Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԼՈՒՍՆԱՅԻՆ ՌԱՊՍՈԴԻԱ ԳԱՅԼԵՐԻ ՈՐՋՈՒՄ

(Ֆարս՝ մեկ գործողությամբ)

Գործող անձինք
ԱԲԵԼ ԽԱՉԻԿՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ — Աբելի որդին
ԷԼՅԱ — Սուրենի կինը
ԱՆՈՒՇ — Աբելի դուստրը
ԱՐԱՄ — Անուշի ամուսինը
ԳՈՒՐԳԵՆ — Աբելի կրտսեր որդին
ԼԱԼԱ — Աբելի սպասուհին
Պարախումբ, Գուրգենի երկու ընկերները,
ծաղկեպսակներ բերող երիտասարդներ

Աբել Խաչիկյանի դաստակերտի ընդարձակ հյուրասրահը,
որը դատարկված է գույքից՝ նրա վերջին հրաժեշտի արարողության համար: Պատերի տակ աթոռներ են շարված:
Հանգուցյալը կապույտ կոստյումով է: Կապույտ են նաև նրա մեծադիր նկարի սգո ժապավենը, ծանր կահույքը ծածկող սավանը,
սրահի խորքում դրված դագաղը առաջամասից ծածկող
վարագույրը, որն այս պահին ետ է քաշված:
Ներկայացման ընթացքում, սգո երաժշտության փոխարեն, հնչում է Օսկար Ստրոկի «Լուսնային ռապսոդիան»,
որի հնչյունների ներքո բացվում է վարագույրը:
Աթոռներից մեկին նստած Լալան շյուղերով գործում է: Մտնում են Սուրենն ու Էլյան: Լալան, մի կողմ դնելով շյուղերը,
ոտքի է կանգնում:
ՍՈՒՐԵՆ — (սենյակին տիրաբար աչք հածելով, Լալային): Դու այստեղ ի՞նչ ես անում:
ԼԱԼԱ — Գործում եմ:
ԷԼՅԱ — (թունոտ): Տեսնում ենք, որ լվացք չես անում:
ՍՈՒՐԵՆ — Ես քեզ չասի՞, որ երբ թաղման բյուրոյի աշխատողներն իրենց գործն ավարտեն՝ դուռը կողպես ու մարդ ներս չթողնես:
ԼԱԼԱ — Մարդ չի եկել:
ԷԼՅԱ — Իսկ դու, ինչ է, հրեշտա՞կ ես: (Նկատում է սավանը:) Սա ի՜նչ կապույտ է: Սև կտոր չկա՞ր, ի՞նչ է:
ԼԱԼԱ — Ինքը ցանկացավ, որ…
ԷԼՅԱ — Սուրեն, դու կարգադրել ես, որ ռոկոկոն կապույտ կտորո՞վ փակեն:
ՍՈՒՐԵՆ — Չէ, ի՞նչ կապույտ:
ԼԱԼԱ — (Էլյայի նկատմամբ վատ քողարկված անբարյացակամությամբ): Աբել Սուրենիչը… պարոն Խաչիկյանն այդպես ցանկացավ:
ԷԼՅԱ — Վերջին շնչո՞ւմ:
ԼԱԼԱ — Այո: Ասաց, որ իրեն կապույտ կոստյում հագցնեն, նկարի ժապավենը կապույտ լինի, սավանը կապույտ լինի, վարագույր կախվի ու անպայման՝ կապույտ լինի:
ԷԼՅԱ — Ի՞նչ վարագո՜ւյր…
ԼԱԼԱ — Սա: (Մոտենում, ձգում է պարանից՝ ցուցադրելով սրահը կիսող վարագույրը:) Փակե՞մ, թե՞ բաց թողնեմ:
ՍՈՒՐԵՆ — Բաց, բաց, թատրոն չի: (Նստում է:) Ծախսերն ո՞վ փակեց, Գուգո՞ն:
ԼԱԼԱ — Չէ, Գուգոն Սոչիից դեռ չի եկել: Ինքը ցուցակը կազմել, փողի հետ ինձ էր տվել:
ՍՈՒՐԵՆ — (բարկացած): Բա ինչո՞ւ ինձ չզանգեցիր, չկանչեցիր:
ԼԱԼԱ — Ինքը չուզեց: Կարգադրեց, որ բոլոր գործերն ավարտեմ, հետո տեղյակ պահեմ, որ մահացել է:
ԷԼՅԱ — Ի՜նքը, ի՜նքը… (Նստում, պայուսակից գլանակ հանելով վառում է:) Չեմ հասկանում՝ նա հոգի՞ է տվել, թե՞ իր թաղումն է կազմակերպել:
ԼԱԼԱ — (ակնհայտ ուրախանալով, որ Էլյան նյարդայնանում է): Կարգադրեց նաև, որ անընդհատ հնչի Օսկար Ստրոկի «Լուսնային ռապսոդիան»:
ՍՈՒՐԵՆ — Սա, որ միացրած է՞:
ԼԱԼԱ — Հա:
ՍՈՒՐԵՆ — Ուրիշ ի՞նչ ասաց:
ԼԱԼԱ — Պատվիրեց, որ պարախումբն էլ կապույտ զգեստով լինի:
ԷԼՅԱ — (խայթված): Ի՞նչ պարա-խո՜ւմբ…
ԼԱԼԱ — «Տանգո» համույթը: Նրանք խոհանոցի ճաշասենյակում են: (Կահույքը ծածկող սավանի ծայրը կողմ քաշելով՝ մոխրաման է հանում, դնում աթոռներից մեկի վրա:)
ՍՈՒՐԵՆ — Նրանք պիտի գան ու էստեղ պարե՞ն…
ԼԱԼԱ — Կես ժամը՝ մեկ: Այդպես կարգադրեց:
ԷԼՅԱ — Կլոունա՜դա…
ՍՈՒՐԵՆ — Նրանց վռնդել է պետք, խայտառակ կլինենք:
ԼԱԼԱ — Աբել Սուրենիչը զգուշացրեց, որ եթե մեռնողի վերջին կամքը որևէ մեկը չկատարի՝ կզրկվի ժառանգությունից: Այդպիսի օրենք կա…
ՍՈՒՐԵՆ — (տատանվում է): Լավ… լավ: Ուր որ է` Արամը կգա ու կպարզենք՝ այդպիսի օրենք կա՞, թե՞ չէ: Իսկ որևէ բան չտվե՞ց, որ փոխանցես մեզ:
ԼԱԼԱ — Չէ, ինձ միայն ցուցակ է տվել:
ԷԼՅԱ — Ցուցա՞կ… Որտե՞ղ է այդ ցուցակը:
ԼԱԼԱ — Այստեղ է: (Սավանը կողմ քաշելով՝ ծրար է հանում, մեկնում Սուրենին:)
ՍՈՒՐԵՆ — (ծրարից հանում է լրագիր, որի ծալքում ձեռագիր թղթեր են: Մի կողմ դնելով թերթը, բարձրաձայն կարդում է ձեռագիրը): «Կահույքը ծածկել վառ կապույտ սավանով… բարխատից՝ կապույտ վարագույր… «Լուսնային ռապսոդիա»… «Տանգո» համույթ… (Լալային.) Միայն այսքա՞նը: Ուրիշ ոչինչ չի՞ տվել, ոչինչ չի՞ ասել:
ԼԱԼԱ — Չէ: Ձեռքս բռնեց ու… (Հուզվում է:)
ԷԼՅԱ — Իբր քո հորը չգիտես: Ամենակարևորը չի ասել, համերգ է պատվիրել ու հանգիստ խղճով մեռել է: Ռապսո՜դիա…
ՍՈՒՐԵՆ — Դու գնա, Լալա, պետք լինես՝ կկանչենք:
Վերցնելով շյուղերը՝ Լալան գնում է: Սուրենը մտքերի մեջ է:
ԷԼՅԱ — (ծխախոտի կոթուկը ճզմում է մոխրամանում, հովհարը տարուբերելով, տեղը չգտնելով՝ ետ ու առաջ է քայլում): Գտնել է պետք… Գտնել է պետք… (Կանգնում է ամուսնու դիմաց:) Գտնել է պետք, Սուրեն, քանի դեռ էստեղ շնանոց չի դառել: Ի՞նչ ես շշմել, մի բան արա՜:
ՍՈՒՐԵՆ — (ձեռագրերը տեղավորում է ծրարում, գցում լրագրի վրա: Մտազբաղ): Մեր հին աղվեսը հենց այնպես ոչինչ չէր անում: Նրա բոլոր քայլերը կանխամտածված էին: Կապույտ… Ինչո՞ւ կապույտ… տանգո…
ԷԼՅԱ — Հիմա ռեբուս լուծելու ժամանակը չի, կտակը փնտրիր:
ՍՈՒՐԵՆ — Ի՞նչ օգուտ, եթե մի թարս բան գրած լինի, նոր կտա՞կ ենք գրելու:
ԷԼՅԱ — Եթե մի թարս բան գրած լինի՝ էնպես կվառեմ, որ իզն ու թոզն էլ չի երևա: Ավելի լավ է ոչ մի կտակ չլինի, քան՝ զառանցանք:
ՍՈՒՐԵՆ — (մտախոհ): Դա էլ է ճիշտ:
ԷԼՅԱ — Դու ավագ որդին ես: Դա իրավունքներ տալիս է, չէ՞:
ՍՈՒՐԵՆ — Ոչ մի: Բոլորն էլ ժառանգ են, հավասար է բաժանվում:
ԷԼՅԱ — Հավասա՞ր… Էդ էր պակաս: Ուրեմն, ես իմ երեխաների բերանից կտրեմ, ռեստորանում 700 մարդու համար հոգեհաց պատվիրեմ, որ նա մեռած ժամանակ ռապսոդիա լսի ու միլիոնները հավասար բաժանի՞:
Դրսից լսվում է Արամի ձայնը՝ «Աբելիչն արդեն եկել է՞», և Լալայի պատասխանը՝ «Հա, հյուրասենյակում են»:
Մտնում են Արամն ու թաշկինակի ծոպը աչքից չհեռացնող Անուշը:
ԱՆՈՒՇ — (շեմից՝ ձեռքերը կարկառելով): Ա՜խ, պապա ջա՜ն… (Գնում, դագաղին հենվելով լուռ հեծեծում է:)
