«ԹՌԻՉՔ ՔԱՂԱՔԻ ՎՐԱՅՈՎ» (նոր ներկայացում) / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բարեբախտաբար կինոյի, հեռուստատեսության եւ այլ շոուների հաշվին թատրոնի մոտալուտ մահը գուշակողները պարբերաբար սխալվում են: Թատրոնը, իսկական՝ ոչ թե նկարհանված, այլ շնչող բեմով, դահլիճով երբեք չի մեռնի: Խոսքը այսօրվա Հայաստանի թատերական կյանքի մասին է, որ վերջին տարիներին չափազանց հետաքրքիր դրսեւորումներ է ստանում, ցավոք՝ ոչ մայր թատրոնի, այլ՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային, «Համազգային», «Մետրո», «Կամերային երաժշտական», «Էդգար Էլբակյան», որոշ չափով նաեւ մարզային թատրոնների բեմերում: Երիտասարդ թատերագետ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանի անունն արդեն հայտնի է հատկապես նոր սերնդի մեջ՝ իր բանաստեղծական, փիլիսոփայական նոր մտածողություն ունեցողի պոստմոդեռնիստական հակվածությամբ: Ինչո՞ւ հակվածությամբ. որովհետեւ նրա ասելիքը մանվածապատ չէ, ինչպես այս բազմաչարչար ուղղությանը հարողների մեծամասնության: Ոչ թե դժվարամատչելի գծերով ու գույներով, միայն իրեն հայտնի մտքեր արտադրելու գայթակղությունն է առաջնորդում Անուշին, այլ կարեւոր ապրումն իր գեղագիտության խիտ տարածքներից ուրիշներին փոխանցելու պահանջը: Նրա առայժմ միակ «Բարի գալուստ, իմ հեքիաթ» ժողովածուում տեղ գտած «Եվս մեկ թռիչք քաղաքի վրայով» թատերախաղը Տիկնիկային թատրոնում բեմադրեց եւ ներկայացրեց Նարինե Գրիգորյանը: 2010-ի հոկտեմբերին «Դրամատուրգիայի միջազգային փառատոնի» շրջանակում ԱՊՀ երկրներից ժամանած բազմաթիվ թատերագետների ու թատերագիրների հետ ներկայացումը դիտեցին նաեւ «Ոսկե դիմակ» մոսկովյան ամենամեծ թատերական փառատոնի կազմակերպիչները: Թատերախաղը մեծ սիրով ընդունվեց: «Ոսկե դիմակի» այս տարվա փառատոնին, որ կայանալու է ապրիլ ամսին, հրավիրվեցին մասնակցելու մեր երկու երիտասարդ արվեստագետները՝ Անուշ Ասլիբեկյանն ու Նարինե Գրիգորյանը: Նարինեն այսօր թատերասեր հասարակության եւ հատկապես երիտասարդների սիրված դերասանուհին է: Համազգայինի հիմնական կազմի դերասանուհի լինելով՝ մասնակցում է նաեւ Երեւանի Թումանյանի անվան տիկնիկային, Մնջախաղի թատրոնների ներկայացումներին: Համազգայինի խաղացանկում հայտնի են նրա Սիլվիան «Շան աղջիկ» (Հերնի), Կոնչետտան՝ մաֆիոզ ընտանիքի մայրը, «Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը» (Էդուարդո դե Ֆիլիպո), Մարիանը «Մարիանի քմայքները» (Ալֆրեդ դե Մյուսե), Պոպովան՝ «Արջը» (Չեխով), Մադմուազել Միրելը «Ախ կանայք, կանայք» (Լամուրե) ներկայացումներում: Երկու վերջին դերակատարումների համար արժանացել է Արտավազդ մրցանակների: Տիկնիկայինում բեմադրել է «Երկնագույն երկրագունդ» ներկայացումը (ըստ՝ Մ. Ցվետաեւայի «Վիպակ Սոնեչկայի մասին» գործի), որը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի «Բալթիական տուն» ոչ մրցութային փառատոնին: Մնջախաղի թատրոնում Յուրի Կոստանյանի հետ մի չափազանց հետքրքիր փորձ է արել, որի նախատեսված թվով հինգ ներկայացումներից առայժմ խաղացվել է չորսը, բոլորն էլ մեծ հաջողությամբ: Դերասանների խնդիրն այստեղ տեղում՝ բեմի վրա ստեղծագործելն է. չկա միզանսցեն, միայն խաղընկերներն են եւ բեմահարդարանքը: Ներկայացման վերնագիրն է` «Շրջանակից դուրս»: Նարինեն մասնակցել է Եգիպտոսում կայացած Փորձարարական թատրոնների փառատոնին՝ «Աչքերի որս» ներկայացմամբ (ըստ Գեւորգ Կարապետյանի բանաստեղծությունների): Այն դասվել է տասը լավագույնների շարքը: Այժմ նա