Նինա ՄԱԶՈՒՐ / ՄԵԴԵԱ

Մոնոպիես ըստ Եվրիպիդեսի ողբերգության

Բեմում արձանների սյունաշար է, բոլորը` Եվրիպիդեսի դեմքով: Նրանք ասես «անտառ» են, որտեղ պիտի թափառի Մեդեան:
Տղամարդկանց ձայների միալար երգչախումբ.
ասես խոսում են արձանները:

— Հեռու Կոլխիդայից լացը լսո՞ւմ եք՝
Հեգ կինն է ողբում ի լուր աշխարհի,
Որ չի հաշտվել իր դշխեմ բախտին:
Թե ամուսինդ նոր սեր է գտել,
Ինչո՞ւ խորացնել դժբախտությունդ՝
Լուռ հեծեծանքը ավել պատշաճ է:
Ահա, մի նոր ողբ՝
Հոգի մաշեցնող,
Օդն է թրատում՝
Ի՜նչ անեծքներ են՝ ամուսնուն ուղղված,
Որ տարածվում են՝ օդն այպանելով…
Գալիս է Մեդեան: Շաֆրանագույն հագուստը ակնարկ է Արևելքին:
ՄԵԴԵԱ — Օհ, կանայք, քույրեր,
Ձեզ մոտ եմ եկել,
Բայց իզուր է ձեր հանդիմանանքը.
Չշտապեք դատել՝ հոգուն անգիտակ…
Ձեր մեջ, իհարկե, ամենահեզը
Ու ենթարկվողը
Ես պիտի լինեմ:
Քանզի օտար եմ…
Բայց այս ժամ, քույրեր,
Ինձ կալանել է դժբախտությունը,
Խորտակված եմ ես, ու միակ իղձս
Մահին տրվելն է:
Հիմա տանջանք է նույնիսկ… շնչելը:
Կյանքիս առանցքը իմ ամուսինն էր.
Բայց արդեն գիտեմ՝ նա ստորագույնն է
Մարդկային ցեղի…
(Արձաններին՝ մարտահրավերով:)
Այո՛, այդպես է. ապրող, մտածող ասունների մեջ
Դժբախտագույնը կանայք են, ավաղ,
Քանզի ստիպված վճարելու են (վճարն էլ թանկ է),
Ամուսին կոչվող տեսակի համար:
(Հերթական արձանը, ում դիմում է Մեդեան, շրջվում է նրան թիկունքով:)
Գնես էլ՝ տերն է քո, ոչ թե քո ծառան:
Ավելին ասեմ՝ գործարքն անում ես աչքերդ փակած
Ու ո՞նց իմանաս՝ գնած ապրանքդ կե՞ղծ է, թե՞ արդար:
ԱՐՁԱՆՆԵՐ — Իսկ հեռանալուդ ամոթը քոնն է,
Նրան հեռացնել չես համարձակվի:
ՄԵԴԵԱ — Օտար երկիր ոտք դրած նորահայտ կինը
(Երկիր՝ օտար բարքեր և օրենքներով),
Բախտի հույսին է՝ թե ում հետ պիտի
Իր ամուսնական մահիճը կիսի: Բախտը կբերի՝
Թե չսխալվի… Բայց դժբախտությունն այդ ե՞րբ է քնում՝
Ու թե զզվեցնի բույնն ընտանեկան,
Ամուսինդ նոր կիրքը կմարի ուրիշի գրկում:
ԱՐՁԱՆ — Բայց ամուսինները
Ձեր պատվարը չե՞ն,
Ու հենց նրանցով դուք չե՞ք պաշտպանվում…
ՄԵԴԵԱ — Ի՞նչ պաշտպանություն, ամենը կե՛ղծ է:
(Աստիճանաբար ուժգնացող զինվորական կոշիկների համաչափ աղմուկը փորձում է իր ձայնով խլացնել:)
Համաձայն եմ վահանի տակ
Երեք անգամ կանգնել,
Բայց գոնե մեկ անգամ չծննդաբերել:
(Աղմուկը հասնում է գագաթնակետին ու դադարում: Մեդեան փորձում է շարունակել կիսատ թողած միտքը:)
Հա, կարծեմ խոսքը ամուսին ունեցող
Դժբախտների մասին էր… (դահլիճին.)
