Հարություն Գալֆայանի ու Անուշ Գալստյանի ներկայացումը “Քո մասին է”

“Եթե հասցրեցիր վերջանալ արշալույսիդ մեջ եւ սկսվել քո վերջալույսում, կտիրես ողջ տիեզերքին: Եվ հետո պետք չէ հաշվել օրերը, պետք է միայն ասել այսօր եւ միայն վաղը, որովհետեւ դրանց մեջ է ընկած քո կյանքը, որովհետեւ պետք է հասցնել ապրել, ամեն գնով հասցնել ապրել: Միայն թե չուշանաս, միայն թե ոչ այդ մեկը”. ահա այս խորիմաստ մենախոսությամբ է ավարտվում “Քո մասին է” մոնոներկայացումը, որը բեմադրել է Հարություն Գալֆայանը` ըստ Անուշ Ասլիբեկյանի “Բարի գալուստ իմ հեքիաթ” պատմվածքների ժողովածուի:

“Առաջին կուրսի ուսանող էի, երբ անդադար դիտում էի դասախոսիս` Նարինե Գրիգորյանի դերակատարմամբ “Թռիչք քաղաքի վրայով” ներկայացման փորձերը: Ստեղծագործության հեղինակը կրկին Անուշն էր, որն ինձ իր պատմվածքների գիրքը նվիրեց: Տարվելով իր գործերով ու ոգեշնչվելով` որոշեցի դրանք միավորել եւ պիես դարձնել”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է երիտասարդ ռեժիսորը:

“Քո մասին է”-ի բեմականացման, բեմադրության եւ նկարչական ձեւավորման հեղինակ Հարություն Գալֆայանը Անուշ Գալստյանի հետ նաեւ խաղում է ներկայացման մեջ.“Աշխատանքները սկսել եմ այս տարվա հունվարից: Հենց այդ ժամանակ էլ ծանոթացա մոնոդրամայի գլխավոր հերոսուհու` Անուշի հետ, որը մասնագիտությամբ մատենագետ է, հանդես է գալիս նաեւ որպես ասմունքող ու հաղորդավարուհի”:

Թատերագետ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Հարություն Գալֆայանն իրեն շատ մեծ անակնկալ է մատուցել.“Չէի կարծում, թե պատմվածքներս բեմադրելի են: Նա թույլտվություն խնդրեց, ես էլ վստահեցի ու չեմ փոշմանում: Գլխավոր հերոսուհին կարծես հենց ես եմ: Երեւի պատահական չէ, որ դերասանուհու անունը եւս Անուշ է: Շատ հետաքրքիր է, երբ բեմից դիտում ես տարիների ընթացքում կուտակված քո թաքուն զգացմունքներն ու ապրումները”:

“Քո մասին է” մոնոներկայացումը դերասանները խաղացել են նաեւ Երեւանի կամերային թատրոնի “Երկաթ” մշակութային ակումբում, որին հաջորդած քննարկման ընթացքում հանդիսատեսը նշել է, որ Թատերական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի երրորդ կուրսի ուսանող Հարությունին հաջողվել է որսալ պատմվածքների ռիթմն ու պոետականությունը:

“Մտավախություն ունեի, որ ներկայացման մեջ կկորի սյուժետային գիծը, ավելի շատ վախենում էի, որ հանդիսատեսը չի ընկալի իմաստը: Հիմա կարող եմ հանգիստ ասել, որ այն գրավեց հանդիսատեսին: Ամենակարեւորը` ամենուրեք Անուշ Ասլիբեկյանի առկայությունն էի զգում”,-նշել է դերասանուհի Նարինե Գրիգորյանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։