Մուչիկի մասին և ընդդեմ մուչիկիզմի / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

«Մուչիկ, դու իսկի չես փոխվումե նախադասությունը վիպակի հերոսը լսում է քսանհինգ տարի շարունակ, ընթերցողը ևս բազում անգամներ կհամոզվի դրանում՝ Մուչիկը իսկապես չի փոխվում: Արծուիի (Արծվի Բախչինյան) «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցինե վիպակում փոխվում են ժամանակները, հասարակարգերը (հեղինակը վերցրել է խորհրդային տարիների վերջին ժամանակահատվածից անցումը նորանկախ Հայաստանին), Մուչիկի շրջապատը, նրա այցելած երկրներն ու կեցության վայրերը, փոխվում են մշակույթները, սովորույթներն ու անգամ լեզուն, սակայն գրքի հեղինակն ամբողջ վիպակի միջով տանում է իր հերոսի՝ ինքն իրեն անդավաճան, կայուն, բազմաշերտ ու խիստ արդիական կերպարը: Կերպար, որը համահայկական թափառաշրջիկության ախտով է տառապում. նրան ոչ մի երկիր չի գոհացնում, այդ թվում նաև՝ Հայաստանը, սակայն նա շարունակում է բախտ որոնել օտար ափերում՝ «Իսկ ի՞նչ պարտադիր ա, որ բոլոր հայերը Հայաստանում ապրենե կարգախոսով: Իսկ տեղն եկած տեղն էլ անխնա քննադատում է, ասենք, ֆրանսիացիներին. «Դե լավ ա, էլի, ձեր երկիրը հանձնեք ուրիշների, դուք էլ փախեք հեռու երկրներե, այնինչ նույն կերպ են վարվում սեփական հայրենիքի հետ ինքն ու իր պես բազում մուչիկները: Ահա, ըստ իս, Արծուիի վիպակի առաջ քաշած կարևորագույն ուղերձը:
Այս հերոսի դեգերումները խորը հոգևոր պահանջներով մարդու, սեփական եսի և ինքնության փիլիսոփայական փնտրտուքներ չեն, այլ միջին վիճակագրական հայի «որտեղ՝ հաց, այնտեղ կացե տրամաբանության հետևանք, իսկ տվյալ երկրում իրեն հասանելիք բաժինը սպառելուց հետո, տեղը-տեղին պիտակավորելով երկիրն ու տեղացիներին (օրինակ՝ «Տո ի՞նչ Ամերիկա, Ամերիկան երկիր չի, ամերիկացիներն էլ մարդ չենե)՝ որոնում է մեկ այլ հանգրվան, թեև ինչպես բոլոր հայերը՝ իրեն համարում է կոսմոպոլիտ, ճկուն, մերվող, բայց ազգայինը երբեք չկորցնող տեսակ:
Վիպակի ամենամեծ արժանիքը նոր հայի՝ երևի թե ամենատարածված կերպարի վերհանումն է. ժամանակակից հայ «հերոսե, որին բոլորս քաջ ծանոթ ենք: Մուչիկը (ծնունդով՝ Թաթուլ Թաթուլյան, որի լեհական ազգանունը ևս այդ թափառաշրջիկության հետևանքն է), որը մանկուց աչքի էր ընկնում վերլուծական մտքով, սուր լեզվով, սրամիտ ու տափակոտ բառախաղերի հատուկ ունակություններով և որը լուրջ արվեստագետ լինելու բոլոր նախադրյալներն ուներ (հեղինակը հետագայում էլ չի նվազեցնում կերպարին բնորոշ խարակտերային գծերը), այդպես էլ չի օգտագործի իրեն հասարակությունից տարբերող իր հատկանիշները: Ինչպես շատ հայեր, այնպես էլ վիպակի հերոսը նախընտրում է աշխարհի տարբեր երկրներում սևագործ բանվորի կարգավիճակը (է՛լ հավ մորթող, է՛լ առաքիչ, է՛լ աման լվացող, է՛լ դագաղագործի օգնական, է՛լ տաքսու վարորդ), քան սեփական երկրում պայքարելու ու իր մասնագիտությամբ (Մուչիկը նկարիչ է և ըստ երևույթին՝ տաղանդավոր) մի լուրջ բանի հասնելու, երկրին պիտանի լինելու տարբերակը: Հետաքրքիր գիծ է որսացել իրականությունից Արծուին՝ հայկական բնավորության աշխատասիրության ու հնարամտության շնորհիվ Մուչիկին հաջողվում է ցանկացած երկրում կյանքի ցածրագույն աստիճանից վեր բարձրանալ, բայց կարգին բարձունքների նա այդպես էլ ոչ մի տեղ չի հասնում՝ թափառաշրջիկի հոգեբանությունը լուրջ պահանջներ չի դնում մարդու առջև: Թեև մի կարևոր բան, այնուհանդերձ, այս ճամփորդությունները տալիս են հային (լինի հերոսը թե ընթերցող հայը)՝ աշխարհ տեսնելով նա հասկանում է, որ այս կամ այն երկրի մասին գոյություն ունեցող բոլոր կարծրատիպերը սխալ են, այնինչ հենց այդպես է նա սովոր աշխարհը չափել:
Արծուին անվիճելիորեն տիրապետում է կերպարաստեղծման հմտություններին՝ տալով կերպարի թե՛ ամբողջական, թե՛ դետալային նկարագիրը: Դրան զուգահեռ հեղինակը նաև ամենայն մանրամասներով կերտում է միջավայրը, որտեղ ձևավորվել է հերոսը՝ սկսելով մի կողմից խորհրդային դպրոցի ու բակային սովորույթներից, վերջացրած հայրենադարձ ու խիստ հայրենասեր տատ ու պապի հայացքներով, մյուս կողմից էլ՝ թիֆլիսահայ պապ ու տատի ռուսամետ ու քաղքենի դիրքորոշումները, որոնք իրենց հստակ հետքն են թողնում երիտասարդի ձևավորման վրա: Բանակային ծառայությունից հետո նախընտրելով այլ երկրում բախտ որոնելու ճանապարհը՝ Մուչիկն այլևս կանգ չի առնում: Յոթ տարին մեկ միայն մի քանի շաբաթով վերադառնալով Հայաստան՝ որպես տարանցիկ գոտի մեկ այլ երկիր մեկնելու համար, Մուչիկն ամեն անգամ վերալիցքավորվում է հարազատների ու ընկերների սիրով, երևանյան արևով, մանկության հիշողություններով, հայկական պտուղների անուշ համուհոտով, սակայն նրա տեսադաշտում գերակշռում են Հայաստանում գնալով աճող բացասական երևույթները՝ անհեռանկար ապագա, կոռուպցիա, օրենքի բացակայություն, ալան-թալան: «Չէ՛, սա ապրելու տեղ չի, ի՞նչ անենք որ հայրենիքս աե, ամեն անգամ արտահայտվում է նա: Սակայն որքա՜ն հայրենասեր է դառնում հերոսը օտար ափերում՝ երբ որևէ մեկը փորձի հայության մասին վատ արտահայտվել: Տեսարաններից մեկում նա ոչնչացնում է հայաստանյան բոլոր իրողությունները սևացնող սփյուռքահայ տիկնոջը, իսկ ռուս ընկերոջ հետ սքայփով խոսելիս անխնա վերջինիս երեսին է շպրտում, թե ռուսը «Հայաստանին գցել է քաղաքական ու տնտեսական կախվածության մեջ….. Ադրբեջանին զենք է վաճառումե: Գրքի բոլոր հատվածներում, ի դեպ, երևում է հեղինակի քաղաքացիական դիրքորոշումը:
Ա. Բախչինյանի աշխարհաճանաչողությունը, լեզուների տիրապետումը, բազում ճամփորդությունները, տարբեր մշակույթների խորը ուսումնասիրությունը արտացոլված են ստեղծագործության մեջ: Լինելով հայագետ (մասնավորապես՝ սփյուռքագետ), պատմաբանասեր, կինոգետ, թարգմանիչ և աշխարհի առջև բաց հաղորդակցվող անձնավորություն՝ Արծուին իր վիպակում կարողանում է ստեղծել գունեղ ու հարուստ մի աշխարհ, մեծ աշխարհի փոքր մոդելը՝ հարյուր էջից մի քիչ ավելիի սահմաններում: Հեղինակի բանիմացությունը ինքնատիպ ձևով է արտացոլված վիպակում (ընթերցողը անվերջ կսովորի, բացահայտումներ կանի իր համար). այն մակերեսին չէ, տողատակին է, քողարկված՝ պատումի տարբեր շերտերում: Ինտելեկտուալ հեղինակը կյանքի ճանաչողության խորը, փիլիսոփայական վերլուծության չի տանում իր հերոսներին, ինչպես դա կանեին «ինտելեկտուալիզմե գրական հոսանքի հետևորդներ Շոուն կամ Ժիրոդուն, սակայն հետևողականորեն և շատ թեթև շարադրանքով ընթերցողին ուղղորդում է վերլուծելու, մտորելու ճանապարհով՝ աշխարհի և մի բուռ Հայաստանի ու հայի հարաբերությունների, ազգայինի ու գլոբալիզացիայի, սեփական ակունքների ու դրանից հեռանալու մասին: Հեղինակին հաջողվում է անվրեպ բանաձևել «հայի մտածելակերպե ասվածը, որը ոչ միշտ է ի շահ մեզ («մարդաչնման-մարդաչհավանե) և անգամ զավեշտական-կատակերգական է: Այս գիրքը Մուչիկից զատ մեկ գլխավոր հերոս էլ ունի՝ հումորը, որը տեղ-տեղ հեգնանքի է վերածվում, տեղ-տեղ՝ ցինիզմի և մշտառկա է տարբեր ձևաչափերով:
Ստեղծագործությանը յուրահատուկ գրավչություն են տալիս Մուչիկի «բազմամշակույթ դեգերումներըե, հատկապես որ այդ բազում մշակույթների բացահայտողները հերոսի համար միշտ կանայք են: Այդ բազմազգ ընկերուհիները օգնում են բոլորովին այլ հայացքով բացահայտել թե՛ տվյալ երկիրը, թե՛ նրա լեզուն, խոհանոցը և սովորույթները:
Արծուիի հաջորդ ձեռքբերումը վիպակում յուրահատուկ լեզվի ստեղծումն է, նա կարծես թե լուծել է արդի հայ գրականության մեջ բանավեճի առարկա լեզվի խնդիրը՝ ինչպե՞ս գրել, որ խիստ գրական չհնչի, մյուս կողմից էլ՝ փողոցի լեզուն գրականություն չգա: Վիպակի հեղինակային լեզուն, իհարկե, հարուստ հայերենն է, սակայն Արծուին հեռու է մաքրամոլությունից, նա գիտի առարկաներն իրենց անուններով կոչել (եթե անգամ այդ անունները բարեհունչ կամ կոռեկտ չեն), իսկ նրա հերոսները միանգամայն բնական առօրյա խոսակցական լեզվով են խոսում, ինչով ավելի հարազատ ու ճանաչելի են դառնում մեզ: Ստեղծագործության մեջ ևս մեկ յուրահատկություն կա. այն չունի ավանդական կառույց, այստեղ չկան բուռն զարգացումներ, բախումներ, խիտ գույներ, հակահերոսներ (թերևս միակը՝ Մուչիկի եղբայրն է, Դիվանագետը, որ Մուչիկի մեջ հակադրվելու ցանկություն է առաջացնում), կոմպոզիցիոն կառուցվածքը անվերջ կրկնվող ցիկլի սկզբունքով է. կյանքի ճանապարհ է, հանկարծակի միջադեպեր, տարբեր հումորային իրավիճակներ, ինչը մշտապես մի հարց է ծնում՝ այսպես թեթևասահ ու՞ր է տանում հեղինակը: Այս ճանապարհին Արծուիին հատկապես հաջողվում են դինամիկ ու հետաքրքիր երկխոսությունները (օրինակ, երկու իրարամերժ մշակույթների կրող խնամիների զրույցները), որոնց ընթացքում հեղինակը թե՛ պատմության էջերն է վերհանում, թե՛ ժամանակակից Հայաստանում գոյություն ունեցող տրամադրությունները («ռուսոֆիլ, հայրենոֆիլե և այլն):
