Իրականությամբ նյութականացող միստիկան Անուշ Ասլիբեկյան Արծրունու ստեղծագործություններում / Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյան Արծրունին ինձ համար բացահայտվեց «Արտավազդ» պատմվածքով՝ շնորհիվ համացանցի: Ավելի ուշ ունեցա հեղինակի երկու՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ» և «Մոյրաների նոթատետրից» գրքերը խորությամբ ճանաչելու բարեպատեհությունը:

ՈՒ ի՞նչ ենթաշերտեր բացեցին ինձ համար դրանք: Նախ, ես հասկացա, որ այդ գրքերն ընթերցելով՝ կարելի է հանգստանալ՝ չդադարելով մտածել: Կարելի է անհանգստանալ, տագնապել՝ չկորցնելով ապրելու ցանկությունը:
«Բարի գալուստ իմ հեքիաթը», ի տարբերություն «Մոյրաների նոթատետրից» ժողովածուի, չասեմ, թե ավելի պարզ է կամ ավելի հանրամատչելի: Այն ավելի պրակտիկ է, ավելի մերձ մեզ ծանոթ ամենօրյա կյանքին: Այստեղ խորհրդավորությունն ու միստիկան ավելի շատ կարելի է վերագրել ստեղծագործությունների վերնագրերին՝ «Հորիզոն կամ լարը», «Abun d’ba-smaja», «Երեք դատարկ երազ», «Յոթ երկինք», «Եվս մեկ թռիչք քաղաքի վրայով» և այլն: Այս վերնագրերի տակ հեղինակը շարադրում է հողեղեն, իրապատում նյութ՝ սեղմ ծավալների մեջ ամփոփելով ընդգրկուն ասելիք: ՈՒ եթե ինչ-որ պահի, ինչ-որ պատումում իրականությունը նահանջում է, ապա այն իր տեղը զիջում է աբսուրդին «և ոչ բնավ՝ միստիկային», ավելի հաճախ տատանվում իրականի ու աբսուրդի սահմանագծում. այս շարքին կարելի է դասել «Ինչ եղավ 81-ին», «Անահիտը… Լադան… Եթե…» պատմվածքները:
Անուշը կարողանում է գտնել գրական երկի մի քանի էջում հավերժությունը պահի մեջ և պահը հավերժության մեջ տեղավորելու հնարը. ի մասնավորի՝ «Հասցնել ապրել» պատմվածքում: Նաև պարզ շարադրանքից ստանում է արձակ բանաստեղծություն` «Քաղաքամերձ տունը», «Յոթ երկինք»: Գրական մարդ-կերպարների շարքում հաճախ հանդիպեցնում է մեզ ոչ պակաս բնահատուկ շան կերպարին. «Իսկ շնիկը (Շունը) մահացավ այսօր լուսաբացին, գուցե՝ գիշերը: Մենք առավոտյան իմացանք, թեև կասկածում էինք: Այն պահին, երբ մարդը բահով փորձում էր բարձրացնել դիակը, անչափ հուզվեց: Երկու կամ երեք կաթիլ արցունք արթնացավ աչքերում: Ոմանք միայն հոգոց հանեցին, ցերեկը բոլորը տխուր էին, երեկոյան զբաղված էին գործերով: Շնիկը (Շունը) տասը տարի պահպանել էր տնակը (երկհարկանի Տունը) ամեն տիպի անհայտ և անտեսանելի հոգիներից: Նրանք վստահ էին, որ վերջերս ինչ-որ չարք էր պտտվում տան շուրջը, և հավատարիմ կենդանին իր վրա վերցրեց հարվածը: Հանգիստ էին և փրկված էին զգում իրենց»:
Ի՞նչ պակաս մարդ է այս շունը՝ «Երբ ոչինչ չկա անելու կամ պղպջակներ» պատմվածքից: Նույնիսկ ավելի որոշակի, քան որոշ մարդ-կերպարներ, քան, օրինակ, «Ես, խնձորը, նրա լացը ու մեր ծիծաղը տխրաձայն» պատմվածքի հերոսուհին, որ խոստովանում է. «Ես հայելի եմ փնտրում իմ դեմքին նայելու համար՝ իմ դեմքը հազար կտոր է եղել: Ես վախենում եմ հայելուց»: Այսպիսի կերպարների շուրջ Անուշ Ասլիբեկյան Արծրունին որոշակիացնում-ընդգծում է կոպիտ իրականությունը, որպեսզի հասկանալի դարձնի, պատճառաբանի իր հերոսների տարուբերումները իրենց ու իրենց, իրենց ու աշխարհի միջև: «Աղմուկն ամեն գիշեր կանգնում է կոկորդիս ու մետաղյա ներբաններով տրորում, տրորում, ոտնակոխ է անում ձայնալարերս: ՈՒ ես ամեն առավոտ արթնանում եմ արյուն թքելով, ջարդված, բայց լուռ, մինչև որ… Ես փորձում եմ մոռանալ ինձ, թվում է, ամեն ինչ կարգին է: Բայց ես չեմ կարող, ես անմիջապես հետ եմ կանգնում՝ «մարդիկ» դառնալու անթաքույց վախից: Այնպես ապրելն անտանելի է, այսպես ապրելը՝ տխուր…»:
Փոքր ծավալի մեջ ներհյուսված անսպասելի անցումներով Անուշ Ասլիբեկյանի հերոսները դառնում են անհատապես տեսանելի-ճանաչելի ու նաև իրենցում ամփոփում ընդհանրական որակներ: Այսպիսի մի անհատական-ընդհանրական բնութագրի կրող է «Պարող Նե» պատմվածքի հերոսուհի Նեն, որին կերպավորող մանրամասներն ասես սկիզբ են առել «Տիկնիկ» պատմվածքից: Ջրահեղձ տիկնիկի առնչությամբ ծնված խոհերի շղթան ագուցվում է լռության, հիշողության, ապագայի թեմաներին. «Ջրի երեսին լողաց անմարմին մարմինը, բայց կապույտ, թե սպիտակ մի հուլունք վերևից ընկավ ուղիղ փոսիկին, փոսիկը շնչել սկսեց, բաբախել, հետո փքվել, փքվել, փքվել ու երկնեց… լռություն՝ իրական, կենդանի, տաք: Լռությունն այդ դեղին ու թանձր արևահյութի պես կաթեց ծփան, արևոտ դաշտերին, ծովերին, լռություններին, երամներին, ուշացած թռչունների հիշողություններին, ապագային»:
Տիկնիկը «հասունանալով»՝ դառնում է Պարող Նե, ձեռք բերում կենսագրություն, անգամ՝ չորոշակիացող ազգություն. «Ազգությամբ Նեն կրակոտ իսպանուհի էր, վայրի ամերիկուհի, նրբակերտ փարիզուհի, սառնարյուն անգլուհի, կրքոտ ճապոնուհի, մեղրածոր պարսկուհի, մի խոսքով՝ հազվագյուտ և հպարտ հայուհի էր նա, ինչպես իսկական հայուհի»:
Միմյանց լրացնող, միմյանց ժխտող հերոսներին, նրանց ճակատագրի գրապատումներին, ստեղծագործական, հոգեբանական բազմաշերտ տարուբերումներին, որոնք մենք գտնում ենք «Բարի գալուստ իմ հեքիաթ» գրքում, հաջորդում է «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն:
Վերնագրից իսկ հորդում է միստիկայի շունչը:
«Մերսեդեսը» և «Պրոֆեսորը» մի ողջ դարաշրջանի տարեգրություն են ներկայացնում: Առաջինում այդ տարեգրությունն անցնում է հայրենադարձ կնոջ, երկրորդում՝ արիստոկրատ, ուսյալ տղամարդու ճակատագրի բավիղներով:
«Մերսեդեսը» դառը հեգնանքով համեմված տեքստով տալիս է հետպատերազմյան խորհրդային կյանքի և եվրոպաներում պատսպարված սփյուռքահայության իրականության կենսապատկերը:
«Օրեցօր ծաղկող Սովետական Հայաստանի մասին լուրերը ամեն օր սողոսկում էին Սալոնիկի իրենց բնակարան, թերահավատություն առաջացնում Մերսեդեսի հոգում, բորբոքում Զարուհու կարոտն ու տենչը: Կոմունիստ ագիտատորները պատմել էին, որ հացն ու մեղրն անվճար են, իսկ առուներով կաթ է հոսում հայրենիքում: Քույրերը նույնիսկ հարց չէին տվել իրենց, թե այդ ինչպե՞ս էր, որ հետպատերազմյան տարիներին այդպես ծաղկուն էր հայրենիքը, մինչդեռ պատերազմի ստվերը դեռ թափառում էր անգամ Հունաստանում ու ծննդավայր Սալոնիկում: Մի օր էլ Զարուհին չդիմացավ, հայկական գենը ուռավ երակներում, պայթեց, ու դրա մանրագույն մասնիկները թափանցեցին ուղեղի, հոգու, խղճի, երևակայության, գիտակցության, ենթագիտակցության ամենահեռավոր անկյունները: Հավաքվեց ու քառասունութ թվին մի խումբ գաղթականների հետ եկավ Հայաստան»,- այսպես է ծայր առնում երկու քույրերի ճակատագրերի բեկման պատմությունը:
Զարուհին հայտնվում է Հայաստանում՝ ենթարկվելով մեզ հայտնի ստալինյան բռնաճնշումների ահավոր փորձությանը, դրան հաջորդած ոչ պակաս սարսափելի հասարակարգային իրողություններին: Եվ պատմվածքի ֆաբուլան տող առ տող մեզ նախապատրաստում է ամենամեծ ցնցումին: Երբ գործողությունների տիրույթում հայտնվում է Հունաստանից ծանրոցով ուղարկված անանուն պահածոյի տուփը, ընթերցողը (գոնե՝ ես), այդ տուփից դեպի իրեն եկող մոգական ինչ-որ լիցքեր է սկսում որսալ: Եվ դեռ կուլմինացիոն պայթյունից շատ առաջ արդեն կանխազգում է սպասվելիք արհավիրքի ահազանգը: Ոչ պատահաբար Նեմեսիս անունը կրող մի տիկնոջից ստացված նամակն ամեն բան տեղն է դնում՝ հավաստիացնելով, թե ոչինչ էլ պատահական չէ այս երկնքի ներքո. «Նամակում ոմն տիկին Նեմեսիս տեղեկացնում էր, որ Մերսեդես մորաքույրը մահացավ, ու նրա աճյունի մոխիրը ուղարկում է ծանրոցով՝ անանուն պահածոյի տուփով: Քանի որ մոխիրը հատուկ սափորով օրենքով ուղարկելը չափից մեծ գլխացավանք կարող էր դառնալ տիկնոջ համար, ուստի նախընտրել էր ավելի հեշտ ու բավական հնարամիտ այս ճանապարհը: Հարևանուհին ծանրոցն ու նամակը ուղարկել էր մեկ ամիս առաջ, միայն թե թյուրիմացության, թե անհեթեթ պատահականության բերումով ինչ-որ խառնաշփոթ էր առաջացել, ու նամակը տեղ հասավ ծանրոցից մեկ ամիս անց»: Միստիկան խրախճանքի մեջ է՝ արբած իր անպարտելիության գիտակցումով: Անանուն պահածոյի տուփի պարունակությունը՝ իբրև համեմունք, իբրև «կենսաբանական հավելում», օգտագործվել էր տարաբախտ տիկին Զարուհու մահվան տարելիցի առթիվ մատուցված ճաշկերույթին: Ահա վրեժխնդրության աստվածուհու անվան պատճառաբանված հայտնությունը պատմվածքի վերջաբանում:
Ի տարբերություն «Մերսեդեսի» կանխավ ենթադրվող սյուժետային զարգացումների՝ «Պրոֆեսորը» վիպակում հեղինակն ասես աճպարարություն է անում ընթերցողի (գոնե՝ ինձ) հետ, խճճում նրա բոլոր նախահաշիվները: Թվում է, թե պատումը քայլ առ քայլ մեզ տանում է դեպի պրոֆեսորի և նրա տնտեսուհու՝ Աստղիկ-Լուիզայի փոխհարաբերությունների խորացմանը: Մենք սպասում ենք, որ գերագույն ճիգերի գործադրումով ինքնահղկման ճանապարհն անցնող աղջիկը պրոֆեսորի աչքում կդադարի սոսկ կենցաղ վարող մեկը լինելուց, կնկատվի իբրև կին, սիրո ու նվիրումի պատրաստ էակ: Բայց դա տեղի չի ունենում: Մենք համոզվում ենք, որ կյանքը, ինչպես և գրականությունն անկանխատեսելի են կամ ոչ միշտ են կանխատեսելի: Իսկ անձնական ապրումների, մարդկային ճակատագրերի ծուռ ու շիտակ տարուբերումների պատումներին զուգահեռ, ինչպես և «Մերսեդեսի» դեպքում, հյուսվում է ժամանակաշրջանի, հասարակարգի տարեգրությունը:
Որոշ դեպքերում Անուշ Ասլիբեկյան Արծրունին միահյուսում է գրական տարբեր ժանրեր միևնույն երկում. «Տեղերը» էսսեի, հեքիաթի, դիցաբանության, պատմվածքի տարրեր է պարունակում միաժամանակ:
Ադելաիդան անկախության շրջանի նորահայտ մուրացկանների մի ողջ դասակարգ է մարմնավորում: «Արտավազդը» պատմվածքը վկայում է, որ Անուշն ի զորու է գրականություն ստեղծել կյանքի աղբից՝ այդուհանդերձ չաղարտելով մարդկային արժանապատվությունը: Վառ ու տպավորիչ կերպար է Թամրիկոն՝ առանցք, որի շուրջը, ոչ անսպասելի, պտտվում է իր ողջ ընտանիք-միկրոաշխարհը: Պետոն, որ պիտի նողկանք առաջացնի, ավելի շատ ողորմելի է դառնում. տականքի ու հանճարի բախումը «Պետո» պատմվածքում մերկապարանոց նկարագրությունն է առաջինի անասնական խրախճանքի թշվառության, հանճարի հանդեպ սեփական