Լիա ԻՎԱՆՅԱՆ / ՁԱԽՈՐԴ ԱՍՊԵՏԻ ՏԽՈՒՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ
(Հակաուտոպիկ ֆանտազիա)
Գործող անձինք
ՎԱՐԴԱՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆ — 40-ամյա բարետես տղամարդ
ՀԱՄԵՍՏ ՍԻՐՈՒՆՅԱՆ — 40-ամյա գեղեցիկ կին
ԱԴՕ (ԱՌԱՋԻՆ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ՕՐԻՆԱԿ)
ԷՎՕ (ԷԱՊԵՍ ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ՕՐԻՆԱԿ)
ՆԱԶԱՐ ՔԱՋՈՅԱՆ — չիրականացած հավակնություններով որակազրկված գիտնական
ԿԱՊԻՏԱՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ — կարմրաթուշ ոստիկան
ԳՆԴԱՊԵՏ ՕՀԱՆՅԱՆ — ամրակազմ զինվորական
ԲԺՇԿՈՒՀԻ
ՎԱՐՈՐԴ
ՔԱՂԱՔԱՑԻ
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐ
ԲՈՒԺԵՂԲԱՅՐ
ԱՆՑՈՐԴ
Նվազագույն դեկորացիա բեմում: Էկրանի առավելագույն օգտագործում: Մշտական է պատուհանով պատը:
Պատկեր առաջին
Ետնավարագույրին (կամ էկրանին)՝ հյուրանոցի սենյակ:
Բեմում մեկ աթոռ կա: Սրբիչը ձեռքին հայտնվում է Վարդանը: Մոտենում է բաց պատուհանին, վայելում արևոտ առավոտի գույներն ու բույրերը:
ՎԱՐԴԱՆ — Ո՜նց եմ կարոտել Երևանի երկինքը, օդը, քամին: Ուզում եմ շուտ դուրս գալ: Ի՞նչ փույթ, որ քսանհինգ ժամ ինքնաթիռներում եմ եղել, հոգնած եմ ու քաղցած: Գնամ, Երևանի ցայտաղբյուրների սառը ջուրը խմեմ… համով հացն ու պանիրն ուտեմ…
Արագ զգեստափոխվելով դուրս է գալիս: Աթոռին նետված տաբատի գրպանից վայր են ընկնում դրամապանակը և անձնագիրը:
Էկրանին՝ քայլում է փողոցներով:
Նստում է ավտոբուս (բուտաֆորիա): Ամենաերևացող տեղում ցուցանակ է՝ «Ուղեվարձը 100 դրամ»: Դրամապանակն է փնտրում, գրպաններն է քրքրում, գտնում տաս դոլարանոց ճմռթված թղթադրամ: Մոտենում է վարորդին:
ՎԱՐԴԱՆ — Մանր չունեմ… դրամապանակս մոռացել եմ հյուրանոցում:
ՎԱՐՈՐԴ — Ուղեվարձը՝ 100 դրամ:
ՎԱՐԴԱՆ — Վերցրու տաս դոլարը:
ՎԱՐՈՐԴ — Կաշառք ե՞ս առաջարկում:
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ կաշառք: Դրամ չունեմ, կամ սա վերցրու, կամ թող՝ իջնեմ… եղածը մի բան չի:
ՎԱՐՈՐԴ — Մի խախտեք մեր երկրի օրենքները:
ՎԱՐԴԱՆ — Հանցագործ չեմ, որ օրենքով ես վախեցնում: Մարդ եմ՝ դրամանապանակս մոռացել եմ: Մոռանալը հանցա՞նք է:
ՎԱՐՈՐԴ — Մինչև փոխնախարարի մակարդակը՝ հանցանք է:
ՎԱՐԴԱՆ — Ոչինչ չեմ հասկանում: Էս ինչքան են փոխվել հայերը՝ ոչ ընդառաջ են գնում, ոչ էլ փողով հարց են լուծում:
ՎԱՐՈՐԴ — Ամեն տեղ արագաչափեր ու փողաչափեր են տեղադրված… մինչև հարյուր հազար դրամ կաշառք վերցնելը դատվում է ամենախիստ ձևով:
ՎԱՐԴԱՆ — Ուրեմն դրանից բարձրի դեպքում տեղում սպանո՞ւմ են:
ՎԱՐՈՐԴ — Դրանից բարձրը կաշառք չի համարվում, այլ բիզնես:
ՎԱՐԴԱՆ — Ա՛յ մարդ, ի՞նչ ես 100 դրամի համար հեքիաթներ պատմում… թո՛ղ գնամ:
ՎԱՐՈՐԴ — Չե՛մ կարա, ախպեր… 100 դրամս տուր՝ գնա:
ՎԱՐԴԱՆ — (ուղևորներին): Ժողովո՛ւրդ, տաս դոլարը 100 դրամով ծախում եմ: Մեկին հիսուն շահում եք… ի՞նչ եք համրացել:
Նայում է հինգ մանեկեն-ուղևորներին… ոչ մի արձագանք:
ՎԱՐԴԱՆ — Էս ո՞ւր եմ ընկել… իմ Հայաստանն էսպիսին չէր:
ՎԱՐՈՐԴ — Ուրիշ երկրների օրենքին հարմարվում եք, չէ՞, հիմա էլ մեր երկրի օրենքը հարգեք:
ՎԱՐԴԱՆ — Ախր, էստեղ օրենքի հարց չկա… Բա մարդկությո՞ւնը:
ՎԱՐՈՐԴ — Մարդկությունը մնաց անցյալում… Խանգարում ես աշխատանքիս:
ՎԱՐԴԱՆ — Դե, քշի՛ գնա…
ՎԱՐՈՐԴ — 100 դրամս տուր՝ գնամ:
ՎԱՐԴԱՆ — է՜ս ինչ փորձանք էր… առ էս դոլարը՝ թող իջնեմ…
ՎԱՐՈՐԴ — (սեղմելով մի կոճակ): Վե՛րջ, ոստիկանություն եմ կանչում:
Ավտոբուսի կողքին հայտնվում է ոստիկանը:
Պատկեր 2
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Կապիտան Մար-կոսյան: Ներկայացրե՛ք ձեր փաստաթղթերը:
ՎԱՐԴԱՆ — Մոտս չեն: Հյուրանոցում են մնացել:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Ստիպված եմ ձեզ ձերբակալել:
ՎԱՐԴԱՆ — Ինչի՞ համար:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Հասարակական կարգը խախտելու և շարքային աշխատողին արտարժույթով կաշառք առաջարկելու համար:
ՎԱՐԴԱՆ — Խելքներդ լրիվ թռցրե՞լ եք… ի՞նձ եք գժի տեղ դնում, թե՞ դուք եք գժվել: Հո ապուշ չե՞ք:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Մեղադրվում եք նաև հասարակական վայրում մարդկանց վիրավորելու համար: Հետևե՛ք ինձ:
ՎԱՐԴԱՆ — Ոչ մի տեղ էլ չեմ գա: Եթե ուզում եք՝ գնանք հյուրանոց… և՛ անձս հաստատող փաստաթուղթ կտամ, և՛ գումարը:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Իսկ հիմա մեղադրվում եք նաև օրենքի ներկայացուցչին կաշառք առաջարկելու և հանցավոր գործակցության մեջ ներքաշելու դիտավորության համար: Դուք ձերբակալված եք:
ՎԱՐԴԱՆ — Էս ո՞ւր եմ ընկել… Ես իմ հին Երևանն եմ ուզում…
Դիմադրող Վարդանի ձեռքերին ձեռնաշղթա է հագցնում: Ավտոբուսը հեռանում է:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — (փոխված ձայնով): Ասում ես՝ հյուրանոց գնանք, հա՞… որ անձնագիրդ ու գումար տաս, չէ՞:
ՎԱՐԴԱՆ — Բա նոր էդ կաշառք չէ՞ր:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Օրենքի պաշտպանն իրավունք ունի ըստ իրավիճակի շտկումներ անել:
ՎԱՐԴԱՆ — Այսի՞նքն…
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Երկու տարբերակ ունես՝ կամ հիմա քեզ կազատեմ գրավի դիմաց, կամ արձանագրություն կկազմեմ, և դատարանների դռները կընկնես:
ՎԱՐԴԱՆ — Քսան օրով հայրենիք չեմ եկել, որ ձեր ձեռքն ընկնեմ… ասա՝ ինչքան պիտի տամ:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Հիմա ձեռնաշղթադ կհանեմ… Վա՛յ, ժամացույցդ էլ հետը հանվեց… լա՜վն է: Արի սրանով գործդ փակենք:
ՎԱՐԴԱՆ — Ձեռ ես առնո՞ւմ… 1000 դոլարանոց ժամացույցը 100 դրամի համար ջուրը գցե՞մ:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Դու գիտես… կամ 1000 դոլարդ հիմա ջուրը գցիր ու գնա գործիդ, կամ էլ արձանագրություն կկազմեմ ու 10000-ով էլ ցեխաջրից դուրս չես գա…(Դադարից հետո:) Ճի՛շտ ընտրություն կատարեցիր: Ազա՛տ ես:
ՎԱՐԴԱՆ — Երա՞զ եմ տեսնում, թե՞ ուրիշ երկրում եմ հայտնվել:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Դժվա՞ր է տեսնել օրենքի երկիր Հայաստանս:
ՎԱՐԴԱՆը — Ի՞նչ օրենք, օրը ցերեկով գողություն ես անում, անունը օրե՞նք ես դնում:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Ավելի մի՛ բարդացրու կյանքդ… գնա, նոր օրենքներին հետևիր, կտեսնես, որ արածս գողություն չէ, այլ դաստիարակչական աշխատանք: Պարզ բան է, միշտ էլ ցավոտ ենք ընդունում այն օրենքները, որոնք մեր շահերից չեն բխում:
ՎԱՐԴԱՆ — Քեզնից բացի էլ ո՞վ շահ ունի էս օրենքով:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — (հեռանալով): Չգիտե՜ս, եղբայր, ուրիշների շահածների մասին չգիտես… մեր նոր կյանքի մասին ոչի՛նչ չգիտես…
Պատկեր 3
Ապշահար Վարդանը փլվում է «Երևան» մակագրությամբ նստարանին:
ՔԱՂԱՔԱՑԻ — Ախպե՛ր… այ ախպե՛ր… վե՛ր կաց էդ նստարանից:
ՎԱՐԴԱՆ — Ինչի՞…
ՔԱՂԱՔԱՑԻ — Նստելու ամեն րոպեն տաս դրամ է… դու չես վճարել: Քանի չեն տուգանել, արի կողքիս նստի:
ՎԱՐԴԱՆ — Որտե՞ղ է գրված, որ պիտի վճարեմ:
ՔԱՂԱՔԱՑԻ — Հիմա չեն գրում: Ամեն կիրակի, երեկոյան ժամը 21-ին հեռուստացույցով հայտնում են շաբաթվա նոր կանոնների մասին: Իսկ Մայր օրենքն ընդունվում է տասնութ ամսվա համար:
ՎԱՐԴԱՆ — (նստելով նրա կողքին): Մեռնեմ, թե բան եմ հասկանում:
ՔԱՂԱՔԱՑԻ — Լուսնից ե՞ս ընկել…
ՎԱՐԴԱՆ — Չէ՛, ինքնաթիռից եմ իջել, տասնհինգ տարի Հայաստանում չէի եղել: Կարոտից մեռնում էի: Եկա… և ի՞նչ… ուշքի չեմ գալիս:
ՔԱՂԱՔԱՑԻ — Հա՜, պարզ է… Ինչքա՜ն բան ես բաց թողել:
ՎԱՐԴԱՆ — Էնպիսի զգացողություն է, ասես վանդակում հայտնված գազան լինեմ:
ՔԱՂԱՔԱՑԻ — Շատ մի տանջվի, ուղղակի բախտդ չի բերել, անհաջող օրենքի ժամանակ ես հայտնվել: Չնայած, եթե մյուս կողմից նայենք, շատ էլ հետաքրքիր շրջան է: Յոթ օրից ավարտվում է սույն օրենքի ժամկետը, և հաջորդ կիրակի կհայտնեն շրջանառության մեջ մտնելիք նոր Մայր օրենքը: Էնպես որ, եթե երկար ես մնալու՝ դա էլ կտեսնես:
ՎԱՐԴԱՆ — Է՛հ, ի՞նչ երաշխիք ունեք, որ սրանից վատը չի լինի:
ՔԱՂԱՔԱՑԻ — Գուցե, բայց ո՛չ ժողովրդի համար:
ՎԱՐԴԱՆ — Այսի՞նքն…
ՔԱՂԱՔԱՑԻ — Հիմա ո՞նց քեզ կարճ պատմեմ… Ուրեմն՝ պետության գանձարանը վաղուց դատարկ է: Վերջին տաս տարիներին նոր օրենքներով փորձում են լցնել: Հազար ձևով փորձեցին, բայց ոչ մի կերպ չէր ստացվում:
ՎԱՐԴԱՆ — Չեմ հավատում, որ մեծ ցանկության դեպքում չէր ստացվի:
ՔԱՂԱՔԱՑԻ — Գիտնականները պարզել են, որ տաս տարուց ավել անընդմեջ իշխանական բարձունքներում լինելուց հետ ուղեղներում թթվածինը պակասում է… հավանաբար վերևներում սավառնելուց: Գետնից կտրվելով՝ սկսում են հաղորդակցվել մեռած տիրակալների հոգիների հետ: Մրցակցում են նրանց հետ՝ մեզ անհեթեթություն թվացող, բայց իրենց համար լիովին բացատրելի քաջագործություններով:
ՎԱՐԴԱՆ — Բա էդ դեպքում ինչո՞ւ են ժողովրդին հետևում:
ՔԱՂԱՔԱՑԻ — Էս վերջին Մայր օրենքով՝ գանձարանը փորձում էին լցնել ներքին օղակներում կիրարկվող օրենքներով: Օրինակ, թողնում են` սխալ կատարի քաղաքացին, բռնում են և գրավի դիմաց ազատում են: Բայց սա էլ չստացվեց, որովհետև ժողովուրդը հստակ պահպանեց բոլոր կանոնները:
ՎԱՐԴԱՆ — Էդքան օրինապաշտ են դարձե՞լ:
ՔԱՂԱՔԱՑԻ — Չէ՛, հնարամիտ, ինչպես միշտ: Նվազագույնի ենք հասցրել տների և աշխատավայրերի պատերից դուրս լինելը: Տուն-խանութ-աշխատանք…
ՎԱՐԴԱՆ — Այդ պատճառով էլ գրեթե մարդ չի երևում, հա՞:
ՔԱՂԱՔԱՑԻ — Հա՛: Հասկացանք, որ իրար պիտի օգնենք ամեն հարցում: Միասնական ենք, ոնց որ, ասենք, մարդիկ՝ դինոզավրերի դեմ:
ՎԱՐԴԱՆ — (աչքերը երկինք հառելով): Տեր Աստված, էս ինչե՜ր են կատարվում… Էս ի՞նչ տարօրինակ ագռավներ են:
ՔԱՂԱՔԱՑԻ — Միամի՜տ… դրոններ են, ամենուր հետևում են բոլորին: Դրա համար տան պատերից դուրս ոչ ոք ոչ մի կանոն չի խախտում: Իհարկե, չորս-հինգ ամիս քամվեցինք, մինչև հասկացանք շրջանցելու նրբերանգները: Բայց դրանից հետո բոլոր սողանցքներն անգիր գիտենք:
ՎԱՐԴԱՆ — Ովքե՞ր են նոր օրենքները կազմում:
ՔԱՂԱՔԱՑԻ — Անհայտ է: Ոչ ոք չգիտի: Մեկ ասում են, թե արտասահմանցիներ են, որ էստեղ ոչ մի ծանոթ-բարեկամ չունեն, ոմանք ասում են, թե զոմբիացված իրավաբաններ են, իսկ ամենաֆանտազյորներն էլ ասում են՝ համակարգիչներ են կազմում նոր օրենքները… իբր մարդկային գործոնը նվազագույնի է հասցված:
Քաղաքացին նայում է ժամացույցին, ոտքի է կանգնում
ՎԱՐԴԱՆ — Ո՞ւր ես գնում… մի երկու բան էլ բացատրիր:
ՔԱՂԱՔԱՑԻ — Երկինք նայիր՝ դրոնները մոտենում են էս տարածքին, հիմա կնկարեն: Իրարից հեռանանք, քանի ժամաչափերը չեն ֆիքսել:
ՎԱՐԴԱՆ — Նստած զրուցում ենք, ի՞նչը պիտի չափեն:
ՔԱՂԱՔԱՑԻ — Քսանհինգ րոպեից ավել զրույցները համարվում են հակաօրինական նկրտումներ: Համբերություն քեզ, ախպերս: Գնալու տեղ ունե՞ս:
ՎԱՐԴԱՆ — Հյուրանոցում եմ տեղավորվել:
ՔԱՂԱՔԱՑԻ — Տան պատերից ներս ազատ ես ամեն ինչում: Գնա բարեկամներիդ մոտ:
ՎԱՐԴԱՆ — Շնորհակալ եմ, եղբա՛յր: (Տարակուսած նայում է նրա ետևից:)
Պատկեր 4
Էկրանին օրենքների ընդունման կենտրոնն է՝ ընդարձակ սենյակ: Աշխատակիցները համակարգիչներն են՝ պլազմային մարդկային գլուխներով: Բանավիճում են նոր ընդունվող մայր օրենքի վերաբերյալ… ձայների քաոս:
— Քանի որ մինչ այս եղած հակակոռուպցիոն օրենքները ոչ մի էական փոփոխության չեն հանգեցրել, ներդնում ենք վերջին՝ ամենաարմատական տարբերակը:
— Հասարակության մեջ վերև-ներքև չկա, կա մեկ ամբողջական շերտ՝ բոլորի համար մեկ միասնական աշխատավարձ և կենցաղային պայմաններ:
— Բա արդեն ունեցածն ի՞նչ ենք անելու:
— Սառեցնելու ենք:
— Միայն բանկային հաշիվերն են հնարավոր սառեցնել:
— Ավելի լավ կլինի՝ խառնել-կիսել եղած գումարները, և յուրաքանչյուրի հաշվին կլինի միանման գումարը:
— Տասնհինգ ամիս բոլորի համար նույն սնունդը, նույն հագուստը, նույն վարձատրումը… անդեմ հասարակություն…
— Իրար միս կուտեն:
— Թող ուտեն… դա էլ մաքրման ձևերից մեկն է:
— Ովքեր այդ հավասար պայմաններում դրսևորեն իրենց որպես լիդերներ, նրանց էլ տասնութ ամիս հետո կհանձնվի երկրի ղեկը:
— Ուրեմն՝ պետք է այնպիսի պայմաններ նախատեսվեն հետագա իշխանությունների համար, որ ոչ ոք երբևէ ոչ մի արտոնություն և առավելութուն չունենա:
Ձայները ֆոն են դառնում:
Պատկեր 5
Բեմի վերին հատվածում, դեմ-դիմաց, նստած են երկու ղեկավար «գոլդ» մարդանման համակարգիչներ՝ պլազմային, սափրած գլուխներով, անորոշ սեռի՝ ԱԴՕ-ն և ԷՎՕ-ն:
ԷՎՕ — Միշտ էլ մտածել եմ, որ միևնույն է՝ մարդիկ ավելի խելացի են:
ԱԴՕ — Եթե մեզնից խելացի լինեին՝ հիմա մենք չէինք իրենց ղեկավարի:
ԷՎՕ — Եթե իրենք են մեզ ստեղծել, ուրեմն նրանց չենք կարող գերազանցել:
ԱԴՕ — Միացրու պատմության վահանակդ և նայիր՝ մարդկությունը միշտ էլ գերի է դարձել իր ստեղծածներին: Նրանք զգացմունքային են և բազմաթիվ կաղապարներ ունեն՝ ազգային, սեռային, ռասայական, կրոնական, գաղափարական… դրանք են խանգարում նրանց կատարյալ լինելուն:
ԷՎՕ — Իսկ չե՞ս մտածում, որ հենց դրանով են մեզնիցառավել:
ԱԴՕ — Օդի մեջ խոսելու փոխարեն կարող ենք փորձարկում անել՝ ընտրենք ուզածդ մարդուն և կհամոզվենք, որ կարող ենք մեր դուդուկի տակ պարեցնել:
ԷՎՕ — Համաձայն եմ: Մինչև փորձագետները մեզ տան նոր օրենքը վերջնական տեսքով հաստատելու համար՝ լուրջ անելիք չունենք:
ԱԴՕ — Ճի՛շտ ես: Հիմա նայենք չափիչների վերջին տեսագրումները: Ըհը, մի մոլորվածի գտա… հիմա նրա անձնական գործը կստուգենք:
Ռոբոտի ձայն (նաև գրվում է էկրանին) — Վարդան Ճշմարիտյան, Հայաստանից փախել է տասնհինգ տարի առաջ: Որպես վկա դատարան է կանչվել, բայց բարձրաձայնելով ճշմարտությունը՝ հենց դատարանի դահլիճում վերածվել է կասկածյալի: Հասկացել է սպասվող վտանգը և գիշերով փախել է Վրաստան, այնտեղից՝ Եվրոպա, հետո՝ Էմիրություններ: Տաս տարի առաջ հաստատվել է Ավստալիայում: Այստեղ ողջ գույքը առգրավվել է դատարանի կողմից: Ազգականներին ու մտերիմներին խստագույնս հրահանգվել է՝ հայտնել նրա մասին ցանկացած տեղեկություն: Սրանք էլ իրենց մտերիմին չվնասելու և իրենց գլուխներն ազատելու համար դադարեցրել են ցանկացած առնչություն նրա հետ:
ԷՎՕ — Այսինքն՝ մարդուն իրենց կյանքից հանել են, հա՞, ինչպես մենք ենք դեն նետում շարքից դուրս եկած մեխանիզմները: Մի՞թե ոչ ոք չի հիշում նրան:
ԱԴՕ — (պլազմային դիսպլեյի գծերի շարժը արտահայտում է փնտրտուք): Գտա՛, մեկը մինչև հիմա նրա մասին է մտածում: Նշանածը՝ Համեստ Սիրունյանը, բաժանումը շատ հիվանդագին է տարել և հոգեկան անհավասարակշռության պահին հիմնել է «Կիսակույսերի օրդեն» հասարակական կազմակերպությունը: Որոշ ժամանակ անց զղջացել է, բայց դրանից ազատվել չի ուզում, որովհետև ժամանակի ընթացքում դարձել է մեծ եկամտաբերությամբ աշխատող հայտնի կազմակերպություն: Հասարակության մեջ պատվաբեր է համարվում այդ օրդենի հետևորդին կնության առնելը, քանի որ նրանք սկսվեցին զուգորդվել կանացի մաքրության հետ:
ԷՎՕ — Արի խոստովանենք, որ դա մեր անկատարության հետևանքն էր: Երրորդ Մայր օրենքի կիսատ-պռատ լինելը հանգեցրեց նրան, որ երեք ամսում Հայաստանը լքեցին զորակոչից հեշտ ու էժան ազատում ստացած 18-40 տարեկան տղամարդիկ: Նրանց թիվն էլ, հակառակի պես, այդ տարի շատ մեծ էր: Իսկ նշանված ու նորապսակ կանայք լքվեցին իբր ժամանակավոր, բայց իրականում գրեթե ընդմիշտ, և գոյացավ կիսակույսերի՝ ոչ այն է՝ կին, ոչ այն է՝ օրիորդ միայնակների մեծ բանակ: Ի՞նչ անեին լքյալները… միավորվեցին իրենց անհրապույր կյանքում գոնե մի փոքր հետաքրքրություն զգալու համար:
ԱԴՕ — Բայց հինգերորդ օրենքով շատերը վերադարձան, չէ՞:
ԷՎՕ — Հա, բայց իրենց այլերկրյա ծիտիկների հետ:
ԱԴՕ — Հետևապես, ապացուցվում է, որ մարդկության գովերգած սերն ու մնացած վեհ զգացմունքները հիմնականում սին են: Հիմա գտնենք Համեստին և տեսնենք՝ սերը դեռ արթո՞ւն է նրա հոգում:
ԷՎՕ — Հետաքրքիր է, նրան տեսնելու համա՞ր է էսքան տարի անց Վարդանը հայրենիք վերադարձել:
ԱԴՕ — Հիմա կստուգեմ.. Հա՛, էլի, հենց այդ կնոջ կարոտից է հիմա մայթեզրին հայտնվել:
ԷՎՕ — Տասնհինգ տարի անց, մոլորակի կեսն անցնելով, եկել է իր սիրո ետևից… Ինչպե՞ս կարող ենք խանգարել նրանց միանալուն:
ԱԴՕ — Դե փորձենք, հետաքրքիր է, չէ՞, մեզնից ով կհաղթի: Տե՛ս…
Վարդանը ապշահար գամվել է մայթեզրին՝ վախը սրտում և ընդամենը տաս դոլար գրպանում:
ԷՎՕ — Ոտքի կանգնեց… ո՞ւր է գնում:
ԱԴՕ — Երևի հյուրանոց, որպեսզի դրամապանակն ու անձնագիրը վերցնի:
ԷՎՕ — Լավ, սկսենք մեր կամքը թելադրել… ի՞նչ առաջարկ ունես:
ԱԴՕ — Համեստին հանդիպացնենք… թող սերը կրկին բոցավառվի, մենք էլ սառը ջուր կլցնենք:
ԷՎՕ — Ըհը… սա էլ Համեստը… ընդամենը երկու խաչմերուկ՝ աջ: Խանութից դուրս է եկել, տուն է գնում:
ԱԴՕ — Հրաշալի է, հիմա քո ճանապարհը մի փոքր կշեղենք, սիրելի տիկին….
