Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ / ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ
(Տրագիկոմեդիա (ֆանտազիա) 2 գործողությամբ)
Գործող անձինք
ԵՐՋԱՆԻԿ — պատգամավոր
ՆՈՒՆՈՒՖԱՐ — դժոխքի քարտուղարուհի
ՍԱՄՍՈՆ — դժոխքի պահակ
ԳԱԼՈՒՍՏ — մարդու իրավունքների պաշտպան
ԱՆԵՏԱ — սփյուռքահայ
ՀԱՄԵՍՏ — անհամեստ կին
ԳԱԲՐԻԵԼ — հրեշտակ
ՄՈՍՈ — սատանա
ԱԹԱԲԵԿ — քահանա
ՊԱՅԾԱՌ — Երջանիկի մայրը
ԱԶԱՏ — ազատամարտիկ, հաշմանդամ
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Դրախտ-դժոխք ճամփաբաժին: Աջ կողմում գտնվում են դրախտի դարպասները, որի շուրջը գերակշռում է սպիտակ լույսը: Ձախ կողմում դժոխքի դարպասներն են` կարմիր լույսի գերակշռությամբ, մեջտեղում դուռ է` «Ընդունող հանձնաժողով» ցուցանակով: Բեմի երկու կողմերում` մեկական նստարան: Կենտրոնական մասում սեղան, աթոռներ: Սեղանի մոտ նստած է Նունուֆարը` կարճ, գրավիչ, կարմիր ու փայլփլուն շրջազգեստով, գլխին ծաղիկներից հյուսված պսակ է: Նա կարդում է փաստաթղթերը, գրում-ջնջում է: Աջ նստարանին քնած է Երջանիկը` կիսավարտիքով և հողաթափերով: Ձախ նստարանին ննջում է Գալուստը` էլեգանտ հագուկապով: Երջանիկը խռռացնում է, Նունուֆարը հայացքով խեթում է, շարունակում է իր գործը: Զանգում է Նունուֆարի բջջայինը:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — «Մեղքերի թողություն» ՓԲԸ ընդունող հանձնաժողով, օրիորդ Նունուֆարը լսում է: Վերջապես զանգեցի՜ր… (Բարձր ծիծաղում է:)
ԵՐՋԱՆԻԿ — (կիսաարթուն): Կարո՞ղ եք մի քիչ կամաց ծիծաղել, չե՞ք տեսնում, քնած մարդ կա:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (հեռախոսով): Ես հիմա ծիծաղից կմեռնե՜մ…
ԵՐՋԱՆԻԿ — Ձեզ հետ չե՞մ, ասում եմ, մի քիչ կամաց:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Երջանիկին): Ավելի լավ է լռե՛ք: (Հեռախոսով:) Գազը վերջացել է` բենզին բեր, թե չէ դրանք շատ են աշխուժացել, պիտի վերջապես խելքները գլուխները գա՞, թե՞ չէ… Դու բեր, բե՜ր, Սամսոն պապին դրանց հարցերը կլուծի:
ԳԱԼՈՒՍՏ — Լսեք, այ ընկերուհի, չե՞ք հասկանում, որ խանգարում եք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Իբր էն մեկը քիչ էր, հիմա էլ` սա: Չեք տեսնո՞ւմ` աշխատում եմ:
ԳԱԼՈՒՍՏ — Աշխատեք, բայց ձեր հաշվին, ոչ թե ուրիշների:
ԵՐՋԱՆԻԿ — Էս մարդը ճիշտ է ասում:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (հեռախոսով): Արտո ջան, էս նորեկներն արդեն զզվացրին, սպասիր տեսնեմ` ինչ են ուզում: Չանջատես, էստեղ կապը լավ չի բռնում: (Բջջայինը կողքի է դնում:) Պարոնայք, չլինի՞ մտածում եք, թե հինգաստղանի հյուրանոցի լյուքս համարում եք, որ դեռ հրամաններ եք տալիս:
ԵՐՋԱՆԻԿ — Կթողնե՞ք հանգստանանք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հանգստանալու էնքա՜ն ժամանակ կունենաք: Չնայած շատ մեծ հարց է` կհանգստանա՞ք, թե՞ կանհանգստանաք:
ԵՐՋԱՆԻԿ — Էս կնիկը լրիվ ցնդել է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Նախ` օրիորդ: Եվ հետո, չփորձե՛ք վիրավորել:
ԳԱԼՈՒՍՏ — Ես կբողոքեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ո՞ւմ:
ԳԱԼՈՒՍՏ — Նախարարությանը: Դուք իրավունք չունեք ոտնահարել քաղաքացիների իրավունքները: Ես ինքս պաշտպանում եմ նրանց և հիմա դո՞ւք փորձում եք բռնանալ ինձ վրա:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Մի՛ րոպե, մի՛ րոպե… (Թղթերին նայելով:) Գալուստ Փառամոլյան: Մարդու իրավունքների պաշտպան: Ամեն բան ճիշտ է:
ԳԱԼՈՒՍՏ — Դե, որ ճիշտ է, իմացեք, թե ինչպես պետք է խոսել օրենքի մարդու հետ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ձեր օրենքներն էստեղ չեն անցնում: Էստեղ մենք ենք օրենքներ որոշում:
ԳԱԼՈՒՍՏ — Բայց դուք ո՞վ եք:
ԵՐՋԱՆԻԿ — Ես ձեր կազմակերպության հարցը Ազգային ժողովում կբարձրացնեմ: Երևի լավ չեք ճանաչում պատգամավոր Երջանիկ Ճիվաղյանին:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Մեր դարպասներից ներս մեզ ահաբեկո՞ւմ եք:
ԵՐՋԱՆԻԿ — Ձեր դարպասները մեր դարպասների շարունակությունն են:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հանգստացեք, որ քիչ հետո անհանգստանաք:
ԳԱԼՈՒՍՏ — Ի՞նչ է ասում, ոչինչ չեմ հասկանում:
ԵՐՋԱՆԻԿ — Սրանց նմաններին մեզ նմանները պիտի անհանգստացնեն:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (հեռախոսով): Արտո ջան, բենզինը կրկնակի կբերես, ավելի լավ վառենք, որ խելքները գլուխները գա: (Անջատում է բջջայինը:)
ԳԱԼՈՒՍՏ — Քույրիկ ջան, չլինի՞ նոր մոլորակ եք ստեղծել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Սա հավերժության մոլորակն է:
ԵՐՋԱՆԻԿ — Ասում էի, չէ՞, էս կնիկը լրիվ ցնդել է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (խիստ): Արդեն ասացի` օրիորդ:
ԵՐՋԱՆԻԿ — Թող լինի օրիորդ: (Դադար:) Ա՛յ մարդ, էս ո՞ւր եմ ընկել: Հերիք չէ սա, ընդունարանում էլ էն բիձեն կյանքս կերավ… (իրեն ցույց տալով), ինչ ունեի-չունեի` հանեց վրայիցս:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դա Սամսոն պապիկի աշխատանքն է:
ԵՐՋԱՆԻԿ — Իսկ իրավունքների պաշտպանն ինչո՞ւ չի հանվել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ճիշտ է ասում: (Գալուստին.) Պարոն Փառամոլյան, ի՞նչ կասեք:
ԳԱԼՈՒՍՏ — Ձեր ասած Սամսոն պապիկը ոտքից գլուխ մի լավ չափեց, հասկացավ, որ անվտանգ մարդ եմ ու ասաց, որ էսպես էլ կարող եմ մտնել ներս:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ուրեմն ձեզանից վտանգ չի զգացել: (Երջանիկին.) Ինչը չեմ կարող ասել ձեր մասին, պարոն Ճիվաղյան:
ԵՐՋԱՆԻԿ — Բայց ես պատգամավոր եմ, ես ներկայացնում եմ օրենքը:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ուրեմն այնքան էլ լավ չեք ներկայացնում, որ կասկածներ եք առաջացրել: (Զննում է Երջանիկին: Ժպիտով:) Բայց էսպես էլ վատ չէ, ինձ պատգամավորական հրապուրանք եք ներշնչում:
ԵՐՋԱՆԻԿ — (շոյված): Բա որ ինձ ջահել ժամանակ տեսնեիք… Բոլոր աղջիկների սպիտակ ձիով ասպետն էի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (նայելով կիսամերկ Երջանիկին): Երևում է… Երևո՜ւմ է…
ԳԱԼՈՒՍՏ — Կարո՞ղ եք ձեր սիլիբիլին ուրիշ վայրում անել: (Մեկուսի:) Էստեղ ոչ կարգ կա, ոչ էլ կանոն:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ինչո՞ւ եք բողոքում:
ԳԱԼՈՒՍՏ — Եթե պարզաբանեք, չենք բողոքի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չանեիք` չգայիք:
ԳԱԼՈՒՍՏ — Ի՞նչ չանեինք:
ԵՐՋԱՆԻԿ — Ո՞ւր չգայինք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ուր որ եկել եք: Կարծում էիք, կարմիր գորգ պիտի փռեինք ու շամպայնո՞վ դիմավորեինք ձեզ:
ՁԱՅՆ — (լսվում է դժոխքի դարպասներից): Վա՜յ, մամա ջան… Վա՜խ, վա՜խ, վա՜խ…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Խնդրեմ… Սա էլ մեր լյուքս հյուրանոցի համարն է:
ԳԱԼՈՒՍՏ — (վախով): Սա ի՞նչ է նշանակում:
ԵՐՋԱՆԻԿ — (անհանգիստ): Ո՞վ է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Մեր հավերժական հյուրանոցի հավերժական բնակիչը:
ԵՐՋԱՆԻԿ — Այս անօրինության հարցը անպայման կբարձրացնեմ Ազգային ժողովում: (Ուզում է մոտենալ դժոխքի դարպասներին:)
Այդ պահին այնտեղից դուրս է գալիս Սամսոնը` արյունոտ շորերով, կացինով և շիկացած շամփուրով: Երջանիկն ու Գալուստը գոռալով ետ են քաշվում:
ՍԱՄՍՈՆ — Նունիկ ջան, էդ առաքիչն ի՞նչ եղավ: Բերո՞ւմ է, թե՞ չէ…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Քիչ առաջ զանգեցի, Սամսոն պապի: Կրկնակի եմ պատվիրել:
ՍԱՄՍՈՆ — Շատ լավ ես արել, թե չէ դրանք շատ ոգևորվեցին:
ԳԱԼՈՒՍՏ — Ներեցեք, իհարկե, Սամսոն պապի, բայց այդ ի՞նչ եք անում:
ԵՐՋԱՆԻԿ — Ես էլ կուզեմ իմանալ:
ՍԱՄՍՈՆ — Դաստիարակչական աշխատանք եմ կատարում:
ԵՐՋԱՆԻԿ — Մեզ ծաղրո՞ւմ եք: Պարոն Գալուստ, վեր կացեք, գնանք էս մանկապարտեզից:
ԳԱԼՈՒՍՏ — Ես դատի կտամ ձեր կազմակերպությանը:
ԵՐՋԱՆԻԿ — Շորերս էլ տվեք: Թե՞ մտածում եք, թանկանոց կոստյումս ձեզ նվեր եմ տվել: Մի հատ ինձ նայեք, հետո էլ` ձեզ:
ՍԱՄՍՈՆ — (ծիծաղելով): Տեսնում եմ, տեսնում եմ, պատգամավոր ջան:
ԵՐՋԱՆԻԿ — Պարոն Գալուստ, գնացինք:
ԳԱԼՈՒՍՏ — Ես էստեղ մեկ րոպե ավել չեմ մնա:
Երջանիկն ու Գալուստն ուզում են գնալ: Սամսոնը կանգնում է նրանց դիմաց:
ՍԱՄՍՈՆ — Էդ ո՞ւր…
ԳԱԼՈՒՍՏ — Ձեր կազմակերպության փակման ծրագիրը կնքելու:
ՍԱՄՍՈՆ — Մեր մոտից դեռ ոչ ոք չի վերադարձել:
ԵՐՋԱՆԻԿ — Իմ սահմանած օրենքները դեռ ոչ ոք չի խախտել:
ՍԱՄՍՈՆ — Նունիկ ջան, սրանց խելք սովորեցրու: (Գնում է «Ընդունող հանձնաժողով» դռնով:)
ԳԱԼՈՒՍՏ — Սպասեք, ո՞ւր եք գնում:
ԵՐՋԱՆԻԿ — Ա՛յ մարդ, բա շորե՞րս: (Հարվածելով փակ դռանը:) Դուք պարտավոր եք հարգել ինձ նման մարդուն, ես ներկայացնում եմ օրենքը:
ԳԱԼՈՒՍՏ — Ես էլ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ձեր օրենքները մեր հոգիների աշխարհում ոչ մի նշանակություն չունեն:
ԵՐՋԱՆԻԿ — Ի՞նչ հոգիներ:
ԳԱԼՈՒՍՏ — Գուցե ավելի պարզ բացատրեք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ի՞նչ կա չհասկանալու, շուտով պետք է որոշվի ձեր հետագա ճակատագիրը հանդերձյալ աշխարհում:
ԳԱԼՈՒՍՏ — Ի՞նչ հանդերձյալ աշխարհ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Այս:
ԵՐՋԱՆԻԿ — (սարսափած): Ուզում եք ասել, որ մե՞նք…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չէի ուզում ասել… Արդեն ասացի:
ԵՐՋԱՆԻԿ — (իրեն շոշափելով): Ուրեմն մե՞նք…
ԳԱԼՈՒՍՏ — (իրեն շեշափելով): Ես չեմ հավատում:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Լսեք, դուք մեռել եք, չգիտե՞ք:
ԵՐՋԱՆԻԿ և ԳԱԼՈՒՍՏ — Ո՞նց թե մեռել ենք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Մեռնելն էլ ո՞նց է լինում… Վերջին շունչը փչել եք, ու վերջ:
ԵՐՋԱՆԻԿ և ԳԱԼՈՒՍՏ — Բայց ե՞րբ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դուք մեռել եք, ի՞նձ եք հարցնում:
ԵՐՋԱՆԻԿ — Բայց ինչի՞ց:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հիմա ասեմ… (Նայում է թղթերին:) Պարոն Ճիվաղյան, դուք մահացել եք թմրադեղի չարաշահումից:
Երջանիկը գլուխը բռնած նստում է:
ԳԱԼՈՒՍՏ — Իսկ ե՞ս, քույրիկ ջան:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (նայելով թղթերին): Կաշառք վերցնելու պահին էնքան էիք ուրախացել դոլարները տեսնելով, որ հանկարծամահ եք եղել: Փաստորեն ուրախությունից էլ են մեռնում:
Գալուստը գլուխը բռնած նստում է:
ԵՐՋԱՆԻԿ — Նունուֆար ջա՞ն…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հա ջա՛ն:
ԳԱԼՈՒՍՏ — Քույրիկ ջա՞ն…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Վա՜յ, ի՞նչ:
ԵՐՋԱՆԻԿ և ԳԱԼՈՒՍՏ — Բա հիմա ի՞նչ պիտի անենք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Պիտի սպասեք:
ԵՐՋԱՆԻԿ և ԳԱԼՈՒՍՏ — Ինչի՞ն:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Երկնային դատաստանին:
ԵՐՋԱՆԻԿ — Դա ի՞նչ է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (ցույց տալով դարպասները): Ա՞ջ, թե՞ ձախ:
ԵՐՋԱՆԻԿ և ԳԱԼՈՒՍՏ — Չէ՜…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Լռե՛ք: Չի կարելի մյուս ննջեցյալներին խանգարել:
ԵՐՋԱՆԻԿ — Ուրեմն վե՞րջ…
ԳԱԼՈՒՍՏ — Վե՞րջ ամեն ինչին…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Վե՛րջ:
ԵՐՋԱՆԻԿ — Իսկ փողե՞րս, հյուրանոցնե՞րս, բիզնեսնե՞րս…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Էդ մասին կարող եք չմտածել, դրանք ձեզ պետք չեն:
ԵՐՋԱՆԻԿ — Ո՞նց թե` պետք չեն, այ ցավդ տանեմ: Ամբողջ կյանքում աշխատեմ, տուն-տեղ դնեմ, որ հիմա էլ ասեք` պետք չե՞ն:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ձեր մշտական տունն արդեն սա է:
ԵՐՋԱՆԻԿ — Էս աղբանո՞ցը:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ձեր ասած աղբանոցում բոլորը հավասար են: Ինչպես դուք, էնպես էլ` մյուսները:
ԵՐՋԱՆԻԿ — Էն բիձեն է՞լ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Նա ձեզանից բարձր է:
ԵՐՋԱՆԻԿ — Ա՛յ մարդ, չեմ հասկանում, էս ի՞նչ օրենքներ են, որ բոլորը հավասար են: Դուք ի՞նչ կասեք, Գալուստ եղբայր: Ինչի՞ մասին եք մտածում:
ԳԱԼՈՒՍՏ — Մտածում եմ, թե ինչ պիտի անեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Արդեն ասացի… Պիտի սպասեք:
ԳԱԼՈՒՍՏ — Քույրիկ ջան, կարո՞ղ եմ կես ժամով գնալ էն աշխարհ, մտնեմ տուն, կնոջս ու երեխաներիս հրաժեշտ տամ, ասեմ, որ մեռել եմ ու գամ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Լսե՛ք, այ իրավունքների պաշտպան, էնտեղ հերիք չէր, հիմա էլ էստե՞ղ եք ուզում ձեր իրավունքները խախտել: Սա ձեզ համար երկրային կյանքը չէ:
ԳԱԼՈՒՍՏ — Ախր, շատ կտխրեն, որ իմանան:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Նրանք գիտեն, որ մահացել եք, ձեզ արդեն առոք-փառոք թաղել են:
ԳԱԼՈՒՍՏ — Իսկ կարո՞ղ եք ասել, շա՞տ են լացել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չգիտեմ, արտասվողներն անկեղծ էին թե ոչ, բայց նրանց պակասը չեք ունեցել:
ԳԱԼՈՒՍՏ — Ի՜նչ լավ է…
ԵՐՋԱՆԻԿ — (խանդով): Իսկ ինձ ո՞նց են թաղել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ձեզ` ավելի փառահեղ: Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները եկել էին ձեր թաղմանը:
ԵՐՋԱՆԻԿ — Է՜դ էր պակաս, որ չգային:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Մի քանիսն էլ թաքուն ծիծաղում էին:
Գալուստը քմծիծաղում է:
ԵՐՋԱՆԻԿ — (ջղային): Ո՞նց թե` ծիծաղում էին: Ովքե՞ր…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (թղթերին նայելով): Նրանք դեռ չեն մահացել, նրանց անուններն էստեղ գրված չեն: (Փրփրած Երջանիկին:) Լա՜վ, լա՜վ, էդքան մի անհանգստացեք:
ԵՐՋԱՆԻԿ — Ախր, ո՞նց չանհան գստանամ: Հաստատ իմ ենթականերից կլինեին: Մինչև մեռնելս ինձանից շան պես վախենում էին, եթե ասեի, որ գլուխները պատին խփեին` կխփեին: Իսկ դուք ասում եք` ծիծաղո՞ւմ էին:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դուք ձեզ պիտի լավ զգաք, պարոն Ճիվաղյան:
ԵՐՋԱՆԻԿ — Էսքանից հետո ո՞նց ինձ լավ զգամ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Պիտի լավ զգաք, որ շատերը կերազեին ձեզ նման թաղում ունենալ: Ես պարզապես ապշած եմ:
ԵՐՋԱՆԻԿ — Ինչի՞ց:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ձեր դագաղի բռնակները ոսկուց էին:
ԵՐՋԱՆԻԿ — (երջանիկ): Բա հիմա էդ ոսկին ո՞ւր է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Որդերն ուտում են:
ԵՐՋԱՆԻԿ — Ո՞նց թե… Ուրեմն ես հալալ քրտինքով աշխատեմ, որ վերջում ամեն ինչ որդերի բաժի՞ն դառնա:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Արդար քրտինքով աշխատածը երբեք որդերի բաժին չի դառնում:
ԳԱԼՈՒՍՏ — (աղերսագին): Նունուֆար քույրի՞կ…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (կտրուկ): Արդեն ասացի` ո՛չ:
ԵՐՋԱՆԻԿ — Ա՛յ ցավդ տանեմ, թողեք, էս մարդը գնա ու ետ գա: Հո չփախա՞վ…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դուք իրավունք չունեք էս ճամփաբաժնից բացակայելու, էստեղ պիտի սպասեք, մինչև պարզ դառնա ձեր ճակատագիրը:
ԵՐՋԱՆԻԿ — Եթե փող է պետք, միայն ասեք` ինչքան: Թողեք, էս մարդը գնա, գա, էլի, հո դահի՞ճ չեք: (Ձեռքը ուզում է տանել գրպանը: Հիշում է, որ կիսամերկ է:) Փողերս էլ մնացին էդ բիձու մոտ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Անիմաստ է ձեզ ինչ-որ բան բացատրելը:
«Ընդունող հանձնաժողով» դռան ետևից աղմուկ է լսվում:
ՍԱՄՍՈՆ — Ա՛յ կնիկ, հանվի՛ր:
ԱՆԵՏԱ — Ասիկա ի՞նչ բռնություն է: Բաց թողե՜ք ինձի…
ԳԱԼՈՒՍՏ — Ի՞նչ է կատարվում:
ԵՐՋԱՆԻԿ — Էս ո՞վ է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (թղթերին նայելով): Մեր լյուքս հյուրանոցի նոր հաճախորդը:
ՍԱՄՍՈՆ — Լա՜վ է, շա՜տ լավ է…
ԱՆԵՏԱ — Ձեռքերդ քեզի քաշե՜, այլանդակի՛ն մեկը: Օգնեցե՜ք…
ԵՐՋԱՆԻԿ — Քույրիկ ջան, սպասիր, գամ օգնեմ: (Ուզում է մոտենալ դռանը:)
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Էդ ո՞ւր, պարոն պատգամավոր, չի՛ կարելի:
«Ընդունող հանձնաժողով» դռնից շնչակտուր ներս է վազում Անետան` նորաոճ հագուկապով, ետևից` Սամսոնը:
ՍԱՄՍՈՆ — Ա՛յ կնիկ, հորդ տանը չես:
ԱՆԵՏԱ — Կուզեիր շորերս պատռեիր, որ մարալ կուրծքս տեսնեի՞ր: Ամուսնյակիս կըսեմ, գլուխդ կջարդե, անպատկա՛ռ: (Ապտակում է:)
ՍԱՄՍՈՆ — Ա՜խ…
ԱՆԵՏԱ — Զահռումա՛ռ քեզի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Տիկին, ձեզ կարգի հրավիրեք:
ԱՆԵՏԱ — Դուն ո՞վ ես, այ ներկված ծաղրածու: (Ցույց տալով Սամսոնին:) Ինքը անբարոյականությունը կընե, ինձի կըսե՞ք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Սամսոն պապին իր գործն է անում:
ԱՆԵՏԱ — Կտեսնիմ, թե ինչպես կընե: (Դադար:) Բեյրութը թողել եմ, եկել Հայաստան, ընկել եմ աս վայրենիներուն ձեռքը: (Ձայնելով:) Դերենի՜կ…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Սա ձեր Բեյրութը չէ, մի քիչ կամաց: Դուք իրավունք չունեք խանգարելու ննջեցյալների հանգիստը:
ԱՆԵՏԱ — Դերենիկը հո՞ս կննջե:
ԳԱԼՈՒՍՏ — Չգիտեմ, ձեր ամուսինն էստե՞ղ է ննջում, թե՞ չէ, բայց որ դուք արդեն ննջում եք, դա փաստ է:
ԱՆԵՏԱ — Ես առանց իմ Դերենիկի ոչ մի օտար վայրում չեմ ննջե: (Նայելով դժոխքի դարպասներին:) Ի՜նչ տարօրինակ գործակալություն է:
ԵՐՋԱՆԻԿ — Դժոխքն է եկել ձեզ մոտ:
ԱՆԵՏԱ — (դեպի Սամսոնը): Դժոխքը հիմա աս պարոնին գլխուն կբերիմ, ինձի պես պարկեշտ կնոջ հետ սիրաբանե և ամուսնյակիս գլխուն կոտոշնե՞ր աճեցնե: (Մոտենում է դժոխքի դարպասներին:) Դերենի՜կ, դուռը բաց, ինձի կուզեին բռնաբարե՜լ…
ՍԱՄՍՈՆ — (ետ պահելով): Ա՛յ կնիկ, ետ արի, հո խայտառա՞կ չես:
ԱՆԵՏԱ — Խայտառակը դո՛ւն ես, ես իմ իրավունքները կպաշտպանիմ:
ԵՐՋԱՆԻԿ — Քույրիկ ջան, մենք արդեն ունենք:
ԱՆԵՏԱ — Ի՞նչ ունիք:
ԵՐՋԱՆԻԿ — Մարդու իրավունքների պաշտպան: (Ցույց է տալիս Գալուստին:) Նա ձեր իրավունքները կպաշտպանի:
ԳԱԼՈՒՍՏ — Իհարկե, կպաշտպանեմ և չեմ թողնի ոտնահարել այս տիկնոջ իրավունքները:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դեռ հարց է, թե ով ում իրավունքներն է ոտնահարում: Տիկին Անետա, նստեք և հանգստացեք:
ԱՆԵՏԱ — Կթողնի՞ք, որ հանգստանամ: (Ցույց տալով Սամսոնին:) Աս պարոնը Դերենիկիս նվիրած պայուսակը գողցած ու իր պահարանը խցկած է:
ՍԱՄՍՈՆ — Ա՛յ ցավդ տանեմ, ես ի՞նչ մեղք ունեմ, որ դա իմ աշխատանքն է: Ոչ ոք իրավունք չունի անձնական իրերով էստեղ մտնել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Սամսոն պապի, քեզ ոչ ոք չի մեղադրում: Դու քո աշխատանքը շատ լավ կատարել ես:
ԱՆԵՏԱ — Հիմա Դերենիկս կուգա, ան ժամ կտեսնինք, թե ինչքան լավ կատարած է իր անբարո աշխատանքը: Դերենի՜կ, դուրս արի, վախկոտի՛ն մեկը:
ՍԱՄՍՈՆ — Ձեր ամուսինն էստեղ չէ:
ԱՆԵՏԱ — Ինչպե՞ս թե` էստեղ չէ: Մենք միասին կերթայինք տուն: (Երանությամբ:) Նման հարսանիք աշխարհը տեսած չէ, մեր միակ աղջիկը աշխարհի ամենագեղեցիկ հարսնացուն էր: Ես ու Դերենիկս այնքան խմած էինք, որ գլուխներս կուրցուցինք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Երևում է, թե ինչքան եք խմել: Դրա համար էլ էստեղ եք:
ԱՆԵՏԱ — Ինձ հոս թողած է, ինքն ալ վախից անհայտ ծակը մտած է:
ԳԱԼՈՒՍՏ — Տիկին Անետա, ձեր ամուսինն էստեղ չէ: Ոնց հասկանում ենք, նրա բախտը բերել է:
ԱՆԵՏԱ — Նրա բախտը բերեց, որ ամուսնացավ ինձի հետ:
ԳԱԼՈՒՍՏ — Բայց ձեր բախտը չբերեց:
ԵՐՋԱՆԻԿ — Այ մարդ, ինչո՞ւ եք էդքան ձգձգում, միանգամից ասեք, էլի…
ԱՆԵՏԱ — Պետք չէ ոչինչ ըսել, ես ամեն բան արդեն հասկըցա: Հասկըցա, որ պիտի բաժնվիմ ատ դավաճանեն:
ՍԱՄՍՈՆ — Դուք արդեն բաժանվել եք, պետք չէ ավելորդ ծախս անել:
ԱՆԵՏԱ — Ինչպե՞ս թե` արդեն, ես դեռ ստորագրությունս տված չեմ:
ԵՐՋԱՆԻԿ — Տիկին Անետա, դուք մեռել եք:
ԳԱԼՈՒՍՏ — Պատգամավոր ջան, էդպես միանգամից պետք չէր ասել: Սիրտը կճաքի:
ԱՆԵՏԱ — Ինչպե՞ս թե` մեռել եմ…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ինչպես շատերը: (Թղթերին նայելով:) Ձեր ամուսինը ավտովթարի է ենթարկվել:
ԱՆԵՏԱ — Ուրեմն ինձի պես գեղեցկուհին արդեն մեռած է: Տեր Աստվա՜ծ, հիմա ուշագնաց կլինե՜մ: (Ուշաթափվում է:)
ԳԱԼՈՒՍՏ — Օգնեցե՜ք… Էս կինն իսկապես մահացավ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Սամսոն պապի, ջուր բեր:
ՍԱՄՍՈՆ — Հենց հիմա: (Գնում է:)
Երջանիկն ու Գալուստը Անետային պառկեցնում են նստարանին:
ԳԱԼՈՒՍՏ — Տիկին, ուշքի եկեք:
ԵՐՋԱՆԻԿ — Ա՛յ մարդ, էս կնկան ի՞նչ եղավ:
Գալիս է Սամսոնը` ջրի բաժակով:
ՍԱՄՍՈՆ — Վերցրու, Նունիկ ջան: (Բաժակը տալիս է Նունուֆարին:)
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (ջուրը լցնելով Անետայի դեմքին): Տիկին Անետա, ուշքի եկեք, դուք արդեն մահացել եք: Պետք չէ ընկնել ավելորդ ձևականությունների ետևից:
ԱՆԵՏԱ — (ուշքի գալով): Հիմա որտե՞ղ կգտնվիմ:
ՍԱՄՍՈՆ — Ձեր մշտական տանը:
ԱՆԵՏԱ — Ասացեք, որ ատիկա ճիշտ չէ: Ես դեռ երիտասարդ եմ և չէի կըրնա այդքան շուտ մահանալ: Իմ սիրելի նորահարսիկ աղջիկը… (Ողբում է:)
ԳԱԼՈՒՍՏ — Իմ ընտանի՜քը… իմ անչափահաս երեխանե՜րը… (Ողբում է:)
ԵՐՋԱՆԻԿ — Իմ պաշտո՜նը… իմ բիզնե՜սը… իմ հարգա՜նքը… (Ողբում է:)
ՍԱՄՍՈՆ — Էս ի՞նչ սիմֆոնիկ համերգ է:
Դրախտի դարպասներից դուրս է գալիս Գաբրիել Հրաշագործյանը` սպիտակ հագած: Գլխին սպիտակ, փետրավոր գլխարկ է: Երջանիկը, Գալուստն ու Անետան զարմացած նայում են Գաբրիելին:
ԳԱԲՐԻԵԼ — Բարեկամներ, խնդրում եմ, կամաց արտասվեք: Դուք խանգարում եք մեր հոգևոր աղոթքին:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ներեցեք, պարոն Գաբրիել Հրաշագործյան, այս տիկինը դեռ տվայտանքների մեջ է:
ԳԱԲՐԻԵԼ — Մեղրաջուր տվեք, հանգստացնում է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ոնց ասեք: Սամսոն պապի, մեղրաջուր բեր:
ՍԱՄՍՈՆ — Հենց հիմա: (Գնում է:)
ԳԱԲՐԻԵԼ — Օրիորդ Նունուֆար, վերջին շաբաթվա տվյալները պատրաստ չե՞ն:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ոչ, պարոն Հրաշագործյան, սպասում ենք թեկնածուների հավաքագրմանը:
Գալիս է Սամսոնը` մեղրաջրի բաժակով:
ՍԱՄՍՈՆ — Տիկին Անետա, խմեք:
ԱՆԵՏԱ — Ասիկա քաղցր է, ես կգիրանամ:
ՍԱՄՍՈՆ — Խմե՜ք, խմե՜ք, էլ վտանգ չկա:
ԵՐՋԱՆԻԿ — Տո, խմի՛ր, այ ցավդ տանեմ, ի՞նչ ես փրփուրներից կախվել:
ԳԱԲՐԻԵԼ — (նկատելով Երջանիկին): Այս մարդն ինչո՞ւ է կիսամերկ:
ԵՐՋԱՆԻԿ — Ա՛յ Հրաշագործյան ջան, պապին է ստիպել:
ԳԱԲՐԻԵԼ — Սամսոն պապի, ինչո՞ւ եք նրան մերկացրել:
ՍԱՄՍՈՆ — Պարոն Հրաշագործյան, գրպաններից թմրանյութ եմ հայտնաբերել:
ԳԱԲՐԻԵԼ — Գրպանները դատարկեք, շորերը տվեք: Թե չէ կարող է հիվանդանալ ու վարակել մյուս թեկնածուներին:
ԵՐՋԱՆԻԿ — Հրեշտակ ջան, ասեք, գրպանիս փողերը չգողանա:
ՍԱՄՍՈՆ — (վիրավորված): Պատգամավոր ջան, բա էդ ասելո՞ւ բան է, որ ասում ես:
ԳԱԲՐԻԵԼ — Պարոն Սամսոն, բացի թմրանյութից, բոլորը կվերադարձնեք:
ՍԱՄՍՈՆ — Ես իմ աշխատանքը միշտ էլ լավ եմ կատարում:
ԱՆԵՏԱ — Պարոն Գաբրիել, ամուսնուցս նորություն չունի՞ք:
ԳԱԲՐԻԵԼ — Տիկին, մենք միայն ցուցակագրում ենք երկնային կյանքի հոգիներին: Իսկ երկրային կյանքի խառնաշփոթի հետ ոչ մի կապ չունենք: (Բոլորին.) Տիկնայք և պարոնայք, խնդրում եմ չաղմկել: (Մտնում է դրախտի դարպասներից ներս:)
ԵՐՋԱՆԻԿ — Էս գիշերվա երազն ո՞վ էր:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հաստատ ձեր Ազգային ժողովից չէր:
ԳԱԼՈՒՍՏ — Մեր սև սիրտ, սրա հոգևոր աղոթքներ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Լսեցի՞ք, դրախտի շեֆը կարգադրեց չաղմկել: Նստեք ու սպասեք ձեր դատաստանին:
Բոլորը նստում են: Դժոխքի դարպասներից դուրս է գալիս Մոսո Չարագործյանը` սև հագած: Գլխին կարմիր, փետրավոր գլխարկ է:
ՄՈՍՈ — Չհասկացա՜… Էս ինչո՞ւ եք դարդոտված նստել: Պարեք, ուրախացեք, աղմկեք, հո թաղում չէ՞, որ սուգ եք կապել: Կյանքը վայելե՜ք, վայելե՜ք…
ԵՐՋԱՆԻԿ — Թողնո՞ւմ են, որ վայելենք, ա՛յ ցավդ տանեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Պարոն սատանա Չարագործյան…
ՄՈՍՈ — Նունիկ ջան, հազար անգամ ասել եմ, որ քեզ համար ես ուղղակի Մոսո եմ: Մոսո՜… պարոնս ո՞րն է: (Կսմթում է:)
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Վա՜յ, մի արեք, ամաչում եմ: Էսքան մարդ կա, իմ մասին ի՞նչ կմտածեն:
ՄՈՍՈ — Տո, ո՞վ իրավունք ունի քո մասին վատ բան մտածել: Հերները կանիծե՛մ:
ԵՐՋԱՆԻԿ — Սատանա ջա՞ն…
ՄՈՍՈ — Հա ջա՛ն:
ԵՐՋԱՆԻԿ — (ցույց տալով դժոխքը): Էնտեղ ո՞նց է:
ՄՈՍՈ — Ձեզ ո՞ր պահն է ավելի շատ հետաքրքրում:
ԵՐՋԱՆԻԿ — Բոլոր պահերը:
ԳԱԼՈՒՍՏ — Ճիշտն ասած, ինձ էլ է բոլոր պահերը հետաքրքրում:
ԱՆԵՏԱ — Եթե անկեղծ ըսեմ, ինձի էլ կհետաքրքրե:
ՄՈՍՈ — Սամսոն պապին կրակ է վառում ու թողնում է, որ մի լավ թեժանա… թեժանա ասացի` հիշեցի: Նունիկ ջան, ինչո՞ւ չես զանգել ու էլի վառելիք պատվիրել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Արտոյին զանգել եմ ու պատվիրել, շուտով կհասնի: (Զանգում է:) Արտո, որտե՞ղ ես… Կարո՞ղ է, Փարիզից ես գալիս: Շո՛ւտ արա, Մոսոն խառնվել է իրար:
ՄՈՍՈ — Տուր, ես կխոսեմ: (Վերցնում է բջջայինը:) Ձեզ հետ Մոսո Չարագործյանն է խոսում: Եթե կես ժամից վառելիքը չբերեք, կազատվեք աշխատանքից: Ինձ չի հետաքրքրում` ձեր երեխաները սոված կմնա՞ն, թե՞ չէ: Ինձ համար մեղավոր հոգիներն ավելի կարևոր են: (Անջատում է բջջայինը, տալիս Նունուֆարին:) Արտոն որ ապրանքը բերի, չմոռանաս կտրոնը վերցնել: Թե չէ վերջերս սկսել եմ կասկածել, սոված ընտանիքը հաստատ մեր վառելիքի հաշվին է պահում: (Մտնում է դժոխքի դարպասներից ներս:)
ԵՐՋԱՆԻԿ — (Սամսոնին): Մրսեցի, շորերս բերեք: Չլսեցի՞ք, հրեշտակ եղբայրը հրաման տվեց: Ես որ հիվանդանամ ու գրիպ կպնեմ, դո՞ւք եք պատասխան տալու:
ՍԱՄՍՈՆ — Մի գոռա, պատգամավոր ջան: Արի հագցնեմ, գնանք:
Երջանիկն ու Սամսոնը գնում են:
ԳԱԼՈՒՍՏ — Նունուֆար քույրի՞կ…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (նազանքով): Հա ջա՜ն:
ԳԱԼՈՒՍՏ — Ձեր հեռախոսը մեկ րոպեով կտա՞ք, զանգեմ, գոնե ընտանիքիս ձայնը լսեմ: Տեսնեմ` ի՞նչ են անում, ինչքա՞ն են լացել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Կամ էլ չեն լացել:
ԳԱԼՈՒՍՏ — Բա դա ասելու բա՞ն է, որ ասացիք, Նունուֆար քույրիկ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (բջջայինը տալով:) Վերցրեք: Բայց նրանք ձեր ձայնը չեն լսի:
ԳԱԼՈՒՍՏ — Ոչինչ, կարևորը ե՛ս նրանց կլսեմ ու կարոտս կառնեմ նրանցից: (Զանգում է:) Ալո… Ալո՜…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ասացի` նրանք ձեզ չեն լսում:
ԳԱԼՈՒՍՏ — (հեռախոսով): Ազնիվ ջան, ես եմ` Գալուստը: Իմ ազնիվ Ազնիվ… Ի՞նչ Սեդրակ, Գալուստն է, Գալուստը… Ալո՜… Ալո՜… Անջատեց: (Ապշած:) Իմ Ազնի՜վը… Իմ փոքրիկ Ազնի՜վը:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Շա՜տ ազնիվ էր ձեր փոքրիկ Ազնիվը:
ԱՆԵՏԱ — Օրիորդ Նունուֆար, աս մարդուն ի՞նչ մեղու կծած է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (նմանակելով): Փոքրիկ ազնիվ մեղու կծած է:
ԳԱԼՈՒՍՏ — (տեղից վեր կենալով): Վե՜րջ, ես գնում եմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (նրան ետ պահելով): Ո՞ւր եք գնում, պարոն Փառամոլյան:
ԳԱԼՈՒՍՏ — Թողեք, էլ էստեղ չեմ ուզում մնալ: (Փորձելով ազատվել:) Ասում եմ, բաց թողեք… Իմ Ազնիվն ինձ դավաճանել է, ես պիտի մեռնեմ:
ԱՆԵՏԱ — Խայտառակությո՛ւն, ամուսինը նոր մահացած, կինն արդեն ուրիշի գի՞րկը նետված է:
ԳԱԼՈՒՍՏ — Գնում եմ ինձ կամրջից գցեմ… Ես ուզում եմ ինքնասպան լինել:
ԱՆԵՏԱ — Պարոն Գալուստ, դուք արդեն մեռած եք, ինչո՞ւ կցանկանաք ձեզի կրկնակի տանջել:
ԳԱԼՈՒՍՏ — Գնամ, ինձ կամրջից գցեմ, որ երկրորդ անգամ մեռնեմ: Առաջին անգամ ուրախությունից մահացա, էս անգամ տխուր մեռնեմ, որ գոնե մեռնելուց մի բան հասկանամ: (Ուզում է գնալ:)
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Տիկին Անետա, օգնեք, սա որ փախավ, ինձ գործից կազատեն:
ԱՆԵՏԱ — Օգնիմ, օրիորդ Նունուֆար: (Երկուսով ետ են բերում Գալուստին, նստեցնում են:) Պարոն Գալուստ, դուք այդքան անխիղճ մե՞կն եք:
ԳԱԼՈՒՍՏ — Իմ խիղճը մեռա՜վ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ձեր խիղճը մեռավ էն ժամանակ, երբ կաշառք էիք վերցնում:
ԱՆԵՏԱ — Լսե՛ք, այ կաշառակերին մեկը, աղջնակին որ գործից ազատեցին, անոր ընտանիքը դո՞ւք պիտի պահիք:
ԳԱԼՈՒՍՏ — Չէ՜, ես հաստատ գնում եմ:
Վազում է դեպի «Ընդունող հանձնաժողով»-ի դուռը: Այդ պահին շնչակտուր ներս է ընկնում Համեստը` հարսի զգեստով:
ՀԱՄԵՍՏ — Անիծյա՛լ լինես դու, հարբեցողի մեկը…
Գալուստը, Անետան ու Նունուֆարը վախից ընկրկում են: Համեստը սիրտը բռնած նստում է աթոռին:
ԱՆԵՏԱ — Աս ի՞նչ գզգզված հարս է:
ՀԱՄԵՍՏ — Ժողովուրդ ջան, վա՜տ եմ… մի բաժակ ջուր տվեք:
ԳԱԼՈՒՍՏ — Քույրիկ ջան, ի՞նչ է պատահել:
ՀԱՄԵՍՏ — Էլ ի՞նչ պիտի պատահեր… Թող անիծվի՛ էդ սրիկան:
ԳԱԼՈՒՍՏ — Ձեզ վատ բա՞ն է արել:
ՀԱՄԵՍՏ — Վատ բանը ո՞րն է, կյանքս կործանեց:
ԳԱԼՈՒՍՏ — Փաստորեն արդեն գիտե՞ք, որ մեռել եք:
ՀԱՄԵՍՏ — Բա ո՞նց չգիտեմ: Խնդրում եմ, ջուր տվեք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (ներքին հեռախոսով): Սամսոն պապի, ջուր բեր, շտապ դեպք է:
ՀԱՄԵՍՏ — Դա դեռ հերիք չէր, ընդունարանում էլ էն բիձեն թռավ վրաս, ուզում էր համբուրեր:
Գալիս է Սամսոնը` ջրի բաժակը ձեռքին:
ՍԱՄՍՈՆ — Վերցրու, Նունիկ ջան:
ՀԱՄԵՍՏ — (տեսնելով Սամսոնին): Այ, սա էր:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (բաժակը վերցնելով): Սամսոն պապի, բա չե՞ս ամաչում:
ՍԱՄՍՈՆ — Ինչի՞ համար:
ՀԱՄԵՍՏ — Ինձ պաչելու:
ՍԱՄՍՈՆ — Ախր, ո՞ր մի տղամարդը կարող է քո կողքով անտարբեր անցնել: (Գնում է:)
ԱՆԵՏԱ — Անամոթի՛ն մեկը:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Վա՜յ, Սամսոն պապի… Ինչքան մեծանում է, էնքան մոլագար է դառնում: (Բաժակը տալիս է Համեստին:) Վերցրեք:
ՀԱՄԵՍՏ — (ջուրը խմելով): Վա՜յ, էս ինչ վատ եմ… Բա որ իմանայի մեռնելու եմ, էդ փողոցով կանցնեի՞:
ԱՆԵՏԱ — Ի՞նչ ըրած եք, որ մեռած եք:
ՀԱՄԵՍՏ — (նմանակելով): Հարբած վարորդի ցանցը ընկած եմ:
ԳԱԼՈՒՍՏ — Որտեղի՞ց իմացաք, որ մեռնում եք: Թե՞ միանգամից եք մեռել:
ՀԱՄԵՍՏ — Առավոտից հիվանդանոցի վերակենդանացման բաժնում պառկած էի: Ավելի լավ կլիներ միանգամից մեռնեի, քան էդքան տանջվեի: Կյանքս կործանեց, հերիք չէր, դեռ կողքս էլ պառկած տնքում էր անիծվածը: (Դեպի «Ընդունող հանձնաժողով»-ի դուռը:) Էս բիձեն էստեղ, նա` էնտեղ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ և ԳԱԼՈՒՍՏ — Ո՞վ:
ՀԱՄԵՍՏ — Կողքիս պառկած սփյուռքահայը:
ԱՆԵՏԱ — Եթե սփյուռքահայ եղած է, ուրեմն պարկեշտ մարդ մըն է:
ՀԱՄԵՍՏ — Շա՜տ պարկեշտ էր, շա՜տ, ինձ ավտովթարի ենթարկեց, հերիք չէ, դեռ կիսամեռած վիճակում էլ ուզում էր գրկեր: Ասում էր, որ ես իր անթառամ ծաղիկն եմ:
ԱՆԵՏԱ — (լալիս է): Ատիկա իմ Դերենիկն է: Ինքը միայն ինձի կըսեր, որ ես իրեն անթառամ ծաղիկն եմ:
ՀԱՄԵՍՏ — Ուրեմն այդ սրիկան ձեր ամուսի՞նն է:
ԱՆԵՏԱ — Այո, ինձ բերեց հոս, ինքը մնաց հոն:
ՀԱՄԵՍՏ — Երկուսիս միասին բերեց:
ԱՆԵՏԱ — Նա ձեզի կուզեր գրկել ու անթառամ ծաղիկ ըսել, դուք էլ ձեզի լավ զգացած եք: (Ուզում է գնալ:)
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Էդ ո՞ւր, տիկին Անթառամ:
ԱՆԵՏԱ — Պարոն Գալուստ, եկեք ինձի հետ:
ԳԱԼՈՒՍՏ — Բայց ո՞ւր ենք գնում:
ԱՆԵՏԱ — Քիչ առաջ դուք կուզեիք, հիմա էլ ես կուզիմ: Եկեք գնանք, ձեռք-ձեռքու բռնած, դավաճանված սիրահարներու պես մեզի ցած գցինք կամուրջեն:
ԳԱԼՈՒՍՏ — Ես վախենում եմ կամուրջներից: Իմ անազնիվ Ազնիվին Աստված կպատժի:
ԱՆԵՏԱ — Իսկ իմ անբարոյական Դերենիկին ես պիտի պատժիմ: Կգնամ ու երկնքեն կրակներ կգցիմ անոր գլխին, նոր կամրջեն կնետվիմ: (Խփելով դժոխքի դարպասներին:) Պարոն Մոսո, դարպասները բացե՜ք…
Մոսոն դուրս է գալիս:
ՄՈՍՈ — Չե՞ք տեսնում, գործ եմ անում, ինչո՞ւ եք րոպեն մեկ խանգարում:
ԱՆԵՏԱ — Կարո՞ղ եք ձեր ճարճատող փայտերեն մեկը տալ, որ գցիմ ներքև ու ատ անբարոյականին գլուխը վառիմ:
ՄՈՍՈ — Էս կինն աննորմալ է:
ԱՆԵՏԱ — Թող աննորմալ ըլլամ, ատիկա չի խանգարե: Բայց կուզիմ, որ վերակենդանացման բաժնում Դերենիկն հոգին ավանդե: Նա ապրելու իրավունք չունի:
ՀԱՄԵՍՏ — Այո, չունի: Նա պիտի պատասխան տա արածների համար:
ԱՆԵՏԱ — Նա դեռ ամուսինս է, դուն շատ մի ոգևորվի: Միայն ես իրավունք ունիմ անոր ճարճատող փայտերով վառիլ: (Լացակումած:) Ինձի պես փարթամ ու գեղեցիկ կնոջը փոխարինել է քեզմով:
ՄՈՍՈ — (Համեստին): Ա՛յ աղջի, դու էստեղ ի՞նչ ես անում:
ՀԱՄԵՍՏ — Մոսո՜… (Գրկախառնվում են:)
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դուք իրար ճանաչո՞ւմ եք:
ՀԱՄԵՍՏ — Մ.թ.ա…
ՄՈՍՈ — Դեռ մի բան էլ ավել…
ՀԱՄԵՍՏ — Մի դասարանում ենք սովորել:
ՄՈՍՈ — Հիշո՞ւմ ես, չէիր թողնում ստուգողական աշխատանքը քեզնից արտագրեի, ես էլ մազերդ քաշում էի: Դու էլ դասղեկին բողոքում էիր, ինձ էլ դուրս էր հանում դասարանից: (Ծիծաղում է:)
ՀԱՄԵՍՏ — Ո՜նց չեմ հիշում, ա՛յ տղա… (Նայելով հագուստին:) Էս ի՞նչ ես հագել:
ՄՈՍՈ — Նոր աշխատանքային համազգեստս է, պաշտոնս են բարձրացրել:
ՀԱՄԵՍՏ — Բայց լավ էլ սազում է, ոնց որ հատուկ քեզ համար կարված լինի: Էն աշխարհում չկարողացար պաշտոն ստանալ, էստե՞ղ ես առաջ գնում:
ՄՈՍՈ — Դե, ի՞նչ անեմ, Համեստ ջան, դիահերձողի պաշտոնի բարձրացումը ո՞րն էր:
ՀԱՄԵՍՏ — Էստեղ գոնե նորմալ վարձատրո՞ւմ են, թե՞ էն կյանքի նման գրոշներ են տալիս, որ մի կտոր սև հաց ուտես, չսատկես, հաջորդ օրն էլի գործի գնաս ու աշխատես դրանց համար:
ՄՈՍՈ — (հպարտ): Էստեղ ոչ մի խնդիր չունենք:
ՀԱՄԵՍՏ — Ուրեմն ե՞ս էլ լավ կապրեմ էստեղ:
ԱՆԵՏԱ — Չհասկըցա՛… աս անբարոյականին կմիջնորդիք, որպեսզի ապահովե իր կյանքը, իսկ ինձի պես հավատարիմ կնոջը կանտեսի՞ք:
ՄՈՍՈ — (Համեստին): Վերջին սիրեկանիցդ ի՞նչ նորություն կա:
ՀԱՄԵՍՏ — Էդ ուտող-ուրացողի անունը չտա՛ս, տանջվեցի նրա պատճառով:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (ծաղրով): Վա՜յ, վա՜յ, էս ի՞նչ տանջված կին ես:
ԱՆԵՏԱ — Ասիկա տանջվածի տե՞սք է, ընտանիքներ կքանդե, ամուսնյակիս էլ ճիշտ ճանապարհից կշեղե: Ինքը իմ ձեռքով պիտի տանջվի: (Ուզում է հարձակվել Համեստի վրա:)
ՀԱՄԵՍՏ — Էս պառավին հեռու տարե՜ք… սիրտս ավելի է խառնում: Մարդը սպանեց, կինն էլ ուզում է հոգիս տանջի:
Գալուստն ու Նունուֆարը բռնում են Անետային, Մոսոն` Համեստին: Դուրս է գալիս Գաբրիելը:
ԳԱԲՐԻԵԼ — Ասացի, չէ՞, չի կարելի աղմկել: Դուք խանգարում եք իմ բնակիչների անդորրը և հոգևոր աղոթքը:
ԱՆԵՏԱ — Աս տիկնոջն ըսեք, բոլորի ամուսիններուն կուզե սեփականաշնորհիլ:
ԳԱԲՐԻԵԼ — Պարոն Չարագործյան, այդպես էլ չհասկացա՞ք, որ չի կարելի հոգիներին միմյանց դեմ տրամադրել:
ՄՈՍՈ — Հրեշտակ ջան, ես ի՞նչ անեմ, որ ուզում են իրար մազ պոկել ինչ-որ Դերենիկի համար: Էստեղ է՞լ ես եմ մեղավոր:
ԳԱԲՐԻԵԼ — Դուք մեղավոր եք այնքանով, որ նրանց սանձարձակությունը չեք կանխում:
ՄՈՍՈ — Կատաղած կնոջ հետ խելք դնել չի կարելի:
ԱՆԵՏԱ — (Համեստին): Դուն պատասխան պիտի տաս, անառա՛կ:
ԳԱԲՐԻԵԼ — Տիկնայք, պետք չէ վիճել:
ԱՆԵՏԱ — Ինքը ամուսնուս գողանա ինձնեն, դուք կուզեք, որ անոր ճակա՞տը պագնեմ:
ՀԱՄԵՍՏ — Էդ քո անբարոյական սփյուռքահայն էր ուզում փաթաթվել ինձ:
ԱՆԵՏԱ — Ուրեմն դուն կանչած ես, որ շան պես վազած է:
ՀԱՄԵՍՏ — (նմանակելով): Ես ի՞նչ կանչած եմ, ինձի վրաերթի ենթարկած է, հետո էլ հիվանդանոցում վրաս թռած է:
ԳԱԲՐԻԵԼ — Տիկնայք, խնդրո՜ւմ եմ…
ԱՆԵՏԱ — Դուն լռե՛: Դուն չես հասկընա դավաճանված կնոջ հոգեվիճակը: (Զննելով Համեստին:) Եվ ո՞ւմ հետ է դավաճանել Դերենիկ կոչվածը… անճաշակի՛ն մեկը:
ԳԱԲՐԻԵԼ — Տիկնա՜յք…
ԱՆԵՏԱ և ՀԱՄԵՍՏ — Սա մեր անձնական գործն է:
ԳԱԲՐԻԵԼ — (Մոսոյին): Դուք ճիշտ էիք, կատաղած կնոջից վատ բան չկա: Ինչ լավ է, որ այդպես էլ չամուսնացա: (Մտնում է դրախտ:)
ՀԱՄԵՍՏ — Ուրեմն մի բանն էն չէ, որ չի ամուսնացել… Ժողովո՜ւրդ, էլի վա՜տ եմ, սիրտս խառնո՜ւմ է:
ԳԱԼՈՒՍՏ — Կարո՞ղ է` մեռնելուց հետո ձեր ճնշումն ավելի է բարձրացել:
ՀԱՄԵՍՏ — Էստեղ լոգարան կա՞:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Կա, բայց րոպեավճար է:
ԳԱԼՈՒՍՏ — Ոչինչ, մեր պատգամավոր ընկերը կվճարի:
ՀԱՄԵՍՏ — (զզվանքով): Էստեղ պատգամավոր էլ կա՞:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Կա: Մի ժամ է` հագնվում է: Թե ի՞նչն է էդքան հագնում, Աստված գիտի:
ՀԱՄԵՍՏ — Դրանց հոգին շատ խորն է… վա՜յ, էլի վատ եմ: Ո՞ր կողմն է լոգարանը:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (ցույց տալով դժոխքի կողմը): Է՛ն…
Համեստը գնում է լոգարանի կողմը:
Մյուս կողմից գալիս է էլեգանտ հագնված, հարբած Երջանիկը:
ԱՆԵՏԱ — Ասիկա մեր պատգամավո՞րը չէ:
ԳԱԼՈՒՍՏ — Ինքն է, որ կա:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Պարոն Երջանիկ, ինչո՞ւ եք այդքան երջանիկ:
ԵՐՋԱՆԻԿ — Ես երջանիկ չլինեմ, ո՞վ երջանիկ լինի: Ինչ կա-չկա` իմն է: Բոլորդ ինձ հետ պիտի հաշվի նստեք:
ԱՆԵՏԱ — Աս մարդը խենթեցած է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հարբած է: Պարոն Երջանիկ, որտե՞ղ եք խմել:
ԵՐՋԱՆԻԿ — Ես միշտ էլ պիտի խմեմ, ոչ ոք արգելելու իրավունք չունի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Նստեք և հանգստացեք:
ԵՐՋԱՆԻԿ — Թող հանգստանան նրանք, ովքեր անհանգիստ են:
ԱՆԵՏԱ — Ասիկա նորմալ պատգամավորի պատասխա՞ն է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չասացիք` որտեղ եք հասցրել հարբել:
ԵՐՋԱՆԻԿ — (երանությամբ): Բայց Սամսոն պապիկը շատ հյուրասեր մարդ է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Սամսո՜ն պապի…
Ներս է մտնում Սամսոնը` հարբած:
ՍԱՄՍՈՆ — Ինչ-որ մեկն ինձ կանչո՞ւմ էր… (Օրորվում է:)
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հա՛, կանչում էր:
ԱՆԵՏԱ — Աս մարդն է՞լ է գինովցած: Չեմ հասկընա, հոս գիշերային ակո՞ւմբ է, ի՞նչ է…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Սամսոն պապի, չե՞ս ամաչում: Էս աշխատանքը քեզ են վստահել, որ հոգիների հետ քե՞ֆ անես:
ԳԱԼՈՒՍՏ — Մարդ են, էլի, մտքներով անցել է, թող խմեն, մեկ է, էլ կորցնելու ոչինչ չունեն: Մի կյանք էինք ապրում, էն էլ արդեն չենք ապրում: Հիմա հանգիստ ինչ ուզենք` կարող ենք անել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Իրավունքների պաշտպանի՜ս տեսեք: Լավ էլ ձեր գործն անում եք: Պատկերացնում եմ, թե ժամանակին ո՜նց եք աշխատել:
ՍԱՄՍՈՆ — Նունիկ ջան, ախր, չես թողնում բացատրենք… Մեր պատգամավորը որ ասաց, էնքան հուզվեցի, քիչ էր մնում էս անտեր աշխարհի դուռը բացեի, հետադարձ տոմսը տայի ու ուղարկեի էն կյանք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հիմա դիմում կգրեմ Բարձրյալին, որ քեզ աշխատանքից ազատի:
ԵՐՋԱՆԻԿ — Նունուֆար ջան, թույլ տուր ծննդյանս օրը մի լավ նշեմ: Գոնե էս աշխարհում ուրախանամ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Էսօր ձեր ծննդյան օ՞րն է:
ԵՐՋԱՆԻԿ — Հա, Նունուֆար ջան, էն կյանքում չհասցրի 50-ամյակս նշել:
ԵՐՋԱՆԻԿ և ՍԱՄՍՈՆ — (երգում են): «Ձախորդ օրերս ձմռան նման կուգան ու կերթան»:
ԳԱԼՈՒՍՏ և ԱՆԵՏԱ — Շնորհավո՜ր: (Փաթաթվում են Երջանիկին:) Ուռա՜…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Վերջացրե՛ք, ուզում եք ինձ է՞լ աշխատանքից հեռացնեն:
ԵՐՋԱՆԻԿ — Ես քեզ ավելի լավ աշխատանք կտամ, Նունուֆար ջան: Հե՜չ չմտածես, կթողնե՞մ, որ մի մազիդ դիպչեն: Օբյեկտներ ունեմ` աշխարհը չունի: Փող ունեմ` աշխարհը չունի: (Գրպանից հանում է փողերը և շպրտում օդ: Բոլորը սկսում են ագահորեն հավաքել:) Տեսնո՞ւմ եք, Երջանիկ Ճիվաղյանը ինչքան առատաձեռն է:
ԳԱԼՈՒՍՏ — (փողերը հավաքելով): Հա էլի՜, իսկական դոլար է: (Դնում է գրպանը:)
ԱՆԵՏԱ — (փողերը հավաքելով): Ասիկա աստվածային թուղթ է: (Դնում է գրպանը:)
ԵՐՋԱՆԻԿ — Աստվածային է, բա ինչ է, աստծո տեղն ինքն է հրաշքներ գործում: Հիմա Աստծուն ո՞վ է հաշվի առնողը, եթե փող ունես: Փողն ինքն արդեն Աստված է: Փողն ու Աստվածը դարձել են հոմանիշներ:
ՍԱՄՍՈՆ — (փողերը հավաքելով): Երազում էլ էսքան փող չէի տեսել: (Դնում է գրպանը:)
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (փողերը հավաքելով): Էս բոլորն ի՞մն են, պարոն պատգամավոր:
ԵՐՋԱՆԻԿ — Քոնն են, Նունուֆար ջան, իհարկե, քոնն են:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ուխա՜յ… (Գումարը դնում է կրծկալի մեջ:)
Երջանիկը մատից հանում է ոսկե մատանին, տալիս է Նունուֆարին:
ԵՐՋԱՆԻԿ — Սա էլ քեզ, Նունուֆար ջան, որ Բարձրյալին բարեխոսես, ինձ դրախտի VIP համարներից մեկում տեղավորի: Եթե պետք լինի, իրեն էլ բաժին կտամ: Իմ անունից կասես` քանի ես կամ, ինքը փողի խնդիր չի ունենա:
Գալուստն ու Անետան անկուշտ հայացքով նայում են մատանուն:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Կասեմ, ո՞նց չեմ ասի: (Մատանին դնում է մատին:) Սամսոն պապի:
ՍԱՄՍՈՆ — Հա, Նունիկ ջան:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Գնա բե՛ր:
ՍԱՄՍՈՆ — Ի՞նչը բերեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Օղու շիշը: Պարոն Ճիվաղյանի ծննդյան օրը պիտի առանձնահատուկ նշենք:
ՍԱՄՍՈՆ — Ո՜նց ասես:
ԵՐՋԱՆԻԿ — Սամսո՜ն պապի, ոչխարի պանիրը չմոռանաս:
ՍԱՄՍՈՆ — Չէ՜, դա հաստատ չեմ մոռանա: (Գնում է:)
ԵՐՋԱՆԻԿ — Ժողովուրդ ջան, հիմա էն քեֆ ենք անելու, որ ամբողջ կյանքում չմոռանաք:
ԱՆԵՏԱ — Ես խնջույքներեն կվախենամ:
ԵՐՋԱՆԻԿ — Բայց ինչո՞ւ կվախենաս, այ ցավդ տանեմ:
ԱՆԵՏԱ — Խնջույքները միշտ տխուր վերջաբան կունենան: Դերենիկիս հետ մասնակցեցի ու տխուր վերջաբան եղավ:
ԵՐՋԱՆԻԿ — Սա ձեր պատկերացրած քեֆը չէ: Մեր քեֆը հոգու քեֆ է:
ԱՆԵՏԱ — Կատարսի՞ս կապրիք:
ԵՐՋԱՆԻԿ — Էդ ի՞նչ է:
ԱՆԵՏԱ — Հոգուն հետ առնչություն ունի:
ԵՐՋԱՆԻԿ — Ուրեմն հենց դրանից էլ կապրենք: (Գալիս է Սամսոնը, բերում է օղու շիշն ու ոչխարի պանիրը:) Ա՛յ, սա ուրիշ բան… (Կորցնում է հավասարակշռությունը:)
ՍԱՄՍՈՆ — Վա՜յ, ի՞նչ եղավ, պատգամավոր ջան:
ԳԱԼՈՒՍՏ — Նստեք, հանգստացեք:
ԵՐՋԱՆԻԿ — Արդեն լավ եմ զգում:
ԱՆԵՏԱ — Ինչպե՞ս թե լավ կզգաք, եթե գլխապտույտ ունեցած եք:
ԵՐՋԱՆԻԿ — (նմանակելով): Ոչ մի բան էլ ունեցած չեմ, ամեն ինչ անցած է:
ՍԱՄՍՈՆ — Պատգամավոր ջան, լվացվեք, որ էլի պիտի խմենք: (Ուզում է օգնել:)
ԵՐՋԱՆԻԿ — Ես ինքս… (Գնում է լոգարանի կողմը:)
Գալիս է Մոսոն: Բոլորը վախից քարանում են:
ՄՈՍՈ — Էս ի՞նչ երեկույթ եք կազմակերպել:
ԱՆԵՏԱ — Ծննդյան:
ԳԱԼՈՒՍՏ — Հրաժեշտի:
ՍԱՄՍՈՆ — Հանդիպման:
ՄՈՍՈ — Հիմա ո՞ր մեկը…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (կեղծ ժպիտով): Բոլորը միասին:
ՄՈՍՈ — Սամսոն պապի, հաստատ քո ձեռքի գործն է:
ՍԱՄՍՈՆ — Ընկեր Մոսո, ես ի՞նչ մեղավոր եմ, թող մի քիչ ուրախանան: Շուն-գել` մարդ են, էլի: Գուցե սա իրենց վերջին ուրախությունն է:
ԱՆԵՏԱ — Սամսոն պապին ճիշտ կըսե, մենք էլ կուզինք ուրախանալ, ի՞նչ մեղավոր ենք, որ եկած-հասած ենք հոս:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Մոսո ջան, էսօր մեր պատգամավորի ծննդյան օրն է:
ՄՈՍՈ — (ժպիտով): Լա՜վ է, շա՜տ լավ է:
ԱՆԵՏԱ — Աղվո՜ր է, աղվո՜ր:
ՄՈՍՈ — Սամսոն պապի, օղի՞ կա:
ՍԱՄՍՈՆ — Էն էլ ինչքա՜ն…
ՄՈՍՈ — Հիանալի՜ է: (Գնում, ականջ է դնում դրախտի դարպասներին, ետ է գալիս:) Լավ է, որ մեր հրեշտակ եղբայրը քնած է: (Նայելով շուրջը:) Իսկ հոբելյարն ո՞ւր է:
Լոգարանից շնչակտուր ներս է վազում Երջանիկը:
ԵՐՋԱՆԻԿ — Չի կարող պատահե՜լ…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ի՞նչ է եղել, պարոն Ճիվաղյան:
ՍԱՄՍՈՆ — Պատգամավոր ջան, վատ երա՞զ եք տեսել:
ԵՐՋԱՆԻԿ — Երանի երազ լիներ…
Լոգարանից դուրս է գալիս Համեստը:
ՀԱՄԵՍՏ — Սրիկա՛:
ԵՐՋԱՆԻԿ — Դու որտեղի՞ց հայտնվեցիր:
ՀԱՄԵՍՏ — Գիտեիր` հեշտ կպրծնե՞ս, գիտեիր` մոռացե՞լ եմ:
ԵՐՋԱՆԻԿ — Դու էստեղ ի՞նչ ես անում:
ՀԱՄԵՍՏ — Ինչ որ դու:
ԵՐՋԱՆԻԿ — Դու է՞լ ես մեռել:
ՀԱՄԵՍՏ — Հա:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Իրար ճանաչո՞ւմ եք:
ԵՐՋԱՆԻԿ — Չենք ճանաչում:
ՀԱՄԵՍՏ — Ուտող-ուրացո՛ղ:
ՍԱՄՍՈՆ — Մի՛ րոպե… Հերթով խոսեք, որ բան հասկանանք: (Համեստին:) Ինչո՞ւ եք մեր հարգարժան պատգամավորի հետ անհարգալից խոսում:
ՀԱՄԵՍՏ — Ի՜նչ էլ հարգարժան եք գտել:
ՄՈՍՈ — Առանց վիրավորանքի:
ՀԱՄԵՍՏ — Ես հավատում էի քեզ, իսկ դու ինձ խաբեցիր…
ՍԱՄՍՈՆ — Բայց նա պատգամավոր է, ինչպե՞ս կարող է խաբել:
ՀԱՄԵՍՏ — Բոլոր տղամարդկանց մոռացա հանուն քո սիրո, իսկ դու ինչպե՞ս վարվեցիր ինձ հետ:
ԵՐՋԱՆԻԿ — Ես ի՞նչ մեղք ունեմ, որ դու մեռար:
ՀԱՄԵՍՏ — Դու իմ միակ հույսն էիր, իմ ապրելու երջանկությունը, իսկ դու ինչպե՞ս վարվեցիր ինձ հետ:
ԵՐՋԱՆԻԿ — Ախր ես էլ մեռա:
ՍԱՄՍՈՆ — Եկեք չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել: Այսօր մեր պատգամավորի ծննդյան օրն է:
ԱՆԵՏԱ — Աս անառակն իմ ամուսնուն ալ իր ցանցը գցած է, ինչպես շատերուն: Իրան հետ սեղան չե՛մ նստի:
ՀԱՄԵՍՏ — Էնպես չի, որ երազում եմ ձեզ հետ սեղանի շուրջ նստել:
ԵՐՋԱՆԻԿ — Վերջացրե՛ք:
ՀԱՄԵՍՏ — (Երջանիկին): Իսկ քեզ շնորհավորելու ցանկություն չունեմ:
ՄՈՍՈ — Չարժե այն կյանքի տարաձայնությունները բերել այս կյանք: Սամսոն պապի, օղին բաց:
ՍԱՄՍՈՆ — Հենց հիմա, Չարագործյան ջան: (Բացում է օղին, լցնում է բաժակները:)
Նունուֆարը հրավիրում է սեղանի շուրջ: Համեստն ու Անետան տատանվում են, բայց տեսնելով, որ բոլորը նստում են, իրենք էլ են մոտենում: Բոլորը բարձրացնում են բաժակները:
ԲՈԼՈՐԸ — Պարոն Ճիվաղյան, ձեր ծնունդը շնորհավո՜ր:
Խմում են: Մոսոն ծափ է տալիս, հնչում է քոչարի: Բոլորը ուս-ուսի տված պարում են: Դրախտից դուրս է գալիս Գաբրիելը: Զարմացած նայում է, դեմքին հայտնվում է մեղմ ժպիտ, աննկատ մտնում է դրախտ:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Բոլորը քեֆ են անում, հարբած են: Երգում են «Ծնունդդ շնորհավոր»:
Նունուֆարը սուրճ է մատուցում:
Երջանիկը գրպանից փող է հանում, տալիս է նրան:
ԵՐՋԱՆԻԿ — Նունուֆար ջան, սա վերցրու:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Պարոն Ճիվաղյան, շատ առատաձեռն եք: (Փողը դնում է կրծկալի մեջ:)
Գալուստն ու Սամսոնն ագահորեն նայում են փողին:
ԳԱԼՈՒՍՏ — Տիկին Անետա, հուսով եմ, էլ բարկացած չեք Համեստի վրա:
ԱՆԵՏԱ — Բարկացածը շատ բարկացած եմ, ես անոր հետ հետո կխոսիմ:
ՀԱՄԵՍՏ — Բայց ի՞նչ մեղավոր եմ, որ ձեր ամուսինն է մեզ հասցրել էս օրին ու հետո ուզում էր գրկել ինձ:
ԱՆԵՏԱ — Դուն որ անոր չգայթակղեիր, շա՜տ լավ էլ ինձի կսիրեր:
ՍԱՄՍՈՆ — Բարեկամներ, լցնենք բաժակները: Պարոն Երջանիկ, ևս մեկ անգամ ձեր ծնունդը շնորհավոր:
ԲՈԼՈՐԸ — Շնորհավո՜ր:
Խմում են: Գալիս է Գաբրիելը: Բոլորը քարանում են:
ՍԱՄՍՈՆ — Հրեշտակ ջան, միայն Աստծուն չասես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ես մեղավոր չեմ: Էս մարդիկ ծնունդ են նշում: Օղին Սամսոն պապի է բերել:
ՍԱՄՍՈՆ — Նունիկ ջան, ես ի՞նչ մեղավոր եմ, պարոն պատգամավորն ուզեց, դու էլ
թույլ տվեցիր:
ԳԱԲՐԻԵԼ — Նման բաներն անթույլատրելի են այստեղ, բայց քանի որ թեկնածուների մտքով անցել է, կփորձեմ հասկանալ:
ԱՆԵՏԱ — Պարոն հրեշտակ, դուք հրեշտակային սիրտ ունիք:
ԵՐՋԱՆԻԿ — Հրեշտակ ջան, քո արած լավությունը չեմ մոռանա: Արի, մեզ հետ նստիր, մի բաժակ էլ դու խմիր:
ԳԱԲՐԻԵԼ — Ներեցեք, բայց ինձ հակացուցված է խմիչք օգտագործելը:
ՄՈՍՈ — Գաբրիել ջան, մի բաժակ թաքուն խմիր, ո՞վ պիտի տեսնի:
ԳԱԲՐԻԵԼ — Դուք շարունակեք նշել, միայն խնդրում եմ, շատ չաղմկեք, որ դրախտի երջանիկ հոգիների հանգիստը չխանգարվի:
ԵՐՋԱՆԻԿ — Ա՛յ ցավդ տանեմ, էդ մաքուր հոգիներին էլ կանչի, թող գան:
Դրախտից գալիս է Ազատը` հաշմանդամի սայլակին նստած, զինվորական համազգեստով, մնում է դարպասների մոտ: Նրան չեն նկատում:
ԳԱԲՐԻԵԼ — Պարոն Երջանիկ, դուք ուրախացեք, իրենք էլ թող այնտեղ ուրախանան:
ՍԱՄՍՈՆ — Այս բաժակով էլ եկեք խմենք ծնողների կենացը:
Երջանիկը սրբում է արցունքը:
ԱՆԵՏԱ — Ժողովուրդ, աս մարդուն ի՞նչ պատահեց:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Պարոն պատգամավոր, ձեզ ի՞նչ պատահեց:
ՀԱՄԵՍՏ — Երևի մեղքերն է հիշել:
ԱՆԵՏԱ — Դուն լռե՛: Քեզի նայե, նոր ուրիշներուն մեղադրե:
ՍԱՄՍՈՆ — Պարոն Երջանիկ, ինչո՞ւ եք լաց լինում:
ԵՐՋԱՆԻԿ — Է՜, Սամսոն պապի, էդ կենա՞ց էր, որ խմեցիր: Մորս հիշեցի: Փողն ինձ փչացրեց: Փողից ու աթոռից բացի ուրիշ ոչինչ չէի տեսնում: Հարզատներս դարձան ինձ օտար, թշնամիներս` դիմակավորված հարազատ: Նոր շրջապատս ստիպեց ինձ փոխվել: Մանկությանս ընկերները, որոնք ամեն երեկո գալիս էին, նստում էինք ու խոսում գրականությունից, երաժշտությունից, էլ չկային, երբ դարձա աթոռակռվի մասնակից: Պաշտոնիցս հետո տանս հյուրերը փոխվեցին: Ես հրաժարվեցի մորիցս, ամաչեցի, որ պաշտոնավոր ընկերներս կարող են գալ ու տեսնել հիվանդ ու ծեր մորս: Մայրս ծերանոցում ապրում էր թագուհու պես, բոլորը նրան նախանձում էին: Իսկ ես նրան այցելում էի գիշերով, որպեսզի ոչ ոք չիմանար, թե Երջանիկ Ճիվաղյանն ուր է գնում և ինչու: Ինքս ինձ մխիթարում էի` մայրս ոչնչի կարիք չունի, չէի հասկանում, որ նա երազում էր ինձ հետ լինել թեկուզ խրճիթում: Դա շատ ուշ հասկացա… երբ մայրս արդեն չկար: Որտե՞ղ է հիմա մայրս, ինձ ներե՞լ է, թե՞ չէ: (Խմում է:)
ԳԱԲՐԻԵԼ — Յուրաքանչյուր ծնող ներում է զավակին, անկախ ամեն ինչից:
ԳԱԼՈՒՍՏ — Ձեզ շատ լավ հասկանում եմ, որովհետև այդ անիծյալ փողն ինձ էլ կուրացրեց: Մարդու իրավունքները պաշտպանելիս չպետք է տեսնես, նա փող ունի՞, թե՞ չէ: Շատ անգամ փողի պատճառով անմեղ մարդկանց իրավունքը ոտնահարել ու կանգնել եմ այնպիսինների կողքին, ովքեր իրավունք չունեին իրավունք ունենալու: Ես չկարողացա վայելել այդ կեղտոտ փողերը, ինչպես վերցնում էի, այնպես էլ բաժանում էի հիվանդանոցներին… (Խմում է:)
ԳԱԲՐԻԵԼ — Ժամանակին գիտակցելը և սխալ ճանապարհից ետ կանգնելը հնարավորություն կտա ետ դառնալ և ամեն բան սկսել նորից:
ՀԱՄԵՍՏ — Կարծում եք, ինձ դո՞ւր էր գալիս պոռնիկի պիտակով ապրելը: Ո՞ր աղջիկը չի ցանկանա երջանիկ լինել, ընտանիքի մոր ու սիրված կին լինելու բերկրանքը վայելել: Բայց փոքրիկ սխալը կարող է վերջնականապես կյանքդ կործանել: Կործանել այն աստիճան, որ հետդարձի բոլոր դարպասները փակ լինեն:
ԳԱԲՐԻԵԼ — Երբեք ուշ չէ ամեն բան նորից սկսելու համար:
ԱՆԵՏԱ — Հայաստանը հրի ու սրի մեջ էր, բայց ես երջանիկ կզգայի ինձի, մինչև հայրս չծանոթացրեց դավաճան Դերենիկին հետ: Ան եկել էր Հայաստանից աղջիկ ընտրելու և հետը Բեյրութ տանելու: Չէի ուզե Հայաստանին դժբախտության մեջ թողնիլ ու հեռանալ: Հայրս փողի համար ստիպեց, տասնվեց տարեկան աղջիկ էի, որ լքեցի երկիրս: Հայաստանի մասին կլսեի հեռվեն և հեռվեն կկարոտեի ու կսեիրեի Հայաստանը:
Ազատը ծափահարում է: Բոլորը շրջվում, տեսնում են նրան:
ԱԶԱՏ — Պետք չէ հայրենասեր խաղալ հայրենիքից դուրս: Կուշտ փորով բոլորն էլ կսիրեն հայրենիքը:
ԳԱԲՐԻԵԼ — Պարոն Ազատ, ինչո՞ւ եք եկել այստեղ:
ԱԶԱՏ — Եկա, որ ևս մեկ անգամ համոզվեմ, թե ոմանք որքան զզվելի կարող են լինել:
ԱՆԵՏԱ — Աս պարոնն ինձի կվիրավորե՜:
ԱԶԱՏ — Ձեզ նմանները նույնիսկ վիրավորանքի արժանի չեն:
ԱՆԵՏԱ — Ձեր կարծիքով ես պակա՞ս կսիրիմ Հայաստանը:
ԱԶԱՏ — Հայաստանի անունը չտա՛ք:
ԱՆԵՏԱ — (գոռում է): Ան ի՛մ երկիրն ալ է:
ԱԶԱՏ — Եթե քո երկիրն էր, այնտեղ ապրեիր ու մեռնեիր: (Նայելով Երջանիկին ու Գալուստին:) Սրանց նմանների պատճառով էր, որ սահմանին կռվում էինք ժանգոտած զենքերով, որոնք դառնում էին զինվորների մահվան պատճառը: (Նայելով Համեստին:) Ոմանք էլ հյուրանոցի լյուքս համարներում մի քանի գրոշով վաճառվում էին այն ստահակներին, ովքեր նոր զենք ու զինամթերքի փողերով իրենց ողորմելի ժամանակն անցկացնում էին անկողնուց անկողին թռչկոտելով:
ԵՐՋԱՆԻԿ — Հրեշտակ ջան, էս մարդուն ասա, թող գնա էնտեղ, որտեղից եկել է:
ԳԱԲՐԻԵԼ — Պարոն Ազատ, խնդրում եմ, պետք չէ նորից սկսել:
ԱԶԱՏ — Իհարկե, պետք չէ, միևնույն է, ոչինչ ետ բերել չենք կարողանա:
ՄԹՆԵՑՈՒՄ
Բեմը լուսավորվում է: Սեղանն ու նստարանները նախկին տեղում են: Նունուֆարը նստած է սեղանի մոտ: Գալուստն ու Երջանիկը, գլուխները բռնած, նստած են նստարանին` իրար կողք: Ազատն ու Գաբրիելը կանգնած են դրախտի դարպասների, իսկ Մոսոն ու Սամսոնը` դժոխքի դարպասների մոտ: Համեստն ու Անետան նստած են մյուս նստարանին:
Դժոխքի դարպասներից դուրս է գալիս Աթաբեկը` քահանայի հագուստով:
ԱԹԱԲԵԿ — (Մոսոյին): Զավակս, աշխատողներիդ ասա, կրակը մի քիչ թուլացնեն, շոգից մեռա: Էդքան աղոթե՞լ կլինի, որ ես աղոթեցի, որ ջերմաստիճանը իջնի: Ոչ մի կերպ չի իջնում:
ԱԶԱՏ — Սուրբ հայր, էն կյանքում պետք է արդար աղոթեիք:
ԱԹԱԲԵԿ — Զավակս, դու, ինչպես միշտ, քո տարերքի մեջ ես: (Նկատում է Համեստին, հայացքը փախցնում է:) Թույլ տուր մեր նոր հյուրերը հանգստանան, շունչ քաշեն և նոր աղոթքներով լցվեն:
ԳԱԲՐԻԵԼ — Ավելի լավ է ես գնամ: (Մտնում է դրախտ:)
ՄՈՍՈ — Նունիկ ջան, էլի զանգիր Արտոյին: Պարոն քահանա, շատ չուշանաք:
ԱԹԱԲԵԿ — Հիմա կգամ, Մոսո զավակս:
Մոսոն մտնում է դժոխք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (հեռախոսով): Արտո, ա՛յ տղա, ո՞ւր ես… (Դուրս է գնում:)
ԵՐՋԱՆԻԿ — Տեր հայր, ինչքան ժամանակ է չէինք տեսնվել, ինչպե՞ս եք:
ԱԹԱԲԵԿ — Ինչպե՞ս պետք է լինեմ, զավակս: Ամբողջ կյանքս նվիրեցի եկեղեցուն, վերջում, որպես Բարձրյալի շնորհակալություն, հայտնվեցի այս անիծյալ տեղում:
Բայց ոչինչ, դեռ հույսս չեմ կորցրել:
ԵՐՋԱՆԻԿ — Նոր ծրագի՞ր ունեք:
ԱԹԱԲԵԿ — Իհարկե, օրինիբուն այդ կրակների մեջ մտածում եմ, թե ի՞նչ կարելի է անել, որպեսզի նորից Բարձրյալի ներմանն արժանանամ:
ԳԱԼՈՒՍՏ — Տեր հայր, գաղտնիքը մեզ էլ ասեք, որ մենք էլ մոտենանք էդ Բարձրյալին:
ԱՆԵՏԱ — Ատիկա փայլուն գաղափար է:
ԵՐՋԱՆԻԿ — Տեր հայր, արագացրեք, ասեք, քանի չենք ուշացել:
ԱԹԱԲԵԿ — Գաղափարներս գումարների հետ են կապված: Մի քիչ գումար ունեմ պահած, պարոն Սամսոնի մոտ, բայց դա շատ քիչ է նպատակիս հասնելու համար:
ՍԱՄՍՈՆ — Տերտեր ջան, էդ փողերից մի քիչ ծախել եմ: Դժոխքի համար նոր շամփուրներ ու կացիններ եմ առել:
ԱԹԱԲԵԿ — Հոգ չէ, զավակս, դա կհաշվենք որպես միջնորդավճար: Իսկ մնացած գումարն ո՞ւր է:
ՍԱՄՍՈՆ — Հենց հիմա բերեմ, Պոզապալյան ջան: (Գնում է:)
ԱԹԱԲԵԿ — Զավակներս, ո՞վ է ցանկանում միանալ իմ նոր «Սուրբ Հայտնություն» կազմակերպությանը, որտեղ պետք է հայտնաբերենք այն, ինչը դեռ հայտնաբերված չէ:
ԵՐՋԱՆԻԿ — Դու միայն ասա, ի՞նչ անենք, որ ազատվենք դժոխքի դարպասներից:
ԱՆԵՏԱ — Պատրաստ եմ բարձր պահել «Սուրբ հայտնություն» կազմակերպության անունը:
ԳԱԼՈՒՍՏ — Ես էլ կմիանամ ձեր կազմակերպությանը և էնքան կաղոթեմ, որ Աստված ինձ դրախտ ուղարկի ու վերադարձնի հիվանդանոցի ծախսած փողերը: Էդ փողերով դրախտը կվերանորոգեմ:
ԱԹԱԲԵԿ — Անպայմա՜ն, անպայմա՜ն, դրախտը վերանորոգման կարիք ունի:
Գալիս է Սամսոնը:
ՍԱՄՍՈՆ — Տեր հայր ջան, սա էլ էն գումարը, որ ինձ էիր վստահել: Տոկոսները հանած` լրիվ տեղում է:
ԱԹԱԲԵԿ — Սամսոն զավակս, դուք որ չլինեիք, փողերը կայրվեին դժոխքի կրակներում: Աստվա՜ծ օրհնի…
ՀԱՄԵՍՏ — (բոլորին): Էլ մարդ չե՞ք գտել հավատալու:
ԱՆԵՏԱ — Անառակին մեկը, նա կմտածե բոլորիս հոգիների փրկության համար:
ԱԹԱԲԵԿ — Դստրիկս, ինչո՞ւ ես դեմ, քեզ դո՞ւր են գալիս դժոխքի բոցերը:
ՀԱՄԵՍՏ — Քարոզ կարդալու փոխարեն պարտքերդ մարիր, սրիկա՛:
ԵՐՋԱՆԻԿ — Էդ ո՞նց ես խոսում Աստծո ընտրյալի հետ:
ԳԱԼՈՒՍՏ — Քեզ դժոխք ընկնելն է քիչ:
ԱՆԵՏԱ — Անառակ սատանա է:
ՀԱՄԵՍՏ — Սատանայի հետ շփվողը սատանա կդառնա:
ԱԹԱԲԵԿ — Հավանաբար այս աղջկա հոգու մեջ դև է նստել: Հիմա կաղոթեմ Բարձրյալին, որ չարանենգ դևին հավերժ հեռացնի քեզանից:
ՀԱՄԵՍՏ — Աղոթելու փոխարեն նախկին կյանքիդ պարտքերը մարի: Բա ասում էիր` փող չունե՜ս:
ԱԹԱԲԵԿ — Դստրիկս, ի՞նչ պարտքերի մասին ես խոսում:
ՀԱՄԵՍՏ — Մեր վերջին հանդիպման պարտքը չես վճարել: Ասացիր, մյուս անգամ կրկնակի կվճարես, գնացիր ու մեռար: Փողերս տո՛ւր: (Հարձակվում է Աթաբեկի վրա:)
ԱԹԱԲԵԿ — Օգնեցե՜ք, այս աղջիկը խելագարվել է:
Մնացածները բաժանում են այդ երկուսին:
ՀԱՄԵՍՏ — Ես խելագար չեմ, էն եմ, ինչ կամ: Փողերս տո՛ւր, շո՛ւտ արա:
ԵՐՋԱՆԻԿ — Ա՛յ աղջի, գործ չունես տեր հոր հետ:
ԳԱԼՈՒՍՏ — Քեզ նմանները միանգամից պիտի վառվեն դժոխքի բոցերում:
ԱՆԵՏԱ — Աս աղջնակը տեղով մեղք է:
ՀԱՄԵՍՏ — Փողերս տո՛ւր, քեզ եմ ասում…
ԱԹԱԲԵԿ — Դստրիկս, այդ փողերը կազմակերպության բյուջեն հարստացնելու համար են նախատեսված:
ԵՐՋԱՆԻԿ — Տեր հայր, բյուջեն ի՞նչ նպատակի պիտի ծառայի:
ԱԹԱԲԵԿ — Զավակս, նախ քո օգնությունն է պետք, որ ավելացնենք իմ հոգեպահուստի վրա և հետո նոր կարողանանք նախագծման պրոցեսն իրականացնել:
ԵՐՋԱՆԻԿ — Ի՞նչ եք նախագծելու, տեր հայր:
ԱԹԱԲԵԿ — Եկեղեցի:
ԳԱԼՈՒՍՏ — Ի՞նչ եկեղեցի:
ԱԹԱԲԵԿ — Բազմահարկ:
ԱՆԵՏԱ — Ինչի՞ համար:
ԱԹԱԲԵԿ — Մեղքերը քավելու:
ԵՐՋԱՆԻԿ — Բայց որտե՞ղ:
ԱԹԱԲԵԿ — Հենց այստեղ:
ԲՈԼՈՐԸ — Այստե՞ղ…
ԱԹԱԲԵԿ — Որոշել եմ գլխավոր մուտքի մոտ կառուցել եկեղեցի, որպեսզի մեռած հոգիներն այստեղ ընկնելով, միանգամից մուտք գործեն այնտեղ և ստանան մեղքերի թողություն: Իսկ մոմերը կվաճառեմ այն կյանքի եկեղեցուց կես գնով պակաս:
Գալիս է Նունուֆարը, ձեռքին` բենզինի տարա:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Տնաշենն էնքան էլ ծանր է, թևերս կոտրվեցին: Արտոն մինչև բենզինը բերեց, հասցրեց, հոգիներս դուրս եկավ: Էդ կրակն արդեն հանգած կլինի:
ԱԹԱԲԵԿ — Չի հանգել, այնքան թեժ էր, որ դուրս եկա մի քիչ հովանալու:
ՍԱՄՍՈՆ — Նունիկ ջան, տուր ես տանեմ, դու մի տանջվիր: (Բենզինի տարայով մտնում է դժոխք:)
ԵՐՋԱՆԻԿ — Նունուֆար ջան, դուք աղոթքի կարի՞ք ունեք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ես արդեն վաղուց աղոթել, վերջացրել եմ:
ԳԱԼՈՒՍՏ — Դուք չեք հասկանում, սա մեր փրկության վերջին հնարավորությունն է:
ԱՆԵՏԱ — Դուք հրաժարվո՞ւմ եք ընդգրկվել նոր կազմակերպության մեջ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հրաժարվում եմ, ինձ ջնջեք ձեր ցուցակից: (Դուրս է գնում:)
Դժոխքից գալիս Սամսոնը:
ՍԱՄՍՈՆ — Որ չգոռա` չի լինի: Կարծես ես եմ մեղավոր, որ Արտոն խցանման մեջ էր ընկել:
ԱԹԱԲԵԿ — Պարոն Սամսոն, բարկանալու փոխարեն դուք էլ ընդգրկվեք մեր կազմակերպության շարքերը:
ՍԱՄՍՈՆ — Այ մարդ, գնա գործիդ, հա՜, ինձ իմ մեղավոր հոգիները լրիվ հերիք են: Նոր գլխացավանք չեմ ուզում: (Գնում է:)
ԱԹԱԲԵԿ — (Ազատին): Իմ ազատամարտիկ հերոս որդի, կցանկանայինք, որ դուք էլ լրացնեիք մեր շարքերը: Նոր ծրագի՜ր, նոր գաղափա՜ր, նոր որակի աղոթարա՜ն պետք է հիմնենք:
ԵՐՋԱՆԻԿ — Ես էլ փողը ավելացնելու եմ, որ եկեղեցին կենտրոնում կառուցենք ու մեղմենք հոգիների ցավը:
ԱԶԱՏ — Վայ, ես ձեր մարդ ասողի հե՛րն եմ անիծել: Թո՜ւ… (Մտնում է դրախտ:)
ԳԱԼՈՒՍՏ — Իր տեղն ապահովված է, դրա համար էլ հրաժարվեց:
ՀԱՄԵՍՏ — Ի տարբերություն մեր ազգի հերոսի, իմ տեղն ապահովված չէ, բայց ես էլ եմ հրաժարվում և պատրաստ եմ պատասխան տալ արածներիս համար: Աստվա՜ծ իմ, գլուխս էլի պտտվեց… սրտխառնոց ունեմ: Տիկին Անետա, խնդրում եմ, օգնեք:
ԱՆԵՏԱ — Աստված ըսել է, որ պետք է սիրիս անգամ քո թշնամուն:
Համեստն ու Անետան մտնում են լոգարան: Գալիս է Մոսոն:
ՄՈՍՈ — Տեր հայր, ձեր վճարած գումարի ժամը լրացավ: Ներս եկեք:
ԵՐՋԱՆԻԿ — Կրկնակի կվճարեմ, միայն թողեք գործերս վերջացնենք: (Վճարում է Մոսոյին:) Բենզինի հետ ջուր խառնեք, որ խեղճերը շատ չտանջվեն: Ի վերջո, մեր նոր կազմակերպության ապագա անդամներ են:
ՄՈՍՈ — Ոնց կասեք: Ինչքան շատ փող, այնքան շատ ջուր: (Մտնում է դժոխք:)
ԱԹԱԲԵԿ — Զավակներս, եկեղեցին անպայման պետք է լինի մարմարից, իսկ գմբեթին էլ գրված լինի իմ անունը` «Սուրբ Աթաբեկ»:
ԵՐՋԱՆԻԿ — Փողը ես տամ, ձեր անո՞ւնը գրվի:
ԱԹԱԲԵԿ — Զավակս, ես հոգևոր աշխարհից եմ և Աստծուն ավելի մոտ եմ կանգնած: Երբ Աստված եկեղեցու գմբեթին իմ անունը կարդա, շատ կշոյվի: Իսկ եթե ձեր անունը գրենք, նա գլխի կընկնի, որ ապօրինի ենք գործել:
ԵՐՋԱՆԻԿ — Բայց եթե «Սուրբ Աթաբեկ» եկեղեցին չօգնեց, որ դրախտ ընկնեմ, փողերս ետ կվերցնեմ, Մոսոյին վճարածի տոկոսներն էլ հետը:
Դրախտից լսվում են Պայծառի և Ազատի ձայները:
ՊԱՅԾԱՌ — Խնդրում եմ, բաց թողեք, ես պետք է տեսնեմ նրան:
ԱԶԱՏ — Տիկին, հանգստացեք, ձեզ հուզվել չի կարելի:
ՊԱՅԾԱՌ — Ես չեմ կարող նրան չգրկել, դա կյանքիս միակ երազանքն է:
ԱԹԱԲԵԿ — Ի՞նչ խառնաշփոթ է այնտեղ: Հետո էլ կասեն, թե դրախտավայրում հոգիները երջանիկ կապրեն:
ԵՐՋԱՆԻԿ — Դրախտն էլ փչացրին:
ԳԱԼՈՒՍՏ — Հրաշագործյանը թերանում է իր պարտականություններում: Հետո էլ կգա էստեղ ու ավել-պակաս ելույթ կունենա:
ՊԱՅԾԱՌ — Ազատ ջան, խնդրում եմ, թող գնամ: Ես այդ հնարավորությունը չեմ կարող բաց թողնել:
ԱԶԱՏ — Գաբրիել ջան, օգնիր, էս կնոջը ետ պահենք:
ԳԱԲՐԻԵԼ — Պարոն Ազատ, եթե ուզում է, թող գնա: Ես իրավունք չունեմ նրան զրկելու այդ երջանկությունից:
Գալիս են Սամսոնն ու Նունուֆարը` թղթերը ձեռքին:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ի՞նչ ձայներ են, ինչո՞ւ եք գոռում:
ԱԹԱԲԵԿ — Դստրիկս, դրախտում իրարանցում է, հոգիները հալյուցինացիայի մեջ են:
ՍԱՄՍՈՆ — Այ, տեսնո՞ւմ ես, Նունիկ ջան, հետո էլ դժոխքն են վատաբանում:
ՄՈՍՈ — (գալով): Ի՞նչ իրարանցում եք սարքել: Նունուֆար, քեզ հազար անգամ զգուշացրի, որ վերջ տաս հոգիների հետ վիճելուն:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չարագործյան ջան, ես ի՞նչ անեմ, Հրաշագործյանն անի` մեղավորը ե՞ս լինեմ: (Թղթերը դնում է սեղանին:)
ՄՈՍՈ — Էդ հրեշտակն ինչո՞ւ է կատաղել:
Դրախտից գալիս են Գաբրիելը, Ազատը և Պայծառը: Երջանիկն ու Պայծառը նայում են իրար:
ՊԱՅԾԱՌ — Երջանի՜կ…
ԵՐՋԱՆԻԿ — Մա՜մ ջան… (Գրկում են իրար:)
ՊԱՅԾԱՌ — Բալես, ե՞րբ ես եկել:
ԵՐՋԱՆԻԿ — Մի քիչ առաջ, մամ:
ՊԱՅԾԱՌ — Հրաշագործյան ջան, նա իմ միակ տղան է, ում մասին քեզ այդքան լավ բաներ էի պատմում:
ԱԶԱՏ — (հեգնանքով): Մենք էլ գիտեինք այդ լավ բաները:
ԵՐՋԱՆԻԿ — (ծնկելով): Մամ ջան, ներիր ինձ, խնդրում եմ, ես չէի ուզում քեզ ցավ պատճառել, վիրավորել, մենակ թողնել:
ՊԱՅԾԱՌ — Բալես, ախր քո ի՞նչ տարիքն է, որ եկել ես էստեղ:
ԵՐՋԱՆԻԿ — Աստված ինձ ուղարկեց, որ քեզ տեսնեմ ու ներողություն խնդրեմ:
ԳԱԲՐԻԵԼ — Աստծուն մի՛ խառնեք այդ գործերին, ի սեր Աստծո:
ՊԱՅԾԱՌ — Ո՜նց էի քեզ կարոտել, Երջանիկ ջան, ինչ լավ է, որ նորից միասին ենք: Խնդրում եմ, էլ ինձ մենակ չթողնես:
ԵՐՋԱՆԻԿ — Չեմ թողնի, մամ ջան, երդվում եմ, որ չեմ թողնի:
ՊԱՅԾԱՌ — (Գաբրիելին): Հրեշտակ ջան, տղաս ե՞րբ կգա ինձ մոտ:
ԳԱԲՐԻԵԼ — Այդ հարցի վերջնական լուծումը ես չեմ կարող տալ, բայց որքան հասկանում եմ, ձեզ մոտ նրա լինելը կասկածելի է:
ԵՐՋԱՆԻԿ — Հրեշտակ ջան, ինչքա՞ն փող է պետք, դու միայն ասա:
ԱԹԱԲԵԿ — (Երջանիկին): Զավակս, այդ գումարները պետք են «Սուրբ Աթաբեկ» եկեղեցու կառուցման համար, պետք չէ գումարներն աջ ու ձախ բաժանել:
ԳԱԼՈՒՍՏ — Պատգամավոր ջան, միայն քո մասին ես մտածում, բա մե՞նք…
ԱԶԱՏ — Էնտեղ հերիք չէ՞ր, հիմա էլ էստե՞ղ եք ուզում կեղտոտել: Ամեն բան անելուց առաջ պետք է մեկ քայլ առաջ նայեիք, որպեսզի հիմա չհայտնվեիք փրփուրներից
կախված վիճակում:
ԳԱԼՈՒՍՏ — Իսկ դուք քանի՞ քայլ առաջ եք նայել, որ հաշմանդամ գնացել եք պատերազմ: Չէի՞ք հասկանում, որ պիտի մեռնենիք:
ՄՈՍՈ — Ազատ պապի, ո՞վ գնահատեց հայրենիքին մատուցած արյանդ գինը, ո՞վ… Մի նորմալ զենքն ի՞նչ էր, որ էդ էլ չունեիք:
ԱԶԱՏ — (նայելով Երջանիկին): Եթե կեղծ ձայներով ընտրված պատգամավորը և նրա նմանները հայրենիքի ազատության փողերով առանձնատներ չկառուցեին, ես ու ինձ նման շատերն այստեղ չէինք լինի:
ՊԱՅԾԱՌ — Ազատ ջան, քեզանից չէի սպասում, որ այդպես կարող էիր վիրավորել որդուս:
ՍԱՄՍՈՆ — Ա՛յ մարդ, ինչի՞ ետևից եք ընկել:
ԱԹԱԲԵԿ — Զավակներս, շուտով կկառուցեմ «Սուրբ Աթաբեկ» եկեղեցին, և բոլորս կարժանանք Աստծո ներմանը: Ես էլ վերջապես կազատվեմ այդ սարսափելի կրակներից ու պարոն Մոսոյին վճարած տոկոսադրույքներից:
Լոգարանից լսվում է Համեստի ձայնը:
ՀԱՄԵՍՏ — Վա՜յ, Աստվա՜ծ իմ, ես հիմա կմեռնեմ:
ԱՆԵՏԱ — (ներս մտնելով): Ասիկա խենթանալու բա՜ն է: (Տեսնելով Պայծառին:) Ինչ լա՜վ է, որ նոր հյուր ունինք:
Գալիս է Համեստը:
ՀԱՄԵՍՏ — Երևի ճնշումս էլի բարձրացել է…
ՊԱՅԾԱՌ — Այս ի՞նչ սիրուն հարսիկ է: Երջանիկ ջան, չլինի՞ քո հարսնացուն է:
ԱՆԵՏԱ — Արդեն` կինը:
ՊԱՅԾԱՌ — Բալես, ե՞րբ ես ամուսնացել:
ԵՐՋԱՆԻԿ — Տիկին Անետա, մի փչացրեք տրամադրությունս, թողեք վայելեմ մորս ներկայությունը:
ԱՆԵՏԱ — Մո՞ր… Շատ աղվոր բան պատահած է: (Ցույց տալով Համեստին:) Աս հարսնացուն հղի է:
ԲՈԼՈՐԸ — Ի՞նչ…
ԱՆԵՏԱ — Պարոն Երջանիկ, Համեստը ձեր երեխային կսպասե:
ՊԱՅԾԱՌ — Ուրեմն թոռնի՞կ պիտի ունենամ… Շնորհակա՜լ եմ, Տեր Աստված:
ԱՆԵՏԱ — Ես էլ եմ Աստծուն շնորհակալ: Վերջապես հասկըցա, որ Դերենիկս ինձի չի դավաճանել, պարոն Երջանիկը աս գեղեցկուհուն հղիացրած ու փախած է:
ՄՈՍՈ — Մի րոպե, մի՛ րոպե… սա ձեզ համար ծննդատուն չէ:
ՍԱՄՍՈՆ — Նունիկ ջան, դու բան հասկանո՞ւմ ես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Սամսոն պապի, լռիր, հասկանանք, թե ինչ է կատարվում:
ԱԹԱԲԵԿ — Շնորհավորում եմ, զավակներս:
ԵՐՋԱՆԻԿ — Տո, ի՞նչն եք շնորհավորում: (Համեստին.) Ա՛յ աղջի, բացատրիր հասկանամ, էս ի՞նչ հանելուկ է:
ՀԱՄԵՍՏ — Ինձ էս վիճակով լքեցիր ու անհետացար, սրիկա՛, բայց ճակատագիրն էնպես դասավորվեց, որ էստեղ հանդիպեցինք:
ՊԱՅԾԱՌ — Իմ թոռնի՜կն է… Իմ հարսի՜կը…
ԱԹԱԲԵԿ — Մենք նրանց կամուսնացնենք «Սուրբ Աթաբեկ» նորակառույց եկեղեցում, իսկ նրանց զավակին կմկրտենք եկեղեցու բակում: Այստեղ ամուսնությունն ու մկրտությունը ավելի էժան են, որովհետև գործում է զեղչերի ճկուն համակարգ:
ԳԱԲՐԻԵԼ — Հարգարժաններս, հասկանո՞ւմ եք, թե ինչ եք խոսում:
ԱԹԱԲԵԿ — Ես առաջարկում եմ, որ պարոն Գալուստն էլ դառնա նորածնի կնքահայրը: Նա կպաշտպանի փոքրիկի իրավունքները:
ԳԱԼՈՒՍՏ — Ինձ համար մեծ պատիվ կլինի լինել հարգարժան պատգամավորի փոքրիկի կնքահայրը:
ՊԱՅԾԱՌ — Հարսիկ ջան, ո՞նց ես:
ՀԱՄԵՍՏ — Շնորհակալ եմ, բայց իմ մասին պետք չէ մտածել:
ՊԱՅԾԱՌ — Ախր, ո՞նց չմտածեմ, ա՛յ բալա:
ԱՆԵՏԱ — Նունուֆար ջան, ինձ թուղթ ու գրիչ կտա՞ս:
Նունուֆարը թուղթ ու գրիչը տալիս է Անետային:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Խնդրեմ:
ԱՆԵՏԱ — Շնորհակալ եմ: (Սկսում է գրել:) Ումի՞ց ենք սկսում:
ՍԱՄՍՈՆ — Ա՛յ կնիկ, ի՞նչ ես անում:
ԱՆԵՏԱ — Հարսանիքի հյուրերի ցուցակ կլրացնիմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Տիկին Անետա, հո չե՞ք գժվել:
ԱՆԵՏԱ — Կուզիմ ձեզի համար աղվոր բան ըրած ըլլամ, ինձի գի՞ժ կանվանիք:
ՀԱՄԵՍՏ — Ես չե՛մ ուզում ամուսնանալ այս դավաճանի հետ:
ԳԱԼՈՒՍՏ — Համեստ ջան, կյանքն էսպիսի հնարավորություն մեկ անգամ է տալիս:
ԱԹԱԲԵԿ — Դստրիկս, քեզ հուզվել չի կարելի, երեխային կվնասես:
ԳԱԲՐԻԵԼ — Եթե այստեղ մի քիչ էլ մնամ` կխելագարվեմ:
ԳԱԼՈՒՍՏ — Ուրախության առիթից դեռ ոչ ոք չի խելագարվել:
ԳԱԲՐԻԵԼ — Մեղավոր հոգիների հետ խոսելն անիմաստ է: Տիկին Պայծառ, պարոն Ազատ, խնդրում եմ, ներս եկեք, քանի դուք էլ չեք շարժել Աստծո զայրույթը:
ԱԶԱՏ — Իրոք որ, կարելի է խելագարվել: Երկիրը հիմնահատակ թաղեցին մեղքերի մեջ: (Մտնում է դրախտ:)
ՊԱՅԾԱՌ — (Երջանիկին): Ոչ մի տեղ չգնաս, ես շուտ կվերադառնամ: Կխոսեմ Աստծո հետ, չէ՞ որ նրա շնորհիվ է մարդ լույս աշխարհ գալիս: (Մտնում է դրախտ:)
ԳԱԲՐԻԵԼ — Բոլորիդ բարի ժամանց: (Մտնում է դրախտ:)
ՄՈՍՈ — Եթե ինչ-որ բանով կարողանամ օգնել, անպայման դիմեք: Ես կարող եմ միջնորդել երկնային արքայությանը, որ դատաստանի օրը մի փոքր հետաձգի:
ԳԱԼՈՒՍՏ — Պարոն Մոսո, ձեզնից շատ շնորհակալ ենք:
ՄՈՍՈ — Պարզապես մի փոքրիկ խնդիր կա:
ԱԹԱԲԵԿ — Մեզ նման Աստծո հավատացյալների համար ի՞նչ խնդիր կարող է լինել, դժոխքի տիրակալ:
ՄՈՍՈ — Միջնորդավճարը բավականին թանկ է, չէ՞ որ հատուկ դիմում-խնդրանքով պետք է գնամ ընդունարան:
ԳԱԼՈՒՍՏ — Փողը խնդիր չէ, մեր պատգամավորը բոլոր հարցերը կլուծի:
ԵՐՋԱՆԻԿ — Ինչքա՞ն է պետք, էդ դատաստանի օրը հետաձգեք:
ՄՈՍՈ — Գումարը փոխանցեք իմ հաշվեհամարին: (Այցեքարտը տալիս է Երջանիկին:) Պարոն քահանա, երկար սպասեցնել չտաք, դժոխքի տարածքում ձեր բացակայության ժամկետը շուտով լրանալու է: (Մտնում է դժոխք:)
Համեստն իրեն վատ է զգում, բռնում է գլուխը:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ձեզ ի՞նչ պատահեց, նորի՞ց սրտխառնոց…
ԵՐՋԱՆԻԿ — Սամսոն պապի, բժիշկ կանչիր, շո՛ւտ արա:
ՍԱՄՍՈՆ — Ես ի՞նչ անեմ, որ էստեղ բժիշկ չկա:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Բժշկի ծառայություններն այստեղ ավելորդ են:
ԱՆԵՏԱ — Ես կօգնեմ, նախորդ կյանքում բժշկուհի եղած եմ:
ԵՐՋԱՆԻԿ — Ինչ լավ է, որ Համեստիս վտանգ չի սպառնա:
ՀԱՄԵՍՏ — Ես քո Համեստը չե՛մ: Մեռել ենք, նո՞ր ես հիշում:
ԳԱԼՈՒՍՏ — Համեստ ջան, դու պիտի երջանիկ լինես, որ երեխայիդ հայրը մեր պատգամավորն է:
ՀԱՄԵՍՏ — Ավելի լավ է փոքրիկս առանց հայր մեծանա, քան նրա նման հայր լինի կողքին:
ԵՐՋԱՆԻԿ — Չփորձե՛ս ինձ հետ էդպես խոսել… (Ուզում է հարվածել:)
ԱՆԵՏԱ — (նրանց բաժանելով): Խելագարվե՞լ եք, չե՞ք հասկընա, թե ինչ վիճակում է:
ԳԱԼՈՒՍՏ — Իմ ապագա սանիկին կվնասեք և ինձ էլ կզրկեք նրա կնքահայրը լինելու հաճույքից:
ԱԹԱԲԵԿ — Եթե վնասվի փոքրիկը, ես անկարող կլինեմ նորակառույց եկեղեցու բակում կատարել մկրտության արարողությունը:
ՀԱՄԵՍՏ — Ինձ պետք չե՛ն ձեր օգնությունները, բոլորդ մտածում եք միայն ձեր մասին, ձեր շահի մասին: Ես պատրաստ եմ Աստծո արդար դատաստանին: Ինձ համար ինչ էլ որոշվի, պատրաստ եմ կրել պատիժս, որովհետև արժանացել եմ դրան: (Գոռում է:) Ես պատրաստ եմ դատաստանին: Դարպասները բացե՜ք… (Հարվածում է դժոխքի դարպասներին:)
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Օգնե՜ք, աղջիկը խելագարվել է:
ԱԹԱԲԵԿ — Հավանաբար որոշել է մեղքերն ավելացնել:
ԱՆԵՏԱ — Ասիկա բնականոն պահվածք չէ:
ԳԱԼՈՒՍՏ — Շատ եսասեր ու նախանձ աղջիկ է:
ՀԱՄԵՍՏ — (ազատվելով նրանցից): Թողեք, ասում եմ, ես չե՛մ ուզում ապրել:
ԵՐՋԱՆԻԿ — Մորս երջանկությունը երկրորդ անգամ չկոտրե՜ս:
ՀԱՄԵՍՏ — Բաց թո՜ղ… (Ուշաթափվում է:)
Խառնաշփոթ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Այն կյանքի իրարանցումը տեղափոխվել է այստեղ:
ԱԹԱԲԵԿ — Տեր Աստված, մեզ ազատիր մեղավորներից:
ՍԱՄՍՈՆ — Շուտով կազատի:
Շնչակտուր ներս են վազում Ազատն ու Պայծառը:
ՊԱՅԾԱՌ — Թոռնի՜կս…
Հնչում է երկնային Առաջին զանգը: Լռություն: Բոլորը նայում են երկինք:
ԱՆԵՏԱ — Համեստը կորցրեց երեխային:
ՊԱՅԾԱՌ — Ո՜չ… (Գրկում է ուշաթափված Համեստին:)
Հնչում է երկնային Երկրորդ զանգը: Լռություն: Բոլորը նայում են երկինք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Աստվա՜ծ իմ… մոտենում է:
ՍԱՄՍՈՆ — Հազիվ հասցրել էինք ընտելանալ, մարդավարի շփվել: Էլի մոտենո՞ւմ է:
ԱԹԱԲԵԿ — Իսկ «Սուրբ Աթաբեկ» եկեղեցու կառուցումը ի՞նչ պիտի լինի…
ԱԶԱՏ — Մեկը լիներ, քեզ օգներ, պարոն քահանա:
ԱԹԱԲԵԿ — Լռի՛ր, հաշմանդամ սրիկա:
Հնչում է երկնային Երրորդ զանգը: Լռություն: Բոլորը նայում են երկինք:
ԵՐԿՆԱՅԻՆ ՁԱՅՆ — Ուշադրություն, դարպասները բացվում են:
Դրախտի և դժոխք դարպասները բացվում են: Դուրս են գալիս Գաբրիելն ու Մոսոն` դիմակներով, յուրաքանչյուրը մնում է իր դարպասի մոտ կանգնած: Համեստն ուշքի է գալիս: Երջանիկը, Գալուստը նստում են Անետայի և Համեստի կողքին: Ազատը հպարտ կեցվածքով նստած է: Պայծառը ծնկի է եկել նրա կողքը և ձեռքերը երկինք է պարզել: Սամսոնը զինվորի պես կանգնած է, իսկ Նունուֆարը նստած է սեղանի մոտ: Մոսոն, ժամացույցին նայելով, Աթաբեկին ցույց է տալիս դժոխքի կողմը: Աթաբեկը երեսը խաչակնքելով մտնում է դժոխք: Մոսոն գրպանից հանում է արնոտ թուղթը, կարդում ու ցույց է տալիս Համեստին: Սամսոնը բռնում է Համեստի թևը:
ՀԱՄԵՍՏ — Ստանում եմ այն, ինչին արժանի եմ:
Սամսոնը Համեստին տանում է դժոխք, վերադառնում է: Մոսոն մատնացույց է անում Անետային:
ԱՆԵՏԱ — Բայց ի՞նչ մեղք գործած եմ, որ ինձ դժոխքի վառ բոցերուն կարժանացնիք: Ամուսնուս հետ միայն գինի խմած եմ… Դերենի՜կ… Դերենի՜կ…
Սամսոնը Անետային տանում է դժոխք, վերադառնում է: Մոսոն մատնացույց է անում Գալուստին:
ԳԱԼՈՒՍՏ — Չէ, խնդրում եմ, խղճացեք ինձ: Ես իրավունքները լավ գիտեմ: Խոստանում եմ, եթե ինձ դրախտ ուղարկեք, ես կպաշտպանեմ Աստծո շահերը:
Սամսոնը Գալուստին դժոխք է տանում, վերադառնում է: Երջանիկն ու Պայծառը նայում են իրար: Պայծառն ուզում է մոտենալ Երջանիկին, Գաբրիելը թույլ չի տալիս: Մոսոն մատնացույց է անում Երջանիկին:
ՊԱՅԾԱՌ — Խնդրում եմ, իմ բալային մի տարեք…
ԵՐՋԱՆԻԿ — Մա՜մ…
ՊԱՅԾԱՌ — Ինձ երկրորդ անգամ մի զրկեք իմ զավակից:
ԵՐՋԱՆԻԿ — Մամ ջան, խնդրում եմ, ինձ ներիր: Ներիր ամեն ինչի համար: Ներիր, որ ամբողջ կյանքում քեզ միայն ցավ եմ պատճառել:
ՊԱՅԾԱՌ — Իմ Երջանիկ դժբախտ բալային մի տարեք, նրա փոխարեն ինձ ուղարկեք դժոխք: Ես կարող եմ այնտեղ դիմանալ: Իմ Երջանիկը թող գնա դրախտ, թողեք գոնե այնտեղ երջանիկ ապրի:
ԵՐՋԱՆԻԿ — Չէ, մա՜մ, դրախտը ինձ նմանների համար չէ: Դրախտում Ազատի և քեզ նման մարդիկ պիտի ապրեն, որպեսզի Աստված միշտ ժպտա ձեզ տեսնելիս: Ես իրավունք չունեմ այնտեղ ոտք դնելու, ես մեղավոր եմ, չգնահատեցի, ինչ Աստված ինձ տվել էր…
Սամսոնը Երջանիկին տանում է դժոխքի դարպասներից ներս:
ՊԱՅԾԱՌ — Երջանի՜կ… (Անզորացած ընկնում է հատակին:)
Գաբրիելն ու Ազատը Պայծառին բարձրացնում են: Սամսոնը գալիս, կանգնում է իր տեղում: Մոսոն բարձրաձայն ծիծաղում է, Նունուֆարին ձեռքով ինչ-որ բան է հասկացնում և մտնում է դժոխք: Գաբրիելը գլխահակ, Ազատի ու Պայծառի հետ մտնում է դրախտ: Սամսոնը գնում է «Ընդունող հանձնաժողով» դռնով:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (հեռախոսով): Արտո ջան, Մոսոն էլի վառելիք է պատվիրել…
Ամսագրային տարբերակ