աշխատում է Հրաչյա Գասպարյանի «Բլեզ» (Մանյե), Արմեն Մելիքսեթյանի «Կուրաժ մայրիկը» (Բրեխտ) բեմադրությունների վրա: Շատ քիչ է պատահում, որ բեմադրիչը գլուխ դնի պիեսի հեղինակի տեսլայինին նախ տիրապետելուն, դրան հավատարիմ մնալուն, ապա, անշուշտ իր տեսանկյունից այդ ամենը հագեցնել-ներկայացնելուն: Պատճառը կամ անկարողությունն է լինում կամ թյուրըմբռնումը կամ հարմար դերասաններ չգտնելը, կամ երեւակայության պակասը, կամ էլ, որ շատ ավելի հաճախ է պատահում, պիեսի հեղինակի մտահղացումից վեր թռչելու մղումը: Այս ներկայացումը, բացի շատ այլ յուրահատկություններից, հետաքրքիր է նաեւ նրանով, որ բեմադրության հեղինակը, որ նույն ինքը գլխավոր դերակատարուհին է, բեմի, լուսային, ձայնային էֆեկտների ձեւավորող Նարինե Գրիգորյանը, միանգամայն հավատարիմ է մնացել դրամատուրգիական հենքին՝ բացարձակապես չդիպչելով երկխոսություններին, հարգելով անգամ բոլոր ռեմարկները, հեղինակի մտքերը, որ պիեսն ընթերցելիս երբեմն բեմականորեն այնքան անիրագործելի կարող են թվալ: Նարինեն իր բեմադրությունը կառուցել է կերպարներ դարձնելով մթությունը, թեյի բաժակն ու նրա մեջ զնգացող գդալը, ապուրամանը՝ /մի հրաշալի էտյուդ ապուրի եւ ապուրամանի հետ/, կիտրոնի, բժշկի օծանելիքի բույրերը, որ տարածվում են մինչեւ հանդիսասրահի վերջին շարքերը: Հերոսուհին կույր է: Նրա աշխարհը թափանցելը թեեւ դժվար է տեսանողի համար, բայց մտնելով այդ խորհրդավոր տիրույթը, հնարավոր է դառնում բացահայտել մարդկային աչքի համար անորսալի շերտեր: Կույր աղջկա ամբողջ հույսն իր բժիշկն է: Սեղմ բառափոխանակումների միջոցով, որ ուղեկցվում են, աղջկա նյարդային լարվածությամբ, նրան հույսի, համբերության կոչող, Էլիոթի բանաստեղծություններն ընթերցող բժշկի հավասարակշռված, ամոքիչ ձայնով, միմյանցից ճակատագրական կախման մեջ գտնվող երկու մարդկանց աշխարհից առանձնանալն են ներկայացնում, երբ աշխարհն այս պահին թողել է նրանց: Բժիշկը կամավոր մտել է աղջկա մթության մեջ, նրա հետ խարխափում է՝ միաժամանակ փնտրելով ելքը: Անկարելի է չանդրադառնալ բեմական մյուս հնարանքներին, որոնց միջոցով հանդիսականն արդեն ընդգրկվել է խավարի ու լույսի առճակատման պատումի մեջ: Աղջիկը խոսում է բժշկի հետ: Նա հայտնվել է ճերմակ զգեստով՝ որպես լույսի եզակի շող համատարած մթության մեջ: Իսկ բժիշկը, որի միայն ձայնն է լսվում առայժմ եւ հայտնի չէ, թե դեռ որքան պետք է լսվի, կերպավորում է աղջկա միակ, թույլ հույսը: Այստեղ արժանին հատուցենք դերասանի՝ Սերգեյ Թովմասյանի ձայնային ճշգրիտ ելեւէջումների վարպետությանը: Ձայնը, որ աղջկա շփումն է աշխարհի հետ, փորձում է իր տիրապետության տակ առնել, ենթարկել նրա հուսահատ էությունը: Աղջիկը նրան սեր է խոստովանում: (Ենթադրելով տեքստային հուշումներից նրանց երկխոսությունները բազմիցս կրկնվել են նույն բառերով. սա յուրատեսակ խաղ է դարձել նրանց ակամա ընկերակցության ընթացքում): Բժիշկը պատրաստ է նրա համար ամեն ինչ անել: «Իսկ վաղը, ա՛յ կտեսնես, զբոսնելու ես ծառերի ստվերում»: Բեմի միակ հարդարանքը սկզբից եւեթ սեւ վարագույրի վրա կարծես մանկական ձեռքով նկարված տունիկն է՝ ցանկապատով, ծաղիկներով: Աղջկա առաջին իսկ մուտքին հաջորդում է այդ պատկերի քանդումը: Սա աղջկա ամենօրյա զբաղմունքն է՝ նկարել մի բան, որ ցանկությունների սահմանն է, երբ երազը խեղդում է նրան, իսկ հուսահատության պահին ձեռքի մի քանի շարժումով ավերում է պատկերը: Աղջիկը քանդում է պատկերը, որ պարզվում է՝ ընդամենը պատին կպչող պարանով էր արված, պարանը