«ՍԱՌՑԵ ՍԻՐՏԸ» ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ / ՍՈՒՍԱՆՆԱ ԲՐԻԿՅԱՆ
Ամանորի մանկական ներկայացումների բազմազանության մեջ շփոթվելն այնքան հեշտ է, հատկապես այն հանդիսատեսին, ով ներկայացման արժանիքը պաստառի շքեղ ձևավորմամբ է գնահատում: Երեխաներին որակյալ թատերական գեղագիտությամբ կրթելու կարևորության մասին, 20-րդ դարասկզբին, անվանի հայ թատերական գործիչ, ռեժիսոր Օվի Սևումյանի դիտարկումն իր մեջ ամբողջացնում է այսօրվա և ապագայի այն պահանջները, որին լավ կլիներ խստորեն հետևեին մանկական ներկայացումների բեմադրիչները. «Մանկական թատրոն» ասելով… ես հասկանում եմ մի թատրոն, որտեղ խաղում են անպայման իսկական արտիստ-դերասաններ: Իսկ ռեպերտուարը խստորեն կազմված, (ընդգծումն իմն է՝ Ս.Բ.) պետք է համապատասխանի իր նշանակմանը՝ մանկական թատրոնին: Մի խոսքով, տարբերությունը պիտի լինի սոսկ ռեպերտուարում, իսկ մնացած գործը տարվում է այնպես, ինչպես ամենալուրջ թատրոնում»: Ինչ խոսք, հայ թատրոնի ականավոր բարեփոխիչի այս դիտարկումը այսօր էլ իր մեջ դիպուկ և հրատապ հարց է պարունակում:
Երեխաների զարգացման, աշխարհայացքի ձևավորման կարևորագույն գործոններից մեկն էլ արվեստի հետ հարաբերությունն է: Երեխային պիտի վարժեցնել գեղեցիկի, կատարյալի, ներդաշնակության զգացողությանը:
Թերևս ծնողները այս գիտակցությամբ, որոշներն էլ ենթագիտակցական մղումներով նախատոնական և հետտոնական օրերին այդքան ոգևորված՝ երեխաներին տանում են թատրոն:
Այս տարի, ամանորի հետաքրքիր ներկայացում դիտելու որոնումների մեջ, ուշադրությունս գրավեց Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում ներկայացված մի բեմադրություն՝ «Սառցե սիրտը»: Այն ամերիկյան համանուն անիմացիոն մուլտֆիլմի բեմադրված տարբերակն է: Մուլտֆիլմը ստեղծվել է 2013 թվականին՝ «Ուոլթ Դիսնեյ» անիմացիոն ստուդիայի կողմից: Ըստ սյուժեի արքայադուստր Աննան, գեղջուկ Քրիստոֆը, Սվեն անունով եղջերուն ու ձնե մարդ Օլաֆը ճանապարհ են ընկնում դեպի ձյունապատ լեռը Աննայի քրոջը՝ Էլզային գտնելու: Էլզան օժտված է կախարդական շնորհով՝ ձեռքի մի շարժումով կարողանում է սառեցնել ամեն ինչ, նույնիսկ մարդու սիրտը:
Համանուն բեմադրության և վարկածի հեղինակ երիտասարդ ռեժիսոր Լիլի Էլբակյանին հաջողվել էր բեմում իրականացնել հեքիաթը: Անիմացիոն մուլտֆիլմի գունային, երաժշտական, պատկերային համադրությունները հմտորեն փոխադրվել էին բեմահարթակ՝ հանդիսատեսին հաղորդելով կախարդական աշխարհում սավառնելու զգացողություն: Բեմի կենտրոնում տեղադրված մեծ շրջանակի ներսում, որը խոշոր բանալու անցքի էր նմանվում (բեմանկարիչ՝ Գ. Եվանգուլյան), տեղադրված էր էկրան, որի միջոցով տեսապատկերային էֆեկտները զուգահեռվում էին թատերական գործողությանը, խաղային տարածք ներմուծելով վիրտուալ իրականություն, դառնում դրա մասնակիցն ու կարևոր բաղադրատարրը: Ձևավորումներն արված են մանրազնին, հոգատարությամբ, սակայն դրանք արտաքին նորությամբ կամ բնօրինակին պատճենելու ծանոթ հնարները բանեցնելու միտվածություն չունեն, այլ ցույց են տալիս բեմանկարչի` իսկական հեքիաթի զգացողություն հաղորդելու ձգտումը:
Ներկայացումը իրականացվել էր երեք հիմնական գույնի՝ կապույտի, սպիտակի և կանաչի համադրությամբ: Ինչպես մուլտֆիլմում, այստեղ ևս, երկնագույնի երանգների փոփոխման հաճախականությունը անմիջականորեն արտացոլում էր սյուժեի ռիթմիկ ընթացքը, հերոսների ներաշխարհն ու տրամադրությունը: Իհարկե, ներկայացման արտաքին դետալները՝ զգեստները, գրիմը, դեկորացիաներից որոշ տարրեր, մշակված էին ճիշտ մուլտֆիլմի օրինակով, որն, ըստ իս, հիմնավորված է, քանի որ գործ ունենք մանկահասակ երեխաների հետ, ովքեր բազմիցս դիտել են մուլտֆիլմը, ծանոթ են նրա բոլոր մանրամասներին և որևէ բան փոխելն իրենց կողմից դժվար թե ընդունելի լիներ, հետևաբար այստեղ կարևորում եմ իրականացման վարպետությունը: Ռեժիսորի, դերասանների պատասխանատու վերաբերմունքը դեպի փոքրիկ հանդիսատեսը նկատելի է ներկայացման յուրաքանչյուր տեսարանում:
Ռեժիորը օգտագործել էր ոչ միայն ամբողջ բեմական տարածքը, այլև աջ և ձախ օթյակները, գործողության ընթացքում գործող անձինք դահլիճից էին ելումուտ անում, ինչը երեխաներին հնարավորություն էր տալիս մոտիկից տեսնելու նրանց, անմիջական մասնակցի զգացողություն հաղորդում, օգնում հանդիսատես-բեմ փոխշփմանը: Ձախ օթյակում տեղադրված ճաղավանդակը՝ բանտախուց էր, որտեղ չարամիտ արքայազն Հանսը (Գնել Ուլիխանյան) պիտի բանտարկի արքայադուստր Էլզային (Սիլվի Բարկովա): Աջ օթյակում՝ թագավորական խորհրդանշանով դրոշն էր կախված, որտեղից իր հպատակներին է ողջունում արդեն թագադրված Էլզան: Ներկայացման գունեղ տեսարաններից է տրոլլերի հետ հանդիպման տեսարանը, երբ Աննան (Տաթևիկ Հոռոփյան ) և Քրիստոֆը (Մեսրոպ Աբտոյան), Էլզային որոնելիս, գալիս են նրանց մոտ խորհուրդ հարցնելու: Դեկորացիաների, զգեստների ու լույսի խաղարկմամբ ռեժիսորը բեմում ստացել էր բնության հրաշալի արտապատկերումը, ընդգծել բնության և մարդու անխզելի կապը, այն գերբնականը, որը մեզ է տրված բնությունից:
Ներկայացման գեղեցիկ տեսարաններից է՝ երկու աստիճանահարթակների միջոցով, երկնագույն լույսի հրաշալի խաղարկմամբ, Էլզայի կառուցած սառցե դղյակում Էլզայի և Աննայի հանդիպման տեսարանը, որի գունային և պատկերային լուծումները հիացնում են իրենց շքեղությամբ:
Այս ներկայացումը, բացի արտաքին կազմակերպվածքի հետաքրքիր համադրություններից, առանձնանում է նաև դերասանական կատարումների հետաքրքրությամբ: Քիչ է հանդիպում, երբ ամանորի ներկայացումներում հանդես են գալիս թատրոնի հիմնական դերակատարները: Այնտեղ սովորաբար ընդգրկվում են բեմադրիչի կամ այլ ռեժիսոր-վարպետի արվեստանոցի ուսանողներ, սկսնակ կամ երկրորդ պլանի կատարողներ: «Սառցե սիրտը» մյուզիքլում ընդգրկված էին և´ փորձառու, և´ սկսնակ դերասաններ, ինչն ավելացրել էր ներկայացման արժանիքը (թագուհի՝ Արաքսյա Մելիքյան, թագավոր՝ Անդրանիկ Խաչատրյան, երկրորդ պլանում հանդես եկող դերակատարների մի մասը թատրոնի հիմնական կազմից են): Դերակատարներից յուրաքանչյուրի խաղը մեզ համոզում էր: Մշակված պլաստիկան, խոսքի և գործողության համակարգված կիրառումները ներդաշնակ էին բեմադրության տրամադրությանն ու մտահղացմանը: Դու անկեղծորեն հավատում էիր, որ նա արքայադուստր Էլզան է, արքայազն Հանսը կամ Աննան: Հետաքրքիր էր լուծված Մայր տրոլլի կերպարը (Ռուզաննա Հախնազարյան), նա բեմի տարածքով տեղաշարժվում էր ինքնակառավարվող սկուտերի օգնությամբ: Ժամանակակից տեխնիկական միջոցի օգտագործումը թատրնում շատ տեղին էր և ողջունելի, չէ՞ որ այսօր ամբողջ աշխարհի թատրոններում տեխնիկական ժամանակակից սարքավորումները պարտադիր և կարևոր տարրերից են, որոնց օգնությամբ բեմադրիչները հնարավորություն են ունենում բեմահարթակում հետաքրքիր փորձարարությունների դիմել: Ներկայացման արտաքին կազմակերպվածքին և, իհարկե, բնօրինակին հավատարիմ մնալով՝ ռեժիսորը կարողացել էր ռիթմիկ համադրությամբ իրականացնել երաժշտական և պարային համարները (պարուսույց՝ Տ. Հոռոփյան): Երգերի բառերը հայերեն են, երաժշտությունը բնօրինակինն է, այդ երկուսի փոխկապակցումը հաջողված էր, չկար ոչ մի արհեստական տարր, վրիպակ կամ անհամատեղելիություն:
Ինչ խոսք, մանկական նման որակի ներկայացման առկայությունը ժամանակակից հայ թատրոնում ուրախալի փաստ է թե´ ծնողների, թե´ մասնագետների համար: Քանզի մի երկու թատրոնում բեմադրված ճաշակով, ուրույն գեղագիտությամբ մանկական ներկայացումներըը չէին կարող բավարարել այդքան պահանջկոտ հանդիսատեսին՝ երեխաներին, իսկ մայր թատրոնի խաղացանկը համալրած երաժշտական հեքիաթը արդարացրեց բոլորի սպասումներն ու հաստատեց, որ թատերական նոր սերունդը տաղանդավոր է, արժանի վստահության, կարող է իր ուսերին վերցնել անցյալի հարուստ թատերական փորձի պատասխանատվությունը: Լիլի Էլբակյանը այն երիտասարդ բեմադրիչներից է, ով առաջին անգամ չէ, որ զարմացնում է իր բեմադրություններով, Խամաճիկների թատրոնում բեմադրած նրա ներկայացումները, հատկապես «Մարդուկ-Ջարդուկը», առանձնացել են իրենց ուրույն գեղագիտությամբ, կատարման բարձր որակներով, յուրատեսակ ոճավորմամբ ու խորությամբ:
Երիտասարդ բեմադիրչից սպասումները մեծ են, ներկան՝ շատ խոստումնալից, մնում է հետևողական լինել և սպասել նոր ու հետաքրքիր աշխատանքների:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲՐԻԿՅԱՆ
Թատերագետ