«Ալիսի փնտրտուքներով»

Թատերագետ, գրող Անուշ Ասլիբեկյանի «Բարի գալուստ իմ հեքիաթ» գրքում ինձ անտարբեր չթողեց մի պատմվածք, որի վերնագիրն է «Կարմիր կոշիկները կամ Պարզապես…ընդհանրապես Ալիս»: Այս պատմվածքը յուրահատուկ է իր գերիրական, գերզգայական, գերվերացական լինելու առանձնահատկությամբ: «Ես կինոռեժիսոր եմ, արդեն քանի տարի է փնտրում եմ Ալիսին», ասես հեղինակն ի սկզբանե թույլ է տալիս ընթերցողին ներխուժել իր հերոսի ներանձնական տիրույթները` այս դեպքում գուցե ընթերցել օրագրից մի պատառիկ, գուցե և ավելի խորն է տանում` մտնելով տվյալ ռեժիսորի հոգու մեջ` զգալու այն ամենը, ինչը շատ անհատական է , շատ խորը: Պատմվածքը պոլիխրոմիկ է, պոետիկ: Այստեղ` տողերի միջից, կարծես, երբեմն դուրս է գալիս հեղինակը, ժպտում քեզ ու ասում. « Սա իմ ներաշխարհն է, իմ գույներն են, իմ պատմությունն է, որը հորինել եմ քեզ խճճելու համար: Իսկ դու, սիրելի’ ընթերցող, թե կարող ես, փորձիր հասկանալ՝ տղամա՞րդ է հերոսը, թե՞ կին, իսկ գուցե դա էական էլ չէ, գուցե սա ես եմ, որ կամ, ես եմ, որ թույլ եմ տվել քեզ ներս մտնել իմ տուն ու տեսնել` ի՞նչ նյութերից է կարկատած արվեստագետի հոգին…»: Ու իսկապես, «Ալիսում…» գոյություն չունի կոնկրետ տղամարդու, կամ կոնկրետ կնոջ կերպար /թեև հեղինակի կողմից նշված է որպես տղամարդ/, կա արվեստագետի ընդհանուր դիմանկար, երկփեղկված մարդու տեսակ, ով իր հետ է, ով իր մտքերի, իր տաք ու փափուկ երկինքներում իր անեզր թելը ձեռքին ժանյակ է հյուսում, կամ էլ պարան ձգում` վրան փահլեվանի պես համոզիչ ու տպավորիչ քայլելու, մարդկանց զարմացնելու համար… Նա փնտրում է իր Ալիսին, ով, հավանաբար, գոյություն էլ չունի իրականում, բայց նրա, թեկուզ և երևակայական գոյությունն անչափ կարևոր է ռեժիսորի համար: Հիշո՞ւմ եք Բեքեթի կերպարներին, ովքեր մեծ կյանքի խաչմերուկում սպասում էին Գոդոյին ու միշտ էլ կսպասեն, որովհետև միայն սպասումն է, որ ապրեցնելու է նրանց: Անուշ Ասլիբեկյանի հերոսն ավելի գործնական է տրամադրված, նա փնտրում է, բոլորի մեջ փորձում է գտնել ու տեսնել իր Ալիսին: Նա ընտանիք ունի` կին, նորածին երեխա, սիրուհի, թեև գուցե սա էլ գրողի հերթական` մեզ խճճելու ու շեղելու հնարքներից մեկն է: Այնուամենայնիվ, կարդալով, կույրի պես ուզում ես շոշափել կողքիդ ու առջևումդ եղածը, բա որ ու հանկարծ հեղինակը «փոս» է պատրաստել քեզ համար, գուցե ոչ մի Ալիս էլ չկա ու չի էլ եղել ի սկզբանե, գուցե հորինվածք է, բայց դու էլ, ռեժիսորի նման, սկսում ես բոլոր տառերի ու բառերի սևության մեջ փնտրել քո Ալիսին…. Հերոսն անգամ հույս ունի թերթի էջերում գտնել որևէ բան Ալիսի, ի’ր Ալիսի մասին, բայց , ավա~ղ, ինչպես չես գտնի ապաքաղաքականացված թերթեր առավոտ կանուխ, այնպես էլ չես գտնի, Ալ…., թեև ինչ կապ ունի: Պատմվածքը շատ թատերային է և սա պատահական չէ: Անուշ Ասլիբեկյանը, որպես թատերագետ, լավ իմանալով թատրոնի օրենքները և կարողանալով զգալ թատրոնի էությունը` ստեղծել է այս պատմվածքը, որը հեշտորեն կարող է բեմ «բարձրանալ»: Հաճախ թատերագետներից շատերը մի լուրջ խնդրի