներով: Աչքերիս առաջ են նրա մաշված քթերով կոշիկները, որոնք ջանում էր թաքցնել: Ասես քայլերը դնում էր ոչ թե առաջ, այլ հետ-հետ՝ ընկրկելով, որ մենք չտեսնեինք, թե ինչպես էին կոշիկները գրեթե մերկացնում նրա փայտացած բթամատերը: Չնայած ինքներս էինք հնոտիների մեջ ու այնքան քաղցած, որ ոչինչ չէինք հասկանում նրա ասածներից, մենք երազում էինք մի բատոն «Մարսի» կամ մեկ բաժակ տաք թեյի մասին:
ԱՄՈՒՍԻՆ — Դե լավ, մոռացիր, չէի ուզում քեզ վերադարձնել այդ տարիները:
ՌԵՄԻ — Չէ, ինչո՞ւ, դա իմ մանկությունն է, դաժան 90-ականները… դրանից չես փախչի, ես այդ հիշողությունները տանելու եմ մինչև կյանքիս վերջ: Էդ տարիներից ինձ հետ բերել եմ նաև աչքերիս հիվանդությունը՝ մոմի լույսի տակ դասեր սովորելու, կարդալու սովորություն ունեի: Չէի կարող ինձ թույլ տալ դպրոցում բաց թողածը տանը չլրացնել:
ԱՄՈՒՍԻՆ — Քեզ սազում է ակնոց, Ռեմի, դու կարող ես չհանել աչքերիցդ նույնիսկ կարդալուց հետո:
ՌԵՄԻ — Մենք տուն էլ չէինք շտապում, ախր, տանը դպրոցից տաք չէր ու ուտելու բան չկար: Պատերազմ էր, լույսը մեկ ժամով էին միացնում: Մայրս հազիվ հասցնում էր եռուցիչը դույլով ջրի մեջ գցել ու թեյնիկը միացնել, որ հոսանքը անջատելուց հետո տաք թեյ ունենայինք: Իսկ դո՞ւ, այո, դո՛ւ, ի՞նչ էիր անում այդ ժամանակ:
ԱՄՈՒՍԻՆ — Դե, ես լավ չեմ հիշում, միգուցե…
ՌԵՄԻ — Չէէէ… Մոռանալու բան չէ, ինչպես էին տղամարդիկ ամեն առավոտ տնից դուրս գալիս գլխիկոր՝ պատահական գործ կամ մի սահնակ փայտ հայթայթելու հույսով: Շատերն իրենց գրադարանները այրեցին այդ տարիներին… (Ամուսինը ուզում է ընդհատել՝ մի կծու խոսք ասելու համար, բայց Ռեմին շարունակում է:) …բայց ո՛չ մենք, հայրս ամեն անգամ վերադառնում էր ծառի ճյուղեր հավաքած: Իսկ գիշերը, մոմի լույսի ներքո, վառարանի շուրջ հավաքված՝ կարտոֆիլ էինք խորովում վառարանի վրա ու ահով լսում այրվող փայտերի վերջին ճարճատյունը: Գիտես, այդ կարտոֆիլից համեղ ոչինչ չեմ կերել երբեք:
ԱՄՈՒՍԻՆ — Այո, խորոված կարտոֆիլը համեղ բան է, բայց ավելի լավ է հիմա նախաճաշենք: Հաց եմ բովել, կարագ, մուրաբա, տաք թեյ կա, քեզ համար սուրճ կպատրաստեմ հիմա: Ռեմի, կանգ առ, արի ներկայով ապրենք:
ՌԵՄԻ — (վեր կենալով՝ փարվում է ամուսնուն): Դու այնքան հոգատար ես:
Մոտենում են ճաշասեղանին: Ռեմին թեյ ու սուրճ է պատրաստում: Նախաճաշում են:
ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ֆլեյտա՞ն, ինչպե՞ս էիր կարողանում սառած մատներով…
ՌԵՄԻ — (մատները ակամա թեյի բաժակի վրա տաքացնելով): Այդ մասին չեմ ուզում հիշել, դու խոստացել էիր ֆլեյտայից չխոսել:
ԱՄՈՒՍԻՆ — (ձեռքը վերցնելով տետրն ու գրիչը): Բայց դու պետք է պատմես, որ ազատվես, դու պետք է ինձ վստահես, հոգիս, այլապես ամեն գիշեր նույն երազները կտեսնես, որոնց մասին խոսել չես ուզում: (Ռեմին նյարդային շարժումներով սեղանն է հավաքում:) Ռեմի, քեզ հետ եմ խոսում, արդեն երկու տարի է` ճանաչում ենք իրար, իսկ դու ինձ չես ուզում պատմել: Ինչո՞ւ չես մոտենում ֆլեյտային, դրված է պահարանում, որտեղ դրել ես մեր ամուսնության օրվանից և վրան փոշու հաստ շերտ է: Հայրդ ինձ պատմել էր, որ Աստծուց տրված տաղանդ ունեիր, որ նվագել ես հինգ տարեկանից ու մեծ, շատ մեծ հաջողությունների ես հասել: Նա ինձ ասաց, որ դու, գերազանցությամբ կոնսերվատորիան ավարտելուց հետո, հրավեր ստացար Լյուցեռնի կոնսերվատորիայում շարունակելու ուսումդ: (Ռեմին լուռ է: Հեգնական տոնի անցնելով:) Դա մեր միակ զրույցն էր, հայրդ ինձ մեղադրեց քեզ քո կյանքի նպատակից զրկելու մեջ, չափազանց ծանր մեղադրանք է, այնպես չէ՞, Ռեմի:
Ռեմին շարունակում է հավաքել սեղանը: Տղամարդը նրան նստեցնում է կողքին:
ՌԵՄԻ — Մենք այդ մասին խոսել ենք, դա միայն հորս ենթադրությունն է: (Տղամարդը հարցական նայում է նրան:) Ինչ-որ բան այնպե՞ս չասացի, չէ՞, ներիր… Ես նյարդային եմ պարզապես, դու այնքան խելացի ես, այնքան հոգատար, դու փայլուն հոգեբան կաշխատեիր: (Տղամարդու պաղ հայացքն ավելի է ծանրանում, Ռեմին՝ ավելի իրար խառնվելով:) Ոչ, ոչ, ես ուզում էի ասել, չէ, իհարկե, դու կարող ես և չաշխատել…
ԱՄՈՒՍԻՆ — Ուրեմն օգնիր ինձ, Ռեմի, դու խոստացել ես, որ թույլ կտաս քեզ հետ պսիխոանալիզի սեանսներ անել, մինչև հոգեբանի աշխատանք կգտնեմ, իսկ դու համառում ես: Ինձ նայիր, Ռեմի, աչքերիս, ուշադիր նայիր, եթե սիրում ես ինձ… (Բառերը շեշտելով, ճնշող հայացքը նրա աչքերին գամած:) Ես կոչնչանամ իբրև մասնագետ, կժանգոտեմ, եթե այդ վարժանքները մեկի հետ չանեմ, ուզում ես, որ օտար կանանց հոգինե՞րը տնտղեմ: Ես հոգեբան եմ, մշտապես լավ մարզավիճակում պիտի լինեմ: Սիրիայում պացիենտներից դադար չունեի, հասկանո՞ւմ ես, իսկ այստեղ… Մի խոսքով, չեմ ուզում նորից սկսել: Ես քեզ սիրում եմ, ես ուզում եմ միայն քո հոգին կարդալ, ոչ մի ուրիշ կնոջ:
ՌԵՄԻ — Այո, այո, դու ճիշտ ես, բայց ես մտահոգ եմ, գուցե մի օր դադարե՞ս ինձ սիրել՝ իմ մեջ տեսնելով քո հիվանդին: Այնքան էլ հաճելի չէ, երբ ամուսինդ քո հոգեթերապեվտն է:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, Ռեմի, դու ինձ նեղացնում ես, Ռեմի… (Բղավում է՝ ձեռքը սեղանին խփելով, հետո իրեն հավաքելով նայում է աղջկան:) Ես կոպիտ չէի, ոչ, չմեղադրես, դո՛ւ փորձեցիր ինձ ափերից հանել, բայց ես չեմ տրվի այդ պրովոկացիաներին: (Մի կերպ ինքնատիրապետումը վերականգնելով:) Դու իմ փոքրիկ աղջնակ, իմ քնքուշ փերի, տուր ինձ մատիկներդ, դրանք աշխատելու համար չեն: Թո՛ղ այդ գործերը, ամեն բան, ինձ մոտ արի, այ այսպես, գրկի՛ր ինձ: Իսկ հիմա խոսի՛ր, հոգիս, ինչո՞ւ չես ուզում նորից նվագել:
ՌԵՄԻ — Լսիր, ես ամուսնացա քեզ հետ, քանի որ արվեստից հեռու մասնագիտություն ունես: Չէ, միայն դրա համար չէ, որ… դու գիտես, քեզ սիրահարվեցի ինքնամոռաց ու փառք տվեցի Աստծուն, որ դու երաժիշտ, նկարիչ, դե, է՞լ ինչ կա, դերասան ու դրա նման անհեթեթ մի բան չես:
ԱՄՈՒՍԻՆ — Այո, դու չէիր ասել, որ բեմ ես բարձրանում:
ՌԵՄԻ — Երբ Նինան՝ կուրսընկերուհիս, հիշո՞ւմ ես նրան, կանչեց իր ծննդյան օրվա երեկույթին, ինձ ասել էր, որ սիրիահայ երիտասարդներ են լինելու, ասել էր՝ դուք նոր եք ներգաղթել Սիրիայից ու որ տեղացիներիս ուշադրության և հոգածության կարիքն ունեք: Դա ինձ անչափ հուզեց, ու որոշեցի անպայման ներկա լինել ծնունդին: Բայց երբ քեզ տեսա, քո աչքերում ընկճվածություն կամ վախ չնշմարեցի, հակառակը: Ամուր ոգի, հպարտություն, իսկական հայկական հպարտություն տեսա: Ես հիացած էի… Ու գիտե՞ս, ինձ համար միևնույն էր՝ դու մեքենավար կլինես, հաշվապահ, թե վարորդ: Մենք զրուցում էինք հայրենասիրական թեմաներով, որ չնայած մեր երկրի փոքր լինելուն, մեր հոգիների արիությունն է անսահման: Ես ինքնամոռաց սիրահարվեցի քեզ:
ԱՄՈՒՍԻՆ — (նրա ձեռքերը ափերի մեջ ճզմելով, դաժանացած): Ուզում ես ասել, որ ուրախ ես, որ ես՝ լավագույն համալսարաններից մեկի շրջանավարտս, հոգեբանական գիտությունների թեկնածու, չորս լեզուների իմացությամբ, վարորդ եմ աշխատում մի հիմար հաստափորի մոտ, ով նույնիսկ իր անո՞ւնը գրագետ գրել չգիտի:
ՌԵՄԻ — Ի՞նչ ես, ասում, դա նկատի չունեի: Ուզում եմ ասել, որ հիմա չեմ տեսնում աչքերումդ այն հայրենասիրությունդ, որն ինձ գրավեց: Լսիր, լավ գիտես, որ այս ամենը ժամանակավոր է:
ԱՄՈՒՍԻՆ — Ասում ես՝ չես տեսնում, հա՞, իսկ ի՞նչ ես տեսնում… Ոչ, Ռեմի, դու նույնիսկ չես կարող զրուցընկեր լինել, ամեն անգամ փչացնում ես լավ տրամադրությունս: Ռեմի, մայրդ չի՞ սովորեցրել, որ պետք է տղամարդու հանդեպ նրբանկատ լինել և հարգել նրան, նույնիսկ ընկերուհինե՞րդ չեն ասել այդ մասին: Այնտեղ՝ արևելքում, կնոջը ծնված օրվանից սովորեցնում են հաճոյանալ տղամարդուն: Հայերս այդպիսին չենք, իհարկե, մենք ենք մեր կանանց շարունակ մեծարում, սակայն եթե սիրիահայ ընտանիքում աղջիկ զավակ է ծնվում, հայ մայրերը նրան սովորեցնում են տնտեսություն վարել, եփել, կարել, ամուսնուն հոգ տանել, հարգել նրան, վերջապես, ո՛չ թե զայրացնել: Ռեմի, ինչո՞վ է զբաղվել քո մայրը: Ախր, դու ոչինչ անել չգիտես:
ՌԵՄԻ — (անկեղծ, շփոթված): Մա՞յրս… մայրս ինձ սիրում էր, նա ինձ պաշտպանում էր, ուզում էր՝ խաղաղ ապրեմ…
ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ընկերուհինե՞րդ, նրա՞նք էլ քեզ պես անբան են:
ՌԵՄԻ — Բոլորը մեկնեցին, ովքեր կարող էին, հնարավորություն ունեին, փախան երկրից: Իմ դասընկերուհիներից մի քանի մտերիմներս հիմա Միացյալ Նահանգներում են ապրում, շատերը ընտանիքներով Ռուսաստան մեկնեցին, ավելի հաջողակները՝ Եվրոպա, ու գիտե՞ս, ասում են, անչափ երջանիկ են, քանի որ համապատասխան գնահատական են ստանում արածի դիմաց: (Ավելի ու ավելի շփոթվելով:) Ասենք՝ դու վարորդ ես, դե ո՛չ, դո՛ւ չէ, մեկը, որ աշխատում է տաքսի ծառայությունում ու ստանում ամեն օր հինգ հազար դրամ, դա ամերիկյան տասներկու դոլլարն է, չէ՞: Իսկ իմ ընկերուհու հայրը նույն բանն անելով այնտեղ՝ ամեն օր հարյուր դոլար ունի: Գուցե մե՞նք էլ գնանք:
ԱՄՈՒՍԻՆ — (տեղից վեր ցատկելով ու թափելով ձեռքին ընկածը): Դու ինձ ծաղրում ես, ասա, ծաղրո՞ւմ ես, հատուկ երկրորդ անգամ շեշտեցիր, որ վարորդ եմ: Ռեմի, ես այս կյանքի մասին չեմ երազել, ես կարող էի հիմա իմ կլինիկան ունենալ, իմ պացիենտները, ես հիմա գիտությունների դոկտոր պիտի լինեի, հարուստ ու երջանիկ կյանք վարեի:
ՌԵՄԻ — Ես միայն հարցրի՝ գուցե մե՞նք էլ մեկնենք բախտ որոնելու:
ԱՄՈՒՍԻՆ — Ես դրա համար չեմ եկել, վերադարձել պապերիս հայրենիքը, որ փախչեմ բախտ որոնելու: Երբ այդ երկրորդ շանսն ինձ տրվեց, ես հասկացա, որ կշտկեմ ծնողներիս սխալը ու կգամ Հայաստան՝ գիտելիքներս ու փորձս ազգիս ծառայեցնելու համար: (Մի պահ մտածելով:) Իսկ հիմա… գուցե դու ճիշտ ես, հոգիս, ես փոշմանել եմ, այո, փոշմանել եմ, ծնողներիս հետ Նահանգներ պիտի մեկնեի, այնտեղ մորաքույրներ, հորաքույրներ ու բազմաթիվ զարմիկներ ունեմ: Գիտե՞ս, նաև մի բան հստակ հասկացա՝ որտեղ ծնվել ես, այնտեղ է հայրենիքդ: Սիրիայում ես մեծ հաջողություններ ունեի, հարգված բժիշկ էի և դեռ ինչերի՜ պիտի հասնեի:
ՌԵՄԻ — Իսկ ինչպե՞ս պատահեց, որ Սիրիայում ծնվեցիր:
ԱՄՈՒՍԻՆ — Ապշում եմ, ասում են՝ կոնսերվատորիայում գերազանցությամբ ես սովորել, մի՞թե պատմություն չգիտես: Ա՜խ, այո, այսինքն ասացիր, որ դպրոց չես գնացել գրեթե: 1915-ի մասին լսե՞լ ես, ասա, հոգիս:
ՌԵՄԻ — Վերջ տուր, ինձ նեղացնում ես, դա արդեն չափազանց է, դու դիպչում ես բոլորիս բաց վերքին, որ մխում է դեռ:
ԱՄՈՒՍԻՆ — Ուրեմն իմացիր, Ռեմի, երբ թուրքերը ջարդում էին անպաշտպան մի ազգի և քշում իրենց պատմական հայրենիքից, իմ ու քո պապերը անզեն, արևի տակ ծարավից տոչորվելով, քայլում էին Դերի Զորի անապատով՝ փրկվելու հույսով: Ոմանք փրկվեցին, գիտե՞ս, չկա մի աշխարհամաս, որ հայ չլինի: Դու էլ, հավանաբար, արտերկրում հարազատներ ունես:
ՌԵՄԻ — Այո, ունեմ, ինչպես բոլոր հայերը:
ԱՄՈՒՍԻՆ — Շատերը Դեր-Զորից շատ հեռու չգնացին, հաստատվեցին Սիրիայում, այն ամենաառաջին ու ամենամեծ հայկական գաղթօջախը դարձավ: Ես իմ կամքով չէ, որ ծնվել եմ օտար միջավայրում և կրում եմ այլ մշակույթի կնիքը, ինչի պատճառով այսօր իմ հայրենիքում ինձ չեմ զգում տանը: Այս անվերջ կիսատությունը: Ճիշտ է, մեր համայնքը Սիրիայում մեծ հարգանք ու պատիվ է վայելում, բայց մեկ է, օտար ես, այլազգի: Իսկ այստեղ, պարզվում է, խոսում ենք նույն լեզվով, նույն դավանանքն ունենք, բայց իրար չենք հասկանում: Ինչո՞ւ, Ռեմի, հոգիս, կարո՞ղ ես ասել, ինչո՞ւ:
ՌԵՄԻ — Մեզ դժվար ժամանակներ են բաժին հասել, բայց մենք ենք մեր երկրի ապավենը, ապագան, մենք հուսահատվելու իրավունք չունենք: Այ, դու կարող էիր արդեն խոսել արևելահայերեն, բայց՝ ոչ, դու համառորեն արևմտահայերենով ես խոսում: Դու պետք է ջանք թափես, այդպես չի լինի:
ԱՄՈՒՍԻՆ — Չէէէ, նա ոչինչ չի հասկանում:
ՌԵՄԻ — Ես, ես… Երևի դու ճիշտ ես, ինչ-որ տեղ ես խենթ եմ: (Փորձելով կատակել:) Բոլոր երաժիշտները գիտեն, որ ֆլեյտահարները՝ թեկուզ և նախկին, մի քիչ խենթ են, կամ…
ԱՄՈՒՍԻՆ — …կամ մանկամիիիիիտ:
ՌԵՄԻ — Թող լինի այդպես… մանկամիտ՝ գուցե… Գիտե՞ս, ես մանկության կարոտ ունեմ: Ես մանկություն չեմ ունեցել, գուցե դա է պատճառը, որ սիրում եմ մանկական խաղալիքներ, իմ գնդակը: (Նյարդային ցնցում է ունենում:) Գնդակս, ո՞ւր է գնդակս, տեսե՞լ ես, ուր է գնդակս, ասա, հո չե՞ս նետել:
ԱՄՈՒՍԻՆ — Մանկություն ասացիր, քեզ տարօրինակ չի՞ թվում, որ չես հղիանում: Դու բժշկի գնացե՞լ ես:
ՌԵՄԻ — (գունատվում է): Այո:
ԱՄՈՒՍԻՆ — Ե՞վ…
ՌԵՄԻ — Չգիտեմ:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի՛…
ՌԵՄԻ- Նրանք ասացին, որ իմ օրգանիզմում ինչ-որ խանգարումներ կան:
ԱՄՈՒՍԻՆ — Հետո՞, է՞լ ինչ ասացին, դե խոսի՛ր, մի՛ լռիր, Ռեմի:
ՌԵՄԻ — Չեմ հիշում, այսինքն, չգիտեմ՝ ինչպես է կոչվում, ասացին՝ վաղահասության տարիքում մրսածության և թերսնման պատճառով է, գուցե նաև սթրեսի… (Ավելի հուզվելով՝ արդարանալով:) Նրանք ասացին, որ հիմա մեր երկրում ամեն վեցերորդ զույգը նման խնդիրներ ունի, որ ես միակը չեմ… մի խոսքով… հավանաբար ես չեմ կարող երեխա ունենալ: (Նստում է կապույտ գնդակների մեջ:)
Տեսարան երկրորդ
Ռեմին նստած է հատակին՝ կապույտ գնդակների մեջ` բեմի հակառակ կողմում: Ձեռքին ափաչափ ռետինե գնդակ կա, նա վախեցած աչքերով նայում է մի կետի: Տղամարդը ներս է մտնում, նրա հեռախոսը մտնելու պահին զանգում է: Զանգը Բախի հանրահայտ «Սկերցոն» է: Ռեմին սարսափած վեր է թռչում տեղից:
ՌԵՄԻ — Բախ, Սկերցո: Այս որտեղի՞ց է, սա ի՞նչ է, ո՞վ արեց: Հեռախո՞սդ է: Անջատի՛ր, անջատիր, խնդրում եմ, կամ պատասխանիր անմիջապես: (Սարսափած թռչնի պես վազում է աջ ու ձախ` սայթաքելով կապույտ գնդակների վրա, ամուսինը անտարբեր հետևում է նրա տագնապին, ապա գրպանից հանելով նոթատետրը՝ գրառումներ է անում:) Ասա՛, ո՞ւր է, ո՞ւր է, խնդրում եմ, ինչո՞ւ չի դադարում զանգել: Դու ինձանից նեղացած ես երեկվանից, ես գիտեմ, դրա համար էլ հեռախոսիդ զանգը փոխել ես, որ ինձ տանջե՞ս: (Տղամարդը գրպանից հանում է հեռախոսն ու անջատում, աղջիկը փարվում է նրան:) Շնորհակալ եմ, այնքան բան պետք է սովորեմ քեզանից… Ես անչափ աննրբանկատ գտնվեցի երեկ քո հանդեպ, ես բոլորովին այլ բան էի ուզում ասել, ուզում էի ասել, որ…
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, այսօ՞ր էլ տնից դուրս չես եկել:
ՌԵՄԻ — Ինձ մի տեսակ թույլ էի զգում:
ԱՄՈՒՍԻՆ — Ամբողջ քաղաքը ընկերուհուդ` Նինայի մենահամերգի ազդագրերի մեջ է:
ՌԵՄԻ — Չգիտեի այդ մասին, ուրախ եմ նրա համար:
ԱՄՈՒՍԻՆ — Կարող ես գնալ, եթե ուզում ես:
ՌԵՄԻ — Ուզում ես ինձ պատժե՞լ: Երեկ քեզ նեղացրի՞, ա՞յդ պատճառով…
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, մոռացիր այդ մասին, դու մեղավոր չես: Այո, ես վրդովված եմ, բայց ո՛չ երեխայի պատճառով: Ինձ ինչ-որ կիսատություն է տանջում, կինս ինչ-որ բան ինձ չի ասում, քաղաքում ինչ-որ բան այնպես չէ, օդը չի հերիքում: Փախչելու ցանկություն ունեմ: (Մի կերպ ազատվելով փողկապից` դեն է շպրտում:)
ՌԵՄԻ — Իսկ դու իմ մեծ գնդակը գտա՞ր:
ԱՄՈՒՍԻՆ — Ես պետք է աշխատեմ: (Սառնարանից գարեջրի շիշը հանում, խմում է:)
ՌԵՄԻ — Բայց նոր աշխատանքից եկար: Կճաշե՞ս:
ԱՄՈՒՍԻՆ — Դու գիտես, որն է իմ իրական աշխատանքը, այդ չարքաշ ստրկությունը իմ աշխատանքը համարել չեմ կարող` բարեբախտաբար: (Նստում է ճոճաթոռին, գրպանից հանում նոթատետրը, թերթում է:) Եթե դու ինձ հետ համագործակցեիր, մի բան փրկել հնարավոր կլիներ:
ՌԵՄԻ — Ուզում ես Նինայի համերգի՞ն գնանք: Ես դասական երաժշտություն չեմ սիրում, բայց քեզ համար… միայն թե ասա` կապույտ գնդակս չե՞ս տեսել:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, նրանք քեզ թույլ չէի՞ն տալիս գնդակ խաղալ:
ՌԵՄԻ — Ոչ, պարզապես ժամանակ չէր մնում:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ, Ռեմի:
ՌԵՄԻ — (գնդակների մեջ իր գնդակն է որոնում): Հիմա, հիմա, միայն թե գնդակս գտնեմ ու կնվագեմ, պապ: (Ամուսինը գնում է դեպի սառնարանը` երկրորդ շիշը վերցնելու համար: Ռեմին՝ փնտրտուքից ուժասպառ, նստում է գնդակների մեջ փոքրիկ աղջնակի դիրքով ու ինքն իրեն խոսում:) Ես ստիպված էի ժամերով նվագել դաշնամուր, սկզբում սիրում էի, ինքս էի մի օր նրան խնդրել՝ ինձ նվագել կսովորեցնե՞ս, պապ: Նա ինձ սովորեցրեց դաշնամուր նվագել, երբ չորս տարեկան էի…
ԱՄՈՒՍԻՆ — (վերադարձել, Ռեմիի թիկունքում կանգնած գոհացած գրառումներ է անում): Հետո՞, Ռեմի, դու ինչ-որ բան էիր պատմում:
ՌԵՄԻ — Հայրս երաժիշտ է, դու գիտես, այսինքն՝ է’ր: Նա վիրտուոզ ֆլեյտահար էր, մի քանի երաժշտական գործիք էր նվագում, դաշնամուր էլ: Մայրս տեսաբան էր, երաժշտագետ, նա հայրիկի համար նոտաներ էր արտագրում:
ԱՄՈՒՍԻՆ — Հայրդ մի մատ չունի ձախ ձեռքի վրա:
ՌԵՄԻ — Այո, նա ասում է, որ դա զուտ պատահականություն է: Այնտեղ՝ սահմանին, երբեմն խրամատում նստած փայտից ձիուկ էր պատրաստում, որ ինձ բերեր նվեր, եթե իհարկե, չզոհվեր, վերադառնար:
ԱՄՈՒՍԻՆ — (նստելով կողքին ու բռնելով նրա ձեռքը): Նրանից ձիո՞ւկ էիր խնդրել:
ՌԵՄԻ — Ոչ… Բայց նա գիտեր, որ կուրախանայի: Երբ պատերազմը սկսվեց, հայրիկն իր փառքի գագաթին էր, Ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար էր, հաճախ մենահամերգներ էր ունենում, մեկնում հյուրախաղերի:
ԱՄՈՒՍԻՆ — Նա բերե՞ց ձիուկը:
ՌԵՄԻ — (ինքնամոռաց, հարցն անտեսելով): Բայց օրեցօր տարածվող պատերազմի մասին լուրերը նրան գցում էին ռիթմից, մի օր գործիքը տուփում պահեց ու որոշեց մեկնել Արցախ: Մորս ասաց. «Հայրենիքը մեր տունն է, ինչպես տանս սահմաններն եմ հսկել մինչև այսօր, հիմա էլ երկրիս սահմաններում պիտի լինեմ, որ երեխաս հանգիստ քնի: Հայրենիքը միայն խոսք չէ, հայրենիքը գործողություն է»: Մայրս ու ես ապշել էինք նրա հայրենասիրական պաթոսից, նա այդպիսին երբեք չէր եղել:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, Ռեմի, կանգ ա՛ռ, ասում եմ՝ ձիուկը բերե՞ց, հոգիս:
ՌԵՄԻ — Ի՞նչ ձիուկ, ի՞նչ կապ ունի ձիուկը, սիրելիս, բոլորը մի բռունցք էին դարձել, բոլորը տոգորված էին մի անպատմելի հայրենասիրությամբ: Նրանք որոշել էին վերականգնել պատմական ճշմարտությունը, չէ՞ որ Արցախը մերն է, ուրեմն պետք էր այն հետ բերել… Ախ, ձիուկը, այո՜, ո՛չ, ո՛չ , նա ձիուկը չբերեց:
ԱՄՈՒՍԻՆ — Բայց նա վերադարձավ, Ռեմի:
ՌԵՄԻ — Այո, վերադարձավ, բայց ձիուկը չէր հասցրել տաշել, ռումբի պայթյունից ուշադրությունը շեղվել էր, դանակը մատը վնասել էր: Հետո թարախակալել էր, ստիպված էին եղել կտրել: Ու հետո նա չէր կարող նվագել:
ԱՄՈՒՍԻՆ — Նա՞ է քեզ սովորեցրել նվագել:
նվագելու: (Ոգևորվելով:) Այդ օրը նույնիսկ տեսախցիկով վավերացրել է, երբ ես հասուն մանկան պես նստել էի դաշնամուրի առջև և ձևացրել էի, թե նվագում եմ: Կուզե՞ս տեսագրությունը ցույց տամ, այ, հիմա, սպասի՛ր, միայն թե գտնեմ:
ԱՄՈՒՍԻՆ — Ո՛չ, Ռեմի, մեկ ուրիշ անգամ:
ՌԵՄԻ — Չէ, չէ, ինձ դժվար չէ, հիմա կբերեմ:
Էկրանին փոքրիկ աղջիկը դաշնամուր է նվագում:
ԱՄՈՒՍԻՆ — Ռե՛մի:
ՌԵՄԻ — Այո, իհարկե: Մի ուրիշ անգամ: Մեկ ամիս չանցած նվագում էի: Ճիշտ եմ ասում: Գիտեմ, դա սարսափելի է կողքից՝ չորս տարեկան երեխան դաշնամուրի մոտ:
ԱՄՈՒՍԻՆ — Հավատում եմ, իսկ հետո՞, պատմի՛ր:
ՌԵՄԻ — Ես ավելի մեծ հաճույք զգում էի դաշնամուր նվագելուց, քան խաղալիքներից, չէի գնում բակ, նույնիսկ մոռանում էի ուտել: Վեց տարեկանում մենահամերգ ունեցա հարազատների ու բարեկամների համար: Նրանք ինձ երկար ծափահարում էին, նվերներ էին բերել՝ կոնֆետ, խաղալիքներ, ու ես հասկացա, որ սիրում եմ բեմը, բայց հատկապես նվերները` խաղալիքներն ու քաղցրավենիքը: Հայրս խաղալիքները թաքցրեց, որ դրանց վրա ժամանակ չվատնեմ: Նա շատ էր հպարտանում: Մեր մեկ սենյականոցում, որտեղ տան երեք անդամներից ոչ ոք իր անկյունը չուներ, մենք զզվեցրել էինք բոլորին դաշնամուրի ձայնով: (Ծիծաղում է:) Ինձ ամեն ինչ դուր էր գալիս, միայն չէի կարողանում տանել զարթուցիչի ձայնը, որն ամեն առավոտ ստիպում էր ինձ արթնանալ ու գործի անցնել:
ԱՄՈՒՍԻՆ — Տեսնո՞ւմ ես, այ այսպես, հոգիս, դու նույնիսկ ծիծաղում ես: Իսկ հետո, հետո՞ ինչ եղավ:
ՌԵՄԻ — Հետո արդեն հայտնի էի բակում, դպրոցում, ամենուրեք՝ իբրև հրաշամանուկ: Մայրս անհանգստանում էր, նրան թվում էր, թե ժամերով նվագելն ինձ համար տանջանք է, բայց ես ուզում էի հայրիկին գոհացնել, ես ուզում էի, որ նա շատ-շատ հպարտանա ինձնով, որ ես նրա նման լավ նվագեմ մի օր, որ նրա հետ մեկնեմ հյուրախաղերի: Իսկ հետո, արդեն գիտես, Արցախյան շարժումն էր, ամենուրեք խոսում էին սահմանում զոհվող հայորդիների մասին, հայրենասիրական մեծ ոգեշնչում կար մթնոլորտում: Պատերազմն, ասես, չէր ավարտվում, ես տաս-տասներկու տարեկան էի արդեն և սովորել էի վիրավոր զինվոր, մահ, ազատամարտիկ, անկախություն, հայրենիք բառերը լսել ամեն օր: Այնքան էլ բան չէի հասկանում այս ամենից, բայց զգում էի, որ հպարտ եմ, որ հայ եմ: Ու մի օր հայրիկ էլ գնաց:
ԱՄՈՒՍԻՆ — (հեգնանքով): Այո, հիշում եմ, մարդիկ կյանքն են կորցրել այդ պատերազմում, իսկ նա՝ մատը:
ՌԵՄԻ — Երբ պատերազմից եկավ, շատ տխուր էր: Մենք հաղթել էինք, ազգը ցնծում էր, իսկ հայրս տխուր էր: Մի անգամ ասաց. «Երանի մեռած լինեի, ընկած լինեի թշնամու գնդակից, կամ, եթե այդքան բախտս չբերեց, որ հերոսի մահով մեռնեի, գոնե պատահական նռնակի վրա մասնատվեի, բայց հետ չգայի այսպես թշվառ»: Մենք կարկամեցինք: Իսկ նա պայթեց. «Գոնե հասկանո՞ւմ եք՝ երաժշտի համար ինչ է նշանակում կորցնել ցուցամատը: Ընդամենը մեկ մատ, ու ես քայլող դիակ եմ… Այն էլ ինչի՞ համար՝ ձիուկ էի տաշում, որպեսզի ուրախացնեմ դստերս, որպես մեր հաղթանակի վկա: Հիմա այն ինձ համար մահվան նշան է»:
Էկրանի վրա Ռեմիի հայրն է, անվերջ քթի տակ կրկնում է. «Այն էլ ինչի՞ համար՝ ձիուկ էի տաշում, որպեսզի ուրախացնեմ դստերս, որպես մեր հաղթանակի վկա: Հիմա այն ինձ համար մահվան նշան է»:
ԱՄՈՒՍԻՆ — Եվ սկսեցիր ֆլեյտա նվագել, որովհետև քեզ մեղավոր զգացիր նրա առջև:
ՌԵՄԻ — Պարզվեց` ես կարող էի, ինձ համար չափազանց հեշտ էր, հաճելի, խաղի պես մի բան: Նա սկզբում սկսեց մուշտուկից, օրերով, ամիսներով ինձ պարտադրում էր ճիշտ ձայն ստանալ ֆլեյտայի մուշտուկի վրա, նույնիսկ խոստացավ ոսկյա ֆլեյտա գնել, եթե լավ սովորեմ: Զարմանալի է, այնպես կապվեցի գործիքին, որ իմ ներքին ձայնը դարձավ, առանց ֆլեյտայի կյանք չունեի: (Նյարդային շարժումներով ետ ու առաջ անում տան մեջ:) Իմ ունակությունները տեսնելով՝ ավելի ու ավելի դաժանացավ հայրս, իրեն բռնակալի պես էր պահում: Զրկեց ինձ մնացած ազատ ժամանակից էլ, որը հարկավոր էր հանգստի համար: Ես աստիճանաբար կատարելագործվում էի, սակայն ներքին մի ըմբոստություն հետ էր վանում ինձ երաժշտությունից: Հիշում եմ, մի օր որոշեցի թաքնվել: Ես հոգնել էի, ուզում էի գնդակ խաղալ, իսկ նա թաքցրել էր բոլոր խաղալիքները: Ես փնտրում էի տնով մեկ իմ կապույտ գնդակը, իսկ նա բղավում էր. «Ոչ մի գնդա՜կ, ոչ մի կապույտ գնդա՜կ»:
Ետնաբեմի էկրանին միանում է աղքատիկ բնակարանի պատկեր, հայրն ու մայրը վիճում են:
«Հայր — Ոչ մի գնդակ, ոչ մի կապույտ գնդակ, լսո՞ւմ ես, աղջիկ:
Մայր — Մի՛ բղավիր, դու նրան կվախեցնես:
Հայր — Մի՛ խառնվիր մեր հարաբերություններին, երեխան չպիտի լսի, որ մայրը դիտողություն է անում հորը: Ես նրա ուսուցիչն եմ՝ ի վերջո:
Մայր — Բավական է, հասկացիր վերջապես, նա դեռ 12 տարեկան է, մենք նրան 4 տարեկանից զրկում ենք մանկությունից:
Հայր — Կին, լռի՛ր, ասացի, ես հարգանք եմ պահանջում: Աղջիկը տաղանդ ունի, մենք պետք է հետևենք նրան: Ես ավելի մեծ բարձունքների կհասնեի, եթե իմ ծնողները ժամանակին հետևեին ինձ, պարտադրեին ավելի շատ նվագել: Ես չէի գիտակցում, որ անմիտ խաղերի վրա կորցրած ամեն վայրկյանը իմ ապագայից է խլում, իսկ նրա՞նք:
Մայր — Աստծուց կրա՞կ ես ուզում, դու վիրտուոզ ֆլեյտահար ես, դու նվագում ես երկրի Համար Առաջին նվագախմբում:
Հայր — …Էի, նվագում էի:
Մայր — Նա անհնարինն արեց քեզ երջանկացնելու համար, իսկ դու ավելին ես պահանջում: Մի քանի ամսում ֆլեյտա նվագել, գոնե հասկանո՞ւմ ես՝ դա ինչ գերմարդկային ջանք է ու նվիրում փոքրիկ երեխայի կողմից:
Հայր — Դրա համար էլ ասում եմ՝ նա հանճարեղ է, ես չեմ կարող թույլ տալ, որ կորչի:
Մայր — Դու քո չկայացած կյանքը երեխայի փխրուն ուսերին ես բարձել, ուշքի՛ եկ, աղջնակը կարող է հիվանդանալ՝ ի վերջո: Նրա աչքերում այլևս ուրախություն չկա, օրուգիշեր տքնում է: Բավական չէր այս տխուր ու ցուրտ մանկությունը, որ բաժին հասավ նրա սերնդին, հիմա էլ քո կայացման հոգսն է իր ուսերին առել…
Հայր — Ձայնդ, անառակ, դուք ինձ ուզում եք կործանել, ուզում եք զրկել իմ վերջին հույսից: Որտե՞ղ ես, աղջիկ, որտե՞ղ ես թաքնվել, չես պրծնելու իմ ձեռքից, Ռեմի, դե, որտեղ ես, դեռ էտյուդները չենք նվագել, Ռեմի, Ռեմիիիի…»:
Էկրանը մարում է: Լուսավորվում է գրեթե ուշաթափ Ռեմին: Ամուսինը նկատում է, որ Ռեմին ասես շնչահեղձ է լինում, գցում է տետրն ու գրիչը:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի՜… Ռեմի՛, սթափվի՛ր, գնդակդ եմ բերել, վերցրո՛ւ, քեզ համար շատ, շաաատ կապույտ գնդակներ կբերեմ: Ռեմի, դու դողում ես: (Շփում է ձեռքերը:) Հիմա թեյ կբերեմ:
Տղամարդը տագնապած գնում է: Երբ վերադառնում է, տեսնում է` Ռեմին քնել է, իսկ էկրանին տեսարանը շարունակվում է:
«Մայր — Մի՛ բղավիր, հանգստացի՛ր վերջապես, արի մտածենք` ինչ անել, գուցե նա տնից փախե՞լ է:
Հայր — Թաքնվել է ավազակը, ես գիտեմ՝ որտեղ է թաքնվել, հիմա, սպասիր:
Հայրը կռանում է մահճակալի տակ, այնտեղ երեխան խորը քնել է: Նա քաշում է, երեխան վախից վեր թռչելով՝ բղավում է»:
Միաժամանակ ամուսինը հպվում է Ռեմիի ուսին, Ռեմին սարսափած վեր է թռչում:
ՌԵՄԻ — Ոոոոչ, ես քնել եմ ուզում, հայրիիիիկ, ես չեմ ուզում նվագել:
«Էկրանին մայրը ամուսնուն ընդդիմանում է:
Մայր — Թող երեխային, նա ուժասպառ է, դու նրան հաշմանդամ կդարձնես:
Հայր — (հրում է կնոջը): Անկամներ, անողնաշարներ, ոչնչի չեք հասնի, դուք ոչ մի նպատակ չունեք այս կյանքում»:
ՌԵՄԻ — (էկրանից և բեմում՝ միաժամանակ): Մամաաաաաաա…
Ռեմին ու ամուսինը փարվում են:
Տեսարան երրորդ
Երեկո է: Ռեմին բարձր տրամադրությամբ սեղան է պատրաստում: Նա տոնական է հագնված: Գալիս է ամուսինը:
ՌԵՄԻ — (առանց նրան կողմը նայելու): Ողջույն, սիրելիս, ինչ լավ է, որ այսօր չուշացար, ինչպե՞ս պատահեց:
ԱՄՈՒՍԻՆ — Շատ գեղեցիկ ես այսօր:
ՌԵՄԻ — (սեթևեթելով): Շնորհակալ եմ, դուք շատ ուշադիր եք, իսկ սեղանը նկատո՞ւմ ես, այո՞:
ԱՄՈՒՍԻՆ — (կոշիկներն ու բաճկոնը հանելով): Օօօ, հիասքանչ է, և ի՞նչ առիթ կա:
ՌԵՄԻ — Այսօր մեր ամուսնության առաջին ամյակն է: Մոռացե՞լ ես, ինչ է:
ԱՄՈՒՍԻՆ — Ներիր, ինչո՞ւ ինձ չհիշեցրիր, հոգիս, նույնիսկ ծաղիկներ չգնեցի:
ՌԵՄԻ — (վերջապես վազում է ամուսնուն ընդառաջ): Սա ի՞նչ է, ի՞նչ կապտուկներ են, դու արյունլվա ես, ընկե՞լ ես, քեզ վրա հարձակվե՞լ են:
ԱՄՈՒՍԻՆ — Ես չդիմացա ու այդ հաստավզին ասացի այն ամենը, ինչ մտածում էի:
ՌԵՄԻ — (արտասվելով): Տեր Աստված, արի գնանք հիվանդանոց, չէ, ի՞նչ եմ ասում, ի՞նչ եմ անում, ի՞նչ անենք: Ի՞նչ հաստավիզ, ո՞ւմ ես վիրավորել:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, ուշքի արի, ոչինչ չի եղել, մի փոքր քաշքշուկ էր:
Ռեմին դուրս է վազում, գալիս է սպիրտով, բամբակով ու վիրակապերով:
ՌԵՄԻ — Ոստիկանություն է պետք դիմել:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, նստիր ու մոռացիր այդ մասին: Ուժն ու իշխանությունը նրանց ձեռքին է: Նա մեկ զանգով կգնի ոստիկանապետին էլ, դատավորին էլ:
ՌԵՄԻ — Տեր Աստված, ուզում ես ասել՝ դու նրա վրա՞ ես ձեռք բարձրացրել: Ախր, քեզ ի՞նչ մեղու կծեց, մենք կորած ենք:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, այլևս լռել չէի կարող:
ՌԵՄԻ — (տագնապահար հեռախոսագիրքն է փնտրում): Այսքանով չենք պրծնի, ես նրանց գիտեմ, պետք է մի բան ձեռնարկել, կզանգեմ ընկերներիցս մեկին, նրա հայրը իրավաբան է:
ԱՄՈՒՍԻՆ — (բղավում է): Ռեմի, Ռեմի, դե բավական է քեզ երեխայի պես պահես: Զանգես իրավաբանին՝ ի՞նչ պատմես, հը՞, որ ամուսինդ չի կարողանում մի պատգամավորի վարորդ աշխատել, ում մոտ մի կե՞րպ է աշխատանքի անցել: Որ նա արդեն մեկ տարի ամեն օր պարոնին Ազգային ժողով տանելու ճանապարհին ամեն տեսակ անօրիությունների ու հանցանքների լուռ վկա՞ն է դառնում, այո՞, որ այս անգամ որոշեց չդիմանա՞լ, որոշեց ափերից դո՞ւրս գալ, երբ դարձյալ ակամա ունկնդիրը դարձավ պարոնի հեռախոսազանգին իր նման մի անասունի, ում հերոսաբար պատմում էր իր հերթական արտերկրացի զոհի մասին: (Նմանակելով պատգամավորին:) «Ներդրում արեցի՞ր, դե հաջողություն, այլևս գործընկերներ չենք, եղբայր, այստեղ այդպես է, այս ոլորտի մոնոպոլիստը ես եմ, քիթդ մի՛ խոթիր, չե՞ս ուզում՝ գնա, որտեղից եկել ես»: (Վերքերը, ցավից ծամածռվելով, մշակելով:) Նա իր հումորից գոհ հռհռում էր ճիվաղային ձայնով, շնչակտուր ու ճարպոտ վիզը թաշկինակով մի կերպ չորացնելով, և այդ պահին նրան սպանելու ցանկութուն ունեցա: Ռեմի, նրանք ինձ կարող են մարդասպան դարձնել: Արդեն մի քանի ամիս է՝ նրա մոտ աշխատելու առաջին իսկ պահից, նրան սատկացնելու ցանկություն ունեմ: Աչքերիս դիմացը սևացավ, չգիտեմ՝ ինչպես մեքենան կանգնեցրի ու հավաքեցի այդ ճաղատ խոզի դոշերը:
ՌԵՄԻ — Ախ, Աստված իմ:
ԱՄՈՒՍԻՆ — Դե, զանգիր, զանգիր ծանոթ իրավաբանին ու ասա, որ ամուսինդ ձեռք է բարձրացրել իր տիրոջ վրա, չէ, նա ձեռք է բարձրացրել իր պետության վրա, իր իշխանությունների, և ի՞նչ ես կարծում, ո՞վ որտեղ կհայտնվի… (Ռեմին մի կողմ է դրել հեռախոսագիրքը, ամուսնու ձեռքից վերցրել է բամբակն ու ինքն է մշակում վերքերը` շոյելով նրան:) Զգո՛ւյշ… Նա կարծում է. ես խոսել չգիտեմ, չէ՞ որ վարորդ եմ և պետք է միշտ լռեմ: Բայց այսօր չդիմացա: Երեսին շպրտեցի, որ նրա նմաններն են պատճառը, որ համալսարանավարտները մատուցողներ ու վարորդներ են աշխատում: Իսկ նա, այդ թերուսը, Ազգային ժողովում օրենքներ է գրում, որոնք միայն ինձ ու քեզ են վերաբերվում, ո՛չ իր ընտանիքին կամ հարազատներին:
ՌԵՄԻ — Ինչո՞ւ, ինչո՞ւ խոսեցիր:
ԱՄՈՒՍԻՆ — Հիմա էլ դո՞ւ, ես հիմարի նմա՞ն եմ, առհասարակ, անլեզու կենդանու նմա՞ն եմ, ասա՛:
ՌԵՄԻ — Ոչ, բայց հուսով եմ, այդքանից ավել բան չասացիր:
ԱՄՈՒՍԻՆ — Ի տարբերություն քեզ, ես անողնաշար չեմ, և երբ համբերությունս ավարտվում է, ասում եմ, ինչ մտածում եմ:
ՌԵՄԻ — Դու ինձ վիրավորում ես, սիրելիս:
ԱՄՈՒՍԻՆ — Թքած, թքած ամեն ինչի ու բոլորի վրա: Ռեմի, դու էլ ես մեղավոր, եթե սկզբունքային լինեիր, պատմություն իմանայիր՝ քո սեփական ազգի պատմությունը, թույլ չէիր տա, որ սրա նմանները նստած լինեն աթոռներին, որ սրանք էլ իրենց հերթին խամաճիկ դառնային իրենցից հզոր պետությունների ձեռքին, որ քո փոխարեն ուրիշ ազգերը որոշեն քո երկրի սահմանները, որ կասկածեն Եղեռնի իրողության վրա: Մենք ինքներս մեր ներսում ինքնագիտակցության եղեռն ենք ունեցել՝ էս հաստավիզ իշխանավորների կողմից սարքված, մեր անգիտության ու անկամության պատճառով:
ՌԵՄԻ — Ես ամեն ինչից հոգնել եմ:
ԱՄՈՒՍԻՆ — Ասացի, որ նրա նման խաբեբա, ավազակների պատճառով է, որ մեր երկիրը թշվառության շեմին է հասել: Ամեն տեղ էլ լափում են, համաձայն եմ, բայց լափելուն չափ կա, մի քիչ էլ պետք է ժողովրդի մասին մտածել: Ասացի, որ քո հայրն ու իր ընկերները դրա համար չեն սահմանին կռվել, զոհվել, որ այսօր նրանց երեխաները անհուսությունից գլխիկոր ման գան: Մենք սրան չէինք արժանի, Ռեմի:
ՌԵՄԻ — Նրա թիկնապահնե՞րն են քեզ այսպես նախշել:
ԱՄՈՒՍԻՆ — Բա չէ, էդ վախկոտը… Հետևից մշտապես մի մեքենա լիքը մարդասպաններ է ման տալիս: Եթե պարզ ճակատ ես, էս թշվառներին ինչո՞ւ ես հետդ անգամ արտաքնոց քարշ տալիս, խղճո՜ւկ:
ՌԵՄԻ — Արի, արի սեղանին մոտենանք, մի բան կխմենք, հետո կզրուցենք: Դու պետք է խաղաղվես: Ամեն ինչից ելք կա:
ԱՄՈՒՍԻՆ — Իհարկե, ընթրենք, քանի որ սա մեր վերջին խրախճանքն է լինելու, ես անգործ եմ: (Բացում է գինու շիշը, լցնում է բաժակները:) Շնորհավորում եմ, Ռեմի, մեր համատեղ կյանքի առաջին ամյակի կապակցությամբ, մեզ ցանկանում եմ մեծ ապագա ու բազում այսպիսի տարիներ:
ՌԵՄԻ — Անեծքի պես է հնչում:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ, Ռեմի, արդյո՞ք մենք երջանիկ չենք:
ՌԵՄԻ — Անկասկած, մենք երջանիկ ենք, կարևորը՝ սիրում ենք իրար: Այնպես չէ՞, ասա: Եթե չլիներ մեր մեծ սերը, այս ամենին չէինք դիմանա: Ես էլ վաղվանից աշխատանք կփնտրեմ, չէ՞ որ թափուր աշխատատեղեր կան:
ԱՄՈՒՍԻՆ — Մոռացիր, Ռեմի, դու ոչինչ անել չգիտես, ես մի աշխատանքի ճար կանեմ, թերթերում, ֆեյսբուքում, ամենուրեք մատուցողների, վաճառողների, ցրիչների, պահակների թափուր աշխատատեղեր կան:
ՌԵՄԻ — Գուցե լավն էլ սա էր, դու չէիր հարմարվում այդ դերի հետ: Լսիր, գուցե փորձե՞ս ինչ-որ բան քո մասնագիտությամբ որոնել, լավ մարզավիճակում ես, ես չեմ թողել, որ մոռանաս գիտելիքներդ, չէ՞: Աշխատանքի որոնման կայքերի հայտարարություններում փնտրիր հոգեբանի աշխատանք, այսօր այնքան հոգեբանական պրոբլեմներով մարդիկ կան, բավական է ֆեյսբուքով հայտարարել, և որքան ասես պացիենտներ կհայտնվեն:
ԱՄՈՒՍԻՆ — Կհայտնվեն, ո՞նց չէ, դու գիտես, որ մեր ազգը չի սիրում հոգեբանի դիմել, նրանք նախընտրում են հարևանուհիների հետ սուրճ խմելով կիսվել իրենց պատմություններով, քան գումար վատնել մասնագետի դիմելու համար, իսկ կլինիկաներում կոպեկներ են վարձատրում: Բացի այդ, ես կլինիկա ընդունվելու շանս չունեմ, նրանք արևմտահայերեն չեն հասկանում, ռուսերեն էլ չգիտեմ, մոռանո՞ւմ ես, ես սիրիահայ եմ, գաղթական:
ՌԵՄԻ — Նորից մի սկսիր: Գիտե՞ս ինչ մտածեցի, հիմա, երբ առավոտից իրիկուն աշխատավայրում չես լինի, գուցե կգնանք միասին զբոսայգի, ինչպես այն ժամանակ, երբ դեռ չէինք ամուսնացել, պաղպաղակ կուտենք: (Հանդիպելով ամուսնու անտարբերությանը` թեման փոխում է:) Կեր, կսառչի, համեղ է:
ԱՄՈՒՍԻՆ — Օօօ, մի՞ս ես տապակել, նարինջով, շքեղություն է իրոք:
ՌԵՄԻ — Դե, այո, համացանցում գտա այս ֆրանսիական բաղադրատոմսը, մտածեցի, որ այսօր յուրահատուկ օր է ու…
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, ճիշտ ես արել, իհարկե, այսօր կարելի է, ես հիմա կգամ: (Կաղալով գնում, վերադառնում է մոմակալներով, դնում է սեղանին, վառում է մոմերը: Ռեմին վերաբերմունք ցույց չի տալիս:) Չեմ կարող ուտել, բերանս ցավում է ծամելուց: (Խմում է:) Դու չուրախացար մոմերից:
ՌԵՄԻ — Ուրախացա, պարզապես մտահոգ եմ քեզ համար:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, քո լացկանությունն ինձ նյարդայնացնում է, ասացի՝ ոչինչ չի եղել, կանցնի: Ուզում ես մի՞ս ուտեմ, հիմա, ահա, տես, ուտում եմ, գո՞հ ես: (Ցավից ծամածռվում է:)
ՌԵՄԻ — Ոչ, ես մտածում եմ՝ ինչպես ենք ապրելու:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, Ռեմի… Ես վաղվանից կփնտրեմ, ամեն տեղ մի նոր աղբանոց կգտնվի ինձ պես հիմարների համար.. Ես ինչո՞ւ Հայաստան եկա:
Ռեմին փարվում նրան ու արցունքոտ աչքերով կամացուկ երգում է:
ՌԵՄԻ — Եռագույն դրոշ, մեր ազատության,
Ծածանվեց ընդդեմ բռնակալության,
ԱՄՈՒՍԻՆ — (խմում ու ձայնակցում է).
