Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԿՈԼԻԶԵՅ  21

 

Ներկայացնում ենք Գուրգեն Խանջյանի ԿՈԼԻԶԵՅ 21 անտիպ պիեսը   

 

(Երգիծական ողբերգություն երկու գործողությամբ)

 

Գործող անձինք

ԲԱԲԿԵՆ — 50-ին մոտ

ՄԻՍԱԿ — 50-ին մոտ

ԿԱՄՈ — 50-ին մոտ

ԶԱՔԱՐ — 50-ին մոտ

ԱՍՏՂԻԿմոտ 20 տարեկան գեղեցկուհի

 

Գործողություն առաջին

Բաբկենի առանձնատունը, առանձնասենյակ, Բաբկենը, Միսակը, Կամոն թուղթ են խաղում:

ՄԻՍԱԿ — Էէ, սրանից էլ զզվեցինք: (Գցում է խաղաթղթերը: )

ԿԱՄՈ — Փա՞ս:

ՄԻՍԱԿ — Փաս… Հա, ենթադրենք՝ փաս, հետո՞: Ես կասեմ փաս, դու կասես եսիմ ինչ, հետո Բաբոն էն իրա ձևերով քթի տակ կխնդմնդա, դու կվախենաս` դու էլ կասես փաս…

ԿԱՄՈ — Ուզածդ ի՞նչ ա, Միսակ, չեմ հասկանում:

ՄԻՍԱԿ — Ուր ա, թե իմանայի:

ԲԱԲԿԵՆ — Գոնե էս ձեռն ավարտենք:

ՄԻՍԱԿ — Ռադ արա: Ասենք թե մեկնումեկս մի քանի հազար տարավ, ի՞նչ, մի քանի հազար էս կողմ, մի քանի հազար էն կողմ… Հոգնեցի էս խաղերից, տղերք, կարտ լինի, նարդի լինի…

ԲԱԲԿԵՆ — Մենակ չասես` շախմատ:

ՄԻՍԱԿ — Ուֆ, լավ, էլի, Բաբո, երանի քեզ:

ԲԱԲԿԵՆ — Լավ, բա ինչ ես առաջարկում… Գնա՞նք Գառնի, Սուրոյի մոտ, ռեստորանը փակենք` ուտենք-խմենք, հրազդանցի Սերոյին կանչենք, երգի` շախ տա, էն էջմիածնեցի Թամարին տանենք` պորտապար պարի…

ՄԻՍԱԿ — Իբր դա նորություն ա, հա՞:

ԲԱԲԿԵՆ — Չինացի մի փիլիսոփա ասել ա` երկու անգամ նույն գետը չես մտնի:

ՄԻՍԱԿ — Ապեր, չինացու իմաստությունները մեր հողի վրա չեն աշխատում:

ԿԱՄՈ — Տղերք, վայ թե մեր որսի գնալու ժամանակն ա, Աֆրիկա, փղի, կամ էլ ռնգեղջյուրի:

ԲԱԲԿԵՆ — Անցյալ տարի խփեցի, պարզվեց հղի ա, մեղք ծանրացավ վրես:

ՄԻՍԱԿ — Չէ հա:

ԲԱԲԿԵՆ — Դե, մի պստիկ:

ՄԻՍԱԿ — Ինքնասպան չլինես:

ԲԱԲԿԵՆ — Բայց դե փորի մեջի ռնգեղջյուրն էլ ա ռնգեղջյուր, հիմար, անասուն կենդանի ա, ինքը որ, ասենք, իմ կնգան հանդիպեր, մտածելո՞ւ էր` հղի ա, հղի չի, խփելու էր` սպաներ, չէ՞:

ԿԱՄՈ — Էդ քո թաքնված ցանկությունն ես հայտնո՞ւմ:

ԲԱԲԿԵՆ — Չէ, այ մարդ, է՛, Վարսոյիս ռնգեղջյուրն ի՞նչ կարա անի, նրան տիրանազավր պիտի ռաստ գա, էն էլ դե դինոզավրերը վերացել են իմ բախտից:

ԿԱՄՈ — Ես Թայլանդի ալիք եմ վառել, ասում են էնտեղ մարդկությանը դեռևս անհայտ բեջուրա կենդանիներ կան, կեթանք անտառը որսի, կգանք քաղաք` թայլանդուհիների գիրկը… Դրանց սեքսն ուրիշ ա, ախպեր:

ԲԱԲԿԵՆ — Իբր ինչն ա ուրիշ, պուճուր-մուճուր, ճարպիկ, աֆերիստ բաներ են, երբ որ կողմից են գալիս, երբ որ կողմից են գնում` չես ջոկում: Բերեք սևամորթ աղջիկներ պատվիրենք, էն քյոմուր սևերից:

ՄԻՍԱԿ — Ընգեր, մեր մեջ ասած` իմ դուրը չեկան, վրաներից սպեցիֆիկ հոտ էր գալիս, անցյալ անգամ սիրտս խառնեց:

ԿԱՄՈ — Իմի վրից հոտ չէր գալիս:

ՄԻՍԱԿ — Դու երբ ես հոտ առնո՞ւմ որ, քո քիթը ջարդած չի՞:

ԿԱՄՈ — Թե ե՞ս ինչի եմ խառնվում, ի՞մ ինչին ա…

ՄԻՍԱԿ — Չհասկացա:

ԿԱՄՈ — Հա, ապեր, ես մի հատ հուրի-փերի եմ կպցրել, մենակ տենաք, հալալ-զուլալ` տեղական ապրանք, էկոլոգիապես` անարատ, ոնց որ աստվածուհի:

ԲԱԲԿԵՆ — Է բեր տեսնենք, տնտղենք… Գիտես, չէ՞, մենք աստվածուհի սիրող ենք:

ԿԱՄՈ — Չեմ բերի, չեմ կշտացել, ու վախենամ` շուտ չկշտանամ, շատ համովն ա:

ՄԻՍԱԿ — Բաբոն ճիշտ ա ասում, բեր տեսնենք, կոլեկտիվի մեջ ներառնենք:

ԿԱՄՈ — Ասեցի` չէ, վերջ:

ՄԻՍԱԿ — Պահ:

ԲԱԲԿԵՆ — Չթռնե՞նք Դուբայ:

ԿԱՄՈ — Մեռանք թռնելով, իբր ի՞նչ, Դուբայում ի՞նչ ես կորցրել, շոր չունե՞ս, թե՞ բրիլիանտ:

ԲԱԲԿԵՆ — Լավ, թռնենք Ռուսաստան, էն ամենախորքերը, Ռուսաստանի խորքերում, ասում են, լիքը ձեռ չկպած կուսական տարածքներ կան, կույս նանարիկներ, ճերմակ, սիրուն, ձեռի հետ էլ սպիտակ արջ ու փոկ կխփենք:

ՄԻՍԱԿ — Սուտ ա, էնտեղ էլ կուսական տեղ չի մնացել, ոչ էլ կույս նանարիկ:

ԿԱՄՈ — Կամ էլ, ասա, կո՞ւյսն ինչիդ ա, կույս չես տեսե՞լ, հեն ա` հազարով բերող կա, մենակ փող տուր:

ՄԻՍԱԿ — Հա, էլի, ինչ էլ հավես ունի էս Բաբոն, կույս, չէ-չէ մի… Ոնց որ երեխա լինես, Բաբո:

ԲԱԲԿԵՆ —(բաժակները խմիչք լցնելով): Լավ, բա ի՞նչ եք առաջարկում:

ՄԻՍԱԿ — Ուֆ, եսիմ, է: (Խմում է: ) Տղերք, մեկ-մեկ էնպես եմ ուզում` էլի գործարանի տեխուսումնարանի էն ուսանողը լինեմ, գնամ դասի, դասից փախնեմ` կինո գնամ… Լուրջ եմ ասում:

ԲԱԲԿԵՆ — Հիմա էդ գործարանը քոնը չի՞:

ՄԻՍԱԿ — Է հա, էլի մի քանի էդպես գործարան ունեմ…

ԿԱՄՈ — Ու ի՞նչ, գործարաններդ կփոխեի՞ր ուսանողական տոմսիդ հետ:

ՄԻՍԱԿ — Չգիտեմ, մեկ-մեկ թվում ա կփոխեի:

ԲԱԲԿԵՆ — Չես փոխի, աղքատությունից վատ բան չկա, մի պահ մի հատ պատկերացրու` աղքատ ես…

ԿԱՄՈ — Բռռռ:

ՄԻՍԱԿ — Իսկի մտածել էլ չեմ ուզում:

ԲԱԲԿԵՆ — Վախում ես, չէ՞:

ՄԻՍԱԿ — Հա, մեղքս ինչ թաքցնեմ, վախում եմ, երկրաշարժից, պատերազմից, գազանից չեմ վախում, աղքատությունից վախում եմ: Ամեն դեպքում` փողից լավը չկա, տղերք, խմենք փողի կենացը:

Բաբկենի հեռախոսը զանգում է:

ԲԱԲԿԵՆ — (հեռախոսով): Ո՞վ ա: Ի՞նչ Զաքար: Հա, հիշեցի ոնց որ: Խոսել ե՞նք… Հիմա գա՞ս… Բայց ինչի գաս որ…

ԿԱՄՈ — Ո՞վ ա, է:

ԲԱԲԿԵՆ — (Կամոյին): Տեղը չեմ բերում, խմած եմ եղել:

ՄԻՍԱԿ — Խմած ժամանակ ում պատահի հեռախոս ա տալի էս… Բաբոն:

ԲԱԲԿԵՆ  — Այ տղա Զաքար, դու ի՞նչ կարաս ինձ առաջարկես, որ հետաքրքրի, մի հատ լավ մտածի: Վստահ ե՞ս: Դե որ վստահ ես, արի… Ի՞նչ, արդեն տան մոտ ե՞ս…

ՄԻՍԱԿ — Ում ասես` իրա տան տեղը ասում ա էս… Բաբոն: Չէ, քեզ խմելը  արդեն հակացուցված ա, ախպեր:

ԲԱԲԿԵՆ — (հեռախոսով): Բայց շատ ես ճարպկացել, Զաքար, դպրոցում էդպես չէիր, հարիֆ տղա էիր, մամայի բալա: Լավ, արի, արի տեսնենք ինչ ես ասում: Բայց որ իզուր ժամանակ ես խլել, է, գիտես, չէ՞, ինչ եմ անելու, էն դպրոցում որ խաղում էինք, հա, նստելու եմ շալակդ, կես ժամ ման տաս: Հես ա կկարգադրեմ թողեն… Վրեդ հո զենք-բան չկա՞, այ տղա. (Ծիծաղում է: )

ԿԱՄՈ — Ո՞վ ա, է:

ԲԱԲԿԵՆ — Համադասարանցի:

ՄԻՍԱԿ — Դպրոց էլ ես գնացե՞լ:

ԲԱԲԿԵՆ — Հա բա…

ԿԱՄՈ — Ուզածն ի՞նչ ա:

ԲԱԲԿԵՆ — Վերջերս մի տեղ պատահաբար հանդիպել ենք, չգիտեմ ինչ եմ ասել…

ՄԻՍԱԿ — Էդ ա, էլի, որ չգիտես արդեն ում հետ ինչ ես խոսում:

ԿԱՄՈ — Հազար ու մի գլխից ձեռ քաշած քյասիբ կա, վրեժը մեջները…

ԲԱԲԿԵՆ — Մի սարքեք, տղերք: Մի խոսքով` չգիտեմ ինչ եմ ասել, հիմա ասում ա` լավ առաջարկ ունեմ, ժամանցի:

ԿԱՄՈ — Ժամանցի՞:

ԲԱԲԿԵՆ — Հա: Երևի ասել եմ, թե կյանքը ձանձրալի ա դառել…

ՄԻՍԱԿ — Ահաա՜, մարդ ես գտել, դեմը բացվել ես, գլուխդ դրել ուսին` երևի լաց էլ ես եղել:

ԿԱՄՈ — Հո թոզ-մոզ չէի՞ր քաշել քթերդ:

ԲԱԲԿԵՆ — Հնարավոր ա: Հիմա ինչ, պիտի հաշիվ տա՞մ ամեն քայլիս համար:

ՄԻՍԱԿ — Վատ չէր լինի, ընդհանուր բիզնեսներ ունենք:

ԲԱԲԿԵՆ — Բիզնեսի հետ կապ չունի, անկապ խոսակցություն էր:

ԿԱՄՈ — Կարող ա՞ ոստիկանության գաղտնի գործակալ-մործակալ ա:

ԲԱԲԿԵՆ — Էէէ, պատմություն սարքիք, ասում եմ` հարիֆի մեկն ա, դպրոցում կզած եմ պահել:

ՄԻՍԱԿ — Լավ, թող գա, ձեռ կառնենք, կզբաղվենք:

ԿԱՄՈ — Ինչ էլ հավես ունեք: Ես գնամ:

ԲԱԲԿԵՆ — Սպասի, իրար հետ կգնանք, էսօր Վրաստանից լավ երգիչ ա եկել կազինո, կլսենք, կխաղանք: Զաքարին ճամփու դնենք, գնանք:

ԿԱՄՈ — Լավ, ոնց ասես:

ԲԱԲԿԵՆ — (հեռախոսով): Հա, թողեք գա, վրա-գլուխը ստուգեք, թողեք:

ՄԻՍԱԿ — (բաժակն առաջ հրելով): Էդ վիսկիից մի քիչ էլ կաթացրու:

ԲԱԲԿԵՆ — (շիշը տալով): Առ, լցրու, ինչքան սիրտդ կուզի:

ՄԻՍԱԿ — (լցնելով): Ինչքան սիրտդ ուզի… Կարգին խմիչք չունե՞ս, էս ադեկալոնն ես դեմ տվել:

ԲԱԲԿԵՆ — Բայց դու ինչ քյառթու ես, Միսակ, լավագույն վիսկին ա, անպայման պիտի թթի արաղ լինի՞:

ՄԻՍԱԿ — Հա հենց: Դու խմիչքից բան չես հասկանում, ախպեր, դու թիթիզ բաներ խմող ես, չէ-չէ մի` ռոմ, կամ էլ էն զզվանքը` ջին, թո՛ւ:

Գալիս է Զաքարը:

ԶԱՔԱՐ — Կարելի՞ է:

ԲԱԲԿԵՆ — Էկել պրծել ես` նոր ես հարցնո՞ւմ, ներս անցի:

ԶԱՔԱՐ — Հո չխանգարեցի՞, բարև ձեզ: (Ուզում է Բաբկենին համբուրի: )

ԲԱԲԿԵՆ — Ստոպ, հակահիգիենիկ բաներ չանես: Վիսկի լից քեզ ու նստի: (Ընկերներին.) Զաքարն ա, դպրոցում իրար հետ ենք սովորել, այսինքն՝ ինքն ա սովորել, ես էնպես, գնում-գալիս էի, էնքան որ տնեցիների խաթրից դուս չգամ:

ՄԻՍԱԿ — Երևում է` գերազանց գնահատականներով եք ավարտել դպրոցը, պարոն:

ԲԱԲԿԵՆ — Բա ոնց… Գերազանցիկ էիր, չէ՞, այ տղա:

ԶԱՔԱՐ — Էի, այո:

ՄԻՍԱԿ — Տեսնում եմ` գոհ չես… Օգուտ չեղավ, չէ՞:

ԶԱՔԱՐ — Ոչ: Պարզվեց` էս կյանքին ուրիշ հատկություններ են անհրաժեշտ:

ԲԱԲԿԵՆ — Բա որ ասում էի:

ԶԱՔԱՐ — Ականջալուր չեղա, Բաբկեն ջան:

ԲԱԲԿԵՆ — Լավ, էլ շոպլիկություն մի արա, ասա, տեսնենք ինչ ես ասում:

ՄԻՍԱԿ — Բայց արի սկզբից պայմանավորվենք, եթե ստից բաներ ասիր, շալվարդ վրիցդ հանում ենք, Զաքար եղբայր:

ԿԱՄՈ — Հանենք, լավ էլ սիրուն քամակ ունի:

ԲԱԲԿԵՆ — Համաձա՞յն ես:

ԶԱՔԱՐ — Ես լուրջ առաջարկով եմ եկել:

ՄԻՍԱԿ — Պահ:

ԲԱԲԿԵՆ — Ասա, Զաքար, արագ, քեզ հինգ րոպե ժամանակ:

ՄԻՍԱԿ — Ի՞նչ ասի, այ ախպեր, եկել ա փող ուզելու, խի չի երևո՞ւմ:

ԿԱՄՈ — Երևում ա, էն էլ` ոնց, շատ աֆերիստ սուբյեկտ ա, ո՞նց էլ սրան տասը տարի դիմացել ես, Բաբո:

ԲԱԲԿԵՆ — Ճնշած եմ պահել, ապեր:

ԿԱՄՈ — Ճիշտ ես արել, սրա տեսակը գիտեմ, մի րոպե ձեռդ թուլացրիր՝ կկծի:

ՄԻՍԱԿ — Զաքար ախպեր, կյանքով մեկ ուշացել ես, վախտին պիտի բաշից բռնեիր, էն անկախության սկզբի տարիներին, էն որ բոլորը դեռ միամիտ էին, հիմա եկել ես` ուզում ես պոչից կախվես, էն էլ ո՞ւմ՝ մե՛ր, չի ստացվի: Նայի, մենք էս իրեք ընկերով էն սեփականաշնորհման տարիներին, որին մի երկու կոպեկ գցելով, որին վախացնելով, որին ծեծելով` վաուչերները սաղի ձեռներից առանք, գործարանների տեր դառանք, գործարանների եղած-չեղածը ծախրտեցինք, տարածք ազատեցինք` պահեստներ դրինք, սառնարաններ, գարաժներ… Ջանք ենք թափել, է, կոպիտ ասած` վիզ ենք դրել, հիմա փողն ինքն իրան գալիս` կաթում ա գրպաններս: Իսկ դու ի՞նչ էիր անում էդ ժամանակ, գրքեր էիր կարդում, չէ՞… Բա էլ ի՞նչ պրետենզիա կարաս ունենաս կյանքի նկատմամբ… Փողը գրքերով չեն շինում, պարոն, հոտառությամբ ու ուժով են շինում:

ԶԱՔԱՐ — Ես էլ փորձեցի բիզնես անել, բայց չստացվեց, այսպես ասած` տակ տվի:

ԲԱԲԿԵՆ — Բա չէ, պիտի վրա տայիր, քեզնից ի՞նչ բիզնես անող:

ԿԱՄՈ — Երևի Թուրքիայից-մուրքիայից  տրուսիկ-մրուսիկ ա բերել ծախելու, էն էլ ձեռից առել են:

ԶԱՔԱՐ — Մոտավորապես այդպես:

ԲԱԲԿԵՆ — Մի խոսքով, էսպես ենք անում, Զաքար ախպեր, պայման` եթե ախմախ բան ասիր, որ մենակ թե մտնես գրպաններս, ծեծելու ենք, երեքով:

ՄԻՍԱԿ — Թողեք ես մենակ ծեծեմ, էլի, դուք խանգարելու եք, ձեր ոճը իմին չի բռնում:

ԿԱՄՈ — Չէ, էսօր առավոտից ձեռներս քոր ա գալիս, պիտի քորեմ:

ՄԻՍԱԿ — Մի քորող էլ լինե՞ս:

ԶԱՔԱՐ — Ես երևի գնամ…

ԿԱՄՈ — Ստոպ, էս ո՞ւր, հազիվ եկել ես:

ՄԻՍԱԿ — էսքան մեզնից ժամանակ խլես ու հանգիստ գնա՞ս:

ԶԱՔԱՐ — Ես այսպիսի վերաբերմունք իմ անձի նկատմամբ չեմ տանի:

ՄԻՍԱԿ — Բա չէ, պիտի խաշ դնեինք, խալի փռեինք…

ԲԱԲԿԵՆ — Զաքար, ձևեր մի թափի, դու էսպես բաներ ես տարե՞լ, ով-ով` բայց ես հո գիտեմ, մի ուշացրու, խոսի:

ԶԱՔԱՐ — Լավ, պատմում եմ:

ՄԻՍԱԿ — Դե դավայ, համակ ուշադրություն ենք:

ԿԱՄՈ — Մենակ չասես` աղջիկ բերեմ ձեզ համար:

ԶԱՔԱՐ — Չէ, ինչ աղջիկ, աշխարհի աղջիկները ձեր ձեռին են:

ՄԻՍԱԿ — Ըհը, կարգին շողոքորթ ես, էլ ինչ էիր ձևեր թափում: Շարունակի:

ԶԱՔԱՐ — Ուրեմն, օրերս, երբ հանդիպեցինք հարգարժան պարոն Կարապետյանի հետ…

ՄԻՍԱԿ — Ի, Բաբո՞, չլինի՞ դու ես զանգել` խնդրել, որ հանդիպեք:

ԿԱՄՈ — Դպրոցական ժամանակների կարոտախտդ բռնել է՞ր, ախպեր:

ԲԱԲԿԵՆ — Այ մարդ, դե չէ, էլի, ի՞նչ կարոտախտ, քեֆս լավ էր, ռեստորանից իջա տուալետ` ջուր թափեմ, դուրս եկավ դեմս:

ՄԻՍԱԿ — Տուալետում եք զրուցե՞լ, կարող ա՞ համ էլ պաչպչվել եք:

ԲԱԲԿԵՆ — Միսակ…

ՄԻՍԱԿ — Լավ, ի՞նչ վռազ հուզվեցիր:

ԶԱՔԱՐ — Մենք պատահաբար հանդիպեցինք, վեստիբյուլում, բարի մոտ: Գարեջուր խմեցինք, հիշեցինք… Բաբկեն Սարգիսիչն ասաց` ամեն բան հոյակապ է, բայց ձանձրույթը խեղդում է, կյանքը կորցնում է իր հմայքները, նոր, թարմ զգացողություններ են պետք:

ԿԱՄՈ — Սիրտդ լրիվ բացել ես, էլի, Բաբո:

ԲԱԲԿԵՆ — Քեֆս հազար էր` ասում եմ, քթերս էլ թոզ էի քաշել:

ԿԱՄՈ — Է դու էլ մի խմի-շնչի, եթե տեսնում ես թուլացնում ա:

ԲԱԲԿԵՆ — Էս էլ ով ա խոսում… Խմում-տակդ շռում ես, այ տղա, գոնե դու սուս արա:

ԿԱՄՈ — Մի անգամ մի բան ա եղել, մատի փաթաթան դարձրիր:

ԲԱԲԿԵՆ — (Զաքարին): Արա դե դու էլ ասում ես` ասա, ինչ ես երկար-բարակ նախաբաններով ֆռֆռում, պրծի:

ԶԱՔԱՐ — Գիտե՞ք, տարօրինակ է մեր այս աշխարհը, թուղթը դարձրել է մեծագույն արժեք, կտրատում է, բաժանում, բայց` ոչ բոլորին, ոմանց հասցնում է, ոմանց էլ` ոչ, ինչ ուզում ես արա, չի տալիս, ու վերջ: Նայում ես` թուղթ է, մի քիչ ավելի ճռճռան, մի քիչ ավելի որակով, բայց, ի վերջո, դե թուղթ է, ի՞նչ է եղել, էնպես արեք` բոլորին հասնի, բայց չէ, մեկին հասնում է, մյուսին` ոչ, ամբողջ կյանքը երազում է այդ թղթից ունենալ, բայց էդպես էլ չի ունենում, էդպես էլ մեռնում է` թղթի կարոտը սրտում:

ՄԻՍԱԿ — Վախ, վախ, վախ…

ԿԱՄՈ — Էս մարդը ավանտյուրիստ ա, թախծոտ ավանտյուրիստ, ես հավես չունեմ, բերեք ծեծենք, պրծնի, գնա:

ՄԻՍԱԿ — Մի ծեծող էլ լինե՞ս:

ԶԱՔԱՐ — Մի րոպե, պարոնայք, ես շատ չեմ զբաղեցնի:

ԿԱՄՈ — Զբաղեցնելն էլ ո՞նց ա լինում, արագացրո՛ւ:

ԶԱՔԱՐ — Ես կարող եմ ձեզ համար, նեղ շրջանակներում, մարտեր կազմակերպել:

ՄԻՍԱԿ — Ես էլ մտածում եմ` ինչ ա ասելու: Էդ ես էլ կկազմակերպեմ, էնքան մարդ կա, որ փողի համար իրար մռութ կջարդեն:

ԶԱՔԱՐ — Մարդը ծեծված պատմություն է, ես գազաններ կկռվացնեմ ձեզ համար: Կան ճարպիկ մարդիկ, ուզած գազանը ուզած երկրից կբերեն, փողին մուննաթ` այսպես ասած:

ԲԱԲԿԵՆ — Փողը դու ես տալո՞ւ:

ԶԱՔԱՐ — Դե… Այսինքն ոնց… Ես փող չունեմ:

ԿԱՄՈ — Սփրթնեցիր, այ տղա, կատակ արինք, շարունակի:

ԶԱՔԱՐ — Դուք պատվիրում եք, ասենք` մեկը կոկորդիլոս, մյուսը ռնգեղջյուր, երրորդը արջ, փողը տալիս ենք, էդ մարդիկ բերում են: Կհանենք իրար դեմ, պատկերացնո՞ւմ եք, ինչ տեսարան կլինի, հին հռոմեացիները իզուր չէր, որ մարտեր էին կազմակերպում, ստրեսներն ու դեպրեսիաները հանող, ձանձրույթից փրկող, նյութափոխանակությունը թարմացնող ամենալավ միջոցն է, հիշո՞ւմ եք, ոնց սոված առյուծներին թողին քրիստոնյաների վրա:

ԿԱՄՈ — (ծաղրով): Էսօրվա պես: (Լրջանալով: ) Լսի, իսկ որ էն մեծ կոկորդիլոսներից ուզեմ` կբերե՞ն:

ԶԱՔԱՐ — Շատ թանկ հաճույք է, բայց կբերեն:

ԿԱՄՈ — Կոկորդիլոսի համար խելքս գնում ա, դեռ մանկուց, մի անգամ երազում տեսա` մտել էր ծոցս, խնդրեցի, ասեցի` չուտես, ասեց` գիժ ե՞ս, ես եկել եմ քեզ սիրելու, ու թուշը քսեց թուշիս, էդ օրվանից սիրում ենք իրար:

ՄԻՍԱԿ — Քու երազի վրա Ֆրեյդն էլ ֆազերը կգցի, ախպեր: (Զաքարին.) Իսկ Կոմոդյան վարան կբերե՞ն:

ԶԱՔԱՐ — Դա էլ հնարավոր է:

ԲԱԲԿԵՆ — Ի՞նչ Կոմոդյան վարան, ի՞նչ կոկորդիլոս, այ ձեր ցավը տանեմ, վրաներս առանց էդ էլ հազար աչք կա, լրագրողները նշան են բռնել, օր ու արև չեն տալիս, ամբողջ օրը հաչում են վրաներս, հիմա էլ` արջ ու մողես… Պատկերացնո՞ւմ եք, ինչ պատմություն կդարձնեն:

ՄԻՍԱԿ — Այ մարդ, էդ երբվանի՞ց էդքան լրագրողներից վախեցող դարձար, ծերանում ես, Բաբո, ծերանում ես, սիրելիս:

ԶԱՔԱՐ — Ձեռնարկի գաղտնիությունը  երաշխավորում եմ: Ձեր ամառանոցներից մեկի տակ մեծ նկուղ կփորենք, նստատեղեր, վանդակներ, ասպարեզ կսարքենք… Ես ամեն բան գծագրել, հաշվարկել եմ, ծախսերը` կոպեկ-կոպեկ, ահա… (Հանում է պայուսակից թղթերը, դնում սեղանին: )

ՄԻՍԱԿ — Բաբոյի ամառանոցը ծայրամաս ա, աչքից հեռու, մեծ էլ նկուղ ունի ու ինչքան ասես մեծացնելու տեղ, ամենահարմարն ա:

ԲԱԲԿԵՆ — Կամոյինն էլ հարմար ա:

ԶԱՔԱՐ — Կքննարկենք, խնդիր չի:

ԿԱՄՈ — Հեչ որ չէ` նորը կառնենք, դա էլ հարց ա՞:

ՄԻՍԱԿ — Բայց խելքիս պառկում ա մանրից, գիտե՞ք: Պատկերացրեք, մենք առոք-փառոք վերևը նստած` ուտում-խմում ենք, ներքևը` փոսում, բորենին ու արջը իրար քրքրում են… Ի՜նչ կայֆ ա, հը՞, կայֆ չի՞:

ԿԱՄՈ — Վատ չի ոնց որ…

ՄԻՍԱԿ — Կարանք ստավկա էլ դնենք, ես Կոմոդյան վարանի վրա նաղդ մի փեշ փող դնող եմ:

ԲԱԲԿԵՆ — Ինչ ես կպել դու էլ էդ վարանին:

ՄԻՍԱԿ — Ի՛, տեսել ե՞ս, ինչ հրեշ ա, դրա ցավը տանեմ, էն ահռելի գոմեշին մի հատ կծում ա, վերջ, գոմեշն էլ խելքի չի գալի, մի երկու օրից սատկում ա:

ԲԱԲԿԵՆ — Հա, նստենք, երկու օր սպասենք գոմեշի սատկելուն:

ՄԻՍԱԿ — Այ մարդ, ինչի՞ գոմեշ, դու էլ արջ հանի դեմը, կամ էլ ոնց կուզես, ես վարան եմ ուզում, ախպեր, ինչ արժենա` տեր եմ, բայց լավը, էն ամենամեծերից, սատկած-մատկած բան չլնի, կտամ գլխներովդ:

ԶԱՔԱՐ — Ես էսպես եմ պատկերացնում. դուք` հռոմեական կայսրերի կերպարանքներով…

ԿԱՄՈ — Հա, դա իմ մտքով էլ անցավ:

ԲԱԲԿԵՆ — Ես Հուլիոս կեսարը կլինեմ:

ՄԻՍԱԿ — Ես՝ Ներոնը:

ԿԱՄՈ — Ես էլ՝ Կալիգուլան:

ԶԱՔԱՐ — Դրանք բոլորը լինելիք բաներ են, պարոնայք, բայց նախ` շինարարությունը:

ՄԻՍԱԿ — Հենց վաղն էլ կարաս սկսես: Չէ՞, ախպերներ:

ԿԱՄՈ — Հա, ու արագ տեմպերով:

ԲԱԲԿԵՆ — Լսի, Զաքո, գրիզլի արջ էլ կարա՞նք բերել տանք:

ԶԱՔԱՐ — Կարող ենք, իհարկե:

ՄԻՍԱԿ — Բայց որ հանկարծ խաբել ես, է…

ԶԱՔԱՐ — Ո՞նց խաբեմ…

ԿԱՄՈ — Ձև չկա խաբի, գետնի տակ էլ մտնի, կհանենք, տանջամահ կանենք:

ՄԻՍԱԿ — Ինչ էլ տանջամահ անողն ես:

ԶԱՔԱՐ — Ես իմ վատը կուզե՞մ, փող եմ աշխատելու, չէ՞:

ԿԱՄՈ — Դե տես:

ԶԱՔԱՐ — Համ էլ, անկեղծ ասած, ես էլ եմ ձանձրանում էս կյանքից:

ՄԻՍԱԿ — Էդ մեկը սուտ ես ասում, քյասիբները կյանքից չեն ձանձրանում:

ԲԱԲԿԵՆ — (հեռախոսով): Հա, սիրուն ջան, ի՞նչ կա… Չեմ մոռացե՞լ… Չէ, մոռա… այսինքն, իհարկե չեմ մոռացել, հա, հա, տեսնենք, կքննարկենք: (Անջատելով: ) Մեր կնանիք են, ուզում են երեկոյան միանալ մեզ:

ԿԱՄՈ — Էէէ, ով ունի դրանց հավեսը:

ՄԻՍԱԿ — Հա, ցրենք, թող գնան իրանց կնիկական գործերով:

ԶԱՔԱՐ — Իրենց ասելո՞ւ եք մեր մինի կոլիզեյի մասին:

ԿԱՄՈ — Չէ, իմի սիրտը թուլ ա, արուն տեսնի` ուշը կգնա:

ՄԻՍԱԿ — Իմն ու Բաբոյինը` չէ, ախպեր, գցենք փոսը` գազանների հետ հավասար կռիվ կտան:

ԲԱԲԿԵՆ — Այ մարդ, գործ չունեք, դրանք բացբերան են, էստեղ-էնտեղ կխոսեն, սաղ քաղաքը կիմանա, չէ, էս մեր համար ա:

ԿԱՄՈ — Բայց իմին հավեսով կգցեի փոսը, կոկորդիլոսի դեմ:

ԲԱԲԿԵՆ — Ըհը, գցի փոսը, որ աներդ քեզ րոպեական փակի` գցի մի ուրիշ փոս:

ՄԻՍԱԿ — Զաքար ախպեր, արի դու էնպես արա, մեր կանանց, իրանց ազգուտակով հանդերձ, բերենք-թափենք փոսը, գազաններն ուտեն ոսկորով-բանով, որ հետքն էլ չմնա, պրծնենք:

ԶԱՔԱՐ — Կարելի է, շատ թանկ կնստի, բայց կարելի է, միայն թե, կարծում եմ, գազաններով չէ, աղաթթվով, աղաթթուն լրիվ անհետ կհալեցնի, կկորցնի:

ԲԱԲԿԵՆ — Էսի մեզնից գիժ ա, լուրջ ընդունեց:

ՄԻՍԱԿ — Վախեցա՞ր, Բաբո:

ԿԱՄՈ — (հեռախոսին): Հա, Աստղիկս, սիրունս, լսում եմ, մեռնեմ կյանքիդ: Կարոտել ե՞ս… Բա ես ոնց եմ կարոտել: Էստե՞ղ, չէ, էստեղ չի կարելի, մի քանի գիշատիչ ընկեր ունեմ, քեզ կուտեն:

ՄԻՍԱԿ — Այ մարդ, չենք ուտի, բեր ծանոթանանք:

ԲԱԲԿԵՆ — Վախենո՞ւմ ես, ձեռ չենք տա, մի վախի:

ԿԱՄՈ — Ի, ո՞վ ա վախենում: (Հեռախոսով: ) Արի, կյանք ջան, իմ ավտոն հես ա կգա հետևիցդ: (Հեռախոսով, վարորդին: ) Վռամ, թռի Աստղիկի հետևից, կբերես մոտս:

ԲԱԲԿԵՆ — Բայց մեր գործից իրան բան չասես:

ԿԱՄՈ — Այ մարդ, էս ինչ կոնսպիրոլոգիական վախերի մեջ եք ընկել, էղածն ի՞նչ ա… Էսպես բաներ ե՞նք կուլ տվել:

ԲԱԲԿԵՆ — Հա, բայց իզուր տեղը ավելորդ խոսք չբերենք վրաներս:

ԿԱՄՈ — Խոսողի դեմ խոսող կա, լրագրողի դեմ լրագրող կա, ախպերս, կհանենք իրար դեմ, էդ էլ պակաս դիտարժան կռիվ չի, թե՞ թերթ ու լրագրող չունենք, թե՞ ռադիո ու հեռուստատեսություն չունենք… Մի խոսքով, ես իմ Աստղիկին բերելու եմ, թող նայի, թող նայի, որ ինձ ավելի շատ սիրի, գազանի պես սիրի: Համ էլ ինքը բերանը փակ աղջիկ ա:

ՄԻՍԱԿ — Փակ չլինի` կփակենք:

ԿԱՄՈ — Ի…

ՄԻՍԱԿ — Էս տղեն լրիվ խելքը գցել ա… Չլինի՞ սիրահարվել ես, Կամո:

ԿԱՄՈ — Սիրահարվե՞լ… Ոնց էլ հիշում ես էդ բառը, ես մանկապարտեզից հետո մոռացել եմ:

ԲԱԲԿԵՆ — Սպասեք, տղերք, բերեք էս մարդուն վերջնական բան ասենք:

ՄԻՍԱԿ — Դե ասինք, էլի: Սկսի էս գործը, Զաքար ախպեր, տեր ենք: Բայց որ հանկարծ…

ԿԱՄՈ — Ոտը ոռից կպոկենք:

ՄԻՍԱԿ — Մի պոկող էլ լինես:

ԶԱՔԱՐ — Չէ դե, ո՞նց կհամարձակվեմ, ես ձեզ ճանաչում եմ, ձեր թափը գիտեմ, հո ինքնասպան չե՞մ:

ԲԱԲԿԵՆ — Եսիմ, հուսահատությունից` մարդիկ ինչ անմիտ քայլի ասես դիմում են:

Գալիս է Աստղիկը:

ԿԱՄՈ — Ըհը, էս էլ իմ հուրի-փերին:

ՄԻՍԱԿ — Էս ո՞ր աստղից ես իջացրել սրան, այ տղա:

ԲԱԲԿԵՆ — Հրաշք:

ԿԱՄՈ — Հանգիստ, տղերք, ձեզ ձգեք:

ԱՍՏՂԻԿ — Այսպիսի ընկերներ ունես ու չես ծանոթացրել… (Ձեռքը պարզելով: ) Ես Աստղիկն եմ:

Տղամարդիկ հերթով համբուրում են Աստղիկի ձեռքը և ներկայանում:

ԲԱԲԿԵՆ — Բաբկեն, միշտ ձեր տրամադրության տակ:

ՄԻՍԱԿ — Մեռնեմ էս թաթիկիդ, ես Միսակն եմ:

ԿԱՄՈ — Զգույշ, մատդ սրանց բերանը չդնես հանկարծ, կուլ կտան:

ԱՍՏՂԻԿ — Չէ, չեմ կարծում, շատ հմայիչ , բարի պապուլիկներ են: (Զաքարի մասին: ) Իսկ նա ոնց որ ձեզնից չի, չէ՞…

ՄԻՍԱԿ — Ինչ աչք ունի:

ԲԱԲԿԵՆ — Հրաշք:

ԿԱՄՈ — (խմիչքով բաժակը հրամցնելով): Խմի, սիրունս:

ԱՍՏՂԻԿ — Մերսի:

ԿԱՄՈ — Աստղիկ:

ԱՍՏՂԻԿ — Այո, պապուլիկ:

ԿԱՄՈ — Մի հատ պատկերացրու, մենք, էս բոլորով, նստած ենք ամֆիթատրոնում…

ԱՍՏՂԻԿ — Պարտերում: Ամոթ չի՞ մենք ամֆիթատրոնում նստենք:

ԲԱԲԿԵՆ — Հա, էլի, դմբո:

ՄԻՍԱԿ — Չէ-չէ մի` բալկոնում:

ԶԱՔԱՐ — Կամ էլ` յարուսում:

ԲԱԲԿԵՆ — Քեզ խոսք չի հասնում, արա, չշփոթես հանկարծ:

ԿԱՄՈ — Իսկականից, էն ինչ կարելի ա կեսարին, տավարին չի կարելի, հասկացա՞ր:

ԶԱՔԱՐ — Կներեք:

ԿԱՄՈ — Թե չէ եսիմ: Ուրեմն, Աստղիկ ջան, պատկերացրու, մենք նստած ենք վերևում, իսկ ներքևում, մեծ փոսի մեջ, արջն ու, ասենք, հովազը, կենաց մահու կռիվ են տալի, մենք էլ նայում ենք ու վիսկի վայելում, ո՞նց ա քո համար:

ԱՍՏՂԻԿ — Շատ հմայիչ է: Իսկ հովազի փոխարեն հնարավո՞ր է կոկորդիլոս գցել փոսը, իմ սիրած գազանիկն է, հատկապես` երբ մոտենում է ափին ու արցունք թափում:

ԿԱՄՈ — Հա, մարալս: Իմ ճաշակն ունի, է:

ԱՍՏՂԻԿ — Մի հատ պստիկ այծյամիկ էլ չգցե՞նք փոսը, գցենք, էլի, հա՞, կռիվն ավելի թեժ լինի:

ԲԱԲԿԵՆ — Գցեցինք, հետո՞…

ԱՍՏՂԻԿ — Հետո ով հաղթեց` այծյամիկն իրեն ընծա, թող ուտի: Ուզում եմ, ուզում եմ…

ԿԱՄՈ — (բաժակ վերցնելով): Ուզում ես` կլինի: Դե, մեր գործի հաջողության կենացը: (Տեսնելով, որ Աստղիկը արտասվեց: ) Ի՞նչ եղավ, սիրունս, ո՞վ նեղացրեց:

ԱՍՏՂԻԿ — Ոչ ոք: Այծյամիկը մեղքս եկավ:

ԿԱՄՈ — Լավ, այծյամին չենք գցի:

ԱՍՏՂԻԿ — Չէ, գցեք, իրեն հասնում է:

ԿԱՄՈ — Ոնց հրամայես, կյանքս, կգցենք, թե կուզես` երկուսը:

ԱՍՏՂԻԿ — Չէ, մեկը բավական է: Նա ի՛նձ կխորհրդանշի, իմ անպաշտպան մենությունը:

ՄԻՍԱԿ — Վախ…

ԲԱԲԿԵՆ — Հրաշք:

ԿԱՄՈ — Դե, մեզ հաջողություն և ողջություն:

ՄԻՍԱԿ — Մեկ էլ` քաջ առողջություն:

ԲԱԲԿԵՆ — Զաքա՛ր, վաղվանից` ի գո՛րծ:

ԶԱՔԱՐ — Պատրա՛ստ եմ:

 

 

Գործողություն երկրորդ 

«Կոլիզեյը» պատրաստ է: Նկուղային տարածքում` նստատեղեր, ցածում` փոս, ուր մարտերի ասպարեզն է և կենդանիների վանդակները: Փոսի ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները, բնականաբար, չեն երևում, ենթադրվումպատկերացվում են` վերում նստածների արձագանքներից և ներքևի ձայներից: Որպես փոս կարող է դիտարկվել նաև թատրոնի դահլիճը:

Վերևում Բաբկենն է, Միսակը, Կամոն, Աստղիկը, Զաքարը, առաջին երեքը հռոմեական կայսրերի, Աստղիկը` հռոմեական բարձրաստիճան կնոջ հագուստներոով են, Զաքարը` ծառայի հագուստով: Սեղանին` խմիչք, միրգ, այլ ուտեստներ: Փոսից լսվում են գազանների ոռնոցները:

ՄԻՍԱԿ — (Զաքարին, որ Աստղիկով տարված՝ փակել է տեսադաշտը): Գյադա, էս կողմ անցի:

ԲԱԲԿԵՆ — Հիմա էլ իմ դեմ կանգնեց… Տղա, ծառայի հմտություններին լավ չես տիրապետում, հո միայն ծառայելը չի՞, նաև աննկատ լինելն ա: Շամպայնը լցրու, խմենք մեր կոլիզեյի բացման կենացը:

ԶԱՔԱՐ — Լցնեմ, անհապաղ… (Լցնում է: )

ԿԱՄՈ — Եվ սկսենք արդեն:

ԱՍՏՂԻԿ — Սկսենք, էլի, հա՞, տղամարդիկ, գազանները չեն դիմանում, ոռնում են, մեղք են, չէ՞:

ՄԻՍԱԿ — (ինքն իրեն): Վախ, ոնց կուտեի սրան, հենց փոսի մեջ, սենց շորը կբարձրացնեի, ոտերը կդնեի ուսերիս ու կկծեի, կխժռեի:

ԿԱՄՈ — Ի՞նչ ես մրթմրթում քթիդ տակ, բարձրաձայն ասա, լսենք, Միսակ ախպեր:

ՄԻՍԱԿ — Հեչ, ասում եմ` շնորհավոր, բարի վայելում:

ԿԱՄՈ — Շնորհավոր:

ԱՍՏՂԻԿ — Երգե՞մ ձեզ համար, կուզե՞ք… Ուզում եք, աչքերից եմ տեսնում:  «Ծնունդդ շնորհավոր…»: (Երգում է, խմում են: )

ԲԱԲԿԵՆ — Դե, Զաքար, սկսի՛:

ԶԱՔԱՐ — Իհարկե: Դուք հարմար տեղավորվեք…

ՄԻՍԱԿ — Տեղավորված ենք, դու բաց թող գազաններին:

ԶԱՔԱՐ — Հիմա, անմիջապես…

Հանդիսավոր երաժշտություն է միացնում, ապա սեղմում է վահանակի կոճակները, ներքևում բացվում են վանդակները, գազանները դուրս են գալիս ասպարեզ:

ՄԻՍԱԿ — Ջա՜ն, այ սա գազան ա, նայեք վարանիս, էնպես ա քայլում, ոնց որ աշխարհի տերը լինի: Հո՛պ… Տեսա՞ք, պոչով ոնց խփեց, ցավդ տանեմ: (Ոգևորված առաջ է գալիս: )

ԶԱՔԱՐ — Զգույշ, չընկնեք:

ՄԻՍԱԿ — Հավ չեմ:

ԿԱՄՈ — Վարանը հեչ, ձևական բաներ ա անում, իբր` շատ ուժեղ եմ, ուզում ա վախացնի, բայց իմ կոկորդիլոսը հին ոսկոր ա, վախեցողը չի, սուսուփուս սպասում ա՝ մեկն ու մեկը մոտիկ գա… Կես տոննա կլինի… չէ՞:

ԶԱՔԱՐ — Ավելի շատ, յոթ հարյուր կիլո:

ԲԱԲԿԵՆ — Այ մարդ, դուք արջիս նայեք, դրա թաթերին նայեք, մի հատ թաթալոշ տա` երկուսին իրար հետ կսատկացնի:

ԱՍՏՂԻԿ — (մոտենալով եզրին): Այծյամիկս, խեղճս, ոնց է կծկվել վանդակի անկյունում, լաց է լինում, դողում է:

ՄԻՍԱԿ — Կլացի, բա ինչ կանի, հո չե՞ն բռնաբարելու, ուտելու են:

ԱՍՏՂԻԿ — Նրան չեք թողնելու վանդակից, չէ՞:

ԶԱՔԱՐ — Չէ, մինչև վերջ վանդակում կմնա, վերջում, որպես մրցանակ, կտանք հաղթողին:

ԿԱՄՈ — Դա դու չես որոշում, է:

ԶԱՔԱՐ — Չասեցի` ես եմ որոշում, կուզե՞ք` հենց հիմա էլ թողնեմ:

ԱՍՏՂԻԿ — Թող մնա, Կամո, խնդրում եմ:

ԿԱՄՈ — Թող մնա, կյանքս, կուզե՞ս, առհասարակ բաց թողնենք, գնա իրա անտառները:

ԱՍՏՂԻԿ — Չէ, թող մնա, աչքիս առաջ:

ՄԻՍԱԿ — Ապեր, ներքևի լույսերն ուժեղացրու, կարգին երևա:

ԶԱՔԱՐ — Ուժեղացնեմ:

ԲԱԲԿԵՆ — Մի հատ բզի արջին, շատ պասիվ ա:

ԶԱՔԱՐ — Հիմա: (Երկար փայտով հրում է արջին: )

ԲԱԲԿԵՆ — Ըհը, աշխուժացավ կարծես:

ՄԻՍԱԿ — Բռնեց, վարանս արջի թաթը բռնեց: Վերջ, եթե ոչ էսօր, մի երկու օրից արջդ հաստատ սատկելու ա, Բաբո: Միսակը խմում է քո կենացը, իմ վարան: (Խմում է: )

ԲԱԲԿԵՆ — Արջին երկու օր պետք չի, հես ա երկու րոպեից մողեսիդ հարցերը լուծելու ա: Խփի դրան, խփի, այ էդպես, ցավդ տանեմ:

ԿԱՄՈ — Էս իմ կոկորդիլոսն ինչի՞ չի շարժվում, չլինի՞ քնաբեր եք սրսկել, արա:

ԶԱՔԱՐ — Չէ, ինչ եք ասում, կոկորդիլոսի բնույթն է, ինքներդ չասեցի՞ք, զգույշ գազան է, նախ նայում է, գնահատում իրավիճակը:

ԿԱՄՈ — Բայց կոկորդիլոսը ջուր ա սիրում, հիմա ինքը փաստորեն անհավասար պայմաններում ա:

ԶԱՔԱՐ — Ջրավազանի մեջ էր, նոր է դուրս եկել:

ԿԱՄՈ — Բան չգիտեմ, բեր մի քանի վեդրո ջուր լցրու վրեն:

ՄԻՍԱԿ — Չէ չէ մի, մի հատ էլ դեզադոր փչենք, հարուր գրամ էլ վիսկի տանք: Կարգին կենդանի ընտրեիր, այ ախպեր, առյուծից, վագրից-բանից:

ԿԱՄՈ — Լավ, դեռ կտեսնենք` ով, ում, որտեղ, ոնց: (Մոտենում է փոսի եզրին, գոչյուններով ոգևորում  կոկորդիլոսին: )

ԶԱՔԱՐ — Էդտեղ ջրի շլանգ կա:

Կամոն ջուր է լցնում կոկորդիլոսի վրա:

ԲԱԲԿԵՆ — Մի արա, Կամո, արջի վրա կթափես, հուշտ կլնի: Քեզ եմ ասում, մի արա… Արի դու տեղդ նստի, հա՞:

ԿԱՄՈ — Ըհը, շարժվեց, շարժվեց… Գնաց… Տանկի պես ա գնում, ցավդ տանեմ… Դե բռնի, բռնի էդ մողեսի պոչը: Վայ քու, բուկը բռնեց: Մողեսիդ վերջն էկավ, Միսակ, արունը գցեում ա վզից:

ԱՍՏՂԻԿ — Արյուն, օհ… (Ուշագնաց է լինում: )

ԿԱՄՈ — Վախ, մարալս ձեռից գնաց: (Գրկում է Աստղիկին: )

ՄԻՍԱԿ — (Բաբկենին): Դերասանություն ա անում, հորս արև:

ԲԱԲԿԵՆ — Ըտենց ծիծիկներ ունեցողը ինչ ուզի` կանի:

ՄԻՍԱԿ — Մենակ ծիծիկներն ա՞, տեղով ուտելու բան ա, էս Կամոյի բախտը ոնց ա բերում, է:

ԿԱՄՈ — (Զաքարին, ուշագնաց Աստղիկի վերաբերյալ): Մի բան արա, ինչ ես քարացել, այ տղա:

ԶԱՔԱՐ — Այս րոպեիս… Մենք էստեղ դեղեր ունենք, ես ամեն ինչ նախատեսել եմ: (Սրվակ է բերում, դեմ անում Աստղիկի քթին: )

ԱՍՏՂԻԿ — (ուշքի գալով): Կամո, ո՞ւր ես, Կամո:

ԿԱՄՈ — Էստեղ եմ, ցավդ տանեմ:

ԱՍՏՂԻԿ — Գրկիր ինձ:

ԲԱԲԿԵՆ — Ջան, արջս բամփեց կոկորդիլոսիդ գլխին, շշմել ա հրեշդ:

ԿԱՄՈ — Ի, հլա մի րոպե… (Մոտենում է փոսին: ) Հեչ էլ չի շշմել, հես ա, արջիդ թաթը բռնեց… Պոկի՛, ուտեմ մռութդ, պոկի՛… (Մոտեցած Աստղիկին: ) Լավն ա, չէ՞, մեր կոկորդիլոսը:

ԱՍՏՂԻԿ — Իսկական գեղեցկուհի է, մեջքը բարակ, քայլքը շորորուն… Կարող ա՞ էգ է:

ԿԱՄՈ — Հո չասիր, կյանք…

ԶԱՔԱՐ — Որձ է, էգերն այդքան խոշոր չեն լինում:

ԲԱԲԿԵՆ — Էէէ, էլի թողին իրար, էս ի՞նչ ալարկոտ կռիվ են անում, բեր մի քիչ արուն թափենք վրաները, կարող ա գրգռվեն:

ՄԻՍԱԿ — Կամ էլ էն այծյամիկին թող:

ԱՍՏՂԻԿ — Ոչ, աղաչում եմ:

ԿԱՄՈ — Հենց կոկորդիլոսը աշխուժանում ա, իրար եք խառնվում, շատ լավ էլ կռիվ ա: (Ցած նայելով: ) Արա, արա… երկուսով վրա տվին վարանին… Կոկոս պոչը բռնեց:

ԲԱԲԿԵՆ — Արջն էլ գլխից ա բռնել, Միսակ, հես ա մեջտեղից ճղելու են մողեսիդ:

ԿԱՄՈ — Իջի, օգնի, ապեր:

ՄԻՍԱԿ — (գոռալով, վարանի կողմը): Հլա քեզ մի հատ թափ տուր, արա՛, հա-հա, քո հետ եմ, թափ տուր… Էդպես, էդպես… (Ընկերներին.) Կռիվը նոր ա թեժանում, տղերք, մի ոգևորվեք… (Վարանին.) Պոչդ հեչ, առանց պոչի էլ կապրես, դու գլուխդ ազատի… Դավայ, դավայ…

ԿԱՄՈ — Ասում եմ` մտի, օգնի մողեսիդ, ինքնուրույն գլուխ չի հանի:

ՄԻՍԱԿ — Ես չեմ մտնում, ես կարամ մտցնեմ, էղա՞վ, Կամո:

ԿԱՄՈ — Պահ…

ԱՍՏՂԻԿ — Մի վիճեք, տղաներ, խնդրում եմ, եկեք շամպայն խմենք:

ԲԱԲԿԵՆ — Զաքար, շամպայն լցրու:

ՄԻՍԱԿ — Ինձ` թթի արաղ:

Խմում են:

ՄԻՍԱԿ — Զաքար, էս քնած վարանին հես ա կոխելու եմ քամակդ, այ տղա, էդքան փող ինչի՞ տվի, որ ոչխարի պես ուտվի՞, մատաղացու եմ առե՞լ:

ԶԱՔԱՐ — Դուք ընտրեցիք, պարոն Միսակ, ես ի՞նչ մեղք ունեմ:

ՄԻՍԱԿ — Ոնց որ հղի լինի, արա, հլա դրա փորը, դրա շարժուձևը:

ԶԱՔԱՐ — Որձ է, ո՞նց հղի կլինի:

ՄԻՍԱԿ — Ի՞նչ իմանամ, մեծ աշխարհ ա:

ԿԱՄՈ — Բեր հղիության տեստ արա, ապեր:

ՄԻՍԱԿ — Կամո, կրակի հետ ես խաղում արդեն, վախենամ` երկար չդիմանամ:

ԱՍՏՂԻԿ — Չկռվեք, էլի, տղաներ, աղաչում եմ: Տեսեք, գլուխն ազատեց վարանը… Լավ է, չէ՞, պարոն Միսակ:

ՄԻՍԱԿ — Վախ, պարոն Միսակը լիզի սֆաթիկդ:

Միսակի կիսաձայն խոսքը չեն լսում, բայց Աստղիկը հասկանում է, չարաճճի` մատ է թափ տալիս Միսակի վրա:

ԲԱԲԿԵՆ — (կիսաձայն): Ուտեմ էդ սիրուն մատիկդ, մի հատ էլ իմ վրա թափ տուր, էլի, կյա՛նք:

ԿԱՄՈ — (փոսով տարված): Նորից կանգնեցին, կանգնել` իրար են նայում… Չէ, սրանք կռիվ անել չեն ուզում:

ԶԱՔԱՐ — Հոգնել են, թող մի քիչ հանգստանան:

ԿԱՄՈ — Գազանի հանգստանալը ո՞րն ա, այ ախպեր, արի` մի հատ բզի, աշխուժանան:

Զաքարը երկար փայտով խթանում է գազաններին:

ՄԻՍԱԿ — Կամաց, արա, վարանի աչքին ես խփում, չեմ հասկանում` կարող ա՞ հատուկ ես անում:

ԶԱՔԱՐ — Պատահաբար կպա, կներեք, ահա` մի հատ էլ կոկորդիլոսին խփեմ, որ չնեղանաք:

ԿԱՄՈ — Կոկորդիլոսին չկպնես, է:

ԲԱԲԿԵՆ — (ցած նայելով): Ըհը, սկսվեց, սկսվեց…

ՄԻՍԱԿ — Նորից երկուսով մեկին վրա տվին… Ոնց որ պայմանավորված լինեն, ախպեր, էս ի՞նչ դավադրություն ա:

ԲԱԲԿԵՆ — Խփի, թափով, մի հատ էլ, չթողես ուշքի գա:

ԿԱՄՈ — Վայ թե էս անգամ մողեսիդ վերջը իսկականից էկավ, Միսակ, կոկոն բուկը բռնեց, էլ թողնողը չի:

ԲԱԲԿԵՆ — Հա, վարանի հարցը լուծվեց ոնց որ:

ԱՍՏՂԻԿ — Ջղացնցվում է խեղճը:

ՄԻՍԱԿ — Արա, այ տղա, էս վարանները էն ահռելի գոմեշներին են տապալում` հերն անիծում, էս ի՞նչ հիվանդ կենդանի եք դեմ տվել, էշի տեղ եք դնո՞ւմ… Քեզ եմ հարցնում, է, Զաքար ես, ինչ ես, ձեն հանի, թե՞ գիտես Միսակի փողն ուտելը հեշտ բան ա:

ԶԱՔԱՐ — Ախր, Զաքարն ի՞նչ անի, պարոն Միսակ, ամենալավերից ենք ընտրել-բերել, որ ուժը չի պատում` ես ի՞նչ մեղք ունեմ:

ՄԻՍԱԿ — Հա՞… Բայց դու շատ ավանտյուրիստ լրբի ծնունդ ես, հա: Ասում ես` ուժը չի պատո՞ւմ… (Հրում է Զաքարին: ) Դե գնա, տեսնեմ քո ուժը կպատի՞:

Զաքարն աղաղակելով ընկնում է փոսը:

ԱՍՏՂԻԿ — Աստված իմ…

ԿԱՄՈ — Էս ի՞նչ արիր, Մըսո:

ՄԻՍԱԿ — Իրան հասնում էր:

Փոսից լսվում է Զաքարի գոռոցը. «Հանեք ինձ էստեղից, խնդրում եմ»:

ԲԱԲԿԵՆ — Չեղավ, Միսակ, մենք էսպես չէինք պայմանավորվել, լրացուցիչ պրոբլեմներ ես ստեղծում:

ՄԻՍԱԿ — Լավ դե, ստացվեց… Էդ ի՞նչ մի պրոբլեմ ա, որ դու էլ նեղվում ես… Ջղայնացա, հա, ինչ անեմ:

ԿԱՄՈ — Մտի` հանի:

ՄԻՍԱԿ — Ի, էլի չափերդ կորցրի՞ր, արա… Մեղքդ եկավ` ինքդ մտի:

ԱՍՏՂԻԿ — Չմտնես հանկարծ, Կամո:

ՄԻՍԱԿ — Մի հատ Զաքար ավել, մի հատ Զաքար պակաս, ի՞նչ եք իրար խառնվել: Էն ա, արդեն խեղդին ոնց որ:

Փոսից` Զաքարի խռխռոցը:

ԱՍՏՂԻԿ — Դուրս թողեք ինձ, Աստծու սիրուն, ա՜հ… (Ուշագնաց է լինում: )

ՄԻՍԱԿ — Արա դե հերիք ա դերասանություն անես, այ ախջի, է: Կամո, դրան մի էրկու սիլա տուր` թող ուշքի գա:

ԿԱՄՈ — Միսակ, դու քեզ մի քիչ ձգի, հա՞:

ՄԻՍԱԿ — Այ տղա, մի հատ ծիտ ա ընկել ձեռդ, ընկերությունը լրիվ մոռացել ես… Մոռացա՞ր, քեզ ով ա մարդամեջ հանել, սոված մզզում էիր, հլա հիշի…

ԿԱՄՈ — Էրեսով ես տալի՞ս:

ՄԻՍԱԿ — Հա, հենց էլ էրեսով եմ տալի:

ԱՍՏՂԻԿ — (ուշքի գալով): Տղաներ, մի վիճեք, աղաչում եմ:

ԲԱԲԿԵՆ — Աշխուժացան, աշխուժացան… Նայեք` ինչ կռիվ ա գնում:

ՄԻՍԱԿ — Բա՛, էն էշին չգցեի, հո սենց չէ՞ր լինի:

ԿԱՄՈ — Ջան, արջի թաթը նորից բռնեց… Պոկի, քաշի-պոկի` քեզ ասում եմ, ես հետդ եմ:

ԱՍՏՂԻԿ — Էլ չի շնչում, մեռավ:

ԿԱՄՈ — Ո՞րը, կյանք ջան:

ԱՍՏՂԻԿ — Զաքարը:

ԿԱՄՈ — Զաքարի հերն էլ անիծած, դու կոկորդիլոսիս նայի, տես՝ ինչ ա անում: Էնպես ես ասում` Զաքարը, կարծես ախպերդ ա, Զաքար էր, էլի, սատկեց` գնաց:

ՄԻՍԱԿ — Հա, էլի: Չվախեք, ուրիշ մեկին կգտնենք էս գործի համար, անփոխարինելի մարդ չկա: Բերեք` խմենք մի հատ:

ԲԱԲԿԵՆ — Առաջարկություն ունեմ:

ՄԻՍԱԿ — Ասա:

ԲԱԲԿԵՆ — Բերեք շամպայն խմենք…

ՄԻՍԱԿ — Ես օղի կխմեմ:

ԲԱԲԿԵՆ — Ես առաջարկում եմ շամպայնը Աստղիկի կոշիկից խմենք:

ԱՍՏՂԻԿ — Վայ, ինչ ռոմանտիկ է:

ՄԻՍԱԿ — Արժի, արժի, մեծագույն հաճույքով:

ԱՍՏՂԻԿ — (կոշիկը հանելով): Խնդրեմ:

ԿԱՄՈ — Ստոպ, ես համաձայն չեմ: Ֆուժեռ ունեք` ֆուժեռից խմեք: (Աստղիկին.) Հագի կոշիկդ:

ԲԱԲԿԵՆ — Պահ… (Փռթկացնում է: )

ԱՍՏՂԻԿ — Բայց ինչո՞ւ, Կամոյիկ, գեղեցիկ չի՞:

ՄԻՍԱԿ — Չլինի՞ զզվում ես մեր քրոջ կոշիկից, Կամո:

ԿԱՄՈ — (կոշիկը վերցնելով): Լցրեք:

Բաբկենը շամպայն է լցնում կոշիկի մեջ: Կամոն խմում է, հետո հանում է Աստղիկի  երկրորդ կոշիկը և երկուսն էլ գցում փոսը:

ԿԱՄՈ — Իմ սիրածի կոշիկից մենակ ես կարամ խմեմ, դուք ձեր կանանց կոշիկներից խմեք:

ՄԻՍԱԿ — Խելքդ լրիվ գցել ես խանդի հողի վրա, Կամո տղա:

ԱՍՏՂԻԿ — Վայ, մամա ջան, կոկորդիլոսն ուտում է կոշիկներս… Ինչ հմայիչ է, Աստված իմ:

ԿԱՄՈ — Նորը կառնեմ, չափսոսաս:

ԲԱԲԿԵՆ — Կոկորդիլոսիդ կաշվից կարել տուր, համ էլ հիշատակ կլինի, հեն ա` արջը սատկացրեց:

ԿԱՄՈ — Չէ հա… Սուտմեռուկ ա, հես ա տես ինչ ա անելու:

ՄԻՍԱԿ — Էլ ոչինչ էլ չի անելու, սատկել ա: Բաբոյի արջը կրեց էս կռիվը:

ԿԱՄՈ — Չի սատկել, նայի, շարժվում ա: Վե՛ր կաց, արա՛: (Աստղիկին.) Բեր արաղ լցնեմ վրեն, ուշքի գա:

ԱՍՏՂԻԿ — (տալով շիշը): Փորձիր:

ԿԱՄՈ — (օղի լցնելով կոկորդիլոսի վրա): Թթի արաղը մեռելին էլ գերեզմանից կհանի:

ԲԱԲԿԵՆ — Զաքարն էլ ա շարժվում ոնց որ, չհանե՞նք:

ՄԻՍԱԿ — Աաա՛, թարգի, ո՞նց ես հանում:

ԲԱԲՈ — Եսիմ, պարանից-բանից կախենք, թող բարձրանա:

ՄԻՍԱԿ — Կիսամեռ ա, ո՞նց կբարձրանա:

ԲԱԲԿԵՆ — Մենք կախենք, կուզի՝ բարձրանա, կուզի՝ չէ, թող մեր խիղճը հանգիստ լինի:

ՄԻՍԱԿ — Իմ խիղճը հանգիստ ա: Համ էլ պարան չկա:

ԱՍՏՂԻԿ — Ոտիկս կախե՞մ, բռնի` բարձրանա:

ՄԻՍԱԿ — Վախ, քո ոտիկով թող ես բարձրանամ, էլի, սիրունս:

ԲԱԲԿԵՆ — Ես էլ` մյուսով:

ԱՍՏՂԻԿ — Ինչ չարաճճի տղաներ եք, վայ-վայ-վայ… Ես կթողնեի, բայց Կամոն… Օ՜, Կամոն ահավոր խանդոտ է, մտածում եմ` վայ թե թունդ սիրահարված է ինձ: Ճիշտ եմ ասո՞ւմ, Կամո: Չի լսում: Կնոջը թողնելու է, ինձ հետ ամուսնանա:

Կամոն հիստերիկ գոռգոռալով պտտվում է փոսի շուրջը, հրամաններ արձակում իր կոկորդիլոսին. «Բռնի՛, չթողես, այ էդպես, իմ կոկոյին ո՞վ կարա կպնի, կսատկացնի սաղին, ջա՜ն, առաջ, առաջԻ, ո՞ւմ եմ ասում, առաջ

ԲԱԲԿԵՆ — Չհավատաս, նա իր կնոջից բաժանվողը չի:

ՄԻՍԱԿ — Մենակ տեսնես՝ կնոջ առաջ ինչ կատու ա դառնում, մնում ա մլավի ու քսվի ոտերին:

ԲԱԲԿԵՆ — Ամոթ ա ասելը, բայց տակը շռում ա վախից, լուրջ եմ ասում, իմ աչքով եմ տեսել:

ՄԻՍԱԿ — Հա, ես էլ եմ տեսել:

ԱՍՏՂԻԿ — (նայելով Կամոյին): Խեղճս…

ԿԱՄՈ — Զաքարը սատկեց, վարանը վերջի շնչում պոչով խփեց վզին, վայ թե ողնաշարը կոտրեց:

ՄԻՍԱԿ — Պրծանք դրանից: Էդ տղեն վայ թե վեստիբուլյար ապարատից թուլ էր, իրան-իրան գնաց` ընկավ փոսը… Չէ՞, էդպես չէ՞ր, տղերք:

ԱՍՏՂԻԿ — (մատը տարուբերելով Միսակի վրա): Ինչ խորամանկն է այս Միսակը:

ՄԻՍԱԿ — Վախ… Մատդ մի հատ էլ էդպես թափ տուր վրես, էլի, սրտակեր:

ԱՍՏՂԻԿ — (կրկնելով մատի շարժումը): Նո, նո, նո, Միսակ:

ՄԻՍԱԿ — Հրաշքս:

ԿԱՄՈ — (փոսի եզրին է): Դե վեր կաց, վեր կաց, սիրունս, դավայ… Այ էդպես, ես գիտեի, որ սուտմեռուկ ես մտել, դե բռնի դրա բուկը… Ջան, մի հատ էլ…

Արջի ոռնոց:

ԲԱԲԿԵՆ — Դու տեսնում ե՞ս էդ խորամանկին, սաղացավ:

ՄԻՍԱԿ — Բա հին ոսկոր ա, է, էն դինոզավրերի ժամանակից կա ու մնում ա, դինոզավրերին վարի տվեց, ինքը մնում ա: Հարգեցի, հարգեցի… Կամո՛, ես կոկորդիլոսիդ կողմից եմ, բզի, թող ուտի արջին:

ԿԱՄՈ — Ուտելու ա, չկասկածես: (Փայտը վերցնելով: )

ԲԱԲԿԵՆ — Փետը դիր տեղը, արա, դու էլ կոկորդիլոսիդ պես աֆերիստ ես:

ԿԱՄՈ — Ուզում էի արջիդ աշխուժացնեմ, ապեր, լավությունը չի անցնում, էլի:

ԲԱԲԿԵՆ — Լսի, Կամո, մի հատ առաջարկ ունեմ, արի էս ընկերուհուդ երեքով բան անենք… Չեմ գտնում` ոնց ասեմ… Հա, բռնարարք գործենք իր նկատմամբ, հը՞, էս փոսի կողքին, մռնչոցների ուղեկցությամբ… շատ կայֆ կլինի: Միանգամից չասես` չէ, լավ մտածի, հազար տարվա ընկեր ենք, ընդհանուր բիզնես ունենք, հազար լավություն արած կլնենք քեզ, ու էլի կանենք, եթե քեզ խելոք պահես… Մտածի: Աղջիկ ա, էլի, հո կնիկդ չի:

ՄԻՍԱԿ — Ճիշտ ա ասում, Կամո, համ էլ էդ կախվածությունից կպրծնես, հո իրա կրունկի տակ չե՞ս ապրելու հավերժորեն:

ԿԱՄՈ — Չէ, տղերք, չէ, լինելիք բան չի:

ԲԱԲԿԵՆ — Լավ, չէ` չէ, ինչ ես գոռում, տար թթու դիր:

ԱՍՏՂԻԿ — Իսկ ինձ չեք ուզո՞ւմ հարցնել, տղաներ:

ՄԻՍԱԿ — Քե՞զ ինչի պիտի հարցնենք, թագուհի ես խաղո՞ւմ գլխներիս: (Գնում է դեպի Աստղիկը: )

ԿԱՄՈ — Մըսո, հետ արի:

ՄԻՍԱԿ — (փորձելով գրկել Աստղիկին): Թագուհի ե՞ս, թագուհի ե՞ս…

ԿԱՄՈ — (փայտը ձեռքին` վազում է դեպի Միսակը): Ուշքի արի, Միսակ:

ՄԻՍԱԿ — Ձեռ քաշի, գնա, քո կոկորդիլոսով զբաղվի:

ԱՍՏՂԻԿ — Կռիվ չանեք, տղաներ, ես բռնություն չեմ տանում, աղաչում եմ, հիմա ուշագնաց կլինեմ, ա՜հ…

Կամոն փորձում է փայտով հարվածել Միսակին, Միսակը խուսափում է, քաշքշում են իրար, քաշքշելով մոտենում փոսին:

ԲԱԲԿԵՆ  Տղերք, վերջ տվեք, տղե՛րք…

Բաբկենն իբր բաժանելու է հասնում, բայց աննկատ ոտ է գցում Կամոյին, Միսակը հրում է, Կամոն գահավիժում է փոսը:

ՄԻՍԱԿ — Վայ քու, ընկավ…

ԿԱՄՈ — Հանեք ինձ էստեղից, ախպոր նման… Աստղի՛կ, էն փետը կախի:

ԱՍՏՂԻԿ — Հիմա, Կամո, հիմա… (Փայտը կախում է փոսը, բայց կոկորդիլոսը քաշում, պոկում է ձեռքից: ) Տարավ, տարավ վայրենին: Տղաներ, օգնեք:

ԲԱԲԿԵՆ — Էլ ո՞նց օգնենք, կոկորդիլոսը փետը տարավ:

ԿԱՄՈ — Տղե՜րք…

ՄԻՍԱԿ — Դու` քո կոկորդիլոսը, լեզու գտեք, ախպեր:

Գազանների մռնչյունը, Կամոյի օրհասական աղաղակները:

ԲԱԲԿԵՆ — Վերջ, չկա մեր ազիզ ընկերը: Բեր` ողորմաթասը խմենք:

ՄԻՍԱԿ — Սպասի, կարող ա սուտմեռուկ ա մտել:

Ծիծաղում են:

ԱՍՏՂԻԿ — Ես ոչինչ չեմ տեսել, տղաներ, ես չեմ տեսել, ես մի հիմար աղջիկ եմ…

ԲԱԲԿԵՆ — Ի՞նչ չես տեսել, սիրուն ջան:

ԱՍՏՂԻԿ — Ոչինչ: Ինձ չսպանեք, էլի… ջահել եմ, ամբողջ կյանքս դեռ առջևում է… Չսպանեք, էլի, խնդրում եմ:

ՄԻՍԱԿ — Մտածել է պետք:

ԱՍՏՂԻԿ — Կուզե՞ք, բռնացեք, ինչ կուզեք` արեք, մենակ թե փոսը չգցեք, աղաչում եմ:

ԲԱԲԿԵՆ — Ասում ես` ինչ ուզենք` անե՞նք:

ԱՍՏՂԻԿ — Այո, ես ոչ ոքի ոչինչ չեմ ասի, երդվում եմ:

ՄԻՍԱԿ — Ինչ ա էղել, որ ինչ էլ ասես:

ԱՍՏՂԻԿ — Ոչինչ չի եղել, իհարկե:

ՄԻՍԱԿ — Հը՞, Բաբո, սրան էլ չգցե՞նք փոսը:

ԲԱԲԿԵՆ — Չգիտեմ, սպասի մտածեմ:

ԱՍՏՂԻԿ — Աղաչում եմ… (Ծնկի է իջնում: )

ՄԻՍԱԿ — Բայց լավ թարմացանք, չէ՞, ախպեր, մեջս մի հատ ուժ ու եռանդ ա մտել, էլ չասած: Բեր սրան տանենք` մի հատ վայելենք, հետո կմտածենք:

ԲԱԲԿԵՆ — Տանենք, հա:

ՄԻՍԱԿ — Դե դուռը բաց արա:

ԱՍՏՂԻԿ — Տարեք, ձերն եմ:

ՄԻՍԱԿ — Վախ էս ինչ լավն ես… (Թեթև ապտակներ հասցնելով Աստղիկին: ) Աղջի՛, քեզ Կամոն սիրել ա՞, սիրել ա՞, սիրել ա՞…

ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ ասեմ…

ՄԻՍԱԿ — Ասա` հա:

ԱՍՏՂԻԿ — Այո, մեղքս ինչ թաքցնեմ, սիրել է:

ՄԻՍԱԿ — Ո՞նց էր սիրում, պատմի:

ԱՍՏՂԻԿ — Բոլոր մանրամասներո՞վ:

ՄԻՍԱԿ — Հա, բոլոր:

ԱՍՏՂԻԿ — Հյուրանոցի սենյակում բաց պատուհանի տակ ջարդած ապակի էր շաղ տալիս, ինձ, ոտաբոբիկ, կանգնեցնում էր վրան…

ՄԻՍԱԿ — Հետո՞:

ԱՍՏՂԻԿ — Ասում էր` հենվի պատուհանագոգին ու տնքա, այնպես տնքա, որ դրսում լսվի:

ՄԻՍԱԿ — Հետո՞…

ԱՍՏՂԻԿ — Ինքը հետևից գալիս, վարտիքս կամաց իջեցնում էր…

ՄԻՍԱԿ — Վախ… Բաբո, ես սրան ստեղ մի հատ բռնաբարում եմ, էլ չեմ դիմանում:

ԲԱԲԿԵՆ — Սպասի, Միսո:

ՄԻՍԱԿ — Ինչի՞ն:

ԲԱԲԿԵՆ — Պրոբլեմ ունենք

ՄԻՍԱԿ — Ո՞րն ա:

ԲԱԲԿԵՆ — Բանալին:

ՄԻՍԱԿ — Հա, ի՞նչ:

ԲԱԲԿԵՆ — Բանալին փոսում ա, Զաքարի գրպանում:

ՄԻՍԱԿ — Արա, դու լրիվ ախմախ ե՞ս, քթիցդ էն կողմ չես տեսնո՞ւմ:

ԲԱԲԿԵՆ — Ո՞ւմ մտքով կանցներ, որ մարդուն փոսը կգցես… Դե ոնց գցել ես` գնա հանի:

ՄԻՍԱԿ — Ստեղ լոմ, էրկաթի կտոր-բան չկա՞:

ԲԱԲԿԵՆ — Չկա, համ էլ սեյֆի դուռ ա, լոմով չես բացի:

ՄԻՍԱԿ — Բա ի՞նչ անենք: Լսի, արի սրան բռնաբարենք…

ԲԱԲԿԵՆ — Ես քեզ ասում եմ…

ՄԻՍԱԿ — Մինչև վերջ լսի, արա, բռնաբարենք, հետո իջացնենք փոսը, թող բանալին հանի Զաքարի ջեբից:

ԱՍՏՂԻԿ — Ես չեմ կարող, ես ուշագնաց կլինեմ…

ՄԻՍԱԿ — Էն էրկու գազանը սատկել են, արջն էլ հազիվ ա շարժվում, հեն ա` ուժասպառ վեր ա ընկել անկյունում:

ԱՍՏՂԻԿ — (հիստերիկ): Ես չեմ կարող, չեմ կարող, իմ սիրտը կպայթի: (Գրկելով Բաբկենի ոտքերը: ) Փրկիր ինձ, աղաչում եմ:

ԲԱԲԿԵՆ — Նա չի կարող, Միսակ, մեզնից մեկն ու մեկը պիտի իջնի:

ՄԻՍԱԿ — Հետո՞:

ԲԱԲԿԵՆ — Հետո փետը կտա, էն մյուսը կքաշի-կբարձրացնի:

ՄԻՍԱԿ — Դե գնա:

ԲԱԲԿԵՆ — Մեր մեջի ուժեղը դու ես:

ՄԻՍԱԿ — Չէ, երկուսով ենք իջնելու, Բաբկեն:

ԱՍՏՂԻԿ — Երկուսով պետք չի, ինձ մենակ մի թողեք:

ՄԻՍԱԿ — Սուս մնա, էլ ձենդ չլսեմ:

ԲԱԲԿԵՆ- Լավ, բայց հետո մեզ ո՞վ կհանի, Աստղիկը չի կարա, էդքան ուժ չունի:

ՄԻՍԱԿ — Նայի, դիակները կհավաքենք պատի տակ, մեկս կբարձրանա վրաները, մյուսը` իրա ուսերին, դուրս կգա, հետո փետը կտա` էն մեկին կհանի:

ԲԱԲԿԵՆ — Լավ: Հաշվում եմ մինչև երեքը, երեքի վրա թռնում ենք: Մեկ, երկուս, երեք…

Միսակը թռնում է փոսը, Բաբկենը մնում է:

ՄԻՍԱԿ — Թռի, Բաբո…

ԲԱԲԿԵՆ — Կներես, Միսո, չեմ կարող, վախում եմ, մանկուց վախկոտ եմ, գիտես, մենակ արա էդ գործը:

ՄԻՍԱԿ — Արա, արա… Սրանք սաղացան… Բաբո, մի բան արա, Բաբո…

Միսակի վայնասունը, գազանների մռնչյունները:

ԲԱԲԿԵՆ — Ախր Բաբոն ինչ կարա անի, ի՛մ ախպեր:

ԱՍՏՂԻԿ — Պատառոտում են, աստված իմ…

ԲԱԲԿԵՆ — Ափսոս, լավ տղա էր Մըսոն:

ԱՍՏՂԻԿ — Բայց բանալին, բանալին փոսում մնաց:

ԲԱԲԿԵՆ — Բանալի՞… Բանալի կա, չվախես: (Գրպանից հանելով: ) Ահա: (Միսակի վայնասունից Բաբկենի ձեռքը երերում է, բանալին ընկնում է ձեռքից, կռանում է, որպեսզի բարձրացնի: )

ԱՍՏՂԻԿ — (հրելով Բաբկենին): Դու էլ գնա ընկերներիդ մոտ, տակա՛նք:

Բաբկենը աղաղակելով ընկնում է փոսը: Աստղիկը վերցնում է բանալին, փորձում է բացել դուռը, բայց դուռը չի բացվում:

ԱՍՏՂԻԿ — Դե բացվի՛ր, բացվի՛ր, անիծյալ… (Բռունցքներով հարվածում է դռանը: ) Բացե՛ք, է՜յ, խնդրում եմ, ո՞վ կա այդտեղ, դե բացե՛ք…

Գազանների մռնչյուններ, մարդկային աղաղակներ:

ԱՍՏՂԻԿ — Օգնեցե՜ք, օգնեցե՜ք…

Փոսից եկող ձայները լռում են:

ԱՍՏՂԻԿ — (հուսահատ փլվելով դռան տակ, կիսաձայն): Օգնեցեք…

Ստվերներ են ուրվականների պես դուրս գալիս փոսից,

խուլ ոռնոցներով ու մռնչյուններով:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։