առաջ են կանգնում`ներկայացումն իրենց համար դարձնելով դատավճռի առարկա: Հաճույք ու ստեղծագործական լիցքեր ստանալու, կամ գոնե այդ ակնկալիքով թատրոն գնալու փոխարեն, նրանցից շատերը հանդիսասրահ են ներխուժում` նոթբուքով, կամ մի մեծ ու հաստ «ռետինով»` ջնջելու ռեժիսորին և բեմում իրենց խաղից այդ պահին հաճույք ստացող դերասաններին: Ինչպես ռեժիսորն է պիեսին միս ու արյուն տալիս` ամեն բառի հետևում իմաստ ու գործողություն գտնելով, ինչպես դերասանն է իր միջով անցկացնում ռեժիսորի մտահղացումն ու ցուցումները` դրան ավելացնելով իր կերպարի տեսլականն ու գույները, այնպես էլ թատերագետը` թատրոնի ուղն ու ծուծն իմացող մարդը, պետք է փորձի շարունակել գործել այն ստեղծագործական կծիկի թելով, որով կտաքանա ընթերցողը, չէ՞ որ թատերագետը գրում է հանդիսատեսի համար, սերունդների համար, բայց նախ և առաջ իր զգացմունքներն ու մտքերն իր միջից հանելու համար: Ու պարտադիր չէ, որ գրված տողերը լինեն դիֆերամբների տեսքով: Միայն թե հարկավոր է այնպես նրբանկատ լինել, որ չիջնելով մասնագիտական բարձունքից` պահել Մարդ լինելու՝ ոչինչի հետ քննություն չբռնող արժեքը: Անուշ Ասլիբեկյանն այն թատերագետներից է, ով ոչ միայն չվախեցավ կոտրել կարծրատիպը և գրել իր թատերախոսականներն առանց մարդկանց վիրավորելու ու հեգնելու, այլև ինքն էլ, որպես ստեղծագործող անհատ, զուգահեռ գրեց պատմվածքներ, որոնք լույս տեսան `«Բարի գալուստ իմ հեքիաթ» գքրի տեսքով: Իսկ նրա «Թռիչք քաղաքի վրայով» պիեսը ներկայացում դարձավ, որը մեծ արձագանք ստացավ ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս/ռեժ. Ն. Գրիգորյան/: Վերադառնալով «…Պարզապես Ալիս» պատմվածքին` նշենք, որ յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կարևոր է ժամանակի զգացումը: Այս՝ իրականում ոչ այնքան ծավալուն պատմվածքում հեղինակը ժամանակը դանդաղեցնում է, ձգում-երկարեցնում, եթե ուզում եք իմանալ՝ այստեղ ժամանակն ասես ծորում է, ինչպես Դալիի հայտնի կտավում: Բայց դրանից տագնապի կամ վախի զգացում չի առաջանում: Պատճառն այն է, որ դու էլ ռեժիսորի պես հավատում ես, որ մի օր, մի տեղից կհայտնվի քո այդ Ալիսը, ով իրապես հասկանում ու կարեկցում է քեզ… Կմտածեի, որ անունը կարևոր չէ, նույն հաջողությամբ կարող էր լինել Մարի, Անետ, կամ էլ՝ Սեդա, բայց ընտրված է Ալիս ու կարծում եմ սա էլ պատահական չէ, սա էլ ընթերցողին ազդակներ հաղորդելու մի ձև է: Հիշենք Ալիսին հրաշքների աշխարհից: Ոչինչ չի° հուշում: Իզու՛ր, որովհետև գուցե ռեժիսորը / մենք գիտենք`որքան փխրուն են արվեստագետները, նրանք ասես մշտապես գտնվում են կյանքի առաջին փուլում`մանկության շրջանում /, այդ ռեժիսորը` մեծացած փոքրիկ տղան, կարդացել , մոռացել ու կորցրել է իր Ալիսին հայտնի հեքիաթի էջերում, նա էլ, իր հերթին անցնելով հրաշքների աշխարհով, կորցնելով ու վերստին ձեռքբերելով ժամանակը՝ մի օր լքել է մեր ռեժիսորին ու գնացել ուրիշ երեխաների` նույնպես փխրուն ու բարի սրտերի մոտ` պատմելու իր հեքիաթը….
Սաթենիկ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։