Եռագույն դրոշ, մեր ազատության,
Ծածանվեց ընդդեմ բռնակալության…
Նա շարունակում է երգել ինքնամոռաց, իսկ Ռեմին խոսում է:
ՌԵՄԻ — Տանը, հեռուստացույցից, բակում, հրապարակում, ամենուրեք այդ երգն էին երգում: Արցախյան հաղթանակին հաջորդեց Սովետական միության փլուզումը, ապա մեր փառահեղ անկախացումը: Բոլորը հավատում էին, որ անկախանալուց հետո ամեն ինչ լավ է լինելու: Մենք տաքացնում էինք մեր սառած մատները փայտի վառարանի վրա, բայց գիտեինք, որ քիչ է մնացել, ուր որ է՝ լավ է լինելու, և երգում էինք անկախության մասին: Մեր ծնողները քարից հաց էին քամում, բայց հավատում էին անկախությանը: Իսկ ես մոմի լույսի տակ գիրք էի կարդում ու հավատում էի մեծ ապագային: Տասնվեց տարի է անցել այդ անկախությունից, իսկ երազանքներն ինչպես ծնվում, այնպես էլ մեռնում են այստեղ:
ԱՄՈՒՍԻՆ — (արդեն հարբած, հեգնանքով): Ռեմի՞, քեզ ի՞նչ եղավ, որոշեցիր խոսե՞լ, հոգիս: Քեզ չի սազում, փոքրիկս, ավելի լավ է պարենք, չէ՞ որ այսօր մեր… մեր… տոնն է, Ռեմի, դու նույնիսկ մոմերի վրա չուրախացար, չէ՞ որ դա այնքան ռոոոոմանտիիիիիկ է:
ՌԵՄԻ — Ես տխրում եմ մոմերից, դրանք ինձ իմ սոված ու մրսած մանկության օրերն են հիշեցնում:
ԱՄՈՒՍԻՆ — Ասում եմ՝ չպարե՞նք:
Հարբած տղամարդը փորձում է սեռական ոտնձգության ենթարկել կնոջը: Ռեմին հետ-հետ գնում է դեպի բազմոցը, տղամարդը ընկնում է բազմոցին ու քնում:
ՌԵՄԻ — Ես այնպես եմ հոգնել:
Բեմում տարածվում են ջազի տխուր նոտաները:
Տեսարան չորրորդ
Ռեմին ամուսնու կողքին նստած է, նա արթնանում է:
ԱՄՈՒՍԻՆ — Գլուխս, գլուխս պայթում է: (Ռեմին անխոս բաժակ է մեկնում, նա խմում է:) Դե խոսիր, Ռեմի, մի՛ լռիր, ատում եմ քո լռությունը:
ՌԵՄԻ — (վախեցած): Բարի լույս:
ԱՄՈՒՍԻՆ — (տեղից ելնելով): Այսօր էլ մղձավանջների իմ հերթն էր: Սուրճ կպատրաստե՞ս, խնդրում եմ:
ՌԵՄԻ — Արդեն պատրաստել եմ, հիմա կբերեմ:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, երեկ շատ աննրբանկատ եղա… չգիտեի, որ տխրում ես մոմերից:
ՌԵՄԻ — Փուչ բան է, մոմ է, հալվեց վերջացավ:
ԱՄՈՒՍԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Սիրում եմ քեզ հետ սուրճ խմել, զրուցիր, արի այսօր զրուցնեք, միայն թե մի լռիր, Ռեմի: Ներիր ինձ, հոգիս, ինքս էլ չեմ հասկանում՝ ինչ եմ անում, գիտես, հալեպահայերը շատ մեղմ մարդիկ են, հատկապես տղամարդիկ անչափ կնամեծար են, հոգատար իրենց մայրերի, քույրերի ու կանանց հանդեպ: Դե, դու հիշում ես, ես այսպիսին չէի: Անզորությունից մարդկային կերպարանքս կորցրել եմ: Մայրս ինձանից կհրաժարվեր, եթե տեսներ՝ ինչպես եմ կնոջս հետ վարվում:
ՌԵՄԻ — Ամեն ինչ հասկանում եմ, ես էլ լարված եմ:
ԱՄՈՒՍԻՆ — Այս ի՞նչ դեմքի արտահայտություն է, հոգիս, քեզ քնքուշ խոսքեր եմ ասում, իսկ դու նույնիսկ չես ժպտում:
ՌԵՄԻ — Ես պարզապես մտահոգ եմ:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, ասացի՝ զրուցենք, չասացի՝ նյարդայնացնենք իրար, մի տագնապիր, քաղցած չեմ թողնի:
ՌԵՄԻ — (ափերից դուրս գալով): Ես սովից չեմ վախենում, մենք շատ ենք տեսել սոված օրեր, հայրս երաժիշտ էր, ճգնաժամի տարիներին ո՞ւմ էր պետք նրա երաժշտությունը: Ես այլ բաների մասին էի մտածում:
ԱՄՈՒՍԻՆ — Սիրունիկ գլուխդ մի ծանրաբեռնիր մտքերով, ի դեպ, մուտքի մոտ մի փաթեթ կա, գրքեր են, քեզ համար եմ գնել, տեսա՞ր: Լավ կանես՝ կարդաս:
ՌԵՄԻ — (հուզվելով): Դու երե՞կ ես գնել, ծեծված, ջարդված մտել ես գրախանո՞ւթ:
ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, իհարկե, աշխատանքի գնալուց առաջ էի մտել գրախանութ, ծեծկռտուքից հետո նա մեքենայից դուրս շպրտեց գրքերը՝ բացականչելով. «Էս մակուլատուրադ հետդ տար, սենց էշություններ կարդալով ինչի՞ ես հասել…»: (Դարձյալ այլայլվելով:) Հաստագլուխ… անասուն:
ՌԵՄԻ — Նորից մի՛ վերհիշիր, կկարդամ դրանք, խոստանում եմ, քեզ նյարդայնանալ չի կարելի:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, մո՛տ նստիր, մի ուրախ բան պատմիր ինձ, հոգիս: (Ռեմին լուռ է:) Ի՞նչ է, ոչ մի ուրախ բան չե՞ս կարող պատմել, մի՞թե ամեն ինչ այդքան մռայլ է:
ՌԵՄԻ — Ասա, դու ինձ սիրո՞ւմ ես:
ԱՄՈՒՍԻՆ — Անհեթեթ հարց:
ՌԵՄԻ — Ամեն ինչ լավ կլինի, չէ՞, ասա, որ լավ կլինի, իհարկե, ավելի լավ կլիներ, եթե մենք մանկիկ ունենայինք, ամեն ինչ կփոխվեր:
ԱՄՈՒՍԻՆ — Վստահ չեմ, երեխային պահել է հարկավոր, իսկ մենք չգիտենք, թե վաղն ինչպես ենք տան վարձը տալու: Ռեմի, ասա, դու նպատակներ ունե՞ս, քեզ ինչ-որ բան հաճույք պատճառո՞ւմ է, ինչ-որ բանի մասին երազո՞ւմ ես:
ՌԵՄԻ — Երբ փոքր էի, ունեի, մի ժամանակ ես երազել գիտեի:
Միանում է էկրանը:
«Մայր — Այսպես չի կարող շարունակվել, բոլորս նյարդային խանգարումների կհասնենք: Թող նա իր դասերով զբաղվի, ինձ հանգիստ տվեք: Ես չեմ կարող ամբողջ օրը նոտագրելուց հետո էլի ու էլի նոտաներ լսել:
Հայր — Ուրեմն ականջներդ փակիր:
Մայր — Դուք հեռացեք, այդպես էլ իմ անկյունը, իմ աշխատասեղանը չունեցա: Ես կին եմ վերջապես, կին, ով նույնիսկ զարդասեղան չունի, մի տեղ, որ կոսմետիկաս ու զարդերս շարեմ:
Հայր — (շարունակելով պարապել): Աղբը նետիր, միևնույն է, դրանք քեզ չեն փրկի, դու պառավել ես անվերջ փնթփնթալուց: (Ցինիկ ծիծաղում է:)
Մայր- Ես չեմ կարող քնել:
Հայր — Ուրեմն գնա ընկերուհուդ հետ սուրճ խմելու:
Մայր — (կատաղած բղավում է): Սա պատուհաս է, սա կյանք չէ, ինչո՞ւ, ինչո՞ւ նրա անունը Ռեմի դրեցինք, պետք է դնեինք Մարիա, Լիլիա, Վերոնիկա, ինչ ուզում ես, բայց չէէէէ, դու պետք է հորինեիր, ռե-մի, դո ռե մի… «Էքսցենտրիկ է, իմ աղջիկը պիտի եզակի լինի, մեր անունը պետք է երաժշտական լինի», անուն չէր, թուղթուգիր էր:
Հայր — Ռեեե՜ միիիի՜, հապա տես՝ որքան գեղեցիկ է հնչում, չնաշխարհիկ, ասես Օրփեոսի տավղից պոկված երկու զրնգուն նոտա, իմ դուստրը պետք է համաշխարհային բեմեր նվաճի, իմ պարծանքը, իմ Ռեմին»:
Հայրն ու երեխան մտնում են արտաքնոց ու դուռը փակում:
ՌԵՄԻ — Մենք դասերը շարունակում էինք արտաքնոցում, որ մայրիկին հանգիստ տայինք, դա շատ զվարճալի էր: Գիտե՞ս, ինձ դուր էր գալիս հայրիկի հետ ժամերով փակվել արտաքնոցում ու նվագել: Մեկ էլ գալիս էր մայրիկը. «Դուրս եկեք, ես կարիք ունեմ»: «Գնա գրողի ծոցը, մենք արվեստ ենք արարում, այս աղջիկն այս սուրբ վայրում Մոցարտ է նվագում, իսկ դու ուզում եք կեղտոտե՞լ, սրբապիղծ»: Ու մենք ծիծաղից մեռնում էինք, հետո նվագում էինք էլի ու էլի: Նա հանճարեղ ֆլեյտահար էր:
ԱՄՈՒՍԻՆ — Դուք ամբողջ ընտանիքով հոգեբույժի կարիք ունեք:
ՌԵՄԻ- Սա արդեն անտանելի է:
ԱՄՈՒՍԻՆ — Պարզվում է՝ դուք լավ էլ երջանիկ էիք ձեր հավաբնում, պարզվում է՝ այդ ես եմ քեզ զրկել թևերից, բռնությամբ դուրս բերել քո ամրոցից:
ՌԵՄԻ — Ես թույլ չեմ տա, հանգիստ թող ծնողներիս:
ԱՄՈՒՍԻՆ — Ծնողների՞դ, էն երկու կիսախելագարներին, որ քեզ փողո՞ց են նետել:
ՌԵՄԻ — Ճիշտ չէ:
ԱՄՈՒՍԻՆ — Զրկել են մանկությունից, երազանքներից, ինքնուրույնությունից:
ՌԵՄԻ — Ոչ, ճիշտ չէ, նրանք լավագույնն էին ուզում ինձ համար:
ԱՄՈՒՍԻՆ — Երևի այդպես էլ անշնորհակալ, կիսատ հորդ չգոհացրիր քո ձեռքբերումներով, նա էլ երեսիդ ճշմարտությունն ասաց ու փակեց տան դռները քթիդ առաջ…
ՌԵՄԻ — Ոչ, լսիր, դա ճիշտ չէ, բավական է, ինքս եմ այդպես որոշել, ինքս եմ նրանց թողել, բեմը թողել ու եկել քեզ մոտ: (Դադար:) Ուզում էիր լսել՝ ինչո՞ւ… Ես այդ մասին շատ եմ մտածել, բարդ է բացատրել: Հայրս մի օր ուշ երեկոյան տուն վերադարձավ, հարբած էր, տխուր: Նա կանչեց ինձ ու խնդրեց մի բան նվագել: Ես պատրաստվում էի տնից դուրս գալ, քեզ հետ պետք է հանդիպեի, բայց նա այնպիսի պարտադրող տոնով խնդրեց, որ ակամա ենթարկվեցի, ինչպես այն ժամանակ, երբ փոքր էի: Նա լսեց սկզբից մինչև վերջ, այն է, ուզում էի փախչել, մեկ էլ անսպասելի սկսեց հեկեկալ: Ես կարկամել էի: Նա գլուխը առել էր ափերի մեջ ու ցնցվում էր ողջ մարմնով: Գուցե մեղավոր էր զգում իմ չիրականացած մանկության համար, գուցե զղջում էր ինձ պատճառած դաժանությունների համար, գուցե իր կորցրած մատն էր ողբում, դեռ չնվաճած բեմերը, որոնք այլևս նրան հասու չէին: Բայց ես ամեն ինչ, ամեն ինչ ներել էի, կարևորն այն է, որ նա տվել էր ինձ իր իմացածը, այն ամենն, ինչ ուներ՝ իր սիրտն ու հոգին: Թեև իր երազանքները կիսատ էին: «Ռեմի, Ռեմի,- հանկարծ խոսեց նա՝ արցունքները սրբելով,- դու ինձ գերազանցեցիր»: Հետո մատը կորցրած ձեռքով ֆլեյտաս վերցրեց ու անսպասելիորեն ծիծաղեց, ես նման ահասարսուռ ծիծաղ չէի լսել: Երբ դիվական ծիծաղն ավարտեց, հանկարծ խոսեց գլխահակ. «Այո, ձիուկը չբերեցի, հերոս հայր չստացվեց ինձանից, բայց փոխարենը հմտություններս քեզ փոխանցեցի»: Այդ օրը ինձ հետ ինչ-որ անասելի բան պատահեց, ասես տարիների բեռ ու մեղավորության զգացում կախվեց վզիցս: Ես խլել էի հորս ճակատագիրը, չէ՞ որ նա ինձ համար էր քանդակում այդ անիծյալ ձիուկը… Նա իմ պատճառով զրկվեց ամեն ինչից: Ես որոշեցի այլևս երբեք չնվագել:
ԱՄՈՒՍԻՆ — Սպասիր, սպասիր, այդ օ՞րն էր, որոշումդ կայացնելու օ՞րն էր, որ եկար ինձ մոտ, ճի՞շտ եմ: Դու ուշացած եկար ժամադրության, չափից ավելի կարճ կարմիր շրջազգեստով, ալ շրթներկով: Մենք մի քանի ամիս է՝ հանդիպում էինք, բայց դու երբեք այդպես չէիր հագնվել: Դու այդ օրն ուրիշ էիր, Ռեմի, այրվում էիր ներքին կրակից, ինքնավստահ էիր, մի տեսակ դիվական կայծ կար աչքերումդ:
ՌԵՄԻ — Այո, ես այդ օրը որոշեցի ազատվել մեղքի բեռից, որոշեցի փոխել իմ կյանքը, հիշո՞ւմ ես… Մենք միասին բարձրացանք ձեր տանիքը, ու այնտեղ ես քեզ տրվեցի… Ես երջանիկ էի և ներքուստ ինձ ուժեղ էի զգում, քանի որ որոշումներ էի կայացրել, մեկի փոխարեն՝ երկուսը, երկու ճակատագրական որոշում: Ասես վրեժ էի լուծում ճակատագրից:
Էկրանը միանում է:
«Հայր — Նա խենթ է, խենթ, անշնորհակալ, ես նրան սովորեցրի այն ամենն, ինչ գիտեի, այն ամենն, ինչ անգամ չգիտեի… Խոզ, ուրացող, անշնորհակալ, ի՞նչ էր ուզածդ»:
ՌԵՄԻ — (հայացքը՝ էկրանին): Ամուսնանալ, պապ, ես ուզում եմ ընկերոջս հետ ամուսնանալ, երջանիկ լինել: Ես որոշել եմ թողնել բեմը, ես սիրում եմ նրան: (Ամուսնուն.) Ես այդ օրը քաջ էի ու անվախ, սեփական բախտիս տերն էի ինձ զգում վերջապես: Ես այնքան հանգիստ էի, որ դու երաժիշտ չես ու չես ստիպի ինձ նվագել:
ԱՄՈՒՍԻՆ — (հեգնական): Այ, դա ճիշտ է, իհարկե, չեմ ստիպի, միևնույն է, եթե գնաս աշխատանքի, ավելի շատ կծախսես, քան կստանաս, երաժիշտներին կոպեկներ են վճարում Հայաստանում, չէ՞:
ՌԵՄԻ — Բայց երաժշտությունը աշխատանք չէ, ինչպե՞ս չես հասկանում, դա հոգու կանչ է, կոչում, թռիչք: Ո՞նց բացատրեմ, դու երաժիշտ չես, չես հասկանա… Ես ձանձրանում եմ տանը, համակարգչի առաջ նստելով, վիրտուալ աշխարհում ժամանակ սպանելով, ես պետք է զբաղմունք գտնեմ:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, դու ուզում ես նվագե՞լ: Դու ֆլեյտա՞ն ես կարոտել: (Վազում, բերում է գործիքը:) Դե, Ռեմի, բաց տուփը, համարձակ եղի՛ր, ինչպես այն օրը՝ իմ տանիքում, բաց ու սկսիր նվագել:
ՌԵՄԻ — Դու խոստացար, որ չես ստիպի նվագել: Ես այլ զբաղմունք նկատի ունեմ:
ԱՄՈՒՍԻՆ — Բայց քո աչքերում այնպիսի կարոտ ու թախիծ կա, Ռեմի, եթե ուզում ես նվագել, վերցրու այն:
ՌԵՄԻ — (դողալով): Ո՛չ:
ԱՄՈՒՍԻՆ — Բայց ես կարծում եմ՝ դու երազում ես այդ մասին, դու երազում ես թրև գալ ակումբից ակումբ, օրը տաս հազար դրամով, գիշերվա մեկին, երկուսին, հազարին… Ի՛մ կինը, պատկերացնո՞ւմ եք:
ՌԵՄԻ — Ի՞նչ է, Սիրիայում ավելի բա՞րձր են վարձատրում:
ԱՄՈՒՍԻՆ — Սիրիայում կանայք չեն աշխատում, ուր մնաց՝ գիշերային ակումբում:
ՌԵՄԻ — Սա անտանելի է:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ, ուզում ես փչել ու կոնքերդ շարժել, գայթակղել կուշտ ու հաստավիզ տղամարդկանց, ովքեր մի լավ հարբելուց հետո նաև կցանկանան քեզ անկողին քարշ տալ, դա՞ է երազանքդ: Քանի որ ես չե՞մ կարողանում քեզ ապահովել քո երազած կյանքով:
ՌԵՄԻ — (լացելով): Վե՛րջ տուր, բավական է, դու զառանցում ես, վե՛րջ, ասացի: Իզուր պատմեցի քեզ… Դու իսկապես կորցնում ես մասնագիտական հմտություններդ…
ԱՄՈՒՍԻՆ — Ինձ չես խաբի, Ռեմի, աչքերդ մատնում են, գիտե՞ս, դրանք փայլատակում են, դրանք խաղում են իրենց բներում գործիքիդ տեսքից միայն: (Ռեմին հեկեկում է:) Ուրեմն դուրս նետիր այդ գործիքը, եթե իրոք անկեղծ ես:
ՌԵՄԻ — Համաձայն եմ, ի՛նքդ նետիր:
ԱՄՈՒՍԻՆ — Վստա՞հ ես, որ պատրաստ ես դրան, ես այդպես էլ կվարվեմ: Տես, Ռեմի, դեմքդ բաց ու նայիր, ես նետում եմ: (Ռեմին չի բացում դեմքը:) Դե, ինչպես կուզես:
Ամուսինը վերցնում է ֆլեյտան ու անհետանում: Կուլիսներից հնչում է ֆլեյտայի սրտամոմոք մի ճիչ:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան առաջին
Ռեմին նստած է բազմոցին, բավական մեծ ժամկետով հղիությամբ: Ամուսինը ծաղիկներ է բերել նրան: Տան կահավորանքը փոքր-ինչ փոխվել է, թեև ամեն ինչ էլի աղքատիկ է:
Զույգը լավ տրամադրություն ունի:

ՌԵՄԻ — Ծաղիկնե՞ր…
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, հոգիս, ինչո՞ւ ես զարմանում, այնքան ուրախ եմ, մենք որդի ենք ունենալու, փոքրիկ տղա: Ո՞վ կպատկերացներ, Ռեմի, ախր, բժիշկներն ասել էին, որ դու ունակ չես:
ՌԵՄԻ — Վստա՞հ ես, դու այնքան էլ ուրախ չէիր այս ամիսներին:
ԱՄՈՒՍԻՆ — Անարդարացի ես իմ հանդեպ, այո, մտահոգ եմ եղել, բայց դա չի նշանակում, որ ուրախ չեմ, հենց նրա համար էլ ես այդքան աշխատում եմ, պացիենտներս օրեցօր ավելանում են:
ՌԵՄԻ — (ամբողջովին մայրությամբ տարված): Այո, նա ասես Աստծո պարգևն է: Մենք նույնիսկ բուժվելու փող չունեինք, ամեն ինչ թողել էինք Աստծո հույսին, և Տերը բարեգութ եղավ մեր հանդեպ: Դա արդեն լավ նշան է: Վաղը, գուցե մյուս օրը պետք է ծննդաբերեմ, բայց դեռ չեմ հավատում այս հրաշքին:
ԱՄՈՒՍԻՆ — Չե՞ս կարծում, որ նրա համար անուն որոշելու պահն է: Ռեմի, իսկ դու առավոտյան վարժանք կատարե՞լ ես:
ՌԵՄԻ — Ո՛չ, սիրելիս, ես ալարում եմ, ես այնպես եմ ալարում շարժվել:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, դու գիրացել ես, հոգիս, քեզ չի սազում, դա սարսափելի է: Դու ուտում ես և չես շարժվում, դու պետք է մարզանք անես:
ՌԵՄԻ — Դա չափազանց կոպիտ է քո կողմից: Ես ամեն րոպե կարող եմ ծննդաբերել:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, դեռ մի տասը օր կա, դու շատ ես դողում քեզ վրա, հասկացի՛ր, դու հիվանդ չես, հղի ես:
ՌԵՄԻ — Անսիրտ մի եղիր, ես դժվարանում եմ նույնիսկ շնչել:
ԱՄՈՒՍԻՆ — Շանթ, մենք նրան Շանթ կանվանենք՝ այսինքն կայծակ, հուր, որ քեզ պես անդեմ չլինի: Հարվածի, ճայթի՝ հարկ եղած տեղը: Վեր կաց, Ռեմի: (Ռեմին վեր է կենում մի կերպ:) Ռեմի, ինձ հետ արի, գնանք պատշգամբ:
ՌԵՄԻ — Ո՛չ, առավոտ շուտ օդը շատ սառն է, և հետո այնքան շինարարական աղբ կա այնտեղ, ինձ տհաճ է:
ԱՄՈՒՍԻՆ — (բռնում է նրա թևից ու տանում պատշգամբ): Ռեմի, շինարարական աղբից ոչինչ քեզ չի պատահի, սա աղբ էլ չէ, սրանք քարեր են, որոնք գին ունեն, Ռեմի, և դեռ կարող են պետք գալ, այդ պատճառով էլ չեմ գցում:
ՌԵՄԻ — Հասկանում եմ, բայց քարերից փոշու հոտ է գալիս, ինձ համար անտանելի է, դա կարող է երեխայի շնչուղիների վրա ազդել:
ԱՄՈՒՍԻՆ — Դու անհնազանդ ես դարձել, Ռեմի, կռացիր, կռացիր ու բարձրացրու այս քարերից մեկը: (Ռեմին ծիծաղում է:) Ռեմի, ես չեմ կատակում:
ՌԵՄԻ — Խելքդ թռցրե՞լ ես:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, չէ՞ որ հոգեբան եմ, մոռացե՞լ ես, դա բուժման մեթոդ է:
ՌԵՄԻ — Բայց նոր ասացիր, որ ես հիվանդ չեմ: Գիտե՞ս ինչ, հիմա քո պացիենտներն ունես, ավելի լավ է ինձ հանգիստ թող:
ԱՄՈՒՍԻՆ — Դու ես քեզ հիվանդի պես պահում, Ռեմի, ինն ամիս շարունակ վախեցել ես, ինն ամիս շարունակ դողացել ես քո ու երեխայիդ վրա, դու նրան քեզ պես վախկոտ ես ձևավորել արդեն քո արգանդում: Եվ, բացի այդ, նրա հանդեպ ավելի ուշադիր ես, քան իմ հանդեպ:
ՌԵՄԻ — (ծիծաղելով): Դու խանդում ես, միակ լավ լուրն այսօրվա մեջ:
ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, ոչ, Ռեմի, ես ուզում եմ որպես հոգեբան քեզ ազատել վախերից, դու պետք է հաղթահարես ցավի վախը, հիվանդանալու վախը, չտանելու, չկարողանալու վախը, չէ՞ որ պետք է ծննդաբերես, իսկ դա հեշտ բան չէ, գիտես:
ՌԵՄԻ — Ինչո՞ւ ես վախեցնում, առանց այդ էլ սարսափում եմ ծննդաբերելու մտքից: Միգուցե կեսարյան հատմա՞ն դիմենք:
ԱՄՈՒՍԻՆ — Այ, տեսնո՞ւմ ես, դարձյալ փախչում ես պատասխանատվությունից, ցավ, փորձություն տանելուց: Ռեմի, դու պետք է ուժեղանաս, դու ծնող ես դառալու, դու պետք է կարողանաս տանել երեխայիդ թե՛ երկունքի, թե՛ հետագա կյանքում պատճառած ցավերը:
ՌԵՄԻ — Ինձ թվում է՝ չափազանցնում ես, ուժը ծնվում է երեխայի ծնվելու հետ, մայրական բնազդ է: Եվ հետո, ես մենակ չեմ մեծացնելու նրան, դու ինձ հետ ես, չէ՞:
ԱՄՈՒՍԻՆ — Մենք արդեն տաս րոպեից ավելի քննարկում ենք այս քարը վերցնել-չվերցնելու հարցը:
ՌԵՄԻ — Վստահ եմ, որ կատակում ես, բայց արդեն ծիծաղելի չէ: Ես չեմ կարող վտանգել մեր երեխայի կյանքը:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, ուրեմն դու ինձ չես սիրում այլևս, ես այդպես էլ գիտեի, քո ամբողջ ուշադրությունն ու հոգատարությունն այնտեղ է՝ դեռ չծնված երեխայիդ հետ: Դու ինձ կվանես այդպես քեզանից, զգուշացնում եմ:
Հուսահատված Ռեմին ընտրում է ամենափոքր քարը, դանդաղ փորձում է կռանալ, բայց այն չբարձրացրած, սկսվում են երկունքի ցավերը: Շտապօգնության մեքենայի ձայն: Մթնում է:
Տեսարան երկրորդ
Բեմը լուսավորվում է: Նույն տունն է, կողքի սենյակից երեխայի լացի ձայն է գալիս, Ռեմիի ձեռքին կաթի շիշ կա: Բավական ժամանակ է անցել: Մտնում է տղամարդը՝ դեղատնից բերված տոպրակով:
ԱՄՈՒՍԻՆ — Ամեն ինչ սարսափելի թանկացել է: Դեղատուն մտնելը հանցագործություն է: Երեխայի մեկ ամսվա նպաստը մեկ օրում ծախսվեց դեղատանը: Երկիր չէ, այլ դժոխք:
ՌԵՄԻ — Վաղը մեր որդու մեկ ամյակն է:
ԱՄՈՒՍԻՆ — Որդուս մեկ ամյակին նստած եմ աղքատ ու հուսահատ, մի հիշեցրու, խնդրում եմ, ես ինքնասիրություն ունեմ:
ՌԵՄԻ — (ժպիտով): Շանթը դեռ փոքր է և չի վիրավորվի նվեր չստանալու համար:
ԱՄՈՒՍԻՆ — (աչքը համակարգչից չկտրելով): Չէէէ, ֆեյսբուքյան մեկ-երկու պացիենտով գոյություն չես պաշտպանի: (Քիչ անց վեր է թռչում տեղից:) Նրանք պատասխանել են նամակիս, պատկերացնո՞ւմ ես, Ռեմի, ինձ հրավիրում են աշխատանքի Նահանգներում: (Նրանք գրկախառնվում են:) Վերջ այս թշվառ վիճակին, Ռեմի, վերջ, մենք կապրենք մարդավայել կյանքով:
ՌԵՄԻ — Ես ասում էի, չէ՞, երեխան իր հետ հաջողություն է բերում: Նա կզբոսնի կանաչ մարգագետիններում, սկյուռիկների հետ: Մեծ ապագա կունենա, ի տարբերություն մեզ: Գուցե Բոստոնի համալսարանի ուսանող դառնա: Սա ուղղակի հրաշք է, նվեր երեխայի մեկ ամյակի կապակցությամբ:
ԱՄՈՒՍԻՆ — (Ռեմիին վանելով): Չեղավ, չեղավ, Ռեմի, սպասիր, մի ոգևորվիր, նրանք միայն ինձ են հրավիրել:
ՌԵՄԻ — (կաթի շիշը ձեռքից ընկնում է): Այդպես չի լինում, դու մեզ լքո՞ւմ ես:
ԱՄՈՒՍԻՆ — Մի չափազանցրու, ես կմեկնեմ, կտեղավորվեմ, կսկսեմ աշխատել, ռիթմի մեջ կընկնեմ, ապա ձեզ կկանչեմ:
ՌԵՄԻ — (ապշահար): Եվ դա այն ժամանակ, երբ մեր երազանքն իրականացավ…
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, ես չեմ փախչում, այնտեղից գումար կուղարկեմ, դուք լավ կապրեք, երեխան մի փոքր կմեծանա ու կգաք: Ռեմի, դու, ի՞նչ է, ուզում ես խոչընդոտե՞լ իմ հաջողությանը, այսքան տարի սրա-նրա մոտ նվաստանալով ինչ ասես չարեցի, իսկ հիմա ուզում ես զրկե՞լ իմ երազանքից:
ՌԵՄԻ — Ոչ, իհարկե:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, երեխան շատ փոքր է, չարժե վտանգել նրա խաղաղությունը, այ, եթե նա չլիներ: (Ռեմին վերցնում է երեխայի ծածկոցն ու սեղմում գրկում` ասես ցանկանալով պաշտպանել նրան:) Ռեմի, ամառները կգամ, իսկ երբ երեխան դառնա, ասենք, երկու, երեք տարեկան, կամ չորս, դու կգաս նրա հետ: Նա արդեն քոլեջ կգնա, հետո դպրոց, հետո համալսարան, հետո արժանավայել կյանքով կապրի, մի ամերիկուհու հետ ամուսնանա գուցե: Ես ձեզ ամեն ամիս գումար կուղարկեմ, ամեն ինչ լավ կլինի:
ՌԵՄԻ — (հանդարտ քայլելով՝ հայացքը հանդիսասրահ ուղղած): Նրանք բոլորն էլ այդպես էին ասում, բոլորը, իմ մորաքույրների ամուսինները, իմ հարևանների, իմ կուրսընկերների եղբայրներն ու քեռիները, նրանք բոլորն էլ մի օր գնացին, ու նրանցից շատերը չեկան: Մեր տղամարդիկ այնտեղ սովորեցին լավ կյանքին, իսկ նրանց կանայք և երեխաները աղքատ ու ծանր օրերը հիշեցնող բեռ դարձան իրենց համար և նրանք որոշեցին ամեն ինչ սկսել սպիտակ թղթից, ազատվել հիշողություններից, ամուսնանալ անցյալ չունեցող, անհոգ և ուրախ կանանց հետ:
ԱՄՈՒՍԻՆ — Քեզ չի հաջողվի ինձ էլ քեզ հետ այս ճահճում խորտակել:
ՌԵՄԻ — Դու կիսատ ես թողնում քո պացիենտի բուժումը: Ես դեռ ամեն ինչ չեմ պատմել իմ մասին: Իսկ քո հայրենասիրությո՞ւնը, Դեր Զորի անապատում զոհված պապերիդ արյան կանչը, այսպե՞ս ես աշխարհին համոզելու ընդունել ցեղասպանությունը: Այսպե՞ս ես պահպանելու հայրենիքիդ անկախությունը:
ԱՄՈՒՍԻՆ — Ես կվերադառնամ այն ժամանակ, երբ կկարողանամ Հայրենիքիս օգտակար լինել: Իսկ այդ օրը կգա, հավատա:
Տղամարդը զայրացած հեռանում է: Կինն անօգնական ընկնում է բազմոցին: Կողքի սենյակից սոված երեխայի սրտակեղեք լացի ձայնն է լսվում:
Տեսարան երրորդ
Երկուսով նստած են համակարգիչների առաջ, աչքերը համակարգչից չկտրելով:
ԱՄՈՒՍԻՆ — Նրանք հրավերն ու տոմսերը ուղարկել են, Ռեմի:
ՌԵՄԻ — Ֆանտաստիկ է:
ԱՄՈՒՍԻՆ — Կարո՞ղ ես այսօր երեխային հարևանուհուդ մոտ թողնել, ուզում եմ քեզ համար հրաժեշտի երեկո կազմակերպել:
ՌԵՄԻ — Դու ինձ, այնուամենայնիվ, հրաժե՞շտ ես տալիս:
ԱՄՈՒՍԻՆ — Ես ուզում եմ հաճելի զգացողություններ քեզ պարգևել, որոնք քեզ հետ կմնան մինչև գալս:
Մթնում է:
Լուսավորվում է, տղամարդը նորից համակարգչի առաջ է, կինը գալիս է երեկոյան հագուստով:
ԱՄՈՒՍԻՆ — Որքան գեղեցիկ ես, հոգիս:
ՌԵՄԻ — Երկրորդ անգամ եմ այս զգեստս հագնում, առաջին անգամ մենահամերգիս էի հագել: Պահարանում փոշոտվում է, մտածեցի՝ կարելի է նաև այսօր հագնել, որ քո հիշողության մեջ մնամ գեղեցիկ ու տոնական, մինչև մեր հաջորդ հանդիպում:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, ես համերգի տոմսեր եմ պատվիրել:
Մթնում է:
Գիշերային ակումբի լուսավորություն, Ռեմին և ամուսինը նստած են սեղանի շուրջ, խմում են: Լույսերը մարում են՝ հայտնվում է ջազային տրիոն, ֆլեյտահարուհին նվագում է ինքնամոռաց: Ռեմին ցնցվում է:
ԱՄՈՒՍԻՆ — Քեզ դուր չի՞ գալիս:
ՌԵՄԻ — Նա չափազանց լավ է նվագում:
ԱՄՈՒՍԻՆ — Հապա ինչո՞ւ ես մռայլվել:
ՌԵՄԻ — Ես մտածեցի, ես… Արի գնանք:
ԱՄՈՒՍԻՆ — Ոչինչ չեմ լսում, ֆլեյտան խանգարում է, բարձր խոսի՛ր:
ՌԵՄԻ — Խնդրում եմ, գնանք:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, քեզ ուզում էի հաճույք պատճառել, Ռեմի, անշնորհակալ մի եղիր, գումար եմ պարտքով վերցրել, ի վերջո, այս երեկոն քեզ նվիրելու համար:
ՌԵՄԻ — Դա քո հոգեբանական վերջի՞ն թեստն էր, թե՞ էլի կան փորձություններ:
Ռեմին դուրս է վազում ակումբից: Ամուսինը հետևում է նրան: Ջազը հնչում է ավելի բարձր: Մթնում է:
Տեսարան չորրորդ
Տանը:
ԱՄՈՒՍԻՆ — Դու կարոտա՞խտ զգացիր:
ՌԵՄԻ — Դու դաժան վարվեցիր ինձ հետ:
ԱՄՈՒՍԻՆ — Հերթական անշնորհակալությունդ:
ՌԵՄԻ — Ես խղճացի այդ աղջկան:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ:
ՌԵՄԻ — Ես պատկերացրի, որ նա տխուր է, շատ տխուր, որ նա բոլորովին էլ չի ուզում գիշերային ակումբում նվագել, որ նա այնքան տաղանդավոր է, նա աստվածատուր տաղանդ ուներ, բեմական անսահման հմայք ու այնպիսի վարպետություն, նա մեծ բեմերի է արժանի:
ԱՄՈՒՍԻՆ — Սկսվեեեց հեքիաթասացությունը, նորից ամեն ինչ հորինում ես: Ռեմի, արի, նստիր այստեղ, գուցե հաշտվե՞ս ծնողներիդ հետ, ախր, ոչ ոք չունես, ես մի քանի ամսով կբացակայեմ, իսկ քեզ ո՞վ կօգնի երեխային պահել:
ՌԵՄԻ — Ես նրան մանկապարտեզ կտանեմ:
ԱՄՈՒՍԻՆ — Ռեմի, քեզ դժվար կլինի, ծնողներդ կարգին մարդիկ են, դու նրանց երախտամոռի պես լքել ես, հաշտվիր նրանց հետ, նրանք քեզ կներեն:
Մթնում է:
Միանում է էկրանը, այնտեղ Ռեմիի ծնողներն են, ովքեր անջատում են տան լույսերը, փակում վարագույրները, ապա վերցնում են ճամպուկները և մի վերջին հայացք նետելով բնակարանին` կողպում են տան դուռը:
Լույս: Բեմում նույնպես ճամպրուկներ են դրված:
ՌԵՄԻ — Երեկ ընկերուհիս էր զանգել, ասաց, որ մերոնք մեկնեցին ընդմիշտ Ռուսաստանում ապրելու, հայրս հետաքրքրվել է, որ այնտեղ տարեցներին բարձր թոշակ են տալիս:
Ամուսինը անխոս գրկում է Ռեմիին, վերցնում է ճամպրուկներն ու դուրս գալիս տնից:
Մթություն:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ
ՌԵՄԻ — (ծիծաղելով): Այս համակարգչային դարում թղթով ու գրիչով եմ նամակ գրում: Ինչպես այն ժամանակ, երբ շատ փոքրիկ էի, և մեր մուտքում փոստարկղ կար, փոստատար: Կարծում եմ, այսպես ավելի ազդեցիկ է: Ես նամակը կդնեմ ծրարի մեջ ու փոստով կուղարկեմ Ռուսաստան՝ ծնողներիս, և հետո մայրս ու հայրս այնքան էլ գլուխ չեն հանում էլեկտրոնային փոստից, հաստատ չէին կարողանա կարդալ: Չգիտեմ, նրանք ինձ կհասկանա՞ն: (Շարունակում է գրել:) Մայրս գուցե ուրախանա, երբ իմանա, որ նամակն ինձանից է, իսկ հետո կտխրի, շատ կտխրի: Բայց հայրս… Նա ինձ երբեք չի ների իմ թուլությունը, նա կարծում էր՝ ես ուժեղ եմ, նպատակասլաց: Թքած, ես մեղավոր չեմ, ասում են՝ զավակները ծնողների մեղքերի պատասխանն են. չէ՞ որ նա էլ մեռնելու ցանկություն է ունեցել: Նա առհասարակ ողբերգական կերպար էր՝ իր կորցրած մատով, երաժշտից երաժշտության ուսուցչի վերածված հայրս… (Շարունակում է գրել:)
ՏՂԱ — Ռեմի, ես ուտել եմ ուզում:
Ռեմին ուշադրություն չի դարձնում, տղան շարունակում է խաղալ:
ՌԵՄԻ — Երբ փոքր էի, ինձ թվում էր՝ դա է ընտանիքը, որ ամեն տեղ էլ ծնողները վիճում են, իսկ երբ հայրիկը սուր հեգնանքով մայրիկին ծաղրում էր, սկսում էի ինքս ինձ հուսադրել, որ ամեն ինչ լավ է: Մտածում էի՝ կատակում են, իսկ եթե կատակում են, ուրեմն հաշտ են: (Ծիծաղում է: Նայելով սեղանին դրված իր ու ամուսնու լուսանկարին:) Իսկ դու արդեն քանի տարի է՝ չկաս, ես չսխալվեցի… Տարօրինակ է, հազիվ երկու-երեք տարի ապրեցինք միասին, բայց ասես հարյուր տարի տևեց: Երկու տարում ծերացա քեզ հետ քսան տարով: (Հեգնանքով:) Հոգիս հանեցիր, հոգիս: Ի դեպ, քո բերած բոլոր գրքերը կարդացել եմ, իսկ դու նույնիսկ չվերադարձար, որ քննություն հանձնեմ: Ես ինչո՞ւ էի դիմանում այդքան երկար… (Կտրուկ վեր է կենում:) Իսկ դու, ինչպես միշտ, չես հիշում. չէ՞, այսօր ինչ օր է: (Մոտենում է պահարանին, վերցնում պատրաստ դրված գինու շիշն ու երկու գավաթ: Մոտենում է սեղանին, բաժակները լցնում, մեկը դնում է լուսանկարի առջև, մյուսը վերցնում, ապա բաժակներն իրար է զարկում:) Կենացդ, սիրելիս, այսօր մեր ամուսնության ութերորդ տարեդարձն է: Չնայած դու երբեք էլ չես հիշել այդ օրը, բայց ես քեզ ներում եմ: (Խմում է:) Հինգերորդ տարին է, որ այս օրը նշում եմ լուսանկարիդ հետ, չեմ էլ հասկանում, թե ինչու: Հատուկ այս կապակցությամբ եմ այսպես զուգվել, լա՞վ է, հավանո՞ւմ ես: Չնայած այլևս այն չեմ, չէ՞, ով կպատկերացներ, երբ գնացիր, ես քսանն անց էի, իսկ հիմա երեսունի սահմանը հատել եմ: Ու ոչինչ, գիտե՞ս, ոչինչ էլ չի կատարվել, ուղղակի գնալով ավելի անհետաքրքիր է դառնում կյանքը: Այսօր առավոտյան հասկացա, որ արդեն հոգնել եմ քեզ սպասելուց: Հինգ տարին կլոր, գեղեցիկ թիվ է, չէ՞: Այդ առիթով քեզ համար մեծ, շատ մեծ անակնկալ եմ պատրաստել: Քեզ լուրը կհասնի, վատ լուրերն, առհասարակ, արագ են տարածվում: (Ծիծաղում է:) Մի անգամ մայրիկին ասացի՝ ինչո՞ւ չես բաժանվում հայրիկից, չէ՞ որ նա փչացրել է քո կյանքը: Մայրս զայրույթից շնչահեղձ եղավ: Նրա սերնդի համար դա մի անհասկանալի, սարսափելի արտահայտություն էր, հետո իրեն հավաքեց ու ասաց. «Ռեմի, դու կարծում ես, բաժանվելը լուծո՞ւմ է: Նա իմ ամուսինն է, իմ դստեր հայրը, ասել է թե՝ ճակատագրով իմ կեսը, կողակիցը: Նա էլ այդպիսին է, հետո ի՞նչ: Ռեմի, գլխիցդ գցիր նման հիմարությունները, քանի որ նման մտքերով դու երբեք նորմալ ընտանիք չես ունենա»: Մամ,- ասացի,- դու սա ընտանի՞ք ես համարում, նորմալ ընտանի՞ք: Մայրս բորբոքվեց. «Իսկ ի՞նչն է աննորմալ մեր ընտանիքում, կյանք է, ինչպես ամենուր, ի՞նչը քեզ դուր չի գալիս»:
Զրույցը տեղափոխվում է էկրանին, այնտեղ Ռեմին է ու Մայրը:
«Ռեմի — Մամ, մի քեզ նայիր, դու քեզ վաղուց հայելում չես տեսել, դու տձև ես, գրավիչ չես որպես կին: Իսկ նա, նա նույնիսկ չի էլ մտածում, որ դու կին ես, որ քեզ կարելի է մեկ անգամ գոնե խանութ տանել, կամ ծաղիկ նվիրել, կամ օծանելիք, ու տենց պարզունակ բաներ:
Մայր — Ռեմի, ի՞նչ ես ուզում, որտեղի՞ց այսքան ըմբոստություն այս աղջկա մեջ:
Ռեմի — Մամ, դուք նույնիսկ իրար հետ չեք քնում, ինչպե՞ս կարող եք ապրել այս հավաբնում:
Մայր — Ռեմի, ամուսնական հարաբերություններում ամենակարևորը քնելը չէ: Լավ թե վատ, կինը պիտի ամուսին ունենա: Ինքդ էլ մտածիր, հատկապես մեր հասարակության մեջ կինը չի կարող անտեր մնալ: Ի՞նչ կասեն հարևանները: Եվ հետո՝ լավ տղամարդ չի լինում, տղամարդը տղամարդ է, էլի: Պետք է աչք փակել նրա արարքների վրա, կամ նրան վերաբերվել ինչպես անչափահաս երեխայի, և ամեն ինչ տեղը կընկնի: Ռեմի, միշտ հիշիր մորդ պատգամը, աչք փակիր տղամարդու արարքների վրա և երբեք չխոսես»:
Էկրանը մարում է:
Բեմում:
ՌԵՄԻ — Այո, հոգիս, մի ժամանակ ըմբոստ էի, իսկ դու ոչինչ չարեցիր, որ ես վերագտնեմ այն, դու միայն էքսպերիմենտներ էիր դնում վրաս` ինքնավստահությունս ավելի կոտրելով: (Թեքվելով դեպի էկրանը:) Իսկ դու, մամ, դու վախենում էիր փոփոխությունից և ինձ էլ սխալ դաստիարակեցիր:
ՏՂԱ — Ռեմի, դու ո՞ւմ հետ ես խոսում: (Ռեմին չի պատասխանում:) Ռեմի, այսօր աշխատանքի չե՞ս գնում:
ՌԵՄԻ — Ոչ, Շանթ, այսօր՝ ոչ: Հնարավոր է, ինչ-որ ժամանակով բացակայեմ, երբ ուշանամ, կգնաս դիմացի հարևանուհու՝ Աննայի տուն, մինչև որ… Գիտե՞ս, դու տատիկ ու պապիկ ունես, գուցե նրանք գան քո հետևից, դու տատիկիդ անմիջապես կճանաչես, նա ինձ շատ նման է, ուղղակի ավելի տարիքով է:
Տղան ուշադրություն չի դարձնում:
Ռեմին բերում, սեղանին շարում է սրվակով դեղեր, պարան, ածելի, դանակ, նստում է դիմացը, նայում է ամուսնու նկարին: Ապա այն մի կողմ շպրտում: Վերցնում է հեռախոսը, զանգում հարևանուհուն:
ՌԵՄԻ — Աննա, ողջույն, լա՞վ ես, կարո՞ղ ես այս գիշեր Շանթին քեզ մոտ տանել: Գիտես, կլինիկայում խառը վիճակ է, ստուգողներ են եկել: Գլխավորը գազազած է, զանգեց, շտապ կանչեց աշխատանքի: Այո: Շնորհակալ եմ, ընկերուհիս, Աստված քեզ մի օր անպայման կվարձատրի քո բարության համար: Օ, այո, էլ մի ասա, քարտուղարուհու աշխատանքը հեշտ չէ, միշտ կախված ես շեֆիդ քմահաճույքից: Համբուրում եմ: Ոչ, ոչ, ինքս կբերեմ տղային: Առայժմ:
Ռեմիի հեռախոսը զանգում է: Ռեմին վերցնում է բջջայինը՝ ձայնին անհոգ, թեթև երանգ հաղորդելով: Արդեն գինին իր ազդեցությունն ունեցել է:
ՌԵՄԻ — Բարև, քաղցրս, ես էլ քեզ էի ուզում զանգել, ինչպե՞ս զգացիր: Ներիր, ո՛չ այսօր: Այս գիշեր չենք հանդիպի, ինձ վատ եմ զգում, մի՛ համոզիր: Լսիր, Դոկ, մի հարց եմ ուզում տալ, կարո՞ղ ես հուշել ինքնասպանության ամենահեշտ մեթոդը: Չէ, չէ, դա ցավոտ է: Հաբե՞ր: Բայց այդպես փրկվելու հավանականություն կա, չէ՞: Այոոոո, ուրեմն հարկավոր չէ: Վաննա՞, ինչո՞ւ, տաք ջո՞ւր, թանկ հաճույք է մի բժշկի քարտուղարուհու համար (ծիծաղում է), բայց եթե արդյունավետ է… այո, կարելի է մի վերջին անգամ նման ճոխություն թույլ տալ, չէ՞… Այո, այո, այդպես ավելի արագ արնաքամ կլինի… Շնորհակալ եմ, քաղցրս, կհանդիպենք դժոխքում: Ի՞նչ… Չէ հա, հո չե՞մ ցնդել, ի՞նչս է պակաս, ուղղակի որոշել եմ ինձ այլ ասպարեզում էլ փորձել. հոգեբանական դրամա եմ գրում իմ մասին (ծիծաղում է): Որոշեցիր անհանգստանա՞լ ինձ համար, քեզ այդ դերը չի սազում, վերջ տուր, Դոկ: Առավոտյան, անկասկած, կհանդիպենք: Ամուր համբուրում եմ:
Ռեմին սեղանի վրայից ամեն ինչ լցնում է աղբարկղը, միայն ածելին է թողնում: Հագնում է կոշիկները, վերցնում է նամակը, շարժվում է դեպի դուրս, բայց կարծես մի բան հիշելով կանգ է առնում: Էկրանին Ռեմիի հայրն է: Նա նեղացած կիսադեմով նստած է մի անհասկանալի, թշվառ սենյակում և լուռ ծխում է: Ռեմին շրջվում է, նայում պատկերին.
