Օլեգ ՄԻԽԱՅԼՈՎ / ԵՐԴՎՅԱԼ ԿՈՒՅՍԵՐԸ
Գործող անձինք
ՔԵՌԻ ԿԵԿԻ — 65 տարեկան
ՏԵՈՒՏԱ — 60 տ.
ԷԴՈՆԱ — 40 տ.
ԼԻՐԻ — 25 տ.
ՌՈԶԵՖԱ — 17 տ.
ՊԱՌԱՎ — 80-ն անց
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
Գործողությունը կատարվում է մեր օրերում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի արվարձաններից մեկում: Սա այն բացիկային Տիրանան չէ՝ սպիտակագագաթ սարերի համայնապատկերով, որը կարելի է տեսնել մարտյան պարզ օրը Sky Tower-ի բարձունքից: Եվ անգամ այն Տիրանան չէ, ուր հազվադեպ են այցելում տուրիստները՝ ոլորապտույտ փողոցների անանցանելի ցեխակեղտով ու տների՝ եվրոպացիների աչքի համար զարմանալի չքավորությամբ: Սա ուրիշ Տիրանա է, որ գոյություն ունի միայն պիեսի հեղինակի երևակայության մեջ, թեև ալբանացիների կենցաղի ու սովորությունների որոշ առանձնահատկություններ իրական են (իրենք իրենց երկիրն անվանում են Շկիպերիա): Բայց և այնպես, պիեսի գործողությունը կատարվում է հնարածին Տիրանայում, որտեղ անանուն փողոցում (իրական ալբանական մայրաքաղաքում էլ ցուցանակները հարգի չեն), մեծ ու հին միհարկանի տան մեջ ապրում է քեռի Կեկի Ռակիպին ու նրա ընտանիքը: Տանը կից փոքրիկ խանութ է (ընտանիքի ապրուստի միակ միջոցը) և բարձիթողի այգի,
որը հասնում է մինչև կեղտոտ կոյուղի հիշեցնող Լանա գետը:
Այսօր մարտի 14-ն է, ամռան գալստյան Օրը: Քեռի Կեկիի տանը հարսանիք է: Ասենք, հարսանիքին մի քիչ ուշացել ենք, արդեն ուշ երեկո է ու հյուրերը ցրվել են: Նրանց ձայները դեռ լսվում են այգուց, որտեղ սեղաններն են բացված, իսկ այստեղ՝ տան խորքում, լուռ ու խավար է: Շուտով դուք կհասկանաք,
որ քեռի Կեկիի տանը միշտ է լուռ ու խավար, բայց դա կլինի հետո:
Իսկ հիմա եկեք ծանոթանանք պիեսի հերոսների հետ:
Ահա մեր առջև քեռի Կեկին է: Նա շատ ծեր, համար զառամյալ է թվում, թեև վերջերս է լրացել նրա վաթսունհինգ տարին: Հարսանիքի առիթով քեռի Կեկին հագել է ասեղնակար շապիկ ու ժիլետ: Գլխին գլխարկ է, որը համարյա երբեք չի հանում: Կեկին նստած է բազկաթոռին, շալվարի փողքերը վեր քաշած, ոտքերը թասով ջրի մեջ են, որտեղ սափորից ջուր է լցնում տարեց կինը: Տեուտան է՝ քեռի Կեկիի կրտսեր քույրը: Սափորը մի կողմ դնելով՝ լվանում է նրա ոտքերը: Սա նորմալ է, Ալբանիայի ավանդույթներին հարիր, երբ կանայք լվանում են տան գլխավորի՝ հոր, ամուսնու կամ ավագ եղբոր ոտքերը: Երբ Տեուտան կավարտի եղբոր ոտքերը լվանալը, կսրբի մեծ մաշված սրբիչով, քեռի Կեկին գուցե վերջապես հագնի կեռ քթերով հողաթափերը: Իսկ տոնական երկարաճիտք կոշիկները, որոնց մեջ նա տանջվեց տոնական օրվա երկար ժամերի ընթացքում, կպահվեն սնդուկում մինչև մի նոր տոնական առիթը: Միայն թե այդ առիթը էլ երբեք չի լինի: Սա քեռի Կեկիի կյանքի վերջին տարին է: Նա իր կյանքը կավարտի բանտում, չհասնելով ձմռան ցրտերին: Միայն թե քեռի Կեկին այդ մասին, բնականաբար, չգիտե: Եթե լրիվ անկեղծ լինենք, ապա քեռի Կեկին ոչ մի «քեռի» էլ չէ: Այն իմաստով, որ ինքն էլ կին է, ինչպես պիեսի մնացած հերոսները: Եվ այս դերը պետք է խաղա դերասանուհի:
Կեկիի նմաններին Ալբանիայում անվանում են «բուռնեշ»: Թե ովքեր են «բուռնեշները», մենք անպայման կիմանանք: Իսկ հիմա եկեք լսենք,
ինչի մասին են խոսում Կեկին ու Տեուտան:
ՏԵՈՒՏԱ — Հոգնեցի՞ր:
ԿԵԿԻ — Իսկ ի՞նչ ես կարծում: Էս անիծված սապոգներն էլ… Հեռու տար, դրանց նայելուց անգամ ոտքերս ցավում են:
ՏԵՈՒՏԱ — Քեզ չէ՞ի ասում՝ մի համար մեծ վերցրու:
ԿԵԿԻ — Ի՞նչ էիր ինձ ասում: Ե՞րբ: Ինձ քարշ տվեցիր Ալիի կրպակը՝ գնա՛նք, հա գնա՛նք, կարծես ամբողջ Տիրանայում քրիստոնյա չէիր գտնի ու նրանք սապոգ կարել չեն կարող:
ՏԵՈՒՏԱ — Չի եղել էդպիսի բան:
ԿԵԿԻ — Եղե՛լ է: Ու չհակաճառե՛ս: Ես լավ եմ հիշում: «Ախ, նա էն վարպետն է, էն վարպետն է»,- բզզում էիր դու: Ականջներս տարար քո Ալիով: Իսկ նա վարպետ է, հա: Աչքերը յուղոտեցնի ձեր քամակներին՝ դրա վարպետն է:
ՏԵՈՒՏԱ — Ուշքի արի, Կեկի, ի՞նչ ես ասում: Կոշկակար Ալին արդեն ութ տարի է՝ գերեզմանում է:
ԿԵԿԻ — Նա գուցե գերեզմանում է, աստված հոգին լուսավորի: Իսկ նրա սապոգները մինչև էսօր վրեժ են հանում ինձնից: Քսան տարի ինձ տանջում են: Պահի՛ր դրանք, աչքիցս հեռո՛ւ…
Տեուտան դժվարությամբ ոտքի է կանգնում, վերցնում է երկարաճտքերն ու գնում է դեպի սնդուկներից մեկը: Կանգ է առնում:
ՏԵՈՒՏԱ — Բանալին տուր:
ԿԵԿԻ — Բանալի՜ն: Բանալի՜ տուր նրան: Էդ սապոգների համար փետով մեջքդ պիտի դաղել, ոչ թե բանալի տալ: Թո՛ղ, հետո ինքս դրանք կպահեմ:
Տեուտան երկարաճտքերը դնում է սնդուկի վրա:
ԿԵԿԻ — Էլի ռակիա լցրու:
Տեուտան լուռ է, տեղից չի շարժվում:
ԿԵԿԻ — Խլացա՞ր: Թե՞ փետը ձեռքս առնեմ: Հիմա իսկապես փետը կվերցնեմ, Տեուտա: Չեմ նայի, որ քույրս ես: (Ձգվում է դեպի բազմոցի թիկնակից կախված ձեռնափայտը:)
Տեուտան գնում է դեպի սեղանիկը, որի վրա մատուցարանն է ռակիայի շշով ու միակ բաժակով: Խմիչք է լցնում: Տալիս է Կեկիին:
ԿԵԿԻ — (խմելուց հետո): Էլի:
ՏԵՈՒՏԱ — Գուցե հերի՞ք է: Գլուխդ կցավի:
ԿԵԿԻ — Քիչ խոսի: Դու ի՞նչ գիտես իմ գլխի մասին:
Տեուտան նորից է բաժակը լցնում, տալիս նրան: Լուռ նայում է, ինչպես է նա խմում:
ԿԵԿԻ — (վերադարձնելով բաժակը): Այ, հիմա հերիք է: Քեզ էլ կարող ես լցնել: Հետո՛:
ՏԵՈՒՏԱ — Էնպես էի երազում էս հարսանիքի մասին:
ԿԵԿԻ — Մի հատ էլ լաց, հիմա՛ր: Ինձ Էդոնան էլ հերիք է, առավոտից գիշեր արցունք է թափում, կարծես մեր Սալիին սպանդանոց եմ ուղարկում:
ՏԵՈՒՏԱ — Իրավունք ունի՝ տղային է ամուսնացնում:
ԿԵԿԻ — Դուք իրավունք չունե՛ք էս տանը: Չե՞ք կարողանում էդ մի բանը հիշել:
ՏԵՈՒՏԱ — Մի չարանա, Կեկի, վերջապես տոն է: Դու էլ էնքան սիրուն էիր փեսացուի տեղում:
ԿԵԿԻ — Ավել-պակաս դուրս մի տա: Լեզվիդ մի տա, մի բզբզա, քանի՛ անգամ քեզ ասեմ: Առանց էդ էլ ամաչում եմ մարդկանց աչքերին նայեմ՝ փեսային խնամիներին ներկայացնել չկարողացանք, հեռակա ամուսնացրինք, լիազորագրով:
ՏԵՈՒՏԱ — Բայց հարսանեկան խնջույքին փեսան չի մասնակցում: Թե՞ նրանք ծեսերը չգիտեն:
ԿԵԿԻ — Խնջույքն ի՞նչ կապ ունի, մենք փեսային ընդհանրապես նրանց ցույց չտվեցինք: Ընդհանրապե՛ս: Տարբերությունը զգո՞ւմ ես: (Լռություն:) Ամեն ի՞նչ ես նրան բացատրել:
ՏԵՈՒՏԱ — Ինչքան կարողացա: Ասացի՝ երբ երեխա ես սարքում, ատամներդ սեղմի, ու տղա կստացվի: Իմ Դալմատն էր էդպես ասում:
ԿԵԿԻ — Ո՞ւմ է հետաքրքիր, թե ինչ էր ասում քո մարդը: Գլխավորը, որ մեր պստիկ Սալին հասկանա, թե իրենից ինչ է պահանջվում:
ՏԵՈՒՏԱ — Դե, էնքան էլ պստիկ չէ: Անամոթ ամսագրերից խելքը կտրում է: Ներս եմ մտնում, իսկ ինքը դրանց էջերը պատռել ու պատերին է կախել: Սկզբում չհասկացա, թե ինչով է կպցրել: Իսկ նա հանեց իր գործիքն ու ցույց է տալիս…
ԿԵԿԻ — Լսել չեմ ուզում… գարշանք: Թող Էդոնան նրան նախապատրաստի:
ՏԵՈՒՏԱ — Էսօ՞ր:
ԿԵԿԻ — Իսկ ե՞րբ: Մի տարուց հետո՞:
ՏԵՈՒՏԱ — Ես իմ Դալմատին երեք օր ու երեք գիշեր մերժեցի: Էդպես է ծեսը: Չար ոգիներից հեռու:
ԿԵԿԻ — Եվ ի՞նչ: Քեզ օգնե՞ց: Հայելուն նայիր, ինքդ ոնց որ չար ոգի լինես: Դրանց պես էլ հոտած ես:
ՏԵՈՒՏԱ — Ախ, Կեկի…
ԿԵԿԻ — Ի՞նչ… Չէ, ի՞նչ… ի՞նչ երեք օր: Պառկեց, ոտքերը բացեց, էդքան բան: Գուցե նրա համար սովորական բան է:
ՏԵՈՒՏԱ — Ինչի՞ ես աղջկա մասին էդպես ասում:
ԿԵԿԻ — Ես ասում եմ, որ ձգելու կարիք չկա: Այ թե ինչ եմ ասում: Մեկ էլ ասում եմ, որ ինչքան շուտ Սալին նրան հղիացնի, էնքան լավ: Մեզ տղա է պետք: Բայց սկզբում թող Էդոնան նրան էստեղ բերի: Պետք է ստուգել, թե նա ինչ աղջիկ է:
ՏԵՈՒՏԱ — Տղամարդու գործ չէ դա: Մենք ինքներս…
ԿԵԿԻ — Գիտեմ ես ձեզ: Կնիկը կնկան միշտ կպաշտպանի: Ձեր սիրտը մոմից է: Իզուր չէ, որ հարսանիքին հարսի հայրը փեսային փամփուշտ է նվիրում: (Ժիլետի գրպանից փամփուշտ է հանում:) Ըհը… փամփուշտը: Բեզիմը մեր սովորությունները գիտե: Դրա համար էլ նվիրեց:
ՏԵՈՒՏԱ — Բայց դու փեսան չես, ոչ էլ ինքը՝ հայրը:
ԿԵԿԻ — Հորեղբայրն է: Հարազատ արյուն: Ու ընտանիքի գլխավորն է:
ՏԵՈՒՏԱ — Իսկ ո՞վ է նրա հայրը:
ԿԵԿԻ — Ամեն ինչ գլխիցդ թռե՞լ է: Երբեք ինձ չես լսում:
ՏԵՈՒՏԱ — Ներիր, Կեկի, դուք էնքան արագ իրար հետ պայմանավորվեցիք: Առաջ մի շաբաթ հարսանիք էին անում, իսկ հիմա ամեն ինչ շտապով, վազքի մեջ… Ոչ քեզ ցորենը աղալու Օր, ոչ փայտ պահեստավորելու Օր: Նույնիսկ անասուն չմորթվեց:
ԿԵԿԻ — Ի՞նչ ցորեն, ի՞նչ փայտ… Քեզնից բացի էդ կանոնները ոչ մեկը չի հիշում:
ՏԵՈՒՏԱ — Բայց քո Բեզիմը փամփուշտի մասին հիշեց:
ԿԵԿԻ — Դա ուրիշ է: Էստեղ տղամարդկանց գործ է:
ՏԵՈՒՏԱ — Ես էլ նոր բարեկամներից ոչ մեկին չմտապահեցի:
ԿԵԿԻ — Իսկ քեզ պետք էլ չէ: Նրանցից ոչ մեկին տունս չեմ թողնի, մինչև տղա չծնվի:
ՏԵՈՒՏԱ — Կսկսեն ավել-պակաս խոսել: Ինքդ ասացիր՝ թարս էին նայում, որ փեսային ցույց չտվեցինք: Հիմա էլ հարսին ենք թաքցնելու: Աստված չանի՝ աղմուկ բարձրանա:
ԿԵԿԻ — Չի բարձրանա: Բեզիմին ամեն ինչ բացատրել եմ, նա գիտե մեր վիճակը: Ինքն էլ առաջարկեց հարսանիքն անել լիազորագրով: Էնպես որ սուս կմնա: Մնացածներին էլ կհանգստացնի: Նա գյուղացի է, բռունցքները պինդ են: Իսկ նրա եղբայրը ժամանակին քաղաք տեղափոխվեց: Սովորեց, պրոֆեսոր դարձավ, գյուղի բարեկամությանը նայում էր որպես կեղտի: Իսկ երբ մեռավ՝ թաղող չեղավ: Կինը վաղուց էր մեռել, ծննդաբերելիս: Լավ է, Բեզիմը միանգամից եկավ, ըստ կարգի ամեն ինչ կարգավորեց, ոնց որ հնից է ընդունված: Որբ զարմուհուն տեր կանգնեց…
ՏԵՈՒՏԱ — Եղբոր ժառանգությանը տեր կանգնեց, ոչ թե զարմուհուն: Նրան անպետք ամանի պես մեր վրա սաղացրեց:
ԿԵԿԻ — Շատ է խելքդ կտրում: Կանունում գրված է. «Կինը չի ժառանգում ո՛չ ծնողներից, ո՛չ ամուսնուց»:
ՏԵՈՒՏԱ — Ես չեմ վիճում:
ԿԵԿԻ — Լավ էլ վիճում ես: Մեզ համար կա միայն Կանունը, Լեկա Դուկագյինի տված միակ օրենքը, ոչ թե ամեն տեսակի Սահմանադրություններ, թքա՛ծ ունենամ դրանց վրա: Ու քանի դուք իմ տանն եք, կապրեք ըստ Կանունի:
ՏԵՈՒՏԱ — (կամաց): Սա կյա՞նք է որ…
ԿԵԿԻ — (չի լսել նրան): Բեզիմն էլ է հարգում Կանունը: Հին կարգի մարդ է: Մենք շինարարության վրա ենք ծանոթացել, հանրակացարանում մեր մահճակալները իրար կողք էին: Ա՛յ թե ժամանակներ էին: Վրաս թարս նայել չէին համարձակվում, ուր մնաց՝ մատով կպնեին:
ՏԵՈՒՏԱ — Հա, Էնվերի ժամանակ կարգուկանոն կար:
ԿԵԿԻ — Չհամարձակվե՛ս: Չհամարձակվես էդպես խոսել: Մեկ էլ նրա անունը տաս՝ փետով ծեծ կտամ:
ՏԵՈՒՏԱ — Լռում եմ, աղբերիկս, լռում եմ: Մի բարկանա վրաս: Արի ոտքերդ սրբեմ:
Կեկին հանդարտվում է, թույլ է տալիս ոտքերը սրբել ու հագցնել փափուկ, կեռքիթ հողաթափերը: Բայց չի շտապում տեղից բարձրանալ:
ԿԵԿԻ — Բեզիմը որ եկավ քաղաք, տեսավ՝ ոնց են մարդիկ ապրում, մեկ էլ ասում է ինձ. «Վերջը եկել է, Կեկի: Կնիկները գնում են աշխատանքի, կարճացրել են փեշերը, բացել փորերը, օղակ են կպցրել պորտերին: Ու հիմա ամերիկացիները նրանց…»: (Բնորոշ շարժում է անում:)
ՏԵՈՒՏԱ — Ինչո՞ւ միանգամից՝ ամերիկացիները:
ԿԵԿԻ — Նրանք ամեն ինչում են մեղավոր: Նրանցից է ամենայն չարիքը: Մեկ էլ, իհարկե, սերբերից:
ՏԵՈՒՏԱ — Ասում ես, էլի… Էսքան ապրել եմ, մի կենդանի ամերիկացու տեսած չկամ:
ԿԵԿԻ — Կի՛ն, եթե դու ամերիկացու չես տեսել, չի նշանակում, որ բնության մեջ նրանք գոյություն չունեն:
ՏԵՈՒՏԱ — Բա ինչի՞ ամերիկյան ինչ ապրանք գնես, վրան գրված է՝ պատրաստված է Չինաստանում:
ԿԵԿԻ — Այ հիմա ինչի՞ ես էդ հարցը տալիս: Ուզում ես ինձ կատաղեցնե՞լ:
ՏԵՈՒՏԱ — Ասում եմ, ե՞րբ ենք ջահելների նվերները բացելու:
ԿԵԿԻ — Քո ի՞նչ գործն է: Ինքդ ասացիր՝ ջահելների նվերները: Դու ջահե՞լ ես: Չէ՛: Դու պառավ ես: Էնպես որ՝ հանգիստ… Սիրտը նվերնե՜ր է ուզում: Մեր գլխավոր նվերը տղան է: Ժառանգը: Ուրիշ նվեր ինձ պետք չէ: Դե հերիք է, գնա, շտապեցրու Էդոնային, թող աղջկան էստեղ բերի: Ու կակաչի թուրմ խմեցրեք: Թե չէ մեկ էլ տեսար՝ դիմադրեց, գոռաց: Ինչների՞ս է պետք:
ՏԵՈՒՏԱ — Կակաչի թուրմը երեխեքին են տալիս, իսկ նա պինդ զամբիկ է: Ես նրան իմ հաբերն եմ կերցրել, որ քնելու համար են: Էնպես որ, ինքն արդեն ոչինչ չի հասկանում:
ԿԵԿԻ — Ոնց որ դու: Քեզ որ մնա՝ մե՛կ նվերները բացենք, մե՛կ էլ ամերիկացիներ գոյություն չունեն:
ՁԱՅՆ — Իսկ նվերները բացելո՞ւ ենք:
ԿԵԿԻ — Ըհը՛, էլի մեկը, հիացեք: (Տեուտային.) Քո դաստիարակությունն է:
Սենյակ է գլորվում հաշմանդամի սայլակը, նստածը Լիրին է՝ Տեուտայի աղջիկը, Կեկիի զարմուհին: Լիրիի ծնկներին հարսանեկան զգեստն է՝ ծալված ու գեղեցիկ ասեղնագործած քսակ:
ԿԵԿԻ — Ի՞նչ ես էստեղ կորցրել: Դու գործ չունես տղամարդկանց հարկաբաժնում:
ԼԻՐԻ — Իսկ կանանոցում ի՞նչ չեմ տեսել որ…
ԿԵԿԻ — Երես ես առել, Լիրի, վաղուց քեզ չեն ծեծել:
ԼԻՐԻ — Ծեծեն թե չծեծեն՝ միևնույն է, մեջքիցս ներքև ոչինչ չեմ զգում: Մի խոսքով, զեկուցում եմ՝ Էդոնան նրան հագցրել է: Շորը ձեզ եմ բերել: (Ձեռքն է վերցնում ծանր քսակը:) Ու ոսկեղենը, որ վրան էր:
Կեկին առույգ վեր է թռչում բազմոցից, գնում է դեպի Լիրին: Ագահորեն խլում է քսակը, թափահարում է:
ԿԵԿԻ — Եղածը սա՞ է: Մոտը էլ բան չկա՞ր:
ՏԵՈՒՏԱ — Չէ, Կեկի, ես ստուգել եմ: Միայն հագուստն էր ու զարդերը: Իսկ եղած կոսմետիկան միանգամից շպրտեցի: Էլ ուրիշ ոչինչ:
ԿԵԿԻ — Լավ: Թե չէ մեր տանը միայն բջջային հեռախոսներն էին պակաս: Կամ դրանից ավելի վատը…
ԼԻՐԻ — Ավելի վատը ո՞րն է:
ԿԵԿԻ — Էլի կոպտում է: Ավելի լավ է պատասխանիր, վրայից բան չե՞ս թռցրել:
ԼԻՐԻ — Էդ էր պակաս:
ԿԵԿԻ — Իսկ ես կստուգեմ: Նրա հորեղբայրը ինձ ցուցակ է տվել: Բոլոր զարդերի ցուցակը:
ԼԻՐԻ — Էլ բան ու գործ չունե՞ս:
ՏԵՈՒՏԱ — Լիրի, քեռուն չկոպտես:
ԿԵԿԻ — (Տեուտային): Դեռ էստե՞ղ ես: Էսպես մինչև առավոտ գործը ավարտին չենք հասցնի:
ՏԵՈՒՏԱ — Գնում եմ, Կեկի… հիմա նրան էստեղ կբերենք: (Վերցնում է ջրով թասն ու ուղղվում դեպի դուռը:)
ԼԻՐԻ — Դուք, ինչ է, ամուսնական առաջին գիշերը նրանց հե՞տ եք անցկացնելու:
ԿԵԿԻ — Մոռացանք քեզ հարցնել:
ԼԻՐԻ — Չէ, լո՞ւրջ… ուղիղ էնտե՞ղ կգնաք:
ՏԵՈՒՏԱ — Սալին մեծ տղա է, ինքը գլուխ կհանի:
ԿԵԿԻ — (Տեուտային): Վերջապես գնալո՞ւ ես:
Կեկին գրպանից ծալծլված թուղթ է հանում: Բացում, փորձում է կարդալ: Թուղթը դնում է սեղանին: Ջղային ստուգում է գրպանները, ակնոցն է փնտրում:
ԼԻՐԻ — Մարտի տասնչորսը:
ԿԵԿԻ — Հը՞…
ԼԻՐԻ — Ամռան գալստյան օրը:
ԿԵԿԻ — Ինչ ես ասո՞ւմ:
ԼԻՐԻ — Էլի մի ամառ… էլի մեկը…
ԿԵԿԻ — Տառապելու, լալու համա՞ր ես էստեղ հայտնվել: Սենյակումդ քի՞չ տեղ կա:
ԼԻՐԻ — Ինչ է, աչքերդ ցավեցնո՞ւմ եմ:
ԿԵԿԻ — Մնա, բայց լուռ կնստես:
ԼԻՐԻ — (կամաց ծիծաղում է): Փոքր ժամանակս էիր էդպես ասում, երբ տղամարդիկ էին գալիս: Ես նստում ու լսում էի ձեր խոսակցությունը:
ԿԵԿԻ — Ու մոխրամաններն էիր բերում: (Դադար:) Ծխելը չե՞ս թողել: Տես, մայրդ կիմանա…
ԼԻՐԻ — Իսկ ի՞նչ պիտի անի: Չի թողնի, որ փողոցում ֆռֆռա՞մ:
ԿԵԿԻ — Ակնոցս չեմ գտնում, երևի խանութում եմ թողել:
ԼԻՐԻ — Փնտրե՞մ:
ԿԵԿԻ — Պետք չէ: Դրա համար չես եկել էստեղ, որ հիմա էլ գնաս:
ԼԻՐԻ — Կարդում ես մտքերս:
ԿԵԿԻ — Չէ հա… առանց ակնոց տառերը չեմ կարող կարդալ, ուր մնաց՝ մտքերդ:
ԼԻՐԻ — Իսկապե՞ս պիտի էդ բանը անեք:
ԿԵԿԻ — Ոչ առաջինն է, ոչ վերջինը: Մորդ հարցրու, ոնց են իրեն ամուսնացրել: Հորդ ամբողջ կյանքում ատել է: Հիմա էլ է ատում, չնայած քսանհինգ տարի է՝ նա գերեզմանում է: Փոխարենը մարդկանց մոտ ամեն բառից հետո իր Դալմատին է հիշում: (Նմանակելով Տեուտային:) «Ա՛խ, իմ Դալմատը: Ա՛խ, մարդս: Մարդ չէր՝ ոսկի էր»: Իսկ նա մահու աստիճան ծեծում էր ու մերկ այգի քշում: Բոլոր հարևաններն էլ գիտեին: Իսկ մենք ամեն ինչ անձայն կանենք: Էդոնան կհետևի, որ Սալին հանկարծ նրան չվնասի:
Կեկիին լսելով՝ Լիրին ծնկներին է փռում հարսանեկան զգեստը: Հետո այն հարմարեցնում է իր վրա:
ԼԻՐԻ — Սազո՞ւմ է: (Կեկին լուռ նայում է Լիրիին:) Հայելու մեջ նայեի… (Կեկիին.) Իսկ դու չե՞ս ուզում փորձել: (Մեծ դադար:) Ներիր, ներիր ինձ… քեռի: Հիմար եմ ես, չար հիմար: Խնդրում եմ, մի բարկանա վրաս:
ԿԵԿԻ — Չեմ բարկանում, աղջիկս… Գնամ ակնոցս բերեմ: (Գնում է դեպի դուռը:)
Գալիս է Տեուտան:
ՏԵՈՒՏԱ — (տեսնելով Լիրիին՝ հարսի զգեստը բռնած): Մտքինդ ի՞նչ է… Ուրիշի շորը չեն հագնում, վատ նշան է:
ԼԻՐԻ — Եթե ամուսնանաս: Իսկ դա ինձ համար չէ:
ՏԵՈՒՏԱ — Ո՞ւր, Կեկի:
ԿԵԿԻ — Ակնոցս բերեմ: Խանութում եմ թողել:
ՏԵՈՒՏԱ — Իմը վերցրու: (Մեկնում է ակնոցը:)
ԿԵԿԻ — Քո ակնոցով բան չեմ տեսնում:
ՏԵՈՒՏԱ — Ստիպված սիգնալիզացիան ենք անջատելու: Պիտի զանգենք, տոն օրով մարդկանց նեղություն տանք: Ասենք, բոլորն արդեն հարբած են:
ԿԵԿԻ — Նրանց համար տոն է… իսկ ես էստեղ քոռ-քոռ նստե՞մ:
ՏԵՈՒՏԱ — Ի՞նչ պիտի կարդաս: Տուր ես կարդամ:
ԿԵԿԻ — Դե, հանգի՛ստ թողեք ինձ վերջապես:
ՏԵՈՒՏԱ — (փնթփնթոցով մի կողմ է քաշվում): Մի բառ ասել չի լինում:
ԿԵԿԻ — Ո՞ւր է Էդոնան:
ՏԵՈՒՏԱ — Հարսի մազերն է չորացնում, հիմա կգան: Էնքան լաք էին փչել մազերին՝ ստիպված գլուխը լվացինք: Իսկ մենք գուցե նվերնե՞րը նայենք:
ԿԵԿԻ — Ինչ ուզում եք՝ արեք: Թեկուզ «Նապոլոնի» էստեղ պարեք, միայն ինձ հանգիստ թողեք:
Տեուտան մոտենում է սնդուկին, որի վրա նվերներն են դարսած: Վերցնում է տուփերից մեկը, թափահարում է: Նայելով սենյակում ջղային քայլող Կեկիին՝ նվերը տեղն է դնում:
ԼԻՐԻ — (անսպասելի): Իսկ եթե նա կույս չէ՞:
Կեկին կանգ է առնում: Լռում է:
ՏԵՈՒՏԱ — Լեզվիդ մի տուր, հիմա՛ր, նա լավ ընտանիքից է, պրոֆեսորի աղջիկ:
ԼԻՐԻ — Առավել ևս: Քեռի Կեկի, նրան կգնդակահարե՞ս:
ՏԵՈԻՏԱ — Մի օր ե՛ս քեզ կգնդակահարեմ: Ու այգում, տանձի ծառի տակ կթաղեմ: Կասեմ, որ աղջիկ չեմ ունեցել:
Կեկին սեղանից վերցնում է թուղթը, տալիս է Տեուտային:
ԿԵԿԻ — Կարդա՛:
Մինչև Տեուտան նորից գրպանից կհաներ ակնոցը՝ Կեկին քսակի պարունակությունը լցնում է սեղանին:
ՏԵՈՒՏԱ — (կամաց): Թե հանկարծ էդպես լինի… կարելի է աքլորը մորթել ու արյունով սավանը…
ԿԵԿԻ — Կարդա՛:
ՏԵՈՒՏԱ — Կարդում եմ, Կեկի, կարդում եմ… (Դնում է ակնոցը:)
ԿԵԿԻ — Ձեր սավանը ոչ մեկին պետք չի գա: Բեզիմը եղբոր բնակարարանն արդեն վաճառել է, վաղը վերադառնում է գյուղ: Վե՛րջ, հարցը փակված է: (Տեուտային.) Դե՞… երկա՞ր եմ սպասելու:
ՏԵՈՒՏԱ — (կարդում է): «Ոսկե շղթա կարմիր քարե կախիչով»: Էդ ի՞նչ է, ռուբի՞ն:
ԿԵԿԻ — (պրպտում է զարդեղենը): Սպասիր… ըհը, էս է: Ոնց որ ռուբին է: (Շղթան մի կողմ է դնում:) Հաջորդը:
ԼԻՐԻ — Չէ, լուրջ որոշել եք ոսկեղենը հաշվե՞լ:
ԿԵԿԻ — Փակի՛ բերանդ:
ՏԵՈՒՏԱ — (կարդում է): «Ոսկե շղթա, հաստ»: Կա՞:
ԿԵԿԻ — (կույտից հանելով շղթան): Սա հա՞ստ է:
ՏԵՈՒՏԱ — Նայած ո՛ւմ համար:
ԿԵԿԻ — Սրանից հաստ չկա:
ՏԵՈՒՏԱ — Ուրեմն ինքն է: (Կարդում է:) «Բան մազերի համար: Ճերմակ, կապույտ քարերով»: Միանգամից երևում է, որ տղամարդ է գրել: Կարո՞ղ է՝ սանր է:
ԿԵԿԻ — Էգրետ:
ՏԵՈՒՏԱ — Հը՞…
ԿԵԿԻ — Կոչվում է էգրետ: Սա է: (Ցույց է տալիս զարդը:)
ՏԵՈՒՏԱ — Սիրուն է: Արծա՞թ է:
ԿԵԿԻ — Բեզիմն ասաց՝ ճերմակ ոսկի է: Ստուգել է պետք: Հետո ոսկերիչին կտանեմ:
Սենյակ է մտնում միջին տարիքի կին հոգնած ու դիմակի պես քարացած դեմքով: Էդոնան է: Նա, ուսերից ամուր բռնած՝ ներս է բերում գիշերանոց հագած հարսին: Զարդերով տարված Կեկին ու Տեուտան նրանց չեն նկատում: Փոխարենը նրանց տեսնում է Լիրին: Տեսնում, բայց բառ չի ասում, միայն ետ է քաշվում սայլակով՝ տեղ բացելով եկողների համար: Էդոնան էլ չի խոսում: Նա մշտապես լուռ է: Լուռ է նաև Ռոզաֆան, բայց դա բացատրվում է նրանով, որ աղջիկը քնաբեր դեղի ազդեցության տակ է:
ՏԵՈՒՏԱ — (կարդում է ցուցակը): «Ոսկե ամուսնական մատանի»: Էս մեկը հասկացանք: (Կույտից դուրս է հանում մատանին:) Շատ բարակ է:
ԿԵԿԻ — Իսկ քեզ ո՞րն է պետք, ի՞նչ ես նորից սկսում…
ՏԵՈՒՏԱ — Ի՞նչ ես ասում, Կեկի, ինձ ոչ մի բան էլ պետք չէ: Դու սրանք հետո թաքցրու, սեյֆում փակիր:
ԿԵԿԻ — Առանց կնկա խորհուրդների էլ մի կերպ գլուխ կհանեմ:
Լիրին անսպասելի փռթկացնում է: Կեկին ու Տեուտան նայում են նրան, նկատում են Էդոնային ու Ռոզաֆային: Տեուտան շփոթված տեղից վեր է թռչում:
ՏԵՈՒՏԱ — Ահա և Ռոզաֆան: Ահա և մեր գեղեցկուհին: Ախ, ի՜նչ գեղեցկուհի է:
ՌՈԶԱՖԱ — Որտե՞ղ է…
ՏԵՈՒՏԱ — Ի՞նչ է, սիրելիս:
ՌՈԶԱՖԱ — Հորեղբայրս…
ՏԵՈՒՏԱ — Հորեղբայրդ գնաց: Իրենց գյուղը: Հիմա դու մեզ մոտ ես ապրում:
ՌՈԶԱՖԱ — Ես ուզում եմ գնալ…
ՏԵՈՒՏԱ — Հիմա կգնաս, կպառկես… Ամեն ինչ լավ կլինի, թռչնակս:
ՌՈԶԱՖԱ — Թողեք ինձ…
ԿԵԿԻ — Սրան ի՞նչ ես կերցրել, թունավոր սո՞ւնկ…
ՏԵՈՒՏԱ — Ասում եմ, չէ՞, իմ հաբերն եմ տվել: (Ռոզաֆային.) Ո՞նց ես քեզ զգում, սիրունիկս, սիրտդ չի՞ խառնում:
ԿԵԿԻ — Քիչ խոսեք: (Գոտիկից անջատում է բանալին, տալիս է Տեուտային:) Տարեք սրան, ժամանակն է:
ՏԵՈՒՏԱ — (վերցնելով բանալին): Դե, որ ժամանակն է, ուրեմն՝ ժամանակն է:
Առաջինը գնում է Տեուտան, նրան հետևում է Էդոնան, նա իր ամուր ձեռքերից բաց չի թողնում Ռոզաֆային: Լռություն:
ԿԵԿԻ — «Ամուսինն է կնոջ գլխավորը, ինչպես Քրիստոսն է Եկեղեցու գլխավորն ու նաև մարմնի Փրկիչը»:
ԼԻՐԻ — Էդ Սալիի մասի՞ն ես ասում:
ԿԵԿԻ — Ընդհանրապես եմ ասում: Էն մասին, թե ոնց է ամեն ինչի կարգը:
ԼԻՐԻ — Պարզ է:
ԿԵԿԻ — Ոչ մի բան էլ քեզ պարզ չէ: Ինձ էլ ոչինչ պարզ չէ:
Ներս է վազում Տեուտան:
ԿԵԿԻ — Ի՞նչ կա:
ՏԵՈՒՏԱ — Էդ բանալին չէ: Սեյֆինն ես տվել:
Կեկին գոտիկից ուրիշ բանալի է անջատում: Բանալիները փոխանակում են:
ԿԵԿԻ — Էս ի՞նչ բան է, էլի շփոթեցի: Հետո կհիշեցնես՝ Սալիի սենյակի կողպեքը փոխեմ, թե չէ ինչքա՞ն պիտի էսպես…
ՏԵՈՒՏԱ — (հընթացս): Կհիշեցնեմ, կհիշեցնեմ, եթե ինքս չմոռանամ: (Գնում է:)
Կեկիի ու Լիրիի ծանր, ճնշող լռությունը շարունակվում է մինչև Տեուտայի վերադարձը:
ԿԵԿԻ — Իսկ ո՞ւր է Էդոնան:
ՏԵՈՒՏԱ — Էնտեղ, դռան մոտ մնաց: Բանալին մոտն եմ թողել: Համենայնդեպս:
ԿԵԿԻ — Հիմարի մեկն ես, որ էնտեղ ես թողել: Էդոնայի մտքով ինչ ասես՝ կանցնի:
ՏԵՈՒՏԱ — Վերջ տուր… Ախր, մայր է:
ԿԵԿԻ — Հայրենիքը հերոսների է սպասում, իսկ կնանիք հիմարներ են ծնում: Այ, էս մեկը նրա ու մեր Սալիի մասին է:
Կեկին նստում է սեղանի մոտ, Տեուտային է մեկնում զարդեղենի ցուցակը:
ԿԵԿԻ — Որտե՞ղ կանգ առանք:
Տեուտան դժկամ մոտենում է Կեկիին, վերցնում ցուցակն ու նստում է կողքին:
ՏԵՈՒՏԱ — (ականջ դնելով տան խորքի լռությանը): Ամուսնական մատանու վրա կանգ առանք: (Կարդում է:) «Թիթեռնիկի ձևով ականջօղեր: Մարգարիտներով»:
ԿԵԿԻ — Կա… ականջող կա: Ոսկուց:
Այդ պահին խուլ լսվում է կանացի ճիչ: Կինը ճչում ու ճչում է…
ԿԵԿԻ — (պահանջկոտ): Հետո՞… կարդա՛:
Ճիչերը շարունակվում են:
ՏԵՈՒՏԱ — (բարձրացնում է ձայնը ճիչերը խլացնելու համար): «Ապարանջան՝ օձի զմրուխտե աչքերով»:
ԿԵԿԻ — Ըհը՛ ապարանջանը: Իսկ ի՜նչ աչուկներ են:
Լիրին սայլակը մոտեցնում է նրանց:
ԼԻՐԻ — Չե՞ք լսում: Խլացե՞լ եք… վե՛րջ տվեք:
ՏԵՈՒՏԱ — Գուցե իսկապես… գնանք… նայե՞նք…
ԿԵԿԻ — Նստի՛ր: Արդեն ուշ է:
ԼԻՐԻ — Ինչո՞ւ է նա գոռում: Ինչո՞ւ է էդպես գոռում: էդքան ցավո՞տ է դա:
ՏԵՈՒՏԱ — Հեչ էլ ցավոտ չէ: Սկզբում տհաճ է… հատկապես անսովորությունից: Իսկ հետո՝ ոչինչ, նույնիսկ չես նկատում: Հիշում եմ, իմ Դալմատը վրաս իրեն չի խնայում, իսկ ես էդ ժամանակ…
Կեկին անսպասելի ապտակում է Տեուտային: Նա ճչում է, ձեռքով փակում է այտը: Լռում է: Լռում է նաև Կեկին: Գլուխը ձեռքերի մեջ թաքցրած Լիրին ևս լուռ է: Ու միայն Ռոզաֆան է շարունակում գոռալ:
Խավար:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Քեռի Կեկիի փոքրիկ խանութը, ուր վաճառվում է ամեն ինչ: Հիմնականում երկարաժամկետ պահպանվող ապրանք՝ բակալեա, պահածոներ, գարեջուր…
Լիրիի աշխատանքային տեղում՝ դրամարկղի շուրջը, պաստառներ են Մայր Թերեզայի պատկերով, բունկերի (դրանք վիթխարի քանակով կառուցել էր Էնվեր Խոջան Ալբանիայով մեկ) ձև ունեցող հուշանվերային մոխրամանների դարակը, բացիկներով ցուցափեղկն ու սիգարետների վաճառարկղը:
Փողոց տանող դուռը բաց է: Մուտքի մոտ, պլաստիկե աթոռին նստած, օրվա մեծ մասն է անցկացնում քեռի Կեկին, շփվում է հարևանների ու անցորդների հետ՝ նրանց հրավիրելով խանութ: Փողոցում է թեյ խմում ու ծխում, առանց հատուկ պահանջի կրպակ չի մտնում: «Հատուկ պահանջների» համար խանութում կա զուգարան, որի դուռը թաքցրած է ապրանքների կանգադարակների ետևում: Խանութից կարելի է ուղիղ տուն մտնել, ինչը շատ հարմար է: Հատկապես սայլակին նստած Լիրիի համար: Լիրին նստած է դրամարկղի ետևում, ամսագիր է թերթում, ծամոն է ծամում՝ այն փուչիկ սարքելով ու պայթեցնելով:
Փողոցից խանութ է մտնում քեռի Կեկին՝ պառավին թևանցուկ արած:
ԿԵԿԻ — Համեցեք, հարգելիս: Զգույշ, էստեղ աստիճան կա… Վաղուց մեզ մոտ չեք եղել:
ՊԱՌԱՎ — Վաղուց, Կեկի, վաղուց:
ԿԵԿԻ — Սա Լիրին է, զարմուհիս: Հիշո՞ւմ եք նրան: Տեուտայի աղջիկը:
ԼԻՐԻ — Բարև ձեզ, տատի:
ԿԵԿԻ — Համեցեք, ընտրեք, Լիրին ձեզ կօգնի:
ՊԱՌԱՎ — Շնորհակալ եմ, Կեկի, աստված քեզ առողջություն տա: Գնա, ինքս գլուխ կհանեմ: Պառավել եմ, բայց խելքս տեղն է: Առևտուր անելը չեմ մոռացել: (Գնում է խանութի խորքը:)
ԿԵԿԻ — (Լիրիին): Փող չվերցնես:
ԼԻՐԻ — Ինչի՞ հանկարծ…
ԿԵԿԻ — Իսկ երեխայի օժիտը ո՞վ պիտի կարի: Կարո՞ղ է, դու քո ծուռ ձեռքերով…
ԼԻՐԻ — Հարսանիքից երկու շաբաթ է անցել, իսկ դուք արդեն իրար եք խառնվել: Եկեք մի հատ էլ երեխայի անունը սկսենք ընտրել:
ԿԵԿԻ — Անունը վաղուց է ընտրված:
ԼԻՐԻ — Ուրիշ բանուգործ չունեիք:
ԿԵԿԻ — Լեզուդ քեզ քաշի…
ԼԻՐԻ — Ու ձեռքերս էլ ծուռ չեն:
ԿԵԿԻ — Քեզ նույնիսկ մահվան պատանքս կարել չէի վստահի: (Գնում է դեպի դուռը:)
ԼԻՐԻ — Շատ պետքս է…
Կեկին դուրս է գնում: Հայտնվում է պառավը մի քանի տոպրակ ձեռքին, հիմնականում չորաբլիթ է ու կոնֆետեղեն: Պառավը գնումները դնում է դրամարկղի կանգնակի վրա:
ՊԱՌԱՎ — Ինչքան նման ես եղբորդ: Նա՞ ոնց է, վաղուց չեմ տեսել:
ԼԻՐԻ — (դադարից հետո): Տատի, Ռինորը մահացել է: Շուտով տաս տարի կլինի: Սպանել են նրան:
ՊԱՌԱՎ — Հա, հա… Մեկն ինձ ասել է, բայց ես մտածել եմ, որ էդ Սալին է գնացել սպանելու Կեկիի արյան վրիժառուին ու նրան էնտեղ էլ գնդակահարել են:
ԼԻՐԻ — Չէ, տատի, Սալին ողջ է ու… Ու առողջ է: Տնից դուրս չի գալիս, վախենում է, որ արյան վրիժառուները կսպանեն:
ՊԱՌԱՎ — Ուրեմն էդ Սալի՞ն է երեխա ունեցել:
ԼԻՐԻ — Դեռ չէ, տատի, նոր է կնոջը տուն բերել:
ՊԱՌԱՎ — Հասկացա, հասկացա… Չէի սիրում նրա հորը, չար մարդ էր: Իսկ Էդոնային միշտ էլ հավանել եմ՝ լավն է, գործունյա: Էսօր տեսա, ինչ-որ ջահելի հետ էր:
ԼԻՐԻ — Դուք ոչինչ չե՞ք շփոթում, տատի:
ՊԱՌԱՎ — Ջահել հետ էր, ջահելի… Տեսել եմ, ոնց որ քեզ եմ տեսնում: Նա Էդոնային փող տվեց: Ես էլ դեռ մտածեցի, որ փողը փողոցում գրպանից չեն հանում՝ վատ նշան է: Ի՞նչ պիտի վճարեմ:
ԼԻՐԻ — Ոչինչ չեք վճարելու, տատի, ամեն ինչ ձրի է: Ձեզ՝ նվեր:
ՊԱՌԱՎ — Այ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ քեզ:
ԼԻՐԻ — Ինձ չէ, տատի, քեռի Կեկիին շնորհակալ եղեք:
ՊԱՌԱՎ — Միշտ եմ ասել, Ռեկիպիները լավ ընտանիք են: Անպայման կգամ ձեր մանչուկի օժիտը կարելու:
ԼԻՐԻ — Իհարկե, եկեք, ուրախ կլինենք: Տվեք ձեր գնումները մեծ տոպրակի մեջ դնեմ, հարմար կլինի տանելը: (Գնումները տեղավորում է տոպրակի մեջ:)
ՊԱՌԱՎ — Շնորհակալ եմ, սիրելիս, առածս էլ մեծ բան չէ: Շատ բան տանելը դժվար է: Ամեն ինչից քիչ-քիչ եմ վերցրել: Իմոնց ուրախացնելու համար: Նրանք քաղցր սիրում են: Սկզբում Իլլկեին ու Արտեին կգնամ այցի: Քույրերս են: Նրանց համար թխվածք եմ վերցրել: Վերադարձին մորս կհանդիպեմ, նա սառնաշաքար է սիրում: Մարդուս կողմն էլ կգնամ: Թեև ինձ դուրս է արել, ինչ է, նրան երեխաներ չկարողացա նվիրել: Եթե ուզում ես, եղբորդ մոտ էլ կգնամ: Նա ի՞նչ է սիրում:
ԼԻՐԻ — Ուրեմն դուք… Դուք գերեզմանո՞ց եք գնալու:
ՊԱՌԱՎ — Էլ ուրիշ ո՞ւր գնամ: Երբ առաջին անգամ, պստլիկ աղջիկ էի, գերեզմանոցում հայտնվեցի, հա՜ զարմանում էի. «Բա ո՞ւր են մարդիկ: Էստեղ միայն բանջարանոցներ են»: (Ծիծաղում է:) Ես որ չեմ հիշում, ծնողներիս պատմածն է: Ամեն անգամ ծիծաղում էին, երբ հիշում էին…
Լիրին սիգարետների վաճառարկղից մեկ տուփ է հանում:
ԼԻՐԻ — Ուրեմն էս սիգարետները վերցրեք: Ռինորը միայն սրանցից էր ծխում:
ՊԱՌԱՎ — Էդպիսի սովորություն կա: Երբ փեսացուն տուն է գալիս, սկզբում նրան սիգարետ են առաջարկում: Ու քանի նա ծխում է, հանկարծ ներս են բերում ապագա հարսնացուին ու էլի մի սիգարետ են առաջարկում: Եթե շփոթմունքից նորը ծխեց, ուրեմն հարսնացուն դուրը եկավ, սիրահարվեց:
ԼԻՐԻ — Ռինորը տասնհինգ տարեկան էր: Ծխել սովորեց, իսկ սիրահարվել չհասցրեց: (Շրջվում, դարակից վերցնում է հուշանվերային մոխրամանը:) Մոխրամանն էլ վերցրեք նրա համար: Թեթև է:
ՊԱՌԱՎ — (տնտղելով մոխրամանը): Մարդս հենց էսպիսի բունկեր էր կառուցել Գիրոկաստրայի մոտ: Էդ ժամանակ էնտեղ էինք ապրում: Գիտե՞ս, որ դա Էնվերի հարազատ քաղաքն է: Էնտեղ է ծնվել:
ԼԻՐԻ — Գիտեմ, տատի: Դպրոցում անցել ենք: (Սիգարետի տուփն ու մոխրամանը դնում է տոպրակը՝ մնացած գնումների հետ:)
ՊԱՌԱՎ — Էնվերը հա՜ թշնամիներից էր վախենում, ամրացնում էր երկիրը: Իսկ հենց մեռավ՝ ամեն ինչ քանդվեց: Ամե՛ն ինչ:
Պառավը վերցնում է տոպրակը, գնում է դեպի դուռը: Շրջվում է:
ՊԱՌԱՎ — Էդոնային ասա, որ էն ջահելը ինձ դուր եկավ: Լավ տղա է: Միայն թող փողը փողոցում գրպանից չհանի: Դժբախտություն կլինի: (Գնում է:)
Սայլակին նստած Լիրին դուրս է գալիս դրամարկղի ետևից, անցնում է դարակների կողքով, կանգ է առնում: Դժվարությամբ ձգվում-հասնում է գարեջրի տուփերի դարակին, վերցնում է թիթեղյա տուփը, բայց չի հասցնում բացել: Կրպակի խորքից լսվում է Տեուտայի ձայնը:
ՏԵՈՒՏԱ — Դե շարժվի, ի՞նչ ես տնտնում… դույլն ու լաթերը զուգարանում են:
Լիրին գարեջուրը թաքցնում է թիկունքում: Հայտնվում է Տեուտան:
ՏԵՈՒՏԱ — Այ թե ինչու երբ կրպակ մտնեմ, քեզ միշտ գարեջրի դարակի մոտ եմ տեսնում: Կարո՞ղ է, խմում ես:
ԼԻՐԻ — Ըհը, նաև ծխում եմ:
ՏԵՈՒՏԱ — Համարյա երեքն է, Կեկիի ճաշի ժամն է, իսկ մենք պետք է հատակը լվանանք:
ԼԻՐԻ — Իմ ի՞նչ գործն է…
ՏԵՈՒՏԱ — Ամեն ինչն էլ քո գործն է: Ախր, զարմանալու չափ լավ ես հարմարվել էս կյանքում:
ԼԻՐԻ — Կարող ենք տեղերով փոխվել: Ես գնամ հատակը լվանամ, իսկ դու իմ սայլակում կնստես:
ՏԵՈՒՏԱ — Հատակը Ռոզաֆան կլվանա:
ԼԻՐԻ — Էդ ինչի՞ հանկարծ…
ՏԵՈՒՏԱ — Որովհետև երկու շաբաթ է անցել:
ԼԻՐԻ — Օյ, թող ես գուշակեմ: Երկու շաբաթ է անցել ու ինչ-որ մի ծեսի համաձայն ջահել կինը պետք է լվանա հատա՞կը:
Տեուտան դստերը պատասխանում է նրա ուսը թեթևակի կսմթելով, ինչից Լիրին վեր է թռչում, իսկ գարեջրի տուփը դավաճանաբար գլորվում է հատակին: Լռություն: Տեուտան վերցնում է տուփը, դնում է դարակին:
ՏԵՈՒՏԱ — Ինչքա՛ն նման ես եղբորդ…
ԼԻՐԻ — Գիտե՞ս, մամ, ավելի լավ է՝ ինձ ծեծեիր: (Շարժվում է դեպի դրամարկղը:)
Հայտնվում է Ռոզաֆան, ձեռքին՝ դույլ ու հատակը լվանալու փալասը:
ՏԵՈՒՏԱ — Դռներից էլ սկսիր, ամենակեղտոտը էնտեղ է: Ու ջուրը շուտ-շուտ փոխիր: Գլուխ կհանե՞ս: (Ռոզաֆան հաստատական գլխով է անում:) Գնամ Կեկիի ետևից: (Գնում է դեպի փողոց բացվող դուռը:)
Ներս է մտնում Կեկին՝ քարշ տալով Էդոնային: Կեկիին տեսնելով՝ Ռոզաֆան գնում է դարակների ետևը:
ԿԵԿԻ — (Տեուտային): Փակիր խանութը:
ՏԵՈՒՏԱ — Բայց դեռ երեքը չկա:
ԿԵԿԻ — Փակի՛ր:
ՏԵՈՒՏԱ — (շտապում է կատարել Կեկիի հրամանը): Բա՞ն է պատահել:
ԿԵԿԻ — Ըհը՛, հիացիր:
Կեկին հատակին է շպրտում մի բուռ կոնֆետ: Լիրին սայլակով առաջ է գալիս, զննում է կոնֆետները:
ԿԵԿԻ — Պառավին մինչև ավտոբուսը ուղեկցեցի: Վերադառնում եմ, ու մեկ էլ… էս անպետքը (ցույց է տալիս Էդոնային) հարևանի լակոտներին կոնֆետ է հյուրասիրում: Բռերո՛վ: Թալանեց ինձ, անպետքի մեկը…
ԼԻՐԻ — Քեռի, նա չէր կարող, մեր խանութում էս կոնֆետներից երբեք չենք ունեցել:
ԿԵԿԻ — Ուրեմն փողերս է գողացել: Ու դրանով կոնֆետ է գնել: Լիրի, բա՛ց դրամարկղը:
ԼԻՐԻ — Ինչո՞ւ բացեմ, եթե առավոտից մի գնորդ չի եղել: Դրամարկղում նույնիսկ մի լեկա չի հավաքվի:
ՏԵՈՒՏԱ — Էս տանը բոլորն ինձ հակառակ են խոսում: Բոլո՛րը: Ձեզ քի՞չ եմ ծեծել: (Գնում, բացում է դրամարկղը:) Խուզարկիր դրան, Տեուտա:
ԼԻՐԻ — Էլ անելու բան չգտար:
ՏԵՈՒՏԱ — Բայց ինչի՞ ես:
ԿԵԿԻ — Ե՞ս պիտի եղբորդ կնոջը շոշափեմ: Իսկ դու… ինչքան չլինի՝ կին ես:
Տեուտան ստուգում է Էդոնայի հագուստը:
ԼԻՐԻ — Մայրիկ, պետք չէ:
ԿԵԿԻ — Ձե՛նդ… գողի՞ն ես խղճում: Թե՞ նրա հետ միասին եք ինձ թալանում:
Էդոնան չի ընդդիմանում խուզարկությանը: Տեուտան ստուգում է Էդոնայի կրծկալն ու այնտեղից դուրս է բերում բջջային հեռախոս:
ԿԵԿԻ — Էդպե՜ս… տեղ հասանք:
ՏԵՈՒՏԱ — Էս ի՞նչ է… հեռախո՞ս:
Կեկին Տեուտայի ձեռքից վերցնում է հեռախոսը, զննում է: Անսպասելի հարվածում է Էդոնային:
ԼԻՐԻ — Քեռի՛, պետք չէ… դա իմ հեռախոսն է: (Կեկին կանգ է առնում:) Մի խփիր:
Լռություն:
ԿԵԿԻ — Իսկ… քեզ որտեղի՞ց:
ՏԵՈՒՏԱ — (անսպասելի): Ես եմ նրա համար գնել:
ԿԵԿԻ — Դո՞ւ:
ՏԵՈՒՏԱ — Ինչ է՞ որ… Թող աղջկա մոտ հեռախոս լինի, ի՞նչ վատ է…
ԿԵԿԻ — Ի՞նչ… Դեռ հարցնո՞ւմ ես: Դրա մեջ ժամացույց կա:
ՏԵՈՒՏԱ — Ի՞նչ ժամացույց:
Կեկին վրա է պրծնում, նրա դեմքի առաջ թափահարում է հեռախոսը:
ԿԵԿԻ — Ըհը… չե՞ս տեսնում, սրանով ժամանակը կարելի է իմանալ: Կինը չի՛ կարող ժամացույց ունենալ: Իրավունք չունի՛: Ոչ ժամացույց, ոչ գլխարկ: Մի հատ էլ շալվար գնեիր նրա համար, հիմա՛ր:
ԼԻՐԻ — Բայց ժամացույցը կարելի է անջատել:
ԿԵԿԻ — Անջատե՞լ… Հիմա անջատել ցույց կտամ…
Կեկին հեռախոսը շպրտում է հատակին, ոտքերով տրորում:
ԿԵԿԻ — Ա՛ռ քեզ ժամացույց… ըհը՛: Ուզում ես տղամա՞րդ լինել… ա՛ռը քեզ… (Տնքում, ձեռքը տանում է սրտին:)
ՏԵՈՒՏԱ — Էլի՞… (Նետվում է դեպի եղբայրը:)
ԿԵԿԻ — (վանելով նրան): Չկպնես ինձ, օ՛ձ… դուք մահս եք ուզում:
ՏԵՈՒՏԱ — Ի՞նչ ես ասում, Կեկի, ինչի՞ ես էդ բառերն ասում:
ԿԵԿԻ — Մեռնեմ՝ սովից կսատկեք:
ԼԻՐԻ — Էլի մի հարյուր տարի ապրի, քեռի:
ՏԵՈՒՏԱ — (գրպանից հանում է դեղահաբերի տուփը): Ա՛ռ, խմի՛ր:
Կեկին կուլ է տալիս հաբը:
ԿԵԿԻ — Հա, թունավորի ինձ: Դրան ես սպասում, որ սատկեմ: Կարծում ես, էդ ժամանակ կարող եք փողերովս հեռախո՞ս գնել, ժամացո՞ւյց կրել:
ՏԵՈՒՏԱ — Ոչ մի բան էլ չեմ մտածում:
ԿԵԿԻ — Ճիշտ ես անում, չմտածես: Դուք ոչի՛նչ եք, ու էս տնից ո՛չ մի բան ձերը չէ: Իսկ ձեր կյանքը շան կյանքից թանկ չէ:
ՏԵՈՒՏԱ — Ոնց կասես, Կեկի: Դու տղամարդ ես, տան գլխավորը: Գնանք, պառկիր, հանգստացիր:
ԿԵԿԻ — Կհանգստանամ գերեզմանում, իսկ դուք վրան կպարեք: Փորներդ բաց: Իսկ հետո ամերիկացիները բոլորիդ… (Բազմանշանակ շարժում է անում:)
Դարակների ետևից լսվում է հատակին ընկնող դույլի աղմուկը:
ՏԵՈՒՏԱ — Այ քեզ հիմար… գործ անել չգիտի:
ԿԵԿԻ — Ո՞վ…
ՏԵՈՒՏԱ — Մեր ջահել հարսը: Խնդրեցի հատակը լվանալ, իսկ նա դույլը շուռ տվեց: (Գոռում է:) Ավելի լավ է գլուխդ ջարդեիր:
ԿԵԿԻ — Ոնց եք բոլորդ զզվեցրել: Մեկն իմանար… եթե իմանար, ոնց եք զզվեցրել…
ՏԵՈՒՏԱ — Էդոնա, օգնիր, Կեկիին տանենք ննջարան: (Գոռում է:) Թափածդ մաքրի, լսո՞ւմ ես, Ռոզաֆա:
ԿԵԿԻ — Մի գոռա, առանց էդ էլ գլուխս պայթում է: Ի՞նչ ես անընդհատ գոռում:
ՏԵՈՒՏԱ — Լռում եմ, Կեկի, լռում եմ:
Տեուտան ու Էդոնան, երկու կողմից թևանցուկ անելով Կեկիին, նրան տուն են տանում: Դադար:
ԼԻՐԻ — Դե՞… գոնե դուրս արի, քեզ տեսնենք:
Դարակների ետևից դուրս է գալիս Ռոզաֆան, գլխահակ կանգնում է:
ԼԻՐԻ — Վերցրու հեռախոսը, ինձ տուր, միայն զգույշ, վերջնականապես չջարդես: Ոչինչ, էկրանը չի վնասվել: Սկոտչով կփաթաթեմ՝ կաշխատի: Քո՞նն է:
ՌՈԶԱՖԱ — Ի՞նչ…
ԼԻՐԻ — Սիրեկանդ Էդոնային փող ու հեռախոս է տվել: (Ռոզաֆան լուռ է:) Քոնն է: Ուրիշ մեկինը չի կարող լինել: Ես հեռախոս չունեմ, ո՞ւմ զանգեմ: Էդոնան ընդհանրապես չի խոսում: Միայն լռում ու լսում է: Ոնց որ դու՝ էս պահին: (Ռոզաֆան չի պատասխանում:) Ինձ սպիտակեղեն կարող պառավն ասաց, որ Էդոնային մի ջահելի հետ է տեսել: Ու նա ոնց որ Էդոնային փող է տվել: Էդ ինչի՞ հանկարծ… Չգիտե՞ս: Ես պառավին չհավատացի, մտածեցի՝ խելքը լրիվ է թռցրել: Իսկ հետո քեռին Էդոնային բռնացրեց կոնֆետ բաժանելիս: Էդ թուլությունը ունի, վերջին ունեցածը փողոցի երեխաներին կտա: Երբեմն նրան կոնֆետ եմ տալիս, որ երեխաներին բաժանի, ինքը վախենում է քեռուց գողանալ: Իսկ ես չեմ վախենում: Ես ոչ մի բանից էլ չեմ վախենում: Չե՞ս հավատում: Այ, էն գարեջրի տուփը տուր: Կողքիդ է: (Ռոզաֆան տուփը տալիս է:) Ուզեմ՝ կխմեմ: Բայց չեմ ուզում: (Ուժեղ թափահարում է տուփը:) Առ, տեղը դիր: Մեր հաբեցողներից մեկի համար տոն կդառնա: Էդպես հաճախ եմ անում: Ինչ է՞ որ… Պետք է մի ձևի զվարճանալ: Ինձ որ տղաները հեռախոս չեն տալիս: Ես ընդհանրապես ծանոթ տղամարդիկ չունեմ: Իսկ դու ունես: (Ռոզաֆան լուռ է, քիթն է վեր քաշում:) Բայց լացդ չդնես: Գժվեցնում է: Չզռռաս, լսո՞ւմ ես: Էս տանը լաց չեն լինում: Էստեղ միայն ատում ու անիծում են: Իսկ կսկսես լալ՝ Էդոնայի տեղը կբռնես: (Դադար:) Նրանք ամեն գիշե՞ր են քեզ զուգավորման տանում: (Ռոզաֆան գլխով է անում:) Պառավ քածեր: Չեն համբերում:
ՌՈԶԱՖԱ — Ինչո՞ւ են ինձ հետ էդպես վարվում: Ախր, նա… այլանդակ է: Գիժ այլանդակ: Նրա հոտը վրայիցս մաքրել չեմ կարող: Ախր, նրան կապած են պահում, նա տակն է անում: Գիտե՞ս էդ մասին:
ԼԻՐԻ — Գիտեմ: Մեր Սալին հազվագյուտ այլանդակ է: Երեխեքին կարելի է նրանով վախեցնել: Բայց դու չմտածես, ձեր երեխային նրա գժությունը չի փոխանցվի: Էդոնան դժվար ծննդաբերեց, Սալիին աքցաններով են դուրս քաշել: Տատմերը նրա ուղեղը վնասեց, գանգն էլ այլանդակեց: Փոքրուց են մարդկանցից թաքցնում: Ու խաբում են: Ամեն քայլափոխին խաբում են: Ատում եմ: Նրանք բոլորին ասում են, որ Սալին տնից դուրս չի գալիս, որովհետև արյան վրիժառուներից է վախենում: Փչո՛ց: Էլ ոչ մի արյան վրիժառու չունենք: Մայիսին տաս տարին կլրանա, ինչ վերջինին սպանեցին:
ՌՈԶԱՖԱ — Ո՞վ է սպանել:
ԼԻՐԻ — Շատ հետաքրքրասերն ես… գարեջուրը տեղը դիր ու գործիդ գնա: Թե չէ մայրս կգա, գոռոցը կդնի:
ՌՈԶԱՖԱ — (տուփը դնում է դարակին, կամաց): Իսկ հեռախո՞սը:
ԼԻՐԻ — Հեռախոսը՝ ի՞նչ…
ՌՈԶԱՖԱ — (դադարից հետո): Ինձ կտա՞ս:
ԼԻՐԻ — Կտամ: Եթե քոնն է:
ՌՈԶԱՖԱ — Իմն է:
ԼԻՐԻ — Ուրեմն կտամ: Միայն սկզբում կսարքեմ:
ՌՈԶԱՖԱ — Իսկ կարո՞ղ ես:
ԼԻՐԻ — Կփորձեմ: Համակարգիչս խելքի բերի, հեռախոսից էլ գլուխ կհանեմ:
ՌՈԶԱՖԱ — Համակարգիչ ունե՞ս:
ԼԻՐԻ — Նոթբուկ: Հին է, բայց լավն է: Ամերիկական է: Հարավսլավիայում նատոյականներից են թռցրել: Դեռ պատերազմի ժամանակ: Էնպես որ վետերան է: Միայն սկոտչով մի լավ փաթաթել եմ:
ՌՈԶԱՖԱ — Իսկ ինտերնե՞տ: Ինձ ինտերնետ է պետք:
ԼԻՐԻ — Է՜յ, կամաց… Կարո՞ղ է, մեր միջնադարում երեսուներեք հաճույքն էլ միասին ես ուզում: Չունեմ ինտերնետ:
ՌՈԶԱՖԱ — Բա համակարգիչն ինչի՞ համար է:
ԼԻՐԻ — Իսկ ի՞նչ ես կարծում, ո՞վ է էստեղ հաշվապահությունը վարում: Մայր Թերե՞զան: Գոնե խաղալ են թույլատրում՝ էլի բան է: Մի խոսքով, գիշերը արի հեռախոսիդ ետևից, ամեն ինչ ցույց կտամ:
ՌՈԶԱՖԱ — Էդոնան մինչև առավոտ դուռը վրաս կողպում է: Սալիի մոտից բերելուց հետո:
ԼԻՐԻ — Լավ, էլի, էստեղի կողպեքները մատով կարելի է բանալ: Ծամկալ ունե՞ս:
ՌՈԶԱՖԱ — Ունեմ:
ԼԻՐԻ — Դրանով էլ կբացես:
ՌՈԶԱՖԱ — Չեմ կարող:
ԼԻՐԻ — Ես յոթ տարեկանում եմ սովորել, դու էլ կսովորես: Եթե լրիվ հիմար չես:
ՌՈԶԱՖԱ — Իսկ եթե Էդոնան լսի՞: Նրա սենյակը իմինի կողքին է:
ԼԻՐԻ — Եթե համաձայնվել է հեռախոսը քեզ փոխանցել, քեզ չի մատնել, ուրեմն մեռածի պես էլ կքնի: Հաստատ:
ՌՈԶԱՖԱ — Նա ինչո՞ւ համաձայնվեց: Ախր ես…
ԼԻՐԻ — Դավաճանում ես նրա որդո՞ւն: Ամուսնո՞ւդ:
ՌՈԶԱՖԱ — Դե… Էդպես է ստացվում: Միայն թե ես նրան չեմ դավաճանում: Ես ու Մայքլը պարզապես…
ԼԻՐԻ — Մա՞յքլը… արտասահմանցի՞ է:
ՌՈԶԱՖԱ — Ամերիկացի է: Դեսպանատանն է աշխատում:
ԼԻՐԻ — Բախտդ ո՛նց չի բերել:
ՌՈԶԱՖԱ — Ինչո՞ւ:
ԼԻՐԻ — Քեռի Կեկին աշխարհում ամենաշատը ամերիկացիներին է ատում: Բայց քո բախտը ուրիշ հարցում է բերել: Էդոնան քեռի Կեկին ավելի է ատում, քան նա՝ ամերիկացիներին: Դրա համար էլ չի մատնել: Ես էլ քեզ չէի մատնի:
ՌՈԶԱՖԱ — Իսկապե՞ս բոլորդ իրար ատում եք:
ԼԻՐԻ — Վարժվիր: Ատելը սիրելուց հեշտ է: Շուտով ինքդ էլ կհասկանաս: (Լռություն: Ականջ է դնում:) Մայրս է գալիս: Գնա, գոնե ձևի համար գործ արա:
Ռոզաֆան գնում է: Գալիս է Տեուտան:
ՏԵՈՒՏԱ — Հազիվ պառկեցրի, հա՜ ուզում էր Էդոնայի սենյակը խուզարկել:
ԼԻՐԻ — Էլ անելու բան չուներ:
ՏԵՈՒՏԱ — Հոգնել եմ… ո՜նց եմ հոգնել:
ԼԻՐԻ — Ուրեմն գնանք էստեղից:
ՏԵՈՒՏԱ — Ո՞ւր: Ո՞ւմ ենք մենք պետք:
ԼԻՐԻ — Իսկ էստե՞ղ ում ենք պետք: Շնից վատ ենք ապրում:
ՏԵՈՒՏԱ — Էդպես էլ կա, միայն հաչում ու կծում ես: Շնից ի՞նչ պակաս ես: Իմ վրա ես հաչում, քեռուդ… իսկ դու պիտի հարգես: Նրա ձեռքերը պիտի լիզես:
ԼԻՐԻ — Բայց ինչի՞:
ՏԵՈՒՏԱ — Նա տղամարդ է, տան գլխավորը, նա է մեզ պահում:
ԼԻՐԻ — Քթներիցս է գալիս նրա պահելը:
ՏԵՈՒՏԱ — Այ, եթե ողջ լիներ Ռինորը… այ էդ ժամանակ…
ԼԻՐԻ — Դե սկսի՛ր, ասա՛, որ լավ կլիներ, եթե նրա փոխարեն ինձ սպանեին: Չէ՞ որ դա ես ուզում ասել, լեզվիդ ծերին է, տեսնում եմ, չէ՞:
Լռություն:
ՏԵՈՒՏԱ — Քո հեռախո՞սն է:
ԼԻՐԻ — Իսկ եթե իմն է՞… հետո՞ ինչ:
ՏԵՈՒՏԱ — Ոչինչ:
Տեուտան դարակից վերցնում է այն տուփը, որը թափահարել էր Լիրին: Բացում է: Փրփուրի շիթը թրջում է Տեուտայի հագուստը, թափվում հատակին: Լիրին անձայն հռհռում է: Տեուտան վազում է դարակների ետևը: Մենակ մնալով, Լիրին զննում է հեռախոսը:
ԼԻՐԻ — Ոչինչ, կարելի է վերանորոգել: Կարելի է… կարելի է:
Վերադառնում է Տեուտան, տենդորեն զննում դարակները, ինչ-որ բան է փնտրում:
ԼԻՐԻ — Մայրի՞կ…
ՏԵՈՒՏԱ — Ո՞ւր են…
ԼԻՐԻ — Ի՞նչը:
ՏԵՈՒՏԱ — Ո՞ւր են… դրանք…
ԼԻՐԻ — Ինչե՞րը:
ՏԵՈՒՏԱ — Տեստերը: Հղիության տեստերը: Ո՞ւր են:
ԼԻՐԻ — Գժվեցի՞ր, ինչի՞դ են պետք:
ՏԵՈՒՏԱ — Ինձ չէ, հիմար: Նրան… սիրտը ետ է տալիս… Ներս եմ մտնում, իսկ նա… (Ցույց է տալիս:)
ԼԻՐԻ — Ռոզաֆայի սի՞րտն է խառնում:
ՏԵՈՒՏԱ — Ո՞ւր են տեստերը:
ԼԻՐԻ — Վաճառասեղանի տակ: Կանացի ապրանքները քեռին էնտեղ է տեղավորել:
Տեուտան փնտրում, միջադիրներ ու նման բաներ է շարում վաճառասեղանի վրա:
ԼԻՐԻ — Մամ, ախր երկու շաբաթ է անցել:
ՏԵՈՒՏԱ — Շա՜տ ես հասկանում… գտա՛: (Ճանկում է տեստն ու վազում զուգարան:)
ԼԻՐԻ — (հեռախոսին): Դե ինչ, Մայքլ, կդառնա՞ս հայրիկ, թե՞ չէ: Ի՞նչ ես կարծում:
Խավար:
ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Մայիսյան տոթ գիշեր է, բայց Լիրիի սենյակի փակոցափեղկերը փակ են: Հեռվից լսվում է որոտի ձայնը: Լիրին նստած սայլակում, խախուտ սեղանի կողքին, համակարգիչով խաղ է խաղում: Ռոզաֆան սենյակի անկյունում է, պատուհանից ոչ հեռու: Նա կանգնել է աթոռակին, գլխից վերև է պարզել կպչուն ժապավենով փաթաթված հեռախոսը: «SMS»-ին հատուկ ազդանշան: Ռոզաֆան իջնում է աթոռակից, կարդում է հաղորդագրությունը: Ժպտում է:
ԼԻՐԻ — (խաղից կտրվելով): Ի՞նչ է գրում:
ՌՈԶԱՖԱ — Դե… գրում է, որ սիրում է, որ առանց ինձ ապրել չի կարող:
ԼԻՐԻ — Սպասիր, էդ նախորդ հաղորդագրությունում չէ՞ր գրել:
ՌՈԶԱՖԱ — Ամեն մեկի մեջ էլ գրում է: Նա ինձ սիրում է:
ԼԻՐԻ — Չեմ հասկանում: Մի անգամ ասաց, էլ ինչո՞ւ կրկնել:
ՌՈԶԱՖԱ — Ինչ է, ոչ մի անգամ չե՞ս սիրահարվել: (Լիրին լուռ է:) Ներիր, երևի չպիտի ասեի…
ԼԻՐԻ — Իսկ ինձ կարելի՞ է սիրահարվել:
ՌՈԶԱՖԱ — Դե…
ԼԻՐԻ — Պարզ է:
ՌՈԶԱՖԱ — Ինչո՞ւ քեզ չես հետևում:
ԼԻՐԻ — Հետևում եմ:
ՌՈԶԱՖԱ — Սանրվածք արա, մանիկյուր… Էսպես գեղեցիկ չէ:
ԼԻՐԻ — Էլ բան ու գործ չունեմ: Որ հետո քեռի Կեկին աքցանով ներկած եղունգերս պոկի՞: Երկու ամիս է՝ մեզ հետ ես ապրում ու դեռ չե՞ս հասկացել, ուր ես ընկել:
ՌՈԶԱՖԱ — Լիրի, սիրելիս, քեզնից բացի ոչ մեկը ինձ հետ չի խոսում: Քեռի Կեկին ինձ չի նկատում, ասես ես չկամ: Մայրդ անընդհատ վրաս գոռում է: Իսկ Էդոնան լռում է: Նայում ու լռում է: Վախենալու է: (Անսպասելի ծիծաղում է:)
ԼԻՐԻ — Քեզ ի՞նչ եղավ:
ՌՈԶԱՖԱ — Հենց էնպես… Մի բան հիշեցի: Փոքր ժամանակ անանաս շատ էի սիրում, հորս անընդհատ խնդրում էի գնել ինձ համար: Իսկ երբ փող չէինք ունենում, հայրս ասում էր, որ եթե հաճախ անանաս ուտեմ` կհամրանամ… Ու ես միշտ մտածել եմ, որ համրերը պարզապես շատ անանաս են կերել… Ծիծաղելի՞ է:
ԼԻՐԻ — Էդոնան համր չէ, նա կարող է խոսել: Բայց չի ուզում:
ՌՈԶԱՖԱ — Ինչո՞ւ: Ինչպե՞ս կարելի է չուզենալ խոսել:
ԼԻՐԻ — Ես էլ հաճախ չեմ ուզում, հատկապես երբ մայրս սկսում է հարցեր տալ:
ՌՈԶԱՖԱ — Ուրեմն նրանը ինչ-որ հիվանդությո՞ւն է:
ԼԻՐԻ — Երևի, միայն թե ոչ մեկի պետքն էլ չէ:
ՌՈԶԱՖԱ — Քո պետքն է՞լ չէ: (Լիրին լուռ է:) Ըհը, էլի սխալ բան ասացի: Քեզ հետ երբեմն դժվար է ընկերություն անել:
ԼԻՐԻ — Իսկ մենք ընկերուհինե՞ր ենք:
ՌՈԶԱՖԱ — Հա: Կարծում եմ, հա:
ԼԻՐԻ — Քեզնից առաջ միայն մի անգամ եմ ընկերուհի ունեցել: Վաղուց էր: Բայց նա տարօրինակ էր: Միասին հիվանդանոցում էինք պառկած: Գիշերները ինքն իրեն թաց անձեռոցիկներով շոյում-փաղաքշում էր, հետո դրանք չորացնում էր ջեռուցիչի վրա:
ՌՈԶԱՖԱ — Այ քեզ զզվանք: Ինչո՞ւ:
ԼԻՐԻ — Նա էդ անձեռոցիկների մեջ Սատանայի նամակներն էր փաթաթում ու դրանք պահում էր սրտի վրա… չարքից խնդրում էր ամեն տեսակի բաներ… Դե, գժից ի՞նչ պահանջես: Էնտեղ բոլորն էին էդպես: Գժերով լիքը հիվանդանոց:
ՌՈԶԱՖԱ — Իսկ դու ի՞նչ էիր անում գժերի հիվանդանոցում: Դու է՞լ…
ԼԻՐԻ — Ես նորմալ եմ: Քեռի Կեկին փող տվեց, որ ինձ էնտեղ… բանտի փոխարեն:
ՌՈԶԱՖԱ — Բա՞նտ… քե՞զ… Ինչի՞ համար:
ԼԻՐԻ — Հիմար էի, տհաճությունների մեջ ընկա:
ՌՈԶԱՖԱ — Երբ փոքր էի ու տհաճություններ էին պատահում, հայրս ասում էր. «Տրամադրությունդ չգցես, գնանք թեյ խմենք»:
ԼԻՐԻ — Իմը ուրիշ տհաճություն էր, ոչ մի թեյ չէր օգնի:
ՌՈԶԱՖԱ — Իսկ ինձ մինչև հիմա օգնում է: Հայրս մահացավ, իսկ ես առաջվա պես ծանր օրից հետո նստում եմ թեյ խմելու ու մտածում եմ, որ մենակ չեմ:
ԼԻՐԻ — Դու մենակ չես: Դու ունես… («Ինձ» բառը Լիրին չի համարձակվում ասել:) Հիմա դու ամուսին ունես:
ՌՈԶԱՖԱ — Խնդրում եմ, մի խոսիր նրա մասին: Մի հիշեցրու: Ամեն օր աստծուն փառք եմ տալիս, որ հենց իմացան հղիությանս մասին, էլ նրա մոտ չեն տանում: Երեխայիս արդեն միայն դրա համար սիրում եմ: Որ ազատեց ինձ…
ԼԻՐԻ — Ամեն ինչ էդքան վա՞տ էր: (Ռոզաֆան լուռ է:) Իսկ ես հորս ընդհանրապես չեմ հիշում: Երբ մահացավ, նրա ընտանիքը ինձ ու եղբորս անօրինական հայտարարեց, որ ժառանգություն չտա: Մեզ վռնդեցին: Ու մայրս ստիպված ապաստան խնդրեց քեռի Կեկիից: Ու նա մեզ ընդունեց, անտեսելով խայտառակությունը:
ՌՈԶԱՖԱ — Ուրեմն նա լա՞վն է:
ԼԻՐԻ — Ո՞վ:
ՌՈԶԱՖԱ — Քեռի Կեկին:
ԼԻՐԻ — Չգիտեմ: Երբեմն կարող եմ նրան սպանել:
ՌՈԶԱՖԱ — Ես էլ:
Դադար:
ԼԻՐԻ — Այ, դու Էդոնայի մասին էիր հարցնում: Պատմեմ: Իննսունյոթին, երբ հարավում ապստամբություն սկսվեց, մարդիկ սկսեցին զենքի պահեստները թալանել: Իսկ հետո գնացին Տիրանայի վրա: Ու քեռի Կեկին Էդոնայի ամուսնուն համոզեց գնալ հարավ, Բերատ, զենք ձեռք գցելու:
ՌՈԶԱՖԱ — Զենքը նրա ինչի՞ն էր պետք:
ԼԻՐԻ — Ո՞նց թե՝ ինչին… վաճառելու: Էն օրերին շատերն էի դրա առևտուրն անում: Էդոնայի վերջին ամիսներն էին, Սալիով էր հղի, բայց նրա հետ գնաց: Մտածում էին, որ երկուսով հեշտ կլինի: Որ հղի կնոջ հետ տղամարդուն հեշտ բաց կթողնեն: Բայց զինվորները ամուսնուն սպանեցին, իսկ Էդոնային… Մի խոսքով, էդ օրվանից նա չի խոսում: Իսկ թե ինչ ու ոնց է էնտեղ եղել՝ էդպես էլ ոչ մեկը չգիտի: Նրան ուշաթափ, արյան մեջ կորած տուն բերեցին: Իսկ երբ ծննդաբերության ժամանակ Սալիի գլուխը վնասեցին՝ ամեն ինչ ավելի վատացավ… Փոքրուց Սալիին խղճացել եմ, խաղում էի հետը, իսկ երբ մեծացավ, մոռացա նրան: Երբեք նրա սենյակը չեմ մտել: Դե, երբ դեռ կարողանում էի քայլել… Դու չե՞ս լսում ինձ:
ՌՈԶԱՖԱ — (SMS է գրում): Ներիր, խնդրում եմ, Մայքլին պիտի պատասխանեմ: Սպասում է:
ԼԻՐԻ — Հա, իհարկե:
Ռոզաֆան գնում է սենյակի անկյունը, բարձրանում է աթոռակին ու հեռախոսը պարզում է գլխից վերև:
ՌՈԶԱՖԱ — Տարօրինակ է… Իմ սենյակում ազդանշանը չի բռնում, իսկ քեզ մոտ… (Բարձրանում է ոտնաթաթերին:)
ԼԻՐԻ — Ու դու միայն դրա համար ես ինձ մոտ գալիս:
ՌՈԶԱՖԱ — Չէ, ի՞նչ ես ասում: Չէ՞ որ մենք ընկերուհիներ ենք: Քեզ հետ շատ հետաքրքիր է:
ԼԻՐԻ — Այ թե հետաքրքիր ես գտել:
ՌՈԶԱՖԱ — Գտել եմ:
ԼԻՐԻ — Էդ ինձ է հետաքրքիր քեզ հետ: Ինչ սկսեցիր ինձ մոտ գալ, արթնանում եմ երջանիկ: (Բնորոշ ձայնը հավաստում է, որ SMS-ը ուղարկվել է: Ռոզաֆան իջնում է աթոռակից:) Ի՞նչ գրեցիր նրան:
ՌՈԶԱՖԱ — Նրան գրեցի… Ես նրան գրեցի… Որ չափազանց շատ եմ սիրում նրան: (Պտտվում է սենյակում, ծիծաղում է, ընկնում է անկողնու վրա:)
ԼԻՐԻ — Գեղեցիկ է:
ՌՈԶԱՖԱ — Ի՜նչ հիմարն եմ… Արդեն տասնութ եմ, ամուսնացած եմ, երեխայի եմ սպասում… Լիրի, էնպիսի անհավանական գեղեցիկ երազներ եմ տեսնում… Ու հավատում եմ, որ մի օր կարթնանամ ու ուրիշ կյանք կտեսնեմ: Մայքլի հետ: Էստեղից հեռու-հեռու:
ԼԻՐԻ — Եվ ի՞նչ… Էդպիսի տեղ կա, որտեղ կինը մա՞րդ է:
ՌՈԶԱՖԱ — Իհա՛րկե: (Դադար:) Հիմա քեզ մի բան կասեմ, միայն սկզբում երդվիր, որ չես մատնի:
ԼԻՐԻ — Ո՞նց երդվեմ: Իսկական երդումի համար պետք է ձեռքը դնել սրբազան իրի վրա: Թե չէ երդում չես տվել: Էդպես Կանունում է գրված:
ՌՈԶԱՖԱ — Գժվել կարելի է ձեզ հետ: Քեզ որտեղի՞ց սրբազան իր գտնեմ: (Շուրջն է նայում:) Գտա: (Շրջում է համակարգիչը, էկրանին Մայր Թերեզայի նկարն է:) Ահա՛: Երդվիր Մայր Թերեզայի վրա:
ԼԻՐԻ — (ձեռքը դնում է էկրանին): Երդվում եմ Մայր Թերեզայով, որ ոչ մեկի չեմ ասի:
Դադար:
ՌՈԶԱՖԱ — Մայքլը առաջարկում է Ամերիկա փախչել:
ԼԻՐԻ — Ոտքո՞վ:
ՌՈԶԱՖԱ — Ձե՞ռ ես առնում: Իհարկե, ինքնաթիռով:
ԼԻՐԻ — Բայց ո՞վ քեզ Ամերիկա կթողնի: Ոչ մի փաստաթուղթ չունես, քեռի Կեկին սեյֆի մեջ է պահել:
ՌՈԶԱՖԱ — Դրանք կարելի է ինչ-որ կերպ գողանալ:
ԼԻՐԻ — Խելքդ թռցրե՞լ ես:
ՌՈԶԱՖԱ — Ինչ է՞ որ… Դրանք իմ փաստաթղթերն են: Սեյֆի ոսկին էլ իմն է, մորիցս է մնացել: (Լալիս է:)
ԼԻՐԻ — Քեզ ի՞նչ եղավ… դե, լաց մի լինի:
ՌՈԶԱՖԱ — Իսկ եթե նրա երեխան չէ՞: Մայքլի երեխան չէ՞… Հանկարծ ու Սալիի երեխան է:
Դադար:
ԼԻՐԻ — Ուրեմն դու Մայքլի հետ…
ՌՈԶԱՖԱ — Հա՛:
ԼԻՐԻ — Իսկ ինչո՞ւ ես ինձ պատմում:
Ռոզաֆան անսպասելի մատը դնում է շուրթին: Մի քանի քայլ է անում դեպի դուռը, ականջ է դնում: Դռան կամաց թակոց:
ՏԵՈՒՏԱՅԻ ձայնը — Լիրի, ես եմ, բաց:
Լիրին ցույց է տալիս պատուհանը: Ռոզաֆան բացում է փեղկն ու դուրս է գալիս բակ: Դռան թակոցը կրկնվում է:
ԼԻՐԻ — (կամաց): Հիմա: (Գնում, բացում է դուռը:)
ՏԵՈՒՏԱ — Ինչո՞ւ ես փակում դուռը: (Հոտոտում է:) Էլի ծխե՞լ ես:
ԼԻՐԻ — Էլ բան ու գործ չունեմ: Համակարգիչով խաղում եմ: Իսկ դո՞ւ…
ՏԵՈՒՏԱ — Քունս չի տանում: Տոթ է: Ամպրոպ է լինելու:
ԼԻՐԻ — Մամ, դեղ կուլ տուր ու գնա քնիր:
ՏԵՈՒՏԱ — Արդեն խմել եմ, չի օգնում: (Փակում է դուռը, հետո սեղանին է դնում շիշը:) Բուրբոն է: Ասում են, ամերիկյան քաշած օղի է: Երևի ստում են: Ամերիկյան ամեն ինչ պատրաստված է Չինաստանում: Ոչինչ, մեզ հիմա չինականն էլ ձեռ է տալիս: Խմիր:
ԼԻՐԻ — Ինչի՞ հանկարծ…
ՏԵՈՒՏԱ — Եղբորդ հիշենք, էսօր տարելիցն է: Տասը տարի: Մոռացե՞լ ես:
ԼԻՐԻ — Չէ, հիշում եմ: (Խմում է շշից, ծռմռում դեմքը:)
ՏԵՈՒՏԱ — Ինձ էլ տուր:
ԼԻՐԻ — Դու դեղ ես խմել:
ՏԵՈՒՏԱ — Հետո՞ ինչ:
ԼԻՐԻ — Դեղի հետ ալկոհոլ չի կարելի: Հետո քեզ ուշքի չենք բերի:
ՏԵՈՒՏԱ — Հիմա ի՞նչ դեղ, բոլորը կավիճ է: Ամբողջ կյանքում դեղերը Էմին Շպախյայից եմ գնել: Հենց նա մեռավ՝ էլ ոչինչ չի օգնում: Ոչ քուն կա, ոչ՝ կյանք: Մահ էլ չկա: (Դադար:) Խմեցի՞ր: (Լիրին գլխով է անում:) Եվ ի՞նչ…
ԼԻՐԻ — Նորմալ է, կապրեմ:
ՏԵՈՒՏԱ — Լավ է: Իսկ հիմա պատմիր:
ԼԻՐԻ — Չէ, մայրիկ, ոչ էս անգամ, խնդրում եմ:
ՏԵՈՒՏԱ — Ես ուզում եմ լսել:
ԼԻՐԻ — Ամեն տարի լսում ես: Տաս տարի շարունակ: Ամեն ինչ անգիր գիտես: Գուցե բավակա՞ն է:
ՏԵՈՒՏԱ — Ե՛ս կորոշեմ՝ երբ կլինի էդ բավականը: Պատմիր:
ԼԻՐԻ — Ինչի՞ համար:
ՏԵՈՒՏԱ — Ուզում եմ համոզվել, որ դու էլ ոչինչ չես մոռացել:
ԼԻՐԻ — Ես չեմ մոռացել, չե՛մ մոռացել: Ես հիշում եմ ամեն ինչ:
ՏԵՈՒՏԱ — Ուրեմն՝ պատմիր:
ԼԻՐԻ — (դադարից հետո): Ռինորը գնաց սպանելու Պետր Վուկաին: Ես գնացի նրա հետ:
ՏԵՈՒՏԱ — Չէ, էդպես չէ: Ամենասկզբից պատմիր:
ԼԻՐԻ — Լավ, մայրիկ: Քեռի Կեկին իր մոտ կանչեց Ռինորին: Ասաց, որ նրա պապին սպանողը վերադարձել է Տիրանա: Ասաց, որ Կանունում գրված է. «Արյունը միայն արյունով է մաքրվում»: Որ պետք է վրեժխնդիր լինել: Ատրճանակը տվեց: Հասցեն տվեց:
ՏԵՈՒՏԱ — Ռինորը միանգամի՞ց վերցրեց ատրճանակը:
ԼԻՐԻ — Հա: Նա չտատանվեց:
ՏԵՈՒՏԱ — Իսկական տղամարդ: Հետո՛:
ԼԻՐԻ — Քեռի Կեկին ասաց, որ իսկական վրեժը հեշտ գործ չէ՝ թշնամուն պետք է սպանել դեմ առ դեմ, որպեսզի մեռնելիս զոհը իմանա՝ ով է նրան սպանել ու ինչի համար: Հարցրեց Ռինորին՝ ամեն ի՞նչ նա մտապահեց:
ՏԵՈՒՏԱ — Նա ամեն ինչ մտապահեց, նա խելացի տղա է:
ԼԻՐԻ — Ես ասացի Ռինորին, որ կգնամ նրա հետ: Պատասխանեց, որ վրեժը կնոջ գործ չէ: Բայց ես խնդրեցի՝ ինձ էլ տանի: Ասացի, որ նրան սպանեն, ես էլ հետը կմեռնեմ: «Ինչի՞ հանկարծ»,- հարցրեց նա: Նա միշտ էր ասում «ինչի հանկարծ», երբ ծիծաղում էր ինչ-որ բանի վրա:
ՏԵՈՒՏԱ — Նա չէր ծիծաղում:
ԼԻՐԻ — Լավ, մայրիկ, նա չէր ծիծաղում:
ՏԵՈՒՏԱ — Ի՞նչ եղավ հետո:
ԼԻՐԻ — Առավոտյան հավաքվեցինք ու գնացինք ծերուկ Վուկաի տան կողմը: Ինձ հետ դանակ վերցրի:
ՏԵՈՒՏԱ — Ռինորը գիտե՞ր դրա մասին:
ԼԻՐԻ — Չգիտեր: Նա թույլ չէր տա: Տեղ հասանք, թռանք ցանկապատի վրայով: Ծերուկ Վուկաին գործ էր անում այգում: Պարզվեց՝ նա շատ ծեր է: Ես միանգամից հասկացա, որ ինքն է, թեև երբեք չէի տեսել նրան: Կանունը արգելում է արյան վրիժառուին սպանել իր տան մեջ, բայց Վուկաին այգում էր: Այգին տուն չէ, ասացի ես: Հա, այգին տուն չէ, համաձայնվեց Ռինորը: Մինչև հիմա չեմ հասկանում, ինչու ինձ հետ համաձայնվեց: Ինչո՞ւ նրան չկանգնեցրի: Այգին տուն չէ, բայց դրանից վերջին հաշվով ոչինչ չի փոխվում: Ոչ մի բանից ոչինչ չի փոխվում: Մենք արեցինք մեր ընտրությունը: Ռինորը առաջ անցավ, բարևեց ու հարցրեց նրա անունը: Երբ ասաց իր անունը, Ռինորը կրակեց: Նա էլի ինչ-որ բան ասաց ծերուկին, բայց ես չլսեցի, ես կանգնած էի ծառի ետևում:
ՏԵՈՒՏԱ — Դու թաքնվել էիր:
ԼԻՐԻ — Հա, ես թաքնվել էի: Ես վախենում էի: Ծեր Վուկաին պառկած էր գետնին, իսկ Ռինորը խոսում ու խոսում էր:
ՏԵՈՒՏԱ — Նա ի՞նչ էր ասում:
ԼԻՐԻ — Չգիտեմ, մայրիկ: Չեմ հիշում: Էդ պահին ես միայն մի բանի մասին էի մտածում՝ ոնց էդտեղից փախչենք:
ՏԵՈՒՏԱ — Ու դու չէի՞ր տեսնում տղայիս:
ԼԻՐԻ — Չէ: Սկզբում կրակոց լսեցի: Շրջվեցի: Երեխա էր մեր կողմը վազում, պստիկ Վուկաին՝ զենքը ձեռքին: Շրջվեցի Ռինորի կողմը, նախազգուշացնելու, բայց Ռինորն արդեն պառկած էր գետնին, ծերուկի կողքը: Երեխան մեր կողմն էր վազում: Մեռնող ծերուկի մոտ: Ինձ նույնիսկ չնկատեց:
ՏԵՈՒՏԱ — Իսկ ի՞նչ արեցիր դու, Լիրի: (Լիրին լուռ է:) Ի՞նչ արեցիր հետո: Պատասխանիր:
ԼԻՐԻ — (կամաց): Ես նրան սպանեցի:
ՏԵՈՒՏԱ — Բա՛րձր ասա:
ԼԻՐԻ — Ես սպանեցի՛ նրան: Սպանեցի ութ տարեկան երեխայի, ծերուկի ծոռին: Դանակը խրեցի ու կանգնել-նայում էի, ինչպես է նա մեռնում:
ՏԵՈՒՏԱ — Դու սպանեցիր վերջին Վուկաին: Եվ էդ պահին չէիր մտածում եղբորդ մասին:
ԼԻՐԻ — Չէի մտածում: Ես գիտեի, որ նա մեռած է: Ու չէր հետաքրքրում, թե ինչ կլինի ինձ հետ:
ՏԵՈՒՏԱ — Ու դու չտեսար, որ ծերուկ Վուկաին դեռ ո՞ղջ է:
ԼԻՐԻ — Չէ: Ես նայում էի, թե ինչպես է մեռնում երեխան, որին հենց նոր էի սպանել: Հետո ինչ-որ բան հարվածեց մեջքիս: Ու ամեն ինչ ավարտվեց:
Լռություն:
ՏԵՈՒՏԱ — Փոքր էի, մի անգամ հայրս ինձ ու քրոջս տարավ Պոգրադեց, էնտեղ գործեր ուներ: Էմիրի օրոք ոչ մեկը մեքենա չուներ, գնացքով գնացինք: Երկար ճանապարհ էր, ութ ժամում էինք հասնում: Գուցե և ավելի: Հայրս գինի խմեց ու քնեց: Իսկ դրսում գարուն էր, սարերը՝ սիրուն, ամեն ինչ ծաղկել էր: Բոլորս կպանք պատուհաններին: Գնացքը հազիվ էր շարժվում ու մեր վագոնից մի ջահել՝ զինվորական գալիֆեով ու շապիկով, թռավ ընթացքից ու սկսեց ձեռքին եկած ծաղիկները հավաքել: Մի մեծ, վառ ծաղկեփունջ… Հիշում եմ, ոնց էի ուզում ստանալ էդ փունջը: Երևի ես միակը չէի՝ վագոնում բոլոր կանայք լուռ, բայց հիացած հետևում էին էդ տեսարանին: Զարմանալի է, ինչքան երկար եմ հիշում դա, կյանքումս էլ երբեք չեմ ցանկացել նվեր ստանալ: Բայց ես ոչ մի իրավունք չունեի: Հույս անգամ չկար, որ փունջը ինձ կհասնի: Ո՞վ եմ ես: Ոչինչ: Կուզիկ դեռահաս: Իսկ քույրս՝ Կեկիլիան, գեղեցկուհի է, աչքդ վրայից չես պոկի: Շատ էի նրան սիրում: Բայց ո՜նց էի նախանձում… Այ, նա իր խոշոր սև աչքերով կարող էր երազել փունջը ստանալու մասին… Գնացքը արագացրեց ընթացքը: Վագոնում բոլորն անհանգստացան, իրար խառնվեցին, որ տուն գնացող զինվորը չի հասցնի գնացք բարձրանալ: Իսկ նա թեթև թռավ աստիճանին, մութ տամբուրից մտավ վագոն, որտեղ պատուհաններին խենթացել էին վարագույրները, ու բոլոր կանայք միաժամանակ նրա կողմը շրջեցին լարված դեմքերը: Ո՞ւմ: Ո՞ւմ… Նա ինձ տվեց էդ ծաղիկները: Բոլո՛րը: Հետո էլ ոչինչ չեմ հիշում: Երևի էդ պահին բացարձակ երջանիկ էի: Ու գիտե՞ս, Լիրի, էդ օրվանից էլ երբեք չեմ նախանձել քրոջս: Ու նա գիտի էդ մասին: Բայց նա չգիտի, թե ինչքան ուժեղ եմ նրան ատում: Որ զավակիս մահվան բերանը ուղարկեց: Որ աղջիկս գնդակ ստացավ մեջքին ու երբեք չի կարողանա քայլել: Բայց մի օր նա կիմանա էդ մասին: Անպայման կիմանա: Լսո՞ւմ ես, ինձ, Լիրի: (Տեղից բարձրանում, գնում է դեպի դուռը:)
