Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / ՄԱՐԳԱՐԵՈՒՀԻՆ
Նորաձևության ցուցադրում… Անֆոկուս դարձող կադրեր` անորոշ ֆորմաներ, գույներ, երաժշտություն… ծափեր…
ՏԻՏՐԵՐ
— Անի, քո մուտքն է:
Անցում միջանցքով:
— Անի, դու արդեն հաղթել ես, միայն թե գժություն չանես: Գնա, սատանան քեզ հետ:
Անին ժպտում է, վրայի խալաթը հանձնում ընկերուհուն, շտապում բեմ:
Բեմ-պոդիում: Անիի մուտքը: Ծափեր… Նրա միանձնուհու զգեստը, իրոք, տպավորիչ է: Ժյուրիի անդամներն արդեն իսկ ցուցադրում են բարձրագույն միավորները: Ծափերն ուժգնանում են:
Անին հանկարծ վրայից նետում է թիկնոցը… Հագուստի անպարկեշտ բացվածքները դահլիճում շոկ են առաջացնում…
Երաժշտությունը ընդհատվել է:
Լռության մեջ լսվում է տղամարդու անվստահ բղավոց.
— Բրա՛վո…
Աղմուկն ու սուլոցները ուժգնանում են: Բեմական լույսերը հանգում են:
Անին վերցնում է թիկնոցը, վազքով հեռանում… Մտնում է գրիմանոց, դուռը կողպում: Նստում է հայելու առաջ: Ձայներ դռան ետևից.
— Անի, դուռը բաց, խնդրում եմ…
— Բա՛ց արա, ասացի… Դու քեզ ինչի՞ տեղ ես դրել…
— Անի, խնդրում եմ…
— Դու հեռացվա՛ծ ես համալսարանից:
Հանկարծ պատուհանը թակում են: Անին նայում է, ժպտում, նետվում այն բացելու: Պատուհանից կախվածը Վահեն է:
ԱՆԻ — Դու աննորմալ ես:
ՎԱՀԵ — Մեզնից ո՞վ է ավելի աննորմալը:
ԱՆԻ — Քեզ դո՞ւր եկավ:
ՎԱՀԵ — Գժություն, դու հրաշալի էիր…
ԱՆԻ — Լսիր… Դու ուզում էիր ինձ փախցնել, ես պատրաստ եմ:
ՎԱՀԵ — Ո՞նց… Հիմա՞…
ԱՆԻ — Չէ, շրջվիր, շորերս փոխեմ, հետո: (Փորձում է հանվել:) Ասացի` շրջվիր:
ՎԱՀԵ — Շրջվե՞մ… Լավ…
Շրջվում է, ճչալով անհետանում: Անին տագնապով նետվում է դեպի պատուհանը: Վահեն անսպասելիորեն հայտնվելով, գրկում է նրան: Համբույր: Երկուսով կորչում են պատուհանից այն կողմ: Դրսում, պատուհանի տակ, խոտերի մեջ շարունակում են համբուրվել: Ներսից լսվում է հեռախոսի զանգ: Անին սթափվում է:
ԱՆԻ — Հեռախոսն է:
Վահեն թռնում է պատուհանի գոգին:
ՎԱՀԵ — Հիմա կբերեմ:
ԱՆԻ — Չէ, պետք չի…
ՎԱՀԵ — (պատուհանի գոգին նստած): Պայուսակդ, շորերդ… հեռախոսը…
ԱՆԻ — Ոչինչ պետք չի, արագացրու, քանի չեմ փոշմանել:
Վահեն ցած է թռչում… ձեռք-ձեռքի բռնած վազքով հեռանում են:
Մեքենայի մեջ Անին ու Վահեն են: Անիի ուսերին Վահեի բաճկոնն է:
ԱՆԻ — Ո՞ւր ենք գնում…
ՎԱՀԵ — Մեր տուն, հետո` օդանավակայան:
ԱՆԻ — Հեռախոսդ տուր: Ալո, մամ… Ես եմ, ինձ չսպասեք… Չեմ կարող, ինձ փախցնում են… Չէ, ի՞նչ ոստիկանություն: Փախցնողը քո սիրելի Վահեն է… Դեռ չգիտեմ՝ ուր… Հարցեր մի տա, ես քեզ հետո կզանգեմ… Վերջ, վերջ: (Հեռախոսը տալիս է Վահեին:) Անջատիր, խնդրում եմ, թե չէ մեր փախուստը մեղրամիս կդարձնեն: (Գլուխը դնում է Վահեի ուսին:) Ոչ տուն, ոչ էլ` օդանավակայան… Փախցրու ինձ ձեր գյուղ:
Անակնկալի եկած Վահեն կանգնեցնում է մեքենան:
ՎԱՀԵ — Ախր… ո՞նց ասեմ… Ինձ այնտեղ չեն սպասում:.. Եվ հետո, դա քո իմացած գյուղը չի: Ոչ լույս կա, ոչ հեռախոս… ոչ մեքենա… Մի խոսքով` միջնադար:
Անին հրճվանքից գոռում է: Մեքենան շրջադարձ է կատարում, արագ պոկվելով կորչում հորիզոնում: Վայրի լեռնային տեղանքում լռված Վահեի ավտոմեքենան: Վահեի ծնկին կծկված Անին արթնանում է:
ԱՆԻ — Հը՞… Ինչո՞ւ ես կանգնել: Արդեն հասե՞լ ենք:
ՎԱՀԵ — Մեքենան ավելին չի գնա, ոտքով ենք շարունակելու:
ԱՆԻ — Հրաշալի է:
Մեքենայից դուրս են գալիս, քարքարոտ լանջով քայլում լեռն ի վեր: Անին հանում է կոշիկները:
ԱՆԻ — Չե՞ս ուզում պատմել, թե գյուղում ինչ բարեկամ ունես:
ՎԱՀԵ — Գյուղում բոլորս էլ բարեկամ ենք… Բացի Վասիլից:
ԱՆԻ — Դա ո՞վ է:
ՎԱՀԵ — Դեռ կիմանաս:
ԱՆԻ — Իսկ քո գյուղն անուն ունի՞… Գետինն ինչ տարօրինակ տաք է:
ՎԱՀԵ — Կոշիկներդ հագի՛ր:
ԱՆԻ — Գժվեցի՞ր…
ՎԱՀԵ — Շուտ հագի՛ր, թե չէ` էլ ոչ մի քայլ:
ԱՆԻ — (կոշիկները հագնելով): Քեզ ի՞նչ եղավ:
ՎԱՀԵ — Սա Վասիլի տարածքն է:
ԱՆԻ — Չասացիր, դա ո՞վ է:
ՎԱՀԵ — Գյուղացիք նրան քաջք են ասում… Նա ոտքերից քաշում է մարդու զորությունն ու հավատը:
ԱՆԻ — Եվ դու հավատո՞ւմ ես:
ՎԱՀԵ — Ես զգուշացրի, որ միջնադար ենք գնում:
ԱՆԻ — Ես սարսափելի ոգևորված եմ:
ՎԱՀԵ — Երևի մեկը գյուղում նրան գործի է դրել, թե չէ հիմա հայտնված կլիներ:
ԱՆԻ — Իսկ գյուղում եկեղեցի կա՞:
ՎԱՀԵ — Գյուղից դուրս 7-րդ դարի եկեղեցի կա. Սև աքլորի եկեղեցին: Երկու անգամ քահանա ուղարկեցին, մի շաբաթ չդիմացան: Գյուղացիք չընդունեցին: Ահա, խնդրեմ… Շան անունը տուր, փայտն առ ձեռքդ:
Կաղալով դեպի նրանց է շտապում կնոջ հնամաշ հագուստով անորոշ տարիքի մի տղամարդ:
ՎԱՍԻԼ — Օ, այս ում եմ տեսնում… Որքան ուրախ եմ… Օրիորդ, թույլ տվեք ներկայանալ` Վասիլ: (Անիի ձեռքը համբուրելով:) Դուք արտակարգ գեղեցիկ եք, բայց շատ անհաճո զգեստ եք հագել: Դուք Վահեի…
ԱՆԻ — Քույր Անի… Ես ձեր եկեղեցու նոր հովիվն եմ:
Վասիլը ինչպես հայտնվել էր, այնպես էլ արագորեն չքվում է: Անին հռհռում է:
ԱՆԻ — Ինչ հմայիչ սատանա էր…
ՎԱՀԵ — Դու հասկանո՞ւմ ես, ինչ արեցիր:
ԱՆԻ — Բայց շատ անհաճո հագուստ էր հագել:
ՎԱՀԵ — Դու աննորմալ ես:
ԱՆԻ — Գիտեմ, արդեն ասել ես…
Տեսադաշտում բացվում է լեռների մեջ ծվարած գյուղի համայնապատկերը:
ԱՆԻ — Աստված իմ, ինչ գեղեցիկ է:
ՎԱՀԵ — Անի… ես քեզ ամեն բան չեմ ասել: Գյուղը այստեղ է բերվել ինը տարի առաջ: Կիլիկիայի լեռներից… Դեռևս 19-րդ դարավերջի եղեռնի ժամանակ լեռները բարձրացած ժողովուրդը 100 տարուց ավելի ապրել է ամեն ինչից կտրված: Նրանց վերջերս հայտնաբերեցին… Նրանք չեն իմացել, որ այսօրվա աշխարհ կա, որ աշխարհում հայեր կան:
ԱՆԻ — Իսկ հա՞յրդ, մա՞յրդ…
ՎԱՀԵ — Մորս չեմ տեսել… Հայրս մի քանի խելառի հետ վերադարձել է Կիլիկիա: Ութ տարի է, տեղեկություն չկա:
Անիի աչքերը լցվել են:
ԱՆԻ — Ինչ հեշտ ես պատմում… Մինչև հիմա ինչո՞ւ էիր լռում:
ՎԱՀԵ — Դա իրենց գաղտնիքն է: Այս տարիներին քչերն են հեռացել գյուղից: Մի քանի ընտանիք մեկնել է Եվրոպա: Ինչպես ասացի, մի քանի խելառ էլ վերադարձել են Կիլիկիա: Իմ քաղաք գալն էլ նրանք դավաճանություն են համարում… Բնականաբար, գյուղն անուն չունի:
Գյուղի գողտրիկ բակերն ու բաց դռներով տները դատարկ են: Ամենուր` աչք շոյող մաքրություն, արևի տակ փռված լավաշ, գույնզգույն լաթեր, անկողին, գորգեր, չորացող մրգեր… Հեռվից լսվող զուռնայի ձայնը ուժգնանում է: Բակերից մեկում հավաքված է ողջ գյուղը: Թվում է, հոգեհանգիստ է… չնայած զուռնայի նվագն այլ մթնոլորտ է ներշնչում: Հավաքվածների ուշադրությունն ուղղվում է նորեկների կողմը: Զուռնայի ձայնը լռում է: Հերթով մոտենում են, ողջունում են Անիին, տղամարդիկ համբուրում են նրա ձեռքը… Վահեին ասես չեն նկատում: Սկսված մշուշը աստիճանաբար թանձրանում է…
— Դուք մեր նոր հոգևոր…
ԱՆԻ — Այո, հոգևոր քույրը… Անունս Անի է:
Անիին հիացրել, շփոթեցրել է նրանց նրբաճաշակ հագուստը:
— Սուրբ Անի, նեղություն կրեք, մինչև հանգիստ առնելը թողություն տվեք հանգուցյալի հոգուն:
ԱՆԻ — Այո, իհարկե… Ո՞վ է, ի՞նչ մարդ է:
— Իսան չէ, ցուլ է… Մեր գյուղի առաջին նահատակն է…
ԱՆԻ — Ցո՞ւլ…
— Հա, Աբգարը… Աբգարի ցուլը… Ցուլի անունն էլ է Աբգար:
Քիչ հեռու նշմարվում է մշուշի մեջ կանգնած Fմի կին: Մերկ մարմինը ծածկում է մինչ գետնին հասնող երկար մազերը:
ԱՆԻ — Իսկ ինչի՞ց է սատկել… այսինքը` վախճանվել:
— Էս շաշ Աբգարն ասում է` ինքնասպան է եղել… Ինչո՞ւ պիտի ինքնասպան լիներ… Երևի թունավոր խոտ է կերել:
Անթափանց մշուշի միջից նշմարվում է շորի տակից դուրս ցցված ցլի կճղակը: Մեղմ անձրև է մաղում:
— Կարոտից է մեռել:
— Ճիշտ է ասում…
— Երկրից եմ հետս բերել… Մի մատ երեխա էր: Խեղճը մի շաբաթ է՝ բերանը մի կտոր հաց չի դրել: Ես Աբգարն եմ:
Անին երկչոտ ծնկի է իջնում, ձեռքը դնում շորով ծածկված ցլի վրա, աղոթքի բառեր մրմնջում: Անսպասելի շփոթի մեջ նախ լսվում է ցլի ոռնոցը, ապա հաջորդում է նրա ծառս լինելն ու փախուստը: Մի քանի տղամարդ հարայհրոցով ընկնում են նրա ետևից: Բացվող մշուշի մեջ ողջ գյուղն անձրևի տակ ծնկի է իջել… Անին ևս ծնկի է իջնում: Աչքերը խոնավ են: Երկար մազերով կինը դանդաղ հեռանում է: Անին ոտքի է ելնում, շշուկով դիմում մոտեցող Վահեին.
ԱՆԻ — Գնանք եկեղեցի:
ՎԱՀԵ — Մի կտոր հաց կեր, հանգստացիր:
ԱՆԻ — Եկեղեցի եմ ուզում…
Վահեն բաճկոնը գցում է Անիի ուսերին, հեռանում են: Շշուկներ.
— Ո՞ւր են գնում…
— Եկեղեցի… Սև աքլորի եկեղեցի…
Շեկ, խռիվ մազերով երիտասարդը` Սաքոն, ակնհայտորեն շփոթված է:
Թեթև մշուշի մեջ լանջն ի վեր բարձրանում են Անին ու Վահեն: Վազքով նրանց է միանում կապոցներով բեռնավորված Վասիլը: Հևում է, բայց տրամադրությունն ակնհայտորեն բարձր է:
ՎԱՍԻԼ — Վասիլին գյուղացիք են բեռնել… Կերակուր է, անկողին…
Անին կանգ է առնում:
ԱՆԻ — Երկար մազերով կինն ո՞վ էր:
Վասիլը մեջ է ընկնում:
ՎԱՍԻԼ — Ո՞նց թե… Գիսանեն… Աստվածուհին…
ՎԱՀԵ — Ճիշտ է ասում:
ՎԱՍԻԼ — Իհարկե, ճիշտ եմ ասում… Բայց ինքն էլ չգիտի՝ ինչի աստվածուհին է…
ՎԱՀԵ — Անվնաս աստվածուհի է, չի խոսում… միայն մշուշ է անում:
ԱՆԻ — Վահե, ինձ մենակ թող…
ՎԱՀԵ — Այսի՞նքն… Մինչև եկեղեցի ուղեկցեմ, ետ կդառնամ:
ԱՆԻ — Խնդրում եմ… Վասիլն ինձ կուղեկցի:
Վասիլը մեջ է ընկնում:
ՎԱՍԻԼ — Հա, բա ոնց…
ՎԱՀԵ — Անի, ես քաղաք եմ վերադառնում…
ԱՆԻ — Քո գործն է…
ՎԱՀԵ — Արի ինձ հետ…
Երկար լռություն: Վահեն շրջվում է, լուռ հեռանում:
ՎԱՍԻԼ — Վահեն գնում է… Սատանան գլուխ չի հանի, թե ինչ աստվածուհի է… Հաճելի է, չէ՞, գնալ անծանոթ ճանապարհով, երբ գիտես, թե այն ուր է տանում: Սա իմ միտքը չէ: Քեզ մի գաղտնիք ասեմ. ուրիշին չէի ասի: Ես հիմար եմ, կատարյալ ապուշ… սեփական մտքեր չունեմ: Իմ չարությունն էլ ձեզնից եմ թռցրել… Հիմար եմ, հիմար, կատարյալ ապուշ… Ահա և եկեղեցին: (Մեջքով շրջվում է դեպի եկեղեցին, ետ-ետ թռչկոտելով:) Գիսանեն` թողնես, տեղի-անտեղի մշուշ անի: Հա, սև աքլորից զգույշ կլինես: Սա արդեն ես եմ ասում… Հո ավելորդ բան չասացի՞… Հասանք… Էս տոպրակներդ ինքդ կտեղավորես… Ես քո սպասավորը չեմ: Դե, ես չքվեցի… (Ոգևորված, վազքով հեռանում է:)
Եկեղեցու ներսը ասես աղավնատուն լինի: Փոշոտ սրբապատկերների խոժոռ հայացքների ներքո ամենուր` թափված փետուրներ, լվացքի նման կախ տված գույնզգույն, խամրած եկեղեցական դրոշակներ… Խորանին վառվող միակ մոմը վերջին ճիգերն է անում: Անին ոգևորված է… Քթի տակ սկսած երգը աստիճանաբար ավելի վստահ է հնչում… Մի կողմ է նետում թիկնոցը, սկսում է պարել… Փոշու և փետուրների մեջ նրա պարը ավելի ու ավելի մոլեգին է դառնում: Հանկարծ կանգ է առնում: Թվում է, լուսամուտից ինչ որ մեկը նրան հետևում է: Դուրս է նետվում: Ոչ ոք չկա: Անին, անկողինը հատակին կարգի բերելով, պառկում է քնելու…
