Լիա ԻՎԱՆՅԱՆ / ԱՊԱԿԵ ԿԻՆԸ

Դրամա 2 գործողությամբ

Գործող անձինք
ԴԱՎԻԹ — 45-ամյա բարետես տղամարդ
ԱՆՆԱ — 35-ամյա գեղեցիկ կին
ՄԵՐԻ — անորոշ տարիքի եթերային շիկահեր՝ հրեշտակային դեմքով, բայց խորամանկ աչքերով
ԱՄԱԼԻԱ — զոքանչ, լավ պահպանված տարեց տիկին
ՍՏԵՓԱՆ — միջին տարիքի տղամարդ
Երիտասարդ կին սրճարանում
Աննայի նախկին ամուսինը
Ֆլեշ-բեքերում հայտնվող կին
Մատուցող
Սպասուհի
Հոգեվարքի մեջ գտնվող տղամարդ

Ֆլեշ-բեքերը կարելի է փոխարինել էկրանով: Օրերն ու տարիները կարելի է ցույց տալ պատի մեծ ժամացույցով, կամ ուրվականի շորերով մեկը ցուցանակներ անցկացնի բեմով:
Սկահակի ներսում փոփոխվող պլազմային լույսը գործող անձանց տրամադրություններն է արտահայտում
Առաջին գործողություն
Պատկեր 1
Ոչ շատ նորաոճ, բայց ճաշակով կահավորված բնակարան՝ բաց պատուհանով և դեպի այլ սենյակներ տանող դռներով: Միակ բանը, որ անմիջապես ուզում ես փոխել՝ մուտքի դռան դիմացի պատի մոտ դրված կնոջ մարմին հիշեցնող հսկայական ապակե սկահակն է: Լուսավորությունը և տրամադրությունն ուրախ են ու թեթև: Նախասրահից լսվում է ծիծաղ և խոսակցություն:

ԴԱՎԻԹ — Վերջապես դու իմ տուն եկար:
ԱՆՆԱ — Դե, եթե որոշել ենք ամուսնանալ, պետք է, չէ՞, ծանոթանամ իմ նոր բնակավայրին:
ԴԱՎԻԹ — Եթե միայն իմանաս՝ ինչքան եմ սպասել այս օրվան
Ծիծաղելով ներս են մտնում Աննան, հետո Դավիթը: Աննան արագ աչքի է անցկացնում սենյակը՝ մի ակնթարթ կնճռոտվելով սկահակին նայելիս:
ԴԱՎԻԹ — (գրկելով Աննային): Շատ էի վախենում, որ կմերժես:
ԱՆՆԱ — Ինչ տարօրինակ եք դուք՝ տղամարդիկ… չեք նկատում ակնհայտ բաները, եթե դրանք չեն տեղավորվում ձեր ուղեղում գծած շրջանակներում:
ԴԱՎԻԹ — Ի՞նչ է ուզում դրանով ասել իմ գեղեցկուհին:
ԱՆՆԱ — Դե, եթե աչքերդ լայն բացեիր, կնկատեիր, որ վաղուց եմ քեզնից կոնկրետ քայլեր ակնկալում:
ԴԱՎԻԹ — (կնճռոտվելով): Իսկ ձեզ՝ կանանց, դժվար է հասկանալ և մոտեցման ճիշտ ձևն ու պահն ընտրել, սիրելիս: Գիտես, ես ձեզանից վախենում եմ:
ԱՆՆԱ — Տարօրինակ է… ընդունված է, չէ՞, համարել, որ կանայք են վախենում տղամարդկանցից:
ԴԱՎԻԹ — Այդ միֆը կանայք են հորինել ճշմարտությունը քողարկելու համար: Հիմա, օրինակ, դու վախենո՞ւմ ես:
ԱՆՆԱ — Ումի՞ ց: Ինչի՞ ց:
ԴԱՎԻԹ — Տեսնո՞ւմ ես… դու չես վախենում: Իսկ ես վախենում եմ:
ԱՆՆԱ — Ինչի՞ց:
ԴԱՎԻԹ — Որ ամեն ինչ կփչացնեմ:
ԱՆՆԱ — (ծիծաղելով:) Ի՞նչ պիտի անես… առանց իմ համաձայնության վրա՞ս ես հարձակվելու:
ԴԱՎԻԹ — Մի ծիծաղիր, Աննա, ամեն ինչ շատ ավելի լուրջ է:
ԱՆՆԱ — Դու մի տեսակ տարօրինակ դարձար: Բառացիորեն կես ժամ առաջ ռեստորանում… չէ՛, նույնիսկ հինգ րոպե առաջ, տուն մտնելիս լրիվ ուրիշ մարդ էիր՝ երջանիկ, ամենակարող: Պարզ տրամաբանությամբ քո տան պատերը քեզ ավելի համարձակ ու ինքնավստահ պիտի որ դարձնեին: Բայց հիմա լրիվ հակառակն է:
ԴԱՎԻԹ — Հենց այս պատերն են ինձ վախեցնում:
ԱՆՆԱ — Հո ուրվականներ չկա՞ն այստեղ:
ԴԱՎԻԹ — Կա՜… այն էլ ինչ ուրվական… վա՛յ չէ, էս ի՞նչ եմ զառանցում:
Դավիթը դժգոհ հայացքով նայում է սկահակին, որի կողքին հայտնված Մերին ձեռքով ողջույնի նշան ու խորամանկաբար աչքով է անում: Աննայի համար Մերին անտեսանելի է: Դավիթը հայացքը սկահակից արագ փախցնելով՝ գրկում է Աննային:
ԴԱՎԻԹ — Հիմա կխմենք այն առիթով, որ տուն եկար: Ի՞նչ ես խմելու:
ԱՆՆԱ — Գինի:
Դավիթը շրջվելով, դեմքի դժգոհ արտահայտությամբ գինի է լցնում: Աննան մտազբաղ նայում է նրան, հետո կտրուկ հայացքն ուղղում է սկահակին՝ կարծես նրանում փնտրելով ինչ-որ բացատրություն: Դավիթը մոտենալով հրամցնում է գինին, խմում են, համբուրվում են:
ԱՆՆԱ — Բնակարանդ շատ սիրուն է, ուղղակի մի քիչ շտկելու բաներ կան:
ԴԱՎԻԹ — Տանտիրուհին դու ես, արա, ինչ ուզում ես:
ԱՆՆԱ — Հիմա՞, թե՞ Զագսից հետո:
ԴԱՎԻԹ — Հո 18 տարեկան չե՞նք, որ ձևականությունների ետևից ընկնենք: Առաջարկությունս ընդունել ես, եկել ես իմ տուն, ուրեմն սա նաև քո տունն է… Գիշերը կմնա՞ս:
ԱՆՆԱ — (սեթևեթանքով): Կտեսնենք…
Գինի են խմում, համբուրվում են:
ԱՆՆԱ — Լա՜վ, հիմա մի քիչ տանտիկինություն անենք:
ԴԱՎԻԹ — Տան մաքրությա՞մբ ես զբաղվելու: Ավել-մավել բերե՞մ:
ԱՆՆԱ — Աստված մի արասցե… Միթե դու մտածո՞ւմ ես, որ մաքրամոլ եմ: Վա՜յ, մի զավեշտալի պատմություն հիշեցի. ուրեմն մորաքրոջս տղայի մոտ մի աղջկա համար էին բարեխոսում: Գովեցին, գովեցին, վերջում էլ ավելացրին, որ այնքան մաքրասեր է, որ ավելը ձեռքից ցած չի գցում: Վառ երևակայությամբ եղբայրս էլ անմիջապես պատկերացրեց իրեն, նորաթուխ կնոջն ու ավելը ամուսնական մահճում և խուճապահար փախավ: Միանգամից զգուշացնում եմ՝ ես այդպիսին չեմ: Իմ փոխարեն ուրիշները մաքրություն կանեն:
ԴԱՎԻԹ — Բայց գոնե մեկ-մեկ ինձ կկերակրե՞ս:
ԱՆՆԱ — Այդ հարցում հանգիստ եղիր: Ինչ-ինչ, բայց խոհանոցն իմ տարերքն է: Հայրս միշտ ասում էր, որ իզուր եմ համալսարանում ինչ-որ մեկի տեղը զբաղեցրել բարձրակարգ խոհարար դառնալու փոխարեն:
ԴԱՎԻԹ — Ես էլ համադամասեր եմ և կգնահատեմ քո խոհարարական ունակությունները: Տեսնում ես՝ ինչքան իրար փոխլրացնող հատկանիշներ ունենք: Արի այդ առիթով էլ խմենք:
Խմում են, համբուրվում են:
ԱՆՆԱ — (գրկից դուրս սողալով): Թույլ տուր մի քիչ տնով զբաղվեմ… շատ քիչ… աննշան…
ԴԱՎԻԹ — Արա՛, ինչ ուզում ես տան հետ էլ, ինձ հետ էլ…
Աննան պարային քայլերով մոտենում է սկահակին և ձեռքերը մեկնում է այն վերցնելու: Բայց դեռ սկահակին չկպած՝սարսափահար շրջվում է Դավիթի կատաղի բղավոցից:
ԴԱՎԻԹ — Ձեռք չտա՛ս:
Լույսը խամրում է: Աննան ապշահար է, Դավիթը՝ շփոթված, լարված: Աննայի թիկունքում, սկահակի մոտ հայտնվում է նեղացած, զայրացած Մերին:
ԱՆՆԱ — Ի՞նչ… դու… Քեզ ինչ եղավ:
ԴԱՎԻԹ — (մրթմրթում է քթի տակ): Ո-ո-ոչինչ
ԱՆՆԱ — Ինձ նայիր, Դավիթ: Ի՛նչ պատահե՞ց:
ԴԱՎԻԹ — Ոչի՛նչ… ոչի՛նչ:
ԱՆՆԱ — Ա՛յ, հիմա դու ինձ վախեցնում ես: Ինչպե՞ս ես պատկերացնում մեր համատեղ կյանքը, եթե մի ապակու կտորի համար կարող ես այդպես գոռալ:
ԴԱՎԻԹ — Ներիր… Ների՛ր… բայց դա ապակի չէ…
ԱՆՆԱ — Իսկ ինչ է՝ մսից ու արյունից մա՞րդ, որ այդպես վախեցար:
ԴԱՎԻԹ — Դա… դա… ինչպե՞ս ասեմ… նա իմ կինն է:
Մերին գոհ ժպտում է:
ԱՆՆԱ — Ի՞նչ ասացիր: Ասածդ ինչպես հասկանա՞մ:
ԴԱՎԻԹ — Մի նայիր ինձ այդպես: Հավատա՝ ես խելագար չեմ:
ԱՆՆԱ — Ես նման բան չասացի:
ԴԱՎԻԹ — Ավելի լավ է ասեիր, քան այդպես նայեիր:
ԱՆՆԱ — Չե՞ս կարծում, որ բացատրություն պետք է տաս:
ԴԱՎԻԹ — Գիտեմ: Բայց ամեն ինչ շատ բարդ է: Քո օգնությունն է ինձ պետք:
ԱՆՆԱ — Կօգնե՛մ… բայց ինչպե՞ս: Դու ինձ ոչինչ չես պատմել: Գիտեմ միայն, որ կինդ հինգ տարի առաջ անսպասելի հեռացել է քեզնից: Երբեք չեմ փորփրել ասեկոսեներով ու բամբասանքներով լեցուն այդ պատմությունը: Անցյալին անդրադառնալ չեմ ուզում, բայց եթե կարող եմ օգնել՝ պատրաստ եմ քեզ լսել:
ԴԱՎԻԹ — Հետաքրքիր է, քեզանից մեծ եմ տասը տարով, բայց քո կողքին հիմա ինձ կատարյալ մանուկ եմ զգում: Կամակոր երեխայի նման ուզում եմ խաղ խաղանք՝ իբր դո՛ւ ես ինձ ստիպում պատմել մի բան, ինչը ինքս եմ ուզում հայտնել րոպե առաջ: Ծիծաղելի է, չէ՞:
ԱՆՆԱ — Արդեն չէ… Ես հոգեվերլուծող չեմ, որ մասնագիտական հնարքներով հոգիդ բացեմ: Ես մանկապարտեզի դաստիարակ չեմ, որ չխոսկան երեխայի խոսեցնեմ: Ես կին եմ, ով ուզում է ամուսնանալ ու երջանիկ լինել: Իսկ դու՝ ուրվակա՜ն, ապակե կի՜ն… Երևի արդեն հասկանում ես, որ քո հոգեկան առողջությանն եմ կասկածում: Մի՞թե դժվար է խոսել և վերջակետ դնել կամ այդ խելացնորությանը, կամ մեր հարաբերություններին:
ԴԱՎԻԹ — Հեռանո՞ւմ ես:
ԱՆՆԱ — Իսկ դու ի՞նչ ես ուզում: Չգիտեմ, ինչ կա քո այս սկահակի մեջ, բայց այն արդեն մեր միջև է կանգնած: Կի՛նդ է մեր միջև կանգնած… Դու դեռ սիրում ես նրան:
ԴԱՎԻԹ — (մտքում): Ո՞ւմ… Խենթի պես էի սիրահարվել տասնութամյա գեղեցկուհուն, ում հետ ծանոթացել էի ծովափին: Ինքնամերժման աստիճան եմ սիրել աղջկաս մորը, իմ 36-ամյա կնոջը: Հիմա նա քառասունմեկ տարեկան է: Նրան չեմ տեսել հինգ տարի, բայց նրա գարունն է աչքիս առաջ ու սրտիս մեջ: Ես նրա՛ն չեմ սիրում… ես իմ սերն եմ սիրում: Նա իմ կյանքը հատվածների է բաժանել. առաջին քսան տարին նրան եմ սպասել, երկրորդ քսան տարին նրանով եմ ապրել, իսկ վերջին հինգ տարիները նրան հիշելով եմ ապրում: Ես իմ կյանքի երջանիկ հատվածն եմ սիրում, իսկ նրան… (Բարձրաձայն:) Ատո՛ւմ եմ…
ԱՆՆԱ — Իրո՞ք… Երևի այդ ատելությունը չի թողնում, հա՞, որ տան մեջ նրա շունչը վերացնես: Նրա դրած իրերի տեղն անգամ չես ուզում փոխել… Հինգ տարվա մեջ գոնե մի անգամ այս սկահակը լվացե՞լ եք:
ԴԱՎԻԹ — Հեգնանքդ տեղին չէ: Չե՞ս կարող հասկանալ, թե ինչքան դժվար է ինձ համար:
ԱՆՆԱ — Ի՞նչն է դժվար… մոռանալ կնոջը, ով քեզ լքե՞լ է:
ԴԱՎԻԹ — Չէ-է… չէ՛… դա չի…
ԱՆՆԱ — Իսկ ի՞նչը: Ասա՛:
ԴԱՎԻԹ — Ի՞նչ ասեմ… ես ինքս չեմ հասկանում նրա հանդեպ ունեցած զգացմունքներս:
ԱՆՆԱ — Երբ կհասկանաս, այն ժամանակ էլ կխոսենք: (Կտրուկ շրջվելով ուղղվում է դեպի մուտքի դուռը:)
Դավիթը հայացքով հետևում է նրան ոչ այն է՝ չարացած, ոչ այն է՝ սրտնեղած: Մերին հրճվում է: Դռներին չհասած՝ Աննան շրջվում է և նույն արագ քայլերով մոտենալով սկահակին՝ ատելությամբ խոսում է:
ԱՆՆԱ — Ուրեմն դո՛ւ ես իմ մրցակցուհին, հա՞, մեռած ապակու կտոր: Եվ դու կարծում ես, որ հեշտ ու հանգիստ քեզ կզիջեմ մեկին, ում հետ ուզում եմ ամուսնանա՞լ: Ախր, քեզ ոչնչացնելն այնքան հեշտ է, որ նույնիսկ հաղթանակի վայելք չեմ զգա: Հիմա դու վերջնականապես կանհետանաս… (Դավիթին.) Իսկ դու դրա վկան կլինես:
Դավիթը կարկամած նրան է հետևում: Աննան երկու ձեռքով վերցնում է սկահակը, բարձրացնում է վեր, բայց անմիջապես մտքափոխվելով՝ սկահակը զզվանքով իրենից հեռու պահած մոտենում է բաց պատուհանին:
ԱՆՆԱ — Նրա փշուրներն անգամ տան մեջ չեմ թողնի: (Դավիթին.) Վերջին անգամ նրան նայի՛ր:
Ակնդետ նայելով Դավիթի աչքերին և ոչ մի դիմադրության չհանդիպելով՝ Աննան պարզապես հեռացնում է ձեռքերը սկահակից: Վայրկյան անց դրսից լսվում է ջարդված ապակու ձայնը և Մերիի աղեկտուր ճիչը: Սարսափահար Դավիթը փակում է ականջները:
Պատկեր 2
Մռայլ լուսավորություն: Աննան կանգնած է ափերով աչքերը փակած, Դավիթը՝ ականջները… Երկուսն էլ հեռացնում են ափերը, նայում են իրար աչքերի մեջ:
ԱՆՆԱ — Ներիր ինձ, խնդրում եմ: Ես չէի ուզում քեզ ցավ պատճառել: Բայց և չէի կարող քո հիմարությանը զոհ գնալ: Հասկանում ես, դռանը մոտենալիս մտածում էի, թե ինձ ու մտերիմներիս ինչպես պետք է բացատրեմ մեր բաժանումը: Հո չէի ասելու, որ տանուլ եմ տվել ինչ-որ ապակե մրցակցուհու: Ախր ծիծաղելի է: Բայց հիմա այնպիսի զգացողություն է, ասես մարդ եմ սպանել:
ԴԱՎԻԹ — Դո՛ւ չէ, ես եմ սպանել… Եվ ոչ թե մարդու, այլ հուսալքությունից հորինված լեգենդ: Դու ոչնչացրիր կյանքս փչացրած մի իր…
ԱՆՆԱ — Հիմա ի՞նչ ես զգում:
ԴԱՎԻԹ — Ցավ ու հիասթափություն, որ չկարողացա հինգ տարվա ընթացքում վերցնել ու մի ակնթարթում այսպես ջարդուփշուր անել այս անիծյալ սկահակը:(Մտքում:) Բայց ես չէի կարող, չէի ուզում աչքիցս հեռացնել նրա պատկերը:)
ԱՆՆԱ — Ուզո՞ւմ ես խոսենք:
ԴԱՎԻԹ — Երևի: Օգնիր ինձ ազատվել այդ կպչուն պատկերներից:
ԱՆՆԱ — Չգիտեմ, ինչ նկատի ունես, բայց ասա, խնդրում եմ, ի՞նչ գաղտնիք կա այդ սկահակի մեջ:
ԴԱՎԻԹ — (մտազբաղ դադարից հետո): Սա նրա գնած վերջին իրն էր, որտեղ խտացել էր նրա շունչն ու հոգին: Փախուստի նախորդ օրը նա տուն բերեց, դրեց հենց այս տեղում և զգուշացրեց՝ «Կյանքում տեղը չփոխես: Հենց տեղափոխես՝ ինձ կկորցնես»: Անշուշտ, նրա խոսքերը լուրջ չընդունեցի, ինչպես և շատ ուրիշ ասածները: Բայց, բառացիորեն, հաջորդ օրվանից նրանց մոգական իմաստ վերագրեցի ու փորձեցի նրանցում գտնել բանալին:
ԱՆՆԱ — Գտա՞ր:
ԴԱՎԻԹ — Հիանալի տեսնում ես, որ ո՛չ:
ԱՆՆԱ — Եվ դեռ ինչքան պիտի փնտրես: Նա իրենն ասել ու գնացել է… դու ևս բաց թող նրան:
ԴԱՎԻԹ — Չե՛մ կարող:
ԱՆՆԱ — Հետո էլ ասում ես՝ չեմ սիրում:
ԴԱՎԻԹ — Դա արդեն սեր չէ, Աննա… Ես նրան մի բան պիտի ասեմ:
ԱՆՆԱ — Ի՞նչ:
ԴԱՎԻԹ — Որ ատում եմ իրեն, կյանքում չեմ ների ու ետ չեմ ընդունի:
ԱՆՆԱ — Դու իրոք որ հիվադ ես, սիրելի՛ս: Ախր, նա թքած ունի և քո, և քո խոսքերի վրա: Ո՞նց չես հասկանում, որ վաղուց արդեն դու նրա կյանքում չկաս… Ու եթե անկեղծ լինեմ՝ կասկածում եմ, որ երբևէ եղել ես:
ԴԱՎԻԹ — Դու չե՞ս հասկանում, թե ինչքան կարևոր է, որ նա այդ խոսքերն ինձանից լսի:
ԱՆՆԱ — Իսկ դա ինչ կփոխի՞:
ԴԱՎԻԹ — Վերջապես ես կհանգստանամ: Ինքս պետք է դնեմ մեր հարաբերությունների վերջակետը, ապտակի պես երեսին պիտի շրխկացնեմ իմ կարծիքն իր մասին:
ԱՆՆԱ — Ա՛յ քեզ մղձավանջ: Հինգ տարի տանջվել-տառապել ինչ-որ չասված բառերի պատճառով: Լսիր, թանկագինս, այդ ֆիլմերում ու գրքերում են հերոսները ճիշտ պահին ասում անհրաժեշտ բառերը: Իսկ մենք՝ սովորական մահկանացուներս, ողջ կյանքում մեր մեջ քարշ ենք տալիս չասված բառերի մեռյալ բեռը: Ու հենց մեզանից է կախված՝ կտանջի այն մեզ, թե կհանենք ու դուրս կշպրտենք մեր մեջից:
ԴԱՎԻԹ — Կշպրտեի երեսին, եթե նա հայտնվի…
ԱՆՆԱ — (նյարդային կարեկցանքով): Սկահակի մեջից պիտի հայտնվի՞:
ԴԱՎԻԹ — Որպեսզի ինձ հասկանաս, քեզ պիտի պատմեմ ողջ կյանքս, որտեղ անքակտելի կապերով իրար են միաձուլված իրականն ու երևակայականը, սերն ու ատելությունը:
ԱՆՆԱ — Դե, պատմի՛ր: Չնայած արդեն վստահ չեմ, որ քեզ հոգեբույժ չի անհրաժեշտ:
ԴԱՎԻԹ — Գոնե հոգեբան առաջարկեիր… թե չէ միանգամից՝ հոգեբույժ: Դու երբեք ներքին կռիվ չես ունեցե՞լ:
ԱՆՆԱ — Այ, հենց հիմա տանջվում եմ՝ դուռը շրխկացնեմ ու հեռանամ քեզնից ու քո հալյուցինացիաների՞ց, թե՞ շարունակենք այս փոխադարձ կտտանքը:
ԴԱՎԻԹ — (չարությամբ): Կանացի հետաքրքրասիրությո՞ւնդ չի թողնում հեռանալ:
ԱՆՆԱ — Դա էլ կա, եթե շատ ես ուզում… Իրականում օգնել եմ ուզում քեզ:
ԴԱՎԻԹ — Խղճո՞ւմ ես ինձ: Քո խղճահարությունն ինձ պետք չէ: Կարող ես դուռը ետևիցդ փակել, եթե միայն հետաքրքրասիրությունն ու խղճահարությունն են քեզ պահում:
ԱՆՆԱ — (դադարից հետո): Ի տարբերություն քեզ, առանց երկար-բարակ ծամծմելու կասեմ իմ մտքերն ու զգացողությունները, որոնցից բխում է քեզ օգնելու ցանկությունս: Այս ամենն ինձ ստիպեց հստակեցնել քո նկատմամբ ունեցած վերաբերմունքս… Մինչ այս պահը մտածում էի, որ դու ինձ պարզապես դուր ես գալիս և հարմար թեկնածու ես վաղեմի ամուսնալուծությունից հետո կյանքս նորից դասավորելու համար: Բայց հիմա հասկացա, որ դու արդեն շատ թանկ մարդ ես դարձել իմ կյանքում:
Զարմացած, ոգևորված Դավիթն ուզում է գրկել նրան:
ԱՆՆԱ — Մի՛ խանգարի, թող խոսեմ: Ես այն տարիքում չեմ, որ տուրք տամ առաջին պոռթկումներին, որոնք սովորաբար ամենից ազնիվն են, ինչպես ասել է մի հին իմաստուն, բայց և ամենից սխալն են, ինչպես ցույց են տալիս հետագա զարգացումները: Առաջին պոռթկումս էր հեռանալ ու ջնջել քեզ իմ կյանքից: Բայց ես չեմ ուզում կրկնել հին սխալս:
ԴԱՎԻԹ — Ի՞նչ սխալ:
ԱՆՆԱ — Չկշռադատված արարքների սխալը: Ամուսնալուծությունից հետո, երբ անցավ վիրավորանքով ու չարությամբ լցված առաջին շրջանը, ես հանկարծ գիտակցեցի, որ ամուսնուս թերություններն այքան էլ սարսափելի ու աններելի չէին, ինչպես ընկալում էի դրանք ամուսնության շրջանում: Մի գեղեցիկ օր ինձ բռնացրի նրանում, որ այլ տղամարդկանց արարքներին կարող եմ մատների արանքով նայել ու հանգիստ ներել նրանց առավել վատթար արարքները, քան ամուսնուս դեպքում: Եվ սկսեցի ինձ մեղադրել, որ նրա նկատմամբ եղել եմ աններելի եսասեր, խստապահանջ ու անողոք: Չեմ կարող նույնը քեզ հետ կրկնել:
ԴԱՎԻԹ — Ո՞վ ապահարզան պահանջեց:
ԱՆՆԱ — Ես… բայց հասցրեց նա: Ես այնպես ներկայացրի, իբր մեղքն իմն էր… և իրոք, այդպես էի կարծում միայնության երկար ու տանջալից տարիներին: Իսկ իրականում բաժանության պատճառն այն էր, որ նա դավաճանեց:
ԴԱՎԻԹ — Ո՞նց իմացար: Բռնացրե՞լ ես:
ԱՆՆԱ — Վատ քողարկած չարախնդությամբ ընկերուհիս պատմեց, թե ինչպես երեք կանանց ներկայությամբ մի աղջիկ որպես գաղտնիք խոստովանել է, որ րոպեական թուլության տակ տրվել է ամուսնուս և գերագույն հաճույք է ստացել:
ԴԱՎԻԹ — Հետո էլ ասում են, թե տղամարդիկ են անամոթ ցինիկներ: Ո՞վ է այդպիսի բաներ խոստովանում, եթե նպատակ չունի լուրը տարածելու: Մի՞թե չհասկացար, որ գլխիդ խաղ են խաղում:
ԱՆՆԱ — Ես հղիության երրորդ ամսում էի ու շատ վատ էի տանում: Առաջին վայրկյաններին ես կարկամել էի պատմելու անողոք տոնից և մանրամասների մեջ չխորանալով տենդագին մտածում էի՝ ինչպես կարելի է հղի կնոջն այդքան հաճույքով պատմել նրա ամուսնու դավաճանության մասին: Ես տանջվում էի, ինձ թվում էր, թե բոլորը ծիծաղում էին վրաս, և անարգված ինքնասիրությունս ներսս ուտում էր… Սկանդալներ, հիստերիկաներ, ու երեխաս չծնվեց: Ես չկարողացա ներել նրան չծնված երեխայիս համար և բաժանվեցի:
ԴԱՎԻԹ — Ազատվեցի՞ր երեխայից:
ԱՆՆԱ — Համարյա: Թունավոր հղիություն էի տանում, հազար բանի պիտի հետևեի, իսկ ես ոչինչ չէի անում… չէի ուզում դավաճանին երեխա պարգևել: Մտքերս փոխանցվեցին խեղճ սաղմիկիս, ու վիժում եղավ: Հետո, իհարկե, հասկացա մտքերիս ու արարքներիս հիմարությունն ու մակերսայնությունը: Հասկացա, որ ճակատագրի քննությունը թուլամորթաբար չհանձնեցի: Ողջ կյանքի համար դաս առա: Եվ հիմա այդ դասն ինձ հուշում է, որ քեզ պիտի լսեմ:
ԴԱՎԻԹ — Զարմացրիր ինձ: Դու միշտ այնքան կենսուրախ ու ինքնավստահ ես, որ չէի կարող ենթադրել անգամ, որ ընդունակ ես խոր ապրումների: Այնքան ծաղրալից ու ինքանաբավ ես, որ երկար ժամանակ չէի համարձակվում սիրահետել քեզ:
ԱՆՆԱ — Իսկ ես արդեն հոգնել էի աչքով-ունքով անելուց: Կարծում էի, երբեք չես հասկանա:
Աստիճանաբար լուսավորությունը պայծառանում է, իսկ լարվածությունը՝ նվազում: Փոքր-ինչ թեթևացած Դավիթը գինի է լցնում, մատուցում Աննային, գրկում է:
ԴԱՎԻԹ — Լինում են, չէ՞, երջանիկ զույգեր, որոնք հենց առաջին փորձից ամեն ինչ ճիշտ են անում: Չեմ կարծում, թե պատճառը միայն մեծ սերն է, որովհետև գժի պես էի սիրում կնոջս… Կներես անկեղծության համար, ուղղակի որոշեցի, որ այլևս ոչինչ քեզանից չեմ թաքցնելու:
ԱՆՆԱ — Աա-յոո՜: Երկուսիս համար էլ դժվար է լինելու: Բայց պետք է անցյալը քամենք, հանենք մեջներիցս ու առաջ շարժվենք: Իսկ նա՞…
ԴԱՎԻԹ — Նա՝ ի՞նչ…
ԱՆՆԱ — Սիրում էր քեզ նույքա՞ն:
ԴԱՎԻԹ — Արդեն գիտեմ, որ նա ինձ երբեք չի սիրել: Պարզապես թույլ էր տալիս սիրել իրեն, քանի դեռ իրեն պետք էր:
ԱՆՆԱ — Ինչպե՞ս հեռացավ:
ԴԱՎԻԹ — Դավաճանաբար… Ապրիլն էր: Շատ անսպասելի, համենայնդեպս, ինձ համար, աղջիկս ամուսնացավ: Տասնյոթ տարեկան էր: Կապվեց ինչ-որ մեծահարուստ արաբի հետ և առանց երկար-բարակ մտածելու հեռացավ երկրից նրա հետ: Իսկ ապրիլի քսանը ինչ-որ անհասկանալի օր էր…

Պատկեր 3
Էկրանին գրվում է «Հինգ տարի առաջ…» կամ էլ ուրվականային հագուստով մեկը ցուցանակ է տանում բեմով՝ «Հինգ տարի առաջ…»:
Մեծ լանջաբացվածքով բլուզով Մերին գնումներն է բացում: Բացում է սկահակը, այստեղ-այնտեղ է դնում՝ որոշելու համար տեղը: Չկողմնորոշվելով՝ թողնում է հիշյալ անհարմար տեղում: Խոսում է հեռախոսով, գզրոցներից ինչ-որ իրեր է վերցնում, տանում կողքի սենյակ, ետ գալիս:
ՄԵՐԻ — (հեռախոսով): Ինչպես որ պայմանավորվել ենք… Քանի դեռ չի եկել, նայեմ՝ ամեն ինչն եմ վերցրել: Իրար մի անցիր, ես հո հիմար չեմ, որ տնից ճամպրուկներով դուրս գամ… նոր զգեստներ ինքդ կգնես: Կարևորը՝ մուշտակներս ու զարդերս երեկ մոտդ տարանք: Չէ՛, չէ… Ինչի՞ց ես վախենում: Մի ամբողջ տարի ոչինչ չի կասկածել, հիմա՞ պիտի կասկածի… վայ, մի՛ կռկռա: Երկրորդ գծով զանգ կա… Հետո էլի կխոսենք: (Պատասխանում է զանգին:) Հա, մամա՛… լավ եմ: Ի՞նչ է պատահել… Լա՛վ էլի, մա՛մա, կնճիռներ արդեն ես էլ ունեմ, ախր, քո տարիքում դրանք անխուսափելի են… Դու հիանալի տեսք ունես, ինչի՞դ են պետք էդ բոտոքսները… Չեմ ուզում, ես առանց դրա էլ եմ տղամարդկանց դուր գալիս… Համաձայն եմ, հայրիկի մահից շատ տարիներ են անցել, ու ես բնավ դեմ չեմ, որ կողքիդ ինչ-որ մեկը լինի… Հա, բայց հո կաթնակեր չե՞ս ուզում… Չէ, մամա, չեմ ասում, որ դարն անցած բիձուկ գտնես ու միայն հիվանդությունների մասին զրուցեք, բայց դե ծիծաղելի ևս չպետք է լինել… Վա՜յ, ինչ ուզում ես արա: Չեմ կարող հետդ բժշկի գալ… Հա՛, շատ զբաղված եմ… շատ կարևոր գործեր ունեմ… հետո կիմանաս: Լա՛վ, ցտեսությո՛ւն:
Լսափողը վայր դնելով՝ թեթևացած հոգոց է հանում:
ՄԵՐԻ — Ի՜նչ անդադար կին է: Թոռնիկն է արդեն ամուսնացել, իսկ նրան դեռ թվում է, թե ինքն է մարդու տալու օրիորդ: Վա՜յ, մամա՛… Լավ, կարծես թե ամեն ինչ հավաքել եմ: Էս մի երեկոն մնաց, սա էլ անցնի, ու վերջ, ազատ եմ: Տեր Աստված, տեսնես ճի՞շտ քայլ եմ անում: Վե՛րջ, վերջ, ո՛չ մի կասկած ու երկմտանք… Ինչ որոշել եմ՝ այն էլ կանեմ…
Ժամեր անց բացվող դռան ձայն: Խոր շունչ քաշելով, Մերին աշխատում է սովորական դեմք ընդունել: Ներս է մտնում Դավիթը ծաղկի մեծ զամբյուղով և փաթեթներով:
ԴԱՎԻԹ — Բարև, սիրելիս:
ՄԵՐԻ — Ծաղիկներն ի՞նչ առիթով են:
ԴԱՎԻԹ — Չե՞ս հիշում, այսօր ինչ օր է:
ՄԵՐԻ — (լարված): Չէ՜-է:
ԴԱՎԻԹ — Դե, հիշի՛ր… ախր, հրաշք օր էր…
ՄԵՐԻ — Վայ, մի՛ տանջիր, Դավիթ: Միայն դու ես ամեն ինչ մանրամասներով հիշում:
ԴԱՎԻԹ — Իհարկե, հիշում եմ: Չէ՞ որ դու իմ կյանքն ես, իմ օդը, իմ…
ՄԵՐԻ — Բավական է: Գոնե մեկ-մեկ չե՞ս մտածում, որ քո այդ մեղրասիրուց շնչահեղձ կարելի է լինել:
ԴԱՎԻԹ — Առանց իմ սիրո դու շնչահեղձ կլինես:
ՄԵՐԻ — Լավ, ասա տեսնեմ, ի՞նչ հիշարժան բան է եղել այսօր:
ԴԱՎԻԹ — Չե՞ս հիշում մեր հռոմեական արձակուրդը:
ՄԵՐԻ — Ա՜խ հա, հիշեցի:
ԴԱՎԻԹ — Հիշո՞ւմ ես, ես այնտեղ խոստացա, որ ամեն տարի սիրելու եմ քեզ ավելի ու ավելի շատ: Հինգ տարի է անցել, և ես կրկին նույնն եմ խոստանում…
ՄԵՐԻ — Ծաղիկները տո՛ւր:
ԴԱՎԻԹ — Ուրախ չե՞ս: Ուրիշ կանայք ողջ կյանքում են երազում այսպիսի խոսքեր լսել:
ՄԵՐԻ — (շփոթմունքից չարացած): Իմ չափ լսեին, նրանք էլ կզզվեին: Հազար անգամ խնդրել եմ՝ քիչ խոսիր սիրուդ մասին: Ամեն երկրորդ բառդ դա է:
ԴԱՎԻԹ — Ի՞նչն է քեզ այսպես նյարդայնացնում:
ՄԵՐԻ — (մտածելով իր պլանների մասին՝ սեթևեթանքով): Որ կանգնած ես հանց փաթեթառատ քարե ծաղիկ… սիրելիս: Տո՛ւր վերջապես այդ ծաղիկները: Ափսոս, նոր սկահակի մեջ չեն տեղավորվի: Տես՝ ինչ սիրուն սկահակ եմ գնել:
ԴԱՎԻԹ — Հա… կնոջ նման է: Ես պատվիրել եմ իտալական դելիկատեսները, որ քեզ շատ էին դուր եկել: (Բացելով փաթեթները:) Տես՝ պրոշուտտո, բրազեոլա, մասկարպոնե, սա էլ հաց՝ չիաբատա, համով տիրամիսու, գինի… Արի նստենք, հիշենք էն հրաշք օրերը:
ՄԵՐԻ — (հակասական զգացմունքներով): Ի՜նչ ուշադիր ես դու: Հիմա սիրուն սեղան կսարքեմ: Զամբյուղն այստեղ կդնենք: Իսկ սկահակը թող հենց այստեղ էլ մնա: (Մերին գրկում է սկահակը և կիսաբաց կուրծքը ամուր հպելով` համբուրում է այն՝ կարմիր շրթներկի վառ հետք թողնելով:) Հիշիր՝ այս սկահակը ես եմ, երբեք նրանից չբաժանվես: Ու երբեք տեղը չփոխես: Հենց փոխես՝ կկորցնես ինձ:
Գայթակղված Դավիթը մոտենում է նրան, փորձում է գրկել, բայց Մերին դուրս է սահում նրա գրկից, սկսում են միասին սեղանը սպասքադրել:
ԴԱՎԻԹ — Արդեն սիրում եմ սույն սկահակը, եթե քեզ այդքան դուր է գալիս:
ՄԵՐԻ — Օպպա՜… մնում է՝ ինձ դավաճանես նրա հետ:
ԴԱՎԻԹ — Նման մտադրությամբ կարող էիր փչովի տիկնիկ գնել:
ՄԵՐԻ — Եվ նա կփոխարինե՞ր ինձ:
ԴԱՎԻԹ — Վա՛յ, Մերի… Բառացիորեն մի րոպե առաջ դժգոհում էիր, իսկ հիմա ի՞նքդ ես դրդում: Հետաքրքիր է իմանալ՝ դու գոնե հասկանո՞ւմ ես քո մտքերի ընթացքը: Անձամբ ես վաղուց եմ դադարել նրանցում տրամաբանության փնտրել:
ՄԵՐԻ — Ես հիանալի հասկանում եմ և իմ մտքերը, և բնազդները, որքան էլ որ նրանք քեզ անտրամաբանական թվան: Դու ինձ երբեք չե՛ս հասկացել: Քեզ միշտ թվացել է, թե քո ցուցադրական սերը կարող է ծածկել կնոջն անհրաժեշտ մնացած բոլոր զգացմունքները:
ԴԱՎԻԹ — Քեզ չե՞մ հարգել: Չե՞մ գնահատել… Գիտես, վերջերս դու շատ ես փոխվել, շատ նյարդային ես դարձել, ինչն ինձ ստիպում է խորապես վերլուծել մեր փոխհարաբերությունները: Ամենասկզբում կարծում էի, թե դու ինձ սիրում ես նույնքան, որքան ես՝ քեզ: Հետո հասկացա, որ ես եմ ավելի շատ սիրում: Իսկ վերջերս պարզորոշ գիտակցեցի, որ դու ինձ չես սիրում… Երբեմն նույնիսկ թվում է, թե ատում ես ինձ: Ուզածդ ի՞նչ է…
ՄԵՐԻ — (վեճից խուսափելով): Դե, մի փչացրու մեր իտալական ընթրիքը: Տեսնում ես, չէ՞, մի լավ բան ես նախաձեռնում, բայց նորից սկսում ես սիրո մասին քո անվերջ պարզաբանումները: Քո շատախոսությունն է ինձ նյարդայնացնում… ուզում ես ամեն ինչի համար բացատրություն ստանալ… Լավ, արի նստենք, ամեն ինչ պատրաստ է:
ԴԱՎԻԹ — Իսկ դու միշտ խուսափում ես բացատրություններից: Դու չես ուզում…
Դռան զանգ: Զարմացած իրար են նայում:
ՄԵՐԻ — Ինչ-որ մեկին սպասո՞ւմ ես:
ԴԱՎԻԹ — Չէ՛: Ես կբացեմ:
Ձայներ նախասրահից:
ԴԱՎԻԹ — Ստեփա՞ն: Ա՛յ քեզ անակնկալ:
Մերին քարացած լսում է:
ՍՏԵՓԱՆ — Ուզում էի քեզ տեսնել: Միշտ ուզում էի վերադարձնել քո Պիկասոյի ալբոմը, ահա այսօր բերեցի:
ԴԱՎԻԹ — Ներս արի… արի՛: Շնորհակալ եմ, որ բերեցիր ալբոմը, ճիշտն ասած, վաղուց էի խաչ քաշել վրան: Մենք էլ հենց նոր պատրաստվում էինք ընթրելու: Մերի, տես, ով է եկել: Հիմա սպասք կավելացնեմ: Չնայած, ոնց որ թե արդեն լավ խմած ես:
ՍՏԵՓԱՆ — Բարև, Մերի:
ՄԵՐԻ — Ողջույն: (Դավիթի խոհանոց գնալուն պես կատաղի շշնջոցով:) Լրիվ գժվե՞լ ես: Ինչի՞ ես եկել:
ՍՏԵՓԱՆ — (շշնջոցով): Ահա, ալբոմն եմ բերել… թանկ է ախր…
ՄԵՐԻ — Ի՞նչ ես հիմարություններ դուրս տալիս: Նրա համար ես այս ալբոմից միլիոն անգամ թանկ եմ: Ինձ ալբոմո՞վ ես փոխանակում: Հենց հիմա պիտի հիշեի՞ր դրա մասին:
ՍՏԵՓԱՆ — Արի չփախչենք, հա՞… Մեր կողմից դա խոզություն է…
ՄԵՐԻ — Այ, հիմա դու ես իսկական հարբած խոզը: Երեք ամիս պատրաստվում ենք, խիղճդ հիմա՞ արթնացավ: Հեռացի՛ր, քանի դեռ ամեն ինչ չես փչացրել… Գալիս է: (Բարձրաձայն:) Շնորհակալություն, ամեն բան կարգին է:
ԴԱՎԻԹ — Դե, եկեք նստենք:
ՍՏԵՓԱՆ — (շփոթված): Ի՜նչ գեղեցիկ սկահակ է:
ԴԱՎԻԹ — Պատկերացնո՞ւմ ես, Մերին ասում է, որ իր հոգին այս սկահակի մեջ է և ես նրան պետք է պաշտեմ:
ՄԵՐԻ — Դավի՛թ, չե՞ս կարծում, որ դա միայն մեր սկահակն է, մեր հիշարժան օրը և միայն երկուսով մենք պետք է…
ԴԱՎԻԹ — Գժվեցի՞ր: Քանի տարի մարդուն չենք տեսել, իսկ դու նրան դո՞ւռն ես ցույց տալիս:
ՍՏԵՓԱՆ — Հա, հա… ես երևի գնամ: Չփչացնեմ ձեր երեկոն:
ՄԵՐԻ — Այո , Ստեփան, լավություն արա…
ԴԱՎԻԹ — Լռի՛ր… ախր, հիանալի զուգադիպություն ստացվեց: Չե՞ս հիշում, որ Ստեփանն էր կազմակերպել մեր իտալական ճամփորդությունը: Այնպես որ, ինքն էլ մասնակցություն ունի այսօրվա հուշերին:
ՄԵՐԻ — (չարությամբ): Ինքը մեր կյանքում շատ բաներում մասնակցություն ունի:
ԴԱՎԻԹ — Առանց չարության, սիրելիս… Ախր, դու միշտ էլ հյուրեր սիրել ես: Ներիր նրան, Ստեփա՛ն:
ՍՏԵՓԱՆ — Ես, անշուշտ, ներում եմ, բայց կասկածում եմ, որ նա ինձ կների:
Մերին շփոթված է: Լսվում է Դավիթի հեռախոսի ձայնը:
ԴԱՎԻԹ — Ալո… բարի երեկո… Կներեք, կարևոր զանգ է: (Խոսելով գնում է կողքի սենյակ:)
Մերին հայացքով Ստեփանին հրամայում է հեռանալ:
ՄԵՐԻ — (ցածրաձայն): Դու, ինչ է, փոշմանե՞լ ես:
ՍՏԵՓԱՆ — (ցածր): Չեմ կարող, մեղք ենք ախր գործում: Արի ամեն ինչ թողնենք առաջվա նման:
ՄԵՐԻ — Երկերեսանի՛: Փախչելը մեղք է, բայց կոտոշներ դնելն ամոթ չի, հա՞:
ՍՏԵՓԱՆ — Մի՛ համեմատիր…
ՄԵՐԻ — Ի՞նչ տարբերություն: Մենք վաղուց ենք նրան դավաճանում: Որոշիր՝ քեզ հետ թե առանց քեզ, միևնույն է, ես վաղը մեկնելու եմ: Բայց հաշվի առ, եթե հիմա ետ կանգնես՝ այլևս երբեք ինձ չես տեսնի:
ՍՏԵՓԱՆ — Ինձ ընտրության առաջ մի կանգնեցրու… գիտես, որ առանց քեզ ապրել չեմ կարող:
ՄԵՐԻ — Գալիս է: Լռիր ու քեզ սովորականի պես պահիր: Ու չհամարձակվես այլևս խմել: Դե, տղաներ, չսկսե՞նք ուտել:
ԴԱՎԻԹ — Այ, հիմա հասկանում եմ, իմ հյուրասեր տանտիկի՛ն:
Տեղավորվում են սեղանի շուրջ, իրար հյուրասիրում են:
ԴԱՎԻԹ — Խմում ենք Մալվազիա Ներա… Մեծ դժվարությամբ գտա: Իտալիայում Մերին խենթանում էր այս գինու համից: Առաջին բաժակը խմում ենք իմ չքնաղ աստվածուհու, իմ…
Դռան զանգ:
ՄԵՐԻ — (սրտնեղած:) Հիմա ո՞վ է: Բացի՛ր, խնդրում եմ:
ԴԱՎԻԹ — Առանց ինձ չխմեք: (Գնում է:)
ՄԵՐԻ — Գնա՛, խնդրում եմ, հեռացի՛ր:
ՍՏԵՓԱՆ — Ախր, ո՞նց հիմա միանգամից վեր կենամ ու գնամ: Կասկածելի կլինի, չէ՞:
ՄԵՐԻ — Արագ մի բան մտածիր: (Ականջ դնելով նախասրահից եկող ձայներին:) Մայրս է… լավ է, որ երեքով չենք մնա: Բայց և վատ է, քանի որ նա, ի տարբերություն Դավիթի, ամեն ինչ նկատում է: Ասա, որ կարևոր հանդիպման մասին ես մոռացել ու շտապ հեռացիր:
Ներս է մտնում Դավիթը զոքանչի հետ:
ԴԱՎԻԹ — Տեսեք, թե ով է բարեհաճել մեզ մոտ:
ՄԵՐԻ — Մամա՞… այ քեզ անակնկալ:
ԱՄԱԼԻԱ — Օ՜հ, ի՜նչ նրբաճաշակ սեղան է: Ինչպիսի՜ սկահակ: Ի՛նչ անհարմար տեղ եք դրել: Դուք է՞լ եք այստեղ, Ստեփան: Գնամ ձեռքերս լվանամ:
ՍՏԵՓԱՆ — Ուրախ եմ ձեզ տեսնել, բայց պիտի լքեմ ձեզ: Դավիթ, նոր զանգեցին, լրիվ մոռացել էի մի կարևոր հանդիպման մասին:
ԴԱՎԻԹ — Անպայման պիտի գնա՞ս:
ՍՏԵՓԱՆ — Ներիր, եղբայր… ամեն ինչի համար ների՛ր: Իրոք շատ կարևոր է գնալս, ապագայիս հարցն է լուծվում:
ԴԱՎԻԹ — Դե, եթե կյանքի հարց է, ինչ կարող եմ անել: Կուղեկցեմ քեզ:
ՄԵՐԻ — Դու մայրիկին գինի լցրու, ես կուղեկցեմ:
ԴԱՎԻԹ — Ինչպես կհրամայես, թագուհիս: Նստիր, զոքանչ մայրիկ: Ի՞նչ հյուրասիրեմ:
ԱՄԱԼԻԱ — Ամեն ինչ: Եվ գինի լցրու: Այսօր այնքան երջանիկ եմ:
ԴԱՎԻԹ — Իսկ ի՞նչ է եղել:
ԱՄԱԼԻԱ — Թող ըմբոշխնեմ: Մերին կգա, միանգամից երկուսիդ կպատմեմ: Ի՜նչ համեղ պրոշուտտո է… մի կտոր էլ տուր:
ՄԵՐԻ — (գալիս է ուրախ ու թեթևացած): Մա՞մ, այնպիսի ախորժակով ես ուտում, ասես մի շաբաթ սոված ես մնացել:
ԱՄԱԼԻԱ — Դու հո լավ գիտես, թե ինչքան եմ սիրում նրբահամ խորտիկներ:
ԴԱՎԻԹ — Ամալիա, դու եկար այն պահին, երբ իմ աստվածուհու կենացն էի ուզում խմել… Բայց, Մերի, ամեն դեպքում ինձ թվաց, թե Ստեփանն ինչ-որ լուրջ բան էր ուզում ասել:
ՄԵՐԻ — Հարբածի լրջությունը ո՞րն է:
ԴԱՎԻԹ — Դու անտեղի խիստ էիր նրա հանդեպ… բայց նա մի տեսակ տարօրինակ էր… տեսնես ինչո՞ւ էր հենց այսօր եկել:
ԱՄԱԼԻԱ — Լավ է, որ էդ կնամոլը գնաց: Չեմ հավանում նրան: Ասում են՝ ինչ-որ մի անհայտ կնոջ պատճառով նշանածից հեռացել է:
ՄԵՐԻ — Վե՛րջ տվեք ձեր բամբասանքներին: Ի վերջո խմելո՞ւ ենք, թե պիտի անվերջ խոսենք:
ԴԱՎԻԹ — Ճիշտ ես ասում: Կենա՛ցդ, կյանքս, սերս…
ԱՄԱԼԻԱ — Օ՜յ, Դավի՛թ, ինչքան ես նրան երես տալիս:
Խմում են:
ԴԱՎԻԹ — Դե, զոքանչ, այսօրվա երջանկությանդ մասին պատմիր:
ՄԵՐԻ — Ի՞նչ երջանկություն:
ԱՄԱԼԻԱ — Հրաշալի գինի է: Փեսա ջան, մի հատ էլ լցրու և իմ դստրիկին կպատմեմ, թե ինչ ընթացք ստացավ այցելությունս բժշկի մոտ:
ՄԵՐԻ — (թեթևացած ծիծաղում է): Կնճիռներդ վախեցան ու ինքնակամ անհետացա՞ն:
ԱՄԱԼԻԱ — Ո՛չ, օձո՛ւկ, հին սիրուս հանդիպեցի, ու հորդ մասին հիշողություններն անհետացան:
ՄԵՐԻ — Դե, հայրիկի մասին դու վաղուց ես մոռացել:
ԱՄԱԼԻԱ — Հանգուցյալ հայրիկիդ, չմոռանա՛ս, աղջի՛կս:
ԴԱՎԻԹ — Մի՛ վիճեք… ինչ ծանր բնավորություն ունեք երկուսդ էլ: Ավելի լավ է, խմեք: Երկուսդ էլ խմիչքից դառնում եք բարի ու սիրալիր:
ԱՄԱԼԻԱ — Մերին ինչքա՞ն պիտի խմի, որ բարիանա: Մի տակառն էլ չի բավականցնի:
ՄԵՐԻ — Դու դեռ բարկացած ես, որ հետդ բժշկի չեկա՞:
ԱՄԱԼԻԱ — Ո՛չ, սիրելի՛ս, հակառակը, շատ ուրախ եմ, որ չեկար: Եթե գայիր, անմիջապես տաքսի էիր խցկելու և ես չէի կարողանա փողոցում տեսնել նրան:
ԴԱՎԻԹ — Ո՞ւմ:
ԱՄԱԼԻԱ — Իմ հին սիրուն: Իսկ դուք գիտե՞ք, բալիկներս, ինչու են ասում, որ հին սերը չի ծերանում: Որովհետև ծերանում են մարդիկ, իսկ զգացմունքները պատանի են մնում: Եվ երբ հանդիպում են վաղուցվա հասակակից սիրահարները, միմյանց աչքերում նրանք տեսնում են իրենց մատղաշ սիրո պատկերը, ինչն իրենով ծածկում է ճերմակ մազերն ու կնճիռները: Երբ նրա աչքերին նայեցի՝ տեսա ինձ 17 տարեկանում: Դա այնքան սքանչելի էր:
ՄԵՐԻ — Դու 17 տարեկանո՞ւմ, թե՞ հանդիպում օր ծերության:
ԴԱՎԻԹ — Մերի, ինչ անտանելի ես այսօր: Թույլ տար մայրդ կիսվի իր ուրախությամբ:
ԱՄԱԼԻԱ — Նա միշտ է այդպիսին, ուղղակի դու չես նկատում: Եվ ընդհանրապես, դու շատ բան չես տեսնում, որովհետև ծածկել ես կնոջդ անձեռնմխելիության պատմուճանով և այնքան բարձր ես տեղավորել, որ վեր է ամենայն քննարկում-բացատրություններից, առավել ևս՝ կասկածներից:
ՄԵՐԻ — Ի՞նչ կասկածներ… ինչի՞ մասին ես խոսում, մայրիկ: Դու, ինչ է, եկել ես մեզ կռվեցնելու մտադրությա՞մբ: Ուրեմն միայն նրա համար, որ հետդ բժշկի չեկա, պատրաստ ես անվանարկե՞լ աղջկադ:
ԱՄԱԼԻԱ — Իսկ դու ինչո՞ւ ես այդքան հիվանդագին արձագանքում:Միշտ էլ Դավիթին ասել եմ, որ քեզ հետ ավելի խիստ լինի… ոչ ոքի համար էլ դա գաղտնիք չէ:
ԴԱՎԻԹ — Գնամ թեյ դնեմ, քանի դուք իրար միս եք ուտում: (Գնում է:)
ՄԵՐԻ — Ինչո՞ւ ես եկել: Ուզում ես մեր երեկոն փչացնե՞լ:
ԱՄԱԼԻԱ — Իսկ դու ինչո՞ւ ես այդքան լարված: Եվ ի՞նչ էր կորցրել ձեր տանն այդ սրիկան: Դու նրա հետ սիրավե՞պ ունես:
ՄԵՐԻ — Ինչի՞ց ենթադրեցիր:
ԱՄԱԼԻԱ — Միայն քո կույր ամուսինը կարող է չնկատել ձեր բազմանշանակ հայացքները:
ՄԵՐԻ — Քեզ Շերլոկ Հոլմս մի երևակայիր, ոչ մի բան էլ չկա: Եվ վիճելու տրամադրություն բացարձակ չունեմ: Ավելի լավ է հին սիրուդ մասին պատմիր, մա՛մ:
ԱՄԱԼԻԱ — Դուրըս չես գալիս, աղջիկս: Այնպիսի զգացողություն է, ասես քո մի մասն ինչ-որ տեղ հեռուներում է, դու ստիպողաբար նրան մոտդ ես քարշ տալիս, բայց նա նորից հեռանում է: Ի՞նչ է քեզ հետ կատարվում, սիրելիս:
ՄԵՐԻ — (դադարից հետո): Ճիշտ ես, մամ, կեսս Մարիայի հետ է, հեռուներում: Ինչպե՞ս է նա հիմա, երջանի՞կ է արդյոք, ո՞ւմ հետ է կիսում ուրախությունն ու տխրությունը: Ի՞նչ արեցի ես, արդյոք մեծ սխալ չէ՞ր թույլ տալ նրան փախչել այդ, գրեթե անծանոթ, տղամարդու հետ: Անընդհատ նրա մասին եմ մտածում, մայրիկ:
ԱՄԱԼԻԱ — Իհարկե, սխալ ես արել, ահռելի սխալ, և քեզ երբեք չեմ ների դրա համար: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ նպաստեցիր այդ խաբեությանը, ինչո՞ւ մատղաշ երեխային հեռացրիր ընտանիքից և ինչո՞ւ խեղճ Դավիթից այդ ամենը գաղտնի պահեցիր: Այնպիսի տպավորություն է, որ վերջին ամիսներին քո բոլոր քայլերն ուղղված են ինչ-որ անբացատրելի նպատակի: Ի՞նչ ես ծրագրել:
ՄԵՐԻ — Նորի՞ց: Դավիթ, չե՞ս գալիս…
ԱՄԱԼԻԱ — Պարզ է, խոսել չես ուզում, բայց իմացիր, ես քեզ հետևում եմ… (Մտնում է Դավիթը: Ուրիշ տոնայնությամբ:)…այնպես որ, աղջիկս, վաղը գնում ենք օպերա, այնուհետև ռեստորանում կընթրենք:
ԴԱՎԻԹ — Հետաքրքիր մասը բաց թողեցի, հա՞:
ԱՄԱԼԻԱ — Ոչ, թանկագինս, վաղը ես մեծ հաճույքով կպատմեմ մեր ընթրիքի մասին: Արդեն ուշ է, տաքսի կանչեք, խնդրում եմ:
ԴԱՎԻԹ — Իսկ թե՞յը:
ԱՄԱԼԻԱ — Կհասցնենք, մինչև մեքենան գա: Գիտես, Մերի, արդեն որոշել եմ՝ վաղն ինչ եմ հագնելու: Հա, ի դեպ, այդ ի՞նչ կարևոր գործեր ունեիր:
ԴԱՎԻԹ — Ի՞նչ գործեր:
ՄԵՐԻ — Է՜հ… պարզապես ասացի:
ԱՄԱԼԻԱ — Պարզ է: Ինձ էիր գլխիցդ ռադ անում:
ՄԵՐԻ — Վերջ տուր, մամ: Ասա՝ ինչ ես հագնելու:
ԱՄԱԼԻԱ — Հա՛… ախր հենց դրա համար եմ ձեզ մոտ եկել: Մի քանի օրով քո կզաքիսի թիկնոցն ինձ տուր: Ինչո՞ւ զարմացար: Արդեն տաք է, դու էլ չես կրելու, իսկ ինձ տաքը դուր է գալիս:
ՄԵՐԻ — (լարված): Չե՛մ կարող:
ԱՄԱԼԻԱ — Ափսոսո՞ւմ ես:
ՄԵՐԻ — Իհարկե ո՛չ:
ԴԱՎԻԹ — Մերի, ինչո՞ւ ես մորդ մերժում:
ՄԵՐԻ — Կներես, մամ, մուշտակներս քիմմաքրման եմ հանձնել:
ԴԱՎԻԹ — Ե՞րբ:
ՄԵՐԻ — Բառացիորեն երեկ:
ԴԱՎԻԹ — Իսկ չե՞նք կարող վաղը ցերեկը վերցնել, Ամալիան էլ երեկոյան կհագնի:
ՄԵՐԻ — Չգիտեմ… լա՛վ… Վաղը կզանգեմ, կճշտեմ…
ԱՄԱԼԻԱ — Ոչ, պետք չէ: Անմիջապես քիմմաքրումից պետք չէ, նաֆտալինի հոտ կգա: Իբր իմ նաֆտալինը բավական չէ… Ուրիշ բան կմտածեմ:
ՄԵՐԻ — (վերցնում է լսափողը, թեթևացած): Տաքսին եկավ: Ուղեկցիր մայրիկին, Դավիթ: Այնքան ուրախ եմ, որ այսօր քեզ տեսա, մամ ջան: Ես քեզ շատ եմ սիրում: Քեզ լավ նայիր: Ցտեսություն:
ԱՄԱԼԻԱ — Ինչո՞ւ ես հուզվում, Մերի, պատերազմ հո չես ուղարկում, ընդամենը ժամադրության եմ գնալու ծերուկի հետ… ուզում էի ասել՝ հին սիրուս հետ:
Ամալիան Դավիթի հետ հեռանում է:
ՄԵՐԻ — (սեղանը հավաքելով): Չեմ հավատում, որ անփորձանք պրծա: Նախ էդ վախկոտը, հետո մայրիկն իր մուշտակով: Հապա Դավի՞թը: Հենց այսօր պիտի հուշերի ջերմ երեկո կազմակերպե՞ր: Բայց ինչ հիմար կին եմ, որ հեռանում եմ նրա նման ամուսնուց: Բայց չե՛մ սիրում… այլևս չեմ սիրում նրան: Ինքն է մեղավոր, որ դադարել եմ սիրել: Ինքն իրենով է արել ողջ սերը, որ պետք է հավասարապես բաժանված լինի կնոջ ու տղամարդու միջև: Ինչո՞ւ չի հավատում ինձ, երբ արդեն երրորդ տարին է ասում եմ, որ հեռանալու եմ իրենից: Քանի անգամ եմ զգուշացրել, որ հենց Մարիան ամուսնանա՝ կլքեմ իրեն: Չի հասկանում, որ ինձ բավարար չէ միայն սերն իմ նկատմամբ, ինքս եմ ուզում զգալ կրքի բոլոր դրսևորումները: Դե հա, Ստեփանին էլ ինքնամոռաց չեմ սիրում, բայց հիմա նա ինձ պետք է փախչելու համար… հազար ու մի մանր-մունր գործեր կան, հո ես չեմ անելու: Իսկ գուցև կվերադառնամ մի որոշ ժամանակից…
Բացվող դռան ձայնը: Հրեշտակային ժպիտով Մերին նայում է Դավիթին:
Երկրորդ գործողություն
Պատկեր 4
Նույն սենյակը, հաջորդ երեկո: Դավիթը տուն է գալիս աշխատանքից:
ԴԱՎԻԹ — Մերի ՜… Մերի՜…
Նայում է սենյակներում: Զանգում է՝ «Բաժանորդն անջատել է հեռախոսը կամ…»:
ԴԱՎԻԹ — Ո՞ւր է կորել: Գուցե մոր հե՞տ է: (Զանգում է՝ «Բաժանորդն անհասանելի է…»:) Հա, հիշեցի, Ամալիան հիմա օպերայում պիտի լինի:
Մոտենում է սկահակին, շոյում է: Ժամացույցը ցույց է տալիս փոփոխվող ժամերը: Անհանգիստ շրջում է, կցկտուր ինչ-որ բաներ խոսում: Ավելի ու ավելի հաճախ է մոտենում սկահակին հակասական զգացմունքներով: Կեսգիշերին զանգում է Ամալիան:
ԱՄԱԼԻԱ — Որքան հաճելի է տեսնել, թե իմ սիրելի փեսան ինչպես է անհանգստանում ինձ համար: Հեռախոսս միացրեցի և տեսա հարյուր բաց թողնված զանգեր քեզանից: Հանգիստ եղիր, սիրելի՛ս, ես արդեն տանն եմ և շատ երջանիկ եմ:
ԴԱՎԻԹ — Ուրախ եմ, Ամալիա:
ԱՄԱԼԻԱ — Բայց ինչո՞ւ այդքան տխուր ձայնով: Իսկ աղջիկս չի՞ ուզում հետս խոսել: Դավի՞թ: Ալո՛… Դավի՛թ:
ԴԱՎԻԹ — Մերին չկա…
ԱՄԱԼԻԱ — Ինչպե՞ս թե՝ չկա: Ի՞նչ է պատահել նրան, Դավիթ:
ԴԱՎԻԹ — Աշխատանքից եկա՝ տանը չէր ու մինչև հիմա չկա: Զանգեցի բոլորին, ոչ ոք չի տեսել նրան: Հիվանդանոցներ զանգեցի… ոչ մի տեղ չկա: Չգիտեմ ի՞նչ անեմ… Ալո, Ամալիա…
ԱՄԱԼԻԱ — (լացով): Տե՜ր Աստված… աղջիկս… Ոստիկանություն զանգե՞լ ես:
ԴԱՎԻԹ — Ուզում էի հետդ խոսելուց հետո զանգել, մտածում էի, մի բան կիմանաս կամ կհուշես:
ԱՄԱԼԻԱ — Ոչինչ չգիտեմ… Դավի՛թ, հիշո՞ւմ ես, մի երկու տարի առաջ էլ երեք օրով անհետացավ:
ԴԱՎԻԹ — Դա ուրիշ էր: Երկտող էր թողել, որ ընկերուհիներով որոշել են մեկուսանալ բոլորից:
ԱՄԱԼԻԱ — Բայց երկտողը հաջորդ օրը գտար, չէ՞: Գուցե հիմա էլ նույնն է անում: Սպասիր մինչև վաղը: Ստեփանին զանգե՞լ ես:
ԴԱՎԻԹ — Ի՞նչ Ստեփան:
ԱՄԱԼԻԱ — Քեզ տարօրինակ չթվա՞ց, որ նա երեկ այդքան խուճապահար փախավ:
ԴԱՎԻԹ — Դե, հա՛… բայց ի՞նչ կապ ունի դա Մերիի հետ:
ԱՄԱԼԻԱ — Ոչ մի… ուղղակի հիշեցի: Զանգի՛ր նրան:
ԴԱՎԻԹ — Ինչ-որ բան գիտես, որ չե՞ս ուզում ինձ ասել:
ԱՄԱԼԻԱ — Չէ, Դավիթ, ոչինչ չգիտեմ: Պարզապես, ի տարբերություն քեզ, ամեն ինչի նայում եմ լայն բացված աչքերով:
ԴԱՎԻԹ — Խնդրում եմ, միայն թե չսկսես նորից խորհուրդներ տալ: Ստեփանի համարը չգիտեմ, միայն գրասենյակինն է ինչ-որ տեղ գրված: Հիմա գիշեր է, զանգելն անիմաստ է… չնայած կփորձեմ:
ԱՄԱԼԻԱ — Աշխատիր հանգստանալ, Դավիթ… վատ լուրերը շուտ են տեղ հասնում:
ԴԱՎԻԹ — Կարծում ես՝ նրանք միասին են: Այսինքն՝ Մերին ինձ դավաճանո՞ւմ է:
ԱՄԱԼԻԱ — Դա դու պետք է իմանաս, այլ ոչ թե ես: Եվ ես նման բան չասացի:
ԴԱՎԻԹ — Ես կգժվեմ, մինչև նա տուն գա:
ԱՄԱԼԻԱ — Ուզո՞ւմ ես հիմա գամ ձեր տուն:
ԴԱՎԻԹ — Չէ, շնորհակալություն: Ցավում եմ, որ տրամադրությունդ փչացրեցի:
ԱՄԱԼԻԱ — Զանգիր, հենց նա գա, կամ մի բան իմանաս:
ԴԱՎԻԹ — Կզանգեմ: Բարի գիշեր: (Հեռախոսն անջատելով:) Տեսնես ի՞նչ էր ակնարկում: Մերին Ստեփանի հե՞տ… Բացառվա՛ծ է: Ես կգժվեմ: Եթե հիմա ոստիկանություն զանգեմ՝ լիակատար ծաղրանքի առարկա կդառնամ: Ի՞նչ պիտի անեն՝ ուրիշի անկողնում լիրբ կնոջս պիտի՞ փնտրեն: (Դիմում է սկահակին:) Անառակ: Սա՞ էր իմ հավատարմության գինը: Ի՜նչ հիմարություններ եմ դուրս տալիս… կներե՛ս, սիրելիս… Միայն թե տուն արի առողջ-անվնաս,մնացածը հետո կպարզենք: Մինչև լույս կսպասեմ…
Պայծառանալով ու խամրելով լույսը ցույց է տալիս անցնող օրերը: Դավիթը տնից դուրս չի գալիս: Համր ու հակասական տեսարաններ սկահակի մոտ: Ժամացույցից երևում է, որ անցել է մեկ շաբաթ:
Դռան անընդհատ զանգ: Հուզված ներս է մտնում Ամալիան:
ԱՄԱԼԻԱ — Դռան տակ նամակ կար: Բաց արա, արա՛գ, սիրտս զգում է, որ Մերիից է: Դե, բացի՛ր:
ԴԱՎԻԹ — Որտե՞ղ էր նամակը:
ԱՄԱԼԻԱ — Ասացի արդեն՝ դռան տակ: Վախենո՞ւմ ես բացել:
ԴԱՎԻԹ — Վախենում եմ կարդալ այն, ինչ մտածում եմ:
ԱՄԱԼԻԱ — Տո՛ւր ինձ:
ԴԱՎԻԹ — Չէ, ես ինքս: (Բացում է, կարդում է, դեն է նետում և ատելությամբ նայում է սկահակին:)
Ամալիան գետնից բարձրացնում է և բարձրաձայն կարդում է:
ԱՄԱԼԻԱ — «Ես հեռանում եմ քեզանից: Երբ կարդաս այս նամակը, ես արդեն ուրիշ երկրում կլինեմ ուրիշի հետ: Չփնտրես ինձ: Կյանքը ցույց կտա, թե որքանով ենք մենք իրար պետք: Եվ եթե հավաստիանամ, որ դու ես իմ տղամարդը՝ կվերադառնամ քեզ մոտ: Ներիր»: Այ քեզ հիմար… Լիրբ… Մի բան ասա, Դավի՛թ:
ԴԱՎԻԹ — Ուզում եմ մենակ մնալ:
Պատկեր 5
Պայծառանալով ու խամրելով լույսը ցույց է տալիս անցնող տարիները: (Ձայն կամ ժամացույց, կամ էկրան)…- Անցավ 1 տարի:
Համր պատկեր. հակասական զգացմունքներով Դավիթը սկահակի մոտ՝ շոյում է, ուզում է կոտրել, մաքրում է այն, գրկած լալիս է:
ԴԱՎԻԹ — Դավաճան… անառակ… սիրելիս… Վերադարձիր, պոռնիկ…
Ձայն / կամ ժամացույց, կամ էկրան… — Անցավ 2 տարի:
Սպասուհին տունն է կարգի բերում: Ուզում է մաքրել սկահակը: Դավիթի բղավոցը:
ԴԱՎԻԹ — Ձեռք չտա՛ս… հազար անգամ ասել եմ՝ ձեռք չտաք սկահակին:
Ձայն/ կամ ժամացույց, կամ էկրան/… — Անցավ 3 տարի:
Դավիթը նստած է հայացքը սկահակին հառած: Հանկարծ սկահակի կողքին հայտնվում է Մերին:
ԴԱՎԻԹ — Եկա՞ր…
ՄԵՐԻ — Սպասո՞ւմ էիր…
ԴԱՎԻԹ — Սպասում էի… որպեսզի հարցնեմ՝ ինչո՞ւ հետս այդպես վարվեցիր:
ՄԵՐԻ — Փոփոխություն էի ուզում:
ԴԱՎԻԹ — Ստեփա՞նն էր ուզածդ փոփոխությունը: Ինչպե՞ս կարո- ղացար: Գո՞հ ես քո փոփոխությունից:
ՄԵՐԻ — Ոչ: Միայն տեսքից է նա մաչո, իսկ իրականում թուլամորթ վախկոտի մեկն է: Վաղուց ենք բաժանվել ու ամեն մեկս իր ճանապարհով գնաց: Ինքն ինձ պետք էր որպես օգնական փախուստի հարցում: Իր գործն արեց և ինձ այլևս պետք չէր:
ԴԱՎԻԹ — Տեղն է իրեն, բայց քո ստորությունն էր նողկալի: Հիմա երջանի՞կ ես:
ՄԵՐԻ — Չ-է՜էէէ… իսկ դու սկահակը չես տեղափոխել:
ԴԱՎԻԹ — Ինչո՞ւ երջանիկ չես:
ՄԵՐԻ — Գուցև երջանիկ եմ… չգիտեմ:
ԴԱՎԻԹ — Ի՞նչն էր խանգարում երջանիկ լինել ինձ հետ… Ի՞նչն այնպես չէի անում:
ՄԵՐԻ — Որքան հարցեր ես տալիս… Պարզապես դադարել էի քեզ սիրել, քո սերն էլ ինձ նյարդայնացնում էր:
ԴԱՎԻԹ — Ե՞րբ դադարեցիր սիրել:
ՄԵՐԻ — Դե, դա մի օրում հո չեղավ… սերս անհետացավ կաթիլ… կաթիլ… կաթիլ… կա…
ԴԱՎԻԹ — Եկել ես ծաղրելո՞ւ:
ՄԵՐԻ — Չեմ ծաղրում, ճշմարտությունն եմ ասում: Երբ սերը կաթիլ-կաթիլ է վերանում տարիների ընթացքում, ապա այն վերականգնելն անհնար է:
ԴԱՎԻԹ — Ե՞րբ եղավ առաջին կաթիլը:
ՄԵՐԻ — Երկար եմ մտածել, ու հանկարծ մի ակնթարթում հասկացա… Հիշո՞ւմ ես մեր դանուբյան շրջագայությունը:
ԴԱՎԻԹ — Իհարկե, հիշում եմ… բայց դա կատարյալ ուղևորություն էր:
ՄԵՐԻ — Համաձայն եմ: Բայց հենց այդ ժամանակ էլ որդն առաջին անցքը բացեց:
ԴԱՎԻԹ — Բան չեմ հասկանում: Բացատրիր:
ՄԵՐԻ — Հիշո՞ւմ ես, երբ Հունգարիայից հեռանալիս հրաժեշտի երեկո կազմակերպեցին, մեր էքսկուրսավարը եկավ իր ամուսնու, քրոջ ու նրա ամուսնու հետ: Դու նրանց հետ ասում-խոսում էիր անգլերեն, ծիծաղում էիք, իսկ ես ոչինչ չէի հասկանում: Հետո դու սկսեցիր քրոջ հետ պարել, հիշո՞ւմ ես:
ԴԱՎԻԹ — Հիշում եմ… և մրցանակն էլ մենք շահեցինք: Նա էլ ինձ նման պարի էր գնացել, ու ամեն մեկս ուզում էր իր շնորհքը ցույց տալ:
ՄԵՐԻ — Ըհը՛: Երբ նայում էի, թե ինչ ներդաշնակ եք պարում իրար հետ, այդ անիծյալ որդն առաջին անցքն արեց՝ ուղեղիս մեջ կասկած գցելով, որ առանց երկար փորձերի չեն կարող այդքան անթերի իրար լրացնել երկու անծանոթ մարդիկ: Եվ ուղեղումս հստակ համոզմունք ձևավորվեց, որ դու նրա հետ սիրավեպ ունես և ուղևորությունը կազմակերպել ես հենց նրա հետ հանդիպելու համար:
ԴԱՎԻԹ — Գժվե՞լ ես: Դու շատ լավ գիտես, որ այդ կնոջն առաջին ու վերջին անգամ տեսել եմ այդ ընթրիքին: Հիշիր, ինչ լավ զույգ էին ամուսնու հետ ու ոնց էին իրար փաղաքշում, ինչպես և ես ու դու իրար: Ինչպե՞ս կարողացար այդքան ցած իջնել կասկածներիդ մեջ:
ՄԵՐԻ — Գիտեմ, հիշում եմ: Ես ինքս էլ շատ լավ գիտակցում էի իմ կասկածների անհիմն լինելը, սակայն դրանք գիշերային մղձավանջների նման էին. գիտես, որ նրանք գոյություն չունեն, բայց և ձերբազատվել ի վիճակի չես:
ԴԱՎԻԹ — Նորմալ մարդիկ կարողանում են տարբերել իրականն ու երևակայականը:
ՄԵՐԻ — Որովհետև նորմալ մարդկանց ներսում փոքրիկ խորշեր կան, որոնք նախատեսված են որոշակի արտաքին ազդակների տարրալուծման համար: Դրանով էլ ապահովվում է մարդու ներդաշնակությունն արտաքին աշխարհի հետ: Իսկ իմ ներսում բոլոր խորշերը վերածվել էին մի ահռելի անցքի, որը կլանում էր ամեն ինչ… Ես այնքան էի տանջվում:
ԴԱՎԻԹ — Երբեք դու հոգեկան շեղումներ չես ունեցել, այդ պատճառով էլ չեմ հավատում քո այս հեքիաթներին: Ավելի լավ է ասես, որ դավաճանությունդ արդարացնելու համար ես քեզ հիմա գժի տեղ դնում: Համոզված եմ՝ եթե ցանկանայիր, հանգիստ կարող էիր ազատվել այդ մոլագարությունից:
ՄԵՐԻ — Դու չես ուզում ինձ լսել ու հասկանալ… Ախր, նրանք այն աստիճան են քո ներսը զավթում, որ հաճախ երևակայածդ ընդունում ես որպես միակ ճշմարտություն: Տարիների ընթացքում այդ անիծյալ կծիկը սնում ու մեծացնում էին տարբեր կանանց նկատմամբ քո արած անմեղ հաճոյախոսություններն ու ջերմ խոսքերը, անգամ պատահական հպումներն ու հայացքները…
ԴԱՎԻԹ — Դու խենթ ես: Անգամ այսօր դու միակ կինն ես ինձ համար: Ողջ կյանքում քեզ հավատարիմ եմ եղել, նույնիսկ մտքումս քեզ չեմ դավաճանել:
ՄԵՐԻ — Հենց դա էր ինձ հունից հանում, որ երբեք մի բռնելու տեղ էլ չկար, որ կասկածներս արդարացված լիներին: Դու այնքան ճիշտ էիր, որ իմ անխաթար մնացած բանականությունը ետ էր պահում ինձ անառիթ սկանդալներից:
ԴԱՎԻԹ — Դե, գոնե այդքանի համար շնորհակալ եմ: Բայց եթե այդքանը գիտակցում էիր, ինչո՞ւ էիր շարունակում տառապել:
ՄԵՐԻ — Հասկացիր, ես ամեն ինչին արձագանքում էի անցքի թելադրանքով: Եվ որքան շատ էիր սերդ ի ցույց դնում, այնքան ավելի անամոթաբար ու անողոք էր նա ինձ ներսից ճնշում՝ ստիպելով մտածել, որ դրանով դու թաքցնում ես իրականությունը: Ինձ թվում էր, թե քո ներսում էլ իմ նմանությամբ նստած է ուրիշ մեկը, որն արտաքին ջերմության տակ թաքցնում է նողկալի դավաճանությունը: Այդ մտատանջություններն աստիճանաբար իմ սերն ատելության վերածեցին:
ԴԱՎԻԹ — Ինչո՞ւ գոնե չէիր ակնարկում կասկածներիդ մասին: Չէի՞նք կարող մարդավարի նստել ու պարզաբանել ամեն ինչ: Եթե անգամ քո կասկածները չփարատվեին, գոնե ես չէի հայտնվի ծայրաստիճան հիմար վիճակում, երբ կինդ քեզնից փախչում է, ինչպես բորոտից, իսկ դու գլուխ ես ջարդում պատճառը հասկանալու համար: Բայց չէ՜, ինչո՞ւ պիտի ցածրանաս քեզ սիրող տղամարդու հետ հոգեհարազատ զրույցի համար, չէ՞ որ նա առանց այդ էլ ոտքերիդ տակ է: Չէ՛, դու անպայման պիտի միայնակ տառապեիր, հետո դավաճանաբար փախչեիր՝ ստիպելով ինձ անցնել դժբախտության ու ամոթի բոլոր աստիճանները:
ՄԵՐԻ — Այն ժամանակ ես էլ չէի հասկանում: Երբ քեզանից հեռացա՝ ատելությունս բացատրում էի նրանով, որ դու գողացել ես սիրո իմ բաժին. մեղադրում էի քեզ, որ քո սիրով դու ինձ վերածել էիր ապակե կուռքի, որ դու ինձ էիր պարտադրել սիրո քո պատկերացումը: Բայց հիմա քեզանից հեռու համարձակվեցի ինքս ինձ հետ ազնիվ լինել ու մանրակրկիտ վերլուծելով իմ ներքին անհաշտությունը՝ հասկացա, թե ինչպես են սկսվել ու ինչ մետամորֆոզների են ենթարկվել իմ զգացմունքները:
ԴԱՎԻԹ — Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ: Չգիտեմ նույնիսկ, ինչ եմ զգում հիմա քո հանդեպ՝ խղճահարությո՞ւն, չարությո՞ւն, սե՞ր, թե՞ ատելություն… Ցնդա՛ծի մեկն ես դու… Խելապակաս լի՛րբ… Մի՛ գնա, Մերի, խնդրում եմ… Մի քիչ էլ մնա՛…
Նեղացած Մերին անհետանում է:
Պատկեր 6
Ձայն / կամ ժամացույց, կամ էկրան/… — Անցավ 4 տարի:
Բաց սրճարանում նստած է Ամալիան: Մոտենում է Դավիթը:
ԴԱՎԻԹ — Բարի օր:
ԱՄԱԼԻԱ — Բարև:
ԴԱՎԻԹ — Ինչո՞ւ այդքան համառորեն պնդեցիր, որ դրսում հանդիպենք:
ԱՄԱԼԻԱ — Տանդ դու քեզ խելագարի պես ես պահում: Աշխատանքդ լրիվ բարձիթողի ես արել: Շնորհակալ եղիր, որ աշխատողներդ սրիկաներ չեն ու քեզ չեն թալանում: Քեզ բացարձակ չես հետևում: Արդեն չորս տարի է՝ թուղթուգիր արածի նման աչքերդ սկահակից չես կտրում: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ նրան հետդ անկողին էլ ես տանում:
ԴԱՎԻԹ — Հազար անգամ խնդրել եմ՝ սկահակի մասին չխոսեք հետս:
ԱՄԱԼԻԱ — Իսկ ես միլիոն անգամ եմ խնդրել՝ կոտրի, շպրտի, կորցրու աչքիցդ այդ մղձավանջը: Այնպիսի զգացողություն է, ասես նրանում ինչ-որ մոգություն կա: Արդեն յոթերորդ սպասուհին է բողոքում, որ անկառավարելի ես դառնում, երբ փորձում են ձեռք տալ սկահակին: Ծանոթներն արդեն վաղուց են փսփսում, որ խելքդ թռցրել ես: Վերջապես կասե՞ս՝ ինչ կա նրանում:
ԴԱՎԻԹ — (մտազբաղ դադարից հետո): Մերին է այնտեղ ապրում:
ԱՄԱԼԻԱ — Ըհը՛, տեղ հասանք… Ասել եմ, չէ, որ խենթությունը վարակիչ է: Ի՞նչ ես բարբաջում:
ԴԱՎԻԹ — Ճիշտ եմ ասում… Նա սկահակում է, երբեմն հայտնվում է և մենք զրուցում ենք:
ԱՄԱԼԻԱ — Դավի՛թ, հարազա՛տս, սիրելի՛ս, դրանք քո ֆանտազիաներն են, քո երազանքները, ազատվիր դրանցից, բաց թող Մերիին, ապրիր քո կյանքով: Շուրջդ նայիր, տես, որքան արժանավոր կանայք կան, ընտրիր մեկին:
ԴԱՎԻԹ — Մերիից բացի ինձ ոչ ոք պետք չի:
ԱՄԱԼԻԱ — Դավիթ, նա քեզ դավաճանել է, ծաղրի առարկա է դարձրել, իսկ դու փսլինքներ ես բաց թողնում ապակու կտորի մոտ: Ուշքի արի, ոչ առաջիննն ես, ոչ վերջինը, որ սեր է կորցնում: Եթե խելքները թռցնեին բոլոր սեր կորցրածները՝ մարդկության կեսը խելակորույս կլիներ:
ԴԱՎԻԹ — Կանչել ես, որ նորից նույն խորհուրդները տա՞ս:
ԱՄԱԼԻԱ — Լսիր ինձ, Դավիթ, ես երկար եմ մտածել, ամեն ինչ կշռադատել եմ և որոշել եմ աչքերդ բացել, որպեսզի կարողանաս վերջնականապես ազատվել Մերիից:
ԴԱՎԻԹ — Տարօրինակ է, Ամալիա: Որպես մայր նրան պիտի որ պաշտպանեիր, բայց խոսում ես ասես օտարի մասին:
ԱՄԱԼԻԱ — Իսկ նա հենց օտար է ինձ:
ԴԱՎԻԹ — Դե, բարկացած ես, դրա համար էլ…
ԱՄԱԼԻԱ — Ո՛չ, Դավիթ… Նա իմ աղջիկը չէ: Այո, այո, ճիշտ լսեցիր: Ես ուզում էի այս գաղտնիքը հետս գերեզման տանել, բայց այլևս տեսնել չեմ կարող քո կործանումը:
ԴԱՎԻԹ — Ի՞նչ… մատուցող, կոնյակ բերեք: Թողե՛ք շիշը: (Թափով խմում է:) Ի՞նչ ասացիր:
ԱՄԱԼԻԱ — Կարծում ես, միայն դու ես լքված ու դժբախտ: Նրա հայրը քեզնից դժբախտ էր:
ԴԱՎԻԹ — Ամալիա, մի շեղվիր… ինչպե՞ս հասկանալ, որ Մերին քո դուստրը չի: Հապա հարյուրավոր լուսանկարնե՞րը… ախր, նա կրծքի երեխա գրկումդ է, հետո մանկապարտեզ, դպրոց… ինչի՞ մասին ես խոսում:
ԱՄԱԼԻԱ — Այո, ես եմ նրան մեծացրել, բայց ես չեմ նրան լույս աշխարհ բերել: Աչքերդ մի՛ չռիր… Կոնյակդ խմի՛ր:
ԴԱՎԻԹ — Ա՛յ քեզ նորություն… Հո խմած չե՞ս, Ամալիա:
ԱՄԱԼԻԱ — Տես՝ ինքդ հիմա չհարբես: Կարծում ես՝ հեշտությա՞մբ եմ որոշել գաղտնիքս բացել: Հավատա, շատ երկար եմ մտածել: Լսիր ուրեմն՝ իմ առաջին ամուսնությունը…
ԴԱՎԻԹ — Ի՞նչ… այսինքն՝ Մերիի հայրը ձեր երկրորդ ամուսնի՞նն էր:
ԱՄԱԼԻԱ — Ինչպես և ես՝ նրա երկրորդ կինը…
ԴԱՎԻԹ — Էս ինչե՞ր ես մոգոնում:
ԱՄԱԼԻԱ — Վերջապես կարո՞ղ ես մի քանի րոպե լռել:
ԴԱՎԻԹ — Մերիի մասին ամեն ինչ պատմիր:
ԱՄԱԼԻԱ — Հենց այդ էլ փորձում եմ… Իմ չբերության պատճառով ամուսնինս լքեց ինձ: Մենք ապրում էինք փոքրիկ քաղաքում, որտեղ բոլորն իրար ճանաչում են: Ինձ համար անասելի դժվար էր ապրել կանացի անլիարժեքության այդ զգացումով: Կան կանայք, ովքեր չեն ծննդաբերում, բայց դա որպես ողբերգություն չեն ընդունում, որովհետև գիտեն, որ մայրանալ կարող են, բայց չեն անում սեփական կամքով: Ճիշտ թե սխալ, դա նրանց որոշումն է և նրանք հանգիստ ապրում են: Բայց եթե Աստված ու բնությունը զրկել են կնոջն այդ կարողությունից, դա խորն ու անբուժելի վերք է:
ԴԱՎԻԹ — Հավատս չի գալիս: Ես միշտ համարել եմ քեզ մայրության չափանիշ:
ԱՄԱԼԻԱ — Է՜հ, Դավիթ, Աստված ինձ սեփական կրծքի տակ երեխա կրելու երջանկություն չտվեց, և մայրական անհատակ սերս ուրիշից ծնվածին տվեցի: Ինձ էլ կոնյակ լցրու:
ԴԱՎԻԹ — Մատուցո՛ղ, մի բաժակ էլ բերեք:
Խմում են, Դավիթն անհամբեր սպասում է:
ԱՄԱԼԻԱ — Մի դժբախտ, հուսահատ օր հարևան քաղաքում ապրող մորաքույրս հայտնեց, որ իրենց հարևան երիտասարդ մի կին լքել է ամուսնուն, թողնելով նրա մոտ երկամսայա դստրիկին: Իմ ընկալմամբ դա Աստծո պարգևած հնարավորություն էր ինձ համար: Հաջորդ օրն իսկ, մորաքրոջս օգնությամբ, հանդիպեցի այդ տղամարդուն: Պարզվեց, որ ես էլ նվեր էի նրա համար, և առանց երկար-բարակ մտածելու թողեցինք մեր նախորդ կյանքերը, տեղափոխվեցինք մայրաքաղաք, որտեղ ամբոխի մեջ մարդիկ կորչում են: Ամուսնացանք, մեծացրինք մեր աղջկան և երջանիկ էինք…
ԴԱՎԻԹ — Մերին գիտե՞ր այդ մասին:
ԱՄԱԼԻԱ — Ո՛չ, իհարկե, ոչ: Ես նրան պաշտում էի: Հրեշտակային բալիկ էր՝ աշխույժ, գեղեցիկ, քնքուշ:
ԴԱՎԻԹ — Իսկ մայրը չհայտնվե՞ց:
ԱՄԱԼԻԱ — Երբ լրացավ Մերիի 16 տարին, մի օր հայրն աշխատանքից եկավ շատ մտահոգ: Ազգականները հայտնել էին, որ հայտնվել է փախստականը և նրան է փնտրում: Այդ օրվանից սկսվեցին մղձավանջները: Փոխեցինք բնակարանը, նա ուրիշ աշխատանք գտավ… Փառք Աստծո, լավ ֆինանսիստները միշտ պահանջարկ ունեն: Բայց դարձյալ անհանգիստ էինք: Նույնիսկ մտածում էինք Մերիին արտասահման ուսման ուղարկել: Եվ հայտնվեցիր դու՝ սիրահարված, պայծառ, հեռանկարային, դրա համար էլ իսկույն օրհնեցինք ձեր ամուսնությունը:
ԴԱՎԻԹ — Հը՜մ, դժվար է այս ամենը մարսել առանց ալկոհոլի: (Խմում է:) Եվ դրանով ամեն ի՞նչ ավարտվեց:
ԱՄԱԼԻԱ — Հակառակը՝ սկսվեց: Մերիի ամուսնությունից հետո ես և ամուսինս հանկարծ հայտնվեցինք տարօրինակ վիճակում, որովհետև առաջին անգամ դեմ-դիմաց կանգնեցինք որպես կին և տղամարդ, այլ ոչ թե երեխայի ծնողներ, ում պետք էր զերծ պահել արտաքին հարվածներից:
ԴԱՎԻԹ — Լավ, Ամալիա, գաղտնիք հո չի, որ շատ ամուսնական զույգերի համար են երեխաները հիմնական հոգսն ու հարաբերությունների շաղախը: Բոլոր ընտանիքներում է երեխաների մեծանալը փոխհարաբերությունների նոր փուլ նախանշում:
ԱՄԱԼԻԱ — Մի մոռացիր, որ մեզ միացրել էր ոչ թե ընտանիք կազմելու, այլ լքված մանկիկին ոտքի կանգնեցնելու ցանկությունը: Մանկիկը մեծացավ, ստեղծեց իր օջախը, իսկ գոյացած դատարկությունը ստիպեց մեզ բաց աչքերով իրար նայել:
ԴԱՎԻԹ — Ի սեր Աստծո, Ամալիա… Շատ զույգեր են հայտնվում նման իրավիճակում: Ու դրանից ողբերգություն չեն սարքում:
ԱՄԱԼԻԱ — Հասկացիր, մենք խորությամբ գիտակցեցինք, որ այդ 18 տարիներին մեզ կապող թելը միայն նա էր: Երբ մենակ մնացինք, այնպիսի զգացողություն էր, ասես նոր-նոր ենք ծանոթացել և պետք է կառուցենք մեր հարաբերությունները: Եվ այդ ժամանակ պարզվեց, որ յուրաքանչյուրիս սրտում դեռ արթուն են հին կրքերը: Որպես խելացի կին՝ ես լռեցի, իսկ նա հիմարաբար խոստովանեց, որ երբեք չի մոռացել իր անառակին: Մեր համատեղ կյանքը վերածվեց լռելյայն տանջանքի:
ԴԱՎԻԹ — Բայց նա միշտ քեզ մեծագույն հարգանքով էր վերաբերվում:
ԱՄԱԼԻԱ — Դա նրա շնորհակալությունն էր իր աղջկան մայրություն անելու համար, բայց ոչ սեր: Նա սիրում էր իր դավաճան լրբին:
ԴԱՎԻԹ — Բայց այդ կինը չկար, չէ՞:
ԱՄԱԼԻԱ — Հայտնվեց շատ անսպասելի: Չգիտեմ, հասցեն որտեղից էր գտել, բայց զանգ, ու դռների մեջ հայտնվում է փթթուն գեղեցկուհի:
Ֆլեշ-բեք կամ էկրան- Մերիին շատ նման գեղեցիկ կին դեմքի լպիրշ արտահայտությամբ կանգնած է դռան մոտ:
Դե իհարկե… նա չէր գիշերները լուսացրել անվերջ լացող փոքրիկի մոտ, չէր տանջվել ջերմից այրվող երեխայի կողքին, ժամերով պատուհանի մոտ չէր սպասել դեռահաս աղջկան: Նա վայելել էր կյանքն ուզածին պես և ինձանից երկու անգամ երիտասարդ էր երևում, չնայած գրեթե տարեկիցներ էինք: Ամուսնուս ոտքերը ծալվեցին: Միայն նրա հայացքը տեսնեիր…
ԴԱՎԻԹ — Կարող եմ պատկերացնել: Իսկ նա աղջկան էր փնտրո՞ւմ:
ԱՄԱԼԻԱ — Ո՛չ… եկել էր ամուսնուս խլելու:
ԴԱՎԻԹ — Բայց դստեր ճակատագրով չհետաքրքրվե՞ց:
ԱՄԱԼԻԱ — Իմացավ, որ նա երջանիկ է ամուսնու և երեխայի հետ, թեթևակի շնորհակալություն հայտնեց, ասես լավ խնամել էի պահ տված իրը, այդ հարցը փակված համարեց և համարյա բաց տեքստով հասկացրեց, որ ամեն ինչ կասի Մերիին, եթե մեր ամուսինն իր մոտ չվերադառնա, կամ էլ իրեն բնակարանով չապահովվի:
Ձևական սեթևեթ խոնարհվելով Ամալիային՝ կինը, հենվելով դռանը, անամոթաբար մատով իր մոտ է կանչում Մերիի հորը:
ԴԱՎԻԹ — Վա՛յ քո, լրբի մեկը…
ԱՄԱԼԻԱ — Հիմա հասկանո՞ւմ ես, ինչու եմ ասում՝ մոռացիր Մերիին: Այդ կանանց արյունը փչացած է, նրանք աղոթասերների նման ոչնչացնում են իրենց արուներին, կկուների նման լքում են իրենց ձագուկներին:
ԴԱՎԻԹ — Մերին այդպիսին չէ, նա սիրում էր մեր աղջկան:
ԱՄԱԼԻԱ — Շատ ապրե՛ս… Եվ այդ մեծ սիրուց մանկամարդ աղջկադ հարեմ խցկեց, չէ՞:
ԴԱՎԻԹ — Իմ խեղճ բալիկ… Եվ ոչ մի հնարավորություն չկա նրա մասին մի բան իմանալու:
ԱՄԱԼԻԱ — Տեսնո՞ւմ ես: Միևնույն ստորությունը չի՞՝ կրծքի երեխային լքելը կամ ջահել աղջկան վաճառելը: Մերին իր մոր պատճենն է՝ եսասեր կենդանի:
ԴԱՎԻԹ — Մի անպատվիր Մերիին… Նա էլ ինձ նման ոչինչ չգիտեր:
ԱՄԱԼԻԱ — Էդքան հիմար մի եղիր, Դավիթ, արդեն նյարդայնացնում ես: Կույրը միայն դու էիր, իսկ նա վերջին տարիներին նպատակամղված իր փախուստն էր կազմակերպում: Եվ Մարիայի հապճեպ փախուստ-ամուսնությունն էլ պլանի օղակներից մեկն էր: Մերին հեռատեսորեն նվազագույնի էր հասցնում իր պարտականությունները: Չեմ կարող չարձանագրել, որ Մերին իր մորից անհամեմատ խելացի ու խորամանկ էր: Իսկ մայրն իր փողոցային վարքագծով սպանեց ամուսնուս:
ԴԱՎԻԹ — Աներոջս ինֆարկտի հասցնող նա էր, հա՞:
ԱՄԱԼԻԱ — Հասցրեց նա, բայց եթե անկեղծ լինեմ՝ սպանեցի ես…
ԴԱՎԻԹ — Ի՞նչ իմաստով:
ԱՄԱԼԻԱ — Ուղի՛ղ:
ԴԱՎԻԹ — (ապշահար): Մատուցո՛ղ: Նոր շիշ բերեք: Ամալիա, ինչե՞ր ես խոսում: Անկեղծ խոստովանությունների ի՞նչ շոու ես սարքել… Կոնյակը քանդեց հին գաղտնիքների կողպեքները, հա՞:
ԱՄԱԼԻԱ — Գիտես, սիրելիս, ամեն մարդ ունի ներսը տանջող ինչ-որ մի գաղտնիք, որն ամուր կողպված է տուփի մեջ: Բայց ինչ-որ մի պահի ուզում ես տուփը բացել և տեսնել, թե ինչ է մնացել գաղտնիքից, և ընդհանրապես, արժեր արդյոք տարիներով սարսափել նրանից:
ԴԱՎԻԹ — Ինչո՞ւ որոշեցիր պատմել հենց ինձ ու հենց հիմա:
ԱՄԱԼԻԱ — Գուցե իմ կողմից մեծ եսասիրություն լինի, բայց ուզում եմ, որ թողնես Մերիի հետ կապված ֆանտազիաներդ ու ապրես լիարժեք կյանքով, որովհետև դու միակ մարդն ես, ում կարող եմ զանգել, եթե հիվանդությունն ինձ իր ճանկն առնի: Պահպանիր քեզ… ինձ համար:
ԴԱՎԻԹ — Անկեղծ ես… Եթե արդար լինեմ, փաստորեն իմ միակ հարազատ մարդն էլ դու ես մնացել: Ծիծաղելի, հավերժական ախոյանների՝ փեսայի ու զոքանչի ընկերություն: Դու ինձ մենակ չթողեցիր իմ խենթության պահերին, օգնելու համար նույնիսկ ահավոր գաղտնիքներդ բացեցիր: Հա, չասացիր, աներոջս ինչպե՞ս սպանեցիր:
ԱՄԱԼԻԱ — Օ՛հ…. Էլի կոնյակ լցրու: Մերիի մոր վերջնագրից հետո աներդ տղամարդկային մանկամիտ ջայլամությամբ նվնվում էր նրա պահանջների բավարարման նպատակահարմարության մասին:
ԴԱՎԻԹ — Այսինքն՝ ուզո՞ւմ էր նախկին կնոջ մոտ վերադառնալ:
ԱՄԱԼԻԱ — Ըստ էության՝ այո: Բայց լինելով օրինավոր մարդ կամ պարզապես վախկոտ, չէր կարող լքել ինձ: Եվ խելամիտ փաստարկներով ուզում էր գործին այնպիսի ընթացք տալ, իբր բաժանման որոշումն ինձնից էր գալիս:
ԴԱՎԻԹ — Խեղճ իմ աներ: Պատկերացնում եմ նրա հոգեվիճակը: Դու էլ ձևացնում էիր, իբր ոչինչ չես հասկանում:
ԱՄԱԼԻԱ — Ես չէի ուզում մենակ մնալ: Եթե իմանաս, թե կնոջ համար որքան դժվար է զգալ, որ պառավում է՝ կորչում են հիշողությունդ ու գոտկատեղդ, տափակում են հումորդ ու հետույքդ: Անողոք հայելիները դադարում են շողոքորթել և առանց կարեկանքի արտացոլում են խամրած աչքերդ ու կնճիռներդ: Կառչում ես ամուսնուցդ, քանի որ նա գիտեր կանացի քո նախկին հմայքներն ու բարեմասնությունները, մեծացել է հետդ հավասար և կնճռոտվել ու թոռոմել է քեզ նման:
ԴԱՎԻԹ — Դու բավականին լավ ես պահպանվել… Բայց մի շեղվիր, խոստովանիր հանցանքդ:
ԱՄԱԼԻԱ — Ի՞նչ հանցանք… ոչ մի քրեական բան չկար:
ԴԱՎԻԹ — Չասացի՞ր՝ սպանել ես:
ԱՄԱԼԻԱ — Գիտե՞ս, ինչ պատահեց:
Ողջ ասվածը արտացոլվում է ֆլեշ-բեքում կամ էկրանին:
Մի օր պատահական բռնացրի նրան իր անառակի հետ հեռախոսով ինչ-որ բան քննարկելիս: Առաջին միտքս, որ նա պատրաստվում է փախուստի, մթագնեց բանականությունս: Ուշադրություն չդարձնելով զայրույթից կարմրատակած նրա դեմքին՝ սկսեցի գոռգոռալ… Հակառակի պես էլ հենց այդ պահին նա վատացավ: Մինչև հիմա աչքիս առաջ է, թե ոնց էր շնչահեղձ լինելով օգնության սպասում: Իսկ ես անկեղծորեն տենչում էի նրա մահը: Մոռանալ չեմ կարող նրա օգնություն աղերսող աչքերը: (Նայում է տեղին, որտեղ հոգևարքի մեջ գալարվում է ամուսինը:)
ԴԱՎԻԹ — Չեմ հասկանում, թողեցիր, որ մեռնի՞… Դեղ չտվեցի՞ր… շտապ օգնություն չզանգեցի՞ր:
ԱՄԱԼԻԱ — Զանգեցի, երբ ուշքի եկա, բայց արդեն ուշ էր: Արած հանցանքիս գիտակցությունից ճչում էի, որ չէի ուզում նրա մահը: Ինձ հանգստացնում էին, համոզելով, որ ոչինչ չէի կարող անել, որովհետև սրտի կաթվածը կարող է վայրկենապես սպանել: Ուշացման համար բնականաբար շտապ օգնությանը մեղադրեցին: Բայց ես հո գիտեի, որ առաջին օգնություն չեմ ցուցաբերել: Եվ մինչև հիմա ոչ ոք չգիտե, որ իրականում սպանողը ես էի… Խնդրում եմ, մի՛ նայիր ինձ այդպիսի նողկանքով:
ԴԱՎԻԹ — Հենց նոր կեղտաջրեր էիր լցնում Մերիի ու նրա մոր վրա: Դու նրանցից ինչո՞վ ես տարբերվում:
ԱՄԱԼԻԱ — Մի՛ կարծիր, թե կարող ես դատել ինձ ավելի խիստ, քան ես՝ ինքս ինձ: Տվայտանքներիս 15 տարում այդ 2-3 րոպեն դարերի ծանրություն են ձեռք բերել: Միլիոն անգամ պատկերացրել եմ, ինչպես եմ նրան դեղ տալիս, ինչպես եմ անմիջապես շտապ օգնություն կանչում և նա փրկվում է: Նրա մահն իմ խղճին է ծանրացած:
ԴԱՎԻԹ — Ճի՞շտ ես ասում, որ ընդամենը մի քանի րոպեից ես շտապ օգնություն կանչել: (Ամալիան լուռ գլխով է անում:) Եթե այդպես է, փրկության շանսերն իրոք փոքր են եղել: Դու մարդասպան չես… դու լուռ ու ստոր վկա ես…
ԱՄԱԼԻԱ — Հասկացիր, լինում են պահեր, երբ կինը ցանկանում է ամուսնու մահը, դրանում տեսնելով անլուծելի պրոբլեմի միակ լուծումը: Եվ Աստված չանի, եթե համընկնի այդ ենթագիտակցական ցանկությունն իրական վտանգի հետ: Այդ պահին մտածում ես, որ Աստված պատժում է նրան և մի տեսակ սադիստական բավականություն ես զգում:
ԴԱՎԻԹ — Ես միշտ զարմացել եմ, որ կանանց թույլ սեռ են անվանում… Ախր, դուք իսկական հրեշներ եք, դուք ձեր անեծքներով ու հիստերիկաներով ի վերջո տղամարդկանց քոքը կտրելու եք: Ու ի՞նչ շահեցիր ամուսնուդ էն աշխարհն ուղարկելով:
ԱՄԱԼԻԱ — Կորցրեցի… շատ բան կորցրեցի: Իրականում Աստծո պատիժն ինձ հասավ՝ կորցրեցի ներքին հագստությունս՝ տանջվելով մեղքի զգացողությունից: Չեմ կարող ձերբազատվել այն հրեշավոր մտքից, որ իմ րոպեական ցանկությունը Աստված լսեց ու կատարեց: Իսկ աներդ գրեթե սրբացավ, քանի որ հանգուցյալներին ամեն ինչ ներվում է:
ԴԱՎԻԹ — Բավական է, բավական է, Ամալիա: Գնա տուն, մի զանգիր ինձ, ժամանակ տուր, որ կարողանամ մարսել անհավանական գաղտնազերծումներդ: Մատուցող, տիկնոջը տաքսի նստեցրեք:
ԱՄԱԼԻԱ — Խնդրում եմ, սթափվի՛ր: Կարող ես ինձ ատել, արհամարհել, բայց գոնե դու ապրի իրական կյանքով: Դու թույլ էիր տվել, որ Մերին քեզ ղեկավարի, հիմա էլ այդ դերը տվել ես ապակու կտորի: Ուշքի արի, խնդրում եմ…
ԴԱՎԻԹ — Ինձ հանգիստ թող: Ցտեսությո՛ւն:
Մատուցողի ուղեկցությամբ Ամալիան գնում է:
Պատկեր 7
Դավիթը մտազբաղ խմում է, ծխում է: Կողքի սեղանի մոտ տեղավորվում է մի զույգ՝ Ստեփանը օֆիսային հագուստով երիտասարդ կնոջ հետ:
ԿԻՆ — Մեր բոլոր աշխատակիցներն այս սրճարանում են ճաշում: Հիանալի կարկանդակներ են պատրաստում այստեղ: Մեր կորպորատիվ միջոցառումներն էլ են իրենք սպասարկում:
ՍՏԵՓԱՆ — Ես լիովին վստահում եմ ձեր ընտրությանը, քանի որ առաջին անգամ եմ այստեղ:
Ստեփանի ձայնից Դավիթը շրջվում է, երկուսով վեր են թռչում: Դավիթը հարձակվում և հարվածում է Ստեփանին:
ԿԻՆ — Ի՞նչ եք անում: Ավազա՛կ: Ահաբեկի՛չ:
ԴԱՎԻԹ — Դու մարդուդ մոտ գնա՛:
ԿԻՆ — Ես ամուսին չունեմ:
ՍՏԵՓԱՆ — Հանգստացիր Դավիթ: Ես չեմ ուզում քեզ հետ կռվել:
ԴԱՎԻԹ — Իսկ ես քեզ սպանել եմ ուզում: Դավաճա՛ն:
ԿԻՆ — Ես հիմա ոստիկանություն կկանչեմ:
ՍՏԵՓԱՆ — Պետք չի: Գնացե՛ք աշխատանքի: Ես ավելի ուշ կգամ: Դե, գնացե՛ք:
ԴԱՎԻԹ — Վախենում ես, որ այլանդակ հոգիդ կճանաչի ու կհեռանա՞ քեզանից:
ՍՏԵՓԱՆ — Լսիր, նա պարզապես աշխատակցուհի է: Արի խոսենք:
ԴԱՎԻԹ — Աշխատակցուհի՜… ընկերոջ կի՜ն… մեկ չի՞ քեզ համար: Ուրիշի կնիկ փախցնող չե՞ս:
ՍՏԵՓԱՆ — Դե, հերիք է… ա՛ռ քեզ:
Սկսում են իրար հարվածել: Կինը խուճապահար փախչում է: Մատուցողը փորձում է բաժանել: Խոսում են կռվի ընթացքում:
ԴԱՎԻԹ — Մերին որտե՞ղ է:
ՍՏԵՓԱՆ — Ես ի՞նչ իմանամ:
ԴԱՎԻԹ — Որտե՞ղ ես թաքցրել կնոջս:
ՍՏԵՓԱՆ — Դե, հանգստացիր… ասում եմ՝ ոչինչ չգիտեմ:
ԴԱՎԻԹ — Լքե՞լ ես նրան, ստո՛ր:
ՍՏԵՓԱՆ — Նա ինձ շպրտեց անպետք լաթի պես նույն ձևով, ինչպես որ քեզ:
ԴԱՎԻԹ — Հետս չհամեմատվես… ես ընկերներիս կանանց հետ չեմ քնում:
ՍՏԵՓԱՆ — Հազար անգամ ներողություն եմ խնդրում…Ղալաթ եմ արել… կյանքիս կեսը կտայի, որ նման բան արած չլինեի…
Աստիճանաբար դադարում են կռվել, նստած շարունակում են ագրեսիվ զրուցել:
ԴԱՎԻԹ — Ամեն ինչ պատմիր:
ՍՏԵՓԱՆ — Ապականեց կյանքս քո լիրբը: Անիծյալ լինի այն օրը, երբ տրվեցի նրա գայթակղությանը:
ԴԱՎԻԹ — Ուզում ես ասել՝ նա՞ էր խելքդ կերել:
ՍՏԵՓԱՆ — Եթե այդքան կույր չլինեիր, կնկատեիր, որ ոչ միայն ինձ հետ էր սիլի-բիլի անում:
ԴԱՎԻԹ — Չհամարձակվես վարկաբեկել նրան: Կսպանեմ քեզ… լեզուդ կկտրեմ:
ՍՏԵՓԱՆ — Թող, հա՜… Ես իմ պատիժն արդեն ստացել եմ հրեշտակի արտաքինով սատանայամիտ կնոջ տեսքով: Ի դեպ, ինչպես և դու:
ԴԱՎԻԹ — Քեզ համար պատիժ էր, ինձ համար՝ պարգև:
ՍՏԵՓԱՆ — Դու իրոք ոչինչ չե՞ս հասկանում: Էդպես չհասկանալով էլ Մերիին փչացրեցիր՝ ներշնչելով, որ նա է աշխարհում մեծ սիրո արժանի միակ կինը: Դրա համար էլ նա բոլորից ակնկալում է միայն ստրկական ենթակայություն ու պաշտամունք: Բայց միայն սիրահարված տղամարդը կարող է հանդուրժել նրա դշխոյական գոռոզամտությունը:
ԴԱՎԻԹ — Եթե չէիր կարող նրան գնահատել, ինչո՞ւ փախցրեցիր:
ՍՏԵՓԱՆ — Փախուստը Մերին կազմակերպեց կետ առ կետ… Վերջում գիտակցեցի արածիս տմարդությունը ու չէի ուզում: Հիշո՞ւմ ես, որ նախորդ օրը ձեր տուն եկա իբր Պիկասոյի ալբոմը վերադարձնելու համար…
ԴԱՎԻԹ — Վայրկյան առ վայրկյան վերլուծել եմ այդ երեկոն հազար անգամ… Ի՜նչ հիմարն եմ եղել ես:
ՍՏԵՓԱՆ — Հիմա էլ նույն հիմարն ես, որ էլի ոչինչ չես ուզում գիտակցել: Հիմա եմ հասկանում, թե ինչու էր Մերին քամահրանքով չարախնդում, թե ուզած րոպեին կարող է վերադառնալ ու դու իրեն կընդունես գրկաբաց, ասես ոչինչ էլ չի եղել:
ԴԱՎԻԹ — Չհասկացա, հետդ ինձ էր քննարկո՞ւմ:
ՍՏԵՓԱՆ — Է՜, Դավիթ… Սկզբում, իր դավաճանությունն արդարացնելու համար, տարբեր պատմություններ էր հորինում իր չբավարարված անկողնային կյանքի մասին: Ես էլ ապուշի պես հավատում էի:
ԴԱՎԻԹ — Ստում ես: Չէր կարող Մերին նման բաներ ասել:
ՍՏԵՓԱՆ — Ինձ համար միևնույն է՝ հավատում ես, թե չէ: Ես անընդհատ հետաձգում էի վերադարձս՝ հետդ հանդիպելուց խուսափելով: Հիմա արդեն կապրեմ նորմալ կյանքով: Կամուսնանամ վերջապես: Նրա կախարդանքից արդեն դուրս եմ եկել, ինչը չեմ կարող ասել քո մասին: Դու վերջապես էլ ազատվիր այդ կապանքից:
ԴԱՎԻԹ — Կսպանեմ նրան… Ինչ ես կարծում՝ կվերադառնա՞:
ՍՏԵՓԱՆ — Հարցրու այն մարդուց, ում մոտ փախավ:
ԴԱՎԻԹ — Ինչպե՞ս գտնեմ Մերիին:
ՍՏԵՓԱՆ — Գիտես, ես ինձ էի խղճում, հիմա տեսնում եմ, որ դու ավելի ողորմելի վիճակում ես:
ԴԱՎԻԹ — Ողորմելին դու ես, վախկոտ: Կսպանեմ քեզ:
ՍՏԵՓԱՆ — Դե բավական է: Զզվեցրի՛ր: Կռի՞վ ես ուզում: Առ՛ քեզ…
ԴԱՎԻԹ — Ատում եմ քեզ… Նրան տեսնել եմ ուզում… կսպանեմ նրան…
Նորից սկսում են կռվել: Լույսը մարում է:
Պատկեր 8
Դավիթի բնակարանը: Առանց սկահակի ավելի հարմարավետ է դիտվում: Աննան տղամարդու վերնաշապիկով (կամ խալաթով) մտնում է խոհանոցի կողմից սուրճի բաժակով: Պարզ երևում է, որ գիշերել է այստեղ:
ԱՆՆԱ — Ա-յո՜… Լրիվ խճճվել եմ: Բացահայտումների երեկոն ահավոր էր, իսկ սիրո գիշերն՝ աննման: Ի՞նչ անեմ: Կասկածում եմ, որ Դավիթը կմոռանա կնոջը միայն այն պատճառով, որ սկահակն այլևս ցցված չէ աչքի առաջ: Իսկ հոգո՞ւմ: Չգիտեմ… Ըստ էության, որոշ ժամանակ կարող եմ ձևանալ որպես կոտրված սրտի բժիշկ: Բայց համոզված չեմ, որ ես կրկին կոտրված սրտով չեմ հայտնվի կոտրած տաշտակի առաջ: Ըհը՛, միայն սա էր պակաս… հիմա էլ բանաստեղծ եմ դառնալու: Չէ՛, պետք է մտածել շախմատիստի նման և փորձել կանխատեսել հաջորդ քայլերը: Ասենք, դա էլ է անիմաստ… այս խաղը երկու հոգու միջև չէ: Երրորդը՝ որոշիչ խաղացողը, կարող է հայտնվել ամեն վայրկյան, և ողջ ռազմավարությունս գրողի ծոցը կթռչի…
Բջջայինի զանգ:
ԱՆՆԱ — Այո, սիրելիս… սուրճ եմ խմում… գործերդ ավարտեցի՞ր… Եթե սառնարանդ դատարկ չի, ինքս կարող եմ ինչ-որ բան պատրաստել: Լավ, ոնց կասես… չինական խոհանո՞ց… սիրում եմ, առանց ճիճուների, իհարկե: Լավ, սպասում եմ… ես էլ քեզ եմ սիրում: (Անջատում է հեռախոսը:) Բայց շատ լավ էր նրա հետ: Եթե չլիներ այդ անիծյալ սկահակը, կասեի, որ կատարյալ տղամարդ է: Պետք է մի որոշ ժամանակ միասին ապրել, և ամեն ինչ պարզ կդառնա: Շտապելու ի՞նչ կա… Բայց չէ, երեխա եմ ուզում ունենալ: Պետք է ամեն ինչ լավ կշռադատել: Քնեմ մի քիչ… ողջ գիշեր չեմ քնել:
Աննան նիրհում է բազմոցին: Վեր է թռչում բացվող դռան ձայնից:
ԱՆՆԱ — Ինչ շուտ եկավ… թե՞ ես եմ շատ քնել: Այս ի՞նչ ձայներն են:
Նախասրահից կանացի ձայներ են լսվում:
Առաջին ձայն — Դավիթը բավականին հաճելի տղամարդ է, միայն կզգուշացնեմ, թե ինչեր չի սիրում: Եվ դուք պետք է խստորեն կատարեք այդ պայմանները:
Երկրորդ ձայն — Հանգիստ եղեք: Ամեն ինչ կանեմ ձեր ասածի պես:
Առաջին ձայն — Հուսով եմ, դուք երկար կմնաք այստեղ:
Երկրորդ ձայն — Ես բոլոր պայմաններին եմ համաձայն:
Սենյակ է մտնում Ամալիան միջին տարիքի կնոջ հետ: Փոխադարձ զարմանքի համր տեսարան:
ԱՄԱԼԻԱ — Աղջիկս որտե՞ղ է: Վայ չէ՛, սկահակն ո՞ւր է… Դու ո՞վ ես:
ԱՆՆԱ — Իսկ դուք ո՞վ եք:
ԱՄԱԼԻԱ — Ես տանտիրոջ զոքանչն եմ:
ԱՆՆԱ — Իսկ նա ո՞վ է:
ԱՄԱԼԻԱ — (իրավիճակը գնահատելով:) Ապագա սպասուհին: Լավ, աղջիկներ, տեսեք հիմա ինչ ենք անում… Սիրելիս, դուք հիմա տուն գնացեք, մենք ավելի ուշ կզանգնեք:
Կին — Խնդրում եմ, ինձ շատ է պետք այս աշխատանքը:
ԱՄԱԼԻԱ — Գիտեմ, գիտեմ… հանգիստ եղեք: Ձեզ առանց աշխատանքի չենք թողնի: Ցտեսություն: Դուռն ուղղակի ծածկեք, խնդրում եմ:
Կինը հեռանում է:
ԱՆՆԱ — Ներեցեք, ես գնամ հագնվեմ:
ԱՄԱԼԻԱ — Իսկ դու շատ գեղեցիկ ես: Չգիտեի, որ Դավիթն ընկերուհի ունի:
ԱՆՆԱ — (իրեն տիրապետելով): Ինչքանով տեղյակ եմ, դուք էիք նրան համոզում նոր կին գտնել:
ԱՄԱԼԻԱ — Ա՜-յո՜… տեսնում եմ՝ բավական տեղեկացված ես:
ԱՆՆԱ — Ավելին, քան կուզեի:
ԱՄԱԼԻԱ — Բավականին համարձակն ես:
ԱՆՆԱ — Բնականաբար: Վախկոտը նման խճճված իրավիճակում չէր հայտնվի:
ԱՄԱԼԻԱ — Աղջիկ ջան, ես քո թշնամին չեմ: Վերջին տարիներին ինքս եմ միշտ ուզել, որ Դավիթի կողքին ուրիշ կին լինի:
ԱՆՆԱ — Ինչը չէի ասի ձեր առաջին ռեակցիայից:
ԱՄԱԼԻԱ — Ի դեպ, սկահակն ո՞ւր է:
ԱՆՆԱ — Կոտրեցինք:
ԱՄԱԼԻԱ — Ո՞վ… Դո՞ւ, թե՞ Դավիթը:
ԱՆՆԱ — Իսկ դա կարևո՞ր է:
ԱՄԱԼԻԱ — Ավելին, քան կարող ես պատկերացնել:
ԱՆՆԱ — Այնպիսի տպավորութուն է, ասես դժկամորեն եք ուրիշ կնոջ թույլ տալիս գրավելու ձեր դստեր տեղը:
ԱՄԱԼԻԱ — Կարծում ես՝ պիտի սիրտս բացեմ անծանոթ մարդու առա՞ջ: Նույնիսկ անունդ չգիտեմ:
ԱՆՆԱ — Ներեցեք, անսպասելիությունից ինձ կորցրեցի: Ես Աննան եմ:
ԱՄԱԼԻԱ — Շատ լավ, Աննա: Դու էլ ինձ ներիր ներխուժման համար: Այս ժամերին Դավիթը սովորաբար աշխատավայրում է լինում, ես էլ զբաղվում եմ կենցաղային հարցերով: Հինգ տարում արդեն յոթերորդ սպասուհուն ենք փոխում: Ինչ վերաբերում է սկահակին… Այո՛, ես ինքս էլ էի ընտելացել նրան: Շատ եմ կարոտել աղջկաս: Դավիթի բացակայությամբ ես ևս զրուցում եմ սկահակի հետ… իսկ դու վերացրեցիր այդ միակ կապը:
ԱՆՆԱ — Դուք ինձ դատապարտո՞ւմ եք: Դե, գիտեք, սա արդեն ընտանեկան շեղում է:
ԱՄԱԼԻԱ — Ուզում էիր, չէ՞, ճշմարտությունը լսել: Ես քեզ չեմ մեղադրում, որովհետև վաղուց էր պետք ազատվել սկահակից: Ուղղակի մենք չէինք կարողանում: Բայց չե՞ս կարծում, որ սկահակն ընդամենը ներքին տվայտանքների արտացոլումն է: Եթե Մերին Դավիթի համար գոյություն չունենար, նա պարզապես չէր նկատի սկահակը և այն կուռք չէր դարձնի:
ԱՆՆԱ — Կարծում եք, ես պետք է հեռանա՞մ:
ԱՄԱԼԻԱ — Ո՛չ…. Իհարկե, ոչ: Բայց ես մայր եմ, և դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ Մերին զրկվում է ամուսնու մոտ վերադառնալու հնարավորությունից: Չնայած իր ահավոր արարքին, աշխարհում նա իմ միակ հարազատն է:
ԱՆՆԱ — Շնորհակալ եմ անկեղծության համար: Հավատացեք, ես ինքս չեմ կարողանում ճիշտ որոշում ընդունել:
ԱՄԱԼԻԱ — Իսկ դու մի շտապիր, աղջիկս: Եթե Դավիթի հետ քեզ լավ ես զգում՝ վայելիր կյանքը… ճիշտ որոշումն ինքն իրեն կհասունանա:
ԱՆՆԱ — Ինչ իմաստուն կին եք:
ԱՄԱԼԻԱ — Կլիմաքսից հետո շատ կանայք են ավելի խելացի դառնում, քանի որ կիսահանգած սեքսուալ էներգիան փոխակերպվում է իմաստության:
Ծիծաղում են: Լարվածությունը թուլանում է:
ԱՆՆԱ — Չգիտեմ՝ ինչը որտեղ է դրված, բայց կարող եմ թեյ կամ սուրճ առաջարկել:
ԱՄԱԼԻԱ — Շնորհակալ եմ, պետք չէ: Ես գնում եմ:
ԱՆՆԱ — Չե՞ք ուզում մնալ: Դավիթը շուտով համեղ ուտեստներ է բերելու: Մնացեք, միասին կճաշենք:
ԱՄԱԼԻԱ — Չեմ ուզում ձեզ խանգարել: Կառուցեք ձեր հարաբերություններն առանց ինձ: Բայց արի պայմանավորվենք՝ եթե ամուսնանաք, պետք է ինձ վերաբերվեք որպես սկեսուրի, այլ ոչ որպես Դավիթի զոքանչի: Եղա՞վ:
ԱՆՆԱ — Համաձայն եմ:
ԱՄԱԼԻԱ — Դե, Աստված ձեզ երջանկություն տա, ինձ էլ՝ առողջություն: Իսկ դու գնա հագնվիր: Տղամարդը կնոջն անընդհատ տնային հագուստով չպիտի տեսնի: Ցտեսությո՛ւն, Աննա:
ԱՆՆԱ — Ցտեսությո՛ւն: Հաճելի էր ծանոթանալ:
ԱՄԱԼԻԱ — Պատկերացնում եմ, Դավիթի պատմածով ինչպիսի հրեշ եք ինձ երևակայել:
ԱՆՆԱ — Չէ, հակառակը: Նա ձեզ վերաբերվում է ինչպես միակ հարազատի:
ԱՄԱԼԻԱ — Հաճելի է լսել: Մինչ նոր հանդիպում, գեղեցկուհի՛:
Ամալիան գնում է: Հիստերիկ ծիծաղով Աննան փլվում է բազկաթոռին:
ԱՆՆԱ — Ահա ևս մեկ խաղացող ընտանեկան շախմատում: Հետաքրքիր կոմբինացիա է ստացվում՝ սկեսուրը և զոքանչը մեկ դեմքով: Համա՜ թե ընտանիք է: Բայց Ամալիան ինձ դուր եկավ, անկեղծ կին է: Լավ, գնամ հագնվեմ, քանի դեռ նորից ինչ-որ մեկը չի հայտնվել:
Ուղղվում է ննջարանի կողմը, բայց կանգ է առնում բջջայինի զանգից:
ԱՆՆԱ — Անծանոթ համար է… Ալո… Այո, ես եմ…
Աննան շփոթված է… Բեմին հայտնվում է հեռախոսով խոսող տղամարդ:
ՏՂԱՄԱՐԴ — Ես եմ…
ԱՆՆԱ — Ինչպե՞ս ինձ գտար:
ՏՂԱՄԱՐԴ — Փառք ու շնորհակալություն ընկերներին ու սոցցանցերին: Ո՞նց ես, Անուկ… Ինչո՞ւ ես լռում:
ԱՆՆԱ — Չէի սպասում քո ձայնը լսել: Ինչո՞ւ ես զանգել:
ՏՂԱՄԱՐԴ — Խոսել է պետք: Կարո՞ղ ենք հանդիպել:
ԱՆՆԱ — Ինչի՞ մասին պետք է խոսենք տասը տարվա բաժանությունից հետո:
ՏՂԱՄԱՐԴ — Աննա, մենք այն ժամանակ անհեթեթության աստիճան հեշտ բաժանվեցինք, որովհետև շատ երիտասարդ էինք և ահավոր անլուրջ:
ԱՆՆԱ — Դու էիր այդպիսին:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ միայն ես: Դու էլ նույնն էիր: Մենք իրար արժանի էինք՝ երկու երջանիկ ու անհոգ խենթեր:
ԱՆՆԱ — Դրա համար էլ ընդամենը երկու տարի միասին ապրեցի՞նք:
ՏՂԱՄԱՐԴ — Մենք չէինք հասկանում ու չէինք գնահատում մեր երջանկությունը: Ամեն մեկս համոզված էր, որ ամեն լավ բան իր արժանիքն էր, իսկ վատը՝ մյուսինը: Հետագայում հասկացա, որ մենք լրացնում էինք միմյանց, բայց երիտասարդական մեծամտությամբ դա չէինք հասկանում: Դու չես պատկերացնի՝ ինչքան եմ ես հասունացել: Արի մի անգամ էլ փորձենք:
ԱՆՆԱ — Լսիր, երեկվանից այնքան բաներ են կատարվել, որ ես հիմա ի վիճակի չեմ հասկանալ քո պայծառ եզրահանգումները: Արի ավարտենք այս խոսակցությունը:
ՏՂԱՄԱՐԴ — Լավ: Քեզ մեկ օր ժամանակ եմ տալիս: Վաղը կզանգեմ և անպայման պիտի հանդիպենք: Լրջորեն մտածիր: Ես ինձ ահավոր մեղավոր եմ զգում մեր երեխաների առաջ, ովքեր դեռ չեն ծնվել… շտապել է պետք: Մինչ վաղը:
Տղամարդն անհետանում է: Կարկամած Աննան ակնդետ նայում է սկահակի նախկին տեղին:
ԱՆՆԱ — Եվ ինչո՞ւ սպանեցի Մերիին: Ինչ է, ես չունե՞մ իմ սկահակը: Ունե՛մ: Եվ չնայած թաքցրել էի հոգուս ամենահեռավոր խորքերում՝ անմիջապես ինձ իրենով լցրեց առաջին իսկ կանչից: Ասում է՝ հասունացել է ամուսնյակս… չեմ հավատում: Հայտնվեց ամենաանհարմար պահին: Չնայած՝ ի՞նչ իմանաս: Գուցև հենց ամենից ճիշտ պա՞հն է: Տեր Աստված, որքան անարդար է այս ամենը… տարիներով միապաղաղ ապրում էի ինքս ինձ համար սին խնդիրներ ստեղծելով՝ ի՞նչով զբաղվեմ, ի՞նչ հագնեմ, ո՞ւր և ո՞ւմ հետ գնամ: Կարևորը հավաքեց Աստված և հրամցրեց մեկ օրում… դե արի ու վայրկենապես ամենաճիշտ որոշումները կայացրու: Դժվար է, չէ՞: Հետո էլ կհայտնվի Տերը տասը տարի անց ու սխալ որոշմանդ պտուղները դիմացդ կշարի: Գլուխս պայթում է: Վերջ… գնում եմ հագնվելու:
Ուղղվում է ննջարանի կողմը, բայց ներս է մտնում Դավիթը փաթեթներով և մեծ ծաղկեզամբյուղով:
ԴԱՎԻԹ — Դեռ հագնված չե՞ս: Ավելի լավ, շորերդ հանելու վրա ժամանակ չենք վատնի:
ԱՆՆԱ — Գեղեցիկ ծաղիկներ են: Շնորհակալություն: (Դնում է նույն այն տեղում, որտեղ և նախորդ զամբյուղն էր:) Զոքանչդ էր եկել:
ԴԱՎԻԹ — Ընդհանուր լեզու գտա՞ք:
ԱՆՆԱ — Կարելի է ասել՝ այո: Հաճելի կին է:
ԴԱՎԻԹ — Հրաշալի է: Դուք երկուսդ էլ թանկ եք ինձ համար: Ահավոր քաղցած եմ, եթե հիմա չսկսենք ուտել՝ ես քեզ կխժռեմ:
ԱՆՆԱ — Ես էլ եմ շատ քաղցած: Տեսնեմ ի՞նչ ես բերել:
ԴԱՎԻԹ — (գրկելով Աննային): Եթե միայն իմանաս, թե ինչքան ես ինձ երջանկացրել: Սիրելիս… Սիրում եմ քեզ…
Համբուրվում են: Դռների մեջ հայտնվում և քարացած կանգնում է իրական Մերին:
ՄԵՐԻ — Ներեցեք: Դու փականը չէիր փոխել… Իսկ սկահակն ո՞ւր է:
Դավիթն ու Աննան խայթվածների պես իրարից ընկրկում են: Համր տեսարան: Մերին ակնդետ նայում է Դավիթին, «չտեսնող» հայացքը սահեցնում է Աննայի վրայով և գլուխը դանդաղ շրջում է դեպի սկահակի դատարկ տեղը: Երեքով սևեռուն հայացքներով նայում են նույն տեղին, որտեղ պլազմային լույսը ուրվագծում է սկահակը:
Ռեպլիկներ մտքում: Լույսը կենտրոնանում է խոսողի վրա:
ԴԱՎԻԹ — Վերադարձա՛վ…
ՄԵՐԻ — Մի՞թե ուշացել եմ…
ԱՆՆԱ — Դե, այսքանն արդեն չափազանց շատ էր մեկ օրվա համար…
ԴԱՎԻԹ — Տեր Աստված, ավելի է գեղեցկացել….
ՄԵՐԻ — Տնային հագուստով է ընկերուհին… ուրեմն սիրել են իրար: Իսկ զամբյուղը նույնից է, ինչ ինձ էր նվիրել վերջին օրը…
ԱՆՆԱ — Ուզում էր, չէ՞, երեսին շպրտել չասված բառերն ու ազատվել նրանից… հետաքրքիր է՝ կկարողանա՞:
ԴԱՎԻԹ — Ուշքի արի, Դավի՛թ: Երազում էիր, չէ՞, թքել երեսին և ասել՝ ատում եմ քեզ, երբեք չեմ ների ու հետ չեմ ընդունի… Դե՛, ասա՛… տղամարդ չե՞ս… Ո՜նց եմ սիրում… չէ՛, ատում եմ… Իմ չքնաղ Մերի… Անառա՛կ Մերի: Հայտնվեց հենց ամենակարևոր պահին: Աննա՞ն, թե՞ Մերին… Մերի՞ն, թե՞ Աննան…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։