ՌԵՄԻ — Դո՞ւ, հայրիկ: Դո՞ւ ինչ արեցիր ինձ հետ: Ինչո՞ւ ես այդպես մեղադրող հայացքով նայում ինձ: Այս կյանքում ամենաշատը քեզ էի սիրում, պատկերացնո՞ւմ ես, խաղալիքներից, երաժշտությունից, մայրիկից՝ անգամ շատ: Դու ինձ համար ամեն ինչ էիր, քո կատակները ամենածիծաղելի կատակներն էին աշխարհում, քո պատրաստած նախաճաշը՝ ամենահամեղ նախաճաշը, քեզ հետ խանութ գնալը ցանկացած ճամփորդությունից ավելի հետաքրքիր էր ինձ համար, Հայրիկ… Մենք առանց խոսքերի հասկանում էինք իրար, ես կարողանում էի կարդալ քո հոգին, քո տխրությունը զգում էի իմի պես: Ես գիշերները թաքուն լացում էի քո մատի համար, քո անզորության համար, ես մայրիկին մտքում մեղադրում էի քեզ չերջանկացնելու համար: Ես պատրաստ էի տանել քո դաժան պահանջկոտությունը, հայրիկ, քանի որ այն քոնն էր: (Մոտենում է ճոճվող փայտե ձիուկին ու հենված՝ ճոճվելով, շարունակում է գլխիկոր:) Իսկ դո՞ւ, պապ, դու ինձ մեղադրեցիր քո դժբախտ լինելու մեջ, պարզվում է՝ ես եմ եղել քո դժբախտության պատճառը, քանի որ խրամատում ի՛նձ համար էիր ձիուկ քանդակում: Ես երազանքներիս իրականացման շեմին էի, երբ քո չստացված կյանքի բեռը ուսերիս դրեցիր, այդքանից հետո ես անկարող էի ապրել երաժշտությամբ, այն երաժշտությամբ, որը քեզնից էի ժառանգել, իսկ դու անգամ դա՛ չհասկացար: Ինչո՞ւ փակեցիր սիրտդ ու հոգիդ, ինչո՞ւ չհասկացար իմ զոհաբերությունը, դու նույնիսկ ամուսնությունս չօրհնեցիր, իսկ այն կարող էր վերջին ապաստանը դառնալ իմ փախուստի համար: Հա, երևի հենց այդ պատճառով էլ երջանիկ չեղա, ամուսինս էլ լքեց ինձ: Չի կարելի իրականությունից փախչելով` դավաճանել սեփական աստղին: Ու հիմա, հայրիկ… (Շրջվում է, որ գնա, բայց նորից ետ է գալիս ու ավելի զայրանալով՝ շարունակում է:) Դո՛ւ, այդ դո՛ւ ինձ գլորեցիր այս անդունդը, միևնույն է, էլ չես հպարտանում ինձնով, էլ չես պատժում ինձ, ոչինչ չես պահանջում, ուրեմն ինչո՞ւ քարտուղարուհի չդառնայի, ինչո՞ւ չընդունեի իրականում իմ մասին մի վայրկյան էլ չանհանգստացող բժշկի սիրուհին դառնալու առաջարկը: Ինչ-որ մի բանով պետք էր լցնել դատարկությունը… Դու ի՛նձ լքեցիր, ես էլ՝ իմ երեխային, ինչո՞ւ չպիտի այդպես վարվեի, եթե դու այդպես վարվեցիր: Ես այս ամենից պարզապես ձանձրացա, հայրիկ, ուրեմն ինչո՞ւ շարունակեմ ապրել:
Ռեմին պատրաստվում է դուրս գալ: Զայրացած հրում է ճոճվող ձին, սեղանից վերցնում է ծրարը, պայուսակը, երբ հանկարծ կողքից, որտեղ երեխան է նստած տուփերի առաջ, լսվում է ֆլեյտայի մուշտուկի ձայն: Ռեմին քարանում է: Նա նորից է ականջ դնում, նորից ու նորից լսվում է ձայնը: Ռեմին վազում է տղայի կողմը:
ՌԵՄԻ — Դա որտեղի՞ց քեզ, Շանթ:
ՏՂԱ — Հայրիկի կոշիկների տուփերից գտա, տես, մի փայլուն փայտիկ էլ կա այստեղ:
ՌԵՄԻ — Ինձ տուր, Շանթ, անհավանական է:
ՏՂԱ — Ոչ, Ռեմի, սա իմ գնացքի շչակն է՝ տու տո՜ւ, տու տո՜ւ, տե՞ս, ինչ նման է, տո՛ւր ինձ, ես եմ գտել:
Ռեմին խլում է երեխայի ձեռքից, իրար է միացնում ֆլեյտայի երկու մասերն ու կարոտած շոյում է: Երեխան վախեցած նայում է մորը:
ՌԵՄԻ — Նա չէր նետել, հայրիկդ այն չէր նետել, Շանթ, ուրեմն այդքան էլ վատը չէր, նա պարզապես իրեն դժբախտ էր զգում ու կիսատ: (Վազում է, հատակից վերցնում ամուսնու լուսանկարն ու խոսում դրա հետ:) Ես միշտ ասում էի ինքս ինձ. «Ռեմի՛, մի՛ խոսիր, Ռեմի, պետք է լռել, հիշի՛ր մայրիկիդ պատգամը, դու պետք է լռես, որ չկորցնես ընտանիքդ»: Իսկ դու, սիրելիս, միշտ ասում էիր. «Մի՛ լռիր, Ռեմի, երբ ես զայրացած եմ, քո լռությունն ինձ ավելի է ափերից հանում»: Հետո եկավ ժամանակ, երբ ինքս ինձ ասացի. «Դե խոսի՛ր վերջապես, Ռեմի, նա քեզնից գողացել է քեզ, նա վերածել է քեզ անդեմ խրտվիլակի»: Իսկ դու իրականում ուզում էիր, որ ես չլռեմ, որ գտնեմ ինքս ինձ, այնինչ ինքս էի ինձ դատապարտել, ես լռել էի ուզում: (Անզոր ընկնում է բազմոցին, երեխան մոտ է վազում, անհամարձակ կանգնում է կողքին:) Բայց այլևս չեմ լռի, Շանթ, ես որոշեցի խոսել, էլ չեմ լռելու: Նրանք բոլորը, բոլորն ինձ խաբել են: (Մեկուսի:) Նրանք խաբել են քեզ, Ռեմի, լսո՞ւմ ես, լռել պետք չէր:
ՏՂԱ — Սա ի՞նչ է, Ռեմի:
ՌԵՄԻ — Ֆլեյտա, Շանթ, դա աշխարհի ամենագեղեցիկ գործիքն է, նրա ձայնից անգամ դրախտի դռներն են բացվում:
Կուլիսներից լսվում է ֆլեյտայի նվագ, հույսով ու հավատով լի մի երաժշտություն:
ՏՂԱ — Ինչ գեղեցիկ է, Ռեմի, ես ուզում եմ գնալ նրա հետևից, երբեք ոչինչ ավելի գեղեցիկ չեմ լսել:
ՌԵՄԻ — Շանթ, դու գտար ինձ, դու ինձ կյանք նվիրեցիր, գիտե՞ս:
ՏՂԱ — Այդ ե՞ս եմ քեզ ունեցել, թե՞ դու ինձ:
ՌԵՄԻ — (ծիծաղելով): Փոքրիկս, Շանթ, դու նույնիսկ չգիտես, թե ինչ կարևոր բան ես արել ինձ համար:
ՏՂԱ — Ուրեմն որոշեցիր չգնա՞լ, քեզ դո՞ւր է գալիս ինձ հետ լինել: Իսկ տատիկն ու պապի՞կը, դու ասացիր, որ ես տատիկ ու պապիկ ունեմ, նրանք կգա՞ն իմ հետևից:
ՌԵՄԻ — Ոչ, Շանթ, ես որոշեցի ոչ մի տեղ էլ չգնալ, մեր տնից ավելի լավ տեղ չկա, այստեղ միայն աղբն է շատ ու կոշիկների տուփերը: (Մեխանիկորեն սկսում է հավաքել տուփերը, հետո ձեռքն է ընկնում ծնողների նամակը, պատռում է ու նետում արկղի մեջ:) Գիտե՞ս, մենք ինչ կանենք, մենք միասին այս տուփերը կայրենք բակում, մի մեծ խարույկ կսարքենք ու կլուսավորենք բակը: Հետո կպտտվենք այդ խարույկի շուրջ՝ գնացք-գնացք կխաղանք, ոնց որ երկու վագոն, իսկ երբ կրակը կբարձրանա, մենք կդառնանք ինքնաթիռներ ու կթռչենք դրա վրայով, հետ ու առաջ, մենք կհատենք բոլոր սահմանները: Կրակի վրա կայրենք բոլոր տխուր հիշողությունները: Մենք մի լավ կզվարճանանք, փոքրիկ:
ՏՂԱ — Իսկ հայրիկի կոշիկնե՞րը, բա որ նա վերադառնա ու նեղանա մեզանի՞ց, որ այրել ենք տուփերը:
ՌԵՄԻ — Կարծում եմ, որ նա չի վերադառնա, մենք դա էլ կհաղթահարենք: Վստահ եմ, նա հիմա շատ ու շատ նոր կոշիկներ ունի, սրանց կարիքը չունի, թե չէ անպայման կգար սրանց հետևից, չէ՞:
ՏՂԱ — Երևի այո:
ՌԵՄԻ — Դե ի՞նչ, ուրեմն ինձ կօգնե՞ս ազատվել անպետք իրերից:
ՏՂԱ — Պայմանավորվեցինք: Ինչ լավ է քեզ հետ խոսել… մամ:
ՌԵՄԻ — Մենք հիմա շատ կխոսենք, մենք այնքա՛ն խոսելու բան ունենք:
ՏՂԱ — Իսկ ինչո՞ւ առաջ չէիր խոսում:
ՌԵՄԻ — Երևի դժբախտ էի, չգիտեմ… Դու ինձ ասացիր մա՞մ:
ՏՂԱ — (վախեցած գլխի շարժումով լուռ հաստատում է):
Հուզմունքից այլայլված դեմքով Ռեմին գիրկն է առնում երեխային ու առաջին անգամ մայրաբար նրան գուրգուրում է, համբույրներով պատում նրան` շշնջալով. «Շանթ, փոքրիկս, արևս…»:
ՏՂԱ — Իսկ ինձ կսովորեցնե՞ս ֆլեյտա նվագել, մամ:
ՌԵՄԻ — (ասես շանթահարվում է, արցունքների միջից ծիծաղում է, հետո սկսում է հեկեկալ): Չգիտեմ, Շանթ, մանկիկս, դեռ ոչինչ չգիտեմ… Մենք դեռ այնքան բան պետք է մտածենք, որոշենք: Մենք դեռ շատ բան պետք է վերագտնենք միասին…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։