Այգաբաց… Եկեղեցու համայնապատկերը: Անսպասելի տեղատարափ: Քնած Անին ամպրոպի որոտից վեր է թռչում: Ամպրոպի ձայնին հանկարծ հաջորդում են պատարագի հնչյունները: Այն լսվում է պատերից, կիսավեր գմբեթից… Անձրևախառը քամին աղմուկով բաց է անում եկեղեցու դուռը… ամեն ինչ խառնում է իրար… Կայծակից լուսավորվող խորանը այդպես էլ լուսավորված մնում է: Սավառնող սրբապատկերներն ու դրոշակները հանկարծ վերափոխվում են աղավնիների, շուրջը լցնելով ճիչերով և թևահարումների աղմուկով: Եկեղեցու պատերից ծեփը թափվում է, ի հայտ բերելով գունեղ որմնանկարներ…
Անկողնում նստած Անիի շփոթահար հայացքը:
Եկեղեցու բացված դռնից` մշուշի մեջ ճերմակ ձիավորի անցում:
Անսպասելիորեն կատարյալ խաղաղություն է տիրում: Հանկարծ լռության մեջ ներս է խուժում մի սև աքլոր: Աղավնիները խուճապահար թռչում են: Պատրանքն անհետանում է:
Աքլորի ետևից ներս նետված տղամարդն ի վերջո բռնում է նրան:
Սաքոն է: Ոտքից գլուխ թրջված, անհանգիստ աքլորը՝ գրկին: Մեղավոր հայացքով նայում է անկողնում նստած Անիին: Հետո շրջվում է, եկեղեցուց դանդաղ դուրս ելնում:
Եկեղեցու մուտքի մոտ, աքլորը ձեռքին շփոթահար կանգնած է Սաքոն: Եկեղեցու դռան մեջ Անին է, ծածկոցով փաթաթված:
ԱՆԻ — Դա հենց այն սև աքլո՞րն է:
ՍԱՔՈ — Հա, այս եկեղեցու քահանան: Եկել էր, որ քեզ վնաս տա: (Աքլորը ձեռքից դուրս է պրծնում, թռչում դեպի երկինք:) Գնաց Աստծուն բողոքելու: (Շրջվում է, որ հեռանա:)
ԱՆԻ — Անունդ ի՞նչ է:
ՍԱՔՈ — (մի պահ ետ դառնալով): Ես ո՞վ եմ, որ անուն ունենամ: Ինձ Սաքո են ասում: (Հեռանում է:)
Անին մի պահ նայում է նրա ետևից, ապա մտնում է եկեղեցի:
Տղամարդու երգի ձայն: Դեպի եկեղեցի է գալիս տարեց Աբգարին շալակն առած մի երիտասարդ` Ավոն: Հևում է: Երգողը շալակի Աբգարն է:
ԱՎՈ — Կերգես, բա չես երգի… Համբերիր, հասանք: (Մտնում են եկեղեցի:) Բարի լույս, քույր Անի… Ես Ավոն եմ, սա էլ իմ հերն է:
ԱՆԻ — Բարև, Աբգար եղբայր:
ԱԲԳԱՐ — Ներող եղեք, մեր գյուղում լույսը շուտ է բացվում:
ԱՆԻ — Համեցեք… Կարող եք անկողնուն նստել…
ԱՎՈ — Եկեղեցում չեն նստում:
ԱՆԻ — Ասա՛, Ավո, լսում եմ:
ԱՎՈ — Ուրեմն, քույր Անի, լուսադեմին վեր կացա, որ գնամ միզեմ…
ԱԲԳԱՐ — (ծիծաղում է): Իմ տղեն ծուռ ա…
ԱՎՈ — Հեր, մի խանգարիր… Ի՞նչ տեսնեմ, էս իմ աննամուս հերը մտել է մորս ծոցը… Գրկեցի բերեցի:
ԱԲԳԱՐ — Որ ասում եմ, շաշ է…
ԱՎՈ — Ձե՛նդ, անամոթ: Քույր Անի, դու գլխին աղոթք ասա, ես գնամ… գամ: Հա, Աբգար, նվերը հո չե՞ս մոռացել:
ԱՆԻ — Չէ, մոտս ա:
ԱՎՈ — Հա, միզեմ, գամ: (Դուրս է ելնում:)
Աբգարը գրպանից հանում է մի փաթեթ, խնամքով սկսում է բացել:
ԱՆԻ — Աբգար եղբայր, դա ի՞նչ է:
ԱԲԳԱՐ — Կասեմ, կիմանաս… Դու գլխիս քո աղոթքն արա:
Անին ձեռքը դնում է նրա գլխին, աղոթք մրմնջում: Աբգարը պատմում է:
ԱԲԳԱՐ — Չեմ հիշում՝ որ թիվն էր: Տիրոջը նոր էին խաչել: Ես Ավոյիս չափ էի: Թադևոսը` առաքյալը, եկել էր մեր գյուղ: Գիշերը մեր տանն էր քնել: Ես էլ, ինչ խելքիս փչեց, կրակի գույնի մորուքը դուրս չէր եկել: Առա ու էս Թադևոսի մորուքը վառեցի: Ահա…
ԱՆԻ — Դա ի՞նչ է…
ԱԲԳԱՐ — Մասունք է… Թադևոսի ճկույթը: Երբ ինձ շան ծեծ էր տալիս, ճկույթը կծեցի, պոկեցի: Գյուղով մեկ ընկել էր ետևիցս… Մազալու մարդ էր, Աստված հոգին լուսավորի:
ԱՆԻ — (մասունքը վերցնելով): Ինչ ծանր է…
ԱԲԳԱՐ — Հա, բա…
ԱՆԻ — Ցուլդ ո՞նց է, քեռի Աբգար:
ԱԲԳԱՐ — Առողջ… Եզան պես:
Դրսից աղմուկ է լսվում. «Արի՛, ասում եմ, քեզ հե՛տ եմ… Դե նե՛րս մտիր, անասունի մեկը»… Եկեղեցի է մտնում անորոշ տարիքի փոքրամարմին մի տղամարդ, ներս հրելով ճերմակ մի այծ: Նրանց հետ է Ավոն:
ԱՎՈ — Ես եկա: Դուք վերջացրի՞ք… Քույր Անի, սա Դանիելն է, յոթ աղբյուրից ջուր խմած մեր խելառ Դանիելը:
ԱՆԻ — Առաջ արի, Դանիել եղբայր:
ԴԱՆԻԵԼ — Քույր Անի, չէ, սա մատաղացու չի, էս հրեշին բերել եմ, որ խելքի բերես: Ամեն գիշեր գալիս է, ականջիս տակ մկկում, չի թողնում՝ քնեմ: Ինչ անում եմ, չի ասում՝ ով է ուղարկում: Հասկացրու, որ եթե խելքի չգա, մատաղ եմ անելու:
Անին շոյում է իր ոտքերը լիզող այծին:
ԱՆԻ — Դանիել, նա հասկացավ, էլ նման բան չի անի:
ԴԱՆԻԵԼ — Անի քույրիկ, ես մի հարցով էլ եմ եկել…
Ավոն կանխում է նրան:
ԱՎՈ — Եկել է, որ թքես ճակատին:
ԱՆԻ — Ավո, անհարմար է, ինչե՞ր ես ասում:
Աբգարը մեջ է ընկնում:
ԱԲԳԱՐ — Հա, աղջիկ ջան, թքիր… Խելոք, ռանչպար մարդ է… Թքիր, թող էդ ճակատի անտեր վերքերը վերանան:
ԱՆԻ — Դանիել եղբայր, ի՞նչ վերքեր են:
ԴԱՆԻԵԼ — Շա՞տ գիտեմ… Վարդանանց կռվից հետո դուրս տվեց… Մեկ էլ չեմ գա, քանի եկել եմ` թքիր, քույր Անի:
ԱԲԳԱՐ — Դե, թքիր, որ գնանք… Օրը ճաշ դառավ:
Անին զգուշորեն թքում է Դանիելի ճակատին: Վերջինս դիմում է Ավոյին:
ԴԱՆԻԵԼ — Անցա՞վ…
ԱՎՈ — Ոնց որ անցնում է:
ԴԱՆԻԵԼ — Շնորհակալ եմ, քույր Անի:
Ավոն հորը նորից շալակն է առնում, Աբգարը երգում է.
ԱԲԳԱՐ — Դե, մենք գնացինք: Ապրես, աղջիկ ջան:
ԱՆԻ — Ավո, ինչո՞ւ ես շալակում… Թող ոտքով գա:
Ավոն դռան մեջ շրջվում է: Աբգարը մի պահ միայն երգը ընդհատում է:
ԱՎՈ — Ո՞նց թե… Ինքը իմ հերն ա…
Հորը շալակն առած Ավոն ու այծին քարշ տվող Դանիելը հեռանում են: Եկեղեցու դռանը կանգնած Անին երկար նայում է նրանց ետևից: Բնությունն այժմ բոլորովին այլ է: Արևոտ մշուշի մեջ Անին առաջ է գնում: Մշուշի մեջ բացվում է գեղեցիկ մի տեսարան: Նշմարվում է ջրից ելնող Գիսանեի ուրվագիծը: Երկնագույն գիշերազգեստով է: Անին կանգ է առնում… Գիսանեն դիմում է նրան.
