Պրեմիերա, կամ Թատրոնի մոռացված էջերը / Գայանե Թադևոսյան

Սկիզբը՝ 03.05.2018

Առանց  անցյալի  զգացողության  չկա արդիականի  զգացում

Շարունակելով անդրադառնալ երևանյան թատրոնների առաջին ներկայացումներին՝ այս անգամ ցանկում ներառել ենք ևս մի քանիսը: Այսօր հայ դրամատուրգիան, կարծես, անկում է ապրում, հեղինակին և թատրոնը կապող պարանը պատրաստ է, կարծես, պոկվելու: Հայկական թատրոններում տարին մեկ կամ երկու հայկական պիեսներ են բեմադրվում: Եվ եթե համեմատենք, ապա նախկինում հայկական թատրոնների խաղացանկը հարուստ է եղել հայ հեղինակների գործերով, միգուցե պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր այդպիսի գրողներ քիչ կան:

Կան մշակութային վառ  հիշողության  փաստեր, որոնք ջնջել հնարավոր չէ: Դրանցից մեկն էլ Երևանի Դրամատիկական թատրոնի բացումն էր: Հրաչյա Ղափլանյանը դրամատիկական թատրոնը հիմնադրել է 1967թ.-ին:  Այսօր էլ թատրոնը կոչվում է նրա անունով: 1968թ.-ին Հ. Ղափլանյանը բեմադրում է  Հ. Թումանյանի «Անուշ» պոեմը (հեղինակի 100-ամյակին ընդառաջ): Անուշին մարմնավորում է Վիոլետա Գևորգյանը, Սարոյին` Գուժ Մանուկյանը, Մոսիին` Լևոն Թուխիկյանը: Դրամատիկական թատրոնի բեմից առաջին անգամ ներկայացվել է հայ հեղինակ, ում ստեղծագործությունը ոմանք համեմատել են շեքսպիրյան «Համլետի» հետ: Կարծիքները այս ներկայացման մասին շատ տարբեր են եղել, բեմադրությունը և՛ վիճելի էր, և՛ ինչ-որ չափով նույնիսկ էկլեկտիկ, բայց,  այդուհանդերձ, այն համարվել է յուրօրինակ և արտասովոր: Բեմադրիչը  ներմուծել էր անտիկ թատրոնի տարրը՝ ստեղծելով կանանց և տղամարդկանց երգչախմբեր: Իհարկե, դժվար է պատկերացնել հայկական թատրոնի և հունական անտիկ թատրոնի միաձուլումը, բայց, հնարավոր է, սա էլ եղել է ռեժիսորի յուրօրինակ ձեռագիրը: Հրաշալի, զարմացնող  ու հետաքրքիր է այն փաստը (մեր օրերում, ցավոք, նման դեպքեր քիչ են պատահում), որ ներկայացումից հետո բեմ է բարձրացել հայկական օպերայի մեծագույն վարպետներից մեկը`Գոհար Գասպարյանը, ողջունել հանդիսատեսին և Վիոլետա Գևորգյանին նվիրել  իր մարմնավորած Անուշի հագուստը՝ հավելելով. «Ես մեծ սիրով հագել եմ, կուզենայի, որ  հիմա էլ դուք հագնեք»: Անցել են բազում տարիներ, բայց  այսօր էլ Դրամատիկական թատրոնը Արմեն Խանդիկյանի գլխավորությամբ շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝  հանդիստեսի դատին հանձնելով յուրօրինակ և հետաքրքիր ներկայացումներ:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն. առաջին իսկ բառից այս թատրոնը զուգորդվում է հումորի, ծիծաղի և տարբեր ժամանակների հայ լեգենդների հետ` Գալյա Նովենց, Կարպ Խաչվանքյան, Սվետլանա Գրիգորյան և այլք: Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի  դեկտեմբերի 23-ին՝ Վ. Վալենտինովի «Հրե քրմուհին» օպերետի բեմադրությամբ: Հիմնադիրներն են Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Հայկ և Իզաբել Դանզասները, Արտեմի Այվազյանը և այլք:  Բայց պաշտոնապես վարագույրը բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով: Թերթելով թատրոնի պատմության էջերը՝ կարելի է գտնել հետաքրքիր փաստեր: Անսովոր է պատկերացնել, որ այս թատրոնում ժամանակին բեմադրվել է «Նոր ոճ» կոչվող սկետչը, որի բեմադրման համար հատուկ հրավիրվել է Վարդան Աճեմյանը: Մերօրյա  իրականության մեջ, որքան էլ ցավալի է, դժվար է պատկերացնել ամառային թատրոնի գաղափարը, որ գործել է նախկինում և կոչվել «Ֆլորայի այգի», այստեղ էլ խաղացել են ներկայացումը: Ներկայացման թեման արդիական է նույնիսկ այսօր, այն պայքար է ձևամոլության և օտարամոլության դեմ: 1940-ականներից սկսած, թատրոնը յուրաքանչյուր տասնամյակ ունեցել է հետաքրքիր և ինքնատիպ ներկայացումններ: 1940-ական թվականների կեսերին թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել ռեժիսոր Վ. Աճեմյանի գլխավորությամբ: Այս շրջանում բեմադրվել են Ի. Դունաևսկու «Ազատաշունչ հողմը», Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե») օպերետները: Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը 1962 թվականին անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով: Արժե հիշատակել նաև, որ այս թատրոնում ստեղծվել է «Բարեկամների ակումբ», որում ընդգրկված էին հայ արվեստի և գրականության, գիտության խոշոր գործիչներ` Դ. Դեմիրճյան, Ա. Իսահակյան, Մ. Սարյան, Վ. Համբարձումյան և այլք: Այս թատրոնը  բազում  հուշերով հարուստ պատմական էջեր ունի, որոնց մասին կարելի է անվերջ գրել և հիշատակել: Այսօր էլ թատրոնը շարունակում է իր բեղուն գործունեությունը Երվանդ Ղազանչյանի գլխավորությամբ:

 

«ԳՈՅ» թատրոն-լաբորատորիայի ստեղծման պատմությունը մեզ տանում է վաղ անցյալ՝ դեպի 1988 թվականը։ Թատրոնը հիմնադրվել է թատերական գործիչների միությանը կից՝ Խորեն Աբրահամյանի աջակցությամբ: Դեռևս Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում էր սկսվել Արսեն Աբրահամյանի, Սամսոն Ստեփանյանի և Արթուր Սահակյանի համագործակցությունը: Այն շարունակվում է «Կամերային» թատրոնում, որտեղ 1981-ից ստեղծագործում էր նաև Արմեն Մազմանյանը: Այստեղ էլ չորս ռեժիսորները, ի դեմս միմյանց համախոհներ գտնելով, 1988թ.-ին հեռանում են «Կամերայինից»՝ իրենց թատրոնը ստեղծելու նպատակով: Համախմբվեցին, հաղորդակցվեցին մտքերով և, հաստատվելով Սունդուկյանի անվան թատրոնի ձեղնահարկում, սկսեցին «թատրոն կառուցել»: 1988թ.-ի դեկտեմբերի 1-ին ստորագրվում է թատրոնի բացման հրամանը, սակայն մեկ շաբաթ անց վրա է հասնում տարերային աղետը: «Գոյի» անձնակազմը մեկնում է աղետի գոտի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքներին: Այս ժամանակահատվածում բեմադրվում են Թումանյանի հեքիաթները, շուրջ երեք ամիս խաղում են այս ներկայացումը, հույս ու հավատ ներշնչում անօթևան մնացած բազմահազար մարդկանց: 1989թ. մարտի 1-ին լաբորատորիան բացում է իր դռները լայն հասարակության համար: Թատրոնի հիմնական ուժերն էին Կարինե Ջանջուղազյանը, Նարե Հայկազյանը, Սերգեյ Դանիելյանը, Սամվել Սեդրակյանը, Մարինե Պետրոսյանը, Հասմիկ Աբովյանը, Տրդատ Մակարյանը և այլք, բեմադրիչներ Արսեն Աբրահամյանը, Սամսոն Ստեփանյանը, Արթուր Սահակյանը, Արմեն Մազմանյանը, Մկրտիչ Մկրտչյանը:  Թատրոնի հիմնադիրները սկզբում իրենց տեսնում էին որպես ազգային խաղիկների, հայ էպիկական ու գուսանական, Խորենացու վկայաբերած «երգ ցցոց ու պարոցի» հիմքով թատրոն-լաբորատորիա: Ժամանակի ընթացքում թատրոնն իր առջև գեղարվեստական հստակ խնդիրներ է դնում՝ համաշխարհային գեղարվեստական, փիլիսոփայական, թատերական ավանգարդ պրոցեսներով առաջնորդվել և ստեղծագործել «Գոյի» բեմում: «Գոյ» թատրոն-լաբորատորիան, այդ ճանապարհին ինքն էլ սովորելով, կազմավորվելով՝ հայ հասարակությանը ծանոթացրեց «աբսուրդ» երևույթի հետ. Միշել դե Գելդերոդ՝ «Խեղկատակների