Գոհար ՄԱՐԿՈՍՅԱՆ-ԿԱՍՊԵՐ / ՀՈՒՇԱՐՁԱՆ
Գործող անձինք
ՄԱՅՐ
ԿԱՐԻՆԵ — նրա դուստրը
ՍՈՒՐԵՆ — Կարինեի ամուսինը
ՀԱՍՄԻԿ — նրանց դուստրը
ԻՆՆԱ — հարսը
Գործողությունը կատարվում է նույն սենյակում:
ՏԵՍԱՐԱՆ. Մայրը նստած է բազմոցին: Մտնում է Կարինեն, նրան հետևում է Իննան:
ՄԱՅՐ — Ցերեկը Գուրգենը զանգեց, ասաց, հարմար քար է գտել: Գնացի տեսա` դուրըս եկավ: Քարտաշների հետ էլ խոսեցի, արհեստանոց տեղափոխելու համար էլ… Մնում է` փողը մուծենք:
ԿԱՐԻՆԵ — Ինչքա՞ն:
ՄԱՅՐ — Հեչ, չորս հազար:
ԻՆՆԱ — Չորս հազա՞ր…
ՄԱՅՐ — Թանկ է, բայց ճարներս ի՞նչ, ավելի էժան կարգին բան չենք գտնի: Լավ քար է, մեծ:
ԻՆՆԱ — Իսկ փողը որտեղի՞ց պիտի ճարենք:
ՄԱՅՐ — Որտեղի՞ց… դու ոնց որ մոռացել ես, որ իմ որդին ետ գցած փող ուներ:
ԻՆՆԱ — Ուզում եք ասել` իմ ամուսի՞նը:
ՄԱՅՐ — Մինչև քեզ ամուսինը դառնալը նա քառասուն տարի իմ տղան է եղել:
ԻՆՆԱ — Դա ոչինչ չի նշանակում: Հիմա կարևորն այն է, որ մնացել եմ մենակ, երկու երեխա ձեռքիս ու միտք չունեմ ամեն մի հիմարության համար փող շաղ տալ: Այդ փողով երեխաներիս պիտի պահեմ, մեծացնեմ:
ՄԱՅՐ — Հիմարությա՞ն… դու հիմարություն ես համարում էն, որ… Քեզ համար ամուսնուդ հիշատակը ոչինչ չի՞ նշանակում:
ԻՆՆԱ — Մարմարե անմիտ քարով չէ, որ պիտի նրան հիշեմ: Այդ քարերի կարիքը երևի նրանք ունեն, ովքեր գոնե քարին նայելով իրենց վիշտը կբորբոքեն:
ՄԱՅՐ — Ո՞նց ես համարձակվում… ո՞նց ես համարձակվում քո վիշտը համեմատել իմի հետ, մինուճար որդուն կորցրած մոր վշտի հետ: Դու… դու, որ նրա խելքը կերար, ճանկդ գցեցիր… միայն մի բանի համար…
ԻՆՆԱ — Ինչի՞ համար… Չլինի՞ այս քնձռոտ երեք սենյակի համար: Աղջկադ, նրա ամուսնու, երեխաների հետ անընդհատ վեճ ու կռվի համար, գզվռտոցի ու շան կյանքի համար… թե՞ եղած-չեղած մի քանի հազարի համար, որ նա մի կերպ ետ էր գցել տասնհինգ տարում:
ՄԱՅՐ — Ձե՛նդ:
ԿԱՐԻՆԵ — Պետք չէ, մամ, հանգստացիր:
ՄԱՅՐ — Հանգստացի՜ր… Տեր աստված, իմ խեղճ տղան ամբողջ կյանքում ճորտի պես աշխատեց, հոգին ելավ, որ հիմի ափսոսան գոնե մի թեթև քար դնել գերեզմանին, որ նրա գերեզմանը հողին հավասարվի, խոտ ու փշով ծածկվի, որ մարդիկ գան ու մատով ցույց տան` ըհը՛, տեսե՛ք, ինչ անխիղճ-անաստված մայր է ունեցել, որ փողը խնայել ու որդու գերեզմանն էսպես առանց քար է թողել:
ԻՆՆԱ — Ա՛յ, հենց դա է… ձեզ համար կարևոր է, թե ինչ կասեն մարդիկ, մատով ցույց կտան, ոչ թե…
ԿԱՐԻՆԵ — Վերջ տուր, Իննա, ո՞նց է լեզուդ պտտվում…
ԻՆՆԱ — Ոնց է պտտվում, ոնց չի պտտվում` չգիտեմ: Մի բան գիտեմ` Վիլիկի փողից ոչ մի կոպեկ չպիտի ծախսվի այդ անմտության վրա: Այդ փողը պատկանում է իմ երեխաներին:
ՄԱՅՐ — Առայժմ ես եմ էս տան տերը, ոնց ասեմ` էնպես էլ պիտի լինի:
ԻՆՆԱ — Դեռ կտեսնենք:
ՄԱՅՐ — Կտեսնե՞նք… Տես, է՛, ոնց է էս անամոթը խոսում հետս: Էլ համբերություն չթողեց, պիտի դուրս քշեմ… Դո՛ւրս իմ տնից:
ԻՆՆԱ — Այս տունը որքան ձերն է, այդքան էլ իմն է: Ես այստեղ գրանցված եմ ու ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ:
ՄԱՅՐ — Որ էդպես է` ե՛ս կգնամ:
ԻՆՆԱ — Խնդրե՛մ:
Մայրը դուրս է գնում` դուռը շրխկացնելով:
ՏԵՍԱՐԱՆ. Իննա, Կարինե:
ԿԱՐԻՆԵ — Ինչո՞ւ վիրավորեցիր մամային: Դու իսկապե՞ս մտածում ես, որ նա քեզնից պակաս է տանջվել:
ԻՆՆԱ — Չեմ մտածում, բայց համաձայնվիր, որ այսպես էլ չի կարելի: Այդքան փող քամուն տալ… իսկ իմ երկու երեխանե՞րը, մեծս ընդամենը տասնչորս տարեկան է: Չե՞ս մտածում, ինչպես եմ պահելու նրանց, իմ հարյուր տասը ռուբլո՞վ:
ԿԱՐԻՆԵ — Հասկանում եմ քեզ, բայց մամային էլ պետք է հասկանալ: Ախր, իսկապես չի կարելի Վիլիկի գերեզմանը էդպես թողնել: Գուցե մաման չափն անցնում է հուշարձանի հարցում, բայց ինչ-որ քար պետք է դնել, չէ՞:
ԻՆՆԱ — Է՛, կդնենք: Փոքրիկ, սիրուն սալաքար, ու վերջ: Ո՞ւմ է պետք այդ ցուցամոլությունը:
ԿԱՐԻՆԵ — Օֆ, չգիտեմ… բայց գուցե…
ԻՆՆԱ — Կներես, բայց դու էլ մորիցդ պակասը չես: Ինչ կասեն-ինչ չեն ասի-մատով ցույց կտան: Տես, ինչ ես դարձել, քեզ չես հետևում, ի՞նչ ես ուզում դրանով ասել: Որ աշխատակիցներդ նայեն քեզ, իրար մեջ փսփսա՞ն` ախ, խեղճ աղջիկ, ո՜նց է դարդ անում եղբոր համար: Դա՞ է քեզ պետք: Իսկ ես չեմ ուզում, որ ինձ խղճան, տեսնո՞ւմ ես, ոնց եմ ինձ հետևում: Իսկ գուցե իմ սիրտը բոլորիդ սրտից շատ է ցավում… ասենք, ի՞նչ իմանաս: Ամեն օր գերեզմանոց չեմ գնում, ձեռքերս երկինք չեմ տնկում ու մորդ պես ողբ ու լաց չեմ դնում… կամ քեզ պես մազերս գզգզված ման չեմ գալիս: Էհ, միևնույն է, չես հասկանա: (Սենյակից գնում է:)
ՏԵՍԱՐԱՆ. Կարինե:
ԿԱՐԻՆԵ — Հա, իհարկե, ո՞նց հասկանամ, հո քեզ պես զարգացած չե՞մ: Երեք տարի է` կինո չեմ գնացել, չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ձեռքս գիրք վերցրել: Երբ որ պետք էր երեխային մոտս թողնել ու առողջարան գնալ` հասկացող էի, իսկ հիմա…
ՏԵՍԱՐԱՆ. Սուրեն, Կարինե:
ՍՈՒՐԵՆ — (սենյակ է մտնում): Էլի լա՞ց ես լինում: Լավ, հերիք չէ՞, արդեն կես տարի է անցել:
ԿԱՐԻՆԵ — Դրա համար չեմ լալիս:
ՍՈՒՐԵՆ — Բա ինչի՞: Մորդ հե՞տ ես կռվել:
ԿԱՐԻՆԵ — Չէ:
ՍՈՒՐԵՆ — Պարզ է, Իննայի հետ: Ինչի՞ համար եք մի գլուխ վիճում, չհոգնեցի՞ք:
ԿԱՐԻՆԵ — Էլ չեմ դիմանում… Էս տանը էլ չեմ կարող մնալ, Սուր, չեմ կարող:
ՍՈՒՐԵՆ — (գրկում է նրան): Իսկ ես կարո՞ղ եմ: Դու գոնե տանջվում ես հարազատ մորդ աչքի առաջ, իսկ ես` զոքանչի… մի հատ պատկերացրո՞ւ: Երեխեքի լացն ու ղժժոցն էլ… Ոչ կարդալ է լինում, ոչ հեռուստացույց նայել: Նստելու տեղ չկա, ի՞նչ հեռուստացույց: Աշխատելու մասին չեմ ասում` մի գիծ քաշելն անհնար է, մեկ Հրանտիկն է դուրս թռչում ոտքերիս տակից, մեկ դու ես դիպչում ձեռքիս, մեկ հարսդ է խանգարում… Լավ, մի լա, հո քեզ բան չե՞մ ասում: Քիչ մնաց, շուտով որոշումը կլինի, ու մի կես տարուց կսկսվի շինարարությունը: Մեր սեփական բնակարանը կունենանք: Վաղուց կունենայինք, եթե մեր էս հիմարությունը չլիներ:
ԿԱՐԻՆԵ — Ի՞նչ իմանայինք, որ Վիլիկը կորոշի նորից Երևան գալ: Էնպես կտրական էր ասում` ո՛չ մի դեպքում, երբե՛ք:
ՍՈՒՐԵՆ — Շատ էլ ասում էր… Մեկ էլ, ըհը՛, հայտնվեց: Էն էլ` կնոջ ու երեխայի հետ: Բարև ձեզ, ես ձեր եղբայրն եմ, ազատեք, խնդրեմ, բնակարանը:
ԿԱՐԻՆԵ — Նա էդպիսի բան չի ասել: Իմ եղբայրը չէր կարող…
ՍՈՒՐԵՆ — Լավ, չէր կարող, չէր կարող, մի փշոտվի: Պարզապես իր տունը եկավ: Ու վերջ:
ԿԱՐԻՆԵ — Գոնե մեռածների մասին կարո՞ղ ես հարգանքով խոսել:
ՍՈՒՐԵՆ — Ինչ ասացի՞ որ… Դու գիտես, միշտ էլ սիրել եմ նրան, մեզ ի՞նչ կա, տղամարդիկ իրար հետ հաշտ են ապրում, էդ դուք եք մի գլուխ կռվշտում:
ՏԵՍԱՐԱՆ. Սուրեն, Կարինե, Հասմիկ:
ՀԱՍՄԻԿ — (սենյակ է մտնում): Մա, ես գնում եմ, կգամ տասնմեկին:
ՍՈՒՐԵՆ — Էդ ո՞ւր է գնում իմ գեղեցկուհին:
ԿԱՐԻՆԵ — Ընկերուհու տուն:
ՀԱՍՄԻԿ — Մեր աղջիկներից մեկի ծննդյան օրն է: Մայրիկը գիտի:
ՍՈՒՐԵՆ — Հա-ա… Լավ, գնա, գնա:
ՏԵՍԱՐԱՆ. Սուրեն, Կարինե, Հասմիկ, Մայր:
ՄԱՅՐ — (հայտնվում է շեմին): Ո՞ւր, հո չե՞ք գժվել: Էդ ո՞ւր է գնում:
ՀԱՍՄԻԿ — Ծնունդի:
ՄԱՅՐ — Ի՞նչ ծնունդ, ի՞նչ բան, քեռիդ մեռել է, իսկ դու` ծնունդի՞…
ՀԱՍՄԻԿ — Արդեն ինչքան ժամանակ է անցել:
ՄԱՅՐ — Չորս ու կես ամիս:
ԿԱՐԻՆԵ — Մամ, բայց տասնինը տարեկան աղջիկը չի կարող ամբողջ տարին տանը նստել: Սարսափելի ոչինչ չի պատահի, եթե գնա ընկերուհու մոտ: Ընդամենը մի քանիսն են լինելու, ընկեր-ընկերուհիները:
ՄԱՅՐ — Ավելի՛ վատ: Բոլորն էլ եկել են թաղմանը, ի՞նչ կմտածեն, եթե Հասմիկն իրենց հետ քեֆ-ուրախություն անի: Ամոթ է, հասկացե՛ք:
ՀԱՍՄԻԿ — Բայց, տատի…
ՄԱՅՐ — Լավ, գնա, գնա, արա սրտիդ ուզածը, երգիր, պարիր, ուրախացիր, էլ ոչ մի բանի չեմ խառնվի: Էս տանը ես չկամ, մենակ տղես էր սիրում ինձ, իմ խեղճ բալեն… (Արտասվելով դուրս է գնում:)
ՏԵՍԱՐԱՆ. Սուրեն, Կարինե, Հասմիկ:
ՀԱՍՄԻԿ — (անզոր): Ի՞նչ անեմ, մա:
ԿԱՐԻՆԵ — Ոչ մի տեղ էլ մի գնա:
ՀԱՍՄԻԿ — Բայց, մա…
ԿԱՐԻՆԵ — Խնդրում եմ, քեզ, Հասմիկ: Իմ խաթեր համար:
ՀԱՍՄԻԿ — Քո խաթեր համար, քո խաթեր համար… Իսկ ի՞մ խաթեր համար երբ պիտի լինի: Չէ, ոչինչ, ես կմնամ, բայց կարելի՞ է էսպես…
ԿԱՐԻՆԵ — Հասկացիր, աղջիկս, նա բոլորիցս շատ է տանջվում: Մայր է, չէ՞… դեռ չգիտես, ինչ ասել է մայր: Նա ծանր է տանում ամեն ինչ, պիտի աշխատենք հետը չվիճել, ի վերջո, կարելի է, չէ՞, ինչ-որ բան զոհել:
ՀԱՍՄԻԿ — Ինչ-որ բա՞ն: Կարծում ես` չե՞մ տեսնում… Ես արդեն մեծ եմ, մա, դու չես նկատում, ախր, տեսնում եմ, թե ոնց է քեզ իրեն ենթարկել ամեն ինչում: Իսկ դու անում ես նրա ուզածը ոչ թե որ մտածում ես` ինքը ճիշտ է, այլ պարզապես զոհում ես: Ամեն ինչ ես զոհում, ինչքա՞ն կարելի է…
ԿԱՐԻՆԵ — Հեշտ ես դատում: Կարծում ես, նա ինձ համար ոչինչ չի՞ զոհել:
ՀԱՍՄԻԿ — Իհարկե, նա էլ քեզ համար է ինչ-որ բան զոհել, դա բնական է` հարազատ մայրդ է, չէ՞, բայց դու ավելին ես արել: Ու վատն այն է, որ նա սովորել է դրան, մտածում է, որ էդպես էլ պիտի լիներ: Բայց ինձ հետ նույն ձևով չի կարելի վարվել, թող լավ իմանա: Այսօր ես չեմ գնա, բայց ոչ նրա դատարկ նախապաշարումների պատճառով, այլ քեզ համար: Գիտեմ, որ փնթփնթալու է վրադ` էնպես չես դաստիարակել աղջկադ, որ հարգի մեծին: (Դուրս է գնում:)
ՏԵՍԱՐԱՆ. Սուրեն, Կարինե:
ՍՈՒՐԵՆ — Ճիշտ որ մեր աղջիկը մեծացել է… Լավ, բակ իջնեմ, շախմատ խաղալու: Պետք եղավ` կանչիր: (Գնում է:)
ՏԵՍԱՐԱՆ. Կարինե, Իննա:
ԻՆՆԱ — (դռնից ներս նայելով): Տանն ես, չէ՞… Հրանտիկի հետ մի քիչ ման գամ, խեղճ երեխան ամբողջ օրը չորս պատի մեջ է: Փոքրը քնած է, աչքդ վրան պահիր, լա՞վ: Չեմ կարծում, որ զարթնի, բայց մեկ-մեկ նայիր: Հուսով եմ, քեզ դժվար չէ…
ԿԱՐԻՆԵ — Չէ, ինչ ես ասում: Գնա:
ՏԵՍԱՐԱՆ. Կարինե, Մայր:
ՄԱՅՐ — (սենյակ է մտնում): Կարիկ, աղջիկս, ուզում եմ հետդ խոսել:
ԿԱՐԻՆԵ — Ի՞նչ է որ, մա:
ՄԱՅՐ — Հա՛ գլուխ եմ կոտրում, թե որտեղից փող ճարենք: Էն անպետքն իսկապես չի տա, իսկ առանց նրա համաձայնությանը չեմ կարող վերցնել:
ԿԱՐԻՆԵ — Նա անպետք չէ, մա, իր երեխաների մասին է մտածում: Ոնց որ դու…
ՄԱՅՐ — Իսկ քո կարծիքով, ես չե՞մ մտածում նրա երեխեքի մասին: Իմ թոռների մասին: Վերջապես, նա մենակ չէ, հո Վիլիկի երեխեքին փողոց չե՞նք գցի. ես կօգնեմ, դու կօգնես: Հետո` հո մտքովդ չի՞ անցնում, որ էդ թեթևսոլիկը պատրաստվում է մենակ ապրել:
ԿԱՐԻՆԵ — Պետք չի, մամ:
ՄԱՅՐ — Ինչի՞ ես դրան պաշտպանում, հը՞: Ինչի՞ ես բոլորին պաշտպան կանգնում, էդ ի՞նչ բնավորություն է քո բնավորությունը: Մի երեսիդ խփում են` մյուսդ ես դեմ անում: Նա մի գլուխ քեզ կոպտում է, իսկ դու… Ինքնասիրություն չունե՞ս: Հպարտություն չունե՞ս:
ԿԱՐԻՆԵ — Հա, երևի չունեմ, որ թույլ եմ տալիս` էդպես խոսես ինձ հետ:
ՄԱՅՐ — Ինձ ամեն ինչ կարելի է, ես մայր եմ: Իսկ նա՞ ով է… Լավ, հիմի դրա մասին խոսելու ժամանակը չի: Ուրեմն, մտածում էի, մտածում…
ԿԱՐԻՆԵ — Ու գտա՞ր:
ՄԱՅՐ — Գտա: (Կարճ դադար:) Ախր, Սուրիկն ու դու փող ունեք: Մի վախենա, կտամ, թոշակս կհավաքեմ` կտամ:
ԿԱՐԻՆԵ — Բայց դու գիտես, որ էդ փողը կոոպերատիվ բնակարանի համար է: Ու շուտով առաջին մուծումը պիտի անենք:
ՄԱՅՐ — Լավ, մի երկու տարի չե՞ք կարող սպասել: Փառք աստծու, փողոցում չեք, վարձով չեք ապրում, ձեր մոր մոտ եք, հարազատ մոր մոտ:
ԿԱՐԻՆԵ — Դու գիտես, որ արդեն երրորդ տարին երազում ենք բնակարանի մասին: Ինչքա՞ն կարելի է էսպես ապրել:
ՄԱՅՐ — Ինչո՞վ քեզ հարմար չէ մեր կյանքը:
ԿԱՐԻՆԵ — Սա ընդհանրապես կյանք չէ, մամ, հասկացիր, մենք էլ իրավունք ունենք աշխատանքից հետո նստել, խոսել, հանգստանալ: Արդեն ուսանող աղջիկ ունեմ: Մի՞թե երբեք հյուրասենյակ չպիտի ունենանք, որ ընկերները գան աղջկաս մոտ, որ մեր ընկերները մեզ հյուր գան: Ամբողջ կյանքում Սուրենը բակում շախմատ չի՞ խաղալու, վերջապես, ես իրավունք ունեմ գոնե երբեմն մենակ մնալ ամուսնուս հետ:
ՄԱՅՐ — Միանգամից ասա, որ հոգնել ես ինձնից, որ ուզում ես ազատվել իմ փնթփնթոցից: Հա, երևի մեկ-մեկ ջղայնացնում եմ քեզ, ծերացել եմ, հա, փնթփնթում եմ…
ԿԱՐԻՆԵ — Պետք չէ, մամ, ուրիշ բան էի ուզում ասել, ինձ սխալ հասկացար:
ՄԱՅՐ — Մտքովդ անցե՞լ է, իմ օրն ի՛նչ կլինի, եթե ուրիշ տեղ գնաս ապրելու: Ուզում ես` էստեղ մենա՞կ մնամ Իննա չեղածի հետ: Ախր, նա ինձ գերեզման կիջեցնի, հարազատ մորդ չե՞ս խղճում, Կարոչկա:
ԿԱՐԻՆԵ — Քեզ էլ հետս կտանեմ:
ՄԱՅՐ — Ի-ի՜նչ: Թողնեմ, որ ինձ դուրս հանեն իմ սեփական տնի՞ց: Որտեղ ապրել եմ երեսունհինգ տարի՞: Չէ, Կարինե… Գիտե՞ս ինչ, արի մի քիչ սպասիր, մի երկու տարի, ես երկար ապրողը չեմ: Սպասիր, մինչև կմեռնեմ, ու հետո ապրիր` ոնց կուզես: Չես կարող թողնել, որ մնացած կյանքս հանգիստ չապրեմ, ինձ` հարազատ մորդ…