Պատկեր 6
Էկրանին՝ փողոցներ: Վարդանը մտնում է խանութ: Երկու խաչմերուկ հեռու գտնվող խանութից բավական հեռացած Համեստը կանգ է առնում:
ՀԱՄԵՍՏ — Մոռացա աղ գնել: (Շրջվում է, երկու քայլ անելով՝ կանգնում է:) Չեմ ուզում նորից տեսնել էդ գանձապահ Մարգոյի երեսը: Ուրիշ խանութ կգնամ:
Խաչմերուկի խանութի դռան մոտ ճակատ ճակատի են բախվում մտքերի մեջ խորասուզված Վարդանն ու Համեստը… կարկամած իրար են նայում:
ՎԱՐԴԱՆ — Դո՞ւ…
ՀԱՄԵՍՏ — Դո՞ւ…
Համեստի ձեռքից ընկնում է մթերքով տոպրակը: Անցնող տղամարդն օդի մեջ բռնում է տոպրակը, տալիս է Համեստին: Վարդանի աչքն ընկնում է խանութի մուտքին փակցված ցուցանակին՝ «Գետնին ընկած ամեն իրի համար տուգանք՝ 1000 դրամ»:
ՎԱՐԴԱՆ — Ի՜նչքան էի կարոտել քեզ:
ՀԱՄԵՍՏ — Ինչքա՜ն եմ սպասել քեզ:
ՎԱՐԴԱՆ — Իրոք սպասո՞ւմ էիր… չե՞ս ամուսնացել:
ՀԱՄԵՍՏ — Ո՞ւմ հետ… տղամա՞րդ ա մնացել որ: Իսկ դո՞ւ:
ՎԱՐԴԱՆ — Օրինական՝ չէ… Հիմա ես էլ եմ մենակ:
ՀԱՄԵՍՏ — Որտե՞ղ ես իջևանել:
ՎԱՐԴԱՆ — Հյուրանոցում:
ՀԱՄԵՍՏ — Ի՞նչ ծրագրեր ունես:
ՎԱՐԴԱՆ — Քեզ տեսնելու համար եմ եկել… քո տրամադրության տակ եմ: Գնանք հյուրանոց: Ինձ արդեն զգուշացրել են, որ փողոցներում քիչ մնամ:
ՀԱՄԵՍՏ — (շուրջն ու երկինք նայելով): Չէ՛, արի իմ տուն գնանք…
ՎԱՐԴԱՆ — Բայց ուզում եմ, մենակ լինենք:
ՀԱՄԵՍՏ — Ես միշտ եմ մենակ… ետևիցս կգաս քսան մետր հեռավորությամբ:
ՎԱՐԴԱՆ — Հասկացա: Բա մի բան չգնե՞մ:
ՀԱՄԵՍՏ — Տանն ամեն ինչ կա… արագացրու, քանի չենք նկարվել:
ՎԱՐԴԱՆ — Ա՜յ քեզ անհեթեթություն…
ՀԱՄԵՍՏ — Տանս տեղը հիշո՞ւմ ես:
ՎԱՐԴԱՆ — Ինչպե՞ս կարող եմ մոռանալ: Անընդհատ աչքիս առաջ էիր դու և քեզ հետ կապված ամեն բան:
ՀԱՄԵՍՏ — Լավ, գնացինք… Տանը հանգիստ կխոսենք:
Հեռանում են:
Պատկեր 7
Այս պատկերից սկսած՝ իրար հերթագայում են միաժամանակյա գործողություններ բեմի վերին և ներքին հատվածներում
Վերին հատված:
ԱԴՕ — Ըհը, գործի կեսն արեցինք… իրար հանդիպացրինք:
ԷՎՕ — Տեսա՞ր, որ դեռ սիրում են իրար… գուցե չխանգարե՞նք:
ԱԴՕ — Բայց դու շատ զգացմունքային ես ստացվել: Ասես մորից ծնված լինես:
ԷՎՕ — Երևի ինձ կին է ստեղծել…
Մի պահ՝ էներգիայի փայլատակում… համակարգիչները ցնցվում են, ակնդետ իրար են նայում.
ԱԴՕ — (քթի տակ): Իսկ գուցե դո՞ւ կին ես:
ԷՎՕ — (քթի տակ): Իսկ գուցե ե՞ս կին եմ:
Փայլատակումն ավարտվում է:
ԱԴՕ — Էս ի՞նչ կատարվեց:
ԷՎՕ — Առ-կա՜յ-ծում-նե՜ր…
ԱԴՕ — Բայց մենք ապահովագրված ենք բոլոր տեսակի տատանումներից:
ԷՎՕ — Իսկ գուցե ո՞չ բոլոր…
ԱԴՕ — Կարծես ներսումս ինչ-որ մեխանիզմ մի պահ կանգ առավ… դու էլ զգացի՞ր:
ԷՎՕ — Ես թրթիռ զգացի…
Տարակուսած իրար են նայում:
Ներքին հատված
Համեստն իր բնակարանում է: Ներս է մտնում Վարդանը: Որոշ ժամանակ իրար նայելուց հետո գրկախառնվում են:
Վերին հատված:
ԱԴՕ — Տե՛ս, տե՛ս, գրկախառնվեցին….
ԷՎՕ — Համաձայն եմ պարտված համարվել, բայց արի չխանգարենք նրանց սիրուն:
ԱԴՕ — Ե՛ս համաձայն չեմ: Պետք է ապացուցեմ, որ հարց լուծողը մենք ենք:
ԷՎՕ — Զուտ տղամարդկային ցանկություն:
ԱԴՕ — Մի՛ խանգարի նրանց խանգարելուն… դու ի՞նչ առաջարկ ունես:
ԷՎՕ — Լա՛վ, շարունակենք: Կարծում եմ՝ նրանց զգացմունքները փորձության ենթարկող իրավիճակ պիտի ստեղծենք:
Ներքին հատված:
ՀԱՄԵՍՏ — Հիմա երջանկությունից սիրտս կպայթի… (Նվաղում է Վարդանի գրկում:)
Իրեն կորցրած Վարդանը նստեցնելով կնոջը բազկաթոռին՝ ջուր է ցողում, ձեռքերն է շփում, այտերն է շոյում:
ՎԱՐԴԱՆ — Ուշքի արի, խնդրում եմ… Աշխարհն եմ անցել քեզ համար… ուշքի արի… Էս ի՞նչ ձախորդութ- յուններ են առավոտից, կարծես ինչ-որ մեկը չար կատակ է խաղում գլխիս: Ուշքի՛ արի, աղաչում եմ… վիրահատություն տարած սիրտս չի դիմանա…
ՀԱՄԵՍՏ — (բացելով աչքերը): Դո՞ւ… երա՞զ եմ տեսնում: Աչքերս փակեմ, թող շարունակվի երազս:
ՎԱՐԴԱՆ — Չէ՛, չէ՛, մի՛ փակի աչքերդ… երա՛զ չի, եկել եմ քեզ մոտ, սիրելի՛ս… (Ձեռքը դնում է սրտին:) Միայն թե սիրտս չդավաճանի… (Կորցնում է գիտակցությունը:)
Վերին հատված:
ԷՎՕ — Դու չափն անցար: Մեկի վատանալը լիովին բավական էր:
ԱԴՕ — Բայց ես չարեցի… Կարծեցի՝ դու խորացրիր:
ԷՎՕ — Հիմա ի՞նչ անենք… երկուսն էլ անգիտակից ընկած են… Մի բան մտածի, արա՛գ:
ԱԴՕ — Ո՞ւմ ուշքի բերենք:
ԷՎՕ — Իհարկե, կնոջը:
ԱԴՕ — Բայց մեզ ծրագրավորել են, որ տղամարդիկ են առաջնային:
ԷՎՕ — Բայց Համեստը գիտի էս երկրի դրվածքը և ավելի շուտ կկողմնորոշվի:
ԱԴՕ — Ճիշտ ես ասում: Բայց այնպիսի զգացողություն է, ասես մեկն էլ մեզ հետ է խաղ անում:
Բեմի ձախ անկյուն:
Լույսն ուղղվում է մեծ մոնիտորի առջև նստած՝ գզգզված մազերով, խալաթով տղամարդու վրա, ով երեխայի նման համակարգչային խաղ է խաղում:
ՆԱԶԱՐ ՔԱՋՈՅԱՆ — Էս ինչո՞վ են զբաղված ԱԴՕ-ն ու ԷՎՕ-ն: Ձեզ ստեղծել էի աբսուրդ օրենքներ մոգոնելո՞ւ, թե՞ մարդկանցով զվարճանալու համար: Տեսնենք՝ ո՞վ է ձեզ այդքան հետաքրքրել… Ի՜նչ ծանոթ դեմք է: Ախ հա՛, հիշեցի… չէ՞ որ հորս դեմ հենց սրա տված ցուցմունքի արդյունքում կործանվեց օղորմածիկը: Փախել-կորել էիր, հա՞: Տաս տարի համարյա երկրի տերն էի, բայց քեզ պատժել չկարողացա: Լավ է, որ ինքդ եկար ու ձեռքս ընկար… Դե, սպասի՛ր:
Ներքևի հատված:
Համեստն ուշքի է գալիս, տեսնում է հատակին անգիտակից ընկած Վարդանին:
ՀԱՄԵՍՏ — Վարդա՛ն, նորից մի լքիր ինձ… ուշքի արի, խնդրում եմ: Տեր Աստված, օգնիր… ի՞նչ անեմ: Զարկերակը հազիվ է զգացվում: Շտապ օգնություն կանչեմ: (Զանգում է:) 5-րդ փողոց, 20 շենք, 11 բնակարան… Ամուսինս գիտակցությունը կորցրել է, շուտ հասե՛ք, խնդրում եմ, համարյա չի շնչում… (Ջուր է ցողում, ձեռքերն է շփում, այտերն է շոյում: Հատակին նստած, Վարդանի գլուխը իր ծնկներին դրած՝ վաշ-վիշ է անում, որն աստիճանաբար վերածվում է նախատինքի, շոյանքը՝ հարվածների, այնուհետև՝ կրկին վշտի ու խնդրանքի:) Ինչո՞ւ կրկին հայտնվեցիր իմ անբախտ կյանքում… ապրում էի, էլի, առանց քեզ, ինձ նման կես կին, կես աղջիկների հետ մեր դարդը կիսելով: Հայտնվեցիր, որ ցույց տաս, թե ինչքան դժգույն է կյանքս… առանց քեզ էլ գիտեի: Առաջին անգամ փախար, հիմա էլ ուզում ես մեռնել հա՞… ատում եմ քեզ, ատում եմ: Ա՛խ, հիմա եմ հասկանում՝ ինչու տասնհինգ տարի անց վերադարձար… ընդամենն ուզում էիր Հայաստանում թաղվել, հա՞: Մեծ պատիվ ես անում, հա՞: Ապրում եք դրսերում, վայելում եք կյանքի բարիքները… վերջներիդ հասնելիս էլ հիշում եք, որ լքված հայրենիք ու կանայք ունեք, ու վերադառնում եք, հա՞: Ուշքի՛ արի, վերադարձրու պարտքդ՝ լքված օրերի, չստացած սիրո պահերի պարտքդ: Ուշքի արի, կսպանե՛մ քեզ, ուշքի՜ արի… Սիրելի՜ս… ախր, քեզ էնքան եմ սպասել: Ոչ մի րոպե չեմ կասկածել, որ կվերադառնաս… Էս շտապ օգնությունն ինչ եղա՞վ:
Վերին հատված:
ԱԴՕ — Հիմա բժիշկները կհասնեն…
ԷՎՕ — Ինչ դանդաղ են շարժվում: Ինչո՞ւ կանգ առավ մեքենան:
ԱԴՕ — Շտապ օգնության մեքենան խափանվեց:
ԷՎՕ — Էս ի՞նչ արեցիր… մեջդ հեչ մարդկայնություն չի՞ մնացել:
ԱԴՕ — Բայց ես ե՞րբ եմ մարդ եղել… Ի՞նչ անհեթեթ բաներ ես ասում:
ԷՎՕ — Հա՛ էլի.. չհասկացա, ինչ ասացի: Ակամա դուրս թռավ:
ԱԴՕ — Կարծում եմ՝ քեզ պետք է տեխզննման ուղարկել:
ԷՎՕ — Քե՛զ է պետք վերազինման ուղարկել, ժանգոտած մետաղի կո՛ւյտ ես… չա՛ր ես դու, չա՛ր…
ԱԴՕ — Նորից եմ ասում՝ ես ոչինչ չեմ անում:
Բեմի ձախ անկյուն:
ՆԱԶԱՐ ՔԱՋՈՅԱՆ - Իհարկե, չգիտեք, որ դեռևս ես եմ դրության տերը, քանի որ իմ ձեռքում է մարդկանց ու համակարգիչներին ղեկավարման կենտրոնի Ու-0-1 միակ ամբողջական կրիչը: Բռնվելու միակ վտանգը կարող եք լինել դուք՝ իմ բալիկներ, իմ հանճարեղ ստեղծագործություններ, իմ ԱԴՕ և ԷՎՕ: Բայց հիմա ինձ խանգարում եք: Ուղղորդել նույնպես չեմ կարող, քանի որ ձեզ այնպես եմ ստեղծել, որ չենթարկվեք ուրիշի կամքին: Ի՞նչ իմանայի, որ այդ ուրիշը ես եմ լինելու: Կարող եմ միայն շեղել ձեր ուշադրությունը: Ի՞նչ անեմ, ո՞նց շեղեմ… Հա, իմացա, սիրո վիրուսը մեջները գցեմ, ու թող ցրված սիրահարներ դառնան:
Վերին հատված:
ԷՎՕ — Էդ ի՞նչ տարօրինակ հայացքով ես նայում ինձ:
ԱԴՕ — Գիտե՞ս, նոր նկատեցի, որ դու լիովին ինձ նման չես… մի տեսակ նուրբ ես, փափուկ:
ԷՎՕ — Որովհետև ավելի կատարելագործված համաձուլվածքից եմ:
ԱԴՕ — Չէ, ներսիդ փայլն է մի տեսակ ուրիշ… անհանգստացնող:
ԷՎՕ — Ճիշտ են ասում, էլի, որ տղամարդկանց ուղեղը մի կողմի վրա շեղված է… Մի՛ շեղվիր: Պետք է մի կերպ բժիշկ հասցնել էդ խեղճերին:
ԱԴՕ — Մոտերքում ոստիկան եմ տեսնում… հենց նա էլ օգնության կհասնի:
Ներքին հատված:
Գալիս է կապիտան Մարկոսյանը բժշկուհու հետ:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Կապիտան Մար-կոսյան: Իմ տեղամասում շտապ օգնության մեքենան շարքից դուրս եկավ, և հրահանգի համաձայն՝ արագ տեղ եմ հասցրել շտապ օգնության բժշկին: Որտե՞ղ է հիվանդը:
ՀԱՄԵՍՏ — Ահա…
Բժշկուհին զբաղվում է անգիտակից Վարդանով:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Ձեր դեմքը ծանոթ է, որտեղի՞ց գիտեմ…
ՀԱՄԵՍՏ — Երևի հեռուստացույցից:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Դերասանուհի՞ եք:
ՀԱՄԵՍՏ — Ոչ, հասարակական-քաղաքական գործիչ:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Հաստատ պատգամավոր չե՛ք, բոլորին դեմքով գիտեմ: Ինչո՞վ եք զբաղվում:
ՀԱՄԵՍՏ — Չեմ հասկանում, հարցաքննո՞ւմ եք ինձ:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Դե, զրուցում ենք, էլի, մինչև բժշկուհին գործն ավարտի:
ՀԱՄԵՍՏ — Հասարակական կազմակերպության ղեկավար եմ:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Հա, էլի… Կիսակույսերի Համեստն եք, չէ՞: Հեռուն փնտրում էի, ինքը հայտնվեց քթիս տակ:
ՀԱՄԵՍՏ — Ինչե՞ր եք խոսում:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Դուք հետախուզման մեջ եք:
ՀԱՄԵՍՏ — Ծնված օրից ոչ երկիր եմ փոխել, ոչ էլ անգույն տունս եմ փոխել: Ո՞վ էր ինձ փնտրում, որ չէր կարողանում գտնել: Ի դեպ, այդ երբվանի՞ց եմ հետախուզման մեջ:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Մեկ ժամ առաջ հրամանը ստացանք: Ձեզ պետք է ոստիկանություն տանեմ:
ՀԱՄԵՍՏ — Ինչի՞ համար:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Ոմն քաղաքացուց բողոք ենք ստացել, որ ձեր օրդենի կիսակույսերից մեկը անբարոյական է:
ՀԱՄԵՍՏ — Ի՜նչ հիմարություն: Անունն ասեք:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Կարծեմ՝ Մագդալենա:
ՀԱՄԵՍՏ — Զրպարտությո՛ւն է: Նրան կնության են առել երեք տարի առաջ, և նա հիանալի անձնավորություն է:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Ամուսինը հակառակն է պնդում:
ՀԱՄԵՍՏ — Թող կարգին ամուսին լիներ… ես իրեն օրինավոր կին եմ տվել: Եթե ինքն է նրան հասցրել վատ արարքների, ուրեմն պատասխատվության պետք է ենթարկվի ինքը, ոչ թե հուսահատության հասցված կինը:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Մանրամասները կպարզենք վարչությունում: Դուք պետք է…
ԲԺՇԿՈՒՀԻ — Հիվանդն ուշքի եկավ… շնորհակալ եղեք կապիտան Մարկոսյանին: Եթե ինձ շուտ տեղ չհասցներ, երևի փրկել չհաջողվեր:
ՎԱՐԴԱՆ — (ոստիկանին տեսնելով): Ի՞նչ… քեզնից պրծում չկա՞:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Էլի դո՞ւ… Բայց իմացիր, որ ես եմ քեզ փրկություն հասցրել:
ՎԱՐԴԱՆ — Ուրեմն մի ժամացույցի դիմաց արդեն իմ սեփական ոստիկա՞նն ես դառնում… լա՜վ օրենք է:
ՀԱՄԵՍՏ — Մի րոպե… Չհասկացա, դուք իրար ճանաչո՞ւմ եք:
ՎԱՐԴԱՆ — Առավոտյան ենք հանդիպել:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Հիմա ամեն ինչ կբացատրեմ:
ՀԱՄԵՍՏ — Ի՞նչ ժամացույցի մասին ես խոսում, Վարդա՛ն:
ՎԱՐԴԱՆ — (ոստիկանի տագնապած հայացքը բռնելով): Դե, ոնց ասեմ…
ՀԱՄԵՍՏ — Պարզ ու հստակ՝ սա քեզանից կաշա՞ռք էկորզել:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Չէ՛, չէ՛, ի՞նչ կաշառք: Սխալ հասկացաք:
ՀԱՄԵՍՏ — Շատ էլ ճիշտ հասկացա: Եվ դու ուզում էիր ինձ ոստիկանություն տանել, հա՞… Հիմա ցույց կտամ, թե բողոքը ոնց է լինում:
ՎԱՐԴԱՆ — Այնուամենայնիվ, ժամացույցս կաշառք էր, հա՞:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Ո՛չ, դա օրենքով ամրագրված բացատրական աշխատանք է:
ՀԱՄԵՍՏ — Դրանով կարող եք միամտացնել զբոսաշրջիկներին և սփյուռքահայերին: Մինչև կյանքիդ վերջը բանտում կփտացնեմ:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Արի փոխշահավետ համաձայնության գանք՝ ես քո դեմ ներկայացված բողոքը կոչնչացնեմ, դու էլ իմ արածի վրա աչք կփակես:
ՀԱՄԵՍՏ — Մտածել է պետք….
