Տիգրան Մարտիրոսյան. ՀԱՅՐԵՆԻ ԴՐԱՄԱՏՈւՐԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՍԱՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ՝ 21-ՐԴ ԴԱՐՈւՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈւՄ ԲԵՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈւՄՆԵՐՈւՄ

Հայտնի է, որ հայրենի բեմադրիչների և դրամատուրգների համագործակցության չկայացման հերթապահ պատճառաբանությունը պիեսների՝ այնքան էլ բեմական, չլինելն է: Թեև, իրականում, որևէ թատերական գրվածքի բեմական լինել կամ չլինելու մասին մասնագիտական խոսակցությունն առնվազն անշնորհակալ գործ է: Մի պարզ պատճառով: Հարցի ֆունկցիոնալ հասցեատերերը բեմադրիչ-ռեժիսորի երևակայությունն ու ճաշակն են: Այլ խնդիր է՝ այդ բեմադրառեժիսորական տեսիլքի և դրա թատերական վերարտադրության զգայական ներուժը համամարդկային ընդգրկում կունենա՞, թե՞ ոչ: Չէ՞ որ հայտնի են դեպքեր, երբ կուռ դրամատուրգիան բեմական տապալաման է ենթարկվել: Կա նաև հակառակը. առանձնապես գեղարվեստաէսթետիկական տվյալներ չունեցող պիեսի բեմադրումը, դերասանական վարպետության ու ռեժիսորական հնարամտության շնորհիվ, տասնյակ տարիներ լեփ-լեցուն դահլիճներ է ապահովել: Այդուհանդերձ, քննադատը կարող է և պետք է նկատի, այնուհետև՝ հնարավորության դեպքում արձանագրի հատկապես իր ժամանակի ազգային դրամտուրգիայում առկա թեմատիկ նախապատվություններն ու գաղափարահուզական ուղղվածությունը, ժանրաոճային միտումները, ինչպես նաև դրանցից բխող ձևաբովանդակային տեխնիկայի առանձնաձևերը: Եվ ահա, մերօրյա թատերագրական ակնառու առանձնահատկություններից մեկն է դարձել հանրային տեսարանի հազվադեպությունը: Որպես ամենից շատ ներկայացումներ դիտող քննադատներից մեկը, վստահաբար կարող եմ պնդել, որ վերջին տասնհինգ տարիներին բեմադրած, այլ ոչ թե բեմավորած ժամանակակից գործերում գրեթե բացակայում է զանգվածային տեսարան ասվածը: Մինչդեռ, թամաշայից սերած, հին հունական երգչախմբով հիմնավորված բեմավիճակային այս բաղադրիչը թատերավեստում պատահակնորեն հայտնված կամ էլ արհեստականորեն ներառված երևույթ չէ: Իր ծիսական վաղընջենականության նախաձևերից թաղման արարողությունն առ այսօր ակտուալ է որոշ դրամատուրգների թեմատիկ հետաքրքրություններում: Ու դեռևս անցյալ դարի քսանականներին է ռուս մասնագետների կողմից գիտակցվել և ընդգծվել սույն համամասնության սուր անհրաժեշտությունն առ այն, որ առանց հանրություն-խորոսի կաղում է ստեղծագործության և գործող անձանց ողբերգականությունը: Ի վերջո, անհատն էլ այդ հանրության ծնունդն է: Այսպիսով, անցյալի տարաբնույթ նկատումները ենթադրել են տալիս, որ բեմավիճակներում հանրային տեսարանի դեֆիցիտի պատճառը մեկը չի լինելու, և ոչ էլ դրանց ծագումն է միատեսակ լինելու: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ բնույթի գործոններն այստեղ ուղղակի և անուղղակի դերակատարում ունեն: Նախևառաջ, չափազանց դժվար է