ԼԻՐԻ — Դեղ տուր ինձ, մամ, ուզում եմ քնել ու չհիշել ոչինչ: Ինձ դեղ տուր:
ՏԵՈՒՏԱ — (գրպանից հանում է սրվակն ու շպրտում անկողնուն): Միայն թե բոլորը միանգամից չխմես: (Գնում է:)
Լիրին վերցնում է սրվակը, երկար նայում վրան: Դրսում սկսվում է ամպրոպը:
Խավար:
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Քեռի Կեկիի տան ներքին բակը, որտեղ բացվում են տան տղամարդկանց ու կանանց սենյակները տանող դռները, ինչպես նաև բոլոր սենյակների պատուհանները: Ամենուր կախված են եղջրավոր գանգեր սխտորի կապուկներով՝ հմայիլներ: Այստեղ է ամառային խոհանոցը՝ գազօջախ, սեղաններ, նստարաններ, որոնցից մեկի վրա նստած են պառավն ու Էդոնան: Պառավը ձևում է սեղանի վրա փռած կտորը, Էդոնան կարում է:
ՊԱՌԱՎ — (նրա քրթմնջոցը աստիճանաբար հասկանալի է դառնում): Ջահել էր ու ոնց որ թե ման եկող չէր: Իսկ հետո նայում եմ՝ փորն սկսել է մեծանալ: Դե, մտածում եմ, աստված էդպես է կամեցել: Ախր, անցած տարի բոլոր կատուներս սատկեցին: Յոթից մեկը մնաց: Ես էլ ուրախացա, որ ավելանալու ենք: Բայց պարզվեց՝ ոչ թե փիսիկներ էին, այլ ջուր էր հավաքվել փորի մեջ: Նրա կյանքը էդ ջրի մեջ էր գնում: Վերջում լրիվ նիհարեց, մազը թափվեց: Իսկ ես, ծեր պառավս, մինչև վերջ նրա հիվանդությունը չտեսա: Վաղ առավոտ զարթնեցի, իսկ նա խռխռում է, գալարվում է ոտքերս տակ՝ հոգին է տալիս: Նայում եմ ու մտածում. «Իսկ ե՞րբ է իմ հերթը: Կարո՞ղ է՝ անմիջապես նրանից հետո»: Դե, հետո վեր կացա, փաթաթեցի սրբիչի մեջ ու թաղեցի: Ու վերջ: Ոչ մեկը չմնաց: Բոլորին աստված իր մոտ կանչեց: Ի՞նչ է աստվածը: Աստվածը մահ է: Ինչի՞ համար է աստվածը, եթե մահ չկա: Ու ամեն մեկը մեռնելու իրավունք ունի: Ճի՞շտ եմ ես ասում:
Էդոնան լուռ կարում է:
ՊԱՌԱՎ — Լավ է քեզ հետ զրուցելը, Էդոնա: Համբերատար ես: Լսում ես պառավիս: (Դժվարությամբ տեղից բարձրանում, ուղղում է մեջքը:) Ըհը, պստիկի շապիկը ձևեցինք, մինչև մայրամուտ ավարտեցինք: Վաղը բոլորը կհավաքեմ ու կսկսեմ ասեղնագործել: Իսկ դու, տեսնում եմ, բարուրնե՞րն ես եզրակարել: (Նայում, շոշափում է:) Մաքուր գործ է, Էդոնա: Կարը կարին: «Եթե սկսես տնտեսել մեխերը, կկորցնես պայտը»: Մարդս էր էդպես ասում: Թեև նրանից ի՜նչ հեծյալ… Իսկ դու մարդուդ հիշո՞ւմ ես: Չէ՞:
Էդոնան լուռ կարում է:
ՊԱՌԱՎ — Իսկ ես շատ բան եմ հիշում: Երբեմն մինչև լույս անկողնումս շուռումուռ եմ գալիս, ջահել կյանքս եմ մտաբերում: (Ծիծաղում է:) Պառավի ու ջահելի ճամփան երազում էլ նույնը չէ՝ երազանքները տարբեր են: Էդպես չէ՞… Դու դեռ ջահել ես: Կեկին էլ: Տեուտան: Մարդդ էլ՝ Գուէզիմը: Նրա հայրը՝ Ոսկան Ռակիպին էլ ջահել է եղել: Ճանաչում էի իրեն: Հարևաններ էինք: Հավատարիմ ընկեր ուներ՝ Պետր Վուկաին: Բանակում միասին էին ծառայել, էնտեղ էլ ընկերացել էին, իսկ հետո Պետրը նրանց տնից ոչ հեռու տուն գնեց: Կեկիլիան ծնվեց ավագ եղբոր մահից հետո: Ոսկանը որդի էր ուզում, դրա համար էլ աղջկան տղայի պես դաստիարակեց: Իսկ հետո Տեուտան երեխեք ունեցավ ու Կեկիլիայի ազատ կյանքն սկսվեց, կարծես իսկական տղամարդ էր մեծանում: Ամեն անգամ, երբ մայրը փորձում էր նրան աղջկա շոր հագցնել, Ոսկանը սպառնում էր. «Հեռու մնա տղայիցս»: Խիստ էր: Ու միայն երբ ծնվեց Գուզիմը, Ոսկանը վերջապես փափկեց ու ընդունեց, որ Կեկիլիան աղջիկ է: Բայց արդեն ուշ էր… Եփած սուրճը նորից հատիկ չես դարձնի: Ոսկանն ու Պետր Վուկաին որոշեցին Կեկիլիային ու Պետրի որդուն՝ Ալբանին նշանել: Իսկ Կեկիլիան՝ չէ՛ ու չէ՛, չի ուզում Ալբանին, թեև նա տեսքով տղա էր: Ասում է՝ ավելի լավ է երդում տամ ու բուռնեշ դառնամ, քան թե մարդու գնամ: Ոսկանը թեև ամոթով մնաց Վուկաի ընտանիքի առաջ, բայց դեմ չեղավ, նրա համար Կեկին էդպես էլ տղա էր մնացել: Կեկիլիան կուսակրոնության երդում տվեց, կտրեց մազերը, շալվար հագավ ու օրենքով դարձավ տղամարդ: Ու մտքով էլ չանցավ, որ մերժելու համար Ալբանը քեն կպահի ամբողջ ընտանիքի վրա: Մի տարի չանցած նա հարբած, փողոցում հրեց Կեկիի հորը: Կռիվ սկսվեց: Ոսկանը ավելի ուժեղ էր ու սպանեց ջահելին: Քարով գլուխը ջնջխեց: Պիտի միանգամից փախուստի դիմեր, բայց մնաց: Հույս ուներ, որ հին ընկերությամբ Պետրի հետ համաձայնության կգան: Ու հետո, վկաներ կային, որ կռիվն սկսողը Ալբանն էր: Միայն թե Պետրը մի բառ էլ չասաց, Ոսկանին գնդակահարեց: (Դադար:) Էդպես տասնյոթ տարեկանում Կեկին ոչ միայն «երդվյալ կույս» դարձավ, այլև ընտանիքի գլխավոր: Էլ ետդարձի ճամփա չուներ՝ ընտանիքին պիտի կերակրեր: Մորը, քրոջը, փոքր եղբորը: Իսկ էդպիսի բեռով կնկա շոր չես հագնի: Պետրին նստեցրին… Էնվերի ժամանակ արյան վրեժի համար խիստ էին դատում… Իսկ նրա ընտանիքը միանգամից գնաց Տիրանայից, ինչ-որ տեղ հարավ: (Դադար:) Թե ինչի՞ եմ էս ամենը քեզ պատմում: Պառավել եմ, լեզվիս կապերը թուլացել են:
Գալիս է Տեուտան, մի ձեռքում կացին, մյուսում՝ գլխատված աքլոր:
ՊԱՌԱՎ — Վերջդ եկա՞վ, հարազատս… Դու էլ երևի մտածում էիր, որ կյանքը հավերժ է, տեսա՞ր, ինչ եղավ:
Տեուտան աքլորը շպրտում է սեղանին, կտորից ոչ հեռու:
ՊԱՌԱՎ — Տեուտա, խելքդ թռցրե՞լ ես: (Սեղանից վերցնում է արնոտված կտորը:)
ՏԵՈՒՏԱ — Մե՜ծ բան է, մի կաթիլ արյուն: Պետք է պաղ ջրում լվանալ: (Ցած է դնում կացինը:)
ՊԱՌԱՎ — Բա ո՜նց, կլվանաս… Արյունը ջուր չես դարձնի: Արյունը միշտ էլ իրենը կվերցնի: Ջուրը թափվեց արածս, նորից պիտի սկսեմ… (Հավաքում է ձևվածքը, քրթմնջում է:) Ախ, վատ նշան է, վատ նշան է…
ՏԵՈՒՏԱ — Ի՞նչ անեմ, մի էծի գանգ էլ էստե՞ղ կախեմ: Առանց էդ էլ ոնց որ գերեզմանոցում ապրենք: Ոչ մի հմայիլ էլ չի օգնի էս տանը: (Ճանկում է աքլորը, կատաղի փետրահան անում:)
ՊԱՌԱՎ — Ախր, սկզբում եռման ջրի մեջ պիտի դնես:
ՏԵՈՒՏԱ — (կամաց): Հանկարծ քեզ էլ մի բանի մեջ չդնեմ: (Շպրտում է աքլորը:) Գետնի տակն անցեք էս աքլորով… զզվեցրի՛ք: (Գնում է դեպի դուռը:)
Սայլակով բակ է մտնում Լիրին:
ԼԻՐԻ — (Տեուտային): Ռոզաֆան չի՞ վերադարձել:
Տեուտան թափ է տալիս ձեռքն ու տուն է մտնում:
ՊԱՌԱՎ — Ո՞նց է էն բանի անունը, հա մոռանում եմ…
ԼԻՐԻ — Ո՞ր բանի:
ՊԱՌԱՎ — Դե, որով Ռոզաֆային պիտի նայեն:
ԼԻՐԻ — Ուլտրաձայնային հետազոտություն:
ՊԱՌԱՎ — Ու հենց էդպես էլ երևում է, հա՞… աղջի՞կ, թե՞ տղա:
ԼԻՐԻ — Ասում են՝ երևում է:
ՊԱՌԱՎ — Թե ինչի՛ վրա են փող ծախսում: Իմ ժամանակ փորի ձևով էին որոշում:
ԼԻՐԻ — Հիմա՝ գիտությունով:
ՊԱՌԱՎ — Լավ բանի չի բերի էդ ձեր գիտությունը: Ինչի՞ եք շտապում, երեխան կծնվի՝ ամեն ինչ էլ կտեսնեք: Կեկիից չէի սպասում էդ բանը: Չէի սպասում:
ԼԻՐԻ — Ոչ մեկն էլ չէր սպասում:
ՊԱՌԱՎ — Երևի գնամ, ընթրիքին չեմ սպասի:
ԼԻՐԻ — Մնացեք, տատի, քեռի Կեկին Ռոզաֆային կբերի, ու միանգամից սեղան կնստենք:
ՊԱՌԱՎ — Բայց ինչի՞ն մնամ, մայրդ աքլորը մորթեց, բայց չփիդրեց: Շպրտեց: Մինչև ձեր ապուրը եփվի, կհասցնեմ տուն գնալ ու ընթրել: Սերիալս էլ շուտով կսկսվի: Չէ, գնամ… Գնամ:
Էդոնան ուղեկցում է պառավին:
ՊԱՌԱՎ — (շրջվում է): Մորդ ասա, որ ամեն ինչ նորից պիտի ձևենք:
ԼԻՐԻ — Կասեմ, տատի: Ցտեսություն:
ՊԱՌԱՎ — Աստված քեզ պահապան, սիրելիս:
Էդոնան տանում է պառավին: Կանացի հարկաբաժնի պատուհաններից մեկը բացվում է, դուրս է նայում Տեուտան:
ՏԵՈՒՏԱ — Գնա՞ց: (Լիրին լուռ է:) Ամբողջ օրը ուղեղս կերավ, ծեր ագռավ: Գրողի ծոցը… Ավելի լավ է ես կարեի, քան թե ինչ ասես լսեի: Բարուր է մոգոնել: Մենք մանկական տակդիրներ ենք վաճառում, իսկ մեր երեխայի համար բարուրաշոր ենք կարում: Ո՞վ պիտի դրանք լվանա:
ԼԻՐԻ — Հաստատ՝ ոչ ես:
ՏԵՈՒՏԱ — Պարզից էլ պարզ էր: Էստեղ երկու բանող ձի կա՝ ես ու Էդոնան: Մեզ հեծած գնում եք:
ԼԻՐԻ — Ձեզ կհեծնենք, բա ո՜նց: Գոնե ընթրիք կլինի՞:
ՏԵՈՒՏԱ — Իհարկե, կլինի, դու սեղանը հավաքիր: (Ներս է գնում:)
Լիրին սայլակին նստած, ճարպկորեն հավաքում է սեղանը, տեսնում է կտորի վրայի արյունը, զննում է լույսին: Գալիս է Տեուտան:
ՏԵՈՒՏԱ — Ստիպված աքլորը մորթեցի, որ պառավը փասափուսան քաշեր: Թե չէ ընթրիքին էր մնալու:
ԼԻՐԻ — Մի ափսե ապուրը ափսոսացի՞ր:
ՏԵՈՒՏԱ — Ես ինձ ափսոսացի: Ներվերս ափսոսացի: (Դադար:) Կեկին իր քանդված մեքենայով հանկարծ հարսին թափ չտա… մեկ էլ տեսար՝ վիժեց:
ԼԻՐԻ — Մամ, իսկ քո՞ ինչին է պետք երեխան:
ՏԵՈՒՏԱ — Իսկ դու հաշվիր: Դպրոցում մաթեմատիկա անցե՞լ ես:
ԼԻՐԻ — Ի՞նչ հաշվեմ:
ՏԵՈՒՏԱ — Կեկին վաթսունհինգ տարեկան է: Ես էլ ջահել չեմ: Նա որ մեռնի՝ ո՞ւր ենք գնալու: Տունը ո՞ւմ կհասնի:
ԼԻՐԻ — Չգիտեմ:
ՏԵՈՒՏԱ — Ես էլ չգիտեմ: Տունն առանց տղամարդ չի լինի: Իսկ ո՞վ է մեր տղամարդը: Ո՞վ մեզ կպաշտպանի: Գիժ Սալի՞ն:
ԼԻՐԻ — Թե ինչի՛դ է պետք էս տունը: Ախր, էստեղ շնչել չի լինում: Արի գնանք…
ՏԵՈՒՏԱ — Ո՞ւր ես պատրաստվում գնալ, հիմար:
ԼԻՐԻ — Ուր ասես, միայն թե էստեղից հեռու: Բնակարան կվարձենք: Միայն ես ու դու:
ՏԵՈՒՏԱ — Իսկ ինչո՞վ կապրենք:
ԼԻՐԻ — Կաշխատեմ: Արհեստանոց կընդունվեմ: Հեռուստացույց ու հեռախոս կվերանորոգեմ:
ՏԵՈՒՏԱ — Ցնդել է էս աղջիկը, ո՞վ կնոջը հեռուստացույց կվստահի: Ո՞ր մի տղամարդը:
ԼԻՐԻ — Մամ, հիմա ուրիշ ժամանակներ են: Ամեն ինչ է փոխվել…
ՏԵՈՒՏԱ — Ի՞նչ՝ «ամեն ինչ»: Որտե՞ղ: Աշխարհը տղամարդիկ են կառավարում: Էդպես եղել է ու էդպես կլինի: Թե ինչ եմ բորբոքվում, տղամարդկանց ճանաչելու կարիքը չունես… (Վեր է թռչում:) Եկա՛ն:
Ձեռնափայտին հենվելով գալիս է քեռի Կեկին: Էդոնան բերում է անձայն հեկեկացող Ռոզաֆային:
ՏԵՈՒՏԱ — Ի՞նչ է պատահել… Չլինի՞ երեխային թափ է տվել:
ԿԵԿԻ — Դրան ներս տար, Էդոնա ու դուռը լավ կողպիր:
Էդոնան Ռոզաֆային տանում է կանանց հարկաբաժինը:
ՏԵՈՒՏԱ — Գուցե բացատրե՞ք, թե ինչ է պատահել:
ԿԵԿԻ — (Լիրիին): Դու էլ չքվիր:
ԼԻՐԻ — Ինչի՞ որ…
ԿԵԿԻ — (ձեռնափայտը թափահարելով): Չքվի՛ր, ասացի:
Լիրին տուն է գնում: Քեռի Կեկին ծանր նստում է, գլուխն առնում ձեռքերի մեջ:
ԿԵԿԻ — Աստված, ինչի՞ համար…
ՏԵՈՒՏԱ — Կեկի, մի վախեցնի ինձ:
ԿԵԿԻ — Ինչի՞ համար…
ՏԵՈՒՏԱ — Ի՞նչ անեմ քեզ համար, հարազատս, ի՞նչ…
ԿԵԿԻ — Հանգիստ թող ինձ:
ՏԵՈՒՏԱ — Քեզ հանդարտվել է պետք…
ԿԵԿԻ — Ասացի՝ հանգիստ թող ինձ:
Տեուտան վազում է դեպի ամենամոտիկ պատուհանը, ներս է նայում:
ՏԵՈՒՏԱ — Լիրի, դեղի սրվակը տուր… մեկ էլ շիշը… էն մեկը… շո՛ւտ, ո՞ւմ եմ ասում: (Վերադառնում է սրվակով ու բուրբոնի կիսատ շշով:)
ՏԵՈՒՏԱ — (մի քանի դեղահաբ պարզելով): Առ, կուլ տուր:
Կեկին խույս է տալիս, բայց Տեուտային հաջողվում է հաբերը խցկել նրա բերանը: Հերթը հասնում է բուրբոնին: Քեռի Կեկին խմում է շշից, կռնչում, կնճռոտվում է:
ԿԵԿԻ — Էս ի՞նչ գարշանք է:
ՏԵՈՒՏԱ — Դեղ է, չինական օղի:
ԿԵԿԻ — Հիմար, որոշել ես ինձ թունավորել…
ՏԵՈՒՏԱ — Դե, հերիք է: Տղամա՞րդ ես, թե՞ ինչ ես… պատմի՛ր:
Ճչալով դուրս է վազում Էդոնան, ընկնում է Կեկիի ոտքերը, գրկում երկարաճիտք կոշիկները: Ու ոռնում է…
ԿԵԿԻ — Արդեն պատմել է…
ՏԵՈՒՏԱ — Ի՞նչ է պատմել… Ձենդ կտրի, Էդոնա, քեզ հետ եմ… Թե չէ որ խփեցի…
Էդոնան քիչ հանդարտվում է, բայց շարունակում է գրկել քեռի Կեկիի ոտքերը: Կեկին գրպանից հանում է դրամապանակը, այնտեղից՝ ուլտրաձայնային հետազոտման պատկերը, պարզում է Տեուտային:
ՏԵՈՒՏԱ — (զննելով պատկերը): Սա ի՞նչ է:
ԿԵԿԻ — Աղջիկ է, աղջի՛կ:
Էդոնան խլում է պատկերը, բառաչում է, փորձում է ինչ-որ բան տեսնել պատկերի վրա: Տեուտան ծանրորեն նստում է Կեկիի կողքը:
ՏԵՈՒՏԱ — Բա ի՞նչ ենք անելու:
ԿԵԿԻ — Չգիտեմ:
ՏԵՈՒՏԱ — Ստո՛ւմ ես, ամեն ինչ էլ գիտես: Թե չէ էս հիմարը չէր ոռնա:
ԿԵԿԻ — Ո՞նց ես խոսում եղբորդ հետ:
ՏԵՈՒՏԱ — Լսիր, Կեկի… երբեք սա չեմ ասել քեզ…
ԿԵԿԻ — Դե՞…
ՏԵՈՒՏԱ — Եթե մեջդ գոնե ինչ-որ բան է մնացել կնոջից… չանե՛ս էդ բանը: Չստիպե՛ս աղջկան… Ինքն էլ դեռ երեխա է, խղճա… (Լալիս է:)
ԿԵԿԻ — Կնո՞ջ… Կնոջ մասի՞ն հիշեցիր: Իսկ ձեզնից ո՞վ է ինձ խղճացել: Կյանք չտեսա ձեզ հետ: Չտեսա՛: Ատո՛ւմ եմ ձեզ: (Հեկեկում է:) Գողացել են կյանքս ու չեն ուզում ետ տալ… (Տեղից ելնում է:) Հենց վաղը աբորտ կանի: Լսո՞ւմ եք, վա՛ղը: Ես տղամարդ եմ: Տղամա՛րդ: Իմ մեջ կանացի ոչինչ չկա: Ստո՛ւմ եք: Վաղը, հենց վաղը… Էդ երեխան չի՛ լինելու:
Էդոնան վեր է թռչում, սեղանից ճանկում է կացինն ու հարձակվում է Կեկիի վրա: Տեուտան ճչում է: Կեկին ձեռնափայտով խփում է Էդոնայի փորին, նա ցած է գցում կացինն ու փլվում է գետնին: Կեկին նորից է հարվածում:
ՏԵՈՒՏԱ — Չէ՛, հերիք է, Կեկի… Նրան որ սպանես՝ բանտ կնստեցնեն: Մենք սովից կսատկենք:
Կեկին ձեռնափայտը շպրտում է: Տեուտան Էդոնային քարշ է տալիս տուն: Կեկին ճոճվելով գնում է տղամարդկանց հարկաբաժինը: Կանանց հարկաբաժնից սայլակով հայտնվում է Լիրին:
ԼԻՐԻ — Քեռի՛:
ԿԵԿԻ — (կանգ չառնելով): Ի՞նչ…
ԼԻՐԻ — Քեռի, սպասիր:
ԿԵԿԻ — (փաթ ընկնող լեզվով): Հանգիստ թող…
ԼԻՐԻ — Սալիին չենք կերակրել: Բանալին տուր, ճաշ տանեմ նրան:
Կեկին կանգնում է դռան մոտ, հենվում պատին, գոտուն կապած բանալիների տրցակից անջատում է մեկը, տալիս է Լիրիին:
ԼԻՐԻ — Քեռի, սա էն բանալին չէ:
Կեկին բանալի է տալիս, մյուսը վերցնում ու գնում է ներս: Լիրին մոտենում է պատուհաններից մեկին, մազերից հանում է ծամկալը: Կախովի կողպեքը բզբզում է, բացում է փակոցափեղկը:
ԼԻՐԻ — (դեպի սենյակը): Հագնվիր, շո՛ւտ… հեռախոսը վերցրու: Դուրս արի, միայն թե կամաց:
Լիրին շուրջն է նայում, սայլակով հասնում է բակի կենտրոնը: Պատուհանից դուրս է սողում երկար գիշերանոց հագած Ռոզաֆան:
ԼԻՐԻ — (մոտ կանչելով, նրան է մեկնում բանալին): Սեյֆի բանալին է:
ՌՈԶԱՖԱ — Դու…
ԼԻՐԻ — Կամա՛ց… հա, գողացել եմ: Մայրս Կեկիին իր հաբերն է տվել, նա հիմա կքնի: Ես էլ քեզ հետ կգայի, բայց էնտեղ աստիճան կա, դրա համար էլ մենակ գնա: Սեյֆում քո փաստաթղթերն են, ոսկեղենը, նաև փող կա…
ՌՈԶԱՖԱ — (համբուրում է Լիրին): Շնորհակալ եմ:
ԼԻՐԻ — (կողքի է քաշվում): Մի բան էլ…
ՌՈԶԱՖԱ — Ի՞նչ:
ԼԻՐԻ — Թղթերի մեջ իմ անձնագիրն էլ կա: Էդ էլ վերցրու:
ՌՈԶԱՖԱ — Ինչի՞ համար:
ԼԻՐԻ — Ռոզաֆա, նա ինձ կսպանի, եթե իմանա, որ նրան թալանել ենք: Ես քեզ հետ կգամ:
ՌՈԶԱՖԱ — Ո՞ւր:
ԼԻՐԻ — Քո Մայքլի մոտ: Դեսպանատուն:
ՌՈԶԱՖԱ — Չէ, սպասիր… ես չեմ կարող քեզ հետս տանել: Ինչպե՞ս բացատրեմ Մայքլին, ով ես դու:
ԼԻՐԻ — Ես քո ընկերուհին եմ: Ես քեզ օգնել եմ, որ փախնես:
ՌՈԶԱՖԱ — Ընկերուհի՝ հա: Ամեն ինչ ճիշտ է, էդպես էլ կա… բայց ի՞նչ ես պատրաստվում անել հետագայում:
ԼԻՐԻ — Դա պետք է քննարկել հենց էստեղ ու հիմա՞:
ՌՈԶԱՖԱ — Պետք է: Մայքլը նույնիսկ իմ հղիության մասին դեռ չգիտի:
ԼԻՐԻ — Դու չե՞ս ասել:
ՌՈԶԱՖԱ — Պարզապես… չեմ հասցրել: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ պիտի քեզ հաշիվ տամ:
ԼԻՐԻ — Լսի, դու լրի՞վ հիմար ես:
ՌՈԶԱՖԱ — Հերիք է ինձ հիմար անվանեք: Դու շա՞տ խելացի ես… Ու քեզ հետս չեմ տանի:
ԼԻՐԻ — Ի՞նչ:
ՌՈԶԱՖԱ — Ինչ լսեցիր: Քեզ նայիր, ո՞ւմ ես պետք Ամերիկայում: Այլանդա՛կ:
ԼԻՐԻ — (դադարից հետո): Դու հասկանո՞ւմ ես, որ հիմա կարող եմ գոռալ:
ՌՈԶԱՖԱ — Հետո՞ ինչ, գոռա: Գոռա, ինչքան ուժդ կհերիքի:
ԼԻՐԻ — Բոլորը էստեղ կվազեն: Իսկ սեյֆի բանալին քո մոտ է:
ՌՈԶԱՖԱ — Գոռա: Ես բոլորին կասեմ, որ դու ես ինձ ստիպել: Կասեմ, որ ստիպել ես շատ վատ բաներ անել: Ամեն գիշեր ես ստիպել…
ԼԻՐԻ — Ի՞նչ ես ուզում ասել:
ՌՈԶԱՖԱ — Չես հասկանում, հա՞… Որտեղի՞ց հասկանաս, ախր դու կույս ես: Փոխարենը նրանք կհասկանան ասածս: Կհասկանան, այ, կտեսնես… Ու էդ ժամանակ քեզ չեմ նախանձի: Նրանք քեզ նորից գժանոց կուղարկեն: Էնտեղ է քո տեղը, այլասերվա՛ծ: Իսկ հիմա գոռա, բարձր գոռա: Դե՞… Ինչի՞ սսկվեցիր:
ԼԻՐԻ — (դադարից հետո): Ես ամեն ինչ հասկացա: Դու նրանց նման ես, ես հասկացա: Բոլորդ էդպիսին եք:
ՌՈԶԱՖԱ — Փակիր կեղտոտ բերանդ, թե չէ, երդվում եմ աստծով, հիմա ես կգոռամ:
Լիրին դեմքը թաքցնում է ձեռքերի մեջ: Ռոզաֆան մտնում է տղամարդկանց հարկաբաժինը: Կանանց հարկաբաժնից գալիս է երկար գիշերանոց հագած Տեուտան: Նա անլսելի մոտենում, գրկում է դստեր ուսերը:
ԼԻՐԻ — (վեր է թռչում): Մայրի՛կ:
ՏԵՈՒՏԱ — Կամա՛ց, մի՛ գոռա… ես ամեն ինչ լսեցի: Թող գնա:
ԼԻՐԻ — Մայրիկ… (Լաց է լինում:)
ՏԵՈՒՏԱ — Թող գնա:
Տեուտան շրջում է դստեր սայլակը, տանում դեպի տուն: Տղամարդկանց հարկաբաժնից կրակոցի ձայն է լսվում: Տեուտան վազում է ներս:
ԼԻՐԻ — Չէ՛, չէ՛, չէ՛…
Հայտնվում է Տեուտան, նրան է տալիս Ռոզաֆայի հեռախոսը:
ՏԵՈՒՏԱ — Չգիտեմ սա ոնց է աշխատում: Զանգիր 129:
ԼԻՐԻ — Ոստիկանությո՞ւն:
ՏԵՈՒՏԱ — Շտապ օգնությունը չի օգնի: Կեկին սպանեց նրան:
Դողացող ձեռքերով Լիրին փորձում է համար հավաքել: Գալիս է Կեկին:
ԿԵԿԻ — Սպասիր, Լիրի:
ՏԵՈՒՏԱ — Կեկի, եթե մենք չզանգենք ոստիկանություն, դա կանեն հարևանները: Ավելի վատ կլինի:
ԿԵԿԻ — Սրանից վատ ո՞րն է, ո՞րը…
ՏԵՈՒՏԱ — Զանգիր, Լիրի:
ԿԵԿԻ — Պետք չէ: Երբ ազդանշանային համակարգ էին անցկացնում խանութում, սեյֆին էլ մի լար միացրին, էնպես որ ոստիկանները շուտ կգան, իսկ մենք դեռ գործ ունենք: (Տեուտային.) Ջուր տուր, խոսել չեմ կարող… գլուխս էլ պայթում է… (Տեուտան գնում է:) Ախր, ինչի՞ էր էդտեղ խցկվում, հույսն ինչի՞ վրա էր դրել:
ԼԻՐԻ — (կամաց): Նա չգիտեր ազդանշանի մասին:
Տեուտան ջուր է բերում, Կեկին ագահորեն խմում է:
ԿԵԿԻ — Տեուտա, էս ամենի մեղավորը դեղերդ են… Ու հերիք է դրանք խժռես, մի օր դրանք քեզ կսպանեն:
ՏԵՈՒՏԱ — Լավ, Կեկի, կշպրտեմ բոլորը:
ԿԵԿԻ — Լիրի, աղջիկս, քիչ ժամանակ ունենք, դրա համար էլ ճիշտը ինձ կասես: Դու կո՞ւյս ես:
ԼԻՐԻ — Քեռի, ես…
ԿԵԿԻ — Պատասխանիր, հասարակ հարց է:
ԼԻՐԻ — Հա, քեռի… Հա՛:
ԿԵԿԻ — Լավ է: Հիմա քեզ կխնդրեմ, որ մի երդում տաս:
ՏԵՈՒՏԱ — Սրբապատկեր բերե՞մ:
ԿԵԿԻ — Ժամանակ չկա, Տեուտա… (Վզից հանում է մեդալիոնը:) Մեջը Ռինորի լուսանկարն է, միշտ ինձ հետ է… Երդվիր եղբորդ նկարի առաջ, որ…
ԼԻՐԻ — (գոռում է): Չէ-է-է-է… Չէ, քեռի, չէ-է-է…
ԿԵԿԻ — Տեուտա, մկրատ է պետք, մազերը պիտի կտրենք:
ԼԻՐԻ — Չէ, քեռի, չէ-է-…
ԿԵԿԻ — Լիրի, աղջիկս, հիմա ոստիկանները կգան ու ինձ կտանեն ձեզնից:
ՏԵՈՒՏԱ — Կեկի, դու ոչ մի մեղք չունես, աղջիկն ուզում էր քեզ թալանել: Դու չես տեսել, ում վրա ես կրակել:
ԿԵԿԻ — Հիմա դա կարևոր չէ: Կարևորն էն է, որ ընտանիքին տղամարդ է պետք: Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում… Հասկանո՞ւմ ես, Լիրի: Մեկը պիտի հոգա բոլորի մասին: Մեկը պիտի սիրի… Ես չկարողացա, բայց դու… դու կարող ես…
ԼԻՐԻ — Չէ, չէ, չեմ ուզում…
ՏԵՈՒՏԱ — (բերում է մկրատը): Կեկի, նա համաձայն է, ես իմ աղջկան լավ եմ ճանաչում:
ԿԵԿԻ — Թող ինքն ասի, ես պիտի ինքս լսեմ… Հասկանամ, որ էս ամենը իզուր չէր…
ՏԵՈՒՏԱ — (Լիրիին): Ամեն ինչ լավ կլինի, ես քո կողքին եմ: Մենք, ախր, ընտանիք ենք… (Գրկում է աղջկան:)
ԿԵԿԻ — Վերցրու մեդալիոնը: (Մեդալիոնը դնում է նրա ձեռքի մեջ:) Կրկնիր ինձ հետ: Երդվում եմ…
Տանը, ինչ-որ անկյունում, ոռնում է Էդոնան:
ԿԵԿԻ — Կրկնիր ինձ հետ: Երդվո՛ւմ եմ…
ԼԻՐԻ — Ես երդվում եմ… Երդվո՛ւմ եմ: Երդվո՛ւմ եմ:
Խավար:
Ռուսերենից թարգմանությունը` Կարինե Խոդիկյանի