ԳԻՍԱՆԵ — Մոտեցիր… Մի վախենա: Տուր ձեռքդ… (Քայլում են դեպի լիճը… շարունակում են քայլել ջրի վրայով:) Քեզ ասել են, որ ես չե՞մ խոսում… Ճիշտ են ասել: Հիմար, անիմաստ սովորություն… Բայց քեզ հետ կարելի է խոսել: Դու սրանց նման չես: Չունես սրանց տոհմիկ հիշողությունը: (Ասես վերացած:) Սերունդների թերություններն են տարբեր… Իսկ արժանիքներն անցյալ չեն դառնում: Սրանց հիշողությունը հասնում է մինչև Հիսուսի հայտնությունը: Իմ մասին ոչինչ չեն հիշում: (Սթափվելով:) Ծովի վրա խայտացող մանր ալիքները Աստծո կենդանի մատնահետքերն են… Ի՞նչ ես նայում: (Ջրի վրա թռչկոտելով:) Ես էլ չգիտեմ, թե ինչի՞ աստվածուհին եմ… Ասենք, եթե ոչ ոք չի հիշում, իմ իմանալն ի՞նչ արժե: Գուցե կարոտի աստվածուհին… պարի, անձրևի, անքնության, գլխացավի, հայհոյանքի աստվածուհին… (Նստում է ջրի վրա:) Նստիր, մի վախենա…
Անին նստում է ջրի վրա, Գիսանեի կողքին, Գիսանեն պառկում է ջրին… Պարզ երկնքում ճախրում են ճայերը:
ԳԻՍԱՆԵ — Եթե թռչունները կարողանային խոսել, չէին թռչի: Սկսեցին բարձր ծլվլալ, ուրեմն դևերի փախցրած աղջիկը այս պահին քնի մեջ ծիծաղում է:
ԱՆԻ — Ի՞նչ…
ԳԻՍԱՆԵ — Բա՞ն հարցրիր: Իզուր: Ես այլևս ասելու բան չունեմ… միևնույն է, հենց ջրի մեջ սուզվես, ասածներս մոռանալու ես: Ի՞նչ ես նայում… Մի մոռացիր. եթե ջրի վրա նստած ես, դեռ չի նշանակում, որ աստված ես…
Գիսանեն շրջվում է, քայլում լճի վրայով դեպի հեռուն… Հանկարծ Անին սուզվում է ջրի մեջ: Լողալու հուսահատ ճիգեր է անում: Շուրջը մառախուղը թանձրանում է: Երբ ուժասպառ դադարում է դիմադրել, ոտքերը անսպասելիորեն դիպչում են գետնին: Դժվարությամբ ափ է ելնում, ուշաթափ ընկնում ավազին:
Անին ուշքի է գալիս անծանոթ սենյակում: Կողքին Սաքոն է: Նկատելով Անիի արթնանալը, շրջվում ու դուրս է ելնում:
Տանը կից աղավնատան տանիքին տարեց մի կին, մատները բերանը դրած, սուլելով աղավնիներ է ճախրեցնում: Սաթենն է` Սաքոյի մայրը:
ՍԱՔՈ — Սաթեն, Անին արթնացավ:
Սաթենը ճարպկորեն իջնում է տանիքից, մտնում տուն:
ՍԱԹԵՆ — Ինչպես ես, աղջիկս… (Ձեռքը դնում է Անիի ճակատին:) Լավ ես:
ԱՆԻ — Ես որտե՞ղ եմ…
Սաթենը բաժակը մոտեցնում է Անիի շուրթերին:
ՍԱԹԵՆ — Խմիր, աղջիկս, ամեն ինչ կանցնի: Իմ քաշած օղին է:
Անին խմում է: Սոսկալի թունդ խմիչքը նրան շանթահարել է:
ՍԱԹԵՆ — Առավոտ քեզ ծովի ափին գտա… թրջված, ուշաթափ: Ամեն առավոտ, ամառ-ձմեռ, լույսը չբացված գնում եմ ծովում լողանալու… (Բարձրացնում է Անիի փեշը, Անին փորձում է կանխել:) Տեսնեմ, ի՞նչ ես հագել: Շորերդ չորացել են, կարող ես փոխել: Ես մի օր վարտիք հագնեմ՝ կմեռնեմ:
Դրսում` աղմուկ: Սաթենը մոտենում է դռանը:
Մի փոքրիկ տղա ելել է Վասիլի շալակը, բռնել ականջներից, հրճվանքով գոռգոռում է: Շուրջը վազվզում են մյուս երեխաները:
— Թռչկոտի՛ր… կչկչա… ավելի բա՛րձր…
ՍԱԹԵՆ — Վրույրիկ, այ տղա, իջի՛ր խեղճ անասունի ուսերից… Ո՞ւմ հետ եմ:
Երեխան Վասիլի ուսերից ցած է թռչում, ընկերների հետ փախչում: Վասիլը անօգնական նստում է գետնին… հեկեկում է:
ՍԱԹԵՆ — Վասիլ, մոտ արի… (Վասիլը մոտենում է Սաթենին:) Չե՞ս ամաչում… Եքա էշ ես, երեխայի պես լաց ես լինում: Հեռու չգնաս, ինձ պետք ես:
Սաթենը թաշկինակով սրբում է նրա քիթը, մտնում ներս: Անին վեր է կացել, հիանում է հագի զգեստով:
ՍԱԹԵՆ — Դեռ չե՞ս փոխվել… Այդ հագուստը կարող ես քեզ պահել:
Անին գրկում է Սաթենին: Ներս է մտնում Վահեն:
ՎԱՀԵ — Անի… Ինձ ասել էին, որ հիվանդ ես…
ԱՆԻ — Չէ, լավ եմ:
ՎԱՀԵ — Էդ ի՞նչ ես հագել:
ԱՆԻ — Նոր հոգևոր զգեստս է… հավանո՞ւմ ես:
Սաթենը մոտենում է Անիին, համբուրում ճակատը:
ՍԱԹԵՆ — Գնանք բակ, գյուղը մեզ է սպասում:
Ելնում են դուրս, մոտենում գետնին նստած սեղանավորներին: Բոլորը ոտքի են կանգնում: Շփոթված դադարից հետո Սաթենը նստում է գետնին:
ՍԱԹԵՆ — Վասիլ, մոտ արի… Գլուխդ կարող ես ծնկիս դնել: (Վասիլը ծնկում է Սաթենի ոտքերի մոտ:) Առանց քեզ ես չէի կարող այս խոսակցությունը սկսել: Նստեք, ի՞նչ եք կանգնել: Աղջիկս, դու էլ նստիր: Բացի Սաքոյից, քեզնից ու էս հայվանից, բոլորն արդեն տեղյակ են: Ես գնում եմ երկիր, մեռնելու: (Մի պահ լռություն, գոգին է իջեցնում Վասիլի՝ իրեն նայող գլուխը:) Հիմա ուզում եմ ավելին խոստովանել. առանց սիրո ես չեմ կարող… Իսկ այս հողի վրա չկա այն վայրը, որտեղ կարող եմ ինքնասպան լինել: (Նորից ծնկին է սեղմում Վասիլի վեր հանած գլուխը:) Ամուսնության օրհնությունը կատարվեց գիշերը, Անիի մայր տաճարում… Ես սիրահարվեցի մեզ ամուսնացնող բարձրաստիճան հոգևորականին… Երեկ, աղավնիներին թռցնելիս հանկարծ հասկացա, որ առանց այդ սրիկայի այլևս ապրել չեմ կարող: Այդ գաղտնիքն իմ խաչն է եղել: Ինձ համար էլ առաջին անգամն եմ բարձրաձայնում: Դա սեր չէ, աղետ է, խաչելություն… Մարդուն երբեք չեն ներվում չգործած մեղքերը: Չէ, ես նրա մոտ չեմ գնում: Մտքներովդ ոնց կարող է նման բան անցնել… Ես սահմանը անցնեմ, հենց էնտեղ` Անիում էլ կմեռնեմ…
Բոլորը, թե մեծ թե փոքր, ոտքի կանգնած երգում են… Երգում են մեղմ, հրաշալի: Սաթենը հուզմունքը խեղդում է Վասիլի վրա կատաղելով:
ՍԱԹԵՆ — Փսլնքոտ… գոգնոցս լրիվ թրջեցիր… Լացկան անասուն, կորիր աչքիցս: (Վասիլը հեռանում է, կծկվում Սաթենի տան շեմին, գլուխը խցկում ծնկների մեջ, բարձրաձայն հեծկլտում:) Գլխիս աղոթք կարդա, աղջիկս:
ԱՆԻ — Սաթեն մայրիկ… Ես չեմ կարող:
ՍԱԹԵՆ — Կարող ես: Հազար տարվա կարոտը քեզ համար ոչինչ չարժե՞:
Անին սկսում է աղոթել: Գյուղացիներն իրենց երգով ուղեկցում են աղոթքը: Շուրջը թեթևակի մշուշ է պատում: Քիչ հեռու հայտնվել է Գիսանեն ճերմակ զգեստով: Սաթենը ոտքի է կանգնում:
ՍԱԹԵՆ — Գնամ, քանի Սաքոն չի եկել:
ԱՆԻ — Սաքոն ո՞ւր է:
ՍԱԹԵՆ — Օձասարում… Նրա նայելու ժամն է: Աղջիկս, աչքդ նրա վրա պահիր: Շնորհակալ եմ: Առանց խոստովանության մեռնելը դժվար կլիներ: (Վասիլի գլխին բամփելով:) Հայդե, գնացինք… (Վերցնում է ուտելիքի կապոցը:) Դե, մնաք բարով: Աստված ձեզ հետ…
Սաթենը լուռ հեռանում է դեպի Գիսանեն: Անին ներողություն հայցելով շտապում է նրա ետևից: Անիին է հետևում Վահեն:
ՎԱՀԵ — Անի, խնդրում եմ, վերադառնանք քաղաք: Երգչախմբի փորձերը պիտի շարունակել:
ԱՆԻ — Տեսա՞ր, ինչ հրաշալի էին երգում: Նրանց հետ փորձեր արա, կիրակի եկեղեցում Սաթենի համար պատարագ ենք անելու: Չհիասթափեցնես ինձ, խնդրում եմ: (Թեթև համբույր:)
Երիտասարդ մի կին ափսեից ձու է վերցնում, փորձում է կոտրել… ձուն հում է: Ծիծաղ:
Հեռվում Գիսանեի հետ հեռացող Սաթենը կանգ է առնում, շրջվում, նրան է հասնում Անին: Շարունակում են լուռ քայլել:
ՍԱԹԵՆ — Աղջիկս, ես սպասում էի, որ ինձ ուղեկցես: Խոստովանությունս կիսատ մնաց: Նա սովորական տերտեր չէր… հետագայում կաթողիկոս դարձավ: Առաջին անգամն եմ նրա անունը բարձրաձայն տալիս. Պետրոս Գետադարձ:
ԱՆԻ — Ո՞նց… այն…
ՍԱԹԵՆ — Այո, Անին վաճառած այն դավաճանը, հրեշը, սատանան… Ներիր, Վասիլ:
(Լուռ քայլում են:) Աղջիկս, իսկ հիմա ետ դարձիր… Վասիլ, այս կապոցը տար Սաքոյին:
Անին վերցնում է կապոցը:
ԱՆԻ — Սաթեն մայրիկ, ես կտանեմ:
ՍԱԹԵՆ — Վասիլ, Անիին ուղեկցիր: (Գնալուց առաջ մի պահ ետ է շրջվում:) Վասիլ, հանկարծ ետևիցս չգաս: Լսեցի՞ր, ինչ ասացի… Թոնրի մեջ քեզ համար ուտելիք եմ թողել:
Մի պահ` դադար: Անին թաքցնում է արցունքները: Վասիլն անզոր է լացը զսպել: Սաթենը գնալիս նորից է շրջվում: Վասիլը խոնավ, վախեցած աչքերը հառում է նրա վրա:
ՍԱԹԵՆ — Քիթդ սրբիր… Մի բան էլ. զգույշ կլինես, վրադ գեշ երազ եմ տեսել:
Գիսանեի հետ դանդաղ հեռանում են:
Լանջն ի վեր բարձրացող Անին ու Վասիլը. Վասիլը հուզված է:
ՎԱՍԻԼ — Ո՜նց էր ինձ գործի դնում… Ոչ մեկդ նրա փորձառությունը չունեք: Ինքն է ինձ բռնել: Հա, հա… ընկել էի թոնիրը, ոտքս կոտրել, ճակատիս ասեղ խրեց, ու ես տեսանելի դարձա: Առանց Սաթեն ես ի՞նչ եմ անելու…
ԱՆԻ — Սաքոն այս ժամերին Օձասարում ի՞նչ է անում:
ՎԱՍԻԼ — Ո՞նց թե, նայում է… Սարի տակ, ձորում օձերի պատերազմ է եղել: Էսօրվա պես հիշում եմ. տարբեր տեղերից եկած հազարավոր օձեր էին հավաքվել: Ձորի մեջ, արջի ջրաղացի մոտ: Ավերածության հետքերը էսօր էլ դեռ կան… ջրաղացպանը արջ է, դրա համար էլ արջի ջրաղաց է կոչվում: Բայց դու որ գնաս, քո աչքին մարդ կերևա. բայց արջ է: Օձերի պատերազմից հետո ձորի քարերը աճում են… հա, հա, երկարում են: Հրեն, էն էլ` Սաքոն… Նայում է:
ԱՆԻ — Վասիլ, դու ազատ ես:
ՎԱՍԻԼ — Ես միշտ էլ ազատ եմ:
ԱՆԻ — Ինձ մենակ թող:
ՎԱՍԻԼ — Ախր, ինձ թարս պիտի հրամայել… (Կատաղած հեռանում է:) Էս ի՞նչ մարդիկ են… թարս խոսել չսովորեցին:
Անին մոտենում է ժայռի պռնկին նստած Սաքոյին:
ԱՆԻ — Բարև… Ես ուտելիք եմ բերել: Հետս չե՞ս խոսում:
ՍԱՔՈ — Դու ինձ խանգարում ես:
ԱՆԻ — Ես գնա՞մ…
ՍԱՔՈ — Չէ: (Լռություն. բացում է կապոցը… լուռ ծամում:)
ԱՆԻ — Սաքո… Կիրակի պատարագ ենք անելու, ողջ գյուղը մասնակցելու է:
ՍԱՔՈ — Ինձ հետ գործ չունեք: Իմ մեջ հավատ չկա:
ԱՆԻ — Աստծուն չհավատալը մեղք չէ, բայց չի կարելի թույլ տալ, որ Աստված քեզ չհավատա… (Որոշ ժամանակ լուռ են:) Իսկ ճի՞շտ է, որ ձորի քարերը աճում են:
ՍԱՔՈ — Չէ… Էլ չեն երկարում… Արդեն մի շաբաթ է:
ԱՆԻ — Սաքո… Սաթենը…
ՍԱՔՈ — Սաթենը՝ ի՞նչ… Գնաց երկի՞ր… Ես զգում էի: Նա էլ չի վերադառնա: (Գլուխը կախում է ծնկների մեջ:) Թո՛ղ ինձ:
Սաքոն վեր է կենում, հրելով ձորն է գլորում հսկայական քարեր: Հանկարծ շփոթահար կանգ է առնում. երկնքով ճախրում է այրվող աղավնի: Սաքոն բռնում է Անիի ձեռքը, տանում նրան իր ետևից:
ՍԱՔՈ — Գնացի՛նք:
ԱՆԻ — Ի՞նչ է եղել…
ՍԱՔՈ — Չգիտեմ: (Ձեռքից քաշելով:) Արա՛գ:
ԱՆԻ — (ձեռքն ազատելով): Կամաց, ցավեցնում ես:
Սաքոն գրկում է նրան, վազում: Անին ծիծաղում է: Սաքոն կանգ է առնում, նոր ասես գիտակցելով գրկի թանկարժեք բեռը՝ Անիին զգուշորեն իջեցնում է: Շփոթահար իրար են նայում:
ՍԱՔՈ — Սկզբում ես քեզ չէի հավատում: Հետո՞ ինչ, որ ցուլին կենդանացրիր… Բայց հետո… (Լռություն:)
ԱՆԻ — Հետո` ի՞նչ…
ՍԱՔՈ — Հետո… Երբ տեսա եկեղեցում պարելիս, հավատացի:
ԱՆԻ — Ուրեմն այդ դո՞ւ էիր…
Հանկարծ Անին ճչում է: Լանջն ի վար դեպի նրանց է գլորվում հսկայական մի քար: Վերջին պահին Սաքոն Անիին գրկելով մի կողմ է նետվում: Գլորված քարի հետագծով վազքով հայտնվում է հևասպառ Գիսանեն ճերմակ, ծավալվող շրջազգեստով:
ԳԻՍԱՆԵ — Ես չէի ուզում… Այդպես ստացվեց… Սաքո, ներիր, խնդրում եմ…
ՍԱՔՈ — Գյուղում ի՞նչ է եղել:
ԳԻՍԱՆԵ — Ոչինչ, Վասիլը Սաթենի աղավնատունն է վառել:
ՍԱՔՈ — (ցնցված): Ի՞նչ… (Վազում է դեպի գյուղ:)
Գիսանեն ու Անին շարունակում են լուռ քայլել:
ԱՆԻ — Սաթենն ի՞նչ եղավ:
ԳԻՍԱՆԵ — Համբուրեց մայր տաճարի պատի քարերը, հետո… մառախուղ դարձավ:
Որոշ ժամանակ լուռ քայլում են:
ԱՆԻ — Գիսանե, դու…
Գիսանեն ծնկի է գալիս, գրկում Անիի ոտքերը:
ԳԻՍԱՆԵ — (լացակումած): Ես բոլորին եմ սիրում… ու խանդում բոլորին:
Անին շոյում է նրա մազերը, ապա շրջվում և շտապում է գյուղ:
Իրար գլխի հավաքված գյուղացիները լուռ նայում են բոցերի մեջ կորած աղավնատանը: Սաքոն մոտենում, ոտքով ջարդում է աղավնատան դուռը: Ապա շրջվում է դեպի հեռվում կանգնած Վասիլը:
ՍԱՔՈ — Մոտ արի:
ՎԱՍԻԼ — Չեմ գա:
ՍԱՔՈ — Մոտ արի, ասացի:
Վասիլը գլխիկոր մոտենում է Սաքոյին: Սաքոն ձգում է նրա ականջը:
ՎԱՍԻԼ — Մի ծեծիր, բացատրիր՝ կհասկանամ:
ՍԱՔՈ — Ինչո՞ւ այդ բանը արեցիր:
ՎԱՍԻԼ — Ես չգիտեմ: (Լացակումած:) Սաթենը չթողեց, որ իր ետևից գնամ:
Հայտնված Անին մոտենում է վառվող հավաբնին… մտնում կրակի մեջ: Պատկերը կորում է թանձր մշուշում: Սաքոն նետվում է նրա ետևից:
Երբ մշուշը դանդաղորեն ցրվում է, կրակը մարել է: Մոխրացած հավաբնում կանգնած է Սաքոն, գրկին` Անին: Մրի մեջ կորած են:
Պատկերը ամբողջացնում են կենդանացած ճախրող աղավնիները: Ոգևորություն, ծափեր: Սաքոն Անիին զգուշորեն իջեցնում է:
Քիչ հեռվում հայտնվել է Գիսանեն: Մերկ մարմինը ծածկում է երկար մազերը: Գյուղացիները երեխաների հետ հեռանում են իրենց տները:
Անին մոտենում է քիչ հեռվում կանգնած Վահեին: Վահեն գրկում է նրան: Սաքոն մոտենում է նրանց, դիմում Վահեին:
ՍԱՔՈ — Գնանք, Սաթենի օղուց մի-մի բաժակ խմենք: (Քայլում են դեպի տուն:) Վասիլ, դու էլ արի… Մի վախենա, չեմ խմեցնի:
Մի գեղջկուհի թևանցուկ է անում Անիին, ուղեկցում տուն: Սաթենի տանը: Սաքոն օղու բաժակը պարզում է Վահեին:
ՍԱՔՈ — Վահե, ես գնում եմ երկիր, հորս մոտ: Ոչինչ մի ասա: Սաթենի կենացը… (Մոտենում, մի կողմ է քաշում պատուհանի վարագույրը: Պատուհանից այն կողմ Գիսանեն է:) Ի՞նչ ես ուզում:
ԳԻՍԱՆԵ — Սաթենը…
ՍԱՔՈ — Գիտեմ: (Մոտենում է, լցնում օղու բաժակները:)
ԳԻՍԱՆԵ — Երբ մշուշը ցրվեց, նա արդեն չկար:
Վահեն, բաժակը դատարկելով, դիմում է Սաքոյին:
ՎԱՀԵ — Սաքո, պատարագին այստեղ եղիր, հետո կգնաս:
Սաքոն շրջվում է դեպի Գիսանեն, վերջինս ժպտում է:
ՍԱՔՈ — Ինչո՞ւ ես ժպտում:
ԳԻՍԱՆԵ — Դեմքդ մրոտ է:
ՍԱՔՈ — (բղավում է): Քանի անգամ եմ ասել, որ այդ տեսքով երեխաների աչքին չերևաս… Ու մառախուղ չանես, հավեսդ չունեմ:
Գիսանեն հեռանում է: Լռության մեջ Վասիլի զուսպ հեկեկոցն է:
ՍԱՔՈ — Սսկվի՛ր:
ՎԱՍԻԼ — Հանիր ճակատիս խրած ասեղը, ես էլ գնամ կորչեմ:
ՍԱՔՈ — Կանհետանաս, բայց չես կորչի:
ՎԱՍԻԼ — Հիմա ես ի՞նչ անեմ:
ՍԱՔՈ — Ինչ պիտի անես, լաց եղիր:
ՎԱՍԻԼ — Յախք…
Ներս է մտնում Անին:
ԱՆԻ — Վահե, մարդիկ քեզ են սպասում, երգչախմբի փորձն է:
Անին դուրս է ելնում, Վահեն հետևում է նրան: Վասիլը քայլում է դեպի դուռը:
ՍԱՔՈ — Ինչ է, Վասիլ, դու է՞լ ես պատարագի փորձին գնում: (Ծիծաղում է:)
ՎԱՍԻԼ — Զզվում եմ քեզնից: (Հեռանում է:)
Եկեղեցում պատարագի փորձ է: Մեծ ու փոքր` երգում են: Երգում են հրաշալի: Անին եկեղեցուց դուրս է գալիս, հուզված է: Նստում է քիչ հեռու, մամռապատ քարաբեկորի վրա: Թփերի մեջ խշշոց է լսվում: Հայտնվում է Վասիլի վախեցած, արցունքախառն դեմքը:
ԱՆԻ — Վասի՞լ… Ինչ է, պատարա՞գ ես լսում:
ՎԱՍԻԼ — Անի, քույրիկ, խնդրում եմ, ոչ մեկին չասես:
Անին ծիծաղում է: Նրանց է մոտենում Գիսանեն՝ շղարշե կարմիր զգեստով:
ԳԻՍԱՆԵ — Երբ սատանան պատարագ է լսում, եկեղեցում վառվող մոմերը ապուշանում են:
ՎԱՍԻԼ — (խեղճացած): Գիսանե, խնդրում եմ… Ախր, ուզածս ի՞նչ մի մեծ բան է:
ԱՆԻ — Գիսանե, ուզածն ի՞նչ է…
ԳԻՍԱՆԵ — Որ մառախուղ անեմ, պատարագը մոտիկից լսի:
ՎԱՍԻԼ — (անկարող է լացը զսպել): Երբ ուզում եմ՝ մառախուղ չլինի, մառախուղ է անում, իսկ երբ ուզում եմ…
ԳԻՍԱՆԵ — Լպիրշ…
ՎԱՍԻԼ — Հը՜… ինչ կլինի, որ մի օր էլ առավոտները լողանալիս մառախուղ չանես: Ախր, քեզնից ի՞նչ աստվածուհի…
ԳԻՍԱՆԵ — Ախր, քեզնից ի՞նչ սատանա… (Ծիծաղում է:)
ԱՆԻ — Ախր, ինձնից ի՞նչ մարգարե… (Ծիծաղում է:)
Ծիծաղում է նաև Վասիլը: Անզուսպ ծիծաղը շարունակվում է, վերածվելով թռչկոտման, ապա և` աննորմալ պարի: Եկեղեցուց դուրս եկած գյուղացիները ապշած նրանց են նայում: Զվարճացող եռյակը սթափվելով դանդաղորեն հեռանում է թանձրացող մշուշում: Երբ մշուշը մեղմանում է, քիչ առաջվա իրավիճակն է. եկեղեցում պատարագ է, նրանց է մոտենում Գիսանեն շղարշե կարմիր զգեստով:
ԳԻՍԱՆԵ — Երբ սատանան պատարագ է լսում…
ՎԱՍԻԼ — (մեջ է ընկնում): Եկեղեցում վառվող մոմերը ապուշանում են… Հը՛, ի՞նչ ես նայում: Ախր, քեզնից ի՞նչ աստվածուհի…
ԳԻՍԱՆԵ — Ախր, քեզնից ի՞նչ սատանա…
ԱՆԻ — Ախր, ինձնից ի՞նչ մարգարե…
Այս անգամ ծիծաղ չկա: Շփոթված իրար են նայում:
— Գիսանե, այս ի՞նչ արեցիր…
— Ժամանակը ոնց որ ետ գնաց: Ես էլ չհասկացա, գուցե դո՞ւ արեցիր…
— Ես հազիվ մառախուղ անեմ… (Վասիլին.) Հասկացա, դու մնա քո մառախուղի ու պատարագի հետ…
Անին ու Գիսանեն խորանում են մառախուղի մեջ: Սկսված քամին մշուշի մեջ ծավալում է Գիսանեի հագուստի կարմիր շղարշը: Իրար ձեռք բռնած, հրճվանքով պոկվում են գետնից, ճախրում մառախուղի մեջ:
ԳԻՍԱՆԵ — Հիմա մենք ութերորդ երկնքում ենք: Դա հենց մեր երկինքն է… աշխարհը, որտեղ ապրում ենք: Բայց այն պիտի կարողանալ տեսնել… (Ոգևորված պտտվում է:) Այստեղ երգ է պետք… Իսկ ես բոլոր երգերս մոռացել եմ: Դու էլի հարցնում ես, թե ի՞նչ աստվածուհի եմ. չգիտեմ ու չեմ ուզում իմանալ: Իսկ մարդիկ մոռացել են ավելին՝ չեն հիշում, որ իրենք աստվածներ են… Ես գոռալու աստվածուհին եմ, ութերորդ երկնքի աստվածուհին: Երգի աստվածուհին, ով մոռացել է իր երգը… (Ոգևորված պարում է, մշուշի մեջ քամին ծավալում է նրա կարմիր զգեստը:) Կուզեի լինել թատրոնի աստվածուհին… «Լինել, թե չլինել… սա է խնդիրը, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»… Սուտ է: Դա խնդիր չէ: Խնդիրը` լինելը հայտնաբերելն է, ամեն պահի մեջ ծնվելը… Տեսնելու երկինքը, որը երեկվա չի լինում… Թատրոնը՝ դա տրագեդիան է և կոմեդիան: Բայց ողբերգության հակառակը կատակերգությունը չէ, ուրախությունն է, ոգևորությունը: Դա է ճշմարիտ թատրոնը, իմ թատրոնը: Հույս-հավատ-սերը որպես ուրախություն, որպես մի բառ… (Լրջանում է. քամին դադարում է, մշուշը` նոսրանում: Նստած են ժայռաբեկորին, մշուշից ամբողջովին թրջված:) Հիշեցի… Ես հենց այդ բանի աստվածուհին եմ… Հույս-հավատ-սերը` որպես մի բառ: Մարդուն աստվածացնող բառը, որը մոռացվել է: Բառ, որը հիմա չկա… Մրսեցի: (Բռնում է Անիի ձեռքը, տանում նրան իր ետևից:) Գնանք Գասպարի մոտ թեյ խմելու:
ԱՆԻ — Գասպարն ո՞վ է…
ԳԻՍԱՆԵ — Գասպարը, ջրաղացպանը:
ԱՆԻ — Էն, որ ա՞րջ է:
ԳԻՍԱՆԵ — Վասի՞լն է ասել, էդ ապո՞ւշը: Նա Գասպարից, ինչպես արջից, սարսափում է:
Ձորի մեջ հին ջրաղաց է: Գիսանեն հրում է դուռը:
ԳԻՍԱՆԵ — Գասպա՛ր… Ուր որ է, կգա: Նա հեռու չի գնում: Ասեմ, որ նա չի խոսում, երգում է: Միշտ նույն երգը:
Դռան մեջ հայտնվել է Գասպարի հսկայական ուրվագիծը: Երբեմնի ճերմակ գոգնոցով է, խռիվ մազերով: Քթի տակ թնկթնկում է:
ԳԻՍԱՆԵ — Գասպար, մեզ տաք թեյ տուր:
ԱՆԻ — Բարի օր, եղբայր Գասպար, ես Անին եմ:
ԳԻՍԱՆԵ — (ցածրաձայն): Ես չեմ խոսում, միայն երգում եմ:
Գասպարը քթի տակ երգը շարունակելով վերցնում է թեյնիկը, դուրս ելնում: Գիսանեն խոսում է կիսաձայն:
ԳԻՍԱՆԵ — Նա գյուղի ամենաավագն է… Մոկացի Գասպարը… Երեք մոգերից մեկը, ով գնացել էր աստղի ետևից՝ նորածին մանկանը տեսնելու:
Ներս է գալիս Գասպարը` եռացող թեյնիկը ձեռքին, լցնում է բաժակները: Ծալապատիկ նստում է գետնին: Լռությունը խախտում է Գիսանեի ձայնը:
ԳԻՍԱՆԵ — Գասպար, ինչո՞ւ չես երգում:
ԳԱՍՊԱՐ — (ցածր, դողացող ձայնով): Քույր Անի… Ես կործանված եմ… Իմ այս քնձռոտ տարիքում սիրահարվել եմ… Ողորմեա ինձ, կամ նզովիր…
ԳԻՍԱՆԵ — Գասպար, իզուր խոսեցիր: Եվ հետո, դա ի՞նչ ասելու բան է…
ԱՆԻ — Ճիշտ է, Գասպար… Սիրելը մեղք լինել չի կարող:
ԳԱՍՊԱՐ — Ես խոսեցի, դա վատ նշան է:
ԳԻՍԱՆԵ — Չլինի՞ վատ երազ ես տեսել:
ԳԱՍՊԱՐ — Ինչ է, դու չե՞ս տեսել:
Անիի ձայնի մեջ ընդգծված հարգանք կա:
ԱՆԻ — Գասպար եղբայր, միասին բարձրանանք գյուղ, մարդկանց մեջ:
Մի պահ լռելուց հետո Գասպարը փնթփնթում է:
ԳԱՍՊԱՐ — Եթե Աստված մարդու պոչը չկտրեր, նա իր քիթն ամեն տեղ չէր խոթի: (Լռություն:) Քույր Անի… Իսկ ում սիրահարվել եմ, եթե աստվածուհի՞ է…
Գիսանեն իրեն կորցնում է:
ԳԻՍԱՆԵ — Հիմար, հիմար դուրս ես տալիս:
Գասպարը կատաղում է:
ԳԱՍՊԱՐ — Ձա՛յնդ… կնիկարմատ, դա քո խելքի բանը չէ:
ԳԻՍԱՆԵ — Լեզուդ բացվե՞ց… Մոգիս տեսեք…
ԳԱՍՊԱՐ — Լռի՛ր, թե չէ կխեղդեմ:
ԳԻՍԱՆԵ — Չեմ լռի, վայրենի անասո՛ւն, ա՛րջ…
Նրանց վեճը շարունակվում է դրսում, երկնքի տակ: Կատաղի վեճը լրացնում է փլուզումը, ամպրոպը, տեղատարափը… հետո նաև` անթափանց մառախուղը:
ԳԱՍՊԱՐ — Ի՞նչ ես լաչառ կնկա ձենդ գլուխդ գցել…
ԳԻՍԱՆԵ — Քարանձավում փակված մի նոր Փոքր Մհեր, չէ՛ մի…
ԳԱՍՊԱՐ — Աստվածուհի՜, արածդ ի՞նչ է՝ մառախուղ միայն… ջադո՛ւ…
ԳԻՍԱՆԵ — Ա՛րջ, ա՛րջ, ա՛րջ…
Ամպրոպի որոտի մեջ խլացող արջի ոռնոց… հաջորդում է անսպասելի լռություն: Մշուշի մեջ հնչում է Անիի տագնապած ձայնը:
ԱՆԻ — Գիսանե՛… Գասպա՛ր եղբայր, ի՞նչ պատահեց, ձա՛յն հանեք…
Մշուշը մի պահ ճեղքող կայծակի լույսի տակ նշմարվում են համբուրվող Գասպարն ու Գիսանեն:
Գյուղամիջում իրարանցում է: Մեծահասակները փորձում են սաստել ու տուն տանել երեխաներին, ովքեր շրջապատել, թռչկոտում են երկար վեղարով ծերունու շուրջ, զվարճանում, ծաղրում են նրան: Ծերունու մեջքին` եկեղեցու հնամաշ դուռ է: Մի ճարպիկ տղա բարձրացել, նստել է դռան վրա: Ծերունին նրանցից ազատվելու առանձնակի փորձեր չի անում:
— Վրույրիկ, իջի՛ր վեհափառի մեջքից… Ո՞ւմ հետ եմ…
— Նանե, չի՛ կարելի, անհարմար է… Արի, գնում ենք եկեղեցի…
— Երվանդիկ, չե՞ս ամաչում… շուտ արի՛… փորձից ուշացանք:
Ի վերջո, բոլորը հեռանում են: Բակը դատարկվում է: Հոգնած ծերունին նստել է գետնին: Կողքին Վասիլն է:
ՎԱՍԻԼ — Պետրոսի հետ նստել ենք կողք-կողքի:
ՊԵՏՐՈՍ — Երբ մանուկ ես, օրերը արագ են թռչում, իսկ տարին ձգվում է անվերջ: Ծերության ժամանակ օրը ձգվում է անվերջ, իսկ տարիները թռչում են: Իմ ժամանակը հազար տարի է՝ կանգ է առել…
ՎԱՍԻԼ — Պետրոս, տար ինձ քեզ հետ Ամերիկա:
ՊԵՏՐՈՍ — Ամերիկա չկա: Դա նույն Հնդկաստանն է, հայտնաբերած հակառակ կեղմից: Իսկ իմ թշվառ երկիրը ոչ ոք չհայտնաբերեց. ոչ մի կողմից:
ՎԱՍԻԼ — Կուզե՞ս, Սաթենի քաշած օղուց մի բաժակ թռցնեմ-բերեմ:
ՊԵՏՐՈՍ — Վասիլ, հարցրու՝ ինչո՞ւ եմ եկել:
ՎԱՍԻԼ — Ես գիտեմ:
ՊԵՏՐՈՍ — Անհնար է դժոխք գնալ առանց գոնե հեռվից նրան տեսնելու:
ՎԱՍԻԼ — Մի փոքր ուշացել ես, Սաթենը չկա: Առավոտյան գնաց Անի, մայր տաճարի մոտ մեռնելու:
Պետրոսը ապշած նայում է նրան: Վասիլի աչքերը արցունքոտվում են: Անին մոտենում է ժայռի պռնկին նստած Սաքոյին:
ՍԱՔՈ — Ինչո՞ւ ես եկել: (Անին լուռ նստում է նրա կողքին:) Ներիր, դա չէի ուզում ասել:
ԱՆԻ — Ուրեմն դու է՞լ ես որոշել Երկիր գնալ:
ՍԱՔՈ — Վասի՞լն է ասել… այդ բերանբացը:
ԱՆԻ — Երևի ճիշտը ի՛մ հեռանալն է:
ՍԱՔՈ — Դու կապ չունես: Ես հորս մոտ եմ գնում:
ԱՆԻ — Իսկ եթե ես է՞լ գամ քեզ հետ… (Սաքոն մի պահ նայում է նրան, նորից շրջվում: Լուռ են:) Ներիր, դա չէի ուզում ասել:
ՍԱՔՈ — Եվ հետո, դու այս մարդկանց պետք ես:
ԱՆԻ — Իսկ դու, ինչ է, պետք չե՞ս:
ՍԱՔՈ — Չգիտեմ… Չէի մտածել:
Հնչում է Պետրոսի դողդոջ ձայնը:
ՊԵՏՐՈՍ — Վասիլ, տար ինձ եկեղեցի:
Պետրոսը ծանրորեն վեր է ելնում, Վասիլի հետ քայլում դեպի եկեղեցի: Պետրոսի ետևից աղմուկով քարշ են գալիս երկար փեշից երեխաների կապած զանազան տուփեր, թեյնիկ, ցախավել… ոտքից կապած հավ:
ԱՆԻ — Սաքո, ասա անկեղծ… կուզեի՞ր՝ ես միշտ կողքիդ լինեի:
Երկար լռությունից հետո հնչում է Սաքոյի անշտապ ձայնը:
ՍԱՔՈ — Իզուր հարցրիր… Կուզեի: Բայց չէի ուզի՝ առավոտյան արթնանալիս կողքիս լինեիր… Սիրտս կպայթեր:
ԱՆԻ — Խելառ… (Գլուխը դնում է Սաքոյի ուսին: Սաքոն ցնցվում է:)
ՍԱՔՈ — Գե՛տը…
ԱՆԻ — Գետը՝ ի՞նչ…
ՍԱՔՈ — Թարս է հոսում:
ԱՆԻ — Այսի՞նքն…
ՍԱՔՈ — Գետը թարս է հոսում… Վատ նշան է, այդ անասունը եկել է:
ԱՆԻ — Ո՞վ:
ՍԱՔՈ — Պետրոս Գետադարձը:
ԱՆԻ — Անին վաճառած կաթողիկո՞սը:
ՍԱՔՈ — Գնացինք, արա՛գ… Ամեն հայտնվելիս իր հետ աղետ է բերում. Ադանայի կոտորածից առաջ, Ղարսի անկման նախօրյակին… (Կանգ է առնում, սպասում է, որ Անին մոտենա:) Անիից հեռանալիս նա շալակն է առել ու տարել Հովվի եկեղեցու դուռը: Բայց դուռը մեջքից այդպես էլ պոկ չի եկել:
ԱՆԻ — Այսի՞նքն…
ՍԱՔՈ — Արա՛գ… Չի կարելի թույլ տալ, որ գետը երկար ժամանակ ետ հոսի:
Եկեղեցուց հնչող պատարագը լռում է: Եկեղեցու դռան մեջ հայտնվում են եկեղեցուն մոտեցող Պետրոսին ու Վասիլին նայող տագնապած դեմքեր: Հերթով դուրս են գալիս, Պետրոսին լուռ շրջանցելով հեռանում: Եկեղեցուց վերջինը դուրս է ելնում Վահեն: Պետրոսը մտնում է եկեղեցի, Վասիլը նստում է մուտքի մոտ: Եկեղեցուն մոտեցող Անիին ու Սաքոյին ընդառաջ է գալիս Վահեն.
ՎԱՀԵ — Պետրոս Գետադարձը եկեղեցում է:
Միանում է նրանց, երեքով լուռ քայլում են դեպի եկեղեցի: Եկեղեցու խորանի առջև տապալվել է Պետրոսը: Գմբեթի տակ տագնապած աղավնիները թարս են ճախրում: Ներս է մտնում Անին Սաքոյի և Վահեի ուղեկցությամբ: Պետրոսը, նկատելով Անիին, շփոթվում է.
ՊԵՏՐՈՍ — Սաթե՞ն…
ԱՆԻ — Ես Անին եմ:
Պետրոսը մոտենում, ծնկի է իջնում Անիի առջև: Սաքոն մոտենալով բռնում է նրա օձիքից, փորձում ոտքի կանգնեցնել:
ՍԱՔՈ — Անասուն, ինչո՞ւ ես եկել, էլի ի՞նչ աղետ ես բերել հետդ:
Անին ձայնը բարձրացնում է:
ԱՆԻ — Սաքո, դո՛ւրս եկեղեցուց…
Պետրոսի դողդոջ ձայնը:
ՊԵՏՐՈՍ — Էլ ի՞նչ աղետ… Ինքս արդեն իսկ աղետ եմ: Անի, աղջիկս, ինձ թողություն չկա, հաշտեցրու ինձ մեղքերիս:
ԱՆԻ — Տղաներ, դրսում սպասեք, խնդրում եմ:
Սաքոն ու Վահեն եկեղեցուց դուրս են գալիս: Սաքոն նստում է մուտքի մոտ, Վասիլի կողքին: Վահեն անհանգիստ ետ ու առաջ է քայլում:
Վասիլը շրջվում է դեպի Սաքոն:
ՍԱՔՈ — Մի՛ սուլիր:
Սաքոն նայում է նրան, լռում: Վասիլն ինքն է փորձում սուլել, ապա շրջվում է դեպի Սաքոն:
ՎԱՍԻԼ — Պիտի տեսնեիր՝ ոնց էր սուլում Տրդատը Մայր Տաճարը սարքելիս… Բա Չարենցը… (Անհանգիստ քայլող Վահեն ակամա հետևում է նրա խոսքերին:) Բայց ոչ ոք Սաթենի նման սուլել չէր կարող: Խելքս գնում էր նայել, թե ինչպես էր նա սուլելով գորգ գործում: Նրա մատների մեջ միստիկական մի բան կար…
Եկեղեցու ներսում Անիի առջև ծնկի իջած Պետրոսն է:
ՊԵՏՐՈՍ — Հազար տարվա սպասումից հետո` մի քանի ժամով ուշացա… Մեջքիս նաև հազարամյա կարոտի բեռն է:
ԱՆԻ — Այդ ամենը ես գիտեի:
ՊԵՏՐՈՍ — Ի՞նչը…
ԱՆԻ — Սաթենը Անի գնալուց առաջ նույն խոստովանությունն արեց… Նույն բառերով:
Գետադարձի մեջքի դուռը պոկվում է, դղրդոցով տապալվում գետնին: Մուտքի մոտ Վասիլը ցնցվում է: Սաքոն ու Վահեն շտապով մտնում են եկեղեցի: Մի պահ անց եկեղեցուց դուրս է ելնում Պետրոսը՝ դեմքը արցունքներով ողողված: Մի քանի քայլ անելուց հետո ծնկում է գետնին: Գլխավերևում հայտնվում է Սաքոն: Պետրոսը քթի տակ քրթմնջում է:
ՊԵՏՐՈՍ — Ինչ անխելք ու անտանելի բան է երջանկությունը:
Սաքոն մտնում է նրա թևը, փորձում ոտքի հանել:
ՍԱՔՈ — Վեր կաց, Պետրոս…Գնանք, Սաթենի քաշած օղուց մի-մի բաժակ խմենք:
Ոտքի ելած Պետրոսը մի պահ նայելով իրեն մոտեցող Անիին, անշտապ բարձրաձայնում է:
ՊԵՏՐՈՍ — Իսկ քաղաք Անին, միևնույն է, կործանվելու էր… Թագավորը կարող է շահամոլ ու կաշառակեր լինել: Կաթողիկոսն` անհավատ ու անբարո: Բայց երբ ռամիկն է շահամոլ ու անբարո, այդ քաղաքը չի կարող չկործանվել:
Սաքոյի թևը մտած Պետրոսը հեռանալիս մի պահ կանգ է առնում, գրպանից հանում է ժանգոտ մի բանալի, մոտենում, պարզում է Անիին:
ՊԵՏՐՈՍ — Վերցրու: Սա դռան բանալին է: Հովվի եկեղեցու…
Անին կարկամած վերցնում է բանալին: Պետրոս Գետադարձը մտնում է Սաքոյի թևը:
ՊԵՏՐՈՍ — Անին էլ ինձ նման ավերակված, միայնակ, թափառական…
Հեռանում են: Վասիլը նրանցից առաջ է ընկնում, թռչկոտելով ուղեկցում: Անին մոտենում է Վահեին, լուռ գրկում նրան: Եկեղեցում պատարագի արարողությունն է: Ողջ գյուղը` մեծից փոքր, այստեղ են: Բոլորը երգում են: Երգում են հրաշալի: Պատարագ վարողը Անին է: Խմբերգի ավարտից հետո շրջվում է դեպի հավաքվածները:
ԱՆԻ — Հիմա սովորաբար քարոզի պահն է: Բայց ինչ հրաշալի է, որ ասելու ոչինչ չկա… Հրաշալի է ապրել այնպես, երբ ապրածդ օրը անցյալ չի դառնում:
Հանկարծ բոլորը ցնցվում են եկեղեցու տագնապ հարուցող զանգերից: Եկեղեցուց դուրս են նետվում: Ժամհարը Վասիլն է: Հեռվում երևում է եկեղեցուն մոտեցող հոգևորականների խումբ՝ ոստիկանի ուղեկցությամբ: Վազքով ժայռեզրին նստած Սաքոյին է մոտենում սևազգեստ Գիսանեն:
ԳԻՍԱՆԵ — Սաքո, քաղաքից մարդիկ են եկել Անիին տանելու… Շտապի՛ր:
Սաքոն վեր է թռչում, կատաղի վազում լանջն ի վեր… Եկեղեցու շուրջ իրարանցում է: Ժողովուրդը, մեծ ու փոքր, ձեռք-ձեռքի բռնած խմբվել, շրջափակել են եկեղեցու մուտքը: Ոստիկանը մեքենայի բարձրախոսով աղմկոտ հայտարարություններ է անում: Սաքոն վազքով մոտենում է դուռը շրջափակած մարդկանց: Նրանք մի կողմ են քաշվում, Սաքոյին թույլ տալով մտնել եկեղեցի: Հոգևորականները ոստիկանի ուղեկցությամբ մոտենում են դուռը շրջափակած գյուղացիներին: Ոստիկանը, չնայած մեքենայից իջել է, բայց նրա ձայնը հնչում է բարձրախոսային անհասկանալի աղմուկով: Հանկարծ, ասես երկնքից, թափվում է ամեն ինչ քողարկող մառախուղի թանձր վարագույրը: Սաստկացած աղմուկ-աղաղակը աստիճանաբար մարում է: Մշուշի մեջ մի պահ երևում է ճերմակ ձիավորը: Բացարձակ լռության մեջ ցրվող մշուշը պարզում է անսպասելի պատկեր: Եկեղեցու շուրջ և ներսում ամայություն է: Մարդիկ անհետացել են: Հոգևորականները շփոթահար են: Տագնապած Վահեն եկեղեցում ներս ու դուրս է անում, այս ու այն կողմ նետվում, ապա վազում դեպի գյուղ… Այստեղ ևս ամայություն է… Բնակության ոչ մի հետք…
Ասես ոչ մի գյուղ էլ չի եղել…