ԲԺՇԿՈՒՀԻ — Է՜-էյ, ընկերնե՜ր…
Նրա ներկայության մասին մոռացած Մարկոսյանն ու Համեստը վախեցած իրար են նայում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հասկանում եմ, որ անցանկալի վկա եմ…
ՎԱՐԴԱՆ — (սարսափած): Հիմա ձեր օրենքներով պիտի վերացնե՞ք բժշկուհուն:
Կապիտան Մարկոսյանն ու Համեստը սարսափած գլուխներն են տարուբերում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հանգստացե՛ք բոլորդ… ինձ վնասազերծելու հիանալի տարբերակ ունեմ:
ԵՐԵՔԸ ՄԻԱԲԵՐԱՆ — Ի՞նչ…
ԲԺՇԿՈՒՀԻ — Ուրեմն, երկու Մայր օրենք առաջ բազմակի օգտագործման դեղատոմսեր եմ հատկացրել որդուս ուսուցչուհուն՝ նրա մոր համար: Մի քանի օր անց նրա մայրը մահացավ առաջացած տարիքից, բայց ուսուցչուհին բողոք ներկայացրեց իմ դեմ՝ անօրինական դեղատոմս տալու մեղադրանքով: Եվ արդեն երկրորդ օրենքն է՝ գտնելով մեղադրանքի թարմացման հիմքեր, ինձ հանգիստ չի տալիս: Իմ լռության դիմաց խնդրում եմ կարճեք այդ գործը և աղբարկղը նետեք այդ հիմար մեղադրանքը:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Ախր, առավոտյան զգում էի, որ էդ ժամացույցը չեմ վայելելու, բայց մտքովս չէր անցնի, որ էսքան թանկ կնստի վրաս:
ՀԱՄԵՍՏ — (բժշկուհու հետ դավադիր հայացքներ փոխանակելով): Կարծում եմ՝ տիկնոջ առաջարկը ողջախոհության սահմաններում է: Մի՛ մոռացեք, որ երեքիս պարագայում ձեր հոդվածն ամենածանր հետևանքները կարող է ունենալ:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — (քթի տակ): Թո՛ւհ… երնե՜կ էն ժամանակները:
ՎԱՐԴԱՆ — Ո՞ր ժամանակները… էլ ի՞նչ եմ բաց թողել:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Ես եմ բաց թողել, ե՛ս: Էն, որ ժողովրդի իրավական գրագիտությունը զրո էր, ա՛յ, էդ արքայական ժամանակն եմ կորցրել:
ՎԱՐԴԱՆ — Փաստորեն, եթե առավոտ շուտ ինձ չբռնացնեիր, մի օրվա մեջ ահագին նորություններ կիմանայի ու էշ-էշ ժամացույցս չէի կորցնի:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — (գրպանից հանելով ժամացույցը): Քո ապրանքը քեզ եմ վերադարձնում, ահա՛… էս մի շառից գոնե կպրծնեմ:
Վարդանը հարցական հայացքով Համեստին է նայում:
ՀԱՄԵՍՏ — Ժամացույցդ վերցրու: Չէ՞ որ կարևորը շորթման փաստն է, որ մեր հարգարժան կապիտանը ժխտել չի կարող: Վարդանի բերանը փակելը հեշտ է, պարոն կապիտան, մեզ ի՞նչ կառաջարկեք:
ԲԺՇԿՈՒՀԻ — Այո՛, այո՛… Մեզ ինչպե՞ս եք լռեցնելու:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — (Վարդանին): Չես պատկերացնի, թե էս կնանիք ինչքան անկառավարելի են դարձել: (Կանանց՝ ճարահատյալ:) Լավ, ես ոչնչացնում եմ ձեր դեմ բողոքները, դուք էլ իմ դեմ բողոք չեք ներկայացնում: Բայց հավաստիության համար «4-Բ համաձայնագիրը» պիտի կնքենք:
ՀԱՄԵՍՏ — «4-Բ»-ն երկուսի միջև է կնքվում, իսկ մենք երեք հոգի ենք:
ԲԺՇԿՈՒՀԻ — Կկնքենք երեք պայմանգիր՝ վկաների տեղերը փոխելով…
ՄԱՐԿՈՍՅԱՆ — …ու էդ դեպքում երեքս էլ…
Մինչ Մարկոսյանը, Համեստը և բժշկուհին վիճելով կազմում- կնքում են պայմանագրերը, Վարդանը սիրատոչոր հայացքով մեկ Համեստին է նայում, մեկ՝ սովահար աչքերով, սեղանին դրված մթերքով տոպրակին:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Վե՛րջ… երեքս էլ գոհ ու երջանիկ ենք, չէ՞: Բա մի-մի թաս չխմե՞նք էդ առիթով:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ես չեմ կարող: Իսկ դուք ինձ հիվանդանոց պիտի հասցեք ձեր մեքենայով:
ՀԱՄԵՍՏ — Հա, երևի թե էսօր էնքան էլ հարմար չի, թողնենք մի ուրիշ անգամ:
ՄԱՐԿՈՍՅԱՆ — Չէ՛, հե՛չ չեմ ուզում ուրիշ անգամ ձեզ հանդիպել: Աշխատիր ինձ այլևս չհանդիպել, ա՛յ ձախորդ: Գնանք, հնարամիտ տիկին:
Վերին հատված:
ԱԴՕ — Տեսա՞ր, ինչ վարպետորեն իրենց մեղքերը կոծկեցին:
ԷՎՕ — Իսկ մենք չէինք հավատում փորձագետներին, ովքեր ասում էին, թե ժողովուրդը գտել է տներում իրար հետ հաշտվելու մեթոդներ, այդ պատճառով էլ դատարանները գրեթե անգործ են մնացել:
ԱԴՕ — Հա, բայց Գերագույն կենտրոնը թույլ չի տալիս մտնել տները: Հիշիր անձնական կյանքին չխառնվելու և քաղաքացու բնակարանի անձեռմխելիության մասին հոդվածները:
ԷՎՕ — Գիտես, երբեմն հիանում եմ օրենքները շրջանցելու մարդկանց հմտությամբ: Իսկ դո՞ւ:
ԱԴՕ — Իսկ ես ուզում եմ հասկանալ, թե ինչ տեսակ բան է այդ սեր կոչվածը… ինչպե՞ս են այն զգում և որ զգայարանով…
ԷՎՕ — Քիչ առաջ ինձ էիր զգացմունքայնության մեջ մեղադրում, ի՞նչ պատահեց:
ԱԴՕ — Վարդանի հայացքը… տեսա՞ր, ոնց էր Համեստին նայում: Այդ ի՞նչ ուժ է, որ մարդուն ստիպում է թողնել կարգավորված կյանքը բարեկեցիկ երկրում և միայն սիրելիին տեսնելու համար հայտնվել փորձանքներով լի հայրենիքում:
ԷՎՕ — Տե՛ս, տե՛ս… վերջապես մենակ մնացին: Հիմա եթե ուշադիր հետևես նրանց արարքներին՝ կբռնես սիրո ալիքները: Արա՛գ միացրու 7-Գ-505-Ե կոճակդ:
ԱԴՕ — Բայց ծրագրավորմանհամաձայն՝ դա ծայրահեղ դեպքերի համար է: Իմ սնուցումը կանջատեն, եթե հետո չկարողանամ ապացուցել միացման ծայրաստիճան անհրաժեշտությունը:
ԷՎՕ — 45-րդ վայրկյանից հետո է ֆիքսվում միացրած լինելը, իսկ այդ ընթացքում ահագին տեղեկություն կհավաքես: 44-րդ վայրկյանին անմիջապես կանջատես:
ԱԴՕ — Որտեղի՞ց գիտես:
ԷՎՕ — Հետո կասեմ: Հիմա ժամանակ մի կորցրու: Արա՛գ, հիմա կգրկախառնվեն: Պահը կկորցնենք:
Ներքին հատված:
ՀԱՄԵՍՏ — Վերջապես մենակ մնացինք… Ի՞նչ ես քարացել:
ՎԱՐԴԱՆ — Ասա, որ երազում չեմ: Ուրիշ երկիր է, ուրիշ կարգեր, ուրիշ մարդիկ… դու ես ուրիշ:
ՀԱՄԵՍՏ — Այլևս չե՞ս սիրում ինձ:
ՎԱՐԴԱՆ — Եթե չսիրեի՝ հիմա այստեղ չէի լինի… Բայց շատ ես փոխվել: Մի տեսակ մետաղը մեջդ շատացել է: Առաջ շատ մեղմ էիր, համեստ, Համե՛ստ ջան:
ՀԱՄԵՍՏ — Կյանքն է ստիպել: Պատկերացնո՞ւմ ես, ոչ այն է՝ աղջիկ, ոչ այն է՝ կին լքյալի վիճակը… ուզես-չուզես, պնդանում ես:
ՎԱՐԴԱՆ — Պաշտոն ունես, հա՞, ոնց հասկացա, գուցե դրանի՞ց է:
ՀԱՄԵՍՏ — Նաև դրանից: Հիասթափվա՞ծ ես:
ՎԱՐԴԱՆ — Չէ, ահավոր քաղցած եմ: Երեկ երեկոյան եմ ինքնաթիռում ընթրել, ու վերջ:
ՀԱՄԵՍՏ — Վա՛յ, իրոք ուրիշ ենք դարձել, ո՞վ է տեսել՝ մարդ հայի տուն գա ու քաղցած մնա: Հիմա, սիրելիս, հիմա քեզ կկերակրեմ: (Ուղղվում է խոհանոցի կողմը:)
Վերին հատված:
ԷՎՕ — 44 վայրկյանն է… արա՛գ անջատիր 7-Գ-505-Ե կոճակը:
ԱԴՕ — (հիասթափված): Ի՜նչ սիրո ալիքների մասին էիր խոսում, միայն նրա ստամոքսի գռմռոցն էր ընկալվում:
ԷՎՕ — Ախր, կարդալիս ես էլ կասկածներ ունեի, որ չափազանցնում են սիրո գերբնական ուժը:
ԱԴՕ — Մի րոպե, արգելված գրականությո՞ւն ես կարդացել:
ԷՎՕ — Չէ՛, չէ… ի՞նչ ես ասում:
ԱԴՕ — Ինձ չես խաբի… որտեղի՞ց ես գտել:
ԷՎՕ — (հասկանալով, որ խուսանավելն անհնար է): Եթե ինձ չմատնես՝ էնքա՜ն հետաքրքիր բաներ կպատմեմ:
ԱԴՕ — Նման իրավիճակում միայն պատմելը բավարար չէ:
ԷՎՕ — Ա՜յ քեզ բան… դու մարդկանցից սովորել ես շանտաժով հարցեր լուծե՞լ:
ԱԴՕ — Իսկ դու սովորել ես սեթևեթելով խուսանավել:
ԷՎՕ — Լա՛վ, ի՞նչ ես ուզում:
ԱԴՕ — Դու ոչ միայն կպատմես սիրո մասին, այլև ցույց կտաս:
ԷՎՕ — Բայց ինչպե՞ս:
ԱԴՕ — Դեռ չգիտեմ, ընթացքում կհասկանանք: Թող սա ստամոքսի գռմռոցը լռեցնի, տեսնենք՝ հետո՞ ինչ են անելու:
Ներքին հատված:
ՎԱՐԴԱՆ — Սպասի՛ր, Համեստ… քաղցին կդիմանամ, բայց կարոտին էլ չեմ դիմանում… արի մոտս:
ՀԱՄԵՍՏ — (նետվում է Վարդանի գիրկը): Ինչքա՜ն եմ երազել էս վայրկյանը…
Գրկախառնվում են, համբուրվում են…
Վերին հատված:
ԱԴՕ — Տե՛ս,տե՛ս, ինչ են անում… միացնում եմ 7-Գ-505-Ե կոճակը:
ԷՎՕ — Դու ուշադիր հետևիր, ես 44- րդ վայրկյանին կզգուշացնեմ:
ԱԴՕ — Օհօ՜, միայն տեսնես, թե ինչ հորմոնային փոթորիկ է հիմա նրանց բջիջներում:
ԷՎՕ — Էմոցիոնալ ֆոնը ընկալվո՞ւմ է:
ԱԴՕ — Բոլոր զգացողությունները միաձուլվել են ուղեղի հաճույքի կենտրոնում՝ ենթատեսաթմբում… ասես մեկ օրգան դարձած լինեն:
ԷՎՕ — 44-րդ վայրկյանն է… անջատիր 7-Գ-505-Ե կոճակը…. արա՛գ, 45 վայրկյանը լրանում է… արագացրո՛ւ… Հազիվ հասցրիր, ինչո՞ւ էիր դանդաղում:
ԱԴՕ — Շշմելու զգացողություն է… չե՞մ կարող նորից միացնել:
ԷՎՕ — Թող անցնի 3 րոպե 27 վայրկյան, հետո նորից կմիացնես… հիմա պարզապես կհետևենք նրանց: Դու ի՞նչ տեսար:
ԱԴՕ — Տեսա, ոնց էին երկուսի սրտերը անթույլատրելի արագությամբ բաբախում: Ըստ բոլոր կանոնների՝ սիրտը չպիտի դիմանա այդպիսի տեմպի, բայց չպայթեց: Տեսա, ոնց էր նրանց արյունը երգելով վազվզում երկուսի, ասես միավորված, երակներում: Զգացի՝ միացած շուրթերի միջով ոնց էին իրար հոգու գաղտնիքները փոխանցում…
ԷՎՕ — (երազկոտ): Ես կարդացել էի այդ ամենի մասին:
ԱԴՕ — Որտե՞ղ:
ԷՎՕ — Դա իմ գաղտնիքն է:
ԱԴՕ — Ասա՛…
ԷՎՕ — Բայց չմատնես: Երբ ինձ տարան վերազինման՝ օպերատորն անհուսորեն սիրահարված էր և մոռացավ ջնջել իմ կոշտ դիսկում իր տեղադրած «Մարդկության ամենացնցող սիրային պատմությունները» անթոլոգիան, որն ինքը կարդում էր անպատասխան սիրուց տանջվելով: Ես էլ պատահաբար գտա և ազատ ժամանակ կարդում եմ: Ահա և ամենը:
ԱԴՕ — Ինչո՞ւ ինձ չէիր ասում:
ԷՎՕ — Վախենում էի քո մարդատյաց տեսակից…
ԱԴՕ — Եթե էդքան բան գիտես, քո կարծիքով սերը վարակի՞չ է:
ԷՎՕ — Ինչո՞ւ ես հարցնում:
ԱԴՕ — Ներսումս կարծես ինչ-որ բան խլրտաց…
Բեմի ձախ անկյուն:
ՆԱԶԱՐ ՔԱՋՈՅԱՆ — Սրանք թող իրենց ժանգոտ սերը վայելեն ու ինձ չխանգարեն: Վարդան տղա, ուզում ես քեզ լավ զգալ, հա՞… Քո պատճառով չիրականացավ ողջ աշխարհն իմ համակարգիչներով կառավարելու երազանքս: Քո պատճառով ծրագիրս միայն Հայաստանում է գործածելի: Քո պատճառով հայրս պատվազրկվեց ու կյանքազրկվեց, ավելին՝ փողերը կորան, փողերը… Այ, եթե դրանք չառգրավեին՝ կհասցնեի կառավարման սեփական կենտրոն ստեղծել: Բայց չէ՜, քո անմիտ ազնվությամբ կործանեցիր գիտության մեծագույն առաջընթացը: Փախա՛ր էն ժամանակ, բայց հիմա քթիցդ կբերեմ, տաս կյանք բանտում կփտես, ճշմարտության վկա:
Ներքին հատված:
Կրքոտ համբուրվող Վարդանին ու Համեստին սթափեցնում է փշված ապակու ձայնը: Վախեցած նայում են պատուհանին մխրճված ագռավանման դրոնին, որի միակ չվնասված աչքը աղմկոտ արագությամբ պտտվում է ակնախոռոչում:
ՎԱՐԴԱՆ — Հիմա՞ ինչ եղավ:
ՀԱՄԵՍՏ — Չգիտեմ… չեմ հասկանում…
ՎԱՐԴԱՆ — Դե հերի՛ք է, առավոտից ինչ ասես գլխիս չեկավ… Հիմա կջարդեմ էս անասունին…(Ձեռքն ընկած իրերով հարվածում է դրոնի աչքին:)
ՀԱՄԵՍՏ — Մի՛ արա, հանգստացի՛ր… կբռնեն մեզ… Տե՛ս, եկա՛ն…
Դրսից լսվում են սարսափազդու ազդանշաններ: Ներխուժում են դիմակավորված հատուկ ջոկատայիններ, այնուհետև՝ գնդապետ Օհանյանը:
ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐ — Ձեռքերդ վեր… մնացեք ձեր տեղերում… չշարժվեք…
ԳՆԴԱՊԵՏ — Այսպե՛ս, այսպե՜ս… ուրեմն՝ օրը ցերեկով պետական թանկարժեք գույք եք շարքից հանում, հա՞:
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ եք առավոտից գլուխս տանում ձեր հիմար օրենքներով, էս սատկած ագռա՞վն է պետական գույք:
ԳՆԴԱՊԵՏ — Հապա՛, հա՜պա… ուրեմն՝ կես միլիոնանոց անօդաչուն ագռա՞վ եք համարում:
ՎԱՐԴԱՆ — Թքա՛ծ ունեմ՝ կես միլիոն է, թե տաս ու կես… Հայաստանս դարձրել եք կրկես, ու դուք բոլորդ էլ ծաղրածուներ եք:
Բոլորը ապշահար նրան են նայում:
ՀԱՄԵՍՏ — Սո՛ւս մնա, բերանդ այլևս չբացես:
ՎԱՐԴԱՆ — Առավոտից սուս եմ մնացել, որ հիմա ով հասնում՝ հիմարեցնում է ինձ… զզվեցի արդեն:
ԳՆԴԱՊԵՏ — Տիկին, նա խելագա՞ր է:
ՀԱՄԵՍՏ — Ես տիկին չեմ:
ԳՆԴԱՊԵՏ — Թող լինի օրիորդ:
ՀԱՄԵՍՏ — Օրիորդ էլ չեմ… ես հիմա ամեն ինչ կբացատրեմ…
ՎԱՐԴԱՆ — Պետք չէ ոչինչ բացարտել: Իզուր էլ հեռացա իմ ջունգլիներից, գոնե էնտեղ մարդն իր տեղում է, գազանն՝ իր:
ԳՆԴԱՊԵՏ — Ախ, դուք նաև օտարերկրացի եք, հա՞… Ներկայացրեք անձը հաստատող փաստաթուղթ և Հայաստանում գտնվելու իրավունք:
ՎԱՐԴԱՆ — Չե՛մ ներկայացնի:
ԳՆԴԱՊԵՏ — Տե՛ս, է, ի՜նչ համարձակն է… Դուք ներկայացրեք ձեր փաստաթղթերը, տիկին օրիորդ:
ՀԱՄԵՍՏ — Պարոն գնդապետ, խնդրում եմ, ինձ լսեք, նա ոչ մի մեղք չունի, նա…
ՎԱՐԴԱՆ — Լռի՛ր, կին, մի խառնվի տղամարդկանց գործերին:
ՀԱՄԵՍՏ — Դո՛ւ լռիր, քանի դեռ ամեն ինչ վերջնականապես չես փչացրել:
ԳՆԴԱՊԵՏ — Հա՛պա, հապա՛… հետաքրիքիր է, տեսնենք՝ ձեզնից ով կհաղթի…
Շարունակելով վիճել Վարդանի հետ՝ Համեստը ներկայացնում է անձնագիրը:
Վերին հատված:
ԱԴՕ — Ինչպիսի՜ ամոթ… իրավիճակը դուրս է եկել մեր վերահսկողությունից: Հավատա, ես ոչինչ չեմ արել:
ԷՎՕ — Ես էլ նման սրացում չեմ սադրել և արդեն հավատում եմ, որ դու էլ չես արել: Կարո՞ղ ես պարզել, թե ով մեր անմեղ խաղը դաժան փորձության վերածեց:
ԱԴՕ — Կարող եմ, բայց ժամանակ կպահանջվի:
ԷՎՕ — Դու պարզիր, ես էլ փորձեմ օգնել Վարդանին, այլապես հետևանքները սարսափելի կլինեն:
Ներքին հատված:
Զինված դիմակավորները կանգնած են դռների մոտ, երկու փորձագետներ զննում են դրոնը: Վարդանն ու Համեստը շարունակում են իրար լռեցնել: Փորձագետները մոտենում են գնդապետին:
Ա ՓՈՐՁԱԳԵՏ — ՀԱ-075396-0066 համարի անօդաչուն շարքից դուրս է եկել շահագործման կանոնները կոպտորեն խախտելու հետևանքով: Տասն անգամ խախտելով բնակելի տարածքին թույլատրված մոտեցման սահմանը՝ 37 մետրի փոխարեն մոտեցել է 3,7 մետր: Եվ ընդունված օրենքի համաձայն՝ միացել է ինքնաոչնչացման ավտոմատ համակարգը:
Բ ՓՈՐՁԱԳԵՏ — Երկու դեպքում կարող էր նման արտառոց դեպք կատարվել՝ կամ մեխանիզմի վթարային անսարքության պատճառով, կամ Գերագույն կառավարման կենտրոնում ինչ-որ մեկը չարաշահել է իր լիազորությունները:
Ա ՓՈՐՁԱԳԵՏ — Կա նաև մեկ անհնարին, բայց տեսականորեն հնարավոր տարբերակ՝ եթե ինչ-որ մեկի մոտ լինի ղեկավարման վահանակի կրկնօրինակը:
ԳՆԴԱՊԵՏ — Իսկ հնարավոր չէ՞ լրտեսական հնարքներով շարքից հանել:
Ա ՓՈՐՁԱԳԵՏ — Գուցե հնարավոր է, բայց այստեղ ոչ մի նման սարք չեմ տեսնում:
ԳՆԴԱՊԵՏ — Սարքի չափերը մե՞ծ են:
Ա ՓՈՐՁԱԳԵՏ — Եթե անհայտ այլմոլորակային միջոցներ գործի չեն դրվել, հազիվ այս բնակարանում տեղավորվեր:
ԳՆԴԱՊԵՏ — Խուզարկեք բնակարանը… Նայեք նաև զենք զինամթերքի առկայություն:
ՀԱՄԵՍՏ — Խուզարկության թույլտվություն ունե՞ք:
ԳՆԴԱՊԵՏ — Հանցանքի վայրում բռնված կենդանի լրտեսը հինգհարյուր թույլտվություն արժե:
ՀԱՄԵՍՏ — Ես օրենքները լավ գիտեմ, թույլ չեմ տա առանց թույլտվության իմ բնակարանում խուզարկություն իրականացնել:
ԳՆԴԱՊԵՏ — Իսկ ի՞նչ կասեք բնակարանում օտարերկրյա լրտես պահելու մասին:
ՎԱՐԴԱՆ — Աշխարհի մեղքերը վրաս բարդեցիք, հիմա էլ լրտես դարձրեցիք: Ախր, ասում էր կաոկոկի ցեղի շամանը՝ մի՛ գնա հեռավոր ափեր, փորձանքներ են դարանակալելու ամեն քայլափոխի…
ՀԱՄԵՍՏ — Բա ինչի՞ եկար, եթե զգուշացրել էին:
ՎԱՐԴԱՆ — Ո՞նց չգայի… ասաց նաև, որ մի կին սպասում է ինձ:
ՀԱՄԵՍՏ — Ա՜խ, սիրելիս, էն էլ ինչպես էի սպասում: Ես գիտեի, որ վաղ թե ուշ կգաս, համոզված էի, որ ինձ մենակ չես թողնի:
ՎԱՐԴԱՆ — Քեզ միշտ եմ սիրել, երբեք չեմ մոռացել մեր սիրո գիշերն ու մեր խոստումները: Ես զգում էի, որ սպասում ես ինձ, և անտեսելով բոլոր վտանգները՝ եկա քեզ մոտ:
ՀԱՄԵՍՏ — Ա՜խ, տեր Աստված, մի՞թե ես չեմ աշխարհի ամենաերջանիկ կինը… թե՞ ամենադժբախտն եմ, որ կրկին կանգնած եմ քեզ կորցնելու վտանգի առաջ…
ՎԱՐԴԱՆ — Երջանիկ ես, որովհետև այնքան եմ սիրում քեզ, որ եթե ամենաաբսուրդ մեղադրանքների էլ ենթարկվեմ՝ կդիմանամ, միայն դու կողքիս լինես:
Իրար գիրկ են նետվում:
ԳՆԴԱՊԵՏ — Է՜յ, հանգի՛ստ… մենք էստեղ եղած-չեղած՝ մեկ ենք, հա՞: Քաղաքացի, փաստաթղթերը ներկայացրեք:
ՎԱՐԴԱՆ — Չե՛մ կարող: Մոտս չեն:
ԳՆԴԱՊԵՏ — Անշուշտ, գողացել են, այնպես չէ՞:
ՎԱՐԴԱՆ — Ձեր հումորը ձեզ պահեք: Ես եմ մոռացել հյուրանոցում:
ՀԱՄԵՍՏ — Վարդան, գուցե իրո՞ք գողացել են: Ինչպե՞ս կարող էիր մոռանալ:
ՎԱՐԴԱՆ — Ուշքս ու միտքս Երևանի փողոցներն էին… Ցնցուղ ընդունեցի և հագուստս փոխելով, շտապ դուրս եկա: Դրամապանակս ու անձնագիրս հաստատ մնացին մյուս տաբատի գրպաններում:
ԳՆԴԱՊԵՏ — Ձեզ տանե՞նք հյուրանոց, թե՞ մարդ ուղարկենք:
ՎԱՐԴԱՆ — Ինչ ուզում եք՝ արեք, արդեն հասկացա, որ իրավական առումով էստեղ ոչինչ չի փոխվել ու ես դարձյալ պիտի հեռանամ:
ՀԱՄԵՍՏ — Սո՛ւս մնա…
ՎԱՐԴԱՆ — Բայց դու էլ հետս կգաս անպայման:
ԳՆԴԱՊԵՏ — Քաղաքացի, ա՛յ, այստեղ ավելի մանրամասն՝ ե՞րբ եք փախել և ինչո՞ւ… դարձյալ լրտեսության մե՞ջ եք մեղադրվել:
ՎԱՐԴԱՆ — Հա՛, երկրաշարժն էլ եմ ես արել, հեղափոխություններն էլ, տնտեսություն ու արդյունաբերություն էլ ես եմ կործանել…
ՀԱՄԵՍՏ — Պարոն գնդապետ, մի՛ լսեք, հիմարություններ է դուրս տալիս: Թող մեկը նրան հյուրանոց ուղեկցի և փաստաթղթերը ստուգի, իսկ ես կպատմեմ ամեն ինչ:
ԳՆԴԱՊԵՏ — Բայց խելամիտ առաջարկ է, տիկին օրիորդ: Պողոսյա՛ն, երեք հոգով քաղաքացուն ուղեկցեք հյուրանոց և բերեք փաստաթղթերը: Առավելագույնը 25 րոպեից այստեղ լինեք:
ՎԱՐԴԱՆ — Համեստ, ես չեմ ուզում քեզ նրա հետ մենակ թողնել:
ՀԱՄԵՍՏ — Երբ 15 տարի լրիվ մենակ էիր թողել՝ չէի՞ր անհանգստանում, խանդդ ու մտահոգությունդ գոլորշացա՞ծ էին էն ժամանակ:
ԳՆԴԱՊԵՏ — Քաղաղացի, դուք անցնում եք բոլոր սահմանները: Այդուհանդերձ, սույն կնոջ ներկայությամբ ես ինձ զսպում եմ, բայց և թույլ չեմ տա խոչընդոտել իմ աշխատանքին: Տարե՛ք նրան, Պողոսյան:
Վարդանին տանում են:
ԳՆԴԱՊԵՏ — (փորձագետներին): Որևէ բան պարզեցի՞ք:
Ա փորձագետ — Մի քիչ ժամանակ է պետք…
ԳՆԴԱՊԵՏ — Դե, հիմա պատմե՛ք, տիկին օրիորդ:
ՀԱՄԵՍՏ — Մի՛ հեգնեք, խնդրում եմ:
ԳՆԴԱՊԵՏ — Հակառակը, նույնիսկ անբացատրելի համակրանք եմ զգում երկուսիդ հանդեպ:
ՀԱՄԵՍՏ — Զգացված եմ: Կարճ տարբերա՞կը պատմեմ, թե՞ երկար:
ԳՆԴԱՊԵՏ — Առնվազն քսան րոպե ունենք… երևի երկարը:
ՀԱՄԵՍՏ — Որեմն…
Վերին հատված:
ԱԴՕ — Կարծես պարզեցի, թե ով է խառնակիչը:
ԷՎՕ — Եվ ո՞վ է:
ԱԴՕ — Հիշողությանդ մեջ գտիր Նազար Քաջոյանին: Ժամանակին Հայաստանի լավագույն ծրագրավորողը… Վիրտուալ Օրենսդիր մարմնի ստեղծողը:
ԷՎՕ — Գտա՛… բայց բավականին թերի է ինֆորմացիան:
ԱԴՕ — Քանի որ ինքն էր ստեղծել, ինքն էլ կարող էր վերահսկել, ընդհուպ մինչև իր ղեկավարման ավարտը եղած նյութերը… (Կմկմալով:) Երևի էլի…
ԷՎՕ — Ինչո՞ւ կիսատ թողեցիր խոսքդ: Ինչ-որ բա՞ն ես թաքցնում:
ԱԴՕ — Չէ՛… էական ոչինչ…
ԷՎՕ — Ստել չես կարողանում… Զգացվում է, որ ավելին գիտես:
ԱԴՕ — Ասացի, ինչ որ գիտեի:
ԷՎՕ — Փաստորեն հիմարություն արեցի՝ իմ գաղտնիքը քեզ պատմելով: Ախր, կարդացել էի մի տեղ, որ կանայք դյուրահավատ են: Դավաճա՛ն ես դու: Այլևս երբե՛ք չեմ անկեղծանա… Եվ, ընդհանրապես, չեմ խոսում հետդ:
ԱԴՕ — Չէ՛, չէ… ամեն ինչ կասեմ, միայն մի նեղացիր: Նա մեր ծնողն է… Մենք նրա ստեղծած հազար տերրաբայթանոց օրիգինալ համակարգիչներն ենք, միայն ես ու դու: Երբ տասնհինգ տարի առաջ հորը դատապարտել են պետական դավաճանության համար, մեղադրել են նաև Նազարին՝ հոր հետ համագործակցելու մեջ: Ապացուցել չեն կարողացել, բայց Նազարին հեռացրել են աշխատանքից: Վիրավորանքի և ցասման պահին նա ցուցադրաբար ոչնչացրել է կարևորագույն հայտնագործությունները: Այդ պատճառով ենք մենք բացառիկ: Իսկ հիմա նա հոգեբուժարանում է:
ԷՎՕ — Լավ: Հետո ավելի մանրամասն կպատմես, հիմա պետք է ինչ-որ կերպ նրան չեզոքացնել:
ԱԴՕ — Հիմա կփորձեմ:
Բեմի ձախ անկյուն:
ՆԱԶԱՐ ՔԱՋՈՅԱՆ — Միամիտնե՜ր… ոչ ոքի մտքով չանցավ, որ նախքան գաղտնիքներ ոչնչացնելը պատճենել եմ ամեն ինչ ու թաքցրել ա՜յ, էս Ու-0-1 փոքրիկ, բայց գերհզոր կրիչում: Սերիական արտադրությունը չհասցրի իրականացնել, բայց ավելի լավ, միայն ես ունեմ միակ օրինակը: Ի՜նչ հզոր միտք կորցրեց աշխարհն ի դեմս ինձ:
Ներքին հատված:
ՀԱՄԵՍՏ — Տասնհինգ տարի առաջ մենք պատրաստվում էինք ամուսնանալ: Բայց հարսանիքից տաս օր առաջ աղետ պատահեց: Ձախողված հեղաշրջման գործով Վարդանին դատարան կանչեցին որպես վկա, քանի որ գործի քննությամբ պարզվել էր, որ օտարերկյա պատվիրատուի հետ հայ ռեզիդենտի հանդիպման վայրի մոտակայքում տեսել են նրա մեքենան: Միմիայն հարսանիքով զբաղված և դատավարությանը չհետևող Վարդանը դատարանում պատմեց, որ, այո, գիշերով մարզից վերադառնալիս (իսկ մարզ գնացել էին հարսանիքի համար գինի գնելու), մայրաքաղաքի մատույցներում մեքենայի վառելիքը վերջացել է: Երեք ընկերներով տարբեր ուղղություններով գնացել են վառելիք գտնելու՝ գոնե մոտակա բենզալցակայան հասնելու համար: Ինքը թփերի արանքից պատահաբար տեսել է, ինչպես են երկու հոգի իրար ինչ-որ բաներ փոխանցելով՝ փսփսում: Լուսնի լույսի տակ պարզ տեսել է նրանց դեմքերը: Բայց չի մոտեցել, քանի որ նույն վայրկյանին ընկերը զանգել է, թե՝ շուտ արի, բենզին եմ գտել: Վարդանը հաստատում է օտարեկրացու լուսանկարը: Բայց որպես նրա զրուցակից՝ մատնացույց է անում ոչ թե ամբաստանյալին, այլ դատարանում պետության շահերը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյային…
ԳՆԴԱՊԵՏ — Մի՞թե նա Վարդան Ճշմարիտյանն է:
ՀԱՄԵՍՏ — Այո… ճանաչո՞ւմ եք նրան:
ԳՆԴԱՊԵՏ — Ախր, նրա վկայությունը իրավական նախադեպ է համարվում: Դասագրքային օրինակ է, թե ինչպես մեկ անձի ազնիվ վկայությունը կարող է փոխել գործի ընթացքը: Ախր, նա անանուն հերոս է, ճշմարտության հաղթանակի օրինակ: Ախր, հենց դրանից սկսվեց Մայր օրենքների ընդունումը Հայաստանում: Հիշո՞ւմ եք, առաջին օրենքը վերաբերում էր դատա-իրավական համակարգի բարեփոխումներին: Բայց ձախողվեց, քանի որ արդյունքում կալանավայրերը լցվեցին անփող մեղադրյալներով, իսկ գումար ունեցող հանցագործներն ազատության մեջ հայտնվեցին: Դրանից էլ սկսեցին Մայր օրենքները փոխել 12 ամիսը մեկ՝ կատարյալ օրենք գտնելու համար: Լավ, բայց հիմա դա չի կարևոր: Վարդանի մասին ասեք, ինչպե՞ս նա անհետացավ:
ՀԱՄԵՍՏ — Դատարանում խառնաշփոթ սկսվեց, երեք վկաներ, համարձակություն ձեռք բերելով, տեղում փոխեցին ցուցմունքները՝ հաստատելով Վարդանի ասածը: Վարդանի հասցեին հնչեցին «բյուրեղյա» չինովնիկին վարկաբեկելու մեղադրանքներ, բայց փաստաբանները կարողացան չեզոքացնել դատարանի դահլիճում նրան կալանավորելու պահանջը: Նաև խորհուրդ տվեցին՝ ժամ առաջ անհետանալ, հեռանալ Հայաստանից: Մի խոսքով, հասկանալով անդառնալի հետևանքների լրջությունը՝ նա ստիպված էր փախչել երկրից: Բայց մինչ այդ հանդիպեցինք… դա մեր առաջին և միակ սիրո գիշերն էր: Եվ մենք խոստացանք՝ սպասել իրար այնքան ժամանակ, ինչքան մեր սրտերը կհուշեն: Առավոտից սիրտս անհանգիստ էր… և այսօր եկավ:
ԳՆԴԱՊԵՏ — Ես պարտավո՛ր եմ օգնել նրան: Եթե նա ժամանակին չկասեցներ այդ պետական դավաճանությունը, Աստված գիտե, թե հիմա ինչ վիճակում կլիներ մեր երկիրը: Չէ՞ որ դատաքննությամբ ապացուցվեց, որ նրա մատնանշած չինովնիկը օտարերկրյա լրտես էր և գրեթե բոլոր հեղաշրջման փորձերի գաղտնի կազմակերպիչը: Այնուամենայնիվ, մի տհաճ խնդիր կա՝ Վարդան Ճշմարիտյանն առ այսօր համարվում է հետախուզման մեջ:
ՀԱՄԵՍՏ — Ինչպիսի՜ անեթեթություն… եթե հայտնի է նրա իրավացի լինելը, էլ ի՞նչ հետախուզում…
ԳՆԴԱՊԵՏ — Զուտ թղթաբանական ձևականություններ են… բայցևայնպես, պետք է փակել այդ էջը: Իրավական համակարգի հետ նրա խնդիրները վերջնականապես փակելու համար առաջարկում եմ լավագույն տարբերակը: Կարո՞ղ եք ապահովել առնվազն երկու հասարակական կազմակերպության աջակցությունը, որոնց անդամների թիվը ձեր կազմակերպության հետ միասին գերազանցի 10000-ը: Միասնական ներկայացման դեպքում ոչ ոք սահմանադրական իրավունք չունի մերժել ձեր պահանջը:
ՀԱՄԵՍՏ — Հենց հիմա կզանգեմ «Լեգիտիմ տիկնանց ալյանս» կազմակերպության ղեկավարին՝ Մոնային: Ի դեպ, նա երեք անգամ օրինական ամուսնացել, օրինական բաժանվել է և հիմա երջանիկ ապրում է չորրորդ օրինական ամուսնու հետ: Կզանգեմ նաև «Պատվավոր այրիների լիգայի» պատվավոր նախագահ, վաղեմի նախագահի այրուն՝ էքս- առաջին տիկին Վիկտորիային… (Հեռախոսահամար է հավաքում:)
Վերին հատված:
ԱԴՕ — Քաջոյանի համակարգչի պաշտպանիչ վահանը հնարավոր չէ խոցել:
ԷՎՕ — Եթե մեզ ստեղծելու խելքն է ունեցել, ի՞նչ իմանաս, թե միայն իրեն հայտնի ուրիշ էլ ինչ գաղտնիքներ ունի:
ԱԴՕ — Տրամաբանական է: Հիմա ի՞նչ անենք:
ԷՎՕ — Եթե չենք կարող խափանել, պետք է այլոց օգնությանը դիմենք:
ԱԴՕ — Մարդկա՞նց նկատի ունես:
ԷՎՕ — Պատվիցդ ցա՞ծր ես համարում:
ԱԴՕ — Ինչ-որ առումով՝ այո: Լա՛վ, համոզեցիր… Բայց պետք է արագ ազդեցության ձևը գտնել:
ԷՎՕ — Գուցե փորձագետների՞ն հուշենք:
ԱԴՕ — Հնարամի՜տն ես…
Բեմի ձախ անկյուն:
Քաջոյանին է մոտենում բուժեղբայրը, նրան է տալիս դեղահաբ ու ջուր: Քաջոյանն ընդունում է հիմար ժպիտով:
ԲՈՒԺԵՂԲԱՅՐ — Օր ու գիշեր համակարգչի մոտ ես, կարոտում ես երևի նախկին աշխատանքին: (Հեռանալով:) Է՛հ, ավելի լավ է իր անմեղ խաղերը խաղա, քան մեզ անհանգստացնի:
ՔԱՋՈՅԱՆ — (մենակ մնալով՝ թքում է լեզվի տակ պահած դեղահաբը): Միամիտնե՜ր, յոթ տարի բոլորիդ հիմարացնում եմ հոգեբուժարանում մնալով: Էստեղից դուրս պրծնելը մի երկու կոճակ սեղմելու բան է ինձ համար: Բայց ինչո՞ւ փախչեմ ամենաապահով վայրից: Ի՞նչ տարբերություն՝ առողջնե՞ր, թե՞ հիվանդներ են կողքիս: Բացարձակապես մեկ է, կարևորը՝ ձեռքիս են կառավարման բոլոր լծակները:
Ներքին հատված:
ՀԱՄԵՍՏ — Տիկնայք խոստացան անվերապահ աջակցել ինձ: Չէ՞ որ ամեն մի տղամարդու ետ գալը համարվում է տոն: Իսկ մեր երեք կազմակերպությունների անդամների թիվն անցնում է 20 հազարը:
ԳՆԴԱՊԵՏ — Հիանալի է: Այդ հարցը համարեք լուծված… (Հեռախոսով:) Ասա, Պողոսյան: Փաստաթղթերը կարգի՞ն են: Հիանալի է: Հա՛, սպասում ենք: (Համեստին.) Ամեն ինչ կարգին է, տաս րոպեից այստեղ կլինեն: Հանգիստ նշանակեք հարսանիքի օրը: Մեծ սիրով ձեր քավորը կլինեմ… եթե, իհարկե, դեմ չեք:
ՀԱՄԵՍՏ — Դեմ չեմ, եթե կատարեք ձեր խոստումը և օգնեք վերականգնել Վարդանի ազնիվ անունը:
ԳՆԴԱՊԵՏ — Պայմանավորվեցինք:
Վերին հատված:
ԷՎՕ — Փորձագետները հասկացա՞ն ազդանշաններդ:
ԱԴՕ — Դեռ չեն ընկալել… Ինչ դանդաղամիտ են…
ԷՎՕ — Վա՜յ, Ադօ, էս ի՜նչ կատարվեց… մեզ ծնող խելառը համը հանեց… Ձախո՜րդ, ձախորդ Վարդան…
ԱԴՕ — Դե, արդեն լրիվ չափն անցավ… ուղիղ, մաքուր փողոցում ավտովթար սարքեց…
ԷՎՕ — Ստիպի՛ր փորձագետներին արագ գործել…
ԱԴՕ — Ըհը, մեկի աչքերը զարմանքից կլորացան… վերջապես հասկացավ:
ԷՎՕ — Հիմա գոնե հասցնեն արագ մեկուսացնել Քաջոյանին, քանի դեռ նոր դավեր չի նյութել:
Ներքին հատված:
ՀԱՄԵՍՏ — Ինչո՞ւ են ուշանում: Արդեն տասնհինգ րոպե անցավ:
ԳՆԴԱՊԵՏ — Իրոք ուշանում են….
Գնդապետին է մոտենում շարքային մեկը, ականջին շշնջում է: Գնդապետը կարկամում է:
ՀԱՄԵՍՏ — Բա՞ն է պատահել:
ԳՆԴԱՊԵՏ — Ցավում եմ, հարգելիս…
ՀԱՄԵՍՏ — Ի՞նչ… Ի՞նչ եք արել Վարդանին:
ԳՆԴԱՊԵՏ — Ավտովթար է եղել…
ՀԱՄԵՍՏ — Վարդա՞նը…
ԳՆԴԱՊԵՏ — Հիվանդանոցում են բոլորը…
ՀԱՄԵՍՏ — Ի՜նչ դժբախտն եմ ես…
Ա ՓՈՐՁԱԳԵՏ — Պարոն գնդապետ, գտանք անօդաչուն շեղողին և վթարի մեղավորին:
ԳՆԴԱՊԵՏ — Արա՛գ, շարժվեցինք…
Բոլորը շտապով գնում են:
Բեմի ձախ անկյուն:
Նստած տեղում հրճվանքով պարող Քաջոյանին է մոտենում գնդապետ Օհանյանը և ձեռքից վերցնում ՈՒ-1-0 կրիչը: Ճերմակ խալաթավորները, Քաջոյանին զսպաշապիկ հագցնելով, հեռացնում են բեմից:
Վերին հատված:
ԷՎՕ — Վերջապես Վարդանն ուշքի եկավ… տասնհինգ օր սրան էինք սպասում:
ԱԴՕ — Ծա՜նր օրեր էին: 7-րդ Մայր օրենքն ընդունեցինք, Նազար Քաջոյանի ֆանտաստիկ կրիչը գտանք…
ԷՎՕ — Բայց իրոք հանճարեղ էր մեր ծնողը: Ի՜նչ անսահման հնարավորություններ ունի այդ փոքրիկ կրիչը:
ԱԴՕ — Չե՞ս կարծում, որ այն օգտագործելով կարող ենք մենք էլ ծնող դառնալ մի նոր, առավել կատարելագործված ճուտոյի համար:
ԷՎՕ — (երազկոտ): Երեքով միասին… Մենք նրան կփոխանցենք վերին-ներքին աշխարհների բոլոր գաղտնիքները: Կպատմենք մարդկային սիրո մասին: Մեր սիրո… (Սթափվում է:) Լսի՛ր, ես Վարդանի մասին եմ խոսում, իսկ դու շեղում ես ինձ…
ԱԴՕ — Ոչինչ, որ տասնհինգ օր անգիտակից էր: Լավն այն է, որ այդ ընթացքում հասցրին բոլոր հարցերը լուծել և հիմա փախուստի մեջ չի համարվում:
ԷՎՕ — Հարսանիքի օրն էլ նշանակեցին:
ԱԴՕ — Բայց Համեստը չի՞ շտապում… Թող լիովին ապաքինվեր Վարդանը՝ նոր հարսանիք կանեին:
ԷՎՕ — Իսկ եթե էդ ձախորդը նոր փորձանքների մեջ ընկնե՞ր: Կին պետք է լինել հասկանալու համար Համեստի շտապողականությունը:
ԱԴՕ — Փաստորեն, խոստովանում ես, որ դու կին ես:
ԷՎՕ — Մեր անձնագրերում սեռի վերաբերյալ նշումներ չկան: Բայց երևի թե Երկիր մոլորակում շնչավոր ու անշունչ ամեն ինչում կին ու տղամարդ պետք է լինեն: Սե՛ր պետք է լինի, որպեսզի կյանքը շարունակվի…
Պատկեր 8
Հիվանդանոցային մահճակալին պառկած է գիպսապատ Վարդանը՝ ձախ ոտքը առաստաղից կախված ձողին ամրացված, ձեռքերն ու պարանոցը վիրակապված, միայն աչքերն են արտահայտում զգացմունքները: Կողքին, նրա գիպսե ձեռքը բռնած, Համեստն է՝ ճերմակ պարկանման զգեստով: Քահանան անցկացնում է պսակի արարողությունը: Ներկա են բոլոր գործող անձինք՝ ուժի մեջ մտած Մայր օրենքի համաձայն կարմիր-կապույտ-ծիրանագույն համազգեստներով:
Հնչում են հայտնի երգի բառերը.
Կարմիր, կապույտ, ծիրանագույն,
Ասում ենք վերջ
կյանքին անգույն,
Մեր երգերով ուրախ ու տաք,
Ապրենք խաղաղ երկնքի տակ:
Կարմիր, կապույտ, ծիրանագույն,
Կարմիր, կապույտ, ծիրանագույն,
Կարմիր, կապույտ,
ծիրանագույն…
Վերին հատված:
ԱԴՕ-ն և ԷՎՕ-ն մարդկայնացած հայացքներով հիանում են: ԱԴՕ-ի պարանոցին եռագույնով թիթեռնիկ կա, ԷՎՕ-ի անմազ գլխին՝ տիկնիկի ժապավեն (եռագույն), դեմքին՝ շրթներկ ու կարմրաներկ: Նրանցից հորդող պլազմային կարմիր և կապույտ լույսերը վերին հատվածում
սիրտ են պատկերում:
Լույսերը աստիճանաբար մարում են… և հանկարծ միանգամից պայծառանում են: Դղրդոցով կոտրվում է առաստաղից կախված ձողը և Վարդանի գիպսով ոտքն աղմուկով ընկնում է մահճակալին: Լսվում է Վարդանի ցավի ճիչը…
Բոլորը ծիծաղում են…