գերակայությունն զգալու սին պատրանքի և ժամանակի մեջ հանճարի սրբագործման անբեկանելիության: Եվ նույն այս «Պետոյում» Անուշ Ասլիբեկյան Արծրունի արձակագիրը, թատերագիրը դառնում է նաև հրապարակախոս՝ անթաքույց զուգահեռներ տանելով մեր շուրջ ապրող անձերի ու դիպվածների և իր հորինվածքների միջև: Օրինակ՝ Պետոյի տունը «կռիսանոցից» պալատի վերածած ԺԷԿ-ի պետի ճամարտակումները շատ հստակ հիշեցնում են նույն տրամաբանությամբ «Փակ շուկայից» սուպերմարկետ ձևակերպած գործարարի մեկնաբանությունները:
Միստիկայի և սիմվոլիզմի գերխտացումների ենք հանդիպում «Ահարոն Գելլեր» պատմվածքում: Տարօրինակ արկածախնդրությունների շղթայում հյուսվող սյուժեում փորձում ես որսալ տրամաբանության օղակները: Դրանք մարմին են առնում Գելլերի ընկեր Վահանի երգերի, նրա մոր կերպարի, պատմվածքի վերջին հատվածում հանդիպած կնոջ տեսքով: Որքան էլ երևակայական, հողից կտրված են թվում գրողի մատուցած պատմություններն ու կերպարները, այդուհանդերձ հանկարծ գիտակցում ես, որ համանման արկածները չեն շրջանցում ոչ մեկիս, յուրաքանչյուրս կարող է իրեն ծանոթ վիճակներ գտնել այս անհավանական թվացող պատումաշարում: Տվյալ տարածությունը կամ միջադեպը կարևոր չեն, դրանք չպետք է կոնկրետացնել ու բառացիորեն ընկալել զուգահեռները մեր և Անուշի հերոսի միջև: Բայց որ այդ զուգահեռներն իսկապես առկա են, կարելի է համոզվել կոնկրետ օրինակով. «Հաջորդ օրը մենք գործիքները դպրոց տեղափոխեցինք, թաքցրինք ֆիզկուլտի հանդերձարանում, իսկ դասերից հետո, երբ դպրոցը դատարկվել էր, սկսեցինք նվագել: Մեր ոգևորված տրիոն հասավ ստեղծագործական այնպիսի հոգեվիճակի, որ միանգամից մի քանի գործիքային ստեղծագործություն ծնվեց: Նույն րոպեին հորինված անգլերենով, ինչպես դա անում են փոքրիկ երեխաները հեռուստացույցից լսած երգը նմանակելիս, պատուհանագոգին դրված ծաղիկ ջրելու շիշը իբրև բարձրախոս օգտագործելով՝ Վահանը ձենը կտուրը գցած երգում էր ինքնամոռաց, իսկ Գուգոն, իբրև իսկական անգլերենի գիտակ, ընդհատում էր նրան ու շտկում. «Ոչ թե՝ օօօօ, նայթի բոյ, ջելըզ բոյ, վի առ քռեյզի վայն, այլ՝ յու առ քռեյզի մուայնի ույան, օ յեհ»: Ահա՝ հավանության նշան էր անում Վահանը, ու նրանք գոհացած շարունակում էին: Բայց ամենակարևոր տարրը ռոքում օ, յեհ արտահայտությունն էր, որը վրա էր հասնում օգնության ամեն անգամ այն պահերին, երբ Վահանի անգլերենի պաշարը սպառվում էր, և որը միակ արտահայտությունն էր, որ ես մտապահեցի հավերժ»: Ահա մի պատկեր իմ դպրոցահասակ մանկության կիսաիրականացած երազանքից: Հավատացնում եմ, որ այս իրավիճակը, անգամ սրանից ավելի աբսուրդայինն ու զավեշտականն ինքս ապրել եմ, և համոզված եմ, որ «Ահարոն Գելլերում» հանդիպող շատ այլ իրավիճակներ էլ այլք կարող են շոշափելիորեն զգացած լինել սեփական մաշկի ու կենսագրության վրա:
Եվ ուրեմն, Անուշ Ասլիբեկյան Արծրունու գրականությունը իրականության գրական, պատկերային արտացոլանքն է, որում միստիկան, անհավանական թվացողը դառնում է հենման մակերես: Ոչ թե միստիկան է պայմանավորում մարդկանց ու դեպքերի ընթացքը, այլ վերջիններս են իրենցով նյութականացնում աննյութեղենը: Այս գրականությունն անպայման ունի իր հասցեատերը, և հեղինակը, կարծում եմ, հետամուտ է գտնելու նրան:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։