իսկույնեւեթ կերպար է դառնում, որ հիմա արդեն ոտքերի տակ խճողված թել է սոսկ: Բայց ահա աղջկա հոգեկան վերելքի պահին ձեռքերի կտրուկ շարժումով այն նորից ծեփվում է պատին: Դժվար է նկարագրել, թե մի խայտաբղետ պարանի, կպչուն հյուսվածքի փոքրիկ մի կտորի միջոցով ինչպես կարող է պոռթկալ կույր աղջկա ստեղծագործական եսը: Այս անգամ պարանը ոչ թե կանոնավոր տունիկ է դառնում՝ իր պարտեզով, ծաղիկներով, այլ տառապանքից ծնված խռովահույզ վերացական մի պատկեր: Հարցիս, թե արդյո՞ք Նարինեն որեւէ տեղ տեսել կամ կարդալով իմացել է կպչուն հյուսվածքով այսպիսի բեմախաղ հորինելը, նա պատասխանեց.«Մտածում եմ, որ հիմա աշխարհում չկա մի բան, որ արդեն արված չլինի, թեեւ ոչ մի տեղ չեմ տեսել, եւ չեմ կարդացել»: Կպչուն հյուսվածքը դեռ իզուր հիշատակվեց, քանի որ ներկայացման ընթացքում երբեք չես մտածում դրա մասին: Չես մտածում նաեւ այն պահին, երբ ինքը՝ աղջիկը, պարային սքանչելի ցատկ կատարելով, հայտնվում է նույն պատին, որ այս անգամ իր մարմնով չքնաղ թռիչքն է ներկայացնում: Կպչուն հյուսվածքի գաղափարը հետո կսկսի քեզ զարմացնել: Երկրորդ արարում բառացիորեն կատարվում է այն, ինչ պիեսի հեղինակը գրել է ռեմարկում.«Նա /նախկինում կույր աղջիկը, որ հիմա տեսնում է/, թեեւ ավելի խնամված է այժմ եւ ավելի ինքնուրույն, պակասում է նախկին լույսը»: Բացի նրանից, որ դերակատարուհին միանգամայն նոր կերպարի մեջ է, պետք է հանդիսականից կորզի այն ափսոսանքը ներքին լույսի համար, որի ականատեսն էր դարձել, հասցրել էր համապրելով իրենը դարձնել այն: Բեմում առաջին անգամ երեւում է բժիշկը: Կորել են նրա ձայնի խորհրդավոր երանգները: Փլուզվել է երեւակայության ուժով կերտված աշխարհը, ճիշտ այնպես, ինչպես պատին պարանով նկարված տունիկի հյուսվածքը: Աղջիկը ուրիշին է սիրում: Պարզամիտ կլինի մեկնաբանելը, թե բժշկի իրական պատկերն է նրան վանել կամ հիասթափեցրել: Այստեղ է, որ աղջկա անցումը մի վիճակից բոլորովին այլ վիճակի, հանդիսատեսներ, նաեւ իր համար բացում է կանացի նոր իրողություն-ինքնություն: Որքան ավելի վեհ կլիներ աղջկա վերաբերմունքը, եթե երախտագիտությունը դառնար նրանց երկուսի կյանքի ուղեկիցն այսուհետեւ, բայց գուցե ավելի մեծ լիներ կեղծիքը, որի հետ վեհությունն անհամատեղելի է: Ճշմարտությունն փոխարինելու է գալիս վեհությանը, որ պակաս թանկ չէ: Բայց սա դեռ բոլորը չէ, էլի շատ ծալքեր կան մարդ էակի մեջ, որ կարելի է անվերջ բացահայտել… Պետք չէ ասել, թե ինչքան լավ է գտնված ավարտը, որ իրագործվում է դարձյալ անհավանական թվացող տեխնիկական հնարանքներով… քանի որ մեզնից շատերը դեռ չեն դիտել ներկայացումը. թող ուրեմն, որոշ գաղտնիքներ «չբացահայտված» մնան…
ՀԵՂԻՆԱԿ Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արձակագիր, հրապարակախոս. Ավարտել է Եր¨անի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը. Հայաստանի գրողների միության ¨ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է. Աշխատել է «Էկրան», «Ֆիլմ», «Գեղարվեստ», «Հայություն» պարբերականներում, արդիական այլ¨այլ խնդիրներ արծարծող հոդվածները տպագրվել են Հայաստանում ¨ սփյուռքում լույս տեսնող պարբերական մամուլի էջերում: Վիպակները («Լենինական, Գյումրի, Կումայրի», «Չի կարող պատահել»), վեպը («Օղակը փակվում է»), պատմվածքները ամփոփված են «Թանաքագույն առավոտներ», «Սիրո քնքուշ հեքիաթ», «Դարձ նավահանգիստ» ¨ «Օղակը փակվում է» ժողովածուներում: «Թունելից վախեցող գնացքը», «Կանաչ, ուրախ ճամփորդներ գրքերը նվիրված են մանուկներին: