«Պետք է ճկուն ռազմավարություն մշակել ընթերցողների նվազող քանակը մեծացնելու համար»

Գրող, գրականագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ Երևանյան գրքի փառատոնի շրջանակում անցկացվող գրական մրցույթի հանձնախմբի կազմում էր: Զրուցել ենք գրական մրցույթի մասին և` ոչ միայն: -Փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթը փոխարինում է աջակցության ծրագրին: Ստացվում է, որ ընթերցողները և մասնագիտական ժյուրին ընտրում են լավագույն գրողներին, գրողներն էլ ընտրելու են իրենց հրատարակիչներին: Այս ձևաչափը ի՞նչ դրական և ի՞նչ թերի կողմեր ունի: -Անկարելի է բացարձակ անաչառ մրցույթ կազմակերպել: Եղել են դեպքեր, երբ պատվավոր մրցանակը շնորհվել է մեկին, որը զգալիորեն զիջում էր երկրորդ և նույնիսկ երրորդ տեղը գրավածներին: Մեզանում էլ եղան նման ցավալի արդյունքներ: Ինչ վերաբերում է մեր մրցույթին, ապա դրական կողմն այն է, որ, այսպես ասած, ժողովրդավարական բնույթ ընդունեց, այսինքն՝ վճռողը եղավ ոչ միայն մասնագետ հանձնախումբը, այլև բազմաշերտ, տարաճաշակ, գեղագիտորեն տարապահանջ ընթերցողը: Եվ շահեկան տարբերությունը միայն սա չէր, այլև այն, որ ընթերցողը, լավ իմաստով, մտավ խաղի մեջ, դարձավ գրական ընթացքի գործուն մասնակից, ասել է թե՝ ոչ սովորական ընթերցող: Չէ՞ որ գրականությունն ինչ-որ առումով նման է մոլախաղին, և ընթերցողն իր գնահատականը դնելով` դառնում է այդ խաղի շահագրգիռ մասնակից: Եվ ես համոզված եմ, որ նրա համար «խաղը» սրանով չի ավարտվում, այլ նոր է սկսվում: Նշանակում է` նվիրված ընթերցողների մի որոշակի քանակ ներգրավեցինք գրական ընթացքի մեջ: ՈՒստի պետք է «խաղը» շարունակել և դարձնել ամենամյա: -Իբրև հանձնախմբի անդամ, գրաքննադատ, գրող՝ Ձեզ համար հե՞շտ էր, թե՞ դժվար ընտրություն կատարելը: -Թող անհամեստ չհնչի, մոտ վաթսուն տարվա իմ փորձը գրականության մեջ ինձ օգնում է թացը չորից զատել առավել անսխալականությամբ: Ինչպես նրբաքիմք համտեսողը կարող է կոնյակի մեկ-երկու կումով խմիչքի որակը, տարիքը և անգամ ծագումը ճշգրտորեն ասել, այնպես էլ փորձառու գրաքննադատը պարտավոր է անսխալ որոշել՝ այդ տողերի հեղինակը հերթական մի գրամո՞լ է, թե՞ իսկապես աստվածատուր կարողությամբ օժտված ստեղծագործող: Ամեն մեկը չի կարող Մկրտիչ Պեշիկթաշլյանի պես Պետրոս Դուրյանի մի քանի բանաստեղծություն կարդալուց հետո ազդարարել. «Այս պատանին զիս կը գերազանցե», կամ Նիկոլ Աղբալյանի պես, ի դեմս քսանմեկամյա Չարենցի, ապագա հանճարի հայտնությունը տեսնել: Քննադատի ուսերին չափազանց դժվարին և պատասխանատու պարտավորություն է դրված՝ գրական ամենօրյա քաոսի մեջ, սկսնակներին ու երիտասարդներին կարդալիս, կարողանալ վաղվա երգի առողջ սերմերը զատել գրամոլական թունավոր որոմից: Քչերին է տրված այդ կարողությունը: -Կա՞ որևէ գործ (կամ գործեր), որ կուզեիք առանձնացնել, որ տպավորեց Ձեզ: -Այո, եղան այդպիսի գործեր, և ես շատ ուրախ եմ, որ իմ հավանած հեղինակներից գրեթե բոլորը մրցանակների արժանացան: Նախ և առաջ կուզեի խոսել «արձակ» անվանակարգում առաջին մրցանակ շահած Համբարձում Համբարձումյանի երեք գործերի, հատկապես նրա՝ «Կորեական դելիկատես» պատմվածքի մասին, որտեղ գեղարվեստական բացառիկ ճշգրտությամբ ներկայացված է մի դրվագ այն «մութ ու ցուրտ» տարիներից, որոնք այսօր ոմանք փորձում են հիշել մազոխիստական, այլասերված մի կարոտախտով: Ես չէի ուզի վերապատմել այստեղ, պետք է ուշադիր կարդալ այդ պատմվածքը, որ վարպետորեն կառուցված է նրբին անցումների վրա, որ ներկայացնում է միանգամից հազարավոր տարիներով հետ շպրտված, բառացիորեն քարանձավ մղված մարդկանց անմարդկային առօրյան: Մարդիկ, ովքեր մարդ մնալու համար ամեն օր, ամեն ժամ անվերջանալի փորձությունների պիտի դիմագրավեն: Հոյակապ է երեխայի կերպարը, որ կյանք է մտնում այդ ծանրագույն պայմաններում և, ասես, «ըմբռնումով» մոտենում վայրենացած մեծերի կենցաղին: Ոմանք, չափազանց զգայո՜ւն անձինք, գուցե հեղինակին մեղադրեն, որ ամենայն անողոքությամբ ներկայացված այս իրականությունը չափից ավելի դաժան է, որ գույներն անհարկիորեն թանձրացված են: Բայց մի՞թե հայելին մեղավոր է, որ իրականությունն այդքան այլանդակ է, և եթե հայելին կոտրենք, իրականությունն արդյոք կփոխվի՞: Ես շատ հավանեցի նաև «Դրամատուրգիա» անվանակարգում երկրորդ մրցանակի արժանացած Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» մոնոդրամը, որն ինձ համար նույնպես հայտնություն էր թե՛ նյութի, թե՛ մատուցման կերպի, թե՛ գեղարվեստական մակարդակի առումով: Մի քանի էջի վրա հեղինակին հաջողվել է ներկայացնել 1946-48 թթ. հայրենադարձության ողբերգական մի դրվագը՝ առանց կեղծ հայրենասիրության և իր ամբողջ դաժանությամբ: Չափազանց խորհրդանշական է հատկապես մոնոդրամի ավարտը, որ պարզապես ցնցող է: -Իսկ եղա՞ն գործեր, որ հավանել էիք, բայց մրցանակի չարժանացան: -Այո, ընդամենը մեկը՝ Արփի Ոսկանյանի էպիգրամները, մեր «էլիտար» ժամանակակիցների երգիծական դիմանկարները՝ դիպուկ, ճանաչելի, անողոքաբար սարկաստիկ և չափի զգացումով գրված: Դրանք հիշեցնում էին Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը» և Դոմիեի հանճարեղ ծաղրա-դիմանկարները: -Ասացիք, որ մոտ վաթսուն տարի ստեղծագործում եք: Համեմատելով գրական դաշտերը` ի՞նչ բացեր եք տեսնում հայաստանյան գրական դաշտում: -Անցյալ և ներկա գրական կյանքի աղաղակող տարբերություններն առավել ճշգրտությամբ վկայում են տպաքանակների զարհուրելի տարբերությունները: Եթե 60-70-80-ականներին 20-30 հազարը, իսկ երբեմն 40-50 հազարը սովորական երևույթ էին, ապա այսօր տպաքանակները, միջին հաշվով, հարյուր անգամ պակասել են: Այսինքն, անցյալի համեմատ գրական ներկան ընդամենը 1 տոկոս է: Եվ գնալով այս չնչին թիվն ավելի է նվազելու՝ դառնալով 0,9, 0,8 և նույնիսկ 0,7 տոկոս: Այդպիսին է միտումը, և միայն հրաշքը կարող է այս կործանարար ընթացքը կանգնեցնել: 1996 թ., իմ «Կիրկե կղզին» վեպն «Ապոլլոն» հրատարակչությունը լույս ընծայեց 2000 տպաքանակով: Գիրքը կարճ ժամանակում սպառվեց: Ինձ համար դա անսպասելի էր, քանի որ մինչ այդ՝ 1995 թ. վեպն ամբողջությամբ տպագրվել էր «Գարուն» ամսագրում, որն այդ տարիներին 8000 տպաքանակ ուներ և կարդացվում էր ծայրեծայր: Հիմա այդ գիրքը, լավագույն դեպքում, լույս կտեսներ 200-300 օրինակով և մեկ տարվա ընթացքում հազիվ սպառվեր: -Թույլ տվեք, այդ դեպքում, մի անպատեհ հարց տալ. եթե վիճակն այդքան անհուսալի է, ինչու՞ եք ուրեմն շարունակում գրել և տպագրել: -Դա մոտավորապես նույնն է, թե պարտաճանաչ բժշկին հարցնեիք` ինչու՞ է շարունակում խնամել անհուսալիորեն ծանր հիվանդին: Բարեհաջող ավարտված մրցույթը մեզ հուշում է, որ պետք է ճկուն ռազմավարություն մշակել ընթերցողների նվազող քանակը մեծացնելու համար: Ես չեմ կարծում, թե նորից առաջվա հնգանիշ տպաքանակները կունենանք, բայց, ամոթ է, գոնե քառանիշին մոտենանք: Լինենք նրբանկատ և ուշադիր, և հատկապես գովազդախեղդ անելով չզզվեցնենք ընթերցողների նոսրացող բանակը, քաղաքով մեկ սփռված հսկայական վահանակներից նայող մի շարք հեղինակների սևեռուն հայացքով օրնիբուն մարդկանց չհալածենք, աստվածային պատվիրանի պես չազդարարենք, թե «Գիրք կարդալը նորաձև է» (ինչպիսի՜ անհեթեթություն, նորաձև, այսինքն՝ մոդայիկ, այսինքն՝ մակերեսային, ժամանակավոր, այսինքն՝ եթե այսօր մոդայիկ է, ապա վաղը կդադարի այդպիսին լինել, և մենք այլևս գիրք չենք կարդա, քանի որ չկարդալը կդառնա նորաձև… իսկ մենք՝ միամիտնե՜րս, կարծում էինք, թե ընթերցանությունը հավերժական պահանջ է, որ պիտի մարդուց անբաժան մնա ամբողջ կյանքում): Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։