Սակայն ես ու դուք- երբեք նույնը չենք լինի…
Տխո՞ւր եք, հոգ չէ, ընկերը կա, որ ձեզ մխիթարի:
Քաղաքն է ձերը, նույնիսկ հայրենին.
Իսկ ես միայնակ, օտարների մեջ,
Լքված բոլորից, նաև՝ աքսորված:
Բարբարոսների մեջ եմ մեծացել,
Հիմա էլ հեռու՝ իմ հայրենիքից…
Դադար: Մեղմ երաժշտությունն ու երկնագույն լուսավորությունը ասես Մեդեայի հայրենիիքի հիշողությունն են: Աստիճանաբար լույսը վերափոխվում է ալ կարմիրի, ասես արյամբ է ներծծվում: Այն, ինչ «տեսնում է» Մեդեան՝ սարսափելի է:
ՄԵԴԵԱ — Այստեղ ոչ տուն կա,
Որ մայր, ոչ եղբայր…
Մի հոգի չկա, ուր խարիսխ գցի
Հոգիս տխրամած՝ փոթորկի ժամին…
Բայց խնդրանքս ձեզնից՝ մի պստիկ բան է.
Հանկարծ որ գտնեմ ելք կամ մի միջոց՝
Վրեժս արդար լուծելու համար՝
Ինձ չխանգարեք:
Ու կարևորը՝ լռեք: Համրացե՛ք: (Գնում է:)
Արձանները՝ համաչափ ձայնարկումով:
Կանա՛յք, վախկոտ եք,
Ու զենքի տեսքից, ճակատամարտից
Լեղաճաք կլինեք: Բայց եթե հանկարծ
Վիրավորանքը տեղ գտնի մահճում
Ամուսինների՝
Կնոջ արյունռուշտ սրտից ավելի
Սարսափելի սիրտ իզուր մի փնտրեք՝
Չկա, չի՛ լինի…
Բեմը թաղվում է խավարի մեջ: Լսվում է տղամարդկանց ձայների աղմուկ, որում ռիթմ կա, բայց բառերը չեն լսվում: Լույսի շողը գտնում է Մեդեային: Նա ականջ է դնում՝ փորձելով հասկանալ՝ ինչ են ասում, և աստիճանաբար բառերը լսելի են դառնում և ասես քարեր՝ թափվում են Մեդեայի վրա:
ԱՐՁԱՆ — Դու՝ ամուսնուդ դեմ
Ծանր ցասում կուտակող
Մռայլատես Մեդեա,
Լսիր մեր խոսքը.
Լքի՛ր երկիրը՝
Քեզ հետ տանելով զույգ որդիներիդ:
ՄԵԴԵԱ — (կծկվում է, ասես հարվածների տակ):
Պիտի հարցնեմ՝ ինչո՞ւ ենք այսպես մենք հետապնդվում:
ԱՐՁԱՆ — Պատճառ կա, իզուր գաղտնիք չփնտրես:
Պատճառը մեկն է՝ շատ ենք վախենում,
Որ ցասման պահին դու կվնասես
Մեր նորահարսին
Ու նորափեսա նրա Յասոնին:
Նախ՝ խորամանկ ես, հնարքներ գիտես,
Շատ խելացի ես և անկողնուդ մեջ՝ անհույս միայնակ…
Նաև լսել ենք՝ սպառնացել ես
Մեր թագավորին, հարս ու փեսային…
ՄԵԴԵԱ — Այս էլ որերոդ անգամը եղավ,
Որ խելքիս փառքը վրեժխնդիր եղավ.
Հենց տգետներին բան սովորեցրիր՝
Իմացիր, նրանց հոծ շքախմբում
Դու կարժանանաս ոչ իմաստունի, այլ
Վնասակար անկայլի կոչման:
Ու թե բոլորից, թեկուզ մատնաչափ, բայց վեր գտնվես՝
Վտանգավոր ես:
Հերթական անգամ ասածներիս մեջ ես համոզվեցի:
Ոնց հասկանում եմ, որքան խելացի ու իմաստուն է,
Նույնքան ատելի ու հալածված է իմ խեղճ Մեդեան:
Այո՛, երկինքը սև ամպն է պատել…
Բայց վերջաբանը նոր է սկսվել:
Եվ ջահելները մինչև հարսանիք
Դժվար թե ձգեն,
Եվ պսակողը ինչ ցավ ու հարված պիտի ստանա…
Իմ կողմից պաշտվող իմ վեհ տիրուհուն՝
Իմ Հեկատային ես երդվել եմ՝
Լքյալ Մեդեայի ողբ ու կականը
Ոչ ոք չի լսի,
Իմ ցավի վրա ծիծաղող մի մարդ անգամ չեք գտնի: (Անհետանում է խավարում:)
Աստիճանաբար երևում են արձանները: Նրանցից մեկն առավել է լուսավորված: Լսվում է ձայն:
ՁԱՅՆ — Ո՜վ կին, դու աքսորվում ես
Չսանձահարվող լեզվիդ պատճառով:
(Ներս է վազում Մեդեան: Ձայնը շարունակում է հնչել:)
Խենթության սանձերը դու բաց ես թողել,
Ու չար խոսքերիդ հեղեղը չի լռում,
Քաղաքն այսուհետ փակ է քեզ համար:
Մեդեան ուզում է պատասխանել, բայց մեկ այլ արձան է հիմա խոսում կեղծավոր քնքշությամբ:
ԱՐՁԱՆ — Հանց քո ընկերը հավատարիմ՝
Փորձում եմ քեզ ու քո զավակներին,
Սովից, կարիքից շատ հեռու պահել,
Չմնաք անփող՝ և ո՞վ կիմանա,
Թե հեռուներում ինչ է սպասվում…
Քեզ ու մեր երկու հեգ զավակներին
Փողը պետք կգա…
Չե՞ս ուզում վերցնել… Դու դեռ կզղջա՛ս:
ՄԵԴԵԱ — (կատաղությունից խեղդվելով):
Ախ, ստոր արարած…
Լեզուս չի զորում՝ ինչպե՞ս ասեմ, որ
Ամուսին չեղար, զինվոր էլ չես լինի:
Այդքան խիզախ չե՞ս՝ վնասելուց հետո
Հեգ ընտանիքիդ մի հայացք ձգես:
Իմ երկրում արածդ մի անուն ունի՝
Անամոթությո՛ւն:
Թե՞ մոռացել ես, որ քեզ փրկել եմ…
Արձանները աստիճանաբար շրջապատում են Մեդեային:
ԱՐՁԱՆ — Փրկե՞լ է… Այդ ե՞րբ…
ՄԵԴԵԱ — Հասցրել ես մոռանա՞լ:
Երբ եկել էիր գեղմի ետևից:
Ես սպանեցի անքուն ու սուրաչք հսկա վիշապին,
Հորս լքելով, տունս թողնելով՝ քեզ հետ հեռացա,
Ասում են, չէ՞, որ սերը ուժեղ է մտքի սլացքից:
Սպանեցի եղբորս, որ ծանր ողբի մեջ
Հայրս մոռանա վրեժի մասին ու չհասնի քեզ:
Իսկ դու… Պարգևդ ինձ դավաճանելն էր… (Դառը շեշտով:)
Եվ ո՞ւր են հիմա քո երդումները: Թե՞ աստվածները,
Որ վկա էին քո այն խոսքերին,
Հիմա մեռել են
Եվ օրենքներն են մեռել նրանց հետ:
ԱՐՁԱՆ — (խորամանակ շեշտով):
Չէ՜, իմ նախկին կին, իմ արշավանքը
Առանց քեզ, էն գլխից, հաջողելու էր:
Իսկ թե կար մեկը՝ քեզ ոգևորող՝
Մեկն այդ… Էրոտն էր:
ԱՐՁԱՆ — (զինվորական քայլերգի ռիթմով):
Ես չեմ ուրանում քո արածները,
Բայց իմ պարտքերը վաղուց եմ փակել՝
Դու էլ չես ապրում բարբարոս երկրում,
Ու Հելլադան է քո հանգրվանը,
Օրենք իմացար և ճշմարտություն՝
Ուժի փոխարեն, որը իշխում է ձեր Կոլխիդայում…
ԱՐՁԱՆՆԵՐ — Էհ, կանայք, ինչքան դուք պարզամիտ եք,
