Հովհաննես Բաբախանյան. «Հայաստանում թե այլուր՝ իմ հանդիսատեսը միշտ ինձ հետ է»
ԱՐՄՄՈՆՈ-2018 միջազգային թատերական փառատոնի մեկնարկը տրվեց ՛՛Պատգամը՛՛ ներկայացմամբ:
Բեմում սիրված դերասան, ամերիկաբնակ Հովհաննես Բաբախանյանն էր: Նրա հետ զրուցել է թատերագետ Գայանե Թադևոսյանը:
Ո՞վ է «Պատգամը» պիեսի հեղինակը, ինչի՞ մասին է այն, թեման որքանո՞վ է հոգեհարազատ Ձեզ:
Հովհաննես Բաբախանյան — «Պատգամը» պիեսի հեղինակը ամերիկահայ Կարեն Խաչատրյանն է, գրական անունը՝ ԽաչԿար: Միասին հավաքել ենք այս պիեսը Խաչկարի նամակագրությունների հիման վրա: Ներկայացման ռեժիսորը կինս է՝ Մարի Մսրյանը, երեքս միասին համագործակցելով եկանք այն եզրահանգմանը, որ պիեսը պետք է բեմադրվի ա՛յս ճանապարհով, ներկայացվի ա՛յս կերպ, և սա ճանապարհներից ու ձևերից մեկն է՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպիսի եղեռնագործություն է տեղի ունեցել հայերի հետ: Պիեսը ներկայացնում է պապի հիշողությունները, ով կոտորածի ժամանակ եղել է ընդամենը 7 տարեկան: Պիեսի գաղափարը և նպատակն է՝ ցույց տալ, որ չի կարելի երբևէ նման վայրագություն անել որևէ ազգի նկատմամբ: Պիեսը չարություն և ոխերիմություն չի սերմանում, ընդհակառակը՝ բարության և մարդասիրության մասին է և ապացույցն է այն իրողության, որ վախն ու սարսափը կարող են գեներով փոխանցվել մարդուն, և սա էլ պատճառներից մեկն է, որ մարդիկ այլևս որևէ սպանության կամ ազգային կոտորածի չդիմեն: Թեման ինձ հոգեհարազատ է, քանզի իմ ազգն ապրել է ցեղասպանություն:
Ժամանակակից պիեսները քիչ են բեմադրվում: Ձեր կարծիքով, որո՞նք են պատճառները:
Հ. Բ. — Այո, ես կհամաձայնեմ Ձեզ հետ, ժամանակակից պիեսներ քիչ են բեմադրվում, որովհետև ժամանակակից պիեսներ քիչ են գրվում: Բայց գոյություն ունի այսպիսի ուղիղ կապ. չկա ժամանակակից թատրոն առանց ժամանակակից դրամատուրգիայի: Այսինքն՝ սա մեծ վտանգ է թատերական կյանքի համար, այդ իսկ պատճառով ես՝ որպես դերասան, կոչ եմ անում բոլոր դրամատուրգներին, որ ավելի ակտիվ աշխատեն, ավելի շատ պիեսներ գրեն և իրենց թարմ ու նոր աշխատանքներով ներկայանան թատրոններին: Գիտեմ, որ դժվար է ճանապարհը, գիտեմ, որ թատրոնների հնարավորություններն այսօր սահմանափակ են նոր գործեր բեմադրելու համար, բայց, այնուամենայնիվ, պետք է կարողանալ պայքարել այդ ստատիկ վիճակի դեմ և ստեղծել նոր պիեսներ, նոր ներկայացումներ և հանդիսատեսին հիացնել դրանցով, որպեսզի թատրոնն էլ նորոգվի և ապրի:
Ո՞վ է «Պատգամը» ներկայացման ռեժիսորը: Եղե՞լ են բեմադրական բարդություններ, թե՞ ոչ:
Հ. Բ. — Ներկայացման ռեժիսորի՝ Մարի Մսրյանի համար այս պիեսը ամենաինքնուրույն և միայնակ կատարած աշխատանքն է, չնայած նա ավելի մեծ գործեր է բեմադրել, բայց պատասխանատվությունը կարծես քիչ է եղել, որովհետև այն կիսվել է մի քանի հոգու միջև, իսկ այստեղ Մարին հենց ռեժիսորն է, և որպես ռեժիսոր՝ ինձ շատ է օգնել, մարդ, ով հասկանում է պիեսի ամբողջ գաղափարը և ուղղորդում է պիեսն՝ ընտրելով դերասանական կատարման տեսակը, լավ իմանալով իմ դերասանական ներկապնակը՝ նա կարողացով ինձ ուղղորդել այն ճանապարհով, որի մասին ես էլ շատ քիչ էի տեղեկացված: Նա՝ որպես ռեժիսոր, կարողացավ ինձ բացել և ներկայացնել այնպիսին, ինչպիսին տեսնում էր հանդիսատեսը, ես չէի մտածում, որ այդ ճանապարհով կգնայի, այսինքն՝ եթե Մարին չբեմադրեր, ես այդ ճանապարհով դժվար թե գնայի:
Այս ժանրում հանդես գալն ինչպիսի՞ բարդություններ ունի: Բեմում դժվար չէ՞ առանց խաղընկերների, և եթե եղել են բարդություններ, ինչպե՞ս եք հաղթահարել:
Հ. Բ. — Այս ժանրում հանդես գալու բարդություններից մեկն այն է, որ դու բեմում մենակ ես, այսինքն՝ մոնո ներկայացման գաղտնիքն ու էֆեկտն, ըստ իս, հենց դրանում է: Դու հանդես ես գալիս այս դեպքում որպես մենակատար, ինչն անսովոր է, որովհետև թատրոնը կոլեկտիվ արվեստ է, և որևէ ներկայացում ստեղծվում է կոլեկտիվի անխափան միջամտության և սերտ համագործակցության դեպքում: Իմ առաջին մոնո ներկայացումը եղել է Պ. Զյուսկինդի «Կոնտրաբասը», որը խաղացել եմ 16 տարի առաջ, և, հետևաբար, 16 տարվա ինքնուրույն աշխատելու փորձն արդեն կար, դրա համար շատ մեծ բարդությունների չհանդիպեցի որպես մոնո ներկայացման կատարող: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ներկայացում, մոնո ներկայացում ունի իր բարդությունները, իր սկզբունքները, այս ներկայացման մեջ բարդն այն է, որ այն շատ էմոցիոնալ է, շատ էքսպրեսիվ, և ես՝ որպես դերասան, անընդհատ զգում եմ ճնշող, բայց հաճելի էքսպրեսիան: Չէի ասի, որ մեծ բարդությունների ենք հանդիպել, պարզապես հիմնական բարդույթն այն է, որ դու մենակ ես և պետք է կարողանաս պահել շունչը, տրամադրությունը և էմոցիան մինչև վերջ:
Ներկայացումը խաղացել եք ԱՄՆ—ում, ինչպե՞ս այն ընդունվեց: Կա՞ տարբերություն տեղի և ԱՄՆ—ի հանդիսատեսի միջև:
Հ. Բ. — «Պատգամը» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ-ում՝ Hollywood Magic Theater-ում, իսկ հետո ավելի մեծ պրեմիերան և DVD-ի շնորհանդեսը կայացան Beyond the Stars Palace-ում հուլիսի 1-ին` իմ ծննդյան օրը: Այստեղ արդեն մենք կարողացանք բեմադրությունը ներկայացնել հանդիսադեսի ավելի լայն շրջանակի՝ շուրջ 500 հոգի էին ներկա, կեսն էլ օտարալեզու հանդիսատեսն էր: Ներկայացումը խաղացի հայերենով, և բոլորի խոսակցությունն ու ռեակցիաները նույնն էին, նրանք մոտենում էին և ասում, որ թարգմանության կարիք չկար՝ չնայած մենք սինոփսիսը պատրաստել էինք մի քանի լեզվով: Բայց բոլորը համոզված էին, որ այս դեպքում բացատրության կարիք չկա, և ամեն ինչ առանց այդ էլ հայտնի է ու փոխանցվում է ամեն ինչ՝ նույնիսկ հայերեն լեզվով: Սա, կարծում եմ, ամենաոգևորող փաստն էր այս դեպքում, երբ տեսնում ես, որ ներկայացումն ընդունվում է աշխարհի կողմից: Հանդիսատեսների միջև տարբերություն չեմ տեսնում. լինի Հայաստանում թե ԱՄՆ-ում՝ նրանք իմ հանդիսատեսներն են: Մենք Լոս Անջելեսում էլ ունենք փայլուն մտավորականներ, թատրոնի գիտակ հանդիսատես, որն ուղղակի անփոխարինելի է ինձ համար, այստեղ էլ հայաստանյան հանդիսատեսը յուրահատուկ կերպով է ընկալում թատրոնն ու ընդունում թատերական որևէ ներկայացում:
Ի՞նչ գործունեություն եք ծավալում ԱՄՆ—ում, կա՞ն նոր ներկայացումներ, ֆիլմեր:
Այժմ նկարահանվում եմ ամերիկյան 3 սերիալներում /ABC, Fox հեռուստաընկերություններ/, ԱՄՆ-ում վերջին աշխատանքս գեղարվեստական ֆիլմ է՝ «Կեղծ տեղեկատվություն» /«Fake news»/, որտեղ նեկարահանվել եմ Է. Ռոբերթսի, Մ. Քուվի, Ջ. Բերիմորի, Ս. Միլոսի և այլոց հետ, բավականին հետաքրքիր ֆիլմ է, ինքս էլ անհամբերությամբ եմ սպասում պրեմիերային: Սրանք են նորություններս, աշխատում եմ, ակտիվ ստեղծագործական կյանքով եմ ապրում, և այդ առումով ամեն ինչ շատ լավ է:
Հիմա Հայաստանում եք, այստեղ ինչո՞վ եք զբաղված:
Հայաստանում հիմա նկարահանվում եմ Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմում, որտեղ մարմնավորում եմ երկու կերպար՝ Հիսուսի և Թեսմոսի, նա այն հանցագործն է, ով խաչվել է Հիսուսի կողքին, ով հավատաց և հետևեց Հիսուսին: Ռ. Քոչարը շատ հետաքրքիր համադրություն է մտածել: Հայաստանում որևէ նախագծի և վերադառնալու հետ կապված ունեմ առաջարկներ, որոնք դեռ սաղմնային վիճակում են, շատ հետաքրքիր առաջարկ է, դեռ չեմ ուզում բարձրաձայնել: Ունեմ նաև առաջարկ և հրավեր Գերմանիայից ու Ռուսաստանից, այդ ամենի մասին ավելի ուշ կխոսեմ, երբ վերադառնամ ԱՄՆ և կարողանամ հաստատել ամեն ինչ, ճշտել ժամկետները:
Որպես վերջաբան…
Ուզում եմ անպայման իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ թատրոնի /ԵԴԹ/ ամբողջ անձնակազմին, իմ կոլեգաներին, ծառայողական անձնակազմին, բոլորին, իմ ուսուցչին՝ Արմեն Խանդիկյանին, մեր ժամանակների մեծ ռեժիսորներից մեկին, ում հովանու ներքո և, իհարկե, Մշակույթի նախարարության աջակցությամբ ու իմ կոլեգաների անխոնջ նվիրումով, կարողացան կազմակերպել այնպիսի հոբելյան, այնպիսի օր կարողացան նվիրել ինձ, որն ուղղակի անփոխարինելի է ինձ համար: Պատշաճ կերպով նշվեց իմ 50-ամյա հոբելյանը, մի բան, որը շատ դժվար էր կազմակերպել, բայց այդ ամենն այնքան հեշտությամբ կատարեցին թատրոնն ու իմ ուսուցիչը, որ ես հուզված էի ու ապշած: Շնորհակալ եմ նաև Թատերական գործիչների միությանը՝ հանձին Հ.Ղազանչյանի, ով ինձ արժանացրեց մեծ պարգևի՝ ԹԳՄ Ոսկե մեդալի: Եվ կուզենայի առանձնացնել իմ կոլեգաներից մեկի՝ Լիկա Լևոնյանի քաղցր անակնկալը` տորթ, որն ամբողջ երեկոյի ուրախ, տոնական տրամադրությունը կրկնապատկեց և եռապատկեց: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, և նրանք միասին կարողացան պարգևել ինձ իմ կյանքի ամենալուսավոր օրերից մեկը: Շնորհակալ եմ նրանց:
tatron-drama.am