դպրոցըHYPERLINK “http://goy.am/portfolio/խեղկատակների-դպրոց/”», Լուիջի Պիրանդելլո՝ «6 պերսոնաժ՝ հեղինակ որոնելHYPERLINK “http://goy.am/portfolio/վեց-պերսոնաժ-հեղինակ-որոնելիս/”իսHYPERLINK “http://goy.am/portfolio/վեց-պերսոնաժ-հեղինակ-որոնելիս/”», Էժեն Իոնեսկո՝ «HYPERLINK “http://goy.am/portfolio/ռնգեղջյուր/”ՌնգեղջյուրHYPERLINK “http://goy.am/portfolio/ռնգեղջյուր/”»,  Սեմուել Բեքեթ՝ «Գոդոյին սպասելիսHYPERLINK “http://goy.am/portfolio/godo-սպասելիս/”»: 2010 թվականին «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիան, վերագտնելով իր տեղն ու դերը թատերական աշխարհում, դառնում է պետական թատրոն և վերանվանվում Արմեն Մազմանյանի անվան «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն։ Այսօր էլ թատրոնում կարելի է դիտել և՛ աբսուրդային ժանրի ներկյացումններ, և՛ հայ հեղինակների ստեղծագործություններից. Ս. Բեկետ «Դեպի վերջ», Պ. Վայս «Մարատ/սադ», Ռ. Բրեդբերի «451° ըստ Ֆարենհայթի», Ա. Այվազյան «Դեկորներ» և այլն:

Թատրոնի առաջին ներկայացումը` Միշել դե Գելդերոդի «Խեղկատակների դպրոցը»,  տևել է հինգ ժամ:

Հետաքրքիր մի փաստ-բացահայտում ևս. 1989 թ. Արմեն Մազմանյանը բեմադրում է Լ. Պիրանդելլոյի «6 պերսոնաժ՝ հեղինակ որոնելիս»  պիեսը: Թատրոնի դերասանուհի Մարինե Պետրոսյանը այս ներկայացման մեջ մարմնավորել է երկու կերպար: Ներկայացման մեջ կար մի տեսարան, որտեղ  երկու գործող անձինք գրեթե միաժամանակ պետք է բեմում լինեն: Ռեժիսորը մտավախություն ուներ, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվում, և ներկայացումը շարունակում են խաղալ:  Հենց այդ բեմադրությամբ էլ թատրոնը  հյուրախաղերի է մեկնել, և ոչ ոքի մտքով չի անցել, որ երկու հերոսներին մարմնավորում է մեկ մարդ: «Գոյ» թատրոնը երևանյան միակ թատրոնն է, որը հանդիսատեսին աստիճաններով վերև է բարձրացնում դեպի դահլիճ: Չնայած ժամանակի վայրիվերումներին՝ թատրոնն իր տեսակով (լաբարատորիա) միակն է Երևանում: Թատրոն, որը տարբեր ժամանակներում իր դռներն է բացել երիտասարդ ռեժիսորների և դերասանների առջև՝ մինչ օրս։

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։