Թե ձեր անկողնուն վտանգ չի սպառնում՝
Կարծում եք՝ վտանգը հեռու է ձեզնից,
Բայց հենց աղետը հպվի ձեր մահճին՝
Դուք անողոք եք ու չեք խնայի…
Չէ, պիտի գտնել այնպիսի հնար,
Ու աշխարհ բերել երեխաներին՝
Շրջանցելով ձեզ:
Մարդիկ էլ այդ կերպ
Զերծ կմնային չարիքներից…
ՄԵԴԵԱ — Օ՜հ, Զևս, օ՜հ, աստված,
Ինչո՞ւ սրիկային դու չես խարանում
Որ ամեն մեկին նա հայտնի դառնա՝ ինչպիսին որ կա:
Խավար:
Արձանների դիմաց կանգնած է հպարտ, խաղաղ Մեդեան:
ՄԵԴԵԱ — Ոչ մեկին չեմ ցանկանա
Բաժին տառապանքս՝
Հայրենիքից զրկված…
Որքան դառն ես՝ լքվածի՛ հաց:
(Դանդաղ հագնում է դիմակը, այդպիսիք նաև արձանների դեմքերին են:)
Դե ինչ, հիմա կձևանամ
Հլու ու հնազանդ,
Հոժար ամեն ինչի,
Որ ինձ հավատա նորափեսան:
Ջահել հարսնացուին նվերներ կուղարկեմ,
Հարսանեկան մի զգեստ՝ հրաշք ակնաշարով,
Բայց հենց թագուհին զուգվի այդ ամենով՝
Նա կմեռնի մահվան տանջող կապանքներում…
Ո՞վ կուզենա հասնել այդ խեղճին օգնության՝
Իհարկե, թագավորը, Յասոնն այդքան խիզա՞խ…
Դե, իսկ մեր Յասոնին ուրիշ ընծա կտամ: (Գնում է:)
Բեմում անսովոր նարնջագույն լույս է, երևում է նստած Մեդեան՝ դիմակով, նրա ծնկներին երկու փոքրիկ դիմակներ են:
ԱՐՁԱՆՆԵՐ — Օ՜հ, սարսափ: Մեդեա, այսուհետ
Դու ատելի ես և՛ մարդկանց,
Ե՛վ աստվածներին:
Արքայադստեր ու նրա հոր մահից չհագեցար,
Համարձակվեցիր քո ձեռքով սպանել զավակներիդ,
Ինչ է, թե վրեժ ես լուծում Յասոնից:
Սարսա՜փ: Օ՜հ, սարսա՛փ:
ՄԵԴԵԱ — (օրորելով դիմակները, միալար):
Կդիմանամ ցավին,
Եթե նա խեղդեց ծիծաղդ.
Ու չես ծիծաղի դու Մեդեայի վրա,
Ով քեզ սիրել է իր հոգուց ու երկրից առավել:
Ու թույլ չեմ տա, որ հպվես զավակներիս,
Սրբազան բացատում ես կթաղեմ նրանց:
Իսկ դու կմահանաս մենակ ու անզավակ…
Նարնջագույնը վերածվում է սովորական պայծառ լույսի: Մեդեան դեմքից պոկում է դիմակն ու զայրույթով դիմում արձաններին, որոնք արդեն շարք են կանգնել՝ դեմքով դեպի դահլիճը, և առավել նկատելի է նրանց միօրինակությունը:
ՄԵԴԵԱ — Լսի՛ր, Եվրիպիդես, քո ինչի՞ն է պետք էս ամենը: Ախր, դու լավ գիտես, որ երեխաներիս ես չեմ սպանել: Նրանց սպանեցին կորնթոսցիները, որովհետև ես կործանել էի թագավորին ու թագուհուն: Սպանեցին, հաշվի չառնելով, որ տղաներիս թողել էի Հերայի տաճարի պաշտպանության ներքո, չէ՞ որ ով թաքնվում է էդ տաճարում, օրենքով անձեռնամխելի է: Բայց ի՞նչ օրենք ձեզ համար: Միայն գողանալ ու սպանել: Ու դու գիտես էդ մասին: Ուրեմն պատասխան տուր ինձ, քո ինչի՞ն է պետք Մեդեայի ճակատին մանկասպանի խարան դնելը: Հե՜յ, քեզ հետ եմ, պատասխանի՛ր:
Արձանները շրջվում են Մեդեայից: Նա ցասումնալից նետվում է նրանց կողմը: Լույսը մարում է, ու խավարում լսվում է, ինչպես են փլուզվում արձանները:

Ռուսերենից թարգմանեց
Կարինե Խոդիկյանը

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։