դինամիկ համախաղի հնարավորություն ստեղծելը: Փոխհարաբերական մանրազնին ներհյուսումները բեմադրական տքնաջան աշխատանք են պահանջում: Հակառակ պարագայում, բեմում պարզապես ազատ տարածությունը լրացնող մեռյալ թատրոնի կենդանի բուտաֆորիաներից բաղկացած անձև զանգված կգործի: Կնշանակի՝ ստեղծագործական անկարողությունից զատ կարող է նաև բեմադրական ալարկոտության գործոնն էլ առկա լինել: Այսուհանդերձ, ՛՛մասովկայի՛՛ ճգնաժամի պատճառներում կա հիմնախնդիր, որն, ըստ էության, հասարակարգի ու կենսապայմանի փոխներթափանցումից է սերում: Տեխնոլոգիական զարգացման պայմանններում կյանքի ռիթմերը, անցյալ դարի հետ համեմատած, արագացել են՝ փոքրացնելով աշխարհը: Բացատրեմ, թե ինչու: Անհերքելի է, որ 20-րդ դարի տեսալսողական տեղեկատվական հոսքը՝ 21-րդ դարի համացանցային ուղեծրում ծայրահեղորեն արագանալով, ինֆորմացիոն հեղեղի է վերածվել: Տարակույսից վեր է նաև, որ մարդու հոգեկան ապարատը պարզապես անզոր է ինֆորմացիոն տեղատարափն ըստ ամենայնի մշակել: Եղածից մտածական մշակման համար ենթագիտակցությունը ազդեցիկության և զուգորդման սկզբունքով ընտրում է անկապակից ինֆորմացիոն միավորներ: Մնացյալը ենթարկվում է մակերեսային ընդունման, որովհետև չափազանց բարակել է միջին ֆորմացիոն «վերլուծական դադարի» տարածքը: Հետևապես, համապատասխանաբար նեղացել է նաև զգայությունների կայծակնային հերթագայության մեջ ապրողի աշխարհայացքը: Այստեղից և հետևություն, որ դրամատուրգների և բեմադրիչների ստեղծագործական մտածողությունը, մասնավորապես՝ բեմական մթնոլորտի զգացողությունը հավասարապես լոկալիզացվելու արդյունքում՝ փոխակերպվել է: Անկախ ֆինանսական միջոցների սղության հանգամանքից, չկա այլևս մոնումենտալ մտածողության հանդեպ եղած երբեմնի հակումը: Թեպետ, հիշյալ բեմադրական խուսանավումների խնդիրն այդքան էլ նոր չէ: Վյաչեսլավ Իվանովի հավաստմամբ՝ թատրոնի պատմության հոլովույթում միշտ էլ եղել է անհատի և հասարակության կարևորման հերթափոխ: Պարզապես մեր օրերում ռոմանտիզմին բնորոշ գերանահատականացման միտումը տիրապետող է կարգվել: Տարիներ առաջ եղել է փորձ, երբ հանրային տեսարանի բեմադրման համար Ռուսաստանից հատուկ մասնագետ է հրավիրել Հրաչյա Ղափլանյանը՝ Կորիոլանը բեմադրելիս: Փորձիր մեր այժմյան չակերտյալ հանճարներին նման աշխատելաոճ հուշել և ակնարկել, որ ռեժիսորական շտրիխերը բեմադրական բացը չեն լրացնում: Մոմլաթով փակված անապակի պատուհանի տպավորություն են թողնում: Յուղալի ու բազմահարկ հայհոյանքի բաժին դարձածի ցասկոտ հայացքով կնայեն դեմքիդ: Ասել կուզի՝ ինչպես ես համարձակվում մասնագիտական արժանապատվությունս խոցել՝ ստեղծագործական հնարավորություններիս վրա կասկածի ստվեր գցելով: Դե իհարկե, ոնց կլինի, փառեպսակը հանկարծ ու ինչ-որ մեկի հետ կիսեն: Ինչևէ, ինքնասևեռված միահեծաններին իրենց սնափառության հետ առանձին թողնելով, վերադառնանք մեր խնդրի պաճառահետևանքային հանգույցներին: Այսպիսով, ստեղծագործողների կենսահայացքի փոքրացման հետևանքներից մեկն էլ այն է, որ նրանց համար առավել նախընտրելի են կիսակամերային կամ էլ կամերային զգացողություններ հաղորդելը: Ու բնավ էլ պատահական չէ, որ թատերատեսակներից, վերջին տարիներին, մոնոժանրն է աննախադեպ զարգացում ապրում: Հայկական գրական հենքով դիտածս 60-ից ավել ներկայացումներից չորս տասնյակը ընդհանուր առմամբ մոնոներկայացումներ են: Իհարկե, կա նաև իրենց թատրոններում գլխավոր դեր չստացող դերասանների մասնագիտական ծարավի հագեցման հանգամանքը: Սակայն խնդիրն այն է, որ անգամ հանրային տեսարան ունեցող Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսն է մենախաղայնացվում: Պարախմբային պլաստիկ լուծումներն այստեղ զուտ ժամանակշրջանային իլյուստրացիա էին: Թատերատեսակային նախասիրությունների վիճակագրության թվային այս պատկերի պատճառներից մեկն, ըստ իս, հանրային մտածողության կենսական նյութի նմանակեղծումն է: Խստիվ ասած՝ չգոյությունը: Որտե՞ղ մենք ունենք հանրույթի ձևավորում, որոնցից էլ կարծես թե պետք է գրողն օգտվի: Դարձերեսային երևույթներ քաղաքացիական ակցիաներն ու քաղաքական միտինգները, որոնք իրականում ներքին կարգով թելադրվող կեղծածին գործընթացներ էին: Ասեմ ավելին, վերջին մեկուկես տարում այդ պսեվդոհավաքները մեծ հաշվով չկան: Եվ հաջորդ հանրավայրը՝ ամենօրյա հավաքատեղի Ֆեյսբուք կոչվածը: Այս համացանցային երևույթն՝ առանց չափազանցնելու, աշխարհի հանրային անձնագիրն է: Կարելի է ասել, դեռ մի բան էլ ավելին: Ի՞նչն է պակաս: Նույն երանգն ունի, նկար պետք եղածից ավելին, սոցիալական ու կենսագրական, ինչպես նաև անձնական տվյալներ ևս կան: Միայն արյան կարգն է պակասում: Անձն ամբողջապես հանրայնացվում է: Ինչևիցե, բազմակողմանի երկխոսության նախաձև հանդիսացող հանրային շփման միակ կենդանի հարթակը Ցուկերբերգի կապտավուն տիրույթն է՝ իր ապակառուցողական հետևանքներով: Օրինակ՝ ՆՓԱԿ-ի կազմակերպած «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնի շրջանականերում Դոկ թատրոնին հարող «Պատ» անվանմամբ պոստմոդեռնիստական փորձարարությունը ասվածի ցցուն ապացույցն է: Խոսքը Վարդուհի Շահնազարյանի կողմից Ֆեյսբուքյան իրականության բեմականացման մասին է, որն, ըստ էության, հանրագրային ու մեկնաբանական չհամակարգված մեջբերումների շարք էր: Աղճատված փոխշփման ահազանգ: Թվում էր, թե անձի անսահամանափակ հանրայնացումը պետք է ընդլայներ մարդկանց հաղորդակցական ընգրկումը, նպաստեր փոխահարաբերական բազմաբովանդակեցմանը: Բայց ինչպես տեսնում ենք՝ հակառակն է տեղի ունենում: Անձնականի ու մտահոգեկանի ցուցադրմամբ՝ առավելապես իրենց ինքնարժեվորումն են իրացնում, քան թե հարաբերությունների շիտակությունը պահպանում: Մարդիկ հետ են վարժվում անթաքույց ու անկաշկանդ շփումից: Բնական է, նաև զրկվում դրա հանրային վերատադրման ունակությունից: Համացանցում մեծամասնությունը սուր հարցերում նախընտում է առանձին նամակով բամբասել, քան հրապարակավ մեկնաբանել: Միաժամանակ մի քանի ֆրոնտով մասնագիտական բանավեճ վարողին էլ չեն ալարում էպատաժով ինքնահաստատվող ինտրիգան որակել: Էլ ուր մնաց թե տետ-ա-տետ աչքերին նայելով անկեղծ խոսքեր ասեն: Դիմակային հոգեբանությամբ են ապրում: Խոսելիս դու իրեն չես տեսնում և ինքն իրեն ավելի ազատ է զգում: Անմիջական շփման սինդրոմ ունեն նույնիսկ դրա անուղղակի դրսևորումներում: Եթե դրսում իրար աչքերը տեսնելն ու մեկ ակնթարթ հպանցիկ հայացքներով փոխանակվելն իբրև անուղղակի շփման կերպ համարենք, ապա ամպամած եղանակի պայմանններում արևային ակնոցի աննպատակ կրումը հավաստում է շփման ճգնաժամի հավանականությունը: Կրկին գործում է աչքերով չշփվելու, այլ միայն հետևելու մտայնությունը: Իր ներքինը փակ է, որովհետեև շփման կոմպլեքսը նրանում մարել է թափանցիկ հաղորդակցման ցանկությունը: Սակայն ինքը ուրիշինը ներսը տեսնելու առավելություն ունի: Սրա մեկ այլ տարտեսակն էլ ավտոմեքենաների մգեցված ապակիներ են: Բա չեք ասի. ինքն այնքան կարևոր մեկն է, ում տեսնելու համար յուրահատուկ աստղի տակ պետք է ծնված լինես: Ինքնագնահատականի այս ավելցուկը մեծամասնությանը վառ անհատականության հովերով է ոգեսնում, ինչի արդյունքում երկրի բնակչության թվաքանակին համահավասար նախագահացուներ ունենք: Թատերական կտրվածքով հարցը դիտարկելիս՝ կարծեցյալ Համլետների սակավություն նույնպես չկա: Այնինչ, մտերիմների համար Վիլի անունով մի դերասան կար Անգլիայում, ով, առանց ավելորդ կրքերի հաշվի նստելով իր ունակությունների հետ, միայն ուրվականի դերն է խաղացել Համլետում: Ուրեմն՝ Ջոնի տղա այս Վիլին, պատկերացրեք, որ անուն-հայրանունից բացի Շ սկզբնատառով մի հանճարեղ ազգանուն էլ ուներ, բայց և այնպես, անպատվաբեր չէր համարում իր իսկ հեղինակած գլուգործոցում փոքրածավալ դեր խաղալը: Իսկ մեր տաղանդավոր դերասպանները պրոտագոնիստական մոլուցքն այդպես էլ չեն թոթափում: Թե ինչու են մերոնք, այդքան հաճախ իրենք իրենց աչքին Համլետ թվալով, բեմական ծակ փիլիսոփաներ Շեքսպիրին վերագրում, թերևս, նաև էթնիկ հոգեբանությանն առնչվող հարց է: Գուցե նաև օզրիկյան կյանքի գիտակցման բեմական կոմպենսացիա: Եվ եսակենտրոնության այս տևական գերկշռումը աստիճանաբար չեզոքացնում է խմբային մտածողության խաղարկային գործակիցը: Ահավասիկ, ասված ներազգային էգոցենտրիկության խնդրի սպորտային տիպիկ օրինակը: Խմբային մարզաձևերից մեր հավաքականից միջազգային կարգի ֆուտբոլիստ միայն Հենրիխ Մխիթարյանն է: Եզակի նմուշի կարգավիճակ ունեցող մարզիկ, ով խաղադաշտում ամենավերջում է իր անձի գոլային կարևորմամբ զբաղվում: Տպավորիչ գոլեր խփելու իր ունակությունները քանիցս ցուցադրելով հանդերձ, անհամեմատ ավելի շատ գոլային փոխանցումներ է կատարում: Ստացվում է, որ մենք մեր ձեռքով ենք կործանում կոլեկտիվ մտածողության պոտենցիալը: Շինծու քաղաքավարության պատրվակումով միջանցիկ և հակամիջանցիկ գործողությունների հակադրության կենսական նյութ հրապարակային բանավեճից հրաժարվում: Խուսափումով զրկվում հանրային խոսքի բազմակողմանի խաղարկման զգայական փորձառությունից: Բնականաբար, նաև այդ տարաբևեռ խոսքախաղը սնող ներքին կուտակումներից, ինչի հետևանքները դրամտուրգիական տիրույթում ևս տեսնում ենք: Ի զորու չլինելով մանրամասնորեն բազմաբնույթ հանրային տեսարան կառուցել, թատերագիրներն, այսպես ասած, խմբային պատրաստի ֆորմաներից են օգտվում: Ներկայիս դրամատուրգների պիեսներում հիմնականում սոցիալական խմբավորումներ են հանդիպում, որոնք ինքնին որոշակի մարդաքանակ են ենթադրել տալիս: Ընտանիք, բանտարկյալներ, դպրոցի դասարան, հանդերձյալ աշխարհի թեկնածուներ, հոգեբուժարանի հիվանդներ, ազատամարտիկներ, անօթևաններ և այլն… Կարճ ասած, կիսաֆաբրիկատային նյութից են օգտվում: Ինքնուրույն էնպիսի հանգամանքներ չեն կառուցում, որ դրությունների բնականոն զարգացմամբ ինքնաբերաբար տարբեր շերտերի ներկայացուցիչների աստիճանական հավաքումով վերջիններիս միջև հետաքրքրական հարաբերություններ կձևավորեն: Պիես գրողների ճնշող մեծամասնությունը սահամանափակվում է հազվադեպ հանդիպող, առավելագույնը՝ հնգանդամ տեսարաններով: Գործող անձնաց այս թվային քաղաքականությունը գրականագետներն էլ կհավաստեն, որ աբսուրդի թատրոնի նպատակային հնարքն էր: Կերպարների առատությունը անհամատեղելի է դառնում կյանքի աբսուրդի միապաղաղ ձանձրույթի հետ և կխոչընդոտի անհեթեթության չակերտյալ իմաստը ներկայացնելուն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր բեմագիրները նման էկզիստենցիալ նպատակներ չհետամտելով, կարելի է ասել՝ չեն կարողանում ստեղծել մարդաշատ հանրային տեսարան, որոնցում խոսքն ինքնին իրադրային կլինի: Բավական է, որ եռանդամ կամ քառանդամ խոսքային խաղարկմանը գործը հասնի, միանգամից գլուխ է բարձրացնում հենց այդ աբսուրդի թատրոնին բնորոշ միջկերպարային հաղորդակցական խզվածությունը: Կենսամշակույթի փոխակերպման համատեքստում, բնականաբար, հոգետրամաբանության հետ միասին տրանսֆորմացվել է նաև մարդու լեզվահոգեկան դիմանկարն ու դրա արտահայտություն լեզվամտածողությունը: Թերևս այս է պատճառներից մեկը, որ իմ սերնդի սերիալասեր թատերագետներից մեկը, իրեն հայտնի պատճառներով անաչառության աֆեկտ ապրելով, ներկայիս ազգային դրամատուրգիան մի մարդու ճշմարտությունների համահավաք որակեց: Այլ կերպ ասած, արհեստականորեն իրար գլուխ հավաքված մոնոներկայացումների կերպարներ: Իրավ, «Դրամատուրգիա» հանդեսում հանգրվանած կերպարներից շատերն, իրար հետ սենտիմենտալ նեյնիմով փոխնակվելիս, հրապարակախոսական պաթոսի տոնայնությամբ և ուժերի ներածին չափով փիլիսոփայում են հայրենի հողի, ազգային ճակատագրի և այլ հավակնոտ կատեգորիաների մասին: Դե որ գործը հայի բախտին է հասել, Նարեկացու խաթրեն Աստծո հետ քչփչալուց էլ անմասն չեն մնում: Ու թե հանկարծ, առ աստված զրույցներն էլ չեն բավարարում, ապա Ֆրոյդի սեռահոգեկան փեշերը քաշքշելը կա ու կա: Հատկապես, երբ նշված ձեռնարկումները հեղինակողների տարիքային շեմը ծերունական զառամախտի կասկածներ է ստվերագծում: Այլապես, որոշ պիեսներում համբուրելի կրծքեր տենչացողի կողմից կնոջ վարտիքը հոտոտելուց մինչև խմբակային ինցեստի զառնացանք չէր հանդիպի: Եվ այս ամենն ի կատար է ածվում կամ ինքնամոռաց ծեքեծքումի հասնող ծայրահեղ մաքրախոսությամբ, կամ էլ՝ ինքնանպատակ գռեհկությամբ, որոնց ներազդեցողական գործակիցը արտաքին տպավորությունից անդին չի անցնում: Ուղղակի բնազադային մակարդակում երբեմն սրտխառնոց է առաջացնում: Ավելի պարզ՝ նրանց մտքերի ծագման ու ընթացքի բնականությունը չի համոզում: Ինքնին քիչ թե շատ հավանական է թվում, որ մեր ակամա աբսուրդիստներն, իրականում՝ արվեստի անդավաճան սպասարկու անկեղծությունից ու անմիջականությունից են օտարվել: Սա էլ իր հերթին հակաարվեստային կենսաոճի է հանգեցրել: Տուրք տալով կենցաղային մանր ճղճիմություններին՝ ետնախորշային վարքաձևեր են որդեգրել: Մանրամասնեմ: Եթե սկզբունքային մասնագետը, տևական ժամանակ ոմանց գրվածքների թերությունները նշելով, հանկարծ ու մեկն ու մեկի հաջողված ստեղծագործության արժանիքներն է ընդգծում, անմիջապես սկսում է ինքնամոռաց փոթորկվել ապաշնորհ համայնքը: Գովեստի արժանացած գործընկերոջ հանդեպ արհեստավորական նախանձամտությամբ պարզունակ տխեղծություններ պատվիրելն ու կիրառելը: Բացառություն չեն նաև բեմադրիչներն ու ռեժիսորները: Նրանք ևս ապահովագրված չեն քունը կորցնելու սպառնալիքից: Դերասանների մասին էլ չեմ խոսում: Էստեղ մշտապես գերազանցվում են մարդկային ապիկարության բոլոր ռեկորդները: Ընդ որում, նման իրավիճակներում գլուխ է բարձրացնում նշյալ անհրաժեշտ խմբային մտածողության թերմացքը: Ոհմակային վնասակար մոտեցումը: Բայց՝ բարձարաստիճան շնչավորների հանդեպ հոտային հեզություն ու հնազանդություն: Համաձայնվեք, որ նախրամիտ ոհմակի ինքնագզվռտոց հիշեցնող թատերական բարքերը զազրելի մթնոլորտ և արժեհամակարգ են ձևավորել, որում որքան էլ մեծ լինի ցանկությունը, գլուխգործոցների հղացումն ու ծնունդը հակաստեղծագործական վիժումների են դատապարտված: Ի դեպ, հատուկ եմ նման խիստ և սուր ոճով միտքս ձևակերպում, որպեսզի կատակերգության տիրույթ մտնող անհուսալի թատերագրչակները հստակ պատկերցնեն հետևյալ աքսիոմատիկ ճշմարտությունը: Այն է՝ կոմիզմի ժանրային զգացողության բնահատկությունը սուր միտքն ու դրանից սնվող համարձակախոսությունն է: Այսինքն, եթե դու սուսիկ-փուսիկնազուկ փիսիկի կենսամշակույթի ներկայացուցիչ ես, քո երկնած կարծեցյալ կոմեդիան արծվի թռիչք ստանձնած ծիծեռնակի էֆեկտ կառաջացնի: Ու գրածիդ բովանդակության փոխարեն հնարավորություններիդ և թիրախավորած նպատկիդ կոնտրաստը ծիծաղ կհարուցի: Այո՛, տվյալ ժանրն էլ մեզանում, մեղմ ասած, անմխիթար վիճակում է, սակայն դա այլ խոսակցության թեմա է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։