ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ «ԺԱՄԱՆԱԿԻ ՆՈՐ ՉԱՓՈՒՄՆԵՐՈՒՄ» ԳՐՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Ամեն գիրք իր ժամանակն ունի, հատկապես, եթե դրա խորագիրն այնպիսի փիլիսոփայական կատեգորիա է ընդգրկում, ինչպիսին ժամանակն է: Կարդալով Կարինե Ռաֆայելյանի պատմվածքների ժողովածուն (Երեւան, Հեղինակային հրատարակություն, 2016), հանկարծ հայտնաբերում ես, որ այս գիրքը կարծես վաղուց ես ճանաչում, այն միշտ քեզ հետ է եղել, քո սեղանի, քո հոգու գիրքն է, քանի որ չկա մարդ, որ գրքում զետեղված պատմվածքներում առկա որեւէ դրվագ ինչ-որ մի օր վերապրած չլինի, իսկ Ռաֆայելյանի կին հերոսները հաստատ ամեն կնոջ ներսում եղած բազմաթիվ կանանցից մեկն են, այնքան հարազատ, որ թվում էՙ հենց քո մասին է: Ի՞նչն է արձակն ավելի թանկ դարձնում, քան քո մասին լինելու ու ծանոթ ապրումներ, պատկերներ, հիշողություններ արթնացնելու հատկանիշը, ինչպես նաեւՙ սեփական ներկադ, հենց քո՛ ժամանակը հայտնաբերելու առիթը: Գրողը չափազանց իրատես է: Այսպիսով, Ռաֆայելյանի պատմություններն անցյալն ու ներկան կապող այն տարածքն են, որոնք ժամանակային ոչ մի սահմանափակում չեն ճանաչում, քանի որ հերոսը պարզ մարդն էՙ իր ապրումով, իր խոհով, կյանքին համընթաց գնացող մարդըՙ երեկ, այսօր ու ժամանակի որեւէ չափման հատվածում:

Ժողովածուի ընկալման համար քիչ դեր չունի գրքի խմբագիր եւ առաջաբանի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Անի Փաշայանի առաջաբանի խոսքը: Այն, ասես, ընթերցողի ձեռքն է տալիս այն բանալիները, որոնցով պետք է բանալ դեպի այս գրքի սիրտը տանող դռները: «Արձակում վաղուց է արժեւորված պարզ խոսքը, միեւնույն ժամանակՙ խիտ ասելիքը»,- գրում է Անի Փաշայանը: Այո, արձակի անվերջ ծովում Կարինե Ռաֆայելյանի ստեղծագործությունն առինքնում է առաջին հերթին գրողի անպաճույճ, չպարտավորեցնող, սակայն համոզիչ ներկայությամբ. գրողը տարիների ու ապրված կյանքի փորձառությունը թղթին է հանձնում բրեխթյան էպիկական թատրոնի սկզբունքովՙ պատմելով ինչ-որ ժամանակ եղածըՙ արդեն «օտարման» սկզբունքովՙ անվրդով, համաչափ ու անշտապ մի ներքին ռիթմովՙ ասես վաղուց իմունիտետ է ձեռք բերել իրականության հանդեպ: Սակայն պատմածը բնավ խաղաղ ու բարի իրողությունների մասին չէ. մարդու հոգեկան խռովքների («Բոլորն ինձ լուրջ են վերաբերվում»), անողոք իրականության («Դաժան թվաբանություն»), չհասկացվածության եւ այս կյանքում երկուսի երջանիկ լինելու անհնարինության («Թռիչքներՙ կապարե թեւերով»), սոցիալական անարդարության («Սասունցի Դավթի հայացքի ներքո») եւ այլ հոգեմաշ թեմաներ են բարձրացվում գրքում: Ինչպիսի ներքին խաղաղություն, իմաստնություն ու պատումի շարադրանքի հմտություն է պահանջում կյանքի կնճռոտ կողմերի մասին անվրդով պատմելու ոճը. գրողը նույնիսկ գնահատական չի տալիս, ընթերցված դրվագն ինքնին գնահատական է: Ռաֆայելյանը չի վերցնում իրականության լայն ու ընդարձակ տարածքներ, նա ամեն մի պատմվածքի համար կյանքից հմտորեն որսում է միայն մեկ դրվագ, միայն մեկ իրադարձություն, սակայն ընթանում է ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց կառույցով դեպի խորքերը` այնտեղից պեղելով մարդկային հոգու այնպիսի մանրամասներ, որոնք ընթերցողին տանում են ներհայեցման: Ռաֆայելյանի բոլոր պատմվածքները դասական կոմպոզիցիոն նույն կառույցն ունեն, գրողը մաթեմատիկոսի ճշգրտությամբ է տիրապետում պատմվածք կառուցելու հունարին, իսկ ավարտը, որպես կանոն նովելային է. գրողը միշտ ամփոփում, անսպասելի հանգուցալուծման է բերում պատումի ընթացքում զուգահեռ թե հակառակ ուղղություններով ընթացած սյուժետային գծերը:

Սա աչքի խփող առաջին հատկանիշն է, այն իրականացնելու գործիքներըՙ սարկազմը, հեգնանքըՙ ինչպես կողքից հսկող մի երկրորդՙ սթափ ու անպատրանք աչք, եւ փոխաբերությունը: Կենդանիների միջոցով մարդկային անհոգի հարաբերությունների մասին պատմելու այլաբանական մեթոդը նոր չէ գրականության մեջ, բայց միշտ հետաքրքիր է («Կատուն ու շունը), իսկ երբ նրանց միջոցով խոսելիս հեղինակը նաեւ զուտ մարդկային ապրումներ, տագնապներ ու հույզեր է կարողանում ծնել, ուրեմն ստացված է. «Նա (կատուն- Ա.Ա.) վստահ էր, որ ամեն բան ճիշտ է ընթանում, փոքրիկ տերերն էլ երբեմն խաղի ժամանակ անզգուշություն էին ունենում ցավեցնելու իր թաթը կամ պոչը, բայց դա բնավ էլ չէր ենթադրում, որ նրանց համար տհաճ է կատվի ընկերակցությունը, եւ որ հաջորդ վայրկյանին նրանք իրենց վարդագույն շրթունքներով չեն համբուրելու ցավեցրած տեղը: Այս հիշողությունն էր, որ կատվին դրդեց ապահովաբար հերթական փորձն անել շանը մերձենալու եւ բնավ չսարսռալ նրա կտրուկ ոստյունից»: Սասունցի Դավթի արձանի շուրջ մայրաքաղաքային կյանքի ամենաքստմնելի իրադարձություններն են ծավալվում` բռնություն, խաբեություն, դրամի իշխանություն, մարդու շահագործում: Այս ամենից երկինքը կսարսռար, ուր մնաց թեՙ Դավթի արձանը: «Քեզ որ մնա,- ասում է,- դու Սասունցի Դավթից էլ հարկ կվերցնես»ՙ վրդովմունքով վերհիշում է աներհոր հանդիմանությունըՙ նույն պահին ապօրինությունը խրախուսող ոստիկանը («Սասունցի Դավթի հայացքի ներքո»): Սակայն վրա հասած մթի ուղիղ ու փոխաբերական պատկերը օգնության կհասնի. «Մութն իր բարի թեւերով աշխարհի աչքից թաքցնում էր շուկայի աղբը, արկղերի ծանրության տակ կքած կանանց ցավատանջ դեմքերը, Սասունցի Դավթիՙ հարկահաններին պատուհասելու պատրաստ Թուր կեծակին ու քնած մտագարից փողերը գողացած լակոտի եւ ոստիկանի գաղտնի գործարքը…»: Սասունցի Դավիթը ինքնըստինքյան հերոս է դառնում, սակայն էպոսի բարձր իդեալներ կրող հերոսից այսօր, ցավոք, միայն անզոր արձանն է մնացելՙ որպես լուռ վկա:

Հետաքրքրական է գրքի կառուցվածքը: Նախՙ շապիկին զետեղված լուսնակարը, որի հեղինակն է Ռաֆայելյանը, կանչում է, այնպես առինքնում, ինչպես կարող է միայն ծովակը կանչել: Պարադոքս է, սակայն գրքում զետեղված ինը պատմվածքներից եւ ոչ մեկում ջրի պատկեր չկա: Պատահականությո՞ւն է. ո՛չ, բնա՛վ, ջուրը եւ կյանքը գրեթե հոմանիշներ են, այս գիրքը ջրի պես թափանցիկ կյանքն է ներկայացնում, իսկ ավելի այլաբանորենՙ Ռաֆայելյանի գրքում ընդգրկված պատմվածքները դեպի մարդկային հոգու խորքերն են տանում, այնքան խորը, ինչպես միայն ծովի խորքերը կարող են լինել: Ապաՙ պատմվածքների դասավորությունը. գրքի հենց առաջինՙ «Թռիչքներՙ կապարե թեւերով» պատմվածքը բացահայտում է դառնում անգամ առաջին էջին զետեղված մի քանի տողովՙ գրեթե աբսուրդի հասցված, սակայն իրականում մերկ իրականությունը պատկերող լակոնիկ, կտրուկ, մի քանի հարց ու պատասխանով, հեղինակը ստեղծում է դրամատուրգիական պատկերՙ ներքին լարվածությամբ, դեռեւս չըմբռնված, սակայն իրավիճակներ խոստացող:

« — Ասացինք բարեւ:

— Լավ, հասկացանք:

— Դե որ հասկացար, ասաՙ բարեւ:

— Բարեւն Աստծունն է, հո երկնքից չե՞նք իջեցնելուՙ հատուկ քո բարեւն առնելու համար…»:

Իրավիճակները սպասեցնել չեն տալու, երկխոսությունից ենթադրվող երկուսի` միմյանց հանդեպ անխնա հարաբերությունները բացահայտվելու ենՙ բացահայտելով հաշվարկային այս աշխարհում թռիչքի անկարողությունը, երջանկության անհնարինությունը: Այս եւ հաջորդող յոթ պատմվածքները դառնում են իրականության խճանկարի մասերը: Գրողը ոչ մի անգամ չի մեղադրում ընթերցողին, մարդու հետ կռիվ չունի, ընթերցողի ձեռքից բռնած տանում է գրքի դրվագներով` մինչեւ ութերորդ պատմվածքը: Այստեղ ընթերցողը թողնում է գրողի ձեռքը. գրողի մորՙ Սիրանուշ Գրիգորյանի այնքան կենդանի հայացքով լուսանկարը, ում հիշատակին եւ նվիրված է գիրքը, մի պահ սթափեցնում է: Եվ ահա գրքի գագաթնակետը, այստեղ բացվում է գրքի մի նոր շնչառությունը, խաղաղ կոհակվող լճակը հանկարծ փոթորկվող ծով է դառնալու «Ժամանակի նոր չափումներում» իններորդ եւ վերջին պատմվածքում: Եթե մինչ այժմ գրողը պատմողն էր, ապա այժմ գործող անձ է, եթե մինչ այժմ վավերացնողն էր, ապա այժմ իրադարձությունների կիզակետում է: Եթե մինչ այժմ խաղաղ էր ու անվրդով, ապա այս կետից նա միայն մեկ անգամ, միայն մեկ պատմվածքում իրեն թույլ է տալիս պոռթկալ, դուրս թողնել հոգում խնամքով թաքցվածը: Նա կանգնում է մերկ ու անպաշտպանՙ իր եւ իր, իր եւ աշխարհի, անցած ուղու, իր եւ մոր հետ միմիայն իրեն պատկանող իրականությանՙ անցյալի ու ներկայի առջեւ: Որտեղ, եթե անցյալում մայրը միշտ նրա կյանքում է եղել, ապա այժմ նույնքան ներկա էՙ սակայն ժամանակի այլ չափումներում: Համաչափ, խաղաղ քայլքը հոգու պոռթկում ու թռիչք է դառնումՙ փշաքաղեցնող անկեղծությամբ: Գրողի ձեռագրում այլ որակ է հայտնվում. «Բարե՛ւ, մա՛մ: -… Լսեցի՞ր, էսօր ոչ մի «ջան», էսօր էլի պատեպատ եմ խփվել ինձ տվածդ դաստիարակության ու չդաստիարակության տիրույթներում: Էսօր էլի որոշել եմ, որ սխալներդ ահավոր շատ են եղելՙ իմ պարտությունների չափ»: Այս գագաթնակետային պատմվածքը նաեւ ֆինալայինը կդառնա, քանի որ այս պահից այն կողմ ծավալվելու ուժ է պետք, իսկ բաց վերքը դեռ մխում է, քանի որ սրանից անդին այնքան ներանձնային է, որ բարձրաձայնման ենթակա չէ: Ու դարձյալ գրողը տանում է ներհայեցմանՙ դեպ հոգու միայնության խորխորատները, դեպի գրքում ուղղակիորեն բացակա, բայց այլաբանական իմաստով այնքան ներկա ծովի ընդերքը, որից հետո ժամանակի չափումներն այնքան այլ են, այնքան նոր եւ լռություններն այնքան կիսատ, որ բացահայտումների, նոր տարածքների հետազոտման, այլ խոսքովՙ հեղինակի նոր գրքի նշմարմանն ու անհրաժեշտությանն են տանում:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։