Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ / ԹԱՆԿԱՐԺԵՔ ԴԻԱԿ
Կոմեդիա 2 գործողությամբ
Գործող անձինք
ՌՈԶԻ — անասնաբույժ
ՄԱԳԴԱԼԵՆԱ — օպերային երգչուհի
ԹԱՄԱՐԱ — լրագրող
ԱԼԵՔՍ — կենդանիներ վարժեցնող
ՎԱՐԴԳԵՍ — ոստիկանության քննիչ
ՂԵՎՈՆԴ — քահանա
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Ռոզիի մայրը
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Ռոզիի բնակարանի հյուրասենյակը: Սեղանը՝ տոնական սպասքադրումով: Սենյակի կենտրոնում՝ բազմոց, վրան Թամարայի պայուսակն է: Ձախ կողմում խոհանոցի և ննջասենյակի դռներն են, դրանց մեջտեղում, փոքրիկ սեղանիկի վրա՝ հեռախոսը: Աջ կողմում՝ լոգարանի և Ռոզիի մոր ննջասենյակի դռները: Թամարան՝ տոնական հագնված, խոհանոցից բերում է ափսեներ, շարում սեղանին: Երգում է «Ծնունդդ շնորհավոր» երգը: Դռան զանգ:
ԹԱՄԱՐԱ — Վերջապես եկավ… (Նայելով ժամացույցին:) Չնայած մի փոքր ուշացել է: (Գնում է դուռը բացելու:)
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Հացի փող կտա՞ք…
ԹԱՄԱՐԱ — Իհարկե, սպասեք Խնդրեմ, հայրիկ ջան… (Գալիս, նստում է սեղանի մոտ:) Պատկերացնում եմ նրա ուրախության չափը: Երևի մտածում էր, որ մենակ էր շնորհավորելու ինքն իրեն: Իսկ մենք ո՞ր օրվա համար ենք, եթե նրան պետք է մենակ թողնենք: (Դռան զանգ: Գնում, վերադառնում է նվերների տոպրակները ձեռքին, տոնական հագուկապով, պայուսակն ուսին գցած Մագդալենայի հետ:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Մեր հոբելյարը դեռ չի՞ եկել; (Տոպրակները և պայուսակը դնում է բազմոցին:)
ԹԱՄԱՐԱ — Մի քիչ ուշացավ, բայց անհանգստանալ պետք չէ: Դու նստիր և քեզ զգա ինչպես քո տանը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (նստելով): Այստեղ ինձ միշտ էլ իմ տանն եմ զգացել:
ԹԱՄԱՐԱ — (նստելով): Քիչ առաջ զանգեց, քաղաքում խայտառակ խցանումներ են, բայց հուսանք, որ շուտով կհասնի:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Նրան ասե՞լ ես անակնկալի մասին:
ԹԱՄԱՐԱ — Իհարկե ոչ, էլ ի՞նչ անակնկալ, եթե ասեի: Թող մտնի տուն ու ևս մեկ անգամ համոզվի, որ աշխարհում նրա լավագույն ընկերուհիները մենք ենք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Երևի ուզում էիր ասել՝ քույրերը:
ԹԱՄԱՐԱ — Լավ ընկերուհին լավ քրոջից էլ լավ է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Իհարկե, բայց գիտես, չէ՞, որ նա էշի համառություն ունի: Պատկերացնո՞ւմ ես, իր կենդանիների մասին ավելի շատ է մտածում, քան անձնական կյանքի: Մեքենան էլ առել է հատուկ նրանց համար: Ասում է, որ եթե հանկարծ նրանց մի բան պատահի, վայրկյանի արագությամբ օգնության հասնի: Երևի վերջում էլ իր կենդանիների հետ ամուսնանա:
ԹԱՄԱՐԱ — Ամեն անգամ ձեր կռիվները լսելիս կյանքս կարծես նոր գույնով է լցվում: Դուք ավելի շատ ձեր սերն ու հոգատարությունն եք ցույց տալիս, քան կռվում եք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ախր, նա մեր մանկության ընկերուհին է ու լավ գիտենք նրա համառությունը: Նրան բան հասկացնե՞լ կլինի:
ԹԱՄԱՐԱ — Դրա համար էլ փորձում եմ չհակառակվել: Ժամանակի իզուր կորուստ է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Կարծես կյանքը սկսվում իր այդ կենդանիներով ու հենց նրանցով էլ ավարտվում է: Ախր, ես նրա անձնական կյանքի մասին եմ մտածում:
ԹԱՄԱՐԱ — Դե լա՜վ, մի բողոքիր, մենք էլ մի բարի պտուղը չենք: Մենք էլ ենք մեր անձնական կյանքը մոռացել ու ամբողջովին տրվել ենք աշխատանքին:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բայց մենք գոնե փորձում ենք: Իսկ նա դա էլ չի անում:
ԹԱՄԱՐԱ — Հաստատ մեր կենդանիների հովանավորը կուշանա, ավելի լավ է սուրճ բերեմ: Մի քիչ սրճվենք, մինչև կգա: (Մտնում է խոհանոց:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Չմոռանա՜ս, սուրճը դառը կեփես:
ԹԱՄԱՐԱ — (ներսից): Դա մոռանալու բան չէ՜:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Իսկ տիկին Ջուլիաննան ե՞րբ կվերադառնա: Վերջապես աղջկա ծննդյան օրն է:
ԹԱՄԱՐԱ — (ներսից): Ռոզին ասաց, որ առավոտյան զանգել, շնորհավորել ու ասել է, որ սեմինարնը դեռ շարունակվում է: Բայց ամեն բան կանի, որ հասցնի գալ: Մայրն էլ է նրա նման կենդանիների գովազդով զբաղված: Կենդանիների մասին սեմինարը ո՞րն է… Հա՜, ի դեպ, դու ինչո՞ւ ուշացար: Ռոզիին և տիկին Ջուլիաննային ենք մեղադրում, բայց դու էլ հետևեցիր նրանց օրինակին:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Այսօր օպերային ներկայացումն առանձնահատուկ էր: Սփյուռքից հատուկ հյուրեր էին հրավիրված: Իսկ վերջում, ինչպես միշտ, լուսանկարվել… Այս անգամ հատուկ մեր հյուրերի պատվին կազմակերպված էր հյուրասիրություն: Իսկ ես չէի կարող ներկա չլինել:
ԹԱՄԱՐԱ — (ներսից): Ներիր, իհարկե, բայց այդպես էլ չկարողացա հասկանալ օպերայի էությունը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Դա ոչ թե պետք է հասկանալ, այլ պետք է զգալ:
ԹԱՄԱՐԱ — Դրա համար էլ քո ներկայացումներին չեմ լինում: Որովհետև դու ինձ որպես Մագդալենա ավելի ես դուր գալիս, քան որպես Անուշ կամ Աիդա: (Սկուտեղով ներս է մտնում:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Օպերան ամեն մեկի խելքը բանը չէ: Իսկ քո աշխատանքային օրը ո՞նց անցավ: Երևի պատգամավորների երդումներին էլի հավատացիր ու քո սուտ ռեպորտաժներով մեր խեղճ ու կրակ ժողովրդին հույս տվեցիր, չէ՞:
ԹԱՄԱՐԱ — (սուրճը մատուցելով): Կարծում ես, ինձ դո՞ւր է գալիս խաբելը: Բայց ի՞նչ անեմ, դա էլ իմ աշխատանքն է, դրանով եմ գումար աշխատում, ինչպես դու քո օպերային ձայնով:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հիշում եմ, մանկուց էիր երազում լրագրող դառնալ, որ միայն բարի ու գեղեցիկ հոդվածներ գրեիր:
ԹԱՄԱՐԱ — Փոքր ժամանակ բոլորս էլ ամեն ինչ բարի ու գեղեցիկ ենք տեսնում: (Դռան ուժեղ բախոց:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ո՞վ է:
ԹԱՄԱՐԱ — Հավանաբար էլի մուրացկան է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ի՞նչ մուրացկան…
ԹԱՄԱՐԱ — Քիչ առաջ մի խեղճ մարդ եկավ… Փող էր ուզում:
Գնում է դուռը բացելու: Այդ պահին շնչակտուր, կիսախելագար վիճակով ներս է մտնում Ռոզին՝ տոնական հագուկապով, պայուսակն ուսին: Պայուսակը գցում է բազմոցին, մոտենում է սեղանին, բացում է հանքային ջրի շիշն ու խմում է: Հուզախռիվ զննում է բնակարանի տոնական ձևավորումը:
ՌՈԶԻ — (գլուխը բռնած): Չեմ հավատում…
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ինչի՞ն…
ՌՈԶԻ — Որ ընկավ…
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ո՞վ ընկավ…
ՌՈԶԻ — Էդ անասունը… (Վազում է լոգարան:)
ԹԱՄԱՐԱ — Դու բան հասկանո՞ւմ ես:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Երևի կենդանիներին բան է պատահել:
Լոգարանից գալիս է Ռոզին՝ գլխին թրջոց դրած:
ՌՈԶԻ — Վե՜րջ… վե՜րջ ամեն ինչին:
ԹԱՄԱՐԱ — Ռոզի, նորմալ կբացատրե՞ս, մենք էլ հասկանաք, թե ինչ է եղել:
ՌՈԶԻ — Ես էլ չկա՜մ… Ձեր Ռոզին քիչ առաջ մեռա՜վ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Լուրջ բա՞ն է պատահել:
ՌՈԶԻ — Կենդանինե՜րս…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (Թամարային): Տեսա՞ր, որ ասո՞ւմ էի… Նա իր չորքոտանի բարեկամներին ավելի շատ է սիրում, քան մարդկանց:
ՌՈԶԻ — Էլ ընկերուհի չունե՜ք…
ԹԱՄԱՐԱ — Աստվա՜ծ իմ… Ռոզի, չլինի՞ քո սիրելի Ծաղիկ կովը սատկել է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Կամ էլ Խանում ոչխարի ձագը սատկած է ծնվել:
ՌՈԶԻ — (լացով): Չէ՜, չէ՜… նրանք լավ են: Գնալո՜ւ եմ, գնալո՜ւ եմ…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Դու միայն ասա, թե ուր ես ուզում գնալ:
ԹԱՄԱՐԱ — Ուր էլ գնաս, մենք քեզ հետ ենք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հա՜, հա՜… Մենք էլ կգանք քեզ հետ:
ՌՈԶԻ — Գնալու եմ բա՜նտ:
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բա՞նտ:
ՌՈԶԻ — Հա՜, բա՜նտ: Ինձ ներում չկա՜:
ԹԱՄԱՐԱ — Ի՞նչ բանտ:
ՌՈԶԻ — Սովորական բանտ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ինչի՞ համար:
ՌՈԶԻ — Էդ անասունի:
ԹԱՄԱՐԱ — Ո՞ր մեկի, հիմա դրանք շատ են:
ՌՈԶԻ — Խնդրում եմ, խոստացեք, որ ինձ չեք մատնի:
ԹԱՄԱՐԱ — Գժվե՞լ ես, ինչե՞ր ես մտածում:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բայց գոնե ասա, թե ի՞նչ է պատահել: Գուցե կարողանանք օգնել:
ԹԱՄԱՐԱ — Ճիշտ է ասում Մագդալենան, կփորձենք ամեն ինչ անել, որ օգնենք քեզ:
ՌՈԶԻ — Դուք չեք կարող մեռածին հարություն տալ:
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Մեռածի՞ն:
ՌՈԶԻ — Հա՜, մեռածի՜ն… Ինձ էլ իր հետ սպանեց էդ սրիկան:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բայց դա ո՞նց է պատահել:
ԹԱՄԱՐԱ — Աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա, որ մարդ ես սպանել:
ՌՈԶԻ — Թող անիծվի նոր գնած մեքենաս:
ԹԱՄԱՐԱ — Մեքենադ ի՞նչ կապ ունի:
ՌՈԶԻ — Մարդ եմ գցել մեքենայիս տակ:
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — O՜, my god…
ՌՈԶԻ — (ողբալով): Իմ անասնաբուժական կլինիկան անտե՜ր է մնալու: Խե՜ղճ կենդանիներս ի՞նչ պետք է անեն առանց ինձ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Չեմ կարողանում հավատալ:
ԹԱՄԱՐԱ — Հավատալու բան չէ, որ հավատանք:
ՌՈԶԻ — Իսկ մա՜յրս… Նա այս ցավին հաստատ չի դիմանա: Նա ո՞նց պիտի ապրի առանց ինձ: Ամբողջ շենքում խայտառակ կլինի: Բոլորը կծաղրեն, որ միակ աղջիկը մարդասպան է: Աստվա՜ծ իմ, ո՞ր մեղքիս համար: Թող անիծվի՛ էդ ակնոցավոր լակոտը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բայց ինչպե՞ս եղավ:
ԹԱՄԱՐԱ — Դո՞ւ էիր մեղավոր, թե՞ նա:
ՌՈԶԻ — Նա, նա էր մեղավոր, եկավ ու ընկավ մեքենայիս տակ: Գլուխը բռնած, վազելով դուրս եկավ շենքի անկյունից, չհասցրի արգելակել: Ընկավ ու մեռա՜վ…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ձեր շենքի անկյունի՞ց:
ՌՈԶԻ — Հա, երևի ինչ-որ տեղ էր շտապում, բայց… բայց չհասցրեց:
ԹԱՄԱՐԱ — Ա՜յ քեզ խայտառակություն:
ՌՈԶԻ — Խայտառակությունը ո՞րն է… Կյանքս կործանվեց:
ԹԱՄԱՐԱ — Շատ մարդ է տեսե՞լ:
ՌՈԶԻ — Գոնե բախտս բերեց այնքանով, որ մի փոքրիկ տղա տեսավ, այն էլ «Մայրի՜կ» գոռալով փախավ:
Մագդալենան և Թամարան վազում են դեպի պատուհանը:
ԹԱՄԱՐԱ — Ո՞ր կողմում է դիակը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Այստեղից ոչինչ չի երևում:
ՌՈԶԻ — Դիակն այդտեղ չէ, որ տեսնեք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (ետ գալով): Իսկ ո՞ւր է:
ԹԱՄԱՐԱ — (գալով): Չլինի՞ տարել ես դիահերձարան:
ՌՈԶԻ — Չէ՜, ի՞նչ դիահերձարան:
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Իսկ ո՞ւր է:
ՌՈԶԻ — Մեքենայիս մեջ:
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Մեքենայիդ մե՞ջ:
ՌՈԶԻ — Հա… Մեքենայիս մեջ նստած է:
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Նստա՞ծ:
Դռան թակոց:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հիսո՜ւս Քրիստոս…
ԹԱՄԱՐԱ — Երևի ոստիկանությունն է: Նրանք շան հոտառություն ունեն, միանգամից զգում են:
ՌՈԶԻ — Վե՜րջ… Սա վե՜րջն է…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Մի հուսահատվիր, նրանք կհասկանան, որ դիտմամբ չես արել, որ պատահական է ընկել մեքենայիդ տակ: Դատարանում ամեն ինչ հաշվի են առնում:
ԹԱՄԱՐԱ — Քարոզներ կարդալու ժամանակ չկա: Ռոզի՛, արագացրո՛ւ, թաքնվիր ննջասենյակում:
Ռոզին մտնում է ննջասենյակ: Թամարան գնում է դուռը բացելու:
ԿՆՈՋ ՁԱՅՆ — Մատաղի փող կտա՞ք:
ԹԱՄԱՐԱ — Իհարկե, մայրիկ ջան… Սպասեք: (Գալիս, պայուսակից վերցնում է դրամ, գնում:) Մատաղն ընդունելի լինի: (Գալիս է:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հիմա մեզ էլ մատաղ անել է հարկավոր:
ԹԱՄԱՐԱ — Փաստորեն միայն մենք դժբախտ չենք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ռոզի՜, դուրս արի, վտանգն անցավ:
ՌՈԶԻ — (գալիս է): Վտանգը նոր է սկսվելու:
ԹԱՄԱՐԱ — Հանգստացիր, ինչ-որ բան պետք է մտածենք: Ամեն հարց էլ իր լուծումն ունի: Ուղղակի պետք է ելք գտնել:
ՌՈԶԻ — Նախնական ելքն արդեն մտածել եմ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Տեսնո՞ւմ ես, որ կարելի է ինչ-որ բան մտածել: Խուճապահար վիճակը կարող է մեզ միայն խանգարել:
ԹԱՄԱՐԱ — Եվ ի՞նչ ես մտածել:
ՌՈԶԻ — Խոստացեք, որ ինձ կօգնեք:
ԹԱՄԱՐԱ — Իհարկե, խոստանում ենք: Քեզ էս վիճակում մենակ չենք թողնի, չէ՞, Մագդալենա:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Որտեղ դուք, այնտեղ էլ՝ ես:
ՌՈԶԻ — Մենք պետք է թաքցնենք դիակը:
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ի՞նչ…
ՌՈԶԻ — Դա միակ տարբերակն է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բայց ես վախենում եմ դիակին կպնել:
ՌՈԶԻ — Մագդալենա, մեռածը քեզ ոչինչ չի կարող անել: Քայլող մարդուց պետք է վախենալ: Իսկական վտանգը նրանցից պետք է սպասես:
ԹԱՄԱՐԱ — (Ռոզիին): Ո՞ւր պետք է տանենք դիակը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ախր, ուր էլ տանենք, երկար չենք կարող թաքցնել:
ԹԱՄԱՐԱ — Դե, սկզբնական քայլ կարելի է անել: Թաքցնենք, հետո մի բան մտածենք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բայց որտե՞ղ պիտի թաքցնենք:
ՌՈԶԻ — Այստեղ:
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Այստե՞ղ…
ՌՈԶԻ — (նայում է շուրջը): Ուղղակի մեր հանգուցյալն ու այս կրկեսային տրամադրությունը իրար չեն համապատասխանում:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Որոշել էինք անակնկալ մատուցել քո ծննդյան օրով:
ՌՈԶԻ — Շնորհակալ եմ ձեզանից, աղջիկներ, դուք աշխարհի ամենալավ ընկերուհիներն ենք: Բայց այդ մեռածն արդեն շնորհավորեց ծնունդս:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Աղջիկնե՜ր, ես չեմ կարող կպնել դիակին:
ԹԱՄԱՐԱ — Ես ու Ռոզին կբարձրացնենք: Ռոզին արդեն սովոր է դիակ տեղափոխել, իսկ իմ մասնագիտությունն էլ թույլ է տվել դիահերձարանում հազարավոր դիակներ տեսնել:
ՌՈԶԻ — Շնորհակալ եմ, Թամարա: Մագդալենա, դու մի վախեցիր, դիակը քեզ ոչինչ չի կարող անել: Թամարա, արագացրու, ժամանակ չկորցնենք: Մագդալենա, դու սպասիր այստեղ, որ դիմավորես մեր հանգուցյալին: Թամարա, սպասիր, սավան վերցնեմ, դիակը փաթաթենք, որ ոչ-ոք չտեսնի: (Ննջարանից բերում է սավան:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (պատուհանից նայելով): Ճանապարհը բաց է: Փողոցում մարդ չի երևում:
ԹԱՄԱՐԱ — Համարձակության համար պետք է խմենք: (Բացում է օղու շիշը, լցնում է բաժակները:) Աղջիկներ, մոտեցեք:
ՌՈԶԻ — Մեզ հաջողություն: (Խմում են:)
ԹԱՄԱՐԱ — Ռոզի, գնացինք… Աստված մեզ հետ: (Գնում են:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Տեր Աստվա՜ծ, ո՞վ կմտածեր այսպիսի բան, և հենց Ռոզիի ծննդյան օրը: Ուղղակի սարսափելի է: (Մտնում է լոգարան, դուրս է գալիս՝ սրբիչով մաքրելով դեմքը: Սրբիչը նետում է աթոռին: Հեռախոսազանգ:) Ալո՜… Տիկին Ջուլիաննա՜… Իհա՜րկե, իհա՜րկե… Մեզ մոտ ամեն բան հիանալի է: Չեք պատկերացնում, Ռոզին ինչքա՜ն երջանիկ է: Նրան աշխարհի ամենալավ անակնկալն ենք պատրաստել և նա երջանկությունից պարզապես յոթերորդ երկնքում է: Չէ՜, չէ՜… Նա տանը չէ: Ներքև է իջել, մյուս հյուրերին դիմավորելու: Մինչև լուսաբաց մի լավ քեֆ ենք անելու: Դուք ինչպե՞ս եք: Ձեր սեմինարն ինչպե՞ս է ընթանում: Չէ՜, չէ՜… Շտապել պետք չէ: Ավելի լավ է հանգստացեք, վաղն առավոտյան կգաք: Իհարկե, երբ Ռոզին գա, կասեմ, որ ձեզ անպայման զանգի: (Դրսից լսվում են ձայներ:) Այո, անպայման կասեմ, տիկին Ջուլիաննա:
Դնում է լսափողը, գնում է դեպի դուռը: Բացում է, նայում է դուրս և վախից աչքերը փակելով գալիս, նստում է բազմոցին: Ներս են մտնում Ռոզին և Թամարան, բերելով սավանի մեջ փաթաթած դիակը: Դուռը մնում է կիսաբաց:
ՌՈԶԻ — Ի՜նչ էլ ծանր է էս անիծվածը: (Կանգ են առում բազմոցի մոտ:)
ԹԱՄԱՐԱ — Մի կողմ անցիր, Մագդալենա…
ՌՈԶԻ — Դու մեզ խանգարում ես…
Մագդալենան բացում է աչքերը և դիմացը տեսնում դիակը: Վեր է թռնում բազմոցից, նվերների տոպրակներն ու պայուսակները վերցնում, դնում է աթոռներից մեկին: Ռոզին ու Թամարան դիակը պառկեցնում են բազմոցին: Թամարան վերցնում է սրբիչն ու սրբվում է:
ԹԱՄԱՐԱ — Ես պիտի էլի խմեմ:
ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Մենք էլ: (Խմում են:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (նայելով դիակին): Տեսնես ո՞վ է, սրա տերերն ովքե՞ր են:
ԹԱՄԱՐԱ — Ովքեր ուզում են թող լինեն… Միևնույն է, կեղտի մեջ ենք թաղվել:
ՌՈԶԻ — (նստելով): Աղջիկներ, բայց ինչ մե՜ղք էր:
ԹԱՄԱՐԱ — Քիչ առաջ անիծում էիր, արդեն խղճո՞ւմ ես:
ՌՈԶԻ — Ախր, երիտասարդ էր ու գեղեցիկ: Նրան մի քանի անգամ տեսել էի այս կողմերում:
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Նրան ճանաչո՞ւմ ես:
ՌՈԶԻ — Չէ, չեմ ճանաչում, պարզապես նրան ամեն անգամ տեսնելիս ինձ հետ տարօրինակ բան էր կատարվում, կարծես մոռանում էի, որ պետք է գնամ աշխատանքի կամ բարձրանամ տուն: Իսկ նա… Նա էլ ինձ տեսնելիս մի պահ կանգ էր առնում, ուշադիր ու ժպիտով նայում էր: Բայց չէր համարձակվում մոտենալ ու խոսել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Երանի համարձակվեր… այսպիսի բան չէր լինի, որովհետև կարող էր մեզ հետ նշել քո ծնունդը, բայց ոչ որպես դիակ:
ՌՈԶԻ — Լինում էր, ես էի ցանկանում նրան մոտենալ, բայց իմ համարձակությունն էլ չէր ներում: Իմ ու նրա անհամարձակությունը սպանեց նրան: (Արտասվում է:)
ԹԱՄԱՐԱ — Հերի՛ք է չեղած ռոմանտիկայով զբաղվեք: Եկեք սթափ ուղեղով հասկանաք, թե սրան ի՞նչ պիտի անենք: Նա մեր Ռոզիին դժբախտացրեց, իսկ դուք նստել եք ու երջանկությո՞ւն եք երևակայում: (Բացում է դիակի դեմքն ու ապտակում:)
ՌՈԶԻ — Խելագարվե՞լ ես, ի՞նչ ես անում…
ԹԱՄԱՐԱ — Իսկ ինքը որ արեց, լա՞վ էր:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Մի՛ վիճեք… Կռվելով նրան չենք կարող կենդանացնել:
ՌՈԶԻ — Աղջիկներ, դեմքին նայեք, լրիվ ցեխոտվել է: Գոնե երեսը մաքրենք:
ԹԱՄԱՐԱ — Ինչպիսի՜ խայտառակություն…
ՌՈԶԻ — Անկախ ամեն ինչից, գոնե պետք է հարգենք նրան:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ճիշտ է, նա դարձավ դժբախտության պատճառ, բայց ամեն դեպքում իր կամքով չի մահացել:
ՌՈԶԻ — Լա՜վ էլ իր ցանկությամբ մահացավ: Ինքը եկավ ու ընկավ մեքենայիս տակ:
ԹԱՄԱՐԱ — Ա՜խ, այդ մեքենադ… հազար անգամ զգուշացրի, որ լավ վարորդ չես, որ մի օր գլխիդ փորձանք ես բերելու: Իսկ դու ոչ ոքի չլսեցիր: Տեսա՞ր, թե համառությունդ մեզ ուր հասցրեց:
ՌՈԶԻ — Լա՜վ եք անում… Շատ լավ եք անում, որ էս ճակատագրական պահին ինձ եք մեղադրում ու փորձում եք էս դիակին պաշտպանել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Եթե քեզ մեղադրեինք, էս պահին քո կողքին չէինք լինի: Ճիշտ է, մի փոքր քո մեղավորությունն է, որ էս տղամարդը դիակ դարձավ և հիմա քո բազմոցին ու քո ծննդյան սեղանի շուրջ հավիտյան ննջում է, բայց ես ու Թամարան քեզ հաստատ մենակ չենք թողնի:
ՌՈԶԻ — (զննելով իր տոնական հագուկապը): Ես պիտի զգեստափոխվեմ: Պետք է հարգել մեր անհայտ դիակի հիշատակը: (Մտնում է ննջասենյակ:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Խե՜ղճ դիակ… Երևի հիմա հարազատները փնտրում են:
ԹԱՄԱՐԱ — (ուշադիր նայում է դիակի ցեխոտ դեմքին): Բայց Ռոզին ճիշտ է ասում, արժե գոնե երեսը լվանալ: Ո՞վ է տեսել, տանը կեղտոտ հանգուցյալ պահեն: (Մտնում է լոգարան:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Մեզ չէր խանգարի դառը սուրճը: (Մտնում է խոհանոց:)
Բեմը դատարկ է: Կիսաբաց դռան մեջ երևում է քահանա Ղևոնդի գլուխը: Նայում է աջ ու ձախ, հետո ավետարանը թևի տակ, ձեռքին՝ մեծ խաչ, ներս է մտնում: Բազմոցին նկատում է սավանով փաթաթված, դեմքը բաց դիակը: Խաչակնքում է իրեն, խաչով՝ դիակին: Մոտենում է սեղանին, օղի լցնում, խմում է:
ՂԵՎՈՆԴ — Հիսո՜ւս Քրիստոս, լուսավորիր այս դժբախտ տղամարդու հոգին: Օրհնիր նրա ընտանիքը: Հույս ու հավատ ներշնչիր: (Լոգարանից, ձեռքին՝ թաց սրբիչ, հորանջելով ներս է մտնում Թամարան: Տեսնելով Ղևոնդին, ճչում է, սրբիչը շպրտում է Ղևոնդի երեսին ու վազում լոգարան: Ղևոնդը վախից խաչը պարզում է դեպի լոգարանի դուռը:) Մեղա՜, մեղա՜… Սատանա՞ էր, ի՞նչ էր… (Թամարայի ճիչը լսելով, խոհանոցից գալիս է Մագդալենան՝ երկու ձեռքով ամուր պահած սուրճի դատարկ բաժակը: Ղևոնդը վախից խաչը պարզում է դեպի Մագդալենան:) Էլի սատանա՜… (Մագդալենան վազում է խոհանոց: Ղևոնդը վախից ընկնում է դիակի վրա, Թամարայի շպրտած սրբիչով սրբում է իր ճակատը:) Սա դժո՜խք է, տուն չէ՜… (Ննջասենյակից դուրս է վազում Ռոզին՝ տնային խալաթը հագնելով և տեսնում է դիակի վրա նստած Ղևոնդին: Ղևոնդը նկատելով, որ դիակի վրա է նստել, գոռալով վեր է թռչում և խաչը պարզում է դեպի Ռոզին: Ռոզին ճչալով վազում է ննջասենյակ:) Հիսո՜ւս Քրիստոս… Տեր Աստվա՜ծ… Այս տունը բոլոր չարքերից և հատկապես վերջին կիսամերկ սատանայից ազատիր: Շնորհակալ եմ քեզ, որ վերջապես այս մրոտ հանգուցյալին ազատեցիր այս դժոխքից: (Ննջասենյակի, լոգարանի և խոհանոցի դռներից միաժամանակ երևում են Ռոզիի, Թամարայի և Մագդալենայի գլուխները: Ղևոնդը վախից փակում է աչքերը, խաչը պարզում օդում:) Անհետացե՜ք էլեգանտ, կիսամերկ ու հորանջող սատանաներ: (Աղջիկները առաջ են գալիս: Ղևոնդը խաչը պարզում է աղջիկներին:) Հեռացե՜ք… Հեռացե՜ք…
ՌՈԶԻ — Մենք սատանա չենք:
ԹԱՄԱՐԱ — Լսեցի՞ր, այ սև սատանա… Մենք սատանա չենք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Մենք սովորական աղջիկներ ենք:
ՂԵՎՈՆԴ — (ընկրկելով նստում է): Ես եկել եմ աղոթելու նրա հոգու համար:
ՌՈԶԻ — Ո՞ւմ հոգու համար… (Կանգնում է բազմոցի դիմաց, որ փակի դիակին:)
ՂԵՎՈՆԴ — Ցեխոտ հանգուցյալի:
ԹԱՄԱՐԱ — Հա՜, մեր հանգուցյալը ցեխոտ է: Մենք ուզում էինք նրան լվանալ: (Գետնին ընկած սրբիչը վերցնում, զզվելով մաքրում դիակի դեմքը:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Նա շինարարությունում էր աշխատում: Երկրորդ հարկից ընկել է ցեխի մեջ և մահացել:
ՌՈԶԻ — (լալիս է): Իմ սիրելի հանգուցյալը: (Թամարան և Մագդալենան միանում են ողբին:)
ՂԵՎՈՆԴ — Հանգստացեք, դստրիկներս, ես հասկանում եմ ձեր վիշտը: Այսքան երիտասարդ և այսքան դժբախտ, որ ընկել է ցեխի մեջ և մահացել: Շնորհակալ եմ, որ վստահեցիք մեր եկեղեցուն և հրավիրեցիք ինձ, որպեսզի ես աղոթեմ այս մարդու հոգու համար և նրա մեղքերին թողություն տամ: Մեր եկեղեցին լավագույն եկեղեցին է և մեր աղոթքները վայրկյանի արագությամբ տեղ են հասնում բարձրյալին: Դստրիկներս, ես Ղևոնդ Վերո Սրբազան Պճաքչյանն եմ:
ԹԱՄԱՐԱ — Բայց ինչպե՞ս եք ներս մտել, հայր սուրբ:
ՂԵՎՈՆԴ — Դուռը բաց էր, ես էլ ներս մտա:
Ռոզին գնում, փակում է դուռը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բայց ո՞վ է ձեզ հրավիրել:
ՂԵՎՈՆԴ — Մի տառապյալ կին զանգեց և հրավիրեց: Հավանաբար հանգուցյալի կինն էր: Ձեզանից ո՞վ է նրա կինը:
Աղջիկները փաթաթվում են Ռոզիին, ողբագին հեկեկում են:
ԹԱՄԱՐԱ — Ահա նրա տառապյալ կինը, տեր հայր: Չե՞ք տեսնում, ի՜նչ վիճակում է խեղճը: Այնքա՜ն է լացել, վրան ուժ չի մնացել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Նրանք շատ սիրով ամուսիններ էին, բայց շինարարության ցեխը բաժանեց նրանց:
Ռոզին ստիպված մտնում է դժբախտ կնոջ կերպարի մեջ, մոտենում է, դիակի վրայից վերցնում է սրբիչը և զզվելով մաքրում է նրա դեմքը:
ՌՈԶԻ — Ա՜խ, սիրելիս, ո՞ւմ էիր վատություն արել… (Ծնկում է:)
ՂԵՎՈՆԴ — Դստրիկներս, հանգստացրեք այս կնոջը, այլապես նա վերջին ուժերն էլ կկորցնի:
ԹԱՄԱՐԱ — Ռոզի, սիրելիս, վեր կաց… Քեզ այդքան մի տանջիր:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հասկանում ենք և կիսում ենք քո վիշտը: (Ռոզիին նստեցնում է սեղանի մոտ, հանքային ջուր է տալիս:)
ՂԵՎՈՆԴ — Դստրիկներս, իսկ դուք ովքե՞ր եք:
ԹԱՄԱՐԱ — Ես հանգուցյալի մանկության ընկերուհին եմ: Պատկերացնո՞ւմ եք, տեր հայր, առաջին դասարանից իրար հետ ենք սովորել: Նա շատ օրինակելի ու պարկեշտ աշակերտ էր: Նրանից գոհ էին բոլոր ուսուցիչները և ասում էին, որ ապագայում կդառնա իր գործի հզոր մասնագետ:
ՌՈԶԻ — (լալագին): Այդպես էլ եղավ: Իմ սիրելի ամուսինը պրոֆեսո՜ր էր, իսկական պրոֆեսո՜ր…
ՂԵՎՈՆԴ — Իսկ շինարարության ցեխերի մեջ ի՞նչ գործ ուներ:
Աղջիկները կարկամած նայում են իրար:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Իմ եղբայրը ճարտարապետ էր: Նա էր գծագրել այդ շենքի հատակագիծը, գնացել էր տեսնելու, թե ամեն ինչ իր գծագրությա՞մբ են կառուցում:
ՂԵՎՈՆԴ — Հազար ափսոս, ևս մեկ հիանալի մասնագետ կորցրինք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ի՜նչ հիանալի մասնագետ եղբայր կորցրի… Հիշում եմ, ինչքա՜ն էինք կռվում փոքր ժամանակ: Նա մանկուց էր երազում ճարտարապետ դառնալ:
ՂԵՎՈՆԴ — Դուք նրա քո՞ւյրն եք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Նրա հորեղբոր աղջիկն եմ:
Երեքով ողբում են: Ղևոնդը, նրանց լացին զուգահեռ, խաչակնքում է դիակը:
ՂԵՎՈՆԴ — Ես պետք է աղոթեմ տան բոլոր անկյուններում, որտեղով քայլել է մեր հանգուցյալը: Որտե՞ղ է խոհանոցը:
ՌՈԶԻ — (ցույց տալով): Սա է, տեր հայր:
ՂԵՎՈՆԴ — Ես պետք է խոհանոցում աղոթեմ, որտեղ նա հաց է կերել և ուտելուց առաջ աղոթել է բարձրյալին… Ներեցեք (Մտնում է խոհանոց:)
Աղջիկները կտրուկ ընդհատում են ողբը:
ԹԱՄԱՐԱ — Էս ցնդածն ո՞վ է:
ՌՈԶԻՆ — Սկզբում կարծեցի, այս անիծյալ դիակն է հարություն առել և հոգին սև շորերով շրջում է տանը:
ԹԱՄԱՐԱ — Չեմ հասկանում, ո՞նց է իմացել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Չլսեցի՞ք… Նա ասաց՝ երևի նրա տառապյալ կինն է զանգել:
Երկուսով նայում են Ռոզիին:
ՌՈԶԻ — Բայց ես նրա կինը չեմ, ինչպես գիտեք: Այնպես որ ինձ մի նայեք: Ոչ մի տեղ էլ չեմ զանգել:
ԹԱՄԱՐԱ — Ես էլ չեմ զանգել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ես էլ:
ԹԱՄԱՐԱ — Այդ դեպքում ինչպե՞ս է հայտնվել այստեղ: Ինչպե՞ս է իմացել, որ դիակ կա:
ՌՈԶԻ — Այդպես էլ գիտեի:
ԵՐԿՈՒՍՈՎ — Ի՞նչ գիտեիր…
ՌՈԶԻ — Որ հարևաններից պրծում չէինք ունենա: Երբ տարօրինակ բան են նկատում, միանգամից տարածում են լուրը:
ԹԱՄԱՐԱ — Բայց հարևանները ինչո՞ւ են զանգել այս քահանային, ոչ թե ոստիկանություն:
Խոհանոցից «Ալելուիա» երգելով գալիս է Ղևոնդը:
ՂԵՎՈՆԴ — (Ռոզիին): Տիկին, այս պահից ձեր հանգուցյալ ամուսնու հոգին, առաջին փուլի համաձայն, մի փոքր խաղաղվեց: (Մատների շարժումով հասկացնում է, որ փող տա:)
ՌՈԶԻ — Այո՜, այո՜… իհա՜րկե… (Գումար է տալիս Ղևոնդին:)
ՂԵՎՈՆԴ — Առաջին փուլի համար բավարար է: (Փողը դնում է
ավետարանի մեջ:) Սակայն պետք է տան բոլոր անկյուններում աղոթեմ, անգամ լոգարանում, որտեղ նա լվացվել է և լողացել:
ՌՈԶԻ — Իսկ դա թա՞նկ արժե:
ՂԵՎՈՆԴ — Նայած ձեր բնակարանի սենյակների քանակի: Քանի որ ճարտապետ էր, հնարավոր է, որ մեր սուրբ եկեղեցու հատակագիծը նա է գծագրել, ո՞վ իմանա: Այդ կապակցությամբ եկեղեցական զեղչեր կանեմ, որոնք նոր են գործում մեր եկեղեցում և վերջում ձեզ կներկայացնեմ հաշիվը: Որտե՞ղ է լոգարանը, դստրիկս: (Երեքը միաժամանակ ցույց են:) Ներեցեք, ես շատ չեմ ուշանա: (Մտնում է լոգարան:)
ԹԱՄԱՐԱ — Հայր սուրբ եմ ասել, հա՜… Մեռնելը դարձրել են փողի աղբյուր:
ՌՈԶԻ — Զուգարանն էլ են դարձրել բիզնես:
ՌՈԶԻ — Այս հանգուցյալը ինձ վրա շատ թանկ է նստում: (Ապտակում է դիակին:) Սրիկա՜…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ի՞նչ ես անում… Հիմա էլ դո՞ւ խելագարվեցիր…
Դռան թակոց:
ՌՈԶԻ — (ծաղրով): Էս մեկն էլ երևի դրախտի պահակն է: Եկել է փող ուզի, որ հանգուցյալ ամուսնուս դրախտի V.I.P համարներից մեկը տա:
Դրսից լսվում է Վարդգեսի ձայնը:
ՎԱՐԴԳԵՍ — Բացե՜ք դուռը… Արագացրե՜ք…
ԱՂՋԻԿՆԵՐ — Ո՞վ է:
ՎԱՐԴԳԵՍ — Ոստիկանությունից է:
ԱՂՋԻԿՆԵՐԸ — (խուճապահար): Հիսո՜ւս Քրիստոս…
ՎԱՐԴԳԵՍ — Արագացրե՜ք, ասացի…
ԹԱՄԱՐԱ — Սպասե՜ք մեկ րոպե, պարոն ոստիկան… Աղջիկներ, արագացրե՛ք… Դիակը պիտիթաքցնե՛նք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ախր, ես վախենում եմ:
ԹԱՄԱՐԱ — Ոչինչ, դու միայն աղոթիր, դա մեզ հիմա պետք է: (Մագդալենան սկսում է աղոթել:) Մագդալենա, արագացրո՛ւ, զգեստապահարանի դուռը բաց:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (վախով): Դիակն էնտե՞ղ եք մտցնելու:
ԹԱՄԱՐԱ — Ամենահարմար տեղը դա է:
Մագդալենան բացում է դուռը: Թամարան և Ռոզին դիակը մտցնում են զգեստապահարանի մեջ, դուռը փակում են:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Իսկ էն հայր սո՞ւրբը…
ԹԱՄԱՐԱ — Նա վտանգավոր չէ: Կարևորը, էս ոստիկանից ազատվենք:
ՎԱՐԴԳԵՍ — Չե՞ք լսում, ի՞նչ է… Ինչո՞վ եք այդտեղ զբաղված:
ԹԱՄԱՐԱ — Բանալին ենք փնտրում, պարո՜ն ոստիկան… Աղջիկնե՛ր, ժպտացե՛ք… Մի մոռացեք, թե ինչի համար էինք հավաքվել: Հենց էս պահից ծնունդ ենք անում…
Մագդալենան և Թամարան նստում են սեղանի մոտ, արագ լցնում են բաժակները, կեղծ ժպտում են: Թամարան մազերը հավաքում է և փաթաթում գլխին:
ԹԱՄԱՐԱ — Ռոզի, դուռը բաց, բայց՝ ժպիտով:
Ռոզին սառած ժպիտով բացում է դուռը: Ներս է մտնում Վարդգեսը՝ ոստիկանական համազգեստով:
ՎԱՐԴԳԵՍ — Ի՞նչ է կատարվում այստեղ:
ՌՈԶԻ — Ներս եկեք, պարոն ոստիկան: Եկեք և մասնակցեք մեր երեկույթին:
ԹԱՄԱՐԱ — Պարոն ոստիկան, չեք պատկերացնում, թե ինչքա՜ն կարևոր պահի եք եկել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Այն էլ ի՜նչ կարևոր…
ՎԱՐԴԳԵՍ — Արդեն պատկերացնում եմ: Վարդգես Ֆրանգուլյան: Ավագ լեյտենանտ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Պաշտում եմ բոլոր կոչումները, պարոն Վարդգես: Համեցեք, մի բաժակ խմենք միասին:
Վարդգեսին նստեցնում են սեղանի մոտ: Թամարան հայացքով Ռոզիին հասկացնում է, որ մտնի լոգարան, տեսնելու՝ այնտեղ ինչ է կատարվում: Ռոզին մտնում է լոգարան:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ի՞նչ կխմեք:
ՎԱՐԴԳԵՍ — Ես այստեղ խմելու համար չեմ եկել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ինչի համար որ եկել եք, էլի կասեք, պարզապես առաջարկում եմ գոնե մեկ բաժակ խմենք միասին:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հուսով եմ, չեք մերժի մեզ նման կանանց:
ՎԱՐԴԳԵՍ — Ինչպե՞ս կարելի է մերժել ձեզ նման գեղեցկուհուն:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Դե, ուրեմն ես առաջարկում եմ կոնյակ:
Լոգարանից դուրս է գալիս Ռոզին, կանգնում նստած Վարդգեսի թիկունքին ու հասկացնում, որ տեր հայրը աղոթում է:
ՎԱՐԴԳԵՍ — (Մագդալենային): Ներեցեք, իսկ դուք ո՞վ եք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ես այս տան տիրուհին եմ: (Ցույց տալով Ռոզիին:) Իսկ սա իմ սպասուհին է: Ռոզի, մեզ կոնյակ լցրու: (Ռոզին կոնյակ է լցնում: Մագդալենան ձեռքը պարզում է Վարդգեսին:) Մագդալենա…
ՎԱՐԴԳԵՍ — (համբուրելով ձեռքը): Շա՜տ հաճելի է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (նայելով Թամարային): Քույրս է, նոր է վերադարձել Անգլիայից:
ՎԱՐԴԳԵՍ — Շատ հաճելի է:
ՌՈԶԻ — (Թամարային): Օրիորդ, ձեզ կոնյակ լցնե՞մ:
ԹԱՄԱՐԱ — Իհարկե, իհարկե… Ես էլ պետք է խմեմ մեր բարձրաստիճան հյուրի հետ: (Խփում են բաժակները, խմում:)
ՎԱՐԴԳԵՍ — Ճիշտ ասած, մեր բաժին զանգեցին ձեր շենքից և բողոքեցին:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բողոքեցի՞ն… մեր շենքի՞ց…
ՎԱՐԴԳԵՍ — Ձեր հարևանները նկատել են, ինչ-որ դիակ եք բարձրացրել ձեր տուն, այն էլ շատ տարօրինակ կերպով:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Դիա՞կ… Աստվա՜ծ իմ… Այդ ինչե՞ր եք ասում, պարոն լեյտենանտ: Դիակը խաղ ու պար չէ և ոչ էլ ասեղ, որ կարողանանք թաքուն բերել տուն:
ՎԱՐԴԳԵՍ — Եթե անկեղծ ասեմ, դա ինձ էլ զարմացրեց: Բայց իմ աշխատանքն է՝ գալ և պարզաբանել ամեն հարց:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Դե, իհարկե… Հարգում եմ ոստիկանների կարգապահ աշխատանքը:
ՎԱՐԴԳԵՍ — Պետք է ստուգեմ սենյակը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Խնդրե՜մ, ես ձեզ կուղեկցեմ, պարոն լեյտենանտ: (Մտնում են սենյակ:)
ԹԱՄԱՐԱ — Ռոզի՜, փորձանքի մեջ ենք:
ՌՈԶԻ — Աստվա՜ծ չանի, որ նա տեսնի այդ քահանային:
ԹԱՄԱՐԱ- Երեքով հայտնվելու ենք բանտում:
ՌՈԶԻ — Պետք է մի բան մտածել:
ԹԱՄԱՐԱ — Քնաբեր ունե՞ս:
ՌՈԶԻ — Քնաբերն ի՞նչ ես անում:
ԹԱՄԱՐԱ — Որ ասեմ՝ ես եմ խմելու, կհավատա՞ս: Արագացրո՛ւ, քանի էդ երկուսից մեկը չի հայտնվել:
ՌՈԶԻ — (պայուսակից սրվակը տալով): Վերցրու… Ի՞նչ ես ուզում անել:
ԹԱՄԱՐԱ — Բանտ գնալու վտանգն եմ կանխում: (Հեղուկից լցնում է Վարդգեսի բաժակի մեջ:)
ՌՈԶԻ — Գժվե՞լ ես:
ԹԱՄԱՐԱ — Էսպես մի փոքր էլ շարունակվի՝ հաստատ կգժվեմ:
Սրվակը տալիս է Ռոզիին: Սենյակից գալիս են Մագդալենան ու Վարդգեսը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Տեսնո՞ւմ եք, պարոն լեյտենանտ, որ անիմաստ բամբասանքներ են: Մեր շենքի բնակիչներն ուղղակի ահավոր են: Նրանք նախանձում են մեզ: Քանի որ տարին մի քանի անգամ գնում ենք Անգլիա: Ես օպերային երգչուհի եմ և հաճախ եմ հրավերներ ստանում Անգլիայից: Իսկ քույրս լրագրող է: Դե, գիտեք լրագրողների կյանքը: Նրանք հայտնվում են ամենուր, այն էլ անսպասելի պահերին:
ԹԱՄԱՐԱ — Տեսնո՞ւմ եք, ինչ օրերում ենք ապրում: Անգամ հարևաններն են նախանձում հարևանների հաջողություններին: Առաջար- կում եմ մի բաժակ էլ խմել:
ՎԱՐԴԳԵՍ — Ես աշխատանքի մեջ եմ: Հուսով եմ, գիտեք, թե ինչքան բարդ ու պատասխանատու է ոստիկանի աշխատանքը:
ԹԱՄԱՐԱ — Բայց այսօր Մագդալենայի ծննդյան օրն է: (Մագդալենան զարմացած նայում է նրան:) Տեսնո՞ւմ եք, ինչպես ենք զարդարել հյուրասենյակը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (գայթակղելով): Համոզված եմ, որ մենք էլի կհանդիպենք, և տա Աստված, որ հանդիպենք ավելի հետաքրքիր ու գրավիչ վայրերում:
ՎԱՐԴԳԵՍ — (գերված): Դե, եթե պնդում եք… Բայց վերջին անգամ: Ասացի, չէ՞, աշխատանքի մեջ եմ:
ԹԱՄԱՐԱ — Իհա՜րկե, իհա՜րկե… Տեսեք, արդեն լցրել եմ ձեր բաժակը: (Այն է՝ խմելու են, լոգարանից լսվում է Ղևոնդի «Ալելուիա»-ն:)
ՎԱՐԴԳԵՍ — (բաժակը դնում է սեղանին): Սա ո՞վ է… տանը էլի՞ մարդ կա…
ՌՈԶԻ — Տեր հայրն է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Այո, այո, հայրս է: Նա քահանայի շորեր է հագնում և ամբողջ օրը հոգևոր երգեր է երգում, աղոթում է Աստծուն, որ Աստված մահացած եղբորս հոգին հավերժությանն արժանացնի: Վերջերս կարծես խելագարվել է, դուրս է գալիս փողոց և հարևաններին ասում, որ նրանք բոլորն էլ դիակներ են, բայց նա կաղոթի նրանց հոգու փրկության համար: Հայրիկիս վիճակը շա՜տ լուրջ է:
ՎԱՐԴԳԵՍ — Բայց ձեր հայրը լավ է երգում:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Տաղանդավորները միշտ էլ դժբախտ կյանք են ունենում:
ԹԱՄԱՐԱ — Եթե հայրիկիս մի բան պատահի, ես չեմ դիմանա: (Սրբում է արցունքները:)
ՎԱՐԴԳԵՍ — (Մագդալենային): Խմենք ձեր հայրիկի առողջության և ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Խմում են: Լոգարանից դուրս է գալիս Ղևոնդը՝ խաչը առաջ պարզած:
ՂԵՎՈՆԴ — Ես աղոթեցի նաև լոգարանում, որտեղ նա լվացվել է և լողացել: Այժմ հավանականությունն է՛լ ավելի մեծացավ, որ նա կվայելի դրախտի անզուգական օդը: (Վարդգեսին.) Ողջույն, որդյակս:
ՎԱՐԴԳԵՍ — Նստեք, հայրիկ ջան:
ՂԵՎՈՆԴ — Ոչ, որդյակս, դեռ գործս չեմ վերջացրել: Պետք է նաև սենյակներում աղոթեմ, որտեղ նա հանվել է ու քնել:
ՎԱՐԴԳԵՍ — Ո՞վ…
ՂԵՎՈՆԴ — Հանգուցյալը:
ՎԱՐԴԳԵՍ — (նայելով շուրջը): Ներեցեք, ի՞նչ հանգուցյալ:
ՂԵՎՈՆԴ — Այն, որ ճարտարապետ էր և շինարարության երկրորդ հարկից ընկել է ցեխի մեջ ու մահացել: (Նայում է բազմոցին:) Իսկ որտե՞ղ է դիակը: Քիչ առաջ այստեղ ննջում էր:
ՎԱՐԴԳԵՍ — Որտե՞ղ:
ՂԵՎՈՆԴ — Այս բազմոցին: (Նստում է բազմոցին, ավետարանը դնում կողքին:)
ՎԱՐԴԳԵՍ — (անլուրջ): Երևի հարություն է առել:
ՂԵՎՈՆԴ — Նա չէր կարող այսքան շուտ հարություն առնել, քանի որ տան բոլոր անկյուններում դեռ չեմ աղոթել:
ՎԱՐԴԳԵՍ — Նա ձեր տղա՞ն էր:
ՌՈԶԻ — (կամաց): Վե՜րջ… կորա՜ծ ենք:
ՂԵՎՈՆԴ — Այո, նա իմ զավակներից էր:
Աղջիկները թեթևացած հոգոց են հանում:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հայրիկ, գնանք սենյակ, որ այնտեղ էլ աղոթեք:
ՂԵՎՈՆԴ — Իհարկե, դստրիկս, աղոթքը պարտադիր է:
ԹԱՄԱՐԱ — Այո, այո, շա՜տ լավ միտք է:
Մագդալենան և Ղևոնդը մտնում են Ռոզիի մոր ննջասենյակը: Ավետարանը մնում է բազմոցին:
ՎԱՐԴԳԵՍ — Խե՜ղճ հայրիկ…
ԹԱՄԱՐԱ — Նրա աչքին երևում է, որ մահացած եղբորս դիակը դեռ բազմոցի վրա է դրված: Եվ այսպես ամեն օր տան բոլոր անկյուններում աղոթում է:
ՎԱՐԴԳԵՍ — Ա՜յ քեզ պատմություն… (Կանգնելով:) Հիմա արդեն պարզ է, որ ձեր հարևաններն էլ են տարօրինակ երևակայությամբ:
ԹԱՄԱՐԱ — Այո, հայրս նրանց վրա էլ է ազդել:
ՎԱՐԴԳԵՍ — Եթե իմ օգնության կարիքը կունենաք, ցանկացած հարցով դիմեք: Պատրաստ եմ օգնել ձեզ, ինչով կարողանամ:
ԹԱՄԱՐԱ — (դժբախտ շեշտով): Շնորհակալություն, պարոն լեյտենանտ:
ՎԱՐԴԳԵՍ — (տալով այցեքարտը): Սա էլ այցեքարտս: Կարող եք զանգել ցանկացած ժամի: (Թամարան ուղեկցում է նրան, դռան մոտ Վարդգեսն ընկնում է հատակին:)
ՌՈԶԻ — Կարո՞ղ է՝ մահանա…
ԹԱՄԱՐԱ — Չի մահանա: Դեղն է ազդել: (Սենյակից դուրս է գալիս Մագդալենան և թույլ ճիչ է արձակում:) Կամա՛ց…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ի՞նչ եղավ նրան:
ԹԱՄԱՐԱ — Չե՞ս տեսնում… Արջի քուն է մտել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Նա է՞լ է մահացել: Աստվա՜ծ իմ, իբր մի դիակը քիչ էր, հիմա էլ՝ երկրորդը…
ԹԱՄԱՐԱ — Այս դիակը ժամանակավոր է:
ՌՈԶԻ — Նա չի մեռել: Ստիպված էինք ժամանակավոր ազատվել նրանից:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Լեյտենանտի հետ ի՞նչ եք արել:
ԹԱՄԱՐԱ — Առանձնապես ոչինչ: Քնաբեր ենք տվել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Դուք խելագարվե՞լ եք:
ԹԱՄԱՐԱ — Մենք կխելագարվեինք այն ժամանակ, երբ նա տեսներ իսկական դիակը:
ՌՈԶԻ — Եթե իմանայինք, որ այդքան հեշտ կազատվեինք նրանից, անիծյալ քնաբերը չէինք տա:
ԹԱՄԱՐԱ — Բայց որտեղի՞ց իմանայինք… Մենք գուշակներ չենք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Քնաբերն ինչքա՞ն ժամանակ է ազդում:
ՌՈԶԻ — Կենդանիներն այնքան էլ շատ չեն քնում: Իսկ մարդիկ՝ չգիտեմ:
ԵՐԿՈՒՍՈՎ — Ո՞նց թե… ի՞նչ քնաբեր ես տվել:
ՌՈԶԻ -Անքուն ոչխարների համար է նախատեսված: Որ ժամանակին քնեն, որպեսզի ծննդաբերության ժամանակ առողջ գառնուկներ ծնվեն:
ԹԱՄԱՐԱ — Հիսո՜ւս Քրիստոս…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ եք արել օրենքի աշխատողի հետ:
ՌՈԶԻ — Բա ի՞նչ անեինք… Ստիպված էինք: Ուզում էիր, որ երեքով, ձեռք-ձեռքի բռնած գնայինք բա՞նտ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հիմա հաստատ կգնանք բանտ, ոչ թե մեկ, այլ երկու դիակի համար:
ՌՈԶԻ — Լեյտենանտը հաստատ չի մեռնի: Ոչխարներն իրենց շատ լավ են զգում զարթնելուց հետո: Նրանք սկսում են վազվզել և խոտն ավելի հաճույքով են արածում:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բայց սա մարդ է, ոչ թե՝ ոչխար: Քիչ հետո կզարթնի ու էդ ժամանակ՝ մնաս բարո՜վ, օպերա:
ՌՈԶԻ — Մնաք բարո՜վ, իմ ընկեր կենդանիներ:
ԹԱՄԱՐԱ — Մնաք բարո՜վ, իմ սիրելի հոդվածներ:
ՌՈԶԻ — Անծանոթ տղամարդու դիակ: Ոչխարի քնաբեր դեղ խմած, արջի քուն մտած լեյտենանտ և կաշառակեր ու մեռելների հաշվին ապրող քահանա: Եվ այդ ամենը՝ իմ ծննդյան օրը:
ՂԵՎՈՆԴ — (ներսից): Դստրիկներս, ես վերջացրի, եկեք այստեղ: Վերջին փուլը պետք է միասին աղոթենք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Լեյտենատին պետք է թաքցնենք, քանի էդ քահանան չի տեսել:
ՌՈԶԻ — Բայց որտե՞ղ:
ԹԱՄԱՐԱ — Տանենք լոգարան: Զգեստապահարանն արդեն զբաղված է, իսկ լոգարանում արդեն աղոթք է արված, այնպես որ, տեր հայրն այնտեղ էլ չի մտնի:
ՌՈԶԻ — Տեր հա՜յր, մի քիչ երկար աղոթեք, որպեսզի համոզված լինեմ, որ ամուսնուս հոգին հաստատ կվայելի դրախտի անզուգական օդը: Ես գումարը կավելացնեմ, ինչքան պետք է:
ՂԵՎՈՆԴ — Ինչպես կասեք, դստրիկս: Ինչքան երկա՜ր աղոթեմ, այնքան ավելի լա՜վ:
ԹԱՄԱՐԱ — Սրան էլ էսպիսի բան է պետք:
Թամարան և Ռոզին վերցնում են լեյտենանտի մարմինը:
ՌՈԶԻ — Տնաշենն ինչքան էլ ծանր է: (Տանում են լոգարան:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Միայն սա էր պակաս: (Նկատում է ավետարանը, դնում է բազմոցի անկյունում: Օղի է խմում:) Գուցե սա օգնի, որ չհասկանամ, թե ո՞վ, ինչո՞ւ և որտե՞ղ…
Լոգարանից գալիս են Ռոզին և Թամարան:
ԹԱՄԱՐԱ — Սա էլ այսպես…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (ծաղրով): Սա էլ այսպե՜ս… Ավելի լավ է մտածեք, թե ի՞նչ պատասխան եք տալու լեյտենատին, երբ զարթնի… Եթե, իհարկե, զարթնի:
ԹԱՄԱՐԱ — (Ռոզիին): Աղոթելուց հետո տեր հայրը կգնա, լեյտենանտի մարմինը կտեղափոխենք քո սենյակ:
ՌՈԶԻ — Դուք ուզում եք, որ իմ մահճակալին անծանոթ տղամա՞րդ պառկի:
ԹԱՄԱՐԱ — Ավելի լավ է այնտեղ պառկի, քան լոգարանի սառը սալիկներին: Չենք ուզում հիմա էլ գրիպ ընկած լեյտենանտ բուժել:
ՌՈԶԻ — Միայն ոչ իմ մահճակալին… Խնդրում եմ, գոնե բազմոցին պառկեցնենք: (Գնում, իր ննջասենյակից բերում է ներարկիչ և բժշկական այլ պարագաներ:)
ԹԱՄԱՐԱ — Սրանք ինչի՞ համար են:
ՌՈԶԻ — Որ զարթնի ու տեսնի, որ փորձել ենք նրան առաջին օգնություն ցույց տալ:
ՂԵՎՈՆԴ — (ներսից): Դստրիկնե՜րս, դե եկեք… Ես աղոթքի վերջին փուլն ավարտեցի: Եկեք վերջում միասին աղոթենք:
Աղջիկները հուսահատ նայում են իրար:
ՄԻԱՍԻՆ — Ճարներս ի՞նչ… (Գնում են: Սենյակից լսվում է «Ալելուիա»-ն:)
Բացվում է զգեստապահարանի դուռը: Սավանով փաթաթված, չորեքթաթ դուրս է գալիս «դիակ» Ալեքսը: Նայում է շուրջը: Երգը լսելով՝ խաչակնքում և չորեքթաթ հասնում է հյուրասենյակի կենտրոն:
ՂԵՎՈՆԴ — Դստրիկնե՜րս, սպասե՜ք, ավետարանը բերեմ: (Գալիս է, տեսնում չորեքթաթ քայլող Ալեքսին և տեղում քարանում: Ալեքսը հազում է:)
ՂԵՎՈՆԴ — Օգնեցե՜ք… դիակը հարություն է առել…
Գլուխը բռնած վազում է խոհանոց: Ալեքսը վազում է լոգարան: Լոգարանից լսվում է Ալեքսի գոռոցը և ջարդվող լոգարանային պարագաների աղմուկ:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Նույն երեկոն է: Գործողությունը շարունակվում է նույն պահից, որտեղ ավարտվել էր: Բեմը դատարկ է: Լոգարանում ձայները լռել են, իսկ խոհանոցից լսվում է Ղևոնդի բարձր ձայնը՝ «Հիսուս Քրիստոս»: Ննջասենյակից դուրս են վազում Ռոզին, Թամարան և Մագդալենան:
ՌՈԶԻ — Հայր սո՞ւրբ…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Սուրբ Ղևոնդ Տեր-Պճաքչյան, ձեզ ի՞նչ պատահեց…
ԹԱՄԱՐԱ — Տեր քահանա, դուք ձեզ լա՞վ եք զգում…
Ուզում են մտնել խոհանոց, խաչը առաջ պարզած, այնտեղից գալիս է Ղևոնդը:
ՂԵՎՈՆԴ — Չա՜ր քեզ, սև սատանա… Չա՜ր քեզ, սև սատանա… (Աղջիկները ընկրկում են: Մտնում է ննջասենյակ: Աղջիկները ուզում են ետևից մտնել, բայց Ղևոնդը նորից, խաչը առաջ պարզած, դուրս է գալիս այնտեղից:) Ողորմա՜ծ տեր… Ողորմա՜ծ տեր… (Նորից մտնում է ննջասենյակ:)
ՌՈԶԻ — Խելագարվե՞լ է, ի՞նչ է…
ԹԱՄԱՐԱ — Սա խելագարվող պտուղը չէ: Երևի նոր բիզնեսի մտահաղացումն է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Տեր հա՜յր, ի՞նչ է պատահել:
Ղևոնդը գալիս է ննջասենյակից և ուզում է մտնել լոգարան: Աղջիկները շրջապատում են նրան:
ՌՈԶԻ — Սպասե՜ք, մեկ րոպե… Այս ի՞նչ եք դարձրել տունը:
ԹԱՄԱՐԱ — Սա ձեզ համար դժոխք չէ՛:
ՂԵՎՈՆԴ — Այս տունը դժոխքից էլ է վատը: Ես իմ աչքով տեսա այդ սարսափը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (կամաց՝ երկուսին): Չլինի՞ քնած լեյտենանտին է տեսել:
ԹԱՄԱՐԱ — (կամաց): Բայց ե՞րբ հասցրեց:
ՂԵՎՈՆԴ — Ես տեսա՜ այդ դիակին:
ՌՈԶԻ — (կամաց): Հաստատ լեյտենանտին նկատի ունի:
ԹԱՄԱՐԱ — (Ղևոնդին): Հանգստացեք և նստեք, տեր հայր: (Ղևոնդին նստեցնում է սեղանի մոտ, հանքային ջուր է տալիս:)
ՂԵՎՈՆԴ — (խմելով): Աստվա՜ծ փրկի… Աստվա՜ծ փրկի…
ՌՈԶԻ — Աստված միշտ էլ փրկում է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (Ղևոնդին): Բայց ինչի՞ց փրկի:
ՂԵՎՈՆԴ — Հոգիներից:
ՌՈԶԻ — (կամաց): Փաստորեն քնած լեյտենանտին դեռ չի տեսել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (կամաց): Լավ է, գոնե էս մի փորձանքից ենք պրծել:
ՌՈԶԻ — (իբր տխուր): Հանգուցյալ ամուսնուս հոգին երևի արդեն դրախտում է: Չէ՞ որ դուք երաշխավորեցիք, որ նա կվայելի դրախտի անզուգական օդը:
ՂԵՎՈՆԴ — Ես տեսա՜ նրան… Ես նրան իմ աչքերով տեսա՜…
ԹԱՄԱՐԱ — Ի՞նչ եք տեսել, հայր սուրբ:
ՂԵՎՈՆԴ — Երեսուն տարի ծառայում եմ եկեղեցում, սակայն այսպիսի բան դեռ չէի տեսել:
ՌՈԶԻ — Ի՞նչ եք տեսել: Կասե՞ք վերջապես:
ՂԵՎՈՆԴ — Ձեր հանգուցյալ ամուսնու հոգին:
ԹԱՄԱՐԱ — Տե՜ր հայր, դուք խելագարվե՞լ եք:
ՂԵՎՈՆԴ — Չե՛մ խելագարվել: Ես տեսա, նա ինչպես էր չորեքթաթ ման գալիս:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Որտե՞ղ:
ՂԵՎՈՆԴ — Հյուրասենյակում: (Գնում, ցույց է տալիս:) Ահա՛, հենց այստեղ էր:
ՌՈԶԻ — Աստվա՜ծ իմ…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հիսո՜ւս Քրիստոս:
ԹԱՄԱՐԱ — Տեր հայր, ավելի լավ է, ձեր աղոթքների գումարը հաշվեք, մենք կվճարենք, իսկ դուք հեռացեք: Մնացածի համար մենք կաղոթենք:
ՌՈԶԻ — Տեր Ղևոնդ, ճիշտ է ասում Թամարան: Գնացեք տուն, լոգանք ընդունեք և փորձեք հանգստանալ: Տեղից էլ համարյա կեսգիշեր է:
ՂԵՎՈՆԴ — Ես խելագա՜ր չեմ, դստրիկներս:
ԹԱՄԱՐԱ — (ծաղրով): Երևի այնքան աղոթեցիք, որ հոգին համբարձվեց երկինք:
ՌՈԶԻ — Տեր հայր, ինչքա՞ն պետք է վճարեմ:
ՂԵՎՈՆԴ — (գրպանից հանում է էլեկտրական հաշվիչ): Հիմա կհաշվեմ… 450 դոլար:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Աշխարհի վե՞րջն է, ի՛նչ է:
ՌՈԶԻ — Բայց ինչո՞ւ այդքան թանկ:
ՂԵՎՈՆԴ — Երկու սենյակները, խոհանոցը և լոգարանը: Յուրաքանչյուրը 100 դոլար:
ԹԱՄԱՐԱ — Իսկ այն 50 դոլա՞րը:
ՂԵՎՈՆԴ — Բայց չէ՞ որ հյուրասենյակի պատերն էլ օրհնեցի: Պատերի գինը 50 տոկոս զեղչ է:
ԹԱՄԱՐԱ — (կամաց): Ասում էի, չէ՞, որ էս քահանան կաշառակեր է: Սրա նմանների պատճառով է, որ ժողովուրդը հավատը կորցրել է դեպի եկեղեցին:
ՌՈԶԻ — Հիմա կվճարենք: Միայն մեզ հանգիստ թողեք: (Պայուսակից փող հանում, տալիս է Ղևոնդին:)
ՂԵՎՈՆԴ — (ժպիտով): Շնորհակալ եմ, դստրիկներս:
ԱՂՋԻԿՆԵՐ — Խնդրե՜մ, խնդրե՜մ:
ՌՈԶԻ — Ես ձեզ կուղեկցեմ: (Տանում է դեպի դուռը:)
ՂԵՎՈՆԴ — Դստրիկներս, եթե իմ օրհնության կարիքն էլի ունենաք, անպայման կդիմեք: Մեր եկեղեցին միշտ պատրաստ է ձեզ օգնել: Սա էլ իմ այցեքարտն է: (Ռոզին վերցնում է այցեքարտը:)
ՌՈԶԻ — Շնորհակալություն: (Ղևոնդը գնում է:)
ԹԱՄԱՐԱ — Աչքերիս չեմ հավատում:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հավատա՜, հավատա՜… Հրաշքներ միշտ էլ լինում են:
ՌՈԶԻ — Բայց չհասկացա, թե էս քահանան որտեղի՞ց էր հայտնվել:
ԹԱՄԱՐԱ — Սրա նմանները հատուկ հոտառություն ունեն: Միանգամից հայտնվում են այնտեղ, որտեղից փողի հոտ է գալիս:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ինչ լավ է, որ էս մի ցավից պրծանք:
ԹԱՄԱՐԱ — Բայց դեռ երկու ու ավելի մեծ ցավեր ունենք:
ՌՈԶԻ — Սպիտակ սավանով փաթաթված դիակը և արջի քուն մտած լեյտենանտը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Եկեք մտածենք, թե ինչ պետք է անենք դիակի հետ: Քիչ հետո այդ լեյտենանտը կարթնանա:
ՌՈԶԻ — Որ արթնացավ, վե՜րջ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Էս անգամ հաստատ բանտում կհայտնվենք:
ՌՈԶԻ — Երկու դեպքում էլ բանտում ենք հայտնվելու:
ԹԱՄԱՐԱ — Ես մտածել եմ, թե ինչ կարելի է անել, որպեսզի ազատվենք կալանքից:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Մեզ ոչինչ չի փրկի… Միայն լեյտենանտը հերիք է:
ԹԱՄԱՐԱ — Քթներդ մի կախեք: Ասացի, ես փայլուն ծրագիր ունեմ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ինչ-որ արտասովոր բան ես մտածել, չէ՞: Որ կյանքներս վերջնականապես կործանվի:
ԹԱՄԱՐԱ — (պաշտոնական): Ժամը քանի՞սն է:
ՌՈԶԻ — Համարյա կեսգիշեր է:
ԹԱՄԱՐԱ — Հոյակա՜պ է, նույնիսկ ժամանակն է աշխատում հօգուտ մեզ:
ԵՐԿՈՒՍՈՎ — Հետո՜…
ԹԱՄԱՐԱ — Հետո այն, որ այս ժամին փողոցում դժվար թե մարդիկ լինեն:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Փողոցի մարդիկ ի՞նչ կապ ունեն մեր անծանոթ դիակի հետ:
ՌՈԶԻ — Եվ լոգարանում քնած լեյտենանտի:
ԹԱՄԱՐԱ — Այն, որ նրան չեն տեսնի:
ՌՈԶԻ — Ո՞ր մեկին… Ո՞վ պիտի տեսնի կամ չտեսնի…
ԹԱՄԱՐԱ — Խոսքս դիակի մասին է: Իսկ երբ լույսը բացվի, մենք ոչ մի կապ չենք ունենա նրա հետ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ոչինչ չեմ հասկանում:
ՌՈԶԻ — Կարո՞ղ ես ավելի պարզ բացատրել հանճարեղ մտահղացումդ:
ԹԱՄԱՐԱ — Հիմա մեր դիակին կհանենք, կտանենք լոգարան, մի լավ կլողացնենք, որպեսզի մատնահետքերը մաքրվեն: Որից հետո թաքուն կիջեցնենք փողոց և կթողնենք շենքի անկյունում: Իսկ առավոտյան բամբասկոտ հարևանները կնկատեն դիակը, կզանգեն ոստիկանություն: Այս տարբերակն այս պահին ամենահարմարն է: Մեր բանտ գնալու հավանականությունը կնվազի:
ԵՐԿՈՒՍՈՎ — Բրավո՜… Դու հանճա՜ր ես… (Թամարան գլուխ է խոնարհում:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Նման ապուշություն ես դեռ չէի լսել: (Թամարան խոժոռում է դեմքը:) Դու չպետք է լրագրող դառնայիր, պետք է կառավարությունում աշխատեիր, որպեսզի պրոֆեսիոնալ կերպով քողարկեիր սպանությունները:
ԹԱՄԱՐԱ — Աղջիկներ, սա հարմար տարբերակ է: Միևնույն է, բանտից չենք խուսափելու, բայց այսպես կարող ենք գոնե հույս ունենալ, որ հնարավոր է՝ չպարզվի ոչինչ:
ՌՈԶԻ — Ոստիկաններից ազատվել չի լինում:
ԹԱՄԱՐԱ — Հրաշքներ միշտ էլ լինում են:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ախր, համարձակությունս չի հերիքի՝ դիակ լողացնեմ:
ՌՈԶԻ — Ես կլողացնեմ: Ինչպես այս ճաշը եփել եմ, այնպես էլ կփորձեմ ձեզ ազատել գլխացավանքից: Ինչ տարբերություն, մեռած մա՞րդ, թե՞ սատկած ոչխար կամ կով:
ԹԱՄԱՐԱ — Մագդալենա, դու միայն ցեխոտ շորերը կլվանաս, որպեսզի վերջում մաքուր հագցնենք մեր դիակին:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ասենք թե դիակից մի կերպ ազատվեցինք, իսկ քնած լեյտենա՞նտը:
ԹԱՄԱՐԱ — Թող էս գլխացավանքից ազատվենք, հետո կմտածենք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Լեյտենանտը ավելի վտանգավոր է, որովհետև զարթնելու է: Իսկ այս պարագայում դեռ ամենաանվտանգը մեր դիակն է:
ՌՈԶԻ — Գուցե լեյտենանտը զարթնելուց հետո ոչինչ չհիշի: Կարող ենք ասել, որ ուշաթափվեց: Դեղերն ու ներարկիչն էլ կապացուցեն, որ փորձել ենք նրան օգնել:
ԹԱՄԱՐԱ — Հիմա ամեն րոպեն թանկ է: (Բացում է զգեստապահարանը… ճչալով փակում է դուռը և կպնում է դռանը:)
ՌՈԶԻ — Ի՞նչ եղավ:
ԹԱՄԱՐԱ — Չա՜ր քեզ, սև սատանա, չա՜ր քեզ, սև սատանա…. (Խաչակնքում է:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Իբր տեր հայրը մեզ քիչ էր, հիմա էլ դո՞ւ ցնդեցիր:
ԹԱՄԱՐԱ — Փախել է:
ԵՐԿՈՒՍՈՎ — Ո՞վ…
ԹԱՄԱՐԱ — Դիակը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Դու հո աննորմա՞լ չես:
ԹԱՄԱՐԱ — Փաստորեն էդ քահանան ճիշտ էր զառանցում:
ՌՈԶԻ — Ոնց որ հիմա էլ դու ես զառանցում:
ԹԱՄԱՐԱ — Ես սպանելու եմ էդ քահանային: Էնքան աղոթեց, որ դիակը փախավ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Արի էս կողմ… Ու հերիք է ապուշություններ դուրս տաս: (Բացում է զգեստապահարանի դուռը, ճչում է, փակում դուռը և կանգնում է մեջքով դեպի դուռը:)
ՌՈԶԻ — Հիմա էլ դո՞ւ, Մագդալենա:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Էդ քահանան երևի սատանա էր, ոչ թե հոգևոր հայր:
ԹԱՄԱՐԱ — Տեսա՞ր… բա որ ասո՞ւմ էի…
ՌՈԶԻ — Լսե՜ք, դուք հո չե՞ք գժվել, ո՞նց կարող էր դիակը փախնել:
ԵՐԿՈՒՍՈՎ — Երկինք է համբարձվել:
ՌՈԶԻ — (Մագդալենային մի կողմ տանելով): Արի էս կողմ: Հերիք է հեքիաթներ պատմեք: (Բացում է դուռը, ճչում է, փակում է դուռը, վազում ու նստում բազմոցին:) Չեմ հավատո՜ւմ… Աստվա՜ծ իմ…
ԹԱՄԱՐԱ — Կարծում ես, մե՞նք ենք հավատում:
ՌՈԶԻ — (աչքերը փակելով): Ես չարքերին չեմ հավատո՜ւմ: (Նկատում է ավետարանը, վերցնում և պարզում է վեր:) Աստվա՜ծ ջան, մեզ փրկիր այդ չար հոգիներից:
Մագդալենան տարօրինակ հայացքով նայում է աղջիկներին:
ԹԱՄԱՐԱ — Քեզ ի՞նչ պատահեց, Մագդալենա…
ՌՈԶԻ — Հանկարծ չխելագարվե՛ս… Որովհետև մեր վիճակն ավելի կվատանա:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ո՞վ է արել:
ԵՐԿՈՒՍՈՎ — Ի՞նչը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ձեզանից ո՞վ է թաքցրել դիակը:
ՌՈԶԻ — Ուզում ես ասել, որ մե՞նք…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Այո՛, հենց դո՛ւք… Եթե չեմ սխալվում, դիակները չեն քայլում:
ԹԱՄԱՐԱ — Մենք պատրաստվում էինք դիակը լողացնել ու տանել փողոց:
ՌՈԶԻ — Ինչպե՞ս կարող ես մեզ կասկածել: Չէ՞ որ ամբողջ ժամանակ իրար հետ էինք: Այդ ե՞րբ հասցրինք, որ չտեսար:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (կարճ մտորումից հետո): Գիտեք, բայց լավ է, որ դիակն անհետացել է: Գուցե այդ քահանայի մատը խառն է այս հարցում, բայց այսպես ավելի լավ է: Այդ դիակը ինքն իրեն մեզ ազատեց փորձանքից:
ԹԱՄԱՐԱ — Հաստատ այդ քահանան է գողացել դիակը, որպեսզի մեզ շանտաժի ենթարկի:
ՌՈԶԻ — Նա գիտի, որ հանգուցյալի կինը ես եմ: Ինչո՞ւ պիտի այդպես աներ, երբ արդեն բավականաչափ փող ստացավ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Մենք արդեն զառանցում ենք: Ի՞նչ է, չտեսա՞ք, որ այդ քահանան մեր աչքի առաջ հեռացավ: Եթե այսպես շարունակվի, մենք ոչ թե բանտում կհայտնվենք, այլ հոգեբուժարանում:
ԹԱՄԱՐԱ — Իսկապես սկսում ենք ցնդել:
ՌՈԶԻ — Իսկ ո՞նց կարելի է բացատրել այս պատմությունը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հավանաբար նա չի մահացել: Ուշքի է եկել, տեսել է, որ ուրիշ վայրում է, վեր է կացել ու գնացել:
ԹԱՄԱՐԱ — Բայց ե՞րբ…
ՌՈԶԻ — Ինչ լավ կլինի, որ այդպես եղած լինի:
ԹԱՄԱՐԱ — Ոչինչ էլ լավ չէ…
ՌՈԶԻ — Կուզեիր, որ մեռա՞ծ լիներ:
ԹԱՄԱՐԱ — Եթե չի մեռել, ինչպես մենք ենք ենթադրում, ապա կարող է գնալ ոստիկանություն և բողոքել: Նա արդեն գիտի տան հասցեն:
ՌՈԶԻ — Բայց նա կարող է և չբողոքել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Միևնույն է, մենք չենք խուսափի ոստիկանությունից, որովհետև նրանցից մեկն արդեն արջի քուն է մտել լոգարանում:
ԵՐԿՈՒՍՈՎ — Ճիշտ է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Գոնե այդ լեյտենանտին բերենք, պառկեցնեք բազմոցին: Երևի արդեն գրիպ է կպել:
ՌՈԶԻ — Հա, քահանան արդեն գնացել է, վախենալու ոչինչ չունենք:
Գնում են լոգարան: Լսվում են նրանց բղավոցները, հերթով դուրս են վազում, Ռոզին՝ իր ննջասենյակ, Թամարան՝ խոհանոց, Մագդալենան՝ Ռոզիի մոր ննջասենյակ:
ԹԱՄԱՐԱ — (խոհանոցից դուրս է հանում գլուխը, շշուկով): Աղջիկնե՜ր… (Դռներից երևում են Ռոզիի և Մագդալենայի գլուխները:)
ԵՐԿՈՒՍՈՎ — Ի՞նչ…
ԹԱՄԱՐԱ — Դո՞ւք էլ տեսաք, ինչ ես տեսա:
ՌՈԶԻ — Տեսա, բայց չեմ հավատում:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Էդ քահանան ոչ թե երևի, այլ հաստատ սատանա էր:
ՌՈԶԻ — Հիմա ես էլ համոզվեցի: (Աղջիկները գալիս են հյուրասենյակ:)
ԹԱՄԱՐԱ — Ցանկացել էր դիակը գողանալ, բայց չի հասցրել ու լոգարան է մտցրել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բայց այդ դեպքում էլ լեյտենանտին տեսած կլիներ:
ՌՈԶԻ — Ճիշտ է… Բայց նա մեզ լեյտենանտի մասին ոչինչ չասաց:
ԹԱՄԱՐԱ — Չէր էլ ասի: Քանի որ կմատներ իրեն:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հիմա ի՞նչ պետք է անենք:
ԹԱՄԱՐԱ — Ինչպես պայմանավորվել էինք: Այսինքն՝ լեյտենանտին կբերենք, կպառկեցնենք բազմոցին, իսկ դիակին կլողացնենք: Աղջիկներ, անցնում ենք գործի:
Մտնում են լոգարան, այնտեղից մի կերպ բերում են Վարդգեսի մարմինը և պառկեցնում բազմոցին:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (վախով): Աղջիկներ, ես հիմա ավելորդ եմ լոգարանում:
ԹԱՄԱՐԱ — Ավելորդ չես, աղոթիր, որ մեր դիակն էլի չփախնի:
Մտնում են լոգարան, այնտեղից լսվում է ջրի խշշոց: Այդ պահին վերադառնում է Ղևոնդը:
ՂԵՎՈՆԴ — Դստրիկնե՜րս, մոռացա ավետարանս վերցնել: (Բազմոցին տեսնում է քնած Վարդգեսին:) Հիսո՜ւս Քրիստոս: Հին դիակի հոգին չորեքթաթ փախավ, հիմա էլ նո՞ր դիակ է հայտնվել: (Նկատում է Վարդգեսի գլխի մոտ դրված ավետարանը:) Հաստատ սա էլ է սատանա… Կարո՞ղ է՝ սրա հոգին էլ փախնի:
Մի քանի անգամ վախով ուզում է վերցնել, ետ է քաշվում: Այդ պահին Վարդգեսը ձեռքերը վեր է պարզում և հորանջում է: Ղևոնդը գոռալով ընկնում է հատակին: Վարդգեսը նստելով՝ նայում է Ղևոնդին, որը խաչը պարզում է դեպի Վարդգեսը:
ՂԵՎՈՆԴ — Չմոտենա՛ս, անիծյա՜լ…
Ղևոնդի գոռոցին զուգահեռ, լոգարանից լսվում են աղջիկների բղավոցները: Գոռալով, մերկ, սրբիչը գոտկատեղին փաթաթած, լոգարանից հյուրասենյակ է վազում Ալեքսը՝ գլուխը բռնած: Ղևոնդը և Վարդգեսը վախից քարացել են: Ղևոնդը խաչը պարզում է դեպի Ալեքսը:
ՂԵՎՈՆԴ — Դիակը հարություն է առել… Մեղա՜, մեղա՜…
Լոգարանից դուրս են վազում աղջիկները՝ ոտաբոբիկ, կոշիկներն ամուր գրկած: Տեսնելով Ալեքսին՝ սրբիչով փաթաթված, խաչը պարզած Ղևոնդին և կանգնած ու հորանջող Վարդգեսին՝ քարանում են:
ԱՂՋԻԿՆԵՐ — Հիսո՜ւս Քրիստոս… (Կոշիկները գցում են հատակին:)
Ալեքսը նայում է թրջված աղջիկներին, Ղևոնդին՝ խաչը առաջ պարզած և հորանջող Վարդգեսին, սիրտը բռնում է և ուշաթափվում: Աղջիկները վազում են դեպի Ալեքսը:
ՂԵՎՈՆԴ — Չմոտենա՜ք, սատանա է:
ՌՈԶԻ — (թափահարելով Ալեքսին): Զարթնի՜ր, քեզ ասում եմ, այ թանկարժեք դիակ: Չփորձե՛ս էլի մեռնել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (թափահարելով Ալեքսին): Չփորձե՜ս մեր կյանքը կործանել:
ԹԱՄԱՐԱ — (թափահարելով Ալեքսին): Եթե մեռնես՝ կսպանե՜մ:
Վարդգեսը վեր է կենում և օրորվելով քայլում է հյուրասենյակում:
ՎԱՐԴԳԵՍ — Ես որտե՞ղ եմ:
ՂԵՎՈՆԴ — (վախից անցնում է սենյակի մյուս կողմը): Դժոխքի դարպասների մոտ:
ՎԱՐԴԳԵՍ — Ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ: Ի՞նչ է կատարվում ինձ հետ:
ԹԱՄԱՐԱ — (թափահարելով Ալեքսին): Հազիվ կենդանացե՜լ էիր, էս անգամ ինչո՞ւ մեռար:
Մագդալենան հանքային ջրի շիշը շրջում է Ալեքսի դեմքին: Ալեքսն ուշքի է գալիս և նայում շուրջը:
ԱԼԵՔՍ — Ես որտե՞ղ եմ:
ՎԱՐԴԳԵՍ — (օրորվելով): Ես որտե՞ղ եմ: (Պառկում է բազմոցին:)
ԱԼԵՔՍ — (զննելով իրեն): Ես դեռ չե՞մ մեռել:
ՌՈԶԻ — Հույս էլ չունենաս:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բա էդ անելու բա՞ն էր, որ արեցիր, ա՛յ անաստված:
ՎԱՐԴԳԵՍ — Ես ի՞նչ գործ ունեմ էստեղ:
ՌՈԶԻ — (Վարդգեսին): Հանգիստ պառկեք և հանգստացեք, պարոն լեյտենանտ: (Ննջասենյակից վերմակ է բերում, գցում Վարդգեսի վրա:) Հանկարծ գրիպ չկպնեք:
ՂԵՎՈՆԴ — (նայելով Ալեքսին՝ Ռոզիին): Դստրիկս, սա ձեր հանգուցյալ ամուսինը չէ՞,
ում հոգու համար աղոթում էի:
ԹԱՄԱՐԱ — Լռե՜ք…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Այնքան լավ աղոթեցիք, որ զարթնեց:
ԱԼԵՔՍ — Ես իսկապես մեռե՞լ էի:
ԹԱՄԱՐԱ — Դուք էլ լռեք և հագնվեք: Գիշերային ակումբում չեք: Ռոզի, այս մարդու շորերը բեր:
ՌՈԶԻ — Ախր թաց են:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Չհասցրի լվանալ:
ԹԱՄԱՐԱ — Ոչինչ, թող այդպես հագնվի ու գնա այստեղից:
ՌՈԶԻ — Սպասե՛ք, պետք չէ, որ հիմա էլ նա հիվանդանա: Նա մեզ առողջ է պետք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Դե, ուրիշ շոր տուր, թող հագնի, մինչև իր շորերը չորանան: (Հագնում է կոշիկը:) Հիմա մենք էլ կմրսենք:
ՌՈԶԻ — Ախր, հարմար ոչինչ չունեմ:
ԹԱՄԱՐԱ — Եթե լավ փնտրես, մի բան կգտնես:
ՌՈԶԻ — (Ալեքսին): Եկեք ինձ հետ: (Հագնում է կոշիկները և Ալեքսի հետ մտնում Ռոզիի ննջասենյակ:)
ՎԱՐԴԳԵՍ — Օ՜յ, գլուխս… Ի՞նչ է կատարվում ինձ հետ: (Շուռումուռ է գալիս բազմոցին: Բոլորը վախով նայում են իրար: Ուզում է վեր կենալ բազմոցից:)
ԹԱՄԱՐԱ — Խնդրում եմ, պառկեք… Ձեզ հիմա հանգստանալ է պետք:
ՂԵՎՈՆԴ — Դստրիկներս, այս ոստիկանն ինչո՞ւ է բազմոցին պառկած հառաչում:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Նա մեր հյուրն է, հայր սուրբ, պարզապես իրեն մի քիչ վատ է զգում:
ՂԵՎՈՆԴ — Հավանաբար նրա մեջ չար ոգի կա: Հիմա կաղոթեմ նրա հոգու համար:
ԵՐԿՈՒՍՈՎ — Ո՛չ, շնորհակալ ենք:
ՂԵՎՈՆԴ — Բայց նա աղոթքի կարիք է զգում:
ԹԱՄԱՐԱ — Նա առանց ձեր աղոթքների էլ մի կերպ կապրի:
Ննջասենյակից դուրս է գալիս Ռոզին:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ռոզի, ինչպե՞ս են գործերն այնտեղ:
ՌՈԶԻ — Կիսամերկ լինելուց ավելի լավ է:
ՂԵՎՈՆԴ — (ինչ-որ բան փնտրելով): Աստվա՜ծ իմ, ո՞ւր է…
ԹԱՄԱՐԱ — Հիմա՞ ինչ եք փնտրում, հայր սուրբ:
ՂԵՎՈՆԴ — Իմ սուրբ ավետարանը: Ա՜խ, հա… բազմոցին է: (Մոտենում է վերցնելու: Այդ պահին լսվում է Վարդգեսի խռռոցը: Ղևոնդը ետ է քաշվում, հետո վերցնում է ավետարանը:)
ԹԱՄԱՐԱ — (Ղևոնդին): Շատ է հոգնել մեր հյուրը: Երկար ճանապարհ է անցել:
ՌՈԶԻ — (կամաց, Մագդալենային): Սա չի՞ ուզում գնալ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (կամաց): Մի պրոբլեմ էլ սա է:
ՌՈԶԻ — (բարձր): Տեր հայր, ինձ թվում է, արժե, որ դուք հենց հիմա…
ՂԵՎՈՆԴ — Իհարկե, արժե էլի աղոթել: Քանի որ վերջին պահին տարօրինակ իրադարձություններ են կատարվում այս տանը:
ԹԱՄԱՐԱ — Դուք ավելի լավ է գնաք: Մենք կաղոթենք:
ՂԵՎՈՆԴ — Դստրիկներս, ես պետք է ավարտին հասցնեմ աղոթքս: Եկեղեցում պետք է վերջնական հաշվետվություն ներկայացնեմ, որ ամեն ինչ կարգին է: Այսպես կիսատ թողնելը սխալ է: Եկեղեցին երբ իմանա, ինձ կհեռացնի աշխատանքից և ուրիշին կուղարկի:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հիմա էլ ուրի՞շը պիտի գա:
ԹԱՄԱՐԱ — Չէ՛, չէ՛, ավելի լավ է դուք աղոթեք, քանի եկել եք:
ՌՈԶԻ — Բայց էլ գումար չունեմ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ես կվճարեմ:
ՂԵՎՈՆԴ — (ոգևորված): Երևի նորից սկսենք լոգարանից: Որովհետև նա այնտեղից դիվահար եղած դուրս թռավ: Պետք է անհետացնենք չարիքի հետքերը:
Խաչն առած պարզած, «Ալելուիա» կանչելով մտնում է լոգարան: Աղջիկները հոգոց հանելով նստում են սեղանի մոտ:
ԹԱՄԱՐԱ — Սրանից պրծում չունենք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ախր, մենակ սա չէ: Բա էս խռռացնող լեյտենանտն ու հարություն առած անիծյալը:
ՌՈԶԻ — Երկուսն էլ փորձանք են դառնալու մեր գլխին, ա՛յ, կտեսնեք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ռոզի, ո՜նց էի մոռացել:
ՌՈԶԻ — Ի՞նչը…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Մայրիկիդ… Նա զանգել էր, իսկ ես ասացի, որ քեզ կասեմ, որ անպայման կզանգես նրան: Խե՜լք էր մնացել, որ հիշեի:
ՌՈԶԻ — Խե՜ղճ մայրիկ… (Զանգում է:) Ալո՜, մա՞մ… Հա, մամ ջան… Իհարկե, տանն ամեն ինչ կարգին է… Անակնկա՞լ, ի՞նչ անակնկալ, մամ… (Լոգարանից «Օգնիր, տեր Աստված» կանչելով դուրս է գալիս Ղևոնդը:) Չէ, մամ ջան, ի՞նչ եկեղեցի կեսգիշերով: Մամ, քեզ մի քիչ հետո կզանգեմ: (Կտրուկ դնում է լսափողը: Ղևոնդը մտնում է Ռոզիի մոր ննջասենյակ:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ի՞նչ անակնկալ էր մայրդ…
ՌՈԶԻ — Էդ քահանան թողե՞ց, որ իմանայի: Ոչինչ, վաղը կիմանամ, հիմա ավելի մեծ պրոբլեմներ ունենք:
ԹԱՄԱՐԱ — Պետք է մտածել, թե ինչ կարելի է անել էս լեյտենանտի հետ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Թող դեռ զարթնի՝ կորոշենք:
ՌՈԶԻ — Ամենակարևորը՝ մեր հանգուցյալը էլ հանգուցյալ չէ: Այսինքն՝ մենք հանցագործներ չենք ու բանտ չենք նստի:
«Օրհնիր, տեր Աստված» կանչելով ննջասենյակից դուրս է գալիս Ղևոնդը, մտնում է խոհանոց:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Իսկ եթե քահանան մեր խռռացնող լեյտենանտին ամեն բան պատմի՞:
ԹԱՄԱՐԱ — Հիմա էդ քահանային տնից դուրս կշպրտեմ: (Ուզում է գնալ խոհանոց: Ռոզին և Մագդալենան ետ են պահում նրան:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Հանգստացիր, հազիվ ամեն ինչ կարգավորվում է, իսկ դու ուզում ես նորի՞ց գործը փչացնել:
ՌՈԶԻ — Թամարա, քահանան ոչինչ չի կարող ասել, որովհետև ոչինչ չի տեսել:
ԹԱՄԱՐԱ — Շատ լավ էլ տեսել է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բայց ապացույցներ չունի:
ՌՈԶԻ — Որովհետև մեր հանգուցյալը էլ հանգուցյալ չէ: (Ժպիտով:) Նա իսկական տղամարդ է: (Ռոզիի սենյակից դուրս է գալիս Ալեքսը՝ Ռոզիի զգեստը հագած:)
ԱԼԵՔՍ — Ներեցեք… Կարելի՞ է:
ՌՈԶԻ — Իհա՜րկե, համեցեք: (Աղջիկներին՝ կամաց:) Ինչո՞ւ եք ծիծաղում: Ես տղամարդու շորեր չունեմ: Ուրիշ էլ ի՞նչ պիտի հագներ: Այս տանը միայն ես ու մայրս ենք ապրում, եթե չեք մոռացել:
ԱԼԵՔՍ — (նստելով սեղանի մոտ): Ներեցեք, ես ի՞նչ եմ անում ձեր տանը: (Խոհանոցից դուրս է գալիս Ղևոնդը՝ «Օրհնիր Աստված» կանչելով մտնում է Ռոզիի սենյակ: Ալեքսը ինչ-որ բան է փնտրում:) Իսկ որտե՞ղ է ակնոցս:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Երևի դրսում եք կորցրել:
ԱԼԵՔՍ — Բայց դուք չասացիք… ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ:
ԹԱՄԱՐԱ — Դուք ընկել էիք ավտոյի տակ:
ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Չասե՛ս…
ԹԱՄԱՐԱ — Ձեզ տեսանք փողոցում ընկած և բերեցինք այստեղ, որպեսզի փրկենք ձեր կյանքը: (Ռոզին և Մագդալենան հանգիստ շունչ են քաշում:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ինչպես տեսնում եք, դա մեզ հաջողվեց:
ԱԼԵՔՍ — Բայց ես ոչինչ չեմ հիշում:
ԹԱՄԱՐԱ — Դե, դա բնական է, դուք չէիք էլ կարող հիշել:
ՌՈԶԻ — Կարևորը՝ ձեզ ոչինչ չի եղել:
Ռոզին ափսե է դնում Ալեքսի դիմաց: Մագդալենան կոնյակ է լցնում բոլորին, Թամարան միրգ է կտրատում:
ԱԼԵՔՍ — (նկատելով Վարդգեսին): Իսկ սա ո՞վ է:
ԹԱՄԱՐԱ — Մեր անհաջող հյուրն է:
ՌՈԶԻ — Խնդրեմ, հյուրասիրվեք: (Բարձրացնում են բաժակները:)
ԹԱՄԱՐԱ — Դե, ի՜նչ, բարի վերադարձ նոր կյանք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ձեզ զգացեք ինչպես ձեր տանը: Շատ հաճելի է… Ես Մագդալենան եմ՝ օպերային երգչուհի:
ԱԼԵՔՍ — Ինձ էլ է հաճելի: Ամբողջ կյանքում սիրել եմ արվեստը:
ԹԱՄԱՐԱ — Իսկ ես Թամարան եմ՝ լրագրող: Ճիշտն ու սուտը խառնվել են իրար, դրա համար ժողովուրդը շատ անգամ լրագրողների խոսքերին չի հավատում: Բայց դա ինձ չի խանգարում միշտ կանգնել ճշմարտության կողքին:
ԱԼԵՔՍ — Շատ հաճելի է, իսկ ես Ալեքսն եմ: Աշխատում եմ կրկեսում:
ԱՂՋԻԿՆԵՐ — Կրկեսո՞ւմ:
ԱԼԵՔՍ — Այո, կրկեսում: Ես կենդանիներ եմ վարժեցնում:
ՌՈԶԻ — Ինչպիսի զուգադիպությո՜ւն: Ուրեմն դուք է՞լ եք սիրում կենդանիներ:
ԱԼԵՔՍ — Նրանք իմ կյանքի մի մասն են կազմում:
ՌՈԶԻ — Իսկ ես Ռոզին եմ: Իմ կյանքն էլ է անցում կենդանական աշխարհում: Ես անասնաբույժ եմ: Ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները զգում են սիրո, հոգատարության և բուժման կարիք: Եվ գիտե՞ք, ինչն է հետաքրքիր… Որ շատ անգամ կենդանիներն ավելի հոգատար են և սրտակից, քան մարդիկ:
ԹԱՄԱՐԱ — (կամաց, Մագդալենային): Իրար գտել են:
ԱԼԵՔՍ — (Ռոզիին): Բայց ձեզ ինչ-որ տեղ հանդիպել եմ:
ՌՈԶԻ — Այո, մենք շատ ենք հանդիպել փողոցում, բայց ոչ մի անգամ առիթ չենք ունեցել, որ խոսենք և ավելի լավ ճանաչենք իրար:
ԱԼԵՔՍ — Ա՜խ, հա՜… ես ձեզ հիշեցի:
ԹԱՄԱՐԱ — Դե, եկեք խմենք մեր ծանոթության կենացը:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Սիրելի Ալեքս, այսօր նաև Ռոզիի ծննդյան օրն է: Մենք այդ առիթով էինք հավաքվել:
ԱԼԵՔՍ — Շնորհավո՜ր… (Խմում են:)
ՂԵՎՈՆԴ — (Ռոզիի սենյակից դուրս գալով): Դստրիկներս, ես վերջացրի աղոթքը: (Տեսնելով մեջքով նստած Ալեքսին:) Իսկ այս նոր գեղեցկուհին ո՞վ է: (Տեսնելով Ալեքսին:) Մեղա՜, մեղա՜… Այս ի՞նչ այլասերվածություն է:
ՌՈԶԻ — Հանգստացեք, տեր հայր… Եկեք, մեզ հետ խմեք:
ՂԵՎՈՆԴ — Ո՛չ մի դեպքում: Ես այստեղ չարչարվում եմ, ջանք ու եռանդ չեմ խնայում, որպեսզի օրհնեմ այս տունը և անհետացնեմ բոլոր չարքերին, իսկ դուք այստեղ այլասերվածությա՞մբ եք զբաղվում:
ԹԱՄԱՐԱ — Մենք շատ երջանիկ ենք և շնորհակալ ենք ձեր աղոթքների համար:
ՂԵՎՈՆԴ — Եկեղեցին չի ընդունում համասեռամոլությունը:
ԱԼԵՔՍ — Բայց ես համասեռամոլ չեմ:
ՌՈԶԻ — Ճիշտ է ասում: Նա իսկական տղամարդ է:
ՂԵՎՈՆԴ — Այսպիսի իսկական տղամարդ առաջին անգամ եմ տեսնում:
ԹԱՄԱՐԱ — Նրա շորերը թաց են: Չորանում են: Խեղճ Ալեքսը սառեց:
ՂԵՎՈՆԴ — (Ռոզիին): Դստրի՜կս, սա ձեր ամուսինը չէ՞, ով դիակ էր, բայց հետո հարություն առավ:
ԱԼԵՔՍ — Ի՞նչ ամուսին…
ՎԱՐԴԳԵՍ — (տեղից բարձրանալով՝ գոռում է): Դիա՜կը… հիշեցի՜… դիա՜կը՝ սպիտակ սավանով փաթաթված:
ԱԼԵՔՍ — (հիշելով): Պապի՜կ ջան…
ՂԵՎՈՆԴ — (Վարդգեսին): Բայց մեր դիակը հարություն է առել, պարոն ոստիկան:
ԱԼԵՔՍ — Իմ սիրելի պապի՜կը… (Գլուխը բռնած, լացակումած քայլում է սենյակում:)
ՌՈԶԻ — Հիմա ի՞նչ է կատարվում:
ՎԱՐԴԳԵՍ — (վեր կենալով): Ո՞ւր է դիակը, որտե՞ղ եք թաքցրել:
ՂԵՎՈՆԴ — Պարոն ոստիկան, մեր դիակ նա էր: (Ցույց է տալիս Ալեքսին:) Բայց նա արդեն դիակ չէ:
ՎԱՐԴԳԵՍ — (նայելով Ալեքսին): Էս համասեռամոլն ո՞վ է:
ՂԵՎՈՆԴ — Մեր նախկին դիակը: Բայց իմ աղոթքները օգնեցին և նա հարություն առավ:
ՎԱՐԴԳԵՍ — Հայրիկ ջան, հասկանում եմ, որ ձեր տղան մահացել է երիտասարդ հասակում, բայց հավատացեք, որ կյանքը դեռ շարունակվում է: (Աղջիկները վախով նայում են իրար:)
ՂԵՎՈՆԴ — Այո, իմ տղան ավտովթարի զոհ դարձավ այն ժամանակ, երբ դեռ նոր էի ձեռնադրվում որպես քահանա: Իսկ նրա մահից հետո հասկացա, որ կյանքս պետք է նվիրեմ եկեղեցուն, որ գոնե այդպես մոտ լինեմ տղայիս:
ԹԱՄԱՐԱ — (Մագդալենային՝ կամաց): Փաստորեն այնքան էլ չենք խաբել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Եթե մի քիչ էլ շարունակվի, մենք կմատնվենք:
ՎԱՐԴԳԵՍ — (Ղևոնդին): Բայց ձեր աղջիկները ձեր կողքին են, դուք պետք է շարունակեք ապրել ձեր դստրիկներով:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Տեր հայրի՜կ, մենք ձեզ շատ ենք սիրում և հարգում:
ՎԱՐԴԳԵՍ — Այ, տեսնո՞ւմ եք, թե նրանք ինչքա՜ն հոգատար են:
ՂԵՎՈՆԴ — Դստրիկներս, ես արդեն աղոթել եմ այս տանը, որ դուք հանգիստ ապրեք:
ԱՂՋԻԿՆԵՐ — (սառած ժպիտներով): Շնորհակալություն:
ՎԱՐԴԳԵՍ — Պարզապես այս տունը շատ տարօրինակ է: Այն պահից, ինչ մտել եմ այս տուն, ինձ մոտ տարօրինակ զգացում է, կարծես ես էլ եմ հարություն առել:
ՂԵՎՈՆԴ — Հարությունը ոչ թե դուք եք առել, այլ այս կիսատղամարդը: (Ցույց է տալիս Ալեքսին: Ցույց տալով նաև Ռոզիին:) Այս տիկինը շատ էր կապված ամուսնու հետ, ես չկարողացա անտարբեր մնալ նրա ցավին և ամեն բան արեցի, որ այս ընտանիքը չդժբախտանա:
ԱԼԵՔՍ — Չեմ հասկանում, ես ո՞ւմ ամուսինն եմ:
Ռոզին, վտանգ զգալով, փաթաթվում է Ալեքսին, նա փորձում է ետ գնալ: Ռոզին չի թողնում:
ՌՈԶԻ — Սիրելի՜ս… (Ավելի ամուր է փաթաթվում Ալեքսին:)
ՎԱՐԴԳԵՍ — Ես դժվարանում եմ տարբերել, թե ո՛վ է կինը և ո՛վ է ամուսինը… Ուրեմն՝ այս տղամարդ կինը այս տան սպասուհու ամուսի՞նն է:
ՂԵՎՈՆԴ — Ի՞նչ սպասուհի, պարոն ոստիկան: Նա այս տան տիրուհին է:
Աղջիկները կարկամած նայում են իրար: Ալեքսն ազատվում է Ռոզիից, գլուխը բռնած նայում է շուրջը:
ՎԱՐԴԳԵՍ — Ո՞նց թե… (Ցույց տալով Մագդալենային:) Իսկ ձեր դստրիկն ո՞վ է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Ես այս բնակարանը պատրաստվում եմ գնել իմ սպասուհուց և արդեն ինձ զգում եմ այս տան տիրուհին:
ԱԼԵՔՍ — Իմ պապի՜կը… Իմ պապի՜կը… (Նայելով իր հագուստին:) Այսպես չեմ կարող գնալ հանգուցյալ պապիկիս հրաժեշտ տալու:
ՂԵՎՈՆԴ — Էլի՞ հանգուցյալ կա… Պետք է անպայման աղոթել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Տեր հայր, մե՛կ րոպե… (Պայուսակից փող է հանում, տալիս է Ղևոնդին:) Էլ պետք չէ աղոթել:
ՎԱՐԴԳԵՍ — Էս տունը շատ տարօրինակ է: Տարօրինակ հարաբերություններ, տարօրինակ հարևաններ: Ամենուր հանգուցյալներ են ու հոգիներ: Երևի հարևանները չեն սխալվել: (Ալեքսին.) Ներեցեք, երիտասարդ չգիտեմ ինչ… Ի՞նչ հանգուցյալի մասին եք խոսում:
ԱԼԵՔՍ — Պապիկի՜ս… Ես համոզված եմ, որ նա անհամբեր սպասում էր ինձ, իսկ ես չկարողացա գնալ նրա մոտ:
ՎԱՐԴԳԵՍ — (աղջիկներին): Փաստորեն այդ հանգուցյալ պապիկի՞ն եք գաղտագողի բերել այս տուն: Հավանաբար հարևանները նրա դիակն են տեսել:
ԱԼԵՔՍ — Ուրեմն իմ պապիկն այստե՞ղ է:
ՌՈԶԻ — Չէ՛, սիրելիս, քո պապիկը մեր տանը չէ: Նա իր տանն է:
ՂԵՎՈՆԴ — Մեղա՜, մեղա՜… Ես աղոթում եմ հոգիների փրկության համար, դուք այստեղ նոր դիակնե՞ր եք բերում:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Լսե՛ք, պարոն լեյտենանտ, մենք արդեն ասացինք, չէ՞, որ այդ դիակի հետ ոչ մի կապ չունենք:
ՎԱՐԴԳԵՍ — (Ալեքսին): Երիտասարդ չգիտեմ ինչ… Ո՞վ է սպանել ձեր պապիկին: Այս կանա՞յք:
ԱԼԵՔՍ — Ոչ, իմ պապիկին չեն սպանել, ինձ էին ուզում սպանել:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (կամաց): Վա՜խ, տեր Աստվա՜ծ…
ՎԱՐԴԳԵՍ — Ո՞վ էր ուզում ձեզ սպանել:
ՌՈԶԻ — (կամաց): Մամա՜ ջան…
ՎԱՐԴԳԵՍ — Այս կանա՞յք:
ԹԱՄԱՐԱ — (կամաց): Վե՜րջ ամեն ինչին:
ԱԼԵՔՍ — Ո՛չ: (Աղջիկները ժպտում են:) Այս կանայք փրկեցին իմ կյանքը: Ինձ գցել էին մեքենայի տակ և փախել:
ՂԵՎՈՆԴ — Ես էլ ձեզ հարություն տվեցի:
ՌՈԶԻ — (փաթաթվելով Ալեքսին): Շնորհակալ եմ, տեր հայր, որ ամուսնուս կենդանացրիք:
ԱԼԵՔՍ — (ազատվելով Ռոզիի գրկից): Ի՞նչ ամուսին:
ՌՈԶԻ — Սիրելիս, դու երևի մոռացել ես ամեն ինչ: Ոչինչ, ժամանակի ընթացքում կհիշես մեր սերը:
ՎԱՐԴԳԵՍ — (համբերությունը հատած): Վե՜րջ… Այստեղ ինչ-որ գաղտնիք կա, որը պետք է անհապաղ պարզել: Այս տունը իրոք դժոխքի նման է: Որովհետև ինձ հետ էլ է ինչ-որ ահասկանալի բան կատարվում: Ես կարծես ես չլինեմ:
ԹԱՄԱՐԱ — Պարոն լեյտենանտ, դուք երբ եկաք, ձեզ վատ զգացիք, իսկ մենք փորձեցինք ձեզ էլ օգնել, ինչպես Ալեքսին: (Ցույց տալով դեղերն ու ներարկիչը:) Խնդրեմ, նայեք… Մենք ձեզ առաջին օգնություն ենք ցույց տվել:
ՎԱՐԴԳԵՍ — Չեմ ուզում ոչինչ լսել, հենց հիմա ինձ հետ կգաք ոստիկանություն:
ՂԵՎՈՆԴ — (խաչը վերև պարզելով): Սո՜ւրբ Հիսուս Քրիստոս, օգնի՜ր մեզ…
ՎԱՐԴԳԵՍ — Հիմա կհարցաքննեմ հարևաններին և ստորագրություններ կհավաքեմ, որպեսզի կարողանամ փաստացի ապացույցներով ձեզ տանել բաժին: (Դուրս է գնում:)
ԱԼԵՔՍ — Իմ սիրելի պապի՜կը…
ՌՈԶԻ — (փաթաթվելով Ալեքսին): Սիրելիս, այդքան մի տխրիր… Հասկանում եմ, որ ցավալի է, բայց դե, ի՞նչ կարող ենք անել:
ԱԼԵՔՍ — (ազատվելով Ռոզիի գրկից): Խնդրում եմ, հանգիստ թողեք ինձ:
ՂԵՎՈՆԴ — Երիտասարդ, ինչո՞ւ եք ձեր կնոջ հետ այդպես վարվում: Նա մտածում է ձեր մասին և ձեզ հետ միասին տանջվում է: Չեք կարող պատկերացնել, թե ինչպե՜ս էր տառապում, երբ դուք մեռել էիք:
ԱԼԵՔՍ — Բայց ես ամուսնացած չեմ:
ՂԵՎՈՆԴ — Երևի այնքան ծանր եք տարել ձեր մահը, որ մոռացել եք ձեր կողակցին:
ՌՈԶԻ — Այո, իմ սիրելին շատ ցրված է դարձել վերջերս:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Տեր հայր, ինձ թվում է, դուք պետք է աղոթեք նաև մեր պապիկի հոգու հանգստության համար: Ես ու եղբայրս շատ ծանր եք տանում նրա մահը:
ՂԵՎՈՆԴ — (Ալեքսին): Ձեր քույրիկին է՞լ չեք հիշում:
ԱԼԵՔՍ — Բայց նա իմ քույրը չէ:
ՂԵՎՈՆԴ — (հոգոց հանելով): Երևում է, դուք կորցրել եք ձեր հիշողությունը:
ԹԱՄԱՐԱ — Քո մանկության ընկերուհո՞ւն էլ ես մոռացել:
ԱԼԵՔՍ — Ես խելագար չեմ և հիշողության կորուստ էլ չունեմ:
ՂԵՎՈՆԴ — Ինչ լավ է, զավակս, որ սկսում եք հիշել:
ԱԼԵՔՍ — Տեր հայր, ես աղջիկների հետ նոր եմ ծանոթացել: (Ցույց տալով Ռոզիին:) Նրա ծննդյան օրով:
ՂԵՎՈՆԴ — Փաստորեն ամեն բան դեռ լուրջ է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Տեսնո՞ւմ եք, հայր սուրբ, հիմա շատ հարմար պահ է, որպեսզի շարունակեք ձեր աղոթքները: Եղբորս հիշողության և մեր սիրելի հանգուցյալ պապիկի հոգու համար:
ԹԱՄԱՐԱ — Այս անգամ էլ ես կվճարեմ, աղջիկներ: Երևի ձեր փողը վերջացավ:
ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — Այո:
ՂԵՎՈՆԴ — Հիմա էլ կարելի է սկսել խոհանոցից: (Խաչը պարզած մտնում է խոհանոց: Աղջիկները նայում են Ալեքսին: Ալեքսը վախից ընկրկում է:)
ԱԼԵՔՍ — Ես խելագար չեմ: Հիշողության կորուստ էլ չունեմ: Ինչո՞ւ եք ինձ այդպիսի վայրենի հայացքով նայում:
ԹԱՄԱՐԱ — Ձեր պատճառով մենք սնանկացանք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Եվ ձեր պատճառով մենք կարող էինք բանտում հայտնվել:
ԱԼԵՔՍ — Բայց ես ի՞նչ մեղավոր եմ:
ԹԱՄԱՐԱ — Եթե դուք չմեռնեիք, մենք մեր խնայողությունները չէինք վատնի:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Եթե դուք մի քիչ էլ խոսեիք, մենք հիմա կալանավորված կլինեինք:
Խոհանոցից լսվում է Ղևոնդի «Ալելուիա»-ն:
ԱԼԵՔՍ — Բայց ես ամուսնացած չեմ: Հորեղբոր աղջիկ էլ չունեմ: Մանկության ընկերուհի ունեմ: (Նայելով Թամարային:) Բայց դուք չեք: Չեմ հասկանում, թե այդ քահանան ինչո՞ւ է կարծում, թե ես խելագարվել եմ ու հիշողության կորուստ ունեմ:
Խոհանոցից դուրս է գալիս Ղևոնդը և մտնում Ռոզիի ննջասենյակ:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Այդ քահանան՝ սուրբ Ղևոնդ Տեր Պճաքչյանը, պետք է իմանա, որ ես ձեր հորեղբոր աղջիկն եմ:
ԹԱՄԱՐԱ — Իսկ ես` ձեր մանկության ընկերուհին:
ՌՈԶԻ — Ես էլ` ձեր կինը և այս տան տիրուհին: Իսկ լեյտենանտի՝ այդ Վարդգես Ֆրանգուլյանի համար ես էլի պետք է մնամ ձեր կինը, ուղղակի որպես սպասուհի:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Իսկ ես՝ այս տան նոր տիրուհին:
ԹԱՄԱՐԱ — Ես էլ՝ Անգլիայից եկած, Մագդալենայի քույր:
ԱԼԵՔՍ — Բայց ինչի՞ համար:
ԹԱՄԱՐԱ — Որպեսզի բոլորով բանտ չգնանք:
ԱԼԵՔՍ — Բա՞նտ… Աստվա՜ծ իմ… Իսկ պապիկիս դիա՞կը:
ԹԱՄԱՐԱ — Այ, տեսնո՞ւմ եք: Երբ այս վիճակը վերջանա, դուք էլ կգնաք ձեր հանգուցյալ պապիկի մոտ: Դե, նկատի ունեմ, որ կգնաք նրան հրաժեշտ տալու:
ԱԼԵՔՍ — Բայց խաբեության համար են ձերբակալում, ոչ թե ճշմարտությունն ասելու:
ԹԱՄԱՐԱ — Հիմա հակառակն է: Ժամանակները փոխվել են:
ՌՈԶԻ — Եթե չօգնեք, լեյտենանտը կարող է մտածել, որ մենք էինք ուզում ձեզ սպանել:
ԱԼԵՔՍ — Բայց ես նրան արդեն ասացի, որ դուք միայն փրկել եք կյանքս:
ՌՈԶԻ — Մեր հարևանները բամբասկոտ են ու նախանձ: Նրանք ինչեր ասես, որ չեն հորինի լեյտենանտի մոտ, որպեսզի մեզ վատություն անեն:
Ռոզիի սենյակից դուրս է գալիս Ղևոնդը: Ռոզին, նրան տեսնելով, արագ գրկում է Ալեքսին, երկուսով ակամա ընկնում են բազմոցին:
ԹԱՄԱՐԱ — Տեսնո՞ւմ եք, հայր սուրբ, ինչքա՜ն հզոր են ձեր աղոթքները:
ՂԵՎՈՆԴ — Աստվա՜ծ օրհնի… Աստվա՜ծ օրհնի… (Մտնում է լոգարան:)
ՌՈԶԻ — (կանգնելով, շոյված): Ներեցեք, Ալեքս, ես չէի ուզում: Միամիտ ստացվեց:
ԱԼԵՔՍ — (գերված): Ոչինչ, ոչինչ…
ՂԵՎՈՆԴ — (լոգարանից): Հա՜յր մեր… Օրհնի՜ր նրանց պապիկի հոգին:
ԱԼԵՔՍ — Ա՜խ, իմ սիրելի պապի՜կը… Նա մահացել է, իսկ ես դեռ նրա կողքին չեմ: Անիծյալ լինի այդ ավտովթարը: Ես գնում էի պապիկիս հոգեհանգստին, հենց նրանց շենքի մոտ պատահեց այդ դժբախտությունը: Երևի պապիկս նեղացել է ինձանից: Ես չհասցրի բարձրանալ վերև և տեսնել իմ սիրելի Վոլոդյա պապիկին:
ՌՈԶԻ — (զգաստացած): Վոլոդյա պապիկի՞ն:
ԱԼԵՔՍ — Այո: Նա տատիկիս հետ նոր էր տեղափոխվել այս շենքը: Նրանք երջանիկ ամուսիններ էին: 90-ամյակի կապակցությամբ հայրս է նրանց նվիրել այդ բնակարանը:
ՌՈԶԻ — Դուք Վոլոդյա պապիկի թո՞ռն եք:
ԱԼԵՔՍ — Միակ և սիրելի:
ՌՈԶԻ — Բայց նա ե՞րբ է մահացել:
ԱԼԵՔՍ — Այսօր առավոտյան:
ՌՈԶԻ — Խե՜ղճ Վոլոդյա պապիկ… Ներեցեք, չգիտեի, որ նա մահացել է:
ԱԼԵՔՍ — Դուք իմ պապիկին ճանաչո՞ւմ եք:
ՌՈԶԻ — Իհարկե, ճանաչում եմ, նա մեր վերևի հարևանն է:
ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ — (նայելով վերև): Վերևում է՞լ դիակ կա:
ԹԱՄԱՐԱ — Թոռնիկը՝ ներքևում:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Պապիկը՝ վերևում:
ԱԼԵՔՍ — (նայելով վերև): Իմ Վոլոդյա պապիկը վերևո՞ւմ է:
ՂԵՎՈՆԴ — (դուրս գալով լոգարանից): Վոլո՞դյա… (Ալեքսին.) Զավակս, դուք ասացիք Վոլո՞դյա… (Ալեքսը գլխի շարժումով հաստատում է: Ղևոնդը նայում է իր գրքույկի մեջ, ապշահար:) Փաստորեն ինձ հրավիրել էին, որպեսզի աղոթեի պապիկի, ոչ թե թոռնիկի հոգու համար:
ՌՈԶԻ — Տեր հայր, ուզում եք ասել, որ պետք է գնայիք Վոլոդյա պապիկի բնակարան, մեկ հարկ շփոթել ու եկել եք ի՞մ տուն:
ՂԵՎՈՆԴ — Կարծես թե այո, դստրիկս: Պարզապես երբ մտա ձեր բնակարանը, թոռնիկ դիակը՝ ձեր ամուսինը, մեռած պառկած էր բազմոցին՝ սպիտակ սավանով փաթաթված, ու ես մտածեցի, թե ճիշտ եմ եկել:
ԹԱՄԱՐԱ — Դրա համար պետք էր ճշտել, նոր աղոթել:
ՂԵՎՈՆԴ — Դստրիկս, ես ի՞նչ մեղավոր եմ, երբ հեռախոսով ասացին, որ հանգուցյալի անունը Վոլոդյա է: (Ռոզիին.) Տիկին, ախր, ինձ չասացիք ձեր ամուսնու անունը:
ՌՈԶԻ — Իմ սիրելի ամուսինը, երբ իմացավ իր պապիկի մահվան մասին, ինքն էլ էր ուզում մեռնել, բայց դուք նրան փրկեցիք մահվանից: (Փաթաթում է Ալեքսին:) Սիրելի՜ս:
ԹԱՄԱՐԱ — Ում էլ այդքան փող տաս` հաստատ մեռածին կկենդանացնի:
ՂԵՎՈՆԴ — Զավակներս, ինձ պետք է վճարեք նաև աղոթքի վերջին փուլի համար:
ԹԱՄԱՐԱ — Հա, ճիշտ է, այս անգամ ես պետք է վճարեի: (Փող է տալիս Ղևոնդին:)
ՂԵՎՈՆԴ — (Ալեքսին): Երիտասարդ, բարձրանանք վերև, ես պետք է աղոթեմ ձեր պապիկի հոգու համար:
ԹԱՄԱՐԱ — (ծաղրով, Ալեքսին): Իմիջիայլոց, դա թանկ արժե:
ԱԼԵՔՍ — Բայց մոտս գումար չունեմ:
ՂԵՎՈՆԴ — Ոչ մի խնդիր: (Ալեքսը ժպտում է:) Կձևակերպենք որպես վարկ՝ ձեր ստորագրությամբ: (Ալեքսի ժպիտը քարանում է:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Տեր հայր, իսկ եթե աղոթքի այս փուլը դուրս հանե՞նք ձեր ծրագրերից: Չէ՞ որ այս տանն արդեն աղոթեցիք պապիկի հոգու համար: Նա երևի արդեն ստացել է մեղքերի թողություն:
ՂԵՎՈՆԴ — Ոչ մի դեպքում, դստրիկս, ապառիկ աղոթքն այնքան ուժ չունի, որքան կանխիկը: Ես պետք է աղոթեմ նրա բնակարանում: (Ալեքսին.) Երիտասարդ, ձեր պապիկի բնակարանում նոր սենյակներ ավելացված չե՞ն:
ԱԼԵՔՍ — Չէ, չէ… Ամեն ինչ այնպես է, ինչպես այստեղ:
ՂԵՎՈՆԴ — Դե, ուրեմն, ավել գումար չեք վճարի: Ընդամենը 450 դոլար: Գնացինք, գնացինք…
ԱԼԵՔՍ — (ակնարկելով իր կանացի զգեստը): Ներեցեք, բայց ես չեմ կարող այսպես ներկայանալ հանգուցյալ պապիկիս: Նրա հոգին իմ մասին ի՞նչ կմտածի: Ես պետք է զգեստափոխվեմ: (Մտնում է լոգարան:)
ՂԵՎՈՆԴ — Երիտասարդ, ես բարձրանում եմ վերև և սպասում եմ ձեզ: Առանց ձեր ստորագրության ո՛չ մի աղոթք: (Ռոզիին.) Տիկին, մեկ հարկ վերև, չէ՞:
ՌՈԶԻ — Այո, ուղիղ իմ բնակարանի վերևը:
ԹԱՄԱՐԱ — Տեր հայր, էլի չշփոթեք և ուրիշ բնակարան չմտնեք:
ՂԵՎՈՆԴ — (մեկուսի): Ուղիղ մեկ հարկ վերև… Ուղիղ մեկ հարկ վերև… (Գնում է:)
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Աչքերիս չեմ հավատում:
ՌՈԶԻ — Տեսնո՞ւմ եք, թե Աստծո անվան տակ ինչե՜ր են անում:
Շտապ գալիս է Վարդգեսը՝ ձեռքին մի քանի թուղթ:
ՎԱՐԴԳԵՍ — Որտե՞ղ են ձեր չմեռած ամուսինը և իրեն քահանա երևակայող ու ձեր հանգուցյալ ամուսնուն հարություն տվող ձեր հայրը:
ՌՈԶԻ — Մեկը վերևում է, մյուսը՝ լոգարանում:
ԹԱՄԱՐԱ — (վերևը ցույց տալով): Գնացել է դիակի մոտ:
ՎԱՐԴԳԵՍ — Վերևո՞ւմ էլ դիակ կա:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Վերևում իսկական դիակն է:
ՎԱՐԴԳԵՍ — Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում այս շենքում: Ամենուր դիակներ են: (Նստում է բազմոցին, թղթերն է նայում:) Ավելի լավ, նրանք չեն տեսնի և չեն տխրի:
ԹԱՄԱՐԱ — Դուք ի՞նչը նկատի ունեք, պարոն լեյտենանտ:
ՎԱՐԴԳԵՍ — Տիկնայք, դուք հենց հիմա ինձ հետ գալիս եք ոստիկանություն:
ՌՈԶԻ — Ինչի՞ համար:
ՎԱՐԴԳԵՍ — Կգնանք, այնտեղ կիմանաք:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Բայց մենք հանցագործ չենք:
ՎԱՐԴԳԵՍ — Դա դեռ հարց է:
ՄԱԳԴԱԼԵՆԱ — Դուք իրավունք չունեք առանց հիմնավոր ապացույցների մեզ բաժին տանել:
ՌՈԶԻ — Մենք կբողոքենք:
ԹԱՄԱՐԱ — Այո, այո, մենք կբողոքենք:
ՎԱՐԴԳԵՍ — Հարևաններն արդեն բողոքել են և տվել են իրենց ստորագրությունները: (Թղթերը թափահարելով:) Ահա, փաստացի ապացույցները: Արագացրե՛ք…
ՌՈԶԻ — Գնամ զգեստափոխվեմ, տնային խալաթով ամոթ է:
ՎԱՐԴԳԵՍ — Ձեր գեղեցկությունն այնտեղ ոչ մեկին հետաքրքիր չէ, տիկին: Դուք չեք գնում նորաձևության մրցույթի մասնակցելու:
ԹԱՄԱՐԱ — (կամաց): Աստվա՜ծ իմ…
ՄԱԳԴԱԼԵՆԱ — (կամաց): Ա՜յ քեզ խայտառակություն…
ՌՈԶԻ — (կամաց): Սա իմ «ամենալավ» ծննդյան օրն էր:
ՎԱՐԴԳԵՍ — (ձեռքը՝ դեպի դուռը): Բարի ճանապարհ, տիկնա՜յք… (Դուրս են գնում:)
Բեմը դատարկ է: Ներս է մտնում Ջուլիաննան, մի ձեռքում՝ հովհար, մյուսով քարշ է տալիս ճամպրուկը:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Անակնկա՜լ… (Տեսնելով, որ սենյակը դատարկ է, ճամպրուկը դնում է հատակին, պայուսակն ու հովհարը՝ բազմոցին: Բազմոցի վրա տեսնելով աղջիկների պայուսակներն ու նվերների տոպրակները՝ ժպտում է: Օղի է լցնում, խմում է:) Սիրելի՜ս, որտե՞ղ ես: Ռոզի՜… Վերջապես հասցրի գալ, որ շնորհավորեմ ծնունդդ: (Լոգարանից լսվում է ջրի խշշոց: Լայնեզր գլխարկը ձեռքում պահած՝ մտնում է իր ննջասենյակը: Ջրի խշշոցը կտրվում է: Ննջասենյակում Ջուլիաննան երգում է «Պույ-պույ մկնիկի» երգը: Նրա ձայնը լսելով՝ Ալեքսը լոգարանից գլուխը դուրս է հանում:)
ԱԼԵՔՍ — (կամաց): Աղջիկնե՜ր… (Դուրս է գալիս լոգարանից: Հագին միայն տաբատն է: Մազերը թաց են: Մի ձեռքին իր վերնաշապիկն է, մյուսին՝ Ռոզիի զգեստը: Զննում է ճամպրուկը, մտնում է ննջասենյակ: Ջուլիաննայի ձայնը կտրվում է… հետո դուրս է թռչում՝ լայնեզր գլխարկով թաքցնելով բաց կուրծքը:)
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Օգնեցե՜ք…
Ննջասենյակից դուրս է գալիս Ալեքսը՝ Ռոզիի զգեստը թիկունքում թաքցրած:
ԱԼԵՔՍ — Բարև ձեզ:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Դուք ո՞վ եք:
ԱԼԵՔՍ — Ալեքսը:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — (ընկրկելով): Չմոտենա՜ս, սրիկա՛…
ԱԼԵՔՍ — Ներեցեք… իսկ նրանք ո՞ւր են:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Ձե՞զ ինչ:
ԱԼԵՔՍ — Իսկ դուք ո՞վ եք:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Այստեղ հարցեր ես եմ տալիս: (Ալեքսն ուզում է էլի առաջ գալ:) (Սեղանից վերցնելով դանակը:) Ասացի՝ չմոտենա՜ս… Ավազա՛կ:
ԱԼԵՔՍ — Ոնց կասեք: (Կանգ է առնում:)
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Ե՞րբ եք մտել այս տունը:
ԱԼԵՔՍ — Քիչ առաջ:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Իսկ ինչպե՞ս եք մտել:
ԱԼԵՔՍ — Ես չեմ մտել, ինձ բերել են:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — (մեկուսի): Ռոզիից այդպիսի բան չեմ հավատում: (Բարձր:) Ո՞վ է բերել:
ԱԼԵՔՍ — Աղջիկները:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Ի՞նչ աղջիկներ:
ԱԼԵՔՍ — Սրտացավ:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Ինչպե՞ս պատահեց, որ դուք չեք եկել, բայց ձեզ բերել են:
ԱԼԵՔՍ — Որովհետև այդ ժամանակ ես դիակ էի, իսկ հետո հարություն առա:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — (խաչակնքելով): Չա՜ր քեզ, սև սատանա… Իսկ ինչո՞ւ եք կիսամերկ:
ԱԼԵՔՍ — Սպասում էի շորերս չորանալուն: Բայց արդեն պատրաստվում էի գնալ: Հանգուցյալ պապիկս ինձ է սպասում:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — (ընկրկելով): Հիսո՜ւս Քրիստոս: (Հովհարը վերցնում է բազմոցից: Մի ձեռքով բռնել է դանակը, մյուսով՝ հովհարը: Նկատում է Ռոզիի զգեստը:) Արագացրեք, այդ շորը դրեք բազմոցին: (Ալեքսը զգեստը դնում է բազմոցին:) Ձեր պապիկն է՞լ է հարություն առել:
ԱԼԵՔՍ — Չէ, նա իսկապես մահացել է:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Իսկ ո՞վ է ձեզ նման հանցագործին հարություն տվել:
ԱԼԵՔՍ — Տեր հայրը:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Դժոխքից միանգամից եկել եք այստե՞ղ:
ԱԼԵՔՍ — Երբ դեռ մեռած էի, այդ բարի աղջիկները իմ դիակը բերեցին այստեղ: Հետո, լրիվ պատահական, եկավ տեր հայրը և այնքան աղոթեց սենյակներում, խոհանոցում և լոգարանում, որ հոգիս ետ եկավ: Հետո հայտնվեց ավագ լեյտենանտ Վարդգես Ֆրանգուլյանը և ուզում էր այդ երեք անմեղ հրեշտակներին բանտ տանել: Բանտից խուսափելու և տեր հոր համար Թամարան դարձավ իմ մանկության ընկերուհին, Մագդալենան՝ հորեղբորս աղջիկը, չնայած ես հորեղբայր չունեմ, իսկ Ռոզին՝ իմ հավատարիմ կինը, ով մազերը պոկում էր, երբ ես մեռել է: (Ջուլիաննան բռնում է սիրտը:) Իսկ ավագ լեյտենանտ Վարդգես Ֆրանգուլյանի համար Թամարան էլի մնաց իմ մանկության ընկերուհին: Նրա բախտը բերեց, իր գործը հեշտ էր: Մագդալենան Ռոզիի փոխարեն դարձավ այս տան իսկական տիրուհին: Իսկ իսկական տանտիրուհին, այսինքն՝ Ռոզին, դարձավ տան կեղծ տիրուհի Մագդալենայի
սպասուհին: (Ջուլիաննան փլվում է բազմոցին:) Իսկ ես ստիպված դարձա տան իսկական տիրուհու ամուսինը ու նաև սպասուհի դարձած տիրուհու ամուսինը: Ում տեր հայրը օրհնել էր, այս տունը դարձնելով բիզնեսի կառավարման միջազգային կենտրոն: Որտեղ ամեն մի քառակուսի մետրը դոլարներ արժե: Այսինքն, ես այդ բախտավոր դիակն էի, ով վերածնվեց: Իսկ վերևի հարկում իմ սիրելի պապիկն է մահացել և փոխարինել է ինձ՝ դառնալով իսկական հանգուցյալ: (Ջուլիաննան ուշաթափվում է:) Տիկի՜ն, խնդրո՜ւմ եմ, հիմա էլ դուք չմեռնե՜ք:
Վազում է խոհանոց: Գալիս է Ղևոնդը:
ՂԵՎՈՆԴ — Երիտասարդ, արագացրեք, ես չեմ ուզում առանց ձեր հովանավորության սկսել աղոթքի առաջին փուլը: (Նկատելով Ջուլիաննային:) Մեղա՜… մեղա՜… Էլի դիա՞կ է ծնվել: Լավ էլ հարուստ դիակ է երևում: (Թափահարում է Ջուլիաննային:) Տիկին, դուք է՞լ եք մեռել:
Խոհանոցից հայտնվում է Ալեքսը՝ ջրի բաժակը ձեռքին:
ԱԼԵՔՍ — Տեր հա՞յր, դուք ի՞նչ եք անում այստեղ… ինչպե՞ս չեք ամաչում:
ՂԵՎՈՆԴ — Երիտասարդ, ի՞նչ ամոթի մասին ես ասում, ես ցանկանում եմ ստուգել, թե մահվան որ փուլում է այս տիկինը:
ԱԼԵՔՍ — Ճանաչո՞ւմ եք այս տիկնոջը:
ՂԵՎՈՆԴ — Միայն այնքանով, որ արդեն դիակ է:
ԱԼԵՔՍ — Հավանաբար այս կինն էլ է հասցեները շփոթել: Եկել է, որ ուրիշի տանը մահանա:
ՂԵՎՈՆԴ — Կարելի է գտնել նրա հարազատներին, որպեսզի խոսենք հոգեհանգստի աղոթքի վճարման մասին:
ԱԼԵՔՍ — Աղջիկներին չե՞ք տեսել:
ՂԵՎՈՆԴ — Ոչ:
ԱԼԵՔՍ — (ջուրը լցնելով Ջուլիաննայի վրա): Տիկի՜ն, խնդրո՜ւմ եմ ձեզ, մի մահացե՜ք…
ՂԵՎՈՆԴ — (ետ պահելով Ալեքսին): Մի խանգարեք դիակին: Թողեք հանգիստ հոգին խաղաղվի: (Ջուլիաննան ուշքի է ալիս, նստում բազմոցին: Ղևոնդը սարսափած ընկրկում է:) Մեղա՜, մեղա՜… Դեռ չաղոթած, այս դիակն էլ հարություն առավ:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Հանցագործնե՜ր…
ԱԼԵՔՍ — Ինչ լավ է, որ դուք չմահացաք:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Լռե՜ք…
ՂԵՎՈՆԴ — Տիկին, ինչո՞ւ էիք ուրիշի տանը մահացել:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Անամո՛թ քահանա, երևի դուք եք ամուսնացրել նրանց, չէ՞:
ՂԵՎՈՆԴ — Ի՞նչ ամուսնություն, տիկին, ես այստեղ եկել եմ ոչ թե ամուսնացնելու, այլ մեռածների հոգիների համար աղոթելու:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Ինչո՞ւ եք ամուսնացրել աղջկաս և այս կիսամերկ մեյմունին:
ԱԼԵՔՍ — Ուրեմն դուք Ռոզիի մա՞յրն եք:
ՂԵՎՈՆԴ — (Ալեքսին): Նա ձեր զոքա՞նչն է:
ԱԼԵՔՍ — Բայց ես ամուսնացած չեմ:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Խաբեբա՜… քիչ առաջ ասացիր, որ Ռոզիի ամուսինն ես:
ԱԼԵՔՍ — Ես նրա ամուսինը չեմ:
ՂԵՎՈՆԴ — Ինչպե՞ս թե՝ ամուսինը չեք, իսկ տիկին Ռոզին ո՞վ է… ձեր սիրուհի՞ն:
ՋՈՒԼԻԱՆՆԱ — (ապտակելով Ալեքսին): Տակա՜նք…
ԱԼԵՔՍ — (բռնելով այտը): Ա՜խ…
ՂԵՎՈՆԴ — Եթե ամուսնանալու հարց կա, ես սիրով պատրաստ եմ, պարզապես դա ավելի թանկ արժե: Որովհետև այս պարագայում ես գործ ունեմ մարդկանց ճակատագրերի երաշխավորման հետ, իսկ դիակների հարցում պարտականություն վերցնելու խնդիր չկա:
ԱԼԵՔՍ — Պարոն քահանա՜, բավակա՜ն է սակարկեք, դուք շուկայում չեք: Տիկին, իսկ ձեր աղջիկը աշխարհի ամենալավ ու բարի աղջիկն է: Ափսոս, որ դուք այդպես էլ ոչինչ չհասկացաք: Երանի ձեր ասածները իրականություն լինեին և ես ամուսնացած լինեի նրա հետ: (Արագ հագնում է վերնաշապիկը: Մտածելով:) Գիտե՞ք, դուք ինձ հետաքրքիր միտք տվեցիք: Իմ սիրելի պապիկի հոգին կխաղաղվի, երբ ինձ այս կյանքում երջանիկ տեսնի: Դա նրա վերջին ցանկությունն էր: (Ուզում է դուրս վազել, Ջուլիաննան նրան ետ է պահում:)
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Այդ ո՞ւր եք փախչում:
ԱԼԵՔՍ — Ես չեմ փախչում, ես գնում եմ փնտրելու իմ երջանկությունը: Գնում եմ՝ գտնեմ ձեր աղջկան և ամուսնության առաջարկություն անեմ: Դա նրան ուզում էի ասել, երբ առաջին անգամ հանդիպեցի փողոցում: Պարզապես ամեն անգամ համարձակությունս չէր հերիքում: Նա փրկեց իմ կյանքը, իսկ ես էլ նրա կյանքը կլցնեմ սիրո փրկությամբ: (Դուրս է վազում:)
ՋՈՒԼԻԱՆՆԱ — Սպասի՜ր, այ կենդանացած դիակ… (Դուրս է վազում:)
ՂԵՎՈՆԴ — Չհասկացա՜, ես հիմա պիտի աղոթեմ Վոլոդյա պապիկի հոգու համա՞ր, թե՞ նորապսակների երջանիկ ապագայի: Սպասե՜ք… (Սեղանի վրայից վերցնում է մի քանի կոնֆետ:) Սպասե՜ք, առանց ինձ ի՞նչ հարսանիք… (Դուրս է վազում:)