Որ տիեզերքում անգամ ոչ ոք չտխրի / Անի Փաշայան

Ամեն օժտված գրողի ներկայություն իրադարձություն պիտի համարել գրական կյանքում, ամեն լավ ժողովածու՝ ևս, մանավանդ երբ իր ծննդյան փաստով հաղթահարում է ինչ-ինչ անջրպետներ: Անուշ Ասլիբեկյանի գրական մուտքն այսպիսին եղավ 2009-ին, երբ լույս տեսավ նրա «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուն, որ առանձնանում է արձակի ռիթմի արտասովորությամբ, աննախադեպ պատկերների առատությամբ, հյուսվածքի ճկունությամբ, նոր հերոսի անկեղծության հատկանիշներով: Մի քանի պատմվածքներում հատկապես («Պարող Նե», «Արև եմ բերել», «PUB. Քո մասին է», «Քաղաքամերձ տունը», «Հորիզոն կամ լարը», «Գոլորշին», «Պարան՝ քրոնիկ հարբուխով») ակնհայտ է երիտասարդ գրողի համարձակությունը, որոնցում նա շրջափոխում է ընդունված կարծրատիպերը, ավանդական ձևերն ու գաղափարները՝ նոր արահետ բացելով գեղարվեստական պատումում: Այս ժողովածուն նշանակալի է նաև մի շատ կարևոր փաստով՝ ընթերցողի անթաքույց հետաքրքրությամբ: Գիրքը յուրահատուկ կամուրջ եղավ գրողի և նրա ընթերցողների միջև: Երկուստեք հաստատված այս բարեկամությունը ներշնչեց գրողին՝ 2014-ին օրգանական հետաքրքիր անցում կատարելու դեպի նոր ժողովածու («Մոյրաների նոթատետրրից»): Ընթերցողը սիրեց այս գրականությունը՝ տանելով իր կյանք, խառնելով իր առօրյային:

Տխրության, անուրջների ու թռիչքների վավերացում է առաջին ժողովածուի խորհուրդը, որտեղ դժվար է գտնել երազի և իրականության սահմանը: Ինչպես ինքն է ասում «Բարի գալուստ իմ հեքիաթ» պատմվածքում՝ «մի քիչ Աստված է պետք, մի քիչ՝ Չաստված, մի տող ասված բառեր, մի երկու տարի՝ չասված…»: Ժամանակն ու տարածությունն էական չեն այստեղ, որովհետև գրողը խաղում է նրանց հետ. «Քնեցի առավոտյան, ցերեկը, մթնշաղին: Արթնացա կեսգիշերից հետո, երազներս դատարկ գտա: Մառախուղի մեջ մեկին փնտրեցի, առաջինում չկար, երկրորդն ավելի ամայի էր, երրորդում ստվերը տեսա», կամ՝«ՙես ավելի շատ սպասում եմ, քան ապրում»: Յուրաքանչյուր պատմվածք յուրահատուկ բացահայտում է, խոստովանություն, պատկերվածը՝ հաճախ անցողիկ ու անցյալից, հաճախ՝ օտար այլևս, նաև այն աշխարհը, որը պատրաստ է ընդունել. «Գնանք անցյալի ստվերները հալածելու» ասում է «Բարի գալուստ իմ հեքիաթ» պատմվածքի հերոսուհին, կամ. «Մեկ էլ մեկը ոռնաց ներսումս, ցնցվեցի, պատյանս փշրվեց, փլվեցի: Մեկը նժույգ դարձած ինձ թևերին առավ, պտույտի մեջ նետեց, ու պարելով քաղաքների ու տների վրայով՝ սուրացինք վեր: Անրջո՞ւմ էի…» («Քաղաքամերձ տունը»):

«Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուի պատմվածքները որոշակի սյուժե չունեն, բայց դա էական չէ այստեղ, որովհետև գերխնդիրը հոգու թրթիռներին ծանոթացնելն է: Սա անկեղծ գրականության յուրատեսակ փորձ է: Կարելի է գրողական մի ամբողջ կյանք ապրել, ստեղծել ժողովածուներ՝ արտասովոր սյուժեներով, բայց չկարողանալ ստեղծել անկեղծության այսպիսի տարածք, որտեղ այդքան խնամված լինեն հոգին, գաղտնիքը, երազը, հուշը, գեղեցիկը: Թե ինչ թռիչքների է ունակ Անուշ Ասլիբեկյանը, երևում է հատկապես «Հայրի՞կ», «Կարմիր կոշիկները…», «Հասցնել ապրել», «Վերծանիր» պատմվածքներում: Այս առումով այսպիսի պատումն առնչություններ ունի Չեխովի արձակի արվեստի հետ:

Անուշ Ասլիբեկյանին հաջողվել է դիմանկար-կենսագրության ձևով բացել կերպարների և բնավորությունների գունեղ աշխարհ, արժևորել կյանքը՝ որպես միակ և անփոխարինելի հարստություն, նաև մետաֆորների և պատկերների հոսքով տեմպ հաղորդել պատումի հյուսվածքին, ինչպես. «Պարը ծովը նետվեց, ծովով ներծծվեց, ավելի խենթացավ», «Որքան գարեհատիկներ են հառաչել, քամվել ու հոգի տվել հրաշք խմիչքի վերածվելու համար», ,Այնտեղ՝ հորիզոնում… քամին տաք է արևի պես, և արևը գիրգ է մոր կրծքի պես: Այնտեղ մտքերն ապրում են՝ առանց պրկելու դեմքի մկանները և առանց կնճիռներ դաջելու ճակատին: Այնտեղ հոգիները ճայերի հետ ճախրում են, այնտեղ օդը և մարմինները պառկած են հորիզոնի տարբեր շերտերում և հոր պես մաքուր են»:

«Մոյրաների նոթատետրից» ժողովածուն աննախադեպ է իր ծննդյան փաստով, որովհետև մեր գրականության մեջ հազիվ գտնվի այնպիսի ժողովածու, որը կտրուկ տարբերվի հեղինակի նախորդ ժողովածուից: Այն ամբողջովին հակադրվում է նախորդին սյուժեների ու հերոսների բազմազանությամբ, կառուցվածքով, պատմելու եղանակով, հերոսների արտառոց վարքագծով ու արտասովոր ճակատագրերը մեծ ասելիքի հետ համադրելու կարողությամբ: Հետևաբար՝ երկրորդ ժողովածուն հայտնություն է մեր արձակում իր հստակ դիմագծով, որտեղ առաջին հայացքից պատմողը սահուն կերպով ներկայացնում է ճակատագրեր՝ հստակ երևացնելով գլխավոր հերոսի թե՛ կերպարային մակատեքստը, թե՛ ներքին այլափոխությունների ընթացքը: Բերելով բոլորովին նոր հերոսների և ճակատագրերի կարևոր դրսևորումներ՝ նոր խոսք է ասում մարդու հոգու և գոյության մասին, արժևորելով նրանց, ում առջև կյանքը վաղուց էր փակել իր ծանր դռները: Հայտնի է, որ գրողի աշխարհը բացապարզումներով ընթացող բարդ աշխատանքն է: Դա հաճախ թաքնված է լինում բազմաթիվ շերտերի, աչքի համար անթափանցելի հյուսվածքով: Այդպես է դա հենց այս ժողովածուում: Գրողը պեղել-հայտնաբերել է սոսկալի կնամոլին, ով թաշկինակի պես է փոխում կանանց («Թամրիկո»), կյանքի հատակում ողբերգությամբ հպարտացող լքվածին («Պետո»), հայրենիք ներգաղթած հայրենասեր կնոջը, որ մաքառման մեծ ճանապարհ է անցնում՝ հաղթելով կյանքին ու շրջապատին («Մերսեդես»), պատահաբար բանտում հայտնված և բանտակիցներին մարդ Ճանաչողին («Նարեկ»), պարզ ու հասարակ աղջկան, ում անբասիր հոգու ներկայությունը դեռ երկար կզարմացնի իրենով հետաքրքրող մեծաքանակ ընթեցողին («Պրոֆեսորը»): Նաև կյանքի վայրենի ընթացքից հեռացած, բայց մեր օրերում ապրող մարդուն, որը բնության հետ միաձույլ ու ներդաշնակ՝ ապրում է իր օրերը զարմանահրաշ ու նախանձելի կյանքով («Տեղեր»), նաև աշխարհին սեր ու գեղեցկություն, բույր ու գույն հաղորդող կնոջը («Մառլենա»): Այսպիսի տիպական կերպարների գոյությունը նոր խոսք է մեր գրականության մեջ, և Ասլիբեկյանի այս նախաձեռնությունը՝ կերպարների և բնավորությունների նորույթով, կարևոր նշանակություն ունի մեր արձակում, որի տարածքը վերջին շրջանում հարստացել է նոր ու հետաքրքիր ոչ քիչ անուններով:

Հետաքրքիր է գրողի վերաբերմունքը բացասական հերոսների հանդեպ: Պատկերելով նրանց և նրանց հետ նաև առարկայական աշխարհը՝ այնուամենայնիվ պահում է այն կածանը, որով երևում է մարդու հետագիծը: Ցույց տալով այլանդակն ու սարսափելին՝ նա օգտվում է մի հնարանքից. առաջին հայացքից աննկատ հումորով «գունավորելով» այդպիսիններին՝ չի «զրկում» մարդկային ցեղին պատկանելու բացառիկ հնարավորությունից: Բայց և չի թաքցնում ակնհայտ հակակրանքը նրանց հանդեպ: Առանց բարոյական խրատների պատումի հյուսվածքից ծորում է կարևոր ասելիք մարդու և նրա կյանքի մասին: Ձեռագրի ինքնուրույնություն ունեցող այս պատմվածքներն ու մեկ վիպակը՝ որպես մարդագրության կարևոր գեղարվեստական վավերացումներ, անշուշտ, կհետաքրքրեն գրականության քննադատներին, նոր թեմայի, նյութի, հերոսի այսպիսի յուրացումներով, ձեռագրի ինքնուրույնությամբ: «Մոյրաների նոթատետրից» ժողովածուում ընդգրկված պատմվածքները, աչքի ընկնելով իրատեսական պատկերներով, դառնագույն ճակատագրերի ներկայությամբ, հատկապես առանձին դրվագների դաժանությամբ, այնուամենայնիվ իրենց մեջ կրում են լույսի պատուհան, որով երևում են իրենց ամբողջ պարունակությամբ:

Ինչպես Բ. Տոմաշևսկին է նկատել «Պոետիկայի մասին» աշխատության մեջ, գեղարվեստական պատումի արժանիքներից մեկը մասերի համաձայնեցվածությունն է մեկը մյուսի հետ: Ասլիբեկյանի պատումում կարևորված է հենց մասերի ամբողջականությանը, որը խոսում է գրողի վարպետության, նյութին տիրապետելու կարողության մասին: Այն, ինչ գրողի մտքում է, անսահման է՝ դեռ չվրձնած: Սակայն այդ ահռելի նյութը արժեքավոր և հետաքրքրական դարձնելու համար գրողից մեծ աշխատանք է պահանջվում՝ ինչ հերթականությամբ, ինչ բառապաշարով, պատկերների ինչպիսի ուժգնությամբ և մետաֆորիկ հնարավորություններով:

Կարծում եմ՝ Անուշ Ասլիբեկյանին հաջողվել է երկրորդ ժողովածուով նույնպես նոր և անմիջական խոսք ասել, այս անգամ՝ մարդկային անսովոր ճակատագրերի մասին: Պատահական չէ ընտրված ժողովածուի խորագիրը: Մոյրաները Զևսի և Թետիսի երեք դուստրերն են, ճակատագրի աստվածուհիները, որ մանում, հյուսում և հանկարծ կտրում են հերոսի ճակատագրի թելը, յուրաքանչյուր գործում աննկատ, շղարշային ներկայությամբ մասնակցելով պատումին:

Աշխարհում բազմաթիվ չգրված պատմություններ կան: Գրողի համար մարդկային կյանքը նաև թեմաների ընտրության պատկերասրահ է: Սակայն գրողի տեսունակ աչքը կարող է վերցնել ժամանակի հետաքրքրություններն ամբարող, ներկայացնելու արժանի պատմություններ: Հենց սա է իրականացրել նաև Անուշ Ասլիբեկյանն իր նոր ժողովածուում: Համոզված եմ, որ նա հետագայում ևս իր ընթերցողին կզարմացնի նոր ու հետաքրքիր ստեղծագործություններով:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։