ԿԱՐԻՆԵ — Ինչ ուզում ես` արա, մամ, ինչ ուզում ես… Վերցրու մեր փողը, հուշարձան կանգնեցրու, դամբարան կառուցիր, խնդրեմ, ինձ համար մեկ է:
ՄԱՅՐ — Թե երեսով ես տալու, որ հարազատ եղբորդ…
ԿԱՐԻՆԵ — Մամ, հանգիստ թող ինձ, խնդրում եմ: Ասացի, չէ՞, ինչ ուզում ես, արա, միայն, ի սեր աստծու, ինձ հանգիստ թող: (Դուրս է վազում:)
ՏԵՍԱՐԱՆ. Հասմիկ, Իննա:
Իննան սենյակն է հավաքում: Մտնում է Հասմիկը` քնաթաթախ, պիժամայով:
ՀԱՍՄԻԿ — Իսկ ո՞ւր են մերոնք:
ԻՆՆԱ — Ո՞վ է քեզ հետաքրքրում:
ՀԱՍՄԻԿ — Ասենք` մամաս:
ԻՆՆԱ — Շուկա է գնացել:
ՀԱՍՄԻԿ — Էսքան շո՞ւտ:
ԻՆՆԱ — Շո՞ւտ… իսկ գիտե՞ս` ժամը քանիսն է:
ՀԱՍՄԻԿ — (նայելով ժամացույցին): Տասնմեկն անց կես: Տես, է՛:
ԻՆՆԱ — Քնելուց լավ ես, օրիորդ:
ՀԱՍՄԻԿ — Ախր, ուշ քնեցի, մինչև երեքը կարդում էի:
ԻՆՆԱ — Ու տատդ չփնթփնթա՞ց վրադ:
ՀԱՍՄԻԿ — Նրա քնելուց հետո լամպը վառեցի:
ԻՆՆԱ — Եվ ի՞նչ էիր կարդում:
ՀԱՍՄԻԿ — Հիմար մի վեպ, նույնիսկ վերնագիրը չեմ հիշում: Բոլորը սիրում են մեկմեկու, կրակում իրար վրա, վերջն էլ մեկը կախվում է: Անհույս սիրուց: Հեղինակը որտեղի՞ց է գտել էդ տեսակ մարդկանց: Թե՞ տասնութերորդ դարում իսկապես եղել են նման բաներ:
ԻՆՆԱ — Երևի եղել են: Գուցե չեն եղել: Թեև հիմա էլ ինչ ասես լինում է:
ՀԱՍՄԻԿ — Լավ, էլի… ու կախվո՞ւմ են: Մենամարտո՞ւմ: Ինչ-որ չեմ տեսել:
ԻՆՆԱ — Դեռ քիչ բան ես տեսել դու: Գնա հագնվիր, սկեպտիկ:
ՀԱՍՄԻԿ — Իսկ տատի՞ն ուր է, հո զբոսնելու չի՞ գնացել երեխեքի հետ:
ԻՆՆԱ — Զբոսնելո՜ւ… անհարմար չէ՞: Արհեստանոց է գնացել, քարտաշներին հրահանգներ տալու: Հիմա նրա միակ գործը դա է: Իսկ Հրանտիկը բակում է, եղբորդ հետ:
ՀԱՍՄԻԿ — Իսկ պապան չի՞ եկել:
ԻՆՆԱ — Պապադ իր համար քեֆ է քաշում:
ՀԱՍՄԻԿ — Ինչո՞ւ ես էդպես ասում: Նա ընկերոջ մոտ է:
ԻՆՆԱ — Հա, բա ո՞նց, գիտենք այդ ընկերներին:
ՀԱՍՄԻԿ — Իննա՛…
ԻՆՆԱ — Ի՞նչ: Կարծում եմ, էլ փոքր չես, թե՞ արդեն մորդ ու տատիդ պատճեն ես դառնում` ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է, մեր ընտանիքի պես ընտանիք չկա… Միայն թե մեկը չտեսնի, գլխի չընկնի, չբամբասի: Ի դեպ, հորդ էլ եմ հասկանում, ինչքա՞ն կարելի է այսպես ապրել: Տունը լիքը մարդ, կարգին նստելու, պառկելու տեղ չկա, զոքանչի փնթփնթոց, ախուվախ… Իսկ կինը` ի՞նչ կին, կարծես ձևի համար է, մի սենյակում տասներկու տարեկան տղայի հետ: Լավ, լավ, էլ չեմ խոսի: Գնա հագնվիր, կմրսես:
ՀԱՍՄԻԿ — Իննա, իսկապե՞ս կարծում ես, որ պապան… Իննա՜…
ԻՆՆԱ — Հանգստացիր, ի սեր աստծու, ոչինչ էլ չեմ կարծում, կատակ արեցի: Ըհը, երևի մայրդ է, դուռը բաց:
Հասմիկը գնում է:
ՏԵՍԱՐԱՆ. Կարինե, Իննա:
ԿԱՐԻՆԵ — (մտնում է սենյակ): Սուրիկը չի՞ զանգել:
ԻՆՆԱ — Չէ:
ԿԱՐԻՆԵ — Չէ՞… (Աննպատակ շրջում է սենյակում:)
ԻՆՆԱ — Գուցե մի քիչ քնե՞ս, երևի ամբողջ գիշեր մտածել ես: Կամ, ուզո՞ւմ ես, սուրճ դնեմ, կթարմացնի:
ԿԱՐԻՆԵ — Սո՞ւրճ… չէ, շնորհակալ եմ:
ԻՆՆԱ — Իզուր ես քեզ տանջում: Ամեն ինչ լավ կլինի:
ԿԱՐԻՆԵ — Ինչո՞ւ պիտի տանջեմ, երևի դեռ չեն եկել Դիլիջանից:
ԻՆՆԱ — Դիլիջանի՞ց:
ԿԱՐԻՆԵ — Երեկ Լյուդվիգի հետ Դիլիջան պիտի գնար, աշխատանքից հետո, երևի չեն կարողացել վերադառնալ:
ԻՆՆԱ — Գոնե ինձ մոտ մի կեղծիր: Լավ, ինչո՞ւ ես քեզ միամիտի տեղ դրել, դու էլ, ես էլ շատ լավ գիտենք, թե որտեղ է և ում հետ է: Եթե դավաճանում է քեզ ու դու ներում ես նրան, գոնե համարձակություն ունեցիր…
ԿԱՐԻՆԵ — Վե՛րջ տուր:
ԻՆՆԱ — …համարձակություն ունեցիր ասել` հա, ինձ դավաճանում է, բայց ներում եմ իրեն: Որովհետև սիրում եմ, առանց նրան չեմ կարող ապրել:
ԿԱՐԻՆԵ — Եթե էդքան ամենագետ ես, ուրեմն առանք խոսքի էլ կարող ես հասկանալ, թե ինչու եմ ներում: Հանուն երեխաների, միայն հանուն երեխաների, նրանց հայր է պետք: Ես հասած աղջիկ ունեմ, չեմ ուզում, որ գան նշանելու և իմանան` հայր չունի գլխին… Հանուն երեխաների եմ համբերում, Իննա:
ԻՆՆԱ — Հանուն երեխաների: Ախ, ի՜նչ անձնազոհություն: Բայց դու էլ գիտես, որ երեխաները կապ չունեն: Որ բաժանվես` նա էլի երեխաների հայրը կմնա, բայց էլ քո ամուսինը չի լինի, սա է խնդիրը: Մայրական զգացումների տակ ուզում ես թաքցնել քո սերը, կարծես սիրելն ամոթ է: Թե ո՞վ է դա քեզ ներշնչել… Սիրում ես` սիրիր, ի՞նչ վատ է որ…
ԿԱՐԻՆԵ — Դու ոչինչ չես հասկանում:
ԻՆՆԱ — Ուրեմն բացատրիր: Բացատրես` գուցե հասկանամ, այդքան էլ բութ չեմ:
ԿԱՐԻՆԵ — Չասացի` բութ ես, պարզապես… պարզապես դու երբեք իմ վիճակում չես հայտնվի: Տեր աստված, եթե իմանայիր` ինչ ստորացուցիչ է ձևացնելը, թե գլխի չես ընկնում, ոչինչ չես հասկանում: Ամենասարսափելին էն է, որ ինքն էլ է հասկանում, տեսնում է, որ աչք եմ փակում արածի վրա: Եթե կարողանայի նրան ասել` գնա… Բայց չէ, չեմ կարող:
ԻՆՆԱ — Ինչո՞ւ:
ԿԱՐԻՆԵ — Չե՞ս հասկանում: Իսկ եթե իսկապե՞ս գնա: Շուռ գա ու գնա:
ԻՆՆԱ — Ուրեմն, այնուամենայնիվ, սիրում ես նրան, չէ՞… Լսիր, ո՞նց կարելի է այդ տեսքով… նայիր հայելու մեջ: Քառասուներկու տարեկան ես, դու պիտի վարսավիրանոցներից, կոսմետիկ կաբինետներից դուրս չգաս, լավ հագնվես, քեզ հետևես: Եթե գոնե մեկ տղամարդու նկատմամբ անտարբեր չես, պիտի քո մեջ հարգես կնոջը:
ԿԱՐԻՆԵ — Ուրեմն, քո կարծիքով, ես պիտի հրապուրեմ իմ սեփական ամուսնո՞ւն:
ԻՆՆԱ — Նորի՜ց… ազնիվ խոսք, անուղղելի ես: Սեփական ամուսնուն… Լավ, մի՞թե կարծում ես, թե տղամարդուն անձնագրի կնիքն ավելի մեծ հաճույք է պատճառում, քան կանացի հրապույրը: Հիշո՞ւմ ես մի դեպք, որ Վիլիկն աչք գցած լինի ուրիշ կնոջ: Թեկուզ մեկ անգամ:
ԿԱՐԻՆԵ — Նա քեզնից մեծ էր տասնհինգ տարով:
ԻՆՆԱ — Ճիշտ է: Իսկ Սուրիկը քեզնից փոքր է երկու տարով ու տղամարդ է, մի ամբողջ կյանք ունի առջևում, այնինչ դու…
ԿԱՐԻՆԵ — Ինձ համար արդեն ուշ է փոխվելը, Իննա:
ԻՆՆԱ — Լավ, լավ, դու գիտես, բայց զգուշացնում եմ` կթողնի, կգնա: Միայն առիթի է սպասում: Այ, հենց իմացավ փողի մասին…
ԿԱՐԻՆԵ — Դու է՞լ ես ինձ երեսով տալիս:
ԻՆՆԱ — Հիմար ես, դու, Կարիկ, հիմար, ես խղճում, ափսոսում եմ քեզ:
ՏԵՍԱՐԱՆ. Կարինե, Իննա, Հասմիկ:
ՀԱՍՄԻԿ — (հայտնվելով շեմին): Ի՞նչ փողի մասին է խոսքը:
ԿԱՐԻՆԵ — Ոչ մի… հենց էնպես…
ԻՆՆԱ — Չէ, ինչո՞ւ` հենց էնպես…. Մեծ աղջիկ է, ինքն էլ պիտի իմանա: Ուրեմն, տատիդ սրտաճմլիկ խոսքերից հետո մամադ սովորականի պես փափկեց ու հավաքած փողերը տվեց, որ նա մի նոր Թաջ Մահալ կառուցի:
ՀԱՍՄԻԿ — Ո՞նց թե… ուրեմն մենք մեր սեփական բնակարանը չե՞նք ունենալու: Իսկ պապան համաձա՞յն է:
ԻՆՆԱ — Հայրդ տեղյակ չէ: Ու ես վախենում եմ, որ իմանալուց հետո դուք ոչ միայն բնակարան չունենաք, այլև…
ԿԱՐԻՆԵ — Ինչո՞ւ էդքան չարալեզու ես, Իննա:
ԻՆՆԱ — Չարալեզո՞ւ… Լավ, կապրենք, կտեսնենք:
ՀԱՍՄԻԿ — Սա ի՞նչ է, մամ… ինչո՞ւ համաձայնվեցիր: Իսկ նա՞, նա ինչպե՞ս կարողացավ վերցնել այդ փողը, ես միշտ էլ զգում էի, գիտեի, որ ամենաշատը սիրում է քեռի Վիլիկին, բայց որ էսպես…
ԻՆՆԱ — Սխալվում ես, սիրելիս, նա քեռի Վիլիկին մորիցդ շատ չէր սիրում: Եթե, աստված չանի, իհարկե, մեռնողը մայրդ լիներ, ճիշտ նույն ձևով կվարվեր քեռի Վիլիկի հետ: Պարզապես նրա համար… ինչո՞ւ միայն նրա, մարդկանց մեծ մասի համար մեռածները թանկ են ապրողներից: Թեև հակառակը պիտի լիներ:
ՀԱՍՄԻԿ — Հիմա ի՞նչ պիտի անենք:
ԻՆՆԱ — Այ, դա չգիտեմ: (Երեխայի լացի ձայն է լսվում:) Կներեք, որդիս պահանջում է մորը: (Գնում է:)
ՏԵՍԱՐԱՆ. Դռան զանգ: Հասմիկը գնում է դուռը բացելու: Մտնում է Սուրենը:
ՍՈՒՐԵՆ — Հը՞, ո՞նց եք ապրել առանց ինձ: Ինչպե՞ս է իմ թանկագին կինը, չի՞ տխրել առանց սիրեցյալ ամուսնու: Իսկ ես էնպես եմ հոգնել, մեքենան փչացավ, ստիպված գիշերը մնացինք: Լյուդվիգը կատաղել էր, ոնց էր կատաղել, ասում էր` պիտի ծախեմ, կորցնեմ մեքենաս, հոգեհան արեց, ես դրա…
ԿԱՐԻՆԵ — Լյուդվի՞գը:
ՍՈՒՐԵՆ — Հա, ի՞նչ է որ…
ԿԱՐԻՆԵ — Ոչինչ:
ՍՈՒՐԵՆ — Չէ, ի՞նչ նկատի ունես: Տոնդ էն տեսակ էր, կարծես կասկածում ես ինձ:
ԿԱՐԻՆԵ — Չեմ կասկածում…
ՍՈՒՐԵՆ — Ուրեմն պետք չէ ակնարկներով խոսել:
ԿԱՐԻՆԵ — …չեմ կասկածում, հաստատ գիտեմ:
ՍՈՒՐԵՆ — Իսկ ի՞նչ գիտես… հաստատ:
ԿԱՐԻՆԵ — Բացատրե՞մ քեզ:
ՍՈՒՐԵՆ — Պետք է` բացատրիր, թե էլի բան ես հնարել` ասա, մի պահիր: Հը, ի՞նչ կա:
ԿԱՐԻՆԵ — Ինչ կա՞: Առանձնապես ոչինչ: Պարզապես երեկոյան քեզ զանգեց Լյուդվիգը:
ՍՈՒՐԵՆ — Լյուդվի՞գը:
ԿԱՐԻՆԵ — Կարող էիր նրան նախազգուշացնել, թե՞ նույնիսկ հարկ չես համարում մտածել վկաների մասին: Միևնույն է, ես կհավատամ, չէ՞: Ինչո՞ւ ես լռում: Արդարանալու կարիք չե՞ս զգում: Առանց դրան էլ կներեմ, չէ՞:
ՍՈՒՐԵՆ — Կարիկ, սիրելիս… (Գրկում է նրան:)
ԿԱՐԻՆԵ — Թո՛ղ:
ՍՈՒՐԵՆ — Կարիկ, լավ, ես… հա, մեղավոր եմ քո առաջ… Մեղավոր եմ, հա:
ԿԱՐԻՆԵ — Ու դեռ գոռո՞ւմ ես վրաս:
ՍՈՒՐԵՆ — Ներիր: Ներիր, խնդրում եմ, ես…
ԿԱՐԻՆԵ — Ի՞նչ` ես: Ի՞նչ` ես: Տեր աստված, գոնե մի բան ասա, հնարիր, ստիր, արդարացիր: Թե՞ ինձ մարդ չես համարում:
ՍՈՒՐԵՆ — Կարիկ, անուշս, լաց մի լինի, պետք չէ… Հա, ես սրիկա եմ, անասուն, ներիր ինձ, երդվում եմ` էլ երբեք, ոչ մի դեպքում…. Էդ բոլորը աննորմալ պայմանների պատճառով է: Չեմ կարող, հասկանում ես, չեմ կարող, նյարդայնանում եմ, կատաղում ու ապուշություններ եմ անում: Այ, կգնանք էստեղից, մարդավարի կապրենք: Ամեն ինչ ուրիշ կլինի, խոսք եմ տալիս: (Գրկում է նրան: Լռություն:)
ԿԱՐԻՆԵ — Սուրիկ, քեզ մի բան պիտի ասեմ:
ՍՈՒՐԵՆ — Հը… ասա:
ԿԱՐԻՆԵ — Վախենում եմ:
ՍՈՒՐԵՆ — Վախենո՞ւմ ես: Ի՞նչ է պատահել, հուսով եմ` մարդ չես սպանել, տուն չես թալանել:
ԿԱՐԻՆԵ — Մի կատակիր:
ՍՈՒՐԵՆ — Լավ, լուրջ եմ: Ասա:
ԿԱՐԻՆԵ — Գիտես ինչ, Սուրիկ… մի խոսքով… քարի համար փող չկար, ու ես տվեցի… պարտք տվեցի մեր փողը:
ՍՈՒՐԵՆ — Ի-ի՞նչ: Մեր փո՞ղը: Մեր բնակարանի փո՞ղը… դու չե՞ս գժվել:
ԿԱՐԻՆԵ — Մաման խոստացավ վերադարձնել: Նրա թոշակը…
ՍՈՒՐԵՆ — Վերադարձնե՜լ… ու դու հավատացի՞ր: Մի քոռ կոպեկ էլ չի տա: Չէ, դու վերջնականապես գժվել ես, կորցրել ես չունեցած խելքդ: Հիմա ի՞նչ պիտի անենք: Մարդ ապրի էս գժանոցո՞ւմ… չէ-է, հերիք է: Զզվել եմ, լսո՞ւմ ես, զզվեցրել եք դու էլ, մայրդ էլ, հարսդ էլ, երեխաներն էլ իրենց ղժժոցով… ամեն, ամեն ինչ: Ախր, չի կարելի էդպես ապուշ լինել, չի կարելի, հասկանո՞ւմ ես… Բայց ո՞ւմ եմ ասում, դու անուղղելի հիմար ես, մերդ էդպես էլ մատի վրա կխաղացնի քեզ մինչև մեռնելը… ասենք, նա ինձնից էլ, քեզնից էլ երկար կապրի, մեզ բոլորիս կթաղի:
ԿԱՐԻՆԵ — Չհամարձակվե՛ս էդպես խոսել մորս մասին:
ՍՈՒՐԵՆ — Հա, կթաղի ու հուշարձան կդնի մեր գերեզմանին: Ողջերին կթալանի` մեռածներին հաճույք պատճառելու համար:
ԿԱՐԻՆԵ — Եղբորս մասի՞ն ես ասում:
ՍՈՒՐԵՆ — Հենց եղբորդ մասին: Հասկացիր վերջապես, եղբայրդ չկա, նրա համար` թքած, հասկանո՞ւմ ես… թո՛ւհ, ինչ եմ ասում… Ախր, ի՛նչ ես արել, ի՛նչ ես արել դու… Ոնց էի սպասում` շուտով բնակարան կստանանք, կգնանք էստեղից, մարդավարի կապրենք…
ԿԱՐԻՆԵ — Ի՞նչ ես անընդհատ կրկնում` մարդավարի հա՛ մարդավարի: Մի՞թե էստեղ էդքան վատ է:
ՍՈՒՐԵՆ — Էստեղ վատ չէ, էստեղ անտանելի՜ է: Էլ չեմ կարող, մի օր, մի ժամ էլ չեմ կարող ապրել էս տանը, որտեղ ոչ միայն քուն ու դադար չեն տալիս, այլև թալանո՜ւմ են:
ԿԱՐԻՆԵ — Չհամարձակվե՛ս… էս տունը քեզ դուր չի գալիս` կարող ես գնալ, ոչ ոք չի պահում:
ՍՈՒՐԵՆ — Հիմար ես, հիմար: Քեզ եմ խղճում, թե չէ…
ԿԱՐԻՆԵ — Ինձ պետք չէ խղճալ, առանց քեզ էլ կապրեմ:
ՍՈՒՐԵՆ — Ախ, էդպե՜ս… Լավ, որ ասում ես` կգնամ:
ԿԱՐԻՆԵ — Հա, ասում եմ, գնա:
ՍՈՒՐԵՆ — Ու կգնամ: (Գնում է:)
ՏԵՍԱՐԱՆ. Կարինե քարացած կանգնել է մինչև դռանը աղմուկով փակվելը, հետո սկսում է հեկեկալ: Ներս են վազում Իննան ու Հասմիկը:
ԻՆՆԱ — Ի՞նչ է պատահել:
ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ է եղել, մա:
ԿԱՐԻՆԵ — Սուրիկը գնաց… գնաց ընդմիշտ, Իննա:
ԻՆՆԱ — Լավ, հանգստացիր, ետ կգա: Անպայման կգա: Երևի տաքացել է, կսառչի` կվերադառնա:
ԿԱՐԻՆԵ — Չէ, չի վերադառնա, գիտեմ:
ՀԱՍՄԻԿ — Լաց մի լինի, մա:
ՏԵՍԱՐԱՆ. Կարինե, Հասմիկ, Իննա, Մայր:
ՄԱՅՐ — (սենյակ է մտնում): Ի՞նչ է պատահել: Կարի՞կ…
ՀԱՍՄԻԿ — Պապան գնացել է:
ՄԱՅՐ — Ո՞ւր է գնացել: Ինչո՞ւ: Չլինի՞ վիճել եք:
ԿԱՐԻՆԵ — Ես… ես ասացի նրան… փողի մասին…
ՄԱՅՐ — Ու նա… տեր աստված, էսքան տարի ապրել է իմ տանը, որդու տեղ է եղել ինձ, ու մի քանի հազարի համար… գլուխս չի մտնում: Էհ, որ գնացել է, էլ ոտքը չդնի էս շեմից ներս: Մեկ է, չեմ թողնի, էդ վիրավորանքը կուլ տվողը չեմ: Նա արժանի չէ իմ աղջկան, արժանի չէ էս տանը…
ԿԱՐԻՆԵ — Մա՛մ, վերջ տալո՞ւ ես, թե՞ չէ:
ՄԱՅՐ — Ո՞նց թե… էդ ո՞ւմ վրա ես գոռում, մո՞րդ:
ԿԱՐԻՆԵ — Հա, մորս… Դու էլ գնա, ինձ մենակ թող:
ՄԱՅՐ — Լավ է… չմեռանք` էս էլ տեսանք: Է՛, որ ասում ես` կգնամ, մենակ թե հանգստացիր, հանգստացիր: (Գնում է:)
Կարինեն հեկեկում է Իննայի գրկում:
ՏԵՍԱՐԱՆ. Հասմիկ:
ՀԱՍՄԻԿ — (մենակ, հեռախոսով): Գիտես ինչ, էդքան էլ միամիտ չեմ, որ ամուսնանամ էգոիստ ու ինքնահավան մեկի հետ… Հա՞յրս… հայրս` ի՛նչ, դրանք բոլորն են էդպես` ինքնահավան, ստոր, ուզում են` ամբողջ կյանքում հնազանդ ծառայես իրենց, հավատարիմ մնաս, իսկ իրենք մի գեղեցիկ օր որոշեն, որ դու պառավել ես, արժանի չես, թողնեն ու գնան ավելի ջահելի մոտ: Շատ շնորհակալ եմ… Ով, ե՞ս… Ես պատրաստվում եմ ապրել ինձ համար ու ոչ թե ուրիշների, և ապրել այսօր, քանի դեռ կյանք կա մեջս… Ով, մամա՞ս: Բայց նա ի՞նչ կարող է անել: Նրան ոչ ոք մարդու տեղ չի դնում: Գիտե՞ս, ճիշտն ասած, մեկ-մեկ իմ համբերությունն էլ է հատնում ու ես էլ եմ գոռում նրա վրա… Ախր, չի կարելի էդքան փափուկ լինել: Պապան թողել գնացել է, իսկ ինքը սպասում է աչքը դռանը, մեկ էլ տեսար` եկավ: Եկավ էլ, մեկ է, նրան հայր չեմ հաշվելու էսքանից հետո… Վայ, Անո ջան, ներիր, արդեն ժամը վեցն է, դեռ չեմ հագնվել, սանրվել… Ըհը, լավ, լավ… առայժմ: (Գնում է` հեռախոսը ձեռքին:)
ՏԵՍԱՐԱՆ. Մտնում է Կարինեն, պայուսակը, լրագրերը դնում է սեղանին, հանում է կոշիկները, հողաթափերը փնտրում է մահճակալի տակ: Գալիս է Մայրը:
ՄԱՅՐ — Էս ինչի՞ ուշացար:
ԿԱՐԻՆԵ — Շուկա մտա:
ՄԱՅՐ — Շուկա… ո՞վ է էս ժամին շուկա մտնում:
ԿԱՐԻՆԵ — (կտրուկ): Ե՛ս: Ուրիշ ժամանակ չունեմ:
ՄԱՅՐ — Լավ, լավ, մի խոսք ասել չի լինում:
ԿԱՐԻՆԵ — Ո՞ւր է Հովիկը:
ՄԱՅՐ — Բակում, էլ ո՞ւր պիտի լինի: Առավոտից իրիկուն էնտեղ է, ամեն տեսակ խուժանների հետ, ոչ դաս, ոչ բան: Տես, Կարիկ, շատ ես կապերը բաց թողել, Հասմիկի մասին էլ չեմ ասում: Չի լսում ոչ մեկին, կորչում է մինչև կեսգիշեր, տանը մատը մատին չի խփում, ինձ լեզու է դարձնում: Հենց հիմի զուգվում-զարդարվում է հայելու առաջ, էլի չքվելու է: Խոսեիր հետը…
ԿԱՐԻՆԵ — Հետո, մամ:
ՄԱՅՐ — Ե՞րբ` հետո, աղջիկը ձեռից գնում է, իսկ սա… Այ, երեկ մեր մուտքում ժամերով տնկված էր մի լակոտի հետ: Ի՞նչ կասեն հարևանները:
ԿԱՐԻՆԵ — Լավ, մա, կխոսեմ, հենց հիմա: Հասմիկ, Հասմի՛կ… իսկ դո՞ւ ուր ես պատրաստվում գնալ:
ՄԱՅՐ — Գերեզմանոց, էլ ո՞ւր:
ԿԱՐԻՆԵ — Էս ժամի՞ն:
ՄԱՅՐ — Իմ գործը ժամ չի հարցնում, ծաղիկների համար պիտի խոսեմ:
ԿԱՐԻՆԵ — Ի՞նչ ծաղիկ:
ՄԱՅՐ — Ուզում եմ գերեզմանին վարդի թուփ տնկել: Ախ, ախ… (Գնում է:)
ԿԱՐԻՆԵ — Վարդի թուփ, ծաղիկ, մարգեր, Շամիրամի այգիներ… Ես, ճիշտ որ, կգժվեմ: Մութն ընկնում է արդեն, իսկ ինքը մենակ… Հասմիկ, Հասմիկ…
ՏԵՍԱՐԱՆ. Կարինե, Հասմիկ:
ՀԱՍՄԻԿ — (դռնից ներս նայելով): Ի՞նչ է:
ԿԱՐԻՆԵ — Իննան տա՞նն է:
ՀԱՍՄԻԿ — Հա, երեխային է կերակրում:
ԿԱՐԻՆԵ — Ի՞նչ անեմ, տատդ գերեզմանոց գնաց: Մենակ:
ՀԱՍՄԻԿ — Հետո՛ ինչ:
ԿԱՐԻՆԵ — Ո՞նց թե` հետո ինչ: Ուզում էի Իննային խնդել, որ ետևից հասնի…
ՀԱՍՄԻԿ — Իննան չի գնա: Տատին արդեն առաջարկել է` չի գնացել: Երեխաներով է զբաղված:
ԿԱՐԻՆԵ — Իսկ դո՞ւ:
ՀԱՍՄԻԿ — Չեմ կարող, մա, հասկանո՞ւմ ես, ինքն էլ չի ուզի ինձ հետ: Չեմ կարող…
ԿԱՐԻՆԵ — Իսկ լակոտների հետ կարո՞ղ ես: Երեկ քեզ տեսել են մեր շքամուտքում, ժամերով մեկի հետ կանգնած:
ՀԱՍՄԻԿ — Էլի տատին է բամբասել: Հա, կանգնած եմ եղել, բայց ոչ թե ժամերով, այլ ընդամենը տասը րոպե, ու ոչ թե լակոտի, այլ մի շատ լավ տղայի հետ: Ինչ է, չի՞ կարելի:
ԿԱՐԻՆԵ — Կարելին` կարելի է, բայց… ավելի լավ կլիներ կինո, թատրոն գնայիք կամ տուն գայիք: Այնուամենայնիվ, անհարմար է…
ՀԱՍՄԻԿ — Ինչո՞ւ տանը հարմար է, շքամուտքում` անհարմար: Հարևաններն ինչ կասեն, հա՞: Գիտեմ, բոլորդ էլ սուտ ճգնավորներ եք, ձեզ մի բան է հետաքրքրում` չբամբասեն հանկարծ: Իննան ճիշտ է ասում…
ԿԱՐԻՆԵ — Հասմիկ…
ՀԱՍՄԻԿ — Հա, սուտ ճգնավորներ եք, կեղծում եք շարունակ: Կարծում ես, մոռացե՞լ եմ, որ քեռի Վիլիկի թաղմանը Լիան ինձ համոզում էր` լաց լինեմ, անհարմար է, մարդիկ ի՛նչ կմտածեն:
ԿԱՐԻՆԵ — Լիա՞ն:
ՀԱՍՄԻԿ — Հա, մորաքրոջդ աղջիկ Լիան: Նա էլ, դու էլ, բոլորդ էլ նույնն եք, ամեն ինչ` ցուցադրական, նույնիսկ վիշտը: Դագաղի կափարիչները` տնկված փողոցներում, թաշկինակն աչքերին դրած հետաքրքրասեր կանայք, իբր լալիս են, մի աչքից զոռով արցունք են հանում, մյուսով նայում են, թե ով իրեն ոնց է պահում, ոնց` վիշտ խաղում, ու դնում են իրենց գնահատականները` «անբավարար», «բավարար», «գերազանց»… Ատո՛ւմ եմ: Ափսոս, որ այդ ժամանակ դիտմամբ չքրքջացի, չխայտառակեցի ձեզ: Իհարկե, ինձ վրա ընդհանրապես թքած ունենաք, միայն թե ձեր ընտանիքը չվարկաբեկեմ:
ԿԱՐԻՆԵ — Ի՞նչ ես ասում, Հասմիկ, հասկանո՞ւմ ես, ինչ ես ասում:
ՀԱՍՄԻԿ — Հասկանում եմ: Կարծում ես` չգիտե՞մ, ինչու ես չարացած ինձ վրա: Որովհետև չեմ ուզում ապրել քեզ նման, որովհետև համարձակվում եմ ապրել, ինչպես ես եմ ուզում:
ԿԱՐԻՆԵ — Քեզ չի՞ թվում, որ դա էգոիզմ է:
ՀԱՍՄԻԿ — Այո, էգոիզմ է, հետո՞ ինչ: Գիտեմ, հիմա ինչ կասես` իմ բարին ես ցանկանում, իմ մասին ես մտածում: Պետք չէ, հազար անգամ լսել եմ: Հերի՛ք է: Ես չեմ ուզում լսել քո խորհուրդները, չեմ ուզում կյանքս կործանել քեզ նման, թույլ չեմ տա, որ քամեն հյութերս ու դեն շպրտեն:
ԿԱՐԻՆԵ — Ինչո՞ւ էդքան դաժան ես, Հասմիկ:
ՀԱՍՄԻԿ — (սթափվելով ու շփոթվելով): Մա… ներիր ինձ, խնդրում եմ: (Գրկում է մորը:)
ԿԱՐԻՆԵ — Ոչինչ, ոչինչ…. (Շոյում է աղջկա գլուխը:) Ճիշտ ես ասում, դու մեղավոր չես:
ՀԱՍՄԻԿ — Ուղղակի դուրս տվեցի, հիմարի մեկն եմ ես, ներիր…
ԿԱՐԻՆԵ — Ոչինչ, աղջիկս, ոչինչ: Միայն թե ճաշիր` հետո գնա:
ՏԵՍԱՐԱՆ. Հասմիկը գնում է: Կարինեն մոլոր շրջում է սենյակում, ցրված նայում լրագրերը, նամակ է գտնում, կարդում է:
ՀԱՍՄԻԿ — (դռնից ներս նայելով): Մա, հաց չկա, վազեմ բերե՞մ… Քեզ ի՞նչ պատահեց:
ԿԱՐԻՆԵ — Ոչ մի բան: (Նամակն աննկատ թաքցնում է լրագրերի տակ:) Գնա: Գնա հաց բեր:
ՏԵՍԱՐԱՆ. Հասմիկը գնում է: Նրա ետևից դուրս է գալիս Կարինեն: Մտնում է Իննան, ինչ-որ բան է փնտրում պահարանում: Ներս է վազում Հասմիկը` հացի բոքոնը ձեռքին:
ՀԱՍՄԻԿ — Իննա, քիչ առաջ սարսափելի վիրավորեցի մամային: Ի՞նչ անեմ, ասա:
ԻՆՆԱ — Ներողություն խնդրիր:
ՀԱՍՄԻԿ — Արդեն խնդրել եմ, բայց դա քիչ է: Ուրիշ ի՞նչ անեմ, ասա:
ԻՆՆԱ — Պատկերացնում եմ, ինչեր ես դուրս տվել: Ուրիշ ինչ անե՞ս… Երեկոյան տե՞ղ ես գնալու:
ՀԱՍՄԻԿ — Ըհը:
ԻՆՆԱ — Ո՞ւր:
ՀԱՍՄԻԿ — Ժամադրության: Լյովկայի հետ: Հիշո՞ւմ ես Լյովկային: Բարձրահասակ տղա է, «վարյոնկա» է հագնում:
ԻՆՆԱ — (ծիծաղում է): Նրա հիմնական հատկանիշը «վարյոնկա՞ն» է:
ՀԱՍՄԻԿ — Հա, ինչ կա՞ որ: Տասներորդ դասարանում «վրանգլեր» էր հագնում ու հիմա էլ նույնն է հագին: Պիտի որ հիշես, անպայման կհիշես, երկու անգամ եղել է մեր տանը… վայ, մոռացա ասեմ, մեր դասարանից է:
ԻՆՆԱ — Էդպես ասեիր, թե չէ` «վարյո՜նկա»… Հիշում եմ:
ՀԱՍՄԻԿ — Լավ տղա է, չէ՞:
ԻՆՆԱ — Համակրելի է: Շատ: Ուրեմն այդ լավ, համակրելի տղան այսօր մենակ ման գա:
ՀԱՍՄԻԿ — Ինչո՞ւ:
ԻՆՆԱ — Ո՞նց թե` ինչու: Հենց նոր ինձնից խորհուրդ չէի՞ր հարցնում:
ՀԱՍՄԻԿ — Ախ, հա, մոռացա:
ԻՆՆԱ — Ուրեմն, այսօր տանը կնստես մորդ հետ, կխոսես դեսից-դենից, կօգնես տան գործերում: Ախր, շատ քիչ բան է ուզում քեզնից:
ՀԱՍՄԻԿ — Կարծո՞ւմ ես: Կարելի է, իհարկե… Իսկ մենք ուզում էինք կինո գնալ:
ԻՆՆԱ — Չես ուզում` քո գործն է:
ՀԱՍՄԻԿ — Չէ, չէ, կմնամ… Կմնամ, միայն Լյովկային զանգեմ:
Հարևան սենյակից աղմուկ է լսվում:
ՀԱՍՄԻԿ — Մա՞… ի՞նչ պատահեց, մա՜մ…
Երկուսն էլ դուրս են վազում: Անցնում է որոշ ժամանակ: Ոտնաձայներ, մուտքի դռան շրխկոց, աղմուկ:
ՏԵՍԱՐԱՆ. Մտնում է Իննան, գնում-գալիս է սենյակում, մեքենայորեն բարձերը, ծածկոցներն է ուղղում, մահճակալի վրայից վերցնում է լրագրերը, տեսնում է նամակը, կարդում է: Ներս է մտնում Մայրը:
ՄԱՅՐ — Էս ի՞նչ է կատարվում տանը: Ինչո՞ւ էր դուռը կրնկի վրա բաց: Մի տեսնես` ինչ սիրուն հուշարձան է դուրս եկել… Ի՞նչ ես կարդում: Իզուր չեկար հետս… Ո՞ւր է Կարիկը:
ԻՆՆԱ — (դանդաղ և ընդհատ-ընդհատ): Տանը կատարվում է այն, ինչ վաղուց պիտի կատարվեր: Ես կարդում եմ ձեր փեսայի նամակը. նա ողորմածաբար հայտնում է ձեր աղջկան, որ ամուսնանում է ուրիշի հետ ու խնդրում է, որ պաշտոնապես ձևակերպվի բաժանումը: Կարիկին տարան հիվանդանոց, կես շիշ քացախի էսենցիա էր խմել: Եթե ձեր աղջիկը մեռնի, ո՞ւմ փողով եք նրա գերեզմանին հուշարձան կանգնեցնելու…
1989 թ.