Հայաստանը Գերմանիայում ներկայացրեց երիտասարդ դրամատուրգը

«Next Stage Europe» գրական փառատոնին մասնակցելու համար մինչև 40 տարեկան դրամատուրգների պիեսներից ընտրվեց Էլֆիք Զոհրաբյանի «Սիրո ջերմաչափ» ժամանակակից հեքիաթ-պիեսը: Գերմանիայի Բեռլին և Պոտսդամ քաղաքներում տեղի ունեցան տարբեր միջոցառումներ, որոնց մասնակցեցին ԱՊՀ երկրներից ժամանած 13 դրամատուրգները: Ռայթհալլե թատրոնում առաջին օրը վարպետության դասին խոսվեց արդի դրամատուրգիայի համաշխարհային միտումների, թատերական համակարգերի, ինչպես նաև մասնակից երկրների թատրոնների ու թատերագրական ոլորտի հարցերի մասին: Կինոդրամատուրգիայի վարպետության դասեր տեղի ունեցան նաև Բաբելսբերգի կինոյի և հեռուստատեության հայտնի համալսարանի ետնաբակում (պրոֆեսոր Թ. Շուլց): «Դրամայի տեխնոլոգիա» թեմայով վարպետության մյուս դասը տեղի ունեցավ Բեռլինի արվեստների համալսարանում պրոֆեսոր Պ. Բրոդովսկու կողմից: Թատերագիրները Գերմանական մոտ 150-ամյա թատրոնում դիտեցին արդի հեղինակներ Մենասսեի «Մայրաքաղաք» և Ն. Հարատաշվիլու «Ռիլկեի 8-րդ կյանքը» գերժամանակակից տեխնոլոգիաներով (3 D) ներկայացումները: Երիտասարդ դրամատուրգները, որոնցից ամենաշատը բեմադրվել էր Էլֆիք Զոհրաբյանի պիեսները, հրավիրված էին նաև Բեռլինի հեղինակային իրավունքի կենտրոնական գրասենյակ, որտեղ ներկայացվեցին Գերմանիայի խստականոն կարգերը՝ կապված հեղինակային իրավունքի, Գերմանիայում թատերագիրներին ներկայացումներից տրվող բարձր տոկոսների և այլ հարցերի շուրջ: Գրասենյակի առաքելություններից մեկն էլ գերմանացի տաղանդավոր հեղինակներին գտնել, «մատուցելն» էր, նրանց աջակցելը: Ռայթհալլե թատրոնում գերմանացի դերասանները բեմականացված հատվածներ ներկայացրին մասնակից դրամատուրգների գործերից, ինչպես նաև տեղի ունեցավ հանդիպում ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ: Հայաստանը ներկայացնող մեր մասնակցին հարցեր տրվեցին թավշյա հեղափոխության, դրա ներազդումը գրականության, արտագաղթի, հուսահատված երիտասարդության մասին: «Եթե առաջ հայի աչքերում կարող էիր թախիծ նկատել, — անգլերենով պատասխանեց Է. Զոհրաբյանը, — ապա այժմ թավշյա, սիրո՛ հեղափոխությունից հետո կտեսնես խինդ, երջանկություն ու հուսավառություն… Այս օրերին շատ ընտանիքներ վերադառնում են Հայաստան, իսկ խնդիրները մարդկանց համար են, առանց դրանց կյանքն անհետաքրքիր կլինի… Իսկ հայ երիտասարդությունն ուժեղ է, հաստատակամ և պատվով հաղթահարում է խնդիրները…»: Իսկ վարպետության դասերի, փոխշփումների ու այցի համապատկերի մասին հայ հեղինակը մասնավորեց. «Գերմանիան տեր է կանգնում իր շնորհաշատ հեղինակներին, լրջորեն զբաղվում նրանց գրական «ճակատագրով»: Զարմանալի էին գերմանական թատրոնների առաջին դեմքեր համարվող գրական մասի վարիչները, որ տարօրինակաբար կոչվում էին դրամատուրգ, բայց պիես չէին գրում, այլ օրուգիշեր ընտրում էին, մատուցում թատրոնի ղեկավարներին: Այդ գրական մասի վարիչներն ամեն թատրոնում մոտ չորս-հինգն էին: Նրանց ուսերին կազմակերպչական բեռ էր դրված, միայն ու միայն իրենց ընտրությամբ էր հաստատվում պիեսը ու տրվում բեմադրիչներին, որոնք կարծես թե զրկված էին պիես ընտրելու «հաճույքից»: Թատրոնական գրագիտությունը երևում էր նաև աֆիշաների վրա, որտեղ կարևոր դեմք է հեղինակը և տգիտորեն չեն մտածում, որ «հանդիսատեսը հեղինակին բանի չի դնում»: Մեր հայ արվեստագետները շատ բաներով չեն զիջում նրանց, ընդհակառակը, բայց նրանք քայլում են ժամանակի հետ իրենց արդի տեխնոլոգիաներով: Ինչ անհրաժեշտ է բեմի կամ ֆիլմի համար, ամեն ինչ տրամադրվում է, միայն թե դու լավ որակ տաս, իսկ մե՞զ մոտ… Իրադարձային է, որ հայ հեղինակի գործ բեմադրվի այնտեղ, և հպարտ ենք, որ Կարինե Խոդիկյանի պիեսը բեմադրվել է Գերմանիայի քաղաքներից մեկում կամ ասենք Անահիտ Թոփչյանի պիեսը՝ Ֆրանսիայում: Ինչու՞. որովհետև գերմանացին նախ գնահատում է ի՛ր հեղինակին: Մեր թատրոնները խուսափում են մի շարք արդի հեղինակների պիեսներ բեմադրելուց, քանի որ չեն կարողանում լիարժեք վճարել, բայց պետք է գիտակցել, որ լավ բան ստանալու համար փող պետք է ծախսել: Բեմադրիչի չարչարանքը «ակնառու է», իսկ դրամատուրգինը՝ ոչ, այդ իսկ պատճառով անլուրջ բեմադրիչներին թվում է, որ իրենք «պակաս» չեն գրի, իսկ արտասահմանյան մի շարք բեմերում հաճախ ռեժիսորների խնդրանքով, հեղինակները ներկա են լինում բազմաթիվ փորձերի: Ունե՞նք հեղինակ-բեմադրիչ համատեղ աշխատելու մշակույթը: Շատ քիչ են դեպքերը: Այս պահին կոնկրետ ինքս և մի շնորհալի բեմադրիչ համատեղ աշխատում ենք. այս անգամ վեպ եմ բեմականացնում: Ընդհանուր առմամբ խուսափում ենք գործ բռնել ողջ հեղինակների հետ, ովքեր տողատակերի խորքը չտեսնող դերասաններից կամ բեմադրիչներից վրդովվում են և դառնում «պերսոնա-նոն-գռատա»: Բայց ո՞ր հեղինակը կուզի, որ իր պիեսի բեմադրությունը վատ լինի: Բեմադրիչն էլ հիմնականում միջամտություն տանել չի կարողանում ներքուստ, թեև բարեբախտաբար պիեսներս բեմադրող բեմադրիչների մեծ մասը սիրով են լսել դիտողություններս, ես՝ նույնպես: Անհրաժեշտ է գեղարվեստական արժանիքներով գործեր ընտրել: Փոխադարձ հարգանք է հարկավոր, և պետք է ամեն մեկն իր գործն անի. դրամատուրգը միզանսցեն չդնի, ռեժիսորն էլ տեքստ հավելի կամ փոխի: Այն ինչ ստացա թե՛ այս, թե՛ Ռիժակովի երևանյան վարպետության դասերից, կփորձեմ «կիրառել» ապագա պիեսներիս մեջ, որոնք ծնվում են ուշ-ուշ»:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։