ԱՐԱՄ — Բարի օր: (Սուրենը գլխով է անում: Նստում է նրա կողքին:) Լույս դառնա… (Կարճ դադար:) Ում համար՝ ո՜նց, ինձ համար հրաշալի աներ էր:
ԷԼՅԱ — (խայթոցով): Նա մի քանի փեսա չուներ, որ՝ ում համար՝ ոնց:
ԱՐԱՄ — Լավ էլի, Էլյա, հորդ օղորմի, դրա ժամանակը չի: (Թեքվում է դեպի Սուրենը:) Մեծ մարդ կորցրինք, աղա՜ մարդ: (Սուրենը գլխով է անում:) Բա գոնե մի խոսք չի ասե՞լ:
ԷԼՅԱ — (հովհարն ավելի արագ շարժելով): Ի՞նչ պիտի ասեր, մեռնելուց առաջ մարդիկ Համլե՞տ են արտասանում:
ԱՐԱՄ — (անտեսելով նրա հեգնանքը): Դե, եսիմ… մարդ է, կարող է սիրտը մի բան է ուզել:
ԷԼՅԱ — Ուզել է… կապույտ գույնի վարագույր է ուզել, ռապսո՜դիա… պար է պատվիրել…
ԱՐԱՄ — Պա՞ր: Ի՞նչ պար:
Բարձր հնչում է «Լուսնային ռապսոդիան»: Ներս մտած պարախումբը կատարում է տանգո:
ԱՆՈՒՇ — (ճչում է): Էս ի՞նչ եք անո՜ւմ…
ԱՐԱՄ — (անսպասելիությունից ոտքի է կանգնում): Աբելի՞չ, էս ի՞նչ է կատարվում…
ԷԼՅԱ — Քո աղա աներոջ կամքն են կատարում: Հիացե՜ք:
ՍՈՒՐԵՆ — Հանգիստ, հանգիստ: Արամ, դու՝ որպես դատավոր, պետք է իմանաս՝ կա՞ այդպիսի օրենք, որ եթե հանգուցյալի վերջին կամքը չեն կատարում՝ զրկվում են ժառանգությունից:
ԱՐԱՄ — (շվարած մեկ` աներորդուն, մեկ պարողներին նայելով): Կա… (Նստում է:) Քաղաքացիական օրենսգրքի 1191 հոդվածի առաջին մասով ժառանգությունից մեկուսացվում են այն անձինք…
ՍՈՒՐԵՆ — Լավ, հասկանալի է:
ԱՐԱՄ — (ձեռքը մեկնելով պարողներին): Բայց… բայց…
ՍՈՒՐԵՆ — (հոգոցով): Վերջին կամքն է:
ԱՐԱՄ — (թաշկինակով սրբում է քրտնած ճակատը): Փառք Աստծո, որ օտար մարդ չկա, մենք ու մերոնք ենք:
ԷԼՅԱ — Շատ մի ուրախացիր: Պարը կրկնվելու է կես ժամը՝ մեկ, այնպես որ, էլիտար հանդիսատես էլ կունենանք:
ԱՆՈՒՇ — Տե՜ր Աստված… (Աչքերը սրբելով վերադառնում, նստում է ամուսնու կողքին և պահն ընտրելով, որ Սուրենն ու Էլյան չեն նկատում, ամուսնուն մատնացույց է անում դագաղն ու գլխի շարժումով բան է հասկացնում:)
Լուռ, գլխահակ նստում են, մինչև պարն ավարտվի, խումբը դուրս գնա: Կարճ դադար:
ՍՈՒՐԵՆ — Դե լավ: Մեր վիշտն, իհարկե, մեծ է, բայց չմոռանանք, որ կարևոր գործեր ունենք:
Անուշը լարվում է:
ԱՐԱՄ — Ես էլ դա եմ ասում: Վիշտը՝ վշտով, բայց կարևոր գործեր կան:
ՍՈՒՐԵՆ — Օգնականիս հանձնարարել եմ թերթով, հեռուստատեսությամբ մահազդ տա: (Էլյան ամուսնու վրա քմծիծաղում է՝ արժանանալով Արամի լուռ հավանությանը:) Այսօր, երեկոյան ժամը 6-ին, հոգեհանգիստն է, վաղը՝ 1-ին, հուղարկավորությունը:
ԱՐԱՄ — (անհամբեր): Ուրի՞շ:
ՍՈՒՐԵՆ — Հոգեհացը՝ «Եդեմ» ռեստորանում: (Արամը հեգնոտ, բազմանշանակ Էլյային է նայում՝ արժանանալով նրա հավանությանը:) 700 տեղ եմ պատվիրել:
ԱՐԱՄ — «Եդեմում» թանկ է, մեկին՝ երկուս կնստացնեն:
ՍՈՒՐԵՆ — Վարչապետն է լինելու, նախարարներ, պատգամավորներ, հո պիցցայանոց չե՞մ տանի:
ԱՐԱՄ — Ուրի՞շ:
ՍՈՒՐԵՆ — էլ ի՞նչ ուրիշ: Վախտը կգա, գերեզմանն էլ կսարքենք:
ԱՐԱՄ — (հոգոցով): Մեծ ծախս է: Հակառակի պես էլ, «Ջիպն» առա, ձեռքներիս կոպեկ չմնաց: Չե՞ս նայել, սեյֆում բան-ման չի՞ թողել: (Անուշը լարվում է, Էլյան ավելի նյարդային է տարուբերում հովհարը:)
ՍՈՒՐԵՆ — (սթափվելով, դեպի ելքը): Լալա՜:
ԱՐԱՄ — (դեպի ելքը): Լալա՜:
ԷԼՅԱ — Ի՞նչ եղավ էդ աղջիկը:
Մտնում է Լալան:
ՍՈՒՐԵՆ — (Լալային): Սուրենիչը սեյֆի բանալին որտե՞ղ էր պահում:
ԼԱԼԱ — Կարծեմ՝ գրասեղանի դարակում:
ԷԼՅԱ — Որևէ մեկը մտե՞լ է նրա սենյակը:
ԼԱԼԱ — Տանն ո՞վ է եղել, որ մտներ:
ԷԼՅԱ — Իսկ դո՞ւ:
ԼԱԼԱ — Պարոն Խաչիկյանն իր սենյակի դուռը կողպել ու կնքել է: Բանալին ինձ մոտ է, կնիքը՝ դռան վրա: Կարող եք ստուգել:
Ոտքի են կանգնում:
ԱՆՈՒՇ — Չսպասե՞նք, Գուրգենն էլ գա՝ նոր:
ՍՈՒՐԵՆ — Հո կտակ չենք բացում, որ բոլորը ներկա լինեն: Սեյֆն ենք նայում: Դեմներս մեծ ծախս կա:
ԱՐԱՄ — Հա, բա՞: Հակառակի պես էլ…
ԷԼՅԱ — Կտակը հաստատ սեյֆում է: Ուրիշ էլ ո՞ւր պիտի լինի:
ԱՐԱՄ — Բոլոր դեպքերում, թյուրիմացություններից խուսափելու համար, Գուգոն տեղ կհասնի, կտակը միասին կբացենք: Ճիշտ չե՞մ ասում, Աբելիչ ջան: (Դռան զանգ:) Էս ո՞վ է, էսքան շուտ:
ՍՈՒՐԵՆ — Լալա, մի տես ով է, մենք գնանք սեյֆը նայենք: (Ուղղվում է դեպի ելքը:)
ԱՐԱՄ — Աբելիչ ջան, դու մինչև սեյֆը բացես, ես տեսնեմ՝ ով է եկել, դիմավորեմ:
ԷԼՅԱ — Ճիշտ է ասում, Անուշն էլ թող մնա, միասին դիմավորեք: (Սուրենի, Լալայի հետ դուրս է գնում:)
ԱՐԱՄ — (նրանց հեռանալուն պես՝ Անուշին, կիսաձայն): Երազում էլ չէինք տեսնի… շուտ արա, աթանդա կանգնի: (Մոտենում է դագաղին:)
ԱՆՈՒՇ — (փութով մոտենում, հսկում է մուտքը): Մատին է, Արամ ջան, ձախ ձեռքի մատնեմատին:
ԱՐԱՄ — Քիչ խոսի, նայիր՝ մարդ չգա: (Հանգուցյալի մատից արագ հանում է մատանին, փոխարենը դնում իր գրպանից հանածը: Անուշին:) Գնացինք:
ԱՆՈՒՇ — Հաստատ նման են, չէ՞, Արամ ջան, գլխի չեն ընկնի:
ԱՐԱՄ — Հա՜, հա՜, քիչ խոսի, գնանք, քանի դեռ ախպերդ ու էն օձը սեյֆը կուլ չեն տվել: (Գնում են:)
Կարճ դադար: Լալայի ուղեկցությամբ երիտասարդները ծաղկեպսակներ են բերում:
ԼԱԼԱ — Դրեք, ա՜յ, էստեղ: (Տղաները պսակները մուտքի մոտ տեղավորում, դուրս են գնում: Խնամքով ուղղում է ժապավենները:)
Գինովցած, վառ գույնի պիջակի վրա թղթե սև վարդ ամրացրած, ընկերների հետ մտնում է Գուրգենը:
ԳՈՒՐԳԵՆ — Հորս կյանքին մեռնե՜մ… Տղերք, հեր չէր, է՞, փաշա է՜ր, փաշա՜… (Նկատելով Լալային՝ ափով խփում է նրա հետույքին:)
ԼԱԼԱ — (ընկրկելով): Քեզ կարգին պահիր:
ԳՈՒՐԳԵՆ — (ընկերներին՝ Լալային ցույց տալով): Էսի իմ քաղաքացիական, սովսեկրետնի մերացուն ա: (Ծուռ ժպտալով:) Որբեվերի մնացիր, մերացու ջա՜ն…
ԼԱԼԱ — Վերջ տուր, նման բան չի եղել:
ԳՈՒՐԳԵՆ — Վա՜յ, հորս արև, արա՜… աչքիս տեսածն եմ ասում: (Ափերով նշան բռնելով Լալայի կրծքերին՝ ձգվում է դեպի նա:)
ԼԱԼԱ — Անամո՜թ: (Խուսանավելով դուրս է փախչում:)
ԳՈՒՐԳԵՆ — Էս տանը, տղերք, բոլորն ամոթ ունեն, բացի ինձանից: (Օրորվելով մոտենում է դագաղին:) Գիտե՞ք ինչի… Որովհետև բոլորը պադպոլնի հրեշներ են, իսկ ես՝ ափաշկարա տա՜-կա՜նք… (Կռթնում է դագաղի եզրին:) Էլի մի վատություն արիր, էլի, պապաշա… Լոմկիր, էլի, Սոչիից ետ բերիր: Հեր ջան, ցավդ տանեմ, բա որ կարող էիր էսքան շուտ մեռնել, ինչի՞ էիր ձգձգում… Համ մեզ տանջեցիր, համ՝ քեզ: (Ծոցագրպանից կապույտ ակով մատանի է հանում, վեր պարզելով զննում է, ապա բարձրացնելով հոր ձեռքը՝ համեմատում է նրա մատանու հետ:) Արա, էդ շան տղի Աբոն կարգին ուստայա, հեչ չես ջոկի, որ մուլյաժ ա… (Ընկերներին.) Վեց ամիս շան պես ետևից քարշ եկա, վարյանտ չկար, որ փոխս գցեի: Մատից չէր հանում: (Հոր մատանին հանում, իր բերածը հագցնում է նրա մատին:) Բարի վայելում, հեր ջան: Մեկ ա, դեպուտատ տղեդ ու դատավոր փեսադ աղջկանդ ու հարսիդ հետ լացուկո՜ծ, դերասանություն են անելու, մատիցդ հանեն՝ հիշատակդ վա՜ռ պահելու համար… (Լեզուն դուրս գցած, ծամածռվելով ծիծաղում է:) Բայց Գուգոյին ֆըռցընելն էդքան էլ հեշտ չի՜… Գնացինք, տղերք:
1-ԻՆ ԸՆԿԵՐ — Գուգո, հալա ցույց տուր, նայենք:
ԳՈՒՐԳԵՆ — (մատանին գրպանից հանում է): Ի՞նչ նայեք, ախպեր, բռլիանտ տեսած չկա՞ք: (Վեր է պարզում:) Տե՜ս:
2-ՐԴ ԸՆԿԵՐ — Լավ բլեսկ ունի, ախպեր, ի՞նչ կարժենա:
ԳՈՒՐԳԵՆ — Հեչի պես՝ մի հարյուր հազար:
2-ՐԴ ԸՆԿԵՐ — Դոլա՞ր:
ԳՈՒՐԳԵՆ — (հեգնական): Չէ՜, դրա՜մ:
1-ԻՆ ԸՆԿԵՐ — Բարի վայելում, մեռնեմ ջանիդ:
ԳՈՒՐԳԵՆ — Արա՜, էսի ախպերությանն ա, հո մենակ իմը չի՞: (Ելքի մոտ թեքվում, կարդում է պսակի գրությունը:) «Թան-կա-գին Ա-բել Սու-րե-նո-վի-չին…» (Հանգուցյալին՝ օդային համբույրով:) Մեռնե՜մ թանկագին ջանի՜դ… (Դուրս են գնում:)
Կարճ դադար: Մտնում են Անուշն ու Արամը:
ԱՆՈՒՇ — Չի կարող պատահել, Արամ, չի կարող պատահել, որ իմ հայրը կտակ թողած չլինի:
ԱՐԱՄ — Բայց սեյֆում ոչինչ չկար, ինչո՞ւ պետք է գրած ու թաքցրած լինի: Կտակը գրվում է հենց այն բանի համար, որ ժառանգները կարդան, բացի այդ…
ԱՆՈՒՇ — Ուրեմն Սուրենն ու նրա օձ կնիկն են վերցրել, ձևեր են թափում:
ԱՐԱՄ — Բացի այդ, կտակը գրվում է երկու օրինակով, որոնցից մեկը, պարտադիր կերպով, պահվում է նոտարական գրասենյակում:
ԱՆՈՒՇ — Համոզվա՞ծ ես:
ԱՐԱՄ — Դու մոռանում ես, որ ես դատավոր եմ: Ո՞ւր մնացին հարազատներդ:
ԱՆՈՒՇ — Դարակներն են քրքրում: Դու հանկարծ նրանց չասես, որ կտակը երկու օրինակից է լինում:
ԱՐԱՄ — Ա՜յ Անուշ, եղբայրդ Ազգային Ժողովի պատգամավոր է, օրենքները նրանք են գրում:
ԱՆՈՒՇ — Նա ե՞րբ է նիստի գնում, որ… Կոճակ սեղմող է ու կնկա փալասների մատակարարը: (Նկատում է պսակները:) Էս արդեն բերել ե՞ն: (Կիսաձայն:) Արամ ջան, հալա աթանդա կանգնիր:
ԱՐԱՄ — (չընկալելով): Ինչ անե՞մ…
ԱՆՈՒՇ — Աթանդա կանգնիր: (Արամը, աչքը կնոջից չկտրելով, տարակուսած մոտենում է մուտքին:) Հողեմ սրանց գլուխը, մեզանից լավը չեն: (Պայուսակից մակագրված սև ժապավեն հանելով՝ մոտենում է պսակներից մեկին, արագ փոխում է ժապավենը:)
ԱՐԱՄ — Գալիս են, արագացրու:
ԱՆՈՒՇ — Գան էլ, գնան էլ… (Հանած ժապավենը արագ խցկում է պայուսակը, հեռանում, նստում է աթոռին՝ աչքին հպելով թաշկինակը:)
Մտնում են Էլյան ու Սուրենը:
ԷԼՅԱ — Безобразие! (Նստում է Անուշից հեռու: Ամուսնուն.) Համոզվա՞ծ ես, որ հայրդ կտակ չի գրել: Ախր, հանկարծամահ չեղավ, որ ասենք՝ չի հասցրել: Տեղը-տեղին ցուցակ է կազմել, պլանավորել է՝ ոնց թաղենք, ինչ անենք, ինչ լսենք…
ՍՈՒՐԵՆ — (նստում, գլխահակ շփում է ճակատը): Չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում: (Ծխախոտ է վառում, հայացքով փնտրում մոխրամանը, նկատում է պսակները, մոտենում, կարդում է մակագրությունները:) Հետաքրքի՜ր է… (Անուշն ու Արամը լարվում են:)
ԷԼՅԱ — Ոչ թե հետաքրքիր է, այլ издевательство!
ՍՈՒՐԵՆ — Հետաքրքիր, է, որ վարչապետը դեռ պսակ չի ուղարկել:
ԱՆՈՒՇ — (անմիջապես արձագանքում է): Կուղարկի, էլի, Սուրեն ջան, զբաղված մարդ է… Ա՜խ, պապա ջան, սև պսակի արժանացար…
Կարճ դադար:
ԱՐԱՄ — (Սուրենին): Դարակներում բան-ման չկա՞ր, բանկի գրքույկ, բանկային քարտեր:
ՍՈՒՐԵՆ — Չէ:
ԷԼՅԱ — (հարձակողական): Նա ոչ մի բան էլ չի թողել, ոչ գրքույկ, ոչ քարտ, ոչ կտակ: Կարող եք հանգիստ լինել:
ԱՆՈՒՇ — (ընդունելով մարտահրավերը): Կտակը երկու օրինակից է լինում, այնպես որ՝ մենք անհանգստանալու ոչինչ չունենք:
ԷԼՅԱ — Երկու օրինակի՞ց… Իսկ որտե՞ղ է երկրորդ օրինակը: (Անուշը ցուցադրաբար շրջում է գլուխը՝ չուզենալով պատասխանել:) Ես ձեզ եմ հարցնում, տիկին Անուշ, որտե՞ղ է Աբել Սուրենիչի կտակի երկրորդ օրինակը:
ԱՆՈՒՇ — (չշրջվելով): Իսկ ինչո՞ւ ես ի՜նձ հարցնում:
ԷԼՅԱ — Դուք ասացիք, որ երկրորդ օրինակը կա: Որտե՞ղ է այն:
ԱՆՈՒՇ — Ես չասացի, որ տեսել եմ: Պարզապես գիտեմ, որ կտակը գրվում է երկու օրինակից:
ԷԼՅԱ — Որտեղի՞ց գիտեք:
ԱՆՈՒՇ — Ձեր ամուսնու հաստատած օրենքներից:
ԷԼՅԱ — (ցասկոտ ոտքի է կանգնում, Սուրենին): Ուրեմն, դուք՝ բոլորդ, այդ մասին գիտեք ու ձևեր ե՞ք թափում: Եթե ես հարսն եմ, օրինական ժառանգ չե՞մ: Ես թույլ չեմ տա ինձ թալանել:
ՍՈՒՐԵՆ — (գլուխը չբարձրացնելով): Էլյա՜, հանգստացի՜ր:
ԷԼՅԱ — Հանգստանա՞մ… խոսքը հազարի, երկու հազարի մասին չի: 60 միլիոն դոլա՜ր… վաթսո՜ւն միլիոն, չհաշված՝ ասաբնյակը, դաչան, անտիկվարը, երկու ավտոմեքենանե՜րը…
ԱՆՈՒՇ — Իսկ որտեղի՞ց գիտեք, թե ինչքան կարողություն ուներ իմ հայրը, նրա գանձապա՞հն եք, ինչ է:
ԷԼՅԱ — Բոլորը գիտեն: (Անուշից շրջվելով՝ նստում, նյարդային ցնցում է ոտքը:)
ԱՐԱՄ — Կներեք, տիկին Էլյա, անձամբ ես… Մե՛նք… այդ մասին չգիտենք:
ԷԼՅԱ — Դուք թերթ չե՞ք կարդում, ինտերնետ չե՞ք մտնում: Ընդամենը վեց ամիս առաջ գրվեց, որ Աբել Խաչիկյանը, պատգամավո՛ր Սուրեն Խաչիկյանի հայրը, իր բիզնեսի մի մասը վաճառել է 60 միլիոն դոլարով:
ՍՈՒՐԵՆ — Էլյա, замолчи наконец!
ԷԼՅԱ — Բացի այդ, նկատի ունեցեք, պարոն Արամ, որ ես երկու արու զավակ եմ ծնել Խաչիկյանների համար և նրանցից մեկը կրում է Աբել Խաչիկյան անունը:
ԱՆՈՒՇ — Բա՜ն գտավ պարծենալու: Ժառանգությունը գլխաքանակով կամ անունով չեն բաժանում:
ԷԼՅԱ — Բա ինչո՞վ: Ինչո՞վ են բաժանում:
ԱՐԱՄ — (հանգիստ տոնով): Ժառանգատուի կտակի համաձայն:
ԷԼՅԱ — А где этот կտա՜կ…
ԱՐԱՄ — Դե, հույս ունենանք, որ երկրորդ օրինակը նոտարականում կլինի: Օրենքն է այդպես:
ԷԼՅԱ — Բա էլ ինչո՞ւ եք նստել, գնանք նոտարիատ, պարզենք՝ կա՞, наконец, էդ կտակը:
ՍՈՒՐԵՆ — Էլյան ճիշտ է ասում: (Վճռական ոտքի է կանգնում:) Հոգեհանգստին դեռ ժամանակ կա, կհասցնենք: (Դեպի դուռը:) Լալա՜… Լալա՜, այստեղ արի:
ԱՐԱՄ — Աբելիչ, մահվան վկայականն ու անձնագիրդ հետդ վերցրու:Քաղաքացիական օրենսգրքի 1188 հոդվածի առաջին մասով… (Նկատելով մտնող Լալային՝ լռում է:)
ՍՈՒՐԵՆ — (Լալային): Մենք կարճ ժամանակով բացակայելու ենք: Ոչ մեկին ներս չթողնես: Պահակին կզգուշացնեմ՝ դարպասն էլ կփակի: Էս վարագույրն էլ փակիր և ոչ մեկը, լսո՞ւմ ես, ո՜չ մեկը ներս չմտնի:
ԷԼՅԱ — Դու էլ խոհանոցում նստիր:
ԼԱԼԱ — Բա որ Գուրգենը գա, ո՞նց ներս չթողնեմ:
ԷԼՅԱ — Կգա՝ սուրճ պատրաստիր, զբաղեցրու:
ՍՈՒՐԵՆ — Կասես, որ ես եմ հրահանգել:
ԼԱԼԱ — Լավ:
Հարազատները գնում են: Լալան փակում է վարագույրը: Հնչում է «Լուսնային ռապսոդիան», պարախումբը ներս է մտնում: Տանգո:
Մթություն: Կարճ դադար: Լուսավորվում է:
Փութկոտ ներս է մտնում Էլյան, նրա ետևից՝ Սուրենը, Անուշը, Արամը:
ԷԼՅԱ — (փլվելով աթոռին՝ հովհարը նյարդային թափահարում է): Սա վե՜րջն է, վե՜րջը…
ՍՈՒՐԵՆ — (ջղային, խիստ): Զսպիր քեզ:
ԱՆՈՒՇ — Կարո՞ղ է՝ տանը գաղտնարան ունի, չենք իմացել:
ՍՈՒՐԵՆ — (անզուսպ): Բայց ինչո՞ւ համար, ո՜ւմ համար… Կտակը գրվում է ժառանգներին տալու նպատակով: Ինչո՞ւ պետք է գրեր ու յոթ քարի տակ պահեր: Անտրամաբանական է:
ԱՆՈՒՇ — Կարո՞ղ է՝ փողերը գրքերի մեջ է պահել:
ԱՐԱՄ — Գրադարանի գրքերը հատ-հատ պետք է նայել:
ՍՈՒՐԵՆ — Դա էսօրվա գործ չի: Երեք հազար կտոր գիրք կա գրադարանում:
ԱՐԱՄ — Եթե կվստահեք, գիշերը կմնամ, կթերթեմ բոլոր գրքերը:
ՍՈՒՐԵՆ — Հարցը վստահել-չվստահելը չի, պարոն դատավոր, այլ որ բոլոր ժառանգները պետք է ներկա լինեն՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար:
ԱՆՈՒՇ — (ուսերը վեր քաշելով): Ի՞նչ թյուրիմացություն կարող է լինել, որ…
ՍՈՒՐԵՆ — Ամենամեծ թյուրիմացությունը՝ կրտսեր եղբայրդ, որ թրև է գալիս ծովափում: Կարո՞ղ ես հետո նրան համոզել, որ 60 միլիոն չի եղել, այլ 40 կամ 50:
ԷԼՅԱ — Оставь, ради бога! 600 կիլոգրամ փողը գրքերում պահել կլինի՞:
ԱՆՈՒՇ — Դա՞ որտեղից հայտնաբերեցիր:
ԷԼՅԱ — Ինտերնետից, տիկին Անուշ, ինտերնետից, որտեղ գրված է, որ մեկ միլիոն դոլարը կշռում է 10 կիլոգրամ: (Արհամարհական:) Գոնե գիտե՞ք, թե ինչ բան է ինտերնետը:
ԱՆՈՒՇ — Ես քու պես Քռի ջուր չեմ խմել, բայց գիտեմ:
ԱՐԱՄ — (կնոջը): Վախտ գտա՞ր: (Սուրենին.) Այնուամենայնիվ, նրա սենյակը կողպել ու կնքել է պետք, մինչև որ…
ԷԼՅԱ — Чушь! Նա, հաստա՛տ, կտակ թողել է: Նա կտակ թողել է, բայց ժառանգողը մենք չենք:
ՍՈՒՐԵՆ — Բա ո՞վ է:
ԷԼՅԱ — Сам подумай. Իզո՞ւր էին խոսակցությունները, որ հայրդ Լալայի հետ լա-լա-լա է անում:
ԱՆՈՒՇ — Չհամարձակվե՜ս հորս պատվի հետ խաղալ:
ԱՐԱՄ — (Անուշին): Քեզ զսպիր, էլի՜… (Սուրենին.) Կուզե՞ս, բեր էդ աղջկան կանչենք, խոսենք հետը:
ՍՈՒՐԵՆ — (տատանվում է, ապա՝ վճռում): Լալա՜:
ԱՐԱՄ — Լալա՜:
ԷԼՅԱ — Ի՞նչ եղավ էդ աղջիկը:
ԱՆՈՒՇ — Առած-փախած չլինի՞:
Մտնում է Լալան, սպասողական կանգնում:
ՍՈՒՐԵՆ — Լալա, գիտեմ, տեղյակ եմ, որ Սուրենիչը քո հետ… ըմմ… սիրում էր զրուցել, կիսվել: Կտակի կամ ժառանգության մասին ոչինչ չի՞ ակնարկել:
ԼԱԼԱ — ՉԷ, ոչ մի խոսք:
ՍՈՒՐԵՆ — Իսկ կարո՞ղ է պատահմամբ լսած լինես, որ ինքը որևէ մեկի հետ էդ թեմայով խոսեր, ասենք՝ որևէ ընկերոջ կամ իրավաբանի հետ:
ԼԱԼԱ — Չէ:
ԷԼՅԱ — Իսկ անձամբ քեզ որևէ բան չի՞ տվել:
ԼԱԼԱ — Տվել է:
ԱՆՈՒՇ — (հարձակողական): Բա ինչո՞ւ չես ասո՜ւմ…
ԼԱԼԱ — Դուք չհարցրիք, ես ի՞նչ ասեի:
ԷԼՅԱ- Ո՞նց չհարցրինք: Հարցրեցինք, դու էլ ասացիր, որ միայն կարգադրությունների ցուցակ է թողել:
ՍՈՒՐԵՆ — Բեր այստեղ քեզ հանձնածը:
ԼԱԼԱ — (գոգնոցի գրպանից թղթադրամներ հանելով՝ մեկնում է): Ահա՜:
ԱՆՈՒՇ — (վերցնելով՝ արագորեն հաշվում է): Բա մնացա՞ծն ուր է:
ԼԱԼԱ — Իմ ռոճիկը 150 հազար դրամ է, էլ ի՞նչ մնացած: (Վերցնում է Անուշի ետ մեկնած փողը:)
ԷԼՅԱ — (անսպասելի՝ սիրալիր): Լավ, նստիր մեզ հետ, Լալա: Դու հո օտար չե՞ս, այսքան ժամանակ խնամել ես հայրիկին: Նա միշտ գոհ էր քեզնից: (Լալան տատանվում է:) Նստի՜ր, նստի՜ր:
Լալան վարանոտ նստում է:
ԱՆՈՒՇ — Ա՜խ, պապա ջա՜ն…
ԷԼՅԱ — (Լալային): Ճիշտ է, Աբելիչը չկա, բայց մենք քեզ անօգնական չենք թողնի, մի բան կմտածենք… Ճիշտ չի՞, Սուրեն:
ԱՆՈՒՇ — Ա՜խ, պապա ջա՜ն…
ԷԼՅԱ — Գուցե սրճե՞նք: (Պատրաստակամ ոտքի կանգնած Լալային:) Դու նստիր, նստիր: Ես սիրում եմ սուրճ պատրաստել: (Արագ դուրս է գնում:)
Ներկաները զարմացած հայացքներ են փոխանակում: Կարճ դադար:
ՍՈՒՐԵՆ — (ձեռքի ժամացույցին նայելով): Գուգոն ուշանում է:
ԼԱԼԱ — Նա եկել է:
ԱՆՈՒՇ — (ողբերգորեն): Բա կարող էր չգա՞լ: Նրա համար աշխարհը՝ մի կո՜ղմ, պապան՝ մի կողմ:
ՍՈՒՐԵՆ — (Լալային): Բա որտե՞ղ է:
ԱՐԱՄ — Երկար ճանապարհ է կտրել, երևի հանգստանում է:
ԼԱԼԱ — Չէ, ընկերների հետ էր, եկան ու գնացին:
ԱՆՈՒՇ — Ո՜րբ մնաց իմ ախպերը…
ԱՐԱՄ — Ընկերությունը հրավիրած կլինի մի տեղ՝ մխիթարելու:
ԱՆՈՒՇ — Հոր պես ընկերասեր է ախպերս: Սուրեն ջան, հիշո՞ւմ ես, ի՜նչ քեֆեր էր կազմակերպում: Ա՛խ, ուտող խմող պապա ջա՜ն, նրա համար մեկն էլ էր մեկ, հազարն էլ:
Մտնում է Էլյան:
ԷԼՅԱ — (մեղավոր ժպիտով): Ես սուրճ բերելու շնորհք չունեմ… Միշտ թափվում է: Լալա ջան, նեղություն քաշիր՝ բաժակները բեր, поднос-ի վրա շարել եմ: (Լալայի դուրս գալուն պես, կիսաձայն:) Կապույտ բաժակը չվերցնեք: Դա Լալայինն է:
ԱՐԱՄ — (ահաբեկված): Ի՞նչ եք մոգոնել, Էլյա՜…
ԷԼՅԱ — (անփույթ նստելով): Ի՞նչ պիտի մոգոնեմ, ոչինչ էլ չեմ մոգոնել: Ձեր մասին եմ մտածում, բոլորիս մասին եմ մտածում:
ՍՈՒՐԵՆ — Դու ինչ որ բա՞ն ես արել…
ԷԼՅԱ — Սուրճ եմ եփել, չի կարելի՞, ինչ է: (Ձայնն իջեցնելով:) Ես համոզված եմ, որ հայրդ կտակը նրա անունով է գրել, համոզվա՜ծ եմ: Նա թաքցնում է: Չտեսա՞ր, ոնց շփոթվեց, երբ կտակի մասին էինք խոսում:
ԱՆՈՒՇ — Էդ անբարոյական քածին չե՞ս տեսնում…
ԷԼՅԱ — Նա՛ է կտակի տերը, Սուրեն, նա՜ է: Եթե նա մեջտեղից վերանա, եղածը մեզ կհասնի:
ՍՈՒՐԵՆ — Այսինքն… ո՞նց վերանա:
ԱՐԱՄ — Դու բոլորիս կկործանես:
ԷԼՅԱ — (չարությամբ): Ո՞վ է մատնելու, դո՞ւ, թե՞ կինդ: (Լաչառացած:) Գնա, մատնիր: Դու քանի՞ դատվողից պիտի կաշառք վերցնես, որ միլիոնատեր դառնաս: Մեր երկրում այդքան հանցագործ չկա՜: Բոլորն արդեն պաշտոն ունեն ու իրենք են կաշառք վերցնում:
ՍՈՒՐԵՆ — Ինչե՞ր ես խոսում, չեմ հասկանում:
ԷԼՅԱ — Լավ էլ հասկանում ես: (Մտնում է Լալան՝ սկուտեղով: Անմիջապես կերպարանափոխվելով, սիրալիր:) Ապրես, ջանիկս, շատ ապրես: (Վերցնում է վարդագույն բաժակը: Մյուսները, լարված, վերցնում են բաժակները: Լալային.) Նստիր, նստիր, սուրճ խմիր: Ո՞վ գիտի, առավոտից հաց էլ չես կերել: (Լուռ, լարված սրճում են:) Համեղ չի՞… Ես ընդհանրապես համեղ սուրճ եմ պատրաստում: Ճիշտ չի՞, Սուրեն:
ՍՈՒՐԵՆ — Հը՞… Հա, հա, իհարկե:
ԷԼՅԱ — (կում անող Լալային): Հը՜, իմ եփածն է համո՞վ, թե՞ քոնը:
ԼԱԼԱ — Համեղ է: Մի քիչ քաղցր է:
ԱՆՈՒՇ — Հա, քաղցրը շատ է: Մենք տանը դառն ենք խմում, առանց շաքարի:
ԱՐԱՄ — Չէ, ի՞նչ ես ասում… Մի տարի կլինի, որ քաղցր եմ խմում: (Էլյային.) Շատ համեղ է, իսկը իմ ուզածն է:
Ավարտելով սրճելը՝ գավաթները դնում են սկուտեղին: Լալան սկուտեղը տանում է: Լարված դադար:
ՍՈՒՐԵՆ — Բայց դառն էր:
ԷԼՅԱ — Իհարկե դառն էր: Հիմա ո՞վ է քաղցր սուրճ խմում:
ԱՐԱՄ — (Էլյային՝ կիսաձայն): Ինչքա՞ն կտևի:
ԷԼՅԱ — Մի երկու-երեք օր: (Անուշը խաչակնքում է, Սուրենը փախցնում է հայացքը:)
Լարված դադար: Արամը աննպատակ քայլում է, ապա, նկատելով ծրարը, վերցնում, հպանցիկ նայում է, անկարևոր համարելով՝ մի կողմ է դնում, լրագիրն է վերցնում, էջերը շրջելով աչքի է անցկացնում վերնագրերը:
ԱՆՈՒՇ — (Արամին): Արդեն տպե՞լ են նիկրոլոգը:
ԱՐԱՄ — Հին թերթ է: (Հաջորդ էջերն է նայում ու հանկարծ սևեռվելով՝ կարդում, շնչարգելվում, օրորվում է:) Ա՜հ… ա՜հ… ա՜հ…
ԱՆՈՒՇ — (վրա հասնելով): Դու ո՞ր գույնի բաժակից խմեցիր, ա՜յ մարդ… (Արամը թուլացած նստում է:) Բժիշկ կանչե՜ք… (Էլյային.) Դու սա չես մարսի, օ՜ձ…
ԷԼՅԱ — (վախեցած, Սուրենին): Ես ի՞նչ մեղք ունեմ…
ԱՆՈՒՇ — (ուշքի բերելու համար՝ Արամի այտերին խփելով): Ո՞նց՝ ինչ մեղք ունես… կապույտի տեղը՝ կանաչի մեջ ե՞ս թույն լցնում, կախարդ…
ՍՈՒՐԵՆ — (բջջայինը հանելով, արագ համար է հավաքում: Անուշին): Մեջքը տրորիր… մեջքը տրորիր՝ սիրտը ետ տա…
ԱՆՈՒՇ — (Արամի մեջքը տրորելով): Արամ ջան, մատ տուր… մատ տուր…
ԱՐԱՄ — (թույլ շարժումով Անուշին մի կողմ է հրում, թերթը մեկնում Սուրենին): Ն-նայի՜ր… կարդա՜…
ՍՈՒՐԵՆ — (տարակուսած մոտենում, վերցնում է լրագիրը): Ի՞նչը կարդամ:
ԱՐԱՄ — Ժնև՜ը, Ժնևը կարդա:
ՍՈՒՐԵՆ — (էջերում փնտրելով՝ գտնում, լուռ կարդում է, ապա՝ բարձրաձայնում): «Ժնևի աճուրդում 50 միլիոն դոլարով կապույտ ադամանդ է վաճառվել»: (Բոլորը նետվում են նրա կողմը, հակվում լրագրի վրա: Շարունակում է ընթերցել:) «Լուսնային ռապսոդիա» անվամբ երևակայական վառ կապույտ ադամանդը, որը կշռում է 12 կարատ, չորեքշաբթի օրը վաճառվեց Ժնևի աճուրդում՝ 50 միլիոն 468 հազար դոլարով: Միջազգային աճուրդի տան նախագահ Ջոն Թեյլորը լրագրողներին հայտնել է, որ այդ գործարքով թանկարժեք քարերի վաճառքում գնի նոր ռեկորդ սահմանվեց: «Լուսնային ռապսոդիայի» կովկասցի գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը, միայն ասել է, որ Ժնև է ժամանել հատուկ այդ աճուրդին մասնակցելու համար»:
ԱՐԱՄ — Աբելիչ, թերթի ամսաթիվը նայիր, ամսաթիվը:
ՍՈՒՐԵՆ — (նայում է): Այս տարվա ապրիլի 30-ին:
Բոլորը շրջվում, հառվում են վարագույրին:
ԷԼՅԱ — Ահա թե ինչո՜ւ Շվեյցարիա գնաց: Հայրիկի լյա՜րդն էր ցավում… Իսկ իրականում՝ փորացավ է ունեցել:
ԱՆՈՒՇ — (նվաղում է): Ես մեռա՜…
ԱՐԱՄ — (գրկելով թուլացած կնոջը): Աբելիչ, մատին նայիր, մատին… Կապույտ քարով մատանի կա՞:
Սուրենն արագ անցնում է վարագույրից այն կողմ, մյուսները նետվում են նրա ետևից: Լսվում է նրանց ձայները:
ԷԼՅԱ — (ցնծալից): Вот она… вот она — «Лунная рапсодия»!
ԱՐԱՄ — Ա՜յ, ադամանդ եմ ասե՜լ…
ՍՈՒՐԵՆ — Սպասե՛ք, ձեռք չտա՛ք, ձեռք չտա՛ք…
ԱՆՈՒՇ — Խելքիդ մեռնեմ, պապա ջա՜ն…
ՍՈՒՐԵՆ — Դո՛ւրս եկեք…
ԱՆՈՒՇ — Ձեռքդ քեզ քաշի, աղջի՜…
ՍՈՒՐԵՆ — Էլյա, ետ քաշվի… Դուրս եկեք… Բոլորով դուրս ենք գալիս, ո՞ւմ եմ ասում: Գնանք, որոշենք մեր անելիքը:
Դուրս են գալիս, աթոռները մոտ բերելով նստում, հառվում են Սուրենին: Կարճ դադար:
ՍՈՒՐԵՆ — Ամեն ինչ պարզ դարձավ: Հայրս, իրեն հատուկ խորաթափանցությամբ, մեզ հուշել է, թե ինչու է սենյակը պատել կապույտ գույնով, ինչու է պատվիրել, որ հնչի «Լուսնային ռապսոդիան», իսկ մենք գլխի չէինք ընկնում:
ԱՐԱՄ — Ո՞նց գլխի ընկնեինք: Էդ ռապսոդիայի անունը ըհըն՝ որ իմացանք:
ՍՈՒՐԵՆ — Մտածել է, թե իմացած կլինենք, որ 50 միլիոն դոլարով…
ԷԼՅԱ — 50 միլոն 468 հազար:
ՍՈՒՐԵՆ — Հա, 50 միլիոն 468 հազար դոլարով կապույտ ադամանդ է վաճառվել:
ԱՐԱՄ — Հիմա ի՞նչ ենք անելու, ի՞նչ առաջարկություն կա:
ԷԼՅԱ — Ի՞նչ առաջարկություն… հո ադամանդը մատին չե՞նք թաղի:
ԱՆՈՒՇ — Սուրեն ջան, բերեք մատանին հանենք, կոպիան պատվիրենք, դնենք մատին: Ես մի լավ վարպետի տեղ գիտեմ, հենց հիմա զանգեմ… (Արամի խեթ հայացքից սսկվում է:)
ԷԼՅԱ — Ի՞նչ կոպիա, ի՞նչ բա՜ն…. Դաժե՝ հասարակ, մի հինգհազարանոց մատանի լիներ, մատին էինք թողնելո՞ւ: Ո՞վ է իր հարազատին զարդերով թաղում:
ԱՐԱՄ — Բացի այդ, դա հանցագործության դրդող քայլ կդառնա՝ դիակապտողների համար:
ՍՈՒՐԵՆ — Համաձայն եմ, ճիշտ եք ասում:
ԷԼՅԱ — Մատանին պետք է հանել և պահ տալ ավագ որդուն: Սուրեն, հանի՜ր մատանին:
Բոլորը ոտքի են կանգնում:
ԱՐԱՄ — Ստո՜պ: Ստո՜պ, ժողովո՜ւրդ ջան: Հետագա բոլոր տեսակի թյուրիմացություններից խուսափելու համար հարկավոր է նկարահանել գործողությունը: (Գրպանից հանում է բջջային հեռախոսը: Մյուսներն անմիջապես հանում են իրենց հեռախոսները:) Աբելիչ ջան, դու մի նկարահանի, դու գործողությունը կատարողն ես, ձեռքերդ զբաղված են լինելու:
ԷԼՅԱ — (կանխում է հեռախոսը գրպանը դնող Սուրենին): Տուր էստեղ, ես երկուսով կնկարեմ: (Վերցնում է Սուրենի հեռախոսը:)
ԱՐԱՄ — Նաև ճիշտ կլինի, որ մեզնից մեկը բարձրաձայն հայտնի, թե ի՞նչ է կատարվում, որպեսզի նկարն ու խոսքը իրար հետ ձայնագրվեն:
ԱՆՈՒՇ — Հենց դու էլ մեկնաբանիր: Իրավաբան ես, ճիշտ կձևակերպես:
ԱՐԱՄ — Եղավ: Ուրեմն՝ ուշադրություն: (Ձեռքը բարձրացնելով՝ ազդանշան է տալիս:) Սկսում ենք: Մենք՝ հանգուցյալ Աբել Սուրենի Խաչիկյանի ժառանգներս… (Բջջայինը հերթականությամբ պահում է ներկաների վրա, Անուշն ու Էլյան հետևում են նրա օրինակին:) Ավագ որդին՝ Սուրեն Աբելի Խաչիկյանը, դուստրը՝ Անուշ Աբելի Գևորգյան-Խաչիկյանը (Անուշը ինքն իրեն է նկարում), հարսը՝ Էլյա Շալիկոյի Վարոսյան-Խաչիկյանը (Էլյան երկու հեռախոսները շրջում է իր կողմը) և ես, փեսան՝ Արամ Ռևազի Գևորգյանս (իրեն է նկարում), միաձայն որոշմամբ վստահում ենք Սուրեն Աբելի Խաչիկյանին, որ նա ի պահ վերցնի հանգուցյալ հոր «Լուսնային ռապսոդիա» անվամբ կապույտ ադամանդով մատանին:
ԱՆՈՒՇ — (բարձրաձայն՝ ձայնագրվելու համար): Հիսուն միլիոն 468 հազար դոլար արժողությամբ:
ԱՐԱՄ — Խնդրեմ, Սուրեն Աբելիչ, կատարեք բոլորիս որոշումը: (Սուրենը, նկարահանողների ուղեկցությամբ, բացում է վարագույրը, մոտենում են դագաղին, Արամը շարունակում է մեկնաբանել:) Սուրեն Խաչիկյանը մոտենում է հանգուցյալ Աբել Խաչիկյանին… (Սուրենին.) Հանի, մատից հանի… Նրա ձեռքից հանում է «Լուսնային ռապսոդիա» անվամբ կապույտ ադամանդով մատանին…
ԱՆՈՒՇ — Հիսուն միլիոն 468 հազար դոլար արժողությամբ:
ԱՐԱՄ — Ցույց տուր… Աբելիչ ջան, ցույց տուր, որ խոշոր պլանով նկարահանենք: (Սուրենը մատանին վեր է պարզում, հրմշտվելով մոտենում, նկարահանում են:) Սուրեն Խաչիկյանը ի պահ վերցնելով մատանին՝ դնում է ծոցագրպանը… Դիր ջեբդ…
ԱՆՈՒՇ — Ստուգիր, հո ծա՞կ չի:
ՍՈՒՐԵՆ — (լարված): Ի՞նչ ծակ:
ԱՆՈՒՇ — Գրպանդ հո ծակ չի՞:
ԷԼՅԱ — (խայթում է): Նրա գրպանը երբեք ծակ չի եղել:
ԱՐԱՄ — Ավելորդ մի խոսեք, ձայնագրվում է: Մատանին դնելով ձախ ծոցագրպանը՝ Սուրեն Աբելի Խաչիկյանը հեռանում է դագաղից:
ՍՈՒՐԵՆ — (լարված, չընկալելով): Ինչ եմ անո՞ւմ…
ԱՐԱՄ — Ետ արի, վերջացրինք:
ՍՈՒՐԵՆ — Հա… եղավ, եղավ… (Վերադառնում, թեթևացած շունչ քաշելով նստում է:)
ԱՐԱՄ — (հեռախոսում): Ձայնագրության և տեսագրության վերջը: (Անջատում է հեռախոսը, դնում գրպանը:) Դուք էլ անջատեք, վերջացրինք:
ԱՆՈՒՇ — (հեռախոսը դնում է պայուսակի մեջ, հանում է թաշկինակը: Սուրենին): Շատ հուզվեցի՞ր, ախպեր ջան:
ԱՐԱՄ — Բա հեշտ բան է՞ մեռելի ձեռքից մատանի հանելը:
ԱՆՈՒՇ — (միայն Արամին հասկանալի երկդիմությամբ): Թե դու ինչ գիտես՝ հե՞շտ է, թե՞ դժվար:
ԱՐԱՄ — Դե… ըմմ… պատկերացնում եմ… անձամբ ես ռիսկ չէի անի, մեռելներից վախենում եմ:
Հնչում է «Լուսնային ռապսոդիան»: Մտնում են պարողները:
ԷԼՅԱ — (ճչում է): Ради бога! Գոնե էդ վարագույրը փակե՜ք… (Արամը շտապում է փակել վարագույրը:)
ԱՆՈՒՇ — Կապույտ վարագույրի արժանացար, պապա ջա՜ն…
Մտնում է հարբած Գուրգենը:
ԳՈՒՐԳԵՆ — (պարողներին տեսնելով՝ մեխվում է տեղում: Ապշած): Ի՛-յա՜… (Գոռում է:) Էս բանկետ եք անո՞ւմ, արա՜… (Պարողներին:) Ռադներդ քաշեք, արա՜… (Պարողները պարն ընդհատում, շտապ հեռանում են: Շաղված, օրորվելով մոտենում է Էլյային: Քինախնդիր:) Էսի քու սարքած համերգն ա՞, Կեկել…
ԷԼՅԱ — (զզվանքով): Ֆի՛… (Շրջվում է:)
ԳՈՒՐԳԵՆ — (մյուսներին): Էս ի՞նչ եք անում, արա՜… էս ո՞ւմ հոր պատվի հետ եք խաղում:
ԱՆՈՒՇ — Գուրգեն ջան, քեզ զսպիր, պապայի վերջին ցանկությունն է:
ԳՈՒՐԳԵՆ — Ո՞նց թե… պապան պար ա զակազ տվե՞…
ՍՈՒՐԵՆ — (նյարդային): Հա՜: (Գլխով ցույց է տալիս աթոռին դրված թափանցիկ ծրարը:) Վերցրու, կարդա հորդ կտակը:
ԳՈՒՐԳԵՆ — (օրորվելով մոտենում, վերցնում է ծրարը, փռվում է աթոռին, փորձում է թղթերը հանել ծրարից, չի ստացվում, ծրարը շպրտում է մի կողմ): Հե՜րս… Հերս գիտեր, որ իրա մեռնելը ձեր համար պրազդնիկ ա:
ՍՈՒՐԵՆ — Գոնե էսօր չլակեիր, հալիդ նայիր:
ԳՈՒՐԳԵՆ — Լա՜վ, ախպեր, լա՜վ… ընտրողներիդ հետ հանդիպման չես եկել, որ սըթից բաներ ես խոսում:
ԱՆՈՒՇ — Գնա քնի, Գուրգեն ջան, գնա հանգստացի: Ուր որ է, մարդիկ կգան, նախարարներ, պատգամավորներ…
ԳՈՒՐԳԵՆ — (լեզուն դուրս գցած, ծաղրալից ծիծաղում է): Ինչքան գող ու ավազակ կա, գալիս են, էլի՜…
ԷԼՅԱ — Չափդ ճանաչի՜ր:
ԳՈՒՐԳԵՆ — Վա՞յ, էս ո՞ւմ հարսիկը խոսեց: (Դժվարությամբ ոտքի է կանգնում, մոտենում է Էլյային:) Քու մարդը, քալբատոնո, որ աջ ու ձախ թալանում է, չափ ճանաչո՞ւմ է:
ԷԼՅԱ — Նրան 13 հազար մարդ է ձայն տվել:
ԳՈՒՐԳԵՆ — Ը՜նտ-րա՜-կա՜-շա՜ռ-քո՜վ… մեկ ձայնը՝ 10 հազար դրամ… ընդամենը՝ 130 հազար դոլար: Դա ձեր համար ի՞նչ է որ… կոպեկնե՜ր:
ԱՆՈՒՇ — Գուրգեն ջան, փողոցի խոսակցությունները մեր սուրբ օջախը մի բեր:
ԳՈՒՐԳԵՆ — (Անուշին): Դեպուտատ ախպորդ համար սիրտդ ցավե՞ց: (Մոտենում է:) Ցավե՞ց, թե՞ վառվեց… Վառվե՜ց, բայց ոչ ախպորդ պատվի համար, այլ, որովհետև, «կաշառք» բառը լսեցիր: (Արհարմարհական զննում է Անուշին:) Հարազա՜տ, քաղցր բառ: Էս կոկորդիլոսի կաշվից պայուսակը, որ գրկել ես, դատավոր ամուսնյակիդ կաշառքով չե՞ս առել: (Խլում է պայուսակը:)
ԱՆՈՒՇ — (փորձում է ետ վերցնել): Չհամարձակվե՜ս: Ե՜տ տուր, ե՜տ տուր, ասում եմ…
ԳՈՒՐԳԵՆ — (թիկունք է անում նրան, բացում պայուսակն ու դուրս է քաշում սև ժապավենը): Պա՜-հո՜… էս ի՞նչ էր… (Անուշը կարկամում է: Ժապավենի ծայրից բռնած վեր է պարզում, գլուխը թեքելով կարդում է:) Թան-կա-գին Ա-բել Խա-չիկ-յան-ին… Վար-չա-պե-տից: (Լեզուն դուրս գցած, ծիծաղելով մոտենում, ապշած Սուրենի դեմքի մոտ տարուբերում է ժապավենը:) Քո վարչապետը, Աբելիչ, քրոջդ պորտմանի մեջ է:
ՍՈՒՐԵՆ — (խլում է ժապավենը, մեկ՝ պսակներին է նայում, մեկ՝ Արամին ու քրոջը): Սա ի՞նչ է նշանակում… Քեզ հետ եմ, Արա՜մ, սա ի՞նչ է նշանակում:
ԱՐԱՄ — Դե լավ, էլի, Աբելիչ… եսիմ, ոնց է եղել…
ԳՈՒՐԳԵՆ — (շարունակում է խառնշտել պայուսակը): Սպա-սե՜ք, պարոնայք, դա դեռ բոլորը չի, ամենագլխավորը դեռ չեմ գտել… ըհը՝ գտա՜… (Ապակե սրվակ է հանում, պարզում՝ ի տես:) Իրեղեն ապացույց՝ դատավորի ընտանիքի կողմից: Թանկագին փեսա, կարո՞ղ ես ասել, թե կնոջդ սրվակի մեջ ի՞նչ է լցրած:
ԱՐԱՄ — (շփոթվում է): Երևի… վալերիանայի կաթիլներ:
ԳՈՒՐԳԵՆ — (ծաղրական): Երևի՞… Ո՜չ, չգուշակեցիր:
ԷԼՅԱ — Չլինի՞ թույն է:
ԳՈՒՐԳԵՆ — (Անուշին): Ինքդ խոստովանի, ջիգարագիժ քույրիկ ջան:
ԱՆՈՒՇ — (դեմքը շրջելով): Ես խոստովանելու բան չունեմ:
ԳՈՒՐԳԵՆ — Մայրիկի թաղման ժամանակ լցրա՞ծդ է, թե՞ թարմացրել ես:
ՍՈՒՐԵՆ — Տուր էստեղ: (Վերցնելով սրվակը, հանում է խցանը, ուզում է հոտ քաշել, բայց չի համարձակվում:) Սա ի՞նչ է:
ԳՈՒՐԳԵՆ — Սոխի հյութ:
ՍՈՒՐԵՆ — Ինչի՞ համար:
ԳՈՒՐԳԵՆ — (լեզուն դուրս գցելով, ծաղրալից ծիծաղում է): Արտասվելու համար: Թրջում է թաշկինակն ու հպում աչքերին՝ ա՜խ, մամա ջա՜ն… վա՜խ, պապա ջա՜ն…
Երերալով, փորը բռնած, մտնում է Լալան ու թույլ տնքոցով տապալվում հատակին:
ԱՐԱՄ — (ահաբեկված վեր է թռչում): Արդե՞ն…
Բոլորը վախեցած, կարկամած են: Անուշը, վախվորած, մոտենում, բարձրացնում է Լալայի դաստակն ու անմիջապես բաց է թողնում:
ԱՆՈՒՇ — (տագնապով, կիսաձայն): Դեռ շնչում է…
Գուրգենը, վրա հասնելով, փորձում է բարձրացնել Լալային, Արամն օգնության է հասնում նրան:
ՍՈՒՐԵՆ — (ջանում է սառնասիրտ երևալ): Ննջարան տարեք… Ես բժիշկ կկանչեմ:
Գուրգենն ու Արամը Լալային դուրս են տանում, Անուշը խեթ հայացք նետելով Էլյայի վրա՝ հետևում է նրանց: Կարճ դադար: Էլյան, անտարբեր ձևանալով, պայուսակից հանում է հարդարման պարագաները, ամուսնու սևեռուն հայացքի տակ թարմացնում է շրթներկը:
ԷԼՅԱ — (ծեքծեքուն): Սիրտը չդիմացավ… Վիշտը մեծ էր… (Սուրենին.) Ինչո՞ւ ես այդպես նայում: Հարդարվող կնոջը հետևելն անքաղաքավարություն է:
ՍՈՒՐԵՆ — (բջջայինի վրա համար է հավաքում, սպասում է պատասխանի): Ալո՜: Սուրեն Խաչիկյանն է Ազգային ժողովից: Օրիորդ, նայեք, խնդրում եմ, ե՞րբ է Լոնդոն առաջիկա թռիչքը… Վա՞ղը… Մեկ տոմս: Էլյա Վարոսյանի անունով: Շնորհակալություն:
ԷԼՅԱ — (քմծիծաղով): Մենք բաժանվո՞ւմ ենք:
ՍՈՒՐԵՆ — (պոռթկում է): Ո՜չ, գրողը քեզ տանի, քեզ փախցնում եմ, որ ցմահ չփտես բանտում:
ԷԼՅԱ — (չոր): Դա դեռ ապացուցել է պետք:
ՍՈՒՐԵՆ — Դիահերձումը կապացուցի:
ԷԼՅԱ — Այդ դեպքում մենք բոլորս ենք փախչելու: (Դատավճիռ կարդալու պես:) Հանցավոր համաձայնության գալով, Աբել Խաչիկյանի ժառանգները…
ՍՈՒՐԵՆ — Լռի՜ր, գոնե հիմա լռի՜ր:
Մտնում է Արամը:
ԱՐԱՄ — (խուճապի մեջ): Աբելիչ, բժիշկը շուտ կգա՞:
ՍՈՒՐԵՆ — Զանգել եմ, ուր որ է տեղ կհասնի: Դու այնտեղ եղիր:
ԱՐԱՄ — Լավ: (Գնում է:)
ՍՈՒՐԵՆ — (բջջայինով համար է հավաքում): Ալո՜, Արտակ, զանգահարիր շտապ օգնություն, կանչ պատվիրիր հորս տան հասցեով: (Հեռախոսը գրպանն է դնում, գլուխն ափերի մեջ առած՝ գլխահակ մտորում է:)
ԷԼՅԱ — (արհամարհական, ծուռ ժպտալով): Պատկերացնում եմ, թե ինչպես են ինձ՝ պատգամավո՜ր Սուրեն Խաչիկյանի կնոջը, ձեռնաշղթաներով Լոնդոնից վերադարձնում Երևան:
ՍՈՒՐԵՆ — (դիրքը չփոխելով): Չեն վերադարձնի, Անգլիան պահպանողական երկիր է, հանցագործներին ետ չի տալիս:
ԷԼՅԱ — Բայց եթե դիահերձումը պարզի, որ այդ աղջիկը թունավորված է, ձեզ էլ կհարցաքննեն, չէ՞: Ի՞նչ եք ասելու:
ՍՈՒՐԵՆ — Ի՞նչ պիտի ասենք… Ո՞վ է ինչից տեղյակ:
ԷԼՅԱ — Մեկը՝ դու: Տեղյակ չե՞ս:
ՍՈՒՐԵՆ — Գուցե ինքնասպանություն է գործել… անձնական մոտիվներով: Ի՞նչ իմանամ:
ԷԼՅԱ — Այդ նույն բանը ես էլ կարող եմ ասել: (Սուրենը լռում է:) Այդ նույն բանը ես էլ կարող եմ ասել, ինչո՞ւ ես ինձ վռնդում Լոնդոն:
ՍՈՒՐԵՆ — (ուղղվում է տեղում, վերջապես նայում է կնոջը): Քո մատնահետքերը չեն մնացե՞լ բաժակների վրա:
ԷԼՅԱ — Բաժակները կլվանանք: Դու քրոջդ բերանը կողպիր: Ատելությունից ինքն իրեն ուտում է:
Մտնում է Արամը:
ԱՐԱՄ — (տեղը չգտնելով ետ ու առաջ է քայլում, ապա, վճռական, թեքվում է Սուրենին ու էլյային): Նկատի ունեցեք, որ ես ոչնչից տեղյակ չե՛մ:
ԷԼՅԱ — Իսկ կի՞նդ, նա է՞լ տեղյակ չէ:
ԱՐԱՄ — Դա իրեն կհարցնեք: Խաչիկյաններդ եք առաջին հերթի ժառանգները, իսկ ես… (Սուրենին.) Քույրդ երեխա էլ չունեցավ, որ ասեմ, թե…
ԷԼՅԱ — (թեթևաբարո քայլվածքով մոտենում է Արամին, բռնելով նրա օձիքից՝ ձգում է իրեն, ապա զզվանքով ետ է հրում:) Евнух ннесчастный! Իսկ ո՞վ էր դառը սուրճը քաղցր խմում:
ԱՐԱՄ — Ես ոչ մի սուրճ էլ չեմ խմել: Տեղեկանալով, որ նախկին կնոջս հայրը մահացել է, զուտ քաղաքավարությունից դրդված եկա ու…
ԷԼՅԱ — Նախկին կնո՞ջ…
ԱՐԱՄ — Այո: Արդեն յոթ տարի է, որ մենք դատարանով բաժանված ենք:
ԷԼՅԱ — Որպեսզի քո անունով ոչ մի անշարժ գույք չլինի՞:
ԱՐԱՄ — Դա արդեն գործին չի առնչվում:
ԷԼՅԱ — Какой ты подлец, Արամ Գևորգյան, какой подлец!
ԱՐԱՄ — Ո՞վ ա ում ասում…
ՍՈՒՐԵՆ — (առանց Արամին նայելու): Ո՞վ ա ում ասում, Արամ:
ԱՐԱՄ — (համարձակվելով): Մարդասպանը՝ դատավորին:
Մտնում են Գուրգենն ու Անուշը, լուռ առաջանում, նստում են:
ՍՈՒՐԵՆ — Բժիշկը եկա՞վ:
ԳՈՒՐԳԵՆ — (փռված նստելով): Եկավ էլ, գնաց էլ:
ՍՈՒՐԵՆ — (անհամբեր): Հը՞…
ԱՆՈՒՇ — (ձեռքերը տարածելով): Հղի է:
ՍՈՒՐԵՆ — Հղի է՞…
ԱՆՈՒՇ — Հա, հղի է:
ԷԼՅԱ — (քինախինդ): Еще один наследник, и наверняка — единственный.
ԱՆՈՒՇ — Էդ էր պակաս:
ԷԼՅԱ — Պակաս է, թե՝ ավել, факт на лицо:
ԱՆՈՒՇ — Ի՞նչ գիտենք, թե ում հետ է քարշ եկել: Ի՞նչ նասլեդնիկ, ի՞նչ բան, ո՞նց կապացուցի:
ԷԼՅԱ — Դեէնկան կապացուցի: Կհաստատի, որ սլուժանկայի փորում հասունացել է Աբել Խաչիկյանի սաղմը:
ԱՆՈՒՇ — Դեէնկան գլուխը քարովը կտա: Մենք էլ կասենք, որ էդ լակոտը հորիցս չի, Գուգոյից է: Գուգոն էլ կհաստատի: (Գլխահակ Գուրգենին.) Ճիշտ չե՞մ ասում, Գուգ ջան, հո չե՞ս թողնի, որ խայտառակ լինենք:
ԷԼՅԱ — Ի՞նչ է, Գուգոյի գենը Խաչիկյաններից չի՞, թե՞ ձեր մայրը սիրեկանից է նրան ունեցել:
ՍՈՒՐԵՆ — (սաստում է): Էլյա՜…
ԱՆՈՒՇ — Բերանդ չափավոր բաց, դու էիր պակաս՝ սուրբ մորս հասցեին խոսես:
ԷԼՅԱ — Մեկ դու ես սուրբ, մեկ՝ մայրդ: Հորդ սուրբ լինելն էլ շուտով աշխարհը կիմանա:
ՍՈՒՐԵՆ — (խիստ): Էլյա՜…
ԱՆՈՒՇ — Տո, շատ լա՜վ է արել: Եթե այդ տարիքում կարողացել է, հալալ է իրեն:
ԷԼՅԱ — Իհարկե, միլիոնները մեզ հարամ կլինեին, հալալացրել է: Մենք էլ, ուզած-չուզած, նրա օրինակին կհետևենք, ախպերիկդ կծնվի, ատամհատիկին «Լուսնային ռապսոդիան» կտանենք, կդնենք դեմը:
ԱՆՈՒՇ — Իմ գլուխը դեռ մեռած չի, որ էդ քածը հորս տանը տիրություն անի: (Վճռական ոտքի է ելնում:) Հղի է՞, ցավեր ունի՞, ուրեմն՝ վիժում է: Նրա բժիշկն ու տատմերը՝ ես եմ:
ԱՐԱՄ — (բռնում է կնոջ թևից): Նստի՜ր տեղդ, փորձանք չես:
ԱՆՈՒՇ — Հենց՝ փորձանք եմ, էդ լրբի համար փորձանք եմ:
ԳՈՒՐԳԵՆ — (գլուխը չբարձրացնելով, ծանրաբարո): Պուճուր ախպորս քեֆին կպչողի մաման կլացացնեմ…
ԱՆՈՒՇ — (ապշած): Գուրգե՞ն… Քեզ թուղթուգիր արե՞ց էդ քածը:
ԳՈՒՐԳԵՆ — (անզուսպ, հիստերիկ հռհռալով ոտքի է կանգնում, օրորվելով առաջանում է): Էս չե՞ք… Սա չի՞ Խաչիկյանների փառապանծ գերդաստանը: Աբել Խաչիկյանի՜, ով երազում էր մանկավարժ դառնալ, բայց պատմականն ավարտելուց հետո պատմական դասեր քաղեց ու պահեստապետ դարձավ, ունիվերմագի տնօրե՜ն… Ջանք ու եռանդ չխնայեց ժողովրդին կշռի, չափի ու գնի մեջ խաբելու… փո՜ղ դիզեց…
ՍՈՒՐԵՆ — Մի՜ մրոտիր հորդ հիշատակը, հիմա՜ր:
ԳՈՒՐԳԵՆ — (Սուրենին): Դուրդ չեկա՞վ… Բայց հենց էդ փողերով չէ՞ր, որ քեզ, բթամիտ ծույլիդ, Կրասնոդարի մսամթերքների ինստիտուտի դիպլոմ առավ, դեպուտատ դարձրեց: (Արամին.) Էդ փողերով չէ՞ր, որ հաշիվը տվիր ու դատավոր դարձար, անգրագետ փաստաբան:
ԱՆՈՒՇ — Վե՜րջ տուր, նա քեզ համար էլ քիչ բան չի արել:
ԳՈՒՐԳԵՆ — Արել է, չեմ ուրանում:
ՍՈՒՐԵՆ — Դու էլ այսօր մի բանի տեր կլինեիր, եթե կազինոներից ու սաունաներից դուրս գայիր:
ԳՈՒՐԳԵՆ — Դա էլ է ճիշտ: Ես փչացած, անբարոյական մարդ եմ: Բայց իմ և ձեր մեջ տարբերություն չե՜մ տեսնում: Միակ տարբերությունն այն է, որ դուք պատրաստ եք մարդ սպանել, դեռ չծնված հարազատին սպանել ու սուրբ ձևանալ, հրեշտա՜կ… (Մոտենում, ձեռքը մեկնում է վարագույրին:) Իսկ ձեր հրեշտակապետը միլիոնատեր Աբել Խաչիկյանն է: Ի՞նչ տարավ աշխարհից… Չորս տախտակ… Չորս տախ-տա՜կ… (Թափով ետ է քաշում վարագույրը:) Տեսե՜ք, համոզվե՜ք…
ԱՆՈՒՇ — (սարսափած ճչում է): Պապան չկա՜…
ԳՈՒՐԳԵՆ — Էդ նոր տեղ հասա՞վ, որ պապան չկա:
ԱՆՈՒՇ — (ձեռքերը կարկառում է դագաղի կողմը): Պապան չը-կա՜…
Բոլորը շրջվում են ու քարանում: Դագաղը դատարկ է:
ԷԼՅԱ — Սուրեն, что происходит?