Մի շարք կարևոր հարցերի հետ Արծուիի վիպակում հնչում է սեփական անձից փախչելու անհնարինության գաղափարը: Միայն մեկ անգամ մայրն ասում է Մուչիկին. «Տղաս, վտարանդի տղաս…. դեռ ինչքա՞ն պիտի փախչես ինքդ քեզնիցե: Բայց հեղինակը հայրենասիրության դասեր չի տալիս ընթերցողին. Արծուին չի քննադատում, այլ ներկայացնում է՝ այն էլ ծիծաղելով: Սակայն մեկ դրվագ, այնուամենայնիվ, մատնում է նրա խորը կսկիծը բոլոր կորսված Թաթուլ Թաթուլյանների համար: Արգենտինայի Ումաուակա հեռավոր քաղաքում հյուրընկալվելով հայազգի քաղաքագլխի տանը և սեղանի շուրջ լսելով վերջինիս՝ Հայրենիք անունով 80-ամյա քրոջ «Հայաստանե բանաստեղծությունը, հերոսի հոգին տակնուվրա է լինում (սա վիպակի, երևի թե, միակ հուզական պահն է): Հաջորդ պահին իսկ հեղինակը զավեշտի է վերածում իրավիճակը՝ Արգենտինայի հեռավոր գավառում սեփական ազգի ու լեզվի մասին գրեթե ոչինչ չիմացող այս ընտանիքի անդամները շղթայական ռեակցիայով սկսում են արտասվել՝ պահի հուզականությունից դրդված: Իրականում հայի ողբերգությունը վերածվում է տրագիկոմեդիայի: Հեղինակը գնում է Մարկ Տվենի ու Օ’Հենրիի թեթևության և սեփական հերոսների նկատմամբ անծայրածիր հեգնանքի և սիրո ճանապարհով:
Արդյոք աշխարհի ծայրին օտարազգի կնոջից երեխա ունենալու հեռանկա՞րը, ուծացման վտա՞նգը, թե՞ ամեն անգամ հայրենիք գալով կորուստներ արձանագրելու իրողությունը (կյանքից հեռացել են պապերն ու տատերը….) և ծերացող ծնողների հուսահատ հայացքները կստիպեն Մուչիկին նստակյաց դառնալ, հատկապես որ իր դպրոցական ընկերուհին նրան հեգնում է, թե. «Լավ, բայց Արգենտինայի՞ց ուր պիտի փախչես, Մուչիկ… դրանից դենը էլ երկիր չկա, Անտարկտիդան աե: Սակայն իր թեթև ոճին ու հատկապես՝ ժանրին անդավաճան Արծուին բոլորովին անսպասելի, նովելային հանգուցալուծման է բերում պատմությունը, լուծում, որը արկածային կամ հումորային ֆիլմի սցենարի է վերածում վիպակը: Իզուր չէ, որ ստեղծագործության սկզբում Արծուին շեշտում է, թե վերջաբանը «շատերին կարող է անհավանական ու մտացածին թվալե: Բայց դե եղել է նման բան, ի՞նչ կարող է անել հեղինակը, c’est la vie…
Արծուիի «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցինե վիպակը նորագույն հայ գրականության մեջ թարմ ու թեթև շնչառություն է բերում, և վստահ ենք, որ շատ կսիրվի ընթերցողի ու գրասերի կողմից:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։