ՍՈՒՐԵՆ — (ապշահար ոտքի է ելնում): Բայց… նա այստեղ էր:
Լսվում է Աբել Խաչիկյանի ձայնը:
ԽԱՉԻԿՅԱՆ — Հիմա էլ այստեղ եմ: (Մտնում է:) Այստեղ եմ, տղես:
ԱՆՈՒՇ — (կանգնում ու փլվում է ամուսնու ձեռքերի վրա): Ես մեռա՜…
ԽԱՉԻԿՅԱՆ — (վերցնելով աթոռներից մեկը՝ բերում է կենտրոն): Ես փչացրի՞ ձեր տրամադրությունը: (Նստում է:) Ի՞նչ արած: Մարդ գոնե մի անգամ պետք է մեռնի, որ ճանաչի հարազատներին:
ԱՐԱՄ — (Անուշին նստեցնելով աթոռին): Աբել Սուրենիչ, մենք… Մենք՝ ես ու Անուշը, անչափ ուրախ ենք, որ դուք չեք մեռել… Անուշ, մի բան ասա…
ՍՈՒՐԵՆ — (ծխախոտ վառելով նստում է: Ընկճված): Հայրիկ, ինչի՞դ էր պետք այս մասկարադը: Մեզ խայտառակելո՞ւ համար:
ԽԱՉԻԿՅԱՆ — Մի՞թե խայտառակություն է, որ չեմ մեռել, տղես:
ԷԼՅԱ — Դուք ողջ-առողջ եք, մենք շատ ուրախ ենք… Բայց ի՞նչ ենք ասելու հոգեհանգստի եկող մարդկանց:
ԽԱՉԻԿՅԱՆ — Կհրավիրեք նրանց «Եդեմ» ռեստորան՝ խնջույքի:
ՍՈՒՐԵՆ — Խնջույքին դեմ չեմ, բայց ինչո՞ւ հենց այս ձևով: (Մատանին ծոցագրպանից հանելով՝ մեկնում է հորը:)
ԽԱՉԻԿՅԱՆ — (ձեռքը թափ տալով): Այդ մատանին հիշատակ պահիր: Դա Գուրգենի պատրաստած կեղծ կրկնօրինակն է, որ ձեզնից առաջ եկավ ու խցկեց մատիս:
ԱՆՈՒՇ — (տեղը չգտնելով): Գուրգեն, հանիր «Ռապսոդիան» ու տուր հայրիկին:
ԽԱՉԻԿՅԱՆ — Պետք չէ, նրա մոտ Արամի պատրաստած կեղծ կրկնօրինակն է, որ դու, ամուսնուդ հետ, դրեցիք մատիս:
ԷԼՅԱ — (խայթվածի պես վեր է թռչում, Արամին): Մատանին քո՞ մոտ է… подлец!
ԽԱՉԻԿՅԱՆ — Չէ: Նրա մոտ իմ պատրաստած կեղծ կրկնօրինակն է, որ մեռնելուցս առաջ դրել էի մատիս:
ԳՈՒՐԳԵՆ — (անզուսպ հռհռում է): Վա՜յ, հորս արև, արա՜… Սա վերջն ա՜… Ցեղովի ցիրկ ենք, ցի՜րկ… (Դուրս է գնում:)
ԽԱՉԻԿՅԱՆ — (ծոցագրպանից հանում է կաշվե դրամապանակը, դուրս է բերում ադամանդե մատանին, դնում է ձախ մատնեմատին, աջ ու ձախ թեքելով զննում է): Դուք, իհարկե, չգիտեիք սրա իսկական գինը, չգիտեիք, որ սա նշանավոր «Լուսնային ռապսոդիան» է: Բայց քանի որ ի ծնե մեծ սեր ունեք փայլուն իրերի նկատմամբ, մանավանդ՝ ոսկու և ադամանդի, առաջին իսկ օրից, երբ նկատեցիք, որ ձեր հայրը թանկարժեք մատանի է կրում, սկսեցիք ամեն առիթով լուսանկարվել ինձ հետ: Բայց լուսանկարում էիք ոչ թե ինձ, ոչ թե մեզ՝ խմբով, այլ՝ մատանին, տարբեր ձև ու դիրքերով: Սկսեցիք կեղծ կրկնօրինակներ պատվիրել: Ադամանդի փայլով շլացած մոռացաք, որ ես ոսկերչական արտադրամաս ունեմ, իսկ ոսկերիչնե՜րը… Նրանք այլ կարգի ընկերություն ունեն և ամեն մի նորություն, որ առնչվում է ոսկու կամ կեղծ քարերի հետ, հաղորդում են միմյանց:
ՍՈՒՐԵՆ — Բայց… անձամբ ես… Իմ մեղքը ո՞րն է, հայրիկ… Ո՞վ է իր հանգուցյալին թանկարժեք զարդերով թաղում:
ԽԱՉԻԿՅԱՆ — Մենք բոլորս էլ մեղքեր ունենք, տղես: Մի քիչ ավել, մի քիչ պակաս… Եղբայրդ ճիշտ էր ասում՝ ես եմ դրա սկիզբը դրել, ես եմ չարիքի ակունքը: (Ձեռքի մատանին զննելով:) Չարի՞ք… բայց մի՞թե հարստությունը չարիք է, հարուստ ապրելը՝ մեղք: Չէ՛, բոլորովին: Մեղքն ու չարիքը ագահությունն է ծնում, կյանքը վերածում գայլերի ոհմակի ու ոչխարների հոտի ասպարեզի: Շատ քչերն են կարողանում իրենց մեջ խեղդել գայլի ախորժակը: Ես էլ չկարողացա: Երբեմն մտածում էի՝ վերջ, բավական է, բայց… իմ մեջի գայլն ավելի զորեղ էր ու ես էլ վերածվեցի գայլի՝ ծնելով ձեզ, ձե՜զ՝ իմ արյամբ, բայց ավելի ագահ, ավելի անկուշտ: (Ոտքի ելնելով՝ աթոռը մի կողմ է դնում:) Ասում են՝ սոված գայլերը հոշոտում են իրենց ձագերին: Բայց երբեք լսած չկամ, որ կուշտ կերած ձագերը խժռեն իրենց կերակրած ծնողին: Երևի դա միայն մարդկանց ոհմակին է հատուկ: Իմ ունեցվածքի հանդեպ ձեր տենչանքն այնքա՜ն մեծացավ, որ իմ ապրելը ձեզ շա՜տ երկար թվաց: (Շրջվում է Անուշի ու Արամի կողմը:) Հարազատ աղջիկս դատավոր ամուսնու հետ մարդ վարձեց, որ ռումբ դնի իմ մեքենայում: Բայց վարձու մարդասպանն ավելի խելացի գտնվեց ու այդ տեղեկությունն ինձ վաճառեց երկու անգամ ավելի գնով: (Արամին.) Քո համաձայնությամբ, հարգելի պատգամավոր, կինդ պայուսակում թույն էր պահում, որ հարմար պահի թունավորի ինձ: Փոքրիկ Աբելիկը քնած չէր եղել ու լսել էր ձեր խոսակցությունը: Նա ապացուցեց, որ զտարյուն Խաչիկյան է և այդ լուրն ինձ վաճառեց ընդամենը հարյուր դոլարով: Իսկ թույնը Լալային բաժին հասավ: Դուք չէիք կարող գուշակել, որ վարագույրի ետևում ձեր հայրը ամեն ինչ լսում է և հասցրեց Լալային պատվիրել՝ նոր սուրճ պատրաստել: (Հեգնական ժպտում է:) Ոչինչ, չէ՞, որ մի քիչ քաղցր էր ստացվել: (Դարձյալ զննում է մատանին, քմծիծաղով:) «Լուսնային ռապսոդիան»՝ գայլերի որջում… Գայլերի առաջնորդը լքում է ոհմակը, երբ անկարող է այլևս ոհմակն առաջնորդել, հակառակ դեպքում նրան կհոշոտեն յուրայինները: Ահա թե ինչու որոշեցի մեռած ձևանալ և վերջ տալ ձեր հայրաորսին:
ԷԼՅԱ — (անզուսպ ատելությամբ): Եվ այդ առիթո՞վ է ձեր հետմահու խնջույքը:
ԽԱՉԻԿՅԱՆ — Ո՜չ: Առիթն առավել քան տոնական է: (Դեպի դուռը:) Լարիսա Վլադիմիրովնա, խնդրում եմ, ներս եկեք: (Ներկաներին.) Խաչիկյանները խնջույք են կազմակերպում սիրելի հայրիկի՝ Աբել Խաչիկյանի ամուսնության առթիվ և ճանապարհում են նրան հարսանեկան ճամփորդության:
ԷԼՅԱ — Боже… он с ума сошел.
Մտնում է շքեղ, տոնական հագնված Լալան:
ԽԱՉԻԿՅԱՆ — Թույլ տվեք ներկայացնել, կինս է՝ Լարիսա Խաչիկյանը:
ԱՐԱՄ — Բայց… Լալան…
ԽԱՉԻԿՅԱՆ — Լարիսա Վլադիմիրովնան:
ԱՐԱՄ — Բայց Լարիսա Վլադիմիրովնան ձեզնից անհամեմատ փոքր է:
ԽԱՉԻԿՅԱՆ — (գրկելով Լալայի ուսերը): Ճիշտ է, նա ինձնից փոքր է, բայց ես նրանից անհամեմատ մեծ չեմ: Եվ հենց հիմա դա կապացուցեմ:
ԷԼՅԱ — Հենց այստե՞ղ…
ԽԱՉԻԿՅԱՆ — Հենց այստեղ… (Դեպի ելքը:) Մաեստրո, մուզիկա՜…
Հնչում է «Լուսնային ռապսոդիան»: Խաչիկյանը, իր տարիքին անհամեմատ առույգությամբ, Լալայի հետ սկսում է պարել: Մտնում է նաև պարախումբը:
ԽԱՉԻԿՅԱՆ — (ապշած իրեն նայող հարազատներին): Դուք ինչո՞ւ չեք պարում: Մի՞թե վատ է, որ ձեր հայրը կենդանի է: Պարե՜ք, պարե՜ք, հարազատներս. դա իմ վերջին կամքն է…
Արամը վարանոտ գրկում է Անուշի իրանը, սկզբում՝ անտրամադիր ու չուզելով, ապա՝ ռիթմիկ ու առույգ պարում են:
Էլյան, ի հեճուկս բոլորի, վճռական մոտենում է ամուսնուն և արտիստիկ շարժումով նրան պարի է հրավիրում: Տարակուսած Սուրենը հայտնվում է կնոջ գրկում ու ներգրավվում պարապտույտի մեջ:
Պարում են:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։